Ճանապարհորդությունը երկարատև կլինի

Գրապահարան-ից
Ճանապարհորդությունը երկարատև կլինի

հեղինակ՝ Էդվին Չարլզ Թաբ
թարգմանիչ՝ Կ․ Ա․ Սիմոնյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Երկու պատմվածք»

Ստենլին մյուսների հետ նստել էր ընդհանուր նավասենյակում և խմում էր արդեն երրորդ բաժակ սուրճը, երբ, վերջապես, հայտնվեց նավավարը։ Հեմրիջը մռայլված էր։ Նրա ձեռքին հաշվարկներով լի թղթեր կային։

— Այ, թե որս եմ ասե՜լ… Երեք մոլորակներից մեկը շատ հեռու է, մյուսը՝ անչափ մոտիկ, գուցե միայն վերջինը հարմար լինի,— նա վերցրեց ինժեներ Լեմանի պարզած գավաթը։

— Քսաներեք շաբաթ ճանապարհորդելուց հետո դա այնքան էլ շատ չէ։

— Ավելի լավ,— նկատեց Լեմանը,— աշխատանք քիչ կլինի, շուտ կվերադառնանք տուն։

— Այո։ Բայց որքան շատ հայտնագործենք, այնքան բարձր կլինի պարգևը,— առարկեց Քլայենը։ Եվ, պատասխանի սպասելով, ժպտաց Թորնին։— Ճի՞շտ է, դոկտոր։

Թորնը չպատասխանեց։ Նա կապիտանի ուսի վրայով նայում էր թվերով լի թերթիկին։

— Ի՞նչ կասեք։ Հարմա՞ր է, կապիտան,— հարցրեց նա։

— Տեսնենք։— Ստենլին մռայլվելով, աչքի անցկացրեց գրությունը։— Միջին ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի՝ երեսունհինգ։ Սառցագագաթներ չկան, օվկիանոսներ՝ նույնպես։ Միայն անապատ ու լեռների մնացորդներ։ Բուսականությամբ ծածկված մեծ տարածություններ չեն երևում։— Նայեց աստղանավավարին։— Լավ եք հասցրել այս ամենը նկատել։ Երևի շատ ենք մոտեցել մոլորակին։

— Չափազանց,— պատասխանեց Հեմրիջը,— մեր բախտը բերել է։

Նա չասաց, թե ինչու, որովհետև այդ բանը մյուսներն իրենք էլ գիտեին։ Եթե պատահում էր այնպես, որ նավերի կոորդինատները համընկնում էին որևէ մոլորակի կամ Արևի կոորդինատների հետ, այդպիսի նավերը անհետ կորչում էին։ Նույն պահին երկու առարկա չեն կարող միևնույն կետում գտնվել, և նա, ով փորձում է հասնել դրան, շատ թանկ է հատուցում։

— Ուրեմն, ի՞նչ ենք առնելու,— Լեմանը իր աթոռը մոտեցրեց նրանց։— Պտտվենք մոլորակի շուրջը և հեռուստատեսային նկարահանում կատարենք, թե՞ վայրէջք գործենք ու զբաղվենք հետազոտությամբ։ Ինչքա՞ն ժամանակ ունենք մեր տրամադրության տակ, կապիտան։

— Ոչ այնքան շատ։ Մեր ճանապարհորդությունը երկար է տևել դեպի նպատակակետը, չէ՞ որ նույնքան էլ կտևի ետ գնալը։

— Պետք է խնայել մեր պահեստային միջոցները։— Ստենլին մի կողմ հրեց թերթիկները և հենվեց աթոռի թիկնակին։— Չնայած մեր առաջ միայն մի մոլորակ կա։ Դուք ի՞նչ եք առաջարկում, Թորն։

— Պտտվել մոլորակի շուրջը,— առանց հապաղելու պատասխանեց դոկտորը։— Ինչպես սովորաբար անում ենք։ Առանց շտապելու նկարահանումներ կկատարենք։ Կարող ենք նույնիսկ հետագծային արկ ուղարկել և կունենանք օդի ու ընդերքի ճշգրիտ սպեկտրային անալիզ։ Ոչ մի անհրաժեշտություն չկա վայրէջք կատարելու։

— Համաձայն չեմ,— բորբոքված ասաց Քլայենը։— Ի՞նչ ունենք վախենալու, գրողը տանի։ Մենք հեշտությամբ ետ կմղենք ամեն մի հարձակում։ Եթե այնտեղ բանական արարածներ կան, անհրաժեշտ է նրանց մասին որքան հնարավոր է շատ բան իմանալ։ Իսկ եթե չկան, ապա զգուշանալու առիթ չունենք։

— Թույլ տվեք հիշեցնել, որ մեր նավը հետախուզական նավ է,— անվրդով ասաց Ստենլին։— Մեր գործն է՝ գտնել բնակեցման նպատակահարմար, երկրագնդի տիպի մի մոլորակ։ Իսկ դրա համար վայրէջք կատարելու կարիք չկա։ Եթե մոլորակը նորմալ մթնոլորտ ունի, ձգողականության ուժն էլ շատ չի տարբերվում Երկրի ձգողականությունից, եթե կա խմելու ջուր և կլիման էլ նպաստավոր է կյանքի համար, ապա մենք կնշենք, որ այն կարելի է գաղութացնել։ Ահա այն ամենը, ինչ մեզանից պահանջվում է, և դուք էլ շատ լավ գիտեք, թե ում առաջ ենք պատասխանատու մեր թռիչքի համար։

