Մահը եւ սենատորը

Գրապահարան-ից
Մահը եւ սենատորը

հեղինակ՝ Արթուր Քլարկ
թարգմանիչ՝ Ջ․ Թորոսյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Լուսնափոշին»


Գարնանային Վաշինգտոնը դեռ երբեք այնքան գեղեցիկ չէր թվացել նրան․․․ Վերջին գարունն է՝ տխրությամբ մտածեց սենատոր Սթիլմենը։ Նույնիսկ հիմա, թեև դոկտոր Ջորդընի խոսքերը կասկածանքի տեղ էին թողնում, դժվար էր հաշտվել իրողության հետ։ Առաջ նա միշտ ելքը գտնում էր, թող որ երբեմն անխուսափելի էր թվում լիակատար կրախը։ Եթե մարդիկ դավաճանում էին նրան, նա աշխատանքից ազատում էր նրանց, նույնիսկ ջարդուփշուր անում ի խրատ մյուսներին։ Այս անգամ դավաճանության կրողը նա ինքն էր։ Ասես զգում ես սեփական սրտիդ ծանր զարկերը, և ուր որ է նա բոլորովին կանգ կառնի։ Ոչ մի իմաստ չունի գալիք պրեզիդենտական ընտրություններին նախապատրաստվելը․ դեռ գոհ կլինի, եթե ձգի մինչև թեկնածուների առաջադրումը․․․

Վերջ երազանքներին ու փառամոլությանը, մխիթարական չէ նաև այն միտքը, որ վաղ թե ուշ բոլորի վերջն էլ գալու է։ Շուտ, շատ շուտ է։ Զուր չէ, որ Սեսիլ Ռոդսը՝ իր իդեալներից մեկը, մահից առաջ բացականչել էր․ «Որքան գործ՝ և այսքան քիչ ժամանակ»։ Ռոդսը հիսուն տարի էլ չապրեց, ինքը շատ ավելի մեծ է, իսկ արել է անհամեմատ ավելի քիչ։

Մեքենան նրան հեռու էր տանում Կապիտոլիից։ Դրա մեջ ինչ֊որ խորհուրդ կա, բայց ավելի լավ է չմտածել այդ մասին․․․ Ահա և Նյու֊Սմիթսոնիենը, հարուստ թանգարանների այդ շարքը, որոնք այցելելու համար երբեք ժամանակ չէր գտել, բայց քանի֊քանի անգամ է անցել նրանց մոտով Վաշինգտոնում ապրած տարիներին։ Ինչքան բան է ձեռքից բաց թողել իշխանության համար մղած անընդմեջ պայքարում, դառնությամբ ասաց նա ինքն իրեն։ Մշակույթի և արվեստի աշխարհը ըստ էության փակ է եղել նրա համար, ու դա դեռ բոլորը չէ։ Նա օտարացել է սեփական ընտանիքից, կորցրել երբեմնի ընկերներին։ Սերը զոհաբերել է պատվախնդրությանը, իսկ զոհաբերությունը իզուր է եղել։ Կգտնվի՞ արդյոք ամբողջ աշխարհում թեկուզ մեկը, որ ողբա իր մահը։

Իհարկե, կգտնվի։ Նրա սիրտը թեթևացավ, անսահման միայնության զգացումը տեղի տվեց։ Վերցնելով հեռախոսափողը սենատորը ամոթով մտածեց, որ ստիպված է համարը հարցնել քարտուղարից, թեպետ նա հիշում է շատ ավելի նվազ կարևոր բաներ․․․

(Ահա սպիտակ տունը՝ գարնանային արևի լույսով ողողված։ Կյանքում առաջին անգամ նա անտարբեր հայացքով նայեց նրան։ Սպիտակ տունն արդեն պատկանում էր այլ աշխարհի՝ աշխարհ, որի հետ նա այլևս գործ չունի ու երբեք չի ունենա)։

Մեքենայի մեջ հեռուստահարմարանք չկար, բայց սենատորը առանց դրա էլ թեթևակի զարմանք և նույնիսկ ուրախության նման մի բան որսաց Այրինի ձայնի մեջ։

― Բարև, Ռենի, ինչպե՞ս եք։

― Շատ լավ, պապա։ Ե՞րբ կտեսնենք քեզ։

Քաղաքավարի խոսելակերպ, որին շարունակ դիմում էր դուստրը այն հազվագյուտ դեպքերում, երբ նրա հայրը զանգահարում էր։ Ու միշտ, բացառությամբ ծննդից կամ ծննդյան տոներից, սենատորը պատասխանում էր մի օր անցնելու անորոշ խոստումով․․․

― Ես ուզում եմ հարցնել, ― արտասանեց նա դանդաղ, ներողություն խնդրողի տոնով, ― ես կարո՞ղ եմ գալ երեխաների ետևից։ Վաղուց նրանց հետ ոչ մի տեղ չենք գնացել, ձանձրացել եմ գրասենյակում նստելուց։

― Ինչ խոսք, որ կարող ես։ ― Այրինի ձայնը ջերմացավ։ ― Նրանք ուրախ կլինեն։ Ե՞րբ սպասենք քեզ։

― Թեկուզ վաղը։ Կգամ տասներկուսի մոտերքը և նրանց կտանեմ կենդանաբանական այգի կամ Սմիրթսոնիեն, ուր որ ցանկանան։

Հիմա երևի Այրինը զարմանքից ապշեց, ― չէ որ նա Վաշինգտոնի ամենազբաղված մարդկանցից մեկն է, նրա ժամանակը պլանավորված է ամբողջ շաբաթվա համար․․․ Ինքն իրեն պետք է հարցնի, տեսնես ինչ է պատահել․ գոնե գլխի չընկներ։ Ասենք ոչ, նա գլխի չի ընկնի, չէ որ նույնիսկ իր քարտուղարը ոչինչ չգիտե այն սուր ցավերի մասին, որոնք վերջ ի վերջո ստիպեցին սենատորին դիմելու բժշկի։

― Հրաշալի է, ― հենց երեկ էր, որ նրանք խոսում էին քո մասին, հարցնում էին, թե երբ կգաս նորից։

Սենատորի աչքերը խոնավացան։ Լավ է, որ Ռենին չի տեսնում իրեն։

― Ուրեմն, կեսօրին, ― շտապով ասաց նա, վախենալով, որ ձայնը կմատնի իրեն։ ― Գրկում եմ բոլորիդ։

Նա անջատեց պատասխանին չսպասելով, ու թեթևությամբ շունչ առնելով՝ ընկավ թիկնակին։ Իր կյանքը վերակառուցելու ճանապարհին առաջին քայլը արվեց՝ առանց որևէ նախապատրաստության, միանգամից։ Նա աչքաթող էր արել սեփական երեխաներին, բայց նրան հաջորդ սերնդի հետ կապող կամուրջը անվնաս է։ Մնացած ամիսների ընթացքում հարկավոր է թեկուզ պահպանել ու ամրացնել այդ կամուրջը։

Հազիվ թե բժիշկը նրան խորհուրդ տար բնության պատմության թանգարան գնալ երկու հարցասեր չարաճճիների հետ, բայց նա հաշվի չէր նստում դրա հետ։ Ջոն ու Սյուզանը վերջին հանդիպումից հետո նկատելիորեն մեծացել էին, նրանց ետևից հասնելու համար պահանջվում էր ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր լարում։ Ռոտոնդա մտնելուն պես, երեխաները վազքով նետվեցին դեպի հսկայական փիղը, որ դրված էր մարմարյա դահլիճի ամենաաչքի ընկնող տեղում։

― Սա ի՞նչ է, ― բղավեց Ջոն։

― Փիղ է, ինչ է, հիմարիկ, ― ներողամտորեն պատասխանեց Սյուզանը։ Չէ որ նրա յոր տարին արդեն լրացել էր։

― Գիտեմ, որ փիղ է, վրա բերեց Ջոն։ ― Իսկ ի՞նչ է նրա անունը։

Սենատոր Սթիլմենը նայեց անվանատախտակին, բայց պատասխանը չգտավ այնտեղ։ Ճիշտ ժամանակն է գործելու «համարձակությամբ քաղաքներ կարելի է վերդնել» սկզբունքով․․․

― Նրա անունը, հըմ, Ջումբո է, ― շտապով ասաց նա։ ― Տես, ինչ ժանիքներ ունի։

― Իսկ նրա ատամները չե՞ն ցավել։

― Ինչ ես ասում, երբեք։

― Իսկ ինչպե՞ս է մաքրել նա ատամները։ Մաման ասում է, որ եթե ատամներս չմաքրեմ․․․

Սթիլմենը կռահեց, թե ինչ է ուզում ասել Ջոն, և շտապեց փոխել նյութը։

― Դեռ շատ հետաքրքրիր բաներ կան առջևում։ Ինչի՞ց սկսենք՝ թռչուններից, օձերից, ձկներից, կաթնասունների՞ց։

― Օձերից, ― վճռաբար պահանջեց Սյուզանը։ ― Ես ուզում էի օձին բանկայի մեջ գցել, իսկ պապան չթողեց։ Դու նրան խնդրիր, գուցե նա միտքը փոխի՞։

