Հուլիոս Կեսար

Գրապահարան-ից
Հուլիոս Կեսար

հեղինակ՝ Արծրուն Պեպանյան
աղբյուր՝ Էզոթերիկա

Բովանդակություն

Մասն առաջին

Գլուխ առաջին

Սենատոր Մումերկոս Էմիլիոսը ճանապարհին անվերջ մտածում էր, թե ինչը կարող էր լինել Սուլլայի շտապ հրավերի պատճառը։ Առավոտյան ինքը եղել էր դիկտատորի մոտ, նախաճաշել էին միասին, և նա իրեն ոչինչ չէր ասել։ Նշանակում է՝ անցած հինգ ժամում կատարվել էր չնախատեսված մի բան, արտակարգ մի դեպք, որ Սուլլան չի համբերել մինչև սենատի վաղվա նիստը և բանբեր է ուղարկել իր հետևից։

Մետաքսե փափուկ բարձերին ընկողմանած՝ նա պատգարակի կիսաբաց վարագույրի հետևից նայում էր դանդաղ ետ գնացող մարդաշատ փողոցին։ Նրա դեմքն արտաքուստ խաղաղ էր, հայացքի մեջ ան հանգստության ոչ մի նշույլ չկար, այնպես որ, նայողին կթվար, թե Հռոմի քաղաքային ոստիկանապետը հրավիրված է խնջույքի կամ վերադառնում է հասարակական բաղնիքից, ուր անուշ լոգանք է ընդունել։ Այնինչ նրա հոգին տագնապ էր ապրում. անսպասելի հրավերից սիրտը ոչ մի լավ բան չէր գուշակում։

Նա մեկ առ մեկ վերհիշեց առավոտյան տեղի ունեցած խոսակցության մանրամասները, այն ժամանակ ասված իր խոսքերը կրկնեց մի քանի անգամ և կասկած հարուցող ոչինչ չգտնելով՝ մանրակրկիտորեն մտաբերեց քաղաքացիական պատերազմում կոնսուլներին հաղթելուց հետո անցած երկու ամսում ձեռնարկած իր բոլոր քայլերը, երկյուղելով, թե Սուլլային հայտնի չի՞ դարձել արդյոք իր գաղտնի գործերի մասին, իր լոյալությունը կասկած չի՞ հարուցել արդյոք։ Միակ բանը, որից սարսափելի վախենում էր, այն էր՝ չլինի՞ իր թույլտվությամբ քաղաքից ծածուկ փախած մարդիկ ընկել են պարեկների ձեռքը և մատնել իրեն։

Սուլլայի հետ պրովինցիաներից եկած լեգեոնները դեռևս ետ դառնալու հրաման չէին ստացել, և քաղաքամերձ զորանոցները լքած զինվորներն աննպատակ թափառում էին կենտրոնական փողոցներում՝ անհամբեր սպասելով Մեծ կրկեսի ներկայացումների սկսվելուն։ Պոնտոսից բերված երեսուն հազար ստրուկները դեռ վաճառքի չէին հանվել, ու սրանք, ճողոպրելով փարախներից, վխտում էին գետափնյա թաղամասերում, պլշած նայում ամեհի թատրոններին, արևի տակ փայլ փլող տանիքներով տաճարներին, մեծահարուստների շքեղ, սյունազարդ առանձնատներին։ Նրանք անվերջ ընկնում էին ոտքի տակ, հրմշտվում, հալածվում կրկին դեպի փարախները քշելու փորձ անող վիգիլների[1] մտրակներից, խճճվում սայլերի ու պատգարակների հոսքի մեջ։

Սենատորի պատգարակն ուղեկցող ստրուկն արդեն խռպոտել էր գոռալուց. նա բարկացած հայհոյում էր փողոցը հեղեղած բարբարոսներին, հրում նրանց, խփում, բայց միևնույն է պատգարակն առաջանում էր դանդաղ, հաճախակի կանգառներով։ Ուրիշ անգամ Մումերկոսը կդժգոհեր ստրուկի դանդաղկոտությունից, կկարգադրեր թեքվել սակավամարդ նրբանցքները, բայց այսօր նա չէր շտապում և նման երթը նրա սրտով էր։

Մեծ Կլոակայի վրա մարդկանց հոսքը ստվարացավ, ֆորումի մատույցներում ասեղ գցելու տեղ չկար արդեն։ Նախորդ երեք օրերը հավգուրներն անհաճո էին համարել աստվածների համար, և այսօր Կաստորի, Սատուրնի, Յունիոսի տաճարները պաշարված էին զոհ մատուցելու եկած քվիրիտների[2] հոծ բազմությամբ։ Եռօրյա ընդմիջումից հետո Պորկիևյան բազիլիկան վերստին թաղվել էր գործարար եռուզեռի մեջ. Աֆրիկայից, Սիկիլիայից, Հունաստանից եկած առևտրականներն այստեղ պայմանագրեր էին կնքում տեղի ստրկավաճառների ու արդյունաբերողների հետ։ Բրոնզե քառաձի մարտակառքով պսակված Ֆուլվիոսի բազիլիկայում, որ հրապարակի մյուս թևում էր, երկարատև ընդմիջման ընթացքում կուտակված հարցերի քննման էր անցել կուրուալային դատարանը։

Ֆորումը երկու կողմերից եզերող տաբերնաների առջև զվարթ աղմուկով առևտուր էին անում պլեբեյներն ու մեծահարուստների ստրուկները, ռոստրաների մոտ մունետիկները կարդում էին վերջին որոշումները. թևերը փռփռացնելով ու հավաքվածներին նրբափետուրներով ցողելով՝ ցորենավաճառների կրպակների վրա անվերջ վերուվարում էր ձյունաճերմակ աղավնիների քաղցած երամը։

Առանց հրմշտելու շարժվելն անհնարին էր, և բազմերանգ ամբոխի գլխավերևում օրորվող պերճաշուք պատգարակները նմանվում էին անհողմ օվկիանոսի վրա տարուբերվող առագաստանավերի։ Տաբերնաների մոտ մուրացկան մի ծերունի բռնվել էր գողության մեջ, և երկու վիգիլ նրան քարշ էին տալիս մոտակա էրգաստուլ. խառնամբոխի մեջ երեխային կորցրած սիրունատես մի կին, անձայն արտասվելով, խելագարի պես դեսուդեն էր նետվում. սյունաշարի մոտ կոտրատվելով, թռվռում էին արձակ մազերով հետերաները՝ առատաձեռն զուգընկեր ճարելու հույսով. ոսկեփայլ տաճարների տանիքներից սառն ու անտարբեր հայացքով այս ամենին հետևում էին քրոնոսածին[3] և անմահ աստվածների մարմարակերտ արձանները։

Դժվարությամբ ճեղքելով հրապարակի վրա ալիքվող մարդկային խլրտուն ծովը՝ սենատորի պատգարակն Արգիլետով թեքվեց դեպի Պալատինիում։ Ճանապարհն անցնում էր Հին քաղաքի տարածքով, և փողոցներն այստեղ խիստ նեղ էին՝ սալահատակված գրկաչափ քարերով։ Երկու կողմից եզերված լինելով տների բարձր ետնապատերով՝ դրանք արևի երես չէին տեսնում և իրենց մեջ զովություն էին պահում ամռան ամենատապ օրերին անգամ։ Ի հակադրություն կենտրոնական փողոցների՝ այստեղ լիակատար լռություն էր տիրում։

Պալատինիումում մուտքը հսկող տապարակիր վիգիլներից զատ ուրիշ ոչ ոք չկար։ Ներս անցնելով դարպասից՝ սենատորի պատգարակը խորացավ նոճիների ու արմավենիների կանոնավոր շարքերով զարդարված ընդարձակ պարտեզի մեջ և կանգ առավ ալեբաստրե սյուներով երկհարկանի, կամազարդ շենքի մոտ։ Ընդառաջ եկած դռնապահ ստրուկը խոր գլուխ տվեց սենատորին ու, փայտյա սանդալներով մարմարածածկ հատակին չքչքացնելով, ուղեկցեց դիկտատորի մոտ։

Սուլլան տուբիլինում չէր։ Մումերկոսը սպասավորից տեղեկացավ, որ դիկտատորը դուրս է եկել Պերգամոնից ժամանած երկու օձակիրների[4] հետ, որոնք լուր են բերել, թե Արշակի մահվան լուրն առնելով՝ հայոց Տիգրան թագավորը ներխուժել է Պարթևստան, ավերել Էկբատան արքայանիստ ամրոցը և սպասում է օժանդակ ջոկատների՝ Տիզբոնի վրա հարձակվելու համար։

«Գուցե ոչինչ էլ չկա՞,— մտածեց Մումերկոսը,— և նա ինձ հրավիրել է խորհրդակցությա՞ն։ Բայց ինչո՞ւ միայն ինձ,— նա ակամա շուրջը նայեց,— և դա այն դեպքում, երբ վիրավորվելով մեկընդմիշտ թողել եմ զինվորական գործը և բոլորովին անտեղյակ եմ Ասիայում տիրող իրավիճակին»։

Նա հետաքրքրվեց, թե երբ են ժամանել բանբերները։

— Քառորդ ժամ առաջ, մեծարգո՛ սենատոր,— պատասխանեցին նրան։

Կնշանակի իր հրավերը ոչ միայն առնչություն չունի Ասիայում սկսված պատերազմի հետ։ Դա նրան ավելի տխրեցրեց. դիկտատորը հիմա անտրամադիր կլինի, քանի որ Արշակի հետ գաղտնի պայմանավորվածություն ուներ միասնական ուժերով վերացնել հայերի պետությունը։

Կասկածներով իրեն այլևս չտանջելու համար Մումերկոսը մոտեցավ մագաղաթներով ծածկված սեղանին և ձեռքն առավ դրանցից մեկը։ Մի քանի տող կարդալով՝ հասկացավ, որ դիկտատորը հուշեր է գրում Յուգուրթական պատերազմի մասին։

Միջանցքում ոտնաձայներ լսվեցին։ Սենատորը հեռացավ սեղանից և ձևացրեց, թե հիանում է լուսամուտից երևացող պարտեզի նրբին ձևավորումներով։

Դուռը բացվելուն պես Մումերկոսը շրջվեց դեպի ներս մտնող դիկտատորը և, ուղիղ աչքերի մեջ նայելով՝ փորձեց կարդալ նրա մտքերը, նախքան դրանք կարտասանվեին բարձրաձայն։

— Այդ ինչպե՞ս պատահեց, Մումերկո՛ս,— հարցրեց Սուլլան կոպիտ տոնով՝ գնալով դեպի բազմոցը,— որ Սիննայի աղջիկը առ այսօր ողջ է և, կարծես դա քիչ է, նա կինն է Մարիուսի ազգական Գայոս Կեսարի, որը վաղուց Աքերոնի[5] այն ափին պիտի լիներ։ Ինչո՞ւ տեղյակ չես պահել ինձ։ Մի՞թե մոռացել ես, թե կոնսուլներն ինչպես վարվեցին մեր մարդկանց հետ։ Եթե ամեն ոք քողարկի իր սանին, ծանոթին կամ բարեկամին, երբեք չենք ազատվի մեր թշնամիներից. առանց այդ էլ Իսպանիայում նրանք երկու լեգեոն են հավաքագրել փախստակներից։

Մումերկոսը շտապեց մեղմել Սուլլայի զայրույթը, քանի դեռ նա վճիռ չէր արձակել. այլապես ամեն ինչ կարելի էր կորած համարել։

— Իմ դիկտատո՛ր, մի՞թե աստվածային քո վեհությանը վիրավորանք հասցրած չէի լինի, եթե դահճի մոտ ուղարկեի անօգնական, մեկ շաբաթ առաջ ծննդաբերած կնոջը կամ ջերմախտով տառապող նրա ամուսնուն։— Իմանալով Սուլլայի թուլությունները՝ ոստիկանապետը ջանաց ինքնասիրություն շոյող խոսքեր գտնել։

— Մի՞թե քսանամյա հասարակ մի քուրմ կարող է լուրջ սպառնալիք լինել Վեներայի ընտրյալի համար, որը հաղթեց կոնսուլներին, գերեվարեց Յուգուրթային, հնազանդեցրեց Պոնտոսի արքա Եվպատորին։ Առ այսօր իմ ամեն քայլը նպատակ է ունեցել բարձրացնել Երջանիկ[6] դիկտատորի համբավը, և եթե իմ այս արարքը Հռոմուլոսի հանճարեղ հետնորդի ստրով չէ, ու նա կասկածում է իմ նվիրվածությանը, թող վարվի ինձ հետ, ինչպես կամենա։

— Քո վարմունքի մեջ ես հանցավոր ոչինչ չեմ տեսնում, բայց...

Զգալով, որ Սուլլան հանդարտվում է, Մումերկոսը համարձակվեց ընդհատել նրան.

— Ինձ համար թշնամին թշնամի է, իմ դիկտատո՛ր, լինի ազգական, եղբայր, թե նախկին սան։ Ես կարող եմ ուղղել սխալս թեկուզ այսօր. հրամայի՛ր, և նրանց գլուխները մեկ ժամից ընկած կլինեն ոտքերիդ մոտ։ Բայց մի՞թե դրանով մենք ինքներս չենք խամրեցնի արդարադատ և բարեգութ դիկտատորի պայծառաշուք աստղը, որ երկնային բոլոր լուսատուներից վառ փայլում է լատին մեծանուն այրերի համաստեղության մեջ։ Բացի այդ, աստվածայի՛ն Սուլլա, ինչպե՞ս կարելի է մոռանալ, որ այդ քրմի հանգուցյալ հայրն օգնության հասավ մեզ, երբ մեր լեգեոնները նեղն էին ընկել Հռոդոսում։

Սուլլան դա չէր մոռացել, բայց թարմ լուրերը բոլորովին այլ բան էին հաղորդել նրան։

— Նա այնքան էլ հաճույքով չի ընդունում իմ պատվին արվող զոհաբերությունները և դիտավորյալ բաց է թողնում մորթելու պատրաստ կենդանիներին,— ասաց դիկտատորը՝ ուշադիր հետևելով սենատորի դեմքի արտահայտությանը։

Մումերկոսի շուրթերը դողացին զայրույթից, բայց նա զսպեց իրեն։

— Ես չգիտեմ ո՞վ և ինչո՞ւ է խեղաթյուրել իրականությունը,— Մումերկոսը կեղծեց. նրան պարզ էր արդեն՝ ով է Սուլլայի ուշադրությունը հրավիրել իր նախկին սանի վրա,— բայց դեպքը, որի մասին հաղորդել են քեզ, կատարվել է իմ աչքի առաջ։ Ես մոտ էի կանգնած և տեսա՝ ինչպես նա օրհնեց զոհին ու հանձնեց մորթողներին։ Այդ նրանք պատահաբար բաց թողեցին կենդանուն։ Եթե իմ դիկտատորը բարեհաճի ունկնդրել Մարկոս Կրասոսին, իսկ նա իմ կողքին էր, կհամոզվի խոսքերիս ճշմարտացիության մեջ։

Մտքերի մեջ ընկած՝ Սուլլան ճեմում էր տաբիլինումի երկայնքով։ Լիովին վստահելով լրաբերներին՝ նա հայտնվել էր աննախանձելի իրադրության մեջ։ Խիստ զգացված իր հասցեին ասված քաղցր խոսքերից, նա դժվարանում էր պահանջել, որպեսզի պատժեն քրմին ու նրա կնոջը։ Բայց և անհյուրընկալ սկզբից հետո անկարող էր շոյել սենատորի ուսն ու ներում խնդրել։

— Լա՛վ,— վերջապես խոսեց նա,— Կեսարին իր կյանքը փրկելու հնարավորություն կտամ. թող հեռացնի իր տնից Սիննայի դստերը և չմոռանա, թե որքան բարեգութ եղա ես իր հանդեպ։

Դուրս գալով դիկտատորի մոտից՝ Մումերկոսը պատգարակակիրներին ուղարկեց տուն, իսկ ինքը խիստ մտահոգված ու անտրամադիր քայլեց Տիբեր տանող նրբանցքներով։ Քիչ անց դուրս եկավ գետափ։ Հուլիոսների տունը հեռու չէր այստեղից։ Գետեզրով նա ուղղվեց դեպի Ավենտին։

Ո՞վ կարող էր սպասել, որ այդքան դժվարությամբ ձեռք բերված հաղթանակն այսպիսի խայտառակ վիճակի կհասցներ երկիրը։ Այս երկու ամսում ի՞նչ կատարվեց Սուլլայի հետ, որ նա զորեղ անձնավորությունից վերածվեց անտանելի պատուհասի հանրապետության գլխին։ Ճիշտ է, նա երբեք չէր փայլել բարությամբ, բայց որքան դաժան էր եղել, գրեթե նույնքան էլ՝ ողորմած։ Նա կարող էր չնչին զանցանքի համար մահվան ուղարկել ծառային, բայց և կարող էր չնկատելու տալ ակնհայտ հանցանքը։ Եվ նրա համախոհներից ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե նա այսքան վայրագ կդառնա իշխանությունը նվաճելուց հետո։ Այն, ինչ սկսվել էր և առ այսօր կատարվում էր քաղաքում, սոսկալի մի բան էր, աննախադեպ մղձավանջ հռոմեական ժողովրդի պատմության մեջ։ Հռոմը կոնսուլներից խլելու առաջին օրվանից տեղի էին ունենում այնպիսի խայտառակ անկարգություններ, որպիսիք քաղաքը չէր տեսել իր գոյության յոթ դարերի ընթացքում։ Սուլլայի քաղաքական թշամիների դեմ սկսված հաշվեհարդարն աստիճանաբար վերածվել էր անձնական հարաբերությունների լուծման անողոք պայքարի։ Դիկտատորի կողմնակիցները՝ սկսած նորընտիր կոնսուլներից մինչև ամենահետին ստրուկը, իրենց պարտքն էին համարում Աքերոնի այն ափն ուղարկել երբևիցե իրենց անձը վիրավորած համաքաղաքացիներին։ Արյունամոլ և դրամատենչ մի խումբ անձանց ազդեցության տակ Սուլլան մահապարտների ցուցակում՝ պրոսկրիպցիայի մեջ, մտցնում էր բոլորովին անմեղ մարդկանց, ովքեր հարուստ էին, գեղեցիկ տուն, վիլլա կամ կին ունեին։ Այս խայտառակության գագաթնակետը հանդիսացավ պրոսկրիպցիաների մեջ ընկածներին սպանողների համար երկու տաղանդ պարգևի սահմանումը։

Եվ սպանում էին ցերեկով թե՛ գիշերով, ֆորումում, թե՛ նրբանցքներում, տաճարներում, թե՛ կրկեսում։ Կնոջ մոտ սպանում էին ամուսնուն, մոր մոտ կոտորում զավակներին, ստրուկը սպանում էր տիրոջը, հարևանը՝ հարևանին։ Բախտախնդիրների ստվար մի խումբ գիշերում էր ֆորումում, որպեսզի առավոտ կանուխ իմանալով պրոսկրիպցիաների մեջ մտցված նոր անունները՝ առաջինն իրենք դաշույնը խրեն զոհի սիրտը և տիրանան բաղձալի տաղանդներին։

Հասնելով Մեծ կրկես՝ Մումերկոսը նոր միայն հասկացավ, թե ինչպիսի անմտություն էր պատգարակը տուն ուղարկելը. բոլորովին մտազբաղ, մոռացել էր, որ Յուպիտերի քուրմն այս ժամին չէր կարող տանը լինել։ Նա ետ դարձավ ու Սերվիոս Տուլլիոսի պարսպի երկարությամբ գնաց դեպի Կապիտոլիում։

Սուլլայի լեգեոններն այս կողմից էին քաղաք մտել, և այստեղ ամբողջ թաղամասեր մոխրացած էին հիմնովին։ Փողոցներում գրեթե շարժում չկար, երբեմն֊երբեմն թափառական շներ էին երևում ու ցնցոտիավոր մուրացկաններ, որոնք շրջում էին լքված տներում՝ անտեր մնացած մառաններում որևէ ուտելիք գտնելու հույսով։

Տներից մեկի մոտ սենատորը կանգ առավ, ծխնիներից պոկված դարպասը ճիգով հրեց մի կողմ ու ներս մտավ։ Ավերված, երբեմնի շքեղ բակում մեռելային լռություն էր տիրում։ Մարմարյա արձանիկներն անգթորեն ջարդոտված էին, մի քանի օր մոլեգնած հրդեհից պատշգամբը պահող սյունաշարի խոյակներն էին միայն զերծ մնացել մրոտվելուց։ Ամեն ինչ տակնուվրա էր արված, ավազանիկները լցված էին պատառոտված շորերով ու ջարդված իրերի կտորտանքներով։ Սենյակներից անթաղ դիակի հոտ էր գալիս։ Նախկին բարետես առանձնատնից, ուր բազմիցս հաճելի երեկոներ էր անցկացրել նա, որպես հուշ մնացել էին միայն պարսպի երկարությամբ ձգված արնագույն-կարմիր մոլոշավարդերի հրաշքով չտրորված թփերը։

Մի կերպ զսպելով ցավագին պառթկումը՝ Մումերկոսը ելավ փողոց, ուր քիչ մնաց ոտնատակ տար գլխատված մի դիակ։

Երկար քայլելուց նա հևում էր։ Կապիտոլիում տանող աստիճանների մոտ դադար առավ, շունչը տեղը բերեց, ապա, տոգայի փեշերը հավաքելով, դանդաղաքայլ բարձրացավ բլուրն ի վեր։

Նա համոզված էր, որ Ֆուֆիդիան՝ այդ հաստափոր լեգատն[7] էր լուր տարել Սուլլային՝ ցանկանալով ոչ այնքան քրմի մահը, որքան վարկաբեկել իրեն դիկտատորի մոտ։ Իսկ գուցե և ընդհանրապե՞ս հեռացնել ասպարեզից։

Իր և Ֆուֆիդիայի միջև անհաշտությունն սկիզբ էր առել դեռևս Կիլիկիայում, ուր ներկայիս լեգատն աչքի էր ընկել աննախադեպ ագահությամբ և հպատակների հանդեպ գործադրած բռնությամբ։ Սուլլան ևս բարյացակամ չէր Ֆուֆիդիայի նկատմամբ, բայց պատահեց այնպես, որ կոնսուլների դեմ լրացուցիչ լեգեոններ հավաքագրելու համար շտապ կարգով երկու հազար տաղանդ ոսկու կարիք զգացվեց։ Մյուս զորապետերը, որ արգելել էին թալանել իրենց ենթակայության տակ գտնվող քաղաքները, անկարող եղան օգնել Սուլլային, և նա պարտք վերցրեց Ֆուֆիդիայից՝ խոստանալով մեկի դեմ վերադարձնել տասը։ Եվ ահա վերադարձնում էր՝ բռնագրավելով Ֆուֆիդիայի ցանկությամբ պրոսկրիպցիայի մեջ ընկած քվիրտների ունեցվածքը։

Աստիճանների երկու կողմերում փայտյա սյուներից դիակներ էին կախված. հնուց եկած սովորույթի համաձայն այդպես էին վարվում անհնազանդ ստրուկների ու հանցագործների հետ՝ ի տես և ի սարսափ ամենքի։ Դիակները սկսել էին նեխել, վաղուց ժամանակն էր դրանք Տիբեր նետելու, բայց վիգիլները, չգիտես ինչու, չէին շտապում անել այդ։

Մումերկոսը բարձրանում էր գլխահակ՝ աշխատելով չնայել սրտխառնոց առաջացնող այդ տեսարանին։

Հիմա արդեն աչալուրջ կհետևեն իր ամեն քայլին։

Թքած։

Նա ատելությամբ թքեց ոտքերի տակ։ Միևնույն է, այդպես էլ չեն իմանա, որ ինքը հաջողեցրել է պրոսկրիպցիաների մեջ մտցված բազմաթիվ ընտանիքների փախուստը Հռոմից։

Նա գոհ էր, որ կարողացավ մեղմել Սուլլայի զայրույթը, այլապես հիմա տաճար կսուրար բախտախնդիրների ամբոխը։ Բայց և դառնացած էր, քանի որ վստահ էր, որ Կեսարը չի համաձայնի սեփական անձը փրկելու համար փողոց հանել աշխարհի վրա այլևս ոչ մի հարազատ չունեցող կնոջը՝ երեխայի հետ միասին։

Տաճարի մոտ նա կրկին շունչ առավ, ապա ձեռքերը լվաց սրբազան ջրով և խոնավ ափերը սահեցրեց ալեխառն մազերի ու քրտնած դեմքի կնճիռների վրայով։ Ծայրաստիճան մտազբաղ՝ չնկատեց՝ ինչպես աստիճանաշար ելավ ձախ ոտքով. այլապես տաճար չէր մտնի։

Ներսում զոհաբերություն էր կատարվում։ Զոհասեղաններից մեկին անշնչացած ընկած էր պսակներով ու ժապավեններով զարդարված սևաբուրդ մի ամիկ։ Ամբողջովին սպիտակ, մինչ գետին հասնող լայն շրջազգեստով քուրմը օրհնված մեղրագինի էր հրամցրել զոհ մատուցող պատրիկին, և սա, կում անելով, գավաթի պարունակությունը հեղեց անասունի վրա։

Նկատելով հևացող Էմիլիոսին՝ քուրմը հասկացավ, որ կատարվել է սարսափելի մի բան, այլապես սենատորը հենց այնպես Կապիտոլիում չէր բարձրանա։ Պատրիկին ճանապարհելով՝ նա լվաց ալրոտված ձեռքերը, սրբվեց ու Մումերկոսին ուղեկցեց օպիսթոդոմուս՝ տաճարի ետնատուն։ Տեղավորվելով հակնթագույն ծածկոցով կաղնեփայտե բազմոցին՝ Էմիլիոսը հոգնած ոտքերից ձգեց սենատորական ալ կարմիր մաշիկները, ջուր խնդրեց և ծարավը հագեցնելուց հետո պատմեց սպառնացող վտանգի մասին։

Քուրմը սկզբում լսում էր բավականին հանգիստ։ Նա սպասում էր, որ վաղ թե ուշ կմտաբերեն Մարիուսի հետ ունեցած իր ազգակցական կապը։ Բայց երբ Մումերկոսը հայտնեց դիկտատորի պայմանը, նա փոթորկվեց վայրկենապես, աչքերը բոցկլտացին զայրույթից։

— Օ՜, ամենազո՛ր Յուպիտեր,— բացականչեց նա,— ինչպե՞ս ես հանդուրժում նման արարածի գոյությունը քո հովանու տակ։— Նա ձեռքերը կարկառեց վեր ու անշարժացավ մի պահ. ասես պատասխանի էր սպասում։— Մի՞թե քիչ արյուն հեղեց նա։ Պատրիկական երեք հարյուր տոհմերից մնացել են յոթանասունը, իսկ դա դեռ քի՞չ է նրա համար։

Քուրմը դողում էր ցասումից, կոկորդը սեղմվում էր և բառեր չէր գտնում զայրույթն արտահայտելու համար։ Մումերկոսը լուռ էր, նա սպասում էր անցներ նախկին սանի բարկության զեղումը։

— Եվ ի՞նչ,— րոպեական դադարից հետո շարունակեց քուրմը,— էրիմանթյան այդ վարազն[8] իսկապե՞ս հավատում է, թե հլու-հնազանդ կենթարկվեմ իրեն։

— Ես ամենևին քեզ խորհուրդ չեմ տալիս բաժանվել Կոռնելիայից,— տխուր ձայնով ասաց Մումերկոսը,— բայց Ֆելիքսին լավ եմ ճանաչում։ Աֆրիկայում նրա հետ կռվել եմ նումիդիացիների, Ասիայում՝ պոնտացիների ու հայերի դեմ և գիտեմ, թե ինչերի է նա ընդունակ բարկության պահին։

— Ես կսպանեմ նրան,— քուրմը բորբոքվեց Մումերկոսի խոսքերից և նրա ձեռքերն ակամա բռունցքվեցին, ասես դրանց մեջ դաշույններ կային։— Կսպանեմ հենց այսօր՝ Կրկեսում։

— Չկարողացա,— դժգոհեց Մումերկոսը՝ անհանգիստ շարժվելով բարձերի վրա,― երկու տարում չկարողացա քեզ սովորեցնել սառը դատել։ Տաքարյունությունդ մի օր փորձանք կբերի քեզ։ Դու կսպանես Սուլլային, չեմ կասկածում։ Ով-ով, բայց ես լավ գիտեմ քեզ, սակայն նրան կփոխարինի Կատոնը կամ թեկուզ Ահենոբարբոսը։ Դու կկործանես քեզ, իսկ հանրապետությունը չես փրկի, քանի որ պոպուլյարները ջախջախված են, և չկա մի այլ ուժ, որ ընդունակ լինի դիմագրավել օպտիմատներին։ Ամենախոհեմ քայլը հիմա սպասելն է։

Ներսում շոգ էր, և Մումերկոսն արձակեց տոգան։

— Քաղաքում քո մնալը բացառվում է,— շարունակեց նա,— բախտախնդիրները քեզ կսպանեն հենց այստեղ՝ սրբավայրում, երկու տաղանդի համար նրանք Յուպիտերին էլ կմորթեն։ Հեռացի՛ր, ինչ կարող ես, թաքցրո՛ւ ապահով մի տեղում և հեռացի՛ր։

Հանդարտված քուրմը ծնկի եկավ Մումերկոսի առաջ.

— Ես քայլ անգամ չեմ անի տաճարից, եթե իմանամ, որ իմ փախուստով կվտանգվի քո կյանքը։

Մումերկոսն ակնազարդ մատները քնքշորեն մտցրեց նրա շեկ մազերի մեջ, հայրաբար շոյեց գլուխը։

— Հեռացի՛ր հանգիստ խղճով,― հուզված ասաց նա՝ կուլ տալով արցունքները,— ինձ ոչինչ չի պատահի։ Գնա՛ Սաբինյան մարզ. այնտեղ պարեկներ քիչ կան։ Ընտանիքիդ մասին մի՛ մտածիր, նրանց թաքցնելը թող ինձ։ Զգո՛ւյշ եղիր, խենթություններ չանես ճանապարհին։

Գլուխ երկրորդ

Հաջորդ օրը՝ դիկտատորի մոտ մեկնելուց առաջ, Մումերկոսը որոշեց այցելել պրետոր[9] Գայոս Կոտտային։ Երևելի այս անձնավորությունը, որ Պերգամոնում մտերմություն էր արել Կեսարի հոր հետ, Հռոմ էր վերադարձել մեկ շաբաթ առաջ։ Քաղաքացիական պատերազմի սկզբին նա Հռոմի ոստիկանապետն էր, հետո մեկնել էր Կիլիկիա, ուր այդ ժամանակ կուսակալ էր Սուլլան։ Կոտտայի ռազմական ընդունակություններին քաջատեղյակ Սուլլան նրան հանձնարարել էր վետերաններից կազմավորված լիբիական առանձին կոհորտաների հրամանատարությունը։ Ֆիլոբեոտի մոտ պոնտացիներին գլխովին ջարդելուց հետո Հռոմ շտապող Սուլլան նրան թողել էր Աթենքում՝ կառավարելու քաղաքը։ Պոպուլյարներին վերջնականապես հաղթելով՝ դիկտատորը նրան հրավիրել էր իր մոտ և վստահել պրետորի պաշտոնը՝ խոստանալով զույգ Իսպանիաների կուսակալությունը։

Պրետորը նոր էր լոգանք ընդունել և, եգիպտական արնագույն կերպասի մեջ փաթաթված, ննջում էր գավթի ստվերածածկ հարթակում՝ սյունաշարի մոտ դրված փափուկ գլխադիրով փղոսկրե աթոռին։ Նրա թիկունքում կանգնել էր քաթանե լայն զգեստ հագած երիտասարդ մի ստրուկ և փետրե հովհարով քշում էր տիրոջ հանգիստը խռովելու փորձ անող մեղուներին։

Բոլոր կողմերից սյունազարդ ճեմասրահով եզերված պարտեզում ծույլ-ծույլ ղունղունում էին կուշտ սիրամարգերը՝ երկար, կախ ընկած ագիներով սրբելով կիպարիսի կանոնավոր շարքերի միջով ձգվող ծառուղու խճազարդ հատակի փոշին։ Թասաձև զույգ ավազաններից քիչ հեռու՝ մշտադալար ճյուղերը նազելիորեն փռած արմավենիներով, թանձրասաղարթ դափնիներով ու բուրումնավետ պինիաներով կազմված ուղղանկյունաձև բացատի կենտրոնում հաճելիորեն խոխոջում էր Ալբանոյի ստորոտից անագապղնձե խողովակներով պարտեզ հասած կենարար ջուրը, որ քարակերտ առյուծի բաց երախից թափվում էր ամառային ձկնարանի մեջ։

Պարտեզի զարդը ծաղկանոցն էր։ Գավթի ողջ պարագծով՝ վերից վար ակոսներ ունեցող սյուների խարիսխների մոտ, խեցե զամբյուղներ էին դրված, որոնց մեջ փթթում էին դամասկոսյան վարդեր ու նարգիզներ, լինոսներ, մարգարտածաղիկներ ու հիրիկներ, իսկ սյուները կանաչել էին բաղեղի դալար ընձյուղներից։

Վաղ առավոտյան ծաղկանոցին իջած մեղվապարսի միալար բվվոցը լցնում էր ամառային տապ օրվա դատարկությունը և անդիմադրելի քուն բերում պրեստորի աչքերին։

Ատրիումի կողմից լսվող թույլ ոտնաձայներն արթնացրին նրան։ Նա դժկամությամբ բացեց աչքերը։ Սպասավորների հետ գավիթ մտած սենատորին նկատելով՝ նա թիկունքում կանգնած ստրուկին կարգադրեց գահույք մատուցել հյուրին։ Հաճելի լոգանքից ընդարմացած նրա մարմինը համառորեն քնել էր տենչում, և նա կրկին փակեց աչքերը։ Այդպես կիսաքուն-կիսարթուն մնաց մի քանի վայրկյան, նման կիսատ թողած երազի շարունակությունը տեսնել ցանկացող մարդու, ապա, աչքերը բացելով, ողջույնից հետո հարցրեց.

— Գինի կխմե՞ս։

Մումերկոսը հրաժարվեց՝ ասելով, որ եկել է կարևոր գործով։

— Գործին չի խանգարի,— Կոտտան ձեռքով ինչ-որ շարժում արեց։ Դռների մոտ կանգնած սպասավորը քիչ անց նրան և սենատորին հրամցրեց մեկական գավաթ ֆալերյան գինի։ Պրետորը ծարավ մարդու կրքոտությամբ խմեց դառը հեղուկը, որը նրան օգնեց թոթափել քունը։

— Մեկ շաբաթ է՝ այսպես անգործ նստած եմ, բայց բազում արշավանքների տառապանքներից խոնջացած մարմինս ուշքի չի գալիս,— Կոտտան հորանջեց, վեր պարզած ձեռքերով կիսաբոլորակ գծեց օդում ու նոր միայն հետաքրքրվեց, թե ինչ գործով է իր մոտ եկել հարգարժան սենատորը։

Մումերկոսը անհանգիստ նայում էր պրետորի թիկունքում կանգնած ստրուկին և չէր համարձակվում խոսել։

— Հանգի՛ստ եղիր,— ասաց Կոտտան՝ ի վերջո հասկանալով հապաղման պատճառը,— համր է։ Քեզ նույնպես խորհուրդ կտամ օգտվել այսպիսիների ծառայությունից. հավատարիմ են շան պես, ամեն ինչ հասկանում են, բայց ոչինչ չեն թռցնում բերանից։

Մումերկոսը մանրամասն պատմեց ամեն ինչ՝ սկսելով առավոտյան ճաշկերույթից, որին ներկա էր նաև պրետորը, վերջացնելով Կեսարի փախուստով։

— Այո՜,— երկարացրեց տանտերը՝ առանց ընդհատելու լսելով մինչև վերջ,— լուրջ գործ է։ Փախչելը, ինչ խոսք, միակ ելքն էր։ Դա, ճիշտ է, Սուլլային դուր չի գա, բայց մենք ժամանակ կունենաք խորհելու և նրան համոզելու համար։ Եթե, իհարկե, մինչ այդ պարեկները չբռնեն Կեսարին։

— Ահա այդ էլ անհանգստացնում է ինձ,— Մումերկոսը գինով լի գավաթը մոտեցրեց շուրթերին և կում արեց։— Նա համարձակ է խենթի պես, վախենում եմ՝ չծպտվի, ինչպես հարկն է։ Երեկ հոխորտում էր, թե կսպանի Սուլլային։

— Իսկապե՞ս,— քրմի տաքարյունությունը դուր եկավ Կոտտային։— Նրան վերջին անգամ տեսել եմ, եթե չեմ սխալվում, քեզ մոտ։ Այն ժամանակ նա պրետեքսիան[10] դեռ չէր ձգել։

— Իմ սաների մեջ նա ամենաընդունակն էր և ամենատաքարյունը։ Բայց հիմնականը, որով տարբերվում էր մյուսներից, խիստ ցավագին էր տանում իր կամքի վրա բռնանալու ամեն մի փորձ։ Մեկ ուրիշը նրա փոխարեն գուցե բաժանվեր կնոջից և խնամիանար Սուլլայի մերձավորներից մեկնումեկին, բայց նա չի անի այդ թեկուզ այն պատճառով, որ իրեն պարտադրում են և զրկում ազատ ընտրության իրավունքից։

— Իմ մեղքն է,— կարճատև դադարից հետո շարունակեց Մումերկոսը,— եթե նրան դժբախտություն պատահի, միակ մեղավորը ես եմ։ Նրա սիրտը լցրել էի շուտափույթ հաջողության հասնելու, հասարակության մեջ երևելի դիրք գրավելու մտքերով։ Քսան տարեկանում նա ընտրվեց Յուպիտերի քուրմ, ուրիշները երեսունում անգամ չեն հասնում դրան, բայց ի՞նչ օգուտ։ Նրա հաջողությունը գրգռեց հակառակորդների նախանձը... և հիմա նա թափառում է Սաբինյան լեռներում։ Ո՞վ կարող էր սպասել, որ ամեն ինչ այսպես տակնուվրա կլիներ։

Հոգոց հանելով սենատորը զարկեց ծնկներին։

Կոտտան չարձագանքեց։ Խոշոր, առնական գլուխը զորեղ կրծքին հակած՝ նա խորացել էր մտքերի մեջ։ Այդպես նա հիշեցնում էր Լիսիպոսի[11] պատկերած Հերակլեսին միայն թե առյուծենու փոխարեն, փաթաթված էր արնագույն կերպասի մեջ։

— Սուլլային անշուշտ արդեն զեկուցել են, որ Կեսարը տաճար չի ներկայացել,— երկար մտորելուց հետո ասաց Կոտտան,— և նա լսել անգամ չի կամենա ինձ։ Դու Սուլլային ինձանից լավ ես ճանաչում և գիտես, որ եթե հանկարծ իմ միջնորդությունը նրա սրտով չլինի, Յուպիտերն անգամ անկարող կլինի փրկել իր քրմին։ Հարկավոր է գտնել ավելի ազդեցիկ որևէ մեկին, ում նա հաստատապես չի մերժի։ Բայց ո՞ւմ,— հարցրեց Կոտտան ինքն իրեն,— Կրասոսը բացառվում է. Մարիուսի կարգադրությամբ սպանվել են նրա հայրն ու եղբայրը։ Պոմպեոսն Իսպանիայում կռվում է Մերտորիոսի դեմ։ Գուցե Լուկուլլոսի՞ն դիմենք. Սուլլան նրան համակրում է բոլորից առավել։ Չէ՛, անհույս գործ է,— պրետորը դառնությամբ հոգոց հանեց,— նա դիկտատորից որևէ բան խնդրելու սովորություն չունի, և համոզված չեմ, թե բացառություն կանի այս անգամ, մանավանդ, որ կոնսուլները ժամանակին նրան էլ են նեղել։

— Այդ ամենը ես քննել եմ հարյուր անգամ և գրեթե բոլորն էլ ստուգել,— հառաչելով ասաց Մումերկոսը։— Ավրելիան երեկ տեսնվել է նրանց կանանց հետ։ Կրասոսը լսել անգամ չի ցանկացել, իսկ Լուկուլլոսը ցավակցել, բայց խուսափել է ընդհարվել Ֆուֆիդիայի հետ։

— Խեղճ կին,— կարեկցանքով արտաբերեց Կոտտան,— սգից չելած՝ Աիդը հիմա էլ թևերը փռել է մինուճար որդու վրա։ Չէ՛, Էմիլիո՛ս, Կեսարին փրկել է պետք, չպիտի թույլ տանք բնաջնջվի Հուլիոսների տոհմը։

— Ավրելիան այսօր առավոտյան գնացել է Վեստայի տաճար. ավագ քրմուհին նրա ազգականուհին է։

— Խելացի միտք է,— հավանություն տվեց Կոտտան,— վեստալուհիներին ևս հարկավոր է ոտքի հանել։ Լավ, իսկ ի՞նչ կարող ենք անել մենք։

Պրետորն ափով բռնեց գլուխը, և նրա դեմքը կնճռոտվեց մտածմունքից։

— Այս գիշեր ես լուսացրել եմ բաց աչքով և ահա ինչ մտքի եմ եկել. ամբողջ Իտալիայում հիմա միայն մի մարդ կարող է փրկել նրան։

— Ո՞վ է այդ մարդը,— հետաքրքրությամբ հարցրեց Կոտտան,— և ի՞նչ կապ ունեմ ես նրա հետ։

— Սուլլան ամուսնանում է Մեսելայի դստեր հետ։

— Իսկապե՞ս,— պրետորը քմծիծաղ տվեց,— ի՞նչ քամի է մտել ծերուկի գլուխը՝ ամուսնանալ հիսունյոթ տարեկանում։ Իսկ ես կարծում էի հերթական հրապուրանք է և...

Նա չավարտեց միտքը, քանի որ միանգամից պարզ դարձավ՝ ինչպես է սենատորը մտադիր փրկել իր նախկին սանին և ինչու է եկել հենց իր մոտ. Մեսելայի որդին՝ հայտնի հռետոր Քվինտոս Հորտենգիոսը, իր մտերիմ ընկերն է ու խոհակիցը, երկուսն էր ակադեմիկոս[12] են։

— Չէ, սանիդ բախտն ուղղակի բերում է,— ասաց Կոտտան՝ գլուխը տարուբերելով,— երևում է՝ ճիշտ էին Գենիուսի[13] քրմերը, երբ գուշակեցին, թե նա ծնվել է Վեներայի հովանու ներքո և մեծ մարդ է դառնալու։ Կարծում եմ՝ Սուլլան չի մերժի հարսնացուին, եթե նա խնդրի ամուսնությունից առաջ նվեր մատուցել իրեն՝ ներելով ... — Կոտտան մտածեց մի պահ.— իր եղբոր փրկչի որդուն։

— Մի՞թե նման բան եղել է,— տարակուսանքով հարցրեց Մումերկոսը, չհասկանալով պրետորի միտքը։

— Տեսնո՞ւմ ես, ինքդ էլ կասկածեցիր, թեև լավ գիտես, որ չի եղել,— գոհունակությամբ պատասխանեց Կոտտան։— Ոչ ոք չի կարող հերքել այդ։ Հորտենգիոսն իսկապես ծառայել է ավագ Կեսարի զորաբանակում, երբ Էվնուսը ապստամբեցրեց Հռոդոսի ստրուկներին, իսկ պատերազմի ժամանակ ամեն ինչ հնարավոր է։

— Սուլլան այսօր այցելելու է հարսնացուին,— ասաց Մումերկոսը ոգևորված. նա այդ մասին իմացել էր երեկ՝ դիկտատորին երկրորդ անգամ այցելելու ժամանակ։

— Այդ դեպքում շտապել է պետք,— ասաց Կոտտան վճռական տոնով և փութով ելավ տեղից,— մեկ ժամն էլ կարող է բախտորոշ լինել։ Հորտենգիոսը հիմա ֆորումում կլինի, ես կմեկնեմ նրա մոտ, իսկ դու...

Այստեղ պրետորի ոգևորությունը հանկարծ մարեց, նա դարձավ Մումերկոսի կողմն ու տագնապով հարցրեց.

— Լսիր, ի՞նչ ես ասելու նրան, չէ՞ որ մինչև սենատի նիստը պիտի զեկույց տանես Պալատինիում։

— Դա թող ինձ,— պատասխանեց Մումերկոսը հանգստությամբ,— որոշ բան մտածել եմ։

Պրետոր Գայոս Կոտտան ֆորումը հեղեղված գտավ հռոմեացիներով, որոնք հավաքվել էին իմանալու, թե վերջին օրվա ընթացքում ովքեր են մտցվել պրոսկրիպցիաների մեջ։ Կաստորի սյունազարդ տաճարի բակում՝ ռոստրայի մոտ, կանգնել էր սենատոր Գնեոս Ավրելիոսը և խզված ձայնով կարդում էր օրենքից դուրս համարվածների անունները։ Տաճարի մուտքի մոտ՝ զոհասեղանների միջև, հանգիստ ճեմում էր Ֆուֆիդիան՝ ձեռքերը մեջքին հավաքած, պճնված լեգեոնի հրամանատարի զինվորական ողջ հանդերձանքով։ Ստիլոբադի վրա ուղիղ գծով շարված մեկ տասնյակի չափ սպառազեն վիգիլներն աչալուրջ հետևում էին կարգ ու կանոնին։

Հրապարակում ասեղ գցելու տեղ չկար, և Կոտտան պրետորական տարբերանշաններ կրող իր երկու արբանյակների[14] հետ, առաջացավ աջակողմյան կրկնակի սյունաշարով։ Պատգարակից իջնելիս նրա աչքովն էր ընկել Հորտենզիոսի ազատագրյալը[15], և հիմա խորապես համոզված էր, որ հռետորն այստեղ է՝ արևի տակ արձանացած այս մարդկանց մեջ։

Բավականին մոտենալով տաճարին՝ պրետորը կանգ առավ։ Հորտենզիոսին որոնելով՝ նա զննեց հավաքվածներին ու զարմանքով նկատեց, թե որքան շատ են հիացմունք արտահայտող դեմքերը։ Դրանք քիչ առաջ իրենց հակառակորդի, ինչ-ինչ պատճառներով իրենց նախանձը գրգռած համաքաղաքացիների անունները լսած քվիրիտներն էին ու մեկ էլ բախտախնդիրները, որոնք չմոռանալու համար քթի տակ կրկնում էին մահապարտների անունները։

Ավրելիոսը գալարը պահել էր աչքերի դեմ, երկարատև անշարժությունից նրա ձեռքերը դողում էին, նա ճիգ էր թափում տողերը չխառնելու համար։ Նկատելով, որ մի քանի անուններ են մնացել, Ավրելիոսն արագացրեց ընթերցումը։ Հանկարծ նրան թվաց, թե հենց նոր արտասանված անվան մեջ ծանոթ ինչ-որ բան կար։ Հայացքը մագաղաթի վրայով սահեցրեց վեր ու քարացավ։ Թողեց կարդալը, գալարը գցեց թուլացած ձեռքից ու ծանր-ծանր իջավ մանր աստիճաններով։

— Ալբանիայի իմ վիլլան էլ աչք ծակեց,— հառաչեց նա կիսաձայն ու քայլամոլոր առաջացավ դեպի սյունաշարը, որտեղ կանգնած էր Կոտտան։ Ցրված հայացքով նա մի պահ նայեց խղճահարությամբ իրեն նայող պրետորի աչքերին ու գնաց Տիբերի ուղղությամբ։ Հեռուն գնալ նա չկարողացավ։ Հավաքվածների միջից դուրս վազեցին մի քանի հոգի և նետվեցին Ավրելիոսի ետևից։ Արագավազ մեկը բոլորից անցավ ու, տաբերնաների մոտ հասնելով սենատորին, դաշույնը թիկունքից խրեց նրա սիրտը։ Երկու վիգիլ մոտեցան ու, ոտքերից բռնելով, դիակը քարշ տվին, ալեզուսպ պատնեշի վրայից նետեցին Տիբերի ջրերի մեջ, հետո երջանկությունից ցնծացող մարդասպանին ուղեկցեցին Պալատինիում՝ հասանելիք պարգևն ստանալու։ Ֆուֆիդիան դադարեց ճեմել, վերցրեց գետին ընկած մագաղաթը, ուղղեց կռանալուց թեքված սաղավարտը և, ասես ոչինչ չէր պատահել, շարունակեց կարդալ։

Մի պահ իր կողմը դարձած հայացքների ծովի մեջ պրետորը նկատեց Հորտենզիոսին, և երբ հրապարակը վերստին խաղաղվեց, արբանյակների օգնությամբ ճեղքելով ամբոխը, մոտեցավ նրան։

Ընթերցումն ավարտած Ֆուֆիդիան չէր հասցրել հավաքել գալարը, երբ ամբոխն սկսեց արագորեն ցրվել։ Մի անսպասելի վազվզոց սկսվեց հրապարակում, աննկարագրելի քաշքշոց, որը, ի վերջո, վերածվեց խառնաշփոթ տուրուդմփոցի և աստիճանաբար լցվեց քաղաքի փողոցները։ Ցուցակի մեջ ընկածների հարազատներին թվում էր, թե բախտախնդիրները շտապում են սպանել իրենց հարազատներին, բախտախնդիրներին թվում էր, թե մյուսները ցանկանում են առաջ անցնել ու իրենց զրկել բաղձալի տաղանդներից։

Քիչ անց ֆորումում մնացին Կոտտան, Հորտենզիոսը, ևս իմ քանի հոգի ու նաև իրարանցումի ժամանակ ոտնատակ տրված մեկ տասնյակի չափ վիրավորներ, որոնք, գետնին նստած, մղկտալով, տրորում էին վնասված անդամները։

Մտնելով հռետորի թևը՝ Կոտտան մի կողմ տարավ նրան։

— Հրե՛շ, արնախում հրե՛շ,— կատարվածից ցնցված՝ բարձրաձայն հոխորտում էր Հորտենզիոսը։

Պրետորը երկյուղածությամբ շուրջը նայեց. իրենց լսող չկար։

— Գնանք մի որևէ գինետուն, Գայո՛ս,— Քվինտոսը չէր հանդարտվում,— թեկուզ ամենահետինը։ Հարբելու չափ խմել եմ ուզում։

— Դիմացի՛ր,— Կոտտան փորձեց հանգստացնել նրան,— հիմա քեզ խմել չի կարելի. դու լուրջ ժամանակ անգամ չես հետևում խոսքերիդ։

Հորտենզիոսը դառնությամբ տարուբերեց գլուխը՝ հառաչելով.

— Որքան արժանավոր մարդիկ կոտորվեցին, Կոտտա՛, բոլորովին անմեղ մարդիկ։ Ոչ ոք հիմա վստահ չէ, որ վաղը չեն գա ի՛ր հետևից ու խեղդամահ չեն անի հենց ննջարանում՝ սիրելիի գրկի մեջ։ Մենք բոլորս մեղավոր ենք այս ամեն համար, Կոտտա՛, քանի որ օգնել ենք նրան՝ նվաճելու իշխանությունը. Հունաստանում դու ապահովում էիր նրա թիկունքը, իսկ ես՝ հիմարս, Ֆիլոբեոտի մոտ մանիպուլ էի առաջնորդում պոնտացիների դեմ։

— Բայց մենք այդ ամենն անում էինք՝ հուսալով, որ վերջ կտրվի հանրապետության ներսում տիրող անհամաձայնությանը։ Ի՞նչ իմանայինք, որ մինչ մեր հագուստները կարմրում էին բարբարոսների պիղծ արյունից, ուրիշները նենգ դավեր էին նյութում։ Բայց ուշ չէ, Քվինտո՛ս, դեռ կարելի է չարիքի դեմն առնել։ Լսել եմ՝ Սուլլան խնամիանում է քեզ։

— Դա չլինելու բան է, Հերակլեսը վկա,— բորբոքվեց Հորտենգիոսը,— ես թույլ չեմ տա Վալերիան երեխաներ ծնի այդ նողկանքից։

Պատգարակակիրները և պրետորի արբանյակները, պահպանելով պատշաճ հեռավորություն, լուռ հետևում էին նրանց։

— Լսի՛ր ինձ ուշադիր,— ասաց Կոտտան կիսաձայն,— այս ամենը Ֆուֆիդիայի ձեռքի գործն է, նա է ծերուկի գլուխը մտցնում սպանե՛լ սրան-նրան։ Եվ քանի դեռ մենք չունենք մեր ազդեցիկ մարդը Սուլլայի շտաբում, հավատա՛ ինձ, դեռ շատ փորձանքներ կգան մեր ժողովրդի գլխին։ Այնպես որ, եթե քեզ իսկապես հուզում է այս ամենը և անկեղծորեն ուզում ես օգնել անմեղ մարդկանց, դեմ մի՛ եղիր այդ ամուսնությանը։ Բացի այդ, որքան ինձ հայտնի է, Վալերիան ինքն է առիթ տվել, և ոչ ոք նրան չի պարտադրում ամուսնանալ դիկտատորի հետ։

Քվինտոսն ընկավ մտքերի մեջ, և նրանք երկար քայլում էին անխոս։ Հանկարծ Քվինտոսը կտրուկ կանգ առավ և ասաց՝ պրետորի աչքերի մեջ նայելով.

— Միևնույն է, վաղը ես մի ցուլ կնվիրաբերեմ Յուպիտերին և կխնդրեմ կայծակնահար անել այդ ճիվաղին։

— Վաղն ուշ կլինի,— ուղղեց նրան Կոտտան։

Հորտենզիոսը բացատրություն պահանջող հայացքով նայեց նրան։

— Յուպիտերի քուրմը վաղը կարող է այլևս ողջ չլինել, և ոչ ոք չի օրհնի զոհին։

Եվ Կոտտան պատմեց, թե ինչու է եկել նրա ետևից։

Հորտենզիոսը խոստացավ աջակցել։ Նրա համար միևնույն էր, թե ում էր օգնելու. սեփական թշնամուն անգամ Սուլլայի ճիրաններից ազատելը մեծ բավականություն կլիներ նրա համար։

Նրանք բաժանվեցին։ Քվինտոսը մեկնեց քրոջ մոտ, իսկ պրետորը, որ ռեժիմը խախտել և լոգանքից հետո չէր քնել, վերադարձավ տուն։ Սուլլան հարսնացուին այցելելու էր գլխավոր ճաշից հետո, և սպասումի երկար ժամերը կրճատելու նպատակով Կոտտան պառկեց քնելու։ Բայց բավական էր աչքերը փակեր, նրան երևում էր, թե փախչում է Հռոմի փողոցներով, իսկ դաշունազեն ամբոխն ընկել է իր ետևից։ Հետո նրան հայտնվում էր Գնեոս Ավրելիոսը և ափերով գլուխը բռնած՝ տրտնջում, թե Ալբանիայի իր վիլլային տիրելու համար սպանեցին իրեն։

Կոտտան ձայնեց սպասավորին, կարգադրեց գինի բերել և խմեց այնքան, մինչև սարսափելի պատկերները հալվեցին ու իսպառ չքացան։

Գլուխ երրորդ

Սրբազան փողոցի վրա դիկտատորի ոսկե շղարշներով ու ջայլամի փետրափնջերով զարդարված ծիրանագույն պատգարակի հայտնվելուն պես աննկարագրելի իրարանցում առաջացավ ճանապարհի երկարությամբ խմբված բազմահարյուր հռոմեացիների մեջ։ Տիրակալին ողջունելու էին եկել պրոսկրիպցիաների մեջ ընկածներին սպանելով հարստացած բախտախնդիրներ, պլեբեյներ, Ֆիլոբեոտի ճակատամարտին մասնակցած վետերաններ, թանձրահոն ու խառնագիսակ գալլեր, վառվռուն տոգաներով մեծատոհմիկներ։

Այստեղ էին նաև ծառայությունից ազատ լիկտորներ, գոտկատեղում փայտյա սրեր խրած ռուդարիուսներ, կարճ խիտոններով ու անագապղնձե կոթուրնոսներով խոշորամարմին գլադիատորներ, տղամարդաորսը առժամանակ թողած հերարձակ կուրտիզանուհիներ, ստրուկներ։

Քաղաքի կեսին կոտորելով՝ Սուլլան երջանկացրել էր մյուս կեսին։ Սպանվածների ու տարագիրների անտեր մնացած առանձնատներն ու վիլլաները չնչին գնով վաճառելով, երբեմն էլ նվիրելով զինակիցներին՝ նա շահել էր պատրիկական վերնախավի համակրանքը։ Բռնագրավված հարստությունը պլեբեյներին բաժանելով՝ նրանց ևս գրավել էր իր կողմը՝ պոպուլյարներին զրկելով քաղաքական հենարանից։ Վետերաններին հողամաս էր հատկացնելու Կամպանիայում, իրեն աջակցած գալլերին խոստացել էր հռոմեական քաղաքացիություն շնորհել և ազատել ամեն տեսակ հարկերից։ Աղքատները նրան պարտական էին ձրի հացաբաժանումների և տոներին արվող նվիրատվությունների համար։ Պոռնկուհիները ևս գոհ էին. երկու ամսում նրանք բավականին կարողություն էին ետ գցել՝ հոգալով ասիական պրովինցիաներից եկած լեգեոներների պահանջմունքները։ Անսահման էր տասը և ավելի տարիներ առաջ Հռոմ բերված ստրուկների ցնծությունը. Սուլլան նրանց բոլորին ազատություն էր խոստացել։

Տիրակալի հայացքին արժանանալու, նրա աստվածային դեմքը մեկ անգամ ևս տեսնելու ձգտումով բազմապիսի հագուստներից երփներանգված խառնամբոխը գնաց պատգարակի ետևից։ Խրոխտ շարքեր կազմած վետերանները զլեցին ռազմաշունչ մի երգ, մյուսները ձայնակցում էին նրանց։ Պատշգամբներում խմբված ստոլազգեստ մատրոնաներն ուրախ ծաղկեփնջեր էին նետում ցած, որ թափվում էին թիկնապահների դրվագազարդ սաղավարտներին։ Երկարավարս օրիորդները, հայացքը երկինք հառած, Վեներա աստվածուհուն աղերսում էին Ֆելիքսի պես քաջակորով ու խելամիտ ամուսին պարգևել իրենց։ Աղքատ պառավներն անձայն աղոթում էին, և երբ պատգարակը հասնում էր նրանց, գլուխ էին տալիս ու երջանկություն մաղթում դիկտատորին։ Վետերաններից հետո քայլում էին կանացի զգեստ հագած և դեմքերը կարմիրով ներկած դերասանները, որոնք զավեշտ տեսարաններ էին ներկայացնում բաքոսուհիների կյանքից։ Իսկ գոտկատեղից վեր բոլորովին մերկ, խոպոպիկներով կեղծամ դրած մի պատանի, որ մարմնավորում էր Բաքոսին, հարբածի պես օրորվելով հերթով գրկում էր կանանց և արծաթե բարակավիզ սափորից գինի հեղում նրանց բերանի մեջ։ Տղեկների ոտաբոբիկ երամը վազում էր դերասանների ետևից, ձիգ տալիս գետնին քսվող նրանց շրջազգեստների փեշերից, փորձում քայլել հարբածի պես՝ առաջ բերելով ամբոխի ծիծաղը։ Այծենի հագած երգիչների խումբը դիֆերամբներ էր երգում։

Փողոցը թնդում էր որոտընդոստ ողջույններից ու անզուսպ բացականչություններից։ Տներից մեկի տանիքից հսկա մի քիվաքար ընկավ, որ քիչ մնաց իր տակ ճզմեր հարբած մի գլադիատորի։ Աքաղաղի աղբյուրի մոտ ամբոխը ոտնատակ տվեց հղի մի կնոջ. սա ճչում էր ու մոլեգնորեն կծոտում իր վրայով անցնելու փորձ անողների բաց սրունքները։

Կյանքի հիսունյոթերորդ տարում Սուլլան ամուսնանում էր չորրորդ անգամ։ Նրա առաջին կողակիցը գոս էր եղել, մյուսները, պարգևելով երեք արու զավակ, Աիդի հավերժական արքայությունն էին մտել։ Մի քանի ամիս առաջ, երբ նա լեգեոններ էր հավաքագրում Հունաստանում, կրկին ամուսնանալու մասին չէր մտածում անգամ։ Պատճառը ոչ այնքան անհոգ կյանքին սովորած լինելն էր, որքան անբուժելի հիվանդությունը, որ քրքրում էր նրա մարմինը ահա արդեն վեցերորդ տարին։ Անզոր էին գտնվել աշխարհի բոլոր բժիշկները, չէին օգնել ոչ քրմերը, ոչ ինկուբացիաները, ոչ էլ ամեն տոնի Էսկուլապիոսի պատվին արվող զոհաբերությունները։ Բայց Հռոմը գրավելուց մեկ շաբաթ անց տեղի ունեցավ մի դեպք, որը նրան ստիպեց փոխել ծրագրերը։ Մի անգամ, երբ, Մեծ կրկեսի իր օթյակում նստած, դիտում էր կոնսուլների դեմ տարած հաղթանակի պատվին կազմակերպված գլադիատորական մարտերը, հանկարծ մեջքին ձեռքի թույլ հպում զգաց։ Նա զարմացած շրջվեց՝ պարզելու՝ ով է այդ հանդուգն այրը, բայց իր առջև տեսավ հրապուրիչ ու բարետես մի կնոջ։ Կինը, ամենևին չշփոթվելով, նրա քղամիդից բրդի մի թել պոկեց ու, նայելով Սուլլայի երկնագույն աչքերի մեջ, դաշնալուր ձայնով ասաց.

— Իմ վարմունքը թող չվիրավորի քեզ, ո՛վ դիկտատոր. այս թելը ես վերցրի, որպեսզի նրա շնորհիվ քո երջանկությունից մասն ունենամ իմ տան մեջ։

Հրապուրված լինելով Սպարտակ անունով թրակիացի մի ստրուկի հմուտ մարտավարությամբ՝ Սուլլան ուշադրություն չդարձրեց այս միջադեպին, բայց դառնալով տուն և ազատվելով օրվա տպավորություններից կրկին մտաբերեց կրկեսում տեղի ունեցած պատահարը... Եվ ողջ գիշեր երազում նրան այցի եկավ քղամիդից թել պոկող գեղամարմին կինը...

Թափորը մոտեցավ Մեսելայի առանձնատանը։ Դռնապահ ստրուկն աստվածային հյուրի առջև բացեց դարպասն ու խոնարհվեց մինչև գետին։ Շքախումբը ներս մտավ։ Թիկնապահներից երեքը մնացին մուտքի մոտ, մյուսները պատգարակից իջած դիկտատորին ուղեկցեցին ատրիում։

Հորտենզիոսն ընկղմվել էր փափուկ թիկնաթոռի մեջ և հունատառ ինչ-որ գրություն էր կարդում։ Նկատելով ատրիում մտած դիկտատորին՝ նա ելավ տեղից ու ողջունեց։ Ապագա զարմիկի արհամարհական վերաբերմունքին սովորած Սուլլան անչափ ուրախացավ նրա վարքի մեջ նկատվող փոփոխության համար և սրտանց պատասխանեց ողջույնին։ Այնուհետև Հորտենզիոսը սպասավորներին կարգադրեց գերապատիվ հյուրին ուղեկցել Վալերիայի զարդասենյակ, իսկ ինքը, չկամենալով մնալ դիկտատորի թիկնապահների հետ, դուրս եկավ գավիթ։

Վալերիայի առանձնասենյակում օդն օծված էր անուշահոտ յուղերով, անկյուններում, ինչպես նաև գավիթ նայող լուսամուտի գոգին, ծղոտահյուս զամբյուղների մեջ դաշտային ծաղկեփնջեր էին դրված, բրոնզե վանդակներում անուշ ծլվլոցով գեղգեղում էին փարոսյան դեղնափետուր սոխակներ։ Պատերն ու ասեղնագործ ծիրանե վարագույրները զարդարված էին մրտենու դալար շիվերով, որոնք, ըստ ավանդության, երջանկություն էին բերում սիրահարներին։ Մարմարե սև ու սպիտակ սալիկներով շախմատաձև հատակը փայլեցված էր այնպես փութաջանորեն, որ նրա վրա, գրեթե չաղավաղված գծերով, արտացոլվում էին պոնտական մայրիփայտե մեծ պահարանը, գորգազարդ պատի տակ դրված կաշեպատ երկտեղ բազմոցը, միոտանի կլոր սեղանն ու նրա շուրջը բոլորաձև շարված անբազկակալ, կրիայի խեցեմորթով երեսքաշված աթոռները։

Զարդասենյակ մտնելով՝ Սուլլան անբացատրելի թեթևություն զգաց. միջավայրն անկաշկանդ էր ու տրամադրող։ Արձակելով արնագույն թիկնոցը՝ նա մնաց սպիտակ երիզներով նախշազարդված երկնագույն տունիկայով։ Ողջունելով նստեց հարսնացուի մոտ՝ թիկնատեղում մետաքսե բարձեր ունեցող բազմոցին։

Այրաթող այս կնոջ մոտ դիկտատորն ամեն անգամ մի նոր, մինչ այդ աննկատելի մնացած, հրապուրիչ հատկանիշ էր գտնում, որն ավելի էր գայթակղում իրեն։ Այսօր ահա ուշադիր լսելով նրա քաղցր-մեղցր պատմությունները Պոմպեյք կատարած ուղևորության մասին՝ Սուլլան զարմանքով պարզեց, որ նրա ձայնի մեջ թաքնված, մոգական կիրք կա, որից զգաստանում են իր մարմնի բոլոր մասնիկները։ Նա մտածեց, որ խորամանկ այս կինը երևի դիտավորյալ է վարվում այդ կերպ, նպատակ ունենալով իր վայելչությունները միանգամից չբացահայտելով մշտական հետաքրքրություն ապահովել իր անձի հանդեպ։ Ինչ էլ լիներ, Սուլլային նա դուր էր գալիս, և, անթարթ հայացքով նայելով Վալերիայի կրակոտ աչքերին, խոսելիս ճերմակին տվող գեղեցիկ ատամնաշարին, կիսաբաց ստինքների վրա հանգչող մարգարտահյուս վզնոցին, բարեձև, սքանչելի ուսերին, քանդակակերտ պարանոցին հազիվ էր զսպում իրեն՝ ծնկի չգալ նրա առջև ու չհամբուրել մարմնի հրաշագեղությունը քողարկող պատմուճանի ոսկեզօծ ծոպերը։ Զսպում էր, բայց համոզված էր, որ նրա հետ բավականաչափ մտերմանալու դեպքում, երբ խորտակվեն կեղծ ամոթանքի կաշկանդիչ պատնեշները, ինքն անկարող կլինի տիրապետել իրեն... և քմծիծաղով պատկերացրեց, թե ինչպես է համայն Իտալիայի տիրակալը ծնկի գալիս այս կնոջ առջև։

Սուլլան խոնարհվեց դեպի հարսնացուն և այրվող շուրթերը հպեց նրա սիրատոչոր բերանին։ Վալերիան չշարժվեց, չգրկեց, չշոյեց Սուլլային, բայց նրա շնչառության շեշտակի արագացումից ու պարարտ ստինքների անկանոն վերուվարից դիկտատորը կռահեց, թե որքան կիրք կա քնքուշ այդ էակի մեջ։ Եվ անկեղծորեն զարմացավ, թե Վալերիայի նախկին ամուսինն ինչպես է կարողացել տանել այսպիսի սքանչելի գանձի կորուստը։

Դուռը զգուշորեն թակեցին։ Սուլլան ցանկացավ գոռալ ու գրողի ծոցն ուղարկել իր հանգիստը խանգարել փորձողներին, բայց, վերջին պահին հիշելով իր հյուր լինելը, անհարմար զգաց բացահայտել իր իշխանասիրությունը։

Վալերիայի հրավերից հետո դուռը դանդաղ բացվեց, և սենեկապետուհու ուղեկցությամբ ներս մտան մրգերով ու քաղցրավենիքներով սկուտեղ բռնած ստրուկները։

Դեսից-դենից շաղակրատելով՝ Վալերիան ձգտում էր խոսակցության թեման մոտեցնել հանրապետության ներքին կյանքում տեղի ունեցող իրադարձություններին, բայց դիկտատորը մտադիր էր հարսնացուի մոտ գոնե մեկ ժամով գլուխն ազատել պետական գործերից և տոն չէր տալիս նրա չափից դուրս հետաքրքրասիրությանը։ Զգալով այդ՝ Վալերիան դադարեց պահմտոցի խաղալ։ Նա խորամանկորեն մի քանի գավաթ գինի խմեցրեց Սուլլային, և երբ դիկտատորի տրամադրությունը նկատելի բարձրացավ, ասաց փաղաքուշ տոնով.

— Մի խնդրանք ունեմ, Լուկիո՛ս, քեզ համար աննշան գործի մասին։

Սուլլան շոյեց Վալերիայի ոսկեգույն վարսերը, համբուրեց նրան։

— Դու դեռևս ոչինչ չես խնդրել, աղավնյա՛կս։

— Եվ չէի խնդրի, հավատա, եթե հարցն անչափ չհուզեր ինձ։— Վալերիան նազելի գլուխը դրեց դիկտատորի կրծքին։— Ուզում եմ խնդրել՝ ներում շնորհես մի երիտասարդ պատրիկի, որին մահապարտ ես ճանաչել այստեղ գալուց առաջ։ Նա քո հանդեպ ոչ մի մեղք չի գործել և զոհ է դարձել չար բամբասանքների։

— Ո՞վ է այդ երիտասարդը,— Սուլլան փորձեց վերհիշել պրոսկրիպցիաների մեջ մտցված նոր անունները։

— Խոսքը Յուպիտերի քրմի մասին է,— պատասխանեց Վալերիան։

Սուլլան ձեռքը հեռացրեց Վալերիայի վարսերից, ասես օձ խայթեց նրան։ Ելավ տեղից, անհանգիստ քայլեց սենյակում։ Հետո մոտեցավ հարսնացուին և, նրա աչքերի մեջ նայելով, հարցրեց.

— Անկեղծ եղիր ինձ հետ, Վալերիա, ո՞վ է քեզ դրդել խնդրելու ինձ նրա համար։

Դիկտատորի կապույտ աչքերից չքացել էր երանության շլացուցիչ փայլը, տեղը զիջելով չքողարկված զարմանքին, որն աստիճանաբար բարկության պիտի վերածվեր։

— Երախտագիտությունը, Լուկիո՛ս, միայն և միայն երախտագիտությունը,— հանգիստ պատասխանեց Վալերիան՝ հայացքը չկտրելով դիկտատորի աչքերից։ Նրա հայրը Հռոդոսում փրկել է Քվինտոսի կյանքը։

— Ես չեմ կասկածում քո անկեղծությանը,— Սուլլան շարունակեց քայլել սենյակում,— սակայն ինձ զարմացնում է այն, որ ամբողջ Քաղաքը, բան ու գործ թողած, մտածում է նրան փրկելու մասին միայն։ Մումերկոսը հավատացնում է, թե նա երեկ խոստացել է կատարել իմ պահանջները, այնինչ երեկոյան հեռացել է Քաղաքից և այլևս տաճար չի ներկայացել։

— Գուցե նա երկյուղե՞լ է, որ Մարիուսի վրեժը կառնեն իրենից,— միամիտ ձևացավ Վալերիան։

— Մումերկոսի ասելով՝ նա երեկ խիստ անհանգիստ է եղել, նրան թվացել է՝ իբր կասկածելի ինչ-որ մարդիկ թրև են եկել իր տան մոտերքում։ Բայց միայն այդ չէ. նրան ներելու խնդրանքով այսօր ինձ մոտ էր եկել նաև Վեստայի ավագ քրմուհին։

— Զարմանալի ոչինչ չեմ տեսնում,— շարունակեց ձևանալ Վալերիան,— վեստալուհիների իրավունքն է պաշտպան կանգնել մահապարտներին։

— Բայց ինչո՞ւ նրան և ոչ մեկ ուրիշին,— Սուլլան ուսերը թոթվեց և ձեռքերը տարակուսանքով տարածեց կողքի։— Մի՞թե նրանից երևելի ուրիշ ոչ մեկը չկար ամբողջ Հռումում, ում արժեր փրկել։

— Դու մոռանում ես, որ նա Յուպիտերի քուրմն է, Լուկիո՛ս, իսկ վեստալուհիների համար ոչ ոք այնքան հարազատ ու սրտամոտ չէ, որքան աստվածների հոր սպասավորը։

— Չգիտեմ, չգիտեմ,— նույն տարակուսանքով ասաց Սուլլան։— Ակամա սկսում եմ մտածել, թե ինչ-որ մեկը համառորեն ուզում է փրկել նրան՝ կանգ չառնելով ոչ մի միջոցի առաջ։

Զգալով, որ նա դյուրությամբ չի ների քրմին, Վալերիան խիստ վիրավորված ձևացրեց իրեն։

— Եթե դու կարծում ես,— ասաց նա սրտնեղած,― թե ես չարաշահում եմ իմ դիրքը և պատրաստ եմ ամեն մեկի ցանկությունը հասցնել քեզ, ապա համարիր, որ ոչինչ չեմ խնդրել։

— Նա չի կատարել իմ հրամանը, Վալերիա՛,— Սուլլան այդ ասաց այնպիսի տոնով, ասես արդարանում էր։— Եթե քսան տարեկանում հանդգնում է դեմ գնալ դիկտատորին, ի՞նչ կարելի է սպասել նրանից հետագայում։ Ես դեռ երեկ առավոտյան կարող էի կենտուրիոն ուղարկել[16] նրա ետևից, բայց բարեգութ եղա և նրան հնարավորություն տվի փրկել իր կյանքը։ Իսկ նա...

— Չխոսենք այլևս այդ մասին,— Վալերիան ելավ բազմոցից ու մոտեցավ լուսամուտին։

Քվինտոսն անհանգիստ ճեմում էր գավթի ստվերածածկ հարթակում։

— Խնդրի՛ր ինձ ուրիշ որևէ մեկի համար, և խոստանում եմ բավարարել խնդրանքդ,— առաջարկեց Սուլլան։

Վալերիան չպատասխանեց նրան։

— Լավ, մի՛ տխրիր,— թույլ օրորվելով, Սուլլան մոտեցավ հարսնացուին, գրկեց նրան ու հեռացրեց լուսամուտից։

Կրկին նստեցին բազմոցին։ Սուլլան գինի լցրեց ու մի քանի կում անելուց հետո ասաց.

— Ամեն անգամ, տաճար գնալով, ես ուշի-ուշով հետևում եմ նրան և, հավատա, նրա մեջ միշտ չթաքնված ատելություն եմ տեսնում թե իմ, թե ուղեկիցներիս հանդեպ։ Նա նայում է ինձ Մարիուսի աչքերով...

Այստեղ Սուլլան ընդհատեց միտքը և անսպասելիորեն հարցրեց.

— Իսկ դու նկատե՞լ ես նրա աչքերի տենդագին փայլը։

Վալերիան, որ դեմքին միամիտ հետաքրքրասիրության արտահայտություն հաղորդած, սևեռուն նայում էր դիկտատորին, ուսերը թոթվեց։

— Ո՛չ, դու ինձ ճիշտ հասկացիր,— շարունակեց Սուլլան։ Նա գինովացել էր, և բառերը երբեմն-երբեմն սլսլոցով սայթաքում էին լեզվի ծայրից։

— Ես նրանից չեմ վախենում և ոչ մեկից չեմ վախենում ընդհանրապես. ես գիշերով ընդամենը մեկ ուղեկցի հետ, թափանցել եմ նումիդիացիների ճամբար, գերեվարել նրանց առաջնորդ Յուգուրթային և հասցրել մերոնց մոտ։ Յուպիտերի քուրմը ոչինչ անել չի կարող, քանի դեռ ես ողջ եմ։ Բայց հեռու չէ այն օրը, երբ Ատրոպոսը կկտրի կյանքիս թելը, ու մի ներքին համոզում կա սրտումս, թե Կեսարը նեղելու է օպտիմատներին, իսկ նրանց գործի հաջողությանը ես նվիրել եմ հոգուս և մարմնիս բոլոր ուժերը։— Սուլլան հառաչեց ու րոպեական դադար տվեց։― Երեկ ես մեկ անգամ էլ փորձեցի նրան և համոզվեցի, որ նա նաև խորամանկ է։ Բայց ինչ էլ լինի՝ ես ներում եմ նրան, քանի որ այդպես ես կամենում դու, երկրայի՛ն իմ Վեներա։ Այ հիմա իմ ազատագրյալին կուղարկեմ կուրիա՝ փոխելու վճիռս, բայց դու լավ հիշիր խոսքերս. նրա մեջ հարյուր Մարիուս է նստած, և նա մեծ խաղ կխաղա հանրապետության գլխին։ Իմ կանխազգացումը երբեք չի խաբել ինձ։

Այդ նույն միջոցին, ծանրորեն ճռռալով ու ճանապարհի անհարթություններից ցնցվելով, զինվորական պահախմբի ուղեկցությամբ, Տիբուրյան դարպասին մոտեցավ փոշեկոլոլ մի սայլ, որի վրա տանջահար դեմքով ամուր կապկպված վեց տղամարդ էին պառկած։ Մինչ մուտքը կբացվեր, դարպասապահ վիգիլներից մեկը մոտեցավ և հետաքրքրությամբ զննում էր փախստականներին։ Ճանաչելով նրանցից մեկին՝ զինվորը ոգևորված բացականչեց.

— Ախր սա Գայոս Կեսարն է, Յուպիտերի քուրմը... Դե ես հիմա քեզ...

— Հեռու կաց,— պահախմբի պետը կոպտորեն ետ հրեց զինվորին, որ նիզակի սուր ծայրը դեմ էր արել քրմի կրծքին,— ախր նա ֆլամին[17] է։

— Ի՜նչ ֆլամի՜ն,— ծոր տվեց դարպասապահը,— այսօր առավոտյան նրան մահապարտ են ճանաչել։

Պահախմբի պետը մոլորված նայեց քրմին, մտորեց մի պահ, ապա ասաց.

— Ինչևէ, հանգիստ թող նրան և երկյուղի՛ր աստվածների զայրույթից։ Ես նրան անվնաս կհասցնեմ կուրիա, հետո ինչ չլինելու է, թող լինի։

Մասն երկրորդ

Գլուխ առաջին

Սուլլայի մահը չփարատեց Իտալիային պարուրած մղձավանջը։ Իշխանությունը, ինչպես կար, այդպես էլ մնաց օպտիմատների ձեռքին։ Պոպուլյարները դեռ չէին հասցրել վերասաղմնավորվել և անկարող էին քաղաքական լուրջ դիմադրություն ցույց տալ։ Բայց դրությունն Իտալիայում ամենևին խաղաղ չէր. պառակտում էր սկսվել Սուլլայի մերձավոր համախոհների միջև։ Սենատական վերնախավի ներկայացուցիչներ Մարկոս Կատոնը, Գայոս Անտոնիոսը, Ֆուֆիդիան, Գնեոս Պիզոնը, Ահենոբարբը, Կատոնի փեսա Մարկոս Բիբուլոսը և աչքի ընկնող ուրիշ նոբիլներ[18], իշխանությունն իրենց ձեռքում պահելու նպատակով, միավորվեցին և հիմնեցին մի հզոր խմբավորում, որն ստանձնեց բանակի հրամանատարությունը, զբաղեցրեց կոնսուլների, ժողովրդական տրիբունների, պրետորների, Գերագույն քրմի, ոստիկանապետի պաշտոնները, տիրացավ բարեբեր պրովինցիաներին։ Սա առաջ բերեց Սուլլայի մյուս համախոհների դժգոհությունը։ Առաջին մեկ-երկու ամիսներին գինետներում ու պանդոկներում միայն այդ մասին էին խոսում, շատերն ափսոսում էին Սուլլային օժանդակելու համար, ոմանք կոչ էին անում հեռանալ Իսպանիա և միանալ տարագիրներին։ Բայց տարագիրների վիճակն այնքան էլ մխիթարական չէր, քանի որ Պոմպեոսի լեգեոնները սկզբնական դժվարություններից հետո սկսել էին նեղել նրանց։ Ֆակտիոն, ժողովուրդն այդպես կնքեց Կատոնի խմբավորումը, լուրջ ուշադրություն չէր դարձնում այս դժգոհություններին, հուսալով, թե բանը խոսակցություններից այն կողմ չի անցնի։ Գուցե այդպես էլ լիներ, եթե մարտին Հունաստանից չվերադառնար Սուլլայի ամենաերևելի զորավարներից մեկը՝ պրոկոնսուլ Էմիլիոս Լեպիդոսը։ Իր շուրջը համախմբելով մի քանի ազդեցիկ պատրիկների՝ Լեպիդոսը ստեղծեց գաղտնի կազմակերպություն, որի նպատակն էր միավորել Ֆակտիոից դժգոհ բոլոր խմբավորումները և ապստամբություն բարձրացնել։

Կեսարը ևս հարեց Լեպիդոսին, առժամանակ աջակցեց նրան և՛ դրամով, և՛ համախոհներ հավաքագրելով, բայց, շատ չանցած, հիասթափվեց ապստամբության ղեկավարից և խզեց կապը նրա հետ. շրջահայացությունը կորցրած Լեպիդոսն իրեն շրջապատել էր արկածախնդիր երիտասարդներով, որոնց համար ապստամբությունը սոսկ առիթ էր համաիտալական մեծ տուրուդմբոց սարքելու համար։

Կենտրոնական խստագույն ղեկավարություն չունենալով՝ ապստամբությունը սկսվեց նախատեսված ժամկետից շուտ և դաժանորեն ճնշվեց։ Լեպիդոսը և մյուս ղեկավարները, Տիբուրի մոտ շրջապատման մեջ ընկնելով ինքնասպան եղան։

Բայց կրքերը չհանդարտվեցին։ Երկու ամիս անց ապստամբեցին Լուկայի, ապա Պոմպեյքի զորանոցները, սեպտեմբերին խռովություն բռնկվեց Կումում, տարագիրների դեմ կռվելուց հրաժարվեց Ութերորդ լեգեոնը։ Բայց բոլոր այս ընդվզումները տարերային էին, և Ֆակտիոն դրանք ճնշում էր առանց որևէ դժվարության։

Մումերկոսի խորհրդով Գայոսը ձեռնամուխ եղավ դատական գործունեությանը։ Դա փառքի և ճանաչման հասնելու ամենակարճ ուղին էր, միայն թե հարկավոր էր հաղթանակ տանել աղմկոտ դատավարություններում։

Բավարար փաստեր հավաքելով՝ նա, ի մեծ զարմանս ամենքի, գործ հարուցեց Ֆակտիոի ղեկավարներից մեկի՝ Մակեդոնայի նախկին կուսակալ Դոլաբելայի դեմ՝ մեղադրելով նրան կաշառակերության մեջ։

Բայց որքան էլ հանդուգն էր այդ քայլը և փաստերը՝ հավաստի, նա դատը տանուլ տվեց, քանի որ նրա դեմ հանվեցին քաղաքի ամենահմուտ հռետորները։

Բոլորովին չհուսահատվելով անհաջողությունից, շատ չանցած՝ նա իր հովանավորյալ հույների խնդրանքով գործ հարուցեց Գայոս Անտոնիոսի դեմ, որը միհրդատյան պատերազմի ժամանակ Հեծելազորի հրամանատար լինելով, խայտառակ անուն էր վաստակել Հունաստանում։

Ճարտասանական փորձ ամենևին չունենալով՝ նա մեծ դժվարությամբ կարողացավ հերքել Անտոնիոսին պաշտպանող հռետորների բոլոր փաստարկները և ջրի երես հանել մյուս կողմի վկաների ցուցմունքների կեղծությունը։ Հետո նա մեղադրական ճառ արտասանեց, որը ներկաներն ընդունեցին հիացական բացականչություններով, իսկ գրագիրները շտապեցին սղագրել այն՝ հետագայում դրանից օգտվելու նպատակով։ Երբ թվում էր, թե ամեն ինչ ապացուցված էր և դատը՝ շահած, անսպասելիորեն միջամտեցին ժողովրդական տիրբունները և վիգիլներին կարգադրեցին ցրել նիստը...

Ատրիումի կենտրոնում նստած, գլուխը հենած գավաթակերպ ավազանիկին, որի մեջ հավաքվում էր երդիկից ներս թափանցող անձրևաջուրը, նա մտացրիվ հայացքով նայում էր մեծ սրահի միջով երևացող Յուպիտերի տաճարին, ավելի հեռվում Իրիսը յոթնագույն քողով մերձեցրել էր իրար երկինք ու երկիր։

Նա ոսկեկար տունիկա էր հագել, որի գոտին արձակված էր և գցված փղոսկրե, անբազկակալ աթոռի թիկնակին։

Ատրիումում ուրիշ ոչ ոք չկար։ Բոլոր ստրուկներին ու սպասավորներին կարգադրել էր չանհանգստացնել իրեն, և տան մեռելային լռությունը խախտում էր հեռու սենյակներից եկող տավղի նվագի հազիվ լսելի ձայնը. այդ քույրը՝ Հուլիան էր նվագել սովորում։ Ատրիումից մետաքսե վարագույրներով բաժանված խոհանոցում նույնպես լռություն էր տիրում. կարող էր թվալ, թե այնտեղ ոչ ոք չկա, այնինչ մոտենում էր ընթրիքի ժամը, և խոհարարները սովորական եռուզեռի մեջ էին։ Սակայն այսօր նրանք շարժվում էին ոտնաթաթերի վրա, միմյանց հետ խոսում փսփսոցով, ամանեղեն գործածում աննախադեպ զգուշությամբ։ Տերը խիստ անտրամադիր էր, և վա՜յ նրան, ով անզգուշաբար կերևար նրա աչքին։ Նման դեպքերում ողջ ֆամիլիայից միայն մի մարդ կարող էր առանց կյանքը վտանգելու մոտենալ տիրոջը, դա Հուլիոսների տան ազատագրյալ, հույն Ափրոկլեսն էր, Գայոսի սիրելին, որը հռոմեական սովորույթին համաձայն կրում էր տիրոջ անունը՝ Ափրոկլես Կեսար։ Բայց հիմա նա տանը չէր, ստրուկների հետ գնացել էր գնումների և դեռ չէր վերադարձել։

Կեսարն այնքան խորն էր տարված մտքերով, որ չնկատեց ատրիումում հայտնված տիկնոջը։ Անշշուկ առաջանալով՝ կինը թիկունքից փարվեց նրան։ Գայոսը, հանկարծակի եկած, շրջվեց և իր առջև տեսավ մորը։ Ավրելիան թույլ տվեց որդին համբուրի իրեն։

Ատրիում իջան երկու ջահել սպասուհիներ և տիրուհուն օգնեցին արձակել ստոլան։

— Ինչպե՞ս, ամբողջ օրը մնացել ես այսպես նստա՞ծ,— խոժոռվեց Ավրելիան, երբ սպասուհիներից մեկը նրա ականջին փսփսաց, որ իր գնալուց հետո որդին ոչինչ չի կերել և տեղից չի շարժվել ընդհանրապես։

Նա նստեց որդու կողքին, շտապով բերված, նստատեղին փափուկ բարձիկ ունեցող թիկնաթոռին։

Գայոսը չպատասխանեց, ձեռքը երկարելով, դալար մի շիվ պոկեց խեցե զամբյուղի մեջ փթթացող վարդերի թփից և սկսեց խառնել ավազանիկի ջուրը։ Ավրելիայի մայրական նրբանկատ հայացքից չվրիպեց, որ որդին դա արեց ներքին խռովքը քողարկելու համար։

— Ի՞նչ ես մտադիր անել,— հարցրեց նա՝ անորոշ հայացքով հետևելով ավազանի եզրերում մարող ալիքներին։

Կեսարը թոթվեց ուսերը։

— Տեսնվեիր Մումերկոսի հետ, գուցե մի խորհուրդ տար։

— Անօգուտ է, ամեն ինչ անօգուտ է,— բացականչեց Գայոսը, բայց, հաջորդ պահին, կամքի մեծագույն լարումով, հանդարտեցրեց իրեն և շարունակեց հանգիստ տոնով։— Ի՞նչ խորհուրդ նա կարող է տալ ինձ, երբ Ֆակտիոն իրեն էլ է նեղում։ Ո՞ւմ պարզ չէ, մա՛յր, որ ես ոչնչի չեմ հասնի, քանի դեռ Սուլլայի զինակիցներն ամուր նստած են սենատում։ Պետական գործերից ինձ հեռու պահելու համար նրանք կանգ չեն առնում ոչ մի միջոցի առաջ։ Ես ամենևին հակված չեմ մտածելու, թե պատահաբար էր, որ Դոլաբելայի պաշտպանությունը հանձն առան միանգամից երկու հռետոր, որոնցից յուրաքանչյուրը ճարտասանությամբ տասնապատիկ գերազանցում է ինձ։ Իսկ երեկ, երբ դատը փաստորեն շահել էի... Ու՞մ պարզ չէ, որ տրիբունները գործում էին Կատոնի ցուցումով։

— Պետք չէ այդպես հուսահատվել։ Չի կարող պատահել, որ աստվածները, օրհնյալ լինի նրանց անունը, լրիվ երես թեքեն մեզանից։— Ավրելիան փորձեց հորդորել որդուն, մինչդեռ ինքը ներքուստ անհանգիստ էր։ Երեկվա անհաջող դատավարությունից հետո նա այլևս վստահ չէր, որ որդին չի կորցնի զգոնությունը։ Իսկ քաղաքում իրադրությունը խիստ լարված էր և յուրաքանչյուր անխոհեմ քայլ կարող էր ճակատագրական լինել։ Կասկածելու հիմքեր նա ուներ. երեկ երեկոյան Գայոսը տուն էր դարձել քաղաքում մեծ կռվարարի անուն հանած Սերգիուս Կատիլինայի հետ ու փակվել տաբիլինում մինչև ուշ գիշեր։ Կատիլինայի մասին պատմում էին, թե նա հայրական ունեցվածքն ամբողջությամբ ժառանգելու համար սպանել է հարազատ եղբորը, հետո Սուլլային համոզել՝ նրան մտցնել մահապարտների ցուցակի մեջ։

Որքանով էր այդ պատմությունը ճշմարիտ, Ավրելիան չգիտեր, բայց երեկվա գաղտնի զրույցից նրա սիրտը ոչ մի լավ բան չէր գուշակում։

Ոչ երեկ, ոչ այսօր առավոտյան նա չէր հետաքրքրվել Կատիլինայի այցելության նպատակով՝ չկամենալով իր կասկածամտությամբ գրգռել որդուն։ Նա երկյուղում էր, թե Կատիլինային կհաջողվի անլուրջ քայլի մղել որդուն, և սրտանց ցանկանում էր նրան ժամանակավորապես հեռացնել Հռոմից, մինչև անցներ նորից թափ առնող հուզումի ալիքը։ Ողջ գիշեր նա աչք չէր փակել, քննել էր բոլոր հնարավոր միջոցները, որոնցով կարելի կլիներ որդուն հրապուրել մեկնել պրովինցիաները։ Հնարը գտնելով՝ նախաճաշից հետո խորհուրդ հարցնելու էր գնացել եղբոր մոտ, որը հեծելավաշտապետ էր Հունաստանում և երկու ամսով արձակուրդ էր եկել։

— Եթե սենատը դեմ է քո բոլոր քայլերին, դա դեռ չի նշանակում, թե ամեն ինչ կորած է,— Ավրելիան մոտ նստեց որդուն։— Մեր բախտից գոյություն ունի նաև ժողովրդական ժողով, և դու կարող ես ընտրովի պաշտոնների համար առաջադրել թեկնածությունդ։

— Բայց դրա համար հարկավոր կլինի շահել ժողովրդի համակրանքը, մա՛յր։

— Դու արդեն բավականին ճանաչում ունես Քաղաքում։ Քիչ առաջ, երբ տուն էի դառնում, գոհարավաճառների կրպակների մոտ մի խումբ տղամարդիկ վիճում էին երեկվա դատի շուրջ և գովեստով էին խոսում քո մասին, քո մեղադրական ճառը համեմատում էին Ցիցերոնի ելույթների հետ։ Այնպես որ, սկիզբն արդեն արված է։

Գայոսի դեմքով բավականության չքողարկված ալիք անցավ, որը, սակայն, մարեց վայրկենապես։ Պայքարի այդ ուղին կպահանջեր մեծ ծախսեր, անհրաժեշտ քվե ապահովելու համար հարկավոր կլիներ խնջույքներ սարքել պլեբեյների համար, նվիրատվություններ անել չքավորներին, տոներին զավեշտ ներկայացումներ կազմակերպել և այլ ուրիշ հազար ու մի բաներ, որոնցից ինքը դժվար թե գլուխ հաներ։ Նա մոտիկից ճանաչում էր մի քանի պատրիկների, որոնք, բռնելով այդ ուղին, վատնել էին ողջ ունեցվածքը և, ոչնչի չհասնելով, կորցրածը ռազմավարով լրացնելու հույսով այժմ Աֆրիկայում կռվում էին բարբարոսների դեմ։ Բացի այդ, բոլորովին պարզ չէր՝ կընդունե՞ր ամբոխը իրեն՝ պաշտոնազրկված նախկին քրմին, Մարիուսի ազգականին։ Սակայն նա ուշք չէր դարձնի այս ամենին, եթե բավարար չափով միջոցներ ունենար. Սուլլան բռնագրավել էր նրա հայրական ունեցվածքը, իսկ կնոջը զրկել օժիտն ստանալու իրավունքից։

Տարեց սենեկապետը, որ րոպեից ավելի ատրիումում էր և չէր համարձակվում միջամտել, օգտվելով ծայր առած դադարից, տիրուհուն զեկուցեց, որ ընթրիքը պատրաստ է։

Ճաշասրահ եկան նաև Հուլիան և Կոռնելիան։ Ընթրիքն անցավ բավականին լուռ։ Կոռնելիան ևս մտահոգված էր ամուսնու վերջին անհաջողություններով և խոսքի բռնվելու տրամադրություն չուներ։ Տասնհինգամյա Հուլիային անհասկանալի էր հարազատներին պարուրած թախիծը և, հայացքը ափսեից չկտրելով, ուտում էր սովորականից արագ։ Նա ամբողջ հոգով հրապուրված էր տավղահարությամբ և չէր դադարի նվագել ու չէր ներկայանա ընթրիքին, եթե չլիներ մոր հանդիմանանքին արժանանալու երկյուղը։

Ավրելիան ճաշել էր եղբոր մոտ, բայց որդու ախորժակը գրգռելու համար արծաթե ափսեի մեջ քաշեց փասիանի զույգ տոտիկներ և սկսեց ուտել մեծ բավականությամբ։ Գայոսը կես գավաթ գինի լցրեց իրեն՝ իր սիրած լեսբոսյան կարմիրից, և խմեց մանր կումերով՝ բավականություն ստանալով կոկորդն այրող դառը հեղուկի ներգործությունից։

Ընթրիքը երկար չտևեց։ Առաջինը հեռացավ Կոռնելիան. նրա ետևից եկավ դայակը։ Նրանից հետո դուրս թռավ Հուլիան՝ այդպես էլ կարգին չընթրելով։

— Դու այդպես էլ չպատասխանեցիր,— խոսակցությունը վերսկսեց Ավրելիան, երբ մնացին երկուսով։

— Այդ ուղին ինձ համար չէ,— Կեսարը ծանր հոգոց հանեց։

— Եթե նկատի ունես դրամական կողմը, ապա մենք դեռ բավականին կարողություն ունենք,— ասաց Ավրելիան։

— Չեմ կարող ես անհոգաբար քամուն տալ մեր վերջին ունեցվածքը՝ հանուն իմ կարիերայի վտանգելով հարազատներիս ապագան։ Բացի այդ, այն չի բավականացնի, իսկ ես, դու ինձ լավ գիտես, մա՛յր, թե սկսեցի, ոչնչի առաջ կանգ չեմ առնի։ Կխճճվեմ պարտքերի մեջ և պատիվս փրկելու համար ստիպված կլինեմ վաճառել իմ հայրական տունը, արատավորելով աստվածներից սերող Հուլիոսների նշանավոր տոհմի անունը։ Մի՞թե ես ընդունակ եմ դա անելու, մա՛յր։

Ավրելիան սպասում էր նման պատասխանի։ Հուլիան պսակվելու օրիորդ էր արդեն, և նա համոզված էր, որ որդին մեկ սեստերցիում անգամ չի վատնի, քանի լուծված չէ քրոջ օժիտի հարցը։ Նա դիտավորյալ խոսք բացեց ժողովրդի համակրանքը սիրաշահելու մասին՝ հուսալով այդ կերպ քողարկել նախապես մշակված ծրագիրը։

Գայոսն այդպես էլ ոչինչ չկերավ՝ բավարարվելով սոսկ գինով։

— Այդ դեպքում գուցե փորձե՞ս խորանալ հռետորական արվեստի մեջ,— առաջարկեց Ավրելիան։— Եվ Հորտենզիոսը, և Ցիցերոնը ավելի անհաջող մեկնարկ են ունեցել։

— Այո՛, բայց նրանք փառքի և ճանաչման չէին հասնի, եթե չունկնդրեին հելլեն մեծագույն հռետորներին։ Նրանք երկուսն էլ սովորել են Փիլոնի մոտ, իսկ Մարկոսը բախտ է ունեցել նաև ունկնդրել Մոլոնին։ Ա՛յ, եթե մի քանի ամիս աշակերտեի նրան...

Կեսարը ձեռքի մեջ խաղացնում էր գինու գավաթը և մտախոհ հայացքը չէր կտրում սեղանից։

Երկար սպասված պահը վերջապես եկել էր, և Ավրելիան հուզվում էր՝ վախենալով մատնել իրեն։

— Իսկապես, ինչո՞ւ չփորձես գնալ Մոլոնի մոտ։ Քեզ անպայման կատարելագործվել է պետք. Ֆակտիոն հո չի՞ կարող ամեն անգամ ցրել նիստը։

Կեսարի դեմքին աշխուժություն երևաց, մեկ րոպեի չափ նա լուռ նայեց մորը, ապա ասաց՝ դառը ժպտալով.

— Դու գիտես, մա՛յր, որ ջերմախտի պատճառով ես առանց բժշկի մեկ քայլ անգամ չեմ կարող հեռանալ տնից։ Ավելացրու սպասավորներին, ստրուկներին, որոնք պիտի ուղեկցեն ինձ։ Նրանց բոլորին կերակրել է պետք այդ ողջ ընթացքում, հագցնել, հոգալ ճանապարհածախսը։

— Կարող ես անհոգ մնալ։― Ավրելիան զգաց, որ ձայնը դողում է։― Հիմա ես գալիս եմ Լանիոնի մոտից, և նա...

— Եղբայրներդ միշտ բարեհոգ են եղել իմ հանդեպ, մա՛յր, բայց այս անգամ պարտք վերցնել չեմ կարող, քանի որ հայտնի չէ, երբ կկարողանամ վերադարձնել,— առարկեց Գայոսը, կռահելով մոր միտքը։

— Թո՛ւյլ տուր ավարտեմ խոսքս,— շարունակեց Ավրելիան։— Քաջ հայտնի է քեզ, որ Լանիոնը ծառայել է հորդ մոտ, և ահա այսօր առավոտյան իմանում եմ, որ հայրդ դեռ կիմբրական արշավանքից առաջ նրան պարտք էր տվել երկու հազար դենար...

— Երկու հազար դենա՞ր,— բացականչեց վայրկենապես կերպարանափոխված երիտասարդը՝ հետաքրքրասիրությունից այրվող շագանակագույն աչքերով նայելով մորը։— Իսկ ինչո՞ւ Լանիոնը մինչև այսօր ոչինչ չէր ասում այդ մասին։

Նրա շունչը կտրվում էր, ուրախությունից սիրտը քիչ էր մնում դուրս թռչեր կրծքից։

— Մահից առաջ հայրդ նրան պատվիրել էր փողը վերադարձնել, երբ դրա կարիքը խիստ զգան իր ընտանիքի անդամները։ Երեկվա քո անհաջողությունից հետո Լանիոնը բանբեր էր ուղարկել ինձ մոտ՝ խնդրելով գալ ու քննարկել, որ եթե պարտքը հիմա վերադարձնի, կատարա՞ծ կլինի արդյոք հորդ պատգամը։

― Եվ նա կարո՞ղ է հիմա վերադարձնել այն,— Կեսարի համբերությունը սպառվում էր, նա ոտքի էր ելել ու ոգևորված քայլում էր սրահում։

— Այո՛,— ասաց Ավրելիան թեթևացած,— առավոտյան կարող ես գնալ դրամի ետևից։

— Ես հիմա կգնամ։

Մոտենալով Կեսարը համբուրեց մորը։

— Դու փրկեցիր ինձ կործանումից, ազատեցիր ծանր մտորումներից։

Նա կրկին համբուրեց մորը, ապա ձայնեց Ափրոկլեսին, որ արդեն վերադարձել էր շուկայից, և կարգադրեց մուտքի մոտ հրավիրել պատգարակակիրներին։

— Այդ ստոր, ծույլ սենատորներին, այդ ամբողջ ծերակույտին ես դեռ ցույց կտամ, թե ում հետ գործ ունեն իրենք,— գոչեց Կեսարը՝ գնալով դեպի ճաշասրահի ելքը։

«Խենթ, իսկական խենթ»,— մտածեց Ավրելիան՝ փաղաքուշ հայացքով ուղեկցելով որդուն։ Հետո նա դիմեց դեպի աղոթատուն։ Ատրիումում պատահաբար նրա աչքովն ընկավ սեփական արտացոլումը, մոտեցավ հայելուն և մի տեսակ զննող հայացքով նայեց իրեն։ Վերջին օրերի ընթացքում մազերը նկատելի ճերմակել էին, գեղեցկատես դեմքին գծագրվել էր առաջին կնճիռի ակոսը, հայացքի մեջ պարզ նկատելի թալկություն էր դրոշմվել, որ արտացոլումն էր հոգեկան ապրումների։

Բայց դա նրան չանհանգստացրեց, ավելին, նա թույլ ժպտաց, որից բերանի անկյուններում հաճելի փոսիկներ հայտնվեցին։

Ոչինչ պարտք չէր իրեն Լանիոնը. կեսօրին դրամն իր հետ տանելով եղբոր տուն, նա որոշել էր այս կերպ կոտրել որդու համառությունը։

Գլուխ երկրորդ

Հետևյալ օրը Գայոսը հրաժեշտ տվեց հարազատներին։ Բժշկից, ազատարձակից և երկու սպասավորներից զատ նրա շքախմբում կային նաև մեկ գրագիր ու թրակիացի պատգարակակիր չորս ստրուկներ, որոնք մինչ Հռոմ բերվելը նավավար զինվոր էին եղել և քաջատեղյակ էին Ասիա պրովինցիայի ծովափնյա քաղաքների նիստուկացին։

Օստիա հասան բարեհաջող։ Հռոմից քառասուն վերստ հարավ գտնվող նավահանգստային այս քաղաքը հիմնադրվել էր վեց հարյուր տարի առաջ, երբ լատինական, էտրուրական, սաբինյան ցեղերի միավորումից առաջացած հռոմեական ժողովուրդը զորեղանալով՝ արտաքին աշխարհի հետ շփվելու խիստ կարիք էր զգացել։ Այն Հռոմի ծովային դարպասն էր, այստեղից էին լեգեոններով բեռնված ռազմանավերը մեկնում արշավանքների, այստեղով էին հավերժական քաղաքի մեծահարուստների շքեղաշուք ննջարաններում կնանալու տարվում գեղաճեմ ու գեղամարմին կույսերը և, վերջապես, այստեղով էր Հռոմ հոսում աշխարհի ողջ ոսկին։ Այդ գանձից որոշ բան մնում էր Օստիային. քաղաքի հիմնական եկամուտը ռազմավարներից արվող մասհանումներն էին։ Իր ճոխությամբ այն, իհարկե, չէր կարող համեմատվել Հռոմի, Պոմպեյքի կամ Հերկուլանիումի հետ, բայց այստեղ ևս կային հոյակերտ բազմաթիվ կառույցներ։ Առանձնապես հիշատակարժան էր նավամատույցից քիչ ետ ընկած եռահարկ մաքսատունը՝ առաջ եկած կողաշենքերով ու սյուների վրա պահվող ծովահայաց պատշգամբներով։ Այն կառուցել էր Մարիուսը՝ ի հավերժացումն տևտոնների դեմ տարած խոշոր հաղթանակի։

Քաղաքի կենտրոնում՝ հիսուն հազար նստատեղով կրկեսի ու քաղաքապետարանի հարևանությամբ, իր բարձր դիրքով շրջապատի վրա իշխում էր Նեպտունոսի տրավերտինակերտ տաճարը՝ բոլոր նավաստիների ու անդրծովյա վաճառականների ուխտատեղին։ Իսկ Հռոմեական ճանապարհը ողջ Իտալիան գիտեր, այն սկսվում էր մաքսատան մոտից, երեք հարյուր կանգուն ձգվելով ծովեզրով՝ շեշտակի թեքվում և խորանում քաղաքի մեջ։ Ծովի մոտ այն երկու կողմից եզերված էր բարձր սյուների վրա կանգնած նշանավոր այրերի արձաններով, ովքեր բարեհաջող արշավանքներից հետո մեծ գումար էին նվիրել քաղաքին կամ զարդարել այն որևէ կառույցով։

Քաղաքի մնացած մասը հեղեղված էր գինետներով, հազար ու մի պանդոկներով ու իջևանատներով, ուր, որպես կանոն, իրենց ձանձրույթն էին փարատում վատ եղանակի պատճառով ծով դուրս չեկած զինվորներն ու առևտրականները կամ էլ ափ իջած ու իրենց ուզած վայրը մեկնող քարավանների սպասող ճանապարհորդները։

Երկար այս ու այն կողմ ընկնելու կարիք չզգացվեց. Գայոսի բախտից առևտրական մի առագաստանավ բուրդ պիտի հասցներ Հռոդոսի վերավաճառողներին։

Նեպտունոսը սովորականից ավելի բարեհաճ էր, և նավը, հաջորդ օրն անցնելով Սիցիլիայի մոտով, դուրս եկավ բաց ծով։ Մեկ շաբաթից այն Հելլադայի ափերին էր, ապա, Կրետեի մոտից թեքվելով, ուղղություն վերցրեց դեպի հյուսիս-արևմուտք։

Այս ողջ ընթացքում Կեսարը լուսաբացի հետ հայտնվում էր տախտակամածին, նստում կերպասե հովհարաձև ծածկի տակ, հիանում ծովի անկրկնելի գեղեցկությամբ և հուզաթաթավ տողեր փորագրում մոմած տախտակին. նա վաղուց մտադիր էր պոեմ գրել Անդրոմեդայի և Պերսևսի հավերժական սիրո մասին, և ահա, վերջապես, եկել էր ոգեշնչումի երկար սպասված պահը։ Հետո, երբ ծովը թաղվում էր անթափանց խավարի մեջ, և առագաստանավը սկսում էր օրորվել գիշերահողմից, նա մեկուսանում էր, կանթեղների լույսի տակ մեծ կլանումով ընթերցում Կլիտարքոսի պատմությունն Ալեքսանդրի մասին։ Կարդում էր, հետո, ձեռքերը գլխի տակ հավաքած, հայացքը նավախցի փոքրիկ լուսամուտից ծիկրակող աստղերին, երազում այնքան, մինչև Մորփեոսն իր աննյութ թևերով հպվում էր նրա հոգնած կոպերին։

Ուղևորության տասներորդ օրը՝ կեսգիշերից բավականին անց, Գայոսն արթնացավ անսովոր աղմուկից. դրսից համառորեն հարվածում էին նավախցի դռանը։ Չէր հասցրել ուշքի գալ, երբ ծխնեհան եղած դուռը շրխկոցով տապալվեց գետին ու, միմյանց հրելով, ներս խուժեցին սպառազեն երեք տղամարդ։ Կանթեղների լույսը երերաց սառն օդի հոսանքից, բայց չմարեց։ Անկոչ հյուրերի տեսքից Գայոսը կռահեց, որ ծովահենները բռնագրավել են նավը։ Ինքը հիմա նրանց գերին էր։

Դասալիք զինվորներից ու փախստակ ստրուկներից կազմված այդ խմբերը որերորդ տարին անպատիժ թալանում էին առևտրական նավերը, գերի ընկածներին, եթե սրանք չէին վճարում փրկագինը, վաճառում ստրկության։ Պատահում էր՝ միավորվում և ափ էին դուրս գալիս, թալանում ողջ քաղաքներ, ստրկության քշում հազարավոր մարդկանց։ Նրանք իրենց այնքան լկտի էին պահում, որ մի անգամ, Հունաստանում, հանդգնեցին գերեվարել հռոմեական երկու պրետորների՝ իրենց շքախմբերի հետ միասին։ Այդ դեպքից հետո սենատը քանիցս նավատորմ էր ուղարկել այս կողմերը, բայց վիճակը մնում էր նույնը։

Ծովահեններից երկուսը մնացին դռան մոտ, իսկ երրորդը մոտեցավ հռոմեացուն։ Գայոսը չշարժվեց ու շարունակեց մնալ պառկած՝ քնատ հայացքով նայելով իր հանգիստը խռովողներին։ Ծովահենը ճանկեց ծածկոցի եզրը և նետեց խցի անկյունը՝ հեգնելով.

— Վեց կաց, տե՛ր, հասել ենք։

Մուտքի մոտ կանգնածները հռհռացին։ Հանգիստ, ասես ոչինչ չէր եղել, Գայոսը ելավ, հագավ տունիկան, կապեց գոտին, հետո ծովահենների ուղեկցությամբ դուրս եկավ տախտակամած։

Նոր սկսվող օրը հասել էր աստղակաթին, և նավի վրա բավականին լուսավոր էր։ Ցռուկի մոտ ընկած էր նավատիրոջ անշնչացած մարմինը, թիավարներն ու մյուս ուղևորները, գլխահակ սեղմվել էին նավակողին, որպեսզի չընկնեին անցնողդարձող ծովահենների ոտքի տակ ու չգրգռեին նրանց։

Սպասված ավարը չգտնելով՝ ծովահենները կատաղած այս ու այն կողմ էին նետվում, թաքստոց գտնելու հույսով քրքրում ամեն ծակուծուկ, ջահեր բռնած՝ խուզարկում ամբարները։ Մի քանիսը նավերը միացնող կամրջակի վրայով տեղափոխում էին բրդով լի պարկեր, ձիթայուղի տակառներ, կտորեղենի փաթոթներ. այն ամենը, ինչ կարելի կլիներ վաճառել։

Նոր էր Կեսարը ելել տախտակամած, երբ նրան մոտեցավ խոշորամարմին, ըմբիշի կազմվածքով մի տղամարդ։ Սա եկավ, կանգնեց քնաթաթախ գերու դիմաց, ոտից-գլուխ տնտղեց նրան, ապա, դեմքի երկար սպին ծուլորեն շոյելով, հարցրեց.

— Պատրի՞կ ես։

Հետո մռութը մոտեցրեց գերու դեմքին, ասես նրա հոտից պիտի առներ հարցի պատասխանը։

Կեսարը հոնքերի տակից խեթ նայեց ծովահենին, խոսքի չարժանացրեց նրան և, զզվելով նրանից փչող անորակ գինու վանող հոտից, նահանջեց կես քայլ։

Գործը թողած ծովահենները հավաքվեցին նրանց շուրջը։ Դրանից ոգևորվելով՝ սպիավորը, որ, նախկին ստրուկ լինելով, սաստիկ ատում էր հռոմեացիներին, անզուսպ ցանկություն զգաց նվաստացած տեսնել գերուն։

— Ի՞նչ է, գայլի՛ ձագ[19],— ասաց նա քամահրանքով,— Հռոմուլոսի տականքները նեղո՞ւմ են, որ լքել ես վարդագույն անառականոցը։ Իսկ գուցե մեկնում ես պրովինցիա ստանալու, հը՞։

Հավաքվածների միջից ծիծաղի ձայն լսվեց։

Հռոմեացի արիստոկրատը, որ սովոր չէր այսպիսի տոնի և միայն կարգադրել գիտեր, այնպես մոլեգնեց, որ մի պահ ցանկացավ բռունցքի հարվածով ջախջախել դիմացինի գանգը, բայց զսպեց իրեն և, ատելությամբ նայելով ծովահենի հրճվանքից փայլող աչքերի մեջ, թունոտ պատասխանեց.

— Երևում է՝ դու դեռ իսկական հռոմեացու չես հանդիպել։

Նրա ձայնի մեջ վախի նշույլ չկար, և դա զգաստացրեց ծովահեններին։

Տախտակամածի վրա օդը սառն էր, և խառնաշփոթի մեջ միայն տունիկա հագած պատրիկը սկսեց դողացնել և, դառնալով գլխիկոր կանգնած ազատարձակին, կարգադրեց տոգան բերել։ Ափրոկլեսը վախվորած նայեց մեկ ավազակապետին, մեկ տիրոջը, հետո, Կեսարի ծայրաստիճան հանգստությունից համարձակություն առած, հեռացավ նավակողից։

Ցասումով նկատելով, որ ոչ իր դեմքի սարսափազդու սպին, ոչ ձայնի արհամարհական տոնը, ոչ ծովահենների բազմությունը և ոչ էլ նավատիրոջ արյունաքամ դիակը սպասելի ներգործություն չունեցան գերու վրա, ավազակապետը կատաղեց այն աստիճան, որ մի պահ ցանկացավ թռցնել այդ հանդուգն գլուխը, բայց հետո, միտքը փոխելով, ետ քաշեց դեպի գոտին գնացող ձեռքը. գլխատելուց ստացած բավականությունը մեկ դենար անգամ չէր արժենա, իսկ, թողնելով գլուխն իր տեղում, նա հույս ուներ ստանալ ավելին, հազար, տասը հազար անգամ ավելին։

Ոսկեկար տոգան ձեռքին, ազատարձակը եկավ ու հնազանդ կանգնեց տիրոջ մոտ՝ չհամարձակվելով այն գցել Կեսարի ուսերին։

— Ի՞նչ ես շվարել,— բարկացավ Գայոսը,— սառեցնե՞լ ես ուզում ինձ։

Ափրոկլեսը դողդողալով՝ տոգան փաթաթեց նրա թիկունքին։ Համարձակություն առած սպասավորները ևս մոտեցան ու ջանասիրաբար ուղղեցին տոգայի ծալքերը, փեշը բերին ու ճարմանդեցին ուսին։

— Քա՞ջ ես ձևանում,— չարախնդաց ծովահենը, ձեռքերը կանթելով կողքին։— Քեզ նմաններին չեմ ծնկի բերել՝ ստրկության վաճառելով պարթևներին։ Թին ձեռքդ որ ստիպված լինես մաքրել Տիզբոնի անասնաշուկաները, այնժամ կիմանաս՝ ինչպես պետք է խոսել ինձ հետ։

Նրա խոսքերին հաջորդեց ծովահենների միահամուռ քրքիջը։

— Իսկ եթե նման ապագան սարսափեցնում է քեզ,— շարունակեց սպիավորը շինծու կարեկցանքով,— քո մարդկանց ուղարկի՛ր ցամաք և թող փրկագին բերեն քեզ համար... — Ծովահենը գնահատող հայացքով նայեց երկնագույն տոգայի մեջ կոկիկորեն առնված հռոմեացուն և նրան վերջնականապես ընկճելու համար ավելացրեց՝ բառերը հատ-հատ շեշտելով,— քսան տաղանդ։

— Վե՜րջ, հիմա արդեն ծունկ կչոքի և այլոց նման կաղերսի իջեցնել փրկագինը,— ձեռքը թափ տվեց հավաքվածներից մեկն ու հեռացավ դեպի տախտակամածի մի անկյունում դարսված պարկերը։

Կեսարի դեմքին ոչ մի մկան չշարժվեց, թեպետ փրկագնի ահռելիորեն խոշոր չափը շշմեցրեց նրան։ Նա սոսկաց, համարեց, որ կործանված է, բայց նրա հիվանդագին ինքնասիրությունը թույլ չտվեց նեղմիտ բարբարոսների առաջ գոնե փոքր-ինչ նվաստացած տեսնել սեփական անձը։ Մեծ ճիգով քողարկելով ներքին հուզմունքը, նա դիմեց ծովահենին.

— Դու, երևում է, գլուխ գնահատելու գործում վարպետ չես, թեպետ զբաղմունքի բերումով հաճախ ես գործ ունենում դրանց հետ։ Այլապես չէիր վիրավորի ինձ։

Սպիավորը ոչինչ չհասկացավ և, աչքերը ճպճպացնելով, գլուխը տարուբերեց։

— Բայց դու մեղք չունես դրանում,— ձայնին հեգնանքի երանգ հաղորդելով, շարունակեց հռոմեացին։— Դու չգիտես՝ ում ես գերեվարել, հետևաբար չէիր կարող իմանալ, որ ուսերիս պահվող գլուխը, որը քիչ առաջ տենչացիր անջատել մարմնից, ավելին արժե, քան կարող ես պատկերացնել։

Ծովահեններն ապշած իրար երեսի նայեցին. հավատայի՞ն ունկերին, վստահեի՞ն աչքերին, մի՞թե նման բան հնարավոր է կյանքում։ Իսկ հռոմեացին շարունակեց՝ ատելությունից աչքերը փայլեցնելով կանթեղների պես։

— Խորհուրդ կտամ այսուհետ փրկագին նշանակելուց առաջ հարցնել, թե որքան է գնահատում իր գլուխը տերը. ես գնահատում եմ այն երեսուն տաղանդ, և այդքան էլ կստանաս իմ ազատության դիմաց...

Այդ նույն միջոցին աննախադեպ իրարանցում էր սկսվել Հռոմում։ Քաղաքը բվում էր հանգիստը կորցրած մեղվապարսի նման, սենատն օրվա մեջ երկու նիստ էր հրավիրում։ Ֆորումում չտեղավորվելով՝ տագնապած քվիրիտները հեղեղել էին Մարսյան դաշտը։ Բութանիայի Նիկոմեդես Լատինասեր թագավորը մահից հետո ծովափնյա իր երկիրը կտակել էր Հռոմի սենատին։ Որքան էլ քաղաքի ողջամիտ հայրերը զգուշացրին չընդունել կտակը՝ պատճառաբանելով, որ Բութանիային տիրելով, հանրապետության ռազմանավերը ակամա կփակեն նեղուցները՝ պոնտական նավահանգիստները կտրելով Միջերկրական ծովից, Ֆակտիոնն իրենն արեց։

Եվ ահա լուրեր էին եկել Ամիսոսից, թե Պոնտոսի Միհրդատ Վեցերորդ Դիոնիսոս Եվպատոր արքան պոնտացիներից, մեդացիներից, վրացիներից, աղվաններից, սկյութներից, Փոքր Հայքի հայերից մեծ բանակ է կազմել ու ներխուժել Բութանիա, թե չորս հարյուր տրիրեմներից կազմված նրա նավատորմը, ճանապարհին ամեն ինչ տակնուվրա անելով, մոտենում է նեղուցներին։

Այժմ, երբ պատերազմն անխուսափելի էր, անզիջում պայքար էր գնում բարձրաստիճան մագիստրների միջև. Միրհրդատի նման արժանավոր հակառակորդ ամեն անգամ չէր լինի, և յուրաքանչյուր ոք տենչում էր փառաբանել իր անունը՝ հաղթելով նրան։

Երկու օր տևած համառ վեճերից հետո ասիական զորքերի գերագույն հրամանատարությունը վստահվեց Գայոս Կոտտային։

Կրքերը նոր էին հանդարտվել, երբ հանկարծամահ եղավ Լեռնային Կիլիկիայի կուսակալ Օկտավիանոսը։ Հռոմը նորեն փոթորկվեց։ Կիլիկիան հեռու էր Բութանիայից, բայց տվյալ պահին կարևորը Ասիա ընկնելն էր։

Կրկին անգամ նիստեր չհրավիրելու և հարցը շուտափույթ լուծելու համար կուսակալի նշանակումը հանձնարարվեց ժողովրդական տրիբուն Սետեգային...

Գեղամարմին և բազմահամբավ Պրեցիան՝ սիրո Վեներա աստվածուհու երկրային փոխանորդը, անկեղծորեն զարմացավ՝ առատ նվերներ ստանալով կոնսուլյարիս[20] Լուկիոս Լիկինյոս Լուկուլլոսից։ Նրան զարմացրեց ոչ այնքան նվերների արտասովոր ճոխությունը, որքան անպատեհությունը. այժմ, երբ ամենքը տարված էին Կիլիկիա ընկնելու մոլուցքով, կոնսուլյարիսն ինչպե՞ս է կարողանում ժամանակ գտնել սիրահետումների համար։

Իսկ երեկոյան, երբ մեռնող օրվա ծվենները հավաքվել էին Ալբանոյի հողմածեծ գագաթին ու վարդագունվել մոտալուտ վախճանի սարսափից, կոնսուլյարիսն ինքը բարեհաճեց՝ վարձու կարգով, ծպտված պլեբեյական հագուստի մեջ։ Կառքը կանգնեցնելով դարպասների մոտ՝ նա փութով ներս անցավ և իրեն դիմավորելու եկած սպասավորների ուղեկցությամբ գնաց էքսեդրում[21], ուր նրան սպասում էր տարփուհին։

— Ինչո՞ւ այդպես ծածուկ,— հարցրեց տանտիրուհին՝ քաղցր ժպտալով, երբ մնացին երկուսով։— Մի՞թե Կլոդիան այդպես խստորեն հետևում է քեզ։ Խեղճ իմ Լուկիոս։

Կոնսուլյարիսի ձեռքից բռնելով, կինը նրան առաջնորդեց դեպի լուսամուտի մոտ դրված կաշեպատ բազմոցը։ Նստեցին։ Լուկուլլոսն ակամա զննում էր սրահի կահավորանքը՝ ասես պարզելու համար, թե ինչ փոփոխություններ են կատարվել իր վերջին այցելությունից հետո։

— Վերջին անգամ ե՞րբ ես եղել ինձ մոտ, ինչ-որ չեմ հիշում,— հարցրեց Պրեցիան՝ ցանկագրգիռ կերպով շարժելով մարմինը և թեքվելով դեպի կոնսուլյարիսը։— Չլինի՞ Կլոդիան վերջապես սովորել է տղամարդ սիրել։ Ո՛չ, ո՛չ, այդ մեկն անհավատալի է, չփորձես կեղծել։

Նա հաճելիորեն ժպտաց՝ ափերը տարուբերելով հայացքի դեմ։

Նրա առանքնող, դիտավորյալ կիսաբաց ստինքները տռփանքի հաճելի դող էին հաղորդում կոնսուլյարիսին, խնամքով փաթաթված վարսերի մեջ շողում էր ոսկեփոշին, մարմարիոնե պարանոցին գցված էր երկտակ մի շղթա, որ թեք գծերով սահում էր պարարտ ստիքների արանքով, կորչում մետաքսե կիսաթափանց հագուստի տակ՝ իր հետ տանելով կոնսուլյարիսի ուշադրությունը։

Լուկուլլոսն ափերի մեջ առավ նրա փափլիկ ձեռքը, շոյեց այն՝ թույլ տալով նա խաղա իր հոգու հետ։

Կլոդիան, ինչ խոսք, գեղեցիկ է, բայց ինձ թվում է՝ նրան արարելիս Վուլկանը մոռացել է մի պտղունց կրակ խառնել նրա արյանը, դրա համար էլ նա սառն է Վեստայի տաճարի կարիատուհիների[22] նման։— Պրեցիային անչափ դուր եկավ իր համեմատությունը և լիաթոք քրքջաց, որից կոնսուլյարիսն ավելի գրգռվեց։

Պրեցիայի առաջին ամուսինը զոհվել էր Ֆիլեբեոտի մոտ։ Շատ չանցած՝ նա ամուսնացել էր մի քվեստորի[23] հետ, բայց սա ևս երկար չէր ապրել, Սուլլայի մահից հետո հարել էր խռովարարներին և սպանվել։ Երրորդ անգամ այրիանալ չկամենալով՝ Պրեցիան քվեստորից ծնված դստեր խնամքը հանձնել էր կապադովկուհի իր սպասուհիներին և արդեն որերորդ տարին անշեղորեն հետևում էր Ամուրի խորհրդին։

Ազնվատոհմիկ մյուս տարփուհիներից նա առանձնանում էր տղամարդ սիրելու անգերազանցելի շնորհքով ու նաև կնոջ համար նախանձելի խորհրդապահությամբ։ Սիրեկանները նրա հետ խոսում էին ամեն ինչից, փարատում իրենց վշտերը, կիսում հոգսերը և հեռանում բավարարված ու թեթևացած։

Սա էր, թերևս, պատճառը, որ քաղաքի հայրերի մեջ մշտական կռիվ էր գնում նրան դարպասելու իրավունքի համար։ Բայց այս օրերին, տարված քաղաքական պայքարով, ամենքը մոռացել էին նրան։

— Իսկ դու առնականացել ես,— սիրատենչ հայացքով Լուկուլլոսի պիրկ մարմինն գրկելով, ասաց Պրեցիան՝ մոտ նստելով նրան։— Թե՞ պլեբեյի հագուստն է այդպես ընդգծում կեցվածքդ։ Երդվում եմ Բարի դիցուհով, որի անունը չի կարելի տալ տղամարդու ներկայությամբ, դու այսօր գերազանցում ես անգամ Ապոլոնին։

Այստեղ նա նկատեց, որ կոնսուլյարիսը մտահոգված է, և հարցրեց.

— Ի՞նչն է այդպես պղտորել հանգիստդ։

— Եկել եմ քո օգնությունը խնդրելու,— պատասխանեց Լուկուլլոսը՝ թույլ տալով նա գգվի իրեն։

— Իմ օգնությո՞ւնը,— զարմացավ Պրեցիան, որ քնքուշ մատներով շոյում էր կոնսուլյարիսի մկանուտ պարանոցը։— Քաջակորով կոնսուլյարիսին՝ Ֆիլոբեոտի ճակատամարտի աննկուն հերոսին, ինչո՞վ կարող է օգնել բոլորի կողմից մոռացված միայնակ կինը, թերևս, սփոփելուց բացի։

Փարվելով Լուկուլլոսին՝ Պրեցիան գորովանքով նայեց նրա աչքերի մեջ ու արտաբերեց իր թովիչ, կրքով առլեցուն ձայնով.

— Ամենքը մոռացել են ինձ, Լուկիոս, Արեսը խելքահան է արել բոլորին։ Նրանց համար այդ պոնտացի բարբարոսը, որ յոթ տարի ապրել է վայրի գազանների մեջ, ավելին արժե, քան ես։

Կոնսուլյարիսն ընկճվեց այս խոսքերից և, չկամենալով հիասթափեցնել տարփուհուն, վճռեց առժամանակ չխոսել այցելության բուն պատճառի մասին։ Նա կնոջը սեղմեց կրծքին և բավականին երկար համբուրեց նրա պագշոտ շուրթերը։

— Մի՛ քաշվիր,— անսպասելիորեն ասաց Պրեցիան՝ ազատվելով նրա գրկից։— Ես կռահում եմ՝ քեզ ինձ մոտ է բերել ամենևին ոչ սերը։

Հապաղելն իմաստ չուներ. կնոջ նրբանկատ հայացքից չէր վրիպել կոնսուլյարիսին համակած երկընտրանքը։

— Իմ Վեներա՛,— Լուկուլլոսը գրկեց տարփուհուն և սեղմեց կրծքին,— ես երկար եմ խորհել այստեղ գալուց առաջ, ողջ գիշերն անց եմ կացրել անքնության ու տառապանքի մեջ՝ ծանրութեթև անելով բոլոր հնարավոր միջոցները։ Եվ նպատակիս տանող ոչ մի այլ ելք չեմ կարողացել գտնել։

— Այդ ի՞նչ նպատակ է, որին հասնելը կապված է ինձ հետ,— հետաքրքրվեց Պրեցիան՝ սևեռուն հայացքով զննելով Լուկուլլոսի դեմքը։

— Ողջ Հռոմում միայն դու կարող ես օգնել ինձ՝ ստանձնել Կիլիկիայի կուսակալի պաշտոնը,— կոնսուլյարիսը քնքշորեն շոյեց տարփուհու դեմքն ու համբույրով ծածկեց նրա շուրթերը։

— Փա՜ռք, փա՜ռք,— ծոր տվեց Պրեցիան՝ ոտքի ելնելով։— Օ, անմա՛հ աստվածներ, թող օրհնյալ լինի ձեր անունը, ի՞նչ արյուն է սրանց երակներում։ Ես հիմա անկեղծորեն հավատում եմ, որ մեր նախնիներն իսկապես սնվել են գայլի կաթով։

— Գրողի ծոցը փառքը,— գոչեց կոնսուլյարիսը բորբոքված՝ մնալով բազմոցին նստած։— Դրա ետևից թող վազեն նրանք, ովքեր աշխարհի վրա այլ հոգս չունեն։

Հետո հանգստանալով հարցրեց.

— Մտածե՞լ ես երբևիցե՝ ինչ հարստությունների կտիրանա Միրհրդատին հաղթողը։

— Դո՞ւ,— Պրեցիան զարմանքից կլորացած աչքերով նայեց կոնսուլյարիսին,— դու խորհում ես հարստության մասի՞ն։ Հապա լեգե՞նդը։ Մի՞թե դու չէիր, որ հրաժարվեցիր Պտղոմեոսի անհամար նվերներից։

— Ուրիշ ժամանակներ են հիմա, իսկ ես այլևս այն մաքրահոգի պատանին չեմ, որն անկեղծորեն հավատում էր, թե առաքինությունն է մարդուն գնահատելու միակ չափանիշը։ Ես հրաժարվեցի Պտղոմեոսի ութսուն տաղանդից, քանի որ ես նրա մոտ գնացել էի նավատորմի ետևից, ոչ թե նվերների։— Անցյալը վերհիշելով՝ Լուկուլլոսին զայրույթն էր աստիճանաբար տիրում, և նրա ձեռքերը սկսում էին դողալ տենդորեն։— Ես հրաժարվեցի ու շտապեցի Հունաստան, ուր իմ ընկերները Սուլլայի հետ անհամբեր սպասում էին ինձ և, Միրհրդատից հալածված, ձմեռում էին վրաններում՝ հեռու բնակավայրերից ու մարդկանցից։ Իսկ այսօր այդ նույն մարդիկ, որ կանգնած են իշխանության գլուխ, մոռացել են անցյալը, բոլորովին հաշվի չեն առնում խնդրանքներս և ինձ կուսակալության են ուղարկում վայրենի Գալլիա։

— Բայց ինչպե՞ս կարող եմ օգնել քեզ, Լուկիո՛ս,— կարեկցանքով ասաց Պրեցիան և ուսերը թոթվեց։

— Ինքդ գիտես, որ Սետեգան այնքան էլ բարեհաճ չէ իմ հանդեպ։— Լուկուլլոսը ելավ բազմոցից ու մոտեցավ տարփուհուն։— Քո օգնությունը կլինի այն, որ փորձես հրապուրել նրան, իսկ երբ կապվի քեզ, նրա գլուխը մտցնես, թե ճանաչում ես մի մարդու, որն ամենից արժանավորն է Կիլիկիա գործուղվելու համար։

Թույլ չտալով կինը ծանրութեթև անի առաջարկը՝ Լուկուլլոսը ծոցից հանեց ոսկեդրվագ մի զարդատուփ և դրեց Պրեցիայի ափը։ Բացելով տուփը՝ Պրեցիան այնտեղ գտավ սուտակով և շափյուղով զարդարված հրաշագեղ մի շղթա։

— Օգնի՛ր ինձ ընկնել Ասիա, և ես կզարդարեմ քեզ այնպիսի ապարանջաններով, որպիսիք չեն կրել հռոմեական թագուհիներն անգամ,— կոնսուլյարիսը շղթան գցեց կնոջ պարանոցով։— Պոնտոս, Ասորիք, Հայաստան. գանձերի այս անհատնում շտեմարանները կփռեմ ոտքերիդ տակ։

— Շտեմարաններ ինձ պետք չեն,— հայելու մեջ տնտղելով զարդը՝ ասաց Պրեցիան,— գնի՛ր ինձ համար մի վիլլա, եթե մեծ հոգս չէ քեզ համար։ Անցյալ տարի՝ Լուպերկալիայի տոներին, Կում էի գնացել, այնտեղ մի հրաշալի վիլլա տեսա և այդ օրից կորցրել եմ հանգիստս։ Ամեն առավոտ, երբ Մորփեոսը լքում է մարմինս, և հոգիս արթնանում է վերստին, ինձ թվում է՝ կբացեմ աչքերս ու կհայտնվեմ այնտեղ, դուրս կգամ պարտեզ ու կարբենամ պինիաների վաղորդյան բույրով, ականջս կշոյի շատրվանի մելամաղձոտ խշշոցը, բոկոտն կքայլեմ մարջանի փոշով ծածկված ծառուղիներով և կցողվեմ այգաբացի շամանդաղով, ծնկներիս կփարվեն հեզաճկուն վիթեր ու եղնիկներ...

Պրեցիայի դեմքին երանավետ զմայլություն էր դրոշմվել, և նա իր առջև տեսնում էր Կումի այն վիլլան։

— Դու կունենաս այդ ամենը, առաջին ռազմավարից քեզ այնքան գանձեր կուղարկեմ, որ կկարողանաս կառուցել այնպիսի շքեղ վիլլա, որպիսին չի տեսել Հռոմն իր պատմության մեջ։

Պրեցիան սեղմվեց կոնսուլյարիսին և, հայելու մեջ նայելով նրան, փաղաքշանքով ասաց.

— Առավոտյան, երբ գնաս իմ մոտից, կարող ես Կիլիկիա մեկնելու պատրաստություն տեսնել։ Սետեգան վաղուց սիրահետում է ինձ, ես խուսափում էի նրանից, քանի որ ծեր է արդեն։

— Առավոտյա՞ն,— Լուկուլլոսը ձևացրեց, թե չհասկացավ ակնարկը։

— Այո՛, Լուկիո՛ս, այս գիշերը նվիրի՛ր ինձ։

Գլուխ երրորդ

Գերության առաջին օրերն անցան գրեթե աննկատ, քանի որ դեռ ներքուստ հպարտանում էր իր հանդուգն արարքով և մեծ հույսեր էր կապում պրովինցիաներում բնակվող Մարիուսի նախկին զինակիցների հետ, որոնք նրա խորին համոզմամբ ոչինչ չէին խնայի իրենց առաջնորդի զարմիկին փրկելու համար։ Բայց հետզհետե նա սկսեց տարակուսել իր արարքի ճշմարտացիության վրա, ու երբ լրացավ գերության երկրորդ շաբաթը, իսկ ծառաները չվերադարձան, նա վերջապես ցած գլորվեց հպարտության բարձունքից, և նոր միայն իր վիճակն իրեն ներկայացավ անողոք պարզությամբ։ Եվ նա սկսեց դատափետել իրեն՝ փրկագինն անխոհեմաբար ավելացնելու համար, չհասկանալով, թե որ չար ոգին դրդեց իրեն այդ անիմաստ քայլին։ Ի՞նչ էր ուզում ինքն ապացուցել դրանով, մի՞թե իր արարքն իսկական մանկական չարաճճիություն չէր։ Բայց, ինչ էլ լիներ, ոչինչ այլևս փոխել հնարավոր չէր, և դառնացած ու հուսահատ նա լուսաբացից մինչ խավարի թանձր ծնրադրումը հայացքը չէր կտրում հորիզոնից. յուրաքանչյուր հազիվ նշմարելի կետ, հեռվում թևածող ամեն ճայ նրան նավ էր երևում։

Ափրոկլեսին նա ուղարկել էր Պերգամոն, սպասավորներին՝ Հոնիա, գրագրին ու թրակիացի ստրուկներին՝ Փռյուգիա։ Քաղաքե-քաղաք թրև գալով՝ նրանք, իրենց տիրոջ ծանոթ ու անծանոթ հռոմեացիներից մաս֊մաս պարտք վերցնելով, պիտի հավաքեին անհրաժեշտ գումարը։ Հոնիա իր մարդիկ կհասնեին լավագույն դեպքում երկու-երեք օրից, Պերգամոն և Փռյուգիա՝ հինգ օրից ու թե որքան կթափառեին այդ երկրներում, աստվածներին էր միայն հայտնի։

Իսկ եթե որևէ բան պատահի՞ նրանց, եթե մոլորվե՞ն օտար ափերում կամ չհասցնե՞ն պահանջված քառասուն օրում հավաքել փրկագինն ամբողջությամբ։ Նա սոսկում էր մտածել այդ մասին. համոզված էր, որ չի տանի նվաստացումը և ինքնասպան կլինի։ Կբացի երակն ու վերջ կտա կյանքին։ Այդպիսի պահերին նա բոլորովին կորցնում էր փրկության հույսը և նստում էր սեղանի առջև՝ կտակ գրելու, բայց մտքերը, որ մերթ ծառաների հետ թափառում էին ասիական քաղաքներում, մերթ խաչում ծովահեններին, ողջակիզում կամ մեռցնում նրանց բազում այլ, էլ ավելի տանջալի, չարչարանքներով, ի մի չէին գալիս, և զուր ու անիմաստ նա կրծոտում էր շուրթերը։ Հետո, նավակողին կանգնած, նա այլայլված հայացքով երկար նայում էր ծովի ալիքներին և համոզում իրեն նետվել ջուրն ու վերջ տալ հոգեկան տվայտանքներին։ Նրան այդ մտքից հետ էր պահում ոչ թե գիտակցությունը, այլ ներքին ինչ-որ բնազդ։

Բարձրյալներից նա ոչ մի օգնություն չէր ակնկալում. իր կարճատև կյանքի ընթացքում հասցրել էր հասկանալ, որ աստվածներն անտարբեր են իր հանդեպ, եթե ոչ՝ անբարեհաճ։ Նա չէր աղոթում, չէր աղերսում զորավիգ լինել իրեն։ Իր աստվածը հիմա Ափրոկլեսն էր, գրագիրն էր ու թրակիացի ստրուկները։ «Եթե նրանք փրկեն ինձ, ստրուկներին ազատություն կշնորհեմ, գրագրին կպարգևատրեմ, Ափրոկլեսի համար տուն կկառուցեմ Սուբուռայում, նավ կգնեմ, թող նրա որդիները զբաղվեն ստրուկների ներմուծմամբ»,— անվերջ խոստանում էր ինքն իրեն։

Տառապանքը փոխել էր նրան անճանաչելիորեն, դարձել էր դյուրագրգիռ, միտքը բռնված էր ծանր խոհերով, և ոչինչ ուրիշ չէր զբաղեցնում նրան։ Փորձում էր տարվել ընթերցանությամբ, բայց հայացքը սառում էր էջի վրա։ Երբեմն կամքի մեծագույն լարումով հաջողվում էր տրվել հիշողություններին, ուրախ դեպքեր էր մտաբերում մանկությունից, բայց հանգստաբեր այդ երանությունը երկար չէր տևում, քանի որ ծովահենների աղմուկը կամ նավակողին զարնվող ալիքի ճողփյունը նրան կրկին վերադարձնում էր դաժան իրականություն, և անհնար էր այլևս շարունակել արթմնի երազը։ Գլուխը բռնած՝ նա քայլում էր խցում, անզորությունից ջարդուփշուր անում ձեռքն ընկած իրը, իսկ եթե այդ պահին մի որևէ հետաքրքրասեր ծովահեն էր հայտնվում շեմքին, հալածում էր նրան սոսկալի հիշոցներով։ Գիշերները, գլուխը թաղած բարձերի մեջ, ջանում էր քնել և գոնե մի քանի ժամ հանգստանալ, բայց ծանր մտքերը թունդ գինու նման ներծծվել էին սրտի մեջ և ոչ մի րոպե հանգիստ չէին տալիս նրան։ Մինչ լուսաբաց նա չափչփում էր նավախուցը, և օր-օրի նրա համբերությունը սպառվում էր։

Մահից նա չէր երկյուղում, նրա դաստիարակները նրան սովորեցրել էին չերկնչել անխուսափելիից, և նա տառապում էր չիրագործված նպատակների համար միայն։ Եվ մի՞թե ի չիք էին դառնալու պատանեկությունից ի վեր ջերմորեն փայփայած երազանքները, այն էլ այժմ, երբ վերջապես գտել էր կյանքի իր ուղին, որը խոստանում էր գոհացում բերել փառատենչ իր հոգուն։ Նա անտանելի փառասեր էր,— իսկ ո՞վ այդպիսին չէ Հռոմում,— և անհայտության մեջ ապրած յուրաքանչյուր օր տարի էր նրա համար։ Փառքի հասնելու ձգտումն ուղեկցում էր նրան դեռևս տասնհինգ տարեկանից։ Պատանեկության տարիներին, երբ հասկակիցները, սիրուց գլուխները կորցրած, սրտամորմոք մադրիգալներ էին գրում և անքուն գիշերներ լուսացնում սիրեցյալի կարոտից, նրան միայն մի միտք էր զբաղեցնում՝ կկարողանա՞ արդյոք դառնալ այնպիսի մի անձնավորություն, որ իր մասին բոլորը խոսեն, ամենքը ճանաչեն իրեն, կկարողանա՞ կրկնել Մարիուսի սխրանքները, կունենա՞ Տիգրանի նուրբ դիվանագիտությունը, Միրհրդատի խելահեղ համարձակությունը կամ թե Պլատոնի մտքի խորաթափանցությունը։ Բայց նրա պաշտելի կուռքը, երազանքների երազանքը, ընդօրինակման անփոփոխ իդեալը ի սկզբանե կար և մնում էր Ալեքսանդրը։ Ամեն ինչում նմանվում էր նրան, եթե բնավորության որևէ գծով զիջում էր, ձգտում էր անհապաղ ուղղել իրեն։ Պատանեկության տարիներին աչքի չէր ընկնում ամուր առողջությամբ, նաև երկչոտ էր։ Այս թերություններից ազատվելու նպատակով նա սկսեց մարզվել, կոփել մարմինը, իսկ հոգեկան կաշկանդվածությունն իսպառ վերացնելու համար գիշերները թափառում էր Լավեռնայի պուրակում, թրև գալիս Տիբուրյան ճանապարհի վրա։ Ապահովության համար սկզբում հետը վերցնում էր գալլական լայնաշեղբ դաշույն, բայց հետո դրանից էլ հրաժարվեց և գիշերային զբոսանքների էր ելնում բոլորովին անզեն։ Առաջին օրերին ամեն ինչ այնքան էլ հարթ չէր. սսկվում էր ամեն խշշոցից, գիշերային ճանապարհորդների հանդիպելով, թաքնվում։

Բայց համառությունը և նպատակին հասնելու անկոտրում կամքը արեցին իրենցը. մեկ ամիս հետո, անտառում աղմուկ լսելով, անպայման գնում և պարզում էր պատճառը, ճանապարհորդների պատահելով՝ զրույցի էր բռնվում, որքան էլ կասկածելի լիներ նրանց տեսքը։

Որդու խորհրդավոր անհետացումները լրջորեն անհանգստացնում էին Ավրելիային։ Սկզբում նա կարծում էր որդին սիրահարվել է, բայց լուրեր եկան, որ նրան տեսել են Հռոմից դուրս, մեկ-մենակ. նա գնաց տալոջ ամուսնու՝ կոնսուլ Գայոս Մարիուսի մոտ և խնդրեց որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել որդու համար։ Մարիուսն անհնազանդ պատանուն ուղարկեց Մումերկոսի մոտ՝ սանության։ Գիշերային թափառումները վերացան, բայց հիմա էլ սկսվեցին կատաղի ծեծկռտուքները նշանավոր մարդկանց սաների միջև։ Այլ ելք չգտնելով՝ Ավրելիան ամուսնացրեց նրան, հուսալով, որ իր ընտանիքն ունենալով, որդին կխաղաղվի ու կլրջանա։

Իսկ այդ ժամանակ արդեն նրա հոգում սկիզբ էր առել արտասովոր մի խլրտում, ներքին ուժերի հանգիստ չտվող զարմանալի համագործակցություն, որը նրան մղում էր անսահման ինքնավստահության, սեփական կարողությունների հանդեպ մեծ հավատի և աստիճանաբար նրա մոտ ծայր առավ այն համոզումը, թե ինքը ծնվել է մեծ գործերի համար և թե հանճարն ի սկզբանե նստած է իր հոգում։

Հետագա տարիներն անցան անվերջ սպասման մեջ. նրան թվում էր, թե իր կյանքում ուր որ է տեղի կունենա արտակարգ մի դեպք, կգործի աննախադեպ սխրանք, կստեղծի անօրինակ երկ կամ թե աչքի կընկնի որևէ այլ կերպ, շռնդալից հաջողությունները կուղեկցեն իրեն և կհայտնվի փառքի գագաթնակետին։ Կհայտնվի հանկարծակի, անսպասելի բոլորի համար։

Որերորդ տարին նա ապրում էր հոգեմաշ այդ սպասումի մեջ, և երբեք հույսը չէր լքում նրան, երբեք չէր կորցնում հավատը գալիք հաջողությունների հանդեպ։ Որքան զարմացավ, երբ ամուսնությունից հետո մայրը պատմեց իր ծննդյան օրը քրմերի արած գուշակությունների մասին։ Իսկ նրանք հայտարարել էին, որ ինքը եթե չմեռնի քսան տարեկանում, նշանավոր մարդ է դառնալու։ Նա ապշել էր զուգադիպություններից, չէ՞ որ ինքը քսան տարեկան էր, երբ Սուլլան իրեն մտցրեց մահապարտների ցուցակի մեջ։ Հապա նշանավոր մարդ դառնալու նրանց կանխագուշակությո՞ւնը։ Մի՞թե այս ամենի մեջ առկա չէր նախախնամության շունչը։

Որքան ծանր է, երբ դու, ողջ աշխարհի վրա միայն դու գիտես, որ քո մեջ նստած է ՀԱՆՃԱՐԸ, և քանի որ այն դեռևս չի դրսևորել իրեն ոչ մի ձևով, դու ամենքի համար ամենահասարակ երկոտանի ես, ամենասովորական մահկանացու։ Որերորդ տարին նա մարմնի հետ կրում էր անասելի այդ ծանրությունը, անվերջ հուսալով, որ եթե ոչ այսօր, ապա մոտ ապագայում կկատարվի հրաշքը, որին սպասել էր և որին այլևս անկարող էր սպասել։ Եվ ահա, կարծես, գտել էր ուղին, որը ճանաչում կբերի իրեն։ Ճիշտ է, դատավարությունները տանուլ տվեց, բայց բնատուր օժտվածությունն ու մտքի ճկունությունն արժանացան նրբանկատ հռոմեացիների ուշադրությանը. ինքը, որ այդ գործում տակավին սկսնակ էր և չէր հասցրել ոչ մեկից սովորել, միանգամից ճանաչվեց երկրորդ հռետորը քաղաքի։ Տարիներ շարունակ փայփայած երազանքները, թվում էր, ուր որ է կիրականանային, թվում էր, կուսանի Մոլոնի մոտ, և ոչինչ այլևս չի կարող արգելք լինել իր ճանապարհին։ Բայց ահա ինչ-որ փախստականների, անկիրթ ու բռի ծովահենների պատճառով ստիպված էր կատարելագործման գնալու փոխարեն օրորվել Փարմակուզայի ափամերձ ջրերում, և դեռ հարց էր՝ կազատվե՞ր գերությունից, թե՞ ստիպված կլիներ վերջ տալ կյանքին։

Օրն ուրախ խրախճանքների մեջ անցկացնող ծովահենների վայրի գոռոցներն ու անպարկեշտ երգերը, հոնիացի գերյալ կանանց համար հարբած ծեծկռտուքները, մինչև լուսաբաց շարունակվող անսանձ օրգիաների ժխորն այլևս տանելի չէին նրա համար, և մի անգամ չհամբերելով հոխորտաց նրանց վրա՝ պահանջելով իր խցի մոտից կորչել գրողի ծոցը։ Ծովահենները, երկյուղելով ոչ այնքան նրա կատաղի տոնից, որքան նրա այլայլված ու գունատ արտաքինից, այլևս թրև չէին գալիս նրա լուսամուտի տակ։ Բայց, միևնույն է, հոգեկան ծանր ապրումները, սպասումն ու ահագնացող ձանձրույթը նրան արդեն հանել էին հավասարակշռությունից։ Գիշերները նրան հայտնվում էին մղձավանջային տեսիլներ։ Նրան երևում էր, թե ինքը խաչում է ծովահեններին, իսկ սրանք տանջվելու փոխարեն քրքջում էին, քրքջում ինչ-որ դիվային քրքիջով, այնքան ուժգին, որ վեր էր թռչում այդ ձայնից։ Իսկ ցերեկը սկսել էին այցի գալ հիվանդագին մտքեր, անվերջ մտածելուց հոգնել էր, գիտակցությունը սկսել էր դուրս գալ սեփական հսկողությունից, և նա իրեն հաճախ բռնում էր երևակայական ինչ-որ անձանց հետ բարձրաձայն վիճելիս։ Իսկ հետո գիշերները նա միշտ միևնույն նավն էր տեսնում, որ բերում էր Ափրոկլեսին և մյուս ծառաներին, իսկ նրանք հեռվից ուրախ ձեռքով էին անում ու կանչում իրեն։ Նա վազում էր տախտակամած ու, լսողությունը լարելով, խավարի մեջ հարազատ ձայներ էր ուզում լսել։

Նա հասկանում էր, որ խելագարությունից իրեն կփրկեր կատարյալ ինքնամոռացումը միայն։

Գերության երեսուներորդ օրը, երբ ծովահենները սովորականի նման խնջույքի էին նստած, անսպասելիորեն բացվեց նավասենյակի դուռն, ու շեմքին հայտնվեց գերյալ հռոմեացին։ Ծովահենները դադարեցին աղմկել՝ սպասելով, թե ինչ է ասելու նա։ Հայացքը սահեցնելով հարբած ավազակների ու կիսամերկ կանանց վրայով՝ Կեսարը նկատեց անկյունում նստած կիթառահարին, որ գլուխը կախ, անվարժ ինչ-որ մեղեդի էր ծնգծնգացնում։ Ոչինչ չասելով՝ Կեսարն իրեն ուղեկցող հարցական հայացքների ներքո մոտեցավ նվագածուին և կիթառն առավ ձեռքը։ Աշխուժացած ծովահենները մի կողմ քաշվեցին՝ տեղ բացելով նրա համար։ Գինի մատուցեցին նրան։ Նա մի շնչով դատարկեց գավաթը, պահանջեց երկրորդը,— իսկ մեկ ամիս առաջ խորշում էր դրա հոտից անգամ։ Հետո երգեց դաշնալուր ձայնով.