— Պառավ խրտվիլակի,— փնչացրեց Լեմանը։— Ես կարծում էի, թե նա վաղուց հաշվից դուրս է գտնվում։ Բայց հիմա խոսքը ոչ թե նրա, այլ մեր մասին է։ Մենք արդեն վեց ամիս փակված նստել ենք այս տուփի մեջ ու ծայրահեղ դեպքում, մի այդքան էր կնստենք։ Ժամանակն է, որ բազմազանության համար փոքր֊ինչ շարժենք մեր ոտքերը։— Նա հուսալի հայացքով նայեց կապիտանին։— Մենք ձեռք կառնենք նախազգուշական բոլոր միջոցները։ Ի վերջո, երեխաներ չենք, գիտենք, թե ինչ ենք անում։

— Իսկ ձեր կարծի՞քը, Հեմրիջ։

— Լեմանի հետ համաձայն եմ,— պատասխանեց աստղանավավարը։— Ես վայրէջքի կողմնակից եմ։

— Նրանք խելքները թռցրել են,— կատաղած ասաց դոկտորը։— Գրողը տանի, Ստենլի, նրանք ախր ինձնից էլ լավ գիտեն, թե ինչու վայրէջք կատարել չի կարելի։ Վայրէջքը ոչ թե մեր, այլ գաղութարարների գործն է։

Այո, դոկտորը, իհարկե, ճիշտ էր։ Դա իրենց գործը չէր։ Ստենլին հոգոց հանեց և նստած տեղում ուղղվեց։

— Կպտտվենք մոլորակի շուրջը և նկարահանումներ կկատարենք,— պնդեց նա։

Եվ ձևացրեց, թե կլանված է տվյալների ուսումնասիրությամբ․ այդ դիրքով նա չէր կարող տեսնել մյուսների դեմքի արտահայտությունը։


Լուսանկարներից դատելով, մոլորակը մի արտառոց գյուտ չէր, մյուս մոլորակներից ոչ վատ էր, ոչ էլ լավ։ Ձգողական ուժը այստեղ փոքր֊ինչ ավելի էր, քան Երկրի վրա, թթվածնի քանակությունը օդում ավելի պակաս, ջուրը՝ շատ քիչ։ Գաղութացման տեսակետից այդ նոր աշխարհը շատ էլ հմայիչ չէր․ անապատներ, ցանցառ բուսականություն, բնական չնչին հարստություններ։ Այստեղ վաղուց էր անցել բարգավաճման շրջանը և հիմա էլ այդ աշխարհը աստիճանաբար մեռնում էր։ Բայց լուսանկարներում էլի ինչ֊որ բաներ էին երևում։

— Քաղաքակրթությո՜ւն,— Լեմանը հայացքը հեռացրեց լուսանկարից:— Տեսե՛ք, քաղաքակրթություն։

— Որտե՞ղ,— Քլայենը թեքվեց սեղանի վրա։— Մի՞թե քաղաքներ են։ Չի կարող պատահել։

— Նայեք ինքներդ,— Լեմանը նրան մեկնեց լուսանկարը։— Տեսնո՞ւմ եք։ Սա խորություն է, իսկ այս երկարը՝ ուղիղ, շատ ուղիղ գիծ։ Բնության մեջ այդպիսի ուղիղ գծեր չեն լինում։ Մոլորակի վրա կյանք կա, կամ,— նա ինքն իրեն ուղղեց,— եղել է։ Տղաներ, ինձ թվում է, որ մենք հենց թիրախին ենք կպել։

— Սպասեք։— Հեմրիջը ջանում էր իր մեջ հաղթահարել վարակիչ ոգևորությունը, այն մարդու ոգևորությունը, որն իր կյանքը նվիրել էր օտար մոլորակների վրա բանական արարածներ որոնելու գործին, բայց երբեք չէր գտել։

— Ահա,— Լեմանը լուսանկարները պարզեց Հեմրիջին։— Ի՞նչ կասեք։ Ես ճի՞շտ եմ։

— Ի՞նչ իմանամ,— Հեմրիջը բարձրացրեց գլուխը․ նավասենյակ մտան Ստենլին ու Թորնը։ Ընդհանուր սենյակը նավում ամենամեծն էր և օգտագործվում էր բազում նպատակների համար՝ սկսած ըմբշամարտի հանպատրաստի մրցությունից մինչև լուսանկարների մշակումը։— Լսեք, կապիտան, դուք չէ՞ որ արդեն տեսել եք այս նկարները։ Ի՞նչ եք կարծում, Լեմանը ճի՞շտ է։ Մի՞թե իրոք դա շինություն է։

— Հավանաբար,— զգույշ պատասխանեց Ստենլին,— բայց հաստատ համոզված լինել չի կարելի։

Նա ձեռքի շարժումով խնդրեց, որ ազատեն սեղանը և սկսեց դասավորել լուսանկարները։

— Սրանք հյուսիսային բևեռային շրջանում լուսանկարված պատկերներն են։ Ինֆրակարմիր ժապավենի օգնությամբ մեզ հաջողվեց նկատել գծեր, որոնք սովորական ժապավենի վրա չեն արտահայտվում։ Եվ, իրոք, դրանք ավելի շուտ արհեստական ծագում ունեն, քան բնական։

Նա մի քանի լուսանկար էլ վերցրեց։

— Ահա նույն պատկերները, միայն թե ավելի մեծացրած։ Ուշադրություն դարձրեք անկանոն ձև ունեցող շրջաններին, դրանք, իսկապես, նման են շինությունների։

Ստենլին մատներով թմբկահարեց լուսանկարի փայլուն մակերեսին։

— Տեսնո՞ւմ եք այս գծերը, որոնք ձգվում են դեպի շրջանի ծայրամասերը և աստիճանաբար անհետանում։ Դրանք հիշեցնում են Մարսի «ջրանցքները»։— Նա ուսերը վեր քաշեց։— Իսկ «ջրանցքները», ինչպես արդեն պարզվել է, Մարսի կեղևի սեղմվելուց առաջացած բնական ճեղքվածքներ են։