― Իսկ ի՞նչ է կաթնասունը, ― հարցրեց Ջոն, մինչ Սթիլմենը պատասխան կգտներ Սյուզանի համար։

― Գնանք, ― հաստատուն ձայնով ասաց նա։ ― Ես ցույց կտամ։

Նրանք քայլում էին սրահներով ու միջանցքներով, երեխաները ցուցանմուշից ցուցանմուշ էին վազվզում, ու սենատորը հոգու խորքում հրճվում էր։ Ոչինչ մարդուն այնպես չի խաղաղեցնում, ինչպես թանգարանը․ այստեղ առօրյա ամեն ինչ իր իսկական չափերն է ընդունում։ Կախարդ֊բնության հնարագիտությունը անսպառ է, ու նա հիշեց արդեն մոռացվող ճշմարտությունները։ Ինքը Երկիր մոլորակի միլիոն֊միլիոնավոր բնակիչներից մեկն է միայն։ Ողջ մարդկային ցեղը իր սպասումներով ու անհանգստություններով, հաղթանակներով ու անխոհեմություններով՝ թերևս մի դիպված է աշխարհի պատմության մեջ։ Դիպլոդոկի հրեշավոր կմախքի առջև կանգնած (նույնիսկ երեխաները երկյուղածորեն լուռ էին), նա զգում էր հավերժության շունչը։ Ու ժպիտով մտածեց իր պատվամոլ համոզման մասին, թե իբր ինքը այն մարդն է, որի կարիքը զգում է ազգը։ Ո՞ր ազգը, քանի խոսքը դրան հասավ։ Անկախաության դեկլարացիան ստորագրվել է ընդամենը մի երկու հարյուր տարի առաջ, իսկ ահա այս հնագույն ամերիկյան Յուտայի հողում պառկել է հարյուր միլիոն տարի․․․

Երբ նրանք մտան օվկիանոսային կյանքի սրահը, որտեղ մի արտահայտիչ ցուցանմուշ վկայում էր, որ Երկրի վրա մեր օրերում ևս կան կենդանիներ, որոնք իրենց չափերով գերազանցում են անցյալում հայտնի եղածներին, նա արդեն հոգնել էր։ Իննսուն ֆուտանոց կետը, ծովանդունդների այդ բնակիչը և ծովերի այլ սրընթաց որսկանները նրա միտքն էին բերում այն ժամերը, որ նա անց էր կացրել փոքրիկ, խոնավությունից փայլող տախտակամածի վրա, թևավոր սպիտակ առագաստի տակ։ Լավ է՝ երբ ճեղքում ես ալիքները, իսկ քամին սուրում է շուրջդ․․․ Երեսուն տարի եղավ, ինչ նա չի լողացել զբոսանավով․ ևս մի հաճույք, որին նա կարևորություն չի տվել։

― Ես դրանց չեմ սիրում, այդ ձկներին, ― գանգատվեց Սյուզանը։ ― Ուզում եմ գնալ օձերի մոտ։

― Հիմա, ― պատասխանեց նա։ ― Իսկ ո՞ւր ես շտապում։ Մենք դեռ ժամանակ շատ ունենք։

Նա ինքն էլ չնկատեց, թե ինչպես նրա բերանից դուրս եկան այդ բառերը։ Սենատորը համաչափ քայլերով շարունակեց առաջ գնալ, իսկ երեխաները՝ սլացան։ Հանկարծ նա ժպտաց, ժպտաց առանց դառնության։ Ինչ արած, ինչ֊որ տեսակետից դա ճիշտ է։ Ժամանակը, հիրավի, շատ է։ Յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր ժամը կարող է բովանդակել տպավորությունների մի ամբողջ աշխարհ, միայն թե պետք է խելացի օգտագործել դրանք։ Իր կյանքի վերջին շաբաթներին նա կսկսի ապրել։


Գրասենյակում դեռ ոչ ոք ոչ մի կասկած չուներ։ Նույնիսկ նրա զբոսանքը թոռների հետ առանձնապես չզարմացրեց․ առաջներում էլ պատահել էր, որ նա հանկարծ հրաժարվեր բոլոր գործարար հանդիպումներից, ամեն ինչ բարդելով իր օգնականների վրա։ Մինչ հիմա նրա արտաքինի մեջ անսովոր ոչինչ չկար, բայց մի քանի օր հետո մերձավորներին պարզ կլինի, որ ինչ֊որ բան է պատահել։ Նա պարտավոր է որքան հնարավոր է շուտ հայտնել նրանց՝ նաև իր քաղաքական պաշտոնակիցներին, տհաճ նորությունը։ Բայց մինչև գործից քաշվելը, հարկավոր է հիմնավորապես խորհել ու որոշել մի շարք անձնական հարցեր։

Մի բան էլ էր ստիպում նրան հապաղել։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում նա գրեթե չէր ունեցել անհաջողություն և ոչ ոքի չէր խնայել քաղաքական սուր բախումներում։ Այժմ, վերջնական կրախի դեմ֊հանդիման, նա սարսափով էր մտածում ցավակցությունների այն տարափի մասին, որ նրա բազմաթիվ հակառակորդները կտեղան նրա վրա։ Հիմարություն է, իհարկե, մնացորդը չափից դուրս այն ինքնասիրության, որը բավական ամուր է նստած նրա մեջ, որպեսզի անհետանա գոնե մահվան շեմին։

Երկու շաբաթից ավելի նա պահել է գաղտնիքը։ Հանձնաժողովի նիստերում, Սպիտակ տանը, Կապիտոլիում, վաշինգտոնյան վերնախավի լաբիրինթոսներում սենատորը խաղում էր, ինչպես երբեք դեռևս իր կարիերայի ընթացքում, և չկար մեկը, որ գնահատեր նրա խաղը։ Գործողությունների ծրագիրը վերջապես պատրաստ էր, մնում էր միայն ուղարկել մի քանի նամակներ, որ անձամբ էր գրել, և հեռաձայնել կնոջը։

Քարտուղարությունը սենատորի կնոջը գտավ Հռոմում։ Նայելով էկրանի վրա երևացող դեմքին, սենատորը մտածեց, որ նա դեռ լավ է պահպանվել ու միանգամայն արժանի է պետության Առաջին տիկնոջ կոչմանը (պրեզիդենտի կնոջ), և դա մասամբ կհատուցեր նրան անցած տարիների համար։ Կարծեմ, նա երազում էր այդ մասին՝ ասենք, երբ է նա իսկականից իմացել, թե ինչի՞ մասին է երազում իր կինը։

― Բարև, Մարտին, ― ասաց կինը։ ― Ես սպասում էի քո զանգին։ Ուզում ես, որ ես գա՞մ։

― Իսկ դո՞ւ, ― կամաց հարցրեց նա։

Նրա ձայնի մեղմությունը նկատելիորեն զարմացրեց կնոջը։

― Հիմարություն կլիներ «ոչ» ասել, այնպես չէ՞։ Բայց եթե քեզ չընտրեն, ես նորից կմեկնեմ։ Էլ չշարունակես։

― Ինձ չեն ընտրի։ Նույնիսկ թեկնածությունս չեն առաջադրի։ Դու առաջինն ես, ում ասում եմ այդ մասին։ Դիանա։ Կես տարի հետո ես կենդանի չեմ լինի։

Դաժան անկեղծություն, բայց նա մտածված կերպով էր այդպես վարվում։ Այն ակնթարթը, որը պահանջվում էր, որպեսզի ռադիոալիքները հասնեին կապի արբանյակներին ու վերադառնային Երկիր, դեռ երբեք այդքան երկար չէր թվացել նրան։ Իսկ ապա՝ այո, առաջին անգամ նրան հաջողվեց պոկել այդ գեղեցիկ դիմակը։ Նրա աչքերը լայնացան, մի ձեռքը նա թափով տարավ դեպի շուրթերը։

― Կատակո՞ւմ ես։

― Այդպիսի կատա՞կ։ Ոչ, ասածս ճշմարտություն է։ Սիրտս մաշվել է։ Այդ մասին երկու շաբաթ առաջ ինձ ասաց դոկտոր Ջորդընը։ Ինչ խոսք, ես եմ մեղավոր, սակայն մանրամասնությունների մեջ չընկնենք։

― Ահա թե ինչու ես թոռներիդ ման տալիս․․․ Իսկ ես չէի հասկանում, թե բանն ինչումն է։

Կարելի էր սպասել, որ Այրինը կզանգահարի մորը։ Բայց ինչ տեղն էր հասել Մարտին Սթիլմերը, որ նրա՝ թոռների հանդեպ ցուցաբերած ուշադրությունը զգուշություն էր ներշնչում իր հարազատներին․․․

― Այո, ― անկեղծորեն ընդունեց նա, ― վախենամ ուշ եմ գլխի ընկել։ Այժմ փորձում եմ տեղը հանել։ Մնացած բոլորը մի տեսակ չի հուզում ինձ։

Նրանք լռելայն նայում էին միմյանց աչքերին, որոնք միմյանցից բաժանված էին երկրագնդի կորությամբ ու իրարից անջատ անցկացրած տարիների անապատով։ Ապա Դիանան դողացող ձայնով պատասխանեց․

