Մատանիների Տիրակալը

Գրապահարան-ից
ՄԱՏԱՆԻՆԵՐԻ ՏԻՐԱԿԱԼԸ

հեղինակ՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին
թարգմանիչ՝ Նարեկ Պողոսյան

Բովանդակություն

ՄԱՏԱՆԻՆԵՐԻ ՏԻՐԱԿԱԼԸ

Երեք Մատանի՝ Էլֆերին իմաստուն աստղերի տակ թափառող,
Յոթը՝ թզուկներին անխոնջ, քարանձավներում ապրող,
Ինը՝ մահկանացուներին, որոնց ճակատագիրն է գերեզմանը:
Իսկ այս մեկը՝ Ամենազորը, Տիրակալին Մորդորի
Որ թշնամանք ցանի, կամազրկի բոլորին,
Խառնամբոխվեն նրանք Չարչարանց երկրում՝
Դառնալով ստրուկները հավետ Սև Տիրակալի:

Նախաբան

1. Հոբիթների մասին

Մենք հիմնականում պատմելու ենք հոբիթների մասին, և հետաքրքրասեր ընթերցողը մոտիկից կծանոթանա նրանց կյանքին, բնավորությանն ու պատմությանը։ Ոմանք, հավանաբար, արդեն կարդացել են «Հոբիթ» վիպակը, որտեղ կան Արևմտյան Երկրի Ալ Գրքի սկզբնական գլուխները, որը գրել է հոբիթներից առաջինը համընդհանուր փառաբանության արժանացած Բիլբո Բեգինսը։ Այդ գլուխները կրում են «Գնալն ու գալը» ենթավերնագիրը, որովհետև պատմում են Բիլբոյի Արևելք կատարած ճամփորդության և տունդարձի մասին։ Հենց Բիլբոյի պատճառով հոբիթներն ընկան ահավոր իրադարձությունների հորձանուտի մեջ, որը հիմնովին ու անճանաչելիորեն փոխեց հին աշխարհը։

Բայց և այնպես նախաբանում համառոտ պատմվում Է Բիլբոյի արշավանքի մասին, չէ՞ որ ոչ բոլորն ունեն «Հոբիթ» գիրքը։ Եթե ցանկանում եք՝ կարդացեք հոբիթների մասին սկզբնական տեղեկությունները և վերհիշեք Բիլբոյի արկածները, երևի մի քիչ մոռացած կլինեք։

Հոբիթները փոքր, բայց հնադարյան ժողովուրդ են։ Առաջներում նրանք ավելի շատ են եղել, քան այժմ։ Սիրում են լռություն ու անդորր, առատ հունձք ու ծաղկավետ մարգագետիններ, իսկ հիմա աշխարհն ինչ-որ շատ աղմկալի ու նեղվածք է դարձել։ Լինելով հմուտ ու ճարտար, հոբիթները, սակայն, տանել չէին կարող ու մինչև հիմա էլ չեն կարողանում դարբնի փուքսից, ջրաղացից և ճախարակից բարդ սարքեր։ Ի սկզբանե միշտ խուսափել են մարդկանցից, իրենց լեզվով՝ «հսկաներից», իսկ հիմա պարզապես մեր աչքին չեն էլ երևում։ Նախանձելի լսողություն ունեն ու սուր աչք. ճիշտ է, նրանք գիրուկ են ու շտապել չեն սիրում, բայց հարկ եղած դեպքում ժիր են ու ճարպկությամբ էլ ոչ ոքի չեն զիջի։ Հոբիթները վարժվել են վայրկենապես ու անաղմուկ անհետանալ անկոչ «հսկայի» հայտնվելու առաջին իսկ պահին։ Եվ այնքան ճարպկորեն են այդ անում, որ մարդկանց դա կախարդություն է թվում։ Իսկ հոբիթներր գաղափար էլ չունեն որևէ կախարդանքի մասին, ուղղակի նրանք ի բնե թաքնվելու վարպետ են, և հենց մի փոքր բան է լինում՝ աչքից կորչում են, ի զարմանս իրենց մեծ ու անճոռնի հարևանների։

Նրանք ախր փոքրիկ են, մարդու կեսի չափ, նույնիսկ թզուկներից էլ փոքր ու վտիտ։ Հիմա արդեն մեկ մետրանոց հոբիթներն էլ հազվադեպ են հանդիպում, իսկ առաջներում, ասում են, ավելի բարձրահասակ էին։ Եթե հավատանք Ալ Գրքին՝ Բանդոբրաս Տուկը, Իզենգրիմ երկրորդի որդին, մեկ ու կես մետր հասակ է ունեցել և ձի է հեծել: Հոբիթական տարեգրությունում ասվում է, որ միայն երկու հանրաճանաչ հոբիթներ են գերազանցել նրան, բայց այդ հետաքրքիր դեպքի մասին հետո կխոսենք:

Խաղաղ ու բարեբեր օրերին հոբիթներն ապրում էին իրենց քեֆն ուզածի պես, այսինքն՝ ուրախ էին ապրում։ Հագնվում էին խայտաբղետ, առավելապես դեղին ու կանաչ գույների, ոտնաման չէին հագնում՝ նրանց կոշտ թաթերր ծածկված էին խիտ, գանգուր մազերով, ինչպես սովորաբար լինում են գլխի մազերը՝ մուգ ու խարտյաշ։ Այնպես որ կոշկակարի արհեստը նրանց մոտ հարգի չէր, դրա փոխարեն ծաղկում էին մյուս արհեստները, և հոբիթների երկար ու հմուտ մատները սարքում էին շատ օգտակար, և գլխավորը հոյակապ իրեր։ Նրանց դեմքերը գեղեցկությամբ աչքի չէին ընկնում, ավելի շուտ բարեհոգի էին, ջինջ աչքերով, կարմրաթուշ, բերանները համարյա մինչև ականջները բաց, միշտ ծիծաղող, ուտել-խմելու պատրաստ։ Ծիծաղում էին ամբողջ հոգով, ուտում ու խմում էին ըմբոշխնելով, կատակները պարզունակ էին, ուտում էին օրը վեց անգամ (միայն թե ուտելու բան լիներ)։ Սրտաբաց հոբիթները շատ էին սիրում հյուրեր ընդունել ու նվերներ ստանալ՝ իրենք էլ պարտքի տակ չէին մնում։

Միանգամայն հասկանալի է, որ հոբիթները մեր ուղղակի ազգականներն են, անհամեմատ ավելի մոտ, քան էլֆերն ու թզուկները։ Հնում նրանք խոսում էին մարդկային (թեև իրենց ձևով փոխակերպված) լեզվով և շատ բաներով նմանվում էին մարդկանց։ Բայց թե դա ի՞նչ ազգակցություն է նրանց հետ, հիմա արդեն դժվար է պարզել։ Հոբիթները Նախասկզբնական դարաշրջանի անհիշելի օրերի ծնունդ են։ Միայն էլֆերն են պահպանում այդ հեռավոր անցյալի խորքն անցած ժամանակների գրավոր ավանդությունները, այն էլ միայն իրենց մասին՝ մարդկանց մասին քիչ բան կա այնտեղ, իսկ հոբիթների մասին բոլորովին չի հիշվում։ Բայց կասկած չկա, որ հոբիթները հայտնվել են Միջերկրում շատ ավելի առաջ, քան մյուս ժողովուրնդներն իմացել են նրան գոյության մասին:

Այդպես, դարեր շարունակ բոլորից աննկատ, հոբիթներն իրենց համար ապրում էին Միջերկրում։ Բայց Բիլբոյի և նրա ժառանգորդ Ֆրոդոյի օրոք նրանք հանկարծ, իրենք էլ ամենևին այդ չցանկանալով, բոլորի համար կարևոր ու հայտնի դարձան, և նրանց մասին խոսեցին Իմաստունների ու Տիրակալների խորհուրդներում։

Միջերկրի Երրորդ դարաշրջանը վաղուց անցել է, և աշխարհն այժմ շատ է փոխվել, բայց կասկած չկա, որ հոբիթներն առաջվա պես ապրում են նույն տեղում, որտեղ որ ապրում էին այն ժամանակ՝ Հին աշխարհի հյուսիս-արևմուտքում, Ծովից դեպի արևելք։ Իսկ որտեղից էին նրանք հայտնվել և որտեղ էին ապրում ի սկզբանե՝ դա ոչ ոք չգիտեր նույնիսկ արդեն Բիլբոյի ժամանակներում։ Նրանց սեփական տարեգրություններն սկսվում էին Հոբիթստանի բնակեցումից, և նույնիսկ ամենահին հոբիթական պատումները հասնում էին մինչև Դեգերումների օրերը, ոչ ավելի վաղ։ Սակայն և ըստ այդ զրույցների, և ըստ որոշ բառերի ու սովորույթների հասկանալի է, որ հոբիթները, ուրիշ շատ ժողովուրդների նման, ինչ-որ ժամանակ Արևելքից են եկել։ Նրանց ամենահին ավանդույթները պատկանում են, հավանաբար, այն ժամանակներին, երբ հոբիթներն ապրում էին Անդուինի վերին հոսանքների հովիտներում՝ Մառախլապատ Լեռների և Մեծ Կանաչ Անտառի միջև ինչ-որ տեղ: Մինչև հիմա հայտնի չէ, թե ինչն է նրանց ստիպել կատարել այդ դժվարին ու վտանգավոր անցումը լեռներով դեպի Էրիադոր: Ճիշտ է, նրանց տարեգրությունում հիշատակվում է, որ այդ վայրերում չափազանց շատ մարդիկ էին հայտնվել, իսկ անտառի վրա սև ստվեր էր ընկել: Եվ սևացել էր անտառը ու նոր անուն ստացել՝ Սև Անտառ կամ Չարքանտառ:

Նախքան լեռներով ճանապարհորդություն սկսելը հոբիթների ռասան բաժանվում էր երեք հիմնական ցեղախմբերի՝ Բրդոտներ, Ստրուսներ և Ճերմակիկներ: Բրդոտները մուգ մաշկ ունեին, իսկ իրենք փոքր էին, առանց մորուքի, և ոտնամաններ, որպես կանոն, չէին հագնում: Նրանց ձեռքերը ճարպիկ էին, ոտքերը՝ դիմացկուն: Իրենց բույների համար ընտրում էին բլուրներ և լեռնոտ վայրեր: Ստրուսները ավելի լայն ուսեր ունեին և ամրակազմ էին. նրանք նախընտրում էին գետափնյա հարթավայրերն ու մարգագետինները: Ճերմակիկների մաշկը նուրբ էր, իսկ մազերը բաց գույնի. նրանք տարբերվում էին համեմատաբար բարձր հասակով և սլացիկությամբ, սիրում էին ծառերը և բնակություն էին հաստատում անտառներում:

Հնում բրդոտները, ապրելով լեռնոտ վայրերում, հաճախ էին թզուկների հետ գործ ունենում: Նրանք առաջինը տեղափոխվեցին արևմուտք, հատեցին Էրիադորը և հասան Թխպամած սարին, իսկ մյուս հոբիթները շարունակում էին ապրել Խլուտում՝ վայրի հողերում: Բրդոտները հոբիթների ռասայի ամենավառ ներկայացուցիչներն են և քանակով էլ զգալիորեն գերազանցում են մյուս ցեղերին: Նրանք բոլորից երկար պահպանեցին իրենց ավանդույթները և բնակվում էին հիմնականում բույներում ու թունելներում:

Ստրուսները դեռ երկար ժամանակ շարունակում էին ապրել Անդուին Մեծի ափերին, քանի որ նրանց մարդիկ այդքան էլ չէին վախեցնում: Սակայն կամաց-կամաց նրանք էլ գաղթեցին բրդոտների հետևից դեպի արևմուտք, բայց հետո Կատաղի գետի երկայնքով թեքվեցին դեպի հարավ, և նրանցից շատերը երկար ժամանակով բնակություն հաստատեցին Թարբադի և Միայնակ Տափաստանների կամ Դունլենդի սահմանների միջև, բայց հետագայում նրանք էլ տեղափոխվեցին հյուսիս:

Ճերմակիկներն ամենափոքրաթիվ ճյուղն էին: նրանք միանգամից հաստատվեցին հյուսիսում: Ի տարբերություն մյուսների, Ճերմակիկները բարեկամություն էին անում էլֆերի հետ, արհեստների փոխարեն նախընտրում էին երգերն ու հեքիաթները, լեզուների ուսուցումը, իսկ հողագործության փոխարեն՝ որսորդությունը: Ճերմակիկներն անցան Ռիվենդելից դեպի հյուսիս ընկած լեռները և Դիվոտ գետով իջան ներքև: Էրիադորում շուտով խառնվեցին մինչ այդ այդտեղ եկած հոբիթներին, սակայն հետագայում, շնորհիվ իրենց բնածին արիության և արկածների նկատմամբ սիրուն, Ճերմակիկները հաճախ էին գլխավորում բրդոտներին և ստրուսներին: Նույնիսկ Բիլբոյի ժամանակներում Ճերմակիկների արյունը դեռևս հիշեցնում էր իր մասին, և դա զգացվում էր հատկապես Տուկերի տոհմի ներկայացուցիչների և Բրենդիդուիմքի տերերի մոտ:

Մշուշապատ լեռնաշղթայի և Կապույտ լեռների միջև հոբիթներին և՛ էլֆեր էին հանդիպում, և՛ մարդիկ։ Այն ժամանակ այդտեղ դեռ ապրում էին դունադանները՝ Անդրծայրամասային Արևմուտքից Ծովով եկած թագավորական սերունդները։ Բայց նրանք հետզհետե պակասում էին, և Հյուսիսային Իշխանությունը աստիճանաբար ավերակների էր վերածվում։ Հոբիթ եկվորներին չէին նեղացնում, տեղը բավականացնում էր, և նրանք արագորեն բնակություն հաստատեցին նոր հողերում։ Բիլբոյի ժամանակներում այդ առաջին բնակավայրերի հետքն էլ չէր մնացել, սակայն դրանցից ամենակարևորները այնուամենայնիվ պահպանվել էին. խոսքը գնում է Բրիի մասին:

Այդ նույն հեռավոր ժամանակներում հոբիթները, հավանորեն, և գրությունը յուրացրին՝ դունադանների օրինակով, որոնք ինչ-որ ժամանակ, շատ վաղուց այն վերցրել էին էլֆերից։ Շուտով նրանք մոռացության տվեցին նախկին բարբառները և սկսեցին խոսել համընդհանուր լեզվով՝ տարածված ամենուր, Արնորից մինչև Գոնդոր։ Ի դեպ, իրենց որոշ հին բառեր հոբիթներն այնուամենայնիվ պահպանեցին. օրերի, շաբաթների, ամիսների անունները և, իհարկե, հատուկ անունները։

Այստեղ վերջապես հոբիթական առասպելները պատմության տեսք են ընդունում և գտնում իրենց տեղը տարեգրությունում, որտեղ դեպքերն արդեն թվագրվում են: Քանզի երրորդ դարաշրջանի հազար վեց հարյուր մեկ թվականին Ճերմակիկ ցեղից երկու եղբայր՝ Մարքոն և Բլանքան, ստանալով Ֆորնոսթի թագավորի թույտվությունը, լքեցին Բրին և անցան Բարանդուին գետը՝ տանելով իրենց հետ շատ հոբիթների: Նրանք գետն անցան մեծ քարե կամուրջով, որը կառուցվել էր Հյուսիսային թագավորության հզորության գագաթնակետին և տարածվեցին գետափնյա հողերում, ընդհուպ մինչև արևմտյան բարձրավանդակի ստորոտը: Հոբիթներից շատ բան չէր պահանջվում, միայն սարքին պահել մեծ կամուրջը, մնացած մանր մունր կամուրջներն ու ուղիները, թագավորի ուղարկած սուրհանդակներին հետ ուղարկել անհրաժեշտ բոլոր պարագաներով և ընդունել նրա իշխանությունն ու թագը:

Այստեղ էլ սկիզբ է առնում Հոբիթստանի տարեգրությունը, քանզի Բրենդիդուիմի անցումը (հոբիթներն այդպես անվանեցին գետը) համարվում է հոբիթական տարեգրության առաջին տարին: Արևմտյան հոբիթները միանգամից սիրեցին այդ նոր երկիրը և վերջնականապես հաստատվեցին այնտեղ: Շուտով նրանց մասին բոլորովին մոռացան և նրանց մասին հիշատակումները կորան մարդկանց ու էլֆերի տարեգրություններից: Թեև նրանք համարվում էին թագավորի հպատակներ, բայց հոբիթների առաջնորդներն իրավունք ունեին ինքնուրույն որոշումներ կայացնել, իսկ դրսում կատարվող ոչ մի բանի հետ մեջ նրանք քիթները չէին խոթում: Ճիշտ է, Անգմարյան Կախարդ-Արքայի դեմ վերջին ճակատամարտի ժամանակ հոբիթները Ֆորնոսթի թագավորին օգնության ուղարկեցին նետաձիգների մի ոչ մեծ ջոկատ, բայց այդ մասին մարդկանց տարեգրությունները լռում են: Այդ ճակատամարտում հյուսիսային թագավորությունը պարտվեց, և այդ ժամանակվանից սկսած հոբիթները դարձան իրենց հողերի լիարժեք տերերը: Նրանք իրենց համար հոբիթ-Թան (նահանգապետ) ընտրեցին, որպեսզի վերջինս ներկայացնի նախկին թագավորի իշխանությունը:

Մի ամբողջ հազարամյակ պատերազմները շրջանցում էին Հոբիթստանը և, հաղթահարելով (Հ.Տ.) 37թ. տարածված Սև Մահվան ժանտախտը, հոբիթներն անհոգ ապրում ու բազմանում էին, մինչև որ վրա հասավ Երկարատև Ձմեռը, որին փոխարինեց սարսափելի սովը: Հազարավոր հոբիթներ մահացան սովից, բայց մեր պատմության օրերին նույնիսկ Սովի Տարիները (1158-1160) վաղուց արդեն հեռավոր անցյալ էին դարձել, և հոբիթները կրկին սովորել էին առատության: Նրանց երկրամասը հարուստ էր և բերրի, ու թեև մինչև հոբիթների գալը այն երկար ժամանակ լքված էր, բայց առաջներում այդտեղի հողերը փառավորապես մշակվել էին. այստեղ էին գտնվել Հյուսիսային թագավորության խաղողի այգիները, ֆերմաները, վարելահողերը:

Այդ հողերը տարածվում էին հարյուր լիգ արևելքից արևմուտք՝ Արևմտյան բարձրավանդակից մինչև Բրենդիդուիմյան Կամուրջ և հարյուր հիսուն լիգ՝ հյուսիսային խրուտներից մինչև հարավային ճահիճները։ Հոբիթներն այդ երկրամասը կոչեցին Հոբիթստան։ Այդ տաքուկ անկյունում հոբիթներն ապրում էին յուրօրինակ ձևով՝ ուշադրություն չդարձնելով իրենց հողերի սահմաններից այն կողմ տեղի ունեցող անկարգություններին և վարժվել էին խաղաղությունն ու լիությունը Միջերկրի բոլոր բնակիչների ճակատագիրը համարել։ Նրանք մոռացել էին կամ մոռացության էին տվել այն մի քիչը, որ գիտեին Պահակների՝ հյուսիս-արևմուտքում խաղաղության վաղեմի պաշտպանների ռազմական գործերի մասին։ Այո-այո, թեև հոբիթները նրանց պաշտպանության տակ էին գտնվում, բայց դադարել էին դրա մասին մտածելուց։

Մի բան, որ հոբիթների մեջ չկար՝ դա ռազմասիրությունն էր, իրար հետ նրանք երբեք չէին կռվում։ Իհարկե, ժամանակին ստիպված եղան իրենք իրենց պաշտպան կանգնել, ինչպես և լինում է մեր աշխարհում։ Բայց Բիլբոյի օրոք դա արդեն անհիշելի անցյալ էր։ Վերջին ճակատամարտը, որ տեղի էր ունեցել Հոբիթստանի տարածքում (և իդեպ, միակը), վաղուց ջնջվել էր նույնիսկ ամենածերերի հիշողությունից: Դա Կանաչադաշտի ճակատամարտն էր (Հ.Տ.) 1147թ., երբ Բանդոբրաս Տուկը գլխովին ջախջախեց Հոբիթստան ներխուժած օրքերին: Նույնիսկ կլիման էր մեղմացել, այնպես որ անգամ հյուսիսային գայլերի ձմեռային հարձակումները տատի հեքիաթ էին դարձել։ Այդ պատճառով էլ, թեև Հոբիթստանում որոշ քանակությամբ զենք էր պահպանվում, օգտագործվում էր այն հիմնականում դեկորատիվ նպատակներով՝ կախում էին պատերից կամ բուխարու վերևը կամ էլ ընդհանրապես հանձնում էին Միշել Գետնափորիկի թանգարան: Այդ թանգարանը կոչվում էր Մեթհոմ-ամբար, քանզի յուրաքանչյուր չպետքական իր, որն ափսոսում էին դեն նետել, անվանվում էր մեթհոմ: Հոբիթների տներում բավական քանակությամբ այդպիսի մեթհոմներ էին կուտակվել, և շատ նվերներ էլ, որ ձեռքից ձեռք էին անցնում, այդ նույն հատկությունն ունեին:

Սակայն կուշտ ու անվրդով կյանքը, չգիտես ինչու, բնավ էլ փափկասուն չէր դարձրել այդ պստիկներին։ Ահաբեկել, առավել ևս ընկճել հոբիթին, այնքան էլ հեշտ բան չէր։ Թերևս, հենց դրա համար էլ նրանք սիրում էին երկրային բարիքները, որովհետև կարողանում էին շատ հանգիստ ապրել առանց դրանց էլ։ Փորձանքներին, զրկանքներին, աղետներին ու վատ եղանակին ավելի լավ էին դիմանում, քան կարելի էր սպասել՝ նայելով նրանց տռուզ փորերին ու կլորիկ երեսներին։ Անսովոր լինելով կռվելու, որսորդությունը չընդունելով, նրանք բոլորովին էլ իրենց չէին կորցնում վտանգի դեպքում և այդքան էլ խորթացած չէին զենք բանեցնելուն։ Սուր աչքն ու ամուր ձեռքը նրանց դիպուկ նետաձիգներ էին դարձրել ու ոչ միայն նետաձիգներ։ Եթե պատահում էր, որ հոբիթն արդեն կռացել էր քար վերցնելու, ապա ամեն գազան գիտեր, որ, գլխապատառ ծլկելուց բացի, իրեն ուրիշ ոչինչ չի մնում անելու։

Ըստ ավանդության, ինչ-որ ժամանակ բոլոր հոբիթներն իրենց համար բներ էին փորում՝ նրանք հիմա էլ համարում են, որ գետնի տակ ապրելն ամենից հարմարավետն է, բայց ժամանակի ընթացքում ստիպված եղան այլ բնակարանների ևս վարժվել: Ճիշտը որ ասենք, Բիլբոյի օրոք հին ձևով ապրում էին միայն ամենահարուստ ու ամենաաղքատ հոբիթները։ Աղքատները ծվարում էին խղճուկ գետնախուցերում, իսկական բներում՝ առանց պատուհան կամ մեկ պատուհանով։ Իսկ նրանք, ովքեր ունևոր էին, հին սովորույթը հարգելով՝ իրենց համար ստորգետնյա պալատներ էին կառուցում։ Սակայն բոլոր հողերը չէ, որ հարմար էին այդպիսի պալատներ (կամ սմիալներ, ինչպես դրանց կոչում էին հոբիթները) փորելու համար, և հարթավայրերում հոբիթներն սկսեցին վերգետնյա տներ կառուցել: Նույնիսկ բլրաշատ տեղերում և հին գյուղերում, ինչպիսիք էին Հոբիթոնն ու Տուկբորոն, դե Հոբիթստանի գլխավոր քաղաքում՝ Միշել Գետնափորիկում էլ, որ ճերմակ բլուրներում է, փայտե, աղյուսե ու քարե շինություններ հայտնվեցին։ Այդպիսի տներ որպես կանոն նախընտրում էին դարբինները, ջաղացպանները, ջուլհակները, թոկագործները և այլ արհեստավորներ. իմիջայլոց, նույնիսկ բույներում ապրող հոբիթներն էլ, սովորության համաձայն, վերգետնյա փայտե որևէ շինություն էին կառուցում:

Ասում են, առաջինը ֆերմաներ և ամբարներ սկսել են կառուցել Բրենդիդուիմի մոտակայքի ճահճահողերում: Այնտեղի հոբիթները բավականին խոշորամարմին էին ու մեծ ոտքեր ունեին և խոնավ, թաց օրերին թզուկների մաշիկներ էին հագնում: Դե, ինչպես արդեն հասկացաք, նրանց երակներում ստրուսների արյուն էր հոսում, որի մասին վկայում էին կզակներին աճած խիտ մազափնջերը: Բրդոտների և ճերմակիկների դեմքերը բացարձակապես մազազուրկ էին: Եվ իսկապես, Ճահճահողերում ու Նապաստակի բլուրներում ապրող հոբիթները Հոբիթստան էին եկել ամենավերջինները: Նրանց լեզվի մեջ, իմիջայլոց, բազմաթիվ տարօրինակ անուններ ու խճճված բառեր էին պահպանվել, որոնք Հոբիթստանում ուրիշ ոչ մի տեղ չէին գործածվում:

Շատ հնարավոր է, որ հոբիթները կառուցել սովորել են դունադաններից, թեև չի բացառվում, որ կարող էին սովորած լինել անմիջապես էլֆերից՝ մարդկանց ուսուցիչներից: Չէ՞ որ այդ ժամանակներում առաջնածինները դեռ չէին լքել Միջերկիրը և ապրում էին արևմուտքում՝ Արծաթափայլ նավահանգստի մոտակայքում և ոչ միայն այնտեղ, այլ նաև Հոբիթստանին շատ մոտ վայրերում: Այդ մասին վկայում էին երեք էլֆական աշտարակները, որ գտնվում էին Ամրոցալեռներում՝ արևմտյան սահմանամերձ ճահճուտների այն կողմ: Պարզ, լուսնկա գիշերներին դրանք կարելի էր տեսնել հեռվից: Դրանցից ամենաբարձրը և ամենահեռուն միայնակ վեր էր խոյանում կանաչ սարի գլխին: Հոբիթստանի արևմտյան նահանգի բնակիչները պատմում էին, որ այդ աշտարակի գլխից Ծովը երևում է, բայց, որքանով որ հայտնի է, դրա գագաթին երբեք ոչ մի հոբիթ չի եղել: Առհասարակ հազվագյուտ հոբիթներ էին Ծովում լողացել կամ ընդհանրապես այն տեսել, իսկ նրանց, ովքեր վերադարձել էին ու պատմել տեսածի մասին, կարելի էր մատների վրա հաշվել: Ծովը՝ Ծով, բայց հոբիթները նույնիսկ գետերին ու նավակներին են կասկածանքով նայում: Լողալ նրանցից քչերը գիտեն: Հոբիթները գնալով ավելի հազվադեպ էին շփվում էլֆերի հետ և կամաց-կամաց սկսեցին նրանցից վախենալ ու խեթ էին նայում բոլոր նրանց, ովքեր շփվում էին առաջնածինների հետ: Սկսեցին խուսափել ծով բառից, և այն հետզհետե վերածվեց մահվան խորհրդանիշի, այնպես որ նրանք աշխատում էին արևմտյան բլուրների կողմը չնայել:

Էլֆերն էին սովորեցրել հոբիթներին տներ կառուցել, թե մարդիկ՝ կարևոր չէ. կարևորն այն է, որ հոբիթները կառուցում էին դրանք իրենց ուրույն ձևով: Աշտարակների կարիք նրանք չունեին: Փոխարենը երկար, ցածրիկ ու հարմարավետ տներ էին կառուցում: Առաջին վերգետնյա տները իրենց կառուցվածքով սմիալ էին հիշեցնում: Դրանք ծածկվում էին խոտով, ծղոտով կամ ուղղակի տորֆով. այդպիսի տունը տեսքից կարծես հաստափոր լիներ: Ճիշտ է, նմանատիպ տներ կառուցում էին միայն սկզբնական շրջանում. հետագայում դրանք շատ փոփոխվեցին: Դրան նպաստեցին թզուկները, որոնք հոբիթների հետ կիսվում էին իրենց գաղտնիքները, և հոբիթական բնածին հնարամտությունը: Սակայն կլոր դռներն ու պատուհանները մշտապես անփոփոխ էին և դարձան հոբիթական ճարտարապետության աչքի ընկնող առանձնահատկությունը:

Հոբիթստանում տներն ու բույները բավական ընդարձակ էին կառուցում, և ապրում էին այնտեղ բազմանդամ ընտանիքներ (Բիլբո և Ֆրոդո Բեգինսների պես ամուրիները բացառություն էին՝ չնայած Բեգինսները բացառություն էին նաև շատ այլ բաներում: Վերցնենք թեկուզ էլֆերի հետ նրանց բարեկամությունը): Երբեմն, ինչպես, օրինակ Տուկբորոյի Տուկերի կամ, ասենք, Բրենդիդուիմքի Բրենդիբաքերի դեպքում բազմաթիվ սերունդներ խաղաղ (որքանով որ դա հնարավոր է) և հանգիստ (հարաբերական) ապրում էին մեկ հարկի տակ՝ պապենական ընդարձակ բնում: Ի դեպ, հոբիթներն ապրում են տոհմերով և մեծ լրջությամբ են վերաբերվում ազգակցական կապերին: Նրանց տոհմածառերը երկար ու բազմաթիվ ճյուղավորումներ ունեն, սակայն բոլոր ճյուղերը բծախնդիր հաշվվում են: Գործ ունենալով հոբիթների հետ՝ երբեք չի կարելի մոռանալ, թե ով ում ազգականն է և ինչ ազգական է: Սակայն անհնար է այս գրքի էջերում մեջբերել նկարագրված դեպքերի ժամանակաշրջանի թեկուզ ամենահայտնի հոբիթների ծագումնաբանությունը: Ալ գրքի վերջում բերված տոհմածառերի պատմությունն ինքնին արդեն իսկ մի ոչ մեծ գիրք է ներկայացնում, բայց այդպիսի գիրք կարդալը երևի միայն հոբիթներին չի ձանձրացնի: Նրանց համար այդպիսի ծագումնաբանական գրքի ուսումնասիրությունը ուղղակի հաճույք է: Հոբիթներն առհասարակ նախընտրում են, որ գրքերում գրված լինի այն, ինչն իրենց արդեն իսկ հայտնի է, և որ գրված լինի պարզ ու հասկանալի:

2. Ծխամորճի խոտի մասին

Մի բան էլ կա, որի մասին պետք է նշել: Հոբիթները հնուց եկած մի զարմանալի ավանդույթ ունեն. նրանք կավե կամ փայտե խողովակներով շնչում և արտաշնչում են մխացող խոտի ծուխը, որն անվանում են ծխամորճի խոտ կամ ուղղակի ծխատերև: Հավանաբար դա nicotiana բույսի տարատեսակներից մեկն է: Մեծ առեղծված է, թե երբ է առաջացել այդ տարօրինակ սովորությունը կամ ինչպես հոբիթներն են ասում՝ «արվեստը»: Այն ամենը, ինչ հաջողվել է բացահայտել, իրար գլուխ է հավաքել Մերիադոք Բրենդիբաքը (հետագայում Բրենդիդուիմքի կառավարիչը), և հաշվի առնելով այն փաստը, որ նա, ինչպես նաև Հարավային Հոբիթստանի ծխամորճի խոտը որոշակի դեր ունեն մեր պատմության մեջ, ավելորդ չի լինի այստեղ մեջբերել նրա «Հոբիթստանի Ծխախոտիկ» աշխատության ներածությունը:

«Ծխելը,— գրում է նա,— արվեստի միակ ճյուղն է, որը մենք ազնվորեն ու հաստատակամորեն կարող ենք համարել մեր սեփական գյուտը: Հայտնի չէ, թե երբ են հոբիթները սկսել ծխել, սակայն մեր բոլոր առասպելներում ու ընտանեկան ավանդություններում այդ սովորության մասին խոսվում է ինչպես ինքստինքյան ակնհայտ մի բանի մասին, այնպես որ կարելի է վստահաբար պնդել, որ Հոբիթստանում արդեն շատ դարեր տարբեր տեսակի խոտեր են ծխում՝ մի մասը գարշահոտ, մի մասը՝ բուրավետ: Սակայն բոլորը համաձայնում են, որ առաջինը իր այգում ծխամորճի խոտ աճեցրել է խորահովտցի Թոբոլդ Զուռնաչը Իզնեգրիմ երկրորդի օրոք, մոտավորապես (Հ.Տ.) 1070 թվականին: Մինչև հիմա էլ մեր լավագույն խոտն այնտեղ է աճում, հատկապես այն տեսակները, որոնք այժմ հայտնի են որպես «Խորահովտի Տերև», «Ծեր Թոբի» և «Հարավային Աստղ»:

Ցավոք, ոչ մի տեղեկություն չի պահպանվել այն մասին, թե որտեղից է ծերուկ Թոբին առաջին անգամ ծխամորճի խոտի սերմեր հայթայթել: Նույնիսկ մահվան մահճում պառկած այդ մասին նա ոչինչ չի պատմել: Իհարկե, նա ծխամորճի խոտի մեծ գիտակ էր, բայց բոլորն էլ գիտեին, որ ծերուկը երբեք չի ճանապարհորդել: Ճիշտ է, ասում են, թե երիտասարդության տարիներին հաճախ է այցելել Բրի, բայց հաստատ հայտնի է, որ Բրիից այն կողմ ոչ մի տեղ չի եղել: Այսպիսով, շատ հավանական է, որ սերմերը նա հայթայթել է հենց Բրիից, որտեղ, պետք է նշել, մինչև հիմա էլ հարավային լանջերին ծխամորճի խոտ է աճում: Բրիեցի հոբիթներն ամեն հարմար առիթով տաքացած վիճում են, որ առաջինը իրենք են սկսել տերև ծխել: Սակայն նրանք միայն այդ առիթով չէ, որ վիճում են. այն ամենը, ինչ վերաբերվում է Հոբիթստանին, բրիեցիները վերաբերվում են ցուցադրական արհամարանքով և ձգտում են ամեն ինչում գերազանցել հոբիթստանցիներին, դեռևս համարելով նրանց «գաղթականներ»: Բայց այս պարագայում, կարծում եմ, բրիեցի հոբիթները հենց այնպես չեն վիրավորվում: Ակնհայտ է, որ վերջին մի քանի հարյուրամյակում ծխելու արվեստը հենց Բրիից է տարածվել թզուկների և այլ ժողովուրդների շրջանում, ինչպես նաև Պահակների, հրաշագործների և այլ թափառականների շրջանում, որոնք մինչև այժմ էլ հաճախ են հայտնվում այդ հնագույն ուղիների բանուկ խաչմերուկում: Այսպիսով, վերոհիշյալ արվեստի տարածման սկզբնաղբյուրն ու կենտրոնը կարելի է համարել Բրիում գտնվող հին պանդոկ «Սիգարշավող պոնին», որն անհիշելի ժամանակներից պատկանում է Նարկիսների ընտանիքին:

Այնուամենայնիվ, դեպի հարավ ճամփորդության ընթացքում կատարածս դիտարկումները համոզեցին ինձ, որ ծխամորճի խոտը ոչ միայն մեր երկրամասում է աճում, այլ նաև Անդուինի ստորին հոսանքներում, որտեղ, ըստ երևույթին, ծովային ճանապարհով այն բերվել է Արևմուտքից: Այն բավականին տարածված է Գոնդորում և ավելի փարթամորեն է աճում, քան մեզ մոտ՝ հյուսիսում, որտեղ վայրի վիճակում ընդհանրապես չի հանդիպում, բավական շատ խնամք է պահանջում ու հասունանում է միայն այնպիսի ջերմ ու մեկուսի հովիտներում, ինչպիսին է Խորահովիտը: Գոնդորցիներն այդ բույսն անվանում են քաղցր գալենաս և գնահատում են միայն բուրավետ ծաղիկների պատճառով: Դարերի ընթացքում, որ անցել են Էլենդիլի գահ բարձրանալու ժամանակներից մինչև այսօր, ծխամորճի խոտը, ըստ երևույթին, գաղթել է Գոնդորից և Կանաչ Ուղիով հասել մեր կողմերը: Բայց նույնիսկ գոնդորցի դունադաններն ընդունում են, որ հոբիթներն առաջինն են գլխի ընկել, որ այն կարելի է ծխել: Նույնիսկ հրաշագործների մտքով չի անցել: Ճիշտ է, ես մի հրաշագործ գիտեի, ով ծանոթ էր մեր արվեստին, գերազանցել էր մեզ այդ գործում ու հասել կատարելության»:

3. Հոբիթստանի կառուցվածքի մասին

Հոբիթստանը բաժանվում էր չորս նահանգի Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան, իսկ նահանգները՝ շրջանների, որոնց տրվում էր տեղի ամենահին ու ամենահարգված տոհմի անունը, չնայած այդ տոհմի սերունդները երբեմն բնակվում էին Հոբիթստանի բոլորովին այլ հատվածում։ Ճիշտ է, համարյա բոլոր Տուկերն ապրում էին Տուկբորոյում, բայց Բեգինսների ու Բոքոնակների հարցն այլ կերպ էր դասավորվել։ Բացի նահանգներից, Հոբիթստանն ուներ նաև արևմտյան և արևելյան ծայրամասային բնակավայրեր. արևելյանը կոչվում էր Նապաստակի բլուրներ, իսկ արևմտյան ափերը Հոբիթստանին էին միացել միայն 1164 թ. (Հ.Տ.):

Այն հին ժամանակներում, որի մասին պատմում է մեր տարեգրությունը, Հոբիթստանում, կարելի է ասել, ոչ մի «կառավարություն» չկար: Ամեն տոհմ ինչպես կարողանում էր, զբաղվում էր իր գործերով՝ այն է, թե ինչպես աճեցնել լավ բերք և հետո ուտել: Սակայն մնացած հարցերում հոբիթներն առատաձեռն էին ու մեծահոգի և բոլորովին էլ ագահ չէին. բավարարվում էին իրենց ունեցածով ու աչքն ուրիշի ունեցվածքի վրա չէին գցում՝ այնպես որ հողերը, տնտեսությունները, խանութներն ու պանդոկներն իրենց տերերին չէին փոխում, այլ խաղաղ ճանապարհով ժառանգաբար փոխանցվում էին:

Չնայած այդ ամենին, հնուց եկած հիշողություն-սովորություն կար՝ կապված Ֆորնոսթի առասպելական թագավորի հետ: Ֆորնոսթը դա մի հինավուրց քաղաք էր, որը գտնվում էր ինչ որ տեղ Հոբիթստանից դեպի հյուսիս: Բայց այդ թագավորն արդեն հազար տարի գոյություն չուներ, իսկ քաղաքի ավերակները վաղուց ծածկվել էին փարթամ կանաչով: Եվ այնուհանդերձ տարբեր տեսակ վատ արարածների մասին խոսելիս (օրինակ՝ թրոլների) հոբիթներն ասում էին, որ դրանք անթագավոր ժողովուրդ են, դրանցից ի՜նչ սպասես: Իսկ այդ հնագույն թագավորի ժամանակներից բխող իրենց սեփական օրենքները հոբիթներն ինքնակամ հարգում ու պահպանում էին, քանի որ համարում էին դրանք որքան հին՝ այնքան արդար:

Հարկ է նշել, որ Տուկերի տոհմը երկար ժամանակ հատուկ դիրք էր զբաղեցնում, քանի որ նկարագրվող իրադարձություններից մի քանի դար առաջ Թանի տիտղոսը, որը մինչ այդ կրում էին Ծերունբաքերը, փոխանցվեց նրանց: Թանը (Տուկերի գլխավորը) գլխավորում էր հոբիթների ընդհանուր հավաքույթները, առաջնորդում զորքին և զինյալներ հավաքագրում, բայց քանի որ զորքն ու զինյալներն անհրաժեշտ էին միայն վտանգի դեպքում, իսկ այդպիսի դեպքեր արդեն շատ վաղուց չէին պատահել, Թանի տիտղոսը դարձել էր ուղղակի հարգանքի նշան: Այնուամենայնիվ Տուկերը Հոբիթստանում հատուկ հարգանք էին վայելում, քանզի նրանց տոհմն ամենաբազմաթիվն էր ու ամենահարուստը, և բացի դրանից յուրաքանչյուր սերնդում յուրահատուկ ձիրքերով օժտված ուժեղ և անկախ բնավորությանբ հոբիթներ էին ծնվում և, չլսված բան է, նույնիսկ արկածասեր: Այդ վերջին տարօրինակությունը շրջապատողները տանել չէին կարողանում և մի կերպ հարմարվում էին, այն էլ միայն նրանց, ովքեր հարուստ էին: Սակայն, չնայած ամեն ինչին, Տուկերի տոհմի գլխավորին անվանում էին Ձերդ Տուկ, իսկ եթե անհրաժեշտ էր լինում, ապա նրա անունին ավելացնում էին նաև հերթական թիվը (նայած, թե նա որերորդն էր), օրինակ՝ Իզենգրիմ Երկրորդ:

Սակայն գործնականում պարտավորեցնող պաշտոնով օժտված միակ անձը Միշել Գետնափորիկի քաղաքագլուխն էր (այսինքն նաև ամբողջ Հոբիթստանի), որին ընտրում էին յոթ տարին մեկ անգամ ամռան այն երեք չորս օրերին, որոնք տարին բաժանում են երկու հավասար կեսի, և այդ արարողությունը տեղի էր ունենում Սպիտակ բլուրներում, Ազատ Տոնավաճառի ժամանակ: Քաղաքագլուխը պարտավորվում էր հոբիթական տոների կապակցությամբ խնջույքներ կազմակերպել և գլխավորել, իսկ տոները, պետք է նշել, բավական կարճ ընդմիջումներով հաջորդում էին մեկը մյուսին: Բացի այդ, քաղաքագլխի կոչումն իր մեջ ներառում էր նաև փոստային գործերի կառավարիչի և գլխավոր շիրրիֆի պարտականությունները, այնպես որ նա միաժամանակ և՛ քաղաքագլուխ էր, և՛ փոստի կառավարիչ, և պահակային ծառայության պետ (այլ ծառայություններ Հոբիթստանում չկային): Պետք է նշել, որ ամենից շատ հոգս և անհարմարություն կրում էին փոստատարները, թեև նրանք միշտ էլ քանակով ավելի շատ էին, քան շիրրիֆները: Ոչ բոլոր հոբիթները գրագիտություն գիտեին, բայց նա ով գիտեր, անդադար գրում էր իր բոլոր ընկերներին ու ազգականներին՝ չանտեսելով ոչ մեկին, նույնիսկ եթե հասցեատերն այնքան էլ հեռու չէր ապրում և կարելի էր ճաշից հետո այցելել:

Շիրրիֆ հոբիթներն անվանում էին հասարակական կարգը պահպանողներին: Իհարկե համազգեստ նրանք չէին կրում (այդպիսի կարգ հոբիթների մոտ երբեք չի եղել) և տարբերվում էին միայն գլխարկին ամրացված փետուրով: Նրանք ավելի շուտ հետևում էին, քան հսկում, որովհետև ավելի հաճախ պետք էր լինում ոչ թե ժողովրդին հսկել, այլ անասուններին հետևել: Ամբողջ Հոբիթստանում ընդամենը տասներկու շիրրիֆ կար՝ երեքական ամեն նահանգում: Սակայն կար նաև ոչ մշտական թվով մի մեծ ջոկատ, որին վստահված էր սահմանի պահպանությունը՝ հարկավոր էր հետևել, որ ամեն տեսակ օտարականներն ու բազմատեսակ այլ թափառականները հասարակական կարգը չխախտեն և սպառնալիք չհանդիսանան:

Այն ժամանակներում, երբ սկսվում է մեր պատմությունը, Հոբիթստանի չորս նահանգներն իրար հերթ չտալով լուրեր էին փոխանակում չտեսնված-չլսված գազանների ու անհասկանալի «օտարականների» մասին, որոնք վարգում էին սահմանի երկարությամբ՝ հաճախակի խախտելով այն։ Դա առաջին նշանն էր, որ կյանքը բոլորովին էլ այնպես չէր ընթանում, ինչպես հարկավոր էր, ինչպես եղել էր միշտ՝ չէ՞ որ վաղուց մոռացված եղելությունների մասին աղոտ հիշեցնում էին միայն ամենահին ավանդապատումները։ Այն ժամանակ դեռ ոչ ոք չէր հասկանում, թե բանն ինչ է, նույնիսկ Բիլբոն ինքը։ Վաթսուն տարի էր անցել այն օրից, ինչ վերադարձել էր իր հիշարժան ճանապարհորդությունից։ Նա արդեն ծեր էր, նույնիսկ հոբիթական հաշվումներով, չնայած նրանց մոտ մինչև հարյուր տարի ապրելը սովորական երևույթ էր, բայց նրա բերած գանձերը, դատելով ըստ ամենայնի, չէին սպառվում։ Շա՞տ էր մնացել այդ հարստությունից, թե քիչ, նա այդ գաղտնիքը ոչ ոքի չէր բացում, նույնիսկ սիրելի զարմիկ Ֆրոդոյին։ Իսկ Մատանու մասին առհասարակ խոսք անգամ չկար։

4. Այն մասին, թե ինչպես գտնվեց Մատանին

Ինչպես և պատմված Է «Հոբիթ» գրքում, մի անգամ Բիլբոյի մոտ է գալիս մեծ հրաշագործ Գենդալֆ Մոխրագույնը, իսկ նրա հետ տասներեք թզուկ՝ արտաքսյալ թագավոր Թորին Կաղնեվահանը և նրա տասներկու ընկերակիցները։ 1341 թվականի ապրիլյան մի առավոտ Բիլբոն, ի մեծ զարմանս իրեն, հանկարծ Հոբիթստանից ճանապարհ է ընկնում հեռու Արևելք թզուկներին վերադարձնելու նրանց անհամար գանձերը, որ հարյուրամյակների ընթացքում կուտակվել էին Էրեբորում՝ Սարամիջի թագավորությունում։ Հաջողությունն ուղեկցում է նրանց, և կարողանում են ազատվել գանձը պահպանող վիշապից։ Սակայն գործի ելքը որոշում է Հինգ Զորաց ճակատամարտը, որտեղ զոհվում է Թորինը և բազում քաջագործություններ են կատարվում։ Սակայն Երրորդ դարաշրջանի երկարաշունչ տարեգրությունը այդ մասին կհիշատակեր ընդամենը մեկ կամ ծայրահեղ դեպքում երկու տողով, եթե չլիներ կարծես թե պատահական մի իրադարձություն, որ տեղի ունեցավ ճանապարհին։

Մշուշապատ լեռներում Խլուտ (Վայրի Երկիր) տանող ճանապարհին ճամփորդների վրա են հարձակվում օրքերը. Բիլբոն յուրայիններից հետ է մնում և կորչում լեռան ընդերքի խորշերի լաբիրինթոսում։ Սողալով ու շոշափելով առաջ շարժվելիս, ինչ-որ մատանի է ընկնում նրա ձեռքի տակ, և նա, առանց երկար ու բարակ մտածելու, գտածը դնում է գրպանը։

Ապարդյուն որոնելով ելքը, նա հասնում է լեռան խորքում գտնվող մի սառնորակ լճի ափ, որի կենտրոնում, քարե կղզու վրա, անթափանցելի խավարում, ապրում էր Գոլլումը՝ սպիտակավուն, առկայծող աչքերով մի նողկալի արարած։ Նա լողում էր մակույկով, թիավարելով տափակ ոտնաթաթերով, կույր ձկներ էր բռնում որ երկար, ճանկավոր մատներով ու հում-հում ուտում։ Նա ուտում էր ամեն տեսակ մանր ու մեծ կենդանիներ, նույնիսկ օրքերին, եթե հաջողվում էր նրանցից որևէ մեկին բռնել ու խեղդել։ Գոլլումը մի խորհրդավոր գանձ ուներ, որ նրան էր հասել շատ վաղուց, երբ դեռևս ապրում էր վերևում, ցերեկային լույսի տակ։ Դա կախարդական ոսկե մատանի էր, որն անտեսանելի էր դարձնում։ Գոլլումը սիրում էր այն ու անվանում «Իմ սքանչելի» և խոսում էր հետը նույնիսկ այն ժամանակ, երբ հագած չէր լինում, իսկ հագնում էր օրք որսալու համար։ Նա անմիջապես կհարձակվեր Բիլբոյի վրա, բայց մատանին կղզում էր, իսկ հոբիթն էլֆական դաշույն ուներ ձեռքին։ Ժամանակ շահելու համար Գորլումն առաջարկում է հանելուկներ լուծել, եթե Բիլբոն պատասխանը չգտնի, ապա ինքը կուտի նրան, հակառակ դեպքում լույս աշխարհ դուրս կբերի։

Բիլբոն համաձայնում է և հաղթում, չնայած նրան փրկում է ոչ թե հնարամտությունը, այլ պատահականությունը, նա հապաղում է դժվար հանելուկը լուծելիս, հանկարծ գրպանում շոշափում է մոռացված մատանին ու շփոթված բացականչում՝ «Ի՞նչ կա իմ գրպանում»։ Գորլումը երեք անգամ սխալվում է։ Վեճեր կան, թե կարելի՞ է արդյոք այդ հարցը հանելուկ համարել։ Սակայն բոլորը համաձայնում են, որ եթե Գորլումը հանձն էր առել, ապա պարտավոր էր պատասխանել։ Հենց դա էլ նրանից պահանջում էր Բիլբոն՝ կասկածելով, որ լպրծուն արարածը կխաբի, թեպետ նման պայմանադրությունը հնուց ի վեր սրբություն էր համարվում։ Մենության ու խավարի մեջ Գորլումի հոգին սևացել էր, և պայմանազանցությունը նրա համար ոչինչ չարժեր։ Սոված ու զայրացած նա մտածում է. «Մի՞թե ինքը՝ «սքանչելիի» տերը, պետք է վախենա ինչ-որ զենքից, ու լողում է դեպի կղզյակ։ Բայց մատանին կղզյակում չէր, անհետացել էր։ Գորլումի աղիողորմ գոռոցից Բիլբոն սարսռում է, չնայած սկզբում չի հասկանում, թե ինչ է պատահել։ Իսկ Գորլումը ուշացած, բայց կռահում է, թե «Ինչ կա նրա գրպանում»։ Կատաղորեն շտապում է հետ, որ հոբիթին սպանի և մատանին վերցնի։ Հոբիթը վտանգն զգալով փախչում է և նորից նրան փրկում է պատահականությունը՝ մատանին գրպանում մտնում է մատը։ Գորլումն անցնում է նրա կողքով ու չի տեսնում։ Բիլբոն գնում է նրա հետևից ու «սքանչելիին» ուղղված աղերսանքից ամեն ինչ հասկանում՝ կախարդական մատանիով նա կարող էր փրկվել և՛ օրքերից, և՛ Գորլումից։

Նրանք կանգ են առնում մի սողանցքի առջև, որտեղից նեղ անցում էր ձգվում դեպի ստորին դարպասը։ Այստեղ Գորլումը դարան է մտնում։ Բիլբոն ուզում է խոցել նրան դաշույնով, բայց խղճում է, և, ցատկելով նրա վրայով, միջանցքով վազում է դեպի ելքը։ Նրա հետևից լսվում է գոռոցը, «Գո՜ղ, գո՛ղ... թ՛ալանչի՛,.. Հավետ ատելի Բեգինս․․․»։

Հետաքրքիր է, որ իր ուղեկիցներին Բիլբոն սկզբում այդ ամենը քիչ այլ կերպ պատմեց, իբր Գորլումը նրան «նվեր» է խոստացել, եթե նա խաղում հաղթի, բայց երբ լողալով գնացել է կղզյակը, որ վերցնի իր ծննդյան օրը նվեր ստացած կախարդական մատանին, հայտնաբերել է, որ այն անհետացել է։ Բիլբոն գլխի է ընկել, որ իր գտածը հենց այդ մատանին է, բայց քանի որ ինքը խաղը շահել է, ուրեմն, մատանին իրեն է պատկանում։ Եվ քանի որ ինքը պետք է դուրս գար այդտեղից, լռել է մատանու մասին ու ստիպել է Գորլումին, որ խոստացված «նվերի» փոխարեն ճանապարհը ցույց տա իրեն։ Նա այդպես էլ գրել է իր հուշերում և իր ձեռքով ոչ մի բառ չի փոխել նույնիսկ Էլրոնդի մոտ կայացած Խորհրդից հետո։ Պետք է, որ այդ տեսքով էլ նրա պատմությունը մտած լինի Ալ Գրքի բնագրի, դրանից որոշ արտագրությունների ու մեջբերումների մեջ։ Ուրիշ արտադրություններում, սակայն, բերվում է իսկական պատմությունը (հորինվածի կողքին), այն որոշակիորեն կազմված է Ֆրոդոյի կամ Սեմի ծանոթագրություններով՝ երկուսն էլ գիտեին, ինչպես է եղել իրականում, բայց, հավանաբար, չեն ցանկացել ուղղել ծեր հոբիթի ձեռագիրը։

Իսկ Գենդալֆը հենց սկզբից էլ չէր հավատացել Բիլբոյի պատմությանը և շատ խիստ հետաքրքրվում էր մատանիով։ Նա Բիլբոյին հոգեհան էր անում իր հարցաքննություններով և աստիճանաբար ճշմարտությունը դուրս քաշեց նրանից։ Ընդ որում շփոթեցնում ու զգոնության էր մղում այն, որ հոբիթը հանկարծ սկսեց ստել. դա նրան նման չէր։ «Նվերի» մասին էլ ինքը չէր հնարել։ Հետագայում Բիլբոն խոստովանեց, որ այդ միտքն իր մոտ առաջացել է Գորլումի մրթմրթոցները լսելուց հետո, որը մատանին անվանում էր «իր ծննդյան օրվա նվեր»։ Բայց ճշմարտությունը դեռևս երկար տարիներ անհայտ մնաց նրան։ Թե դա ինչ ճշմարտություն էր, կիմանաք մեր վիպակից։

Բիլբոյի հետագա արկածները նկարագրելու կարիք չկա։ Նա անտեսանելի դարձած դարպասից դուրս եկավ օրքերի պահակների կողքով ու հասավ իր ուղեկիցներին, իսկ հետո մատանու օգնությամբ շատ անգամ փրկեց իր բարեկամ թզուկներին, բայց որքան հնարավոր էր գաղտնի էր պահում մատանին։ Տանը մատանիով չէր պարծենում, և այդ մասին գիտեն միայն Գենդալֆն ու Ֆրոդոն և ուրիշ ոչ ոք ողջ Հոբիթստանում՝ համենայնդեպս այդպես էր կարծում Բիլբոն։ Միայն Ֆրոդոյին էր ցույց տվել նոր սկսած «Գնալն ու գալը» գրքի գլուխները։

Իր թուրը, որին «Խայթ» անունն էր տվել, Բիլբոն կախեց բուխարիկի վերևում, կախարդական օղազրահը, որը թզուկները նրան նվիրել էին վիշապի գանձերից, փոշոտ ընկած էր խորդանոցում, շատ բան տեսած ճամփորդական գլխանոցով թիկնոցը կախված էր պահարանում, բայց մատանին միշտ մոտն էր՝ գրպանում, շղթայից կապված։

Նա տուն վերադարձավ իր կյանքի 52-րդ տարում, հոբիթական թվարկության 1342 թ. հունիսի 22-ին։ Հոբիթստանում ամեն ինչ գնում էր իր սովորական ճանապարհով, մինչև այն օրը, երբ Բիլբո Բեգինսն սկսեց պատրաստվել նշելու իր 111-ամյակը (1401 թ․)։ Այստեղից էլ սկիզբ է առնում մեր վիպակը։

ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ

Գլուխ առաջին. Երկար սպասված հյուրասիրություն

A Long-expected Party.jpg

Երբ Բիլբո Բեգինսը, Զառիթափ Բլրի վրա գտնվող Բեգ-Էնդի տերը, հայտարարեց, որ ուզում է շքեղ տոնել իր մոտալուտ հարյուր տասնմեկամյակը, ողջ Հոբիթոնը բզզաց ու իրար անցավ։

Ահա արդեն վաթսուն տարի էր Բիլբոն չտեսնված հարուստի ու խիզախ խենթի համբավ էր վայելում այն ժամանակից ի վեր, երբ հանկարծ չքացավ, իսկ հետո անսպասելի վերադարձավ ավարով, որի չափը զանազան ասեկոսեները հարյուրապատիկ մեծացնում էին։ Միայն ամենաիմաստուն ծերունիներն էին կասկածի տակ առնում, որ Բլրի ընդերքում ստորգետնյա ուղիներ են փորված, իսկ այդ ուղիներն էլ լցված են գանձերով։ Այդ բոլորը քիչ է, դեռ փողերին էլ գումարած առողջությունը, այն էլ ի՜նչ առողջություն… Որքա՜ն ջրեր են հոսել, իսկ միստր Բեգինսը իննսուն տարեկանում էլ հիսունամյա էր թվում։ Երբ լրացավ նրա իննսունինը տարին, սկսեցին ասել, թե նա «լավ է պահպանվել», թեպետ ավելի ճիշտ կլիներ ասել՝ «բոլորովին չի փոխվել»։ Շատերը գլուխներն էին օրորում. սա արդեն չափազանց էր, նույնիսկ անարդարացի՝ էհ՜, ո՜նց է ոմանց բախտը բերում՝ և՛ ծերությունն է կողքով անցնում, և՛ փողերին թիվ ու համար չկա։


― Բարի նշան չէ, ― ասում էին նրանք, ― ա՜խ, բարի նշան չէ ու փորձանքի բուն…

Բայց փորձանք առայժմ չկար, միստր Բեգինսի փողերն էլ չէին պակասում, այնպես որ նրա հարուստ ու տարօրինակ լինելը շատ թե քիչ ներվում էր։ Ազգականների հետ համերաշխ էր (իհարկե, բացի Սաքվիլ-Բեգինսներից), իսկ աղքատ ու հասարակ հոբիթները նրան սիրում ու հարգում էին։ Բայց նա ինքը ոչ մեկի հետ մոտիկություն չէր անում, մինչև որ զարմիկների թոռները մեծացան։

Դրանցից ավագը և Բիլբոյի սիրելին վաղաժամ որբացած Ֆրոդո Բեգինսն էր, որը նրա հորեղբոր ծոռն էր մի կողմից և մորաքրոջ աղջկա տղան՝ մյուս կողմից։ Իննսունինը տարեկանում Բիլբոն նրան իր ժառանգորդը դարձրեց և Սաքվիլ-Բեգինսները նորից քթները կախ, ձեռքները դատարկ մնացին։ Բիլբոն ու Ֆրոդոն միևնույն օրն էին ծնվել՝ սեպտեմբերի 22-ին։

— Որդյակս, տեղափոխվիր ինձ մոտ ապրելու, ― մի անգամ ասաց Բիլբոն, ― թե չէ այդ ծննդյան օրը մի իսկական գլխացավանք է։

Եվ Ֆրոդոն տեղափոխվեց։ Այն ժամանակ նա դեռ ջահել էր՝ հոբիթներն այդպես էին անվանում քսաներկուսի ու երեսուներեքի միջև ընկած բուռն ու թեթևսոլիկ տարիքը։

Այդ ժամանակից ի վեր նրանք տասնմեկ անգամ տոնեցին իրենց համատեղ ծննդյան տոնը, բայց տասներկուերորդ անգամ ինչ-որ չտեսնված ու չլսված բան էր նախապատրաստվում։ Լրանում էր Բիլբոյի հարյուր տասնմեկ տարին՝ երեք մեկ թվանշան իրար կողքի, յուրօրինակ կլոր ու լիովին պատվավոր թիվ (նույնիսկ առասպելական Տուկն ապրել էր ընդամենը հարյուր երեսուն տարի), իսկ Ֆրոդոյի երեսուներեքը՝ երկու երեք թվանշանը, նույնպես առանձնահատուկ տարեթիվ էր՝ կյանքի երեսունչորսերորդ տարում հոբիթը համարվում է չափահաս։

Հոբիթոնն ու Գետամերձը լցվեցին զանազան ասեկոսներով, և վերահաս միջոցառման մասին լուրը տարածվեց ողջ Հոբիթստանով: Ամեն տեղ նորից խոսեցին Բիլբոյի և նրա արկածների մասին, տարիքն առած հոբիթները հանկարծ հայտնվեցին հետաքրքրասեր ունկնդիրների խիտ շրջանակներում և դարձան կարևոր դեմքեր:

Հետաքրքրասեր ունկնդիրների ամենամեծ բանակն իր շուրջն էր հավաքում Հեմ Գեմջին, որը հայտնի էր որպես ուղղակի Ծերուկ: Նա հարմարվել էր «Գողտրիկ Անկյուն» պանդոկում, Գետամերձ տանող ճանապարհին, և լսում էին նրան համակ ուշադրությամբ, որովհետև ամենաքիչը քառասուն տարի Ծերուկն այգեպան էր աշխատել Զառիթափի Բեգ-Էնդում: Այժմ նա ծերացել էր ու բողոքում էր հոդացավերից, և նրա փոխարեն ամբողջ աշխատանքը կատարում էր կրտսեր որդին, Սեմ Գեմջին: Երկուսն էլ հիանալի հարաբերությունների մեջ էին Բիլբոյի ու Ֆրոդոյի հետ և ապրում էին Զառիթափի Բեգշոթ նրբանցքի երրորդ տանը՝ կալվածքից մի փոքր ներքև:

— Ինչ էլ որ պարոն Բիլբոյի մասին խոսեն՝ նա մեծապատիվ և շատ քաղաքավարի հոբիթ է,— ասում էր Ծերուկը: Եվ դա իսկապես ճշմարտություն էր՝ Բիլբոն նրա հետ նույնիսկ շատ քաղաքավարի էր. կոչում էր նրան «պատվարժան Հեմֆասթ» և հրավիրում էր բանջարեղեններին վերաբերվող ամենամյա խորհրդին, որովհետև ինչ-ինչ, բայց արմատապտուղների, հատկապես կարտոֆիլի խնամքից Ծերուկից լավ ոչ ոք տարածքում գլուխ չէր հանում:

— Իսկ էդ Ֆրոդոն, որ նրա հետ է ապրում, ինչացու՞ է,— հարցրեց Գետամերձցի ծեր Նոուքսը: — Ազգանունը Բեգինս է, բայց համարիր կիսով չափ Բրենդիբաք է՝ էդպես եմ լսել: Մենակ թե չեմ հասկանում, թե հոբիթոնցի Բեգինսի խելքին ի՞նչ է փչել իր համար կին փնտրել Բրենդիդուիմքում: Էնտեղի ժողովուրդը, ասում են, մի քիչ ծալապակաս է:

— Զարմանալու բան չկա,— միջամտեց հայրիկ Երկթաթը՝ Ծերուկի հարևանը: — Չէ՞ որ նրանք Բրենդիդուիմի էն ափին են ապրում, Զառամյալ Անտառի հենց կողքին, իսկ էդ տարածքը, եթե չեն խաբում, ասում են, կախարդված է:

— Լավ ես ասում, հայրիկ,— համաձայնեց Ծերուկը: — իհարկե ոչ ոք չի կարող ասել, որ Բրենդիբաքերը Զառամյալ Անտառ էլ են խցկվել, բայց որ նրանք ծալապակաս են, էդ մեկը ճիշտ նկատեցիր: Իրենց համար լողում են գետի մեջտեղով փայտե դդումներում նստած, էդ նորմալ՞ բան է: Հետո էլ ասում են. «փորձանքն իրեն-իրեն եկավ»: Բայց պարոն Ֆրոդոն ուրիշ է, նրա պես հոբիթ դեռ գտնել է պետք: Իսկը պարոն Բիլբոն է, նույնիսկ տեսքով է նման: Դե ինչ-ինչ, բայց Ֆրոդոյի հայրը Բեգինս է: Հարգված, պատկառելի հոբիթ է եղել Դրոգո Բեգինսը, թեև ոչ մի ընդգծված առանձնահատկություն չի ունեցել: Բայց ա՛յ քեզ փորձանք՝ խեղդվել է:

— Խեղդվե՞լ է,— զարմացած բացականչեցին ունկնդիրները: Նրանք, իհարկե, այդ մասին լսել էին՝ և՛ այդ մասին, և՛ շատ այլ բաների մասին, բայց հոբիթներն ընտանեկան պատմությունների մեծ սիրահարներ են և պատրաստ են նույն պատմությունը հազարերորդ անգամ լսել:

— Հա, էդպես են ասում,— ասաց Ծերուկը: — Էսպես է եղել. պարոն Դրոգոն կին է առել օրիորդ Փրիմուլա Բրենդիբաքին: Փրիմուլան Բիլբոյի զարմուհին է մայրական կողմից՝ նրա մայրը այն ժամանակվա Ձերդ Տուկի կրստեր դուստրն էր: Իսկ պարոն Դրոգոն Բիլբոյի զարմիկն է հայրական կողմից: Ստացվում է, հետևաբար, որ Ֆրոդոն պարոն Բեգինսին երկու կողմից էլ ազգական է, հասկացա՞ք: Ինչպես ասում են, որ կողմից էլ նայես, մեկ է, քոնն է: Հա, ուրեմն մի անգամ պարոն Դրոգոն հյուրընկալվել է Բրենդիդուիմքի կալվածքում, կնոջ հոր՝ Գորբադոկի տանը: Նա հաճախ էր էնտեղ գնում. բանն այն է, որ նա ուտել շատ էր սիրում, դե իսկ Գորբադոկի սեղանները, պատմում են՝ ուտելիքի առատությունից կոտրվում էին: Հա, ուրեմն գնում են մարդ ու կին գետում նավակով լողալու (բռռ՛) ու էդտեղ էլ խեղդվում են: Ահա թե ինչպես է եղել, որ խեղճ պարոն Ֆրոդոն որբացել է:

— Ասում են, ընթրել են ու գնացել լուսնի լույսի տակ զբոսնելու,— խոսեց ծեր Նոուքսը: — Դե Դրոգոն լավ կերած է եղել, ծանրացած, երևի էդ պատճառով էլ նավակը չի դիմացել:

— Իսկ ես լսել եմ, որ կինն է նրան հրել ու ջուրը գցել, վերջինս էլ կախվել է կնոջ փեշից ու իր հետևից քաշել-տարել ջրի տակ, — ասաց Ավազունսը՝ տեղացի ջրաղացպանը:

— Իսկ դու ում ասես մի լսիր,— խորհուրդ տվեց նրան Ծերուկը: — չէ՛ մի չէ՛, կինն է հրել: Նավակը վտանգավոր բան է, նույնիսկ եթե անշարժ էլ նստես, մեկ է, ճոճվում է, էնպես որ հրելու կարիք չկա, նստեցիր՝ հատակ իջնելը մեկից մեկ է: Մի խոսքով, պարոն Ֆրոդոն որբացավ ու, էսպես ասած, խրվեց-մնաց խելառ Բրենդիբաքերի մոտ, որովհետև նրան որոշեցին էնտեղ դաստիարակել: Համա թե ժխոր է էնտեղ, ասում են: Ծեր Գորբադոկը սիրում է, որ իր շուրջը մշտապես հոբիթաշատ լինի, ահա և բոլոր ազգականներին հավաքել է գլխին: Ճիշտ արեց պարոն Բիլբոն, որ տղային էնտեղից հանեց՝ ավելի լավ արարք, թերևս, չես մտածի: Դե Սաքվիլ-Բեգինսներին, պարզ է, էդ գործը հեչ դուր չեկավ: Ախր նրանք վաղուցվանից աչք ունեն Բեգ-Էնդի վրա, դեռ այն ժամանակներից, երբ Բիլբոն գնաց թզուկների հետ: Որոշել էին, որ նահատակվել է ու Բեգ-Էնդում աճուրդ էին հայտարարել: Բայց նա վերադարձավ, վռնդեց դրանց և իր համար հանգիստ ապրում է. ո՛չ հիվանդանում է, ո՛չ էլ ծերանալու միտք ունի: Ու մեկ էլ՝ բարև ձեզ, խնդրեմ, ժառանգորդ էլ կա արդեն, թղթաբանությամբ ու ամեն ինչով: Չէ, Սաքվիլ-Բեգինսներն ավելի լավ է Բեգ-Էնդի մասին մոռանան, թեպետ կասկածում եմ, որ կմոռանան:

— Ասում են, Բեգ-Էնդի նկուղներում մեծ հարստություն կա թաղված,— խոսեց Միշել Գետնափորիկից եկած մի անծանոթ: — Բլրի ընդերքում իբր անհաշիվ ստորգետնյա անցումներ են փորված, ու բոլորն էլ բերնե-բերան լցված են ոսկով, արծաթով ու թանկագին քարերով լի սնդուկներով: Համենայն դեպս, ես էդպես եմ լսել:

— Էդ դու երևի ավելին ես լսել, քան խոսում են,— փնչացրեց Ծերուկը: — Ի՞նչ թաղված գանձեր, ինչ բան: Պարոն Բիլբոն ժլատ չէ և փողի կարիք էլ, կարծես թե, չունի, բայց գանձերով լի ստորգետնյա անցումներ հաստատ չկան, կուզես՝ սպանիր, չեմ լսել: Հիշում եմ, թե ինչպես վաթսուն տարի առաջ պարոն Բիլբոն վերադարձավ տուն: Էն ժամանակ դեռ կաթնակեր էի, ծերուկ Բույնսը (հորեղբայրս է) նոր-նոր ինձ իր մոտ աշակերտ էր վերցրել: Բեգ-Էնդում ամեն ինչ վաճառքի էին հանել, և ես այդ օրն օգնում էի նրան քշել այգին ոտնատակ տվող հետաքրքրասերներին: Հենց էդ ժամանակ էլ պարոն Բիլբոն հայտնվեց երկու մեծ սնդուկով ու պարկերով բեռնավորված պոնիի վրա նստած: Պարզ է, որ դրանք գանձեր էին օտար երկրներից, որտեղ էդ բարիքից շատ կա: Բայց ի՞նչի պետք է Զառիթափում անցումներ փորեին, եթե էդ ամենը մի փոքրիկ նկուղում հանգիստ կտեղավորվեր: Իմ Սեմին հարցրեք. նա էնտեղ ամեն ինչ գիտի. առավոտից իրիկուն Բեգ-Էնդից դուրս չի գալիս, թեկուզ ականջներից բռնած դուրս հանիր: Նրան մենակ անցած դարերի մասին եղելություններ պատմիր: Դե պարոն Բիլբոյին, գիտեք, երկար համոզել պետք չէ, սիրում է պատմել, իմ հիմարն էլ բերանը բաց լսում է: Պարոն Բիլբոն նրան գրագիտություն էլ է սովորեցրել՝ առանց չար մտադրության, իհարկե. չեմ կարծում, որ դրանից ինչ-որ վատ բան դուրս գա: «Ինչի՞դ են պետք էլֆերն ու վիշապները,— հարցնում եմ նրան: — Քո գործը կարտոֆիլ ու կաղամբ մշակելն է, քիթդ մի խոթիր մեծերի գործերի մեջ, մի օր կխրվես՝ քիչ չի թվա»: Էդպես էլ ասացի, չկասկածեք: Կարող եմ նորից կրկնել չլսողների համար,— ձայնը բարձրացրեց նա՝ խեթ նայելով անծանոթին ու ջրաղացպանին:

Բայց ունկնդիրներն իրենց կարծիքին մնացին: Բիլբոյի գանձերի մասին առասպելները չափազանց խորն էին նստած երիտասարդ սերնդի գիտակցության մեջ:

— Դե ինչ կապ ունի, թե ինչքան է սկզբում հետը բերել, մնացածն էլ հետո բերած կլինի,— քմծիծաղեց ջրաղացպանը՝ արտահայտելով բոլորի կարծիքը: — էդ ժամանակվանից ի վեր նա, անշուշտ, ավելացրել է իր պահուստները: Մշտապես կորած է, տանը խելոք չի նստում: Մենակ տեսեք թե ինչ օտարականներ են նրա մոտ հյուրընկալվում. էդ թզուկները, որ գիշերները հայտնվում են, թափառական ծեր կախարդ Գենդալֆը, ու էլի չգիտեմ ով: Չէ, Ծերուկ, ինչ ուզում ես ասա, բայց մութ տեղ է էդ Բեգ-Էնդը, ու էնտեղ ապրողներն էլ տարօրինակ ժողովուրդ են:

— Լավ կանես լռես, Ավազունս,— կրկին խորհուրդ տվեց Ծերուկը՝ զգալով, որ չափից ավելի հակակրանք է տածում ջրաղացպանի հանդեպ: — Դու էդ գործի մասին էնքան գիտես, ինչքան՝ նավակներից: Բեգինսնե՞րն են տարօրինակ: Երնեկ չէ՞ բոլորը նրանց պես տարօրինակ լինեին: Հապա մի ուրիշներին նայիր. ես էնպիսիններին գիտեմ, որ մի բաժակ գարեջուր էլ քեզ համար չեն գնի, թեկուզ հարստության մեջ թաղվեն, ինչքան կուզես լավություն արա: Բեգինսները բոլորովին ուրիշ են, նրանք ոչ մեկին չեն մոռանում: Իմ Սեմն ասում է, որ հյուրասիրությանը հրավիրելու են բոլորին մինչև վերջին հոբիթը ու բոլորին անխտիր նվերներ են բաժանելու: Երկար սպասել պետք չէ, հյուրասիրությունն արդեն այս ամիս է:

Սեպտեմբերյան տաք եղանակ էր, և նշանակված օրը մոտենում էր։ Շուտով լուր տարածվեց (ըստ երևույթին ամենագետ Սեմի մատը խառն էր այդ գործում), որ հյուրասիրության օրը հրավառություն է լինելու, այն էլ այնպիսին, ինչպիսին չի եղել էս կողմերում այն ժամանակից ի վեր, ինչ մահացել է ծեր Տուկը՝ հարյուր տարուց ավելի:

Ժամանակն անցնում էր, և հյուրասիրության օրը մոտենում էր: Մի անգամ, երեկոյան, զարմանահրաշ արկղերով բեռնված մի տարօրինակ սայլ Հոբիթոնը դղրդացնելով ծանրորեն բարձրացավ բլուրը և կանգ առավ Բեգ-Էնդի մոտ։ Հոբիթները գլուխները հանեցին դռներից ու սկսեցին նայել մթության մեջ։ Ձիերը վարում էին գլխներին կնգուղներ քաշած երկարամորուք թզուկներ, որոնք անհասկանալի երգեր էին երգում։ Նրանցից ոմանք հետ գնացին, իսկ մյուսները մնացին Բեգ-Էնդում։ Սեպտեմբերի երկրորդ շաբաթվա վերջին Բրենդիդուիմյան կամրջի կողմից օրը ցերեկով մի բեռնված սայլ երևաց, իսկ սայլի վրա՝ ծերունի։ Նա բարձր, սրածայր, կապույտ լայնեզր գլխարկ էր դրել, հագել էր համարյա մինչև կրունկները հասնող մոխրագույն թիկնոց և կապել արծաթավուն շարֆ։ Նրա երկար, սպիտակ մորուքը խնամված ու վեհաշուք էր, իսկ փրչոտ ունքերը ծվեն֊ծվեն կախ էին ընկել գլխարկի տակից։ Փոքրիկ հոբիթները նրա հետևից վազում էին ողջ ավանով մինչև Բլուր ու Բլրի գլուխը։ Սայլին հրթիռներ էին բեռնված՝ դա նրանք իսկույն գլխի ընկան։ Բիլբոյի դռան մոտ ծերուկն սկսեց բեռնաթափել զանազան ու անհավանական հրթիռների մեծ-մեծ կապոցներ, որոնց վրա «Գ» կարմիր նշան էր արված և նույնն էլ արված էր էլֆերեն։

Դա իհարկե, Գենդալֆի նշանն էր, իսկ սայլում նստած ծերունին հենց հրաշագործ Գենդալֆն էր, որը Հոբիթստանում հայտնի էր գույնզգույն կրակներ պատրաստելու և ուրախ ծխաքուլաներ բաց թողնելու իր վարպետությամբ։ Առավել վտանգավոր ու դժվար էին նրա իսկական գործերը, բայց հոբիթներն այդ մասին ոչինչ չգիտեին։ Հրաշագործը նրանց համար սոսկ Հյուրասիրության հրաշալի հավելում էր։ Դրա համար էլ հոբիթների երեխաները վազում էին նրա հետևից ու գոռում. «Գենդա՜լֆն է գալիս, որոտն է որոտում», իսկ ծերունին ժպտում էր։ Նրան անմիջապես ճանաչեցին, թեև Հոբիթստան այցելում էր ոչ հաճախ ու փութանցիկորեն, իսկ նրա շառաչուն հրավառություններն այժմ չէին հիշում նույնիսկ ամենազառամյալ ծերունիները. շատ վաղուց նա այստեղ այդպիսի բաներ չէր սարքել։

Երբ ծերունին Բիլբոյի ու թզուկների օգնությամբ սայլը բեռնաթափեց, Բիլբոն փոքրիկ անբաններին մանրադրամ բաժանեց, բայց ոչ շխկշխկաններ, ոչ էլ զավեշտախաղեր նրանց բաժին չընկավ։

― Վազեք տուն, ― ասաց Գենդալֆը։ ― Ժամանակին բոլորիդ էլ ամեն ինչ կհասնի, ― և Բիլբոյի հետևից մտավ ներս ու դուռը կողպեց։ Փոքրիկները մի քիչ էլ սպասեցին ու ցրվեցին։ «Բայց իսկապես, ե՞րբ է լինելու այդ տոնակատարությունը, հը՞», ― մտածում էին նրանք։

Իսկ Բիլբոն ու Գենդալֆն այդ ընթացքում արդեն նստել էին բաց պատուհանի մոտ ու նայում էին արևմուտք, ծաղկած պարտեզին։ Օրը դեպի իրիկնամուտ էր թեքվում, մաքուր ու վառ լույս էր։ Բոսորագույն առյուծաբերանները, ոսկեգույն արևածաղիկներն ու հուրհրան ջրկոտեմները հպվում էին կլոր պատուհաններին։

― Լավ պարտեզ ունես, ― նկատեց Գենդալֆը։

― Այո, ― համաձայնեց Բիլբոն։ ― Հրաշալի պարտեզ է ու հիանալի վայր է Հոբիթստանը, միայն թե ես եմ արդեն հոգնել, հանգստի գնալու ժամանակն է։

― Ուրեմն, ինչպես ասացիր, այդպես էլ կանե՞ս…

― Իհարկե։ Ամեն ինչ վաղուց որոշված է, և փոշմանելու համար արդեն ուշ է։

― Շատ լավ է, ուրեմն այլևս խոսելիք չունենք։ Դե որ որոշել ես, որոշել ես՝ ամեն ինչ արա, ինչպես որ նախապես մտածել ես: Հուսով եմ, քեզ համար գոնե լավ կլինի, իսկ գուցեև ո՛չ միայն քեզ համար։

― Ես էլ եմ հուսով։ Իսկ հինգշաբթի դեռ մի լավ կծիծաղեմ, մտքիս մի բան եմ դրել…

― Տե՛ս, հա՜, որ հանկարծ քեզ վրա չծիծաղեն, ― գլուխն օրորեց Գենդալֆը։

― Հետո կերևա, ― ասաց Բիլբոն։

Սայլերն իրար հետևից գալիս էին Բլուր։ Ոմանք փնթփնթում էին, թե՝ «միայն օտարներն են ձեռքները տաքացնում, իսկ տեղական արհեստավորներն անգործ նստած են», բայց շուտով Բեգ-Էնդից զանազան կերակուրների, ըմպելիքների ու շքեղությունների և ամեն տեսակ բաների (ինչի առևտուր որ կատարվում է Հոբիթոնում և առհասարակ Հոբիթստանում) պատվերներ սկսեցին տեղալ, և մոտակա կրպակները շնչելու ժամանակ չունեին։ Ժողովուրդն անհանգստանում էր. մինչև տոնը հաշված օրեր էին մնացել, իսկ ո՞ւր է հրավիրատոմսեր բաժանող փոստատարը...

Հրավերներն իրենց երկար սպասեցնել չտվին, և շուտով Հոբիթոնի փոստն այնպես հեղեղվեց, որ փոստատարները չէին բավականացնում, ստիպված եղան կամավորներ հավաքել։ Բիլբոն հարյուրավոր քաղաքավարի ու ճոռոմ պատասխաններ էր ստանում. «Շնորհակալություն, ― զանազան ձևերով հայտնում էին նրանք, ― շնորհակալություն, անպայման կգանք»։

Բեգ-Էնդի դարպասը զարդարում էր հետևյալ ցուցանակը. «Մտնել միայն Հյուրասիրության գործերով»։ Բայց նույնիսկ Հյուրասիրության հետ կապված գործ հնարելու դեպքում էլ մտնել համարյա հնարավոր չէր։ Մինչև կոկորդն զբաղված Բիլբոն հրավերներ էր գրում, պատասխանները կպցնում, նվերները փաթեթում և իր որոշ՝ Հյուրասիրության հետ բոլորովին առնչություն չունեցող, գործերն էր դասավորում։ Գենդալֆի ժամանելուց հետո նա այլևս ոչ մեկի աչքին չէր երևում։

Մի առավոտ հոբիթները տեսան, որ Բեգ-Էնդի գլխավոր մուտքից հարավ գտնվող լայնարձակ մարգագետնում վրաններ են խփում ու տաղավարներ դնում։ Ճանապարհի կողմից թփուտները կտրել, անցում էին բացել և մի մեծ սպիտակ դարպաս էին կանգնեցրել։ Բեգշոթ նրբանցում բնակվող հոբիթները հնարավորություն ունեին առավոտից երեկո հետևել նախապատրաստություններին, և շուտով բավական նախանձողներ ձեռք բերեցին: Իսկ ինչ վերաբերվում է Ծերուկ Գեմջիին, նա դադարեց նույնիսկ ձևացնել, թե աշխատում է այգում:

Վրաններն աճում էին ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ։ Դրանցից ամենամեծն այնքան մեծ էր, որ այնտեղ տեղավորվեց մարգագետնի կենտրոնում աճող հսկայական ծառը։ Այժմ այն հպարտ վեր էր խոյանում սեղանի գլխամասում: Ծառի ճյուղերին լապտերիկներ կախեցին։ Բայց ամենահետաքրքիրը հոբիթների համար բաց երկնքի տակ, մարգագետնում տեղավորված հսկայական խոհանոցն էր։ Սեղանի պատրաստությունը տեսնում էին բոլոր պանդոկներում ու խորտկարաններում, մի քանի մղոն շառավղով, իսկ այստեղ ձեռք ու ոտք էին ընկել թզուկներն ու նոր ժամանած օտարերկրացիները։ Հոբիթներն է՛լ ավելի խիստ հուզվեցին։

Իսկ երկինքն այդ օրերին թխպեց։ Չորեքշաբթի, Հյուրասիրության նախօրեին եղանակը փչացավ։ Բոլորը անխտիր տագնապեցին։ Բայց ահա եկավ հինգշաբթին, սեպտեմբերի քսաներկուսը։ Արևը փայլեց, ամպերը ցրվեցին, դրոշները ծածանվեցին, և քեֆ-ուրախությունն սկսվեց։

Բիլբո Բեգինսն ընդամենը Հյուրասիրություն էր խոստացել, իսկ իրականում մեծ տոնախմբություն էր կազմակերպել։ Մոտիկ հարևանները հրավիրված էին մեծից մինչև փոքր։ Իսկ եթե որևէ մեկին էլ մոռացել էին հրավիրել, ապա միևնույն է, եկել էին, այնպես որ դա կարևոր չէր։ Շատերը կանչված էին Հոբիթստանի հեռավոր անկյուններից, իսկ մի քանիսը՝ նույնիսկ արտասահմանից։ Բիլբոն հրավիրված ու չհրավիրված հյուրերին դիմավորում էր Սպիտակ դարպասի մոտ։ Նա նվերներ էր բաժանում բոլորին ու ամենքին, իսկ ով մեկ հատ էլ ավել էր ուզում ստանալ, ետնամուտքով դուրս էր գալիս ու նորից մոտենում դարպասին։ Հոբիթները միշտ էլ իրենց ծննդյան օրը նվերներ են տալիս ուրիշներին, սովորաբար ոչ թանկագին նվերներ և ոչ բոլորին, ինչպես այդ օրը, և դա լավ սովորություն է։ Հոբիթոնում և Գետամերձում ամեն օր մեկնումեկի ծննդյան օրն է, դա նշանակում է այդ կողմերում ամեն հոբիթ կարող է շաբաթական գոնե մեկ նվերի հույս ունենալ։ Նրանք դրանից չեն ձանձրանում։

Իսկ այս անգամ նվերներն էլ ուղղակի հրաշք էին։ Ավելի երիտասարդ հոբիթներն այնպես էին զարմացել, որ քիչ էր մնում հյուրասիրությունը մոռանային։ Նրանց զարմանահրաշ խաղալիքներ էր բաժին ընկել՝ վառ, գեղեցիկ, իսկ ոմանց, կարելի է ասել, նույնիսկ՝ կախարդական։ Խաղալիքների մի մասը վաղօրոք էին պատվիրված եղել, մեկ տարի առաջ, և բերված էին Դեյլից ու Սարամիջի թագավորությունից. դա թզուկների ջանքերի արդյունքն էր։

Երբ բոլորին դիմավորեցին, ողջունեցին ու դարպասից ներս անցկացրին, երգ պար, երաժշտություն, խաղեր սկսվեցին՝ իսկ կերուխումին չափ ու սահման չկար։ Հյուրասիտությունը եռակի էր. նախաճաշ, թեյ, ճաշ (կամ համարյա թե՝ ընթրիք)։ Նախաճաշի և թեյի համար ժողովուրդը մտնում էր վրանները, իսկ մնացած ամբողջ ժամանակ ուտում ու խմում էին ով ինչ և որտեղ ուզում էր, տասնմեկից մինչև յոթի կեսը, մինչև հրավառության սկսվելը։

Հրավառության կառավարը Գենդալֆն էր. նա ոչ միայն բերել էր հրթիռները, այլև անձամբ ինքն իր ձեռքով էր սարքել, որպեսզի երկինքը զարդարի կրակե պատկերներով։ Հենց ինքն էլ շատ շրխկաններ, բենգալյան կրակներ, ոսկեցրոնք, ջահ-կայծանետեր, գաճաճ մոմեր, էլֆական կայծակներ ու գոբլինական շանթահարվածներ էր պատրաստել։ Նա դրանք շատ լավ էր սարքում, տարեցտարի ավելի լավ։

Զա՛րկ՝ և հրավառ թռչուններ էին սկսում սավառնել երկնքում, թնդացնելով երկնային բարձունքներն իրենց զիլ երգով։ Զա՛րկ՝ ծխե մուգ բների վրա գարնանային վառ կանաչ տերևներ էին բռնկվում, փայլփլուն ճյուղերից հոբիթների գլխին կրակե ծաղիկներ էին սփռվում ու հանգչում ուղիղ նրանց քթի մոտ՝ օդում նուրբ բույր տարածելով։ Պսպղուն թիթեռնիկների պարսերը ճախրում էին ծառերի վրա, երկինք էին խոյանում գունավոր կրակները և դառնում արծիվներ, առագաստներ, կարապների երամներ։ Բոսոր ամպերը հողին փայլուն, հորդ անձրև էին թափում։ Հետո հնչեց մարտական կոչը, ու արծաթե նիզակների խուրձը սլացավ դեպի երկինք և օձի ֆշշոցով թափվեց գետը։ Բիլբոյի պատվին տրվելիք իր ամենաշքեղ համարը Գենդալֆը պահել էր վերջում, երևի որոշել էր հոբիթներին մահացու զարմացնել, և նա հասավ իր նպատակին։ Բոլոր կրակները հանգան, երկնքում ծխի մի վիթխարի սյուն հայտնվեց։ Այն քուլա-քուլա դառավ հեռավոր սար, որի գագաթը հուրհրաց ու բոցավառվեց վառ կանաչ կրակով։ Բոցից ոսկեկարմիր վիշապ դուրս թռավ, սարսափելիորեն իսկական, միայն թե մի քիչ փոքր․ աչքերը կատաղությամբ վառվում էին, երախից կրակ էր ժայթքում, կատաղի մռնչոցով նա երեք ֆշշացող շրջան գծեց՝ իջնելով դեպի ժողովուրդը։ Բոլորը կռացան, շատերը բերանքսիվայր պառկեցին։ Վիշապն անցավ հոբիթների գլխավերևով, օդում գլուխկոնծի տվեց և խլացուցիչ թնդյունով պայթեց Գետամերձի վրա։

― Համեցե՜ք սեղանի մոտ, ― լսվեց Բիլբոյի ձայնը։

Համընդհանուր սարսափն ու շփոթությունն ասես օդ ցնդեց. հոբիթները մեկը մյուսի հետևից ոտքի թռան։ Հրաշալի խնջույք էր լինելու: Ազգականների համար հատուկ սեղաններ էին բացված ծառի մոտի մեծ վրանում։ Այնտեղ հարյուր քառասունչորս հրավիրյալ էր հավաքված (այդ թիվը հոբիթների մոտ կոչվում է «գուրտ», բայց ժողովրդին գուրտերով հաշվելը ընդունված չէ)՝ ընտանիքներ, որոնց հետ Բիլբոն և Ֆրոդոն թեկուզ որևէ հեռավոր ազգակցական կապ ունեին, և մի քանի ընտանիքի բարեկամներ, ինչպես Գենդալֆը։

Շատ-շատ էին այնտեղ Բեգինսներն ու Բոքոնակները, Տուկերն ու Բրենդիբաքերը, չէին մոռացված Գեղանիցները (Բիլբոյի տատիկի ազգականները), Ուտոնցներն ու Խմոնցները (պապիկի ազգականները), ներկայացված էին Խորափորները, Կուղբոնցները, Ցմփորիկները, Փորսուղները, Տոհմակները, Զուռնաչները և Մազթափները։ Ոմանք չգիտես ինչ ազգական էին գալիս Բիլբոյին, նրանց մի մասը Հոբիթոնում բնավ չէր եղել։ Ներկա էր նաև Օթհո Սաքվիլ-Բեգինսը, կնոջ՝ Սերինիայի հետ։ Նրանք Բիլբոյին տանել չէին կարողանում և արհամարհում էին Ֆրոդոյին, բայց հրավերը ոսկե թանաքով գրված էր մարմարե թղթի վրա, և նրանք գայթակղությանը չդիմացան։ Բացի այդ, նրանց զարմիկ Բիլբոն վաղուց ի վեր մեծ համբավ էր վայելում իր խոհանոցի շնորհիվ։

Հարյուր քառասունչորս ընտրյալները հույս ունեին փառավոր հյուրասիրվել, միայն տանտիրոջ հետճաշյա ճառից էին վախենում (իսկ առանց դրա չի կարելի)։ Մեկ էլ տեսար «բանաստեղծության» անվան տակ մի անհեթեթություն դուրս կտա կամ մեկ-երկու բաժակ գցելուց հետո կսկսի իր հիմար ու անհասկանալի ճանապարհորդության պատմությունն անել։

Իսկ առայժմ ուտելու ժամանակն էր, և հոբիթները հիացած էին: Փառավոր խնջույք էր: Ինչ որ չկարողացան ուտել, վերցրին հետները։ Հետո մի քանի շաբաթ շրջակայքում համարյա ոչ ոք ուտելիք չէր գնում, բայց վաճառականները դրանից չտուժեցին. միևնույնն է, Բիլբոն նրանց մառանները, պահուստներն ու պահեստները մաքուր դատարկել էր, վճարելով, իհարկե։

Վերջապես, ծնոտներն սկսեցին ավելի դանդաղ շարժվել և եկավ ճառելու ժամը։ Հյուրերը, ինչպես հոբիթներն են ասում «կշտանալու վրա էին» և լավ տրամադրության մեջ էին։ Բաժակներում սիրած խմիչք էր, ափսեներում՝ սիրած խորտիկները։ Դե ուրեմն՝ ինչ ուզում է, թող խոսի, կլսենք և ծափ կտանք։

― Իմ սիրալիր ազգակիցնե՜ր, ― վեր կենալով սկսեց Բիլբոն։

― Լռությո՛ւն, լռությո՛ւն, լռությո՛ւն, ― բղավեցին հյուրերը: Լռության խմբակային կոչը ավելի ու ավելի բարձր էր հնչում և ոչ մի կերպ չէր կարողանում հանդարտվել։

Բիլբոն վեր կացավ, մոտեցավ լապտերներով զարդարված ծառին և բարձրացավ աթոռի վրա։ Գույնզգույն շողերը ցոլցլացին նրա հանդիսավոր դեմքին. մետաքսե անթև բաճկոնի վրա փայլփլում էին ոսկե կոճակները։ Նա բոլորին երևում էր իր ողջ հասակով, մի ձեռքը գրպանից չէր հանում, իսկ մյուսը թափահարում էր գլխավերևում։

― Իմ սիրելի Բեգինսնե՜ր և Բոքոնակնե՜եր, ― նորից սկսեց նա, ― սիրելիներդ իմ Տուկե՜ր և Բրենդիբաքե՜ր, Գեղացինե՜ր, Ուտոնցնե՜ր ու Խմոնցնե՜ր, Խորափորնե՜ր, Զուռնաչնե՜ր, ինչպես նաև Կուղբոնցնե՜ր, Ցմփորիկնե՜ր, Տոհմակնե՜ր, Փորսուղնե՜ր և Մազաթափնե՜ր...

― Եվ Մազաթաթնե՛ր, ― անկյունից գոռաց մի տարիքավոր հոբիթ։ Նա, իհարկե, Մազթաթ էր, ոչ ոք չկասկածեց. սեղանին դրած նրա խոշոր թաթերը մազոտ էին։

― Մազթաթնե՜ր, ― համաձայնեց Բիլբոն։ ― Սիրելի Սաքվիլ-Բեգինսներ, ուրախ եմ ձեզ ողջունելու Բեգ-Էնդում։ Այժմ լրացել է իմ հարյուր տասնմեկ տարին՝ կարելի է ասել երեք հատ մեկ...

― Ուռռա՜, ուռռա՜, ուռռա՜, երկար կյանք ունենաս, ― գոռացին հյուրերն ու ուրախ թեմբկահարեցին սեղաններին։

― Հուսով եմ, որ բոլորդ էլ նույնքան ուրախ եք, որքան ես։

Խլացուցիչ ծափահարություններ, ճիչեր. «Բա ո՜նց, բա ո՜նց»։ Շեփորներ ու փողեր, սրինգներ ու ֆլեյտաներ, զրնգոց ու թնդյուն։ Հրաշալի՛ է: Ավելի կարճ ճառ չի՛ լինում:

Երիտասարդ հոբիթները հարյուրավոր երաժշտական չրխկաններ բացեցին՝ ԴԵՅԼ տարօրինակ դաջվածքով: Նրանք չէին հասկանում, թե այդ դաջվածքն ինչի համար է, բայց չրխկանները հիանալի էին։ Դրանց մեջ դրված էին փոքրիկ հնչեղ գործիքներ։ Վրանի անկյունում պատանի Տուկերն ու Բրենիբաքերը որոշելով, որ քեռի Բիլբոն արդեն վերջացրել է խոսելը (կարծես թե ամեն ինչ ասաց), նվագախումբ կազմեցին ու սկսեցին պարել։ Պատանի Էվերարդ Տուկն ու դեռատի Մելիլոթ Բրենդիբաքը բարձրացան սեղանին ու սկսեցին զանգակները ձեռքներին «Զմփիկ-դմփիկ» պարել՝ շատ դուրեկան, բայց մի քիչ բուռն պար։

Սակայն Բիլբոն ուշադրություն պահանջեց։ Նա մի փոքրիկ հոբիթի ձեռքից փողը խլեց ու երեգ անգամ փչեց։ Աղմուկը դադարեց։

― Ես ձեզ երկար չե՛մ զբաղեցնի, ― գոռաց Բիլբոն։

Ամեն կողմից ծափահարեցին։

― Ես ձեզ հավաքել եմ այժմ մի հատուկ նպատակով։ ― Սա այնպես էր ասված, որ բոլորը զգուշացան։ ― Ավելի ճիշտ՝ ոչ թե մեկ, այլ երեք հատուկ նպատակով (համարյա լռություն տիրեց, և Տուկերից ոմանք նույնիսկ պատրաստվեցին լսելու)։ Նախ՝ ձեզ ասեմ, որ ես երջանիկ եմ բոլորիդ տեսնելու համար և որ այդպիսի հրաշալի հոբիթների հետ, ինչպիսին դուք եք, հարյուր տասնմեկ տարի ապրելուց հեշտ բան չկա...

Հավանության ուրախ գվվոց։

― Ձեր բարի կեսին ես երկու անգամ ավելի վատ գիտեմ, քան հարկն է, իսկ վատ կեսին սիրում եմ երկու անգամ ավելի պակաս, քան պետք է։

Ուժեղ էր ասված, բայց ոչ լրիվ հասկանալի։ Հատուկենտ ծափեր հնչեցին, և բոլորը մտքերի մեջ ընկան. արդյոք հաճելի՞ է դա լսելը։

― Երկրորդը, որ դուք ուրախանաք իմ ծննդյան օրը։

Նախկին խրախուսիչ գվվոցը։

― Ոչ թե իմ, այլ՝ մեր։ Քանի որ այդ օրը, ինչպես գիտեք, ոչ միայն ես եմ ծնվել, այլև իմ հորեղբոր ծոռը, իմ ժառանգ Ֆրոդոն։ Այսօր նա չափահաս է դառնում և կարող է այսուհետ իր վրա վերցնել Բեգ-Էնդի տնօրինությանը։

Ավագներից ինչ-որ մեկը մեծահոգաբար ծափահարեց։ «Ֆրոդո՜, Ֆրոդո՜... ծերուկ Ֆրո՜դո...» գոչգոչում էին երիտասարդները։ Սաքվիլ-Բեգինսները մռայլվեցին ու սկսեցին մտմտալ, թե այդ ինչպե՞ս է Ֆրոդոն «անցնում Բեգ-Էնդի տնօրինությանը»։

― Լրանում է երկուսիս հարյուր քառասունչորս տարին, ճիշտ այնքան, ինչ քանակությամբ որ դուք եք այստեղ հավաքվել, կներեք արտահայտության համար՝ մեկ գուրտ։

Անհարմար լռություն։ Այս ինչ նորություններ են։ Շատերը, հատկապես Սաքվիլ-Բեգինսները վիրավորվեցին՝ ենթադրելով, որ իրենց հրավիրել են այստեղ միայն կլոր թիվ լրացնելու համար։ «Համա՜ թե բան ասաց, մեկ գուրտ։ Թուհ, ի՜նչ էլ գռեհիկ է»։

― Բացի այդ, այսօր տարելիցն է այն օրվա, երբ ես տակառին հեծած հասա Երկար լճի Էսգարոթ քաղաքը։ Չնայած այն ժամանակ ծննդյանս օրվա մասին բավական ուշ եմ հիշել։ Ընդամենը հիսունմեկ տարեկան էի, իսկ երիտասարդ տարիքում մեկ-երկու տարին ի՞նչ է որ։ Ճիշտ է, չտեսնված քեֆ սարքեցինք, միայն թե, հիշում եմ, խիստ մրսած էի ու հազիվհազ կմկմում էի. «Չազանց երախտ եմ»։ Այժմ առիթից օգտվելով ասում եմ ինչպես հարկն է. չափազանց երախտապարտ եմ բոլորիդ այն բանի համար, շնորհ եք արել իմ համեստ տոնախմբությանը...

Համառ լռություն։ Բոլորը վախենում էին, որ հիմա նա մի երգ կամ բանաստեղծություն կսկսի, ու նախապես ձանձրանում էին. ի՞նչ կլիներ, որ դրանով էլ վերջացներ, իրենք էլ կխմեին նրա ողջության կենացը։ Բայց Բիլբոն ոչ երգեց, ոչ էլ բանաստեղծություն արտասանեց։ Նա դանդաղ շունչ քաշեց։

― Երրորդը և վերջինը, ― ասաց նա, ― ես ուզում մեկ հայտարարություն անել։ ― Այդ բառը հանկարծ նա այնքան բարձր արտասանեց, որ բոլորը, ով դեռ ի վիճակի էր այդ անել, ուղղվեցին։ ― Վշտագին հայտարարում եմ ձեզ, որ թեպետ, ինչպես արդեն ասացի, հարյուր տասնմեկ տարի ձեր մեջ ապրելը շատ հեշտ է, բայց ամեն բան իր վերջն ունի։ Ես հեռանում եմ։ Այս էր, որ ինձ տեսաք։ Մնաք բարով...

Նա աթոռից իջավ ու անհետացավ։ Կուրացուցիչ բոց բռնկվեց, ու բոլոր հյուրերը աչքները փակեցին։ Աչքները բացելով, նրանք տեսան, որ Բիլբոն ոչ մի տեղ չկա։ Հարյուր քառասունչորս շշկռված հոբիթներն այդպես էլ քարացան։ Ծերունի Օդո Մազթաթը ոտքերը սեղանից իջեցրեց ցած ու սկսեց դոփել։ Հետո մեռյալ լռություն տիրեց՝ հյուրերն ուշքի էին գալիս։ Եվ հանկարծ Բեգինսները, Բոքոնակները, Տուկերը, Բրենդիբաքները, Գեղանիցները, Ուտոնցներն ու Խմոնցները, Խորափորները, Կուղբոնցները, Ցմփորիկները, Փորսուղները, Տոհմակները, Զուռնաչները, Մազթափներն ու Մազթաթները բոլորը միաժամանակ սկսեցին խոսել։

Նրանք համաձայնում էին մեկը մյուսի հետ, որ դա անվայել արարք էր ու անհարգալիր, որ հարկավոր է շտապ ուտելով ու խմելով դա մոռացության տալ։ «Ես միշտ էլ ասում էի, որ նա ծալապակաս է», ― լսվում էր ամեն կողմից։ Նույնիսկ Տուկերը (չնչին բացառությամբ) հավանություն չտվեցին Բիլբոյի այդ քայլին։ Համարյա ոչ ոք չհասկացավ, թե ինչ տեղի ունեցավ և բոլորը փնովում էին նրա հիմար արարքը։ Միայն ծեր ու իմաստուն Ռորի Բրենդիբաքը խորամանկորեն աչքը ճտեց։ Ոչ զառամյալ հասակը, ոչ ուտեստների լիառատությունը նրա դատողությունը չէին կարողացել մթագնել, և նա իր հարս Զամիրալդային ասաց.

― Էհ, սիրելիս, էստեղ մի բան էն չէ։ Բեգինսը, ախր, համբակ է, երևի նորից փախավ։ Ծեր հիմարը չի հանդարտվում։ Ի՜նչ արած։ Սեղանին ուտելիք հո՜ մնացել է։

Եվ նա ձայնեց Ֆրոդոյին, որ էլի գինի բերի։

Իսկ Ֆրոդոն միակն էր, որ ոչ մի բառ չէր արտասանել։ Լուռ նստել էր Բիլբոյի դատարկ աթոռի մոտ, բացականչություններին ու հարցերին ոչ մի ուշադրություն չդարձնելով։ Նա, իհարկե, գնահատեց արվածը, թեպետ այդ մասին նախապես գիտեր, ու հազիվ էր ծիծաղը պահում հյուրերի համերաշխ վրդովմունքի վրա։ Բայց ինչ-որ շատ ծանր էր իր համար։ Նա հանկարծ հասկացավ, որ ծեր հոբիթին բավական լրջորեն է սիրում։ Հյուրերն ուտում-խմում էին, քննարկում ու դատապարտում էին Բիլբո Բեգինսի հին ու նոր հիմարությունները։ Զայրացան ու մեկնեցին միայն Սաքվիլ-Բեգինսները։ Վերջապես, Ֆրոդոն կարգադրություններ անելուց հոգնեց. նա ձայն տվեց, որ էլի գինի մատուցեն, լուռ վեր կացավ, գավաթը դատարկեց Բիլբոյի ողջության կենացը և սուսուփուս վրանից դուրս ելավ։

Բիլբո Բեգինսը ճառելիս գրպանում շոշափում էր ոսկե Մատանին, այն նույն Մատանին, որ այսքան տարի գաղտնի էր պահում։ Աթոռից իջնելով, նա Մատանին հագավ, և այդ ժամանակվանից Հոբիթստանում նրան այլևս ոչ մի հոբիթ չտեսավ։

Ժպիտով ականջ դնելով, թե ինչպես են խժդժում ապշահար հոբիթները վրանում և ինչպես են լիասիրտ քեֆ անում հատուկ հրավերով չեկած հոբիթները, Բիլբոն գնաց տուն, հանեց տոնական հագուստը, ծալեց մետաքսե անթև բաճկոնը, խնամքով փաթաթեց թղթի մեջ և պահեց դարակում։ Հետո արագորեն վրան գցեց ինչ-որ քրջեր ու կապեց հին կաշվե գոտին։ Գոտուց մի կարճ, հնամաշ պատյանով թուր էր կախված։ Բիլբոն հառաչեց և նավթալինով հագեցած պահարանից հանեց գլխանոցով թիկնոցը։ Թիկնոցը պահված էր որպես թանկարժեք մի բան, չնայած պատված էր բծերով ու խունացած էր, ինչ-որ ժամանակ երևի մուգ կանաչ էր եղել։ Հագուստը հոբիթի վրայով մեծ էր։ Նա մտավ իր աշխատասենյակը և գաղտնի դարակից շորի մեջ փաթաթված խորհրդավոր կապոց հանեց. ձեռագիրը մեջը կաշվե թղթապանակ և ինչ-որ հաստ ծրար։ Կապոցը խոթեց իր մեծ ու բերնեբերան լցված ուսապարկը։ Ոսկե շղթայով Մատանին դրեց ծրարի մեջ և ծրարը դրեց բուխարիկի թարեքին: Բայց հետո շտապով վերցրեց ու դրեց գրպանը։ Այստեղ դուռը բացվեց ու արագաքայլ ներս մտավ Գենդալֆը։

― Ողջույն, ― ասաց Բիլբոն։ ― Ես էլ հենց մտածում էի, թե ինչու չես երևում։

― Ուրախ եմ, որ հիմա տեսանելի ես, ― պատասխանեց հրաշագործը բազկաթոռին նստելով, ― որովհետև ուզում եմ մի երկու խոսք փոխանակել քեզ հետ։ Դե ինչ, քո կարծիքով, ամեն ինչ լա՞վ ստացվեց։

― Իհարկե՛, ― հատսատեց Բիլբոն։ ― Միայն բոցի բռնկումն էր ավելորդ, նույնիսկ ես զարմացա, ո՜ւր մնաց մյուսները։ Պարզ է, որ քո գործերն են։

― Իհարկե, իմ։ Իզուր չէ, որ երկար տարիներ Մատանին թաքցրել էիր, ես էլ որոշեցի, որ չարժե գաղտնիքը բացել: Դե թող հիմա քո հյուրերը որոշեն. դու անհայտացա՞ր, թե կատակ արեցիր։

― Իսկ կատակս փչացրիր, ― ասաց Բիլբոն։

― Դե ոչ թե կատակը, այլ հիմար խաղը... միայն թե խոսելն արդեն ուշ է։ Անհանգստացրիր հարազատներիդ և ինն օր կամ իննսունինն օր քո մասին կխոսի ողջ Հոբիթստանը։

― Թող բարբաջեն։ Ինձ հանգիստ է պետք, երկարատև հանգիստ, ես քեզ ասել եմ, չէ՞, անժամկետ հանգիստ. հազիվ թե երբևէ վերադառնամ այստեղ։ Դե, կարիք էլ չկա, ամեն ինչ տեղը տեղին դասավորված է... Ծերացել եմ, Գենդալֆ, ոսկորներս նվվում են, տեսքից երիտասարդ եմ երևում, բայց ներսումս հո զգում եմ, որ ինչ-որ բան այն չէ։ Բա՜ն են գտել ասելու․ «Լավ է պահպանվել...»։ ― Նա ֆռթացրեց։ ― Հասկանո՞ւմ ես, բարակ-բարակել եմ, ոնց որ քցիպի հացի վրայի կարագը։ Դա զզվելի է, հարկավոր է ինչ-որ ձևով փոփոխել կյանքս։

Գենդալֆը սևեռուն ու մտահոգ հայացքով նայեց հոբիթին։

― Ճիշտ է, իսկապես զզվելի է, ― մտախոհ ասաց նա։ ― Դու ամեն ինչ ճիշտ ես մտածել։

― Ճիշտ է, թե սխալ, գործը վճռված է։ Ես ուզում եմ նորից տեսնել լեռները։ Հասկանո՞ւմ ես, Գենդալֆ, լեռները։ Ուզում եմ մի տեղ գտնել, որտեղ իսկապես կարելի է հանգիստ առնել։ Խաղաղ ու հանգիստ, առանց պնդերես ազգականների, առանց հյուրերի, որպեսզի զանգը տվող չլինի։ Չէ որ գիրքս էլ պետք է ավարտեմ։ Գրքիս համար հրաշալի վերջ եմ մտածել. «... Եվ ապրեց երջանիկ մինչև իր օրերի վերջը»։

Գենդալֆը ծիծաղեց.

― Վերջը վատ չի։ Մենակ թե կարդացող չկա, ինչպես ուզում ես վերջացրու։

― Ում պետք է, կկարդա։ Հրեն, Ֆրոդոն արդեն կարդացել է, չնայած վերջը չկար։ Ի դեպ, դու աչքդ Ֆրոդոյի վրա կպահե՞ս։

― Երկու աչքս, չնայած հիմա դրա ժամանակը չունեմ։

― Նա, իհարկե, հենց իմ առաջին կանչով կգար ինձ հետ։ Նույնիսկ խնդրում էր՝ հյուրասիրությունից քիչ առաջ։ Բայց առայժմ այդ բոլորը նրա մոտ խոսքեր են։ Ա՜յ ինձ հարկավոր է մեռնելուց առաջ թավուտներն ու լեռները տեսնել, իսկ Ֆրոդոյի սիրտն այստեղ է, Հոբիթստանում, որտեղ կան մարգագետիններ, անտառակներ՝ տաքուկ, հարմարավետ։ Հասկանալի է, ես ամեն ինչ թողել եմ նրան, բացի մի քանի չնչին բաներից, հուսով եմ, երբ լրիվ վարժվի, երջանիկ կլինի։ Ժամանակն է, որ ինքը տերուտնօրեն դառնա։

― Ամեն ինչ թողե՞լ ես, ― հարցրեց Գենդալֆը, ― Մատանի՞ն էլ։ Դու այդպես էիր որոշել, հիշո՞ւմ ես...

― Ի-իհարկե ամեն ինչ... իսկ Մատանին... ― Բիլբոն հանկարծ պապանձվեց։

― Որտե՞ղ է...

― Ծրարի մեջ, եթե ուզում ես իմանալ, ― զայրացավ Բիլոբն։ ― Այնտեղ, բուխարիկի վրա։ Ոչ, այնտեղ չէ... գրպանումս է։ ― Նա շփոթվեց։ ― Տարօրինակ է, ― քրթմնջաց նա՝ դիմելով ինքն իրեն։ ― Չնայած ի՞նչ տարօրինակ բան կա այստեղ։ Ուզենամ՝ կթողնեմ, չեմ ուզի՝ չեմ թողնի։

Գենդալֆը նորից ուշադիր նայեց Բիլբոյին, և նրա աչքերը մի թեթև փայլեցին։

― Իմ կարծիքով, Բիլբո, հարկավոր է թողնել, ― ասաց նա։ ― իսկ դու, ի՞նչ է, չե՞ս ուզում։

― Ինքս էլ չգիտեմ։ Հիմա ինչ-որ չեմ ուզում բաժանվել դրանից։ Եվ հետո՝ ինչո՞ւ։ Իսկ դու ի՞նչ ես կպել ինձանից, ― հարցրեց նա բեկբեկուն համարյա ծղրտալից ձայնով, գրգռված ու կասկածամտորեն։ ― Իմ Մատանին անհանգստացնում է քեզ, ասենք թե շատ բան եմ ձեռք բերել, քո ի՞նչ գործն է...

― Այո, իսկապես հանգիստ չի տալիս, ― հաստատեց Գենդալֆը։ ― Վաղուց էի ուզում քեզանից իմանալ ճշմարտությունը, շա՜տ վաղուց։ Կախարդական Մատանիները, գիտե՞ս արդյոք, կախարդական են ամեն տեսակ նենգություններով ու անակնկալներով։ Իսկ քո Մատանին ինձ հատկապե՛ս էր հետաքրքրում, չեմ թաքցնի։ Եթե դու արդեն գնում ես ճանապարհորդելու, ապա ես ամեն կերպ պետք է աչքիցս չկորցնեմ այն։ Չափազանց երկար չտիրեցի՞ր դրան։ Հավատա ինձ, Բիլբո, Մատանին քեզ պետք չի գա։

Բիլբոն կարմրեց ու Գենդալֆի վրա մի կատաղի հայացք նետեց։ Նրա բարեհոգի դեմքը հանկարծ դաժանացավ։

― Որտեղի՞ց գիտես, ― գոռաց նա։ ― Քո ի՞նչ գործն է։ Ի՛մն է, ի՛մն էլ կա։ Իմը, հասկանալի՞ է։ Ես եմ գտել, ինքն է իմ ձեռքը եկել։

― Իհարկե, իհարկե, ― ասաց Գենդալֆը։ ― Միայն թե ի՞նչ կարիք կա այդպես հուզվելու։

― Քեզ հետ մարդ իրենից դուրս կգա, ― պատասխանեց Բիլբոն։ ― Քեզ ասում եմ՝ իմն է։ Իմը... ի՛մ սքանչելին... Այո, հենց այդպես, ի՛մ սքանչելին...

