Հաղթական կամար - XXIII գլուխ

Գրապահարան-ից

Հաղթական կամար
◀ Հաղթական կամար - XXII գլուխ Հաղթական կամար - XXIV գլուխ ▶


— Ահա և ես վերադարձա, Ռավիկ,— ասաց Կետ Հեգստրեմը։

Նա նստել էր «Լանկաստեր» հյուրանոցի իր սենյակում։ Առաջվա համեմատությամբ նա բավական նիհարել էր։ Այտերը փոս էին ընկել, մկանները կարծես վիրաբուժական գործիքներով դուրս տված լինեին։ Դիմագծերը դարձել էին ավելի ցցուն։ Մաշկը նմանվում էր մետաքսի, որը թվում էր, թե ուր որ է կպատռվի։

— Ես կարծում էի, դուք դեռ Ֆլորենցիայում եք... կամ Կաննում․․․ և կամ էլ արդեն Ամերիկա եք մեկնել,— ասաց Ռավիկը։

— Ես ամբողջ ժամանակ Ֆլորենցիայում էի։ Ֆիեզոլեում։ Հետո այնպես եղավ, որ այլևս չէի կարողանում դիմանալ։ Հիշո՞ւմ եք, ես ինչպես էի ձեզ համոզում, որ գաք ինձ հետ։ Գրքեր, բուխարի, երեկոներ, անդորր։ Գրքեր, իհարկե, կային, բուխարի և կրակ՝ նույնպես... բայց անդորր... Պատկերացնո՞ւմ եք, Ռավիկ, Ֆրանցիսկուս Ասսիզիացու հայրենիքը նույնիսկ աղմկոտ էր դարձել։ Աղմկոտ և անհանգիստ, ինչպես ամբողջ Իտալիան։ Այնտեղ, որտեղ Ֆրանցիսկուսը հանդես է եկել սիրո քարոզներով, այժմ քայլում են ֆաշիստական համազգեստներով շարասյուները, համակված վեհության մոլուցքով, զմայլված դատարկ խոսքերով և կույր ատելությամբ լցված դեպի մյուս ժողովուրդները։

― Չէ՞ որ դա միշտ է այդպես եղել, Կետ։

— Ոչ, միշտ չի եղել։ Ընդամենը մի երկու տարի առաջ իմ տնային կառավարիչը մի հասարակ, վելվետե շալվար ու տնային քոշեր հագած միամիտ մարդ էր։ Հիմա նա սապոգներ հագած, սև բլուզով մի հերոս է, վրան կախած ոսկեզօծ դաշույններ։ Նա անվերջ զեկուցումներ է ունենում, որոնց մեջ հայտարարում է, որ Միջերկրական ծովը պետք է դառնա իտալական, որ Անգլիային անհրաժեշտ է ոչնչացնել, որ Նիցցան, Կորսիկան և Սավոյան պետք է վերադարձվի Իտալիային։ Ռավիկ, այդ սքանչելի ազգը, որը վաղուց է, ինչ պատերազմներում հաղթանակ չի տարել, կարժես թե խելքը թռցրել է, հատկապես Հաբեշստանում ու Իսպանիայում հաղթանակ տանելուց հետո։ Իմ ընկերները, որոնք դեռ մի երեք տարի առաջ խելացի մարդիկ էին, այսօր լրջորեն հավատում են, որ իրենք Անգլիայի հաշիվը մի երեք ամսում կմաքրեն։ Ամբողջ երկիրը եռում է։ Ի՞նչ է պատահել։ Ես փախա Վիեննայի դարչնագույն բլուզավորների սանձարձակություններից, իսկ հիմա էլ հարկադրված եմ հեռանալ Իտալիայից, որպեսզի չտեսնեմ այնտեղի սև բլուզավորների խելագարությունները։ Ասում են, ուրիշ տեղեր կան նաև կանաչ բլուզավորներ, Ամերիկայում, ըստ երևույթին, այդ բլուզները արծաթագույն են... Մի՞թե ամբողջ աշխարհը բլուզացավով է բռնված։

— Ինչպես երևում է։ Բայց շուտով ամեն ինչ կփոխվի։ Միասնական գույնը կդառնա կարմիրը։

— Կարմի՞րը,

— Այո, արյան նման կարմիրը։

Կետ Հեգստրեմը նայեց դեպի բակը։ Մայր մտնող արևի լույսը մեղմ կանաչավուն աղջամուղջի նման թափանցում էր շագանակների սաղարթների միջով։

— Մարդու հավատ չի գալիս,— ասաց Կետը։— Երկու պատերազմ քսան տարում։ Դա չափազանց շատ է։ Դեռ առաջինից չենք կարողացել սթափվել, ինչպես պետքն է։

— Չեն սթափվել միայն հաղթողները։ Իսկ հաղթվածների տրամադրությունը մարտական է։ Հաղթանակը մարդու անհոգ է դարձնում։

— Գուցե։— Կետը հայացքը գցեց Ռավիկի երեսին։— Եվ դա առանձնապես հեռու չէ, ճի՞շտ է։

— Վախենում եմ, այո։

— Ձեր կարծիքով, ես կապրե՞մ մինչև պատերազմը։

— Իսկ ինչո՞ւ ոչ,— Ռավիկն աչքերը բարձրացրեց։ Կետը հայացքը չփախցրեց նրանից։— Դուք պրոֆեսոր Ֆիոլային տեսա՞ք,— հարցրեց Ռավիկը։

— Այո, մի երկու-երեք անգամ եղա մոտը։ Նա այն քչերից մեկն էր, ով չէր վարակվել սև ժանտախտով։

Ռավիկը չպատասխանեց։ Նա սպասում էր, թե Կետն ինչ կավելացնի։

Կետը սեղանի վրայից վերցրեց մարգարիտների շարը և սկսեց հետը խաղալ։ Նրա երկար ու բարալիկ մատների մեջ մարգարիտների շարը կարծես թանկարժեք տերողորմյա լիներ։

— Ես կարծես թափառական հրեան լինեմ,— ասաց Հեգստրեմը,— խաղաղություն եմ փնտրում։ Բայց, ինչպես երևում է, դրա համար սխալ ժամանակ եմ ընտրել։ Խաղաղություն հիմա ոչ մի տեղ չկա այլևս։ Միայն այստեղ է, որ որոշ չափով մնացել է... Այն էլ շատ քիչ։

Ռավիկը նայում էր Կետի ձեռքի մարգարիտներին, որոնք գոյացել էին գորշ անձև մոլյուսկների մեջ, երբ այնտեղ օտար մարմին է թափանցել, թափանցել է ինչ-որ ավազի հատիկ։ Եվ ահա պատահական գրգռումի հետևանքով առաջացել է քնքշորեն առկայծող այդ գեղեցկությունը։ Ինչքա՜ն է զարմանալի, մտածեց նա։

— Դուք ուզում եք Ամերիկա մեկնել, Կետ,— ասաց Ռավիկը։— Նա, ով կարող է Եվրոպայից հեռանալ, պետք է այդ անի։ Իսկ բոլոր մնացած բաների համար արդեն չափազանց ուշ է։

— Ի՞նչ է, ինձ դո՞ւրս եք անում։

— Ամենևին։ Բայց վերջին անգամ դուք ինքներդ էիք ասում, որ գործերը կարգավորելուց հետո վերադառնալու եք Ամերիկա։

— Այո, ասում էի։ Բայց այլևս չեմ ուզում։ Ավելի ճիշտ, դեռ չեմ ուզում։ Որոշ ժամանակ ուզում եմ մնալ այստեղ։

— Փարիզում ամառը շոգ է և շատ տհաճ։

Կետ Հեգստրեմը մարգարիտների շարը մի կողմ դրեց։

— Բայց ոչ այն դեպքում, երբ դա վերջին ամառն է, Ռավիկ։

— Վերջի՞ն։

— Այո։ Իմ մեկընդմիշտ մեկնելու վերջին ամառը։

Ռավիկը լռեց։ Ի՞նչ գիտի Կետը, մտածեց նա։ Ի՞նչ է ասել նրան Ֆիոլան։

— Ինչպե՞ս են «Շեհերազադեում» գործերը,— հարցրեց նա։

— Երկար ժամանակ ես այնտեղ չեմ եղել։ Մորոզովն ասում է երեկոները լեփ-լեցուն է հաճախորդներով։ Ինչպես և բոլոր գիշերային ակումբները։