― Ես պատրաստվում եմ գալու։

Այժմ, երբ նրա գաղտնիքը հայտնի էր բոլորին, իսկույն թեթևություն զգաց հոգում։ Նույնիսկ հակառակորդների կարեկցանքը կարելի էր մարսել առանց դժվարության։ Մանավանդ, որ հակառակորդները հանկարծ չքացան։ Մարդիկ, որոնք տարիներ շարունակ նրան հիշում էին միայն հայհոյանքով, ուղարկում էին այնպիսի նամակներ, որոնց անկեղծությանը չէր կարելի չհավատալ։ Հին վեճերը մոռացվում էին կամ նկատվում էին որպես թյուրիմացություններ։ Ցավալի է, որ այդ մասին իմանում ես միայն մահից առաջ․․․

Նա հասկացավ նաև, որ այնքան էլ հեշտ չէ մեռնելը, երբ աչքի ընկնող պաշտոն ես զբաղեցնում, հարկավոր է հիմնավորապես չարչարվել․ հաջորդողներ գտնել, քակել իրավական ու ֆինանսական հանգույցները, ավարտել գործերը հանձնաժողովում, պետական մարմիններում։ Չի կարելի միանգամից ընդհատել այն գործը, որին տվել ես ողջ կյանքդ։ Ուղղակի զարմանալ կարելի է, թե ինչքան գործ է կուտակվել նրա գլխին և ինչքան դժվար է հոգին ազատել դրանցից։ Նա երբեք չի սիրել իր իշխանությունը բաժանել որևէ մեկի հետ (և շատերն էին ընդգծում այդ ճակատագրական թերությունը այն մարդու մոտ, որը պատրաստվում էր պրեզիդենտ դառնալ), այժմ պետք էր շտապել այդ բանն անել, քանի դեռ իշխանությունը դուրս չէր պրծել նրա ձեռքից մեկընդմիշտ։

Ասես մեծ ժամացույցը կանգնելու վրա լիներ, և չկար մեկը, որպեսզի լարեր այն։ Հանձնելով իր թղթապանակները, կարդալով ու ոչնչացնելով հին նամակները, փակելով ոչ պիտանի հաշիվներն ու գործերը, թելադրելով վերջին հրահանգները, անելով հրաժեշտի նշումները, նա երբեմն զգում էր, որ մտածում է այն մասին, որ բոլոր անցող֊դարձողը նրան անիրական է թվում։ Ցավերն անցան, ու կարծես նրան սպասում են գործունյա կյանքի բազում տարիներ։ Սակայն դեպի ապագան տանող ուղին փակել են կարդիոգրամմայի ինչ֊որ ոլորագրեր՝ ինչպես ուղեփակոցը կամ առեղծվածային լեզվով բանադրանքը, որ հասկանալի է միայն բժիշկներին։

Գրեթե ամեն օր Դիանան, Այրինը կամ նրա ամուսինը թոռներին այցելության էին բերում նրան։ Մի ժամանակ նա լեզու չէր գտնում Բիլի հետ, այժմ համոզվել էր, որ դրանում մեղավոր էր ինքը։ Չի կարելի փեսայից պահանջել, որպեսզի նա փոխարինի որդուն, անիրավացի է Բիլին մեղադրել այն բանում, որ նա պիտանի չէ որպես Մարտին Սթիլմեն֊կրտսեր։ Բիլը միանգամայն ինքնուրույն մարդ է, նա շատ հոգատար է Այրինի նկատմամբ։ Այրինը երջանիկ է նրա հետ, նրանք երեխաներ ունեն։ Իհարկե, փառասիրության բացակայությունը թերություն է (մի խոսքով, դա դեռ հայտնի չէ), բայց այնպիսի թերություն, որը կարելի է ներել։

Նա կարող էր նույնիսկ առանց դառնության ու կսկծի մտածել իր որդու մասին, որն իրենից շուտ ավարտեց իր կյանքի ուղին ու հանգչում էր (շատ֊շատերի հետ) Քեյփթաունի ՄԱԿ֊ի գերեզմանոցում։ Նա առիթ չէր ունեցել լինելու Մարտինի գերեզմանի վրա։ Երբ դրա համար նա ժամանակ ուներ, սպիտակ մարդը ցանկալի հյուր չէր նախկին Հարավ֊Աֆրիկյան Հանրապետությունում։

Այժմ նա կարող էր այցելել՝ բայց իրավունք ունե՞ր այդպիսի տառապանքներ պատճառել Դիանային։ Հիշողությունները երկար չեն հետապնդի նրան, իսկ Դիանան դեռ երկար ժամանակ կլինի նրանց հետ․․․

Այնուամենայնիվ, պետք է լինել Քեյփթաունում, դա նրա պարտքն է։ Իսկ թոռների համար դա մի իսկական տոն կլինի, հրապուրիչ ճանապարհորդություն դեպի մի անհայտ երկիր։ Մահացած քեռու հիշատակը ամենևին չի վշտացնի նրանց, որովհետև նրան երբեք չեն էլ տեսել։ Ու նա պատրաստվեց ճամփա ընկնելու, բայց նորից (այդ ամսում արդեն երկրորդ անգամ) նրա կյանքը տակնուվրա եղավ։

Նույնիսկ հիմա նրա աշխատասենյակի դռների մոտ ամեն առավոտ սպասում էին մեկ֊երկու տասնյակ այցելուներ։ Առաջվա համեմատ դա շատ չէր, բայց և քիչ չէր։ Սակայն նրանց մեջ տեսնել դոկտոր Հաքնեսի՜ն․․․

Այդ չորացած ու անհամաչափ արտաքինով մարդուն տեսնելիս նա ակամա քայլերը դանդաղեցնում էր։ Արյունը գլուխն էր խփում ու շունչը կտրվում էր, երբ հիշում էր երբեմնի վիճաբանությունները հանձնաժողովի նիստերում ու ռադիոհեռախոսային փոթորկոտ խոսք ու զրույցը, որից եթերը ճայթում էր։ Ու միանգամից ինքն իրեն հավաքեց։ Այդ ամենը ետևում է, անդառնալիորեն անցյալի գիրկն է անցել՝ համենայն դեպս, նրա համար։

Հաքնեսը վեր կացավ ու անվճռական քայլերով մոտեցավ նրան։ Սթիլմենը վերջին շաբաթներս ընտելացել էր դրան, որ ով հանդիպեր նրան, շփոթվում ու անհարմարություն էր զգում արգելված թեմայից խուսափելու ճիգերից։

― Բարև ձեզ, դոկտոր, ― ասաց նա։ ― Ինչ խոսք, սյուրպրիզ է։ Չէի սպասում, որ ձեզ կտեսնեմ այստեղ։

Նա իրեն չկարողացավ զսպել, որպեսզի այդ բանը չասեր, ու հաճելի էր համոզվել, որ նրա նետը նպատակին դիպավ։ Ինչևիցե, խայթոցը հիվանդագին չէր, նա այդ բանը հասկացավ դոկտորի ժպիտից։

― Սենատոր, ― Հաքնեսը խոսում էր շատ ցածրաձայն, Սթիլմենը նրան լսելու համար նույնիսկ ստիպված եղավ կռանալ։ ― Ես ձեզ շատ կարևոր լուր ունեմ հայտնելու։ Մենք կարո՞ղ ենք առանձին խոսել։ Ընդամենը մի քանի րոպե։

Աթիլմենը գլխով համաձայնության նշան արեց, թեև նա իր սեփական կարծիքն ուներ՝ թե այժմ ինչն է կարևոր, և ինչը՝ ոչ, ու գիտնականի խոսքերը մի առանձին հետաքրքրություն չշարժեցին նրա մեջ։

Հաքնեսը նկատելիորեն փոխվել էր յոթ տարի առաջ ունեցած նրանց վերջին հանդիպումից ի վեր։ Այժմ նա շատ ավելի ինքնավստահ էր երևում, նույնիսկ ինքնապաստան, անհետացել էր այն ջղագարությունը, որի հետևանքով նրա վկայությունները այնքան անհամոզիչ էին հնչում։

― Սենատոր, ― սկսեց հյուրը, հենց որ նրանք մտան աշխատասենյակ։ ― Այն, ինչ ես հիմա կասեմ, ձեզ կցնցի։ Ես կարծում եմ, ձեզ կարելի է բուժել։

Սթիլմենը ծանր ընկավ բազմոցին։ Նա ամենևին չէր սպասում դրան։ Սկզբից ևեթ նա հաստատ ասել էր իրեն․ ոչ մի ունայն հույս, միայն հիմարը կարող է ջանքեր վատնել, մաքառել անխուսափելիի դեմ՝ և հաշտվել էր իր ճակատագրի հետ։

Մի պահ նա պապանձվեց, ապա հայացքն ուղղեց դեպի իր հին թշնամին և ճիգ գործադրելով խոսեց․

― Որտեղի՞ց դուք այդ իմացաք։ Իմ բոլոր բժիշկները․․․

― Աստծու գործն է, նրանք մեղավոր չեն, որ տասը տարով ետ են մնացել։ Ծանոթացեք ահա սրան։