Գենդալֆը նայում էր հանգիստ ու սևեռուն, միայն թե նրա աչքերում տագնապալի զարմանք վառվեց։

― Գիտենք, ― նկատեց նա, ― Մատանին այդպես անվանել են, բայց ո՛չ դու։

― Այն ժամանակ ես չէի, իսկ հիմա՝ ես եմ ասում։ Եվ ի՞նչ։ Տեսե՜ք, տեսե՜ք, Գորլումն է ասել։ Նրանն է եղել Մատանին, իսկ հիմա իմն է։ Ի՛մն է, և ընդմիշտ։

Գենդալֆը վեր կացավ, և նրա ձայնը դաժան դարձավ։

― Զգուշացի՛ր, Բիլբո, ― ասաց նա։ ― Մեծ հիմարություն կանես, եթե չթողնես: Ամեն քո խոսքից հետո ես դրանում ավելի եմ համոզվում: Մատանին շատ ամուր է բռնել քեզ: Թող այն, իսկ ինքդ գնա ուր ուզում ես, և կազատվես։

― Թո՜ւյլ տվեցիր, շնորհակալ եմ։ Ես հիմա էլ ազատ եմ, ինքս եմ իմ գլխի տերը... ― համառորեն ճչաց Բիլբոն։

― Հանգի՜ստ, հանգի՜ստ, սիրելի հոբիթ, ― խոսեց Գենդալֆը։ ― Քո ողջ կյանքում մենք ընկերներ ենք եղել, հապա մի հիշի՛ր։ Դե՜, դե՜, արա ինչպես խոստացել ես՝ տուր այստեղ Մատանին։

― Ուրեմն, ի՞նքդ ես ուզում... Այդ դեպքում՝ ո՛չ, ― գոռաց Բիլբոն։ ― Չե՛ս ստանա... Ես իմ սքանչելին քեզ չեմ տա, հասկացա՞ր։ ― Նա բռնեց փոքրիկ թրի կոթը։

Գենդալֆի աչքերը փայլատակեցին։

― Չէ՞ որ ես էլ կարող եմ զայրանալ, ― զգուշացրեց նա։ ― Զգո՜ւյշ, թե չէ Գենդալֆ Մոխրագույնին կտեսնես զայրացած... ― Նա մի քայլ արեց դեպի հոբիթը, ահագնացավ, և նրա ստվերը գրավեց ամբողջ սենյակը։

Բիլբոն հետ-հետ գնաց. նա հևում էր և չէր կարողանում ձեռքը գրպանից հանել։ Այդպես նրանք կանգնել էին մեկը մյուսի դիմաց, և օդն ասես զնգում էր։ Գենդալֆը հայացքով հոբիթին մեխեց պատին. Բիլբոյի բռունցքները բացվեցին, և նա դողաց.

― Այդ ի՞նչ ես անում, Գենդալֆ, ախր ոնց որ բոլորովին էլ դու չլինես, ― ասաց նա։ ― Ի՞նչ է պատահել։ Չէ՞ որ դա իմն է։ Չէ՞ որ ես եմ գտել, և եթե դա չլիներ, Գորլումն ինձ կսպաներ։ Ես գող չեմ, ես դա չեմ գողացել, հետո ի՞նչ, թե իմ հետևից ինչ է գոռացել։

― Ես քեզ գող չեմ էլ անվանել, ― պատասխանեց Գենդալֆը։ ― Դե ես ինքս էլ թալանչի չեմ՝ քո «սքանչելին» ձեռքիցդ չեմ խլում, այլ օգնում եմ քեզ։ Ավելի լավ կլիներ առաջվա պես վստահեիր ինձ։ ― Նա շրջվեց, ստվերը սեղմվեց, և Գենդալֆը նորից ծեր ու հոգնած, կորամեջք ու մտահոգ դարձավ։

Բիլբոն ձեռքի ափով շփեց աչքերը։

― Ների՛ր, խնդրում եմ, ― ասաց նա, ― վրաս ինչ-որ բան եկավ... Իսկապես որ, հիմա կարծես անցավ։ Վաղուց ես՝ ես չեմ. ինչ-որ մեկի հայացքն է ինձ փնտրում, թե ինչ... Ու անընդհատ էլ, գիտե՞ս, ցանկություն եմ ունենում հագնել, որպեսզի անհետանամ, դրա համար էլ շարունակ շոշափում եմ, հետո ձեռքս հանում։ Փորձում եմ փակել դարակում, բայց երբ Մատանին գրպանումս չէ, հանգիստ չունեմ։ Ահա հիմա ինքս էլ չգիտեմ, թե ինչ անեմ այն։

― Քո փոխարեն ես գիտեմ, թե ինչ պետք է անել, ― հայտարարեց Գենդալֆը։ ― Ամեն ինչ որոշված է։ Գնա և Մատանին թող այստեղ։ Հրաժարվիր դրանից։ Տուր Ֆրոդոյին, իսկ մնացածն իմ հոգսն է։

Բիլբոն անվճռականությամբ կանգնեց։ Հետո հառաչեց։

― Լավ, ― ասաց նա, ― կտա՛մ։

Ապա ուսերը թոթվեց ու մեղավոր ժպտաց։

― Ճիշտն ասած, դրա համար էլ սարքեցի այս տոնախմբությունը, որ ավելի շատ նվերներ բաժանվեր և միաժամանակ արդեն... Թվում էր, այդպես ավելի հեշտ կլինի։ Իզուր էր թվում, իսկ հիմա պետք է գործը մինչև վերջ հասցնել։

― Այլապես չարժեր սկսել, ― հաստատեց Գենդալֆը։

― Ինչ արած, ― ասաց Բիլբոն։ ― Թող այն մնացած բաների հետ մեկտեղ հասնի Ֆրոդոյին։ ― Նա խոր հառաչեց։ ― Ժամանակն է, ես գնամ, թե չէ մեկ էլ տեսար մեկնումեկի աչքովն ընկա։ Բոլորին արդեն «հրաժեշտ» եմ տվել...

Նա վերցրեց ուսապարկն ու քայլեց դեպի դուռը։

― Մատանին գրպանումդ մնաց, ― հիշեցրեց հրաշագործը։

― Մնաց, այո, ― դառնությամբ գոռաց Բիլբոն։ ― Դրա հետ էլ կտակն ու մյուս թղթերը։ Վերցրու, ինքդ տնօրինիր։ Այդպես ավելի հուսալի կլինի։

― Ոչ, Մատանին ինձ մի տուր, ― ասաց Գենդալֆը։ ― Դիր բուխարիկի թարեքին։ Ֆրոդոն հիմա կերևա։ Ես կսպասեմ։

Բիլբոն ծրարը հանեց գրպանից ու քիչ էր մնում դներ ժամացույցի կողքը, բայց ձեռքը դողաց ու ծրարն ընկավ գետնին։ Գենդալֆը վայրկյանապես կռացավ, բարձրացրեց ու դրեց տեղը։ Հոբիթը նորից կատաղությունից ցնցվեց։

Բայց հանկարծ նրա դեմքը պայծառացավ ու ժպիտով լուսավորվեց։

― Դեհ, ահա և բլորը, ― թեթևացած ասաց նա։ ― Գնալու ժամանակն է։

Նրանք դուրս եկան միջանցք։ Բիլբոն ձեռքը վերցրեց իր սիրելի ձեռնափայտը և սուլեց։ Զանազան դռներից երեք թզուկ հայտվեցին։

― Ամեն ինչ պատրա՞ստ է, ― հարցերց Բիլբոն։ ― Փաթաթվա՞ծ, մակագրվա՞ծ է...

― Պատրաստ է, ― եղավ պատասխանը։

― Դե ուրեմն՝ գնացինք։ ― Եվ նա քայլեց դեպի դուռը։

Պարզ գիշեր էր, սև երկնքում աստղեր էին փայլում։ Բիլբոն նայեց երկնքին ու լիաթոք շունչ քաշեց։

― Մի՞թե, մի՞թե նորից ճանապարհ, ուր աչքդ կտրի, այն էլ թզուկների հետ... Օհ, քանի՜ տարի եմ երազել այդ մասին... Մնաս բարով... ― ասաց նա իր տանը, գլուխը խոնարհելով։ ― Մնաս բարով, Գենդալֆ...

― Ոչ թե մնաս բարով, Բիլբո, այլ ցտեսություն... Միայն զգույշ եղիր... Դու փորձված հոբիթ ես ու իմաստուն...

― Զգույշ եղիր... Էլ ի՞նչ կուզեիր... Այդ մեկն արդեն՝ ո՛չ, իմ մասին հիմա մի անհանգստացիր։ Ես երջանիկ եմ, ինչպես վաղուց չեմ եղել, հավանաբար ինքդ էլ հասկանում ես, թե դա ինչ է նշանակում։ Իմ ժամանակը հասել է, և իմ ճամփան ինձ է սպասում։ Եվ նա քթի տակ սկսեց երգել.


Վազում է ուղին հեռու ու հեռու
Ի՞նչեր կհանդիպեն ինձ ճանապարհին:
Մոռացած հոգնածություն, ցավ ու վախ
Ես գնում եմ առանց կանգառ,
Անընդհատ առաջ ու առաջ,
Մինչև հասնեմ ճամփաբաժան:
Էնտեղ՝ ուղիների խաչմերուկում
Կորոշեմ, թե ուր եմ գնում:

Նա հառաչեց, առանց մի խոսք ասելու՝ մեջքով շրջվեց դեպի լույսերն ու գնաց՝ հետևից էլ երեք թզուկը։ Սկզբում գնաց մտավ այգի ու խորացավ բարձր, խիտ խոտերի մեջ: Խոտերը շրշացին, ասես քամին շարժեր դրանք, իսկ հետո ամեն ինչ լռեց։

Գենդալֆը կանգնած նայում էր նրա հետևից, մթության մեջ։

― Ցտեսությո՛ւն, Բիլբո՜, իմ թանկագին հոբի՜թ... ― ցածրաձայն ասաց նա և վերադարձավ տուն։

Ֆրոդոն իրեն շատ սպասել չտվեց, հայտնվեց ու տեսավ, որ Գենդալֆը մտքերի մեջ խորասուզված նստած է կիսախավար սենյակում։

― Գնա՞ց, ― հարցրեց Ֆրոդոն։

― Այո, գնաց, ― պատասխանեց Գենդալֆը, ― կարողացավ գնալ։

― Իսկ ի՜նչ լավ կլիներ... Այսինքն, ես այնուամենայնիվ ամբողջ երեկո հույս ունեի, որ դա պարզապես կատակ է, ― ասաց Ֆրոդոն։ ― Թեպետ հոգուս խորքում գիտեի, որ նա իսկապես էլ կգնա։ Նա միշտ էլ լուրջ կատակներ է արել։ Իսկ հիմա ախր ուշացա ճանապարհ դնելուց։

― Ոչինչ, նա հավանաբար այդպես էլ ուզում էր գնալ՝ սուսուփուս, ― ասաց Գենդալֆը։ ― Մի՛ վշտանա։ Հիմա նրա հետ ամեն ինչ կարգին կլինի։ Քեզ փաթեթ է թողել։ Ա՜յ, այնտեղ է։

Ֆրոդոն վերցրեց ծրարը բուխարիկի վրայից, նայեց, բայց չբացեց։

― Այնտեղ պետք է կտակը լինի և այդ կարգի այլ թղթեր, ― ասաց հրաշագործը։ ― Դու այժմ Բեգ-Էնդի տերն ես։ Հա, այնտեղ է նաև ոսկե Մատանին։

― Ինչպե՞ս, Մատանի՞ն էլ, ― բացականչեց Ֆրոդոն։ ― Նա դա էլ է թողել ինձ։ Ինչի՞ համար։ Չնայած, պետք կգա։

― Գուցե պետք կգա, իսկ գուցե և՝ ոչ, ― ասաց Գենդալֆը։ ― Ես քո փոխարեն Մատանուն առայժմ ձեռք չէի տա։ Պահպանիր այն և բացբերանություն մի արա։ Իսկ ես գնամ քնեմ։

Այժմ Ֆրոդոն Բեգ-Էնդի տերն էր և ստիպված էր իր վրա վերցնել հյուրերին ճանապարհելու ծանր գործը: Արտառոց պատահարի լուրն արդեն տարածվել էր մարգագետնով մեկ, բայց Ֆրոդոն բոլորին պատասխանում էր նույն բանը. «Լույսը բացվի՝ ամեն ինչ իր պարզ կլինի»: Կեսգիշերին առավել կարևոր հյուրերին տանելու համար սայլեր ժամանեցին ու մեկը մյուսի հետևից հեռացան՝ լցված կուշտ կերած, բայց դժգոհ հոբիթներով: Հետո եկան նախօրոք վարձված այգեպանները և տարան նրանց, ում ոտքերը հասկանալի պատճառով չէին ենթարկվում:

Գիշերը դանդաղ էր անցնում: Առավոտյան արևն ավելի շուտ դուրս եկավ, քան հոբիթները: Օրն սկսվեց: Եկան աշխատավորները և սկսեցին քանդել վրանները, տանել սեղաններն ու աթոռները, գդալներն ու դանակները, շշերն ու ափսեները, ծաղիկները, հավաքեցին փշրանքները, մոռացված տոպրակները, թաշկինակները, ձեռնոցները և չկերված ուտեստները (պատկերացրեք, կային նաև այդպիսիք): Այնուհետև ժամանեցին այցելուներ (թեև նրանց ոչ ոք չէր հրավիրել). Բեգինսներ, Բոքոնակներ, Կուղբոնցներ, Տուկեր և այլ ընտանիքների ներկայացուցիչներ, մի խոսքով բոլոր նրանք, ովքեր ապրում կամ հյուրընկալված էին մոտակայքում: Կեսօրին նույնիսկ ամենանախաճաշասեր հոբիթները վերջապես դուրս եկան փողոց՝ իմանալու, թե ինչ նոր բան կա, և Բեգ-Էնդի մոտ բավական մեծ ամբոխ հավաքվեց՝ անկոչ, բայց ոչ չսպասված:

Ֆրոդոն դուրս եկավ քաղաքավարի ժպտալով, բայց հոգնած ու անհանգիստ տեսք ուներ: Նա ընդունեց բոլորին, բայց երեկվա իր ասածին ոչ մի նոր բան չկարողացավ ավելացնել: Բոլոր հարցերի պատասխանը նույնն էր. «Պարոն Բիլբո Բեգինսը լքել է այս վայրերը: Ոչ, որքանով ինձ հայտնի է, չի վերադառնալու:» Որոշ այցելուներ ներս մտնելու հրավեր ստացան. Բիլբոն նրանց համար «լուրեր» էր թողել:

Նախասրահում մանր կահույքի, փաթեթների ու կապոցների մի մեծ կույտ էր գոյացել: Յուրաքանչյուր իրի վրա պիտակ էր փակցված, իսկ պիտակի վրա՝ գրվածք: Գրություններն այսպիսին էին.

«Ադելարդ Տուկին, որպես սեփականություն, Բիլբոյից»՝ փակցված էր հովանոցին: Ադելարդը հաճախ էր ուրիշի հովանոց վերցնում տուն գնալուց, թեև միշտ չէ, որ այդ հովանոցների վրա նշված էին, որ դրանք նվեր են իրեն:

«Դորա Բեգինսին՝ ի հիշատակ մեր երկարատև նամակագրության, Բիլբոյից»՝ փակցված էր թղթերի համար նախատեսված մեծ զամբյուղին: Դորան, Դրոգոյի քույրը, Ֆրոդոյի և Բիլբոյի ազգականուհիներից ամենատարեցն էր: Նա արդեն իննսուն ինը տարեկան էր և վերջին հիսուն տարում սարի չափ թուղթ էր օգտագործել՝ հարազատներին ճիշտ ուղու վրա պահելու համար բարի խորհուրդներ ուղարկելով:

«Միլո Փորսուղին՝ հույսով, որ օգտակար կլինի, Բ.Բ.-ից»՝ փակցված էր ոսկե փետուրով գրիչին և թանաքամանին: Միլոն հայտնի էր նրանով, որ երբեք նամակների չէր պատասխանում:

«Անժելիկային՝ քեռի Բիլբոյից, անձնական օգտագործման համար»՝ փակցված էր կլոր գոգավոր հայելուն: Անժելիկան Բեգինսների երիտասարդ սերնդի ներկայացուցիչ էր և, մեղմ ասած, չէր թաքցնում, որ իրեն համարում է Հոբիթոնի առաջին գեղեցկուհին:

«Հավելում Հուգո Ցմփորի գրադարանին ներդրում ունեցող անձանցից մեկից»՝ փակցված էր գրապահարանին: Հուգոն սիրում էր ուրիշներից գրքեր վերցնել, բայց վերադարձնել չէր սիրում:

«Սերինիա Սաքվիլ-Բեգինսին՝ որպես նվեր»՝ փակցված էր արծաթե գդալներով տուփին: Բիլբոն կասկածում էր, որ իր առաջին բացակայության ժամանակ Սերինիան Բեգ-Էնդից բավական քանակությամբ արծաթե սպասք է տարել: Սերինիան այդ կասկածների մասին հիանալի գիտեր և երբ հայտնվեց (մի փոքր ուշ, քան մյուսները) ու տեսավ գրությունը, անմիջապես հասկացավ, թե ինչ է Բիլբոն ակնարկում, բայց, միևնույնն է, գդալները վերցրեց:

Էլի շատ գրություններ ու նվերներ կային: Իր երկարատև կյանքի ընթացքում Բիլբոն շատ բան էր կուտակել: Առհասարակ ամեն տեսակ եղած-չեղածի պատճառով հոբիթների բույներում ոտք դնելու տեղ չկա, ինչը հիմնականում պայմանավորված է նվերներ բաժանելու նրանց սովորությամբ: Բոլորովին էլ ոչ միշտ են նվերները նոր լինում: Կան բավական հին մեթհոմներ, որոնք շրջում են ողջ տարածքով և մի սեփականատիրոջից մյուսին անցնում: Սակայն Բիլբոն միայն նոր նվերներ էր նվիրում, իսկ իրեն նվիրածները ուրիշներին չէր նվիրում, այլ պահում էր: Այժմ, սակայն, հնարավորություն էր ընձեռնվել անպետք իրերից բույնը մի քիչ ազատել:

Բոլոր նվերները հասցեագրված էին Բիլբոյի ձեռագրով: Որոշ բաներ նվիրված էին կատակով, բայց մնացածները նվիրված էին ըստ անհրաժեշտության և հասցեատերերի կողմից մեծ ուրախությամբ էին ընդունվում: Ամենից շատ աղքատ հոբիթների բախտը բերեց, հատկապես նրանց, ովքեր ապրում էին Զառիթափի Բեգշոթ նրբանցքում: Ծերուկ Գեմջին երկու պարկ կարտոֆիլ ստացավ, նոր բահ, բրդյա բաճկոն և մի փոքրիկ անոթ հոդացավերի քսուք: Որպես շնորհակալություն հյուրասեր լինելու համար ծեր Ռորի Բրենդիբաքը տասներկու շիշ «Հին Այգի» թունդ կարմիր գինի ստացավ: Գինին Հարավային Հոբիթստանից էր ու երկար պահպանված՝ չէ՞ որ այդ շշերն իր ժամանակին Բիլբոյի հայրն էր խցանել: Ռորին գինին համտեսելուց հետո անմիջապես ներեց Բիլբոյին և այդ օրվանից դարձավ նրա պաշտպանը՝ բոլորին ապացուցելով, որ Բիլբոն կարգին հոբիթ է:

Ֆրոդոն նույնպես մի դեզ նվեր էր ստացել, չհաշված, իհարկե, հիմնական բարիքը՝ գրքեր, նկարներ, կահույք, ընդ որում այդ ամենն ավելի շատ էր, քան պետք էր համեստ, բայց հարմարավետ կյանք վարելու համար: Սակայն դրամի ու գանձերի ոչ մի հետք. ո՛չ փող, ո՛չ ոսկի ոչ մեկին բաժին չհասավ:

Օրը թաղվեց հոգսերի մեջ։ Հրդեհի արագությամբ լուր տարածվեց, իբրև թե Բիլբոյի ողջ ունեցվածքը վաճառքի է հանվելու կամ, ավելին, ձրի է բաժանվելու՝ արի ու վերցրու։ Հոբիթները խառնիխուռն ներս էին խուժում, իսկ տնից դուրս հրավիրել նրանց չէր հաջողվում։ Սայլերն ու սայլակները բակը լցրել էին շքամուտքից մինչև դարպաս։ Իրարանցում սկսվեց: Հոբիթները տաքացած վիճում էին, ոմանք փոխանակվում էին նվերներով, ինչ-որ մեկը պիտակները պոկեց, մի քանիսն էլ ծլկեցին ուրիշին հասցեագրված նվերները գրպանած: Իրարանցման թեժ պահին հայտնվեցին Սաքվիլ-Բեգինսները։ Ֆրոդոն հենց այդ ժամանակ գնացել էր մի քիչ հանգստանալու և իր փոխարեն թողել էր բարեկամի՝ Մերի Բրենդիբաքին։ Երբ Օթհոն բարձրագոչ պահանջեց Բիլբոյի «այդ զարմիկ կոչեցյալին», Մերին խոնարհվեց և ձեռքերը տարածեց։

― Նա վատառողջ է, ― ասաց նա։

― Կարճ ասած, այդ զարմիկը թաքնված է, ― ճշտեց Սերինիան։ ― Մենք եկել ենք նրան տեսության և անպայման կտեսնենք։ Հապա մի գնա ու զեկուցիր նրան։

Մերին գնաց զեկուցելու, և Սաքվիլները երկար տնկվեցին դրսում։ Վերջապես նրանց ներս թողեցին աշխատասենյակ։ Ֆրոդոն նստած էր թղթերի մեջ կորած աշխատասեղանի առջև։ Նրա դեմքին պարզ գրված էր, որ հյուրեր ընդունելու ցանկություն չունի, մանավանդ, եթե այդ հյուրերը Սաքվիլ-Բեգինսներն են: Տեսնելով նրանց՝ Ֆրոդոն վեր կացավ, կանգնեց սեղանի մոտ, ձեռքերը գրպանում, բայց խոսում էր շատ հարգալիր։

Իսկ Սաքվիլներն ընդհակառակը, իրենց բավական աներես էին պահում։ Սկզբում նրանք սկսեցին զանազան իրերի համար շան մսի գին առաջարկել։ Ֆրոդոն պատասխանեց, որ նվերները՝ նվեր, իսկ ինչ վերաբերում է վաճառքին, ապա այստեղ առհասարակ ոչինչ չի վաճառվում։ Նրանք շրթունքները ծռմռեցին և ասացին, որ դա նրանց շատ կասկածելի է թվում։

― Մի բան ինձ համար պարզ է, ― կատաղած վրա բերեց Օթհոն, ― որ ո՜վ-ո՛վ, բայց դու ձեռքերդ լավ-լա՜վ յուղել ես։ Պահանջում եմ անմիջապես ցույց տալ կտակը...

Եթե «զարմիկը» չլիներ, կալվածքը Օթհոյին կհասներ։ Նա կարդաց կտակը, վերընթերցեց և ֆռթացրեց։ Ավաղ, ամեն ինչ այնպես հստակ էր, և ութ վկա շատ խնամքով ստորագրել էին կարմիր թանաքով։

― Մեզ նորից հիմարացրին, ― կնոջն ասաց Օթհոն։ ― Վաթսուն տարի սպասեցինք՝ և նորից... Նա քեզ ի՞նչ է նվիրել, արծաթե գդալնե՞ր... Ա՜յ քեզ սրիկա...

Նա չարացած նայեց Ֆրոդոյին ու հեռացավ։ Սերինիան, սակայն, մի քիչ էլ մնաց։ Շուտով Ֆրոդոն զգուշությամբ գլուխը դուրս հանեց աշխատասենյակից և տեսավ, որ նա մանրակրկիտորեն ստուգում է բոլոր անկյուններն ու թխկթխկացնում պատերն ու հատակը։ Ֆրոդոն վճռականորեն դուրս ճանապարհեց նրան՝ ճանապարհին վերադարձնելով մի քանի բավական թանկարժեք իր, որոնք հայտնի չէ թե ինչպես հայտնվել էին նրա հովանոցում։ Ըստ երևույթին, Սերինիան պատրաստվում էր հրաժեշտին ինչ-որ սպանիչ բան ասել և, շեմին շրջվելով, ֆշշացրեց.

― Դու դեռ սրա համար կզղջաս, կաթնակեր։ Դո՞ւ ինչու ես մնացել, այստեղ քո տեղը չէ. քեզանից ի՞նչ Բեգինս... Դու... դու ամենաիսկական Բրենդիբաք ես...

― Լսեցի՞ր, Մերի, ա՛յ թե ինչպես են ինձ անպատվում, ― ասաց Ֆրոդոն՝ նրա հետևից դուռը փակելով։

― Ի՜նչ էլ մի անպատվություն է, ― արձագանքեց Մերի Բրենդիբաքը։ ― Քեզ հաճոյախոսություն արեցին, իսկ դու ասում ես՝ անպատվեցին։ Դե քեզանից ի՜նչ Բրենդիբաք...

Ֆրոդոն ու Մերին զննեցին ամբողջ տունը ու վռնդեցին երեք պատանի հոբիթի (երկու Բոքոնակ ու մեկ Կուղբոնց), որոնք խուզարկում էին նկուղները։ Արագաշարժ Կրծունիկ Մազաթաթի հետ իսկական ծեծկռտուք ստացվեց. նա մեծ մառանում թխկթխկացնում էր հատակը, ականջ դնում արձագանքին և առանց դադարի քանդում: Բիլբոյի գանձերի մասին պատմություններն ագահ հետաքրքրասիրություն ու սին հույսեր էին արթնացնում, մանավանդ որ հայտնի է, թե մութ ճանապարհներով, երբեմն էլ չարագործությամնբ ձեռք բերված ոսկին կարելի է հափշտակել, միայն թե չխանգարեն։

Կրծունիկին խեղճացնելով ու դռնից դուրս շպրտելով՝ Ֆրոդոն փլվեց աթոռին։

― Վերջակետ դիր, Մերի, ― ասաց նա։ ― Դուռը կողպիր և այլևս ոչ ոքի չթողնես, թեկուզ բաբանով գան։

Նա հազիվ էր նստել և ուզում էր թեյ խմել, երբ դուռը կամաց թակեցին։ «Նորից Սերինիան է, ― մտածեց նա, ― երևի ավելի վիրավորական բան է մտածել ու վերադարձել է: Ոչինչ, թող սպասի մինչև վաղը»։

Նա գավաթից կում արեց՝ ուշադրություն չդարձնելով նոր, ավելի ուժեղ թակոցին։ Հանկարծ պատուհանից երևաց հրաշագործի գլուխը։

― Եթե դու հենց հիմա ինձ ներս չթողնես, Ֆրոդո, ես ոչ միայն դուռդ կպոկեմ, այլև այնպես կանեմ, որ այն դուրս կթռչի բլրի մյուս կողմից ― ճչաց նա։

― Այդ դո՞ւ ես, Գենդալֆ, ներիր, խնդրում եմ, ― շտապեց ասել Ֆրոդոն, դեպի դուռը նետվելով։ ― Նե՛րս արի, նե՛րս արի... Ես կարծում էի Սերինիան է։

― Որ այդպես է՝ լա՛վ, ներում եմ։ Մի անհանգստացիր, ես նոր նրան տեսա Գետամերձում, այնպիսի թթված դեմք ուներ, որ մինչև հիմա ատամներս սվսվում են։

― Իսկ ես ավելի լավ է չտրտնջամ։ Ազնվորեն ասած, քիչ էր մնում Բիլբոյի Մատանին հագնեի, այնքան որ ուզում էի անհետանալ։

― Ապրես, որ չես հագել, ― նստելով ասաց Գենդալֆը։ ― Մատանու հետ զգույշ եղիր, Ֆրոդո։ Ես հենց այդ պատճառով էլ եկել եմ, որ քեզ երկու խոսք ասեմ։

― Իսկ ի՞նչ կա որ։

― Ի՞նչ գիտես Մատանու մասին։

― Ինչ որ Բիլբոն պատմել է, ամբողջ պատմությունը՝ ինչպես է ինքը գտել Մատանին, ինչպես է իրեն օգնել։

― Եվ ի՞նչ պատմություն է նա քեզ պատմել, ― հետաքրքրվեց հրաշագործը։

― Ոչ այն, որ թզուկներին է պատմել և որ գրված է իր գրքում, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Նա ինձ ճիշտն է պատմել, այստեղ իմ տեղափոխվելուց համարյա անմիջապես հետո։ «Թող մեր մեջ ամեն ինչ մաքուր լինի, Ֆրոդո, ― ասաց նա, ― միայն թե դու լռիր։ Հիմա արդեն, միևնույն է, իմն է Մատանին»։

― Մեկը մեկից հետաքրքիր է, ― նկատեց Գենդալֆը։ ― Դե, իսկ ի՞նչ ես այդ ամենի մասին մտածում։

― «Նվերի» մասի՞ն ես ասում։ Այո, հիմար ու անհեթեթ մտահղացում է։ Իսկ որ գլխավորն է, Բիլբոյին բոլորովին նման չէ, հիշում եմ, ես շատ զարմացա։

― Ես նույնպես։ Բայց կախարդական գանձերի տերերը վաղ թե ուշ սկսում են իրենք իրենց չնմանվել։ Այնպես որ դու էլ շրջահայաց եղիր։ Այդ Մատանին նրա համար չի սարքված, որ երբ ուզենաս՝ անհետանաս, այն կարող է ուրիշ հատկություններ էլ ունենալ։

― Ինչ-որ անհասկանալի է, ― ասաց Ֆրոդոն։

― Դե ինձ համար էլ լրիվ հասկանալի չէ, ― խոստովանեց հրաշագործը։ ― Այդ Մատանին ինձ իսկապես հետաքրքեց միայն երեկ երեկոյան։ Դու մի հուզվիր, ես կպարզեմ։ Եվ լսիր իմ խորհուրդը, մի խոր տեղ պահիր։ Իսկ ամենակարևորը, խոսացկությունների ու ասեկոսների առիթ չտաս։ Կրկնում եմ՝ պահիր այն և բերանբացություն չանես։

― Այ քեզ հանելո՜ւկ։ Իսկ դրա մեջ ի՞նչ վտանգավոր բան կա։

― Ես դեռ վստահ չեմ և չեմ խոսի։ Բայց հաջորդ անգամ՝ երբ վերադառնամ, երևի, որոշ բան կլսես։ Առայժմ մնաս բարով, ես հենց հիմա գնում եմ։ ― Նա վեր կացավ։

― Ինչպես թե, հենց հիմա... ― բացականչեց Ֆրոդոն, ― իսկ ես կարծում էի գոնե մի շաբաթ կապրես մեզ մոտ և այնպես հույս ունեի քո օգնության վրա...

― Ես էլ էի մտադիր, բայց չվիճակվեց։ Հավանաբար, երկար ժամանակ կբացակայեմ, բայց վերջիվերջո անպայման կհայտնվեմ, կգամ քեզ այցելության։ Պատրաստ եղիր ինձ ցանկացած ժամանակ ընդունելու. թաքուն կգամ։ Հոբիթների աչքին այլևս չեմ ուզում երևալ, ես հո տեսնում եմ, որ Հոբիթստանում ինձ չսիրեցին։ Ասում են, որ ինձանից միայն գլխացավանք ու անկարգություն է գալիս։ Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ ես եմ Բիլբոյին խելքից հանել, իսկ գուցեև նրան աշխարհից վերացրել եմ։ Բանից դուրս է գալիս, որ ես ու դու դավադրություն ենք սարքել և հիմա կիսում ենք նրա հարստությունը։

― Ասո՜ւմ են, ― բացականչեց Ֆրոդոն։ ― Ասում են, իհարկե, Օթհոն ու Սերինիան։ Թու, ինչ զզվելի է։ Ես ուրախությամբ կտայի և՛ Բեգ-Էնդը, և՛ աշխարհում ամեն ինչ, միայն թե Բիլբոյին վերադարձնեի կամ գնացած լինեի նրա հետ մասին։ Ես իմ հարազատ վայրերը շատ եմ սիրում, բայց, ազնիվ խոսք, զգում եմ, որ իզուր պոչից չկպա։ Երբևէ նորից կտեսնե՞մ նրան, կտեսնե՞մ արդյոք...

― Ես էլ չգիտեմ, թե երբ, ― ասաց Գենդալֆը։ ― Եվ դեռ շատ բան չգիտեմ։ Զգույշ եղիր... Եվ սպասիր ինձ ամենաանպատեհ ժամանակ։ Իսկ հիմա՝ մնաս բարով։

Ֆրոդոն ճանապարհ դրեց նրան մինչև շեմը, Գենդալֆը թափահարեց ձեռքն ու մեծ-մեծ քայլերով գնաց։ Ֆրոդոյին թվաց, թե ծեր հրաշագործին մի ինչ-որ ծանր բեռ գետնին է խոնարհում։ Մթնում էր, նրա մոխրագույն թիկնոցը վայրկենապես հալվեց աղջամուղջում։

Նրանք երկար ժամանակով բաժանվեցին։

Գլուխ երկրորդ. Անցյալի ստվերը

The Shadow of the Past.jpg

Խոսակցությունները չդադարեցին ոչ ինն օր, ոչ էլ իննսունինն օր հետո։ Բիլբո Բեգինսի երկրորդ անգամ անհետանալը քննարկվում էր ոչ միայն Հոբիթոնում, այլ ամեն տեղ ու ամենուրեք. քննարկում էին տարուց ավելի, իսկ հիշում էին դրանից էլ երկար։ Փոքրիկ հոբիթներին այդ պատմությունը երեկոները պատմում էին բուխարու մոտ, և հետզհետե Խենթ Բեգինսը, որ փայլ ու շուքով անհետացել էր և պարկերով գանձ շալակած հայտնվել, դարձավ հեքիաթային սիրված հոբիթ և մնաց հեքիաթներում, երբ նրան վերաբերող իրական իրադարձությունների մասին հիշողություններն արդեն մարում էին։

Բայց սկզբնական շրջանում խոսում էին, որ Բիլբոն առանց այն էլ ծալը պակաս էր, իսկ հիմա լրիվ գժվել է, նրա երգը երգված է։ Անտարակույս, ընկել է մի լճակի մեջ կամ խեղդվել է գետում ու գտել իր տխուր, բայց արժանի վերջը։ Իսկ այդ ամենում ո՞վ է մեղավոր, եթե ոչ Գենդալֆը։

«Այդ հիմար հրաշագործը գոնե Ֆրոդոյին հանգիստ թողնի՝ մեկ էլ տեսար նրանից մի խելամիտ հոբիթ դուրս եկավ», ― ասում էին խելոքները, գլուխները տարուբերելով։ Եվ եղածից դատելով, հրաշագործն իսկապես էլ Ֆրոդոյին հանգիստ էր թողել, բայց նրա հոբիթական խելամտությունն ինչ-որ չէր ավելանում։ Ֆրոդոն էլ Բիլբոյի նման տարօրինակություններ ուներ։ Նա սուգ չպահեց և հաջորդ տարի Բիլբոյի հարյուր տասներկուամյակը նշեց. լիակշիռ տարեթիվ է, ասում էր նա։ Բայց թե դա ի՜նչ տոն էր, ընդամենը քսան հոգի էր հրավիրված... Ճիշտ է, շատ ուտելուց արդեն պայթում էին, շատ խմելուց՝ արդեն գլորվում, ինչպես ասում են հոբիթները։

Մի խոսքով, ոմանք շատ զարմացան, բայց Ֆրոդոն Բիլբոյի ծնունդը նշելը սովորություն դարձրեց, և հետզհետե բոլորը վարժվեցին։ Նա ասաց, որ Բիլբոն, իր դատելով, ողջ-առողջ է։ Իսկ երբ հարցնում էին, թե որտե՞ղ է, Ֆրոդոն ուսերն էր թոթվում։

Նա էլ, Բիլբոյի նման, մեկուսացած էր ապրում, միայն թե ընկերներ շատ ուներ, հատկապես երիտասարդներից։ Իսկ իրենց լրիվ յուրային էին զգում Բեգ-Էնդում Փերեգրին Տուկը (ընկերների համար պարզապես Փիփին) և Մերի Բրենդիբաքը (նրա լրիվ անունը Մերիադոք էր, բայց այդ մասին շատ հազվադեպ էին հիշում)։ Ֆրոդոն նրանց հետ մասին սար ու դաշտ ոտքի տակ էր տալիս, բայց ավելի հաճախ մենակ էր թափառում, և հասարակ ժողովուրդը զարմանում էր, թե ինչու նրա աչքին քուն չի գալիս։ Մերին ու Փիփինը կասկածում էին, որ նա, իր հորեղբայր Բիլբոյի օրինակով, կապերի մեջ է մտել էլֆերի հետ։

Ժամանակն անցնում էր, և բոլորը սկսեցին նկատել, որ Ֆրոդոն էլ վատ չի «պահպանվում». նա առաջվա պես պինդ է ու առույգ, հազիվ երեսունն անց հոբիթի տեսք ունի։ «Երջանկությունը բախտավորին է սիրում», ասում էին նրա մասին։ Բայց երբ մոտենում էր հիսունին, ժողովուրդը զգուշացավ։

Ֆրոդոն ինքը, վշտից սթափվելով, հայտնաբերեց, որ Զառիթափի Բեգ-Էնդի տեր, պարոն Բեգինս լինելը նույնիսկ շատ հաճելի է։ Տասնյակ տարիներ նա ուրախ-ուրախ վայելում էր կյանքը և ապագայի մասին բնավ չէր մտածում, թեպետ երբեմն, այնուամենայնիվ, ափսոսում էր, որ Բիլբոյի հետ չի գնացել։ Եվ ժամանակ առ ժամանակ, հատկապես աշնանը, նրա անուրջներում կուսական վայրեր էին հայտնվում, աչքին սարեր էին երևում, որտեղ երբեք չէր եղել և ծովեր, որոնց մասին միայն լսել էր։ Նա սկսեց ինքն իրեն կրկնել. «Այ մի օր էլ կվերկենամ ու կգնամ Գետի այն կողմը»։ Եվ իսկույն էլ ներքին ձայնն ասում էր. «Հե՜տո, մի օր...»։

Մինչդեռ մոտենում էր նրա հիսունամյակը, իսկ հիսուն տարին Ֆրոդոյին բավական նշանավոր (և նույնիսկ չարագուշակ) տարեթիվ էր պատկերանում։ Այդ նույն տարիքում էր, որ Բիլբոն խիզախ հոբիթ դարձավ։ Ֆրոդոյի մեջ անհանգստություն բուն դրեց, սիրելի կածանները ձանձրացրել էին նրան։ Նա աչքի էր անցկացնում տեղական քարտեզները, որտեղ Հոբիթստանը շրջապատված էր սպիտակ բծերով։ Նա ավելի ու ավելի հաճախ և ավելի ու ավելի երկար էր շրջում մենակ, իսկ Մերին ու մյուս ընկերները տագնապով հետևում էին նրան։ Իսկ ով հետևում էր, տեսնում էր, թե ինչպես է նա երկար զրույցի բռնվում օտարականների հետ, որոնք Հոբիթստանում շատ-շատացել էին։

Լուրեր էին պտտվում արտերկրներում կատարվող ինչ-որ զարմանահրաշ բաների մասին. Գենդալֆն արդեն երկար տարիներ չէր երևացել և նույնիսկ իր մասին իմաց չէր տալիս։ Հոբիթստանի միջով շտապողականորեն շարժվում էին էլֆերի ջոկատները՝ առաջներում հոբիթները նրանց մասին միայն լսածներով գիտեին, իսկ այժմ էլֆերը անտառների եզրերով երեկոները գնում էին ու գնում, անցնում էին ու էլ չէին վերադառնում՝ հեռանում էին Միջերկրից: Նրանց այլևս չէին հետաքրքրում Միջերկրի տագնապները։ Թզուկներն էլ էին գնում՝ դարձյալ մեծ քանակությամբ։ Արևելքից արևմուտք ձգվող հնադարյան ճանապարհը Հոբիթստանի միջով գնում էր Արծաթափայլ Նավահանգիստ, բայց թզուկներն էլ էին օգտնվում այդ ճանապարհից Կապույտ լեռների հանքերը գնալուց։ Նրանցից էլ հոբիթներն իմանում էին, թե ինչ է կատարվում օտար երկրներում, թեև տանտերերը հետաքրքրասեր չէին, իսկ անցորդները սակավախոս էին։ Բայց հիմա Ֆրոդոյին ավելի ու ավելի հաճախ էին հանդիպում ուրիշ, հեռավոր թզուկներ։ Նրանք գնում էին արևմուտք ու, շուրջը նայելով, շշուկով խոսում էին Թշնամու և Մորդոր երկրի մասին։

Այդ բառը հայտնի էր միայն շատ հինավուրց ասույթներից և պարուրված էր չարագուշակ ստվերով։ Լուսավոր Խորհուրդը վերջերս էր Չարքանտառից քշել Չար ուժին, սակայն պարզվում է, որ նա չի հեռացել, այլ վերադարձել ու կրկին վերակառուցել է իր Սև Ամրոցը, և այնտեղից այժմ սառնաշունչ խավար ու ուժաթափ անող սարսափ է սողում Միջերկիր։ Հեռու հարավում ու արևելքում արդեն թնդում են պատերազմները։ Լեռներում բազմանում են օրքերը։ Թրոլներն էլ են փոխվել, առաջվա պես բթամիտ ու ծուռթաթ չեն, այլ խորամանկ և նոր ձևով զինված։ Խոսում էին ավելի սարսափելի բաների մասին, բայց այստեղ արդեն ակնարկներով էին խոսում։

Հասարակ ժողովուրդը, իհարկե, այդ մասին քիչ բան գիտեր։ Սակայն նույնիսկ ամենախլականջ տանը նստածները, նույնիսկ սրանք որոշ բաներ լսել էին, իսկ ով պատահաբար եղել էր սահմանի մոտ՝ նաև տեսել էր։

Գարնանային մի երեկո «Կանաչ վիշապում» բուխարիկի մոտ Սեմ Գեմջին՝ Ֆրոդոյի այգեպանը, զրույց էր անում Թոդ Ավազունսի՝ ջրաղացպանի որդու հետ։ Շուրջը հավաքվել էին պանդոկի մշտական հաճախորդները։

― Զարմանալի լուրեր են պտտվում, ― ասաց Սեմը։

― Իսկ դու ականջդ կախ արա, ― խորհուրդ տվեց Թոդը, ― էլ ավելին կլսես։ Հրե՜ն գնա իմ մամիկի մոտ՝ էնքա՜ն պատմի, որ...

― Դե ինչ արած, ― ասաց Սեմը, ― տատի հեքիաթներն էլ մեկ-մեկ լսելը չի խանգարի։ Հո դրանք ինքը չի հնարել։ Վերցնենք, օրինակ հենց քո ասած վիշապները։

― Վերցրու քեզ, ― ասաց Թոդը, ― ինձ պետք չէ։ Ես դրանք սեղանի տակ չոչ անելիս էնքան եմ լսել, իսկ հենց որ տաբատ հագա, մտքիցս դուրս թռան։ Մեր Գետամերձում միայն մի վիշապ կա, էն էլ կանաչ։ Ճի՞շտ եմ ասում, ― դիմեց նա ունկնդիրներին, և նրանք միահամուռ քրքջացին։

― Էդ դու իմ խոսքը կտրեցիր, ― մյուսների հետ Սեմն էլ ծիծաղեց։ ― Իսկ ծառ հսկաների հաշվով ի՞նչ կասես։ Ասում են, հյուսիսային ճահիճներից այն կողմ վերջերս մեկին տեսել են՝ ուզածդ ծառից բարձր։

― Էդ ո՞վ է ասում։

― Դե, թեկուզ իմ ախպերացու Հելը։ Նա պարոն Կուզբոնցի մոտ է բանում և միշտ լինում է Հյուսիսային նահանգում։ Հենց ինքն էլ տեսել է։

― Նա կտեսնի, մենակ մեզ ցույց չի տա։ Իսկ թե ինչ է էնտեղ տեսնում, ինքն ավելի լավ գիտի, քանի որ ուրիշները ոչինչ չեն տեսնում։

― Դե չէ, էլի, իսկական հսկա է, ամեն լոքը երեք սաժեն է, ինքն էլ ոնց որ վիթխարի ծփի լինի, իր համար քայլում գնում է...

― Ծփիները չեն քայլում, այլ աճում են, որտեղ որ բուսել են։

― Դե քեզ ասում են՝ քայլելիս է եղել, իսկ ծփի էնտեղ չի աճում։

― Դե որ ասածիդ պես չի աճում, էլ որտեղի՞ց է նա էնտեղ ծլել, ― կտրեց Թոդը։

Բոլորը, հավանություն տալով, ծիծաղեցին. Թոդին մատներիդ վրա չես խաղացնի։

― Համա՜ թե լեզու ունես, ― ասաց Սեմը, ― մենակ թե ախր մեր Հելիուսը միակը չի, որ տեսակ-տեսակ բաներ է տեսել։ Ամբողջ Հոբիթստանով մեկ խոսում են, որ այդպիսի բան մինչև օրս չի եղել։ Արևելքից չտեսնված-չլսված օտարականներ գալիս են ու գալիս։ Ու ականջիս է հասել, որ էլֆերը տեղահան են եղել դեպի արևմուտք՝ Սպիտակ Բերդից այն կողմի նավահանգիստները։ ― Սեմը ինչ-որ անորոշ ձեռքը թափ տվեց․ ոչ նա, ոչ էլ հոբիթներից որևէ մեկը չգիտեր, թե իրենց արևմտյան ծայրամասից այն կողմ, հինավուրց ավերակների հետևում ծովը որտե՞ղ է գտնվում։ Միայն հին ավանդություններ կային Արծաթափայլ Նավահանգստի մասին, որտեղից լողում-հեռանում ու էլ չէին վերադառնում էլֆերի նավերը։

― Դրանք լողում ու լողում են արևմուտք, իսկ մեզ թողնում են, ― խոսեց Սեմը համարյա երգելով, տխուր ու հանդիսավոր գլուխն օրորելով։

Թոդը փռթկացրեց.

― Հին նանիկը նոր եղանակով։ Ախր ես կամ դու ի՞նչ գործ ունենք նրանց հետ։ Թող լողան իրենց համար։ Չնայած ո՞ւր պետք է լողան։ Չէ՞ որ դու և առհասարակ Հոբիթստանում որևէ մեկը իր աչքով նրանց չի տեսել։ Գուցե իսկի էլ չեն լողում, ով գիտի նրանց։

― Ի՞նչ իմանամ, ― մտածկոտ ասաց Սեմը։ Կարծես թե մի անգամ անտառում նա էլֆ էր տեսել և շարունակ հույս էր տածում, որ երբևէ նորից կտեսնի ու հարցուփորձ կանի։ Մանուկ հասակում լսած ասույթներից ամենից շատ հիշողության մեջ մնացել էին էլֆերի մասին պատմությունների պատառիկներ։ ― Նույնիսկ մեր կողմերում էդպիսինները կան, որ հասկանում են Զարմանալի Ժողովրդին և կարողանում են նրանց հետ խոսել, ― ասաց նա։ ― Մեկն էլ իմ տերը՝ պարոն Բեգինսը։ Նա ինձ պատմում էր, ոնց էին նրանք լողում և առհասարակ, ամեն խոսքի տակին գլխին՝ էլֆեր էին։ Էլ չեմ ասում ծերուկ Բիլբոն, նա, հիշում եմ, աշխարհի երեսին նրանց մասին ինչ կար-չկար՝ գիտեր։

― Երկուսն էլ խախտված են, ― ասաց Թոդը։ ― Ծերուկ Բիլբոն հո կար ու կար, հիմի էլ հրեն Ֆրոդոն է խախտվել։ Դու էլ նրանի՞ց ես, ինչ է, լուրերդ հավաքում։ Տես, հա՜, դու էլ չխախտվես։ Դե լավ, ժողովուրդ, ով ուր կուզի, ես՝ գնացի տուն։ Ողջ կենաք... ― Նա գավաթը կոնծեց ու աղմուկով հրաժեշտ տվեց։

Սեմը մի քիչ էլ նստեց, բայց այլևս ոչ ոքի հետ չխոսեց։ Նա ահագին բան ուներ խորհելու։ Նախ այգում աշխատանքն անսպառ էր. առավոտից պետք է քրտնաջան աշխատի, միայն թե պարզ եղանակ լինի։ Ծիլերն ավելի ու ավելի են խտանում։ Աշխատանքն, իհարկե, աշխատանք, բայց Սեմը բոլորովին ուրիշ բանի մասին էր մտածում։ Հետո հառաչեց, վեր կացավ ու դուրս եկավ։ Ապրիլյան երկինքը մաքրվում էր անձրևից հետո։ Արևը մայր էր մտել, և երեկոն, նահանջելով, կամաց-կամաց դժգունում էր։ Աստղերը առկայծում էին Սեմի գլխավերևում, իսկ նա ոտքերը քարշ տալով բարձրանում էր լանջն ի վեր, մտախոհ ու շատ ցածր սուլելով։

Եվ հանկարծ հայտնվեց Գենդալֆը՝ միշտ անակնկալ հյուրը։ Հյուրասիրությունից հետո կլիներ երեք տարի չէր երևացել։ Հետո փութանցիկ այցելեց, ուշադիր նայեց Ֆրոդոյին, մի երկու դատարկ բան ասաց և նույնիսկ գիշերելու չմնաց։ Եվ հանկարծ սկսեց հաճախ գալ. հայտնվում էր մթնշաղին, բայց լուսադեմին հետքն ու հոտն էլ չէր մնում։ Որտեղ էր կորչում ու ինչու՝ չէր բացատրում, իսկ հետաքրքրվում էր միայն Ֆրոդոյի առողջությամբ, մեկ էլ զանազան մանր-մունր բաներով։ Եվ հանկարծ դրանով էլ դադարեց հետաքրքրվել։ Ինը տարուց ավելի Ֆրոդոն նրան չէր տեսել և նրա մասին ոչինչ չէր լսել. «Ուրեմն, որոշեց նա, Գենդալֆն այլևս հոբիթների հետ գործ չունի։» Բայց այդ երեկո, երբ Սեմը սուլելով տուն էր բարձրանում, Ֆրոդոյի աշխատասենյակի պատուհանին լսվեց ծանոթ թակոցը։

Ֆրոդոն ամբողջ սրտով ուրախացավ վաղեմի բարեկամին տեսնելու համար։ Նրանք կանգնել ու զննում էին իրար։

― Դեհ, ամեն ինչ կարգի՞ն է, ― հարցրեց Գենդալֆը։ ― Տեսնում եմ նույնն ես մնացել, Ֆրոդո...

― Դու էլ, ― ասաց Ֆրոդոն, իսկ ինքն իր մեջ մտածեց, որ հրաշագործը ծերացել է ու կորացել։ Հոբիթը Գենդալֆին հարցերով հեղեղեց, և նրանք նստեցին մինչև կեսգիշեր։

Առավոտյան, նախաճաշելուց հետո, հրաշագործն ու Ֆրոդոն նստեցին բաց պատուհանի առջև։ Բուխարիկում ճարճատում էր կրակը, թեև դրա կարիքը չկար. արևը տաքացնում էր և հարավից գոլ քամի էր փչում։ Ամենուրեք թարմություն էր բուրում, գարնանային կանաչը ծածկում էր դաշտերը, և վառ սաղարթով գանգրանում էին ծառերը։

Գենդալֆը հիշում էր, թե ինչպիսի գարուն էր համարյա ութսուն տարի առաջ, երբ Բիլբոն առանց թաշկինակի սուրաց արկածների գնացողների հետևից։ Այն ժամանակից ի վեր Գենդալֆի մազերն ավելի էին ճերմակել, մորուքի ու հոնքերի մազերն ավելի էին երկարել, դեմքին հոգսերը նոր կնճիռներ էին ակոսել, բայց աչքերի փայլն առաջվանն էր։

Ֆրոդոն մտազբաղ նստած էր և նույնիսկ առավոտյան լուսավոր պայծառության մեջ գուշակում էր Գենդալֆի հաղորդած լուրերի մութ սառնությունը։ Վերջապես նա խզեց լռությունը։

― Կարծես թե մի բան սկսեցիր ինձ ասել Մատանու մասին, Գենդալֆ, ― հիշեցրեց նա։ ― Սկսեցիր ու չվերջացրիր, հետաձգեցիր առավոտյան։ Գուցե հիմա կշարունակե՞ս։ Ասում ես, Մատանին վտանգավոր է, իսկ գիտե՞ս, ինձ համար անհասկանալի է։ Ի՞նչ է նշանակում վտանգավոր։

― Դե ուրեմն լսիր, ― պատասխանեց հրաշագործը։ ― Այն ավելի մեծ զորություն է իր մեջ պարունակում, քան ես կարծում էի սկզբում: Հասկանում ես, ցանկացածդ մահկանացուին կխոնարհի։ Կխոնարհի և կտիրի նրան: Այն կռել են խորը անցյալում, այն ժամանակներում, երբ Էրեգիոնում կռեցին Էլֆական Մատանիները՝ կարող ես դրանք կախարդական անվանել, դա իրականությունից այնքան էլ հեռու չէ: Էրեգիոնի Մատանիներն իրոք սովորական չեն և իրարից շատ տարբեր են՝ կան այնպիսինները, որոնք իրենց մեջ հզոր ուժ են պարունակում, և կան ավելի հասարակներ: Ավելի հասարակները ուղղակի հմտանալու փորձի արդյունք էին, սակայն նույնիսկ դրանք հասարակ մահկանացուի համնար վտանգավոր են: Իսկ Մեծ Մատանիները կամ, ինչպես ասում են, Համիշխանության Մատանիները կործանարար են: Քեզ պետք է ասեմ, Ֆրոդո, որ մահականացուները, որոնց վստահվում է տիրել Կախարդական Մատանիների, չեն մեռնում և չեն ծերանում, բայց և իսկական կյանքով չեն ապրում. նրանք ուղղակի քաշում են կյանքի լուծը՝ առանց ուրախության, առանց զվարճությունների մինչև որ ապրելը դառնում է տանջանք։ Եվ եթե մահկանացուն հաճախ է հագնում Մատանին, անտեսանելի դառնալու համար, ապա նա հալվում է, կամ՝ ինչպես Իմաստուններն են ասում, ետմարմնավորում է ապրում, իսկ հետո հավիտյան անտեսանելի է դառնում, տեսանելի միայն Մատանիների Տիրակալի աչքին։ Այո, վաղ թե ուշ, ուշ՝ եթե նա ուժեղ է ու բարի, բայց միևնույն է, նրան վիճակված է դառնալ Մութ Ուժերի սպասավորը, որոնց տիրում է Սև Տիրակալը։

― Ի՜նչ սարսափելի է... ― ասաց Ֆրոդոն։

Եվ նրանք երկար լռեցին։ Միայն պարտիզպան Սեմ Գեմջիիի մկրատն էր չխկչխկում պատուհանի տակ։

― Եվ դու վաղո՞ւց գիտես այդ մասին, ― վերջապես հարցրեց Ֆրոդոն։ ― Իսկ Բիլբոն գիտե՞ր։

― Բիլբոն գիտեր ճիշտ այնքան, որքան որ քեզ է ասել, ― պատասխանեց Գենդալֆը։ ― Այլապես նա քեզ այդպիսի վտանգավոր ժառանգություն չէր թողնի, նույնիսկ ինձ վրա հույս չէր դնի։ Նա մտածում էր, որ Մատանին շատ գեղեցիկ է ու միշտ կարող է պետք գալ, բայց եթե ինքն անձամբ ինչ-որ իրեն լավ չի զգում, ապա Մատանին այստեղ կապ չունի։ Նա ասում էր, որ Մատանին իր գլխից դուրս չի գալիս և շարունակ տագնապի մեջ է պահում իրեն, բայց չէր կասկածում, որ խնդիրը Մատանու մեջ է։ Թեպետ և հասկացել էր, որ Մատանուն պետք է հետևել՝ այն մեծանում է ու փոքրանում, ծանրանում է ու թեթևանում, կարող է հանկարծ սահել մատից ու կորչել։

― Այո, այդ մասին նա ինձ գրել է, ― ասաց Ֆրոդոն, ― ու ես միշտ շղթայով եմ պահում։

― Բավական խելամիտ է, ― նկատեց Գենդալֆը։ ― Բայց իր կյանքի երկարությունը Բիլբոն Մատանու հետ չէր կապում։ Նա մտածում էր, որ պարզապես իր ճակատին երկարակեցություն է գրված և դրանով շատ էր պարծենում։ Իսկ ապրում էր տագնապի և անորոշ վախի մեջ։ «Ես բարակել եմ ու մի տեսակ թափանցիկ դարձել», ― մի անգամ գանգատվեց ինձ։ Մի քիչ էլ՝ և Մատանին իր գործը կաներ։

― Դե ասա ինձ, դու վաղո՞ւց դա գիտես, ― նորից հարցրեց Ֆրոդոն։

― Վաղու՞ց... Ես շատ բաներ գիտեմ, Ֆրոդո, որ միայն Իմաստուններին է հայտնի։ Բայց այդ մատանու մասին, կարելի է ասել, մինչև հիմա էլ ամեն ինչ չէ, որ գիտեմ։ Մնացել է վերջին փորձությունը։ Բայց իմ ենթադրությունը հաստատ է, այստեղ ես համոզված եմ։ Իսկ երբ իմ մտքով անցա՞վ, ― Գենդալֆը մտածմունքի մեջ ընկավ։ ― Հապա համբերիր... Այո, այն նույն տարին, երբ Լուսավոր Ուժերի Խորհուրդը մաքրեց Չարքանտառը՝ հենց Հինգ Զորաց Ճակատամարտից անմիջապես առաջ։ Ճիշտ է, երբ Բիլբոն գտավ Մատանին, հանկարծ ես տագնապ զգացի, բայց թե ինչու՝ չգիտեի։ Ինձ զարմացնում էր, թե ինչպես է Գոլլումը տիրացել Մեծ Մատանիներից մեկին, իսկ որ դա Մեծերից մեկն էր՝ պարզ էր։ Բիլբոն խոսակցության ժամանակ տարօրինակ կերպով սուտ խոսեց՝ որ այն նվեր է, հետո, երբ ինձ բացեց ճշմարտությունը, ես հասկացա, որ նա ամողջ ուժով փորձում է ապացուցել Մատանու նկատմամբ իր անառարկելի իրավունքը։ Կասկած չկար. նա իրեն պահում էր ճիշտ և ճիշտ Գոլլումի պես: Երկուսն էլ ստում էին, և ստի նմանությունն ակնհայտ էր: Իբրև թե Գոլլումը «ծննդյան օրը նվեր է ստացել», իսկ Բիլբոն «խաղում ազնվորեն» շահել է։ Սուտը ստի վրա, և այնքա՜ն էլ իրար նման: Դա ինձ համար առաջին նախազգուշացումն էր։ Երևում է, Մատանին ստիպում է խաբել և ստախոսություն է հուշում։ Այստեղ ես առաջին անգամ հասկացա, որ դա բոլորովին էլ կատակ բան չէ, և Բիլբոյին ասացի, որ Մատանու հետ զգույշ լինի: Բայց ամեն անգամ, երբ որ ես խոսք էի բացում այդ մասին նա չէր ուզում լսել և սարսափելի բարկանում էր։ Ի՞նչ էր մնում անելու։ Հո Մատանին ձեռքից չէի խլելու, և ինչի՞ց ելնելով։ Ես հետևում էի և սպասում։ Մտածեցի, որ հարկավոր էր խորհրդակցել Սարուման Ճերմակի հետ, բայց ինչ-որ բան ինձ կաշկանդում էր։

― Ո՞վ է նա, ― հարցրեց Ֆրոդոն, ― նրա մասին երբեք չեմ լսել։

― Դու որտեղի՞ց պետք է լսեիր, ― ժպտաց Գենդալֆը։ ― Նա հոբիթների հետ գործ չունի, կամ՝ չի ունեցել։ Նա շատ իմաստուն է, հրաշագործների մեջ առաջինն է, Խորհրդի գլխավորը։ Շատ գաղտնիքներ նրա առաջ բաց են, բայց նա գոռոզացել է իր գիտելիքներով և իրեն բարձր է դասում բոլորից։ Շատ վաղ ժամանակներից նա խորացել է Մատանիների գաղտնիքների մեջ՝ թափանցելով մոռացումի խավարը, և երբ դրանց մասին Խորհրդում խոսք բացվեց, նրա խոսքերը ցրեցին իմ տագնապը։ Ես ժխտեցի կասկածներս, բայց չփարատվեցի։ Եվ առաջվա նման հետևում էի ու սպասում։

Բիլբոն չէր ծերանում, իսկ տարիներն անցնում էին։ Անցնում էին ու անցնում, ասես նրան չէին էլ դիպչում։ Եվ կասկածը նորից տիրեց ինձ։ Բայց ես ինձ ասացի. «Նա մորական կողմից երկարակեցություն է ժառանգել։ Նրա տարիքն այդքան էլ մեծ չէ։ Կսպասենք...» Եվ անգործության մատնված սպասում էի մինչև Բիլբոյի հրաժեշտի երեկոն։ Այդ ժամանակ նա վերջապես խոսեց և իրեն այնպես պահեց, որ իմ մեջ գլուխ բարձրացրին Սարումանի կողմից մարած բոլոր տագնապները։ Ես հասկացա, որ այստեղ մի մութ գաղտնիքի սև երախն է երևում։ Եվ երկար տարիներ ծախսեցի այն բացելու համար։

― Բայց սարսափելի ոչինչ չի պատահել, չէ՞ ― վախեցած հարցրեց Ֆրոդոն։ ― Ժամանակի ընթացքում Բիլբոն ուշքի կգա, կհանգստանա։

― Նա հենց որ Մատանուց ազատվեց, իսկույն թեթևացավ, ― պատասխանեց Գենդալֆը։ ― Սակայն Մատանիների վրա միայն մեկ ուժ է իշխում, և կա մեկը, որին հայտնի է ամեն ինչ Մատանիների և այն մասին, թե ինչ են սպառնում նրանք իրենց, նույնիսկ ժամանակավոր, տիրակալներին։ Ճիշտ է, հոբիթների մասին, թվում է, ոչ ոք խելքը գլխին ոչինչ չգիտե։ Նրանց միայն ես եմ ուսումնասիրել և որքան ուսումնասիրել եմ, այնքան զարմացել եմ։ Մեկ նրանք կարագից փափուկ են, մեկ՝ ծեր ծառի արմատներից կոշտ։ Ըստ իս, նրանցից ոմանք նույնիսկ կարող են երկար դիմադրել Մատանիներին, չնայած հազիվ թե Իմաստունների Խորհրդում դրան հավատային։ Այնպես որ Բիլբոյի համար դու մի անհանգստացիր։ Նա, իհարկե, երկար տարիներ Մատանու տերն է եղել և շատ անգամ է հագել այն։ Մատանին դրոշմվել է նրա կյանքին, և այդ հետքը հեշտությամբ չի ջնջվի, ավելի լավ է Մատանին այլևս նրա աչքով չընկնի։ Որ չընկնի՝ Բիլբոն գուցե առանց դրա էլ շատ երկար ապրի: Տալով Մատանին, նա կտրեց կապող թելը և այլևս ենթակա չէ նրան: Չէ՞ որ նա ինքնակամ թողոց այն, և դա ամենագլխավորն է։ Ոչ, Բիլբոյի համար ես հանգիստ եմ՝ այն ժամանակից ի վեր, ինչ նա գնաց ու Մատանին թողեց։ Այժմ քո հերթն է և քեզ համար եմ ես պատասխանատու։ Քեզ համար շատ եմ տագնապում, քեզ համար և ձեր բոլորի՝ սիրելի, հիմարավուն, անխելք հոբիթներիդ համար։ Դա աշխարհի համար մեծ կորուստ կլինի, եթե խավարը կլանի Հոբիթստանը, և Բոքոնակները, Ցմփորիկներն ու մնացածը, էլ չասենք հրաշալի տարօրինակ Բեգինսների մասին, խղճուկ վախլուկներ ու խավարամիտ ստորներ դառնան։

Ֆրոդոն կուչ եկավ։

― Էդ ինչո՞ւ պետք է վախլուկներ ու ստորներ դառնանք, ― հարցրեց նա։ ― Եվ այդպիսի հպատակներն ո՞ւմ են պետք։

― Համընդհանուր Թշնամուն, ― մռայլ պատասխանեց Գենդալֆը։ ― Չնայած, ճիշտը որ ասենք, մինչև օրս հոբիթները նրա մտքով չեն անցել, նկատի ունեցիր՝ մինչև օրս։ Դրա համար շնորհակալություն ասա ճակատագրին։ Բայց այսուհետև Հոբիթստանին վտանգ է սպառնում։ Դուք նրան պետք չեք՝ նա ստրուկներ շատ ունի, բայց հիմա նա ձեզ չի մոռանա։ Իսկ ստրուկ-հոբիթները նրան ավելի հաճելի են, քան ազատ հոբիթները։ Ընդ որում նա ձեզ վրա չարացած է, և նրա վրեժն ահավոր կլինի։

― Վրե՞ժը, ― զարմացավ Ֆրոդոն։ ― Իսկ ինչի՞ համար պետք է վրեժխնդիր լինի։ Թեկուզ սպանես, չեմ հասկանում։ Ի՞նչ կապ ունի այստեղ Բիլբոն, ես և մեր Մատանին։

― Ինչպե՞ս թե՝ ինչ կապ ունի, ― խոժոռվեց Գենդալֆը։ ― Դու, երևում է, ինչ-որ բան չըմբռնեցիր, ասենք, հիմա կհասկանաս։ Ես ինքս էլ անցյալ անգամ դեռ համոզված չէի, բայց հիմա ժամանակն է քեզ պատմել։ Հապա մի ինձ տուր Մատանին։

Ֆրոդոն տաբատի գրպանից հանեց Մատանին, արձակեց գոտուն ամրացված շղթան ու դժկամ մեկնեց հրաշագործին։ Մատանին ձեռքը հետ էր պահում, կարծես թե նա, կամ Ֆրոդոն ինքը, կամ երկուսը միասին, չգիտես ինչու, չէին ուզում, որ Գենդալֆը կպչեր դրան։

Հրաշագործը զգուշությամբ ընդունեց այն։ Մատանին մաքուր, բարձրակարգ ոսկուց էր։

― Որևէ նշան կա՞ վրան, ― հարցրեց Գենդալֆը։

― Բացարձակ, ― պատասխանեց Ֆրոդոն։ — Վրան քերծվածք անգամ չկա, կարծես ոչ ոք ոչ մի անգամ չի հագել։

― Դե հիմա տես։

Եվ ի զարմանս, եթե ոչ ի սարսափ Ֆրոդոյի, հրաշագործը անսպասելի նետեց այն կրակը։ Ֆրոդոն ճչաց ու հափռեց ունելին, բայց Գենդալֆը գրկեց նրան։

― Սպասիր, ― հրամայական ասաց նա՝ ճերմակած հոնքերի տակից խիստ հայացք գցելով Ֆրոդոյի վրա։

Մատանին հետ կարծես թե ոչինչ չկատարվեց։ Քիչ հետո Գենդալֆը վեր կացավ ու վարագույները ծածկեց։ Խաղաղ սենյակը մթնեց, և միայն Սեմի մկրատի չխկոցն էր լսվում այգուց։ Հրաշագործն անթարթ նայում էր կրակին։ Հետո կռացավ, ունելիով բռնեց Մատանին և ճարպկորեն հանեց ածուխների արանքից։ Ֆրոդոն շունչ քաշեց։

― Սառն է, ― հայտարարեց Գենդալֆը, ― վերցրու։

Ֆրոդոյի ձեռքի ափը անսպասելի ծանրության տակ դողաց։

― Մատներով բռնիր, ― հրամայեց Գենդալֆը, ― Եվ նայիր։

Ֆրոդոն վերցրեց և Մատանու ներսի ու դրսի երեսին նրբին փորագրություն տեսավ։ Ասես այն գրված էր վառ, բայց ինչ-որ խորքից եկող աղոտ կրակով։

One Ring inscription.png

― Այս կրակե տառերն անհասկանալի են ինձ համար, ― դողացող ձայնով ասաց նա։

― Քեզ համար անհասկանալի են, ― ասաց Գենդալֆը, ― փոխարենը ինձ են հասկանալի։ Էլֆերի հնագույն գաղտնագրեր են, իսկ լեզուն՝ մորդորերեն։ Ես չեմ ուզում, որ այն հնչի այստեղ։ Համընդհանուր լեզվով կարելի է թարգմանել այսպես.

Իսկ այս մեկը՝ Ամենազորը, Տիրակալին Մորդորի,
Որ թշնամանք ցանի, կամազրկի մարդկանց,
Խառնամբոխվեն նրանք Չարչարանց երկրում։

Այս տողերը միայն էլֆերի համար հիշարժան չափածո հմայախոսքից են.

Երեք Մատանի՝ Էլֆերին իմաստուն աստղերի տակ թափառող,
Յոթը՝ թզուկներին անխոնջ քարանձավներում ապրող,
Ինը՝ մահկանացուներին, որոնց ճակատագիրն է գերեզմանը:
Իսկ այս մեկը՝ Ամենազորը, տիրակալին Մորդորի
Որ թշնամանք ցանի, կամազրկի բոլորին,
Խառնամբոխվեն նրանք Չարչարանց երկրում՝
Դառնալով ստրուկները հավետ Սև Տիրակալի:

Գենդալֆը հառաչեց և դանդաղ արտաբերեց.

― Քո Մատանին Համիշխանության Մատանին է, որին ենթակա են մնացած տասնինը։ Մատանի, որ շատ տարիներ առաջ կորցրել է Թշնամին և նրա հետ էլ իր զորության առյուծի բաժինը։ Աշխարհում ամենից շատ վերջինիս է հարկավոր այն՝ և նա չպետք է ստանա...

Ֆրոդոն նստած էր լուռ ու անշարժ, վախից կծկված, ասես նրան պատել էր արևելյան սև ու ցուրտ ամպը։

― Ուրեմն սա թշնամու Մատանի՞ է, ― թոթովեց նրա։ ― Իսկ ինչպե՞ս, ինչո՞ւ է ինձ մոտ ընկել։

― է՜հ, ― ասաց Գենդալֆը։ ― Դա շատ երկար պատմություն է։ Դա սկսվել է այն Սև Տարիներին, որոնց մասին հուշը Իմաստունների սեփականությունն է, այն էլ ոչ բոլորի։ Եթե սկզբից սկսեմ պատմել, ապա քեզ հետ միասին մինչև աշուն կնստենք... Երեկ երեկոյան քեզ պատմում էի Սաուրոն Մեծի՝ Մատանիների Տիրակալի մասին։ Քո ականջին ճիշտ լուրեր են հասել. նա ընդվզել է, լքել Չարքանտառը և տեղափոխվել Մորդորի ամրոցը՝ իր հնագույն աշտարակը։ «Մորդոր» բառը քեզ ծանոթ է, այն մեկ էլ տեսնում ես սևին է տալիս նույնիսկ հոբիթական տարեգրություններում՝ սարսափ ու խավար սփռելով։ Այո, արդեն քանի անգամ ստվերը ջախջախվում է, նահանջում, բայց հետո հայտնվում է այլ կերպարանքով և կրկին տարածվում։

― Գոնե իմ օրոք դա չլիներ, ― ասաց Ֆրոդոն։

― Համաձայն եմ: Բոլորը, ովքեր ապրել են նման ժամանակներում կրկնում են դա ասես անեծք՝ գոնե ոչ մեր օրոք։ Ճակատագիր ընտրելու հնարավորությունը մեզ չի տրված: Մեզ տրված է ժամանակ, և գլխավորն այն է, թե ինչպես կօգտագործենք այդ ժամանակը։ Իսկ մեր ժամանակը, Ֆրոդո, գրեթե վերջանալու վրա է։ Թշնամին օրը օրին ուժեղանում է։ Նրան էլի ժամկետ է հարկավոր, բայց ոչ երկարատև։ Ծանր է լինելու մեր գործը: Թշնամին շատ հզոր է, բայց ամեն տեսակ դիմադրություն կոտրելու, վերջին պատվարները քանդելու և Միջերկիրը Խավարի մեջ խեղդելու համար նրան մի բան է պակասում՝ Համիշխանության Մատանին։

Երեք Մատանիները, որոնց օգնությամբ կարելի է բարիք գործել, Էլֆերը թաքցրել են. նրա ձեռքը դրանց չի կպել և չի պղծել։ Թզուկները յոթ Մատանի ունեին. երեքը Նա խլեց, մնացածները վիշապները ոչնչացրին։ Ինը նա բաժանեց վեհատես ու հպարտ մահկանացու մարդկանց, որպեսզի ստրկացնի նրանց։ Ահա արդեն վաղուց, շատ վաղուց նրանք դարձել են Մատանեկիր Ուրվականներ, խավարի ծառաներ, նրա ամենասարսափելի սպասավորները... Այո, շատ վաղուց ապրող աշխարհում Իննյակին չեն տեսել։ Բայց ո՞վ գիտե։ Խավարը նորից տարածվում է. հնարավոր է՝ նրանք էլ ի հայտ գան, Խավարի նզովից արմատները... Մի վախեցիր: Այո, նրանց մասին չարժե խոսել նույնիսկ այստեղ՝ Հոբիթստանում, այս պայծառ առավոտ։

Այսպիսով նա տիրացել է մահկանացուներին պատկանող Իննին՝ ինը Մատանի նրա հպատակ-օգնականների մոտ են: Ինչպես նաև թզուկների Յոթը՝ ծայրահեղ դեպքում այն, ինչ մնացել է Յոթից։ Երեքը առայժմ թաքցված են, բայց դրանք նրա ինչի՞ են պետք։ Նրան Համիշխանության Մատանին է հարկավոր, նա ինքն է կռել այն, դա նրա Մատանին է, դրա մեջ է դրված նրա հնագույն զորության մեծ մասը։ Եթե այդ Մատանին գտնվի, Սաուրոնի իշխանությունը հարյուրապատիկ կուժեղանա, և նույնիսկ Երեք էլֆականները նրա իշխանությանը կենթարկվեն. դրանց օգնությամբ ամբողջ արվածը հասանելի կդառնա նրա հայացքին, և նրա ուժը անհաղթելի կդառնա։

Մենք ահավոր ժամանակների նախաշեմին ենք կանգնած։ Սաուրոնը կարծում էր, որ Համիշխանության Մատանին այլևս չկա, որ էլֆերն այն ոչնչացրել են, ինչպես և պետք էր անել։ Իսկ այժմ նա գիտի, որ Մատանին կա, որ այն գտնվել է։ Եվ նա փնտրում է այն, փնտրում է ամենուր՝ նրա միտքն ամբողջությամբ զբաղված է դրանով։ Այս Մատանին նրա մեծ հույսն է և մեր մեծ սարսափը։

― Իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ այն չեն ոչնչացրել, ― գոռաց Ֆրոդոն։ ― Եվ այդ ինչպե՞ս է թշնամին զրկվել Մատանուց, եթե ինքն այդքան հզոր է, իսկ դա էլ այդքան թանկ է նրա համար։ ― Նա Մատանին սեղմել էր ձեռքի մեջ, կարծես թե դեպի այն էին ձգվել արդեն սև մատները։

― Մատանին նրանից խլվել է հնագույն ժամանակներում, ― ասաց Գենդալֆը։ ― Այն ժամանակ էլֆերը զորեղ էին և կարողանում էին պայքարել Մեծ Խավարի դեմ: Եվ մարդիկ էլ դեռ միաբան էին նրանց հետ։ Այո, Արևմուտքի մարդիկ սատարեցին նրանց։ Վատ չէր լինի վերհիշել հին պատմության այդ գլուխը. այդ ժամանակ և արհավիրք կար, և խավարն էր վրա գալիս, բայց նրանց դեմ հառնում էր մեծ խիզախությունը, և այն ժամանակավա սխրագործությունները զուր չանցան։ Գուցե մի օր ես քեզ կպատմեմ այդ պատմությունը սկզբից մինչև վերջ, կամ դու կլսես այն ինձանից լավ իմացող որևէ մեկից։ Բայց ոչ այսօր։ Այսօր դու կիմանաս, թե Մատանին ինչպես է ընկել քեզ մոտ։ Դա առանձին պատմություն է։

Սաուրոնին գահընկեց են արել Գիլ-Գալադը՝ էլֆերի արքան և Էլենդիլը՝ Արևմուտքի տիրակալը: Նրանք երկուսն էլ զոհվեցին այդ ճակատամարտում: Էլենդիլի որդին՝ Իսիլդուրը, կտրեց Սաուրոնի մատը և Մատանին վերցրեց իրեն: Սաուրոնը փոշիացավ, և նրա հոգին հեռացավ Միջերկրից, և բազում դարեր անցան, մինչև նրա ստվերը նոր ձև ընդունեց ու սկսեց խտանալ Չարքանտառում: Իսկ Մատանին կորավ: Այն խորտակվեց Անդուինում, երբ Իսիլդուրը ճանապարհորդում էր գետի ափով դեպի հյուսիս: Հիրիկների ցածրավայրից ոչ հեռու դարանակալած լեռնային օրքերը գրեթե ամբողջությամբ ոչնչացրին նրա ջոկատը: Իսիլդուրը նետվեց ջուրը և փորձեց լողալով հեռանալ, բայց, մինչ նա մաքառում էր հոսանքի դեմ, Մատանին սահեց նրա մատից: Օրքերը տեսան նրան և նետահարեցին:

Գենդալֆը լռեց:

— Եվ այնտեղ Հիրիկների ցածրավայրից ոչ հեռու,— քիչ հետո շարունակեց նա,— Գետի մթին հորձանուտներում Մատանին երկար ժամանակով անհետացավ: Դարեր անցան, և Մատանու գոյության մասին մոռացան նույնիսկ առասպելներն ու եղելությունները: Այն, ինչ դու հիմա ինձանից իմացար, շատ քչերը գիտեն՝ նույնիսկ Իմաստունների Խորհուրդը ավելին չգիտե: Սակայն, ինչպես ինձ թվում է, ես գտել եմ այդ պատմության շարունակությունը:

Շատ դարեր հետո, և այնուամենայնիվ շատ վաղուց, Խլուտում, Մեծ Գետի ափին, մի ճարտար ու խաղաղ փոքր ժողովուրդ էր ապրում, Բրենդիդուիմյան հոբիթների նման։ Նրանք եղեգից մակույկներ էին գործում և լողում գետում, որովհետև սիրում էին գետը։ Նրանց մեջ մի պատվարժան ընտանիք կար, մեծ ու ունևոր, որի գլխավորը դաժան ու հին սովորույթների հետևորդ տատն էր։ Այդ ընտանիքից ամենաճարպիկն ու հարցախույզը Սմեագոլ անունով մեկն էր։ Նա ամեն ինչ պետք է իմանար, սուզվում էր լճափոսերը, փորփրում կանաչ բլուրների ստորոտները, հասնում մինչև ծառերի արմատները և հետզհետե դադարեց աչքերը բարձրացնել վեր, դեպի լեռների գագաթները, երկնքի մեջ խրված ծառերի սաղարթներն ու ծաղիկները։ Նրա հայացքը հողին էր գամված։

Նա Դեագոլ անունով մի բարեկամ ուներ, նույնքան սրատես, բայց պակաս ուժեղ, խորամանկ ու ժիր։ Մի անգամ նրանք նավակով լողացին դեպի Հիրիկների դաշտավայրը, մտան մանուշակագույն հիրիկների մեջ ու հասան մինչև փարթամ շամբերը։ Սմեագոլը թռավ ափ ու գնաց մարգագետին, իսկ Դեագոլը նավակում մնաց և սկսեց ձուկ որսալ։ Հանկարծ մի մեծ ձուկ խայծը կուլ տվեց և նրան էլ իր հետ ձգելով՝ քաշեց ջրի տակ։ Հատակին ինչ-որ փայլուն բան նկատելով՝ նա կարթաթելը բաց թողեց, որքան կարելի էր շատ օդ ներքաշեց, սուզվեց ջրի խորքն ու բռով վերցրեց։ Նա դուրս լողաց մի բուռ տիղմ ձեռքում, շնչեց ու լողաց դեպի ափ։ Ափին ձեռքը մտցրեց ջրի մեջ, ցեխը լվաց և՝ այ քեզ բան, ափի մեջ հիասքանչ ոսկե մատանի մնաց: Այն զարմանալի շողշողում էր արևի տակ, և Դեագոլը հիացած նայում էր։ Հետևից անլսելի մոտեցավ Սմեագոլը։

― Տուր այն մեզ, փոքրիկ Դեագոլ, ― ասաց Սմեագոլը՝ բարեկամի ուսի վրայից նայելով։

― Էդ Ինչո՞ւ, ― զարմացավ Դեագոլը։

― Դե, որովհետև այսօր մեր ծննդյան օրն է, սիրելիս, և մենք ուզում ենք նվեր ստանալ, ― պատասխանեց Սմեագոլը։

― Մի սրան նայեք, ― ասաց Դեագոլը։ ― Այսօր դու արդեն ինձանից նվեր ստացել ես, կարծում եմ՝ բողոքավոր չես։ Իսկ սա ես ինձ համար եմ գտել։

― Ախր ոնց թե, սիրելիս, ի՞նչ ես ասում, մի՞թե հենց այդպես, ― մռթմռթաց Սմեագոլը, մատներով բռնեց Դեագոլի կոկորդն ու խեղդեց նրան։ Մատանին շատ սիրուն էր ու վառվռուն։

Նա վերցրեց Մատանին ու հագավ մատին։

Ոչ ոք չիմացավ, թե ինչ պատահեց Դեագոլին. նա մահն ընդունեց տնից հեռու տեղում, ու նրա մարմինը խորամանկորեն թաքցվեց։ Իսկ Սմեագոլը մենակ վերադարձավ տուն և հայտնաբերեց, որ երբ Մատանին մատին է, ոչ ոքի աչքին չի երևում։ Անհետանալը շատ դուր եկավ նրան. քի՞չ բան կարելի էր անել այդ ձևով, և նա շատ բան արեց։ Նա սկսեց թաքուն դիտել, լսել սրան-նրան և նողկալիություններ անել։ Մատանին նրան օժտել էր իշխանությամբ՝ թեև փոքր, իր չափերին ու խելքին համապատասխան, բայց իշխանությամբ։ Ազգուտակը սկսեց նրան ատել՝ բոլորը խրտնում էին նրանից (երբ նա անտեսանելի չէր), մոտիկները խույս էին տալիս, փախչում։ Երբ տեսնում էին նրան, աքացի էին տալիս, իսկ նա կծում էր։ Ժամանակի ընթացքում նա ճարպիկ գող դարձավ, և քայլելուց մշտապես քթի տակ կատաղած գռմռում էր. գոլլում, գոլլում, գոլլում... Դրա համար էլ նրան անվանեցին Գոլլում ու սկսեցին անիծել: Նրանից բոլորը զզվում էին ու վռնդում, ի վերջո տատիկն արգելեց վերադառնալ որջ։

Այդ օրվանից նա մենակ թափառում էր, թնկթնկում, գռմռում, փնթփնթում, և ինքն իրեն գանգատվում, թե ինչ չարն են բոլորը։ Լալով ու բողոքելով, նա հասավ լեռնային մի սառը վտակի ու սկսեց հոսանքով վեր բարձրանալ։ Անտեսանելի մատներով նա ձուկ էր որսում ու կենդանի կուլ տալիս։ Մի շատ շոգ օր, երբ կռացել էր ջրափոսի վրա, ծոծրակին այրոցք զգաց, իսկ ջրի անտանելի փայլից աչքերը կուրացան։ Դա նրան շատ զարմացրեց, ախր բոլորովին մոռացել էր, որ աշխարհում արև գոյություն ունի։ Իսկ երբ հիշեց, բարձրացրեց բռունցքն ու սպառնաց արևին։

Հետո հայացքն ընկավ Մշուշապատ Լեռների գագաթներին, որտեղից հոսում էր վտակը։ Եվ հանկարծ հասկացավ. «Ախ, ինչ զով ու մութ կլինի այդ ժայռերի խորքում... Այնտեղ արևի աչքից հեռու կլինենք։ Լեռների արմատներն էլ իրենց գաղտնիքներն ունեն, և այդ գաղտնիքները միայն մենք կիմանանք»։

Երբ գիշեր եկավ, նա բարձրացավ լեռները, գտավ քարանձավը, որից ծորում էր մութ հոսանքը, որդի նման սողոսկեց քարակերտ խորքն ու երկար ժամանակով անհայտացավ երկրի երեսից։ Եվ անապական խավարը Գոլլումի հետ միասին կլանեց նաև Մատանին, այնպես որ նույնիսկ նա, ով կռել էր այդ Մատանին, թեպետ նորից հզոր էր դարձել, բայց նրա հետագա ճակատագրի մասին ոչ մի տեղեկություն չուներ։

― Սպասիր, ասացիր Գոլլո՞ւմ, ― ճչաց Ֆրոդոն, ― ինչպե՞ս թե՝ Գոլլում։ Դա ինչ է, նույն այն զզվանքն է, որին հանդիպել էր Բիլբո՞ն։ Ի՜նչ գարշելի է...

― Իմ կարծիքով, դա ոչ թե գարշելի է, այլ ողբալի, ― առարկեց հրաշագործը, ― Չէ՞ որ այդպիսի բան կարող էր հոբիթներից որևէ մեկին էլ պատահել։

― Ոչ մի կերպ չեմ կարող հավատալ, որ Գոլլումը հոբիթներին ազգակից է, ― կտրեց Ֆրոդոն։ ― Դա չի կարող պատահել։

― Սակայն սա զուտ ճշմարտություն է, ― նկատեց Գենդալֆը։ ― Ի՜նչ-ինչ, բայց հոբիթների ծագման մասին ես ավելի շատ գիտեմ, քան դուք ինքներդ։ Նույնիսկ Բիլբոյի պատմածից ազգակցական կապը լիովին ակներև է։ Նա և Գոլլումը շատ բաների մասին միատեսակ էին դատում և շատ բաներ միանման ընկալում։ Իսկ միմյանց հասկանում էին կես խոսքից, շատ ավելի լավ, քան հոբիթը կհասկանա, ասենք՝ թզուկին, օրքին կամ նույնիսկ էլֆին։ Հիշո՞ւմ ես, նրանց հանելուկներն ուղղակի ընդհանուր էին։

― Դա ճիշտ է, ― համաձայնեց Ֆրոդոն։ ― Սակայն միայն հոբիթները չէ, որ հանելուկներ են լուծում ու դրանք բոլորն էլ, ընդհանուր առմամբ, նման են։ Հոբիթները երբեք խաբեբայությամբ չեն զբաղվում, իսկ Գոլլումը միայն այդ էր անում։ Չէ՞ որ այդ խաղը հորինեց, որ կարողանա հարմար պահը որսալ ու Բիլբոյին հանկարծակիի բերել։ Նրա համար շատ հաճելի խաղ էր ստացվում. կշահի՝ ուտելու բան կունենա, կտարվի՝ մեծ դժբախտություն չէ։

― Վախենում եմ, որ այդպես էլ եղել է, ― ասաց Գենդալֆը։ ― Բայց մի ուրիշ բան էլ է եղել, որը առայժմ դու չըմբռնեցիր։ Նույնիսկ Գոլլումը ամբողջապես կորած էակ չէ։ Նա որոշ մարդկանցից ավելի ամուր դուրս եկավ, ինչքան չլինի հոբիթներին ազգակից է։ Նրա հոգում նվիրական մի անկյուն էր մնացել, որտեղ Մատանին չէր թափանցել, և այնտեղ, ինչպես ճեղքից մութ քարանձավ, աղոտ լույս էր թափանցում՝ անցյալից եկող լույս։ Եվ, ըստ երևույթին, նրան հաճելի էր լսել այդ ձայնը, քամու և ծառերի, արևով ողողված խոտի և շատ ու շատ այլ մոռացված բաների մասին հիշեցնող այդ բարի ձայնը։

Բայց դե, իհարկե, վերջիվերջո սև անհաղթահարելի չարությունը նորից կատաղի բորբոքվեց նրա մեջ: Եվ միշտ էլ այդպես կլինի, եթե այդ հիվանդությունը վերջնականապես չամոքվի։ ― Գենդալֆը հառաչեց։ ― Ավա՜ղ... Նրա համար քիչ հույս կա։ Բայց այնուամենայնիվ կա, նույնիսկ նրա համար, չնայած շատ երկար է տիրել Մատանուն, այնքան երկար, որ ինքն էլ չի հիշում, թե երբվանից։ Ճիշտ է, նա հազվադեպ էր հագնում այն՝ անթափանց խավարում ինչի՞ն էր պետք։ Դրա համար էլ չէր «հալվել»։ Տաշեղի պես բարակ էր, սակայն մկանուտ ու դիմացկուն։ Թեև հոգին Մատանին մաշել էր, և կորստի ցավը անտանելի էր։

Իսկ լեռների ընդերքում թաքնված «խոր գաղտնիքները» սև դատարկություն դարձան նրա համար. ոչ մի բան չկար հայտնաբերելու, հոտոտելու, էլ ինչի՞ համար ապրել։ Միայն գողունի սնունդ ճարիր, հիշիր հին վիրավորանքներն ու նորերը հնարիր։ Ողորմելի էր նրա կյանքը։ Նա ատում էր խավարը, իսկ լույսն՝ ավելի, նա ատում էր ամեն ինչ, իսկ ամենից ավելի՝ Մատանին։

― Այդ ինչպե՞ս, ― զարմացավ Ֆրոդոն։ ― Չէ որ Մատանին նրա «սքանչելին» էր, նա միայն դրա մասին էր մտածում... Իսկ եթե ատում էր, ինչո՞ւ չէր շպրտում։

― Դու արդեն շատ բան ես լսել, Ֆրոդո, և ժամանակն է, որ հասկանաս, ― ասաց Գենդալֆը։ ― Նա Մատանին և՛ ատում էր, և՛ սիրում, ինչպես սիրում ու ատում էր ինքն իրեն։ Իսկ ազատվել նրանից չէր կարողանում։ Այդքան կամք չուներ։ Համիշխանության Մատանին, Ֆրոդո, ինքն իր պահակն է։ Մատանին կարող է դավաճանորեն սահել մատից, իսկ տերը երբեք չի գցի այն։ Կարող է պատահել, իհարկե, համարյա կատակով, որևէ մեկին պահ տա, այն էլ սկզբում, քանի դեռ Մատանին տիրոջից կառչած չէ։ Որքան ինձ հայտնի է, միայն Բիլբոն է վճռել հանձնել Մատանին և հանձնել է։ Այն էլ ո՛չ առանց իմ օգնության։ Բայց նույնիսկ Բիլբոն Մատանին չէր թողնի բախտի քմահաճույքին, չէր գցի այն։ Ոչ, Ֆրոդո, հարցը ոչ թե Գոլլումն էր որոշում, այլ Մատանին ինքը։ Եվ վճռեց։

― Ի՞նչ է, վճռեց Գոլլումին փոխարինել Բիլբոյո՞վ, ― քմծիծաղեց Ֆրոդոն։ ― Ավելի լավ չէ՞ր լինի գլորվել որևէ օրքի մոտ։

― Դա շատ զարմանալի դեպք է,― ասաց Գենդալֆը,― և կատակդ բոլորովին էլ ծիծաղելի չէ։ Այո, դու զարմանում ես, որ Բիլբոն հենց պետք եկած ժամանակ հայտնվեց այնտեղ, պատահաբար ափլփեց խավարում ու գտավ... Բայց դա պատահականություն չէր, Ֆրոդո, Մատանին ուզում էր վերադառնալ իր Տիրակալի մոտ: Այն դավաճանեց Իսիլդուրին և սահեց նրա մատից: Իսկ հետո, երբ հնարավորություն ընձեռնվեց, անմիջապես կառչեց խեղճ Դեագոլից, իսկ վերջինս իր գտածոյի համար կյանքով հատուցեց։ Եվ վերջապես՝ Գոլլումը։ Գոլլումին այն ամբողջությամբ կուլ տվեց, բայց հետո ի՞նչ... Նա մանրախնդիր էր ու ողորմելի, և քանի Մատանին մոտն էր, ոչ մի դեպքում չէր լքի իր լճակը։ Դրա համար էլ, երբ Մատանու իսկական տիրակալը ուժ հավաքեց և իր սև մտքերով ձգվեց Մատանու հետևից, այն Գոլլումին լքեց։ Սակայն Մատանին գտավ ոչ թե օրք, ոչ թե թրոլ, ոչ թե մարդ, այլ հոբիթստանցի Բիլբոն։

Կարծում եմ, դա պատահել է Թշնամու կամքին հակառակ։ Ըստ երևույթին, այդպես էր վիճակված, որ Մատանին գտնի ոչ այլ ոք, այլ հատկապես Բիլբոն: Ստացվում է, որ քեզ էլ վիճակված էր այն ժառանգելը։ Դա ինձ մի փոքր հույսի նշույլ է տալիս։

― Իսկ ինձ չի տալիս, ― առարկեց Ֆրոդոն։ ― Չնայած, ճիշտն ասած, ես քեզ այնքան էլ լավ չեմ հասկանում։ Ավելի լավ է ասես, թե ինչպես ես այդ ամենն իմացել Մատանու ու Գոլլումի մասին։ Թե՞ դրանք ուղղակի ենթադրություններ են, և դու խելքը գլխին ոչինչ չգիտես։

Գենդալֆը նայեց Ֆրոդոյին ու նրա աչքերը փայլեցին։

― Ես առաջ էլ որոշ բան գիտեի, իսկ հիմա շատ բան պարզեցի, ― ասաց նա։ ― Բայց չեմ պատրաստվում քեզ իմ բոլոր որոնումների մասին զեկուցել։ Էլենդիլի, Իսլիդուրի և Համիշխանության Մատանու պատմությունը գիտեն բոլոր Իմաստունները: Թեկուզ միայն կրակե մակագրությունն էլ բավական է համոզվելու համար, որ քո Մատանին Համիշխանության Մատանին է, թեև այլ ապացույներ էլ կան...

― Իսկ դու ե՞րբ հայտնաբերեցիր դա, ― ընդհատեց նրան Ֆրոդոն։

― Քո աչքի առաջ, քո հյուրասենյակում, ― չոր պատասխանեց հրաշագործը։ ― Բայց ես նախապես գիտեի, որ դա պարզելու եմ։ Շատ եմ ճանապարհորդել և շատ երկար եմ փնտրել, իսկ դա իմ վերջին փորձությունն էր, վերջին ապացույցը, և հիմա ամեն ինչ պարզ է։ Հեշտ չէր պարզաբանելը, թե ինչ կապ ունի այստեղ Գոլլումը և ինչպես է խցկվել այդ հնադարյան արյունոտ պատմության մեջ՝ այդ պարզելու համար շատ եմ չարչարվել։ Սկսել եմ ենթադրություններից, բայց հիմա դրանք այլևս ենթադրություններ չեն։ Գիտեմ, որ այդպես է եղել։ Տեսել եմ նրան։

― Գոլլումի՞ն ես տեսել, ― անմիջապես բացականչեց Ֆրոդոն։

― Այո, տեսել եմ։ Վաղուց էի նրան փնտրում: Առանց նրա համոզվել չէի կարող, դա պարզից էլ պարզ է։ Բայց նրան հասնելն այնքան էլ հեշտ չէր։

― Իսկ ի՞նչ եղավ նրան հետագայում, Բիլբոյի փախուստից հետո... Դու գիտե՞ս։

― Շատ աղոտ։ Ինչը որ քեզ պատմեցի, Գոլլումն էր ինձ պատմել, չնայած նա, իհարկե, հո այդպես չէր պատմել։ Գոլլումը սոսկալի ստախոս է, և նրա յուրաքանչյուր խոսքը հարկավոր է լինում զտել։ Օրինակ, Մատանին նրա մոտ այդպես էլ մնում է «ծննդյան օրվա նվեր», իբրև թե տատիկից, որն, իբր, այդպիսի զրտի-պրտի զարդեղեն շատ է ունեցել։ Հիմա՜ր մոգոնվածք։ Իհարկե, Սմեագոլի տատը ազդեցիկ ու տնտես կին է եղել, բայց որ նրա տնտեսության մեջ Համիշխանության Մատանիներ գտնվեին՝ դա հազիվ թե, էլ ո՜ւր մնաց, որ ծննդյան տոներին նվիրեր թոռներին։ Սակայն սուտը՝ սուտ, բայց այնուամենայնիվ ճշմարտություն կա, թեպետ և շուռ տված։ Գոլլումը ոչ մի կերպ չէր կարողանում մոռանալ, որ սպանել է Դեագոլին և ամբողջ ուժով պաշտպանվում էր սեփական հիշողությունից. մթության մեջ սև ոսկորներ էր կրծում, միևնույն սուտը իր «սքանչելիին» կրկնելով այնքան, մինչև ինքն էլ համարյա լրիվ հավատաց դրան։ Չէ՞ որ իսկապես այն ժամանակ նրա ծննդյան օրն էր, և Դեագոլը պետք է Մատանին իրեն նվիրեր։ Դրա համար էլ այն գտնվեց։ Դա ծննդյան օրվա ամենաիսկական նվեր է և այլն և այլն։ Ես ամեն կերպ համբերում էի, դիմանում նրա անկապ շատախոսությանը, որովհետև հարկավոր էր պարզել եղելությունը, բայց վերջում ստիպված եղա խիստ վարվել... ես նրան սպառնացի կրակով և, վերջապես, ամեն ինչ պատմեց այնպես, ինչպես եղել էր՝ տեղը տեղին, արցունք ու փսլինք թափելով։ Ես նրանից դուրս քաշեցի և հանելուկների, և Բիլբոյի փախուստի մասին եղածը, բայց այ դրանից հետո նա ասես համր կտրեց և միայն երբեմն-երբեմն լացախառն մութ ակնարկներ էր անում։ Երևում էր, ինչ-որ բանի սարսափը նրա լեզուն կաշկանդում էր, ու ես չկարողացա ոչինչ անել։ Նա լացակումած մռթմռթում էր, որ ոչ ոքի չի զիջի և ոմն մեկը դեռ կիմանա, թե ինչ է նշանակում իրեն ոտնահարել, խաբել ու թալանել։ Այժմ Գոլլումն այնքան լավ, հրաշալի բարեկամներ ունի, և նրանք, ում որ պետքն է, շատ լավ էլ ցույց կտան, թե օրքի ձեռքն ինչ թափ ունի։ Վերջիններս նրան կօգնեն, իսկ ավազակ Բեգինսը դեռ պատասխան կտա։ Նա դեռ պատասխան կտա ու գլխին կխփի, անընդհատ մռթմռթում էր Գոլլումը։ Նա ահավոր ատում է Բիլբոյին ու սարսափելի անիծում։ Բայց առավել վատն այն է, որ նա գիտե, թե ով է Բիլբոն ու որտեղից է հայտնվել։

― Ախր նրան ո՞վ է ասել, ― հուզվեց Ֆրոդոն։

― Դե եթե գործը դրան հասնի, ապա Բիլբոն ինքն է հիմարաբար ներկայացել նրան, իսկ այդքանից հետո դժվար չէ պարզելը, թե նա որտեղից է հայտնվել՝ միայն թե դուրս սողա։ Եվ Գոլլումը դուրս է սողացել, համա՜ թե դուրս է սողացել։ Մատանու կարոտն անտանելի էր, այդ կարոտը գերազանցեց օրքերի նկատմամբ տածած սարսափը և նույնիսկ նրա արևավախությունը։ Տխրեց նա մեկ կամ, գուցե, երկու տարի։ Հասկանո՞ւմ ես, թեպետ Մատանու կորուստը տանջում էր նրան, բայց արդեն չէր հյուծում, ինչպես առաջներում, և քիչ սկսեց կենդանանալ։ Ծերությունը ճնշում էր նրան, սարսափելի ճնշում էր, բայց մշտական զգուշությունն անցել էր, դրան գումարած նաև, որ մահվան չափ սոված էր։ Լույսը՝ լուսնի, թե արևի, նրա համար անտանելի ու ատելի էր։ Սա արդեն երևի այդպես էլ կմնա մինչև կյանքի վերջը, իսկ խորամանկության ու ճարպկության համար ձեռքը գրպանը տանելու կարիք չունի։ Նա հասկացավ, որ կարելի է քողարկվել և՛ արևի, և՛ լուսի լույսից, կարելի է արագ ու անաղմուկ դուրս գալ մութ գիշերով, երբ խավարի մեջ տեսնում են միայն նրա սպիտակավուն աչքերը, և որսալ փոքրիկ ու անզգույշ գազանիկների։ Քամին նրան թարմացրեց, սկսեց կուշտ ուտել, դրա համար էլ ավելի ուժեղ ու համարձակ դարձավ։ Չարքանտառը հեռու չէր, և շուտով նա հասավ այնտեղ, ինչպես և պետք էր սպասել։

― Այնտեղ էլ դու նրան հանդիպեցի՞ր, ― հարցրեց Ֆրոդոն։

― Այնտեղ էլ տեսա նրան, ― պատասխանեց Գենդալֆը, ― բայց նա միանգամից չէր ընկել այնտեղ, սկզբում գնացել էր Բիլբոյի հետքերով։ Իսկ հետո... Պատկերացրու, այդպես էլ մի կարգին չգիտեմ, թե ինչ է եղել հետո. նա ինչ-որ անհեթեթություններ էր դուրս տալիս՝ հայհոյանքներից ու սպառնալիքներից շնչակտուր լինելով։ «Ինչ կար նրա գրպանում, ― մռթմռթում էր նա։ ― Չէ, գլխի չընկա, որ նրա մոտ, նրա գրպանում, Սքանչելին էր։ Օ՛ձ, օ՛ձ, օ՛ձի ճուտ։ Անասնիվ հարց, անասնիվ։ Նա խարդախություն արեց, նա, այլ ոչ թե ես, նա կանոնները խախտեց։ Պետք էր իսկույն նրան խեղդել, ճի՞շտ է, իմ սքանչելի... Ոչինչ, իմ սքանչելի, ոչինչ, դեռ կխեղդենք»։

Եվ այդպես անվերջ։ Դու ահա արդեն կնճռոտում ես դեմքդ, իսկ ես օրերով դիմանում էի դրան, առավոտից մինչև երեկո։ Բայց դե իզուր չէր։ Նրա բերանից թռցրած որոշ բառերից այնուամենայնիվ հասկացա, որ նա ճլմփացրել է մինչև Էսգարոթ, աչք է ածել ու ականջը կախ պահել քաղաքի փողոցներում։ Ոչինչ չես կարող անել. մեծամեծ դեպքերի մասին նորությունները թնդում էին Վայրի Երկրում, բոլորը միայն Բիլբոյի մասին էին խոսում՝ միահյուսելով եղածն ու չեղածը։ Իսկ վերադարձի ճանապարհին մենք էլ չէինք թաքնվում։ Գոլլումն ականջները սրել, արագորեն ինչ իրեն հարկավոր էր լսել ու հասկացել էր։

― Ինչո՞ւ այն ժամանակ նա մինչև վերջ չհետևեց Բիլբոյին, ― հարցրեց Ֆրոդոն, ― թե՞ եղել է մեզ մոտ, Հոբիթստանում։

― Այ հենց բանն էլ այդ է, որ չի եղել, ― ասաց Գենդալֆը։ ― Ձեզ մոտ ուզեցել է գալ, լքել է Դեյլը, հասել է մինչև Մեծ Գետը և, չգիտես ինչու, հանկարծ շուռ եկել։ Ճանապարհի հեռավորությունից հազիվ թե վախենար, նա այդպիսիններից չէ։ Ոչ, ինչ-որ բան նրան ճանապարհից շեղել է։ Եվ իմ բարեկամները, որոնք բռնել էին նրան ինձ համար, նույն կարծիքին էին։

Առաջինը անտառի էլֆերը բացահայտեցին նրա թարմ հետքերը։ Դրանք ամբողջությամբ հատում էին Չարքանտառը և հետ դառնում: Ճիշտ է, Գոլլումին բռնել էլֆերին չհաջողվեց, թեև անտառը լի էր նրա մասին զզվելի հիշողություններով, բոլոր գազանիկներն ու թռչունները սարսափահար էին եղել։ Ասում էին, որ նոր հրեշ է հայտնվել՝ արյունախում-ուրվական, որից ձագուկները փրկություն չունեն ո՛չ ծառերի վրա, ո՛չ բներում: Չարքանտառի արևմտյան ծայրից հետքը հետ էր շրջվում, հետո գալարվելով գնում էր հարավ, անտառից դուրս գալիս ու կորչում։ Այ այստեղ էլ ես մեծ սխալ թույլ տվեցի։ Այո, Ֆրոդո, մեծ սխալ, և ո՛չ առաջինը, բայց վախենում եմ, որ դա ամենավտանգավորը լինի։ Ես դադարեցի նրան փնտրել՝ թող ուր ուզում է գնա։ Մի կույտ անհետաձգելի գործեր ունեի և առաջվա պես հավատում էի Սարումանի իմաստությանը։

Այդ ժամանակվանից անցել է կես դարից ավելի, ու ես իմ սխալի պատճառով սև, ծանր օրեր ապրեցի։ Երբ հասկացա, որ Գոլլումն ինձ խիստ անհրաժեշտ է, իսկ դա Բիլբոյի մեկնելուց հետո էր, նրա հետքը շատ վաղուց արդեն կորել էր։ Հազիվ թե ես Գոլլումին գտնեի, բայց ինձ օգնության եկավ Արագորն անունով հավատարիմ բարեկամս, մեր ժամանակների լավագույն հետքագետն ու որսորդը։ Նրա հետ միասին տակնուվրա արեցինք ողջ Խլուտը, առանձնապես հույս չտածելով։ Եվ երբ հուսահատված որոշեցի վերջ տալ որոնումներին, հանկարծ Գոլլումը գտնվեց։ Բարեկամս համարյա հրաշքով վերադարձավ մահացու վտանգավոր ճանապարհորդությունից և նրան քարշ տալով բերեց իր հետ։

Թե ուր էր անհետացել Գոլլումը, այդպես էլ գաղտնիք մնաց։ Նա արցունք էր հեղում, մեզ գարշելի ու դաժան էր անվանում, իսկ կոկորդում կլթկլթում էր. «գոլլլլում», «գոլլլլում»: Իզուր չէ, որ այդպես են անվանել նրան։ Նույնիսկ կրակի սպառնալիքի տակ նա միայն հեծկլտում էր, կուչ գալիս, կոտրտում երկար ձեռքերն ու լիզում մատները, կարծես դրանք այրված էին, ասես դրանք նրան հիշեցնում էին ինչ-որ վաղեմի դաժան տանջահարության մասին։ Նա ոչինչ չասաց, բայց վախենում եմ, որ դանդաղ, քայլ առ քայլ, ծածուկ հասել է հարավ և ընկել Մորդոր։

Սենյակը սուզվեց ծանր լռության մեջ, և Ֆրոդոն լսեց, թե ինչպես է տկտկում իր սիրտը։ Դրսում նույնպես ամեն ինչ կարծես մեռավ, նույնիսկ Սեմի մկրատը դադարեց չխկալուց։

― Այո, Մորդոր, ― կրկնեց Գենդալֆը։ ― Դե հասկանալի է, Մորդորը ամեն տեսակ չարության ու նախանձի ապաստարան է, և բոլոր չարագործներին այնտեղ է հավաքում Սև Տիրակալը։ Չէ՞ որ Թշնամու Մատանին աղավաղել էր Գոլլումի հոգին, ու նա հլու հնազանդ էր նրա համառ կանչին։ Բացի դրանից, բոլորն էին փսփսում այն մասին, որ Մորդորը նորից պարուրված է խավարով և որ այնտեղ մոլեգնում է հեղձուկ ու դաժան ատելությունը։ Եվ Գոլլում մտածում էր, որ այնտեղ, միայն այնտեղ էին նրա իսկական բարեկամները. հենց նրանք էլ կօգնեին իրեն վրեժը լուծելու։ Դժբախտ հիմար... Այո, նա հասել է Մորդոր և շատ բան է իմացել, նույնիսկ չափազանց շատ։ Նա երկար թափառել է այդ սարսափելի երկրի սահմանների մոտ, մինչև որ բռնվել է և ենթարկվել օտարների համար պարտադիր հարցաքննության։ Արագորնը Գոլլումին որսացել է, երբ վերջինս երկար ժամանակ այնտեղ մնալուց հետո վերադառնալիս է եղել։ Գուցե նրան ուղարկել են, կամ ինքն է որևէ նողկալի բան մտածել։ Մի խոսքով, դա չէ կարևորը, կարևորն այն է, որ չարիքն արդեն կատարված է։ Քանզի Թշնամին նրանից իմացել է, որ Համիշխանության Մատանին գտնվել է։ Հայտնի է, թե Մատանին որտեղ է Գոլլումի ձեռքն ընկել։ Հայտնի է, որ դա Մեծ Մատանին է, որը երկարացնում է տիրոջ կյանքը։ Հասկանալի է, որ դա Երեք էլֆական մատանիներից մեկը չէ, էլֆերը դրան պահպանել են, և դրանց մեջ չարություն չկա, դրանք մաքուր են։ Հասկանալի է, որ դա թզուկների Յոթ մատանիներից մեկը չէ, և ոչ էլ Ինը ուրվականների մատանիներից մեկը՝ դրանց ճակատագրերը հայտնի են։ Թշնամին հասկացել է, որ այդ Մատանին հենց Համիշխանության Մատանին է։ Եվ, դրան էլ ավելացրած՝ իմացել է հոբիթների ու Հոբիթստանի մասին։ Հնարավոր է, որ նա հիմա փնտրում է Հոբիթստանը, եթե արդեն չի գտել։ Եվ թող հայտնի լինի քեզ, Ֆրոդո, որ ձեր տոհմի անունը նույնպես մնացած ամեն ինչի հետ ջրի երես է դուրս եկել։

― Բայց չէ՞ որ դա սարսափելի է, ― ճչաց Ֆրոդոն։ ― Սարսափելիից էլ սարսափելի, նույնիսկ տհաճ ակնարկներն ու մշուշապատ զգուշացումներն ինձ այդպես չէին վախեցնում։ Գենդա՛լֆ, օ՛ Գենդա՜լֆ, իմ հուսալի բարեկամ, ի՞նչ անեմ ես... Այ հիմա իսկապես սարսափում եմ։ Ասա՛, Գենդալֆ, ես ի՞նչ անեմ... Այնուամենայնիվ, ի՜նչ ափսոս է, որ Բիլբոն այդ սրիկային չի դաշունահարել այն ժամանակ, երբ այդքան հարմար առիթ կար։

― Ասում ես՝ ափսո՞ս։ Ախր հենց այդ ափսոսանքն է հետ պահել նրա ձեռքը, ափսոսանքն ու գութը՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության սպանել չի կարելի։ Եվ դրա դիմաց, իմ բարեկամ Ֆրոդո, նա փոքր հատուցում չի ստացել։ Իզուր չէ, որ նա չարի կամակատար չի դարձել, իզուր չէ, որ փրկվել է՝ և բոլորը նրա համար, որ խղճից է սկսել...

― Ներիր, ― ասաց Ֆրոդոն,— ուղղակի շատ վախեցա։ Սարսափը պատել է ինձ, բայց, միևնույնն է, Գոլլումին խղճալը հիմարություն է։

― Դու նրան չես տեսել, ― ասաց Գենդալֆը։

― Չեմ տեսել և չեմ էլ ուզում տեսնել, ― կտրեց Ֆրոդոն։ ― Իսկ քեզ պարզապես չեմ հասկանում։ Մի՞թե դու, էլֆերը և չգիտեմ էլ ովքեր, մի՞թե դուք խնայեցիք Գոլլումին նրա բոլոր սև գործերից հետո։ Ախր նա օրքից վատն է և նույնիսկ թշնամի է։ Նա արժանի է մահվան։

― Արժանին՝ արժանի է, խոսք չկա։ Ե՛վ նա, և՛ շատ ուրիշները, որոնք շարունակում են ապրել, չնայած ամեն ինչին։ Իսկ հապա մի հաշվիր այնպիսիներին, որոնք պետք է ապրեին ու հա ապրեին, բայց մեռած են։ Կարո՞ղ ես նրանց հարություն տալ, որպեսզի ամեն մեկն ըստ արժանվույնն ստանա։ Քանի որ ոչ՝ ուրեմն և մի շտապիր ոչ ոքի մահվան դատապարտել արդարության անունից, մանավանդ, որ սեփական կաշիդ փրկելու համար ես այդպես անում։ Նույնիսկ ամենաիմաստուններն անկարող են ամեն ինչ կանխատեսել։ Գոլլումի ուղղվելու հույսը փոքր է, շատ փոքր, բայց ո՞վ կարող է երաշխավորել, թե այն բոլորովին չկա։ Նրա ճակատագիրը միահյուսված է Մատանու ճակատագրին, և իմ սիրտը վկայում է, որ, դեռևս չգիտեմ ի չարը, թե ի բարին, ինչ-որ բանի համար նա պետք է գալու։ Օրհասական ժամին Բիլբոյի գթասրտությունը կարող է շատերի փրկության գրավականը դառնալ, ի դեպ նաև՝ քո։ Այո, մենք նրան խնայեցինք՝ նա ծեր է և խղճուկ, և այդպիսիններին չեն դատապարտում։ Նա անտառային էլֆերի մոտ բանտարկված մնաց, հուսով եմ, այնտեղ նրա հետ մեղմ են վարվում։

― Եվ այնուամենայնիվ, ― ասաց Ֆրոդոն, ― եթե նույնիսկ Բիլբոն չկարողացավ սպանել նրան, ավելի լավ կլիներ Մատանին չվերցներ իրեն։ Իսկ գլխավորը՝ ի՞նձ ինչու հասավ այն։ Չէ որ ես այս բոլորի հետ ոչ մի կապ չունեմ։ Ինչո՞ւ դու ինձնից չվերցրիր, ինչո՞ւ չստիպեցիր դեն նետել կամ ջարդուփշուր անել։

― Նետե՜լ, ջարդուփշո՜ւր անել, ― ջղայնացած կրկնեց հրաշագործը։ ― Ի՞նչ է, իմ խոսքերը ականջներիդ կողքով բա՞ց թողեցիր։ Խոսելուց առաջ մտածիր։ Նետել այն կարելի է միայն անխելքության հետևանքով։ Կախարդական Մատանիներն անհետ չեն կորչում. ժամանակի ընթացքում նրանք վերադառնում են կյանք, և ի՞նչ իմանաս ով կգտնի, ինքդ մտածիր։ Չէ՞ որ Մատանին կարող է ընկնել Թշնամու ձեռքը. նա Մատանուն դեպի իրեն է ձգում հզոր, տառապալից ջանքերով։ Այո, սիրելի Ֆրոդո, քո գլխին մեծ վտանգ է կախված, դրա համար էլ ես անհանգիստ եմ։ Բայց նժարի վրա շատ բան է դրած, և ես որոշեցի ռիսկի դիմել: Սակայն հիշիր, որ երբ ես հեռացա, դու աչալուրջ հսկողության ու պահպանության տակ էիր։ Ես գիտեմ, որ ոչ մի անգամ Մատանին չես հագել և, ուրեմն, այն քեզ չի ստրկացրել. առայժմ՝ ոչ... Իսկ ինը տարի առաջ, մեր վերջին տեսակցության ժամանակ, ես դեռ ոչինչ կարգին չգիտեի։

― Լավ, դեն նետել չի կարելի, գոնե կարելի՞ է ջարդուփշուր անել. չէ՞ որ ինքդ ասացիր, որ վաղուց, շատ վաղուց էր պետք այդ անել, ― հուսահատված բացականչեց Ֆրոդոն։ ― Կզգուշացնեիր ինձ, որ հարկավոր է դա անել, և ես հիմա ազատված կլինեի։

― Ազատված կլինեի՞ր... Իսկ ինչպե՞ս, փորձե՞լ ես...