— Լեփլեցուն է հիմա՞, այս ամառ ժամանակ։

— Այո, հիմա, ամառ ժամանակ, երբ բոլոր զվարճավայրերը մեծամասնապես փակ են։ Դա ձեզ զարմա՞նք է պատճառում։

— Ոչ, ինչո՞ւ պետք է զարմանք պատճառի։ Ամեն մարդ աշխատում է կյանքից վերցնել այն, ինչ կարող է, քանի դեռ իր վերջը չի եկել։

— Այո, իհարկե,— ասաց Ռավիկը։

— Որևէ առիթով դուք ինձ մի անգամ չե՞ք տանի այնտեղ։

— Մեծ ուրախությամբ, Կետ, երբ ցանկանաք։ Պարզապես ես կարծում էի, թե դուք այն կողմերը տեսնելու այլևս ոչ մի ցանկություն չունեք։

— Ինքս էլ էի այդպես կարծում։ Բայց հիմա կարծիքս փոխել եմ։ Ես նույնպես ուզում եմ կյանքից վերցնել այն, ինչը կարող եմ։

Ռավիկը կրկին ուշադիր նայեց Կետ Հեգստրեմին։

— Լավ, Կետ, ասաց նա։— Ես միշտ պատրաստ եմ, երբ ուզում եք։

Ռավիկը տեղից կանգնեց։ Կետ Հեգստրեմը նրան ուղեկցեց միեչև դուռը, հետո հենվեց բացած դռանը, նիհար, չոր, մետաքսանման մաշկով, որին, թվում էր, թե եթե ձեռք տաս, կսկսի խշխշալ։ Նրա աչքերը պայծառ էին, և ավելի խոշոր, քան առաջ։ Կետը ձեռքը մեկնեց Ռավիկին։ Ձեռքը տաք էր և չոր։

― Դուք ինչո՞ւ ինձ չասացիք, թե ես ինչով եմ հիվանդ,― ժպտալով այնպես հարցրեց նա, կարծես խոսքը եղանակին էր վերաբերում։

Ռավիկն անխոս նայում էր Կետ Հեգստրեմին։

— Կարծում էիք չէի՞ դիմանա,— ավելացրեց նա, փոքր-ինչ հեգնական ժպիտով, որի մեջ, այնուամենայնիվ, հանդիմանության նշույլ անգամ չկար։— Ցտեսություն, Ռավիկ։


Ստամոքսը հեռացրած մարդը մահացավ։ Երեք օր շարունակ նա տնքում էր։ Մորֆին համարյա այլևս չէր օգնում։ Ռավիկն ու Վեբերը գիտեին, որ նա մեռնելու է։ Նրանք կարող էին այդ երեք օրը ազատել նրան մահվան տառապանքներից։ Բայց չարին, որովհետև գոյություն ունի մի կրոն, որը սեր է քարոզում դեպի մերձավորը և արգելում է կանխել մահվան տանջանքները։ Եվ կա օրենք, որը այդ կրոնին պահապան է կանգնած։

— Հարազատներին հեռագրե՞լ եք,— հարցրեց Ռավիկը։

— Նա հարազատներ չունի,— ասաց Վեբերը։

— Կամ որևէ ազգականի։

— Ոչ ոք չկա։

— Ոչ մի մա՞րդ։

— Ոչ մեկը։ Միայն իր ապրած տան դռնապանուհին է եղել այստեղ։ Նա երբեք նամակ չէր ստանում, ստացածը միայն ունիվերմագային կատալոգներ էին և ալկոհոլիզմի, տուբերկուլոգի, վեներական հիվանդությունների և նման բաների վերաբերյալ բժշկական բրոշյուրներ։ Ոչ ոք այցելության չէր գալիս։ Վիրահատության և կլինիկայի վարձը ինքն էր վճարել դեռ չորս շաբաթ առաջ։ Այն էլ երկու շաբաթ ավելի շուտ մահացավ։ Մոտը եկող այդ դռնապան կնոջ ասելով, նա խոստացած է եղել իր ունեցած-չունեցածը տալ նրան՝ ի վարձատրություն այդ կնոջ տարած հոգսերի։ Հիմա դռնապան կինն ուզում է, որ չօգտագործված երկու շաբաթվա վարձը անպայման իրեն վերադարձնեն։ Այդ կնոջ ասելով, ինքը մոր նման նրա հոգսը տարել է։ Դուք պետք է տեսնեիք, թե ով էր այդ մարդը։ Ասում էր, որ ինքը նրա վրա քիչ ծախսեր չի արել։ Նույնիսկ բնակարանային վարձն է վճարել։ Ես նրան ասացի, որ այդ մարդը նույնիսկ կլինիկայի համար ինքն է վճարել, և այն էլ նախապես, ուրեմն, ինչպե՞ս կարող էր թույլ տալ, որ բնակարանի վարձը անվճար մնա, այդպես ենթադրելու ոչ մի հիմք չկա։ Մի խոսքով, ասացի, այդ բոլորը ոստիկանությունը թող պարզի, դա նրա գործն է։ Իսկ նա դրա դեմ աշխարհի անեծքը իմ գլխին թափեց։

— Փող է,— ասաց Ռավիկը։— Ինչերի՜ ասես, որ մարդ չի դիմում փողի համար։

Վեբերը ծիծաղեց։

— Մենք պետք է ոստիկանություն հայտնենք։ Թող անեն, ինչպես ուզում են, դա նրանց գործն է։ Թաղումը նույնպես։

Ռավիկը նորից աչքը գցեց ստամոքս ու հարազատներ չունեցող մարդու վրա։ Նա պառկած էր անշարժ, և նրա դեմքը այդ մի ժամվա մեջ այնպիսի փոփոխություն էր կրել, ինչպիսին չէր կրել իր գոյության երեսունհինգ տարիների ընթացքում։ Նրա դեմքի վերջին շնչում քարացած արտահայտության միջից դանդաղորեն հայտնվում էր մահվան մռայլ կերպարանքը։ Ամենայն պատահականը աստիճանաբար տարրալուծվում էր, մահացման նշանները ջնջվում էին, և աղավաղված սովորական դեմքին լռելյայն հաստատվում էր հավիտենականության դիմակը։

Ռավիկը դուրս եկավ հիվանդասենյակից։ Միջանցքում նա հանդիպեց հիվանդապահ բուժքրոջը, որը հենց նոր էր եկել։

— Տասներկուերորդ պալատի հիվանդը մահացավ,— ասաց նրան Ռավիկը։— Կես ժամ առաջ։ Դուք գիշերները նրա մոտ նստելու պարտականությունից ազատված եք։— Եվ, տեսնելով բուժքրոջ շփոթահար դեմքը, ավելացրեց։— Նա ձեզ որևէ բա՞ն է թողել։

— Ոչ,— պատասխանեց քույրը՝ փոքր-ինչ հապաղելով։— Նա շատ սառը և փշոտ մարդ էր։ Իսկ վերջին օրերը համարյա բոլորովին չէր խոսում։

— Այո, վերջին օրերը նրա վիճակը շատ ծանր էր,— ասաց Ռավիկը։

Բուժքույրը գործատեր տնտեսուհու նման նայեց Ռավիկին։

— Նա մի շատ գեղեցիկ նեսեսսեր ուներ, ամբողջովին արձաթից։ Եթե ուզում եք իմանալ, տղամարդու համար նույնիսկ չափազանց շքեղ էր։ Ավելի շուտ դա կնոջ կսազեր։

— Այդպես էլ իրե՞ն եք ասել։

— Այո, մի անգամ խոսք բացվեց այդ մասին... Երեքշաբթի գիշերը... իրեն լավ էր զգում, հանգիստ էր։ Բայց նա ասաց, որ արծաթը նաև տղամարդուն է սազում։ Իսկ խոզանակները այնքան լա՜վն են։ Ասաց, որ հիմա այդպիսի խոզանակ չի էլ ճարվում։ Բայց ընդհանրապես քիչ էր խոսում։

— Հիմա այդ բոլորը ոստիկանությունը կվերցնի։ Հանգուցյալը հարազատներ չունի։

Բուժքույրը վշտացած գլխով էր անում։

— Ափսոս։ Արծաթը կսևանա։ Խոզանակները նույնպես կփչանան, եթե չգործածվեն, մանավանդ, եթե նոր չեն։ Մարդ պետք է դրանք մի լավ լվանար, մաքրեր, հետո պահեր։

