Հայ դասական արիությունը

Գրապահարան-ից
Հայ դասական արիությունը

հեղինակ՝ Գարեգին Նժդեհ
թարգմանիչ՝ անհայտ
աղբյուր՝ անհայտ

Ա

 Ես էլ թագաւորազն եմ*)

ՇԱՒԱՍՊ

… Պարզել անցեալի իրենց պարտութեանց պատճառները, նորէն մոռացութեան տալ պատմութեան խրատականը եւ ապա, նոր աղէտներից զարնուած՝ վերստին սերտել պատմութեան դասերը - ահա՛ անհեռատես ազգերի ճակատագիրը:

Որքան մոռացկոտ, այնքան տկար ու դժբախտ է դա: Մոռացա՞ւ իր պատմութիւնը, ասել է՝ անխրատ է ժողովուրդը եւ պատժի արժանի:

Միշտ էլ ուժեղին պիտի պատկանի երկիրը. Յովբի այդ խօսքերով է ազգերին խրատում պատմութիւնը:

Ուժեղը, ճշմարտօրէն ուժեղը, որ արժանաւորն է, արի՛ն: Ճշմարիտ ոյժը, որ ոգու ոյժն է: Հզօր ոգին, որ քանակօրէն տկար Հելլադայի առջեւ ծունկի բերեց անծայրածիր Պարսկաստանը: Դա իտալական փոքրիկ երկրամասի ձեռքը դրեց աշխարհի բախտը: Դա Տիգրան Մեծի

Հայաստանը վերածեց հզօրագոյն թագաւորութեան: Քաղաքապետութիւնը, որ Սպարտա կը կոչուէր, մնաց անխոցելի, քանի դեռ - հաւատարիմ Լիկուրգոսի սահմանադրութեան - կը գերադասէր պատերազմներում կորցնել իր կեա՛նքը եւ ոչ թէ վահանը, Հռոմը, որ պատգամներ կ’արձակէր աշխարհին, ընկաւ, որովհետեւ նրա զօրավարները, որոնք մի ժամանակ կաւէ անօթներ կը գործածէին, այլեւս կը դժուարանային իրենց կաշառել փորձող ազգերի ներկայացուցիչ-ներին ասելու. «Կը գերադասենք իշխել արծաթեայ եւ ոսկէ անօթներ գործածողների վրայ, քան թէ ոսկի եւ արծաթ ունենալ»: Ընկաւ եւ Հայաստանը, որովհետեւ անմիաբանութեան ոգին մեր ժողովրդից խլել էր իր անօրինակ արիութիւնից ազատօրէն օգտուելու կարելիութիւնը:

Երբե՛ք, ո՛չ ազգային թագաւորութեան դարերում, ո՛չ էլ այն ժամանակ, երբ Հայաստանը դաստակերտ կայսերաց եւ երկրորդ թագաւորութիւն պարսից կը կոչուէր, երբե՛ք տիրութեան ոգին չտկարացաւ Հայութեան մէջ:

Ճիշտ է սակայն եւ այն, որ այդ ձիգ դարերի ընթացքում չեղաւ մի դէպք, որ հայութիւնը ընտանի պատճառներով կարողանար լիուլի օգտուել այդ ոգուց:

Հենց սրանում է մեր ժողովրդի ողբերգականութիւնը:

Բ

Արիութի՛ւն: Միակ ճշմարիտ կրօնը, առանց որի ոչինչ արժեն կրօնները:

Կեղծ է ամեն մի գրականութիւն, բարոյական, քաղաքական վարդապետութիւն, որ ոյժ եւ արիութիւն չէ ներշնչում իր դաւանողին:

Դատապարտելի է ամեն մի դպրոց, եկեղեցի, կուսակցութիւն, որը արիադաւան եւ արի չէ դարձնում մարդը որպէս անհատ եւ հաւաքա-կանութիւն:

Արիութի՛ւն - միակ ճշմարիտ բարոյականը:

Կորցնելով իրենց արիութիւնը - իմա իրենց դրական բոլոր առաքինութիւնները - ժողովուրդները կորցնում են իրենց գոյութեան բարոյական իրաւունքը: Անարին կորցնում է պատմութիւնից իրեն տրուած մասնաւոր առաքելութիւնը՝ իրագործելու մարդկային ցեղին օգտակար լինելու կարելիութիւնը: Այդպիսին դառնում է ընդունակ միայն անստեղծագործ եւ անփառունակ կեանքի, կարօտ արտաքին օգնութեան: Նմանը ժամանակի ընթացքում դառնում է միջազգային պարազիտ, մինչդեռ ժողովուրդների կոչումն է լինել միջազգային արժէք եւ ազդակ:

Այդ տխուր եւ անարգական վիճակից ազգերին հետու է պահում արիապաշտութիւնը:

Աիրութի՛ւն, ժողովուրդներին բարոյապէս նեխելու վտանգից փրկող հոգեւոր աղն է դա:

Երբ կայ դա՝ չկայ վատը, ստորը, կամ առնուազը աննշան է դառնում սրանց ազդեցութիւնը անհատի թէ ժողովուրդների կեանքում:

Բարոյական արեւ է դա, որ կ’առողջագործէ իր շրջապատը: Երբ կայ դա՝ կայ ե՛ւ մեծագործութիւն, ե՛ւ վեհութիւն, ե՛ւ անձնուիրութիւն:

Պակասո՞ւմ է դա՝ այլեւս ոչինչ արժեն բարձր գաղափարները, ծրագիր-ները, տեսութիւնները, քանզի պակասում է նրանց իրականացնող ոյժը: Անարիութի՛ւն, ասել է՝ հոգեւոր սնանկութիւն:

Անարին ոչինչ է աւելացնում աշխարհի անկորնչելի հարս-տութեան: Դա յաճախ բարոյական մուրացիկ է, այլոց ճիգերից օգտուող: Անարին չէ ծառայում մարդկային քաղաքակրթութեան:

Յանձին Ալեքսանդր Մեծի՝ արիութիւնն էր, որ յունական մշակոյթը Ասիա մտցրեց: Դա էր - նախվկաների յաղթական արիութիւնը - որ

Նազովրեցու վարդապետութիւնը պարտադրեց բարբարոսներին: Դա էր, որ նոր հորիզոնների տէր դարձրեց մարդկութիւնը, սանձելով ծովերի ամեհութիւնը, մեղմելով դաժանութիւնն անապատների եւ նուաճելով օդը:

Արին է յանդգնողը, անձնազոհը, մարդասէրը:

Արիութիւնն է շարժում պատմութեան ընթացքը:

Մեծ սիրտ, ազնիւ նկարագիր, վսեմ մտածում - արիութեան հարազատներն են այդ բոլորը, ճառագայթները միեւնոյն արեւի: Արիութի՛ւն: Կորցնելով այդ բարձր յատկութիւնը՝ ժողովուրդները կորցնում են իրենց կարողութիւնները անկաշկանդ կերպով զարգացնելու եւ կատարելագործելու կարելիութիւնը: Անարիանալով՝ նրանք ընկնում են օտար լծերի տակ, կորցնում իրենց անկախութիւնը - միակ հոգեւոր մթնոլորտը, որի մէջ միայն հնարաւոր է ցեղերի առանձնայատուկ հանճարի փթթումը:


Գ

«Դուք ինքնին գիտէք զքաջութիւն աշխարհի Հայոց»: (*)

Այդ դիւցազնական առաքինութիւնը երբեք չտկարացաւ մեր ժողովրդի հոգու մէջ, մինչեւ մեր քաղաքական անկախութեան վախճանը, որից յետոյ հայ ձեռքը պիտի զրկուէր դարերով զէնք կրելու իրաւունքից:

Հայութիւնը չգիտէ իր պատմութիւնը, ասել է՝ չգիտէ օգտուել իր պատմութիւնից - ահա՛ իր դժբախտութեան ակն ու աղբիւրը: Նա ծանօթ չէ իր արիական անցեալին, իր հաւաքական դիւցազնականին եւ դրա համար էլ - յուրախութիւն իր գոյութեան թշնամիներին - նա հաւատում է ամեն ինչի, միայն ոչ իր սեփական բազկի ոյժին, դրա համար էլ իր ամբողջութեան մէջ նա պարտուողական է: Նրա համար Աւարայրի Մամիկոնեանը աւելի նահատակ է, սուրբ, քան ռազմիկ եւ հերոս:

Պատմագիտօրէն տգէտ՝ նա իր նախնիքներին համարում է իրեն բնութենակից, որոնց, սակայն, հոգւով այնքան կը նմանի, որքան աղաւնին՝ արծուին: «Մեզ պէս անռազմասէր է եղել եւ հին հայը, այլապէս ինչո՞ւ պիտի կործանուէր մեր թագաւորութիւնը»,- այսպէս է տրամաբանում օրուայ հայութիւնը - մասնաւորապէս նրա հակայեղափո-խական մասը - եւ իրեն ոչինչ չհամարելով, ոչինչ է ուզում աշխարհից, բացի օտար դռներում իր անստեղծագործ գոյութիւնը քարշ տալու իրաւունքից:

Նա չգիտէ, որ հայկական բոլոր արքայացեղերը կործանուել են ո՛չ թէ արիութեան պակասի պատճառով, այլ՝ մեր ցեղի ղեկավար տարրերի առանձին երկպառակտութիւնների եւ այլ պատճառների երեսից: Ինքնակործան են եղել գրեթէ մեր բոլոր թագաւորութիւնները:

Նա ոչինչ, կամ շատ քիչ բան գիտէ իր ցեղի հնաւանդ ռազմունակութեան ու ռազմական մեծագործութիւնների մասին, եւ դրա համար էլ անհաւատ է դէպի իր բազուկը, անյոյս՝ դէպի իր ապագան: Նա չգիտէ, որ հայ արիութիւնը հայոց աշխարհի համար դարերով կատարել է հոգեւոր շանթարգելի դեր՝ չէզոքացնելով ու զինաթափելով բազում արտաքին վտանգներ: Եթէ Հայաստան արշաւող թշնամի հորդաները ծով ալիքներ էին, ապա հայկական արիութիւնը ծովափեայ ժայռ էր, որին կը զարնուէին ու կը ցնդէին արտաքին թշնամութեան յորձանքները:

Օրուայ հայութիւնը, այո՛, չի՛ ճանաչում իր դասական արիների համաստեղութիւնը. նա պաշտամունք չունի դէպի անմահ արիները. նա չի՛ դաստիարակւում նրանց մեծագործութիւններով - ահա՝ մեր դժբախտութիւնը: Եւ մեղաւորը ժողովուրդը չէ, այլ՝ այն տարրը, որի ջանքերով ցեղային ինքնաճանաչութեան է բերւում ժողովուրդը - մեր մտաւորակա-նութիւնն է մեղաւոր:

Մէկից աւելի անգամ դժբախտութիւն եմ ունեցել լսելու ազգային պատմութիւն դասաւանդող հայ ուսուցչին եւ խորապէս ցաւել եմ մեր աշակերտող սերունդի համար: Մի կենդանի մեռել, մեռեալ շեշտերով խօսում է մեռելների մասին: Պատմութիւնը նրա համար անհոգի կմախք է եւ ո՛չ թէ բաբախուն սիրտ: Նա հետեւակ գիտելիքներ ունի մեր պատմութեան այս կամ շրջանի մասին. գիտէ ցամաք անցքեր, թուեր, անուններ, այսքանը միայն: Նա սիրտ չունի եւ սիրտ չէ՛ դնում իր դասերի մէջ: Միեւնոյն տրամադրութեամբ նա խօսում է ե՛ւ Տիգրան Մեծի եւ Վեստ Սարգիսի մասին:

Հպարտանքից չեն դողում, չեն լայնանում նրա ռունգերը, երբ պատմում է, թէ ինչպէ՛ս պարսից արքան, հայ սպարապետի անօրինակ քաջագործութիւններից հիացած, ամեն անգամ երբ գինու բաժակը շրթունքներին կը մօտեցնէր՝ կը դժուարանար չբացագանչել՝ «Ճերմակաձին գինի խմէ»:

Ամօթի զգացումը չէ՛ այրում նրան, երբ իր խօսքը հայ խռովասէր նախարարի չարագործութիւնների մասին է:

Սեղմ ասած՝ ստեղծագործ վերապրում չէ՛ նրա աւանդած պատմութիւնը, այլ՝ անհոգի հնախօսութիւն, քանզի իրեն կը պակսի ազգային հպարտանքի նուիրական զգացումը:

Գերազանցօրէն հայրենապաշտ - ահա՛ թէ ինչպիսի՛ն պիտի լինի պատմութեան դասատուն: Այդպիսին չէ՞ - ասել է՝ նրա տեղը դպրոցը չէ:

Ասել է՝ բարոյապէս ազատ չէ իր ձեռքն առնելու մեր ցեղի կեանքի սրբազան գիրքը:


«Արաքս», 1930թ., թիւ 25, 26, 27