― Ոչ, չեմ փորձել։ Բայց դե, երևի, որևէ կերպ կարելի է ճզմել կամ հալեցնել...

― Իսկ դու փորձիր, ― ասաց Գենդալֆը։ ― Վերցրու ու փորձիր։

Ֆրոդոն նորից գրպանից հանեց Մատանին ու տնտղեց։ Այն մաքուր էր և հարթ, առանց որևէ մակագրության։ Ոսկին պայծառ փայլում էր, և Ֆրոդոն մտածեց. «ինչ հոծ ու հրաշալի ձուլվածք է, ինչ զարմանալի ողորկ է։ Զարմանալի և իսկապես թանկագին Մատանի»։ Նա հանեց այն, որ նետի կրակի մեջ, բայց հանկարծ հասկացավ, որ չի կարող այդ անել, որ ինքդ քեզ չես կոտրի։ Նա վարանմունքով ծանրութեթև էր անում Մատանին ափի մեջ՝ հիշելով Գենդալֆի չարագուշակ պատումը: Վերջապես բոլոր ուժերը հավաքեց և զգաց, որ Մատանին շուտափույթ գրպանն է մտցնում։

Գենդալֆն անուրախ ծիծաղեց։

― Ահա, տեսնո՞ւմ ես, Ֆրոդո, արդեն դու էլ չես կարողանում բաժանվել Մատանուց, ինչ մնաց կարողանաս վնասել։ Ես քեզ «ստիպել» չեմ կարող՝ թերևս միայն կոպիտ ուժով, կամքդ կոտրելով։ Իսկ Մատանին ոչ մի ուժով ջարդուփշուր չես անի։ Ինչքան ուզում ես հարվածիր դարբնոցի վեց փթանոց մուրճով՝ վրան հետք էլ չի մնա։ Դե դու ինչ, երբ ես՝ որ ես եմ, էլի դրան ոչինչ անել չեմ կարող։ Քո բուխարիկի կրակում նույնիսկ սովորական ոսկին էլ չի հալվի։ Իսկ Մատանին, դու տեսար, այն կրակի մեջ միայն թարմացավ, նույնիսկ չշիկացավ։ Եվ քո ողջ Հոբիթստանում ոչ մի այդպիսի դարբին չկա, որ կարողանա գոնե մի փոքր տափակացնել այն։ Նույնիսկ թզուկների քուրան ու մուրճը դրան չեն վնասի։ Ասում են, թե Կախարդական Մատանիները հալվում են վիշապի կրակի մեջ, բայց այսօրվա վիշապները խղճուկ արարածներ են, նրանցից ո՞րի ուժը կպատի հալել Մեծ Մատանին, որը Սաուրոնն անձամբ է կռել։

Միայն մի միջոց կա. գնալ Օրոդրուին՝ ճակատագրի լեռը, և Մատանին գցել նրա հրակեզ ընդերքը... Եթե դու իսկապես ցանկանում ես, որ այն հալվի ու հավիտյանս չհասնի Թշնամուն։

― Դե չէ, ես, իհարկե, շատ եմ ուզում, որ այն... չընկնի Թշնամու ձեռքը, ― շտապ վրա տվեց Ֆրոդոն։ ― Միայն թե թող դա անեմ ոչ ես, թող անի ուրիշ որևէ մեկը, մի՞թե իմ ուժերը կներեն այդպիսի քաջագործության համար։ Առհասարակ, ինչո՞ւ Մատանին ինձ հասավ, ես ի՞նչ կապ ունեմ։ Եվ ինչո՞ւ հատկապես ես...

― Հարցեր իրար հետևից, ― ասաց Գենդալֆը, ― իսկ քեզ ի՞նչ պատասխաններ են հարկավոր... Որ դու քաջագործության համա՞ր չես ընտրված։ Ո՛չ, ոչ քաջագործության համար։ Դու ո՛չ ուժ ունես, ո՛չ իմաստություն։ Սակայն ընտրված ես դու։ Իսկ դա նշանակում է. ստիպված կլինես դառնալ ուժեղ, իմաստուն ու քաջազուն։

― Ախր ես ինչպե՞ս... Դու, Գենդալֆ, և ուժեղ ես, և իմաստուն, վերցրո՛ւ ինձնից Մատանին, վերցրո՛ւ։

― Ո՛չ, ― ճչաց Գենդալֆն ընկրկելով։ ― Եթե ինձ օժտեն այդպիսի զորությամբ՝ այն իմ ձեռքերում հարյուրապատիկ ավելի հզոր ու սարսափելի կդառնա, իսկ ես կդառնամ նրա ամենազոր ստրուկը։ ― Նրա աչքերը փայլեցին, դեմքը լուսավորվեց ներքին կրակով։ ― Ո՛չ, մի՛ գայթակղիր ինձ: Սև Տիրակալը ահավոր է, իսկ չէ որ ես կարող եմ ավելի ահավոր դառնալ։ Մատանին գիտի դեպի իմ սիրտը տանող ճանապարհը, գիտի, որ ինձ տանջում է խղճահարությունը բոլոր թույլերի ու անպաշտպանների նկատմամբ, իսկ իր օգնությամբ՝ օ՜հ, որքան հուսալի կպաշտպանեի ես նրանց՝ որպեսզի հետո դարձնեի իմ ստրուկները։ Ես չեմ վերցնի այն պահպանության, եթե նույնիսկ խոստանամ երբեք չօգտագործել։ Ես չեմ կարող սոսկ պահապան լինել, և գայթակղությանը չեմ դիմանա: Մատանին չափազանց հարկավոր է ինձ։ Ախր առջևում դեռ այնպիսի ծանր փարձություններ են սպասվում…

Նա մոտեցավ պատուհանին և հետ քաշեց վարագույրները։ Սենյակը նորից հեղեղվեց արևով։ Պատուհանի տակով, շվշվացնելով, անցավ Սեմը։

― Ինչպես տեսնում ես, ― ասաց հրաշագործը, դեպի Ֆրոդոն շրջվելով, ― ստիպված պետք է ինքդ որոշես։ Բայց ես քեզ չեմ լքի։ ― Եվ նա ձեռքը դրեց Ֆրոդոյի ուսին։ ― Ես կօգնեմ քեզ տանելու այդ բեռը, քանի այդ բեռը քոնն է։ Միայն թե հապաղել պետք չէ։ Թշնամին ձեռքերը ծալած նստած չէ։

Երկար լռություն տիրեց։ Գենդալֆը նորից նստեց բազկաթոռին և մտքերի մեջ խորացած սկսեց ծխամորճը ֆսֆսացնել։ Աչքերը, թվում էր, փակ են, բայց կիսախուփ կոպերի տակից աչալուրջ հետևում էր Ֆրոդոյին։ Իսկ Ֆրոդոն անթարթ նայում էր բուխարիկի ալ կարմիր ածուխներին՝ կլանված ու մոռացած ամեն ինչի մասին, ու նրան թվում էր, թե անհատակ կրակի հորի մեջ է նայում։ Նա մտածում էր հինավուրց ու ահարկու Լեռան բոսոր վիհերի մասին։

― Այսպես, ― ասաց վերջապես Գենդալֆը։ ― Դե, ինչի՞ մասին ես մտածում։ Ի՞նչ որոշեցիր...

― Ոչի՛նչ, ― խուլ պատասխանեց Ֆրոդոն՝ սթափվելով ու կրակե խավարից հետ գալով։ Ի զարմանս իրեն, նա հայտնաբերեց, որ նորից նստած է լուսավոր սենյակում, իսկ պայծառ լուսամուտից այն կողմ արևավառ այգին է։ ― Ավելի ճիշտ՝ որոշեցի։ Որքանով որ քեզ հասկացա, առայժմ երևի ստիպված պիտի լինեմ Մատանին ինձ մոտ թողնել ու պահպանել այն, անկախ նրանից, թե ինչ չար կատակ կխաղա գլխիս: Ինչ լինելու է թող լինի։

― Ոչինչ էլ չի լինի, ― ասաց Գենդալֆը, ― համենայն դեպս՝ առայժմ: Դու բավական լավ ես սկսում։ Մատանին քեզ դեռ շուտ չի շեղի դեպի չարը։

― Դու դա ավելի լավ գիտես, ― ասաց Ֆրոդոն։ ― Միայն թե լավ կլիներ ավելի հուսալի պահապան գտնեիր։ Իսկ առայժմ, եթե դու ճիշտ ես, ապա ես մեծ վտանգի մեջ եմ, և իմ բարեկամներն էլ ինձ հետ։ Ըստ երևույթին, հազիվ թե ինձ հաջողվի պահպանել Մատանին և բարեկամներիս, եթե մնամ տանը… Ստիպված պետք է լինեմ լքել Բեգ-Էնդը, լքել ամեն ինչ ու հեռանալ Հոբիթստանից։ ― Նա հառաչեց։ ― Միայն թե Հոբիթստանում ամեն ինչ մնա այնպես, ինչպես եղել է, ճիշտ է, ես մեկ-մեկ հոբիթներին հիմարության համար անիծել եմ վերջին խոսքերով՝ նրանց երկրաշարժ ու վիշապների ներխուժում հղելով, բայց հիմա այդպիսի բան չեմ ցանկանում։ Ինձ թվում է, իմանալով, որ հարազատ Հոբիթստանը թիկունքումս է, որ նրան վտանգ չի սպառնում և ամեն ինչ այնտեղ առաջվա պես է, օտար հողերում դեգերելն ինձ համար փոքր ինչ ավելի հեշտ կլինի։ Կիմանամ, որ ինչ-որ տեղ դեռ ամուր ու հուսալի հողակտոր է մնացել, և ոչինչ, որ ինձ վիճակված չէ ոտք դնել այդ հողի վրա... Ես, իհարկե, առաջ էլ էի մտածում, չմեկնե՞մ արդյոք ինչ-որ տեղ, բայց մի բան է արձակուրդ, արկածներ, Բիլբոյի արկածների պես կամ նույնիսկ ավելի հետաքրքիր՝ չէ՞ որ տարբեր արկածներ են լինում և բոլորն էլ լավ են վերջանում, և բոլորովին այլ բան է թափառել անընդհատ վախը սրտումդ, մահն էլ՝ կրնկակոխ։ Եվ, ինչպես երևում է, ստիպված եմ լինելու մենակ ճանապարհորդել, եթե ինձ այդպիսի ճակատագիր է վիճակվել՝ փրկել Հոբիթստանը։ Միայն թե ես ինձ այնքան փոքր եմ զգում այդպիսի սխրագործության համար… Այնտեղ ես բոլորի համար օտար եմ և, չգիտեմ ինչպես ասեմ, նրանցից չեմ։ Իսկ Թշնամին այնպես ուժեղ է ու ահարկու։

Նա Գենդալֆին չխոստովանեց, որ մինչ խոսում էր, սրտում ցանկություն բռնկվեց Բիլբոյի հետևից գնալու՝ գուցե հանդիպի՞ նրան։ Ցանկությունն այնքան ուժեղ էր, որ վախը նահանջեց. նա, երևի թե, հենց այդպես էլ կնետվեր փախչելու, Բիլբոյի պես՝ առանց գլխարկ ու հանկարծակի։

― Սիրելի՜ Ֆրոդո, ― բացականչեց Գենդալֆը, ― այդ դու՞ ես արդյոք: Իրոք որ հոբիթները զարմանալի էակներ են։ Թվում է, թե մեկ ամսում կարելի է մինչև ուղն ու ծուծը ուսումնասիրել նրանց ու հարյուր տարի հանգստանալ: Իսկ նրանք հարյուր տարի հետո կվերցնեն ու անասելի կզարմացնեն քեզ։ Այ, թե ի՜նչ չէի սպասում՝ նույնիսկ քեզանից։ Ո՛չ, Բիլբոն չի սխալվել ժառանգորդ ընտրելիս, չնայած չի հասկացել, թե դա որքան կարևոր է։ Այո, երևում է, որ դու իսկապես ճիշտ ես։ Հոբիթստանում Մատանին երկար ժամանակ թաքցնել չի ստացվի. ստիպված ես հեռանալ և որոշ ժամանակով մոռանալ, որ դու Բեգինս ես։ Այդ անունը վտանգավոր է նաև Հոբիթստանից դուրս։ Արի ես քեզ ուրիշ անուն դնեմ։ Ասենք, Զառիթափցի: Իսկ կգնաս, այնուամենայնիվ, ո՛չ մենակ։ Քո բարեկամներից ո՞ւմ ես լիովին վստահում, նրանցից ո՞վ է ընդունակ մահացու փորձությունների դիմանալ: Հիշիր, դու նրան տանում ես մահացու վտանգներին ընդառաջ, ուստի ընտրության հարցում չսխալվես: Եվ լեզվիդ զոռ չտաս, նույնիսկ մոտիկ բարեկամներիդ մոտ... Թշնամին ամեն տեղ լրտեսներ ունի, նա ամեն ինչ լսում է։

Հրաշագործը հանկարծ լռեց ու ականջ դրեց։ Սենյակում ու այգում զրնգուն լռություն էր տիրում։ Գենդալֆը ծածուկ մոտեցավ պատուհանին, թռավ պատուհանի գոգին, երկար ձեռքը պարզեց՝ և պատուհանի մեջ, խղճալիորեն ծվծվալով հայտնվեց Սեմ Գեմջիի գանգրահեր գլուխը՝ ականջից ձգված։

― Այդպե՜ս, այդպե՜ս, մորուքս վկա, ― ասաց Գենդալֆը։ ― Սեմ Գեմջին է, հենց ինքը... Ուրեմն պատուհանի տակ... Ի՞նչ ես անում այստեղ, թույլ տուր հարցնել:

― Ի՞նչ եք ասում, տեր իմ, ի՞նչ եք ասում, պարոն Գենդալֆ, ― եռանդուն առարկեց Սեմը։ ― Ո՞ր պատուհանի տակ... Ես այդտեղ քաղհանում ու ջրում էի խոտը, տեսնո՞ւմ եք, ― և իբրև ապացույց ցույց տվեց այգեպանի մկրատը։

― Տեսնում եմ, ― մռայլ ասաց Գենդալֆը։ ― Բայց քո մկրատը վաղուց դադարել է չխկչխկալուց... Ակա՞նջ էիր դնում։

― Ի՜նչ եք ասում, պարոն։ Խոտը լրիվ չորացել է...

― Հիմարի տեղ մի դիր քեզ... Ի՞նչ ես լսել և ինչո՞ւ էիր ականջդ կախել, ― Գենդալֆի աչքերը փայլեցին, հոնքերի մազերը բիզ-բիզ կանգնեցին։

― Պարոն Ֆրոդո, գոնե դուք խոսեք, ― սարսափահար ճչաց Սեմը, ― գոնե դուք թույլ մի տվեք նրան, թե չէ մեկ էլ տեսար ինձ ինչ-որ բան դարձրեց։ Հետո արի ու իմ ծերուկին ապացուցիր, որ դա ես եմ։ Ես ոչ մի վատ բան չէի անում, ազնիվ խոսք, պարոն Ֆրոդո...

― Ոչ մի բան էլ քեզ չի դարձնի, ― Ֆրոդոն ծիծաղը հազիվ զսպեց, թեև Սեմի արարքը զարմացրել ու մտահոգել էր նրան։ ― Նա էլ ինձ նման գիտի, որ դու լսում էիր առանց չար մտքի։ Վախենալը մի վախենա, իսկ որ հարց է տալիս, պատասխանիր։

― Դե ի՞նչ, տեր իմ, ― գլուխն ուսերի մեջ քաշած խոստովանեց Սեմը։ ― Ես ահագին լսեցի, չնայած հո բոլորը չհասկացա՞. և՛ Թշնամու, և՛ Մատանու, և՛ պարոն Բիլբոյի, համ էլ վիշապների մասին, Հրամեջ լեռան, և իհարկե, էլֆերի մասին։ Բոլորովին էլ չէի ուզում լսել, բայց կտրվել չէր լինում, ինքներդ գիտեք, ինչպես է պատահաբար ստացվում։ Ախր ինձ ոչ հաց տուր, ոչ ջուր, մենակ թող էլֆերի մասին լսեմ, հետո ինչ, թե Թոդն ինչեր է ասում։ Գոնե կես աչքով դրանց տեսնեի։ Ա՜յ, տեր իմ, դուք կգնաք, դե ինձ էլ էլֆերին ցույց կտաք, հը՞...

Գենդալֆը հանկարծ ծիծաղեց։

― Հապա մի արի այստեղ, ― ասաց նա և պատուհանից ներս քաշեց ապշած Սեմին մկրատն ու բահը ձեռքին, և դրեց հատակին։ ― Ասում ես, էլֆերին ցո՞ւյց տանք քեզ, ― հարցրեց նա՝ Սեմին հայացքով զննելով ու ակամա ժպտալով։ ― Ուրեմն դու լսե՞լ ես, որ քո տերը գնում է։

― Լսել եմ, բա ո՞նց։ Այ էդտեղ էր, որ հազս կատիկս թռավ, ու դուք էլ լսեցիք։ Ախր շատ ցավալի է...

― Ի՜նչ արած, Սեմ, ― տխուր ասաց Ֆրոդոն։ Նա հանկարծ հասկացավ, որ Հոբիթստանին հրաժեշտ տալը շատ դժվար է լինելու և որ ինքը հրաժեշտ է տալիս ոչ միայն Բեգ-Էնդին։ ― Ես պետք է մեկնեմ, իսկ դու, ― նա խստությամբ նայեց Սեմին, ― եթե դու իսկապես անհանգստանում ես ինձ համար, ապա լեզուդ քեզ քաշիր, լա՞վ... Որևէ բան դուրս տվեցիր անմեղ լսածներիցդ, մեկ էլ տեսար Գենդալֆը կվերցնի քեզ պտավոր գորտ կդարձնի ու բաց կթողնի լորտուների մեջ, իսկ լորտուները, գիտես, մի բարի պտուղ չեն։

Սեմը դողաց ու ծնկի եկավ։

― Վեր կաց, Սե՛մ, ― կարգադրեց Գենդալֆը։ ― Ես ավելի սարսափելի մի բան մտածեցի: Դու ոչինչ դուրս չես տա և սրանից հետո կիմանաս, թե ինչ է նշանակում թաքուն ականջ դնել։ Ֆորդոյի հետ կգնա՞ս։

― Ե՞ս։ Տիրոջս հե՞տ, ― բացականչեց Սեմը և վեր թռավ, ինչպես շունը, որին կանչում են զբոսնելու։ ― Ե՛վ էլֆերին կտեսնեմ, և՛ դեռ շատ ուրիշ բանե՞ր էլ... Ուռռա՜...

Եվ հանկարծ լաց եղավ։

Գլուխ երրորդ. Եռյակն արդեն ընկերակցություն է

Three is company.jpg

― Դուրս գալ հարկավոր է սուսուփուս և որքան կարելի է արագ, ― մշտապես հիշեցնում էր Գենդալֆը։

Առաջին խոսակցությունից արդեն անցել էր երկու թե երեք շաբաթ, իսկ Ֆրոդոն դեռևս տեղից չէր շարժվում։

― Գիտեմ, գիտեմ, ― ասում էր Ֆրոդոն։ ― Մենակ թե դա այդքան էլ ճիշտ չէ։ Եթե ես արագ ու սուսուփուս կորչեմ, ինչպես Բիլբոն, ապա հաջորդ օրն ևեթ լուրը կթնդա ողջ Հոբիթստանում։

― Ոչ, դու Բիլբոյի պես մի գնա, ― ասաց Գենդալֆը։ ― Միայն այդ էր մեզ պակաս։ Արագ՝ այո, բայց ոչ հանկարծակի։ Մտածիր, իհարկե, թե ինչպես հեռանալ Հոբիթստանից առանց ավելորդ աղմուկի, և այնուամենայնիվ մի հապաղիր, այնպես չլինի, որ ուշանաս։

― Գուցե աշնա՞նը, մեր ընդհանուր ծննդյան օրից հետո, ― առաջարկեց Ֆրոդոն։ ― Մինչև այդ կհասցնեմ ամեն ինչ կարգավորել։

Ճիշտն ասած, այժմ, երբ բանը հասել էր գործին, լրիվ կորել էր ճամփորդելու ցանկությունը։ Բեգ-Էնդը հանկարծ դարձավ անչափ հարմարավետ, ու Ֆրոդոն ամբողջ սրտով ուրախանում էր Հոբիթստանում իր վերջին ամառով։ Իսկ աշնանը, մտածում էր նա, մեզ մոտ ձանձրալի կլինի ու սիրտս էլ, մշտականի պես, կձգտի դեպի օտար երկրներ։ Մտքում նա արդեն հաստատ որոշել էր սպասել իր հիսնամյակին և Բիլբոյի հարյուրքսանութամյակին։ Չգիտես ինչու նրան թվում էր, որ դա ամենահարմար օրն է Բիլբոյի օրինակին հետևելու համար։ Առանց այդ օրինակի ինքը մի քայլ էլ չէր անի: Միտքը, որ ինքը գնում է ծեր հոբիթի հետքերով, շատ էր ոգևորում էր նրան։ Ճամփորդության նպատակի մասին աշխատում էր չմտածել և Գենդալֆի հետ էլ չէր անկեղծանում։ Գուցե հրաշագործն ինքն էլ ամեն ինչ կռահում էր, բայց ըստ սովորության, լռում էր...

― Այո, ամեն ինչ կկարգավորեմ և ճանապարհ կընկնեմ։

Գենդալֆը նայեց նրան և քմծիծաղեց։

― Լավ, ― ասաց նա, ― թող այդպես լինի: Բայց նկատի ունեցիր՝ ոչ մի օր ուշ։ Ինչ-որ շատ եմ տագնապում։ Քանի դեռ ժամանակը չի եկել, ինչքան հնարավոր է զգույշ եղիր, և թե տես, հա՜, ոչ մեկին ոչ մի խոսք այն մասին, թե ուր ես ճանապարհվում... Եվ որպեսզի քո Սեմն էլ մեռելի պես ձայն չհանի, թե չէ այնպես կանեմ, որ իսկապես գորտի նման կցատկոտի։

― Այն, թե ուր պիտի գնամ՝ ինքս էլ չգիտեմ ― ասաց Ֆրոդոն, ― այնպես որ այստեղ դուրս տալը դժվար է։

― Առանց հիմարությունների, ― հոնքերը կիտեց Գենդալֆը։ ― Խոսքն այն մասին չէ, հասցեդ փոստում թողնես թե ոչ։ Բայց Հոբիթստանից հեռանում ես, և հարկավոր է, որ քանի դեռ բավականաչափ չես հեռացել, այդ մասին ոչ ոք չիմանա։ Իսկ ուր կգնաս՝ հյուսիս, հարավ, արևմուտք թե՞ արևելք, դա կարևոր չէ, բայց ուղղությունը հարկավոր է գաղտնի պահել։

― Ես այնքան տխուր եմ, որ Բեգ-Էնդը պիտի թողնեմ ու բոլորին հրաժեշտ տամ, որ նույնիսկ չեմ մտածել, թե ուր եմ ճանապարհվելու, ― ասաց Ֆրոդոն։ ― Իսկապես ո՞ւր։ Ես ի՞նչ գիտեմ, որտեղ կարելի է թաքնվել։ Բիլբոն գնաց գանձ բերելու և վերադարձավ, իսկ ես ուրեմն, պետք է գանձը վերադարձնեմ, իսկ ինքս չքվե՞մ, հա՞։

― Այդպես է, ու այդպես չէ, ― արձագանքեց Գենդալֆը։ ― Այստեղ ես էլ քեզ ցուցում տվող չեմ։ Գուցե դու կհասնես մինչև Օրոդրուին, իսկ գուցե դա բոլորովին էլ քո գործը չէ, ի՞նչ իմանաս։ Սակայն առայժմ դու այդպիսի ճանապարհի համար պատրաստ չես։

― Իրոք այդպես է, ― քրթմնջաց Ֆրոդոն։ ― Բայց քանի դեռ պատրաստ չեմ, ու՞ր գնամ:

― Վտանգներին ընդառաջ, ― պատասխանեց հրաշագործը, ― բայց առանց գլուխդ կորցնելու, հաստատ ու զգույշ։ Կարող ես առայժմ գնալ թեկուզ հենց Ռիվենդել կամ ընդհանուր լեզվով՝ Ազատք։ Դա շատ վտանգավոր ուղի չէ, չնայած ճանապարհին հիմա ամեն ինչ պատահում է, իսկ մինչև աշուն ճանապարհներին նույնիսկ սարսափելի կլինի։

― Ազա՞տք, ― կրկնեց Ֆրոդոն։ ― Լավ, ուրեմն կգնամ արևելք՝ Ազատք։ Սեմն էլ ինձ հետ կգա, էլֆերին կտեսնի, ա՜յ թե կուրախանա...

Նա իբրև թե իմիջիայլոց էր խոսում, բայց իրականում շատ էր ցանկանում լինել այդ երանելի հովտում, որտեղ Զարմանալի Ժողովուրդը շարունակում էր խաղաղ ու երջանիկ ապրել։

Ամռան մի երեկո «Գողտրիկ անկյուն» և «Կանաչ վիշապ» պանդոկների այցելուները ցնցված քննարկում էին անհավանական մի լուր: Սահմանների հսկաներն ու այլ չարաբաստիկ արարածները ժամանակավորապես մոռացվել էին: Ցնցող իրադարձություն էր տեղի ունեցել. պարզվում է, Ֆրոդոն որոշել է վաճառել, եթե արդեն չի վաճառել, Բեգ-Էնդը, և այն էլ ում՝ Սաքվիլ-Բեգինսներին։

― Դե, մեծ գումարով, ― ասում էին ոմանք։

― Իր գնով, ― առարկում էին մյուսները, ― հանգիստ եղեք, Սերինիան մի գրոշ անգամ ավելի չի տա (Օթհոն արդեն հասցրել էր մեռնել, ապրելով մինչև հարյուր երկու տարի և չհասնելով իր իղձերի կատարմանը)։

Գնի շուրջ շատ էին վիճում, բայց ավելի շատ վիճում էին այն մասին, թե ինչո՞ւ Ֆրոդոյի խելքին փչեց վաճառել այդպիսի հրաշալի կալվածքը։ Ոմանք ակնարկում էին, այդ էր ակնարկում նաև պարոն Բեգինսն ինքը, որ փողերը հաշիվ են սիրում, իսկ նրա փողերն արդեն վերջանում են։ Եղածը հազիվհազ կբավականացնի Հոբիթոնում հաշիվները փակելու և Բրենդիդուիմք՝ բարեկամների մոտ տեղափոխվելու համար։

― Միայն թե Սաքվիլներից հեռու, ― ավելացրեց ինչ-որ մեկը։

Բայց բոլորն այնպես էին վարժվել Բիլբոյի անհամար հարստությունների մասին ասեկոսներին, որ դրանցից հրաժարվելու ուժ չունեին: Միայն ո՛չ դա: Շատերը Գենդալֆին էին մեղադրում։ Թեպետ նրան ոչ տեսնող էր եղել, ոչ լսող, բայց դե նա ապրում էր, հայտնի է, Ֆրոդոյի մոտ՝ իբր թաքնվում է Բեգ-Էնդում։ Ասենք, այնքան էլ հասկանալի չէ, թե հրաշագործին ինչու է հարկավոր, որ Ֆրոդոն տեղափոխվի Բրենդիդուիմք, բայց, երևում է, ինչ-որ բանի համար պետք է։ Փաստը մնում է փաստ՝ Ֆրոդոն իսկապես տեղափոխվում էր:

― Այո, աշնանը տեղափոխվում եմ, ― հաստատում էր նա։ ― Մերի Բրենդիբաքն այնտեղ ինձ համար մաքուր բույն, իսկ գուցեև հարմարավետ տնակ է փնտրում։

Մերին իսկապես էլ փնտրեց և շատ փոքրիկ մի տնակ գնեց Ճագարի Գերանում, Բաքմորիից քիչ հեռու։ Բոլորին, բացի Սեմից, Ֆրոդոն ասում էր, որ ինքը որոշել է տեղափոխվել այնտեղ մշտական բնակության։ Բրենդիդուիմք տեղափոխվելու միտքը հուշեց նրան ապագա ճանապարհի ուղղությունը՝ դեպի արևելք: Նապաստակի բլուրները գտնվում էին Հոբիթստանի արևելյան սահմանին: Բացի դրանից, Ֆրոդոն այնտեղ էր անցկացրել իր մանկությունը, ուստի և վերադաձն այնտեղ միանգամայն բնական էր դիտվում։

Գենդալֆը երկու ամսից ավելի մնաց Հոբիթստանում։ Բայց, մի անգամ երեկոյան, հունիսի վերջերին, հենց այն ժամանակ, երբ Ֆրոդոյի պլանները կայունացան, նա հանկարծ հայտարարեց, որ առավոտյան մեկնում է։

― Հուսով եմ, ոչ երկար ժամանակով, ― հանգստացրեց նա Ֆրոդոյին։ ― Հարավում որոշ գործեր ունեմ։ Ձեզ մոտ երկար մնացի։

Նա ուրախ տոնով էր խոսում, բայց Ֆրոդոյին թվաց, թե հրաշագործը խիստ մտահոգված է։

― Որևէ բա՞ն է պատահել, ― հարցրեց նա։

― Դե առայժմ ոչինչ չգիտեմ, բայց ինձ տագնապալի և ոչ այնքան հասկանալի լուրեր են հասել՝ հարկավոր է պարզել բանն ինչ է։ Եթե գամ այն եզրակացության, որ քեզ իսկույն ևեթ հարկավոր է հեռանալ, անմիջապես կվերադառնամ կամ ծայրահեղ դեպքում լուր կուղարկեմ։ Իսկ առայժմ արեք այնպես, ինչպես որոշված է, միայն զգույշ եղեք, և ամենակարևորը՝ պահպանեք Մատանին։ Եվ իմ անվիճարկելի խորհուրդը քեզ. չհագնես այն...

Վաղ առավոտյան հրաշագործը հեռացավ:

Սկզբում Ֆրոդոն վախեցած մտմտում էր, թե այդ ինչ լուրեր կարող է ստացած լինել Գենդալֆը: Բայց հետո ժամանակի ընթացքում հանգստացավ. ախր շատ լավ եղանակ էր։ Շքեղ ամառ էր, բերքառատ աշուն՝ նույնիսկ Հոբիթստանը վաղուց այդպիսի աշուն չէր տեսել։ Խնձորների ծանրությունից ճյուղերը կոտրվում էին, խորիխսներից մեղրը ծորում էր, ցորենը վեր էր պարզում տռուզ հասկերը։

Երբ աշունը վերջնականապես մտավ իր իրավունքների մեջ, Ֆրոդոն լրջորեն տագնապեց։ Սեպտեմբերի կեսն է, իսկ Գենդալֆն ասես գետնի տակ է անցել։ Ծննդյան տոնն ու ճանապարհվելու ժամանակը քթի տակ է, իսկ նրանից ձեն ու ձուն չկա։ Այդ ընթացքում կալվածքում նախատոնական խառնաշփոթ սկսվեց։ Ֆրոդոյի բարեկամները ժամանակավոր Բեգ-Էնդ տեղափոխվեցին՝ օգնելու կապկպել իրերը: Դրանք էին՝ Ֆրեդեգար Կուղբոնցը, Ֆոլկո Բոքոնակը, և, իհարկե, լավագույն ընկերներ Փերեգրին Տուկն ու Մերի Բրենդիբաքը։ Նրանց ընդհանուր ջանքերով Բեգ-Էնդում ամեն ինչ տանկուվրա արվեց։

Սեպտեմբերի քսանին Բրենդիդուիմյան կամուրջով դեպի Ֆրոդոյի նոր տուն ուղևորվեցին երկու սայլ՝ բեռնված վաճառքից հետո մնացած կահույքով ու իրերով։ Հաջորդ օրն անցավ Գենդալֆին սպասելով։ Մյուս՝ Ֆրոդոյի հիսնամյակի առավոտը պարզ էր ու պայծառ, ինչպիսին հիշարժան Հյուրասիրության օրն էր։ Գենդալֆը չկար ու չկար։ Երեկոյան Ֆրոդոն հինգ հոգու սեղան բացեց իր և ընկերների համար՝ փորձելով ցրել վհատությունը։ Տոնի տրամադրություն չուներ, հոգին տանկնուվրա էր լինում: Ահա շուտով բարեկամներից բաժանվելու հերթը կգա։ Ի՞նչ պետք է նրանց ասի:

Իսկ երիտասարդ հոբիթները՝ Մերի Բրենդիբաքը, Ֆրեդեգար Կուղբոնցը, Ֆոլկո Բոքոնակը և Փերեգրին Տուկը աղմկալի ու անհոգ ուրախանում էին, և շուտով սեղանի շուրջ ուրախ տրամադրություն տիրեց: Խոհանոցից ամեն ինչ դուրս էին հանել, բացի սեղանից ու աթոռներից, բայց ուտելիք, ինչպես նաև գինի շատ կար: Ֆրոդոն չցանկացավ գինին վաճառել Սաքվիլ-Բեգինսներին:

— Չգիտեմ՝ ինչ կլինի մնացած իրերիս, երբ դրանք հայտնվեն Սերինիայի ճիրաններում, բայց սրա համար, համարեք լավ տուն եմ գտել,— հայտարարեց նա՝ մինչև վերջին կաթիլը դատարկելով «Հին այգի» գինու վերջին գավաթը: Դա իրոք վերջինն գավաթն էր՝ ընկերներն արդեն մնացածի հախից եկել էին:

Հոբիթները բազմաթիվ երգեր երգեցին, հազարումի բան հիշեցին, խմեցին Բիլբոյի կենացը, հետո երկուսի կենացը միասին, ինչպես որ սովորություն էր դարձել։ Հետո դուրս եկան մաքուր օդ շնչելու, նայեցին աստղերին ու գնացին քնելու։ Իսկ Գենդալֆն այդպես էլ չերևաց։

Հաջորդ օրն առավոտյան նրանք արագ-արագ վերջին սայլը բեռնեցին։ Դրանով մեկնեցին Մերին ու Գիրուկը (նրանք այդպես էին անվանում Ֆրեդեգար Կուղբոնցին)։

― Մեկնումեկը պետք է, որ անբաններիդ համար վառարան վառի նոր տանը, ― ասաց Մերին։ ― Դե լավ, վաղը չէ մյուս օրը կտեսնվենք, եթե ճանապարհին մեռելի պես չքնեք։

Ֆոլկոն նախաճաշեց ու գնաց, մնաց միայն Փիփինը։ Ֆրոդոն իրեն կորցրել էր, նա դեռ սպասում էր Գենդալֆին և որոշել էր սպասել մինչև մութն ընկելը։ Դե իսկ հետո, եթե ինքը հրաշագործին շատ հարկավոր լինի, թող վերջինս գա Ճագարի Գերան։ Մեկ էլ տեսար առաջինը նա հասավ այնտեղ։ Ֆորդոն որոշել էր ոտքով գնալ: Նա ուզում էր Բրենդիդուիմի գետանցմանը մոտենալ զարտուղի ճանապարհով, որպեսզի գոնե վերջում մի անգամ էլ նայի Հոբիթստանին։

― Միաժամանակ ճարպերս կհալեցնեմ, ― ասաց ինքն իրեն, նայելով կիսադատարկ նախասենյակի փոշոտ հայելու մեջ։ Նա հետ էր վարժվել ոտքով զբոսանքներից և, ինչպես իրեն թվաց, ահագին լայնքին էր տվել։

Կեսօրից քիչ անց հայտնվեցին Սաքվիլ-Բեգինսները՝ Սերինիան իր շիկամազ ժառանգի՝ Լոթոյի հետ։ «Վերջապես տիրացանք այս կալվածքին», ― ասաց նա, շեմից մտնելով։ Դա անքաղաքավարի էր և ոչ արդարացի. մինչև գիշերվա ժամը տասներկուսը Բեգ-Էնդի տերը մնում էր Ֆրոդոն։ Բայց դե Սերինիայից ի՞նչ պահանջես, ախր նա յոթանասուն տարի ավելի է սպասել, քան կարծում էր: Նրա հարյուրն արդեն անց էր։ Այնուամենայնիվ հենց այնպես չէր եկել, այլ նայելու, որ հին տերն ու մյուսները սխալմամբ իրենց հետ որևէ բան չտանեն, և մեկ էլ բանալիների համար։ Նրան ճանապարհ դնելը հեշտ գործ չէր. նա իր հետ բերել էր վաճառված ապրանքների ցուցակը և ցանկանում էր ստուգել, արդյոք ամեն ինչ տեղո՞ւմ է, թե ոչ։

Ստուգեց մեկ անգամ, հետո՝ երկրորդ, ստացավ բանալիների երկրորդ կապուկը և հավաստիացավ, որ բանալիների երրորդ կապուկը նրա համար կթողնեն Բեգշոթ նրբանցքում՝ Գեմջիների մոտ։ Նա «հըմ» արեց և շրթունքները սեղմեց՝ իբր, գիտենք այդ Գեմջիներին, առավոտյան իրերի կեսը չի լինի, բայց վերջիվերջո գնաց։

Պնդերես հյուրերից ազատվելով՝ երեք ճամփորդները խոհանոցում անշտապ թեյ էին խմում։ Հայտարարված էր, որ Սեմը նույնպես գնում է Բրենդիդուիմք՝ ծառայելու պարոն Ֆրոդոյին և նրա այգու մասին հոգ տանելու: Ծերուկ Գեմջին էդ գործին հավանություն էր տվել, բայց շարունակ տրտնջում էր, թե՝ ոմանց զբոսանքի են գնում, իսկ ինքը պետք է Սերինիայի պես հարևանուհու հետ յոլա գնա:

― Բեգ-Էնդում վերջին թեյախմությունն էր... ― ասաց Ֆրոդոն և վճռականորեն հետ հրեց աթոռը։ Իրենց ափսեները ի հեճուկս Սերինիայի, չլվացին։ Սեմը և Փիփինը արագորեն կապեցին երեք պարկերի բերանները և հանեցին շեմքը։ Փիփինը գնաց այգում զբոսնելու, իսկ Սեմն անհետացավ ինչ-որ տեղ։

Արևը թեքվեց դեպի մայրամուտ: Բեգ-Էնդը մռայլ, դատարկված և քայքայված էր թվում։ Ֆրոդոն շրջում էր ծանոթ սենյակներում, մինչև մայրամուտի լույսը դժգունեց, և անկյուններից մռայլ ստվերներ դուրս լողացին։ Շուտով բոլորովին մթնեց։ Նա շեմից դուրս եկավ, գնաց այգու հեռավոր դռնակի մոտ ու նայեց բլուրը բարձրացող ճանապարհին: Հույսը չէր կորցնում, որ այնուամենայնիվ կտեսնի մեծ-մեծ քայլերով բլուրը բարձրացող Գենդալֆին։

Պարզ երկնքում աստղեր վառվեցին։

― Լավ գիշեր է լինելու, ― բարձրաձայն ասաց Ֆրոդոն։ ― Հրաշալի է, քայլելը հաճելի կլինի։ Շատ նստեցինք, ազնիվ խոսք։ Կգնամ, իսկ Գենդալֆն արդեն թող ինքը հասնի իմ հետևից։

Նա շրջվեց տան կողմը և իսկույն քարացավ՝ ինչ-որ մոտիկ տեղից՝ երևի Բեգշոթ նրբանցքից, ձայներ էին լսվում։ Խոսում էին ծեր Գեմջին ու էլի ինչ-որ մեկը. ձայնն անծանոթ էր, բայց սրտխառնության չափ զզվելի։ Օտարականն ինչ-որ բան էր հարցնում՝ լավ չէր լսվում, լսվում էր միայն ծեր Գեմջիի պատասխանը՝ զգուշավոր ու երկյուղած, համարյա թե վախեցած։

― Ոչ, պարոն Բեգինսը մեկնել է։ Այսօր առավոտյան, իմ Սեմն էլ է նրա հետ, ամեն ինչ արդեն տեղափոխել են։ Հենց այդպես էլ տեղափոխել են, ինչ որ չեն վաճառել՝ տեղափոխել են... Իսկ թե ինչու ու ինչի համար՝ դա արդեն իմ գործը չէ... դե և ոչ էլ ձերը։ Հայտնի է, թե ուր՝ Բաքմորի, Ճագարի Գերան է, ինչ է, դա բոլորը գիտեն։ Այ, հրեն՝ ուղիղ ճանապարհ է։ Չէ, ես ինքս չեմ եղել, իմ ինչին է պետք, էնտեղի ժողովրդի ծալը պակաս է։ Չէ, ինչ-որ բան հաղորդել հանձն չեմ առնի։ Բարի գիշեր։

Քայլերը փափուկ իջան Զառիթափից, և Ֆրոդոն զարմացավ, թե ինքն ինչու է այդքան ուրախ, որ իջան, և ոչ թե բարձրացան։ «Ըստ երևույթին, ես անչափ հոգնել եմ հարցաքննություններից և ամեն տեսակ հետաքրքրասիրությունից, ― մտածեց նա։ ― Սարսափելի հետաքրքրասեր ժողովուրդ է մեզ մոտ»։

Նա մեկ ուզեց ծերուկ Գեմջիից իմանալ, թե ով էր նրան նեղում, բայց հանկարծ միտքը փոխեց ու արագ քայլեց դեպի Բեգ-Էնդ։ Փիփինը իր տոպրակին հենված նստած էր։ Սեմը չկար։ Ֆրոդոն ներս նայեց սև դռնից։

― Սե՜մ, ― կանչեց նա։ ― Ո՞ւր ես... ժամանակն է։

― Գալի՜ս եմ, տեր իմ, ― արձագանքեց Սեմը ինչ-որ խորքերից և քիչ անց շրթունքները մաքրելով հայտնվեց։ Նա մառանում հրաժեշտ էր տալիս գինու տակառին։

— Հը, պակասդ լրացրի՞ր,— հետաքրքրվեց Ֆրոդոն:

— Ըհը, որոշ ժամանակ կպահի:

Ֆրոդոն ծածկեց ու կողպեց կլոր դուռը, իսկ բանալին տվեց Սեմին։

― Վազիր բանալին տուր Ծերուկիդ, իսկ այնտեղից՝ կարճ ճանապարհով: Կհանդիպենք մարգագետնի կողմի դռնակի մոտ։ Գյուղով չենք գնա՝ թաքուն հետևում են, ականջ են դնում։ Դե, թռիր։

Սեմը սուրաց մթության մեջ։

― Դե, վերջապես գնում ենք, ― Փիփինին ասաց Ֆրոդոն։

Նրանք պարկերը մեջքներին գցեցին, ցուպերը վերցրին ու գնացին այգու արևմտյան պատի երկարությամբ։

― Մնաք բարով, ― ասաց Ֆրոդոն՝ նայելով սև, կույր պատուհաններին։ Նա ձեռքը թափահարեց, շրջվեց և (ճիշտ այնպես, ինչպես Բիլբոն, միայն թե ինքն այդ մասին չգիտեր) սուզվեց այգու թփերի մեջ՝ Փիփինի հետևից։ Նրանց ցատկեցին ցածրիկ ցանկապատի վրայով և գնացին դաշտ՝ ձուլվելով խավարին ու խշխշացնելով բարձր խոտերը։

Պայմանավորված դռնակի մոտ կանգ առան, նստեցին ու ձգեցին պարկերի փոկերը: Շուտով լսվեց Սեմի ոտնաձայնն ու ֆսֆսոցը։ Նա լիքը լցրած ուղեպարկը գցել էր ուսերին, իսկ գլխին ինչ-որ ճմրթված ֆետր էր դրել, իբրև գլխարկ։ Մթության մեջ իսկ և իսկ թզուկ էր։

― Որը որ ծանր է, դա, իհարկե, ինձ եք տվել, ― ասաց Ֆրոդոն։ ― Խեղճ խխունջներ ու չարքաշ արարածներ, ովքեր իրենց տունն ու կահույքը սեփական մեջքին են կրում...

― Իմ պարկը շատ թեթև է, տեր իմ, ինչքան ուզեք՝ ավելացրեք, ― հայտարարեց Սեմը բարի ու կեղծ ձայնով։

― Էդ մեկը չէ, Սեմ, ― ասաց Փիփինը։ ― Մի կերպ կտանի, ինքն է դասավորել՝ մեզ էլ, իրեն էլ հավասար։ Դե ինքը մի փոքր ճարպակալել է. մի քիչ կքայլի, պարկն էլ կթեթևանա, ինքն էլ։

― Ողորմացեք ծեր, անուժ հոբիթին, ― ծիծաղելով աղաչեց Ֆրոդոն։ ― Բաքմորի չհասած հալից ընկած կօրորվեմ, ոնց որ եղեգը քամուց։ Սակայն կատակը մի կողմ։ Սեմ, դու երևի քեզ վրա չափից շատ ես վերցրել, այ որ դադար տանք, կնայենք ու կտեղափոխենք։

Եվ նա վերցրեց իր ցուպը:

― Դե ինչ, առա՛ջ: Գիշերային զբոսանքից լավ էլ ի՜նչ կա: Քնելուց առաջ մի երկու լիգ մաքուր օդում։

Սկզբում օգտվում էին արահետից, բայց շուտով թեքվեցին ու մտան դաշտ: Իծաշարուկ գնում էին կանաչ ցանկապատի երկարությամբ, հողաբաժան թփուտների կողքով, և գիշերային խավարը պարուրել էր նրանց։ Մուգ թիկնոցները հոբիթներին անտեսանելի էին դարձրել, ասես երեքն էլ կախարդական մատանի էին հագել։ Երբ երեք հոբիթ գնում են սուսիկ ու փուսիկ՝ նրանց հետևելը դժվար է։ Նույնիսկ զգուշավոր դաշտային գազանիկները հազիվ էին նկատում անաղմուկ ճամփորդներին։

Շուտով հոբիթները փայտե կամրջակով անցան գետը, որն այստեղ ավելի շուտ առու էր հիշեցնում: Այն ոլորապտույտ ձգվում էր ջրի վրա կախված լաստենիների միջով: Անցնելով ևս մի քիչ ճանապարհ՝ հոբիթները գաղտագողի հատեցին Բրենդիդուիմյան կամուրջ տանող լայն ուղին և հասան Տուկերի տիրույթներին: Հետո, թեքվելով հարավ-արևելք, գնացին Կանաչ Բլուրների ուղղությամբ: Առաջին լանջը բարձրանալով՝ նրանք շրջվեցին ու տեսան հովտում ջրի ափին տարածված Հոբիթոնի հեռավոր ու մեղմ կրակները: Բայց շուտով կածանը բարձրացավ սարը, Հոբիթոնն իր գողտրիկ հովտով մնաց հեռվում, իսկ առջևում երևաց Գետամերձը: Երբ տների լույսը վերջին անգամ թափանցեց ծառերի միջից, Ֆրոդոն շրջվեց ու նորից ձեռքը թափահարելով հրաժեշտ տվեց։

― Ի՞նչ իմանաս, էլ երբևէ կտեսնե՞մ մեր հովիտը, ― ցածր ձայնով խոսեց նա։

Երեք ժամ քայլելուց հետո նրանք որոշեցին հանգստանալ: Պարզ, աստղալից գիշեր էր, բայց գետից ու գետափնյա մարգագետիններից արդեն դեպի բլուրների լանջերն էին ձգվում մշուշի քուլաները: Մեղմ քամուց սոսափող կեճիների ճյուղերը սև ցանցի պես պատել էին դժգույն ու մութ երկինքը: Հոբիթներն ընթրեցին (եթե դա ընթրիք էր համարվում) ու շարունակեցին ճանապարհը: Շուտով հասան նեղ արահետին, որը գալարվում էր բլուրների վրա ու կորչում հեռվում. դա Անտառային Օթևան, իսկ այնտեղից Ամբարներ ու Լաստանավ տանող ուղին էր: Այն սկսվում էր Գետահովտի գլխավոր ճանապարհից և, բարձրանալով Կանաչ բլուրները, հասնում էր մինչև Անտառի Անկյուն, որն արևելյան Հոբիթստանի ամենախուլ վայրն էր:

Շուտով կածանը սուզվեց բարձր ծառերի միջև տարածված կիրճը: Ծառերի արդեն չորացող տերևները շրշում էին գիշերային քամուց: Սկզբում հոբիթները խոսում էին ու քթի տակ երգեր մռմռում՝ որոշելով որ այստեղ իրենց էլ ոչ ոք չի լսի, հետո լռեցին: Փիփինը սկսեց հետ մնալ: Հերթական կտրուկ վերելքը հաղթահարելուց հետո նա վերջնականապես կանգ առավ ու հորանջեց:

— Աչքերս իրենք իրենց փակվում են,— ասաց նա,— մեկ էլ տեսար հենց ճամփին ընկա ու քնեցի: Իսկ դուք ինչ է, քայլելու ընթացքու՞մ եք քնելու: Արդեն կեսգիշեր է ախր:

— Ես էլ կարծում էի, թե գիշերային զբոսանքների սիրահար ես,— զարմացավ Ֆրոդոն: — Դե լավ, շտապելու հարկ առայժմ չկա: Մերին վաղը չէ մյուս օրվանից շուտ չի սպասի մեզ, նշանակում է դեռ երկու օր ունենք: Հարմար տեղ գտնենք ու գիշերենք:

— Քամին արևմտյան է,— նկատեց Սեմը: — Եկեք շրջանցենք էս բլուրը, տեր իմ, մյուս կողմում հաստատ հարմար տեղ կլինի: Եթե ճիշտ եմ հիշում, էնտեղ եղևնուտ պետք է լինի:

Սեմն անգիր գիտեր յուրաքանչյուր քար Հոբիթոնից նույնիսկ քսան մղոն հեռավորության վրա, բայց նրա գիտելիքներն այդքանով սահմանափակվում էին:

Անտառապատ, զառիկող բլրի գագաթից նրանք իսկապես իջան եղևնուտ: Կածանից դուրս գալով մտան խեժահոտ խավարը, չոր ճյուղեր կոտրատեցին, կոն հավաքեցին և խարույկ վառեցին։ Կրակն ուրախ պար սկսեց դարավոր եղևնու արմատների մոտ, հոբիթները տաքացան և սկսեցին ննջել։ Յուրաքանչյուրն իր ձևով տեղավորվեց արմատների արանքում, փաթաթվեց թիկնոցով ու վերմակով և տեղնուտեղը խոր քուն մտավ։ Պահակ որոշեցին չթողնել. նույնիսկ Ֆրոդոն չանհանգստացավ, չէ՞ որ նրանք Հոբիթստանում էին... Խարույկը մոխրակույտի վերածվեց, և որոշ գազաններ մոտեցան քնածներին տեսնելու։ Աղվեսը, որ պատահաբար վազում էր նրանց կողքով, կանգնեց ու սկսեց հոտոտել։

― Հոբիթներ են, ― ասաց ինքն իրեն։ ― Ա՜յ քեզ բան... Չորսկողմը հազարումի հրաշքներ են լինում, բայց որ հոբիթը քնի անտառո՞ւմ, ծառի տակ, այն էլ ոչ մենակ, երեք հոգով... Չէ-է-է՜, էստեղ ինչ-որ բան կա թաքնված...

Նա, իհարկե, իրավացի էր, բայց այդպես էլ տարակուսած մնաց։

Առավոտը գունատ էր ու մշուշապատ: Ֆրոդոն առաջինը արթնացավ և տնքալով հայտնաբերեց, որ ծառի արմատն իր մեջքին խորը հետք է թողել, իսկ վիզն առհասարակ չի թեքվում:

«Ա՛յ քեզ զբոսանք. և ինչու՞ սայլով չգնացի,— մտածեց նա, ինչպես բոլորն են մտածում արշավի սկզբում: — Իսկ իմ փափուկ ներքնակների վրա հիմա Սաքվիլ-Բեգինսներն են քնած... Մեծ հաճույքով այս արմատե անկողինը կզիջեի նրանց»:

Նա հորանջեց, ամբողջ մարմնով ձգվեց ու կանչեց.

— Հոբիթնե՛ր, հապա մի ոտքի՛: Տեսեք, թե ինչ լավ առավոտ է:

— Ոչ մի լավ բան չեմ տեսնում,— փնթփնթաց Փիփինը՝ ծածկոցի տակից քիթը հանելով: — Սե՛մ: Որպեսզի ինն անց կես նախաճաշը պատրա՛ստ լինի: Լվացվելու համար ջուր տաքացրե՞լ ես:

Սեմը վեր թռավ ու, քնկոտ աչքերը թարթելով, շուրջը նայեց:

— Դեռ չէ: Էս վայրկյանիս, տեր իմ:

Ֆրոդոն Փիփինի վրայից պոկեց վերմակը, շրջեց նրան մի կողքից մյուսը և գնաց եղևնուտի ծայրը: Երկնքի արևելյան մասում մշուշե ծածկոցի տակից երևաց արևի կարմիր սկավառակը: Բոսորագույն ներկված ծառերի կատարներն ասես լողալուց լինեին մշուշի ծովում: Ձախ կողմում երեկվա կածանը կտրուկ իջնում էր ներքև ու անհետանում տեսադաշտից:

Երբ նա վերադարձավ, Սեմն ու Փիփինն արդեն խարույկ էին վառել:

— Ջու՛րը, ու՞ր է ջուրը,— գոռաց Փիփինը:

— Գրպանումս ջուր չեմ պահում,— ասաց Ֆրոդոն:

— Մենք էլ մտածեցինք ջրի ես գնացել,— նեղացած փնթփնթաց Փիփինը՝ ուղեպարկից բաժակներն ու ուտելիքը հանելով: — Դե գոնե հիմա գնա:

— Եկ միասին գնանք,— առաջարկեց Ֆրոդոն: — Վերցրու տափաշշերն ու առաջ ընկիր:

Բլրի ստորոտում բարակ առու հայտնաբերվեց: Նրանք տափաշշերը լցրեցին փոքրիկ ջրվեժից, որտեղ առուն քարից քար էր թափվում: Ջուրը բավական սառն էր. հոբիթները լվացվում էին փնչացնելով ու ֆսֆսացնելով:

Անշտապ նախաճաշելով, ժամը տասի մոտերքը ճանապարհ ընկան։ Պարզ, տաք օր էր։ Իջան բլրից, անցան առուն՝ ու սկսվեց. լանջով վերև, մինչև բլրի գագաթը, ներքև... Շատ չանցած նրանք շոգեցին, պարկերն ավելի ու ավելի էին սեղմում ուսերը, իսկ ճանապարհը գալարվում էր բլուրներն ի վեր ու նորից իջնում ներքև:

Վերջապես այն սահուն վայրէջքով շրջվեց դեպի լայնարձակ հովիտը։ Նրանց առջև բացվեց նոսր անտառը, որը հեռվում ձուլվում էր մշուշի գորշ պատի հետ՝ որտեղ փռված էր Անտառային Օթևանը, իսկ դրանից այն կողմ՝ Բրենդիդուիմը: Արահետի թելը գալարվում ու կորչում էր հեռվում:

— Ճանապարհի վերջը չի երևում,— հառաչեց Փիփինը: — Եթե ես չհանգստանամ՝ վերջս կգա: Եվ առհասարակ վաղուց արդեն ուտելու ժամանակն է:

Նա նստեց ճամփեզրին ու հոգնած նայեց արևելք: Այնտեղ ճնշող մշուշի մեջ ինչ-որ տեղ հոսում էր ծանոթ գետը. վերջանում էր Հոբիթստանը, որտեղ նա անց էր կացրել իր ամբողջ կյանքը: Կողքին կանգնած Սեմը աչքերը չռած նայում էր հեռվում տարածված հորիզոնին, որից այն կողմ անծանոթ աշխարհ էր:

— Իսկ այս անտառներում էլֆեր ապրու՞մ են,— հարցրեց նա:

— Իմ իմանալով՝ ոչ, — արձագանքեց Փիփինը:

Ֆրոդոն չպատասխանեց: Նա նայում էր հեռուն գնացող ճանապարհին, ասես առաջին անգամ էր այն տեսնում: Եվ հանկարծ սկսեց երգել.


Վազում է ուղին հեռու ու հեռու
Ի՞նչեր կհանդիպեն ինձ ճանապարհին:
Մոռացած հոգնածություն, ցավ ու վախ
Ես գնում եմ առանց կանգառ,
Անընդհատ առաջ ու առաջ,
Մինչև հասնեմ ճամփաբաժան:
Էնտեղ՝ ուղիների խաչմերուկում
Կորոշեմ, թե ուր եմ գնում:

— Ծեր Բիլբոյի քառյակներին է նման,— ասաց Փիփինը: — Թե՞ դու ես գրել էդ նույն ոճի մեջ: Էնքան էլ հուսադրող չի հնչում:

— Չգիտեմ,— ուսերը թոթվեց Ֆրոդոն: — Բայց չգիտեմ ինչու թվաց, թե հենց նոր այստեղ հնարեցի: Հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ նրանից լսած լինեմ: Իրոք Բիլբոյին շատ նման է, ես էլ հիշեցի թե ինչպիսին էր նա. ավելի ճիշտ՝ թե ինչպիսին էր նա վերջին տարիներին, գնալուց անմիջապես առաջ: Նա միշտ ասում էր, որ ճանապարհը մեկն է, և որ այն նման է մեծ գետի, իսկ ամեն դռան մոտից սկսվող արահետ ակունքից սկսվող վտակ է, և բոլոր այդ վտակները գնում, թափվում են մեծ գետը: «Շեմից դուրս գալը վտանգավոր գործ է,— կրկնում էր նա: — Քայլում ես ու մեկ էլ ըհը՝ արդեն ճանապարհին ես: Ոտքերդ ամուր չբռնեցիր՝ ոչ ոքի չմեղադրես. չես իմանա, թե որտեղ կհայտնվես: Հասկանու՞մ ես, Սև Անտառ տանող ճամփան սկսվում է հենց դռան մոտից: Զգույշ չեղար՝ աչքդ չթարթած կհայտնվես Մենավոր Լեռան մոտ կամ չգիտեմ էլ որտեղ»: Եվ այդ նա ասում էր Բեգ-Էնդից դուրս եկող արահետի մասին, երբ հերթական անգամ վերադառնում էր հեռավոր զբոսանքից...

— Անձամբ ինձ ճանապարհն առայժմ ոչ մի տեղ չի տանի,— ուսը ճնշող տոպրակից ազատվելով ասաց Փիփինը: — Համենայն դեպս՝ առաջիկա մեկ ժամվա ընթացքում: — Ֆրոդոն ու Սեմը, հետևելով նրա օրինակին, ազատվեցին ուղեպարկերից ու նստեցին ճամփեզրին: Հանգստացան, տեղը տեղին ճաշեցին, ապա կրկին պառկեցին հանգստանալու:

Երբ հոբիթները բլրից իջան, երեկոյանում էր։ Առայժմ ոչ մի կենդանի շնչի չէին հանդիպել: Ճանապարհը կիսալքված էր, սայլով հնարավոր չէր այդտեղով անցնել, և առհասարակ Անտառի Անկյուն հազարից մեկն էր գալիս, ինչի՞ համար գային այստեղ։ Երեք ճամփորդները մեկ-երկու ժամ առաջ էին գնում խոտածածկ ճանապարհով: Հանկարծ Սեմը կանգ առավ ու ականջ դրեց։ Բլուրները մնացել էին հետևում, և ուղին այժմ գնում էր մարգագետինների միջով, որտեղ հատ ու կենտ ծառեր էին ցցված:

― Կարծես թե մեր հետևից կամ ձի է գալիս կամ պոնի, ― ասաց նա։

Նրանք հասել էին ոլորանին, որտեղից ոչինչ չէր երևում։

― Գուցե Գենդա՞լֆն է, ― ենթադրեց Ֆրոդոն, բայց իսկույն էլ զգաց, որ ո՛չ, Գենդալֆը չէ, և հանկարծ նրա մոտ ցանկություն առաջացավ թաքնվել այդ հեծյալից, ով էլ որ նա լինի։

― Հիմարություն է, իհարկե, ― ասաց նա՝ ասես ներողություն խնդրելով, ― բայց այնուամենայնիվ պետք չէ, որ մեզ ճանապարհին տեսնեն, թող կորչեն բոլորն էլ... Իսկ եթե Գենդալֆն է, ― քմծիծաղով ավելացրեց նա, ― ապա մենք նրան մի լավ կդիմավորենք, որ մյուս անգամ չուշանա։ Մեկ-երկու-երեք, դե վազեք ու տեսեք...

Սեմն ու Փիփինը, վազելով ձախ, անհետացան ճանապարհից ոչ հեռու գտնվող ձորակում։ Ֆրոդոն հապաղեց. հետաքրքրասիրությունը, թե ինչ-որ ուրիշ մի զգացում խանգարեց նրան թաքնվել։ Սմբակների դոփյունը մոտեցավ։ Նա հազիվ հասցրեց իրեն գցել արահետի վրա ճյուղերը տարածած ծառի հետևի խիտ խոտերի մեջ ու գլուխը հանեց հաստ արմատի վրայից։

Ոլորանից դուրս եկած սև ձին բոլորովին նման չէր հոբիթների պոնիներին, իսկ բարձրահասակ, թամբի վրա կռացած հեծյալի լայն ու սև թիկնոցի տակից երևում էին միայն նրա ասպանդակներն ու կոշիկները։ Դեմքը ծածկված էր գլխանոցով։

Ձին հավասարվեց ծառին, որի հետևում պառկած էր Ֆրոդոն և քարացավ։ Հեծյալն էլ էր անշարժ. միայն գլուխը մի փոքր թեքեց՝ ասես ականջ էր դնում։ Գլխանոցի տակից խռպոտ ֆսֆսոց լսվեց։ Թվում էր նա հոտառությամբ ինչ-որ հազիվ զգացվող հոտ է որսում։ Հեծյալի գլուխը շրջվեց աջ, հետո՝ ձախ…

Անսպասելի ու խելագար մի սարսափ պատեց Ֆրոդոյին: Իրեն տեսնում են, իրեն հիմա կգտնեն... Եվ հանկարծ հիշեց Մատանին։ Նա չէր համարձակվում շնչել, վախենում էր շարժվել, բայց Մատանին հանկարծ դարձավ նրա միակ հույսը և ձեռքն ինքն իրեն սողաց գրպանը։ Միայն թե հագնի, հագնի այն, և ամեն ինչ կարգին կլինի, ինքը ապահով կլինի։ Գենդալֆն արգելել է... Դե լա՜վ... Բիլբոն էլ է հագել Մատանին և ոչինչ։ «Ի վերջո ես դեռ իմ տանն եմ, Հոբիթստանում»,— մտածեց նա ու ձեռքը հպեց շղթային։ Այդ վայրկյանին հեծյալն ուղղվեց ու սանձերը ձգեց։ Ձին անվստահ ոտքերը փոխեց, առաջ քայլեց ու շորորալով գնաց։

Ֆրոդոն սողաց դեպի ճանապարհի եզրը ու նայեց հեծյալի հետևից, մինչև նա անհետացավ մթնշաղի հեռուներում։ Հեռու հեռվում սև ձին շրջվեց աջ՝ դեպի ճանապարհամերձ անտառակը։

― Սա ինչ-որ զարմանալի է, եթե չասենք, որ սարսափելի է, ― քրթմնջաց Ֆրոդոն՝ գնալով իր ուղեկիցների մոտ։

Փիփինն ու Սեմը բերանքսիվայր պառկած էին և ոչինչ չէին տեսել։ Ֆրոդոն պատմեց նրանց տարօրինակ հեծյալի մասին։

― Չգիտեմ ինչու, ես համոզված էի, որ նա ինձ է փնտրում և ինձ է հոտոտում։ Իսկ ես բոլորովին էլ չէի ուզում, որ նա ինձ գտնի: Այդ ամենը տարօրինակ է, Հոբիթստանում երբեք այդպիսիք չեն եղել։

― Առհասարակ Մեծ ժողովուրդը մեզ հետ ի՞նչ գործ ունի, ― փնթփնթաց Փիփինը։ ― Էդ ի՞նչ է քարշ եկել մինչև էստեղ։ Որտեղի՞ց է եկել...

— Մարդիկ էս կողմեր վերջերս շատ են գալիս,— ասաց Ֆրոդոն: — Հատկապես Հարավային ծայրամաս: Էնտեղի հոբիթները, ասում են, ինչ-որ խնդիրներ են ունեցել մեծ ժողովրդի հետ: Բայց այսպիսի հեծյալների մասին երբեք չեմ լսել: Տեսնես որտեղի՞ց է նա:

― Ներողություն եմ խնդրում, ― հանկարծ միջամտեց Սեմը։ ― Ես գիտեմ որտեղից։ Էդ սև ձիավորը Հոբիթոնից է, եթե, իհարկե, նրա պես ուրիշները չկան էստեղ։ Եվ նույնիսկ գիտեմ, թե դեպի ուր է ճամփա ընկել։

― Այսինքն ինչպե՞ս, ― խստորեն հարցրեց Ֆրոդոն՝ Սեմի վրա մի զարմացած հայացք գցելով։ ― Գիտես ու չե՞ս ասել։

― Ախր ես նոր միայն հիշեցի, տեր իմ, մեծահոգաբար ներող եղեք։ Դա ախր էսպես է եղել. երեկ գնացի իմ ծերուկի մոտ բանալիները տալու, նա էլ թե՝ «Ա՜յ քեզ բան, ― ասում է, ― բա ես հիմարս էլ կարծում եմ, թե դու քո Ֆրոդո տիրոջ հետ միասին էս առավոտ մեկնել ես։ Գիտե՞ս, էստեղ մեկը կպել-պոկ չէր գալիս. ո՞ւր է, ասում է, մեկնել Բեգինսը Բեգ-Էնդից։ Իսկ ո՞ւր ունի կորչելու, մեկնել է՝ պրծավ գնաց։ Ես էլ ուղարկեցի նրան Ճագարի Գերան, բայց նա, հասկանո՞ւմ ես, ինձ իսկի դուր չեկավ։ Մեկնել է, ասում եմ, մեկնել է պարոն Բեգինսը և հետ չի գալու։ Պատկերացնո՞ւմ ես, նա ֆշշաց ինձ վրա իսկը օձի պես»։ «Իսկ նա ումոնցի՞ց էր» ― էդ ես եմ հորս հարցնում։ «Ի՞նչ իմանաս, ― ասում է, ― բայց որ հոբիթ չէր, էդ մեկը հաստատ։ Էնպես բոյով էր ու սև, կռացել էր վրա ու ֆսֆսում էր։ Երևում է, հեռուներից էր, Մեծ ժողովրդից։ Մի տեսակ ֆսֆսացնելով էր խոսում»։ Դե ես ժամանակ էլ չունեի հորս հարցուփորձ անելու, չէ՞ որ դուք ինձ սպասում էիք, ու հետո էլ մոռացա ձեզ ասեմ։ Համ էլ իմ ծերուկը լավ չի տեսնում, իսկ երբ էդ ձիավորը եկել էր, արդեն մթնած էր եղել։ Հայրիկը կարծես թե ամեն ինչ ասել է, ոնց եղել է, պակաս բան չի թողել: Է՛հ, էլ ո՜նց կլիներ, առանձնապես մի բան չկա, ճի՞շտ է, տեր իմ։

― Դե ծերուկից ի՞նչ պահանջես, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Ես ինքս էլ լսեցի, ինչպես էր նա խոսում օտարականի հետ, որն իմ մասին էր հարցնում, նույնիսկ ուզում էի գնալ հարցնել նրան, թե ի՞նչ է պատահել։ Ափսոսում եմ, որ չգնացի և ափսոս, որ այն ժամանակ ինձ չես ասել։ Ավելի զգույշ պետք է լինենք։

― Իսկ գուցե դա այն ձիավորը չէ, ― միջամտեց Փիփինը։ ― Մենք ծածուկ ենք դուրս եկել, քայլել ենք անաղմուկ, էդ ո՞նց պետք է մեզ հետևեր։

― Հոտոտելով, ― ասաց Սեմը։ — Ֆսֆսում ու հոտոտում էր ինչպես նա: Եվ նրա նման էլ ոտքից գլուխ սև էր։

― Իզուր մենք Գենդալֆին չսպասեցինք, ― փնթփնթաց Ֆրոդոն։ ― Իսկ գուցեև ոչ իզուր, դժվար է ասել։

― Հիմա դու էդ ձիավորի մասին որևէ բան գիտե՞ս, թե՞ պարզապես ենթադրություններ ես անում, ― Ֆրոդոյի փնթփնթոցը լսելով՝ հարցրեց Փիփինը։

― Խելքը գլխին ոչինչ չգիտեմ, իսկ գուշակել վախենում եմ, ― խուսափողական պատասխանեց Ֆրոդոն։

― Դե, քո գործն է, սիրելի ընկերս... Խնդրեմ, քո գաղտնիքները քեզ պահիր, միայն թե հիմա ի՞նչ պետք է անենք... Ես դեմ չեմ լինի, եթե հանգիստ առնենք, ընթրենք, բայց ավելի լավ է ոտքներս գետնից կտրենք։ Թե չէ ինչ-որ վատ եմ զգում էդ հոտոտող ձիավորների մասին ձեր պատմություններից։

― Այո, ավելի լավ է չդանդաղենք, ― ասաց Ֆրոդոն։ ― Եվ եկեք ճանապարհով չգնանք, թե չէ հանկարծ այդ ձիավորը հետ կգա կամ նրա նման մեկ ուրիշը կհայտնվի։ Քայլներս արագացնենք, մինչև Նապաստակի Բլուրները դեռ շատ պետք է քայլենք ու քայլենք։

Ծառերի երկար ստվերներն արդեն տարածվել էին խոտերի վրա, երբ հոբիթները նորից ճանապարհ ընկան: Այժմ նրանք գնում էին ճանապարհի ձախ կողմով՝ աշխատելով ճամփեզրին շատ չմոտենալ, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանան թաքնվել անցանկալի աչքերից: Սակայն առաջվանից դանդաղ էին առաջ ընթանում՝ ոտքերի տակ բարձր խոտ էր, և նրանք շարունակ սայթաքում էին, իսկ ծառերի շարքերն ավելի ու ավելի էին խտանում:

Մայրամուտի վառ արևը խամրում էր նրանց թիկունքում։ Սկսվում էր երեկոն: Միայն այդ ժամանակ հոբիթները վերադարձան ուղի: Հոգնելով անընդհատ ուղիղ գնալուց՝ այն կտրուկ թեքվում էր ձախ ու իջնում Յելի ցածրավայր, դեպի Ամբարներ: Ճանապարհի աջ կողմից նեղ կածան էր սկսվում, որը դարավոր կաղնիների հզոր թավուտում գալարվելով գնում էր դեպի Անտառային Օթևան։

― Այնտեղ էլ կգնանք, ― ասաց Ֆրոդոն։

Ճյուղավորումից ոչ հեռու նրանք նրանք կիսաչորացած հսկա ծառի մնացորդների հանդիպեցին: Այն դեռ կենդանի էր, ջարդված բունը ծածկված էր բազմաթիվ մանր ճյուղերով, իսկ ճյուղերի հետևում մի մեծ փչակ էր սևին տալիս, որտեղ կարելի էր մտնել արահետի կողմից չերևացող լայն ճեղքով:

Հոբիթները մտան փչակի մեջ ու նստեցին չորացած տերևների կույտի վրա: Հանգստացան, մի քիչ կերան և ցածրաձայն մի երկու բառ փոխանակեցին՝ ժամանակ առ ժամանակ լռելով ու ականջ դնելով:

Երբ նրանք նորից դուրս եկան արահետ, արդեն մթնում էր: Սաղարթներում հառաչում էր արևմտյան քամին: Տերևները փսփսում էին: Արահետն աստիճանաբար սուզվեց խավարի մեջ: Արևելքում, սաղարթների գլխին տարածված մութ երկնքում, վառվեց առաջին աստղը: Հոբիթները քայլում էին արագ, կողք կողքի, ուս ուսի, որպեսզի չկորցնեն արիությունը: Բայց շուտով երկնակամարը լցվեց աստղերով, երկինքը լուսավորվեց, և նրանք դադարեցին անհանգստանալ: Այլևս ականջ չէին դնում սմբակների ձայնի և նույնիսկ սկսեցին հոբիթական սովորության համաձայն քթի տակ մռմռալ. հոբիթները սիրում են քթի տակ երգել, հատկապես գիշերը տուն վերադառնալիս: Սովորաբար նրանք երգում են ընթրիքի և տաք անկողնու մասին, բայց այս մեկը ճանապարհի մասին էր (թեև ընթրիքի և անկողնու մասին այնտեղ հիշատակվում էր): Բիլբո Բեգինսն էր գրել այդ երգի բառերը սարերի պես հինավուրց մի մեղեդու վրա և սովորեցրել էր Ֆրոդոյին, երբ նրանք զբոսնում էին Գետահովտում ու խոսում Բիլբոյի արկածների մասին: Երգն սկսվում էր այսպես.


Բուխարիկում կրակն է բոցկլտում,
Եվ տաք ու հարմար է անկողնում,
Բայց մենք շտապում ենք հեռանալ
Ու անկյունից այն կողմ գնալ,
Որտեղ կարող է տեսնենք հանկարծ
Քար, թուփ, ծառեր չտեսնված:

Ծառ, ծաղիկ ու խոտ, քնե՛ք մինչև առավոտ:
Դաշտ, անտառ ու գետ, ճանապա՛րհ տվեք:
Հիմա մի փոքր կհանգստանանք
Ու մինչև առավոտ անքուն կգնանք:

Գուցե նոր ճամփա գտնենք անկյունից այն կողմ
Կամ էլ թաքնված դարպասներ,
Չնկատեցինք դրանք այսօր
Ոչինչ, վաղը կնկատենք:
Ու երբ թաքնված ուղին գտնենք
Արևի ու լուսնի հետևից կհասնենք:

Ժայռ, ճահիճ ու ձորակ, անցնում են արագ:
Մացառուտ, թավուտ, պուրակ, բարո՛վ մնաք:
Բոլորն արդեն քնած են վաղուց
Իսկ մեզ ճանապարհն է կանչում:

Հետևում տունն է, առջևում՝ աշխարհը,
Մութ է, բայց սարսափելի չէ մթությունը:
Բայց ահա ամեն ինչ փոխվում է, անցնում
Ու տունն է նորից մեզ կանչում:
Բուխարիկում կրակն է բոցկլտում
Եվ տաք ու հարմար է անկողնում:

Գիշեր, խավար, հեռացե՛ք,
Հանգստի ժամն է, թողե՛ք, գնացե՛ք,
Ուզում եմ տաքուկ իմ բնում ընթրել
Ու իսկույն քնել, իսկույն քնել:

― Իսկույն քնել... Իսկույն քնել... ― գոռաց Փիփինը։

― Կամաց, ― ասաց Ֆրոդոն։ ― Կարծես թե նորից սմբակների ձայն է լսվում։

Երեքն էլ ստվերների պես քարացան։ Հովտից սմբակների կտկտոց էր լսվում, առայժմ դեռ հեռավոր, բայց ավելի ու ավելի մոտեցող, քամահար կողմից։ Հոբիթներն անշշուկ արահետից դուրս եկան ու նետվեցին մռայլ ծառերի թանձր ստվերի մեջ։

― Շատ հեռու չգնաք, ― ասաց Ֆրոդոն։ ― Մենք հիմա չենք երևում, և ուզում եմ համոզվել՝ մի՞թե նորից Սև Հեծյալ է։

— Լավ, գնա,— շշնջաց Փիփինը,— բայց չմոռանաս, որ նա կարող է քեզ հոտոտել:

Կտկտոցը մոտենում էր։ Ինչպես հարկն է թաքնվելու ժամանակ արդեն չունեին, և Սեմն ու Փիփինը մտան կոճղի հետևը, իսկ Ֆրոդոն պառկեց արահետից ոչ հեռու, որն ասես հետզհետե հանգչող լույսի բաց մոխրագույն շերտ լիներ անտառային մթնշաղում: Երկինքն աստղոտվում էր, բայց դեռ լուսինը դուրս չէր եկել։

Սմբակները լռեցին։ Ֆրոդոյին թվաց, թե երկու բների արանքում մութն ավելի թանձրացավ՝ ու անշարժացավ: Այդ թանձր ստվերն ուրվականային նժույգ էր հիշեցնում, որին սանձից բռնած տանում էր ոչ պակաս ուրվականային հեծյալը: Ստվերները ձուլվեցին մթությանը։ Հետո սև կերպարանքը հայտնվեց այնտեղ, որտեղ իրենք արահետից դուրս էին եկել, ճիշտ նույն տեղում։ Ստվերը երերաց, ու Ֆրոդոն ցածր, տհաճ ֆսֆսոց լսեց, իսկ հետո ստվերն ասես սողաց դեպի նա։

Մատանին հագնելու ցանկությունը կրկին տիրեց հոբիթին, այս անգամ շատ ավելի ուժեղ: Եվ կարծես թե ինչ-որ մեկի հրամանին ենթարկվելով, առանց հասկանալու, թե ինչ է անում, փնտրեց գրպանում։ Սարսափելի լռություն իջավ, բայց հանկարծ մի զրնգուն երգ լսվեց ու ծիծաղ տարածվեց։ Ջինջ ձայներն ուրախ զանգակների պես ալեկոծեցին գիշերային զով օդը։ Սև ստվերը բարձրացավ, հետ-հետ գնաց ու ձիու ստվերին ձուլվելով, արահետի մյուս կողմում սուզվեց մթնշաղի մեջ։ Ֆրոդոն շունչ քաշեց։

― Էլֆե՜րն են, ― հետևից լսվեց Սեմի խռպոտ շշնջոցը։ ― Տեր իմ, էլֆե՜րը...

Նա ուզում էր նետվել ձայների կողմը, բայց Ֆրոդոն ու Փիփինը հետ պահեցին նրան։

― Այո, էլֆերն են, ― ասաց Ֆրոդոն։ ― Չէ՞ որ սա Անտառային Օթևանն է, նրանք համարյա ամեն գարնան ու աշնան անցնում են այստեղով։ Ա՜յ թե ժամանակին եկան... Ախր դուք ոչինչ չտեսաք, իսկ Սև Հեծյալը իջավ ձիուց ու սողաց ուղիղ դեպի մեզ։ Եվ կսողար, եթե նրանց երգը չլիներ։ Դա վախեցրեց նրան։

― Իսկ էլֆերի մոտ գնո՞ւմ ենք, թե չենք գնում, ― շտապեցրեց Սեմը։ Հեծյալը նրան արդեն չէր հետաքրքրում։

― Չե՞ս լսում, որ իրենք են մեզ մոտ գալիս, ― ասաց Ֆրոդոն։ ― Հարկավոր է միայն սպասել։

Երգը մոտենում էր։ Մի զիլ ձայն բոլորից բարձր էր երգում։ Երգում էին հին էլֆերենով, որը միայն Ֆրոդոն էր հասկանում, այն էլ դժվարությամբ։ Բայց հնչյունները հրաշալի էին ու թափանցում էին մինչև հոգու խորքը, և ուշադիր լսել էլ առանձնապես պետք չէր։ Ֆրոդոն այսպես հասկացավ երգը.


Հեռո՜ւ հեռավոր ծովերից այն կողմ
Անվերջ շողացող հուր արշալույսի,
Տարածվի՜ր դու մեր լեռների վրա
Ու անմար պահիր կրակը հույսի։

Օ, դու Էլբերեթ, Գիլթոնիել,
Դու հեռավոր լույս՝ հույսի, հավատի,
Աղջամուղջային մեր հեռուներից
Քեզ խոնարհ ողջո՛ւյն, հարգանք ու պատիվ։

Դու մութ երկնքից քշեցիր հավետ
Մշուշները չար, մշուշները սև,
Եվ գիշերային քո տերության մեջ
Փայլատակեցին աստղերը լուսե։

Օ՜, դու Էլբերե՛թ, Գիլթոնիե՛լ,
Կապույտ տաճարում ճառագող դու շող,
Հեռո՜ւ հեռավոր ծովերից անդին
Մենք հիշում ենք լույսը հավերժող։

Եվ երգը վերջացավ։

― Ախր սրանք անդրծովյան էլֆերն են, և երգն էլ Էլբերեթի մասին է, ― զարմացած բացականչեց Ֆրոդոն։ ― Նրանք հազվադեպ են հասնում մեզ մոտ՝ Հոբիթստան, նրանցից Միջերկրում էլ համարյա չկան։ Շատ տարօրինակ է...

Հոբիթները նստեցին արահետից ոչ հեռու ու սկսեցին սպասել։ Շուտով էլֆերը երևացին։ Նրանց աչքերը փայլում էին աստղային փայլով, մազերը ծփում էին մեղմիկ, ու թեև ջահեր չունեին, արահետը արծաթավուն էր նրանց ոտքերի տակ։ Էլֆերը լուռ անցնում էին: Երբ բոլորն անցան, վերջին էլֆը շրջվեց, նայեց հոբիթներին ու ծիծաղեց։

― Մի՞թե Ֆրոդոն է, ― զրնգուն բացականչեց նա։ ― Զբոսանքի համար ուշ չէ՞: Մոլորվե՞լ եք, ինչ է։

Նա կանչեց մյուսներին, և էլֆերը շրջապատեցին նստածներին։

― Հրաշք է, որ կա... ― ասացին նրանք։ ― Երեք հոբիթ գիշերով անտառում։ Այսպիսի բան չի եղել Բիլբոյի ժամանակներից... Ի՞նչ է պատահել...

― Ոչինչ էլ չի պատահել, ով Զարմանահրաշ ժողովուրդ, ― ասաց Ֆրոդոն։ ― Պարզապես մեր ճանապարհները համընկան։ Ես սիրում եմ աստղալից երեկոյան զբոսնել և ուրախ կլինեի ձեզ ուղեկցելու համար։

― Առանց ձեզ էլ մենք լավ ենք զգում, ձանձրալի հոբիթներ... ― ծիծաղեցին էլֆերը։ ― Որտեղի՞ց գիտեք, թե մեր ճանապարհները համընկնում են՝ չէ՞ որ մեր ուղին ձեզ հայտնի չէ։

― Իսկ ձեզ որտեղի՞ց հայտնի, թե ես ով եմ, ― ի պատասխան հարցրեց Ֆրոդոն։

― Մեզ շատ բան է հայտնի, պատասխանեցին նրանք։ ― Մենք քեզ Բիլբոյի հետ շատ ենք տեսել։ Այդ դու մեզ չես տեսել։

― Ո՞ւր եք գնում և ո՞վ է ձեր առաջնորդը, ― հարցրեց Ֆրոդոն։

― Ես եմ, Գարալդը, ― պատասխանեց հոբիթներին առաջինը նկատած էլֆը։ ― Գարալդ Ինգլորիոնը Ֆինրոդի փառավորաց զարմից։ Մենք տարագիրներ ենք, մեր ազգուտակը վաղուց ի վեր հեռացել է, և Ծովը մեզ է սպասում։ Ճիշտ է, մերոնցից դեռևս կան Ռիվենդելում։ Մի խոսքով, ավելի լավ է քո մասին պատմիր, Ֆրոդո։ Երևում է, ինչ-որ բան կարգին չէ՞...

― Ո՜վ ամենաիմաց ժողովուրդ, ― միջամտեց Փիփինը, ― ասացեք մեզ, ովքե՞ր են Սև Հեծյալները։

― Սև Հեծյալները՞, ― կամաց արձագանքեցին նրանք։ ― Ինչու՞ եք հարցնում Սև Հեծյալների մասին։

― Մեր հետևից երկուսը գալիս էին... գուցեև մեկը, ― ասաց Փիփինը: ― Քիչ առաջ պտտվում էր մոտակայքում, բայց, երբ դուք երևացիք, միանգամից ցնդեց։

Էլֆերն իսկույն չպատասխանեցին։ Նրանք իրենց լեզվով խորհրդակցեցին, հետո Գարալդը շրջվեց դեպի հոբիթները։

― Մենք այստեղ այդ մասին չենք խոսի, ― ասաց նա։ ― Իսկ դուք երևի ճիշտ կլինի գաք մեզ հետ։ Դա մեր սովորություններից դուրս է, բայց ոչինչ, թող այդպես լինի, եկեք։ Մեզ հետ էլ կգիշերեք։

― Զարմանահրա՛շ, զարմանահրա՜շ ժողովուրդ... Ես հուսալ անգամ չէի համարձակվում, ― ասաց Փիփինը, իսկ Սեմը պարզապես պապանձվել էր ուրախությունից։

― Շնորհակալություն, ով Գարալդ Ինգլորիոն, ― ասաց Ֆրոդոն և խոնարհվեց։ ― Էլեն սեյլա լյումենն օմեննթիէյլվո, աստղդ լուսավորեց մեր հանդիպումը, ― ավելացրեց նա հին էլֆերեն լեզվով։

― Օհո՜, բարեկամներ, ― ծիծաղելով զգուշացրեց յուրայիններին Գարալդը, ― բարձրաձայն գաղտնի խոսակցություններ չվարեք, մեզ հետ Հնագույն Բարբառի գիտակ կա։ Բիլբոն, պարզվում է, հրաշալի ուսուցիչ է։ Պատիվ քեզ, ո՜վ էլֆերի բարեկամ... ― ասաց նա, Ֆրոդոյին խոնարհվելով։ ― Կարող եք միանալ մեզ։ Գնանք, բայց քայլեք մեջտեղով, որ հետ չընկնեք ու չմոլորվեք՝ առջևում երկար ճանապարհ է։

― Երկա՞ր է, իսկ դուք ո՞ւր եք գնում, ― նորից հարցրեց Ֆրոդոն։

― Անտառային Օթևանի ամենախորքը։ Հեռու պետք է գնանք, բայց այնտեղ կհանգստանաս, և քո վաղվա ճամփան կկարճանա։

Նրանք գնում էին լուռ ու ստվերների պես, քանի որ էլֆերը ցանկության դեպքում հոբիթներից էլ անաղմուկ են քայլում։ Փիփինը սկսել էր ննջել ու սայթաքել, բայց կողքից էլֆ էր քայլում՝ թևից բռնած, ու չէր թողնում, որ ընկնի։ Իսկ Սեմը քայլում էր Ֆրոդոյի կողքից և հիասքանչ երազում լիներ ասես։ Նրա դեմքը միաժամանակ և՛ ուրախություն էր արտահայտում, և՛ զարմանք, և սարսափ:

Արահետի երկու կողմերում անտառը գնալով խտանում էր, իսկ ծառերի բները՝ բարակում: Իրար խառնվող մատղաշ ծառերը խիտ պատի պես շրջապատել էին բոլոր կողմերից: Արահետը գնալով խորանում էր լեռնահովտի մեջ, իսկ աջ ու ձախ կողմերում գնալով ավելի հաճախ էին սևին տալիս թփակաղնուտները։ Վերջապես էլֆերը դուրս եկան ուղուց ու շրջվեցին դեպի խոր թավուտը: Գրեթե անտեսանելի մի կանաչ նեղ կածան բացվեց, որի գալարներին հետևելով նրանք բարձրացան առանձին կանգնած բլրի լանջը:

Ծառերը հանկարծ նահանջեցին և, առջևում տարածվեց գիշերային լույսից փայլատ մոխրագույն բացատը։ Երեք կողմից այն շրջապատված էր անտառով, իսկ արևելքից հատվում էր զառիթափով: Բացատի ծայրին, հենց ոտքերի տակ ծփում էին ծառերի հսկայական սաղարթները, որոնք այդտեղ էին հասնում ինչ-որ տեղ ներքևից։ Սաղարթներից այն կողմ աստղերի լույսի տակ հարթ դաշտավայր էր տարածվում: Բլրի ստորոտում կրակներ էին առկայծում. Անտառային Օթևանի բնակիչներից ոմանք դեռ քնած չէին:

Էլֆերը նստեցին խոտերի վրա ու իրար մեջ ցածրաձայն խոսակցություն սկսեցին: Թվում էր, թե հոբիթներին մոռացել են։ Իսկ վերջիններս ննջում էին թիկնոցների ու ծածկոցների մեջ փաթաթված։ Գիշերն իր հունով ընթանում էր: Հովտում մեկը մյուսի հետևից մարեցին հեռավոր գյուղական կրակները։ Փիփինը կուչ եկավ գետնին ու պինդ քնեց՝ այտը ճիմակտորին հենած։

Արևելքում բարձր երկնքում երևաց Ռեմիրաթի համաստեղությունը՝ Աստղային Ցանցը: Մառախուղը ճեղքելով, բոցավառ սուտակի պես հուրհրաց Բորգիլը։ Փչեց քամին՝ ցրելով մառախուղի վերջին ծվենները. երկինքը պարզվեց, և աշխարհի ծայրին փայլփլեց Երկնային Սուսերակիրը՝ Մենալվագորը, վառվռուն գոտիով։ Էլֆերը նրանց դիմավորեցին զրնգուն երգով, և ինչ-որ տեղ մոտակայքում բռնկվեց խարույկի բոսոր կրակը։

― Այդ ինչո՞ւ եք նստել, ― հոբիթներին կանչեցին էլֆերը։ ― Եկեք մեզ մոտ... Հիմա զրույցի և զվարճության ժամանակն է։

Փիփինը նստեց, աչքերը տրորեց ու մրսելով կուչ եկավ։

― Անտառային Օթևանում խարույկն է վառվում, և ընթրիքն է ձեզ սպասում, ― հայտարարեց նրանց մոտեցած էլֆը՝ կռանալով քնատ Փիփինի վրա։

Բացատի մյուս ծայրին ծառերի արանքից լույս էր թափանցում: Այնտեղ՝ ծառերի հետևում, տերևազարդ կամարի տակ մարգագետին էր բացվում՝ շրջապատված հզոր բների սյունաշարերերով։ Մարգագետնի կենտրոնում բոցավառվում էր խարույկը, իսկ ճյուղերից կախված փայլփլում էին ոսկե ու արծաթե լապտերները։ Էլֆերը նստել էին կրակի շուրջը՝ խոտի ու կլոր քոթուկների վրա։ Ավելի ճիշտ, ոմանք նստած էին, մյուսները բաժանում էին գավաթներն ու գինի լցնում, իսկ երրորդները ուտելիք էին բերում։

― Աղքատիկ հյուրասիրւթյուն է, ― ներողություն էին խնդրում նրանք հոբիթներից, ― չէ՞ որ մեք մեր տանը չենք, սա դաշտային կանգառ է։ Այ, եթե մի օր գաք մեզ մոտ, այն ժամանակ կհյուրասիրվեք ինչպես հարկն է։

― Ի՞նչ եք ասում, սրանից էլ հարուստ հյուրասիրությու՞ն: Կարծես ծննդյանս օրը լինի, ― ասաց Ֆրոդոն։

Հետագայում Փիփինն այնքան էլ լավ չէր հիշում, թե ինչ է կերել ու խմել: Նրա հիշողության մեջ մնացել էին միայն էլֆերի պարզ դեմքերն ու նրանց ձայները, որոնք այնքա՜ն տարբեր էին ու այնքա՜ն զարմանահրաշ, որ նրան շարունակ թվում էր, թե հրաշալի երազ է տեսնում: Միայն հիշում էր, որ հաց կար, սպիտակ ու այնքան համեղ, ասես դու սովից ուշաթափվում էիր, իսկ քեզ մսի մի չաղլիկ կտոր էին տալիս: Իսկ մրգե՜րը: Քաղցր, ինչպես ազնվամորին, և շատ հյութեղ: Հետո նա մի գավաթ ինչ-որ վճիտ հեղուկ խմեց, ասես աղբյուրից, ու ոսկեգույն, ինչպես ամառային երեկոն։

Իսկ Սեմն ընդհանրապես խոսքեր չէր գտնում: Առհասարակ նա նույնիսկ իր մտքում չէր կարողանում պատկերել, թե ինչ էր եղել այնտեղ, թեպետ այդ երջանկությունը հիշում էր մինչև կյանքի վերջը։ Միակ բանը, որ հետագայում ասում էր, դա. «Էհ, տեր իմ, թե իմ այգում էլ այդպիսի խնձորներ աճեին, այ նոր ես այգեպան կլինեի... Ճիշտն ասած, խնձորներն ինչ են որ, բա երգե՜րը... Հոգիդ տակնուվրա էին անում, եթե հասկանում եք մտքինս»։

Ֆրոդոն նստել էր խարույկի կողքին, ուտում էր, խմում ու հաճույքով զրուցում, թեև ոչ առանց դժվարության բառերն ընտրելով։ Նա էլֆերեն հավիզհազ էր հասկանում և համակ ուշադրություն դարձած լսում էր։ Երբեմն խոսում էր իրեն հյուրասիրող էլֆերի հետ և շնորհակալություն հայտնում նրանց իրենց մայրենի լեզվով, իսկ նրանք ժպտում էին և ուրախանում. «Այ թե հոբիթ է...»։

Վերջապես քունը հաղթահարեց Փիփինին: Նրան զգուշությամբ պառկեցրին խոտե փափուկ մահճում՝ ծառերի արմատների արանքում։ Սեմը գլուխը թափ էր տալիս ու չէր ուզում տիրոջից հեռանալ։ Փիփինն արդեն յոթերորդ երազն էր տեսնում, իսկ Սեմը դեռ նստած էր Ֆրոդոյի ոտքերի մոտ, պայքարում էր, պայքարում էր, վերջապես չդիմացավ ու նիրհեց։ Սակայն Ֆրոդոյի քունը դեռ չէր տանում, և նա Գարալդի հետ խոսակցություն ունեցավ։

Եղածից-չեղածից, անցածից ու ներկայից էին խոսում նրանք, և Ֆրոդոն երկար հարցուփորձ էր անում նրան Հոբիթստանի սահմաններից այն կողմ տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին։ Նորությունները մեծամասամբ չարագուշակ էին ու անհանգստացնող՝ ամենուր խտանում էր խավարը: Վերջապես նա տվեց հարցը, որը վաղուց լեզվի ծայրին էր.

― Իսկ ասա, Գարալդ, այն ժամանակից ի վեր տեսե՞լ ես Բիլբոյին։

― Տեսել եմ, ― ժպտաց Գարալդը։ ― Նույնիսկ երկու անգամ։ Այս նույն տեղում նա մեզ հրաժեշտ տվեց։ Իսկ երկրորդ անգամ՝ այստեղից հեռու-հեռու։

Որտեղ՝ նա չասաց, իսկ Ֆրոդոն չհարցրեց։

― Քո մասին խոսենք, Ֆրոդո, ― առաջարկեց Գարալդը։ ― Որոշ բաներ ես արդեն գիտեմ քո մասին. կռահում եմ դեմքիցդ, և հարցերդ էլ հենց այնպես չէին։ Հոբիթստանից հեռանում ես կասկածը սրտումդ՝ արդյո՞ք քո ուժերին համապատասխան գործ ես ձեռնարկել և կհաջողվի՞ քեզ մինչև վերջ հասցնել այն։ Այդպե՞ս է։

― Այդպես է, ― հաստատեց Ֆրոդոն։ ― Սակայն կարծում էի, թե իմ գործերի մասին միայն Գենդալֆը գիտի և մեկ էլ Սեմը։

Նա նայեց Սեմին, որը խաղաղ ֆսֆսացնում էր։

― Մեզանից Թշնամին ոչինչ չի իմանա, ― հոբիթին հանգստացրեց Գարալդը։

― Թշնամի՞ն, ― զարմացավ Ֆրոդոն։ ― Դու, երևում է, գիտես, թե ես ինչու եմ ընդմիշտ հեռանում Հոբիթստանից։

― Ես գիտեմ, որ Թշնամին կրնկակոխ հետևում է քեզ, ― պատասխանեց Գարալդը, ― բայց թե ինչո՞ւ, այդ չգիտեմ։ Դա ինձ համար տարօրինակ է: Զգուշացիր, Ֆրոդո, վտանգը առջևում է և հետևում, վտանգն ամեն տեղ է։

― Հեծյալների մասի՞ն ես ասում։ Ես այդպես էլ գիտեի, որ դրանք Թշնամու կողմից են։ Իսկ ովքե՞ր են նրանք։

― Գենդալֆը քեզ ոչինչ չի՞ ասել նրանց մասին։

― Նրանց մասի՞ն՝ ո՛չ, չի ասել։

― Այդ դեպքում պետք էլ չէ՝ քանի որ վախից կարող ես կես ճանապարհին մնալ։ Իմ կարծիքով, դու հասցրել ես վերջին ժամին դուրս գալ և, հուսով եմ, չես ուշացել։ Այժմ դու պետք է շտապես: Մի դանդաղիր և հետ մի նայիր, որքան հնարավոր է շուտ գնա Հոբիթստանից։

― Քո ակնարկներն ու խոսքերը կտուր գցելն ինձ ավելի են վախեցնում, քան առճակատ խոսակցությունը, ― ասաց Ֆրոդոն։ ― Ես գիտեի, որ առջևում վտանգներ կան, բայց մտածում էի, որ գոնե մեր Հոբիթստանից դուրս կգանք առանց չարաբաստիկ արկածների։

― Հոբիթստանը ձերը չէ, ― առարկեց Գարալդը։ ― Այնտեղ ապրում էին մինչև ձեր ապրելը, հետո էլ կապրեն, երբ հոբիթները հեքիաթ կդառնան։ Դուք հո ձեզ ու ձեզ չե՞ք ապրում, իսկ եթե նույնիսկ պատնեշվել եք աշխարհից, հո աշխարհը ձեզանից չի՞ պատնեշվել...

― Ըստ երևույթին, այդպես է… Միայն թե մեզ մոտ միշտ խաղաղ, հանգիստ ու հարմարավետ է եղել։ Իսկ հիմա ի՞նչ անեմ։ Ես որոշել էի կամաց-կամաց հասնել Բրենդիդուիմք, իսկ այնտեղից՝ Ազատք։ Եվ ահա քեզ խնդրեմ, Բրենդիդուիմք չհասած հետքներս գտել են, հիմա ի՞նչ պետք է անեմ...

― Գնա, ուր որ մտադրվել ես։ Իմ կարծիքով, արիությունդ կբավականացնի։ Իսկ ավելի իմաստուն խորհուրդ տալը՝ դա արդեն Գենդալֆի գործն է։ Չէ՞ որ ես չգիտեմ, թե ինչու ես ճանապարհ ընկել և Թշնամու ինչի՞ն ես պետք։ Իսկ Գենդալֆը երևի գիտի, և ո՛չ միայն այդ։ Դու նրա հետ տեսնվելու ես, չէ՞, նախքան Հոբիթստանից հեռանալը:

― Հուսով եմ... Ես նրան սպասեցի մինչև վերջին րոպեն. նա պետք է գար Հոբիթոն ամենաուշը երկու օր առաջ՝ չեկավ։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կարող է պատահած լինել։ Գուցե սպասե՞մ նրան։

Գարալդը մռայլվեց ու մտքերի մեջ ընկավ։

― Վատ լուրեր են, ― վերջապես խոսեց նա։ ― Գենդալֆը երբեք չի ուշանում։ Սակայն մի ասացվածք կա. իմաստունների գործերին խառնվես՝ գլուխդ կկորցնես։ Քանի որ այդպիսի խոսակցություն ես ունեցել նրա հետ, ինքդ էլ որոշիր՝ սպասե՞ս նրան, թե չսպասես։

― Մի ուրիշ ասացվածք էլ կա, ― նկատեց Ֆրոդոն։ ― «Էլֆից ու քամուց մի հարցրու խորհուրդ, ոչ հա՛ կասեն, ոչ չէ»։

― Ձեզ մոտ այդպե՞ս են ասում, ― ծիծաղեց Գարալդը։ ― Դե, ճշմարտության հատիկ կա մեջը. էլֆերն անմտածված խորհուրդներ չեն տալիս, ամեն մի խորհուրդ և՛ լավ բան ունի իր մեջ, և՛ վատ, ամեն տեսակ ճամփա կարող է փորձանք դառնալ։ Դրա համար էլ մենք խորհուրդը քամուն չենք տալիս։ Իսկ քո փոխարեն ինձ համար դժվար է ընտրություն կատարել՝ ախր դու քո գործերի մասին լռում ես։ Բայց և այնպես, եթե դու դեռ սպասում ես իմ խորհրդին, ապա կասեմ ահա թե ինչ. արագորեն հեռացիր: Եթե Գենդալֆը չերևա, անպայման ուրիշ ուղեկից գտիր, մենակ մի գնա։ Լավ քննիր բարեկամներիդ ու ընտրիր ամենահուսալի մեկին։ Եվ չմոռանաս շնորհակալություն հայտնել ինձ խորհուրդ տալուս համար՝ ես հաճույքով չեմ անում այդ։ Էլֆերն էլ իրենց հոգսերն ու ցավերն ունեն, բոլորովին տարբեր, քան մնացածներինը։ Մեր ուղիները հազվադեպ են հատվում: Մեր հանդիպումը, կարծում եմ, ուղղակի դիպված չէ, բայց նրա ճշմարիտ նպատակն ինձ հայտնի չէ, և ես վախենում եմ ավելորդ բաներ ասել։

― Հասկանալի է, ես քեզ շատ եմ շնորհակալ, ― ասաց Ֆրոդոն, ― բայց Սև Հեծյալների մասին իզուր ինձ ոչինչ չբացատրեցիր։ Չէ՞ որ եթե քո խորհուրդն ընդունեմ, Գենդալֆին կարող է դեռ երկար չտեսնեմ, իսկ ես ուզում եմ հասկանալ, թե ովքեր են ինձ հետևում։

― Այստեղ հասկանալու ի՞նչ կա։ Դրանք Թշնամու կամակատարներն են, ― ասաց Գարալդը, ― փախիր դրանցից... Ոչ մի խոսք չփոխանակես դրանց հետ... Դրանք մահ են... Եվ ինձանից այլևս ոչինչ չհարցնես: Սիրտս ասում է ինձ, Ֆրոդո, որդի Դրոգոյի, որ ինքդ նրանց մասին ժամանակի ընթացքում կիմանաս, ավաղ, ավելի շատ, քան Գարալդ Իգլորիոնը։ Թո՛ղ Էլբերեթը քեզ պահապան լինի։

― Իսկ քաջություն որտեղի՞ց վերցնեմ, ― հարցրեց Ֆրոդոն։ ― Ահա թե ինչն է ամենաշատը ինձ պակասում։

― Դե, քաջությունը սովորաբար գտնում են այնտեղ, որտեղ բոլորովին չեն սպասում, ― նկատեց Գարալդը։ ― Մի կորցրու հույսդ։ Իսկ առայժմ քնիր։ Առավոտյան մենք արդեն այստեղ չենք լինի, բայց ձեր մասին լուր կուղարկենք։ Բոլորը, ովքեր օժտված են բարին գործելու իշխանությամբ, կիմանան քո մասին, և առանց պահապանների ու օգնության չես մնա։ Ես քեզ անվանում եմ Էլֆերի բարեկամ, այդ անունը ընդունիր որպես մաղթանք։ Թո՛ղ աստղերն օրհնեն քո ճանապարհի ավարտը: Մենք հազվադեպ ենք խնամակալում օտարներին և հազվադեպ ենք նրանցից խոսք լսում մեր մայրենի լեզվով։

Ֆրոդոն հանկարծ զգաց, որ սկսում է ննջել։

― Երևի ես իսկապես էլ քնեմ, ― քեթմնջաց նա։

Էլֆը տարավ նրան Փիփինի կողքը, պառկեցրեց խոտե անկողնում։ Ֆրոդոն իսկույն մեռածի պես քնեց։

Գլուխ չորորդ. Կարճ ուղիով դեպի սնկերը

A Short Cut to Mushrooms.jpg

Ֆրոդոն արթնացավ զարմանալիորեն թարմ ու առույգ։ Նա պառկած էր համարյա գետնին դիպչող ճյուղերի հովանու տակ, բուրավետ խոտերից ու պտերից պատրաստված անկողնում, որը փափուկ էր ու հարմարավետ։ Թրթռացող կանաչ տերևների միջով, որոնց դեռևս չէր դիպել աշնան դեղնությունը, թափանցում էր արևը։ Նա ձգվեց ու ճարպկորեն դուրս թռավ իր կանաչ ապաստարանից։

Սեմը նստած էր խոտին, անտառի եզրին։ Փիփինը զննում էր երկինքն ու գուշակում եղանակը։ Էլֆերը գնացել էին։

― Նրանք մեզ միրգ, խմիչք ու հաց են թողել, ― ասաց Փիփինը։ ― Արի նախաճաշիր, հացը դեռ շատ թարմ է։ Առանց քեզ էլ բոլորը հուպ կտայի, բայց Սեմն ուղղակի բերանիցս խլում է։

Ֆրոդոն նստեց Սեմի կողքին ու սկսեց ուտել։

― Դե, ի՞նչ ենք անելու այսօր, ― հետաքրքրվեց Փիփինը։

― Դեպի Բրենդիդուիմք, այն էլ շատ արագ, ― պատասխանեց Ֆրոդոն լիքը բերանով։

― Իսկ Հեծյալներն էլ մեր կողքից, հա՞, ― ուրախ հարցրեց Փիփինը՝ առաջացնելով Ֆրոդոյի դժգոհությունը։

Առավոտյան արևի տակ Սև Հեծյալները Փիփինին ուղղակի երազ էին թվում, անհեթեթություն։

― Ամենայն հավանականությամբ՝ այո, ― չոր ասաց Ֆրոդոն։ ― Բայց լավ կլիներ մինչև գետը հասնեինք այնպես, որ դրանք մեզ չնկատեին։

― Իսկ Գարալդը նրանց մասին որևէ բան բացատրե՞ց քեզ։

― Այնպես, որոշ բան, ակնարկներով ու հանելուկներով, ― խուսափեց Ֆրոդոն։

― Դու հարցրի՞ր՝ ինչու են նրանք հոտոտում։

― Մենք մանրամասների մեջ չմտանք, ― ասաց Ֆրոդոն լիքը բերանով։

― Իսկ հարկավոր էր։ Իմ կարծիքով, դա բոլոր գաղտնիքների բանալին է։

― Եթե իրոք այդպես է, ապա Գարալդը քեզ մի ավելորդ բառ անգամ չէր ասի, ― կտրեց Ֆրոդոն։ ― Եվ առհասարակ հանգիստ թող ինձ։ Ինչու՞ պետք է հանգիստ հաց ուտելու փոխարեն քո հարցերի տարափին պատասխանեմ: Ու վերջապես թո՛ղ մտածեմ։

― Ուտելու ժամանա՞կ ես մտածելու, ― զարմացավ Փիփինը։ ― Հանկարծ շատ կմտածես։

Նա վեր կացավ ու գնաց բացատի զառիվայր կողմը։

Իսկ Ֆրոդոն իսկապես մտածում էր, որ պայծառ, նույնիսկ չափազանց պայծառ առավոտ է՝ հետապնելու համար շատ հարմար։ Գարալդի ասածները նրա մտքից չէին հեռանում: Բացատի մյուս ծայրից լսվում էր Փիփինի բարձր գոռոցը։ Նա թռչկոտում էր խոտերի մեջ ու երգում։

«Էսպես չի լինի... Ախր նրանց ինչին է պետք... ― ինքն իր մեջ որոշեց Ֆրոդոն։ ― Մի բան է նրանց հետդ Հոբիթստանում ման տալը՝ քեզ համար կեր ու խմիր, ուրախ զբոսնիր։ Իսկ օտարության մեջ սովահար լինել ու տանջվել՝ դա արդեն բոլորովին ուրիշ է: Ոչ, ես նրանց չեմ վերցնի, եթե նույնիսկ իրենք ցանկանան էլ։ Ինձ է վիճակված, ես էլ պետք է պատասխան տամ։ Սեմին էլ չի կարելի...»։

Նա նայեց Սեմ Գեմջիին, և նրանց հայացքները հանդիպեցին։

― Ի՞նչ է, Սեմ, ― հարցրեց նա, ― ի՞նչ ես նայում։ Չէ՞ որ ես գնում եմ Հոբիթստանից, հեռու եմ գնում։ Ճագարի Գերանում, երևի, մեկ օր էլ չմնամ...

― Հետո ի՞նչ, տեր իմ...

― Իսկ դու ի՞նչ է, ինձ հե՞տ ես գալու։

― Իհարկե։

― Վտանգավոր Ճանապարհորդություն է լինելու, Սեմ, շատ վտանգավոր։ Արդեն իսկ վտանգավոր է: Կենդանի վերադառնալու հույս համարյա չկա։

― Էդ ժամանակ ես էլ ձեզ հետ հետ չեմ գա, տեր իմ, էդտեղ ինչ կա, ― ասաց Սեմը։ ― Նրանց ինձ, թե՝ «Տես, հա, մենակ չթողնես նրան»։ Իսկ ես էլ նրանց ասում եմ. «Բա ոնց, հենց հիմա կլքեմ, սպասեք, որ տեսնեք, բա չէ։ Ախր ես նրա հետ լուսին էլ կգնամ, և թող մի հատ էդ, ոնց էր անունը, Սև Հեծյալները ճամփիս կանգնեն. Սեմ Գեմջիի հետ գործ կունենան, կզղջան»։ Իսկ նրանք ծիծաղում են։

― Իսկ ովքե՞ր են նրանք, ո՞ւմ մասին ես խոսում։

― Նրա՞նք, էլֆերը, էլ ո՞վ... Գիշերն էր խոսակցությունը, նրանք ձեր մասին ամեն ինչ գիտեն՝ ո՞ւր, ինչի՞ համար և ինչու։ Դե ես էլ չվիճեցի։ Ախ, տեր իմ, ի՜նչ ժողովուրդ են... Ա՜յ քեզ բա՜ն...

― Այո, զարմանալի ժողովուրդ է, ― համաձայնեց Ֆրոդոն։ ― Դե հիմա դու նրանց տեսար՝ դո՞ւր եկան քեզ...