― Սա ի՞նչ բան է։ Ես ռուսերեն չեմ հասկանում։

― Սովետական «Տիեզերական բժշկագիտության բանբերի» վերջին համարը։ Մի քանի օր առաջ ենք ստացել, ու անմիջապես, ինչպես միշտ, թարգմանել ենք։ Ահա, ես ընդգծել եմ «Մեչնիկով» տիեզերակայանի վրա կատարված նորագույն հետազոտությունների վերաբերյալ նոթերը։

― Դա ի՞նչ կայան է։

― Ինչպես, դուք չգիտե՞ք։ Դա նրանց տիեզերական հիվանդանոցն է, որը նրանք հավաքել են ճիշտ Ճառագայթային մեծ գոտու տակ։

― Շարունակեք։ ― Սթիլմենը դժվարությամբ էր խոսում։ ― Ես պարզապես մոռացել էի անունը։

Նա հույս ուներ հանգիստ ավարտել իր կյանքը, սակայն անցյալը վրա հասավ․․․

― Իհարկե, նոթերը շատ ժլատ են, բայց շատ բան կարելի է կարդալ տողերի արանքում։ Սա, այսպես ասած, առաջին լրատուն է, պրիօրիտետը ամրապնդելու համար, մինչև որ կգրվի լրիվ հաշվետվությունը։ Վերնագիրն է՝ անկշռելիության թերապևտիկ ներգործությունը արյունատար սիստեմի հիվանդությունների վրա»։ Նրանք արհեստականորեն սրտային հիվանդություններ են առաջ բերել ճագարների ու գերմանամկների վրա, ապա նրանց փոխադրել են տիեզերական կայան։ Չէ որ այնտեղ, ուղեծրում, ամեն ինչ անկշռելի է, գրեթե ոչ մի ծանրաբեռնվածություն չկա սրտի մկանների վրա։ Վերջին հաշվով՝ այն, ինչ ես ձեզ ուզում էի հասկացնել դեռ մի քանի տարի առաջ։ Նույնիսկ ամենածանր հիվանդությունների զարգացումը կասեցվում է, իսկ շատ հիվանդություններ էլ միանգամայն բուժվում են։

Փայտակերտ շրջանակներով ոչ մեծ աշխատասենյակը, որը քանի֊քանի տարիներ եղել է նրա աշխարհի կենտրոնը, բազմաթիվ խորհրդակցությունների ասպարեզը, ամեն տեսակ պլանների դարբնոցը, հանկարծ անէացավ։ Հիշողությունները շատ ավելի վառ էին․ նա վերստին նիստում էր, 1969 թվականի աշնանը, երբ քննարկում էին (և կատաղի կերպով քննադատում) Օդագնացության և տիեզերագնացության առաջին տասնամյակի արդյունքները։

Նա երբեք չի զբաղեցրել Աստղագնացության գծով սենատական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, թեպետ նրա ամենագործունյա ու խոսքաշեն անդամն էր։ Հենց այնտեղ էր, որ նա նվաճեց փառքը պետական գանձարանի պահապանի, զգաստամիտ մարդու, որին չէր կարող խաբել և ոչ մի երազող֊գիտնական։ Նա շատ առաջադիմեց այդ ասպարեզում, ու այն ժամանակներից ի վեր նրա անունը չի իջնում թերթերի առաջին էջերից։ Եվ ոչ թե նրա համար, որ նա շատ չէր հրապուրվում գիտությամբ ու տիեզերքով, պարզապես նա անսխալաբար զգում էր հրատապ հարցերը։

Ասես նրա գլխում պտտվում էր վաղեմի իրադարձությունների ձայնագրությունը․․․


― Դոկտոր Հաքնես, դուք՝ Օդագնացության և տիեզերագնացության ազգային վարչության դիրեկտո՞րն եք։

― Միանգամայն ճիշտ է։

― Ահա իմ առջև դրված են ՕՏԱՎ֊ի 1959-1969 թվականների ծախսերի վերաբերյալ տվյալները, թվերը պատկառելի են։ Ծախսվել է 825474450000 դոլար, 1969-70 ֆինանսական տարվա համար դուք պահանջում եք ավելի քան տասը միլիարդ։ Կցանկանայի լսել, թե մենք ի՞նչ կարող ենք սպասել փոխարենը։

Հաճույքով կպատմեմ, սենատոր։

Այսպես սկիզբ առավ այն խոսակցությունը՝ խիստ, բայց ոչ թշնամական։ Թշնամական տոնը հայտնվեց քիչ ավելի ուշ։ Նա ինքը գիտեր, որ դրանք արդարացված չեն․ ամեն մի մեծ կազմակերպություն ունի իր թերություններն ու անհաջողությունները։ Իսկ երբ խոսքը մի այնպիսի կազմակերպության մասին է, որը տառացիորեն ձգտում է աստղերին, չի կարելի պահանջել հարյուր տոկոսանոց հաջողություն։ Սկզբից ևեթ պարզ էր, որ տիեզերքի գրոհը դրամական ու մարդկային զոհողությունների իմաստով առնվազն նույնքան թանկ կնստի, որքան օդի նվաճումը։ Տասը տարվա ընթացքում զոհվեց մոտ հարյուր մարդ՝ Երկրի վրա, տիեզերքում, Լուսնի ամայի տարածություններում։ Ու հիմա, երբ վաթսունական թվականների սկզբներին բնորոշ տենդը անցել է, հասարակությունը սկսել է հետաքրքրվել՝ «հանուն ինչի՞»։ Սթիլմենը իսկույն գլխի ընկավ, որ ամենևին էլ վատ չէ, հարցասեր մարդկանց ձայնափող դառնալը։ Նա գործում էր սառնարյուն ու հաշվենկատ․ պահանջվում էր քավության նոխազ՝ ի դժբախտություն դոկտոր Հաքնեսի, նա կարծես հենց դրա համար էր ստեղծված։

― Լավ, դոկտոր Հաքնես, ես հասկանում եմ, թե տիեզերական հետազոտությունները որքան շատ բան են արել կապի և եղանակի կանխագուշակման բարելավման համար։ Հավատացած եմ, որ այդ ամենը գնահատվում է։ Սակայն դա գրեթե ամբողջովին ձեռք է բերվել ինքնակառավարվող հրթիռների օգնությամբ, առանց անձնակազմի։ Ինձ, և ոչ միայն ինձ, այլ բան է անհանգստացնում․ «Մարդը տիեզերքում» ծրագրի հսկայական ծախսերը և նրա հույժ սահմանափակ հատուցումը։ Ծրագրի առաջին ցիկլերից (Դայանա Սոր» և «Ապոլոն») սկսած մենք արդեն տիեզերք ենք նետել միլիարդավոր դոլարներ։ Իսկ արդյո՞ւնքը։ Մի բուռ մարդիկ կարող են մի քանի ոչ այնքան էլ հաճելի ժամեր անցկացնել մթնորոտի սահմաններից դուրս, և ընդ որում ձեռք բերածն էլ ավելին չէ, քան կարելի էր անել հեռուստատեսության և ավտոմատ սարքավորումների օգնությամբ՝ ընդսմին շատ ավելի լավ ու էժան։ Իսկ մարդկային զոհե՞րը։ Մեզնից ոչ ոք չի մոռանա եթերը պատռող այն ճիչերը, երբ Իքս ― 21-ը այրվեց Երկիր վերադառնալիս։ Ի՞նչն է մեզ իրավունք տալիս մարդկանց մղելու դեպի այդպիսի մահ։

Նա լավ էր հիշում, այն լարված լռությունը, որ նրա ելույթից հետո տիրեց նիստերի դահլիճում։ Նա առաջադրել էր հիմնավոր հարցեր, ու նրանց պետք էր պատասխանել։ Իհարկե, անազնվություն էր դրանց այդպիսի ճարտասանական ձև տալը, իսկ գլխավորը՝ պատին դեմ անել մի մարդու, որ չէր կարող պաշտպանել իրեն։ Սթիլմենը երբեք նման տակտիկա չէր բանեցնի, ֆոն Բրաունի կամ էլ, ասենք, Ռիքավերի դեմ, նրանք կկարողանային հակահարված տալ իրեն։ Նա ականավոր գիտնական, ընդունակ կազմակերպիչ էր՝ և ոչ ամենևին զեկուցող։ Հաքնեսը հեշտ զոհ էր Սթիլմենի համար։ Լրագրողները հրճվում էին։ Նրանցից ինչ֊որ մեկը շտապեց մականուն տալ նրան՝ ձախորդ Հաքնես։

― Այժմ, դոկտոր, հիսուն մարդանոց ձեր տիեզերական լաբորատորիայի մասին․․․ Ի՞նչ կնստի այն։

― Ես արդեն ասացի․ մոտ մեկ ու կես միլիարդ։

― Իսկ շահագործման ամենայմա ծախքե՞րը։

― Երկու հարյուր հիսուն միլիոնից ոչ ավելի։

― Դուք մեզ ներեցեք, եթե մենք հաշվի առնելով նախկին հաշվումների ճակատագիրը, որոշ թերահավատությամբ վերաբերվենք այդ թվերին։ Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ այդ հաշվումները ճիշտ են, ― ի՞նչ կստանանք մենք այդ գումարի դիմաց։