— Այո, ճիշտ որ ափսոս է,— ասաց Ռավիկը։— Ավելի լավ կլիներ, եթե դրանք ձեր ձեռքն ընկնեին։ Գոնե մի մարդ կգտնվեր, որ կուրախանար դրա համար։

Բուժքույրը շնորհակալությամբ ժպտաց։

— Էհ, ինչ չինում է, լինի։ Ես դա իմ մտքով չեմ էլ անցկացրել։ Մեռնողները հազվադեպ են որևէ մեկին բան նվիրում։ Այդպիսի բաներ անում են միայն առողջացողները։ Մեռնողների մտքով չի էլ անցնում, թե իրենք մեռնում են։ Այդ պատճառով էլ չեն նվիրում։ Իսկ ոմանք էլ չարությունից չեն տալիս։ Դուք չեք պատկերացնում, պարոն բժիշկ, թե մեռնողները մեկ-մեկ ինչքան են նողկալի։ Մինչև հոգիներր փչելը երբեմն ինչեր ասես, որ դուրս չեն տալիս։

Բուժքրոջ մանկական կարմրաթուշ երեսը անկեղծ էր ու պայծառ։ Նրա շուրջը տեղի ունեցող ոչ մի բան չէր հուզում նրան, եթե դա չէր առնչվում բուժքրոջ փոքրիկ աշխարհի հետ։ Մեռնողները նրա համար քառականջ կամ անճարակ երեխաներ էին։ Մարդ պետք է նրանց հոգսը քաշեր, մինչև որ մեռնեին։ Հետո հայտնվում էին նոր հիվանդներ, որոնցից ոմանք առողջանում էին և նվերներ տալիս, ոմանք ոչ մի նվեր չէին տալիս, իսկ ոմանք էլ պարզապես մեռնում էին։ Ամեն ինչ այդ ձևով էր ընթանում։ Այնպես որ ոչ ոք չէր հուզվում դրա համար։ Շատ ավելի կարևոր էր մի ուրիշ բան, թե արդյոք «Բոմարշե» ունիվերմագում գները քսանհինգ տոկոսով կիջեցնե՞ն և կամ զարմիկ Ժանը Աննա Կուտյուեի հետ կամուսնանա՞ թե ոչ։

Այո դա շատ ավելի կարևոր է, մտածեց Ռավիկը։ Փոքրիկ աշխարհը մարդու պատնեշում է քաոսով բռնկված մեծ աշխարհից։ Այլապես աստված գիտե, թե մեզ ինչեր կարող են պատահել։


Նա նստել էր «Տրիումֆ» սրճարանի առաջ։ Գունաթափ, ամպամած և տաք գիշեր էր։ Հեռվում ինչ-որ տեղ անձայն փայլատակում էին կայծակները։ Կյանքը հոսում, գնում էր մայթերի վրայով։ Կապույտ ատլասե գլխարկով մի կին մոտեցավ, նստեց սեղանի մոտ։

— Մի «վերմութ» ինձ համար չե՞ս վերցնի,— հարցրեց կինը։

― Կարող ենք երկուսով սպասել։

— Խորհուրդ չէի տա։ Ես սպասում եմ բռնցքամարտի չեմպիոն մի կնոջ՝ սպորտի պալատից։

Կինը ժպտաց։ Նա այնպիսի առատությամբ էր շպարվել, որ ժպիտը զգացվեց միայն շրթունքների անկյուններում, իսկ դեմքը նման էր սպիտակ դիմակի։

— Արի գնանք ինձ մոտ,— ասաց կինը։— Ես հիանալի բնակարան ունեմ։ Եվ ինքս էլ վատը չեմ։

Ռավիկը գլուխն օրորեց։ Հետո սեղանին դնելով հինգֆրանկանոց մի թղթադրամ, տեղից վեր կացավ։

— Ահա, վերցրու։ Ողջ լինես։

Կինը վերցրեց փողը և կոլորեց, խրեց գուլպայի կապի տակ։

— Տրամադրությունդ վա՞տ է,— հարցրեց նա։

— Ոչ։

— Թե չէ կարող եմ տրամադրությունդ էլ բուժել։ Ես մի շատ հաճելի ընկիրուհի ունեմ։ Երիտասարդ։— Ավելացրեց նա մի փոքր լռելուց հետո։— Կուրծքը Էյֆելյան աշտարակի չափ։

— Թող մնա մյուս անգամ։

— Ինչպես ուզում ես։

Կինը վեր կացավ տեղից և, մոտենալով մի երկու սեղան այն կողմը գտնվող մեկին, նստեց նրա մոտ։ Հետո մի քանի անգամ ևս նայելով Ռավիկի կողմը, գնեց սպորտային մի լրագիր և սկսեց կարդալ վերջին մրցությունների արդյունքները։

Ռավիկը լարված նայում էր սեղանների միջև անընդհատ այսուայն կողմ շարժվող մարդկային հոսանքին։ Նվագախումբը ներսում վիեննական վալս էր նվագում։ Կայծակի փայլատակումներն ավելի ուժեղացան։ Երիտասարդ հոմոսեքսուալիստների մի խումբ, ինչպես թութակների երամը, կոկետորեն աղմկելով, նստեց կողքի սեղանի շուրջը։ Ըստ վերջին մոդայի, նրանք բոլորն այտմորուսներ ունեին, իսկ հագներինը լայն ուսերով և նեղ գոտկատեղերով պիջակներ էին։

Ինչ-որ աղջիկ կանգ առավ Ռավիկի սեղանի մոտ և ուշադիր նայեց նրան։ Աղջկա դեմքը Ռավիկին ծանոթ թվաց... բայց նա իր կյանքում հազար ու մի մարդ էր տեսել, ի՞նչ իմանաս ով էր։ Աղջիկը նման էր փողոցային վեհերոտ այն պոռնկուհիներին, որոնք սիրում են գանգատվել իրենց անպաշտպան և անօգնական վիճակից։

— Ինձ չե՞ք ճանաչում,— հարցրեց նա։

— Իհարկե, ճանաչում եմ,— պատասխանեց Ռավիկը, չնայած գաղափար էլ չուներ, թե նա ով է։— Ինչպե՞ս եք։

— Լավ եմ, շնորհակալ եմ։ Բայց դուք, ինչպես տեսնում եմ, այդպես էլ չե՞ք ճանաչում ինձ։

— Ես անունները չեմ կարողանում հիշել։ Բայց դեմքով ձեզ հիշում եմ։ Երկա՞ր ժամանակ է, ինչ վերջին անգամ մենք տեսնվել ենք։

— Այո, շատ երկար։ Հիշո՞ւմ եք, Բոբոյին ինչպես սարսափեցրիք։— Նա քմծիծաղեց։— Չէ՞ որ դուք իմ կյանքը փրկեցիք, իսկ հիմա չեք ճանաչում։

Բոբո... Կյանքը փրկել... Մանկաբարձուհի... Ռավիկը հիմա արդեն հիշեց։

— Հա՜-ա, Լյուսիեննան եք,— ասաց նա։— Իհարկե, ինչպես չէ։ Այն ժամանակ դուք հիվանդ էիք։ Իսկ հիմա առողջ եք։ Այդ պատճառով էլ ես ձեզ անմիջապես չճանաչեցի։

Լյուսիեննան փայլեց.

— Իսկապես որ, ճանաչեցիք։ Շատ շնորհակալ եմ այն հարյուր ֆրանկի համար, որ դուք, այնուամենայնիվ, պոկեցիք մանկաբարձուհուց։

— Ախ, հա՜-ա... հիշեցի, հիշեցի...— Մադամ Բուշեի մոտ պարտություն կրելով, Ռավիկը Լյուսիեննային հարյուր ֆրանկ էր ուղարկել իր գրպանից։— Բայց դժբախտաբար, ես բոլորը ետ ստանալ չկարողացա։