― Դե ոնց ասեմ, տեր իմ, ― մտածկոտ պատասխանեց Սեմը։ ― Ես ի՞նչ, նրանք ինձ պատմածներով էլ էին դուր գալիս։ Բայց Էնպիսին չեն, ինչպիսին պատկերացնում էի։ Նրանք շատ ուրիշ են. և՛ ծեր են, և՛ ջահել, ուրախ և միաժամանակ տխուր՝ գնա ու հասկացիր։

Ֆրոդոն զարմանքով նայում էր Սեմին, ասես ուզում էր նրա դեմքին տեսնել այն տարօրինակ փոփոխությունները, որոնք կատարվում էին հոբիթի մեջ՝ դատելով նրա խոսքերից։ Էս ի՞նչ է եղել նրան: Նախկին Սեմ Գեմջին, որին ինքը գիտեր, այդպես չէր Խոսում: Բայց Սեմի տեսքը նույնն էր, միայն թե դեմքը արտասովոր խոհուն էր։

― Ուրեմն, էլ ինչու գնաս Հոբիթստանից, չէ՞ որ արդեն նրանց տեսել ես, ― հարցրեց Ֆրոդոն։

― Ախր, հասկանո՞ւմ եք, տեր իմ, էս գիշերվանից ես ինչ-որ ուրիշ եմ։ Գիտեմ՝ ճամփան երկար է, տանում է դեպի խավար... Բայց չեմ կարող հետ դառնալ։ Էլֆեր, վիշապներ, լեռներ, էդ բոլորն, իհարկե, շատ լավ է... Բայց հիմա ես մենակ դրա համար չէ, որ գալիս եմ ձեզ հետ։ Էստեղ ուրիշ բան կա։ Ճիշտը որ ասեմ, ես էլ չգիտեմ, թե ինչ: Բայց հաստատ գիտեմ, որ անպայման ձեզ պետք կգամ, և ոչ թե էստեղ՝ Հոբիթստանում... Ես պետք է գնամ էս ճամփան մինչև վերջ... Եթե հասկանում եք, թե ինչի մասին եմ խոսում։

― Ոչ, չեմ հասկանում, Սեմ։ Բայց Գենդալֆը, կարծես թե, լավ ուղեկից է ընտրել ինձ համար։ Դե լավ, առայժմ միասին կգնանք։

Ֆրոդոն լուռ վերջացրեց նախաճաշը։ Հետո վեր կացավ, շուրջը նայեց ու կանչեց Փիփինին։ Վերջինս իսկույն վազելով եկավ։

― Գնալու ժամանակն է, ― հայտարարեց Ֆրոդոն։ ― Քնեցինք մնացինք, իսկ ճանապարհը երկար է։

― Այդ դու ես քնել-մնացել, ― ասաց Փիփինը։ ― Ես հո վաղուց եմ արթնացել, մենք միայն սպասում էինք, թե երբ պիտի դու վերջացնես ուտելն ու մտածելը։

― Ահա և վերջացրի։ Մենք պետք է որքան կարելի է շուտ հասնենք Բրենդիդուիմյան Լաստանավին։ Բայց չեմ ուզում վերադառնանք ուղի, եկեք կարճ ճանապարհով գնանք։

― Ուրեմն պետք է թռչել սովորենք, ― արձագանքեց Փիփինը։ ― Ոտքի ճանապարհ չկա։

― Կգտնենք, ― ասաց Ֆրոդոն, ― մի կերպ դուրս կգանք։ Լաստանավը գտնվում է Անտառային Օթևանից արևելք, իսկ ճանապարհը թեքվում է դեպի ձախ ու մեծ աղեղ գծում, այ այնտեղ, տեսնո՞ւմ եք։ Այնպես որ, եթե ուղիղ գնանք, քառորդ չափով այն կկրճատենք։

― Ուշ լինի՝ նուշ լինի, ― առարկեց Փիփինը։ ― Դժվար տեղանք է, ճահիճ, ճանապարհ չկա, ես հո այնտեղ եղել եմ։ Իսկ եթե դու Սև Հեծյալների վերաբերյալ ես ասում, ապա նրանց հետ ճանապարհին հանդիպես, անտառում, թե դաշտում, միևնույնն է, տարբերություն չկա։

― Անտառում ու դաշտում թաքնվելը շատ հեշտ է, ― նկատեց Ֆրոդոն։ ― Մեզ ճանապարհին են սպասում, իսկ ճանապարհից դուրս մեկ էլ տեսար իսկի չփնտրեցին էլ։

― Լավ, ― համաձայնեց Փիփինը։ ― Գնանք, թռչկոտենք ճիմերի վրայով՝ առջևից դու, քո հետևից՝ մենք։ Միայն թե ափսո՜ս։ Կարող էինք մինչև փակվելը հասնել «Ոսկի թառ», այնտեղ հրաշալի գարեջուր կա, այս տեղերում ամենալավը։ Վաղուց չեմ խմել։

― Առավել ևս, ― որոշեց Ֆրոդոն։ ― Ուշ լինի՝ նուշ լինի, բայց որ պանդոկ մտար՝ էլ դուրս գալ չի լինի։ Սրան տես, «Ոսկի թառի» վրա է նշան բռնել։ Ոչ, մեզ հարկավոր է մինչև արևի մայր մտնելը հասնել Ճագարի Գերան։ Իսկ դու ի՞նչ կարծիքի ես, Սեմ։

― Ես ի՜նչ, ոնց որ դուք կասեք, ― հառաչեց Սեմը՝ մտածելով Հոբիթստանի ամենալավ գարեջրի մասին։

― Ուրեմն, պայմանավորվեցինք, գնացինք դեպի ճահիճներն ու փշերը, ― եզրափակեց Փիփինը։

Շոգ էր, համարյա ինչպես երեկ, թեև արևմուտքից եկող ամպերն ամպրոպ էին խոստանում։ Հոբիթներն իջան խոտածածկ զառիթափ լանջով և սուզվեցին մացառների մեջ։ Նրանք մտադրվել էին Անտառային Օթևանը թողնել ձախ կողմում, կտրել անցնել աջակողմյան բլրի լանջին փռված անտառը և դուրս գալ հարթավայր: Իսկ այնտեղից՝ ուղիղ գծով գետանցում, լավ է, գոնե էնտեղ խոչընդոտներ չկան, բացի մեկ-երկու առուներից ու ցանկապատներից: Ֆրոդոյի հաշվարկներով ուղիղ գծով գնալու էին մոտ տասնութ մղոն, ոչ ավելի:

Մոտիկից մացառուտներն ավելի խիտ դուրս եկան, քան երևում էին հեռվից։ Ոչ մի կածան չկար, և ճանապարհորդները գնում էին շատ դանդաղ՝ իրենց հանձնած բախտի քմահաճույքին։ Վերջապես դուրս եկան մի գետակի մոտ, կավահող զառիթափ ափերով՝ ծածկված փշոտ թփուտներով։ Գետը պատնեշում էր ճանապարհը՝ այն անցնելու համար հարկավոր էր ցեխոտվել, քերծվել ու թրջվել։ Բարեկամները կանգ առան՝ չիմանալով ինչ անել:

― Առայժմ վատ չէ, ― մռայլ նկատեց Փիփինը։

Սեմը հետ նայեց: Թփուտի արանքներից դեռ երևում էր բլրի կանաչ կատարը, որտեղից նրանք իջան։

― Տեսե՛ք, ― շշնջաց նա՝ Ֆրոդոյի ձեռքը բռնելով։

Երեքն էլ նայեցին վերև ու բլրի կատարին տեսան սև ձին, իսկ կողքը՝ սև, կորացած կերպարանքը։

Եթե նույնիսկ ուզենային էլ, դեպի հետ ճանապարհ այլևս չկար։ Ֆրոդոն առաջինը կավահողով իջավ ցած, դեպի առափնյա թփուտները։

― Ահա այսպես, ― ասաց Փիփինին։ ― Թե՛ դու, թե՛ ես, երկուսս էլ իրավացի ենք։ Կարճ ճանապարհով գուցեև դժվար է ու շատ ժամանակ կկորցնենք, բայց փոխարենը հասցրինք թաքնվել։ Աղվեսի ականջներ ունես, Սեմ, որևէ մեկը ծածուկ չի՞ հետևում մեզ։

Նրանք քարացան ու շունչները պահեցին: Հետապնդման ձայն չկար։

― Ձին այդպիսի վայրէջքը չի հաղթահարի, ― հուսադրեց Սեմը։ ― Բայց թե նա, երևում է, հասկացել է, որ մենք իջել ենք էստեղ։ Գնանք, շուտ։

Ասելը հեշտ էր, անելը՝ դժվար: Մեջքներին ծանր տոպրակներ, իսկ փշոտ թփերը համառորեն չէին ուզում ճանապարհ տալ անկոչ հյուրերին: Հետևում մնացած բլուրը տարածքը հուսալիորեն պաշտպանում էր քամուց, և հեղձուկ օդում ոչ մի շարժում չէր նկատվում: Վերջապես հոբիթները քրտնած, շոգած ու քերծվածքներ ստացած, հազիվ ոտքները քարշ տալով և, որ ամենավատն է, ուղղությունը կորցրած դուրս եկան բաց տարածք: Գետակի ափերը ցածրացել էին, հունը՝ լայնացել, իսկ ջրի բարձրությունը՝ իջել: Հարթ տեղանք դուրս գալով այն տարածվում էր ու պատրաստվում միանալ ճահիճներին, որպեսզի այնտեղից լցվի Բրենդիդուիմ:

— Բարև ձեզ, ախր սա Ամբարի գետակն է,— ուշացած կռահեց Փիփինը: Եթե ուզում ենք այսօր հասնել Լաստանավին, ուրեմն պետք է հենց հիմա անցնենք մյուս կողմն ու թեքվենք աջ:

Ծանծաղ մասում անցան գետն ու վազքով հատեցին լայն բացատը, որտեղ նրանց ծածկում էին միայն սեզի մացառուտներն ու հատուկենտ ծառերը։ Հետո կրկին անտառ սկսվեց. մեծամասամբ կաղնիներ էին, բայց երբեմն պատահում էին նաև հացենիներ ու ծփիներ։ Ճումբերն ու խանդակները վերջացան, գնալը հեշտացավ, բայց ծառերը չափազանց խիտ էին աճած, և առջևում հնարավոր չէր ոչինչ տեսնել: Հանկարծակի սկսված քամին օդ բարձրացրեց չոր տերևները, իսկ հետո անձրև տեղաց։ Հոբիթներն արագացրին ընթացքը. սայթաքում էին թաց խոտի վրա ու շարունակ ընկնում, բայց շարունակում էին գնալ, իսկ անձրևը չէր դադարում: Գնում էին լուռ՝ անընդհատ ուշադիր շուրջը նայելով:

Մոտավորապես կես ժամ հետո Փիփինը չդիմացավ.

― Մենք, երևի, շատ ենք աջ վերցրել, վաղուց պետք է դաշտ դուրս եկած լինեինք։ Անտառն, ախր, նեղ է, հազիվ մի երկու մղոն լինի:

― Չէ, այդ մեկն արդեն՝ չէ, ― ասաց Ֆրոդոն, ― ոլոր-մոլոր չենք գնա, թե չէ բոլորովին կխճճվենք։ Բացի այդ, վախենում եմ բաց տեղ դուրս գալուց։

Մի կես ժամ ևս անցավ։ Ծվեն-ծվեն ամպերի տակից արևը դուրս եկավ, ու անձրևը թուլացավ։ Կեսօրն անցել էր, ու քաղցն իրեն զգացնել էր տալիս։ Տեղավորվեցին ճյուղածածկ ծփենու տակ, որի տերևները դեղնել էին, բայց դեռ չէին թափվել, այնպես որ արմատների մոտ բոլորովին չոր էր։ Բարեկամները հայտնաբերեցին, որ Էլֆերն իրենց տափաշշերը լցրել են ոսկեգույն, վճիտ և մեղրաբույր հյութով։ Շուտով նրանք ծիծաղում էին մաղող անձրևի վրա, միաժամանակ և Սև Հեծյալի վրա։ Ի՜նչ է մնացել որ, ևս քանի մղոն՝ ու ամեն ինչ վերջացած է:

Ֆրոդոն մեջքով ընկավ ծառի բնին ու աչքերը փակեց։ Սեմն ու Փիփինը տեղավորվեցին կողքին ու կիսաձայն ձգեցին.


Հա՛, հա՛, կխմեմ իմ տափաշշից
Ու կծիծաղեմ ես փորձանքի վրա,
Կերգեմ, ինչպես երգում էին հնում
Թող քամին ոռնա՛ անձրևի վրա:

Թող քամին ոռնա՛, անձրևը զարկի՛,
Իսկ ես ծառի տակ պառկած կմնամ
Նեկտար կխմեմ իմ տափաշշից,
Եվ ահ ու չարից հեռու կմնամ։

― Հա՛, հա՛ կխմեմ իմ տափաշշից, ― սկսեցին նրանք ավելի բարձր ու՝ հանկարծ սսկվեցին։ Ֆրոդոն ոտքի թռավ։ Քամու հետ մի երկարաձիգ ոռնոց լսվեց, սահմռկեցնող ու չարագույժ։ Այն տարածվում էր՝ դաշտ ու ձոր լցնելով սառը, գիշատիչ կատաղությամբ։ Երեքն էլ քարացած լսում էին՝ զգալով, թե ինչպես է արյունը սառչում երակներում։ Իսկ ոռնոցին, որը չէր հասցրել ընդհատվել, պատասխանեց հեռավոր մի կաղկանձ, նույնքան կատաղի ու զզվելի։ Ապա իջավ մեռելային լռություն։

― Ի՜նչ տարօրինակ ճիչ էր, չէ՞, ― խոսեց Փիփինը շինծու կայտառ, բայց բեկբեկուն ձայնով։ ― Թռչուն է, երևի, թեև մեր Հոբիթստանում նման թռչունի ձայն ես դեռ չեմ լսել։

― Ոչ գազան է, ոչ թռչուն, ― առարկեց Ֆրոդոն։ ― Մեկը կանչեց, մյուսը պատասխանեց, և նույնիսկ բառեր կային այդ կանչի մեջ, միայն թե զզվելի ու անհասկանալի։ Օտար լեզվով։

Չքննարկեցին։ Բոլորի գլխում Սև Հեծյալներն էին, իսկ նրանց մասին ավելի լավ է լռել, նրանք արդեն դա հասկացել էին։ Գնալը վտանգավոր է, թաքնվելն՝ առավել, բայց թե ուր կորչես, եթե հարկավոր է ամեն կերպ ու հնարավորին չափ արագ հասնել Լաստանավին, քանի դեռ լույս է։ Նրանք պարկերը գցեցին ուսներին ու արագ առաջ շարժվեցին։

Շուտով անտառը կտրուկ վերջացավ: Առջևում տարածվեցին մարգագետինները։ Երևում է, նրանք իսկապես շատ էին դեպի հարավ գնացել: Մարգագետիններից այն կողմ հեռվում աղոտ երևում էր Բաքմորիի Թեք լեռը՝ ոչ թե առջևում, ինչպես պետք է լիներ, այլ՝ ձախ կողմում։ Նրանք գաղտագողի դուրս եկան ծառերի տակից ու մարգագետնով սլացան, ինչքան ուժ ունեին։

Սկզբում առանց անտառի ծածկույթի սարսափելի էր։ Հեռվում էր մնացել անտառապատ բլուրը, որտեղից նրանք առավոտյան իջել էին։ Ֆրոդոն հետ նայեց գրեթե համոզված, որ զառիվայրի գլխին տեսնելու է Հեծյալի անշարժ սև կերպարանքը։ Բայց Հեծյալ չկար։ Արևը բոցավառել էր ամպերը և իջել հեռավոր բլուրների հետևը՝ մայրամուտի վառ բռնկումներով լուսավորելով հարթավայրը։ Քիչ-քիչ վախն անցավ, թեև հոբիթները դեռ ուշքի չէին եկել։ Կամաց-կամաց տարածքը փոխվեց. այստեղ հողն արդեն վայրի չէր, խոտհարքներ սկսվեցին, արոտավայրեր։ Ապա ձգվեցին դռնակներով ցանկապատերը, մշակված դաշտերը, ոռոգող առուները։ Ամեն ինչ ծանոթ էր, հուսալի ու խաղաղ՝ սովորական Հոբիթստան։ Ճամփորդներն ամեն քայլը գցելու հետ հանդարտվում էին։ Գետն արդեն մոտ էր, և Սև Հեծյալներն այժմ սարսափելի անտառային ուրվականներ էին թվում, որոնք մնացել էին ինչ-որ տեղ թիկունքում և այլևս անկարող էին չարություն պատճառել։

Խնամքով մշակված շաղգամի դաշտի եզրով նրանք մոտեցան մի ցանկապատի։ Լայն դարպասից ուղիղ ճամփա էր ձգվում դեպի բակ: Ոչ հեռվում պուրակ էր երևում, իսկ դրանից հետո՝ կալվածքը։ Փիփինը կանգ առավ։

― Ճանաչում եմ էս դարպասը, ― բացականչեց նա։ ― Ախր սա Անգեղի ագարակն է...

― Անձրևից փախանք, ջուրն ընկանք, ― ասաց Ֆրոդոն հետ ընկնելով, ասես ճանապարհը նրան վիշապի որջն էր տանում։

Սեմն ու Փիփինը ապշահար նրան նայեցին։

― Իսկ ծեր Անգեղը ինչո՞վ քո սրտով չէ, ― հարցրեց Փիփինը։ ― Նա բոլոր Բրենդիբաքերի մոտիկ բարեկամն է։ Ճիշտ է, թափառաշրջիկներ չի սիրում, կատաղի գամփռներ ունի, բայց դե տեղն էլ մի տեղ չի, համարյա սահման է, գիտես, էստեղ քնածի տեղ չի։

― Գիտեմ, ― ասաց Ֆրոդոն և շփոթված ծիծաղեց։ ― Բայց արի տես, որ սարսափելի վախենում եմ Անգեղից ու նրա շներից՝ հնուց եկող հիշողությունն է պատճառը։ Երբ փոքր էի, երբեմն ցանկապատներից թռչում էի սունկ գողանալու ու հաճախ բռնվում էի։ Իսկ վերջին անգամ նա ինձ մի լավ դնքստեց, օձիքիցս բռնեց ու տարավ շներին ցույց տվեց. «Տեսնո՞ւմ եք, այս վնասակար արարածին, ― ասում է, ― հենց որ նորից մեզ մոտ բարեհաճի, կերեք սրան, որ հետքն էլ չմնա, թույլ եմ տալիս։ Իսկ առայժմ տարեք ճանապարհեք»։ Եվ նրանք իմ հետևից եկան մինչև Լաստանավ, պատկերացնո՞ւմ եք։ Վախից սիրտս փորումս ձիավոր էր դարձել, թեպետ շները գիտեին, թե ինչ են անում՝ հետևիցս գալիս էին, գռմռում, բայց ձեռք չէին տալիս, քանի որ հրաման չկար։

Փիփինը հռհռաց։

― Ուրեմն, հիմա ամեն ինչ կպարզենք, ― ասաց նա։ ― Հին վախերից ազատվելու ամենահարմար ժամանակն է, մանավանդ, եթե ուզում ես բնակվել էս կողմերում։ Անգեղը քո ուզած մարդն է, մենակ թե սունկ գողանալու չգնաս։ Եկեք ներս մտնենք, բայց դարպասով, ոչ թե ցանկապատի վրայով: Ուղիղ կկգնանք դեպի տուն, որ չմտածի, թե մենք ինչ-որ թափառաշրջիկներ ենք։ Իսկ որ իրեն հանդիպենք, ես կխոսեմ, դուք գործ չունեք։ Նա և Մերին լավ բարեկամներ են, դե ես էլ նրանց հետ միշտ լավ եմ եղել։

Ճամփորդներն իրար հետևից գնացին աղուրի երկայնքով: Շուտով երևացին ագարակի և ագարակամերձ շինությունների եղեգե տանիքները։ Հիմնավոր, բարետես աղյուսե տունը շրջափակված էր կաղնեփայտե բարձր պարսպով։

Դարպասի հետևից լսվեց բարձր, համերաշխ հաչոց, ապա մի ձայն.

― Ժանի՜ք, Գա՜յլ, Բռնի՜կ, ինձ մոտ...

Ֆրոդոն ու Սեմը քարացան, իսկ Փիփինը մի քանի քայլ էլ գնաց։ Դարպասը բացվեց, և երեք հսկայական գամփռ կատաղի հաչոցով նետվեցին դեպի ճամփորդները։ Փիփինի վրա նրանք ուշադրություն չդարձրին։ Երկուսը նետվեցին Սեմի վրա, նրան սեղմեցին պարսպին ու սկսեցին հոտոտել։ Երրորդը՝ հսկայական ու տեսքից ամենակատաղին, կանգնեց Ֆրոդոյի առջև՝ հետևելով նրան ու խուլ գռմռալով։

Դարպասից դուրս եկավ մի գեր, թիկնեղ ու կարմիր դեմքով հոբիթ։

― Բարև՜ ձեզ։ Ողջո՜ւյն։ Թույլ տվեք իմանալ, ովքե՞ր եք դուք և այստեղ ձեզ ի՞նչ է պետք, ― հարցրեց նա։

― Ձեզ էլ ողջույն, պարոն Անգեղ, ― ասաց Փիփինը։

Տանտերը ուշադիր նայեց։

― Վա՜հ, էս հո Փիփինն է՝ ուզում էի ասել, պարոն Փերեգրին Տուկը։ ― Անգեղը քթի տակ լայն ժպտաց, ― վաղուց ձեզ չեմ տեսել։ Դե ձեր բախտը բերեց, որ մենք հին ծանոթներ ենք։ Ես էլ արդեն ուզում էի շներին բաց թողնել։ Թե չէ ով ասես թափառում է այստեղ, իսկ այսօր հատկապես։ Օ՜ֆ, ախր գետը մոտիկ է, ― ասաց նա գլուխը թափ տալով։ ― Տեսնես դա որտեղի՞ց բարեհաճեց, ոնց որ հեքիաթի հրեշ։ Մյուս անգամ դրան ներս թողնողը չեմ։ Կմեռնեմ՝ չեմ թողնի։

― Այդ ո՞ւմ մասին եք ասում, ― հարցրեց Փիփինը։

― Դե նա ձեզ ընդառաջ գնաց։ Այդ ինչպե՞ս է չեք հանդիպել, ― զարմացավ Անգեղը։ ― Ասում եմ, չէ՞, իսկը հրեշ, ու հարցերն էլ հրեշային... Դեհ, տուն մտնենք, մի կարգին խոսենք։ Ես էլ հենց նոր եմ գարեջուր սարքել։

Ըստ երևույթին, նա եկվորի մասին ուզում էր պատմել անշտապ ու մանրամասն։

― Իսկ շնե՞րը, ― հարցրեց Ֆրոդոն։

― Շնե՞րը, քանի հրաման չեմ տվել, ձեզ ձեռք չեն տա, ― ծիծաղեց տանտերը։ ― Հեյ, Ժանի՛ք, Բռնի՛կ, պառկե՛լ, ― գոռաց նա, ― պառկել, Գա՛յլ։

― Պարոն Ֆրոդո Բեգինսն է, ― ներկայացրեց Փիփինը։ ― Երևի դուք նրան չեք հիշում, բայց ժամանակին նա այստեղ ապրել է։

«Բեգինս» անունը լսելով, Անգեղը զարմացավ ու սևեռուն նայեց Ֆրոդոյին։ Վերջինս մտածեց, որ հիմա նա կհիշի գողացած սնկերը և շներին բաց կթողնի իր վրա։ Բայց տանտերը նրան թևանցուկ արեց։

― Ա՜յ քեզ բան, ― ասաց նա։ ― Ո՞ւմ մտքով կանցներ։ Անունը տուր, սուփրան փռիր։ Համեցեք, ներս համեցեք... Խոսելիք կա։

Բոլորը նստեցին լայն բուխարիկի առջև։ Տանտիրուհին կճուճով գարեջուր բերեց և լցրեց չորս գավաթի մեջ։ Գարեջուրն այնքան համեղ էր, որ ասելու չէ, այնպես որ Փիփինը նույնիսկ ամաչեց «Ոսկե թառի» մասին իր ասած խոսքերի համար։ Սեմն զգուշությամբ էր խմում. ի՜նչ իմանաս ինչ կարող են եփել այս կողմերում։ Էլ չասած, որ իր տիրոջն էլ այստեղ նեղացրել են, ճիշտ է՝ վաղուց, բայց դա ի՞նչ նշանակություն ունի։

Խոսեցին եղանակի, բերքի մասին (առհասարակ, սովորականից վատ չէ), հետո Անգեղը գավաթը թմփացրեց սեղանին և նայեց հյուրերին։

― Դեհ, պարոն Փերեգրին, ― հարցրեց նա, ― որտեղի՞ց եք գալիս, ո՞ւր եք գնում։ Եթե ինձ մոտ եք եկել՝ ապա քիչ էր մնում կողքովս անցնեիք։

― Ձեզ մոտ ենք եկել, բայց ոչ լրիվ ձեզ մոտ, ― պատասխանեց Փիփինը։ ― Ճիշտն ասած, քանի որ դուք արդեն գլխի եք ընկել, ուրեմն, մենք կալվածքին հակառակ կողմից մոտեցանք: Անտառային Օթևանից կարճ ճանապարհով ուզում էինք հասնել Լաստանավին՝ ակամա ընկանք այստեղ։ Գալիս անտառում մոլորվեցինք։

― Որ շտապում էիք, ինչու՞ չէիք ճանապարհով գնում, ― զարմացավ տանտերը։ ― Չնայած, դա ձեր գործն է։ Դե լավ, մնացեք ինձ մոտ, ման եկեք, ազատ, անարգել։ Դուք նույնպես, պարոն Բեգինս... Թեպետ սունկի հարցում ո՞նց եք։ Առաջվա նմա՞ն, ― նա հռհռաց։ ― Այո, ա՛յ, տեսնո՞ւմ եք, հիշում եմ, հիշում եմ փոքրիկ Ֆրոդո Բեգինսին։ Այ թե ավազակն էր, հա՜... Ձեր ազգանունը, ճիշտն ասած, մոռացել էի, բայց հիշեցրին։ Էսօրվա եկողը, ձեր կարծիքով, ինչի՞ մասին էր հարցնում...

Հոբիթներն ականջները սրեցին։

― Այո՜ս, ― անշտապ ու հաճույքով ասաց Անգեղը, ― Ուրեմն, մեծ, սև ձիու վրա մոտեցավ բաց դարպասին ու խցկվում է դռնից։ Սև, ամբողջապես սևերի մեջ, դեմքը չի երևում, ասես վախենում է, որ կճանաչեմ։ «Մի սրա՜ն տեսեք,— մտածում եմ,— Էս ի՞նչի է հասել մեր Հոբիթստան»։ Դե սահմանը մոտիկ է, ով ասես թրև է գալիս, բայց օրումս դրա նմանը չէի տեսել։

Դուրս եմ գալիս։ «Դեհ, ― ասում եմ, ― բարով, ի՞նչ կա։ Էդ դուք սխալ եք եկել, նորից հետ գնացեք, ճանապարհը դուրս կգաք»։

Նա ինձ բոլորովին դուր չեկավ. նույնը և Բռնիկին՝ դուրս վազեց, հոտոտեց, պոչը քաշեց տակն ու վնգստաց։ Իսկ նա, սևը, նստել է ու չի շարժվում։ «Ես էնտեղից եմ գալիս, ― խոսում է ցածր, խուլ, կարծես ձայն չունի, ու արևմուտքի կողմն է ցույց տալիս իմ հողի միջով... ― Բեգինսն այստե՞ղ է»։ ֆսֆսացնում է մի տեսակ ու կռանում է վրաս։ Կռանում է, իսկ դեմք չկա, գլխաշորի տակից մի անցք է երևում։ Էստեղ դող ընկավ մարմինս։ Դեհ, դողը՝ դող, բայց ո՞ւր է խցկվում, երբ իրեն չեն խնդրո՞ւմ... Դրան տես, թմբերս ոտնատակ է տվել ու հեչ պետքն էլ չէ:

«Դե, քաշվիր էստեղից, ― ասում եմ։ ― Էստեղ քեզ ինչ Բեգինս, ինչ բան։ Սխալ տեղ ես մտել։ Բեգինսները Հոբիթոնում են ապրում, շուռ արի ու գնա, մենակ թե ո՛չ իմ հողով, ասում եմ, այլ ճանապարհով»։

«Բեգինսն այնտեղից հեռացել է, ― շշնջում է,― նա այստեղ է գալիս։ Արդեն հեռու չէ։ Կասե՞ս, եթե հայտնվի այստեղ: Որ ասես՝ ոսկի կբերեմ»։

«Բեր, բեր, ― ասում եմ, ― միայն թե ո՛չ ինձ։ Իսկ հիմա չքվի՛ր, քանի ողջ առողջ ես, թե չէ որ շներին բաց եմ թողել...»։

Նա միայն ֆշշացրեց ի պատասխան: Գուցե էդպես ծիծաղում էր, իսկ գուցեև ոչ: Հետո խթանեց ձիուն ու քշեց վրաս։ Հազիվ հասցրի հետ թռչել ու մինչ շներին կկանչեի, շրջվեց ու դուրս եկավ ճանապարհ, դե գնա ու իմացիր ով էր, ի՜նչ էր... Դեհ, իսկ դուք ի՞նչ կասեք...

Ֆրոդոն չպատասխանեց. նայում էր կրակին ու մտածում, թե հիմա ինչպե՞ս պետք է հասնեն Լաստանավ։

― Չգիտեմ, թե ձեզ ինչ ասեմ, ― վերջապես ասաց նա։

― Չգիտե՞ս, ուրեմն լսիր ինչ որ կասեն, ― խորհուրդ տվեց Անգեղը։ ― Է՜հ, պարոն Ֆրո՛դո, պարոն Ֆրո՛դո, ախր ինչ կար էդ Հոբիթոնում: Չարժեր դրանց հետ կապվել՝ էնտեղի ժողովուրդը ծալապակաս է (Սեմը աթոռի վրա շարժվեց և խիստ նայեց Անգեղին)։ Չնայած դուք միշտ էլ տաքգլուխ եք եղել, չի լինի, որ սկզբից մտածեք, հետո՝ անեք։ Հենց լսեցի, որ հեռացել եք մոտիկ հարազատներից՝ Բրենդիբաքերից, ու կպել ձեր պապի եղբորը, միանգամից ասացի. լավ բան չսպասեք։ Ծեր Բիլբոն ճաշն եփել է, իսկ ո՞վ պետք է ուտի։ Դու՛ք: Նա հո հարստությունը արդար քրտինքով չի՞ ձեռք գցել հեռավոր երկրներում։ Իսկ հիմա էլ գտնվել են էնպիսինները, որոնց համար շատ հետաքրքիր է, թե էդ ո՞ւմ գանձերն են թաղված նրա մոտ, Հոբիթոնի բլուրում։

Ֆրոդոն լռեց։ Փնթփնթան Անգեղը ճիշտ նշանակետին էր խփում։

― Այ, էսպիսի բաներ, պարոն Ֆրոդո, ― շարունակեց նա։ ― Լավ է, գոնե խելք եք արել, վերադառնում եք հարազատ վայրեր։ Ականջ դրեք բարի խորհրդիս՝ վերադարձե՞լ եք, ուրեմն, սուսուփուս ապրեք ձեզ համար։ Օտարների հետ գլուխ չդնեք։ Ձեր այստեղ եղած բարեկամներն էլ ձեզ հերիք են, ճիշտ եմ ասում։ Իսկ եթե էն սևը նորից երևա, արդեն ես նրա հաշիվը կմաքրեմ. ուզում եք կասեմ, որ դուք ընդմիշտ մեկնել եք Հոբիթստանից, կամ էլ թե չէ մեռել եք։ Դե նրանք երևի ոչ թե ձեզ են հետապնդում, այլ պարոն Բիլբոյին, դուք պետք է ձեր ազգանունը փոխեք։

― Թերևս, դուք ճիշտ եք, ― համաձայնեց Ֆրոդոն՝ աչքը կրակից չկտրելով։

Անգեղը մտազբաղ նայեց նրան։

― Տեսնում եմ, այս հարցում դուք ձեր սեփական կարծիքն ունեք, ― նկատեց նա։ ― Դե իհարկե. պարզից էլ պարզ է, որ պատահական չհայտնվեցիք էստեղ սևի գնալուց հետո։ Դե էդ սևի մասին էլ, երևում է, ինձնից շատ գիտեք, հազիվ թե ես զարմացրի ձեզ։ Գիտեք, ուրեմն, ձեր իմացածը ձեզ պահեք, ես հետաքրքրասեր չեմ։ Բայց երևում է, որ ձեր սիրտն անհանգիստ է։ Մտածում եք, ո՞նց սուսիկ-փուսիկ հասնեք Լաստանավ, չէ՞։

― Մտածում եմ, ― խոստովանեց Ֆրոդոն, ― մենակ թե այստեղ մտածելու բան չկա, հարկավոր է գնալ և ինչ լինելու է թող լինի։ Շնորհակալություն ձեր բարության համար։ Ախր ես ձեզնից և ձեր շներից, չեք հավատա, երեսուն տարի վախեցել եմ։ Հիմարություն է, իհարկե։ Մի հուսալի բարեկամ ավելի կունենայի... Էհ, ափսոսում եմ, որ ձեզնից բաժանվում եմ։ Դե, գուցե դեռ կգամ այցի, այն ժամանակ էլ կնստենք, կզրուցենք։

― Միշտ համեցեք, ― ասաց Անգեղը։ ― Իսկ առայժմ ինձ լսեք։ Օրն իրիկնանում է, մեր ընթրելու ժամն է։ Չէ՞ որ մենք պառկում ու վեր ենք կենում արևի հետ։ Չէիք ուզենա մեզ հետ ընթրե՞լ։

― Շատ շնորհակալ ենք, ― ասաց Ֆրոդոն։ ― Միայն վախենում եմ, որ կուշանանք։ Առանց այդ էլ գիշերվա կողմը հազիվհազ տեղ հասնենք։

― Տա՛, տա՛, տա՛, էհ, շտապելուց չեք թողնում մի խոսք ասեմ։ Իսկ իմ ասածն ի՞նչ է. կընթրենք, ես ծածկասայլ ունեմ, դե դրանով էլ ձեզ կտանեմ։ Էդպես արագ կհասնեք, և ապահով կլինի, թե չէ ի՜նչ իմանաս, ինչ կարող է պատահել։

Դա փոխում էր իրերի վիճակը, և Ֆրոդոն համաձայնեց հուրախություն իր ուղեկիցների։ Արևը համարյա ծածկվել էր բլուրների հետևում, աղջամուղջը թանձրանում էր։ Հայտնվեցին Անգեղի երկու որդիներն ու երեք աղջիկները. հսկայական սեղանը մի րոպեում բացեցին։ Ավելի թեժ մոմեր բերեցին, բուխարիկը վառեցին։ Տիկին Անգեղուհին սկսեց ափսեները լցնել: Եկան ևս մի քանի հոբիթ, որոնք բատրակություն էին անում կալվածքում: Ընթրիքն սկսվեց: Գարեջուր ինչքան ուզես կար։ Սեղանի մեջտեղում դրված գլխավոր ճաշը՝ խոզապուխտով տապակած սունկը, մի քանի րոպեում վերջացավ։ Կրակի մոտ պառկած շները ոսկորներն էին կրծում։

Ընթրիքից հետո Անգեղն ու որդիները լապտերները ձեռքներին գնացին սայլը պատրաստելու։ Երբ հյուրերը դուրս եկան բակ, արդեն բոլորովին մութ էր։ Նրանք պարկերը դրեցին սայլի մեջ և իրենք էլ տեղավորվեցին։ Անգեղը սանձով խփեց երկու լավ կերակրված պոնիների կողերին։ Տիկին Անգեղուհին կանգնած էր լուսավորված դռան մեջ։

― Զգույշ եղիր, ― ձայն տվեց նա։ ― Օտարների հետ չկռվշտես, հենց տեղ հասցրիր՝ ուղիղ տուն։

― Լավ, ― ասաց Անգեղը, և սայլը դարպասից դուրս եկավ։

Շատ խաղաղ, բոլորովին անքամի գիշեր էր, բայց Խոնավ էր ու ցուրտ: Մթության ծածկոցը ճամփորդներին դիմավորեց լռությամբ: Լապտեր որոշեցին չվառել և գնում էին դանդաղ, առանց շտապելու: Շուտով մոտեցան ամբարտակին, անցան վրայով ու բարձրացան հողաթմբի գլուխը։ Ճամփաբաժանում Անգեղն իջավ, նայեց այս ու այն կողմ՝ անթափանցելի խավար և ոչ մի ձայն։ Գետից մառախուղը քուլա-քուլա բարձրանում էր ջրապատնեշի վրա ու սողում դեպի դաշտերը։

― Ա՜յ թե մո՜ւթ է, ― ասաց Անգեղը։ ― Բայց հիմա լապտեր չեմ վառի, միայն հետ գնալիս: Եթե ինչ-որ մեկը հայտնվի՝ մենք նրա ձայնը հեռվից կլսենք։

Մինչև լաստանավ երկու-երեք լիգ էր մնում։ Հոբիթները թիկնոցներով պինդ փաթաթված նստել և ուշադիր լսում էին: Լսվում էր միայն անիվների ճռճռոցը և սմբակների կտկտոցը։ Ֆրոդոյին թվում էր, թե սայլը չի գնում, այլ հազիվ սողում է։ Փիփինը ննջում էր, իսկ Սեմը զգուշավոր նայում էր մառախուղի մեջ։

Վերջապես, աջից աղոտ սպիտակին տվեցին երկու բարձր սյուն՝ շրջադարձ դեպի Լաստանավը։ Անգեղը ձգեց սանձափոկերը. սայլը ճռռալով մի պահ կանգ առավ, ապա սկսեց իջնել բլրի ստորոտը։ Նորից լռության վայրկյան... Իսկ հետո բոլորը լսեցին այն ձայնը, որին այդքան վախով սպասում էին՝ սմբակների թխկթխկոցը։ Այն մոտենում էր գետի կողմից։

Անգեղը թռավ ցած, գրկեց ձիերի վզերը, որ չֆռթկացնեն, և հայացքը սևեռեց մշուշոտ խավարին։ Թրխկ-թրխկ-թրխկ, թխկթխկում էին սմբակները և խուլ արձագանքում գիշերվա խաղաղ օդում։

― Ավելի լավ է, դուք թաքնվեք, տեր իմ, ― շտապով տիրոջը խորհուրդ տվեց Սեմը։ ― Պառկեք սայլի հատակին և ծածկվեք ծածկոցով, իսկ մենք էդ ձիավորին մի կերպ ճանապարհ կդնենք։ ― Նա թռավ սայլից ու կանգնեց Անգեղի կողքին՝ հեծյալ է, թող հեծյալ լինի, միայն թե սկզբում թող իրեն տրորեն։

Թրխկ-թրխկ-թրխկ... Հիմա կհասնի։

― Հեյ, ո՞վ է, ― գոռաց Անգեղը։

Սմբակների թխկթխկոցը լռեց։ Մի քանի քայլի վրա գծագրվեց թիկնոցավոր ձիավորի ուրվագիծը։

― Հապա մի կա՛նգ առ, ― հրամայեց Անգեղը։ Նա սանձափոկերը նետեց Սեմին և գնաց առաջ։ ― Կանգնիր, որտեղ որ կանգնած ես։ Քեզ ի՞նչ է պետք, ո՞ւր ես գնում։

― Ես պարոն Բեգինսի հետևից եմ գնում։ Ձեզ այդպիսի մեկը չի՞ հանդիպել, ― խուլ հարցրեց մեկի ձայնը, շատ ծանոթ... Դե, իհարկե, Մերի Բրենդիբաքն է։ Թիկնոցի տակից երևաց լապտերը և լուսավորեց Անգեղի զարմացած դեմքը։

― Պարոն Մերի՜, ― բացականչեց նա։

― Նույն ինքը։ Իսկ դուք կարծում էիք ո՞վ է, ― հարցրեց Մերին՝ առաջանալով ու սանձը թափահարելով։

Վախն իսկույն անցավ. Մառախուղից դուրս գալով՝ ձիավորը դադարեց մեծ ու սարսափելի թվալ. նրանց առջև ընդամենը մի հեծյալ հոբիթ էր իր պոնիով, ականջներն էլ շարֆով փաթաթված։

― Ֆրոդոն սայլից թռավ նրա մոտ։

― Գտնվեցի՞ք, կորածնե՜ր, ― ուրախ ասաց Մերին։ ― Իսկ ես արդեն մտածում էի, թե էսօր էլ չեք բարեհաճի։ Քիչ էր մնում ձեռքս թափ տայի ու գնայի հետ՝ ընթրելու: Էս մառախուղն էլ մի կողմից վրա տվեց։ Որոշեցի հանդիպել Ամբարներ, թե չէ մեկ էլ տեսար մի փոսում ընկած եղաք՝ ձեզ ազատողն ո՞վ է։ Էդ ինչպե՞ս է եղել, որ իրար չենք հանդիպել։ Իսկ դուք նրանց որտե՞ղ գտաք, պարոն Անգեղ, ձեր բադերի լճակու՞մ։

― Չէ, իմ հողամասում, ― աչքով արեց ֆերմերը։ ― Քիչ էր մնում շները բաց թողնեի նրանց վրա, համբերեք, իրենք ձեզ կպատմեն։ Իսկ հիմա, ուրեմն, ներող եղեք, պարոն Մերի, պարոն Ֆրոդո և մյուսներ, ես տուն պիտի գնամ։ Դե մեր տիկինը, ինքներդ էլ հասկանում եք, գիշերն էլ վրա տվեց...

Նա սայլը շրջեց եկած ճանապարհի կողմը։

― Ուրեմն, բոլորին բարի գիշեր, ― ասաց նա։ ― Ա՜յ թե օր էր էսօրվա օրը, պատմես՝ չեն հավատա։ Լավ, ամեն ինչ լավ է, երբ լավ է վերջանում, չնայած դուք դեռ պետք է, իհարկե, տեղ հասնեք... Եվ ես էլ... Դե կտեսնենք էլի...

Ֆերմերը լապտերները վառեց, բարձրացավ սայլի վրա ու նստեց նստատեղին։ Իսկ հետո հանկարծ մի հսկայական զամբյուղ հանեց նստարանի տակից։

― Էն է հա՜ մոռանում էի։ Էս կնոջս կողմից, մեջը մի քիչ բան կա, երևի կհավանեք՝ հատուկ ողջույններով պարոն Բեգինսին։

Նա զամբյուղը տվեց Ֆրոդոյին ու պոնիներին խթանեց: Հոբիթները շնորհակալություն հայտնեցին ու բարի գիշեր մաղթեցին: Նրանք հայացքով ուղեկցում էին աղոտ լապտերները, մինչև որ դրանք անհետացան մթին գիշերվա մեջ։ Հանկարծ Ֆրոդոն ծիծաղեց. նա պինդ փակված զամբյուղից զգաց տապակած սունկի գրգռիչ հոտը։

Գլուխ հինգերորդ. Դավադրությունը բացահայտվում է

A conspiracy unmasked.jpg

― Դե ինչ, մենք էլ կշտապենք, ― ասաց Մերին։ ― Արդեն հասկացա, որ ձեզ հետ ինչ-որ արտասովոր բան է կատարվել, բայց ժամանակ չկորցենք՝ հետո կխոսենք։

Եվ հոբիթներն իջան դեպի Լաստանավ տանող ուղին, որը հարթ էր, խնամված, և մեծ-մեծ սպիտակ քարերով սալարկված։ Մի հարյուր քայլից ճանապարհը դուրս եկավ գետի ափ, լայն նավամատույցի մոտ: Ալիքների վրա օրորվում էր ծանրաքաշ գերանակապ լաստանավը։ Նավամատույցի հենացցերը սպիտակին էին տալիս երկու բարձր լապտերների լույսից։ Դեպի ափ էր սողում սպիտակավուն մեգը, բայց ջուրն առջևում սև էր, թեև ափամերձ եղեգների արանքում մառախուղի կաթնագույն խոպոպներ կային։ Գետի այն կողմում մառախուղը նոսրանում էր։

Մերին առաջինն անցավ կամրջակով՝ իր հետևից տանելով պոնիին. նրա հետևից իջան մնացածները։ Նա անշտապ հետ հրվեց երկար ձողով, և լաստանավի ու նավամատույցի արանքով սահեցին Բրենդիդուիմի հզոր, դանդաղահոս ջրերը։ Արևելյան ափը զառիվայր էր. նավամատույցից սկիզբ էր առնում լապտերների առկայծող շղթայով ուրվագծվող ոլոր-մոլոր ճանապարհը, որը բարձրանում էր Բրենդիդուիմյան Թեք բլուրը։ Բլրի վրա մառախուղի մեջ իրար աչքով էին անում կարմիր ու դեղին կրակները։ Այդ Բրենդիաշենի՝ Բրենդիբաքերի հինավուրց կալվածքի լույսերն էին:

Շատ վաղուց Գորհենդադ Ծերունբաքը՝ Ծերունբաքերի (որը Հոբիթստանի ամենահին տոհմերից է) տոհմավագը, որոշեց անցնել գետի մյուս ափը և այնտեղ հիմնավորվել՝ մինչև այդ պահը գետը համարվում էր Հոբիթստանի արևելյան սահմանը: Նա կառուցեց Բրենդիաշենը (ավելի ճիշտ փորեց), փոխեց տոհմանունը, իրեն հռչակեց Բրենդիբաք ու դարձավ այդ փոքրիկ և Հոբիթստանից համարյա անկախ մարզի տեր ու տիրականը: Նրա տոհմն աճում ու աճում էր ինչպես նրա օրոք, այնպես էլ նրանից հետո, և տարիների ընթացքում բլրի մեջ ազատ տարածք չմնաց: Երբ բլրի հնարավորությունները վերջացան, Բրենդիբաքերն սկսեցին մոտակա՝ Նապաստակի բլուրների վրա բույներ, ապա նաև տներ կառուցել: Այդպես սկսվեց Բրենդիդուիմքի՝ գետի և Զառամյալ Անտառի միջև ընկած տարածքի պատմությունը։ Այստեղի գլխավոր գյուղը, որը հիմնվել էր Բրենդիաշենի հետևի բլուրների վրա, կոչվում էր Բաքմորի։

Ամբարների բնակիչները բարեկամություն էին անում Բրենդիբաքերի հետ, և չկար մեկը ով չընդուներ Բրենդիդուիմքի կառավարչի իշխանությունը: Սակայն հին ու բարի Հոբիթստանի բնակիչները Բրենդիբաքերին տարօրինակ ու գրեթե օտարերկրացի էին համարում, չնայած վերջիններս ոչնչով չէին տարբերվում չորս նահանգների ժողովրդից: Բացառությամբ, թերևս, մի սովորության. գետափնյա հոբիթները սիրում էին նավակներով զբոսնել գետում, իսկ ոմանք նույնիսկ լողալ գիտեին:

Արևելքից սկզբում Բրենդիդուիմքը ոչնչով պաշտպանված չէր, բայց հետո Բրենդիբաքերը բարձր ցանկապատ կառուցեցին և այն անվանեցին Դիմադրության Պատնեշ։ Դա մի քանի սերունդ առաջ էր, և այդ ժամանակից ի վեր ցանկապատը հասցրել էր և՛ բարձրանալ վեր, և՛ աճել լայնությամբ՝ այն մշտապես խնամվում էր։ Ցանկապատն սկսվում էր Բրենդիդուիմյան կամրջից, ապա հեռանում էր գետից, բավական լայն աղեղ գծում ու հասնում մինչև այսպես կոչված Գալարի գետաբերան: Ընդհանուր առմամբ, այն ձգվում էր մի քսան լիգ, եթե ոչ ավելի։ Պաշտպանելը՝ պաշտպանում էր, բայց, ցավոք սրտի, ոչ այնքան։ Որոշ տեղերում անտառն արդեն հասել էր Պատնեշին, և Բրենդիդուիմքում գիշերը վրա հասնելուն պես դարպասը կողպում էին, մի բան, որին Հոբիթստանում հավատալ չէին ուզում։

Լաստանավը դանդաղ լողում էր առաջ։ Գետանցումը միայն Սեմի համար էր նորություն: Հոբիթին տարօրինակ զգացում էր համակել: Նրան թվում էր, թե ջրի ալիքները բաժանում են իր կյանքը երկու մասի. հետևում, մառախուղի մեջ, մնացել էր անցյալը, իսկ առջևում սևին էր տալիս մթին անհայտությունը։ Նա ծոծրակը քորեց ու մտածեց՝ տիտիկ անեիր էլի, քեզ ինչ էր եղել...

Վերջապես հոբիթներն իջան ափ։ Մինչ Մերին լաստանավն էր ամրացնում, Փիփինը բռնեց պոնիի սանձից և ճանապարհով վերև տարավ։ Սեմը շրջվեց վերջին անգամ նայելու Հոբիթստանին՝ և հանկարծ խռպոտ շշնջաց.

― Հապա մի նայեք, տեր իմ... Աչքի՞ս է երևում, թե՞...

Հեռավոր նավամատույցում, լապտերների աղոտ լույսի մեջ հայտնվեց ինչ-որ ստվեր, սև, ասես իրերով լի մի պարկ, որը դրեցին կառանարանի մոտ։ Բայց, ուշադիր նայելով, հոբիթները նկատեցին, որ այն սողում է ու ասես հոտոտում նավամատույցը, իսկ հետո հետ-հետ գնաց ու լապտերների հետևում կորավ մառախուղի մեջ։

― Այս ինչ նորություններ են Հոբիթստանում, ― աչքերը չռեց Մերին։

― Դա մեզ է կրկնակոխ հետևում, ― ասաց Ֆրոդոն, ― առայժմ ավելին մի հարցնիր... Արա՜գ...

Հոբիթները ճանապարհով վազեցին վերև, ապա շրջվեցին ու հետ նայեցին, բայց հանդիպակաց ափը կորել էր մառախուղի մեջ և ոչինչ չէր երևում։

― Շնորհակալություն, գոնե արևմտյան ափին նավակներ չկան, ― ասաց Ֆրոդոն։ ― Իսկ ձիով կարելի՞ է գետն անցնել։

― Մինչև Բրենդիդուիմյան կամուրջ քսան լիգ է. ստիպված է գնալ այնտեղ կամ գետը անցնել լողալով, ― ասաց Մերին։ ― Միայն թե կյանքումս չեմ լսել, որ այստեղ ձիերով գետն անցնեն։ Իսկ ո՞վ է այդ ձիավորը...

― Հետո կասեմ, երբ դուռը կողպենք։

― Հետո է, թող հետո լինի։ Դու և Փիփինը ճանապարհը գիտեք, իսկ ես պոնիով գնամ Գիրուկի մոտ, ախր ձեզ դեռ ընթրիք էլ պետք է տրվի։

― Ճիշտն ասած, Անգեղի մոտ արդեն ընթրել ենք, ― ասաց Ֆրոդոն, ― բայց կարող ենք մեկ անգամ էլ։

― Ա՜յ թե շատակերն եք, տուր այստեղ զամբյուղը, ― պահանջեց Մերին և անհետացավ մթության մեջ։

Մինչև Ճագարի Գերան այնքան էլ մոտիկ չէր։ Հոբիթները ձախ կողմում թողեցին Բրենդիաշենի Թեք բլուրը և դուրս եկան ճանապարհ, որը Բրենդիդուիմյան կամրջից ձգվում էր դեպի հարավ։ Կես լիգ գնալուց հետո թեքվեցին աջ, ևս երկու լիգ սայլուղով, ու մոտեցան խիտ ցանկապատի մեջ երևացող նեղ դարպասին։ Տունը մթության մեջ չէր երևում. այն փողոցից հեռու էր և շրջապատված էր ցածրիկ ծառերով, որոնք աճում էին ցանկապատի հենց հետևում: Մյուսներից առանձնացած էր, որի համար և ընտրվել էր՝ երբ կուզես արի, երբ կուզես՝ գնա, ոչ ոք չի նկատի: Դա մի հնաոճ գյուղական տնակ էր՝ կառուցված այնպես, որ որքան հնարավոր է հոբիթական բույն հիշեցնի. գետնամած, ճիմածածկ, դուրս պրծած լուսամուտներով և մեծ, կլոր դռնով։

Դարպասից ներս մտնելով՝ մթության մեջ գնացին փափուկ, կանաչ կածանով։ Պատուհանների փեղկերից լույսի նշույլ անգամ չէր թափանցում. այնպիսի տպավորություն էր, թե տունը դատարկ է ու անբնակ։ Ֆրոդոն թակեց: Բացեց Գիրուկ Կուղբոնցը, և տան ներսի լույսը լուսավորեց շեմը։ Հոբիթներն արագ ներս մտան, փակեցին բոլոր սողնակներն ու հայտնվեցին մի ընդարձակ նախասենյակում, որը երկու կողմից դռներ ուներ։ Դիմացի միջանցքը գնում էր դեպի տան խորքը։ Միջանցքում երևաց Մերին։

― Դեհ, ի՞նչ կասեք, ― հարցրեց նա, ― մենք, ճիշտ է, շատ հապճեպ, բայց աշխատել ենք այնպես անել, որ ամեն ինչ լինի ինչպես տանը։ Վերջին սայլը երեկ երեկոյան ենք դատարկել՝ այնպիսի թոհուբոհ էր այստեղ։

Ֆրոդոն նայեց շուրջը։ Իսկապես, նման էր իրենց տանը։ Նրա սիրած իրերը՝ Բիլբոյի սիրած իրերը (եթե ճշգրտենք), բոլոր գտել էին իրենց տեղերը, ասես Բեգ-Էնդում լինեին։ Հաճելի, հարմարավետ, խաղաղ... Նա ցավ զգալու աստիճան ուզեց մնալ այստեղ ու ապրել մինչև իր կյանքի վերջին օրերը։ Բարեկամներն այնքան ջանք են թափել իր համար, իսկ ինքը... Հիմա ինչպե՞ս պետք է բացատրի նրանց, որ ինքը շուտով գնալու է, և շատ շուտով, հենց վաղն առավոտյան։ Բացատրությունն էլ հնարավոր չէ հետաձգել։

― Զարմանալի՜ է, ― բացականչեց նա՝ կոկորդին դեմ առած գունդը մի կերպ կուլ տալով։ ― Ասես ոչ մի տեղ էլ չեմ գնացել։

Նրանք ուղեպարկերն իջեցրին մեջքներից ու թիկնոցները կախեցին։ Մերին առաջնորդեց նրանց և միջանցքի վերջում մի դուռ բաց արեց։ Այնտեղ կրակ փայլեց և գոլորշու հոտ եկավ։

― Մի՞թե բաղնիք է, ― հիացավ Փիփինը։ ― Ա՜յ թե Մերի եմ ասել։

― Ո՞ւմ հերթն է, ― հարցրեց Ֆրոդոն։ ― Ավագի՞ց սկսենք, թե արագաշարժից։ Դուք այսպես թե այնպես վերջինն եք, տեր իմ Փերեգրին։

― Հապա մի վերջ տվեք, ― զգաստացրեց նրանց Մերին։ ― Մի սրանց տեսեք, որոշել են նոր կյանքը գզվռտոցով սկսել։ Իմացած եղեք, որ այնտեղ երեք լողաթաս կա և մի կաթսա եռացրած ջուր։ Ի դեպ, գուցե պետք կգա՝ սրբիչ, օճառ և այլն։ Դեհ, մե՛կ, երկո՛ւ, երե՛ք։

Մերին ու Գիրուկը գնացին խոհանոց վերջին պատրաստությունները տեսնելու: Բաղնիքից աներևակայելի աղմուկ էր տարածվում, ջրի ցայտոցներ, գոռոցներ ու երգերի պատառիկներ էին լսվում: Հանկարծ Փիփինի ձայնը խլացրեց մնացած բոլոր ձայները, և Մերին ու Գիրուկը լսեցին Բիլբոյի սիրած երգերից մեկը.


Էհե՛յ, երգի՛ր ու տաք ջրով ցայվիր
Կեղտն ու հոգնությունը վրայիցդ թոթափիր,
Միայն և միայն հիմարն ու փնթին
Չեն երգի տաք ջրի մասին:
Քաղցր է թափվող անձրևի ձայնը
Եվ ձայնը լեռներից իջնող առվի,
Բայց բաղնիքում ամեահաճելին
Տաք ջուրն է ու նրանից ելնող գոլորշին:
Սառը ջրով եթե ուզենաս
Կարող ես ծարավդ հագեցնել,
Բայց եթե տաք ջուր ես լցնում գլխիդ
Լավ է գարեջուր լինի կողքիդ:
Շատ սիրուն է շատրվանը
Որ ցայտում է դեպի երկինք
Բայց լավ է լսել տաք ջրի ձայնը
Որ թափվում է ցած ու ցայտում ոտքերիդ:

Լսվեց թափվող ջրի աղմուկ, որին հետևեց Ֆրոդոյի ճիչը: Ըստ երևույթին Փիփինն իր լողաթասում մնացած ջուրը միանգամից լցրել էր գլխին ու շաղ տվել հատակին:

Մերին մոտեցավ դռանը։

― Հե՜յ, ― կանչեց նա, ― ընթրիքի և գարեջրի մասին ի՞նչ կասեք...

Ֆրոդոն մազերը չորացնելով դուրս եկավ։

― Օդն ու ջուրը խառնվել են իրար, ավելի լավ է խոհանոցում չորանամ,— ասաց նա:

Մերին քիթը դռնից ներս մտցրեց։

― Իհարկե, ձեզ համար ինչ կա որ, ― բացականչեց նա։ ― Հատակին կարելի է լող տալ։ Այդ դուք եք, Փերեգրին, աղավնյակս, ծով կապել։ Մաքուր կչորացնեք, նոր դուրս կգաք, իսկ եթե ընթրիքին չհասնեք, ուրեմն ձեր ճակատին այդ է գրված։

Ընթրիքը դրված էր խոհանոցում, մեծ բուխարիկի կողքը գտնվող սեղանին։

― Դեհ, սունկ արդեն կուշտ կերե՞լ եք, չէ՞, ― հարցրեց Գիրուկը՝ առանձնապես հույս չտածելով։

― Կուշտ կերել ենք և էլի կուտենք, ― գոռաց Փիփինը։

― Սունկն իմն է, ― հայտարարեց Ֆրոդոն։ ― Այն տապակել է աշխարհիս ամենալավ տնտեսուհին, տիկին Անգեղուհին։ Թաթներդ քաշեք, ես ինքս ձեզ համար կդնեմ։

Առհասարակ հոբիթները սունկ շատ են սիրում, նույնիսկ մարդկանցից էլ շատ։ Դրա համար էլ պատանի Ֆրոդոն ժամանակին շատ էր սիրում ուրիշի բանջարանոց մտնել: Բայց հիմա սունկը շատ էր, հոբիթավարի, և բոլորին կբավականացներ։ Եվ բացի սունկից բավական կերակուր կար, այնպես որ նույնիսկ Գիրուկ Կուղբոնցը վերջապես կուշտ տնքաց։ Նրանք սեղանի մոտից վեր կացան և տեղավորվեցին բազկաթոռներում՝ կրակին մոտիկ։

― Հետո կհավաքենք, ― ասաց Մերին: ― Իսկ հիմա պատմե՛ք։ Սրա՜նց նայեք, իրենք արկածների մեջ լինեն, իսկ մենք էստեղ աշխատենք։ Հապա մի տեսնեմ, սկզբից մինչև վերջ, հատկապես Անգեղի մասին՝ նա, ինչ է, ցնորվե՞լ է։ Ի՞նչ է պատահել, ախր։ Ես քիչ էր մնում խելքս թռցնեի՝ նա որևէ բանից վախենա՞։

― Դու էլ լինեիր՝ կվախենայիր, ― անհարմար լռությունը խզեց Փիփինը։ ― Կտեսնեինք քեզ, երբ երկու օր Սև Հեծյալները հետևիցդ ընկած լինեին։

― Այդ ի՞նչ հեծյալներ են։

― Սև՝ սև ձիերով, ― բացատրեց Փիփինը։ ― Երևում է, Ֆրոդոն խոսել չի ուզում, ուրեմն ես ձեզ կպատմեմ։

Եվ նա պատմեց իրենց ճանապարհորդության մասին՝ սկսած Հոբիթոնից: Սեմը գլխով էր անում, հազում ու հաստատում։ Ֆրոդոն լռում էր։

― Ես հաստատ կմտածեի, որ բոլորը հնարում ես, ― ասաց Մերին, ― եթե աչքովս չտեսնեի այդ նողկանքը նավամատույցում։ Եվ եթե Անգեղի ձայնը չլսեի։ Դու ի՞նչ կասես, Ֆրոդո։

― Նրանից ամբողջ ճանապարհին աքցանով խոսք չէիր քաշի, ― գանգատվեց Փիփինը։ ― Խուլուհամր է խաղում, իսկ օգո՞ւտն ինչ, նույնիսկ Անգեղը գլխի ընկավ, որ բոլոր փորձանքների պատճառը քեռի Բիլբոյի գանձերն են։

― Թող գուշակի իր համար, ― փնթփնթաց Ֆրոդոն։ ― Ճիշտը հո չգիտի։

― Հաստատ ասել չես կարող, ― առարկեց Մերին։ ― Տեսա՜ծ ծերուկ է, նրա գլխում ավելի շատ կա, քան լեզվի վրա։ Ասում են, ժամանակին Զառամյալ Անտառում էլ է թափառել, և առհասարակ ի՞նչ ասես չգիտի... Գոնե ասա, Ֆրոդո, նա ճի՞շտ է կռահել։

― Դեհ... ― Ֆրոդոն հապաղեց։ ― Որոշ բաներ ճիշտ է հասկացել։ Այդ բոլորը կապված է Բիլբոյի այն ժամանակվա արկածների հետ, և Հեծյալներն էլ որոնում են, իսկ ավելի ճիշտ՝ ուզում են որսալ նրան կամ ինձ։ Ասեմ նաև, որ դա բոլորովին կատակ բան չէ և շատ վտանգավոր է։ Այստեղ պատսպարան չէ, նրանցից չես թաքնվի նույնիսկ այստեղ։

Նա այնպես նայեց պատուհաններին ու պատերին, ասես ուր որ է դրանք կվերանան։ Երեք երիտասարդ հոբիթները բազմանշանակալից հայացքներ փոխանակեցին։

― Վերջապե՜ս, ― շշնջաց Փիփինը։

― Այո, ― ասաց Ֆրոդոն և վճռականորեն ուղղվեց։ ― Ժամանակն է, բավական է հետաձգել։ Ձեզ համար մի տխուր նորություն ունեմ, միայն չգիտեմ, թե ինչից սկսեմ։

― Որ այդպես է, ― հանգիստ առաջարկեց Մերին, ― եկ քո փոխարեն ես սկսեմ։

― Դո՞ւ՝ իմ փոխարե՞ն, ― զարմացած նրան նայեց Ֆրոդոն։

― Ճիշտ այդպես, իսկ դու լսիր։ Սիրտդ հիմա շատ նեղված է, որովհետև չգիտես, թե ինչպես մեզ հրաժեշտ տաս։ Իհարկե, վաղուց էիր որոշել հեռանալ Հոբիթստանից, բայց շարունակ հետաձգում էիր: Սակայն փորձանքը ժամանակից շուտ վրա հասավ և խորհելու ժամանակ չմնաց։ Այժմ քաջություն ես հավաքել ու հեռանում ես, սակայն բոլորովին չես ուզում ճանապարհ գնալ։ Մենք քեզ շատ ենք խղճում։

Ֆրոդոն բերանը բացեց՝ ու նորից փակեց: Նրա ծայրաստիճան զարմացած տեսքը բոլորին ծիծաղեցրեց։

― Ֆրոդո՛, ծերուկ, ― բացականչեց Փիփինը։ ― Ի՞նչ է, իսկապե՞ս կարծել ես, թե բոլորիս մոլորեցրել ես։ Ավա՜ղ. ոչ կարգին ջանք ես թափել, ոչ էլ խելքդ է այդքան հերիքել։ Կույրն էլ կտեսներ, որ ապրիլից ճանապարհի պատրաստություն ես տեսնում։ Ման ես գալիս ու քրթմնջում. «Երբևէ նորից կտեսնե՞մ այս հովիտը» և նման բաներ։ Եվ դեռ ձևացնում ես, թե իբր փողդ վերջանում է: Ախր դու հենց էնպես չէիր վաճառի Բեգ-Էնդը, և հետն էլ ու՞մ՝ Սաքվիլներին...

― Ա՜յ քեզ բան, ― ծոր տվեց Ֆրոդոն։ ― Իսկ ես կարծում էի, թե շա՜տ զգուշավորն ու ծածկամիտն եմ։ Հետաքրքիր է, թե սրան ի՜նչ կասեր Գենդալֆը։ Դուրս է գալիս, ամբողջ Հոբիթոնը միայն իմ մեկնման մասի՞ն է խոսում։

— Ոչ, ոչ,— հանգստացրեց նրան Մերին: — Ճիշտ է, կարճ ժամանակով, բայց առայժմ քո գաղտնիքը հայտնի է միայն մեզ՝ դավադիրներիս: Ախր մենք քեզ հինգ մատի պես գիտենք, հասկացիր։ Դու որ մի բանի մասին մտածում ես, դեմքիդ գրվում է։ Ճիշտն ասած, ես շատ ուշադիր էի քեզ հետևում Բիլբոյի գնալուց հետո, որովհետև հասկացա. սա էլ կգնա, միայն ժամանակ տուր։ Վերջերս, հատկապես, մենք շատ էինք վախենում, որ սուսուփուս կծլկես։ Գարնանից աչքներս չէինք կտրում քեզանից, ամեն ինչ չափել, կշռել ու որոշել ենք։ Մեզնից դու հենց այնպես չես փախչի, հույս չունենաս...

― Բայց ես պետք է գնամ, իմ թանկագին բարեկամներ, ― ասաց Ֆրոդոն։ ― Դա քննարկման ենթակա չէ: Ձեզ համար ծանր է, ինձ համար՝ առավել, բայց համոզել պետք չէ։ Քանի որ ամեն ինչ կռահել եք, ուրեմն ավելի լավ է օգնեք, կամ գոնե մի խանգարեք։

― Դե դու մեզ չհասկացար, ― միջամտեց Փիփինը։ ― Ո՞վ է քեզ բռնում՝ գնա, իսկ մենք էլ քեզնից հետ չենք մնա՝ ես ու Մերին։ Սեմը հիանալի երիտասարդ է, նա քեզ համար վիշապի կոկորդը կպատռի, եթե ձեռքը հասնի։ Միայն թե մեկ ուղեկիցը քեզ քիչ կլինի, ախր ճանապարհորդությունը վտանգավոր է։

― Իմ սիրելի՜, իմ լա՜վ հոբիթներ, ― դողացող ձայնով բացականչեց Ֆրոդոն։ ― Մի՞թե կարող եմ համաձայնել դրան։ Ես էլ վաղուց ամեն ինչ մտածել ու որոշել եմ։ Ասում եք, վտանգավո՞ր ճանապարհորդություն է... Առավել վատ... Դա ձեզ համար արշավ չէ գանձեր ձեռք բերելու համար, զբոսանք չէ՝ «Գնալն ու գալը»։ Մահն է սպառնում բոլոր կողմերից ու ամեն անկյունից։

― Շնորհակալ ենք, որ բացատրեցիր, ― հեգնական պատասխանեց Մերին: ― Հենց այդ պատճառով էլ քեզ հետ կգանք։ Մենք գիտենք, թե դա ինչ սարսափելի Մատանի է և ցանկանում ենք օգնել քեզ Թշնամու դեմ պայքարում։

― Մատանի՞... ― վերջապես խոսեց ապշահար Ֆրոդոն։

― Այո, Մատանի, ― ասաց Մերին։ ― Այ Ֆրոդո, դու ըստ երևույթին մտածում ես, որ բարեկամներդ բացարձակ դմբլո են։ Ախր ես այդ Մատանու մասին արդեն քանի՜ տարի գիտեմ, դեռ Բիլբոյի ժամանակներից, բայց քանի որ նրան հարմար էր գաղտնի պահել, ես էլ բացբերանություն չէի անում։ Բիլբոյին ավելի վատ գիտեի, քան քեզ, այն ժամանակ դեռ երիտասարդ էի, իսկ նա քեզնից խորամանկ էր։ Բայց նա էլ իր սխալներն ուներ՝ ուզո՞ւմ ես պատմեմ։

― Պատմիր, ― մեղմ արձագանքեց Ֆրոդոն։

― Սխալմունքի մեջ ընկավ նա Սաքվիլների պատճառով։ Մի անգամ, Հյուրասիրությունից մեկ տարի առաջ ես գնում էի ճանապարհով և տեսա Բիլբոյին։ Գնում եմ նրա հետևից, մեկ էլ տեսնեմ հեռվում երևացին Սաքվիլները, գալիս են ընդառաջ։ Բիլբոն հետ-հետ եկավ, ձեռքը մտցրեց գրպանը և հանկարծ՝ այ քեզ բա՜ն, չքացավ։ Ես սկզբում ապշեցի, հետո ուշքի եկա, թռա ցանկապատի վրայով ու՝ թրըմփ խոտի մեջ։ Սաքվիլներն անցան, իսկ դատարկ ճանապարհին հանգիստ ծլեց Բիլբոն ու գրպանը մտցրեց մի ինչ-որ փայլփլուն ոսկե բան։ Ինձ, իհարկե, շատ հետաքրքրեց դա։ Դե ինչ եմ ասում, ուղղակի սկսեցի լրտեսել նրան։ Ինչքան կուզեք դատապարտեք՝ բայց ինչ անեմ, այդպիսի հետաքրքրասերն էի տասնութ տարեկանում։ Ավաղ, Ֆրոդո, հարկավոր է նաև խոստովանել, որ Հոբիթստանում միայն ես եմ, բացի քեզնից, տեսել Բիլբոյի հուշագրությունները։

― Հուշագրություննե՞րն էլ, ― ճչաց Ֆրոդոն։ ― Իսկապես սա ի՞նչ բան է։ Մի՞թե ոչինչ չի կարելի գաղտնի պահել։

― Ինչո՞ւ, կարելի է, բայց ո՛չ բոլորից, ― ասաց Մերին։ ― Ես, ճիշտ է, միայն մի աչքով եմ ծիկրակել, բայց դե ի՜նչ ճարպկություն բանացրի... Նա իր հուշագրությունները աչքի լույսի պես էր պահպանում։ Հետաքրքիր է, ի՞նչ եղան դրանք, ես էն մյուս աչքովս էլ կնայեի։ Նրանք քեզ մո՞տ են, հո հետդ չե՞ս վերցրել։

― Ոչ։ Հուշագրությունները Բեգ-Էնդում չէին։ Երևում է, Բիլբոն դրանք տարել է։

― Այո ուրեմն, ― շարունակեց Մերին։ ― Ես ինչ որ գիտեի, պահում էի իմ մեջ, մինչև այս գարուն։ Բայց հենց փորձանքի հոտ եկավ, մենք կազմեցինք մեր դավադրությունը, և մեզնից յուրաքանչյուրը հայտնեց իր իմացածը։ Դե դու չխոսկան ես, Գենդալֆի նման, ճիշտ է, նա քեզնից ավելի վատն է։ Սակայն քեզանից չեմ թաքցնի, եթե ուզում ես, կարող եմ ցույց տալ մեր գլխավոր աչքուականջին:

― Ցույց տուր, ո՞ւր է նա, ― ասաց Ֆրոդոն՝ խայթվածի պես շուրջը նայելով, ասես սպասում էր, որ հիմա պահարանից դուրս կգա սև լրտեսը՝ սև դիմակով։

― Արի, Սեմ, մի՛ ամաչիր, ― կանչեց Մերին, և Սեմը վեր կացավ մեղավոր տեսքով, ձեռքերը ցած թողած ու մինչև ականջները կարմրած։ ― Ահա թե ով է մեր գլխավոր տեղեկություններ հայթայթողը։ Եվ ես քեզ պետք է ասեմ, որ նա քիչ տեղեկություններ չի հաղորդել, մինչև նրան ճանկեցին։ Իսկ այդ ժամանակվանից կարծես բերանը ջուր է հավաքել՝ ազնվությունը, տեսե՜ք, տեսե՜ք, թույլ չի տալիս։

― Սե՜մ, ― միայն կարողացավ բացականչել Ֆրոդոն։ Նա նույնիսկ չգիտեր՝ ծիծաղեր, զայրանա՞ր, թե թեթևացած շունչ քաշեր։ Միևնույն է, հիմար վիճակում էր գտնվում։

― Ես, տեր իմ, ― վախեցած խոսեց Սեմը։ ― Ձեր թույլտվությամբ, տեր իմ... Ես ձեր պատճառով, տեր իմ, Գենդալֆին էլ, ազնիվ խոսք, չեմ հակառակվել։ Դե նա անտեղի ոչինչ չի ասի, իսկ նա ի՞նչ ասաց... Դուք նրան թե՝ մենակ կգնամ, իսկ նա ձեզ՝ ո՛չ ասում է, վերցրու քեզ հետ նրանց, ում վստահում ես...

― Էլ հիմա ո՞ւմ վրա հույս դնես, ― փնթփնթաց Ֆրոդոն, իսկ Սեմը վշտահար նայեց ներքև։

― Նայած թե ինչ նկատի ունես, ― առարկեց Մերին։ ― Կարող ես հուսալ, որ մենք քո հետևից կրակի ու ջրի մեջ էլ կթռչենք, որ կկործանվենք, եթե հարկ լինի, միասին։ Եվ քո՛ գաղտնիքները, համոզված եղիր, քեզնից վատ չենք պահի։ Բայց բնավ հույս չունենաս, որ քեզ կլքենք ու դու մենակ կգնաս։ Հիմար ես դու, Ֆրոդո, չէ՞ որ մենք քո բարեկամներն ենք... Եվ ճանապարհի էլ պատրաստվել ենք ո՛չ կուրորեն։ Մենք գիտենք համարյա ամեն ինչ, որ քեզ պատմել է Գենդալֆը: Օրինակ՝ գիտենք Մատանու մասին։ Շատ սարսափելի է, իհարկե, բայց կգանք քեզ հետ, իսկ եթե չցանկանաս՝ միևնույն է, կգանք։

― Դուք էլ ներող եղեք, տեր իմ, ― ավելացրեց Սեմը, ― մենակ թե էլֆերն ի՞նչ խորհուրդ տվին ձեզ։ Չէ՞ որ Գարալդը ձեզ ասաց. վերցրու ով կուզի քեզ հետ գալ, էդպես չէ՞:

― Այդպեսն այդպես է, ― Սեմին նայելով ասաց Ֆրոդոն, ― միայն թե աչքերիս ու ականջներիս ես այլևս չեմ հավատալու... Նայում եմ՝ իբրև թե քնած է, լսում եմ՝ կարծես խռմփացնում է։ Ես քեզ սրանից հետո ոտքով կստուգեմ՝ խորամանկությունից ես խռմփացնո՞ւմ, թե իսկականից... Իսկ դուք մեկդ մյուսից լավն եք, ― ավելացրեց նա, շրջվելով դեպի դավադիրները։ ― Դեհ, ավազակներ, ― նա ակամա փռթկացրեց և ձեռքերը տարածեց։ ― Ի՜նչ արած, լավ, հանձնվում եմ։ Ընդունում եմ Գարալդի խորհուրդը։ Եթե այսքան սարսափելի չլիներ, գուցե և ուրախությունից պար գայի, իմ հրաշալի անպիտաններ։ Դե էլ ի՞նչ թաքցնեմ. մահվան չափ վախենում էի այս երեկոյից, բայց այսպիսի ուրախություն ունեցա։

― Ասվածը՝ արած է։ Կեցցե՛ խմբապետ Ֆրոդոն և նրա խումբը, ― գոռացին հոբիթներն ու պարեցին Ֆրոդոյի չորսբոլորը։ Իսկ Մերին ու Փիփինը պարից դուրս եկան և սկսեցին երգել ակնհայտորեն այս պահի համար նախապես հորինված մի երգ, այն երգի նման, որ երգում էին թզուկները Բիլբոյի հետ ճանապարհ ընկնելուց առաջ.


Մնաս բարով, հարազատ օջախ,
Մութն է խտանում լեռներում,
Ինչ էլ որ լինի կհասնենք Ազատք,
Մեր կամքն ուժեղ է ու անկոտրում։

Կգնանք անտառով, դաշտով ու ձորով
Ու, թեև չարն է մեզ հետապնդում՝
Կհասնենք այնտեղ, ուր վաղուց, վաղուց
Էլֆերն են ապրում թաքնված հովտում:

Հետո կիմանանք անելիքը մեր,
Երբ հանգստանանք դեպքերից խառնակ,
Մեր պարտքը մեծ է, մեր ճամփան՝ երկար,
Բայց մենք անպայման կվերադառնանք։

Մոտ են լուսայգի շողերը անմար,
Ժամն է գնալու ու ժամն է հարմար...

― Վատ չեք երգում, ― նկատեց Ֆրոդոն։ ― Բայց որ այդպես է, մենք դեռ բավական գործ ունենք մինչև քնելը: Եկեք սկսենք, քանի դեռ տանիք կա գլխներիս վերև, չէ՞ որ հետո տանիք չի լինի։

― Տանիքը՝ տանիք, իսկ երգը՝ երգ, ― ասաց Փիփինը։ ― Դու ի՞նչ է, իսկապե՞ս մտածում ես մինչև լուսաբաց ճամփա ընկնել...

― Առայժմ չեմ որոշել, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Ես վախենում եմ Սև Հեծյալներից և վախենում եմ մնալուց այն տանը, որի մասին նրանց հայտնի է: Չէ՞ որ նրանք գիտեն, որ ես այստեղ եմ տեղափոխվել։ Գարալդը նույնպես խորհուրդ տվեց չձգձգել մեկնումը։ Ուղղակի շատ կուզենայի տեսնել Գենդալֆին։ Գարալդը նույնպես զարմացավ, որ Գենդալֆը խոստացել է ու չի եկել։ Բայց այստեղ ոչինչ չես կարող անել: Նշանակում է, երկու հարց մնաց անպատասխան: Առաջինը. ե՞րբ Հեծյալները կհասնեն Բաքմորի... Երկրորդ. որքան ժամանակ է պետք հավաքվելու համար... Ճանապարհը, հո ինքներդ գիտեք...

― Երկրորդ հարցի պատասխանը պատրաստ է, ― ասաց Մերին, ― մի ժամից ոչ ավելի։ Ես ամեն ինչ հավաքել եմ արդեն։ Վեց ձիուկ արածում են, պարկերը լիքը լցված են, էլի բան ավելացնե՞մ չմրսելու և փոր լցնելու համար։

― Այո, դուք, տեսնում եմ, փորձված դավադիրներ եք, ― հիացավ Ֆրոդոն։ ― Բայց գուցե մի օր սպասե՞նք Գենդալֆին։

― Մեզ ինչ կա, կսպասենք, միայն թե քո Հեծյալները վրա չտան հանկարծ, ― ասաց Մերին։ ― Նրանք արդեն մեզ հասած կլինեին, բայց, հավանաբար, լռվել մնացել են Հյուսիսային մուտքի մոտ, այնտեղ Պատնեշը մոտենում է գետին։ Դե, պահակները՝ խնդրես, չխնդրես, գիշեր ժամանակ ոչ ոքի չեն թողնի։ Չնայած, հնարավոր է, որ ուժով ներխուժեն։ Ինձ թվում է, ցերեկը նույնպես ներս չեն թողնի այդպիսի սևերի ու կասկածելիների։ Թողնելը՝ չեն թողնի, բայց Բրենդիդուիմքն ամրոց չէ, ինքդ էլ ես հասկանում։

Ֆրոդոն մտքերի մեջ ընկավ։

― Մենք այսպես կանենք, ― վերջապես ասաց նա։ ― Վաղը լուսամութին դուրս ենք գալիս։ Միայն թե ոչ ճանապարհով, դա ամենավտանգավորն է։ Եթե գնանք հյուսիսային դարպասով, տեղի բնակիչներն անմիջապես կիմանան, որ ես այլևս Բրենդիդուիմքում չեմ, իսկ մեզ հարկավոր է, որ մի քանի օր մեր մասին ոչ ոք ոչինչ չխոսի: Եթե նույնիսկ Հեծյալները Բրենդիդուիմք չխցկվեն, միևնույնն է, ճանապարհները կհսկեն: Գուցե մեզ բոլոր կողմերից պաշարել են, ես հո չգիտեմ քանի՞ Հեծյալ է մեզ հետապնդում, կարող է երկուսն են, կարող է՝ շատ։ Մենք պիտի գետնի տակ մտածների պես գնանք։

― Էդ ուրեմն դուք մենակ Զառամյալ Անտառով պիտի գնաք, ― սարսափով բացականչեց Գիրուկը։ ― Զգուշացեք, էնտեղ ամենավատն է։ Էլ ո՜նց կլիներ, ինչ-որ Սև Հեծյալներ...

― Դե, դու մի քիչ չափազանցացնում ես, ― ասաց նրան Մերին։ ― Անտառը, իհարկե, ահավոր է, բայց այնուամենայնիվ Ֆրոդոն իրավացի է։ Այնտեղ մեզ չեն հետապնդի: Բախտներս եթե բերի, մեր հետքը կկորցնեն ու որոշ ժամանակ հետապնդումից կազատվենք։

― Էդ ձեր բախտը Զառամյալ Անտառո՞ւմ է բերելու, ― ծղրտաց Գիրուկը։ ― Այնտեղ դեռ ոչ ոքի բախտը չի բերել։ Հետապնդողները կկորցնեն ձեզ, ո՜նց չէ... Ինքներդ հավիտյան կկորչեք... Էնտեղ ոչ ոք չի գնում։

― Ոնց թե ոչ ոք չի գնում, ― առարկեց Մերին։ ― Լավ էլ գնում են: Բրենդիբաքերը, օրինակ: Իհարկե ոչ ամեն օր՝ երբ պետք է լինում։ Մենք նույնիսկ այնտեղ գնացող մեր սեփական, առանձին կածանն ունենք։ Ֆրոդոն այնտեղ եղել է, ճիշտ է, շատ վաղուց։ Ես էլ եմ գնացել, նույնիսկ մի քանի անգամ, ցերեկով, երբ ծառերը քնած են եղել։

― Ձեր գործն է, ― ձեռքը թափ տվեց Ֆրեդեգարը։ ― Ինձ որ հարցնեք, ուրեմն, աշխարհումս Զառամյալ Անտառից սարսափելի բան չկա, իսկ թե ինչե՜ր են պատմում դրա մասին, նույնիսկ ավելի լավ է չլսեք։ Դե ինձ ինչ, ես հո ձեզ հետ չեմ գալիս։ Եվ հիմա, ազնիվ խոսք, շատ ուրախ եմ, որ մնում եմ. պետք է չէ՞ ինչ-որ մեկը մնա, որ Գենդալֆին պատմի, թե ուր եք խցկվել։

Գիրուկը սիրում էր Ֆրոդոյին, բայց Հոբիթստանից վախենում էր հեռանալ, ի՜նչ իմանաս ի՞նչ կլինի մի ուրիշ տեղում։ Նա գետի այս կողմում էլ առաջին անգամ էր։ Մի խոսքով, դավադիրները մտադիր չէին նրան իրենց հետ տանել. ըստ ծրագրվածի, նրա պարտականությունն էր պահպանել տունը և մոլորեցնել հետաքրքրասերներին՝ ձևացնելով, թե պարոն Բեգինսն այստեղ է, խնդրե՜մ, համեցե՛ք, միայն թե ոչ հիմա։ Համենայն դեպս, նույնիսկ Բեգ-Էնդից հին զգեստներ էին բերել. Գիրուկը դրանք կհագնի ու ով գիտե՝ գուցեև նրան Ֆրոդոյի տեղը դնեն։ Ոչ ոքի մտքով չէր անցնում, թե ինչ վտանգավոր դեր է դա։

― Հիանալի է, ― ասաց Ֆրոդոն՝ քննելով դավադրական մտահղացումները։ ― Ուրիշ ի՞նչ կերպ կարող էինք լուր տալ Գենդալֆին։ Հազիվ թե Հեծյալները կարդալ իմանան և, այնուամենայնիվ, ես չէի համարձակվի նամակ թողնել։ Իսկ քանի որ Գիրուկը այստեղ է լինելու, էլ մտածելու բան չկա. ով-ով, բայց Գենդալֆը մեր հետևից կհասնի։ Ուրեմն՝ առավոտից ճամփա ենք ընկնում դեպի Զառամյալ Անտառ։

― Ինձ ի՜նչ կա, ― ասաց Փիփինը, ― անտառ է, թող անտառ լինի։ Մենակ թե ես Գիրուկին չեմ նախանձում, որ պիտի տեսնի Սև Հեծյալներին։

― Իսկ ես քեզ չեմ նախանձում, ― ասաց Ֆրեդեգարը։ ― Կմտնես անտառ՝ հետ գալ կուզես, բայց ուշ կլինի։

— Լավ, հերիք է վիճեք,— հանդիմանեց նրանց Մերին: — Մենք դեռ պետք է խոհանոցը կարգի բերենք ու պարկերը կապենք: Մինչև ամբողջը չվերջացնենք՝ քնել չկա: Իսկ վաղը լուսամութին ես ձեզ բոլորիդ կարթնացնեմ:

Ֆրոդոն վերջապես պառկեց, բայց սկզբում ոչ մի կերպ չէր կարողանում քնել։ Ոտքերը նվվում էին, դեռ լավ է, որ գոնե վաղը ձիով կգնան։ Կամաց-կամաց նա խորասուզվեց անհանգիստ քնի մեջ ու երազում տեսավ, իբր վերևից՝ բարձր աշտարակի պատուհանից, նայում է ներքևում ալեկոծվող ծառերի մութ ծովին, որոնց արմատների մոտ, գետինը հոտոտելով, ինչ-որ սև արարածներ են սողում։ Ֆրոդոն հասկանում էր, որ այդ արարածներն ի վերջո հոտոտելու են հետքը ու գտնեն իրեն:

Հետո նա հեռվից եկող խուլ աղմուկ լսեց: Սզբում մտածեց, թե քամին է սուլում տերևների մեջ։ Բայց հետո հասկացավ, որ աղմկում են ոչ թե տերևները, այլ հեռավոր ծովի ալիքները: Ալիքների աղմուկ նա երբեք իրականում չէր լսել, բայց երազում հաճախ էր լսում...

Հետո հանկարծ պատուհանը վերացավ, և նա հայտնվեց խոտածածկ ընդարձակ դաշտում։ Եվ ոչ մի ծառ։ Շուրջը շրշում է հավամրգին, իսկ աղի հոտը ռունգներն է խուտուտ տալիս։ Ֆրոդոն գլուխը բարձրացրեց և ժայռի գլխին մի բարձր սպիտակ աշտարակ տեսավ։ Նա ցանկացավ բարձրանալ այնտեղ ծովին նայելու համար, սկսեց մագլցել լանջով, բայց հանկարծ երկինքը լուսավորվեց, և ճայթեց ամպրոպը։

Գլուխ վեցերորդ. Զառամյալ Անտառ

The old forest.jpg

Ֆրոդոն խայթվածի պես վեր թռավ։ Սենյակում մութ էր. Մերին մոմը ձեռքին կանգնած էր միջանցքում և ուժեղ թակում էր կիսաբաց դուռը։

― Կամաց... Ի՞նչ է պատահել, ― քունը գլխին վախեցած կմկմաց Ֆրոդոն։

― Դեռ հարցնում է... ― զարմացավ Մերին։ ― Վեր կենալու ժամանակն է, չորսն անց է կես։ Դրսում անթափանց մառախուղ է։ Աչքերդ տրորիր ու վեր կաց։ Սեմն արդեն նախաճաշ է պատրաստում։ Փիփինը, որ Փիփին է, էլի ոտքի վրա է։ Ես գնացի պոնիները թամբելու։ Արթնացրու թամբալ Գիրուկին, գոնե թող ճանապարհի մեզ։

Ժամը վեցի մոտ հոբիթները պատրաստ էին ճանապարհ ընկնելու։ Գիրուկը բերանով մեկ հորանջում էր։ Նրանք անաղմուկ դուրս եկան տնից և կածանով քայլեցին Մերիի հետևից, որը սանձից բռնած տանում էր ծանր բարձված պոնիին։ Կածանը սուզվեց տան հետևի պուրակը, ապա դուրս եկավ դաշտ: Խոնավ տերևները պսպղում էին, ճյուղերից կաթկթում էր, և սառը ցողը մոխրագույն շղարշի պես պարուրում էր խոտը։ Անդորր էր, և հեռավոր ձայները բոլորովին մոտիկ էին լսվում. հավերը կռթկռթում էին, մեկի դուռը փակվեց, ցանկապատի մի դռնակ ճռռաց։

Պոնիները ախոռում էին. ամրակազմ, մեկը մյուսից սիրուն, դանդաղաշարժ, բայց դիմացկուն, իսկը հոբիթների պես։ Փախստականները հարմար նստեցին, ձիերը խթանեցին և խորացան թանձր մառախուղի մեջ, որն ասես նահանջում էր նրանց առջև, իսկ հետո նորից փակվում։ Մեկ ժամ կամ մոտ մեկ ժամ գնալուց հետո վերջապես մառախուղից անսպասելիորեն դուրս լողաց արծաթե սարդոստայնով շղարշված բարձր Պատնեշը։

― Դեհ, ինչպե՞ս եք անցնելու դրա վրայից, ― հարցրեց Ֆրեդեգարը։

― Իմ հետևից, ― պատասխանեց Մերին։ ― Կտեսնես։

Նա շրջվեց ձախ ու գնաց Պատնեշի երկարությամբ, որը շուտով դեմ առավ ձորի բերանին։ Դեպի ձորն իջնող լանջը հանկարծ դարձավ աղյուսե պատերով ստորգետնյա մուտք, որից սկիզբ առնող արահետը սուզվում էր Պատնեշի տակ և դուրս բերում ձորի մյուս կողմը։

Գիրուկ Կուղբոնցը կանգնեցրեց պոնին։

― Մնաս բարո՜վ, Ֆրոդո, բացականչեց նա։ ― Դու իզուր գնացիր Անտառ, դա կործանարար տեղ է, կարող է հենց այսօր էլ փորձանքի մեջ ընկնեք։ Այնուամենայնիվ, ձեզ հաջողություն եմ ցանկանում՝ և՛ այսօր, և՛ վաղը, և՛ միշտ...

― Եթե իմ առջևում միայն Զառամյալ Անտառը լիներ, ես բախտավոր կլինեի, ― ձայնեց Ֆրոդոն։ ― Գենդալֆին հաղորդիր, որ շտապ գա գլխավոր ուղի՝ մենք անտառից դուրս ենք գալու այնտեղ և արագ-արագ գնալու ենք Բրի։ Մնաս բարո՜վ։ ― Այստեղ նրա ձայնը խլացավ արձագանքից, և Ֆրեդեգարը վերևում մենակ մնաց։

Մութ ու խոնավ անցուղու վերջում երկաթե ճաղերով դարպասն էր։ Մերին իջավ ձիուց և բացեց այն, իսկ երբ բոլորն անցան, փակեց։ Դռները ծածկվեցին և փականը չարագուշակ չխկաց։

― Դե, վերադարձի ճանապարհը փակված է, ― ասաց Մերին։ ― Մնաս բարով, Հոբիթստան, մեր առջև Զառամյալ Անտառն է։

― Իսկ սրա մասին ճի՞շտ բաներ են պատմում, ― հարցրեց Փիփինը։

― Նայած ի՜նչ են պատմում, ― պատասխանեց Մերին։ ― Եթե դու նկատի ունես այն սարսափելի հեքիաթները, որոնցով վախեցրել են Գիրուկին մանկության տարիներին՝ անտառի ոգիների, գայլերի և ամեն տեսակ չարքերի մասին, ապա հազիվ թե։ Ես այդ հեքիաթներին չեմ հավատում։ Բայց Անտառն իսկապես սովորական չէ։ Այստեղի բնակիչները զգուշավոր են ու կարծես ավելի կենդանի լինեն, հասկանու՞մ ես: Ասես մյուսներից ավելի լավ զգալուց լինեն, թե ինչ է կատարվում շուրջը: Ծառերն օտարներին չեն սիրում և հետևում նրանց իրենց բոլոր... երևի տերևներո՞վ, հո աչքեր չունե՞ն։ Սովորաբար, մենակ հետևում են, ուրիշ ոչինչ: Ցերեկն այնքան էլ սարսափելի չէ, թող հետևեն իրենց համար։ Ճիշտ է, երբեմն նրանցից մեկը ճյուղ է վրադ գցում, մյուսը հանկարծ արմատն է ցցում, երրորդը բաղեղով է փաթաթվում քեզ։ Դե դրանք դատարկ բաներ են, իսկ ա՜յ գիշերը, ինձ ասել են... Ես ինքս էլ գիշերն էստեղ եղել եմ մեկ կամ երկու անգամ, այն էլ բացատում։ Ինձ թվում էր, ծառերը փսփսում են, չարախոսում անհասկանալի լեզվով և ինչ-որ չար բան պայմանավորվում: Քամի չկար, բայց ճյուղերն օրորվում էին ու շրշում։ Ասում են, ծառերը կարող են տեղաշարժվել ու պատի պես շրջապատել օտարներին։ Ինչ-որ ժամանակ նրանք նույնիսկ Պատնեշին են մոտեցել. հայտնվել են պատնեշի կողքը, սկսել են ճեղքել ու սեղմել, վերևից կախվել են պատնեշի վրա։ Այդ ժամանակ հոբիթները դուրս են եկել, կտրել հարյուրավոր ծառեր, մեծ կրակ արել և Պատնեշի երկարությամբ մի լայն շերտ վառել։ Անտառը նահանջել է, բայց վիրավորանքը չի մոռացել։ Իսկ շերտը հիմա էլ դեռ երևում է։

― Միայն ծառերն ու վե՞րջ, ― նորից հարցրեց Փիփինը։

― Դե չէ, իբրև թե նաև զանազան անտառային հրեշներ են բնակվում, ― պատասխանեց Մերին, ― միայն թե ոչ էստեղ, այլ Գալարի հովտում։ Ինչ-որ մեկն անընդհատ տրորում է արահետները, անտառ ես մտնում, իսկ էնտեղ նոր արահետ է բացվել, միայն անտառի ոգին գիտի, թե ուր է տանում և ամեն անգամ՝ տարբեր տեղեր։ Էստեղ մոտերքում առաջ կար մեկը, թեպետ հիմա երևի ծածկվել է խոտով, այդ արահետը տանում էր դեպի Հրդեհի բացատը և հետո իջնում էր մոտավորապես մեզ հարկավոր կողմը՝ հյուսիս-արևելք։ Թերևս, գտնեմ։

Հետևում թողնելով դարպասը՝ հոբիթները բարձրացան հետզհետե ընդլայնվող կիրճի լանջն ի վեր, որի մյուս կողմում սկսվում էր հազիվ նկատելի արահետը. այն հասնում էր ծառերի պատին ու անհետանում։ Ծառերի տակ մտնելով ու հետ նայելով՝ հոբիթները տեսան մթին Պատնեշի աղոտ շերտը՝ ահա ուր որ է կծածկվի աչքից։ Առջևում միայն բներ էին ու բներ, ուղիղ ու խոտոր, սլացիկ ու ծուռումուռ, ողորկ ու խթոտ, ճյուղավոր ու ոստավոր, մոխրականաչ, մամռակալած ու քարաքոսապատ։

Հոբիթների տրամադրությունն ընկավ: Միայն Մերին էր, որ չէր վհատվում։

― Փնտրի՛ր, քո մեծ արահետը, ― մռայլ շտապեցրեց նրան Ֆրոդոն։ ― Թե չէ մեկ էլ տեսար մեկս-մեկիս կորցրեցինք կամ բոլորս միասին մոլորվեցինք...

Պոնիները առաջ էին շարժվում ծառերի միջով՝ զգուշորեն անցնելով գալարուն, իրար հյուսված արմատների վրայով։ Բացի ծառերից, այստեղ ոչինչ չէր աճում: Զառիկող արահետը, կարծես թե, բարձրանում էր վեր, իսկ ծառերը գնալով ավելի բարձր, մութ ու խիտ էին կախվում նրանց վրա։ Խոր լռություն էր տիրում, միայն երբեմն անշարժ սաղարթի վրայով գլորվում ու ցածր էր ճլմփում ուռճացած կաթիլը։ Ճյուղերն ասես քարացել էին, ոչ մի տեղից շրշյուն անգամ չէր լսվում, բայց հոբիթներին թվում էր, թե իրենց տեսնում ու զննում են՝ սառը, կասկածով, թշնամաբար։ Եվ գնալով այդ զգացողությունը հոբիթների մեջ ուժեղանում էր. նրանք անընդհատ ջղաձգորեն շրջվում էին ու գլուխներն այս ու այն կողմ պտտում՝ ասես անսպասելի հարձակումից զգուշանալով։

Արահետի հետք առայժմ չկար, իսկ ծառերի շարքերը գնալով խտանում էին, ասես ուզում էին ճանապարհը փակել: Փիփինը հանկարծ զգաց, որ այլևս չի կարող առաջ գնալ։

― Վա՜յ, վա՜յ, վա՜յ, ― աղեկտուր գոռաց նա։ ― Ես ոչ մի վատ բան չեմ անում, թողեք անցնե՜մ, խնդրո՜ւմ եմ...

Բոլորը վախից շունչները պահեցին, բայց ճիչը չթնդաց անտառում, այլ տեղնուտեղը խլացավ, ասես խեղդեցին։ Ոչ արձագանք, ոչ պատասխան, միայն անտառն ավելի խտացավ և ասես չարախնդորեն խշշաց։

― Ես քո տեղը լինեի՝ չէի գոռա, ― ասաց Մերին։ ― Դրանից օգուտ չկա, միայն՝ վնաս։

Ֆրոդոն սկսեց մտածել, որ ճանապարհն էլ չեն գտնի և որ ինքն իզուր բարեկամներին բերեց այս չարագուշակ անտառը։ Մերին շփոթահար այս ու այն կողմ էր նայում. երևում է, նա արդեն վստահ չէր, որ ճիշտ է ընտրել ուղին: Փիփինի աչքից դա չվրիպեց:

― Ինչ էլ արագ հասցրիր մոլորվես, ― փնթփնթաց նա:

Բայց Մերին հանկարծ թեթևացած սուլեց ու մատով ցույց տվեց դեպի առաջ։

― Ա՜յ թե գործ է, հա՜, ― մտածկոտ ասաց նա։ ― Երևում է, ծառերն իրոք տեղում կանգնած չեն մնում։ Հրեն, էն է Հրդեհի Բացատը: Բայց թե արահետն ո՞ւր է կորել...

Առջևում ճանապարհը լուսավորվում էր. ծառերը նահանջում էին։ Հոբիթները հանկարծ դուրս սահեցին ճյուղերի արանքից ու հայտնվեցին մի ընդարձակ բացատում։ Նրանց գլխավերևում անսպասելի բացվեց կապույտ ու մաքուր երկրինքը։ Արևը չէր հասցրել շատ բարձրանալ, բայց արդեն ցած էր հղում իր բարեհամբույր շողերը։ Բացատը եզերող ծառերի սաղարթն ավելի խիտ ու ավելի կանաչ էր, ասես Հրդեհի բացատն անջրպետված լիներ անտառից կանաչ ու խիտ պատով։ Բացատում ոչ մի ծառ չկար. կոշտ խոտ, իսկ դրանց մեջ՝ չորուկ գինազոխեր, գորշ մոլախոտ, թոռոմած մոլեխինդ ու ուղտափուշ։ Անհրապույր ու տխուր վայր էր, բայց Զառամյալ Անտառի հեղձուկ ու մութ թավուտներից հետո այստեղ ուղղակի հրաշալի էր։

Հոբիթներն աշխուժացան ու հույսով նայեցին արևի ճառագայթներով ողողված երկնքին, որը պայծառ ու տաք օր էր խոստանում։ Բացատի հեռավոր ծայրին, ծառերի մեջ, բարակ արահետ էր նշագծվում։ Այն մտնում էր անտառ, բայց որոշ ժամանակ դեռ տեսանելի էր՝ կանաչ տանիք չկար գլխին, թեև երբեմն վրայով տարածվում էին խիտ ճյուղերը՝ մեկ կիպ մոտենալով, մեկ իրարից անջատվելով։ Հոբիթները գնացին սկսվող արահետով: Թեպետ թեթևակի բարձրանում էին, բայց հիմա գնում էին առաջվանից ավելի արագ: Բարեկամներն աշխուժացել էին. թվում էր, թե անտառը բարիացել է իրենց նկատմամբ և թույլ կտա անցնել։ Սակայն ո՞ւր էր թե...

Շուտով գաղտնի չարակամությունը բացահայտ դարձավ։ Հեղձուկ օդը շնչել չէր լինում։ Ծառերը երկու կողմերից սեղմեցին նրանց և ճանապարհը փակեցին։ Յուրաքանչյուր քայլը դժվարությամբ էր արվում, պոնիների սմբակները խրվում էին փտած տերևների կույտերի մեջ, խփվում չերևացող արմատներին, և լռության մեջ այդ հարվածները խուլ արձագանքում էին ականջներում։ Բարեկամներին խրախուսելու համար Ֆրոդոն փորձեց երգել, սակայն դա ավելի շատ խռպոտ շշնջոցի էր նման.


Մութ անտառով քայլող ճամփորդ
Մի վհատվիր ու միշտ հիշիր.
Ամեն անտառ ունի վերջ,
Չի լինում ոչինչ անվերջ:
Շուտով անտառը կվերջանա
Եվ արևը երկնքում կերևա
Արևելք, թե արևմուտք գնաս,
Մեկ է, անտառի ծայրը դուրս կգաս:

Երգի վերջում Ֆրոդոյի կոկորդը վերջնականապես չորացավ: Օդը ծանրացավ, խոսելը դժվարացավ: Ծառերի շարքերն ավելի խտացան:

— Չեն ուզում լսել, որ անտառը վերջ ունի,— զվարթ ձայնով ասաց Մերին: — Քո փոխարեն ես հիմա չէի երգի: Այ, որ հասնենք անտառեզր, կշրջվենք ու ցույց կտանք սրանց, թե երգչախումբն ինչ է:

Հոբիթները չպատասխանեցին: Ֆրոդոյին կրծում էր տագնապը և կեղեքում կսկիծը։ Ամեն քայլափոխի նա գնալով ավելի էր փոշմանում, որ համարձակվեց մարտահրավեր նետել այս ահեղ ծառերին: Նա ինքն իրեն մեղադրում էր թեթևամտության համար և այն է, ուզում էր մտածել հետ վերադառնալու մասին (այսինքն՝ հայտնի չէ, թե ուր), երբ հանկարծ ծանր վերելքը վերջացավ: Ծառերը բաժանվեցին և ճամփորդներին բաց թողեցին մի հարթ բացատ, իսկ արահետը վազեց ուղիղ դեպի կանաչ բլուրը, որը բարձրանում էր Անտառի վերևում՝ ոնց որ ցցված մազերի վերևից երևացող ճաղատ գագաթ։

Հոբիթներն արագացրին քայլերը՝ ուրախանալով, որ վերջապես կարելի է հանգիստ դիտել շուրջը։ Արահետը սկզբում իջավ ներքև, ապա սկսեց ոլորապտույտ բարձրանալ, մինչև որ հասավ բլրի ստորոտին: Այստեղ այն դուրս եկավ ծառերի շրջանակից և անհետացավ խոտերի մեջ: Ծառերը շրջապատել էին ճաղատ բլուրը բոլոր կողմերից՝ իսկ և իսկ գզգզված մազեր ճաղատ գագաթի շուրջ:

Հոբիթները շուտ չհայտնվեցին բարձունքում՝ նրանք քշում էին պոնիներին ոլոր-մոլոր՝ լայն շրջաններ գծելով բլրի շուրջը: Հասնելով գագաթին՝ նրան շուրջը նայեցին: Օդը հագեցած էր արևի շողերով, բայց հեռուն թաքնված էր կապտավուն մեգի մեջ, որը փակում էր տեսադաշտը։ Առավոտյան մշուշը գրեթե չքացել էր, միայն հարավում՝ ցածրավայրում, մի փոքրիկ սպիտակ շերտ էր մնացել:

― Ա՜յ այնտեղ, ― ասաց Մերին, ― Դամբանաբլուրներից Գալար գետը հոսում է դեպի հարավ-արևմուտք՝ անտառի խորքը, կտրում-անցնում է ողջ թավուտը ու թափվում է Բրենդիդուիմ։ Ահա թե որ կողմից ավելի շատ պետք է խուսափենք։ Ասում են, հենց գետից է գալիս անտառի գլխավոր կախարդանքը։

Հոբիթները նայեցին Մերիի ցույց տված ուղղությամբ, բայց ոչինչ չտեսան, բացի հովիտը պատած կապտավուն մեգից: Արդեն տասնմեկին մոտ էր, արևը վառում էր, բայց աշնանային մեգի շղարշն առաջվա պես թանձրանում էր հեռուներում։ Արևմուտքում չէին երևում ո՛չ Պատնեշը, ոչ էլ նրա հետևում թաքնված Բրենդիդուիմի գետահովիտը։ Հյուսիսում նույնպես ոչինչ չկար, ու թեև Հոբիթները երկար և ուշադիր զննեցին, բայց չկարողացան գտնել ո՛չ Արևմտյան Մեծ Ուղին, ո՛չ էլ դրան հիշեցնող ինչ-որ բան։ Չորս կողմից անշարժ ալիքներով նրանց շրջապատում էր Անտառը։ Ամենախելոք բանն էր՝ նստել ու կեսօրյա հացն ուտել։ Այդպես էլ արեցին։

Երբ արևը հատեց կեսօրը, արևելքում անտառից առանձնացան Դամբանաբլուրների մոխրականաչ ալիքները: Դա շատ ուրախացրեց հոբիթներին՝ հաճելի էր տեսնել, որ Զառամյալ Անտառն այնուամենայնիվ վերջ ունի: Սակայն գնալ այդ ուղղությամբ նրանք չէին պատրաստվում. հոբիթական հեքիաթներում այդ Գերեզմանոցը շատ վատ համբավ ուներ:

Վերջապես բարեկամները որոշեցին շարունակել ճանապարհը: Արահետը, որով բարձրացել էին բլուրը, իջնում էր մյուս կողմից ու ստորոտից ձգվում դեպի հյուսիս։ Սակայն շուտով հոբիթներն զգացին, որ դանդաղ, բայց հաստատապես թեքվում են աջ՝ հարավ-արևելք, դեպի Գալարի հովիտը, այսինքն՝ բոլորովին ոչ հարկավոր ուղղությամբ։ Խորհրդակցելով՝ նրանք որոշեցին դուրս գալ արահետից և գնալ դեպի հյուսիս. ի վերջո այնտեղ էր գտնվում անտեսանելի Ուղին և այնքան էլ հեռու չէր, թեև բլրի գլխից նրանք այն չկարողացան տեսնել: Բացի այդ, այնտեղ հողն ավելի չոր էր, իսկ ծառերը՝ նոսր. սովորական եղևնիներ ու սոճիներ, ոչ թե այստեղի նման՝ կաղնի, հաճարի, բոխի ու էլի ինչ-որ հանելուկային, հինավուրց տեսակներ։

Սկզբում թվում էր, թե ճիշտ են վճռել, նույնիսկ սկսեցին ավելի արագ գնալ, թեպետ երբ արևը թափանցում էր սաղարթից, պարզ էր դառնում, որ այնուամենայնիվ չափից շատ են թեքվում դեպի արևելք։ Նորից իրար սկսեցին միանալ ծառերը, որոնք հեռվից թվում էին իրարից շատ հեռու։ Գետինը դարձավ ալիքավոր, ասես հին ժամանակներում այդտեղով անցել էին հսկաների սայլերը և խոր հետքեր թողել: Այդ խոր խանդակները և փոսերը, ասես դիտմամբ, փակում էին նրանց ճանապարհը։ Շրջանցելու հնարավորություն չկար, հարկավոր էր անցնել դրանց միջով, իսկ ներքևում թավ խոտ էր և խիտ փշաթփեր, որոնց շրջանցել հնարավոր էր միայն դեպի աջ շարժվելով: Ամեն անգամ նոր այդպիսի փոսից դուրս գալով՝ նրանք հայտնաբերում էին, որ ծառերի պատն ավելի է խտացել։ Դեպի ձախ և սարն ի վեր հնարավոր չէր գնալ, այնպես որ հոբիթներն ակամա գնում էին դեպի աջ և սարն ի վար։

Մեկ-երկու ժամ հետո նրանք ուղղությունը կորցրին՝ միայն գիտեին, որ դեպի հյուսիս չեն գնում։ Ասես ինչ-որ մեկի կամքն էր նրանց ուղղորդում, և նրանք անտառից դուրս գալու փոխարեն հնազանդորեն գնում էին Անտառի ամենախորքը։

Արևը թեքվում էր դեպի արևմուտք, երբ նրանք մտան իրենց բոլոր տեսածներից շատ ավելի լայն ու խոր մի խանդակ։ Դեպի ձախ ու վեր ճանապարհ չկար, հո չէի՞ն թողնելու պոնիներն ու բեռները... Մնում էր միայն գնալ աջ ու ներքև: Ոտքերի տակ խոնավացավ, հողը մի տեսակ փափկեց, երբեմն նույնիսկ ճլմփում էր: Այս ու այնտեղ լանջը ծակեցին աղբյուրները, և շուտով ներքևում սկսեց խոխոջալ առուն: Ճամփորդներն այժմ գնում էին լայն առվի երկայնքով, ոտքի տակ զսպանակի պես ելնող-իջնող ճահիճ արահետով։ Խիտ ճյուղերի վերևում երկինքն անհետացավ։

Կիսախավարում որոշ ժամանակ սայթաքելով՝ հոբիթները հանկարծ նորից լույս աշխարհ դուրս եկան: Լույսն ասես ընկնում էր առջևում գտնվող բաց դարպասից: Պոնիներին ճյուղե կամարի տակով տանելով՝ նրանք դուրս եկան տոթ կիսախավարից և հայտնվեցին գետի ափին: Ջրի երկայնքով ձգվում էր եղեգների ու խոտի մի լայն շերտ, իսկ մյուս ափը զառիվայր էր ու սայթաքուն։ Հետկեսօրյա ոսկեգույն արևի լույսը պարուրում էր հովիտը քնաբեր ջերմությամբ։ Մեջտեղով ծուլորեն հոսում էր ուռիներով շրջապատված գորշ առուն, ընկած կոճղերը արգելափակում էին հոսանքի ճանապարհը, և հազարավոր պոկված տերևներ էին կուտակվում առվախորշերում: Օդը նույնպես լի էր այդ նեղ դեղին տերևներով: Մեղմ քամի էր փչում, եղեգը խշշում էր, սեզը շրշում, ուռենու ճյուղերը փսփսում էին։

― Դեհ, հիմա հասկանալի է, թե մեզ ուր են քշել, ― ասաց Մերին։ ― Բոլորովին ո՛չ մեր ուզած կողմը։ Սա Գալարն է։ Սպասեք՝ գնամ հետախուզեմ։

Նա վազեց դեպի լույսը և կորավ բարձր խոտի մեջ։ Հետո վերադարձավ, ասես գետնի տակից ծլեց, ու հայտարարեց, որ զառիթափի տակ, ափին շատ մոտիկ, բոլորովին էլ խրուտ չէ ու հրաշալի արահետ կա։

― Դրանով կգնանք ձախ, մեկ էլ տեսար, դուրս եկանք անտառից, ― ասաց նա։

— Հնարավոր է,— ասաց Փիփինը: — Եթե միայն այն չվերջանա ինչ-որ ճահճուտում ու մեզ թողնի մինչև կոկորդներս ցեխի մեջ խրված: Ո՞վ է, քո կարծիքով, այդ կածանը տրորել և ինչի՞ համար: Համոզված եմ՝ ոչ մեր օգտի համար: Ես առհասարակ չեմ վստահում էս անտառին ու նրանց, ովքեր էստեղ թափառում են: Սկսում եմ մտածել, որ նրա մասին բոլոր պատմությունները ճշմարտություն են: Դու գոնե մոտավորապես գիտե՞ս, թե ինչքան ենք գնալու:

— Չէ-է,— պատասխանեց Մերին,— անգամ չեմ պատկերացնում: Չեմ պատկերացնում նաև, թե ով կարող է էս արահետը գցած լինել: Բայց ուրիշ ոչինչ չեմ կարող առաջարկել:

Հոբիթներն իջան գետի ափը ու գնացին կածանով: Տեղ-տեղ եղեգներն ու սեզն այնքան առատ էին աճել, որ գլխովին ծածկում էին նրանց: Արահետը գալարվում էր, պտույտներ գործում, մեկ աջ էր գնում, մեկ՝ ձախ: Ժամանակ առ ժամանակ առուներ էին հանդիպում, որոնց վրայով հոգատարորեն գերաններ էին գցված։

Շոգն սկսեց նեղել հոբիթներին: Արևն այրում էր նրանց մեջքերը, իսկ ականջներում անընդհատ հնչում էր մոծակների տզզոցը: Ինչ-որ բարալիկ, ցանցառ տերևներով ճյուղերի մոխրագույն, տեղ-տեղ ճառագայթներով ծակծկված ստվերը վերջապես փակեց կածանը։ Հետզհետե տոթն ուժգնանում էր ու քայլելն ավելի էր դժվարանում։ Հողն ասես քնկոտություն էր արձակում ու նինջով պարուրում հոբիթներին։ Ֆրոդոյի գլուխը կախվեց կրծքին: Նրա առջևից գնացող Փիփինն ընկավ ծնկների վրա: Ֆրոդոն կանգ առավ: Նրա ականջին հասավ Մերիի ձայնը.

— Էլ չեմ կարող, եթե ես մի փոքր չհանգստանամ, ապա ինձանից օգուտ չի լինի: Գնամ ուռենիների տակ. էնտեղ զով է: Եվ մոծակներն էլ քիչ են:

Ֆրոդոյին դա դուր չեկավ:

― Սթափվե՛ք, ― գոռաց նա։ ― Քնելու ժամանակը չէ... Հարկավոր է մի կերպ դուրս գալ անտառից։

Սակայն նրա ուղեկիցներին ընդարմացնում էր ծանր նինջը և նրանք ոչինչ չէին լսում կամ չէին ուզում լսել։ Սեմը հորանջում էր ու քնկոտ աչքերը թարթում։

Ֆրոդոն հանկարծ զգաց, որ նինջն իրեն էլ է հաղթում, և պայքարելու ուժ չկա: Նրա աչքին ամեն ինչ շաղվեց, և զզվելի ճանճերի անդադար դզզոցը հանկարծ լռեց։ Միայն թեթև շշունջ էր, մեղմ քչքչոց, հեռավոր շրշյուն՝ տերևնե՞րն են, ինչ է։ Իհարկե, տերևներն են։ Նա բարձրացրեց հոգնած աչքերն ու գլխավերևում տեսավ մի հսկայական ծփի՝ դարավոր ու մամռակալած։ Ծփին արահետի վրա էր տարածել իր ճյուղերը, որոնք ասես երկար մատներով ձեռքեր լինեին։ Նրա անընդգրկելի, ծուռումուռ բունը հատված էր սև ճեղքերով, որոնք կամաց ճռռում էին թորշոմած սաղարթի շշնջոցի տակ։ Թրթռացող տերևներն ու պայծառ երկինքը կուրացրին Ֆրոդոյին: Նա հորանջեց ու տապալվեց գետնին։

Մերին ու Փիփինը հազիվհազ հասան ծառին, նստեցին ու մեջքով հենվեցին բնին: Ճեղք-փչակներն ավելի լայնացան՝ ուրախությամբ ընդունելով հոբիթներին, իսկ ծառը ցնցվեց ու ճռռաց։ Վերևում սահուն օրորվում էր դեղնա-մոխրագույն սաղարթի հոծ ծածկույթը։ Թվում էր, թե տերևներն օրորոցային են երգում: Ճամփորդները հոգնած փակեցին աչքերը և ասես քնի միջից լսեցին. ջուրը ծփու մոտ է, ջուրը կկապի, ջուրը կքաշի և քունը կտանի... Նրանք տրվեցին հմայքին և գետի քչքչոցի օրորի տակ, գորշ ծփու բնին կպած քնեցին։

Ֆրոդոն պառկած պայքարում էր՝ փորձելով ամեն կերպ քունը փախցնել: Վերջապես նրան նույնիսկ հաջողվեց ոտքի կանգնել։ Սառը ջուրն անհաղթահարելիորեն ձգում էր նրան։

― Հապա սպասի՛ր, Սեմ, ― քրթմնջաց նա։ ― Լավ կլիներ ոտքերս թրջեի...

Քայլելու ժամանակ ննջելով՝ նա մի կերպ հասավ ափ, այնտեղ, որտեղ ծփու հզոր արմատները կախվում էին ջրի վրա: Հոբիթը նստեց դրանցից մեկի վրա, ոտքերը կախեց ջրի մեջ՝ և հանկարծ քնեց մեջքը հենելով բնին:

Սեմը նստել ու ննջում էր, երբեմն-երբեմն ծոծրակը քորելով... Սա ինչ-որ անհասկանալի բան է։ Տարօրինակ է ինչ-որ։ Արևը դեռ մայր չի մտել, իսկ իրենք քնում են, հա քնում։ Ինչի՞ց կլինի դա։

― Պա՜հ, ի՜նչ անենք, ուժասպառ ենք եղել, դատարկ բան է, ― մտածեց նա։ ― Իսկ այ էս ծառն ինձ դուր չի գալիս. չափազանց մեծ է ու, դրա՜ն մի տեսեք, խշխշում է։ Ջուրը, իբր թե, կձգի, կտանի, կքնացնի ու քունդ կառնես...