— Բայց սրանց ոչ մի դեպքում բնական անվանել չի կարելի,— պնդեց Քլայենը։ Նրա մեջ խոսում էր գիտնականը։— Սրանք բաց ճեղքվածքներ չեն, որովհետև նախ էրոզիա չկա, և բացի այդ, գծերը շատ են ուղիղ։

Քլայենը զննեց լուսանկարը։

— Թունելների նման են,— ծոր տվեց նա,— ստորերկրյա թունելների, որոնք առաջներում եղել են մոլորակի ընդերքում, իսկ հիմա մասամբ մերկացել են։ Դրանք լավ են երևում ջերմային ճառագայթների նկատմամբ զգայուն ժապավենի վրա։ Այդ պատճառով էլ կարծում եմ, որ ջերմաստիճանը թունելներում ավելի բարձր է, քան մակերևույթի վրա։

— Մի՛ մոռացեք մասշտաբները,— բողոքեց Հեմրիջը։— Ո՞վ կարող է այդպիսի թունելներ կառուցել։

— Իսկ այս հսկա շենքե՞րը…— մրմնջաց Քլայենը։

— Այսպիսի հոյակապ շինություններ կառուցելու ընդունակ արարածները պետք է զարգացման շատ ավելի բարձր աստիճանի վրա լինեն, քան մենք։— Լեմանը կարծես ցնցված էր հայտնագործությունից։— Այ քեզ մեծությո՜ւն։ Հետաքրքիր է, թե է՛լ ինչի են ընդունակ նրանք։

— Սա հին մոլորակ է,— հիշեցրեց Քլայենը,— ոչ Մարսի տարիքի, բայց ավելի ծեր, քան Երկիրը։ Շատ հավանական է, որ քաղաքակրթությունն այնտեղ ծնվել է, բարգավաճել և ապա մարել։ Երկրի վրա էլ է նույն բանը տեղի ունեցել․ հիշեք եգիպտական և մեքսիկական բուրգերը։— Նա մտահոգ նայեց լուսանկարին։— Կուզենայի իմանալ, թե ինչ է պատահել այս մոլորակի բնակիչներին։

— Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ նրանք հիմա էլ այնտեղ են,— հարցրեց Լեմանը։— Ասենք թե նրանք գտնվում են ոչնչանալու փուլում, դա բնավ էլ չի նշանակում, որ արդեն ոչնչացել են։ Այդ աշխարհը դեռ ընդունակ է կյանք պահպանելու։

— Գուցե մերը, բայց ոչ նրանցը,— չոր նկատեց Թորնը։

— Ինչո՞ւ… Նրանք կարող էին հարմարվել պայմաններին։

— Դինոզավրերն էլ կարող էին, բայց նման բան տեղի չունեցավ։

— Դինոզավրերը կառուցել չգիտեին,— խայթեց Լեմանը,— իսկ այդ ժողովուրդը գիտե։ Եվ, դատելով շենքերից, այնքան խելք ունեն, որ շրջապատող աշխարհը հարմարեցնում են իրենց պահանջներին։

— Ի՛նչ ասեմ․ շատ հավանական է։— Ստենլին որոշել էր համբերատար լինել։— Համենայն դեպս, մենք չենք կարող համոզված պնդել, որ այս գծերը նշանակում են արհեստական շինություններ և որ մոլորակի վրա գոյություն է ունեցել բանական կյանք։ Չէ՞ որ դուք գիտնական եք․ անորոշ ենթադրությունները դեռևս ապացույց չեն։— Լռեց։— Ամեն դեպքում էլ մենք բավարար չափով նախապատրաստված չենք ինքնուրույն հետազոտություն կատարելու։ Մեզանից հետո կժամանի արշավախումբը, իրենց հետ նրանք կունենան էքսկավատորներ, մասնագետներ…

— Ուրեմն, մենք վայրէջք ենք կատարելու,— ընդհատեց նրան Լեմանը, ավելի շուտ հաստատական, քան հարցական տոնով։

— Մենք վայրէջք չենք կատարելու,— վճռականորեն ասաց Թորնը։

Ստենլին հոգոց հանեց։ Ամեն անգամ, երբ նրանք հայտնվում էին մի նոր աշխարհի շեմին, սկսվում էր միևնույն վեճը։ Բնազդն ու զգացմունքները վայրէջքի կողմնակիցներն էին, մարդկանց մեջ ցանկություն էր առաջանում տեսնել, շոշափել ամեն ինչ․ ցանկություն էր առաջանում բույր չունեցող գազերի փոխարեն շնչել մաքուր օդ, ոտքերի տակ զգալ իսկական, ամուր հող, բավականություն ստանալ կանաչի հոտով։ Տրամաբանությունը հրամայում էր հեռու մնալ օտար մթնոլորտից, վարակվելու հավանականությունից։ Նույն բանն էր պնդում սառը դատողությունը։ Բայց արդյոք երբևէ դատողությունը ավելի ուժե՞ղ է եղել զգացմունքներից։

— Վայրէջք կատարելով, մենք շատ բան ենք ռիսկի ենթարկում,— դանդաղ ասաց Ստենլին։— Դուք գիտեք, որ, ինչպես հարկն է, մեզ ապահովել չենք կարող, ու եթե այնտեղ, ցածում որևէ հիվանդություն լինի, անպայման կվարակվենք։ Ճիշտ է, վերադարձի ճանապարհին ուզած֊չուզած վեցամսյա մեկուսացման մեջ ենք լինելու։— Փոքր֊ինչ լռեց։— Դե, ի՞նչ արած, դուք ձեր գլուխը վտանգի տակ եք դնում։ Եթե պնդում եք, կիջնենք։