― Մենք կարող ենք հիմնել մեր առաջին խոշոր հետազոտական լաբորատորիան տիեզերքում։ Մինչ այդ մենք հարկադրված էինք փորձեր դնել նեղ խցիկներում վատ սարքավորված նավերի, որոնք որպես կանոն այլ նպատակների են ծառայում։ Հարկավոր է մշտական արբանյակ֊լաբորատորիա մարդկանցով։ Առանց դրա հետագա առաջընթաց չի լինի։ Աստղակենսաբանությունը կարող է իսկապես ծավալվել․․․

― Աստղա․․․ ինչպե՞ս ասացիք։

― Աստղակենսաբանությունը, կենդանի օրգանիզմների հետազոտումը տիեզերքում։ Ռուսները հիմնադրեցին այդ գիտությունը, երբ արձակեցին Երկրորդ արբանյակը Լայկայով հանդերձ, ու նրանք առաջվա նման գերազանցում են մեզ այդ ասպարեզում։ Սակայն միջատների ու անողնաշարավորների հետազոտումը ըստ էության դեռ չէր սկսվել։ Ընդհանրապես ուսումնասիրվում էին միայն շները, մկները, կապիկները։

― Հասկանալի է։ Ճի՞շտ կլինի ասել, որ դուք հատկացումներ եք խնդրում տիեզերքում կենդանաբանական այգի ստեղծելու համար։

Դահլիճում թնդաց քրքիջը, և դա էլ օգնեց թաղելու նախագիծը։ Նաև նրա հեղինակներին, անցավ Սթիլմենի մտքով հիմա․․․

Եվ իրենից զատ, ոչ ոքի չպետք է հանդիմանել։ Դոկտոր Հաքնեսը թեկուզ ոչ շատ համոզիչ, փորձում էր ուրվագծել այն օգուտները, որ կարող էր տալ տիեզերական լաբորատորիան։ Նա հատկապես ընդգծեց հարցի բժշկական կողմը, ոչինչ որոշակի չխոստացավ, բայց թվեց հնարավորությունները։ Այսպես, վիրաբույժները, նրա ասելով, կարող էին վիրահատման նոր եղանակներ մշակել այնպիսի պայմաններում, որտեղ բոլոր օրգանները անկշռելի են։ Ձգողականության բեռից ազատ մարդը, հավանաբար, շատ ավելի կապրի, չէ որ այդ դեպքում շատ ավելի թեթև կլինի սրտի և մկանների աշխատանքը։ Այո, այո, նա խոսում էր նաև սրտի մասին, սակայն դա ամենևին չէր հետաքրքրում այն ժամանակ սենատոր Սթիլմենին՝ առողջ, պատվամոլ այն մարդուն, որի միակ հոգսը թերթերին հարուստ նյութ տալն էր․․․

― Ինչո՞ւ եք այդ նորությունը ինձ հայտնում, ― խուլ ասաց նա։ ― Չե՞ք ուզում թողնել, որ հանգիստ մեռնեմ։

― Բանն էլ հենց այն է, որ դեռ վաղ է հուսահատվելը, ― անհամբեր վրա բերեց Հաքնեսը։

― Միայն նրա համար, որ ռուսները բուժել են մի քանի ճագարներ ու գերմանակնե՞ր։

― Նրանք շատ ավելին են արել։ Ես ձեզ ցույց տվեցի նախնական հաղորդումները, որոնք մեկ տարվա վաղեմություն ունեն։ Նրանք չեն ուզում մոլար հույսեր հարուցել, ահա թե ինչու չեն աղմկում։

― Որտեղի՞ց գիտեք դուք այդ։

Հաքնեսի դեմքին տարակուսանք երևաց։

― Շատ հասարակ․ ես զանգահարեցի իմ պաշտոնակցիս՝ պրոֆեսոր Ստանյուկովիչին։ Նա այժմ «Մեչնիկով» կայանի վրա է։ Հենց այդ հանգամանքը ցույց է տալիս, թե ինչպիսի նշանակություն են տալիս նրանք այդ հետազոտություններին։ Մենք նրա հետ հին բարեկամներ ենք, և ես ինձ թույլ տվեցի ասել ձեր հիվանդության մասին։

Հույսի նշույլը կարող է ունենալ նույնպիսի տանջալից ազդեցություն, ինչպես և նրա անհետացումը։ Հանկարծ կուրծքը նեղվեց․․․ Արդյո՞ք վերջին նոպան է սա։ Բայց հուզմունքի պատճառած ջղակծկումը իսկույն անցավ, ականջականչը մարեց, ու նա լսեց դոկտոր Հաքնեսի ձայնը․

― Նա հարցրեց, թե կարող եք դուք հիմա ժամանել Աստրոգրաց։ Ես խոստացա իմանալ։ Եթե դուք պատրաստ եք, վաղը առավոտյան հարմար ռեյս կա, տասը երեսունին Նյու֊Յորքից։

Վաղը նա խոստացել էր թոռների հետ կենդանաբանական այգի գնալ։ Առաջին անգամ նա նրանց կխաբի։ Մեղավորության զգացումը խայթում էր նրան, և նա որոշ ջանք գործադրեց, որպեսզի պատասխաներ․

― Ես պատրաստ եմ։


Միջմայրցամաքային հսկայական հրթիռանավը մի քանի րոպե, աստիճանաբար մարելով արագությունը, ուղղահայաց ցած էր ընկնում ստրատոսֆերայից, բայց չհաջողվեց վերևից հիանալ Մոսկվայով։ Վայրէջքի ժամանակ հեռուստաէկրանները անջատվում էին, ուղևորները շատ վատ էին տանում ընդառաջ սուրացող Երկրի տեսարանը։

Մոսկվայում նա նստեց հարմարավետ, թեպետև փոքր֊ինչ հնացած տուրբոպտուտակավոր ինքնաթիռը։ Գիշերվան ընդառաջ դեպի արևելք թռչելով՝ նա վերջապես ժամանակ գտավ խորհելու համար։ Թվում էր թե տատանվելու հարկ չկար, և այնուամենայնիվ, արդյո՞ք ուրախ լիներ այն բանի համար, որ նրա բախտը հարցականի տակ էր։ Բոլորովին վերջերս ամեն ինչ չափազանց պարզ էր, իսկ այժմ կյանքը նորից հանկարծ բարդացավ, բացվեցին հնարավորություններ, որոնց վրա նա վաղուց արդեն խաչ էր քաշել։ Դոկտոր Ջոնսոնը ճիշտ էր․ ոչինչ այնպես չի խաղաղեցնում մարդու հոգին, ինչպես այն գիտակցությունը, որ վաղը իրեն կախելու են։ Համենայն դեպս, արդարացի է նաև հակառակը․ ոչինչ այնպես չի խռովում մարդու հոգին, ինչպես դատավճռի հնարավոր վերացման միտքը։

Սենատորը քնած էր, երբ նրանք իջան Աստրոգրադում, ՍՍՀՄ «տիեզերական մայրաքաղաքում»։ Թեթև ցնցումից վեր թռչելով, նա մի պահ գլխի չընկավ, թե որտեղ է գտնվում։ Արդյո՞ք նա երազում է տեսնում, որ կյանքի ետևից ընկած թռել֊անցել է Երկրագնդի կեսը։ Ոչ, դա երազ չէ, բայց այդ հետապնդումը կարող է միանգամայն ապարդյուն լինել։

Տասներկու ժամ հետո նա դեռևս սպասում էր պատասխանի։ Սարքերի ցուցմունքները գրանցվել են, ավարտվել է լուսե պտերի սարսուռ ազդող թռվռոցը կարդիոգրաֆի էկրանի վրա․․․ Բժշկական հետազոտման սովորական իրադրությունը և բժիշկների ու քույրերի մեղմ, վստահ ձայները օգնեցին նրան խաղաղվելու։ Նա հանգստանում էր աղոտ լուսավորված ընդունարանում, ուր նրան խնդրել էին սպասել, մինչ մասնագետները խորհրդակցում էին։ Միայն ռուսերեն ամսագրերն ու սովետական բժշկագիտության մորուքավոր ռահվիրաների դիմանկարներն էին հիշեցնում, որ նա իր հայրենիքում չէ։

Սենատորը միակ պացիենտը չէր։ Պատի երկայնքով նստած էին մի քսան հոգի՝ բոլոր հասակների տղամարդիկ ու կանայք, ամսագրերը ձեռքներին, ջանալով անկաշկանդ թվալ։ Ոչ ոք չէր զրուցում և չէր փորձում գրավել մյուսների ուշադրությունը, յուրաքանչյուրը փակվել էր դյուրաբեկ կեղևի մեջ, որը կախված էր կենաց ու մահվան մեջ։ Դժբախտությունը միավորել էր նրանց, բայց չէր տրամադրել հաղորդակցության։ Թվում էր, թե նրանց մնացած մարդկությունից բաժանում է նույնպիսի անդունդ, ինչպես եթե նրանք թռած լինեին տիեզերական հեռուները, որտեղ թաքնված էր նրանց միակ հույսը։