Նա թափ տվեց իրեն, վեր կացավ ու օրորվելով գնաց տեսնելու, թե ինչ են անում պոնիները: Պարզվեց, որ դրանցից երկուսը բավական հեռացել են: Սեմը հետ բերեց պոնիներին՝ և հանկարծ երկու տարօրինակ ձայն լսեց. մեկը՝ ասես ջրի մեջ ինչ-որ ծանր բան չրմփաց. իսկ մյուսը նման էր փականի չրխկոցի:

Սեմը նետվեց դեպի գետը և տեսավ, որ Ֆրոդոն խոնարհվել է ջրի վրա, իսկ երկար կառչուն արմատը կամացուկ կռացնում է նրան. Ֆրոդոն, չգիտես ինչու, նույնիսկ չի էլ դիմադրում։

Սեմն արագ բռնեց տիրոջ բաճկոնից ու դուրս քաշեց արմատի տակից, իսկ հետո էլ մի կերպ չոր տեղ հանեց։ Ֆրոդոն սթափվեց ու խեղդվելով հազաց՝ քթից ջուր հորդեց։

― Պատկերացնո՞ւմ ես, Սեմ, ― վերջապես ասաց նա, ― այս անամոթ ծառն ինձ ջուրը մտցրեց... Արմատներով բռնեց ու սուզեց...

― Դե ինչ ասեմ, քնով եք ընկել, տեր իմ, ― ասաց Սեմը: ― Գոնե ջրից հեռու գնայիք, եթե էդքան ուժեղ ձեր քունը տանում էր։

― Իսկ մյուսներն ո՞ւր են, ― հարցրեց Ֆրոդոն։ ― Հանկարծ նրանք էլ չքնե՞ն...

Սեմն ու Ֆրոդոն պտտվեցին ծառի շուրջը։ Հանկարծ Սեմը հասկացավ, թե ինչ չրխկոց էր լսել: Փիփինն անհետացել էր։ Ճեղքը, որի մոտ նա թիկնել էր, փակվել էր, կարծես չէր էլ եղել։ Իսկ Մերիի ոտքերը ցցված էին մեկ ուրիշ ճեղքից։

Սկզբում Ֆրոդոն ու Սեմը բռունցքներով խփեցին ծառի բնի այն մասին, որտեղ առաջ պառկած էր Փիփինը։ Տեսնելով, որ չի օգնում, նրանք հուսահատ ճիգերով փորձեցին ճեղքը մեծացնել ու Մերիին հանել, բայց՝ անօգուտ։

― Սա պարզապես սարսափելի է, ― իրեն կորցրած բղավեց Ֆրոդոն։ ― Ախր ինչը մեզ բերեց այս երիցս անիծյալ Անտառը։ Ավելի լավ էր մնայինք այնտեղ, Գերանում...

Նա ամբողջ ուժով աքացի տվեց ծառին։ Հազիվ նկատելի դող անցավ տերևներով ու ճյուղերով. տերևները շրշացին ու շշնջացին, ասես քմծիծաղում էին։

― Դուք, տեր իմ, կացին չե՞ք վերցրել, ― հարցրեց Սեմը։

― Կարծե՛ս թե մի փոքրիկ կացին ունենք խարույկի համար ճյուղեր կտրելու համար, ― հիշեց Ֆրոդոն։ ― Բայց դա այստեղ չի օգնի...

― Սպասե՜ք, սպասե՜ք, ― ճչաց Սեմը: Նրա գլխում մի նոր միտք փայլատակեց: ― իսկ եթե կրակ վառե՞նք։ Հանկարծ ու օգնի։

― Կօգնի, բա ի՞նչ կանի, ― վարանելով արձագանքեց Ֆրոդոն։ ― Փիփինին կխորովենք և ուրիշ ոչինչ։

― Եկեք այնուամենայնիվ վառենք դրա կաշին, թող վախենա, ― Սեմն ատելությամբ նայեց լայնատարած Ծփուն։ ― Եթե սա նրանց բաց չթողնի, ես կտապալեմ նրան, ինչքան էլ որ դժվար լինի: Պետք լինի՝ ատամներով կկրծոտեմ։

Նա նետվեց ձիերի մոտ ու արագ-արագ փնտրեց կացինը, աբեթամանն ու կրակվառիչը։

Նրանք ծփու մոտ քարշ տվին մի կույտ ցախ, չոր տերևներ ու տաշեղ, իհարկե, ոչ այն կողմը, որտեղ Փիփինն ու Մերին էին։ Հենց առաջին կայծից կրակը բռնկվեց, ջախը ճտճտաց, ու բոցի մանրիկ լեզուները մխրճվեցին մամռոտ կեղևի մեջ։ Հինավուրց հսկան ցնցվեց: Ցավի ու չարության խշշոցով պատասխանեց սաղարթը։ Բարձր ճչաց Մերին, ներսից լսվեց Փիփինի խեղդված աղաղակը։

― Հանգցրե՛ք, հանգցրե՛ք, ― ոչ իր ձայնով գոռաց Մերին, ― թե չէ նա սպառնում է ինձ երկու պատառ անել և կանի...

― Ո՞վ է սպառնում... Ի՞նչ է եղել, ― Ֆրոդոն նետվեց դեպի ճեղքը։

― Հանգցրե՛ք... Շուտ հանգցրե՛ք, ― աղաչում էր Մերին։

Ծփու ճյուղերը կատաղորեն երերացին։ Լսվեց ուժեղացող քամու ձայն, և ասես փոթորիկը հուզեց սկզբում շրջապատի, ապա հեռավոր բոլոր ծառերը: Կարծես ինչ-որ մեկը քար գցեց խաղաղ լիճը, և անտառի վրայով վազեցին զայրույթի օղակները։ Անտառը տակնուվրա եղավ։ Սեմն արագորեն հանգցրեց փոքրիկ խարույկը և տրորեց կայծերը։ Իսկ Ֆրոդոն գլուխը կորցրած վազեց արահետով՝ աղեկտուր ճչալով. «Օգնեցե՜ք... օգնեցե՜ք... Օգ֊նե֊ցե֊ե՜ք...»: Սեփական ձայնը նրան մոծակի տզզոց էր թվում, թեև գոռում էր ամբողջ ուժով՝ ծփու բարձրացրած փոթորիկը պոկում էր բառերը հենց շուրթերից և խլացնում տերևների կատաղի աղմուկի մեջ։ Բայց Ֆրոդոն շարունակում էր հուսահատ գոռալ՝ սարսափից չիմանալով էլ ինչ անել։

Եվ հանկարծ միանգամից լռեց՝ նրա ճիչերին պատասխանեցին։ Թե՞ նրան թվաց։ Ո՛չ, պատասխանեցին հեռվից, անտառի խորքից։ Նա շուռ եկավ, ականջ դրեց՝ այո, ինչ-որ մեկը զիլ ձայնով, անհոգ ու ուրախ երգում էր ինչ-որ անհեթեթություն.


Հե՛յ, ձոր, թացաձոր, ծփի ու մփի,
Խոնավ՝ չոր, թռի՛չք-ցա՛տկ, հապա արագ-արագ։
Թոմ-Բոմ, Բոմբադիլ Թոմ, ուրախ ենք, որ հասանք:

Սա ի՞նչ է, նոր անհայտ վտա՞նգ, թե՞ փրկություն: Ֆրոդոն ու Սեմը քար կտրեցին։ Ձայնն ավելի մոտեցավ, և հանկարծ անհեթեթությունը վերածվեց իսկական երգի.


Հե՛յ, ձոր, թացաձոր և անտառ խիտ ու դարավոր,
Քամու թևով թռչող սարյակ, երկինքներում լուսավոր:
Արևն անցավ, ու երեկոն ծանրանում է մութով իր,
Ոսկեհատիկն սպասո՜ւմ է, սպասում է իր Թոմին։
Սակայն Թոմը ուշանում է... Էլ չի կարող համբերել
Ոսկեհատիկ գեղեցկուհին՝ գետի դուստրը և փերին։
Նունուֆար է բերում նրան Թոմն անտառում երգելով,
Եվ անտառը Թոմին կարծես ձայնակցում է շրշալով։
Հե՛յ, ձոր, թացաձոր, տերևներ ու ծաղիկ
Ոսկեհատիկ, Ոսկեհատիկ, դեղին մորու հատիկ:
Դե շո՛ւտ ճամփա տվեք Թոմին, ծառեր, խոտեր ու թփեր,
Նա ժամանակ չունի հիմա, շտապում է անհամբեր։
Դու էլ կտրիր քո խշշոցը, փտած, նեխած եղեգնուտ,
Թոմն է շտապում հասնելու Ոսկեհատիկ իր փերուն։

Հոբիթները կանգնել էին հմայվածի պես։ Փոթորիկը շնչասպառ եղավ։ Տերևները կրկին լուռ կախ ընկան անշարժ ճյուղերից։ Նորից լսվեց նույն երգը, և հանկարծ եղեգներից դուրս ցատկեց մի ճմռթված լայնեզր գլխարկ, որի ժապավենի տակ խրված էր մի երկար կապույտ փետուր։ Գլխարկի հետ միասին հայտնվեց նաև մարդը, իսկ գուցե ոչ մարդ: Համենայն դեպս նա հոբիթներից ակնհայտորեն մեծ էր ու ծանր, թեև բոյը մարդկանցից ցածր էր: Բայց այնպիսի աղմուկ էր բարձրացրել, որ երկու մարդու տեղ կանցներ. դեղին ոտնամաններով նրա հաստ ոտքերը եզան կճղակների պես փոցխում էին տերևները։ Հագել էր կապույտ կապա, իսկ երկար, խիտ ու գանգուր մորուքը ծածկում էր կուրծքը։ Դեմքը՝ կարմիր, ասես հյութեղ խնձոր, ակոսված ծիծաղի կնճիռներով։ Ձեռքին մեծ տերև-սկուտեղ էր, իսկ դրա մեջ նունուֆարներ էին լողում:

― Օգնեցե՜ք...― նրան ընդառաջ նետվեցին Ֆրոդոն ու Սեմը։

― Կամաց, կամաց... Էլ գոռալ, ճվալն ի՜նչի համար է, ― խոսեց անծանոթը՝ բարձրացնելով ձեռքը, և հոբիթները տեղում մեխվեցին։ ― Էդ ո՞ւր եք վազում... Վայրկենապես պատասխանեք... Գիտե՞ք, թե ով եմ ես: Ուրեմն իմացեք. ես Թոմ Բոմբադիլն եմ։ Ո՞վ է համարձակվել նեղացնել ձեզ, անմեղ մժեղներին...

― Իմ ընկերներին բռնել է ծեր Ծփին... ― շունչը կտրվելով, հազիվհազ խոսեց Ֆրոդոն։

― Հասկանո՞ւմ եք, տեր իմ, նրանց քնած տեղը ճանկել են, Ծփին նրանց բռնել է ու չի թողնում, ― բացատրեց Սեմը։

― Անկարգություններ է անում Ծփին... Միայն այդքա՞նը, ― հարցրեց Թոմ Բոմբադիլը ուրախ ցատկոտելով։ ― Ես հիմա կերգեմ նրա համար ու քնակապ կանեմ։ Երգելով տերևաթափ կանեմ, որ իմանա ավազակը։ Ձմեռվա ցրտի երգ կերգեմ, արմատները կսառեցնեմ...

Նա նունուֆարներով սկուտեղը խնամքով դրեց խոտի վրա և շտապեց ծառի մոտ: Փչակից դուրս էին ցցված Մերիի ոտքերի ծայրերը միայն՝ ծառը հասցրել էր խեղճին էլ ավելի ներս քաշել։ Թոմը շրթունքները հպեց ճեղքին և կամաց ինչ-որ անհասկանալի բան երգեց։ Մերին ուրախացած ոտքերը թափահարեց, բայց Ծփին մնաց անշարժ։ Թոմը հետ ցատկեց, կոտրեց ներքևի ծանր ճյուղն ու դրանով դաղեց բունը։

― Հե՜յ, Ծեր Ծփի... Լսի՛ր Բոմբադիլին, ― հրամայեց նա։ — Քաղցր-քաղցր խմիր հողի հյութը, ուժ հավաքիր։ Իսկ հետո քնիր, արդեն լրիվ դեղնել ես։ Դուրս թող փոքրիկներին։ Բռնողի՜ս նայեք։

Նա Մերիի ոտքերից բռնեց ու ակնթարթորեն դուրս քաշեց բացվող ճեղքից։

Հետո ծանր ճռռալով բացվեց մյուս ճեղքը և այնտեղից դուրս թռավ Փիփինը, ասես նրան աքացի տվեցին։ Երկու ճեղքն էլ չար կրճտոցով փակվեցին, դող անցավ ծառով մեկ, ու ամեն ինչ լռեց։

― Շնորհակալություն, ― չորս ձայնով ասացին հոբիթները։

Թոմը քրքջաց։

― Դեհ, ճստիկ-մստիկներ, ― ասաց նա, ― այսօր ինձ մոտ հանգիստ կառնեք: Ինչպես հարկն է կկերակրեմ։ Բոլոր հարցերը թողեք հետոյի համար։ Արևը մարում է, և տանը Ոսկեհատիկն է սպասում, երևի աչքը ջուր կտրեց։ Սեղանին կդնեմ հաց ու մեղր, կաթ ու կարագ... Հապա, ճստլիկներ, վազքով... Թոմը սովածացել է:

Նա գետնից վերցրեց նունուֆարները, ձեռքը թափ տվեց՝ հրավիրելով իր հետևից և թռչկոտելով սուրաց արահետով, ամբողջ ձայնով անկապ մի բան երգելով։

Խոսելու ժամանակ չկար, զարմանալու՝ նույնպես: Հոբիթները լուռ շտապեցին նրա հետևից։

Միայն թե նրանք դանդաղ էին շտապում։ Թոմն աչքներից ծածկվեց, և ձայնն ավելի ու ավելի թույլ էր լսվում։ Իսկ հետո հանկարծ նորից հնչեց բարձր, կարծես ինչ-որ տեղից հորդեց.


Շտապեցեք, փոքրիկներ, երեկոն շուտով կիջնի,
Թոմն առջևից կգնա, ճամփին լույսեր կվառի:
Մութը կծածկի ճամփան, բայց փույթ չէ դա,
Պատուհանից եկող լույսը մեզ ճանապարհ ցույց կտա։
Չվախենա՛ք սև ծառերից, սև ճյուղերի սև դավից,
Առանց ահի ու համարձակ քայլեցե՛ք իմ հետևից։
Լուսավոր է Թոմի տանը, և սեղանը գցված է
Մի վախեցեք, հե՛յ, վազե՛ք, Ոսկեհատիկը տանն է:

Երգը վերջացավ, և արևը թաքնվեց ծառերի հետևում։ Հոբիթները հանկարծ հիշեցին երեկոն Բրենդիդուիմքում և Բրենդիաշենի փայլփլուն պատուհանները։ Առջևում ցցապատնեշի անհավասար ատամների պես մեկը մյուսի հետևից բարձրանում էին ստվերները՝ անընդգրկելի բներ, հսկայական ճյուղեր, մուգ, խիտ սաղարթներ։ Գետից սպիտակ մշուշ բարձրացավ ու քուլա-քուլա փաթաթվեց ծառերի ճյուղերին։ Հողը խորհրդավոր գոլորշի էր արձակում:

Շուտով արահետը կորավ մթնշաղում, և քայլելը դժվարացավ: Հոբիթները շատ էին հոգնել. նրանց ոտքերը ծանրացել էին, ասես արճիճով լցված լինեին։ Թիկունքից, եղեգների ու թփերի միջից տարօրինակ հնչյուններ էին լսվում, իսկ երբ հոբիթները նայում էին վերև, ծառերը ծամածռություններով էին դիմավորում նրանց հայացքները։ Չորսին էլ թվում էր, թե իրենք մի սարսափելի երազի մեջ են, որից չեն արթնանալու։

Ոտքերն արդեն գրեթե չէին ենթարկվում նրանց, երբ արահետն սկսեց զգալիորեն բարձրանալ: Գետակը հանկարծ աշխուժացավ, և մթության մեջ փրփրուն փոքրիկ ջրվեժ փայլատակեց: Ծառերը վերջացան, մշուշը ցրվեց, իսկ խոտը ոտքերի տակ խոնարհ ու մետաքսանման դարձավ։ Գետակը վերածվեց արագահոս առվի, որը, փայլատակելով աստղերի լույսից, ուրախ վազում էր նրանց ընդառաջ: Անտառը հետ գնաց ու դարձավ կենդանի ցանկապատ: Արահետը նորից երևաց. այժմ այն խնամված էր և ոլորապտույտ բարձրանում էր աստղերի լույսից մոխրագույն խոտածածկ բլուրը: Բլրի հետևում մեկ այլ բլուր երևաց, իսկ վրան՝ լուսավոր մի տուն: Արահետը վազեց ներքև ու կրկին սկսեց բարձրանալ, և հանկարծ նրանց աչքերին զարնվեց լայն բացված դռան դեղին լույսը։

Նրանց առջև փայլում էր Թոմ Բոմբադիլի տունը: Բոլորն արագացրին քայլերը՝ և՛ հոբիթները, և՛ պոնիները։ Հոգնածությունն ասես ոչ եղել էր, ոչ էլ կար, իսկ վախն առհասարակ մնացել էր անտառում։ Նրանց ընդառաջ երգը թնդաց.


Հե՜յ, քայլեցեք ուրախ, զվարթ, ոչնչից մի՛ վախեցեք,
Հոբիթներ ու պոնիներ, Ոսկեհատիկին հյուր եկեք,
Բոմբադիլի հետ արդեն նա սպասում է դռան մոտ,
Դե շո՛ւտ եկեք, ներս մտե՛ք, կերգենք մինչև առավոտ:


Իսկ հետո հնչեց մեկ ուրիշ ձայն՝ վճիտ ու ջահել, ինչպես վաղ գարուն, բայց հինավուրց ու իմաստուն՝ ինչպես հավերժական ձյունը.


Դե շո՛ւտ եկեք, ներս մտե՛ք, մենք կերգենք ձեզ համար՝
Առուների, գետերի, ցողի, անձրևի մասին,
Չոր, մացառոտ դաշտերի, հովիտների, լեռների,
Ամռան բարձր երկնքի, անտառային լճերի,
Ձմեռների, ցրտերի, լուսնի, աստղերի մասին,
Այգաբացների մասին, մայրամուտների մասին,
Ինչի մասին որ ուզեք՝ մենք կերգենք միասին։

Եվ հոբիթները հայտնվեցին ջինջ լույսով ողողված շեմին։

Գլուխ յոթերորդ. Թոմ Բոմբադիլի տանը

Tom bombadil.jpg

Չորս հոբիթն անցան լայն քարե շեմը և, աչքները թարթելով, անշարժացան։ Նրանք գտնվում էին կախովի կանթեղներով լուսավորված, ցածր, բայց ընդարձակ սենյակում։ Մեջտեղում հղկված, փայլեցված փայտյա սեղան էր դրված, իսկ վրան՝ մոմեր: Սենյակի հեռավոր անկյունում նստած էր տանտիրուհին։ Նրա երկար, խարտյաշ վարսերը թափվում էին ուսերին ու փափուկ իջնում ներքև, ինչպես գետի ալիքները, զգեստը վառվռուն-կանաչ էր, ինչպես եղեգի ծիլերը և արծաթին էր տալիս, ինչպես ցողոտ խոտը, իսկ ոսկե գոտին ծածկված էր երկնագույն անմոռուկներով: Նրա շուրջը դրված կանաչ ու դարչնագույն սկուտեղներում նունուֆարներ էին լողում, ինչի պատճառով էլ թվում էր, թե նա նստած է անտառային լճակի մեջտեղում դրված գահին:

― Ներս համեցեք, թանկագին հյուրեր, ― երգեցիկ ասաց նա։

Նրանք երկյուղածությամբ մտան սենյակ՝ շփոթված ու խոր ողջունելով, անասելի զարմացած, ասես ճանապարհի եզրին մի սովորական տան դուռ էին ծեծում, որ ջուր խնդրեն, իսկ դուռը նրանց առջև բաց էր արել կենդանի ծաղիկներից զգեստով հրաշագեղ էլֆ դիցուհին։ Նա ընդառաջ շտապեց հյուրերին՝ եթերային, ինչպես գետի զեփյուռը։

― Համարձակ, սիրելի բարեկամներ, ― ժպտաց նա՝ բռնելով Ֆրոդոյի ձեռքը։ ― Ծիծաղեցեք, ուրախացեք... Ես Ոսկեհատիկն եմ, գետի դուստրը։

Ապա պարաքայլ գնաց դուռը ծածկեց ու նազելի ձեռքերի թեթև շարժումով ասես գիշերը տնից դուրս վանեց։

― Թող գիշերը մնա Անտառում, ― ասաց Ոսկեհատիկը։ ― Դուք երևի դեռ սարսափու՞մ եք թանձր մառախուղից, մթին ծառերից, գետախորշերից, հորձանուտներից ու անտառային անծանոթ արարածներից։ Մի վախեցեք։ Այժմ դուք Թոմ Բոմբադիլի հուսալի հարկի տակ եք։

Հոբիթները նայում էին նրան ու զարմանում, իսկ նա ժպտալով հերթով նայում էր բոլորին:

— Օ՜ սքանչելի տիրուհի Ոսկեհատիկ,— վերջապես գոչեց Ֆրոդոն՝ ներսում ինչ-որ անբացատրելի ուրախություն զգալով: Այդպես հմայում էին նրան մի ժամանակ էլֆերի զարմանահրաշ երգերը, բայց հիմա այլ զգացողություն էր, որի մեջ չկար այն ոգևորիչ բերկրանքը, որով լցվում էր նրա հոգին էլֆերի երգերը լսելիս: Այս տան հմայքն ավելի խոր էր ներթափանցում, բայց միաժամանակ թվում էր այնքան հարազատ ու հասկանալի: — Սքանչելի տիրուհի Ոսկեհատիկ,— կրկնեց Ֆրոդոն,— այժմ իմ սրտին հասկանալի դարձավ քո երգերում թաքնված ուրախությունը, որը զգում էի բլուրը բարձրանալիս: Տեսնելով քեզ՝ ամեն ինչ հասկացա:


Օ՜ Ուռենի բարեկազմ, ջրի պես մաքուր,
Օ՜ եղեգնիկ լճակի և դուստր արդար գետի,
Օ՜ գարուն, ամառ, օ՜ ջրվեժ լույսի,
Օ՜ կանաչ թրթիռ ծիծաղող տերևների:

Նա հանկարծ կանգ առավ, ինչ-որ անհասկանալի բան մրմնջաց ու պապանձվեց՝ չհասկանալով, թե ինչու խոսեց քառյակներով: Իսկ Ոսկեհատիկը ծիծաղեց:

― Ա՜յ քեզ հրաշք... — ասաց նա: — Ուրեմն, այսպիսի քաղցրալեզու հոբիթնե՞ր են ապրում Հոբիթստանում։ Սակայն դու էլֆերի բարեկամն ես, ինչպես տեսնում եմ: Այդ մասին են վկայում քո պայծառ աչքերը և հնչեղ ձայնը։ Ինչ լավ է, որ հանդիպեցինք: Դե, նստեք և սպասեք տանտիրոջը։ Նա հիմա կգա, ձեր ձիերի հետ է, չէ՞ որ նրանք ձեզանից պակաս չեն հոգնել...

Հոգնած հյուրերը հնազանդ նստեցին եղեգե ցածրիկ աթոռակներին, իսկ Ոսկեհատիկն սկսեց ճախրել սեղանի շուրջը։ Հոբիթներն աչքները չէին կտրում նրանից. այնքան հաճելի ու նազանքով էր նա շարժվում: Ինչ-որ տեղ տան հետևում կրկին հնչեց անհեթեթ երգը: Երբեմն Թոմ-բոմ, դիմ-դոմերի միջից հոբիթները կարողանում էին երկու տող կրկներգ զանազանել.

Ծեր Բոմբադիլն ուրախ է, նա երգել շատ է սիրում,
Կապույտ ու դեղին հագած թափառում է անտառում:

— Գեղեցկուհի տիրուհի,— կրկին խոսեց Ֆրոդոն: — Գուցեև հիմար հարց եմ տալիս, բայց ասա խնդրեմ, ո՞վ է Թոմ Բոմբադիլը:

— Նա ինքը,— ժպտալով դեպի հոբիթը շրջվելով, պատասխանեց Ոսկեհատիկը:

Ֆրոդոն հարցական նայեց նրան:

— Նա ինքը, ինչպիսին դուք տեսել եք նրան,— բացատրեց Ոսկեհատիկը՝ պատասխանելով նրա հայացքին: — Նա տերն է այս անտառի, բլուրների ու ջրերի:

— Ուրեմն նա այս զարմանահրաշ անտառի տիրակա՞լն է:

— Օ, ոչ,— պատասխանեց Ոսկեհատիկը: Նրա ժպիտը մարեց: — Դա շատ ծանր բեռ կլիներ: Ծառերն ու խոտերը և ամենը, ինչ աճում է այս հողի վրա, պատկանում են միայն իրենց: Իսկ Թոմ Բոմբադիլն այստեղ տեր է: Ոչ ոք չի կարող կանխել Թոմին, ոչ ոք չի կարող խանգարել նրան քայլել անտառի միջով, թափառել լճակներում, թռչել բլուրների գագաթներով՝ ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը: Վախը ծանոթ չէ նրան: Թոմ Բոմբադիլը տեր է:

Վերջապես դուռը բացվեց, և ներս եկավ Թոմ Բոմբադիլը։ Նա առանց գլխարկի էր, նրա փարթամ գանգուրները պսակված էին վառ դեղին տերևներից թագով։ Թոմը ծիծաղեց, մոտեցավ Ոսկեհատիկին և թևանցուկ արեց նրան։

― Ահա նա, իմ արծաթե կանաչ, աստեղային կայծկլտուն, զմրուխտափայլ տիրուհին, ― ասաց նա հոբիթներին։ ― Շատ մոմեր դիր սեղանին, տիրուհի՛... Կծածկենք վարագույրները և, համեղ կերակուրներով տարված, գիշերն արագ կես կանենք։ Ընթրիքը պատրաստ է՝ կաթ ու կարագ, սպիտակ հաց ու մեղր դեղին, ուրեմն՝ ամեն ինչ հրաշալի է...

― Սեղանը գցված է, ― ասաց Ոսկեհատիկը, ― իսկ այ հյուրերն ընթրիքի պատրա՞ստ են։

Թոմը զվարթ ծափ զարկեց և ուրախ-ուրախ զարմացավ.

― Այ քեզ մտամոլոր... Շտապում է, ընթրիքի է հրավիրում... Իսկ ճստիկները հազիվ են շնչում, նրանք պետք է լվացվեն։ Հապա, սիրելիներս, եկեք։ Թիկնոցներդ հանեք։ Հիմա արագ կմաքրվեք:

Նա սրահի խորքում մի դուռ բաց արեց, և հոբիթները շարանով ձգվեցին նրա հետևից ներքև, հետո թեքվեցին անկյունից ու մտան ցածր ու թեք առաստաղով մի սենյակ։ Պատերը քարից էին, բայց ծածկված էին կանաչ գորգերով ու դեղին վարագույրներով: Հատակին թարմ եղեգներ էին շաղ տված: Պատի տակ նստարան էր դրված, որի վրա սառը և տաք ջրով լի շագանակագույն սափորներ ու կավե թասեր կային:

Շուտով լվացված ու թարմացած հոբիթները սեղան նստեցին, իսկ հետո ուրախ ու երկար ընթրեցին։ Բարեկամները սրտներն ուզածի չափ կերան: Գավաթներում լցված ըմպելիքը նման էր սառը ջրի, բայց գինուց պակաս չէր տաքացնում, և գլխավորը՝ ձայն էր բացում: Հանկարծ հյուրերն իրենց համար անսպասելի պարզեցին, որ ուրախ երգեր են երգում, ասես երգելն ավելի հեշտ լիներ, քան խոսելը: Երբ բոլորը կշտացան, Ոսկեհատիկն ու Թոմը արագ սեղանը հավաքեցին։ Հյուրերին հրամայվեց չանհանգստանալ և նստել, ինչպես որ նստած են: Նրանք հնազանդվեցին և, ոտքները փոքրիկ աթոռակներին մեկնած, հանգստանում էին ճոխ հացկերույթից հետո։ Բուխարում վառվում էր կրակը՝ սենյակը լցնելով խնձորի անուշ բույրով: Երբ ամեն ինչ հավաքված էր ու կարգի բերված, բոլոր մոմերը հագցրին, բացի բուխարիկի վրա դրված երկու մոմից և պատից կախված լամպից: Ոսկեհատիկը մոմը ձեռքին մոտեցավ հոբիթներին:

― Արդեն գիշեր է, քնելու ժամանակն է, ― ասաց նա։ ― Քնեք խաղաղությամբ։ Անտառի թնդյունից ու խշշոցից մի վախեցեք։ Մեր պատուհաններից ներս կարող է թափանցել միայն լուսնի և աստղերի լույսը։

Նա դուրս եկավ սենյակից շողալով ու շրշալով, և հոբիթներին թվաց, թե առվակ է քչքչում գիշերվա անդորրում:

Թոմը լուռ նստել էր հյուրերի կողքին, իսկ նրանք քաջություն էին հավաքում, որպեսզի գոնե մի քանի հարց տան այն բազմաթիվ հարցերից, որ պտտվում էին նրանց գլխում դեռ ընթրիքի ժամանակ: Վերջապես Ֆրոդոն խոսեց.

— Ասա, տեր, դու լսեցիր իմ օգնության կանչը, դրա համա՞ր եկար, թե՞ պարզապես պատահական անցնում էիր այդտեղով:

Թոմն ասես սթափվեց հաճելի երազից:

— Ի՞նչ,— կրկնեց նա: — Օգնության կա՞նչը: Ոչ, չեմ լսել, ես ախր զբաղված էի երգելով: Արդյոք պատահականությու՞ն էր: Եթե ուզում եք, կարող եք պատահականություն անվանել: Չէի սպասում, որ կհանդիպեմ ձեզ, բայց նաև չզարմացա, երբ հանդիպեցի: Ինձ լուր էին բերել անտառում թափառող հոբիթների մասին: Դե, թափառելը թափառել, բայց ուր էլ գնաս, մեկ է, գետի մոտ դուրս կգաս: Մեզ մոտ բոլոր արահետները տանում են Գալարի հովիտ և, հետևաբար, դուք չէիք կարող խուսափել ծեր Ծփուց: Նա շատ գայթակղիչ երգեր գիտի՝ ձեզ նման ճստիկները չեն կարող դիմակայել նրա հմայքին: Այսպես, իսկ ես ինչի՞ համար էի այնտեղ... Արահետում... — Նա գլուխը կախեց կրծքին, ասես պատրաստվում էր ննջել, բայց հանկարծ մեղմ ձայնով երգեց.


Ես այնտեղ էի գնացել նունուֆարներ հավաքելու,
Իմ սքանչելի Ոսկեհատիկին դրանք նվիրելու,
Չէ՞ որ ձմեռ է գալիս, պետք է տանել տուն,
Որ Ոսկեհատիկի մոտ ծաղկեն մինչ հաջորդ գարուն:
Ամեն աշուն զբոսնում եմ նվիրական լճակում,
Նունուֆար եմ հավաքում, ձմեռվա ցրտից փրկում,
Իսկ գարունը հենց գալիս է, տանում եմ հետ կրկին,
Թող աճեն էնտեղ ազատ, էդպես է բարին:
Էնտեղ մի անգամ վաղուց, շա՜տ-շատ վաղուց,
Ոսկեհատիկ իմ տիրուհուն հանդիպեցի երգելուց,
Մեղմիկ էր ձայնը նրա ու անու՜շ, անո՜ւշ:

Նա գլուխը բարձրացրեց և նայեց հոբիթներին.


Ինչպես արդեն հասկացաք, ճստիկներ սիրուն
Թոմը չի գնա էնտեղ մինչ հաջորդ գարուն:
Քանի դեռ առվակները կրկին չեն երգել
Ու գետի դուստրն էնտեղ բոլորին չի արթնացրել:

Թոմը կրկին լռեց: Բայց Ֆրոդոն չկարողացավ զսպել իրեն և տվեց ամենաշատ հուզող հարցը:

— Պատմիր մեզ ծեր Ծփու մասին, տեր,— խնդրեց նա: — Ո՞վ է նա: Երբեք նրա մասին չեմ լսել:

— Ո՛չ, ո՛չ,— միաժամանակ ճչացին Մերին ու Փիփինը՝ անմիջապես զգաստանալով: — Հիմա պետք չէ, ավելի լավ է վաղը:

— Համաձայն եմ ձեզ հետ,— ասաց Թոմը: — Գիշերը հանգստանալու համար է, ոչ թե այդպիսի պատմությունների: Մոռացեք ամեն ինչ մասին և խաղաղ քնեք:

Այս խոսքերով նա հանգցրեց լամպը, բուխարու թարեքից վերցրեց մոմերը և հյուրերին առաջնորդեց ննջարան:

Ներքնակներն ու բարձերը փետուրի պես փափուկ էին: Հոբիթները փաթաթվեցին բրդե սպիտակ վերմակների մեջ ու վայրկենապես քնեցին:

Խոր գիշեր էր: Ծանր քունը պատել էր Ֆրոդոյին։ Նա երազ էր տեսնում՝ իբրև թե ծագում է նորոլուսինը, և նրա աղոտ շողերի միջից հոբիթի առջև հառնում է բարձր ու մռայլ մի ժայռ, որի մեջ կամար կա փորված։ Հետո նրան ասես թռցնում են վեր, նա անցնում է պատի վրայով և... Հոբիթը հանկարծ հասկացավ, որ սավառնում է լեռների օղակով շրջապատված հարթավայրի վրայով: Հարթավայրի մեջտեղում մի հսկայական սև աշտարակ էր վեր խոյանում որի վրա կանգնած էր ինչ-որ մեկը։ Բարձրանալով վեր՝ լուսինը հայտնվեց միայնակ կերպարանքի գլխավերևում՝ լուսավորելով քամուց մեղմորեն ծածանվող ձյան պես ճերմակ նրա մազերը։ Ներքևից լսվում էին չարացած վայրի ճիչեր, ու չարագույժ մռնչում էին գայլերը։ Հսկայական թևերի ստվերը մի ակնթարթ ծածկեց լուսինը: Աշտարակի գլխին կանգնած կերպարանքը ձեռքերը պարզեց երկինք, և նրա գավազանը կուրացուցիչ բռնկվեց։ Երկնքից քարի պես ընկավ հսկայական արծիվը և տարավ անծանոթին իր հետ: Հարթավայրը ցնցվեց չարացած կատաղի ճիչերից ու գայլերի ոռնոցից։ Հետո աղմուկ բարձրացավ, ասես ուժեղ քամի սկսվեց, և որոտացին սմբակները, բարձր, ավելի բարձր, ու ավելի բարձր... «Սև Հեծյալներն են»,— հասկացավ Ֆրոդոն ու արթնացավ սառը քրտինքով պատված: Արյունը քունքերում զարկում էր մուրճի պես։ «Մի՞թե ես, ― մտածեց նա, ― քաջություն կունենամ այս պատերից դուրս գալու»։ Նա ձգվեց անկողնում ու անշարժացավ՝ լարված ականջ դնելով գիշերային ձայներին, բայց շուրջն ամեն ինչ խաղաղ էր։ Վերջապես գունդուկծիկ եղավ ու խորասուզվեց քնի մեջ։

Ֆրոդոյի կողքին խաղաղ քնած էր Փիփինը: Հանկարծ նրա երազներում ինչ-որ բան փոխվեց. շրջվելով՝ նա անհասկանալի տրտնջաց ու արթնացավ, կամ այդպես թվաց նրան: Պատի հետևից դեռևս հստակ լսվում էր ձայնը, որից նա արթնացել էր. «ճրթ, ճրթ, ճտ, ճտ», ասես բարակ ճյուղեր էին իրար զանվում ու ճտճտում: «Տան մոտ ծփինե՞ր են աճում»,— կիսաքուն մտածեց Փիփինը: Եվ հանկարծ սարսափահար հասկացավ, որ գտնվում է ոչ թե տանը, այլ՝ փչակում, իսկ ճռռացող, չորացած, ահասարսուռ ձայնը ծիծաղում է նրա վրա: Նա նստեց անկողնում, շոշափեց փափուկ ներքնակը և, թեթևացած, կրկին ընկավ բարձի վրա: Ականջներում հստակ հնչեց Ոսկեհատիկի ձայնը. «Մի՛ վախեցեք, քնեք խաղաղ, ուշադրություն մի դարձրեք գիշերային ձայներին»:

Եվ նա կրկին քնեց:

Մերիի խաղաղ երազի մեջ ներխուժեց կաթկթող ջրի ձայնը: Կաթոցն աստիճանաբար հոսք դարձավ, ջուրը տարածվեց, և մութ լիճը շրջապատեց տունը՝ շարունակելով դանդաղ, բայց հաստատորեն մեծանալ:

«Կխորտակվենք,— մտածեց Մերին,— կխորտակվենք ու կխեղդվենք: Վաղ թե ուշ ջուրը ճեղք կգտնի ու կհեղեղի տունը»: Հետո նրան թվաց, թե պառկած է ճահճի ցեխի մեջ. նա կտրուկ վեր թռավ, բոբիկ ոտքը դրեց չոր սառը հատակին, հասկացավ՝ որտեղ է գտնվում ու կրկին պառկեց: Եվ չհասկացավ՝ լսե՞ց, թե՞ հիշեց հանգստացնող մեղմիկ ձայնը. «Այս տան պատուհաններից ներս կարող է թափանցել միայն լուսնի և աստղերի լույսը»: Վարագույրը միջանցուկ քամուց թեթև ծածանվեց: Մերին խորը շունչ քաշեց և նորից քնեց:

Սեմը, որքան էլ փորձում էր հետագայում հիշել, կասկածելի ոչինչ չէր լսել և քնել էր, ինչպես գերանը՝ գոհ ամեն ինչից և բոլորից: Իսկ գերանները երազներ չեն տեսնում:

Առավոտը չորս հոբիթին միանգամից արթնացրեց։ Թոմը սենյակում ման էր գալիս ու սարյակի նման ճռթճռթացնում։ Լսելով, որ հոբիթներն արթնացել են, նա ծափ տվեց ու բացականչեց. «Հե՜յ, երգի՛ր, ուրախացի՛ր... Ամբողջ ձայնով երգի՛ր»։ Հետո հետ քաշեց դեղին վարագույրները, ու լույսը արևմտյան և արևելյան լայն պատուհաններից ներս հորդեց։

Հոբիթներն աշխուժորեն վեր թռան՝ իրենց զգալով թարմ ու հանգստացած: Ֆրոդոն վազեց արևելյան պատուհանի մոտ՝ ու հայտնաբերեց, որ նայում է ցողից ամբողջովին մոխրագույն այգուն: Նա ակնկալում էր տորֆապատ հող տեսնել՝ պատված սմբակների հետքերով, բայց այնտեղ միայն բակլայի ծաղկաշղթաներ էին և ուրիշ ոչինչ: Հեռվում, քողարկելով հորիզոնը, առավոտյան արշալույսի լուսապսակից լուսավորվել էին բլուրների գագաթները: Առավոտը պայծառ չէր. երկնքում տարածված երկար ամպերն ասես թաց բրդի փնջեր լինեին՝ մի ծայրը կարմիր ներկի մեջ իջեցված, իսկ դրանց միջև բացվում էին սաթե-դեղին լույսով լցված խորխորատները: Երկինքն անձրև էր խոստանում, լույսն արագորեն բացվում էր, և բակլայի թաց կանաչ տերևների միջից կամաց-կամաց բոցավառվում էին կարմիր ծաղիկ-կրակները:

Փիփինը նայեց արևմտյան պատուհանից և տեսավ հեռու ներքևում տարածված մշուշի ընդարձակ ծովը: Անտառը կորել էր, ասես չէր եղել: Թվում էր, գորշ ամպերի տանիքն սկսվում է հենց շեմից և ձգվում հեռուն: Խիտ սպիտակ գոլորշու քուլաների մեջ առանձնանում էր մի մուգ շերտագիծ, որտեղ մշուշի ամբողջական ծածկոցը պատառոտվում էր՝ վերածվելով մանր լաթի կտորների: Դա Գալարի հովիտն էր: Ձախ կողմում բլրից ներքև էր վազում և սպիտակ ծածկոցի մեջ անհայտանում փոքրիկ առուն: Պատուհանը նայում էր արծաթե սարդոստայնով պարուրված կենդանի ցանկապատով շրջապատված այգուն, իսկ ցանկապատից այն կողմ ցողից մոխրագույն խոտ էր: Եվ ոչ մի ծփի:

― Բարի լույս, ճստիկնե՜ր, ― բացականչեց Թոմը՝ լայն բացելով արևմտյան պատուհանը։ Սենյակ ներխուժեց սառը օդը, և անձրևի հոտ եկավ: ― Հիմա արև չկա. ամպերն արևմուտքից եկան, երկինքը ծածկեցին։ Թոմը առավոտից ոտքի վրա է, գագաթից գագաթ է թռչում, երկնքին է նայում, եղանակն է որոշում: Շուտով կայտառ անձրև կթափվի, որը Ոսկեհատիկին հարկավոր կլինի աշնանային մաքրություն անելու համար։ Լույսը չբացված ուրախ երգով արթնացրել եմ նրան։ Բայց հոբիթներին մինչև ժամանակը գալը արթնացնելն անիմաստ է: Գիշերն արթնանում են, կողքից կողք շրջվում, իսկ հենց առավոտը գալիս է՝ քնում են ինչպես կախարդված: Հապա վեր կացեք, բարեկամնե՛ր, դի՛նգ-դո՛նգ-դի՛լո: Հիշեք ասացվածքը. «Շուտ արթնացողին՝ կուշտ նախաճաշ, մնացածին խոտ, ջուր ու աղ»:

Հոբիթներն այնքան էլ չհավատացին Թոմի ասածին, բայց իսկույն վեր կացան ու սեղան նտեցին. իսկ ահա վեր կենալ չէին շտապում, մինչև ամբողջը չմաքրազարդեցին։ Այս անգամ նրանք մենակ էին. ճիշտ է, Թոմը տանն էր՝ խոհանոցից լսվում էր ամանեղենի զրնգոցը, աստիճաններից՝ նրա կոշիկների թրմփոցը, բաց պատուհաններից հանկարծ ներս էին թռչում երգի պատառիկներ։ Բոմբադիլի ճաշասենյակը նայում էր արևմուտք՝ մշուշով պարուրված հովտին, և պատուհանը լայն բացված էր: Եղեգե տանիքից կաթում էր: Մինչ հոբիթները կավարտեին նախաճաշը, ամպերը միաձուլվեցին, դարձան մեկ ամբողջական ծածկոց, և երկնքից թափվեցին անձրևի կաթիլները։ Անտառի սև պատն անհետացավ թափվող անձրևի վարագույրի հետևում։

Անձրևի միալար աղմուկին միաձուլվում էր վերևից ինչ-որ տեղից եկող Ոսկեհատիկի ձայնը՝ զուլալ ու զրնգուն։ Բառերը լսողությունից փախչում էին, բայց առանց բառերի էլ հասկանալի էր, որ նա երգում է ողջունելի ու երկար սպասված անձրևի մասին, գետի մասին, որ ծնվում է լեռնային ակունքներից ու վազում ներքև՝ դեպի հեռավոր Ծովը։ Պատուհանին մոտենալով, Ֆրոդոն հմայված ունկնդրում էր ծորացող երգը և ուրախանում անձրևային օրվա ու անսպասելի դադարի համար։ Հարկավոր էր շարունակել ճանապարհը, հարկավոր էր շտապել, բայց... Ո՛չ այսօր։

Արևելքից քամի էր փչում: Ծանր ամպերը կախվել էին Դամբանաբլուրների գլխին, որպեսզի անձրև թափեն նրանց լերկ գագաթներին: Ամեն ինչ կորավ գորշ վարագույրի հետևում: Ֆրոդոն կանգնած էր բաց դռան մոտ և նայում էր, թե ինչպես է տան առջևի արահետը վերածում կաթնագույն առվի, որը փրփրալով վազում էր ներքև։ Անկյունից վազելով հայտնվեց Թոմը՝ ձեռքերով ասես մի կողմ քշելով անձրևը: Եվ իրոք, նա բոլորովին չէր թրջվել, միայն կոշիկները հանեց ու դրեց բուխարու ճաղերի վրա։ Հետո ընկղմվեց մեծ բազկաթոռի մեջ ու մոտ կանչեց հոբիթներին։

― Ոսկեհատիկը հավաքել-մաքրելով է զբաղված, ― հայտարարեց նա։ ― Ամենուրեք ջուր է ճողփում, շուրջն ամեն ինչ թրջվել է։ Հոբիթներին հիմա գնալ չի կարելի։ Մի օր սպասեք, բարեկամներ, Թոմի հետ նստեք։ Այժմ խոսք ու զրույցների, հարցուփորձի ժամանակն է. Թոմը շատ բան գիտի... Թոմը ձեզ համար պատմություն կսկսի մաղող անձրևի մեղմ խշշոցի տակ, ուշադիր լսեք, իսկ հարցերը՝ հետո։

Եվ նա մի երկար ու զարմանահրաշ պատմություն պատմեց՝ մեկ ասես մոռանալով հյուրերին և ինքն իր հետ խոսելով, մեկ հանկարծ խուճուճ հոնքերի տակից նրանց հառելով իր կապույտ աչքերը։ Երբեմն նրա խոսքը հնչում էր որպես միալար երգ, իսկ Թոմը վեր էր թռչում ու մոլեգին պար գալիս։ Նա պատմում էր մեղուների ու մեղրաբույր ծաղիկների, խոտերի ու երկինքը փակող հաստաբուն ծառերի մասին, պատմում էր թավուտների ու անանցանելի փշոտ մացառների գաղտնիքների, անտառի արտասովոր բնակիչների, չար ու բարի, մութ ու լուսավոր ուժերի մասին։

Հոբիթները լսում էին, և Անտառը նրանց բոլորովին այլ կերպ էր պատկերանում, քան առաջ, իսկ իրենք իրենց այնտեղ զգում էին պնդերես ու անկոչ օտարականներ։ Ստեպ-ստեպ, ուղղակիորեն կամ զարտուղի հիշատակվում էր Ծեր Ծփին՝ իշխող, հզոր ու չարադավ։ Եվ Ֆրոդոն իմացավ նրա մասին այն ամենը, ինչ ուզում էր իմանալ, իսկ գուցեև ավելին, քան պետք էր, քանի որ դա ավելի շատ սարսափելի հեքիաթի էր նման, քան իրական պատմության: Թոմի խոսքերն օգնեցին հոբիթներին թափանցել ծառերի սիրտը և հասկանալ նրանց մտքերը՝ հաճախ մութ ու չար, լի ատելությամբ բոլոր այն արարածների նկատմամբ, ովքեր ազատ քայլում են հողի վրա ու ջարդում, կրծում, այրում ու այլ վնասներ պատճառում: Անտառն իզուր չէր Զառամյալ կոչվում. այն իրոք շատ ծեր էր և վերջին պատառիկն էր այն հինավուրց անտառների համատարած ծածկույթի, որի մասին հիշում էին միայն իմաստունները։ Այստեղ իրենց դարն էին ապրում ներկայիս ծառերի ապուպապերը, լեռների պես ծեր՝ նրանք դեռ հիշում էին այն ժամանակները, երբ ծառերը Միջերկրի միակ բնակիչներն ու տիրակալներն էին: Անհամար տարիները նրանց լցրել էին գոռոզությամբ. խոր արմատներ էին գցել և՛ իմաստությունը, և՛ չարությունը։ Բայց նրանց մեջ ամենից վտանգավորը Ծեր Ծփին էր՝ իր փտած միջուկով, բայց դեռևս վառ-կանաչ տերևներով ու դյուցազնական հզորությամբ: Դաժան էր ու խորամանկ էր ծեր Ծփին, նրան էին ենթարկվում նույնիսկ քամիները, իսկ նրա երգերն ու մտքերը թագավորում էին ամբողջ անտառում՝ գետի երկու ափերին էլ։ Ծեր Ծփին ահագնորեն մխրճվել էր բերրի հողի մեջ, քաշում էր նրա բոլոր հյութերը, տարածել էր մոխրագույն ձեռքերի պես իր արմատներն ամեն կողմ ու իրեն ենթարկել Անտառը՝ Պատնեշից մինչև Դամբանաբլուրներ...

Բայց ահա Թոմը հանկարծ մոռացավ Անտառի մասին, և նրա պատմությունը ցատկոտելով բարձրացավ վարար, փրփրաշատ գետակի հոսանքն ի վեր՝ անցնելով գահավիժող ջրվեժների մոտով, գալարվելով ծաղկազարդ լանջերին և մութ ու խոնավ կիրճերով և գլորվեց մինչև Դամբանաբլուրներ։ Հոբիթները լսեցին պատմություն մեծ Գերեզմանոցների ու կանաչ դամբանաթմբերի մասին, ատամնավոր քարե թագերով պսակված բլուրների և բլուրների մեջ գտնվող անձավների մասին։ Մայում էին ոչխարները։ Վեր էին բարձրանում հզոր պարիսպներն ու վիթխարի բազմաշտարակ ամրոցները։ Դրանց տերերը կատաղի կռվում էին մեկմեկու հետ, և ջահել արևը բոսոր փայլում էր արյունատենչ թրերի շեղբերին։ Հաղթանակները փոխարինվում էին ջախջախումով, թնդյունով ավերվում էին աշտարակները, վառվում էին խրոխտ ամրոցները, և կրակը երկինք էր խոյանում։ Ոսկի էր սփռվում մեռած արքաների դամբարաններում, քարե կամարները փլվում էին, ծածկվում էին հողով, և այդ ամենի վրա փարթամ խոտ էր աճում։ Կրկին մայում էին ոչխարները, արածում դամբարանների վրա աճած խոտը, ապա նորից ամեն ինչ ամայանում էր։ Հեռավոր հեռվից, մութ ու չար երկրից, մոտենում էր Անհաղթահարելի Խավարը՝ անհանգստացնելով գերեզմաններում հանգստացող ոսկորներին։ Դատարկ Դամբարաններում բնակվեցին Հոգեառ-ուրվականներ, թանկարժեք մատանիները զրնգացին նրանց սառած մատներին, և զրնգացին ոսկի մանյակները՝ մեռյալ ղողանջներով կրկնելով քամու կանչերը։ Իսկ համր բլուրների քարե թագերը ջարդված սպիտակ ատամների պես ցոլցլում էին լուսնի լույսի տակ։

Հոբիթները սարսափի մեջ էին։ Գերեզմանոցների ու Հոգեառների մասին մռայլ պատմությունները հասնում էին նույնիսկ Հոբիթստան։ Բայց դրանք հոբիթների սիրելի հեքիաթների դասից չէին, և նրանք խուսափում էին պատմել այդ խորհրդավոր ուրվականների մասին նույնիսկ խաղաղ բուխարու կողքին: Չորսն էլ միանգամից հասկացան, որ այս հյուրընկալ ու հուսալի տունը գտնվում է հենց ահասարսուռ Գերեզմանոցի սահմանին։ Նրանք նույնիսկ դադարեցին լսելուց և նստած տեղերում մեկը մյուսին նայելով երկչոտ շարժվեցին։

Երբ նրանց վախեցած լսողությունը նորից ամրացավ, Թոմն արդեն բոլորովին ուրիշ ասք էր պատմում անհիշելի ու անհասկանալի ժամանակների մասին, երբ աշխարհն ավելի լայնարձակ էր, և Ծովի ալիքներն արևելքից արևմուտք էին գլորվում ուղիղ գծով ու հարվածում Միջերկրի արևմտյան ափերին: Թոմն ավելի ու ավելի էր հեռանում դեպի անցյալը, նրա երգն արդեն հնչում էր հնադարյան աստղերի տակ, որոնք լուսավորում էին միայն էլֆերի տիրակալներին, որովհետև էլ ոչ ոք չկար... Այստեղ նա լռեց ու գլուխը կախ գցեց, ասես ննջեց։ Հոբիթները նստած էին կախարդվածի պես. նրանց թվում էր, թե Թոմի խոսքերից դադարել է քամին, վերացել են ամպերը, օրն անվերադարձ հեռացել է, և մնացել է միայն երկինք՝ զարդարված վառ աստղերով:

Ֆրոդոն չգիտեր՝ առավո՞տ է հիմա, թե՞ երեկո է իջել, մե՞կ օր է անցել, թե շատ օրեր. հոգնածությունն ու սովը կարծես տեղի էին տվել զարմանքի առջև։ Պատուհանից ներս էին նայում աստղերը, և տան վրա երկնային լռություն էր իջել։ Վերջապես զարմանքը փոխվեց անորոշ վախի, և Ֆրոդոն թոթովեց.

― Ո՞վ ես դու, Տեր...

― Ե՞ս, ― հարցրեց Թոմը ուղղվելով, և նրա աչքերը կիսախավարում փայլեցին։ ― Չէ՞ որ ես արդեն ասել եմ... Թոմը հին աշխարհից է, Թոմը, հողն ու երկինքը այստեղ եղել են հնուց։ Գետերից, անտառներից ու խոտերից առաջ, նախքան առաջին հորդառատ անձրևները, առաջին աղետներից ու երաշտներից, սարսափներից ու բռնություններից առաջ այստեղ եղել է Թոմ Բոմբադիլը՝ և միշտ է այստեղ եղել նա։ Նա առաջին կածանն այս անտառում բացել է Մեծ Ժողովրդի այստեղ գալուց շատ ավելի առաջ և տեսել է, թե ինչպես է այստեղ բնակություն հաստատում փոքրիկ ժողովուրդը: Նա այստեղ է եղել թագավորներից ու նրանց դամբարաններից առաջ, Ուրվական-հոգեառներից առաջ: Ի միջի այլոց այդ բոլորը երեկ էր՝ մահերն ու հոգեառները, մթին սարսափը և Սև Խավարը... Ամեն ինչ կա Թոմի հիշողության մեջ. նա տեսել է Առաջնածինների հայտնությունը, Մահկանացուների հայտնությունը: Նա տեսել է աստղային սկզբնամութը, որը դեռ չէր պղծվել վախով, հիշում է այն ժամանակները, երբ Սև Տիրակալը արտաքին խավարից դեռ աշխարհ չէր եկել:

Անհասկանալի ստվեր ցոլաց պատուհանից այն կողմ, և հոբիթները վախեցած շրջվեցին: Դռան շեմին կանգնած էր Ոսկեհատիկը՝ պայծառ մոմը ձեռքին, և մյուս ձեռքով պաշտպանում էր այն միջանցուկ քամուց: Լույսն անցնում էր մաշկի միջով, և նրա ձեռքը փայլփլում էր սադափե խեցու նման։

― Անձրևը դադարեց, ― ասաց նա, ― ջինջ առվակները աստղերի շողերի ներքո վազում են բլուրներից։ Դե՛հ, ուրախանալու ենք ու ծիծաղելու...

― Ուրախանա՜լ, ուտե՛լ, խմե՛լ, ― ուրախ ձայնարկեց Թոմը, ― Երկար պատմությունները չորացնում են կոկորդը։ Թոմն առավոտից խոսում էր, իսկ ճստիկները լսում էին։ Հոգնել եք, չէ՞... Ուրեմն, հիմա ընթրելու ենք...

Նա աշխուժորեն թռավ բուխարիկի մոտ, մոմ վերցրեց, վառեց Ոսկեհատիկի ձեռքի մոմից, պարեց սեղանի շուրջը, վայրկենապես անհետացավ դռնից, վեյրկենապես վերադարձավ ուտելիքով բեռնված մի հսկայական սկուտեղ ձեռքին ու սկսեց Ոսկեհատիկի հետ միասին սեղան գցել։ Հոբիթները նստել ու վեհերոտ հիանում էին՝ այնքան զարմանահրաշ գեղեցիկ էր Ոսկեհատիկը և այնքան ծիծաղելի էր թռչկոտում Թոմը։ Եվ այնուամենայնիվ թվում էր, թե նրանք միասին պարում են՝ այնքան ճարպկորեն էին նրանք շարժվում սեղանի մոտ, դռնից դուրս և հետ։ Շուտով մեծ սեղանը լցվեց մոմերով և ուտելիքներով։ Դեղնասպիտակ փայլով ճառագայթում էին կանթեղները։ Թոմը խոնարհվեց հյուրերի առջև։

― Ընթիքը պատրաստ է, ― ժպտաց Ոսկեհատիկը:

Միայն այժմ հոբիթները նկատեցին, որ նա արծաթավուն նուրբ շոր է հագել, սպիտակ գոտի կապել, իսկ ոտնմամանները փայլում են աստղիկների պես: Թոմը բաց կապույտ հանդերձներ էր հագել, միայն գուլպաներն էին կանաչ։

Ընթրիքը երեկվանից ավելի առատ էր։ Հոբիթները Թոմի պատմություններով տարված, ուտելու մասին նույնիսկ մոռացել էին, բայց այժմ, երբ ամեն ինչ սեղանին դրված էր, նրանք այնպես ագահաբար էին նայում, ասես մի շաբաթ սոված էին եղել: Կենտրոնանալով գործի վրա, նրանք երկար ժամանակով մոռացան երգերի մասին ու նույնիսկ չէին խոսում. ախր շատ համեղ բաներ էին հյուրասիրում։ Կուշտ կերան, խմեցին, և շուտով սեղանի շուրջ զրնգացին նրանց ուրախ ձայներն ու ծիծաղը։

Ընթրիքից հետո Ոսկեհատիկը երգեց ու երգեց նրանց համար՝ երգեր, որոնք սկսում էին բարձր լեռներում և, ուրախ քչքչալով, հետզհետե մարում լռության անդորրում: Նրանց աչքերի առջև հառնում էին անծայր լճեր ու երբեք չտեսնված անսահման ջրեր, որոնց մակերևույթին կարելի էր տեսնել երկնքի պատկերն ու անհատակ խորքերում առկայծող աստղերի ցոլքը։ Վերջապես, ինչպես երեկ, նա հյուրերին բարի գիշեր մաղթեց և, թողնելով բուխարու մոտ, հեռացավ։ Իսկ Թոմն ասես նիրհից սթափվեց ու սկսեց հարցուփորձ անել։

Զարմանալի էր. նա հոբիթների և Հոբիթստանի մասին գիտեր ամեն ինչ և նույնիսկ հիշում էր նրանց նախնիներին, գիտեր, թե ինչ էր կատարվել Հոբիթստանում այն հեռավոր ժամանակներում, որոնց մասին ներկայիս հոբիթներին ոչինչ չի հասել։ Հոբիթները դադարել էին զարմանալ... Եվ այնուամենայնիվ շատ տարօրինակ էր, որ Թոմը ոչ միայն ճանաչեց Անգեղին, այլև խոսում էր նրա մասին մեծ հարգանքով:

― Անգեղի ձեռքերը հողը լավ են զգում,— ասում էր նա,— նա հատուկ հոբիթ է ու շատ իմաստուն։ Երկու ոտքով ամուր կանգնած է հողին ու, թեպետ երերուն քայլվածք ունի, բայց ոչ մի անգամ չի սայթաքել:

Կասկած չկար, որ Թոմը էլֆերի հետ էլ է ծանոթություն պահպանում. ըստ երևույթին նա Գարալդից էր իմացել Ֆրոդոյի մասին վերջին տեղեկությունները։

Նա այնքան շատ գիտեր, ու այնպես խորամանկորեն էր հարցնում, որ Ֆրոդոն, ինքն էլ չնկատելով, պատմեց նրան Բիլբոյի մասին, իր հույսերի ու ահի մասին, պատմեց ավելին, քան պատմել էր Գենդալֆին։ Թոմը միայն լուռ գլխով էր անում, բայց, երբ լսեց Սև Հեծյալների մասին, աչքերը սառը փայլեցին։

― Ցույց տուր ինձ ձեր Սքանչելին, ― հանկարծ պահանջեց նա՝ զրույցն ընդհատելով։ Եվ Ֆրոդոն, ինքն էլ իր վրա զարմանալով, հանգիստ հանեց Մատանին ու մեկնեց Թոմին։

Հայտնվելով Թոմի թուխ ձեռքի ափի մեջ՝ Մատանին ասես աճեց ու մեծացավ։ Թոմը ծիծաղելով նայեց Մատանու միջից։ Հոբիթների առջև տարօրինակ տեսարան բացվեց, տագնապալի ու ծիծաղելի՝ վճիտ կապույտ աչքը ոսկե շրջանակի մեջ։ Հետո Թոմը Մատանին հագավ ճկույթին ու մոտեցրեց մոմին։ Սկզբում ոչ մի տարօրինակ բան, բայց հանկարծ նրանք ապշած ա՜խ արեցին։ Այդ ինչպե՞ս է, որ Բոմբադիլն անտեսանելի չդարձավ։ Իսկ Բոմբադիլը ծիծաղեց ու Մատանին նետեց դեպի առաստաղ: Այն չարագույժ սուլոցով անհետացավ։ Ֆրոդոն իրեն կորցրած ճչաց՝ իսկ Թոմը սեղանի մյուս կողմից ժպտալով կռացավ դեպի նա և վերադարձրեց Մատանին։ Ֆրոդոն կասկածանքով զննեց Մատանին, ասես այն տվել էր աճպարարի։

Մատանին առաջվա պես ծանր էր։ Ֆրոդոն միշտ զարմանում էր, թե ինչպես է այն գրպանը ցած քաշում։ Եվ այնուամենայնիվ ինչ-որ ուժ նրան դրդում էր ստուգել, կարգին է արդյոք ամեն ինչ: Նրա համար վիրավորական էր, որ Թոմի համար Մատանին ոչինչ չարժեր, Գենդալֆը հո իզուր չէր այն սարսափելի կարևոր բան համարում։ Նա մի քիչ սպասեց և, երբ Թոմը պատմում էր, թե ինչ խորամանկն են փորսուղները, կամացուկ Մատանին հագավ մատին։

Մերին ինչ-որ բան ասելու համար շրջվեց նրա կողմը և հազիվ զսպեց վախի բացականչությունը՝ որտե՞ղ, ինչպե՞ս։ Ֆրոդոն ուրախացավ. ամեն ինչ կարգին է, Մատանին նույնն է, թե չէ Մերին այդպես զարմացած աչքերը չէր չռի իր աթոռին։ Նա վեր կացավ ու անաղմուկ գնաց դեպի դուռը։

― Հե՜յ, Ֆրո՛դո, ― կանչեց Թոմը՝ հայացքով ուղեկցելով նրան։ Ակնհայտ էր, որ նա տեսնում է հոբիթին: ― Չարաճճիություն մի արա... Սրա՜ն տեսեք, գունաթափվել է... Հապա մի վերադարձի՛ր... Ու հանիր այդ խաղալիքդ, առանց դրան ավելի լավն ես։ Մենք դեռ չենք վերջացրել մեր զրույցը։ Վաղը դուք ճանապարհ եք ընկնում։ Թոմը ձեզ կբացատրի, թե ինչպես արագ հասնեք Ուղի։ Ուշադիր լսեք, որ հետո չմոլորվեք։

Ֆրոդոն բռնազբոսիկ ծիծաղեց, հանեց Մատանին և նստեց իր տեղը։

Թոմը վաղվա համար արևոտ օր գուշակեց և ասաց, որ հարկավոր է առավոտ շուտ դուրս գալ, որովհետև այստեղի եղանակը նույնիսկ ինքը չի կարող ամբողջ օրվա համար կանխատեսել։ Այն ավելի հաճախ ու քմահաճորեն է փոփոխվում, քան Ոսկեհատիկի շորերը։

Նրա խորհրդով հոբիթները որոշեցին գնալ դեպի հյուսիս Գերեզմանոցի արևմտյան եզրով, որտեղ բլուրները ցածր էին։ Այսպիսով, հոբիթները կարող էին հույս ունենալ, որ երեկոյան կհասնեն Արևմտյան Մեծ Ուղուն։ Թոմը նրանց պատվիրեց ոչ մի բանից չվախենալ, բայց զգուշացրեց, որ հանկարծ ճանապարհից չշեղվեն։

― Մնացեք Կանաչ խոտի վրա, քարերից, Թացաձորից հեռու, որտեղ մեգ է, հեռու մնացեք սառը Հոգեառներից, չթափառեք նրանց ստորգետնյա այրերում, եթե դուք մեծագույն հերոսներ չեք, որոնց ծանոթ չէ վախը:

Թոմը դա կրկնեց մի քանի անգամ և խորհուրդ տվեց յուրաքանչյուր նոր դամբանաբլուրը շրջանցել միայն ձախից։ Հետո բոլորն անգիր սովորեցին կանչի երգը՝ մեկ էլ տեսար փորձանքի մեջ ընկան ու պետք եկավ։


Թո՛մ, Բո՛մ, Բոմբադի՛լ, Թո՛մ Բոմբադիլո,
Տանը լինես, թե դրսում և թե անտառում,
Բլրի վրա, բլրի տակ, արահետներում
Ճահճուտում, եղեգնուտում, Նվիրական լճակում
Լսիր մեզ ու հասի՛ր, օգնությու՛ն ենք խնդրում:

Նրանք այնքան երգեցին այդ երգը Թոմի հետ միասին, մինչև վերջինս գոհ մնաց արդյունքից, ծիծաղելով թփթփացրեց յուրաքանչյուրի ուսին և, մոմերը բարձր պահած, տարավ նրանց ննջարան։

Գլուխ ութերորդ. Մշուշ Գերեզմանոցի գլխին

Barrow.jpg

Այդ գիշեր հոբիթները ոչինչ չլսեցին: Միայն առավոտյան կողմ Ֆրոդոյի ականջին հասավ (քնի մե՞ջ էր, թե՞ իրականում) մի քնքուշ մեղեդի և թափանցեց նրա սիրտը, ինչպես անձրևի մոխրագույն վարագույրից թափանցող դժգույն լույսը: Երգը հնչեց ավելի բարձր, վարագույրը կայծկլտաց արծաթով ու հուրհրատեց բյուրեղապակու պես, դանդաղ բացվեց՝ և հոբիթի առջև բացվեց այգաբացի շողերով լուսավորված կանաչ հեռուն։

Տեսիլքը հալվեց, և Ֆրոդոն արթնացավ: Թոմն արդեն ման էր գալիս ու շվշվացնում, ասես թռչուններով պատված մի ծառ լիներ: Արևը դուրս էր եկել ու իր շողերը բաց պատուհաններից ներս էր ցանում։ Դրսում ամեն ինչ կանաչ էր ու ոսկեզօծ՝ արևից։

Նրանք նորից մենակ էին նախաճաշում՝ բլբլացնելով ինչ որ խելքներին փչեր ու պատրաստվելով հրաժեշտի, իսկ սրտները ծանր էր, չնայած պարզ, փափուկ, երկնագույն առավոտը ճանապարհի էր կանչում։ Հյուսիս-արևմուտքից թարմ քամի էր փչում: Պոնիներն առույգ էին ու կայտառ։ Թոմը դուրս եկավ պատշգամբ, պար եկավ ու գլխարկը թափահարեց, ինչը նշանակում էր, որ ճանապարհ ընկնելու ժամանակն է։

Տան մոտից ոլոր-մոլոր արահետ էր սկսվում: Այն վազում էր զառիվեր լանջով վերև և գրեթե գագաթի մոտ շրջանցում բլուրը: Այդտեղ լանջը չափից ավելի թեք էր. հոբիթներն իջան ձիերից և սանձերից բռնած սկսեցին բարձրանալ, բայց Ֆրոդոն հանկարծ վարանումով կանգ առավ։

― Ոսկեհատի՜կը, ― բացականչեց նա։ ― Չէ՞ որ նրան հրաժեշտ չենք տվել, երեկ երեկոյից նրան չենք տեսել...

Նա այնքան վշտացավ, որ երևի նույնիսկ հետ շրջվեր, բայց հանկարծ վերևից զրնգուն գետակի ձայն լսվեց: Ոսկեհատիկն էր. նա կանգնած էր բլրի գագաթին ու ձեռքն էր թափահարում: Նրա արձակված մազերը ծածանվում էին քամուց ու փայլում արևի շողերից, իսկ ոտքերի տակ ոսկե կայծեր էին խայտում, ինչպես առավոտյան ցողը խոտի վրա:

Հոբիթներն շտապեցին վերև, կանգ առան նրա դիմաց շնչասպառ ու հիացած, ապա խոնարհվեցին, իսկ Ոսկեհատիկը ձեռքով նշան արեց նայել շուրջը: Եվ բլրի գագաթից նրանց աչքերի առջև բացվեց վաղորդյան աշխարհը: Օդը մաքուր էր ու թափանցիկ՝ ոչ թե մեգոտ, ինչպես այն ժամանակ անտառում, ճաղատ բլրի գագաթին: Ի դեպ, ահա և բլուրը, կանաչ, դժգույն ու լերկ՝ շրջապատված մթին սաղարթներով: Բլրից այն կողմ տարածվում էին անտառապատ ալիքներ՝ կանաչ, դեղին, կարմրավուն առավոտյան արևից, իսկ դրանց հետևում թաքնված էր Բրենդիդուիմի հովիտը: Ձախ կողմում, հեռու հեռվում, Գալարի հովտից այն կողմ ինչ-որ բան էր կայծկլտում. այնտեղ Բրեդիդուիմը լայն շրջադարձ էր կատարում ու հեռանում անհայտ երկրներ, որտեղ ոչ մի հոբիթ չէր եղել: Մյուս կողմում, աստիճանաբար նվազող բլուրներից այն կողմ տարածվում էր մեգի մեջ կորչող մոխրականաչ հարթավայրը: Արևելքում շարք առ շարք բարձրանում էին դամբանաթմբերը, իսկ հորիզոնի տեսանելի սահմաններից այն կողմ ինչ-որ բան էր կապտին տալիս. դա էլ բավական էր, որպեսզի հիշեցներ հոբիթներին այն հեռավոր, մինչև երկինք խոյացող լեռների մասին, որոնք հայտնի էին միայն հնագույն ավանդություններից:

Հոբիթները շնչում էին ամբողջ կրծքով: Նրանց թվում էր, թե հիմա մինչև երկուսը հաշվելը կհասնեն այնտեղ, որտեղ կցանկանան: Մի՞թե պարտադիր է պոնիներին նստած շորորալ Դամբանաբլուրների եզրով, եթե կարելի է քարից քար թռչկոտել, ծիծաղել ու երգել, ինչպես Թոմը: Մեկ, երկու, մի քարից մի քարը՝ և ահա քեզ խնդրեմ, արդեն լեռներում ես:

Երազանքներից նրանց սթափեցրեց Ոսկեհատիկի ձայնը:

― Շտապեցե՛ք, սիրելի բարեկամնե՛ր, ― ասաց նա։ ― Մտքներումդ դրածից մի նահանջեք, համառ եղեք... ― Եվ դիմեց Ֆրոդոյին։ ― Մնա՛ս բարով, էլֆերի բարեկամ, մենք ուրախությամբ հանդիպեցինք և ուրախությամբ էլ բաժանվում ենք...

Ֆրոդոն խոսքեր չգտավ պատասխանելու։ Նա միայն խոր խոնարհվեց, ցատկեց թամբին ու պոնին առաջ մղեց. նրա հետևից շարժվեցին մյուսները։ Թոմ Բոմբադիլի հյուրընկալ օջախը, հովիտը և Անտառը տեսադաշտից ծածկվեցին։ Ձորակում գոլ խոնավություն էր և քաղցր բուրում էր թառամող խոտը։ Իջնելով ներքև՝ նրանք հետ նայեցին և նորից տեսան Ոսկեհատիկին՝ հեռավոր, փոքրիկ ու գեղեցիկ, ասես արևով ողողված մի ծաղիկ։ Նա կանգնած էր ձեռքերը դեպի հոբիթները պարզած և, տեսնելով, որ հոբիթները շրջվել են, բարձր ու զրնգուն ինչ-որ բան ասաց, ձեռքերը թափահարեց, շուռ եկավ ու անհետացավ բլրի գագաթի հետևում։

Արահետը գալարվեց բլրի կանաչ ստորոտում և նրանց դուրս բերեց մի ուրիշ ձորակ՝ ավելի լայն ու խոր, իսկ հետո սկսեց վերև-ներքև ոլորվել լանջերով, բլուր բլրի հետևից, ձորակ ձորակի հետևից։ Ոչ ծառ կար, ոչ առու՝ խոտ ու լռություն, և միայն զեփյուռն էր շշնջում ձորակներում ու երբեմն թռչունների հեռավոր կանչեր էին լսվում։ Արևն ավելի ու ավելի էր բարձրանում և ավելի ու ավելի ուժեղ էր տաքացնում։ Ամեն անգամ բարձրանալով մի նոր բլրի գլուխ, նրանք նկատում էին, որ արևմտյան զով քամին աստիճանաբար թուլանում է: Հերթական գագաթից տեսարան բացվեց դեպի հեռավոր անտառը: Ծառերի խոնավ մթին շերտը կարծես ծխում էր. երեկվա անձրևն էր գոլորշիանում ու քուլա-քուլա բարձրանում երկինք: Տերևներն ու արմատները բաց էին թողնում ներծծած ջուրը: Հորիզոնը պատվել էր մշուշով, որի գլխին ծանրորեն բազմել էր երկնքի կապույտ գմբեթը:

Մոտավորապես կեսօրին հոբիթները բարձրացան հերթական բլրի լայնարձակ ու տափակ գագաթը, որը նման էր բարձր կանաչ եզրերով պնակի։ Այստեղ քամին բոլորովին կտրվեց, իսկ երկինքն ասես կախվեց բլրի հենց գլխին։ Հոբիթները հատեցին գագաթը, նայեցին մյուս կողմը և տեսածից կայտառացան: ի՜նչ ճանապարհ են անցել... Ճիշտ է, թանձր օդը ծածկում էր տեսանելիքը, բայց կասկած չկար, որ Դամբանաբլուրներն ուր որ է կվերջանան։ Առջևում նրանց դիմաց խոր հովիտ էր ընկած, որը վերջանում էր երկու զառիկող լանջերի միջև ընկած նեղ անցումով։ Իսկ հետո բլուրներ չէին երևում, միայն աղոտ մութ շերտ էր։

― Դրանք ճամփեզրի ծառերն են, ― գուշակեց Մերին։ ― Ուրեմն, այնտեղ Ուղին է։ Այդ ծառերն սկսվում են կամուրջից ու ձգվում տասնյակ լիգեր: Ասում են, հայտնի չէ, թե երբ են տնկել։

― Հիանալի է, ― ասաց Ֆրոդոն։ ― Եթե շարունակենք գնալ այս նույն տեմպով, ապա մինչև երեկո դուրս կգանք Գերեզմանոցից ու դեռ կհասցնենք գիշերելու տեղ էլ գտնել։

Այս խոսքերով նա նայեց արևելք՝ և հանկարծ նկատեց հարևան բլրի վրա տարածված կանաչ դամբանաթմբերը: Մի քանիսի գագաթները լերկ էին, իսկ մյուսների վրա ջարդված ատամների նման սպիտակ քարեր էին ցցված։

Այդ տեսարանը բարին չէր խոստանում, և հոբիթները, մեջքով շրջվելով դեպի դամբանաթմբերը, շտապեցին «պնակի» կենտրոնը, որտեղ մի բարձր քար կար։ Կեսօր էր, և քարը ստվեր չէր գցում: Հոբիթները սովածացել էին, իսկ ժամանակ, դատելով արևից, դեռ շատ կար. որոշեցին նստել քարի տակ ու ճաշել: Նույնիսկ թիկնոցի միջով նրանք զգացին քարից եկող սառնությունը՝ ասես արևն ի զորու չէր տաքացնելու այն: Սակայն շոգից ուժասպառ հոբիթներին սառնությունը դուր եկավ: Նրանք կերան, խմեցին, ուրախացան՝ ի՜նչ համեղ էր ամեն ինչ... Դե Թոմը ջանք չէր խնայել։ Իսկ թամբերից ազատ պոնիները թափառում էին մոտակայքում։

Դժվար ճանապարհ, համեղ նախաճաշ, տաք արև ու խոտի բույր... Հոբիթները ոտքները մեկնեցին, աչքները երկնքին հառեցին, ավելի երկար պառկեցին, քան պետք էր, ու դրանից էլ պատահեց այն ամենը, ինչ պատահեց։ Չորսն էլ հանկարծակի ու ծանր սրտով արթնացան. ախր բոլորովին չէին մտածում քնել։ Քարը սառել էր ու երկար, դժգույն ստվեր գցել դեպի արևելք։ Դեղին արևը հասել էր «պնակի» եզրին ու դժգունել, իսկ թանձր ու սպիտակ մառախուղը բարձրանում էր բոլոր կողմերից։ Լռություն էր ու պաղ խոնավություն։ Պոնիներն իրար գլխի էին հավաքվել ու գլուխները կախել։

Անմիջապես վեր թռչելով, հոբիթները վազքով նետվեցին «պնակի» արևմտյան եզրը և հասկացան, որ պղտոր մառախուղի մեջ գտնվող կղզու վրա են՝ աշխարհից կտրված։ Նրանք հուսահատ նայեցին արևին՝ բայց արևը դանդաղ խորասուզվեց մշուշի ճերմակ ծովի մեջ, իսկ արևելքից սողեսող տարածվեց սառը, գորշ մեգը։ Հոբիթները հայտնվեցին առանց դուռ ու պատուհան մշուշե սրահում կենտրոնական սյան փոխարեն միայնակ քարով:

Ամեն ինչից դատելով, նրանք թանկարդն էին ընկել, բայց առայժմ ոգու արիությունը չէին կորցնում։ Դեռ հիշում էին՝ որ կողմում է Ուղին, և գիտեին՝ ինչպես հասնել այնտեղ, իսկ մնալ, սպասել մշուշի ցրվելուն նրանք չէին պատրաստվում. «պնակն» այժմ սառնաշունչ սարսափ էր ներշնչում, և հոբիթներն ուզում էին րոպե առաջ հեռանալ:

Սառած մատներով կապելով ուղեպարկերի բերանները՝ հոբիթները պոնիների սանձերից բռնած մեկը մյուսի հետևից բլրի հյուսիսային թեք լանջով իջան մառախուղի ծովը։ Որքան մոտենում էին բլրի ստորոտին, այնքան ցրտում ու խոնավանում էր, այնպես որ շուտով նրանց մազերը թաց ու կպչուն դարձան։ Ներքևում այնքան ցուրտ էր, որ ստիպված եղան հագնել թիկնոցները, որոնք մի ակնթարթում խոնավացան ու ծանրացան։ Պոնիները խարխափելով առաջ էին գնում։ Միայն թե անցնեին երկու լանջերի միջև ընկած այն միջանցքով ու ձորահովտից դուրս գային, իսկ հետո արդեն գնա քեզ համար ուղիղ, մինչև հասնես Ուղի։ Իսկ դրանից հետո ինչ պետք է անեին, նրանք այդ մասին չէին մտածում. հույս ունեին, որ Թացաձորից հետո մշուշը կնոսրանա կամ կցրվի։

Շատ դանդաղ էին առաջ շարժվում և, որպեսզի չմոլորվեն ու չկորչեն՝ իրար հետևից։ Գլխավորում էր Ֆրոդոն, նրանից հետո՝ Սեմը, Փիփինը և Մերին։ Թվում էր, արահետը վերջ չի ունենալու, բայց հանկարծ Ֆրոդոն նկատեց, որ երկու կողմից խավարը թանձրացավ։ Ուրեմն, հասել են միջանցքին՝ Գերեզմանոցի այսպես կոչված Հյուսիսային Դարպասին: Մնում է անցնել դարպասով՝ և ազա՜տ են:

― Արագ, իմ հետևից, ― գլուխը շրջելով գոռաց Ֆրոդոն ու առաջ շտապեց։

Բայց հույսն իսկույն տագնապի փոխվեց. առջևում մութի կուտակումներն ավելի սևացան, նեղացան ու հանկարծ խավարի միջից վախեցած հոբիթի առջև ծառացան երկու վիթխարի քարե ցցեր։ Երևի անցումն է, միայն հասկանալի չէ, թե որտեղից այդ քարերը հայտնվեցին՝ վերևից դրանք չէին երևում։ Ֆրոդոն, չհասցնելով ուշքի գալ, արագ անցավ երկու ցցերի արանքով, և նրա վրա ասես խավարը փլվեց։ Պոնին վրնջաց, ծառս եղավ ու հոբիթին վայր գցեց: Վեր կենալով Ֆրոդոն շրջվեց ու տեսավ, որ ինքը մենակ է. ընկերներն անհետացել էին։

― Սե՜մ, ― գոռաց նա, ― Փիփի՜ն, Մե՜րի... Այստեղ, հետ մի մնացեք...

Ի պատասխան՝ ոչ մի ձայն։ Հոբիթին սարսափ պատեց. նա հետ վազեց, անցավ քարե ցցերի արանքով՝ կանչելով. «Սե՜մ, Սե-ե՜-եմ, Փիփին, Մերի, որտե՞ղ եք»։

Պոնին նետվեց առաջ ու կորավ գորշ մառախուղի մեջ։ Ինչ-որ տեղից՝ կարծես թե ձախից, հոբիթին հասավ հազիվ լսելի պատասխան կանչը՝ «Հե՜յ, Ֆրոդո, Ֆրոդո՜, հե՜յ»։ Նա մոլորված կանգ առավ ու ականջ դրեց՝ լայնացած աչքերով նայելով խավարին: Ապա նետվեց ձայնի ուղղությամբ և, մագլցելով քարքարոտ լանջով, նորից կանչեց ընկերներին։

Սկզբում պատասխան չկար, բայց որոշ ժամանակ անց վերևից լսվեց թույլ արձագանք. «Ֆրոդո՜, հե՜յ»։ Ապա լռություն և հանկարծ՝ հուսահատ աղաղակ. «Օգնեցե՜ք, օգնեցե՜ք, օգնությո՜ւն»։ Ֆրոդոն մթին խավարում ամբողջ ուժով մագլցեց վեր՝ չիմանալով նույնիսկ, ճի՞շտ է գնում արդյոք:

Ոտքի տակ հանկարծ հարթ դարձավ, և նա հասկացավ, որ հասել է դամբանաթմբի գլուխը։ Ոտքերը ծալվում էին, ամբողջովին թրջվել էր և ցրտից դողում էր։ Լռություն էր ու անթափանց խավար։

― Հե՜յ, որտե՞ղ ե՜ք, ― աղեկտուր գոռաց նա։

Պատասխան չեղավ։ Նա մի անգամ էլ գոռաց և տագնապահույզ ականջ դրեց։ Ականջներում սուլեց ցուրտ քամին։ Միայն այժմ Ֆրոդոն հասկացավ, որ սառչում է: Եղանակը փոխվում էր, բերանից գոլորշի էր դուրս գալիս, մշուշը լողում էր ծվեն-ծվեն դարձած, խավարը նոսրանում էր։ Ֆրոդոն գլուխը բարձրացրեց ու ամպերի պատռվածքներում աղոտ աստղեր տեսավ։ Նորից քամի փչեց, ու խոտը խշշաց։

Հանկարծակի նրա ականջին խեղդված ճիչ հասավ՝ կամ գուցե թվա՞ց: Հոբիթը նետվեց դեպի ճիչը՝ վազելու ընթացքում նկատելով, որ մշուշը կտրատվում է ու հալվում՝ բացելով աստղալի երկինքը։ Պարզ դարձավ, որ նա վազում է մյուսներից առանձնացած մի բլրի լանջով, բայց ոչ թե ճանապարհի ուղղությամբ, այլ՝ հակառակ կողմը: Արևելյան քամին թափանցում էր ոսկորները։ Աջ կողմում սևին էր տալիս մեկ այլ՝ ավելի մեծ դամբանաբլուր:

― Դե, որտե՞ղ եք, ― նորից ճչաց նա ջղայնացած՝ բայց միևնույն ժամանակ զգալով, թե ինչպես է սիրտը վախից ճմլվում։

― Այստե՜ղ, ― գետնի տակից արձագանքեց սարսռեցնող ձայնը։ ― Այստեղ, սպասում եմ քե՜զ։

― Ո՛չ-ո՛չ-ո՛չ, ― շշնջաց Ֆրոդոն, բայց տեղից շարժվել չկարողացավ։

Հոբիթի ծնկները ծալվեցին, և նա փուլ եկավ գետնին։ Լռություն։ Ոչ ոք չկա, գուցե թվացե՞լ է։ Նա դողալով աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ իր վրա կռանում է մի սև կերպարանք, որը սառցե հայացքով, ասես երկու մահացու ճառագայթներով իրեն մեխում է գետնին։ Սառը պողպատե ձեռքը ճզմեց Ֆրոդոյի ուսը՝ նա մի ակնթարթում ոտքից գլուխ ոսկրացավ ու գիտակցությունը կորցրեց։

Երբ ուշքի եկավ, նրան ամենակուլ սարսափ պատեց, և հոբիթը չկարողացավ միանգամից մտքերն ի մի բերել: Հետո նայեց շուրջն ու անմիջապես հասկացավ, որ դամբարանի մեջ է և փրկվելու հույս չկա։ Հոգեառը բռնել է իրեն, կախարդել և հիմա ինքը չար ուժերի ձեռքին է։

Դրանց մասին Հոբիթստանում շշուկով անգամ վախենում էին խոսել։ Ֆրոդոն պառկած էր քարե հատակին, ձեռքերը կրծքին խաչած և չէր համարձակվում շարժվել։

Եվ այնուհանդերձ, մթության մեջ, մահվան սարսուռով շղթայված, նա մտածում էր, չգիտես ինչու, բոլորովին էլ ոչ մահվան մասին, այլ հիշում էր Բիլբոյին ու նրա պատմությունները, հիշում էր, թե ինչպես էին իրենք երկուսով թափառում Հոբիթստանի արևավառ դաշտերում՝ ճանապարհորդությունների ու արկածների մասին զրուցելով։ Ամենաճարպակալած, ամենաերկչոտ հոբիթի հոգում անգամ թաքնված է (երբեմն շատ խորն է թաքնված) կարծես պահուստ սև օրվա համար, մի կատաղի խիզախություն։ Իսկ Ֆրոդոն բոլորովին էլ ճարպակալած չէր ու ոչ էլ երկչոտ էր, թեև այդ մասին ինքը չգիտեր: Իզուր չէր Բիլբոն, դեհ Գենդալֆը նույնպես, նրան համարում ամբողջ Հոբիթստանի լավագույն հոբիթը։ Ֆրոդոն հասկացավ, որ իր դեգերումները վերջացան և ահավոր վերջ ունեցան: Հատկապես այդ միտքը նրան արիություն ներշնչեց։ Նա լարվեց մահվանից առաջ գոտեմարտելու համար: Թուլությունն ու վախը չքացան. Ֆրոդոն արդեն հնազանդ զոհ չէր։

Մինչ նա պառկած, լարված մտածում էր ու ուժ հավաքում, անսպասելի նկատեց, որ մթությունը ներքևից, իր կողքին թափված քարե սալիկներից հորդող կանաչավուն լույսից հուշիկ-հուշիկ նահանջում է։ Լույսը պաղ ալիքով ողողում էր նրա դեմքն ու մարմինը, բայց պատերն ու կամարակապ առաստաղն առաջվա պես մնում էին խավարի մեջ։ Ֆրոդոն գլուխը շրջեց ու տեսավ, որ իր կողքը փռված են Սեմը, Փիփինը և Մերին։ Նրանք պառկած էին մեջքի վրա, փաթաթված սպիտակ սավանների մեջ և մեռելի պես գունատ էին։ Նրանց շուրջը գանձերի կույտեր էին բարձրանում, թեև կանաչավուն լույսից խավար ոսկին մեռելի ոսկորների էր նմանվում։ Մարգարտե թագեր կային նրանց գլխներին, դաստակներին՝ ոսկե ապարանջաններ, իսկ մատներին՝ մատանիներ։ Յուրաքանչյուրի կողքին՝ սուր, յուրաքանչյուրի ոտքերի տակ՝ վահան։ Եվս մեկ սուր՝ մերկացված, երեքի կոկորդի վրա։

Հնչեց մեղեդին՝ հանդարտ, աղոտ, անդրշիրիմյան։ Հեռու հեռավոր, անտանելի մելամաղձոտ այդ ձայնն ասես գետնի տակից էր դուրս ծորում։ Տխուր, բայց սարսափելի հնչյուններն աստիճանաբար բառեր դարձան՝ դաժան, մռայլ, մահաշունչ, բայց լի հուսահատությամբ ու աղիողորմ տնքոցներով։ Կարծես գիշերը լույսի կարոտից զայրացած գանգատվում էր լուսաբացին, կարծես ցուրտն անիծում էր տաքությանը, որն այնքա՜ն ցանկալի էր, բայց՝ հավետ անհասանելի։ Ֆրոդոն քարացավ։ Երգը գնալով ավելի հստակ էր լսվում, և ահը սրտում նա վերջապես զանազանեց նզովքի խոսքերը.


Ոսկրացե՛ք... գետնի տակ պառկե՛ք,
Մինչև այն պահը այնտեղ մնացեք,
Երբ որ երկնքում այգաբացի տեղ
Տարածվի խավարը՝ մռայլ ու ահեղ:
Երբ որ կմարեն, ածուխ կդառնան
Արև ու լուսին, աստղերը լուսե,
Կթագավորի աշխարհում սառած
Ինքը մեն-միայն՝ Տիրակալը Սև։

Նրա գլխավերևում ինչ-որ բան ճռռաց ու քերվեց։ Ֆրոդոն բարձրացավ արմունկների վրա ու տեսավ, որ իրենք պառկած են ոչ թե դամբարանում, այլ ինչ-որ անցումի մեջտեղում, իսկ անկյունից մի երկար ձեռք մատներով քայլելով մոտենում է Սեմին: Եվս մի քիչ՝ ու կհասնի նրա կոկորդին դրված սրի բռնակին։

Գարշելի նզովքը քարի պես ծանրացել էր Ֆրոդոյի վրա: Սկզբում նա անտանելիորեն փախչել ուզեց, փախչել առանց հետ նայելու։ Հիմա Մատանին կհագնի, անտեսանելի դարձած խույս կտա հոգեառից և լույս աշխարհ դուրս կգա։ Նա պատկերացրեց, թե ինչպես է փախչում առավոտյան խոտի միջով արցունքից կուրանալով, դառը սգալով Սեմի, Փիփինի և Մերիի կորուստը, բայց ինքը կենդանի ու փրկված։ Նույնիսկ Գենդալֆը, նույնիսկ նա իրեն չի դատապարտի. ուրիշ ի՞նչ է մնում իրեն:

Բայց արիությունը նրան բոլորովին այլ բան էր հուշում: Ոչ, հոբիթները բարեկամներին չեն լքում փորձանքի մեջ: Եվ այնուամենայնիվ նա գրպանում շոշափեց Մատանին... Իսկ հոգեառի ձեռքն ավելի էր մոտենում Սեմի կոկորդին... Հանկարծ նրա վճռականությունն ամրապնդվեց. նա հափռեց կողքին դրված կարճ սուրը, վեր կացավ, ծնկների վրա հենված ձգվեց ընկերների մարմինների վրայով և ինչքան ուժ ուներ խփեց ճանկռտող ձեռքի դաստակին ու կտրեց այն: Սրի շեղբը կտոր-կտոր եղավ, և հոբիթի ձեռքին մնաց միայն կոթը: Կատաղի մի վայնասուն տարածվեց, ու լույսը խավարեց: Խավարը ցնցվում էր չարագույժ մռնչոցից:

Ֆրոդոն ընկավ Մերիի վրա՝ այտը նրա քարի պես սառը երեսին: Եվ անսպասելի հիշեց այն ամենը ինչ ծածկվել էր մառախուղի քուլաներով. տունը բլրի մոտ, Ոսկեհատիկին, Թոմի երգերը, և կերկերուն ձայնով սկսեց. «Թո՛մ, Բո՛մ, Բոմբադի՛լ, Թո՛մ Բոմբադիլո»: Այդ անունից նրա ձայնն ամրացավ, հնչեց ամբողջ ուժով, և ստորգետնյա խավար դամբարանում թնդաց արձագանքը՝ ասես Ֆրոդոյին ձայնակցեց եղջերափողը.


Թո՛մ, Բո՛մ, Բոմբադի՛լ, Թո՛մ Բոմբադիլո,
Տանը լինես, թե դրսում և թե անտառում,
Բլրի վրա, բլրի տակ, արահետներում
Ճահճուտում, եղեգնուտում, Նվիրական լճակում,
Լսիր մեզ ու հասի՛ր, օգնությու՛ն ենք խնդրում:

Արձագանքը լռեց, և իջավ մեռյալ լռություն: Միայն Ֆրոդոյի սիրտն էր դղրդալով խփում: Երկար, անվերջանալի թվացող լռություն: Իսկ հետո, ասես հաստ պատի հետևից, բլուրների այն կողմից, հեռվից, ավելի ու ավելի մոտենալով հնչեց պատասխան մեղեդին.


Ահա և ես՝ Բոմբադիլը, չէի՞ք տեսել, դե տեսե՛ք,
Սլանում է ոնց քամի, նրան ոչ ոք չի հասել,
Կոշիկը դեղնից դեղին, բաճկոնը վառ քան երկինք,
Իսկ երգերը՝ հմայող, հաղթում են ամեն ինչին:

Դղրդացին տեղաշարժված քարերը, դամբարան հորդեց կենդանի ու պայծառ լույսը: Միջանցքի վերջում բացված անցքում երևաց Թոմի փետրավոր գլխարկով գլուխը՝ բոսոր արևից կարմրած երկնքի ֆոնին: Վարդագույն լույսն ընկավ երեք անշարժ հոբիթների դեմքերին՝ նրանց վրայից սրբելով դիակային դալկությունը Հիմա թվում էր, թե նրանք պարզապես պինդ քնած են:

Թոմը կռացավ, գլխարկը հանեց և երգելով մտավ մութ դամբարանը.


Հե՛յ, դու՛, հոգեա՛ռ, չքվի՛ր, վառ արև է երկնքում,
Մշուշի պես նոսրացի՛ր, հեռացի՛ր քամու թևով,
Մուժոտ լեռներից անդին անէացիր, դարձիր ամպ,
Որ շիրիմներն այսուհետև մաքրվեն չարից անդարձ:
Քանի աշխարհում լույս է, հանգստացիր դու այնտեղ
Ուր այգաբացի լույսը գիշերվա մութից էլ է սև:

Սրտաճմլիկ ու երկարատև ճիչ տարածվեց ստորգետնյա միջանցքներում, փլվեցին գերեզմանոցի խորքի կամարները, և լռություն տիրեց:

— Հապա մի արագ դուրս արի գերեզմանի թացությունից,— կարգադրեց Թոմը: — Դեռ պետք է ընկերներիդ արևի տակ դուրս բերենք:

Նրանք դուրս հանեցին Մերիին, Փիփինին, հետո Սեմին: Աչքի պոչով Ֆրոդոն հողակույտի մեջ տեսավ կտրված թաթը, որը խլվլում էր կիսասատկած սարդի նման: Թոմը կրկին մտավ դատարկ դամբարան. խորքում թնդաց ու ոտնաձայն լսվեց: Նա դուրս եկավ մի կապ զենք և ոսկե, արծաթե, պղնձե ու բրոնզե, գույնզգույն քարերով դրվագված հին իրեր ձեռքին, բարձրացավ կանաչ գերեզմանաթմբի գլուխն ու ավարը թափեց արևավառ խոտերի վրա:

Վերջացնելով գործը՝ նա լուռ կանգնեց, գլխարկը ձեռքին պահած՝ նայելով դամբանաթմբի ստորոտում անշարժ պառկած երեք հոբիթներին: Հետո աջ ձեռքը վերև բարձրացնելով, հնչեղ ու հրամայական ասաց.


Փոքրիկնե՛ր, մի՛ պառկեք անշարժ, արթնացե՛ք,
Բոմբադիլը եկել է ձեր հետևից, տաքացե՛ք,
Վերադարձեք խավարից, հոգեառ ձեռքն էլ չկա,
Չար մշուշը քամու հետ չքացել է, էլ չի՛ գա:

Եվ ի անասելի ուրախություն Ֆրոդոյի, երեքն էլ վեր կացան, ձգվեցին, աչքները տրորեցին ու ոտքի թռան: Նրանք զարմացած նայեցին Ֆրոդոյին ու Թոմին, որոնք ամբողջ հասակով կանգնել էին նրանց գլխավերևում, ապա ապշած նայեցին միմյանց՝ չհասկանալով, թե այդ ինչ կեղտոտ-սպիտակ քրջեր են հագներին ու ոսկե զարդեր՝ գլխներին:

— Էս ի՞նչ նորություններ են,— ուզում էր սկսել Մերին՝ շոշափելով գլխին թեք դրված թագը: Բայց հանկարծ սսկվեց ու աչքերը փակեց: — Այո, հիշում եմ, ինչ եղավ,— խուլ փսփսաց նա: — Գիշերը նրանք վրա տվեցին հյուսիսից՝ Քարն Դումից (Անգմար թագավորության արքայանիստ ամրոցը) ու մեզ գլխովին ջախջախեցին: Նիզակը խրվեց իմ սիրտը,— նա կուրծքը բռնեց: — Դե չէ, սա ի՞նչ բան է,— գոռաց նա՝ դժվարությամբ գլուխը բարձրացնելով: — Երևի երազ եմ տեսել... Ո՞ւր էիր կորել, Ֆրոդո...

— Երևի ճանապարհից շեղվել եմ,— պատասխանեց Ֆրոդոն: — Բայց ավելի լավ է այդ մասին չհիշենք: Եղածն անցած է: Իսկ հիմա՝ ճանապարհ ընկնենք:

— Ի՞նչ ճանապարհ, տեր իմ,— բացականչեց Սեմը,— ես ինչ է, տկլո՞ր եմ գնալու: — Նա գցեց թագը, գոտին, մատանիները, վրայից պոկեց սավանը և սկսեց խոտերի մեջ աչքերով փնտրել՝ ասես սպասելով ինչ-որ մոտիկ տեղ տեսնել իր հոբիթական հագուստը՝ բաճկոնը, տաբատը, թիկնոցը:

— Իզուր մի փնտրեք ձեր հագուստը, միևնույնն է, չեք գտնի,— ասաց Թոմը՝ դամբանաբլրից վայրկենապես ցած թռչելով և հոբիթների շուրջը պար գալով, ասես ոչինչ չէր եղել: Նայելով Թոմի ուրախ ու կայծկլտուն աչքերին՝ հոբիթներն իսկապես սկսեցին հավատալ, որ ոչինչ էլ չի եղել:

— Էդ ինչու՞ չփնտրեմ,— զարմացավ Փիփինը՝ ուրախ տարակուսանքով նայելով պար եկող Բոմբադիլին, — Բա ի՞նչ անեմ:

Թոմը միայն գլուխն օրորեց:

— Ավելի լավ է՝ ուրախացեք, որ այս աշխարհ եք դուրս եկել անդառնալի խորքերից. մոլեգին հոգեառներից փրկություն չկա: Արևի տակ տաքացեք, թոթափեք ձեր վրայից գերեզմանային փոշին և խոտերի մեջ վազվզեք... Իսկ Թոմն այդ ընթացքում կգնա որսի: Նա լանջով ներքև սլացավ՝ երկու մատով սուլելով ու երգելով: Ֆրոդոն հայացքով ուղեկցեց նրան, մինչև որ Թոմը թեքվեց հարավ ու կորավ կանաչ ձորակում: Իսկ երգն այսպիսին էր.


Հե՛յ, ձա՛յն հանեք, հապա-հապա, այդ ու՞ր եք կորել,
Վերև՞, ներքև՞, հեռու՞, մոտի՞կ, այստե՞ղ, թե՞ այնտեղ,
Սուր ականջներ, Խելացի քիթ, Երկարապոչ և Պեծիկ
Ճերմակիկ, էհե՛յ, էհե՛յ, հավատարի՛մ իմ Հաստլիկ:

Արևը, ինչպես նախօրեին, ուժեղ տաքացնում էր: Հոբիթները կատարեցին Թոմի ասածը. վազվզեցին խոտերի մեջ, հետո պառկեցին արևի տակ՝ ուրախանալով, որ ազատվել են մահացու ցրտից ու վերադարձել տաք աշխարհ: Երբ Թոմը վերադարձավ, նրանք հասցրել էին քրտնելու աստիճան տաքանալ և մեռնելու աստիճան սովածանալ: Թոմի հետևից վարգում էին հինգ ծանոթ պոնի, իսկ ամենավերջից գալիս էր վեցերորդը՝ մյուսներից գեր ու ամրակազմ: Դա երևի Հաստլիկն էր՝ համենայն դեպս այդ անունը նրան շատ հարմար էր: Մերին՝ ծանոթ հինգ պոնիների տերը, նախկինում նրանց ոչ մի անուն չէր տվել, բայց Բոմբադիլի դրած անունները կպան նրանց և, այդ ժամանակից ի վեր, երբ նրանց այդ անուններով կանչում էին, ձիուկներն արձագանքում էին:

— Ահա և ձեր ձիուկները,— ասաց Թոմը: — Այս խեղճերն ահաբեկվել և ձեզ լքել են: Ձիերի քիթը քամուն է, հենց հոգեառների հոտն առան՝ վայրկենապես կչքվեն: Բայց նրանց մեղադրել չի կարելի... Ո՞վ է տեսել, որ ճամփորդն ինքն իրեն գցի գերեզմանոց: Գուցե հոբիթները պետք է ձիերից սովորե՞ն: Տեսնու՞մ ես, սրանց բեռն ու բարձը տեղն է: Կեցցեք, ձիուկներ... Լավ էլ հոտառություն ունեն՝ փախել են հոգեառներից, ստորգետնյա անողոք մահից... Ոչ, նրանց մեղադրել չի կարելի:

Մերին, Սեմն ու Փիփինը ուղեպարկերից հանեցին իրենց լրացուցիչ հագուստները և հագնվեցին: Բայց շուտով սկսեցին շոգել՝ դրանք հաստ էին ու տաք՝ նախատեսված ձմեռվա համար:

— Իսկ վեցերորդն պոնին ու՞մ համար է,— հարցրեց Ֆրոդոն:

— Ինձ համար,— պատասխանեց Թոմը: — Նա իմ ընկերն է: Թափառում է, որտեղ սիրտն ուզում է: Բայց հենց ձայն եմ տալիս, իսկույն վազում է: Գիշերն այս կողմերում է եղել՝ ահա և հարցի պատասխանը: Նա է ձեր պոնիներին պահպանել, անկասկա՛ծ: Իսկ այժմ նա Թոմին կտանի իր մեջքին: Թոմը հոբիթներին կուղեկցի մինչև Ուղի՝ ուրեմն, ձի է հարկավոր:

Հոբիթները հրճվանքի մեջ էին և նրանց շնորհակալություններին վերջ չկար, իսկ Թոմը ծիծաղեց ու ասաց.

— Թոմը հոգսերի մեջ խրված է մինչև ծոծրակը, պետք է երգի, աշխատի, թափառի անտառում և բոլորի մասին հոգ տանի: Նա չի կարող միաժամանակ ամեն տեղ լինել. էստեղ Գերեզմանոցն է, էնտեղ՝ անտառը, իսկ էնտեղ՝ Ծփին... Եվ Ոսկեհատիկն էլ շուտով առանց Թոմի կտխրի: Թոմը կուղեկցի հոբիթներին, որպեսզի անհանգիստ չլինի: Ախր նրանք ի՞նչ տեսակ ժողովուրդ են: Անթիվ անհամար հոգսեր են պատճառում: Հազիվհազ ազատում ես Ծփուց՝ գետնի տակ են մտնում: Եթե մինչև Ուղի չհասնեն, ապա վաղը ի՞նչ կանեն... Ոչ, ավելի լավ է ուղեկցել նրանց ու ազատվել:

Դատելով արևից՝ դեռ ժամը տասը չկար: Հոբիթները հաճույքով կնախաճաշեին: Վերջին անգամ երեկ էին սնվել՝ միայնակ քարի մոտ: Նրանք կերան բոլորը, ինչ պահել էին նախօրյակից և համարյա բոլորը, ինչ բերել էր Թոմը: Ճիշտ է, նախաճաշն առատ չէր, բայց նրանց հոգին կարգին թեթևացավ: Մինչ նրանք ուտում էին, Թոմը բարձրացավ դամբանաթմբի վրա և գանձերը հավաքեց: Դրանց մեծ մասը նա մի կայծկլտուն կույտ արեց ու ասաց. «Թող գտնի, ով կգտնի՝ թռչուն լինի, գազան, մարդ, թե էլֆ, միայն թե չարը խափանվի»: Քանզի միայն այդ ժամանակ վերջնականապես կհանվեր գերեզմանային նզովքը, որպեսզի հոգեառները նորից չհայտնվեին այստեղ: Իր համար Թոմն ընտրեց մի կրծքազարդ՝ ծածկված կապտավուն երանգի մանր շափյուղաներով, ասես թիթեռի թևեր: Նա երկար նայեց դրան, կարծես ինչ-որ բան էր հիշում: Հետո գլուխն օրորեց ու ասաց.

— Թող այս կրծքազարդը կրի Ոսկեհատիկը: Նա, ով մի ժամանակ սա կրում էր, շափյուղայից էլ սքանչելի էր ու բարի: Ես կվերցնեմ սա՝ ի հիշատակ նրա: Այդպես ճիշտ կլինի:

Յուրաքանչյուր հոբիթի մեկական դաշույն հասավ, կառուցվածքով նման նեղ երկար տերևի, սուր, շեղբի վրա ոսկեկարմիր օձապատկեր նախշով: Իսկ ինչպիսի՜ սառը դաժանությամբ շողշողացին, երբ հոբիթները հանեցին դրանք անծանոթ մետաղից պատրաստված ու կարմիր քարերով պատված սև պատյաններից: Կա՛մ այդ պատյանները թաքնված ուժ էին պարունակում, կա՛մ գերեզմանոցային հմայախոսքն էր պահպանել, բայց մաքուր շեղբերի վրա ժանգի բիծ անգամ չկար:

— Ճստիկներին դաշույնները շատ պետք կգան,— ասաց Թոմը: — Շատ անգամներ դեռ գիշերները նրանց վրա կհարձակվեն չար արարածները: Բայց սրանից հետո նրանց հանկարծակիի բերել հնարավոր չէ: Հոբիթները զինված են Արնորյան դաշույններով, որոնց հարվածները մահացու են խոցում թշնամուն...

Նա հոբիթներին պատմեց, որ դաշույնները կռել են շատ-շատ վաղուց Արնոր թագավորության զինագործները: Այդ թագավորությունը հիմնել են Արևմուտքից եկած մարդիկ: Նրանք պատերազմում էին Սև Տիրակալի դեմ և, երևի թե, զենքի ուժով նրանց տապալել հնարավոր չէր լինի, եթե չլիներ Քարն Դումի սարսափելի Կախարդ-Արքան: Արնորը չկարողացավ դիմակայել անգմարյան Կախարդ-Արքայի գրոհին:

— Քչերին է այժմ հայտնի,— ասես ինքն իր հետ խոսում էր Թոմը, — որ նրանք ամբողջությամբ չեն ոչնչացել: Այդ մոռացված թագավորների ու իշխանների զավակներն այժմ դեգերում են աշխարհում, զրկանքներ ու տառապանքներ կրում՝ պաշտպանելով թույլ ու անհոգ ժողովուրդներին փորձանքներից: Բայց այդ թափառականներից քիչ են մնացել...

Հոբիթներն այնքան էլ չհասկացան նրա ասածը, բայց նրանց աչքերի առջև հանկարծ տեսիլք հառնեց. անցած անհամար տարիները տարածվեցին առջևում որպես մշուշապատ հարթավայրեր, որտեղ թափառում էին բարձրահասակ ու խստադեմ այրեր՝ գոտևորված շողշողուն սրերով: Նրանք հերթով անցնում էին, և հայտնվեց վերջինը՝ փայլուն աստղը ճակատին: Հետո տեսիլքը խավարեց, և նորից փայլեց արևը: Դանդաղելու պատճառ չկար: Հոբիթներն արագորեն պարկերը կապեցին ու բարձեցին պոնիներին: Նվեր ստացած սրերը կախեցին գոտիներից, բայց իրենց կաշկանդված էին զգում՝ այ սա արդեն պետք չէր, մտածում էին նրանք: Իհարկե, չես իմանա՝ ինչ կպատահի, բայց դե որ մարտի բռնվեն, այն էլ սրերո՞վ...

Վերջապես նրանք ճանապարհ ընկան: Սկզբում պոնիների սանձից բռնած իջան բլրից, հետո ցատկեցին թամբերին, և ձիուկները աշխուժորեն առաջ վարգեցին: Հետ նայելով՝ բարեկամները վերջին հայացք գցեցին հինավուրց դամբանաբլրի վրա, և նրանց աչքերում կայծկլտաց գանձերից անդրադարձող արևի ցոլքը: Բայց շուտով պոնիները շրջանցեցին բլուրը, և դամբարանի ոսկեփայլ գագաթն անհետացավ տեսադաշտից:

Ֆրոդոն ուշադիր չորս կողմն էր նայում, բայց երեկվա քարե ցցերն այդպես էլ չտեսավ: Շուտով արահետը դուրս դուրս բերեց նրանց զառիկող լանջերի միջև ընկած անցումի մոտ. նրանք անցան, և առջևում լայնարձակ հարթավայր բացվեց: Ճանապարհն ուրախ անցավ՝ Թոմի հետ հնարավոր չէր ձանձրանալ: Նա անվերջ երգում էր ու, թեև երգերից շատերն անհասկանալի լեզվով էին՝ երևի աշխարհի ամենահին լեզվով, բայց հոբիթները չէին դադարում զարմանալ ու հիանալ:

Այժմ նրանք միայն ուղիղ էին գնում: Շուտով պարզ դարձավ, որ Ուղին ավելի հեռու է, քան իրենք կարծում էին: Եթե նույնիսկ երեկ նրանք քարի մոտ չքնեին, միևնույնն է, երեկոյան նպատակակետին չէին հասնի: Մուգ շերտը, որը երևում էր դամբանաբլրից, պարզվեց, որ ոչ թե ծառեր են, այլ խոր խանդակի եզրին աճած թփուտներ: Խանդակի մյուս կողմում հողաթումբ էր կտրուկ բարձրանում:

— Մի ժամանակ այստեղով էր անցնում հին թագավորության սահմանը,— բացատրեց Թոմը,— բայց դա շատ-շատ վաղուց էր: — Նա խոժոռվեց ու լռեց, ասես հիշելով ինչ-որ բան, որի մասին պատմել չէր ուզում:

Նրանք իջան խանդակի մեջ, մագլցեցին հակառակ լանջը, գտան անցումը և խոտածածկ արահետով վարգով իջան լայն դաշտավայր: Մեկ-երկու ժամ հետո երևաց ծառերի շարքը, և բարեկամները հասկացան, որ չնայած իրենց գլխին եկած բազմաթիվ փորձանքներին, վերջապես հասել են Ուղուն: Ուրախացած հոբիթները վերջին լիգն ընթացան քառատրոփ արշավով և կանգ առան միայն այն ժամանակ, երբ հայտնվեցին ճամփեզրի ծառերի ստվերում: Վերջալույսի շողերից լուսավորված Ուղին գալարվում էր դեպի հյուսիս-արևելք՝ աստիճանաբար իջնելով լայնարձակ դաշտավայրը: Ջրափոսերում սևին էր տալիս նախօրեին տեղացած անձրևից մնացած ջուրը:

Հոբիթներն ուշադիր զննեցին, բայց ոչինչ չտեսան: Ուղին ամայի էր:

— Վերջապես հասանք,— թեթևացած ասաց Ֆրոդոն: — Իմ կարճ ճանապարհի պատճառով մենք երկու օր հետ ենք ընկել: Համա՜ թե կրճատեցինք: Բայց գուցե բարին դա էր՝ կարծես թե նրանց մեր հետքից շեղել ենք:

Հոբիթները շրջվեցին ու նրան նայեցին: Բոլորը միանգամից հիշեցին Սև Հեծյալներին ու կիսամոռացված վախը: Նրանք անհանգստացած նայեցին մայր մտնող արևին և մի հայացքով ստուգեցին Ուղին՝ ոչ ոք չկար, դատարկություն էր:

— Կարծում ես,— ասաց Փիփինը,— որ այսօր ևեթ կսկսեն մեզ հետապնդե՞լ:

— Ոչ,— Ֆրոդոյի փոխարեն անսպասելի պատասխանեց Թոմ Բոմբադիլը: — Այսօր կարող եք չվախենալ: Եվ վաղն էլ հազիվ թե նրանց հանդիպեք՝ ինչ-որ տեղ մոլորվել են: Սակայն ես ճշգրիտ չգիտեմ, դա պարզապես ենթադրություն է: Այստեղ օտար հողեր են, Թոմն այս կողմերում չի թափառում: Իսկ իր տիրույթներից դուրս նա չի կարող տեսնել, թե ինչով են զբաղված Սև Երկրի Սև Հեծյալները:

Հոբիթները շատ էին ուզում, որ նա էլի գար իրենց հետ: Ախր նա միակն էր, ով կարող էր Սև Հեծյալների հետ հաշվեհարդար տեսնել: Նրանք այնպես ցանկացան տուն գնալ, և այնպե՜ս ահավոր էր մութ, հրաբորբ, անհասկանալի հեռուն... Նրանք լուռ կանգնել էին ու չէին շտապում հրաժեշտ տալ, նույնիսկ երբ Թոմն արդեն հրաժեշտի խոսքեր էր ասում.

— Ահա ձեզ իմ վերջին խորհուրդը. այսօր երեկո կհասնեք մի գյուղ, որի անունն է Բրի: Լսե՞լ եք, չէ՞, Բրիի մասին: Ուրեմն, Բրիում մի հին պանդոկ կա, որի տերն է Նարկիսը: Նա արժանապատիվ մարդ է՝ ձեզ ավազակներին չի մատնի: Նրա տունը շատ պատուհաններ ունի և «Սիգարշավող Պոնի» մեծ ցուցանակը հեշտ է գտնելը: Կգիշերեք պանդոկում, լավ քուններդ կառնեք՝ և առավոտյան նորից առաջ: Ձեր ճանապարհը կարճ չէ... Իսկ այժմ, համարձակ, ճստիկներս... Ճամփա ընկեք, ճակատագրին ընդառաջ: Հիմա գլխավորն այն է, որ մինչև երեկո հասնեք Բրի:

Նրանք խնդրեցին Թոմին, որ ուղեկցի իրենց մինչև պանդոկ ու հրաժեշտի թաս խմի իրենց հետ, բայց նա ծիծաղելով հրաժարվեց՝ ասելով.