Նրանք վայրէջք կատարեցին։

Աստղաթիռը նստեց բևեռում, և նրանք անմիջապես գործի անցան։ Մոռանալով իր երկմտանքը, Ստենլին էլ ոգևորվեց մյուսների նման։

— Նրանք աժդահաներ են եղել,— մի անգամ, երեկոյան, ասաց Քլայենը, երբ հանգստանում էին։— Նրանց հասակը եղել է տասնհինգ ֆուտից ոչ պակաս, եթե դատելու լինենք շինությունների և միջանկյալ թունելների մեծությունով։

— Եվ, բացի այդ, հրաշալի ինժեներներ են եղել,— նախանձով ասաց Լեմանը։— Չեմ հասկանում, թե նրանց ինչպես է հաջողվել այդպիսի մեծ շենքեր կառուցել առանց հենասյուների։ Մարդ այնպիսի տպավորություն է ստանում, որ կարծես այդ ամենը պատրաստված է մի ամբողջական կտորից։

— Բայց որտե՞ղ են իրենք՝ կառուցողները,— հարցրեց Թորնը։ Միայն նա չէր բաժանում ընդհանուրի ոգևորությունը։— Մի՞թե նրանք այդքան լավ կառույցներ են ստեղծել լոկ այն բանի համար, որպեսզի հետո անհետանան։

— Մենք այդ բանը չգիտենք, չգիտենք,— Քլայենը բորբոքվել էր և չէր թաքցնում դա։— Այս ավերակները շատ հին են, ինչո՞ւ չեք ուզում հասկանալ։ Կես միլիոն, գուցե և մեկ միլիոն տարեկան են դրանք։ Այդպիսի ժամանակամիջոցում ամենաամուր կմախքն էլ փոշի կդառնար։ Հազիվ թե կարողանանք գտնել շինարարների հետքերը։ Գուցե մեզ կհաջողվի հայտնաբերել մի փորագրություն, մի որմնանկար կամ նման ինչ֊որ մի բան։ Բայց հազիվ թե… Զարգացած ժողովուրդները հազվադեպ են կառույցները զարդարում իրենց պատկերներով։ Նրանք օգտագործում են սիմվոլիկա, մի պարզ օրնամենտ, այն էլ երբ ձգտում են նման բաների։— Նայեց Հեմրիջին։— Դուք մետաղի անալիզն արե՞լ եք։

— Բան դուրս չի գալիս,— Հեմրիջն արդարև հուզված էր։— Ստացվեց միանգամայն անծանոթ սպեկտոգրաֆական մի պատկեր։ Ես կարող եմ տարբերել բաղադրության մեջ մտնող մետաղները, բայց համաձուլվածքն ինձ անհայտ է։ Փափուկ է և ավելի շուտ նման է մեղրամոմե բջիջների, քան թե միաձույլ մետաղի։ Ամենաթույլ ջերմության տակ հալվում է և ոչինչ չի մնում։ Մի կտոր էլ բերեք ինձ համար, լա՞վ։

— Կբերենք։— Քլայենը անցավ ուրիշ թեմայի։— Չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է պատահել վերգետնյա շինություններին։

— Իսկ եղե՞լ են արդյոք վերգետնյա շինություններ,— ասաց Ստենլին։— Այդ մենք ենք միշտ դեպի վեր կառուցում։ Մյուս ժողովուրդները այդպե՞ս են վարվում արդյոք։ Գուցե հենց դրանով էլ պայմանավորվում է նրանց մետաղի տարօրինակ բնույթը։ Մետաղը փափուկ է, բայց իր թեթևության շնորհիվ՝ ամուր։ Միջնորմները արտակարգ հաստություն ունեն։ Ավելի շուտ սպունգ են հիշեցնում։ Նրանք կարող էին կառուցել մոլորակի ընդերքում, որպեսզի ստեղծեն դիմադրության մեծ ուժ։ Գուցե շինությունը պարուրված է եղել քարե և ավազե բարակ կեղևո՞վ, միայն թե ժամանակի ընթացքում հողմահարվել է։

— Իսկ գուցե հողի վերին շերտը, պարզապես, անցած հազարամյակների ընթացքո՞ւմ է կուտակվել,— մտահոգ ասաց Հեմրիջը և նայեց Քլայենին։— Որևէ պատկերացում ունե՞ք արդյոք, թե ինչպիսին են եղել այս մոլորակի բնակիչները։

— Ես արդեն ասացի․ նրանք եղել են աժդահաներ։ Սանդուղքներ չունեն․ այս հանգամանքը ստիպում է ենթադրել, որ նրանք ունեցել են մի քանի վերջավորություն։ Սանդուղքները հարմար են միայն երկոտանիներին։ Եթե դուք երբևէ տեսել եք, թե ինչպես է շունը սանդուղքով բարձրանում, կհասկանաք այդ բանը։

— Լավ, հետո՞։

— Ո՛չ անկյուններ կան, ո՛չ էլ հարթ մակերևույթներ, և, չնայած դրան, նրանք շինությունների ներսը երևի մեքենաների օգնությամբ են մշակել․ ներսի կողմից մետաղը բացարձակորեն ողորկ է։

— Մեքենանե՞ր։— Ստենլին մռայլվեց։— Եվ հարթ մակերևույթներ չկա՞ն։

— Հետո ի՞նչ,— ասաց Լեմանը։— Եթե հարթ մակերևույթները մեզ էսթետիկական հաճույք են պատճառում, դեռ չի նշանակում, որ դա կարելի է տարածել տիեզերքի բոլոր բնակիչների վրա։ Գուցե նրանց դուր են գալիս կորե՞րը։— Նա ժպտաց։— Ի դեպ, կորերի մասին․ ժամանակը չէ՞ արդյոք, որ զննենք օսցիլլոգրամները։