Երգի՛ր Մուսա՛, քենը երգի՛ր Պելիսածին Աքիլլեսի,
Քենը դըժնյա, որ անհամար ցավեր բերեց աքայացոց,
Որ բազմաթիվ դյուցազների գահավիժեց դըժոխն ի վար
Եվ դին նրանց դարձրեց կեր թռչունների ու շների...

Մշտական թափառումներից ու զրկանքներից զատ կյանքում ուրիշ ոչինչ չտեսած ավազակները նրան լսում էին բերանները բաց, ոչ ոք չէր շարժվում, ամենքը սսկվել էին իրենց տեղում։ Երբ նա դադար տվեց, ամբոխը նրան ողջունեց աղմկոտ ծափահարությամբ։ Նորից գինի հրամցրին, իսկ մի ծեր ծովահեն ասաց.

— Կարգին տղա ես, միացի՛ր մեզ, փող կունենաս, գեղանի կանայք, ազատություն, ի՞նչ ես կորցրել Հռոմում։

Իսկ գինովցած հռոմեացին, ցուցամատով օդում ծուռումուռ շրջաններ գծելով, պատասխանեց.

— Միանա՞լ։ Ես ձեզ բոլորիդ խաչելու եմ, ազատվեմ՝ դժոխքում էլ լինեք, կգտնեմ ու ողջ-ողջ կխաչեմ։

Ծովահենները լիաթոք հռհռացին՝ կատակի տեղ ընդունելով նրա խոսքերը։

Գերության երեսունութերորդ օրը հորիզոնի վրա երևաց անառագաստ մի թիանավ...

Ափ իջնելով Հոնիայում, Գայոսը, մոռացած Հռոդոս մեկնելու մասին, առանց ժամանակ կորցնելու՝ գնաց մերձակա Սմիռնայի քաղաքապետի մոտ և խնդրեց մի քանի տրիրեմ տրամադրել իրեն։

Քաղաքապետը հյուծված ու հիվանդագին դեմքով, ոչ մի պաշտոն չունեցող հռոմեացուն նայեց բարձրից, լսեց նրան բավականին անտարբեր, և միայն մեկ անգամ նրա աչքերը փայլեցին անշեջ կրակով, երբ իմացավ, թե որքան գանձեր կան ծովահենների մոտ։ Բայց մատը մատին չզարկեց ու գլուխն ազատեց՝ ասելով, թե կզբաղվի այդ հարցով, երբ ժամանակ ունենա։

Գայոսը չհուսահատվեց։ Նրա բախտից էր՝ նավահանգստում պատահաբար հանդիպեց իր մտերիմներից Կուրիոնին, որ արձակուրդն ստացել ու տուն էր վերադառնում։ Նավատորմ ճարելու և զինվորներ հավաքագրելու հույսով երկուսով ոտնատակ տվին ամբողջ ծովեզրը։ Նրանց հաջողվեց երեք առևտրական նավ վարձել ու ծով հանել հարյուր հիսուն լեգեոններ՝ մի մասին առատ վարձատրություն խոստանալով, մի մասն էլ նրանց միացավ կամովին՝ անձնական հաշիվներ ունենալով ծովահենների հետ։

Գլուխ չորրորդ

Սենատը՝ սենատ, բայց հանրապետության բոլոր կարևոր հարցերը քննվում էին հասարակական բաղնիքում։ Այստեղ ամփոփվում էին վերջին լուրերը, իրենց նոր գործերն ընթերցողներին էին ներկայացնում բանաստեղծներն ու իմաստասերները, հռետորները հմտանում էին ճարտասանության մեջ։ Քաղաքում ժամանցի վայրերի պակաս չէր զգացվում. առավոտից իրիկուն չէր դադարում ժխորը Ֆորումում, հետաքրքրասերներին օրական երկու անգամ ներկայացումների էին հրավիրում կրկեսները, գործում էին թատրոնները, ամսվա մեջ մի քանի անգամ ուրախ խաղեր էին անցկացվում Մարսյան դաշտում, այցելուների համար մինչև ուշ գիշեր բաց էին հազար ու մի մանր ու մեծ գինետներ, պանդոկներ ու խաղատներ։ Չնայած այս ամենին՝ մեծատոհմիկների սիրած վայրը կար և շարունակում էր մնալ հասարակական բաղնիքը։ Ճիշտ է, պատրիկները, ինչպես նաև քիչ թե շատ հարուստ պլեբեյներն իրենց ինսուլաներում ունեին սեփական լոգարան, բայց ոչ ոք առիթը չէր թողնում մեծ ճաշից առաջ գոնե մեկ ժամով բաղնիք այցելելու համար։ Այստեղ կարելի էր ոչ միայն ազատվել օրվա բերած հոգնածությունից, այլև զրուցել, վիճել, պարծենալ նոր-նոր գնած գեղամարմին ստրկուհով, որի հետ կենակցում էին կնոջից գաղտնի, կամ փսփսալ այլոց կանանց հետ ունեցած սիրային կապերի մասին։

Հասարակական բաղնիքն առավել սիրելի դարձավ բաղնեպան Սերգիուս Հորացիուսի նշանավոր նորամուծությունից հետո։ Մինչ այդ սրահները տաքացվում էին բրոնզե մեծ կաթսաների միջոցով, որոնք բավականին անհարմարություն էին ստեղծում այցելուների համար։ Հորացիուսը հեռացրեց կաթսաները, գետնահարկում կառուցեց ջեռուցարան, որտեղից շոգին, փակ օդուղիներով անցնելով ավազաների տակով և պատերի միջով, տաքացնում էր շենքը։

Յուրաքանչյուր նորընտիր կոնսուլ կամ էդիլ[24] իր պարտքն էր համարում սեփական միջոցներուվ ճոխացնել բաղնիքի ներքին տեսքը, լրացնել այն նոր ու հարմարավետ սրահներով։ Եթե տասնամյակներ առաջ բաղնիքն ուներ ընդամենը երկու-երեք անշուք սրահներ, ապա այժմ դրանց թիվն անցնում էր յոթից, և դրանք իրենց շքեղությամբ չէին զիջում Հռոմում ոչ մի կառույցի։

Առաջինը, ում հանդիպում էր բաղնիքի այցելուն, շեմքին կանգնած ծիրանեգույն զգեստով դռնապանն էր, որի պարտքն էր կողմնակի անձանց թույլ չտալ խանգարել քաղաքի հայրերի հանգիստը։ Անցնելով դռնապանի մոտով՝ այցելուն հայտնվում էր գմբեթակերպ տանիքով սպասասրահում, որից ընդարձակ միջանցքը տանում էր հանդերձարան։ Այստեղ պատանի ստրուկներն օգնում էին հանվել ու փաթաթվել անուշահոտություններով օծված բրդե ճերմակաթույր սրբիչների մեջ։ Հետո այցելուն հայտնվում էր ապոդիտերիումում. սա մի գեղեցկազարդ սրահ էր՝ մարմարե պատերով ու խճազարդ հատակով, ուր լոգանքից հետո ճեմում էին կիսամերկ քվիրիտները։ Ապոդիտերիումից երեք դռներ բացվում էին դեպի կալդորիում՝ տաք սրահ, ֆրիգիդարիում՝ սառը սրահ, և շոգարան։ Բաղնիքի ետնամասում կային նաև ճաշարան, գրադարան, մարմնամարզության և արևային լոգանքի սրահներ, օժանդակ այլ կառույցներ։ Սրահներից ամենամեծը կալդորիումն էր. այստեղ գոլ ավազանից զատ կային նաև օթյակներ՝ պառկելու համար, նստարաններ՝ անմիջապես ավազանի եզերքին ու պատերի տակ, ինչպես նաև՝ ճեմելատեղ։ Այցելուներն այս սրահում երկար էին մնում, և այն միշտ մարդաշատ էր ու աղմկոտ։

Բացառություն չէր նաև այս անգամ։ Մումերկոսը, Կատիլինան, Սետեգան, որ եկել էին մեկ ժամ առաջ, հասցրել էին լոգանք ընդունել և, սրբիչների մեջ փաթաթված, նստած էին ավազանամերձ նստարաններին։ Մեկ տասնյակի չափ մերկ սենատորներ ըմբոշխնում էին կանաչով ներկված ջրի հաճելի ջերմությունը։ Օթյակները զբաղված էին։ Այստեղ էր նաև Ֆակտիոն՝ հանձին էդիլ Ահենոբարբոսի, Գերագույն քուրմ Ֆուֆիդիայի, Մարկոս Բիբուլոսի և Դոլաբելայի։

Այդ օրերին խոսակցության հիմնական թեման Ասիայում սկսված պատերազմն էր։ Չորս օր առաջ ստացված լուրերի համաձայն Կոտտայի փռյուգիական լեգեոնները նահանջել էին ու փակվել Քաղկեդոնում։ Պաշարվածներին Կիլիկիայից օգնության էին շտապում Լուկուլլոսի լեգեոնները։

— Երդվում եմ ամենակարող Զևսի կայծակներով՝ Կոտտան չի սպասի Լուկիոսին և կռվի կբռնվի մենակ,— մի խումբ սենատորների գլխին հավաքած՝ վիճաբանում էր պրետոր Մարկոս Լուցիոս Կրասոսը։— Ա՛յ, կտեսնեք, այդպես էլ կլինի։

— Ինչո՞ւ ես այդպես կարծում,— Ասիական զորքերի գերագույն հրամանատարին պաշտպանեց Մումերկոսը. նա թեք էր ընկել բարձերով ծածկված նստարանին և արծաթե գավաթով մեղրագինի էր ըմպում։— Ի՞նչպես կարող է չսպասել, բարբարոսների բանակը քառապատիկ գերազանցում է մեր զորքին։

— Որովհետև Կոտտան դեռ մինչև Փռյուգիա մեկնելն այն մտքին էր, թե առաջվա նման հնարավոր է փոքրաթիվ, բայց վարժված բանակով հաղթել ասիացիներին,— բացատրեց Կրասոսը՝ շրջվելով դեպի Մումերկոսը։— Միրհրդատի դեմ նա կռվել է յոթ տարի առաջ, իսկ այդ ընթացքում պոնտացիք հիմնովին փոխել են մարտավարության եղանակները, ընդօրինակել մեր բոլոր լավ գծերը. ես լուրեր ունեմ, որ Եվպատորին մեծապես օգնում են Մարիուսի զինակիցները։ Այնպես որ, մեր դիմաց հիմա խիստ վարժեցված կանոնավոր բանակ է, ոչ թե ասիական խաժամուժ։

— Այո՜,— ծոր տվեց Ֆուֆիդիան, որ սրբիչը դեմքին պառկել էր օթյակներից մեկում,— Եվպատորի դեմն առնելն այնքան էլ հեշտ չի լինի, եթե անգամ մեր զորքերը միավորվեն։ Հելլեսպոնտոսում մենք նավեր քիչ ունենք, այնպես որ ծովում էլ նրա առավելությունն ակնհայտ կլինի։ Թերևս հարկ լինի Աֆրիկայից ետ կանչել Սկիպիոնի նավատորմը։

— Մեր բախտից է, որ Տիգրանը չհամաձայնեց միանալ նրան,— լսվեց սրահի խորքից։

— Հանուն ինչի՞ միանար,— փորձեց պարզաբանել Ֆուֆիդիան. յոթ տարի առաջ նա Կապադովկիայում կռվել էր Միրհրդատին աջակցող Տիգրանի հեծելազորի դեմ և իրեն համարում էր հայկական գործերի մեծ գիտակ։― Նա իր հսկայական կայսրությունը պահում է խաղաղության մեջ, ո՛չ հողի պակաս ունի, ո՛չ հարստության։

— Լսել եմ՝ նրա դեմ ապստամբել է ավագ որդին,— խոսակցությանը խառնվեց Մանլիուսը, նա, որ Սուլլայի հետ գերել էր Յուգուրթային։— Կիլիկիայից եկած վաճառականները պատմում են, որ արքան իր թիկնագունդն ուղարկել է որդու դեմ։

— Եթե այդ ամենն իրականություն է,— ասաց Ֆուֆիդիան. Մանլիուսի հաղորդածը նորություն էր նրա համար,— ապա համոզված կարող եմ ասել, որ Եվպատորի արածն է։ Նա է գրգռել թոռանը։ Նրանից ամեն ինչ սպասելի է. մի տեղ եթե անկարող եղավ թափանցել համաձայնությամբ կամ ուժով, կխուժի խորամանկությամբ՝ դժգոհ արքայազուններին և մյուս իշխանավորներին հրահրելով իրեն չհամակրող թագավորների դեմ։ Հիշենք թեկուզ Պտղոմեոսի դեպքը, երբ նա հալածված արքաեղբորը տեղ տվեց իր արքունիքում, ամուսնացրեց դստեր հետ, հետո Տիգրանի օգնությամբ հաջողեցրեց նրա գահակալումը Եգիպտոսում՝ այդպիսով իր որոգայթը քաշելով այդ երկիրը ևս։

Այս խոսքերի վրա կալդորիում մտավ Գնեոս Պիզոնը։ Հաստամարմին, կենսուրախ այս սենատորը, որ Ֆակտիոի առաջնորդներից էր, միշտ առաջինն էր իմանում Հռոմ հասնող ոչ պաշտոնական լուրերը։ Նկատելով նրան՝ սրահում հավաքվածները դադարեցին խոսել բարբարոսների մասին։

— Դե, Գնեո՛ս, ի՞նչ լուրեր ես բերել այսօր,— նրա ողջույնն առնելով՝ հարցրին այս ու այն կողմից։

Ճեմելով ողորկ հատակի վրայով, որպեսզի բոլորը տեսնեն իրեն, Պիզոնը պատմեց, որ Կումի գլադիատորական դպրոցից փախել են յոթանասուն ստրուկներ, սպանել պահակներին, թալանել ճանապարհին պատահած զենք փոխադրող սայլերն ու թաքնվել Վեզուվի անտառներում։

— Լենտուլոս Բատիատոսի դպրոցից կլինեն,— ենթադրեց Կատիլինան, որ լոգանք ընդունելու միտումով ելել էր տեղից։ Քվեստոր եղած ժամանակ նա զբաղվել էր Մեծ կրկեսի համար գլադիատորներ հայթայթելով և հինգ մատի նման գիտեր բոլոր դպրոցները։

— Բատիատո՞ս, ըհը, կարծես այդպես էր անունը,— հաստատեց Պիզոնը։

— Տեղն է դրան, ագահի մեկն է,— մռլտաց Կատիլինան։— Ֆելիքսին խելքահան էր արել ու իր գլադիատորներին այնքան թանկ էր վաճառում Մեծ կրկեսի վրա, որ գանձարանն անշուշտ կդատարկվեր, եթե աստվածները մեկ տարի ուշ իրենց մոտ կանչեին դիկտատորի հոգին։ Նրա մոտից վաղ թե ուշ փախչելու էին, քանի որ ստրուկներին գլադիատորության է պարտադրում ոչ թե հանցանքի համար, ինչպես ընդունված է, այլ զուտ շահ ստանալու միտումով։

— Իսկ հիմա լսեք՝ ինչ լուր է բերել այսօր առավոտյան Լոկից վերադարձած իմ ազատագրյալը։― Պիզոնը շարունակեց նորությունների հաղորդումը։— Այնտեղ նա հանդիպում է մի իսպանացու, որ բուրդ էր բերել վաճառելու, և ահա թե ինչ է պատմում նրան այդ վաճառականը։ Երբ Պոմպեոսը տարագրվածներից ազատում է Կորդուբան և շուքով մտնում քաղաք, նրան մոտենում է ծեր մի բախտասաց ստրուկ և առաջարկում գուշակել ապագան։ Բոլորդ գիտեք, որ Մագնիան[25] մի առանձին հավատ չի տածում դրանց ասածների հանդեպ, բայց, թևավորված հաջողություններից, մի քիչ էլ՝ հետաքրքրասիրությունից դրդված՝ համաձայնում է։ Իմպերատորի[26] ափը զննելուց հետո գուշակը հայտարարում է, թե նա մեծ հաջողությունների է հասնելու, ամենազոր աստվածների օգնությամբ հնազանդեցնելու է բոլոր բարբարոսներին, արժանանալու է ամենաբարձր պատիվների, բայց երկար չի ապրելու, հալածվելու է իր իսկ աներոջ կողմից ու գլխատվելու է բարբարոսի ձեռքով, հայրենիքից հեռու, զավակների աչքի առաջ։

Վերջին խոսքի վրա սրահում աշխուժություն առաջացավ, լսվեցին ծիծաղի ձայներ. Պոմպեոսի աները վախճանվել էր չորս տարի առաջ։

— Ես ձեզ ասում եմ այն, ինչ լսել եմ,― բացականչեց Պիզոնը։— Իսկ ձեզ ո՞վ ասաց, թե Մագնիան ապրելու է Մուցիայի հետ մինչև խոր ծերություն, մի կնոջ, որն այսօր արդեն անկողինը կիսում է այլոց հետ։

— Ուրեմն,— շարունակեց Պիզոնը, երբ սրահը վերստին խաղաղվեց,— Մագնիան ևս խնդում է, ինչպես այժմ դուք, և հարցնում ստրուկին, որ եթե այդքան գիտուն է, թող գուշակի՝ ինքն ինչպես է մեռնելու։ Իսկ ինձ շներն են ուտելու,— պատասխանում է նրան ծերունին։ Մագնիան քմծիծաղ է տալիս և իրեն դիմավորելու եկած իսպանացիներին ու իր զորքին հայտարարում, թե հիմա կապացուցի, որ գուշակի ասածների մեջ ճշմարտության հետք անգամ չկա։ Նա հրամայում է սպանել ծերունուն և ողջ քաղաքի ներկայությամբ այրել դիակը։ Գուշակին մեռցնում են, փայտ կուտակում, դիակը դնում վրան, բայց երբ կամենում են կրակ տալ, անսպասելիորեն անձրև է սկսվում, սոսկալի մի տարափ։ Պատսպարվում են, ով որտեղ կարողանում է։ Այդ ժամանակ փողոցում հայտնվում է թափառական շների քաղցած մի ոհմակ ու հոշոտում առանց հսկողության մնացած դիակը։

Սահմռկեցուցիչ այս պատումից հետո սրահում երկար ժամանակ ծանր լռություն էր տիրում. ոչ ոք այլևս չէր կասկածում, որ այն ամենը, ինչ հայտնեց Պիզոնը, իսկապես պատահել էր և նա ոչինչ չէր հորինել։

Հայտնի չէ՝ որքան կտևեր լռությունը, եթե կալդորիում մտած հաղթահասակ Մարկոս Տուլլիոս Ցիցերոնն իր վրա չհրավիրեր ներկաների ուշադրությունը։ Նա ողջունեց քաղաքի հայրերին, մաղթելով, որ Ֆելիցիտան իր բարիքները հավասարաչափ թափի նրանց վրա։ Հետո արձակեց գոտկատեղին փաթաթված սրբիչը, հանձնեց այն իրեն մոտեցած ստրուկին, ապա, ավազանի հատակ տանող աստիճաններով իջնելով, ընկղմվեց գոլ ջրի մեջ։

Մարկոսը բաղնիք գալիս էր գրեթե նույն ժամին։ Լինելով վատառողջ,— նա գանգատվում էր ստամոքսից,— խիստ ռեժիմ էր պահպանում. օրական երկու անգամ մարզում էր մարմինը, սնվում միայն մայրամուտից հետո։ Ամեն օր քնից առաջ երեք ստրուկների ուղեկցությամբ զբոսնում էր քաղաքի փողոցներում։

Կալդորիումում նրա հայտնվելը շատերին ստիպեց խոժոռվել։ Մարկոսը պատրիկ չէր, սերում էր հեծյալների դասից, ծնվել էր Հռոմին մերձակա ավաններից մեկում։ Նա չորս տարի ծառայել էր բանակում, ուսից վիրավորվելով՝ թողել զինվորականի գործը և նվիրվել իմաստասիրությանը։ Հռոմում իր սեփական տունը չունենալով՝ նա վարձել էր Կատոնի Չորրորդ հատվածում գտնվող առանձնատունը։

Միջին խավից ելած հռետորին պատվախնդիր որոշ սենատորներ չէին սիրում, անվերջ տրտնջում էին նրան սենատում տեղ տալու համար, իրենց մեջ նրան կոչում էին հոմո-նովուս՝ նորելուկ, դուրսպրծուկ։ Բայց նրա հանդեպ լուրջ ուշադրություն էր դարձնում Ֆակտիոն՝ նպատակ ունենալով նրա գիտելիքներն ու հռետորական անուրանալի շնորհքը ծառայեցնել իր շահերին։

Ընդհատված խոսակցությունը ոչ մի կերպ վերսկսել չէր ստացվում։ Լոգանք ընդունելով՝ Ցիցերոնը ելավ ավազանից, փաթաթվեց սրբիչի մեջ ու նստեց փետրե բարձերին թիկնած Բիբուլոսի կողքին։ Վուշե բարակ զգեստ հագած սպասավորը հարցրեց նրան, թե ինչ կկամենա անուշ անել, մեղրագինի, թե՞ ձյունով սառեցված հյութ. Մարկոսը հրաժարվեց նրա ծառայությունից։ Սենատորները ձևացրին, թե ննջում են կամ տարված են խոհերով։ Միայն Բիբուլոսն ու մյուս ֆակտիոականները հարցուփորձ արին նրա որպիսության մասին։

Կալդորիումում Մարկոսը երկար չմնաց, նա անցավ ուրկտորիում, ուր հմուտ մերսողները փութաջանորեն տրորեցին նրա մարմինը և օծեցին անուշաբույր յուղերով։

— Գիտե՞ս ինչու էր անտրամադիր,— Ցիցերոնի գնալուց հետո Մումերկոսի ականջին շշնջաց Կատիլինան։— Տեղեկացել է, որ Գայոսը մեկնել է Մոլոնի մոտ և հիմա երկյուղում է, որ նրա վերադարձից հետո իր գործերը կդժվարանան։

Մումերկոսը թույլ քմծիծաղ տվեց։

Մերսումից հետո Ցիցերոնն անցավ ֆրիգիդարիում՝ հուսալով այնտեղ հանդիպել բանավիճող որևէ խմբի։ Այս սրահը բացօդյա էր, և հետկեսօրյան կիզիչ արևից պաշտպանվելու համար քաղաքի հայրերը տեղավորվել էին մետաքսով պատած որմնախորշերում։ Պաղ ավազանում լոգանք ընդունող չկար։ Սրահի կենտրոնում՝ հովանոցակերպ մեծ ծածկի տակ, բոլորաձև նստած էին երեք հոգի՝ Գլաբրիոս Վելլեյոսը, Քվինտոս Հորտենզիոսը, Կոռնելիոս Սուլլան՝ դիկտատորի եղբորորդին, և տաքացած վիճում էին ինչ-որ հարցի շուրջ։

Նկատելով սրահ մտած Ցիցերոնին՝ Հորտենզիոսը ձեռքով արեց նրան։

— Ճիշտ ժամանակին եկար,— ասաց Քվինտոսը, երբ Մարկոսը մոտեցավ նրան,— Վելլեյոսի հետ վիճում ենք կարևոր հարցի շուրջ, և քանի որ նման վեճերի մեծ սիրահար ես, կարծում եմ՝ կմասնակցես հաճույքով։

— Ինձ նույնպես թվում է՝ ժամանակին եմ եկել, քանի որ այստեղ են իմաստասիրական երեք գլխավոր դպրոցների ներկայացուցիչներ՝ էպիկուրոսական Վելլեյոսը, ստոիկ Սուլլան և ակադեմիկոս Հորտենզիոսը։— Կիկերոնը նստեց ազատ գահույքին։— Իսկ ինչի՞ մասին է վեճը։

— Աստվածների բնույթի,— պատասխանեց Հորտենզիոսը։— Այդ հարցն ինձ համար միշտ եղել և շարունակում է մնալ մութ, և ահա ես Սուլլայի հետ միասին Վելլեյոսին խնդրեցի բացատրել, թե ինչ կարծիքի է այդ մասին Էպիկուրոսը։ Այնպես որ, Վելլեյո՛ս, եթե քեզ համար դժվար չէ, կրկնի՛ր, խնդրում եմ, պատասխանիդ սկիզբը։

— Կկրկնեմ,— ասաց Վելլեյոսը՝ հարմարվելով թիկնաթոռի մեջ։

— Կկրկնեմ, թեև հիմա դուք երկուսով եք իմ դեմ. չէ՞ որ երկուսդ էլ նույն ակադեմիկոս Փիլոնից եք սովորել՝ ոչինչ չիմանալ։

— Թե ինչ ենք սովորել նրանից, հիմա կերևա,— հեգնեց Ցիցերոնը,— իսկ եթե այդպես վախենում ես, կաշխատեմ մենակ վիճաբանել քեզ հետ։

— Վախենա՞լ,— չարախնդաց Վելլեյոսը՝ աչքերը փայլեցնելով,— թեկուզ ակադեմիկոսների մի ողջ կոհորտա կանգնի իմ դեմ։— Ներքուստ հրճվելով այն մտքից, որ հիմա նեղը կգցի հեծյալ հռետորին, նա խոսքը սկսեց այնպիսի տոնով, ասես այն ամենը, ինչ հիմա հայտնելու էր, բացարձակ ճշմարտություն էր անըմբռնելի հասարակ մահկանացուի համար։— Ձեր կողմից խիստ հարգված Պլատոնը պնդում էր, թե աշխարհն ստեղծել է աստված և որ աստված ինքն էլ ոչ այլ ինչ է, եթե ոչ մի ինչ-որ համաշխարհային բանականություն։ Ահա ես ինքս ուզում եմ նախքան Էպիկուրոսի վեհ մտքերին անդրադառնալը մի հարց տալ ձեզ՝ Պլատոնն այդ ի՞նչ աչքերով է տեսել աստծո վարպետությունն աշխարհստեղծման գործում։ Ի՞նչ պատրաստություն է տեսել աստված աշխարհը կառուցելուց առաջ, ի՞նչ գործիքներից է նա օգտվել, ի՞նչ լծակներից, այդ ի՞նչ մեքենաներ է նա կիրառել՝ այսպիսի ահռելի տուն ստեղծելու համար։

— Դու շարադրի՛ր քո բոլոր հարցերը,— ասաց Մարկոսը,— ես կլսեմ քեզ առանց ընդհատելու և վերջում կպատասխանեմ բոլորին։ Նմանապես խնդրում եմ վարվես և դու։

— Թող այդպես լինի,— համաձայնեց Վելլեյոսն ու շարունակեց։— Պլատոնը պնդում է, որ թեև աշխարհը ձեռակերտ է, այն նաև հավերժական է։ Բայց չէ՞ որ նա ինքը սովորեցնում է ձեզ, որ սկիզբ ունեցող ամեն ինչ անպատճառ պիտի նաև վերջ ունենա։ Սա մեկ։

Բնություննն ինքը մեզ պատկերացում է տալիս աստվածների բնույթի մասին, և ի սկզբանե մեր բանականության մեջ դրոշմված է, որ նրանք հավերժական են ու երանելի։ Եվ քանի որ սա բոլորն են ընդունում, ապա լիովին ճիշտ է Էպիկուրոսի հայտնի միտքը, թե հավերժականն ու երանելին չպիտի ունենան ոչ մի հոգս և այդպիսիք չպիտի պատճառեն ուրիշներին։ Այնպես որ, նրան խորթ են ատելությունն ու բարյացակամությունը, քանի որ այդ բոլորը թուլության արտահայտություններ են, որը հատուկ չէ աստծուն։ Ուրեմն հարկավոր է մարդկանց մոտ մեռցնել վախը աստվածների ուժի և ատելության հանդեպ, նրանք ոչ ատում են, ոչ էլ բարյացակամ են. հետևաբար, նրանցից ոչ մի վտանգ չկա։

Ինչ վերաբերում է աստվածների արտաքին տեսքին, ապա բոլոր երկրներում նրանց ներկայացնում են մարդու տեսքով։ Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ հավերժականն ու երանելին պետք է լինի նաև ամենակատարյալ, ամենագեղեցիկ։ Իսկ ի՞նչ կա մարդուց գեղեցիկ։ Ոչինչ։ Նրա անդամների դիրքը, մարմնի գծերի համադրությունն անկրկնելի է ու կատարյալ։ Մյուս կողմից, քանի որ աստված ինքը բանական էակ է, իսկ բանականությամբ օժտված է միայն մարդը, ուրեմն աստված պիտի ունենա մարդկային կերպարանք։ Այստեղ պիտի շեշտեմ, որ այդ կերպարանքը մեր իմացած մարմինը չէ, բայց նման է մարմնի, նրանց երակներում արյուն չէ, բայց նման է արյան։ Էպիկուրոսն իր այս խելամիտ հայտնագործությունը շարադրել է բավականին նուրբ, այնպես որ ոչ բոլորը կարող են ըմբռնել այն, սակայն ես կարծում եմ, որ քո մտքի խորաթափանցությունը, Մարկո՛ս, կբավականացնի այն հասկանալու համար։

Իսկ ի՞նչ է անում աստված, ինչո՞վ է զբաղված,— հարցնում է ինձ Հորտենզիոսը։ Իսկ նա ոչինչ էլ չի անում։ Այո՛, այո՛, հենց այդպես՝ ոչ մի զբաղմունք չունի։ Նա բավականություն է ստանում իր խորին իմաստությունից և գիտի, որ այդ մեծագույն բավականությունը վայելելու է ընդմիշտ։ Լոկ այսպիսի աստծուն կարելի է համարել երջանիկ, իսկ ձեր համաշխարհային բանականությունը լիիրավ տաժանակիր է։

Եթե աստված ինքն աշխարհն է, ինչպես դուք եք պնդում, իսկ աշխարհը, ամենքին է հայտնի, շեշտակի արագությամբ պտտվում է երկնային առանցքի շուրջ՝ ոչ մի վայրկյան կանգ չառնելով, ապա կարելի՞ է պատկերացնել առավել անհանգիստ կյանք, քան ձեր աստծունն է։ Չէ՞ որ անհնար է լինել երանելի՝ չիմանալով ինչ է դադարը։ Էպիկուրոսը մեզ սովորեցնում է, որ երջանիկ կյանքն այն է, որ հոգին հանգիստ է և չկա ոչ մի պարտականություն։ Նա գտնում է, որ աշխարհն ստեղծվել է բնության կողմից, առանց բանականության միջամտության։ Բնության համար աշխարհ ստեղծելն այնքան հեշտ է, որ նա ստեղծել է, ստեղծում է և դեռ ստեղծելու է անթիվ-անհամար այդպիսի աշխարհներ։ Իսկ դուք, որ չեք տեսնում, թե ինչպես կարող է բնությունն ինքը աշխարհ ստեղծել, վազում եք աստվածների մոտ, նման այն պոետին կամ ողբերգակին, որ չգիտի՝ ուրիշ ինչ կերպ գործողությունը հասցնի հանգուցալուծման։ Դուք, իհարկե, չէիք դիմի աստծո օգնությանը, եթե կարողանայիք պատկերացնել տարածության անսահմանությունն ու անչափելիությունը, բոլոր ուղղություններով նրա ահռելի մեծ չափերով տարածված լինելը, ուր և թափառում է հոգին՝ հատելով այն լայնությամբ ու երկարությամբ, և չի տեսնում ո՛չ եզր, ո՛չ ափ, որտեղ կարողանա հանգրվանել։ Ահա այդ անընդգրկելի լայնության, երկարության և բարձրության մեջ գործում է անսահման մեծ ուժը անթիվ ատոմների, որոնք, չնայած միմյանց միջև եղած դատարկությանը, կառչում են իրարից, խմբվում, այս կերպ առաջացնելով բազմատեսակ այն մարմինները, որոնք, ըստ ձեզ, անկարող էին ստեղծվել առանց դարբինների միջամտության և առանց կաղապարների։ Այս կերպ դուք նստեցրել եք ձեր գլխին հավերժական մի տիրոջ, որից վախենում եք գիշեր, թե ցերեկ, քանի որ նա ամեն ինչ տեսնում է, նկատում, մտածում, խառնվում ամեն գործի մեջ։ Իսկ մենք՝ էպիկուրոսականներս, խոնարհվում ենք աստվածների առջև միայն նրանց կատարելության և բնույթի համար՝ առանց վախի կամ թե որևէ հույսի։

Ավարտելով խոսքը՝ Վելլեյոսը հիացմունքից ճառագող հայացքը սահեցրեց ֆրիգիդարիումում հավաքված սենատորների վրայով։ Մինչ նա խոսում էր, հետաքրքիր մարտի անկնալումով սրահ էին եկել ևս մի քանի հոգի և, տեղավորվելով որմնախորշերում կամ խմբվելով ծածկի տակ, նայում էին հեծյալի կողմը, որը դեռ մտածում էր պատասխանի վրա։ Նրանց հետաքրքրում էր, թե ինչ են հակադրելու ակադեմիկոսները։

Հորտենզիոսը կտրուկ շարժվեց աթոռի վրա, ցանկացավ պատասխանել Վելլեյոսին, բայց Ցիցերոնը, ձեռքը դնելով նրա ուսին, ոտքի ելավ։

Մարկոսը բավականին անհանգիստ բնավորություն ուներ, խոսելիս անպայման շարժվում էր, ցնցվում, քայլում անդադար։ Այժմ էլ, հեռանալով ավազանի երկարությամբ մինչև վարդագույն պարիսպը, սկսեց խոսել՝ առանց Վելլեյոսի կողմը նայելու։

— Ես հաճախ էի լսել, Վելլեյո՛ս, որ ձերոնք քեզ բարձր են դասում հռոմեական մյուս էպիկուրոսականներից և ընդամենը մի քանի հույների են ընդունում քեզ հավասար։ Բայց հիմա, լսելով քեզ, համոզվեցի, որ նրանք սաստիկ չափազանցրել են։ Քո ելույթներում մեծ մտքեր, իհարկե, կային, բայց դու ձերոնց նման ավելի շատ զոռ ես տալիս ճարտասանությանը։ Երբ ես Աթենքում էի, Փիլոնն ինձ խորհուրդ տվեց լսել Զենոնին, որին դուք համարում եք ձեր առաջնորդներից մեկը։ Հիմա ես հասկացա. Փիլոնն այդ արեց, որպեսզի, իմանալով ինչպես է մտածում էպիկուրոսականների գլխավորը, կարողանամ հեշտությամբ մերկացնել ձեր դրույթների սնանկությունը։ Նա էլ, Վելլեյո՛ս, քեզ նման խոսում էր պարզ, հստակ ու, կարևորը՝ ճարտար։ Բայց անցնենք բուն հարցերիդ։

Եթե դու ինձ հարցնես՝ ով է աստված և ինչպիսին է նա, ես կվարվեմ այնպես, ինչպես դա արեց հույն քնարերգու Սիմոնիդես Քեոսացին, որը, ինչպես գիտես, երկար տարիներ ապրել է Սիրակուսայի Հիերոն թագավորի արքունիքում։ Եվ ահա մի օր՝ ճոխ ճաշկերույթից հետո, Հիերոնը նրան խնդրում է բացատրել՝ ով է աստված և ինչպիսին է նա։ Քեոսացին խնդրում է մտածելու համար իրեն մեկ օր ժամանակ տալ։ Երբ հաջորդ օրը Հիերոնը կրկնում է հարցը, քնարերգուն առաջարկում է սպասել ևս երկու օր, իսկ հետո՝ չորս օր, ութ օր և այսպես շարունակ։ Երբ այս ամենից խիստ զարմացած արքան հարցնում է, թե ինչու է ամեն անգամ նա կրկնապատկում օրերի քանակը, Սիմոնիդեսը պատասխանում է.

— Որքան խորն եմ մտածում, արքա՛, այնքան այդ հարցն ինձ համար մութ ու անհասկանալի է դառնում։

Ես հիմա չեմ քննարկի աստվածների լինել-չլինելու հարցը. ինքս գտնում եմ, որ նրանք գոյություն ունեն, բայց ահա քո բերած ապացույցն ինձ թվում է բոլորովին անհիմն։ Դու պնդում ես, թե աստծո գոյության հիմնավորված փաստարկ է հենց այն, որ բոլոր ժողովուրդներն ու ցեղերը ընդունում են նրա գոյությունը։ Բայց դա ոչ միայն անհիմն է, այլև՝ կեղծ։

Վելլեյոսի դեմքի վրայով դժգոհության ալիք անցավ, նա ցանկացավ պաշտպանվել, բայց Մարկոսը թույլ չտվեց անել այդ՝ ասելով.

— Մի՛ վրդովվիր, հիմա քեզ համար էլ ամեն ինչ պարզ կդառնա։ Ես համբերությամբ լսեցի քեզ և, առանց ընդհատելու, տարա քմծիծաղներդ, այնպես որ, նույն կերպ վարվիր և ինքդ։

Ահա մտածում և չեմ կարողանում հասկանալ, թե որտեղից է քեզ հայտնի աշխարհի բոլոր ժողովուրդների կարծիքը։ Ես, օրինակ, խորապես համոզված եմ, որ կան բազմաթիվ վայրենի ցեղեր, որոնք պատկերացում անգամ չունեն աստվածների մասին (այստեղ հավաքվածներից յուրաքանչյուրը կարող է հաստատել այդ) և քո ասածներից հետևում է, որ եթե վայրենին ամենևին տեղյակ չէ, ուրեմն աստված չկա։ Բայց թողնենք դա։ Դառնանք քո մյուս դրույթին։ Ի՞նչ է նշանակում՝ մարմին չէ, բայց նման է մարմնի, արյուն չէ, բայց նման է արյան։ Ես սա կհասկանայի, եթե խոսքը գնար մոմից կամ կավից ծեփված արձանների մասին։ Բայց որ կենդանի արարած աստծունը մարմին չէ, այլ նման մի բան, ես անզոր եմ հասկանալ։ Դու էլ, Վելլեյո՛ս, դա չես հասկանում։ Դու պարզապես չես կամենում խոստովանել այդ։ Կրկնում եք, անգիր արած դասի նման կրկնում եք մի միտք, որը ձեր Էպիկուրոսը զառանցել է տաքության մեջ. իսկ նա սիրում էր պարծենալ, թե ինքը ոչ մի ուսուցիչ չի ունեցել։ Եթե ես դա չիմանայի, ապա, գեթ մեկ անգամ լսելով նրան, անմիջապես գլխի կընկնեի ու կհավատայի, որ նա իսկապես ոչ մեկից ոչինչ չի սովորել, ինչպես կհավատայի վատ կառուցված վիլլայի տիրոջը, որը պարծենում է, թե յոլա է գնացել առանց ճարտարապետի։ Իսկ գլխի կընկնեի, քանի որ եթե նա լսեր հայտնի իմաստուններին, նման անհեթեթություններ դուրս չէր տա։

Ֆրիգիդարիում մտան Կատիլինան, Մումերկոսը, Բիբուլոսը, գրեթե բոլոր նրանք, ովքեր տաք սրահում էին Ցիցերոնի բաղնիք մտնելու պահին։

— Եվ ի՜նչ մեծ հայտնագործություն, ով անմա՛հ աստվածներ, ինչ հանճարեղ նորամուծություն,— Մարկոսը ձեռքերը կարկառեց վեր,— մարմին չէ, բայց նման է մարմնի։ Այդ ի՞նչ բարդ հասկացություն է, անիմանալի ի՞նչ խորհուրդ, որ Վելլեյոսն ի զորու է հասկանալ, իսկ ահա Ցիցերոնն ու Սուլլան, Հորտենզիոսը և մյուսները՝ ոչ։

Հիմա եկ դառնանք աստվածների արտաքին տեսքին։ Դու գտնում ես, որ նրանք մարդու նման են և ուրիշ ոչ մեկի, համարելով, թե ամենակատարյալ ու ամենագեղեցիկ արարածը մարդն է, որ կա։ Իսկ մի՞թե դու կարող ես երկրի վրա կամ ծովի տակ նշել մի կենդանու, որը չի հիանում իր տեսքով և իր ցեղը չի համարում ամենակատարյալը բոլոր ցեղերի մեջ։ Բայց քանի որ նման բան տեղի չի ունենում, կնշանակի նրանցից յուրաքանչյուրը գոհ է իր արտաքին տեսքից ու ներքին կառուցվածքից։ Մի՞թե դու իսկապես կարծում ես, թե արծիվը, առյուծը, դելֆինը մեկ այլ կերպարանք գերադասում են իրենց ունեցածից։ Այնպես որ, զարմանալի ոչինչ չկա՝ բնությունը մարդուն ևս մղել է իրեն ամենագեղեցիկը համարելու մտքին։ Եվ սա է պատճառը, որ մարդու կարծիքով աստված կարող է նման լինել միայն իրեն, եթե կամենում է լինել ամենակատարյալ։ Դու, Վելլեյո՛ս, որ պնդում ես, թե աստված նման է մարդու, կարո՞ղ ես ասել, թե ինչպիսի՞ մարդու է նա նման։ Մի՞թե բոլոր մարդիկ գեղեցիկ են, և նրանց բոլորի մոտ անդամների դիրքը անկրկնելի է ու կատարյալ։ Երբ ես Աթենքում էի, եղա այնտեղի դպրոցներից մեկում և մարմնամարզությամբ զբաղվող պատանիների մեջ գեղեցիկ մարմին շատ քիչ տեսա։

Այստեղ Վելլեյոսը քմծիծաղ տվեց քթի տակ՝ պատկերացնելով, թե խիստ բարքերի կողմնակից Ցիցերոնն ինչպես է տնտղել հելլեն մերկ պատանիներին։

— Հասկանում եմ քմծիծաղիդ պատճառը,— դադար չտվեց Մարկոսը,— բայց այդպես է, որ կա։ Գեղեցիկն ինքը հարաբերական է և ոչ ոք առայժմ խստորեն չի սահմանել այն։ Այսպես, մայրը հպարտանում է զավակի մարմնի վրա եղած խալով, սիրուց խենթացած պատանուն գեղեցիկ է թվում անգամ սիրեցյալի աչքերի շլությունը. բայց չէ՞ որ սրանք թերություններ են։ Ստացվում է, որ մոր պատկերացմամբ աստված, կատարյալ լինելու համար, խալ պիտի ունենա, պատանու պատկերացմամբ լինի շեղաչ։ Զանազան տեսակի մարդիկ կան՝ մեծականջ, լայնաճակատ, թզուկ, և եթե յուրաքանչյուրը մտածի, թե աստված նման է իրեն, ապա քո աստվածներն ամենևին կատարյալ չեն լինի։

— Իսկ նրանք նման են մեր ցեղից լավագույնին,— ընդհատեց նրան Վելլեյոսը։

— Այդ դեպքում նրանք բոլորը պիտի նույն դեմքն ունենան, այլապես մի աստված գեղեցիկ կլինի մյուսից և կստացվի, որ ինչ-որ մի աստված ամենակատարյալ չէ։ Բայց դա, ըստ քո Էպիկուրոսի, անհնար է։ Դու, անշուշտ, ելնում ես նրանից, որ մանկուց մեզ սովորեցնում են Յուպիտերին, Յունոնին, Միներվային, Նեպտունոսին, Ապոլոնին և մյուս աստվածներին պատկերացնել այնպես, ինչպես նրանց ներկայացնում են նկարիչներն ու քանդակագործները՝ հագուստով և զարդեղենով։ Բայց չէ՞ որ բոլորովին այլ կերպ են իրենց աստվածներին պատկերացնում եգիպտացիք, ասորեստանցիք, մյուս բարբարոս ժողովուրդները։ Նրանք ավելի մեծ կարծիքի են անասունների որոշ տեսակների մասին, քան դուք՝ ձեր մարդակերպ աստվածների։ Հեռու չգնանք, քի՞չ է պատահում, որ մեզ մոտ քո այդ գեղեցիկ ու բանական մարդիկ թալանեն տաճարները, գողանան աստվածների պատկերները։ Իսկ ահա չլսված բան է, որ եգիպտացին վնաս պատճառի կոկորդիլոսին կամ կատվին։

Այստեղ Մարկոսը րոպեական դադար տվեց ու կոկորդը խոնվացրեց զովացուցիչ ըմպելիքով։

— Իսկ ի՞նչ անուն ունեն քո մարդակերպ աստվածները։ Այդ, դու, Վելլեյոս, ուր էլ գնաս, Վելլեյոս ես, բայց ահա Վուլկանին այլ կերպ կոչում են Աֆրիկայում, բոլորովին այլ կերպ՝ Իսպանիայում։ Մյուս կողմից՝ անունները վերջավոր են, իսկ աստվածները՝ անվերջ։ Ի՞նչ է ստացվում, քո աստվածներից ոմանք յոլա են գնում առանց անունների՞ ...

— Դե նրանց ինչի՞ն է պետք անունը, երբ բոլորն էլ նույն դեմքն ունեն,— սրամտեց Հորտենզիոսը։

Հավաքվածներն աշխույժ փռթկացին, իսկ Վելլեյոսը շառագունեց։

Ցիցերոնը չէր ավարտել խոսքը, նա սպասեց, մինչև սենատորները հանդարտվեցին, ապա, երկու ձեռքով հենվելով թիկնաթոռին, շարունակեց.

— Եթե աստվածները մարդու կերպարանք չունեն, իսկ դա նոր ապացուցեցի, և դու նրանց այլ տեսքով չես ընդունում, ապա ինչո՞ւ չես համարձակվում հերքել նրանց գոյությունը։ Չես կարող։ Եվ խելոք ես վարվում, չնայած այդ քայլից քեզ ետ է պահում ոչ թե երկյուղը ժողովրդից, այլ հենց իրենցից՝ աստվածներից։

Եթե չես կարող հերքել նրանց գոյությունը, ապա ի՞նչն է խանգարում քեզ՝ որպես աստված, ընդունել արևին, լուսնին կամ հավերժական բանականությանը։

«Ես երբեք չեմ տեսել մտածող էակ՝ մարդկային կերպարանքից զատ»,— ասում է քո Էպիկուրոսը։ Պատկերացնո՞ւմ եք, նա չի տեսել։ Իսկ աստծուն տեսե՞լ է, որ հավատում է նրա գոյությանը։― Ֆրիգիդարիումում հայտնված կոնսուլ Կատոնը գրավեց հավաքվածների ուշադրությունը։ Սենատորները կամենում էին մոտենալ ու ողջունել նրան, սակայն կոնսուլը ձեռքի հանգիստ շարժումով նշան արեց չընդհատել հետաքրքիր բանավեճը։

Ցիցերոնը թիկունքով էր կանգնած դեպի մյուսները և չնկատեց կոնսուլին։

— Ես այդպես էլ չեմ հասկանում՝ ինչո՞ւ է Էպիկուրոսը պնդում, թե աստվածները նման են մարդկանց և ոչ՝ հակառակը։

— Բայց ի՞նչ տարբերություն,— ուսերը թոթվեց Վելլեյոսը,― եթե սա նման է նրան, ապա նա էլ նման է սրան։

— Ընդհանուր առմամբ դու ճիշտ ես, բայց չպետք է մոռանալ, որ աստվածները հավերժական են, իսկ մարդիկ հայտնվել են երկրի վրա մի ինչ-որ պահից սկսած։ Եվ քանի որ աստվածները գոյություն են ունեցել մարդուց առաջ, ուրեմն չէին կարող մարդուց փոխ առնել նրա տեսքը։ Հետևաբար, պետք է ասել, որ մարդիկ ունեն աստվածային կերպարանք, ոչ թե աստվածները՝ մարդկային։

— Հերիք է, Մարկո՛ս,— կատակեց ներկաներից մեկը,— Վելլեյոսը փոխում է դպրոցը։

— Ո՛չ,— կտրուկ պատասխանեց Ցիցերոնը,— ներողամի՛տ եղիր ռազմական, բայց ո՛չ գաղափարական հակառակորդի հանդեպ։ Ինչ վերաբերում է դպրոցը փոխելուն, վստահ եղեք, նա չի անի այդ, քանի որ, որքան էլ անհիմն թվան իր դրույթները, միևնույն է, դրանք իրենն են, և իմ այս ելույթից հետո նա կշտկի իր խոսքերը, խոցելի տեղերը կսքողի նորովի և ավելի հմտորեն կպաշտպանի դրանք։ Համոզմունք փոխելը դա հագուստ փոխել չէ։

Վերջին հարցն եմ ուզում տալ քեզ, Վելլեյո՛ս. դու, որ պնդում ես, թե բնության գործերում բանական ոչինչ չկա, ասա ինձ, այդ ի՞նչ երջանիկ պատահականությամբ ատոմները կառչեցին միմյանց այնպես, որ ծնվեցին աստվածակերպ մարդիկ։ Ի՞նչ, մենք պիտի համարե՞նք, թե երկնքից վար իջավ աստվածների մի ընտանիք և սկիզբ դրեց մարդկային ցեղի՞ն։ Օ՜, որքան կուզենայի դու այդպես պատախանեիր, քանի որ այդ դեպքում ես կիմանայի, որ սերվել եմ աստվածներից և ամեն քայլափոխի ինձ խոչընդոտողների երեսին կշշպռեի այդ։ Բայց դու, ցավոք սրտի, նման բան չես ասում, ավելին, շարունակում ես պնդել, թե իմ և աստծո նմանությունը պատահական է։

— Օ՜,― նա ձեռքերը կրկին կարկառեց վեր՝ անչափ գոհ հաջող մարտից,— եթե ես կարողանայի այսպիսի հեշտությամբ գտնել ճշմարտությունը, որպիսի հեշտությամբ հայտնաբերեցի սխալը...

Քո բախտից, Վելլեյո՛ս, մարմինս սառը լոգանք է տենչում և երկար չեմ խոսի, միայն մի քանի խոսք կասեմ քո այդ մարդանման աստծո վարքի մասին։ Եթե նա մարդանման է, ուրեմն ապրելու տեղ պիտի ունենա. որտե՞ղ է նա բնակվում, ի՞նչ ձգտումներ ունի։ Դու պնդում ես, թե նա ոչինչ չի անում և երանելիության մեջ է. բայց եթե նա մարդակերպ է, ապա մարդու նման պիտի հետևի իր մարմնին, պիտի նստի, ելնի, վազի և էլի հազար ու մի նման բաներ։ Իսկ այդ ի՞նչ երանություն է, ե՞րբ է պատահել, որ երջանիկ համարվի անգործ մարդը։ Պատկերացնում եմ քո աստծուն, որն իր հավերժական կյանքի ընթացքում ոչինչ չի արել, ոչնչի մասին չի մտածել ու մի գլուխ կրկնել ու կրկնում է. «Ա՜խ, ինչ լավ է ինձ համար, ա՜խ, ինչպիսի երանության մեջ եմ ես»։ Քո աստվածը, որ անվերջ ենթարկվում է ատոմների մշտական հոսքին, մի՞թե իսկապես չի վախենում կործանումից։ Ես, օրինակ, կասկածում եմ նրա հավերժությանն ու երանելությանը։

Եթե աստված իսկապես այնպիսին է, որպիսին դու ես ներկայացնում նրան, եթե նա մարդկանց հանդեպ ոչ մի դիրքորոշում չունի, ոչ սիրում է, ոչ՝ ատում, այդպիսի աստվածը թող ողջ լինի ու հեռու մնա ինձանից։ Ես ինչո՞ւ աղոթեմ նրան՝ պրոպոտիուս սիտ, երբ նա չի կարող ողորմած լինել ոչ մեկի հանդեպ, քանի որ, ինչպես ինքդ ես պնդում, սերն ու ողորմածությունը թուլության նշաններ են։

Ցիցերոնն ավարտեց ելույթը և ներկաների հիացական հայացքների ուղեկցությամբ մոտեցավ ավազանին։ Վելլեյոսը, որ նաև տղամարդավարի պարտվել գիտեր, ասաց նրա հետևից.

— Ես անզգույշ եղա հենց սկզբից, երբ վեճի մեջ մտա ակադեմիկոսի հետ, որը նաև փայլուն հռետոր է։ Քեզ միայն դափնիներն են պակասում, ուրիշ ոչինչ։

— Դու ների՛ր ինձ,— Ցիցերոնը շրջվեց նրա կողմը,— եթե վեճի թունդ պահին վիրավորեցի ինքնասիրությունդ, բայց նման մարտերից պարտվողն ավելի մեծ օգուտ է քաղում։ Դու հիմա խորհելու բավականին նյութ ունես, իսկ ես, ավա՜ղ, ոչ։

Մարկոսը նոր միայն նկատեց շքեղազարդ թիկնաթոռին բազմած կոնսուլին և մոտենալով հարգալից ողջունեց նրան։ Մյուսները ևս վարվեցին նույն կերպ։

Կոնսուլի դեմքից չքացել էր մշտական ինքնաբավությունը, և կիսամերկ քվիրիտները դա համարեցին վատ բանի նշան։

— Իմաստասիրությամբ աշխարհը մենք վաղ թե ուշ կնվաճենք, ես դրանում չեմ կասկածում,— խոսեց կոնսուլը տխրաձայն,— բայց ահա ռազմական գործը սկսել է կաղալ։

— Ի՞նչ է եղել, ի՞նչ է պատահել,— անհանգստացած քվիրիտները շրջապատեցին նրան։

— Վատ լուրեր են հասել Քաղկեդոնից...

— Կոտտա՞ն,— միաբերան բացականչեցին քաղաքի հայրերը։

— Այո՜,— կոնսուլը խոր հոգոց հանեց։— Ավելորդ փառասիրությունը քիչ հոգսեր չի պատճառել հանրապետությանը և դեռ էլ կպատճառի։ Չկամենալով հաղթության դափնիները կիսել Լուկուլլոսի հետ՝ գերագույն հրամանատարը չի սպասել օգնության շտապող լեգեոններին, քաղաքի պարիսպների մոտ ընդունել է մարտը ու ջախջախվել։

Սրահում խոր լռություն տիրեց։

Գլուխ հինգերորդ

Երրորդ ժամն էր արևը զենիթից թեքվել մայրամուտ, երբ հորիզոնի ծփացող կապույտի վրա հայտնվեցին երեք սպիտակ կետեր, որոնք աստիճանաբար մեծացան-մեծացան, և քիչ հետո պարզորոշ ուրվագծվեցին ամիսներ առաջ նույն այս վայրերից ծովահեններին որսալու մեկնած առագաստանավերը։

Կվինտիլիոսյան անտանելի շոգը սմիռնացիներին փակել էր տներում, հավաքել լեռների կողմն ընկած քաղաքամերձ ստվերախիտ պուրակներում, և նավահանգստում մաքսատան մեկ տասնյակ աշխատողներից, շոգն արհամարհած մի քանի աղքատ ձկնորսներից ու ջրի մեջ աղմուկով հովացող մանուկների ոչ այնքան ստվար երամից բացի ուրիշ ոչ ոք չկար։

Ծովը պարզ երևում էր քաղաքի՝ բլուրների վրա տարածված հատվածներից, բայց, միևնույն է, տրիրեմների հայտնվելը մի առանձին ոգևորություն չառաջացրեց հոնիացիների մեջ, քանի որ ոչ ոք չէր հավատում, թե կարելի է գտնել ծովահենական նավը, մանավանդ, որ հետապնդումը սկսվել էր բավականին ուշացումով, և ավազակներն այդ ընթացքում կարող էին հասնել մինչև անգամ Հերկուլեսի սյուներին։

Մտնելով ծովախորշ՝ նավերն իջեցրին առագաստները, ապա, արագորեն թիավարելով, առանց երթակարգը խախտելու, եկան ու շարվեցին ափի երկայնքով։ Գլուխները խոնավ լաթով փաթաթած մաքսատան աշխատողները դուրս եկան նրանց դիմավորելու, իսկ արևի տակ ծույլ-ծույլ նստած ձկնորսներն ու լողացող մանուկներն այդպես էլ լուրջ ուշադրություն չդարձրին նրանց՝ նույնպես հավատացած ձեռնարկումի անհաջողությանը։

Առաջապահ նավից կառամատույց նետվեց կարճ տախտակամած, և այս կերպ ստեղծված կամրջակի վրայով անշտապ ափ իջան տասյակ սպառազեն լեգեոներներ։ Աջ և ձախ կողմերի վրա առաջանալով՝ նրանք շարվեցին բոլորաձև, դեմքով դեպի նավը։ Իսկ երբ տախտակամածի վրա հայտնվեցին կապկպված ինչ-որ մարդիկ, ձկնորսները թողին գործը, մանուկների երամը կայծակնորեն ելավ ծովից ու պաշարեց ափ իջածներին։ Գերյալներին նավից իջեցնելով՝ լեգեոներները նրանց մի կողմ քշեցին և ստիպեցին նստել ավազի վրա՝ արևի տակ։ Թիավարներն, անձայն ու միմյանց չխանգարելով, նավամբարներից դուրս բերին ու մաքսատան բակում՝ սյունաշարից իջնող աստիճանների մոտ, շարեցին բռնագրավված իրերը՝ հազար ու մի առարկաներով լի պարկեր, կարմիր ու դեղին գործվածքների բավականին մեծ փաթոթներ, բազմապիսի զենքեր, խեցե իրեր, գորգեր, արծաթե ու ոսկե դրամներով, ապարանջաներով, թանկարժեք այլ զարդեղենով լի սնդուկներ։

Չորս զինվոր, որ հրահանգավորվել էին դեռևս նավի վրա, գնացին քաղաք՝ բեռնակիր անասուններ ու սայլեր բերելու։ Իսկ մյուսները, որոնք չէին հսկում գերյալներին, մաքսատան աջ թևում գտնվող նավաշինարանից քարշ տվին թզաչափ հաստության գերաններ ու սկսեցին խաչեր պատրաստել։

Երեխաների բոկոտն ու կիսամերկ երամը, որ մինչ այդ հետաքրքրությամբ դիտում էր ավազի վրա նստածներին, հայտնի չէ՝ ինչից բորբոքված հանկարծ ցրվեց նավահանգստի հրապարակում և քարի ու փայտի կտորտանքներ որոնելով, նետեց ծովահենների վրա, և միայն բոլորաձև կանգնած լեգեոներների սպառնալիքները ստիպեցին նրանց հեռանալ։ Հեռանալով նրանք ընկան խաչ պատրաստողների ոտքերի տակ, զենքի կույտից թռցրին դուր եկած դաշույնը, առավել համարձակները ելան նավի վրա, նստեցին թիերի մոտ ու սկսեցին թափահարել դրանք։

Ծովի վրա շոգն այս աստիճան սաստիկ չէր։ Տապից նեղվելով՝ Գայոսն ազատվեց տոգայից, հետո Կուրիոնի հետ ծովեզրով քայլեց դեպի ափամերձ դարավանդը, որ նկատել էր դեռ նավի վրայից։

Ծովի կողմից այն ժայռեղեն էր՝ խիստ կտրտված, իսկ մյուս կողմերից սահուն իջնում էր դեպի նավահանգիստ, քաղաք և դեպի պուրակները։ Տեղանքն իսկն իր սրտովն էր. լավ երևում էր թե՛ ծովից, թե՛ քաղաքից։

Կիզիչ արևից թուլացած, սաստիկ ծարավ ծովահենները խեղճխեղճ նայում էին խաչեր պատրաստող լեգեոներներին և խորապես զղջում, որ փողի ետևից ընկնելով՝ ծովը չնետեցին հանդուգն հռոմեացուն, քանի դեռ նա իրենց գերին էր։ Նրանց վիճակն անհուսալի էր. ոչ մեկի ողորմածությանը չէին կարող ապավինել։ Աստվածները վաղուց երես էին թեքել նրանցից, ավելի վաղ, քան իրենք կհասցնեին երես թեքել աստվածներից։ Հոնիացիները, որ շուտով կհեղեղեին ափը, նույնպես բարեհամբույր չէին լինի իրենց հանդեպ, քանի որ այս կողմերը մեկ անգամ չէ, որ եկել էին ավարառության։

Սպասվող տանջալի մահը սարսափեցնում էր նրանց. հարյուրավոր կյանքեր խլած, ամենուր մահ ու ավեր սփռած, դաժանությունից խիղճը բթացրած այս մարդիկ նոր էին միայն հասկանում, թե որքան սոսկալի է մարդուն բռնի կերպով մեռցնելը, փշաքաղվում էին, երբ փորձում էին պատկերացնել վաղվա օրը, երբ կրկին կծփա ծովը, արևն այսպես, գուցե ավելի ուժգին, կշիկացնի ավազը, ճայերը կթրատեն հորիզոնը, իսկ իրենք չեն լինի այլևս աշխարհի վրա և չեն տեսնի այսպիսի հրաշալի մեկ ուրիշ հետկեսօրե։

Նոր էր Գայոսը վերադարձել մաքսատուն, երբ ծովահայաց փողոցի վերջում երևաց սայլլերին ուղեկցող հոնիացիների բազմամարդ ամբոխը, որն առաջանալով վայրկենապես հեղեղեց նավահանգիստը։

Շոգը սաստիկ նեղում էր։ Այլևս ժամանակ չկորցնելով՝ զինվորները խաչերը բարձեցին սայլերին, մեկ տասնյակ լեգեոներ մնացին հսկելու բռնագրավված ավարը, իսկ մյուսները ծովահեններին ոտքի կանգնեցրին և ծովեզերքով գնացին դեպի դարավանդը։

Թափորը գլխավորում էին հետաքրքրասիրությունից այրվող երեխաները, նրանցից հետո գալիս էին չորս կողմից լեգեոներների կրկնակի շղթայով օղակված ծովահենները, ապա՝ խաչերով բեռնված սայլերը, էլի՝ մեկ տասնյակի հասնող լեգեոներներ։ Երթը եզրափակում էր հոնիացիների աստիճանաբար ահագնացող ամբոխը։

Տաք ավազը խշշում էր նրանց ոտքերի տակ, լցվում կոշիկների մեջ։ Զինվորները երթի մեջ ազատվում էին պղնձե թերթիկավոր լանջապանակներից ու նետում սայլերի վրա։ Տապից նեղված՝ նրանք ստեպ-ստեպ դուրս էին գալիս շարքերից, դեմքն ու հագուստը թրջում ծովաջրով։

Արևի տակ գլխաբաց քայլող ծովահեններին անտանելի շոգն ամենևին չէր նեղում, և նրանք անտրտունջ կքայլեին այսպես հավերժորեն, միայն թե թափորը կանգ չառներ, որ կնշանակեր վերջ իրենց երկրային կյանքին։ Այժմ նրանց լրջորեն անհանգստացնում էին միայն գլխավերևում պտտվող, հայտնի չէ՝ ինչպես հոտն առած ու հայտնի չէ՝ որտեղից հայտնված, հսկայաթև գիշանգղերը, որոնք, գալիք խրախճանքի կանխավայելումով նույնպես անտրտունջ հետևում էին թափորին և նույնպես պատրաստ էին ուղեկցել նրանց որքան ասես երկար, միայն թե վերջում, որպես վարձատրություն, թույլ տրվեր քչփորել խաչվածների գանգերն ու անուշ անել դրանց միջի լպրծուն գորշանյութը։

Նավահանգստից կես վերստի չափ հեռանալով՝ թափորը դեմ առավ դարավանդին։ Ճանապարհի թեքությունը շեշտակի մեծացավ։ Սայլերը դժվարությամբ էին առաջանում սմբակների տակից փախչող մանրիկ խճաքարերի վրայով։ Քրտինքի մեջ կորած ջորիները սայթաքում էին, ետ-ետ գնում, հետո, շունչ առնելով, դողդողացող վերջավորություններով մի կերպ կառչում գետնից ու վեր բարձրանում կրիայի արագությամբ։ Զինվորներից ոմանք խաչերի վրա դարսեցին նիզակներն ու արևի տակ փայլփլող անագապղնձե վահանները և, մինչև կոճերը խրվելով խճաքարերի մեջ, սայլերը հրեցին դարավանդն ի վեր։ Հոնիացիներն օգնության հասան նրանց։

Թափորը դանդաղ ելավ դարավանդի վրա, և երբ քաղաքը երևաց ինչպես ափի մեջ, ու հորիզոնի գիծը ծովի վրայով հեռացավ մի քանի տասնյակ վերստ, կանգ առավ։ Գիշանգղերը ևս դադարեցին առաջանալ և, փոքրացնելով պտույտների շառավիղները, անհանգիստ ղունղունոցով սկսեցին կտցահարել միմյանց՝ պարզելու՝ թե ում է վիճակվելու առաջին համտեսի իրավունքը։

Հոնիացիները, միմյանց ոտնատակ տալով, սեղմվեցին դեպի գերիները, բայց, հանդիպելով իրենց կողմ պարզած նիզակների անտառին, ընկրկեցին։ Վիզը ձգած՝ նրանք ջանացին հազվադեպ տեսարանից բաց չթողնել ոչ մի հատված։

Իրենց գործն անգիր իմացող դահիճները, որ լուրն առնելուն պես եկել էին քաղաքից և սիրահոժար ու անհատույց իրենց ծառայությունն առաջարկել, սայլից իջեցված կոպիտ խաչի վրա մեծագույն բավականությամբ և վարպետությամբ պառկեցրին դիմադրելու անիմաստ փորձ անող ծովահենին և, ամենևին ականջ չդնելով նրա սրտակեղեք վայնասունին՝ կաշեփոկով ամուր կապկպեցին։ Հետո զինվորների օգնությամբ խաչի ստորին եզրը մտցրին շտապով փորված փոսի մեջ ու կանգնեցնելով ջանասիրաբար փոսը լցրին խոնավ հողը։

Երբ ամեն ինչ բարեխղճորեն արված էր, լեգեոներները շարժվեցին առաջ, իսկ հոնիացիք, առժամանակ նայելով անտեղի թպրտացող ծովահենին, շտապեցին ետ չմնալ ու լավ տեղ զբաղեցնել երթի մեջ։

Նոր էր թափորը հեռացել խաչվածից, գիշանգղերը կտրուկ իջան ցած, մի քանի անգամ պտտվեցին իրենց հայտնվելուց ձայնը գլուխը գցած ծովահենի շուրջը, մոտեցան ու հեռացան, հեռացան ու մոտեցան և համոզվելով, որ վերջինս ոչնչով չի կարող վնասել իրենց, միմյանց հրելով, նստեցին նրա գլխին, ուսերին, կառչեցին շապիկից, անդրավարտիքի փողքերից։ Առաջին վերքերից խաչվածը ոռնաց ցավագին ու տենդորեն ցնցեց իրեն։ Թռչուններից մի քանիսը վեր թռան, բայց առավել ագահները շարունակում էին կտցահարել նրա դեսուդեն փախչող գլուխը։

— Հանգստացրո՛ւ նրան,— ասաց սոսկալի տեսարանից փշաքաղված Կեսարը զինվորներից մեկին։ Ապա դարձավ դահիճներին։

— Ազատե՛ք սրանց վերջին տանջանքներից։

Լեգեոները ետ դարձավ ու, վեր պարզելով նիզակը, սուր ծայրը դեմ արավ ծովահենի կրծքին։ Գիշանգղերը վախեցած վեր թռան, և լեգեոները սոսկաց՝ խաչվածի բզկտված դեմքին նայելով։ Կուրացած ծովահենը մետաղի սառը հպումից մի պահ դադարեց մղկտալ, բայց ոչինչ հասկանալ կամ արտաբերել չհասցրեց. լեգեոները, սրտաճմլիկ տեսարանից ցնցված, գլուխը ետ թեքեց ու նիզակի երկաթյա ծայրակալն ամբողջությամբ խրեց ծովահենի սիրտը։ Խաչվածը վայրկենապես հանգստացավ, նրա այլանդակված գլուխը թուլացած կախ ընկավ կրծքին, իսկ երբ լեգեոները դուրս քաշեց նիզակը, մութ խոռոչից մուգ կարմիր, գրեթե սև արյուն հորդաց ու, ներկելով բրդյա լայն շապիկը, ծորաց տրորված հողի վրա, որից խոնավության հազիվ նշմարելի գոլորշի էր ելնում։

Առաջանալով հիսուն քայլ՝ թափորը նորից կանգ առավ։ Զինվորները սայլից իջեցրին երկրորդ խաչը, հունի մեջ մտած դահիճներն առանց ընտրության ճանկեցին գերիներից մեկին, հմտորեն մեռցրին ու կապեցին սյունից։ Այստեղ ծովահենները ծնկի եկան, հող ցանեցին գլխներին ու դեմքերին, սողացին դեպի հռոմեացին ու համբուրեցին նրա կաշվե փոկապատ, ճտքավոր կոշիկները՝ անվերջ կրկնելով.

— Գթա՛ մեզ, տեր, գթա՛, աղաչում ենք, գթա՛։ Տանջի՛ր մեզ, դարձրո՛ւ քո ստրուկը, միայն մի՛ զրկիր մեզ արևից։ Գթա՛ մեզ, տե՛ր, գթա՛...

Հռոմեացին, որ սիրում էր հպարտանալ իր սառնասրտությամբ, խղճահարվեց և հայտնի չէր՝ ինչպես կվարվեր, եթե այդ ժամանակ հոնիացիների ահագնացած բազմությունը, ոչ այնքան աննախադեպ տեսարանը շարունակելու մոլուցքով, որքան անկեղծ վրեժով բռնկված, չսեղմվեր դեպի գերիները՝ սպառնալով ճեղքել առաջին օղակը։ Երթը կառավարող Կուրիոնը, զգալով, որ Գայոսը տատանվում է, մոտեցավ նրան ու ցածրաձայն ասաց.

— Պետք չէ խղճալ նրանց, Կեսա՛ր. բոլոր երկրները մահապատիժ են սահմանել ծովահենության համար։ Բացի այդ, կարիք չկա գրգռել ամբոխին։ Սրանք հոնիացիներին մեծ վիշտ են պատճառել։

Գայոսը հայացքը սահեցրեց լեգեոներներին նեղող հոնիացիների վրայով և որոշեց վերջ տալ հրմշտոցին։

— Վարվի՛ր, ինչպես հարկ ես համարում,— ասաց նա Կուրիոնին։

Նիզակի բութ ծայրով հարվածելով՝ զինվորները ոտքի հանեցին ծովահեններին։ Հանգստացած ամբոխը քառասուն տղամարդու ողբալացի ներքո առաջացավ դարավանդի վրայով։ Այստեղ Գայոսը հանկարծ նկատեց, որ թափորի վերջից, մի քիչ ետ ընկած, հեծյալ պահակախմբի ուղեկցությամբ, գալիս է նաև քաղաքապետի կառքը։ Անջատվելով երթից ու պայտած կոշիկներով շրխկշրխկացնելով խճաքարերի վրա նա մոտեցավ կառքին և կոպտորեն հետ քաշեց վարագույրը։

— Որքան երախտապարտ եմ, որ շնորհ արեցիր ներկա գտնվել մեր համեստ ներկայացմանը,— հեգնեց Կեսարը՝ ձեռքը կրծքին դնելով ու խոնարհվելով, ապա շարունակեց բարկացած,— իզուր ժամանակ ես վատնում այստեղ։ Խորհուրդ կտամ՝ դառնաս քաղաք և մտածես, թե որտեղից ես ճարելու այն երեսուն տաղանդը, որ քո ապաշնորհության հետևանքով այս կողմերում վխտացող ավազակները պահանջեցին իմ կյանքի դիմաց։

— Բայց դու այն ետ ես առել,— կմկմաց քաղաքապետը, որ անսպասելի այս պոռթկումից շշմած, անօգնական նայում էր հռոմեացու արյունով լեցուն աչքերի մեջ՝ չհավատալով, որ իր առջև կագնած է նավատորմ խնդրող այն հիվանդոտ երիտասարդը։

— Քո անուրանալի օգնությամբ,— խայթեց Կեսարը։— Քո քաղաքի տարածքում թալանել են հռոմեացի պատրիկի, և դու կվճարես իմ փրկագինը՝ ամբողջությամբ։

Նա թափով ծածկեց վարագույրը, բայց կրկին բացեց և ասաց հանդարտ ու հանդիսավոր.

— Ես սենատին կխնդրեմ՝ զրկել ինձ Հռոմի քաղաքացին լինելու բարձր պատվից, եթե քեզ չպարտադրեմ անել այդ։

«Եթե սա այնքան համառն է, որ ահռելի ծովում գտավ աննշան նավը,— մտածեց Սմիրնայի քաղաքապետը՝ վարագույրի ետևից գաղտագողի նայելով հեռացող հռոմեացուն,— ապա չի զլանա ու կգնա նաև կուսակալի մոտ»։

Եվ նա վճռեց երեք նամակատար ուղարկել, երկուսը՝ ծովափնյա մերձակա քաղաքներ՝ հայտնելու, որ վայրագ մի հռոմեացի իր ներկայությամբ սպառնաց Մեծ սենատին հրահրել՝ պատասխանատվության կանչել բոլոր երեք քաղաքներին, եթե դրանք շուտափույթ չվճարեն իրենից առնված փրկագինը, իսկ երրորդը կգնա Պերգամոն՝ կուսակալի մոտ, հայտնելու, թե ինքը՝ Սմիրնայի քաղաքապետը, ինչպիսի ջանքերով գերեց քաղաքը ահուսարսափի մեջ պահող ծովահեններին և թե ինչպես ինքը պատժեց նրանց՝ ի տես ամենքի։ Նա կանչեց թիկնապահներից մեկին, և երբ սա մոտեցավ ու ձիու վրայից կռացավ դեպի կառքը, ասաց.

— Հայտնի՛ր նրան, որ կստանա փողը։

... Ծովն անմեղության աստիճան խաղաղ էր։ Հորիզոնի վարդագույնը հետզհետե գունատվում էր, և ավարտվող օրը, փեշերը հավաքելով, հայելային մակերևույթի վրայով դանդաղորեն նահանջում էր դեպի արևմուտք։ Առաջին գիշերահավուկներն անկանոն թրատում էին մռայլվող երկնակամարը՝ մերթ ընդ մերթ անհետանալով ափի եզերքով շարված հսկա նավերի թիկունքում։

Թափորը վաղուց ցրվել էր, կշտացած գիշանգղերը ևս հեռացել էին, և խաչածածկ դարավանդի վրա թանձր խաղաղությունն էր թագավորում։

Առափնյա խոնավ ավազին նստած՝ Կեսարը գլուխը հենել էր բազուկներով ամուր գրկած ծնկներին և ուշադրություն չէր դարձնում ոտքերն ողողող, եկող-դարձող կոհակներին։ Ափին թրև եկող նրա ուղեկիցները երկրորդ ժամն էր՝ չէին հանդգնում անհանգստացնել տիրոջը և գուցե այդպես էլ չհամարձակվեին, եթե Կուրիոնի ուղարկած բանբերը տագնապալի լուր չբերեր քաղաքից։

— Տե՛ր,— կանչեց թիկունքից նրան մոտեցած Ափրոկլեսը։

Կեսարը չլսեց նրան։ Ափրոկլեսը համարձակվեց բռնել տիրոջ ձեռքը։

— Վե՛ր կաց, տեր,— ասաց, քաղաքում իրարանցում է. պոնտական ջոկատներ են երևացել լեռնանցքում։

Կեսարը թույլ գլխով արեց՝ հասկացնելով, որ լսեց ամեն ինչ։

Առժամանակ մնաց այդպես անշարժ, ապա, հայացքը հառելով բոսորագույն հորիզոնին, հարցրեց.

— Դու նրանց խղճո՞ւմ էիր։

— Ո՛չ, տե՛ր,— պատասխանեց Ափրոկլեսը կտրուկ։— Եթե փրկագինը ուշացնեինք, նրանք կսպանեին քեզ կամ կվաճառեին ստրկության և հավատա, խիղճը չէր քրքրի նրանցից ոչ մեկի հոգին։

— Բայց նրանք մարդիկ էին...

— Նրանք մարդասպաններ էին, տե՛ր։

Կեսարը ձեռքը տարավ դեպի ուսն ու արձակեց տոնիկայի ճարմանդը։

— Սրտխառնոց եմ զգում, անտանելի սրտխառնոց, ասես մի տակառ թթված գինի եմ խմել։

— Կանցնի,— ասաց Ափրոկլեսը՝ օգնելով նրան բարձրանալ։— Արյան հոտից է. պետք չէր մոտիկից նայել։

Այդ պահին ազատարձակն զգաց, թե ինչպես հանկարծակիորեն թուլացավ տիրոջ ձեռքը։ Վայրկյան իսկ չկորցնելով՝ նա ձայնեց բշժկին։ Սա վազելով եկավ, գրպանից հանեց ոսկրե շեղբն ու, ավազի վրա տենդորեն թփրտացող տիրոջ ծնոտներն ուժով իրարից հեռացնելով, պիրկ, ոսկրոտ մատներով կառչեց նրա կուլ գնացած լեզվից, դուրս քաշեց այն կոկորդից և, ատամներով բռնելով, մնաց անշարժ պառկած, մինչև տերը վերջապես հանդարտվեց։

Գլուխ վեցերորդ

Որ իր բացակայության ընթացքում Իտալիայում ստրուկների ապստամբություն էր բռնկվել, Ասիայից վերադարձող Կեսարը բազմիցս լսել էր Հռոմից եկած համերկրացիներից, բայց ամենևին չէր պատկերացնում, թե այն կարող էր այս աստիճան խառնել հանրապետությունը։ Ստրուկների ընդվզումները բացառիկ երևույթ չէին, ընդարձակ տիրության զանազան մարզերում դրանք միշտ էլ բռնկվում էին, բայց ամեն անգամ խռովարարներին հանդարտեցնելու համար բավականացրել էին խիստ վարժեցված կամ վետերաններից հավաքագրված մի քանի կոհորտաներ, ծայրահեղ դեպքում՝ մեկ լեգեոն, ինչպես եղավ տարիներ առաջ Հռոդոսում, ուր ստրուկները հրկիզեցին կուսակալի ապարանքը։ Սակայն այս անգամ ապստամբների դեմ հանվել էր Հռոմում և մերձակա մարզերում եղած ամբողջ զորքը, ոչ պակաս՝ երեք լեգեոնից, և էլի անորոշ էր, երբ կհանդարտվեր երկիրը և կհանդարտվե՞ր այն ընդհանրապես։

Եթե բոլորովին անտեղյակ մեկը պատահաբար հայտնվեր Օստիայում, անմիջապես կկռահեր, որ հանրապետությունում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, թեև ապստամբներն այս կողմերում չէին եղել։ Դրա համար ամենևին կարիք չէր զգացվի հարցուփորձ անել տեղացիներին կամ մտնել աղմկոտ գինետները։ Սովոր աչքն անմիջապես կզգար ստրուկների պակասը. բոլորը, ովքեր կարողացել էին, փախել էին Կապուա՝ միանալու Սպարտակին, և ստրուկի գինը շուկայում բարձրացել, հասել էր ասիական ընտիր նժույգի գնին։ Եվ քանի որ Միհրդատի դեմ կռվող լեգեոններն առայժմ լուրջ հաջողություններ չունեին ու անկարող էին անհրաժեշտ աշխատուժով ապահովել երկիրը, սպասվում էր նոր թանկացում։ Ոչ հարուստ պատրիկները, որ մինչ խառնակությունների սկսվելն իրենց թույլ էին տալիս երթևեկել պատգարակով, այժմ արդեն չէին կարող գնալ նման շռայլության, և փողոցներում ժամանակավորապես ջնջվել էր պլեբեյների ու արիստոկրատների միջև դարեր շարունակ եղած անջրպետը։

Ուրիշի աշխատանքով ապրելուն սովոր հանրապետությունը հոգեվարքի մեջ էր և հայտնի չէր՝ ինչով կավարտվեր այս ամենը, եթե նման վիճակը երկար տևեր։ Նավահանգստում բեռնակիր գտնելը դարձել էր ամենադժվարին գործերից մեկը. Եգիպտոսից ցորեն, ապակի, վուշ և պապիրուս, Փոքր Ասիայից՝ կաշի ու մթերք, Կիպրոսից՝ պղինձ, Հնդկաստանից՝ թանկարժեք քարեր ու փղոսկր, Փյունիկիայից բրդե գործվածքներ բերած առևտրական նավերը երկրորդ շաբաթն էր՝ անհույս օրորվում էին ծովածոցում։ Տեղի վաճառականները, որոնք սովորաբար գնում էին Օստիա բերված ապրանքն ամբողջությամբ, լույսը չբացված, վարձու բեռնակիր գտնելու հույսով թրև էին գալիս նավահանգստում։ Փոքրիկ մակույկներով ափ իջած վաճառականները, ապրանքների նմուշները ձեռքին, շրջում էին փողոցից փողոց, փորձելով գոնե փոքր բաժիններով ծախել դրանք։ Նոր ժամանող նավերը, այլևս տեղ չլինելու պատճառով, շարժվում էին ցամաքեզրով՝ մի քանի մղոն հեռանալով նավամատույցից։

Որ բեռները մնացել էին նավամբարներում ու փչանում էին, դա դեռ ոչինչ. չորրորդ օրն էր՝ նոր հավաքագրված կոհորտաներն անգործ թրև էին գալիս քաղաքում, և քանի որ ռազմանավերը շրջապատված էին անհամար մանր ու մեծ նավերի անքակտելի օղակով, չէին կարողանում դուրս գալ բաց ծով և օգնության գնալ պաշարված ասիական քաղաքներին։

Վիճակն ավելի խառնաշփոթ էր մեկ ամիս առաջ, երբ սկզբնական մի շարք հաջողություններից ոգևորված ապստամբները Վեզուվից իջան դեպի իտալական քաղաքներ։

Սակայն Ասիայից տուն դարձող Կեսարն այդ խուճապը չտեսավ, քանի որ, երբ նա ափ իջավ, Գայոս Գլաբրոսի, ապա նաև Պուբլիոս Վարինիոսի անհաջողություններից հետո ցամաքային զորքերի գերագույն հրամանատարությունն ստանձնած Մարկոս Լիկինիոս Կրասոսը սկզբնական աննշան դժվարություններից հետո սկսել էր նեղել խռովարարներին, և իտալացիների մեջ նորից խաղաղ ու ապահով կյանքի հույսեր էին արթնացել։

Հռոմում դրությունը համեմատաբար հանգիստ էր, թեպետ այստեղ էլ մի պահ ամեն ինչ տակնուվրա եղավ, երբ լուր եկավ, թե Սպարտակը մտադիր է շարժվել քաղաքի վրա։ Անզորք մնացած քաղաքին այն ժամանակ համակեց կործանման սարսափը, և դարպասներն ամուր փակ պարսպի աշտարակների վրա պարեկություն անող վիգիլներն ամեն ժամ սպասում էին, թե ուր որ է Մարսյան դաշտը կհեղեղվի բարբարոսների խառնամբոխով։ Սոսկալի այդ օրերից բավականին ժամանակ էր անցել, բայց սարսափը դեռ իսպառ չէր լքել Հռոմուլոսի հետնորդներին։

Երբ Գայոսն իր շքախմբի ու բռնագրաված հարուստ ավարի հետ Հռոմ հասավ, կյանքն այստեղ խաղաղվել էր։ Բոլորը համոզված էին, որ եթե մինչև ձմռան ցրտաշունչ օրերի սկսվելն ապստամբությունը հիմնովին չճնշվի, ապա գարնանը Կրասոսն անպայման կոչնչացնի նրանց՝ օժանդակություն ստանալով Պոմպեոսից։ Սակայն շուտափույթ հաջողության նրանց ավելի շատ հուսադրում էր խռովարարների ղեկավարների միջև ծագած տարաձայնությունը, որը սպառնում էր կիսել ստրուկների բանակը։

Քաղաքում կյանքը մտել էր նախկին հունի մեջ, և երբ Կեսարը Հռոմ հասավ, նոր հավաքագրված լեգեոնի զինվորական տրիբունների ընտրություններ էին սկսվել։ Պոնտացիների դեմ գրեթե մեկ տարի պատերազմած Գայոսը, որ հասցրել էր սիրել զինվորականի կյանքը, այս զուգադիպությունը համարեց լավ նշան և առանց երկմտելու առաջադրեց իր թեկնածությունը։

Լեգեոնն ուներ վեց տրիբուն, որոնք, միմյանց փոխարինելով, հերթականությամբ ստանձնում էին հրամանատարի՝ լեգատի պարտականությունները։ Այդ պաշտոնն այնքան էլ բարձր չէր, բայց հանդիսանում էր սենատ տանող սանդուղքի առաջին աստիճանը. արիստոկրատիան հենց սրանից էր սկսում քաղաքական գործունեությունը։

Ռազմական տրիբունները սովորաբար նշանակվում էին կոնսուլների կողմից, բայց քանի որ նրանք երկուսն էլ հարավում աջակցում էին Կրասոսին, հարցը պիտի վճռեր ժողովրդական ժողովը։ Նման բան Գայոսը երազել անգամ չէր կարող. կոնսուլները եթե քաղաքում լինեին, անպայման կմերժեին իր թեկնածությունը։ Նման հնարավորություն երկրորդ անգամ դժվար թե ստեղծվեր, և նշանակալի կարողության տեր դարձած Կեսարը որոշեց ոչինչ չխնայել ժողովրդին սիրաշահելու համար։

Ի մեծ զարմանս և հուրախություն իրեն՝ դրան հասնելու համար մեծ ջանքեր չպահանջվեցին. Ասիայում տեղի ունեցած դեպքերի լուրերն իրենից շուտ էին հասել քաղաք, այնպես որ, ընտրողներին իր անձը ներկայացնելու համար երկար-բարակ հանդիպումներ կազմակերպելու կարիք չզգացվեց։ Սուր տպավորությունների, ցնցող դեպքերի ու փառավոր հաղթությունների սիրահար Հռոմի հետաքրքրասիրությունը բավարարվածություն էր տենչում։ Կրասոսից դեռևս գոհացնող լուրեր չկային, Միրհրդատն առայժմ նեղում էր Կիզիկոսում պաշարված կոհորտաներին, և Կեսարի հետ պատահած արկածները, որոնք մեկ այլ ժամանակ երևի ուշադրության անգամ չարժանանային, դարձան այն դեղամիջոցը, որը կարող էր փոքրիշատե մեղմել այս զուտ ազգային հիվանդությունը։

Մինչ Գայոսի Հռոմ հասնելը, համաքաղաքացիներն արդեն լուրջ հետաքրքրություն էին տածում նրա անձի հանդեպ, սակայն բերնիբերան անցնող լուրերին ոչ բոլորն էին հավատում՝ պնդելով, թե Յուպիտերի նախկին քրմից այդպիսի արարքներ անհնարին է սպասել։ Բայց երբ ինքը հայտնվեց հասարակական վայրերում և կրկնեց այդ ամենը ճշտությամբ, երբ Ասիայից վերադարձած վիրավոր զինվորները հավաստեցին նրա պատմածը, կասկածի նշույլ այլևս չմնաց։

Բավական էր՝ նա երևար փողոցում կամ բաղնիքում, շրջապատում էին անմիջապես, և տեղում էր հարցերի տարափը. չէ՞ր վախենում արդյոք գերության մեջ, ինչպե՞ս հաջողվեց անծայրածիր ծովում գտնել ավազակներին, նրանց ողջ-ո՞ղջ խաչեց, թե՞ սպանելուց հետո, ինչպե՞ս կարողացավ հոնիական քաղաքներին պարտադրել վճարել փրկագինը, ճի՞շտ է, որ, օժանդակ ջոկատ հավաքելով, կռվել է պոնտացիների դեմ, ազատագրել մի քանի քաղաքներ ու արժանացել արիության կաղնեպսակի։

Ճակատագիրը կամովին ղեկը հանձնել էր նրան, և հարկավոր էր առավելագույն օգուտը քաղել բարենպաստ իրադրությունից։ Մի առանձին բծախնդրությամբ նա սկսեց հետևել իր արտաքինին. հագնվում էր շքեղ, կոկիկ, մազերը միշտ խնամքով սանրված էին, տունիկայի գոտին կապված էր սովորականից թույլ, որը դիտվում էր որպես մեծ հանդգնություն ընդունված սովորույթների հանդեպ։ Հասարակական վայրերում հայտնվում էր լավ հագնված երկու ստրուկների հետ, որոնք, թե տապ էր լինում, տիրոջը հովանոցով պաշտպանում էին արևից, մռայլ օրերին անձրևանոց էին բռնում կամ էլ ճանապարհ բացում ժողովրդի մեջ։ Բայց միայն պճնամոլությամբ չէ, որ նա կամենում էր իր վրա բևեռել համաքաղաքացիների ուշադրությունը։ Նա գոռոզ չէր, կարող էր ժամերով զրուցել ամենաաղքատ քվիրիտի հետ, սիրալիր էր հովանավորյալների[27] նկատմամբ, նրանց հոգսն ընկալում էր որպես իր սեփականը։

Նա չէր զլանում պատասխանել հետաքրքրասերների հարցերին, օրը տասից ավելի անգամ ամենայն մանրամասնությամբ պատմում էր իր արկածների մասին՝ քաջ գիտենալով, որ իր օգտին քվեարկվող յուրաքանչյուր ձայն կարող էր ճակատագրական լինել։

Նա կրպակներից ու շուկայի տաղավարներից գնում էր հսկայական քանակությամբ միս, քաղցրավենիք, այլ մթերք և բաժանում կարիքավորներին, իսկ հետո, որը մինչ այդ չտեսնված էր ու չլսված, տուն էր հրավիրում ամենավերջին աղքատներին ու պատվում։

Նրա ստրուկներն օրերով քարշ էին գալիս գինետներում և, իբր պատահաբար, խոսք էին բացում իրենց տիրոջ առատաձեռնության ու արկածների մասին։ Թե շրջապատը դեռևս անտեղյակ էր լինում Գայոսի ոդիսականին, գունազարդում էին այն իրենց երևակայության թույլատրած սահմաններում, միշտ պահպանելով իրականի և անիրականի անջրպետը։ Նրա մարդիկ ամեն օր փող էին բաժանում Էսքիլենի ու Սուբուռայի աղքատներին ու խոշտանգված նախկին զինվորներին՝ չմոռանալով հիշեցնել, թե ում է հարկավոր դրա համար երկրպագել։

Այսքանով երևի կարելի լիներ բավարարվել, մանավանդ որ մյուս թեկնածուները, թեև տարիքով իրենից մեծ լինելով, ժողովրդին իրենց կողմը գրավելու համար մեծագործություններ չունեին արած, եթե չհաշվենք Սուլլային մատուցած ծառայությունները, որոնք կրկին Կեսարի բախտից այժմ այնքան էլ հարգի չէին, քանի որ Լուկուլլոսը և Պոմպեոսը՝ դիկտատորի կողմից առավել հարգված պատրիկները, իրենց համատեղ կոնսուլության տարում, ի մեծ զարմանս ամենքի, չեղյալ էին հայտարարել Սուլլայի ընդունած մի շարք որոշումներ։ Սակայն Գայոսը հասկանում էր, որ բարենպաստ այս վիճակը երկար չի տևի. բավական էր Կրասոսը, Պոմպեոսը կամ թե Լուկուլլոսը հաղթանակ տանեին, և ինքը կրկին կմնար ստվերում։ Սա էր պատճառը, որ նա չբավարարվեց ձեռք բերածով։ Մարտյան իդերին՝ ընտրություններից երեք օր առաջ, հոր հիշատակը հավերժացնելու նպատակով նա Փոքր դաշտում ճաշկերույթ կազմակերպեց ժողովրդի համար. մրգերով և ուտելիքներով ծանրաբեռնված հազար երկու հարյուր սեղանները չբավականացրին մասնակիցներին, և նա կարգադրեց գցել ևս երեք հարյուրը։

Ավրելիայի ուրախությանը չափ չկար. սիրելի և միակ ուստրը, ում հաջողություններին հավատում էր այնպես համառորեն, քաղաքում մեծ ճանաչում էր ձեռք բերել։ Լինելով սաստիկ սնահավատ՝ նա որդու հաջողությունների մեջ տեսնում էր երկնավորների միջամտությունը և նրանց սիրտը շահելու համար խոստացել էր զավակի տրիբուն ընտրվելու դեպքում քսան արջառ զոհաբերել աստվածների Հորը։

Ժողովրդական ժողովի նախորդ գիշերը Հուլիոսների տանը փոքրիկ Հուլիայից[28] բացի ոչ ոք չքնեց։ Երեկոյան աղոթքից հետո Ավրելիան հավաքեց բոլոր սպասուհիներին, և սրանք եռանդուն կերպով ձեռնամուխ եղան Գայոսի և նրա ուղեկիցների հագուստների պատրաստմանը։ Տիրուհին այդ օրը չափից ավելի բծախնդիր էր. նա սպասուհիներին երեք անգամ ստիպեց արդուկել Գայոսի տոգան, ուղղել տվեց եզրաժապավենը, ամենայն մանրախնդրությամբ ստուգեց շքախմբի անդամների հագուստները, պատգարակի վարագույրների համաչափությունը. ասես դրանք էին որոշելու որդու բախտը։

Գայոսը գիշերն անցկացրեց Հուլիայի և Կոռնելիայի ընկերակցությամբ։ Սպասուհիներին արձակելուց հետո նրանց միացավ նաև Ավրելիան։ Բոլորն անհանգստացած էին. անչափ մեծ էր վաղվա օրվա նշանակությունը։ Եվ որքան էլ Հուլիան փորձում էր զվարճացնել հարազատներին, տավիղ էր նվագում, երգում, միևնույն է, հոգեմաշ մտահոգությունը չէր լքում նրանց. իսկ թե պատահե՞ր չնախատեսված որևէ բան կամ, որ ավելի հավանական էր, Ֆակտիոն փորձե՞ր ազդել ընտրության ընթացքի վրա։

Լուսաբացն անձրևոտ էր։ Ծովի կողմից եկած սև, ջրառատ ամպերը կառչել էին տաճարների տանիքներից, ու մանրիկ անձրև էին մաղում քաղաքի վրա։ Տարափի վտանգ կար։ Սակայն օրվա չորրորդ ժամին[29] դրանից հետք անգամ չմնաց. Ալբանոյի փեշերից փչող տաք քամին ծվեն-ծվեն արեց ամպերը, սրբեց, ավլեց երկնակամարը՝ ուղի հարթելով Ապոլոնի ոսկեհուռ և շողշողուն կառքի համար։ Փողոց ելած հռոմեացիք քաղաքի տարբեր ծայրերից զվարթ աղմուկով հոսեցին դեպի տրիբուսները[30]։

Դուրս գալով բակ՝ Կեսարը համբուրվեց հարազատների հետ, ապա բազմեց պատգարակի գահավորակին։ Վեց խափշիկ նրան առան ուսերին և, ելնելով դարպասից (Ավրելիան աղոթում էր նրանց հետևից), հանդարտ ու վստահ քայլերով տարան դեպի քաղաքական կյանքի հորձանուտը։

Մասն երրորդ

Գլուխ առաջին

Ամեն ինչ սկսվեց հանկարծակի պլեբեյական խաղերից մի քանի օր անց, երբ աղմկոտ քաղաքը Մարսյան դաշտում դեռ զվարճանում էր՝ գլադիատորական արյունահեղ մարտեր դիտելով, ամենևին չակնկալելով, թե սեքստիլիոս ամսվա կեսին եղանակը կարող է այդպես շեշտակի փոխվել։ Անձրևը սովորական երևույթ էր Հռոմի համար և այն սկզբում միայն ամբոխի ուրախ տրամադրությունը փչացրեց՝ բացօդյա զվարճատեղերից նրան քշելով Մեծ կրկես և գինետներ։

Բայց անցավ մեկ շաբաթ, երկու, իսկ միալար իջնող տարափը շարունակվում էր անընդմեջ, ասես Դանայոսի դուստրերն իրենց պատիժը կրում էին անմիջապես քաղաքի վերևում։

Քաղաքը սմքել էր խոնավությունից, կուչ եկել և ագահորեն մեգ էր ծխում։ Երբեմնի վարդագույն ու ձիգ պարսպաշարը գորշացել ու ծանրորեն կախվել էր Տիբերի վրա։ Տուֆե ու տրավերտինե տաճարները, շարունակ ջուր ծծելով, դժգունել էին ու կքվել՝ ծանրացած ոսկեզօծ տանիքների օրավուր աճող ճնշման տակ։ Անձրևաջրերից հագեցած Տիբերը փքվել, բարձրացել-հասել էր ալեզուսպ պատնեշի շուրթերին և ագահորեն լիզում էր այն։ Ջրի կատաղի ընթացքն իր հետ տանում էր գրկաչափ ծառաբներ, հեղեղի բերանն ընկած անասուններ, հաճախ նաև՝ մարդկային ուռած դիակներ։

Ծովը ևս փոթորկված էր, և քանի որ ոչ մի բանբեր չէր ժամանում ասիական պրովինցիաներից, Հռոմն անտեղյակ էր արդեն հինգերորդ տարին շարունակվող պատերազմի վիճակին։ Սեքստիլիոսի սկզբներին ստացված լուրերի համաձայն Միհրդատը ծովային և ցամաքային մի քանի անհաջող մարտերից հետո քաշվել էր երկրի խորքը՝ բախտի քմահաճույքին թողնելով պոնտական հարուստ նավահանգիստներն ու Ամիսոս մայրաքաղաքը։

Երբ երրորդ շաբաթն էլ հանգիստ չբերեց քաղաքին, զանազան մունիցիպալիտետներից հավաքվեցին հեղինակավոր գուշակներ և, քրմերի կոլեգիայի հետ ամբողջ երկու օր մանրազնին ընթերցելով Սիբիլյան սուրբ գրքերը, հայտարարեցին, թե քաղաքը կործանումից կփրկի համաիտալյան իննօրյա աղոթքը միայն։ Աստվածների զայրույթը մեղմելու համար, իսկ այն, ըստ սուրբ գրքերի, պատճառ էր պաշտոնապես չճանաչված դավանանքների ներթափանցման, արգելվեցին ամեն տեսակ օտար հավաքներ. սենատի կարգադրությամբ և խստագույն հսկողությամբ հավաքվեցին և Կապիտոիումում այրվեցին այլ դավանանքների գրքերն ու ծիսամատյանները, արգելվեցին օտար աստվածներին նվիրված աղոթքները, զոհաբերություններն ու մաքրումները։ Ֆորումում ողջ-ողջ թաղվեցին գալլական և հունական ծագումով այլադավան երեք զույգ տղամարդիկ ու կանայք, զմռսվեցին կուսության ուխտը խախտած երկու վեստալուհիներ։ Սա քիչ համարելով՝ եռահարկ հարթակների վրա առատ զոհեր մատուցեցին Յուպիտերին ու Յունոսին, Մարսին և Նեպտունոսին, Ապոլոնին և Վուլկանին, չորս հարյուր տաղանդ ոսկի նվիրաբերեցին Վեներա աստվածահուն, Միներվային եռօրյա խաղեր խոստացան՝ խնդրելով վերադարձնել հանրապետության հանգիստը և քաղաքը հեռու պահել ամեն տեսակ փորձանքից ևս հինգ տարի։ Բայց աստվածամեծարումը դրանով չավարտվեց։ Ամենօրյա աղոթքներից հետո, քաղաքը և նրա բնակիչներին մաքրելու նպատակով, այր թե կին, վարսերին մրտենու ճյուղերից պսակներ, անձրևի տակ շրջում էին փողոցներում և զոհ մատուցում ամեն դարպասի մոտ, հետո, խարույկ վառելով կամարների տակ, տաճարների ներսում, տների մեջ, թռչում էին վրայից և ազատվում մեղքերից։ Հիվանդները, ծերերն ու մանկահասակ երեխաները մաքրվում էին օդով՝ տարուբերվելով սենյակներում գցված ճոճերի վրա կամ օծվում սրբազան ջրով։ Եվ որպեսզի մաքրումը կատարյալ լիներ ու բարի հոգիները չբանտվեին տներում, բոլոր դռները բացվեցին, ամենքը՝ օտար և անծանոթ, միախառնվեցին, ճամփորդներին քաղցր խոսքերով հրավիրում էին տուն և պատվում, մոռանում վեճ ու նեղսրտություն. այն ամենը, ինչ կարող էր հաճո չլինել աստվածներին։

Ջերմեռանդ աղոթքի իններորդ օրը ծիսական պարեր եղան Դեա-Դիա բացատում, ուր ամենքը թրջվեցին մինչև ոսկորները։

Երեկոյան, երբ ավագ քրմերը հարցում արին աստվածահորը՝ բավարարվա՞ծ է նա իրենց խոստումներից ու նվերներից, ամենքը տեսան, թե ինչպես շարժվեց Յուպիտերի արձանի գլուխը, և լսեցին նրա ձայնը, որ նման էր ընդերքից եկող խուլ դղրդյունի։

Անձրևը դադարեց հանկարծակի, ինչպես սկսվել էր։ Քաղաքն աշխուժացավ, հորանջեց ու ձգվեց։ Եկան առաջին օձակիրները, լուր բերելով, թե Միհրդատը փախել է Հայաստան, թե Ամիսոսն առնված է, Սինոբը՝ պաշարված, թե զորքի մի մասն անցել է Տավրոսը, մտել Կապադովկիա և ուր որ է կմոտենա Հայաստանի սահմանին։

Բանբերների հետ ափ իջավ նաև Լուկուլլոսի լեգատ և աներձագ Պուբլիոս Կլոդիոսը։ Նա եղել էր Հայաստանում, տեսնվել հայոց արքայի հետ և պահանջել հանձնել Միրհրդատին։ Տիգրանն իր հողն առաջին անգամ ոտք դրած հռոմեական դեսպանին ընդունել էր մեծ շուքով, սակայն մերժել էր՝ ասելով, թե ամենքը կծաղրեն իրեն, եթե մատնի իր երկրի թագուհու հարազատ հորը։ Պուբլիոսը հոխորտացել էր, թե արքան ստիպված կլինի պատերազմել Հռոմի դեմ, որին Տիգրանը պատասխանել էր, թե պատրաստ է կռվի բռնվել ցանկացած ժամի։

Պատերազմ չէր սկսվել, քանի որ Լուկուլլոսը չուներ այդ մասին սենատի որոշումը։

Ֆակտիոն Լուկուլլոսին չէր սիրում։ Սուլլայի դիկտատուրայի ժամանակ կույր նախանձից ծնունդ առած հակակրանքը Միհրդատի փախուստից հետո վերածվել էր բուռն ատելության, քանի որ նրանց համար մահացու վիրավորական էր, որ պակաս նշանավոր տոհմից ելած ինչ-որ մի երիտասարդ գերազանցեր իրենց փառքով, և եթե քաղաքի հայրերն անգամ զգային նոր պատերազմի անհրաժեշտությունը, ապա կջանային մեկ ուրիշին տեսնել Ասիական զորքերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում։ Սա էր պատճառը, որ Պուբլիոսը գաղտնի էր պահում վերադարձի իսկական նպատակը։ Հետաքրքրասերներին պատասխանում էր, թե հոգնել է բարբարոսական պիղծ արյուն հեղեղելուց և եկել է կազդուրվելու։ Նա ցերեկը ցուցադրաբար թրև էր գալիս հասարակական վայրերում, պրանդիումից[31] հետո պարտադիր լինում Ֆորումում, երեկոյան այցելում կրկես կամ պալեստրա[32]։ Իսկ երբ օրվա հոգսերից խոնջացած քաղաքը խաղաղվում էր և քաշվում նախաքնային աղոթքի, նա, ստրուկի շորեր հագած, սակավամարդ նրբանցքներով աննկատ հասնում էր Պրեցիայի ինսուլան, ուր նրան ամեն անգամ սպասում էին սենատորների նորանոր խմբեր։ Պուբլիոսը նրանց պատմում էր Տիգրանակերտի, Անտիոքի հեքիաթային հարստությունների մասին, և նրանց աչքերը փայլում էին իրենց հագուստների ադամանդե զարդերի պես. նա իմպերատորի անունից երդվում էր բաժին հանել Ողականի և Բաբիրքի անհամար գանձերից, բարեբեր տարածքներ հատկացնել Արաքսի ափին, առավել անհամբերներին վարձատրում էր Ասիայից բերած ոսկով, որպեսզի նրանք սենատի առաջիկա նիստում Լուկուլլոսին թույլատրեն հարձակվել Հայաստանի վրա։

Նա խուսափում էր առնչվել կոնսուլների հետ, քանի որ և՛ Կրասոսը, և՛ Պոմպեոսը աչք ունեին ասիական պրովինցիաների վրա։

Բայց որքան էլ Պուբլիոսը զգույշ էր, իսկ Պրեցիան՝ բծախնդիր սենատորների ընտրության գործում, երկրորդ շաբաթվա վերջում ողջ քաղաքն էր խոսում գիշերային հանդիպումների մասին։

Եվ ահա խիստ անհանգստացած արիստոկրատիան հույժ կարևոր խորհրդակցության էր հավաքվել Կատոնի առանձնատանը, որ ժամանակին Մարիուսին էր պատկանել։ Այստեղ էին պրետորներ Գնեոս Պիզոնն ու Գայոս Անտոնիոսը, գերագույն քուրմ Ֆուֆիդիան, ինչպես նաև Դոլաբելլան, Ահենոբարբը և էդիլ Պանսան։ Կոնսուլները չէին հրավիրվել. իսպանական արշավանքից հետո Մագնիան այլևս նախկին թունդ օպտիմատը չէր, ավելին, նա լեզու էր դրել պլեբսի բերանը՝ վերականգնելով Սուլլայի կողմից խուզված ժողովրդական տրիբունի պաշտոնը. Կրասոսը խզել էր իր հարաբերություններն օպտիմատների հետ, վրդովված, որ նրանք Սպարտակին հաղթող էին ճանաչել ոչ թե իրեն, այլ Պոմպեոսին։ Այս միջադեպից հետո կոնսուլները գժտվել էին և միմյանց վիրավորող էդիկտներ հրապարակելուց բացի այլ առնչություն չէին ունենում։

Ամենքը հուզված էին այնպես խոր, որ բոլորովին մոռացել էին գերառատ սեղանների գոյությունը և ավանդական գինեձոնից հետո ոչինչ չէին դրել բերանը, թերևս միայն Ֆուֆիդիան էր ծուլորեն ոստրե կլլում ու վրայից ձյունով սառեցված մրգահյութ խմում։ Մյուսները, ընկողմանած օթոցներին կամ նստած ջերմ օջախի մոտ, ուշադրությամբ լսում էին Կատոնին, որ խոսելիս ջղաձգվում էր հուզմունքից, ստեպ-ստեպ դիմում աստվածներին՝ ձեռքերը պարզելով վեր, և նրա մատների ակնահարուստ մատանիները շողարձակում էին սրահ թափանցած վերջալույսի ցոլքերից. նա նմանվում էր հմայություն անող մոգի։

Լուկուլլոսի հանդգնությունը՝ քաղաքի հայրերին կաշառելով իր կամքը պարտադրել սենատին, վրդովեցրել էր նրան մինչև հոգու խորքը, և նա բառեր չէր գտնում իմպերատորին պարսավելու համար։ Նա չմոռացավ հիշատակել նաև Կլոդիային՝ Լուկուլլոսի կնոջը, որի մասին պատմում էին, թե կապված է հարազատ եղբոր հետ։ Բայց Կատոնի զայրույթի իսկական պատճառն այլ էր։ Հայաստանի վրա հնարավոր հարձակումից առաջ իր թիկունքն ապահովելու նպատակով Լուկուլլոսը պակասեցրել էր ասիական քաղաքներից գանձվող հարկերը, կրճատել պարտքերը, սահմանափակել ֆինանսիստների ու վաշխառուների գործունեությունը՝ աննախանձելի վիճակի մեջ դնելով մեծահարուստ տներին, որոնք մինչ այդ խոշոր եկամուտներ էին ստանում պրովինցիաներից։ Կար նաև մի երրորդ պատճառ. նա չէր մոռացել այն ամոթալի խայտառակությունը, որ ստիպված եղավ ապրել, երբ Սուլլան հիշատակարանները ձոնեց ոչ թե իրեն՝ ամենքի կողմից հարգված սենատի նախագահին, այլ նորնոր տոգա հագած ինչ-որ մի կաթնակերի, ինչ է թե՝ նա Ֆիլոբեոտի մոտ աչքի էր ընկել քաջությամբ ու նաև նավատորմ բերել Եգիպտոսից։ Այսքանից հետո նա չէր կարող Լուկուլլոսին թույլ տալ նոր պատերազմ սկսել և, ընդհանրապես, նրա համար այդպես էլ գաղտնիք էր մնացել, թե ինչով էր առաջնորդվել Սետեգան՝ նախապատվությունը տալով Լուկուլլոսին. չէ՞ որ նրա տոհմը մինչ այդ ոչնչով աչքի չէր ընկել և ոչ մի զորավար չէր տվել հանրապետությանը։

Պիզոնն անշարժ նստած էր օջախի մոտ ու, թեև սրահում տաք էր, ափերը պարզել էր խաղաղորեն ճարճատող կրակին. կարող էր թվալ, թե քննարկվող հարցը չի հուզում նրան։ Բայց դա միայն արտաքուստ էր այդպես. նա ևս հավակնել էր Կիլիկիայի կուսակալի պաշտոնին և սրտի կսկիծով էր ընդունում Լուկուլլոսի հաջողությունները։ Խոշոր գլուխը կրծքին հակած՝ Դոլաբելլան մտախոհ սրահի մի անկյունից մյուսն էր քայլում։ Լայն տունիկայի տակից նշմարվում էին նրա հզոր մկանները, նա պիրկ էր կրկեսամարտիկի պես, իսկ դեմքը թրծված էր ու առնական՝ կյանքում ամեն ինչ տեսած զինվորականի նման։ Նա նոր էր վերադարձել Աֆրիկայից, տեղեկանալով, թե Լուկուլլոսի ասիական նորամուծություններն ինչպես են վնասել իրեն. Քաղկենդոնի, Սմիռնայի, Կիզիկոսի նրա գործակալները կես տարում հարյուր տաղանդից ոչ մի սեստերցիում ավելի շահույթ չէին կարողացել ապահովել, մինչդեռ նախորդ տարիներին այն տասնապատիկ ավելին էր։ Ահենոբարբին Լուկուլլոսը նյութապես չէր վնասել, ոչ էլ նա ձգտել էր Ասիա ընկնել. հացամթերումների տնօրինումը բոլորովին ձեռք էր տալիս նրան, և նա, խիստ զգուշավոր մարդ լինելով, գերադասում էր չխցկվել այնտեղ, ուր արյուն էր թափվում։ Բայց և չէր մոռացել երկու տարի առաջ կոնսուլական ընտրություններում իր խայտառակ անհաջողությունը, երբ իր թեկնածությունն առաջադրած տրիբուսում անգամ չկարողացավ հաղթել Լուկուլլոսին։ Եվ հիմա ուշի-ուշով հետևում էր Կատոնին, որպեսզի առաջին իսկ ընդմիջումին վատաբանի Կիլիկայի կուսակալին։ Պանսան, որ նոր մարդ էր սենատական վերնախավում և իր բարեհաջող պաշտոնավարման համար մեծապես պարտական էր Կատոնին, նրան նայում էր այնպիսի մի հայացքով, ինչպես հավատարիմ շունն է նայում տիրոջը, և մերթ ընդ մերթ գլխով էր անում՝ շտապելով իր համաձայնությունը տալ Կատոնի մտքերին։ Ֆուֆիդիան, որ, քրմապետ դառնալով, հեռացել էր քաղաքականությունից և ամբողջովին տարվել հոգևոր գործերով, աչքի տակով հետևում էր Պանսային ու, կսմթելով կողքին ընկողմանած Անտոնիոսին, հայացքով ցույց էր տալիս նրան ու ծիծաղում քթի տակ։

― Ինչպես սաստիկ ծարավ մարդն է ջրհորի հանդիպելով՝ խմում ագահաբար,— Կատոնը չէր հանդարտվում և, ինչ-որ գրություններ օդում թափահարելով, խոսում էր՝ ցասումից շնչասպառ լինելով,― այդպես էլ Լուկուլլոսը, որին ժառանգություն էր մնացել սոսկ մի հնամաշ տուն, այն էլ՝ էսքիլենի վրա, գլուխը կորցրել է ասիական արքունիքների ճոխությունից։ Ինձ լուրեր են հասել, որ նրա ձեռքն են անցել Հերակլեոնի և Ամիսոսի գանձատները, Մա աստվածամոր տաճարի ողջ հարստությունը, այնինչ սենատն այդ մասին տեղեկացված չէ և ահա ի՞նչ է բաժին հասել հանրապետությանը,— նա մի պահ հայացքը սահեցրեց գրությունների վրայով,— տաս հազար երեք հարյուր տաղանդ, որչափ ստացվում էր նախքան պատերազմը...

— Նրա ընչաքաղցությունն ինձ բոլորովին չի զարմացնում, բայց փորձել կաշառել հայրերի՞ն... — Ահենոբարբը հարմար թիկնեց օթոցին և, դառնալով հավաքվածներին, շարունակեց մռայլված,— նրա ներկայությունն Ասիայում ավելի վտանգավոր է, քան ազատության մեջ գտնվող Եվպատորը, և եթե մենք ուզում ենք ապրել հանգստության մեջ, ոչ միայն պիտի արգելենք նրան նոր պատերազմ սկսել, այլև անհապաղ ետ կանչենք Ասիայից։ Հարկավոր է վաղը ևեթ նիստ հրավիրել և համոզել հայրերին, որ Հայաստանից մեզ ոչ մի վտանգ չի սպառնում, և անիմաստ է մեծաթիվ բանակը պահել Ասիայում, մանավանդ, որ լրանում է վետերանների ծառայության ժամկետը։

— Ի՞նչ վտանգի մասին է խոսքը,— Ֆուֆիդիան դադարեց ոստրե ուտել և շուրթերը զգուշությամբ սրբեց ասեղնագործ վարշամակով,— երբ որդու մահից հետո Տիգրանը քաշվել է Անտիոք և կես տարուց ավելի չի եղել արքունիքում։ Նա նույնիսկ չի բարեհաճել տեսակցել Միհրդատին և նրան ապաստանել է անշուք մի դղյակում։

— Այդ դեպքում ինձ համար ամեն ինչ պարզ է արդեն,— եզրակացրեց Ահենոբարբը,— Լուկուլլոսը տրիումֆի է ձգտում և երազում է Միհրդատին քարշ տալ մարտակառքի ետևից։ Մի՞թե նրա այդ հաճույքի համար մենք պիտի թույլ տանք՝ հանրապետությունը գնա անհաշիվ զոհողությունների։

Ահենոբարբի այս խոսքի վրա սրահ մտան Ցիցերոնն ու Բիբուլոսը։ Տանտիրոջ հրավերով նրանք ընկողմանեցին օթոցներին։ Ահենոբարբը կամենում էր ինչ-որ բան ասել, բայց, նկատելով, որ եկվորներն անհանգիստ տեսք ունեն, լռեց։

Ձյան հալվող բեկորներ էին շողում Բիբուլոսի հրաշեկ գանգուրների մեջ, նրա տոգայի փեշը ճմրթված էր ու տրորված։ Կիկերոնի դեմքին արյան հետքեր կային, տոգայի ճարմանդը պոկված էր, և նա ձեռքը չէր իջեցնում ուսից։

— Դուք այնպես շփոթված եք, ասես Հաննիբալը ճամբար է դրել պարիսպների տակ,— փորձեց կատակել Կատոնը՝ մոտենալով նրանց։— Ի՞նչն է այդպես հուզել երիտասարդ սենատորներին։

— Ա՛յն, ինչ հիմա կատարվում է, պատվարժա՛ն Կատոն,— պատասխանեց Ցիցերոնը լուրջ տոնով։— Եվ եթե այն ժամանակ մեզ կործանումից փրկեց մեր միասնությունը, ապա դրա բացակայությունն է այժմ մեր ամենամեծ մտահոգությունը։

Գեղանի սպասուհիները խմիչք և ուտեստներ հրամցրին նոր ժամաած հյուրերին, բայց նրանք, սաստիկ հուզված լինելով, բավարարվեցին մեկ գավաթ գինով, այն էլ խմեցին ի պատիվ տանտիրոջ լարերի[33]։

— Դժոխային իրարանցում է Քաղաքում, խառնաշփոթ,— գավաթը դատարկելով՝ Բիբուլոսը արյունով ներկված աչքերը պտտեցրեց ներկաների վրա, հետո, լսողությունը լարելով, հարցրեց.

— Չե՞ք լսում։

Ամենքը լռեցին, մի քանիսը մոտեցան գավթի վրա բացվող լուսամուտներին։

Մարսյան դաշտի կողմից աղմուկի խուլ ձայներ էին հասնում։

— Մի՞թե այսօր որևէ միջոցառում կա այնտեղ,— զարմանքից ուսերը թոթվելով՝ քաղաքի հայրերը շրջվեցին Ֆուֆիդիայի կողմը։

Վատ բանի կանխազգացումով Ֆուֆիդիան անհանգիստ շարժվեց բարձերի վրա։

— Այնտեղ Հուլիային են թաղում,— ասաց Բիբուլոսը՝ խիստ կարևոր լուր հաղորդողի լրջությամբ։

— Ինչպե՞ս,— բացականչեցին սենատորները և ցասումով շրջապատեցին նրան, ասես նա էր սրբապղծություն արել,— Մարիուսի կնոջը թաղում են հռոմեական արքաների և աստվածային Սուլլայի կողքի՞ն։

Նրանց աչքերը շանթեր էին արձակում, իսկ բռունցքները սեղմված էին։

— Եթե միայն դա լիներ,— շարունակեց Բիբուլոսը՝ թույլ չտալով նրանք հանդարտվեն։― Մարկոսի հետ շտապում էինք այստեղ, երբ Արգիլետի վրա մեր ճանապարհը կտրեց բազմահազարանոց ամբոխը։ Նրանք գլխներից վեր բռնել էին Մարիուսի պատկերը, իսկ աճյունի ետևից գնացող մի խումբ կրում էր նրա հաղթանշանները։

Բիբուլոսին լսում էին շունչը պահած։

— Երբ Ֆորումն ամբողջովին բռնվեց բազմությամբ, թափորը կանգ առավ և պահանջեց ձայն տալ Կեսարին։ Նրան ձեռքերի վրա տարան ռոստրաների մոտ, և նա գովեց Մարիուսին՝ նրա գործերը հավասարեցնելով Քամիլլոս Երկայնաբազուկի քաջագործություններին։ Իսկ թե ինչեր նա դուրս տվեց Սուլլայի մասին, գերադասում եմ լռել։ Այդ նա առաջարկեց Մարիուսի այրուն թաղել արքաների կողքին, ինչն ամբոխն ընդունեց ցնծությամբ։

— Իսկ վիգիլնե՞րը, ի՞նչ էին անում նրանք, մի՞թե չէին կարող զսպել ամբոխին,— հարցրեց էդիլ Պանսան տագնապած։

— Ինչի մասին է խոսքը,— քմծիծաղեց Բիբուլոսը չարությամբ, նրանք կողմ էին քաշվել, և ամբոխը ծեծեց Սիլանոսին, երբ սա փորձեց պաշտպանել Սուլլային։

Ծանր լռություն հաստատվեց սրահում, սենատորները խոժոռված միմյանց էին նայում, պատրաստ ամեն փորձության։

— Պետք չէ այդպես բորբոքվել,— ասաց Կատոնը՝ դեմքին ժպիտ հաղորդելով և կամենալով հանգստացնել հյուրերին,— Սիլանոսն առաջին սենատորը չէ, որ ծեծվում է Ֆորումում, և հարկ չկա դրա համար տագնապ հայտարարել։

— Մեծարգո նախագահն այդպես հանգիստ է խոսում,— առարկեց Բիբուլոսը բորբոքվելով,— քանի որ տեղյակ չէ՝ ինչ է կատարվում այնտեղ։ Փորձեք հապա դուրս գալ առանց լիկտորների... Հայտնի չէ՝ ինչ կլիներ մեր վերջը, եթե էդիլ Պենիոն հեռու գտնվեր մեզանից։

Ցիցերոնը լուռ գլխով արեց՝ հավաստելով նրա ասածը։

Կատոնը մտորեց մի պահ, ապա ասաց դանդաղ՝ կշռադատելով յուրաքանչյուր բառը.

— Եթե հիմա ուժ գործադրենք, ավելի կգրգռենք ամբոխին, ինչը և ցանկանում են մեր հակառակորդները։ Մենք կվարվենք բոլորովին այլ կերպ. թույլ կտանք նրանց խոսել ինչից կամենան և որքան ուզենան. այդպես նրանք ավելի վաղ կհանդարտվեն, իսկ այդ ժամանակ արդեն մենք կիմանանք՝ ինչպես վարվել նրանց հետ։— Նա ափով անընդհատ տրորում էր սուր կզակը և հյուրերին նայում վար իջած հոնքերի տակից։ Ինչ վերաբերում է սիկիոնե կոշիկներ հագնող այդ պճնամոլին, որ կնոջ նման գլուխն օծում է անուշավետ յուղերով, չարժե այն ուշադրությանը, որ արժանացնում եք նրան։

— Բայց ամենափոքր չարիքն անգամ մեծանում է, պատվարժա՛ն նախագահ, եթե անտեսվում է ժամանակին,— չհամաձայնեց Ցիցերոնը։— Եթե ամբոխը սովորի ընդվզումին, նրա դեմն առնելն անհամեմատ կդժվարանա, քանի որ նրանք այլևս այսօրվա երկչոտը չեն լինի։ Բացի այդ, եթե այսօր Կեսարին երկրպագում են միայն աղքատները, որոնց նա հաց է բաժանում, ապա վաղը նրա կողմը կանցնեն մյուս խավերը ևս, եթե շարունակենք ձևացնել, թե ոչինչ չի կատարվում։

— Մարկոսը ճիշտ է,— խոսեց Դոլաբելլան մռայլված,— Կեսարին լրիվ աչքաթող ենք արել։

— Քվեստորության կամ մեկ այլ ուրիշ պատրվակով նրան հարկավոր է գործուղել որևէ հեռավոր պրովինցիա,— Պիզոնը հանկարծ աշխուժացավ, և նրա աչքերը փայլեցին նենգորեն,— ու թող նա իր անհատնում եռանդը ի սպաս դնի հարկահանության կարևոր գործին։

Սենատորների դեմքին ժպիտ երևաց։

— Դա կարելի է անել թեկուզ այսօր, բայց ինձ հասկանալի չէ ձեր անհանգստությունը. աղքատների առաջնորդն ի՞նչ կարող է անել մեզ։ Չլինի՞ ձեզ նույնպես վախեցրել են քրմերի գուշակությունները։— Կատոնը քմծիծաղեց, որից Ցիցերոնը, իսկ նա հավգուր էր, վիրավորվեց։

— Դե ինչ,— ասաց նա՝ ձեռքերը կողքի տարածելով,— եկեք բոլորս միասին ծիծաղենք քրմերի, երազահանների և հավգուրների վրա, եկեք համարենք, որ նրանք բոլորը սուտասան և անպետք մարդիկ են։ Եկեք ատենք նրանց գիտությունը, արհամարհենք բաբելոնցիների և բոլոր նրանց ուսմունքը, ովքեր Կովկասի գագաթներից դիտում են երկինքը և ուսումնասիրում աստղերի շարժումը։ Ուրիշ բան է, որ նրանց հեղինակությունը մի փոքր ընկել է. դա ես բացատրում եմ նրանց աստվածային ներշնչանք հաղորդող ուժի թուլացմամբ կամ նվազումով, ինչպես բարակում կամ ընդհանրապես ցամաքում են որոշ գետեր։ Իսկ որ նրանց խոսքերում ճշմարիտը շատ անգամ գերազանցում է կեղծին, դրանում և՛ համոզված եմ, և՛ շատ օրինակներ կարող եմ բերել։ Հիշենք, թե ինչ կատարվեց, երբ Տիբերիոս Գրակքոսը երկու օձ գտավ իր տան մեջ[34]։

— Ես ամենևին միտք չունեի վիրավորել աստծո սպասավորների արժանապատվությունը,— Կատոնը զղջաց իր խոսքերի համար,— բայցևայնպես, բացատրեք ինձ, ի՞նչն է պատճառը, որ այդպես զգուշանում եք նրանից։

— Նա այնքան հանդուգն է,— անմիջապես պատասխանեց Ցիցերոնը,— որ ոտնահարում է Նումայից եկող սովորույթներն ու սուրբ օրենքները, պղտորում արքաների հանգիստը։ Նա հարություն է տալիս Մարիուսին, որի անունը չի արտաբերվել տասներկու տարի. և նա ոչնչից չի վախենում։ Նա հասավ այն բանին, որ ժողովրդական տրիբուններն օրենք ընդունեցին՝ թույլատրելով Հռոմ վերադառնալ Մարիուսի և Լեպիդոսի համախոհներին, որոնք այսքան տարի գտնվում էին տարագրության մեջ։ Նա հաջողեցրեց աներորդու վերադարձը, և հիմա մեզանից շատերը կորցրել են հանգիստը և հասարակության մեջ երևում են ուժեղացված պահախմբով կամ լանջազրահ են կրում։ Մի՞թե սա քիչ է։

Ֆուֆիդիան ձեռքն առավ կրծքից կախված փղոսկրե հմայիլն ու աչքերի դեմ պահելով, ինչ-որ բան շշնջաց։

— Թող չխաբի ձեզ նրա թվացյալ հանգստությունը,— շարունակեց Ցիցերոնը կրքոտությամբ՝ լարված հայացքը սահեցնելով հավաքվածների վրայով,— նա ձևացնում է, թե ուրախ և զվարճասեր երիտասարդ է, որի նմանները լի են գինետներում, այնինչ թեթևամիտ վարքի տակ նենգ ու եռանդուն բնավորություն է թաքնված։ Ես նույնպես, երբ տեսնում եմ ինչպիսի բծախնդրությամբ է նա հագնվում, ինչ խնամքով են սանրված մազերը և ինչպես է նա օրիորդավարի մի մատով անընդհատ ուղղում դրանք, հաճախ խաբվում եմ և, քեզ նման, մեծարգո՛ Կատոն, ինձ ևս թվում է, որ այդ մարդն իսկապես ընդունակ չէ որևէ խիզախ բան մտածելու անգամ։ Բայց ասա՛ ինձ անկեղծորեն, կհավատայի՞ր, եթե պոնտական պատերազմից առաջ ասեին, թե նա ընդունակ է ահռելի ծովում հետապնդել ծովահեններին և բռնելով խաչել նրանց։

— Ես հիմա էլ չեմ հավատում այդ փչոցներին, որոնք նա ինքն է հորինել։ Գնա ցանկացած պանդոկ և նման պատմություններ շատ կլսես էժան համբավի սիրահար մեր երիտասարդների շուրթերից։

— Մարկոսի անհանգստությունն անհիմն չէ, Կատո՛ն,— միջամտեց Անտոնիոսը, որ օթոցից ելել ու սրահի կենտրոնում կանգնած՝ ուշադիր հետևում էր խոսակցությանը։— Մենք նրան չպիտի թույլ տայինք այդքան հեշտությամբ զբաղեցներ զինվորական տրիբունի պաշտոնը, ապա դառնար քվեստոր։ Մինչ մենք զբաղված էինք ավելի լուրջ գործերով, նա հնարավորություն ստացավ առնչվել բարձրաստիճան մագիստրների հետ և խորամանկորեն օրենքի ուժ տվեց իր նպատակներին։ Դա մեր սխալն է եղել և պիտի ուղղենք այն՝ հանուն մեր հետագա հանգստության։

— Բայց մի՞թե կարող էինք արգելել նրան խնջույքներ սարքել ու հյուրասիրել աղքատներին,— վրա բերեց Կատոնը։

— Կարող էինք ավելացնել ձրի հացաբաժանումների չափը, և նրանք չէին վազի Կեսարի ետևից և կուրորեն չէին երկրպագի նրան։ Ես այս մասին բազմիցս տեղյակ եմ պահել սենատին, բայց ոչնչի չեմ հասել։

Ահենոբարբն անմիջապես արդարացավ՝ ասելով, որ շռայլություն կլիներ այդքան ծախսերի դիմել Կեսարի պատճառով, երբ իրենք Կատիլինայի պես լուրջ հակառակորդ ունեն, որի դեմ աղքատների առաջնորդը,— նրան անչափ դուր էր եկել Կատոնի բնորոշումը և նա կրկնեց այն,― ոչինչ է։

Նրա հանգստությունը բոլորովին հասկանալի չէր Ցիցերոնին և, չսպասելով մյուսները ևս կարծիք հայտնեն, ասաց մի այնպիսի տոնով ու կեցվածքով, որից ամենքը հասկացան, թե կամենում է նվաստացնել Ահենոբարբին անհետևողականության համար.

— Աղքատների այդ առաջնորդն այսօր ամբոխի առաջ պարծենում էր, թե իր հորաքույր Հուլիայի տոհմը մոր կողմից հասնում է մինչև արքաները, իսկ հոր կողմից՝ անմահ աստվածները, քանզի Անկոս Մարցիուսից ծագում են Մարցիուս արքաները, որոնց անունը կրում է նրա մայրը, իսկ Վեներա դիցուհուց սերում է Հուլիոսների տոհմը. թե իր տոհմը օժտված է անձեռնմխելիությամբ, ինչպես արքաները, որոնք հզորությամբ ու պատկառանքով վեր են կանգնած բոլոր մարդկանցից, և ինչպես աստվածները, որոնց ենթակա են իրենք՝ արքաները։

— Փչոց,— արտաբերեց Ահենոբարբը՝ արհամարհանքով։

— Բայց նրան լսում էին և հավատում,— Կիկերոնը չկարողացավ զսպել իրեն և ձայնը բարձրացրեց։— Որերորդ տարին նա կեղծավորությամբ և ճաշկերույթներով իր կողմն է գրավում քվիրիտներին, իսկ մենք հանգիստ նայում ենք այդ ամենին։ Եթե առաջ տարված էինք Սպարտակի դեմ պատերազմելով, ապա այժմ, երբ հանրապետության ներսում խաղաղություն է, ի՞նչն է խանգարում մեզ՝ նրա դեմն առնել։ Այնինչ նա շարունակում է իր գործը. այսօր ոսկերիչների ու հացագործների համքարությունները նրա անունով են երդվում, ինչ է՝ նա մեծ քանակությամբ ոսկի և հացահատիկ է բերելու Իսպանիայից։

— Ոչի՜նչ,— ծոր տվեց Ֆուֆիդիան,— նրա հարստությունն ուր որ է կսպառվի, և երբ կարիքը գերակշռի համառությանը, նա էլ կգա մեր քղանցքները համբուրելու։— Հետո, մի պահ հիշողության գիրկն ընկնելով, երանությամբ ավելացրեց.

— Ա՜խ, Ֆելի՜քս, Ֆելի՜քս, եթե չփչացնեիր ամեն ինչ, հիմա այդ պճնամոլի ու նրա գիրուկ ուսուցչի հոգիները վաղուց այն աշխարհում կլինեին։ Ամեն ինչ սարքել էի այնպե՜ս հմտորեն...

— Երազելու ժամանակ չէ, հարկավոր է ինչ-որ բան անել,— խայթեց Ցիցերոնը՝ արգահատանքով լի հայացքով չափելով քրմապետին։ Նրա հոգում հանկարծ գլուխ էր բարձրացրել վրեժխնդրությունը, քանի որ Ֆուֆիդիան բացահայտ անբարեհաճ էր իր հանդեպ և բազմիցս երեսով էր տվել իր ոչ պատրիկական ծագումը։ Նա երբեք չէր հանդգնի վիրավորել Ֆուֆիդիայի ինքնասիրությունը, եթե ամբոխի զայրացուցիչ պահվածքը փողոցում և որոշ սենատորների անհետևողականությունը այստեղ, չհանեին նրան հավասարակշռությունից։ Նա ուշացումով զգաց, որ չափն անցել է և իր արարքը հավանաբար դուր չի գա հավաքվածներից ոչ մեկին։ Բայց ուշ էր արդեն որևէ բան փոխելու համար, և սոսկումով սպասեց կործանիչ հարվածին։

— Իսկ դու այդպես տագնապած ես,— թշշաց բորբոքված քրմապետը, անհանգիստ շարժումներ անելով,— քանի որ վախենում ես կորցնել առաջին հռետորի դափնիները։ Դու նախատրամադրված ես նրա հանդեպ և նրա ամենասովորական քայլը նշանակալի է թվում քեզ։ Այսօր ճանկռել են քեզ, և դու ահա փոքրոգաբար լալիս ես այստեղ՝ անկարող լինելով ինքդ վրեժ լուծել նրանից։

Շառագունած Ցիցերոնը կարկամեց մի պահ, կամեցավ ինչ-որ բան ասել, բայց, հավաքվածների դեմքին կարեկցանք չտեսնելով, ոտքի ելավ։

— Եթե բոլորդ այդ կարծիքին եք,— ասաց նա դառնաձայն ու գլխիկոր,— ես այստեղ անելու ոչինչ չունեմ այլևս։

Նա հեռացավ օթոցներից, բայց դռների մոտ կանգ առավ։

— Կեսարն իմ դեմ ոչինչ չունի. ես բոլորովին պատահաբար հայտնվեցի այսօր նրա ճանապարհին, բայց ահա քեզ, Ֆուֆիդիա՛, վտանգ է սպառնում, և քեզ, Անտոնիո՛ս. դուք էիք պրոսկրիպցիաներ կազմում, իսկ նա այդ մասին հայտարարեց ամբոխին։ Ես պարտքս համարեցի հայտնել իմ կարծիքը և կրկնում եմ, որ եթե այժմվանից միջոցներ չձեռնարկեք, մի օր նա անակնկալի կբերի բոլորիդ, և այնժամ արդեն ուշ կլինի ու ոչինչ անել այլևս չեք կարողանա։ Հիշեք, դեռ Սուլլան էր զգուշանում նրանից, այնինչ նա զգուշանալու ավելի քիչ հիմքեր ուներ, քան այսօր՝ դուք։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես կարող եմ ապրել նաև առանց դափնիների։

Նա դուրս եկավ՝ սրահում գտնվողներին թողնելով մոլորության մեջ։

Գլուխ երկրորդ

Սմբակների դոփյունը, որ եկավ ու խլացավ կամարաձև լուսամուտի տակ, նրան ստիպեց հայացքը կտրել սեղանին փռված մագաղաթներից և հառել սրահը նախասենյակից բաժանող ծիրանագույն վարագույրներին, որի ետևից ուր որ է կհայտնվեր նոմենկլատորը[35]։

Պայտած կալիգաների[36] վեր բարձրացող չքչքոց լսվեց, հետո դռների մեջ հայտնվեց զինվորական շքեղ հանդերձանքով գեղեցկադեմ մի երիտասարդ։ Երկար, պիրկ վզի վրա պահվող նրա սքանչելի գլուխը ծածկված էր փասիանի գունագեղ փետրափնջերով զարդարուն սաղավարտով, որի ուղիղ կենտրոնում խոյի գլուխ էր պատկերված։ Ընդգծված մեծ ծնոտը, միմյանց կպած թավ հոնքերը և գլխի հպարտ պահվածքը խստություն և անսահման ինքնավստահություն էին հաղորդում նրա հայացքին, իսկ հզոր և համաչափ մարմինը կխենթացներ ամեն քանդակագործի։ Նրա պղնձե թերթիկավոր զրահազգեստին և դրվագազարդ սրնքակալներին փոշու պարզ նշմարելի շերտ կար, որ վկայում էր երկարատև ճամփորդության մասին։

— Ողջույն Հռոմի ամենաքաջ տղամարդուն,— կանչեց զինվորականը՝ խրոխտ ձայնով, սաղավարտն առնելով գլխից։

— Ռուֆիո՜ն,― վերջապես ճանաչելով՝ Կեսարը նետվեց դեպի նա,— այս ո՞ր քամին է քեզ Աստուրիա[37] բերել։

Նրանք ջերմորեն ողջագուրվեցին և անսահման ուրախությունից երկար ժամանակ ցնցում էին միմյանց։

— Բայց ինչո՞ւ նոմենկլատորն ինձ չզեկուցեց գալստյանդ մասին,— զարմանքով հարցրեց Կեսարը՝ զինվորականի ուսի վրայից նայելով նախասրահի կողմը և այնտեղ զուր սպասավորներ փնտրելով։

— Հարկ կլինի նրան մի քանի օրով բժշկի խնամքին հանձնել,— պատասխանեց Ռուֆիոնը ժպտալով։— Ուզում էի անակնկալի բերել քեզ, իսկ այդ անասունն ընկնում էր ոտքերիս տակ։

Նրանք սրտանց ծիծաղեցին ու միմյանց գրկած խորացան սրահի մեջ, ուր ընկողմանեցին կաշեպատ բազմոցին։

— Անճանաչելիորեն փոխվել ես, կազդուրվել, Արեսն անգամ կնախանձի քեզ,— ասաց Կեսարը, մտերմաբար շոյելով նրա պիրկ բազուկները։— Դե, պատմիր, ո՞ւր էիր այսքան տարի, ինչո՞ւ ոչ մի լուր չէիր ուղարկում քո մասին։

— Նախանձելին ճակատագիրս թող լիներ,— քմծիծաղեց Ռուֆիոնը՝ թուլացնելով լանջազրահի հանգույցները։ Եվ հարմար նստելով բազմոցին ու ոտքը ոտքին գցելով՝ պատմեց տասնյոթ տարի տևած իր դեգերումների մասին։

Նրա ծնողներին Սուլլան մահապարտ էր ճանաչել սոսկ այն պատճառով, որ նրանք մտերմություն էին արել Մարիուսի ընտանիքի հետ։ Վերջին խնայողությունը զոհելով՝ Ռուֆիոնը հաջողեցրել էր մեկնել Աֆրիկա, ուր այդ ժամանակ փոխկուսակալ էր նրա մորեղբայր Սերտորիուսը։ Քրոջ ընտանիքին պատահած աղետի լուրն առնելով՝ փոխկուսակալը զարմիկի և հավատարիմ մյուս զինակիցների հետ ծովով անցել էր Իսպանիա, ուր մինչ այդ փախստականների մեծ բազմություն էր կուտակվել։ Հմուտ զորավար լինելով՝ Սերտորիոսը փախստականներից կանոնավոր բանակ էր կազմել, և Ռուֆիոնն աջակցել էր նրան։ Հետո չորս տարի հաջողությամբ կռվել էր հանրապետական զորքերի դեմ, Սպարտակի ապստամբության տարիներին բազմիցս մոտեցել էր Իտալիայի արևմտյան սահմաններին և զենք հասցրել խռովարարներին։ Երբ Սերտորիոսը պարտվեց Պոմպեոսին, նա մի խումբ սպաների հետ անցել էր Պոնտոս, ուր արժանացել էր Միհրդատի ջերմ ընդունելությանը։ Եվպատորը նրան վստահել էր արքայագնդի, իսկ հետո՝ նավատորմի հրամանատարությունը, և նա կարճ ժամանակում ասիական խառնիճաղանջ բանակը դարձրել էր խիստ մարտունակ։ Այդ նրա և հռոմեացի մյուս սպաների շնորհիվ էր, որ Եվպատորը կարողացավ երկու ամսում գրավել Գալաթիան, Պափլագոնիան, Կապադովկիան և հասնելով Հոնիա՝ պաշարել Կիզիկոսն ու Քաղկեդոնը։ Կիզիկոսի մոտ Բախտը երես էր թեքել Ռուֆիոնից. սոսկալի փոթորիկը կործանել էր պոնտական ողջ նավատորմը, միայն երջանիկ պատահականությամբ ողջ մնալով, նա գերաններից կառչած լողացել էր մինչև Հռոդոս։ Այնտեղից ծածուկ մեկնել էր Նումիդիա՝ տեղյակ լինելով Բակհոս թագավորի հակահռոմեական տրամադրություններին։ Առժամանակ մնալով այնտեղ և համոզվելով, որ Բակհոսը հապաղում է որևէ բան ձեռնարկել, հիասթափված Ռուֆիոնն անցել էր Եգիպտոս, ուր և նրան հասել էր տարագիրների վերադարձը թույլատրող օրենքը։

Դառնալով հայրենիք և տեղեկանալով, որ հարազատները մահապարտ են ճանաչվել Ֆուֆիդիայի և Անտոնիոսի պահանջով, վերժխնդիր լինելու մտադրությամբ նա իր շուրջը համախմբել էր հավատարիմ մարդկանց և Ռոբիգալիայի տոնի ժամանակ, օգտվելով համընդհանուր խառնաշփոթից, նա իր մարդկանցով դարանակալել էր Անտոնիոսի տան մոտերքում, և պրետորին անխուսափելի կործանումից փրկել էր պատահականությունը. նա այդ օրը մնացել էր գիշերելու սիրուհիներից մեկի մոտ։ Շատ չանցած՝ Գրեակոստասի մոտ՝ անմիջապես ֆորումի վրա, ուր քրմապետը ոչ մի վտանգ չէր կարող ակնկալել, կտրել էր Ֆուֆիդիայի ճանապարհը։ Նրա մարդկանց հաջողվել էր վերացնել հանկարծակի եկած թիկնապահներին, իսկ ստրուկները փախել էին՝ ցած գցելով տիրոջը։

Կեսարն ակնդետ լսում էր նրան՝ մերթ ատելությունից բռունցքները սեղմելով, մերթ աչքերը փայլեցնելով ոգևորության կրակով։

Մազերից բռնած՝ Ռուֆիոնը քրմապետին դուրս էր քաշել պատգարակից, իսկ սա, չճանաչելով դիմացինին,— հարձակվողները դիմակով են եղել,— փաթաթվել է նրա ոտքերին և գթություն աղերսել, կանչելով, թե ինքը ոչ մեկին վատություն չի կամեցել և թե իրեն պարտադրել են պրոսկրիպցիաներ կազմել։

— Սողո՛ւն, ստո՛ր արարած,— ատամների արանքից նետելով՝ Կեսարն անհանգիստ քայլում էր սրահում։

— Բայց ես չկարողացա սպանել նրան,— տխրաձայն շարունակեց Ռուֆիոնը,— և երբեք չեմ ների ինձ։ Աչքերս կուրացել էին վրեժի ծարավից, տենչում էի պատռել նրա կուրծքը և նրա թպրտացող սիրտը տրորել ոտքերիս տակ։ Ձեռքիս դաշույնը նկատելով՝ նա բառաչեց մորթվող անասունի պես, սկսեց գալարվել գետնին. և ես դժվարանում էի հարվածել նրան։ Մինչ հասկացա, որ նա հագուստի տակ լանջազրահ է կրում, ուշ էր արդեն և հազիվ պրծա հեծյալ վիգիլների ձեռքից։

— Միևնույն է, նա իր մահով չի գնա,— ընկերոջը մխիթարեց Կեսարը։

— Այս անհաջողությունը զգաստացրեց ինձ, դարձա նախկին շրջահայացը, որին ճանաչել ես։ Ինձ համար պարզ դարձավ, որ իմ փոքրաթիվ խմբով չեմ կարող անվերջ պատերազմել աստվածների դեմ՝ երկնքում, և Ֆակտիոյի՝ երկրի վրա. ես կկործանեի ինձ և չէի հասցնի վրեժխնդիր լինել բոլորից։ Եվ եկա այն մտքին, որ հարկավոր է առժամանակ քաշվել որևէ խաղաղ պրովինցիա, ուր չեն վխտում Կատոնի լրտեսները և ուր կարելի կլինի համախոհներ գտնել։ Բայց ինքնակամ հեռանալով՝ կասկածի տեղիք կտայի և այնպես արեցի, որ սենատն ինքը զգաց իմ կարիքը, և ահա ես Աստուրիայում եմ՝ որպես Վեցերորդ լեգեոնի հեծելազորի պետ։

Կեսարը նրան ոչինչ չասաց իր ապրումների ու զրկանքների մասին, չդժգոհեց, որ քվեստորի պարտականությունները զզվեցրել են իրեն, որ ինքը դրանք անում է ձևականորեն, դարձել է դյուրագրգիռ, բարկությունը թափում է դեցիմվիրների ու սպասավորների վրա, որ ամեն անգամ կուսակալի պահանջով մարզեր մեկնելով՝ զայրույթի մի նոր բռնկում է համակում և հազիվ է զսպում իրեն՝ ժամկետից շուտ չլքելու պրովինցիան. նա վաղուց Հռոմում կլիներ, եթե չերկյուղեր, որ իր հանդեպ անբարեհաճորեն տրամադրված ցենզորները դա պատրվակ բերելով՝ կհրաժարվեն սենատ ընդունել իրեն։ Չտրտնջաց, որ իր ամենօրյա գործը կաղնեփայտե սեղանին փռված ահա այս գալարակույտն է, որի տեսքից միայն նողկանք է զգում և որի մեջ պարտավոր է ամեն իրիկուն գրառում անել, թե որքան հացահատիկ կամ ստրուկ գնվեց, որքան ծախսվեց այսինչ տոնին, ում և որքան հացահատիկ նվեր տրվեց, և էլի հազար ու մի նման հիմարություններ, որոնցով լի է գլուխը հաստափոր այս մատյանի պես։ Չասաց նաև, որ անսահման կարոտել է քաղաքին, ինչպես արձակուրդ գնացած զինվորն է կարոտում ճամբարային կյանքին։

Նա սենեկապետին կարգադրեց սեղան գցել ի պատիվ գերազնիվ հյուրի, և մինչ սպասավորներն աշխույժ եռուզեռով պատրաստություն կտեսնեին, նրանք դուրս եկան սրահից։ Պալատը, որի ծովահայաց պատշգամբում հայտնվեցին, կամարաձև չորս մուտք ուներ, եզրերի երկուսը՝ միջանցիկ։ Անմիջապես մուտքերի վերևում՝ երկրորդ հարկում, խորանների մեջ մարդահասակ արձաններ էին դրված. տանիքը պահող կրկնակի սյուններն ավարտվում էին հոնիատիպ խոյակներով, որոնց հարուստ զարդանախշերի մեջ նշմարելի էին բաց երախով ցուլի գլուխներ։

Հեռվում առատ գոլորշիների ծանրությունից ծնկի եկած կաթնագույն մառախուղը շաղախել էր իրար երկնքի և ծովի անընդգրկելի տարածությունները՝ սքողելով ամեն եզր ու սահման։ Ափամերձ ելուններից ալիքների հառաչանքով լի ճողփյուն էր լսվում։

Աջակողմյան մուտքից սկիզբ առնող գլաքարե ճանապարհը, պալատի առջևում ոլորվելով, անհետանում էր առաջ եկած կողաշենքի հետևում։ Ճանապարհը եզերող արձաններից մի փոքր ցած՝ ընդարձակ հարթավայրի վրա, տարածվում էր կուսակալի պարտեզը՝ թևերից առնված մայրենու խիտ անտառակների մեջ, իսկ առջևից ձգվում էր մինչև ատամնավոր ծովապատնեշը, որից այն կողմ ոսկե ցոլքերով փայլում էին երեք զույգ տրիրեմների անկիզելի պատյանով ցռուկները։ Պարտեզը կղզյակների բաժանող առվակները կվինտիլիոսյան բարկ արևի տակ շողշողում էին արծաթե գոտիների նման, կղզյակները միմյանց կապված էին փայտյա կամրջակներով, որոնց նախշազարդ բազրիքներին երևում էին երկարագլուխ վիշապներ ու կենտավրոսներ՝ մարդու գլխով և ձիու կամ ցուլի մարմնով։ Սրագագաթ կիպարիսներով եզերված ծառուղիների հատույթներում բոլորաձև նստարաններ էին՝ անձրևապաշտպան ծածկով. պարտեզի կենտրոնում անվերջանալի իր երգն էր երգում վարդագույն ավազանի մեջ օրորվող շատրվանը՝ ադամանդի փոշով ցողելով մրտենու թփերը, որոնց միջից երբեմն-երբեմն երևում էին հեզաճկուն վիթեր, գեղիրան եղնիկներ. շատրվանների շուրջը ճեմում էին հպարտաքայլ սիրամարգեր՝ ծիածանի գույներով ողողելով եթերը։ Ծառուղիներից մեկի վրա՝ անմիջապես պալատին մոտ, նշմարվում էր լիանաների խճճուն ցանցով պատված մի տաղավար. տաղավարի առջևի զմրուխտյա լճակն այնքան թափանցիկ էր, որ պատշգամբից երևում էին մեծատերև լոտոսների դեղնասպիտակ ցողունները։ Լիանաների ոստերի միջից երևում էր ոսկեզօծ արմնկակալներով փղոսկրե մի գահավորակ, որին հովի պես թեթև նստած էր երկնագույն զգեստով ջահել մի կին. նրա շագանակագույն վարսերն ալիքվում էին նուրբ ուսերի վրա, նա խոնարհվել էր ծնկներին դրված ոսկեկազմ գրքին և կլանված կարդում էր՝ շարունակ շոյելով զգեստի երկար փեշերի հետ խաղացող վիթի ձագուկի սիրունիկ գլուխը։

— Ո՞վ է այս դիցուհին, Գայո՛ս,— հետաքրքրվեց Ռուֆիոնը՝ հայացքը չկտրելով ստվերում նստած կնոջից։— Աստվածուհի՞ է նա, թե՞ այս ամենը տեսնում եմ երազում։

— Մավրիտանիայի թագուհին է։

— Բուգոդի կինը Աստուրիայո՞ւմ,— Ռուֆիոնի աչքերը կլորացան զարմանքից։

— Նա տառապում է թոքային ինչ-որ հիվանդությամբ, և մոգերը խորհուրդ են տվել շնչել այստեղի օդը։

— Այո՜,— ծոր տվեց Ռուֆիոնը՝ լիաթոք շնչելով,— օդն այստեղ հիվանդաբեր չէ, ինչպես Հռոմում։

Հետո ավելացրեց վավաշոտ երանությամբ.