Սակայն սենյակի հեռավոր անկյունում կարելի էր տեսնել մի բացառություն։ Երկու ջահելներ, շատ֊շատ քսան տարեկան յուրաքանչյուրը, իրար էին փարվել մի այնպիսի հուսահատությամբ, որ սկզբում միայն ջղայնացնում էր Սթիլմենին։ Որքան էլ ծանր լիներ նրանց վիշտը, խստորեն ասաց նա ինքն իրեն, հարկավոր է հաշվի առնել նաև ուրիշներին։ Պետք է կարողանալ թաքցնել սեփական զգացումները, մանավանդ այսպիսի տեղում։

Սակայն վրդովմունքը շուտով տեղի տվեց խղճահարության։ Ո՞վ կարող է անտարբեր նայել երկու անկեղծորեն սիրող սրտերի տառապանքին։ Լիակատար լռության մեջ, որը մերթ ընդ մերթ խանգարում էր սոսկ էջերի խշշոցով կամ աթոռների ճռռոցով, անցան րոպեները ու նրա կարեկցանքը աստիճանաբար վերածվեց սրտի ցավի։

Տեսնես, ովքե՞ր են դրանք։ Երիտասարդը ջղային խելացի դիմագծեր ունի․ հավանաբար, նկարիչ, գիտնական կամ երաժիշտ է՝ դժվար է ասել։ Նրա ընկերուհին սպասում է երեխայի։ Պարզ գեղջկական դեմք, որպիսին ունեն շատ ռուս կանայք․․․ Նրան գեղեցիկ չի կարելի ասել, բայց թախիծն ու սերը նրան անսովոր հմայք էին տվել։ Սթիլմենը չէր կարողանում աչքերը պոկել նրանից։ Թերևս, ոչ մի նմանություն և, այնուամենայնիվ, նա ինչ֊որ բանով հիշեցնում է Դիանային։ Երեսուն տարի առաջ, երբ նրանք միասին դուրս էին գալիս եկեղեցուց, նա այդ նույն փայլը տեսավ իր կնոջ աչքերում։ Նա գրեթե մոռացել է այդ․․․ Ո՞վ է մեղավոր, որ այդ փայլը խամրեց, կի՞նը, թե՞ հենց ինքը։

Հանկարծ նրա տակի բազմոցը ցնցվեց։ Անսպասելի ուժեղ հարվածը տարուբերեց շենքը, ասես մի ինչ֊որ տեղ՝ շատ հեռու մի վիթխարի մուրճով խփեցին գետնին։ Երկրաշար՞րժ։ Բայց իսկույն Սթիլմենը հիշեց, թե որտեղ է գտնվում, ու սկսեց վայրկյանները համրել։

Վաթսունի վրա նա տեղի տվեց․ ըստ երևույթին ձայնամեկուսացումը այնքան հուսալի է, որ օդային ձայնային ալիքը չհասավ նրան։ Միայն հարվածի ալիքը, որն անցավ հողի միջով, ավետեց այն մասին, որ երկինք բարձրացավ հազարատոննյա ծանրություն։ Իսկ մի րոպե անց նա լսեց հեռավոր, բայց պարզորոշ մի ձայն՝ կարծես աշխարհի մյուս ծայրում փոթորիկն էր մոլեգնում։ Ստացվում է հեռավորությունը շատ ավելին է, քան ինքը կարծում էր։ Իսկ ինչպիսի՞ դղրդյուն էր կանգնած արձակման վայրում։

Բայց Սթիլմենը գիտեր․ երբ ինքը թռչի երկինք, որոտը նրան չի անհանգստացնի, սրընթաց հրթիռը ձայնից առաջ կանցնի։ Գերբեռնվածությունն էլ նա չի զգա, չէ որ ինքը կտեղավորվի տաք ջրով լի վաննայում։ Ավելի հարմար կլինի, քան այս բազմոցում։

Հեռավոր դղրդոցը դեռ լսվում էր տիեզերքի խորքերից, երբ դուռը բացվեց և քույրը նշան արեց սենատորին։ Նա զգում էր, որ շատ հայացքներ են հետևում նրան, սակայն նա շուռ չեկավ, ու գնաց իր դատավճռի ետևից։


Մոսկվայից վերադարձի ամբողջ ճանապարհին հեռագրական գործակալությունները համառորեն փորձում էին կապվել նրա հետ, բայց նա մերժում էր մոտենալ ռադիոհեռախոսին։

― Ասացեք, որ ես քնած եմ և չի կարելի անհանգստացնել ինձ, ― խնդրեց նա ստյուարդուհուն։

Ո՞վ է նրանց սանձը բաց թողել, ― հարցնում էր նա ինքն իրեն։ Նրան զայրացնում էր այդ միջամտությունը իր անձնական կյանքին։ Քանի տարի է, նա խորշում էր առանձնացումից, և միայն վերջին շաբաթվա ընթացքում նա ճաշակեց այդ հաճույքը։ Էլ ինչո՞ւ կշտամբել ռոպորտյորներին ու մեկնաբաններին, եթե նրանք վերաբերվում են նրան որպես նախկին Սթիլմենի։

Երբ հրթիռանավը վայրէջք կատրեց Վաշինգտոնում, սենատորին սպասում էին։ Լրագրողների մեծ մասին նա գիտեր անունով, նրանց մեջ կային հին բարեկամներ, որոնք անկեղծորեն ուրախ էին նորության համար, որն իրենից առաջ էր տեղ հասել։

―Է՜, ինպես եք, սենատոր, ― հարցրեց Մաքլոյը «Թայմսից», ― հաճելի՞ է շարք վերադառնալը։ Ճի՞շտ է, որ ռուսները հանձն են առնում բուժել ձեզ։

― Նրանք ուզում են փորձել, ― զգուշավորությամբ պատասխանեց Սթիլմենը։ ― Խոսքը բժշկագիտության նոր բնագավառի մասին է, ստույգ ոչինչ չի կարելի ասել։

― Ե՞րբ եք մեկնում դուք տիեզերո։

― Մի քանի օր հետո, հենց որ կարգի գցեմ գործերս այստեղ։

― Իսկ ե՞րբ կվերադառնաք, եթե բուժումը օգնի։

― Դժվար է ասել, նույնիսկ եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, ես այնտեղ կմնամ կես տարուց ոչ պակաս։

Նա իրենից անկախ հայացաքը դեպի երկինք հառեց։ Լուսաբացին, թե իրիկնամուտին՝ նույնիսկ ցերեկը, եթե ստույգ իմանաս ուր նայել, ― «Մեչնիկովը» պարզորոշ երևում էր երկնքում, նա ամեն մի աստղից էլ վառ էր։ Ասենք, հիմա արբանյակները այնքան են շատացել, որ միայն մասնագետը կարող էր նրանց մեկը մյուսից տարբերել։

― Կես տարի, ― կրկնեց լրագրողներից մեկը։ ― Նշանակում է, ընտրությունները առանց ձեզ կանցնեն։

― Ոչինչ, առջևում դեռ նոր ընտրություններ կան, ― առարկեց մեկ ուրիշը։

― Եվ ութսունչորս, ― հավաքվածների քրքիջի տակ ավելացրեց երրորդը․ արդեն սովորական երևույթ էր դարձել սրամտել այդ տարիների վերաբերյալ, որը «1984» վեպի ընթերցողներին մի ժամանակ թվում էր շատ հեռավոր, և որը (տա աստվա՜ծ) բավականին շուտով անցյալի գիրկը կանցնի որպես սովորական տարի։

Մարդկանց ականջներն ու միկրոֆոնները սպասում էին սենատորի պատասխանին։ Տրապի մոտ կանգնած, վերստին լինելով ամբոխի ուշադրության կենտրոնում, նա զգաց երբեմնի ոգևորությունը։ Շատ ազդու կլինի․ նա տիեզերքից կվերադառնա որպես նոր մարդ ու նորից քաղաքական ասպարեզ կիջնի։ Թեկնածուներից ով կարող է ոտք մեկնել նրա հետ․․․ Նա արդեն իրեն զգում էր Օլիմպոսի բնակիչ, կեսաստված և նախապես պատկերացնում էր, թե ինչպես կօգտագործի այդ հանգամանքը նախընտրական կամպանիայում։

― Ինձ ժամանակ տվեք գլուխ հանել այս ամենից, ― ասաց նա։ ― Պլաններով ես հետո կզբաղվեմ։ Խոստանում եմ, մենք դեռ կհանդիպենք մինչև Երկրից հեռանալս։

«Մինչև երկրից հեռանալս»։ Դրամատիկական հիանալի նախադասություն։ Նա դեռ մտքում ճաշակում էր նրա ռիթմը, երբ նկատեց օդանավակայանի շենքից դուրս եկող Դիանային։