Այստեղ վերջանում են երկրները հավատարիմ ինձ հավետ,
Հրաժեշտ տանք իրար, բարեկամներ առհավետ...

Նա շրջեց պոնին, գլխարկը դրեց ու երգելով անհետացավ մթնշաղում:

— Շատ ափսոս, որ հիմա առանց պարոն Բոմբադիլի մնացինք,— տխուր ասաց Սեմը: — Այ, ով լավ գիտեր, թե ինչն ինչոց է: Ինչքան էլ գնանք, էլ նրա նմանին չենք հանդիպի... Իսկապես հրաշալի պարոն էր... Իսկ էդ «Պոնին» երևի մեր «Կանաչ վիշապի» պես տեղ է, հա՞: Էդ ո՞վ է ապրում էդ Բրիում:

— Եվ հոբիթներ, և հսկաներ,— ասաց Մերին,— իսկ ընդհանրապես՝ ինչպես մեզ մոտ է: Բրենդիբաքերն այնտեղ եղել են, ասում են՝ ոչինչ:

— Գուցե և ոչինչ,— նկատեց Ֆրոդոն,— բայց Հոբիթստանը վերջացավ: Եվ դուք արդեն, խնդրում եմ, ձեզ չզգաք «ինչպես տանը»: Ու միաժամանակ հիշեք, որ ես հիմա էլ Բեգինս չեմ: Բեգինս անունը տալ չի կարելի: Որ հարցնեն, ուրեմն Զառիթափցի եմ:

Նստելով պոնիներին՝ նրանք գնացին աղջամուղջին ընդառաջ: Մութը թանձրանում էր հետևում ու առջևում, բայց շուտով հեռվում լույսեր առկայծեցին: Զառիվայր բլրալանջը ծածկում էր խավար երկինքը, իսկ ներքևում փռված էր մեծ գյուղը: Դեպի այնտեղ էլ նրանք շտապեցին՝ հուսալով տաք կրակ, դուռ ու տանիք գտնել գիշերելու համար:

Գլուխ իներորդ. «Սիգարշավող Պոնի»

The Prancing Pony.jpg

Բրին համարվում էր Հոբիթստանի և անմարդաբնակ տարածքների միջև ընկած բնակելի փոքրիկ շրջանի գլխավոր գյուղը: Մոտակայքում ծվարել էին ևս երեքը. Հիմնը՝ լեռան մյուս կողմում, Կոմբը՝ դեպի արևելք ընկած խորը հովտում և Արչեթը՝ Չեթի անտառի եզրին: Լեռը և գյուղերը շրջապատված էին երկու-երեք մղոն լայնությամբ վարելահողերի ու պուրակների շերտով:

Այստեղի բնակիչները խարտյաշ, կարճահասակ բայց թիկնեղ ժողովուրդ էին, գնահատում էին ազատությունը և սիրում էին զվարճանալ: Գյուղերը չէին ենթարկվում ոչ ոքի իշխանությանը և իրենք էին տնօրինում իրենց ճակատագիրը: Որքան էլ տարօրինակ լինի, նրանք ավելի պատրաստակամորեն էին իրենց մոտ ապաստան տալիս հոբիթներին, թզուկներին ու էլֆերին, քան դա ընդունված էր մարկանց մոտ: Տեղական ավանդությունների համաձայն, նրանք ապրում էին այստեղ անհիշելի ժամանակներից և սերում էին այս հողերում բնակություն հաստատած ամենաառաջին մարդկային ցեղերից: Քչերին վիճակվեց վերապրել ավագ դարաշրջանի փոթորիկը, բայց, երբ արքաները Ծովի այն կողմից կրկին վերադարձան Միջերկիր, նրանք բրիեցիներին գտան նույն տեղում: Այդ ժամանակից ի վեր ոչինչ չի փոխվել բրիեցիների կյանքում, թեև արքաներն արդեն վաղուց հիշողություն են դարձել:

Մեր պատմության ժամանակներում բրիեցիները հեռավոր արևմուտքում ապրող միակ մարդիկ էին, համենայն դեպս միակը Հոբիթսատանի շրջակայքից հարյուր լիգ հեռավորության վրա, բացառությամբ խորհրդավոր թափառականների, որոնց երբեմն կարելի էր հանդիպել անմարդաբնակ հողերում: Տեղացիները նրանց անվանում էին Հետքագետներ, բայց ովքեր էին նրանք և որտեղից, ոչ ոք չգիտեր: Այդ թափառականները սևահեր էին ու հասակով գերազանցում էին բրիեցիներին. ըստ տեղացիների, նրանք սովորական մարդկանցից լավ էին տեսնում, լավ էին լսում և նույնիսկ հասկանում էին գազանների ու թռչունների լեզուն: Այդ Հետքագետները դեգերում էին հարավում ու արևելքում՝ երբեմն հասնելով մինչև Մշուշապատ, սակայն նրանց թիվը գնալով փոքրանում էր, ու վերջերս առհասարակ հազվադեպ էին հայտնվում: Իսկ երբ հայտնվում էին, լուրեր էին բերում հեռավոր երկրներում կատարվող իրադարձությունների մասին և հին ու զարմանալի ասույթներ էին պատմում, որոնք լսել ցանկացողների քանակը շատ մեծ էր: Եվ այնուամենայնիվ բրիեցիները նրանց չէին սիրում և աշխատում էին հեռու մնալ:

Բացի մարդկանցից, Բրիի շրջանում քիչ չէին նաև հոբիթները: Նրանք պնդում էին, որ Բրին հոբիթական ամենահին բնակավայրն է. իբր՝ մենք որ էստեղ ապրում էինք, Բրենդիդուիմի այն ափին իսկի հոբիթի ոտք չէր դիպել, իսկ Հոբիթստանն առհասարակ դեռ գոյություն չուներ: Հոբիթների գլխավոր բնակավայրը համարվում էր Հիմնը, բայց Բրիում էլ շատ հոբիթական բներ կային՝ հատկապես լեռան լանջին, մարդկանց կացարաններից վերև: Մանր ու խոշոր ժողովուրդը, ինչպես իրենք էին անվանում միմյանց, խաղաղ ու հանգիստ ապրում էին կողք կողքի, ամեն մեկն զբաղվում էր իր գործով ու չէր խանգարում մյուսին, բայց և՛ մարդիկ, և՛ հոբիթները իրենց համարում էին բնիկ բրիեցի: Էլ ուրիշ ոչ մի տեղ աշխարհում այդպիսի յուրօրինակ հարևանություն հնարավոր չէր հանդիպել:

Տեղացիները՝ թե՛ մանր, թե՛ խոշոր, արկածների ու ճամփորդությունների սիրահար չէին: Հիմնականում բավարարվում էին շրջանային լուրերով՝ հարևան գյուղերից եկող նորություններով: Ճիշտ է, երբեմն բրիեցի հոբիթները հասնում էին Բրենդիդուիմք, երբեմն էլ նույնիսկ մինչև արևելյան ծայրամաս, սակայն հոբիթստանցիները Բրի, կարելի է ասել, չէին գնում, թեև բրենդիդումյան կամրջից մինչև այդ փոքրիկ շրջանի սահմանը ընդամենը մեկ օրվա ճանապարհ էր: Երբեմն պատահական բրենդիդուիմցի կամ որևէ արկածասեր Տուկ մեկ կամ երկու օրով հյուրընկալվում էին տեղի պանդոկում, բայց բրիեցիները նույնիսկ դրանից էին արդեն հետ վարժվել: Հոբիթստանում բրիեցիներին և բոլորին, ովքեր բնակվում էին չորս նահանգների սահմաններից դուրս, համարում էին օտարերկրացի և խուսափում էին նրանցից՝ համարելով տգետ ու անտաշ գեղջուկներ: Իսկ օտարերկրացիներ Միջերկրի արևմուտքում այդ օրերին ավելի շատ կային, քան կարծում էին հոբիթստանցիները: Ճիշտ է, այդ ճանապարհորդներից ոմանք հասարակ թափառաշրջիկներ էին. որջեր էին փորում՝ որտեղ պատահի, ու դուրս էին թռչում այնտեղից, հենց որ կարիքը ստիպում էր: Բայց Բրիում բնակվում էին բացառապես պատվարժան ու բարեկեցիկ հոբիթներ, որոնք գրեթե ոչնչով չէին զիջում Հոբիթստանի իրենց հեռավոր ազգականներին: Նրանք, ի տարբերություն հոբիթստանցիների, դեռ չէին մոռացել այն ժամանակները, երբ այդ երկու շրջանները լավ հարաբերությունների մեջ էին: Խոսում էին, նույնիսկ, որ Բրենդիբաքերի տոհմն արյունակցական կապ ունի բրիեցիների հետ:

Բրիում մոտ հարյուր քարե տուն կար, որտեղ ապրում էին մարդիկ: Այդ տները հիմնականում կառուցված էին լեռան լանջին՝ ճանապարհի վերևում, պատուհաններով դեպի արևմուտք: Ճանապարհի մյուս կողմում խորը խանդակ էր, որը, սկսվելով լանջից, մեծ կիսաշրջան էր գծում գյուղի շուրջը և նորից միանում լանջին: Խանդակի ներքին կողմի երկայնքով կենդանի ցանկապատ էր ձգվում: Ճանապարհն անցնում էր խանդակի մեջ լցված հողաթմբի վրայով և դեմ առնում ցանկապատի մեջ բացված մեծ դարպասին: Այդպիսի մեկ այլ դարպաս էլ գյուղի մյուս ծայրին կար: Մութն ընկնելուն պես երկու դարպասն էլ ամուր կողպում էին: Ցածր երկակի դռների մեջտեղում փոքրիկ խուց էր կառուցված, որտեղ նստում էր պահակը:

Դարպասից ներս մտնելով՝ ճանապարհը թեքվում էր աջ ու, լեռան ստորոտով գնալով, հասնում էր մեծ պանդոկին: Այն կառուցել էին շատ վաղուց, երբ Ուղին դեռ չէր ամայացել: Բրին կառուցված էր երկու հնագույն ուղիների ճամփաբաժանում. այն հին օրերին գյուղի արևմտյան մասում Մեծ Ուղին հատվում էր մեկ այլ հին ուղու հետ, որով անցած օրերին Բրի էին այցելում ոչ միայն մարդիկ, այլ նաև էլֆեր, թզուկներ և այլոք: «Բրիի հեքիաթներից է» և «Էդպիսի բան նույնիսկ Բրիում չես լսի»՝ այսպես էին ասում արևելյան նահանգի հոբիթները, երբ անհավանական մի բան էին լսում: Այդ ասացվածքները գալիս էին հնուց, այն ժամանակներից, երբ պանդոկում կարելի էր նորություններ իմանալ ցանկացած վայրից՝ հյուսիսից, հարավից, արևելքից, արևմուտքից: Այն ժամանակ Հոբիթստանի հոբիթները դիտավորյալ գալիս էին Բրի՝ իմանալու, թե ինչ է կատարվում աշխարհում: Բայց Հյուսիսի երկրները վաղուց ամայացել էին, և Հյուսիսային Ուղին այլևս չէր օգտագործվում. այն ամբողջապես ծածկվել էր կանաչով, որի պատճառով էլ վերանվանվել էր Կանաչ Ուղի:

Դե, իսկ պանդոկն ինչպես կար, այդպես էլ մնում էր, և պանդոկպանն էլ բրիեցիների շրջանում առաջվա պես կարևոր անձ էր համարվում: Նրա պանդոկում մշտապես հավաքվում էին զանազան անբաններ, բամբասանքչիներ ու դատարկապորտներ բոլոր չորս գյուղերից՝ իմանալու վերջին նորությունները: Այնտեղ ապաստանում էին նաև հետքագետները և այլ թափառականներ, օրինակ՝ լեռներ գնացող և այնտեղից վերադարձող թզուկները:

Արդեն մթնել էր ու երկնքում հայտնվել էին աստղերը, երբ Ֆրոդոն ու նրա ուղեկիցներն անցան Կանաչ ճամփաբաժանը և դեմ առան փակ Արևմտյան Դարպասին: Պահակախցում մարդ կար նստած: Նա զարմացած վեր թռավ ու լապտերը ձեռքին շտապեց դիմավորելու:

— Ո՞վ եք, որտեղի՞ց եք գալիս,— անբարեհամբույր հարցրեց նա:

— Ուզում ենք օթևանել ձեր պանդոկում,— պատասխանեց Ֆրոդոն: — Գնում ենք արևելք, իսկ առայժմ այստեղ ենք եկել:

— Հոբիթնե՜ր: Այն էլ չորս հոբիթ... Ձեր խոսելուց երևում է, որ բուն Հոբիթստանից եք, ա՛յ քեզ բան,— քրթմնջաց դռնապանը:

Հետո նա անշտապ բաց արեց դարպասը և ներս թողեց ճամփորդներին:

— Մեզ մոտ հազվադեպ են գիշերը հյուր գալիս Հոբիթստանից,— շարունակեց նա, երբ ճամփորդները ներս մտան դարպասից: — Իսկ, ներեցեք, ձեր ինչի՞ն է պետք գնալ արևելք, և դեռ Բրիից էլ այն կողմ: Ու ինչպե՞ս կհրամայեք ձեզ մեծարել, հետաքրքրասիրություն չհամարեք...

— Թե մեզ ոնց են մեծարում և թե ի՞նչ գործ ունենք՝ հիմա այստեղ այդ մասին խոսելու տեղը չէ,— կտրեց Ֆրոդոն: Նրան դուր չեկավ չափազանց հետաքրքրասեր դռնապանը:

— Չէ՞ որ ինձանից հարցնելու են, թե ում եմ ներս թողել գիշերով,— սկսեց արդարանալ վերջինս:

— Մենք Բրենդիդուիմքի հոբիթներ ենք, ամեն մեկս իր գործն ունի, դե ահա հասել ենք այստեղ,— ասաց Մերին: — Ես, օրինակ, Բրենդիբաքն եմ: Էլ ինչ ասեմ: Իսկ մեզ ասել են, որ բրիեցիները միշտ ուրախ են հյուր ընդունելու համար:

— Այո, ուրախ ենք, ոնց չէ, ինչի ուրախ չենք որ,— հավատացրեց նրանց դռնապանը: — Ես դեռ ոչ մի էնպես բան չեմ ասել, իսկ դուք սպասեք, թե ձեզ ո՜նց հարցախեղդ կանեն: Էլ ո՜նց կլիներ, ծեր Գորրին հետաքրքրվեց մի քիչ... Ով ասես հիմա չի գալիս մեզ մոտ: Կմտնեք «Պոնի», ինքներդ կզարմանաք:

Դռնապանը բարի գիշեր մաղթեց, նրանք գլխով արեցին և անցան, սակայն Ֆրոդոն նկատեց, որ նա բարձրացրեց լապտերն ու ուշադիր նայեց իրենց հետևից: Դարպասի դռները ճռռացին, և Ֆրոդոն թեթևացած շունչ քաշեց: Ինչու՞ է դռնապանը այդքան հետաքրքրվում հոբիթստանցի հոբիթներով: Կարծես ինչ-որ մեկն արդեն հետաքրքրված լինի ճանապարհորդող հոբիթների մասին: Գուցե Գենդալֆն է իրենց մասին հարցրել: Շատ հնարավոր է. չէ՞ որ իրենք եկել են անտառով ու գերեզմանոցներով, իսկ նա ճանապարհով... Ու հիմա երևի արդեն այստեղ է... Միևնույնն է, ինչ-որ կասկածելի էր բան կար դռնապանի տոնի մեջ ու տհաճ էր խոսում:

Իսկ դռնապանը հոբիթների հետևից նայեց-նայեց ու գնաց իր պահակախուցը: Բայց հազիվ էր մեջքով շրջվել դեպի դարպասը, երբ ինչ-որ ստվեր անցավ դարպասն ու իսկույն անհետացավ փողոցի մթության մեջ:

Հոբիթները գնում էին փողոցով ու զարմանքով նայում անսովոր մեծ տներին: Երբ Սեմը տեսավ երեքհարկանի, բազմաթիվ պատուհաններով պանդոկը, նրա սիրտը նույնիսկ մարեց. ծառերից բարձր հսկաներ ու այլ հրաշքներ՝ լսել էինք, իսկ այստեղ չորսկողմը մարդ հսկաներ են ու վիթխարի տներ՝ ազնիվ խոսք, այսօր արդեն բավական է: Իսկ գուցե սև թամբած ձիերը կանգնա՞ծ են պանդոկի բակում, իսկ Սև Հեծյալներն էլ երրորդ հարկի մութ պատուհաններից նայում են մոտեցողների՞ն:

— Մի՞թե, տեր իմ, հենց էստեղ էլ կանգ կառնենք,— անհանգստացած հարցրեց նա Ֆրոդոյին: — Լավ կլիներ հարցուփորձ անեինք, եթե էստեղ հոբիթներ կան, ավելի լավ չէ՞ր լինի նրանց մոտ գիշերեինք: Թերևս, ներս կթողնեին:

— Իսկ պանդոկն ինչո՞վ դուրդ չի գալիս,— զարմացած արձագանքեց Ֆրոդոն: — Թոմ Բոմբադիլն էլ մեզ ասաց, որ այստեղ գանք: Համբերիր, համոզված եմ, ներսն ավելի հարմարավետ է:

Պանդոկը դրսից էլ էր հարմարավետություն խոստանում, դիմային մասը նայում էր ճանապարհին, երկու թևը հենվում էին բլրի լանջին, այնպես որ երկրորդ հարկի պատուհանները գետնի հետ հավասար մակարդակի վրա էին: Լայն դարպասը տանում էր բակ, իսկ մուտքը ձախից էր, վեց լայն աստիճանների վերևում: Դուռը բաց էր, և ներսից պայծառ լույս էր հորդում: Կամարի վերևում լապտեր կար, որի լույսի տակ փայլում էր հպարտ ցուցանակը.

«ՍԻԳԱՐՇԱՎՈՂ ՊՈՆԻ: ՏԵՐՆ Է ԼԱՎՐ ՆԱՐԿԻՍԸ»

Առաջին հարկի պատուհանների հաստ վարագույրների հետևից աղոտ լույս էր թափանցում:

Մինչ հոբիթները հապաղում էին դռան մոտ, ներսում ինչ-որ մեկն սկսեց ուրախ երգ երգել, և նրան անմիջապես ձայնակցեցին մյուսները: Հոբիթները մի պահ ունկնդրեցին ու աշխուժացած իջան ձիուկներից: Երգը վերջացավ. ուրախ ծիծաղ և ծափահարություններ հնչեցին:

Բարեկամները պոնիներին թողեցին բակում և աստիճաններով բարձրացան: Ֆրոդոն առաջինը մտավ ներս և քիչ էր մնում ընդհարվեր ճաղատ, կարմիր դեպքով ու սպիտակ գոգնոցով մի գիրուկ մարդու հետ: Նա գարեջրի փրփրագլուխ գավաթներով սկուտեղը պահած՝ հանդիպակած ուղղությամբ մի դռնից մյուսն էր վազում:

— Ձեզ մոտ կարելի՞ է... — սկսեց Ֆրոդոն:

— Էս վայրկյանիս, էս վայրկյանիս... — գոռաց նա ուսի վրայից և սուզվեց ծխամորճի ծխի ու ձայների ժխորի մեջ:

Իսկապես Ֆրոդոն չհասցրեց ուշքի գալ, իսկ նա արդեն կանգնած էր հոբիթի դիմաց ու ձեռքերն էր մաքրում գոգնոցով:

— Բարի երեկո, փոքրիկ տեր իմ,— ասաց նա: — Ի՞նչ եք կամենում:

— Չորս անկողին և մարագ հինգ պոնիի համար: Իսկ դուք պարոն Նարկի՞սն եք:

— Հենց ինքը,— ուրախացավ գիրուկը: — Իսկ անունս է Լավր: Լավր Նարկիսն ինչո՞վ կարող է ծառայել: Հոբիթստանի՞ց եք,— հարցրեց նա և հանկարծ ձեռքի ափով խփեց ճակատին, ասես ինչ-որ բան հիշելով: — Հոբիթնե՜ր... — բացականչեց նա: — Ախ, այո, ախր հոբիթներ... Ձեր անունները շնորհ արեք:

— Պարոն Տուկ, պարոն Բրենդիբաք,— ճամփորդներին ներկայացրեց Ֆրոդոն: — Իսկ սա Սեմ Գեմջին է: Անձամբ ես՝ Զառիթափցի:

— Ինչ կարող եմ անել, հը՞,— բացականչեց Լավր Նարկիսը, մատները ճտճտացնելով: Մոռացել եմ, վերջացավ գնաց... Ոչինչ, կվերհիշեմ, կհասցնենք: Ես այստեղ ուղղակի ոտքից-ձեռից ընկել եմ, իսկ ձեր մասին, ուրեմն՝ այսպես. Հոբիթստանից թանկագին հյուրեր մեզ մոտ հազվադեպ են բարեհաճում՝ կտեղավորենք, ինչպե՞ս չենք տեղավորի: Ճիշտ է, այսօր լեփ-լեցուն է, ազատ տեղ չկա, ասեղ գցելու տեղ չկա: Դարպասի շեմից հետդարձ չկա, ինչպես ասում են մեզ մոտ, Բրիում: Հե՜յ Նոբ,— գոռաց նա,— ախ դու, դանդաղաշարժ բրդոտ: Նո՜բ...

— Գալիս եմ, պարոն, այստեղ եմ... — ճարպիկ, կլորադեմ մի հոբիթ դուրս թռավ ինչ-որ դռնից և տեսնելով ազգակիցներին, բերանը բաց մնաց:

— Իսկ Բոբն ու՞ր է,— գոռաց պանդոկպանը: — Ա՜խ չգիտես, ուրեմն գտիր... երկու ոտք էլ փոխ առ: Հո ես չեմ ձեզ հետևելու, ծոծրակիս աչքեր չունեմ: Բոբին ասա բակում հինգ պոնի կա, թող ինչպես ուզում է տեղավորի:

Նոբը քթի տակ ծիծաղեց, աչքով արեց ու դուրս վազեց:

— Դեհ, ուրեմն, ինչի՞ մասին էի ասում,— հիշեց պանդոկպանը ափով զարկելով իր ճակատին: — Ինչպես ասում են, հիշողությունս ծակվել է, կարելու ժամանակ չկա: Եվ ինչ էլ երեկո սկսվեց՝ ոչ շունչ քաշես, ոչ շունչ փչես: Գլուխս պտտվում է: Էստեղ անցած գիշեր մի ամբողջ խումբ բարեհաճեց, ու եկել էին Կանաչ ճամփով, ինչն արդեն իսկ կասկածելի է: Հետո թզուկներ՝ արևելքից, գնում են, պարզ բան է՝ արևմուտք: Իսկ հիմա դուք: Որ հոբիթ չլինեիք՝ չէի իմանա ինչ անեմ. տեղ չկա, ուզում ես՝ խեղդիր, չկա: Բայց քանի որ հոբիթ եք, ապա ես ձեզ շիտակ կասեմ. ձեզ համար տեղեր կան... Դեռ էն ժամանակ, որ պանդոկը կառուցում էին, դիտմամբ հյուսիսային թևում ջոկեցին մեկ երկու սենյակ՝ հանկարծ հոբիթներ կգան: Էնտեղ, իհարկե, ցածր է, քան էստեղ. ամեն ինչ ոնց որ դուք եք սիրում՝ պատուհանները կլոր, առաստաղները՝ ցածր: Ընթրիք եք ուզում, ինքնստինքյան պարզ է, բա էլ ինչպես: Էս վայրկյանիս: Ներս եկեք...

Նա հոբիթներին տարավ միջանցքով և բացեց կլոր դուռը:

— Այ թե հյուրասենյակ է, հա՜,— ասաց նա: — Հը՞, ձեր սրտո՞վ է... Դե ես վազեցի, ներեցեք, մի բառ ասելու ժամանակ չկա: Երկու ոտք է, երկու ձեռք, էստեղ վեցն էլ չէր հերիքի, ահա զանգը, զանգեք, Նոբն ամեն ինչ կանի, ամեն ինչ կբերի: Իսկ եթե չլսի էդ դանդալոշը, զանգեք, ոտքերով խփեք հատակին ու գոռացեք:

Վերջապես պանդոկպանը վազեց ու նրանց շունչ քաշելու հնարավորություն տվեց: Ինչպես երևում է, իսկապես էլ նա մինչև ականջները թաղված էր գործերի մեջ, բայց շատախոսել հաջողացնում էր: Հոբիթները շուրջները նայեցին. ոչ մեծ սենյակը շատ հարմարավետ տեսք ուներ: Բուխարիկում բոցկլտում էր կրակը, բուխարիկի առջև ցածրիկ բազկաթոռներ էին դրված: Կլոր սեղանը ծածկված էր թարմ սփռոցով, սեղանին՝ մի մեծ զանգ: Սակայն զանգը խփելու հարկ չեղավ: Նոբը սրընթաց հայտնվեց. մի ձեռքում մոմակալ էր, մյուսում՝ պնակներով սկուտեղը:

Ընթրիքը մի ակնթարթում մատուցվեց. տաք արգանակ, դոնդողածածկ միս, մոշի ջեմ, նոր թխած հաց, մեծ առատությամբ կարագ և կես գլուխ պանիր: Մի խոսքով, համարյա ոնց որ Հոբիթստանում: Նույնիսկ Սեմը դադարեց անվստահությամբ շուրջը զննել: Ի դեպ, նա դադարեց շուրջը նայել, հենց որ թարմ գարեջուր բերեցին:

Հասցրեց երևալ պանդոկպանը, մի րոպե մնաց և, ներողություն խնդրելով, հեռացավ:

— Այ կընթրեք, գուցե կցանկանաք հասարակության մեջ լինել,— ասաց նա դռան շեմքից: — Իսկ գուցեև իսկույն անկողին կմտնեք, չգիտեմ: Դե, բարի գիշեր, հանգիստ քուն: Բայց եթե կցանկանաք, եկեք դահլիճ, բոլորը շատ կզարմանան ձեզ տեսնելով, բա ո՞նց, հյուրեր Հոբիթստանից, այն էլ, անտարակույս, նորություններով... Գուցե կպատմեք քիչ-միչ, գուցե կերգեք. մի խոսքով՝ կուզեք կգաք, չեք ուզի՝ ինչպես կուզեք: Որևէ բան պետք կլինի, զանգը խփեք:

Հոբիթները կուշտ կերան, կուշտ խմեցին ու աշխուժացան: Ֆրոդոն, Փիփինն ու Սեմը որոշեցին գնալ նայել ժողովրդին ու իրենց էլ ցույց տալ: Մերին ասաց, որ ինքը նրանց չի միանա՝ դահլիճները բոլոր պանդոկներում նույնն են. ծուխ, աղմուկ, ժխոր:

— Ավելի լավ է հանգիստ նստեմ կրակի մոտ, հետո, գուցե, կգնամ զբոսնելու: Մենակ թե դուք էնտեղ լեզուներիդ կապերը բաց չթողնեք, չմոռանաք, որ մեզ հետապնդում են: Հոբիթստանը մոտիկ է, ցանկացած շուն մեր հոտը կառնի, եթե հոտոտի...

— Լավ, լավ... — ասաց Փիփինը: — Տես, ինքդ չկորչես՝ և հաշվի առ, որ դրսում լավ է, իսկ ներսում՝ ապահով:

Դահլիճում ամենազանազան ու խայտաբղետ ժողովուրդ էր հավաքված: Ֆրոդոն զննեց նրանց, երբ աչքերը վարժվեցին սրահի լույսին, եթե չասենք կիսախավարին: Միայն բուխարիկն էր կարմրավուն շողեր սփռում, իսկ երեք բազմամոմ աշտանակները հաշվի մեջ չէին. դրանց արձակած առանց այն էլ թույլ լույսը կորչում էր խիտ ծխի մեջ: Լավր Նարկիսը կրակի մոտ կանգնած խոսում էր միաժամանակ երկու թզուկի և երեք տարօրինակ տեսքով մարդկանց հետ: Նստարաններին խառը նստած էին բրիեցիներ, տեղացի հոբիթներ, թզուկներ և էլի ով ասես, ծխի մեջ լավ չէր զանազավում:

Հոբիթստանի հոբիթներին տեսնելով բրիեցիները ծափ տվեցին և ուրախ խժդժոց բարձրացավ: Օտարականները, հատկապես նրանք, ովքեր եկել էին Կանաչ Ուղիով, շրջվեցին ու սկսեցին հետաքրքրությամբ ոտքից գլուխ չափել հոբիթներին: Պանդոկպանը չէր համբերում, որ բրիեցիներին ներկայացնի նոր ժամանած հյուրերին, իսկ նրանց էլ՝ սրանց. այնքան չէր համբերում, որ հոբիթների գլխին ուղղակի անունների տարափ տեղաց: Բրիեցի «խոշորների» տոհմանունները մեծամասամբ բուսական էին՝ Եղեգնյակ, Հավամրգունի, Ուղտափուշիկ, Կաղամախունկ և նման այլ անուններ (հոբիթստանցի հոբիթներին դա անհականալի տարօրինակություն թվաց): Տեղական ամենահաճախ հանդիպող անունը Հինկաղնին էր: Բայց կային նաև հոբիթներին հայտնի տոհմանուններ. Բնունիներ, Ավազունսեր, Փոսփորիկներ, Երկարոտքներ, որոնց կրողներն անկասկած ազգակիցներ կունենային Հոբիթստանում: Գտնվեցին նաև իսկական Զառիթափցիներ. նրանք արագորեն ընդունեցին Ֆրոդոյին իրենց շարքերը և, չգիտես ինչու, վստահ էին, որ Ֆրոդոն ոչ այլ ոք է, քան իրենց փոքր տարիքում կորած եղբայրը:

Տեղացի հոբիթների բարյացակամությունը խառնվեց հետաքրքրասիրության հետ, և Ֆրոդոն հասկացավ, որ առանց բացատրությունների սրանցից չես ազատվի: Նա ասաց, որ հետաքրքրվում է պատմությամբ ու տարածքահետազոտությամբ (բոլորը գլխով էին անում, թեպետ բառերը արտասովոր էին), որ պատրաստվում է գիրք գրել (զարմանք կտրած լռությունը եղավ դրա պատասխանը), որ նա ու իր ընկերները տեղեկություններ են հավաքում Հոբիթստանի սահմաններից դուրս ապրող, հատկապես արևելյան հոբիթների մասին:

Ահավոր աղմուկ բարձրացավ: Եթե Ֆրոդոն իսկապես որոշեր գիրք գրել և, եթե տասը ականջ ունենար, մի քանի րոպեի ընթացքում տասը գրքի նյութ կհավաքեր: Դեռ ավելին, նրան խորհուրդ տվեցին դիմել այսինչներին, այնինչներին և այսինչներին՝ սկսելով թեկուզ հենց Նարկիսից: Բայց Ֆրոդոն ասաց, որ այս պահին ոչինչ չի գրելու. այդ ժամանակ հոբիթները նորից սկսեցին հարցնել հոբիթական գործերից: Ֆրոդոն, ինչպես միշտ, ժամը մեկ բառ էր ասում և շուտով նրան հանգիստ թողեցին: Նա նստեց անկյունում, նայում էր ու լսում:

Մարդիկ ու թզուկները քննարկում էին արևելքի իրադարձություններն ու նորություններ էին փոխանակում՝ վերջին հաշվով բոլորին հայտնի: Օրինակ՝ հարավում ամպեր էին կուտակվում, և մարդիկ, որոնք եկել էին Կանաչ ուղիով, ակնհայտորեն նոր հողեր էին փնտրում, որ հանգիստ ապրեն: Բրիեցիներն ախուվախ էին անում, բայց, երևում է, հույս ունեին, որ այդ որոնումներն իրենց կշրջանցեն: Եկվորներից մեկը՝ մի շիլաչք այլանդակ, արշավանք գուշակեց հարավ-արևելքից մոտ ապագայում:

— Եվ թող նրանց համար նախապես տեղ պատրաստեն, թե չէ նրանք իրենք կգտնեն իրենց համար: Ապրել հո հարկավոր է, և ոչ միայն որոշ-որոշներին:

Դա դիտմամբ բարձր էր ասված, և տեղացիները տագնապալի հայացքներ փոխանակեցին:

Հոբիթները զրուցում էին մի կողմ քաշված, մարդկային հոգսերը նրանց այնքան էլ չէին անհանգստացնում: Հոբիթների բները կամ նույնիսկ տնակները խոշոր ժողովրդին պետք չեն: Բոլորը կուտակվել էին Սեմի ու Փիփինի շուրջը, իսկ սրանք արդեն իրենց զգում էին ինչպես տանը և ուրախ շատախոսում էին: Փիփինի ամեն մի նախադասությանը հետևում էր ծիծաղի պոռթկումը: Հատկապես մեծ հաջողություն ունեցավ նրա պատմությունն այն մասին, թե ինչպես էր փլուզվել Միշել Գետնափորիկի քաղաքային խորհրդի գետնափոր սրահի տանիքը, և քաղաքագլուխ Վիլ Սպիտակթաթը՝ Արևմտյան Ծայրամասի ամենագեր հոբիթը, մնացել էր տակը: Ու ի՜նչ ծիծաղելի տեսք ուներ, երբ դուրս էր եկել կրակույտի միջից՝ իսկը շաքարաբլիթ: Ծիծաղը՝ ծիծաղ, բայց որոշ հարցեր Ֆրոդոյին դուր չեկան: Տեղի հոբիթներից մեկը, օրինակ, որը մեկ-երկու անգամ եղել էր Հոբիթստանում, կպել էր Ֆրոդոյից ու անընդհատ հարցնում էր, թե այդ որտեղ են ապրում Զառիթափցիները և ում են ազգական:

Հանկարծ Ֆրոդոն նկատեց, որ նույնիսկ այս տեղերի համար տարօրինակ, քամահարված դեմքով մի մարդ կիսամութի մեջ պատի տակ նստած ուշադիր ունկդրում է հոբիթների անհոգ շաղակրատանքը: Նա երկար ծխամորճ էր ծխում ու գարեջուր խմում սեղանին դրված մեծ գավաթից: Նստած էր որսորդական երկարաճիտք, ծեխակոլոլ կոշիկներով ոտքերը մեկնած, հագին հին, բծավոր մուգ կանաչ թիկնոց էր և, չնայած տոթին, գլխանոցը չէր հանել: Գլխանոցի տակից փայլող նրա աչքերն ուշադիր զննում էին նորեկ հոբիթներին:

— Ո՞վ է նա,— հարցրեց Ֆրոդոն պանդոկապետի հետ փսփսալու հարմար պահը որսալով: — Կարծես թե նրան չեք ներկայացրել:

— Նա՞,— նույն փսփոցով ճշտեց պանդոկպանը առանց գլուխը թեքելու աչքերը շլելով: — Դե ոնց ասեմ ձեզ: Էն Հետքագետներից է: Անհասկանալի ժողովուրդ է, քարշ են գալիս այստեղից այնտեղ... Հազվադեպ մի խոսք կասի, բայց առհասարակ պատմելու շատ բան ունի: կորչում է մի ամսով, եթե ոչ մեկ տարով, իսկ հետո հայտնվում է, նստում, գարեջուր է խմում: Անցած գարնանը հաճախ էր այստեղ լինում, հետո կորավ և ահա նորից է եկել: Չգիտեմ, թե իրականում ինչպես են նրան կոչում, բայց մեզ մոտ կոչում են Պանդուխտ: Սակայն տարօրինակ է, որ դուք նրա մասին հարցրիք...

Այստեղ Լավրին կանչեցին, ինչ-որ տեղ գարեջուրը վեջացել էր, ու նրա վերջին խոսքերը մնացին առանց բացատրության:

Ֆրոդոն նկատեց, որ Պանդուխտն ուղիղ իրեն է նայում, ասես կռահել էր, որ խոսքն իր մասին էր: Հետո նա գլխով ու ձեռքով արեց՝ հրավիրելով Ֆրոդոյին իր մոտ: Երբ Ֆրոդոն մոտեցավ, Պանդուխտը գլխանոցը հետ գցեց. ճերմակն արդեն դիպել էր նրա սև, խիտ մազերին, դեմքը խիստ էր, շեշտված այտոսկրերով և ուշադիր, քննախույզ հայացքով:

— Ինձ Պանդուխտ են կոչում,— ցածր ասաց նա: — Իսկ դուք, կարծեմ, պարոն Զառիթափցին եք, եթե Լավրը չի շփոթել:

— Նա չի շփոթել,— չոր պատասխանեց Ֆրոդոն: Ինչ որ չափազանց անքթիթ էին նայում ու զննում նրան:

— Պարզ է, ուրեմն, այսպես, պարոն իմ Զառիթափցի,— ասաց Պանդուխտը,— ես ձեր տեղը լինեի, մի քիչ խելքի կբերեի իմ երիտասարդ բարեկամներին: Տաքանալ, խմել, շաղակրատել՝ այդ բոլորը, իհարկե, հիանալի է, բայց սա ձեզ համար Հոբիթստան չէ. ի՞նչ իմանաս, ով կլսի նրանց շաղակրատանքը: Իհարկե, իմ գործը չէ,— ավելացրեց նա բերանի անկյունով ժպտալով և աչքը Ֆրոդոյից չկտրելով,— բայց Բրիում, գիտե՞ք, հիմա ամենազանազան մարդիկ են լինում:

Ֆրոդոն դիմացավ նրա սևեռուն հայացքին ու լռեց: Ապա հայացքը դարձրեց դեպի Փիփինը, որը համընդհանուր ծիծաղի տակ պատմում էր Հյուրասիրության մասին: Եվս մի քիչ՝ ու կպատմի, թե ինչպես Բիլբոն անհետացավ, հեքիաթային Բեգինսի մասին ախր բոլորին է հետաքրքիր, իսկ ոմանց՝ հատկապես:

Ֆրոդոն զայրացավ: Հիմարություն է, իհարկե, այստեղի հոբիթները ոչինչ չեն հասկանա, կծիծաղեն ու կմոռանան, թե ինչ է կատարվում այնտեղ, Գետի մյուս կողմում: Իսկ եթե լինեն այնպիսինները, որոնք արդեն լսել են Բիլբոյի անհետացման մասի՞ն (նույն ինքը Լավր Նարկիսը): Կլսեն երկու ականջ էլ փոխ առած, Բեգինս ազգանունը ջրի երես կելնի, և ինչ իմանաս, թե ինչ կարող է պատահել:

Նա շրթունքը կծեց, մտածելով թե ինչ կարելի է անել: Փիփինը հաճույք էր պատճառում ունկնդիրներին և, երևում է, ինքնամոռացության մեջ էր ընկել: Գոնե Մատանու մասին հանկարծ չհիշատակի, դա այնքան էլ հեռու չէ նրանից, իսկ ժամանակն արդեն...

— Արա՛գ, ընդհատել,— նրա ականջին շշնջաց Պանդուխտը:

Ֆրոդոն թռավ աթոռին ու սկսեց բարձր խոսել: Փիփինից շրջվեցին. հոբիթները որոշեցին, որ վերջապես պարոն Զառիթափցին գարեջուր է կոնծել ու լեզուն բացվել է:

Ֆրոդոն իրեն կատարյալ խրտվիլակ զգաց և սկսեց, ինչպես սովորություն ուներ, երբ գործը հասնում էր ճառելուն, գրպանը քրքրել: Շոշափեց շղթան, Մատանին՝ ու հանկարծ անհետանալու մի ուժգին ցանկություն զգաց, ճիշտ է, կարծես թե այդ ցանկությունը ինչ-որ մեկը հուշեց նրան: Բայց նա դիմացավ գայթակղությանը և Մատանին ամուր սեղմեց բռում, ասես նրա համար, որ այն չսահի ու անկարգություններ չանի: Սակայն Մատանին նույնն էր. ամեն դեպքում ոչինչ չհուշեց ու ոչնչով չօգնեց:

Վերջապես, ուժ հավաքելով, նա իր ճառն սկսեց «բարեկամական խոսքով», ինչպես կասեին Հոբիթստանում.

— Մենք բոլորս շատ զգացված ենք ձեր ջերմ ընդունելությունից, և համարձակվում եմ հուսալ, որ իմ կարճատև այցը կթարմացնի Հոբիթստանի ու Բրիի բարեկամական կապերը,— հետո շփոթված հազաց:

Այժմ դահլիճում բոլորը նրան էին նայում:

— Մի ե՜րգ,— գոռաց հոբիթներից մեկը:

— Ե՜րգ, ե՜րգ,— ձայնակցեցին ուրիշները: — Որևէ նոր բան, կամ հներից, որ ոչ ոք չի լսել...

Ֆրոդոն մի պահ իրեն կորցրեց: Հետո մի ծիծաղելի երգ հիշեց, որը շատ էր սիրում Բիլբոն (և շատ էր դրանով պարծենում, երևի այն պատճառով, որ հենց ինքն էր հորինել): Ահա այն ամբողջությամբ, թե չէ հիմա դրանից միայն առանձին տողեր են հիշում.


Մի պանդոկ կա սարի լանջին.
Սակայն դա չէ զարմանալին.
Մի օր, իսկ դա վաղուց էր շատ,
Լուսնեմարդը լուսնից իջավ,
Որ գարեջուր անուշ անի:

Լուսնեմարդը պանդոկ մտավ.
Այդ մասին չէ խոսքս սակայն,
Այնտեղ մի շուն նայեց նրան
Ու քրքջաց նրա վրա՝
Հավանաբար պատճառը կար:

Լուսնեմարդը խմել ուզեց,
Բայց դա՝ ոչինչ, է՜հ ի՞նչ կա որ.
Մի կատու կար, շվին առել,
Նվագում էր ուրախ, գավոտ:

Իսկ մի կով էլ հենց դռան մոտ
Տեսք ընդունած հերոսական,
Պարահանդես մտել հոժար
Հա պարում էր մի ամբողջ ժամ.
Կարևորը դա չէ սակայն:

Եվ ոչինչ որ խելակորույս
Պարում էին ափսե, գդալ,
Շողշողալով լույսերի տակ,
Ծակծկելով դուռ ու հատակ
Սուր դանակն էլ պարմեջ մտավ:

Կովն ընդունեց մարտական տեսք,
Առաջ պարզեց պոզերը սուր,
Խենթություն էր նրան պատել
Հարու տվեց դուռ ու պատեր,
Բայց բոլորն այս խաղեր են զուր:

Լուսնեմարդը շատ էր խմել,
Այ թե որն է չարիք ու ցավ,
Նա գլորվեց սեղանի տակ,
Ամբողջ գիշեր այնտեղ քնեց,
Լույսը բացվեց, բայց չարթնացավ:

Կատուն դարձյալ շվի փչեց.
Սակայն այդ չեմ ուզում ասել,
Ձայնը զիլ ու բարձր էր այնքան,
Որ կարթնանար մեռածն անգամ,
Լուսնեմարդը քար էր ասես...

Քնած էր նա՝ և ոչ մի ձայն,
Կարծես իրենց տանն էր քնած,
Բայց քաշեցին նրա ուսից,
շպրտեցին դեպի լուսին...
Ժամանակին թռավ գնաց:

Շարունակեց կատուն փչել
Իր սրինգը՝ զի՜լ ու անփույթ,
Այնքան փչեց, որ կոտրվեց.
Այս ի՞նչ դժբախտ բան կատարվեց.
Հավերժ ոչինչ չկա կյանքում:

Այստեղ կովը թռչունի պես
Երկինք թռավ մեկ էլ հանկարծ,
Թռավ երկինք, հասավ լուսին,
Ներքև նայեց լուսնի լույսից.
Ավաղ, էլ հետ ճամփա չկար:

Նա այնտեղ է ապրում հիմա,
Սակայն դա չէ զվարճալին,
Այգաբացից հետո անվերջ
Ծիծաղում է շունը, շան մեջ
Կատաղել է ծիծաղն էլի:

Իսկ երկնքում լուսին չկա,
Հեռացել է՝ արդեն հոգնած,
Այնքան սպասեց իր դյուցազնին՝
Հարբեցողին իր անազնիվ,
Որ արևը ելավ հանկարծ:

Երկինքը՝ պարզ ու կապուտակ,
Այգաբաց է սովորական,
Սակայն մարդիկ պանդոկում տաք
Նոր են պառկում, որ նոր քնեն,
Զարմանում ես, ի՜նչ բան է դա...

Բարձր ու երկար ծափահարեցին: Ֆրոդոյի ձայնը վատը չէր, երգն էլ դուր եկավ: Էլի գարեջուր պահանջեցին, և երգը նորից լսելու ցանկություն հայտնեցին: Գոռում–գոչում բարձրացավ. «մեկ անգա՜մ էլ, խնդրու՜մ ենք»: Ֆրոդոն ստիպված եղավ մեկ երկու գավաթ գարեջուր խմել և նորից երգը սկզբից սկսել: Նրան ձայնակցում էին. ծանոթ մեղեդի էր, բառերը ընթացքում կռահում էին: Հիմա արդեն Ֆրոդոն էր քեֆ անում: Նա անհոգ թռչկոտում էր սեղանի վրա, իսկ երբ հասավ. «Այստեղ կովը երկինք խոյացավ» բառերին, ինքն էլ թռավ վերև, միայն թե չափազանց բարձր, այնպես որ այնտեղից շնորհ արեց ուղիղ գարջրի գավաթներով սկուտեղի մեջ, սայթաքեց և սեղանից թրմփաց ցած: Ունկնդիրները պատրաստվում էին կոկորդով մեկ միահամուռ քրքջալ՝ բայց բերանները բաց քարացան. երգիչն անհետացել էր: Ոնց որ հատակի տակն անցավ և նույնիսկ մի անցք չէր թողել...

Վերջապես տեղացի հոբիթները բերանները փակեցին, ոտքի թռան և ամբողջ ձայնով Լավրին կանչեցին պատասխան տալու: Փիփինի ու Սեմի շուրջը վայրկենապես ամայություն առաջացավ. նրանց նայում էին մռայլ ատելությամբ: Խրախճասեր տղաներից նրանք վերածվեցին թափառական կախարդի մեղսակիցների, որը չգիտես, թե ինչու է բարեհաճել Բրի: Մի թուխ բրիեցի այնպիսի հասկացող չարախնդությամբ էր աչքերը կկոցել նրանց վրա, որ Փիփինն ու Սեմը բոլորովին իրենց կորցրին: Իսկ նա գլխով արեց շիլաչք հարավցուն, և նրանք դուրս եկան (Սեմը հիշեց, որ ամբողջ երեկո հոբիթներին նայելով շշուկով խոսում էին): Նրանց հետևից շտապեց նաև դռնապան Գորրին:

Ֆրոդոն աշխարհիս երեսին գոյություն ունեցող բոլոր անեծքներով իրեն անիծում էր: Մտածելով, թե ինչպես հարթի այդ սայթաքումը, սեղանների տակով սողաց մութ անկյունը, Պանդուխտի մոտ, որը հանգիստ նստած էր, ասես ոչինչ չէր եղել: Ֆրոդոն կպավ պատին ու Մատանին հանեց: Ինչպես էր այն իր մատը մտել, հանելուկ էր: Թերևս, երգելիս ձեռքը գրպանն է տարել, իսկ երբ ընկել է, ձեռքը թափ է տվել և պատահաբար հագել այն, երևի այդպես... Իսկ գուցե Մատանին ի՞նքը այս չար կատակը խաղաց: Գուցե կատարեց ինչ-որ մեկի ցանկությունը կամ կարգադրությու՞նը... Այն երկուսը, որ նոր գնացին, շատ կասկածելի էին...

— Այսպես,— ասաց Պանդուխտը, Ֆրոդոյին նկատելով: — Ախր դա ձեր ինչի՞ն էր հարկավոր... Նույնիսկ ընկերներդ ավելի մեծ վնաս չէին կարող տալ: Ուղղակի երկու ոտքով թակարդն ընկնել է սա: Ոտքով կամ գուցե մատո՞վ...

— Չեմ հասկանում, ինչի՞ մասին եք խոսում,— գռգռված ասաց Ֆրոդոն:

— Հասկանում եք, լավից էլ լավ եք հասկանում,— քմծիծաղեց Պանդուխտը: — Թող միայն աղմուկը դադարի, այն ժամանակ, եթե թույլ կտաք, պարոն Բեգինս, ես ձեզ հետ իսկապես կուզեի խոսել:

— Այդ ինչի՞ մասին պետք է իրար հետ խոսենք,— հարցրեց Ֆրոդոն՝ ասես չնկատելով, որ իրեն իսկական անունով կոչեցին:

— Բավական կարևոր գործերի մասին, և՛ ձեզ համար, և՛ ինձ համար,— պատասխանեց Պանդուխտը Ֆրոդոյի հայացքը որսալով: — Ի դեպ, մի՛ վախեցեք, սարսափելի ոչինչ չկա:

— Դեհ, ի՜նչ արած, կլսենք,— ասաց Ֆրոդոն, ջանալով խոսակցին չենթարկվել: — Հետո, քիչ ուշ:

Իսկ բուխարիկի մոտ տաք-տաք վիճում էին: Խոհանոց գնացած Լավր Նարկիսը լսում էր ընդհատ և իրար հակասող պատմությունները տարօրինակ իրադարձությունների մասին:

— Ես իմ աչքով տեսա, պարոն Նարկիս,— պնդում էր, մի հոբիթ: — Ես իմ աչքով տեսա, թե ոնց անտեսանելի դարձավ, հալվեց օդում ու վերջացավ գնաց:

— Այդպես մի ասեք, պարոն Օշինդրյակ,— կասկածում էր պանդոկպանը:

— Պիտի ասեմ,— պնդում էր պարոն Օշինդրյակը: — Ու ինչ ասում եմ, էն էլ հաստատում եմ...

— Չէ՛, էստեղ ինչ-որ բան տեղը չէ,— ասաց պանդոկպանը՝ կասկածանքով գլուխն օրորելով: — Որպեսզի պարոն Զառիթափցին իր կազմվածքով օդում ցնդի՞: Էն էլ էս օդում...

— Էդ դեպքում ու՞ր է նա,— գոռացին մի քանի ձայներ:

— Ես ինչ իմանամ, դա նրա գործն է, մենակ թե վաղը առավոտ չմոռանա վճարել: Իսկ ու՞ր պետք է կորչի: Հրեն պարոն Տուկը նստած է անկյունում ոչ մի տեղ էլ չի ցնդել:

— Ես իմ աչքով տեսա, թե նա ինչպես անտեսանելի դարձավ,— համառում էր պարոն Օշինդրյակը:

— Ինչ-որ սխալ է եղել,— չէր հանձնվում պարոն Լավր Նարկիսը՝ կոտրատված ամանեղենը սկուտեղի վրա հավաքելով:

— Իհարկե սխալ է,— ասաց Ֆրոդոն: — Ես ոչ մի տեղ էլ չեմ անհետացել: Ահա ես... Ուղղակի Պանդուխտի հետ մի երկու խոսք ունեի փոխանակելու:

Նա քայլ արեց առաջ ու նրան լուսավորեց բուխարիկի կրակը, բայց նրանից ընկրկեցին, ինչպես ուրվականից: Իզուր էր նա բացատրում, թե պարզապես արագորեն սողացել է սեղանների տակով: Մնացած հոբիթներին ու բրիեցիներին ասես քամին քշեց՝ ոչ գարեջուր, ոչ խոսակցություններ նրանք էլ չէին ուզում, իսկ ոմանք դռնից շրջվում էին ու խոժոռ նայում Ֆրոդոյին: Ոտքները կախ գցեցին միայն թզուկներն ու երկու կամ երեք օտարական մարդ՝ նրանք հրաժեշտ էին տալիս պանդոկպանին, նույնիսկ Ֆրոդոյի կամ նրա բարեկամների կողմը մի շեղ հայացք անգամ չգցելով: Շուտով դահլիճում մնաց միայն Պանդուխտը՝ պատի տակ, համարյա աննկատ: Սակայն պանդոկպանը շատ չվշտացավ. գիտեր, որ դեռ շատ երեկոներ կհավաքվի նույն ժողովուրդը՝ կդնի ու կվերցնի, կտա ու կառնի զարմանահրաշ դեպքը:

— Էս ինչե՞ր եք սարքում, պարոն Զառիթափցի,— ուրախ հանդիմանանքով հարցրեց նա: — Իմ մշտական հաճախորդներին վախեցրիք, ամանեղենը ջարդեցիք...

— Ներողություն եմ խնդրում, որ այդքան հոգսեր պատճառեցի,— ասաց Ֆրոդոն: — Հավատացնում եմ ձեզ, դա բացարձակապես առանց դիտավորության ստացվեց:

— Լինում է, լինում է, պարոն Զառիթափցի... Սակայն առաջիկայում, եթե խելքներիդ փչի անհետանալ կամ թե կախարդել, դուք արդեն նախօրոք ասեք՝ և ոչ թե ինչ-որ մեկի, այլ ինձ: Մենք էստեղ, գիտե՞ք, սովոր չենք ամեն տեսակ կախարդական բաների. ժողովրդին պետք է նախապատրաստել:

— Այլևս ոչ մի բան ու ման, պարոն Նարկիս, ես ձեզ հաստատ խոսք եմ տալիս: Ընդհանրապես, վաղուց արդեն մեր քնելու ժամանակն է. չէ՞ որ առավոտ վաղ շարժվում ենք: Դուք գոնե աչք պահեք, որ մեր պոնիները ժամը ութի կողմերը պատրաստ լինեն, լա՞վ:

— Լավ, պատրաստ կլինեն... Միայն թե քնելուց առաջ անձամբ ինձ հարկավոր է ձեզ հետ խոսել: Մի կարևոր բան է միտս ընկել, հուսով եմ, ոչ մի տխրելու բան չի լինի: Հիմա գործերս վերջացնեմ ու ուղիղ ձեզ մոտ, ձեր թույտվությամբ:

— Այո, խնդրեմ,— փնթփնթաց Ֆրոդոն ընկճված ձայնով և մտածեց՝ տեսնես ինչքան պետք է կարևոր բաների մասին խոսի քնելուց առաջ: Մի՞թե բոլորն այստեղ իր դեմ են: — նույնիսկ Լավր Նարկիսի կլորիկ, բարեհոգի դեմքը նրան չարագուշակ թվաց:

Գլուխ տասը. Պանդուխտը

Strider.jpg

Ֆրոդոն, Փիփինը և Սեմը մեկը մյուսի հետևից մտան իրենց մութ սենյակը: Մերին չկար, կրակը բուխարիկում հազիվ մարմրում էր: Միայն ածուխները բորբելով ու մի քանի կտոր ցախ գցելուց հետո նրանք նկատեցին, որ Պանդուխտն իրենցից հետ չի մնացել. նա, պարզվում է, արդեն նստել էր դռան մոտ դրված բազկաթոռին:

— Օհո՛... — ասաց Փիփինը: — Էս ո՞վ է, ի՞նչ է ուզում:

— Իմ անունը Պանդուխտ է,— պատասխանեց նա,— ձեր ընկերը խոստացավ խոսել ինձ հետ և, հուսով եմ, որ նա այդ մասին չի մոռացել:

— Այո, դուք ուզում էիք խոսել «բավական կարևոր գործերի» մասին,— հիշեց Ֆրոդոն: — Այդ ի՞նչ գործեր են:

— Հենց բավական կարևոր,— պատասխանեց Պանդուխտը: — Եվ գնի մասին պայմանավորվենք նախապես:

— Այսի՞նքն:

— Այսինքն ես ձեզ ասեմ, ինչ որ գիտեմ, բարի խորհուրդ կտամ ու կսպասեմ շնորհակալությանը:

— Իսկ դա մեզ վրա թա՞նկ է նստելու,— հարցրեց Ֆրոդոն: Նա որոշեց, որ կողոպտիչի է հանդիպել ու մտովի հաշվեց հետը վերցրած դրամը: Քիչ է, դե և ափսոս է տալը:

— Չես աղքատանա,— քթի տակ անուրախ ծիծաղեց Պանդուխտը՝ ասես կռահելով Ֆրոդոյի հաշիվները: — Ընդամենը ինձ վերցնում եք որպես ձեզ ուղեկից, իսկ ես գալիս եմ ձեզ հետ, քանի դա հարկավոր է ինձ:

— Ա՜յդ էր պակաս,— կտրեց Ֆրոդոն զարմացած ու առաջվանից ավելի տագնապահար: — Մեզ ուղեկից պետք չէ, իսկ եթե պետք լիներ, ես նրա մասին ամեն ինչ սկզբից կպարզեի՝ ով է նա ու ինչո՞վ է զբաղվում:

— Այդպես էլ պետք է,— հավանություն տվեց Պանդուխտը, ոտքը ոտին գցելով ու ավելի հարմար նստելով բազկաթոռում: — Կարծես թե դուք ուշքի եք գալիս, և դա ակնհայտորեն լավ է: Բավական է խենթություն անել: Ուրեմն ես ինչ որ գիտեմ, ձեզ կասեմ, իսկ շնորհակալությունը կմնա ձեզ վրա՝ թերևս, չի ուշանա:

— Այդ դեպքում արտահայտվեք, տեսնենք ի՞նչ գիտեք,— համբերությունից դուրս եկավ Ֆրոդոն:

— Չափազանց շատ այնպիսի բաներ, ինչի մասին դուք ավելի լավ է չիմանաք,— ասաց Պանդուխտը: — Ինչ վերաբերվում է ձեզ...

Նա վեր կացավ, մոտեցավ դռանը, արագ բաց արեց և դանդաղ ծածկեց: Հետո նորից նստեց բազկաթոռի մեջ:

— Ես նուրբ լսողություն ունեմ,— ասաց նա՝ ձայնը ցածրացնելով: — Ճիշտ է, անհետանալու ընդունակություն չունեմ, բայց առիթ ունեցել եմ դարանամուտ լինելու և ամենավախկոտ թռչունին անգամ որսալու: Այսօր երեկոյան ես դարանամտում էի Ուղին Արևմտյան Դարպասից մի երկու լիգ այն կողմ: Մեկ էլ տեսնեմ չորս հոբիթ մտան Ուղի Դամբանաթմբերի կողմից: Նորից չեմ պատմի, թե ինչի մասին էին խոսում իրար մեջ և ինչպես հրաժեշտ տվեցին ծերուկ Բոմբադիլին, բայց կարևորը՝ մի հոբիթը մյուսին ասում է. «Ու միաժամանակ հիշեք, որ ես հիմա էլ Բեգինս չեմ: Բեգինս անունը տալ չի կարելի: Որ հարցնեն, ուրեմն Զառիթափցի եմ»: Այստեղ իմ հետաքրքրությունը շարժվեց. ես հոբիթներին ուղեկցեցի մինչև դարպասը, և դրանից հետո՝ «Սիգարշավող պոնի»: Երևի պարոն Բեգինսն իզուր չի թաքցնում իր իսկական ազգանունը, բայց ես նրան խորհուրդ կտայի ավելի զգույշ լինել:

— Չեմ հասկանում, թե ինչու է իմ ազգանունն այստեղ հետաքրքրում ինչ-որ մեկի,— զայրացած պատասխանեց Ֆրոդոն: — Եվ արդեն բոլորովին չեմ հասկանում, թե ձե՛զ ինչու է հետաքրքրում: հավանաբար պարոն Պանդուխտը անտեղի չէ դարանամտում և թաքուն լսում, բայց ես խորհուրդ կտայի նրան հանելուկներով չխոսել:

— Խոսքի դիմաց խոսք,— ծիծաղեց Պանդուխտը: — Սակայն հանելուկներ չկան. ես սպասում եմ Ֆրոդո Բեգինս անունով մի հոբիթի: Նա ինձ պետք է և շատ շտապ: Ես գիտեմ, որ նա դուրս է եկել Հոբիթստանից՝ թաքցնելով գաղտնիքը, որը շատ կարևոր է իմ և իմ բարեկամների համար... Սպասե՛ք, մի՛ շտապեք,— գոչեց նա, երբ Ֆրոդոն տեղից վեր թռավ, իսկ Սեմը մարտահրավեր հայացքով չափեց նրան: — Ես ձեր գաղտնիքը ձեզանից վատ չեմ պահի: Իսկ պահել՝ հարկավոր է... — Նա կռացավ ու կիսաձայն ավելացրեց. — Զգոն եղեք, հետևեցեք ամեն մի ստվերի: — Սև Հեծյալներն արդեն եղել են Բրիում: Մեկը, ասում են, երեկ եկել է Կանաչով, իսկ երեկոյան կողմ և երկրորդը: Մեկը՝ հարավից, մեկը՝ հյուսիսից:

Լռություն տիրեց: Վերջապես Ֆրոդոն ասաց Փիփինին ու Սեմին.

— Ես պետք է իսկույն գլխի ընկնեի՝ դռնապանն էլ էր հարցաքննում, պանդոկպանն էլ էր թարս նայում՝ երևում է, ինչ-որ բան լսել են: Ախր իզուր չէր, որ մեզ դահլիճ քարշ տվեց: Իհարկե, մենք էլ պակաս չենք՝ պետք էր նստել մեր սենյակում, վերջացավ գնաց:

— Պետք էր,— հաստատեց Պանդուխտը: — Ես ձեզ դա կբացատրեի, բայց Լավրը խանգարեց՝ հո կռիվ չէի անելու:

— Իսկ դուք կարծում եք նա... — ուզում էր սկսել Ֆրոդոն:

— Ոչ, ես այդպես չեմ կարծում,— հարցը կանխեց Պանդուխտը: — Ուղղակի Լավրը տանել չի կարողանում ինձ նման անտեր ու անտուն թափառաշրջիկներին:

Ֆրոդոն շփոթված նայեց նրան:

— Ճիշտը խոսենք, տեսքով ես շրջմոլիկից ինչո՞վ եմ լավ,— քմծիծաղեց Պանդուխտը՝ աչքերը փայլեցնելով: — Սակայն հուսով եմ, որ մենք դեռ ինչպես հարկն է կծանոթանանք, և այն ժամանակ էլ դու ինձ կբացատրես, թե ինչ կարիք կար առանց երգը վերջացնելու անհետանալ: Այդ արարքը...

— Դա արարք չէր, այլ պատահաբար ստացվեց,— ընդհատեց նրան Ֆրոդոն:

— Ենթադրենք պատահաբար,— համաձայնեց Պանդուխտը: — Այսինքն, քո կամքից անկախ: Բայց այդ հանկարծադիպության պատճառով հիմա դուք բոլորդ սպառնալիքի տակ եք:

— Որ վտանգը գլխներիս կախված է, դա նորություն չէ: Հեծյալները վաղուց են հետապնդում ինձ: Բայց հիմա, կարծես թե, կորցրել են մեզ ու առաջ գնացել:

— Իզուր ես այդպես մտածում,— խստությամբ առարկեց Պանդուխտը: — Նրանք դեռ կվերադառնան ու շատ ավելի մեծ քանակով: Նրանց քանակն ինձ հայտնի է, քանի որ ես գիտեմ, թե նրանք ովքեր են: — Նա լռեց, և աչքերն անողորմ փայլեցին: — Այստեղ՝ Բրիում, քիչ չեն անպետք մարդիկ: Օրինակ Բիթ Կաղամախը, այսօր տեսա՞ք նրան: Նա վատ համբավ ունի՝ ով ասես նրա մոտ չի հյուրընկալվում... Անպայման նկատել եք՝ սև-սև, հեգնալի քմծիծաղով: Կպավ մի հարավցու և նրա հետ դուրս եկավ՝ քո անսպասելի արարքից հետո: Հարավցիների վրա ես շատ եմ կասկածում, իսկ Բիթ Կաղամախը ում ասես մի գրոշով կմատնի, նույնիսկ ոչ թե դրամի, այլ պարզապես զվարճության համար:

— Նա այդ ո՞ւմ պետք է մատնի, և ի՞նչ գործ ունի այստեղ իմ, ինչպես դու ես ասում, արարքը,— հարցրեց Ֆրոդոն՝ առաջվա պես իբր չնկատելով Պանդուխտի ակնարկները:

— Ձեզ՝ և լավ գնով,— պատասխանեց Պանդուխտը: — Այսօրվա երեկոյի մասին պատմությունը շատ թանկ արժե: Կեղծ անունով հիմա ոչ ոքի չես խաբի. ամեն ինչ պարզից էլ պարզ է: Դեռ լույսը չբացված ձեզ կճանաչեն: Բացատրությունները բավարա՞ր են: Ինձ ուղեկցող վերցրեք կամ մի վերցրեք, ձեր գործն է: Բայց նկատի ունեցեք, ես Հոբիթստանի և Մշուշապատ Լեռնաշղթայի միջև ընկած հողերը հինգ մատիս պես գիտեմ՝ երկար տարիների դեգերումների ընթացքում չափչփել եմ դրանք լայնքով ու երկայնքով: Ես ավելի մեծ եմ, քան ձեզ թվում է, և իմ փորձը ճանապարհին ձեզ պետք կգա: Քո այսօրվա արարքից հետո Ուղի դուրս գալ ձեզ չի կարելի, Հեծյալներն օր ու գիշեր կհսկեն այն: Բրիից դուք գուցեև դուրս գաք, կանցնեք ցերեկով մի ժամ, երկու, իսկ հետ ի՞նչ: Կհասնեն ձեր հետևից ճանապարհից հեռու, որտեղ ոչ ոք չկա, որ գոնե օգնություն կանչեք: Դուք գիտե՞ք ինչ կլինի ձեզ հետ, եթե նրանք հասնեն ձեզ: Զգուշացեք...

Պանդուխտի ձայնը փոխվեց: Հոբիթները զարմանքով տեսան, որ նրա խաղաղ դեմքը մթնեց, իսկ ձեռքերով նա պինդ սեղմում էր բազկաթոռի արմնակալները: Սենյակում լռություն տիրեց, նույնիսկ կրակը բուխարիկում կարծես հանգավ: Պանդուխտը նայում էր չտեսնող աչքերով, ասես հիշում էր ինչ-որ վաղեմի եղելություն կամ ականջ էր դնում գիշերվա ձայներին:

— Մի խոսքով, ահա թե ինչ,— ասաց նա՝ ձեռքը ճակատին քսելով: — Ես ձեզ հետապնդողների մասին ավելի շատ գիտեմ, քան դուք: Դուք նրանցից վախենում եք, և ճիշտ եք անում, միայն ամենասարսափելին չեք հասկանում: Հարկավոր է, որ վաղը ձեր հետքն անգամ չլինի այստեղ: Պանդուխտը կտանի ձեզ անհայտ արահետներով, եթե նրան վերցնեք որպես ձեզ ուղեկցող:

Նորից լռություն իջավ: Վախն ու կասկածը պատել էր Ֆրոդոյին, և նա ուշացնում էր պատասխանը: Սեմը խոժոռվեց, նայեց տիրոջը, վեր թռավ ու կարկուտի պես թափեց.

— Ձեր թույլտվությամբ, տեր իմ, ես կասեմ՝ ոչ, պիտանի չէ... Պանդուխտն անընդհատ վախեցնում է՝ զգուշացե՛ք, էստեղ ես նրա հետ համաձայն եմ: Միայն թե սկզբից հենց իրենից չզգուշանա՞նք: Չէ՞ որ նա Խլուտից է եկել, իսկ էնտեղ ապրողների մասին ինչ ասես, որ չենք լսել: Մեր մասին մի թեթև իմացել է, էդ պարզ է: Բայց, մեկ է, չեմ հասկանում, թե ինչու պետք է նրան ուղեկցող վերցնենք ու մեր կամքով գնանք էնտեղ, որտեղ, ոնց ինքն է ասում, իսկի օգնություն էլ չես կանչի: Ո՛չ, տեր իմ, դուք գիտեք, իհարկե, իսկ իմ սրտովը չի էդ մարդը:

Փիփինն աթոռին նստած շարժում արեց, բայց լռեց: Պանդուխտը Սեմին չպատասխանելով, հարցական նայեց Ֆրոդոյին: Վերջինս հայացքը փախցրեց:

— Ո՛չ, Սեմ, դու, երևի, ճիշտ չես,— դանդաղ ասաց նա: — Իսկ դու,— նա դիմեց Պանդուխտին,— բոլորովին այնպիսին չես, ինչպիսին երևում ես արտաքնապես... Սկսեցիր խոսել, թվաց՝ բրիեցի ես, իսկ հիմա ձայնդ էլ է ուրիշ: Սակայն, որոշ առումներով, Սեմն իրավացի է. խորհուրդ ես տալիս զգուշանալ ամեն մի ստվերից, իսկ ինքդ սպասում ես, որ մենք իսկույն ու անպայման վստահենք քեզ: Իրականում ո՞վ ես դու: Դու իմ մասին, իմ գործերի մասին ի՞նչ գիտես, և ինչպե՞ս ես իմացել:

— Տեսնում եմ, դուք առանց իմ խորհուրդների էլ զգույշ եք,— քմծիծաղեց Պանդուխտը: — Բայց զգուշավորությունը մի բան է, անվճռականությունը՝ մի ուրիշ բան: Առանց ինձ դուք Ռիվենդել չեք հասնի, այնպես որ ուզեք, թե չուզեք, պետք է ինձ հավատաք: Քո հարցերին, ճիշտ է, ոչ բոլորին, պատրաստ եմ պատասխանել: Միայն թե դրանից ի՞նչ օգուտ, եթե դուք ինձ չեք վստահում: Ես կպատասխանեմ, դուք էլի կհարցնեք: Այսպես մինչև լույս կարելի է խոսել: Ի դեպ...

Դուռը ծեծեցին և շեմին հայտնվեց պարոն Նարկիսը մոմերով, իսկ նրա թիկունքում երևաց Նոբը՝ եռացրած ջրով դույլերով: Պանդուխտն աննկատելի վեր կացավ և գնաց մութ անկյունը:

— Եկա ձեզ բարի գիշեր մաղթեմ,— ասաց պանդոկպանը՝ մոմակալները սեղանին դնելով: — Նոբ, ջուրը ոչ թե այստեղ, այլ ննջարանները տար:

Նա դուռը փակեց ու շրջվեց դեպի հոբիթները:

— Ահա թե ինչ կուզեի ասել,— սկսեց պանդոկպանը շփոթված ու անվճռական: — Եթե իմ պատճառով ինչ-որ տհաճություն է եղել, մեծահոգաբար ներեք: Ինքներդ էլ գիտեք, ախր, մեկը մյուսի վրա է թափվում, իսկ ես գործի մեջ խեղդված մարդ եմ: Հասկանում եք, ինձ կարգադրված էր Հոբիթստանից Ֆրոդո Բեգինս անունով մի հոբիթի սպասել:

— Իսկ ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ,— հարցրեց Ֆրոդոն:

— Դե ինչ ասեմ,— գլխով արեց պանդոկպանը: — Ես ձեզ չեմ մատնի, հանգիստ եղեք: Ինձ ասված էր, որ այդ Բեգինսը կգա Զառիթափցի անվան տակ և նույնիսկ տրված են, կներեք, նշանները:

— Այո՞, և ի՞նչ նշաններ են,— հապճեպ ընդհատեց նրան Ֆրոդոն:

— Սովորական հոբիթից բոյով, ամրակազմ, կարմրաթուշ,— հաղթանակած, անգիր շարեց Լավրը:

Փիփինը ծիծաղեց, իսկ Սեմը հոնքերը կիտեց:

— «Չնայած, Լավրիկ, դրանք քեզ համար նշաններ չեն,— ասաց ինձ նա այդ ժամանակ: — Հոբիթներն իրար նման ժողովուրդ են, բոլորն ամրակազմ են, բոլորը կարմրաթուշ: Բայց նկատի ունեցիր, այնուամենայնիվ, մյուսներից բարձրահասակ, շիկավուն և փոսիկավոր կզակով: Հայացքը մտածկոտ է, աչքերը՝ փայլուն, նայում են ուղիղ:» Ներող կլինեք, բայց ես նրա խոսքերի համար պատասխանատու չեմ, եթե որևէ բան այնպես չէ:

— Նրա խոսքերի համա՞ր, իսկ ո՞վ է նա,— հուզված հարցրեց Ֆրոդոն:

— Նա՞: ա՜խ, այո, մոռացա ասեմ, դե իմ բարեկամը, Գենդալֆը: Առհասարակ նա հրաշագործ է, բայց մենք միշտ բարեկամություն ենք արել: Իսկ հիմա, ա՜խ, իսկի չգիտեմ էլ, թե ինչի սպասեմ. կամ իմ ամբողջ գարեջուրը կթթվեցնի, կամ ինձ քոթուկ կդարձնի, նրա համար դա վարկյանի գործ է: Պատիժ տալիս հո ճապուկ է: Բայց կոտրածը չես կպցնի, ինչ եղել է, եղել է...

— Իսկ դուք ի՞նչ վատ բան եք արել,— անհամբեր հարցրեց Ֆրոդոն:

— Հա, ինչի՞ մասին էի,— մտածմունքի մեջ ընկավ պանդոկպանը՝ մատները մոլորված ճրթացնելով: — Ախ, դե այո, ծերուկ Գենդալֆը: Երեք ամիս առաջ նա կանգ առավ իմ պանդոկում: Եվ ահա մի անգամ գիշերը ներս է ընկնում իմ սենյակը՝ մոռանալով նույնիսկ դուռը թակել, և ասում է. «Առավոտյան, Լավրիկ, մենք արդեն չենք տեսնվի, մինչև լուսանալը գնալու եմ: Մի հանձնարարություն ունեմ քեզ»: — «Լսում եմ,— ասում եմ,— թեկուզ՝ տասը»: Իսկ նա ինձ. «Դու կարո՞ղ ես հարմար առիթը ներկայանալու դեպքում նամակ ուղարկել Հոբիթստան: Կարո՞ղ ես փոխանցել հուսալի մեկի հետ»: — «Դե, մեկն ու մեկին կգտնեմ,— պատասխանում եմ,— վաղը կամ մյուս օրը»: — «Մյուս օրվան,— ասում է,— մի հետաձգիր»: Եվ նամակը տվեց ինձ: Հասցեն գրված է լույսի պես պարզ:

Նա գրպանից հանեց նամակը, շատ լուրջ տեսք ընդունեց (քանի որ շատ էր պարծենում իր գրագիտությամբ) և վանկերով կարդաց.

«Հոբիթստան, Զառիթափի Բեգ-Էնդ, Ֆրոդո Բեգինսին»:

— Նամակ, ի՜նձ Գենդալֆի՜ց,— բացականչեց Ֆրոդոն:

— Ուրեմն ձեր իսկական ազգանունը Բեգի՞նս է,— հարցրեց պանդոկպանը:

— Ինքներդ գիտեք,— ասաց Ֆրոդոն: — Այդ նամակը տվեք ինձ և բացատրեք խնդրեմ, ինչու՞ ժամանակին չեք ուղարկել: Դրա համար էլ երևի եկել եք... Սակայն շատ դանդաղ եք տեղից շարժվել...

— Դուք ճիշտ եք, տեր իմ,— մեղավոր տեսքով խոստովանեց խեղճ Լավրը: — Ու նորից ենք ներողություն խնդրում: Թե Գենդալֆն ինձ ի՞նչ կանի՝ ուղղակի սարսափելի է մտածել: Մենակ թե, ես ախր, առանց հետին մտքերի. դե մի լավ տեղ պահեցի, մինչև հարմար առիթ լինի, իսկ առիթ չկա ու չկա՝ դե օրվա հոգսերի մեջ գլխիցս թռել է: Դրա փոխարեն հիմա արդեն կաշվիցս դուրս կգամ՝ ես եմ սխալմունք թույլ տվել, ես էլ պիտի տեղը հանեմ ինչով կարող եմ, միայն ասեք, իսկույն կանեմ: Դե և բացի նամակից ահա թե ինչ պայման ենք ունեցել ես ու Գենդալֆը: Նա ինձ ասաց. «Լավր, էստեղ քեզ մոտ կանցնի իմ բարեկամներից մեկը, Հոբիթստանից, գուցեև ոչ մենակ, անունը կլինի Զառիթափցի: Ավելորդ հարցեր չտաս նրան: Փորձանքի մեջ կընկնի, կօգնես, ոչինչ չխնայես, ինքդ էլ գիտես, պարտքի տակ չեմ մնա»: Ուրեմն, ահա և դուք, իսկ փորձանքն էլ կողքներիդ ֆռֆռում է:

— Այսի՞նքն,— զգուշացավ Ֆրոդոն:

— Դե այդ սևերին նկատի ունեմ,— բացատրեց պանդոկպանը՝ ձայնը ցածրացնելով: — Ախր նրանք Բեգինսին էին հարցնում, և հոբիթ լինեմ, թե բարի նպատակով էին հարցնում: Երկուշաբթի ժամանեցին՝ շները վնգստում էին ու ոռնում, սագերը ղռվռում էին ու կռնչում: Մի սարսափելի՜ բան, ազնիվ խոսք: Երկուսը դռնից ներս խցկվեցին ու ֆսֆսացնում են՝ Բեգինս պահանջում... Նոբի մազերը բիզ-բիզ էին կանգնել: Դե դրանց մի կերպ ճամփու դրի. իբր շարունակեք ճամփան, էնտեղ էլ կգտնեք ձեր Բեգինսին էլ, ու էլ ինչ կուզեք: Իսկ նրանք գնալը գնացին, բայց, ասում են, մինչև Արչեթ ձեզ են ամեն տեղ հարցրել: Եվ էդ հետքագետն էլ, ինչ էր անունը, դե էդ Պանդուխտը՝ նա էլ էր ամբողջ ժամանակ ձեզանից հարցնում և ուղղակի իրեն կոտորում էր այստեղ գալու համար. չէր համբերում, որ ընթրեիք ու հանգստանայիք:

— Ճիշտ ես ասում, ինձ կոտորում էի,— հանկարծ խոսեց Պանդուխտը մթությունից դուրս գալով: — Եվ իզուր դու, Լավր, ինձ չէիր թողնում՝ քո հոգսերն ավելի քիչ կլինեին...

— Իսկ դու, ուրեմն, արդեն էստեղ ես,— գնդակի պես վեր թռավ պանդոկպանը,— խցկվել ես, էլի... Հիմա՞ ինչ ես ուզում, շնորհ արա, ասա...

— Հիմա իմ գիտությամբ է այստեղ,— հայտարարեց Ֆրոդոն: — Նա եկել է իր օգնությունն առաջարկելու:

— Դե, ինչպես ասում են, դուք գիտեք,— ուսերը թոթվեց պարոն Նարկիսը՝ կասկածանքով Պանդուխտին չափելով: — Միայն թե ես ձեր տեղը լինեի, հետքագետների հետ, գիտեք, գործ չէի բռնի:

— Իսկ ու՞մ հետ կհրամայես նրան գործ բռնել,— ատամների արանքից շպրտեց Պանդուխտը: — Ճարպակալած միկիտանի հե՞տ, որն իր անունն է հազիվ հիշում, չնայած ամբողջ որը ձայն են տալիս ու հիշեցնում: Հո չե՞ն կարող հավիտյանս փակվել քո «Պոնիում»: Տուն վերադառնալ էլ չեն կարող: Նրանց հարկավոր է ձիերով կամ ոտքով գնալ առաջ, շա՜տ հեռու: Կամ գուցե ինքդ նրանց հետ կգնաս՝ կպաշտպանես Սև Հեծյալներից...

— Էդ ե՞ս... Որ ես Բրիից դու՞րս գամ... Որ միլիոն տան... — մահվան չափ վախեցավ գիրուկը, կարծես իսկապես իրեն առաջարկեցին: — Դե, իսկ եթե պարոն Զառիթափցի, իսկապես էլ մնաք ինձ մոտ: Ինչու՞ շտապեք: Առհասարակ սա ի՞նչ իրարանցում է այդ սև հրեշների պատճառով: Դրանք որտեղի՞ց հայտնվեցին:

— Ներեցեք, բայց ամբողջը բացատրել չեմ կարող,— ասաց Ֆրոդոն: — Ես շատ հոգնած եմ ու ինձ լավ չեմ զգում, իսկ պատմությունը երկար է: Բայց եթե իսկապես ուզում եք ինձ օգնել, ապա պետք է ձեզ զգուշացնեմ, որ քանի դեռ գտնվում եմ այս պատերի ներսում, դուք նույնպես վտանգի մեջ եք: Ինչ վերաբերվում է Սև Հեծյալներին, ճշգրիտ ասել չեմ կարող, բայց վախենում եմ, որ նրանք...

— Նրանք Մորդորից են, Լավր, հասկանու՞մ ես, Մորդորից,— շշնջաց Պանդուխտը:

— Դրա՜նց տես,— վախից սփրթնեց Լավր Նարկիսը: Երևում է, Մորդոր բառը խորն էր մեխված նրա հիշողության մեջ: — Վաղուց մեզ մոտ Բրիում ավելի վատ բան չէինք լսել:

— Դեռ կլսեք,— ասաց Ֆրոդոն: — Իսկ օգնել ինձ, այնուամենայնիվ համաձա՞յն եք:

— Ախր էդ ոնց չեմ օգնի, կօգնեմ,— արագ շշնջալով վստահեցրեց պարոն Նարկիսը: — Չնայած չգիտեմ, թե ինչ օգուտ ինձանից ու ինձ նմաններից դրանց... այդ... — նա կարկամեց:

— Այդ Խավարի դեմ, որ խտանում է արևելքում,— վերջացրեց Պանդուխտը: — Օգուտը քիչ է, Լավր, բայց ինչ էլ որ կա, կա: Օրինակ, դու կարող ես առանց վախենալու գիշերը քեզ մոտ թողնել պարոն Զառիթափցուն և նրա ազգանունը չհիշատակել:

— Իհարկե՛, իհարկե՛,— տեսանելի վախով, բայց և վճռականությամբ գլխով արեց պանդոկպանը: — Բայց այդ Սևերը, ախր առանց իմ օգնության էլ գլխի կընկնեն, թե որտեղ է նա: Ա՜խ, ինչ ափսոս էր, որ պարոն Բեգինսն այդպես իրեն ջրի երես հանեց: Բիլբոյի մասին էստեղ վաղուց են լսել ու կշտացած են: Նոբը որ Նոբ է, էլի տեսա՞ք, հասկացավ, բայց չէ՞ որ մենք ավելի շուտ գլխի ընկնողներ էլ ունենք:

— Դե ինչ, մնում է հուսալ, որ Հեծյալներն այս գիշեր վրա չեն տա,— ասաց Ֆրոդոն:

— Իհարկե՛, իհարկե՛, հարկավոր է հուսալ,— շտապեց հաստատել Լավրը: — Հազար անգամ էլ ուվական դառնան՝ մեկ է, «Պոնի» չեն մտնի: Մինչև առավոտ հանգիստ քնեք: Նոբը ձեր մասին մի ավելորդ բառ անգամ չի ասի, մենք էլ ամբողջ գիշեր աչքներս չորս կանենք, որ հազարումի ստահակներ այստեղ թրև չգան:

— Որպեսզի լուսադեմին մեզ արթնացնեն,— պատվիրեց Ֆրոդոն: — Հարկավոր է առավոտ կանուխ դուրս գալ: Վաղը, բարի եղեք, ժամը վեցն անց կեսին:

— Եղավ, պատվերը՝ պատվեր է,— ուրախացավ պանդոկպանը: — Բարի գիշեր, պարոն Բեգինս, այսինքն՝ ներեցեք, Զառիթափցի... Ա՜, մի վայրկյան, իսկ ու՞ր է պարոն Բրենդիբաքը:

— Չգիտեմ,— վայրկենապես անհանգստանալով արձագանքեց Ֆրոդոն: Մերիի մասին նրանք ինչ-որ մոռացել էին, իսկ ժամն արդեն շատ ուշ էր: — Զբոսնում է երևի, ասաց, որ գնում է մաքուր օդ շնչելու:

— Էհ, ձեր հետևից հարյուր աչք է պետք, հարյուր աչք,— հառաչելով նկատեց պարոն Նարկիսը: — Գնամ կարգադրեմ բոլոր դռները փակեն, երբ, իհարկե, ձեր բարեկամը վերադառնա: Նոբին կուղարկեմ՝ թող փնտրի:

Վերջապես պանդոկպանը գնաց, նորից մի թռուցիկ հայացք գցելով Պանդուխտի վրա ու գլուխն օրորելով: Միջանցքում նրա քայլերը հեռացան ու մարեցին:

— Դեհ ինչ, նամակը կարդալու՞ ես,— հարցրեց Պանդուխտը:

Ֆրոդոն ուշադիր զննեց կնիքը, հետո պոկեց այն: Այո, Գենդալֆի կնիքն էր, կասկած չկար: Նամակը գրված էր արագ ու պարզ ձեռագրով:

«Սիգարշավող պոնի», Բրի: Գիշերահավասար: Հոբիթստանի թվարկության 1414-րդ տարի»:

Իմ բարեկամ Ֆրոդո...

Ինձ վատ լուրեր են հասել: Շտապում եմ, ժամանակ բոլորովին չկա, իսկ դու Բեգ-Էնդից արագ դուրս արի, հուլիսի վերջին, ամենաուշը, որպեսզի Հոբիթստանում հետքդ անգամ չլինի... Հենց կարողանամ՝ կվերադառնամ, կուշանամ՝ հետևներիցդ կհասնեմ: Եթե անցնեք Բրիով, ինձ համար տեղեկություն թողեք: Պանդոկպանին (Նարկիսին) կարելի է վստահել: Հուսով եմ, ճանապարհին կհանդիպեք իմ ընկերոջը. բարձրահասակ, թխահեր, կոչում են Պանդուխտ: Նա ամեն ինչ գիտե և կօգնի: Գնացեք Ազատք՝ այնտեղ արդեն անպայման կտեսնվենք, իսկ եթե չհասցնեմ, Էլրոնդը ձեր մասին հոգ կտանի և կասի ինչ անել հետագայում: Գենդալֆ:

Հա, ի դեպ, չհագնես այն, ոչ մի դեպքում չհագնես... Գնացեք ցերեկը, գիշերը թաքնվեք...

Դարձյալ ի դեպ, երբ հանդիպեք Պանդուխտին, զգույշ եղեք՝ ո՞վ գիտե, էլ ով կարող է այդպես կոչվել: Նրա իսկական անունը Արագորն է:


Ուրիշ է փայլը հնագույն ոսկու,
Հին սրի շեղբին դեռ ժանգ չի պատել,
Մարտադաշտ կելնի հետքագետ արքան,
Հասուն լինելը ծեր լինել չէ դեռ:
Կրակ կծնվի հանգած մոխրից,
Խավարը կցրվի շողացող լույսից
Կոտրված սուրը նորից կկռվի
Եվ արքան կրկին արքա կկոչվի:

Դարձյալ, հուսով եմ, Լավրը նամակն ուղարկելը չի ուշացնի: Նա կարգին մարդ է, բայց հիշողությունը ծակ մաղի նման է: Որ մոռանա՝ մեծ կտորն ականջն եմ թողնելու:

Հաջողություն:

Tolkien lotr 94.gif

Ֆրոդոն կարդաց մտքում, հետո տվեց Փիփինին և գլխով արեց Սեմի կողմը՝ իբր կարդա և տուր նրան:

— Այո՜... այ թե գործ է արել մեր աղավնյակ Նարկիսը... — ասաց նա: — Արժե, որ Գենդալֆն իսկապես նրա մեծ կտորն ականջը թողնի: Էհ, նամակը ժամանակին ստացած լինեի, հիմա վաղուց արդեն Ազատքում կլինեինք: Բայց ի՞նչ է տեղի ունեցել Գենդալֆի հետ: Նա այնպես է գրում, ասես պատրաստվելիս է եղել կրակի մեջ թռչել:

— Նա արդեն երկար տարիներ կրակի միջով է քայլում,— ասաց Պանդուխտը:

Ֆրոդոն շրջվեց ու մտածկոտ նայեց նրան՝ հիշելով Գենդալֆի «դարձյալը, ի դեպը»:

— Ինչու ինձ չասացիր, որ նրա բարեկամն ես,— հարցրեց նա: — Ու հարցը կփակվեր:

— Կարծու՞մ ես: Դուք ինձ հիմա էլ մինչև վերջ չեք վստահում, կարծում ես, կհավատայի՞ք,— առարկեց Պանդուխտը: — Իսկ նամակի մասին ես չգիտեի: Ստիպված պետք է լինեիք հավատալ ասածիս՝ այլապես ոչնչով օգնել չէի կարողանա: Բացի դրանից, ես չէի պատրատվում առաջին իսկ պահից բացվել ձեզ: Նախ և առաջ ես ուզում էի համոզվել, որ դու իսկապես Ֆրոդոն ես, այլ ոչ թե ինչ-որ մեկի լարած թակարդը: Թշնամին հաճախ է իմ դեմ այդպիսի թակարդներ լարում: Ես պարզեցի, ինչ պետք էր և որոշեցի, որ քո բոլոր հարցերին կպատասխանեմ, սակայն հույս ունեի,— ասաց նա տարօրինակ ժպիտով,— որ դուք ինձ կվստահեք և առանց հատուկ բացատրությունների: Անօթևան թափառականը երբեմն ուղղակի հոգնում է թշնամանքից ու անվստահությունից և բարեկամի կարիք է զգում: Սակայն, այո, իմ տեսքն էլ բարյացակամություն չի տրամադրում:

— Դա այդպես է,— նամակի ընթեցումն ավարտելով թեթևացած ծիծաղեց Փիփինը: — Բայց մեզ մոտ, Հոբիթստանում ասում են՝ փետուրն արծվի է, ներսը՝ ագռավի: Իսկ դու ի՜նչ տեսք պիտի ունենայիր, եթե մեկ-երկու շաբաթ դարան մտած ես եղել:

— Դարան մտնելը դատարկ բան է,— ասաց Պանդուխտը: — Հետքագետի տեսք ունենալու համար պետք է ոչ թե մեկ, այլ շատ տարիներ Խլուտում թափառես: Դուք այդպիսի փորձություններ չեք տեսել... և լավ է, որ չեք տեսել:

Փիփինը հավատաց, բայց Սեմը դեռ տարակուսանքով զննում էր Պանդուխտին:

— Իսկ մենք ո՞նց իմանանք, թե դու էն Պանդուխտն ես, որի մասին գրում է Գենդալֆը,— հարցրեց նա կասկածանքով: — Չէ որ դու Գենդալֆի անունն էլ չէիր տալու, եթե նամակը չլիներ: Կարող է պատահել, դու առհասարակ փոխված ես՝ ծեծել ես իսկականին, որ մեզ չգիտես, թե ուր տանես: Սրան ի՞նչ կասես:

— Կասեմ, որ փորձված ճնճղուկին մղեղով չես խաբի,— պատասխանեց Պանդուխտը: — Մի բան կարող եմ ասել քեզ, Սեմ Գեմջի, որ եթե ես սպանած լինեի իսկական Պանդուխտին, ապա քեզ հետ այսքան երկար չէի խոսի, իսկ եթե Մատանուն տիրելու միտք ունենայի, ապա այն արդեն իմը կլիներ...

Նա վեր կացավ և ասես աճեց: Նրա աչքերում փայլեց դաժան ու տիրական կրակը: Նա թիկնոցը արձակեց և ձեռքը դրեց մինչ այդ չնկատված թրի դաստապանին: Հոբիթները քարացան՝ չհամարձակվելով շարժում անգամ անել: Սեմը բերանը բաց նայում էր Պանդուխտին:

— Մի՛ վախեցեք, ես իսկական Պանդուխտն եմ,— ասաց նա անսպասելի ժպիտով: Ես Արագորնն եմ, Արաթհորնի որդին և ձեր կյանքի գրավականն է իմ կյանքը կամ մահը:

Լռությունը երկար տևեց: Վերջապես Ֆրոդոն խոսեց:

— Ես այդպես էլ գիտեի, որ դու բարեկամ ես, դեռ նամակից առաջ,— ասաց նա: — Դե, գուցե հաստատ չգիտեի, բայց այնուամենայնիվ հույս ունեի: Այսօր երեկոյան վախեցրիր ինձ և ո՛չ մեկ անգամ, բայց դա այն սահմռկեցնող վախը չէ: Կարծում եմ, թշնամու լրտեսը դրսից հաճելի, բայց ներսից նեխած կլիներ:

— Դե, այո,— ծիծաղեց Պանդուխտը: — Փաստորեն ես տեսքից սարսափելի եմ, իսկ ներսից ոչ այնքան, հա՞: Ի դեպ, «Ուրիշ է փայլը հնագույն ոսկու»:

— Ուրեմն բանաստեղծությունը ձե՞ր մասին է,— հարցրեց Ֆրոդոն: — Ախր ես չէի կարողանում հասկանալ, թե ինչ կապ կա... Իսկ որտեղի՞ց գիտես, որ Գենդալֆը հիշատակում է քո մասին, չէ՞ որ նամակը չես կարդացել:

— Դե ես չգիտեմ էլ,— պատասխանեց նա: — Միայն թե ես Արագորնն եմ, որ կամ, ուրեմն բանաստեղծությունն էլ իմ մասին է:

Պանդուխտը թուրը հանեց պատյանից, և նրանք տեսան, որ համարյա կոթի մոտ շեղբը կոտրված է:

— Սրանից օգուտ չկա, ճի՞շտ է, Սեմ,— ժպտալով ասաց նա: — բայց մոտենում է ժամանակը, երբ այն նորից կկռեն:

Սեմը լռեց:

— Դե ինչ,— ասաց Պանդուխտը,— ուրեմն, Սեմի թույլտվությամբ հարցը որոշված է: Պանդուխտը ձեր ուղեկիցն է: Վաղը մեզ շատ դժվար ճանապարհ է սպասվում: Եթե նույնիսկ մենք առանց խոչընդոտի դուրս գանք Բրիից, միևնույնն է, դժվար թե առհասարակ աննկատ դուրս գանք: Գոնե պետք է աշխատենք, որ մեզ աչքից կորցնեն. այստեղից դուրս գալու մեկ-երկու անհայտ արահետ կա: Հենց հետապնդողներին մոլորեցնենք, կգնանք ուղիղ դեպի Թխպամած:

— Դեպի Թխպամա՞ծ,— անվստահությամբ հարցրեց Սեմը: — Էդ Թխպամածս ո՞րն է:

— Թխպամած կամ Թխպամած Գագաթ՝ դա մի սար է Ուղուց հյուսիս, Ռիվենդելի ճանապարհի կեսին: Սարի գլխից ամեն ինչ երևում է, ա՜յ թե շուրջներս կնայենք: Եթե Գենդալֆը գա մեր հետքերով, նա էլ այնտեղ կգա: Իսկ Թխպամածից հետո ավելի դժվար է, ավելի վտանգավոր:

— Վերջին անգամ ե՞րբ ես տեսել Գենդալֆին,— հարցրեց Ֆրոդոն: — Դու գիտե՞ս, թե որտեղ է նա, ինչպե՞ս է:

— Ոչ, չգիտեմ,— մռայլ պատասխանեց Պանդուխտը: — Գարնանը մենք միասին վերադարձանք Արևելքից: Վերջին տարիներին հաճախ էի փոխարինում նրան Հոբիթստանի սահմանին, քանի նա ուրիշ գործերով էր զբաղված... Ձեր սահմանները համարյա երբեք առանց պահակի չէր թողնում: Վերջին անգամ նրան տեսել եմ մայիսի սկզբին. ասաց, որ ամեն ինչ կարգավորված է, և որ դու սեպտեմբերի վերջերին կշարժվես դեպի Ռիվենդել: Ես գիտեի, որ նա քեզ իր տեսադաշտից չի կորցնում, և հանգիստ խղճով մեկնեցի իմ գործերով, բայց իզուր, պետք եկած կլինեի: Ըստ երևույթին, նա անսպասելի լուր է ստացել և օգնության կարիք է ունեցել, իսկ ես կողքին չեմ եղել: Այն ժամանակից ի վեր, ինչ մենք ծանոթ ենք, առաջին անգամ եմ տագնապ ապրում: Ենթադրենք նա չի կարողացել գալ, բայց ինչ-որ լուր պետք է անպայման ուղարկած լիներ, իսկ լուր չկար: Երբ ես վերադարձա, իսկ դա շատ օրեր առաջ էր, ինձ վատ լուրեր հասան, որ Գենդալֆը կորել է, իսկ Հոբիթստանում վարգում են Սև Հեծյալները: Դա ինձ Գարալդի էլֆերը պատմեցին: Նրանցից էլ իմացա, որ դուք Բրենդիդուիմքի ճանապարհին եք և որոշեցի սպասել ձեզ Արևմտյան Ուղու մոտ:

— Ուրեմն, քո կարծիքով Սև Հեծյալնե՞րն են բռնել Գենդալֆին,— հարցրեց Ֆրոդոն:

— Եթե ոչ նրանք, ապա թերևս Թշնամին ինքը, թե չէ նրան բռնելը ուրիշ ոչ մեկի ուժի բանը չէ,— ասաց Պանդուխտը: — Բայց մի՛ հուսահատվիր, գլուխդ վեր... Դուք ձեր Հոբիթստանում կարգին չգիտեք, թե Գենդալֆն ով է, ինչացու է, դուք միայն նրա կատակներին և ուրախ խաղերին եք տեղյակ: Ճիշտ է, այս անգամ նրա խնդիրը սովորականից առավել վտանգավոր է:

— Օ՜հ, ներեցե՛ք,— հանկարծ հորանջեց Փիփինը,— բայց ես սարսափելի հոգնել եմ: Տագնապներն ու հոգսերը թող մնան վաղը, իսկ հիմա պառկեմ, թե չէ մեկ էլ տեսար նստած քնեցի: Ու՞ր է այդ դդում Մերին: Եթե ստիպված լինենք գիշերով նրան փնտրել՝ ես հետո դրա գլուխը կթռցնեմ:

Նրա այս խոսքերի վրա մուտքի դուռը շրխկաց, միջանցքում տարածվեց արագ քայլերի թխկթխկոցը և սենյակ ներխուժեց Մերին, իսկ նրա հետևից՝ իրեն կորցրած Նոբը: Մերին ծանր շնչելով դուռը կողպեց, շրջվեց ու շնչակտուր շարեց.

— Ես տեսա նրանց, Ֆրոդո, տեսա, նրանք էնտեղ են՝ Սև Հեծյալները:

— Սև Հեծյալնե՞րը,— Ֆրոդոն վեր թռավ: — Որտե՞ղ:

— Էստեղ, հենց էստեղ, գյուղամիջում: Ես մոտ մի ժամ նստեցի կրակի մոտ, դուք չեկաք ու գնացի մաքուր օդ շնչելու: Մի քիչ զբոսնեցի, վերադարձա, կանգնել էի մուտքի լապտերի մոտ ու նայում էի աստղերին: Հանկարծ վրաս դող եկավ, ինչ-որ զզվելի բան զգացի: Շրջվեցի, տեսնեմ՝ ճանապարհի մյուս կողմում, լապտերներից քիչ հեռու՝ խավարում սև ստվեր է երևում: Երևաց ու սողաց թանձր խավարի մեջ ինչ-որ տեղ: Ձի չկար:

— Ու՞ր սողաց,— կտրուկ հարցրեց Պանդուխտը:

Մերին օտար մարդ նկատելով, սարսռաց:

— Խոսիր,— ասաց Ֆրոդոն,— նա Գենդալֆի բարեկամն է, հետո կբացատրեմ:

— Կարծես թե Ուղու կողմը,— շարունակեց Մերին: — Ես էլ որոշեցի հետևել, բայց չգիտեի ինչին կամ ում, թեքվեցի մյուս տների արանքներով գնացող նեղլիկ փողոցն ու հասա վերջին տանը:

— Կարգին քա՜ջն ես,— նկատեց Պանդուխտը, ոչ առանց զարմանքի նայելով Մերիին: — Սակայն դա մեծ անխելքություն է:

— Ոչ քաջություն, ոչ էլ խենթություն ինձանից չէր պահանջվում,— առարկեց Մերին: — Ես գնում էի ասես ինձանից անկախ. ինչ-որ բան ձգում էր ու վերջ: Թե ուր՝ չգտեմ: Բայց հանկարծ կարծես ուշքի եկա՝ և համարյա կողքիս երկու ձայն լսեցի: Մեկը ֆսֆսում էր, իսկ նրան ի պատասխան անհասկանալի մրթմրթոց էր հնչում: Ես ոչինչ չհասկացա, մոտենալ չէի համարձակվում, իսկ փախչել՝ ոտքերս չէին ենթարկվում: Կանգնել, դողում եմ, մի կերպ շուռ եկա մեջքով նրանց կողմը, արդեն ուզում էի ծլկել, հանկարծ թիկունքից վրա հասավ սարսափը, և ես... երևի ընկել եմ:

— Տեր իմ, ես նրան գտա,— բացատրեց Նոբը: — Պարոն Նարկիսն ինձ ուղարկեց լապտերով, որ նրան փնտրեմ: Դե ես սկզբում գնացի Արևմտյան Դարպասի մոտերքը, հետո Հարավայինի՝ ինչ տեսնեմ. Բիթ Կաղամախի տան ցանկապատի մոտ ինչ-որ բան էն չի: Կարծես թե երկու հոգի կռացել են երրորդի վրա, ուզում են քարշ տալով տանել: Ես գոռացի. «Պահա՜կ» ու վազելով եկա՝ մարդ չկա, մենակ պարոն Բրեդիբաքն է պառկած, կարծես ճանապարհի վրա քնել է: Ես նրան ցնցում եմ, հա ցնցում, վերջը զոռով ուշքը տեղն եկավ ու հազիվ փսփսում է. «Ես,— ասում է,— խեղդվել եմ ու պառկած եմ ջրի հատակին»,— ու չի էլ շարժվում: Ես՝ դեսուդեն, ի՞նչ անեմ: Իսկ նա մեկ էլ հանկարծ նետի պես վեր թռավ ու վազեց, արի ու հասիր հետևից:

— Երևի հենց այդպես էլ եղել է ամեն ինչ,— ասաց Մերին: — Ճիշտ է, չեմ հիշում, թե ինչեր եմ դուրս տվել, թեպետ այդ քունն ավելի սարսափելի էր, քան մահը, ճիշտն ասած, քունն էլ չեմ հիշում, այդքանից էլ շնորհակալ եմ: Ասես ինձ ինչ-որ բանի խորքը քաշեցին:

— Քիչ է մնացած եղել, որ քաշեն,— ճշտեց Պանդուխտը,— անդրշիրիմյան խավար: Ըստ երևույթին, Հեծյալներն իրենց ձիերը թողել են ինչ-որ տեղ և Հարավային Դարպասով հասել Բրի: Կաղամախից էլ հենց իմացել են վերջին նորությունները, շիլաչք հարավցին էլ անկասկած լրտես է: Ինչ-որ բան կատարվելու է այս գիշեր:

— Իսկ ի՞նչ,— հարցրեց Մերին,— կհարձակվեն պանդոկի վրա՞:

— Հազիվ թե,— ասաց Պանդուխտը,— դեռ բոլորն իրար գլխի չեն հավաքվել, և հետո էլ, նրանք այդպես չեն գործում: Նրանց ամայություն ու խավար է հարկավոր, իսկ մեծ տուն, իրարանցում, կրակներ, շատ ժողովուրդ՝ ոչ, դա նրանց ինչի՜ն է պետք, միևնույնն է, մեր ճանապարհը երկար է, ժամանակ կա: Իրենք չեն հարձակվի, բայց կամակատարներ այստեղ շատ ունեն. ոմանք սիրով կօգնեն, մյուսները՝ վախից: Վախը նրանց համար փորձված զենք է, իսկ բրիեցիներից ոմանք արդեն վախի ճիրաններում են՝ Կաղամախը, հարավցիների հնգյակը, նաև դռնապան Գորրին: Հեծյալները երկուշաբթի օրը նրա հետ խոսեցին իմ աչքի առաջ, և երբ հեռացան, նա կավիճի գույն էր ստացել, ու ծնկներն էլ դողում էին:

— Նշանակում է շուրջբոլորը թշնամիներ են,— ասաց Ֆրոդոն: — Ի՞նչ անենք:

— Քնեք այստեղ, ննջարաններ չգնաք... Նրանք հավանորեն արդեն պարզել են, թե որտեղ են ձեր ննջարանները, հյուսիսային կլոր պատուհանները համարյա գետնամած են: Կմնանք այստեղ, պատուհանները կրկնափեղկերով կփակենք, դուռը բոլոր կողպեքներով ու սողնակներով կկողպենք: Հիմա ես ու Նոբը կգնանք ձեր եղած-չեղածը կբերենք:

Նա հեռացավ, և Ֆրոդոն արագորեն Մերիին պատմեց այն ամենը, ինչ եղել էր այդ երեկո: Երբ Պանդուխտն ու Նոբը վերադարձան, Մերին խորհում էր Գենդալֆի նամակի շուրջը:

— Ուրեմն այսպես, պարոնայք հյուրեր,— ասաց Նոբը: — Ես էնտեղ խառնշտեցի ձեր անկողինները և ամեն մեկի մեջ մի երկարուկ բարձ դրեցի, ձեր թույլտվությամբ: Բրդե ծածկոցն էլ ծալծլեցի, ձեր գլխին շատ նման ստացվեց, պարոն Բե... Զառիթափցի,— քթի տակ ժպտալով ավելացրեց նա:

— Մթության մեջ սկզբում չեն տարբերի,— ծիծաղեց Փիփինը,— իսկ երբ հասկանան...

— Այն ժամանակ կերևա,— ասաց Պանդուխտը: — Հուսանք մինչև առավոտ մի կերպ կդիմանանք:

Նոբը բարի գիշեր մաղթեց և հեռացավ:

Հոբիթներն ու Պանդուխտը ուղեպարկերը շարեցին հատակին, բազկաթոռը կպցրին փակ դռանը և պատուհանը կողպեցին: Կողպում էր Ֆրոդոն ու աչքի տակով նայում աստղերին: Պարզ գիշեր էր: Բրիի մութ լանջերի վերևում վառ փայլփլում էր Մուրճը՝ հոբիթներն այդպես էին անվանում Մեծ Արջի համաստեղությունը: Նա հառաչեց, փակեց ներսի ծանր կրկնափեղկերն ու վարագույները ծածկեց: Պանդուխտը բուխարիկի կրակը թեժացրեց ու մոմերը հանգցրեց:

Հոբիթները պառկեցին հատակին, ոտքները կրակի կողմը, իսկ Պանդուխտը նստեց դռան մոտի բազկաթոռին: Համարյա չէին խոսում. միայն Մերին էր հարցուփորձով անհանգստացնում:

— «Այստեղ կովը թռչունի պես երկինք թռավ մեկ էլ հանկարծ...» Հի՜, հի՜,— ծիծաղեց նա վերմակի մեջ փաթաթվելով: — Է՜հ, Ֆրոդո, մի բան, որ հնարում ես, էլ չափը պահել չկա: Ափսոս, ես այնտեղ չեմ եղել... Ոչի՛նչ, տեղացիները մի հարյուր տարի քո կատակը չեն մոռանա:

— Դրանում համոզված եղիր,— ասաց Պանդուխտը:

Բոլորը լռեցին, ու հոբիթները մեկը մյուսի հետևից քուն մտան:

Գլուխ տասնմեկ. Շեղբը մթության մեջ

A Knife in the Dark.jpg

Մինչ նրանք պատրաստվում էին քնելու Բրիի պանդոկում, Բրենդիդուիմքի վրա չարագուշակ ստվեր էր իջնում: Կիրճերում ու գետի ափերին սառը մառախուղ էր կուտակվում: Ճագարի Գերանում քար լռություն էր: Գիրուկ Կուղբոնցը դուռը կիսաբաց արեց ու զգուշությամբ քիթը դուրս հանեց: Չգիտես ինչու, ամբողջ օրը նա սարսափի մեջ էր, իսկ երեկոյան նույնիսկ պառկել չէր համարձակվում: Քարացած օդում անորոշ սպառնալիք էր կախված: Նա նայեց մութ մառախուղի մեջ և տեսավ, թե ինչպես ցանկապատի դռնակն ինքն իրեն անձայն բացվեց, իսկ հետո անաղմուկ փակվեց: Նրան այնպիսի սարսափ պատեց, որ կյանքում չէր զգացել: Նա դողալով ընկրկեց և, սաստիկ ուժ գործադրելով, թոթափեց ծանր կարկամածությունը: Հետո դուռը փակեց բոլոր փակաղակներով ու սողնակներով կողպեց:

Մութը շրջապատել էր տունը: Սմբակների խուլ դոփյուն լսվեց. ինչ-որ մեկը ձիու սանձից բռնած գալիս էր կածանով: Դարպասի մոտ դոփյունը լռեց, ու երեք ստվեր ճեղքեցին խավարը: Մեկը շարժվեց դեպի դուռը, մյուս երկուսը քարացան տան անկյուններում: Գիշերն ընթանում էր իր հունով: Տան մոտակայքի ծառերն ասես սպասում էին՝ քարացած համր լռության մեջ:

Թեթև քամի անցավ տերևների միջով ու ինչ-որ տեղ կանչեց առաջին աքաղաղը: Վաղորդյան սահմռկելի ժամն անցավ: Դռան մոտի ստվերը շարժվեց: Անաստղ ու անլուսին մառախուղի մեջ սառցե լույսով փայլեց մերկացված շեղբը: Փափուկ, բայց ծանր հարվածը ցնցեց դուռը:

— Բաց անել, Մորդորի անունից,— հրամայեց չարագույժ, ուրվականային ձայնը:

Երկրորդ հարվածից դուռը պոկվեց ու տապալվեց՝ շղթաների, կեռերի ու սողնակների հետ միասին: Սև ստվերները ներս խուժեցին: Եվ իսկույն էլ մոտակա անտառակում զիլ հնչեց եղջերափողը: Այն կայծակի նման ճեղքեց գիշերը.

Ելի՛ր... Հարձակու՛մ... Հրդե՛հ ... Թշնամի՛ն...

Գիրուկ Կուղբոնցը պարապ չէր նստել: Տեսնելով, թե ինչպես են սև ստվերները սողում դեպի դուռը, նա հասկացել էր, որ պետք է փախչի կամ կործանվի: Եվ փախել էր հետնամուտքից, այգու, դաշտերի միջով: Հազիվ մի լիգ էր վազել մինչև մոտակա կալվածքը և ընկել շեմին՝ տնքալով. «Ոչ, ոչ... Ես կապ չունեմ... Այն ինձ մոտ չէ...»:

Ինչի՞ մասին էր նա քրթմնջում՝ չհասկացան, բայց ըմբռնեցին գլխավորը՝ Բրենդիդուիմքում թշնամիներ են, արշավանք է Զառամյալ Անտառից: Եվ թնդաց կոչը.

Հարձակու՛մ... Հրդե՛հ... Թշնամի՛... Այրվու՛մ ենք...

Բրենդիբաքերը փչում էին հին եղջերափողը՝ ազդարարելով տագնապ, որը չէր հնչել արդեն մի ամբողջ հարյուր տարի, այն ժամանակից ի վեր, ինչ դաժան ձմռանը սառցակալած գետի սառույցի վրայով հյուսիսից սպիտակ գայլեր էին եկել:

Ելի՛ր... Թշնամիները...

Հեռվից լսվեցին պատասխան կանչերը: Տագնապը տարածվում էր: Սև ստվերները դուրս սողացին տնից: Աստիճաններին ընկավ հոբիթական ծակծկված թիկնոցը: Կածանում խուլ թնդացին ձիերի սմբակները, անցան վարգի, հետո լսվեց քառատրոփ, որը հեռացավ խավարի խորքը:

Ամեն տեղ հնչում էին եղջերափողերը, վազվզում էին հոբիթները, ձայն էին տալիս իրար: Բայց Սև Հեծյալները փոթորկի պես նետվեցին հյուսիս: Թող իր համար աղմկի փոքրաչափիկ ժողովուրդը. Ժամանակին Սաուրոնը նրանց հարցը կլուծի: Իսկ առայժմ իրենց այլ գործեր են սպասում, Մատանին չկա, առա՜ջ... Նրանք կոխկրտեցին դարպասի պահակներին ու հավիտյանս անհետացան Հոբիթստանից:

Կեսգիշերին մոտ Ֆրոդոն հանկարծ արթնացավ, ասես ինչ-որ մեկը նրան արթնացրեց: Եվ տեսավ Պանդուխտին: Վերջինս նստած էր լարված ու անշարժ և զգույշ ականջ էր դնում: Աչքերը փայլում էին բուխարիկի վառ կրակից: Նա չշարժվեց և Ֆրոդոյի վրա ոչ մի ուշադրություն չդարձրեց:

Ֆրոդոն նորից քնեց, բայց հիմա էլ նրա քնի մեջ ներխուժեց քամու թնդյունը և սմբակների կատաղի դոփյունը: Քամին ցնցում էր պանդոկի պատերը, իսկ ինչ-որ տեղ հեռու կատաղի փչում էր եղջերափողը: Ֆրոդոն գլուխը թափ տվեց, արթնացավ, բացեց աչքերը և լսեց աքաղաղի զիլ կանչը բակում: Պանդուխտը հետ քաշեց վարագույրներն ու թափով բացեց կրկնափեղկերը, իսկ հետո՝ պատուհանը: Մոխրագույն լուսաբացը հորդեց սենյակ ու առավոտյան զովը մտավ վերմակի տակ:

Վեր կենալով՝ հոբիթները Պանդուխտի հետևից գնացին իրենց ննջարանները և հասկացան, որ նրա խորհուրդը փրկել է իրենց կյանքը: Պատուհանները ջարդված էին ու փեղկերը ծխնիներից կախված օրորվում էին, քամին ծածանում էր քրքրված վարագույրները, բազմոցի մորթոտված երկարուկ բարձերն ընկած էին հատակին՝ անկողնու թափթփված սպիտակեղենի մեջ, իսկ գորշ բրդե ծածկոցը ծվեն-ծվեն էր արված:

Պանդուխտն իսկույն գնաց պանդոկպանին կանչելու: Խեղճ Լավրը վախեցած թարթում էր քնկոտ աչքերը, որոնք, ինչպես ինքն էր հավատացնում, մի վայրկյան անգամ չի կպցրել և որ ամեն ինչ խաղաղ է եղել:

— Այսինքն կյանքումս այսպիսի բան չեմ տեսել... — բացականչեց նա՝ սարսափահար ձեռքերը դեպի առաստաղը պարզելով: — Որպեսզի հյուրերի համար վտանգավոր լինի իրենց անկողիններում քնելը, որպեսզի փչացնեն համարյա բոլորովին նոր բարձե՜րը: Բա հետո ի՜նչ է լինելու:

— Ոչ մի լավ բան,— գուշակեց Պանդուխտը: — Բայց քեզ համար ավելի հանգիստ կլինի, եթե մեզանից ազատվես: Մենք հիմա գնում ենք: Նախաճաշ պետք չէ, ոտքի վրա մի բան կուտենք:

Նարկիսը վազեց կարգադրություն անելու, որ թամբեն ու դուրս բերեն պոնիները և ոտքի վրա ուտելու մի բան պատրաստեն: Վերադարձավ իրեն լրիվ կորցրած. պոնիներն անհետացել են... Ախոռի դռները կրնկի վրա բաց են, իսկ ներսը դատարկ է: Տարել են ոչ միայն հոբիթների պոնիները, այլև բոլոր ձիերը, մինչև վերջինը:

Ֆրոդոն չափազանց հուզվեց: Ոտքով ինչպե՞ս կհասնեն Ազատք, եթե իրենց հետևում են ձիավոր թշնամիները: Նույն հաջողությամբ կարելի է և լուսին գնալ: Պանդուխտը լռելյայն դիտում էր հոբիթներին՝ ասես գնահատելով նրանց ուժն ու վճռականությունը:

— Պոնիները մեզ Հեծյալներից չէին փրկի,— ասաց նա՝ կարծես Ֆրոդոյի մտքերը կարդալով: — Եվ այն արահետով, որով ես ձեզ տանելու եմ, ավելի լավ է ոտքով գնալ, քան պոնիով: Ինձ մտահոգում է միայն մթերքի և իրերի հարցը: Այստեղից մինչև Ռիվենդել ճանապարհին ուտելու ոչինչ չենք գտնի, այնպես որ պետք է ապավինենք մեր սեփական պաշարներին: Իսկ պաշարները քիչ չպիտի լինեն՝ չէ՞ որ կարող ենք ուշանալ, կարող ենք ոլորապտույտ ուղիով գնալ: Ինչքա՞ն կարող եք շալակել...