— Եվ կուսակալն անշուշտ խենթացել է երկնքից իջած երջանկությունից։

— Դու նույն կնամոլն ես,― ժպտաց Կեսարը։— Կուսակալն իսկապես խենթացել է, բայց պատճառը թագուհին չէ, այլ թագավորը. Բուգոդը նրան քառասուն տաղանդ ոսկի է խոստացել, եթե կինն ապաքինվի։ Նրան հիմա ապարանքում չես գտնի. պրովինցիայի զանազան ծագերից այնքան հեքիմ ու բախտահմա է ուղարկել, որ նրանց բոլորին տեղավորելու համար ստիպված եմ եղել երկու մանիպուլ հանել վրանների տակ։

— Եվ ի՞նչ, մի՞թե դու թույլ ես տալիս մավրիտանական այս նիմփան ձանձրանա մենության մեջ ...

Ռուֆիոնի այս խոսքերի վրա թագուհին բոլորովին պատահաբար շրջվեց նրանց կողմը և գլխի նուրբ շարժումով ողջունեց Կեսարին։

— Թող Յուպիտերը լսի խոսքերս և այս պահին շանթահար անի ինձ, եթե սխալվում եմ՝ նա սիրահարված է քեզ,— ասաց պրեֆեկտն ու նայելով ընկերոջ աչքերի մեջ, շարունակեց։— Եվ որքան ճանաչում եմ քեզ, դու նրանցից չես, ովքեր բաց են թողնում առիթը։

— Նա իմ միակ մխիթարությունն է աստուրիական ճգնավորության մեջ,— խոստովանեց Կեսարը, և նրա ձայնի մեջ ավելի շատ տառապանք կար, քան հպարտություն։

Լուռ քայլեցին պատշգամբի երկարությամբ՝ պայտած մույկերով համաչափ չքչքացնելով սալահատակին։ Պրեֆեկտը հայացքը չէր կտրում թագուհուց, իսկ երբ տաղավարն ամբողջությամբ ծածկվեց կիպարիսի շարքերով, նա, ինչ-որ բան մտաբերելով, հարցրեց.

— Այդ ի՞նչ սխրանք ես գործել, Գայոս, ասում են՝ մի օր Հռոմն արթնացել ու քար է կտրել զարմանքից՝ Կապիտոլիումում տեսնելով Մարիուսի ոսկեձույլ արձանը։

— Մի՛ հիշեցրու այդ մասին,— Կեսարը թույլ ժպտաց։— Մեջքովս միջատներ են վազում, երբ մտաբերում եմ այդ գիշերը։ Կարծում ես հե՞շտ էր այն ձյունապատ լանջով վիգիլներից թաքուն բլրագագաթ հասցնել։ Երկու ստրուկ կորցրի ես այնտեղ, ինքս հրաշքով պրծա գերանների տակ ճզմվելուց։

— Վերջին ասը կտայի՝ Կատոնի սփրթնած դեմքն այդ առավոտ տեսնելու համար,— բացականչեց Ռուֆիոնը հրճվանքով, ապա ավելացրեց լրջորեն.

— Բայց նրանք չեն ների քեզ, Գայո՛ս։

— Նույն առավոտյան նրանք ինձ կուրիա հրավիրեցին, և ես այնտեղից ողջ դուրս չէի գա, եթե ժողովուրդը չպաշարեր շենքը։

Հուշիկ քայլերով նրանց ընդառաջ եկավ Կեսարի սպասավորը՝ առաջարկելով մեկական գավաթ գինի։ Քվեստորը հրաժարվեց նրա ծառայությունից, իսկ Ռուֆիոնը դառը հեղուկը խմեց մեծագույն բավականությամբ, ասելով, որ երկարատև ճամփորդությունից կոկորդը չորացել է, ինչպես Մանլիուսի ջրանցույցը վերջին երաշտի ժամանակ։

— Ի՞նչ կա Քաղաքում,— հետաքրքրվեց Կեսարը, երբ կրկին մնացին երկուսով։

— Առաջվա նման հաստափոր դրամափոխներն ու վաճառականներն ավելի մեծ թիվ են կազմում ֆորումում, քան հանրապետության բախտով անկեղծորեն հետաքրքրվողները։ Նոր սկսված պատերազմի վիճակն են քննարկում. տեղյակ ես անշուշտ, որ Լուկուլլոսը, չստանալով սենատի համաձայնությունը, առանց Ֆեցիալների օրհնության մտել է Տիգրանի թագավորությունը։ Ֆակտիոն նրան ուզում էր հետ կանչել, բայց ամեն ինչ խափանվեց, երբ Լուկուլլոսը Տիգրանակերտի մոտ ջախջախեց հայերի հարյուր հազարանոց բանակը։ Ա՜խ, հա՜, Կատիլինան է պատրաստվում կոնսուլական իր թեկնածությունն առաջադրել գալիք ընտրություններում։

— Ֆակտիոն ամեն ինչ կանի խափանելու համար այդ,— ասաց Կեսարը մտախոհ։— Սերգիուսից նրանք վախենում են ավելի, քան Միհրդատից։

— Նրանք իսկապես ձեռքերը ծալած չեն մնում. պատրվակ են փնտրում Սերգիուսի մերձավորներին Քաղաքից հեռացնելու համար։ Ցեպիոնին սենատը գործուղել է Եգիպտոս, հացահատիկի ներմուծման հետ կապված ինչ-որ գործերով, թեև դրա մատակարարումն ընթանում էր առանց ընդմիջումների։ Լենտուլոսին, դու նրան լավ ես ճանաչում, երեք ամսով գործուղել են Հոնիա, ասես ողջ Քաղաքում միայն նա էր գլուխ հանում մարմարից։ Սա քիչ համարելով՝ Սերգիուսի դեմ գրգռում են Ցիցերոնին։ Մոռացա ասել, Կատուլլոսը վերադարձել է Ասիայից։ Ասում են՝ նա այնտեղ բոլորին զարմացրել է բարքի խստությամբ և հաստատակամությամբ, այնպես որ, հիմա Աթենքում և Քաղկեդոնում նրա անվամբ են կոչում համառ և խստաբարո մարդկանց։ Հիշո՞ւմ ես, քերական դպրոցում էլ նա ինչ-որ տարօրինակություններ ուներ, իսկ այժմ խելքը լրիվ թռցրել է. փողոցներում ման է գալիս հասարակ սանդալներով, իսկ ստրուկները նրա հետևից քարշ են տալիս դատարկ պատգարակը։ Մի անգամ նրան պատահեցի Տիբուրից վերադառնալիս. նրա ուղեկիցները բոլորը ձիու վրա էին, և եթե չճանաչեի նրան, կկարծեի իմ առջև անբախտ մի փախստակ է, որին բռնել և վերադարձնում են տիրոջը։ Ասում են՝ նա իր մարմինը վարժեցրել է ամեն փորձության և սնվում է միայն շաբաթ օրերին, ջուր բոլորովին չի խմում և ծարավը հագեցնում է լոտոսի արմտիքով։

― Իսկ ի՞նչ դիրք է բռնել նա։

— Սրբազան պատվիրանների նման պաշտում է օպտիմատների ծրագրերը և դեմ է ամեն կարգի նորամուծության։

— Մռայլադեմ այդ ժուժկալը լուրջ մտահոգություններ կպատճառի մեզ,— ասաց Կեսարը՝ րոպեական լռությունից հետո։— Գուշակությամբ վաղուց չեմ զբաղվել, բայց ինձ թվում է, նա կդառնա առաջին օպտիմատը և հանրապետության բախտը գուցե թե կախված լինի նրա տրամադրությունից. քսանյոթ տարեկանում ո՛չ ես, ո՛չ դու, Ռուֆիո՛ն, այդպիսի ճանաչում չունեինք ասիական քաղաքներում։

— Ֆակտիոն չտեսնված ջերմությամբ է շրջապատել նրան. Քաղաք գալուն պես նրան ընդունել են սենատ, իսկ Կատոնն առաջարկել է դստեր ձեռքը։

— Զարմանալի ոչինչ չկա,— Կեսարը հոգոց հանեց,— արքայադուստրերը հուսալի դաշնությունների համար են։ Զորավոր այս միջոցը Ֆակտիոն չի հորինել, բայց օգտվում է դրանից հմտորեն։ Ուշադրություն դարձրու՝ Կատոնը Ցելերի քենակալն է, Գայոս Անտոնիոսը՝ Դոլաբելլայի փեսան, Բիբուլոսը՝ Կատոնի։ Փորձիր նեղել նրանցից որևէ մեկին և նրանք քո դեմ կելնեն միասնաբար։

Ռուֆիոնը շրջվեց պարտեզի կողմը և արմունկով հենվեց սյանը։ Նրա անորոշ հայացքը րոպեաչափ թափառեց պարտեզի վրա, հետո նա հանկարծ բռունցքով հարվածեց զրահին՝ գոչելով.

— Հարկավոր է ինչ-որ բան անել, Կեսա՛ր. ինչո՞վ ենք տարբերվում մեր ստրուկներից, որոնց սիրում ենք ծանակել անճարակության համար։ Կյանքը հավերժ չէ, մենք սոսկ անցորդ ենք այս աշխարհում, էլ ինչո՞ւ մեր ճամփան անցնենք գլխահակ... Գայո՛ս, ես չեմ եկել այստեղ Բախտից դժգոհելու և կարեկցանք լսելու. ոչնչացնել է պետք գայլերի այդ ոհմակը։

— Շատե՞րն են տեղյակ մտադրություններիդ,— հարցրեց Կեսարը՝ ձեռքը մտերմաբար դնելով պրեֆեկտի ուսին։

— Եթե աստվածներն ինձ օժտած չլինեին ծայրաստիճան գաղտնապահությամբ, հոգիս վաղուց վերադարձած կլիներ նրանց մոտ,— պատասխանեց Ռուֆիոնը։

Նրանք շարունակեցին քայլել։ Երբ հասան կողաշենքին, պարտեզից այն կողմ վարժանք անող մանիպուլներ երևացին. ճերմակ նժույգ հեծած տրիբունի հատու հրամանները հասնում էին պատշգամբ։

— Լսիր՝ ինչ կասեմ,— ասաց Ռուֆիոնը տրիբունին ճանաչելու զուր փորձից հետո,― ժամանակը չէ՞ արդյոք վերածնելու Մարիուսի և Սիննայի կուսակցությունը։

— Կուսակցությունն արդեն գործում է,— պատասխանեց Կեսարը՝ զգուշանալով, ասես մարմարե արձանները կարող էին ունկնդրել իրեն։

— Դու այդ լո՞ւրջ ես ասում,— Ռուֆիոնին մոլեգին ուրախություն համակեց և նրա աչքերը բոցավառվեցին զույգ կանթեղների նման։ Նա գրկեց ընկերոջն ու, չհավատալով ունկերին, հարցը կրկնեց։

— Այն գործում է ահա արդեն երեք ամիս,— հաստատեց Կեսարը։ Ճիշտ ժամանակին ես եկել, երեկոյան հավաքվելու ենք Մարկոս Անտոնիոսի մոտ ...

— Մարկոս Անտոնիոսի՞,― Ռուֆիոնը կիտեց հոնքերը,― Գայոս Անտոնիոսի եղբորորդին դե՞մ է Ֆակտիոին։

— Միայն վրեժխնդրությունը չէ որոշում որ ճամբարին պատկանելը, Ռուֆիոն, գաղափարի կռիվն ավելի դաժան է և իրար դեմ կարող է հանել նույնիսկ եղբայրներին։

Ռուֆիոնը ոչինչ չգտավ առարկելու, թեև զարմանքը չէր լքել նրան։

— Այսօր կտեսնես նաև Օպիոսին. նա այս ողջ ընթացքում թաքնվում էր Գալլիայում։

— Օ՜պիոս, Օպիոս,― բացականչեց Ռուֆիոնը՝ հիշողության գիրկն ընկնելով։— Ինչպե՜ս էր դպրոցում դնգստում մեզ անխիղճը։ Էլի նույն կռվարա՞րն է։

— Այն օրից, երբ նա վիզը ոլորելով Սետաբում խեղդեց աժդահա ցուլին՝ ամենքը խուսափում են ընդհարվել նրա հետ։ Կուրիոնն էլ է լինելու. ա՛յ, թե կուրախանա՝ տեսնելով քեզ։ Ի դեպ, ինչոր բան հիշելով՝ Կեսարը հանկարծ կանգ առավ, եթե չեմ սխալվում Աղինիոս Պոլիոնը քո հեռավոր ազգականն է, այդպես չէ՞։

Ռուֆիոնը գլխով արեց.

— Նա ևս Աստուրիայում է, և մտադիր եմ այցելել նրան։

— Դու նրան լա՞վ ես ճանաչում,― Կեսարը բռնեց Ռուֆիոնի թևը,― կօժանդակի՞ նա մեզ։

— Այս յոթ ամսում նրա հետ տեսնվել եմ երկու անգամ, հպանցիկ, և ժամանակ չի եղել տեղեկանալ նրա դիրքորոշմանը։ Որքան ինձ հայտնի է նա այստեղ է գալիս բծախնդիր ցենզորների աչքից հեռու բավականություն ստանալու համար. ասում են նա այստեղ այնպիսի նախաճաշեր է տալիս, որ չի բավականացնում ցերեկը, և խնջույքներ, որոնց չի հերիքում գիշերը, և Ավրորան նրան ու իր խոհակիցներին գտնում է օթոցներին մրափած կամ շքեղ ամառանոցի անթիվ ննջարաններում պարուհիների հետ առանձնացած. իսկ այդ պարուհիներին նա առասպելական գներով ձեռք է բերել ասիական արքունիքներից և ոսկեզարդ կառքով ման է տալիս իր հետ։ Նա լիովին թողել է քաղաքականությունը և կանանցից բացի հետաքրքրվում է միայն Էպիկուրոսի գրքերով։ Գիտեմ, որ չի սիրում Ցիցերոնին, քանի որ այդ բերանբացը ինչեր ասես դուրս չի տալիս Էպիկուրոսի հասցեին։ Իսկ գինի խմում է Բաքոսի նման...

Պոլիոնի մոտ հյուրընկալության առաջին օրերն անցնում էին գլադիատորական դաժան մարտերով ուղեկցվող անվերջանալի կերուխումի մեջ։ Նա հրավիրել էր նաև տեղի մեծահարուստ երիտասարդներին. սրանք ոչ մի րոպե չէին լքում Պոլիոնին, և հռոմեացի պատրիկներին չէր հաջողվում խոսել նրա հետ։

Պոլիոնն ասպարեզ էր հանում մահապարտների դաշունազեն խմբեր և ոչ միայն չէր ներում պարտվածներին ու վիրավորներին, այլև ինքն էր վերջ տալիս նրանց՝ կտրելով նրանց զարկերակը ծոծրակի վրա։ Արյունը ցայտում էր շատրվանի պես, լճանում խճազարդ հատակին. իսպանացի հյուրերը, որ սառնասիրտ չէին իրենց պատրոնների նման, գունատվում էին ու հետ տալիս օթոցների վրա, իսկ Պոլիոնը ծաղրում էր նրանց՝ գոչելով.

— Մեզ՝ Էնեասի[38] հետնորդներիս, բոլորովին չեն գեղեցկացնում մեղմությունն ու գթասրտությունը։

Ամեն անգամ, երբ Պոլիոնը պատրաստվում էր մորթել ստրուկներին, Ռուֆիոնը դուրս էր գալիս սրահից. նա այդ անում էր ոչ թե խղճահարությունից, այլ խուսափում էր արյան հոտից, որից նրա մոտ սրտխառնոց էր սկսվում՝ պատճառ դառնալով անտանելի գլխացավի, այնքան անտանելի, որ նա հաճախ ծնկի էր գալիս և ափերով գլուխը բռնած գալարվում. այդպիսի պահերին նրա մտքով անցնում էր վերջ տալ կյանքին և ազատել իրեն դժոխային տանջանքներից, և գուցե այդպես էլ վարվեր, եթե ամեն անգամ օգնություն չհասներ ազատարձակը՝ բանիմաց և բարեկիրթ մի հույն, և ուժով խմեցներ գինեմրուրի նմանվող դառնահամ ինչ-որ հեղուկ, որի պատրաստման գաղտնիքն ինքը գիտեր ու մեկ էլ, թերևս, Էսկուլապիոսը։

Պոլիոնների տոհմին Սուլլան չէր դիպել։ Սենատական վերնախավն անբարեհաճ չէր երիտասարդ և տաքարյուն ոսկեարդյունաբերողի հանդեպ ու ներողամիտ հոր պես փորձում էր չտեսնելու տալ նրա «չարաճճիությունները», քանի որ Աղինիոսը թունդ լատինասեր լինելով՝ շատ անգամ հանրապետությունը հանել էր ֆինանսական դժվարություններից։ Ցենզորները երբեմն-երբեմն նրան սպառնում էին վտարել սենատից, բայց ամենքին պարզ էր, որ դրանով Ֆակտիոն կամենում էր նրան հիշեցնել, որ ամեն ինչից զատ կա նաև սենատ և որ նա պարտավոր է հաշվի նստել իրենց հետ։

Նա միակ սենատորն էր, որ նստաշրջանների ընթացքում իրեն թույլ էր տալիս հեռանալ քաղաքից առանց այդ մասին տեղյակ պահելու պրինցեպսին. ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձնում, քանի որ նա երբեք ելույթ չէր ունենում և չէր խառնվում հանրապետության գործերին։

Հյուրընկալության հինգերորդ օրը՝ կամենալով դաժանության նոր դաս տալ հյուրերին, Պոլիոնը նրանց հրավիրեց Լուզիտանիայում գտնվող ոսկեհանքերից մեկը, ասելով, որ շքեղություն սիրող ամեն ոք պարտավոր է իմանալ ինչպես է արդյունահանվում ոսկին։

Նա հրավիրել էր նաև իսպանացիներին, որոնց ներկայությունը Կեսարն ու Ռուֆիոնն ընդունեցին վատ քողարկված տհաճությամբ։ Ճանապարհին Պոլիոնն անվերջ գովում էր իր թխաբաշ նժույգին, և պատրիկները նշաններ փոխանակելով՝ առաջարկեցին մրցել երեքով։ Երբ հեռացան այնքան, որ ոչ ոք չէր կարող տեսնել ու լսել իրենց, Կեսարն ու Ռուֆիոնը դանդաղեցրին ընթացքը։ Կարծելով նրանց նժույգները հոգնել են, Պոլիոնը սկսեց կատաղել, ասելով, թե ասիացեղ իր հովատակին Բուկեփալոսն անգամ չէր հաղթի։ Բայց հայրենակիցների մտախոհ դեմքերը տեսնելով, լրջացավ։

— Խնջույքների հանդեպ ունեցած սերը չէ մեզ բերել քեզ մոտ, Աղիոնիոս,— խոսեց Ռուֆիոնը՝ նայելով զարմիկի աչքերի մեջ,— այլ մտահոգությունը մեր թշվառ հայրենիքի վաղվա օրվա համար։

Պոլիոնի համար այս ամենն անսպասելի էր, և նա ապշած նայում էր մեկ Կեսարին, մեկ Ռուֆիոնին։

— Սուլլայից հետո ոչինչ չի փոխվել,— շարունակեց Ռուֆիոնը,— և ոչ ոք չի կարող երաշխավորել, թե սարսափելի մղձավանջը չի կրկնվի այլևս։ Եվ ահա մենք՝ ազնվական տների մի քանի ներկայացուցիչներ, վերածնել ենք Մարիուսի կուսակցությունը և ... մեր առջև խնդիր ենք դրել տապալել Ֆակտիոն։

— Ահա՜ թե ինչ,— Պոլիոնը շշմել էր անակնկալ նորույթից։— Իսկ ես, հիմարս, կարծում էի գործ ունեմ ամենասովորական սատիրոսների հետ, այնինչ ...

Նրանք լուռ նժույգավարեցին։ Պոլիոնը, խիստ մտազբաղ, նայում էր հեռուն։ Կեսարն ու Ռուֆիոնը հետևում էին նրա դեմքի արտահայտությանը։

— Տապալել Ֆակտիոն, ցրել ծերակույտը — սա, իհարկե, քո նախաձեռնությունն է, Կեսա՛ր. Ասիայից քո վերադարձից հետո Քաղաքը նմանվում է փոթորկուն ծովի,— վերջապես խոսեց Պոլիոնը։— Հանդուգն միտք է և այն գրավում է ինձ. ես վաղուց ձանձրացել եմ հոգուս և մարմնիս տարանջատման պահի սպասումով օրերս վատնել անիմաստ և երազում էի դուրս գալ անգործության թմբիրից, որևէ բան ձեռնարկել, բարի, թե չար, միայն թե կյանքն այսպես քարացած չմնար։ Բայց դուք Ֆակտիոի հետ կարգին չեք շփվել և չգիտեք որքան հզոր է այսօր այն։

— Չկա՛ մի ուժ, որի դեմ անհնար լինի պայքարել, Պոլիո՛ն,— ասաց Կեսարը։

Պոլիոնին գործերն Աֆրիկա տարան. ծովահեններն այնտեղ բռնագրավել էին նրա նավերից մեկը։ Ռուֆիոնն իր լեգեոնի հետ անցավ Կիմբրիա, Օպիոսը մեկնեց նրա հետ։ Մարկոս Անտոնիոսին կուսակալը գործուղեց Բուգոդի մոտ։ Սկսվեց հարկահավաքի տաղտկալի ու երկարատև շրջանը։ Կեսարը շաբաթներով թրև էր գալիս ավանից ավան, գյուղից գյուղ՝ մահու չափ զզված պրովինցիայի միապաղաղ կյանքից, ուր ո՛չ կռիվ կար, ո՛չ պայքար. երկյուղում էր, թե մի օր կմեռնի ձանձրույթից որևէ մի հեռավոր շենի ճանապարհին։ Նրա հոգին տակնուվրա էր լինում, փորձում էր օրը լցնել որևէ զբաղմունքով, բայց ոչինչ չէր գրավում նրան, և ժամանակը հոսում էր անտանելի դանդաղ, օրերի անվերջանալի երթը ձգվում էր առասպելական պիթոնի նման, ու թվում էր քվեստորության երկու տարին երբեք չի լրանա և բաղձալի ազատությունը չի գա այդպես էլ։ Նրա ուշքն ու միտքը Հռոմում էր. մտորում էր ընտանիքի, մտերիմների, կիսատ մնացած գործերի մասին։ Իսկ Ֆակտիոի դեմ պայքարը դառնում էր բացահայտ. քաղաքից լուրեր էին հասնում, թե նոր հուզումներ են սկսվել և որ Կատիլինան սենատում ելույթ է ունեցել ու պահանջել պաշտոնազրկել Սուլլայի բոլոր զինակիցներին։ Նրա համար ծանր էր հանդիսատեսի նման կողքից նայել այդ ամենին, նրա համբերությունը սպառվում էր և հազիվ էր զսպում իրեն՝ չփախչել պրովինցիայից։ Սետաբում նրան լուր բերեցին, թե Կոռնելիան լուրջ հիվանդ է։ Դա անչափ վշտացրեց նրան։ Կոռնելիան նրան պատկերանում էր անկողնուն գամված, գունատ, տեսնում էր տառապանքի մլարով պատված նրա աչքերը, որոնք նրան վրեժխնդրության էին կոչում. նա ներքուստ համոզված էր, որ հիվանդության պատճառն այս կամ այն չափով նաև իր ընտանիքին վիճակված զրկանքներն ու հոգեկան ծանր ապրումներն են։ Ավելի էր բորբոքվում ատելությունը Ֆակտիոի հանդեպ, և նա այն վերացնելու պլաններ էր կազմում։

Մի անգամ՝ հարկահավաք ջոկատի հետ Գադեսում շրջելիս, բլուրներից մեկի վրա նա ոսկետանիք մի տաճար նկատեց, որ շողշողում էր իրիկնամուտի վարդագույն ցոլքերից։

― Ի՞նչ տաճար է,— հարցրեց ուղեկիցներին։

Սրանք նախ զարմացան, որ քվեստորը դեռ չի եղել այնտեղ, հետո բացատրեցին, որ տաճարը կառուցել է Նեարքոսը[39] և հիմա այնտեղ է գտնվում Լիսիպոսից մնացած Ալեքսանդրի միակ արձանը։ Մակեդոնացու անունը լսելով՝ նա խորապես հուզվեց, կանգնեցրեց երթը և իսպանացի օգնականներին խնդրեց ուղեկցել իրեն, իսկ նրանք պատասխանեցին, թե Ալեքսանդրին այցի գնում են մենակ։

Տաճարի բակում ոչ ոք չկար։ Զոհասեղանի մոտ, հզոր գլուխը թաթերին հենած, անխռով մեկնվել էին ասորական զույգ առյուծներ։ Գազաններն ուշք չդարձրին քվեստորին, և, ներս մտնելով, նա հայտնվեց բոլորաձև սրահում։ Այստեղ նույնպես ոչ ոք չկար։ Նեղ մի դուռ բացվում էր սրահի վրա, որը քվեստորին դուրս բերեց կիսամութ, երկար միջանցք։ Հատակը հազիվ էր երևում, կանթեղների շարքերը հետզհետե նոսրանում էին, և թանձրացող խավարը կլանում էր ամեն ինչ։ Նա լուռ առաջանում էր միջանցքով։ Գորշ պատերի վրայով ստվերներ էին սահում, որ նմանվում էին առասպելական թռչունների ուրվականների. պայտած մույկերի չքչքոցն արձագանքվում էր անբնականորեն ուժգին. միջանցքն աստիճանաբար խորանում էր գետնի մեջ, և այս ամենը երկյուղախառն ու խորհրդավոր ապրումներ էր ծնում նրա հոգում։ Հանկարծ նրան թվաց, որ ինքը մենակ չէ։ Կանգ առավ և շուրջը նայեց։ Սյուքի պես մի բան անցավ գլխավերևով, նրան թվաց, թե թույլ թևաբախյուն լսեց, և կանթեղները միանգամից մարեցին։ Ծանր շնչառության ձայներ լսվեցին, փափուկ ինչ-որ բան քսվեց նրա սրունքներին։ Նա ձեռքն ակամա տարավ դեպի գոտին, և սառը քրտինք պատեց նրան. դաշունակալը դատարկ էր։ Նա սեղմվեց պատին, իսկ այն սարսափազդու մռնչոցով ետ գնաց, ու նա աչքերը կկոցեց չկուրանալու համար։ Նա հայտնվել էր հարյուրավոր կանթեղներով ու ջահերով լուսավորված ընդարձակ սրահում, որի կենտրոնում՝ մարմարե ճերմակ գահավորակին, բազմել էր Ալեքսանդրը։ Ոսկեդրվագ դիադեմով զարդարված նրա գլուխը մի փոքր ետ էր ընկած, կեցվածքի մեջ գոռոզություն չկար, հայացքն էլ տիրական չէր, ինչպես պատկերում էին նրան մյուս քանդակագործները, ավելին, նրա դեմքին պաղել էր մեղմ թախիծ, որն ընդգծում էր նրա մեծահոգությունը։

Ալեքսանդրի ոտքերի մոտ մեկնվել էին նույն երկու առյուծները, իսկ նրանց թաթերի մոտ ընկած էր իր դաշույնը։ Կեսարն ակնածանքով ծնկի եկավ արձանի առաջ և գլուխը հպեց նրա ծնկներին՝ որպես ամենակարող աստծո։ Միայն այդժամ նա նկատեց, որ հատակին մարմարի աննշան փոքր կտորներից ինչ-որ պատկեր է արված։ Ոտքի ելնելով՝ ետ-ետ գնաց ու իր առջև տեսավ հրաշալի մի խճանկար, որը սրահ մտնելիս չէր նկատել կուրացուցիչ լույսի պատճառով։ Սպիտակի և շագանակագույնի տարբեր երանգներով պատկերված էր Ալեքսանդրի և Դարեհի մարտը Իսոսի մոտ, որ կրկնօրինակումն էր Փիլոքսենեսի կտավի։ Մարմարի փոքր բեկորներով, այնքան փոքր, որ չէր զանազանվում գծերի ընդհատությունը, պատկերված էին ռազմիկների ալեկոծված դեմքեր, ծառս եղած նժույգներ, սպանվածների գետնատարած մարմիններ, արմունկներին հենված վիրավորներ, մարտադաշտի վրա ճախրող նիզակներ, այստեղ-այնտեղ թափված զենքերի կույտեր։ Խճանկարի կենտրոնից մի փոքր աջ՝ մարտնչողների խճճված կույտի վրա, բարձրանում էր ոսկեձույլ մարտակառքի մեջ կանգնած Դարեհը՝ սև, խիտ մորուքով, գլխին արքայական խույր։ Նա սարսափով նայում էր կռվողների միջով դեպի իրեն եկող Ալեքսանդրին ու ջախջախված պարթևական զորքին։ Նրա կառավարն անխնա դաղում էր նժույգներին։ Փախչող Դարեհին Ալեքսանդրը նայում էր լայն բացված աչքերով, շուրթերն ամուր սեղմված էին, նրա սաղավարտն ընկել էր ցած, և սև գիսակները ծածանվում էին քամուց, որից փողփողում էին նաև նրա թիկնոցն ու դրոշը։ Զորավարների միջև թավալվում էին վիրավոր նժույգներ, շուռ եկած կառքերը փակել էին բոլոր ուղիները։ Անկարող հասնել նահանջող Դարեհին՝ Ալեքսանդրը նիզակը պարզել էր կողքի և ուր որ էր, կնետեր պարթև արքայի վրա։ Իսկ Դարեհը, վահան չունենալով, անխուսափելի հարվածի դեմ պարզել էր բացված ափը։

Խճանկարի եզրերում՝ անագապղնձե բարձր աշտանակների վրա, օրորվում էին երեսուներեք բոցե լեզվակներ՝ խորհրդանշելով Ալեքսանդրի ապրած տարիները։

Զարմանալի զուգադիպությունից քվեստորը փշաքաղվեց. Ալեքսանդրը վախճանվել էր իր այժմյան տարիքում։

Մռայլված ու գլխիկոր նա դուրս եկավ սրահից։ Ալեքսանդրն իր տարիքում աշխարհակալ զորավար էր, իսկ ի՞նչ է արել ինքը անմահության համար։ Նրա հոգին տակնուվրա էր լինում սեփական անձի հանդեպ տածած հանկարծակի թերարժեքության զգացումից։ Ո՞վ է ինքը, մտածում էր նա՝ կուրորեն առաջանալով խավար միջանցքով, հասարակ մի քվեստոր, որ առավոտից իրիկուն գլուխ է ջարդում անպետքական հաշվեմատյանների վրա. ոչնչություն է ինքը և անհայտության խավարում պիտի խարխափի այսպես, քանի որ արժանի չէ կենարար այն լույսին, որ աշխարհի վրա սփռում է բոցագես Ապոլոնը. ամենասովորական մահկանացու է ինքը և զուր էր տարիներ շարունակ փայփայում այն միտքը, թե իր արյան մեջ առկա է աստվածային կայծ։

Նույն օրը նրան գրություն բերին Մումերկոսից, որից իմացավ, թե իսպանական իր քվեստուրան ամենևին պատահական չի եղել և որ Ֆակտիոն այդ կերպ իրեն հեռացրել է քաղաքից։ Մումերկոսն այդ մասին տեղեկացել էր նորանշանակ մի սենատորից, որի ներկայությամբ պարծեցել էր գինովցած Բիբուլոսը։

Նա կտոր-կտոր արեց գրությունը և այրեց օջախի մեջ։ Նրա ձեռքերը դողում էին, քունքերը՝ տրաքվում, և աչքերի դեմը մթագնում էր, երբ պատկերացնում էր, թե Բիբուլոսն ինչպես է իր նման փափկասուններին գլխին հավաքած՝ ծաղրել իրեն, և խելագարի պես սենյակից սենյակ էր նետվում՝ ջարդուփշուր անելով ձեռքն ընկած իրը։ Նա բարկությունը թափեց սպասավորների վրա, որոնք անխոհեմաբար փորձում էին հավաքել փշրված արձանիկների բեկորները։ Ափրոկլեսը չէր երևում նրա աչքին, բայց աներևույթ ուրվականի նման հետևում էր տիրոջը՝ պատրաստ կատարելու նրա հրամանը։

Երբ ջարդելու ոչինչ այլևս չկար, նրան հանկարծահաս խոնջություն համակեց, և նա ուժասպառ փլվեց բազմոցին։ Նրա գլխում հանդուգն ծրագրեր էին հաջորդում միմյանց։ Հետո փորձեց զայրույթը խեղդել գինով, ու թմրելով քնեց։ Սպասավորները չհամարձակվեցին նրան ննջարան տեղափոխել։

Երազում նրան երևաց, որ բռնաբարում է հարազատ մորը։ Տարօրինակ տեսիլից անհանգստացած, առավոտ կանուխ իրեն գցեց երազահանների մոտ, իսկ սրանք հայտարարեցին, թե իրեն սպասվում է իշխանություն ամբողջ աշխարհի վրա, քանզի մայրը, որին տեսել է իր տակ, ոչ այլ ինչ է, եթե ոչ երկիրը, որ պաշտվում է որպես ամենայն կենդանյաց ծննդաբերող։

Նույն օրը նա լքեց պրովինցիան։

Գլուխ երրորդ

Ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ էր շահել ժողովրդի համակրանքը, և նա, հասնելով քաղաք, իսկական ծովահանդես սարքեց՝ այդ նպատակով նախօրոք փորելով Մարսյան դաշտը և ջուր բերելով Տիբերից, երեսուն հին քվադրիրեմ նորոգեց, գնեց հազար գլադիատոր, և հռոմեացիք, հարմարավետ ամֆիթատրոնում նստած, ականատես եղան ահեղ ճակատամարտի։

Ամբողջ մեկ ամիս քաղաքն այդ մասին էր խոսում։ Հետո նա մեծ կրկեսի արենան եզերեց լայն խրամատով, Նեղոսից կոկորդիլոսներ բերեց ու բնակեցրեց այնտեղ, և այժմ սպանված գլադիատորներին քարշ չէին տալիս կուլիսների ետևը, այլ նետում էին խանդակների մեջ, և սառնասիրտ ամբոխը բավականության ճիչերով նայում էր՝ ինչպես էին կիսվում ստրուկների դիակները կանաչ հրեշների երախներում, ինչպես էին նրանց ոսկորները փշրվում փխրուն կահավողի նման։

Նա խստագույն բծախնդրությամբ սկսեց հետևել իր արտաքինին, առասպելական գներով ձեռք գցեց քաղաքի ամենահմուտ դերձակներին, և սրանք մեկը մյուսից շքեղ զգեստներ էին կարում նրա համար։ Ոսկե շղարշներ էին կախված նրա պատգարակից, չորսի փոխարեն այն կրում էին վեց ստրուկներ՝ ամբողջովին պճնազարդ, իսկ մի յոթերորդ ստրուկ տասական աս էր բաժանում պատահող կարիքավորներին։ Հասարակական վայրերում երևում էր իրեն համակրող պատանիների խմբի հետ, որոնք ամեն ինչում ձգտում էին նմանվել իրենց կուռքին և պատրաստ էին պատառոտել յուրաքանչյուրին, ով խեթ կնայեր նրան։

Նա հաճույքով արվեստի գործեր էր հավաքում ու զարդարում սրահներն ու ննջարանները, գեղեցիկ ու գիտնական ստրուկների համար այնպիսի չտեսնված-չլսված գներ էր վճարում, որպիսին չէր կարող իրեն թույլ տալ ասիական ամենահարուստ թագավորն անգամ։

Նրա մոտ գալիս էին աղքատ պլեբեյներ, բազմանդամ ընտանիքների հայրեր, խեղանդամ զինվորներ, և նա գոհացնում էր բոլորին։

Ծովահեններից առնված հարստությունը սպառվեց, բայց դա ամենևին չանհանգստացրեց նրան. կես միլիոն դենարե պարտք վերցնելով Պոլիոնից՝ նա հոր հիշատակը հավերժացնելու համար լիովին բարեկարգեց Սրբազան փողոցը, վեց նավ հացահատիկ բերեց Եգիպտոսից և ձրի բաժանեց աղքատներին։

Ափրոկլեսը գալլական ցեղապետերից պարտքով երկու միլիոն դենարե բերեց, որով նա նոր տուն կառուցեց Չորրորդ հատվածում, երեսպատեց փարոսյան մարմարով, իսկ հինը նվիրեց քրոջը։

Բոլոր կուռքերը մոռացության էին մատնվել. Կատոնի համարձակությունն ու վարքի խստությունն այլևս չէր գերում ամբոխին, Ցիցերոնի ելույթները սկսել էին ճոռոմ ու ձանձրալի թվալ նրանց, անգամ հայկական պատերազմն էր դարձել անհետաքրքիր ու տաղտուկ մի բան, և Ասիայից հասնող լուրերն առաջվա պես քամուց արագ չէին ողողում քաղաքը։ Եվ ժողովուրդն անհամբեր սպասման մեջ էր, թե ինչ նոր բան կհորիներ Կեսարը, ինչով կզվարճացներ իրենց։ Ոչ մի զբաղմունք չունեցող և ամեն աշխատանք արհամարհող պլեբսը լուսաբացից մեղվապարսի նման թանձրթանձր իջնում էր Չորրորդ հատվածի վրա և Կեսարի հայտնվելուն պես շրջապատում էր նրա պատգարակը և ուղեկցում՝ այդ կերպ երախտահատույց լինելով նրա անսահման հոգածությանը։ Եվ արդեն իրենք էին իրենց բարերարին խնդրում որևէ գործ ձեռնարկել, որպեսզի առիթ լիներ իրենց քվեներով ապացուցելու իրենց նվիրվածությունը նրան։ Բայց քանի որ նա սենատոր չէր, բարձր պաշտոններին հավակնել չէր կարող։

Ավրելիան չէր միջամտում որդու գործերին՝ հասկանալով, որ ո՛չ բարի խոսքը, ո՛չ դժգոհությունները չեն կանգնեցնի նրան։ Նա շտապեց ամուսնացնել դստերը, իսկ քրմերը հայտարարեցին, թե ամուսնությունն ընթացավ Յուպիտերի հովանու ներքո և նրա սերնդի մեջ լինելու է մի այր, որն իշխելու է Իտալիայի վրա, ինչպես Կապիտոլիումը՝ քաղաքի։

Այդ օրերին նոր օրինագծով հանդես եկավ ժողովրդական տրիբուն Լաբիենոսը՝ առաջարկելով կոնսուլական լիազորությունն ավարտած Պոմպեոսին մեծաթիվ զորքի և երեք հարյուր նավերի հետ ուղարկել Ասիա՝ ծովը մաքրելու ավազակներից, որոնք բոլորովին լկտիացել և բռնագրավում էին Հռոմ եկող առևտրանավերը։

Սենատը չընդունեց օրինագիծը, քանի որ Ֆակտիոն չէր կամենում հզորացնել Պոմպեոսին։ Մի քանի օր անց Լաբիենոսը բոլորովին անսպասելի եկավ Հուլիոսների ինսուլան։ Նա մտադիր էր օրինագիծը ներկայացնել ժողովրդական ժողովրդին և Կեսարի մոտ էր եկել նրա երկրպագուների քվեներն ապահովելու խնդրանքով՝ փոխարենը խոստանալով աջակցել ստանձնելու Ապիուսի ճանապարհի վերահսկիչի պաշտոնը։

Հաջորդ օրը Մագնիան ինքը նրան հրավիրեց ճաշկերույթի։ Վերադարձավ անչափ բարձր տրամադրությամբ. սիրտն ուռչում էր հպարտությունից. քիչ բան չէր՝ իր օգնությունը խնդրում էր ժամանակի մեծագույն զորավարը, որ տրիումֆի էր արժանացել դեռ քսաներկուսը չբոլորած։ Կարգադրեց գինի բաժանել ստրուկներին, իսկ նրանց, ովքեր ծառայում էին իրեն տաս տարուց ավելի, ազատություն շնորհեց։

Ժողովրդական ժողովը պաշտպանեց Լաբիենոսին, իսկ ինքը, շատ չանցած, ստանձնեց Ապիուսի ճանապարհի վերահսկիչի պաշտոնը։ Այս պաշտոնն այնքան էլ նշանակալի չէր, բայց նրան հնարավորություն էր տալիս ամրապնդելու իր հռչակը բնակչության լայն խավերի շրջանում, քանի որ քաղաքն Իտալիայի հարավին կապող այդ ճանապարհով գրեթե յուրաքանչյուր հռոմեացու հարկ էր լինում շատ անգամ անցնել ոտքով կամ ձիով։

Նա ամբողջովին փոխեց մի քանի տասնյակ վերստ ձգվող ճանապարհի ծածկը, եզերեց այն արձաններով, իջևանատներ կառուցեց անցորդների համար։ Երբ ավարտեց բարեկարգումը, նա ութ միլիոն դենարե պարտք ուներ։

Այս ողջ ընթացքում նա ուշիուշով հետևում էր սենատական վերնախավի քայլերին և համառորեն ընդհարվելու առիթ էր փնտրում։ Իսկ այն չուշացավ։ Նումիդիայի Գրեմպսալոս թագավորն իր հարկատուն էր ճանաչել ազնվատոհմիկ Մասինտեին և վերջինս եկել էր Հռոմ՝ պաշտպանություն գտնելու։ Բոլորը խույս էին տալիս օգնել Մասինտեին, քանի որ Գրեմպսալոսը Ահենոբարբի մտերիմն էր, բացի այդ նրա շահերը ներկայացնելու էր Ցիցերոնը։

Առանց վարանելու Կեսարը հանձ առավ նումիդիացու պաշտպանությունը, բայց, որքան էլ մեծ էր հաղթելու տենչը, նա դատը տանուլ տվեց։

Այս անհաջողությունն անզուսպ վրեժխնդրություն ծնեց նրա հոգում, և առաջին վերքից մոլեգնած զինվորի նման նետվեց պատասխան հարվածը հասցնելու։ Նա ցույց կազմակերպեց և Կապիտոլիումում վերականգնեց Մարիուսի հաղթանշանները։ Օպտիմատները պահանջում էին պատժել նրան՝ տրտնջալով, թե նա բռնապետություն ստեղծելու միտք ունի և վերականգնելով սենատի որոշմամբ հանված պատիվները՝ փորձում է ժողովրդին, ցանկանալով իմանալ, թե պատրա՞ստ է արդյոք նա հնազանդորեն տանել իր կատակներն ու քմայքները։ Իսկ պոպուլյարները միմյանց սիրտ էին տալիս և ծափահարություններով լցրին Կապիտոլիումը։ Նրանց աչքերին արցունքներ երևացին՝ տեսնելով Մարիուսի հաղթանշանները, և նրանք Կեսարին փառաբանում էին մեծագույն գովեստներով, որպես միակ մարդու, որն արժանի է Մարիուսի ազգականը լինելու։

Քաղաքը նորեն ալեկոծվեց, պոպուլյարներին միացան նաև աղքատները, և ցույցը կվերածվեր զանգվածային ընդվզումի, եթե սենատը հապճեպորեն չավելացներ հացաբաժանումների չափը։

Կրքերը նոր էին հանդարտվել, երբ Գայոսը կրկին հրավեր ստացավ ժողովրդական տրիբուն Լաբիենոսից։ Սուլլայի հրահրած քաղաքացիական պատերազմի սկզբներին սենատն արտակարգ դրություն էր մտցրել քաղաքում՝ զինվորականներին տալով անսահմանափակ իշխանություն, և նրանք սպանել էին ժողովրդական տրիբուն Սատուրնոսին, մինչդեռ տրիբունի անձը, սրբազան գրքերի համաձայն, անձեռնմխելի էր։ Ռաբիրիուսը՝ Սատուրնոսին սպանողը, դեռ ողջ էր, և Լաբիենոսը մտադիր էր դատի տալ նրան։ Կեսարը հավանություն տվեց Լաբիենոսի ծրագրին. Ռաբիրիուսը նրա համար սոսկ պատրվակ էր, նա կամենում էր հարվածել բուն վերնախավին և հեղինակազրկել սենատի՝ արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքը։

Երբ Լաբիենոսը գործ հարուցեց, Ֆակտիոն դա լրջորեն չընդունեց, բայց երբ դատավոր կարգված Կեսարը մահվան վճիռ կայացրեց, նրանք իրարով անցան. Ռաբիրիուսին խորհուրդ տվին բողոքարկել կենտուրիական ժողովին, իսկ Ցիցերոնին հանձնարարեցին նրա պաշտպանությունը։

Վրեժխնդիր լինելու հիանալի հնարավորություն էր ստեղծվել, և դատավճիռն անխոցելի դարձնելու նպատակով նա ոտքի տակ տվեց ողջ Իտալիան ու Սատուրնոսի սպանության նոր ակաատեսներ գտավ։ Նրան հաջողվեց փնտրել-գտնել Սատուրնոսի լիկտորին, որ այն ժամանակ, դաշույնի երեք հարված ստանալով, հրաշքով ողջ էր մնացել և ամենքից թաքուն տեղափոխվել Կապրի։

Կենտուրիական ժողովի օրը վաղ առավոտից Ֆորումը հեղեղված էր խիտ բազմությամբ։ Կարինքից, Փոքր դաշտից, Էքսիլենից եկող փողոցները խցանվել էին մեծահարուստների պատգարակներով. այստեղ էին բոլոր սենատորները՝ իրենց ստվար շքախմբերով։

Դատավարությունը հետաքրքրել էր նաև մերձակա ավանների բնակիչներին, և նրանք լուսաբացից առաջ հերթ էին բռնել դարպասների մոտ։

Կողմերը դեռ չէին եկել։ Մռայլ ու խստադեմ Կատոնը պրետորական բարձունքից զննող հայացքով նայում էր հավաքվածներին, Ֆուֆիդիան, սպիտակազգեստ քրմերի գլուխ անցած, աստվածային նշանի սպասումով դիտում էր երկինքը։

Ցիցերոնը եկավ Ռաբիրիուսի հետ՝ շրջապատված սաների ու հեծյալ դասի պատանիների խմբով։ Նա զգեստի տակ լանջազրահ էր կրում և ամբոխին գրգռելու համար շարժումներով դիտավորյալ ընդգծում էր այն։ Բազմությունը, որ ժողովի էր եկել առանց այդ էլ մարտական տրամադրությամբ, բորբոքվեց։ Գրեթե նույն պահին, բայց հակադիր եզրից, Ֆորում մտավ Կեսարը՝ իր երկրպագուների, Սատուրնոսի հարազատների ու բազմաթիվ պոպուլյարների ուղեկցությամբ։ Պրետորական բարձունքի ստորոտում հանդիպելով միմյանց՝ նրանք թշշացին ջրի մեջ գցված տաք արճճի նման, բայց նրանց միջև հայտնված վիգիլները կանխեցին ընդհարումը։

Կատոնը ոտքի ելավ, և թանձր լռությունը, սահելով բարձունքից, դանդաղ տարածվեց հրապարակի վրա՝ արձանացնելով մարդկանց և խլացնելով ամեն շշուկ։

Ֆուֆիդիան աստվածներին անհաճո ոչինչ չէր գտել, և ժողովը սկսվեց։ Լաբիենոսն ամենայն մանրամասնությամբ հավաքվածներին պատմեց ոչ հեռավոր անցյալում քաղաքին տիրած խառնաշփոթի և Սատուրնոսի սպանության մասին, ապա հրապարակեց դատավորի որոշումը։ Երբ նա ավարտեց խոսքը, շատերը ծափահարեցին, առավել տաքարյունները պահանջեցին անհապաղ հենց Ֆորումում խաչել Ռաբիրիուսին։ Ցիցերոնի ջանքերը, ժամանակի խառնաշփոթությունը վկայակոչելով, արդարացնել Ռաբիրիուսին, մի փոքր հանգստացրին նրանց, բայց երբ հայտարարվեց, թե կխոսի Սատուրնոսի լիկտորը, ամենքը սսկվեցին և շունչը պահեցին, իսկ Ֆակտիոն, հանկարծակիի գալով, գունատվել էր ագալմատոլիթե արձանի պես։ Ժողովուրդը լիկտորին լսում էր հափշտակությամբ, նրանց հայացքները հետզհետե կերպարանափոխվում և դառնում էին ցասումնալից, ու երբ լիկտորն ավարտեց խոսքը, և ամենքին հայտնի դարձավ, թե որպիսի դաժանությամբ է սպանվել Սատուրնոսը, նրանք աղմուկով պահանջեցին անմիջապես անցնել քվեարկության և, չկամենալով այլևս ոչ մեկին լսել, մղվեցին դեպի քվեատուփերը։ Սակայն բոլորովին անսպասելի դրոշն իջեցվեց, որ նշանակում էր ժողովի ցրում։ Կատոնի այս որոշումն ընդունվեց սուլոցներով ու հայհոյանքների տարափով, վեճեր ծագեցին այստեղ-այնտեղ։ Արգիլետի վրա երկու հարյուր հեծյալ վիգիլներ երևացին և հավաքվածներին նեղեցին դեպի նրբանցքները։ Սատուրնոսի հարազատները նետվեցին դեպի Կատոնը, և կռիվ ընկավ կողմերի միջև, նստարաններ շպրտեցին միմյանց վրա, բանը հասավ ձեռնակռվի, դաշույններ փայլեցին ջղաձիգ բռունցքներում։

Կեսարին տուն բերին երեկոյան՝ ամբողջովին գզգզված ու վիրավորված թևից։ Վերքը խոր չէր, բայց խառնաշփոթի մեջ չէր զգացել այն և արյունաքամ էր եղել։

Մումերկոսը խորհուրդ էր տալիս այլևս ոչինչ չձեռնարկել և սպասել հայկական պատերազմի ավարտին. Լուկուլլոսի բանակում կռվող վետերանները ծառայությունն սկսել էին նրա մոտ, և ծեր սենատորը հույս ուներ ստանալ նրանց աջակցությունը։ Բայց Հայաստանից անուրախ լուրեր էին հասնում, իսկ էլ ավելի բորբոքված վրեժխնդրության կրակը հանգիստ չէր տալիս Կեսարին, վիրավորված արժանապատվությունը մղում էր չկշռադատված քայլերի։ Լիովին չապաքինված՝ նա գործ հարուցեց Ահենոբարբի, Սկիպիոնի, ապա նաև Դոլաբելլայի դեմ, բայց երեքն էլ տանուլ տվեց։

Նրան ոչ մի կերպ չէր հաջողվում շահել գոնե մի դատ և սրտի կսկիծով էր նկատում, թե ինչպես է կորցնում տարիների տառապանքով ձեռք բերած հեղինակությունը. կլիենտները սկսել էին կասկածանքով վերաբերվել նրան, գալլական ցեղապետերն այլևս հաճույքով չէին պարտք տալիս՝ համոզված չլինելով, թե նա կկարողանա պաշտպանել իրենց շահերը։ Ավելին, նրանցից ոմանք համառորեն պահանջում էին վերադարձնել պարտքը և սպառնում էին դիմել դատարան։ Տեղեկանալով այդ մասին՝ Պիզոնը նրանց առաջարկեց իր օգնությունը՝ գործ հարուցել Կեսարի դեմ, և հայտնի չէ՝ ինչով կավարտվեր այս ամենը, եթե Մումերկոսը նրան չտրամադրեր քսանհինգ տաղանդ՝ ոսկով։ Պարտքի մի մասն էլ ինքը փակեց՝ վաճառելով Տիբուրի իր ամառանոցը։ Բայց սա դեռ փրկություն չէր. նա տաս միլիոնի պարտք ուներ և սարսափով էր պատկերացնում, թե ինչ կլիներ իր վիճակը, եթե Ֆակտիոին հաջողվեր հրահրել բոլոր պարտատերերին։

Նրան այլ ելք չէր մնում և, կամենալով մեկ հարվածով ետ բերել ողջ կորցրածը, վճռեց գործ հարուցել Կատոնի դեմ, թեև ներքին մի ձայն նրան հուշում էր, որ աստվածները, որոնք մինչ այդ անտարբեր էին եղել իր հանդեպ, բարեհաճ չեն լինի նաև այս անգամ։ Կամքի մեծագույն լարումով խլացնելով այդ ձայնը՝ նա մեկնեց Հունաստան՝ փաստեր հավաքելու Կատոնի դեմ։ Այդտեղից նա անցավ Փռյուգիա, ուր ժամանակին ծառայել էր սենատի ներկայիս նախագահը։ Բայց վերադառնալով Հռոմ՝ համոզվեց, որ անզոր է մարդը, և անիմաստ են նրա բոլոր մաքառումները, իսկ ձեռնարկումները՝ դատապարտված կործանման, եթե ճակատագիրը երես է թեքել նրանից։

Այս վերջին պարտությունից հետո նրան հիասթափություն տիրեց, և նա ընկղմվեց խորին հուսալքության գիրկը, ուր, երազանքների շողշողուն ցոլքերից զերծ մռայլ օրերի լաբիրինթոսում ցավագար մղկտում էր անբուժելի փառատենչ հոգին, և ակամա սիրտ էր սողոսկում օշինդրի պես դառը մի միտք, որ գալիս էր փրկելու այն հետագա տանջանքներից, քանզի ա՛յն աշխարհում տեղ չկա ո՛չ ուրախություն, ո՛չ տառապանքի համար։

Ինչո՞ւ էր ինքը վստահ, թե իր մուտքը կլինի շռնդալից, և Բախտի դիցուհին չի հասցնի հետևել իրեն։ Ինչո՞ւ էր համոզված, թե կանի առաջին քայլը, և ամբոխը, զգալով իր կատարյալությունը, կընդունի իրեն որպես աստվածային կայծ կրողի։

Ի՜նչ հիմարություն, մանկական ի՜նչ միամտություն՝ համարել իրեն արտասովոր ծնունդ՝ կոչված սոսկ մեծագործությունների համար, և ինչպիսի համառություն՝ շարան-շարան ձախողումներից հետո շարունակել հավատալ և համոզել իրեն, թե այս ամենը սոսկ փորձություն է, սեփական ուժերի քննություն, թե անհաջողություններն անուրջներն ինքնավստահության աստղաբույլերից մաքրելու համար են և անցողիկ, թե այդ դժվարությունները, կատոնները, պիզոնները, բիբուլոսները նույնպես անցողիկ են, և ոչինչ ու ոչ ոք չի կարող փակել դեպի փառք տանող իր ուղին։

Նա խորշում էր սեփական անկարողությունից, և չկար հոգեկան ուժի թաքուն պահված չխաթարված գոնե մի բեկոր, որից կարելի լիներ կառչել։

Գուցե վերուց սահմանվա՞ծ է, որ ինքը կհեռանա այս աշխարհից որպես հասարակ մահկանացու՝ ոչ մի հետք չթողնելով իր ետևից, և իրեն ևս կվերաբերի՞ Սապֆոյի հեգնանքը. «Մահից հետո ձեզ սպասում է մոռացության խավարը»։ Նա սոսկում էր այս մտքից։

Ցավ, ցավ և անվերջ ցավ. ո՞ւր է հապա բավականությունը, էլ ինչո՞ւ է Սոկրատեսը պնդում, թե այս երկուսը կապված են միմյանց, և եթե հյուր է գալիս մեկը, անպայմանորեն կայցելի և մյուսը։

Այսպիսի ծանր հոգեվիճակում էր, երբ ճակատագիրը հասցրեց հերթական հարվածը. Կոռնելիան մահացավ։

Գլուխ չորրորդ

Երբ նոմենկլատորը զեկուցեց, որ հյուր է եկել Գայոս Կեսարը, ցենզոր Մարկոս Կրասոսը խայթվածի պես ելավ բազմոցից։ Քվեստորին նա չէր հրավիրել. դաշնակցական պատերազմի տարիներին Մարիուսի հրամանով սպանվել էին նրա հարազատները, և նա անբարյացակամորեն էր վերաբերվում երիտասարդ Հուլիոսին, խուսափում էր նրա հետ շփվելուց։

Զարմանքախառն հայացքով րոպեաչափ նայելով կարգադրության սպասող ստրուկին՝ նա, ի վերջո, հրամայեց ներս հրավիրել քվեստորին։ Մնալով մենակ՝ ձեռքի մագաղաթը նետեց նոճեփայտե մեծ սեղանին և անհանգիստ քայլեց սրահում՝ գլուխը տարուբերելով ու բարձրաձայն մտածելով.

— Տարօրինակ է... և ինչո՞ւ անպայման այսօր ...

Նախասրահի սպասավորները հյուրի ուսերից առան վագրենու երկար, անթև վերարկուն, և նա մնաց սև տոգայով, որ սգո նշան էր։ Հետո նումիդիացու արտաքինով վիթխարահասակ ստրուկի ուղեկցությամբ առաջացավ երկու կարգ լամպերով առատորեն լուսավորված նախասենյակով, որի պատերի երկայնքով ցածր պատվանդաններին դրված էին տանտիրոջ նախնիների արձանները, և հայտնվեց ընդարձակ ատրիումում։ Երդիկից ներս թափանցող վերջալույսն անզոր էր փարատել թանձրացող խավարը, և բազմաթիվ ջահեր էին վառվում զանգվածեղ առաստաղը պահող սյուների վրա ու անկյուններում։ Աջ կողմից փղոսկրապատ վեց դռներ էին բացվում ննջարանների վրա, մյուս թևում՝ նեղ, անդուռ մուտքի ետևում, անցուդարձ անող ստրուկներ էին երևում։ Մարմարածածկ պատերից կախված էր ոսկե շուրջառներով նկարների հարուստ հավաքածու. այստեղ կարելի էր տեսնել պտուղներ և հասկեր բռնած պառավ Ֆիդեսին, երկանիվ ռազմակառքին թևավոր վիշապներ լծած Տրիպտոլեմոսին, և Վիրտոսին՝ լիազեն ամազոնուհու կերպարանքով։ Հավաքածուի զարդը Մելեագրոսի և Ատալանտայի զուգավորումը պատկերող մեծադրվագ կտավն էր, որը վեց միլիոն սեստերցիումով Կրասոսը գնել էր Պտղոմեոս թագավորից։ Սուլլայի օրոք չնչին գներով ձեռք բերելով մահապարտների տները՝ Կրասոսը տիրացել էր Հռոմի գրեթե կեսին։ Հունաստանից, Հոնիայից և Հռոդոսից բերելով հինգ հարյուր ճարտարապետ ստրուկներ՝ նա այդ ընդարձակ տարածքի վրա կառուցել էր հրաշագեղ ու վիթխարի մի առանձնատուն՝ անթիվ սենյակներով, շրջապատված ծաղկազարդ պարտեզներով, լողավազաններով, ձկնարաններով ու պորտիկներով։ Ցենզորը տիրում էր արծաթի տասնյակ հանքերի, Լուզիտանիայում նրա ստրուկները ոսկի էին արդյունահանում, Օստիայի ճանապարհին բարեբեր հողեր ուներ, բայց իր հարստության գերակշիռ մասը ձեռք էր գցել Ասիայում և Հունաստանում Սուլլայի վարած պատերազմների ժամանակ։

Հայտնվելով շքեղորեն, ճաշակով կահավորված էքսեդրումում՝ Կեսարը նկատեց մետաքսապատ որմնախորշում նստած տանտիրուհուն։ Օջախի դեղնակարմիր լույսն աշխուժորեն խաղում էր նրա շպարված դեմքին, կոր գծերով արտացոլվում էր ոսկե ականջագինդերի ու ադամանդյա կրծքազարդերի վրա, և դրանք շողարձակում էին ինչպես փոքր արեգակներ։ Զույգ խնկամաններից սպիտակ ծխի անուշաբույր քուլաներ էին ելնում վեր, և սրահը բռնած մեղմ կաթնամշուշի մեջ Սեսիլիան նմանվում էր լեռնային չքնաղ նիմփայի։ Նա հագել էր ականակիտ եզրազարդերով ծովագույն հանդերձներ, մոխրագույն փարթամ վարսերը բրգաձև հավաքված էին ծոծրակից վեր, ուր պահվում էին ոսկյա զույգ հերակալներով. այդպես նրա երկար, ցորնագույն պարանոցն ավելի էր ընդգծվում, իսկ նրբորեն գծագրված անրակների վրայով սահող մարգարտաշար վզնոցը կրծքի համաչափ զարկերից պսպղում էր ձյունեփաթիլի նման։ Նրանից փոքր հեռու՝ երկկանթ ծաղկամանի մոտ, որի մեջ նարգիզներ էին փթթում, սիրունատես ստրկուհին տավիղ էր նվագում։ Սեսիլիան փակել էր աչքերը, նրա քնքուշ ձեռքերը հանգչում էին հագուստի տակից աղոտ նշմարվող բարեձև ազդրերին. սանդալների ոսկեթել քուղերը, զույգ օձերի նման գալարվելով, ընդգրկում էին նրա քանդակածո սրունքները։

Անծանոթ հյուրին նկատելով՝ ստրկուհին դադարեց նվագել և ոտքի ելնելով, մի կողմ քաշվեց։ Սեսիլիան դանդաղորեն բացեց աչքերը և հանկարծակի խշշոցից անհանգստացած եղնիկի հայացքով շուրջը նայեց։ Քվեստորին նկատելով՝ նրան համակած շփոթմունքը փոխարինվեց զուսպ հիացումով. սև տոգայի մեջ Գայոսը հմայիչ էր. նրա մաշկի ողորկ ճերմակությունն ավելի էր ընդգծվել, վշտից նիհարած դեմքը դարձել էր խիստ և առնական, ոսկեշեկ հոնքերի տակ թաքնված աչքերի մեջ հեզ թախծի արտահայտություն կար, և Սեսիլիայի սիրտն ափեափ լցվեց ակամա ծնունդ առած գորովանքով։

Խոնարհաբար ողջունելով՝ Կեսարը ներում խնդրեց՝ իր անհրավեր այցով ազնվազարմ մատրոնայի հանգիստը խռովելու համար, սակայն Սեսիլիան, սևեռուն հայացքը նրա աչքերից չկտրելով, պատասխանեց, թե ամենևին հարկ չկա ներում խնդրելու, և որ իրենք միշտ ուրախ կլինեն հյուրընկալել Հուլիոսների հնագույն տոհմի ներկայացուցչին։

Նրա աչքերում բոցկլտացող հուր կար, և Կեսարը շիկնեց իրեն զննող հայացքից։

Քաղաքում լուրեր էին պտտվում, թե Սեսիլիան դավաճանում է ամուսնուն, թե նա Սուբուռայում, ըստ այլ լուրերի՝ Էքսիլենում, ամուսնուց թաքուն տուն է գնել, ուր և տեսակցում է սիրեկանների հետ։ Գայոսը մի առանձին հավատ չէր տածում այդ ասեկոսեների հանդեպ՝ դրանք համարելով Կրասոսի թշնամիների սարքած հերյուրանքներ։

Նորեն գլուխ տալով՝ Կեսարը լուռ հետևեց սպասավորին, որը նրան առաջնորդեց տաբիլինում։

Սեսիլիան հայացքով ուղեկցեց նրանց և, երբ տղամարդիկ անհետացան ծիրանեգույն վարագույրի ետևում, ազատ արձակեց ստրկուհուն, իսկ ինքը, հերակալից իջնող արծաթափայլ շղարշի եզրերը մարմարե հատակին սահեցնելով, մեկուսացավ զարդասենյակում։ Հայելու մեջ երկար զննեց իրեն, հետո թույլ ժպտաց, և կրակներ առկայծեցին նրա աչքերում։

— Թող ների ինձ պատվարժան ցենզորը անպատեհ այցելությանս համար,— աջը սրտին դնելով՝ Կեսարը գլխի թեթևակի խոնարհումով ողջունեցտանտիրոջը։— Ես չէի դիմի այս քայլին, եթե երկուսիս համար խիստ կարևոր մի հարց չանհանգստացներ ինձ։

Կրասոսը նրա ողջույնին պատասխանեց առանց սառնության նշույլի, ապա, հավուր պատշաճի, ցավակցեց Կոռնելիայի մահվան առթիվ։

Ոսկե գամերով ու շղթայիկներով որմզդեղնի սպիտակ կաշվե զգեստն ամուր սեղմում էր նրա հզոր կուրծքը և ավարտվում մերկ ծնկներից վեր, սպիներով ծածկված պիրկ բազուկները վկայում էին նրա անցած մարտական փառավոր ուղու մասին։ Չնայած առաջացած տարիքին՝ նա թարմ էր ռազմարվեստի դպրոցը նոր ավարտած պատանու նման, ամենազոր Քրոնոսը չէր հանդգնում կամ թե ափսոսում էր դիպչել ողջ Հռոմին հայտնի նրա հզոր կեցվածքին, և նա Կեսարի առջև կանգնած էր իր ողջ վեհությամբ՝ ձիգ և անսասան, ինչպես Արեսը։ Նրա հագուստի ոսկե զարդերը պսպղում էին աստղափնջերի նման, նրա մազերն օծված էին մավրիտանական արմավենու յուղով և փայլում էին նուրբ կապույտ ցոլքերով։ Մկանակուռ բազուկները կրծքին խաչած՝ նա քվեստորին նայում էր խուզարկու հայացքով։

Տաբիլինում այնքան էլ լուսավոր չէր, և վիթխարահասակ ստրուկը տիրոջ նշանով վառեց կանթեղների խուրձը, որ բրոնզե շղթաներով կախված էր առաստաղից։ Սրահը լցվեց այրվող խունկի անուշ բույրով։

— Հայտնի՛ր, որ գինի բերեն մեզ,— կարգադրեց Կրասոսը, հետո նայեց հյուրի կողմը. գուցե թե նա որևէ այլ բան կամենա։

— Ես կնախընտրեի լեսբոսյան, կարմիր,— համեստություն չարեց Կեսարը։

Ստրուկը դուրս եկավ։

Զննելով տաբիլինումը՝ Կեսարն ակամա ուշադրություն դարձրեց գորգածածկ պատը բռնած զենքերի հավաքածուին և անկեղծորեն գովեց տանտիրոջ ճաշակը։ Կրասոսը հպարտանում էր իր հավաքածուով, որի մեջ անգամ Սերվիոս Տուլլիոսի սուրը կար, այնպես որ նրան հաճելի էր գովեստի խոսքեր լսել արվեստի մոլի երկրպագուի անուն վայելող քվեստորի շուրթերից։ Ոգևորված նա պատից իջեցրեց բավականին մեծ մի սուր։

— Սպարտակինն է,— ասաց՝ սուրը մեկնելով հյուրին։

Կեսարը ձեռքն առավ այն, շոշափեց ոսկեդրվագ երախակալը, բթամատով ստուգեց շեղբի սրությունը, հետո, սուրը Կրասոսին հանձնելով, ասաց.

— Հասարակ իր չէ սա, այլ խորհրդանիշը Կրասոսների տոհմի հավերժության...

Ներս մտած սպասավորն ընդհատեց նրան։ Մեկական գավաթ գինի հրամցնելով մեծատոհմիկներին՝ ստրուկը գլուխը կախ առժամանակ սպասեց նոր կարգադրության, բայց ոչինչ չլսելով, սափորը դրեց սեղանին և անշշուկ անհետացավ վարագույրի ետևում։

Կրասոսը գինին խմում էր փոքր կումերով, հյուրասիրությունից դրդված՝ հարցուփորձ անում իսպանական քվեստուրայից, բայց պատասխանները գրեթե չէր լսում, քանի որ միտքը բռնված էր գուշակությամբ. նա կամենում էր վայրկյան առաջ իմանալ անհրավեր այցելության պատճառը։

«Մի՞թե ամեն ինչ հայտնի է նրան,— մտածում էր ցենզորը՝ ձևացնելով, թե իրեն անչափ հետաքրքրում է Աստուրիայում տիրող քաղաքական իրավիճակը։— Ո՞վ է տեղյակ պահել, և ի՞նչ նպատակով է նա եկել ինձ մոտ»։

— Մեծարգո ցենզորին անշուշտ հանգիստ չի տալիս այցելությանս պատճառը,— քվեստորը հանկարծ դադարեց պատմել և, մի կողմ դնելով գավաթը, շարունակեց,— և պարզ է՝ ինչու. մենք երբեք չենք առնչվել և արհամարհանքից զատ այլ զգացմունք չենք տածել միմյանց հանդեպ։ Բայց ինձ Հռոմի ամենաշքեղ ինսուլան է բերել ամենևին ոչ ատելությունը կամ թե արհամարհանքը, և ոտք չէի դնի այստեղ՝ խանգարելով լարերիդ սուրբ հանգիստը, եթե դրան ինձ չմղեր լուծում պահանջող մի հարց, որն, իմ խորին համոզմամբ, հուզում է նաև քեզ։

Կրասոսն անփույթ թեքվել էր բազմոցի թևին և Կեսարին նայում էր մի տեսակ անտարբերությամբ, որից քվեստորն ավելի էր բորբոքվում։

— Դու չես վստահում ինձ, Կրասո՛ս, և ես հասկանում եմ այդ։ Բայց ո՞րն է իմ մեղքը հարազատներիդ մահվան մեջ, և հետո ես բոլորովին չեմ ուզում արդարացնել Մարիուսին, բայց պատերազմ էր...

Կրասոսը վայրկենապես լրջացավ, ցանկացավ ինչ-որ բան ասել, բայց Կեսարն առաջ անցավ նրանից.

— Ես չեմ ուզում հանգստաբեր և բարեհաճ խոսքեր ասել քեզ կամ երդվել աստվածների ու մյուս սրբությունների անուններով, որ չկասկածես իմ անկեղծությանը և վստահես ինձ. վստահությունը սին խոսքերից չի ծնվում։ Ցավոք, ես չեմ կարող հիշատակել այնպիսի մի դեպք, իմ կողմից արված որևէ քայլ, որ հավատ ներշնչեր քեզ։ Բայց դրանում քիչ է մեղքի իմ բաժինը, քանի որ սկզբից ևեթ արժանացել եմ քո հակակրանքին, իսկ շողոքորթելու հատկությամբ աստվածները չեն օժտել ինձ։

— Հիմա ես կտամ քեզ հուզող հարցի պատասխանը, Կրասոս,— քվեստորի ձայնը մի պահ դողաց հուզմունքից։ Ես եկել եմ միաբանության առաքելությամբ։

Կրասոսը դիրքը փոխեց բազմոցի վրա։

— Մենք երկուսս էլ ապավինած ենք սոսկ մեր հոգու կարողությանը, Կրասո՛ս, և օգնություն չենք ակնկալում ո՛չ աստվածներից, ո՛չ սենատից, և ամենակարևորը՝ մենք ունենք ընդհանուր թշնամի։

— Այո՛, Կրասո՛ս,— շարունակեց Կեսարը՝ տանտիրոջ դեմքին զարմանքախառն հետաքրքրասիրություն նկատելով,— որքան էլ չցանկանանք խոստովանել, մենք խանդատի միևնույն կողմում ենք և մեր տարանջատությունը ձեռնտու է միայն մեր հակառակորդներին։

— Ինչ-որ բան չեմ հասկանում,— ասաց ցենզորը բավականին չոր։

Կեսարը սպասում էր նման արձագանքի։

— Դու խուսափում ես, Մարկո՛ս, և ես հասկանում եմ քեզ։ Մեծանուն ցենզորին ամենևին պատիվ չի բերի դառնալ համախոհը նշանակալի ոչինչ չարած ինչ-որ մի քվեստորի, որը մեծ խառնակչի և անմիտ արկածախնդրի անուն է վաստակել Քաղաքում։ Այո՛, ես փառք չունեմ,— և ո՞վ կարող է համեմատվել հանրապետության փրկչի հետ,— բայց ես կարող եմ մեծապես օգնել քեզ Ֆակտիոյի դեմ պայքարում. որ դու չես համակրում նրանց, գաղտնիք չէ ոչ մեկի համար։

— Մեր հարաբերություններն ամենևին թշնամական չեն, ինչպես թվացել է քեզ։

— Չես ուզում անկեղծ լինել ինձ հետ, Մարկո՛ս,— դժգոհեց Կեսարը,— դա քո իրավունքն է։ Բայց երդվում եմ Կոռնելիայի ուրվականով, այդպես չէ. դու ստիպում ես ինձ հակառակն ապացուցել։ Իսկ ինչո՞ւ։ Ինչպե՞ս կարող ես դու՝ պատվախնդիր այրդ, թշնամորեն չտրամադրվել նրանց հանդեպ, ովքեր Ֆելիքսի մահից հետո մինչ այսօր միայն անախորժություններ են պատճառել քեզ։ Դու, իհարկե, կվկայակոչես ոչ վաղ անցյալում Ցամաքային զորքերի գերագույն հրամանատար լինելդ կամ վեց հարյուր յոթանասուն թվականի կոնսուլությունդ։ Բայց ամենևին հարկավոր չէ իմաստուն լինել՝ հասկանալու համար, որ Ֆակտիոն քեզ նման պատվի չէր արժանացնի, եթե Սպարտակը չսպառնար կործանել հանրապետությունը։ Նրանց անհրաժեշտ էին քո ռազմական ընդունակությունները և նրանք հմտորեն օգտվեցին դրանից, ինչպես այսօր օգտագործում են Ցիցերոնին։ Իսկ երբ վտանգը վերացվեց, նրանց շատ շուտ մոռացան քեզ։ Առաջարկելով ցենզորի, ինչ խոսք, բավականին բարձր և սուրբ պաշտոնը, նրանք շատ խորամանկ ձևով քեզ հեռացրին արենայից։ Այժմ դու քո երկու լիկտորներից զատ ոչ մի ուրիշ զինվոր չունես, և ի՞նչ երաշխիք, որ վաղը նրանք չեն վարվի քեզ հետ այնպես, ինչպես տասնհինգ տարի առաջ բազմաթիվ ազնիվ քվիրիտների հետ վարվում էր երբեմնի նրանց տիրակալը։

— Ու հավատա,— շարունակեց Կեսարը՝ գրեթե դադար չտալով,— ոչ ոք չի փորձի փրկել քեզ, ոչ ոք չի հիշի հանրապետությանը մատուցած ծառայություններդ։ Հիմա դու անպաշտպան ես ինձ նման և, կարծում եմ, երկուստեք շահած կլինենք, եթե մի կողմ թողնենք մինչ այսօր միմյանց հանդեպ տածած անբարյացակամությունն ու անվստահությունը և փորձենք ուժին դիմագրավել ուժով։

«Նա մեծ դերասան է կամ անսահման անկեղծ»,— մտածեց Կրասոսը՝ գինի լցնելով գավաթների մեջ։

Կեսարը հրաժարվեց խմել։ Այս հանդիպումից շատ բան էր կախված և նա գերադասեց միտքը պահել գերզգոն վիճակում։ Նրան թվում էր, թե իր խոսքերը սպասելի ներգործությունը չեն ունենում և գտավ, որ ժամն է մեջտեղ բերելու գլխավոր խայծը։ Նա շունչ առավ և, մտքերը ժողովելով, ասաց.

— Կամ ինչպե՞ս կարող ես մոռանալ, որ Սպարտակին հաղթեցիր դու, Մագնիան ոչնչացրեց ստրուկների ցաքուցրիվ, անզորավար ջոկատները, բայց Ֆակտիոն, որից դու համառորեն չես ուզում դժգոհել, նրան, որ չուներ ո՛չ քո համարձակությունը, ո՛չ վճռականությունը, և որի հայրն իր թեթև վարքով աննախանձելի համբավ ուներ Քաղաքում, արժանացրեց եռօրյա տրիումֆի, իսկ քեզ՝ Լուցիոսների հնագույն տոհմի ներկայացուցչին, նշանավոր ցենզորի որդուն՝ համեստ օվացիայի։

Պոմպեոսի անունը լսելով՝ Կրասոսը գունատվեց մումիայի պես և ոտքի ելավ. մի ակնթարթում նա վերապրեց այն խայտառակությունը, որ բաժին հասավ իրեն ծանր զրկանքների գնով Սպարտակին հաղթելուց հետո։ Նա ջանում էր հուզմունքի ոչ մի նշան ցույց չտալ, բայց թավ հոնքերի տակ ծվարած նրա խորաթափանց աչքերում չարագույժ կայծեր էին փայլում։ Իսկ Կեսարը, ներքին հրճվանք ապրելով, շարունակեց աղ ցանել նրա վերքերին և խոսքն առաջ տարավ այնպիսի տոնով, ասես ոչինչ չէր նկատում.

— Դու, որ Հռոմուլոսի ժողովրդին անգնահատելի ծառայություններ ես մատուցել, չես արժանացել թեկուզ անբարեբեր պրովինցիայի, և դա այն պատճառով, որ Ֆակտիոի անբան փափկամարմինները չեն կարող թույլ տալ որևէ մեկը փառքով ու պատվով գերազանցի իրենց։ Նրանց ձեռնտու է կուսակալ նշանակել ապաշնորհ մեկին, թեկուզ այդ մեկը մեծ վնաս հասցնի գանձարանին, բայց ոչ քեզ նման խիզախ այրին, որը, դրոշի տակ ունենալով մեկ-երկու լեգեոն, ոչ միայն բարեհաջող կկառավարեր պրովինցիան, այլև հռոմեական զենքի պատիվը կտարածեր նորանոր երկրներում։

Կրասոսը շրջվեց և նրան նայում էր այնպես, ինչպես նայում են այն անծանոթին, որի դեմքին հարազատ գծեր տեսնելով, փորձում են ճանաչել։

— Դու, ի՞նչ է, եկել ես ինձ դավադրությա՞ն դրդելու,— հանկարծ հարցրեց նա՝ ուշադիր հետևելով Կեսարի դեմքի արտահայտությանը։

Կեսարը բոլորովին չշփոթվեց և պատասխանեց սառնասրտորեն.

— Գուցե և բանը դրան էլ հասնի։

Քվեստորի անբռնազբոս պահվածքից Կրասոսը փոթորկվեց մի պահ և սևեռուն հայացքով նայելով նրա աչքերի մեջ՝ մեկ կամեցավ սպառնալ, որ իր տունն անմիջապես չազատելու դեպքում ստիպված կլինի պառակտիչ այս քայլի մասին տեղյակ պահել պրետորներին, բայց գերադասեց չշտապել՝ մտածելով, որ մերժելը երբեք ուշ չի լինի, բացի այդ նրան դուր էր գալիս քվեստորի համարձակությունը։

Կեսարի նրբանկատ հայացքից չվրիպեց ցենզորին համակած հոգեկան ալեկոծությունը և երբ վերջապես Կրասոսի աչքերը նախկին զարմանքախառն հետաքրքրասիրության արտահայտությունն ստացան, խոսեց մի այնպիսի բնական հանգստությամբ, ասես տանտերն իրեն հարց էր տվել և այս ողջ ընթացքում պատասխանի էր սպասում.

— Այսօրվա իմ ծրագրերն ավելի շատ տոգորված են Նեմեսիսի, քան Ապոլոնի շնչով, և գուցե պակասում է ինձ ողջախոհությունը, ու թերևս մեծամտի տպավորություն կթողնեմ՝ խոսելով դրանց մասին, բայց ես Կոռնելիայի դիակի առջև երդվել եմ կործանել Ֆակտիոն։

— Հանդուգն ես,— ասաց Կրասոսը՝ ճեմելով տաբիլինումի երկայնքով, հետո գլուխն օրորելով՝ ավելացրեց,— թերևս, սպասելի էր։ Երբ ինձ տեղեկացրին, որ Կոռնելիայի թաղմանը խախտել ես ծիսակարգը և դամբանական արտասանել, երդվում եմ Զևսով, չհավատացի։ Մի տեսնեիր՝ ինչպես էր գազազել Ֆուֆիդիան. եթե սգի մեջ չլինեիր, սրբապղծության մեղադրանքով նա պատառ-պատառ անել կտար քեզ։

Նրա ձայնի մեջ նախկին սառն անտարբերությունը չկար, և դա ուրախացրեց Կեսարին։

Կրասոսը կանգ առավ լուսամուտի մոտ և մտախոհ նայեց դուրս՝ ինչ որ բանի մասին լրջորեն մտածելով։

Սկսել էր ձյուն գալ։ Քամի չկար, և մեղմիկ օրորվող փաթիլներն անէանում էին՝ հպվելով կղմինդրածածկ տանիքներին ու պարտեզի տերևազուրկ ծառերին, լույսի ձգտող թիթեռնիկների նման բախվում էին լուսամուտներին ու հալվելով արցունքի նման ծորում ցած։

— Բայց ինչո՞ւ շտապել՝ վտանգելով կյանքը,— հարցրեց Կրասոսը՝ հեռանալով լուսամուտից։— Ինչո՞ւ անհանգստանալ և մտածել դավարության մասին, երբ ժամանակն ամեն ինչ կկարգավորի։ Դու նվաճել ես ժողովրդի համակրանքը, և նա պաշտում է քեզ...

— Համակրա՜նք,— հեգնանքով ասաց Կեսարը՝ կռահելով ցենզորի մտքի հետագա ընթացքը։— Միայն ինձ է հայտնի՝ որքան արժեցավ այդ համակրանքը։ Ես վատնեցի ողջ ունեցվածքս, և դա դեռ ոչինչ. այսօր պարտք եմ տաս միլիոն դենարե և դրանից ազատվելու ոչ մի ուղի չեմ տեսնում։ Նրանք այսօր սիրում են ինձ, իսկ վաղն անառակ կնոջ նման քարշ կգան մեկ ուրիշի ետևից, ով ավելի առատաձեռն կլինի և ավելի ճոխ ներկայացումներ կկազմակերպի նրանց անհագ հետաքրքրասիրությունը բավարարելու համար։ Եվ կմոռանան նրանք ինձ այնպես, ինչպես մոռացան իրենց բարերար Մարիուսին։ Գիտեմ՝ դու նրան չես սիրում, բայց նա չէ՞ր, որ պլեբեյներին իրավունք տվեց զինվորագրվել բանակին։ Կարծում ես՝ հիշո՞ւմ է նրան գոնե մի նախկին պրոլետար, որ հարստություն դիզեց նրա աֆրիկական արշավանքների ժամանակ։

Դու ասում ես՝ նվաճել եմ ժողովրդի համակրանքը, բայց ո՞վ է ժողովուրդը, Կրասո՛ս. անկարծիք բութ խաժամուժ է նա և ուրիշ ոչինչ։ Սուլլան կոտորում էր բոլոր խելացի մարդկանց, իսկ ժողովուրդը խռպոտում էր խելացնոր բացականչություններից։ Օ՜, նրանք որպիսի խանդավառությամբ կկտրեին իմ գլուխը, եթե Մումերկոսին չհաջողվեր փրկել ինձ։

Նա գինու գավաթը մոտեցրեց շուրթերին։

— Ովքե՞ր ողջ մնացին Սուլլայի ձեռնարկած սպանդից հետո. հլուհնազանդները, վախկոտները, մատնիչները, մարդասպանները... Եվ դու ուզում ես, որ ես հիանա՞մ՝ նրանց համակրանքին արժանացած լինելու համար։ Այդ նրանք չէի՞ն դիակառքի ետևից երկու հարյուր պատգարակներով տանում անուշահոտ յուղեր ու բույսեր, նրանք չէի՞ն թանկարժեք խունկից ու կինամոնից պատրաստել Սուլլայի պատկերը, որ ամբողջ քառասուն օր պտտում էին Քաղաքի փողոցներում։ Ո՛չ, Կրասո՛ս, ժողովրդի վրա հույս դնել չի լինի. կա երկու բան, որ հաստատում և պաշտպանում է իշխանությունը՝ բանակը և ոսկին։ Առանց սրանց ամեն փորձ կանխապես դատապարտված է կործանման։ Գրակքոսի օրինակը դա չի՞ ապացուցում։

Լռություն տիրեց։ Քաղաքն անձնատուր էր լինում խավարին։ Պարտեզից այն կողմ թույլ առկայծում էին ստրուկների կացարանների ճրագները։ Լսելի էր սկիզբ առնող գիշերահողմի մարմին փշաքաղեցնող սվսվոցը։

Կեսարը ելավ բազմոցից և, մոտենալով ցենզորին, ասաց.

— Ես երկյուղում էի, որ դուրս կհրավիրես ինձ,— իսկ եղավ մի պահ, որ ցանկացար վարվել այդ կերպ,— և չէի համարձակվում բացել բոլոր գաղտնիքներս։ Ես ամենևին չեմ եկել օժանդակություն մուրալու։ Այն, ինչ հիմա կհայտնեմ, գուցե անհավանական թվա քեզ, բայց գոնե մեկ անգամ վստահի՛ր ինձ և հավատա՛ խոսքերիս ճշմարտացիությանը։

Կրասոսը լրջությամբ նայում էր նրան։

— Արդեն վեց ամիս պոպուլյարների կուսակցությունը գործում է, նրան անդամագրվել են հիսունյոթ մեծատոհմիկներ, որոնց թվում՝ տասնհինգ սենատոր, ժողովրդական մեկ տրիբուն և, իհարկե, Մումերկոսը։ Մեզ հետ են նաև պլեբեյական տների մոտ հարյուր երևելի անձնավորություններ, որոնց բոլորին վստահում եմ։ Եվ ահա նրանց անունից եկել եմ բանակցելու քեզ հետ, Կրասո՛ս։ Քո խոսքերին հետևում է սենատորների ստվար մի խումբ, դու լայն կապեր ունես զինվորականության հետ, հարկ եղած դեպքում վետերաններդ կաջակցեն քեզ, և մեծապես կհեշտանա մեր գործը, եթե միավորվենք։

Կրասոսի համար այս ամենն այնքան անսպաելի էր, որ սկզբում կասկածեց Կեսարի խոսքերին։ Հետո կրկին գինի լցրեց իրեն և, մի շնչում խմելով, հարցրեց մի տեսակ հապճեպությամբ.

— Ի՞նչ է պահանջվում ինձանից։

— Ինձ և Ռուֆիոնին ընդունի՛ր սենատ։― Կեսարը երկար էր սպասել բաղձալի այս պահին։

— Մի կողմ թողնենք այն, որ դու պրովինցիան լքել ես ժամկետից շուտ, սակայն պիտի հայտնի լինի քեզ, որ սենատի կազմը լրիվ է, և ձեզ ընդունելու համար ստիպված եմ լինելու հեռացնել ուրիշներին։

— Իսկ դու հեռացրո՛ւ,— վրա բերեց քվեստորը,— Կատոնը կոնսուլության թեկնածու Լաբիենոսին վտարեց սենատից, ինչ է՝ նա դստեր ներկայությամբ համբուրել էր կնոջը։ Իսկ այսօր սենատում մեկ տասնյակ բացահայտ իգամոլներ և հարբեցողներ կան։ Ես հասկանում եմ քեզ, դու հանդուրժում ես նրանց, որպեսզի նրանք ևս չհարեն հակառակորդներիդ, որոնց թիվը, որքան գիտեմ, փոքր չէ։

— Սիրում ես ամեն ինչ չափազանցնել,— նկատեց Կրասոսը և մի լայն ժպիտ կնճռոտեց նրա դեմքը։— Իմ հակառակորդներն այնքան շատ են, որ ոչինչ էական չի փոխվի, եթե նրանց միանան ևս երկու հոգի։

Ապա, ձեռքը թափ տալով, շարունակեց.

— Լավ, պայմանն ընդունում եմ, բայց սա ոչ այն բանի համար, որ ազդվեցի քո խոսքերից, այլ որպեսզի ինքդ համոզվես, թե որպիսի գարշահոտ ճահիճ է սենատը, և որքան դժվար՝ անցկացնել այնտեղ որևէ խելացի որոշում։ Եվ դու, ի վերջո, կիմանաս, թե ինչ նյութից է կերտված Մարկոս Կատոնը։

— Ինձ ճի՛շտ հասկացիր, Կրասո՛ս, ես չեմ ընդունվում սենատ՝ վայելելու բարձր պաշտոնների ընձեռած ազատությունը,— պարզություն մտցրեց Կեսարը,— և ոչ էլ իշխանասիրությունն է իմ խորհրդատուն. առանց այդ էլ շատ են պարտքերս[40]։ Բայց ես կուսակալության[41] հասնելու այլ ուղի չեմ տեսնում։

— Պրովինցիա՜, պրովինցիա՜,— կիսաձայն արտաբերեց Կրասոսը՝ քայլելով սրահի երկարությամբ։

— Այո՛, Կրասո՛ս, ոչինչ չես կարող ձեռնարկել, քանի դեռ ձեռքի տակ չունես քեզ նվիրված առնվազն երկու լեգեոն։ Ինքդ էլ, կարծում եմ, դեմ չես պրովինցիայի. միայն այդ ժամանակ է մարդ իրեն ապահով զգում։

Կրասոսը երկար ժամանակ լուռ քայլում էր՝ մտքում կրկնելով քվեստորի վերջին բառերը։ Հետո դանդաղ ու մտազբաղ մոտենալով նրան՝ ասաց.

— Վաղը դավադրություն է կազմակերպվելու։

Անսպասելի լուրից հանկարծակի եկած՝ Կեսարն արձանացավ մի պահ՝ կրակոտ հայացքով չափելով ցենզորին, ապա, վերագտնելով իրեն, գոչեց.

— Ահա թե ի՞նչ էին հաղորդում երկնային բազում նշանները. երկու օր առաջ կայծակը խփել է Հուսո տաճարին, Ամիտերնայում սպիտակազգեստ ուրվականներ են հայտնվել, իսկ երեկ Պիկենեում քարե կարկուտ է տեղացել... Բայց սպասիր,— Կեսարն իսկույն կնճռոտվեց,— այդ ինչպե՞ս պատահեց, որ դավադրության մասին ես և իմ մտերիմները ոչինչ չգիտենք։

— Մեղավորը ես եմ,― խոստովանեց Կրասոսը՝ մտերմիկ ժպտալով,— քեզ տեղյակ չեն պահել, քանի որ ես դեմ էի քո մասնակցությանն այս գործին։

— Եվ ովքե՞ր են աջակցում քեզ,— հարցրեց Կեսարը, ու ցենզորն զգաց, որ նա վիրավորված չէ։

— Դավադրությունը Կատիլինան է ղեկավարում։

— Հիմա եմ հասկանում, թե ինչու էր նա խուսափում ինձանից,— քվեստորն ափով բռնեց գլուխը։— Սերգիուսն, ինչ խոսք, ըմբոստ է, բայց չէի սպասում, թե նրա համբերությունն այսքան վաղ կսպառվի։— Երբ Ֆակտիոն մերժեց կոնսուլության նրա թեկնածությունը, պատճառաբանելով, թե սենատին ուշ է տեղյակ պահել, նա չդիմացավ այլևս։ Եվ այժմ առաջնորդվում է սոսկ վրեժխնդրությամբ ու ոչ մի պաշտոն չի ակնկալում։

Ապա Կրասոսը ներկայացրեց դավադրության մյուս մասնակիցներին։ Ընտրությունը կատարված էր ծայրաստիճան զգույշ և բոլորը վստահություն էին ներշնչում։ Կեսարն առանց երկմտանքի ցանկություն հայտնեց միանալ դավադիրներին։

— Եվ դու չե՞ս հարցնում, թե ի՞նչ պաշտոն է սպասում քեզ, եթե աստվածները ողորմած լինեն մեր հանդեպ,— հարցրեց Կրասոսը՝ մտերմաբար մտնելով նրա թևը։

— Ես լիովին բավարարված կլինեմ, եթե սենատից վտարվեն Կատոնն ու Ցիցերոնը։

— Համեստ մի՛ ձևացիր,— ասաց ցենզորը՝ ժպտալով։— Քեզ կհանձնվի հանրապետության Հեծելազորի հրամանատարությունը, և դու կկարողանաս պաշտպանել քեզ, թեպետ դրա կարիքն այնժամ չի զգացվի...

Ձյունախառն քամին մարել էր բոլոր լապտերները, և քվեստորի պատգարակը մթաթույր փողոցներով առաջանում էր կրիայի արագությամբ՝ ապավինած առջևից քայլող ստրուկի հիշողությանը։ Եկահալ ձյունն ամենուր լճակներ էր առաջացրել, և ստրուկներն անվերջ չրմփացնում էին դրանց մեջ։

Երկրորդ գիշերապահությունը սկսվել էր արդեն։ Խաչմերուկներում պարեկություն անող վիգիլները կասկածանքով էին վերաբերվում քնած քաղաքի փողոցներում միայնակ դեգերող պատգարակին, բայց երբ այն մոտենում էր և ջահերի լույսի տակ երևում էր Հուլիոսների տոհմանշանը, ճանապարհ էին տալիս ակնածանքով, առաջարկում ուղեկցել տուն, որից Գայոսը հրաժարվում էր մեծահոգաբար։

Սալահատակ փողոցների նուրբ ձյունեծածկն իր ետևից վազեցնող գիշերահողմը, փռփռացնելով կերպասե վարագույրները, թափանցում էր պատգարակից ներս, և տաք սրահից ելած քվեստորը դողում էր։ Ատամները լսելի կափկափում էին։ Նա ամուր փաթաթվել էր վերարկուի մեջ, մեջքը հենել փետրե բարձերին, որոնք նրան տարօրինակ սառն էին թվում։ Զուր էր փորձում համոզել իրեն, թե մարմինը բռնած դողը սառը եղանակի հետևանք է միայն։ Որքան էլ ծանր էր, ստիպված էր խոստովանել, որ կույր երկյուղ է համակել իրեն։ Բայց մի՞թե ինքն այլ ելք ունի։ Նա իրեն նմանեցնում էր կռվի ելած գլադիատորի, որը պիտի հրաժեշտ տար երկրային կյանքին կամ արենայից հեռանար հաղթանակած։ Եվ ինչպես գլադիատորին մարտից խուսափել արգելում են շիկացած ծայրակալով նիզակ բռնած լարարիումները, այդպես էլ նրա ետդարձի ուղին փակել էին օր օրի համբերությունը կորցնող պարտատերերը։

Սեփական անձի անվտանգությունից ոչ պակաս նրան մտահոգում էր հարազատների բախտը. ի՞նչ կպատահեր նրանց, ո՞վ սատար կլիներ, եթե Նեմեսիսը երես թեքեր իրենից։

Նա անհանգիստ շարժվում էր բարձերի վրա, ջանում հեռու վանել տանջող մտքերը։ Ապա քաշեց վարագույրը. մթասքող տների հազիվ նշմարվող մռայլ ուրվագծերից զատ ուշադրություն գրավող ոչինչ չկար գիշերային փողոցում։

Առջևից եկող աղմուկն ընդհատեց ծանր մտքերի ընթացքը. Պորցիևյան բազիլիկայի մոտ մի խումբ մարդիկ՝ ապակեծածկ ջահեր բռնած, միմյանց գրկած, օրորվում էին ու երգում։ Նրանց ձեռքին գինու սափորներ էին երևում, և խմում էին՝ արնագույն հեղուկը ծորեցնելով հագուստին։ Նրանց հետ կիսահարբած պոռնկուհիներ կային։

Կուրիոսի խումբն էր. Կեսարը ճանաչել էր նրանց։ Սատուրնալիայի տոներն ավարտվել էին մեկ շաբաթ առաջ, բայց քաղաքային սատիրոսների այս խումբը շարունակում էր օրն անցկացնել անբռնազբոս ուրախության և գինեզեխության մեջ։ Սննկացած պատրիկներից կազմված հարբեցողների, կնամոլների, զառ խաղացողների այս երամը, որին առաջնորդում էր սենատից վտարված Սերգիուս Կուրիոսը, լուրջ անհանգստություն էր պատճառում քաղաքին. ոչնչից չերկյուղելով, նրանք ամենուր անկարգություններ էին հրահրում, խափանում ընտրությունները՝ եթե թեկնածուները հրաժարվում էին ճաշկերույթի հրավիրել իրենց, իսկ վերջերս Ֆորումում ծեծել էին սենատոր Վարրոնին, երբ նա փորձել էր կարգի հրավիրել նրանց։

— Օ՜, Գայոսը, ահա և Գայոսը՝ Ֆակտիոի ահուսարսափը. Բաքոսն է նրան ուղարկել մեզ հյուր,— աղաղակեցին նրանք՝ փակելով պատգարակի ճանապարհը։— Իջի՛ր, Գայո՛ս, միացի՛ր մեզ, տես՝ ինչ ընտիր շիկահերներ[42] ունենք։

— Ե՛կ, ե՛կ միասին խմենք Մարկոս Կատոնի տհասության կենացը,— կանչեց մեկը և խումբն անզուսպ հռհռաց։

— Ինչպե՞ս, նա չի՞ իջնում, չի՞ հարգում մեզ՝ իսկական քվիրիտներիս,— բորբոքվեց երկարահասակ մի պատրիկ՝ տեսնելով, որ Կեսարը չի բարեհաճում անգամ գլուխը հանել պատգարակից։

— Հեռո՛ւ կանգնեք, կո՞ւյր եք, ի՞նչ է, չե՞ք տեսնում սև ժապավենը,— կանչեց Ափրոկլեսն ազդու ձայնով։

Պատրիկները վայրկենապես սսկվեցին և, ազատելով ճանապարհը, հայացքով ուղեկցեցին քվեստորի պատգարակը, մինչև այն թաղվեց խավարի մեջ։

Գլուխ հինգերորդ

Դելփյան Ապոլոնի ոսկեհուռ կառքը վաղուց ելել էր Օվկիանոսից, ու թեև երկիրը ողողված էր հրե ցոլքերով, այգաբացը սառն էր ու անհրապույր։ Ողջ գիշեր ձյուն էր եկել, և համատարած ճերմակության վրա Կապիտոլիումի մռայլ ժայռերը ելնում էին սարսափազդու վեհությամբ. հսկա տաճարները խղճուկ տնակներ էին թվում նրանց մոտ։

Քաղաքը ծուլորեն արթնանում էր քնից։ Կավե ծխնելույզներից ու հացթուխների գործատներից սպիտակ ծուխ էր քուլա-քուլա դուրս ժայթքում և անեզր ժապավենի պես ձգվում երկինք։ Ձյունե շերտը պսպղում էր տանիքների վրա, և քաղաքը նմանվում էր հազարաբեկոր հայելու։ Գիշերահողմը քշելտարել էր ամպամեգը, և երկնակամարը ջինջ էր մանկան աչքի պես։ Փողոց մաքրող ստրուկներ էին երևում այստեղ-այնտեղ, որ լայնաբերան թիերը քսքստացնելով ու միմյանց խանգարելով՝ խլվլում էին մրջյունների նման։ Փավնոսի, Յուպիտերի, Միներվայի տաճարների հիերոդուլները հասցրել էին մաքրել հրապարակը և խստադեմ քրմերի աչալուրջ հսկողության ներքո Ժեմոնիներն[43] ազատում էին ձյունեծածկից։ Կարելի էր հասկանալ նրանց անհանգստությունը. այսօր Կապիտոլիումում օծվելու էին նորընտիր կոնսուլները։ Երկրորդ Պունիկյան պատերազմի տարիներին կոնսուլ Գայոս Փլամինիոսը արհամարհել էր այս ծիսակարգը և, աստվածների բարեհաճությանը չարժանանալով, խայտառակ պարտություն էր կրել ու սպանվել Տրազիմենյան լճի մոտ։ Այդ օրից կոնսուլներն աստվածամեծարումը կատարում էին ամենայն բծախնդրությամբ. նախ զոհ էին մատուցում Յուպիտերին, օծվելուց հետո ելնում էին Ալբանոյի վրա՝ առատ նվերներ տալու Ապոլոնին, կեսօրից հետո խնջույք էին կազմակերպում պլեբեյների համար, իսկ երեկոյան բոլորին հրավիրում կրկես։

Հանդիսության առաջին մասնակիցները երևացին անմիջապես նախաճաշից հետո, ապա մարդկանց հոսքն աստիճանաբար վարարեց և արդեն օրվա չորրորդ ժամին հրապարակն ու տաճարամերձ բակերը բռնված էին մորթե բազմերանգ վերարկուներ հագած քվիրիտներով։ Պլեբեյներ քիչ էին երևում նրանց մեջ։

Բազմության շնչից գոլացած օդը հալեցնում էր տանիքների ձյունը, և լճակներ էին առաջացել այստեղ-այնտեղ։ Բարձրաստիճան մագիստրներն ու մյուս նոբիլները խմբվել էին սյունաշարի ծածկահարթակներում և ստիլոբադի աստիճաններին, ուր գետինը չոր էր։ Փավնոսի տաճարի բակում պատրիկների ստվար մի խումբ գուշակություններ էր անում սպասվող հանդիսության շքեղության մասին։ Քիչ այն կողմ Ասիայից նոր վերադարձած, վերքերից լիովին չապաքինված մի կենտուրիոն, որն, իր ասելով, հասել էր Կովկասյան լեռներին, պնդում էր, թե դրանք ամենևին աշխարհի ծայրին չեն, ինչպես հավատացնում են քրմերը, և որ դրանց գագաթներն իսկի էլ չեն հասնում աստղերին։ Նրան լսում էին անսքող թերահավատությամբ, մի քանիսը ծիծաղում էին քթի տակ, համոզված, որ կենտուրիոնը ստում է։ Երբ նրան հարցրին Լուկուլլոսի անհաջողությունների մասին, պատասխանեց, որ զորքը սովոր չէր հայկական խստաշունչ ձմռանը, որ գումակը մնացել էր Տավրոսի մյուս կողմում, իսկ վիրավորները շատ էին ու խոցված լինելով թունավորված նետերից՝ մեռնում էին տանջվելով։

Երբ Կեսարը Սերգիուսի հետ Կապիտոլիում հասավ, օրվա հինգերորդ ժամն էր արդեն. հրապարակում անվերծանելի, զվարթ աղմուկ էր տիրում, և բազմությունն այնքան խիտ էր, որ անհնար էր առաջանալ որևէ մեկին չհրելով։ Ողջունելով ծանոթներին ու բարեկամներին՝ նրանք աչք ածեցին վիգիլներին։ Պահնորդությունը սովորականից ստվարամարդ էր, և նրանք անհանգստացան։ Յոթ զինվոր զրահակիր կենտուրիոնի հետ շրջում էին բազմության մեջ, մի ամբողջ ջոկ խմբված էր Յուպիտերի արձանի մոտ, տապարակիր հինգ վիգիլ հսկում էին զոհարանը։ Պարեկներ էին կարգված նաև ժեմոնիների հարթակներին։

— Կարգին կռիվ է սպասվում,— շշնջաց Կատիլինան։

Քվեստորը նրա ձայնի մեջ երկյուղ չնշմարեց։

Նրանք սկսեցին փնտրել համախոհներին։ Որքան էլ հրապարակը մարդաշատ էր, Ցեպիոնի խոշոր մարմինը դժվար չէր զանազանել հավաքվածների մեջ. նա ստիլոբադի վրա բարձրաձայն վիճում էր նիհարավուն, ճղճղան ձայնով մի պատրիկի հետ։ Ողջունելով գլխի խորհդանշանակ շարժումով՝ Ցեպիոնը հայացքով ցույց տվեց հրապարակի ձախ թևը, որտեղ պատրիկները նկատեցին Լենտուլոսին և Կոռնելիոս Սուլլային, որոնք կասկած չհարուցելու համար կանգնած էին տարբեր խմբերի մոտ։ Սրանք նշաններով հասկացրին, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է։

Զրուցելով ու հավաքվածներին աչքի տակով զննելով՝ Կեսարն ու Կատիլինան մոտեցան հրապարակի եզրաբազրիքին, որտեղից քաղաքը երևում էր, ինչպես ափի մեջ։

Ցեպիոնի խմբի հետ նրանք վերացնելու էին արձանը հսկող վիգիլներին, Լենտուլոսն իր մարդկանցով փակելու էր ժեմոնիները, կոնսուլների սպանությունը հանձնարարված էր Սուլլային, Կրասոսն ու Ռուֆիոնը, որ սպասում էին ցածում, կոնսուլների մահվան լուրն առնելով, պիտի գրավեին Հուստիլիանոսի տաճարը, ուր այդ ժամին հավաքվելու էին սենատորները և հայրերին պարտադրելու էին Սուլլային և Լենտուլոսին ճանաչել կոնսուլ, իսկ Կրասոսին՝ դիկտատոր։

Սրբազան փողոցի վրա երկնժույգ կառքեր երևացին, որ հեծյալ պահախմբի ուղեկցությամբ հատելով ֆորումը՝ Ֆուլվիոսի բազիլիկայից թեքվեցին դեպի Կապիտոլիում։ Քվիրիտները բլրագագաթից տեսան, թե ինչպես կոնսուլներն իջան Հուստիլիանոսի տաճարի մոտ և իրենց սպասող նորընտիր պլետորների, էդիլների ու նրանց երկրպագուների ուղեկցությամբ ելան վեր։ Կոնսուլների ժամանման լուրն առնելով՝ Ֆուֆիդիան ելավ Աստվածահոր տաճարից՝ շրջապատված ավագ քրմերի ու սպասավորների բազմությամբ։ Մոլի հավատացյալները ծնկի եկան նրա առաջ և համբուրեցին գետին իջնող զգեստի քղանցքները։ Շեփորների հնչյունների ներքո հիերոդուլները տաճարի ախոռատնից բերին երկու ցուլ, որոնց գերագույն քուրմը օծեց, իսկ սպասավորները զարդարեցին ճերմակ ու կարմիր ժապավեններով։ Ժողովուրդը խտացավ դեպի զոհասեղանները։ Բազմության կողմից հրմշտվելով դավադիրներն աննկատ մոտեցան վիգիլներին։ Հետո ահռելի հրապարակը, ասես մոգական ինչ-որ ուժի ազդեցությամբ, միանգամից քարացավ. հետզհետե մոտեցող շեփորների կանչեր էին հասնում ժեմոնիներից. ծաղկեփնջեր բռնած պատանիներ ընդառաջ գնացին կոնսուլներին։ Դավադիրների լարված հայացքները փնտրում էին միմյանց, հետո, պայմանական նշանի սպասումով, ամենքը նայեցին Սերգիուսի կողմը։

Հանկարծ Կեսարը նկատեց երկու լիկտորի, որ տապարները բարձր պահած և անընդհատ իր կողմը նայելով, ասես կամենալով չկորցնել տեսադաշտից՝ մոտենում էին՝ համառորեն ճեղքելով բազմությունը։ Նա գունատված շուրջը նայեց. ասես օգնություն էր ակնկալում աներևույթ ուժերից, ապա մեծագույն զայրույթով դաշույնը դուրս քաշեց տոգայի ծալքերից։

— Նայի՛ր այն կողմ,— հրեց նա Կատիլինային։

Սերգիուսին ևս համակեց կործանման սարսափը։ Սեղմվելով Յուպիտերի արձանին՝ նա ձեռքը սահեցրեց վերարկուի տակ և լարեց մարմինը՝ պատրաստ խոցելու մոտեցողներին։ Նրա աչքերում ատելություն էր շողում, ատամները կափկափում էին լսելի։

— Ես հիմա նրանց... — Կեսարը հանկարծ մղվեց առաջ, բայց վերջին պահին Սերգիուսը պահեց նրան՝ ասելով.

— Սպասի՛ր, կարծես ճանաչում եմ նրանց։— Նա ձգվեց թաթերի վրա։— Կրասոսի լիկտորներն են, դե, իհարկե, նրանք են։ Երդվում եմ Երկնային դաշտերով, ուր թափառում են նախնիներիս հոգիները, վատ լուր են բերել մեզ։

Կատիլինան ընդառաջ գնաց նրանց։ Կեսարը հավաքվածների վրայից ուշադիր նայում էր մերթ Սերգիուսին, մերթ լիկտորներին։

— Գրողի ծոցը կորավ ամիսների տառապանքը,— Կատիլինան վերադարձավ խիստ դառնացած։— Կրասոսների տնից գիշերը ստրուկ է փախել և վտանգ կա, որ լուր հասցրած լինի պրետորներին։

Հոգեմորմոք կասկած համակեց նրանց, շուրջը նայեցին, և նրանց թվաց, թե ամենքը տեղյակ են իրենց ծրագրերին, թե տաճարի վիգիլներն աչալուրջ հետևում են իրենց ամեն շարժումին՝ պատրաստ խափանելու ոտնձգության յուրաքանչյուր փորձ։

― Ինչո՞ւ է Ֆորտունան միշտ երես թեքում ինձանից,― արտաբերեց Կատիլինան՝ ծանր հոգոց հանելով։

Կեսարի դեմքը վայրենի բարկության և սպառնալիքի արտահայտություն էր ստացել, նա դառնությամբ թքեց գետնին։

Կոնսուլները մտնում էին հրապարակ։

― Հեռանանք այստեղից,― Կատիլինան քաշեց քվեստորի թևից, որն արձանացել էր՝ դաշույնը ձեռքին, տանել չեմ կարող թշնամուս ցնծությունը։

Նրանք Լենտուլոսին խնդրեցին զգուշացնել բոլորին և տխուր֊տրտում իջան քաղաք։ Հուստիլիանոսի տաճարի մոտ դավադիրներից միայն Ռուֆիոնն էր մնացել։ Երեքով ուղղվեցին դեպի Կրասոսների ինսուլան։ Փոքր Դաշտ գնացող աղքատ պլեբեյներ էին երևում փողոցներում, մեծ տոպրակներ էին կախված նրանց ուսերից։ Նրանք երկյուղածությամբ շրջապատեցին շքեղորեն հագնված պատրիկներին և անձայն ուղեկցեցին նրանց։

Անսովոր մռայլություն էր տիրում Կրասոսների ինսուլայում, ամեն ինչ տակնուվրա էր արված այնպես փութաջանորեն, ասես այստեղով բարբարոսների բանակ էր անցել։ Կրնկի վրա բաց էին բոլոր դռներն ու լուսամուտները, ողջ ֆամիլիան՝ ավելի քան հինգ հարյուր ստրուկ, հավաքվել էր պարսպի տակ. նրանց դեմքին վախ կար և միմյանց սեղմված, ջանում էին չընկնել աննպատակ դեսուդեն գնացող կրտսեր Կրասոսի՝ Պուբլիոսի, ոտքերի տակ։ Մտրուկներ էին արածում պարտեզի մեջ և ոչ ոք ուշք չէր դարձնում դրան, վախեցած փասիաններն ու սիրամարգերը թաքնվել էին մրտենու թփերի մեջ և ղուղունում էին անհանգիստ։ Այն տպավորությունն էր ստացվում, որ ամենուր փնտրել են մեկին։

Պատրիկների ժամանման լուրն առնելով՝ Պուբլիոսն ընդառաջ գնաց և անվնաս գտնելով նրանց՝ թեթևացած շունչ քաշեց։

― Կարո՞ղ ենք տեսնել ցենզորին,― հարցրին հյուրերը միաբերան։

Պուբլիոսը պատասխանեց, որ հայրը դուրս է եկել լուսաբացից առաջ և հայտնի չէ՝ ուր է հիմա։ Եվ հասկանալով պատրիկների այցի պատճառը՝ նրանց խնդրեց հետևել իրեն։

― Երեկ քո այցելության միջոցին, Կեսա՛ր, սպասավորներից մեկն ունկնդրել է գաղտնի և, օգտվելով այն բանից, որ հայրս, խիստ զբաղված լինելով, անուշադրության էր մատնել ֆամիլիան, առավոտյան փորձել է փախչել պրետորների մոտ՝ հուսալով մատնությամբ պարգև ու ազատություն ստանալ։

Շրջանցելով ընդարձակ պարտեզը՝ նրանք հայտնվեցին տան ետնամասում, ուր գտնվում էր էրգաստուլը։ Դա աղյուսե թզուկ կառույց էր՝ կիսով չափ գետնի մեջ, որի վանդակապատ փոքրիկ լուսամուտների ետևից մարդկային տանջահար դեմքեր էին երևում։

Ներս մտնելով՝ պատրիկները հայտնվեցին հողեհատակ մի խցում, ուր կառուցվելու օրից արև չէր թափանցել։ Խոնավությունից բորբոսնած հատակին տղամարդու արնաշաղախ մարմինն էր ընկած, որը եթե մերթ ընդ մերթ չցնցվեր ցավի գալարումներից, կարելի էր կարծել, թե մեռած է։

Պուբլիոսը ոտքով շրջեց ստրուկի գլուխը, և որքան էլ նրա դեմքը կապտած էր ու ծածկված լերդացած արյունով, Գայոսը ճանաչեց գինի մատուցող սպասավորին։

— Բայց չէ՞ որ նրան չի հաջողվել տեսնվել պրետորների հետ,— գրեթե միաժամանակ հարցրին հյուրերը՝ ինչ-որ բան չհասկանալով։

Իսկ Պուբլիոսը բացատրեց.

— Երբ գիշերապահները բռնեցին սրան, հայրս, ինչ-որ բան կասկածելով, ոտքի հանեց ողջ Ֆամիլիան, և պարզվեց, որ ախոռապանն անհետացել է։ Այս անասունը նրան էլ է տեղյակ պահել և գործել են միասին։— Պուբլիոսը հարվածեց պառկածի կողին, որից ստրուկի մարմինը ցնցվեց, դեմքը ջղաձգվեց և արյունոտ շուրթերն անհասկանալի ինչ-որ բառեր մրմնջացին.

— Ողջ-ողջ այրել է պետք այսպիսիներին, բոլորի ներկայությամբ, որ դաս լինի մյուսներին,— ատամների տակից նետեց Կեսարը. նա ամբողջ ուժով կհարվածեր ստրուկին, եթե չերկյուղեր արյունոտել սիկիոնե ճերմակ կոշիկները։

— Հայրս իր մարդկանցով անմիջապես փակեց կենտրոն տանող բոլոր ուղիները,― շարունակեց Պուբլիոսը,— բայց փախստակին բռնել առայժմ չի հաջողվել։ Նա հավանաբար թաքնվել է։

— Իսկ եթե տեսնվե՞լ է պրետորների հետ,— անհանգստացավ Ռուֆիոնը։

— Ոչինչ ապացուցել չեն կարող,— ձեռքը թափ տվեց Կատիլինան՝ քայլելով դեպի ելքը. էրգաստուլի գաղջ օդը խեղդում էր նրան։— Ինչ-որ մի ստրուկ դավադրության լուր է բերել։ Հետո ի՞նչ։ Չէ՞ որ չկա այն՝ դավադրությունը։

Դուրս գալով փողոց՝ նրանք մի պահ մոլորված կանգնեցին դարպասների մոտ, ապա գլխիկոր ու անտրամադիր քայլեցին Տուլլիոսի պարսպի ուղղությամբ։ Կապիտոլիումից զվարթ երաժշտության ձայներ էին լսվում. զոհաբերությունն ավարտվել էր։

Սուբլիկոնի կամուրջն անցնելով՝ Կատիլինան զգաց, որ Կեսարը ետ է մնացել։ Շրջվելով նա քվեստորին տեսավ բրոնզե ճաղերին հենված, որ մտախոհ նայում էր Տիբերի ջրերին։

— Մի՛ հուսահատվիր,— ասաց Սերգիուսը, մոտենալով նրան։— Ամեն ինչ կորած չէ դեռ։

Կեսարը չարձագանքեց։

— Իմ մարդիկ Էտրուրիայում զինվորներ են հավաքագրում, ա՛յ, երբ երկու լեգեոն կունենամ...

Կեսարն անհույս նայեց մերթ նրան, մերթ հեռվում կանգնած Ռուֆիոնին և արտաբերեց դառնաձայն.

— Ոչնչի չեմ հավատում այլևս։

— Հավատա՛,— ասաց Կատիլինան, գրկելով նրան։— Հավատա՛ և սպասի՛ր իմ լուրերին։

Գլուխ վեցերորդ

Վեց հարյուր յոթանասունյոթ թվականի առաջին ամիսներն անցան արտաքուստ հանգիստ։ Ոչինչ նշանակալի տեղի չունեցավ այդ ընթացքում, բազիլիկաներում ոչ մի արտակարգ դատավարություն չեղավ, և թվում էր, թե կյանքը հավերժական քաղաքում վերջապես խաղաղվել է, և ոչինչ այլևս չի պղտորի Ֆակտիոի անդորրը։ Հայաստանից հասնող լուրերը ևս հանգստություն էին բերում. Լուկուլլոսին փոխարինած Պոմպեոսը ոչ միայն կանգնեցրել էր նահանջող բանակը, այլև անցել էր Տավրոսը և առանց որևէ մարտի հաշտություն կնքել Տիգրանի հետ՝ նրանից առնելով Սիրիան և նրան ճանաչելով Հռոմի դաշնակից և բարեկամ։ Այնուհետև, Միհրդատին հետևելով, Մագնիան մտել էր Արտան թագավորի տարածքները և Քուռի ափին ջախջախել նրա յոթանասուն հազարանոց բանակը։

Ասիայից վերադարձած Լուկուլլոսը մեկ-երկու շաբաթ խախտեց քաղաքին համակած հանգիստը, բայց, անկարող լինելով սենատին համոզել փոխել վճիռը և իրեն վերադարձնել Ասիական զորքերի հրամանատարությունը, քաշվեց Նեապոլի իր վիլլան և հուսալքությունից, թե վրեժխնդրությունից, բռնագրաված ողջ հարստությունը վատնեց չտեսնված ու չլսված խնջույքների ու ճաշկերույթների վրա։ Հետո ձանձրանալով այդ ամենից՝ վռնդեց շուրջը վխտացող ձրիակերներին ու քծնողներին, որոնք նրա համակրանքը շահելու համար ամեն քայլափոխի լուտանքներ էին թափում Պոմպեոսի հասցեին, և ամբողոջին նվիրվեց իմաստասիրությանը։

Քաղաքի կյանքը միայն արտաքուստ էր հանգիստ։ Աչալուրջ Կատոնն այս խաղաղությունն ընկալում էր որպես նախամպրոպային լռություն և վատ բան էր գուշակում։ Սակայն լրտեսների բերած լուրերը չէին հաստատում նրա անհանգստությունը, ոչ մի տեղ գաղտնի ժողով չէր գումարվում, ասես դիտավորյալ՝ ֆորումում, պալեստրայում, բաղնիքում, մյուս հավաքատեղերում, խոսք անգամ չէր հնչում Ֆակտիոի դեմ։

Այն, ինչ կատարվում էր իրականում, հասու չէր և ոչ մի լրտեսի, քանի որ տեղի էր ունենում մարդկանց գիտակցության մեջ։ Ռաբիրիուսի դատավարության ցրումը հիասթափեցրել էր օրիանասեր պատրիկներին, և շատերը լրջորեն խորհում էին օպտիմատներից հեռանալու մասին։ Երկար ժամանակ նրանք չէին համարձակվում իրենց մտատանջությունների մասին խոսել որևէ մեկի հետ և, ինքնամփոփ, ուշիուշով հետևում էին իրադարձությունների հետագա ընթացքին՝ համառորեն փնտրելով այն ուժը, որը կդիմագրավեր Ֆակտիոին և որին կնվիրաբերվեին իրենք։ Նրանց մի մասը հույսեր էր կապում Պոմպեոսի հետ և առիթ էր փնտրում իմպերատորին իր նվիրվածությունը ցուցադրելու համար,— այդ նրանք տապալեցին Լուկուլլոսին,— առավել անհամբերները մեկնում էին Ասիա։ Բայց բոլորը չէ, որ կարող էին ակնկալել Մագնիայի բարեհաճությունը, քանի որ ժամանակին բացահայտորեն դեմ էին եղել Լաբիենոսի օրինագծին։

Ահա այսպիսին էր վիճակը սենատում, երբ այնտեղ հայտնվեց Գայոս Կեսարը։ Նրա համարձակ ելույթները սկզբում ընկալվեցին որպես զավեշտ մի բան, բայց երբ նա ժողովրդական ժողովում ընտրվեց էդիլի պաշտոնում և քաղաքի պահնորդությունը սկսեց ենթարկվել նրան, և երբ զգացին, որ Կրասոսը, Պոլիոնը, Կատիլինան, Լենտուլոսը և այլոք անխտիր պաշտպանում են նրա բոլոր առաջարկություններն ու գործողությունները, առավել խորաթափանց հայրերը տեսան այն ուժը, որին սպասել էին ամիսներ շարունակ։ Եվ սենատորների մի մեծ խումբ աստիճանաբար հարեց պոպուլյարներին։ Ճամբարից ճամբար այս անցումը կատարվում էր այնպես աննկատ ու գաղտնի, որ սենատորներից շատերը նույնիսկ չէին ճանաչում յուրայիններին։

Երկրորդ կուսակցության գոյության մասին Ֆակտիոն առաջին պատկերացումն ունեցավ սեպտեմբերին, երբ հողային օրինագծով հանդես եկած ժողովրդական տրիբուն Լաբիենոսին պաշտպանեցին հարյուրից ավելի սենատորներ, մինչդեռ նա առաջարկում էր հատուկ հանձնաժողով կազմել Կեսարի և Կրասոսի գլխավորությամբ, որը հողհատկացումներ կաներ վետերաններին և չքավորներին։ Ֆակտիոի համար գաղտնիք չէր, որ վետերանները սոսկ պատրվակ են, և այդ կերպ ցանկանում են իրենից խլել Կամպանիական դաշտին տիրելու մենաշնորհը։ Բայց ընդդիմադիրներին առաջվա պես հալածել չէր կարող, քանի որ պահնորդությունն անհուսալի ձեռքերում էր, և հետո հայտնի չէր, թե այդ ամենն ինչպես կընդուներ Պոմպեոսը, որ տնօրինում էր բանակի մեկ երրորդին։

Թեև սենատը Լաբիենոսի ծրագիրը մերժեց, այնուամենայնիվ, Կատոնի խորհրդով Ահենոբարբը մեկնեց Տուսկուլում՝ քաղաքին մոտեցնելու Յոթերորդ լեգեոնը։ Բայց զինվորները տեղեկանալով, որ իրենց տանում են Կեսարի և Կրասոսի դեմ, որոնք ցանկանում էին հող բաժանել իրենց հարազատներին, չենթարկվեցին լեգատին և Ահենոբարբին վռնդեցին ճամբարից՝ ծաղրելով նրան վերջին խոսքերով։

Կեսարը նոր էր վերադարձել բաղնիքից և սովորականի նման տարվել ընթերցանությամբ, երբ տաբիլինում խուժած Ափրոկլեսը հայտնեց, թե եկել է սևամորթ մի ստրուկ, որը ոչ մի կերպ չի կամենում ասել իր ով լինելը և համառորեն պահանջում է տեսնվել էդիլի հետ։ Ազատարձակի վախվորած տեսքից և լայն բացված աչքերից դժվար չէր կռահել, որ եկվորը աժդահայի մեկն է։ Եվ իսկապես, երբ Գայոսը կարգադրեց ներս հրավիրել նրան, տաբիլինում մտավ խոշորամարմին, կպրագույն մի արարած, և սենյակի լույսն աղոտացավ։ Խափշիկն ուսերին գցել էր կնգուղավոր թիկնոց, հավանաբար ոչ այնքան անձրևից պաշտպանվելու, որքան դեմքը ծածկելու համար։ Երբ մնացին երկուսով, նա արձակեց կնգուղը, և սափրված մարմնի համեմատ ծիծաղելիորեն փոքր գլուխը փայլեց կանթեղների լույսից։

Նա ներկայացավ որպես Սեսիլիայի բանբեր, և Կեսարը հիշեց, որ նրան տեսել է Կրասոսների մոտ։ Հետո ստրուկն էդիլին պարզեց մի գրություն և, հեռանալով, գերան բազուկները կրծքին խաչած, կանգնեց դռների մոտ որպես սևագույն ատլանտ։

Կեսարը մագաղաթը պահեց ջահի դեմ, և տառերի ոսկեփոշին շողարձակեց ծիրանե ցոլքերով։ Նա կարդաց առաջին բառերն, ու կոկորդը սեղմվեց հանկարծահաս դողից, զգաց, որ շունչը հիմա կկտրվի, և սիրտը դուրս կթռչի կրծքից։

«Իմ հոգու մխիթարություն և իմ միակ մտահոգություն,— գրված էր կանացի համաչափ ձեռագրով։ Այսպիսի տողեր ես ոչ մեկին չեմ գրել և չեմ հասկանում՝ ինչ է կատարվում ինձ հետ. ես կորցրել եմ հանգիստս, քո մասին եմ անվերջ մտածում, քո դեմքն է միշտ աչքերիս առաջ, քո ձայնն է շարունակ հնչում ունկերիս մեջ։

Թող ներողամիտ լինեն մեղսագործ իմ հոգու հանդեպ աստվածներն ու բարեպաշտ քրմերը, բայց ես հանգստություն չեմ գտնում ոչ աղոթքի, ոչ ուրախ խնջույքի և ոչ մենության մեջ։

Իմ Պերսև՛ս, քո գոյությամբ դու փոթորկեցիր իմ հոգին և բարի՛ եղիր սփոփել այն։ Վաղն այս նույն ժամին,— օ՜, սո՛ւրբ Վեներա, ես անզոր եմ մարել քո վառած կրակը,— եղի՛ր էվրիսակի դամբարանի մոտ. իմ մարդիկ կդիմավորեն քեզ»։

Նա բոլորովին մոռացել էր խափշիկի ներկայությունը և, մագաղաթը շուրթերին սեղմած, արձանացել էր ջահի մոտ։ Սեսիլիան նրան պատկերանում էր իր գրկի մեջ, և քիչ էր մնում խելազրկվեր, երբ մտածում էր, թե երազային այդ կինը, ում սիրո համար շատերն են խելագարվել, վաղը կարող է պատկանել իրեն, եթե միայն ցանկանա այդ։ Նա երևակայության ուժով տեսնում էր իրենց հանդիպումը՝ սիրառատ և պարուրված վարդագույն եթերով։ Նա չէր համբերում, իրեն Սեսիլիայից բաժանող մեկ օրը նրան թվում էր դար, և նրա մեջ անզուսպ ցանկություն առաջացավ դուրս թռչել ու վազել դամբարան և գիշերել այնտեղ։

Սթափվելով նա ելավ երանության աստղամշուշից և թիկունքին զգաց խափշիկի՝ ամեն շարժում զննող հայացքի սառնությունը։ Ու շրջվելով չարաճճի փայլ նշմարեց սաթի պես սև նրա աչքերում։

— Հայտնի՞ է քեզ այցիդ նպատակը,— հարցրեց, որին ստրուկը պատասխանեց.

— Ազնվազարմ էդիլը թող ապրի հավերժ. իմ տիրուհին ինձ վստահում է, ինչպես Յուպիտերն է վստահում մորը Բաքոսի. ես գիտեմ՝ ուր եմ եկել և ինչու։

«Սրա համար սովորական զբաղմունք է»,— ակամա մտածեց Կեսարը՝ ոտքից գլուխ չափելով ստրուկին։ Ապա մի քանի ոսկեդրամ պարզելով նրան՝ կարգադրեց.

— Գնա՛։ Իմ մարդիկ կբերեն պատասխանը։

Իսկ ստրուկը, հզոր կրծքի վրա խոնարհելով փոքրիկ գլուխը և ձեռքերը խաչելով, պատասխանեց.

— Թող աստվածային էդիլը կարգադրի պատժել ինձ համարձակությանս համար, բայց իմ տիրուհին այնպիսի անհամբերությամբ է սպասում պատասխանի, որ առյուծներին կեր կդառնամ ես, եթե վերադառնամ ձեռնունայն։

— Լա՛վ,— մեղմացավ Կեսարը,— սպասի՛ր ատրիումում։

Եվ կանչեց Ափրոկլեսին, որ ուղեկցի նրան։

Մենակ մնալով՝ նա մի քանի անգամ ագահորեն վերընթերցեց գրությունը, և ամեն անգամ սիրտն ուռչում էր հպարտության հորձանքից։ Նա վաղուց զգացել էր, որ Սեսիլիան սովորականից ջերմ է իր հանդեպ, որ Կրասոսի մոտ հյուրընկալությունների ժամանակ աչք չի կտրում իրենից։ Մի անգամ, երբ Կրասոսը Լուկայում էր, նա հրավիրել էր իրեն օգնելու բանակցել Եգիպտոսից ժամանած ակնավաճառների հետ։ Այժմ, մանրամասն վերհիշելով այդ երեկոն, Կեսարն ուշացումով նկատեց, որ այն ժամանակ Սեսիլիայի աչքերի մեջ և շարժումներում սիրո հրավեր կար։

Գաղտնի սիրո խորհրդավորությունը հմայում էր նրան, տղամարդկային արժանապատվությունը մոռացնել էր տալիս ամեն զգուշություն և, նստելով գրասեղանի մոտ, ցանկացավ պատասխանել, բայց հետո միտքը փոխեց և հայացքն առաստաղին հառած՝ երկար ժամանակ մտածում էր։

Կրասոսին կորցնել չէր կամենում. գայթակղության առաջին վայրկյաններին մոռացել էր այդ մասին։ Թշնամանալ Կրասոսին, կնշանակեր ինքնակամ ելնել Ֆակտիոի զոհարանին։ Բացի այդ նա անկարող էր ապերախտ գտնվել ցենզորի հանդեպ, որն օգնում էր իրեն՝ ազատվելու համբերությունը կորցրած պարտատերերից և որն առանց շահույթի տրամադրել էր մեկ միլիոն դենարե։

Նրա հոգում գլուխ բարձրացրեց զգուշավոր անդրադարձը. արժե՞ կնոջ համար, որքան էլ դյութիչ լինի նա և աստվածային, վտանգել բոլոր նպատակները, որոնք նոր միայն սկսել են իրականանալ, արժե՞ արդյոք վայելումի ժամերի համար մոռացության տալ երդումը և տառապանքները։

Մումերկոսը նրան ժուժկալության էր վարժել, ինքն էլ միշտ համոզված էր եղել, թե կարող է կառավարել իր զգացմունքները ցանկացած իրավիճակում, բայց ի՞նչ կատարվեց իր հետ, ինչո՞ւ անէացավ հանկարծ սպասվող զմայլանքից։

Նա ելավ ու, բազուկները կրծքին հավաքած, մտախոհ քայլում էր սենյակում։

Սեսիլիային մերժելը ծանր էր նրա համար, քանի որ ամբողջ հոգով տենչում էր նրան, միաժամանակ նաև վտանգավոր. վիրավորված արժանապատվությամբ կինը նենգ է լուսանից և կարող է վրեժխնդիր լինել դաժանորեն և այնքան մոլեգին, որքան խորն է եղել սերը, ու բավարարում չի ստանա, քանի դեռ սիրեցյալը վերջնականապես չի տապալվել։ Մինչդեռ Սեսիլիայի համար մի առանձին դժվարություն չի լինի գժտեցնել իրեն և Կրասոսին։

Վիճակն անելանելի էր. ինչպես էլ վարվեր, վտանգվում էր իր և Կրասոսի բարեկամությունը, առանց որի նա չէր պատկերացնում իր ապագան։

Երկար մտածելուց հետո կանչեց խափշիկին ու նրան հանձնեց հետևյալ գրությունը.

«Աստվածներին հավասար է նա, ում բախտ է վիճակվում նստել քո դեմ ու լսել քեզ, տեսնել քո քաղցր ժպիտը, որ զարթնեցնում է հոգու զգացմունքները և հուր հորդեցնում երակներով։

Արժանի՞ եմ արդյոք ես, հասարակ մահկանացուս, նման բարձր պատվի, քանզի նա, ում սիրում է Հռոմի առաջին մատրոնան, պետք է ամենաընտրյալը լինի մարդկային ցեղի մեջ։

Ես կերկրպագեմ քեզ, ինչպես հավատացյալը՝ Վեներային, կերկրպագեմ՝ առանց որևէ ակնկալիքի»։

Կրասոսի մոտ խնջույք էր։ Տղամարդիկ նոր էին ընկողմանել օթոցներին, իսկ կանայք՝ տեղավորվել սեղանի շուրջ, երբ երևացին ճերմակ զգեստներ հագած սպասավորները՝ արծաթե մեծ սկուտեղներով բերելով ախորժալուր խորտիկներ, շոգեխաշած սիրամարգ և փասիան, խորոված վիթ, ծղոտահյուս կողովների մեջ ցողով ծածկված մրգեր, էբենոսե սափորներով՝ բազմատեսակ գինի։ Նրանք գալիս էին ու գալիս՝ միմյանց հերթ չտալով, բայց անձայն, իսկ երբ սեղանները ծանրաբեռնվեցին ամենայն բարիքներով, շարվեցին գորգազարդ պատի տակ. Կրասոսը ազատ արձակեց նրանց։ Ինը գեղանի ստրկուհիներ հատուկ թասի մեջ լվացին հյուրերի ձեռքերը, ծաղկեպսակներով զարդարեցին նրանց, իսկ օթոցների սպասավորները՝ նախշազարդ կապույտ տունիկայով գեղեցկադեմ պատանիներ, գինի լցրին տիրոջ նշանով։ Կրասոսը ոտքի ելավ և հանդիսավորությամբ հեղում արեց Յանուսի պատվին. հյուրերը հետևեցին նրան։ Ապա նա շրջվեց դեպի Մարսի արձանը, որ ամառային տրիկլինիումի առատորեն լուսավորված անկյուններից մեկում էր և, գավաթը պահելով գլխից վեր, աստծուն խնդրեց բարեհաճ լինել իր ընտանիքի և տան հանդեպ, թույլ չտալ՝ կործանվի այն, պաշտպանել հիվանդությունից և փորձանքից, առատություն պարգևել դաշտերին՝ խոստանալով նրան երկրպագել որպես բարերար աստծո։

Հյուրերը կրկնեցին նրա խոսքերը և գավաթը շուրթերին մոտեցնելով՝ գինին հեղեցին սրաբազան սկահակի մեջ, որը ստրուկները հետո դրին աստծո ոտքերի մոտ։ Ապա նրանք մեկ րոպեի չափ լուռ կանգնած էին, ափերը՝ միմյանց սեղմած, հայացքները՝ Մարսի արձանին։

Աստվածամեծարումն ավարտված էր։

Տղամարդիկ ուտում էին կողքի պառկած, մեծագույն ախորժակով. տանտիրոջ հյուրասիրությունն էր պատճառը, թե պերճաշուք սրահի զվարթ լուսավորությունը, ամենքն անկաշկանդ էին զգում իրենց և անգամ Մարկոս Անտոնիոսը, որ առաջին անգամ էր լինում Կրասոսների մոտ, անմիջական էր հարազատի պես։

Կանայք չորսն էին՝ տանտիրուհուց բացի, նաև Նիդիան՝ Կուրիոնի կինը, Կրասոսի զարմուհին՝ հիսունին մոտ մի մատրոնա, և Հուլիան. նրա տասնվեցը բոլորել էր արդեն և նա ստացել էր առաջին այցելության հրավերը։ Ի հակադրության տղամարդկանց՝ նրանք ավելորդ անգամ ցուցադրում էին իրենց սակավապետությունը և համեղ խորտիկներից օգտվում էին այնպես զգուշորեն, ասես իրենց սոսկ համտեսի համար էին հրավիրել։ Վենուսը նրանց արգելում էր գինի խմել, և նրանք ձյունով սառեցված մրգահյութ էին ըմպում։

Որքան պակասում էր սափորների գինին, այնքան չքանում էր խնջույքի հանդիսավորությունը, և կես ժամ հետո այնպիսի աղմուկ էր սրահում, որ անհնար էր սպասավորներին որևէ բան հասկացնել։ Գինովցած տղամարդիկ վերհիշում էին վաղուց մոռացված միջադեպեր, եռանդագին քննարկում հանրապետության գործերը։ Օթոցներից մեկում Մումերկոսը, Ռուֆիոնը և Անտոնիոսը քննում էին Լուկուլլոսի նահանջի պատճառները։ Անտոնիոսը պնդում էր, թե բութանիական հեծալազորն է ամեն ինչ խառնել, որ Տավրոսն անցել էր՝ հավատալով հայերին հեշտությամբ հաղթելու և Արտաշատի գանձերին տիրանալու Լուկուլլոսի խոստումներին. լուրջ դիմադրության հանդիպելով՝ նրանք սկսել են տրտնջալ, թե իրենց խաբել են, իսկ երբ վրա է հասել ձմեռը, նրանց հաջողվել է նորակոչիկներին համոզել ետ դառնալ՝ հավատացնելով, որ պատերազմն օրհնված չէ ֆեցիալների կողմից, և իրենց արարքը երդմնազանցություն չի դիտվի։

— Ասում են՝ մի առավոտ Լուկուլլոսն արթնացել ու ճամբարը բոլորովին դատարկ է գտել,— Անտոնիոսը սպասավորին նշան արեց գինի լցնել իրեն։— Բայց տարօրինակն այն է, որ Տիգրանը մեծաթիվ զորքով ուղիղ մեկ ամիս հետապնդել է մերոնց և ոչ մի անգամ մարտի չի բռնվել։

— Զարմանալի ոչինչ չկա,— միջամտեց Ռուֆիոնը, որ հաճույքով թռչնազդր էր ուտում։— Տիգրանը, ի տարբերություն աներոջ, նաև նուրբ դիվանագետ է։ Մենք միշտ հակված ենք ենթադրելու, թե բարբարոսները ռազմական գործում ետ են մնում այնքան, որքան գեղեցիկ արվեստների մեջ։ Բայց դա այդպես չէ։ Ես եղել եմ Տավրոսից այն կողմ և գիտեմ՝ որքան խորն են այնտեղի կիրճերը, որքան անանցանելի՝ անտառները, և վստահությամբ կարող եմ ասել, որ հայերի համար մի առանձին դժվարություն չէր լինի քարերի հեղեղի տակ թաղել պառակտված մեր բանակը։ Բայց Տիգրանը Միրհրդատի նման բռնկուն չէ, նա հեռուն է տեսնում։ Նա այլևս չէր կարող հույս դնել Պոնտական կայսրության վրա, նրա թիկունքում վերստին ակտիվացել էին պարթևները, և հաշտությունը մեզ հետ խիստ անհրաժեշտ էր նրան։ Ու նա հասավ դրան նվազագույն կորուստներով։

— Ժամանակը փոխվում է անճանաչելիորեն,— հեգնանքով ասաց Անտոնիոսը՝ գավաթը մոտեցնելով շուրթերին,— ո՞վ կարող էր սպասել, որ երեկվա վաճառականները կհնազանդեցնեն ասիական բոլոր ժողովուրդներին, նույնիսկ ասորիներին՝ երբեմնի աշխարհակալ։

— Բարբարոսը մնում է բարբարոս։— Մումերկոսը չհամաձայնեց Ռուֆիոնի հետ. նա մեկն էր այն սենատորներից, ովքեր չէին ճանաչում Տիգրանի Արքաների արքա տիտղոսը,— թեկուզ նրա գլուխը զարդարված լինի արևի պատկերով։ Իսկ մեր անհաջողությունների պատճառը հարկավոր է բոլորովին ուրիշ տեղ փնտրել։

Նա դադարեց ուտել և սպասավորին կարգադրեց հեռացնել սկուտեղը։ Ապա հարմար նստեց օթոցին և, նայելով անհամբեր իր խոսքին սպասող զրուցակիցների գինուց մշուշված աչքերի մեջ, շարունակեց.