— Հետո կզննենք։ Ի՞նչ վիճակում է հանքանյութերի անալիզը, Քլայեն։

— Ինչպես գուշակել էի, մոլորակը հանքանյութերով հարուստ չէ,— պատասխանեց երկրաբանը։— Ավազաշերտերը բոլորովին աղքատ են։ Սակայն խոր ընդերքը, ըստ երևույթին, հարուստ է հանքանյութերով։ Երբ ես դետեկտորը ուղղեցի դեպի խորքերը, սլաքը կատաղածի պես էր թռչկոտում։

— Շատ հավանական է։ Իհարկե, գաղութարարներն այս աշխարհում անելիքներ չունեն, բայց գիտնականները ձեռք չեն քաշի և այստեղ հետազոտական կայան կստեղծեն։— Ստենլին լռեց։— Ես կուզենայի մնալ ու տեսնել, թե վերջում ինչ է լինելու, բայց վախենում եմ, որ մինչ այդ շունչս կփչեմ։ Համենայն դեպս, շուտով դեպի տուն կթռչենք։

— Ինչպե՞ս,— Հեմրիջը ցնցվեց։— Դա անհնար է։

— Վաղ թե ուշ ստիպված ենք տուն դառնալ։ Մեր նավը հետախուզական է, մենք չենք կարող ընդմիշտ մնալ այստեղ։ Որքան շուտ հասնենք Երկիր, իսկական արշավախումբն այնքան շուտ կմեկնի։ Ի վերջո, դա մեր գործն էլ չէ։ Մենք այդ արշավախմբի համար համապատասխան մարդիկ էլ չենք։— Նա ժպտաց, նայելով մյուսների հոգնած դեմքերին։— Ափսոս, իհարկե, բայց որևէ բան անել չենք կարող։ Մնում է ևս հինգ օր։ Ուստի շտապեք և այդ ընթացքում արեք, ինչ հնարավոր է։— Նա դարձավ Լեմանին։— Ի՞նչ եղավ կորերի գործը։

Նա նորից ժպտաց, երբ էկրանը լուսավորվեց․ այդ լուսավոր կետը հիշեցնում էր տան մասին և ստիպում անմիջապես դեպի Երկիր սլանալ։


Ամեն ինչ պատրաստ էր ստարտի համար։ Հենց որ շարժիչների աղմուկը մխրճվեց լռության մեջ, Հեմրիջը զբաղվեց իր գործիքներով։ Նա նշում էր այն աստղերը, որոնց օգնությամբ պետք է հասնեին Արևին, և երթուղին ճշգրտելով, բարձրացրեց ձեռքը։ Ստենլին սեղմեց վահանակի վրա գտնվող կոճակը։ Հաշված վայրկյաններ, գրեթե աննկատելի պտույտ, հետո ականջ սղոցող ձայն, էկրանի վրա գալարվող ծիածան — և ահա նրանք արդեն սլանում են անհունության մեջ։

Հիմա նրանք ճանապարհ էին ընկել դեպի տուն։ Ընտրելով անհրաժեշտ երթուղին, նրանք կարող էին հանգիստ զրուցել կամ զբաղվել իրենց առօրյա գործերով։ Բնականաբար նրանք ավելի շատ խոսում էին այդ հրաշալի հայտնագործության մասին։

— Աշխատանք շատ կլինի․ պեղումների համար տասը տարին էլ քիչ է,— ասաց Քլայենը։— Ես կխնդրեմ ինձ տեղափոխել այստեղի կայանը։ Դուք ինձ հետ չե՞ք միանա, Լեման։

— Իհարկե, կմիանամ։ Ինձ էլ է հետաքրքրում, թե ինչ է տեղի ունեցել այդ մոլորակի վրա։

— Պատերա՞զմ,— հոգնած հարցրեց Հեմրիջը։ Նա կծկվել էր բազկաթոռի վրա։ Դեմքին փայլփլում էին քրտինքի կաթիլները։— Նրանք գուցե ոչնչացրել են իրար, ինչպես երբեմն անում էինք մենք։

— Չեմ կարծում,— առարկեց Ստենլին։— Պատերազմը նշանակում է բնաջնջում, իսկ այդ շինությունները… լքված են, կարելի է ասել՝ աչքաթող են արված, բայց ոչ թե բնաջնջված։ Ափսոս, որ մեզ չհաջողվեց գտնել նյութական մշակույթի որևէ հետք։

— Ես արդեն ասացի, որ մոլորակը շատ մեծ է ու ծեր,— ուսերը վեր քաշեց Քլայենը։— Մենք միայն վերին շերտն ենք տեսել, բայց արդեն պարզ է, որ քաղաքը տարածվում է դեպի խորքերը։ Ներքին հարկերում երևի պահեստներն են, աշխատասրահները… ինստիտուտները, թանգարանները, գրադարանները, մի խոսքով ամեն ինչ։— Այդ մտքից նա ինքնագոհ ժպտաց։— Ոչ ոք երբևէ չի գտել այդպիսի խոշոր, ստորերկրյա քաղաք։

— Հետո ի՞նչ։ Ուրեմն, եթե քաղաքը այդքան մեծ է, պետք է անպայման լա՞վ լինի,— Թորնի հարցը հնչեց որպես ծաղր։

— Ես լուրջ բան եմ ասում, Թորն։ Այս հայտնագործությունը նշանակում է…— Քլայենը ձեռքով մի լայն շարժում կատարեց։— Ես նույնիսկ դժվարանում եմ ասել, թե ինչ է նշանակում։ Ամենից առաջ պարզ է, որ մենք տիեզերքում միակ մտածող արարածները չենք։ Պարզ է, որ ինտելեկտը միայն մի մոլորակի վրա ստեղծված ինչ֊որ պատահական խաթարում չէ։ Իսկ դա էլ նշանակում է, որ մենք բազմիցս կհանդիպենք բանական արարածների։