Նա արդեն փոխվել է (ասենք, ինքն այսօր այն չէ, ինչ երեկ)։ Նրա աչքերում երևացել են ինչ֊որ լարվածություն ու խորթացում, որոնք չկային երկու օր առաջ։ Դիանայի դեմքը խոսքերից էլ պարզ էր ասում․ «Ուրեմն ամեն ինչ սկսվում է նորի՞ց»։ Ու թեպետ օրը տաք էր, նա հանկարծ ցուրտ զգաց, ասես նա Հեռավոր Սիբիրում լիներ։

Սակայն Ջոն ու Սյուզանը նախկին ջերմությամբ նետվեցին դեպի պապը։ Նա գրկեց նրանց, համբուրեց ու դեմքը թաքցրեց Սյուզանի խիտ մազերի մեջ, որպեսզի կամերաները չնկատեն հանկարծակի դուրս ցայտած արցունքները։ Եվ զգալով մանկական անշահախնդիր մաքուր սիրո ջերմությունը, նա հասկացավ, թե ինչ ընտրություն պետք է կատարի։

Միայն թոռներն էին տեսնում նրան զերծ պատվամոլության մարմաջից՝ ուրեմն թող միշտ նրան հիշեն այդպիսին, եթե ընդհանրապես կհիշեն նրանք իրեն։

― Դուք պատվիրել եք սելեկտորային խոսակցություն, ― զեկուցեց քարտուղարը։ ― Միացնում եմ ձեր անձնական էկրանը։

Բազկաթոռի հետ շուռ գալով, սենատորը հայտնվեց պատից կախված գորշ քառանկյունու դեմ հանդիման։ Միաժամանակ քառանկյունին բաժանվեց երկու կեսի։ Առաջին կեսում նա տեսնում էր իր աշխատասենյակը հիշեցնող մի սենյակ, որը նրանից ընդամենը մի քանի մղոն էր հեռու։ Իսկ ձախում․․․

Պրոֆեսոր Ստանյուկովիչը, որը հագին ուներ միայն շորտ ու ֆուֆայկա, ճախրում էր օդում իր բազմոցից մի կես մետրի վրա։ Կողմնակի մարդ տեսնելով, նա բռնեց թիկնակից, ձգվեց, նստեց ու կապեց կտորե գոտին։ Նրա թիկունքին երևաց տարբեր ապարատների մի ամբողջ մարտկոց։ Իսկ միջնորմից այն կողմ տիեզերքն էր։

Առաջինը աջ էկրանից, խոսեց դոկտոր Հաքնեսը։

― Մենք սպասում էինք ձեր զանգին, սենատոր։ Պրոֆեսոր Ստանյուկովիչը ասում է, որ ամեն ինչ պատրաստ է։

― Հաջորդ տիեզերանավը երկու օր հետո կլինի, ― ասաց ռուս գիտնականը։ ― Նրանով ես կվերադառնամ Երկիր, բայց հուսով եմ նախ ձեզ տեսնելու կայանում։

Նրա ձայնը անսպասելիորեն հնչեղ էր օքսիհելիումային մթնոլորտում։ Բայց հենց դա էլ հիշեցնում էր տարածության մասին, խանգարումներ չկային։ Թեև Ստանյուկովիչը Երկրից հազարավոր մղոնի վրա էր ու տիեզերքում սուրում էր վայրկյանում չորս մղոն արագությամբ, նա այնքան լավ էր երևում, ասես Սթիլմենի կողքին նստած լիներ։ Սենատորը լսում էր նույնիսկ գիտնականի շուրջը եղած էլեկտրամոտորների դզզոցը։

― Պրոֆեսոր, ― սկսեց Սթիլմենը, ― նախ ես կուզենայի մի քանի հարց տալ։

― Խնդրեմ։

Այժմ արդեն հեռավորությունը զգացվեց․ Ստանյուկովիչի պատասխանը իսկույն չհասավ։ Ըստ երևույթին, կայանն այժմ թռչում է Երկրի հակառակ կողմում։

― Աստրոգրադում ես կլինիկայում տեսա շատ այլ հիվանդների։ Կարելի՞ է իմանալ՝ ինչ սկզբունքով են ըտրում հիվանդներին՝ բուժելու համար։

Այս անգամ արդեն ընդմիջումը ակնհայտորեն երկարեց ոչ ռադիոալիքների դանդաղկոտության պատճառով։ Վերջապես Ստանյուկովիչը պատասխանեց․

― Ընտրում են նրանց, ում մոտ ապաքինվելու ավելի մեծ հույս կա։

― Բայց ձեզ մոտ, հավանաբար, քիչ տեղ կա։ Իսկ բացի ինձանից ցանկացողները շատ են։

― Ես ինչ֊որ չեմ հասկանում․․․ ― մտահոգ միջամտեց դոկտոր Հաքնեսը։ Չափազանց մտահոգ։

Սթիլմենը դարձավ դեպի աջ էկրանը։ Այնտեղից իրեն նայող մարդը ամենևին նման չէր այն զեկուղողին, որն ընդամենը մի քանի տարի առաջ չգիտեր, թե ինչպես պաշտպանվեր իր խայթոցներից։ Դառը փորձից Հաքնեսը օգուտ էր քաղել։ Սթիլմենը եղավ նրա կնքահայրը քաղաքականության ասպարեզում, և գիտնականը իզուր ժամանակ չէր վատնում։

Նրա մտադրությունը սենատորին հասկանալի էր սկզբից ևեթ։ Ամեն ինչ ճիշտ է, Հաքնեսն էլ մարդ է։ Կարելի՞ էր պատկերացնել ավելի քաղցր վրեժխնդրություն, քան նրա ճշմարտացիության այդ արտահայտիչ հաստատումը։ Որպես տիեզերագնացության վարչության դիրեկտոր, Հաքնեսը հրաշալի հասկանում էր, որ հատկացումների համար մղվող ճակատամարտը կիսով չափ շահած կլինի, երբ աշխարհն իմանա, որ ԱՄՆ֊ի պրեզիդենտության հնարավոր թեկնածուն բուժվում է ռուսական֊տիեզերական հիվանդանոցում, ― որովհետև նրա սեփական երկրում նման հիվանդանոցի համար միջոցներ չգտնվեցին։

― Դոկտոր Հաքնես, ― մեղմ ասաց Սթիլմենը, ― դա իմ գործն է։ Ես սպասում եմ ձեր պատասխանին, պրոֆեսոր։

Հանաք բան չէ, բայց նա ի սրտե ուրախանում էր։ Պարզ է անշուշտ․ երկու գիտնականների համար էլ կարևոր է հաջողության հասնելը։ Ստնյուկովիչի գործն էլ հեշտ չէ, կարելի է պատկերացնել, թե այդ հարցը ինչքան է քննարկվել Աստրոգրադում ու Մոսկվայում, և ինչպիսի հաճույքով են սովետական տիեզերագնացները կառչել այդպիսի հնարավորությունից․․․ Ինչ արած, նրանք իրավունք ունեն վայելելու իրենց ջանքերի պտուղները։

Իսկ չէ՞ որ ընդամենը մի տասը տարի առաջ այս ամենը աներևակայելի էր։ ՕՏԱՎ֊ը և ՍՍՀՄ տիեզերագնացության կոմիտեն աշխատում էին ձեռք֊ձեռքի, հանուն ընդհանուր շահերի։ Սթիլմենը չէր դատապարտում ոչ ոքի․ նրանց տեղը լիներ՝ ինքը նույնպես կվարվեր այդպես։ Սակայն ինքը չի ուզում հասարակ զինվոր լինել ուրիշի խաղատախտակի վրա, դեռ ինքն է իր գլխի տերը։

― Միանգամայն ճիշտ է, ― դժկամությամբ ընդունեց Ստանյուկովիչը։ ― Մենք շատ քիչ հիվանդներ կարող ենք ընդունել։ Բայց չէ որ «Մեչնիկովը» ընդամենը գիտական լաբորատորիա է, և ոչ թե ստացիոնար։

― Ինչքա՞ն, ― պնդում էր Սթիլմենը։

― Դե․․․ տասից ոչ ավելի, ― էլ ավելի դժվարությամբ պատասխանեց Ստանյուկովիչը։

Հին պրոբլեմ է, միայն թե երբեք նրա մտքով չէր անցնի, որ այն կվերաբերվի իրեն։ Նա հիշեց լրագրային մի ծանոթագրություն, որը շատ վաղուց էր կարդացել։ Երբ հայտնաբերեցին պենիցիլինը, այդ դեղը սկզբներում այնքան հազվադեպ էր, որ եթե Չերչիլի ու Ռուզվելտի կենաց մահու հարց ծագեր, պետք էր մեկն ու մեկին զոհել․․․

Տասից ոչ ավելի։ Աստրոգրադում նա տեսավ տասներկու հիվանդ, իսկ որքա՞ն են դրանք ամբողջ աշխարհում։ Ու նորից (վերջին օրերի ընթացքում այս էլ քանիերորդ անգամ) Սթիլմենը հիշեց ընդունարանի այն անմխիթար երիտասարդ զույգին։ Թերևս, նա միևնույն է նրանց չի փրկի։