— Մեր երիտասարդներն առաջվանը չեն։ Վաղուց անցել են երանելի ժամանակները, երբ մեր զինվորների համար իսկապես չկային անանցանելի անտառներ և անառիկ ամրոցներ, երբ ոսոխի տեսքը ատելություն էր ներշնչում, ոչ թե՝ ահ, երբ քաջությունը վեր էր ամեն տեսակ հարստությունից, երբ զենքը ձեռքին մեռնել, բայց չնահանջելն ամենամեծ իմաստն էր կյանքի, երբ զինվորները մրցում էին թշնամուն առաջինը խոցելու, առաջինն ամրոցի պարսպին ելնելու պատվի համար։ Այնինչ հիմա նրանց ավելի շատ մտահոգում է իրենց դիրքը և ունեցվածքը, նրանք խուսափում են կռվել՝ երկյուղելով, թե իրենց սիրունիկ դեմքին սպիներ կերևան։ Նրանք ավելի շատ խոսում են իրենց արժանիքների մասին, քան որևէ բան անում, մինչդեռ մեր նախնիներն այդ զբաղմունքը թողնում էին ուրիշներին։ Քաղկեդոնի մոտ ես տեսել եմ՝ ինչպես էին մերոնք կռվում և պիտի խոստովանեմ՝ զարմացել էի նրանց դանդաղկոտության և անզորության վրա։ Այժմ փառասիրությանն ու պատվախնդրությանը փոխարինելու է եկել ագահությունը, և ես ամենևին չեմ զարմանում, թե ինչպես պատահեց, որ մենք դարձանք այսքան դաժան, չափից դուրս ինքնավստահ, ծախու և անաստվածավախ։ Եթե մենք հիսուն, հարյուր տարի առաջ կռվեինք Տիգրանի դեմ, մեր այժմյան բանակի կեսն էլ բավական էր՝ ասիական այդ խաժամուժը ցրելու համար։ Ո՞վ է հիմա կարդում Քամիլլոսի հուշերը, ալեհեր զորավարները միայն,— մինչդեռ այնտեղ կհանդիպեք բազմաթիվ դեպքերի, երբ մերոնք սակավաթիվ ջոկատներով խուճապի են մատնել թշնամու հզոր բանակին։

Նրա զրուցակիցները համաձայնեցին այս վերջին խոսքերի հետ, քանի որ հռոմեական զենքի փառքն իսկապես խամրել էր։

Մյուս օթոցին Օպիոսն ու Դոլաբելան,— նա հեռացել էր օպտիմատներից,— բարձրաձայն վիճում էին։ Դոլաբելան բողոքում էր երիտասարդ բանաստեղծ Գայոս Կատուլլոսից՝ նրան անվանարկելով անտաղանդ ու ապաշնորհ, գոչելով, թե նա խելոք կվարվի, եթե ներկ ու մագաղաթ փչացնելու փոխարեն զբաղվի որևէ ուրիշ, բնատուր ձիրք չպահանջող գործով, թեկուզ ստրուկների վերավաճառքով։ Նրա դժգոհությունը հասկանալի էր. վերոնացի նորաթուխ բանաստեղծը, որ Հռոմում սեփական տունը չունենալով՝ ապրում էր վարձով, Դոլաբելային ձաղկել էր Հունաստանում կատարած ապօրինի յուրացումների համար և նրան Հռոմուլոսի և Հռեմոսի անունը խայտառակող անվանել։ Օպիոսին անկեղծորեն դուր էին գալիս Կատուլլոսի բանաստեղծությունները, և նա սկզբում պաշտպանում էր նրան, բայց հետո հարբած զրուցակցին չգրգռելու համար գերադասեց լռել։ Իսկ Դոլաբելան նրա լռությունն ընկալելով որպես հավանություն՝ ավելի էր ոգևորվում և մոռացած կանանց ներկայությունը՝ լուտանքներ էր թափում Կատուլլոսի հասցեին։

— Ախր նա՝ շուրթը կախ այդ գալլական հովատակը,— հոխորտում էր Դոլաբելան, խոսքն ուղեկցելով անիմաստ շարժումներով,— մի կարգին տեսք էլ չունի և, ասում են, վայրի կենտիբերի պես ատամները փայլեցնում է՝ բերանը ողողելով այն հեղուկով, որ գիշերն արտադրում է իր մարմինը։

Նրանց հարևանությամբ ընկողմանած Կուրիոնը հասցրել էր գինովանալ և Դոլաբելային նայում էր պղտոր հայացքով՝ ոչ մի կերպ չհասկանալով նրան համակած զայրույթի պատճառը։ Նա ստեպ-ստեպ գոցում էր աչքերը, ապա ցնցվելով ափով տրորում դեմքը՝ ասես կամենալով իրենից վանել գինու բերած թմրության աննյութ սարդոստայնը։

Երրորդ օթոցին, ուր տանտիրոջ երկու կողմերում թիկնել էին Կեսարն ու Կատիլինան, հարաբերական խաղաղություն էր տիրում։ Եվ դա ոչ այն պատճառով, որ նրանցից ոչ մեկը գինովցած չէր, պարզապես դավադրության ձախողումից հետո Կրասոսը դարձել էր խիստ զգուշավոր և չէր վստահում սպասավորներին, որոնք կարող էին պատահաբար լսել իրենց։ Իսկ հարցը, որ քննարկում էին նրանք, հույժ կարևոր էր։ Կատիլինան մտադիր էր նորից առաջադրել կոնսուլության իր թեկնածությունը։ Ֆակտիոն տեղյակ էր և նրան խանգարելու համար առաջ էր քաշել Գայոս Անտոնիոսի և ժողովրդի հեղինակությունը վայելող Մարկոս Ցիցերոնի թեկնածությունները։ Եվ ահա Սերգիուսը կամենում էր նոր դավադրություն կազմակերպել և ընտրություններում հաջողություն չունենալու դեպքում ուժով գրավել իշխանությունը։ Կեսարը դեմ չէր այդ ձեռնարկմանը, բայց գտնում էր, որ ամեն ինչ հարկավոր է անել ծայրաստիճան զգույշ, քանի որ եթե դավադրության մասին շշուկներ անգամ լինեն, ապա Ֆակտիոն կահաբեկի ժողովրդին և կհրահրի իրենց դեմ, այդպիսով և՛ Կատիլինան կպարտվի, և՛ դավադրությունը կխափանվի։

Իսկ Կրասոսը համոզված էր, որ եթե հաջողվի միավորել Ֆակտիոին չհամակրող բոլոր ուժերը, Սերգիուսը կընտրվի կոնսուլի պաշտոնում։ Բացի այդ նրա կարծիքով իրադրությունը մինչ ընտրությունները կարող էր կտրուկ փոխվել, քանի որ շուտով Ասիայից մեծաքանակ բանակի հետ կվերադառնա Պոմպեոսը։

Կանայք թողել էին ուտելը և, աղմուկից հեռանալով, բոլորաձև նստել էին պատշգամբում։ Կրասոսի զարմուհին հետաքրքիր ինչ-որ բան էր պատմում, և նրան լսում էին հափշտակությամբ։ Աշխարհիկ կանանց միջավայրում առաջին անգամ հայտնված Հուլիայի համար այս ամեննն անչափ գրավիչ էր, և նա հայացքով կլանում էր պատմողին։

Ամենքը ստիպված էին լռել, քանի որ սրահը բռնվեց շրթհարմոնի քաղցր մեղեդիով, և նվագածուների հետ ներս մտան պարուհիները։ Նրանք ականակիտ զգեստներ էին հագել, թևերը կողքի տարածած՝ պտտվում էին օթոցների շուրջ, կիսամերկ ստինքները խաղացնելով՝ խոնարհվում տղամարդկանց վրա. անուշաբույր յուղերով օծված նրանց մարմինները փայլփլում էին կանթեղների ցոլքերից, և տղամարդիկ նրանց նայում էին բոցկլտացող աչքերով։

Պարուհիների գալստյան հետ արթնացած Կուրիոնը, մեծ դժվարությամբ նստելով օթոցին, սկսեց աղմկել՝ պահանջելով իրեն ուղեկցել հյուրերի ննջարան։ Երբ դռների մոտ արձանացած ստրուկները աճապարեցին ծառայել նրան, Կուրիոնը հայհոյելով հրեց նրանց՝ գոչելով, որ իրեն ուղեկցի Կեսարը։ Ներում խնդրելով զրուցակիցներից՝ Կեսարը նրան դուրս բերեց տրիկլինիումից։ Հասնելով ննջարան՝ նրան պառկեցրեց մահճակալին։ Բայց Կուրիոնը նստեց անկողնու վրա և, գլուխն ափերի մեջ առած, օրորվում էր։

— Նստի՛ր ինձ մոտ,— կարգադրեց նա էդիլին։

Կեսարը հնազանդվեց։

Կուրիոնը թմրած հայացքը բարձրացրեց հատակից և անորոշ կերպով ընկերոջը նայելով՝ հարցրեց.

— Հիշո՞ւմ ես Սմիռնան։

— Իհարկե, հիշում եմ։

Երանության մի լայն ճպիտ ակոսեց Կուրիոնի դեմքը։

— Ի՜նչ օրեր էին,— հառաչելով արտաբերեց նա և ափով մտերմաբար խփեց Կեսարի ծնկներին։ Հետո ձեռքը կտրուկ հեռացնելով՝ ասաց մռայլված.

— Դու նենգ մարդ ես, Գայո՛ս, որովհետև միշտ սթափ ես։ Ողջ Քաղաքը թաղված է գինեզեխության ճահճի մեջ, իսկ դու սթափ ես, ամենքը հարբած են, իսկ դու ինչ-որ բան ես անվերջ մոգոնում։

— Այո՛, Կուրիոն, ես նենգ եմ, ամենանենգն աշխարհի,— համաձայնեց Կեսարը՝ փորձելով հանգստացնել նրան ու պառկեցնել։

Բայց Կուրիոնը չենթարկվեց նրան ու, ցուցամատով ծուռումուռ շրջաններ գծելով օդում, շարունակեց.

— Դու ապրել չգիտես, երբեմն-երբեմն հարկավոր է լողանալ գինու մեջ,— նա ձեռքերը շարժեց այնպես, ասես գինի էր լցնում վրան։— Ինչո՞ւ ես այդպես մռայլ, ի՞նչն է այդպես տանջում քեզ։ -Նա հանկարծ բռունցքով խփեց կրծքին ու բացականչեց. — Ես Մարկոս Կատոնը չեմ, ոչ էլ նրա մանկլավիկ Բիբուլոսը, և դու պիտի գաղտնիք չունենաս ինձանից։

Նա պառկեց և, ձեռքերը գլխի տակ հավաքած, ցրիվ հայացքով նայեց առաստաղին։

— Ինչպե՜ս էին փայլում նրա աչքերը,— Կուրիոնի ձայնն աստիճանաբար նվաղում էր, և քունը հետզհետե հաղթում էր նրան,— օ՜, սո՛ւրբ Վեներա, դու երբեք Ապոլոնին չես նայել այդպես սիրագորով...

Խայթվածի պես ցնցվելով՝ Կեսարը խոնարհվեց նրա վրա։

— Գնա՛,— ասաց Կուրիոնը քնի մեջ։― Նա սպասում է քեզ։

Կեսարը շվարած արձանացել էր։

Եվ, իսկապես, դուրս գալով ննջարանից, դռների մեջ պատահեց Սեսիլիային, որ, ժպիտը դեմքին, ծարիրված կոպերի տակից համառորեն իրեն էր նայում։ Կեսարը շփոթվեց մի պահ, ապա ինքը ևս ժպտաց ու ցանկանում էր անցնել դեպի տրիկլինիում, բայց Սեսիլիան մարմնով փակեց ճանապարհը և մոտենալով, նրան նայում էր մի հայացքով, որի մեջ հավասարապես խառն էին փաղաքշանքն ու վրեժխնդրությունը։

Տրիկլինիումից ուրախ երգի ձայն էր լսվում. Դոլաբելլան հարբել և մյուսներին պարտադրում էր երգել իր հետ։

Պայծառ աստղեր էին ծիկրակում ատրիումի շրջանաձև երդիկից դուրս, կանթեղների բոցն օրորվում էր նազանքով, շառագունած արձանիկներն ամոթխած նայում էին գգված զույգին, իսկ վարագույրների ետևում թաքնված սևամարմին մի ստրուկ՝ ամեհի ու խստադեմ, համակ ուշադրություն դարձած, որսում էր ամեն ձայն...

Ստրուկը հանկարծ կեղծ հազաց, հետո սանդալների մոտեցող չքչքոց լսվեց, և Սեսիլիան, դժկամորեն բաժանվելով էդիլից, անհետացավ ատրիումը խոհանոցից բաժանող վարագույրի հետևում։

Իրիկնադեմին, երբ քաղաքի հայրերը սովորականի պես հավաքվել էին թերմերում, երբ առևտուրը նկատելիորեն նվազել էր տաբերնաների մոտ ու ֆորումում խմբված քվիրիտները վիճում էին պոնտական պատերազմի շուրջ, Կեսարի ալկարմիր պատգարակը կարելի էր տեսնել Սրբազան փողոցի վրա, քիչ անց՝ Պալատինիումի մոտերքում, որտեղից թեքվեց հարավ, զգուշության համար մեծ շրջան գծեց Ավենտինի ու Սելիումի շուրջը, ապա անձուկ նրբանցքներով ու սակավամարդ փողոցներով կրկին հյուսիս շարժվելով՝ հայտնվեց Էսքիլենի ստորոտին։

Դամբարանի մոտ, արձակ մազերով, դափնու ճյուղեր բռնած կանայք պատահեցին, որ գնում էին աղոթելու Բոնա Դեայի համար։ Երբ կանայք հեռացան բավականաչափ, Կեսարն իջավ պատգարակից, ստրուկներին կարգադրեց այն տանել տուն, իսկ ինքը, սպասումի հոգեմաշ րոպեները կարճելու նպատակով, իրեն ստիպեց զննել կառույցը։

Հացթուխ Էվրիսակի դամբարանը քառակուսաձև շինություն էր, հիմքում՝ չորս թզուկ սյուներով։ Սյուներից վեր՝ դամբարանի պարագծով, տեղեկություններ էին փորագրված հանգուցյալի մասին, ավելի վեր՝ երեք շարքից ինը կլոր խոռոչներ էին, որ վառարանի բերան կամ պառկեցրած կարասներ էին հիշեցնում։ Քիվատակին հացթուխի արհեստից դրվագներ պատկերող քանդակաշարեր կային։

Երկու տասնամյակ առաջ դամբարանը միակ կառույցն էր ամայի, օշինդրածածկ դաշտում, ուր երբեմն արածեցնելու էին բերում Մեծ կրկեսի ուղտերին։ Հետագայում այստեղ բնակեցվեցին Սուլլայի ազատագրած ստրուկները, և այն այժմ համարվում էր Էսքիլենի կենտրոնը։

Պատգարակակիրները հազիվ էին անհետացել տեսադաշտից, երբ էդիլի կողքին՝ ասես գետնի տակից, բուսեց Սեսիլիայի խափշիկը։ Կեսարը նրան դժվարությամբ ճանաչեց, քանի որ խափշիկն ամբողջովին զգեստափոխվել էր. մինչև ծկներն իջնող կապույտ տունիկա էր հագել, ոտքերին թաղիքե սև կոշիկներ էին, երկաթե վզնոցը հանված էր, պիլեում էր ծածկում նրա գլուխը, այնպես որ ամենքի համար նա սովորական ազատարձակ էր և ոչ՝ ստրուկ։

Խոնարհվելով խափշիկը նշան արեց հետևել իրեն։ Հիսուն կանգունի չափ առաջանալով՝ թեքվեցին աջակողմյան նրբանցք, ուր անթափանց շղարշներով վարձու մի կառք էր սպասում նրանց։

Ճանապարհն անցնում էր խիտ, միմյանց գրեթե կպած, աղյուսե ու կավե միհարկանի տների արանքով. դրանցում ապրում էին արհեստավոր ստրուկներ, նախկին գլադիատորներ, պոռնկուհիներ, քաղաքացիություն չունեցող գալլեր, մի մասն էր վարձով տրվում էր շուկա մթերքներ բերած գյուղացիներին ու աղքատ ճանապարհորդներին։ Բլրալանջին ծվարած կիսախարխուլ այդ տների մեջ նաև ալեբաստրե կոպտատաշ կառույցներ կային, որտեղ ապրում էին նախկին ստրուկներ, որոնք բարեխիղճ ծառայությամբ ոչ միայն շահել էին տերերի համակրանքն ու ազատագրվել, այլև նրանց միջնորդությամբ ու հովանավորությամբ շահավետ գործարքներ կնքել տեղի ու օտարերկրյա վաճառականների հետ կամ արհեստանոց բացել արվարձաններում։ Նախկին տերերի անունը կրող ձեռներեց այդ մարդիկ, որոնք, քվիրիտ չլինելով, զրկված էին ձայնի իրավունքից, իրենց վրա էին վերցրել միլիոնուկեսանոց քաղաքն անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու դժվարին գործը։

Կառքն անցավ անշուք մի գինետան մոտով, որը հայտնի չէ՝ ինչու, «Մահվան Վեներա» անունն էր կրում։ Գինետան բակում տղամարդկանց ստվար մի խումբ տաքացած վիճում էր, ներսում երգում էին կիթառի նվագակցությամբ, և թանձր մեղեդին կիսաբաց լուսամուտներից հորդելով, տարածվում էր տների ու նրբանցքների վրա։ Քաղցր ձայնով մեկը երգում էր.

Կանչի՜ր ինձ, կանչի՛ր, մոլագա՛ր Բաքոս,

Կանչի՛ր գինառատ խոլ խրախճանքի,

Օգնի՜ր ինձ տանել ցավերն այս կյանքի,

Վիշտն աշխարհակալ և իղձերս գոս։

Լից գավաթները, անառակ որդի,

Քրոնոսածին, զորավոր Զևսի.

Խոնջացած հոգիս բավ է ճամփորդի,

Բավիղներում կյանք-լաբիրինթոսի։

Փարվեցե՛ք կրծքիս մեդաներ թովիչ,

Օծե՛ք շուրթերս համբույրով ձեր պիղծ,

Արբեցրե՛ք հոգիս՝ չհիշեմ ոչինչ,

Ո՛չ վիշտ, ո՛չ թախիծ և ո՛չ իղձ...

Բարձրանալով բլուրն ի վեր, կառքը հայտնվեց կրպակներով ու արհեստանոցներով եզերված ոչ մեծ հրապարակում։ Կանայք խեցե կժերով ջուր էին տանում աղբյուրից, կառքեր էին անցնում ծույլ-ծույլ։ Այստեղ հաճախակի ընդհարումներ էին լինում դասերի ու համքարությունների միջև, ու հրապարակից ելնող փողոցների վրա նիզակակիր զինվորներ էին կանգնած։

Տունը, որի մոտ կառքը կանգ առավ, բոլոր կողմերից շրջապատված էր բարձր պարիսպով։ Մուտքի վերևում Մանայի՝ տան պահապան աստվածուհու անագապղնձե պատկերն էր։ Քիվաքարերից մի քանիսն ընկել էին ու մամռոտել, և այն տպավորություններն էր ստեղծվում, թե այստեղ մշտապես ոչ ոք չի ապրում։

Ներս մտնելով՝ էդիլն ու ստրուկը հայտնվեցին աղոտ լուսավորված նեղ միջանցքում, որի վրա երեք թե չորս դռներ էին բացվում։ Կեսարը տարակուսանքով դիտում էր շուրջը. նրան անհասկանալի էր, թե Սեսիլիայի նման մեծահարուստ պատրիկուհին ինչպես է թույլ տալիս իրեն սիրային ժամեր անցկացնել խղճուկ այս տան մեջ, ուր օդը բռնված է բորբոսահոտով և չկա ոչ մի սպասավոր։

Դռներից մեկի մոտ կանգ առան։ Խափշիկը կիսաբացեց այն և կողմ քաշվեց։ Կեսարը նրա բուռը մի քանի ոսկեդրամ դրեց ու ներս մտավ։ Վերստին գոցելով դուռը՝ խափշիկը ելավ բակ, աչքերը կկոցելով՝ նայեց արևին, հետո, խաղալով ոսկեդրամների հետ, նստեց պատի տակ։

Տասնյակ ու տասնյակ ջահերի լույսի հեղեղ, մետաքսի հաճելի շրշյուն, գորգերն ու լուսամուտները քողարկող արծաթաթել վարագույրների աշխույժ փայլ, անբռնազբոս սիրո տեսարաններ պատկերող կտավներով բռնված մարմարե պատեր, կիսաթափանց քողով շղարշված ոսկեզօծ առագաստ. ահա ինչ տեսավ էդիլը՝ հայտնվելով սրահում։ Հանկարծակի եկած՝ նա շվարեց մի պահ, ապա սրահը պարուրած մեղմ կաթնամշուշի մեջ նշմարեց ձեռքերն առաջ պարզած իրեն եկող Սեսիլիային. ականակիտ շրջազգեստի տակ ընդգծվում էին կրծքի մոլեգին բաբախումներից թրթռացող նրա զգաստ ստինքները. նրա մարմինը համաչափ էր կատարելության աստիճան և ողորկ։ Կեսարին թվաց, թե սա խարդավանք է, և իր առջև ծովափրփուրից ելնող Վեներան է կամ թե լեռնային քնքուշ մեդա՝ անմատչելի և աներազելի հասարակ մահկանացուի համար։ Շփոթահար՝ նա հետ ընկրկեց, բայց այդ պահին Սեսիլիայի չքնաղ մարմինը հպվեց նրան այնպես նուրբ, ինչպես մեգն է փարվում արձակ դաշտերին, և նա զգաց, որ կորցնում է սեփական մարմնի զգացողությունը և հանկարծակիորեն բռնկված ներքին մի կրակ ուր որ է կայրի իրեն։

Նրան սթափեցրեց Սեսիլիայի մատների հպումն իր այտերին, և ուշքի գալով փորձեց ինչ-որ բան ասել, բայց զարմանքով նկատեց, որ կորցրել է խոսելու ընդունակությունը, ու գլուխն ակամա խոնարհեց իր շուրթերը որոնող կնոջ պագշոտ շուրթերին։ Հետո ագահորեն իրեն համբուրող կնոջն առավ բազուկներին (իսկ նա թեթև էր սյուքի պես) և պառկեցրեց անուշահոտություններով օծված լուսառատ առագաստին։

— Սիրի՛ր ինձ, Կեսա՛ր,— շշնջաց Սեսիլիան՝ կրքից դողալով,— ես տառապել եմ այս պահի սպասումով...

Նազելի գլուխը սիրեցյալի կրծքին հենած՝ Սեսիլիան քաղցրածոր շաղակրատում էր՝ հայացքը հառած գորգերից ազատ պատին, ուր մի բնանկար կար, պատկերված այնպիսի խաբուսիկ իրական հեռանկարով, որ նայողին թվում էր, թե լուսամուտի բացվածքից տեսնում է արևով ողողված լայնածիր աշխարհը։

Մի պահ նրան թվաց, թե Գայոսը չի լսում իրեն ու, նայելով նրա աչքերի մեջ, հարցրեց.

— Ի՞նչն է այդպես մտահոգում քեզ։ Ես ուզում եմ իմ գրկի մեջ մոռանաս ամեն հոգս։

— Ես Հռոմի ամենամեծ սրիկան եմ,— Կեսարը դառնությամբ հոգոց հանեց,— Մարկոսն ինձ հանեց հուսալքության ճահճից, միլիոններ տվեց՝ պլեբսին իմ կողմը գրավելու համար, իսկ ահա ինչպես եմ վարձահատույց լինում նրան։

— Թող խիղճդ բոլորովին չտանջի քեզ,— հորդորեց Սեսիլիան։— Դու Մարկոսին լավ չես ճանաչում, նա այն մարդը չէ, որ զուր տեղը փող վատնի. նրա մոտ հաշվված է մինչև վերջին ասը, և եթե նա ծախսել է մեկ տաղանդ, ապա միայն՝ տասը շահելու միտումով։ Դու երբևէ մտածե՞լ ես, թե ինչու է նա այդպես սիրալիր այժմ. չէ՞ որ մինչ այդ անբարեհաճ էր քո հանդեպ։

— Երևի թե կամենում է ստանալ երկրպագուներիս քվեները,— պատասխանեց Կեսարը՝ զննելով առաստաղին արված նկարները։

— Խե՛նթ,— Սեսիլիան շոյում էր նրա կուրծքը,— նա կամենում է քեզ հանել Պոմպեոսի դեմ։

— Ահա թե ինչ,— Կեսարը գլուխը կտրուկ թեքեց դեպի Սեսիլիան և, մի պահ նայելով դեպի անսահման հեռուն, արտաբերեց դանդաղ,— նոր եմ հասկանում՝ ինչու էր համոզում ինձ՝ ելույթ ունենալ Լաբիենոսի դեմ։ Նա, ի՞նչ է, երկյուղո՞ւմ է Մագնիայից։

— Ընդլուսնյա այս աշխարհում նա մի մարդուց է վախենում միայն,— պատասխանեց Սեսիլիան՝ քաղցր ժպտալով։

— Ո՞վ է այդ մարդը։

— Գայոս Կեսարը։

— Ե՞ս, Կրասոսը վախենո՞ւմ է ինձանից,— Կեսարը լիաթոք ծիծաղեց։— Այդ ես պիտի վախենամ, քանի որ եթե նա պահանջի իր միլիոնները, ես, պարտքս մարելու համար, ստիպված կլինեմ բեռնակրություն անել նավահանգստում կամ երկանաքարեր պտտել Սուբուռայում, եթե, իհարկե, պատվախնդրությունս թույլ տա իջնել այդքան և չդրդի ընտրել բոլոր դժվարություններից ազատվելու ամենակարճ ուղին։

Սեսիլիան նոր միայն նկատեց իր մարմնի մերկությունըը և քողարկեց այն ծածկոցով։

— Զուր ես այդպես կարծում,— ասաց նա,— Կրասոսն իսկապես երկյուղում է քեզանից։ Հիշո՞ւմ ես քո առաջին այցելությունը,— օ՜, դու այն ժամանակ սև տոգայով էիր ու մռայլ՝ ինչպես երբեք։— Ուրեմն, հայտնի չէ ինձ՝ ինչ խոսեցիր դու Մարկոսի հետ, բայց քո գնալուց հետո նա, խիստ մտահոգված, երկար քայլեց տան մեջ և գիտե՞ս ինչ ասաց. «Այդ Հուլիոսի հետ բարեկամանալն անվտանգ չէ բոլորովին, բայց առավել սարսափելի է նրա թշնամին լինել»։

Կեսարի համար լուրն անսպասելի էր և զարմացած Սեսիլիային էր նայում։

— Մագնիային նա նախանձում է, և միայն այդքանը,— շարունակեց Սեսիլիան։— Ամեն անգամ, նրա հաջողությունների մասին լուր առնելով, օրերով կորցնում է հանգիստը։ Մարկոսը հիմա զինվորական նորաթուխ տրիբունի նման երազում է հաղթանակներ տանել, տրիումֆի արժանանալ։ Բայց նրան այդ ամենին մղում է ոչ թե փառասիրությունը, որ պարսավելի չէ բնավ, այլ ագահությունը։ Չես կարող պատկերացնել՝ որքան ժլատ է նա։ Նա նույնիսկ վերակացու չի պահում և ստրուկներով ինքն է զբաղվում։ Իրեն թե հարցնես, ինքն աղքատ է, իսկ հարուստ է նա, ով սեփական միջոցներով կարող է մի ամբողջ բանակ պահել։

— Տարօրինակ է,— ասաց Կեսարը տարակուսանքով,— նրա վարմունքից դա չես ենթադրի։ Արտաքնապես այնքան բարեհամբույր է, հասարակ ու մատչելի...

— Այո՛, դա ոչ ոք հերքել չի կարող. նրա հյուրերի թվում հասարակ մարդիկ գերակշռում են արիստոկրատներին, նա ճանաչում է բոլորին և ամենահետին պրոլետարին անգամ բարևում անունով։ Բայց մի՞թե չես նկատել, որ նա, ի տարբերություն մյուս նոբիլների, հասարակական ոչ մի շենք չի կառուցել Քաղաքի համար։ Գիտե՞ս ինչպես է նա բացատրում այդ. «Ես այնքան հիմար չեմ, որ գործեմ ի շահ իմ թշնամիների և աղքատացնեմ ինքս ինձ»։

— Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել նրա խնջույքները. կամ թեկուզ այն, որ, ընտրվելով կոնսուլ, յուրաքանչյուր պլեբեյի մեկ շաբաթվա պաշար նվիրեց։

Կեսարը մտածում էր, թե Սեսիլիան վատաբանում է ամուսնուն՝ իր դավաճանությունն արդարացնելու համար։

— Այդ ծախսը նրա ունեցվածքի հազարերորդ մասն էլ չկազմեց, մինչդեռ նա հույս ուներ կոնսուլությունից հետո ստանալ ասիական պրովինցիաներից մեկնումեկը։ Օ՜, ես մոռացել եմ ամենակարևորը՝ նա երազում է ստանձնել Սիրիայի կուսակալությունը։ Նա փափագում է, պարթևներին հաղթելով, կրկնել Ալեքսանդրի սխրանքը։ Նա քեզ էլի կօգնի, կարող ես չկասկածել։

— Մի՞թե ես որևէ կերպ առնչվում եմ նրա երազանքներին,— Կեսարին բոլորովին հասկանալի չէր Սեսիլիայի մտքերի ընթացքը։

— Նա համոզված է, որ մոտ ժամանակներս կկարողանաս օգնել իրեն։

Կեսարն ուսերը թոթվեց։

— Ես նույնպես համոզված եմ,— ասաց Սեսիլիան վստահ։

— Որտեղի՞ց այդպիսի վստահություն։

— Դու բոլորովին նման չես մյուսներին։

— Ամենքի նման ես հասարակ մահկանացու եմ, ավելին, նաև անհաջողակ։

— Ո՛չ,— առարկեց Սեսիլիան, որ գլուխն առել էր ափերի մեջ և նրան նայում էր խորհրդավոր հայացքով,— քո մեջ աստվածային կայծ կա, և Գենիուսը պահապան է քեզ։

— Գենիո՞ւսը...

— Այո՛, նա։ Քո առաջին այցելության պահին ես տավիղ էի ունկնդրում, և հանկարծ քաղցր նինջ պատեց ինձ, որպիսին չի եղել երբեք։ Ես հայտնվեցի մշուշապատ ինչ-որ անսահմանության մեջ, ուր առասպելական թռչունների ուրվականներ էին թևածում և ջրվեժի շառաչյուն էր լսվում, իսկ ոտքերս ասես զով ամպամեգի մեջ լինեին։ Եվ հանկարծ տեսա Գենիուսին՝ փառահեղ մորուքով, մի ձեռքում առատության եղջյուր, մյուսում գայիսոն։ «Գիտե՞ս, ինչու եմ կանչել քեզ»,— հարցրեց նա ինձ։ Ես կարկամել էի նրա աստվածային վեհությունից, և շուրթերս անզգայացել էին բոլորովին։ «Իմ հովանավորյալը կարիք ունի սփոփանքի, և պատրա՛ստ եղիր ընդունել նրան»,― պատվիրեց ինձ պահապան Ոգին։ «Ո՞վ է նա»,— համարձակվեցի հարցնել։ «Բացի՛ր աչքերդ և կտեսնես նրան»,— ասաց Գենիուսն ու անէացավ այնպես հանկարծակի, ինչպես հայտնվել էր։ Երբ արթնացա նիրհից, տեսա քեզ։

Լռություն տիրեց։ Կեսարը չգիտեր՝ ինչպես վերաբերվեր նախախնամության այս նոր վկայությանը։

— Այնպես որ, ես համոզված եմ՝ դու կիշխես Իտալիային, եթե մյուս աստվածները մի փոքր բարեհաճ լինեն քո հանդեպ։

— Նրանք բոլորովին մոռացել են ինձ, ասես վրեժխնդիր են լինում իրենց լքելու համար։

— Բայց չէ՞ որ դու կամովին չարեցիր այդ, և Սուլլան ուժով քեզ զրկեց ֆեցիալությունից։

— Աստվածների համար երևի միևնույն է,— դառնացած ասաց Կեսարը՝ ձգվելով անկողնու վրա։

Կրկին լռեցին, հետո Սեսիլիան, փարվելով նրան, ասաց.

— Ես վաղուց հետևում եմ քեզ, Գայո՛ս, և անչափ զարմացած եմ քո համառության վրա...

— Այն իմ միակ զենքն է,— ընդհատեց նրան Կեսարը։

— Ինչպե՞ս է, որ մյուսների նման անհաջողություններից չես ընկճվում։ Քո փոխարեն մեկ ուրիշը վաղուց տրվել էր հարբեցողությանը կամ փորձել սփոփանք գտնել կուրտիզանուհիների գրկում։ Ի՞նչ կամք ունես դու, որ դիմանում ես այս ամենին և կարողանում ձևացնել, թե ամեն ինչ կարգին է։ Այսօր դու քսանհինգ միլիոն պարտք ունես, բայց ապրում ես այնպես անհոգ ու թեթև, որ ես երբեմն մտածում եմ՝ չե՞ս խենթացել արդյոք...

— Ես Մարկոսից խնդրել եմ մեկ միլիոն դենարե,— արտաբերեց Կեսարը՝ հանկարծ հիշելով այդ մասին։— Նա քեզ ոչինչ չի՞ ասել։

— Հավանաբար պարտամուրհակները մարելո՞ւ համար,— փորձեց գուշակել Սեսիլիան՝ դեմքը կնճռոտելով։

— Ամառանոց եմ կառուցելու Պոմպեյքում։ Կատոնի վիլլայի հարևանությամբ։

— Երդվում եմ Զևսով, դու իսկապես խենթացել ես, և իմ կասկածներն անհիմն չէին։— Սեսիլիան խայթվածի պես նստել էր անկողնում, նրա աչքերը կլորացել էին զարմանքից։

— Խենթացե՞լ,— հոգոց հանելով՝ ասաց Կեսարը,— ես հոգնել եմ, սարսափելի հոգնել։ Քիչ առաջ հարբած մի գլադիատոր տեսա Մահվան Վեներայի բակում, որ մեկնվել էր սալահատակին ու քնել անխռով։ Կհավատա՞ս, նախանձեցի նրան, ցանկացա լինել նրա փոխարեն և վերանալ այս աշխարհից, չմտածել պարտքերիս, Կատոնի, մյուսների մասին։ Բայց դա անհնար է, այնինչ ես հոգնել եմ ինքս իմ դեմ պայքարելուց, որ կռիվներից ամենադաժանն է,— և շոյելով սիրուհու վարսերը՝ հարցրեց,— կուզես բացեմ քեզ համառությանս գաղտնիքը։

Սեսիլիան լարեց հայացքը և անսահման հետաքրքրասիրությամբ նայեց էդիլի աչքերի մեջ։

— Ինձ ուժ է տալիս կյանքի կարճատևությունը և երկյուղն այն բանի, որ նենգ մահն ամեն վայրկյան կարող է դարանակալել ինձ ու գլորել մոռացության վիհը. ոչ ոք չի հիշի ինձ ու չի տա անունս, քանի որ ոչինչ չեմ արել անմահության համար։ Չկա ինձ համար ավելի սարսափելի բան, և ես սոսկալիորեն ուզում եմ ինչ-որ բան անել։ Իմ մահճակալի դիմաց, պատից կախված է պղնձե մի վահանակ, որին խոշոր տառերով գրված է. «Հիշիր, դու անցորդ ես այս աշխարհում»։ Այդ նույն միտքը փորագրված է լոգարանում, տաբիլինում, ասեղնագործված է պատգարակիս շղարշներին։ Ամեն քայլափոխի դրանք հիշեցնում են ինձ մահվան գոյության մասին,— իսկ դրա մոռացումը պատճառ է դառնում անգործության, քանի որ հոգուն իշխում է այն թյուր պատկերացումը, թե կյանքը հավերժ է, և դեռ կարելի է ամեն ինչ հասցնել,— և ես լցվում եմ վճռականությամբ, հեռու եմ վանում ինձնից հուսալքության ամպամշուշը, որ ամեն գիշեր իջնում է սրտիս։ Բայց դա այնպես հեշտությամբ չի արվում, որպիսի հեշտությամբ պատմեցի քեզ։

Սիրեցյալի մեջ արտասովոր, գուցե և գերբնական ինչ-որ բան տեսնելով՝ Սեսիլիան կախարդվածի պես նայում էր նրան։ Ապա գլուխը դնելով նրա կրծքին՝ հազիվ լսելի շշնջաց.

— Քեզ հետ այնպես խորհրդավոր է. կուզենայի այս պահը հարատևեր, ու ոչինչ չխանգարեր մեզ։

Գլուխ յոթերորդ

Մի անգամ, վերադառնալով ուշ երեկոյան, Կեսարը բակում տեսավ Օպիոսի պատգարակը։ Սպասավորները զեկուցեցին, որ սենատորն արդեն երկու ժամ սպասում է իրեն։ Օպիոսը սովորություն չուներ առանց հրավերի կամ զգուշացման այցելել որևէ մեկին, և նրա տարօրինակ այս վարմունքը զարմացրեց էդիլին։ Բայց տուն մտնելով և տեսնելով մագաղաթագալարի վրա խոնարհված հսկայամարմին սենատորին՝ նրա տրամադրությունը կտրուկ փոխվեց, և հարցրեց՝ ժպտալով.

— Դե՛, ի՞նչ, Օպիո՛ս, համամի՞տ ես Սոկրատեսի հետ, որ հոգին տենչում է իմանալ ճշմարտությունը, իսկ բազում պահանջմունքներ ունեցող մարմինը խանգարում է նրան, և որ բացարձակ ճշմարտությունը հասու է միայն մահից հետո, երբ հոգին անջատվում է մարմնից ու մնում ինքն իր հետ։

— Զառացանք է,— Օպիոսը մի կողմ դրեց գիրքը։— Հայտնի է քեզ, որ սեր չունեմ օտիումի[44] հանդեպ և օրը երեք անգամ մարտի բռնվելը գերադասում եմ ընթերցանության մեկ ժամից։ Սոսկ ձանձրույթս փարատելու համար սա առա ձեռքս, քանի որ քո սպասավորները քչախոս են քեզանից առավել։ Բայց թողնենք դա. բոլորովին այլ գործ է ինձ քո ինսուլան բերել. Կատիլինան մեկնում է Էտրուրիա։

Կեսարը ձեռքերը խաչեց կրծքին ու շնչեց ծանրորեն. նա սպասում էր իրադարձությունների նման վախճանի, միայն չգիտեր, երբ այն տեղի կունենար։

Կոնսուլական ընտրություններից երկու շաբաթ առաջ Կատիլինան սերտորեն մերձեցել էր Կուրիոսի խմբի հետ, և այդ պահից նրա գործողություներում արկածախնդրությունը սկսել էր գերակշռել շրջահայացությանը։ Թե՛ Կուրիոսը, թե՛ նրա համախոհները թաղված էին պարտքերի մեջ և, Կատիլինային խոստանալով ամեն տեսակ աջակցություն, նրան համոզեցին հանդես գալ հայտարարությամբ, թե ընտրվելով կոնսուլի պաշտոնում, կվերացնի բոլոր պարտացուցակները։ Հակաֆակտիոական ուժերը միավորելու փոխարեն նա այդ քայլով ունևոր դասին գրգռեց իր դեմ։ Երկյուղած վաշխառուները պարտապաններին խոստացան նվազեցնել շահույթի տոկոսը, եթե նրանք քվեարկեն ընդդեմ Կատիլինայի։ Ո՛չ Կրասոսը, ո՛չ Կեսարը, ո՛չ հեղինակավոր մյուս պոպուլյարները չկարողացան Սերգիուսին համոզել խզելու կապը Կուրիոսի խմբի հետ։

Կատիլինան ընտրություններում տապալվեց։ Եթե նա զիջեր արիստոկրատ որևէ այրի, գուցե թե չտառապեր անհաջողությունից, բայց պարտվե՜լ երկչոտ ինչ-որ մի հեծյալի, որի տոհմն արժանահիշատակ ոչինչ չի արել հայրենիքի համար... Դա արդեն Սերգիուսը տանել չէր կարող։ Իր մտերիմներից մեկին նա գործուղեց Էտրուրիա՝ արագացնելու գաղտնի զորահավաքը, մյուսը մեկնեց Ապուլիա՝ հրահրելու այնտեղի կայազորը, իսկ ինքը Կուրիոսի խմբի հետ նախ տապալեց հունիսյան իդերի տոնակատարությունը, ապա նիստերից մեկում սենատին մեղադրեց սրբապղծության մեջ, որ հեծյալին իրավունք է տվել իշխել քաղաքի վրա, ինչը պատրիկական տոհմերի մենաշնորհն էր։ Ցիցերոնը, բնությամբ անհամարձակ լինելով, սկզբում զգուշանում էր, բայց հետո ոգևորվելով սենատական վերնախավի աջակցությունից՝ մեկը մյուսի ետևից ելույթներ ունեցավ Կատիլինայի դեմ՝ ամեն կերպ ձգտելով վիրավորել նրա արժանապատվությունը։

— Դու հիմա նրա մոտի՞ց ես գալիս,— հարցրեց Կեսարը։

— Ո՛չ,— պատասխանեց Օպիոսը,— այդ մասին ես իմացա բոլորովին պատահաբար։ Նրան ես տեսել եմ բաղնիքում։ Նա վիճեց Ցիցերոնի հետ, և նրանք անպատվեցին միմյանց վերջին խոսքերով։ Բանը ծեծկռտուքի կհասներ, եթե չմիջամտեի։

— Կատոնն այնտե՞ղ էր,— անմիջապես հարցրեց Կեսարը կնճռոտվելով։

— Նա չէր մասնակցում վեճին, բայց ինձ թվաց, որ ամեն ինչ նախապես ծրագրված էր. նրանք ուզում էին գրգռել Սերգիուսին։

— Գնանք նրա մոտ,— ասաց Կեսարը վճռական տոնով և ձայնեց սպասավորին։

— Եթե արդեն ուշ չէ,— Օպիոսը կրկեսամարտիկի թեթևությամբ ահռելի մարմինը բարձրացրեց բազմոցից։

Երբ դուրս եկան բակ, Կեսարը հետաքրքրվեց, թե Օպիոսն ինչպես է տեղեկացել Կատիլինայի մեկնումի մասին։

— Կպատմեմ ճանապարհին,— ասաց Օպիոսը՝ բազմելով պատգարակի գահավորակին։

Կատիլինայի առանձնատան բակում խառնաշփոթ էր։ Ախոռապանները փութաջանորեն թամբում էին նժույգներին, սպասավորները պատերի տակ շարում էին այն ամենը, ինչ տերը վերցնելու էր իր հետ, արշավային համազգեստով ինչ-որ մարդիկ էին ներսուդուրս անում։

Սենատորներին ոչ ոք չդիմավորեց, և ներս անցնելով Կատիլինային նրանք գտան ատրիումում՝ շրջապատված ծառաներով, որոնց նա վերջին կարգադրություններն էր անում։

— Ես անչափ երախտապարտ եմ Օպիոսին,— ասաց Կատիլինան, երբ նրա նշանով ծառաները ելան սրահից,— եթե նա չմիջամտեր, ինքնամոռացումի մեջ գուցե խեղդեի այդ դուրսպրծուկին և ստիպված կլինեի մեկընդմիշտ հրաժարվել ծրագրերից և երազանքներից։

Նա զինվորական հանդերձանքով էր, կտրտած եզրերով սպայական կաշվե զգեստ էր հագին, կնեմիդներ էին գրկում նրա պիրկ սրունքները։ Նրա գունատ դեմքը, աչքերի անաշխույժ փայլը և ձայնի տխուր երանգը մատնում էին նրան համակած զայրույթի տևական պոռթկումի մասին, և սենատորները պատկերացրին, թե ինչպիսի տեսարանի ականատես կլինեին իրենք, եթե ժամանեին մեկ ժամ շուտ։

— Պարտքս է օգնել Ֆակտիոի որոգայթն ընկած յուրաքանչյուր քվիրիտի,— պատասխանեց Օպիոսը զուսպ։— Նրանք ուզում էին դրդել քեզ չմտածված քայլերի։

Հյուրերի դեմքին տեսնելով կարեկցանք, բայց ոչ օժանդակելու պատրաստակամություն՝ Սերգիուսն ասաց.

— Դուք, անշուշտ, եկել եք համոզելու ինձ հրաժարվել ապստամբության մտքից։

— Ոչ թե հրաժարվելու, այլ հետաձգելու,— ուղղեց Կեսարը՝ թույլ ժպիտ հաղորդելով դեմքին։

Այդ միջոցին ներս մտավ Լենտուլոսը՝ ամբողջովին զինավառ, և հայտնեց, որ ուղեկիցները սպասում են Կարմենտական դարպասի մոտ։ Սերգիուսը պատասխանեց, որ քառորդ ժամից այնտեղ կլինի, իսկ երբ Լենտուլոսը ելավ սրահից, ասաց՝ քայլելով ատրիումի երկայնքով.

— Ոչինչ այլևս ետ չի պահի ինձ, Կեսա՛ր։ Երեկ գուցե քեզ հաջողվեր համոզել ինձ, բայց այսօրվա դեպքից հետո ես վայրկյան իսկ չեմ հապաղի և չեմ հանգստանա, քանի դեռ նրանցից գոնե մեկը ողջ է։

Նա դադար տվեց և, մոտենալով ատրիումի եզրաբազրիքին, պարտեզի վրայով նայեց հեռուն։ Ապա շարունակեց՝ հայացքը թափառեցնելով հորիզոնի վրա.

— Եթե կա մահ և այն, միևնույն է, չի շրջանցի մեզ, էլ ինչո՞ւ երկնչել, ինչո՞ւ խուսափել խիզախ ձեռնարկումից. այս մղձավանջում մի քանի տարի ավել տառապելո՞ւ համար։ Ինչի՞ համար ենք ծնվել. ոչինչ չանելով հարյուր տարի ապրելո՞ւ։ Ու՞մ են պետք այդ տարիները։

— Ո՛չ ես, ո՛չ Օպիոսը չենք դողում կյանքի վրա, Սերգիո՛ւս,— նեղսրտեց Կեսարը,— և դա պիտի հայտնի լիներ քեզ։ Աստվածները մեզ արարել են հայրենիքին զոհաբերվելու համար, և մենք երդմնազանց չենք լինի։ Բայց մի՞թե հիմա այլ ելք չկա։

Սերգիուսը հայացքը ներս բերեց հեռուներից, և հյուրերը նրա աչքերում նորեն սկիզբ առնող պոռթկումի նշաններ տեսան։ Նա մռայլված հոնքերի տակից նայեց հյուրերին, ապա արտաբերեց չարացած.

— Իսկ դուք այլ ելք եք տեսնո՞ւմ, հնարավո՞ր եք համարում կյանքն այս ծախու քաղաքում, որն անտրտունջ տանում է վախկոտ մի հեծյալի իշխանությունը. ասում են՝ նա անկողին անգամ զրահով է մտնում... Ի՞նչ ոգով եք դուք կուրիա գնում, երբ գավառական այդ գյուղացին այնտեղ տնօրինում է այնպես անբռնազբոս, ինչպես իր ցեղակիցները՝ Տարկվինիոսի շուկայում։ Նայե՛ք ձեր շուրջը,— Սերգիուսը տարածեց ձեռքերը,— մահվան ստվերը հրճվում է ձեր անգործությունից, քանի որ ոչինչ չձեռնարկող մարդը չի տարբերվում մեռածից։

Նա շունչ առավ մի պահ ու զարմանքախառն հայացքով նայեց էդիլին։

— Եվ հետո, Կեսա՛ր, դժվարանում եմ հասկանալ քեզ. երբ ամենքը լուռ են, դու մարտնչում ես Ֆակտիոի դեմ, իսկ այժմ, երբ ընդվզում են բոլորը, դու տարօրինակ կերպով կողմ ես քաշվում։

Կեսարի համար բոլորովին անսպասելի չէին ո՛չ Կատիլինայի զայրույթը, ո՛չ այս վերջին վարանումը, ու պատասխանեց՝ ամենևին չշփոթվելով.

— Դու գիտես, Սերգիուս, որ ես ողջունում եմ Ֆակտիոի դեմ ուղղված ամեն նախաձեռնություն, որքան էլ հանդուգն լինեն դրանք։ Գիտես նաև, որ սկզբից ևեթ կողմ եմ եղել ապստամբության մտքին. Ֆակտիոն ինքն իրեն չի վերանա, և ես, իսկապես, նրանից ազատվելու այլ ուղի չեմ տեսնում։ Բայց ես գտնում եմ, որ ամեն կերպ խուսափել է պետք վրիպումներից, քանի որ սա համարձակ դատավարություն չէ կամ Ֆակտիոյին նեղող օրինագիծ, և այժմ պարտությունը սոսկ հեղինակության կորուստ չի բերի, այլ մենք կարժանանանք Լեպիդոսի բախտին, և երկրորդ անգամ ընդվզելու հնարավորություն մեզ չի ընձեռվի այլևս. մինչդեռ այսօր արդեն առկա է խիստ կարևոր մի բացթողում, որը կարող է և ճակատագրական լինել։

— Ինչի՞ մասին է խոսքը,— հարցրեց Կատիլինան՝ լրջորեն անհանգստացած։

— Ապստամբությունն անսպասելի չի լինի Ֆակտիոի համար, և, նրան խուճապի չմատնելով, ձեռքից բաց կթողնվի հաղթանակը։ Նրանք գիտեն, որ դու ինչ-որ բան ես նախաձեռնում, խափանված դավադրության մասին էլ գիտեն, բայց քո զգոնությունը բթացնելու նպատակով հիմար են ձևանում, և այժմ Օպիոսը խելոք ասաց, ամեն կերպ քեզ դրդում են չմտածված քայլերի։ Զայրույթն ու զգոնությունը անհարիր են միմյանց, Սերգիո՛ւս, և եթե մեկը տիրում է հոգուն, մյուսին տեղ չկա այլևս. ահա թե ինչու նրանք դիտավորյալ գրգռում են քեզ. նորընտիր կոնսուլը հասցրել է չորս անգամ ելույթ ունենալ քո դեմ՝ ձգտելով վիրավորել ինքնասիրությունդ, և ստացվում է այնպես, որ քո բոլոր գործողությունները նախապես ծրագրված են նրանց կողմից։ Նրանք շտապեցնում են քեզ, որպեսզի չհասցնես կազմակերպել համախոհներիդ ինչպես հարկն է և ամենագլխավորը՝ հանկարծակիի չբերես իրենց։

Կատիլինան լուռ մտորեց մեկ րոպեի չափ, ապա խոստովանեց.

— Խոսքերիդ մեջ ճշմարտություն կա, Կեսա՛ր, նրանք իսկապես հրահրում են ինձ վճռական գործողությունների։ Բայց ես այնքան հիմար չեմ, որ ինքնակամ զոհ գնամ նրանց սադրանքներին։ Ինչ վերաբերում է խուճապին, ապա Ցեպիոնն ու Լենտուլոսը մնում են Քաղաքում և երբ ապստամբության լուրն առնելով՝ Ֆակտիոն իմ դեմ հանի այստեղի զորքը, նրանք կհարվածեն թիկունքից։

— Դա արդեն ուրիշ գործ է,— Օպիոսի աչքերը փայլեցին ոգևորության կրակով, բայց, ինչ-որ բան հիշելով, անմիջապես լրջացավ ու ավելացրեց մռայլված.

— Բոլորովին մոռացել էի, Սերգիո՛ւս, քո մարդկանց մեջ կա մեկը, որ գաղտնիք պահել չգիտե։

— Անհնար է,— բացականչեց Կատիլինան, լարված հայացքով նայելով Օպիոսին,— նրանք երդվել են բոլոր սրբություններով։

— Այդ դեպքում ինչո՞ւ չես հետաքրքրվում, թե որտեղից իմացանք մեկնումիդ մասին։

— Երևի տեսնվել եք Ցեպիոնի հետ։

— Որքան էլ զարմանալի է,— միջամտեց Կեսարը,— Օպիոսն այդ մասին իմացել է մի հետերայից, որը տեղյակ է եղել մեկնումիդ և որ Էտրուրիայում քո մարդիկ զորահավաք են անցկացնում։ Ինչ-որ մեկը պարծեցել է նրա մոտ։

— Ո՞վ կարող է լինել,— Կատիլինան ընկճվեց մի պահ։

— Ինձ վստահություն չի ներշնչում Կուրիոսի խումբը,— կարծիք հայտնեց Կեսարը։

— Կուրիոսը Ֆակտիոին ատում է մեզանից ոչ պակաս,— անմիջապես առարկեց Կատլինան,— նրա խոսքին հետևում են բազմաթիվ քվիրիտներ, որոնց ես վստահում եմ և որոնց մի մասն ինձ հետ գալիս է Էտրուրիա։

— Իսկ Կուրիո՞սը,— հետաքրքրվեց Կեսարը։

— Նա մնում է։

— Լուրջ ժամանակ նա խիստ այր է, և նրա հետ կարելի է գնալ ամեն փորձության,— խոստովանեց Կեսարը,— բայց բավական է՝ գինու հոտ առնի, կորցնում է ինքնատիրապետումը և կարող է դուրս տալ խելքին փչածը։ Ես լուրեր ունեմ, որ նա կապված է այդ հետերայի հետ։ Բայց եթե անգամ ես սխալվում եմ, և Կուրիոսն իսկապես վստահելի է, ոչինչ չի փոխվում. քո որոշումներն անմիջապես դադարում են գաղտնիք լինել։ Ինչպե՞ս կարող ես հիմա դու Էտրուրիա մեկնել, երբ չես պարզել՝ ով է պարծեցել այն պոռնիկի մոտ։ Իսկ եթե նա մնո՞ւմ է Քաղաքում ... Ի՞նչ երաշխիք, որ Ցեպիոնի և Լենտուլոսի ծրագրերը հայտնի չեն դառնա պրետորներին։ Քո շտապելն այժմ ձեռնտու է միայն Ֆակտիոին, ու երևի հիմա նրանք հրճվում են՝ իմանալով հապճեպ մեկնումիդ մասին։

— Լսի՛ր ինձ,— Կեսարը գրկեց նրա ուսերը և ցնցեց նրան,— մի՛ կործանիր քեզ, լուր տարածիր ապստամբության խափանման մասին, համբերի՛ր մի փոքր, և միասին նոր ջոկատներ կհավաքագրենք՝ զերծ ամեն տեսակ արկածախնդիրներից ու բերանբացներից։

Կատիլինայի հայացքի մեջ ջերմություն նկատվեց, նա մի պահ էդիլին նայեց գորովանքով, ապա ասաց.

— Ուշ է արդեն, Կեսա՛ր, ոչինչ փոխել այլևս չեմ կարող, բացի այդ, անմտություն կլինի բաց թողնել նպաստավոր պահը, երբ հռոմեական ամենաընտիր լեգեոնները հայրենիքից հեռու են, և սպասել աստվածների կողմից մի նոր բարեհաճության. դա չի լինի այլևս։

— Իսկ դու երբևէ չե՞ս խորհել այդ լեգեոնները մեր կողմը գրավելու մասին։

— Մագնիան ընդդեմ սենատի՞,— հեգնանքով արտաբերեց Կատիլինան։— Դա անհնար է։ Ես նրան լավ գիտեմ. նա որքան խիզախ է մարտում, նույնքան երկչոտ է մյուս գործերում, և պատրաստ եմ երդվել բոլոր աստվածների անուններով, որ նա զանց չի առնի սենատի որոշումը, եթե նրան հրավիրեն Իտալիա՝ կռվելու ապստամբների դեմ։ Բացի այդ, նա չի համակրում ինձ։ Դու նույնպես, Կեսա՛ր, Պոմպեոսին հավատ չես ներշնչի, քանի որ Կրասոսի հետ մտերմացել ես այնպես սերտորեն, որ բաժանվել այլևս չես կարող։ Ես երկար եմ խորհել այս ամենի մասին և նրա հետ չընդհարվելու մի ուղի եմ միայն տեսնում՝ Քաղաքը գրավել և սենատը ցրել ավելի վաղ, քան նա կհասցնի ափ իջնել Օստիայում։

Կատիլինան անդրդվելի էր, և հյուրերը հասկացան, որ տարհամոզել նրան այլևս չեն կարող։ Իսկ Սերգիուսին պարզ էր, որ ո՛չ Կեսարը, ո՛չ Օպիոսը չեն միանա իրեն։ Նա կանչեց սպասավորին և կարգադրեց բերել զենքերը։ Հյուրերն անխոս նայում էին սպառազինվող պատրիկին, որ նախ պղնձե թերթիկներով բաճկոն հագավ, ապա կապեց սուրը, գոտուց երկու դաշույն կախեց և այդ ամենը քողարկեց երկար թիկնոցով։

— Դե ինչ, ասաց նա՝ թիկնոցի հանգույցները միացնելով,— ճակատագիրը տարբեր ուղիներ է նախանշել մեզ համար, և ես ամենևին չեմ սրտնեղում, թեպետ ձեր կարիքն անչափ կզգամ։ Այդպես է կամքն աստվածների, և թող նրանց ցանկությամբ լինի։ Բայց եթե Բախտը չժպտա ինձ, վաղ թե ուշ դուք ևս կհայտնվեք իմ վիճակում և բորբորքված կլինեք այնպես մոլեգին, որ կմոռանաք ամեն զգուշություն և կտենչաք վայրկյան առաջ հասնել սուրը պատյանից հանելու երջանիկ պահին։ Եվ մտաբերելով ձեր այժմյան խորհուրդները՝ կամաչեք, թեպետ, կրկնում եմ, եթե սառը դատենք, գուցե դուք ճիշտ եք։ Եվ միայն այդ ժամանակ ձեզ համար պարզ կդառնա, թե ինչու ես ազատության համար պարտվելը գերադասեցի ոչինչ չանելուց։— Նա մոտեցավ և մի ձեռքը դրեց Կեսարի, մյուսը՝ Օպիոսի ուսին։— Ես գիտեմ, որ ինձ աջակցողների մեջ արկածախնդիրներ կան, որոնց համար անորոշը գերադասելի է որոշյալից, պատերազմը՝ խաղաղությունից, և՛ կան իշխանասերներ ու հարստության ձգտողներ, և՛ պատանիներ, որ փառք են տենչում։ Բայց ես այլևս համբերել չեմ կարող, քանի որ անկարող եմ կուլ տալ ինձ հասցված անարգանքը։

Եվ նայելով էդիլի աչքերի մեջ՝ շարունակեց.

— Ես հավատում եմ, Կեսա՛ր, որ կգտնես այն միակ հնարավորությունը, որին սպասում ես այսպես երկար։ Մենք միմյանցից տարբերվում ենք նրանով, որ դու, կանխազգալով ծայրահեղ վտանգը, կանգ ես առնում՝ վերջին քայլը չարած, որից հետո այլևս հետդարձ չէր լինի, իսկ ես, ընդհակառակը, նետվում եմ վտանգին ընդառաջ։ Ես նախանձում եմ քեզ, բայց ի՞նչ կարող եմ անել. աստվածներն ինձ այդպիսին են արարել։

Երեքով քայլեցին դեպի ելքը։ Դռների մոտ Կատիլինան անսպասելիորեն կանգ առավ ու դարձավ պատրիկներին.

— Թե պատահի մեր վերջին հանդիպումը լինի այս՝ խոստացեք, որ վրեժս կառնեք և չեք հանգստանա, քանի դեռ բորենիների այդ որջն ավերված չէ հիմնովին։

— Ինչո՞ւ խոստանալ,— պատասխանեց Կեսարը հուզվելով,— դու գիտե՛ս, թե որն է մեր կյանքի նպատակը։

Նրանք դուրս եկան սրահից։

Գլուխ ութերորդ

Սիրային կապը գաղտնի պահելն օրավուր դժվարանում էր։ Սեսիլիան տեսակցություն էր պահանջում գրեթե ամեն օր և, որպես կանոն, յոթերորդ ժամին, երբ կոենան ավարտած քվիրիտներն այցելում էին միմյանց կամ հավաքվում հասարակական վայրերում։ Վերջին երկու ամսում էդիլին երեք, թե չորս անգամ էին տեսել թերմերում, կրկեսում նրա աթոռը միշտ թափուր էր, իսկ պալեստրայում, որի մշտական այցելուն էր եղել, նրան մոռացել էին արդեն։ Նրան ոչ մի տեղ չգտնելով՝ մտերիմներն անհանգստանում էին, չարակամները դավեր էին նյութում։ Նա փորձեց սիրուհուն համոզել հանուն զգուշության ժամանակավորապես չհանդիպել, բայց Սեսիլիան այդ մասին լսել անգամ չկամեցավ։ Ավելին, երբ Սատուրնալիայի տոներից հետո ցենզորը գործով մեկնեց Նեապոլ, Սեսիլիան ամբողջ մեկ շաբաթ չելավ Էսքիլենի իր առանձնատնից, և քաղաքը յոթ օր փնտրում էր իր էդիլին։

Բացահայտվելու վտանգն ամենևին չէր զգաստացնում Սեսիլիային. նա կատարում էր Գենիուսի և իր հոգու կամքը, ու որքան Կեսարը զգուշանում էր, նա այնքան հանդուգն էր դառնում. խնջույքներում չափից ավելի սիրալիր էր տարփածուի հանդեպ, նրա խափշիկն ամենաչնչին առիթով օրվա ցանկացած ժամի ելումուտ էր անում Հուլիոսների տուն։

Սեսիլիայի նման պահվածքը չէր կարող չանհանգստացնել Կեսարին, և նա սարսափով էր մտածում հետևանքների մասին։ Ամենից շատ երկյուղում էր Կատոնի լրտեսներից, որոնք հետևում էին իրենց տիրոջ բարեհաճությունը չվայելող սենատորներին՝ ջանալով պարսավելի բծեր հայտնաբերել նրանց վարքում։

Պատրվակ բերելով ջերմախտը, որն, իսկապես, վերստին զգացնել էր տալիս իրեն, նա մեկնեց Տիբուր։ Սակայն Ամուրի որոգայթներն ընկնողն այլևս անկարող է դուրս գալ այնտեղից. ամառանոցային գողտրիկ այդ քաղաքում անցկացրած մեկուկես ամսում նա հաջողացրեց նորոգել իր ամենաառաջին սիրավեպը Սերվիլիայի՝ Յունիոս Բրուտոսի այրու հետ, միևնույն ժամանակ դառնալով տարփածուն Մուցիայի՝ Պոմպեոսի կնոջ, և Նիդիայի՝ Բիբուլոսի կնոջ։

Եթե մտերմությունը վերջին երկուսի հետ, որ հետապնդում էր նաև հեռուն գնացող որոշ նպատակներ, հաստատվեց առանց ավելորդ ջանքերի, ապա Սերվիլիային նա շատ խնդրեց ներել իրեն քաղաքական պայքարին տրվելու պատճառով սերը մոռացության տալու համար։ Մարմնական անզուգական հմայքից և կանացի քնքշանքից զատ, Սերվիլիան օժտված էր նաև նրբին դիվանագիտությամբ, և կարիքն այդպիսի մի կնոջ, որը կարողանար մխիթարել հիասթափության պահերին և ոգևորել որևէ գործ ձեռնարկելուց առաջ՝ նա զգում էր Կոռնելիայի կորստից ի վեր։ Նա սիրում էր առանձնանալ Սերվիլիայի հետ ու ջերմ օջախի մոտ նստած՝ զրուցել աշխարհի անցուդարձից, և ոչինչ այնպես չէր լցնում նրա հոգին բերկրանքով, իսկ սիրտը՝ քաղցր հույզերով, որքան մոռացության մոխրից հանված հին սերը։

Վերադառնալով Հռոմ՝ նա կնության առավ Պոմպեային՝ Սուլլայի թոռնուհուն, որը նաև Պոմպեոսի հեռավոր ազգականուհին էր։ Հապճեպ այդ ամուսնությունը նպատակ ուներ բթացնել Կատոնի լրտեսների զգոնությունը և քողարկել սիրային կապերը, բացի այդ հարկ եղած դեպքում կարելի էր ակնկալել արժանանալ Պոմպեոսի բարեհաճությանը։

Պոմպեան գրեթե խորթ դստեր տարիքին էր, արտաքնապես գրավիչ, պապի նման տաքարյուն և բնավորությամբ անհանգիստ։ Նա ամենևին չէր հետաքրքրվում ամուսնու քաղաքական գործունեությամբ, սիրում էր ժամանակ անցկացնել մեծահարուստ մատրոնաների շրջապատում, հափշտակությամբ լսել պատմություններ սիրային արկածների մասին։

Խստաբարո Ավրելիան, որ Կոռնելիայից հետո ոչ մեկին չէր կարող այլևս սրտին մոտ ընդունել, նրա հանդեպ արտաքնապես անբարյացակամ չէր, բայց առաջին իսկ օրից հարսի մեջ ինչ-որ անբացատրելի, վանող բան տեսավ, և աչքը վրան էր պահում։

Ի տարբերություն ամուսնու, որ հիվանդագին բծախնդիր էր հագուստի և արտաքինի, ու անքմահաճ ուտելիքի հանդեպ, Պոմպեան հայրական տնից բերել էր նումիդիացի և իսպանացի խոհարարների ստվար մի բազմություն, որոնք ծառայում էին նրան երեխա ժամանակներից և գիտեին բավարարել տիրուհու քմահաճույքները։ Բոլորովին նրա հոգը չէր ամուսնու պարտքերով ծանրաբեռնված լինելը. նա հարուստ օժիտ էր բերել և իրեն իրավունք էր վերապահում հագնվել ուզածի պես, գնել դուր եկած զարդը։ Գեղանի սպասուհիների մի մեծ խումբ զբաղվում էր նրա արտաքինին հետևելով ու նրան զվարճացնելով։ Նրանց մեջ կար մեկը, Աբրա անունով, որին Մագնիան էր նվիրել զարմուհու տասնվեցամյակին և որին Կեսարի դեռատի կինը համակրում էր մյուսներից առավել, նրանից ոչինչ չէր թաքցնում և հաճախ նրա հետ ժամերով փակվում էր զարդասենյակում։

Գայոսն ուշադրություն չէր դարձնում կնոջ վարքին, և ինչպես կարող էր նրան չափավորության կոչել, երբ ինքը քաղաքի առաջին պճնամոլն էր ու շռայլ՝ սիրարիսցու նման։ Հիմա նրան բոլորովին այլ բան էր զբաղեցնում. Երկրորդ պլեբեյական խաղերի օրերին թունավորումից մահացել էր Ֆուֆիդիան։ Լուրեր էին պտտվում, թե նրանից վրեժ են լուծել Սուլլայի օրոք գործած ոճրագործությունների համար։ Դա, թերևս, ամենահավատարժան վարկածն էր, մանավանդ որ մինչ այդ նրա դեմ երեք մահափորձ էր եղել։ Ոմանք ասում էին, թե նրան թունավորել է խոհարարը, նշում էին անգամ կաշառքի չափը։

Խոհարարին ծեծեցին մահամերձության աստիճան, խոստացան խնայել, եթե հայտնի ում պահանջով է թունավորել տիրոջը։ Խեղճ ստրուկը չդիմացավ տանջանքներին ու մեռավ՝ վերջին շնչում կրկնելով, որ անմեղ է ու անտեղյակ։

Երբ այս վարկածն անհիմն դուրս եկավ՝ հանկարծ ամենքը հիշեցին, որ տոներին Մավրիտանիայից քաղաք էր եկել Մարիուսի ողջ մնացած միակ որդին՝ Վատիտոսը, և որն անհետացել էր շատ խորհրդավոր կերպով։ Համենայնդեպս, վերջին օրերին նրան ոչ ոք չէր տեսել, իսկ դարպասապահները երդվում էին բոլոր սրբություններով, որ նա դուրս չի եկել քաղաքից, այլապես նկատած կլինեին։

Կեսարին ևս հրավիրեցին քննության և հետաքրքրվեցին, թե վերջին օրերին տեսնվե՞լ է արդյոք զարմիկի հետ։ Նա քննիչներին պատասխանեց, որ լսել է Վատիտոսի ժամանման մասին, բայց նրա հետ չի առնչվել։

Զարմիկին իսկապես նա չէր տեսել, բայց Վատիտոսի բանբերները եղել էին իր տանը, և ինքը նժույգ ու դրամ էր տրամադրել։

Քննությունը ոչինչ չէր տալիս, իսկ հանրապետությունը չէր կարող ապրել առանց քրմապետի։ Սենատական վերնախավը, որ մտադիր չէր բարձրագույն այդ պաշտոնը զիջել որևէ մեկին, առաջադրեց Կատոնի թեկնածությունը։ Այդ պաշտոնին հավակնում էր նաև Վելլեյոսը. կուսակցություններից ոչ մեկին չպատկանող մեծահարուստ այդ նոբիլն ամենքին հայտնի էր իր բարեգործություններով և բազիլիկաներում ունեցած դատավարական փայլուն հաղթանակներով։ Իր թեկնածությունը գրանցեց նաև Կեսարը։ Նրա այդ քայլը մտերիմներից շատերը համարեցին անմիտ և նախապես դատապարտված անհաջողության, քանի որ ընտրություններին մասնակցելու էր ողջ Իտալիան, իսկ թե՛ Կատոնը, թե՛ Վելլեյոսը մեծ հեղինակություն ունեին մարզերում։ Բայց Կեսարն ինքը ողբերգական ոչինչ չէր տեսնում պարտության մեջ. նա չէր կարող բաց թողնել Կատոնի հետ մրցակցելու հնարավորությունը, քանի որ գտնում էր, որ առաջինը դառնալու ամենակարճ ուղին առաջինին հաղթելն է...

Ափրոկլեսը շուկայից տուն դարձավ շնչակտուր և ոտքի տակ ընկնող սպասավորներին հրմշտելով՝ վազեց տաբիլինում։ Կեսարին այնտեղ չգտնելով՝ նա իրեն գցեց գավիթ, ուր այդ ժամին սովորաբար հանգստանում էին պատրոնները։ Հուլիան և Պոմպեան փղոսկրե գահույքներին բազմած՝ ուրախ զրուցում էին։

— Ու՞ր է տերը,— հարցրեց Ափրոկլեսը դռների մոտից՝ շունչը տեղը բերելով։— Որտե՞ղ կարող եմ գտնել նրան։

Նա ամբողջովին կորել էր քրտինքի մեջ, մազերը խռիվ էին եկել, դեմքի մկանները ցնցվում էին նյարդերի լարումից, իսկ աչքերից զայրույթ էր կաթում։ Այդպես նա նման էր ողբերգակ դերասանի, և տիրուհիները զրույցը թողնելով՝ զարմացած նրան էին նայում։

— Ու՞ր է տերը,— կրկնեց Ափրոկլեսը՝ մատներով սանրելով մազերը և ուղղելով հագուստի փեշերը։— Կարևոր լուր ունեմ նրա համար։

— Պիտի որ Կրասոսի մոտ լինի,— մայր և աղջիկ պատասխանեցին գրեթե միաբերան և տեսնելով, թե Ափրոկլեսն ինչպես քամուց արագ հեռացավ, տարակուսանքով նայեցին միմյանց և ոչինչ չհասկանալով՝ ուսերը թոթվեցին։

Փողոցում Ափրոկլեսը ծակոց զգաց գոտկատեղում, դադարեց վազել և կողը բռնելով՝ առժամանակ քայլեց կիսակքած։ Նրա բախտից վարձու կառք պատահեց։

Երբ նա Կրասոսի սպասավորների հետ էքսեդրա մտավ, պատրիկները լուսամուտի մոտ նստած՝ լրջորեն զրուցում էին ինչ-որ հարցի շուրջ։ Ազատարձակի տարօրինակ տեսքից անհանգստացած՝ Կեսարը մոտեցավ և սևեռուն հայացքով նրա դեմքը զննելով՝ հարցրեց.

— Ի՞նչ է պատահել, Ափրոկլե՛ ս։

— Քիչ առաջ... այնտեղ... պանդոկում... կաշառում են,— կմկմաց հույնը։

Կեսարը գինի հրամցրեց նրան։ Ափրոկլեսը մի շնչում խմեց այն։

— Իսկ այժմ մի շտապիր,― ասաց նրան Կեսարը,— և պատմիր՝ ինչ ես լսել պանդոկում։

Կրասոսը նույնպես մոտեցավ հույնին։

— Առևտուրն ավարտել էի և ծառաներին կողովների հետ տուն ուղարկելով՝ մտա գինետուն՝ կոկորդս մի քիչ թրջելու,— Ափրոկլեսն իրար սեղմած ափերը պահեց կզակի տակ ու ծնկի եկավ։— Թող ների՛ ինձ Կեսարը։

Թևից բռնելով, Կեսարը նրան ոտքի կանգնեցրեց։

— Գնացի Լամիոնի պանդոկը,— շարունակեց հույնը։― Դա գերեզմանների մոտ է, այնտեղ պատրիկներ չեն հաճախում։ Մի գավաթ գինի վերցրի ու նստեցի սրահի խորքում։ Նոր էի տեղավորվել, երբ ներս մտավ իմ հին ծանոթներից մեկը՝ ծեր զինվոր Աքանան։ Նա իր աջ ձեռքը թողել է Ֆիլոբեոտի մոտ, թեև դա չէ կարևորը։ Պլեբեյների մեջ նրան բոլորն են ճանաչում, մանավանդ պանդոկապանները, որոնց բոլորին նա պարտք է։ Նա նկատեց ինձ, և ես մտածում էի, թե հիմա կբռնի օձիքս ու բաց չի թողնի, մինչև չհյուրասիրեմ իրեն։ Բայց կատարվեց անսպասելին. նա ոչ միայն վճարեց խմիչքի համար, այլև միանգամից մարեց երեք ամսվա պարտքը։ Որտեղի՞ց նրան այդքան փող։ Հոգով նա բարի մարդ է՝ գողություն անել չէր կարող, իսկ նվիրատվություններ, որքան գիտեմ, այս օրերին չեն եղել։ Ես այրվում էի հետաքրքրասիրությունից և նրան հրավիրեցի ինձ մոտ։ Հարցրի՝ որտեղի՞ց իրեն այդքան փող։ Իսկ նա գրպաններից հանեց ևս հարյուր աս և սեղանին փռելով՝ պարծեցավ, թե ինքն այլևս աղքատ չէ և կարող է կես տարի անհոգ խմել։ Ես ստեցի, թե պարգև եմ ստացել և ուզում եմ պատիվ տալ իրեն։ Երբ նա գինովացավ, բերանից թռցրեց, որ փողն իրեն տվել են անծանոթ ինչ-որ մարդիկ և խոստացել են էլի բերել, եթե ընտրություններում քվեարկի Կեսարի դեմ։

Անակնկալի եկած մեծատոհմիկները շփոթված միմյանց նայեցին։

— Ո՞վ կարող է լինել,— ափով ճակատը տրորելով՝ հարցրեց Կեսարն ինքն իրեն։— Կատո՞նը... Վելլեյո՞սը...

Իսկ Կրասոսն անհանգիստ գնում ու գալիս էր խոշոր քայլերով, նրա աչքերը բոցկլտում էին ցասումից և նա մերթ ընդ մերթ ձեռքը տանում էր դաշույնին, որ միշտ կրում է իր հետ, ու կրկնում.

— Որպիսի՜ ստորություն, որպիսի՜ սրբապղծություն... Մի՞թե կարելի է իջնել այդ աստիճան։― Հանկարծ նա դադարեց քայլել և հարցրեց, ավելի շուտ՝ ինքն իրեն, քան Կեսարին։— Ի՞նչ է ստացվում՝ մինչ մենք համբերությամբ սպասում ենք սգո հանդիսությունների ավարտին, ուրիշները ոչ միայն խախտում են սրբազան օրենքները, այլև չեն խորշում ձայներ գնելուց, որպիսի բան չի եղել երբեք։

Նա գինի լցրեց իրեն, բայց այն սաստիկ դառը թվաց և չկարողացավ խմել։

Ափրոկլեսին արձակելով՝ Կեսարը նստեց բազմոցին և մռայլված ու ոչինչ չտեսնող հայացքով նայում էր լուսամուտից դուրս։

— Բավակա՛ն է, որքան տարանք այդ բորենու քմահաճույքները,— Կրասոսին վայրկենական պոռթկում համակեց, և նա բռունցքով հարվածեց սեղանին, որից գավաթները շուռ եկան։— Նա անամոթաբար ամեն ինչ դարձրել է ծախու, և եթե հարմար գնորդ լինի, կվաճառի նաև հանրապետությունը։ Այսօ՛ր ևեթ տեղյակ կպահեմ պրետորներին, իսկ վաղն առավոտյան կզեկուցեմ սենատին։ Բավակա՛ն է։

— Բայց մենք չգիտենք ո՞ւմ պահանջով են կաշառում ընտրողներին,— տարակուսեց Կեսարը։

— Կատոնի՛ խաղերն են։

— Իսկ գուցե Վելլեյոսի՞. որտեղի՞ց քեզ այդպիսի վստահություն։

— Վելլեյոսին դու լավ գիտես, նա ընդունակ չէ նման ստորության, իսկ Կատոնի համար դա սովորական զբաղմունք է։

— Բայց մարդիկ փոխվում են...

— Վելլեյոսը չփոխվեց նույնիսկ մղձավանջային այն տարիներին և օպտիմատ չգրվեց, երբ կյանքը փրկելու միակ ուղին այդ էր։ Կատոնի՛ խաղերն են, ես չեմ կասկածում, և նա այս քայլով սոսկ նպատակ չունի տապալել քեզ. նա նաև վարկաբեկում է Վելլեյոսին. կարող եմ երդվել բոլոր աստվածներով, որ հենց այժմ, երբ մենք մոլորված՝ չգիտենք՝ ինչպես վարվել, նրա մարդիկ շրջում են հավաքատեղերում, մարդաշատ փողոցներում ու շուկաներում և փսփսում, թե Վելլեյոսը կաշառում է քվիրիտներին։

Կեսարը երկար ժամանակ լուռ էր, հետո ասաց.

— Միևնույն է, ոչինչ ապացուցել չենք կարող. ինչ-որ մի հարբեցող խոստովանել է, թե իրեն կաշառում են, բայց չի ճանաչում փող առաջարկողներին։ Ով էլ արել է այդ՝ խորամանկ է վարվել և իրեն ապահովել բացահայտումից։

— Ի՞նչ,— Կրասոսն ուսերը թոթվեց՝ չհասկանալով Կեսարի հանգստությունը,— անգործ նայե՞նք՝ ինչպես են հրապուրում բոլոր ընտրողներին։

— Այլ բան է մտահոգում ինձ այժմ,— պատասխանեց Կեսարը մտազբաղ։— Եթե դա իսկապես Կատոնն է, ապա նա սաստիկ վախենում է ինձանից։ Ինչո՞ւ, ի՞նչն է հիմք դարձել նրա անհանգստության։ Ինչո՞ւ նա չի պահանջել քվեարկել Վելլեյոսի դեմ։ Չէ՞ որ ինքդ վստահեցնում էիր ինձ, թե իմ այս ձեռնարկումը մյուսների նման դատապարտված է անհաջողության։

Ցենզորին ևս ինչ-որ բան պարզ չէր և նա մռայլված՝ էդիլին էր նայում։

Կեսարը ելավ բազմոցից և մտքերով տարված՝ մի քանի րոպե քայլեց սրահում։ Ապա կանգնելով ցենզորի դիմաց և հարցականորեն նայելով նրա աչքերի մեջ՝ ասաց.

— Գուցե զո՞ւր եմ թերագնահատում ինքս ինձ, Մարկո՛ս, գուցե իսկապե՞ս իմ վիճակն անհույս չէ։

Կրասոսը ոչինչ չպատասխանեց. նա ոչ մի կերպ չէր հասկանում ընտրողներին կաշառելու անհրաժեշտությունը։

— Տարօրինակ է, բայց Կատոնի այդ քայլը սկսում է ոգևորել ինձ,— ինքն իրեն խոսելով՝ Կեսարը սրահի մի անկյունից մյուսն էր քայլում։— Եթե նա ձայներ է գնում, ուրեմն վստահ չէ, որ կհաղթի։— Նա մի պահ դադար տվեց։— Շատերի նման նա ևս հավատացած է, որ մարզերում ես հաջողություն չեմ ունենա, և ձայներ կգնի միայն այստեղ՝ քաղաքային տրիբուսներում իր առավելությունն ապահովելու համար։ Ահա այստե՛ղ հարկավոր է խառնել նրա հաշիվները։

— Ի՞նչ ես մտադիր անել,— հարցրեց Կրասոսը՝ համակ ուշադրությամբ էդիլին նայելով։

— Աստվածները թույլատրում են սրի դեմ սուր հանել, խորամանկել խարդախին, և ամենևին սրբապիղծ չենք համարվի, եթե չարիքն ուղղենք այն արարողի դեմ՝ չխորշելով օգտվել միջոցներից, որ կիրառվում են մեր դեմ։

— Դու մտադիր ես կաշառե՞լ ընտրողներին,— Կրասոսը չէր հավատում ունկերին։— Մի՞թե քո սրտում կարող է նման միտք ծնվել։

— Եթե խախտում ես օրենքը, ապա միայն հանուն քրմապետական խույրի, մնացյալ դեպքերում դու պաշտիր այն,— պատասխանեց Կեսարը՝ ձևափոխելով Եվրիպիդեսի բառերը։ Եվ անսպասելիորեն ցենզորի ուսերը գրկելով՝ թանխանձագին խնդրեց.

— Բարեգութ եղի՛ր, Կրասո՛ս, և պարտք տո՛ւր ինձ միլիոն դենարե՝ քեզ ամենաձեռնտու պայմաններով։ Պարտք տո՛ւր մի վերջին անգամ։ Ես գրավ կդնեմ իմ ողջ ունեցվածքը, տունս, վիլլաս, բոլոր իմ ստրուկներին և այս մատանին, որ անգին է ինձ համար,— նա Կրասոսին պարզեց հորից հիշատակ մնացած մատանին,— միայն թե մի մերժիր ինձ։— Նրա աչքերը փայլում էին վրեժխնդրության հետզհետե ուժգնացող կրակից։— Ես նրա նման նենգորեն չեմ վարվի ու չեմ կաշառի հարբեցողներին ու չքավորներին, որոնք մեկ ասի դիմաց պատրաստ են հոգին էլ ծախել։ Ես կկաշառեմ նրա կլիենտներին, մերձավորներին, բարեկամներին, ես կանգ չեմ առնի ոչնչի առաջ, և նա կմեռնի խայտառակությունից՝ պարտվելով նույնիսկ այն տրիբուսում, որն առաջադրել է իր թեկնածությունը։

Նրա ձեռքերը դողում էին, աչքերը շանթ էին արձակում, իսկ դեմքին խաղում էր չարագուշակ մի ժպիտ, որից Կրասոսը փշաքաղվեց...

Որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ դառնալով տուն, Ափրոկլեսը զեկուցեց, որ Կատոնը քառորդ ժամից ավելի սպասում է իրեն։ Նա կարգադրեց պրինցեպսին տեղեկացնել իր վերադարձի մասին, բայց դեռևս չմարած բարկությունը և նոր ծագած զարմանքը քողարկելու ու նաև իրեն ներքուստ հանդարտեցնելու նպատակով երկար ժամանակ չէր տեսակցում անկոչ հյուրին։

Կատոնը նստած էր բազմոցին. նա սգո զգեստով[45] էր, և ոսկե շղթայով փղոսկրե կրծքազարդը շողարձակում էր մթաթույր հագուստի վրա։ Ծերությունից փոս ընկած նրա այտերն անխնա սպիտակեցված էին բուրումնավետ ինչ-որ փոշով, և էդիլի վրա նա մեռելի տպավորություն էր թողնում։ Թե չլիներ մութ ակնախոռոչներում ծվարած ամեն ինչ նկատող աչքերի նենգ փայլը, որ վկայում էր, թե դողդոջուն այդ մարմնի մեջ բավականաչափ կամք կա ու հոգու կորով, կարելի էր կարծել, թե բազմոցին ուրվական է կամ տեսիլք։

— Թող Էսկուլապիոսը առողջություն բերի մեծապատիվ պրինցեպսին,— ողջունեց Կեսարը զուսպ,— որ իր այցով այսպիսի մեծ պատվի է արժանացրել ինձ։

— Էսկուլապիոսը բոլորովին երես է թեքել ինձանից,— դժգոհեց Կատոնը, որ հասցրել էր ոտքի ելնել։

Սպասավորներ էին ելումուտ անում սրահ, և շուրջը նայելուց հետո Կատոնն ասաց.

— Կարևոր զրույց ունեմ քեզ հետ և կուզենայի խոսել առանձին։

Կեսարը նրան առաջնորդեց տաբիլինում։ Կատոնն անխոս հետևում էր կանթեղները վառող էդիլին, իսկ երբ սենյակը լուսավորվեց պայծառորեն, նրանք նստեցին և արենա ելած գլադիատորների նման լուռ զննում էին միմյանց։

— Ես հասկանում եմ, որ իմ այցով ուրախություն չեմ բերել քո տուն,— լռությունը խախտեց պրինցեպսը,— և քիչ առաջ ասված քո խոսքերում հեգնանք կար։ Բայց ես երկար չեմ զբաղեցնի քեզ։

Կեսարը նրան նայում էր պաղ արհամարհանքով։

— Ուզում եմ խոսել ընտրությունների մասին, և ամենայն անկեղծությամբ, ինչպես տղամարդը տղամարդու հետ։— Նա մի պահ լռեց, ասես մտքերն էր ժողովում։— Ես հասկանում եմ քեզ. ինչպես ամեն խիզախ մարդ, դու ևս նորանոր փորձություններ ես որոնում, որոնք ճանաչում ու փառք կբերեն քեզ։ Բայց գերագույն քրմի պաշտոնը, որից վեր աստվածներն են միայն, ինքդ էլ հասկանում ես, վաղ է քեզ համար. ես չեմ ասում՝ անհասանելի։ Վրեժխնդրությամբ տարված՝ դու չես պատկերացնում՝ ինչ քայլի ես գնում և որպիսի ծախսեր են սպասվում քեզ խայտառակ կերպով չտապալվելու համար։

Կատոնի խրատական տոնը դուրս չեկավ Կեսարին, և նկատեց խիստ վիրավորված.

— Ես դադարել եմ երազել տոգա հագնելու առաջին օրից ի վեր և որոշում ընդունելուց առաջ կշռադատում եմ այն։

— Այդ դեպքում դժվարանում եմ հասկանալ քեզ,— անկեղծ զարմանքով ասաց պրինցեպսը,— այսօր դու քսանութ միլիոն դենարե պարտք ունես...

— Երեսո՛ւն,— ուղղեց Կեսարը։

— Առավել ևս։ Դառնալով քրմապետ՝ դու տարեկան կունենաս կես միլիոն շահույթ. դժվար չէ հաշվել, թե որքան ժամանակից կազատվես պարտքերից՝ նույնիսկ եթե անտեղի չվատնես ոչ մի սեստերցիում։ Իսկ քո պարտատերերից շատերը, որքան գիտեմ, արդեն նեղում են քեզ։

Պրինցեպսի խոսքերում շինծու ծաղր կար թաքնված, և Կեսարը որսաց այն, քանզի տեղյակ էր, որ պարտատերերից ոմանք Կատոնի դրդմամբ են շտապեցնում իրեն։

— Ինձ քաջ հայտնի է, թե մեծարգո պրինցեպսը որքան է մտահոգված այս հարցով,— իր հերթին խայթեց Կեսարը։

Կատոնը գունատվեց և անհանգիստ շարժվեց բազմոցի վրա։

— Քո փոխարեն ես այլ ուղի կընտրեի,— ասաց նա՝ փորձելով ձևացնել, թե չհասկացավ ակնարկը,— և կմեկնեի Պոնտոս. ասում են՝ հիմա Մագնիայի սպաները հեքիաթային հարստությունների տեր են դարձել։— Եվ բառերը երկարացնելով ու հայացքը չկտրելով Կեսարի դեմքից՝ արտաբերեց դանդաղ.— Եթե հարկ լինի, ես կարող եմ միջամտել։— Բայց զգալով, որ իր առաջարկն ամենևին չոգևորեց էդիլին, խուսանավեց.— Ամեն ոք ազատ է՝ տնօրինելու երկնավորների կողմից վիճակված կյանքը, և այս ամենն ասացի՝ նպատակ ունենալով ետ պահել քեզ մի քայլից, որով դու կամա, թե ակամա վատթարացնում ես քո վիճակը. շուտով կսկսվի նախընտրական պայքարը, մինչդեռ դու ազատ ոչ մի տաղանդ չունես։ Ասում են՝ Վելլեյոսը մտադիր է խնջույք սարքել քսան հազար սեղանների վրա ու նաև խաղեր կազմակերպել բոլոր մարզերում. ի՞նչ ես հակադրելու նրան, երբ ես, որ երբեք չեմ դժգոհել իմ կարողությունից, մոլորության մեջ եմ։

— Որքան հասկանում եմ՝ պայծառաշուք պրինցեպսին իմ ինսուլան է բերել ամենևին ոչ մտահոգությունն իմ անձի մասին,— նկատեց Կեսարը հեգնանքով։

— Ինքնըստինքյան պարզ է,— խոստովանեց Կատոնը,— բայց մտահոգությունն իմ անձի մասին կարող է շահեկան լինել նաև քեզ համար։

— Ախ, ահա՜ թե ինչ,— լրջացավ Կեսարը։

Դա ոգևորեց պրինցեպսին և մտածելով, որ ավելի հարմար պահ գուցե չլինի այլևս, շուրջը նայեց, ապա ասաց ցածրաձայն ու խորհրդավոր տոնով.

— Ես պատրաստ եմ ազատել քեզ պարտքերից ու պարտապանների հետապնդումից, կհոգամ Պոմպեյքում կառուցվող ամառանոցիդ բոլոր ծախսերը, թե խոստանաս հանել թեկնածությունդ և երկրպագուներիդ համոզես քվեարկել իմ օգտին։— Տեսնելով, թե Կեսարն ինչպես անհանգիստ շարժումներ արեց, վրա բերեց.— Լավ մտածիր խոսքերիս վրա և մի շտապիր պատասխանել. մի՞թե որևէ շահ կունենաս, եթե քրմապետ դառնա Վելլեյոսը։

Եվ որպեսզի տաքարյուն էդիլը չբռնկվեր, ինչից նա անչափ վախենում էր, ավելացրեց.

— Դու դեռ երիտասարդ ես, և ամեն ինչ դեռ առջևում է, իսկ հիմա քեզ պարտքերից ազատվել է պետք։

«Նա սարսափում է պարտության խայտառակությունից,— Կեսարը կողքանց նայեց պրինցեպսին՝ զննելով նրա խորշոմածածկ դեմքը։— Բայց եթե նա իսկապես երկյուղում է Վելլեյոսից, ինչպես փորձում է ներկայացնել, ինչո՞ւ է պահանջել քվեարկել իմ դեմ»։

Էդիլի լռությունն ընկալելով որպես երկընտրանք՝ Կատոնը ոգևորվեց, և նրա թորշոմած այտերին վարդագույն բծեր երևակվեցին։

— Եթե Կեսարը գտնում է, թե իմ առաջարկածը բավարար չէ, պատրաստ եմ ավելացնել ևս հինգ միլիոն։

Կատոնն անհամբերությամբ սպասում էր պատասխանի։ Բայց Կեսարը ոչինչ չասաց և ելնելով բազմոցից՝ անշարժացավ լուսամուտի մոտ։

«Նա իր պատիվը փրկել է ուզում ամեն գնով։ Տարօրինակ է, բայց սկսում եմ խղճալ նրան։ Այսօր նա կիսաստված է շատերի համար, պաշտելի կուռք, իսկ վաղը, եթե պարտվի, ամենքը կծաղրեն նրան»։

Գավիթ ներխուժած զույգ աղավնիները կտրեցին նրա մտքի թելը, և նա մեկ րոպեի չափ հետևում էր զաֆրանի փոշով ծածկված ճեմուղիների վրա շորորացող թռչուններին։ Կարճատև այդ դադարը օգտակար եղավ, և հանկարծ նրա միտքը զբաղվեց կարևոր մի հարցով, որին մինչ այդ ուշադրություն չէր դարձրել։ Նա շրջվեց դեպի Կատոնը և հոնքերի տակից խեթ նայեց նրան։

«Խարդախ դև, գիտե՛ս ինչ ես անում։ Վստահ ես, որ չեն հավատա խոսքերիս, եթե բողոքեմ պրետորներին։ Ահա թե ինչո՞ւ ես այդպես ինքնագոհ։ Ես զրպարտչի անուն կվաստակեմ, ինձ խելագար կհամարեն, եթե ջանամ ապացուցել, որ Կատոնը կաշառել է... իր ոխերիմ թշնամո՞ւն... Ցնորք»։

Նրա դեմքին դառը քմծիծաղ երևաց, մի պահ կամեցավ շշպռել պրինցեպսին, բայց զսպեց իրեն հանուն հյուրընկալության։

— Մեծապատիվ պրինցեպսի առաջարկը շատ է գայթակղիչ, բայց ես միշտ գնահատել եմ անկախությունը և այն բարձր դասել դրամից։

— Ոչ ոք չի պատրաստվում կաշկանդել քո անկախությունը,— շտապեց բացատրել Կատոնը՝ նրան համոզելու հույսը չկորցնելով,— սա սովորական մի գործարք է, և կարող ենք երկուստեք մոռացության տալ այն ընտրությունից հետո։

— Սովորակա՞ն,― հեգնեց Կեսարը։

— Այո՛,— պատասխանեց Կատոնը անվրդով,— նմանատիպ շատ օրինակներ կարող եմ հիշատակել, որոնք քեզ նույնպես հայտնի են։ Ա՛յ, Դեմոսթենեսը, ում դու պաշտում ես, դրամ ընդունեց Միդիոսից և վերջ տվեց նրա հետ թշնամանքին։ Նույն կերպ վարվեց նաև Մելանոպոսը՝ վերջ տալով հակամարտությանը Կալիստրատեսի դեմ։ Եվ նրանց առաջնորդում էր մի վեհ նպատակ. «Այս մարդն իմ թշնամին է, բայց թող հաղթանակի պետության բարօրությունը և թող այն հեռու մնա պառակտումից»։

— Բայց Միդիոսը չէ՛ր աջակցել Դեմոսթենեսին պրոսկրիպցիաների մեջ մտցնելու համար,— ասաց Կեսարը բորբոքված,— չէ՛ր հալածել նրա հարազատներին, այլոց չէ՛ր նվիրել նրա հողերը, չէ՛ր աքսորել քվեստորության պատրվակով։

Կատոնը նրան նայեց արձանի գունատությամբ, ապա ասաց՝ ծանր շնչելով.

— Ամենքին է հայտնի, որ Ֆուֆիդիան էր քեզ հալածում և ոչ թե ես։

— Հին միջոց է՝ մեղքերը բարդել մեռյալների վրա,— նետեց Կեսարը թունոտ։

— Եթե անգամ դու ճիշտ ես, պատրաստ եմ փոխհատուցել զրկանքներիդ համար։

— Փոխհատուցե՞լ,— Կեսարի աչքերում զայրույթ շողաց, իսկ մարմինը դողում էր տենդահարի նման։— ԵՎ քեզ թվում է՝ կարո՞ղ ես անել այդ, Կատո՛ն։— Նա խոնարհվեց դեպի պրինցեպսը և արյունոտ աչքերով նայում էր նրան։— Դե՛, ասա՛, որքա՞ն կարժենար Կոռնելիան ինձ համար. հազա՞ր տաղանդ, երկո՞ւ հազար, իսկ գուցե թե՝ մի բարեբեր լատիֆունդիա՞՝ Նեապոլի մոտերքում... Չե՛մ կարող հաշտվել քեզ հետ, Կատո՛ն, որքան էլ գրավիչ է առաջարկդ, հանուն Հոնոսի և Վիրթոսի՝ հանուն պատվի և քաջության, չեմ կարող։ Դու սկզբում արհամարհում էիր ինձ, հետո հեռացրիր, քանի որ խանգարում էի հանգիստդ, իսկ հիմա փորձում ես ինձ գնել ոսկով։ Ոչինչ չի ստացվի. ես հաղթելու եմ քեզ, և դու դա գիտես։

Այս խոսքերից Կատոնը սփրթնեց, կտրուկ շարժումներով ելավ բազմոցից և Կեսարին նայում էր սպառնալից հայացքով։

— Մեծամի՛տ ես,— նետեց նա ատամների արանքից, և նրա ձեռքերը բռունցքվեցին։

— Քաղաքականությունը համեստ մարդու տեղ չէ,— պատասխանեց Կեսարը՝ ակնդետ նայելով պրինցեպսի աչքերի մեջ։

— Թող Թեմիսը լինի մեր դատավորը,— ասաց Կատոնը՝ արդեն բակում։

— Նա անաչառ է,— արձագանքեց Կեսարը առանց չարության և գլխի թույլ խոնարհումով հրաժեշտ տվեց պրինցեպսին։

Հազիվ էր Կատոնը հեռացել, երբ բակ իջավ Ավրելիան՝ խորին անհանգստության կնիքը դեմքին։

— Ի՞նչն էր նրան մեր տուն բերել, որդիս,— հարցրեց մատրոնա ունիվիրան[46] հուզված. այս ողջ ընթացքում նա իրեն տանջել էր հազար ու մի կասկածներով։

— Հարկ չկա անհանգստանալու, մա՛յր,— պատասխանեց Կեսարը և որպեսզի աչքերը չմատնեին իրեն համակած զայրույթը՝ քայլեց դեպի ատրիում։— Նա հետաքրքրվում էր, թե որքան արժեմ ես, և անչափ տխրեց՝ իմանալով, որ աշխարհում չկա այնքան ոսկի, որով կարելի լինի գնել ինձ։

Ավրելիան փարվեց որդուն և խոնավացած աչքերով նայեց նրան։

— Զգույշ եղիր, զավա՛կս,— ասաց նա դողդոջուն ձայնով,— դու խաղում ես կրակի հետ և չես գիտակցում քեզ սպառնացող վտանգը. նա բոլորովին այլայլված դուրս եկավ այստեղից, և այժմ ամեն փորձանք սպասելի է նրանից։ Սիրտս վատ բան է գուշակում։ Ինքս եմ միշտ գործողությունների մղել քեզ, բայց հիմա, խնդրում եմ, հանգիստ թող նրան. նա վրեժխնդիր կլինի պարտության համար։

Իսկ որդին պատասխանեց՝ շոյելով մոր ալեխառն վարսերը.

— Բավական է, մայր, որքան համբերեցինք, ես այլևս տանել չեմ կարող անարդարությունն այս։ Եկել է բեկումի պահը, որին սպասել եմ երկար տարիներ, և հիմա, վերջապես, պարզ կդառնա՝ հովանավո՞ր են ինձ աստվածները, թե՞ զուր եմ անրջել, զուր եմ մորմոքվել երկնային նշանի սպասումով։

Ավրելիան ցանկացավ ինչ-որ բան ասել, բայց որդին թույլ չտվեց նրան։

— Մի՛ փորձիր հանգստացնել ինձ, մա՛յր,— նրա հայացքի դեմ հանկարծ հառնեց Կատիլինայի պատկերը,— ամեն ինչ վճռված է։ Այս անգամ ես տուն կգամ հաղթանակած, կամ ինձ սպասում է աքսորը։

Ավրելիան լուռ արցունքները կուլ տվեց՝ համոզված, որ ո՛չ հորդորը, ո՛չ թախանձագին խնդրանքը ետ չեն պահի որդուն։

Մոր խոնավ աչքերը նկատելով՝ Կեսարը նրան ամուր սեղմեց կրծքին և ցրիվ հայացքով նայելով հեռուն՝ ասաց հուզված.

— Մի՞թե դու չէիր ափսոսա երկունքիդ ցավերը, մա՛յր, եթե ես երկնչեի։

Ավրելիան ոչինչ չասաց, համբուրեց որդու ճակատը և բարի գիշեր մաղթելով՝ քայլերն ուղղեց դեպի աղոթատուն։

Մասն չորրորդ

Գլուխ առաջին

Կեսգիշերին մոտ Հուլիոսների տան դարպասներին մոտեցավ մթաթույր թիկնոցով երիտասարդ մի կին։ Նրա պարանոցով գցված մարգարտաշար վահանակները քայլելիս խփվում էին պարզորոշ ուրվագծված ստինքներին և առկայծում ինչպես աստղիկներ։ Ոտքերի ալկարմիր մաշիկները հազիվ էին նշմարվում թիկնոցի երկար փեշերի տակից։ Բոցագես վարսերն առատորեն թափվում էին ուսերին, թեթևակի շպարված դեմքին. մազերին ոսկեփոշի էր ցանված, որ լիալուսնի տակ պսպղում էր դեղնավուն ցոլքերով։ Նա ձեռքին կիթառ ուներ։ Զգուշորեն շուրջը նայելով՝ կինը հրեց դարպասն ու այն բաց գտնվելով՝ անաղմուկ ներս մտավ։ Բակում ոչ ոք չկար, և մոտենալով առմուտքին՝ թաքնվեց մրտենու թփերի մեջ։ Տան ներսից անցուդարձի թույլ ձայներ էին լսվում։

Ինսուլայում տղամարդ չկար, և նա գիտեր այդ մասին. կանայք գիշերը հաղորդակցվելու էին Բոնա Դեայի հետ, և պատրիկը, ում հարկի տակ հավաքվելու էին քաղաքի երևելի մատրոնաները, վերակացուների և բոլոր ստրուկների հետ մինչև լուսաբաց պիտի բացակայեր տնից։

Ներսում բոլոր կանթեղները մարեցին, միայն սրբարանի լուսամուտն էր աղոտ վարդագունված, որի կիսաթափանց վարագույրների վրա ստեպ-ստեպ կանանց ստվերներ էին երևում։

Առմուտքի կողմից փականի չքչքոց լսվեց, հետո նախասրահի դուռը բացվեց թույլ ճռռոցով, և աստիճանների վրա հայտնվեց սպիտակազգեստ մի սպասուհի։ Նրա ձեռքին ճրագ չկար, և կիսախավարի մեջ դեմքը հազիվ էր երևում։ Թփերի մեջ թաքնվածը սսկվեց։ Հուշիկ քայլերով առաջանալով՝ սպասուհին գլուխը դուրս հանեց դարպասից և փողոցում ոչինչ չգտնելով՝ ցանկանում էր ետ դառնալ, երբ լսեց իր անունը։

— Ի՞նչ կա ներսում,— հարցրեց կիթառահարուհին կիսաձայն, երբ նրան նկատելով, Աբրան մոտ եկավ։

— Ամեն ինչ կարգին է։ Սպասիր՝ փակեմ դարպասը։

Եվ վերադառնալով՝ հոխորտաց.

— Ու՞ր ես, անխիղճ, տիրուհին հալումաշ է լինում կարոտից. քանի ամիս նա սպասում է այս օրվան։

— Օ՜, մի՛ խոսեցրու,— դժգոհեց գիշերային հյուրը՝ ելնելով թփերի միջից,— իմ չար բախտն ինձ հետ է. որտեղից որտեղ եկել էր Սիցիլիայի իմ հին ծանոթը, և հոգիս ելավ, մինչև ազատվեցի նրանից։

Ապա, լուսամուտներին նայելով, հարցրեց.

— Որքա՞ն մարդ կա ներսում։

— Սպասվածից ավելի,— պատասխանեց Աբրան։— Չեն զլացել, անգամ Տիբուրից եկել-հասել են այստեղ։ Քույրդ էլ է ներսում։

— Չերևա՞մ հանկարծ նրա աչքին,— անհանգստացավ եկվորը և նկատելի մռայլվեց։

— Այդքան երկչոտ մի՛ եղիր,― հորդորեց Աբրան սառնասրտորեն և նրա խոպոպիկներն ուղղելով՝ ավելացրեց,— հարազատ մայրդ էլ չի ճանաչի քեզ այս հանդերձների մեջ։

Հետո ձեռքից բռնելով՝ նրան ուղեկցեց ներս։ Մթան մեջ խարխափելով, նրանք հասան ատրիում և թաքնվեցին արձանիկների ետևում։ Աբրան շշուկով բացատրեց, որ սպասուհիները գնացել են սրբազան օձի ետևից և ուր որ է կվերադառնան։ Եվ, իսկապես, շատ չանցած՝ հեռու սրահներից հազիվ լսելի ոտնաձայն հասավ նրանց, ապա տասնյակ ջահերից շիկնած նկարազարդ պատերն արտացոլվեցին ողորկ հատակին և գնդաձև մոմակալների ու ոսկեջրած առաստաղի վրա։ Դանդաղ ու հանդիսավոր սրահ մտավ կանանց ստվար մի խումբ, որի առջևից երկու սպասուհի խեցե բարձր պնակ էին տանում։

— Սպասիր ինձ այստեղ,— ասաց Աբրան, երբ կանայք անհետացան վարագույրի ետևում ու սրահը վերստին ընկղմվեց խավարախառն անդորրի մեջ,— ես հիմա կգամ. պառավ վհուկը տիրուհու ննջարանը հսկում է Կոլխիդայի հրեշի պես։

Աբրան կուլ գնաց խավարին։ Երկար ժամանակ նա չէր երևում։ Ձանձրանալով արձանների թիկունքում կուչ գալուց՝ կիթառահարուհին ելավ թաքստոցից և թաթերի վրա առաջացավ Աբրայի գնացած ուղղությամբ։ Պատերը շոշափելով՝ նա դուրս եկավ ատրիումից։ Հետո անցավ նեղ ու երկար միջանցքով։ Առջևից սանդալների թույլ չքչքոց լսվեց, և կարծելով, թե եկողն Աբրան է, նա փորձ չարեց թաքնվել, մանավանդ որ ձայնը գալիս էր մոտիկից և ինքը չէր հասցնի ետ վազել միջանցքով։ Նա սոսկաց, երբ իր առջև հայտնվեց ճրագ բռնած անծանոթ մի սպասուհի, որ հախճապակե անոթով բուրումնավետ ինչ-որ հեղուկ էր տանում։

— Մատրոնաներն ամենքը սրբարանում են,— ասաց սպասուհին, որ գեղահոն ու փխրուն մի գալաթուհի էր, կարծելով, թե դիմացինը մոլորվել է անհամար սրահների մեջ։

— Ախ, դու նվագածո՞ւ ես,— նկատելով նրա ձեռքի կիթառը՝ հրճվանքով բացականչեց գալաթուհին,— դե՝ գնանք, ամենքը կուրախանան՝ քեզ տեսնելով։

Նվագածուն անխոս մեխվել էր տեղում և գլուխը խոնարհել, որպեսզի ճրագի լույսը չընկներ դեմքին։

— Մի՜ ամաչիր,— սրտապնդեց նրան սպասուհին,— եկ իմ ետևից. մատեր Ֆամիլիան բարեսիրտ կին է և քեզ առատ պարգևների կարժանացնի։

Եվ տեսնելով, որ հյուրը տեղից չի շարժվում, բռնեց նրա ձեռքից։ Կիթառահարուհին ակամա հետևեց նրան, բայց երբ հասան սրբարանին, կանգ առավ և ձայնը կարելիին չափ կեղծելով՝ ասաց, որ ինքը սպասում է Աբրային։ Նրա այս խոսքերից սպասուհին այլայլվեց, ցած գցեց անոթը և խուճապահար նետվեց սրբարանի կողմը՝ աղաղակելով.

— Տղամա՛րդ, տղամա՛րդ կա այստեղ...

Կանայք, իրար խառնվելով, նետվեցին դեպի սրբությունները և իրենց մարմնով ծածկեցին դրանք։ Հետո ամենքը սսկվեցին, և լիակատար լռության մեջ լսելի էր սրբազան օձի միալար սվվոցը։ Ինչ-որ մեկը զգուշորեն փակեց պնակը, և երբ սվվոցը մարեց, բոլորը դարձան Ավրելիայի կողմը, իսկ նա գլխանոցով ծածկել էր դիցուհուն և քարացել՝ արձանին փաթաթված։ Նրա ստրկուհին բերանն ափերով փակած՝ սեղմվել էր պատին ու լալիս էր անձայն։ Երբ անցան շփոթմունքի առաջին վայրկյանները, եռամոմ լուսակալը վերցնելով, Ավրելիան անխոս դուրս եկավ սրահից։ Կանթեղներով զինված կանայք հետևեցին նրան։ Պոմպեան, որ այս ողջ ընթացքում ծնկաչոք նստած էր հատակին՝ շրջապատված պղնձե թասերի մեջ վառվող սրբազան կրակներով ու բոլորովին գունատված՝ դողում էր ցասումից, նույնպես ելավ ու երերալով՝ ակամա հետևեց նրանց։

Անշշուկ, վախենալով սեփական ստվերից, նրանք հասան ատրիում։ Ավրելիան սպասուհիներից երկուսին ուղարկեց ստուգելու դարպասն ու դռները, իսկ ինքը մեծատոհմիկ մատրոնաների գլուխ անցած՝ վառեց բոլոր ջահերը։ Սրահը ողողվեց պայծառ լույսով. այնտեղ ոչ ոք չկար։ Վերադարձած սպասուհիները զեկուցեցին, որ դարպասն ու դռները գոցված են։

— Գուցե նրան թվացե՞լ է,— տարակուսեցին կանայք,— կամ գուցե ուրվակա՞ն է տեսել։

Ավրելիան կասկածանքով նայեց սպասուհուն, իսկ սա, որ դեռ չէր հանդարտվել և դողում էր այնպես ուժգին, որ ատամները լսելի կափկափում էին, ծնկի եկավ տիրուհու առաջ և երդվեց բոլոր սրբություններով, որ տեսածը չէր կարող ուրվական լինել, քանի որ ինքը բռնել է նրա ձեռքը։

— Մի՛ հավատա նրան, մատեր Ֆամիլիա,— մեջ ընկավ Աբրան, որ աննկատ միացել էր նրանց։— Ինչպե՞ս կարող է օտար մեկը հայտնվել տանը, երբ բոլոր մուտքերը փակ են։

Աբրային տեսնելով՝ գալաթուհին հանկարծ մտաբերեց ծպտված տղամարդու խոսքերը։

— Տիրուհի՛,— կանչեց նա՝ չհամարձակվելով ոտքի ելնել,— ես հիշեցի. նա ինձ ասաց, թե սպասում է Աբրային։

Այս լսելով՝ Աբրան ջղաձգորեն մազերը պոկեց գլխից, աղաղակելով, թե դա կեղծիք է, թե ոչ մեկը իրեն չի սպասել և իրեն դիտավորյալ վարկաբեկում են, քանի որ ինքը վայելում է երիտասարդ տիրուհու համակրանքը։

Ավրելիան կոպտորեն սաստեց նրան, ապա դառնալով հարսին, որ փրկության ամեն հույս կորցրած՝ գթություն հայցող հայացքով մատրոնաներին էր նայում, արտաբերեց անսահման չարությամբ.

— Օ՜, սրբապի՛ղծ, օ՜, նզովյա՛լ. նզովյա՛լ լինի քո տոհմը, նզովյա՛լ լինես դու, որ անարգեցի՛ր իմ տունը...

Շառագունելով այս խոսքերից Պոմպեան բարձրաձայն հեկեկալով՝ շփոթահար իրեն նետեց ննջարան, փլվեց մահճակալին և նյարդայնությունից սկսեց շուրթերը կծոտել արյունոտելու աստիճան։ Իսկ Աբրան ցնցվում էր ավազուտներում օձի պատահած դաշտամկան նման. նրա աչքերում սառել էր մահվան սարսափը։

Լուսակալը գլխից վեր պահած՝ Ավրելիան կանանց առաջնորդեց նեղ միջանցքներով ու սրահներով։ Իրարանցումի մեջ ընկել էր նրա ոսկե ցանցիկը, և արծաթերանգ վարսերն անփութորեն թափվել էին ուսերին ու երկար պարանոցին։ Նրա դեմքն այլայլված էր, ձեռքերը դողում էին, իսկ սև ակնագնդերի մեջ չարագուշակ փայլով պսպղում էին ջահերի կորացված պատկերները։

Վաղը ողջ քաղաքը կխոսի այս մասին։ Որպիսի՜ խայտառակություն, որպիսի՜ անարգանք, օ՜, անմա՛հ աստվածներ, և ո՞ւմ հանդեպ՝ իր՝ մատրոնա ունիվիրայի, ում ամենքն են հարգում և ում համար ընտանիքի պատիվը վեր է ամեն ինչից։ Երանի այս ամենը երազ լիներ, երանի սխալված լիներ սպասուհին, և խայտառակության ժանտ թուխպը նզովքով չմլարեր իր գերդաստանը, երանի ինքն այն ժամանակ արգելած լիներ որդուն իր տուն բերել Սուլլայի,— անիծվի նա,— թոռանը...

Նրան սթափեցրեց Սեսիլիայի ձայնը, որ առաջարկում էր գավիթն ստուգել։

Դուրս ելան գավիթ։ Երեք սպասուհիներ մնացին մուտքի մոտ, իսկ մատրոնաները երկու խմբի բաժանվելով՝ առաջացան աջ և ձախ սյունաշարերով։

Այստեղ ևս ոչ ոք չկար։ Հանկարծ արմավենիները խշշացին։ Անհանգստացած կանայք զգուշորեն իջան պարտեզ։ Ավրելիան քայլում էր առջևից, մյուսները մի փոքր ետ էին ընկել՝ չհամարձակվելով առաջ անցնել նրանից։ Ծառուղիների մարմարախիճը սարսափազդու ղրճղրճում էր նրանց ոտքերի տակ. ամեն թփի ետևում նրանց թաքնված տղամարդ էր երևում. կանթեղների շիկավուն բոցերը փռփռալով՝ տարուբերվում էին գավիթ թափանցած գիշերասյուքից. օրորվող արմավենիների՝ պատերի ու ճերմակավեմ սյուների վրայով սահող ստվերները նմանվում էին բազմաձեռ պարուհիների. մրտենիների խուզված թփերը շուռ տված կարասներ էին հիշեցնում. սյուների միջև դրված մարմարե արձանները մտահոգված հետևում էին նրանց. թվում էր, թե խոժոռ հայացքով քարակերտ այդ կերպարանքները ևս ծպտյալ սրբապիղծ են որոնում. աստղազարդ երկնակամարում հսկա ջահի պես վառվող լուսնեղջյուրը կաթնագունել էր ալեբաստրե բարձր քիվաշարը, որի վրա զարդաքանդակներ էին նշմարվում։ Պինիաների ու նոճիների շարքերի մեջ անհետացող-երևացող սպիտակազգեստ մատրոնաներն ասես խավարում թարթափող աստղախմբեր լինեին։

Ծպտյալը պարտեզում չէր։ Նրանք հավաքվեցին ձկնարանի շուրջը, բայց քնած կենդանիներից ու իրենց դողդողացող արտացոլումներից զատ ոչինչ չտեսան ավազանի մեջ։ Ինչ-որ մեկն առաջարկեց ստուգել թռչնանոցը, որ հեռու չէր. բայց նրանք միայն սիրամարգերին վախեցրին, որոնք զմրուխտյա ագիները հովհարաձև փռած՝ դեսուդեն ընկան՝ գիշերային անդորրը թրատելով անհանգիստ ղունղունոցով։

Կրկին դառնալով տուն, նրանք ամենայն բծախնդրությամբ ստուգեցին խոհանոցը, ճաշարանը, ննջարանները։ Քնից արթնացրին Հուլիային, որ անկողնում նստած՝ շշմած նայում էր սենյակի անկյունները խուզարկող մեծատոհմիկ կանանց։ Նրա հարցին, թե ինչ է պատահել, չպատասխանեցին ու նշաններով հասկացրին բարձրաձայն չխոսել։

Այդպես նրանք հասան սպասուհիների կացարաններին և Աբրայի սենյակում պատահեցին կեղծ նվագածուին։ Սկզբում աղմկելով փախան, ապա սրտապնդվելով՝ նրան դուրս արին կացարանից և բարձերով ու ոտնամաններով հարվածելով՝ հալածեցին դեպի ելքը։ Խույս տալով հարվածներից՝ ծպտյալը պատեպատ էր խփվում. ճանաչվելը հավասարազոր էր մահվան, և նա երկու ձեռքով ամուր կառչել էր կեղծամից։ Նա մի կերպ իրեն գցեց բակ և ճարպկորեն ելավ դարպասի ճաղաշարի վրա։

Նրա ձեռքերը զբաղված էին, և սպասուհիներից մեկը հաջողացրեց ճանկել կեղծամը։ Ու մինչ նա կցատկեր դարպասից այն կողմ՝ կանայք լուսնալույսի տակ մի անկնթարթ տեսան նրա դեմքը...

Գլուխ երկրորդ

Երեկոյան, երբ քաղաքը թնդում էր աննախադեպ լուրից և ամեն անկյունում խոսում էին գիշերային սրբազնագործության խորհրդի պղծման մասին, Կեսարը երկու լիկտորների հետ մտավ Պուբլիոս Կլոդիոսի ինսուլան։ Ուղեկիցներին նախասրահում թողնելով՝ նա, հրավերի չսպասելով, ներս մտավ։ Նրա դեմքին սառել էր վրդովմունքի և վրեժխնդրության համր արտահայտություն, և նա առաջանում էր գլուխն աննշան խոնարհած, մռայլված հոնքերի տակից ահեղորեն զննելով շուրջը։ Նա քրմապետական ձյունաթույր շուրջառով էր՝ եզրերն ասեղնագործված ոսկե թելերով. փղոսկրե հմայիլը, նրա անձեռնմխելիության և բոլոր ապրողաց հոգիների վրա իշխանության խորհրդանիշը, չարագուշակ փայլով պսպղում էր կրծքի վրա, և գույների երանգներն անկանոն հաջորդում էին միմյանց։

Ոչ ոք չէր հանդգնում փակել նրա ուղին, նրա աստվածային վեհությունից երկյուղած՝ ստրուկները կողմ էին քաշվում, ու երբ նա անցնում էր՝ շուրջառի երկար փեշերը սահեցնելով հատակի վրայով, ծնկի էին գալիս և համբուրում գետինը, որ դեռ պահում էր նրա մարմնի ջերմությունը։

Երբ Կեսարը հայտնվեց ատրիումում, Պուբլիոսը, որ մինչ այդ անշարժ նստած էր պարտեզամերձ բազրիքների մոտ, ելավ ու ձևացնելով, թե իրեն խիստ զարմացրել է պոնտիֆեկի[47] անսպասելի այցելությունը, ընդառաջ գնաց նրան։

Կեսարը չպատասխանեց նրա ողջույնին, պաղ արհամարհանքով նրան նայելով՝ նստեց բազմոցին ու, քրմապետական գայիսոնը ձեռքում խաղացնելով՝ արտաբերեց սառն ու անտարբեր.

— Պատմի՛ր. քեզ կլսեմ ամենայն հետաքրքրությամբ։

Պուբլիոսին շփոթեցրեց քրմապետի վարմունքը։

— Չեմ հասկանում քեզ, պոնտիֆե՛կ, ի՞նչն է այդպես հետաքրքրում քեզ և ի՞նչ նորություն է, որ կարող եմ հաղորդել միայն ես,— հարցրեց նա։

Կեսարը նրան նայեց վերից վար, ապա հեգնեց.

Պատմիր այն մասին, թե ինչպե՞ս են որոշ տղամարդիկ գիշերը վերածվում կնոջ։

— Սա ի՞նչ անհեթեթություն է,— Կլոդիոսը ձեռքերը կողքի տարածեց,— ի՞նչ անմիտ կատակ. ո՞վ է հորինել այս ողջ պատմությունը, որ առավոտից պղտորում է հանգիստս։ Եվ դու հավատացե՞լ ես դրան, Կեսար,— Պուբլիոսը նայեց քրմապետի աչքերի մեջ։— Երբ առաջին անգամ այդ լուրն ինձ հասավ, կարծեցի չարակամներիս մոգոնած հերթական հերյուրանքն է, և լուրջ չընդունեցի։ Բայց, ահա, պարզվում է, որ զուր է հանգստությունս, քանի որ մարդիկ հակում ունեն նենգորեն սարքված կեղծիքն ընդունելու եղելության տեղ։

Կեսարը նրան լսում էր թերահավատության շինծու ժպիտը դեմքին, և երբ նա ավարտեց խոսքը, հարցրեց՝ բառերը երկարացնելով.

— Ուրեմն կանանց ուրվակա՞ն է երևացել։ Դե, ինչ, հնարավոր է, բայց տարօրինակ է, թե ինչու այդ ուրվականը չի եղել նման ուրիշ որևէ մեկի։

Պուբլիոսին դող համակեց, որը նա քողարկեց մեծագույն ջանքերով ու պատասխանեց մի փոքր ուշացումով.

— Այդ նույն կանայք երեք ամիս առաջ Հորտենզիոսին տեսել էին Բիբուլոսի տանը, երբ Մարկոսը, վատառողջ լինելով՝ բժշկվելու էր մեկնել Լուկա։ Բայց ի՞նչ պարզվեց. այդ ամենը հորինել էին մի խումբ մարդիկ, որոնց ձեռնտու չէր մեծահամբավ սենատորների մտերմությունը։ Սակայն եթե դու իսկապես հավատ ես տածում այդ ասեկոսների հանդեպ,— իսկ քո վարմունքից այդպես է երևում,— ես հիմա ևեթ կհրամայեմ կանչել սպասավորներիս, որոնք քո և բոլոր աստվածների առաջ կերդվեն, որ ես երեկ ողջ երեկոն անց եմ կացրել տանը, քանի որ հյուրընկալում էի... Բայց ո՛չ,— Պուբլիոսը ձեռքը թափ տվեց,— նրանց խոսքին դու նշանակություն չես տա, ավելի լավ է հիմա բանբեր ուղարկեմ սիցիլիացի իմ ծանոթի ետևից, որն ինձ մոտ էր մինչև ուշ գիշեր։

— Կարիք չկա,— ասաց Կեսարը՝ քմծիծաղով, և Կլոդիոսը, որ դիմում էր դեպի դուռը, կանգ առավ կես ճանապարհին։— Պիտի տխրեցնեմ քեզ,— Կեսարը ետ նստեց բազմոցին,— ես գալիս եմ բազիլիկայից, և այնտեղ իմացա, որ քո դեմ դատական գործ է հարուցված ու ...

Կեսարը դիտավորյալ դադար տվեց՝ Կլոդիոսի վերաբերմունքը պարզելու համար։ Իսկ նրա դեմքից չքացել էր կեղծ ինքնագոհության արտահայտությունը, և միայն այժմ էին նկատելի դարձել անքնությունից կոպերի տակ առաջացած մթին պարկերը։

— Բայց դա թյուրիմացությո՛ւն է,— կանչեց Կլոդիոսը թևաթափ։

— Ու կարծում եմ՝ դատավորները չեն հավատա քո ծանոթին,— խոսքը շարունակեց Կեսարը,— քանի որ Ցիցերոնն այնտեղ ի լուր ամենքի հայտարարեց, թե երեկ երեկոյան, իսկ նա ավելի ստույգ ասաց՝ մայրամուտից երեք ժամ անց, քո պատգարակը տեսել է իմ տան մոտերքում։

— Իմ պատգարա՞կը, նա տեսե՞լ է ինձ,— Կլոդիոսի դեմքը վայրկենապես կնճռոտվեց, մի պահ նա մնաց արձանացած՝ լարված ու հարցական հայացքով նայելով հեռուն, ապա, ինչ-որ բան իր համար պարզելով, գրեթե ճչաց՝ ցավով նկատելով, որ կորցնում է հավասարակշռությունը. Որպիսի՜ կեղծիք, որպիսի՜ ստորություն։― Նա գլուխը բռնած՝ քայլում էր սրահում։— Շո՛ւն, կեղծավոր շո՛ւն, Կատոնի մանկլավի՛կ, դուրսպրծո՛ւկ, զտարյուն դուրսպրծո՛ւկ։ Ա՛խր ես հավատարիմ թիկնապահի պես ամենուր շրջում էի նրա հետ, երբ նա նոր-նոր սկսել էր հեղինակություն ձեռք բերել Քաղաքում։ Եվ նա այդ ամենից հետո կեղծ վկայությո՞ւն է տալիս իմ դեմ։ Որպիսի՜ ապերախտություն... Բի՛րտ հեծյալ,— Կլոդիոսը չէր հանդարտվում,— կնոջ հրամաններին հլուհնազանդ Սարդանապալ։ Եվ այդ մարդը, հարճերի հետ գորգ գործելու փոխարեն, կառավարո՞ւմ է մեզ... Որքա՜ն խեղճ ենք մենք։

Նա կռահում էր կեղծ վկայության դրդապատճառը. իր կրտսեր քույրը կապված էր Ցիցերոնի հետ, և վստահ էր, որ Տերենցիան՝ Ցիցերոնի կինն է ամուսնուն ստիպել վարվել այդ կերպ՝ կամենալով վրեժ առնել ջահել մրցակցուհուց։

— Ես դեռ բոլորը չասացի,— խոսեց Կեսարը այնպես հանգիստ, ասես չէր նկատել Պուբլիոսին համակած զայրույթը,— քրմերի կոլեգիան քո արարքը գնահատել է որպես սրբապղծություն։

Սա արդեն անխուսափելի մահ էր, և այս լուրից Կլոդիոսը սփրթնեց, նրա շրթունքները դողում էին տենդորեն, աչքերը դուրս էին թռչում խոռոչներից, բայց նա ուժ գտավ զսպելու իրեն ու խոսեց հանգիստ, սակայն ըմբոստ տոնով.

— Դե, իհարկե, քրմերի կոլեգիան չունի ավելի վեհ նպատակ, քան իր առաջնորդին սատարելը։

Կեղծավոր այդ հանդգնության տակ կործանման սարսափ էր քողարկված, և քրմապետը, որի նրբանկատ հայացքից չէր վրիպել դա, ավելացրեց՝ ուշք չդարձնելով նրա խոսքերին.

— Եթե պարզվի, որ կանանց ամենևին ուրվական չի երևացել, այն ժամանակ...

Այստեղ Կլոդիոսը չդիմացավ, դադարեց հոգու խորքում պայքարել ինքն իր դեմ և բռունցքները սեղմելով՝ գոչեց.

— Իսկ դու, ի՞նչ է, եկել ես բավականությո՞ւն ստանալու իմ թշվառությունից։ Դե՛, հիացի՛ր, հրճվի՛ր, գնա՝ պատմի՛ր ամենքին, թե ինչպիսի վիճակում է Պուբլիոս Կլոդիոսը, նույն ինքը, որ երկու տարի քարշ եկավ փոշեկոլոլ Հայաստանում և հայրենիքի բարօրության համար մի կողմ թողած սեփական արժանապատվությունը, լրտեսություն արավ այնտեղ՝ Տիգրանի դեմ հանելով բազում թագավորիկների և ապահովելով հաղթանակը. նույն ինքը, ում բռնագրաված գանձատների հաշվին հիմա ամենքը լողում են ճոխության մեջ և ում բոլորը մոռացել են, քանի որ այլևս ոսկու քարավաններ չեմ առաջնորդում Քաղաք։ Հիմա ես պետք չեմ ոչ մեկին, և այժմ կարելի է ինձ հանգիստ խղճով խաչել։

Նրա ջղաձիգ դեմքն անզոր ցասում էր արտահայտում, և նա կծոտում էր շուրթերը անպարկեշտ բառեր չարտաբերելու համար։

Կեսարը լուռ նայում էր, թե ինչպես է նա մատները ջարդոտում։

— Եթե ես կամենայի բավականություն ստանալ, կհամբերեի ևս մի քանի օր՝ տեսնելու համար, թե ինչպես են խաչում քեզ,— հանկարծ ասաց նա։

Այս խոսքերը լսելով՝ Կլոդիոսը քարացավ մի պահ, ապա դանդաղ շրջվեց դեպի Կեսարը և զարմանքից կլորացած աչքերով նայեց նրան՝ դժվարանալով հասկանալ ասվածի իմաստը։ Հետո խոնարհվեց քրմապետի վրա և այլայլված հայացքը չկտրելով նրանից՝ շշնջաց.

— Ուրեմն դու չե՞ս ուզում, որ ես կործանվեմ։ Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ ես այդպես մեծահոգի իմ հանդեպ։

— Հասկանում եմ զարմանքդ,— խոսեց Կեսարը՝ ելնելով բազմոցից։— Իմ փոխարեն մեկ ուրիշն անշուշտ կփափագեր քո մահը, կսփոփվեր դրանով, որը կօգներ դիմանալ նվաստացումին։ Ես նույնպես այդպես էի մտածում և, կարծում եմ, հարկ չկա ապացուցելու, որ կհասնեի նպատակիս։ Բայց ես ճնշում չգործադրեցի քրմերի վրա և չմիջամտեցի դատավորներին։ Թող ամենևին չթվա, թե մոռացել եմ՝ ինչ է արժանապատվությունը, և ոչ էլ այդպես եմ վարվում զուտ մարդասիրությունից։ Ո՛չ, ամենևին ո՛չ։ Դու վիրավորել ես նաև աստվածներին, և ես չեմ ուզում առաջ անցնել նրանցից, քանի որ մարդկային զայրույթը ոչինչ է բարձրյալների ատելության հանդեպ, ու թե հոգսաշատ մահկանացուն երբեմն կարող է ներողամիտ լինել՝ աստվածներին հատուկ չէ դա, և նրանք անպատճառ վրեժ կլուծեն իրենց հասցված անարգանքի համար։ Ինչ վերաբերում է Պոմպեային՝ ես ապահարզան եմ տվել, և նա իր անձի հետ իմ տնից տարել է անպատվությունը. հիմա կարող ես նրան այցելել առանց կեղծամի։

— Մեր մեջ ոչինչ չի եղել,— մեղանչողի անկեղծությամբ ասաց Կլոդիոսը։

— Դա ինձ բոլորովին չի հետաքրքրում,— վրա բերեց Կեսարը կտրուկ,— իմ կնոջ վրա կասկած անգամ չպիտի լինի, թեկուզ ողջ Քաղաքը թաղված լինի ապականության տիղմի մեջ։

Ապա շրջվելով դեպի պարտեզը՝ շարունակեց՝ հեռուն նայելով.

— Ես չեմ կարող երաշխավորել աստվածների համար, թեև նրանց փոխանորդն եմ աշխարհի վրա, բայց քեզ հնարավորություն կտամ մեղքերդ քավելու իմ առաջ։

― Պատրաստ եմ ընդունել ցանկացած պայման,— Պուբլիոսը վայրկենապես աշխուժացավ, մի պահ կամեցավ ծնկի գալ քրմապետի առաջ, բայց ինքնասիրությունը թույլ չտվեց անել այդ։ Եվ անհամբեր սպասեց, թե ինչ է առաջարկվելու իրեն։

— Դու պիտի վրեժխնդիր լինես Ցիցերոնից,— ասաց Կեսարը հակաճառություն չհանդուրժող տոնով։

Կոնսուլի անունը լսելով՝ Պուբլիոսը բացված ափով խփեց կրծքին ու գոչեց խրոխտ ձայնով.

— Ես պատրա՛ստ եմ։

— Շտապելու հարկ չկա,— Կեսարն աջը պարզեց Կլոդիոսին,— քանի դեռ նա օժտված է իշխանությամբ՝ անմտություն է որևէ բան ձեռնարկել։ Ես կհայտնեմ՝ երբ և ինչ է հարկավոր անել։

Կլոդիոսը երկյուղածությամբ շուրթերը հպեց քրմապետական ադամանդակուռ մատանուն։

«Եթե նրան չխաչեն, ուրեմն կանանց իսկապես ուրվական է երևացել,— քրմապետը մտածկոտ հայացքով նայեց իր առջև խոնարհված պատրիկին,— հետևաբար՝ նաև սրբապղծություն չի եղել իմ տան մեջ»։

Գլուխ երրորդ

Քաղաքը չհասցրեց ուզածի չափ բամբասել Կլոդիոսի գործած սրբապղծության մասին, քանի որ շուտով կատարվեցին առավել նշանակալից դեպքեր, որոնք իրենց վրա բևեռեցին հասարակության ուշադրությունը։ Նոյեմբերի կեսերին Կատիլինան երկու լեգեոնով Պերուզիայի վրայով շարժվեց հարավ։ Ապոլեիումը նրան հանձնվեց առանց մարտի, Նուրսիայի կայազորը, որի պետը Ցիցերոնի կրտսեր եղբայրն էր, փորձեց դիմադրել, բայց ժողովուրդը գիշերը բացեց դարպասները։ Պարենավորվելով և զինվորագրելով կամավորներին՝ Կատիլինան սպասեց մինչև օգնական ջոկատների ժամանումը, իսկ երբ զինվորների թիվն անցավ քսան հազարից՝ շարժվեց Հռոմի վրա՝ նպատակ ունենալով հանրապետական զորքերին դիմավորել Լուկայի մոտ։

Սենատը խռովարարների դեմ ուղարկեց Գայոս Անտոնիոսին՝ նրան հանձնելով Ութերորդ, Տասներեքերորդ և Ասիա մեկնելու համար Բրունդիզիոնում գտնվող Տասնհինգերորդ լեգեոնների հրամանատարությունը։ Նրան թույլատրվեց նաև զորահավաք անցկացնել հյուսիսային մարզերում։

Նոր էր Անտոնիոսը թողել Հռոմը, երբ շուկա ապրանք բերող գյուղացիների հետ քաղաք սողոսկեցին Կատիլինիայի սուրհանդակները՝ դավադրություն կազմակերպելու լուր բերելով նրա համախոհներին։ Լենտուլոսի տանը կայացած գաղտնի ժողովը ծրագրեց խռովություն հրահրել Սատուրնալիայի տոներին, երբ քաղաքը տարված կլիներ խաղերով ու գինեմոլությամբ։ Բայց, ի մեծ զարմանս դավադիրների, հաջորդ օրը ողջ քաղաքը գիտեր այդ մասին։ Իսկ մեղավորը Կուրիոսն էր։ Կամենալով շահել սիրուհու սիրտը, որը մտադիր էր լքել աղքատացած պատրիկին, նա պարծեցել էր, թե շուտով ոսկու սարեր կունենա։ Սիրուհին նրան չէր հավատացել ու ծաղրել էր, իսկ Կուրիոսը բացել էր գաղտնիքը։ Բայց քանի որ նրա տարփուհին ոչ մեկին չէր հայտնել, թե ովքեր են դավադիրները և ումից է լուրն իմացել, պահնորդությունը չգիտեր՝ որտեղից է սպասվում վտանգը։ Այնուամենայնիվ, սենատը Ցիցերոնին հանձնարարեց պաշտպանել քաղաքը՝ անսահմանափակ լիազորություններ շնորհելով նրան։ Մինչդեռ Կատիլինան խռովության սպասումով խուսափում էր ընդհարվել Անտոնիոսի հետ և անընդհատ փոխում էր բանակատեղին։

Դեկտեմբերյան կալենդներից մի քանի օր անց, երբ քաղաքը փոքր-ինչ խաղաղվել էր, դավադիրները կրկին հավաքվեցին գաղտնի խորհրդակցության։ Բուռն վեճ եղավ։ Նախորդ ձախողումից գլուխը կորցրած Լենտուլոսը պահանջում էր հրդեհել քաղաքը միաժամանակ մի քանի հատվածներում և, օգտվելով ստեղծված խառնաշփոթից, սպանել Ցիցերոնին։ Կուրիոսին դա չէր բավարարում, նա առաջարկում էր սպանել վստահություն չներշնչող բոլոր սենատորներին, ինչպես նաև մյուս դասերից որոշ երևելիների, մեծամասամբ նրանց, ում ինքը պարտք էր։

Խորամանկորեն իմանալով հանրապետությանը սպառնացող աղետի մասին, Կուրիոսի տարփուհին շտապեց կոնսուլի մոտ և ամեն ինչ պատմեց նրան։ Դավադիրների ջոկատները ձերբակալվեցին՝ չհասցնելով այրել գոնե մեկ տուն։ Ցիցերոնին սպանելու համար առանձնացված խումբը, որ պանդոկներից մեկում սպասում էր հրդեհի սկսվելուն, շրջապատվեց և կարճատև մարտից հետո անձնատուր եղավ։ Լենտուլոսը դարանակալվեց իր տան մոտ և ձերբակալվեց զինակիցների հետ։ Լուրջ ընդհարում եղավ միայն նավահանգստում, ուր Ցեպիոնն իր մարդկանցով սպասում էր Կատիլինայի բանբերին։ Պրետորներին դա հայտնի չէր, և խոհակիցների ձերբակալման լուրն առնելով՝ Ցեպիոնը գրավեց նավահանգիստը, ապա ոտքի հանելով իր ստրուկներին, որոնք բոլորն էլ հմուտ կռվողներ էին, հրդեհեց առափնյա թաղամասերը։ Նա հարձակվեց Լենտուլոսին ուղեկցող վիգիլների վրա, բայց մի կերպ փրկվելով խորամանկորեն սարքված շուրջկալից՝ հեռացավ քաղաքից՝ իր հետ տանելով նավահանգստում եղած բոլոր ռազմանավերը։

Այս ամենից խիստ անհանգստացած կոնսուլը, չնայելով ուշ ժամին, դեցիմվիրներին կարգադրեց շրջել բոլոր սենատորների տները և առավոտ վաղ նրանց հրավիրել արտակարգ նիստի...

Կեսգիշերը բավականին անց Ցիցերոնի առանձնատան մոտ կանգ առավ ծիրանագույն մի պատգարակ, որի փարթամ ծոպերը իջնում էին մինչև գետին։ Պատգարակի պերճանքից և այն ուղեկցող սպառազեն լիկտորների ու ջահակիր ստրուկների տեսքից դժվար չէր ենթադրել, որ ժամանողը բարձրաստիճան մագիստր է։

Լիկտորներից մեկը, որ եղեգնյա ճիպոտներ ու սակր էր կրում, բախեց դարպասը։ Պատնեշի մյուս կողմից ուշացած քստքստոց լսվեց, ապա ետ քաշված փոքրիկ պատուհանից երևաց թավամազ մի գլուխ։

— Հայտնիր կոնսուլին, որ ժամանել են պատվարժան հայրեր Մարկոս Կատոնը և Գնեոս Պիզոնը,— ասաց լիկտորը՝ դռնապանի ուսի վրայից նայելով պատուհանից ներս,— և կամենում եմ տեսակցել նրան։

Երևելի անձանց անունները լսելով, դռնապանը անհետացավ վայրկենապես, սակայն չմոռացավ փակել պատուհանը։ Հեռացող ոտնաձայներ լսվեցին, հետո լռություն տիրեց։ Որոշ ժամանակ անց դարպասը բացվեց կրնկի վրա, և ներս մտած պատգարակն առնվեց զինավառ պատանիների կրկնակի օղակի մեջ։ Ցիցերոնի սաների ուղեկցությամբ այն առաջացավ խճածածկ ծառուղով, որ փշրված հայելու նման պսպղում էր լիալուսնից, և կանգ առավ ճերմակավեմ առանձնատան առմուտքի մոտ։

Կոնսուլը հյուրերին ընդունեց տաբիլինում, ուր պատրաստվում էր վաղվա նիստին։ Երբ մնացին երեքով՝ Պիզոնը ներում խնդրեց տարաժամ այցելության համար, բայց Ցիցերոնը ձեռքը թափ տվեց և սեղանին փռված մագաղաթները հավաքելով՝ ասաց.

— Գիտեի, որ չեք կարող աչք կպցնել, երբ հանրապետությունը վտանգի մեջ է։ Քիչ առաջ ինձ մոտ էր Վելլեյոսը և իր օգնությունն էր առաջարկում շուտափույթ կարգուկանոն հաստատելու համար։

Հյուրերը միմյանց նայեցին, ապա Պիզոնն ասաց.

— Ի՞նչ խոսք, ոչ ոք այսօր չի կարող անտարբեր մնալ. հայրենիքն իսկապես վտանգված է, ինչպես երբեք, և բոլորը, ովքեր պատճառ են եղել խառնակության՝ ամենայն խստությամբ պատասխան կտան օրենքի և աստվածների առաջ։ Բավական է, որքան համբերեցինք, վաղը ևեթ հարկավոր է մահապատժի ենթարկել նրանց։

— Կարծում եք հայրերը կպաշտպանե՞ն այդ միտքը,— հարցրեց կոնսուլը։

— Կասկած լինել չի կարող,— պատասխանեց Պիզոնը ինքնավստահ տոնով,— մենք հասցրել ենք տեսնվել շատերի հետ։ Բայց, թերևս, հարկ կլինի մի փոքր սարսափեցնել բոլոր նրանց, ովքեր լավ չեն պատկերացնում, թե ինչ տեղի կունենար, եթե դավադրությունը չբացահայտվեր ժամանակին։ Եվ մեծանուն հռետորի համար, որպիսին Մարկոս Ցիցերոնն է,— Պիզոնի աչքերը փայլեցին և նրա դեմքին խորհրդանշանակ ժպիտ հայտնվեց,— պիտի որ մեծ դժվարություն չլինի անել այդ։

Գովեստների սիրահար կոնսուլը մեկ ուրիշ անգամ կշոյվեր այս խոսքերից, բայց այժմ նա լրջորեն անհանգստացավ. գիշերային այս այցից սիրտը լավ բան չէր գուշակում։ Լայն ճակատը կնճռոտելով, նա հայացքը Պիզոնից պրինցեպսին փոխադրեց, ջանալով կռահել այցի նպատակը։ Կատոնը լուռ էր և անուրախ, ու Ցիցերոնը սոսկումով նկատեց, որ նա իրեն է նայում այնպիսի հայացքով, ինչպես նայում են զոհաբերության տարվող ցուլին։ Կործանման սարսափ տիրեց նրան, նրա աչքերը մթագնեցին, և Պիզոնի ձայնը, որ շարունակում էր խոսել, նրան հասնում էր բազմաթիվ արձագանքներով։

Մեր թշամիները, ոտնահարելով ամեն սրբություն, ժողովրդին գրգռում էին մեր դեմ, վարկաբեկում էին մեծատոհմիկ այրերին և սպառնում ոչնչացնել նրանց, ու մենք աններելի սխալված կլինենք, եթե այժմ խիստ չվարվենք և օգտվելով խառնաշփոթից՝ չազատվենք նաև բոլոր նրանցից, ովքեր, ճիշտ է, անմիջականորեն կապված չեն դավադիրների հետ, բայց կանգնած են մեր ճանապարհին և անախորժություններ կպատճառեն մեզ վաղը։

— Ու՞մ նկատի ունի հարգարժան Պիզոնը,— հարցրեց կոնսուլը՝ ջանալով քողարկել իրեն համակած անհանգստությունը։

— Այդպիսիք շատ են, բայց ես կառանձնացնեի Գայոս Կեսարին։ Աստվածները նրանից ազատվելու բարենպաստ պայման են ստեղծել, և մենք իրավունք չունենք վարանելու։ Մեկ անգամ ներողամիտ եղանք և սխալվեցինք չարաչար։ Հիշո՞ւմ եք, երբ Լեպիդոսի խռովությունը ճնշվեց, ես առաջարկեցի ապստամբների հետ պատժել նաև Կատիլինային, սակայն ինձ մերժեցին, պատրվակելով, թե Սերգիուսը նվազ վտանգավոր է։ Եվ ի՞նչ ստացվեց։

«Ահա՜, թե ինչ»,— ափով քրտնած ճակատը տրորելով, Ցիցերոնը քայլում էր սրահում։ Ապա նա դարձավ դեպի Կատոնը և ասաց վրդովված.

— Դուք հիմա ինձ խնդրում եք անել այն, ինչ ես պահանջում էի երեք տարի առաջ, երբ նա մեծ հեղինակություն չուներ, և ամեն ինչ անհամեմատ հեշտ կլիներ։

— Դա իմ վրիպումն է եղել,— խոստովանեց Կատոնը,— ես թերագնահատեցի նրան։ Բայց երբեք ուշ չէ՝ ուղղել սխալը։

«Բայց ինչո՞ւ ես պիտի ուղղեմ այն»,— ակամա մտածեց կոնսուլը և զգալով, որ իրեն քաշում են նենգ խաղի մեջ՝ օգնության կանչեց բոլոր աստվածներին։

— Բայց նա քրմապետ է. մի՞թե չեք երկյուղում բարձրյալների զայրույթից,— Ցիցերոնը մի հուսահատ փորձ արեց ազդել հյուրերի վրա։

Սակայն աստվածներին վկայակոչելն ամենևին ներգործություն չունեցավ, և Կատոնը, ելնելով բազմոցից, ասաց վճռականորեն.

— Եթե վաղը նա մեղադրվի դավադիրներին աջակցելու մեջ՝ ոչինչ չի փրկի նրան խուսափել պատժից։

Ցիցերոնին սառը քրտինք պատեց։ Իր վիճակը նրան պատկերանում էր անողոք պարզությամբ. եթե ընդառաջեր հյուրերին և մեղադրանք ներկայացներ քրմապետի դեմ, կարժանանար ամբոխի զայրույթին, որից նա երկյուղում էր դավադիրներից առավել։ Եթե հրաժարվեր... Եվ նա ցավով գիտակցեց, որ զրկված է այդ հնարավորությունից։ Ֆակտիոին պաշտպանելով՝ գժտվել էր Լուկուլլոսի, Կատիլինայի, Մումերկոսի, Կրասոսի և այլոց հետ, ու սոսկումով մտածեց, թե ինչ կլինի իր վիճակը, եթե սենատական վերնախավը երես թեքի իրենից։ Քաջարի և սառնասիրտ մարդ չլինելով՝ նա մոլորվել էր լարումից, նա չէր նայում հյուրերի կողմը, որոնք արտաքուստ ձևացնում են, թե եկել են խնդրանքով, բայց իրականում սպառնում են, լավ իմանալով, որ մերժումն իր համար հավասարազոր է կործանման։

Եվ նա անիծեց այն օրը, երբ ինքը՝ դժոխային այս քաղաքում հայտնված անփորձ ու անօթևան սկսնակ հռետորը, ընկավ Կատոնի որոգայթը։

Նա օգնության կանչեց նաև բոլոր սրբերին, անտառների ու դաշտերի ոգիներին, իր նախնիների ուրվականներին և աղերսեց փրկության ուղի ցույց տալ իրեն։

— Բոլորովին պետք չէ անհանգստանալ,— Կատոնը լավ էր ճանաչում կոնսուլին և նրա աչքից չէր վրիպել նրան համակած հուզմունքը,— իմ մարդիկ բռնել են ոմն Տարկվինիոսի՝ պլեբեյական տներից, որը գրություն էր բերում Կատիլինայից։ Ուրեմն, այդ Տարկվինիոսը մորթապաշտի մեկն է և խաչվելուց խուսափելու համար պատրաստ է ամեն ստորության։ Ես անձամբ քննել եմ նրան, և նա համաձայն է վաղը ցուցմունք տալ սենատին, որ Կեսարից բազմաթիվ անգամ քաջալերող գրություններ է տարել Կատիլինային։

Պիզոնը խորհրդանշական գլխով արեց, որ նշանակում էր, թե միջոցն այս քննարկվել է վերնախավի կողմից ամենայն մանրամասնությամբ և հավանության արժանացել։

— Նրա խոսքերը վստահություն կներշնչեն, և շատերը կհավատան նրան, քանի որ Կեսարը մտերիմ էր Սերգիուսին։ Քեզ մնում է պաշտպանել Տարկվինիոսին։ Ամեն ինչ կընթանա բարեհաջող, երկյուղելու հարկ չկա։ Կեսարին շատերն են կասկածում, իսկ ես նույնիսկ համոզված եմ, որ նա դավադիրների հետ է, թեև, պիտի խոստովանեմ, նա գործում է շատ զգույշ. իմ մարդիկ հետևում են զօր ու գիշեր, բայց կասկածելի ոչինչ չեն նկատել։

Ցիցերոնի դեմքը մի պահ լուսավորվեց հրճվանքի ճառագայթներով, ինչպես հրճվում է նավաբեկությունից հետո անմարդաբնակ կղզում հայտնված մարդը՝ օգնության եկող նավ տեսնելով, և նա, հայացքին նախկին մռայլությունը հաղորդելով, ասաց, ինքն իր հնարամտությունից գոհ.