— Աստված ազատի այդ բանական արարածներին, եթե նման մի բան պատահի,— բորբոքվելով ասաց Թորնը։— Թե որ նրանք իմանային մեր պատմությունը… Նրանք վաղուց ոչնչացած կլինեին։

— Լպիրշ մարդ,— նետեց Լեմանը։— Դուք գլխի չեք ընկնում, որ շարժումը դա զարգացում է։ Ես չեմ բացասում, սխալներ կատարել ենք, բայց հիմա այդ ամենին վերջ է տրված։

— Չգիտեմ, գուցե դուք ճիշտ եք,— կամաց ասաց նավավարը։— Ես այնքան էլ չգիտեմ հին պատմությունը։— Հորանջեց։— Հոգնել եմ երևի։ Գնամ պառկեմ։

Նա դժվարությամբ ոտքի ելավ և հիմա կանգնած ճոճվում էր ու հաճախակի թարթում աչքերը։

— Մենք զրույցը կշարունակենք վաղը, երբ խելքս գլուխս գա։

— Լավ,— ասաց Լեմանը,— մինչև վաղը այս հարցը դեռ չի հնանա։ Սա մեկն է այն վեճերից, որոնք հավիտենական են։

Երբ աստղանավավարի ետևից դուռը փակվեց, Լեմանը ժպտալով նայեց Թորնին։

— Դուք նրան մի հավատացեք, երբ նա ասում է, թե պատմություն չգիտե։ Ես մի անգամ ականատես եմ եղել, թե նա ինչպես երկու պատմաբան պրոֆեսորի հիմնովին ջախջախեց։ Նա կպատկերի մի ցիկլիկ սխեմա, որպեսզի ապացուցի իր տեսակետները։ Վաղը կարգին կզվարճանանք։

Բայց հաջորդ օրը Հեմրիջին մեռած գտան։


Մահճակալին նա պառկած էր մեջքի վրա։ Մի ձեռքը կախ էր ընկել, ոտքերը փոքր֊ինչ ձգվել էին, դեմքը հանդարտ էր այնպես, ինչպես քնի մեջ բոլոր մեռնողների դեմքը։

— Ե՞րբ մեռավ,— ցնցված հարցրեց Ստենլին։

— Գիշերը։— Թորնի ձայնը խզված էր, լարված։— Լեմանի հետ նրանք նույն նավասենյակում են քնում։ Առավոտյան Լեմանը ձայն է տվել Հեմրիջին, բայց պատասխան չի ստացել։ Լեմանն անմիջապես եկել է ինձ մոտ։

Թորնը ծանր շնչեց։

— Դա ինձ դուր չի գալիս։

— Ինչո՞ւ,— Ստենլին ակամա հեռացավ մահճակալից։— Գուցե դա մի սովորական հիվանդությո՞ւն է։— Ստենլին գիտեր, որ ինքը հիմա նման է ձեռքը ծղոտին գցող խեղդվողի։— Իսկ ինչո՞ւ նա անպայման պետք է վարակված լինի այդ մոլորակի վրա։

— Համենայն դեպս, նա մեռել է մեզ անհայտ ինչ֊որ հիվանդությունից․ ո՛չ մի ցավ, ընդհանրապես՝ ո՛չ մի ախտանշան։— Թորնը մռայլվեց։— Սպասեք, քիչ էր մնում մոռանայի անցյալ երեկոն։ Նա երեկ էլ արդեն հիվանդ էր, իսկ ես ոչինչ չնկատեցի։ Հիշո՞ւմ եք, ինչպիսի վիճակում էր։

— Նա ասաց, որ հոգնություն է զգում,— հիշեց Ստենլին։— Բայց դա հասկանալի է․ շատ տանջվեցինք։ Բոլորս էլ մի քիչ թթվել էինք։ Իսկ ցավը… նա պարզապես գուցե ուշադրություն էլ չի դարձրել դրա վրա, մոռացել է աշխատանքի եռուն պահերին։ Այդպես պատահում է։ Փորձեք պարզել, թե ինչն է նրա մահվան պատճառը։

— Կփորձեմ,— դժկամությամբ պատասխանեց Թորնը։— Դա այնքան էլ դյուրին բան չէ։ Ես ունեմ այն բոլոր պարագաները, ինչ անհրաժեշտ է բուժման համար, իսկ պաթոլոգիական հետազոտության նախապատրաստված չեմ։ Ստիպված եմ լինելու հերձում կատարել, քսուք վերցնել, աճեցնել կուլտուրա և այլն։ Դրա համար ժամանակ է հարկավոր։

— Ժամանակը մեր տրամադրության տակ է,— խոժոռված ասաց Ստենլին։— Ես միայն մի բան գիտեմ․ Երկիր չենք վերադառնա մինչև չորոշենք, թե ինչից է մեռել Հեմրիջը։ Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել։

— Օգնեք, որ նրան լազարեթ տեղափոխենք։

Ստենլին ու Թորնը բռնեցին սավանի ծայրերից ու դիակը տեղափոխեցին բժշկական նեղլիկ առանձնասենյակը։ Այստեղ նրանք դիակը դրեցին վիրահատական սեղանին։ Մինչ Թորնը հերձման պատրաստություններ էր տեսնում, Ստենլին նորության մասին հայտնեց անձնակազմի մյուս անդամներին։

— Հեմրիջը մեռել է,— կարճ ասաց նա։— Թե ինչի՞ց, առայժմ չգիտենք։ Կարծում եմ, հարկ չկա բացատրելու, թե ինչ է նշանակում դա։