— Ինչքան որ պետք լինի,— կտրիճավարի ասաց Փիփինը, չնայած վախից սիրտը փորն էր ընկել: — Մեռնել-մեռնել է, գոնե կուշտ փորով կմեռնենք:

— Ես երկու հոգու չափ կտանեմ,— մռայլ հայտնեց Սեմը:

— Մի՞թե ոչինչ չի կարելի անել, պարոն Նարկիս,— հարցրեց Ֆրոդոն: — Հնարավոր չէ՞ որևէ կերպ մի զույգ պոնի ճարել, կամ գոնե մեկը բեռի համար: Ես հասկանում եմ, որ վարձով հազիվ թե... Գուցե գնե՞նք:

Նա սկսեց մտքում վախվորած հաշվել իրենց ունեցած ողջ դրամը:

— Կասկածում եմ,— վհատ ասաց պանդոկպանը: — Բրիի բոլոր հեծնելու հարմար պոնիներն իմ ախոռում էին: Ինչ վերաբերվում է մնացածին, մեզ մոտ ընդամենը մեկ-երկու ձի կա ու վերջ, բայց վաճառքի համար չէ: Սակայն կաշխատենք, տեսնենք ինչ կարող ենք անել: Հիմա կուղարկեմ այդ անբան Բոբին, թող գնա հարցուփորձ անի:

— Այո, թերևս, ուղարկել պետք է,— ասես ծանրութեթև անելով խոսեց Պանդուխտը,— թող հարցնի: Մեկ պոնի մեզ այնուամենայնիվ հարկավոր է: Բայց էդ դեպքում մտածել անգամ չենք կարող արագ ու աննկատ դուրս գալու մասին: Պոնի փնտրելը նույնն է, թե արշավի դուրս գալիս շեփոր փչես: Նրանք հենց դա էլ հաշվի են առել:

— Դե, գոնե կարող ենք մի փոքր մխիթարվել,— ասաց Մերին: — Իսկ եթե սթափ դատենք, ապա ոչ այնքան փոքր: Քանի որ այսպես է ստացվել, հիմա կնստենք ու ինչպես հարկն է կնախաճաշենք: Ու՞ր է դանդալոշ Նոբը:

Ավաղ, ստիպված եղան սպասել երեք ժամից ավելի: Բոբը եկավ և լուր բերեց, որ ոչ մի ձի կամ պոնի չի վաճառվում, միայն Բիթ Կաղամախն է համաձայն զիջել մի քոսոտ պոնի:

— Ոսկորն ու կաշին է,— ասաց Բոբը,— այդ պոնին վաղուց սպանդանոց հանձնելու ժամանակն է, իսկ Կաղամախը նրա համար, համոզված եղեք, եռակին է ուզելու՝ շահի հոտ է առել կաշի քերթողը:

— Կաղամա՞խը,— զգուշացավ Ֆրոդոն: — Գուցե այստեղ որևէ խարդախությու՞ն կա: Գուցե այդ պոնին հետ վազի նրա մոտ՝ մեր բեռն էլ հետը, կամ նրա միջոցով հետևեն մեզ, ի՞նչ իմանաս:

— Ամեն ինչ էլ հնարավոր է,— ասաց Պանդուխտը: — Չնայած, հազիվ թե: Կաղամախի մոտ ոչ մի կենդանի արարած չի վերադառնա, եթե մեկ անգամ կարողացել է ազատվել նրա ձեռքից: Երևի պարզապես որոշել է հրաժեշտից առաջ մի համեղ կտոր էլ փախցնել, այդ պոնին, հաստատ գիտեմ, շունչը փչելու վրա է: Ինչ արած, ընտրություն չունենք: Ինչքա՞ն է ուզում դրա համար:

Բիթ Կաղամախը տասներկու արծաթ էր պահանջել, իսկապես, մի ամրակազմ պոնիի գնից երեք անգամ ավելի: Գնված կենդանին ոսկրոտ էր, հյուծված, ծեծված, բայց դեռ սատկելու միտք չուներ: Լավր Նարկիսը իր գրպանից վճարեց պոնիի համար և դեռ տասնութ արծաթ էլ առաջարկեց Մերիին՝ ի հատուցում կորած պոնիների: Նա ազնիվ մարդ էր և բավական ունևոր, բայց երեսուն արծաթի համար ափսոսանքից լացը գալիս էր, մանավանդ, որ կեսը ստիպված եղավ հրամցնել գարշելի ու ժլատ Կաղամախին:

Սակայն նա չէր տուժել: Հետագայում պարզվեց, որ տարել են միայն մի ձի: Մնացածներին ուղղակի վախեցրել էին, և նրանք գտնվեցին Բրիի մարգագետիններից: Ճիշտ է, Մերի Բրենդիբաքի պոնիները փախել էին Թոմ Բոմբադիլի մոտ, որտեղ արածում էին ու ճարպակալում, ասես ոչինչ չէր եղել, բայց երբ Թոմն իմացավ, թե ինչ է պատահել Բրիում, նրանց հետ ուղարկեց Նարկիսին և վերջինս կարծես երկնքից ընկած հինգ պոնի ստացավ: Ճիշտ է, Բրիում պոնիներն այնքան էլ ազատ չէին, բայց այնուամենայնիվ Բոբը փառավորապես խնամում էր նրանց, այնպես որ, կարելի է ասել, նրանց բախտը բերեց՝ խուսափեցին սարսափելի ճանապարհորդությունից: Սակայն փոխարենը Ազատքում չեղան:

Իսկ առայժմ Նարկիսն այդքանը չգիտեր և խիստ վշտացած էր: Ավաղ, նրա հոգսերն այդքանով չվերջացան: Պանդոկի մյուս այցելուներն արթնացան, իմացան կատարվածի մասին, և սարսափելի իրարանցում բարձրացավ: Հարավցիները մի քանի ձի էին կորցրել. նրանք կոկորդով մեկ բղավում էին ու դատապարտում պանդոկպանին, մինչև պարզեցին, որ իրենցից մեկն էլ է կորել գիշերը, և ոչ այլ ոք, քան Բիթ Կաղամախի շիլաչք ընկերը: Կասկածն իսկույն ընկավ նրա վրա:

— Ճանապարհից ամեն տեսակ ձիագողերի հավաքում, հետները բերում են իմ պանդոկ, իսկ հետո ինձ վրա են բղավում,— վրդովված բողոքում էր Նարկիսը: — Դեռ մի բան էլ ձեզանից է պետք գումար գանձել այս ավերածության համար: Ավելի լավ է գնաք Բիթ Կաղամախին հարցնեք, թե ուր է կորել ձեր սիրելի ընկերը:

Բայց պարզվեց, որ նա ոչ մեկի ընկերն էլ չէ: Ավելին, հարավցիները նույնիսկ չկարողացան հիշել, թե նա երբ է միացել իրենց:

Նախաճաշից հետո հոբիթներն ստիպված եղան նորից դասավորել իրենց ուղեպարկերը, որ շալակած տանեն: Մոտավորապես ժամը տասին մոտ նրանք դուրս եկան: Բրին արդեն վաղուց արթնացել ու գվվում էր, ինչպես տագնապահար փեթակ: Հապա ինչպե՞ս. Սև Հեծյալների երևալը, Ֆրոդոյի անհետանալը, իսկ հիմա էլ ձիերի գողությունը և վերջին ցնցող նորությունը՝ պարզվում է, Պանդուխտ-Հետքագետը հոբիթստանցի հոբիթներին ուղեկցող է վարձվել: Մի քանի տարվա խոսակցության նյութ կար: Պանդոկի մոտ շատ ժողովուրդ էր հավաքվել՝ գալիս էին նույնիսկ մոտակա գյուղերից ու համբերությամբ սպասում ճամփորդների դուրս գալուն: Պանդոկում իջևանածները կախվել էին պատուհաններից ու հավաքվել դռան մոտ:

Պանդուխտը պլանը փոխեց. որոշված էր Բրիից շարժվել Ուղիով: Իսկույն թեքվելն իմաստ չուներ՝ նրանց հետևից մի երկար պոչ կկապվեր. կնայեին, թե ուր են գնում, ու կհետևեին, որ ոչ մեկի հողերը չմտնեին: Հոբիթները հրաժեշտ տվեցին Նոբին ու Բոբին, բաժանվեցին Լավր Նարկիսից՝ նրան բազում շնորհակալություններ հայտնելով:

— Ցտեսություն, հուսով եմ, մինչև լավ ժամանակների գալը,— ասաց Ֆրոդոն: — Շատ կուզենայի ձեր հյուրանոցում մի երկու շաբաթ հանգիստ ապրել. գուցե երբևէ հաջողվի:

Ճանապարհ ընկան տագնապահար ու ընկճված, ամբոխի անբարյացակամ հայացքների ուղեկցությամբ: Այնուամենայնիվ ինչ-որ մեկը նրանց հաջողություն ցանկացավ, բայց ավելի շատ վատ խոսքեր էին լսվում: Ճիշտ է, բրիեցիները գիտեին, որ Պանդուխտը կատակ անել չի սիրում, և երբ նա աչքերը բարձրացնում էր մեկնումեկի վրա, իսկույն լռում էին: Նա գնում էր առջևից, Ֆրոդոյի կողքից, նրանցից հետո Փիփինը և Մերին, իսկ վերջում Սեմը, պոնիի սանձից բռնած, որը ճիշտ է, բարձված էր իր նոր տերերի խղճին համապատասխան, բայց՝ բավականաչափ: Ի դեպ, չնայած բեռին, նա արդեն ավելի ուրախ աչքեր ուներ, ըստ երևույթին ճակատագրի փոփոխություն էր զգում: Սեմը մտածկոտ խնձոր էր կրծում: Նրա գրպանները դրանցով լի էին՝ Բոբն ու Նոբը այդ մասին հոգ էին տարել:

— Գնում ես՝ խնձորը ձեռքիդ, նստում ես՝ ծխամորճը ձեռքիդ, դե լավ է, էլի,— մրթմրթում էր Սեմը: — Միայն թե ամբողջ ճանապարհի համար ո՛չ մեկը կհերիքի, ո՛չ մյուսը:

Աստիճանաբար նրանք դադարեցին ուշադրություն դարձնել հետաքրքրասերների վրա, որոնց գլուխները, մեկ էլ տեսար, բուսնում էին ցանկապատի կամ դռան հետևից: Վերջին տունը, տեսքից խարխլված ու լքված, բայց ամուր ու խիտ ցանկապատով, գրավեց Ֆրոդոյի ուշադրությունը: Պատուհանում ցոլաց դեղնավուն ու շիլաչք դեմքը և իսկույն անհետացավ:

«Ահա թե որտեղ է թաքնվում հարավցին,— մտածեց Ֆրոդոն: — Տեսքով իսկը օրքի է նման, այ քեզ բա՜ն...»

Ցանկապատի հետևից քթի տակ ծիծաղելով լկտիաբար հոբիթներին էր նայում հանդուգն քիթմռութով, հաստ հոնքերով, մուգ ու պղտոր աչքերով մի մարդ՝ կարճ սև ծխամորճն ատամների արանքին: Երբ ճամփորդները մոտեցան, նա բերանից հանեց ծխամորճն ու հյութալի թքեց:

— Ողջույն, երկարոտ,— կանչեց նա: — Ի՞նչ է, ընկերնե՞ր ես ճարել:

Պանդուխտը չպատասխանեց:

— Ձեզ էլ ողջույն, անխելք մանրունք,— դիմեց նա հոբիթներին: — Գոնե գիտե՞ք, թե ում հետ եք գործ բռնել: Ախր դա Պանդուխտ Տիպտկլորն է, հասկանալի՞ է: Նրան մի ուրիշ տեսակ էլ են կանչում, հավես չկա ասելու: Դե, գիշերը ինքներդ կտեսնեք ինչն ինչոց է... Իսկ դու, Սեմիկ, տես հա՜, իմ սատկած պոնիին չնեղացնես: Թու՜... — ու նորից մի չաղլիկ գունդ թքեց:

Սեմը շրջվեց.

— Իսկ դու, Կաղամախ,— ասաց նա,— լավ կանես քո զզվելի մռութը պահես, թե չէ գիտես չէ՜ ինչեր են լինում...

Մեծ խնձորի կեսը թափով իջավ Բիթի քթին. նա վայրկենապես անհետացավ ու ցանկապատի տակից ուշացած հայհոյանք թափեց:

— Համով խնձոր էր,— հառաչելով նկատեց Սեմը:

Գյուղը վերջացավ: Նրանց ուղեկցող երեխաներն ու պարապ-սարապները շուտով ձանձրացան ու հետ մնացին՝ որոշելով Հարավային Դարպասից դուրս չգալ: Դե, իսկ ճամփորդները, դարպասը թողնելով հետևում, երկու-երեք լիգ գնացին Ուղիով ու ոչ մի կողմ չթեքվեցին: Սկզբում Ուղին գալարվեց աջ՝ շրջանցելով լեռան ստորոտը, հետո արագ վազեց ներքև, անտառի ուղղությամբ: Ձախ կողմում լանջերին սևին էին տալիս Հիմնի հոբիթների բները. հյուսիսում խորունկ հովտից ծուխ էր բարձրանում՝ ըստ երևույթին այնտեղ Կոմբն էր. Արչեթը թաքնված էր անտառակի հետևում: Երբ Բրիի գորշ լեռը մնաց հետևում, նրանք թեքվեցին ձախ ու գնացին նեղ, հազիվ նկատելի կածանով:

— Այստեղ էլ մենք կծածկվենք կողմնակի աչքերից,— ասաց Պանդուխտը:

— Հուսով եմ, կարճ ուղիով չենք գնում,— կասկած հայտնեց Փիփինը: — Թե չէ մի անգամ կարճ կտրեցինք ու հետո հազիվ ողջ մնացինք:

— Այն ժամանակ ես ձեզ հետ չեմ եղել,— քմծիծաղեց Պանդուխտը: — Իմ բոլոր զարտուղի ճանապարհները տանում են այնտեղ, ուր պետք է:

Նա մեկ անգամ էլ աչքի անցկացրեց դատարկ Ուղին, և նրանք արագ իջան անտառաշատ հովիտը:

Որքան որ հոբիթները կարողացան կռահել, Պանդուխտը սկզբում շարժվեց Արչեթի կողմը, բայց հետո թեքվեց աջ, որ որքան հնարավոր է արագ շրջանցի գյուղը և վայրի հողերով գնա դեպի Թխպամած: Եթե նրա մտադրությունն իրականանար՝ ճանապարհը զգալիորեն կկրճատվեր. Ուղին լայն աղեղով շրջանցում էր Մոծակի Ճահճուտները: Սակայն ստիպված կլինեին գնալ ճահճուտով, որը, ըստ Պանդուխտի, նախանձելի վայր չէր:

Իսկ առայժմ զբոսանքը բոլորին էր հաճելի էր: Առհասարակ, եթե գիշերային միջադեպը չլիներ՝ առավոտը հոբիթներին նույնիսկ հրաշալի կթվար: Արևը պայծառ լուսավորում էր, բայց չէր այրում, անտառը դեռ չէր ազատվել բազմագույն սաղարթից, հովիտը թվում էր խաղաղ ու ոչ մի սպառնալիք կամ սարսափ չէր թաքցնում: Պանդուխտը բազմաթիվ արահետների մեջ վստահորեն ընտրում էր անհրաժեշտը. եթե նա չլիներ, ապա հոբիթներն անմիջապես կմոլորվեին: Նա ընտրում էր ամենաոլորուն կածանները, որոնք գալարվում էին այս ու այն կողմ ու վերադառնում արդեն անցած տեղեր՝ այդպես նա հույս ուներ շփոթեցնել հետապնդողներին, եթե այդպիսիք գտնվեին:

— Իհարկե, Կաղամախը հետևելու է, թե մենք որտեղ ճանապարհից թեքվեցինք,— ասաց նա,— սակայն մեր հետևից չի գա, պարզապես ոմանց կհուշի: Նա այստեղի բոլոր կածանները լավ գիտի, թեպետ ինձանից ո՛չ լավ: Իսկ նրանց, ում կհայտնի, հաստատ հեռու չեն այստեղից:

Կա՛մ Պանդուխտն իրոք իր գործի գիտակն էր, կամ էլի ինչ-որ այլ պատճառով, բայց ամբողջ օրվա ընթացքում ճամփորդները ոչ ոքի չտեսան և ոչ մի կասկածելի ձայն չլսեցին: Նրանց նկատում էին միայն թռչունները, աղվեսները, մեկ էլ կայտառ սկյուռիկները: Հաջորդ օրը խումբն ուղղություն վերցրեց դեպի արևելք: Շուրջն առաջվա պես խաղաղ էր ու լուռ: Նրանք գիշերեցին անտառում և առավոտյան շարունակեցին ճանապարհը: Երրորդ օրը Չեթի անտառը վերջացավ: Հոբիթները դուրս եկան ընդարձակ ամայի հարթավայր, և հաճելի զբոսանքն ավարտվեց: Բրիի հողերը մնացին հետևում, սկսվեցին Մոծակի Ճահճուտները:

Ոտքերի տակ ճլփում էր, ոտնահետքերի մեջ պղտոր ջուր էր լցվում: Սեզերի ու եղեգների միջից փոքրիկ թռչնակներ էին թռչում: Սկզբում հոբիթները գնում էին աշխույժ ու վստահ, հետո սկսեցին ցատկոտել հողակոշտից հողակոշտ. գնալը դժվարացավ և վտանգավոր դարձավ: Ճահճուտում խրվել-մնալը դժվարություն չէր ներկայացնում, մշտական արահետ չկար, այստեղ նույնիսկ հետքագետները ճանապարհը չգիտեին՝ ով ոնց կարողանար: Ճամփորդների վրա էին թափվել մժեղները, բզզում էին գլխավերևում, մտնում մազերի, տաբատների մեջ և կպչում, կծում, խայթում:

— Է՜, էսպես հո ինձ կուտեն,— չդիմացավ Փիփինը: — Սա արդեն ոչ թե Մոծակների Ճահճուտ է, այլ մոծակների բուծարան:

— Իսկ որ հոբիթներ մոտերքում չկան, էս զզվելիներն ու՞մ արյունն են խմում,— հետաքրքրվեց Սեմը՝ կատաղորեն իր վզին շփշփացնելով:

Այդ խուլ վայրում նրանք հազվագյուտ գարշելի օր անցկացրին: Գիշերատեղն էլ սառն էր, խոնավ, անհարմար, իսկ բզզան արյունախումները թույլ չէին տալիս աչք կպցնել: Դրան գումարած՝ եղեգների ու սեզերի մեջ վխտում էին ինչ-որ ճռճռացող արարածներ՝ ըստ երևույթին ծղրիդի վատ ազգակիցները: Ամբողջ գիշեր ականջ էին սղոցում. «Արյու՜ուն... Արրյու՜ուն»: Մինչև առավոտ հոբիթներն ուղղակի խելագարվեցին:

Հաջորդ՝ չորորդ օրը փոփոխություն չբերեց, իսկ գիշերը նախորդից մի քիչ լավ էր: «Արյունախնդիրները», ինչպես նրանց անվանեց Սեմը, չէին ճռճռում, բայց մոծակների անկուշտ վնգացող ամպերն առաջվա պես ալիքվում էին ճամփորդների գլխավերևում:

Ֆրոդոն ուժասպառ պառկած էր, բայց աչքերը ոչ մի կերպ չէին փակվում: Հանկարծ նա արևելքում հեռավոր հրացոլք նկատեց, որը բռնկվում էր ու հանգչում: Լուսաբացի հետ դա ոչ մի կապ չէր կարող ունենալ՝ մինչև առավոտ դեռ մի քանի ժամ կար:

— Այդ ի՞նչ բռնկումներ են,— հարցրեց նա Պանդուխտին, որը կանգնել ու նայում էր խոնավ մթությանը:

— Չափազանց հեռու է, անհասկանալի է,— պատասխանեց վերջինս: — Կայծակի է նման, միայն թե դեպի վերև է խփում, բլրից՝ երկինք, ահա թե ինչն է տարօրինակ:

Ֆրոդոն պառկեց, բայց դեռ երկար տեսնում էր վառ բռնկումներն ու Պանդուխտի մութ կերպարանքը: Վերջապես ծանր քունը հաղթեց նրան:

Հինգերորդ օրը նրանք հետևում թողեցին խրուտ ճահիճներն ու շամբուտները: Սկսվեց հազիվ նկատելի, բայց երկար ու տառապալից վերելքը: Արևելքում, հեռվում, ձգվեցին Հողմակործ բլուրները: Ամենաբարձրն ու քարքարոտը վեր էր խոյանում աջ կողմում և տափակ գագաթ ուներ:

— Դա Թխպամածն է,— ասաց Պանդուխտը: — Հին ճանապարհը, որը մենք թողեցինք աջ կողմում, շրջանցում է լեռը հարավից, գրեթե ստորոտով: Մենք պետք է այնտեղ լինենք վաղը կեսօրին, եթե ուղիղ գնանք: Եվ լավ կլինի այդպես էլ անենք:

— Ինչի՞ մասին ես խոսում,— հարցրեց Ֆրոդոն:

— Այն մասին, որ հայտնի չէ, թե մեզ ինչ է սպասվում այնտեղ: Թխպամածը հենց Ուղու մոտ է:

— Բայց չէ՞ որ հույս ունեիր այնտեղ Գենդալֆին գտնելու:

— Հույս ունեի, բայց հիմա հույսը փոքր է: Եթե նա նույնիսկ գնա այս ճանապարհով, ապա կարող է պատահել, որ շրջանցի Բրին և մեր մասին չիմանա: Ամեն դեպքում հազիվ թե այնտեղ հասնենք միևնույն ժամանակ, իսկ սպասելը վտանգավոր է և՛ մեզ համար, և՛ նրա: Հեծյալները չկարողացան ամայի հարթավայրում մեզ բռնացնել, ուրեմն նրանք էլ անպայման կգնան դեպի Թխպամած՝ սարի գլխից ամեն-ամեն ինչ երևում է: Ի դեպ, այստեղ էլ պաշտպանված չենք զանազան գազաններից ու թռչուններից, որոնք կարող են այնտեղից մեզ նկատել: Իսկ թռչունները տարբեր են լինում: Եվ բացի նրանցից, կան նաև այլ լրտեսներ, շատ ավելի վտանգավոր:

Հոբիթները տագնապալի նայեցին հեռավոր բլուրներին: Սեմը հայացքն ուղղեց դժգույն երկնքին, ասես սպասում էր այնտեղ սրատես արծիվներ կամ անգղներ տեսնել:

— Դե դու էլ հո հույս չե՜ս տալիս, Պանդուխտ,— գլուխն օրորելով փնթփնթաց նա:

— Ուրեմն, ի՞նչ անենք,— հարցրեց Ֆրոդոն:

— Ուրեմն, այսպես կանենք,— մտածկոտ ու կարծես ոչ վստահ խոսեց Պանդուխտը: — Հիմա կգնանք ուղիղ դեպի բլուրները, բայց միանգամից չենք մոտենա Թխպամածին: Այնտեղ մի արահետ կա՝ հյուսիսից է մոտենում Թխպամածին և կօգնի որոշ ժամանակ թաքնվել ուշադիր աչքերից: Իսկ հետո կտեսնենք:

Մինչև սառն ու խոնավ երեկոյի սկսվելը նրանք գնում էին ու գնում: Ոտքերի տակ մի քիչ չորացավ, խոտերը նոսրացան: Հետևում՝ ճահիճների գլխին թանձրանում էր մառախուղը: Միալար տնքում ու հեծեծում էին անտեսանելի թռչունները: Վերջապես արևի կարմիր սկավառակը դանդաղորեն թաքնվեց հորիզոնի հետևում, և մեռելային լռություն իջավ: Հոբիթները թախիծով հիշեցին մեղմ, անխռով մայրամուտները, որ դիտում էին Բեգ-Էնդի կլոր պատուհաններից:

Մթնշաղին ճանապարհը հատեց բլուրներից ցած վազող ու ճահիճներում կորչող մի առվակ: Ճամփորդները գնացին առվի երկայնքով և, երբ բոլորովին մթնեց, դադար առան ջրի մոտ, լաստենիների մացառուտում: Մութ երկնքում, առջևում, ուրվագծվում էին բլուրների դժգույն, ծառազուրկ լանջերը:

Այդ գիշեր նրանք հերթով հերթապահեցին, իսկ Պանդուխտն առհասարակ չքնեց: Լուսինը զգալիորեն մեծացել էր, և գիշերվա առաջին կեսը բլուրներն ու հովիտը լուսավորված էին մոխրագույն, սառը լույսով:

Առավոտյան վեր կացան արևի առաջին ճառագայթներից: Օդը սառն էր, երկինքը՝ բաց կապույտ: Հոբիթներն զգում էին, որ, չնայած կիսաքուն գիշերին, հանգստացել են. նրանք արդեն վարժվել էին երկար քայլելուն և սուղ օրապահիկին: Հոբիթստանում ուղղակի չէին հավատա, որ կարելի է համարյա առանց ուտելու ապրել: Իսկ Փիփինն ասաց, որ, միևնույնն է, Ֆրոդոն համարյա երկու անգամ գիրացել է:

— Ի՜նչ գիրանալու մասին է խոսքը,— հառաչեց Ֆրոդոն, գոտու մեջ նոր անցք բացելով,— ինձանից առհասարակ բան չի մնացել: Այսպես որ գնա, մեկ էլ տեսար ուրվական դարձա:

— Պետք չէ այդպիսի բաներ խոսել,— անսպասելիորեն կոպիտ նրանց խոսքը կտրեց Պանդուխտը:

Հողմակործ Բլուրները մոտենում էին: Դրանք տարածվում էին առջևում անհավասար շարքով՝ տեղ-տեղ գրեթե հավասարվելով գետնին և ճանապարհ բացելով դեպի արևելք: Երբեմն թվում էր, թե գագաթների երկայնքով խոտածածկ կիսաքանդ պատեր են ձգվում, որոնց բացվածք-ընդմիջումների հետևում քարե ավերակներ էին երևում: Երեկոյան կողմ նրանք մոտեցան բլուրների ստորոտին, որտեղ և ճամբար խփեցին: Սկսվում էր հոկտեմբերի հինգի գիշերը. համարյա վեց օր էր անցել Բրիից դուրս գալուց հետո:

Առավոտյան, Չեթի անտառից դուրս գալուց հետո առաջին անգամ: Ճամփորդները արահետի հանդիպեցին, որը բարձրանում էր բլուրների արևմտյան լանջերով և շարունակ խորամանկորեն գալարվում, ասես փորձում էր թաքցնել ճամփորդներին հետաքրքրասեր աչքերից: Այն մե՛կ սուզվում էր զանազան ձորեր, մե՛կ թաքնվում գահավանդի տակ, մե՛կ գալարվում ժայռերի միջով, իսկ երբ դուրս էր գալիս բաց տարածք, երկու կողմերում անպայման մեծ քարաբեկորներ էին հայտնվում, որոնք թաքցնում էին ճամփորդներին բարձր, հուսալի պատերի նման:

— Հետաքրքիր է, ո՞վ է բացել այս արահետը և ինչու՞,— հարցրեց Մերին, երբ նրանք խորացան հերթական այդպիսի քարե անցուղու մեջ: Քարերն այստեղ կլոր էին: — Սրանք ինձ այնքան էլ դուր չեն գալիս. Գերեզմանոցն են հիշեցնում: Թխպամածում գերեզմանոցներ կա՞ն:

— Չկան,— պատասխանեց Պանդուխտը: — Դունադաններն այստեղ չեն ապրել, միայն պաշտպանվել են Անգմարի կախարդների հարձակումներից հյուսիսային թագավորության վերջին տարիներին: Դրա համար էլ գցել են այս գաղտնի արահետը, որ կարողանան աննկատելի հասնել գագաթի ամրություններին: Մի ժամանակ Թխպամածի գագաթին բարձրանում էր Ամոն Սուլ կոչվող դիտաշտարակը: Թշնամիներն այրեցին այն ու հիմնահատակ ավերեցին, մնացել է միայն քարաշեն մի անկանոն շրջան, ասես պսակ լինի հինավուրց լեռան գագաթին: Մինչդեռ աշտարակը բարձր էր ու վես. ասում են, Վերջին Դաշինքի օրերին այնտեղ կանգնել է Էլենդիլն ինքը և նայել արևմուտք՝ սպասելով Գիլ-Գալադին:

Հոբիթները լայն բացված աչքերով նայում էին Պանդուխտին: Ըստ երևույթին, նրան հայտնի էին ոչ միայն գաղտնի ճանապարհները, այլև հին-հին եղելություններ:

— Իսկ Գիլ-Գալադն ո՞վ է,— հարցրեց Մերին:

Բայց Պանդուխտը չպատասխանեց. նա մտածմունքի մեջ էր: Պատասխանեց մի ցածր ձայն.


Գիլ- Գալադ արքան, լուսավոր արքան,
Ու վերջին արքան բոլոր էլֆերի.
Ուզում էր ցրել մութը սառնաշունչ,
Որ կախվել էր աշխարհի գլխին:

Խավարում փայլում էր վահանը նրա,
Ու սև սրերը ջարդվում էին անվերջ,
Նրա հաղթ թուրը կայծակ էր, կրակ,
Շողում, շանթում էր սև ժայռերի մեջ:

Սակայն Խավարը նահանջեց միայն,
Հավետ չցրվեց Մութը դարավոր
Եվ նրա աստղը գլորվեց, մարեց
Երկնի խորրքերում հեռու հեռավոր:

Բոլորը զարմացած շրջվեցին դեպի Սեմը:

— Իսկ շարունակությու՞նը,— հարցրեց Մերին:

— Շարունակությունն արդեն չեմ հիշում,— խոստովանեց Սեմը: — Ես լսել եմ պարոն Բիլբոյից, երբ դեռ փոքր տղա էի. նա գիտեր, որ էլֆերի համար գժվում եմ և նրանց մասին ամեն ինչ ինձ պատմում էր: Նա ինձ գրագիտություն էլ է սովորեցրել, իսկ ինչքա՜ն է իր հորինած ոտանավորներից արտասանել՝ թիվ ու համար չկա:

— Դա ինքը չի հորինել,— ասաց Պանդուխտը: — Դա «Գիլ-Գալադի մահը» հին երգի սկիզբն է: Երևի Բիլբոն էլֆերենից թարգմանել է համընդհանուր լեզվի: Ես այդ մասին չգիտեի:

— Էնտեղ դեռ շատ կար, երգը երկար էր ու անընդհատ Մորդորի մասին,— ասաց Սեմը: — Հիշում եմ, վախից շարունակությունը միտս չպահեցի: Ի՞նչ գիտենայի էն ժամանակ, որ ինձ բաժին կընկնի գնալ էնտեղ:

— Մորդո՞ր,— ճչաց Փիփինը: — Չէ՛ մի, է՛դ էր պակաս, հույս ունենամ, որ գործը դրան չի հասնի:

— Կամաց,— նրա թևքը քաշեց Պանդուխտը,— այդ բառի հետ զգույշ եղեք:

Արդեն կեսօր էր, երբ նրանք վերջապես հասան արահետի վերջին, և հոկտեմբերյան արևի դալուկ լույսի տակ նրանց առջև մոխրականաչ մի պատնեշ աճեց, որը տանում էր լեռան հյուսիսային լանջը: Որոշեցին քանի արևը երկնքում է, բարձրանալ լեռան գագաթը: Թաքնվելու տեղ այլևս չկար. մնում էր հուսալ, որ ո՛չ թշնամիներ, ո՛չ լրտեսներ շրջակայքում չկան: Վերևում դատարկ էր ու մեռած: Եթե Գենդալֆը նույնիսկ եղել էր այստեղ, ապա ոչ մի հետք չէր թողել:

Արևմտյան լանջին մի մեկուսի ձորակ հայտնաբերվեց, իսկ հատակին թավայանման փոս՝ խոտածածկ պատերով: Այստեղ թողնելով Սեմին, Փիփինին, պոնիներին ու ամբողջ բեռը՝ Պանդուխտը, Մերին ու Ֆրոդոն բարձրացան վերև: Կես ժամ տևողությամբ ծանր վերելքից հետո Պանդուխտն առաջինը հասավ գագաթին: Ուժասպառ Ֆրոդոն ու Մերին հազիվ էին հասնում նրա հետևից: Վերելքի վերջին մասը, կտրուկ ու քարքարոտ, հաղթահարեցին մեծ դժվարությամբ:

Թխպամածի գագաթը, ինչպես և գուշակում էր Պանդուխտը, պսակված էր շրջանաձև հինավուրց քարե ավերակներով: Դարերի ընթացքում քարերը փշրվել էին ու կորել խոտերի մեջ: Ավերակների կենտրոնում թափված գլաքարերի մեջ կրակի թարմ հետքեր կային: Շրջակայքի խոտն ամբողջությամբ ածխացել էր՝ ասես սարի գլխով հրե փոթորիկ էր անցել: Շուրջը մռայլ ու չարագույժ լռություն էր, և կենդանության ոչ մի նշան:

Բարձրանալով փլատակների վրա՝ Պանդուխտն ու հոբիթները տեսան լայնարձակ ու միապաղաղ դաշտեր. միայն հարավում մի փոքրիկ անտառակ էր երևում և, հեռվում ինչ-որ տեղ, ջրի ցոլք: Ուղին շրջանցում էր լեռան ստորոտը, գնում դեպի հարավ և կորչում հորիզոնում երևացող անտառում:

— Ահա քեզ, խնդրե՛մ,— ասաց Մերին: — Արժե՞ր շտապել այստեղ՝ ոչ քեզ ծառ ու թուփ, ոչ առվակ, ոչ թաքստոց: Իհարկե, Գենդալֆն էլ չկա: Թեպետ, ի՞նչ պետք է աներ այստեղ:

— Չգիտեմ,— մտածկոտ ասաց Պանդուխտը: — Եթե նա մեզանից երկու օր հետո էլ լիներ Բրիում, միևնույնն է, ավելի շուտ կհասներ այստեղ:

Հանկարծ նա կտրուկ կռացավ ու սկսեց զննել մրոտ գլաքարերի կույտի ամենավերին հարթ ու սպիտակ քարը, որին կրակ չէր դիպել: Հետո բարձրացրեց ու մատներով շուռումուռ տվեց:

— Հապա նայիր,— ասաց նա Ֆրոդոյին,— քո կարծիքով, սա ի՞նչ է...

Քարի մյուս երեսին Ֆրոդոն մի քանի խոր քերծվածքներ նկատեց:

Ռունագիր.png

— Չորս գիծ և երկու կետ,— ասաց նա:

— Կարելի է և այդպես ասել,— ժպտաց Պանդուխտը: — Սակայն, իմ կարծիքով, ձախից դրված նշանը նման է ռունագիր «Գ»-ի: Հնարավոր է, սա լուր է Գենդալֆից. քերծվածքները դեռ թարմ են: Սակայն ես վստահ չեմ դրանում, քանի որ հետքագետներն էլ են ռունագիր գրում և հաճախ են լինում այս տեղերում:

— Դե, իսկ եթե Գենդալֆից է, ապա ի՞նչ է նշանակում,— հարցրեց Մերին:

— Ըստ երևույթին գրված է «Հ-երեք»,— պատասխանեց Պանդուխտը: — Նշանակում է Հոկտեմբերի երեքին այստեղ է եղել Գենդալֆը, ուրեմն՝ երեք օր առաջ: Եվ հետո, դա նշանակում է, որ նա շտապել է, վերահաս վտանգի պայմաններում է գրել, ավելի երկար ու պարզ գրել չի հասցրել: Այդ դեպքում մեր գործերն այնքան էլ լավ չեն:

— Թող այդպես լինի, բայց լավ է, որ այնուամենայնիվ նա եղած լինի,— ասաց Ֆրոդոն: — Գոնե ավելի հանգիստ կլինենք, երբ գիտենք, որ նա ինչ-որ մոտիկ տեղ է, առջևում կամ թեկուզ հետևում:

— Թերևս,— համաձայնեց Պանդուխտը: — Ես համոզված եմ, որ նա եղել է այստեղ և նրա վրա ինչ-որ հարձակում է եղել. հրեն, կրակն ինչպես է անցել քարերի վրայով: Հիշու՞մ ես, Ֆրոդո, այն բռնկումներն արևելքում: Մենք էլ հենց երեք օր առաջ ենք դրանք տեսել: Երևի նրան այստեղ շրջապատել են և հանկարծակիի բերել. միայն հայտնի չէ, թե դա ինչով է վերջացել: Կարճ ասած, նա չկա, և մենք պետք է Ռիվենդել հասնենք հույսներս մեզ վրա դրած:

— Իսկ այն դեռ հեռու՞ է,— հարցրեց Մերին՝ հոգնած նայելով հովտին:

Թխպամածի բարձունքներից աշխարհը հոբիթներին խենթացնելու չափ ահռելի էր թվում: Ինչ-որ տեղ հեռվում, ներքևում, ձգվում էր ամայի Ուղու նեղ, անվերջանալի ժապավենը:

— Լիգով չի չափված,— արձագանքեց Պանդուխտը: — Բայց ես գիտեմ, թե որքան պետք է գնալ. լավ եղանակին այստեղից մինչև Բրուինենյան ծանծաղուտ իմ քայլով ութ օրվա ճանապարհ է, ձերով՝ տասնչորս, և գնալու ենք ոչ Ուղիով:

— Երկու շաբաթ,— ասաց Ֆրոդոն: — Ամեն ինչ կարող է պատահել:

— Ամեն ինչ,— հաստատեց Պանդուխտը:

Նրանք մոտեցան բարձունքի հարավային եզրին, և լուռ կանգ առան: Միայն այստեղ Ֆրոդոն առաջին անգամ ամբողջ էությամբ զգաց դառը, անտերունչ վախը և գիտակցեց իրեն սպառնող վտանգի իրական չափերը: Ախր սա ինչ բան է, ինչու՞ չէր կարելի մնալ սիրելի, ուրախ, խաղաղ Հոբիթստանում: Նա հայացքն ուղղեց ատելի Ուղիով դեպի արևմուտք՝ տան կողմը: Եվ հանկարծ նկատեց, որ ճանապարհով երկու կետ են դանդաղ սողում, ու երեքն էլ արևելքից նրանց ընդառաջ են գնում:

— Հապա նայե՛ք,— բացականչեց նա, ներքև ցույց տալով:

Պանդուխտն իսկույն ընկավ գետնին, ատամնավոր քարերի հետևը ու Ֆրոդոյին քաշեց իր հետ: Կողքին շրմփաց Մերին:

— Ի՞նչ է պատահել,— շշնջաց նա:

— Առայժմ չգիտեմ, բայց սպասեք ամենավատին,— պատասխանեց Պանդուխտը:

Նրանք զգուշորեն սողացին դեպի եզրն ու քարերի հետևից նորից նայեցին: Պարզ առավոտը վերածվել էր մռայլ օրվա. արևելքից եկող ամպերը ծածկել էին արևը: Այժմ երեքն էլ հստակ տեսնում էին ճանապարհով շարժվող հինգ փոքրիկ սև կետերը: Թվում էր սարսափելի ոչինչ չկա, բայց Ֆրոդոն ու Մերին իսկույն հասկացան, որ այնտեղ, ճանապարհին, Թխպամածի ստորոտից ոչ հեռու, հավաքվում են Սև Հեծյալները:

— Այո, նրանք են,— հաստատեց Պանդուխտը, որի աչքերն ավելի սուր էին: — Թշնամին մեր կողքն է:

Նրանք արագ սողացին հետ ու իջան ընկերների մոտ:

Այդ ընթացքում Սեմն ու Փիփինը հետախուզում էին ձորակն ու շրջակա լանջերը: Ոչ հեռու աղբյուր գտնվեց, որի մոտ տրորված էր գետինը, իսկ ձորակում խարույկի մնացորդներ ու տրորված խոտ՝ ինչ-որ մեկի հապճեպ սարքված օթևան: Ժայռաբեկորների հետևում ձորակի ծայրին Սեմը չոր ցախի կույտ տեսավ:

— Սա, երևի ծերուկ Գենդալֆն է հավաքել,— ասաց Փիփինին: — Իհարկե, գուցեև նա չէ, բայց ով էլ որ եղած լինի, մտածել է, որ կվերադառնա այստեղ:

— Իզուր սկզբում բարձրացա վերև,— ափսոսանքով ասաց Պանդուխտը, նրանց հայտնագործության մասին իմանալով: — Ինքս պետք է առաջին հերթին այստեղ ամեն ինչ ստուգեի: — Եվ նա շտապեց դեպի աղբյուրը: — Ձեռքիցս բաց թողեցի,— վերադառնալով ասաց նա: — Սեմն ու Փիփինը հասցրել են ամեն ինչ տրորել: Վերջերս այստեղ հետքագետներ են այցելել. վառելիքը նրանք են պատրաստել, բայց այստեղ թարմ ոտնահետքեր էլ կան, մի քանի զույգ: Նա, ով մեկ-երկու օր առաջ եկել է այստեղ, ծանր, ճտքավոր կոշիկներ է ունեցել:

Նա մտքերի մեջ ընկավ ու մռայլվեց՝ ասես ինչ-որ բան որոշելով:

Հոբիթները շոշափելիորեն պարզ հիշեցին երկար թիկնոցներով ու հսկայական ճտքավոր կոշիկներով Սև Հեծյալներին: Եթե նրանց այս տեղը հայտնի է, ապա ավելի լավ է այստեղից արագորեն հեռանալ:

Սեմն անհանգիստ շուրջը նայեց. ուրեմն թշնամին մոտիկ է, երևի այստեղից մի երկու լիգ է հեռու, իսկ ինքն ու Փիփինը վազվզում են...

— Բերեք այստեղից փախչենք, պարոն Պանդուխտ,— խնդրեց նա: — Համ ուշ ժամ է, համ էլ էս ձորակը կասկածելի է...

— Դու ճիշտ ես,— պատասխանեց Պանդուխտը՝ աչքերը երկնքին հառելով ու ժամը որոշելով: — Բայց գիտե՞ս, Սեմ, այնուամենայնիվ մնալն ավելի ճիշտ կլինի, թեպետ այս տեղն ինձ էլ դուր չի գալիս: Մինչև գիշեր ավելի հարմար ոչինչ չենք գտնի: Ծայրահեղ դեպքում գոնե թաքնվել ենք, չէ՞ որ նրանք ամեն տեղ լրտեսներ ունեն: Ճիշտ է, կարելի է բլուրների երկայնքով աննկատելի գնալ հյուսիս, բայց դե ամեն տեղ էլ նույնն է: Անտառում թաքնվելու համար հարկավոր է Ուղին հատել, իսկ այն հսկողության տակ է: Իսկ բլուրներից այն կողմ անապատ է:

— Իսկ Հեծյալների աչքերը տեսնու՞մ են,— հետաքրքրվեց Մերին: — Ինձ թվում էր, թե նրանք հոտոտելով (կամ ինչպես դա ճիշտ անվանել, չգիտեմ) են մեզ փնտրում, բայց դու մեզ գագաթին վայրկենապես գետնին փռեցիր, իսկ հիմա էլ ասում ես՝ կտեսնեն, ինչ-որ անհասկանալի է:

— Գագաթին ես ինձ անթույլատրելի անզգույշ պահեցի,— պատասխանեց Պանդուխտը,— շարունակ փնտրում էի, թե Գենդալֆից տեղեկատու նշաններ չկա՞ն և մենք երեքով երկար տնկված էինք ի տես: Հեծյալները ցերեկը չեն տեսնում, դա ճիշտ է, իսկ Սև ձիերը տեսնում են, և մեր շուրջն էլ՝ գետնի վրա, օդում, վխտում են թշնամու լրտեսները, մանր-մունր կամակատարներն ու լրատուները: Ինչքա՞ն կային դրանցից Բրիում, հիշու՞մ եք: Հեծյալները յուրովի են տեսնում աշխարհը. ցերեկը նրանց համար նշմարելի են մեր ստվերները, իսկ մթության մեջ նրանք զանազանում են բնության՝ մեզ համար անիմանալի սև գաղտնագիրը: Իսկ տաք արյունը նրանք զգում են անդադար, անհագ ու վրեժխնդիր չարությամբ: Չէ որ բացի հոտոտելիքից ու տեսողությունից, մի ուրիշ զգայություն էլ կա: Եթե մենք զգում ենք, որ նրանք այստեղ են, ապա նրանք մեզ տասնապատիկ ավելի սուր են զգում: Եվ մի բան էլ,— նա ձայնը ցածրացրեց,— նրանց ձգում է Մատանին:

— Մի՞թե ոչ մի փրկություն չկա,— սարսափած հետ նայելով բացականչեց Ֆրոդոն: — Տեղիցդ շարժվես՝ կտեսնեն ու կբռնեն... Տեղումդ մնաս՝ հոտդ կառնեն ու կգտնեն...

Պանդուխտը ձեռքը դրեց նրա ուսին:

— Հուսահատվել պետք չէ,— ասաց նա: — Դու մենակ չես: Ճիշտ է, այստեղ ապաստարան չէ, բայց մենք խարույկ կվառենք, և կրակը մեզ պահապան ու պաշտպան կլինի: Սաուրոնը կարող է ծառայեցնել կրակն իր օգտին, նա ամեն ինչ կարող է, բայց Հեծյալներն առայժմ կրակից վախենում են, և կրակը մեր բարեկամն է:

— Լավ բարեկամ է,— մրթմրթաց Սեմը: — Այ հիմա խարույկը կվառենք ու՝ նույն բանն է, թե գոռաս, ասես. «էստե՜ղ ենք, եկե՜ք»:

Ձորակի խորքում, աչքից հեռու մի անկյուն ընտրելով, նրանք խարույկ վառեցին ու հապշտապ ուտելիք պատրաստեցին: Երեկոյան ստվերները դարձան մթնշաղ, ցուրտն ընկավ: Հոբիթները հանկարծ զգացին, որ սարսափելի սովածացել են՝ առավոտից ոչինչ չէին կերել: Ընթրիքը համեստ էր, բայց ոչինչ անել չէին կարող: Առջևում ամայի հողեր էին, որտեղ միայն թռչուններ ու գազաններ էին բնակվում՝ Միջերկրի մյուս բնակիչների կողմից վաղուց լքված անհյուրընկալ ու մռայլ մի տարածք էր: Երբեմն այստեղ էին այցելում հետքագետները, բայց երկար չէին մնում, իսկ այլ հյուրեր հազվադեպ էին այս կողմերում հանդիպում, այն էլ, որպես կանոն, անցանկալի. Օրինակ՝ Մշուշապատի հյուսիսից երբեմն այստեղ էին գալիս թրոլները:

— Մեր մթերքը չի բավականացնի,— ասաց Ֆրոդոն: — Չնայած վերջին երկու օրը շատ խնայողաբար ենք կերել, թեպետ այսօրվա ընթրիքն էլ ճոխ չէր, բայց դե ծախսեցինք ավելին, քան պետք էր, մանավանդ, որ դեռ երկու շաբաթվա ճանապարհ ունենք, այն էլ, եթե բախտներս բերի:

— Անտառը կկերակրի,— հուսադրեց Պանդուխտը: — Հատապտուղներ, արմատներ, մեկ էլ տեսար մի բան որսացի: Մի վախեցեք, դեռ ձմեռ չէ, ուտելիք կգտնվի: Պինդ ձգեք գոտիներդ ու հույսներդ դրեք Էլրոնդի ապագա ճաշկերույթների վրա:

Մութն ընկնելուն պես ավելի ցրտեց: Ձորակից դուրս նայելով՝ հոբիթները, բացի արագորեն խավարի մեջ թաղվող դաշտերից, ուրիշ ոչինչ չէին տեսնում: Երկինքը նորից մաքրվել էր և աստիճանաբար լցվում էր առկայծող աստղերով: Հոբիթներն ավելի մոտեցան կրակին, ամուր սեղմվեցին միմյանց ու ծածկվեցին ուղեպարկերում եղած բոլոր ծածկոցներով: Պանդուխտը բավարարվեց սովորական թիկնոցով. նստել էր կրակից քիչ հեռու և մտահոգ ծխամորճն էր փստփստացնում:

Երբ բոլորովին մթնեց, և կրակը պայծառ բոցավառվեց, Պանդուխտը, փորձելով ցրել հոբիթներին պատած սարսափելի մտքերը, սկսեց տարբեր պատմություններ պատմել: Նա շատ ասույթներ գիտեր հնագույն ժամանակների մասին, էլֆերի ու մարդկանց մասին, ավագ դարաշրջանի մութ ու լուսավոր գործերի մասին:

«Քանի՞ տարեկան է նա,— մտածում էին հոբիթնրը,— որտեղի՞ց այդքանը գիտի»:

— Պատմիր Գիլ-Գալադի մասին,— անսպասելի խնդրեց Մերին, երբ Պանդուխտը վերջացրեց պատմել էլֆական թագավորությունների մասին: — Դու գիտե՞ս այն հին երգի շարունակությունը:

— Այո, իհարկե,— պատասխանեց Պանդուխտը: — Եվ Ֆրոդոն էլ գիտե. ի վերջո այդ հնագույն պատմությունն ուղղակիորեն կապված է նրա հետ:

Մերին ու Փիփինը նայեցին Ֆրոդոյին: Վերջինս նստել էր՝ աչքերը հառած կրակին:

— Ես գիտեմ միայն այն, ինչ պատմել է Գենդալֆը,— դանդաղ ասաց նա: — Գիլ-Գալադը Միջերկրի էլֆերի մեծագույն արքաներից վերջինն էր: Նրանց լեզվով «Գիլ-Գալադ» նշանակում է «աստղային լույս»: Էլֆերի բարեկամ Էլենդիլի հետ միասին նա արշավեց դեպի...

— Թե ուր նրանք արշավեցին, այդ մասին, թերևս, չարժե պատմել. հատկապես հիմա, երբ Թշնամու ծառաները շրջում են մոտերքում: Այ, կհասնենք Էլրոնդի տուն՝ պատմությունն ամբողջությամբ կլսեք:

— Այդ դեպքում մի ուրիշ բան պատմիր այն ժամանակների մասին,— խնդրեց Սեմը: — Ինչպե՞ս էին ապրում էլֆերը հին օրերին: Լավ կլիներ էլֆերի մասին մի բան լսեինք, թե չէ էս մթությունն էնպես է վրա տվել...

— Ես ձեզ կպատմեմ Թինուվիելի մասին,— համաձայնեց Պանդուխտը: — Բայց հակիրճ, քանզի դա երկար ասք է, իսկ վերջը մոռացված է: Երևի միայն Էլրոնդը գիտե այն մինչև վերջ: Մի զարմանահրաշ պատմություն է, ճիշտ է՝ տխուր, ինչպես և Միջերկրի բոլոր ավանդապատումները, բայց, լսելով այն, ձեր հոգին, կարծում եմ, կթեթևանա:

Նա մի փոքր լռեց և հանկարծ, պատմելու փոխարեն, սկսեց երգել.


Խոտը կանաչ էր, Տերևը՝ երկար,
Մոլեխինդը՝ բարձր ու բուրավետ,
Տերևների ծածկույթի միջով
Աստղերի լույսը բացատ թափանցեց:
Թինուվիելն էր այնտեղ պարում
Գիշերվա մեղեդային լռության մեջ
Շողում էին գեղեցիկ վարսերը նրա,
Ինչպես լույսը խավարի մեջ:

Իսկ Բերենն իջել էր լեռներից
Ու մոլորվել մութ անտառում,
Եվ էլֆական գետակի ափով
Քայլում էր մենակ, տխուր, տրտում:
Մի կողմ հրելով բարձր խոտերը՝
Նա հանկարծ տեսավ ոսկի ծաղիկներ,
Տեսավ նրա պատմուճանն ու թևքը,
Վարսերը՝ ինչպես պարող ստվերներ:

Հոգնությունից ազատված,
Նախկին ուղին մոռացած,
Նա շտապեց դիպչել նրան,
Բայց բռնեց լուսնի լույսը միայն:
Չքվեց թեթևոտն Թինուվիելը,
Անտառում մենակ թողնելով նրան,
Եվ նրա հոգում տխրություն տիրեց,
Անտառը դարձավ մութ ու անձայն:

Բայց նա հաճախ էր ասես երազում
Քայլերի փափուկ, թեթև ձայն լսում,
Ընդերքից ասես մեղեդի էր հորդում,
Տերևների մեջ՝ ցոլքեր երևում:
Թոշնել են մոլեխինդի գլխիկները
Եվ մեկը մյուսի հետևից կախվել,
Թափվում են դեղնած տերևները
Տխուր անտառում աշուն է եկել:

Թափառում է Բերենը մեռած անտառում,
Տխուր է, բայց հույսը չի կորցնում,
Իսկ երբ գալիս է ցուրտ գիշերը
Լուսինն ու աստղերն են ճանապարհ հուշում:
Նա արտացոլվում է պարող ամպերում,
Լուսնի լույսի մեջ, օդում ու ջրում,
Նա պարում է բարձր սարի գագաթին
Իսկ ոտքերի տակ մշուշն է ծփում:

Բայց ահա ձմեռը վերջացավ,
Ու Թինուվիելը վերադարձավ,
Նա իր երգով գարուն բերեց
Եվ անտառը զարթոնք ապրեց:
Ծաղիկներն արթնացան քնից
Ու հպվեցին նրա ոտքերին,
Բացատները կանաչեցին
Ու արտույտը երգեց կրկին:

Եվ նա կանչեց. «Թինուվիե՛լ»:
Աղջիկը զարմացած կանգ առավ:
Այդ որտեղի՞ց մահկանացուն
Իր էլֆական անունն իմացավ:
Նա կանգ առավ գեթ մի պահ՝
Բայց հմայվեց նրա ձայնով
Ու սերը կապեց նրա հոգին
Հազարավոր կապանքներով:

Բերենը նայեց նրա աչքերին
Որ թաքնված էին վարսերի ստվերում,
Եվ տեսավ այնտեղ լուսին ու աստղեր,
Երկինքն էր այնտեղ արտացոլվում:
Եվ Թինուվիելը՝ էլֆ գեղեցկուհին
Ամոթխած գլուխը խոնարհեց,
Նրա վարսերը շարժվեցին,
Եվ աշխարհը, շողալով, լռեց:

Երկար ուղի անցան նրանք
Ճակատագրի հեգնանքով
Եղան թշնամու երկաթյա ամրոցում
Ու վերադարձան հաղթանակով:
Նրանց բաժանեցին Ծովի ջրերը,
Բայց նրանք կրկին իրար գտան,
Հարություն առան սիրող սրտերը
Եվ երգելով ճանապարհ ընկան:

Պանդուխտը հառաչեց ու լռեց:

— Այս երգը,— քիչ անց շարունակեց նա,— գրված է էլֆական անն-թեննաթ ոճով, որը թարգմանելը չափազանց դժվար է: Այն, ինչը դուք լսեցիք, իսկական երգի կոպիտ ու անորոշ արձագանքն է: Երգը պատմում է Բերենի՝ Բարահիրի որդու և Լութիեն Թինուվիելի հանդիպման մասին: Բերենը սովորական մահկանացու էր, իսկ Լութիենը՝ էլֆերի արքա Թինգոլի դուստրը, որը թագավորում էր այն ժամանակներում, երբ աշխարհը դեռ երիտասարդ էր: Լութիենից գեղեցիկ օրիորդ չկար նույնիսկ այն ժամանակվա ջահել աշխարհում: Նա գեղեցկությունը նման էր հյուսիսի մշուշների վերևում առկայծող աստղերին, իսկ դեմքն ասես լույսի շող լիներ: Այն օրերին Մեծ Թշնամին, որի ծառան էր ընդամենը Մորդորի տիրակալ Սաուրոնը, թագավորում էր հյուսիսում, Անգբենդում, բայց Արևմուտքի էլֆերը վերադառնալով Միջերկիր պատերազմ հայտարարեցին նրան, որպեսզի ուժով վերադարձնեն գողացված Սիրմարիլները: Ներկայիս մարդկանց նախահայրերը կռվում էին էլֆերի կողմից: Բայց Թշնամին հաղթեց, Բարահիրը սպանվեց, իսկ Բերենը սարսափելի զրկանքներ կրելով անցավ Սարսափի Լեռները և հայտնվեց Նելդորետի անտառներում, որտեղ գտնվում էր Թինգոլի թաքնված թագավորությունը: Այստեղ նա հանդիպեց Լութիենին, ով երգում ու պարում էր Էսգալդուին կախարդված գետակի մոտ գտնվող բացատում, և անվանեց նրան Թինուվիել, ինչը հնագույն բարբառով նշանակում է սոխակ: Շատ չարաչանքներ նրանք ստիպված եղան կրել միասին, իսկ հետո էլ երկար ժամանակով բաժանվեցին: Թինուվիելը փրկեց Բերենին Սաուրոնի ստորերկրյա զնդաններից, և նրանք բազում վտանգներ հաղթահարեցին, բայց ի վերջո նրանց հաջողվեց գահից ցած գցել Մեծ Թշնամուն ու նրա երկաթյա թագից պոկել երեք Սիլմարիներից ամենապայծառը: Այն պետք է դառնար հարսանեկան փրկագին, որն իր դստեր դիմաց պահանջել էր Թինգոլը: Բայց Բերենին կրծոտեց Անգբենդի դարպասից դուրս եկած գայլը, և նա մահացավ Թինուվիելի ձեռքերի մեջ: Այդ ժամանակ Թինուվիելն իր սեփական կամքով ընտրեց մահկանացուների ճակատագիրը, որ հեռանա աշխարհից ու հետևի Բերենին: Երգը պատմում է, որ Բաժանումի ծովերից այն կողմ նրանք հանդիպեցին կրկին, և նրանց կարճ ժամանակով թույլատրվեց վերադառնալ Միջերկրի կանաչ անտառները: Եվ միայն դրանից հետո նրանք ձեռք ձեռքի տված հեռացան այս աշխարհից՝ այս անգամ արդեն ընդմիշտ: Ահա թե ինչպես ստացվեց, որ բոլոր էլֆերից միայն Լութիեն Թինուվիելը մահացավ իսկական մահով և հեռացավ աշխարհից, իսկ էլֆերը կորցրին նրան, ում սիրում էին ամենից առավել: Սակայն հենց Լութիենից է սերում հնագույն էլֆերի ու մարդկանց միությունից առաջացած տոհմը: Նրա սերունդներն ապրում են մինչև այսօր, և կանխատեսված է, որ նրա տոհմը երբեք չի վերանա: Ռիվենդելի տիրակալ Էլրոնդը նույնպես սերում է Լութիենից: Բերենից ու Լութիենից ծնվել է Դիորը՝ Թինգոլի ժառանգորդը: Դիորի դուստրը՝ Էլվինգ Ճերմակը, նշանվել է Էարենդիլի հետ, այն նույն Էարենդիլի, ով Սիրմարիլը ճակատին դուրս եկավ երկրային մշուշներից և իր նավն ուղղեց դեպի երկնային ծովեր: Իսկ Էարենդիլից սերում են Արևմուտքի կամ Նումենորի տիրակալները:

Մինչ Պանդուխտը պատմում էր, հոբիթներն անթարթ նայում էին խարույկի լույսից լուսավորված նրա տարօրինակ ու հպարտ դեմքին: Նրա աչքերը փայլում էին, ձայնը խորն էր ու հնչեղ, իսկ գլխավերևում սևին էր տալիս աստղազարդ երկինքը: Եվ Հանկարծ նրա հետևում Թխպամածի գագաթը լուսավորվեց դալուկ լույսով: Սարի հետևից դանդաղ հայտնվեց լուսինը: Գագաթի վերևում աստղերը հանգան:

— Տեսեք,— ասաց Մերին,— լուսինը դուրս եկավ: Երևում է, արդեն շատ ուշ է:

Բոլորը նայեցին վերև: Գագաթին, լուսնի լույսից լուսավորված երկնքի ֆոնին, ինչ-որ բան էր սևին տալիս: Երևի ընդամենը մեծ քար էր կամ սուր ժայռի ելուստ:

Սեմն ու Մերին ձգվեցին, վեր կացան ու գնացին վառելիք բերելու: Ֆրոդոն ու Փիփինը մնացին խարույկի մոտ: Պանդուխտն անքթիթ նայում էր գագաթի լուսապսակին: Շուրջը, կարծես թե, խաղաղ էր ու լուռ, բայց այժմ, երբ խոսակցությունը դադարեց, Ֆրոդոյին հանկարծ սարսռեցնող վախ պատեց, և նա շուտափույթ տեղափոխվեց կրակին մոտիկ: Վերևներից վազելով եկավ Սեմը:

— Չգիտեմ, թե էնտեղ ինչ էր,— ասաց նա,— բայց հանկարծ ինձ վատ զգացի: Այստեղից ոչ մի տեղ չեմ գնա: Ոնց որ գաղտագողի գալիս են...

— Ինչ-որ բա՞ն ես տեսել,— հարցրեց Ֆրոդոն՝ ոտքի թռչելով:

— Ոչ, տեր իմ, չեմ տեսել, բայց, եթե ճիշտն ասեմ, նույնիսկ չեմ էլ նայել:

— Իսկ ես ոնց որ տեսա,— ասաց Մերին: — Ինձ թվաց երկու կամ երեք ստվեր եմ տեսնում: Գոնե այս կողմ չսողային:

— Խարույկին մոտիկ, մեջքով կրակին,— հրամայեց Պանդուխտը: — Ավելի լավ է չոր ու երկար ճյուղեր ընտրեք:

Որոշ ժամանակ զգուշավոր ու լուռ նստած նայում էին համր մթությանը: Ոչ մի շրշյուն: Ոչինչ չէր կատարվում: Ֆրոդոն ուզում էր ամբողջ ձայնով գոռալ՝ այդ կեղեքող լռությունից փրկվելու համար...

— Սու՜ս,— շշնջաց Պանդուխտը, և այդ նույն պահին էլ Փիփինը խեղդվողի ձայնով բացականչեց.

— Այն ի՞նչ է, ի՞նչ է այնտեղ:

Նրանք ավելի շատ զգացին, քան տեսան, թե ինչպես ձորակի եզրին ստվեր բուսնեց. մեկը, երկրորդը, երրորդը... Երեք, ոչ, արդեն չորս աղոտ կերպարանք քարացել էին նրանց վերևում, ձորակի լանջին՝ սև, ասես մթության մեջ խոռոչներ լինեին: Սահմռկելի ֆշշոց լսվեց, գերեզմանային սառնություն փչեց: Ապա ստվերներն օրորվեցին ու սկսեցին մոտենալ:

Փիփինն ու Մերին սարսափահար փռվեցին խոտերին: Սեմն անճարակ նստեց տիրոջ կողքին: Իսկ Ֆրոդոյին պատել էր անտանելի, սահմռկեցնող վախը... Եվ հանկարծ հասկացավ, որ հարկավոր է ընդամենը Մատանին հագնել: Նա դամբարանները չէր մոռացել, չէր մոռացել նաև Գենդալֆի նախազգուշացումները, բայց դիմադրելու ուժ չուներ: Լեզուն էլ պապանձվել էր: Սեմը վախեցած նայում էր նրան. տերը վտանգի մեջ է և նրան ոչ մի կերպ չես օգնի, ոչ մի կերպ: Ֆրոդոն աչքերը փակեց ու փորձեց դիմադրել, հաղթահարել... Ոչ, ուժերից վեր է: Նա շղթան ձգեց, շոշափեց Մատանին և դանդաղորեն հագավ ձախ ձեռքի ցուցամատին:

Ամեն ինչ մնաց խավարի մեջ, ինչպես որ կար, միայն սև ստվերները հանկարծ սարսափելի որոշակի դարձան: Ֆրոդոյի առջև ծառացան մոխրագույն թիկնոցներով հինգ բարձրահասակ ռազմիկ. երկուսն անշարժ կանգնած էին, երեքը մոտենում էին: Նրանց մահացու գունատ դեմքերին փայլում էին սուր, դաժան աչքերը: Հագներին մոխրագույն հագուստ էր, Ճերմակ մազերին՝ արծաթե սաղավարտներ, ոսկրոտ ձեռքներին՝ պողպատե թրեր: Նրանք գալիս էին դեպի Ֆրոդոն՝ սառցե աչքերը նրա վրա սևեռած: Հոբիթն իրեն կորցրած մերկացրեց դաշույնը, և նրան թվաց, թե շեղբը բոցավառվեց բոսորագույն կրակով՝ ասես շիկացած խանձող: Ուրվականային ռազմիկներից երկուսը կանգ առան: Երրորդը բոլորից բարձրահասակ էր. նրա երկար մազերը լուսարձակում էին ֆոսֆորային լույսով, սաղավարտը թագով էր պսակված: Մի ձեռքում երկար թուր ուներ բռնած, մյուսում՝ դաշույն. ձեռքերն ու շեղբերը նույնպես մեռելային լույս էին արձակում: Նա նետվեց դեպի Ֆրոդոն:

Ֆրոդոն սարսափահար ընկավ գետնին ու, ինքն էլ չիմանալով, թե ինչու, հանկարծ գոռաց. «Ով, Էլբերեթ... Գիլթոնիել...» և դաշույնով հարվածեց մոտեցող թշնամու ոտքին: Կատաղի ոռնոցը սասանեց մթությունը, և սառցե մահաբեր շեղբը խրվեց Ֆրոդոյի ուսը: Գիտակցությունը կորցնելու պահին նա տեսավ, թե ինչպես մառախուղից դուրս նետվեց Պանդուխտը՝ երկու բոցավառ ճյուղ ձեռքերին: Վերջին ճիգերով Ֆրոդոն Մատանին պոկեց մատից, դաշույնը ձեռքից ընկավ, ու նա երեսի վրա փռվեց գետնին:

Գլուխ տասներկու. Փախուստ դեպի Գետանցում

Flight to the Ford.jpg

Երբ Ֆրոդոն ուշքի եկավ, Մատանին սեղմված ձեռքի մեջ էր: Նա պառկած էր պայծառ բոցկլտացող խարույկի մոտ, իսկ վրան խոնարհված էին Սեմը, Փիփինը և Մերին:

— Ի՞նչ է պատահել... Ու՞ր է այն գունատ թագավորը,— հազիվհազ ուշքի գալով, ասաց նա:

Նրան պատասխանող չեղավ՝ երեքի շունչն էլ ուրախությունից կտրվում էր, նույնիսկ հարցն էլ չհասկացան: Վերջապես, Սեմի կցկտուր խոսքերից նա հասկացավ, որ ոչ ոք, բացի իրենից, ահարկու թագավորին չի տեսել: Սեմը պատմեց, որ տեսել է, թե ինչպես մոտեցան մռայլ ստվերները, և Ֆրոդոն չքացավ, իսկ իր՝ Սեմի ոտքերը գետնից կտրվեցին: Հետո կողքով սահեց սև ստվերը, ինքը կորցրեց հավասարակշռությունը և ընկավ գետնին: Ապա լսեց տիրոջ ձայնը՝ ոչ այն է հեռվից, ոչ այն է՝ գետնի տակից, իսկ բառերը տարօրինակ էին ու անհասկանալի: Այդքանը: Հետո բոլորով փնտրում էին ու գտան Ֆրոդոյին. նա անշունչ ընկած էր բերանքսիվայր, թուրը տակին: Պանդուխտն իրենց կարգադրեց Ֆրոդոյին պառկեցնել կրակի մոտ, իսկ ինքն անհետացավ, և արդեն ահագին ժամանակ է չկա:

Սեմն, ըստ երևույթին, նորից սկսել էր կասկածել Պանդուխտին, և, երբ նա հայտնվեց, Ֆրոդոյին պատսպարեց՝ թուրը պատյանից հանելով: Բայց Պանդուխտը հանգիստ ու հոգնած նրա կողքին ծնկի եկավ:

— Ոչ, Սեմ, ես Հեծյալ չեմ,— մեղմ ասաց նա,— և ոչ էլ նրանց կամակատարը: Ուղղակի ուզում էի իմանալ, թե ու՞ր են նրանք պահ մտել և ինչու՞: Նրանք պետք է, որ նորից հարձակվեին, այնինչ նահանջել են: Մոտակայքում նրանց հետքն էլ չկա:

Լսելով Ֆրոդոյի պատմությունը՝ նա կարեկցանքով նայեց նրան, մտահոգ գլուխն օրորեց ու խոր հառաչեց: Հետո Մերիին ու Փիփինին կարգադրեց կաթսայիկներով ջուր եռացնել և վերքն անդադար լվանալ:

— Կրակն ավելացրեք, Ֆրոդոյին պետք է տաք պահել,— կարգադրեց նա և, խարույկից հեռանալով, Սեմին կանչեց: — Հիմա որոշ բաներ պարզ են,— շշուկով ասաց նա: — Ինչպես երևում է, հարձակվող թշնամիները միայն հինգն են եղել, երևում է, բոլորը չեն հավաքվել, և դիմադրության չէին սպասում: Վախենում եմ, որ հեռու չեն գնացել և վաղը գիշերվա կողմ նորից կերևան: Նրանք շտապելու բան չունեն: Նրանց հաշվարկներով գործը համարյա արված է: Մատանին հեռու գնալ չի կարող: Այո, Սեմ, քո տերը մահվան շեմին է, և քանի գնա, այնքան նրա իշխանության տակ կլինի: Գուցե և այդպես է, բայց... դեռ կտեսնենք, թե ով ում...

Արցունքները խեղդեցին Սեմին:

— Մի հուսահատվիր,— ասաց Պանդուխտը,— և հույսդ ինձ վրա դիր: Ֆրոդոն ավելի դիմացկուն դուրս եկավ, քան ես կարծում էի. ճիշտ է, Գենդալֆն էլ էր հենց դա ակնարկում: Հրաշք է, որ նա չի սպանվել և, երևակայիր, ավելի երկար կդիմանա, քան նրանք են կարծում: Իսկ ես կաշխատեմ մի քիչ բուժել նրան: Տաք պահեք և լավ հսկեք, եթե որևէ բան կպատահի, ինչքան ուժներդ կպատի, գոռացեք ու չորս կողմը կրակ տվեք: Ես շուտով կգամ:

Այս խոսքերով նա սուզվեց մթության մեջ:

Ֆրոդոն քնում էր ու սուր ցավերից վեր թռչում: Աստիճանաբար թմրում էր ուսը, ձեռքը, ամբողջ կողքը: Բարեկամներն անդադրում լվանում էին վերքն ու աշխատում տաքացնել նրան: Վաղորդյան մոխրագույն լույսն արդեն ողողել էր ձորակը, երբ վերջապես Պանդուխտը վերադարձավ:

— Հապա մի նայե՜ք,— բացականչեց նա՝ գետնից բարձրացնելով մինչ այդ չնկատված սև թիկնոցը, որի ներքևի մասում անցք կար գոյացած: — Մեր Ֆրոդոյի հարվածն է... Թիկնոցը, ճիշտ է, պատռվել է, բայց, ցավոք, նա չի վիրավորվել՝ սովորական դաշույնով ուրվական թագավորին չես վնասի: Էլբերեթ անունը՝ ահա թե ինչն է ավելի շատ վախեցրել նրանց և ոչ թե դաշույնի հարվածը:

Պանդուխտը նորից կռացավ և բարձրացրեց երկար ու նեղ, դաշույնը: Շեղբը սառը փայլում էր: Ատամնավոր ծայրը կոտրված էր: Մինչ նրանք ուսումնասիրում էին, դաշույնն աչքի առաջ ցնդեց թափանցիկ ծխի պես, միայն կոթը մնաց:

— Գործերը վատ են... — նկատեց Պանդուխտը: — Հիմա այդպիսի վերքեր բուժողներ համարյա չկան: Կանեմ, ինչ կարող եմ, բայց քիչ բան կարող եմ:

Նա նստեց գետնին, սև կոթը դրեց ծնկներին և դանդաղ, հոբիթների համար անհասկանալի մի երգ երգելով, սկսեց հմայել: Հետո կոթը դրեց մի կողմ, թեքվեց Ֆրոդոյի կողմը և, գոտուն կապած պայուսակից երկար տերևներ հանելով, ականջին ինչ-որ տարօրինակ բառեր ասաց:

— Ստիպված եղա շատ հեռու գնալ այս տերևների հետևից,— ասաց նա: — Քարքարոտ բլուրներում չի աճում. ես սրանք հոտով գտա Ուղուց հարավ ընկած թավուտում: Այս բույսը բուժիչ հատկություն ունի, այն Միջերկիր են բերել Արևմուտքի մարդիկ, և նրանց լեզվով կոչվում է Ացելաս: Հազվագյուտ բույս է. աճում է միայն այն վայրերում, որտեղ ապրել են այդ մարդիկ: Հյուսիսում քչերը գիտեն Ացելասի մասին, թերևս, մի քիչ հետքագետները: Զարմանալի բույս է, բայց եթե նույնիսկ օգնի, ապա ոչ երկար ժամանակով...

Նա տերևները խաշեց ու բուրավետ եփուկով լվաց Ֆրոդոյի ուսի վերքը: Ացելասի սուր բույրը թարմացրեց բոլորին. հոբիթների հոգին թեթևացավ, ծանր մտքերը ցրվեցին: Ֆրոդոյի ուսի ցավը մի քիչ մեղմացավ, թմրածությունն անցավ, բայց սառած, կախ ընկած թևն ասես փայտացել էր, կպել կողքից: Նա սկսեց հանդիմանել ինքն իրեն, որ թշնամու հրամանով հագավ Մատանին: «Հատուցեցի, լավ,— մտածում էր նա,— ամբողջ կյանքում հաշմանդամ կմնամ, հիմա ի՞նչ անեմ... Ախր շարժվելու ուժ չկա»:

Մինչդեռ քննարկվում էր հենց այդ հարցը՝ ի՞նչ անել հետո: Որոշվեց անհապաղ հեռանալ Թխպամածից:

— Հավանաբար վերջին մի քանի օրը թշնամիները հսկել են այս վայրը,— ասաց Պանդուխտը: — Եթե նույնիսկ Գենդալֆը եղել է այստեղ՝ նրան ստիպել են հեռանալ, և նա հեռացել է՝ թշնամու հարձակումը հետ մղելուց հետո: Ամեն դեպքում մի գիշեր ևս՝ ու մենք կորած ենք: Ուր էլ որ գնանք, ավելի վտանգավոր, քան այստեղ, չի կարող լինել:

Երբ վերջնականապես լուսացավ, նրանք արագ նախաճաշեցին ու ճանապարհ ընկան: Ֆրոդոն գնալ չէր կարողանում, ստիպված եղան ուղեբեռը բաժանել չորս մասի և Ֆրոդոյին նստեցնել պոնիի վրա: Ի դեպ, վերջին մի քանի օրերին պոնին հասցրել էր զգալիորեն գիրանալ ու ուժեղանալ: Նա արդեն կապվել էր իր նոր տերերին, հատկապես՝ Սեմին: Հավանաբար Բիթ Կաղամախը նրա հետ չափազանց վատ էր վարվել, եթե նույնիսկ անցումը Մոծակների Ճահճուտով նրա համար հաճելի զբոսանք էր:

Թխպամածից շարժվեցին ուղիղ դեպի հարավ: Այդ նշանակում էր, որ ստիպված են հատել Ուղին՝ այլ կերպ անհնար էր բաց տարածությունից հեռանալ: Բացի այդ, խարույկի համար ցախ էր անհրաժեշտ. Պանդուխտը շարունակ կրկնում էր, որ Ֆրոդոյին ոչ մի դեպքում չի կարելի մրսել, հատկապես՝ գիշերը:

Ծածուկ ու զգուշավոր շրջանցեցին Թխպամածի հարավ-արևմտյան լանջը և հասան Ուղուն: Հեծյալներ չէին երևում, բայց, երբ նրանք վազելով հատում էին Ուղին, նրանց գլխավերևում իրար կանչեցին երկու մռայլ ձայն: Նրանք ցնցվեցին ու հապշտապ մտան խիտ թփուտը: Սկսվեցին խուլ վայրեր, արահետներ այլևս չկային, շուրջը սևին էին տալիս խիտ թփուտներ ու թավուտներ, որոնց միջև բացվում էին լայնարձակ ամայի տարածություններ. տաղտկալի, երկարատև ու դժվար երթ անճանապարհ վայրերով: Չոր, կոշտ խոտերը ծակծկում էին ոտքերը: Երեկոյան հոբիթները հազիվ էին ոտքի վրա կանգնում: Ֆրոդոն, որ գնում էր պոնիին հեծած, տխուր զննում էր ընկերներին. նույնիսկ Պանդուխտը հոգնած ու մռայլ էր երևում:

Ուսը լցվում էր սուր ցավերով, բայց Ֆրոդոն ատամները սեղմած դիմանում էր՝ տրտնջալ չէր կարելի: Մեկը մյուսի հետևից չորս ծանր օր անցան: Շուրջը գրեթե ոչինչ չէր փոխվել, միայն Թխպամածն էր աստիճանաբար մնում հետևում, իսկ հեռավոր բլուրները մոտենում էին: Ուղու մոտ չարագուշակ ճիչեր արձակելուց հետո թշնամիները չէին երևում, ասես չքացել էին: Գիշերները ճամփորդները զույգ-զույգ պահակություն էին անում՝ դողալով սպասելով, որ ուր որ է սև կետերը կճեղքեն լուսնի կաթնագույն մառախուղը: Բայց ոչ ոք չկար, միայն թոշնած խոտի չոր շրշյունն էր լսվում: Սակայն չարը թաքնված էր ինչ-որ տեղ մոտակայքում, նրանք զգում էին այդ: Հազիվ թե Հեծյալները հետքը կորցրած լինեին: Անկասկած դարան մտած սպասում են, նոր ծուղակ պատրաստում:

Հինգերորդ օրվա վերջում վերելք սկսվեց: Պանդուխտն ուղղություն վերցրեց հյուսիս-արևելք: Վեցերորդ օրը նրանք հաղթահարեցին թեք, երկար լանջը, և հեռվում տեսան անտառապատ բլուրներ ու դրանք շրջանցող Ուղին: Աջ կողմում արևի տակ կայծկլտում էին գետի պողպատե ջրերը: Հեռվում, քարքարոտ հովտում, կիսով չափ մեգի մեջ թաքնված ևս մի գետ կար:

— Վախենում եմ՝ ստիպված ենք կարճ ժամանակով կրկին դուրս գալ Ուղի,— մտահոգ ասաց Պանդուխտը: — Սա Կատաղի Գետն է, էլֆերեն՝ Միթեյթիլ: Այն սկսվում է Էթենմուրյան բարձրավանդակից՝ թրոլների սիրելի վայրից, և հարավում թափվում է Դիվոտ գետը: Երկու գետերի միացումից առաջացած նոր գետը կոչվում է Մոխրաջուր. ծովը թափվելուց առաջ այն բավական լայնանում է: Կատաղի գետն անցնել հնարավոր է միայն Վերջին կամրջով, իսկ դա նշանակում է, որ ստիպված ենք դուրս գալ Ուղի:

— Իսկ այն հեռվինը ո՞ր գետն է,— հարցրեց Մերին:

— Դիվոտն է,— պատասխանեց Պանդուխտը: — Էլֆերն այդ գետը Բրուինեն են կոչում. այն հոսում է Ռիվենդելով: Կամուրջն անցնելուց հետո Ուղին վազում է դեպի Բրուինենյան ծանծաղուտ, բայց, ավելի լավ է ապագան չգուշակենք. առայժմ մեզ Միթեյթիլն էլ է բավական: Դեռ չեմ մտածել, թե ինչպես պետք է անցնենք Բրուինենը: Վերջին կամուրջն էլ որ ազատ լինի, համարեք, թե մեր բախտը բերել է:

Յոթերորդ օրն առավոտ վաղ ճամփորդները նորից վերադարձան Ուղի: Պանդուխտն ու Սեմը գնացին հետախուզության՝ ոչ մի շունչ. ճանապարհը դատարկ էր: Ձիերի հետքեր էլ չկային. երկու օր առաջ, ինչպես գուշակեց Պանդուխտը, այստեղ անձրև էր եկել, և հետքերն, իհարկե, ողողվել էին: Իսկ դրանից հետո ոչ ոք չէր անցել այստեղով:

Ճամփորդները քայլերն արագացրին և, վերջապես հեռվում, սարի տակ, երևաց Վերջին Կամուրջը: Բոլորը վախեցած սպասում էին կամրջի վրա տեսնել սև կերպարանքներին՝ բայց ոչ, կամուրջը կարծես թե ազատ էր: Պանդուխտը նրանց պատվիրեց թաքնվել թփերի մեջ, իսկ ինքն առաջ գնաց՝ ու շուտով էլ հետ եկավ:

— Կամրջի մոտ թշնամիներ չկան ու չեն եղել,— ասաց նա: — Կուզենայի իմանալ, ու՞ր են կորել նրանք: Փոխարենը տեսե՛ք, թե ինչ եմ գտել:

Նա պարզեց ձեռքը. ափի մեջ բաց կանաչ քար կար:

— Ընկած էր կամրջի մեջտեղում, ցեխի մեջ,— բացատրեց նա: — Սա էլֆական բյուրեղ է: Միայն թե չգիտեմ՝ հատու՞կ են այնտեղ թողել, թե՞ ինչ-որ մեկի մոտից է ընկել, բայց, միևնույնն է, հուսադրում է: Այնպես որ եկեք չվախենանք ու անցնենք Կամուրջը: Իսկ հետո... Հետո կտեսնենք, բայց ճանապարհով չենք գնա. բյուրեղն ինչ էլ որ նշանակի, անվտանգություն չի խոստանում:

Կամուրջն անցան արագ ու բարեհաջող: Լռություն էր տիրում, միայն ջուրն էր խոխոջում երեք հսկայական կամարների տակ: Մի կես լիգ անցնելուց հետո Պանդուխտը թեքվեց ձախ՝ դեպի նեղ ձորահովիտը և խորացավ բլուրների ստորոտի նոսր անտառում: Հոբիթներն առաջ էին շարժվում մթնշաղոտ ծառերի արանքով և ուրախանում էին, որ տաղտկալի հարթավայրն ու սարսափելի Ուղին մնացել են հետևում. թեպետ այստեղ էլ տեղանքը վայրի էր, խուլ ու չարագույժ: Լեռների ելուստների վրա ու գագաթներին երևում էին հինավուրց պարիսպների ու աշտարակների ավերակներ՝ դրանք ասես ինչ-որ անհասկանալի սպառնալիք էին թաքցնում իրենց մեջ: Ֆրոդոն հիշեց Բիլբոյի գրքում եղած նկարագրություններն ահեղ աշտարակների մասին, որոնք գտնվում էին Ուղուց դեպի հյուսիս, Թրոլների անտառից ոչ հեռու, որտեղ Բիլբոն վերապրեց իր առաջին լուրջ արկածը: Չլինի՞ արդեն այդ մռայլ վայրերում են, Թրոլների երկրում...

— Ո՞վ է ապրում այստեղ,— հարցրեց նա: — Եվ ո՞վ է կառուցել այս աշտարակները: Սա ի՞նչ է, Թրոլյան սարահա՞րթն է:

— Այո,— ասաց Պանդուխտը: — Միայն թե աշտարակները նրանք չեն կառուցել: Թրոլները կառուցել չգիտեն: Այստեղ ոչ ոք չի ապրում: Դարեր առաջ մարդիկ էին ապրում, բայց հիմա նրանք չկան: Ասում են, նրանց ստրկացրել է Անգմարի կախարդ-արքան, և նրանք հանձնվել են չարին, իսկ Մեծ Պատերազմի ժամանակ կործանվել են իրենց տիրակալի հետ միասին: Նրանց նույնիսկ լեռներն են վաղուց մոռացել, իսկ չարագործության ստվերը, տեսնու՞մ եք, չի վերացել:

— Իսկ դու որտեղի՞ց գիտես այդ բոլորը, եթե նույնիսկ լեռներն են մոռացել,— հարցրեց Փիփինը: — Գազաններն ու թռչունները հո չէին կարող քեզ այդ մասին պատմել:

— Էլենդիլի ժառանգները պահպանում են հիշողությունները եղելությունների մասին,— պատասխանեց Պանդուխտը,— և Ազատքում էլ շատ բան են հիշում:

— Իսկ դու Ազատքում հաճա՞խ էիր լինում,— հետաքրքրվեց Ֆրոդոն:

— Լինում էի,— արձագանքեց Պանդուխտը: — Մի ժամանակ այնտեղ եմ ապրել ու ամեն անգամ առիթ ներկայանալիս՝ վերադառնում եմ: Սիրտս այնտեղ է մնացել, բայց, երևում է, ինձ բախտ չի վիճակված այնտեղ մնալ:

Լեռները գնալով ավելի սերտորեն էին շրջապատում նրանց: Ուղին առանց շեղվելու գնում էր դեպի գետը, բայց այժմ ճամփորդներն այն տեսնել չէին կարող: Առջևում փռված էր լեռների մեջ մխրճված երկար, նեղ, մթին ու մռայլ կիրճը: Քարափներից կախվել էին ծուռումուռ դարավոր արմատներ, լանջերին սևին էին տալիս խոժոռ սոճիները:

Հոբիթներն աներևակայելի հոգնել էին: Նրանք առաջ էին ընթանում չափազանց դանդաղ՝ արահետներ այստեղ չկային, ստիպված շրջանցում էին ընկած ծառաբներն ու թափված քարերը: Ներքևով էին գնում ոչ միայն Ֆրոդոյի պատճառով. միևնույնն է, զառիթափի գլուխը բարձրանալը բավական դժվար կլիներ: Երկրորդ օրը եղանակը վերջնականապես փչացավ: Փչեց արևմտյան քամին, հեռավոր Ծովից խոնավությամբ հագեցած ամպեր եկան, և լեռների գլխին մանր անձրև տեղաց: Երեկոյան կողմ բոլորը մինչև վերջին թելը թրջվեցին: Գիշերատեղն էլ հաճելի չէր. խարույկ վառել այդպես էլ չկարողացան: Առավոտյան լեռներն ավելի բարձր ու զառիկող դարձան, իսկ կիրճը թեքվեց հյուսիս: Պանդուխտը մտահոգ տեսք ուներ. արդեն տաս օր էր անցել Թխպամածում այն գիշերից հետո, և սննդամթերքն արագորեն սպառվում էր: Իսկ անձրևն անդադար գալիս էր ու գալիս:

Գիշերեցին կախված ժայռի տակ, փոքրիկ անձավում կամ, ավելի ճիշտ, խոռոչում: Ֆրոդոն պառկած տանջվում էր: Խոնավ ցրտից ուսի վերքը նվվում էր, ինչպես երբևէ, և անդադար ցավն ու ցուրտը թույլ չէին տալիս քնել: Նա անվերջ կողքից կողք էր շրջվում ու վախեցած ականջ դնում գիշերվա ձայներին՝ խորշերում քամու սուլոցին, կաթացող ջրի ձայնին, հանկարծակի պոկված ժայռաբեկորի դղրդոցին, թափվող քարերի խշշոցին... Նրան հանկարծ թվաց, թե իրեն շրջապատում են սև ստվերները՝ ահա նրանք, հիմա կբռնեն իրեն, ու ամեն ինչի վերջը կգա: Բայց, կտրուկ նստելով, տեսավ միայն Պանդուխտի մեջքը, որն անքուն նստած հսկում էր ու ծխամորճ ծխում: Վերջապես Ֆրոդոն ընկղմվեց անհանգիստ քնի մեջ և տարօրինակ երազ տեսավ. իբր քայլում է խոտի վրայով իր սեփական այգում, Հոբիթստանում, բայց այգին ինչ-որ անորոշ է, մշուշոտ, անիրական, և միայն ցանկապատի վրա կռացած բարձրահասակ սև ստվերներն են պարզորոշ ու հստակ:

Երբ Ֆրոդոն արթնացավ, անձրևն արդեն դադարել էր: Երկինքն առաջվա պես շղարշված էր գորշ ծածկոցով, բայց բացվածքներից երևում էր դալուկ-կապույտ երկինքը: Քամին կրկին փոխվել էր: Այս առավոտ չշտապեցին ճանապարհ ընկնել: Սառը նախաճաշից հետո Պանդուխտը գնաց հետախուզելու՝ հոբիթներին պատվիրելով մնալ ժայռի տակ: Նա ուզում էր մագլցել վերև և ուշադիր տարածքը զննել:

Վերադարձավ չհուսադրող լուրերով:

— Շատ ենք դեպի հյուսիս գնացել,— ասաց նա: — Հարկավոր է հարավ թեքվել, թե չէ կհասնենք Էթենմուր՝ Ռիվենդելից բավական հյուսիս: Այնտեղ բնակվում են թրոլները, և ես գրեթե ծանոթ չեմ այդ վայրերին: Կարելի է, իհարկե, Ռիվենդել հասնել և այնտեղից, բայց շատ ժամանակ կկորցնենք՝ տարածքն ինձ անծանոթ է՝ և սնունդը չի բավականացնի: Կարճ ասած, ճանապարհը մեկն է. հարկավոր է գնալ Բրուինենյան ծանծաղուտ:

Օրվա մնացած մասը մագլցում էին քարքարոտ լանջերով: Վերջապես աջ կողմում, երկու սարի արանքում, հարևան կիրճը տանող անցում գտնվեց: Կիրճը ձգվում էր հենց ճամփորդների ուզած ուղղությամբ: Երեկոյան, սակայն, ճանապարհը փակեց բարձր, մթին սարը՝ քարքարոտ, ջարդված ատամներով սղոցի պես գագաթով: Անհրաժեշտ էր արագ ընտրություն կատարել՝ կա՛մ գնալ հետ, կա՛մ բարձրանալ սարը:

Որոշեցին բարձրանալ, բայց ընթացքում պարզվեց, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ: Ֆրոդոն ստիպված էր իջնել պոնիի վրայից և շուտով ուժասպառ եղավ: Պոնիին մեծ դժվարությամբ էին բարձրացնում վերև, իսկ երբեմն իրենք էլ չէին կարողանում անցնել ժայռերի արանքով՝ առավել ևս, այդպիսի ծանր պարկերն ուսներին: Արդեն մթնել էր, երբ բոլորովին ուժասպառ, նրանք վերջապես հասան երկու գագաթների միջև ընկած նեղ անցումին: Միանգամից կտրուկ վայրեջք սկսվեց: Ֆրոդոն ամբողջ մարմնով դողալով ընկավ գետնին: Նրա ձախ ձեռքն անկյանք կախված էր մարմնի երկայնքով: Սուր ցավի ճիրանները սեղմում էին կուրծքն ու ուսը: Ծառերն ու քարերը աղոտ ստվերներ էին երևում աչքին:

— Այլևս գնալ չի կարելի,— ասաց Մերին Պանդուխտին: — Ֆրոդոն ոտքի վրա կանգնել չի կարողանում: Շատ եմ վախենում նրա համար: Ի՞նչ ես կարծում, Ազատքում կարո՞ղ են նրան բուժել, եթե մենք հասնենք այնտեղ:

— Կտեսնենք,— պատասխանեց Պանդուխտը: — Այստեղ ես ոչինչ ավելի անել չեմ կարող: Նրա վերքի պատճառով եմ ձեզ այսպես վազքով տանում: Բայց այսօր, դու ճիշտ ես, շարունակել չի կարելի:

— Իսկ ի՞նչ է կատարվում տիրոջ հետ,— ցածր հարցրեց Սեմը՝ աղաչական հայացքով Պանդուխտին նայելով: — Վերքը մի պստլիկ էր և արդեն կպել է, միայն սպիտակ սպի է մնացել ուսին:

— Ֆրոդոյին թշնամու զենքն է խոցել,— ասաց Պանդուխտը,— թունավոր, կործանիչ, կախարդված զենքը: Այդ սև հմայանքն իմ ուժերից վեր է: Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել քեզ: Դիմացիր, Սեմ:

Բարձունքում առանձնահատուկ ցուրտ գիշեր անցկացրին, թեև խարույկ էին վառել ծեր սոճու ծուռումուռ արմատների տակ գտնվող մի ոչ մեծ փոսում, որը, ըստ երևույթին, մի ժամանակ կավի հանք էր եղել: Հոբիթները միմյանց սեղմված կուչ էին եկել կրակի շուրջ. լեռնանցքում սառը քամի էր փչում, ներքևում ծառերը տնքում ու հառաչում էին: Ֆրոդոն կես քուն կես արթուն պառկած էր: Նրան թվում էր, թե իր գլխավերևում անհամար սև թևեր են սավառնում, հետապնդողները պտտվում են լեռների գլխին ու փնտրում իրեն՝ վերևից ուշադիր զննելով յուրաքանչյուր ձորակ, յուրաքանչյուր ճեղք...

Բացվեց ցուրտ, բայց պայծառ առավոտը: Օդը մաքրվել էր մշուշից, լվացված երկինքը լցվել էր թափանցիկ, դալուկ լույսով: Հոբիթները ձգվեցին, առույգացան և անհամբերությամբ սպասում էին արևածագին, որպեսզի տաքացնեն փայտացած ձեռքերն ու ոտքերը: Հենց վերջնականապես լուսացավ, Պանդուխտը Մերիի հետ գնաց հետախուզելու ճանապարհը անցումից դեպի արևելք: Երբ նրանք վերադարձան՝ այս անգամ արդեն ուրախալի լուրերով, արեգակն արդեն դուրս էր եկել և պայծառ փայլում էր: Պարզվեց, որ այս անգամ ուղղությունը քիչ, թե շատ, ճիշտ են ընտրել: Մնում է միայն իջնել ներքև, և լեռները կմնան ձախ կողմում: Պանդուխտը հեռվում նկատել էր Դիվոտի փայլը և այժմ գիտեր, որ թեև Գետանցում տանող ճանապարհը չի երևում, այն գետից հեռու չէ:

— Ստիպված ենք մեկ անգամ էլ դուրս գալ Ուղի,— ասաց նա: — Լեռներով հնարավոր չէ անցնել, չորս կողմը փլվածքներ են: Հարկավոր է գնալ ներքև: Այլապես մենք մի շաբաթվա ընթացքում էլ չենք հասնի Գետանցումին, իսկ այդ շաբաթը չունենք:

Նախաճաշեցին և անմիջապես ճանապարհ ընկան: Իջնում էին դանդաղ ու զգուշորեն, բայց, հակառակ սպասումներին, առանց որևէ դժվարության՝ լանջն այս կողմում կտրուկ չէր: Շուտով Ֆրոդոն կրկին կարողացավ նստել թամբին: Բիթ Կաղամախի նախկին պոնին զարմանալի ճարպկությամբ էր հարթ ճանապարհ գտնում քարերի մեջ և գրեթե չէր ցնցում իր հեծյալին, ասես հոգ էր տանում նրա մասին: Ճամփորդներն աստիճանաբար կայտառացան: Նույնիսկ Ֆրոդոն իրեն լավ զգաց առավոտյան պայծառ արևի ջերմությունից, թեև ժամանակ առ ժամանակ տրորում էր ճակատն ու թափահարում գլուխը, որպեսզի ցրի աչքերը պատած մշուշը:

Փիփինը գնում էր մյուսներից քիչ առաջ ընկած: Հանկարծ նա շրջվեց ու կանչեց ընկերներին.

— Հե՛յ, այստեղ արահետ կա:

Հասան նրան և համոզվեցին, որ չի սխալվել. արահետը դուրս էր գալիս ներքևում տարածված անտառից, գալարվելով բարձրանում էր վերև և կորչում դեպի գագաթ ճանապարհին: Տեղ-տեղ այն ամբողջապես ծածկված էր բուսականությամբ, իսկ որոշ տեղերում էլ խճողված էր քարերով ու ընկած ծառերով, բայց զգացվում էր, որ ժամանակին բանուկ է եղել: Արահետը գցել էր ծանրաքաշ ինչ-որ մեկը. անընդհատ հանդիպում էին կոտրված կամ արմատախիլ արված ծառեր և հսկայական ժայռաբեկորներ, որոնք պոկված էին և մի կողմ հրված, որպեսզի անցնողին չխանգարեն:

Որոշեցին՝ քանի դեռ շուրջը խաղաղ է, գնալ արահետով, քանի որ այդպես իջնելն անհամեմատ հեշտ էր: Բայց չափազանց զգույշ էին, հատկապես երբ արահետը մտավ ստվերաշատ եղևնուտ ու լայնացավ: Որոշ ժամանակ անց, եղևնուտից դուրս գալով, այն կտրուկ իջավ ներքև, շրջանցեց քարքարոտ ժայռն ու կորավ հետևում: Ժայռը շրջանցելով՝ ճամփորդները տեսան, որ արահետը մտնում է ցածր ապառաժի տակ, որտեղ ծառերի սաղարթի հետևում թաքնված մի բացատ էր երևում: Ապառաժե պատի մեջ դուռ կար՝ կիսաբաց և ընդամենը մեկ ժանգոտ ծխնուց կախված:

Մոտենալով՝ նրանք կանգ առան: Դռան հետևում քարայր էր կամ, հնարավոր է, ժայռի մեջ փորված ապաստարան, բայց ներսում մութ էր, և ոչինչ զանազանել հնարավոր չէր: Պանդուխտը, Սեմն ու Մերին ամբողջ ուժով հրեցին. դուռը տեղի տվեց, և Մերին ու Պանդուխտը մտան ներս: Խորքը չգնացին. գետնին հոշոտված ոսկորների կույտեր էին թափված, իսկ անկյունում հսկայական սափոր էր դրված ու կողքին՝ մի քանի կոտրված կավե կժեր:

— Ախր սա թրոլների որջ է,— հանկարծ կռահեց Փիփինը: — Շու՛տ արեք, դուրս եկեք քարայրից, արդեն պարզ է, թե ում արահետն է սա: Ինչքան շուտ էստեղից հեռանանք, այնքան լավ:

— Իսկ իմ կարծիքով, դրա կարիքը չկա,— ասաց Պանդուխտը՝ քարայրից դուրս գալով: — Սա իսկապես թրոլների որջ է, բայց վաղուց լքված է: Այնուամենայնիվ եկեք զգույշ լինենք, իսկ հետո կերևա:

Մուտքի մոտ արահետը չէր վերջանում. բացատի ծայրից այն կտրուկ իջնում էր ներքև ու սուզվում անտառի մեջ: Չցանկանալով ցույց տալ Պանուխտին, որ վախենում է, Փիփինը վազեց առաջ ու միացավ Մերիին: Պանդուխտն ու Սեմը հետևեցին նրանց՝ քայլելով Ֆրոդոյին տանող պոնիի երկու կողքով: Արահետն այժմ այնքան էր լայնացել, որ, ցանկության դեպքում, հոբիթները կարող էին նույնիսկ ձեռք ձեռքի տված գնալ:

Բայց դեռ չէին հասցրել շատ հեռանալ, երբ Փիփինը վազքով վերադարձավ, իսկ հետևից էլ Մերին՝ երկուսն էլ մահու չափ վախեցած:

— Թրոլնե՜րը, թրոլնե՜րը,— շնչակտուր գոռաց Փիփինը,— այնտե՛ղ, ներքևում, բացատում. մենք նրանց ծառերի հետևից տեսանք, հո՜ հսկաներ չեն:

— Դե ինչ, գնանք տեսնենք,— որոշեց Պանդուխտը՝ մի ծուռումուռ մահականման փայտ ընտրելով:

Ֆրոդոն ոչինչ չասաց, իսկ Սեմն աչքերը չռեց:

Արևն արդեն բավական բարձրացել էր և գրեթե տերևազուրկ ճյուղերի արանքով լույսի վառ շերտեր էր սփռում բացատի մեջ: Ճամփորդները գաղտագողի մոտեցան և, բների հետևում շունչները պահած, քարացան: Ահա նրանք՝ թրոլները. երեք ահռելի հրեշներ: Մեկը կռացել էր, իսկ մյուս երկուսը նայում էին նրան:

Պանդուխտը հանգիստ առաջ գնաց, ասես ոչինչ չէր եղել:

— Հապա մի վեր կաց, քարացա՛ծ հիմար,— հրամայեց նա և մահակով խփեց կռացած հսկայի հետույքին: Մահակը ճայթյունով կոտրվեց՝ ու ոչ մի բան: Հոբիթները զարմանքից ախ արեցին, բայց մի ակնթարթ հետո նույնիսկ Ֆրոդոն հռհռաց:

— Ա՛յ քեզ բան,— վերջապես ասաց նա: — Լավն ենք, խոսք չկա. մոռացել ենք սեփական ընտանեկան պատմությունը: Ախր սրանք այն երեք թրոլներն են, որոնց Գենդալֆը բռնացրեց վիճելուց՝ թե ինչպես համեղ պատրաստել տասներեք թզուկներին և մեկ հոբիթին:

— Մտքովս էլ չէր անցնում, որ մենք այդ վայրերում ենք,— արդարացավ Փիփինը: Նա այդ պատմությունը հիանալի գիտեր. Բիլբոն ու Ֆրոդոն երբեք առիթը բաց չէին թողնում այն ևս մեկ անգամ պատմելու: Բայց Փիփինն այնքան էլ չէր հավատում այդ «հեքիաթին», և նույնիսկ հիմա, երբ թրոլներն աչքի առաջ էին, մեծ կասկածանքով էր զննում նրանց՝ սպասելով, որ ուր որ է ինչ-որ կախարդանքով կկենդանանան:

— Դուք ոչ միայն ընտանեկան պատմությունն եք մոռացել,— քմծիծաղեց Պանդուխտը,— այլև թրոլների վերաբերյալ ամեն ինչ: Օրը՝ կեսօր է, արևը պայծառ փայլում է, իսկ դուք գոռում եք, թե՝ թրոլները բացատում դարան մտած մեզ են սպասում: Գոնե նկատե՞լ էիք որ նրանցից մեկի ականջի հետևում թռչնի հին բույն կա: Պատկերացնում եմ՝ կենդանի թրոլ այդպիսի զարդով, հա-հա, խոսք չկա:

Բոլորով հռհռացին: Ֆրոդոյի տրամադրությունը բարձրացավ: Բիլբոյի առաջին (այդքան հաջողությամբ ավարտված) արկածի մասին հիշողությունը ուժ տվեց նրան՝ և արևն էլ փառավորապես ջերմացնում էր, այնպես որ աչքերի առջևի մշուշը վերջապես մի քիչ ցրվեց: Նրանք դադար առան բացատում և ճաշեցին ամենամեծ թրոլի ոտքերի տակ՝ ստվերում:

— Գուցե ինչ-որ մեկը կերգի՞, քանի դեռ արևը երկնքում է,— առաջարկեց Մերին, երբ ճաշելը վերջացրին: — Թե չէ արդեն վաղուցվանից ո՛չ երգ չենք լսել, ո՛չ հեքիաթ:

— Թխպամածում այն գիշերից հետո չենք լսել,— հաստատեց Ֆրոդոն: Բոլորը շրջվեցին դեպի նա: — Մի անհանգստացեք,— շտապեց ավելացնել նա՝ տեսնելով իրեն նայող մտահոգ դեմքերը: — Ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, բայց երգել դեռևս չեմ կարող: Գուցե Սեմն ինչ-որ բա՞ն փորձի հիշել:

— Սկսիր, Սեմ,— անմիջապես նրան միացավ Մերին: — Դե, գլուխդ աշխատացրու, այնտեղ այնքան բան կա թաքնված, ժլատություն մի արա:

— Թաքնված, չէ՜ մի,— մրթմրթաց Սեմը: — Դե լավ, կփորձեմ մի բան գտնել... Երգ կլինի՞: Հիմարություն է, իհարկե, երգի նման էլ չէ, բայց որ խոսք գնաց՝ հիշեցի:

Նա վեր կացավ, աշակերտի պես ձեռքերը թաքցրեց մեջքի հետևում և սկսեց երգել մի հին մեղեդի.