— Քո լրտեսները զուր հաց են փչացնում, և հարկավոր է նրանց բոլորին խարազանել, որպեսզի հանձնարարություն կատարելու փոխարեն քարշ չգան գինետներում. նրանք հայտնե՞լ են քեզ արդյոք այն մասին, որ Կեսարն այսօր առավոտյան եղել է ինձ մոտ։

— Ահա՛ որ լսում եմ այդ մասին,— Կատոնն անկեղծորեն զարմացավ, իսկ Պիզոնը հանկարծակի եկած՝ վեր թռավ բազմոցից։ Մի պահ նրանք կոնսուլին նայեցին անբացատրելի մի հայացքով, որի մեջ թերահավատությունը խառնված էր անհանգստության հետ, և հարցրին միաբերան.

— ԵՎ ի՞նչն էր նրան բերել քեզ մոտ։

— Այն, ինչ հիմա կասեմ ձեզ, կհարուցի ձեր զարմանքը և չեք հավատա, ինչպես չհավատացի ես՝ լսելով նրան,— կոնսուլը մոտ գնաց հյուրերին։— Նա եկել էր զգուշացնելու նախապատրաստվող խռովության մասին։

Սա իսկապես անհավատալի էր, և հյուրերը զարմանքից ջղաձգվելով՝ նայեցին միմյանց։

— Սկզբում կարծեցի, թե դա հերթական խաղ է, և նա կամենում է շփոթության մեջ գցել ինձ, բայց հազիվ էր հեռացել, երբ եկավ Կուրիոսի սիրուհին։

— Նա երևի գժտվել է Սերգիուսի հետ,— Պիզոնը փորձեց հասկանալ քրմապետի տարօրինակ քայլի պատճառը,— այլապես ի՞նչն էր նրան դրդել մատնության։ Թերևս, այդպես է, որ կա։ Վերջին անգամ նա Կատիլինայի հետ տեսնվել է նրա մեկնումի օրը։ Օպիոսի հետ նա եղել է Սերգիոսի մոտ. երկար չեն մնացել այնտեղ, բաժանվել են մռայլված ու երկար ժամանակ անմիտ թրև եկել Քաղաքում։ Հետո ամբողջ երեք օր Կեսարը դուրս չի եկել տնից։

Կատոնը գլուխն ափերի մեջ առած՝ խորհում էր, և դա լրջորեն անհանգստացնում էր կոնսուլին. նա երկյուղում էր, թե աչալուրջ պրինցեպսը կուլ չի տա խայծը։

Մի քանի րոպե լռություն տիրեց, որը խախտեց Կատոնը՝ հարցնելով.

— Բայց չէ՞ որ նա ոչինչ ապացուցել չի կարող, եթե դու ժխտես, որ հանդիպել ես նրան։

— Օ՜, գերապատիվ պրինցե՛պս, եթե այդպե՜ս լիներ,— Ցիցերոնը ողբերգակ դերասանի նման դեմքին տառապանք հաղորդեց ու գլուխն օրորեց դառնությամբ։— Նա խորամանկ է՝ աղվեսի պես և աչալուրջ՝ ինչպես բորենին. նա զրկել է մեզ այդպիսի բավականությունից, քանի որ, ի մեծ տխրություն մեզ, նա վկա ունի. նրան ուղեկցում էր Մարկոս Անտոնիոսը։

Կեսարի մտերիմ ընկերոջ անունը լսելով, հյուրերը խոժոռվեցին, իսկ Ցիցերոնը շտապեց շեղել նրանց ուշադրությունը, քանի դեռ չէին հասցրել ուշքի գալ։

— Ես հասկանում եմ ձեր վրդովմունքը, մեծարգո՛ հայրեր, և վրդովված եմ հավասարապես։ Ձեր մեջ խոսում է վրեժխնդրությունը՝ վեհ և սուրբ մի զգացում, բայց Քաղաքին համակած անօրինակ խառնաշփոթի մեջ մոռանում եք ամենագլխավոր վտանգը, որ կարող է վաղը նոր անախորժություններ պատճառել մեզ։

Հյուրերը կիտված հոնքերի տակից նայում էին նրան։

— Այո՛, Կեսարին մենք ատում ենք, քանի որ նա խարխլում է մեր ոտքի տակի հողը, անվանարկում մեզ, հրապուրում մեր համախոհներին, որոնց նվիրվածությանը չենք կասկածել, սակայն, ամենևին չթերագնահատելով նրան, հանրապետության համար բախտորոշ այս պահին ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Կրասոսի վրա, ումից, իմ խորին համոզմամբ, այժմ հարկավոր է զգուշանալ առավել չափով։ Ես նկատի չունեմ նրա հարստությունը, զինվորների սերը նրա հանդեպ կամ թե նրա կապերը երկրի ներսում և սահմաններից դուրս։ Որ Կրասոսը բազմաթիվ թելերով է կապված Կեսարին, գաղտնիք չէ ոչ մեկիս համար։ Գաղտնիք չէ նաև այն, որ նա սկզբում համակրում էր դավադիրներին և ետ կանգնեց այն բանից հետո, երբ վերջիններս որոշեցին ոչնչացնել բոլոր պարտացուցակները։ Ամենքիդ է հայտնի, որ նա մի հիմար սովորություն ունի՝ ձգձգել ամենահասարակ հարցի քննարկումն անգամ և սենատում հենց այնպես խառնաշփոթ ստեղծելու համար պաշտպանել ակնհայտ հանցագործին կամ հանդես գալ անհեթեթ առաջարկներով։ Նա դրանից երևի հաճույք է ստանում։ Ինչևէ։ Վաղը ոչ ոք չի համարձակվի պաշտպանել դավադիրներին, քանի որ դրանով կասկածի տակ կդնի իր անձը։ Բայց եթե դա անի Կրասոսը՝ ամենքը կընդունեն այդ որպես հերթական խաղ։ Իսկ դուք մտածե՞լ եք, թե ի՞նչ տեղի կունենա, եթե նա վաղն իսկապես փորձի պաշտպանել դավադիրներին։ Մեր հակառակորդները նրան կփորձեն օգտագործել իրենց նենգ նպատակների համար, իսկ սենատորների մեջ կան խռովարարներին համակրողներ ու նաև ազգականներ, էլ չեմ խոսում նրանց մասին, ովքեր առ այսօր չունեն իրենց որոշակի կարծիքը և հեշտությամբ կարող են տրվել հույզերին։

Հյուրերը մոլորված միմյանց նայեցին, ապա Պիզոնն ասաց.

— Երևում է կոնսուլը երկար է խորհել այս մասին և գուցե ցենզորին խանգարելու որևէ միջո՞ց է տեսնում։

— Շատ եմ խորհել,— խոստովանեց Ցիցերոնը,— անչափ շատ, բայց միջոցն ինքներդ հուշեցիք. վաղը Տարկվինիոսը թող տա Կրասոսի անունը։ Սա կարող է թվալ անիմաստ, քանի որ ոչ ոք չի հավատա նրան։ Կրասոսին այժմ պաշտպանում են մեծաթիվ սենատորներ, քիչ չեն նաև նրա պարտապանները, որոնք բաց չեն թողնի նրան սիրաշահելու առիթը և կպահանջեն պատժել Տարկվինիոսին սենատին մոլորության մեջ գցելու համար։ Այդ միջադեպից հետո Կրասոսն այլևս չի համարձակվի պաշտպանել դավադիրներին։

— Նրան թվաց, թե հիմարացրեց մեզ,— ասաց Կատոնը արդեն պատգարակի մեջ։— Թեև, պիտի խոստովանեմ, Կրասոսին իսկապես աչքաթող էինք արել։

— Իսկ ես հավատում եմ նրան,— արձագանքեց Պիզոնը, որ մտախոհ նայում էր գիշերային քաղաքին։— Մի մարդու համար, որն ընդունակ գտնվեց եղբայրանալ ընտանեկան երջանկությունը խռովողի հետ, դժվար չէ մատնել մերձավորին։

— Մի՞թե կարծում ես, թե նա հենց այնպես կներեր Կլոդիոսին։

Նրանք լռեցին, յուրաքանչյուրը տրվեց սեփական մտքերին։ Այդպես առաջացան քառորդ մղոնի չափ։ Հանկարծ Կատոնը հետ նստեց բարձերին և ոգևորված՝ խփեց Պիզոնի ուսին.

— Գտա՛. Կեսարին կոչնչացնեն նրանք, ովքեր աստվածացրել են նրան։

Գլուխ չորրորդ

Երբ զորեղաբազուկ Քամիլլիոսը՝ գալլերին հաղթողը, սրբազան ճանապարհի վրա կառուցեց Համաձայնության տաճարը, հեռավոր այն ժամանակներում հռոմեացիների մեջ իսկապես պառակտում չկար։ Բայց շատ չանցած տաճարն ավերվեց երկրաշարժից ու իր փլատակների տակ մեկընդմիշտ թաղեց երբեմնի համաձանությունը։ Գրակքոսները տաճարը վերականգնեցին, սակայն Էնեասի հետնորդների սրտում բուն դրած անհաշտությունը գոյատևում էր՝ այս էլ որերորդ անգամ միմյանց դեմ հանելով հանրապետության երևելի անձանց։ Եվ նրբագեղմ թիկնոցների մեջ փաթաթված քնատ սենատորները նորովի էին ընկալում կուրիայի պատին հարյուր տարի առաջ ինչ-որ մեկի կողմից արված գրությունը՝ «Պիղծ պառակտումը համաձայնությանը նվիրաբերեց սույն տաճարը», քանի որ պառակտումն էր դեկտեմբերյան ցրտաշունչ այդ առավոտ նրանց հանել տաքուկ անկողիններից։ Նրանց դեմքին լրջություն էր դրոշմված, ու գլխի մռայլ շարժումով ողջունելով միմյանց, անխոս անցնում էին ծածկահարթակը հսկող վիգիլների մոտով ու մտնում տաճար։

Լեփ-լեցուն կուրիան լարված հետաքրքրությամբ սպասում էր կոնսուլին։ Նա իրեն երկար սպասեցնել չտվեց ու երբ երևաց մուտքի մոտ, սենատորները ոտքի ելան։ Ցիցերոնն ուղղվեց դահլիճի խորքը, ուր բեմի վրա էբենոսե, կոնսուլական երկու աթոռ էր դրված։

Վայր դնելով ձեռքի գալլարները նա ողջունեց հայրերին և նշան արավ մունետիկներին։ Փողկանչի հետ ետնատնից ելավ թասակերպ խույր դրած մի քուրմ, ում հետևում էր պսակներով ու ժապավեններով զարդարված խոյ գրկած հիերոդուլը։ Նրանք մոտեցան կոնսուլին։ Ցիցերոնը ձեռքերը ցողեց սրբազան ջրով, մի փունջ բուրդ կտրեց խոյի գլխից և նետեց կրակը։ Հետո աղախառն ալյուր ցանելով զոհի ճակատին՝ այն հանձնեց քրմին։ Ու մինչ սա վարժ շարժումներով սպանում էր խոյին և երկար դանակով դուրս բերում փորոտիքը՝ նա դիմեց դահլիճին, որ համբերատարությամբ սպասում էր զոհաբերության ավարտին։

— Ծանր պարտականությունն է ստիպել ինձ հրավիրել ձեզ այսքան վաղ, հայր սենատորներ,— նա խոսում էր մռայլ ու անուրախ, զննող հայացքով ներկաներին նայելով,— և հանուն հռոմեական ժողովրդի բարօրության ահա դիմում եմ ձեզ։

Նա դադար տվեց, որպեսզի սենատորները կենտրոնանան։

— Դավաճանությունը թափանցել է հանրապետության սիրտը՝ սենա՜տ։ Այն անձինք, ովքեր այսօր սպասում են իրենց ճակատագրի վճռվելուն, երկար տարիներ նստել են ձեր կողքին, կրել սենատորական զգեստ, բարձր պաշտոններ զբաղեցրել պետության մեջ։ Այդ մարդիկ ագահությունը և ինքնասիրությունը վեր են դասել հանրապետության պատվից և իրենց հիվանդագին նպատակներին հասնելու համար վճռել են հրո ճարակ դարձնել մեր սուրբ Քաղաքը, հանձնել այն բարբարոսներին։ Եվ մենք, հայր սենատորներ, հավաքվել ենք այստեղ անմահ աստվածների խորհրդով արդարացի պատիժ գտնելու նրանց անօրինակ ստոր արարքների համար։

Ցիցերոնը շրջվեց դեպի քուրմը։ Սա, որ ավարտել էր զննումը, հայտնեց ի լուր ամենքի, որ աստվածները բարեհաճ են, և երկրային նշանները թույլատրում են սկսել նիստը։ Ցիցերոնը նախագահողի իրավունքով դահլիճին ներկայացրեց անցյալ օրվա դեպքերի մանրամասները, թե ինչպես էին դավադիրները իրագործելու իրենց ծրագրերը, ինչպես էին մտադիր սպանել իրեն, իսկ վերջում ընթերցեց ցուցակն այն անձանց, ում հետ դավադիրները պատրաստվում էին հաշվեհարդար տեսնել։ Այս վերջին լուրը քչերին էր հայտնի, և հիմա ոմանք սոսկում էին՝ լսելով իրենց անունը, մյուսները փշաքաղվում էին դավադիրների դաժանությունից։ Կոնսուլը դահլիճին նայում էր կարեկցանքով ու ներքին բավականությամբ։

Սկսվեց վկաների ունկնդրումը։ Հրավիրեցին տարեց մի կենտուրիոնի. նա իր վիգիլների հետ կալանել էր Աքաղաղի աղբյուրի մոտ թաքնված երկու անձանց։ Ճիշտ է, ձերբակալվածները հայտարարել էին, թե դավադիրների հետ ոչ մի առնչություն չունեն, բայց կենտուրիոնը վստահ էր, որ նրանք աղբյուրի մոտ ազդանշանի կամ հրամանի էին սպասում։ Հետո Հռոմի կայազորից ռազմական մի տրիբուն հայրերին վառ գույներով պատմեց կոնսուլին սպանելու համար առանձնացված ջոկատի զինաթափման մասին՝ չմոռանալով ընդգծել, թե որպիսի կատաղությամբ էին կռվում դավադիրները։

Մի քանի այլ վկաներից հետո կոնսուլը հրավիրեց Տարկվինիոսին։ Նրան բերին շղթայակապ, երկու վիգիլների ուղեկցությամբ։ Կոնսուլը պահանջեց դահլիճին հայտնել այն ամենը, ինչ հայտնի է իրեն։ Տարկվինիոսը հրաժարվեց ցուցմունք տալ, ասելով, որ չի խոսի, մինչև պետության անունից անվտանգության երաշխիք չտրվի իրեն։ Նրա պահանջը բավարարվեց, և նա անկազմակերպ ու շուտասելուկի պես հաղորդեց բոլորին հայտնի մի քանի տեղեկություններ։

Նրան հարցրին, թե տեղյա՞կ էր, որ դավադիրները մտադիր էին այրել քաղաքը։ Նա գլխով արեց։ Դահլիճում անհանգիստ շշուկներ լսվեցին, և կոնսուլը ստիպված էր դիմել մունետիկների օգնությանը։

Կատոնի այն հարցին, թե նա ներկա՞ է եղել արդյոք որևէ գաղտնի ժողովի, Տարկվինիոսը պատասխանեց դրականորեն, ասելով, որ ինքը մասնակցել է մի հավաքույթի, ուր որոշվում էր, թե ինչպես է հրդեհվելու քաղաքը։ Հետո ավելացրեց, որ իրեն հայտնի էր, թե քաղաքի որ թաղամասն ում էր հանձնարարված։ Իսկ երբ կոնսուլը վերջապես պահանջեց հայտնել սենատին այն մարդու անունը, ում հանձնարարությամբ նա մեկնել էր Կատիլինայի մոտ, Տարկվինիոսը երկար լռեց, ապա, հայացքը գետին հառելով, ասաց, որ իրեն ուղարկել էր Կրասոսը՝ հուսադրելու Կատիլինային, որպեսզի նա չհետաձգի արշավանքը Հռոմի վրա։

Դահլիճը քարացավ անակնկալ այս լուրից, բայց լռությունը կարճ տևեց, քանի որ հաջորդ պահին գրեթե բոլորը սկսեցին գոռալ, բռունցքներով հարվածել նստարաններին ու ցասումով պահանջել անմիջապես պատժել Տարկվինիոսին, որ համարձակվում է արատավորել ամենահարգված քվիրիտի անունը։ Նրանք կանչում էին, թե ցուցմունքը կեղծ է, և ինչ-որ մեկը ճնշում է գործադրել Տարկվինիոսի վրա։

Կրասոսը շփոթվել էր, նա դողում էր ցասումից և ելնելով ռոստրայի մոտ, պրետորներից պահանջեց գործ հարուցել՝ պարզելու համար այս թատերախաղի հեղինակների ինքնությունը։

Տարկվինիոսին տարան, և սենատը, փոխելով քիչ առաջ ընդունած իր որոշումը, վճռեց նրան շղթայակապ պահել այնքան ժամանակ, քանի դեռ չի խոստովանի՝ ում պահանջով է մոլորության մեջ գցել իրենց։

Գալլական դեսպանները, որոնց դավադիրներն անզգուշաբար փորձել էին կաշառել, սենատին սիրաշահելու նպատակով խոստովանեցին ամեն ինչ, ապա խնդրեցին դահլիճին ցույց տալ իրենց ցեղապետերին ուղղված այն կոչերը, որ ստացել էին Լենտուլոսից։ Մունետիկները բարձրաձայն կարդացին դրանք, ապա անցան շարքերի միջով, որպեսզի սենատորները ճանաչեին դավադիրների կնիքները։

Վկաների ունկնդրումը վերջապես ավարտվեց։ Սկսվեց կարծիքների հարցումը։ Ցիցերոնն առաջինը դիմեց գալիք տարվա համար ընտրված կոնսուլներին։ Նրանցից Դեկիմոս Սիլանոսը նույնիսկ ռոստրային չմոտեցավ, այլ տեղից հայտարարեց, որ ինքը, որպես հայրենիքի բախտով մտահոգված այր, նախընտրում է մահապատիժ։ Դահլիճը սսկվեց։ Մյուս կոնսուլը մնաց նստած և ոչինչ չասաց. դա պաշտոնակցի հետ լիովին համամիտ լինելու նշան էր։ Նույն կերպ վարվեցին նաև պրետորները, ժողովրդական տրիբունները, էդիլները։ Այլ կարծիքներ չկային, և Ցիցերոնը մտադիր էր Սիլանոսի առաջարկը դնել քննարկման, երբ հետին շարքերից լսվեց հնչեղ մի ձայն.

— Հարցրո՛ւ, կոնսուլ։

Ելույթ ունենալու Կեսարի ցանկությունն այնքան անսպասելի էր, որ դահլիճում սկիզբ առած շշուկը վայրկենապես մարեց։

— Անխոհեմություն մի՛ անի,— Մումերկոսը խիստ անհանգստացած բռնեց նրա ձեռքը։— Սիրտս վկայում է՝ ծուղակ է սա, և նրանք սպասում են մեր անզգույշ քայլին։

— Բայց ես երբեք չեմ ների ինձ նրանց փրկելու վերջին հնարավորությունից չօգտվելու համար,— պատասխանեց Կեսարը կիսաձայն ու շարքերի միջով գնաց դեպի ռոստրան։

Քաջալերող շշուկներ էին լսվում, սակայն եղան ձայներ, որ խառնակիչ անվանեցին նրան։ Այնուամենայնիվ, դահլիճը շունչը պահած սպասում էր նրա ելույթին։

— Մեծանուն Դեմոսթենեսը, հայր սենատորներ,— Կեսարը ձեռքերը տարածեց ամբիոնի վրայով և դահլիճին նայեց անհասցե մի հայացքով,— սաներից պահանջել էր իրենց ելույթներում ղեկավարվել ոչ թե անձնական թշնամանքով կամ թե քծնանքով, այլ արտահայտել այն, ինչը իրենք կհամարեն արդարացի և ճշմարիտ։ Իմաստուն այս մտքին մենք անպայմանորեն պիտի հետևենք այժմ, երբ քննարկվում է պետական կարևորության այսպիսի մի հարց։ Մենք պարտավոր ենք վերջնական որոշում կայացնելուց առաջ մոռանալ դավադիրների հանդեպ ունեցած մեր ատելությունը կամ թշնամանքը, քանի որ բանականության համար դժվար է զանազանել արդարն անարդարից, երբ հոգին պարուրված է թվածս զգացմունքներով։ Եթե մենք անկեղծորեն կամենում ենք օգտակար լինել քննարկվող գործին, պետք է մի կողմ թողնենք մեր անձնական ցանկությունները, քանի որ, եթե ցանկությունը տիրում է մարմնին, հոգին անկարող է կողմնապահ չլինել։

Նրան լսում էին համակ ուշադրությամբ։

— Ինձ համար դժվար չէ, հա՛յր սենատորներ, օրինակներ բերել, թե ինչպես մեր ազգը ատելության կամ թե խղճահարության ազդեցության տակ ընդունել է մեզ ամենևին պատիվ չբերող որոշումներ։ Բայց իմ կարծիքով ավելի տեղին կլինի հիշատակել, թե ինչպես մեր նախնիները, հակառակ իրենց ուժգին ցանկություններին, վարվել են ունկն դնելով անկողմնապահ բանականությանը՝ դրանով բարձրացնելով իրենց հեղինակությունը բարեկամների ու թշնամիների մոտ։ Մակեդոնական երրորդ պատերազմի ավարտից հետո, որը մղում էինք մեր հանդեպ թշնամորեն տրամադրված Պերսևս թագավորի դեմ, մեր նախնիները կարող էին կոտորել գերի ընկած հռոդոսցիներին, դրանով նրանք աստվածների և մյուս ժողովուրդների մոտ այն կարծիքը կստեղծեին, թե իրենք կռիվը սկսել են ամենևին ո՛չ հռոդոսցիների հարստություններին տիրելու, այլ սոսկ անհնազանդներին պատժելու նպատակով։ Բայց նրանք չվարվեցին այնպես, ինչպես կուզենային, այլ վարվեցին այնպես, ինչպես արժանի էր Հռոմուլոսի իսկական հետնորդներին. մեր նախնիները բաց թողեցին գերիներին, քանի որ իրենց բարի անունը գերադասելի էր ամեն տեսակ ձգտումից։ Եվ սա է պատճառը, որ հեռավոր այդ կղզու բնակիչները ավելի քան հարյուր տարի ապրում են մեզ հետ հաշտ ու համերաշխ։ Ահա այդպես պիտի վարվենք նաև մենք, հայր սենատորներ, և դավադիրների գործած հանցանքն այժմ մեր աչքին չպիտի երևա ավելի բարձր մեր հեղինակության հանդեպ ունեցած հոգածությունից, քանի որ առժամանակ հետո, երբ անցնի այսօր մեզ համակած ատելությունը, մեր խիղճը կտանջի մեզ անարդար որոշման համար։ Մյուս կողմից, ամենքիդ պարզ է, որ սենատը դատարան չէ, և որ մահապատիժ սահմանելու իրավունք ունի միայն ու միայն կուրուալային ժողովը։ Եթե սենատը համարի, որ կարելի է գտնել նրանց գործած հանցանքին արժանի այլ պատիժ, ես պատրաստ եմ հավանություն տալ նրա բոլոր առաջարկներին։ Սակայն, եթե դավադիրների հանցանքի ծանրությունը գերազանցում է այն ամենը, ինչ կարելի է պատկերացնել, այդ դեպքում ես առաջարկում եմ նրանց պատժել՝ կիրառելով օրենքով նախատեսված պատիժները։ Իսկ օրենքը, մեծարգո հայրեր, կրկնում եմ, սենատին չի թույլատրում մահապատիժ սահմանել։

Սենատորները խորհրդանշանակ հայացքներ փոխանակեցին. զգացվում էր, որ նրանք համաձայն են քրմապետի հետ։ Դա ոգևորեց Կեսարին և նա շարունակեց.

Եթե անհայտության մեջ ապրող մարդը չի կարողանում զսպել իրեն և որևէ զանցանք է գործում՝ այդ մասին քչերն են իմանում։ Նրա այդ արարքը մնում է անարձագանք։ Բայց ահա բարձր իշխանությամբ օժտված անձնավորության յուրաքանչյուր քայլ հայտնի է դառնում ամենքին։ Որքան բարձր է մարդու դիրքը հասարակության մեջ, այնքան նա զրկված է գործելու ազատությունից։ Այդպիսի անձը պետական կարևորություն ունեցող որոշում կայացնելիս իրավունք չունի տրվել հույզերին՝ ո՛չ ատելությանը, ո՛չ բարությանը, ո՛չ էլ խղճահարությանը, քանի որ այն, ինչը հասարակ մարդկանց մոտ կոչվում է անզսպվածություն, այս դեպքում ունի ուրիշ անուն՝ դաժանություն և մեծամտություն։ Անձամբ ես այն կարծիքին եմ, որ ոչ մի պատիժ ընդհանրապես չի քավի գործած մեղքը, բայց մարդիկ հնուց ի վեր սովոր են հիշել ոչ այնքան հանցանքը, որքան պատիժը, մանավանդ, եթե այն դաժան է թվում սովորականից։

Դահլիճից հավանության ձայներ լսվեցին։

— Ես համոզված եմ՝ այն, ինչ քիչ առաջ ասաց մեծապատիվ Սիլանոսը՝ քաջ ու վճռական այրը, ասաց՝ ղեկավարվելով պետության հանդեպ ունեցած հոգածությամբ, և նրան այդ քայլին չի մղել ո՛չ ատելությունը, ո՛չ կողմնապահությունը. նրա զսպվածությունն ու անշահախնդրությունը հայտնի են ինձ։ Ես չեմ համարում նաև, թե նրա առաջարկը դաժան է,— ի՞նչը կարող է դաժան լինել դավադիրների համար,— բայց այն իսկապես անհամատեղելի է մեր պետական օրենքների հետ։ Իմ կարծիքով վախը կամ դավադիրների հակաօրինական արարքները միայն կարող էին դրդել նման առաջարկի։ Վախի մասին այստեղ խոսելն ավելորդ է, քանի որ մեր կոնսուլի,— Կեսարը նայեց Ցիցերոնի կողմը՝ անկարող քողարկել հեգնական տոնը,— փառապանծ այդ այրի աչալրջության շնորհիվ ողջ Քաղաքը հիմա լի է զինված պահակախմբերով։ Ինչ վերաբերում է կոնկրետ մահապատիժին, ապա կասեմ հետևյալը. տրտմության և թշվառության մեջ գտնվողի համար մահը ոչ թե պատիժ է, այլ ազատում առօրյա տառապանքներից ու ամեն տեսակ չարչարանքներից, քանի որ Աքերոնի այն ափին տեղ չկա ո՛չ տխրության, ո՛չ ուրախության համար։ Եվ ինձ համար բոլորովին պարզ չէ, թե ինչու Սիլանոսը անմահ աստվածների անունից չի առաջարկում, օրինակ, ճիպոտահարել դավադիրներին։ Մի՞թե ոչ այն բանի համար, որ օրենքն արգելում է այդպես խստորեն վիրավորել պատրիկի արժանապատվությունը։ Բայց չէ՞ որ ուրիշ օրենքներ դատապարտյալին թույլատրում են աքսորել՝ կյանքից զրկելու փոխարեն, մինչդեռ նրանք, որոնց քիչ առաջ կոչ արվեց մահապատժի ենթարկել, ոչ միայն դատապարտված չեն, այլև նրանց դեմ նույնիսկ գործ չի հարուցված։— Կեսարն ուսերը թոթվեց և հայացքը սահեցրեց դահլիճի վրայով։— Ինձ գուցե առարկեն, թե պատրիկի համար ճիպոտահարվելը դաժան է մահապատժից։ Բայց ի՞նչը կարող է դաժան լինել դավադիրների համար, որոնք արժանի են ամեն պատժի։ Իսկ եթե դու, Սիլանոս,— նա դարձավ ընտրյալ կոնսուլին,— գտնում ես, որ ճիպոտահարումը թեթև պատիժ է, ապա ճի՞շտ է, արդյոք, նվազ կարևոր գործում վախենալ օրենքից, երբ ավելի կարևոր դեպքում այն անտեսվել է։

Սենատորները նայեցին Սիլանոսի կողմը։

— Ինչ պատիժ էլ բաժին ընկնի դավադիրներին, նրանք արժանի են դրան, բայց դուք, հայր սենատորներ, պարտավոր եք մտածել ձեր ընդունելիք որոշումների հետևանքների մասին։ Ես մեկ անգամ էլ կուզենայի հիշեցնել ձեզ, որ բոլոր հիմար գործերը սովորաբար ծնվում են ազնիվ նկատառումներից, որ իշխանությունը եթե հայտնվում է անընդունակ կամ անազնիվ մարդկանց ձեռքում, ապա, որպես կանոն, արտակարգ պատիժը, որի մասին խոսք է գնում այժմ, դրան արժանի մարդկանցից անցնում է բոլորովին անմեղներին։ Երբ աթենացիներին հաղթելուց հետո լակեդեմոնացիները քաղաքը կառավարելու համար կարգեցին երեսուն հոգուց կազմված խորհուրդ, նրանք սկզբում առանց դատ ու դատաստանի մահապատժի ենթարկեցին իսկական մեղավորներին։ Ժողովուրդն այդ միջոցառումը համարեց խիստ արդարացի և ընդունեց ցնծությամբ։ Բայց Քաղաքի կառավարիչների ինքնիշխանությունն աստիճանաբար աճեց, նրանք սկսեցին իրենց կամքով կախել և՛ մեղավորներին, և՛ անմեղներին, իսկ մյուսներին վախեցրին։ Ահա թե ինչպես կամովին ստրկացված ժողովուրդը հատուցեց իր հիմար ցնծության համար։ Բայց ինչու հեռուն գնանք. երբ Հռոմ վերադարձած Սուլլան հրամայեց խեղդամահ անել պրետոր Հունիոս Դամասիպիոսին,— իսկ նա առանց լուրջ հիմքերի մահվան էր դատապարտել Ֆելիքսի համախոհներին,— ո՞վ չէր գովաբանում Սուլլայի այդ արարքը։ Բոլորը գտնում էին, որ ինքնիշխան պրետորն արժանի պատիժ ստացավ, և երկինք հանեցին Սուլլայի արդարադատությունը։ Բայց դա էլ եղավ սկիզբն այն մեծ ողբերգության, որ եկավ մեր ժողովրդի գլխին. բավական էր Սուլլայի համախոհներին դուր գար քաղաքացիներից որևէ մեկի տունը, վիլլան, ունեցվածքը, թեկուզ՝ հագուստը, և բոլորովին անմեղ մարդուն մտցնում էին պրոսկրիպցիայի մեջ, ու մահն անխուսափելի էր։ Ահա այդպես նրանք, ովքեր ցնծում էին Դամասիպիոսի մահվամբ՝ իրե՛նք զոհ գնացին դիկտատորի սանձարձակ ինքնիշխանությանը, և պատիժները վերացան միայն այն բանից հետո, երբ հարստացան Սուլլայի բոլոր կողմնակիցները։

Դահլիճով հավանության ալիք անցավ։

— Նման վտանգ ես չեմ ակնկալում Մարկոս Ցիցերոնից, ոչ էլ մեր ժամանակներից, բայց եկեք չմոռանանք, որ անմահ աստվածները մեր ժողովրդին օժտել են վեհ մտածողությամբ. մեզանից յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, իսկ դրանք խիստ տարբերվում են միմյանցից։ Մեկ այլ ժամանակ, մեկ այլ կոնսուլի օրոք, որը ձեռքի տակ ունենար այսչափ զորք, կեղծիքին կարող էին հավատալ որպես ճշմարտություն, և եթե սենատի որոշմամբ կոնսուլը մերկացներ սուրը, ապա ո՞վ ցույց կտար նրան սահմանը, ո՞վ կսահմանակափեր նրա արարքները։

— Կեսարը ճիշտ է,— կանչեցին դահլիճից,— մենք իրավունք չունենք խախտել օրենքը։

Հետո աղմուկն այնպես սաստկացավ, որ մունետիկները երկար ժամանակ չէին կարողանում հանդարտեցնել հայրերին։ Իսկ Կեսարը, ձայնը բարձրացնելով, շարունակեց.

— Մեր նախնիները, հայր սենատորներ, որ երբեք չեն զգացել ո՛չ քաջության, ո՛չ հպարտության, ո՛չ ողջամտության պակաս՝ հարմար են գտել դատապարտյալին չմեռցնել, այլ ընդունել են օրենքներ, որոնք մեծատոհմիկի համար պատիժ են սահմանում աքսորը և տաժանակրությունը։ Սա է, իմ կարծիքով, այն հիմնական պատճառը, որը մեզ չի թույլատրում ընդունել Սիլանոսի առաջարկությունը։

— Իմ ելույթից թող այն կարծիքը չստեղծվի, իբր ես դավադիրներին ազատելու կոչ եմ անում։ Ոչ, ամենևին ոչ։ Ես առաջարկում եմ բռնագրավել նրանց ունեցվածքը, նրանց շղթայակապ պահել ամուր բերդեր ունեցող քաղաքներում՝ մինչև ապստամբության վերջնական ճնշումը։ Համոզված եմ, այդ ընթացքում հայտնի կդառնան ավելի շատ մանրամասներ, և ոչինչ մեզ չի խանգարի խաղաղ պայմաններում, առանց ավելորդ շտապողականության որոշելու նրանցից յուրաքանչյուրի բախտը։

— Կարծում ես մի բան կստացվի՞,— հարցրեց նա Մումերկոսին՝ վերադառնալով իր տեղը։

— Միայն թե հաջողվի հետաձգել պատժի իրականացումը,— գլուխն օրորելով արտաբերեց ծերունազարդ սենատորը, ապա ավելացրեց թունոտ,— անիծյալներ, ինչպես խանգարեցին Կրասոսին։

Իսկ այդ նույն ժամանակ դահլիճում մտքերի աշխույժ փոխանակություն էր սկսվել։ Կեսարի առաջարկը շատերը համարում էին մարդասիրական և ընդունելի, սակավ ձայներ պաշտպանում էին Սիլանոսին։ Մումերկոսը ևս ձայն խնդրեց, բայց Սիլանոսը, օգտվելով իր արտոնություններից, հերթ չտվեց նրան և, մոտենալով ռոստրային, հայտարարեց, որ հրաժարվում է իր առաջարկից և պաշտպանում Կեսարին։ Նրա այս խոսքերից դահլիճը փոթորկվեց, ոմանք ծափահարում էին, մյուսները սպառնում էին Սիլանոսին, նախագահողին չենթարկվելով՝ խոսում էին տեղերից, շարքերում վիճում էին միմյանց հետ, բռունցքով հարվածում նստարաններին։ Համատարած ժխորի մեջ հուժկու մի ձայն կանչեց, որ եթե կասկած է հարուցում քաղաքների՝ ուր առաջարկվում է տեղավորել դավադիրներին, բերդականների վստահելիությունը, թող այդ քաղաքներն ընտրի կոնսուլն իր հայեցողությամբ։

Կրքերը շարունակում էին եռալ, նիստը դառնում էր անկառավարելի։ Նրանք, ովքեր սկզբում չէին համարձակվում բացեիբաց պաշտպանել դավադիրներին, աշխուժացել և դա անում էին Կեսարի առաջարկի պաշտպանության քողի տակ։ Դահլիճի ընդհանուր տրամադրությունն այնպիսին էր, որ եթե Կեսարի առաջարկը դրվեր քվեարկման, պաշտպանություն կգտներ մեծամասնության կողմից, ինչը Ֆակտիոի սրտով չէր։ Նրանք խոժոռված միմյանց էին նայում, ապա կոնսուլին նշաններով հասկացրին ելույթ ունենալ Կեսարի դեմ։ Բայց հազիվ էր նա սկսել խոսքը, երբ Մումերկոսը պատանու ճարպկությամբ թռավ տեղից և, ձեռքերը դահլիճի վրա տարածելով, գոչեց ամբողջ ուժով.

— Չեմ ճանաչում այսօր ձեզ, հա՛յր սենատորներ, այդ երբվանի՞ց դուք սկսեցիք հանդուրժել մեր սուրբ օրենքների ոտնահարումը. չէ՞ որ Տասներկու տախտակների օրենքը, որ ի տես ամենքի կախված է Ֆորումում, պարզ ասում է՝ նախագահողն իրավունք չունի ազդել կողմերից ոչ մեկի վրա։

— Մումերկոսը ճիշտ է, Մումերկոսը ճիշտ է,— բացականչեցին այս ու այն կողմից օրինապաշտ հռոմեացիք, որոնց վրդովեցրել էր կոնսուլի արարքը, և չհանդարտվեցին, մինչև նա չհեռացավ ռոստրայից։

— Հեծյալին սաստեցինք,— ասաց Մումերկոսը՝ ինքն իրենց գոհ, ապա, մռայվելով, շարունակեց,— բայց Կատոնին խանգարել չենք կարող։ Իսկ նա հիմա կանի այն, ինչ չհասցրեց նրա մանկլավիկը։

Եվ իսկապես, Մումերկոսը չէր ավարտել խոսքը, երբ ռոստրայի մոտ երևաց Կատոնը՝ գունատ, դժգոհ դեմքով։

Մինչ մունետիկները կլռեցնեին ժողովականներին, Պիզոնն աննկատ ելավ դահլիճից։ Կուրիայի հրապարակում խմբված բազմության հարցին, թե ինչ աղմուկ է, նա ձեռքերը վեր պարզելով պատասխանեց բարձրաձայն, թե Կեսարը սենատին պարտադրում է ներում շնորհել քաղաքն այրել ծրագրած հայրենադավներին։ Ամբոխը, որին այնքան էլ չէին ոգևորում Կատիլինիայի ձեռնարկումները, փոթորկվեց, ինչպես ծովն է ալեկոծվում հանկարծահաս պտտահողմից, և ձայներ լսվեցին, թե Կեսարն անազնվորեն չարաշահում է ժողովրդի վստահությունը։ Երևի թե հուզումն աստիճանաբար մարեր, եթե Պիզոնի մարդիկ, որ անհամբերությամբ սպասում էին պատրոնի նշանին, չսկսեին այստեղ-այնտեղ փսփսալ, թե Կեսարն ինքն է դավադիրներին համոզել հրդեհել քաղաքը, որպեսզի, խառնաշփոթի մեջ սպանելով Ցիցերոնին, գրավի կոնսուլի պաշտոնը։ Երբ այս լուրը հասավ Ցիցերոնի սաներին, նրանք լցվեցին անհուն ցասումով և հավաքվածներին հրմշտելով, դիմեցին դեպի տաճարի մուտքը։ Աստիճաններին ելնելով՝ աղաղակեցին բարձրաձայն ու պահանջեցին անհապաղ դատաստան տեսնել հայրենադավ սենատորի հետ։ Ամբոխը, որ Կեսարին պարտական էր անհամար նվիրատվությունների համար, մոլորվել էր ու չգիտեր՝ աջակցե՞ր Ցիցերոնի սաներին, թե՞ ոչ։ Իսկ Պիզոնի մարդիկ անընդհատ գրգռում էին նրանց, քաջալերում էին կոնսուլի սաներին, կանչում էին բազմության միջից.

— Մա՛հ Կեսարին, մա՛հ դավաճանին։

— Նա՛ է պատճառը բոլոր դժբախտությունների։

— Մա՛հ նրան, մա՛հ։

Ոգևորվելով այս կանչերից՝ Ցիցերոնի սաները ելան ծածկահարթակ, ու երբ սպառազեն վիգիլները փակեցին նրանց ճամփան, կռվի բռնվեցին։ Ամբոխի միջից օգնության հասան նրանց, ոմանք ջանացին փողոցի սալաքարերը հանել։

Զայրույթի վարակը խելահեղ գալարումներով տարածվում էր ամբոխի մեջ։

— Տարբեր մտքեր են ծնվում իմ սրտում, հայր սենատորներ, երբ նայում եմ մեր գործերի վիճակին, և բոլորովին տարբեր՝ երբ լսում եմ մեր սենատորների ելույթները։— Կատոնը դիտավորյալ բարձրացրեց ձայնը, որպեսզի փողոցից եկող աղմուկը չզբաղեցներ ժողովականներին։— Որքան կարողացա ըմբռնել մինչ այժմ ելույթ ունեցած հռետորները ջանում էին արժանի պատիժ գտնել հայրենիքի, ծնողների ու իրենց սրբությունների դեմ պատերազմ հրահրած հանցագործների համար։ Այնինչ իրերի դրվածքը պահանջում է ավելի շատ խորհել ո՛չ թե նրանց պատժի, այլ մեր փրկության մասին։ Ի՞նչ է, մի՞թե դուք արդեն Կատիլինիային համարում եք պարտված, մի՞թե արդեն մոռացել եք, որ նա բազմահազարանոց զորքով շարժվում է Քաղաքի վրա։— Նա մի պահ դադար տվեց և մռայլ հայացքով չափեց դահլիճը։— Քաղաքին կործանում է սպառնում, իսկ դուք կարողանո՞ւմ եք խոսել կարեկցանքի ու գթասրտության մասին։ Արթնացե՛ք վերջապես նիրհից, արթնացե՛ք և եթե կամենում եք այսուհետ էլ պահպանել այն ամենը, ինչ թանկ է ձեզ համար, եթե կամենում եք այսուհետ էլ ազատ ժամերին ըմբոշխնել կյանքի քաղցրությունը՝ արթնացե՛ք և ձեռնամուխ եղե՛ք հանրապետության գործերին, որոնք ահա սպասում են հոգատար ձեռքի։

Նրա ձայնն ազդու էր, հայացքը՝ խիստ, և սենատորները նրան լսում էին կախարդվածի պես։

— Ճարտարորեն և մեծ հմտությամբ կառուցելով իր ճառը, Գայոս Կեսարը քիչ առաջ այստեղ դատողություններ էր անում կյանքի ու մահվան մասին, պնդելով, թե անմահ աստվածները մահը սահմանել են ոչ թե որպես պատիժ, այլ որպես բնության օրենք, որպես փրկություն դժբախտությունից կամ էլ հանգիստ՝ երկարատև աշխատանքից հետո։ Ինչ խոսք, դա այդպես է, և սա է պատճառը, որ խելացի մարդիկ մահն ընդունում են բավականին հանգիստ, իսկ խիզախները՝ անգամ ուրախությամբ։ Ելնելով սրանից, Կեսարն առաջարկում է հայրենադավներին փակել քաղաքների բանտերում, այս պատիժը համարելով ծանր՝ մահվան դատապարտումից։ Բայց ինչո՞ւ, հա՛յր սենատորներ, նա չառաջարկեց նրանց փակել հենց այստեղ՝ Հռոմում։ Ինչո՞ւ ոչ մեկդ նրան չտվեցիք այդ հարցը։ Նա լավ գիտի, որ այդ դեպքում չէիք համաձայնի նրա հետ, քանի որ ոչ ոք չի կարող վստահ լինել, թե ազատության մեջ գտնվող նրանց համախոհները կամ կաշառված ամբոխը ուժով չեն ազատի նրանց։ Իսկ ի՞նչ է, հիմար կամ հանցագործ մարդիկ միայն Հռոմո՞ւմ կան. հայտնի բան է՝ որտեղ թույլ է հսկողությունը, այնտեղ լկտիությունն ավելի է տարածված։ Թե՞ նա չի վախենում դրանից։ Եթե չի վախենում, եթե համատարած այս սարսափի պայմաններում նա չի վախենում, ապա ես անհանգստանալու ավելի մեծ հիմքեր ունեմ իմ և ձեր վաղվա օրվա համար։

Դահլիճով անհանգստության ալիք անցավ. դավադիրների հետ Կեսարի հնարավոր համագործակցության մասին ակնարկը, մանավանդ նրա ելույթից հետո, շատերին հանկարծ թվաց հավանական։

— Տանուլ տվեցինք,— քրթմնջաց Մումերկոսը՝ ուշադիր հետևելով ժողովականների վարքին,― ամենքը երկյուղած են այնպես ուժգին, որ վախենամ թրջեն տակը,— ապա նրա ձեռքերը բռունցքվեցին և արտաբերեց՝ ատամները կրճտացնելով։— Երդվում եմ նախնիներիս ուրվականներով, որ սա նրանց վերջին հաղթությունը կլինի։

— Հա՛յր սենատորներ,— խոսքն առաջ տարավ պրինցեպսը՝ բավականությամբ նկատելով, որ իր ելույթը սպասելի ներգործություն է ունենում,— որոշում ընդունելիս խնդրում եմ չմոռանաք, որ դրանով դուք վճիռ եք կայացնում նաև Կատիլինայի և նրա համախոհների դեմ։ Որքան խիստ լինեք դուք այսօր, այնքան ավելի կընկճվեն նրանք, իսկ եթե նրանք ձեր կողմից ամենաաննշան թուլություն նկատեն, ապա, հավատացեք խոսքերիս, բոլորը, ովքեր աչքի են ընկնում իրենց լպիրշությամբ, աներկյուղ կլցվեն Քաղաք։ Դավադրությունը կազմակերպեցին ականավոր մարդիկ, նպատակ ունենալով հրի մատնել Քաղաքը, հռոմեական կոչվող ամեն ինչ ատող գալլական ցեղերին նրանք հրահրեցին մեր դեմ, իսկ դուք, հայր սենատորներ, հապաղո՞ւմ եք, չգիտե՞ք ինչպես վարվել Քաղաքի պատերի ներսում բռնված հանցագործների հետ։ Ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ նրանք մեկ ակնթարթ անգամ չէին վարանի, եթե ձեր դատավորը լինեին։ Բայց ինչո՞ւ եմ միայն ես այսպես մտահոգված,— Կատոնը վեր քաշեց ուսերը,— մի՞թե նրանք միայն ինձ էին մտադիր սպանել։ Բաց թողեք նրանց, բա՛ց թողեք ու կրկին զինեք, եթե ձեզ չի մտահոգում ձեր վաղվա օրը։ Բայց զգոշացեք, որ ձեր բարեսրտությունը և կարեկցանքը դժբախտություն չբերեն ձեզ։ Իրավիճակը ծանր է, ինչպես երբեք, բայց դուք այնպես անտարբեր եք, կարծես բոլորովին չեք վախենում։ Բայց ոչ, դուք անգամ սարսափում եք մտածել՝ ինչ տեղի կունենա, եթե Կատիլինան հայտնվի Կարմենտական դարպասի մոտ, սարսափում եք, բայց դանդաղում եք ձեր ծուլության պատճառով, սպասելով, որ ձեր փոխարեն սկսի մեկ ուրիշը, դանդաղում եք՝ հույսներդ դրած անմահ աստվածների վրա, որոնք մեկ անգամ չէ, որ հանրապետությունը փրկել են անխուսափելի թվացող կործանումից։ Բայց ուխտերն ու կանանց աղոթքները չէ, որ ապահովում են աստվածների օգնությունը, այլ աչալրջությունը, գործելու ունակությունը և խելամիտ որոշում կայացնելու կարողությունը։

Դրսում աղմուկը սաստկանում էր, բայց Կատոնի ելույթով տարված հայրերը չէին լսում այն։

— Գալլական պատերազմի ժամանակ Տիտուս Տորկվատոսը հրամայեց մահապատժի ենթարկել իր որդուն, որը համարձակվել էր խախտել կարգը և առանց հրամանի իր ջոկատով մարտի էր բռնվել թշնամու հետ։ Այդ սքանչելի պատանին իր չափազանց քաջության համար հատուցեց կյանքով, իսկ դուք, հայր սենատորներ, մոլորվել եք ահա, չիմանալով ինչպես վարվել անագորույն հայրենադավների հետ։ ԵՎ, վերջապես, հայր սենատորներ, եթե մենք ևս մեկ անգամ վրիպում թույլ տալու հնարավորություն և ժամանակ ունենայինք, երդվում եմ Հերկուլեսի անունով, ես հաճույքով կհաշտվեի դավադիրների հետ, որպեսզի հանգամանքներն իրենք ուղղեին ձեզ, քանի որ, ինչպես տեսնում եմ, դուք ուշադրություն չեք դարձնում խոսքերին։ Բայց մենք շրջապատված ենք, Կատիլինան բռնել է մեր կոկորդից, այսօր Քաղաքում, անգամ սենատում կան ծպտված թշնամիներ, և մենք զրկված ենք գաղտնի մի որոշում, մի վճիռ կայացնելու հնարավորությունից։ Հաշվի առնելով այս ամենը, անմահ աստվածների խորհրդով ես առաջարկում եմ հետևյալը. քանի որ դավադիրների պիղծ մտահղացումը երկիրը կանգնեցրել է ծայրահեղ վտանգի առաջ, և քանի որ վկաների ցուցմունքներով նրանց մեղքն ապացուցված է, նրանց, որպես պետական ծանրագույն հանցագործության մեջ բռնվածների, մահապատժի ենթարկել առանց կուրուալային ժողովում նրանց գործը լսելու։ Այդպես վարվել են մեր նախնիները, և մենք իրավունք ունենք հետևել նրանց օրինակին։

Կատոնի ելույթն ընդունվեց բուռն ծափահարությամբ։ Միմյանց հերթ չտալով, սենատորները պաշտպանում էին նրա առաջարկը, մինչ երկինք հասցնում նրա արիությունը և երկչոտության մեջ մեղադրում միմյանց։ Երբ բոլորն արտահայտվեցին, հարցը դրվեց քվեարկության։ Ձայները հաշվեու կարիք չզգացվեց. դավադիրներին մահապատիժ էր սպասվում։

Երբ սենատորների առաջին խմբի հետ Կեսարը երևաց շեմքին, Ցիցերոնի սաները և էլի մի քանի տասնյակ մարդ ամբոխից, ճեղքեցին վիգիլների շղթան և մերկացրած սրերով հարձակվեցին նրա վրա։ Կեսարն այդ միջոցին խոսքի էր բռնված Մումերկոսի և Կրասոսի հետ ու չէր նկատել վտանգը։ Բազմության միջից ճիչեր լսվեցին։ Կուրիոնը, որ մի փոքր առաջ էր ընկել, անմիջապես կռահեց հարձակվողների մտադրությունը և նետվելով դեպի Կեսարը՝ տապալեց նրան ու ծածկեց իր մարմնով։ Մումերկոսը, Կրասոսը, Պոլիոնը, էլի մի քանի սենատորներ վայրկենապես շրջապատեցին քրմապետին։ Իրենց առջև տեսնելով երևելի այդ անձանց՝ հարձակվողները կարկամեցին մի պահ, և դա բավարար էր, որ վիգիլները զինաթափեին նրանց։ Հարձակվողներին ճանաչելով՝ Մումերկոսը շրջվեց դեպի տաճարից ելած կոնսուլը և հոխորտաց ահեղաձայն.

— Կարգի հրավիրիր շների՛դ, դուրսպրծո՛ւկ, և իմացի՛ր, որ այս ամենի համար պատասխան ես տալու։

Կեսարն արդեն ոտքի էր ելել և ցասումից իրեն կորցրած՝ հարձակվեց կոնսուլի վրա, սակայն Կրասոսը զսպեց նրան՝ ասելով.

— Հանգիստ թող նրան, Գայոս, նա ընդունակ չէ նման խիզախումի և նույնպիսի մի պուպրիկ է Ֆակտիոի համար, ինչպես և իր սաները։

Գլուխ հինգերորդ

Նույն գիշեր դավադիրներին փոխադրեցին Սերվիոս Տուլլիոսի բանտը։ Բանտի նկուղում՝ մուտքից դեպի ձախ, ստորգետնյա մի խուց կա՝ հողափոր պատերով, գոգավոր առաստաղով։ Այն երբեք արևի երես չի տեսել, և խոնավությունն ու անտանելի գաղջահոտը վանում են ներս մտնողին, իսկ չորացած արյունով ծածկված հատակին սպիտակին են տալիս կիսափուտ գանգեր. այս խուցը նշանավոր է նրանով, որ տասնամյակներ առաջ այստեղ սովամահ է եղել Նումիդիայի Յուգուրթա թագավորը։

Այդ նույն խցում դահիճները Ցիցերոնի ներկայությամբ խեղդամահ արին դավադիրներին։

Յուրայինների անհաջողությունն անչափ ընկճեց Կատիլինային։ Հանրապետական զորքերին հանկարծակի բերելու և նրանց թիկունքը խարխլելու ծրագիրը չիրականացավ, ու նա հայտնվել էր դժվարին կացության մեջ չիմանալով ինչ անել։ Մինչդեռ Անտոնիոսն ամեն օր մարտահրավերի փող էր հնչեցնում։ Սերգիուսի վիճակն ավելի ծանրացավ, երբ նրան սկսեցին լքել բոլոր նրանք, ովքեր ապստամբներին միացել էին հարստություն ձեռք բերելու նպատակով և այժմ կորցրել էին հաջողության ամեն հույս։ Մնացյալ ջոկատները փրկելու նպատակով նա դժվարամատչելի լեռներով ու կիրճերով ուղղվեց դեպի Պիստորիայի մարզ՝ հուսալով այնտեղից աննկատ անցնել Գալլիա։ Բայց փախստականներից տեղեկացած լինելով նրա մտադրությանը՝ Անտոնիոսը գրություն էր հղել Ահենոբարբին, որ մեկ լեգեոնով ու մեծաթիվ հեծելազորով սահմանի վրա էր, խնդրելով փակել ապստամբների ուղին։ Ու երբ անասելի զրկանքներ կրելով Կատիլինայի ջոկատները վերջապես իջան լեռներից, և Գալլիան ընդամենը մի քանի մղոնի վրա էր, հետախույզները լուր բերին, որ սահմանը բռնված է լավ դիրքավորված հանրապետական զորքերով։ Ապստամբները հայտնվեցին աքցանի մեջ. թևերից լեռներ էին, առջևում և թիկունքում՝ թշնամին։ Պարենը սպառվում էր, ու կրկին լեռները բարձրանալ՝ կնշանակեր կամովին սովի մատնվել։ Այլ ելք չունենալով՝ ապստամբները մթան քողի տակ աննկատ շրջվեցին դեպի Անտոնիոսի լեգեոնները, որոնք այդ պահին գտնվում էին մի նեղ հովտում և զրկված էին գերակշիռ ուժերը միանգամից մարտի մեջ մտցնելու հնարավորությունից։ Բայց աստվածները չէին աջակցում նրանց, և որքան էլ կռվում անվեհեր էին ու քաջ, եռժամյա մարտից հետո ստիպված էին նահանջել։ Նկատելով այդ և երկյուղելով, որ մարտի լուրը կհասնի Ահենոբարբին, Կատիլինան համախմբեց երկու տասնյակ թեթևազեն ազնվատոհմիկների և թշնամու շարքերը ճեղքելով՝ մղվեց դեպի Անտոնիոսը՝ հուսալով սպանել կոնսուլին և խուճապի մատնել նրա բանակը։ Նրանք բոլորը հմուտ կռվողներ էին և գրեթե անկորուստ առաջացան երկու հարյուր կանգուն։ Բայց հետո շրջապատվեցին բոլոր կողմերից, նրանց շարքերը հետզհետե նոսրացան և անկարող լինելով այլևս դիմադրել՝ գերությունից խուսափելով՝ ինքնասպան եղան։ Կորցնելով առաջնորդին, ապստամբները նետեցին զենքերը և փախան դեպի լեռները։ Սակայն Ահենոբարբը փակել էր բոլոր ուղիները, և նրանցից քչերը փրկվեցին։

Այս հաղթության առթիվ սենատը հնգօրյա տոն հայտարարեց, ու թեև ամենուր խնջույքի սեղաններ էին գցված և հացաբաժանումը կրկնապատկվել էր՝ քաղաքն ամենևին ցնծության մեջ չէր։ Շատերն էին հարազատ կորցրել, և մեռելատներում մարդիկ հարց էին տալիս միմյանց, թե ինչու է կյանքը դաժանացել այսպես, ինչո՞ւ են խռովությունները հաջորդում իրար և ինչո՞ւ առաջներում ամեն ինչ հարթ էր ու հռոմեացին հռոմեացու արյուն չէր թափում։ Եվ կամա, թե ակամա գալիս էին այն մտքին, որ երկիրը նորեն կխաղաղվի, եթե իշխանությունն անցնի անսահմանափակ իրավունքներով օժտված ուժեղ մի մարդու։ Մեռելատներից այս խոսակցությունը փոխադրվեց ֆորում, բաղնիք և հասարակական մյուս վայրերը։ Ու ամենքը, սակավ բացառությամբ, հույսը կապում էին Պոմպեոսի հետ, որը և՛ հեղինակություն ուներ, և՛ բանակ, և՛ օտարերկրյա ծանոթություններ։ Եվ տարբեր խմբավորումներ, դասեր ու համքարություններ միմյանցից անկախ բանագնացներ ուղարկեցին Ասիա, ուր իմպերատորը՝ ջախջախելով հապճեպորեն հավաքված պոնտական բանակը, Միհրդատին գտնելու նպատակով մտել էր երկրի խորքերը։

Ի պատասխան այդ խնդրանքների շուտով Հայաստանից վերադարձավ Մետելլոս Նեպոտը՝ Պոմպեոսի աներորդին և սիրած լեգատը. աժդահա մի այր, որն Ասիա մեկնելուց առաջ սիրում էր ամբոխին զվարճացնել կրկեսի արենայում կատաղած նժույգներ սանձելով։ Մագնիան որոշակի ոչինչ չէր պատասխանել իշխանությունն ուժով գրավելու բազում առաջարկներին և Նեպոտին գործուղել էր՝ բարերար կարծիք ստեղծելու իր անվան շուրջ, որպեսզի վերադառնալով, առանց դժվարության զբաղեցներ բարձրագույն պաշտոններից որևէ մեկը։

Կեսարը լրջորեն չէր վերաբերվում ո՛չ Մագնիային աջակցող խմբերի գործունեությանը, ո՛չ էլ նրա լեգատի ձեռնարկումներին, քանի որ այլևս հույս չուներ, թե նա կընդվզի սենատի դեմ։ Բայց և գիտակցում էր, որ եթե կամ մի ուժ, ի վիճակի՝ վերացնելու ֆակտիոն, Պոմպեոսն է՝ իր մեծաքանակ բանակով։ Եվ նա անհրաժեշտ էր համարում ամեն գնով խանգարել Պոմպեոսի և Կատոնի մերձեցմանը։ Այս խորհերով էր տարված, երբ բանբեր եկավ Մուցիայից. սիրուհին հայտնում էր, թե եղբայրը կամենում է տեսնել իրեն։

Նեպոտը մտադիր էր որոշ բարեփոխումներ անել նախքան իմպերատորի վերադարձը, և այդ նպատակով ցանկանում էր ընտրվել ժողովրդական տրիբունի պաշտոնում։ Տեղյակ լինելով, որ քրմապետն իր թեկնածությունն է առաջադրելու պրետորի պաշտոնի համար, նա առաջարկում էր օժանդակել մեկմեկու և ապահովել համախոհների ու կլիենտների քվեները։ Կեսարը չհամաձայնելու ոչ մի պատճառ չէր տեսնում, ավելին՝ այդ կերպ դյուրությամբ կընտրվեր պրետորի պաշտոնում, և հետո, մտերմություն անելով իր հետ, Պոմպեոսի մարդիկ ինքնըստինքյան հակադրվում էին Ֆակտիոին։ Բացի այդ, ինքը տեղյակ կլիներ իմպերատորի բոլոր ձեռնարկումներին։

Ընտրություններն անցան երկուստեք բարեհաջող։ Սակայն Կատոնը, որ լրտեսների միջոցով հետևում էր նրանց ամեն քայլին, նրանց գործողությունները սահմափակելու նպատակով հաջողեցրեց Բիբուլոսի պրետուրան[48], իսկ ինքը դարձավ Նեպոտի պաշտոնակիցը։

Կրասոսը ոչ մի կերպ լսել չէր ուզում Մագնիայի հետ համագործակցության մասին, որքան էլ իմպերատորի ուժերով Ֆակտիոն տապալելու Կեսարի փաստարկները նրան համոզիչ էին թվում։ Նա Ֆակտիոին նեղելու այլ ուղի էր ընտրել, փորձելով սենատական վերնախավի դեմ գրգռել հեծյալ դասին, որոնք ամիսներ առաջ վարձակալել էին ասիական պրովինցիաներից որոշ տարածքներ և այժմ, համոզվելով այդ հողերի անբերրիության մեջ, կամենում էին չեղյալ համարել պայմանագրերը կամ գոնե իջեցնել տոկոսի չափը, որի մասին Կատոնը լսել անգամ չէր ցանկանում։ Գործին չէր օգնել նաև Ցիցերոնի միջամտությունը, և Կրասոսը, հանձն առնելով հեծյալների պաշտպանությունը, Պոլիոնի և Կուրիոնի հետ օրինագիծ էր պատրաստում՝ սենատին ներկայացնելու համար։ Նա Կեսարին չէր խանգարում աջակցել Նեպոտին, թեև իմպերատորի բարձրացումը նրա սրտով չէր։

Ժողովրդին իրենց կողմը գրավելու համար հարկավոր էր համարձակ որևէ գործողության դիմել, և Կեսարը շարունակ Մետելլոսին համոզում էր օգտվելով ժողովրդական տրիբունի իր իրավունքից՝ գործ հարուցել Ցիցերոնի դեմ ու մեղադրել նրան հանրապետության քաղաքացիներին ապօրինաբար մահապատժի ենթարկելու մեջ։ Նորընտիր տրիբունն ամեն կերպ խուսափում էր հանդես գալ Ցիցերոնի դեմ, բայց Կեսարը հանգիստ չէր տալիս նրան՝ հավատացնելով, որ դա արվելու է ո՛չ թե Ցիցերոնին պատժելու, այլ Ֆակտիոից դժգոհ ուժերը միավորելու նպատակով, և որ, անկախ դատավարության արդյունքից, իրենք բազում աջակիցներ ձեռք կբերեն։ Եվ իսկապես, թեև Կատոնը շահեց դատը, Նեպոտի հեղինակությունը շեշտակի աճեց։ Նրա մոտ գալիս և իրենց օժանդակությունն էին առաջարկում անգամ հեռավոր մարզերից, նրա շուրջը սկսեցին համախմբվել Կատիլինայի ողջ մնացած զինակիցները, պոպուլյարները, Կատոնի կոշտ վարքից դժգոհ որոշ օպտիմատներ, գալլական ցեղապետեր, որոնց սենատը կրկին խաբել ու քաղաքացիություն չէր շնորհել։ Նեպոտը շշմել էր հանկարծահաս հաջողությունից և այժմ, բավականաչափ աջակիցներ ունենալով, ձեռնամուխ եղավ գլխավոր խնդրին, որի համար ժամանել էր քաղաք։ Նա կումիցիա[49] հրավիրեց՝ նպատակ ունենալով Պոնտոսում պատերազմն ավարտած իմպերատորին թույլատրել բանակի հետ հայրենիք վերադառնալ։ Կատոնը լավ հասկանում էր, թե ինչ վտանգ է թաքնված դրա տակ, սակայն նրա ջանքերը ապարդյուն եղան. ժողովուրդը բավարարեց տրիբունի պահանջը, և Մագնիան վերադառնալու էր ո՛չ թե որպես մասնավոր անձ, այլ իբրև գործող բանակի հրամանատար։ Բայց պրինցեպսը հեշտ պարտվողներից չէր և չէր կարող հանգիստ նայել, թե ինչպես են ցնծում հակառակորդ ճամբարում. նա գտավ, որ իսկը ժամն է՝ քանդելու գաղտնիքների կծիկը...

Երեկոյան, երբ խիստ գինովցած Մետելլոսը վերադառնում էր խնջույքից՝ Արգիլետի մոտ նրա ուղին կտրեց սապատավոր մի ծերունի և պատգարակն առաջնորդող ստրուկին պարզելով մի գրություն՝ խնդրեց այն հանձնել տրիբունին, ասելով, թե խիստ կարևոր լուր է բերել նրա համար։ Ստրուկը, նրան խելապակասի տեղ ընդունելով, կոպտորեն հրեց ճանապարհից։ Ծերունին համառում էր, և աղմուկից արթնացած Նեպոտը կարգադրեց նրան իր մոտ բերել։ Սա մոտեցավ անհամարձակ ու տրիբունին պարզեց մոմած տախտակի մի կտոր։ Նեպոտը մոտ կանչեց ջահակիրներին և, կարդալով գրությունը, մռնչաց ցասումից ու կարգադրեց դաժանորեն գանահարել ծերունուն, բայց նա չքվել էր։ Հետո տրիբունը հրամայեց իրեն տանել Կարինք՝ քրոջ մոտ։ Ծանր մտքեր էին տանջում նրան ճանապարհին։ Սրտանց կուզենար այդ ամենը կեղծիք լիներ, Ֆակտիոի հերթական զրպարտանք։ Երբ տեղ հասավ, Պոմպեոսի տան բոլոր ճրագները մարած էին։ Ոտքի հանելով դռնապաններին ու անգթորեն ծեծելով նրանց, պահանջեց հայտնել, թե ով կա տիրուհու մոտ։ Ստրուկները, որ լավ էին ճանաչում տրիբունին, միմյանց հերթ չտալով, խոստովանեցին, որ մեկ ժամ առաջ եկել է Գայոս Կեսարը և որ նա տիրուհուն այցելում է արդեն երրորդ տարին։ Ապա ընկան նրա ոտքերը և, նրա մաշիկները համբուրելով, աղերսեցին խնայել իրենց, քանի որ իրենք ոչ մի մեղք չունեն և թե վաղուց մտադիր էին գրել իմպերատորին, բայց վախենում էին արժանանալ տիրուհու զայրույթին...

Անակնկալ այս միջադեպից հետո Կեսարը երկար ժամանակ չէր գտնում իրեն։ Մի ակնթարթում նա Մագնիայի մերձավոր բարեկամից դարձավ նրա ամենաոխերիմ թշնամին։

Բոլոր նրանք, ովքեր գժտված էին Պոմպեոսի հետ և հույս ունեին Կեսարի միջնորդությամբ շահել իմպերատորի բարեհաճությունը՝ խուճապի մատնվեցին. ոմանք մեկնեցին հյուսիս, առավել զգուշավորները լքեցին Իտալիան։ Երբ լուր եկավ, որ Մագնիան անցել է Հունաստանը և շուտով ափ կիջնի Բրունդիզիոնում, ընտանիքի հետ հեռացավ նաև Կրասոսը։

Մտերիմները նրան խորհուրդ էին տալիս հեռանալ քաղաքից։ Պոլիոնը պատրաստ էր նրան տրամադրել Աստուրիայի իր ամառանոցը, որտեղից վտանգի դեպքում առանց դժվարության կարելի էր անցնել Մավրիտանիա։ Մումերկոսը համոզում էր մեկնել Աֆրիկա, ուր փոխկուսակալ էր իր եղբայր Փաննիոսը։ Ուրիշներն առաջարկում էին մեկնել Բրունդիզիոն և այնտեղ դիմավորել իմպերատորին՝ հուսալով, որ նա հաշվի կառնի իրեն մատուցած օժանդակությունը։ Բոլոր այս խորհուրդներն անընդունելի էին Կեսարի համար, քանի որ ոչ մի կերպ չէր ցանկանում կորցնել տառապանքով ու արյամբ նվաճած դիրքն ու հեղինակությունը։ Ամեն ինչ նորից սկսելու ժամանակ ու հնարավորություն իրեն այլևս չէր տրվի, և նա վճռեց մնալ քաղաքում, ինչ հետևանք էլ դա ունենար։ Հեռանալը նա ամենևին փրկություն չէր համարում, քանի որ չարաբաստիկ այդ միջադեպից հետո Կատոնի և Պոմպեոսի դաշինքը դառնում էր հավանական, ու եթե այն կայանար, ինքն այլևս չէր տեսնի Հռոմը։ Երբ Օպիոսը լուր բերեց, որ Գայոս Անտոնիոսը և Ահենոբարբը, Կատոնից գաղտնի, բանագնաց են ուղարկել Պոմպեոսի մոտ, և իմպերատորը ընդունել է նրանց ամենայն պատշաճությամբ՝ նրան իր վիճակը պատկերացավ անողոք պարզությամբ։ Նրա հոգին բզկտվում էր ծանր մտքերից ու ճնշող զգացումներից, չգիտեր՝ ինչ աներ և, ընդհանրապես, ամեն գործ նրան թվում էր անիմաստ։ Ոչինչ մոռացնել չէր կարող իր վիճակի անհուսալիությունը, և նա, ուրվականի նման մռայլ ու դժգույն, օրերով մնում էր փակված իր սենյակում՝ առանց որևէ մտքի։ Բայց, որքան էլ տարօրինակ էր, նա չէր մեղադրում իրեն հաճույքի ժամերի պատճառով նման անմխիթար վիճակում հայտնվելու համար. գիտեր, որ վաղ, թե ուշ՝ ճակատագիրը հատուցում է պահանջելու բազում սիրային վտանգավոր կապերի համար, և հոգու խորքում նույնիսկ պատրաստ էր դրան, բայց որ դա տեղի կունենար բախտորոշ այսպիսի պահի և կհայտնվեր նման անելանելի դրության մեջ, երբ կորուստը մեծ էր, իսկ վտանգը՝ ահռելի, նա երբեք պատկերացնել չէր կարող։ Նրան զարմացնում էր կումիցիայում տարած հաղթանակի և գաղտնիքի բացահայտման զուգադիպությունը։ Այդ միտքը հանգիստ չէր տալիս նրան։ Հետզհետե նա գալիս էր այն համոզման, որ դա Կատոնի արածն է, և որ պրինցեպսը վաղուց տեղյակ է եղել իր և Մուցիայի կապին ու սպասել է հարմար պահի՝ այն բացահայտելու համար։

Տրտմության և տառապանքի բազում օրերից հետո նրա վարքում կտրուկ փոփոխություն նկատվեց. առավոտից նա անմնացորդ տրվում էր խնջույքներին՝ չանսալով ո՛չ բժշկի զգուշացումներին, ո՛չ մոր թախանձանքներին, և խմում էր ինքնամոռացության աստիճան, կարծես նրան այլևս չէր անհանգստացնում իրեն սպառնացող վտանգը։ Բայց դա մահվան մտքի հետ հաշտված մահապարտի ուրախություն էր, և Ավրելիան, որ հասկանում էր այդ ամենը, լուռ տանջվում էր ու տառապում։

Մագնիան ափ իջավ նոյեմբերյան կալենդներին։ Նույն այդ օրը կեսգիշերին մոտ ծառաներն Ափրոկլեսին հանեցին քնից՝ ասելով, թե տերն անհապաղ ուզում է տեսնել իրեն։ Տասն օրից ավելի պատրոնը նրան խոսքի չէր արժանացրել, և լուրջ փոփոխություն կանխագուշակելով՝ ազատարձակը շտապ հագնվեց ու մեկ րոպեից տաբիլինում էր։ Տիրոջը նա գտավ սեղանի մոտ նստած, մազերը՝ խռիվ, անքնությունից, թե գինովությունից մթին պարկեր էին հայտնվել դեմքին, բայց աչքերը փայլում էին անսովոր կրակով։ Ափրոկլեսը ձգվեց՝ պատրաստ ամեն փորձության։

— Շտապի՛ր Ռուֆիոնի մոտ,— ավելի շուտ խնդրեց, քան հրամայեց Կեսարը,— և հաղորդիր նրան, որ իրեն սպասում եմ անհամբեր։

Ափրոկլեսը գլուխ տվեց և կամենում էր դուրս գալ, երբ լսեց թիկունքից.

— Կառք վերցրո՛ւ և ծառաներ։ Թե նրան տանը չգտնես, գնա՛ Պրեցիայի մոտ։

Ուրիշ անգամ տերը չէր մատնի մտերիմ ընկերոջ գաղտնիքը, և Ափրոկլեսը շոյվեց դրանից, միաժամանակ սիրտն ուռեց հուզմունքից՝ գիտակցելով, թե որպիսի կարևոր գործ է իրեն հանձնարարված։

Մնալով մենակ՝ Կեսարը գնաց աղոթատուն և ծնկի գալով բազում կերոններից ճաճանչավորված արձանիկների առջև, աղոթեց՝ իրար միացրած ափերը ծնոտին սեղմելով.

«Օ՜, Կիպրոսի դիցուհի՝ սո՛ւրբ Վեներա, մի՞թե կլքես ինձ այս դժվարին պահին և թույլ կտաս՝ անփառունակ կործանվի քո երկրպագուն, որ աղոթում է քեզ համար ամեն օր, որ բոլոր սրբություններից առավել պաշտում է քեզ։ Դու, որ սերն ես հովանավորում, մի՛ մեղադրիր ինձ, դո՛ւ, որ ազատեցի՛ր ինձ ավազակների ճիրաններից ու ապա սաստեցիր մոլորյալ ամբոխին, թույլ մի՛ տուր բզկտեն ինձ իմ թշնամիները։ Զորավիգ եղի՛ր վերջին անգամ և ազատի՛ր ինձ հոգեկան դառն տվայտանքներից»։

Առավոտ վաղ կուրիա շտապող սենատորների առաջին խմբերը Մուրցիանոսի կամրջի մոտ պատահեցին Ռուֆիոնին, որ երկու քվեստորների ուղեկցությամբ գալիս էր բազիլիկայի կողմը։ Ողջունելով՝ հայրերը հետաքրքրվեցին, թե ինչն է առավոտ կանուխ նրան բազիլիկա տարել։ Իսկ Ռուֆիոնը սրտնեղեց, թե պրետորներից պրծում չունի, թե նրանք, ասես հանրապետությունում այլ կարևոր գործ չկա, հիմա էլ վիճարկում են, թե որ տաճարն ով է վերանորոգելու։ Եվ նրանց պարզեց մի գրություն, ըստ որի Կեսարն օրինագիծ է ներկայացնում սենատ՝ Յուպիտերի տաճարի նորոգումը[50] հանձնարարելու Պոմպեոսին։

— Կարծես մեծապատիվ պրինցեպսը վատ էր կատարում այդ պատվաբեր պարտականությունը,— դժգոհեց Ռուֆիոնը՝ ուսերը վեր քաշելով։

Սենատորները նրա ձեռքից առան գրությունը, իրար գլխի հավաքված՝ ընթերցեցին այն և բողոքեցին Կատոնին հասցված վիրավորանքի համար։ Նրանց շուրջը մարդիկ էին հավաքվում։ Մի քանիսը պահանջեցին ժամանակ չկորցնել ու գնալ բազիլիկա, և հավաքվածները մեկ մարդու նման շուռ եկան դեպի կենտրոն։ Արգիլետի մոտ պատահեցին համախոհների հետ կուրիա շտապող Բիբուլոսին։ Աներոջը հասցված անարգանքի լուրն առնելով, նա խիստ վրդովվեց և, պատգարակից իջնելով, գլխավորեց երթը՝ ճանապարհին պաշտոնակցի վճիռը բեկանող էդիկտներ թելադրելով գրագիրներին։ Հետո պատահեցին Լուկուլլոսին, որ այդ կողմերով անցնում էր բոլորովին պատահաբար։ Տեղեկանալով, որ հուզումի պատճառն ինչ-որ չափով նաև Պոմպեոսն է, նա պատգարակակիր իր ստրուկներին կարգադրեց գնալ նրանց ետևից, իսկ թափորը ոգևորվեց նրա ներկայությունից։

Նորանոր խմբեր էին միանում նրանց, և երբ մտան Ֆորում՝ նրանց թիվն անցնում էր հազարից։

Թափորը մի ակնթարթում կլանեց բազիլիկան։ Ամենքը գոռում էին, պահանջում պրետորին, ոտքերով դոփում էին գետնին, բռունցք թափահարում, սպառնում օրինագծից չհրաժարվելու դեպքում ավերել նստավայրը։ Հետո սկսեցին լուտանքներ թափել պրետորի հասցեին՝ պլեբեյական արքայիկ ու բոլոր կանանց ամուսին անվանելով նրան։ Իսկ երբ նրա մասին այլևս ոչինչ չկար ասելու, հիշեցին այս խառնաշփոթի մյուս մեղավորին, և սկիզբ առավ հերյուրանքի ու հայհոյանքի տարափը ասիական զորքերի գերագույն հրամանատարի հասցեին։ Պոմպեոսին անվանում էին Սուլլայի մանկլավիկ, հիմար խեղկատակ, որի կողակիցը համտեսել է քաղաքի բոլոր տղամարդկանց։ Չխնայեցին անգամ Պոմպեոսի հանգուցյալ հորը, որը մեծ հարբեցողի ու անառակի համբավ էր ունեցել քաղաքում։

Հավաքվածներին հրելով՝ Լուկուլլոսը ելավ ծածկահարթակ և անխնա վատաբանեց Պոմպեոսին՝ պատմելով, թե ինչպես է նա Կրասոսից անամոթաբար խլել Սպարտակին հաղթողի դափնիները, ինչպես է կեղծ լուրեր տարածել, թե Տիգրանին ինքն է հաղթել և թե ինչպես է այժմ նա նախանձելով Կատոնի հեղինակությանը՝ փորձում նսեմացնել նրան։ Լուկուլլոսին լսում էին խանդավառությամբ, ստեպ-ստեպ ընդհատում էին նրան հավանության որոտընդոստ բացականչություններով։ Նա պահանջեց Պոմպեոսին ոչ միայն զրկել աստվածների Հոր տաճարը վերանորոգելու բարձր պատվից, այլև խլել բոլոր այն շնորհները, որոնց նա հասել է խաբեությամբ։

Վրեժխնդրության երկար սպասված պահը վերջապես եկել էր, և նա իր ելույթով այնպես գրգռեց ամբոխին, որ նրանք սկսեցին քարեր նետել մուտքը հսկող վիգիլների վրա, ջարդել լուսամուտներն ու բազիլիկան զարդարող պրետորական խորհրդանշանը։ Կատոնի սաները և նաև երկու տասնյակ թունդ օպտիմատներ խուժեցին ծածկահարթակ և սկսեցին նեղել վիգիլներին, որոնք արյունահեղությունից խուսափելու համար պաշտպանվում էին գլանաձև երկար վահաններով։ Ճնշումը գնալով ահագնանում էր, և ճեղքելով զինվորների շղթան՝ մի քանի հոգի հասան դռներին ու փորձեցին տապալել դրանք։ Ամբոխը քաջալերում էր նրանց։ Բայց այդ պահին դռները հանկարծ բացվեցին կրկնի վրա, և նրանք իրենց առջև տեսան առանց թիկնախմբի ընդառաջ եկող պոնիֆեկին։ Նրա դեմքը ճերմակեցված էր սրբազան փոշով, հոնքերը մթնեցված էին, գլուխը զարդարում էր ոսկեդրվագ դիադեմը, որի վրա նշմարվում էր Աստվածահոր պատկերը։ Նրա ձեռքում շողում էր օձազարդ գայիսոնը՝ անձեռնմխելիության և ապրողաց հոգիների վրա իշխանության խորհրդանիշը, իսկ ուսերին մարգարտաշար ծոպերով երկնագույն թիկնոց էր, որի դարսերի վրա ադամանդակուռ հմայիլը փայլում էր ծիածանի բոլոր գույներով։ Ծարիրված կոպերի տակից նա հարձակվողներին նայում էր մի տեսակ անբացատրելի, ոչ այն է՝ սարսափեցնող, ոչ այն է՝ հանգստացնող հայացքով։

Աստվածային հմայիլի և սրբազան գայիսոնի այդչափ մոտիկությունից խաղաղված օպտիմատները կախարդվածի պես նահանջեցին՝ հրելով միմյանց։ Մի քանիսը ծնկի եկան ու համբուրեցին քրմապետական սուրբ մաշիկները։

— Արդար չէ որոշումդ, Կեսա՛ր,— ասացին նրանք՝ առանց զայրույթի ու ցածրաձայն։

— Հարբեցողի որդին արժանի՛ չէ նման բարձր պատվի։

— Հանգի՛ստ թող Կատոնին։

Ամբոխը սսկվել ու սպասում էր նրա վճռին։ Կեսարը լուռ նայեց նրանց, ապա ասաց կարեկցանքով.

— Գնացեք խաղաղությամբ, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ինքներդ եք ցանկանում։

Պրետորի խոսքերից գոհացած՝ քվիրիտները մի ակնթարթում ազատեցին հրապարակը և հաղթականորեն դիմեցին դեպի կուրիա, ճանապարհին անվերջ ծանակելով Պոմպեոսին։

— Անկարծիք, բո՛ւթ խաժամուժ,— քամահրանքով նետեց Ռուֆիոնը հեռացողների ետևից,— որ չես զանազանում հիմարացումը հաղթանակից։

Ապա դարձավ Կեսարին, որ հոգեկան գերլարումից մթագնած, բայց և թեթևացած հայացքով նայում էր հեռուն։

— Դու ապացուցեցիր ինձ, որ անելանելի վիճակ չի լինում կյանքում. դա մենք հորինել ենք՝ մեր անճարությունը կոծկելու համար։

Գլուխ վեցերորդ

Մագնիան ափ իջավ նոյեմբերյան կալենդներին։ Դեռ չէին բեռնաթափվել վերջին նավերը, իսկ Հռոմում արդեն հուզումներ էին սկսվել. պլեբեյները տրվել էին վարդագույն երազներին՝ հուսալով, որ Պոմպեոսը կվերադարձնի երբեմնի իրենց ինքնուրույնությունը, որ կորսվել էր Սուլլայի օրոք. պոպուլյարներն ու Ֆակտիոից դժգոհ մյուս խավերը ուզում էին հավատալ, որ Ասիան նվաճողն իշխանությունն ուժով կվերցնի իր ձեռքը, և պատրաստ էին աջակցել նրան։ Սակայն Մագնիան զորքը ցրեց հենց Բրունդիզիոնում և սակավաթիվ թիկնախմբի հետ ուղղվեց Հռոմ։ Տարենտայի, Նեապոլի և ճանապարհին գտնվող մյուս քաղաքների ու շեների բնակիչները չէին հավատում աչքերին՝ տեսնելով ինչպիսի համեստությամբ է իմպերատորը վերադառնում փառավոր արշավանքից. անզեն, փոքրաթիվ ուղեկիցների հետ, ասես ելել էր ամենասովորական ճամփորդության։ Դա այնպես հուզեց նրանց, որ թողնելով ամեն գործ՝ միացան զորավարի շքախմբին և նրա ետևից շարժվեցին դեպի Հռոմ։ Երթավորներին միանում էին նորանոր մարդիկ, գալիս էին ամբողջ գյուղերով, գալիս էին գրաստներ հեծած, ոտքով, սայլով, երեխաների ու կանանց հետ, և ունկն չդնելով տուն դառնալու իմպերատորի կոչերին, օրերով քայլում էին փոշեկոլոլ ճանապարհներով։ Կապուայի մոտ նրանց թիվը հասավ հարյուր հազարի, չհաշված ստրուկների բազմաթիվ այն խմբերը, որոնք արտառոց փոփոխության ակնկալումով փախել էին տերերից և իմպերատորին ուղեկցում էին հեռվից՝ չհամարձակվելով միանալ իտալիկներին։

Հռոմը չսպասեց՝ իմպերատորը հասներ քաղաք։ Լուր առնելով, որ նա Օստիական ճանապարհին է, պլեբեյները, ազատարձակները, պրոլետարները, Մագնիայի բարեհաճությունն ակնկալող պատրիկներն ու ավելի վաղ վերադարձած զինվորներն ընդառաջ գնացին նրան։ Ու երբ մի քանի օր անց Պոմպեոսը հասավ Մարսյան դաշտ՝ նրա ուղեկիցների թիվն անցնում էր կես միլիոնից։ Բանակի ցրումից հանգստացած Ֆակտիոն վերստին խուճապի մատնվեց, երկյուղելով, թե ամբոխը, ներխուժելով քաղաք, կարող է անկարգություններ հրահրել։ Սակայն բանը դրան չհասավ, քանի որ հասնելով պոմերիայի գծին[51]՝ Մագնիան բոլորին համոզեց ցրվել տրիումֆին հավաքվելու պայմանով, իսկ ինքը վրան խփելով՝ սպասեց սենատի հրավերին։ Իսկ այդ օրերին քաղաքում կոնսուլական թեկնածուների գրանցում էր կատարվում։ Պոմպեոսը բանագնաց ուղարկեց Կուրիա, խնդրելով բացառություն անել և ընտրությունները հետաձգել մեկ ամսով, որպեսզի իր լեգատ Ափրանիոսը, որ Լիբիական կոհորտաների հետ մնացել էր Տիգրանի մոտ, կարողանար ներկա գտնվել ու քվեարկվել կոնսուլի պաշտոնի համար։ Երբ նրան լուր բերին, թե սենատը Կատոնի պահանջով մերժել է իր խնդրանքը, նա խիստ զարմացավ, որ համարձակվել են արհամարհել իրեն և մի պահ զղջաց բանակը ցրելու համար, բայց հետո հանգստացրեց իրեն՝ այդ մերժումը դիտելով որպես նախանձի հետևանք։

Այդ միջադեպից մի քանի օր անց՝ վաղ առավոտյան, երբ Ապոլոնի ոսկեհուռ կառքը սրբազան բլուրները ողողել էր դեղնավուն ցոլքերով, Կարմենտական դարպասից քաղաք մտան մարտական երկար թիկնոցներով տասներկու հեծյալ փողհարներ և ազդու կանչերով տրիումֆի սկիզբն ազդարարելով՝ երկու շարք կազմած ուղղվեցին դեպի Ֆորում։ Ապա երևացին արծիվներ բռնած լեգեոներները՝ շուրթերին ռազմական մի հին երգ։ Փողոցների սալահատակը դղրդում էր Աֆրիկան, Եվրոպան ու Ասիան ոտքի տակ տված կոթուրնոսների համաչափ դոփյունից. ջայլամի և սիրամարգի փետուրներով, մետաքսե երփներանգ ու բոլորաձև թելիկներով զարդարված սաղավարտները ծփում էին արևի տակ, և երթը նմանվում էր առասպելական ոսկեթեփուկ վիշապի։ Խրոխտ քայլող վետերանները, որ կռվել սկսել էին դեռևս Սուլլայի հրամանատարությամբ և տրորել էին Աֆրիկայի ավազուտները, Իսպանիայում մարտնչել տարագիրների դեմ, ծովը մաքրել ավազակներից, հիմնահատակ կործանել Ամիսոսն ու Տիգրանակերտը՝ բերում էին անուշահոտություններով օծված զինանշաններ, բազում արշավանքներից խունացած ու աղքատի հագուստի պես քրքրված դրոշներ։

— Իո՜, տրիումֆ, իո՜, տրիումֆ,— աղաղակում էին մայթերը հեղեղած քվիրիտները՝ դաշտային ծաղիկներ ցանելով նրանց վրա։ Գդակներ էին նետվում օդ. պատանիները ձեռնասուն աղավնիներ էին թռցնում, որոնք հանդարտ պտտվում էին ֆորումի վրա. ունևորները կես ասանոց դրամներ էին շաղ տալիս զինվորների ոտքերի տակ, և դրանք զրնգում էին կոթուրնոսների ծանր հարվածներից։ Առաջին անգամ տրիումֆ տեսնող մանուկները հետաքրքրասիրությունից այրվելով՝ հավաքվել էին տների հարթ տանիքներին և դափնու ճյուղեր էին թափում զինվորների վրա։

Այնքան մեծ էր հաղթանակած զորքին մոտիկից տեսնելու գայթակղությունը, որ ժողովուրդը միախառնվել էր՝ մոռացած ցենզային ամեն բաժանում. քվիրիտների հետ միևնույն շարքում կանգնել էին քաթանե պիլեում դրած ազատարձակները, վաշխառուների ու հարուստ պլեբեյների մեջ կարելի էր տեսնել դակված ականջով ասիացի կամ խափշիկ ստրուկների, ազնվատոհմիկ մատրոնաները հարևանություն էին անում վատահամբավ պարուհիների և կուրտիզանուհիների հետ։ Ողջ Հռոմն էր ելել դիտելու հաղթահանդեսը, բացառությամբ, թերևս, քրմերի, որոնց օրենքն արգելում էր զորք տեսնել։

Բազմերանգ տունիկա հագած հռոմեացիների, լայն տաբատով գյուղացիների մեջ իրենց արտասովոր հանդերձանքով, երկար, մինչև գոտկատեղ իջնող մորուքով կամ բոլորովին սափրած գլխով աչքի էին ընկնում Եգիպտոսից, Աֆրիկայից, Մավրիտանիայից ժամանած վաճառականներն ու հյուպատոսները։

Ջրի երես էր ելել նաև Հռոմի ողջ տիղմը. ցնցոտիավոր մուրացկանները, մի կերպ օր մթնեցնող աղքատները, կես ասի դիմաց հանձնվելու պատրաստ պոռնկուհիները, խեղանդամ ծեր զինվորները հեղեղել էին դարպասամերձ ուղիները և աչք չէին կտրում զրնգացող մետաղադրամներից։ Սովորական օրերին նրանց գոյությունն այսպես նշմարելի չէր, քանի որ ներծծվում էին Սուբուռայի և Էսքիլենի անձուկ նրբանցքները, անհետանում՝ հայտնի չէ որտեղ, ողորմություն խնդրում գերեզմանատներում, և երամ-երամ ելնում էին միայն տոներին։

Ֆորումը ճերմակել էր կանանց ու երեխաների հետ փայտե ժամանակավոր ամֆիթատրոնում բազմած սենատորների տոնական զգեստներից։ Հով անող ստրուկներ էին երևում շարքերի մեջ։

Կաստորի տաճարի մոտ փողհարները կանգ առան։ Ֆորում հասան նաև վետերանները։ Ձյունաթույր նժույգ հեծած լեգատը զեկույց տվեց կոնսուլներին։ Նրանցից մեկն օրհնված գինի մատուցեց լեգատին, իսկ հիերոդուլները հապճեպորեն զոհարանին մոտեցրին սևամորթ մի արջառ։ Մյուս կոնսուլը, ձեռքերը վեր պարզելով, աղոթք մրմնջաց, որն ավարտեց «հոս էջե» կանչով։ Նրա այս խոսքի հետ լայնաշեղբ մի տապար փայլատակեց օդում, և տապալված անասունի արյունը հորդեց սրբազան վիրապի մեջ։ Լեգատը մեղրագինի հեղեց զոհի վրա, և ֆորումը դղրդաց որոտընդոստ բացականչություններից։ Փողկանչի հետ ազնվատոհմիկ կանայք ու օրիորդներ իջան ամֆիթատրոնից և ծաղկեպսակներ նվիրեցին վետերաններին, և սրանք բուռն ծափերի ներքո շրջանցեցին Յանայի տաճարը, Արգիլետով թեքվեցին աջ, ապա Պալատինիումի և Սելիումի միջև ձգվող փողոցներով հորդեցին դեպի Փոքր դաշտ, ուր բոլորին առատ նվիրատվություն և ճոխ ճաշկերույթ էր սպասվում։

Ահեղ, ամեն ինչ խլացնող ռազմերթի և ոգեշունչ կանչերի ներքո միմյանց ետևից եկան ու անցան Աֆրիկական չորս, Ասիական վեց լեգեոնները, Հռոդոսյան առանձին կոհորտաները, Պոմպեոսի գվարդիան՝ բոլորն էլ կաղնեպսակի արժանացած բազմափորձ, ամրակազմ զինվորներ։ Նրանք արծնապատ երկար սրեր էին կրում, որոնք օրորվում էին քայլելիս, ուսերին հենած տանում էին բամբուկե ձիգ նիզակներ, որոնց սայրերը շողարձակում էին թանկագին ակների պես։ Ծնկներից վեր նրանց մարմինը ծածկված էր քարանետ մեքենաների հարվածներից ծռմռված վահանով ու նաև անդիմակալ սաղավարտով, իսկ սրունքներն առնված էին դրվագազարդ կնեմիդների մեջ։ Փողոցները նեղ էին, և նրանք գալիս էին մանիպուլներով, միմյանց սեղմված, հպարտության ժպիտը դեմքերին։

Ապա եկան թիկունքով լայնալիճ աղեղ գցած թեթևազեն նետաձիգները. նրանք վահան չունենալով՝ սովորաբար կռվում էին առաջապահ մանիպուլների թիկունքում՝ թշնամուն խոցելով շարժական աշտարակներից կամ նժույգների վրայից։ Նրանց հետևեցին գալլական գնդերը՝ բոլորը հաղթանդամ, այծենու հագուստով և առատ բեղմորուսով։

Ամբողջ վեց ժամ փողոցներով հոսում էր զենքերի, զրահների, գունագեղ փետրափնջերի, դրոշների, ոսկեզօծ ճարմանդներով ալ թիկնոցների հեղեղը, և թվում էր, թե այս ամենին վերջ չի լինի այլևս։ Քաղցած հռոմեացիք իրենց գցում էին մոտակա կրպակները, կարկանդակ, միրգ կամ խաշած միս գնում և չկամենալով ոչինչ բաց թողնել՝ ծամում անմիջապես մայթեզրին։

Քաղաքը ցնցվեց, երբ Կարմենտական դարպասից ներս մտավ թրակիական ծանրազեն հեծելազորը. այդ նրանք էին համարձակ գործողություններով Տիգրանակերտի մոտ շփոթություն մտցրել հայերի մեծաքանակ բանակի մեջ և փախուստի մատնել։ Նրանցից հետո դանդաղ վարգով եկան թաղիքե թասակ դրած հռոմեական ընտիր հեծելավաշտերը՝ պրեֆեկտ Կասկայի գլխավորությամբ։ Օրը զով էր, նրանք ազատվել էին թիկնոցներից, և լանջազրահի պղնձե թերթիկները փայլում էին կուրացուցիչ ցոլքերով։

Ամբոխը մի առանձին ոգևորությամբ դիմավորեց Մագնիայի թիկնագնդին. նրանք կարճ տաբատով էին և դարչնագույն կաշվե վերնազգեստով, զինված էին երկար նիզակներով, իսկ մարմինն ուսերից մինչև ազդրերը ծածկված էր թեթև վահանով։

Մութն ընկավ, և հաղթահանդեսը շարունակվում էր հազարավոր ջահերի ներքո։

Հաջորդ օրը հանդիսականների թիվը եռապատկվել էր. անչափ մեծ էր բռնագրաված գանձերն ու Միհրդատի կանանց և որդիներին մոտիկից տեսնելու գայթակղությունը, ու փողոցները բռնված էին դեռ լուսաբացից առաջ։

Երրորդ ժամին քաղաք մտան տասնյակ կառքեր, որոնց վրայի պղնձե հսկա տախտակները տեղեկացնում էին, որ հաղթահանդեսը կատարվում է Պոնտոսի, Հայաստանի, Կապադովկայի, Պափլագոնիայի, Մեդիայի, Կոլխիդայի, Սիրիայի, Ալբանիայի, Իբերիայի, Արաբիայի, Կիլիկիայի, Միջագետքի, Փյունիկիայի, Պաղեստինի և Հրեաստանի նկատմամբ տարած հաղթանակների պատվին, որ այդ երկրներում գրավվել է երեք հազար ամրոց, ինը հարյուր քաղաք, որ ծովահեններից բռնագրավվել է ութ հարյուր նավ, վերաբնակեցվել է երեսուն քաղաք, և որ գրաված բոլոր երկրների տարեկան հարկը կազմելու է ութսուն միլիոն դենարե։

Կառքերին հաջորդեցին արծաթով և ոսկով լի թասեր ու անոթներ բռնած երեք հազար զինվորներ. նրանք բերում էին այն քսան հազար տաղանդը, որ Մագնիան նվիրաբերում էր գանձարանին։ Հազար հոգի տանում էին նրբագործ գավաթներ, սափորներ, սկահակներ, երկու հարյուր ձիասայլ կրում էին արվեստի գործեր՝ ոսկե, ագալմատոլիթե, մարջանե անդրիներ ու արձաններ։ Ապա ցուցադրվեցին բռնագրաված զենքերը՝ պոնտական պարսպակործան մեքենաներ ու զարմանահրաշ այլ սարքեր, որ կառուցել էր Միհրդատի մեխանիկ Կալիմաքոսը, ոսկեհուռ զրահներ, սիրիական օձազարդ սաղավարտներ, հայկական վահաններ, աղեղներ ու երկճանկ նետերի տրցակներ, բազմատեսակ սրեր, շողշողուն ձիասարքեր ու սթարներ, մանգաղակիր ռազմակառքեր՝ այնքան շատ, որ այս ամենի ցուցադրումը տևեց մինչև մայրամուտ։

Երբ փողոցներում երևացին սրբազան թաս բռնած լեգատները՝ ամենքը հասկացան, որ սկսվում է գերիների երթը։ Եվ, իսկապես, շատ չանցած՝ բազում շղթաների զրնգոց լսվեց, ապա հայտնվեցին գերիները և գլխահակ ու դանդաղ քայլեցին ցնծացող հռոմեացիների հաղթական կանչերի ներքո։ Նրանց մեջ էին Հրեաստանի թագավոր Արիստոբուլոսը՝ ընտանիքի հետ, Եվպատորի սկյութացի կանայք և յոթ զավակները, Իբերիայի արքայազնը, ծովահենների առաջնորդները, Տիգրանի ազգուրաց որդին, որ հոր դեմ առաջնորդել էր նախ պարթևներին, իսկ սրանց խայտառակ պարտությունից հետո՝ հռոմեացիներին, և ում Մագնիան կարգադրել էր կալանդներ հագցնել այն բանից հետո, երբ սա հոխորտացել էր իմպերատորի վրա՝ տեսնելով, թե ինչպիսի ակնածանքով է նա վերաբերվում ծերունազարդ թագավորին։

Գեղանի կույսեր կային գերյալների մեջ, որ հնազանդ արքաներն էին նվիրել Պոմպեոսին, և մանուկներ կային սիրունատես, որ պատանդ պիտի մնային Հռոմում։

Երթը հանկարծ ընդհատվեց, կոխկրտված ծաղիկներից երփներանգված փողոցները շունչ առան մի պահ, բայց լռությանը հաջորդեց դարպասների կողմից եկող հիացական բացականչությունների ականջ ծակող որոտը, որն ալիք-ալիք տարածվեց, հասավ ֆորում. Մագնիան մտնում էր քաղաք։ Ճերմակ նժույգներ հեծած պրեֆեկտները բերում էին իմպերատորի զինանշանն ու դրոշը, երկու լիկտոր կրում էին Պոմպեոսի վահանը, որին մերկ ատամներով և օձ-մազերով Մեդուսա էր պատկերված, մեկ ուրիշ զինվոր բերում էր իմպերատորի սուրը։ Երկու տրիբուն ոսկեգամ պախուրցներից բռնած բերում էին Պոմպեոսի արծաթաբաշ ձին՝ պարանոցից մինչև գավակը ծածկված հակնթագույն ծածկոցով և զարդարված կարմիր ու սպիտակ ժապավեններով։ Նոր էին պրեֆեկտները հասել Արգիլետ, երբ փողոցներում երևաց քառանժույգ, ոսկեհուռ մի կառք, որի փղոսկրե գահավորակին բազմել էր տրիումֆատորը՝ Ասիան, Աֆրիկան և Եվրոպան նվաճած Գնեոս Պոմպեոս Մագնիան։ Նրա ուսերին Ալեքսանդր Մակեդոնացու թիկնոցն էր, հպարտության շառագունումը քողարկելու համար՝ դեմքը շպարված էր կարմիրով։ Ջահել մի ստրուկ, խոնարհված նրա ականջին, անվերջ հիշեցնում էր ճակատագրի փոփոխականության մասին, և որ մեծարանքին կարող են հաջորդել վհատությունն ու անհաջողությունը։ Մի երկրորդ ստրուկ նրա գլխավերևում ակնազարդ պսակ էր բռնել։

Անթիվ անհամար զինվորներ էին ուղեկցում նրան, որ գալիս էին անկանոն շարքերով և գլխներից վեր թափահարելով պարտված բանակների դրոշները՝ երգում էին.

Բերում ենք ահա՛ քաջաբազուկ հերոսին աննման,

Ե՛վ Ասիան և Ա՛ֆրիկան պաշտում են նրան,

Մինչ նա տիրում էր հողերին օտարների՝

Մուցիան նվաճում էր սրտերն այրերի...

Հռոմի ծաղրող ամբոխը ոգևորում էր նրանց ցնծության անհուն աղաղակով, կանայք պինիայի ճյուղեր էին նետում կառքի վրա, պատանիները վանկարկում էին իմպերատորի անունը, առավել համարձակները մոտեցել ու բռնել էին պախուրցներից, դերասանների խումբը խառնվելով զինվորներին՝ խելահեղ պարում էր, մերթ կրկնում Մագնիայի շարժումները, մերթ քայլում որպես գերյալ, առաջ բերելով ամբոխի քրքիջը։

Հաղթահանդեսն ավարտվում էր։ Հանդիսականները միացան զինվորներին, աղքատ խաժամուժը գոռում էր՝ կոկորդ չխնայելով, ասես այդ կերպ իր երախտիքն էր հայտնում ճաշկերույթի համար, որ տրվելու էր տրիումֆից հետո։

Մի քանի օր անց, երբ քաղցր հուշ էին դարձել տոնախմբության մանրամասները, և մարզերից եկած ժողովուրդը ետ էր դարձել, իսկ քաղաքը հանդարտվել էր վերստին, Մագնիան երեք տարվա ընդմիջումից հետո ներկայացավ սենատ։ Նպատակ ունենալով կատարել վետերաններին տրված խոստումները, նա առաջ քաշեց ագրարային մի ծրագիր, որը նախատեսում էր հողհատկացումներ անել Կամպանիայում։ Լուկուլլոսը ոչինչ չէր խնայում նրան տապալելու համար, իսկ Կատոնը, որ չէր մոռացել Յուպիտերի տաճարի հետ կապված պատմությունը, այնքան ձգձգեց հարցի քննարկումը, որ Մագնիան ստիպված եղավ օրինագիծը հանել սենատից և փոխադրել ժողովրդական ժողով։ Նա անչափ զարմացավ, երբ ժողովը, որ երկու ամիս առաջ ջերմորեն պաշտպանել էր իրեն և թույլատրել վերադառնալ բանակի հետ՝ այժմ մերժեց իր նվազ կարևոր առաջարկը։ Նա չիմացավ, որ օպտիմատներից բացի Կեսարի խորհրդով իր առաջարկին դեմ են քվեարկել նաև պոպուլյարները։

Նա վարժվել էր իր հրամանի անշեղ կատարումին, նրա առջև թագավորներ էին խոնարհվել, և հիմա անսովոր էր ու անպատվաբեր այս ամենը։ Նա ամաչում էր վետերանների աչքին երևալ։ Բնությունը նրան օժտել էր աննկուն զորավարի, բայց ո՛չ դիվանագետի հատկանիշներով, և նա, որ հաղթել էր աշխարհի ուժեղագույն բանակներին ու աննշան ճակատամարտ անգամ տանուլ չէր տվել, անզոր էր քաղաքական նենգ խաղերի ընդունակ սենատորների դեմ։ Նրա համար ավելի դյուրին կլիներ հնազանդեցնել պարթևներին, գրավել Հնդկաստանը և հասնել աշխարհի վերջին, քան գլուխ հանել մի վիճակից, երբ քաղաքական զույգ ուժերից մեկի առաջնորդը չէր ընդունում իրեն, իսկ մյուսից ինքն էր խորշում։ Նա մի վերջին փորձ արեց մտերմանալ Կատոնի հետ և խնդրեց նրա զարմուհու ձեռքը։ Բայց մերժում ստացավ և, սաստիկ վիրավորելով՝ երեք օր չելավ տնից։

Խիստ օրինապահ լինելով՝ նրա մտքով չէր անցնում հակադրվել սենատին, քանի որ հանձին սենատի նա տեսնում էր հայրենիքը, իսկ հայրենադավ լինել չէր կարող։ Սակայն օպտիմատների գործողությունները հետզհետե նրան հանգեցրին այն մտքին, որ նրանք բոլորովին մտահոգված չեն հայրենիքի շահերով, ա՛յն հայրենիքի, որի բարօրության համար ինքն անպատմելի զրկանքների էր ենթարկվում օտար ափերում և հարյուր անգամ մեռած կլիներ, եթե չլիներ աստվածների ողորմածությունը։ Նրա հոգում դաժան կռիվ էր սկսվել օրինասեր քվիրիտի և նվաստացած իմպերատորի միջև, և շատ ուշացումով նա գիտակցեց, որ հարմար պահը անխոհեմաբար բաց է թողել ձեռքից և որ ինքը հիմա սակավաթիվ իր մերձավորների հետ ոչինչ փոխել չի կարող...

Կեսգիշերին մոտ նրան զեկուցեցին, որ ծպտյալ մի տղամարդ տեսակցություն է խնդրում։ Կարգադրեց անմիջապես ներս հրավիրել ու ելնելով էքսեդրայի մութ որմնախորշից, ուր նստած էր առավոտից, անհամբերությամբ սպասեց խորհրդավոր այցելուին։ Սրահ մտնելով և համոզվելով, որ իմպերատորը մենակ է, տղամարդն իջեցրեց թիկնոցի խոնավ կնգուղը։ Մագնիայի դեմքի վրայով դժգոհության չքողարկված ալիք անցավ։ Ուշք չդարձնելով իմպերատորի անբարեհաճությանը՝ եկվորը ծոցից հանեց մագաղաթե մի գալար և խոնարհվելով՝ պարզեց նրան.

— Իմ տերը՝ ազնվազարմ պրետոր և գերագույն քուրմ Գայոս Հուլիոս Կեսարը, Վեներայի ժառանգորդն ու Մարցիուս թագավորի հետնորդը, կարգադրեց ինձ արեգնափայլ իմպերատորին հանձնել այս գրությունը։

Մագնիան արհամարհանքով նայում էր Ափրոկլեսին, ապա կնճռոտվելով՝ մեքենայորեն ձեռքն առաջ պարզեց և գրությունը վերցնելով՝ մոտեցավ օջախին։ Նրա շուրթերը դողացին ատելությունից, երբ կարդաց գրությունը, հայացքը մթագնեց հանկարծահաս ցասումից, մեկ կամեցավ բանբերի ներկայությամբ կրակը նետել նամակը, բայց զսպեց իրեն և, հրավիրելով սենեկապետին,— Ափրոկլեսը ծածկվեց կնգուղով,— կարգադրեց ուղեկցել այցելուին։

«Որպիսի՜ ստորություն,— ափերով գլուխը բռնած՝ մտածում էր Պոմպեոսը,— և դեռ նա համարձակվում է հանդիպման հրավե՞ր ուղարկել ինձ»։

Զայրույթի մի նոր պոռթկում համակեց նրան, և ձեռքերը վեր կարկառելով՝ բացականչեց դառնաձայն.

— Օ՜, Նեմեսի՛ս՝ վրեժխնդրության չքնաղ դիցուհի, խորհուրդ տուր ինձ՝ ինչպե՞ս պատռել սարդոստյանը մոլորումի, որ այսպես անգթորեն պարուրել է ինձ։

Նա մի քանի րոպե խիստ վրդովված քայլեց սրահում, ապա անզորությունից փլվեց բազմոցին ու ձեռքն առնելով գալարը՝ վերստին ընթերցեց այն։ Բոլորովին այլ մտքեր այցի եկան նրան այս անգամ, և նա երկար ժամանակ մտախոհ հայացքը չէր կտրում աշխուժորեն ճարճատող կանթեղներից։

Արվարձանային կիսամութ փողոցներով մի ուրվական էր զգուշորեն առաջանում և վիգիլներից երկյուղելով՝ աչք էր ածում ամեն անկյունից։ Նա գալիս էր Կապենայի դարպասի կողմից և քաղաք էր սողոսկել միայն իրեն հայտնի գետնուղով։ Նրա բախտից գիշերասյուքը մարել էր լապտերների մեծ մասը, և նա աննկատ հասավ Սրբազան փողոց։ Այստեղ նրան գիշերապահներ պատահեցին, բայց նա ճարպկությամբ մոլորեցրեց նրանց ու թեքվելով դերի Պալատինիում՝ թեթևացած շունչ քաշեց։

— Ու՞ր ես կորել, սողո՛ւն,— գոչեց Կատոնը ահաբեկ ձայնով, երբ լրտեսը կանգնեց նրա առաջ։ Որտե՞ղ ես քարշ գալիս, երբ գիտես, որ սպասում եմ քեզ։

Բայց լրտեսը չշփոթվեց բոլորովին և խոնարհվելով՝ ասաց հանգիստ տոնով.

— Թող ներողամիտ լինի իմ տիրակալը, ում անունը խավարեցնում է աշխարհի մյուս երևելիներին՝ ինչպես արևն է խավարեցնում երկնքի աստղերին։ ԵՎ դո՛ւ, օ՜, տե՛ր իմ, շատ շուտով կհամոզվես, որ մեղադրանքներդ անհիմն են և կցանկանաս ատրիումդ զարդարել իմ արձանով՝ ի պատիվ իմ համառության, իսկ վատագույն դեպքում չես ափսոսա մի տռուզ քսակ, թեպետ այն ամենը, ինչ կհաղորդեմ հիմա՝ չի ուրախացնի քեզ։

Կատոնի դեմքին հետաքրքրասիրության կնճիռներ երևացին։

— Ես հայտնել էի քեզ, լուսաշո՛ղ իմ տեր, որ նրա տուն կասկածելի անձինք են ելումուտ անում։— Լրտեսը ջղաձիգ մի շարժում արեց, ասես կամենում էր ուղղել ծնված օրից իրեն տանջող սապատը։— Ես սենյակ վարձեցի Չորրորդ հատվածում, իմ մի հին ծանոթի մոտ, և առավոտից հետևում էի բոլոր անցուդարձին։

Կատոնը գիտեր, որ նա զուր տեղը չի ուշանա և ներքուստ զղջաց պոռթկումի համար։

― Եվ ի՞նչ։

Տիրոջ ձայնի մեջ գորովանք կար, և լրտեսը որսաց այն։

— Ոչինչ նշանակալի կարծես թե տեղի չէր ունենում, և մտադիր էի վերադառնալ աստվածային իմ տիրոջ մոտ, երբ անսպասելիորեն փողոց ելավ մի մութ կերպարանք։ Թեև կեսգիշեր էր արդեն, ու նա ծպտված էր անձրևանոցի մեջ, ինձ համար դժվար չէր ճանաչել Ափրոկլեսին։ Նա հետքը խճճելու համար դիմում էր ամեն խորամանկության, բայց ես պայծառաշուք Կատոնի միտքը չեմ զբաղեցնի ինձ բաժին հասած դժվարությունների նկարագրությամբ, այլ միայն կհայտնեմ, թե ում այցելեց Կեսարի ազատարձակը։

Կատոնը համակ ուշադրությամբ լսում էր նրան, ու երբ լրտեսը տվեց իմպերատորի անունը՝ ցնցվեց խայթվածի պես։

— Ափրոկլեսը երկար չմնաց այնտեղ, բայց ես չհետևեցի նրան, այլ թաքնվելով հարմար մի տեղ՝ սպասեցի։ Եվ չսխալվեցի. մեկ ժամ անց իմպերատորը ելավ տնից և երկու լիկտորների հետ դուրս եկավ Քաղաքից։

Կատոնը մատները կոտրատելով՝ քայլում էր սրահում։

— Նրանք գնացին Լավեռնա,— շարունակեց լրտեսը՝ հայացքով ուղեկցելով տիրոջը,— և ես այնտեղ տեսա Կեսարին, որ իր մարդկանց հետ սպասում էր նրանց։

Կատոնն ինչ-որ բան ասաց քթի տակ, որը լրտեսին չէր վերաբերում, ապա կարգադրեց շարունակել։

— Ես ճանաչեցի Օպիոսին. նա իմ թաքստոցից հեռու չէր և հսկում էր բացատը, ուր երկու վրաններ էին խփված։ Պոլիոնն էլ էր այնտեղ. նրան ձայնից ճանաչեցի։

— Շողոքորթ, նենգ արարած,— նետեց Կատոնը ատամների արանքից,— և ինչպե՞ս է նա բոլորին հիմարացնում։

— Կեսարն ու Պոմպեոսը մտան վրաններից մեկը։ Ես չէի կարող ավելի մոտենալ, և ինձ համար լսելի չէր նրանց խոսակցությունը, անձրևն էլ մի կողմից էր խանգարում։ Քառորդ ժամ ամեն ինչ հարթ էր, հետո վեճի ձայներ լսվեցին, և այդ միջոցին հայտնվեց մի երրորդ կերպարանք։ Ես չնկատեցի՝ որտեղից նա եկավ. հավանաբար թաքնված էր մյուս վրանում։ Նա մի պահ սպասեց, ասես ունկնդրելով խոսակցությունը, ապա ետ քաշեց կտավե դուռը, և ջահերի լույսի տակ ճանաչեցի Կրասոսին...

— Կրասոսի՞ն,— Կատոնը գլուխը տարուբերեց դառը դեղահաբ ընդունած մարդու նման։ Նրա շունչը կտրվում էր, փոս ընկած ու գունատ այտերին անափ զայրույթի ջղագծեր էին երևակվել։

— Բայց չէ՞ որ նա Կրեմոնայում է.. Դուրսենուս, դու չե՞ս շփոթում,— դժվարությամբ արտաբերեց նա։

— Օ՜, տե՛ր իմ,— կանչեց լրտեսը դառնաձայն՝ երկյուղելով, թե պատրոնը բարկությունն իր վրա կթափի,— թող արժանանամ ես բոլոր աստվածների ահեղ զայրույթին, թող չար ոգիները պատառ-պատառ անեն ինձ, որ վշտացրի քեզ իմ լուրերով, բայց ես չեմ մոլորեցնում քեզ. այդպիսի փառահեղ կազմվածք ողջ Հռոմում միայն նա ունի։

Լրտեսի հավաստումը բոլորովին չուրախացրեց նրան, ավելին, նա հանկարծ կծկվեց, ասես իրեն մտրակում էին։ Դուրսենուսը, որ գիտեր՝ ինչ է դա նշանակում, պապանձվել էր։ Նա խոսեց տիրոջ նշանից հետո միայն։

— Որքան ես հասկացա, վեհաշուք իմ տեր, իմպերատորը նախապես տեղեկացված չէր, քանի որ երբ ցենզորը ներս մտավ, նա անմիջապես ելավ վրանից և կամենում էր հեռանալ, իսկ Կեսարը համառորեն նրան համոզում էր չանել այդ։

Կատոնի աչքերը փայլեցին մի պահ, և նա հարցրեց անհամբերությամբ.

— Հետո՞, ի՞նչ եղավ հետո։

— Նրանք վերադարձան վրան,— պատասխանեց լրտեսն անուրախ։

— Պնակալեզ, մորթապաշտ շո՛ւն,— թշշաց Կատոնը՝ բռունցքները սեղմելով,— պատվախնդրությունից բոլորովին օտարացած ասիական արքայիկ։ Օ՜, անմահ աստվածներ, անհատակ է ստորությունը մարդկային։

Լրտեսը կամենում էր էլի ինչ-որ բան հաղորդել, բայց Կատոնը ընդհատեց նրան և ոսկու մի քսակ պարզելով՝ ասաց.

— Գնա՛, հանգստացի՛ր։

Խոնարհաբար գլուխ տալով՝ ստրուկը հեռացավ։ Մնալով մենակ՝ Կատոնը մոտեցավ լուսամուտին և մշուշոտ հայացքով երկար նայում էր խավարի մեջ հազիվ նշմարվող գավթին։ Նրա գլուխը տրաքվում էր մտքերի խառնիխուռն հոսքից, կոպերն ուռել էին գինուց և հազիվ էր մնում ոտքի վրա։

«Ինչո՞ւ է նրան հաջողվում հանկարծակի բերել ինձ,— մտածում էր նա ճակատը հպած սառն ապակուն։— Որտե՞ղ վրիպեցի։ Գուցե հարկավոր էր մե՞ղմ վարվել Պոմպեոսի հետ։ Բայց, անմահ աստվածներ, ո՞ւմ մտքով կանցներ, թե նա այդչափ պատվազուրկ է։ Իսկ Կրասո՞սը... Չէ՞ որ ամենքը համոզված էին, որ ոչինչ այլևս չի հաշտեցնի նրան իմպերատորի հետ։ Ես դադարե՞լ եմ մարդկային հոգին հասկանալ, թե՞ նենգ խաղ էր սա»։

Նա մտաբերեց վերջին ամիսների բոլոր կարևոր և աննշան միջադեպերը, ափով դեմքը տրորելով՝ փորձեց զգաստացնել միտքը, ու միայն այժմ հասկացավ, որ իրեն Աստվածահոր տաճարը վերանորոգելու պատվից զրկելով՝ Կեսարը ոչ թե վրեժ էր առնում կուրիայի բակում տեղի ունեցած քաշքշուկի համար, ինչպես կարծել էր ինքը, և ոչ էլ դա արվում էր Պոմպեոսի պահանջով, ինչպես պնդում էին ոմանք, այլ կամենում էր օպտիմատներին գժտեցնել իմպերատորի հետ։ Իսկ ինքը հիմարաբար կուլ տվեց խայծը։ Որպիսի՜ անպատվություն. իրեն խաբեցին վերջին ստրուկի նման և հիմա երևի հրճվում են իր միամտության վրա։ Այս մտքից նրան դող համակեց, մի քանի րոպե այլայլված քայլեց տաբիլինումի մի անկյունից մյուսը, ապա կաթվածահարի պես փլվեց բազմոցին։ Ետ ընկած թիկնակին նա աչքերը փակ տարուբերում էր գլուխը, իսկ արմնկակալներից անօգնականորեն կախված նրա ձեռքերը մերթ բռունցքվում էին, մերթ պարզվում։ Հետո նա դադարեց շարժվել և այդպես մնաց քառորդ ժամ։ Հանգստանալով դանդաղորեն բացեց աչքերը, ասես արթնանում էր խոր քնից, ցրիվ հայացքով նայեց շուրջը և նկատելով սեղանին դրված սափորը՝ ձեռքը մեկնեց դեպի այն։ Գինի լցրեց իրեն։ Բայց հեղուկի մթաթույր հայելու մեջ նկատելով այլակերպված իր արտացոլումը՝ խոժոռ հայացքով զննեց իրեն, ապա շարունակելով նայել գավաթի մեջ՝ արտաբերեց դառնորեն.

— Ահա թե ո՞րն է պատճառը մեր բոլոր դժբախտությունների. մինչ մենք տարվում ենք գինեզեխությամբ, նա ականահատում է մեր ամրոցը։

Գլուխ յոթերորդ

— Կումիցիա՛, կումիցիա՛, դեպի Մարսյան դաշտ։

— Դեպի Մարսյան դաշտ. սենատորները դավաճանո՛ւմ են մեզ։

— Կատոնի դիմակը պատռված է. նա պլեբսի թշնամին է։

— Աջակցե՛նք կոնսուլ Կեսարին։

Բազմահազարանոց ամբոխը, որ գալիս էր կուրիայից, խցանեց Սրբազան փողոցը և խճճվելով պատգարակների ու երկձի կառքերի մեջ՝ ծանծաղեց, բայց շարունակում էր աղաղակել և հասնելով Արգիլետ՝ հորդաց դեպի ֆորում։

— Միացե՛ք մեզ, միացե՛ք մեզ,― բղավում էին երթի միջից՝ դիմելով սյունաշարի տակ նստած դրամափոխներին, պճնազարդ վաճառականներին, Կաստորի տաճար սրբագործության եկած հավատացյալներին ու խումբ-խումբ վիճաբանող քվիրիտներին։

Միացե՛ք մեզ։

— Կեսարը բոլորիդ հրավիրում է կումիցիայի։

Անտեղյակ անցորդները կանգնեցնում էին նրանց ու հարցեր տալիս, և նրանց պատասխանում էին, որ սենատը մերժել է նորընտիր կոնսուլ Կեսարի նոր օրինագիծը, որը նախատեսում էր հող բաժանել բազմազավակ հայրերին ու Պոմպեոսի վետերաններին, և վրդովված կոնսուլը լքել է կուրիան, տրիբուններից պահանջել օրինագիծն անմիջապես քննարկման դնել ժողովրդական ժողովում։ Նաև ասում էին, որ այլոց հետ կուրիայից ելել են Պոմպեոսն ու Կրասոսը, և երբ կոնսուլը հարցրել է նրանց՝ պատրա՞ստ են արդյոք աջակցել իրեն, ամենքի ներկայությամբ նրանք պատասխանել են, թե ով սուր վերցնի Կեսարի դեմ, իրենք նրա դեմ կելնեն և՛ սրով, և՛ վահանով։ Կյանքում շատ բան տեսած հռոմեացիներին դժվար էր որևէ բանով զարմացնել, բայց այս վերջին լուրը շշմեցրեց նրանց։ Երկար տարիներ ականատեսը լինելով ամենահզոր քվիրիտների գժտության՝ նրանք պատրաստ էին երդվել բոլոր սրբություններով, որ ոչինչ այլևս չի հաշտեցնի նրանց, և շատերը երթին միանում էին հետաքրքրասիրությունից։

Երբ, ընտրվելով կոնսուլի պաշտոնում, Կեսարը գլուխ բերեց Կրասոսի սիրիական կուսակալությունը ու բավարարեց հեծյալների պահանջը, և նրանք ամեն կերպ սկսեցին պաշտպանել նրա ձեռնարկումները, ու, որ նույնպես անսպասելի էր, ֆորումը հեղեղած Պոմպեոսի վետերանները սկսեցին նեղել օպտիմատներին՝ նրբանկատ հռոմեացիք զգացին, որ շատ շուտով լուրջ իրադարձություններ են տեղի ունենալու։ Հապճեպորեն հրավիրված այս հավաքը նրանք ընկալում էին որպես նախերգանք մեծ իրադարձության։ Սա էր պատճառը, որ գրեթե ոչ ոք անտարբեր չմնաց, նույնիսկ նրանք, որոնց օրինագծի բախտը բոլորովին չէր հուզում և հողաբաժանման համար կումիցիա հրավիրելու Կեսարի որոշումը համարում էին հանդուգն մի տրիբունին վայել արարք։

Շտապով փակվում էին կրպակները, դատարկվում գինետներն ու պանդոկները, պրոլետարները ելնում էին անձուկ նրբանցքների հազար ու մի մթին խոռոչներից, ինչպես անձրևորդերը՝ տարափից հետո։ Թմբուկ զարկող մունետիկները արտակարգ ժողովի լուրը հասցրին Էսքիլեն ու Սուբուռա, և քիչ անց առափնյա փողոցները հեղեղվեցին ամեն տեսակ արհեստավորներով, խեղանդամներով ու մուրացկաններով։ Համքարությունները գալիս էին իրենց դրոշներով. կանխազգալով, որ բանը գուցե ընդհարումի հասնի՝ շատերը բերում էին իրենց ստրուկներին։

Դուրս գալով ֆորումից՝ բազմությունը գնաց դեպի Մարսյան դաշտ։ Նրանք քայլում էին՝ կանչելով անցորդներին, թակում էին տների դարպասները։ Երթի մեջ մի ծեր զինվոր, շարունակ երդվելով, պատմում էր, թե գիշերն իրեն երևացել է ծովի վրայով քայլող Օրիոնը, և ամենքը հավատացած էին, որ աննախադեպ փոփոխություն է լինելու։ Աղմուկը տաճարներից դուրս բերեց հավատացյալներին ու քրմերին, կրկեսի երեսուն հազար հանդիսատեսները մի քանի րոպեից հայտնվեցին փողոցում։ Էտրուսկյան նրբանցքի վրա ստվարամարդ մի քանի խմբեր միացան նրանց, որ գալիս էին Տիբերի ձախափնյա խիտ բնակեցված թաղամասերից։ Անցնելով Ցելիումը՝ ահագնացած բազմությունը Եզան նրբանցքով հասավ Վեստայի տաճար, որի բակում սև գլխանոցով վեց քրմուհիներ անխոս նստել էին ատրուշանի շուրջ և ուշք չդարձնելով իրարանցումին՝ յուղի մեջ թաթախած փայտի կտորներ էին ավելացնում սրբազան կրակին, որ կյանքի խորհրդանիշն էր և պիտի վառվեր անվերջ։

Մարսյան դաշտում ասեղ գցելու տեղ չկար, այստեղ էին նաև մերձակա լատիֆունդիաների բնակիչները, իսկ ժողովուրդը գալիս էր ու գալիս։ Ամենքը մղվում էին դեպի հարցում անող կոնսուլը՝ ավելի մոտիկից նրան տեսնելու և լսելու համար, իսկ նա Պոմպեոսի ու Կրասոսի հետ ռոստրաների մոտ էր, որ բարձր էին գետնից տաս արմունկ։ Ռուֆիոնը, Կուրիոնը, Օպիոսը, Պոլիոնը և Նեպոտը մեկ սանդուղք ցած էին գտնվում նրանցից, իսկ Մարկոս Անտոնիոսը երկու տասնյակ վետերանների գլուխ անցած՝ անցուդարձ էր անում հռետորական բարձունքի շուրջ։

Տիբերից փչող հովը ծածանում էր վեր պարզած զինանշանները, սաղավարտների փետրափնջերն ալիքվում էին մայրացած արտի նման։ Փողեր հնչեցին, պարիսպների վրա դեղին դրոշ փողփողաց, ու Կեսարը վեր պարզեց ալեփառ գայիսոնը. հարյուր հազար մարդիկ քարացան լարված լռությամբ։

— Հռոմեական ժողովուրդ,— կոնսուլի բամբ ձայնը տարածվեց Մարսյան դաշտի վրա,— սենատորների անհոգությունն ու բարձրամտությունը ստիպում են ինձ, հակառակ իմ կամքի, այսօր դիմել ձեզ։ Կոնսուլական ընտրություններում ձեր աջակցությունը խնդրելով՝ խոստացել էի հողային օրինագիծ ներկայացնել սենատին և տերը եղա իմ խոսքի։

Փայտյա բուրգերի վրա կանգնած մունետիկները կրկնում էին նրա խոսքը ետին շարքերի համար, և նա խոսում էր ընդմիջումներով։

— Ես հիմա չեմ պատմի ձեզ, թե որպիսի անվայելուչ խոսքեր եղան այնտեղ իմ հասցեին, և նրանք ինչպես էին սպառնում ինձ. դա վերաբերում է միայն ինձ և ինքս կհոգամ իմ արժանապատվության համար։

Այդ միջոցին երկնային նշաններին հետևող ֆեցիալների խմբից առանձնացավ Յուպիտերի քուրմը և կոնսուլին մոտենալով՝ հաղորդեց, թե աստվածները բարեհաճ չեն, ու անհրաժեշտ է հետաձգել հավաքը։

Կեսարը նրան լսում էր բավականին հանգիստ, ու երբ քուրմն ավարտեց խոսքը՝ խեթ նայելով նրան՝ ասաց ազդու ձայնով.

— Աստվածներին ես ավելի մոտ եմ կանգնած, և նրանք ինձ բոլորովին այլ բան հաղորդեցին։

Քուրմը, որը չէր սպասում նման վերաբերմունքի, շվարել էր։

— Բայց, պոնտիֆե՛կ, դա հայրենիքի դավաճանությո՛ւն է...— փորձեց առարկել քուրմը, բայց քրմապետի ցասումնալից հայացքը հնազանդեցրեց նրան, ու նա հեռացավ գլխահակ։

— Ամենազոր աստվածներն օրհնում են հավաքը և բարին ավետում մեզ,— բացականչեց կոնսուլը՝ ձեռքերը կարկառելով վեր։

Մարսյան դաշտը դղրդաց ուրախ կանչերից։ Իսկ երբ կրկին լռություն տիրեց, կոնսուլը շարունակեց.

— Դուք գիտեք, թե որքան զորեղ է Ֆակտիոն, և ոչ մի կոնսուլ միայնակ ի զորու չէ նեղել նրանց. այսօր ես կրկին համոզվեցի դրանում։ Եվ ահա ինչ կասեմ ձեզ, քվիրիտներ. ձեր փրկության հույսը կապեք միայն և միայն ձեզ հետ, քանի որ ոչ մի մագիստր, որքան էլ բարձր պաշտոն ունենա, ազատություն չի բերի ձեզ՝ եթե դուք այդ չկամենաք։ Հիշեք, թե որպիսի հապճեպությամբ նրանք վերականգնեցին ժողովրդական տրիբունի պաշտոնը, երբ դուք չէիք հասցրել անգամ ձեր դժգոհությունը հայտնել։ Նրանք գունատվել էին սարսափից, երբ դուք ցույցեր էիք անում, բայց նրանց հաջողվեց խաղաղեցնել ձեզ՝ ավելացնելով հացաբաժանումների չափը։ Եվ ես ուզում եմ հավատալ, որ կյանքն իմաստնացրել է ձեզ և նորեն չեք տրվի խաբեությանը։

Բազմության միջից փորձեցին խանգարել նրան, բայց նրանց սպառնացին Տիբերը նետել։

— Մի՞թե պարզ չէ ձեզ համար, որ նրանք չեն հրաժարվի իրենց իշխանությունից ավելի վաղ, քան դուք կջանաք ազատվել ստրկությունից։ Եվ ես զգոնության եմ կոչում ձեզ՝ ստրկությունը մի համարեք հանգստություն և մի աղավաղեք հասկացության իմաստը ձեր վախկոտության պատճառով։ Դուք ամենևին բավականություն չեք ստանա, եթե ամոթալի գործերը հաղթեն արդարությանն ու ազնվությանը, երբ փառքն ու պատիվը բաժին ընկնեն անարժաններին. այդ ժամանակ անչափ դժվար է ազնիվ լինել։ Հավաքվելով այստեղ՝ դուք ցույց տվեցիք նրանց, որ ուժ եք, և եթե պառակտվեք՝ նրանք կդիմեն ամեն անօրինականության ձեզ ավելի դաժանորեն ճնշելու համար։ Եվ դա նրանք կանեն մեծագույն հաճույքով ու վարպետությամբ։

— Ի՞նչ անենք,— հարցրին առաջին շարքերից։— Մենք պատրաստ ենք, առաջնորդի՛ր մեզ։

— Ձեզ պիտի առաջնորդեն ձեր խիղճ ու պատվախնդրությունը, և ես պառակտումի ու զենքի դիմելու կոչ չեմ անում. առանց այդ էլ ինձ արդեն մեղադրում են դրանում։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ և առաջինը գնալ ուղիով, որն ազատություն կբերի բոլորիս։ Ես չեմ բացառում, որ կարժանանամ Գրակքոսի բախտին, բայց ուզում եմ սկսել նրանից, ինչով նա ավարտեց կյանքը։ Դուք այսուհետ պիտի կտրուկ փոխեք ձեր գործելակերպը. հեռանալով այստեղից, պիտի չմոռանաք խորհել ազատության մասին և այլևս չլինեք այն երկչոտ արարածը, որպիսին էիք դեռ այսօր առավոտյան։ Որքան էլ դառն է եղել մեր ոչ հեռավոր անցյալը և որքան էլ տուժել ենք մենք՝ ոչնչից բողոքելու իրավունք չունենք, քանի որ մեր դեմ ուղղված բոլոր որոշումները մեր իսկ կողմից հավանության են արժանացել ահա այս Դաշտում, անմահ աստվածների և այս տաճարների ներկայությամբ։ Եվ որպեսզի այլևս ստիպված չլինենք զղջալ ուշացումով, պիտի սպանենք մեր մեջ նստած ստրուկին և դադարենք մեր ձայնը տալ նրանց, ովքեր ծախու են կամ ի սկզբանե տրամադրված են մեր դեմ։ Իմ ասածները հայտնություն չեն բոլորովին, բայց սա է փրկության ուղին, և ձեր ռազմի դաշտը պիտի լինի այսուհետ այս հրապարակը, և պիտի կարողանաք մերժել բոլոր որոշումներն ու օրինագծերը, որոնք ուղղված կլինեն ձեր դեմ, և ոչ թե օրվա հացի մտահոգությամբ տարված՝ վատթարացնեք ձեր վիճակը հանցավոր հնազանդությամբ։ Եթե արյուն պիտի թափեք, ապա միայն այստեղ և ո՛չ օտար ափերում, ու թող նրանք իրենց նախնիների պատկերներո՛վ հալածեն բարբարոսներին ու իրե՛նք հոգան իրենց ընտանիքների անվտանգությունը։

Մի քանիսը փորձեցին առարկել, բայց նրանք սակավաթիվ էին և նրանց ձայնը խլանում էր հավանության անզուսպ բացականչությունների ծովում, ինչպես խեղդվողի աղերսալից ճիչն է խլանում ալեբախության դղրդյունի մեջ։

— Մի՞թե ձեզ չի զարմացնում այն, որ վերջին ամիսներին կումիցիաները չեն անցնում հեծյալ վաշտի հսկողությամբ և վիգիլները չեն գերազանցում մյուս ընտրողներին։ Եվ մի՞թե հարց չեք տվել ինքներդ ձեզ, թե ինչո՞ւ սենատը հանկարծ բարիացավ ու թույլ տվեց բացահայտ խոսել անցյալի իր մեղքերի մասին։ Հիմա կարող եք Սուլլային հայհոյել՝ որքան կուզեք, կարող եք անվանել նրան ժողովուրդների դահիճ կամ արնախում հրեշ, և ոչ ոք պատասխանատվության չի կանչի ձեզ։ Ֆակտիոն ոչ միայն աչք է փակում այս ամենի վրա, այլև ինքն է լրտեսների միջոցով տոն տալիս դրան, որպեսզի դժգոհությունից ծնունդ առած ձեր եռանդը վատնեք նրա անցյալը փորփրելով։ Եվ մինչ դուք ջանասիրաբար կքրքրեք այն,— իսկ նրանց մեղքերը որքան ասես շատ են և մի հավերժություն է պետք գլուխ հանելու համար,— և կշարունակեք ննջել կեղծ ինքնագոհության մեջ, ամեն ինչ կկրկնվի նորից, այս անգամ առավել դաժանությամբ։

— Դուք հիմա այդպես անօգնական եք և զայրացած ձեր անզորությունից, քանի որ բոլոր նրանք, ում դուք ընտրել եք ձեր պաշտպանության համար, իրենց ողջ զորությունը գործադրում են ի վնաս ձեզ՝ կաշառված լինելով կամ պարզապես շողոքորթելով մի խումբ մարդկանց, ովքեր զավթել են գանձարանը, տնօրինում են բանակն ու պրովինցիաները և հաշվետու չեն ոչ մեկի առաջ։ Իսկ դուք, որ բյուր եք, տրվում եք նրանց իշխանությանը և ողորմածությանը, որպեսզի նրանք տիրեն ձեզ և ձեզ շահարկեն իրենց նպատակների համար։ Մի՞թե դուք կարծում եք, թե կոնսուլ Մարկոս Բիբուլոսը, որ նույնպես նրանցից է, նոր օրինագծեր կհաստատի ձեզ համար կամ կմտածի ձեր բարօրության մասին։ Այնինչ դուք նրան տվեցիք ձեր ձայնը և կամովին նրան դարձրիք ձեր տիրակալը։ Ու քանի դեռ չեք զանազանի բարերարին թշնամուց, այդպես անօգնական էլ կմնաք։

Թաթերի վրա ձգված՝ նրան լսում էին համակ ուշադրությամբ, ոմանք ելել էին փարախի[52] ցանկապատին։ Առաջին անգամ նրանք բացեիբաց լսում էին այն, ինչի մասին երկար տարիներ խոսել էին ծածուկ։

— Դուք արդեն հասցրել եք համոզվել, որ ձեր համբերատարությունը ձեր թշնամին է, քանի որ որքան լռում եք, այնքան ձեր վիճակը ծանրանում է։ Փուչ խոստումներից զատ, որ տալիս են ձեզ ընտրություններից առաջ, դուք ոչինչ չեք ստանում ձեր հնազանդության դիմաց։ Սուլլայի մահից հետո, որը հանցավոր կերպով ստրկացրել էր ձեզ և պոետներից ապրելու թողել միայն ներբողական պոեզիայի հիմնադիր Արիոնի հետնորդներին, դուք հավատացիք, թե նա իր հետ տարավ ողջ չարիքը, այնինչ նրան փոխարինեց Կատոնը՝ ավելի նենգ ու ավելի դաժան։ Եվ եթե Սուլլան երբեմն կարող էր բարեհոգի լինել՝ նրա հետնորդը զերծ է նման թուլությունից։ Անհամար զոհեր բերած խռովությունների, հույզերի ու ապստամբությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է նրա և նրա մերձավորների վրա, ու դեռ կգա հատուցման ժամը։

Ժողովուրդը ծափահարում էր, ապա սկսեց ոտքերով դոփել գետին՝ վանկարկելով կոնսուլի անունը։

— Նա, որ կասկածամիտ է Դիոնիսոս Ավագից առավել և դաժան, որքան Ֆալարիսը, իր նախորդից խելացի է այնքանով, որ խորամանկ է, ու հիմա անչափ դժվար է զանազանել՝ ում է նա թշնամի համարում, ում՝ բարեկամ։ Համոզվելով, որ ընդդիմադիրներին չի կարող հաղթել խոսքի ճարտարությամբ և մտքի սլացքով, նա ստորաբար վարկաբեկում է նրանց, կեղծ լուրեր տարածում Քաղաքում. նրա լրտեսները վխտում են ամենուր, և նա, որ պաշտոնի բերումով կոչված է հետևել օրինականությանը և մեզ բոլորիս պաշտպանել ստից ու կեղծիքից՝ անամոթաբար դավեր է նյութում նրանց դեմ, ովքեր համարձակություն են ունեցել հրապարակավ չհամաձայնել նրա հետ կամ իրենց ոգևորությունը չեն արտահայտել նրա ծրագրերի մասին։ Թող չշփոթեցնի ձեզ բոլորովին նրա թվացյալ արհամարհանքը մեծահարուստների նկատմամբ. նրանց մեղադրելով ինքնիշխանության, ինքնագովության և հասարակ ժողովրդի հանդեպ տածած արհամարհանքի մեջ, նա խստաբարո հոր համբավ է վաստակել և խորամանկորեն կամենում է շահել պլեբեյների և ստորին մյուս դասերի համակրանքը, որոնցից ինքը խորշում է իրականում։ Նա ձևացնում է, թե ատում է այն պոետներին և բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե վերին ճշմարտությունը հասու է միայն ընտրյալներին և հասարակ ժողովուրդը պիտի երկրպագի նրանց՝ ինչպես ամենակարող աստվածների։ Բայց միևնույն ժամանակ նա ոչ մի անգամ ունկնդիր չի եղել ժողովրդի ձայնին և առանց բացառության մերժել է բոլոր օրինագծերը, որոնք կարող էին թեթևացնել ձեր հոգսերը։ Ինչո՞ւ է նա այդպես համառորեն դեմ հողաբաժանումին...

Այդ միջոցին թիկունքից նրան մոտեցած Ռուֆիոնը նրա ուշադրությունը հրավիրեց քաղաքի կողմից եկող ստվար խմբի վրա։ Նրանց մեջ ճանաչելով Կատոնին ու Բիբուլոսին՝ Կեսարն ընդհատեց ելույթը և տեսնելով, թե որպիսի վճռականությամբ են նրանք հավաքվածների միջով առաջանում դեպի ռոստրան՝ ձեռքը պարզեց նրանց ուղղությամբ ու բացականչեց.

— Ահա՛, գալիս են նրանք, ովքեր լողում են առատության մեջ, լատիֆունդիաներ ունեն բոլոր չորս կողմերում, բայց չեն կամենում մի ոտնաչափ հող տրամադրել ձեզ, որ դրա կարիքն զգում եք անչափ։ Մի՞թե դուք, քվիրիտներ, կհանդուրժեք նրանց և թույլ կտաք նորեն խաբեն ձեզ՝ բարիքների անձրև խոստանալով, ինչպես խաբում էին, թե Պոմպեոսն ահա կգա Հայաստանից և բազում ստրուկներ կնվիրեն յուրաքանչյուրիդ։

Մռայլված բազմությունը մեղվապարսի նման խլրտաց անկանոն՝ չիմանալով ինչպես արտահայտել զայրույթը։

— Թող ձեր խիղճը և ինքնասիրությունը լինեն ձեր խորհրդատուն այժմ, և վարվեք, ինչպես կամենաք. հավատացեք նրանց սին խոսքերին ու ընկղմվեք երազանքների գիրկը, միայն թե կուզենայի զգուշացնել ձեզ՝ քանի դեռ անուշ թմբիրի մեջ կլինեք, Ֆակտիոն կալանդներ կհագցնի ձեր ոտքերին, որ դեռ չեն բուժվել հարքից։ Եվ մի մոռացեք, որ ձեր այժմյան և գալիք թշվառությունների միակ մեղավորը դուք եք, և ձեր որդիներն էլ կապրեն այսպես անազատ և կանիծեն ձեզ՝ նզովյալ այս աշխարհն իրենց բերելու համար։

Կեսարը հեռացավ ռոստրայից. դա նշանակում էր, որ այն կամովին զիջում է եկվորներին։ Նրան հետևեցին Պոմպեոսը, Կրասոսը, Ռուֆիոնը, մյուսները։

Երբ հռետորական բարձունքը բոլորովին դատարկվեց, ամբոխն իրեն լքված ու որբացած զգաց։ Մի պահ մոլորվեց, չիմանալով՝ ինչ անել, ապա անլսելի մի հրամանով բոլոր կողմերից մղվեց դեպի եկվորները։ Նրանց ծաղրում էին, սուլում, փայտի ու քարի կտորտանքներ նետում նրանց ճանապարհին, ինչ-որ երգ երգում, որի բառերն անհնար էր զանազանել համատարած ժխորի մեջ։ Սակայն մեծատոհմիկները լիկտորների օգնությամբ ճեղքելով խիտ շարքերը առաջանում էին՝ ուշք չդարձնելով այդ ամենին։ Նրանց անբռնազբոս վարմունքից ամբոխը գրգռվեց, ցրվեց հրապարակով, քանդեցհանեց մի քանի ճալաքար ու նետեց լիկտորների վրա։ Սրանք վահան չունեին և երկյուղած ետ քաշվեցին՝ Կատոնին ու Բիբուլոսին թողնելով մեն-մենակ կատաղած ամբոխի դեմ։ Սարսափից արյունոտված աչքերով իրեն մոտեցողներին նայելով՝ Բիբուլոսը նահանջեց՝ առաջ պարզած կոնսուլական երասակները, որ նրա անձեռնմխելիության խորհրդանիշն էր։ Կատոնը չշարժվեց տեղից ու թավ հոնքերի տակից շանթող հայացքով նայում էր նրանց։ Հեռվից նետված փայտի մի կտոր դիպավ նրան, և նրա դեմքին արյան վտակներ երևացին։ Քարեր դիպան նրա ոտքերին։ Հայտնի չէ՝ ինչ կլիներ նրա վերջը, եթե վրա հասած քրմերն իրենց մարմնով չծածկեին նրան ու չբացականչեին՝ ձեռքերը երկինք կարկառած.

— Ուշքի՛ եկեք, Էնեասի՛ զավակներ. ատելությունն արյամբ է շղարշել ձեր զգոնությունը և կուրացրել ձեր աչքերը, ուշքի՛ եկեք՝ հանուն անմահ աստվածների և սթափ աչքերով նայեք ձեր շուրջը. չէ՞ որ ձեր առջև պրինցեպս է, ում անձը ձեռնմխելի չէ սրբազան կուռքերի նման։ Ուշքի եկեք և երկյուղեք աստվածների զայրույթից։

Աստվածամեծար հռոմեացիք վայրկենապես սթափվեցին, գլխներից վեր բարձրացված քարերն այդպես էլ չնետվեցին, բռունցք դարձած ձեռքերը թուլացան։ Պլեբեյներից մեկը ճանկեց կոնսուլական երասակները, ծնկին զարկելով՝ երկու կտոր արեց այն ու շպրտեց Բիբուլոսի երեսին։ Ամբոխն անզուսպ հռհռաց՝ թույլ տալով պատրիկները գլխիկոր հեռանան հրապարակից...

— Պայծառաշուք տեր,— անհամարձակ շշնջաց սպասավորը՝ խոնարհվելով Էմիլիոսի վրա, և երբ սենատորը դժկամությամբ բացեց աչքերը, շարունակեց,— ժամանել է կոնսուլ, սենատոր և գերագույն քուրմ Գայոս Կեսարը և տեսակցություն է խնդրում։

— Գրողի տարած,— ասաց Մումերկոսը խիստ, բայց առանց չարության,— մի՞թե չեմ ասել քեզ, որ նրա առջև իմ տան դուռը բաց է՝ գիշեր, թե ցերեկ։

— Ես կարծեցի քնած ես, վեհաշուք տե՛ր,— ետ-ետ գնալով՝ արտաբերեց ստրուկը։

— Թեկուզ մեռած լինեմ։

Շատ չանցած՝ դռների մեջ հայտնվեց Կեսարը՝ կոնսուլական սպիտակերիզ քղամիդով, և առաջանալով դեպի մայրիփայտե մահճակալը, որին պառկած էր ծերունի սենատորը՝ բացականչեց.

— Բարի ողջո՛ւյն Մարգագետինների և արոտավայրերի գլխավոր վերահսկիչին։ Թող հեռու փախչեն նրա մարմնից ոգիները չար և թող Էսկուլապիոսը բժշկի նրան, ինչպես բժշկեց իմ բարեկամ Կուրիոնին, որը, մոլորվելով Թրակիայի ճահճուտներում, սովամահությունից փրկվելու համար սնվել էր լոտոսի արմտիքով և իսպառ կորցրել հիշողությունը։

— Բարի ողջույն քեզ՝ կոնսուլ, սենատոր և գերագույն քուրմ,— Մումերկոսը նրան նայում էր այնպիսի գորովանքով, ինչպես քանդակագործը՝ իր կերտած արձանին։— Մո՛տ նստիր։

Կոնսուլին գահույք մատուցեցին։ Մումերկոսը սպասավորներին կարգադրեց բարձեր բերել և նստեց անկողնում։ Այդ միջոցին սենյակում հայտնվեց մռայլ մի կերպարանք՝ ամբողջովին սևազգեստ և առատ բեղմորուսով։

— Գնա, Սելեոս, գիտեմ՝ ինչ ես ասելու,— դիմեց նրան Մումերկոսը, իսկ երբ բժիշկը հեռացավ, դարձավ Կեսարին.

— Արգելում է խոսել, բայց պայթում եմ արդեն լռակյացությունից և եթե շարունակեմ հետևել նրա խորհրդին, ավելի շուտ կվախճանվեմ հենց դ...