— Դա էլ բավական էր։ Ես այդքանի հույսն էլ չունեի։ Արդեն կորած փող էի համարում։

— Է, ինչևէ։ Չէ՞իք ուզի ինձ հետ որևէ բան խմել, Լյուսիեննա։

Աղջիկը գլխով համաձայնության նշան արեց և զգուշորեն նստեց Ռավիկի կողքին։

— Մի բաժակ «չինզանո» սելտերյան ջրով,— ասաց Լյուսիեննան։

— Ինչպե՞ս եք ապրում, Լյուսիեննա։

— Հիմա շատ լավ եմ։

— Դեռ Բոբոյի հե՞տ եք։

— Այո, իհարկե։ Բայց նա հիմա բոլորովին փոխվել է։ Դեպի լավը։

— Շատ ուրախ եմ։

Ռավիկը չգիտեր, թե էլ ինչ հարցնի։ Փոքրիկ մոդիստկան հիմա արդեն փոքրիկ պոռնկուհի էր դարձել։ Ահա թե ինչու էր Ռավիկը բուժել նրան։ Իսկ մյուս հարցերում օգնել էր Բոբոն։ Երեխա ունենալուց նա այլևս չէր վախենում։ Վաճառվելու համար մի ավելորդ հիմք էր հայտնվել։ Նա դեռ նոր էր այդ կյանքն սկսել, և նրա մեջ պահպանված ինչ-որ երեխայություն շատ հրապուրիչ հանգամանք էր տարիքավոր գիտակների համար — հախճապակուց մի առարկա, որը հաճախակի օգտագործումից դեռ չէր կորցրել իր գույների թարմությունը։ Լյուսիեննան խմում էր զգուշորեն, ինչպես թռչունը, բայց աչքերն արդեն թափառում էին շուրջը։ Այդ ամենի մեջ ուրախալի ոչինչ չկար, թեև առանձնապես տխրելը նույնպես ոչ մի պատճառ չուներ։ Դա սահող, անցնող մի սովորական կյանքի կտոր էր։

— Դու գո՞հ ես,— հարցրեց Ռավիկը։

Լյուսիեննան գլխով արեց։ Ռավիկը տեսնում էր, որ նա իսկապես գոհ է։ Աղջկա համար այդ բոլորը սովորական բան էր։ Ինչո՞ւ զուր տեղը դա ողբերգություն դարձնել։

— Դուք մենա՞կ եք,— հարցրեց Լյուսիեննան։

— Այո, մենակ եմ,— ասաց Ռավիկը։

— Այսպիսի երեկոյին մենա՞կ,

— Պատկերացրեք՝ այո։

Լյուսիեննան անհամարձակ նայեց Ռավիկին ու ժպտաց։

— Ես չեմ շտապում,— ասաց աղջիկը։

Սա ի՞նչ է,— մտածեց Ռավիկը։— Մի՞թե ես այն աստիճան քաղցածի տեսք ունեմ, որ պատահած պոռնկուհին ինձ մի կտոր ծախու սեր է առաջարկում։

— Քեզ մոտ հասնելը հսկայական պատմություն է, Լյուսիեննա։ Ես այդքան ժամանակ չունեմ։

— Մենք առանց այն էլ չէինք կարող ինձ մոտ գնալ։ Բոբոն դա ոչ մի դեպքում չպետք է իմանա։

Ռավիկը նայեց աղջկան։

— Իսկ Բոբոն, ընդհանրապես դա չգիտի՞։

— Ընդհանրապես ամեն ինչ գիտի, բա ինչպե՞ս։ Ինձ նույնիսկ հսկում է։— Լյուսիեննան ժպտաց։— Նա դեռ իսկական երեխա է։ Կարծում է, թե աշխատած փողերս իրենից կթաքցնեմ։ Իսկ ձեզանից ես հո փող չե՞մ վերցնի։

— Բոբոն դրա համա՞ր չպետք է իմանա։

— Ոչ, դրա համար չէ։ Նա ձեզ կխանդի։ Իսկ որ խանդեց, ուղղակի գազան է դառնում։

— Իսկ ուրիշներին չի՞ խանդում։

Լյուսիեննան զարմանքով աչքերը բարձրացրեց։

— Ուրիշների՞ն։ Իհարկե, չի խանդում։ Չէ՞ որ դա արդեն փող աշխատելու միջոց է։

— Ուրեմն, խանդում է այն դեպքում, երբ փող չես վերցնում։

Լյուսիեննան անմիջապես չպատասխանեց։ Նրա այտերը կամաց-կամաց կարմրեցին։

— Ոչ թե այդ պատճառով։ Այլ այն, երբ տեսնում է, որ ինձ համար կարևորը միայն փողը չէ։— Այստեղ նա կրկին խոսքը ծամեց։— Մի խոսքով, երբ տեսնում է, որ ուրիշ բան էլ եմ զգում։

Լյուսիեննան աչքերը կախեց։ Ռավիկը բռնեց նրա ձեռքը, որ կորած ու որբ ընկած էր սեղանին։

— Լյուսիեննա,— ասաց նա։ — Լավ է, որ դու ինձ հիշում ես, որ ուզում ես ինձ հետ գալ։ Դու սքանչելի աղջիկ ես, և ես քեզ կտանեի։ Բայց ես չեմ կարող պառկել մի կնոջ հետ, որին ինքս վիրահատել եմ։ Հասկանո՞ւմ ես ինձ։

Լյուսիեննան բարձրացրեց իր երկար, սև թարթիչները և արագ գլխով արեց։

— Հասկանում եմ,— ասաց նա, իսկույն տեղից կանգնելով։— Որ այդպես է, ես գնամ։

— Ցտեսություն, Լյուսիեննա։ Հաջողություն եմ ցանկանում քեզ։ Զգույշ եղիր, որ այլևս չհիվանդանաս։

— Շնորհակալ եմ,— ասաց աղջիկը։

Ռավիկը թղթի վրա ինչ-որ բան գրեց։

— Աշխատիր սրանից գտնել, եթե մինչև հիմա չունես։ Սա լավագույն միջոց է։ Եվ փողերդ բոլորը մի տա Բոբոյին։

Աղջիկը ժպտալով գլուխն օրորեց։ Նա գիտեր, որ, միևնույն է, տալու է։ Դրանում չէր կասկածում նաև Ռավիկը, որը հայացքով ուղեկցեց Լյուսիեննային, մինչև որ նա վերջնականապես ձուլվեց մարդկային հոսանքին։ Հետո կանչեց քելներին։

Կապույտ գլխարկով կինը անցավ նրա կողքով, որը ուշադիր հետևել էր այդ տեսարանին։ Ձեռքի ծալած թերթով հով անելով իրեն, նա ժպտաց, ցույց տալով գցովի ատամները, որոնցով բերանը լիքն էր։

— Դու կամ իմպոտենտ ես կամ վախկոտ, սիրելիս,— բարեկամաբար ասաց նա Ռավիկի կողքով անցնելիս։— Քեզ երջանկություններ և սրտագին շնորհակալություն։


Ռավիկը քայլում էր տաք գիշերվա միջով։ Տանիքների վրա դեռ փայլատակում էր կայծակը, բայց օդը անշարժ էր։ Լուվրի մուտքը վառ լուսավորված էր, դռները՝ կրնկի վրա բաց։ Ռավիկը ներս մտավ։

Դա այն օրերից էր, երբ Լուվրը իր դռները չի փակում նաև գիշերը։ Սրահների մի մասը լուսավորված էր։ Ռավիկն անցավ եգիպտական արվեստի բաժնով, որը վիթխարի և լուսավորված դամբարան էր հիշեցնում։ Այստեղ քարացած նստել ու կանգնել էին երեք հազար տարի առաջ ապրած փարավոնները, որոնք անշարժ և գրանիտյա աչքերի սևեռուն հայացքներով նայում էին այս ու այն կողմ գնացող ուսանողների խմբերին, հնաձև գլխարկներով կանանց և հասակավոր տղամարդկանց, որոնց դեմքերին ձանձրույթ էր դրոշմված։ Այդ սրածներից փոշու, կանգնած օդի և անմահության հոտ էր գալիս։

Հին հունական բաժնում Միլոսյան Վեներայի առաջ քչփչում էին մի քանի աղջիկներ, որոնք ոչնչով նման չէին նրան։ Ռավիկը կանգ առավ։ Եգիպտական գրանիտից ու կանաչավուն սիենիտից հետո հույների մարմարյա արձանները մի տեսակ մեղմ ու դեկադենտական էին թվում։ Հեզ և փարթամամարմին Վեներան ինչ-որ բանով ճակատագրից գոհ, լողացող տանտիրուհու էր նման։ Գեղեցիկ է և անխոհ։ Ապոլոնը՝ այդ մողեսասպանը, հոմոսեքսուալիստ էր, որին անհրաժեշտ էր ավելի շատ մարմնամարզությամբ զբաղվել։ Սակայն այդ հույները դրված էին այնպիսի սրահներում, որտեղ անհրաժեշտ չափով օդ չկար, և դա սպանում էր նրանց։ Այլ էր եգիպտացիների վիճակը, նրանք ստեղծված էին դամբարանի և տաճարների համար։ Իսկ հույներին արև էր պետք, օդ և սյունաշարեր, որոնց միջով կարող էր թափանցել Աթենքի ոսկեղեն լույսը։