Բայց նա մի այլ բան գիտեր։ Նրա ուսերին ընկած է մի պատասխանատվություն, որից նա չի խուսափի։ Ինչ խոսք, ոչ ոք չի կարող կանխատեսել ապագան, կռահել սեփական արարքների բոլոր հետևանքները։ Եվ, այսուհանդերձ, եթե չլիներ ինքը, այժմ իր երկիրը նույնպես կունենար իր տիեզերական հիվանդանոցը արտամթնոլորտային տարածություններում։ Իր հայրենակիցների քանի֊քանի՜ կյանք է ծանրացած նրա խղճի վրա։ Արդյո՞ք նա իրավունք ունի ընդունել այն, ինչը մերժել է ուրիշներին։ Մի ժամանակ Սթիլմենը կաներ այդ բանը՝ մի ժամանակ, բայց ոչ հիմա։

― Ջենտլմեններ, ― ասաց նա, ― ես ձեզ հետ կարող եմ բաց սրտով խոսել, չէ որ մեր շահերը համընկնում են (այսպես, երևում է՝ հեգնանքն հասկացան)։ ― Ես շնորհակալ եմ ձեզ օգնության համար, գնահատում եմ հոգատարությունը, ցավում եմ, որ այդ ամենը իզուր է։ Ոչ֊ոչ, մի առարկեք, սա հանկարծահաս քմահաճույք կամ դոնկիխոտություն չէ։ Եթե ես մի տասը տարով երիտասարդ լինեի․․․ Իսկ այժմ ես զգում եմ, որ այդ հնարավորությունը պետք է տրվի մեկ ուրիշին։ Առանձնապես հաշվի առնելով իմ ծառայության ցուցակը։ ― Նա նկատեց Հաքնեսի շփոթված ժպիտը։ ― Կան նաև այլ պատճառներ, անձնական կարգի։ Մի խոսքով, ոչինչ ինձ չի ստիպի, որպեսզի միտքս փոխեմ։ Խնդրում եմ ինձ անքաղաքվարի չհամարել, բայց ես այլևս չեմ ուզում քննության առնել այս հարցը։ Մեկ անգամ էլ շատ շնորհակալություն, ցտեսություն։

Նա պտտեց անջատիչը, գիտնականների զարմացած դեմքերը հալվեցին, ու սենատորի հոգում նորից խաղաղություն տիրեց։


Աննկատելի կերպով գարնանը հաջորդեց ամառը։ Տոնեցին այնքան սպասված երկուհարյուրամյակը․ առաջին անգամը լինելով, Սթիլմենը Անկախության օրը դիմավորեց որպես հասարակ անձնավորություն։ Նա հանգիստ նստած նայում էր, թե ինչպես են ուրիշները ելույթներ ունենում․ եթե ցանկանար, կարող էր ընդհանրապես չնայել նրանց։

Այնքան էլ հեշտ չէ վերցնես ու կապերդ խզես այն ամենի հետ, ինչին նվիրել ես մի ամբողջ կյանք, ու նա չէր ցանկանում բաց թողնել հին բարեկամներին տեսնելու վերջին առիթը։ Այդ պատճառով էլ նա ժամերով նստում էր հեռուստացույցի մոտ, հետևելով երկու կուսակցությունների համագումարների ընթացքին և ուշադրությամբ լսելով մեկնաբաններին։ Հիմա, երբ նա ամեն ինչի վրա նայում էր հավերժության տեսանկյունից, կարելի էր չտաքանալ։ Մարտին Սթիլմենը ըստ արժանվույն էր գնահատում վիճաբանելու և՛ էությունը, և՛ կարողությունը, բայց արդեն որպես կողմնակի մեկը, ինչպես դիտորդ մեկ այլ մոլորակից։ Էկրանի վրա փոքրիկ ճղճղան մարդիկ թվում էին ծիծաղելի տիկնիկներ զվարճալի ներկայացման մեջ, ուրիշ ոչինչ։

Այդպես չէր նրա թոռների համար, որոնք դեռ պետք է դուրս գային պատմության թատերաբեմ։ Նա չէր մոռանում այդ մասին․ նրանք իր ներդրումն էին վաղվա օրվա մեջ, թեկուզ այդ օրը ամենևին նման չլիներ այսօրվան։ Իսկ ապագան հասկանալու համար պետք է անցյալը իմանալ։

Ու նա տարավ նրանց դեպի անցյալը։ Ավտոմեքենան սուրում էր Մեմորիալ Ալեյայով։ Վարում էր Դիանան, նրա կողքին՝ Այրինը, ինքը՝ Սթիլմենը, թոռների հետ նստած էր ետևում, ու նրանց ցույց էր տալիս ծանոթ տեղերը։ Ծանոթ իրեն, բայց ոչ նրանց։ Թեկուզ նրանք դեռ շատ փոքրիկ են տեսածը հասկանալու համար, բայց համենայն դեպս ինչ֊որ բան թող հիշեն։

Առլինգտոնի մարմարյա լռության մոտով (նա նորից հիշեց Մարտինին, որը հանգչում է երկրագնդի հակառակ կողմում) և դեպի վեր, բլրակները։ Հետևում, ինչպես օդատեսիլը, ամառային մշուշի մեջ թրթռում ու երերում էր Վաշինգտոնը։ Բայց ահա նա ևս մնաց ոլորանի ետևը։

Մաունթ֊Վեռնոնում խաղաղ ու հանգիստ էր՝ լի օր էր, այցելուները քիչ էին։ Մեքենայից դուրս գալով և քայլերը դեպի շենքը ուղղելով, Սթիլմենը ինքն իրեն հարցնում էր, թե ինչ կասեր Միացյալ Նահանգների առաջին պրեզիդենտը, եթե հայտնվեր այստեղ։ Նրան մտքով կանցնե՞ր արդյոք, որ իր տունը երրորդ հարյուրամյակը կթևակոխեր միանգամայն անվնաս՝ որպես մի կենդանի կղզյակ ժամանակի փոթորկահույզ ջրերում։

Նրանք դանդաղաքայլ անցան հիասքանչ ներդաշնակությամբ պատրաստված սենյակներով, համբերատար կերպով պատասխանելով երեխաների անվերջ հարցումներին ու վայելելով անհամեմատ շատ ավելի հասարակ, հանգիստ ապրելակերպի բուրմունքը։ (Բայց արդյո՞ք նա հասարակ ու հանգիստ է թվացել իր ժամանակվա մարդկանց)։ Որքան դժվար է աշխարհը պատկերացնել առանց էլեկտրականության, առանց ռադիոյի, երբ էներգիայի միակ աղբյուրը մկանները, քամին ու ջուրն էր։ Աշխարհ, որտեղ արշավող ձին եղել է արագության մարմնավորում, և մարդկանց մեծամասնությունը մեռել է իր ծննդավայրից ամենաշատը մի քանի մղոնի վրա։

Շոգը, հետիոտն զբոսանքն ու հարցերի անսապառ հեղեղը շատ ավելի հոգեմաշ էին, քան սպասում էր Սթիլմենը։ Ու երբ նրանք հասան «Երաժշտական սենյակին», նա որոշեց շունչ առնել։ Պատշգամբում շատ հրապուրիչ նստարաններ կային, կարելի է մաքուր օդում նստել ու զմայլվել սիզամարգերի կանաչով։

― Կհանդիպենք պատշգամբում, ― ասաց նա Դիանային։ ― Դուք նայեք խոհանոցն ու ախոռը, իսկ ես մի փոքր կնստեմ։

― Վա՞տ ես զգում, ― անհանգստացած հարցրեց նա։

― Երբեք այսքան լավ չեմ զգացել, բայց ավելի լավ է ուժերս խնայեմ։ Երեխաներն էլ հարցերով հոգիս հանեցին, ես չգիտեմ ինչ ասեմ։ Դե դու մի բան արա, հնարի, ինչքան չլինի խոհանոցը քեզ է վերաբերում։

Դիանան ժպտաց․

― Որքան գիտեմ, ես աչքի չեմ ընկել իմ տաղանդով․․․ Լավ, կաշխատեմ, մի կես ժամ կզբաղեցնեմ։

Մենակ մնալով, նա աստիճաններով դանդաղ իջավ բակը։ Երկու հարյուր տարի առաջ այստեղ կանգնել է Վաշինգտոնը՝ նայել, թե ինչպես է Պոտոմակը ճամփա բացում դեպի ծովը, ու խորհել անցած պատերազմների ու գալիք խնդիրների մասին։ Եվ այստեղ մի քանի ամիս հետո կարող էր կանգնել Մարթին Սթիլմենը, ԱՄՆ֊ի երեսունութերորդ պրեզիդենտը, եթե ճակատագիրը վճիռ չկայացներ։

Հարկ չկա ձևացնել, որ ինքը ոչնչի համար չի ափսոսում։ Ուրիշները իշխանություն էլ են ձեռք բերում, երջանկություն էլ․ իր բախտը չբերեց։ Վաղ թե ուշ, սեփական փառամոլությունը կխժռեր իրեն։ Վերջին շաբաթների համար նա շատ գոհ էր, ոչնչի համար չի ափսոսում։

Նա դեռ սքանչանում էր իր հրաշք փրկությամբ, երբ նրա ժամանակը վերջացավ ու Մահը անձայն ցած իջավ ամառային երկնքից։