Նրա խոսքն անավարտ մնաց, սկսեց ուժգնորեն հազալ ու թարախ թքել, իսկ երբ հանդարտվեց, ասաց նվաղուն ձայնով.

— Անիծյալ Աֆրիկա. տանջվում եմ այսպես արդեն քառասուն տարի։ Երնեկ նրանց, ովքեր մեռան կռվում և չտեսան իրենց պարտությունը մահվան առջև։

— Մեծապատիվ սենատորը դեռ երկար կապրի,— փորձեց մխիթարել Կեսարը,— և վաղ է այդ մասին մտածել։ Ես Կրասոսին գրություն եմ հղել՝ ուղարկելու Ասորիքի ամենահմուտ բժշկողներին. այդ դևերը, ինքդ գիտես, կախարդանքով ու մոգությամբ մարմնից վանում են ամեն ցավ։

— Ոչինչ այլևս չի օգնի ինձ,— հոգոց հանեց Մումերկոսը,— և ժամն է՝ անձամբ ստուգելու անդրշիրիմյան կյանքի առասպելը։

Հետո, միանգամից մոռանալով իրեն համակած տրտմությունը, հարցրեց՝ զննող հայացքով նայելով կոնսուլի աչքերի մեջ.

— Այդ ճի՞շտ է, որ կարգադրել ես ձերբակալել Կատոնին։

— Կումիցիայի արդյունքները ներկայացրել էի սենատի հաստատմանը, իսկ նա փորձում էր տապալել ամեն ինչ,— Կեսարն անհոգ ժպտաց։— Բայց ես կարգադրեցի նրան ազատ արձակել նիստից հետո։

— Որպիսի երանությունից է զրկել ինձ Էսկուլապիոսը՝ գամելով անկողնուն. որքան կուզենայի տեսնել նրանց՝ քիթը կախ գցած։ Լավ խորամանկեցիր դու նրանց։ Կատոնն ամբողջ մի շաբաթ ոչինչ չի կերել, երբ լուր է առել Լավեռնայի հանդիպման մասին։ Իսկ նա մինչ այդ հանգիստ էր, քանի որ Կրասոսի բարեկամը լինելով՝ ակամա դարձել էիր Պոմպեոսի թշնամին։ Նա ոչ մի վտանգ չէր ակնկալում, ինչպես ամենքը, և վստահ էր, որ ձեր միջև դաշնություն չի լինի։ Բայց ես նրան չեմ մեղադրում աչալրջության պակասի մեջ. դու արեցիր անհնարինը։ Որ Մագնիան կջանար չհիշել Մուցիայի հետ կապված պատմությունը՝ չէի կասկածում. նրան ոչինչ այլևս չէր մնում անելու։ Բայց ինձ համար այդպես էլ անհայտ մնաց, թե ինչպես կարողացար համոզել Կրասոսին. ժամանակին ինքս էլ փորձեցի հաշտարարի դեր խաղալ, սակայն ցենզորը գրգռվում էր Պոմպեոսի անունը լսելով։

— Միայն ինձ և աստվածներին է հայտնի, թե որքան ջանք թափեցի,— հոգոց հանեց Կեսարը։— Դեմոսթենեսը ոչինչ էր իմ դեմ այդ օրերին։ Բայց պիտի խոստովանեմ, որ այդ դաշնության և իմ կոնսուլության համար պարտական եմ Կատոնին. լիներ նա պակաս համառ, ոչնչի չէի հասնի։

— Բայց նրանք չեն ների քեզ, Կեսար,— հանկարծ մռայլվեց Մումերկոսը,— չեն ների նաև քրմերին չենթարկվելու համար, և ...

— Թող կորչեն գրողի ծոցը,— Կեսարը թափ տվեց ձեռքը։— Չէ՞ որ ինքդ էիր ուսուցանում, որ անմտություն է վախենալ անխուսափելիից։

— Բայց դա վաղուց էր և դու տասնութ էլ չկայիր, իսկ այդ տարիքում իսկապես պետք չէ երկյուղել, քանի որ քիչ բան ունես կորցնելու։ Սակայն թույլ տուր ավարտեմ միտքս. ինձ լուրեր են հասել, թե ոմանք դժգոհում են քո խստությունից, թե որոշ սենատորներ վախից կուրիա չեն գալիս և որ քեզ նմանեցնում են Սուլլային։

— Սուլլայի՞ն,— ասաց Կեսարը ծիծաղելով։ -Դա ես արդեն պիտի ընկալեմ որպես մեծագույն պատիվ. չէ՞ որ Ֆելիքսը կիսաստված էր նրանց համար։

Մումերկոսն անհանգիստ շարժումներով ուղղվեց բարձերի վրա։

— Տեսնում եմ՝ դու ոգևորվել ես հաղթանակով, այնինչ Ֆակտիոն ոչ թե պարտված է, այլ՝ շփոթված, և եթե նա ուշքի գա ավելի վաղ, քան դու կհասցնես ջլատել այն, հեշտ չի լինի քեզ համար։ Բոլորովին հարմար չէ այժմ հիշել քեզ հասցված վիրավորանքները և տարվել վրեժխնդրությամբ։ Քո միակ հոգսը պիտի լինի հաջողությանդ տևականությունն ապահովելը, իսկ դրա համար դու պիտի պատրաստ լինես ընդունել նույնիսկ նրանց, ում ատում ես, եթե նրանք կարող են օգնել քեզ փոքրիշատե։

— Այդ ամենը ես գիտեմ, Մումերկոս,— ասաց Կեսարը՝ լրջանալով,— գիտեմ նաև, որ իմաստ չունի հեռանալ Քաղաքից[53], քանի դեռ Ֆակտիոն տապալված չէ։ Նրանք ընդունակ են ամեն ինչի, և բավական է մեկնեմ պրովինցիա՝ ողջ Քաղաքը կհանեն իմ դեմ։ Բայց ի՞նչ կարող եմ անել. պրոսկրիպցիա՞ կազմեմ, արյո՞ւն թափեմ...

— Ահա թե ինչ եմ մտածել,— Մումերկոսը ընդհատեց նրան,— քանի որ Քաղաքից քո հեռանալն անխուսափելի է, արա այնպես, որ Կատոնը ևս հեռաա. Պտղոմեոսի կտակն[54] ընդունելու է, հաջողեցրու այնպես, որ սենատը Եգիպտոս գործուղի Կատոնին։

— Չէի մտածել այդ մասին,— խոստովանեց Կեսարը՝ մտորելով Մումերկոսի առաջարկի վրա։— Կտակն ընդունելը, ինչ խոսք, բարձր պատիվ է, և Կատոնը, վստահ եմ, չի հրաժարվի։

— Այո, բայց դա պիտի արվի նրբորեն, որպեսզի նա ոչինչ չկասկածի, իսկ օպտիմատները հպարտանան իրենց առաջնորդին նման պատվի արժանացնելու համար,— զգուշացրեց Մումերկոսը, ապա, կոնսուլի ձեռքն առնելով ափերի մեջ՝ շարունակեց կիսաձայն.

— Աստվածները զրկել են ինձ ժառանգ ունենալու բերկրանքից, Կեսա՛ր, և իմ միակ մտահոգությունը դու ես եղել։ Այժմ էլ անհանգստանում եմ քեզ համար, իսկ պատճառ՝ որքան ուզես։ Դու բարձրացար այլոց հետ ունեցած միաբանության շնորհիվ և պիտի հիշես, որ կկործանվես, եթե նրանք այժմ երես թեքեն քեզանից, կկործանվես, քանի որ մարտերում կոփված ու քեզ նվիրված բանակ չունես։ Ուրախ եմ, որ քեզ բաժին է ընկել Գալլիան։ Դու, անշուշտ, այնտեղ փառքի կհասնես, իսկ ահա այդ էլ մտահոգում է ինձ։ Ուզում եմ զգուշացնել, որ հաղթություններով ոգևորված՝ չմոռանաս դրանց տակ թաքնված նենգ վտանգը. այսօրվա քո խոհակիցները խիստ պատվախնդիր են, և եթե իրենց հետ ունեցած դաշինքի շնորհիվ գերազանցես իրենց փառքով ու հեղինակությամբ, նրանք կսկսեն տրնտջալ, և դրանից կօգտվի Ֆակտիոն, որն այսօր արդեն ուղիներ է փնտրում Մագնիային սիրաշահելու համար։ Որ գժտվելու ես այսօրվա քո դաշնակիցների հետ, ես ամենևին չեմ կասկածում, քանի որ երեքդ էլ ունենք միևնույն նպատակը՝ իշխել Իտալիային, թեև այն խնամքով թաքցնում եք միմյանցից։ Քաջ հայտնի է քեզ, թե որքան հեղհեղուկ է Պոմպեոսի բնավորությունը, և եթե բացակայես Քաղաքից, Ֆակտիոի համար ամենևին դժվար չի լինի տարհամոզել նրան։ Իսկ դա թույլ տալ չի կարելի։

— Բայց ինչպե՞ս,― հարցրեց Կեսարը՝ մոլորված,— ես չեմ կարող հրաժարվել պրովինցիայից, որպեսզի մնամ նրա մոտ։

— Անկողնում պառկելու միակ մխիթարությունն այն է, որ խորհելու առատ ժամանակ ես ունենում,— ասաց Մումերկոսը՝ ժպտալով։— Ես ինչ-որ բան մտածել եմ. Հուլիային[55] կնության տուր նրան։

— Բայց նա նշանված է կրտսեր Կրասոսի հետ,— Կեսարն ուսերը վեր քաշեց, թեև այդ միտքը գրավեց նրան։

— Պուբլիոսը չի մեռնի վշտից,— ասաց Մումերկոսը կտրուկ,— իսկ թե կմեռնի՝ ուրեմն այդպես էր կամքը աստվածների։ Ես միշտ խղճացել եմ նրանց, ովքեր կնոջ համար կորցնում են գլուխը։ Իմ Նիդիան չեմ հիշում արդեն որերորդն է, բայց ես այդպես էլ նրանց միջև տարբերություն չտեսա։ Նրանք բոլորն էլ զազիր են, կեղծավոր ու ձանձրալի, և կյանքում վեհ նպատակներ ունեցող այրը պիտի հեռու մնա նրանց հետ տևական շփումից. լոտոսի յուղի նման նրանք թմրեցնում են մարդուն իրենց վայելքներով և իրապաշտությամբ, ու հրապույրի անցողիկ ակնթարթի դիմաց տարիների տառապանք են բերում։ Պուբլիոսին մի լավ պաշտոն խոստացիր Գալլիայում, և նա քեզանից շատ ավելի շնորհակալ կլինի։ Հա, քիչ մնաց մոռանայի. կարևոր լուր ունեմ քեզ համար. առավոտյան ինձ մոտ էր Պիզոնը...

— Պիզո՞նը,— Կեսարը չհավատաց ունկերին և կնճռոտվեց։

— Նա գժտվել է Կատոնի հետ և խորհուրդ էր հարցնում՝ ինչպես վարվել։ Նա պատրաստ է աջակցել քեզ, բայց երկյուղում է, թե դու չես ընդունի իրեն։

Կեսարը ոչինչ չասաց, մի քանի անգամ անհանգիստ եկավ-դարձավ սրահում, ապա, նստելով մահճակալի եզրին, հարցրեց.

— Եվ դու լիովին վստահո՞ւմ ես նրան։

— Այո՛, Կեսար,— պատասխանեց Մումերկոսը վճռական տոնով,— ես միշտ վստահել եմ մեղքերն անկեղծորեն խոստովանող մարդուն և մինչ այսօր չեմ սխալվել։ Նրանից ես, օրինակ, իմացա, որ սենատի նշանավոր այն նիստից առաջ ինքը և Կատոնը այցելել են Ցիցերոնին և առաջարկել քեզ ևս ճանաչել որպես դավադրության կազմակերպիչ։

— Հետաքրքի՜ր է,— Կեսարը ձեռքերը խաչեց կրծքին,— սկսում եմ ինչ-որ բան հասկանալ։

— Ես ուզում եմ դու հաշտվես նրա հետ, Կեսա՛ր, ու երևի թե չպիտի ասեի քեզ այդ մասին, բայց ավելի վատ կլիներ, եթե դա իմանայիր հետո։

— Եվ ի՞նչն է խանգարել նրանց,— հարցրեց կոնսուլը՝ լարվելով։

— Ցիցերոնին հաջողվել է նրանց համոզել, թե տվյալ պահին Կրասոսն առավել վտանգավոր է իրենց համար։

— Ահա՜, թե ինչ,— Կեսարը ոտքի ելավ։— Պարզվում է՝ ողջությանս համար պարտական եմ Ցիցերոնի՞ն։

— Պարտակա՞ն,— Մումերկոսը քահ-քահ ծիծաղեց,— նա պարզապես երկյուղել է պլեբսի զայրույթից, այլապես մեծագույն հաճույքով կմեռցներ նաև քեզ։

Ապա, վայրկենապես լրջանալով, շարունակեց.

— Նա սպանել է քո մերձավորներին, իսկ դու ուզում ես երախտապա՞րտ լինել քեզ խնայելու համար։ Պատժել է պետք նրան, ահա՛, թե ինչ։

— Հայտնի է քեզ, որ այդ հարցը հանգիստ չի տալիս ինձ ահա արդեն չորս տարի։ Բայց նա մտերիմն է Պոմպեոսի...

— Պոմպեոսն ամենևին չի խրախուսում նրա վարքը։

— Բայց և թույլ չի տա վտանգվի նրա կյանքը։

— Աստված հեռացնի թող չարը,— Մումերկոսն ափերը միացրեց իրար,— իսկ ո՞վ ասաց, թե ես նրան մահվան եմ դատապարտում կամ աքսորում տաժանակրության. թող քաշվի որևէ խաղաղ պրովինցիա, թեկուզ հենց Կիլիկիա,— ասում են նա այնտեղ մեծ հարգանք է վայելում,— և թող ճամարտակի սրտի ուզածի չափ։ Իսկ մենք բավական եղավ լսենք նրա ինքնագովությունը։ Ահավասիկ,— Մումեկոսը հայացքն ուղղեց սեղանին դրված գրքին,— նոր է հրատարակել՝ «Հաղագս բարեկամության», և ծայրեծայր գովաբանում է իրեն, թե ինչպես կերավ Կատիլինայի նման քաջարի ազնվականի գլուխը։ Փո՛ւչ արարած...

Էմիլիոսը չկարողացավ զսպել իրեն և թունդ հայհոյեց։ Ապա, ինչ-որ բան հիշելով, շարունակեց.

— Երեկ գիշեր երազում նա երևացել է ինձ, ավելի ճիշտ, մարմնից անջատված նրա գլուխն ու ձեռքերն եմ տեսել, որ ցուցադրում էին Ֆորումի ռոստրաների մոտ։ Սահմռկեցուցիչ տեսարան էր և, պիտի խոստովանեմ, որ բավականություն չապրեցի։

Մումերկոսը ձեռքն առավ գիրքը և հայացքը սահեցրեց գալարների վրայով։

— Պատկերացնո՞ւմ ես՝ նա իրեն Հռոմի առաջին իմաստասերն է համարում,— քմծիծաղով արտաբերեց Մումերկոսը։— Այդ որկրամո՞լն է իմաստասեր, այդ երկչոտ արարա՞ծը, որ կնոջ պահանջով պատրաստ է մահվան ուղարկել ամենանվիրված ընկերոջն անգամ։ Նա ինձ եղջերու է հիշեցնում, որի համար բնությունն աճեցրել է զարմանալի մեծ և ամուր եղջյուրներ, հոգին թողնելով երկչոտ ու տոկունությամբ չօժտված։ Երբ արքաներն են ձգտում նվաճել իմաստասերների համակրանքը, հյուրընկալում են նրանց և ունկնդիր լինում նրանց խորհուրդներին՝ սա գովելի է և վկայում է տիրակալի խոհեմության մասին։ Բայց եբր իրեն իմաստասեր համարող անձնավորությունն է փորձում վայելել հզորների բարեհաճությունը, սա արդեն պարսավելի է և անբարոյական։ Իսկ նա, այդ որկրամոլը, Քաղաք գալուն պես սկսեց շողոքորթել Սուլլային, իսկ այժմ հաճկատարություն է անում Կատոնի առջև։ Իսկական իմաստասերը կարևորություն չի տալիս մարմնական հաճույքներին, նրա համար արժեք չունեն վայելուչ հագուստները, նուրբ կոշիկները, մարմնի զարդերը։ Իսկական իմաստասերը միայն անհրաժեշտությունից է օգտագործում դրանք, իսկ այդ ճարտասանը,— երբ նա ճառում է, ես չմրսելու համար փաթաթվում եմ տոգայիս մեջ,— շքեղ տուն ունի Կարինքում, հրաշալի վիլլա՝ Պոմպեյքում, էլ չեմ խոսում Արպոսի դղյակի մասին, որի միայն գծագրերի համար վճարեց երեք հազար դենարե։ Թե կուզես իմանալ՝ իմաստասերը Դիոգենեսն էր, Սոկրատեսն էր, որ ատում էին իրենց մարմինը, քանի որ այն իր բազմաբնույթ պահանջմունքներով կաշկանդում էր հոգին և խանգարում հաղորդակից լինել բարձրագույն ճշմարտությանը։ Այնպես որ առանց երկմտանքի ձեռնամուխ եղիր նրա արտաքսմանը. Պոմպեոսը չի դժգոհի։ Կլոդիոսը վաղուց ծարավի է վրեժի. այդ գործը հանձնարարիր նրան, և նա ամեն ինչ գլուխ կբերի հաջողությամբ, ինչպես՝ ոչ ոք։ Եվ շտապիր։ Բայց դառնանք Պիզոնին։ Ինձ թվաց, թե նա տատանվում է, և աններելի սխալ կգործենք, եթե Կատոնին հնարավորություն ընձեռենք հաշտվելու նրա հետ։ Պիզոնը հմուտ զորավար է, նրա կարծիքի հետ շատերն են հաշվի նստում, և նա անչափ օգտակար կլինի քեզ։

Կեսարը լուռ էր։

— Դու միշտ մեծահոգի ես եղել, Գայոս, այդպիսին եղիր և այժմ ու սեղմիր քեզ պարզված ձեռքը։

— Ես կհաշտվեմ նրա հետ,— ասաց կոնսուլը,— բայց ոչ այն բանի համար, որ կարիք ունեմ օգնության և կամ հիշաչար չեմ բոլորովին։

Մումերկոսը ոչինչ չհասկացավ և բացատրություն պահանջող հայացքով նայեց նրան։

Կեսարն արձակեց պարանոցի շղթան և պարզեց նրան։

Մումերկոսը դողդոջուն ձեռքերով այն մոտեցրեց աչքերին ու կանչեց ոգևորված.

— Գրո՜ղը տանի, ախր սա Կալպուրնիայի օրիորդական շղթան է։ Ա՛յ քեզ անսպասելի նորություն։— Նա անզուսպ ծիծաղեց։— Ուրեմն դու դառնում ես Պիզոնի փեսան, իսկ ես տեղյա՞կ չեմ։ Ա՛յ քեզ պատմություն...

Մի քանի օր անց՝ անհապաղ այցելելու հրավեր ստանալով Սերվիլիայից, Կեսարը խիստ զարմացավ, նրա մոտ տեսնելով Տուլլիոսի բանտապետին։ Մի անգամ խոսքի մեջ, իմիջիայլոց, նա Սերվիլիային ասել էր, թե կցանկանար մտերմանալ բանտապետի հետ, բայց կարևորություն չէր տվել այդ խոսակցությանը և բոլորովին մոռացել էր դրա մասին։ Իսկ ահա Սերվիլիան որոշել էր օգնել սիրեկանին։ Աիրեբը՝ այդպես էր բանտապետի անունը, որ Սերվիլիայի հեռավոր ազգականն էր՝ ձգտում էր պրետուրայի և վաղուց կոնսուլի ուշադրությանն արժանանալու առիթ էր փնտրում։ Այնպես որ Սերվիլիայից իմանալով, որ Կեսարը գուցե թե զգա իր օգնության կարիքը, նա զարմուհուն աղերսել էր չհապաղել և անմիջապես կայացնել հանդիպումը։ Ու եկել էր՝ պատրաստ կատարելու ամեն խնդրանք կամ պահանջ։

Առօրեական հարցերի շուրջ մտքերի ամենասովորական փոխանակությունից հետո Կեսարը հետաքրքրվեց, թե ինչպես է զգում իրեն Տարկվինիոսը, որին շղթայել էին սենատին մոլորության մեջ գցելու համար։

— Առանձնապես բողոք չունի,— պատասխանեց Աիրեբը՝ կարևոր գործարք ակնկալելով,— միայն երբեմն խանգարում է մյուս բանտարկյալների հանգիստը՝ կանչելով, թե իրեն խաբել են և ստիպել կեղծ ցուցմունքներ տալ։ Գուցե աստվածային կոնսուլը կամենո՞ւմ է տեսակցել նրան։

Կեսարին դուր եկավ նրա անմիջականությունը։

— Եթե դա հնարավոր է։

— Չկա ոչինչ անհնարին հռոմեական կոնսուլի համար,— ասաց Աիրեբը զվարթ ձայնով և ձեռքերը կողքի տարածեց,— որը նաև աստծո փոխանորդն է։

— Ես կուզենայի, որ մեր երկուսից բացի ոչ ոք չիմանար այդ մասին։

Աիրեբի ոգևորությունը միանգամից մարեց, և նա խորհեց մի պահ՝ կոնսուլի պահանջը բավարարելու ուղի փնտրելով։

— Բանն այն է, որ Տարկվինիոսը մենակ չէ,— ասաց բանտապետը,— բայց ես կարող եմ նրան փոխադրել այլ խուց, եթե տրիբուններից որևէ մեկը կարգադրի ինձ անել այդ։

Սակայն կոնսուլի դեմքին դժգոհության կնճիռներ նշմարելով՝ նա զգաց, որ հարմար առիթը բաց է թողնվում, և շարունակեց անհամարձակ.

— Եթե խիստ անհրաժեշտ է այդ տեսակցությունը, ես ինչ-որ բան կձեռնարկեմ, բայց պիտի խնդրեմ, որ պատվարժան կոնսուլն այդ օրը որևէ տարբերանշան չկրի։ Իհարկե, ես կընտրեմ բերդականներից առավել վստահելիներին, բայց և այնպես լավ կլիներ, եթե...

— Բերդականները չեն ճանաչի ինձ,— ասաց Կեսարը բազմանշանակ տոնով, և Աիրեբը թեթևացած շունչ քաշեց։

Երբ կոնսուլը մտավ բանտախուց՝ ուշ ժամ էր արդեն, և Տարկվինիոսը քնած էր։ Մշտարթուն մի զգայարան Տարկվինիոսին ազդակեց, որ ինքը խցում մենակ չէ։ Նա բացեց աչքերը և նկատելով մահճակալի մոտ կանգնած տղամարդուն՝ հանկարծակի եկած նստեց անկողնում։ Ճանաչելով կոնսուլին՝ Տարկվինիոսը վախեցած կուչ եկավ՝ զրնգացնելով իրեն պատին գամող շղթաները, բայց Կեսարի դեմքին չարակամություն չգտնելով՝ հանգստացավ։

— Այս ի՞նչ օրն են գցել քեզ, Վետտիո՛ս,— ասաց Կեսարը՝ կարեկցանքով նայելով բանտարկյալի տանջահար, դեղնած դեմքին, որը, թվում էր, արև չէր տեսել մի ողջ հավերժություն։

Տարկվինիոսը չպատասխանեց և ջանալով կռահել անսպասելի այցելության պատճառը՝ հայացքը չէր կտրում կոնսուլի աչքերից։

— Որպիսի երախտամոռություն,— Կեսարը դառնությամբ օրորեց գլուխը։— Նրանց համար վտանգեցիր կյանքդ, իսկ նրանք բոլորովին մոռացել են քեզ։ Մի՞թե այսպես են վարվում նվիրված մարդու հետ։

Վետտիոսին անհասկանալի էր կարեկցանքը մի մարդու, որին ինքը վատություն էր արել։

Կոնսուլը գնաց դեպի դուռը և շատ չանցած՝ վերադարձավ Աիրեբի հետ, որը յուղալի կարկանդակներով, ցողապատ մրգերով ու գինով բեռնված սկուտեղ էր բռնել։ Վետտիոսը շուրթերը լիզելով նայեց սկուտեղին և նրա համար պարզ դարձավ, որ աննախադեպ այս շռայլությունը հենց այնպես չի արվում։ Եվ սպասեց բացատրության։

Աիրեբը սկուտեղը դրեց սեղանի դեր կատարող տախտակին, որը մի կողմով մխրճված էր պատի մեջ։

— Կե՛ր,— ասաց Կեսարը։

Վետտիոսն ուտում էր ագահությամբ՝ իր խոշոր աչքերով նայելով սկուտեղին, կարծես հայացքով կլանելու համար այն, ինչը միանգամից չէր կարող վերցնել։ Նա գինին խմում էր երանությամբ՝ մատերով հավաքելով ու բերանը տանելով հագուստին թափված կաթիլները։

— Ուզո՞ւմ ես ազատվել,— հարցրեց կոնսուլը՝ նստելով մահճակալի եզրին։

Պատառը մնաց Վետտիոսի կոկորդում, և քիչ մնաց խեղդվեր։ Շփոթմունքով և զարմանքով լի նրա հայացքն անցավ Կեսարից Աիրեբին, հետո նորից Կեսարին, բայց ոչինչ արտաբերել չկարողացավ։ Ու երկյուղելով, թե կոնսուլն իրեն ճիշտ չի հասկանա և կփոխի մտադրությունը՝ գլխով արեց, միաժամանակ անհասկանալի ինչ-որ ձայներ հանելով։

— Իսկ հիմա լսիր ուշադիր,— ասաց կոնսուլը, երբ սկուտեղը մաքրելուց հետո Վետտիոսն իրեն կերակրողներին նայում էր ճիշտ այնպիսի հայացքով, ինչպես շներն են նայում տերերին՝ պատրաստ կատարելու ամեն հրաման։

— Ի՞նչ եմ անելու,— կտրուկ հարցրեց Վետտիոսը։

— Ես գիտեի, որ դու խելամիտ այր ես,— ասաց Կեսարը գոհունակությամբ,— և եթե համաձայնես անել այն, ինչ հիմա կառաջարկվի քեզ, ոչ միայն ազատ կարձակվես, այլև մեծ պարգև կստանաս։

Տարկվինիոսը համակ ուշադրություն էր։

— Վաղը քեզ ազատ կարձակեն,— ասաց Կեսարը՝ բառերը հատ-հատ արտասանելով։— Դու պիտի դավադրություն կազմակերպես Պոմպեոսի դեմ։

Եվ տեսնելով, թե ինչպես Վետտիոսը գունատվեց, շտապեց հանգստացնել նրան.

— Մի՛ երկյուղիր, բանը մահափորձի չի հասնի. իմ մարդիկ կկանխեն այն։ Քո խնդիրը պիտի լինի հավաքագրել իմպերատորից դժգոհ մեկ տասնյակի չափ մարդկանց, գերադասելի է՝ օպտիմատներից, ու երբ բռնվես, ցուցմունք տաս, որ այդ ամենն արվել է Կատոնի և Ցիցերոնի պահանջով։ Քեզ ոչ մի վտանգ չի սպառնում, բայց իմացիր, որ երկար ժամանակ հարկ կլինի ապրել Քաղաքից հեռու, թեկուզ ինձ մոտ՝ Գալլիայում։

Մի քանի օր անց՝ կուրիայի ճանապարհին, Կեսարի պատգարակը անսպասելիորեն կանգ առավ։ Չէր հասցրել նա պարզել՝ ինչն ինչոց է, երբ վարագույրի ծիրանեգույն շղարշների ետևից երևաց Ափրոկլեսի սափրած գլուխը։

— Տե՛ր,— ասաց նա անհանգստացած,— Տուլլիոսի բանտապետն ուզում է խոսել քեզ հետ, ասում է, թե կարևոր բան ունի հաղորդելու և որ դու...

— Թող ներս անցնի,— ընդհատեց նրան Կեսարը՝ վատ բան կանխազգալով։

— Ամեն ինչ տակնուվրա եղավ,— վրա տվեց Աիրեբը՝ վարագույրը ծածկելով և տեղավորվելով կոնսուլի կողքին։ Նա երկար էր փնտրել Կեսարին և գրեթե շնչասպառ էր լինում։— Այդ հիմարն անզգուշաբար առնչվել է Պոմպեոսի զարմիկներից մեկի հետ, և դավադրության լուրը հասել է իմպերատորին։ Նա էլ անմիջապես տեղյակ է պահել սենատին։

— Ու՞ր է հիմա Վետտիոսը,— հարցրեց Կեսարը՝ տագնապած։

— Նրան կանչել են նախաքննության, և նա, չգիտեմ, քո բարեհաճությունը շահելու նպատակով, թե անձնական վրեժխնդրությունից դրդված՝ դավադիրների թվում տվել է նաև Պիզոնի անունը ու նաև ասել, թե Պոմպեոսին սպանելու համար ինքը դաշույն է ստացել Բիբուլոսից...

— Խելագա՛ր,— նետեց Կեսարը՝ ատամները կրճտացնելով։

— Նա հիմա ձերբակալված է։

— Ո՞վ է ձերբակալել։

— Բիբուլոսը։

«Կորա՜»,— անցավ Կեսարի մտքով, և աչքերը փակելով՝ անզգայացավ։ Նկատելով, թե կոնսուլն ինչպես վայրկենապես գունատվեց, Աիրեբը շտապեց մխիթարել նրան.

— Մեր բախտից, մեծապատիվ կոնսուլ, նրան բերել են ինձ մոտ և վաղը միայն կտեղափոխեն Ապատիումի բանտը։

Կեսարի դեմքին կենդանություն երևաց, նա շարժվեց բարձերի վրա ընդարմացածի ծանրությամբ և կիսաբացելով վարագույրը՝ անորոշ հայացքով նայեց հեռուն։

— Մեծարգո կոնսուլին պիտի տեղյակ պահեմ նաև,— բանտապետի աչքերը փայլեցին խորհրդավոր կրակով,— որ Տարվկինիոսը դավադիրների թվում տվել է նաև Սերվիլիայի որդու՝ Բրուտոսի անունը։

Կամքի մեծագույն լարումով քողարկելով իրեն համակած հուզմունքը՝ Կեսարը րոպեական լռությունից հետո Աիրեբին պարզեց ակնահարուստ իր մատանին։ Բանտապետը ետ քաշվեց խայթվածի պես, բայց Կեսարն ինքն այն դրեց նրա ափի մեջ՝ ասելով.

— Ո՛չ ոք այլևս չպիտի տեսնվի նրա հետ։

Աիրեբը սպասում էր այս ակնարկին և իր հերթին ավելացրեց.

— Լավ կլիներ, եթե պրետորներից որևէ մեկը հաստատեր, որ նա իսկապես ինքնասպան է եղել։

— Լա՛վ,— ասաց Կեսարը,— ես կտեսնվեմ Կլոդիոսի հետ։

Աիրեբը ելավ պատգարակից։

Կեսարը մի քանի րոպե մնաց անզգայացած։ Արևոտ, շոգ օր էր, և նա անզուսպ ցանկություն ունեցավ քնել, հենց այդտեղ, փողոցում և չմտածել ոչնչի մասին։ Նա ետ նստեց ու աչքերը փակեց։ Հետո սթափվելով՝ կարգադրեց տանել իրեն Սերվիլիայի մոտ։

Կիսաբաց վարագույրի ետևից երևում էին Սրբազան փողոցի ալեբաստրե տները. հեծյալ վիգիլներ անցավ պատգարակին գրեթե քսվելով, և նրա ռունգերը թրթռացին նժույգների հոտից. կանացի զիլ երգի ձայներ էին լսվում։

«Ով չի՛ կարողանում ապրել, պիտի մեռնի»,— մտածեց նա։ Ինքնահանգստացման այդ միջոցն անչափ դուր եկավ նրան և ճանապարհին անվերջ կրկնում էր այն։

Խիստ անհանգստացած նրա մտահոգ տեսքից՝ Սերվիլիան հետաքրքրվեց, թե ինչ է պատահել։

— Մա՛րդ եմ սպանել,— հառաչելով ասաց Կեսարն ու փլվեց պատահած աթոռին։

Սերվիլիան արձանացած նայում էր նրան։

— Եվ աստվածների անունից խաբել եմ ժողովրդին,— Կեսարը գլուխն առավ ափերի մեջ։— Ես ստոր մարդ եմ։

— Մի տանջիր քեզ,— ասաց Սերվիլիան՝ բռնելով նրա ձեռքը,— մահկանացուներին թե լավ զննես, նրանց գրեթե բոլորի վարքում ստորություն միշտ էլ կգտնես։ Մխիթարվիր նրանով, որ խիղճդ տանջում է քեզ։

Մասն հինգերորդ

Գլուխ առաջին

Վերջապես նա բանակ ուներ, ճիշտ է՝ մարտունակությունը կորցրած և բարոյալքված, բայց, այնուամենայնիվ, բանակ։ Նա ուներ գլխավորը՝ սենատի կարգադրությունը՝ Գալլիա պրովինցիան խաղաղության մեջ պահելու համար գանձարանի միջոցներով կազմավորել չորս լրիվ լեգեոն։ Նա հասկանում էր, որ քանի դեռ Պոմպեոսը քաղաքում է՝ իրեն այնտեղից ոչ մի վտանգ չի սպառնում, բայց հայտնի չէր՝ ինչպիսին կլիներ վիճակը, երբ Մագնիան մեկներ կառավարելու Իսպանիան ու երբ Եգիպտոսից վերադառնար Կատոնը։ Անհնար էր գուշակել սենատի հետագա դիրքորոշումը, մանավանդ, որ ժողովուրդը, որ մինչ այդ աջակցում էր պոպուլյարներին, սկսել էր շրջվել դեպի օպտիմատները։ Դա անսպասելի չէր բոլորովին. ժողովրդի համար միշտ սիրելի է այն ուժը, որը դժգոհ է քաղաքական իրավիճակից և պայքարում է իշխանություների դեմ։

Քաղաքական ամեն տեսակ փոփոխություններից պաշտպանված կլիներ ու իր կարծիքի հետ ամենքը հաշվի կնստեին, եթե մարտերում կոփված բանակ ունենար։ Այն անհրաժեշտ էր նաև Գալլիան խաղաղության մեջ պահելու համար, քանի որ տևական անպատժելիությունը ոգևորել էր թե՛ պրովինցիայի, թե՛ մերձակա ժողովուրդներին, և ամենուր արյունալի ընդհարումներ էին լինում։

Երբ կոնսուլական լիազորությունների ավարտից հետո նա հասավ Նարբոն՝ կուսակալի նստավայրը, ողջ պրովինցիայում ընդամենը մեկ լեգեոն կար, այն էլ նախորդ կուսակալի անվտանգությունն ապահովելուց զատ ուրիշ ոչնչով չէր զբաղվել և լիովին կորցրել էր մարտունակությունը։ Նա շտապ զորահավաք հայտարարեց, իսկ հարևան ցեղերին հաղորդեց, որ եթե նրանք այսուհետ էլ միտք ունեն նեղության պահերին ապավինել հռոմեական զենքին՝ պարտավոր են հեծյալ ջոկատներ տրամադրել իրեն։ Նոր հավաքագրած զինվորներից կազմելով չորս լեգեոն՝ նա դրանք հանձնեց Պոլիոնին, Անտոնիոսին, Կուրիոնին ու Օպիոսին, հեծելազորը վստահեց Ռուֆիոնին, իսկ ինքը Տասներորդ լեգեոնը համալրելով ամենաընտիր և անվեհեր զինվորներով՝ դարձրեց այն իր հարվածային գունդը և նրանց անձամբ ինքն էր վարժեցնում։

Հռոմեական բանակը մոռացավ՝ ինչ է հանգիստը. անվերջ մարզումներից թուլացած զինվորները միայն կեսգիշերից հետո էին շունչ առնում։ Սակրավորներն օրնիբուն հապճեպորեն կամուրջ գցելու եղանակներ էին յուրացնում, հետևակը պաշտպանության կամ հակագրոհի վաղուց մոռացված հնարքներ էր փորձարկում, իսկ հեծյալները, որ սակավաթիվ էին և զիջում էին բարբարոսական շատ ցեղերի, սովորում էին կռվել երկար նիզակ բանեցնող հետևակի հետ միախառնված։ Այս ամենից զատ բանակը սակավապետության էր վարժեցնում իրեն, պատահում էր՝ փորձնական երկարատև արշավի էին ելնում առանց ջրի ու պարենի, և ոչ ոք չէր տրտնջում, քանի որ կուսակալն այլոց նման չէր հետևում այս ամենին շքեղ պատգարակի վարագույրի ետևից և ծարավը չէր հագեցնում զովացուցիչ հյութերով, այլ քայլում էր նրանց շարքերում՝ գլխաբաց, մի հասարակ շապիկ հագին և բոլորովին մոռացած իր աստվածային ծագումը՝ քնում էր սայլի վրա՝ բաց երկնքի տակ։

«Զինվորի համար ամենալավ նախաճաշը գիշերային արշավն է»,— սիրում էր նա կրկնել Ալեքսանդրի խոսքերը, և ավելի հաճախ դա էր նրա և նրա զինվորների նախաճաշը։ Երբեմն նա արգելում էր վերցնել ծառաներին, և ազնվատոհմիկ զինվորականները ստիպված էին իրենք հոգալ իրենց սնունդի և այլ պետքերի մասին։

Դյուրին չէր հնազանդության մեջ պահել Գալլիան՝ կիսավայրենի ժողովուրդների այդ քաոսը, և հռոմեական բանակը քիչ արյուն չէր թափել այս կողմերում. փառասեր քվիրիտների հոգում դեռ մխում էր այն վերքը, որ հասցրին նրանց հելվետները՝ յոթ տարի առաջ սպանելով կոնսուլ Կասիոսին և խայտառակորեն լծի տակ քշելով նրա բանակը։ Նա հասկանում էր, որ գալլական ցեղերին, որոնց համար դաշնություններ խախտելը և խոստումներից հրաժարվելը սովորական բան էր և մեկ անգամ չէին հիմարացրել իր նախորդներին՝ կհնազանդեցնի միայն հզոր բանակը և անպատժելիության վստահության իսպառ վերացումը։ Եվ նա անսահման ոգևորվածությամբ ձեռնամուխ էր եղել բանակի վարժեցմանը՝ նպատակ ունենալով մինչև ձմեռ մարտունակ դարձնել այն։ Բայց առաջին իսկ օրերին համոզվեց, որ դա ամենևին հեշտությամբ լի լինի, քանի որ այն աղոտ պատկերացումը, որ ուներ իրեն բաժին հասած պրովինցիայի ժողովուրդների և նրա դիրքի մասին, շատ հեռու էին իրականությունից, և ինքն էլ այլոց նման կարծել էր, թե դժվար է միայն կուրիայում։

Բազմաթիվ ցեղեր էին ապրում Գալլիայում, գրեթե բոլորն էլ անհնազանդ ու ռազմաշունչ, բայց առավել վտանգավոր էին հարևանությամբ բնակվող բելգերն ու հելվետները, որոնք ամեն օր կռվում էին այլոց հետ և խենթանում էին ձանձրույթից, եթե օրն անցնում էր առանց արյան խրախճանքի։ Կռվելը նրանց համար նույնքան սովորական էր, որքան հռոմեացիների համար թերմեր հաճախելը, և նրանք մահն ընդունում էին նույնպիսի թեթևությամբ, ինչպես տրվում էին գինարբուքին։

Ամեն օր օգնության խնդրանքով դեսպանախմբեր էին գալիս Նարբոն. մի տեղ կռիվ էր հարևանների միջև, մի այլ տեղ գժտվել էր ավագանին, սահման էին խուժել կապույտ ինչ-որ մարդիկ, և կուսակալը պարտավոր էր բոլորին հասնել, հաշտեցնել, հարցերը լուծել և վեճերը հարթել։

Ասես նրան փորձելու համար պրովինցիայի զանազան մասերում խռովություններ էին հրահրվում, ասպատակվում էին դաշնակիցների հողերը։ Եվ, ի զարմանք բարբարոսների, նա խիստ վարժեցված զորականների հետ հայտնվում էր ավելի վաղ, քան, նրանց կարծիքով, լուրերը կհասնեին Նարբոն։ Այն մեծ տարածությունները, որ նա անցնում էր կարճ ժամանակում, առաջշարժման արագությունն ու սրընթացությունը բարբարոսներին զգացնել էին տալիս, որ գործ ունեն անվեհեր ու հանդուգն զորավարի հետ։ Մի անգամ բարբարոսները հարձակվել էին հռոմեական փոքրաթիվ ջոկատի վրա, ապա պատսպարվել մի բարձր լեռան գագաթին։ Իմանալով այդ մասին՝ նա մի գիշերվա մեջ անցավ հարյուր մղոն և լեռը բարձրանալով ճահճապատ տեղանքով, ուր բարբարոսները համարել էին անանցանելի և պահակներ չէին կարգել՝ կոտորեց բոլորին։

Նա միշտ հայտնվում էր այնտեղ, ուր թշնամին չէր սպասում, նրա լեգատները խստորեն զգուշացված էին՝ անպատիժ չթողնել ոչ մի ոտնձգություն։ Այս և մյուս մանր ու մեծ ընդհարումները տարածում էին նրա համբավը պրովինցիայում և սահմաններից դուրս, և որոշ ցեղապետեր կամովին պատանդներ էին ուղարկում նրա մոտ՝ այդպես արտահայտելով իրենց հնազանդությունը, մյուսներին նա ինքն էր դա պարտադրում։ Բայց կային և այնպիսիք, որ ատում էին հռոմեական գերիշխանությունը մահու չափ և առիթ էին փնտրում նրան անակնկալի բերելու համար։ Նրանք դարանակալում էին կիրճերում և անտառներում, հարձակվում էին հարկահավաք ջոկատների վրա, գերի չէին վերցնում և բոլորին սպանում էին տանջալի մահով։ Նախկին կուսակալների օրոք անպատիժ մնալով՝ նրանք շարունակում էին զբաղվել նույն գործունեությամբ, պատահում էր՝ միավորվում, մեծաքանակ բազմությամբ գրոհում էին ամրոցներն ու ձմեռանոցները, փակում ճանապարհները կամ էլ լցվում հռոմեացիներին դաշնակից ցեղերի տարածքները և ավերում դրանք։

Այդ ամենին վերջ տալու համար նա իր միջոցներով հավաքագրեց ևս երկու լեգեոն, ուժեղացրեց կայազորերը, պատժիչ ջոկատներ ուղարկեց առավել հանդուգն մարզերը, և ձմեռնամուտին պրովինցիայում խաղաղությունն էր թագավորում։

Չնայած Հռոմում ահռելի պարտք ուներ՝ ավարից իրեն չնչին մաս էր բաժին հանում, մնացյալը բաժանում էր զինվորներին։ Այս արարքով նա իր կողմը գրավեց բոլորին, և ոչ միայն զինվորները սկսեցին ավելի նվիրվածությամբ ծառայել նրան, այլև բավականին համալրում եղավ այն վետերաններից ու սպաներից, ովքեր ծառայության ավարտից հետո բնակություն էին հաստատել պրովինցիայում։

Համոզվելով, որ ոչինչ անպատիժ չի մնում՝ բարբարոսներն առժամանակ դադարեցին ընդվզել։ Մտերիմներից նրանք, որ գալլերին լավ էին ճանաչում, խորհուրդ էին տալիս չհանգստանալ, քանի որ Գալլիան նման է անթեղված կրակի, որն իր մոխրի տակ վտանգ է թաքցնում և կարող է բոցավառվել ցանկացած պահի։

Կուսակալության մեկ տարին հազիվ էր բոլորել, երբ նրան լուր բերին, որ հելվետները՝ թվով հինգ հարյուր հազար մարդ, որից զենքի ընդունակ երկու հարյուր հազարը՝ թողել են իրենց քաղաքներն ու բնակավայրերը և մտել են պրովինցիա՝ նպատակ ունենալով կարճ ճանապարհով անցնել Հռենոսի մյուս ափը։ Այս ցեղը ոչ վաղ անցյալում տիրում էր ողջ Գալլիային, և միայն հռոմեացիների ներխուժումն էր զրկել նրանց անծայրածիր թագավորությունից։ Հելվետներն ընդունակ չէին որևէ գործի և զբաղվում էին ավարառությամբ, նրանք հարկ էին դնում նվազ հզոր ցեղերի վրա և ապրում էին լիառատ կյանքով։ Նրանք բազում ստրուկներ ունեին, որոնց ևս զինում էին պետք եղած ժամանակ, սաստիկ կռվարար էին, խոշորամարմին, ամբողջովին կորած մազածածկույթի մեջ։ Ինչ վերաբերում է նրանց կանանց, ապա սրանք պարարտ էին, բայց ձիգ, կրքոտ էին խենթանալու չափ և արի՝ որպես ամազոնուհիներ։ Նրանք հմուտ նետաձիգ էին, սուր բանեցնում էին տղամարդկանցից ոչ վատ և, որ գլխավորն է, նրանք էին իրենց ամուսիններին ոգեշնչողները և իրենց ձեռքով սպանում էին կողակցին, եթե սա երկչոտաբար փախչում էր մարտադաշտից կամ ծախվում թշնամուն։

Կեսարը վաղուց իրեն և բանակը կռվում փորձելու կարիք էր զգում և երախտապարտ էր աստվածներին բարեհաջող առիթի համար։ Բացի այդ, նրա մեջ խոսում էր վիրավորված հռոմեացին, և նա անկարող էր չօգտվել իր ժողովրդին հասցված անարգանքն արյունով լվալու հնարավորությունից։ Կասիոսի հետ հելվետները սպանել էին նաև նրա լեգատ Լենիոս Պիզոնին՝ Կալպուրնիայի պապին, և Պիզոնն իր բազում նամակներով փեսային վրեժխնդրության էր կոչում։ Այս ամենից զատ կար նաև մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր, հանգամանք. հելվետները բավականին հարուստ էին և ոսկու հսկայական պաշարներ էին տեղափոխում իրենց հետ։

Իսկ բարբարոսներն արդեն մտել էին էդուների երկիրը, որ դաշնակից էր Հռոմի հետ, և ամայացնում էին նրանց ցանքսերը։ Այլևս չհապաղելով՝ Կեսարը բանակն արագ երթով տարավ էդուների Բիբրակտե քաղաքը, դեպի ուր, իր տեղեկությունների համաձայն, շարժվում էին հելվետները։ Բիբրակտե չհասած՝ նրան հանկարծ լուր բերին, որ երթի թիկունքում բարբարոսական հսկայաթիվ հեծելազոր է երևացել և նեղում է վերջապահ ջոկատներին։ Նա անմիջապես իր ողջ հեծելազորն ուղարկեց ետ՝ կասեցնելու թշնամու առաջխաղացումը, իսկ ինքը հետևազորի հետ շտապով դիմեց դեպի մոտակա բարձունքը և զորքը մարտաշարքի բերեց թեքության վրա։ Կոհորտաներից նա երեք շարք կազմեց, լեգեոններից մեկը բոլոր ծառաների և գումակի հետ բարձրացրեց բլրագագաթ, ուր նրանք հապճեպորեն ամրություն պիտի կառուցեին անհաջողության դեպքում այնտեղ պատսպարվելու համար։

Վեց լեգեոն համր լռությամբ նրան էին նայում, և նրանց բախտն այժմ իր ընդունակություններից էր կախված, իսկ իրենը՝ նրանց բազկի զորությունից։

Նրան հանկարծահաս դող էր համակել, ձայնը դավաճանում էր երբեմն։ Դա երկյուղից չէր, այլ հուզմունքից. վիթխարի էր մարտի նշանակությունը՝ առաջին հաղթանակը կոգևորեր իր զինվորներին և կհնազանդեցներ մյուս բարբարոսներին, իսկ պարտությունը հավասարազոր էր մահվան, քանի որ այլևս բանակ չէր ունենա և ոչ մի լեգեոներ չէր վստահի իրեն։ Նա աղոթեց բոլոր աստվածներին, որ եթե պարտություն ունեն նախանշած իր համար, ապա թող բարեգութ լինեն և հետաձգեն այն, քանի դեռ չի հասցրել հեղինակություն ձեռք բերել զինվորների մոտ։

Ճերմակ նժույգը հեծած ու զորավարական ալ թիկնոցը ծածանելով,՝ նա սուրում էր շարքերի միջով, ուղղում դասավորությունները, սակայն տանջալի սպասումը տակնուվրա էր անում նրա հոգին։ Բայց երբ հարթավայրի վրա երևացին հռոմեական հեծյալները, որոնք արագ թափով եկան ու դիրքավորվեցին թևերում, իսկ նրանց ետևից նշմարվեցին հելվետների միաձույլ, ահռելի շարքերը, նրան համակած հուզմունքը հանկարծ չքացավ, արյունը տրոփեց քունքերում և նրա հոգում գլուխ բարձրացրեց ամեն զոհողության պատրաստ սառնասիրտ հռոմեացին։

Բարբարոսներն այնքան շատ էին, որ հարթավայրն ամբողջովին երփներանգվել էր նրանց հագուստներից ու շարքերի վրա ծածանվող անհամար դրոշներից։ Իրենց առջև տեսնելով հռոմեական ընդամենը քառասուն կոհորտա, նրանք, վստահ հաղթանակին, գալիս էին անշտապ, ամեհի լավայի պես դանդաղ ու անդիմադրելի։ Հռոմեացիք,— իսկ նրանցից շատերն առաջին անգամ էին բարբարոսական հսկայաթիվ բանակ տեսնում,— լարված ու ակնապիշ նայում էին մերթ նրանց, մերթ կուսակալին։

Հելվետների առաջնորդները սպիտակ նժույգով էին և ահարկու կերպով ընդգծվում էին հետևակ բազմության մեջ։ Հեծելազորը փոշու ամպ հանելով՝ առաջանում էր մի կողմ քաշված. տեղանքի թեքությունը առաջնորդներին հուշել էր չնետել այն կռվի մեջ առաջին վայկյաններին։

Նրանց կարճ սրերը, տեգերը, եղջյուրավոր սաղավարտները փայլում էին արևի տակ և տպավորիչ դարձնում երթը։ Շարքերի խորքում պարսավորների ստվար վաշտեր էին երևում, որ գալիս էին քարերի ու կավե գնդերի ծանրության տակ ճռնչացող սայլերի հետ։ Այդ բանակը, որ ահեղորեն տարածվել էր միմյանցից հեռու երկու բլուրների միջև, վաղուց մոռացել էր ինչ է պարտությունը և սովոր էր ավերել ու խորտակել ամեն ինչ։

Կեսարը մի վերջին անգամ շրջում էր կոհորտաների միջև ու քաջալերում զինվորներին, նրանց կոչում սուրբ վրեժխնդրության. հայրենիքը չի՛ մոռանա նրանց, ովքեր բարբարոսական պիղծ արյամբ կսրբեն պարտության խայտառակությունը, որ յոթ տարի խարանի պես ծանրացած է հռոմեական ժողովրդի սրտին. ում սարսափեցնում է ոսոխի տեսքը, թող հիշի՛, թե ինչպես էր Մարիուսը փոքրաթիվ զորքով ջախջախում կիմբրների և տևտոնների ահռելի բանակները. մի՞թե իրենք պակաս քաջ են իրենց հայրերից և մի՞թե իրենց զորավարը կասկածելու տեղիք է տալիս։

Նրա հատու ձայնը վստահություն էր ներշնչում, հաղթանակի հանդեպ նրա անկոտրում հավատը փոխանցվում էր զինվորներին, իսկ երբ նա իջավ ձիուց ու կարգադրեց հեռացնել այն և նույնը պահանջեց մյուս զորապետերից, որպեսզի ոչ ոք հույսը չդներ փախուստի վրա, բանակը նիզակները վահաններին զարկելով՝ կանչեց որոտընդոստ.

— Ի մա՛րտ, ի մա՛րտ։

— Ի մարտ, ի մարտ,— արձագանքվեց հարթավայրը եզերող բլուրներից։

Փողեր հնչեցին, թմբուկների ոգեկոչող զարկերի ներքո կոհորտաների բոլոր երեք շարքերը միաժամանակ շարժվեցին թշնամուն ընդառաջ՝ ընթացքում լրացնելով միջանցքները։

Բարբարոսները նրանց վրա նետվեցին հեղեղի պես՝ վայրի կանչերով ու աղմուկով։ Երբ հաշված քայլեր էին բանակները բաժանում միմյանցից, հռոմեացիք մեկ մարդու նման նիզակները նետեցին թշնամու վրա և մերկացրին սրերը. նիզակների հարվածներից շատերը վիրավորվեցին և ընկնելով՝ ոտնակոխ եղան։ «Բրավե՛, բրավե՛» կանչելով հռոմեացիները շարքերը բացեցին հզոր զսպանակի պես և վահանները շրխկոցով միացնելով՝ բախվեցին թշնամուն։ Դաժան կռիվ սկսվեց։ Բարբարոսները միմյանց հրմշտելով առաջ էին մղվում, պարսավորները գնդերի հեղեղ էին թափում հռոմեացիների վրա։ Ընկածներին նորերն էին փոխարինում, և թվում էր, թե նույն մարդիկ են անվերջ կռվում։

Հելվետների շարքերն օրորվում էին, կծկվում փշե արարածի նման և ալիքի պես զարնվում թշնամուն, բայց հռոմեացիների դասավորություններն անխախտ էին ամուր պատի նման, ու անվավոր աշտարակի պես կուռ և անխոցելի՝ քայլ առ քայլ մխրճվում էին բարբարոսների դիրքերի մեջ՝ խառնելով նրանց շարքերը։ Տևական ու համառ կռիվ էր սպասվում, բայց ամենազոր աստվածները հռոմեացիների կողմից էին, և մարտի ելքը վճռեց ոչ մեկի կողմից չնախատեսված մի հանգամանք. հռոմեական նիզակները, որ ձեռնամարտից առաջ արձակվել էին մոտիկ տարածությունից, իրենց հուժկու թափի հաշվին, թե այն պատճառով, որ բարբարոսները ընդառաջ էին վազում մեծ արագությամբ, ծակծկել էին միանգամից մի քանի վահան ու այդպիսով դրանք կապել միմյանց, և բարբարոսները կռվի թոհուբոհի մեջ չկարողանալով ազատել իրարից կառչած զենքերը՝ կռվում էին կաշկանդված։ Ի վերջո նրանք ստիպված եղան նետել վահանները, և հռոմեացիների համար արդեն դժվար չէր խոցել նրանց։ Վիրավոր հելվետները սոսկալի ճիչերով ետ ընկրկեցին, միմյանց ոտնատակ տալով՝ խառնեցին շարքերը, իսկ հռոմեացիք գիտակցելով պահի կարևորությունը՝ սողոսկում էին առաջացած ճեղքվածքների մեջ ու թրատում անխնա։ Հելվետների առաջապահ գնդերը նահանջեցին, իսկ երբ տարափի պես բարձունքից իջավ ամրությունները թողած թարմ լեգեոնը՝ դադարեցին կռվել ու փախան դեպի բլուրները։ Մյուս զորամասերը խուճապի մատնվելով՝ հետևեցին նրանց։ Հռոմեացիք նետվեցին նրանց ետևից և շատերին սպանեցին։ Բայց հազիվ էին հաջողությունից ոգևորված վերջապահ կոհորտաներն իջել բարձունքից, երբ անտառածածկ լանջերից անսպասելիորեն նրանց անպաշտպան թևի վրա հարձակվեցին տասնհինգ հազարի չափ բարբարոսներ, որոնք հսկում էին հռոմեացիներից թաքցրած գումակը։ Նկատելով այդ՝ փախչողները կանգ առան և արագորեն շարվելով՝ փորձեցին դիմադրել իրենց հալածողներին։ Հռոմեացիք ստիպված էին կռվել երկու ճակատով։ Սակայն նրանք, որ փախչում էին դեպի բլուրները, անկարող եղան կանգնեցնել թշնամուն և ցրվեցին հարթավայրով մեկ, մյուսները նահանջեցին դեպի գումակ և ամրություն սարքեցին սայլերից ու քարշակներից։ Մթնեց։ Նրանք կռվում էին ջահերի լույսի տակ, հրկիզում էին սայլերն ու վրանները։ Բարբարոսներն այստեղ զենքի բավականին պաշար ունեին և նիզակների տարափ էին անվերջ տեղում։ Ստրուկներն օգնում էին նրանց, կանայք նույնպես ելել էին բարիկադների վրա։ Բայց նրանք անզոր էին այլևս իրավիճակը փոխել և լուսադեմին անձնատուր եղան։

Հաղթանակի լուրը քամու պես արագ տարածվեց Գալլիայում, և բազում ցեղեր, որ հարկատու էին հելվետներին, հարուստ նվերներով դեսպանախմբեր ուղարկեցին Նարբոն, իսկ նրանք, որ մտադիր էին ընդվզել հռոմեական գերիշխանության դեմ՝ հրաժարվեցին իրենց ծրագրերից։

Ի պատիվ այս հաղթանակի սենատը տասնօրյա երախտագիտական աղոթք սահմանեց Հռոմում։

Ձմեռային ճամբարների հրամանատարությունը հանձնելով Պոլիոնին՝ Կեսարը մեկնեց հարավ՝ Լուկա, ուր նախնական պայմանավորվածության համաձայն նրան սպասում էր Պոմպեոսը՝ բազում սենատորների հետ։ Երեք օր տևած խորհրդակցությունից հետո որոշվեց, որ Կլոդիոսն աքսորի Ցիցերոնին Հռոմից՝ մեղադրելով նրան համաքաղաքացիներին ապօրինաբար մահվան դատապարտելու մեջ, Պոմպեոսը պարտավորվեց ժամանակավորապես երկու լեգեոն տրամադրել Կեսարին հյուսիսային ցեղերին հնազանդեցնելու և ոսկով հարուստ հողերին տիրելու համար, իսկ Կեսարը պիտի ընտրություններին երկու հազար զինվոր ուղարկեր Հռոմ՝ իրենց քվեները տալու դաշնակիցներին։ Եվ այդ ամենը պիտի արվեր արագ, քանի դեռ Կատոնը չէր վերադարձել Եգիպտոսից։

Գլուխ երկրորդ

Ձմեռը դեռ չէր ավարտվել, երբ տագնապալի լուրեր հասան Նարբոն։ Գերմանական ցեղերը՝ թվով հարյուրհիսուն հազար մարդ, անցել էին Հռենոսը և ավերում էին Գալլիայի հյուսիսային մարզերը։ Նրանք առանց լուրջ դժվարության հնազանդեցրել էին բելգերին, ամբորիգներին, ներվիներին և բարձր հարկեր դնելով նրանց վրա՝ շարժվել էին դեպի Գեզորիակ և հասել Օվկիանոսի ափերին։ Քանի դեռ նրանք լուրջ բախումներ չունեին Հռոմին դաշնակից ցեղերի հետ՝ Նարբոնում կարծում էին, թե ուր որ է գերմանները նորից կվերադառնան իրենց երկիրը։ Բայց նրանց առաջնորդ Արիովիստը իրեն հռչակել էր նվաճած երկրների թագավոր և ամուր բերդեր էր կառուցում կարևոր ճանապարհների վրա։ Իսկ ապրիլին լուրեր հասան, որ Արիովիստը շարժվում է էդուների և Հռոմին դաշնակից մյուս ցեղերի վրա։

Կեսարն Արիովիստին ճանաչում էր իր կոնսուլության ժամանակներից։ Դա մի վայրենի, բռնկուն, կռվարար և իր դաժանությամբ հայտնի մարդ էր, որը երկու տարի առաջ եկել էր Հռոմ՝ հաջողեցնելու իր գահակալությունը ցեղակիցների վրա, և Կեսարը մեծապես օժանդակել էր նրան։

Կեսարը կարգադրեց իր ջոկատները թշնամուց գաղտնի փոխադրել Հռենոսին մերձակա մարզերը և ժամանակ շահելու համար պատվիրակություն ուղարկեց Արիովիստի մոտ՝ առաջարկելով հանդիպել նրան հարմար որևէ վայրում։ Կողմերը եկան բանակցության, բայց այն շուտով խափանվեց, քանի որ Արիովիստին ուղեկցող գերմանները սկսեցին քարեր ու նիզակներ նետել Կեսարի թիկնախմբի վրա։

Միավորելով Հռենոս հասած իր լեգեոնները՝ Կեսարը շարժվեց Արիովիստի գլխավոր զորակայանի ուղղությամբ և երեկոյան կողմ ճամբար դրեց մի ոչ մեծ բլրի վրա։ Որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ առավոտյան հետախույզները զեկուցեցին, թե Արիովիստը գիշերն անցել է իրենց թիկունքը և ճամբար դրել այնտեղ՝ կտրելով պարեն հասցնելու բոլոր ուղիները։

Գերմանները վիթխարի էին հասակով, գալլերից վարժ էին զենք գործածում, նրանց տեսքից միայն մարդու սիրտ էր ճաքում։ Այս ամենը ու նաև պարենի պակասը վհատեցրին նորակազմ բանակին, իսկ սպայական կազմը վատատեղյակ էր զորքի ոգին բարձրացնելու նրբություններին։ Բացի այդ՝ նրանց էլ էր երկյուղը տիրել. շատերը, որ Կեսարին միացել էին հանուն ընկերության կամ ապագա բարեկեցիկ կյանքի, խուճապի էին մատնվել և ծածուկ կտակ էին կազմում, մյուսները չկամենալով ցուցադրել իրենց համակած երկյուղը՝ մեկուսանում էին վրանում և անիծում իրենց բախտը։

Սա չէր կարող վրիպել Կեսարի հայացքից և ժողով գումարելով՝ նա փոթորկուն ելույթով այնպես ոգևորեց զինվորներին, որ նրանք ամաչելով վհատությանը տրվելու համար պահանջեցին իրենց անմիջապես տանել բարբարոսների դեմ, որպեսզի մարտում քավեն իրենց մեղքերը։ Կեսարը բանակը դուրս բերեց ճամբարից և շարեց Արիովիստի զորակայանի դիմաց։ Սակայն բարբարոսները չարձագանքեցին և պատնեշի ետևից հանգիստ նայում էին հռոմեացիներին։ Սպասելով մինչև կեսօր՝ Կեսարը դադարի փողեր հնչեցրեց։ Այդպես շարունակվեց յոթ օր։ Հռոմեացիք կարծում էին, թե Արիովիստը կամենում է սովի մատնել իրենց, բայց ութերորդ օրը նրանց հաջողվեց գերել գերման մի զինվորի և նրանից իմանալ բարբարոսների տարօրինակ պահվածքի բացատրությունը. գերման կանայք, որոնք մեծ հեղինակություն ունեին իրենց ցեղակիցների մոտ, վիճակ էին նետել և կանխագուշակել, որ վճռական մարտում իրենք հաջողություն չեն ունենա, եթե այն տեղի ունենա մինչև նորալուսին։ Կեսարը չէր կարող այդքան երկար սպասել և որոշեց խորամանկության դիմել։ Իր ճամբարից ոչ հեռու, բայց Արիովիստի բանակատեղիի անմիջական հարևանությամբ, նա մի նոր ճամբար հիմնեց և գալլական օժանդակ ուժերին հռոմեական զգեստ հագցնելով՝ օրը ցերեկով և ընդգծված անփութությամբ նրանց փոխադրեց նոր ճամբար։ Գալլերին հիմնական ուժերի տեղ դնելով՝ բարբարոսները չդիմացան գայթակղությանը և ճամբարից հանեցին իրենց ողջ հեծելազորը, ոչ այնքան՝ կռվելու, որքան թշնամուն իրենց մեծաթվությամբ սարսափեցնելու մտադրությամբ։ Կեսարը, որ անհամբեր դրան էր սպասում, մի ակնթարթում զորքը դուրս բերեց հիմնական ճամբարից և ընթացքում դասավորելով՝ խրոխտ քայլերով տարավ Արիովիստի դեմ։ Սա կատարվեց այնքան արագ, որ հեծելազորն այլևս չէր հասցնի վերադառնալ յուրայինների մոտ, և գերմանները երկյուղելով կորցնել այն՝ հապճեպորեն ելան ճամբարից և շարվեցին ըստ ցեղերի ու ընտանիքների։ Նրանք իրենց բանակը թիկունքից և կողերից եզերեցին սայլերով ու քարշակներով, այդպիսով իրենք իրենց զրկելով փախուստի հնարավորությունից, իսկ դրանց վրա նստեցրին իրենց կանանց, որոնք ձեռքերն ամուսիններին պարզած և արցունքն աչքերին՝ աղաչում էին գերության չմատնել իրենց։

Իրարանցումի մեջ գերմանները հարկ եղածի չափ չէին ուժեղացրել իրեն աջ թևը, և նկատելով այդ՝ Կեսարը Տասներորդ լեգեոնը փոխադրեց այդ կողմը։

Հակառակորդները միմյանց վրա նետվեցին այնպես արագ ու անսպասելի, որ չհասցրին նետել նիզակները։ Կատաղի ձեռնամարտ սկսվեց։ Գերմանները ռազմագծի ողջ երկարությամբ խտացրին շարքերը և փաղանգ կազմեցին։ Հռոմեացիք քաշքշում էին նրանց վահաններից ու փորձում խոցելի տեղեր գտնել։ Բարբարոսները կռվում էին չտեսնված խիզախությամբ։ Առջևի շարքերն ընկնում էին, մյուսները մարտնչում էին յուրայինների դիակների վրա կանգնած։ Քիչ անց ռազմագծի երկարությամբ դիակների բուրգեր առաջացան, բարբարոսները ելնում էին դրանց վրա և նիզակահարում հռոմեացիներին, ճարպիկ շարժումներով որսում էին դեպի իրենց արձակված զենքերն ու ետ շպրտում։ Տոհմակիցները կռվում էին ուս-ուսի տված, մեկը սիրով զոհաբերում էր իրեն մյուսի համար, որդին փոխարինում էր սպանված հորը, հորեղբայրը սատարում էր եղբորորդուն։ Անվերջ փողեր էին հնչում, թմբուկների զարկերը խլացնում էին մեռնողների կանչերը, գերման կանայք աղաղակելով քաջալերում էին իրենց զավակներին ու ամուսիններին։ Բայց անսահման եռանդն ու անձնազոհությունը բավարար չէին գերազանցելու յոթ դար շարունակ հղկված ռազմարվեստին, որին տիրապետում էին հռոմեացիք. նրանք կռվում էին ինքնավստահ, ետին շարքերն անմիջապես օգնության էին հասնում նեղն ընկածներին, և փոխհամագործակցությունն այնքան ներդաշնակ էր, կարծես նրանք ելել էին ամենասովորական զորավարժության. նրանց շարժումներում անհանգստության նշույլ չկար։

Կռվի երրորդ ժամին փաղանգի աջ թևը խռնվեց և չդիմանալով Տասներորդ լեգեոնի ճնշմանը՝ նահանջեց։ Բայց մյուս թևը, որ կռվում էր Արիովիստի գլխավորությամբ, սկսել էր նեղել հռոմեացիներին։ Կոհորտաների երրորդ դասավորությունից Կեսարն անհապաղ օգնություն ուղարկեց նրանց, այլապես պարտությունն անխուսափելի կլիներ։ Փաղանգի աջ թևը սեղմվելով պատնեշին՝ խառնեց շարքերը։ Նրանք սկսեցին խանգարել միմյանց, իսկ հռոմեացիք թրատում էին նրանց։ Կանայք վայնասուն բարձրացրին ու մազերը պոկում էին գլխից։ Դա վերջնականապես բարոյալքեց գերմաններին, և ոտնատակ տալով միմյանց՝ փախուստի դիմեցին։ Խուսափելով շրջապատումից՝ Արիովիստը ետ քաշեց իր գնդերը, հետո հաղթանակի հույսը բոլորովին կորցրած՝ փախուստի դիմեց։ Ռուֆիոնի այրուձին, որ այս ողջ ընթացքում գերմանների հեծելազորին թույլ չէր տվել միջամտել հետևակի կռվին՝ հալածեց նրանց ու կոտորեց անխնա, մինչև նրանք հասան Հռենոսին։ Ով քաջություն ուներ՝ նետվեց ջուրը և փորձեց գետն անցնել լողալով, մյուսները լցվեցին պատահած մակույկների մեջ, մնացյալները, որոնց թվում և Արիովիստի կանայք ու դուստրերը, գերի ընկան։

Այս կռվից հետո բազում դեսպանախմբեր եկան Հռենոսի մյուս ափից և իրենց հնազանդությունը հայտնեցին հռոմեական ժողովրդին ու որպես իրենց խոսքերի հավաստիացում՝ պատանդներ թողեցին հաղթանակած կուսակալի մոտ։

Տիրելով Արիովիստի գրաված երկրներին՝ Կեսարը հանրապետության տարածքները հասցրեց մինչև Օվկիանոս, ապա Կուրիոնին ոչ մեծ նավատորմով ուղարկեց ծով՝ պարզելու, թե այնտեղ չկա՞ն արդյոք այլ երկրներ...

Կեսարը զորապետերի հետ նոր գրավված տարածքներում կայազորերի տեղաբաշխման հարցն էր քննարկում, երբ վրան մտավ կենտուրիոններից մեկը՝ քարշ տալով հերախռիվ մի բարբարոսի։ Սա փորձել էր նժույգներ գողանալ հռոմեացիների երամակից։

Բարբարոսը փռվեց գետնին ու աղաչեց խնայել իրեն։ Կեսարը կարգադրեց բարձրացնել նրան։ Իր առջև տեսնելով խստահայաց կուսակալին՝ բարբարոսը սփրթնեց ու ծկնի գալով՝ աղաղակեց.

— Խնայի՛ր ինձ, աստվածային Կեսար, խղճա՛ զավակներիս, դարձրու ինձ քո ստրուկը, բայց մի՛ սպանիր։

— Ինչո՞ւ էիր մոտեցել ճամբարին,— հարցրեց Կեսարն ահեղաձայն։

— Ես ձիերը պիտի փոխեի մակույկի հետ,— անկեղծորեն խոստովանեց բարբարոսը՝ հուսալով, որ դա կմեղմի պատիժը։

— Չորս ձի մակույկի դիմա՞ց։

— Ես պիտի նաև մի ամսվա պարեն ձեռք բերեի։

— Հեռու՜ն ես ուզում գնալ,— հեգնեց Պոլիոնը։

— Ի՞նչ եք գլուխ դնում սրա հետ,— Օպիոսն առաջ եկավ և ոտքով հարվածեց գալլին։— Ինձ որ մնար՝ մտրակածեծ կանեի մի լավ ու բաց կթողնեի, որպեսզի ամեն տեղ ցուցադրեր քամակն ու պատմեր, թե ինչ է նշանակում հռոմեացիներից ձի գողանալ։

Այս խոսքերից բարբարոսը գունատվեց և զորապետների դեմքին գթության նշույլ չտեսնելով՝ փաթաթվեց Կեսարի ոտքերին ու աղերսեց.

— Ողորմա՛ծ եղիր, Կեսա՛ր, մի՛ տանջիր ինձ այդպես դաժանորեն։

Հանկարծ նա դադարեց ողբալ և կտրուկ շարժումներով ծոցից հանեց մագաղաթի բազմածալ մի կտոր, հարթեցրեց այն ծնկան վրա ու պարզեց կուսակալին։ Կեսարն անտարբերությամբ նայեց մագաղաթին, ապա ուսերը թոթվելով՝ այն հանձնեց Պոլիոնին։ Զորապետները ձեռքից ձեռք փոխանցեցին այն, բայց ոչինչ չհասկացան կարմիրով արված գծագրերից։

— Ի՞նչ է սա,— հարցրին գալլին։

Ձիագողը մագաղաթը փռեց արշավային սեղանին։ Զորապետները խմբվեցին նրա շուրջը։

— Սա Գալլիան է,— բացատրեց բարբարոսը ոգևորված, որ կարողացավ շարժել հռոմեացիների հետաքրքրասիրությունը,— սա Օվկիանոսն է, իսկ ահա այս մեկը անհայտ երկիր է։

— Մի՞թե ծովից այն կողմ երկիր կա,— թերահավատությամբ հարցրեց Կեսարը՝ նայելով Կուրիոնի կողմը։

— Գեզորիակից հարյուր մղոն հեռու մի փոքրիկ կղզի կա միայն, ուր ոչ ոք չի ապրում,— պատասխանեց Կուրիոնը։

— Մեծապատիվ զորականն անշուշտ հենվում է Մարցիուս Կուրիոնի վկայության վրա,— խոսեց բարբարոսը,— բայց չէ՞ որ նա ինքը նշում է, որ երբ հեռանում էր այդ կղզուց, օրը մառախլապատ էր, և նա գերադասեց փոխել նավերի ուղղությունը դեպի հարավ։

Հռոմեացիների դեմքից վայրկենապես չքացավ բարձրամտությունն ու թերահավատությունը, իսկ Կուրիոնը հարցրեց.

— Որտեղի՞ց է քեզ այդ ամենը հայտնի։

— Ես տեսնվել եմ նավաստիների հետ, որոնց Կուրիոնը վարձել էր Գեզորիակում,— պատասխանեց բարբարոսը՝ բոլորովին չակնկալելով, թե ով է կանգնած իր առջև։

— Դու եղե՞լ ես այնտեղ,— հարցրին հռոմեացիք, որոնց համակել էր անհայտ երկրին տիրելու գայթակղությունը։

— Այս քարտեզը ես ձեռք եմ բերել լյուտեցիացի[56] մի ակնավաճառից։ Ես այնքան էլ չէի հավատում նրան, ինչպես այժմ՝ դուք ինձ, բայց ինձ հանգիստ չէր տալիս նոր երկիր հայտնագործելու մոլուցքը։ Երեք տարի ես նավ բեռնաթափեցի Գեզորիակում, սնվեցի ջրով ու արմտիքով և ետ գցած փողերով մի հին դուիրեմ գնելով՝ սրանից կես տարի առաջ դուրս եկա Օվկիանոս։ Իմ խոսքերը գուցե հավատ չեն ներշնչում, բայց ես տեսա այդ երկիրը, և ոչ միայն տեսա, այլև ափ իջա։

— Եվ ի՞նչ տեսար այնտեղ,— հռոմեացիք նրան նայում էին հմայվածի պես։

— Բազում թագավորություններ կան այնտեղ, անծայրածիր դաշտեր՝ ինչքան աչքդ կտրի, առուներ կան, որ քաղցրահամ ջուր ունեն, զանգվածեղ նժույգների երամակներ են ամենուր պատահում, որոնք վայրի են, իսկ մարդիկ պաշտում են նրանց և չեն հեծնում։ Կապույտ լեռներ կան այնտեղ, որոնց փեշերից վարդագույն գոլորշի է ելնում, զմրուխտի նմանվող ինչ-որ քարեր կան, որ կրում են կանայք ստինքների վրա, իսկ գիշերները լույս տվող ինչ-որ միջատներ են թևածում դաշտերի ու ճանապարհների վրա, այնքան շատ, որ մարդիկ կերոն չեն վառում։ Նրանք այնտեղ աղոթում են անտառներում, երկրպագում են քարերին ու ծառերին։ Նրանք իրենց բրետոն են կոչում, գաղթել են Հայաստանից՝ իրենք էլ չեն հիշում երբ...

— Ստո՛ւմ է սրիկան,— Օպիոսը ոչ մի կերպ չէր հավատում բարբարոսին,— այդ ամենն ինքն է հորինել. եթե այդպիսի երկիր լիներ, նրանց նավատորմը վաղուց երևացած կլիներ Գեզորիակում։

— Նրանք տորմիղ չունեն,— պատասխանեց գալլը հանգիստ,— ու նաև մեծ քաղաքներ։ Փոքր նավակներ ունեն միայն։ Նրանք իրենց կապույտ են ներկում և ...

Այս խոսքի վրա ձիագողը հանկարծ նկատեց, թե ինչպես զորապետները միանգամից զգաստացան և խորհրդանշանակ հայացքով նայեցին միմյանց։ Վերջապես նրանց պարզ դարձավ, թե որտեղ են չքվում կապույտ ներկած այն ջոկատները, որոնք հաճախ հայտնվում են առափնյա մարզերում և այնտեղի ցեղերին խռովության հրահրում։

Օպիոսը շշմել էր անակնկալ լուրից։ Այդ կապույտ մարդկանց ինքն էլ էր պատահել, նույնիսկ մի անգամ քիչ էր մնում շրջապատեր նրանց, բայց նրանք հասցրին մտնել անտառները, և որքան էլ ինքը տակնուվրա արավ շրջակայքը՝ այդպես էլ չգտավ նրանց։

— Եթե ամեն ինչ իսկապես այնպես է, ինչպես սա է պատմում,— Օպիոսը գլխով արեց դեպի ձիագողը,— ապա մեզ մնում է անհապաղ նավատորմ կառուցել։

Գլուխ երրորդ

Պրոկոնսուլ Բիբուլոսը ելավ պատշգամբ։ Նրա մտահոգ հայացքը փոշու ամպ էր որոնում ձիթենիների ուղղանկյունաձև դաշտերի միջով ձգվող ճանապարհի վրա, որը մերթ կորչում էր շրջադարձերում, մերթ ձգվում սլաքի պես ուղիղ։ Ճանապարհն ամայի էր։ Քամի չկար, արևն արձանացել էր երկնակամարում, ոչինչ չէր փոփոխվում տեսադաշտի վրա, և ասես հսկա մի կտավ լիներ նրա առջև։

Հյուրերն ուշանում էին, և սպասումի տանջալի րոպեները կարճելու համար նա կրկին ներս մտավ ու փորձեց տարվել ընթերցանությամբ, սակայն բառերը լողում էին նրա աչքերի առաջ, և նա վագրենիով ուսերը ծածկելով՝ քայլեց սենյակից սենյակ։ Նա կանչեց ծառային և որերորդ անգամ հարցրեց, թե նա իսկապե՞ս տեսնվել է նրանց հետ, ում հարկ էր, և կամեցավ նոր մանրամասներ իմանալ։ Ծառան որերորդ անգամ երդվեց, որ տիրոջ պահանջը կատարել է բարեխղճորեն, և ավելացրեց, որ եթե նրանք բոլորն են ուշանում, կնշանակի արտառոց որևէ բան է պատահել։

«Միայն ա՛յդ էր պակաս»,— մտածեց Բիբուլոսը տհաճությամբ և շարունակեց զննել վիլլայի բոլոր սրահները։

Նրան դուր էր գալիս իր ամառանոցը, ոչինչ չէր խնայել այն արտակարգ շքեղ ու հարմարավետ կառուցելու համար։ Չվստահելով ճարտարապետներին՝ նա ինքն էր անձամբ հետևել շինարարության ընթացքին, և երկհարկ այս առանձնատունը նրա համար թանկ էր ավելի, քան ողջ Իտալիան՝ վայրենիներով լի պրովինցիաների հետ միասին։

Բախտի դիցուհին վերջապես սկսել էր ժպտալ նրան. Եգիպտոս գործուղված Կատոնի փոխարեն նրան էր վստահվել սենատի նախագահությունը։ Բայց դա դեռ բոլորը չէր. քաղաքը մնացել էր առանց Կեսարի ու Կատոնի, Կրասոսը սպանվել էր պարթևների երկրում, Պոմպեոսը սիրահարված էր կնոջը մինչև ականջների ծայրը և կուրիայում գրեթե չէր երևում, իսկ Ցիցերոնը աքսորված էր, և նա ուրիշ ոչ մեկին չէր տեսնում, որը կխլեր իրենից առաջնության դափնին։ Նա շշմել էր անսպասելի այս հաջողությունից. ուրիշները գզվռտվեցին, հոշոտեցին միմյանց, իսկ քաղաքը մնաց իրեն, որ Մարսյան դաշտի պատահարից հետո կորցրել էր ամեն հույս և գրեթե չէր զբաղվում քաղաքանությամբ։

Եվ նա շփոթվել էր՝ չիմանալով ինչպես կառավարել ամենքի կողմից մոռացված քաղաքը։

Եթե նա Կեսարին ատում էր համատեղ էդիլության, պրետորության և կոնսուլության տարիներին ապրած նվաստացումի և անախորժությունների համար, ապա Կատոնին նախանձում էր նրա մտավոր գերազանցության ու սենատում ունեցած հեղինակության համար։ Միշտ ինչ-որ մեկը խանգարել էր նրան, և նա ստվերում էր մնացել։ Հիմա վերջապես կարծես թե եկել էր նրա աստղային ժամը, և անշրջելի Քրոնոսը հոսում էր նրա օգտին։ Նա գոհ էր բախտից դեպքերի այսպիսի զարգացման համար, և ամեն առիթով առատ զոհ էր մատուցում Ֆորտունային, որը, երկարատև մոռացումից հետո, վերստին հիշել էր իրեն։ Նա պրինցեպս էր, և իր խոսքը վճռական նշանակություն ուներ հանրապետության համար կարևոր հարցերը լուծելիս։

Նա ձեռնամուխ էր եղել մի այնպիսի ինքնամեծարման, որին Սուլլան անգամ կնախանձեր։ Նրան մեծ բավականություն էր պատճառում սենատի որոշումները վավերացնելը, որքան էլ նվազ կարևոր լինեին դրանք, և խենթանում էր՝ իր կնիքը տեսնելով այդ փաստաթղթերի վրա։

Նա հասկանում էր, որ երջանկությունը ինչպես հանկարծակիորեն եկել էր, այդպես էլ կչքանար, եթե ձեռքերը ծալած նստեր։ Եվ նա իր առջև դրել էր այլոց համար գուցե անհնարին թվացող մի նպատակ, որն անօրինակ փառք կբերեր իրեն, այն է՝ սեղմ ժամկետում, քանի դեռ Հռոմի նշանավոր քաղաքացիները բացակայում են, ոչնչացնել դաշնակիցներին։ Նա հասկանում էր, որ Կեսարն ու Պոմպեոսը տիրում են բանակին և անիմաստ է պատերազմ հայտարարել նրանց, բայց, մյուս կողմից, նրանց լեգեոնները հեռու են Հռոմից ու նաև միմյանցից։ Չափազանց վտանգավոր այդ ծրագիրը կլանել էր նրան ամբողջովին, նա հաշիվ չէր տալիս իրեն դժվարությունների առաջ և պատրաստ էր նույնիսկ նետվել բոցերի մեջ, եթե դա իրենից պահանջեին հանգամանքները։ Եվ ինքն էլ չէր հասկանում, թե որտեղից իրեն այդքան եռանդ, այդպիսի համարձակություն ու վստահություն սեփական ուժերի նկատմամբ։ Կրասոսի մահը ոգևորել էր նրան, նա դա համարում էր աստվածային նշան, որը բոլորովին հեշտացրել է իր գործը։ Սակայն նրա աննախադեպ խանդավառությունը խախտվել էր չորս օր առաջ տեղի ունեցած մի տհաճ դեպքի պատճառով։ Իսկ ահա թե ինչ էր պատահել. նրան այցելել էր Հորտենզիոսը՝ գինովացած, և անվերջ շաղակրատելով ու գովելով Բիբուլոսների տոհմը՝ ասել էր, թե մի մեծ երազանք ունի՝ կին առնել այդ տոհմից։ Մարկոսը կարծել էր, թե տարիքն առած հռետորը նկատի ունի այրիացած իր զարմուհիներից որևէ մեկին, և քաջալերել էր նրան։ Բայց երբ դրանից ոգևորված Հորտենզիոսը խնդրել էր նրա աղջկա ձեռքը, պրինցեպսը, հազիվ զսպելով պոռթկումը՝ կեղծել էր, թե իրենից արդեն խոսք են առել, և շուտով դուստրը նշանվելու է։ Հորտենզիոսը, որ խմիչքի պակասը լրացրել էր Բիբուլոսի տանը ու բոլորովին կորցրել իրեն, ասել էր, թե այդ դեպքում ինքը գուցե ամուսնանա Նիդիայի՝ Բիբուլոսի կնոջ հետ։ Պրինցեպսը փոթորկվել էր, հռետորին սոմա էր անվանել և ծառաներին կարգադրել էր դուրս շպրտել նրան՝ որպես վերջին մուրացկանի, ինչը ստրուկներն արել էին մեծագույն խանդավառությամբ։

Այդ միջադեպից հետո նա ոչ մի կերպ չէր հանդարտվում, ամեն վայրկյան հիշում էր Հորտենզիոսին, իսկ կնոջը կամ դստերը հանդիպելիս կրկին ու կրկին նրա հայացքի դեմ գինուց այլագունված հռետորն էր հայտնվում։ Առավոտ վաղ՝ աչքերը դեռ չբացած, այդ միտքն էր սողոսկում սիրտը և թունավորում օրը։ Նա հեռացավ քաղաքից՝ հուսալով, թե այդ տեղափոխությունը կօգնի իրեն, սակայն այստեղ էլ ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել Հորտենզիոսին վերաբերող ծանր մտքերից, որոնք երբեմն կլանում էին նրան այնպես, որ ուրիշ ոչնչի մասին այլևս չէր կարողանում մտածել։ Այդպիսի պահերին նա անողոքաբար կշտամբում էր իրեն, որ ավելի վճռական չեղավ ու չջարդեց Հորտենզիոսի քիթմռութը. նա համոզված էր, որ եթե այդպես վարվեր, հիմա չէր տանջվի այսպես դաժանորեն։

Նա նորից հայտնվեց գրադարանում, հոգնած հայացքը սահեցրեց գրքերի վրայով, սակայն դրանցից և ոչ մեկը չգրավեց նրան։ Գուցե մի զրուցակից լիներ։ Միայն գինին կփրկեր նրան, և անհագ ծարավ զգաց, փակ աչքերով՝ բերնեբերան լցված գավաթներ տեսավ, բայց ստիպված էր վանել իրենից գայթակղությունը, քանի որ հյուրերի էր սպասում։

Նա ելավ պատշգամբ ու արգելապատնեշի մոտ վեց կառք նկատեց։ Արագ-արագ կարգադրություններ անելով սենեկապետին և բոլոր այն սպասավորներին, որոնք առնչվելու էին հյուրերի հետ՝ փութով իջավ բակ։

Հյուրերը հասցրել էին իջնել կառքից և ուշի ուշով զննում էին վիլլան։ Ողջունելով տանտիրոջը՝ նրանք չդադարեցրին զննումը և կարծիքներ էին փոխանակում լեսբոսյան մարմարով երեսպատված երկհարկանի տան ու պարտեզի հարդարանքի մասին, իբր թե ցածրաձայն, բայց այնպես, որ գովեստի շռայլ խոսքերը հասնեին պրինցեպսին։

Նրանց հասկանալի չէր, թե ինչու էր Բիբուլոսն իրենց հրավիրել վիլլա, երբ կարելի էր հանդիպել քաղաքում։ Ինչի՞ համար է այս ավելորդ զգուշավորությունը։ Թե՞ նրան առաջնորդել է նորակառույց ամառանոցով պարծենալու տենչը։ Նրանք տարակուսում էին դեռ այն ժամանակ, երբ պրինցեպսի ստրուկը հանդիպման հրավեր բերեց. ոչ մի ավելորդ բառ հնարավոր չեղավ իմանալ նրանից։ Այն ժամանակ նրանք կարծել էին, թե Բիբուլոսն այնքան էլ չի վստահում բանբերին, բայց այժմ տեսնելով, թե որքան անկաշկանդ է ծառան շրջում հյուրերի մեջ և ինչպես է Բիբուլոսը մտերմաբար զրուցում նրա հետ, պարզեցին, որ պրինցեպսը նրան վստահում է երևի թե իրենցից ավելի։ Սակայն նրանք մտատանջություններին տրվելու ժամանակ քիչ ունեցան, քանի որ տանտերը բոլորին հրավիրեց ճաշի։ Հյուրերը գերադասեցին մնալ պարտեզում, ուր օդը զով էր և ճանապարհի հոգնեցուցիչ ցնցումներից հետո հաճելի էր լսել շատրվանների մեղմ շառաչն ու մեռնող աշնան թախծոտ մեղեդին։ Տաղավարներից մեկում սեղան գցեցին նրանց համար։ Զանազան խոսակցություններ սկիզբ առան, որոնք բոլորն, ի վերջո, հանգեցին Գալլիայից սպասվող վտանգին։ Նրանց խորապես անհանգստացնում էին Կեսարի հաջողությունները, բացի այդ, բոլորովին անտեղյակ էին նրա ձեռնարկումներին ու միշտ անակնկալի էին գալիս։ Նրանք ոչինչ չէին խնայի Կեսարի մերձավորներից որևէ մեկին կաշառելու համար, բայց ստիպված էին ցավով խոստովանել, որ կուսակալը զրկել է իրենց այդ հնարավորությունից, քանի որ իրեն շրջապատել է նվիրված մարդկանցով, իսկ զինվորները նրան իմպերատոր են հռչակել և պաշտում են որպես աստծու։ Զանազան աղբյուրներից նրանք լուրեր ունեին և այժմ, համադրելով այդ բոլորը՝ նրանց առջև հառնեց իրականության ամբողջական նկարագիրը, որն ամենևին գոհացնող չէր։ Կեսարն իրեն նվիրված բանակ էր ստեղծում, կոփում այն բարբարոսների դեմ կռվեցնելով, իսկ իրենք նրան ոչնչով խանգարել չէին կարող։ Դա կարծես քիչ էր՝ Կեսարի զինվորները խումբ-խումբ արձակուրդ գալով՝ խառնաշփոթ էին ստեղծում քաղաքում։ Նրանք իրենց չէին ներում Կեսարին անցած լեգեոնների համար, բայց և չէին կշտամբում միմյանց. նրանց հետաքրքրում էր ոչ թե պատճառների քննությունը, այլ դժվարին կացությունից դուրս գալու ուղին։ Վերջին ընտրություններում նրանց հաջողվել էր զբաղեցնել որոշ նշանակալի պաշտոններ, բայց դա քիչ էր մխիթարում, քանի որ բանակի ընդամենը հինգերորդական մասին էին տիրում, մինչդեռ լուրեր ունեին, որ Կեսարն իր միջոցներով հավաքագրում է ևս չորս լեգեոն։

— Սպանե՛լ է պետք նրան,— ասաց Ահենոբարբը՝ փոթորկված։

— Հե՜շտ է ասել,— քմծիծաղեց Պանսան։— Դա պիտի արվեր, քանի դեռ նա այստեղ էր։ Իսկ հիմա անհնարին է։

Իսկ Սկիպիոնը,— նա երկար տարիներ կառավարում էր Աֆրիկայում և վերջերս էր վերադարձել այնտեղից,— որ մինչ այդ լուռ էր և չէր մասնակցում խոսակցությանը, ձեռքերը կողքի տարածելով՝ արտաբերեց.

— Տարօրինակ է, զարմանալի, մինչև հիմա չեմ հասկանում ինչպե՞ս պատահեց, որ նրանք հաշտվեցին։

— Մեծարգո՛ սենատորներ,— խոսք առավ Բիբուլոսը՝ ելնելով տեղից. նա ուրախ էր, որ խոսակցությունն ակամայից ընթանում էր իր ուզած հունով,— դաշնակիցների հարցը հանգիստ չի տալիս նաև ինձ և ձեզ հրավիրել եմ այստեղ՝ միասնաբար փրկության ուղի որոնելու։ Հապաղումը մահ է, և դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե նրանք հանկարծ որոշեն իրենց լեգեոնները շարժել Քաղաքի վրա։ Մենք պիտի խանգարենք նրանց հզորացմանը՝ կանգ չառնելով ոչ մի միջոցի առաջ։

Հյուրերն ուշադիր նայում էին նրա կողմը։

— Այն, ինչ հիմա ձեզ կհայտնեմ, բոլորովին իմ մտահղացումը չէ և ես ինձ վրա չեմ վերցնում պատասխանատվությունը, բայցև ճիշտ վարված չէի լինի, եթե տեղյակ չպահեի ձեզ այդ մասին։

Կոկորդը թրջելու պատրվակով նա դադար տվեց ու մինչ փոքր կումերով մեղրահյութ էր խմում, տաղավարում մեռելային լռություն էր տիրում։

Բիբուլոսը պատմեց, որ երկու օր առաջ իրեն անսպասելիորեն այցելել է արվերների Վերցինգետորիգոս թագավորի դեսպանը։ Վերցինգետորիգոսը խոստանում է բերել Կեսարի գլուխը, եթե սենատի անունից իրեն խոստանան գալլերին հռոմեական քաղաքացիություն շնորհել։

Արվերներին Կեսարի դեմ հանելու միտքը գրավեց բոլորին, բայց ամենքը չէ, որ կողմ էին Գալլիան հարկերից ազատելուն։ Ահենոբարբը սրամտեց, թե սարսափելի ոչինչ չկա, քանի որ եթե չլինի պրովինցիան, չի լինի, հետևաբար, նաև կուսակալը՝ իր լեգեոններով։

— Բայց ի՞նչ կլինի գանձարանի վիճակը,— տարակուսեց Պանսան։— Ստիպված կլինենք նվազեցնել հացաբաժանումների չափը, և նորից դժգոհություններ կսկսվեն Քաղաքում։ Բացի այդ ո՞վ կարող է երաշխավորել, որ եթե այսօր նրանք ազատվեն հարկերից, վաղը անկախություն չեն պահանջի։

Հենվելով աթոռի բարձր թիկնակին՝ Բիբուլոսը մտորեց մի քանի վայրկյան, ապա ասաց.

— Ես չեմ կամենում ձեզ ոչինչ պարտադրել, մեծապատի՛վ հայրեր, իմ պարտքն էր՝ հայտնել ձեզ Վերցինգետորիգոսի առաջարկի մասին, իսկ կընդունենք այն, թե կմերժեք՝ ձեր իրավունքն է։ Այս ամենի մեջ դուք գուցե նաև հայրենադավություն եք տեսնում, բայց ասացե՛ք ինձ, մի՞թե այլ ելք կա. ցո՛ւյց տվեք ինձ փրկության նվազ վտանգավոր ուղի, որը հանրապետությունը կազատի ներքին պատերազմից։ Այո՛, մենք նյութական դժվարություններ կունենանք, բայց մի՞թե Կեսարից ազատվելու համար դուք ավելի մեծ զոհողությունների չեք պատրաստ։ ԵՎ հետո արժե՞ մտահոգվել մասը կորցնելու համար, երբ ամբողջն է վտանգված։

Ապա, ձայնն իջեցնելով՝ ասես կարող էին կողմնակի մարդիկ լսել իրեն, շշնջաց.

— Թող նրանք ոչնչացնեն Կեսարին, իսկ մենք դեռ կմտածենք՝ ինչպես վարվել նրանց հետ. նրանց առաջին անգամ չեն քաղաքացիություն խոստանում։

Այդ միտքը որոշ աշխուժություն առաջ բերեց հավաքվածների մեջ, և նրանք հետաքրքրվեցին, թե ինչպես է Վերցինգետորիգոսը մտադիր կատարել իր խոստումը։

— Նա մտադիր է ապստամբություն բարձրացնել,— պատասխանեց Բիբուլոսը,— բայց ավելի լավ է՝ թող այդ մասին դեսպանն ինքը պատմի։

Ծառան, որ հեռվում սպասում էր տիրոջ նշանին, գնաց դեսպանի ետևից։ Քիչ անց նա վերադարձավ վիթխարահասակ, ամբողջովին բեղմորուսի մեջ կորած մի բարբարոսի հետ, որի տեսքը երկյուղ էր ներշնչում նայողին։ Նրա բազուկները, որ նույնպես փրչոտ էին, այնքան հզոր էին, որ առանց դժվարության երեք մարդ կարող էին պոկել գետնից։

Գլուխ տալով՝ բարբարոսը ներկայացավ, և հռոմեացիք իմացան, որ իրենց առջև Լակտերիոսն է՝ Վերցինգետորիգոսի եղբայրն ու հեծելազորի պետը։

Նրան հարցեր տվին, և նա պատասխանում էր՝ շարունակ ներողություն խնդրելով, որ իր տերը՝ արևափայլ Վերցինգետորիգոսը, ու նաև սրբազան աստված Գեհեն խստորեն պատվիրել են իրեն ասել այն, ինչ կարելի է ասել։ Նրա խոսքը հակիրճ էր, շարժումները առնական, նա ձեռքը չէր իջեցնում կրծքից և խոնարհվում էր ամեն հարց տվողի։ Սենատորները բարբարոսին նայում էին խորին ակնածանքով և ոչինչ չէին խնայի նրան ծառա ունենալու համար։

Երբ դեսպանը հաղորդեց, որ Կեսարը երեք շաբաթ չի երևացել պրովինցիայում և, ըստ իրեն հասած լուրերի, խոշոր նավատորմ կառուցելով դուրս է եկել Օվկիանոս՝ սենատորները գունատվեցին, կարծելով, թե կուսակալը ծովով շարժվում է Հռոմի վրա։ Բայց վերստին հանգստացան, երբ Լակտերիոսը տեղեկացրեց, որ նրա հիմնական ուժերը պրովինցիայում են մնացել։ Սակայն տագնապի վայրկենական այդ ապրումը զգաստացրեց նրանց, ու թե մինչ այդ հոգու խորքում մտահոգված էին հռոմեական զենքի պատվի ու դատարկվել սպառնացող գանձարանի համար, այժմ պատրաստ էին ընդունել բարբարոսների բոլոր պայմանները։ Միայն Սկիպիոնն էր պահպանել լրջախոհությունը, ու երբ Լակտերիոսը փորձեց հավաստիացնել նրան, թե այս անգամ ոչինչ չի փրկի Կեսարին՝ թերահավատությամբ լի հայացքով չափեց դեսպանին ոտից գլուխ, ապա նետեց ատամների արանքից.

— Արիովի՛ստն էլ սարեր խոստացավ. ես զրկվեցի երկու միլիոն սեստերցիումից, մինչդեռ Կեսարն արժանացավ հինգօրյա երախտագիտական աղոթքի։

Իսկ դեսպանը համառորեն համոզում էր, թե պահն այս անգամ աստվածներն են ընտրել. նախ՝ կուսակալը պրովինցիայում չէ, և երկրորդ, որ ամենակարևորն է, երաշտի պատճառով դժվար ձմեռ է սպասվում, ու բանակը կերակրելու համար Կեսարը ստիպված կլինի մասնատել այն և լեգեոնները տեղաբաշխել տարբեր մարզերում, իսկ իրենք հնարավորություն չեն տա դրանց միավորել և կոչնչացնեն առանձին-առանձին։

Սկիպիոնը երկար ժամանակ լուռ էր, ապա հարցրեց.

— Իսկ նա, քո այդ Վերցինգետորիգոսը, տեղյա՞կ է, թե ինչ է սպասվում իրեն, եթե փորձի խորամանկել ու ներքաշել մեզ պատերազմի մեջ։

— Իմ տերն ատում է Կեսարին, ինչպես դուք, աստվածափայլ հայրեր,— խոսեց դեսպանն՝ առանց վիրավորանքի նշույլի,— և եթե համաձայն եք օգնել իմ ժողովրդին, ապա նա, որպես պատանդ, Հռոմ կուղարկի իր առաջին կնոջը և երկու զավակներին։

— Նա երևի դրանից այնքան շատ ունի, որ մեկ-երկուսից ազատվելը երևի թե նշմարելի չի լինի նրա համար,— ասաց Ահենոբարբը հունարեն, որ դեսպանը չհասկանար։

Նրա դեմքի արտահայտությունից և ձայնի երանգից գալլը կռահեց, որ հռոմեացին լավ չարտահայտվեց իր թագավորի մասին, և գունատվեց արձանի նման, նրա աչքերը վայրկենապես դարձան բոսորագույն, ռունգերը լայնացան արշավից հետո շունչ առնող նժույգի նման, իսկ մկանները դողացին։ Սակայն մյուսները բավարարած էին պայմանով և հետաքրքրվեցին, թե որն է լինելու իրենց դերը և ինչ պարտականություններ են ստանձնելու իրենք։

— Իմ թագավորը երախտապարտ կլինի, եթե հաջողեցվի Պոմպեոսի երկու լեգեոնների վերադարձը պրովինցիայից,— ասաց դեսպանը։— Դրանք անչափ մոտ են այն մարզին, որն ամենահարմարն է մեր զորակայանի համար։ Զրկվելով այդ լեգեոններից՝ Կեսարն ստիպված կլինի ջոկատներ բերել բելգերի երկրից, ինչը մեզ հնարավորություն կտա հսկա այդ մարզը ևս ներքաշել խռովության մեջ։

Այդ լեգեոնների հարցը վաղուց հուզում էր նրանց, առաջին իսկ օրից, երբ Մագնիան համաձայնեց օժանդակել աներոջը։ Առանց Վերցինգետորիգոսի խնդրանքի էլ նրանք ինչ-որ քայլեր էին ձեռնարկում այդ զորամիավորումները վերադարձնելու համար, բայց արդեն պարզ էր, որ պետք է շտապել։ Պանսան առաջարկեց այդ հարցը քննարկել սենատում և պատրվակ բերել, թե այդ լեգեոնների կարիքն ավելի շուտ Հայաստանում է զգացվում։ Բայց Բիբուլոսը չհամաձայնեց նրա հետ՝ երկյուղելով հարցի քննարկման ձգձգումից, ինչը Կեսարին հնարավորություն կտար արագացնել զորահավաքը և այդ լեգեոնները փոխարինել նորերով։

— Պոմպեոսին հարկավոր է հանել թմբիրից,— խոսքը շարունակեց Բիբուլոսը՝ քայլելով տաղավարի երկարությամբ։— Նրա համար հիմա այդ աղջնակն ամեն ինչ է, դե նա էլ, ասում են, հմայություն է սովորել Նիդիա քրմուհուց։ Ես մի քիչ տեղյակ եմ այդ գործին. նրանք ինչ-որ հյութ են խմեցնում, օձի ոսկրափոշուց, և մարդ մոռանում է ամեն ինչ քանի դեռ թուրմի ազդեցության տակ է։

Պրինցեպսը գտնում էր, որ հարկավոր է ամեն քայլափոխի Պոմպեոսին հիշեցնել, թե Կեսարը հիմարացրել է իրեն, ու մինչ ինքը տրվում է սիրո վայելքներին, աները, իր զորքն ու հեղինակությունն օգտագործելով՝ շուտով փառքով կգերազանցի ամենքին, մինչդեռ միայն իրեն է վայել հյուսիսի ժողովուրդներին հնազանդեցնողի բարձր պատիվը։ Ահենոբարբի կարծիքով այդ գործն ամենից հաջող կանի Հռոմի ծաղրող ամբոխը. Սկիպիոնը խոստացավ վաղը ևեթ տեսնվել Ափրանիոսի հետ, իսկ կրտսեր Ֆուֆիդիան, որ գլուխ չուներ նրբին ու տևական գործերի հետ, բռունցքը զարկեց սեղանին ու գոչեց.

— Այդ սերը վերացնե՛լ է պետք, և վե՛րջ։

Սենատորները սոսկումով նայեցին միմյանց, իսկ Բիբուլոսն օդն ափերով իրենից հեռացնելով՝ արտաբերեց.

— Դաժա՛ն է, շա՛տ դաժան։

Գլուխ չորրորդ

Բրիտանական արշավանքը սպասելիքները չարդարացրեց. այդ երկիրը բոլորովին հարուստ չէր ոսկու հանքերով, ինչպես կարծում էին հռոմեացիք։ Բազում ամիսներ տևած մանրումեծ կռիվներից հետո բրետոններն ընդունեցին Հռոմի գերիշխանությունը և պարտավորվեցին կանոնավորապես հարկ վճարել գանձարանին։ Մեկ լեգեոնի չափ կայազոր թողնելով այնտեղ՝ Կեսարը վերադարձավ Գալլիա։ Երաշտի պատճառով պրովինցիայում պարենի սակավություն էր, և բանակը սովի չմատնելու համար նա ստիպված էր մասնատել այն և տեղակայել տարբեր մարզերում։ Հետո նա վերադարձավ Նարբոն՝ նպատակ ունենալով զբաղվել պրովինցիայի գործերով։ Բայց հազիվ էր ոտք դրել նստավայր, երբ քվեստորները զեկուցեցին, որ բանբեր է եկել Հռոմից և սպասում է իրեն արդեն երկու շաբաթ։ Կարգադրեց նրան հրավիրել իր մոտ։ Ներս մտավ տարեց մի զինվոր, որի դեմքը ծանոթ թվաց իրեն։ Հետաքրքրվեց, թե որտեղ են պատահել միմյանց, իսկ բանբերը պատասխանեց, որ միասին կռվել են Միհրդատի դեմ՝ Սմիռնայի մոտերքում։ Զինվորի ձեռքին գրություն չկար, և սևեռուն նայելով նրան՝ Կեսարը նրա աչքերի մեջ խորին տրտմություն տեսավ։

— Համարձա՛կ,— քաջալերեց նա բանբերին, երբ սա սկսեց խոսել կցկտուր ու կմկմալով,— աչքերդ մատնում են քեզ. մահվան լուր ես բերել։

— Աստվածային Կեսար...

— Մա՞յրս։

Բանբերը գլուխը կախեց։

Կեսարին վայրկենական թուլություն համակեց, և նա շրջվեց դեպի լուսամուտը, որպեսզի զինվորը չտեսներ իր դեմքի ցավագին կծկումները։

— Այդ երբ եղավ,— հարցրեց նա անճանաչելի ձայնով։

Բանբերը շփոթմունքից հետզհետե ազատվելով՝ պատմում էր Ավրելիայի մահվան ու թաղման մանրամասները և թե որքան է ինքը թափառել գալլերի երկրում, մինչև գտել է իմպերատորին, իսկ Կեսարը, արձանի պես անշարժ ու գունատ, ոչինչ չտեսնող հայացքը սառեցրել էր հեռուներում և կարծես չէր լսում նրան։ Մայրը նրան ոչ մի կերպ չէր պատկերանում մեռած, և դժվարանում էր հավատալ, որ դադարել է բաբախել նրա ջերմ ու կարեկից սիրտը, և որ եթե վերադառնա, այլևս չի դիմավորի նա իրեն տան շեմքին՝ այնքան հարազատ ժպիտը խորշոմածածկ դեմքին, ու գորովանքով չի փարվի իրեն։ Նա մտովի համբուրեց մոր ձեռքերը, ճակատը և նոր միայն մտաբերելով բանբերին՝ խնդրեց մենակ թողնել իրեն։

Զինվորը չենթարկվեց։ Կեսարին բարկություն տիրեց և շրջվելով, շանթող հայացքով նայեց նրան։ Իսկ զինվորը հանկարծ այլայլվեց, նրա շուրթերը դողացին և խզված ձայնով ասաց կոկորդը սեղմող արտասուքի միջից.

— Աստվածային Կեսար, ներիր ինձ, ես ոչ մի կերպ չէի ցանկանում գալ այստեղ և այդպես էլ կանեի, եթե Գնեոս Պիզոնը, որին կյանքով եմ պարտական, թախանձագին չխնդրեր ինձ այդ մասին։ Օ՜, ամենազոր աստվածներ, ինչո՞ւ պահապան եղաք ինձ և գայլերի բաժին չդարձրիք կամ չթույլատրեցիք արնախում բարբարոսներին սպանել ինձ։ Թող պղծվեն շուրթերս, Կեսա՛ր, բայց ես գերադասեցի ստանձնել այս ծանր պարտականությունը, քանի որ, խորապես համակրելով քեզ, չէի կարող թույլ տալ, որ դու չարակամներից լսեիր այն ամենը, ինչ խնդրել են ինձ հաղորդել։

Զինվորը սրբեց արցունքները և չհամարձակվելով նայել կուսակալի դեմքին՝ շարունակեց.

— Այդ օրը սարսափելի հուզում եղավ քաղաքում. Կլոդիոսը իր մարդկանցով գրավեց Ֆորումը և սպանեց այնտեղ գտնվող երկու սենատորներին։ Զայրացած ամբոխը հարձակվեց խռովարարների վրա, և նրանք թողեցին Ֆորումը։ Կլոդիոսին սպանեցին Բոնա Դեայի տաճարի մոտ, այն նույն դիցուհու, որին նա պղծել էր։ Նրա դիակն այրեցին, այդպես էլ փողոցներում չցուցադրելով նրա նախնիների պատկերները, առանց երգի, գովաբանության և արտասուքի։ Ոչ ոք այդպես էլ չհասկացավ՝ ինչ էր ուզում նա կյանքից։ Այս սպանությունն առիթ եղավ մի շարք անկարգությունների։ Պոմպեոսը, որ լիկտորների հետ վերադառնում էր Լավեռնայից և տեղյակ չէր Քաղաքում տիրող խառնաշփոթին, հարձակման ենթարկվեց ծպտյալ մի խմբի կողմից։ Հարձակվողները չվնասեցին Պոմպեոսին, բայց վիրավորեցին նրա լիկտորներից մեկին, որը հոգին ավանդեց նրա ձեռքերի վրա։ Պոմպեոսի հագուստը բոլորովին արյունոտ էր, և հանգրվանելով Ափրանիոսի մոտ՝ ծառաներին կարգադրեց զգեստները ծածուկ տանել տուն և նորը բերել։ Սակայն չար լեզուները հասցրել էին տեղեկացնել Հուլիային ընդհարումի մասին, և տեսնելով՝ ինչպես են ստրուկները թաքուն ներս բերում ամուսնու արյունոտ շորերը, նրա մտքով անցել էր ամենավատթարագույնը, և հուզմունքից ծննդաբերել էր վաղաժամ։ Երեք օր նա ուշքի չեկավ, և Պոմպեոսն այդ ողջ ընթացքում չէր հեռանում նրա մահճից ու լալիս էր դառնաձայն։

Բանբերը լռեց ու թաշկինակով աչքերն էր սրբում։

Կրծքից խոցված զինվորի նման երերալով՝ Կեսարը հեռացավ լուսամուտից ու փլվեց աթոռին։ Նրա հայացքի դեմը մթագնեց, զգաց, թե ինչպես են վերջին ուժերը լքում իրեն, և հուսահատ ետ ընկավ թիկնակին։ Զարհուրելի մենակության զգացում համակեց նրան, և նա անզուսպ ցանկություն ունեցավ թողնել ամեն ինչ և գնալ Հռոմ՝ փարվելու հարազատների շիրիմներին ու այլևս չվերադառնալ անիծյալ այս պրովինցիան. ո՞ւմ համար է ինքն այսուհետ ապրելու և հանուն ինչի՞։ Այդպես կիսաանզգա նա մնաց մի քանի րոպե, իսկ երբ իրեն պարուրած մշուշն աստիճանաբար հալվեց, իր առջև տեսավ գլխահակ բանբերին։

— Դու էլի ինչ-որ բան ասացի՞ր,— հարցրեց ու ինքն էլ չճանաչեց իր ձայնը։

Բանբերը հասկացավ, որ իր վերջին բառերը չեն հասել նրա գիտակցությանը և կրկնեց՝ հուսալով, որ իր հաղորդածը փոքրիշատե կշեղի նրա միտքը։

— Իմպերատո՛ր, ես չեմ կարող հաստատապես պնդել, բայց քաղաքում լուրեր են պտտվում, թե այդ ամենը պատահականություն չէր և որ թե՛ հարձակումը Պոմպեոսի վրա, թե՛ Հուլիային լուր հասցնելը ծրագրված էր ինչ-որ մարդկանց կողմից։ Ես և՛ ճանապարհին, և՛ այստեղ՝ Նարբոնում, երկար եմ խորհել այդ մասին. բավական հիմքեր կան կասկածելու, որ դա պատահականություն չէր։

Կեսարի մռայլված հայացքը նայում էր բանբերի միջով, և նա կարծես չէր լսում։ Նրա խոնավ աչքերում հանկարծ հույսի նշույլ փայլատակեց, և հարցրեց՝ շնչակտրվելով.

— Դու ասացիր, որ Հուլիան ծննդաբերել է...

Իսկ զինվորը թույլ չտվեց նրան խոսքը շարունակել ու պատմեց, որ Լամիան[57] չորրորդ օրը տարել է մանկիկին։

Գլուխ հինգերորդ

Որ Հուլիայի մահվանից հետո Մագնիան դյուրությամբ կընկներ Կատոնի որոգայթը, Կեսարը չէր կասկածում։ Առճակատումն անխուսափելի էր, և նա տենդորեն պատրաստվում էր դրան։ Թեև մտերիմներն անուրախ լուրեր չէին հաղորդում Հռոմից, նա կանխազգում էր, որ իր դեմ դավեր են նյութվում։ Կարգի բերելով երկարատև ձմռան ընթացքում մարտունակությունը կորցրած բանակը՝ նա դեսպաններ ուղարկեց Գերգովիա, Գեզորիակ, Նեմավրոս և այլուր՝ գալլական ցեղերին ձեռնտու պայմաններով հարթելու հին վեճերը, ապա Կուրիոնի և Օպիոսի լեգեոնները հանելով ձմեռանոցներից՝ Վիեննայի վրայով փոխադրեց Նոր Կում, ամենքի համար աննկատ՝ նոսրացրեց բերդականների թիվը Աքվիտանիայում, ետ բերեց բատավների երկիրը գնացող հետախույզներին։

Քաղաքը զարմանալիորեն խաղաղ էր, և նա ավելի էր զգուշանում ու հետզհետե համոզում իրեն, որ այդ լռությանը հանկարծահաս վտանգ է հաջորդելու։ Իսկ երբ շատ չանցած՝ Պոմպեոսը պահանջեց իր երկու լեգեոնները՝ Հայաստան ուղարկելու պատրվակով, այլևս նրա մոտ կասկած չմնաց։

Երբ նրան լուր բերին, որ Գերգովիայում արվերները ընդվզել են, լրջորեն չվերաբերվեց դրան և Օպիոսին երեք կոհորտա հետևակ ու վեց հարյուր հեծյալ տրամադրեց բարբարոսներին խաղաղեցնելու համար։ Օպիոսն էլ, իմպերատորի նման կարծելով, թե գործ ունի ամենասովորական խռովության հետ հրաժարվեց մի կոհորտայից, ասելով, որ դրա կարիքն ավելի շատ կզգացվի Իտալիայի սահմանի վրա, որտեղից սպասվում էր վտանգը։ Նոր էր Օպիոսը հեռացել Նոր Կումից, երբ սուրհանդակներ եկան պրովինցիայի զանազան ծագերից՝ հայտնելով, որ գալլերն ամենուր զենքի են դիմել և որ սա խնամքով նախապատրաստված ապստամբության է նման։ Կեսարը դեռևս զգուշանում էր, կարծելով, թե դա խորամանկորեն սարքված ծուղակ է և հանկարծակի բերելու համար կամենում են իրեն ստիպել հիմնական ուժերը հեռացնել Իտալիայի սահմանից։ Իսկ լուրերը դառնում էին տագնապալի. Աքվիտանիայի կայազորը պաշարված էր, Նեմավրոսում ավերվել են ձմեռանոցները, Գեզորիակում բարբարոսները գրավել են երկու ամրոց և կոտորել բոլոր պաշտպաններին, Գերգովիայում սրի է քաշվել հռոմեացի խաղաղ բնակչությունը։ Նա մոլորվել էր. անուրախ լուրերը հեղեղի պես գալիս էին ամեն կողմից, և նա չգիտեր ում հասներ օգնության, չգիտեր որտեղ են ապստամբների հիմնական ուժերը և ով է ղեկավարում նրանց։

Գալլերի դեմ բազում պատերազմներում ունեցած հաջողությունները նա վերագրում էր աստվածների ողորմածությանը, որ նրանք բարբարոսներին չոգեկոչեցին կռվել իր դեմ մի քանի ճակատով, իսկ մի տեղում կուտակված թշնամական բանակը, որքան էլ մեծաթիվ լիներ այն ու զենքերով հագեցած, սարսափելի չէր նրա համար։ Բայց ահա բարձրյալները կարծես երես են թեքում իրենից. նախ նրանք պարտադրեցին իրեն մասնատել բանակը և տեղաբաշխել միմյանցից բավականին հեռու, ապա բարբարոսներին հրահրեցին իր դեմ։ Կատարվում էր այն, ինչից ինքը երկյուղում էր. ոչ մեծ կայազորերն անկարող էին դիմագրավել թշնամու գերակշիռ ուժերին, իսկ քանի որ խռովությունն ընդգրկել էր գրեթե բոլոր մարզերը, նրանք զրկված էին միմյանց օգնելու հնարավորությունից։ Միայն իր և Պոլիոնի զորամիավորումներն էին զերծ մնացել պաշարումից, իսկ Անտոնիոսի լեգեոնից ոչ մի լուր չուներ։ Նա Պոլիոնին օգնության ուղարկեց Օպիոսին, իսկ ինքը, այն է, շարժվում էր դեպի Գերգովիա, երբ եկավ Կուրիոնի բանբերը՝ ուժասպառ ու բզկտված, և լուր բերեց, որ Նոր Կումի ճամբարը շրջապատված է բարբարոսների անհամար ուժերով ու եթե անհապաղ օգնություն չհասնի, կկործանվի հիմնովին։ Ութ հարյուր հեծյալների հետ Կեսարը սուրաց Կուրիոնին օգնության, իսկ Պոլիոնին կարգադրեց հետևակն արագ երթով բերել իր ետևից։

Ճակատագրի որպիսի չար դիպված. երկու շաբաթ առաջ Կուրիոնն իր մոտ էր, և Նոր Կումի կայազորն ուժեղացնելու համար ինքը նրան առաջարկեց ևս երկու կոհորտա թրակիացիներից, այնինչ Կուրիոնը հրաժարվեց համոզելով, թե իր մոտ խաղաղ է և խորհուրդ տվեց այդ ջոկատները տրամադրել Ռուֆիոնին, քանի որ հելվետները վերստին ակտիվացել և կամենում էին պրովինցիայի վրայով անցնել Հռենոսի մյուս ափը։

Նրանք անխնա մտրակում էին ձիերին, սրընթաց անցնում գյուղերի ու ավանների միջով։ Ճանապարհները փոշով էին ծածկվում նրանց ետևից, և տներից տագնապահար ելած բնակիչները չէին հասցնում հասկանալ այդ ինչ աղմուկ ու որոտ էր։ Երեք ժամից նրանք փոխեցին նժույգներին և, մոռացած հնարավոր դարանի մասին՝ սուրացին առանց շունչ առնելու։ Բայց ընթացքը նրանց թվում էր անտանելի դանդաղ, և նրանք նյարդայնանում էին։ Իրիկնամուտին նրանք հասան լեռնանցքին ու դադար չառնելով՝ սկսեցին վերելքը, որը տևեց մինչև լուսաբաց։

Երբ իջան լեռներից ու ամպամեգը մնաց թիկունքում, զմայլելի տեսարան բացվեց նրանց առջև. ցողածածկ, անընդգրկելի հարթավայրը փայլում էր անաղարտ ցոլքերով, ինչպես Արարումի յոթերորդ օրը։ Սակայն նրանց սիրտը փակ էր հրապույրի համար, իսկ միտքը՝ բռնված ծանր խոհերով։ Նրանք հեռվից նշմարեցին բանակատեղին և շրջակայքում բարբարոսներ չտեսան։ Ճամբարից ծուխ էր ելնում, և կարծեցին արշավային վառարաններն են ծխում։ Բայց ավելի մոտենալով՝ դարպասները խորտակված գտան, խանդակները լի էին մարդկանց ու նժույգների դիակներով։ Արգելապատնեշի երկայնքով բարբարոսների դիակների բուրգեր էին՝ խոցված նետերից ու նիզակներից, ջախջախված գանգով, դուրս թափված փորոտիքով։ Կտրված ձեռքեր ու գլուխներ էին թափված նրանց ճանապարհին, և արյան հոտից անհանգստացած նժույգները տենդորեն թափահարում էին գլուխները՝ լայն բացած ռունգերով թարմ օդ որոնելով։ Ներքին երկյուղածությամբ ու համրացած՝ նրանք գնացին դեպի մուտքը, բայց այն խցանված էր բոլորովին, և ճամբար մտան ավերված արգելապատնեշի վրայով։

Թռչուններ էին թևածում դիակների վրա, չարագուշակ կռինչով ելնում էին վեր՝ դժգոհ խանգարված խրախճանքի համար։ Կիսայրված մարմիններ էին երևում ծխացող վրանների տակ, մեռնողների խուլ հառաչ էր լսվում, այլանդակված դեմքով վիրավորներ էին սողում նրանց կողմը։ Իջնելով ձիերից և ճանաչելով նրանց՝ նրանք շուրթերը կծոտեցին արյունոտելու աստիճան և դեմքերը թաքցրին միմյանցից։

Զինվորական հանդերձանք էր շաղ տված անցուղիներում, աթոռակներ ու արշավային մահճակալներ էին ամենուր։ Յուրայինների դիակներ քիչ էին պատահում, և նրանք տանջում էին իրենց՝ հասկանալու համար առեղծվածը։ Անցնելով ավերված տաղավարների ու ջարդոտված սայլերի վրայով՝ նրանք հայտնվեցին պրետուարում[58] և քար լռությամբ գլուխներից առան սաղավարտները։ Այն, ինչ տեսան նրանք, սոսկալի էր. պրետուարը ծածկված էր միմյանց վրա անկանոն թափված մի քանի հարյուր դիակներով՝ բոլորը խոցված սրտից։ Դրանք ճամբարի վերջին պաշտպաններն էին, որ գերությունից խուսափելով՝ ինքնասպան էին եղել։

Նրանք արձանացել ու մռայլված նայում էին զարհուրելի այդ տեսարանին։ Արյան հոտով հագեցած քամին ծածանում էր նրանց թիկնոցները։ Ծանր տնքոց լսվեց։ Բոլորը վազեցին ձայնի ուղղությամբ։ Կուրիոնն էր։ Կեսարը ծնկի եկավ ձյունացեխի մեջ ու խոնարհվեց նրա վրա։ Դժվարությամբ շնչելով՝ Կուրիոնը մի պահ բացեց աչքերը, աղոտ հայացքով նայեց երկինք, ապա, ճանաչելով իմպերատորին, արտաբերեց հազիվ լսելի ձայնով.

— Մեռնողները ողջունում են քեզ, Կեսար։

Եվ հոգին լքեց նրա թուլացած մարմինը։

Հոգեցունց այս տեսարանից այլայլված՝ Կեսարը դառը հեկեկաց...

Այդ նույն միջոցին Մարկոս Անտոնիոսի զորակայանը շրջապատված էր բարբարոսների հիսուն հազարանոց բանակով։ Արվերները հայտնվել էին հանկարծակի, երբ լեգեոներների մի զգալի մասը սովորականի պես մերձակա անտառներում գերաններ էր կտրում ամրությունների համար։ Շրջապատելով ու կոտորելով նրանց՝ բարբարոսները հեղեղի պես հորդել էին անտառից և հարձակվել բանակատեղի վրա։ Սակայն գրոհով այն գրավելու նրանց մտադրությունը չէր իրականացել, ու նրանք հռոմեացիների ճամբարը եզերել էին տասնհինգ ոտնաչափ լայնությամբ խոր խրամատով, և Անտոնիոսը ոչ մի կերպ չէր կարողանում լուր տալ իմպերատորին։ Բարբարոսները որսում էին նրա բոլոր սուրհանդակներին և սարսափելի տանջանքների ենթարկում հռոմեացիների աչքի առաջ։

Պաշարումն օրեցօր դառնում էր ծանր ու վտանգավոր, պարենի պակասություն էր զգացվում, մեծ էր վիրավորների ու հիվանդների թիվը։ Երբեմն-երբեմն հակառակորդի դիրքերից զենքը հանձնելու պահանջներ էին հնչում, հայտնում էին, թե Կուրիոնի լեգեոնը ոչնչացված է, թե Կեսարի զորակայանները շրջապատված են, այնպես որ պաշարվածները թող ոչ մեկից օգնություն չսպասեն։ Իսկ հռոմեացիք ուշք չդարձնելով նրանց վրա՝ համառորեն ամրացնում էին ճամբարը, արգելապատնեշի վրա ատամներ էին կառուցում, խրամատներում սուր ցցեր էին քողարկում, աշտարակները ծածկում տախտակներով ու անկիզելի պատյանով։ Ոչ ոք անմասն չէր մնում՝ ո՛չ հիվանդները, ո՛չ վիրավորները. վհատությունը լքում էր նրանց, երբ տեսնում էին, թե ինչպես է լեգեոնի հրամանատարը, գունատ ու վերքերից արյունաքամ, աշխատում իրենց հետ լուսաբացից մինչև ուշ գիշեր։

Բարբարոսները նույնպես անգործ չէին մնում և եռանդով պատրաստվում էին վճռական հարձակման։ Նրանք շարժական աշտարակներ էին կառուցում ու կարիճներ, ամբողջ օրը կրիա էին փորձարկում։ Ճամբարից նրանց հետևող լեգեոնները զարմացել էին, քանի որ մինչ այդ բարբարոսները երբեք նման մեքենաներ ու մարտավարական հնարքներ չէին կիրառել։ Մի անգամ սրատես մի զինվոր բացականչեց, թե բարբարոսների մեջ հռոմեական հագուստով ինչ-որ մարդիկ է տեսնում։ Նրանք չհավատացին, բայց մի քանի օր անց, երբ արվերներն աշտարակները մոտեցրին ճամբարին, ամենքը նկատեցին թշնամու զինվորներին մարզող երեք-չորս հռոմեացիների։

Պաշարման յոթերորդ օրը սաստիկ մրրիկ եղավ, քամին տապալում էր մարդկանց, տեղահան անում վրանները, փոշին հանում մինչև երկինք։ Բարբարոսները կարծես դրան էին սպասում. նրանք պարսատիկներից կավե շիկացած գնդեր նետեցին ճամբարի վրա։ Բարաքները, որ ծղոտե տանիքով էին, վայրկենապես բռնկվեցին։ Քամին բորբոքում էր կրակը, տարածում այն զորանոցով մեկ։ Հրդեհվեցին բոլոր կառույցները, այրվեց գումակը՝ պարենի վերջին պաշարներով հանդերձ։ Ու երբ զորակայանը ծածկվեց փոշու և ծխի անթափանց շղարշով, բարբարոսները ահեղ կանչերով՝ ասես հաղթանակն արդեն ապահովված էր, առաջ հրեցին աշտարակները և սկսեցին պաշարվածներին նետահարել դրանց բոլոր հարկերից։ Մի այլ տեղ նրանք կրիա էին կազմում և խանդակները լցնում հողով, ոմանք հասել էին արգելապատնեշին և երկար սանդուղք հենելով՝ սպառնում էին խուժել ճամբար։

Հռոմեացիք կռվում էին անձնուրաց, նրանց վրա բոլոր կողմերից արկեր էին տեղում, կրակն այրում էր նրանց ունեցվածքը, որ կուտակել էին երկար տարիներ, բայց ոչ ոք չէր լքում դիրքերը։ Երկաթե կեռերով նրանք շուռ էին տալիս սանդուղքները, քարերով, որ նախապես հավաքել էին արգելապատնեշի մոտ, ջախջախում էին բոլոր նրանց, ովքեր անցել էին խրամատը։ Երբ քամին դադարեց, նրանք, կատապուլտներից այրվող անձղակոթեր արձակելով՝ հրդեհեցին աշտարակները, և բարբարոսները միմյանց ոտնատակ տալով՝ բոլոր հարկերից թափվում էին ցած։ Դրանից ոգևորվելով, նրանք քարշ տվին, բերին բարաքների այրվող գերաններն ու հեղյուսները և նետեցին հարձակվողների վրա։ Մի սոսկալի աղմուկ բարձրացավ, մի սարսափելի իրարանցում. վառվող բարբարոսները աղեկտուր ճիչերով փորձում էին նահանջել, բայց ետին շարքերը խանգարում էին նրանց։ Նրանք այնքան շատ էին ու այնքան խիտ, որ հռոմեացիք նրանց նետահարում էին առանց նշանառության։

Հանկարծ Անտոնիոսը, որ կռվում էր արգելապատնեշի վրա, իջավ ու հայտնագործություն արածի ոգևորությամբ վազեց գումակի ուղղությամբ։ Գումակում մի գալլ ստրուկ կար, որ գիտեր արվերների լեզուն և քաջածանոթ էր տեղանքին։ Գտնելով ստրուկին՝ ազատություն ու մեծ պարգև խոստանալով, Անտոնիոսը նրան համոզեց գրություն տանել Կեսարին։ Նրան զգեստավորեցին արվերի նման, գրությունը խնամքով ամրացրին նիզակի ձողին և բարբարոսների հերթական գրոհի ժամանակ նրան արգելապատնեշից հրեցին ցած։ Գալլն անվնաս վայրէջք կատարեց, մեկ րոպեի չափ ձևացրեց, թե կռվում է, ապա նահանջեց ու կորավ տեսադաշտից։

Երեք օր անց լեգեոներներն աշտարակներից մեկի վրա մի նետ նկատեցին, որին ինչ-որ բան էր ամրացված։ Վար բերելով այն, նրանք խնամքով թաքցված գրություն գտան, և ճանաչելով իմպերատորի զինանշանը՝ աներևակայելի ուրախություն համակեց նրանց։ Նրանք բոլորը, հիվանդ, թե առողջ, պարում էին, համբուրում միմյանց, ողջագուրվում, շատերն արտասվում էին և իմպերատորի գրությունը քսում աչքերին։

Հաջորդ օրը բարբարոսները դադարեցրին պաշարումը և արագ երթով ընդառաջ գնացին Կեսարին։ Արվերների անհամար բանակը տեսնելով՝ Կեսարը նահանջեց, մինչև հասավ այնպիսի մի վայր, ուր կարելի էր պաշտպանվել թշնամու գերակշիռ ուժերից, և ճամբար դրեց։ Նա կարգադրեց հնարավորին չափ փոքր կառուցել այն, որպեսզի դա ոգևորեր բարբարոսներին։ Հողապատնեշներ կանգնեցնելով և դարպասներ դնելով՝ հռոմեացիք ձևացրին, իբր վախենում են թշնամուց, իսկ երբ բարբարոսները ոգևորվելով հակառակորդի սակավաթվությունից՝ արհամարհանքով առաջ եկան ու հանդգնությամբ լցված՝ հարձակվեցին առանց որևէ կարգուկանոնի, մի ակնթարթում դուրս հորդեցին բոլոր ելքերից և կայծակնային արտագրոհով փախուստի մատնեցին նրանց ու հալածելով՝ կոտորեցին երեսուն հազար մարդու։

Ապստամբներին նորանոր մարգեր էին միանում։ Կեսարին զարմացնում էր և ապստամբության թափը, և մասնակիցների մեծաքանակությունը։ Դժվար չէր կռահել, որ արվերները խռովությանը պատրաստվել էին ողջ ձմռան ընթացքում, երբ առատ ձյան պատճառով փակվել էին ճանապարհները և ամբողջ շրջաններ դուրս էին մնացել հսկողությունից։ Նրանք զենքի ու պարենի պակաս չէին զգում, իրենց կողմն էին գրավել ամենից ռազմաշունչ ցեղերին, նրանց ամրոցներն ու բերդերն ամրացված էին, ջոկատներ էին կենտրոնացված դժվարանցանելի տեղանքներում, և քանի որ գետերը մասամբ դեռ սառած էին, անտառները՝ ձյունապատ, հովիտները՝ ջրածածկ, արահետները շատ տեղերում անհետացել էին ձյան հաստ քողի տակ, իսկ որոշ հատվածներ անանցանելի էին դարձել ճահիճների և վարարումների պատճառով՝ նրանք իրենց ապահով էին զգում հռոմեացիների անսպասելի հարձակումներից։

Ապստամբների ծրագրերն անհայտ էին Կեսարին, գիտեր միայն, որ նրանք հավաքվում են Գերգովիայում, որ նրանց գլխավորում է Վերցինգետորիգոսը, և որը, ազատություն խոստանալով, զինել էր նաև երեսուն հազար ստրուկների։

Տագնապալի լուրեր սկսեցին հասնել նաև Հռոմից։ Կատոնին հայտնի էր դարձել կումիցիայի ժամանակ ֆեցիալներին արհամարհելու փաստը և պատրաստվում էր սենատից պահանջել պատասխանատվության կանչել իրեն։ Իսկ նորընտիր կոնսուլ Նեպոտը պահանջել էր ցրել գալլական լեգեոնները։ Այս ամենն անսպասելի չէր բոլորովին, բայց նրան անհանգստացնում էր այն, որ մեծ թվով սենատորներ խոստացել էին աջակցել կոնսուլին։ Անկանխատեսելի էր սենատի հաջորդ քայլը, և երկու վտանգների մեջ չհայտնվելու համար նա, այլևս ժամանակ չկորցնելով, արշավեց դեպի Գերգովիա։ Ճանապարհին նրան միացավ Կոռնելիոս Սուլլան, որ երկու հազարանոց ջոկատով գալիս էր իսպանական սահմանից։ Պակասեցնելով թիկունքում մնացած ձմեռանոցների կայազորը և բարբարոսներից զինվորագրելով նրանց, ովքեր հարուստ ավարի ակնկալումով ցանկություն հայտնեցին կռվել Վերցինգետորիգոսի դեմ, Կեսարն իր զինվորների թիվը հասցրեց քսան հազարի։

Նա անցնում էր ամեհի հեղեղի պես, ամայացնելով ամեն ինչ, անխնա կոտորելով դիմադրողներին և իր բանակին միացնելով հանձնվողներին։ Մի քանի օրում նա մաքրեց էդուների երկիրը, որոնք նրա դաշնակիցներն էին եղել և այժմ դավաճանաբար միացել էին Վերցինգետորիգոսին, ու պաշարումից ազատեց Աքվիտանիան։ Այնուհետև միանալով Պոլիոնին, որ գալիս էր արևելքից, նա հասավ սեկվանների երկիրը, որ նրա դաշնակիցներն էին և ընդհարման մեջ էին ապստամբների հետ։ Այստեղ ևս համալրելով բանակը նա հողմի պես սուրաց առաջ, օրական անցնելով հարյուր հիսուն մղոն։

Գլուխ վեցերորդ

Վերցինգետորիգոսին արթնացրեց անսովոր աղմուկը։ Մութը սկսել էր ցրվել, և արքայավրանի փոքրիկ լուսամուտից դուրս նայելով՝ նա երկինքը ամպերով ծրարված գտավ։ «Երևի որոտ էր»,— մտածեց նա քնաթաթախ։ Սակայն աղմուկը չէր դադարում։ Նա լարեց լսողությունը և մարդկային ձայներ ու երիվարի խրխինջ զանազանեց։ Վատ բանի կանխազգացումով՝ նա նստեց մահճակալին։ Չէր հասցրել ձայնել ծառային, երբ սա ներս ընկավ՝ բոլորովին սփրթնած ու այլայլված։

— Ի՞նչ աղմուկ է դրսում,— հարցրեց արքան՝ տագնապած։— Մո՛տ արի։

Ծառան մոտեցավ։

— Ճամբարում իրարանցո՛ւմ է, տե՛ր, սարսափելի իրարանցում,— նրա ձայնը դողում էր։— Բոլորը գնացին, բոլորը գնացին...

Վերցինգետորիգոսը ոչինչ չհասկացավ նրա կցկտուր խոսքերից։

— Խոսի՛ր, կրիայի ձա՛գ, ի՞նչ ես պապանձվել,— ասաց նա՝ ահարկու տոնով։

— Այնտե՛ղ, հարթավայրի վրա,― ստրուկը ձեռքը կողքի պարզեց,— հռոմեական ճամբար է երևում, որ գիշերն է զարկվել։

— Հռոմեական ճամբա՞ր,— խոժոռվելով՝ Վերցինգետորիգոսը ոտքի ելավ և սկսեց արագ-արագ հագնվել։

— Այո՛, տեր իմ։ Նկատելով նրանց և ոգևորվելով նրանց փոքրաթիվությունից՝ զորքն առանց հրամանի հիմա գնում է թշնամու վրա։

— Ինչպե՞ս,— որոտաց Վերցինգետորիգոսը՝ նոր միայն հասկանալով աղմուկի պատճառը։ Նրա դեմքը կապտեց բարկությունից, ռունգերը լայնացան։— Առանց իմ գիտությա՞ն։ Եվ ինչո՞ւ եմ ես վերջինն իմանում այդ մասին. քնե՞լ էիր, ի՞նչ է, սողո՛ւն։

Նա հարվածեց ծառային և հապճեպորեն վերցնելով սուրը՝ դիմեց դեպի ելքը։ Չնայած հարվածի ուժգնությանը՝ ծառան կատվի ճարպկությամբ ելավ գետնից և կրկին հայտնվեց տիրոջ կողքին. պատժից խուսափելու համար նա ուզում էր ծառայել տիրոջը, նվաստանալ, և իրեն դես ու դեն էր գցում՝ չիմանալով ինչպես ցույց տալ իր նվիրվածությունը։

— Ամեն ինչ սկսվեց այնպես հանկարծակի, տեր իմ։ Ես գնացել էի նժույգն ախոռից բերելու, երբ ամեն ինչ սկսվեց այնպես հանկարծակի,— հուզմունքից նա մտքերը խառնում էր։— Լակտերիոսին վիրավորեցին, ամեն ինչ սկսվեց այնպես արագ, տեր իմ, ես գնացել էի նժույգը բերելու, տեր իմ... արքայագունդն անկարող եղավ զսպել ստրուկներին։ Այդ նրանք էին...

— Անիծյալնե՛ր,— Վերցինգետորիգոսը վերջապես հասկացավ խառնաշփոթի պատճառը և արտաբերեց՝ ատամները կրճտացնելով,— ազատությա՞ն են ձգտում։ Բոլորին կգլխատեմ, բոլորին, եթե բաց թողնեն Կեսարին։

Նա դուրս եկավ վրանից։ Նախարշալուսային մուժի մեջ նա ծառս եղած նժույգներ նշմարեց, շուրջը ճիչ էր, սոսկալի իրարանցում և փոշի՝ ասես ճամբարն անսպասելի հարձակման էր ենթարկվել։ Ծառան մոտ բերեց ձին։ Վերցինգետորիգոսը ճարպիկ շարժումով հայտնվեց նժույգի մեջքին։ Այդ պահին նրա մոտ հայտնվեց եղբայրը։

— Ինչպե՞ս թույլ տվեցիր այդ, Լակտերիո՛ս,— պոռթկաց նա հեծելազորի պետի վրա, սակայն նկատելով նրա ուսի արյունաթոր վերքը՝ հասկացավ, որ եղբայրն արել է հնարավոր ամեն բան։

Հռոմեացիներին նկատելով՝ ռազմական գործին անտեղյակ ստրուկների երեսուն հազարանոց զորամասը մոտալուտ ազատության տենչով բռնկված՝ առանց հրամանի նետվել էր առաջ։ Բելգերի ու հելվետների ջոկատները կարծելով, թե ստրուկները կատարում են արքայի հրամանը, հետևել էին նրանց։ Ապա ճամբարից ելել էին հեծելազորը, կառավարները, և միայն արքայագունդն էր տեղյակ, որ հարձակման հրաման չի եղել։

Հարձակման «լուրն» արդեն հասել էր ճամբարի հակադիր թև, ու հետևակ վաշտերը սրերն օդում ճոճելով ու միմյանց խանգարելով՝ հորդում էին բոլոր ելքերից։ Ասպարակիր հրամանատարները խռպոտել էին գոռալուց, անխնա մտրակում էին աջ ու ձախ, բայց համատարած ժխորի մեջ նրանց չէին լսում, և հետևակին թվում էր, թե հրամանատարները շտապեցնում են իրենց։

Նժույգի բարձունքից Վերցինգետորիգոսը նկատեց, որ հեծելազորն ու մարտակառքերը հեռացել են մեկուկես-երկու մղոնի չափ և ուր որ է կհասնեն հռոմեացիների ճամբարին. նրանց ետևից վազող ստրուկների հսկա զանգվածը սևին էր տալիս ոլոր գետի պես։

— Ոչինչ այլևս չի կանգնեցնի նրանց, արքա՛։— Լակտերիոսն էր։

Վերցինգետորիգոսը մռնչաց վիրավոր առյուծի նման, նժույգը ծառս եղավ նրա տակ։ Եվ նոր միայն նկատելով, որ եղբայրը հազիվ է մնում ոտքի վրա, կարգադրեց.

— Մնա՛ գումակի մոտ։

Նրանց մոտով անհեծյալ նժույգներ էին սուրում, գետնատարած մարմիններ էին նրանց ոտքերի տակ, իսկ աղմուկն ուժգին էր՝ խելագարեցնելու չափ։

Փողեր հնչեցին։ Արքայագունդը հավաքվեց Վերցինգետորիգոսի մոտ։ Մյուս զինվորները նկատելով թագավորին՝ հանդարտվեցին։ Բայց սոսկալի աղմուկի մեջ բոլորը չէ, որ լսել էին փողկանչը և շարունակում էին միմյանց ոտնատակելով դուրս գալ ճամբարից, կարծելով, թե արքան վաղուց կռվի է բռնվել և հիմա գուցե իրենց օգնությանն է սպասում։

Նորից փողեր հնչեցին, ահարկու և երկար, բայց քանի որ հրմշտոցին վերջ չկար, իսկ նորանոր ջոկատներ էին ցրվում հարթավայրի վրա, Վերցինգետորիգոսը իրեն սպասող չորս հազար հեծյալների հետ ելավ ճամբարից և հասնելով անկանոն վազող հետևակին՝ կանգնեցրեց նրանց։ Մյուսներին հասնել այլևս հնարավոր չէր։

Երբ կարգի բերած ջոկատների հետ Վերցինգետորիգոսը հասավ առաջ ընկած գնդերի թիկունքին, զորագլուխը, որ վաղուց արդեն կռվում էր հռոմեացիների դեմ, նահանջում էր...