Ռավիկը շարժվեց առաջ։ Նրա դեմ տարածվեց դեպի վեր տանող աստիճաններով վիթխարի և սառը մի սրահ։ Եվ հանկարծ ամեն ինչ թողած ցածում, վերևում սավառնեց Սամոթրակյան Նիկան։ Վաղուց էր, ինչ Ռավիկը չէր տեսել նրան։ Վերջին անգամ, երբ ինքն այստեղ էր, Նիկայի արձանը նրան թվաց անշուք և ողորմելի, թանգարանի պատուհաններից ներս էր թափանցում ձմեռային ամպամած գորշ օրվա կեղտավուն լույսը, և հաղթանակի աստվածուհին կարծես ցրտից կուչ էր եկել ու դողում։ Իսկ այժմ նա կանգնած էր աստիճանների վերևում, կանգնած էր մարմարյա նավի բեկորի վրա, կանգնած էր, ողողված լուսարձակների պայծառ լույսով, կանգնած էր վեհատեսիլ ու շողշողուն, թևերն այնքան լայնորեն տարածած, որ թվում էր, թե հիմա ուր որ է կթռչի... և քամուց ծածանվող զգեստները սեղմվել ու կիպ կպել էին դեպի առաջ քայլող նրա մարմնին։ Թվում էր, թե նրա հետևում աղմկում է Սալամինի գինեգույն ծովը, որի վրա տարածվել էր սպասումով լեցուն մուգ թավշյա երկինքը։

Սամոթրակյան Նիկան բարոյականությունից ոչ մի գաղափար չուներ։ Պրոբլեմներ գոյություն չունեին նրա համար։ Նրան անծանոթ էին արյան մեջ տեղի ունեցող փոթորիկներն ու նրանց սև հետևանքները։ Նա գիտեր միայն հաղթանակ կամ պարտություն, որոնց միջև ոչ մի տարբերություն գրեթե չէր տեսնում։ Նա չէր գայթակղում, նա վեհացնում էր։ Նա հրապուրանք չէր, այլ անհոգություն։ Նա ոչ մի գաղտնիք չուներ, բայց հուզում էր ավելի, քան Վեներան, որը ծածկել էր իր ամոթը՝ այն ավելի ցայտուն ցույց տալու համար։ Նրա հարազատները թռչուններն էին և նավերը, նրա հարազատները քամին էր, ալիքներն էին, հորիզոնն էր։ Նա հայրենիք չուներ։

Նա հայրենիք չուներ, մտածեց Ռավիկը։ Բայց դա պետք էլ չէր նրան։ Բոլոր նավերի վրա նա իրեն տանն էր զգում։ Տանն էր զգում արիության ու պայքարի մեջ, և նույնիսկ պարտության ժամանակ. չէ՞ որ նա երբեք չէր հուսահատվում։ Նա ոչ միայն հաղթանակի աստվածուհին էր, այլև աստվածուհին բոլոր ռոմանտիկների և տարագիրների, քանի դեռ նրանք չեն հանձնվել։

Ռավիկը նայեց իր շուրջը։ Սրահում այլևս ոչ ոք չկար։ Ուսանողները և բեդեկերները ձեռքներին մարդիկ նույնպես ցրվել, տուն էին գնացել։ Տուն․․․ Ի՞նչ տուն կարող է լինել ամենուրեք հետապնդվող մարդու համար, եթե չհաշվենք մի ուրիշի հուզված սիրտը, այն էլ կարճ ժամանակով։ Մի՞թե այդ չէր պատճառը, որ սերը, թափանցելով իր՝ անհայրենիք թափառականի սիրտը, ցնցեց այդպես և ամբողջովին տիրացավ նրան։ Չէ՞ որ այնտեղ, սիրուց բացի ուրիշ ոչինչ չէր մնացել։ Մի՞թե այդ չէր պատճառը, որ ինքը փորձում էր փախչել այդ սիրուց։ Եվ մի՞թե այդ սերը չէր, որ եկավ իր հետևից, որ հասավ և տապալեց իրեն։ Շատ ավելի հեշտ է նորից ոտքի կանգնել հարազատ, արդեն ծանոթ հողի վրա, քան օտարության սայթաքուն սառույցի։

Նրա աչքին ինչ-որ բան ընկավ։ Փոքրիկ, թրթռուն, սպիտակ մի բան։ Դա թիթեռ էր, ըստ երևույթին, ներս էր թռել բաց դռան միջով։ Թռել, եկել էր Տյուիլրինի այգու արևից ջերմացած ինչ-որ ծաղկաթմբերից, որտեղ վարդերին թառած, քնած էր եղել նրանց բուրմունքի ներքո։ Գուցե նա վախեցել էր այնտեղ թափառող սիրահար մի գույգից և, մոլորված քաղաքի բյուրավոր լույսերից, որոնք անհամար անծանոթ արևների պես կուրացրել են նրան, փորձել է թաքնվել մուտքի լայն դռների հետևում գտնված փրկարար խավարի մեջ... Եվ ահա նա այժմ հուսահատ և համարձակ պտտվում է վիթխարի սրահում, որտեղ նրան մահ է սպասում... Նա շուտով կհոգնի ու կքնի կամ քիվի, կամ լուսամուտագոգի և կամ բարձունքում շողշողացող աստվածուհու ուսի վրա թառած։ Իսկ առավոտյան նա նորից կթռչի ծաղիկներ փնտրելու, փնտրելու նեկտար և կյանք։ Սակայն ոչինչ չգտնելով, նա ուժասպառ կնստի հազարամյա մարմարին և կրկին կքնի, կքնի այնքան ժամանակ, մինչև որ թուլանան քնքուշ և կառչուն ոտիկները և ցած գլորվի վաղահաս աշնան այդ նրբին տերևը։

Անմիտ սենտիմենտալություն է, մտածեց Ռավիկը։ Հաղթանակի աստվածուհի և փախստական թիթեռ։ Էժանագին սիմվոլ։ Բայց կյանքում ի՞նչն է ավելի հուզում, եթե ոչ հենց այդ էժանագին հասկացությունները — էժանագին սիմվոլները, էժանագին զգացմունքները, էժանագին սենտիմենտալությունները։ Վերջին հաշվով ի՞նչն է դրանք այդպես էժանագին դարձրել։ Նրանց անվիճելի ճշմարտությունը։ Եթե մարդու կոկորդից բռնում են, սնոբիզմից հետք անգամ այլևս չի մնում։ Թիթեռը բարձրացավ գմբեթի տակ և անհետացավ այնտեղի կիսախավարում։ Ռավիկը դուրս եկավ Լուվրից։ Դրսի ջերմ օդը այնպես խփեց նրա դեմքին, կարծես բաղնիքում լիներ։ Նա կանգ առավ։ Էժանագին զգացմունքներ։ Իսկ մի՞թե հենց ինքը չի դարձել ամենաէժանագին զգացմունքների զոհը։ Ռավիկը նայեց թանգարանի առջևում գտնվող լայն հրապարակին, որտեղ նստած էին հարյուրամյակների ստվերները, և հանկարծ նրան թվաց, թե բռունցքի հարյուրավոր հարվածներ տեղացին գլխին։ Նա տեղում օրորվեց և հազիվ կարողացավ իրեն պահել, որ չընկնի։ Նրա աչքերի առջևից դեռ չէր հեռանում սպիտակ, թևերը լայնորեն տարածած Նիկան, սակայն նրա հետևում ստվերի միջից բարձրանում էր կանացի մի ուրիշ դեմք, էժանագին և անարժեք, որին նայելիս նրա երևակայությունն այնպես էր խճճվում, ինչպես կարող է խճճվել հնդկական շղարշը վարդի փշոտ թփերի մեջ։ Նա թափ էր տալիս շղարշը, բայց փշերը, ամուր կառչած նրանից, բաց չէին թողնում։ Մետաքսյա և ոսկյա նուրբ թելերի մեջ խրված, փշերն այնպես էին միահյուսվել շղարշի հետ, որ աչքն այլևս չէր կարողանում ջոկել, թե որոնք են վարդի փշոտ ճյուղերը և որոնք՝ շղարշի կայծկլտող թելերը։