Այո, նրանք ամեն ինչ հասկացան առանց բացատրության․ նրանք ռիսկ արեցին, և հիմա, երևի, ստիպված են հատուցել դրա դիմաց։ Այն ժամանակ հոգու խորքում համոզված էին, որ իրենց հետ այդպիսի բան չի պատահի։ Հիմա էլ նրանք իրենց պահում էին այնպես, ինչպես շատ շատերը կլինեին նման դեպքերում։

— Դուք նրան ձեռք եք տվել,— բղավեց Քլայենը, ետ քաշվելով Լեմանից։— Դուք նրա հետ նույն սենյակում եք եղել։ Չմոտենա՛ք ինձ։

— Ի՞նչ անեմ, կապիտան,— Լեմանը գունատվեց։— Ինքնապաշտպանության ինչպիսի՞ միջոցներ կան։

— Ոչ մի։

— Չի կարող պատահել,— Լեմանն անհանգստացավ։— Անհեթեթություն է։ Եթե Հեմրիջը մեռել է ինչ֊որ մի հիվանդությունից, այդ դեռ չի նշանակում, որ մենք բոլորս էլ պետք է հիվանդանանք։

— Ի՞նչ գիտեք։ Գուցե և արդեն հիվանդացե՞լ եք,— չհամբերեց Ստենլին։— Միասին ենք կերել֊խմել։ Շնչել ենք նույն օդը։ Միասին ենք դուրս եկել նավից և միշտ շփվել իրար հետ։ Եթե Հեմրիջը զոհվել է ինչ֊որ անհայտ վիրուսից, ոչինչ անել չենք կարող։ Ուրեմն, մենք էլ ենք վարակված։ Եթե ոչ, ապա նա մեզ համար վտանգավոր չէ։ Երկու դեպքում էլ մեզ մնում է միայն սպասել։

Ամեն տեսակի սպասում էլ տանջալից էր։ Այդ ո՞ր հետազոտողների խումբը կարող է համբերությամբ սպասել իր շուտափույթ մահվան։

Նրանք լավատեսներ էին և հնարավորության սահմաններում չէին կորցնում իրենց։ Սակայն այս ահավոր դրությանը կարող էր վերջ տալ միայն մեկ մարդ։

Երկար սպասելու հարկ չեղավ։

Վերջապես հայտնվեց Թորնը։ Նրա աչքերը անքնությունից և լարված աշխատանքից կարմրել էին, դեմքը սմքել։ Նա լուռ սեղանին դրեց մանրադիտակը և օբյեկտիվի տակ ամրացրեց փոքրիկ ապակին։

— Դե՞,— Ստենլին ջանում էր չմտածել բարեհաջող վախճանի մասին։— Դուք գիտե՞ք, թե ինչից է մեռել Հեմրիջը։

— Այո, գիտեմ։

— Եվ ի՞նչ։

— Վիրուս չէ։— Թորնի ժպիտը ծամածռվեց, երբ լսվեցին թեթևացած հոգոցները։— Բայց դրանից մեր վիճակը չի լավանում։

— Ինչո՞ւ։— Լեմանի դեմքը կարմրեց և ծածկվեց քրտինքի կաթիլներով։— Ես զգում էի, որ դա օտար վիրուս չէր կարող լինել, մենք ախր շատ ենք տարբերվում այդ մոլորակի բնակիչներից, և նրանց հիվանդություններն էլ դժվար թե ազդեցություն ունենան մեզ վրա։ Վիրուսի գաղափարն անմտություն է։

— Իսկ ինչի՞ց է մեռել Հեմրիջը,— անհամբերությամբ հարցրեց Քլայենը։

Թորնը գլխի շարժումով ցույց տվեց մանրադիտակը։

— Նայեք։ Դուք էլ նայեք, Լեման։ Ձեզ էլ կհետաքրքրի։

Լեմանը, ոսպնյակի վրա թեքված, երկար նստեց։ Երբ ոտքի ելավ, դեմքին դրոշմվել էր տարակուսանքը։ Նա նորից թեքվեց։

— Միջատներ,— ասաց նա։— Մրջյունների, սարդերի կամ բզեզների պես…

— Դրանց միջինը,— գլխով արեց Թորնը։— Զվարճալի է, չէ՞։

— Դուք սրանք գտել եք Հեմրիջի վրա։

Լեմանը տեղը զիջեց Քլայենին։

— Այո։

— Այդ սրա՞նք են սպանել նրան։

— Այո, սրանք։

— Ուրեմն, մենք փրկված ենք,— թեթևացած բացականչեց Քլայենը։— Մենք կարող ենք ոչնչացնել նրանց։— Նա ծիծաղեց։— Գրողը տանի, մենք տանը միշտ էլ պայքարում ենք միջատների դեմ և միշտ էլ հաղթում։

— Մի՞շտ։— Թորնը ուսերը վեր քաշեց։— Կասկածում եմ, որ մարդիկ կարողանան հաղթել այն դեպքում, երբ նրանցից յուրաքանչյուրին բաժին ընկնի այս միջատներից մի քանի միլիոն հատ։ Բայց դա չէ էականը։ Դուք բոլորդ էլ նկատի չեք ունենում մի հանգամանք․ արարածները վիրուսների չափ են։ Նրանք բազմանում են սարսափելի արագությամբ, իսկ որ գլխավորն է, նրանք կարող են բազմանալ մարդու մարմնում։— Նա թուքը կուլ տվեց։— Հեմրիջի վրա այդ միջատները ուղղակի վխտում էին։

— Չեմ հասկանում, թե դրանք որտեղից են հայտնվել,— անօգնական ասաց Լեմանը։— Ինչո՞ւ են նրանք հարձակվել մեզ վրա։ Թորն, աստծո սիրույն, եթե մի բան գիտեք, խնդրում եմ, ասեք․ որևէ հույս կա՞։