Աստղակաթի հետ Կեսարը ելավ շուրջայցի։ Նոր սկսվող օրը չէր հասցրել ջերմանալ, և նա լանջազրահի վրայից վերարկու էր կրում։ Ափրոկլեսը լուռ հետևում էր նրան։ Բանակը սկսում էր արթնանալ։ Գումակում խարույկներ էին վառվում, և մեգանման ծուխը տարածվում էր վրանների վրա։ Աջ կողմից, ուր նժույգներն էին, անհանգիստ վրնջյուն էր լսվում։

— Ձիերն անհանգիստ են,— ասաց Ափրոկլեսը։— Երդվում եմ Զևսով՝ բարբարոսները հեռու չեն։

Ճամբարն եզերող ցանկապատի մոտ գիշերապահ զինվորներ էին խմբվել և բարձրաձայն վիճում էին։ Իմպերատորին տեսնելով՝ նրանք ձգվեցին ու ողջունեցին։

Տեղեկանալով, որ զինվորները վիճում են մահվան կանխագուշակելիության մասին, Կեսարը թույլ ժպտաց, բայց ոչինչ չասաց։ Իսկ երբ բավականին հեռացան, նա հանկարծ խոսեց, այնքան ցածր, որ միայն Ափրոկլեսը լսեր իրեն։

— Մի հիմար զգացում հանգիստ չի տալիս ինձ, Ափրոկլե՛ս, թե մեռնելու եմ դաշույնից։ Չգիտեմ ինչն է դրդում այդպես մտածել, բայց ահա չորս ամիս այդ միտքը չի լքում ինձ և երբեմն թիկունքիս զգում եմ շեղբի սառնությունը։

Ափրոկլեսը չարձագանքեց. նա ականջ էր դնում հեռվից եկող ինչ-որ ձայների։

— Գուցե բարին դա՞ է,— շարունակեց իմպերատորը։— Պատկերացնո՞ւմ ես, Ափրոկլե՛ս, Գայոս Կեսարին որպես զառամյալ ու անօգնական մի ծերունի, որն անկարող է նույնիսկ իր պետքերը հոգալ։ Սարսափելի է։ Բայց իմ թշնամիներն այնքան անզոր չեն, որ թույլ տան խայտառակվեմ այդպես։

Ճամբարն աստիճանաբար աշխուժանում էր, կաթսայիկները չքչքացնելով՝ զինվորները գնում էին նախաճաշի։ Պատնեշից այն կողմ թափառական շներ էին ոռնում։ Անտառածածկ սարերի վրա հուրհրում էր այգաբացի վարդագույնը, աղջամուղջն անէանում էր գոլ ջրի մեջ գցված սառույցի կտորի պես։

— Իմպերատո՛ր, բանակ եմ տեսնում։

Կեսարը ցնցվեց գիշերապահի ձայնից, փութով ելավ աշտարակի վրա և զինվորի մատնանշած ուղղությամբ նայելով՝ ճամբարից մեկ-երկու մղոն հեռու սև ինչ-որ զանգված տեսավ։ Տեսողությունը լարելով՝ նա մռայլ այդ ֆոնի վրա մարտակառքեր ու հեծյալներ նշմարեց, ապա, երբ այն ավելի մոտեցավ, անկանոն վազող հետևակ նկատեց։

Այգաբացի վարդագույնից փայփլող տասնյակ հազար արծաթապատ զենքերը, մարտակառքերի ոսկե զարդերն ու հեծյալների անագապղնձե զրահները սարսափեցրին պատնեշին ելած հռոմեացիներին, հետո ամեհի դղիրդ հասավ նրանց, և գետինը երերաց։ Նրանք երկյուղածությամբ նայում էին արագորեն մոտեցող հեղեղին, որը մեկ ակնթարթում կսրբեր ճամբարը երկրի երեսից։ Նրանց տագնապած հայացքներն ուղղվեցին դեպի իմպերատորը, իսկ նա ոսոխին նայում էր այնպես անվրդով, ասես եկողները դաշնակիցներ էին։

Վազքով եկան լեգատները։

— Քառորդ ժամից այստեղ կլինեն,— ասաց Ռուֆիոնը՝ շունչը տեղը բերելով ու շուրջը նայելով. շրջապատում որևէ ամրություն չկար, իսկ անտառածածկ լեռները հեռու էին։

— Ա՛յ, թե կռիվ է լինելու,— Օպիոսը շոյեց սրի բռնակը։— Երդվում եմ Արեսով՝ այսպիսի մեծաքանակ զորք չեմ տեսել երբևէ։

— Ծանր է լինելու մեզ համար,— Ռուֆիոնը նրան չէր լսում,— չհաջողեցրինք հանկարծակի բերել նրանց։

— Ծանրն անփառունակ մահն է, որ վրա է հասնում գինետանը կամ գալիս է դավադիր դաշույնից,— խոսեց Կեսարը՝ հայացքը չկտրելով բարբարոսներից։— Սակայն բավ է տանջենք մեզ անուրախ խոհերով։ Նայե՛ք հապա, մի՞թե տարօրինակ ոչինչ չեք տեսնում։

Զորապետերն ուշադիր նայեցին մոտեցող բանակի ուղղությամբ։

— Մի՞թե այդպես են արշավում,— բացականչեցին նրանք,— հեծելազորն անջատվել ու գալիս է խելակորույս՝ ասես հալածում են նրան կամ ուզում է անցնել մարտակառքերից։ Իսկ խայտաբղետ զանգվածը, որ վազում է նրանց ետևից, քիչ է նման բանակի։

— Ֆորտունան ժպտում է մեզ,— Կեսարը հայացքը բերեց աշտարակ,— և մնացյալը մեր բազկի զորությունից է կախված։

Ապա նա Ռուֆիոնին կարգադրեց հետևել, որպեսզի ոչ ոք չմոտենա ձիերին և փախչելու փորձ չանի, ու դառնալով մյուս զորապետերին՝ ասաց, որ մարտակառքերի դեմն առնելու համար հարկավոր է խրամատ փորել ճամբարի երկարությամբ։

Բայց զինվորները, որ չունեին իմպերատորի լավատեսությունը և անկանոն դես ու դեն էին վազվզում՝ հրաժարվեցին դուրս գալ ճամբարից։ Կեսարը չբռնացավ նրանց վրա, անխոս իջավ աշտարակից և արգելապատնեշից հեռանալով երկու հարյուր քայլ՝ անշտապ փորեց հողը։ Դավադիր ներքին մի ձայն նրան հուշում էր փախչել մերձավորների հետ ու փրկվել։ Նա խլացրեց այդ ձայնը, բայց ո՛չ այն բանի համար, որ անզորք մնալը ծանր էր մեռնելուց. նա չէր կարող դավաճանել իր զինվորներին, որոնց սիրում էր հարազատի պես և որոնց փրկությունն այժմ մեծապես իրենից էր կախված։ Կուրիոնի ինքնասպան եղած ջոկատը պատկերացավ նրա հայացքի դեմ, կոկորդը սեղմվեց վրեժխնդրության հանկարծահաս մոլուցքից, և շուրջը նայելով՝ տեսավ, թե ինչպես են զինվորներն ամոթահար դուրս գալիս ճամբարից։

Երբ խրամատը պատրաստ էր երեք հարյուր նետաձիգ թողնելով ամեն դարպասի մոտ՝ Կեսարը բանակը շարեց ճամբարի ու խրամատի միջև։ Տասներորդ լեգեոնը նա թողեց կենտրոնում՝ անմիջապես ճամբարի գլխավոր մուտքի դիմաց, մեկական լեգեոն կանգնեցրեց թևերում, մյուս լեգեոններից երկրորդ շարք կազմեց։ Հեծելազորը, երկատվելով, եզերեց դասավորությունը։

Նոր էր հռոմեական բանակն ավարտել զորաշարժը, երբ խրամատի մյուս կողմում երևացին մանգաղակիր կառքերը։ Թշնամու մոտիկությունից գրգռված կառավարներն անխնա մտրակեցին քրտինքի մեջ կորած նժույգներին, մեխ խրեցին դրանց մարմնի մեջ, ու երիվարները խելահեղ սլացքով ցատկեցին բացվածքի վրայով։ Հողաթմբին զարնվելով՝ անիվները դուրս թռան սռնիներից, և փշրված կառքերը քարշ եկան նժույգների ետևից։ Քչերը հասան ճակատային գիծ, և բազմափորձ վետերանները, շարքերը խտացնելով, երկար նիզակով ծակծկեցին նժույգների ռունգերը։ Վիրավոր անասունները ծառս էին լինում աղերսալի վրնջյունով, բայց չդադարող հորձանքը անդիմադրելի ուժով նրանց սեղմում էր նիզակների անտառին։ Կառքերը բախվում էին միմյանց ու կատապուլտներից արձակված արկերի նման կառավարներին նետում հռոմեացիների վրա. նրանց սպանում էին օդում։

Մարտակարգերի սրածայր մանգաղները փողոտում էին վայր ընկածներին, ու հռոմեացիք արյամբ չողողվելու համար դեմքը թաքցնում էին վահանի ետևում։

Թավալվող ձիերով ու ջախջախված կառքերով ծածկված խրամատն անձեռակերտ ու խճճուն բարիկադի էր վերածվել։ Հռոմեացիք շշմել էին հաջողությունից. կռիվը դեռ չէր սկսվել, իսկ բարբարոսները նրանց աչքի առաջ ահռելի կորուստներ էին ունենում։ Նրանք զենքերը ճոճելով փառաբանում էին Կեսարին, ապա ամոթանք տվեցին միմյանց երկնչելու և խրամատ փորելուց հրաժարվելու համար։

Մարտակառքերի հոսքը դեռ չէր դադարել, երբ բարիկադի մյուս կողմում սևին տվեց գերմանական ծանրազեն հեծելազորը, որ Վերցինգետորիգոսին աջակցելու էր եկել մերձհռենոսյան թավուտներից։ Նրանք անթիվ էին աստղերի պես։

«Միայն թե չսպասեն հետևակին, օ՜, սո՛ւրբ Վեներա, միայն թե չսպասեն»,— մրմնջում էր Կեսարը՝ լարված հայացքով հեծյալներին նայելով։ Ու երախտիքի խոսքեր ուղղեց բոլոր աստվածներին, երբ, բարիկադին հասնելուն պես, բարբարոսները գրոհեցին ռազմագծի ողջ երկարությամբ։ Հռոմեացիք պատրաստ էին դրան. զորագլխի մանիպուլներն ակնթարթորեն նետվեցին առաջ և հեծյալներին դիմավորեցին խրամատի վրա, ուր սոսկալի նեղվածք էր և նժույգները կաշկանդում էին միմյանց։ Զենքերը շաչեցին, երիվարները ծառս եղան, բայց վիրավորների աղաղակ չկար և մեռնողների հոգեվարք. նիզակավոր լեգեոներները հեծյալներին թույլ չէին տալիս մոտենալ իրենց, բայց և իրենք անկարող էին ծակել նրանց ամուր զրահները։ Հռոմեացիք ամբողջ ուժով հարվածում էին հեծյալների կրծքին, ջանալով վայր գցել նրանց ձիերից, իսկ հեծյալները փորձում էին ծանր սրերով ջարդել նրանց նիզակները։ Մի անարյուն և անզոհ կռիվ էր դա, և նրանք անօգնական պտտվում էին միմյանց շուրջ։ Կեսարը սուրհանդակներ ուղարկեց բոլոր լեգատներին։ Փողեր հնչեցին, զորագլուխը հանկարծ դադարեց կռվել ու նահանջեց։ Թարմ ուժեր հորդեցին առաջ և փոքր խմբեր կազմելով՝ բոլոր կողմերից ծածկվեցին վահաններով ու մտան հակառակորդի շարքերի մեջ։ Սա կատարվեց այնպես արագ, որ բարբարոսները չհասցրին գոնե մեկ քայլ առաջանալ։

Նրանք ծակծկում էին հեծյալների անպաշտպան սրունքները, պատռում էին նժույգների փորը և տապալում գետին։ Վայնասուն բարձրացավ, ցավի ու զայրույթի ականջ ծակող մռնչոց։ Հեծելազորը թպրտաց ծուղակն ընկած գազանի նման, փորձեց նահանջել, բայց թիկունքից սեղմում էին նրանց։ Նրանք անխնա թրատում էին նժույգներին, ու երիվարներից արյուն էր ծորում առատ շիթերով։ Ոտքերից խոցված՝ նրանք վայր էին ընկնում և փորձում նահանջել սողալով։ Բայց նրանց վիճակված չէր փրկվել, քանի որ այդ միջոցին խրամատ հասավ ստրուկների խուռներամ բազմությունը և լավայի պես ներծծվելով կռվողների մեջ՝ խցանեց բոլոր ուղիները։ Սրանք զինված էին եռաժանիով, մահակներով, թրերով, շատերը ոչինչ չունեին ու քար, հող, կառքի բեկորներ էին շպրտում հռոմեացիների վրա։ Ստրուկները վարժ չէին կռվի մեջ, և լեգեոներները նրանց կոտորում էին մեծագույն վարպետությամբ։ Հռոմեացիք այնքան էին սպանել, որ արյուն էր կաթում նրանց սրերից, դաստակները բոսորագունվել էին, աչքերը լցվող քրտինքի առուները սրբելով՝ նրանք արյունոտել էին դեմքը, ճակատը և նմանվում էին զոհաբերության շուրջպարի ելած քրմերի։

Խրամատի մյուս կողմում գալարափողեր հնչեցին։ Երբ Վերցինգետորիգոսը հասավ անկանոն կռվող ջոկատների թիկունքին, զորագլուխն արդեն նահանջում էր։ Նա հավաքեց ցիրուցան հեծյալ վաշտերը, իսկ ստրուկներին մահվան սպառնալիքով ստիպեց ուղի բացել բանակի համար։ Սրանք ետ դարձան և տեգերի ու նետերի տարափի տակ խրամատը լցրին հողով, կառքերից ու դիակներից բուրգեր սարքեցին այստեղ-այնտեղ։ Փողերը հնչեցին ավելի հուժկու, երկիրը դողաց համաչափ քայլերից, և բազմահազարանոց բանակի հետ բուրգերի ետևում երևաց Վերցինգետորիգոսը՝ ամեհի՝ որպես աստվածների դեմ պատերազմող գիգանտ։ Նիզակավոր հետևակին, որ եկել էր իր հետ, նա ուղղեց կենտրոն, ուր Կեսարն էր, թեթևազեն գնդերը շարեց թիկունքում, արքայագնդի հեծյալները պաշտպանեցին զորաշարքի կողմերը։ Կռիվը վերսկսվեց ահագնացած կատաղությամբ։ Հեծելազորերը խելահեղ հողմերի նման բախվեցին միմյանց, հետևակ գնդերը սպանում էին իրար, պարսավորները կավե ու արճճե արկերի տարափ էին տեղում, իսկ ստրուկները քարեր էին հանում նրանց համար հողի միջից։ Զենքերի բախյունը, նժույգների խրխինջը, փողերի ազդականչերը, մեռնողների հոգեվարքը, վիրավորների սրտամորմոք կանչերը խլացնում էին զորապետերի հրամանները։ Ռազմի գիծը գալարվում էր ամեհի օձի պես։ Կռվողները սայթաքում էին արյան լճակների մեջ, ընկածները շարունակում էին խոցել միմյանց, անզենները խեղդում էին իրար, ատամներով կոկորդ պոկում։ Իսկ գետնատարած վիրավորները, անկարող այլևս ոտքի կանգնել, դաշույնով պատառոտում էին կռվողների սրունքները։

Լեգեոնների աջ թևում, որ Օպիոսն էր, հռոմեացիների շարքերը խախտվել էին։ Վերցինգետորիգոսն անմիջապես թեթևազեններից հազար զինվոր փոխադրեց այնտեղ։ Կեսարը դեռ չէր որոշել իր անելիքը, երբ լուր բերին Ռուֆիոնից, որ ձախ թևում հեծելագունդը չի դիմանում ճնշմանը և ուր որ է կշրջապատվի։ Լեգեոնների երկրորդ շարքից մեկ կոհորտա ուղարկելով Ռուֆիոնին օգնության՝ Կեսարը չորս մանիպուլների հետ շտապեց աջ թևը, ուր Վերցինգետորիգոսի ուղարկած լրացուցիչ ուժերը շարքերը սեղմել էին ճամբարին։ Վերցինգետորիգոսը գերման հեծյալների նոր ջոկատներ ուղարկեց Ռուֆիոնի դեմ, նպատակ ունենալով փախուստի մատնել նրան և հետևակը կտրել ճամբարից։ Կեսարը ստիպված էր չհոգալ այլևս աջ թևի մասին և մանիպուլներն արագ երթով տարավ Ռուֆիոնին օգնության։ Հակառակորդի թիկունքում բարձրացած փոշու ամպից Վերցինգետորիգոսը կռահեց իմպերատորի մտադրությունը և թողնելով շրջապատվածներին՝ հեծյալ զորամասերն ընթացքից դարձրեց դեպի մյուս թևը։ Կեսարը դեռ Ռուֆիոնի դիրքերին չէր հասել, երբ քրտինքի մեջ կորած բանբերը հաղորդեց, թե ճնշումն ահագնանում է ու եթե Օպիոսն անհապաղ օգնություն չստանա, պարտությունից խուսափել չի լինի։ Օգնության խնդրանքով եկավ նաև Պոլիոնի բանբերը։

Կեսարը մոլորվեց, նա ընդամենը մեկ ազատ կոհորտա ուներ, իսկ թիկունքը թուլացնել չէր կարող։

— Քաշվենք ճամբար,— աղաղակեցին զինվորները տագնապած։

— Այլ ելք չկա, Կեսա՛ր, թշնամին տասնապատիկ գերակշռում է մեզ,― խորհուրդ տվին կենտուրիոնները։

Նա ոչինչ չպատասխանեց, մանիպուլները թողեց Ռուֆիոնին և կարգադրեց թշնամուց թաքուն դուրս բերել ճամբարի պաշտպաններին, դարպասների մոտ թողնելով քսանական զինվոր։ Ու երբ օգնությունը եկավ, կռվին դեռ չմասնակցած վերջին կոհորտայի հետ նրանց ուղարկեց Օպիոսին օգնության, իսկ Պոլիոնին կարգադրեց ետ քաշվել և թույլ չտալ թշնամին կտրի իրեն ճամբարից։ Գալով կենտրոն՝ նա ձգվեց նժույգի վրա. վետերանները կռվում էին անձնուրաց, սակայն նոր հավաքագրած ջոկատների մեջ շփոթություն էր ընկել, ոմանք դադարել էին կռվել և թիկունքը թշնամուն դարձրած՝ նահանջում էին։ Նրա սիրտը մղկտաց, կոկորդը սեղմվեց, արյունը բաբախեց քունքերում, երբ նահանջողների գլխավերևում տեսավ իր զինանշանը։ Նա ինքնամոռաց մտրակեց ձիուն, նժույգը մի քանի ամեհի ոստյունով հայտնվեց նահանջողների մեջ։

— Ու՞ր, ճիվա՛ղ,— որոտաց Կեսարն ահեղորեն,— իմ դրոշը չի՛ նահանջի, քանի դեռ ես չեմ մեռել։

Նա սոսկումով թրատեց զինակրին, ապա, թռչելով ձիուց, ձեռքն առավ փետրափնջերով զարդարված զինանշանը և այն որպես նիզակ առաջ պարզած՝ նահանջողներին հրմշտելով մղվեց դեպի թշնամին։

— Ես այստեղ փառավոր մա՛հ կգտնեմ,— կանչում էր նա արյունով լեցուն աչքերով շուրջը նայելով,— իսկ դո՛ւք, հռոմեացինե՛ր, եթե ձեզ երբևիցե հարցնեն, թե որտե՞ղ դավաճանեցիք ձեր իմպերատորին, չմոռանաք ասել՝ Ալեզիայի մոտ։

Նա ջախջախեց առաջին պատահած բարբարոսի գլուխը։ Զինանշանը ջարդվեց։ Նա մերկացրեց սուրը և բոլորովին մոռացած պաշտպանության մասին՝ թրատեց աջ ու ձախ։ Բարբարոսները ճանաչեցին իմպերատորական նրա շքեղ ասպազենը և նրա վրա հարձակվում էին մեծ խմբերով։ Նա ճարպկությամբ ետ էր մղում անկասելի թվացող հարվածները, խույս էր տալիս մեծագույն վարպետությամբ։ Նա սպանեց ևս երկու բարբարոսի, սրի հարվածից նրա սաղավարտի փոկը թուլացավ և այն կախ ընկավ կրծքին։ Դա կատաղեցրեց նրան, և նա սոսկալի արագությամբ հարվածներ էր հասցնում իրեն մոտեցողներին։ Սպանելով տասներկու հոգու՝ նա ազատեց իրեն բարբարոսների խիտ օղակումից, բայց հեռվից արձակված մի տեգ վիրավորեց նրան ուսից։ Նրա ձեռքը թուլացավ, հաջորդ հարվածից զրահը պատռվեց կրծքի վրա։

Իմպերատորին սպառնացող վտանգը սթափեցրեց լեգեոներներին, և նրանք շտապեցին օգնության։ Լուրը հասավ վետերաններին, ու սրանք հակառակորդի շարքերը խառնելով՝ ինչպես փիղն է տրորում մացառները, հաշված վայրկյաններում հայտնվեցին զորավարի կողքին։ Հակահարձակումը ոգևորվեց հռոմեացիներին, ճակատային գիծն ուղղվեց, որոշ հատվածներում նույնիսկ հաջողվեց խորանալ թշնամու դիրքերի մեջ։ Սա թեթևացրեց թևերի վիճակը, քանի որ Վերցինգետորիգոսը ստիպված էր լրացուցիչ ուժեր բերել կենտրոն։

Երբ Կեսարը նորից հեծավ ձին, տեսավ, որ Ռուֆիոնը ճեղքել է շրջապատումը։ Նա կենտրոնից երեք հարյուր զինվոր տրամադրեց Պոլիոնին և այդ պահին նկատեց, որ ճամբարը հսկող զինվորներն աշտարակների վրայից ինչ-որ բան են գոռում՝ ձեռքերն արևելք պարզած։ Նա ձգվեց և հարթավայրի վրա վեց հազարի հասնող բարբարոսական հետևակ տեսավ, որ նոր էր իջել լեռներից։ Վերցինգետորիգոսի բանակը թնդաց որոտընդոստ բացականչություններից, օգնական ուժերին հեծյալ խմբեր ընդառաջ գնացին։

Կենտուրիոններից ոմանք առաջարկեցին զինել գումակի ստրուկներին, բայց Կեսարը դեմ եղավ, մահը գերադասելով նման անպատվությունից։ Իսկ ոգևորված բարբարոսները վերստին մխրճվել էին կոհորտաների մեջ, հռոմեացիք սեղմվել էին ճամբարին և կաշկանդում էին միմյանց։ Շարքերը խտացել էին այնքան, որ անհնար էր նիզակ շարժել։ Դրությունը դառնում էր օրհասական։ Տեսնելով, թե ինչպես են ետ քաշված շարքերը նեղում բժշկողներին, Կեսարը հրամայեց վիրավորներին տանել ճամբար, սուրհանդակների միջոցով լեգատներին հայտնեց, որ ինքն այլևս ոչ մի ազատ զինվոր չունի և թող նրանք սեղմվեն դեպի կենտրոն։ Ու ձայնը բարձրացնելով, որ զինվորները լսեն իրեն, շարունակեց.

— Թող ամենքն իմանան, որ եթե մենք բարբարոսներին չջարդենք, քանի դեռ օգնական ջոկատները չեն միացել նրանց, չենք տեսնի այլևս արևածագը Ալբանոյի հողմահար սապատի վրա։

Ու կրկին ձայնը իջեցնելով, մի տեսակ մռայլ, դարձավ կենտուրիոններին.

— Տարա՛փ. այլ ելք չունենք։

Փողեր հնչեցին, սկզբում երկար, ապա ընդհատ-ընդհատ, իսկ երբ տասնյակ ու տասնյակ թմբուկների զարկերից հարթավայրը դողաց, լեգեոնները մեկ մարդու պես ետ քաշվեցին ու բանակների միջև հիսուն ոտնաչափ տարածություն առաջացավ։ Ետին շարքերից ծանր նիզակավոր զինվորներ մղվեցին առաջ ու վազելով դեպի բարբարոսները՝ զենքերը թափով շպրտեցին նրանց վրա։ Հետո նույն կերպ վարվեցին մյուս կոհորտաները, և ամբողջ քառորդ ժամ նիզակների տարափը չէր դադարում։ Վահանների ետևից ծիկրակող արվերներին անհասկանալի էր այս ամենի նպատակը, մինչդեռ սրերը մերկացրած հռոմեական մանիպուլներն անհամբեր դոփում էին տեղում, սպասելով իրենց ժամին։ Տարափը վերջապես դադարեց, և նրանք ահեղ գոչյունով նետվեցին թշնամու վրա։ Բարբարոսներն անկարող էին ձեռքում պահել նիզակահար վահանները և գցեցին դրանք։ Հռոմեացիք դրան էին սպասում։ Բանակի կեսը մնացել էր անզեն և նրանք հասկանում էին, որ եթե իրենց չհաջողվի խուճապի մատնել թշնամու զորագլուխը, կործանված են։ Ու նրանք կռվում էին անսահման եռանդով։ Նրանց համար դյուրին էր խոցել Վերցինգետորիգոսի անվահան զինվորներին, բայց նրանք չէին սպանում, այլ ջանում էին վիրավորել, որպեսզի սրանք, շուռ գալով, ոտնատակ տան մյուսներին։ Նրանք դա անում էին այնպես արագ ու հմտորեն, որ հազիվ էին հասցնում սուրը դուրս քաշել հերթական զոհի մարմնից։

Մահվան սպառնալիքից գլուխը կորցրած բարբարոսներն ընկրկեցին և խառնեցին շարքերը։ Վահաններով պաշտպանված հռոմեական մանիպուլներն արագորեն խորացան նրանց դասավորությունների մեջ։ Յուրայիններին կոխկրտելով՝ բարբարոսները գրոհեցին սեփական բանակի վրա։ Վահանակիր զինվորներին առաջին գիծ հասցնելու Վերցինգետորիգոսի ջանքերն արդյունք չտվեցին, քանի որ բոլոր ուղիները փակ էին։ Իսկ հռոմեացիք, մոռացած և վերք, և հոգնածություն, միմյանց քաջալերելով նետվում էին թշնամու վրա։ Նրանց հաջողվեց ետ շպրտել կենտրոնում կռվող հետևակ գնդերը և բարբարոսները սկսեցին նահանջել։ Արքայագնդի հեծելազորը, որ նեղում էր Օպիոսին և ուր որ է նրան կկտրեր ճամբարից, տեսնելով այդ, ետ քաշվեց։ Շատ չանցած Վերցինգետորիգոսի ահռելի բանակը սփռվեց հարթավայրի վրա և սկսեց խուճապահար փախչել։ Ամայի դաշտում պատսպարվելու տեղ չկար, և հռոմեացիք թրատում էին նրանց։

Երեկոյան, երբ զոհվածների դիակներն ու առգրավված զենքերը Լույայի պատվին այրելուց հետո հռոմեական բանակը ճամբար էր դրել Ալեզիայի պարիսպների տակ, ուր ապաստանել էր Վերցինգետորիգոսը, օձակիրներ եկան Հռոմից, լուր բերելով, թե սենատը ցրում է Կեսարի լեգեոնները, իսկ նրան, որպես հայրենիքի դավաճանի, որոշել է հանձնել թշնամուն։

Գլուխ յոթերորդ

Ճամբարն ալեկոծվել ու փոթորկուն ծով էր հիշեցնում։ Քուն ու հանգիստ մոռացած զինվորները խմբվում էին մերթ մեկ, մերթ մյուս զորապետի վրանի մոտ՝ սպասելով, թե ինչ կասեն իրենց։ Նրանց վերքերը դեռ չէին ապաքինվել, արյան բծեր կային նրանց դեմքին, զրահները ծռմռված էին հարվածներից, իսկ աչքերում վրեժի ծարավ էր, որպիսին ունենում է որդին անարգված հոր համար։

— Դավաճանը Կատո՛նն է,— կանչում էին նրանք։— Այդ նա՛ է խառնում սենատը և քվիրիտներին հրահրում միմյանց դեմ։

Նրանք ի վերջո գնացին գումակի կողմը և սայլերը բեմ ծառայեցնելով՝ բողոքում էին սենատի որոշման դեմ, կոչ անում ինքնակամ չհեռանալ՝ գտնելով, որ դավաճանություն է՝ լքել արնաքամությունից ուժասպառված իմպերատորին, ում քաջության շնորհիվ միայն իրենք չկոտորվեցին մարտում։ Ոմանք պահանջում էին առաջնորդել իրենց Հռոմ՝ վրեժխնդիր լինելու բոլոր այն փափկասուն սենատորներից, որոնք միայն պառկած ուտել գիտեն, ոչինչ չեն անում հանրապետության համար և ատում են իսկական հայրենասերներին։ Նրանք մտաբերում էին այլ դեպքեր, երբ սենատը նվաստացրել էր արժանավոր մարդկանց։ Ամենքն էին պաշտպանում կուսակալին, սակայն ո՛չ սիրաշահելու համար. այլոց նման նա չէր խեղդում իրեն պերճանքի ու վայելքների մեջ և ռազմավարը չէր կուտակում իր համար, այլ դրանք պահպանում էր որպես ընդհանուր ունեցվածք ու պարգև զինվորական ծառայության համար, իրեն թողնելով միայն աչքի ընկածներին պարգևներ բաշխելու իրավունքը։

Կրքերն առավելապես բորբոքվեցին այն բանից հետո, երբ գերիներից մեկը խոստովանեց, թե Վերցինգետորիգոսը կաշառված է եղել որոշ սենատորների կողմից։ Վրդովված զինվորները հորդեցին դեպի իմպերատորի վրանը և պահանջեցին իրենց անհապաղ առաջնորդել Հռոմ։ Նրանք ոչինչ լսել չէին ուզում։ Լեգատները մի կերպ հանգստացրին նրանց՝ ասելով, որ իմպերատորն Անտոնիոսի հետ գրություն է ուղարկել սենատին ու Պոմպեոսին, և հարկավոր է մի քանի օր սպասել։

Արյունահեղությունից խուսափելու համար Կեսարն իր նամակներում պատրաստակամություն էր հայտնել արձակել զորքը և ներկայանալ որպես մասնավոր անձ, եթե սենատը Պոմպեոսին ևս պարտադրի վարվել նույն կերպ։ Իսկ Պոմպեոսին առաջարկում էր հաշտվել հանուն Հուլիայի հիշատակի և հանդիպել ցանկացած վայրում և ժամանակ։

Իսկ բարբարոսները, որ բոլորովին հուսահատ նայում էին հրակնատներից, կարծում էին, թե այդ ողջ աղմուկը ռազմավարի համար է։ Օրն օրի նրանց վիճակը ծանրանում էր. Վերցինգետորիգոսի հարյուր ութսուն հազար զինվորներին կերակրելը վեր էր աշխարհից կտրված քաղաքի ուժերից։ Պարենը սպառվում էր, հռոմեացիք ջրամբարները լցրել էին հողով, բոլոր անասունները մորթվել էին, մարդիկ փողոցներում կատու էին որսում, նետաձիգներն ագռավ էին խփում։ Սով էր սկսվում, զազրելի հիվանդություններ էին տարածվում վիրավոր զինվորների մեջ։ Բայց հանկարծ մի օր նրանց հանդգնություն համակեց, և պարիսպների վրայից կանչում էին, թե շուտով ցրիվ կտան Կեսարի բանակը։ Լուսաբացի հետ նրանք ելնում էին աշտարակների վրա ու ջերմեռանդ աղոթում՝ դեմքով արևելք դարձած։ Հռոմեացիք կարծեցին, թե նրանք իրենց աստվածներին են օգնության կանչում։ Ամեն ինչ պարզ դարձավ հետո, երբ Ռուֆիոնի հետախույզները գերեցին երկու հոգու, որոնք մթան քողի տակ փորձում էին սողոսկել քաղաք։ Սրանք խոստովանեցին, որ իրենց ուղարկել է Վերցինգետորիգոսի ազգական Ամբիորիգոսը՝ պաշարվածներին տեղեկացնելու, որ ինքը երեք հարյուր հազարանոց բանակով մոտենում է Ալեզիային և սպասում է Վերցինգետորիգոսի հրահանգներին։ Ամբողջ երեք օր հռոմեացիք զույգ պատնեշ էին կանգնեցնում, մեկը պաշարվածների անակնկալ հարձակման դեմն առնելու համար, իսկ մյուսը պիտի պաշտպաներ նրանց Ամբիորիգոսի ջոկատներից։ Եվ նրանք մնացին բարձրաբերձ երկու պարիսպների միջև։ Նրանց տքնաջան նախապատրաստությունը ոգևորում էր պաշարվածներին, որոնք կռահում էին, որ օգնության եկող բանակը մոտեցել է, և անհամբերությամբ էին սպասում բաղձալի այն պահին, երբ հորիզոնի վրա կփողփողային հարազատ դրոշներ...

Լուսաբացին հռոմեական ճամբարի գիշերապահները փշաքաղվեցին հանկարծակի ճիչերից և, փութով ելնելով քաղաքահայաց աշտարակներին՝ պարիսպների վրա ողբացող բազմության տեսան. տղամարդիկ պատառոտում էին հագուստները, կանայք պոկում էին մազերը, դեմքը ճանկռոտում արյունոտելու աստիճան։ Ողբալով՝ նրանք բոլորը ձեռքերը տարածում էին արևելք, և դառնալով այդ կողմ՝ գիշերապահներն ընդարձակ հարթավայրի վրա անթիվ անհամար սայլերի հետ եկող հռոմեական մեծաթիվ զորք տեսան։ Ու սոսկացին, կարծելով Պոմպեոսի բանակն է իրենց առջև, բայց շուտով ճանաչեցին Կեսարի դրոշը, ապա նրան տեսան սպիտակ նժույգը հեծած։ Իսկ սայլերը բեռնված էին ոսկով լի սնդուկներով, գալլական զենքերով ու վրաններով։ Նոր միայն նրանք շուրջը նայեցին ու հասկացան, որ ողջ գիշեր հսկել են դատարկ ճամբարը։ Բայց ուշացած տագնապը վայրկենապես փոխարինվեց անսահման ուրախությամբ, և աշտարակներից ցատկելով՝ վազեցին հաղթանակած իմպերատորին ընդառաջ։

Իրիկնադեմին, երբ հարթավայրը ողողվել էր վարդագույն ցոլքերով և մարել էր հաղթանակի խնջույքը՝ տոնականորեն հագնված հռոմեական բանակը հորդեց բոլոր ելքերից և շարվելով պարսպի տակ՝ ահեղորեն զրնգացրեց զենքերը։ Որոտի հետ լացուկոծը մարեց քաղաքում, աշտարակների վրա գունատ դեմքեր երևացին։ Հետո լռություն տիրեց, միայն քամին էր չարաճճիորեն վազվզում արձանացած շարքերի միջով՝ փռփռացնելով ալ թիկնոցները և ծածանելով վեր պարզված դրոշները։ Մռայլ դղրդոցով բացվեցին Ալեզիայի դարպասները, ու երբ արձակ մազերով կանանց ուղեկցությամբ երևաց Վերցինգետորիգոսը՝ հեծած մոխրագույն ձին ու ամբողջովին զինավառ, բանակը մեկ մարդու նման ճոճեց զենքերն ու որոտաց.

— Փա՛ռք Կեսարին, փա՛ռք Կեսարին։

Գլուխ ութերորդ

Նարբոնում խնջույք էր։ Զորակայանի ընդարձակ բակում, ուր ցերեկը վարժանք էր արվում կուսակալի անմիջական ղեկավարությամբ, միմյանց զուգահեռ երկու անչափ երկար սեղանաշարեր էին գցված, ջահեր էին վառվում սյուների վրա և մոմեր՝ սեղաններին։ Եթերը հագեցած էր հարյուրավոր մարդկանց աղմուկով։ Հրավիրված էին դաշնակից ցեղերի առաջնորդները, որոնք եկել էին բազմամարդ շքախմբերով ու մեծաթիվ հյութեղ կանանց հետ, և կարճավարս հռոմեացիների մեջ սեղանների շուրջ կարելի էր տեսնել փրչոտ ու հսկայամարմին արարածների, որոնք գինին խմում էին մեղրաջրի պես, խորովածի ահռելի կտորները խփշտում նախամարդու ախորժակով։ Կիսամերկ կանայք էին պտտվում բարբարոսների շուրջ, նրանց կեղծ զարդերը պսպղում էին ջահերի ցոլքերից։ Գալլերը մոռացած՝ ուր են գտնվում, քաշում էին նրանց թևից, նստեցնում ծնկներին, գինի հեղում նրանց պարարտ ստինքներին և ծծում ագահությամբ։ Հռոմեացիք քրքջում էին, քաջալերում նրանց ու արծաթե մանրադրամ ցանում կանանց վարսերին։ Սրանք ուրախ կանչերով պոկ էին գալիս բարբարոսներից ու փարվելով մոտ կանգնած հռոմեացուն՝ տապալում նրան իրենց մարմնի ծանրությամբ։ Ամենքը ծիծաղում էին արցունքոտվելու աստիճան և գալարվելով՝ ընկնում աթոռներից՝ վերստին գրգռելով մյուսներին։

Մի այլ տեղ հսկա մի գալլ սրբել-թափել էր սեղանի ողջ պարունակությունը և գրազով արմունկ էր ծալում։ Նա հռոմեացիներին հաղթում էր առանց աչք թարթելու և նրանց ձեռ առնելու համար խորովածի յուղոտ մի կտոր էր կրծում։ Զինվորները տնքում էին գալլի ամեն ախոյանի հետ, կնճռոտվում, պարտվողի հետ հառաչում այնպիսի դառնությամբ՝ ասես այդտեղ հանրապետության բախտն էր որոշվում։ Նրանք խմբով գնացին Օպիոսի մոտ։

Այնտեղ, ուր կուսակալն էր լեգատների ու առաջնորդների հետ, նույնպես զվարթ աղմուկ էր. ամենքը գինովացել էին, իսկ Ռուֆիոնը խաղում էր Պոլիոնի հոգու հետ, ինչ է թե նա բոլոր հաճույքները թողել, հուշեր էր գրում գալլական պատերազմի մասին։

— Եթե ինձ ասեին, որ Հաղթանակած Յուպիտերի արձանն իջել է Կապիտոլիումից և շրջել Քաղաքում, բոլորովին չէի զարմանա, քանի որ աստված դրա համար է աստված, որ նրա արարքներն անկանխատեսելի են։ Բայց որ Աղինիոսը մոռանա իր անցյալն ու տրվի իմաստասիրությա՞նը... Դե, նայե՛ք, նայե՛ք Օպիոսի դեմքին, խեղճն ինչպե՜ս է զարմացել։ Ասա՛ ինձ, Օպիո՛ս, կարո՞ղ ես պատկերացնել այսպիսի բան. երեկոյան հանգստի ժամ է, թաքուն մտնում ես Աղինիոսի վրանը, նրան գտնում ես անկողնում մեկնված, բայց նրա տակ կին չի թփրտում, այլ նա, խոնարհված դեռ յուղոտ մագաղաթի վրա, գրիչն է անվերջ թքոտում։

Օպիոսն այնպիսի մի խեթող հայացք ձգեց Պոլիոնին, որ ներկաները փռթկացին ծիծաղից։

— Իսկ նա, Օպիո՛ս, տքնում է, տքնում և չի կարողանում մտաբերել այն հարճի անունը, որին գնել էր մի հայ առևտրականից միլիոն սեստերցիումով, և որը, խելքահան անելով սրան, ծլկել էր՝ հասցնելով սրբել զարդատուփը։

Պոլիոնը դատարկում էր գավաթ գավաթի ետևից և ստեպ-ստեպ կրկնում.

— Սրիկա ես դու, Ռուֆիո՛ն, սրիկա, իսկ ես՝ հիմար, որ, ի խորին տխրություն Ալեզիայի գիշանգղերի, փրկեցի քեզ։

Մրցույթն ամենքին հետաքրքրեց և նրանք ուղեկցեցին Օպիոսին։ Լեգատը նստեց գալլի դեմ և առաջարկեց գրավ դնել նրա ողջ շահույթը։ Բարբարոսը մի լավ տնտղեց հռոմեացուն, կռվի պատրաստվող ցուլի անիմաստ հայացքով շուրջը նայեց, ապա իրենից հեռացրեց դրամի կույտը։ Օպիոսն ադամանդակուռ մի մատանի դրեց կույտի վրա։ Կեսարը, որ կանգնել էր լեգատի թիկունքում, մի ոսկյա մատանի ավելացրեց։ Նրան հետևեցին մյուս զորապետերն ու առաջնորդները, և թանկարժեք զարդերի մի փոքրիկ բուրգ գոյացավ սեղանի վրա։ Գալլն աչքերը փայլեցնելով նայում էր գրավին, որ մի ամբողջ կարողություն էր, ապա արմունկը թափով զարկեց սեղանին։ Օպիոսը հարմարվեց աթոռին, ոտքերով երկար շոշափեց գետինը, հետո բարբարոսի ափն առավ իր ափի մեջ։ Աթոռները ճռռում էին նրանց տակ, գավաթները զրնգալով շուռ էին գալիս սեղանների վրա։ Բազմություն էր հավաքվել նրանց շուրջ, մենամարտը տեսնելու համար ոմանք ելել էին սեղաններին կամ բարձրացել ջահերը պահող սյուներին, ոմանք աղոթում էին, օգնության կանչում աստվածներին, մյուսները գրազ էին բռնում։ Քիչ հեռու բազում խարույկների վրա վիթեր, եղնիկներ ու վարազներ էին խորովվում, որոնցից յուղ էր ծորում և ճարճատում հաճելիորեն։ Կրակի շուրջ մեկնված զինվորները երգում էին թիբիի նվագակցությամբ։ Իսկ զորակայանից դուրս դավադիր խավար էր, որի մեջ հրացոլքերից դեղնին էին տալիս սահմանից եկող ճանապարհի վրա խոնարհված ամեհի ժայռերը։

Ոչ ոք չնկատեց, թե ինչպես ճանապարհի վրա երկձի մի կառք երևաց և խորանալով զորակայանի մեջ՝ կանգ առավ բարաքների մոտ, ուր ջահերի լույսը չէր հասնում և խավարը թանձրանում էր։ Շատ չանցած՝ Ափրոկլեսը իմպերատորին զեկուցեց, որ ծպտյալ մի անձնավորություն ուզում է տեսնել իրեն և նրան պարզեց մի մատանի։ Կեսարը սաստիկ գունատվեց և հազիվ քողարկելով իրեն համակած հուզումը՝ հեռացավ՝ շինծու ժպիտներ պարգևելով ցեղապետերին, որոնց աչքից չէր վրիպել Ափրոկլեսի անհանգիստ անցուդարձը։

Անտոնիոսը ստրուկի հնամաշ շորերով էր, նրա առնական դեմքին հոգնածության կնճիռներ կային և նա գունատ էր ագալմատոլիթե արձանի նման։ Նրանք փարվեցին սրտագին։

— Ի՞նչ է պատահել, Մարկո՛ս, ինչո՞ւ ես ծպտված,— հարցերի տարափ տեղաց հետաքրքրասիրությունից այրվող կուսակալը, որ պատրաստ էր արդեն լսելու ամենածանր լուրը։

Եվ Անտոնիոսն ամենայն մանրամասնությամբ պատմեց վերջին օրերի դեպքերի մասին, շտապելուց երբեմն խառնելով ժամանակագրական կարգը։ Իսկ պատահել էր հետևյալը. հասնելով Հռոմ, նա շտապել էր կուրիա, բայց Կատոնի դրդմամբ սենատորներից ոմանք չէին կամեցել լսել նրան, գոչելով, թե հայրենիքի դավաճանին պատժել է պետք և ոչ թե ունկն դնել նրա զառանցանքներին։ Շատերն էին պաշտպանել նրանց։ Անտոնիոսը համառել էր։ Նրա ձեռքից խլել էին գրությունը և ոտնատակ տվել, իսկ իրեն բռնությամբ դուրս արել դահլիճից։ Վիրավորված լեգատը փորձել էր անհապաղ կումիցիա հրավիրել, բայց վիգիլները հեղեղել էին Մարսյան դաշտը, և սոսկալի խառնակություն էր սկսվել։ Սպանվել էր Անտոնիոսի մի լիկտորը, ինքը հազիվ էր փրկվել և քանի որ ամենուր փնտրում էին իրեն, ստրուկի շորերի մեջ ծպտված՝ վարձու կառքով մի կերպ հեռացել էր քաղաքից։

Կեսարը լսում էր նրան և բռունցքները սեղմած քայլում սրահում։ Նրա աչքերը ճառագում էին բարկությունից, մարմինը դողում էր և ձեռքն ակամա փնտրում էր սրի բռնակը։ Զայրույթը բորբոքվում էր, երբ պատկերացնում էր, թե ինչպես են սենատորները ծաղրել իրեն, ինչպես են ոտնատակել իր զինանշանը։

«Ես կսպանեմ նրանց, բոլորին անխտիր, ես կուլ չեմ տա այս վիրավորանքը և նրանք կհատուցեն դաժանորեն»։

Նա կանգնեց լուսամուտի առջև՝ ձեռքերը հավաքած կրծքին։ Նրա մռայլ հայացքը թափառում էր զորակայանի վրա, իսկ սրտում հանդուգն ծրագրեր էին ծնվում։

— Պատմելու բան չէ, Կեսա՛ր, թե ինչ վիճակ է տիրում հիմա Քաղաքում։ Պրովինցիա, բանակ, հարստություն ձեռք բերելու համար ամենքը քծնում են Պոմպեոսին, իսկ սենատը նրան միակ կոնսուլ է ճանաչել, և նա չի կամենում իրեն հավասար որևէ հակառակորդ ունենալ։ Նա հիմա մոտիկություն է անում նրանց հետ, ովքեր բարեկամ էին քեզ և ում հետ դու գժտվեցիր նրա պահանջով։ Պարգև և աստիճան խոստանալով՝ նա հրավիրում է իր վետերաններին. այն երկու լեգեոնը, որ պահանջեց քեզանից, մոտեցրել է Հռոմին, և այժմ Քաղաքը լի է զինվորներով. կումիցիաներում ռազմական տրիբուններն ու կենտուրիոններն իրենց զգում են ինչպես ճամբարում, և անհնար է լսել ժողովրդի ձայնը։ Նրանք հալածում են բոլորին, ովքեր զգոնության են կոչում և փորձում երկիրը հեռու պահել պատերազմից։

Անտոնիոսը դադար տվեց, ապա շարունակեց ցածրաձայն.

— Պոմպեոսն ամուսնացել է Սկիպիոնի դստեր հետ։

— Նա խաղալիք է դարձել Կատոնի ձեռքին,— ասաց Կեսարն անվրդով և մոտեցավ սեղանին, որի վրա բազում քարտեզներ էին փռված։

— Եվ, ինչպես միշտ, Կատոնը ոչինչ բացահայտ չի անում։ Հռավեննայից ես մի վերջին գրություն ուղարկեցի սենատ, առավել համեստ պահանջներով և, հաշտություն հուսալով, սպասեցի այնտեղ չորս օր։ Նրանք ինձ չպատասխանեցին, բայց ես իմացա, որ Կատոնը գովել է սենատի քաջությունը, իսկ Պոմպեոսը հայտարարել է, թե ինքը Կեսարին ոչնչացնելու համար կազմ ու պատրաստ ինը լեգեոն ունի ու նաև տեղյակ է, իբր քո զինվորներն ատում են քեզ և չեն կռվի իր դեմ։

— Գնեո՜ս Պոմպեո՜ս,— ի զարմանք Անտոնիոսի, Կեսարն այդ լուրից չվրդովվեց ու լուտանքներ չթափեց նախկին փեսայի հասցեին, այլ տնտղելով քարտեզներից մեկը՝ խոսեց հանգիստ, բառերը հատ-հատ արտասանելով,— ճակատագրի կողմից առավել չափով երես տրված և միաժամանակ այդքան անվճռական արարած չեմ տեսել երբեք. ամբողջ վեց լեգեոնով հայտնվել Իտալիայում և ցրե՞լ բանակը՝ Քաղաքին տիրելու փոխարեն։ Այդպիսի բան միայն հիմարը կաներ։ Նա, որ երկնչեց նվաճել անպաշտպան Քաղաքը, ինչո՞ւ է հոխորտում հանկարծ. ի՞նչ է նրա ուզածը։ Մի՞թե այդքան բարդ է հասկանալ, որ անհնար է և՛ իշխանության ձգտել, և՛ լինել բարեկամը Կատոնի։ Ու հիմա նա հավատացա՞ծ է, որ կործանելով ինձ տիրակալ կդառնա...

Նա ձայնեց ազատարձակին և կարգադրեց կանչել Ռուֆիոնին։

Ի՞նչ ես մտադիր անել,— հետաքրքրվեց Անտոնիոսը։

— Նրանք ուզում են, որ ես կռվեմ իրենց դեմ։ Նրանք դա շա՜տ են ուզում, այնքան շատ, որ այլևս չեն համբերում։ Եվ համոզված են, որ եթե ետ ստացան Պոմպեոսի լեգեոնները, կարող են վարվել ինձ հետ ինչպես կամենան։ Նրանք ինձ ստիպում են սուր վերցնել և, վկա են աստվածները, դա ես անում եմ՝ այլ ելք չունենալով։

— Պատերա՞զմ,— արտաբերեց Անտոնիոսը՝ զգաստանալով։

— Պատերա՜զմ,— պատասխանեց Կեսարը հաստատակամությամբ և ավելացրեց,— մի՞թե դու այլ ելք ես տեսնում, Մարկո՛ս, մի՞թե ճանապարհին անվերջ այդ մասին չես խորհել և մի՞թե ինքդ չէիր հիշեցնի ինձ այդ մասին, եթե ես երկնչեի։ Հիմա քեզ սարսափեցնում է ո՛չ թե պատերազմն ինքը, այլ այն, որ ստիպված ենք կռվել մեր հայրենակիցների դեմ և ... — Կեսարն այստեղ դադար տվեց,— շատերը մեզ գուցե թե հայրենադավ կոչեն։ Բայց եթե հայրենիքը Ֆակտիոն է կամ նրա ձեռքին պուպրիկ դարձած սենատը, ապա թող ինձ կոչեն՝ ինչպես կամենան. հիմար օրենքները խորտակելու համար կանգ չեմ առնի ոչնչի առաջ։

Ռուֆիոնը եկավ թույլ օրորվելով, բարձր տրամադրությամբ և կանչեց դռների միջից.

— Մի տեսնեիր, Կեսա՛ր, թե Օպիոսն ինչպես խեղճացրեց այդ բարբարոսին, և հիմա նա կնոջ նման լաց է լինում իրենը չդարձած հարստության համար։

Ճանաչելով ստրուկի հանդերձների մեջ ծպտված լեգատին՝ Ռուֆիոնը վայրկենապես լրջացավ ու ձգվեց՝ պատրաստ ամեն փորձության։ Պատերազմի լուրը նա ընդունեց բավականին հանգիստ, ասես հոգու խորքում վաղուց պատրաստ էր դրան, բայց երբ կուսակալը տեղեկացրեց, որ մտադիր է անհապաղ հեծյալ վաշտ ուղարկել Իտալիայի սահման ու լուսաբացին գրավել Արիմիոնը, նա զարմանքից ուսերը թոթվեց։

— Նորից խենթացա՞ր. մի վաշտով Իտալիայի վրա՞։

Անտոնիոսին ևս թվաց, թե ինչ-որ բան լավ չլսեց։

— Իսկ ի՞նչ եք խորհուրդ տալիս,— հարցրեց նրանց Կեսարը,— սպասե՞մ, մինչև նրանք մեծ բանակ ժողովեն ու հայտնվեն Ռուբիկոնի այս ափին։

— Գոնե Տասներորդ լեգեոնը բերենք Նոր Կումից,— առաջարկեց Ռուֆիոնը։

— Ես հիմա ևեթ սուրհանդակ կուղարկեմ Նոր Կում, բայց չեմ սպասի նրանց, քանի որ նա երեք օրից շուտ այստեղ չի լինի։ Իմ թշնամիները գիտեն, որ իմ բանակը ցրված է պրովինցիայում, որ իմ ընտիր կոհորտաներն անցել են Հռենոսը և կռվում են այնտեղ, որ ես զորակայանում հազիվ յոթ հարյուր զինվոր ունեմ։ Գիտեն, դրա համար էլ այդպես լկտի են։ Բայց ես հանկարծակի կբերեմ նրանց բոլորին ու կխառնեմ նրանց հաշիվները։ Ինքներդ գիտեք, թե որպիսի թանձրամիտն է Պոմպեոսը և որքան է նա սիրում երկարատև ու մանրազնին նախապատրաստվել պատերազմի։ Շատ բան շահած կլինենք, եթե մեզ հաջողվի խուճապի մատնել նրան։

Ապա նա հետաքրքրվեց, թե Մարկոսը որքան զինվոր է տեսել Իտալիայի հյուսիսում։ Լեգատը խոտոր ճանապարհներով էր եկել, բայց վստահ էր, որ Իգուվիայում գտնվող Ահենոբարբի ոչ լրիվ լեգեոնից բացի ոչ մի ուրիշ զորամիավորում չկա, չհաշված բերդերի ու քաղաքների կայազորերը։

— Նրանք իսկապես չեն սպասում ինձ,— Կեսարը ոգևորվել էր, անհապաղ գործելու մոլուցք էր համակել նրան և նա անհանգիստ քայլում էր սրահում։— Վաղը ես կգրավեմ Արիմիոնը, և թող լուրերը, ձնագնդի նման ուռչելով, թափվեն Հռոմի վրա. դրանք բազմափորձ վետերաններից կազմված լեգեոնից շատ գործ կանեն։

Շատ չանցած՝ Անտոնիոսին բերած կառքն աննկատ ելավ զորակայանից, զգուշության համար մի քանի մղոն խորացավ դեպի հյուսիս, ապա, անտառներով ձգվող նեղլիկ ճանապարհներով մի մեծ կիսաշրջան գծելով՝ աստիճանաբար թեքվեց հարավ և ուղղվեց դեպի սահման։ Անձրև էր մաղում, երբեմն հեռու-հեռվում կայծակն էր թրատում մռայլ երկնակամարը, և նժույգների թաց ու ողորկ մարմինները պսպղում էին թանձր սաղարթների մեջ խճճված դալուկ ցոլքերից։ Թիկնոցի մեջ ամուր փաթաթված կառապանն ինչ-որ երգ էր դնդնացնում քթի տակ՝ անտեղյակ աշխարհից և հեռու ամեն տեսակ խարդավանքներից։ Կեսարը տեսնում էր նրա նիհար թիկունքը, որ երբեմն խոնարհվում էր առաջ ու մնում այդպես բավականին երկար։ Կառքի միալար ճոճումը ընդարմություն էր բերում բոլորին, և բազմօրյա երթից հոգնած Անտոնիոսը քնել էր՝ գլուխը հենած կողածածկին։ Նրա դեմքին երանավետ զմայլանք էր դրոշմվել. երևի հաճելի երազ էր տեսնում։

Որքան մոտենում էին Իտալիայի սահմանին՝ գլուխ բարձրացրած կասկածն այնքան ավելի ցավագին էր քրքրում իմպերատորի հոգին։ Չկար այլևս նախկին եռանդը, վճիռն իրականացնելու ճանապարհին պատահած արգելքները խորտակելու անսասան հավատը, և այժմ, երբ աստղակաթի հետ հեռվում ուրվագծվեցին Ալպերի ձյունածածկ գագաթները, նա իրեն ավելի ու ավելի հաճախ էր բռնեցնում այն մտքի վրա խորհելիս, թե չի՞ շտապում ինքն արդյոք, սպառվա՞ծ էին հաշտության բոլոր միջոցները. գուցե հարկավոր էր մի փոքր սպասե՞լ։ Եվ չի՞ չարաշահում ինքն արդյոք աստվածների ողորմածությունը՝ ամեն անգամ հույսը դնելով նրանց բարեհաճության վրա։ Բայց մյուս կողմից նա անկարող էր բախտը չփորձել այժմ, երբ հաջողության դեպքում ամեն ինչ վճռված կարելի էր համարել. մի՞թե հետո ինքն իրեն չի մեղադրի ճակատագրի ընձեռած բարենպաստ իրավիճակից չօգտվելու համար։ Սառը, խոնավ օդ էր թափանցում ներս։ Անտոնիոսը քնի մեջ ստեպստեպ փաթաթվում էր թիկնոցի մեջ, տատանվում կառքի երերումից, ուժգին ցնցումներից բացում էր աչքերը, մշուշոտ հայացքով մի պահ նայում իրենց զորեղ կրծքով խավարը ճեղքող նժույգներին, ապա կրկին քուն մտնում։ Իսկ Կեսարը ոչինչ չէր զգում՝ ոչ ցուրտ, ոչ տարուբերում։ Նա ետ էր ընկել թիկնակին, և նրա ոչինչ չտեսնող հայացքը թափառում էր հեռուներում։ Նա հազար անգամ մտովի գրավել էր Արիմիոնը՝ ամեն անգամ բանեցնելով մի նոր հնարք, Իգուվիայում պաշարել էր Ահենոբարբին, հասել Պիսավրոս։ Կյանքին հրաժեշտ տվող մահապարտի նման նա հիշում էր իր սերերը, Գալլիայում զոհված իր մտերիմներին, հայացքի դեմ մայրն էր հառնում՝ Հուլիայի ձեռքը բռնած։ Նա անչափ ուզում էր գոնե մեկ ժամ աչք կպցնել, բայց Մորփեոսը համառորեն հանգիստ չէր բերում նրան։

Մի վերջին անգամ կեռման տալով՝ կառքը դուրս եկավ մթին անտառից, և ցածում՝ հարթավայրի վրա, թույլ խարույկներ նշմարվեցին, որ հեռվից աստղաբույլերի էին նմանվում։ Ճանապարհը զառիվերում էր, նժույգները դժվարությամբ էին արգելակում, մանրախիճը փախչում էր նրանց սմբակների տակից։ Ցնցումներն ուժգնացան, կառապանն անհասկանալի ինչ-որ բան էր գոռում։ Մարկոսն արթնացավ, տրորեց աչքերը և նկատելով, որ օրը սկսում է բացվել, ասաց ինքն իրեն.

— Չորս ժամ քնեցի։

Ապա բուռն հորանջումից հետո շարունակեց.

— Երազում երևաց, թե Ալեքսանդրիայում եմ և շքեղ նավով զբոսնում եմ ափամերձ ջրերում, իսկ տախտակամածը լի է մերկ կանանցով։

Նա երանությամբ գլուխն օրորեց։

Կեսարն անկեղծորեն նախանձեց նրան, որ կարող է հանգիստ քնել և անուշ երազներ տեսնել։

— Ֆորտունան քեզ Եգիպտոս է ուղարկելու,— ասաց։

Անտոնիոսը չարձագանքեց։

Կեսարը նայեց նրա կողմը՝ հուսալով, որ կենսուրախ լեգատը կխոսի որևէ բանի մասին, թեկուզ կիսատ մնացած երազի, որը կզբաղեցներ իրեն և կազատեր ծանր մտքերից։ Բայց Անտոնիոսի դեմքին նույնպես տագնապ էր դրոշմվել. նա գլուխը հանել էր լուսամուտից և անձրևախառն քամին խաղում էր նրա գանգուրների հետ։

— Այս անձրևը մեր բախտից է,— Անտոնիոսը գլուխը ներս քաշեց,― աստվածները հոգ են տանում, որ մեզ չնկատեն։

Եվ րոպեաչափ լռելուց հետո ասաց.

— Նարբոնում ես չասացի քեզ այդ մասին, Կեսար, քանի որ համար չեղավ. Բրուտոսը Պոմպեոսի հետ է։

Կեսարը մի անբացատրելի հայացքով նայեց լեգատին, ապա ասաց դառնաձայն.

— Այդ տղան բոլորովին կորցրել է իրեն. մի՞թե ես նրան ավելի շատ վատություն եմ արել, քան Պոմպեոսը[59]։

— Նա գժտվել է մոր հետ և Պոմպեոսին միացել է ի հեճուկս նրա։

Կեսարը ոչինչ չասաց և երկար ժամանակ նայում էր այն կողմ, ուր տարածվում էր Ռուբիկոնը։

— Ես միշտ կամեցել եմ քեզ հարցնել այդ մասին, Կեսար, բայց զսպել եմ ինձ. դու նրա հանդեպ չափից դուրս հոգատար ես, որքան էլ նա զգացնել է տալիս, որ չի համակրում քեզ։ Նրա վարմունքը, ինչ խոսք, հասկանալի է, բայց ասա ինձ...

— Թողնենք այս խոսակցությունը մեկ ուրիշ անգամվա համար, Մարկոս,— խուսափեց Կեսարը՝ հայացքը չկտրելով Ռուբիկոնից։ Այդ պահին գետը նրան թվաց որպես նիրhած մի հրեշ, իսկ խավարի գերությունից ազատվող հովիտը՝ դժգույն ու լի անիմանալի չարությամբ։

Քարքարոտ ճանապարհից տանջահար նժույգները մտնելով հովիտ և սմբակների տակ զգալով հողի հաճելի փափկությունը՝ վայրի խրխինջով սուրացին առաջ՝ կառքը սահեցնելով նորաբաց կակաչների ու անուշաբույր ծաղիկների միջով։

Խարույկների մոտ տաքացող զինվորները, որ ծպտված էին քաղաքացիական հագուստի մեջ, ընդառաջ եկան։ Իմպերատորն ու լեգատն իջան կառքից, և բոլորը միասին անխոս շարժվեցին դեպի պրովինցիան Իտալիայից բաժանող կամուրջը։

Անձրևն առատորեն թափվում էր նրանց վրա, նրանք սայթաքում էին, կառչում միմյանցից։ Իսկ շուրջը խորին լռություն էր, միայն Ռուբիկոնն էր միալար խշշոցով իր ջրերը տանում օվկիանոս...

Գլուխ իններորդ

Արիմիոնի առումն ամպրոպի պես ճայթեց Հռոմի վրա։ Այն անսպասելի էր ավելի, քանի եթե լուսաբացին Ալբանոյի տեղում մի հսկա վիրապ լիներ։ Իսկ երբ Իգուվիայում Ահենոբարբն առանց մարտի հանձնեց ութ կոհորտա և գլխապատառ փախավ Հռոմ, սարսափը տիրեց Իտալիային։ Հյուսիսից եկողները տարածում էին, թե Կեսարը ճանապարհին ավերում է ամեն ինչ և նրա զինվորները մրցում են միմյանց հետ, թե ով ավելի շատ մարդ կսպանի և հարստություն կդիզի, թե սահմանից այս կողմ ճանապարհներն եզերված են կախաղաններով և Կեսարը պատժում է բոլորին, ովքեր չեն մտնում իր դրոշի տակ։ Իր խայտառակ փախուստն արդարացնելու համար Ահենոբարբը կեղծ լուրեր էր տարածում, թե Կեսարի զինվորներին հաշիվ չկա և իբր քաղաքացիություն խոստանալով՝ նա իր բանակին միացրել է գալլերից շատերին, իսկ բարբարոսները, կամենալով շահել նրա բարեհաճությունը, գերիների հետ վարվում են դաժանորեն, ողջ-ողջ մորթազերծ են անում կամ բարձր ժայռից գլորում ցած։ Իբր Կեսարը փախստակ ստրուկներից վաշտեր է կազմում, իսկ սրանք երդվում են ամենքի առաջ, որ վրեժխնդիր կլինեն իրենց տերերից։ Այս ամենը սարսափեցնում էր հռոմեացիներին, նրանք իրենց պատկերացնում էին մորթված ու հոշոտված, և տանջալի մահից խուսափելով՝ շատերն ինքնասպան էին լինում։ Ժողովուրդն ամբողջ քաղաքներով ու գյուղերով հորդում էր դեպի Հռոմ, կայազորերը հանձնվում էին առանց նշանակալի դիմադրության։ Իսկ Կեսարն առաջանում էր մեծ արագությամբ. Իգուվիայի գրավումից երկու օր անց նա հայտնվեց Անկոնայի պարիսպների տակ և հանկարծակի բերելով Պոմպեոսի համար հավաքագրված ջոկատներին՝ գերեց դրանք ու միացրեց իր բանակին։

Հետո լուր եկավ, որ գրավված են Պիսավրոսը և Կումը, որ Աուքսիմում կայազորի հրամանատարներն իրենք են բացել քաղաքի դարպասներն իմպերատորի առաջ։ Որքան նա մոտենում էր Հռոմին, քաղաքում տիրող խուճապն ավելի էր սաստկանում։ Անհաշտություն էր տիրում սենատում. սենատորները մեղադրում էին միմյանց պետությունը քաղաքացիական պատերազմի դուռը հասցնելու համար, Կատոնին կշտամբում էին, որ ավելորդ համառություն ցուցաբերելով՝ խանգարեց բավարարելու Կեսարի պահանջները, քանի դեռ դրանք համեստ և ընդունելի էին, ու կոպտորեն վիրավորեց իմպերատորին՝ կուրիայից վտարելով նրա լեգատին։ Իսկ Պոմպեոսին առաջարկում էին ոտքը գետին խփել, ինչ է թե նա մի անգամ պարծեցել էր, որ բավական է ոտքը գետին խփի, այնքան զինվորներ կհայտնվեն, որ հարյուր Կեսար կոչնչացնի։ Ձայներ էին հնչում՝ պատվիրակություն ուղարկել Կեսարի մոտ՝ նրա պահանջները կատարելու առաջարկությամբ, սակայն ամենքը չէ, որ պաշտպանում էին այդ, քանի որ երեկվա պահանջներով Կեսարն այլևս չէր բավարարվի, իսկ նրան միապետ ճանաչել չէին ուզում։ Եվ շարունակվում էին անիմաստ վեճերն ու փոխադարձ վիրավորանքները։ Նրանք վերհիշում էին միմյանց սխալներն ու վրիպումները դեռ այն ժամանակվա, երբ Կեսարը ոչ դիրք, ոչ հեղինակություն ուներ, և հեշտությամբ կարելի էր ազատվել նրանից։ Կեսարի պաշտպանները մեծ թիվ չէին կազմում, և լռեցնում էին նրանց աղմուկով, քանի որ անչափ դժվար էր խոստովանել պարտությունը։ Սակայն կշտամբանքները ոչնչով չէին օգնում գործին, և նրանք օրն օրի ավելի էին կորցնում գլուխները։ Աուքսիմի անկումից հետո երկյուղը նրանց այնպես էր տիրել, որ մերժեցին Պոմպեոսի առաջարկը՝ քաղաքում և մոտակա մարզերում եղած լեգեոնների հետ ընդառաջ գնալ Կեսարին։ Մերժեցին, քանի որ քաղաքի պարիսպների ներսում Պոմպեոսի բանակի հետ իրենց ապահով էին զգում. իսկ ի՞նչ կլիներ իրենց վիճակը, եթե անհաջողությունը ուղեկցեր Պոմպեոսին։

Լարվածությունն ու անհամաձայնությունը սենատից փոխանցվեցին փողոցներն ու հրապարակները, և ամենուր վեճեր ու հուզումներ էին լինում, ու չէին բաժանվում, մինչև հռետորական բարձունքը չէր պղծվում դիակներով և արատավորվում արյամբ։ Ոմանք առաջարկում էին ընդառաջ գնալ Կեսարին և ընդունել նրա գերիշխանությունը, մյուսները, ընդհակառակը, սարսափեցնում էին, թե Կեսարը դաժանորեն վրեժխնդիր է լինում Հուլիայի մահվան համար և չի խնայում նույնիսկ կանանց ու երեխաներին։

Հռոմի բնակչությունը բազմապատկվել էր, և քանի որ մատակարարները ևս խուճապի մեջ էին, Ռուբիկոնն անցնելու ութերորդ օրը հացի պակաս զգացվեց։ Մարզերից եկածները, որ փախեփախի մեջ փող չէին վերցրել, թալանում էին խանութները, շուռ տալիս և այրում տաբերնաները, մորթում քաղաքի շուրջը թափառող անասուններին։ Հետո, երբ խանութներում ոչինչ այլևս չէր մնացել, հարձակվում էին պատրիկների տների վրա։ Նրանց միանում էին պրոլետարները, որ վաղուց սպասում էին ունևորներին վերացնելու ահեղ դատաստանին։ Քաղաքը լցվել էր ամեն տեսակ հանցագործներով, գողերով ու գինեմոլներով. նրանք վխտում էին ամենուր, և երբեմնի հանդարտ ու զուսպ քաղաքը գավառական աղմկոտ կենտրոն էր հիշեցնում։ Կյանքը դարձել էր անկառավարելի, չէր գործում ոչ մի օրենք։ Գլուխը կորցրած էդիլներն ու պրետորներն իրենց ընտանիքի փրկության մասին էին միայն հոգում։ Զինված խմբեր էին վխտում գիշերային փողոցներում, վիգիլներն անգործության էին մատնված, և ամեն առավոտ բազում դիակներ էին հայտնաբերվում նրբանցքներում, իսկ թե քանիսին էր Տիբերն իր հետ տանում, Մանեսին[60] էր միայն հայտնի։

Մարզերից եկածները քնում էին հրապարակներում, տաճարամերձ բակերում ու շուկաներում։ Չմրսելու համար նրանք խարույկ էին վառում, և գիշերային քաղաքը հուրհրում էր վարդագույն ցոլքերով։ Ամենուր նիզակների բուրգեր էին ու վրաններ, պուրակներում հիվանդների տնքոց էր ու մանկան ճիչ։ Քրտինքի ու մեզի հոտն էր օդը բռնել։

Շատերը նրանցից, որ մի քանի օր առաջ անպատվել ու հալածել էին Անտոնիոսին, զղջում էին իրենց արարքի համար և Կեսարին սիրաշահելու առիթ էին փնտրում։ Իսկ նրանք, որ անհողդողդ էին ժայռի պես, իրենց ողջ կարողությունը կտային Կեսարի մահվան լուրը բերող օձակրին։ Մինչդեռ Կեսարը ոչ միայն չէր մեռնում, այլև առաջանում էր քամու պես արագ, ճանապարհին ոչ մի լուրջ դիմադրության չհանդիպելով։

Սարսափահար ժողովուրդը շարունակում էր ամբողջ մարզերով բոլոր կողմերից մղվել դեպի Հռոմ՝ ապավինելով նրա վարդագույն պարիսպների ամրությանը, մինչդեռ հռոմեացիներին անասելի խուճապ էր տիրել և շատերը հեռանում էին պրովինցիաները։ Սենատը Պոմպեոսին գլխավոր հրամանատար նշանակեց՝ օժտելով նրան անսահմանափակ լիազորություններով։ Բայց պահը բաց էր թողնված և սարսափն արդեն տիրում էր մարդկանց հոգիներին։ Ոչ ոք չէր ենթարկվում նրա հրամաններին, և նա հեռացավ քաղաքից, հայտարարելով, թե Հռոմում խռովություն է և ինքը չի կարող կառավարել այն։ Նա մեկնեց Բրունդիզիոն։ Զորքը հետևեց նրան։ Բոլորովին անպաշտպան մնացած քաղաքը սոսկաց մի պահ և ամենքը, ովքեր երկյուղում էին Կեսարի զայրույթին արժանանալ, մեկնեցին Բրունդիզիոն։ Կոնսուլները փախան՝ չկատարելով նույնիսկ ճամփա ընկնելուց առաջ արվող զոհաբերությունը, նրանց հետևեց սենատորների ստվար մի զանգված՝ այնպիսի հապճեպությամբ, որ իրենց կայք-կարողությունից հետները վերցրին առաջին իսկ պատահած իրը, ասես գործ ունեին ուրիշի ունեցվածքի հետ։ Խուճապահար հայրերին հաջորդեցին քվիրիտների երկար ու ձիգ քարավանները։

Եվ հանկարծ լուրեր եկան, որ Կեսարը բոլորովին դաժան չէ, նույնիսկ հիշաչար չէ և կյանք է բաշխում անգամ գերյալ այն զինվորներին, ովքեր հրաժարվում են ծառայել իրեն։ Հետո մթերքով բեռնված բազում սայլեր եկան հյուսիսից, որոնց Կեսարն էր ուղարկել՝ տեղեկանալով, թե որպիսի ծանր վիճակում է քաղաքը։ Սա հանգստացրեց Հռոմում մնացածներին, և նրանք հապճեպ գրություն ուղարկեցին ազգականներին ու բարեկամներին, խնդրելով վերադառնալ։ Ու քաղաքը, որ օրեր առաջ սոսկումի և իրարանցումի մեջ էր, այժմ անհամբերությամբ էր սպասում հաղթանակած իմպերատորին, հանձին նրա տեսնելով իր փրկչին։ Բայց լուրեր եկան, որ Կեսարը Փիրմուսից շեղվել է դեպի արևմուտք և շարժվում է Բրունդիզիոնի վրա։ Զենքի ընդունակ ամեն ոք իր պարտքը համարեց մեկնել Կեսարի ճամբար՝ աջակցելու նրան։

Երբ Կեսարը Բրունդիզիոն հասավ, Պոմպեոսն իր հիմնական ուժերը ծովով ուղարկել էր Հունաստան՝ Ապոլոնարիում, իսկ ինքը երկու լեգեոնով փակվել էր խստորեն ամրացված նավահանգստում, որպեսզի Կեսարին զրկեր ծով դուրս գալու հնարավորությունից և ապահովեր Հունաստանում անցկացվելիք զորահավաքից հետո ուժեղացած իր բանակի անարգել վերադարձը Իտալիա։ Հաշտության առաջարկով Բրունդիզիոն ուղարկված պատվիրակությանը Մագնիան պատասխանեց, թե բարձրաստիճան մագիստրներն Ապոլոնարիումում են, իսկ ինքն առանց նրանց ոչինչ որոշել չի կարող։ Այս լուրն առնելով, Կեսարը ցամաքի կողմից քաղաքը եզերեց լայն խանդակով, իսկ ծովածոցը կարգադրեց լցնել ավազով։ Տեսնելով, թե ինչ եռանդով է աշխատում հակառակորդը և երկյուղելով կտրվել ծովից, Պոմպեոսը հապճեպ, մթան քողի տակ թողեց Բրունդիզիոնը։ Նրան անմիջապես հետապնդել հնարավոր չէր, քանի որ շրջակայքի բոլոր նավերը նա զավթել էր, իսկ թերավարտներն ու վնասվածները՝ այրել։ Կեսարը տրիբուններին կարգադրեց նավատորմ հավաքել Սիցիլիայից, Օստիայից և Գալլիայից, իսկ ինքը, ժամանակ չկորցնելով, բանակն Իտալիայի վրայով տարավ Իսպանիա, ուր Պոմպեոսի որդիները չորս լեգեոն էին հավաքագրել։ Երկարատև ու դժվարին պայքարից հետո նա մաքրեց այդ պրովինցիան հակառակորդ ուժերից, ապա դարձավ Հռոմ, ուր սենատը նրան դիկտատոր հռչակեց։ Կառավարելով ընդամենը տասնմեկ օր՝ նա հրաժարվեց միանձնյա իշխանությունից և մեկնեց Բրունդիզիոն։ Տորմիղը բավարար չէր բանակը միանգամից փոխադրելու համար, և հիմնական ուժերը թողնելով Անտոնիոսին՝ նա երկու լեգեոնի ու երկու հարյուր հեծյալների հետ դուրս եկավ ծով։ Հաջողությամբ ափ իջնելով բնակավայրերից հեռու մի վայրում, նա անմիջապես նավատորմը ետ ուղարկեց Բրունդիզիոն։

Այստեղ նա տեղեկացավ, որ հակառակորդի բանակը Դիրաքիոնում է, որ Մագնիան օգնական ջոկատների ետևից մեկնել է Թեսալիա և որ նա աներոջը՝ Սկիպիոնին, գործուղել է Մակեդոնիա՝ ամեն գնով իր կողմը գրավելու այնտեղ գտնվող լեգեոնները։

Ապոլոնարիումում նրա հայտնվելը շփոթեցրեց թշնամուն, քանի որ այդքան վաղ նրան չէին սպասում, բացի այդ, նրանց անհասկանալի էր, թե ինչպես էին լեգեոններն աննկատ մոտեցել ափին, երբ նավատորմը Բիբուլոսի հրամանատարությամբ հսկում էր բոլոր նավահանգիստներն ու ափհանման համար պիտանի մատույցները։ Պոմպեոսին լուր տարան, և նա նոր հավաքագրված լեգեոնների հետ շտապեց Դիրաքիոն, իսկ բանակը ղեկավարող Ափրանիոսին կարգադրեց կռվի չբռնվել ոչ մի դեպքում։ Տեղեկանալով, որ Կեսարի լեգեոնների մի մասը մնացել է Բրունդիզիոնում, նա հրամայեց կրկնապատկել պարեկություն անող նավերի թիվը և ուժեղացնել անձնակազմերը։

Ծովային հետևակի հարձակումներից խուսափելով՝ Կեսարը հեռացավ դեպի ցամաքի խորքը և ճամբար դրեց Ալիո գետի ափին։ Նրա մոտ եղած զորքը բավական չէր վճռական ճակատամարտի համար, իսկ Անտոնիոսը ուշանում էր։ Մեկ ամիս էր անցել նավերը ետ ուղարկելուց, մինչդեռ Բրունդիզիոնից ոչ մի լուր չկար։ Սա անհանգստացնում էր նրան, նա մարդիկ էր ուղարկում Ապոլոնարիում, որոնք կամ չէին վերադառնում կամ գալիս էին ձեռնունայն։ Ուրվականի նման նա ողջ գիշեր չէր իջնում աշտարակներից և ազդանշան էր որոնում խավարի մեջ։ Հարկադրական անգործությունը վշտացնում էր նրան, այնինչ հարկավոր էր շտապել, քանի դեռ Պոմպեոսի լեգեոնները չէին հասել Թեսալիայից։ Նա այլևս անկարող էր մնալ հոգեմաշ անորոշության մեջ ու մի օր, երբ մթնեց, Ափրոկլեսին ուղարկեց Ռուֆիոնի ետևից։

— Բայց դա անմտություն է, Կեսար,— անկեղծորեն զարմացավ պրեֆեկտը, տեղեկանալով նրա խելահեղ ծրագրին,— մեն մի նավով դուրս գա՞լ ծով, երբ Բիբուլոսն ահռելի տորմիղով հսկում է բոլոր ուղիները։

— Ես պիտի մեկնեմ Բրունդիզիոն,— ասաց Կեսարը վճռական տոնով, ապա, ետ քաշելով վրանի վարագույրը, շարունակեց.— Լսո՞ւմ ես որոտը. ամպրոպադեզ Յուպիտերը զորավիգ է մեզ, և ոչ ոք չի սպասի ինձ այս եղանակին։

Ռուֆիոնը, միտքը լարած, իմպերատորին ետ պահելու պատրվակ էր որոնում։

— Ուղարկիր ինձ,— ի վերջո ասաց նա,— գիտես, որ ծովը կուլ չի տա ինձ։ Եվ հետո, դու ինչպե՞ս կարող ես թողնել բանակը։

— Այդ մասին ոչ ոք չպիտի իմանա,— շշնջաց Կեսարը՝ ասես իրենց լսող կար։— Ապա շարունակեց՝ ձայնը բարձրացնելով. — Ուղարկելով քեզ, ես ավելի ծանր կացության մեջ կհայտնվեմ, քանի որ այդժամ ստիպված կլինեմ անհանգստանալ նաև քեզ համար։

— Բայց գուցե զո՞ւր է անհանգստությունդ, Կեսա՛ր. սպասենք ևս երկու օր։

— Չեմ կարող այլևս,— Կեսարն անհանգիստ քայլում էր վրանում,— սիրտս վատ բան է գուշակում. ամբողջ մեկ շաբաթ քամի էր փչում Բրունդիզիոնի կողմից, և Անտոնիոսը չէր կարող չօգտվել դրանից։

— Ոչինչ էլ չի պատահի նրան,— Ռուֆիոնը փորձեց հանգստացնել իմպերատորին։— Նրա բանակը մեծաթիվ է գերի ընկնելու համար և հետո, եթե այդպես եղած լիներ, Բիբուլոսը աչալրջորեն չէր հսկի ծովեզրը։ Առավել հավանական է այն, որ նա շեղվել է ուղուց և ափ իջել հյուսիսային մարզերում, ուր հսկողությունը թույլ է, ու հիմա օգնության է շտապում ցամաքով։

— Իսկ եթե կատարվել է ամենասարսափելին և նավատորմը խորտակվե՞լ է,— Կեսարը մոտեցավ և հարցական հայացքով նայում էր պրեֆեկտի աչքերի մեջ։— Եթե դա այդպես է, ես ավելի վաղ պիտի իմանամ այդ մասին, քան Պոմպեոսը։ Դու հասկանո՞ւմ ես ինձ։

Ռուֆիոնը, որ լավ էր ճանաչում իմպերատորին, անիմաստ համարեց տարհամոզելու ամեն փորձ և պատրաստակամություն հայտնեց ուղեկցել նրան։

— Դու կմնաս այստեղ,— պատասխանեց Կեսարը։— Բանակի հրամանատարությունը թողնում եմ քեզ։ Այնպես արա, որ զորքը չիմանա մեկնումիս մասին և հուսալքությունը չտիրի նրան։

— Ես գալիս եմ քեզ հետ, Կեսար,— համառեց Ռուֆիոնը։— Մի՞թե դու այլ լեգատ չունես, որին վստահես բանակը մի քանի օր։

Կեսարը զգացվեց ընկերոջ նվիրվածությունից և, փարվելով նրան, ասաց հուզված.

— Ես չեմ ուզում կորցնել բանակի կեսը, Ռուֆիոն, մյուս կեսին օգնության հասնելով. Պոլիոնն ամբողջովին տարված է իր գրքերով, իսկ Օպիոսը տաքարյուն է չափից դուրս։ Այնպես որ քո ներկայությունն այստեղ ավելի կարևոր է,— Կեսարը բռնեց պրեֆեկտի ձեռքը։— Եվ խնդրում եմ, մի հակաճառիր։ Մի նավ վարձիր, չորս լավագույն զինվորների ստրուկի շորեր հագցրու։ Եվ դա արա հենց հիմա։

Ալիոն հանդարտ չէր, բայց փորձառու նավավարներին դա չանհանգստացրեց, քանի որ գիտեին, որ շուտով գետի վրայով հով կփչի ու կսաստի ալիքները։ Եվ, իսկապես, հազիվ էին նրանք երեք մղոն հեռացել, երբ համընթաց օդային հոսանքները խաղաղեցրին Ալիոն և արագացրին նավի ընթացքը։ Բայց հանկարծ անձրև տեղաց, ծովի կողմից ուժեղ քամի փչեց, որը ջուրը քշում էր դեպի ցամաք, և երկու հակադիր հոսանքներից ալեբախություն առաջացավ։ Այն ավելի ու ավելի էր սաստկանում։ Մռայլ ու մութ ամպերը կպրե գետի նման ողողել էին երկնակամարը, և ոչինչ այլևս չէր երևում։ Ափը նշմարելու համար նավաստիները ջահեր վառեցին։ Նավը երերում էր, ինչպես հողն էր երերում Յասոնի ոտքերի տակ, երբ նա իջեցնում էր ոսկեգեղմը։ Ալիքներ էին փշրվում տախտակամածին։ Քամին պոկեց ծածկը, որի տակ թիավարներն էին, և անձրևն անարգել խփում էր նրանց դեմքին. նրանք խոնարհվել էին թիերի վրա։ Երկու նավաստի կառչել էին ուղեթիից, մյուսները հապճեպորեն թույլացրին առագաստները, և հսկա կտավը դարս -դարս իջնելով տախտակամածի վրա՝ խցանեց նավասենյակներ տանող ուղին։ Ճոճումը մի պահ թուլացավ։ Նավաստիներն իջեցրին նաև քթամասի պտտվող փոքր առագաստը, ապա, միանալով թիավարներին, ջանացին նավը հեռու պահել ափի ժայռեղեն ելուններից։ Բայց այդ պահին հզոր մի ալիք փլվեց ցռուկին և դիտահարթակի հեղյուսները վեր թռան ծղոտի թեթևությամբ։ Գետը հանկարծ փքվեց և ուռավ, ասես նրա տակ ծովահրեշ էր զարթնել, ապա հանդարտվեց ակնթարթորեն, և նավը առհելի բարձունքից գահավիժեց ցած։

— Ե՛տ դառնանք,— գոչեց նավապետը տագնապած,— ծովը հոսում է ցամաք. սա լավ նշան չէ՝ աստվածներն են կռվում միմյանց դեմ։

Բայց հանկարծ նավի հինգերորդ ուղևորը, որ նույնպես ստրուկի շորերով էր ու մինչ այդ լուռ կանգնած էր նավասենյակների մոտ, բոլորի համար անսպասելի ձեռքն առավ ուղեթին և վարժ շարժումներով տարուբերեց այն։ Նավը շտկվեց, իսկ նավաստիները, որ ապշած միմյանց էին նայում, նրա արարքից հանդգնացած՝ անլսելի մի հրամանով շարունակեցին թիավարել։

— Առա՛ջ, սիրելիներս, ավելի համարձակ, ոչնչից մի՛ վախեցեք,— քաջալերում էր նրանց ուղեթիի մոտ կանգնած մարդը,— դուք Կեսարին եք տանում և նրա երջանկությունը։

Այդ լսելով՝ նավաստիները ձուլվեցին-կպան թիերից, նրանց մկաններն ուռչում էին տրաքվելու չափ, ոտքերի տակ տախտակամածը ճռռում էր աղերսաձայն, իսկ ստրուկի շորեր հագած զինվորները փութով դատարկում էին նավամբար լցված ջուրը։

Ալիոն չէր հանդարտվում և գալարվում էր վիրավոր օձի պես՝ նավը տարուբերելով սոսկալի ճոճումներով։

Հարյուր անգամ պրծնելով մահից՝ նրանք մեծագույն չարչարանքով հասան գետաբերան, բայց ալեբախությունն այստեղ ավելի ուժգին էր, քանի որ ոչինչ չէր զսպում այն։ Մարդկային ջանքերն անզոր էին այլևս. նավը հանձնվել էր տարերքին և ոստոստում էր փետրագնդակի նման։ Անձրևը սաստկացավ, երկինքը որոտում էր։ Պարաններից կառչելով, նավապետը մի կերպ հասավ Կեսարին և գոչեց ամբողջ ուժով.

— Նավամբարը ջուր է լցվում, ուր որ է կսուզվենք։ Մտածենք մեր փրկության մասին, քանի դեռ շատ չենք հեռացել ափից։

Բայց Կեսարը ոչինչ չէր լսում, անբացատրելի համառություն էր տիրում նրանխ և վրդովված աստվածների անբարեհաճությունից՝ մռայլ հայացքով նայում էր խավարի մեջ՝ ասես կամենալով հայացքով ցրել այն։ Նրա թրջված հագուստը կպել էր մարմնին, անձրևը դաղում էր դեմքը, մազերից ջուրը հոսում էր առվաշիթերով։ Հանկարծ նա թողեց ուղեթին և ծնկի գալով՝ աղոթեց, ձեռքերը վեր կարկառած.

— Հա՛յր պանծալի Օլիմպոսի, զորավիգ եղիր ջերմեռանդ երկրպագուիդ, մի՛ լքիր նրան այս դաժան պահին։ Դու, որ եթերի մեջ թափանցիկ ըմբոշխնում ես քո զորությունը հավերժական, բարեգութ եղի՛ր և զայրույթիդ սլաքներն ուղղիր լեռներին ամեհի, որ հանդգնաբար չեն խոնարհվում աստվածային վեհությանդ առաջ։ Մի՛ ողողիր Օվկիանն արցունքով երկնային, պատվիրիր՝ թող Արևը կանգնեցնի թռչող իր նժույգներին, Նեպտունոսը թող անդորրություն պարգևի հորձանքներին դաժան, թող կանգ առնեն գետերը հավերժահոս և հողմերը չտատանեն ծառերը։

Նրա ձայնը խլանում էր ծովի շառաչյունի մեջ։

Նորից երկինքը որոտաց, և բռնկումի կարճատև ակնթարթի մեջ նա նշմարեց իր վրա խոյացած ալիքի ժանտ զանգվածը, բայց չհասցրեց սարսափել, քանի որ հաջորդ պահին այն սոսկալի ոռնոցով զարնվեց տախտակամածին, ավերելով ու փշրելով ամեն ինչ...

Երբ Կեսարն աչքերը բացեց, նրա դեմ հառնեց Անտոնիոսի աղոտ կերպարանքը՝ սաղավարտը կրծքին սեղմած, ոսկե գանգուրները ոլորված լայն ճակատին։

Նա վերստին փակեց աչքերը. նրա ունկերում ծովի աղմուկն էր, իսկ մարմինը ծանր էր երկաթի պես։

Նրան ուշքի բերեց Անտոնիոսի բամբ ձայնը.

— Լսո՞ւմ ես զենքերի շառաչը, Գայո՛ս. զորքը սպասում է քեզ, առաջնորդիր այն Դիրաքիոն...

Ճամբարը վերցնելով՝ Կեսարն ընդհուպ մոտեցավ Պոմպեոսի բանակատեղին և մարտահրավերի փողեր հնչեցրեց։ Նրան չպատասխանեցին։ Այդժամ նա զբաղեցրեց շրջակայքի բոլոր բարձունքները, դրանց վրա ամրություններ կառուցեց, ապա այդ ամենը միացրեց իրար լայն խրամատով։ Պոմպեոսի մեծաքանակ հեծելազորն այլևս չէր անհանգստացնի պարենի մեկնող իր ջոկատներին, բացի այդ, պաշարման լուրը բարոյապես կընկճեր Պոմպեոսի դաշնակից թագավորներին ու սատրապներին։

Պոմպեոսի ճամբարը մի բարձր բլրի վրա էր, որի արևելյան լանջը հասնում էր ծովին, և նավատորմը պարեն էր հասցնում նրան։

Կեսարն ամեն օր բանակը հանում էր ճամբարից և մարտաշարքի բերում։ Դա գրգռում էր պաշարվածներին, և Պոմպեոսը կարգադրեց ամրություններ կառուցել հակառակորդի ամրություններին զուգահեռ։ Դրանք միմյանց այնքան մոտ էին, որ պահակները կարող էին նիզակահարել միմյանց աշտարակների վրայից։

Պոմպեոսը մտադիր չէր պատերազմի ելքը վճռել մի գլխավոր մարտում, և կամենալով համբերությունից հանել նրան, Կեսարը հարձակումներ էր գործում նրա դիրքերի վրա, ասպատակում նրան ենթարկվող նավահանգիստները։

Պաշարման երրորդ շաբաթվա վերջում Կեսարի բանակում պարենի պակասություն զգացվեց։ Գյուղեր մեկնած ջոկատները վերադառնում էին ձեռնունայն, քանի որ Պոմպեոսը նախապես թալանել էր այդ մարզերը։ Բայց դա չէր կոտրում պաշարողների կամքը։ Նրանք ամենևին չէին խորշում գարի ուտել, հետո ինչ-որ արմտիք գտան, որ կոչեցին հարա, և դրանով թեթևացնում էին քաղցը։ Այդ արմտիքից սկսեցին հացի նմանվող ինչ-որ բան թխել։ Ու երբ պաշարվածներն աշտարակների վրայից ծաղրում էին նրանց արմտիքով սնվելու համար, պատասխանում էին, թե ծառի կեղև էլ կուտեն, բայց Պոմպեոսին բաց չեն թողնի։ Նրանք հրճվում էին, իմանալով, որ հակառակորդի բանող անասունները խոտի բացակայության պատճառով սատկում են, որ նժույգներին կերակրում են հազիվհազ և որ անտանելի մի գարշահոտություն է տիրում ճամբարում, որից շատերը հիվանդանում են։

Երկու ամրությունների միջև, անմիջապես ծովի մոտ, անտառածածկ վայրում մի հին ու կիսավեր բանակատեղի կար, ուր Պոմպեոսի զինվորները երբեմն-երբեմն հողային ինչ-որ աշխատանքներ էին կատարում։ Մի օր էլ հետախույզները լուր բերին, որ թշնամու մեկ լրիվ լեգեոն ծածուկ պատսպարվել է այնտեղ։ Կեսարն այդ ճամբարից ոչ հեռու մի նոր զորակայան հիմնեց, ապա, գիշերով, թշնամուց գաղտնի, երեսուն կոհորտա փոխադրեց այնտեղ։ Ու մթնշաղի հետ հանկարծակի գրոհեց ճամբարը։ Թեև այն պաշտպանված էր ցցավոր խոր փոսերով ու բարձր արգելապատնեշով, նրան հաջողվեց խուժել ճամբար։ Կոհորտաների աջ թևը կամենալով գրոհել ճամբարի մյուս ելքը՝ բաժանվեց մնացյալ զորքից ու մթության մեջ շփոթելով հիմնական ամրությունը ճամբարի պատի հետ՝ հողով լցրեց խանդակները և խուժեց հակառակորդի տարածք։ Նրանց հետևեց ողջ հեծելազորը։ Հազիվ էին նրանք գիտակցել իրենց սխալը, երբ առջևից աղմուկ լսեցին, ապա կիսախավարի մեջ նշմարեցին Պոմպեոսի մեծաքանակ հեծելազորը, որ օգնության էր շտապում յուրայիններին։ Երկյուղելով կորցնել ետդարձի ուղին՝ կոհորտաներն արագորեն նահանջեցին և խառնաշփոթի մեջ ընկնում էին ցցավոր փոսերի մեջ ու խեղվում։ Խուճապը հետզհետե տիրում էր նրանց և, որքան թշնամական հեծելազորը մոտենում էր, այնքան նրանց շարքերն ավելի էին խառնվում։ Պոմպեոսի մեկուսացած լեգեոնը, որ կուչ էր եկել ճամբարի մի անկյունում և դիմադրում էր հուսահատ, յուրայինների փողկանչն առնելով՝ թևավորվեց ու անցավ հակագրոհի։ Խուճապը փոխանցվեց ճամբարը գրոհող կոհորտաներին ևս, ու եղավ մի պահ, որ Կեսարի բանակը սկսեց փախչել գլխապատառ։ Պոմպեոսի հեծյալները, որ կրնկակոխ հետևում էին նրանց, սպառնում էին խուժել զորակայան։ Կենտուրիոնների ջանքերը՝ կանգնեցնել փախչողներին և հեծելազորին դիմագրավելու համար շարքեր կազմել մուտքերի մոտ, արդյունք չէին տալիս, քանի որ ոչ ոք չէր լսում նրանց։ Մի ոչ լրիվ մանիպուլ դիրք էր բռնել արևելյան դարպասի մոտ և համառորեն դիմադրում էր։ Հաջորդ պահին հեծելազորը նրանց առավ իր մեջ, և մանիպուլը ցրիվ եկավ. քչերը փրկվեցին։

Կեսարը սոսկումով նայում էր այս ամենին և տեսարանից ցնցված՝ հավաքի փողկանչ հնչեցրեց։ Երեք-չորս տասնյակ զինվորներ խմբվեցին նրա շուրջը, բայց մյուսները, մահվան սպառնալիքից իրենց կորցրած՝ բոլոր կողմերից լցվում էին սեփական ճամբար։ Փախչողների մեջ նկատելով դրոշակակրին՝ Կեսարն իր մարմնով փակեց նրա ճամփան և ցասումով կարգադրեց դառնալ դեպի թշնամին։ Բայց սա այնպես էր երկյուղել, որ ինքնամոռացության մեջ մերկացրեց սուրը և կխոցեր իմպերատորին, եթե վրա հասած զինակիրը չկտրեր նրա ձեռքը։

Ոգևորելով զինվորներին՝ Կեսարը, դրոշը վեր պարզած, նրանց տարավ թշնամուն ընդառաջ։ Իմպերատորին նկատողները շփոթահար կանգ էին առնում և մտնում շարքերի մեջ։ Կեսարին հաջողվեց ետ մղել ճամբարի գլխավոր մուտքը գրոհող հեծյալներին, բայց մյուս մուտքերի մոտ առաջվա պես խուճապ էր տիրում, և հակառակորդի հեծյալ վաշտերը, լուրջ դիմադրության չհանդիպելով՝ արդեն մտնում էին զորակայան։ Երբ Կեսարին բերին այս լուրը, նա հուսահատվեց և, անկարող այլևս որևէ բան անել, արդեն հաշտվում էր կործանման մտքի հետ, երբ, ո՜վ զարմանք, հանկարծ Մագնիայի ճամբարից նահանջի փողկանչ հնչեց. հեծելազորը, որ հասել էր վրաններին, հնազանդորեն ետ քաշվեց։

Կեսարն այլայլված հետևում էր նրանց, իսկ երբ բանակները փակվեցին ճամբարներում, սահմռկեցուցիչ տեսարան բացվեց նրա առաջ. մարտադաշտն ամբողջությամբ ծածկված էր իր զինվորների դիակներով։ Խորին հուսալքություն համակեց նրան, և մեկուսանալով վրանում՝ ոչ մեկին չընդունեց։

Նա անզգա տարածվել էր արշավային մահճակալին և ուշքի չէր գալիս ճակատագրի անողոք հարվածից։ Ամեն ինչում նա մեղադրում էր իրեն. բազում հաղթանակներից թևավորված՝ նրան թվացել էր, թե ինքն անպարտելի է, և դարձել էր ինքնավստահ ու անհաշվենկատ։ Աստվածների դեմ նա ոչինչ չուներ, ավելին, երախտապարտ էր, որ փրկեցին իրեն կործանումից։

Նա գլուխ էր ջարդում և ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ թշնամու հեծելազորի նահանջի պատճառը։ Ինչո՞ւ Մագնիան այդպես վարվեց։ Գուցե նա երկյուղո՞ւմ էր խորամանկորեն սարքված ծուղակից, թե՞ առաջնորդվեց համաքաղաքացիների հանդեպ ունեցած կարեկցանքով։ Բայց մի՞թե Պոմպեոսը չգիտեր, որ մերժելով հաշտության իր առաջարկները՝ պատճառ է դառնալու անհամար զոհողությունների։

Կործանումից փրկվելը նրան քիչ էր մխիթարում, քանզի չգիտեր ինչ աներ այսուհետ։ Այսպես անփառունակ հայրենիք վերադառնալ նա չէր կարող, բացի այդ, բավական էր ինքը հեռանար Հունաստանից, Մագնիան կարճ ժամանակում իր դրոշի տակ կմիավորեր ասիական թագավորների բանակները։ Եվ ոչինչ իրեն չէր փրկի կործանումից։

Նա գլուխը թաղեց բարձերի մեջ և փորձեց ոչ մի բանի մասին չմտածել։ Բայց դա անհնարին էր. իր զինվորների դիակներով ծածկված հովիտն էր նրա աչքերի առաջ։

Պոմպեոսի ճամբարից ուրախ խրախճանքի ձայներ էին հասնում։ Նա վեր թռավ ցնորվածի պես ու ատամները սեղմած՝ նայում էր խավարի մեջ առկայծող կրակներին։ Նրա մագաղաթագույն դեմքը կնճռոտվել էր ցասումից, աչքերը վրեժխնդրություն էին ճառագում։

«Օ՜, Նեմեսիս, դո՛ւ, որ իմաստավորում ես կյանքը սուրբ վրեժի հույսով,— շննջաց նա, բռունցք արած ձեռքերը վեր պարզելով,— ահա՝ երդվում եմ քո առաջ. ես կոչնչացնեմ այդ պիղծ բանակը, ցիրուցան կանեմ այն աշխարհով մեկ և կսրբեմ պարտության խայտառակությունն իմ անվան վրայից»։

Ապա նա արագ քայլերով հեռացավ լուսամուտից և թափառ մտքերն ի մի բերելով, նստեց սեղանի առջև։

Ինչո՞ւ է ինքը համառորեն շարունակում մնալ Դիրաքիոնում, երբ Մագնիան աջակցություն է ստանում ծովից, իսկ ինքը, որ պաշարողն է, ավելի շատ զրկանքներ է կրում. իր զինվորները հյուծվում են թերսնումից, մինչդեռ Պոմպեոսը պարենի պակասություն չի զգում։ Եվ մի՞թե այդքան դժվար էր հասկանալ, որ Պոմպեոսը խորամանկում է. թույլ տալով պաշարել իրեն՝ կամենում է մանր-մունր ընդհարումներով ջլատել ախոյանին։ Բայց ինչպե՞ս հեռացնել նրան ծովից և քաշել ցամաքի խորքը։ Նա գլուխն առավ ափերի մեջ և սևեռուն հայացքով մի կետի էր նայում։ Հանկարծ նա հիշեց Սկիպիոնին, որ մակեդոնական լեգեոնների հետ գալիս էր Պոմպեոսին օգնության։ Նրա գունատված դեմքը կենդանություն ստացավ և նա կառչեց այդ մտքից, ինչպես ծովում խեղդվողն է կառչում փրկօղակից։ Իսկ եթե վաղը ևեթ ընդառաջ գնա՞ Սկիպիոնին. Պոմպեոսն աներոջը չի թողնի վտանգի մեջ և կհետևի իրեն։

Այս մտքից բոլորովին կերպարանափոխված՝ նա ձայնեց Ափրոկլեսին և հրամայեց կանչել լեգատներին։

Գլուխ տասներորդ

Ադամալույսի հետ բանակը ելավ ճամբարից և ծովափնյա պաղ ավազը տրորելով՝ հեռացավ Դիրաքիոնից։ Զորագլխում նոր հավաքագրած լեգեոններն էին, երկատված հեծելազորը գալիս էր թևերից, սակրավորների, աղեղնավորների ու ծանրազեն հետևակի ստվար զանգվածն ուղեկցում էր գումակը։ Տասներորդ լեգեոնը թիկունքը պաշտպանում էր անսպասելի հարձակումներից։

Նրանք նահանջում էին որսորդ տեսած հովազի նման՝ պատրաստ ամեն վայրկյան դիմելու հակահարձակման։ Նրանց սրերը խփվում էին զրահներին, և երթն ընթանում էր անհամաչափ զրնգոցի ներքո։ Սպաների փետրազարդ սաղավարտներն անուրախ ծվում էին դանդաղ քայլերից, նիզակների ողորկ ծայրակալները շողարձակում էին արևի տակ. սև ագռավներ էին թևածում նրանց գլխավերևում։

Խոր աշուն էր, հնձած արտեր ու տերևաթափ այգիներ էին պատահում նրանց, ու ոչինչ չէին գտնում ուտելու։ Հունական շեները տեղյակ էին նրանց պարտությանը, և երբ պարեն էին խնդրում, նրանց ծաղրում էին, վախեցնում Պոմպեոսով. կրծած մրգեր էին նետում նրանց ճանապարհին և հրաժարվում հոգնած ձիերը փոխանակել նորով։ Կեսարը խուսափում էր ընդհարվել հույների հետ՝ չկամենալով նրանց գրգռել իր դեմ։

Կեսգիշերին մոտ, երբ կանգ առան հանգստանալու՝ խուլ դղիրդ հասավ նրանց։ Հետախույզներ ուղարկեցին, և նրանք լուր բերին, որ Մագնիան հետևում է իրենց։

Հաջորդ օրերին քայլելը հետզհետե դժվարացավ, շարքերը միախառնվեցին, ձգվեցին անկանոն ու նեղացան։ Հեծելազորը մերկացրեց երթի թևերը, գումակը ետ ընկավ զգալի։ Քաղցին միանալու եկավ սաստիկ հոգնածությունը, և ուժասպառ վետերաններն ուշաթափվում էին ճամփին։ Նրանք անգերազանցելի էին մարտում, բայց առաջացած տարիքի պատճառով ծանր էին տանում արշավանքի զրկանքները։ Կեսարը նրանց թույլատրեց ազատվել վահաններից։ Հիվանդների թիվն ավելանում էր. ստիպված եղան նրանց տեղավորել գումակի սայլերի վրա՝ սակրավորներին պարտադրելով տանել նրանց զենքերը։ Սրանք տրտնջում էին բեռի ծանրությունից, կենտուրիոններից թաքուն զենքերը տեղավորում էին հիվանդների կողքին, կախ գցում վրանների ծանրությունից կքած ջորիների մեջքից։ Նրանք, որ տարիքով էին, մտաբերեցին նահանջն Արտաշատից. վիրավորները շատ էին՝ խոցված թունավոր նետերից, և մեռնում էին սոսկալի տանջանքներից հետո. ձմեռ էր, խստաշունչ ձմեռ, որպիսին չէին տեսել մինչ այդ. փաթաթվել էին գորգերի, մորթե ծածկոցների մեջ և քաղցած էին, քանի որ Լուկուլլոսին հավատալով, շուտափույթ հաջողության հույսով գումակը թողել էին Տավրոսից այն կողմ։

Բայց անցյալը հիշելը չէր մխիթարում նրանց, չէր թեթևացնում հոգսերը։

Հետո ճանապարհն անցավ ամայի դաշտերով, ուր ջուր չկար, իսկ փոշին պարուրում էր նրանց այնպես, որ դժվարանում էին ճանաչել միմյանց։ Կանաչավուն որդեր էին վխտում նրանց ոտքերի տակ, որ տասնյակ հազարներով սողում էին դեպի հյուսիս և ճզմվելով՝ գարշահոտություն էին տարածում շուրջը։ Նրանց անդամները նվվում էին լարումից, հոդերը՝ խրշտում լսելի, և քայլում էին այնպես անհաստատ, ասես գոտկատեղից ցած փայտացած լինեին։ Գլուխը կրծքին հակած՝ նրանք քնում էին ընթացքում և շեղվում ճամփից կամ ընկնում ոտքի տակ։ Ջանում էին անզգայանալ, մոռանալ իրենց մարմինը, հեռավոր հուշերի էին փորձում տրվել, բայց փրկարար ինքնամոռացումը չէր տիրում նրանց։ Կայանատեղերում ընկնում էին կացնահար եղած ծառերի նման և այլևս անզոր լինելով շարժվել՝ քնում էին բեռան տակ, մեռելի պես։ Գինառատ խնջույքներ էին երևում նրանց երազում, հեքիաթային հովիտներ, ալեծածան արտեր ու մեգապատ ծովեր, իսկ առավոտյան սոսկալիորեն ծանր էր գիտակցել իրականության ողջ դառնությունը։

Անծանոթ խոտերով սնվելուց, հոգնածությունից, թե ուրիշ այլ պատճառներից՝ զարհուրելի մի հիվանդություն սկսվեց նրանց մոտ, որպիսին երևի թե չլիներ նույնիսկ դժոխքում։ Հիվանդությունն այդ սկսվում էր հանկարծակի, գլխի սաստիկ տաքությամբ, աչքերը բորբոքվում էին և հետզհետե կարմրում, կոկորդը սևանում էր ու ողողվում սև արյունով։ Խոցեր էին սեղմում ձայնուղին և փակում այն, լեզուն ուռչում էր և դառնում ծանր, անշարժ ու պինդ։ Հետո հիվանդությունը կոկորդով իջնում էր ցած և շրջապատում կուրծքը։ Անդամները սկսում էին փայտանալ, հոդերը թուլանում էին, և հիվանդը հյուծվում էր, ջլատվում։ Բոցավառված հնոցի պես նրանց տանջում էր ներքին մի ջերմություն, և նրանք սառնություն ու թարմ օդ էին որոնում։ Նրանք տոչորվում էին ծարավից, հորդառատ անձրևը ցող էր երևում նրանց։ Եվ փորձում էին բացատրություն գտնել այս ամեն տառապանքների համար, գլուխ էին ջարդում հասկանալու համար, թե իրենց որ արարքով են արժանացել աստվածների զայրույթին։ Բայց երկար չէր տևում նրանց չարչարանքը, քանի որ երրորդ կամ չորրորդ արեգակի հետ առհավետ դադարում էր վառվել նրանց կյանքի ջահը։ Թույլերը փրկվում էին այսպես, իսկ մարմնով ուժեղներին սպասվում էին նոր տանջանքներ, քանի որ հիվանդությունը սկսում էր տարածվել մարդու բոլոր անդամներում. շատերը մոտիկ մահից խուսափել ցանկանալով՝ կտրում էին իրենց ձեռքը, ոտքը, առնանդամը, հանում բորբոքված աչքը, մյուսներն ահեղ մահվան երկյուղից մոռանում էին անցյալը և դադարում ճանաչել նույնիսկ իրենց։ Նրանք անուժ էին ինքնասպան լինելու համար և աղաչում էին մտերիմներին ազատել իրենց սոսկալի տանջանքներից։ Մերժվելով՝ ամենքից թաքուն նետվում էին զառիթափերից, պառկում սայլերի անիվների տակ։ Սկզբում նրանց այրում էին, ինչպես պատշաճ է զինվորներին, բայց հետո դիակներն այնքան շատացան, որ մյուսներին չհուսալքելու համար գիշերը դրանք հեռացնում էին կայանատեղերից ու ծածկում խաշամով։

Չկար այլևս նախկին խանդավառությունը, որ ունեին Բրունդիզիոնում, և ուզում էին պառկել ու չշարժվել այլևս, բայց ամաչում էին իմպերատորից, որ անտրտունջ տանում էր բոլոր դժվարությունները, քայլում էր իրենց կողքին՝ գլխաբաց, քրտինքից խունացած հագուստով, փոշեկոլոլ, քնում էր իրենց հետ և ուտում այն, ինչ իրենք էին ուտում։ Իսկ նա քաջալերում էր զինվորներին՝ ասելով, թե հարկ չկա ընկճվելու, ընդհակառակը, պետք է շնորհակալ լինել աստվածներին, որ անկորուստ գրավեցին Իտալիան, ապա նվաճեցին Իսպանիան, բարեհաջող ափ իջան Ապոլոնարիումում և, վերջապես, եթե հաջողությունը երբեմն երես է թեքում՝ ճակատագրին օգնել է պետք անձնական ջանքերով։

Դիրաքիոնից դուրս գալու տասներկուերորդ օրը նրանք պատահեցին վճիտ մի գետակի։ Կենտուրիոնների հրահանգին չսպասելով՝ զինվորները նետեցին վահանները, տեգերը, պսակազարդ արծիվները, ոտքերից շպրտեցին կալիգաները և հրմշտոցով լցվեցին ջուրը։ Խմում էին սաղավարտներով, փորի վրա պառկած, ջորիների հետ միևնույն տեղից։ Ոմանք հանվել ու լվանում էին հոտել սկսող մարմինները։ Հիվանդ մի զինվոր աղաղակում էր, թե նախորդ գիշեր սուրբ է երևացել իրեն ու հայտնել, թե պատահելու են ջրի և օծվելով՝ ապաքինվելու են։ Ու հիվանդները միմյանց ոտնատակ տալով թափվում էին գետը, բոլորովին ընդարմացածները թախանձագին աղերսում էին օգնել իրենց։

Հագենալով ու մաքրվելով՝ նրանք պառկեցին արևի տակ՝ ավազի վրա ու դեղնած խոտերին։ Հանկարծ զարմանքով նկատեցին, որ դղիրդը չքացել է։ Տիրեց ծանր, սոսկալիորեն համր լռություն։ Մի քանիսը հեռացան, որպեսզի գետի խշշոցը չխանգարեր, և ականջը հպեցին գետնին։ Դղիրդն իսկապես չկար։ Նրանց սարսափ տիրեց, նրանց համար այդ լռությունը վտանգավոր էր ամեն տեսակ աղմուկից, քանի որ հայտնի չէր, թե ուր է թշնամին, ինչ է ձեռնարկում նա և որ կողմից է հարկավոր սպասել վտանգին։ Տանջալի այս անորոշությունը վհատեցրեց նրանց, կենտուրիոններից մի քանիսն սկսեցին տրտնջալ, ուժասպառ հետևազորն առաջարկում էր ամուր ճամբար կառուցել և Մագնիային սպասել գետի մոտ։ Կեսարը դժվարությամբ նրանց համոզեց շարժվել առաջ։ Թեև հետախույզները հավատացնում էին, որ ո՛չ առջևում, ո՛չ թևերում հակառակորդի ջոկատներ չկան, նրանք առաջանում էին մեծագույն զգուշությամբ, նրանց երկյուղած աչքերն ամենուր դարանակալ կերպարանքներ էին փնտրում, հորիզոնի վրա ընդգծված միայնակ ծառերը նրանց թշնամու հետախույզներ էին թվում, իսկ տերևազուրկ, նոսր անտառները՝ մարտաշարք կազմած լեգեոններ։ Կայանատեղերում նրանք կպչում էին գետնին և սսկվելով՝ ականջ դնում։

Տասնյոթերորդ օրը նրանք դեմ առան Գոմփոս քաղաքի պարիսպներին։ Պատգամախումբ ուղարկեցին քաղաք՝ խոստանալով թողնել-հեռանալ, եթե իրենց մեկ օրվա պարեն տան։ Հույները նրանց առջև չբացեցին դարպասները և աշտարակներից պատասխանեցին, թե ոչինչ չունեն խայտառակված բանակի համար և որ գերադասում են Պոմպեոսի հետ կիսել հաղթանակները, քան Կեսարի դժբախտության ընկերը դառնալ։ Այդժամ հռոմեացիք առաջարկեցին գնել պարենը՝ վճարելով ոսկեզօծ սրերով ու արծաթե դիմակալներով։ Կրկին մերժվելով՝ նրանք մի քանի պտույտ գործեցին քաղաքի շուրջը և այն ամրացված գտնելով՝ եզերեցին կրկնակի խրամատով ու բանակ զարկեցին։

Գոմփոսցիները պարիսպների վրայից ծաղրում էին նրանց, հետո նրանց ջգրու խրախճանք սարքեցին աշտարակների վրա ու դիտանոցներում։ Հռոմեացիք փորձում էին ուշք չդարձնել, բայց երբ խորովածի անուշ բուրմունքը տարածվեց հարթավայրի վրա, իսկ գինին առվակներով հոսում էր պատերի վրայով ու թշշալով ներծծվում պապակ հողի մեջ՝ նրանց համբերությունը սպառվեց, մոլեգնած դեսուդեն ընկան, նժույգների ագիներից հապճեպորեն կատապուլտ սարքեցին և օձերով, կարիճներով ու գրաստների արտաթորանքով լեցուն զինվորական կաթսայիկներ նետեցին պարսպից ներս։ Ուր էր, թե պարսպակործան մի մեքենա ունենային, մի բաբան, թեկուզ մի օնագր։ Եվ սակրավորներն անօգնական պտտվում էին քաղաքի շուրջը, ինչպես աղվեսն է պտտվում փշեկծիկ ոզնու բոլորտիքը՝ անզոր որևէ բան անելու։ Մի քանի խիզախներ ծածկվելով վահաններով՝ փորձեցին ելնել պարիսպներին, բայց հրակնատներից ու աշտարակներից տաք կպրահեղուկ թափեցին նրանց վրա։

Մի կերպ հանգստացնելով զորքին՝ Կեսարը նրանց քաղցը մեղմելու համար կարգադրեց մորթել գումակի ջորիներից մի քանիսին, որոնց միսը զինվորները կերան զզվանքով։

Կեսգիշերն անց Կեսարն արթնացավ անսովոր աղմուկից. վրանը տարուբերվում էր սաստիկ քամուց, բոլոր կանթեղները մարել էին, երկինքը որոտում էր հաճախակի և այնպես ուժգին, ասես լեռներ էին փլվում։

Նա դուրս նայեց լուսամուտից, բայց թանձր խավարի մեջ ոչինչ չզանազանեց։ Նա կամենում էր ձայնել ծառային, բայց այդ միջոցով ներս մտավ Անտոնիոսը՝ անձրևապաշտպան թիկնոցի մեջ փաթաթված. ջուրը նրա վրայից հոսում էր առատ շիթերով։

— Ամեն ինչ արվել է, ինչպես կարգադրել էիր, Կեսա՛ր,— զեկուցեց լեգատը՝ ետ գցելով կնգուղը։— Բանակը ոտքի է հանված, հետախույզները մոտենում են պարսպին և եթե աստվածների ողորմածությամբ նրանց հաջողվի աննկատ պարանասանդուղք նետել...

— Ինչի՞ մասին ես խոսում, Մարկո՛ս,— Կեսարը զարմանքից ուսերը թոթվեց։— Ո՞վ է կարգադրել բանակը ոտքի հանել. ինչ-որ չեմ հասկանում քեզ։

Անտոնիոսը շփոթված նայում էր իմպերատորին։

— Ինչպե՞ս թե ով,— կմկմաց նա։— Դո՛ւ ինքդ։

Այստեղ նա կնճռոտվեց ու ոչինչ չտեսնող հայացքով Կեսարի ուսի վրայից նայեց հեռուն։

— Մի՞թե տեսիլք էր,— խոսեց նա ինքն իր հետ։— Բայց ո՛չ, չի՛ կարող պատահել։

Եվ հայացքը բերելով իմպերատորին՝ շարունակեց.

— Քառորդ ժամ առաջ իմ վրանը եկավ մի զինվոր և ասաց, թե դու վճռել ես մթան քողի տակ գրոհել քաղաքը և որ ես պարիսպների մոտ հետախույզներ ուղարկեմ։

— Ինչպիսի՞ տեսք ուներ նա,— հարցրեց Կեսարը զարմանքով։

— Ավազագույն աչքեր ուներ, հագուստը պատած էր արծաթով, ագաթով ու նեֆրիտով, իսկ շարժումները կտրուկ էին, խոսքը՝ հատու։ Հիմա, երբ մտաբերում եմ, նրա տեսքը կասկածելի է թվում, բայց այն ժամանակ նա ինձ անսահման վստահություն էր ներշնչում... բայց, սպասի՛ր, Կեսա՛ր, նա կրում էր քո մատանին, հենց դա, որ հիմա քո մատին է։

Անտոնիոսի ակնագնդերը պտտվեցին խոռոչներում։

— Դու չե՞ս շփոթում,— հարցրեց իմպերատորը ապշած։

— Ո՛չ, Կեսար, ես այն տեսա, ինչպես տեսնում եմ այժմ։

Կեսարին անբացատրելի դող համակեց, և նա ստեպ-ստեպ մատանուն էր նայում։

— Բայց ես կզարթնեի, եթե փորձեին հանել այն,— ի վերջո արտաբերեց նա։

— Գուցե աստվածությո՞ւն էր, իմպերատոր,— շշնջաց Անտոնիոսը երկյուղած։— Գուցե Վեներա՞ն էր, որ հովանավորում է քեզ, ընդունել զինվորի կերպարանք. չկա ոչինչ անհնարին նրանց համար։

Վրանում լռություն տիրեց, որը խախտեց Անտոնիոսը.

— Բայց ինչ էլ լինի, Կեսա՛ր, մերոնք արդեն պարիսպների տակ են, և ես սպասում եմ ազդանշանի։

Գոմփոսի կողմից շնագայլի կաղկանձ հիշեցնող ձայներ լսվեցին։

— Ահա՛ և այն։ Աստվածները բարեհաճ են. հետախույզներին հաջողվել է պարաններ նետել պարիսպների վրա ու հիմա նրանք սպասում են քո հրամանին։

Նրանք դուրս եկան վրանից։

Շատ չանցած՝ ճամբարի արևելյան դարպասից մեկը մյուսի ետևից դուրս եկան մթաթույր թիկնոցների մեջ քողարկված մանիպուլներ։ Քամին ուռեցնում էր նրանց թիկնոցներն առագաստների նման, անձրևը շփում նրանց դեմքին, և նրանք քայլում էին գլխահակ։ Թանձր խավարի մեջ նրանք ոչինչ չէին տեսնում և առաջանում էին կույրի պես՝ չրմփացնելով ջրափոսերի մեջ կամ բախվելով չորացած ծառաբների։ Նրանց ոտքերի տակ տարափից ծնված առուներ էին հոսում։ Երկինքը որոտում էր ստեպ-ստեպ ու երբ ոսկեփայլ բեկյալը թրատում էր խավարը, նրանք նստում էին և դեմքը ծածկում թիկնոցով։ Բարեհաջող մոտենալով դարպասներին՝ նրանք անաղմուկ ելան պարսպի վրա և կոտորեցին դիտանոցներում ննջած բերդականներին։ Հետո նույնպես աննկատ իջան քաղաք, բայց, ի զայրույթ իրենց, դեմ առան լայն ջրափոսի, որից այն կողմ աղոտ նշմարվում էր երկրորդ պարսպի մռայլ ուրվագիծը։

Անձրևը սաստկանում էր։ Զենքերը բարձր պահած՝ նրանք մտան ջուրը, բայց ընկան ծուղակների մեջ. դրանք կենտրոնում սրածայր գերան ունեցող ոչ խոր փոսեր էին, որոնց հույները զանգակ էին կոչում։ Վիրավորների կանչերի հետ ներքին պարսպի կողմից տագնապի փողեր հնչեցին։ Նետերի ու քարերի տարափ տեղաց նրանց վրա, իսկ նրանք վահաններով պատսպարվելով՝ ետ գցեցին արտաքին պարսպի փականքները, և ներս խուժած բանակը հապճեպորեն խանդակը լցրեց հողով, ծուղակներից հանված գերաններով ու բերդականների դիակներով։ Հրակնատներից նրանց վրա կպրահեղուկ էին թափում, բայց այն, ողողվելով անձրևաջրով, պաղում էր և չէր այրում նրանց թաց հագուստները։ Բերդականները փորձեցին կրակ վառել աշտարակների ծածկի տակ, բայց քամին մարեց այն։ Դիտանոցներից ջահեր բերին, բայց դրանք ևս հանգան, որքան էլ բերդականները պատսպարում էին թիկնոցով։ Հրձիգ նետեր արձակվեցին, բայց դրանք անզոր էին ցրել խավարը։

Շանթի բեկյալը մի պահ պատռեց խավարի կուրծքը, և լուսառատ ակնթարթի մեջ նշմարվեցին գլխիվայր ընկնող մարդկային կերպարանքներ, խեղված դիակներ, գետնատարած վիրավորներ, աստիճաններով վեր մագլցող մերկազդր լեգեոներներ ու պարսպի վրա միմյանց խողխողող խառնիճաղանջ բազմություն։ Հարթավայրը վերստին թաղվեց խավարի մեջ։ Անձրևը մոլեգնում էր, ոչինչ չէր երևում, բերդականները կուրորեն նետահարում էին խավարը, թշնամու տեղ ընդունելով՝ թրատում էին միմյանց, իսկ հռոմեացիք բոլոր կողմերից ելնում էին պարիսպների վրա։

Լուսաբացի հետ նրանք մտան քաղաք ու գոմփոսցիներին փողոտելով՝ խելացնոր վազվզում էին փողոցներում, միմյանց հրմշտելով խցկվում տները։ Նրանց աչքին չէր երևում ոչ հարստություն, ոչ գեղանի կին ու պատանի. ամենուր սնունդ էին փնտրում ու տանտերերին կոտորելով՝ նետվում էին դեպի մառանները։ Նրանք ուտում էին առյուծի պես, փորի վրա պառկած, դիակների ու արյան լճակների հարևանությամբ. ամենքի մոտ մսակտորների, ապխտած ձկան ու մրգերի հսկա բլուր կար։

Երբ անձրևը դադարեց՝ նրանք դուրս հանեցին իրենց ավարը և անվերջանալիորեն երկար խնջույքի սեղան գցեցին փողոցներում ու հրապարակներում։ Քաղաքապետարանի նկուղներում պրպտուն գալլիացիները գինու խոշոր պաշար գտան, և զորքը տրվեց խրախճանքին՝ մոռացած և՛ վտանգ, և՛ կայսր, և՛ Կեսար։ Չէր խմում միայն իմպերատորը, որ ուրվականի նման շրջում էր պարիսպների վրա, այդտեղ էլ ընդունելով հետախույզների զեկույցները։

Միջնաբերդում պատսպարված հույները երկյուղածությամբ ծիկրակում էին հրակնատներից, այնինչ նրանց վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում. զորքը հասել էր իր գերագույն նպատակին և սնվում էր անպատմելի գոհունակությամբ։ Երբ գինովացան, մերկ կանայք սկսեցին երևալ նրանց աչքերին, նրանք չտեսի նման պտտվում էին կարիատուհիների շուրջը և գորովանքով փարվում սառն արձաններին։ Նրանց միտն եկան իրենց կանայք ու սիրուհիները, և երանությամբ հիշեցին Գայոս Կոտտայի իմպերատորությունը, երբ բանակից անբաժան էին պառկած մարտնչող կոհորտաները, ինչպես իրենք կոչում էին պոռնկանոցը։ Հետո քնեցին բաց երկնքի տակ՝ փողոցներում ու հրապարակներում, կռթնած՝ սեղաններին կամ մեկնված վահանների վրա։

Առավոտյան վետերաններից մեկը միջնաբերդի պարիսպների վրա տեսավ Կալիմաքոսին, այն նույն մեխանիկ Կալիմաքոսին, որ Միհրդատի համար զարմանահրաշ մեքենաներ ստեղծելով՝ մեծ անախորժություններ էր պատճառել իրենց պոնտական պատերազմի ժամանակ։ Գրգռված զորքն անմիջապես պաշարեց միջնաբերդը և սուրը վահանին զարկելով՝ պահանջեց հանձնել Կալիմաքոսին՝ սպառնալով փորել ամրոցի տակն ու կործանել այն։ Իսկ պարիսպների տակ երեկվա ուժասպառ ու վհատված բանակը չէր. նրանք կազդուրվել էին երկարատև սովահարությունից հետո, նրանց պիրկ մկանները գալարվում էին շարժումներից, նրանց աչքերը փայլում էին ինչպես զույգ արեգակներ և նրանք դոփում էին այնպես ուժգին, որ ճոճվում էին միջնաբերդի աշտարակները։ Բայց երբ Կալիմաքոսը կամովին հանձնվեց, և նրանք իրենց առջև տեսան դողդոջուն մի ծերունու, խիղճը գլուխ բարձրացրեց նրանց հոգում և արձակեցին մեխանիկին, իսկ հույներին թույլատրեցին վերադառնալ իրենց տներն ու թաղել զոհվածներին։ Հետո մեծագույն զարմանքով և անսահման ուրախությամբ նկատեցին, որ հիվանդներն ապաքինվել են գինուց։

Երբ հիշողություն դարձան ուժասպառությունն ու սովը, վիրավորված պատվախնդրությունը սկսեց տանջել նրանց. նրանց երակներում նորից եռաց արյունը, և մեծաթիվ խմբերով գնացին իմպերատորի մոտ ու սրերն արևի տակ շողացնելով՝ պահանջեցին առաջնորդել իրենց Պոմպեոսի դեմ. այլ բան լսել նրանք չէին կամենում։ Այդ նույն միջոցին հետախույզները լուր բերին, որ Մագնիան գալիս է դեպի Գոմփոս։

Կեսարը բանակը դուրս բերեց քաղաքից, բայց չգնաց Պոմպեոսին ընդառաջ, այլ շարունակեց առաջանալ դեպի հյուսիս և մեկօրյա երթից հետո մտավ Փարսալի հարթավայր։

Հաջորդ օրն այստեղ հասավ նաև Պոմպեոսի բանակը։

Գլուխ տասնմեկերորդ

— Երկնային բոլոր նշանները դեմ են հարձակումին, իմպերատո՛ր։ Երեկ բռնկվել են գիշերապահների սլաքները, վահանները հանկարծակի ներկվել են արյունով, կայծակը չորս զինվոր է սպանել, երկնքում այրվող քարեր են երևացել, իսկ գիշերը երկու լուսին է հայտնվել միանգամից։ Սիբիլյան գրքերն այս առիթով եռօրյա աղոթք են սահմանում, հարկ կլինի նաև պատգամախումբ առաքել Դելփիք՝ պարզելու, թե ինչ է հարկավոր նվիրաբերել Ապոլոնին, որպեսզի նա այս դժվարին պահին պահպանի մեր հոգու արիությունը և մտքի կայունությունը։ Մենք պիտի սակրա խոստանանք Մարսին և Վեներային, որպեսզի նրանք բարեհաճ լինեն մեր հանդեպ առաջիկա օրերին։

Հավգուրների զգուշացումը չէր կարող ուրախացնել Կեսարին, և նա նկատելի մռայլվեց։ Ներքին մի ձայն նրան հուշում էր, թե մարտի հետաձգումը ոչ մի լավ բան չի բերելու իրեն, ու թե հաղթելու է, ապա միայն այսօր։ Բայց անչափ մեծ էր մարտի նշանակությունը, և նա չէր կարող բախտը փորձել առանց աստվածների ողորմածության։

Զորապետերը լուռ նստած էին իմպերատորական վրանի երկայնքով և անհամբերությամբ սպասում էին նրա վճռին։ Ճամբարը վաղուց ոտքի վրա էր, և դրսից անկանոն անցուդարձի ու խոսակցության աղմուկ էր հասնում։

Կեսարը մեկ րոպեի չափ մտախոհ քայլեց վրանում, ապա հարցրեց հարուսպիկների կարծիքը։ Խոսեց նրանցից ավագը՝ հայտնելով, որ զննումները վիճակի կտրուկ փոփոխություն են ակնկալում. բարին են նախորոշում, թե՞ ոչ՝ միայն Կեսարը կարող է պատասխանել. եթե ներկա վիճակը բարենպաստ է իր համար, թող անհաջողություն սպասի, եթե ոչ՝ հաղթանակ։

Այդ միջոցին վրանից դուրս սմբակների դոփյուն լսվեց, և ներս մտած հետախույզները լուր բերին, որ հակառակորդը մարտաշարքեր է կազմում և որ Մագնիայի հեծելազորն առաջացել է մեկ մղոնի չափ։

— Աստվածները տեսնում են, թե ով է մարտը սկսում,— գոչեց Կեսարը ոգևորված։

Զորապետերը փութով ելան վրանից։ Սկզբում ռազմերթի խուլ դղիրդը հասավ նրանց, ապա սաղավարտներ փայլեցին հորիզոնի վրա և այն վարդագունվեց՝ ինչպես մայրամուտի ժամանակ։ Պոմպեոսի քառասուն հազարանոց բանակը դանդաղ ու անշտապ տարածվում էր հարթավայրի վրա։ Կոհորտաները, իսկ դրանք հարյուր վաթսունն էին, նմանվում էին բազմաձեռ ու բազմաոտ առասպելական փշե արարածների, որ առաջանում են սոսկալի դղրդյունով։

Նրանք իրենց դիմաց առաջին անգամ էին հռոմեական մեծաթիվ ու կանոնավոր բանակ տեսնում և նրանց համար տարօրինակ էր, որ թշնամին զորաշարժում էր ճիշտ այնպես, ինչպես դա կանեին իրենք։ Մինչ նրանք մոլորված նայում էին՝ հակառակորդը մոտեցել էր այնքան, որ շարքերի վերևում ծածանվող զինանշաններից կարելի էր կռահել, թե որ զորապետը որ մասում է կռվում։ Աջ թևում Պոմպեոսի գլխավորությամբ այն երկու լեգեոններն էին, որոնք կռվել էին Գալլիայում։ Կենտրոնում Բրուտոսն էր՝ Սիրիական լեգեոններով, ձախ թևը զբաղեցրել էր Ափրանիոսը՝ Իսպանական կոհորտաների հետ։ Մնացյալ առանձին կոհորտաներն ու հունական օժանդակ ջոկատները դասավորված էին թևերի ու կենտրոնի միջև, իսկ այդ ստվար զանգվածի թիկունքում, զորաշարքի ողջ լայնությամբ, երկու հազարի չափ վետերաններ էին՝ նրանք, ովքեր ծառայությունից հետո մնացել էին Հունաստանում։ Դասավորությունների աջ կողմն ամբողջությամբ պաշտպանված էր կտրտված ափերով մի գետակով, և ողջ հեծելազորը, նետաձիգներն ու պարսավորները հակադիր թևում էին։

— Վերջապես մենք կմարտնչենք մարդկանց, ոչ թե քաղցի ու կարիքի դեմ,— ասաց Կեսարը՝ հայացքը չկտրելով թշնամուց։ Ապա նա կարգադրեց ծիրանեգույն խիտոն բարձրացնել իր վրանի առաջ։ Ճակատամարտի նշանը տեսնելով՝ զինվորներն ուրախ կանչերով նետվեցին դեպի զենքերը։

Արագորեն շարելով զորքը՝ Կեսարը ձախ թևը, ուր Տասներորդ լեգեոնն էր, վստահեց Անտոնիոսին, Ռուֆիոնը երկու լեգեոնով պիտի կռվեր Ափրանիոսի դեմ, իսկ Օպիոսին բաժին հասավ Բրուտոսը։ Հեծյալները թվապես շատ անգամ զիջում էին հակառակորդին, և Կեսարը թեթևազեն հետևազորից հազար հոգու կարգադրեց կռվել նրանց շարքերի մեջ։ Երբ ամեն ինչ ավարտված էր, փողեր հնչեցին, ու թմբուկների զարկերի ներքո զորքը ծանրորեն հեռացավ ճամբարից։ Կեսարը միացավ Անտոնիոսին՝ նպատակ ունենալով Տասներորդ լեգեոնի կազմում կռվել անմիջապես Պոմպեոսի դեմ։

Պոմպեոսի զինվորները տեղյակ էին հակառակորդի սակավաթվությանը, բայց ստույգ տվյալներ չունեին, և այժմ իրենց առջև տեսնելով հազիվ քսան հազար հետևակ, որի դասավորությունը խորացնելու համար Կեսարը կոհորտաները շարել էր միմյանցից բավական հեռու, և ընդամենը մի քանի հարյուր հեծյալ՝ իրենց յոթ հազարի դիմաց՝ նրանց ոգևորությունն ավելի աճեց և անզուսպ ուրախությամբ համակված՝ շարքերում կատակում էին, թե չարժեր խղճուկ այդ ջոկատների համար առավոտ վաղ ելնել անկողնուց։ Նրանք արդեն ապրում էին հաղթանակի բերկրանքը, իրար մեջ բաժանում էին Կեսարի զորապետերի ունեցվածքը և յուրաքանչյուրն իրեն պատկերացնում էր մեծ կարողության տեր դարձած։ Նրանք ծառաներ ուղարկեցին ճամբար՝ տաղավարներում խնջույքի սեղան գցելու, որպեսզի մարտից հետո նշեն հաղթանակը։

— Նրանք ինքնավստահ են պարթևական կատաֆրակտոսների նման,— նկատեց Անտոնիոսը, որ նժույգի վրայից ուշադիր հետևում էր հակառակորդի ամեն շարժումին։— Իսկ հեծյալներն այնպես են պճնվել, ասես տրիումֆի են ելել։

Կեսարը չարձագանքեց. նրան բոլորովին այլ բան էր զբաղեցնում. Պոմպեոսն առաջ էր մղել իր հսկայաթիվ հեծելազորը, իսկ նրանց ետևից առաջանում էր նետաձիգների ու պարսավորների հսկա զանգվածը։ Նա ենթադրեց, որ Պոմպեոսը մտադիր է հարվածել իր աջ թևին, շրջանցել այն և խառնաշփոթ ստեղծելով թիկունքում՝ մարտի ելքը վճռել նախքան հիմնական ուժերի մոտենալը։ Նա ուշադիր զննեց հարթավայրը և համոզվելով, որ հեծելազորի առաջխաղացումն այլ նպատակ չէր կարող հետապնդել՝ կարգադրեց աջ թևում շարքերը նոսրացնել ու մեծացնել խորությունը, իսկ կոհորտաների երրորդ շարքին արգելեց առանց իր նշանի մարտի մեջ մտնել։

Նկատելով, որ պաշտպանությունը խորացնելու նպատակով հակառակորդի շարքերը ետ են քաշվում, Պոմպեոսը հրամայեց լայնացնել դասավորությունը։ Հեծելազորը կողմ քաշվեց, թիկունքից վեց կոհորտա արագ վազքով զբաղեցրին ազատված տարածությունը։ Այժմ նա ավելի արդյունավետ կօգտագործեր իր գերակշիռ ուժերը, մինչդեռ Կեսարը շրջապատումից խուսափելով՝ ստիպած եղավ կոհորտաների երրորդ շարքի հաշվին ընդլայնել ռազմի գիծը։

Հետևակ գնդերը միմյանցից հեռու էին ավելի քան կես մղոն, իսկ Պոմպեոսի հեծելազորն արդեն ընդհուպ մոտեցել էր հակառակորդի զորագլխին։

Հանկարծ Կեսարը Պոլիոնին կանչեց իր մոտ և ինչ-որ բան ասաց նրան։ Պոլիոնը սուրաց թիկունք և կենտրոնից վերցնելով մեկ լրիվ կոհորտա՝ փութով այն փոխադրեց աջ թևը և չորրորդ շարք կազմեց։

Կեսարը շրջում էր շարքերի միջով, քաջալերում զինվորներին, իսկ նրանք, որ կռիվ էին տենչում, ընդհատեցին նրան և պահանջեցին մարտի փողեր հնչեցնել։

Այդ միջոցին Պոմպեոսի այրուձին խելահեղ հողմի պես բախվեց Կեսարի հեծելազորին։ Մի քանի րոպե հավասար կռիվ էր գնում, բայց վերջիններս, որ քիչ էին թվապես, չդիմացան ահավոր ճնշմանը ու ետ ընկրկեցին։ Դա ոգևորեց հարձակվողներին և սրերը ճոճելով՝ մխրճվեցին հակառակորդի շարքերի մեջ։ Խոցվելով սրերից, հեռվից արձակված նետերից ու տապալվելով արճճե ու կավե գնդերի հեղեղից՝ Կեսարի հեծյալները ետ-ետ գնացին, ապա անկանոն նահանջեցին դեպի զորքի թիկունքը։

Երբ հաշված քայլեր էին բաժանում հետևակ գնդերին, Կեսարը հարձակման փողեր հնչեցրեց։ Հաջորդ վայրկյանին ռազմագծի ողջ երկարությամբ նրա զինվորները նետվեցին դեպի թշնամին։ Սակայն, ի զարմանք նրանց, այդ նույն պահին Պոմպեոսի հետևակը մեխվեց տեղում ու անշարժացավ։ Վազելով հարյուր կանգունի չափ, Կեսարի զինվորները կանգ առան և մոլորված մեկ թշնամուն էին նայում, մեկ իմպերատորին։ Իսկ թշնամին կանգնած էր անշարժ և կարծես թե առաջանալու միտք չուներ։ Հակառակորդի հապաղումը նկատելով՝ Կեսարը հասկացավ, որ նրանք մտադիր են շրջապատել իր զինվորներին և սպասեց, մինչև ետին շարքերը ևս առաջացան, ապա նոր միայն նշան արավ կենտուրիոններին։ Առաջին երկու շարքերն ահեղ գոչյունով մղվեցին առաջ, հեռվից նետեցին նիզակներն ու, սրերը մերկացնելով, ամեհի ալիքի պես բախվեցին թշնամուն։ Մի ահավոր դղիրդ տարածվեց հարթավայրի վրա, գետինը երերաց տասնյակ հազարավոր կալիգաների դոփյունից. զենքերի շառաչն ականջ էր խլացնում։ Առաջին վիրավորների ճիչերի հետ ռազմի գիծը կորավ թանձր փոշու մեջ, երկու կողմերից թարմ մանիպուլներ էին մղվում դեպի այն և սեղմվելով՝ անէանում, ասես ընդերքը ճեղքվել ու կլանում էր մարդկանց։ Սրեր էին թռչում վեր, կտրված ձեռքեր ու գլուխներ, արյունը ցայտում էր բոսորագույն շիթերով։ Կռվողների ոգեշնչող կանչերը, հրամանատարների կոչերը, վիրավորների աղերսն ու մեռնողների հառաչը միախառնվում էին դոփյունին ու զենքերի շառաչին։ Կենտրոնում Օպիոսը վետերանների մի հարյուրյակի հետ մխրճվել էր Բրուտոսի դիրքերի մեջ և առաջանում էր թրատելով։ Շարքերը սեղմվում էին նրանց առաջ, տեգեր ու նիզակներ էին նետվում նրանց վրա, բայց Օպիոսի հարյուրյակը քայլ առ քայլ համառորեն խորանում էր հակառակորդի դասավորության մեջ՝ իր ետևից տանելով մյուսներին։ Բրուտոսը նրանց դեմ երկար նիզակավորներ հանեց։ Օպիոսը կատաղությամբ ետ էր մղում հարվածները, բարկությունից շրթունքները կծոտում, որ չի կարող վնասել նրանց, ապա յուրայիններին կարգադրեց թրատել նիզակները։

Գետամերձ թևում մարտն ընթանում էր փոխնիփոխ հաջողությամբ և կողմերից ոչ մեկն առավելություն չէր ստանում։ Պատճառը թերևս այն էր, որ միմյանց դեմ կռվող լեգեոնները ծառայել էին միասին երկու տարուց ավելի և քաջատեղյակ էին հակառակորդի թույլ և ուժեղ կողմերին։ Նրանք միևնույն հնարքներն էին բանեցնում, մեկը մյուսի մտահղացումները գուշակում էր ավելի վաղ, քան դրանք կհասցնեին իրագործվել, և որքան էլ կռիվը դաժան էր, իսկ զոհերը՝ շատ, շարքերն այնպես ուղիղ էին, ասես մարտը նոր էր սկսվում։ Տասներորդ լեգեոնի բոլոր կենտուրիոնները զոհվել էին, և Անտոնիոսը արյան ու քրտինքի մեջ կորած՝ ինքն էր կոհորտաները տանում առաջ։ Նրա նժույգը սպանվել էր, սաղավարտը կախ էր ընկել ուսին, զրահը վնասվել էր կրծքի վրա, բայց նա ոչինչ չէր նկատում և մի բան էր միայն նրան զբաղեցնում. սպանել, սպանել՝ որքան կարելի է արագ, որքան կարելի է՝ շատ։ Երբեմն ծանոթ դեմքեր էին սահում նրա հայացքի առջևով, հակառակորդի շարքերից նույնիսկ նրան ողջունողներ եղան, բայց նա ոչինչ չէր լսում։ Նա փռեց երկու հոգու, վերից վար շեշտակի հարվածով երրորդի գլուխը կիսեց մեջտեղից, հետո ճարպկությամբ խույս տվեց անկասելի թվացող հարվածից ու երբ պատսպարվեց վահանի ետևում՝ մի քանի նետ ու հեռվից արձակված մի տեգ խոցեցին այն։ Կեսարն օգնական ուժեր ուղարկեց նրան։

Պոմպեոսի հեծելազորը ոչ մի դիմադրության չհանդիպելով՝ հակառակորդի դասավորության կողքով սուրում էր առաջ նպատակ ունենալով Ռուֆիոնին հարվածել թիկունքից։ Կեսարը նժույգի բարձրությունից տեսնում էր այս ամենը, և երբ հեծելազորը հավասարվեց չորրորդ շարքին՝ գայիսոնը վեր պարզեց։ Դուրս գալով դասավորությունից, Պոլիոնի կոհորտան նետեց թիկնոցները, ծանր կնեմիդները և կայծակի արագությամբ մխրճվեց հեծելազորի մեջ։ Սովորականի պես նրանք նիզակները չնետեցին հեռվից, այլ մոտենալով՝ նշան բռնեցին հեծյալների դեմքին։ Նրանք դա անում էին մեծագույն հմտությամբ և այնքան վարժ, որ սարսափելի վայնասուն ընկավ հեծյալների մեջ, որոնք միայն սրեր ունեին և անզոր էին վնասել երկար վահանով ծածկված հետևակին։ Այլանդակվելուց խուսափելով՝ նրանք շրջեցին ձիերի գլուխը, և նրանց խոցում էին թիկունքից։ Խառնաշփոթի մեջ նժույգները տրորում էին միմյանց, ծառս լինում անգութ խթանումից, բայց Պոլիոնը երկու մանիպուլների հետ կտրել էր նրանց ուղին դեպի հարթավայր։ Հեծյալներից մի քանիսն աղեկտուր ճիչերով ցած ընկան թամբից և դեմքն ափերով բռնած՝ գալարվում էին։ Նրանց աչքերը դուրս էին թռել խոռոչներից, պատռված այտերի տակից երևում էին փշրված ատամները։ Վիրավորներից ոմանք գցել էին զենքերը և խոցվում էին զորավարժական թիրախների նման։ Մյուսները, որոնք բոլորն էլ արիստոկրատական տներից էին և սիրում էին պարծենալ իրենց արտաքինով, սոսկալի տեսարանից գլուխները կորցրած՝ սիրտ չարեցին մոտենալ ու ետ քաշվելով՝ խառնեցին շարքերը։ Նրանք անիմաստ պտտվում էին տեղում, հետո մի քանի տեղից փորձեցին խրվել Ռուֆիոնի կոհորտաների մեջ, բայց ետ շպրտվեցին, ինչպես ալիքն է ետ շպրտվում ժայռեղեն ելուններին զարկվելով։ Նրանք փորձեցին նահանջել, բայց թիկունքից նրանց սեղմում էին հզոր մամլիչի նման։ Իսկ Պոլիոնի զինվորները մտնում էին նժույգների տակ, պատռում դրանց փորը և անասունին տապալելով՝ փողոտում հեծյալներին։ Ի վերջո մի նեղ միջանցք բացվեց, և խուճապահար դուրս սողոսկելով սպանդանոցից՝ Պոմպեոսի հեծյալները ցրվեցին հարթավայրի վրա։ Կեսարի այրուձին, որ հասցրել էր կարգի բերել շարքերը, հալածեց նրանց։

Նետաձիգներն ու պարսավորները, որ պաշտպանվելու ոչինչ չունեին և հայտնվել էին Պոլիոնի կոհորտայի դիմաց՝ գլխապատառ փախուստի դիմեցին։ Պոլիոնը քաջալերելով զինվորներին՝ հալածեց նրանց և հաջողությունից ոգևորված՝ ինքն էլ չհասկացավ ինչպես հայտնվեց Ափրանիոսի թիկունքում։

Օպիոսի շուրջը յուրայինների շարքերը նոսրանում էին, տարերքի մեջ նա չէր նկատել, որ կողերից այլևս չեն աջակցում իրեն, ու երբ փորձեց նահանջել, սոսկումով տեսավ, որ շրջապատված է բոլոր կողմերից։

Ժամանակ առ ժամանակ հնչող թմբուկի բամբ ձայնի հետ կոհորտաների մեջ նեղ միջանցքներ էին բացվում, որոնցով վիրավորներն ու հոգնածները քաշվում էին ետ. թարմ ուժեր էին փոխարինում նրանց։ Սա կատարվում էր թե մեկ, թե մյուս բանակում, այն տարբերությամբ միայն, որ եթե Պոմպեոսի ողջ բանակն էր շրջապտույտի մեջ, ապա Կեսարի կոհորտաների երրորդ շարքը չէր մասնակցում կռվին և անհամբեր սպասում էր իմպերատորի նշանին։

Կռվելը հետզհետե դժվարանում էր, դիակների բուրգերը կաշկանդում էին շարժումները, զինվորները սայթաքում էին լերդացած արյամբ ծածկված գետնի վրա, իսկ վիրավորները կառչում էին նրանց սրունքներից։ Այս ամենն ի չիք էր դարձնում քաջությունը, հոգու արիությունն ու մարտավարության հմտությունը, և շատ բան կախված էր արդեն կռվողների թվական հարաբերությունից։ Եվ եղավ մի պահ, որ Կեսարի զինվորներն սկսեցին ետ սեղմվել ռազմագծի ողջ երկարությամբ, որոշ հատվածներում թշնամին խորացավ նրանց դիրքերի մեջ։ Խուճապ սկսվեց։

Փողեր հնչեցին, ապա Կեսարը գայիսոնով ինչ-որ շարժումներ արեց օդում։ Շարքերի մեջ ճեղքվածքներ առաջացան, որոնցով կոհորտաների երրորդ դասավորությունը հորդաց առաջ։ Թարմ ուժերի հոսքը ոչ միայն կանգնեցրեց Պոմպեոսի հետևակի առաջխաղացումը, այլև նրանք իրենք մի շարք հատվածներում խորացան թշնամու դիրքերի մեջ։ Շարքերը խառնվեցին, սոսկալի մի խառնաշփոթ ստեղծվեց. նրանք բոլորն էլ նույնատիպ հագուստով էին ու միանման զենքերով և այլևս անհնար էր զանազանել թշնամուն յուրայինից։ Ոմանք մոլորվել ու թշնամի որոնելով՝ շվարած պտտվում էին տեղում, հետո խոցում էին առաջին պատահածին, այդպես էլ ժամանակ չունենալով պարզել՝ ճիշտ էին իրենք, թե սխալ։

Կեսարը հասկանում էր, որ խառնաշփոթը երկար չի տևի և որ շուտով կրկին իրեն զգացնել կտա հակառակորդի թվական գերակշռությունը։ Նրա միակ հույսը Պոլիոնի կոհորտան էր, որից ինքը տեղեկություն չուներ բավականին ժամանակ։ Նա ձգվեց նժույգի վրա, բայց փոշին խանգարեց հեռուն տեսնել։ Նա սուրաց դեպի Տասներորդ լեգեոնի առաջին շարքերը և ոգևորում էր առանց այդ էլ մոլեռանդորեն կռվող զինվորներին։ Նա հավատացնում էր իրեն, որ Պոլիոնին ոչինչ չի պատահել և ցանկանում էր աջ թևում նեղել թշնամուն, որպեսզի Պոմպեոսը ստիպված լիներ լրացուցիչ ուժեր փոխադրել այդ կողմը, ինչն էլ կթեթևացներ Պոլիոնի վիճակը։ Նա երկրորդ սուրհանդակն ուղարկեց Աղինիոսի ետևից, քանի որ առաջինն այդպես էլ չէր վերադարձել։

Անտոնիոսը մարտը վարում էր մեծագույն հմտությամբ և կռվի ողջ ընթացքում, իսկ այն բոլորում էր արդեն երրորդ ժամը, այդ թևում երբեք խուճապ չէր առաջացել։

Հանկարծ Կեսարին լուր բերին, որ Պոմպեոսը հեռանում է դեպի ճամբար։ Եվ իսկապես, հակառակորդի դասավորությունների թիկունքում, այնտեղ, ուր հարթավայրն աստիճանաբար զառիվերում էր, նա ալ թիկնոցով մի հեծյալ նկատեց, որ հեռանում էր մարտադաշտից առանց աճապարանքի։ Բայց նա չհասցրեց հասկանալ Պոմպեոսի այդ քայլը, քանի որ շնչասպառ եկան մի քանի զինվոր և զեկուցեցին, որ Օպիոսը մեռնում է։ Ամեն ինչ մոռացած՝ նա նետվեց դեպի կենտրոն։

Օպիոսին դուրս էին բերել կռվողների միջից, նա պառկած էր կողքի՝ միջանցիկ խոցված նիզակից։ Նրա ուսը ևս վիրավորված էր, մի տեգ էր խրված նրա ազդրին, ձեռքի՝ կնեմիդներով չծածկված մկանները փրթված էին ու կախ էին ընկել սարսափազդու։

Կեսարը մինչև վերջին պահը չէր հավատում իրեն հասած լուրերին, բայց երբ տեսավ Օպիոսի արնաշաղախ մարմինը, հառաչանքով ծնկի եկավ ու դողացող ձեռքերով գրկեց նրա գլուխը։ Օպիոսը աչքերը բացեց, անորոշ հայացքով մի պահ նայեց երկինք, ապա դժվարությամբ ճանաչելով իմպերատորին՝ փորձեց ժպտալ, բայց նրա դեմքի մկանները կծկվեցին ցավագին։

— Դիմացիր,— շշնջաց Կեսարը՝ զգալով, որ ձայնը դավաճանում է իրեն,— ամեն ինչ լավ կլինի։— Նրա դեմքի վրայով արտասուքի կաթիլներ գլորվեցին, և նա դիմեց շուրջը խմբված զինվորներին.