Դե՜մքը։ Դե՜մքը։ Իսկ ո՞վ է հարցնում, այդ դեմքը էժանագի՞ն է, թե թանկ։ Անկրկնելի՞ է, թե հազար անգամ կրկնված։ Մարդ կարող է այդ հարցերը տալ նախապես, քանի դեռ ցանցի մեջ չի ընկել, իսկ երբ ընկավ, այլև անհնար է դուրս պրծնելը։ Այժմ արդեն մարդուն պահողը սերն է և ոչ թե պատահական կերպով նրա անուն կրողը։ Այլևս ո՞վ կարող է դատողություններ անել, եթե կուրացած է երևակայության խաղով։ Սերը ոչ չափ է ճանաչում և ոչ էլ գին։

Երկինքը կախվել, իջել էր ցած։ Անաղմուկ կայծակները գիշերային խավարից ակնթարթորեն դուրս էին քաշում գորշ ծծմբագույն ամպերը։ Պայթելու պատրաստ ամպրոպը հազարավոր կույր աչքերով և անձև փռվել էր տանիքների վրա։ Ռավիկը քայլում էր Ռիվոլի փողոցի երկարությամբ։ Ծածկված մայթերի սյուների հետևում ձգվում էին խանութների լուսավորված ցուցափեղկերը։ Մարդկային հոսանքը շարժվում էր նրանց առջևով։ Փողոցով, առանց ընդհատվելու, ձգվում էր մեքենաների շղթան։ Ահա հազարավոր այսպիսիների մեջ քայլում եմ և ես, մտածեց Ռավիկը։ Քայլում եմ ձեռքերս գրպանիս, առանց շտապելու, դանդաղ անցնելով զիզիպիզիներով ու թանկարժեք իրերով շողշողացող այս ցոլցափեղկերի առջևով։ Քայլում եմ սովորական իրիկնային զբոսանքի դարս եկած մարդու նման, բայց արյունը փոթորկվում է իմ մեջ, փոթորկվում է ուղեղ կոչվող ընդամենը երկու բուռ սպիտակավուն գորշ մոլյուսկանման զանգվածի գալարներում։ Ահա անտեսանելի մի ճակատամարտ սկսվեց, և հանկարծ իրականը դառնում է անիրական, իսկ անիրականը իրական։ Ես զգում եմ, թե ինչպես են ինձ արմունկներով հրմշտում, ինչպես են քսվելով ու հրելով անցնում իմ կողքից, զգում եմ ինձ վրա գցած ուրիշների հայացքները, իմ ականջին է հասնում մեքենաների շչակների ձայնը, լսում եմ, թե ինչպես են խոսում մարդիկ, զգում եմ իմ շուրջը եռացող սովորական, սարքի ընկած կյանքը, որի կենտրոնում գտնվելով հանդերձ, ավելի հեռու եմ նրանից, քան լուսինը․․․ Ես գտնվում եմ անհայտ մի մոլորակի վրա, ուր ոչ տրամաբանություն կա, ոչ անհերքելի փաստեր, և իմ մեջ ինչ-որ ձայն անվերջ ու անլռելի ճչում է մի անուն։ Ես գիտեմ, որ բանն անունը չէ, սակայն անվերջ լսում եմ ճչացող այդ ձայնը, որին ինչպես միշտ, որպես պատասխան լռությունն է լոկ դիմավորում։ Այդ լռության մեջ շատ ճիչեր են խլացել, առանց պատասխան ստանալու։ Բայց ճիչը չի լռել։ Դա սիրո և մահվան գիշերային ճիչն է, ճիչը էքստազի և կործանման գիտակցության, ճիչը ջունգլիների և անծայր անապատի։ Ես կարող եմ հազարավոր պատասխաններ իմանալ, բայց միակ այն պատասխանը, որն ինձ պետք է, ես չգիտեմ, և չեմ էլ իմանա, քանի որ այդ պատասխանը ոչ թե իմ մեջ, այլ ինձանից դուրս է, որին ես երբեք չեմ կարող հասնել...

Սե՜ր։ Ինչե՜ր ասես, որ չեն թաքնվում այդ բառի տակ։ Դեպի հաճելի ու քնքուշ մարմինն ունեցած տենչից մինչև ոգու հեռավոր փոթորկումները, ընտանիք ունենալու հասարակ ցանկությունից մինչև որևէ մեկի մահվան լուրից ստացած կորստաբեր ցնցումները, խենթ վավաշոտությունից մինչև Հակոբի մենամարտը հրեշտակի հետ։ Ահա ես քայլում եմ, ասաց ինքն իրեն Ռավիկը, մի մարդ, որի քառասունն արդեն անց է, ես շատ բան եմ սովորել իմ կյանքում, ընկել ու նորից եմ բարձրացել։ Ես փորձով հարուստ եմ և իմաստնացած, այդ իմաստությունները անցել են տարիների ֆիլտրի միջով, ես դարձել եմ ավելի կոփված, ամեն ինչին նայում եմ քննադատորեն, ես հիմա ավելի անվրդով եմ և ավելի սառնասիրտ... Ես ոչ ուզում էի սիրել և ոչ էլ հավատում էի սիրուն, իմ մտքով երբեք չէր անցնում, թե սերը նորից ինձ կայցելի․․․ Բայց նա եկավ, և պարզվեց, որ իմ ամբողջ կենսափորձը անօգուտ դուրս եկավ, իսկ գիտելիքներս այդ ամենը դարձրին ավելի այրող ու ցավալի։ Իսկ ի՞նչն է ավելի լավ այրվում զգացմունքի կրակի վրա, եթե ոչ չոր ցինիզմը — մի վառելիք, որ պատրաստվել է ճակատագրական ծանր օրերին։


Ռավիկը քայլում ու քայլում էր առաջ, իսկ գիշերն անեզր էր ու զրնգուն։ Նա քայլում էր, առանց ուշադրություն դարձնելու, թե ուր է գնում, և չգիտեր, թե ինչպես է անցնում ժամանակը։ Եվ նա ամենևին էլ չզարմացավ, երբ հանկարծ սթափվելով տեսավ, որ ինքը ավենյու Ռաֆայելի հետևում գտնվող զբոսայգում է։

Պասկալ փողոցի վրա կառուցված տուն։ Աղոտ ճերմակությամբ իրար վրա բարձրացող հարկեր։ Վերին հարկի սենյակներից մի քանիսը լուսավորված են։ Նա հայացքով փնտրեց Ժոանի լուսամուտը։ Այնտեղ նույնպես լույս կար։ Ուրեմն, Ժոանը տանն է։ Բայց գուցե և տանը չէ, պարզապես մոռացել է դուրս գնալիս լույսը հանգցնել։ Չէ՞ որ նա սոսկալի չէր սիրում մտնել մութ սենյակ։ Ինչպես և ինքը՝ Ռավիկը։ Նա մոտ գնաց։ Տան առաջ կանգնած էին մի քանի մեքենաներ, որոնց միջև մի դեղին «ռոդեստեր», սովորական մի մեքենա, որին մրցարշավի մեքենայի տեսք էր տրված։ Այդ մեքենան կարող էր լինել Ժոանի սիրեկանինը։ Դերասանի համար ամենահարմար մեքենան է։ Կաշվե կարմիր նստոցներ, պանել պրիբորների համար, ինչպես ինքնաթիռինը, պետք չեկող մասերի կատարյալ առատություն — իհարկե, սա պետք է որ սիրեկանինը լինի։ Չլինի՞ խանդում եմ, զարմացած մտածեց նա։ Խանդում եմ մի պատահական մարդու, որից նա կպե՞լ է։ Խանդո՞ւմ եմ ինչ-որ բանի, որն ինձ ամենևին չի վերաբերում։ Կարելի է խանդի զգացում ունենալ դեպի այն սերը, որը երես է դարձրել քեզանից, և ոչ թե դեպի այն առարկան, որին նա ուղղված է։