— Ոչ։— Թորնը խղճահարությամբ նայեց Լեմանին։— Դուք դեռ չե՞ք հասկանում։ Այդ միջատները… Ախր դրանք մոլորակի հենց այն բնակիչներն են, որոնց մենք որոնում էինք։ Գտել ենք ու չենք իմացել այդ մասին։ Իսկ նրանք միշտ էլ եղել են այնտեղ։

— Չի կարող պատահել։ Քաղաքը շատ մեծ է, թունելները՝ հսկայական, իսկ այդ արարածները այնքան փոքր, որ տեսանելի են միայն մանրադիտակով։ Կարծում եմ, որ այդ ամենը անհեթեթություններ են։

— Մե՛ծ են, փո՛քր են,— հոգնած ասաց Թորնը։— Ի՞նչն է այդ հասկացությունների իսկական իմաստը։ Մենք վարժվել ենք այն բանին, որ փոքր միջատները կառուցում են փոքր շինություններ, մեծերը՝ մեծ, և մենք ամեն բան նույն արշինով ենք չափում։ Իսկ այն շինությունները, որոնք Աֆրիկայում կառուցում են տերմիտնե՞րը։ Արդյոք չափից դուրս մեծ չե՞ն այդ շինությունները փոքրիկ միջատների համար։ Իսկ կորալի խութե՞րը։ Իսկ այդ աննշմարելի օրգանիզմների կառուցած հսկա կղզիները։ Այն էլ մեր հարազատ Երկրի վրա։ Իսկ այստեղ… ըստ էության, այս ամբողջ քաղաքը և նույնիսկ ամբողջ մոլորակը մի ահռելի կորալի խութ է։ Մենք թափառում էինք հենց կենտրոնում։

— Բայց այնտեղ ամեն ինչ մետաղից էր,— կակազելով ասաց Քլայենը։— Հեմրիջը չէ՞ որ անալիզներ արեց։

— Դրա համար էլ նա մեռավ։ Մեռավ առաջինը։ Նա մերկ ձեռքերով էր աշխատում։ Իսկ մենք ձեռնոցներով էինք։ Տարբերությունը սա է։ Եվ այդ տարբերությունը նշանակում է հետաձգում, ոչ թե փրկություն։

— Բայց ախր դրանք մետաղից են։

— Ի՞նչ նշանակություն ունի,— դառնացած ասաց Ստենլին։— Ահա մեր պատկերացումների սահմանափակության մի օրինակ ևս։ Մենք ջանում ենք բոլոր առարկաներին ու երևույթներին անուններ տալ և դրանից հետո նրանց հետ վարվել այնպես, կարծես նրանք մեր հին ծանոթները լինեն։ Մեզ մոտ միջատները մետաղով չեն սնվում և մեր մտքով էլ չի անցնում, որ այլ պայմաններում դա հնարավոր բան է։— Նայեց իր ձեռքերին։— Նրանց մոտ նյութերի այլ փոխանակություն է։ Նրանք սնվում են մետաղով, նրանց շինությունները կառուցված են իրենց մեռած մարմիններից ճիշտ այնպես, ինչպես կորալի կղզիները։

— Այո,— ասաց Թորնը,— նրանք թափանցել են մեր մարմնի մեջ և այնտեղ, սնող միջավայրի պայմաններում, սկսել են բազմանալ։ Մարդու մարմնում երկաթ կա, կան և ուրիշ մետաղներ, որոնցով կարող են սնվել այդ միջատները։ Միայն թե ինչո՞ւ մենք ցավ չենք զգում։ Երևի նրանք ինչ֊որ հեղուկ են արտադրում, որի միջոցով անզգայացնում են մեր նյարդերն ու հյուսվածքները։ Դրանից բացի, փոքր են, չափազանց փոքր։ Այսպես, թե այնպես, նրանք ի վերջո առաջացնում են մահ և հյուսվածքների քայքայում։— Նա ցնցվեց։— Հեմրիջի մարմինը բառիս բուն իմաստով դարձել էր սորուն դոնդող։

— Ուրեմն, բոլորս էլ կմեռնենք։— Նախադասությունը իր մեջ հարցական տոն չէր պարունակում։ Մինչև Թորնի գլխով անելը Ստենլին արդեն գիտեր պատասխանը։

— Այո։ Նրանք մեր նավը ամբողջովին նվաճել են․ կասկած չկա, որ մետաղն արդեն վարակված է։ Ժամանակի ընթացքում նրանք նավը կդարձնեն սպունգանման համաձուլվածքի տձև մի գունդ։ Ոչինչ անել չենք կարող։ Եթե վայրէջք կատարենք Երկրի վրա, նրանք կբազմանան նաև այնտեղ։ Ինչպես վիրուսների, այնպես էլ այդ միջատների դեմ հնարավոր չէ իմունիտետ ձեռք բերել։ Միակ ելքը նավի լրիվ մեկուսացումն է։— Թորնը նայեց կապիտանին։— Լրիվ մեկուսացումը։

… Ստենլին գնաց մեքենայական բաժանմունք ու երկար կանգնեց այնտեղ, աչքը չհեռացնելով դղրդացող շարժիչից… Նա թեքեց շարժիչը, նավի ուղղությունը փոխելով այնպես, որ այն երբեք չմոտենա Երկրին։ Հետո նա դանդաղ մտավ ղեկավարման խցիկ և, բազկաթոռին նստելով, սկսեց անթարթ նայել էկրանի վրա պտտվող ծիածաններին։

Նրանց ճանապարհորդությունը երկարատև կլինի։

Շատ ավելի երկար, քան երբևէ կատարել են մարդիկ։ Ճանապարհորդությունը կտևի մինչև նրանց կյանքի վերջը։