— Շտա՛պ, պատգարակ բերե՛ք լեգատի համար, կանչեք բոլոր բժշկողներին, մոգերին, հեքիմներին։

— Կարիք չկա,— չորացած շուրթերը մի կերպ շարժելով՝ արտաբերեց Օպիոսը։

Կոհորտաների երրորդ շարքի հետ մարտի մեջ մտած երկու զինվոր միմյանց հերթ չտալով պատմեցին, որ երբ իրենք խորացան թշնամու դիրքերի մեջ, զարմանքով նկատեցին, որ հակառակորդի շարքերի մեջ ռազմագծից հարյուր քայլ այն կողմ զինվորների տարօրինակ խլրտում կա։ Նրանք կռվելով առաջացել էին և տեսել երկու կենտուրիոնի հետ թիկունքթիկունքի տված թշնամու անհաշիվ զինվորների դեմ կռվող Օպիոսին։ Մինչ նրանք հասել էին օգնության, կենտուրիոնները զոհվել էին, իսկ բոլոր կողմերից շրջապատված լեգատին խոցել էին թիկունքից։ Զինվորներն ապշած պատմում էին, թե ինչպես էր Օպիոսը կռվում տաս-տասնհինգ թշնամիների դեմ, ինչպես էր նա, չնայած ծանր մարմնին, ոստոստում արտույտի թեթևությամբ, ինչպես էր օձի ճկունությամբ ու աքիսի արագաշարժությամբ խույս տալիս հարվածներից ու ամեն անգամ պրծնում թեթև վերքերով, ինչպես էր ուժասպառ ձևանալով՝ հրապուրում թշնամիներին և մի ակնթարթում փողոտում հինգ-վեց հոգու։ Զգալով, որ մահն անխուսափելի է, նա նետել էր վահանը և մի ձեռքում սուրը, մյուսում՝ դաշույնը՝ խելահեղ մռնչոցով առյուծի նման հարձակվել իրեն շրջապատողների վրա և տասնյակ դիակներ փռել իր շուրջը։

Վազքով եկան բժշկողները։ Նրանք այրված լաթի կտորներով դաղեցին լեգատի վերքերը։

— Հեռու տար նրանց, Կեսար,— աղերսեց Օպիոսը՝ ցավից կծկվելով։

Նա դժվարությամբ էր շնչում, արյունը կրծքից ու մյուս վերքերից հոսում էր առվակներով, աչքերը մթագնել ու հետզհետե դառնում էին անկենդան։ Նա փակեց աչքերը, մի քանի վայրկյան մնաց անշարժ, ապա արտաբերեց հազիվ լսելի ձայնով.

— Դու լսո՞ւմ ես ինձ, Կեսար։

— Ես այստեղ եմ, Օպիո՛ս։— Իմպերատորը բաց չէր թողնում նրա գլուխը և օրորում էր նրան մանկան պես։

— Սո՛ւրս, տո՛ւր սուրս...

Զինվորները փոխանցեցին նրա սուրը, բայց ուշ էր արդեն. Օպիոսը ջղաձգվեց, նրա շուրթերն անհասկանալի ինչ-որ բառ արտաբերեցին, ապա խաղաղություն իջավ նրա գունատ դեմքին։

Կեսարն ինքն էլ չհասկացավ ինչպես ձեռքն առավ Օպիոսի սուրը և ինչպես, յուրայիններին հրմշտելով, գնաց դեպի ռազմի գիծը։ Նրա սիրտը խորին ատելությամբ էր լցված, և շուրջը ոչինչ չէր տեսնում։

«Վրե՛ժ, վրե՛ժ, վրե՛ժ»,— անընդհատ հնչում էր նրա ունկերում՝ խլացնելով ռազմադաշտի ամեհի դղիրդը։ Որքան առաջանում էր, այնքան նրա քայլերն ավելի վճռական ու հաստատ էին դառնում։ Նրա դեմքը մթագնել էր կատաղությունից, աղեղ հոնքերի տակից մռայլված նայում էր անորոշ հեռուն, և նրա շուրջը վազվզող զինվորներն անդեմ ու լղոզված էին երևում։ Անսահման էր վրեժի տենչը և ոչինչ այլևս չէր կանգնեցնի նրան ու նա մեն-մենակ կգնար աշխարհի ամենահզոր բանակի դեմ անգամ։ Իմպերատորին լավ ճանաչելով՝ զինվորները ջանում էին առաջ ընկնել նրանից և թույլ չտալ նրան մենակ խորանալ թշնամու դիրքերի մեջ։ Նորանոր լեգեոներներ էին ուղեկցում իմպերատորին, և երբ հասան ռազմի գծին, նրանց թիվն անցնում էր հինգ հարյուրից։ Սակայն տարօրինակ ու անհասկանալի շարժում նկատեցին նրանք թշնամու շարքերում. դասավորության խորքերից, ուր կռիվ բոլորովին չէր գնում, հետևազորը նահանջում էր ու ինչ-որ բան գոռում, որը լսելի չէր նրանց։ Խառնաշփոթն աստիճանաբար փոխանցվեց առաջին շարքերին, և սրանք, որ կռվում էին հաջողությամբ և այնպես էին նեղել Ռուֆիոնին, որ արդեն խուճապ էր սկսվում նրա զինվորների մեջ՝ հանկարծ դադարեցին կռվել ու շուռ գալով՝ դիմեցին դեպի իրենց ճամբարը՝ բղավելով.

— Մեզ շրջապատում են, մեզ շրջապատում են. Պոմպեոսը լքել է մեզ...

Հեծելազորի անհաջողությունը բոլորովին վհատեցրել էր Պոմպեոսին, իսկ երբ լուր բերին, որ Ափրանիոսը զոհվել է, իսկ Պոլիոնի ջոկատները շրջանցելով դասավորությունը՝ հայտնվել են թիկունքում, նա անսպասելիորեն շուռ տվեց ձիու գլուխը և զորապետերին ոչինչ չասելով՝ արշավեց ճամբարի ուղղությամբ։ Մտնելով վրան, նա թիկնոցը շպրտեց հատակին, զայրույթով պոկեց իմպերատորական բոլոր տարբերանշանները և այլայլված փռվեց աթոռակին։

— Ամեն ինչ կորավ գրողի ծոցը,— արտաբերեց նա դառնաձայն և պրկված բռունցքները սեղմեց աչքերին։

Ուշքի եկավ թեթև շրշյունից և արյունոտված աչքերով նայեց դեպի ելքը։

Բրուտոսը ներս էր մտել ու անխոս կանգնել դռան մոտ։ Նրա թևին լերդացած արյան հետքեր կային, հագուստը պատռված էր ուսի վրա, աչքերը խամրած էին և նա հազիվ էր մնում ոտքի վրա։ Նրանք րոպեաչափ լուռ նայեցին միմյանց, և իմպերատորը նրա աչքերում անափ կշտամբանք տեսավ։ Անկարող՝ որևէ կերպ արդարանալ, Պոմպեոսը գլուխը խոնարհեց և սառած հայացքով նայում էր գետին։

— Նրանք մտնում են ճամբար։

Այս լուրը Մագնիային ցնցեց այնպես ուժգին, ասես ճամբարն անառիկ ամրոց էր։

— Մի՞թե արդեն ճամբարին հասան,— արձագանքեց նա հուսահատ ու տխրաձայն։ Ապա ելավ և առաջին բանը, որ արեց, այն էր, որ սպասավորին կարգադրեց փախստակի շորեր բերել իրեն։

Բրուտոսն անխոս նայում էր զգեստափոխվող իմպերատորին։

— Աստվածները չկամեցան իմ հաղթանակը, Բրուտոս, և ես...

Բրուտոսը թույլ չտվեց նրան շարունակել.

— Աստվածները չեն կարող անել մեզ համար այն, ինչին ինքներս չենք հավատում։

Պոմպեոսը մի արագ հայացք նետեց նրա վրա։

— Մի՛ խոսիր այդպես, Բրուտո՛ս. թշվառին վշտացնելը հերոսություն չէ բոլորովին։— Նա լռեց մեկ րոպեի չափ՝ խոնավացած աչքերը փախցնելով լեգատից։— Աստվածները վաղ թե ուշ պիտի պատժեին ինձ՝ իմ փոքրոգության համար, որ ես իշխելասիրությամբ տարված՝ ներեցի Կեսարին, որ խռովել էր ընտանեկան երջանկությունս։ Ես վտարեցի մի կնոջ, որը երեք զավակ էր ծնել ինձ համար ու տառապել ինձ հետ՝ երբ ջահել էի ու անփորձ, բայց ներեցի նրան գայթակղեցնողին։ Այդ պահից ի վեր սպասում էի հատուցման ժամին։ Բայց անմահ աստվածները, Բրուտո՛ս, սիրում են նրանց՝ ում պիտի պատժեն, շռայլել նախանձելի բախտ ու երկարատև անպատժելիություն, որպեսզի հետո ճակատագրի փոփոխությունը ծանր վիշտ բերի նրանց։ Այդպես վարվեցին նաև ինձ հետ. նրանք սեր ուղարկեցին ինձ, երկնային սեր[61], որը ոչ թե հագեցնում, այլ քաղց էր առաջ բերում, նրանք աջակցեցին ինձ մեծապես և իրականացավ վաղեմի երազանքս՝ ես դարձա միանձնյա տերը Հռոմի։ Ես էի որոշում հանրապետության բախտը, իմ խոսքն օրենք էր ամենքի համար։ Նրանք երես տվեցին ինձ՝ մեղսագործիս, ու երբ արդեն սիրտս ուռչում էր երջանկությունից, անգթաբար խլեցին սերս, իսկ հետո կամեցան, որ ինձ տապալեր նա, ում ինքս էի բարձրացրել։— Իմպերատորի համար դժվար էր խոսել և նորից դադար տվեց։— Ես չհասկացա՝ ինչ կատարվեց ինձ հետ, Բրուտո՛ս. փոխանակ հրամայելու, որ նետաձիգներն ու պարսավորները ետ քաշվեն ու հնարավորություն տան հեծելազորին նահանջելու՝ անիմաստ կոչեր էի բղավում, որոնք չեմ հիշում հիմա։ Ես անօգնական էի կախարդվածի պես, և եթե ասում եմ, որ աստվածները չէին կամենում իմ հաղթությունը, հավատա ինձ անկեղծորեն ու մի համարիր, թե դա ես ասում եմ ինքնարդարացման համար։

Նրա աչքերում արտասովոր սարսափ կար, ձեռքերը դողում էին, և Բրուտոսը հասկացավ նրան ու կարեկցեց։

— Ի՞նչ ես մտադիր անել,— հարցրեց խղճահարությամբ։

— Կմեկնեմ Ալեքսանդրիա, մեծ բանակ կհավաքագրեմ այնտեղ։

— Զու՜ր ջանքեր. ոչ մի բանակ չի կանգնեցնի նրան այլևս։ Նրանից ազատվելու մի ուղի մնաց միայն։ Ապավինի՛ր հիմա նրա ողորմածությանը, իսկ հետո՝ կտեսնենք։

— Եվ ծառայեմ նրան որպես լեգա՞տ,― Պոմպեոսը ցնցվեց խայթվածի պես,— դա լինելու բան չէ։

Դրսից խառնիխուռն ոտնաձայներ լսվեցին։ Նրանք դուրս եկան վրանից։ Դարպասները ցնցվում էին հուժկու հարվածներից, թշնամական զինվորներ էին երևում հողապատնեշի վրա։ Սոսկալի խուճապ էր տիրում ճամբարին, գլուխը կորցրած զինվորները դես ու դեն էին նետվում, սայլեր էին աննպատակ անցուդարձ անում՝ խցանելով վրանների միջև ձգվող ուղիները։

— Հանձնի՛ր ճամբարը,— ասաց Մագնիան Բրուտոսին, իսկ ինքը թիկնապահների հետ սուրաց դեպի ճամբարի հակադիր ելքը։

Հևասպառ եկան Ահենոբարբը, Սկիպիոնը, մյուս լեգատներն ու տրիբունները և հեռուն նայող Բրուտոսի տեսքից կռահեցին ամեն ինչ։

— Երկչոտ արարա՛ծ,— թունոտ նետեց Սկիպիոնը,— գոնե ստրուկի քաջություն չունեցար։

Այդ միջոցին դարպասները տապալվեցին ճռնչալով, և Կեսարի զինվորները խուժեցին ճամբար։ Նրանք անխնա կոտորում էին բոլորին, նրանց չէին զգաստացնում ո՛չ գթության աղերսները, ո՛չ պարտվածների հիշեցումն այն բանի, որ իրենք ևս քաղաքացին են նույն պետության. անսահման էր վերջին ամիսների տառապանքներից ծնունդ առած ատելությունը։

Սպանդը դադարեց միայն այն ժամանակ, երբ ճամբարում երևաց Կեսարը՝ Անտոնիոսի և մյուս զորապետերի ուղեկցությամբ։ Պարտված զինվորները փռվում էին նրա ճանապարհին և գթություն աղերսում, ու նա ճանաչում էր շատերին։ Նրան լուր բերին, որ Պոմպեոսը փախել է, իսկ նրա զորավարները հաղթանակած իմպերատորին սպասում են պրետուարում։ Կեսարը նժույգը վարեց դեպի պրետուար և սպաների մեջ տեսնելով Բրուտոսին՝ ողջ և անվնաս, թեթևացած շունչ քաշեց։ Նրանց հայացքները հանդիպեցին, և երկար ժամանակ անթարթ նայում էին միմյանց։

— Մարկո՛ս,— դարձավ իմպերատորը լեգատին,— բոլոր նրանց, ովքեր կկամենան կռվել իմ դրոշի տակ՝ ընդունիր բանակ, մյուսները թող հեռանան։

Անտոնիոսը չկամեցավ իր անհամաձայնությունը հայտնել գերյալ պատրիկների ներկայությամբ, բայց երբ հեռացան պրետուարից՝ ասաց տագնապած.

— Ես չէի ների նրանց, Կեսա՛ր։ Դու մոռանում ես, որ նրանք հռոմեացի են և նրանց համար չկա ավելի վիրավորական բան, քան այն, երբ իրենց խղճում են ու կյանք բաշխում։ Դա վրեժխնդրություն է ծնելու նրանց հոգում, նրանք տառապելու են և չեն մոռանա իրենց այս ստորացումը, որ երկնչեցին ինքնասպան լինել՝ ինչպես վայել է խիզախ զորականին։ Նրանք քո դեմ կելնեն առաջին իսկ հնարավորության դեպքում։

— Գուցե դու ճիշտ ես, Մարկո՛ս,— խոստովանեց Կեսարը,— բայց անհնար է դաժանություն պահանջել մի մարդուց, որը բարեսիրտ է ի բնե։

— Քո հանգստությունն ապշեցնող է, քո մեղմությունը կկործանի քեզ,— Անտոնիոսը փոթորկվում էր։— Նրանք այդպես բարեգութ չէին լինի, եթե մե՛նք գլխահակ կանգնեինք նրանց առաջ։ Դու կասկածո՞ւմ ես։ Հանուն Օպիոսի հիշատակի դու պիտի պատժես նրանց։

Կեսարը մռայլվեց ու երկար ժամանակ լուռ էր։

— Ես արդար չեմ լինի աստվածների ու խղճիս առաջ,— վերջապես խոսեց նա,— եթե տարբերություն դնեմ նրանց մեջ, իսկ մեռցնել՝ բոլորին չէ, որ կկամենայի։

Մարկոսը հասկացավ ակնարկը։

— Կամքը քոնն է,— ասաց նա,— բայց թույլ տուր ինձ հսկել նրանց ամեն քայլը։

Մասն վեցերորդ

Գլուխ առաջին

Ալեքսանդրիայի թագավորական պալատը, որ կառուցել էր Ամենհոտեպ Չորրորդ փարավոնը ի պատիվ Աթոն աստծո, իր գլխավոր մուտքով նայում էր դեպի ծով և զանազան սրբերի ու դիցաբանական հերոսների արձաններով եզերված աստիճանաշարով միանում էր նավահանգստին, որ տարածվում էր ապարանքի աջ և ձախ կողմերում։ Պալատի հարևանությամբ, ցածր պարսպով բաժանված նրանից, առափնյա շուկան էր, ուր տարվա բոլոր եղանակներին առևտուր էին անում անդրծովյա վաճառականները։

Այն աշխույժ էր սովորականի պես, և կարծես բոլորովին եգիպտացիների հոգը չէր, որ Կեսարի հետ եկած լեգեոնը տեղավորվել էր անմիջապես շուկայի հարևանությամբ ու ռազմական տրիրեմներ և քվադրիրեմներ էին օրորվում առևտրանավերի կողքին։ Հռոմեացի զինվորներ էին ամենուր, որոնց կարմիր թիկնոցներն ու փետրազարդ սաղավարտներն աչքի էին զարնում շուկան հեղեղած բազմության մեջ։ Լեգեոնը, որ Եգիպտոս էր ժամանել Պոմպեոսին արգելելու զորահավաք անցկացնել՝ ափ իջնելուն պես տեղեկացել էր, որ Կեսարի բարեհաճությունը շահելու նպատակով ալեքսանդրիացիք սպանել են պարտված զորավարին։ Լեգատներից ոմանք պատերազմը համարում էին ավարտված և փորձում էին Կեսարին համոզել վերադառնալ Հռոմ։ Ուրիշները գտնում էին, որ հարկավոր է անհապաղ նավարկել դեպի Ուտիկե, ուր Կատոնը բանակ էր ժողովում Հոբաս Հռոմեատյաց թագավորի աջակցությամբ։ Կեսարը մեկ օր անգամ չէր մնա Եգիպտոսում, որի մարդիկ ամենքին էին հայտնի իրենց զազրելի բարքերով, բայց աֆրիկյան այդ երկրում քաղաքական իրավիճակը պահանջում էր առժամանակ հետաձգել մեկնումը։ Պտղոմեոսի մահից հետո վեճ էր ծագել նրա ժառանգների միջև, որը սպառնում էր պատերազմի վերածվել։ Գահին տիրել էր Պտղոմեոսի տասնյոթամյա որդին, սակայն նրա քույր Կլեոպատրան դժգոհ այդ ամենից իրեն հայտարարել էր Նեղոսի Վերին Հոսանքների թագուհի և բանակ էր ժողովում եղբոր դեմ։ Պատերազմի դեպքում Հռոմին հացի սակավություն էր սպառնում, և Կեսարը գտնում էր, որ լեգեոնի Եգիպտոսում մնալն անհրաժեշտություն է։

Կեսգիշերին մոտ էր արդեն, երբ թագավորական պալատի գահադահլիճ, ուր ռազմական խորհուրդ էր գումարված, մտավ Ափրոկլեսը և զեկուցեց, որ մի զինվոր է եկել Վերին Եգիպտոսից և պնդում է, թե կարևոր բան ունի հաղորդելու։ Զորավարները տարակուսանքով նայեցին միմյանց։

— Նրա ձեռքին գորգ կա, և նա ասում է, թե ընծա է բերել Կլեոպատրա թագուհուց։

— Ներս հրավիրիր,— կարգադրեց Կեսարը, և ամենքի հայացքներն ուղղվեցին դեպի դռները։

Ներս մտավ պարթևահասակ մի զինվոր, բոսորագույն քղամիդով, որ ոսկե շղթայով ամրացված էր ուսին։ Նա գորգը դրեց ոտքերի մոտ, զորավարներին ողջունեց հունարեն և ջանալով հավաքվածների մեջ զանազանել իմպերատորին՝ ասաց.

— Նեղոսի դուստրը, Վերին Հոսանքների և Լիբիայի թագուհին, արեգնափայլ Կլեոպատրան ուղարկել է մեծապատիվ Կեսարին սույն ընծան։

Կեսարը նշան արեց Ափրոկլեսին, որպեսզի ընդունի նվերը, բայց զինվորը թույլ չտվեց մոտենալ գորգին՝ ասելով, որ իր տիրուհին թախանձագին խնդրել է նվիրատվության պահին իմպերատորից բացի օտար ոչ ոք ներկա չգտնվի։

Շփոթված զորավարները նայեցին Կեսարի կողմը, իսկ նա, խորհելով մի պահ, խնդրեց մենակ թողնել իրեն։

Զորավարները դուրս եկան սրահից՝ չմոռանալով զինաթափել եգիպտացուն։ Երբ մնացին երկուսով, զինվորը քանդեց կապանքներն ու ծկնի գալով՝ զգուշորեն բացեց գալարները։

Ջահել մի կին ելավ գորգի միջից, մոտ քսաներկու տարեկան, և սրահի առատ լույսից աչքերը կկոցելով՝ շուրջը նայեց։ Գինեգույն հագուստով էր նա, որ պարանոցի մոտ և փեշերին ասեղնագործված էր ոսկեթելով։ Բազմակն կրծքազարդ էր կրում նա, որ վերուվարում էր պիրկ ստինքների ցանկագրգիռ խաղից։ Նա նուրբ էր աստվածուհու նման, նազելի գլուխն այնպես փառահեղորեն էր նստում ուսերին, որ Լիսիպոսը կխենթանար նրա տեսքից։ Նրա կեցվածքը հանդուգն էր ու անհնազանդ, և նա Կեսարին նայում էր սևեռուն հայացքով՝ կամար հոնքերի տակ փայլեցնելով ծովագույն աչքերը, որոնցում կանացի անիմանալի թովչանքի հետ միասին նենգ խորամանկություն էր խայտում։

— Մենակ թող մեզ, Ապոլոդորո՛ս,— կարգադրեց նա զինվորին։

Դժկամությամբ գլուխ տալով, Ապոլոդորոսը ելավ սրահից։

Կեսարը մոտեցավ նրան և ասես համոզվելու համար, որ իր առջև մարդ արարած է, ոչ թե տեսիլք, մատների ծայրով զգուշորեն դիպավ քանդակածո ուսերին ալիքվող շագանակագույն վարսերին։ Ապա այրական ջերմացնող հայացքով նայելով իր առջև կանգնած կնոջը՝ պտտվեց նրա շուրջը, հետո նրա ծով աչքերի մեջ նայելով՝ խոսեց, ավելի շուտ ինքն իր հետ.

— Ահա թե ինչպիսին է Արևի ընտրյալը՝ շողազարդ Կլեոպատրան։ Ես այլևս չեմ զարմանում, թե ինչու են նրա երկրպագուները մերժվելով՝ խողխողում իրենց։

— Հուսով եմ՝ Կեսարն ուժ կգտնի իր մեջ և չի խողխողի իրեն,— պատասխանեց Կլեոպատրան աչքերը փայլեցնելով։ Հետո քաղցր ժպիտը նրա դեմքից վայրկենապես չքացավ, և նա գլուխը բարձր պահած՝ մոտեցավ սեղանին փռված քարտեզին։ Մի քանի վայրկյան լուռ զննեց այն, ապա ասաց ցածրաձայն.

— Դու այստեղ զորապետերիդ հետ ծրագրեր ես կազմում, մինչդեռ ոչինչ գաղտնի չի մնում նրանց համար, և քո հրամանները նրանք իմանում են ավելի վաղ, քան դրանք կհասնեն քո զինվորներին։

— Ու՞մ նկատի ունես,— հարցրեց Կեսարը՝ մոտենալով թագուհուն։

— Այդպես էլ գիտեի,— Կլեոպատրան ծարիրված կոպերի տակից նայեց իմպերատորին։— Նրանք քեզ, իհարկե, ընդունել են շքեղորեն, քաղցր խոսքեր են շռայլել ու գուցե նաև պառկել են ոտքերիդ տակ։

Այն, որ թագուհին խոսում էր ցածրաձայն, գրեթե շշնջալով, խորին ազդեցություն թողեց Կեսարի վրա, և նա աներևույթ մի վտանգ ակնկալելով՝ ձեռքը մեքենայորեն տարավ դեպի սուրը։

— Պատերն այստեղ ոչ միայն ականջ ունեն, այլև աչքեր,— Կլեոպատրայի դեմքը լարված էր,— ա՛յ, հիմա դանդաղ շրջվիր և, իբր պատահաբար, ուշք դարձրու փարավոնի դիմակին, որ կախված է պատից։ Պատի ետևում մարդ կա. ես զգում եմ նրա շնչառությունը։

Կեսարը կասկածելի ոչինչ չնկատեց, բայց թագուհու խոսքերը փշաքաղեցրին նրան։ Սակայն դա կարճ տևեց, և նա ասաց.

— Կողքի սենյակում իմ զորապետերն են, և օտար ոչ ոք չի կարող լինել պատի ետևում։

Այդ միջոցին նա դիմակի ակնախոռոչներում լույսի շողք նշմարեց, որ նման էր հեռացող ջահի ցոլքի։

— Այնտեղ իսկապես մարդ կա,— շշնջաց նա և քայլ արեց դեպի դուռը։

— Զուր ջանքեր,— Կլեոպատրան պահեց նրան և հայացքով հասկացրեց հեռանալ պատից։— Հարևան սենյակում դու կասկածելի ոչինչ չես գտնի. պատերն այստեղ սնամեջ են, դրանք երբեմն բացվում են անսպասելի, և մութ կերպարանքներ են լցվում սրահ։ Դու ծիծաղո՞ւմ ես. նրանք կխեղդեին ինձ, եթե Ապոլոնոդորոսը չհասներ։ Շատերն են այստեղ կյանքից հեռացել առեղծվածային մահով կամ նույնիսկ չքացել։ Այդ բոլորը պալատական ներքինու՝ Պոթինոսի ձեռքի գործն է, և ես եկել եմ հայտնելու քեզ, որ զգուշանաս նրանից։ Հիմա նրան տեղեկացրին իմ այստեղ գտնվելու մասին, և նա կջանա այս գիշեր սպանել ինձ։

— Ո՞վ է այդ Պոթինոսը,— հարցրեց Կեսարը մռայլված։— Նա՞, որ պճնված էր պուպրիկի պես։

Կլեոպատրան գլխով արեց։

— Սպասիր, սպասիր,— ինչ-որ բան մտաբերելով՝ ասաց Կեսարը,— նա պնդում էր, թե դու մեկնել ես Անտիոք։

— Նա չէր ուզում հրավիրես ինձ Ալեքսանդրիա։

— Ուրեմն նա խաբե՞լ է ինձ,— Կեսարը փոթորկվեց։

— Դա նրա համար սովորական բան է,— ասաց Կլեոպատրան՝ խոսքն ուղեկցելով ձեռքի նուրբ շարժումով։

— Ափրոկլե՛ս։

Ազատարձակը ներս մտավ։

— Կանչի՛ր ինձ մոտ Պոթինոսին։

Տեսնելով թագուհուն՝ ներքինին մռայլվեց, բայց ուժ գտավ իր մեջ ողջունելու նրան այնպես սիրալիր, ասես անքուն գիշերներ էր լուսացրել կարոտից։

Կլեոպատրան չպատասխանեց և նրան նայում էր անթաքույց արհամարhանքով։

Կեսարը բազուկները խաչեց կրծքին և խեթ նայելով ներքինուն՝ շպրտեց.

— Հռոմի սենատն ինձ գործուղել է խաղաղություն հաստատելու այստեղ, և ես գործելու լիակատար ազատություն եմ ստացել. դա քեզ որևէ բան ասո՞ւմ է։

Պոթինոսը նրան նայում էր արձանի գունատությամբ։

— Ես արգելում եմ քեզ առանց իմ գիտության հեռանալ պալատից կամ լուր ուղարկել որևէ մեկին, ու եթե այսուհետ խաբես ինձ, կկախեմ քեզ Ալեքսանդրիայի ամենաբարձր աշտարակից՝ ի տես ամենքի։ Եվ թող հայտնի լինի քեզ, որ ինձ համար ավելի դժվար է խոստանալ, քան խոստումը կատարել։

Պոթինոսի պարարտ դեմքին արյան ջղագծեր երևակվեցին, նա փնչացրեց բանող անասունի պես հուժկու, մրթմրթաց քթի տակ, բայց իմպերատորի ազդու տեսքը նրան ստիպեց անորոշ ժամանակով հետաձգել իր կարծիքի հայտնումը։

— Գնա՛,— կարգադրեց նրան Կեսարը։

Պոթինոսը կտրուկ շուռ եկավ ու առանց գլուխ տալու հեռացավ քամու պես արագ։

— Զուր թողեցիր նրան,— ասաց Կլեոպատրան, երբ ներքինին անհետացավ դռների ետևում։

— Նա իմացավ՝ ում հետ գործ ունի,— պատասխանեց Կեսարն ինքնաբավությամբ։

— Այո, բայց դու չգիտես՝ ում հետ գործ ունես։ Եգիպտոսի թագավորը հիմա իմ եղբայրը չէ, այլ Պոթինոսը։ Եղբայրս առանց նրա ոչ մի քայլ չի անում, ինչպես մանչուկն առանց դայակի, և Պոթինոսը, որին հայրս, թող հավերժ պայծառ լինի նրա հիշատակը, ընծա էր ստացել մի հայ վաճառականից, դարձել է այժմ Առաջին խորհրդական։ Այդ նա է վտարել ինձ Ալեքսանդրիայից, քանի որ խանգարում էի նրան։ Այս ապարանքում ամենքը նրանից երկյուղում են ավելի, քան Օսիրիսից, և նրա խոսքին հետևում են՝ որպես սրբազան պատգամի։ Դու վիրավորեցիր նրա ինքնասիրությունը, մինչդեռ հայրս անգամ զգուշանում էր անել այդ։ Նա սովոր չէ վիրավորանքը կուլ տալու։

— Երևում է նա իսկապես սարսափեցրել է քեզ,— նկատեց Կեսարն առանց հեգնանքի։

— Նա նենգ մարդ է, Կեսա՛ր, դաժան և ստոր. այդ նա՛ է սպանել Պոմպեոսին։

— Անձա՞մբ,— հարցրեց Կեսարը կնճռոտվելով։

— Ոչ, բայց դա արվել է նրա կարգադրությամբ. նրա մարդիկ դիմավորելու են գնացել Պոմպեոսին, իսկ երբ իմպերատորն իջել է նավից՝ մորթել են հարազատների աչքի առաջ։ Նրանք դա արել են քո բարեհաճությունը շահելու համար, բայց երբ իմացան, որ Պոմպեոսի մահն ամենևին չուրախացրեց քեզ, գերադասեցին լռել այդ մասին։

Կեսարը սարսուռ ապրեց՝ պատկերացնելով, թե ինչպես են բարբարոսները կնոջ ու զավակների ներկայությամբ կտրում Մագնիայի գլուխը։ Բռունցքով զրահին խփելով՝ նա այլայլված սրահի մի անկյունից մյուսը քայլեց, ապա կտրուկ դեպի դռները գնալով՝ լիկտորներին կարգադրեց անհապաղ սպանել Պոթինոսին։

Կլեոպատրային համակ ուրախություն տիրեց, բայց նա նույն պահին մռայլվեց և ասաց.

— Վաղը ողջ Ալեքսանդրիան կելնի քո դեմ։

Իսկ Կեսարը, որ լուսամուտից նայում էր ծովին, արտաբերեց ծայրագույն հանգստությամբ.

— Մի՛ սարսափեցրու ինձ խուժանով. ես հզոր բանակներ եմ ջախջախել։

Նրա հանգստությունն անհասկանալի էր Կլեոպատրային, քանի որ տեղյակ էր, որ նա Եգիպտոս է եկել ընդամենը մի լեգեոնով։ Բայց գերադասեց հարցեր չտալ և անշշուկ մոտենալով՝ փարվեց նրան թիկունքից։

Կեսարը շրջվեց ու արձանացած նայում էր թագուհու սիրատենչ աչքերին, որոնց մեջ նա կրքի անհատակ օվկիաններ տեսավ։

— Փաղաքշիր ինձ,— թախանձեց Կլեոպատրան՝ գգվելով նրան։

— Կարող էիր ա՛յլ կերպ երախտահատույց լինել,— ասաց իմպերատորը չոր։

— Փաղաքշիր ինձ,— կրկնեց Կլեոպատրան. նրա ձայնը թրթռում էր ցանկագրգիռ հույզերից, նա փակել էր աչքերը և լուսներես դեմքը պարզել իմպերատորին։

Կեսարին անբացատրելի դող համակեց, նրա ձեռքերը չէին ենթարկվում իրեն և կարկամեց մի պահ, երկյուղելով թագուհու աստվածային վեհությունը պղծել իր բիրտ մատերով, ու լուռ խոնարհվելով՝ համբուրեց նրա ձիգ պարանոցը։ Կլեոպատրան փակ աչքերով գտավ նրա շուրթերը և շշնջաց երկարատև ու շնչարգել համբույրից հետո.

— Ես սպասել եմ այս պահին մի ողջ հավերժություն։

Կեսարը զարմացած նայեց նրան։

— Ես դեռ աղջնակ էի, երբ Հույսի համաստեղության մոտ նշմարեցի քո Աստղը. բոլոր նշանները նախանշում էին մեր հանդիպումը, և ես սպասում էի սրտի թրթիռով։ Ինձ քո մասին լուրեր պետք չէին. ուսուցիչներս ինձ աստղագիտություն են սովորեցրել, և ես ամեն ինչ իմանում էի երկնային մարմինների ընթացքին հետևելով։ Այս ամենը անհավատալի՞ է թվում քեզ,— հարցրեց Կլեոպատրան անդիմանալի թովչանքով։

— Ոչ, ինչու. աշխարհն անիմանալի է,— պատասխանեց Կեսարը՝ զգալով, որ կորցնում է ժամանակի ու տարածության զգացողությունը։

Գլուխ երկրորդ

Առավոտ կանուխ տղամարդու բողոքող ձայն լսվեց նախասենյակից, ապա դուռը բախեցին, սկզբում զգույշ, հետո ավելի համարձակ։ Եվ հրավերի չսպասելով՝ թագուհու ննջարան սողոսկեց քնաթաթախ մի սպասուհի, լուր բերելով, թե քաղաքում կռիվ է սկսվել և որ Կեսարի զինվորները սպասում են իմպերատորին։

Կլեոպատրան այլայլված նստել էր անկողնում և անխոս նայում էր հապճեպորեն հագնվող Կեսարին։

— Երդվում եմ բոլոր փարավոնների ուրվականներով՝ Պոթինոսի պատճառով է,— շշնջաց նա։

Լուսաբացին հռոմեացիների ճամբարի մոտ եգիպտացիներ էին երևացել և ձևացնելով, թե լուր են բերել Կեսարին՝ հրդեհել էին մի քանի վրան ու ճողոպրել։ Այս միջադեպը ազդանշան էր հանդիսացել մյուսների համար, և շատ չանցած՝ ճամբարի մատույցներում զինված բազմություն էր հայտնվել։

Երբ Կեսարը ելավ դիտահարթակ, ամբոխը քարեր ու այրվող լաթ էր շպրտում ճամբարի վրա։ Հռոմեացիք, որ կռվի բռնվելու հրաման չունեին, պաշտպանվում էին՝ ատամները սեղմած։ Կեսարը հրամայեց բացել միջնաբերդի դարպասները և լեգեոնը փոխադրեց այնտեղ։ Խուժանը սուլում էր, հայհոյում զայրացած, իսկ գրոհով դարպասները գրավելու մի քանի անհաջող փորձերից հետո ցրվեց պարսպի երկարությամբ՝ ջանալով ականահատել այն։

— Բի՛րտ խաժամուժ,— նետեց Կեսարն ատամների արանքից. ցածում խլրտացող ամբոխը նրան մրջնախումբ էր թվում։— Որպիսի՜ հաճույքով նրանց բոլորին ծովը կլցնեի։

Այրվող նետեր էին ճախրում օդում, դրանցից մի քանիսը հասան դիտահարթակ, բայց Կեսարը խույս տվեց հմտորեն։ Ապա նա ձայնեց Ռուֆիոնին և կարգադրեց երեք մանիպուլ շարել դարպասի մոտ։ Զինվորներն ասես դրան էին սպասում. մեկ րոպեից սպառազեն մանիպուլները խրոխտ կանգնած էին գլխավոր մուտքի մոտ։

Նախ հրակնատներից նետերի հեղեղ թափվեց ամբոխի վրա, որպեսզի այն ետ քաշվեր և զինվորների դուրս գալու պահին չխուժեր ներս, ապա դարպասները ճռնչալով բացվեցին, և թմբուկների համաչափ զարկերի ներքո մանիպուլները ելան միջնաբերդից ու սեղմվելով՝ կրիա կազմեցին։ Նրանց վրա նիզակներ ու քարեր էին նետում, փորձում էին այրել նրանց, հախուռն կերպով գրոհում էին մերթ մեկ, մերթ մյուս կողմից, ճեղքվածքներ էին որոնում, առավել համարձակները ձիգ էին տալիս վահաններից, բայց կրիային կանգնեցնելն անհնարին էր։ Սեպի պես խրվելով ամբոխի մեջ՝ այն բացվեց միանգամից, և հռոմեացիք խրոխտ կանչերով հարձակվեցին եգիպտացիների վրա։ Սոսկալի ջարդ սկսվեց, և եգիպտացիք միմյանց ոտնատակ տալով՝ խուճապահար փախան։ Մանիպուլները նոր էին վերադարձել միջնաբերդ, երբ իմպերատորին զեկուցեցին, որ նավահանգստում եգիպտական կանոնավոր զորք է հայտնվել և գրոհում է ալեքսանդրիական նավատորմի վրա։ Կեսարը շտապով գնաց դիտահարթակի հակադիր կողմը և տեսնելով, թե որպիսի ոգևորվածությամբ են բարբարոսները հարձակվում դիրքերի վրա, անմիջապես հասկացավ նրանց մտադրությունը. տիրելով նավերին, նրանք կգրոհեին հռոմեական տորմիղի վրա, որ հեռու էր ափից ու գրեթե անպաշտպան։ Նա հրամայեց այրել եգիպտական բոլոր նավերը, իսկ երբ ամեն ինչ կորավ թանձր ծխի մեջ, փոքրիկ մակույկով սուրհանդակ ուղարկեց տորմիղի հրամանատար Բրուտոսին, որպեսզի նա արագընթաց մի նավ ուղարկեր Հունաստան՝ օգնական լեգեոնների ետևից։

Կլեոպատրայի ենթադրությունը, որ կոտորածը չի սաստի ամբոխին, ճիշտ դուրս եկավ։ Մեկ ժամ էլ չէր անցել, երբ փողոցներում մարդկային ստվար զանգվածներ երևացին։ Նրանք այլևս հախուռն կերպով չէին հարձակվում միջնաբերդի վրա, այլ փողոցները փակում էին քարերով, գերաններով, մերձակա տներից դուրս թափված իրերով։ Դիտահարթակից հռոմեացիք նայում էին, թե ինչպես է ամբոխը խցանում բոլոր ուղիները, և անզոր էին որևէ կերպ խանգարել նրանց։ Երեկոյան կողմ քաղաքի կենտրոն տանող բոլոր ուղիները բարիկադավորված էին, զինված պահակներ էին կարգված խաչմերուկներում ու անկյուններում։

Հաջորդ օրերին եգիպտացիների թիվը տասնապատկվեց. ալեքսանդրիացիք բանագնացներ էին ուղարկել մարզերը, և անթիվ անհամար ջոկատներ էին գալիս բոլոր կողմերից՝ իրենց հետ բերելով զենք և բազմապիսի մեքենաներ։ Նրանք փողոցներում զինվորական արհեստանոցներ էին բացել ու զենք էին կռում, զինել էին բոլոր ստրուկներին, բանտերից ազատել կալանավորներին. հարուստները հոգում էին նրանց կարիքները։ Նրանք դիակներ էին նետում միջնաբերդ գնացող ջրանցքի մեջ, և հռոմեացիք մնացել էին առանց խմելու ջրի։ Կեսարը հրամայեց խոր փոսեր փորել ծովի ամենամոտ հատվածներում։ Առաջին շաբաթվա վերջում պարենի պակասություն զգացվեց միջնաբերդում։ Նավահանգիստը հեղեղված էր զինված բազմությամբ, և հռոմեական ռազմանավերը ոչնչով չէին կարող օգնել յուրայիններին, թեև նրանց վիճակն էլ բարվոք չէր. առափնյա ողջ բնակչությունը ոտքի էր հանված և նրանց թույլ չէին տալիս մոտենալ ցամաքին՝ պարեն հայթայթելու։

Ամբոխը պահանջում էր ազատ արձակել թագավորին, որը նույնպես միջնաբերդում էր, բայց հռոմեացիք անդրդվելի էին՝ լավ հասկանալով, որ արքայի գերյալ վիճակը զսպում է բազմությանը։

Պաշարման տասնվեցերորդ օրը՝ համոզվելով, որ թշնամին մտադիր չէ արձակել թագավորին, եգիպտացիք միջնաբերդին մոտեցրին տասհարկանի անվավոր աշտարակները, որ հինգ հարյուր հյուսն կառուցել էին տասնմեկ օրում։ Աշտարակներն առաջանում էին ահռելի դղիրդով, ամբոխը ոռնում էր՝ զենքերը երկինք պարզած, զինվորներ էին մագլցում միջհարկային սանդուղքներով։ Երբ աշտարակներն ընդհուպ մոտեցան պարսպին, կամրջակներ նետվեցին պատի վրա։ Վերին հարկի զինվորները կռվում էին միջնաբերդի պաշտպանների դեմ, մյուս հարկերից նետահարում էին թշնամուն։ Հռոմեացիք կռվում էին առանց խուճապի, ցած էին գցում կամրջակները՝ գահավիժեցնելով դրանց վրայի զինվորներին։ Նրանց հաջողվեց հրդեհել աշտարակներից երկուսը, որքան էլ դրանք ծածկված էին անկիզելի պատյանով։ Մյուս աշտարակներից եգիպտացիք շարունակում էին գրոհել միջնաբերդը, երկար ճոպաններից կախվելով՝ նրանք ճախրում էին օդում և հրակնատներից ներս անցնելով՝ կռվում պարսպի վրա։ Ոգևորված ամբոխը հորդաց դեպի գլխավոր մուտքը, բայց եռացրած կպրահեղուկ թափվեց նրանց վրա։ Վայնասուն բարձրացավ, այրված եգիպտացիք թավալվում էին գետնին, ովքեր կարող էին՝ վազում և նետվում էին ծովը։ Այստեղ-այնտեղ անկիզելի ծածկով բաբաններ երևացին, կարիճներ մոտեցան պարսպին։ Կռիվը սաստկանում էր։ Հանկարծ այդ միջոցին դիտահարթակի վրա հայտնվեց Կլեոպատրան, թագուհու ոսկեթեփուկ զգեստը հագին, գլուխը զարդարված օձակերպ թագով։ Փողեր հնչեցին, և նա կանգնելով դիտահարթակի պռնկին՝ ձեռքերը տարածեց ամբոխի վրա։ Նրան նկատեցին։ Մարզերից եկածները ծունկ չոքեցին նրա աստվածային վեհության առաջ և զենքերը նետելով՝ հող ցանեցին մազերին ու աղոթեցին։ Բայց ալեքսանդրիացիք, որ ատում էին նրան և նրան համարում իրենց բոլոր թշվառությունների պատճառը,— այդպես էր ուսուցանել Պոթինոսը,— նզովում էին նրան և, կարծես դա քիչ էր, նետեր արձակեցին նրա վրա, որ վիրավորական էր ամեն ինչից առավել։ Կլեոպատրան շանթող հայացքով նայեց ամբոխին, նրա շուրթերը դողում էին ատելությունից և նա վրեժխնդրության երդում տվեց Իսիսին։ Ամբոխը սկսել էր ծանակել նրան, և նա հեռացավ դիտահարթակից արագ քայլերով։

Երբ Կեսարը հայտնվեց Կլեոպատրայի ննջարանում, թագուհին մռայլված նստած էր բազմոցին։ Նա հայացքը փախցրեց իմպերատորից, ապա, դեմքը ծածկելով ափերով՝ անձայն հեկեկաց։ Ամբոխի վարքը խորապես վշտացրել էր նրան, նա խայտառակվել էր հռոմեական լեգեոնի ներկայությամբ և չգիտեր ինչպես նայեր իմպերատորի աչքերի մեջ։ Կեսարից ավելի շատ նա ինքն էր սպասում օգնական լեգեոնների ժամանելուն, որպեսզի պատժեր անհնազանդ խուժանին։ Նա դադարեց ցնցվել և, աչքերը փակ, պատժելու ձևեր էր հորինում՝ մեկը մյուսից դաժան ու տանջալի։ Մխիթարանքի խոսքեր չգտնելով՝ Կեսարը լուռ նայում էր նրան։ Մտքերով տարված՝ Կլեոպատրան մի քանի րոպե մնաց անշարժ նստած, ապա ելավ ու փարվեց իմպերատորին։

— Սպանի՛ր թագավորին, Կեսա՛ր։

Կեսարը քար կտրեց մի պահ և զարմանքից կլորացած աչքերով նայելով թագուհուն՝ արտաբերեց.

— Բայց չէ՞ որ նա քո եղբայրն է ու նաև ամուսինը՝ համաձայն ձեր օրենքների։

— Սպանի՛ր թագավորին, Կեսա՛ր,— թախանձեց Կլեոպատրան։— Ինքդ տեսար, թե ինչպես էր ամբոխը տալիս նրա անունը։ Թող խիղճդ բոլորովին չտանջի քեզ. նա քո գերին է, նրա մարդիկ ընդվզել են քո դեմ և դու իրավունք ունես վարվել նրա հետ ինչպես կամենաս։ Նրա մահվան լուրն առնելով՝ ամբոխը կհուսալքվի և կհեռանա Ալեքսանդրիայից։ Հավատա՛ ինձ, ես նրանց լավ եմ ճանաչում։

Կեսարը ոչինչ չպատասխանեց։ Այդ լռությունից Կլեոպատրան կռահեց, որ կատարվել է զարհուրելի մի բան, և այլայլված հարցրեց.

— Դու ինչ-որ բան ես թաքցնո՞ւմ ինձանից։

— Ես ազատ եմ արձակել նրան։

— Ինչպե՞ս,— Կլեոպատրան ցնցվեց խայթվածի պես և նրա դեմքը գունատվեց։— Դու չե՞ս կատակում։

— Ես այլ ելք չունեի, նրան արձակեցի, որպեսզի թեթևացնեմ զինվորներիս վիճակը, որոնք, ինքդ ես տեսնում, հյուծվում են թերսնումից։ Նա չէր ուզում բաժանվել ինձանից և արցունքներն աչքերին աղաչում էր չվտարել իրեն պալատից։

Կլեոպատրան մատերը ջարդոտելով քայլում էր ննջարանում, նրա սիրունատես դեմքը ջղաձգվում էր ցավալիորեն, շուրթերը դողում էին, իսկ աչքերում արցունքներ էին շողում։

— Օ՜, Իսիս,— կանչեց նա՝ ափերը երկինք պարզելով,— ինչո՞ւ ես դու մարդկանց արարում այսքան դյուրահավատ։

Նրա ձայնը խզվեց հուզմունքից, և գլուխը դառնորեն տարուբերելով՝ մեկ րոպեի չափ չէր կարողանում որևէ բառ արտասանել։

— Եվ դու հավատացե՞լ ես նրա արցունքներին,— դարձավ նա իմպերատորին, երբ անցավ հոգեկան գերլարումի ալիքը։— Օ՜, սո՛ւրբ Աթոն, դա անկարելի բան է։ Նա հիմա ծիծաղում է քո միամտության վրա, դյուրահավատ իմ ասպետ։ Դու, որ չգիտես, թե որքան ստոր են Եգիպտոսի մարդիկ և որքան նենգ է նրանց հոգին, ինչո՞ւ չխորհրդակցեցիր ինձ հետ։ Ախր սա Հռոմը չէ, ոչ էլ Աթենքը, սա բոլորովին ուրիշ աշխարհ է, ուր սուտն ու կեղծիքը հարգի են, ինչպես այլուր ազնվությունն ու պատվախնդրությունը։ Շտապի՛ր, զինի՛ր քո մարդկանց. նա հիմա անհամար զորքով շարժվում է Կանոպի վրա՝ դարանակալելու Հունաստանից եկող լեգեոններիդ։ Չե՞ս հավատում դու ինձ. դուրս եկ հապա և նայիր քաղաքին. այլևս խարույկներ չես տեսնի միջնաբերդը բոլորած։

Կեսարը փութով մոտեցավ լուսամուտին ու մռայլվեց միանգամից։ Ապա արագ քայլերով դուրս եկավ ննջարանից։

Տագնապի փողեր հնչեցին, պալատը դողաց ոտնազարկերից, ջահեր բռնած կենտուրիոններ հայտնվեցին բակում։

Գլուխ երրորդ

Կեսարը Կանոպ հասավ ճիշտ այն պահին, երբ հռոմեական նավերը ոչ մի վտանգ չակնկալելով՝ մոտենում էին ափին։ Նկատելով նրան՝ եգիպտացիները գրոհեցին նրա լեգեոնի վրա՝ մոռացած դարանակալման մասին։ Նահանջելով՝ Կեսարը նրանց հեռացրեց նավահանգստից, իսկ երբ հունական լեգեոնները բարեհաջող ափ իջան, արագ երթով շրջանցեց թշնամուն և հայտնվելով նավահանգստում՝ միացյալ ուժերով ելավ եգիպտական բանակի դեմ։ Մարտը կարճ տևեց, քանի որ առաջին իսկ րոպեներին Պոլիոնի ջոկատը սպանեց թագավորին, իսկ առանց հրամանատար մնացած զորքը փախավ խուճապահար։

Վերադառնալով Ալեքսանդրիա՝ Կեսարը թագուհուն պալատում չգտավ։ Ոչ ոք տեղյակ չէր, թե որտեղ է նա գտնվում։

Կեսարը միշտ արհամարհանքով էր վերաբերվել բոլոր այն պոետներին, ովքեր սեր էին երգել արցունքն աչքերին, և խղճացել էր նրանց, ովքեր գլուխ էին կորցրել կնոջ համար, բայց այժմ թագուհու խորհրդավոր անհետացումից հետո նա ինքն էր հայտնվել այդպիսի մի վիճակում և Կլեոպատրայից բացի ուրիշ ոչ մեկի մասին մտածել չէր ուզում։ Քանի դեռ թագուհին իր կողքին էր, նրան վերաբերվել էր որպես կամակոր ու հեշտասեր մի կնոջ, արտասովոր ոչինչ չգտնելով նրա մեջ, բայց այժմ ամբողջ հոգով տենչում էր նրան, ինքն էլ չհասկանալով, թե ինչն է գրավում իրեն այդպես ուժգին։ Այսպիսի կարոտ և այսպիսի տառապանք նա չէր ապրել երբեք։

Հոգու այդ թուլությունը նա վերագրում էր տարիքին,— հիսունհինգը կբոլորեր շուտով,— բայց հետո սկսեց կասկածել, թե զովացուցիչ ջրերի մեջ, որ թագուհու պահանջով հրամցնում էին իրեն սպասուհիները քնելուց առաջ, անհամ ու անհոտ ինչ-որ դեղ է խառնված եղել։ Չէ՞ որ, իսկապես, պալատում Կլեոպատրայի հայտնվելուց հետո առավոտներն իրեն անբացատրելի խոնջություն էր համակում, որ տևում էր ամբողջ օրը և, որքան էլ տարօրինակ էր, իրեն դուր էր գալիս կիսաերազային այդ վիճակը, երբ միայն գալիք սիրառատ գիշերի մասին էր մտածում։ Նա եկավ այն մտքին, որ այս խորհրդավոր անհետացումը ևս նախապես ծրագրված էր, ու ենթադրում էր, թե թագուհին ներգրավում է իրեն նենգ խաղի մեջ։ Բայց դյութվածի նման անզոր էր դիմակայել և տրտում շրջում էր սրահներում, ժամերով կանգնում դիտահարթակում, որտեղից Կլեոպատրան երևացել էր ամբոխին, գորովանքով շոյում էր այն գորգի զարդանախշերը, որի մեջ փաթաթված բերել էին նրան և որը դեռ պահում էր նրա մարմնի բուրմունքը։ Նա զգաստանում էր ամեն շշուկից, կանացի ձայն լսելով՝ ինքնամոռաց նետվում միջանցք։ Իսկ երազում նրան երևում էր, որ Կլեոպատրայի հետ հսկա ու շքեղ առագաստանավով զբոսնում է Նեղոսի ջրերում. ծաղկեպսակներ էին լողում գետի վրա, մերկաստինք պարուհիներ էին թռվռում նրանց շուրջ, ամենուր հրավառությամբ էին դիմավորում նրանց և ցուլ զոհաբերում նրանց երջանկության համար՝ սրբազան գետը ներկելով արյունով։

Այդպես անցավ մեկ շաբաթ, իսկ Կլեոպատրայից ոչ մի լուր չկար։ Համբերությունը կորցրած իմպերատորը բանագնացներ ուղարկեց երկրի բոլոր անկյունները և օրը որևէ զբաղմունքով լցնելու համար բանակը դուրս բերեց Ալեքսանդրիայից և տարավ ավազուտները՝ մարզելու։

Վերջապես նրան լուր բերին, որ Կլեոպատրան մեկնել է Հելիոպոլիս՝ երկրպագելու Ռա աստծուն և այնտեղ մնալու է մինչև հանդիպումը Պտղոմեոսի ուրվականի հետ, որը, քրմերի ասելով, գալու է տեղեկանալու պետության գործերին։ Կեսարն անմիջապես բանագնացներ ուղարկեց Հելիոպոլիս։ Քրմերը ետ դարձրին նրանց՝ թույլ չտալով տաճար մտնել։ Այդժամ նա ինքը թիկնազորի հետ մեկնեց Հելիոպոլիս և կանգ առնելով սրբազան դարպասների տակ՝ սպառնաց հողին հավասարեցնել տաճարը, եթե անմիջապես թույլ չտան տեսակցել թագուհուն։

Երբ Կեսարը ներս մտավ Կլեոպատրան կուռքի պես անվրդով բազմել էր ադամանդազարդ գահին. նա արնագույն զգեստ էր հագել, որ սեղմվում էր կոնքերից վեր։ Նրա թիկունքին կանգնած երկու թխամորթ ստրուկ հով էին անում փետրե հովհարով, կիսամերկ նաժիշտներ էին նստած նրա ոտքերի մոտ, իսկ ածիլված գլխով քուրմը աղոթում էր՝ հայացքն առաստաղին հառած։

Կեսարն առաջացավ զինվորականի անհողդողդ քայլերով և մռայլված նայելով թագուհուն ու նրա շքախմբին՝ ասաց տիրական ձայնով.

— Կարգադրի՛ր, թող բոլորը չքվե՛ն այստեղից։

Կլեոպատրան, որ նրան նայում էր ծարիրված թարթիչների տակից, արտաբերեց սառն ու անտարբեր.

— Եթե դու եկել ես որպես հյուր, բարի եղիր լինել որպես հյուր, իսկ եթե...

Կեսարը թույլ չտվեց նրան շարունակել և գոչեց՝ ձեռքը կրծքին զարկելով.

— Ես գրավել եմ ութ հարյուր ամրոց, իսկ այստեղ իմ առջև հանդգնում են կանգնել ինչ-որ ստրուկներ։

— Նրանք կատարում են սրբազան պատվիրանները, և բոլորը մեկ են նրանց համար։

Կեսարն իրեն հազիվ զսպեց անաստվածահաճո խոսքեր չասել և զինվորականի կտրուկ դարձումներով ետ ու առաջ էր քայլում գահի առջև։

— Դու հրաժարվում ես ընդունել իմ մարդկանց և ետ ես դարձնում՝ որպես ամենահետին ստրուկների. նրանց հետ այդպես չի վարվել ոչ մի թագավոր։

Կլեոպատրան ձեռքի նուրբ շարժումով հեռացրեց ծառաներին ու ելավ գահից։

— Մի՞թե քեզ համար ես միևույնն եմ, ինչպես բոլոր այդ թագավորները,— նրա ձայնի մեջ հուզմունք կար, իսկ աչքերում Կեսարը տառապանք տեսավ։— Ես ուզում էի, որ դու փնտրես ինձ ու գաս ինձ մոտ, և սպասում եմ՝ ահա մի ողջ հավերժություն։ Իսկ դու զորքն ես վարժեցնում ավազուտներում, կարծես քեզ համար ես գոյություն չունեմ այլևս։ Ես ցանկանում էի տեսնել քեզ զայրացած, քանի որ այդպես քեզ ավելի եմ սիրում։— Կլեոպատրան նազելի գլուխը հենեց իմպերատորի կրծքին։— Օ՜, ոչ. ոչինչ չասող այդ բառերը թողնենք մահկանացուներին, իսկ մենք, որ աստվածների պես տնօրինում ենք մարդկանց բախտը, կարիք չունենք խոսքերի։

Նա թողեց Կեսարին և ծնկի գալով՝ ձեռքերը պարզեց առ երկինք։

— Օ՜, Իսի՜ս, ինչու վառեցիր իմ հոգում այս կրակը, որ այրում է ինձ անգթորեն։

Նա անշարժացավ արձանի պես, բայց նրա հոնքերի մտածկոտ կորությունը մատնում էր, որ նա տատանվում է խիստ կարևոր մի վճիռ կայացնելուց առաջ։ Սա տևեց մի քանի վայրկյան, ապա, իմպերատորի ձեռքը բռնելով՝ նրան առաջնորդեց սրահներով ու երկար միջանցքներով, մինչև հայտնվեցին հազարավոր մոմերից ճաճանչավորված վեհաշուք մի դահլիճում։ Խնջույքի բազում սեղաններ էին գցված դահլիճի երկայնքով, որոնցից մեկի վրա երկու խափշիկ տարածվել էին մերկամարմին մի եգիպտուհու վրա և ագահորեն ծծում էին նրա ստինքները։ Քիչ հեռու պիրկ ազդրերով ու ընդգծված հետույքով շիկահեր մի կին իրեն էր ձգում բեղմորուսի մեջ կորած ճաղատ մի տղամարդու, իսկ սա սափորից գինի էր հեղում բազում մերձեցումներից ուժասպառված մի այլ կնոջ ազդրերի միացման տեղը և արյունոտված աչքերով նայում, թե ինչպես է կարմիր հեղուկը, վտակների բաժանվելով, ողորկ մարմնի վրայով սահում ցած։ Վավաշոտ հայացքով չորրորդ մի կին, որի սեփ-սև մարմնի վրա մարգարտի նման ճերմակին էին տալիս գեղաշար ատամներն ու պտուկները, ճաղատին քաշում էր իր կողմը, և կանայք միմյանց նայում էին կրքով առլեցուն հայացքով։ Դահլիճի կենտրոնում զարմանահրաշ մի ծառ էր բարձրանում, չորս գրկաչափ բնով, ոչ շատ բարձր, բայց առատ՝ մինչև գետին իջնող սաղարթով։ Ծառի վրա տղամարդիկ էին ճյուղից ճյուղ ոստոստում, նրանց գլխին պոզեր էին հագցված, նույնպես մերկ էին, միայն ոտքերն էին պատված այծենիով։ Ասորական հսկա մի առյուծ մեկնվել էր ծառաբնի մոտ և այս ամենից ասես ձանձրացած՝ գլուխը տարուբերում էր ու թույլ մռնչում։ Խորքում էբենոսյա սկահակներ էին դրված, որոնցից ծխի գունավոր քուլաներ էին ելնում ու միախառնվելով՝ սրահը ողողում ծիածանագույն աղջամուղջով։ Մորթեպատ տակառներ էին այս ու այն տեղ. դրանցից մեկին նստել էր հսկա մի տղամարդ, անչափ նման Եվպատորին, և գրկի մեջ տրորում էր եղնիկի պես բարալիկ մի աղջկա, իսկ ներքինիները անուշահոտ յուղ էին ցողում նրա ոտքերին։ Նրանցից քիչ հեռու մորթված մի ինձ էր ընկած, որի մեջքին խաղում էին կարմրաթշիկ երկու մանչուկ։ Խտացող աղջամուղջը շղարշում էր սրահի ետնամասը, և Կեսարն այնտեղ գետնատարած մարմինների ուրվագծեր նշմարեց։

Նրա ռունգերը թրթռացին անծանոթ սուր հոտից, և նա տեսարանից ցնցված՝ դարձավ թագուհուն.

— Աստծո տաճարում այսպիսի օրգիա՞. պղծում չէ՞ սա։

— Պղծո՞ւմ,— Կլեոպատրան ժպտաց,— այդ բոլոր կանայք աստծո սպասուհիներ են և դա անում են բարձրյալի սիրուց։

Ու Կեսարի դեմքին զարմանք նկատելով՝ շարունակեց.

— Գիտեմ՝ ձեր մոտ ողջողջ թաղում են կուսության ուխտը խախտած վեստալուհիներին, բայց թող հայտնի լինի քեզ, որ ամենքը չէ, որ դաժան են ձեր նման. Հայաստանում քրմուհիները փողով տրվում են ամեն անցորդի, և դա անում են իրենց մի աստվածուհու պատգամով, իսկ Ռան օրգիա է պահանջում ամեն գիշերահավասարի։

Նրանց մոտ հայտնվեց Ապոլոդորոսը, ձեռքին գավաթներ ու մի սրվակ։ Կլեոպատրան խմեց երկնագույն հեղուկից, մյուս գավաթը պարզեց իմպերատորին։

Կեսարը մերթ գավաթին էր նայում, մերթ թագուհուն, հետո հարցրեց.

— Ի՞նչ է սա։

— Մանդրագոր,— պատասխանեց թագուհին, իրեն մի գավաթ էլ լցնելով հեղուկից,— մոռացնում է վիշտ ու տառապանք։

Կեսարը գավաթը մոտեցրեց շոււրթերին։ Հեղուկը նրան անուշահամ թվաց և խմեց այն ամբողջությամբ։

Գլուխ չորրորդ

Երբ Կեսարը վերադարձավ Հելիոպոլիսից լեգատները խորապես անհանգստացած՝ հետաքրքրվեցին, թե ինչ էր պատահել նրան, որ բացակայեց ամբողջ տասն օր։ Կեսարին սկզբում թվաց, թե ծաղրում են իրեն հույզերին տրվելու համար, ինչն ամենևին չի գեղեցկացնում հռոմեացուն, բայց նրանք լուրջ էին, ինչպես երբեք։ Եվ նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ առեղծվածը. լեգատները երդվում էին բոլոր սրբություններով, որ Հելիոպոլիսում մնացել է տաս օր, մինչդեռ ինքը թագուհու հետ մի գիշեր էր անցկացրել։ Նա սկսեց կասկածել, թե Կլեոպատրան թմրեցրել է իրեն, և ինքն ի վիճակի չի եղել մտապահել օրերի հաշիվը։ Նա հիշեց ծառից ծառ ցատկոտող մերկ տղամարդկանց, և արյունը կանգ առավ քունքերում։ Նա հեծյալ մանիպուլ ուղարկեց Հելիոպոլիս, խստորեն կարգադրելով թագուհուն անհապաղ բերել իր մոտ։ Ու քանի դեռ մանիպուլը ճանապարհին էր, նա ամեն գործ թողած՝ մտածում էր, թե ինչպես պատժի նենգ կնոջը, որ հանդգնել էր բռնանալ իր կյանքի վրա։ Բայց երբ Կլեոպատրան զույգ տրիբունների ուղեկցությամբ հայտնվեց նրա առջև՝ նազելի ու նրբահասակ, նրա սիրտը թրթռաց սիրուց և հազիվ զսպեց իրեն չփարվել նրան։ Բայց նա վրդովված էր իրեն խաբելու համար և դեմքին խստություն հաղորդելով՝ մոտեցավ թագուհուն։ Կլեոպատրան չսպասեց նրա մեղադրական խոսքերին և ասաց քաջարի զինվորի նման.

— Պատժի՛ր ինձ առանց երկմտանքի, Կեսար, պատժի՛ր անգթորեն, որ նենգաբար գողացա քեզ աշխարհից։ Ես մեղավոր եմ։

Նա մի պահ դադար տվեց, ապա շարունակեց՝ սիրագորով հայացքով իմպերատորին նայելով.

— Ես մեղավոր եմ. ես ուզում էի դու միայն իմը լինեիր, որ կարողանայի արբենալ քեզնով ցանկացած պահի։

Կեսարը սպասում էր, թե նա ներում կխնդրի, և հանկարծակի եկավ նրա խոսքերից։ Իմպերատորի հոգում ինչ-որ բան փլվեց, որի արձագանքները դողանջում էին երկար, և նա շվարած պտտվում էր թագուհու շուրջը՝ չիմանալով ինչ անել։

— Այդ դեպքում ինչո՞ւ արձակեցիր ինձ,— վերջապես հարցրեց նա. նրա ձայնի մեջ չարություն չկար,— չէ՞ որ հասել էիր նպատակիդ։

Տրիբունները զգալով, որ իրենց ներկայությունն ավելորդ է, գլուխ տվեցին ու ելան սրահից։

— Ես սարսափելիորեն չէի ուզում անել այդ,— խոստովանեց Կլեոպատրան՝ գլուխը խոնարհելով, իսկ երբ նա հայացքը պարզեց իմպերատորին, նրա աչքերում արցունքի կաթիլներ շողացին,— բայց չկարողացա քեզ նման քաջակորով այրին զոհել հանուն իմ սիրո։ Ես խղճացի ոչ թե քեզ, այլ ինձ, քանի որ աշխարհում չկար այլևս որևէ մեկը, ում ձգտեի արժանանալ։ Մինչդեռ դու միակն էիր, ում մոտ ես ինձ թույլ ու անօգնական էի զգում, և ոչ՝ Եգիպտոսի թագուհի։ Ամբողջ տաս օր ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, որ ես աշխարհից գողացել եմ թանկագին մի գանձ, առանց որի այն չի կարող գոյատևել, ինչպես չի կարող առանց Արևի։ Դու իմն էիր, բայց այլևս իմպերատոր Գայոս Կեսարը չէիր, և կյանքն անհրապույր էր առանց քեզ։ Սա ես չեմ ասում ինքնարդարացման համար. պատժիր ինձ, կուզես՝ աքսորիր կղզին Բորոտների, կուզես՝ սպանիր. առանց քեզ ինձ համար բանտ է ամեն տեղ։ Քո զինվորներից իմացա, որ մեկնում ես։

Արցունքներ վազեցին նրա այտերի վրայով, իսկ շուրթերը դողացին։ Կեսարը գրկեց նրան ու նրա արցունքները սրբելով՝ ասաց հուզված.

— Ես կհրավիրեմ քեզ ինձ մոտ, դու կլինես իմ սիրուհին և տիրակալն իմ սրտի. ես քեզ համար պալատ կկառուցեմ այնտեղ, շքեղ՝ Պտղոմեոսի ապարանքից։

— Կլեոպատրան Հռոմո՞ւմ,— թագուհին դառը ժպտաց,— ինչպե՞ս կընդունի ինձ ծերակույտը, որ սովոր չէ կին տիրակալների։— Եվ ինչ-որ բան մտաբերելով՝ անհանգիստ նայեց Կեսարի աչքերի մեջ։— Հապա Կալպուռնիա՞ն. չեմ վշտացնի՞ արդյոք ես նրան։

— Իսկ եթե դու մնա՞ս այստեղ, Կեսար,— շարունակեց թագուհին աղերսաձայն։— Դու տիրում ես աշխարհին և լուսնի տակ չկա այլևս որևէ մեկը, ում հաղթելը փառք բերի քեզ։ Այսուհետ ստիպված ես լինելու կռվել ամեն տեսակ թագավորիկների ու ներքին թշնամիների դեմ, որոնց հետ չափվելը պատիվ չի լինի քեզ համար, բայց ամեն անգամ կվտանգես փառքդ, քանի որ մի պարտությունն ի չիք է դարձնում հազար հաղթանակ։ Ո՛չ Կրասոսը, ո՛չ Պոմպեոսը պակաս հզոր չէին. նրանք հարյուրավոր մարտեր էին շահել, բայց մի պարտությունը նրանց գլուխն արժեցավ...

Եվ Կլեոպատրան քիչ մնաց ասեր՝ «Ես չեմ կամենում դու էլ նման բախտի արժանանաս»։ Չասաց, բայց Կեսարի հոգում այդ միտքն արձագանքվեց Կլեոպատրայի ձայնով։

— Դու հավատարիմ զորավարներ ունես, որոնք քեզանից կռվել են սովորել ու իշխել. թող նրա՛նք կառավարեն քո տիրույթները, իսկ ինքդ մնա ինձ մոտ։ Մի՞թե կարիք կա քեզ հիշեցնելու, թե որքան է տարիքդ. հետզհետե նվազելու է բազկիդ զորությունը, միտքդ խավարելու է. այդպես է աստվածների կամքը և նրանք բացառություն չեն անում ոչ մեկի համար։ Հեռացիր մարդկանցից այժմ, քանի դեռ անունդ նրանց շուրթերին է, և նրանք կհիշեն քեզ հավերժ։ Քեզ բախտ է վիճակվել լինել առաջինը մարդկանց մեջ, և մի տարվիր իշխելասիրությամբ. հիմա ամենքը նախանձում են քեզ և առաջին իսկ հնարավորության դեպքում հաճույքով քեզ կգլորեն մոռացության վիհն անհատակ։ Թո՛ղ, Կեսար, թո՛ղ ամեն ինչ ու մնա ինձ մոտ։ Օսիրիսը մեզ արարել է միմյանց համար, մեր միությունը ցանկալի կլինի բոլոր աստվածներին։ Եվ ո՞ւր ես դու շտապում, ո՞ւմ ես թողնելու տիրույթներդ, որ սահման չունեն։ Քո կանայք քեզ ժառանգ չպարգևեցին՝ ե՛ս կանեմ այդ։ Ես կսիրեմ քեզ Հռեա Սիլվիայի[62] պես և արու զավակ կծնեմ քեզ համար, նա կկրի քո անունը և մեր երկուսի տիրույթները միացնելով՝ կտիրի աշխարհին, ինչպես չի տիրել ոչ ոք։

Նրա ձայնի մեջ թախծի անհատակ օվկիաններ կային, գլուխը հենած իմպերատորի կրծքին՝ նա ցնցվում էր հուզմունքից։ Կեսարի հոգին տակնուվրա էր լինում, նա բառեր չէր գտնում թագուհուն մխիթարելու համար և անխոս, մշուշոտ հայացքով նայում էր լուսամուտից այն կողմ տարածվող ծովի վրայով։

Նրանք մնացին այդպես արձանացած բավականին երկար. յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր խոսք մոտեցնելու էր բաժանումը, իսկ այդպես, քանի դեռ գրկախառնված կանգնած էին սրահի կենտրոնում, ժամանակը կանգ էր առել։

— Ես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում ինձ հետ,— վերջապես խոսեց Կեսարը՝ հայացքը թափառեցնելով հեռուներում,— քո հայտնությունից հետո ես չեմ ճանաչում ինքս ինձ, և մտքերը, որ ծնվում են իմ սրտում, զարմացնում են ինձ իրենց տարօրինակությամբ, քանի որ ես առաջ այլ կերպ էի մտածում կյանքի մասին։ Ես սիրուհիներ շատ եմ ունեցել և ինձ թվացել է, թե կատարյալության աստիճան գիտեմ՝ ինչ է սերը, մինչդեռ ես հիմա շփոթահար եմ՝ առաջին անգամ նիզակ բռնած պատանու նման։ Ես հմայված եմ, անհասկանալի ինչ-որ ուժեր են տիրում ինձ,— խոստովանեց Կեսարը, ապա, թագուհու աչքերի մեջ նայելով՝ հարցրեց.— Դու կախարդուհի՞ ես։

— Կախարդուհի՞,— քմծիծաղ տվեց Կլեոպատրան,— ես կին եմ, որ գիտե տղամարդ սիրել։

Կեսարը թողեց նրան և մտախոհ քայլեց սրահում։

— Ես մարտնչել եմ երեք միլիոն մարդու դեմ, ոչնչացրել եմ մեկ միլիոնին, նույնքանին էլ գերել, գրոհով վերցրել եմ ութ հարյուր քաղաք, հպատակեցրել երեք հարյուր ժողովուրդ — հանուն ո՞ր վեհ նպատակի։ Ինքնս էլ չգիտեմ։ Ինչի՞ համար եմ ես պայքարում. մի՞թե Մարկոս Կատոնին ապացուցելու համար այն, որ աստվածներն ինձ արարել են իշխելու իր նմաններին։ Զառանցա՜նք, խրթին խոսքե՜ր։ Այնինչ դա ես դարձրել եմ կյանքի նպատակ և կյանքս էլ պատրաստ եմ զոհել հանուն այդ նպատակի։ Այսպիսի հարցեր ես չէի տալիս ինձ նախքան իմ այստեղ գալը և նետվում էի վտանգին ընդառաջ այնպիսի հեգնանքով, ինչպես մանչուկն է առաջին անգամ ձեռքը պարզում կրակին։ Ես հանգստություն էի գտնում պատերազմի մեջ միայն, ընտանեկան անդորրը խորթ է ինձ համար, և հիմա, որքան էլ ջանամ, անկարող եմ փոխել ինձ. անդիմադրելի մի ուժ մղում է ինձ նոր փորձությունների, և ես ենթարկվում եմ նրան հարաճուն խելահեղությամբ։ Ես կռվում եմ անվերջ, կռվում՝ մերթ գալլերի, բելգերի, մերթ համաքաղաքացիներիս, մերթ աշխարհին անհայտ ինչ-որ ցեղերի դեմ. դա ինձ համար դարձել է եթերի, կրակի ու ջրի պես անհրաժեշտ բան, և ես չեմ պատկերացնում ինձ այլ կերպ։ Ես հիսունն անց եմ և վաղուց ժամն է՝ այլոց նման իմաստասիրությանը կամ վայելքին տրվելու, այնինչ այսօր ես չափչփում եմ Եգիպտոսի ավազուտները, վաղը կսուրամ Ուտիկե, հետո հարկ կլինի հնազանդեցնել Փառնակին։ Կրասոսի մահվան վրեժն է ծանրացած սրտիս և պիտի ավերեմ հիմնատակ քաղաքն այն պիղծ, ուր ծանակել են նրա սեգ գլուխը՝ մարմնից անջատված։ Այնպես որ, ներիր, բայց ես չեմ կարող մնալ Ալեքսանդրիայում, որքան էլ որ բաժանումը ծանր է ինձ համար։ Աստվածները հավանաբար ինձ սիրո համար չեն արարել։

— Ես գիտեի, որ դու սիրակից չես լինի ինձ,— արտաբերեց Կլեոպատրան տխրությամբ՝ արդեն համակերպված իր թշվառ վիճակի հետ։

— Ես կյանքում տեսել եմ ամեն ինչ, և պատիժներ մեծամեծ, և հաղթանակներ բազում, բայց այդ ամենը ոչինչ են անաղարտ սիրո մեկ ակնթարթի դիմաց, ու, հավատա ինձ, եթե ես քո տարիքին լինեի, գրողի ծոցը կքշեի ամեն ինչ ու կփախչեի քեզ հետ ծայրն աշխարհի։ Բայց նայիր աչքերիս մեջ, Կլեոպատրա, մի՞թե ես նման եմ սկսնակ սիրահարի, մի՞թե չես կարդում կյանքի դաժան կնիքն իմ դեմքին։ Ինքդ հիշատակեցիր տարիքս. ես թառամում եմ արդեն, իսկ դու լի ես կյանքի խնդությամբ։ Դու դեռ կգտնես քո ասպետին։

— Ես գտել եմ արդեն,— արձագանքեց թագուհին՝ շուրթերը սեղմելով։

— Ծերացա՜ծ ասպետ, դողդոջու՜ն ձեռքերով,— դառը հեգնանքով արտաբերեց Կեսարը։

Լռություն տիրեց։ Նրանք երկար ժամանակ անխոս նայում էին միմյանց։

— Ե՞րբ ես մեկնում,― հարցրեց Կլեոպատրան՝ մոտենալով նրան։

— Վաղը։

— Հետաձգիր այն մեկ օրով. ես ուզում եմ քեզ ցույց տալ մի բան, որը եգիպտական թագավորներից զատ ոչ ոք իրավունք չունի տեսնել և որի մասին չպիտի իմանա օտար ոչ ոք։ Եթե համաձայն ես, կկարգադրեմ կառք մատուցել և կմեկնենք հենց այժմ։

— Բայց ո՞ւր,— հետաքրքրվեց Կեսարը։

— Արքաների հովիտը. դա հեռու չէ այստեղից։

Գլուխ հինգերորդ

Հեռանալով Ալեքսանդրիայից տասնհինգ մղոն, թագուհու ոսկեհուռ կառքը, որին ուղեկցում էին հռոմեացի հիսուն հեծյալներ, շեղվեց մայրուղուց և հողածածկ ճանապարհով առաջանալով ևս քառորդ ժամ՝ պատահեց մեծաթիվ մի շքախմբի. տիրուհու գալստյան լուրն առնելով՝ քրմերը դիմավորելու էին եկել նրան։

Շատ չանցած՝ նրանք հայտնվեցին գեղատեսիլ մի լճակի ափին, որն ասես հրաշքով հայտնված լիներ ավազուտի անկենդան թագավորության մեջ։ Լճափից սալարկված մի լայն ուղի, որի երկու կողմերում մտասույզ, հեռուն նայող երկու հարյուրի չափ հսկայական սֆինքսներ էին կանգնած, տանում էին դեպի քիթ քթի տված զույգ տաճարները, որոնց ծածկահարթակի ստվերում և պատերի տակ կիզիչ արևից պատսպարվել ու անխռով ննջում էին երեք տասնյակ սրբազան ցուլեր։ Տաճարներից արևելք ժայռեղեն բարձունք էր, դեպի ուր լեռնային ոլորապտույտ ու նեղլիկ կածաններով աստվածային հյուրերին տարան պատգարակով։ Շքախումբը և հռոմեացի հեծյալները մնացին տաճարների մոտ։ Իջնելով բարձունքի վրա՝ թագուհին և իմպերատորը մոտեցան ժայռի մեջ ուղղաձիգ փորված մի հորանի, որի մեջ զույգ պարաններ էին կախված։ Ջահակիր ստրուկներ մոտեցան։ Թագուհու նշանով նրանք պտտեցին թմբուկը, և երկրի խորքերից դուրս եկավ փայտաշեն մի հարթակ։ Իմպերատորը և թագուհին երկու ստրուկների հետ ելան հարթակի վրա, իսկ մնացյալ ծառաները նրանց իջեցրին հորանի մեջ։

Ջահերի ցոլքերից շառագունած պատերն անշտապ սահում էին վեր, իսկ հորանի լուսե բերանը նվազում էր աստիճանաբար։ Գաղջ օդը ծանրացնում էր շնչառությունը, բայց թե՛ թագուհին, թե՛ ստրուկները դա տանում էին անվրդով։ Կեսարին հասկանալի չէր՝ ուր են տանում իրեն, և լարված հայացքով ուղեկիցներին էր նայում։ Ի վերջո նա վճռեց ոչնչի մասին չմտածել և հայացքը հառեց հորանի պատերին։ Մարդու գլխով թռչունների և թագը գլխին, մորուքավոր մարդու պատկերներ նշմարեց նա, որոնք հաջորդում էին միմյանց հորանի ողջ խորությամբ։ Նա նկատեց, թե որպիսի խորհրդավորությամբ է Կլեոպատրան հետևում պատկերների հաջորդայնությանը, և նրան թվաց, թե թագուհին աղոթում է մտքում։ Նա հայացքը դարձրեց ստրուկներին. սրանք կանգնած էին զգաստ ու անշարժ՝ մոմե արձանների նման։

Վերջապես հարթակը դեմ առաջ գետնին։ Նրանց առջև ժայռերի խորքը տանող մի նեղ միջանցք էր։ Այն վերածվեց ստորգետնյա ընդարձակ սրահի, որի երկայնքով փայտե դագաղներ էին դրված։ Սրահ չմտած՝ թագուհին և ստրուկները ծնկի եկան, իսկ Կեսարին նշաններով հասկացրին հետևել իրենց։ Այդպես լուռ և գլուխները գետնին հպած՝ նրանք մնացին մի քանի րոպե, մինչև սրահի խորքերում չրխկոցի նմանվող ինչ-որ ձայն լսվեց։

Դագաղների միջև ալեբաստրե սկահակներ, մեղեսիկե ու փիրուզյա ապարանջաններ, երփներանգ փետրափնջեր, շշմեցնող քանակության թանկարժեք քարեր, արտասովոր, բայց հրաշակերտ ոսկե և արծաթե արձանիկներ, մետաքսի նման բարակ գործվածքից շքեղ հանդերձներ և այլ իրեր էին թափթփված, որ մեռյալների մոտ թողել էին անդրշիրիմյան թափառումների համար։

Թե՛ սրահի մռայլ խորհրդավորությունը, թե՛ ջահերի լույսից շողշողացող գանձերը ճնշող տպավորություն էին գործում Կեսարի վրա, և նա հմայվածի պես շուրջն էր նայում։ Նա մի փոքր ետ էր ընկել և հանկարծ սոսկումով նկատեց սրահի խավար անկյունից դեպի իրեն եկող ինչ-որ ուրվականի։ Ուրվականը համառորեն մոտենում էր։ Կեսարը նրա գլխին ոսկեկուռ օձ նշմարեց։ Նա մինչ գոտկատեղը մերկ էր, նուրբ կտորից շրջազգեստ էր հագին, որ փափուկ ծալքերով իջնում էր մինչև ոտքերը։ Նրա ազդրերն ի վար կախված էին հրակարմիր գոտու ծայրերը։

Կեսարն ակամա ձեռքը տարավ դեպի սուրը։ Մետաղի ձայնից Կլեոպատրան և ստրուկները շրջվեցին։

— Մի՛ երկյուղիր,— հանգստացրեց նրան թագուհին,— Էհնաթոնն է. քրմերը նրա սարկոֆագի վրայից քերել-ջնջել են նրա անունը, և հիմա նրա հոգին հանգիստ չունի՝ անվերջ թափառում է և սնվում աղբի մնացորդներով։

Էհնաթոնն ընդհուպ մոտեցավ իմպերատորին։ Նրանից սառնություն էր տարածվում։ Մի քանի վայրկյան նա լուռ նայեց Կեսարի աչքերի մեջ, ապա, անհասկանալի ինչ-որ բառեր մրմնջալով՝ հեռացավ։ Կեսարը շվարած նայում էր երբեմնի հզոր փարավոնի ետևից, որն իր երկրային կյանքում տիրել էր աշխարհին, իսկ այժմ ահա միայնակ թափառում էր խավար խորշերում։ Այս ամենից ցնցված՝ նա առանց որևէ մտքի անխոս հետևում էր ջահակիրներին և այն զգացողությունն ուներ, ասես իր սրտի տեղում սառույց լիներ՝ անընդունակ մտածելու և տրվելու հույզերին։

Դուրս գալով սրահից՝ նրանք ժայռափոր սանդուղքով իջան մի քանի կանգուն և դեմ առան գորշ սվաղով պատած մի կնքված դռան։ Թագուհին զգուշությամբ պոկեց կնիքը, ստրուկներից մեկն ուսով հրեց դուռը, և այն զարմանալի թեթևությամբ ետ քաշվեց։ Նրանք առաջացան նեղ միջանցքով և պատահեցին մեկ այլ դռան՝ նույնպես կնքված ու սվաղած։ Երբ այս դուռն էլ բացվեց, ջահակիրները խոնարհաբար կողմ քաշվեցին։ Կլեոպատրան ջահերից մեկը հանձնեց իմպերատորին, և նրա դեմքի արտահայտությունից Կեսարը հասկացավ, որ այսուհետ պիտի առաջանա առանց ուղեկիցների։ Հազիվ էր նա ներս մտել, երբ դուռը փակվեց ետևից։ Նա տագնապով շրջվեց և ափերով շոշափեց ողորկ պատը՝ դռան եզրերը գտնելու հույսով։ Այդ պահին նա մտածում էր, որ սա մի նոր որոգայթ է, իսկ ինքը հիմարաբար հետևեց կախարդ թագուհուն. ոչ ոք այլևս չի գտնի իրեն ու ինքն էլ Էհնաթոնի նման կխարխափի ստորգետնյա այս բանտում՝ մինչև ուժերն իսպառ լքեն իրեն։ Նրա աչքերում միմյանց հաջորդեցին զայրութի բոլոր երանգները, մի պահ նա կամեցավ ձայնել թագուհուն, բայց միտքը փոխեց. եթե ինքն իսկապես խաբված է, ապա բոլորովին անիմաստ են օգնության կանչերն ու սպառնալիքները։ Բայց մահվան սպառնալիքն ամենևին չսարսափեցրեց նրան. նա իրեն վարժեցրել էր ամեն վայրկյան պատրաստ լինել արժանավայել դիմավորելու Մանեսին։ Նրան հետաքրքրեց, թե որտեղ է ինքը և շրջվելով՝ դեղնավուն հրդեհի պես մի բան տեսավ իր առջև։ Նրա հայացքի դեմ բոցավառվող ինչ-որ առարկաներ երևացին՝ լղոզված ուրվագծերով, բայց երբ նրա աչքերը ընտելացան այդ քաոսին, նա զանազանեց առանձին իրեր՝ տարօրինակ կենդանիներ, անդրիներ, անիվներ, արկղեր։ Ուր նայում էր՝ ոսկի էր, որ ջահի լույսի տակ փայփլում էր անաղարտ մաքրությամբ։ Մոռացած քիչ առաջ իրեն տիրած վհատությունը՝ նա պապանձվել էր զարմանքից։ Սրահում, ուր նա հայտնվել էր, պատերի մոտ երեք ոսկեզօծ մահիճներ էին դրված, որոնց շրջանակներին առասպելական արարածներ էին փորագրված։ Քիչ հեռու ընկած էին ամբողջովին ոսկեպատ և զարդանկարված չորս մարտակառքերի ցիրուցան մասեր. ոսկեպատ էին նույնիսկ անիվներն ու սռնիները։

Այս ոչ մեծ սրահից որմնախորշված մի ելք, որի երկու կողմերում ոսկե սանդալներով, վուշե հագուստով և երկար գավազաններ բռնած մարդկային երկու ֆիգուրներ էին կանգնած՝ տանում էր կից սենյակը, որը նույնպես կիսով չափ լցված էր ամենատարբեր իրերով։

Կեսարին աստիճանաբար այն համոզումն էր տիրում, որ ինքն ամենևին բանտված չէ, ինչպես կարծում էր սկզբում, և որ Կլեոպատրան բոլորովին նպատակ չունի մեկուսացնել իրեն աշխարհից, այլ իսկապես կամենում է ցուցադրել անսպասելի, անիմանալի մի բան։ Եվ նա ջահը գլխից վեր պահած՝ անսահման հետաքրքրությամբ և խորհրդավորությամբ զննում էր ստորգետնյա պալատի սենյակները։

Նրա ոտքերի տակ ոսկուց, արծաթից, փղոսկրից, ալեբաստրից, սև և մայրու փայտից վարպետորեն շինված տուփեր էին թափված, որոնց վրա որսի և ռազմի տեսարաններ պատկերող հարթ ու մակադիր դրվագումներ էին ու նկարներ։ Կեսարը կռացավ և բացեց դրանցից մի քանիսը. տուփերն ամփոփում էին ոսկեկար և ուլունքազարդ զգեստներ, ոսկե սանդալներ, ձյունաթույր սպիտակեղեն, ապարոշ, նախշազարդ աղեղներ, նիզակներ ու կապարճներ, ընձառյուծի մորթուց քրմական հագուստ՝ եզրակարված ոսկե և արծաթե վարդազարդերով։

Հաջորդ սրահում նա ոսկե և ագալմատոլիթե անհամար գավաթներ տեսավ, տապակած բադեր պարունակող սկահակներ, ինչպես նաև ձուլածո արձանիկներով փոխադրելի զոհասեղաններ, հախճապակյա զարդեր, լաջվարդով մակազարդված զանգվածեղ գայիսոն, որը նրան խիստ ծանոթ թվաց։ Պատերի երկայնքով ճարտարորեն դրոշմանկարված կաշվե նստելատեղերով ճոխ, վերից վար ոսկով, փղոսկրով և գույնզգույն ապակիով զարդարված աթոռներ ու ծալովի աթոռակներ էին շարված, որոնցից ամեն մեկը մի ողջ կարողություն էր։

Հետո նա քառորդ ժամի չափ առաջանում էր սալահատակ միջանցքով, որը սլաքի պես ուղիղ էր և ջրի պես ողորկ։ Նա արդեն համոզված էր, որ իրեն անակնկալ ինչ-որ բան է սպասվում։ Բայց ի՞նչ կարող էր լինել դա։ Այդ հարցը հանգիստ չէր տալիս նրան, նա հուզվում էր, նրա սիրտը խփում էր այնպես արագ և ուժգին, որ բաբախյունն արձագանքվում էր միջանցքում։

Ի հակադրություն սրահների՝ միջանցքը բոլորովին զուրկ էր պերճանքից, անգամ պատերը նկարազարդված չէին։

Վերջապես նեղլիկ մի մուտք պատահեց նրան, ու ներս մտնելով, նա իր առջև ուռուցիկ նախշերով և երկնագույն հախճապակիով զարդարված մի ոսկե պատ տեսավ։ Դա մինչ առաստաղ հասնող հսկայական արկղ էր, նման վերնածածկույթով վարագույրի։ Արկղն այնքան մեծ էր, որ դրա և սենյակի ժայռոտ պատի միջև սոսկ մի նեղ միջանցք էր մնացել, որտեղով նա կարող էր անցնել մեծ դժվարությամբ։ Այդտեղ ընկած էին գինու սափորներ, կանթեղներ, սկահակներ և գավաթներ, ու Կեսարը կռահեց, որ սա սովորական սրահ չէ, այլ գերեզմանոց։ Սառը քրտինք պատեց նրան, երբ պատկերացրեց, որ ոսկյա պատից այն կողմ իրենից ընդամենը մի քանի քայլի վրա ննջեցյալ կա։ Բայց ո՞վ է նա...

Ջահն առաջ պարզած ու պատերին քսվելով նա պտտվեց արկղի շուրջը, մինչև կողերից մեկի վրա երկփեղկ դուռ գտավ։ Ետ քաշելով փականը, նա զգուշությամբ ներս նայեց։ Պարզվեց, որ ներսում մի արկղ էլ կար, առաջինից գրեթե երկու անգամ փոքր ու նույնպես ոսկուց։ Անմիջապես մուտքի մոտ, թերթավոր ոսկով պատված ու սրբազան օձերով զարդարված զոհասեղանին մի տուփ էր դրված, իսկ հոգատար կերպով ձեռքերը տարածած չորս պահապան դիցուհիներ շրջապատել էին այն։ Կեսարը տուփի մեջ մարդկային սիրտ, ուղեղ և փորոտիք գտավ, որոնք պահպանվել էին այնպես լավ, ասես դրանք երեկ էին հանվել մեռյալի մարմնից։

Նրա շունչը կտրվում էր հետաքրքրասիրությունից, խորհրդավորությունից նրան դող էր համակում։ Դանդաղ և զգույշ մտնելով փոքր արկղի մեջ Կեսարը հայտնվեց դեղին կվարցիտից տաշված մի սարկոֆագի առաջ, որ դրված էր ալեբաստրե հաստ սալի վրա ու ծածկված էր վարդագույն գրանիտե կափարիչով։ Կեսարը հուզված շուրջը նայեց և ոսկյա պատերի վրա իր այլայլված արտացոլումը տեսավ։ Նա մեկ կամեցավ ետ դառնալ, բայց գայթակղությունը զորեղ էր երկյուղից, ու ջահը մոտեցնելով՝ գրություն փնտրեց սարկոֆագի վրա։ Նա մի քանի անգամ պտտվեց սարկոֆագի շուրջը, մանրազնին տնտղեց այն, բայց ոչինչ չգտավ։ Միայն կափարիչը բացելով կարելի էր պարզել գաղտնիքը։ Դա արդեն վեր էր նրա ուժերից, և նա արձանացել ու ակնապիշ նայում էր սարկոֆագին. երկյուղն աներևույթ ոգիներից, որոնք ամենուր են և տեսնում են ամեն շարժում, կաշկանդում էր նրան։ Այդպես անշարժ նա մնաց քառորդ ժամ, ապա կտրուկ շարժումներով ջահը հարմարեցնելով մի անկյունում և ջանալով ոչնչի մասին չմտածել ու ոչինչ չհիշել՝ մեծագույն ճիգով ծանր կափարիչը հրեց մի կողմ։ Սարկոֆագի մեջ մումիաձև ռանդված փայտյա դագաղ կար, պատված ոսկեթերթով։ Նրա կոկորդը սեղմվում էր, ձեռքերն այլևս չէին ենթարկվում նրան, բայց գաղտնիքն իմանալու գայթակղությունը ուժ էր տալիս նրան, և նա բոլորովին քրտինքի մեջ կորած՝ ձեռքը զգուշությամբ, ասես այն մտցնում էր օձերով լի զամբյուղի մեջ, երկարացրեց սարկոֆագի մեջ։ Անպատմելի սարսուռ անցավ նրա մարմնով, երբ մատերը հպվեցին դագաղին։ Նա չէր համարձակվում սարկոֆագի մեջ նայել։ Նրա մատերը դեմ առան ինչ-որ ելուստի, և կափարիչը բարձրացնելով՝ դրեց դագաղի կողքին։ Երկյուղախառն հետաքրքրասիրությամբ նա նայեց դագաղի մեջ և ասեղնագործ վարշամակի տակ մարդկային մարմնի ուրվագծեր նշմարեց։ Չհամարձակվելով ձեռքով կպչել՝ նա մոլորված շուրջը նայեց, ապա, շունչը պահած, սրի ծայրով զգուշությամբ ետ տարավ ծածկոցը։ Սկզբում երևացին ննջեցյալի գանգուր մազերը, որ դուրս էին թափվել դիադեմի տակից, հետո երևաց նրա դեմքը։ Կեսարը կլանումով նայում էր նրան ու ճանաչելով՝ կանչեց այլագունված.

— Օ՜, Զևս Հաղթանակած, չի՛ կարող պատահել։

Մասն յոթերորդ

Գլուխ առաջին

Իրիկնամուտ էր։ Կեսարը ճեմում էր գավթում ուսերին արնագույն թիկնոց գցած։ Նրան խնջույքի էր հրավիրել Մարկոս Անտոնիոսը, և նա սպասում էր Կալպուրնիայի հայտնվելուն։

Գավիթ թափանցող մեղմ քամին հանդարտորեն օրորում էր արմավենիների խոնարհ թևերն ու մրտենիների դալար շիվերը։ Հաճելի ջերմությունն աստիճանաբար անէանում էր մեռնող օրվա հետ։

Ոտնաձայներ լսվեցին։ Գավթի դռների մեջ շիկահեր մի երիտասարդ հայտնվեց, որի դակված ականջները մատնում էին նրա ստրուկ լինելը։ Ստրուկն առաջացավ երկչոտ քայլերով, ու երբ Կեսարը շրջվեց ձայնի կողմը՝ կանգ առավ ու ծնկի եկավ։ Կեսարը հասկացավ՝ ով կարող էր նա լինել և զարմացած նայում էր նրան։ Իսկ զարմանալու պատճառ կար։ Մեկ շաբաթ առաջ Անտոնիոսը նրան մի գիրք էր բերել, ուր պատմվում էր իր կյանքի ու գործունեության մասին։ Ընթերցելով այն՝ Կեսարին հեղինակը պատկերացել էր որպես տարեց ու բազմափորձ այր, այնինչ այժմ իր առջև կանգնած էր երիտասարդ մի մարդ։ Ու առաջին հարցը, որ ծնվեց դիկտատորի սրտում, այն էր, թե քանի տարեկան է նա։

— Քսանութ, աստվածայի՛ն Կեսար,— պատասխանեց ստրուկը՝ դիկտատորի նշանով ելնելով գետնից։ Նա դեղին քաթանից հնամաշ տունիկա էր հագել, որը հավանաբար կրում էր տոն օրերին միայն, իսկ ոտքերն առնված էին թաղիքե սև կոշիկների մեջ։ Նրա երկար, ոլորաձև մազերն առնված էին գինեգույն վարսակալի մեջ, դեմքին անքնության կամ մեկ այլ ուրիշ հիվանդության կնիք կար, և նա գունատ էր մումիայի պես։

— Անունդ ի՞նչ է։

— Նուրց Րա[63], պայծառաշո՛ւք դիկտատոր։— Ստրուկի պատասխանի մեջ հուզմունք կար։

— Թո՛ղ գեղեցիկ խոսքերը, Րա՛. դու գիտես, ես դրանք չեմ սիրում, ես էլ գիտեմ, որ դու դրանց վարպետ ես։

Այս ասելով՝ Կեսարը շարունակեց ճեմել գավթի երկարությամբ։ Ստրուկը հասկացավ, որ պիտի հետևի նրան։ Կեսարն արտաբերել էր իր անունը առանց դույզն ինչ արհամարհանքի, և դա ոգևորել էր նրան։

— Ստրուկ ես ի ծնե՞,— հարցրեց Կեսարը՝ ուսի վրայից նայելով խոսակցին։

— Այո, տեր իմ,— պատասխանեց ստրուկը տխրաձայն,— ծնողներս ևս ստրուկ են եղել, իսկ նրանց ծնողները ազատ մարդիկ էին և ապրում էին Իվգահում։

Այս վերջին բառը Նուրց Րան արտաբերեց այնպիսի տոնով, ասես Հռոմի տիրակալը պարտավոր էր իմանալ ով գիտե որ լեռնաշխարհում ծվարած բնակավայրի մասին։

Մեկ րոպեի չափ նրանք քայլեցին լուռ, ապա Կեսարը բազուկները հավաքելով կրծքին՝ հարցրեց.

— Եվ դու այդ ամենը գրել ես առանց կենսափորձի՞։

— Կենսափորձ, ի՛մ դիկտատոր, արդարև, ես չունեմ,— արագ-արագ պատասխանեց ստրուկը՝ ասես նախապես սպասում էր այդ հարցին,— և չէի կարող ունենալ, քանի որ գիտակցական կյանքիս առաջին իսկ օրը սոսկումով զգացի, որ ես անազատ եմ։ Զրկված լինելով ամեն ինչ տեսնելու և զգալու հնարավորությունից՝ ես ջանացի կյանքն ընկալել երևակայությամբ և կույրի նման ստեղծեցի իմ աշխարհը։ Ես մերձավորներ չունեմ, բայց երևակայում եմ, թե ապրում եմ նրանց հետ, թե շրջապատված եմ ուշադրությամբ ու գգվանքով։ Ես չգիտեմ ի՞նչ է կուշտ ուտելը, բայց պառկում եմ քնելու բոլոր բարիքները ճաշակած։ Ես ուրախանում եմ ուրիշների հաջողությամբ, տառապում նրանց հետ, իսկ տառապանքը կենսափորձ է ծնում։

Կեսարի դեմքին մտորումի կնճիռներ գոյացան, և նա անխոս նայում էր ստրուկի աչքերի մեջ։ Իսկ սա հալչում էր դիկտատորի տիրական հայացքից ու երկյուղում՝ չլինի՞ ինչ-որ բան այն չասաց։

— Իսկ դու համոզվա՞ծ ես, որ ես խորհել ու գործել եմ այնպես, ինչպես ինքդ ես ներկայացրել,— երկարատև լռությունից հետո հարցրեց Կեսարը։

Նուրց Րան չշտապեց պատասխանել, մի քանի վայրկյան ժողովեց մտքերը, ապա ասաց.

— Աստվածները ո՛չ ինձ, ո՛չ այլևս որևէ մեկին չեն շնորհի խորհելու և գործելու քո կարողությունը, և անհնար է գրել քո մասին՝ առանց նսեմացնելու քո անձը։ Սա ես ամենևին շողոքորթելու համար չեմ ասում։ Ես հասկանում եմ՝ հանճարի մասին պիտի գրի հանճարը, բայց ես...

Նա կարկամեց մի պահ և գլուխը խոնարհեց։

— Ես քո բարեհաճությունը շահելու այլ ուղի չէի տեսնում։ Ու եթե իմ գիրքը դուր չի եկել քեզ, կնշանակի զուր եմ անքուն գիշերներ լուսացրել հասկանալու համար, թե հոգու և երկնային ինչ ուժեր ու ազդակներ ապահովեցին քո հաղթանակը, և այն երկու ասը, որ ստանում եմ գոյությունս պահպանելու համար, զուր եմ կերոնների ու մագաղաթի համար վատնել։

Նրա առջևի ատամները թափված էին, և կամենալով կոծկել իր խեղանդամությունը, նա խոսում էր՝ շուրթերը համարյա չհեռացնելով միմյանցից։

Նրա շիտակությունը դուր եկավ Կեսարին և հետաքրքրվեց, թե ինչ է նրա ուզածը։

— Իմ ուզածը չնչին բան է աշխարհի տիրակալի համար և նրանից գրեթե ժամանակ ու ջանքեր չի խլի,— պահը ճակատագրական էր, և նրա շունչը կտրվում էր հուզմունքից։— Ազատի՛ր ինձ ստրկությունից, և ես կերկրպագե՛մ քեզ, ինչպես չի երկրպագվել ոչ մի աստված։

— Միայն այդքա՞նը,— զարմանքով հարցրեց Կեսարը, որ ավելին էր սպասում։

— Այո՛, ի՛մ տիրակալ. շղթայված մարդու համար ազատությունից թանկ ոչինչ չկա, մանավանդ, եթե նա անելիքներ ունի կյանքում։

— Վաղը սենատի նիստից հետո կխոսեմ պրետորների հետ, և երեկոյան ազատ կլինես։

— Օ՜, Կեսար,— ստրուկը ծնկի եկավ և համբուրեց դիկտատորի կոշիկները,— ես որքան եմ երազել այն պահին սպասելով, երբ գլխիս պիլեում կդնեմ ու իրավունք կունենամ երկրպագել Ֆերունային. ես վաղը ևեթ ոտաբոբիկ Սորակտա լեռը կգնամ և առաջին բերք կնվիրաբերեմ նրան։

— Վեր կաց,— կարգադրեց նրան Կեսարը խստաձայն, իսկ երբ երջանկությունից ցնծացող ստրուկը կանգնեց նրա առջև իր ողջ հասակով՝ շարունակեց դանդաղ ու առանց չարության. — Ես ազատություն կշնորհեի քեզ, եթե անգամ ծանակեիր ինձ. բանաստեղծը պիտի ապրի ազատության մեջ, և հասարակությունը, որ չի աստվածացնում իր բանաստեղծներին ու չի ազատում նրանց ամենայն հոգսերից՝ անբուժելի հիվանդ է։

Նուրց Րան հմայվածի պես դիկտատորին էր նայում։

— Կարող ես ապրել ինձ մոտ,— առաջարկեց Կեսարը,— ոչ մի հոգս չես ունենա։ Քեոսացուն գիտե՞ս։

— Այնքան, որքան կարող է իմանալ ստրուկը դիկտատորի սիրելի քերականին։

— Նա ղեկավարելու է հունական գրադարանը։ Կօգնե՛ս նրան։

Կեսարի առաջարկն ավելի քան հրապուրիչ էր, բայց ստրուկն ուժ գտավ իր մեջ մերժելու այն։

— Ինձ համար մեծ երջանկություն կլիներ ապրել աստվածային Կեսարի հարկի ներքո, բայց ազատությունը պետք է ինձ ո՛չ այն ըմբոշխնելու համար։ Իմ կյանքն արդեն թունավորված է, ինքնասիրությունս՝ բռնաբարված, օրերս՝ հաշված։ Ես մի վերջին երազանք ունեմ՝ լինել Իսպանիայում։

Կեսարը տարակուսանքով ուսերը թոթվեց։

— Ասում են՝ այնտեղ մի կին է վերադարձել Մեռյալների թագավորությունից և շրջել մարդկանց մեջ յոթն օր,— բացատրեց ստրուկը։

— Լսել եմ,― ճակատը կնճռոտելով ասաց Կեսարը,— թեև հավատ չեմ տածել։— Հետո ավելացրեց. — Վարվի՛ր, ինչպես կամենաս։

Նուրց Րան կամենում էր գլուխ տալ և հեռանալ, բայց հանկարծ Կեսարը հարցրեց.

— Քո պատումն ավարտվում է Ալեքսանդրի աճյունի հետ հանդիպումով. ի՞նչն է պատճառը ընդհատումի։

Նուրց Րան չէր ցանկանա առնչվել այդ հարցին և գունատվեց մի պահ, բայց քանի որ պարտավոր էր պատասխանել, ասաց.

— Աստվածային Կեսարը պարտադրո՞ւմ է անկե՞ղծ լինել։

— Դա միակ բանն է, որ չեմ կարող պարտադրել։

Ստրուկը խոր շունչ քաշեց, ապա օգնության կանչելով բոլոր աստվածներին, սկսեց.

— Ես փոքր մարդ եմ քեզ քննադատելու համար, ի՛մ դիկտատոր, և ընդհանրապես, ով երբևիցե կփորձի նախատել քեզ, թող նախ հաշիվ տա իրեն, թե ո՞վ է ինքը և ի՞նչ ճակատագրով է ապրում։ Ես, չնչին արարածս, որ ծանրաբեռնված եմ մանր գործերով և ուժ չեմ գտնում իմ մեջ դրանք հաղթահարելու համար, ի՞նչ իրավունք կարող եմ ունենալ նախատել մի մարդու, որը հասել է մարդկային երջանկության գագաթնակետին, դարձել բոլոր մայրցամաքների անվիճելի տիրակալը, աշխարհը ողողել իր անվան փառքով։ Բայց և այնպես, ի՛մ դիկտատոր, ես նույնպես ապրում եմ հասարակության մեջ և տեսնում եմ բաներ, որոնք...

— Խոսիր համարձակ,— հորդորեց նրան Կեսարը։

— Ժողովրդի մեջ աճում է դժգոհությունը քո անձի հանդեպ. շատերին դուր չի գալիս, որ դու հաշտվել ես երբեմնի քո թնշամիների հետ, որոնք զենքը ձեռքին կռվում էին քո դեմ, և որոնց դու բարձր պաշտոններ ես շնորհել։ Եվ այն, որ կրճատել ես ձրի հաց ստացողների թիվը, նույնպես շատերի սրտով չէ, թեև ես գտնում եմ, որ հացի բաշխումը անբարոյականացնում է մարդկանց։ Լուրեր են տարածում նաև,— իսկ դա օպտիմատներն են անում Կատոնի մահվան[64] վրեժն առնելու նպատակով,— թե դու կայսրություն ես կամենում ստեղծել...

— Կայսրությո՞ւն,— Կեսարը քմծիծաղ տվեց,— ես երբեք չեմ երազել կայսրության մասին. ես ունեցել եմ թշնամիներ և ջանացել եմ հաղթել նրանց, ազնիվին՝ ազնվորեն, նենգին՝ նենգաբար, իսկ հիմարին հանել եմ երբեմնի իր մերձավորի դեմ։ Եվ այն, որ ամենքը խոսքները մեկ արած լքեցին Հռոմը, վկայում է նրանց երկչոտության և ո՛չ իմ իշխանասիրության մասին։

— Բայց այդ և մյուս բաները գուցե և աննկատ մնային, եթե ոմանք, նպատակ ունենալով վերադարձնել հանրապետությունը, չօգտվեին դրանից և չգրգռեին ամբոխին։

— Դու առաջինը չես, որ զգուշացնում է ինձ այդ մասին,— ասաց Կեսարը լրջանալով։— Այդ ամենը ես գիտեմ, գիտեմ նաև, որ մեղադրում են ինձ Դոլաբելայի խելառության, Պիզոնի ընչաքաղցության և Անտոնիոսի խրախճանասիրության ու անառակության համար, բայց ես ստիպված եմ օգտվել այդպիսի օգնականների ծառայություններից, քանի որ իմ մերձավորներից բոլոր նրանք, ովքեր անշահախնդիր էին և իրենց չէին արատավորում անպարկեշտ պահվածքով, վաղուց ինձ հետ չեն, այլ Օրկուսի ավանդատանն[65] են։

— Բայց հասունացող դժգոհությունը կարող է մի օր կործանել քեզ,— վրա բերեց ստրուկը՝ խիստ անհանգստացած։

Կեսարն անխոս մի քանի քայլ արեց, ապա ասաց ինքն իրեն.

— Ոչինչ աշխարհում չի կատարվում առանց աստվածների գիտության։

Այդ միջոցին գավիթ իջած սպասավորը հայտնեց, որ Կալպուրնիան սպասում է իրեն։

Կեսարը գնաց դեպի ելքը։

Գլուխ երկրորդ

Կեսարն արթնացավ սովորականից վաղ։ Խնջույքից նա վերադարձել էր կեսգիշերից հետո և դեռ երկար կքներ, եթե վատ երազը չխանգարեր հանգիստը։ Նրան երևացել էր, որ իր հոգին թռչում է Հռոմի վրայով՝ ամպերի ներքո, դանդաղ լողում է օձագալար Տիբերի, նվիրական Կապիտոլիումի վրայով, իսկ փողոցները հեղեղած քվիրիտները ձեռքերի վրա տանում են եգիպտական ճերմակաթույր կերպասի մեջ փաթաթված իր արյունաշաղախ մարմինը։ Հետո հայտնվել էր ամենակարող Յուպիտերը, բռնել ձեռքից և ուղեկցել վեր, ուր իրենց օդեղեն ապարանքներում հավերժական կյանքի երանությունն են ըմբոշխնում քրոնոսածին և անմահ աստվածները։

Կեսարը գուցեև կարևորություն չտար երազին, եթե երկու շաբաթ առաջ զոհ մատուցելուց հետո գուշակ Սպուրիննան խորհուրդ տված չլիներ զգուշանալ մարտյան իդոսից ոչ ուշ սպասվող վտանգից։

Իսկ այսօր մարտի իդոսն է։

Քնել այլևս անհնար էր, ու տանջող մտքերը թոթափելու նպատակով նա, հենց այդպես, գիշերազգեստով դուրս եկավ ատլանտներով զարդարված երկարավուն պատշգամբ։ Աղոտվարդագույն հորիզոնի վրա պարզորոշ ուրվագծվել էին Միներվայի, Փավնոսի և Յուպիտերի կորագմբեթ տաճարները։ Իսկ ավելի մոտ՝ կիսախավարում թաղված նոճիազարդ պարտեզից այն կողմ, ադամալույսի հիվանդագին-գունատ ծվենները ջանում էին խավարից խլել դիկտատորի անունը կրող ֆորումի ընդարձակ հրապարակը։

Ութսունվեց կանգուն լայնություն, երկու հարյուր արմունկ երկարություն ունեցող հասարակական կենտրոնը, որ կառուցեց ութ տարում, ձգվում էր երկայնական առանցքով և երկու կողմից բոլորված էր կրկնակի սյունաշարով։ Սալահատակ հրապարակի եզրում փառահեղորեն բազմել էր Վեներա աստվածուհու տաճարը՝ ճակատային կողմից ութ սյուներով կազմավորված խորը սյունասրահով ու թաղակապ զոհարանով։ Հրապարակի ձախ կողմում նշմարվում էին առևտրականների խորանարդաձև կրպակները։

Կառույցին նայելով՝ Կեսարը հիշեց, որ երկրորդ ամիսն է իրեն բերել են Տարպեյան ժայռի վրա կառուցվելիք թատրոնի գծագրերը, իսկ ինքը ժամանակի սղության պատճառով դեռ չի նայել դրանք։ Նա քայլերն ուղղեց դեպի տաբիլինումի վրա բացվող դուռը՝ հուսալով, որ գծագրերով զբաղվելով՝ չի մտածի տհաճ երազի մասին։

Պատշգամբի կենտրոնում՝ ատլանտներից մեկի ոտքերի մոտ կանգնած գիշերապահն ինչ-որ անհանգիստ էր։ Ներս մտնելուց առաջ Կեսարը մոտեցավ նրան։ Զինվորը հայացքով ցույց տվեց սյուներից մեկը։

— Կալպուրնիա՞, ինչո՞ւ քնած չես,— զարմանքով հարցրեց Կեսարը՝ մոտենալով մետաքսե բարակ այգազգեստի մեջ փաթաթված կնոջը։

Կալպուրնիան փարվեց ամուսնուն, գլուխը նազելիորեն հենեց նրա ուսին։ Կեսարը գրկեց կնոջը, զգուշորեն ետ տարավ նրա լուսնագույն ճակատը ծածկող վարսափունջը։

— Ինչո՞ւ քնած չես,— հարցը կրկնեց Կեսարը։— Դու արտասվո՞ւմ ես։

Կալպուրնիան հեկեկաց բարձրաձայն, և արցունքները ողողեցին նրա դեմքը։

— Վատ երազ տեսա, Կեսար, սարսափելի վատ երազ,— արտաբերեց նա ցնցվելով,— մեր տանիքը փլվում էր, իսկ դիմակներ հագած ինչ-որ մարդիկ դաշունահարում էին քեզ իմ գրկի մեջ։ Նրանց շարժումներն այնքան ծանոթ էին ինձ, այնքան հարազատ։ Ա՜խ, սուրբ Յուպիտեր, որքան վախեցա ես, որքան վախեցա։— Կալպուրնիան միմյանց սեղմած ափերը մոտեցրեց դեմքին։

— Դե, ոչինչ էլ չկա,— Կեսարը հանգստացրեց կնոջը,— ինչպես տեսնում ես՝ ես քո գրկի մեջ եմ, և ոչ ոք մեզ չի սպառնում։ Ներս գնանք, սառն է այստեղ։

— Վախենում եմ, Կեսար,— Կալպուրնիան ամուր սեղմվեց ամուսնուն,— իմ ննջարանը ողողված է արյունով։

Միմյանց գրկած՝ նրանք մտան Կեսարի ննջարանը։ Դիկտատորը կնոջը պառկեցրեց մահճակալին, ծածկեց վերմակով ու նստեց ոտքերի մոտ։

Ո՞րն էր իմաստն այս մեկ երազի։ Սոսկ զուգադիպությո՞ւն էր, թե՞ գալիք աղետի մի նոր կանխանշան։ Երեկ խնջույքի ժամանակ շատ խոսեցին մահվան ու մեռնելու մասին։ Այս երազները գուցե դրա հետևանքնե՞րն են։

Ամուսնու ներկայությունից հանգստացած Կալպուրնիան քնել էր։ Կեսարն անցավ նեղ միջանցքով ու հայտնվեց մարմարե հատակով ընդարձակ դահլիճում, որի պատերից մեկի երկայնքով ձգվում էր պոնտական մայրիփայտե մի մեծ սեղան, վրան մագաղաթյա գրքեր ու գծագրեր։ Փնտրելով դրանց միջից Տարպեյան ժայռի մերձակայքի քարտեզը՝ փռեց սեղանի անկյուններից մեկում և խոնարհվեց վրան։

Հիմնական դժվարությունը, որի պատճառով ձգձգվում էր թատրոնի կառուցումը, շինանյութի փոխադրման հարցն էր։ Քարհանքը բավականին հեռու էր քաղաքից։ Բայց դա դեռ ոչինչ. պատաքարերը կարելի էր տեղ հասցնել գլորաններով։ Սակայն ինչպե՞ս դրանք բարձրացնել ժայռի գլուխ։ Գուցե ծառահատե՞լ, հող բերել-հարթեցնե՞լ համեմատաբար սահուն լանջերից մեկն ու քաշելով հանել վեր։ Կամ փորձել բարձրացնե՞լ պարաններով։ Ինչևէ, երկու դեպքում էլ կարիք կզգացվի մարդկային անհամար ձեռքերի։

«Օ՜, սրբազան ֆեցիալներ, չկա մի խնդիր, որ հնարավոր լինի լուծել առանց ձեր շուտափույթ միջամտության,— նա մի կողմ հրեց քարտեզը և գլուխն առավ ափերի մեջ։— Պոմպտինյան ճահիճները չորացնելու համար ստրուկներ են պետք, Վերին ծովից մինչև Տիբեր ջրանցք փորելու համար հսկայական միջոցներ են հարկավոր, Ֆուցիևյան լիճը պիտի իջեցվի, Մարսի տաճարը կիսատ է, Եգիպտոսում երաշտ է՝ հացահատիկի նոր մատակարար է հարկավոր գտնել»։

Պատերազմն անխուսափելի է. բոլոր այս խնդիրները լուծելու այլ ուղի ինքը չի տեսնում։ Չարշավի՞ արդյոք Տիզբոնի վրա (Անտոնիոսը երեկ մի գլուխ պնդում էր, թե վաղուց ժամանակն է այդ թխամազ բարբարոսներին հասկացնելու՝ ինչ ասել է Հռոմ և հռոմեական արծիվ)։ Նա կռվելու անզուսպ ցանկություն ունեցավ. վերջին մարտը վարել էր չորս տարի առաջ, և այդ չորս տարիները նրան մի ողջ հավերժություն թվացին։ Նա թաղվեց բարձր թիկնակով փափուկ աթոռի մեջ և աչքերը փակելով՝ պատկերացրեց, թե բանակ է առաջնորդում ասիական տափաստաններով։ Հետո մտովի լաստով անցավ Եփրատը, իջավ հարավ և ահռելիորեն ընդարձակ հարթավայրի վրա հանդիպեց պարթևական և հայկական միացյալ զորաբանակին։ Նրանք անթիվ էին ծովի ավազի պես, նրանց հագուստի մեջ սևն էր գերիշխում։ Լեգեոնները զենքերը շաչեցնելով՝ կռիվ էին ուզում, լեգատները բանբերներ էին ուղարկում մեկը մյուսի ետևից։ Աղմուկ էր, շփոթ, իրարանցում, գալարափողերի կանչերից մարդ էր խլանում...

Կեսարը ցնցվեց արագ թևաբախյունից և շուրջը նայելով՝ գզգզված փետուրներով մի արքայածիտ տեսավ մագաղաթագալարների վրա, որ տաբիլինում էր մտել կիսաբաց լուսամուտից ու կուչ եկած՝ հևում էր։ Չէր հասցրել դիկտատորը տեղից շարժվել, երբ սոսկալի կռինչով սև ամպի նման սրահ խուժեցին երկու տասնյակ ագռավ և մի ակնթարթում հոշոտեցին վիրավոր թռչունին։ Կեսարը տեսարանից շվարած՝ լուռ նայում էր ագռավներին, իսկ երբ դրանք իրենց սև գործն անելով՝ դուրս թռան տաբիլինումից, դանդաղաքայլ ու շունչը պահած մոտեցավ սպանված թռչունին և առավ ափերի մեջ։ Արքայածիտը դեռ տաք էր։

«Վատ նշան է»,— ակամա մտածեց նա՝ շոյելով թռչունի ոսկեդեղին փետուրները և ոչինչ չտեսնող հայացքով նայեց լուսամուտից դուրս։

Գուցե հարկավոր է զգուշանա՞լ։ Իսկ եթե լույսը բացվելուն պես Մարկոս Անտոնիոսին ուղարկի՞ կուրիա՝ իր անունից հետաձգելու սենատի նիստը...

Բացվող դռան ձայն լսվեց, և շուռ գալով՝ տեսավ Ափրոկլեսին։

— Ի՞նչ կա,— հարցրեց։

— Եկել է սենատոր Դեցիմոս Բրուտոս Ալբինոսը։

Կեսարը ոչ ոքի չէր սպասում։

— Ուղեկցիր նրան տրիկլինիում, սպասավորներին կարգադրիր՝ մեզ կերակրեն։

Մնալով մենակ գիշերազգեստը հանեց, հագավ արնագույն երիզով ճերմակ տունիկան։ Մազերը փութաջանորեն սանրեց գագաթից դեպի ճակատը և ոսկե դափնեպսակը դնելով քունքերին՝ լիովին քողարկեց լայն ճաղատը։

«Սկսել եմ երազել, և այնքան խոր, որ չզգացի՝ ինչպես թռան ժամերը,— հայելու մեջ իրեն նայելով՝ մտածեց Կեսարը։— Ծերանում եմ»։

Բրուտոսը ձեռքերը կրծքին հավաքած՝ լուսամուտից նայում էր ֆորումի հրապարակում րոպե առ րոպե ահագնացող խայտաբղետ բազմությանը, որ եկել էր զվարճանալու և բավականություն ստանալու մեծ ակնկալիքներով։ Տաբերնաներում աշխույժ առևտուր էր սկսվել. մարդիկ ձեռք էին բերում քաղցրավենիք, դիմակներ, գույնզգույն ժապավեններ, փայտյա երկար պոչերի վրա ամրացված հրեշների կավե փոքրիկ, ծիծաղաշարժ արձանիկներ։ Խումբ-խումբ հավաքված տարեց զինվորներն ուրախ պատմություններ էին անում, իսկ պատանիները սափրում էին իրենց առաջին աղվամազը և այրում մարմանդ կրակի վրա։

— Միամի՛տ խաժամուժ,— նետեց Բրուտոսն ատամների արանքից,— քեզ միայն տո՛նն էր պակասում։

Կեսարը ներս մտավ և ընդունելով Բրուտոսի ողջույնը՝ նրան հրավիրեց ճաշել իր հետ։ Ձեռքի աննկատելի շարժումով թուլացնելով տոգան, որպեսզի չընդգծվեր հագուստի տակ թաքցրած դաշույնը, Բրուտոսը նստեց փղոսկրյա անբազկակալ աթոռին։ Նա սովորություն ուներ տնից դուրս գալուց առաջ լավ ամրապնդվել և նախապես ներում խնդրեց, որ ինքը կօգտվի միայն մրգերից։

— Ինչպե՞ս է դիկտատորի տրամադրությունը, տոնակա՞ն է,— հարցրեց սենատորը՝ արծաթե դանակով առողջ, կարմրաթուշ խնձորը չորս հավասար մասերի բաժանելով։

Կեսարը նախօրոք պատրաստել էր պատասխանը.

— Տկար եմ, սիրելի՛դ իմ Բրուտոս. առավոտյան կրկին նոպա ունեցա։— Նա ափսեի մեջ դրեց փասիանի զույգ տոտիկներ, կես գավաթ լեսբոսյան կարմիր գինի խմեց և ախորժակով պիտի ուտեր համեղ մսակտորները, երբ հիշեց, որ ինքը տկար է, հետևաբար տկարավարի էլ պիտի սնվի։

Բրուտոսի առնական դեմքին վատ քողարկված դժգոհություն իջավ։ «Հիմա կհայտարարի, թե կուրիա չի գնա, և ամեն ինչ կկորչի գրողի ծոցը»,— մտածեց նա։

— Երևի չկարողանամ մասնակցել սենատի նիստին,— ասաց Կեսարը տխրաձայն։

— Դե, իհարկե, ինչի՞ մասին է խոսքը. քեզ հանգիստ է պետք,— Բրուտոսը սկսեց հակառակ ծայրից,— սենատի նիստը կարելի է հետաձգել վաղվան. միևնույն է, ոչինչ կարևոր չի վճռվելու այսօր։

Ապա նա խորին ափսոսանքով սկսեց պատմել բոլոր այն պատրաստությունների մասին, որ տեսել էին քվիրիտները և որոնց դիկտատորը չէր մասնակցելու. սենատի նիստից հետո նախատեսված էր խաղեր անցկացնել Մարսյան դաշտում, ապա բոլոր դպրոցների տասնութ ընտիր գլադիատորները կռվելու էին առյուծների խմբի դեմ, ուրախ հանդիսություն էր լինելու Ֆորումում, իսկ երեկոյան ջահերի լույսի ներքո ձիարշավ էր լինելու, որին մասնակցելու էին քաղաքի բոլոր երևելիները։

— Բայց էլ ի՞նչ տոն՝ առանց Հայրենյաց հոր, ի՞նչ հանդիսություն, որի բացմանը ճառով հանդես չի գա ինքը՝ Կեսարը։

Կեսարը նրան լսում էր հմայվածի պես, բայց տոնակատարության ծրագիրը չէ, որ գրավում էր նրան։ Նա գորովալից հայացքը չէր կտրում Բրուտոսից, նրա դիմագծերի մեջ համառորեն հոգեհարազատ գծեր էր որոնում և բոլորովին չէր կասկածում նրա անկեղծությանը։

Ինչո՞ւ է Բրուտոսին տեսնելիս ինքն ամեն անգամ հուզվում այսպես, այդ ի՞նչ անծանոթ զգայություն է, որ հանգիստ չի տալիս իրեն։ Չէ՞ որ Սերվիլիան երդվում է բոլոր սրբություններով...

Կեսարը չհամարձակվեց միտքը շարունակել, կոկորդը սեղմվեց հանկարծահաս ջղաձգումից, և հոգեկան ապրումները թաքցնելու նպատակով ելավ տեղից ու մոտեցավ լուսամուտին։ Այդժա՛մ միայն նա նկատեց, թե որքան պայծառ օր է դրսում, նոր միայն նրան հասավ Ֆորումը հեղեղած բազմության զվարթ բվվոցը։ Ու նրան անբացատրելի կայտառություն համակեց, զգաց, թե ինչպես է արյունը կենսախինդ խշշոցով շարժվում երակներով, և քմծիծաղով հիշեց քիչ առաջվա իր մտավախությունները։ Զարմանալի է՝ ինքն այնքան էլ լրջորեն չի ընդունել կանխանշանները, երբեմն գործել է հակառակ դրանց և երբեք անհաջողության չի մատնվել։ Կանխանշանների առատությո՞ւնը, թե՞ տարիքն է այժմ պատճառը մտավախությունների։ Հայտնի բան է՝ մարդ որքան մեծանում, այնքան ավելի է դողում կյանքի համար։ Դե, իհարկե, այդպես էլ կա՝ ավելորդ զգուշություն է, որ պատում է հիսունն անց յուրաքանչյուր մարդու։

— Գուցե գամ, Բրուտո՛ս,— ասաց Կեսարը՝ հայացքը սահեցնելով ֆորումի վրայով,— չարժե երկար սպասված այս օրն անցկացնել տանը, և թող հռոմեացիների տրամադրությունն ամենևին չընկնի իմ բացակայության պատճառով։

Վեստիբյուլում նրանց սպասող վեց հսկա ստրուկները ծղոտի պես վեր թռցրին պատգարակը, դրեցին ուսերին և Կեսարի երկու լիկտորների ուղեկցությամբ դուրս գալով փողոց, թեքվեցին դեպի Պոմպեոսի կուրիան։

Պատերի տակ հավաքված ամբոխը, որ առավոտից սպասում էր դիկտատորի հայտնվելուն, վայրկենապես շրջապատեց շքախումբը։ Նրանք լիկտորներին խնդրում էին թույլ տալ դիկտատորին հանձնել իրենց խնդրագրերը՝ հուսալով, որ տոնի առթիվ նա բարեգութ կլինի և չի մերժի իրենց։ Կեսարը վերցրեց խնդրագրերն ու խոստացավ նիստից հետո ընթերցել դրանք։

Կաստորի տաճարը հեռու չէր, և նա որոշեց մտնել այնտեղ. նախ նա սովորություն ուներ նիստից առաջ զոհ մատուցել աստվածներին և հետո սրտանց ցանկանում էր տեսնել Սպուրիննային, ում անհիմն կանխատեսումը պատճառ էր եղել հոգեկան ապրումների։

— Դե ի՞նչ, Սպուրիննա՛,— դիկտատորը հեգնանքով դիմեց աստիճանների վրա իրեն դիմավորելու ելած գուշակին,— իդոսը եկավ, իսկ Կեսարին փորձանք այդպես էլ չպատահեց։

Իսկ գուշակը բոլորովին չվիրավորվելով նրա խոսքերից՝ պատասխանեց.

— Թող հավե՛րժ ապրի Կեսարը և թող հեռո՛ւ մնան նրանից ոգիները չար։ Իդոսը, ի՛մ դիկտատոր, ճշմարիտ է, եկել է, բայց դեռ չի անցել։

Մտան տաճար։ Ոսկե շղթաներից քաշելով՝ հիերոդուլը ներս բերեց ծաղկեպսակներով զարդարված մի ամիկ։ Կեսարը մի փունջ բուրդ կտրեց անասունի ճակատից ու այրեց կրակի վրա։ Հետո աղախառն ալյուր ցանելով զոհի գլխին՝ այն կրկին հանձնեց հիերոդուլին։ Ու մինչ սա մորթում էր կենդանուն, դիկտատորը և գուշակը մտերմաբար զրուցում էին կրակարանի մոտ։

Ստրուկն ավարտեց իր գործը և սկուտեղի վրա բերեց կենդանու ներքին օրգանները։ Սպուրիննան աղոթք մրմնջալով՝ սուրբ ջուր ցողեց սկուտեղին, զննեց այն մի պահ ու տագնապած դիմեց հիերոդուլին.

— Դու ոչինչ չե՞ս մոռացել, Էպիկադո՛ս։

— Ո՛չ, հա՛յր սուրբ,— պատասխանեց ստրուկը խոնարհվելով,— զոհն իսկապե՛ս սիրտ չուներ։

— Վատ նշան է, պոնտիֆե՛կ,— Սպուրիննան կրծքից կախված հմայիլը պահեց աչքերի դեմ ու ինչ-որ բառեր շշնջաց։— Երկնքի և երկրի, խավարի և լույսի տիրակալները վերջին պահին հանել են զոհի սիրտը՝ դրանով հաստատելով իմ նախորդ կանխատեսումը. քեզ վտանգ է սպառնում։ Զուր ես ծիծաղում՝ ես սա ասում եմ ամենայն լրջությամբ։ Ես էլի ապացույցներ ունեմ. ձիերի երամակները, որոնց դու Ռուբիկոնն անցնելիս ընծայել ես աստվածներին և բաց թողել արածելու ազատության մեջ, երրորդ օրն է համառորեն հրաժարվում են ուտելիքից և արցունք են թափում։

— Սպուրիննան բոլորովին խենթացել է,— ասաց Կեսարը Բրուտոսին՝ հարմար տեղավորվելով բարձերի վրա,— ամեն ինչում վտանգի կանխանշան է տեսնում։— Ապա դարձավ ուղեկցին. — Դու հավատո՞ւմ ես կանխանշաններին, Բրուտո՛ս։

Բրուտոսը սաստիկ հուզված էր և իրեն չմատնելու համար միայն ուսերը թոթվեց։

— Իսկ թե վտանգ իսկապես կա,— առժամանակ լռելուց հետո շարունակեց Կեսարը,— ապա ես գերադասում եմ մեկ անգամ հանդիպել բոլոր կողմերից սպառնացող խարդավանքին, քան մշտնջենական տագնապի մեջ խուսափել դրանից։ Բացի այդ իմ կյանքը հիմա ավելի թանկ է պետության, քան ինձ համար. ես վաղուց հասել եմ իշխանության և փառքի, ու եթե այժմ ինձ որևէ բան պատահի, պետությունը կմոռանա՝ ինչ է անդորրը, քանի որ կներքաշվի շատ ավելի աղետաբեր քաղաքացիական պատերազմի մեջ։ Այնպես որ կատարյալ տհաս ու կարճամիտ կլինի նա, ով այս օրերին կբռնանա իմ կյանքի վրա։

Ֆորումում դիկտատորի ծիրանեգույն պատգարակի հայտնվելը պատճառ դարձավ աննկարագրելի իրարանցման։ Տիրակալին ողջունելու էին եկել Փարսալի ճակատամարտին մասնակցած վետերաններ, վառվռուն տոգաներով մեծատոհմիկներ, թանձրահոն և խառնագիսակ գալլեր, պլեբեյներ։ Այստեղ էին նաև ծառայությունից ազատ լիկտորներ, գոտկատեղում փայտյա սրեր խրած ռուդարիուսներ, կարճ խիտոններով ու անագապղնձե կոթուրնոսներով խոշորամարմին գլադիատորներ, ստրուկներ։

Տիրակալի հայացքին արժանանալու, նրա աստվածային դեմքը մեկ անգամ ևս տեսնելու ձգտումով ամբոխը գնաց պատգարակի ետևից։ Խրոխտ շարքեր կազմած վետերանները զլեցին ռազմաշունչ մի երգ, մյուսները ձայնակցում էին նրանց։ Պատշգամբներում խմբված մատրոնաներն ուրախ կանչերով ծաղկեփնջեր էին թափում ցած, երկարավարս օրիորդները հայացքը երկինք հառած՝ Վեներա աստվածուհուն աղերսում էին դիկտատորի պես քաջակորով ու խելամիտ ամուսին պարգևել իրենց։ Աղքատ պառավներն անձայն աղոթում էին, և երբ պատգարակը հասնում էր նրանց, գլուխ էին տալիս ու երջանկություն մաղթում դիկտատորին։ Փողոցները թնդում էին որոտընդոստ ողջույններից ու անզուսպ բացականչություններից։ Տներից մեկի տանիքից հսկա մի քիվաքար ընկավ, որ քիչ մնաց իր տակ ճզմեր հարբած մի գլադիատորի։

Ֆաբրիցիուսի կամրջի մոտ ստրուկի շորերով ջահել մի տղամարդ համառորեն փորձում էր մոտենալ պատգարակին։ Կեսարը նրան ճանաչել էր հեռվից. Նուրց Րան էր։

Շարունակ հրմշտվելով ամբոխի կողմից՝ ստրուկը մի կերպ հասավ պատգարակին և Կեսարին պարզեց մի գրություն։

— Շտապ կարդա, դիկտատո՛ր, հենց հիմա...

Այստեղ նա նկատեց Կեսարի կողքին թիկն տված Բրուտոսին, որ խոժոռ հայացքով նայում էր իրեն, ու խոսքը կիսատ մնաց բերանում։

Մարդկային վարար հեղեղը նրան հեռացրեց պատգարակից։ Գործի դնելով արմունկները՝ Րան փորձեց կրկին մոտենալ դիկտատորին, բայց վետերանները նրան կոպտորեն ետ հրեցին։ Նա ընկավ գետին։ Նրան տրորում էին անխնա, և չէր կարողանում ոտքի ելնել։ Խելահեղ կատաղություն տիրեց նրան, պատահածին կծոտելով ու խփելով՝ նա մի կերպ ելավ ու համառորեն փորձեց ճեղքել բազմությունը։ Շարքերն անչափ խիտ էին, քվիրիտներից ոմանք հարվածում էին նրան, որ իր ստրուկ տեղով համարձակվել էր դիպչել իրենց։

Կեսարն առաջացել էր բավականին, և պատգարակն այլևս չէր երևում մարդկանց գլխավերևում։ Րան քաշեց մոտով անցնող կենտուրիոնի թևից, բայց սա հրմշտոցի մեջ գզգզված մազերով և պատռված հագուստով ստրուկին մուրացկանի տեղ ընդունելով՝ գլուխ չդրեց հետը։ Այդժամ նա ձգվեց թաթերի վրա ու գոռաց ամբողջ ուժով.

— Կարդա՛ գրությունը, Կեսա՛ր, դավադրությու՜ն է...

Նրա ձայնը խլացավ ականջ ծակող ժխորի մեջ։

Այլայլված և հուզմունքից դողալով՝ նա շրջվեց դեպի իրենից հետո եկողները և ձեռքերը նրանց պարզած՝ կանչեց աղերսաձայն.

— Օգնեցե՜ք, բարի մարդիկ, որդին դավու՜մ է հոր դեմ՝ չիմանալով այդ մասին։ Աղաչու՜մ եմ ձեզ՝ լուր տարեք նրանց, խափանեք չարը, որ անսահման դառնություն է բերելու ձեզ և ձեր քաղաքին։ Լսե՜ք ինձ, բարի մարդիկ, դադարեք երգել և լուր տարեք նրանց...

Ամբոխը երգում էր ինքնամոռաց և չէր լսում ոչինչ։ Նրան հրում էին այս ու այն կողմ, ծաղրում էին՝ հարբածի տեղ դնելով, պղնձե դրամ էին շպրտում դեմքին։ Նա հեկեկաց անզորությունից և դեմքն ափերով բռնած՝ արտաբերեց արցունքի միջից.

— Օ՜, երկնային աստվածներ, դո՛ւք, որ բազմիցս աջակցել եք նրան, ինչո՞ւ եք այդպես դաժան այժմ. չէ՞ որ ինքներդ էիք Սերվիլիային արգելել բացահայտել գաղտնիքը։

Մարդկային անհատնում հոսանքը նրան առավ իր մեջ և շարունակելով գալարվել նեղլիկ փողոցներում՝ հորդաց դեպի կուրիա։

— Մի՞թե ողջ կյանքում ես այսպես էլ ստրուկ կմնա՜մ,— դառնությամբ գլուխն օրորելով՝ արտասվում էր Նուրց Րան,— մի՞թե զուր էր տարիների տառապանքն իմ ...

Կեսարն անհարմար զգաց ուրիշի ներկայությամբ կարդալ գաղտնիք պարունակող գրությունը և մի քանի տակ ծալելով՝ այն պահեց ձեռքում պատեհ ժամանակ կարդալու մտադրությամբ։

Կուրիայի ծածկահարդակի մոտ շքախումբը կանգ առավ։ Պատգարակից իջած դիկտատորին ընդառաջ եկավ Աղինիոս Պոլիոնը և խնդրեց մեկ րոպե տրամադրել իրեն։ Կեսարը բաժանվեց Բրուտոսից և աստիճաններով բարձրանալով՝ լուռ ունկնդրում էր Պոլիոնին։ Բրուտոսը կարկամեց, նրան թվաց, թե գաղտնիքը բացահայտվել է և Պոլիոնը հիմա դիկտատորին տեղեկացնում է իրենց ծրագրի մասին։ Սառը քրտինք պատեց նրան, նա մոլորված նայեց մուտքի մոտ արձանացած մյուս դավադիրներին և ձեռքը դանդաղ սահեցրեց տոգայի տակ՝ պատրաստ վերջ տալու իրեն ավելի վաղ, քան այդ կանեին կուրիան հսկող վիգիլները։ Բայց, ի մեծ ուրախություն նրա, Կեսարը չնայեց զինվորների կողմը և ընդունելով մուտքի մոտ խմբված սենատորների ողջույնը՝ մտավ կուրիա։ Դավադիրներից Կասկան խոսքի բռնվեց Մարկոս Անտոնիոսի հետ և ձևացնելով, թե խիստ հետաքրքրվում է Կեսարի տաճարի կառուցման ընթացքով՝ նրան պահեց սյունաշարի մոտ։

Կուրիայում բավականին բազմություն էր հավաքվել...


  1. Վիրգիլ ― քաղաքի կարգուկանոնին հետևող ոստիկան։
  2. Քվիրիտ ― Հռոմի լիիրավ, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներ։
  3. Քրոնոսը գլխավոր աստվածների հայրն էր, նաև Ժամանակի աստվածն էր։ Լինելով Զևսի (Յուպիտերի) հայրը, պատերազմել էր որդու դեմ և պարտվել։ Իր անունից է ծագել քրոնիկոն բառը։
  4. Սուրհանդակները կրում էին օձազարդ մական։ Արտահայտությունը հեղինակինն է։
  5. Աքերոն ― առասպելական գետ, որի մյուս ափն էին անցնում մեռյալների հոգիները։ Աքերոնի այն ափին լինել՝ նշանակում է մեռած լինել։
  6. Սուլլան ուներ Ֆելիքս՝ Երջանիկ, մականունը։
  7. Լեգատ ― լեգեոնի հրամանատար, նրանից բարձր միայն գլխավոր հրամանատարն էր։ Լեգեոնի կազմում կար մի քանի հազար զինվոր։
  8. Էրիմանթյան այդ վարազ ― Ամեն ինչ ավերող առասպելական կենդանի, որին սպանեց Հերակլեսը։
  9. Պրետոր ― քաղաքի դատավոր, ընտրվում էր ժողովրդի կողմից՝ ժողովրդական ժողովում։ Պրետորները նույնպես երկուսն էին, որպեսզի մեկը վերահսկեր մյուսին։ Ընդհանրապես բարձրագույն պաշտոնները երկուական էին, որպեսզի բացառվեին կամայականությունները։
  10. Պրետեքսիան դեռահասի զգեստ էր։ Պրետեքսիան չէր ձգել՝ այսինքն դեռ չէր ազատվել դեռահասի զգեստից, անչափահաս էր։ Չափահասն արդեն տոգա էր հագնում։
  11. Լիսիպոս ― Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակակից քանդակագործ։
  12. Ակադեմիկոս ― Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցի հետնորդներ։ Պլատոնը ուսուցանում էր Ակադեմ կոչվող վայրում, այստեղից էլ առաջացել է անվանումը։
  13. Գենիուս ― ապագան կանխագուշակող աստվածություն, պահպանում էր իր ընտրյալ մարդկանց։
  14. Բարձրագույն պաշտոնյաներին ուղեկցում էին երկու թիկնապահ՝ լիկտոր։
  15. Ազատություն ստացած նախկին ստրուկ, որն ապրում էր տիրոջ տանը։
  16. Կենտուրիոնը (նաև՝ ցենտուրիոն) պատերազմի ժամանակ կոհորտայի՝ գնդի, հրամանատար էր, խաղաղ ժամանակ իրագործում էր պատժիչ ֆունկցիաներ։ Կենտուրիոն ուղարկել՝ այստեղ նշանակում է մահապատժի ենթարկել։
  17. Ֆլամին ― անձեռնմխելիությամբ օժտված հոգևորական։
  18. Նոբիլ ― մեծահարուստ։
  19. Նկատի է առնվում Հռոմի հիմնադիր եղբայրների մասին լեգենդը, համաձայն որի այդ եղբայրները սնվել են գայլի կաթով։
  20. Կոնսուլյարիս ― նախորդ տարվա կոնսուլ, որը պահպանում էր որոշակի գործառույթներ։
  21. Էքսեդրում ― հյուրասրահ։
  22. Կարիատուհի ― կնոջ կերպարանքով սյուն։
  23. Քվեստոր ― պետական միջին պաշտոնյա, քվեստորի պաշտոնը զբաղեցնելուց հետո միայն կարելի էր ընդգրկվել սենատի կազմում։
  24. Էդիլ ― ոստիկանապետ։
  25. Պոմպեոսի մականունը, բառացի նշանակում է Մեծ։
  26. Զինվորական պատվավոր և բարձրագույն կոչում, որ բանակը շնորհում էր նշանակալի հաղթանակներ տարած հրամանատարին։
  27. Արիստոկրատական տները հովանավորում էին պլեբեյական մի քանի ընտանիքների։
  28. Կանայք հատուկ անուն չունեին և նրանց կոչում էին տոհմանունով։ Այսպես՝ Հուլիոսների տոհմի բոլոր աղջիկները կրում էին Հուլիա անունը, Կոռնելիոսների տոհմի աղջիկները՝ Կոռնելիա և այլն։
  29. Օրվա ժամերի հաշվարկը սկսվում էր լուսաբացից։
  30. Ընտրական տեղամաս։ Հռոմը բաժանված էր տասնյոթ տրիբուսների։
  31. Կեսօրյա ճաշ։
  32. Սուսերամարտի դպր
  33. Տան և ընտանիքի պահապան աստվածներ։
  34. Երբ Տիբերիոսը դիմել էր հավգուրներին, նրանք պատասխանել էին, թե մահ են կանխագուշակում, և եթե սպանի արուին՝ կմեռնի կինը, եթե էգին՝ կմեռնի ինքը։ Խճալով երիտասարդ կնոջը՝ Տիբերիոսը սպանել էր էգին, իսկ հաջորդ օրը սենատի կողմից հրահրված ամբոխը սպանել էր նրան։
  35. Հյուրերին ներկայացնող ստրուկ։
  36. Սանդալակերպ կոշիկներ, երկար քուղերով կապվում էին սրունքներին։
  37. Մարզ Իսպանիայում։
  38. Տրոյական պատերազմում տրոյացիներին աջակցած փոքրասիական թագավոր, պարտությունից հետո յուրայինների հետ տեղափոխվեց Իտալիա։ Հանդիսանում է հռոմեական ժողովրդի նախահայրը։
  39. Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներից։
  40. Պետական պաշտոնյան աշխատավարձ չէր ստանում, ավելին՝ պարտավոր էր հասարակական միջոցառումներ կազմակերպել իր հաշվին։
  41. Կուսակալը պրովինցիայի՝ գաղութի, կառավարիչն էր, իր տրամադրության տակ ուներ բանակ, որը ենթարկվում էր իրեն։ Կուսակալ նշանակվում էին գլխավորապես նախկին կոնսուլները։
  42. Այդպես էին կոչում պոռնկուհիներին։
  43. Կապիտոլիումի բարձունքը քաղաքին կապող աստիճանաշար։
  44. Լուսավորչական հանգիստ։
  45. Սգում էր Ֆուֆիդիայի մահը։
  46. Պատերազմում ամուսին կորցրած կին, Հռոմում արժանանում էր հատուկ պատկառանքի։
  47. Գերագույն քուրմ։
  48. Այսինքն՝ Բիբուլոսը դարձավ պրետոր՝ դատավոր։
  49. Ժողովրդական ժողով։
  50. Յուպիտերի արձանը նորոգելու իրավունքին արժանանալը համարվում էր բարձր պատիվ։ Այդ իրավունքից զրկվելը մահացու վիրավորական էր։
  51. Հռոմի մերձակայքում գտնվող հատուկ սահման, որը չպիտի անցներ հաղթահանդես ցանկացող հաղթանակած զորավարը՝ մինչև սենատից հրավեր ստանալը։
  52. Ցանկապատված տարածք՝ քվեարկելու համար։
  53. Կոնսուլական լիազորության ավարտից հետո Կեսարը պիտի մեկներ պրովինցիաներից մեկնումեկը՝ կառավարելու այն։
  54. Եգիպտոսի Պտղոմեոս թագավորը մահից առաջ իր երկիրը կտակել էր հռոմեական սենատին։
  55. Խոսքը Կեսարի դստեր մասին է, և ոչ՝ քրոջ։
  56. Փարիզի հին անունը, որ բառացի նշանակում է՝ ցեխի մեջ կորած։
  57. Երևակայական ճիվաղ, որ խժռում էր երեխաներին։
  58. Բաց տարածություն զորավարի վրանի առջև։
  59. Պոմպեոսը Սուլլայի օրոք սպանել էր Բրուտոսի հորը։
  60. Անդրշիրիմյան աշխարհի աստված։
  61. Նկատի ունի Հուլիային՝ Կեսարի դստերը։
  62. Հռոմի հիմնադիր Հռոմուլեսի մայրը։
  63. Նուրց Րա անունը հակառակ ուղղությամբ կարդալով կստացվի սույն պատմավեպի հեղինակի անունը։ Հեղինակը փաստորեն ստեղծել է նաև իր կերպարը, գիրքը գրելիս ինքը ևս քսանութ տարեկան էր։
  64. Կատոնն իմանալով, որ Կեսարը իր ետևից ջոկատ է ուղարկել, ինքնասպան է լինում։
  65. Ստորերկրյա թագավորություն։