Ռավիկը վերադարձավ զբոսայգի։ Մթության մեջ տարածվել էր հողի և սառող կանաչների հոտի հետ խառնված ծաղիկների բուրմունքը։ Այդ բուրմունքը սուր էր, ինչպես լինում է ամպրոպից առաջ։ Նա նստեց մի նստարանի։ Այդ ես չեմ, մտածեց Ռավիկը, ես չեմ ուշացած այն սիրեկանը, որը նստել է իրեն լքող կնոջ տան առաջ և նայում է նրա լուսամուտին։ Այդ ես չեմ, ես չեմ այն մարդը, որը ցնցվում է ցանկությունից, ընդունակ է հերձման ենթարկել իր զգացմունքները, բայց և այնպես ի վիճակի չէ իշխել այդ զգացմունքների վրա։ Այդ ես չեմ այն հիմարը, որն ուրախությամբ կտար իր կյանքի տարիները, միայն թե ետ վերադարձներ ժամանակը և այն ոսկեվարս ոչինչը, որը դեռ վերջերս էր իմ ականջին դատարկ ու անմիտ անհեթեթություններ փսփսում։ Այդ ես չեմ,— գրողի ծոցը թող կորչեն բոլոր պատճառաբանությունները,— ես չեմ այն մարդը, որ նստել է այստեղ՝ լցված այրող խանդով, հուսաբեկ ու ողորմելի, ես չեմ այն մարդը, որը հաճույքով այստեղ կանգնած այդ մեքենան հրդեհի ճարակ կդարձներ։

Նա գրպանից սիգարետ հանեց։ Դանդաղ ու լուռ այրում։ Աննշմարելի ծուխ։ Գիսավոր աստղի նման ցած ընկնող վառված լուցկու հատիկ։ Ինչո՞ւ ինքը չբարձրացավ Ժոանի մոտ։ Ի՞նչ կար դրա մեջ։ Չէ՞ որ առանձնապես ուշ չէր։ Նրա լույսը դեռ վառվում էր։ Եվ ինքը կարող էր արժանավայել պահել իրեն։ Ինչո՞ւ չէր կարող Ժոանին դուրս կանչել։ Հենց հիմա, երբ ինքն արդեն ամեն ինչ գիտեր։ Դուրս կանչեր, տաներ իր հետ և այլևս թույլ չտար, որ վերադառնա։

Ռավիկը նայում էր խավարի մեջ... բայց ի՞նչ կարող էր դա տալ։ Ի՞նչ օգուտ կարող էր դրանից լինել։ Մի՞թե այդ ձևով հնարավոր է այն մյուսին, սիրեկանին, դուրս գցել Ժոանի կյանքից։ Երբեք մարդ չի կարող ուրիշի սրտից ոչինչ և ոչ ոքի դուրս նետել․․․ Մի՞թե ինքը չէր կարող վերցնել Ժոանին այն ժամանակ, երբ նա իր մոտ էր եկել։ Ինչո՞ւ այդ չարեց։

Նա սիգարետը շպրտեց։ Չարեց այդ, որովհետև դա բավական չէր։ Ահա թե բանն ինչումն էր։ Ինքն ավելին էր ուզում։ Դա բավական չէր լինի նույնիսկ այն դեպքում, եթե Ժոանը նորից վերադառնար, սկսեր նորից հաճախել, եթե ամեն ինչ անհետ կորչեր ու մատնվեր մոռացության․․․ Ինչ-որ տարօրինակ ու սարսափելի օրենքով դա միշտ քիչ է լինելու։ Ինչ-որ բան խախտվել է, երևակայության լույսը այլևս չէր կարող գտնել այն հայելին, որը առաջ բռնում էր նրան և, կարծես, շիկացնելով, ետ էր շպրտում... Այժմ նա անցնում էր կողքով ու մխրճվում ինչ-որ կույր դատարկության մեջ, և արդեն ոչինչ նրան չէր կարող ետ շպրտել, ոչ որևէ մի, և ոչ էլ նույնիսկ հազարավոր նման հայելիներ։ Նրանք կարող են բռնել միայն այդ լույսից ինչ-որ մասնիկ, բայց ոչ ամբողջ լույսը։ Նա վաղուց է արդեն աննպատակ թափառում սիրո ամայացած երկնքներում, ինչպես լուսավորվող մշուշի մեջ, և երբեք այլևս չի կարող ծիածանի շողերով ողողել սիրելի կնոջ դեմքը։ Մոգական շրջանակն արդեն բացվել է, մնացել են միայն տրտունջները, իսկ հույսը փշրվել է ամբողջովին։

Ինչ-որ մեկը դուրս եկավ տանից։ Դա մի տղամարդ էր։ Ռավիկը շտկվեց տեղում։ Հայտնվեց նաև մի կին։ Տղամարդն ու կինը ծիծաղեցին։ Ոչ, նրանք չէին... ոչ Ժոանն էր, ոչ իր սիրեկանը։ Նրանք նստեցին մեքենան ու շարժվեցին։ Ռավիկը նորից մի սիգարետ վառեց։ Արդյոք ինքը չէ՞ր կարող պահել նրան։ Չե՞ր կարող կանխել նրա հեռանալը, եթե ուրիշ կերպ վարվեր նրա հետ։ Պահե՞լ... իսկ ի՞նչ կարող է մարդու պահել, բացի պատրանքներից։ Բայց մի՞թե պատրանքը քիչ է։ Իսկ հնարավո՞ր է պատրանքից ավելին ունենալ։ Ո՞վ գիտե, թե ինչ է կատարվում կյանքի ջրապտույտներում, որ խենթորեն փոթորկվում է գիտակցության խոր ընդերքների մեջ։ Մեր զգացումներն այդ կոծանքի շաչյունները իրեր են դարձնում, դարձնում են սեղան, լապտեր, հայրենիք, դու, սեր։ Եվ ով շրջապատված է այդ զարհուրելի կիսախավարով, նրա համար միայն աղոտ կռահումներ են մնում։ Բայց մի՞թե քիչ կռահումներ կան, մի՞թե նրանք բավական չեն։

Ոչ, բավական չեն։ Իսկ եթե անգամ բավական են, ապա լոկ այն դեպքում, երբ մարդ հավատում է դրանց։ Բայց եթե բյուրեղը ջարդվում է կասկածանքի ծանր մուրճի տակ, ամենաշատը մարդ կարող է այն կպցնել, ավելին հնարավոր չէ։ Կպցնել, ստել և նայել, թե ինչպես է այդ բյուրեղը հազիվհազ բեկում լույսը, և ոչ թե շողշողում իր նախկին փայլով։ Ոչինչ չի վերադառնում։ Չի վերականգնվում ոչինչ։ Ոչ մի բան։ Եթե անգամ Ժոանը վերադառնա էլ, միևնույն է, նա արդեն նախկին Ժոանը չի լինի։ Նա լինելու է ջարդված ու նորից կպցրած բյուրեղ։ Բաց թողնված ժամ։ Եվ ոչ ոք ետ բերել այդ ժամը այլևս չի կարող։

Նա մի անտանելի սուր ցավ զգաց։ Թվում էր, թե ներսում ինչ-որ բան կտոր-կտոր են անում։ Տեր իմ աստված, տեր իմ աստված, մտածում էր նա, մի՞թե հնարավոր է այսպես տառապել։ Տառապել սիրուց։ Ես հեռվից նայում եմ ինձ, բայց ոչինչ անել չեմ կարող։ Ես գիտեմ, որ եթե Ժոանը կրկին վերադառնա, միևնույն է, ես նորից նրան բաց կթողնեմ, սակայն դրանով իմ ցանկությունը չի մարի։ Ես կարող եմ զգացմունքները հերձել, ինչպես դիակարանի սեղանին դրված դիակ, բայց դրանից նրանք հազար անգամ ավելի կենդանի կդառնան։ Ես հասկանում եմ, որ մի օր, վերջապես, այս տառապանքները կանցնեն, սակայն դա նույնպես ինձ չի օգնում։ Ռավիկը ոչինչ չտեսնող աչքերի հայացքը հառեց դեպի Ժոանի լուսամուտը, զգալով իրեն սոսկալի ծիծաղելի վիճակում։ Բայց դա նույնպես դրությունը ոչնչով չէր փոխում...

Հանկարծ քաղաքի վրա ծանրորեն գռգռացին ամպերը։ Անձրևի խոշոր կաթիլները սկսեցին հարվածել թփուտներին։ Ռավիկը տեղից ելավ։ Նա տեսավ, թե փողոցներում ինչպես են թռչկոտում սև արծաթի ցայտքերը։ Անձրևն սկսեց երգել։ Առատ ու ջերմ կաթիլները հարվածում էին նրա երեսին։ Եվ հանկարծ Ռավիկը դադարեց այլևս հասկանալուց, ինքը ծիծաղելի՞ է թե ողորմելի, տառապո՞ւմ է թե ոչ․․․ Նա միայն մի բան գիտեր — ինքն ապրում է։ Այո, ապրում էր, զգում էր իր գոյությունը, կյանքը վերադարձել էր նրա մոտ ու ցնցում էր նրան։ Ռավիկն այլևս պասիվ նայող չէր և ոչ էլ կողմնակի դիտորդ։ Ապրելու վեհ զգացումը փոթորկվեց նրա երակներում, ինչպես կրակն է փոթորկվում դոմնային վառարաններում։ Եվ նրա համար գրեթե միևնույն էր, երջանի՞կ է ինքը թե դժբախտ։ Նա զգում էր, որ ապրում է, ապրում է լիարյուն կյանքով, և դա բավական էր։

Ռավիկը կանգնել էր անձրևի տակ, որն այնպես էր հորդում նրա վրա, կարծես երկնքից թափվող գնդացրային կրակ լիներ։ Նա կանգնել էր հորդող անձրևի տակ և հենց ինքն անձրև էր, և փոթորիկ, և ջուր, և հող․․․ Հեռավոր հորիզոններից եկող կայծակները խաչաձևվում էին նրա մեջ։ Նա դարձել էր ալեկոծված տարերքի մի մասնիկը։ Իրերը կորցրել էին իրենց անունները և ձուլվել միմյանց, ամեն ինչ նույնն էր — սեր, առատորեն թափվող ջուր, տանիքների վրա փայլատակող կայծակների գունատ լույսեր, հող, որ կարծես ուռճացած լիներ, իրերն իրարից բաժանող սահմաններ այլևս չկային, այդ բոլորը պատկանում էին նրան, և նա ինքն իր հերթին կարծես դրանց մի մասնիկը լիներ։ Երջանկությունն ու դժբախտությունը թվում էին դատարկ պարկուճներ, և այդ պարկուճները ապրելու և ապրելն զգալու հզոր ցանկությունը մի կողմ էին նետել։

— Իսկ դու, այնտեղ վերևում,— ասաց Ռավիկը, դիմելով Ժոանի լուսավորված պատուհանին, առանց զգալու, որ ինքը ծիծաղում է։— Դու փոքրիկ ու շողշողուն լույս, ֆատա մորգանա, երես, որ այդպիսի հզոր իշխանություն ունես իմ նկատմամբ, դու, որ հանդիպեցիր ինձ այս մոլորակի վրա, որտեղ հարյուր հազարավորներն են ապրում, ապրում են ավելի լավերը, ավելի սքանչելիները, ավելի խելոքներր, բարիները, հավատարիմները, խելամիտները․․․ Դու, պատահականություն, որին գիշեր ժամանակ ճակատագիրը նետեց իմ ճանապարհի վրա, դու, իմ կյանքի մեջ խուժած խենթ և տիրական սեր, որ քնած ժամանակ գաղտագողի սողացել ու մտել ես իմ մաշկի տակ, դու, որը իմ մասին գրեթե ոչինչ չգիտեր, բացի նրանից, որ ես իրեն դիմադրում եմ, և որը հենց միայն դրա համար է, որ նետվում է իմ առաջ։ Ես հազիվ էի դադարել դիմադրելուց, և դու անմիջապես ուզեցիր առաջ շարժվել։ Ողջո՜ւյն քեզ։ Ահա ես կանգնած եմ այստեղ, թեև ինձ թվում էր, որ ես երբեք այլևս այսպես չեմ կանգնելու։ Հորդ անձրևը թափվում ու թրջում է ինձ, անձրևի շիթերը ավելի ջերմ, ավելի զով և ավելի փափուկ են, քան քո ձեռքերը, քան մաշկը քո։ Ահա ես կանգնած եմ այստեղ, կանգնած եմ որպես մի խղճուկ, և խանդի ճանկերը ծվատում են իմ ներսը։ Ես և ուզում եմ քեզ, և ատում ամբողջ հոգով, հիանում եմ քեզնով և աղոթում աստվածացնելով, քանի որ քո նետած կայծակը հրդեհել է իմ սիրտը, կայծակ, որ թաքնված է յուրաքանչյուր ընդերքում, քանի որ դու իմ մեջ կյանքի կայծ ես նետել, նետել ես սև այդ կրակը։ Ահա ես կանգնած եմ այստեղ, բայց այլևս ոչ որպես արձակուրդի մեջ գտնվող դիակ՝ մանր ցինիզմով, սարկազմով և աննշան արիությամբ, ոչ, իմ մեջ չկա այլևս ցուրտ անտարբերություն, ես նորից եմ կենդանացել, ու թեև տառապում եմ կրկին, բայց նորից եմ բացված կյանքի փոթորիկների առաջ, նորից է ինձ վրա իշխում կյանքի սովորական իշխանությունը։ Օ՜, դու օրհնյալ լինես, անկայուն, խուսափող սրտով մադոննա, ռումինական ակցենտով Նիկա։ Դու, որ երազանք ես, պատրանք, հայելի, որին ինչ-որ մութ աստվածություն փշուր-փշուր է արել... Ընդունիր իմ շնորհակալությունը, դու, որ այդպես անմեղ ես։ Ես երբեք քեզ ոչինչ չեմ ասելու, որովհետև դու իսկույն անգթորեն ամեն ինչ կշրջես քո օգտին, բայց դու ինձ վերադարձրիր այն, ինչ չէին կարող վերադարձնել ո՛չ Պլատոնը և ո՛չ էլ քրիզանթեմները, ո՛չ փախուստը և ո՛չ էլ ազատությունը, ո՛չ ամբողջ աշխարհի պոեզիան, և ո՛չ էլ այդ աշխարհի ամբողջ գթասրտությունը, ո՛չ հուսահատությունը և ո՛չ էլ ամենաբարձր ու ամենահամբերատար հույսը,― դու ինձ վերադարձրիր կյանքը, հասարակ, ուժեղ կյանքը, որը այս երկու կատաստրոֆաների միջև թվում էր, թե ոճրագործություն է։ Ընդունիր իմ ողջույնները։ Եվ շնորհակալություններն իմ ընդունիր։ Ես պետք է քեզ կորցնեի՝ կորուստը հասկանալու համար։ Ողջույն քեզ։

Անձրևն արծաթյա շողշողուն վարագույրի նման կախվել էր քաղաքի վրա։ Թրջված թփերը հաճելի բույր էին տարածում իրենց շուրջը։ Հողից սուր և բարեբեր բուրմունք էր բարձրանում։ Դիմացի տնից մեկը վազելով ղուրս եկավ ու բարձրացրեց դեղին «ռոդստերի» ծածկույթը։ Հիմա դա միևնույն էր։ Ամեն ինչ արդեն միևնույն էր։ Գիշեր էր, և գիշերը աստղերի վրայից ցնցում էր անձրևը և թափում երկրի վրա։ Թափվող շիթերը խորհրդավորությամբ արգասավորում էին քարե քաղաքը իր ծառուղիներով ու զբոսայգիներով։ Միլիոնավոր ծաղիկներ բացում էին անձրևի առաջ իրենց խայտաբղետ արգանդները և ընդունում նրան։ Եվ նա իր կենսարար շիթերով նետվում էր այս ու այն կողմ տարածված և փետրավորված շյուղերի վրա, խրվում էր հողի մեջ՝ միլիոնավոր սպասող արմատների հետ մութ ամուսնության համար։ Անձրև, գիշեր, բնություն, բուսականություն — դրանք բոլորը գոյություն ունեին, բայց նրանց չէր հետաքրքրում ոչ քայքայումը, ոչ մահը, ոչ ոճրագործները, ոչ կեղծ սրբությունները, ոչ հաղթանակը և ոչ էլ պարտությունը, նրանք գոյություն ունեին հիմա, ինչպես եղել էին ամեն տարի։ Այս գիշեր Ռավիկը նույնպես պատկանում էր նրանց... ձուլվել էր այդ ամենի հետ... Կարծես ջարդվել էր ձվի կճեպը, կարծես նորից էր ճեղքում ու դուրս գալիս կյանքը, կյանքը, կյանքը, որ այնքան ցանկալի էր, այնքան օրհնյալ։

Ռավիկն արագ-արագ քայլում էր փողոցներով ու զբոսայգիներով։ Գնում էր առանց ետ նայելու, քայլում էր անվերջ ու անվերջ առաջ, և Բուլոնյան անտառը նրան դիմավորում էր ինչպես ճանճերի դզդզող վիթխարի մի փեթակ։ Անձրևը մտրակում էր ծառերի կատարներին, կատարներն օրորվում ու պատասխանում էին նրան, և Ռավիկին թվում էր, թե ինքը կրկին երիտասարդ է և առաջին անգամ է գնում ինչ-որ կնոջ մոտ։