Թրոլը չարացած ժայռի գլխին նստել,
Մի հին ոսկոր էր փնթփնթալով ծամում.
Արդեն քանի՜ տարի նա միս չէր կերել,
Քանի որ տարածքն ամայացել էր:
Դե գնա՛ ու բռնիր, գնա՛ ու գտիր:
Իսկ առանց մսի շատ տխուր էր:

Ու մի օր հանկարծ, չգիտես որտեղից,
Թրոլի մոտ եկավ Թոմը.
«Ի՞նչ ես կրծոտում այդպես ագահաբար:
Վա՜յ, քեռի Թիմի ոտքին է նման,
Որ գերեզմանում է պառկած հավիտյան:
Ա՛խ դու չարագործ, ագա՛հի մեկը,
Որտեղի՞ց քեզ նրա ոտքը:»

Թրոլը մռնչաց. «Գողացե՛լ եմ,
Բայց գործածս մեծ մեղք չէ,
Մեկ է, քո մեռած քեռուն
Այս ոսկորն էլ պետք չէ:
Իսկ հիմա ասա, իմանալով այդքանը
Կմերժե՞ր խեղճ թրոլին ծեր հանգուցյալը»:

«Չհասկացա, ա՛յ քեզ հիմար,
Որ մեռել է, ուրեմն՝ ի՞նչ,
Գերեզմանը պիտի քանդես,
Որ չմնա նրանից ոչի՞նչ:
Վերադարձրու ոսկորը, գո՛ղ,
Ու գերեզմանները հանգիստ թո՛ղ»:

Թրոլը բարկացած ասաց.
«Վաղուց է միս չեմ կերել,
Իսկ թարմ հյուրը տեղով միս է,
Կարող եմ և քեզ ուտել:
Իսկ ինչու՞ ոչ, այո՛, ուտե՛լ,
Համեղ ճաշի ժամն է եկել»:

Բայց մեր Թոմը հիմար չէր,
Տարավ ու բերեց,
Ու մինչ թրոլն ուշքի կգար,
Հո՛ հետույքին չխփեց:
Հարվածն ուժեղ էր, բայց նաև՝ տեղին
Անհրաժեշտ էր պատժել հիմար թրոլին:

Բայց թրոլը երկար էր ժայռերին նստել,
Եվ նրա հետույքը քարից էր դարձել:
Թոմը պատրաստ չէր դրան և ոտքը բռնած,
Ցավին չդիմանալով՝ ակամա գոռաց:
Թրոլին այդ ամենը լավ զվարճացրեց.
Ախր Թոմի հարվածից հետույքը չցավեց:

Այդպես ամեն ինչ տխուր վերջացավ,
Թոմը կաղալով տուն վերադարձավ:
Եվ այդ օրվանից ոչինչ չի փոխվել,
Թրոլը շարունակում է ոսկորներ կրծել,
Իսկ նրա հետույքն այնպես է քարացել,
Որ ժայռերից էլ ամուր է դարձել:

— Հարկավոր է նկատի ունենալ,— ծիծաղեց Մերին: — Ժամանակին գլխի ընկար, Պանդուխտ, պատկերացնու՞մ ես ինչ կլիներ, եթե մահակի փոխարեն բռունցքով խփեիր:

— Որտեղի՞ց գտար այդ երգը, Սեմ,— հարցրեց Փիփինը: — Երբեք առաջներում չեմ լսել:

Սեմն ինչ-որ անհասկանալի բան մրթմրթաց:

— Գլխի մեջ էր թաքցնում,— կռահեց Ֆրոդոն: — Երևի ինքն է հորինել: Առհասարակ վերջերս Սեմի մասին ամեն օր մի նոր բան եմ իմանում: Սկզբում դավադիր էր, հիմա էլ դարձել էլ զվարճախոս, այ քեզ բան: Էսպես որ գնա, մեկ էլ տեսար հրաշագործ էլ դարձավ՝ եթե ոչ ռազմիկ:

— Էդ էր պակաս,— ասաց Սեմը, — ոչ հրաշագործ եմ ուզում լինել, ոչ էլ՝ ռազմիկ: Շնորհակալություն:

Օրն արդեն դեպի երեկո էր թեքվում, երբ նրանք լքեցին բացատը և խորացան անտառի մեջ: Ըստ երևույթին գնում էին նույն ճանապարհով, որով տարիներ առաջ գնացել էին Գենդալֆը, Բիլբոն և թզուկները: Քայլեցին մի քանի մղոն՝ և հայտնվեցին քարափի գլխին: Ներքևում երևում էր Ուղին: Թողնելով Կատաղի գետն ու նրա նեղ հովիտը հեռու հետևում, այն վազում էր դեպի Գետանցում՝ գալարվելով մե՛րթ անտառի թավուտներում, մե՛րթ հավամրգու թփերով ծածկված լանջերի միջև: Ճանապարհին Պանդուխտը խոտերի մեջ թաքնված մի քար ցույց տվեց հոբիթներին: Վրան կիսաջնջված ռուներ կային թզուկների լեզվով և էլի ինչ-որ անհասկանալի նշաններ:

— Բարև ձեզ, խնդրեմ,— բացականչեց Մերին,— ախր սա այն քար-նշանն է, որը ցույց էր տալիս, թե որտեղ են թաքցված թրոլների գանձերը: Խոստովանիր, Ֆրոդո, Բիլբոն իր մասնաբաժինն ամբողջությա՞մբ է հանել, թե՞ հնարավոր է ինչ-որ բան մնացած լինի:

Ֆրոդոն նայեց քարին ու մտածեց. «Ի՜նչ լավ կլիներ, եթե Բիլբոն միայն այս անվտանգ գանձերը բերած լիներ: Ախր սրանցից այնքան հեշտ է բաժանվելը»:

— Ոչինչ չի մնացել,— բարձրաձայն ասաց նա: — Բիլբոն մինչև վերջին արծաթը բաժանել է. իբր, վատ նշան է գողացված գանձերն ապագայի համար պահելը:

Ուղին ծածկվել էր երեկոյան երկար ստվերներով: Այն առաջվա պես դատարկ էր, ու շուրջը քար լռություն էր: Ճամփորդներն այլ ընտրություն չունեին. արագ իջան քարափից, դուրս եկան Ուղի և վազեցին, որքան ոտքներում ուժ ունեին: Պոնին աշխուժորեն առաջ էր վարգում, ասես հեծյալին չէր զգում: Ցածրացած արևը շուտով ծածկվեց բլուրների հետևում, և փչեց սառը քամին:

Նրանք արդեն ուզում էին տեղ որոնել գիշերելու համար, երբ հանկարծ հետևից լսվեց զզվելի ու վաղուց սպասվող սմբակների դոփյունը: Բոլորը միանգամից հետ նայեցին, բայց՝ իզուր. ճանապարհը հենց նոր էր կտրուկ ոլորան արել: Արագ մագլցեցին հավամրգու և հապալասի թփերով ծածկված լանջը ու թաքնվեցին ընկուզենու թավուտում: Ուղին երևում էր ներքևում՝ մթնշաղում պղտոր-մոխրագույն էր: Սմբակները դոփում էին ավելի ու ավելի մոտիկ: Անտեսանելի ձին սլանում էր ամբողջ թափով՝ սմբակներով թեթև հարվածելով գետնին: Քամու հետ զնգզնգոց տարածվեց, ասես ոլորանից այն կողմ ինչ-որ մեկը փոքրիկ զանգակներ էր թափահարում:

— Ինչ-որ նման չէ Սև Հեծյալներին,— ասաց Ֆրոդոն՝ ականջ դնելով:

Հոբիթները համաձայնեցին՝ նման չէ, բայց բազմօրյա հետապնդումից հետո ամեն մի ձայն վտանգավոր ու սպառնալից էր թվում: Սակայն Պանդուխտը կռացավ, ականջը հպեց գետնին ու պայծառացավ:

Մթնում էր, թփերը մեղմ խշշում էին: Զանգակներն ավելի ու ավելի հնչեղ էին զնգզնգում, սմբակների ձայնը մոտենում էր: Եվ հանկարծ ոլորանից սրընթաց դուրս թռավ մի սպիտակ ձի՝ շողշողալով մթնշաղում ինչպես ճերմակ թռչուն: Սանձը հուրհրում ու կայծկլտում էր թանկարժեք քարերից, որոնք ասես աստղեր լինեին: Հեծյալի թիկունքում ծածանվում էր թիկնոցը, գլխանոցը հետ էր ընկած, և քամին խաղում էր ոսկեգույն մազերի հետ:

Ֆրոդոյին թվաց, թե հեծյալն արծաթավուն լույս է ճառագում:

Պանդուխտը դուրս թռավ թփուտից և ուրախ բացականչություններով նետվեց դեպի Ուղին, բայց ավելի շուտ, քան նա դուրս թռավ ու ճչաց, հեծյալը հայացքը բարձրացրեց ու զսպեց ձիուն: Պանդուխտին տեսնելով՝ նա իջավ ձիուց ու վազեց ընդառաջ:

Աի նա վեդուն Դունադան... Մաէ գովաննէն,— բացականչեց նա:

Անծանոթի և՛ խոսքը և՛ ջինջ ձայնը կասկածի տեղ չէին թողնում. նրանց առջև էլֆ էր: Բայց նրա ձայնում տագնապ էր հնչում, նա Պանդուխտի հետ խոսում էր արագ ու մտահոգ: Շուտով Պանդուխտը ձեռքով նշան արեց, և հոբիթները թաքստոցից դուրս գալով շտապեցին ներքև, դեպի ճանապարհը:

— Սա Գլորֆինդելն է Էլրոնդի տանից,— ներկայացրեց էլֆին Պանդուխտը:

— Ողջույն քեզ, երկար սպասված հյուր,— դիմեց Ֆրոդոյին էլֆ ռազմիկը: — Ինձ ուղարկել են քեզ դիմավորելու, մենք քեզ համար անհանգստանում էինք: Քեզ սարսափելի վտանգ է սպառնում:

— Ուրեմն Գենդալֆն Ազատքու՞մ է,— ճչաց Ֆրոդոն:

— Երբ ես մեկնում էի, նա դեռ այնտեղ չէր,— պատասխանեց Գլորֆինդելը,— բայց ես մեկնել եմ ինը օր առաջ: Էլրոնդին վատ լուրեր էին հասել. իմ ազգականները ձեր կողմերով անցնելիս իմացել են և իսկույն մեզ տեղյակ պահել, որ Ինը Մատանեկիրները շրջում են արևմտյան հողերում, իսկ դուք վտանգավոր ճանապարհ եք դուրս եկել առանց ուղեկցողի՝ չսպասելով Գենդալֆին: Նույնիսկ մեզ մոտ՝ Ռիվենդելում, շատ քչերի ուժը կպատի դիմակայել Իննին երես առ երես: Բայց Էլրոնդը, այնուամենայնիվ, հավաքեց ու սուրհանդակներ ուղարկեց հյուսիս, արևմուտք ու հարավ՝ չէ՞ որ դուք հետապնդումից խուսափելով կարող էիք թավուտներում մոլորվել: Ես պետք է հսկեի Ուղին. յոթ օր առաջ հասա Միթեյթիլի կամրջին և ձեզ համար նշան թողեցի՝ մի բյուրեղ: Կամրջի հետևում թաքնվել էին Սաուրոնի երեք կամակատար: Ինձ տեսնելով՝ նրանք նահանջեցին և գնացին արևմուտք: Հետո ևս երկուսը հանդիպեցին՝ սրանք շրջվեցին հարավ: Այն ժամանակ ես սկսեցի որոնել ձեր հետքերը և գտա երկու օր առաջ, իսկ այսօր նշմարեցի, թե որտեղ եք իջել սարից: Սակայն բավական է, հիմա պատմությունների ժամանակը չէ: Քանի որ մենք հանդիպեցինք՝ ստիպված կլինեք ռիսկի դիմել և գնալ Ուղիով: Մեզ հետևում են հինգը: Եթե նրանք գտնեն ձեր հետքերը՝ քամուց արագ կսուրան: Թե ուր են մնացածները՝ չգիտեմ, պետք է որ ծանծաղուտը հսկելուց լինեն: Այդ մասին ավելի լավ է հիմա չմտածենք:

Մինչ Գլորֆինդելը խոսում էր, իրիկնային ստվերները թանձրացան, և Ֆրոդոյին մի անհաղթահարելի հոգնածություն պատեց: Դեռ մայրամուտից առաջ նրան թվում էր, թե արդեն երեկո է, իսկ հիմա ընկերների դեմքերը գրեթե չէին երևում: Ցավից ամբողջ մարմնով սարսռում էր: Օրորվելով՝ նա ընկավ Սեմի ուսին:

— իմ տերը վիրավոր է, վիճակը վատ է,— զայրույթով ասաց Սեմը: — Եթե նա չհանգստանա, ապա չի կարող ճանապարհը շարունակել:

Գլորֆինդելը պահեց ընկնող Ֆրոդոյին, գրկեց նրան ու տագնապահար նայեց դեմքին:

Պանդուխտը համառոտ պատմեց Թխպամածի գագաթին տեղի ունեցած գրոհի, մահաբեր դաշույնի մասին: Կոթը նա պահել էր, և հիմա հանեց ու մեկնեց էլֆին: Վերջինս զզվանքով այն վերցրեց ձեռքը, բայց ուշադիր զննեց:

— Այս կոթի վրա չարագործների լեզվով բառեր են գրված,— ասաց նա,— թեպետ դրանք դուք չեք տեսնում: Պահիր սա, Արագորն, Էլրոնդի մոտ պետք կգա: Միայն թե խորը թաքցրու և աշխատիր ձեռք չտալ: Ոչ, այսպիսի վերքը ես բուժել չեմ կարող: Գուցե ցավը կմեղմեմ... Բայց հանգստանալ մեզ ոչ մի կերպ չի կարելի:

Զգայուն մատներով նա շոշափեց Ֆրոդոյի ուսը և դեմքը խոժոռեց: Իսկ Ֆրոդոն հանկարծ զգաց, որ կաշկանդող սառնությունն ասես ճիրանները բաց թողեց, թևը մի քիչ տաքացավ ու ցավը կարծես հանգստացավ: Աչքերի առջևի վարագույրն անհետացավ: Ֆրոդոն նորից տեսավ ընկերներին, և դրանից ուժ ու հույս ստացավ:

— Իմ ձիով կգնաս,— ասաց Գլորֆինդելը: — Ասպանդակները հիմա կձգեմ, իսկ դու նստիր ու պինդ պահիր քեզ: Վախենալ պետք չէ. ես կբարեխոսեմ, և իմ ձին քեզ ոչ մի դեպքում վայր չի գցի: Նրա վարգը թեթև է, իսկ վտանգի դեպքում այնպես կթռչի, որ նույնիսկ թշնամու նժույգները չեն կարողանա մրցակցել նրա հետ:

— Ոչ մի տեղ էլ չեմ գնա,— վճռական հայտարարեց Ֆրոդոն: — Ես, ուրեմն, թաքնվեմ էլֆերի մոտ ու ընկերներիս թողնեմ վտանգի մե՞ջ... Ոչ մի դեպքում:

— Առանց քեզ նրանց ոչ մի վտանգ չի սպառնում,— ժպտաց Գլորֆինդելը: — Քեզ են հետապնդում, ոչ թե նրանց: Դու և քո բեռը՝ ահա գլխավոր վտանգը քո բարեկամների համար:

Դա իրոք այդպես էր, և Ֆրոդոն համաձայնեց նստել սպիտակ ձին: Փոխարենը՝ պարկերը բարձեցին պոնիին, թեթևացան և արագ ճանապարհ ընկան: Հոբիթները հազիվ էին հասնում հոգնել չիմացող արագոտն էլֆի հետևից: Նա վստահորեն տանում էր հոբիթներին սկզբում՝ երեկոյան դժգույն մթնշաղով, հետո՝ անձրևային գիշերվա մթության միջով: Ոչ աստղ կար, ոչ լուսին:

Գլորֆինդելը կանգ առավ լուսադեմին: Փիփինը, Մերին ու Սեմը հազիվ էին ոտքի վրա կանգնում, նույնիսկ Պանդուխտն էր ինչ որ կուզիկացել: Ֆրոդոն կպել էր ձիու պարանոցին ու ծանր քուն մտել:

Երբ դադար հայտարարվեց, հոբիթներն Ուղուց իջան հավամրգու մացառուտը, ընկան գետնին ու տեղնուտեղը քնեցին: Սակայն, ինչպես խեղճերին թվաց, պահակության կանգնած Գլորֆինդելը իսկույն էլ արթնացրեց իրենց: Սակայն առավոտյան արևն արդեն խփում էր ուղիղ աչքերի մեջ, իսկ գիշերային պղտոր մեգից ոչինչ չէր մնացել:

— Հապա մի խմե՛ք,— ասաց Գլորֆինդելը՝ իր արծաթե տափաշշից նրանց գավաթների մեջ ինչ-որ հեղուկ լցնելով:

Նրանք մեկը մյուսի հետևից խմեցին՝ ջու՞ր էր, թե ջուր չէր, ոչ տաք էր, ոչ սառը, անհամ, բայց մարմնով մեկ ուժ էր հորդում և աշխուժություն ներարկում: Դրանից հետո կերած խնձորի չիրն ու հնացած հացը քաղցն ավելի հագեցրին:

Ճամփորդները հազիվ հինգ ժամ էին հանգստացել ու կրկին գնում էին Ուղու անվերջանալի ժապավենով: Գլորֆինելը միայն երկու անգամ թույլ տվեց նրանց հանգստանալ: Փոխարենը՝ երեկոյան կողմ հաղթահարել էին համարյա քսան լիգ: Ճանապարհը թեքվում էր աջ ու իջնում ներքև, դեպի Բրուինենյան ծանծաղուտները: Թեև հետապնդում չկար, բայց Գլորֆինդելը հաճախ էր հետ նայում ու ավելի էր տագնապում: Երկու անգամ նա Պանդուխտի հետ խոսեց էլֆերեն:

Բայց ինչքան էլ ուղեկցորդներն անհանգստանային, երեկոյան պարզ դարձավ, որ հոբիթներն այլևս գնալ չեն կարող: Նրանք օրորվում էին ու սայթաքում՝ երազելով միայն հանգստի մասին: Ֆրոդոյի ուսի ցավը կրկնակի ուժեղացել էր, իսկ աչքերը պատվել էին մոխրագույն մշուշով. նույնիսկ ցերեկային լույսի տակ աշխարհը նրան գորշ ու տեսիլային էր թվում:

Հաջորդ առավոտյան, լուսաբացից առաջ, հոբիթներն առաջ էին գնում քնատ ու հոգնած: Գետանցումը դեռ հեռու էր, բայց նրանք հաշտվել էին իրավիճակի հետ և, մի կերպ իրենց պահելով, որ չընկնեն, ինչ-որ հրաշքով հասնում էին ուղեկցորդների հետևից:

— Գնում ենք գլխավոր վտանգին ընդառաջ,— ասաց Գլորֆինդելը,— սիրտս զգում է, որ կրնկակոխ հետապնդում են մեզ, իսկ Գետանցման մոտ դարան են մտել:

Լեռան ստորոտ էին իջնում խոտածածկ լանջերով, և հոբիթները քայլում էին փափուկ խոտի վրայով, որպեսզի ոտքերը հանգստանան: Երեկոյան երկու կողմից սոճուտ սկսվեց, իսկ քիչ հետո ճանապարհը մտավ զառիվայր, ուղղաձիգ պատերով կիրճը: Ճամփորդներն արագացրին քայլերը, և կիրճում տարածվեց անվերջանալի արձագանքը, ասես նրանց բազմաթիվ ոտքեր էին կրնկակոխ հետևում: Առջևում թեք վայրեջք էր, ապա Ուղին դուրս էր գալիս մի ոչ մեծ մարգագետին, որից այն կողմ սկսվում էր ծանծաղուտը: Գետի մյուս ափին Ուղին շագանակագույն զառիթափով բարձրանում էր վերև. ավելի հեռվում հսկա լեռներ էին:

Կիրճում արձագանքը դեռ չէր լռել, բայց այժմ դրան ինչ-որ աղմուկ էր ավելացել՝ ասես ուժգին քամի սկսված լիներ կիրճի հետևի սոճուտում: Գլորֆինդելը շրջվեց, ականջ դրեց ու սրընթաց նետվեց դեպի գետը:

— Արա՛գ,— ճչաց նա Ֆրոդոյին,— թշնամին այստեղ է:

Սպիտակ ձին առաջ սուրաց: Հոբիթները լանջով ներքև վազեցին, Գլորֆինդելն ու Պանդուխտը՝ նրանց հետևից: Նրանք դեռ չէին հասցրել մարգագետնի կեսն էլ հաղթահարել, երբ թիկունքում սմբակների դոփյուն լսվեց: Կիրճից Սև Հեծյալ դուրս թռավ: Նա սանձեց ձիուն ու կանգ առավ՝ թեթևակի օրորվելով թամբի վրա: Հետևից հայտնվեցին ևս երկուսը, ապա՝ էլի երկուսը:

— Առա՛ջ սլացիր,— նորից գոռաց Գլորֆինդելը:

Ֆրոդոն միանգամից չհնազանդվեց. նրան տարօրինակ թուլություն էր պատել: Նա ստիպեց ձիուն քայլքի անցնել, ապա շրջվեց ու հետ նայեց: Հեծյալները սև արձանների պես կանգնած էին զառիվայրի գլխին, իսկ անտառն ու շրջապատի բլուրները թաղվել էին մշուշի մեջ: Հանկարծ Ֆրոդոն հասկացավ, որ թշնամիներն են իրեն հրամայում կանգ առնել: Հոբիթի մեջ վախ ու ցասում արթնացավ: Նա ձեռքից բաց թողեց սանձն ու թուրը մերկացրեց: Պատյանից հանված թուրը բռնկվեց կարմիր կրակով:

— Առա՛ջ, վարգի՛ր, ասում եմ,— գոռաց Գլորֆինդելն ու էլֆերեն հրամայեց ձիուն. —Նորո լի՛մ, նորո լի՛մ, Ասֆալո՛թ...:

Ձին սուրաց: Այդ նույն պահին ներքև սլացան սև ձիերը: Սահմռկեցուցիչ ոռնոց լսվեց՝ այն նույն ոռնոցը, որ վերջերս հոբիթները լսել էին Հոբիթստանի Արևելյան նահանգում: Պատասխան ոռնոցը չուշացավ, և ժայռերի ու ծառերի հետևից հայտնվեցին ևս չորս Հեծյալ. երկուսը սլացան դեպի Ֆրոդոն, իսկ մյուս երկուսը՝ դեպի Գետանցում՝ փորձելով կտրել սպիտակ ձիու ճանապարհը: Թվում էր՝ նրանք սլանում են փոթորկի թևերով: Հեծյալների ուրվագծերը գնալով մեծանում էին ու սևանում՝ ծածկելով ողջ հորիզոնը:

Ֆրոդոն հետ նայեց՝ ընկերներն արդեն չէին երևում: Բայց Հեծյալները նույնպես հետ էին մնացել. սև ձիերը չէին կարողանում մրցել ճերմակ նժույգի հետ: Հետո նա նայեց առաջ՝ և կորցրեց վերջին հույսը. թշնամիներից շուտ Գետանցումին հասնելն անհնար էր: Հիմա նա Հեծյալներին հստակ տեսնում էր: Գլխանոցներն ու սև թիկնոցներն անհետացել էին ինչ-որ տեղ. այժմ նրանց հագին մոխրագույն հանդերձներ էին: Ոսկրոտ ձեռքերում առկայծում էին մերկացված թրերը, սաղավարտների տակից պսպղում էին սառցե աչքերը, իսկ խուլ, գերեզմանային ձայները կանչում էին հոբիթին ու հրամայում կանգ առնել:

Սարսափը պատեց Ֆրոդոյին: Թրի մասին նա այլևս չէր մտածում: Ճչալ-կանչելն իմաստ չուներ՝ նա միայն փակեց աչքերը և սեղմվեց ձիու պարանոցին՝ ամուր կառչելով բաշից: Ականջներում սուլում էր քամին, զիլ զնգզնգում էին հեծելասարքից ամրացված բոժոժները: Հանկարծ գերեզմանային մահացու սառնություն փչեց, և Ֆրոդոյին ասես սառցե թրեր խոցեցին. էլֆական ձին ծառացավ ու սլացավ առաջ ուղիղ առաջապահ Հեծյալի քթի տակով:

Ջուրը ճողփաց, փրփրեց Ֆրոդոյի ոտքերի տակ, ապա նա ուժեղ հրումից վեր թռավ ու հետ ընկավ թամբի վրա՝ ձին դուրս թռավ ջրից և սկսեց բարձրանալ քարքարոտ զառիվայրի գլուխը: Ծանծաղուտը մնաց հետևում:

Բայց հետապնդումը չվերջացավ: Զառիվայրի գլխին էլֆական ձին կանգ առավ ու խրխնջաց: Ներքևում՝ մյուս ափին, ջրի մոտ սև շարքով կանգնած էին բոլոր Ինը Հեծյալները և նայում էին վերև: Ֆրոդոն վերջնականապես հուսահատվեց: Հիմա վայրկենապես գետը կանցնեն՝ ու ինքը չի փրկվի: Ո՞վ կպաշտպանի իրեն Ազատք տանող անծանոթ ճանապարհին: Եվ սարսափելիորեն հստակ հնչեց լռին հրամանը՝ տեղիցդ չշարժվես: Դիմադրելու ուժ չկար:

Առաջին Հեծյալը խթանեց ձիուն: Ձին մտավ ջուրը և վախեցած ծառացավ: Անհավատալի ճիգով Ֆրոդոն մեջքն ուղղեց ու թուրը բարձրացրեց:

— Հեռացե՛ք,— գոռաց նա սուր ու զրնգուն ձայնով: — Հեռացե՜ք ձեր Մորդորը, ես ձեզ չե՛մ հանձնվի՜...

Հեծյալները կանգ առան ու չարախինդ քրքջացին:

— Արի՜ այստեղ, արի՜ այստեղ,— խմբով կանչեցին նրանք: — Մերն ես դու, քո տեղը Մորդորն է...

— Հեռացե՛ք,— կիսաձայն կրկնեց Ֆրոդոն:

— Մատանի՜ն, տուր Մատանի՜ն,— պատասխանեցին անդրշիրիմյան ձայները:

Պարագլուխը կրունկներով հարվածեց ձիու կողերին ու մտավ ջուրը: Նրան հետևեցին ևս երկուսը:

— Էլբերեթի և հրաշագեղ Լութիենի անունով եմ երդվում,— մի կերպ արտաբերեց Ֆրոդոն՝ թուրը բարձրացնելով,— Մատանին չե՛ք ստանա: Ես էլ ձերը չեմ:

Պարագլուխն արդեն գետի մեջտեղում էր: Նա կանգնեց ասպանդակների վրա և ձեռքն ահեղ բարձրացրեց: Ֆրոդոն քարացավ, լեզուն պապանձվեց ու սիրտն ուժգին թպրտաց: Թուրը կոտրվեց ու նրա դողացող ձեռքից վայր ընկավ:

Էլֆական ձին խռխռոցով ծառացավ: Առաջին Հեծյալն արդեն պատրաստվում էր դուրս գալ ափ:

Հանկարծ խլացուցիչ դղրդոցը ցնցեց գետափնյա հովիտը: Աչքերը պատած մշուշի միջով Ֆրոդոն աղոտ տեսավ, որ գետը բարձրացավ ու փոթորկվող ալիքները հեծելազորի պես ծառս եղան՝ նրա աչքին ճերմակ հեծյալներ, ճերմակ նժույգներ, շքեղ բաշեր երևացին: Ջրի զանգվածը փլվեց երեք Սևերի վրա ու տապալեց նրանց: Մնացած վեցն ընկրկեցին:

Թեև գիտակցությունն արդեն լքում էր Ֆրոդոյին, բայց նա, ասես երազի մեջ, հասցրեց գետի մյուս ափից տարածվող ճիչեր լսել, և նրան թվաց, թե ափ դուրս եկած Սև Հեծյալների հետևում շողշողուն կերպարանք հայտնվեց, իսկ նրա հետևում՝ փոքրիկ կրակներ թափահարող անորոշ ուրվագծեր, որոնք թեթև առկայծում էին մոխրագույն մշուշում, որը կլանում էր ամբողջ աշխարհը:

Սև նժույգները սարսափից խելակորույս նետվեցին մռնչացող հորձանքի մեջ: Ջուրը քշեց Հեծյալներին, և նրանց սահմռկեցուցիչ ոռնոցը խլացավ փոթորկվող ալիքների աղմուկի մեջ: Ֆրոդոն զգաց, որ այլևս չի կարող մնալ թամբի վրա: Գիտակցության վերջին փայլատակումով նա մտածեց, որ իրեն նույնպես վիճակված է իր թշնամիների պես զոհվել ալիքների գրկում: Եվ ընկավ անգիտակից:

ԳԻՐՔ ԵՐԿՐՈՐԴ

Գլուխ առաջին. Նորանոր հանդիպումներ

Rivendell.jpg

Ֆրոդոն արթնացավ, բացեց աչքերն ու իսկույն հասկացավ, որ մահճակալի վրա է պառկած: Սկզբում մտածեց, որ արթնացել է երկար ու տհաճ երազից հետո. նա հիմա էլ դեռ լրիվ ուշքի չէր եկել: Այսպես, ուրեմն նա տանն է, և ճանապարհորդությունը երազու՞մ է տեսել: Կամ գուցե երկար ժամանակ հիվա՞նդ է եղել: Բայց նրա ուշադրությունը գրավեց անսովոր ու տարօրինակ առաստաղը՝ բարձր, տափակ, վարպետորեն փորագրանախշված գերաններով: Ֆրոդոն բոլորովին չէր ուզում վեր կենալ. փափուկ անկողնում հանգիստ պառկած, նա դիտում էր պատերին ընկած արևի ցոլքերը և լսում հեռավոր ջրվեժի աղմուկը:

— Այս որտե՞ղ եմ... Հիմա ժամը քանի՞սն է,— բարձրաձայն հարցրեց նա՝ դիմելով առաստաղին:

— Էլրոնդի դղյակում,— լսվեց պատասխանը: — Հիմա մեզ մոտ առավոտ է, ժամը տասնմեկը: Հոկտեմբերի քսանչորսի առավոտը, եթե այդ էլ ես ուզում իմանալ:

— Գենդա՜լֆ,— նստելով, բացականչեց Ֆրոդոն:

Այդպես էլ կար. բաց պատուհանի մոտ, հարմարավետ բազկաթոռում նստած էր հրաշագործը:

— Այո՛, ես այստեղ եմ,— արձագանքեց նա: — Բայց ամենազարմանալին այն է, որ դու նույնպես այստեղ ես՝ ճանապարհին քո արած բոլոր անհեթեթ հիմարություններից հետո:

Ֆրոդոն լռեց ու նորից պառկեց: Նա չափազանց հարմարավետ ու խաղաղ էր զգում իրեն և տրամադրություն չուներ վիճելու, իսկ ամենագլխավորը՝ քաջ գիտեր, որ Գենդալֆի փաստարկներն ավելի համոզիչ են: Նա վերջնականապես ուշքի էր եկել և աստիճանաբար վերհիշեց ճանապարհորդության ահավոր փուլերը. կարճ ճանապարհը Զառամյալ Անտառով, փախուստը «Սիգարշավող Պոնի» պանդոկից և իր խելահեղ արարքը Թխպամած լեռան ստորոտի ձորակում, երբ մատին հագավ Մատանին: Մինչ նա խորհում էր այդ բոլոր իրադարձությունների մասին և ճգնում էր, սակայն՝ ապարդյուն, հիշել, թե ինչպես է ընկել այստեղ՝ Ազատք, Գենդալֆը լռելյայն փստացնում էր ծխամորճը՝ պատուհանից դուրս փչելով ծխի քուլաները:

— Իսկ ու՞ր է Սեմը,— վերջապես հարցրեց Ֆրոդոն: — Եվ մյուսները... նրանց հո բան չի՞ պատահել...

— Հանգստացիր, նրանք բոլորը ողջ առողջ են,— պատուհանից շրջվելով՝ պատասխանեց Գենդալֆը: — Իսկ Սեմը հերթապահում էր քո մահճի մոտ, մինչև ես չքշեցի նրան հանգստանալու: Կես ժամ առաջ նա գնաց քնելու:

— Բայց ի՞նչ տեղի ունեցավ Գետանցումի մոտ,— զգուշորեն Գենդալֆին հարցրեց Ֆրոդոն: — Այն ժամանակ աշխարհն ինձ ինչ-որ տեսիլքային էր թվում, իսկ հիմա համարյա ոչինչ չեմ հիշում:

— Ամեն ինչ ճիշտ է,— հաստատեց Գենդալֆը: — Դու արդեն կերպարանափոխվում էիր, ուրվական էիր դառնում ուսիդ վերքի պատճառով: Այդ վերքը քիչ էր մնում քո վերջը տար: Մի երկու ժամ էլ ուշ հայտնվեիր Գետանցումի մոտ, քեզ արդեն ոչ ոք փրկել չէր կարողանա: Եվ այնուամենայնիվ դու զարմանալի քաջ ու դիմացկուն դուրս եկար. փա՛ռք ու պատի՛վ քեզ, իմ թանկագին հոբի՛թ... Գերեզմանոցում դու քեզ ուղղակի քաջի պես ես պահել, իսկ դա իրոք, վտանգավոր պահ էր, հնարավոր է, ամենավտանգավորը ողջ ճամփորդության ընթացքում: Ափսոս, որ Թխպամածի մոտ ենթարկվել ես թշնամուն:

— Տեսնում եմ, քեզ շատ բան է հայտնի: — Ֆրոդոն զարմացած նայեց Գենդալֆին: — Գերեզմանոցի մասին դեռ ոչ ոքի չեմ պատմել, սկզբում վախենում էի դրա մասին հիշել, իսկ հետո այնքան բան կատարվեց, որ պատմություններով զբաղվելու ժամանակ չկար: Եվ հանկարծ, պարզվում է, որ դու այդ մասին գիտես...

— Դու քնիդ մեջ խոսում էիր,— բացատրեց նրան հրաշագործը,— ես էլ առանց դժվարության հետազոտեցի քո հիշողությունը: Բայց դու մի անհանգստացիր: Ճիշտ է, ես ասացի, որ դու հիմարություններ ես արել, բայց իրականում այդպես չեմ մտածում: Դուք ձեզ հրաշալի եք պահել՝ և՛ դու, և՛ քո բարեկամները: Հաղթահարել այդպիսի դժվարություններ ու այդքան հեռու գնալ, այն էլ Մատանիով, որը քեզանից խլելու համար ոտքի է ելել Թշնամին, դա իսկական քաջագործություն է:

— Առանց Պանդուխտի մենք այստեղ չէինք հասնի,— խոստովանեց Ֆրոդոն: — Բայց որտե՞ղ էիր դու: Առանց քեզ ես չգիտեի ինչ անել:

— Ինձ ուշացրին,— պատասխանեց Գենդալֆը,— և դա կարող էր մեզ բոլորիս կործանել: Սակայն, իմ կարծիքով, ամեն ինչ ի շահ մեզ է դասավորվել:

— Իսկ քեզ ի՞նչը ուշացրեց...

— Մի շտապիր, կիմանաս: Այսօր քեզ շատ խոսել չի կարելի... Էլրոնդն այդ կարծիքին է,— եզրափակեց հրաշագործը:

— Բայց ախր խոսելն ու լսելը մտածելուց հեշտ է,— առարկեց Ֆրոդոն: — Մտածելը հոգնեցուցիչ է: Ես արդեն, ինչպես տեսնում ես, արթնացել եմ և բազմաթիվ անհասկանալի իրադարձություններ եմ վերհիշում, որոնց մասին պետք է մտածեմ: Քեզ ի՞նչը ուշացրեց, գոնե այդ ինձ բացատրիր:

— Ամեն ինչ իր ժամանակն ունի,— պատասխանեց Գենդալֆը: — Երբ առողջանաս, խորհուրդ կհավաքենք և այնտեղ բացարձակապես ամեն ինչ կիմանաս: Իսկ այժմ քեզ միայն մի բան կասեմ. ինձ դավադրաբար թակարդն էին քաշում:

— Քե՞զ,— զարմացած հարցրեց Ֆրոդոն:

— Այո, ինձ, Գենդալֆ Մոխրագույնին, թակարդն էին ուզում գցել,— հաստատեց հրաշագործը: — Աշխարհում շատ հզոր ուժեր կան, որոնցից մի քանիսի առջև նույնիսկ ես ստիպված եմ լինում նահանջել: Իսկ ոմանց հետ նախկինում հանդիպելու առիթ չեմ ունեցել: Բայց իմ ժամանակը մոտ է: Մորգուլյան Ուրվական Արքան ու նրա Սև Հեծյալներն անցել են Անդուինը: Իսկ դա նշանակում է՝ պատերազմ է սպասվում:

— Ստացվում է, որ դու Հեծյալների մասին ավելի շուտ գիտեի՞ր, մինչև իմ նրանց հետ հանդիպե՞լը:

— Գիտեի՛ և մի անգամ քեզ ասել եմ նրանց մասին, որ Սև Հեծյալները Մատանեկիր Ուրվականներն են, Մատանիների Տիրակալի ինը սպասավորները: Բայց ես չգիտեի, որ նրանք նորից հայտնվել են, այլապես քեզ Հոբիթստանից անմիջապես դուրս կտանեի: Թշնամու սպասավորների մասին ինձ հայտնի դարձավ հունիսին, քեզանից բաժանվելուց հետո... Բայց այդ մասին կիմանաս քիչ հետո: Ինձ ուշացրին հեռու հարավում, և կործանարար դժբախտություններից մեզ ազատեց Արագորնը:

— Այո՛,— հաստատեց Ֆրոդոն,— առանց նրա մենք կկործանվեինք: Բայց երբ նա հայտնվեց, մենք սկզբում վախեցանք: Իսկ Սեմն այդպես էլ չհավատաց նրան, համենայն դեպս՝ մինչև Գլորֆինդելի հետ հանդիպումը:

— Այդ մասին էլ եմ լսել,— Գենդալֆը ժպտաց: — Դեհ, հիմա արդեն Սեմը հավատում է նրան:

— Այ դա հիանալի՛ է,— բացականչեց Ֆրոդոն: — Որովհետև Պանդուխտն ինձ դուր է գալիս: Նույնիսկ ավելին՝ ես նրան անկեղծ սիրեցի... Թեպետ նա, իհարկե, տարօրինակ մարդ է, իսկ երբեմն մեզ պարզապես չարագույժ էր թվում: Բայց գիտես, նա հաճախ էր քեզ հիշեցնում: Ես առհասարակ չգիտեի, որ մեծ ժողովրդի մեջ կան այդպիսինները, ինչպիսին Պանդուխտն է: Ես կարծում էի, որ նրանք ուղղակի մեծ են, կոպիտ ու անխելք: Դե, հասկանում ես, ոմանք բարի են, բայց անխելք, ինչպես Լավր Նարկիսը, մյուսները՝ հիմար, բայց վտանգավոր, ինչպես Բիթ Կաղամախը: Բայց պարզվում է, որ մենք մարդկանց լավ չենք ճանաչում: Չէ՞ որ մեզ մոտ, Հոբիթստանում, համարյա մարդիկ չկան, և մենք նրանց միայն Բրիում ենք հանդիպում:

— Դու բրիեցիներին էլ լավ չես ճանաչում, եթե Լավրին անխելք ես համարում,— քմծիծաղով նկատեց Գենդալֆը: — Նրա լեզուն ավելի ճկուն է աշխատում, քան գլուխը, բայց նա յուրովի շատ խելացի է, չկասկածես: Նրան սեփական օգուտները տեսանելի են նույնիսկ երեք տակ աղյուսե պատի միջից՝ այդպիսի ասացվածք ունեն բրիեցիները: Եվ այնուհանդերձ Միջերկրում Արագորնի, Արաթհորնի որդու պես մարդիկ հազվադեպ են հանդիպում: Անդրծովյան Տիրակալների տոհմը գրեթե մարել է: Կարող է պատահել, որ Մատանու համար պատերազմը նրանց կյանքում վերջինը դառնա:

— Ուզում ես ասել, որ Պանդուխտի նախնիներն Անդրծովյան Տիրակալնե՞րն են,— սեփական ականջներին չհավատալով բացականչեց Ֆրոդոն: — Նշանակում է, նրանց տոհմը մինչև հիմա չի՞ մարել: Իսկ ես նրան պարզապես թափառականի մեկն էի համարում:

— Թափառակա՞ն,— բացականչեց Գենդալֆը: — Դե ուրեմն իմացիր. դունադանները Արևմուտքի մարդկանց մեծ ցեղի հյուսիսային սերունդներն են: Նրանք անցյալում էլ էին ինձ օգնում, իսկ ապագայում մեզ բոլորիս հարկավոր կլինի նրանց օգնությունը, քանզի մենք բարեհաջող հասանք Ազատք, բայց Մատանուն վիճակված չէ այստեղ հանգչել:

— Ըստ երևույթին, այդպես է,— համաձայնեց Ֆրոդոն: — Բայց ես միայն մեկ ցանկություն ունեի՝ ինչքան հնարավոր է արագ ընկնել այստեղ... Եվ հույս ունեմ, որ այլևս ինձ հարկ չի լինի ճանապահը շարունակել: Մի ամբողջ ամիս անցկացրել եմ օտարության մեջ, ճամփաներին, և հիմա լրիվ կշտացած եմ դրանից: Այժմ ուզում եմ ինչպես հարկն է հանգստանալ: — Ֆրոդոն լռեց և աչքերը փակեց: Բայց մի քիչ լռելուց հետո նորից խոսեց: — Ես մտքում հաշվեցի և, ըստ իս, ստացվեց, որ այսօր միայն հոկտեմբերի քսանմեկն է: Որովհետև մենք Գետանցումին մոտեցանք քսանին:

— Բավական է,— ասաց Գենդալֆը,— քեզ հոգնել չի կարելի: Էլրոնդը ճիշտ էր... Իսկ ուսդ ինչպե՞ս է...

— Չգիտեմ,— պատասխանեց Ֆրոդոն: — Ճիշտն ասած չեմ զգում: — Նա շարժվեց: — Ոնց որ թե լավ է... Կարծես թե ձեռքս էլ է շարժվում: Այո, կամաց վերականգնվում է: Ձեռքս արդեն սառը չէ,— ավելացրեց հոբիթը՝ աջ ձեռքով ձախը շոշափելով:

— Հոյակա՜պ է,— ասաց Գենդալֆը: — Դու արագորեն ապաքինվում ես: Շուտով Էլրոնդը թույլ կտա քեզ վեր կենալ՝ այս բոլոր օրերին նա բուժել է քո վերքը...

— Օրերի՞ն,— զարմացած ընդհատեց նրան Ֆրոդոն:

— Դու այստեղ պառկած ես երեք օր ու չորս գիշեր: Էլֆերը քեզ բերեցին քսանի երեկոյան, և դու այդպես էլ առանց գիտակցության գալու քնեցիր: Դրա համար էլ բնականաբար քեզ հիմա թվում է, թե այսօր միայն քսանմեկն է: Մենք բոլորս շատ էինք անհանգստացած, իսկ քո հավատարիմ Սեմը քեզանից չի հեռացել ո՛չ գիշերը, ո՛չ ցերեկը, թերևս՝ միայն Էլրոնդի հանձնարարությունները կատարելու համար: Էլրոնդը հմուտ և փորձված բուժակ է, բայց Թշնամու զենքն անողոք է ու մահաբեր: Ես կասկածում էի, որ դաշույնի ծայրը մնացել է քո սպիացած վերքի մեջ և, ճիշտն ասած, այնքան էլ հույս չունեի, թե կհաջողվի այն հայտնաբերել ու հանել: Էլրոնդն այդ կտորը միայն երեկ կարողացավ շոշափել՝ շատ խորն էր գնացել և դաժան անդառնալիությամբ մոտենում էր սրտիդ:

Ֆրոդոն հիշեց Պանդուխտի ձեռքում անհետացող ատամնավոր շեղբը և սարսռաց:

— Մի վախեցիր,— ասաց Գենդալֆը: — Հենց Էլրոնդը հանեց ջարդոնը քո ուսից, այն հավիտյան անհետացավ: Իսկ դու կարողացար ապացուցել մեզ, որ հոբիթներն ամուր են կառչած այս աշխարհից: Մեծ ժողովրդի շատ հզոր ու խիզախ ռազմիկներ, որոնց ես գիտեի, մի շաբաթից էլ պակաս ժամանակում մորգուլյան դաշույնի հասցրած վերքից ուրվական դարձած կլինեին, իսկ դու արդեն տասնյոթ օր է դիմադրում ես:

— Բացատրի՛ր ինձ, Սև Հեծյալներն ինչու՞ են այդքան վտանգավոր,— հարցրեց Ֆրոդոն: — Եվ նրանք ի՞նչ էին ուզում անել ինձ:

— Նրանք ուզում էին քո սիրտը խոցել մորգուլյան դաշույնով,— պատասխանեց Գենդալֆը: — Դաշույնի կտորը մնում է վերքի մեջ և հետո անշեղորեն շարժվում դեպի սիրտը: Եթե Հեծյալները հասնեին իրենց նպատակին, դու էլ նրանց նման ուրվականակերպ կդառնայիր, միայն թե ավելի թույլ, և կընկնեիր նրանց տիրապետության տակ: Դու կդառնայիր Խավարի Թագավորության ուրվական և Սև Տիրակալը քեզ հավետ կտանջեր Մատանին յուրացնելու համար... Թեպետ հազիվ թե առավել մեծ տանջանք գոյություն ունենա, քան Մատանուց զրկվելն ու ամեն անգամ նրա մատին տեսնելը:

— Լավ է, որ ես այդ վտանգի մասին չեմ իմացել,— կրկին սարսռալով շշնջաց Ֆրոդոն: — Առանց այդ էլ մահվան չափ սարսափեցի, բայց եթե այն ժամանակ իմանայի, թե ինչ վտանգի եմ դիմում, վախից կքարանայի ու տեղիցս չէի շարժվի: Չեմ հասկանում, ինչպե՞ս հաջողվեց ինձ փրկվել:

— Ըստ երևույթին, դու յուրօրինակ ճակատագիր... Կամ բախտ ունես,— ցածրաձայն նկատեց Գենդալֆը: — Ես արդեն չեմ խոսում քո քաջության ու դիմացկունության մասին... Քո քաջության շնորհիվ Սև Հեծյալին չհաջողվեց դաշույնը սիրտդ խրել, և դու միայն ուսից վիրավորվեցիր: Բայց նույնիսկ վիրավոր վիճակում հազվագյուտ տոկունությամբ դիմադրում էիր՝ ահա թե ինչու դաշույնի կտորը տասնյոթ օրվա ընթացքում չհասավ սրտիդ: Եվ այնուամենայնիվ քեզ մազ էր մնում մինչև կործանումը: Թշնամին հրամայեց քեզ հագնել Մատանին և, հագնելով, դու մտար ուրվականների աշխարհը: Դու Հեծյալներին տեսար, նրանք էլ՝ քեզ: Դու, կարելի է ասել, ինքդ քեզ հանձնեցիր նրանց ձեռքը:

— Գիտեմ,— ասաց Ֆրոդոն,— և ամբողջ կյանքում կհիշեմ, թե ինչ սարսափելի են նրանք... Իսկ ինչու՞ ենք մենք նրանց սև ձիերը տեսնում:

— Որովհետև նրանք կենդանի են, միս ու արյունից: Հեծյալների թիկնոցները ևս շատ սովորական են՝ դրանք միայն քողարկում են նրանց անմարմին ուրվականությունը:

— Հապա ինչու՞ այդ կենդանի ձիերը բոլորովին չեն վախենում իրենց ուրվական հեծյալներից: Մյուս կենդանիներին սարսափ է պատում, երբ նրանց Սև Հեծյալ է մոտենում: Շները կաղկանձում են, սագերը ահաբեկված ղժղժում են... Նույնիսկ Գլորֆինդելի ձին, որ Գլորֆինդելի ձին է, էլի վախեցավ...

— Որովհետև նրանց ձիերը բուծված են Մորդորում՝ Սև Տիրակալի սպասավորներին ծառայելու համար: Նրա բոլոր հպատակները չէ, որ անմարմին ուրվականներ են: Այլ արարածներ էլ են նրա իշխանությանը ենթակա՝ օրքերն ու թրոլները, վարգերն ու փոխակերպուկները, նույնիսկ մարդկանցից շատերը՝ իշխանավորներ ու զորականներ, կատարում են նրա չարամետ կամքը: Եվ նա օր օրի նորանոր հողեր է զավթում:

— Իսկ Ազա՞տքը... իսկ էլֆե՞րը: Նրանց վրա էլ հո իշխանություն չունի՞...

— Հիմա՝ ոչ: Բայց եթե նրան հաջողվի նվաճել ողջ աշխարհը, ապա էլֆերն էլ չեն դիմանա: Էլֆերից շատերը, թեպետ բոլորովին էլ ոչ բոլորը, սարսափում են Սև Տիրակալի զորքերից, ստիպված են լինում նահանջել նրա հզորության առջև: Սակայն նա այլևս երբեք չի կարողանա էլֆերին ստիպել ենթարկվել իրեն կամ դաշն կնքել իր հետ: Դեռ ավելին, այստեղ, Ազատքում, մինչև հիմա էլ ապրում են նրա գլխավոր հակառակորդները, համարյա նույնքան հզոր, ինչպիսին նա է: Ես խոսում եմ էլֆ-իմաստունների՝ անդրծովյան հնադարյան Էլդար էլֆերի մասին: Նրանք Մատանու ուրվականներից չեն վախենում, քանի որ ծնվել են Օրհնյալ Երկրում, դրա համար էլ նրանց մատչելի է նաև Ուրվականների Աշխարհը: Այդ զորականներն անցյալում բազմիցս պարտության են մատնել տեսանելի և անտեսանելի ուրվական-թշնամիներին:

— Գետանցումի մոտ, երբ հետ նայեցի,— ոչ շատ վստահ հիշեց Ֆրոդոն,— ինձ թվաց, թե Սև Հեծյալների կողքին սպիտակ շողշողուն կերպարանք տեսա: Ուրեմն ես Գլորֆինդելի՞ն տեսա, այո՞:

— Այո՛,— հաստատեց հրաշագործը: — Գլորֆինդելը զորեղ առաջնածիններից մեկն է, էլֆ իշխան՝ արքայական տոհմից: Այո, Ազատքում ուժեր կգտնվեն, որոնք ընդունակ կլինեն ժամանակավորապես դիմադրել Թշնամուն, ուրիշ վայրերում էլ այդպիսի ուժեր կան, նույնիսկ ձեզ մոտ, Հոբիթստանում, թեև՝ բոլորովին այլ տիպի... Բայց եթե իրադարձությունների ընթացքը չփոխվի, վերջին ազատ ամրոցները կվերածվեն Սև զորքերի ծովերով շրջապատված կղզյակների... Իսկ առայժմ,— նա ընդհատեց ինքն իրեն, վեր կացավ, և նրա մորուքը խրոխտ տնկվեց,— մենք պետք է խաղաղ արիություն պահպանենք: Մի քանի օր հետո դու լրիվ կապաքինվես, եթե ես այսօր իմ խոսակցություններով քեզ մահվան դուռը չհասցնեմ: Այստեղ, Ռիվենդելում, քեզ ոչինչ չի սպառնում... Առժամանակ: Այնպես որ մի անհանգստացիր:

— Որտեղի՞ց ինձ արիություն, որ խաղաղություն պահպանեմ,— ձեռքը թափ տվեց Ֆրոդոն: — Մի խոսքով, ես առայժմ այդ մասին չեմ անհանգստանում: Պատմիր ինձ, խնդրեմ, իմ բարեկամների մասին, և այն ժամանակ արդեն իսկապես կխաղաղվեմ: Չգիտեմ ինչու, քունս տանում է, բայց մինչև չպատմես, թե նրանց ինչ է եղել, չեմ կարողանա քնել:

Գենդալֆը բազկաթոռը մոտեցրեց մահճակալին և Ֆրոդոյի վրա մի քննախույզ հայացք գցեց: Հոբիթի այտերի վարդագույնը վերադարձել էր, իսկ աչքերը հստակ էին ու խաղաղ: Նա ժպտում էր և առողջ տեսք ուներ: Բայց այնուամենայնիվ հրաշագործը տագնապով՝ որոշ, համարյա անորսալի փոփոխություններ նկատեց. բանն այն էր, որ հոբիթի վերմակի վրա անշարժ ընկած ձախ ձեռքը գունատ ու տարօրինակ կերպով ոչ մարմնեղեն էր թվում:

«Դժբախտաբար, դրանից խուսափել հնարավոր չէ,— քթի տակ ցածր քրթմնջաց Գենդալֆը: — Իսկ նա, ախր ճանապարհի կեսն էլ դեռ չի անցել... Իսկ թե ինչ կպատահի, երբ ավարտի այն, հավանաբար չի կարող կանխագուշակել անգամ Էլրոնդն ինքը: Ինչ արած, ապրենք լավի հույսով: Չեմ կարծում, որ նա վատ կավարտի: Հնարավոր է ճանապարհի վերջում կիսաթափանցիկ դառնա, ինչպես ներսից լուսավորվող բյուրեղապակյա անոթը՝ նրանց համար, ում աչքերն ունակ են զանազանելու ներքին իսկական լույսը տեսիլայինից»:

— Դու առողջ տեսք ունես,— բարձրաձայն ասաց նա: — Կարծում եմ, որ քո բարեկամների մասին լսելը քեզ չի խանգարի: Ես Էլրոնդից թույլտվություն չեմ խնդրում, բայց շատ համառոտ կպատմեմ, իսկ հետո կգնամ, ու չխանգարեմ քեզ նորից քնել: Ահա թե ինչ է պատահել Գետանցումի մոտ՝ որքան ինձ հաջողվեց պարզաբանել: Հենց դու վարգեցիր դեպի գետը, Սև Հեծյալները սուրացին քո հետևից: Թխպամած լեռան մոտ դու մուտք էիր գործել նրանց աշխարհը, դրա համար էլ նրանք քեզ պարզ տեսնում էին և հարկ չունեին իրենց ձիերի տեսողությանն ապավինել: Բացի դրանից, նրանց ձգում էր Մատանին: Նրանց ձիերը կկոխկրտեին քո բարեկամներին, և վերջիններս ստիպված եղան ճանապարհը զիջել Հեծյալներին: Ախր քեզ հետևում էին ինը Հեծյալ, այնպես որ նույնիսկ Արագորնն ու Գլորֆինդելը նրանց ջոկատին չէին դիմանա: Մատանեկիր Ուրվականները սուրացին, և քո բարեկամները վազեցին դեպի գետը: Գետանցումից ոչ հեռու, ճանապարհի կիպ եզրին, ծառերով կիսաքողարկված մի կիրճ կա. իջնելով այնտեղ՝ քո բարեկամներն ու Գլորֆինդելն արագորեն մի փոքրիկ խարույկ վառեցին, քանի որ Գլորֆինդելին հայտնի էր, որ եթե Հեծյալները մտնեն գետը, ապա Էլրոնդը փոթորկելու է այն կատաղի ջրերի ալեբախությամբ, և նրանք չեն կարողանա հասնել քո հետևից, բայց ցամաքում մնացածների հետ ստիպված պետք է լինեն մարտի բռնվել: Հենց որ գետի ալիքները կատաղորեն փրփրեցին, Գլորֆինդելը, նրա հետևից էլ Արագորնն ու մյուսները բոցավառ խանձողներով դուրս թռան ճանապարհ: Հայտնվելով ջրի և հրի արանքում, հանձին էլֆ իշխանի նրանք ճանաչեցին առաջնածին էլֆի և կորցրին իրեն դիվային արիությունը, իսկ նրանց ձիերը վախից վայրկենապես գժվեցին: Երեք Հեծյալ քո հետևից փորձեցին ձիերով անցնել գետը՝ փոթորկալի առաջին իսկ ալիքը քշեց նրանց: Մնացած վեցին կատաղած ձիերը մի քիչ հետո քաշեցին գետը, և բոլորն էլ մնացին փրփրաբաշ ալիքների տակ:

— Այդպես էլ նրանք կործանվեցի՞ն,— ուրախացավ Ֆրոդոն:

— Ավա՜ղ, ոչ,— պատասխանեց Գենդալֆը,— հեղեղում կործանվեցին միայն նրան ձիերը... Բայց առանց ձիերի նրանք էլ ի՜նչ Հեծյալ են: Ստիպված կլինեն շտապ կարգով կորչել իրենց որջերը: Մատանեկիր Ուրվականներին ոչնչացնելն այնքան էլ հեշտ բան չէ, սակայն նրանք, իմ կարծիքով, երկար ժամանակով շարքից դուրս են եկել... Երբ հեղեղը դադարեց, քո բարեկամները գետն անցան ու գտան քեզ այս ափին. պառկած էիր բերանքսիվայր, սառն ու գունատ, իսկ տակդ ընկած էր ջարդված սուրդ: Գլորֆինդելի ճերմակ նժույգը կանգնած էր կողքիդ: Արագորնը վախենում էր, որ սպանված ես՝ ավելի վատթարի մասին մտածել անգամ չէր ցանկանում: Այդտեղ էլ վրա հասան Էլրոնդի ուղարկած էլֆերը, քեզ բարձրացրին ու բերեցին Ռիվենդել:

— Իսկ գետն ինչու՞ էր զայրացել Հեծյալների վրա:

— Նրանք էլֆերի վաղնջական թշնամիներն են, իսկ Էլրոնդն այս երկրամասի տեր ու տիրականն է: Երբ թշնամի է մոտենում Ռիվենդելին, Էլրոնդի կարգադրությամբ գետը հորդանում է ու թշնամական զորքերը խորտակվում են ալիքների մեջ: Հենց որ Մատանեկիր Ուրվականների պարագլուխն իջավ դեպի ջուրը, գետը վարարեց: Դե, և եթե կարելի է այդպես արտահայտվել, ես մի քիչ բորբոքեցի նրա զայրույթը: Չգիտեմ, հասցրեցի՞ր նկատել, թե ոչ, որ առաջին ամենակատաղի ալիքները փրփրում էին հզոր սպիտակ հեծյալների կերպարանքով, իսկ հեծելազորից հետո դղրդյոցով գլորվում էին հսկայական մոխրագույն գլաքարեր: Երբ ես տեսա հեղեղի ուժը, ինձ թվաց, որ մենք մեր գերջանքերով չափն անցել ենք և չենք կարողանա սանձել ջրե զորքը: Այո, Մշուշապատ Լեռներից իջնող հոսքերն իրենց մեջ մեծ ուժ են պարունակում: Բայց ամեն ինչ բարեհաջող անցավ, և գետը ձեզ ձեռք չտվեց:

— Աա-յոո՜, հիմա արդեն հիշում եմ,— գլխով արեց Ֆրոդոն: — Ես լսեցի սարսափելի դղրդացող մռնչյուն և որոշեցի, որ բոլորիս վիճակված է խեղդվել՝ և՛ ինձ, և՛ Հեծյալներին, և՛ իմ բարեկամներին: Փոխարենը հիմա մեզ ոչինչ չի սպառնում...

Գենդալֆը սուր նայեց Ֆրոդոյին, բայց վերջինս արդեն լռել էր ու աչքերը փակել:

— Դու ճիշտ ես,— ասաց հրաշագործը,— մեզ ոչինչ չի սպառնում... Առայժմ: Հենց որ ոտքի կանգնես, մենք շքեղ կտոնենք Գետանցումի ձեր հաղթանակը, և տոնը նվիրված կլինի ձեզ՝ քեզ, Արագորնին և քո ուղեկիցներին:

— Մի՞թե մեզ,— զարմացավ Ֆրոդոն: — Գիտե՞ս, մինչև հիմա ինձ զարմացնում է, որ մեր մասին հոգ տարան Գլորֆինդելն ու Էլրոնդը, ընդ որում, առանց որևէ պատճառի:

— Դե, պատճառ նրանք ունեին, և, ճիշտն ասած, նույնիսկ ո՛չ մեկ պատճառ,— թեթևակի ժպտալով՝ առարկեց Գենդալֆը: — Առաջինը՝ ես եմ նրանց խնդրել այդ մասին: Երկրորդ՝ քեզ է վստահված Մատանին: Երրորդ՝ դու Բիլբոյի ազգականն ես ու ժառանգը, իսկ Մատանին նա է լույս աշխարհ հանել:

— Սիրելի Բիլբո... Տեսնես որտե՞ղ է հիմա... — քնկոտ ձայնով քրթմնջաց Ֆրոդոն: — Ա՜յ մի պատմեինք նրան մեր գլխին եկածը, կզվարճացներ նրան... — Այս խոսքերն ասելով՝ նա քնեց:

Եվ այսպես, Ֆրոդոն բարեհաջող հասավ Ծովից արևելք գտնվող Վերջին Հյուրընկալ Հանգրվան: Այդ Հանգրվանում, ինչպես հաճախ ասում էր Բիլբոն, ընդունված էր և՛ ուտել, և՛ քնել, և՛ իրենց արկածների մասին պատմել, և երգեր լսել ու բանաստեղծություններ կարդալ կամ բուխարու մոտ նստած խորհել, և կամ բոլորովին ոչինչ չանել: Եթե մեկն ընկնում է այնտեղ, պատմում էր Բիլբոն բարեկամներին Հոբիթստանում, ապա վայրկենապես բուժվում է հոգնածությունից ու ձանձրույթից, հոգսերից, վախից ու բոլոր հիվանդություններից:

Երեկոյան, երբ Ֆրոդոն նորից արթնացավ, իրեն բոլորովին առողջացած զգաց ու հասկացավ, որ շատ է ուզում ուտել, իսկ գուցեև մի գավաթ գինի խմել: Դրանից հետո չէր խանգարի բանաստեղծություններ կարդալ, ուրախ երգեր երգել կամ սեփական ճանապարհորդության մասին պատմել: Նա վերմակը նետեց վրայից, թռավ հատակին և ուրախությամբ զգաց, որ ձախ ձեռքն աշխատում է նույնքան լավ, որքան առաջ: Մահճակալի մոտ՝ աթոռին, կանաչ կտորից հագուստ էր դրված՝ ըստ երևույթին այն կարել էին, երբ ինքը քնած էր եղել՝ իսկ և իսկ վրայովն էր: Հագնվելիս հայելու մեջ նայեց իրեն և զարմանքով հայտնաբերեց, որ շատ է նիհարել. նա նորից դարձել էր այն պատանի Ֆրոդոն, որին մի օր ապաստան տվեց Բիլբոն: Բայց հայելու միջից նայող նրա աչքերը հասուն հոբիթի աչքեր էին:

— Այո՜, շատ բան ես տեսել այն ժամանակից ի վեր, ինչ վերջին անգամ հայելուց ինձ նայեցիր Հոբիթստանում,— ասաց Ֆրոդոն իր կրկնակին: — Իսկ այժմ, հապա մի տեսնենք ի՞նչ տոն է այստեղ:

Նա ձեռքերը տարածեց ու հաճույքով ձգվեց:

Այդ պահին դուռը ծեծեցին, և սենյակի շեմին հայտնվեց Սեմը: Նա արագ մոտեցավ Ֆրոդոյին, խնամքով շոյեց նրա ձախ ձեռքը և, իր հանդգնությունից շփոթված, շրջվեց մի կողմ:

— Բարև, Սեմ,— խոսեց Ֆրոդոն:

— Տեսա՞ր դու՝ տաք է,— բացականչեց Սեմը: — Ես ձեր ձախ ձեռքից եմ խոսում: Ախր այն սառ-սառույց էր, քիչ էր, որ սառն էր, դեռ մի բան էլ թափանցիկ էր: Դե, հիմա արդեն ամեն ինչ անցած է... Գենդալֆն ինձ ուղարկել է, որ հագցնեմ ձեզ, դուք պատրա՞ստ եք այսօրվա տոնին... Իմ մտքով անցավ, թե ինձ ձեռք է առնում:

— Լիովին պատրաստ եմ,— ասաց Ֆրոդոն: — Եվ անհամբեր: Գնանք փնտրենք մյուսներին:

— Ես ձեզ հիմա կտանեմ,— ասաց Սեմը: — Ախր էս դղյակը շատ մեծ է ու զարմանալի: Թվում է, էստեղ ամեն ծակուծուկ արդեն գիտես, բայց շուռ ես գալիս մի որևէ անկյուն ու դեմ առնում անսպասելի նորությունների: Իսկ էլֆերը, էդ էլֆերը... Ախր էստեղ նրանք են տերերը, ուր գնում ես, ամեն տեղ նրանք են... Ոմանք ոնց որ թագավոր լինեն, գեղեցիկ են ու խիստ, էնպես, որ վախենում ես նայես: Իսկ մյուսները՝ ինչ ասեմ, իսկական երեխեք... Ու ամեն տեղ երաժշտություն, ամեն տեղ երգ... Ես էս տեղերը, իհարկե, դեռ այնքան էլ լավ չգիտեմ՝ համ ժամանակն է քիչ եղել, համ էլ քաջությունս, ճիշտը որ ասեմ, չէր հերիքում...

— Գիտեմ, ինչու ժամանակ չունեիր,— երախտագիտությամբ ընդհատեց նրան Ֆրոդոն: — Սակայն այսօր մենք լիուլի կզվարճանանք... Գնանք, ցույց տուր այստեղի «ծակուծուկերը»:

Նրանք անցան բազում միջանցքներով, իջան թեք աստիճաններով և դուրս եկան մի հսկայական ստվերաշատ պարտեզ, որը գտնվում էր գետի բարձր ափին: Տան արևելյան կողմում, ընդարձակ պատշգամբում Ֆրոդոն տեսավ բարեկամներին: Գետի այն կողմում տարածված հովտում արդեն մթնշաղը թանձրանում էր, բայց արևելյան լեռների բարձր գագաթները դեռևս լուսավորված էին մայր մտնող արևի շողերով: Իրիկնային մթնշաղը թափանցիկ էր ու տաք, զրնգուն աղմկում էր հեռավոր ջրվեժը, իսկ օդը լի էր ծաղիկների բույրով, խոտի ու նորաբույս տերևների հոտով, կարծես թե այստեղ, Էլրոնդի այգում նահանջող ամառը կանգ էր առել հանգստանալու:

— Ուռ-ռա՜-ա՜ա,— տեղից ոստնելով գոռաց Փիփինը: — Ահա նա՝ մեր ազնվածին արյունակիցը... Կեցցե՜ Ֆրոդոն՝ Մատանու տիրակա՜լը...

— Զսպի՛ր քեզ, կոպտորեն նրան ընդհատեց Գենդալֆը, որը նստած էր ստվերաշատ պատշգամբի խորքում, և Ֆրոդոն անմիջապես չնկատեց նրան: — Այս հովիտը չարի համար մատչելի չէ, բայց դա չի նշանակում, որ նրան այստեղ կարելի է կոչել: Որպես Մատանիների Տիրակալ մեծարում են ոչ թե Ֆրոդոյին, այլ Մորդորի Սև Տիրակալին, որի ստվերը նորից տարածվում է աշխարհի վրա: Հիմա մենք ապաստանել ենք հուսալի ամրոցում: Բայց և նրա շուրջն արդեն թանձրանում է խավարը:

— Դե, սկսվեց,— փնթփնթաց Փիփինը: Ապա Ֆրոդոյին դիմելով, ավելացրեց: — Գենդալֆն ինձ անդադար կարգի է հրավիրում: Ես գիտեմ, որ մենք պետք է զգոն լինենք, բայց այս տանը համարյա հնարավոր չէ մտածել որևէ մռայլ կամ տխուր բանի մասին: Այստեղ ամբողջ օրը երգել եմ ուզում, միայն թե կարգին երգ չգիտեմ:

— Ես էլ երգելու տրամադրություն ունեմ,— ուրախ ծիծաղելով՝ նկատեց Ֆրոդոն: — Բայց սկզբում ուզում եմ ուտել ու խմել:

— Դա այստեղ հեշտ գործ է,— ասաց Փիփինը,— առավել ևս, որ քո հոտառությունը քեզ չի խաբել՝ կարողացել ես արթնանալ հենց ընթրիքի ժամին:

— Ոչ թե ընթրիքի, այլ խրախճանքի,— ուղղեց նրան Մերին: — Հազիվ էր Գենդալֆը հանդիսավորությամբ հայտարարել, որ դու առողջանում ես, երբ սկսվեց նախապատրաստությունը. ես կարծում եմ, որ մեզ ճոխ խրախճանք է սպասվում: — Նա չհասցրեց խոսքն ավարտել, երբ հնչեցին զանգակները՝ հյուրերին հրավիրելով տոնական սեղանին:

Արարողությունների սրահն արդեն լիքն էր: Գերակշռում էին էլֆերը, բայց այլ ցեղերի ներկայացուցիչներ էլ կային: Էլրոնդը նստած էր մյուսներից առանձին, բարձր տեղում դրված սեղանի գլխին: Տանտիրոջ մոտ իրար դիմաց տեղավորվեցին Գլորֆինդելն ու Գենդալֆը: Ֆրոդոն նայում էր նրանց աչքերը լայն բացած. նա Էլրոնդին՝ անհամար առասպելների հերոսին, առաջին անգամ էր տեսնում, իսկ Գլորֆինդելն ու Գենդալֆը, նույնիսկ Գենդալֆը, որին նա կարծես թե ճանաչում էր, Էլրոնդի կողքին կերպարանափոխվել էին ու ստացել անպարտելի ու փառաբանված դյուցազունների տեսք:

Գենդալֆն էլֆերից ցածրահասակ էր, բայց սպիտակ մորուքը, արծաթավուն մազերը, լայն թիկունքն ու ազնվազարմ կեցվածքը նրան հնագույն առասպելների իմաստուն արքայի տեսք էին տալիս, իսկ ձյունաթույր հոնքերի տակից նայող աչքերը ժամանակի ընթացքում հանգած ածուխներ էին հիշեցնում, որոնք ցանկացած պահի կարող էին բռնկվել կուրացուցիչ, եթե ոչ մոխրացնող կրակով:

Գլորֆինդելը՝ հզոր, բարձրահասակ ու բարեկազմ, ոսկեհուր վարսերով, թվում էր պատանի, սակայն խաղաղ իմաստությամբ ներհուն, իսկ աչքերը ճառագում էին վճռական խիզախությամբ:

Էլրոնդի դեմքից տարիքը չէր կռահվում. նրան ո՛չ կարելի էր ծեր համարել, ո՛չ երիտասարդ, թեև անհամար՝ և՛ ուրախ, և՛ տխուր իրադարձությունները թողել էին իրենց անջնջելի հետքը նրա դեմքին: Նրա մթնշաղի պես մուգ մազերի վրա առկայծում էր արծաթե թագը, իսկ աչքերը պարզ էին, ինչպես պայծառ աղջամուղջը և պսպղում էին աստղերի պես: Նա արժանապատիվ ու իմաստուն թվաց Ֆրոդոյին, ինչպես հնամյա տիրակալը, և հզոր, ինչպես հասուն, փորձված ռազմիկը: Եվ այդպես էլ կար, նա Ռիվենդելի զորական-տիրակալն էր և մեծ իմաստունի համբավ էր վայելում մարդկանց ու էլֆերի շրջանում:

Էլրոնդի դիմաց, ամպահովանու տակ դրված բազկաթոռում նստած էր փերու պես հրաշագեղ մի օրիորդ, այնքան նման Էլրոնդին, որ կամա, թե ակամա, կռահվում էր, որ նա Էլրոնդի ազգականուհին է: Դեռատի՞ էր նա... Ե՛վ այո, և՛ ոչ: Ճերմակի շաղը դեռ չէր արծաթապատել նրա մազերը, մատաղ դեմքն ասես հենց նոր էր լվացվել ցողով, իսկ վճիտ աչքերը ճառագում էին վաղորդյան աստղերի ջինջ փայլով... Սակայն այնտեղ թաքնված էր հասուն իմաստություն, որը միայն կյանքի փորձն է տալիս, ապրած տարիների փորձը: Նրա արծաթե թագաձև վարսակալի վրա մեղմորեն փայլում էին ադամանդները, իսկ համեստ զգեստը զարդարում էր միայն արծաթե տերևներով ասեղնագործված գոտին:

Այդպես Ֆրոդոն տեսավ նրան, ում մինչ այդ պահը մահկանացուներից քչերին էր հաջողվել տեսել: Նա Էլրոնդի աղջիկն էր. հանձին նա, ինչպես տարածված էր ժողովրդի մեջ, աշխարհ էր վերադարձել Լութիենի գեղեցկությունը, իսկ էլֆերը նրան տվել էին Անդոմիել անունը, քանզի նա իր ժողովրդի համար Իրիկնային Աստղն էր: Անդոմիելը վերջերս էր վերադարձել Լորիենից: Այնտեղ, լեռներից այն կողմ անտառապատ հովտում ապրում էին նրա մոր հարազատները: Իսկ Էլրոնդի որդիները՝ Էլադանը և Էլրոհիրը, ճամփորդում էին ինչ-որ տեղ հեռավոր հյուսիսում, որովհետև նրանք երդվել էին վրեժ լուծել իրենց մորը տանջողներից՝ հյուսիսային օրքերից:

Անդոմիելի գեղեցկությունն ապշեցրել էր Ֆրոդոյին՝ նա դժվարությամբ էր հավատում, որ կենդանի արարածը կարող է այդքան գեղեցիկ ու կատարյալ լինել: Իսկ երբ իմացավ, որ իր համար տեղ է պատրաստված Էլրոնդի սեղանին, համարյա վախեցավ՝ նրան շփոթեցրեց այդքան մեծ պատիվը: Մի քանի բարձերով հատուկ բազկաթոռին նստած՝ նա մյուսներից ցածր չէր, բայց ինքն իրեն թվում էր պստլիկ ու իր նշանավոր սեղանակիցներին ոչ արժանի: Սակայն շուտով այդ զգացումն անցավ: Սեղանին տիրում էր անկաշկանդ ուրախություն, իսկ առատ ու զարմանալի համեղ ուտեստները նրա ախորժակին ներդաշնակ էին, այնպես որ նա գլխավորապես ափսեին էր նայում:

Բայց սովը քիչ մարելով, նա գլուխը բարձրացրեց՝ հայացքով բարեկամներին փնտրելով: Նրանք նստած էին հարևան սեղանին՝ և՛ նրա հավատարիմ Սեմը, և՛ Փիփինը, և՛ Մերին: Ֆրոդոն հիշեց, թե ինչպես էին Սեմին համոզում, որ նա այստեղ ոչ թե ծառա է, այլ պատվավոր հյուր՝ նա ուզում էր Ֆրոդոյին սպասարկել սեղանի շուրջ: Սակայն Պանդուխտին նա չտեսավ:

Ֆրոդոյից աջ մի թզուկ էր բազմած՝ արտակարգ երևելի ու շքեղ հագնված: Նրա երկճյուղ ճերմակ մորուքն իջնում էր կուրացուցիչ սպիտակություն ունեցող բաճկոնակի վրա՝ ծածկելով արծաթե գոտու ճարմանդը: Պարանոցից կախված հաստ ոսկե շղթայի մեջ շողշողում էին ադամանդները: Նկատելով, որ Ֆրոդոն իրեն է նայում, թզուկը շրջվեց դեպի նա ու ասաց.

— Ողջ լինես ու զորանաս, հարգելի հոբիթ: — Նա բազկաթոռից վեր կացավ և խոնարհվելով ավելացրեց. — թզուկ Գլոին: Պատրաստ եմ ծառայելու,— իսկ հետո մի անգամ էլ խոնարհվեց:

— Ֆրոդո Բեգինս, պատրաստ ծառայելու և՛ քեզ, և՛ քո հարգելի ազգականներին,— քաղաքավարի պատասխանեց Ֆրոդոն՝ զարմացած տեղից վեր թռչելով և ամենափոքր ուշադրություն անգամ չդարձնելով բազկաթոռից թափվող բարձերին: — Ասա խնդրեմ, Ճի՞շտ է իմ ենթադրությունը, որ դու այն նույն Գլոինն ես՝ նշանավոր Թորին Կաղնեվահանի ուղեկիցը:

— Միանգամայն ճիշտ է,— հաստատեց թզուկը: Նա հատակից բարձրացրեց ընկած բարձերն ու Ֆրոդոյին օգնեց բազկաթոռին նստելու: — Մի զարմացիր, որ ես քեզ նման հարց չեմ տալիս,— քաղաքավարի նկատեց նա,— ինձ արդեն հաղորդել են, որ դու բոլորի կողմից հարգված Բիլբո Բեգինսի ազգականն ու ժառանգորդն ես: Շնորհավորում եմ քեզ ապաքինվելուդ առթիվ:

— Շնորհակալ եմ,— անկեղծ ասաց Ֆրոդոն:

— Ես լսել եմ, որ քեզ ճանապարհին տարօրինակ փորձություններ են հանդիպել... Տարօրինակ և սարսափելի,— ինքն իրեն ուղղեց թզուկը: — Կուզեի իմանալ, ի՞նչը կարող էր ստիպել չորս հոբիթի, այլ ոչ թե մեկ, ինչպես ժամանակին Բիլբոն, այդպիսի հեռավոր ճանապարհորդության դուրս գալ... Այն ժամանակից ի վեր, ինչ Բիլբոն որոշեց գալ մեզ հետ, այդպիսի բան չէր եղել: Ի դեպ, գուցե ես շա՞տ հարցեր եմ տալիս: Էլրոնդն ու Գենդալֆն ինձ հասկանալ տվեցին, որ չեն ցանկանում այդ մասին ընդարձակվել:

— Նրանց իմաստությունն ինձ մոտ կասկած չի հարուցում,— զգույշ, բայց քաղաքավարի պատասխանեց Ֆրոդոն: Նա վճռեց, որ նույնիսկ Էլրոնդի մոտ հյուրընկալվելիս Մատանու մասին հարկավոր է զգույշ խոսել: Եվ բացի դրանից, չէր ուզում հիշել հոգսերի ու անհանգստությունների մասին: — Պետք է խոստովանեմ,— ավելացրեց նա,— որ ես էլ իմ հերթին կուզեի իմանալ, թե ինչու՞ բոլորի կողմից հարգված թզուկն այդպիսի երկար ու վտանգավոր ճանապարհորդություն է ձեռնարկել՝ լքելով Սարամիջի իր թագավորությունը:

Գլոինն ուշադիր նայեց Ֆրոդոյին:

— Եթե դեռ չես լսել, ապա ավելի լավ է այդ մասին առայժմ չխոսենք,— ասաց նա: — Էլրոնդը մտադիր է խորհուրդ հրավիրել, և այնտեղ, կարծում եմ, մենք շատ բան կիմանանք: Իսկ հիմա ավելի լավ չի՞ լինի որևէ այլ բանի մասին խոսենք:

Եվ նրանք խոսակցություն սկսեցին իրենց հարազատ վայրերի մասին, որը չսպառվեց մինչև խնջույքի վերջը: Ավելի ճիշտ, հիմնականում խոսում էր Գլոինը, որովհետև լուրջ իրադարձությունները, ինչպես գտնում էր Ֆրոդոն, շրջանցում էին Հոբիթստանը (նա հաստատ որոշել էր Մատանու մասին չհիշատակել), իսկ թզուկը բավական բան ուներ պատմելու Խլուտի հյուսիսում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին: Նա Ֆրոդոյին տեղեկացրեց, որ Մշուշապատ Լեռների և Չարքանտառի միջև ընկած հողերի տերն է դարձել այժմ Գրիմբեորն Ծերը՝ Բեորնի որդին, և նրա լայնատարած տիրույթների սահմանները չեն հանդգնում խախտել ո՛չ օրքերը, ո՛չ գայլդարձյակները:

— Ես համոզված եմ,— աշխուժորեն պատմում էր Գլոինը,— որ Դեյլից Ռիվենդել հին ճանապարհով կարելի է ապահով ճանապարհորդել միայն Գրիմբեորնի ռազմիկների շնորհիվ: Նրանք պահպանում են Բարձր Լեռնանցքը և ծանծաղուտը՝ Քարրոքի մոտ: Ցավոք սրտի, նրանց մաքսերը բարձր են և նրանք առաջվա պես թզուկներին չեն խնայում,— գլուխն օրորելով՝ ավելացրեց Գլոինը: — Դրա փոխարեն նրանց մեջ մի կաթիլ անգամ նենգություն չկա, իսկ դա այսօր շատ արժե: Բայց բոլորից լավ մեզ վերաբերվում են Դեյլում, Լճափի թագավորությունը հիմնադրած մարդիկ: Այժմ այնտեղ կառավարում է Բարդ Նետաձիգի թոռը, Բեյնի որդին՝ Բրանդ թագավորը: Նա հմուտ կառավար է, և նրա թագավորությունը տարածվում է Երկար լճի Էսգարոթ քաղաքից մինչև հեռավոր հարավ ու արևելք:

— Իսկ ինչպե՞ս է քո ժողովուրդը,— հարցրեց Ֆրոդոն:

— Մեզ մոտ բազում իրադարձություններ են տեղի ունեցել,— պատասխանեց Գլոինը,— և՛ լավ, և՛ վատ: Բայց լավը, պատկերացրու, այնուամենայնիվ ավելի շատ է. մինչև այժմ մշտապես մեր բախտը բերել է: Թեպետ մենք էլ, հասկանալի է, զգում ենք չարագուշակ ամպի սև շունչը, որ կախվել է Միջերկրի վրա: Եթե ուզում ես, մեր մասին ավելի մանրամասն կպատմեմ քեզ: Բայց հենց հոգնես, իսկույն ընդհատիր ինձ: Թզուկին, ասում են, չես զսպի, երբ խոսում է իր դարբնոցից:

Եվ Գլոինը մանրամասն սկսեց պատմել թզուկների Սարամիջի Թագավորության ճակատագրի մասին: Նա ուշադիր ու զգայուն ունկնդրի էր հանդիպել. Ֆրոդոն նրան չընդհատեց, ցույց չտվեց, որ հոգնել է, ոչ մի անգամ խոսելու փորձ չարեց, չնայած արդեն քառորդ ժամ հետո դադարեց լսածի իմաստը հասկանալ՝ խճճվելով տարօրինակ շատ երկրների ու անունների մեջ, որոնց մասին կյանքում չէր լսել: Նրան ուրախացրեց Դաինի մասին լուրը, որն առաջվա պես կառավարում էր Սարամիջի Թագավորությունը: Նա երկու հարյուր հիսունմեկ տարեկան էր, համընդհանուր հարգանք ու սեր էր վայելում, իսկ թզուկների հարստությունը մշտապես բազմապատկվում էր: Ֆրոդոն իմացավ նաև, որ Հինգ Զորաց ճակատամարտում ողջ մնացած տասը թզուկներից յոթն ապրում են Սարամիջի Թագավորությունում: Դրանք էին Դվալինը, Գլոինը, Դորին, Նորին, Բիֆուրը, Բոֆուրը և գիրուկ Բոմբուրը: Բոմբուրն այժմ այնքան է չաղացել, որ չի կարող բազմոցից տեղափոխվել սեղանի մոտ՝ ճաշկերույթից առաջ վեց երիտասարդ թզուկ գրկում են նրան ու տանում սեղանի մոտ:

— Իսկ ի՞նչ է պատահել մնացած երեքին՝ Օինին, Օրիին և Բալինին,— հարցրեց Ֆրոդոն:

Գլոինի դեմքը մռայլվեց:

— Մենք այդ չգիտենք: Ճիշտն ասած, Բալինի ճակատագիրը մեկն է այն առեղծվածներից, որոնք ես հույս ունեմ բացահայտել Ռիվենդելի տերերի օգնությամբ: Բայց հիմա այդ մասին չեմ ուզում հիշել: Արի որևէ ուրախ բանի մասին խոսենք...

Եվ Գլոինն սկսեց նկարագրել կատարված աշխատանքները, որոնցով իրավացիորեն հպարտանում էին թզուկները:

— Մենք հազվագյուտ ոսկեձեռիկ վարպետներ ունենք և մեծ գործեր ենք արել,— ասում էր նա,— բայց մեր զինագործներն, այնուամենայնիվ, զիջում են հներին: Շատ հին գաղտնիքներ կորել են: Թզուկների պատրաստած զենքուզրահը մինչև հիմա փառաբանվում է ողջ Միջերկրում, սակայն մինչև վիշապի լեռը գրավելը թզուկների վահաններն ու օղազրահներն ավելի ամուր էին ստացվում, իսկ թրերն ու դաշույններն՝ ավելի սուր, քան հիմա: Իսկ այ հողի պարգևների հանույթի ու շինարարության մեջ մեր նախնիներին գերազանցել ենք: Այ որ տեսնեիր Դեյլի ջրատարը, Ֆրոդո, և մեր լեռները, և լճակները, և մեր գունավոր սալիկներով սալարկված ճանապարհները, քարանձավային դահլիճները, ծառանման կամարներով թունել-փողոցները, որ բացել ենք Մենավոր Լեռան ընդերքում, կամ պատշգամբներն ու աշտարակները, որ կանգնեցրել ենք նրա լանջերին... Այն ժամանակ ակնառու կհամոզվեիր, որ Սարամիջի Թագավորությունում ժամանակն իզուր չեն վատնել:

— Ես անպայման կայցելեմ ձեզ... Եթե ինձ հաջողվի,— խոստացավ Ֆրոդոն: — Պատկերացնում եմ, ինչպես կզարմանար Բիլբոն, եթե տեսներ այդ բոլոր փոփոխությունները... Նա հաճախ էր պատմում, թե ինչ ավերածություններ է այնտեղ պատճառել Սմաուգը:

— Երևի նրան շատ էիր սիրում,— ասաց Գլոինը և Ֆրոդոյին նայելով, չարաճճիորեն ժպտաց:

— Ա՜յն էլ ինչպես,— կրակոտ բացականչեց հոբիթը: — Ախր նույնիսկ մեկ վայրկյան նրան տեսնելու համար աշխարհի բոլոր հրաշքները կտայի...

Մինչդեռ ճաշկերույթն ավարտին էր մոտենում: Էլրոնդն ու Արվենը սեղանից վեր կենալով, ուղղվեցին դեպի սրահի ելքը, իսկ նրանց հետևից դուրս եկան մնացածները: Նրանք անցան լայնարձակ միջանցքը և տանտերերի հետևից մտան հաջորդ սրահը, որը լուսավորված էր հուրհրատող բուխարու լույսով: Ֆրոդոն նայեց շուրջն ու մոտեցավ Գենդալֆին:

— Էլֆերն այս սրահն անվանում են Բուխարու Դահլիճ,— ցածր ասաց նրան հրաշագործը: — Այստեղ դու բազմաթիվ երգեր ու հետաքրքիր պատմություններ կլսես՝ եթե չքնես: Այստեղ տիրող մթնոլորտը լավ օրոր է ասում: Բուխարու կրակը մշտապես վառ են պահում, այն և՛ տաքացնում է, և՛ լուսավորում է դահլիճը, բայց սովորական օրերին դահլիճը մշտապես դատարկ է, շատ քչերն են գալիս՝ հանգստանալու և լռության մեջ խորհելու համար:

Երբ Էլրոնդը գրավեց իր սովորական տեղը, էլֆ աշուղներն սկսեցին վին հնչեցնել, և մեղմ երաժշտություն տարածվեց: Դահլիճն աստիճանաբար լցվում էր, և Ֆրոդոն հիացմունքով դիտում էր էլֆերի զարմանալիորեն իրարից տարբեր, բայց գեղեցիկ դեմքերը, որոնց վրա ոսկեգույն արտացոլվում էր հսկայական բուխարիկում պարող վառ կրակը: Հանկարծ Ֆրոդոն բուխարու մոտի փորագրանախշ սյան տակ դրված աթոռակին մի միայնակ կերպարանք նկատեց և կարեկցանքով մտածեց, որ հիվանդ է տեսնում. նա նստած էր գլուխը կրծքին կախած, այնպես որ դեմքը չէր երևում, իսկ կողքը դրված էր մի ջրի գավաթ և մի կտոր կծած հաց: «Խեղճ, չի կարողացել գնալ խրախճանքի,— մտածեց Ֆրոդոն... — Բայց մի՞թե այստեղ հիվանդանում են...»

Շուտով աշուղների վիները լռեցին, և Էլրոնդը վեր կացավ ու մոտեցավ բուխարուն:

— Արթնացիր, իմ փոքրիկ բարեկամ,— ասաց նա: Ապա շրջվեց դեպի Ֆրոդոն, նշան արեց նրան մոտենալ ու ասաց. — Պատրաստվիր, Ֆրոդո: Ինձ թվում է մոտենում է պահը, որի մասին վաղուց ես երազում:

Բուխարու մոտ նստածը շարժվեց, գլուխը բարձրացրեց ու գլխանոցը հետ գցեց:

— Բիլբո՜,— ուրախ գոռաց Ֆրոդոն:

— Բարև, Ֆրոդո, փոքրիկս,— արձագանքեց Բիլբոն: — Ահա և վերջապես դու այստեղ ես: Ես գիտեի, որ մի օր դա տեղի կունենա: Այսօրվա տոնը քեզ է նվիրված, և դու լիովին վաստակել ես այդ պատիվը: Ինչ կասես, ճաշը քեզ դու՞ր եկավ:

— Իհարկե դուր եկավ... — բացականչեց Ֆրոդոն: — Բայց ասա՛, ինչու՞ դու չկայիր... Եվ ինչու՞ մինչև հիմա ես քեզ չեմ տեսել...

— Որովհետև քնած էիր,— պատասխանեց Բիլբոն: — Իսկ ես ամեն օր այցելում էի քեզ ու Սեմի հետ նստում մահճակալիդ մոտ: Ինչ վերաբերվում է տոնին, ապա ես վերջին ժամանակներս հազվադեպ եմ խնջույքների մասնակցում: Առանց դրա էլ զբաղվելու շատ բան ունեմ:

— Իսկ ի՞նչ ես անում...

— Նստում ու խորհում եմ: Վերջերս հաճախ եմ դրանով զբաղվում: Ես վաղուց եմ նկատել, որ Բուխարու Դահլիճն աշխարհի ամենալավագույն տեղն է խոհերի համար... Եթե որևէ մեկը քեզ դրանից չի կտրում,— ավելացրեց նա՝ Էլրոնդին խեթ նայելով: Ֆրոդոն նկատեց, որ նրա աչքերը բոլորովին էլ քնկոտ չէին: — «Արթնացիր...»: Ես քնած չէի, հարգելի Էլրոնդ: Դուք չափազանց արագ վերջացրիք խնջույքն ու կտրեցիք ինձ իմ կարևորագույն խոհերից: Երբ դուք եկաք, ես երգ էի հորինում և լարված մտածում էի վերջին տողերը, որոնք, չգիտես ինչու, չեն համընկնում: Իսկ հիմա, հավանաբար, էլ երբեք չեն համընկնի: Հենց սկսեն երգել, եղածն էլ գլխիցս կթռչի: Ինձ մի հույս է մնացել՝ Դունադանի օգնությունը: Ի դեպ, ու՞ր է նա...

— Մենք անպայման նրան կգտնենք,— ժպտալով հոբիթին՝ խոստացավ Էլրոնդը: — Դուք կառանձնանաք որևէ տեղ, մի անկյունում, ու դու կավարտես քո կարևոր խոհերը, իսկ հետո մեզ համար նոր երգ կերգես, որպեսզի կարողանանք համեմատել մեր երգերի հետ:

Ֆրոդոն նստեց Բիլբոյի կողքին, իսկ քիչ անց նրանց միացավ Սեմը: Սկսեցին աշխուժորեն զրուցել՝ ուշադրություն չդարձնելով տոնական աղմուկին ու էլֆերի զարմանալիորեն մեղեդիկ երգերին: Բայց Բիլբոն քիչ նորություններ ուներ: Նա Հոբիթստանից դուրս էր եկել ու գնացել ուր ոտքերը կտանեին, և պարզվել էր, որ ոտքերը հենց Ռիվենդել են բերել նրան:

— Ես այստեղ հասա առանց արկածի,— պատմում էր նա,— և մի քիչ հանգստանալուց հետո ճանապարհվեցի իմ բարեկամ թզուկների մոտ: Դա իմ վերջին ճանապարհորդությունն էր: Ծերուկ Բալինը չկար, ու այնտեղ ամեն ինչ փոխվել էր: Ինձ նորից ձգեց Ռիվենդելը և ես, վերադառնալով, հաստատվեցի այստեղ: Չէ՞ որ պետք է ավարտեի գիրքս: Դե մեկ էլ երգեր եմ հորինում, իսկ էլֆերը ժամանակ առ ժամանակ երգում են դրանք, բայց կասկածում եմ, որ միայն ինձ հաճույք պատճառելու համար՝ էլֆերի երգերն անհամեմատ լավն են: Ես հաճախ նստում եմ բուխարու դահլիճում և խորհում աշխարհի, մեր ժամանակի մասին... Բայց գիտես, ժամանակն այստեղ կարծես կանգնած է ու էլֆերի վրա ոչ մի իշխանություն չունի... Ոչ մի եղել է, կամ լինելու է, միայն՝ կա: Զարմանալի վայր է: Ռիվենդել են հասնում բոլոր կարևոր նորությունները, և ես ամեն ինչից տեղյակ եմ, միայն Հոբիթստանից լուր չունեմ: Գենդալֆը հաճախ է լինում այստեղ, սակայն նրանից շատ բան չես իմանա. նա նույնիսկ ավելի ծածկամիտ է դարձել, քան առաջ: Ճիշտ է, որոշ տեղեկություններ ինձ Դունադանը հայտնեց: Դժվար է հավատալ, որ իմ Մատանին այդքան տագնապ է պատճառել Միջերկրին... Եվ Գենդալֆն էլ այդքան ուշ է գաղտնիքը բացել... Ախր ես կարող էի Մատանին էլֆերի մոտ բերել շատ տարիներ առաջ, և առանց որևէ դժվարության: Երբ ինձ ասացին, թե որքան վտանգավոր է այդ Մատանին, ես որոշեցի, որ պետք է ճանապարհվեմ տուն, այն քեզանից վերցնեմ բերեմ Ռիվենդել, բայց ոչ ոք այդ մասին լսել չցանկացավ: Էլրոնդն ու Գենդալֆը հաստատ համոզված են, որ թշնամին ինձ ամեն տեղ փնտրել է: Գենդալֆն ինձ մի անգամ ասաց. «Մատանին այժմ նոր Պահապան ունի, Բիլբո: Եվ եթե վերադառնա քեզ մոտ, մենք ահռելի աղետներից խուսափել չենք կարողանա»: Գենդալֆը հաճախ է հանելուկներով խոսում: Բայց նա խոստացավ հոգ տանել քո մասին, և ես էլ վստահեցի նրա խոստմանը: Եվ ահա դու այստեղ ես, ողջ ու առողջ... — Բիլբոն հանկարծ կանգ առավ ու տարօրինակ նայեց Ֆրոդոյին:

— Քեզ մո՞տ է,— շշուկով հարցրեց նա: — Գիտե՞ս, այսքան շշմեցուցիչ իրադարձություններից հետո ուզում եմ մեկ անգամ էլ տեսնել այն:

— Ինձ մոտ է,— դանդաղ պատասխանեց Ֆրոդոն: Նա ինքն էլ չէր հասկանում, թե ինչու բոլորովին չէր ուզում Մատանին հանել գրպանից: — Ինչպես կար, այնպես էլ մնացել է:

— Իսկ ես այնուամենայնիվ ուզում եմ տեսնել:

Դեռ խնջույքից առաջ, երբ Ֆրոդոն հագնվում էր, Մատանին հայտնաբերեց կրծքի վրա՝ ըստ երևույթին ինչ-որ մեկն իր քնած ժամանակ գրպանից հանել էր, անցկացրել շղթային ու գցել վիզը: Շղթան շատ բարակ էր, բայց դիմացկուն... Ֆրոդոն դժկամությամբ հանեց Մատանին: Բիլբոն ձեռքը մեկնեց, բայց հանկարծ Ֆրոդոն վախեցած ու զայրացած ընկրկեց: Տհաճ զարմանքով նա հանկարծ նկատեց, որ իր առջև բոլորովին էլ Բիլբոն չէ: Նրանց միջև ասես ստվեր աճեց, իսկ ստվերի մյուս կողմից Ֆրոդոյին էր նայում կնճռապատ մի գաճաճ, որի աչքերն ընչաքաղց փայլում էին, իսկ ոսկրոտ ձեռքերն ագահությունից դողում էին: Նա ցանկություն ունեցավ խփել ինքնակոչին:

Քաղցրածոր երաժշտությունը հանկարծ հեռացավ ու մարեց՝ Ֆրոդոյի ականջներում արյունը խշշում էր: Բիլբոն սարսուռով նայեց նրան ու ձեռքով տենդագին ծածկեց աչքերը:

— Ես ամեն ինչ հասկացա,— շշնջաց նա: — Պահիր Մատանին և, եթե կարող ես, ներիր ինձ: Ներիր այդ ծանր բեռան համար: Ներիր այն ամենի համար, որ դեռ սպասում է քեզ... Մի՞թե արկածները երբեք վերջ չեն ունենալու: Մի՞թե երբևէ սկսված ամեն մի պատմություն անպայման ինչ-որ մեկը պետք է շարունակի... Ըստ երևույթին, այդպես է: Իսկ իմ գի՞րքը: Հազիվ թե ինձ վիճակվի ավարտել այն... Բայց արի այդ մասին առայժմ չխոսենք: Խնդրում եմ, պատմիր մեր Հոբիթստանի մասին՝ ուրիշ ոչնչի մասին մտածել չեմ ուզում...

Ֆրոդոն թեթևացած պահեց Մատանին, և ստվերն անհետացավ, ասես չէր եղել: Լույսն ու երաժշտությունը վերադարձան: Նրա առջև նորից նստած էր հին բարեկամը, իսկ հաճելի ու սիրելի էլֆերի դեմքերին խաղում էին կրակի ուրախ ցոլքերը: Բիլբոն կախարդված լսում էր Ֆրոդոյին ու ուրախանում. Հոբիթստանից ամեն տեսակ լուր, տեղեկություն, լիներ դա տնկված ծառի, թե ինչ-որ մի երեխայի չարաճճիությունների մասին, նրան չտեսնված հաճույք էին պատճառում: Չորս նահանգների կյանքով տարված հոբիթները չնկատեցին լայն կանաչ թիկնոցով մարդուն, որն անաղմուկ մոտեցել էր նրանց ու բարի ժպիտով նայում էր: Վերջապես Բիլբոն տեսավ նրան:

— Ահա և Դունադանը:

— Պանդու՜խտ,— զարմացած բացականչեց Ֆրոդոն: — Պարզվում է, շատ անուններ ունես:

— Այդ անունը ես չէի լսել,— միջամտեց Բիլբոն: — Ինչու՞ Պանդուխտ:

— Որովհետև ինձ այդպես են անվանել բրիեցիները,— քիչ տխուր քմծիծաղով պատասխանեց Արագորնը: — Չէ՞ որ ես ու Ֆրոդոն ծանոթացել ենք Բրիում:

— Իսկ ինչու՞ Դունադան,— հարցրեց Ֆրոդոն:

— Արագորնին այդպես մեծարում են էլֆերը,— բացատրեց նրան Բիլբոն: — Դու նրանց լեզուն մոռացե՞լ ես: Հապա վերհիշիր իմ դասերը. Դուն-ադան նշանակում է արևմուտքի մարդ, այսինքն՝ նումենորցի: Թեպետ, հիմա դասերի ժամանակը չէ: — Բիլբոն նայեց Արագորնին: — Որտե՞ղ էիր, Դունադան,— հարցրեց նա: — Եվ այդ ինչու՞ խրախճանքին չկայիր: Օրիորդ Արվենն էլ էր այնտեղ:

Պանդուխտը լրջությամբ նայեց նրան:

— Գիտեմ,— ասաց նա: Բայց իմ ժամանակն ուրախությունների համար հաճախ չի բավականացնում: Անսպասելիորեն վերադարձան Էլլադանը և Էլրոհիրը: Պետք է նրանց հետ զրուցեի, կարևոր լուրեր են բերել:

— Այո, հասկանում եմ, բարեկամս,— ասաց Բիլբոն: — Բայց հիմա, երբ դու գիտես նրանց նորությունները, մի քիչ ժամանակ կգտնե՞ս ինձ համար: Առանց քո օգնության գործը գլուխ չի գա: Էլրոնդն ասաց, որ տոնախմբության ավարտին ուզում է մի նոր երգ լսել, իսկ ես վերջին տողերը չեմ կարողանում գլուխ բերել: Եկ գնանք մի խաղաղ անկյուն ու փորձենք երկուսով ավարտել իմ երգը:

— Գնանք,— ժպտալով համաձայնեց Արագորնը:

Բիլբոն ու Արագորնը գնացին ինչ-որ տեղ, և Ֆրոդոն բոլորովին մենակ մնաց, որովհետև Սեմը քնել էր: Նա իրեն մենակ ու լքված զգաց, չնայած շուրջը շատ էլֆեր կային: Բայց նրանք, Ֆրոդոյի վրա ուշադրություն չդարձնելով, ինքնամոռաց լսում էին աշուղների երգը: Եվ Ֆրոդոն ստիպված ինքն էլ սկսեց ունկնդրել:

Էլֆական մեղեդու գեղեցկությունը և կիսածանոթ լեզվի բառերի երաժշտությունը կախարդեցին նրան, բայց իմաստը չէր կարողանում որսալ, չնայած Բիլբոն Ազատք մեկնելուց առաջ զարմիկին սովորեցրել էր էլֆերի լեզուն: Նրան թվում էր, թե երաժշտությունն ու բառերը ձեռք են բերում հեռավոր աշխարհների ուրվագծեր, որոնց գոյության մասին ինքը նույնիսկ չէր պատկերացնում: Բուխարու կրակի կայծկլտուն անդրադարձումները վերածվեցին ոսկեգույն մեգի, որը թանձրանում էր ինչ-որ տեղ աշխարհի եզրին հառաչող Ծովի վրա: Իրականությունն իր տեղը զիջեց հմայքին, և Ֆրոդոն զգաց, որ իր գլխավերևում խշշում են անվերջանալի գետի ոսկե և արծաթե ալիքները: Օդը խառնվեց ջրին, Ֆրոդոյի սիրտը լցվեց պայծառ երաժշտությամբ ու այդ քաղցր բեռի ծանրության տակ արագ ընկղմվեց երազների թագավորության խորքերը: Հմայվածությունը դարձավ քուն, որի մեջ հոբիթի շուրջը փրփրում էին դեռևս երբեք չտեսած երազների մեծաշուք ալիքները:

Իսկ հետո ալիքները հանկարծ ձայն ստացան, բառերի հնչյուններում կռահելի դարձավ իմաստը, և Ֆրոդոն հասկացավ, որ Բիլբոյին է լսում.


Էարենդիլը ծովային էր,
Որ Արվերնիէն ժամանեց,
Նիմբրեթիլի ափերին
Անտառ կտրեց, նավ սարքեց.
Առագաստներն արծաթաթել
Եվ կայմերին կրակներ,
Իսկ առջևից նավը նրա
Հպարտ կարապի տեսք ուներ:

Օղազրահ ընտրեց նա իր համար
Հնագույն արքաների զինանոցից,
Եվ վահան, որը ռուներով ծածկեց,
Որ պաշտպանեն հարվածներից:
Աղեղը նրա պատրաստված էր
վիշապի եղջյուրներից,
Իսկ նետերը կտրված էին
Սև ծառի սև ճյուղերից.
Գոտուց կախված էր քաղքեդոնե պատյանը,
Իսկ մեջը դրված էր պողպատե թուրը:
Գլխին սաղավարտ էր՝ արծվի փետուրով,
Իսկ կրծքին՝ զմրուխտ:
Եվ Էարենդիլը լողաց արևմուտք:

Աստղերի ու լուսնի լույսի տակ,
Նա հյուսիսային ափերից շատ հեռու գնաց,
Մոլորվեց ուղիներում կախարդված,
Մահկանացու հողերի ժամանակից դուրս մնացած:
Ճեղքվում է այնտեղ հավերժական սառույցը,
Ստվեր է սառած լեռների գլխին,
Տարածություններ են մութ ու անսահման
Անվերջանալի մշուշի միջին...
Շուրջը տարածվել է գիշերն Անգո,
Փրփրում է ծովն անզուսպ,
Չի տեսնում նա այնտեղ ոչինչ,
Ո՛չ ափ, ո՛չ լույս, ո՛չ էլ հույս:
Այդժամ նա իր նավը շրջեց
Ու դարձավ հետ, դեպի տուն,
Եվ արևելյան քամին բարձրացած
Առավ իր գիրկը ու տարավ հեռուն:
Փրփուրը ծածկել է ծովն ու երկինքը,
Նավը մի կողմից մյուսն է նետվում,
Ոռնում են խելահեղ մրրիկները,
Ու ամեն կողմից մահն է սպառնում:

Բայց հանկարծ երկնի բարձունքներից,
Ճեղքելով խավարն ընկնող աստղի պես,
Էարենդիլի մոտ Էլվինգն իջնելով,
Սիրմարիլը նրա ճակատին դրեց:
Ու թագադրված կենդանի լույսով
Նա նավը կրկին արևմուտք շրջեց,
Գնաց ընդառաջ գիշերվան Անգո
Եվ իր հուր լույսով խավարը պատռեց:
Ու կտրեց-անցավ հավերժ մութը սև
Նա մռնչացող ալիքների միջով,
Նախասկզբնական ժամանակներում
Ծովում խորտակված հողի վրայով:

Եվ հանկարծ հեռվում աղոտ տարածվեց
Ձայնն ափամերձ ալիքների
Որոնք խաղում էին գոհարների հետ
Ու հանգստանում ոսկեշող ափին:
Հնչեց մեղրածոր քնքուշ մեղեդի
Մարգարտե դարձավ փրփուրը Ծովի,
Ու հանկարծ ալիքները վերջին,
Նավն Էարենդիլի ափ դուրս բերեցին:
Նա տեսավ մի լեռ հեռվում բարձրացող՝
Ամպերի մեջ կորած գագաթով,
Տեսավ մթնշաղի մեջ թաղված Էլդեմարը
Եվ Վալինորը, հավերժ, լուսաշող:

Այսպես Էարենդիլը Գիշերն անցավ
Ու Օրհնյալ Երկիր վերջապես հասավ,
Որտեղ Իլմարին լեռան փեշերին
Արտացոլելով լճի երեսին
Աշտարակներն իր շքեղ, բարձրաբերձ,
Թիրիոնն է բազմել վեհաշուք ու հին:
Այնտեղ նրան ընդունեցին,
Մեղեդիներ սովորեցրին,
Ճերմակ էլֆական զգեստներ հագցրին,
Ու ոսկե քնար ձեռքը տվեցին:
Իմաստունները պատմեցին նրան
Արարման մասին, անցածի մասին,
Յոթ լույս նրանից առաջ ուղարկեցին,
Եվ Քալաքիրիայով ճանապարհեցին:
Թաքնված երկիր նա գնաց մենակ
Ու տեսավ հավերժական դահլիճները,
Որտեղ անհամար տարիներն անցած,
Հոսում են, ինչպես վայրկյանները:
Այնտեղ՝ Իլմարինում նա շունչը պահած
Ծունկ չոքեց Մեծն Արքայի առաջ:
Եվ հնչեց վճիռը հավերժական,
Մահկանացուների ու էլֆերի մասին,
Տեսիլքներն անդարձ կորած անցյալի
Նրան անհայտությունից այցելեցին:

Այդ ընթացքում նավը նրա
Վերափոխում էին նավահանգստում,
Լուսավորում էին Էլֆական բյուրեղով
Եվ միթրիլով զարդարում:
Իսկ Սիլմարիլը, կրակը անշեջ
նավի գագաթին, կայմից ամրացվեց
Ու Էլբերեթը հավերժ հրաշագեղ
Անմահ թևեր Էարենդիլին պարգևեց:
Այսպես վճռվեց նրա ճակատագիրը՝
Հավերժ լողալ երկնքի ծովում,
Պահպանել Գիշերվա Դարպասը չարից
Ու լուսավորել խավարն անդադրում:
Բարձրաբերձ ու մութ լեռների գլխին
Մի աստղ շողաց՝ Այդ նավն էր նրա,
Որ Թևեր առած բարձրացավ երկինք
Ու Մեծ Պատից այն կողմ լողաց:
Նա հասավ աշխարհի եզրը հեռավոր
Գիշերվա երկնքում պայծառ շողալով,
Ու հետդարձի ճամփան բռնեց
Հարազատ վայրերը տեսնելու հույսով:

Այդպես շողշողուն աստղ դարձած
Նա լողում է միշտ երկնքի ծովում
Լուսավորում է արևից առաջ
Ու այգաբացի մասին ավետում:
Եվ երբ թռչում է Միջերկրի գլխով՝
Էլֆ աղջիկների լացն է միշտ լսում
Ու մահկանացու կանանց հեծեծանքը,
Որ հեռացել են հեռու անցյալում:
Բայց նա չի կարող ոչնչով օգնել,
Քանզի սրբազան խոստում է տվել,
Մնալ երկնքում ու աշխարհ չիջնել
Քանի դեռ լուսինը չի անհետացել:
Ու մինչ այժմ էլ մութ գիշերներին,
Ճամփա ցույց տալով մոլորվածներին,
Այրվում է երկնքում կրակը հույսի,
Էարենդիլը՝ Լուսատուն Արևմուտքի:

Երգը վերջացավ: Ֆրոդոն աչքերը բացեց ու շուջը նայեց: Դահլիճի կենտրոնում տեսավ Բիլբոյին: Ժպտացող էլֆերը միահամուռ ծափահարում էին:

— Իսկ հիմա մեկ անգամ էլ,— պահանջեց էլֆերից մեկը:

Բիլբոն վեր կացավ և խոնարհվեց:

— Շնորհակալ եմ, Լինդիր,— ասաց նա,— բայց դա բավական հոգնեցուցիչ կլիներ:

— Քեզ համա՞ր,— ծիծաղեցին էլֆերը,— չէ մի, ախր դու քո քառյակները կարդալուց երբեք չես հոգնում: Եթե նորից չկրկնես՝ մենք չենք կարողանա ձեր տողերը տարբերել:

— Ինչպես թե,— ճչաց Բիլբոն,— դուք չե՞ք կարողանում տարբերել ինձ և Դունադանի՞ն:

— Այնքան էլ հեշտ չէ հասկանալ, թե որն է տարբերությունը երկու մահկանացուների,— ասաց էլֆը:

— Հիմարություն է, Լինդիր,— տաքացավ Բիլբոն: — Եթե դու չես կարողանում տարբերել մարդուն հոբիթից, ապա, երևում է, ես քեզ գերագնահատեցի: Ախր դա նույն է, ոնց որ խնձորն ու ոլոռն իրարից չտարբերես:

— Հնարավոր է,— ծիծաղեց էլֆը: — Այծերը նույնպես իրար այնքա՜ն տարբեր են թվում, դե, հովիվներն էլ նրանց մի կերպ տարբերում են: Բայց մենք՝ էլֆերս, այդ գործից չենք հասկանում: Մենք էլ մեր գործերն ունենք:

— Լավ, չեմ ուզում վիճել,— ասաց Բիլբոն: — Այսօր այնքան երգ ու երաժշտություն հնչեց, որ արդեն հոգնել եմ: Ուզում ես տարբերիր, ուզում ես՝ ոչ, այլևս անկարող եմ:

Նա վեր կացավ ու մոտեցավ Ֆրոդոյին:

— Ահա և ամենը: Ավելի լավ ստացվեց, քան սպասում էի: Միշտ չէ, որ խնդրում են մեկ անգամ էլ երգել: Իսկ դու տարբերեցի՞ր, թե որոնք էին իմ քառյակները և որոնք՝ Դունադանինը:

— Ոչ, նույնիսկ չեմ էլ փորձել,— ժպտաց Ֆրոդոն:

— Եվ պետք էլ չէ,— ասաց Բիլբոն: — Երգն ամբողջությամբ իմն է: Դունադանը միայն առաջարկեց հակինթը փոխարինել զմրուխտով: Չգիտեմ ինչու, դա նրան կարևոր թվաց: Իսկ ընդհանուր առմամբ նա ասաց, որ ես այս անգամ որոշել եմ գլխիցս վերև թռչել, և եթե համարձակվում եմ Էլրոնդի տանը քառյակներ հորինել Էարենդիլի մասին, ապա դրա պատասխանատվությունն ամբողջությամբ իմ ուսերին է: Եվ նա, թերևս, ճիշտ է:

— Չգիտեմ,— ասաց Ֆրոդոն: — Քո երգից առաջ քնեցի, ու ինձ թվում էր, թե դա ոչ թե երգ է, այլ ուղղակի իմ երազի շարունակությունը: Քո ձայնը միայն վերջում ճանաչեցի:

— Այո, հոբիթների համար էլֆերի երգերը չափազանց քաղցրալուր են,— համաձայնեց Բիլբոն: — Բայց, նրանց մեջ ապրելով, վարժվում ես դրան: Թեպետ պետք է ասեմ, որ էլֆերը երբեք երաժշտությունից չեն հագենում, ասես դա համեղ ուտելիք է: Գիտես ինչ, նրանք դեռ երկար են երգելու, արի այստեղից գնանք, որ մեզ չխանգարեն հանգիստ խոսել:

— Իսկ դա նրանց չի՞ վիրավորի,— անհանգստացավ Ֆրոդոն:

— Բոլորովին,— զարմիկին հանգստացրեց Բիլբոն: — Այստեղ ոչ ոքի ուժով չեն պահում՝ արի և գնա, երբ ցանկանում ես, միայն ուրիշներին մի խանգարիր ուրախանալ:

Հոբիթները վեր կացան և, աշխատելով չաղմկել, քայլեցին դեպի դահլիճի ելքը: Որոշեցին Սեմին չարթնացնել՝ նա անխռով, ժպիտը դեմքին քնած էր: Թեև Ֆրոդոն շատ էր ուզում Բիլբոյի հետ առանձնանալ, բայց հանկարծ հասկացավ, որ այստեղից հեռանալ չի ուզում՝ Բուխարու Դահլիճը զարմանալի խաղաղ էր և հարմարավետ: Այդ ժամանակ մի նոր երգ հնչեց.


— Ա Էլբերեթ Գիլթոնիել
Սերեվյեն րէննա միրիէլ
Ա մերէլ էգլեր էլլենաս...
Նա — կէարդ րալլան դիրիէլ
Ա գալանդրեմմին էննոթաս,
Ֆարուլիոս, լե լիհնատոն
Նէֆ աէր, սի նէֆ օզարոն...

Ֆրոդոն կանգ առավ ու հետ նայեց: Էլրոնդն անշարժ նստած էր բազկաթոռին, և կրակի ցոլքերը, արևի շողերի նման, խաղում էին նրա դեմքին: Էլրոնդի կողքին նստած էր Արվենը, իսկ նրա կողքին կանգնած էր Արագորնը, և դա մի քիչ զարմացրեց Ֆրոդոյին: Բաց թիկնոցի տակ հետքագետի կրծքին աստղ էր փայլփլում, որն ընդգծվում էր խավարափայլ զրահի վրա: Նա ինչ-որ բանի մասին զրուցում էր Արվենի հետ: Երբ Ֆրոդոն արդեն շրջվում էր, նրան թվաց, թե Արվենը շրջվեց ու նայեց իրեն: Այդ հայացքը խոցեց Ֆրոդոյի սիրտը և հավերժ մնաց նրա հիշողության մեջ:

Նա կանգնել էր Արվենի հայացքով հմայված, և երգի բառերը, երաժշտության հետ ձուլվելով, հնչում էին որպես աղբյուրի զրնգուն կարկաչ:

— Գնա՛նք,— անհամբերությամբ նրան կանչեց Բիլբոն: — Նրանք դեռ երկար են երգելու: Էլբերեթի մասին այս երգից հետո կերգեն իրենց Օրհնյալ Երկրի մասին:

Հոբիթներն զգուշությամբ դուրս եկան ու գնացին Բիլբոյի փոքրիկ սենյակը, որի դեպի հարավ նայող պատուհաններից երևում էր Բրուինենը: Նրանք նստեցին պատուհանի մոտ և, նայելով անտառապատ բլրի գլխին առկայծող աստղերին, սկսեցին զրուցել: Հոբիթստանից այլևս չխոսեցին: Չցանկացան հիշել նաև արևելքում տարածվող չարագույժ խավարի մասին: Զրուցում էին այն հրաշալի բաների մասին, որ բախտ էին ունեցել տեսնելու իրենց կյանքում. այսօրվա ուրախությունների մասին, էլֆերի մասին, Ռիվենդելի հրաշալի ծառաստանների մասին, աստղերի ու ծառերի մասին, քնքուշ աշնան մասին...

— Ներողություն եմ խնդրում,— ընդհատեց նրանց Սեմը՝ դուռը ծեծելով ու արանքից ներս նայելով: — Ես ուզում էի հարցնել, ձեզ ոչ մի բան պետք չէ՞...

— Իսկ գուցե ուզում էիր հիշեցնել ինձ ու Ֆրոդոյին, որ նրա քնելու ժամանա՞կն է,— արձագանքեց Բիլբոն:

— Հապա ի՞նչ, ոնց որ թե ժամանակն է,— շփոթված, բայց վճռական ասաց Սեմը: — Չէ՞ որ վաղը հենց առավոտից Խորհուրդն է, իսկ վերքից հետո հո հեշտ չէ...

— Իրավացի ես,— քթի տակ ծիծաղելով նրան միացավ Բիլբոն: — Կարող ես գնալ և Գենդալֆին զեկուցել, որ Ֆրոդոն հլու հնազանդ գնաց քնելու: Բարի գիշեր,— ասաց նա զարմիկին,— այնքան ուրախ եմ, որ նորից տեսնվեցինք... Ըստ իս, աշխարհիս երեսին ոչ մի արարած չի կարող այսքան հաճելի զրույց վարել, ինչպես հոբիթստանցի հոբիթը: Վերջին ժամանակներս շատ եմ ծերացել, և վախենում եմ, որ քո ճանապարհորդության մասին գլուխներն իմ գրքում կգրես անձամբ ինքդ: Բարի երազներ, իմ սիրելի փոքրիկ... Իսկ ես մի քիչ զբոսնեմ այգում՝ ուզում եմ հիանալ Էլբերեթի համաստեղությամբ:

Գլուխ երկրորդ. Էլրոնդի Խորհուրդը

The council of elrond.jpg

Հաջորդ օրը, լուսաբացին արթնանալով, Ֆրոդոն հիանալի հանգստացած էր ու առույգ, և որոշեց Բրուինենի ափին զբոսնել: Երբ նա հագնվեց ու դուրս եկավ այգի, հեռավոր լեռնապարի հետևից բարձրանում էր հսկայական, բայց դալուկ արևը, օդում արծաթին էին տալիս աշնանային շղարշները, տերևների վրա շողշողում էին ցողի կաթիլները, իսկ գետի վրա հալվում էին վաղորդյան մշուշի քուլաները: Սեմը լուռ քայլում էր նրա կողքից, ուրախ շնչում էր ցողոտ օդն ու զարմացած դիտում ձյունեղեն գլխարկներով փայլատակող հեռավոր լեռները:

Ոլորանից թեքվելով՝ նրանք տեսան Բիլբոյին ու Գենդալֆին, որոնք նստել էին ժայռի մեջ հմտորեն փորված քարե ցածրիկ նստարանին ու զրույց էին անում:

— Ողջու՜յն, բարի լո՜ւյս,— բարեհամբույր ժպտալով ձեռքը թափահարեց Բիլբոն: — Դե ինչ, պատրա՞ստ ես: Խորհուրդը, կարծում եմ, շուտով կսկսվի:

— Շուտո՞վ, վստա՞հ ես,— հարցրեց Ֆրոդոն: — Պատրաստը՝ պատրաստ եմ, բայց մի քիչ զբոսնելու հույս ունեի: Ինձ շարունակ ձգում է այն սոճու անտառը... — Ֆրոդոն գլխով արեց հյուսիսային լանջին սևին տվող անտառի կողմը:

— Կզբոսնես,— եթե Խորհուրդը մինչև մութն ընկնելը վերջանա,— ասաց նրան Գենդալֆը: — Բայց ես նախապես չէի տրամադրվի: Այսօր շատ բան է հարկավոր քննարկել:

Այդ պահին դղյակում հնչեց զանգը:

— Էլրոնդը կանչում է Խորհրդի մասնակիցներին,— նստարանից վեր կենալով ասաց Գենդալֆը: — Դուք երկուսդ էլ հրավիրված եք, և՛ Բիլբոն, և՛ դու: Այստեղ ընդունված չէ ուշանալ, գնանք:

Հրաշագործը քայլեց դեպի դղյակ տանող ճանապարհով, Բիլբոն ու Ֆրոդոն գնացին նրա հետևից, իսկ մոռացված ու մի քիչ նեղացած Սեմը, ինչ-որ բան քրթմնջալով, քարշ էր գալիս վերջից: Գենդալֆը մոտեցավ այն նույն պատշգամբին, որտեղ նախօրեին Ֆրոդոն հանդիպել էր բարեկամներին: Ֆրոդոն հետ նայեց: Արևավառ առավոտն օր էր դառնում, ափից ներքև հանդարտ աղմկում էր անտեսանելի գետը, երկինքը զրնգում էր թռչունների դայլայլից, և Ռիվենդելի վրա կազդուրիչ անդորր էր իջել: Իր չարաբաստիկ արկածներն ու աշխարհի վրա կախվող ահարկու թուխպի մասին խոսակցությունները Ֆրոդոյին հիմա հեռավոր երազ էին թվում՝ չափազանց հանգիստ, հստակ ու մեղմ էր աշնանային առավոտը: Բայց շեմից ներս մտնելով, հոբիթը նկատեց, որ հյուրերի դեմքերը, որոնց Էլրոնդը հրավիրել էր Խորհրդի, արտակարգ տագնապալի էին ու մռայլ:

Ֆրոդոն առաջինը Էլրոնդին տեսավ, ապա նկատեց Գլորֆինդելին և Գլոինին: Անկյունում, բոլորից առանձին, նստած էր Արագորնը: Նա կրկին հագել էր իր արշավային խունացած թիկնոցը: Հավաքվածներից մյուսներին Ֆրոդոն չէր ճանաչում: Էլրոնդը նրան նստեցրեց իր մոտ, մի հայացքով զննեց լուռ նստած հյուրերին ու ասաց.

— Թույլ տվեք ներկայացնել ձեզ հոբիթ Ֆրոդոյին՝ Բիլբոյի զարմիկին հեռավոր Հոբիթստանից: Նրա ճանապարհը դժվարին ու վտանգավոր է եղել, Իսկ Ռիվենդել ստիպված է եղել մտնել կռիվ մղելով:

Հետո Էլրոնդը տվեց մյուս հյուրերի անունները, որոնց Ֆրոդոն առաջին անգամ էր տեսնում: Գլոինի կողքին նստած երիտասարդ թզուկը նրա որդին էր՝ Գիմլին, իսկ Գլորֆինդելի կողքին նստածներն Էլրոնդի խորհրդականներն էին՝ ավագ խորհրդական Էրեսթորի գլխավորությամբ: Խորհուրդ էին ժամանել նաև Սիրդան Նավարարի սուրհանդակը՝ էլֆ Գելդորը Արծաթափայլ Նավահանգստից, և Հյուսիսային Չարքանտառի էլֆերի թագավոր Թրանդուիլի որդի էլֆ Լեգոլասը: Իսկ բոլորից հեռու նստած էր բարձրահասակ, սևահեր մի այր՝ գեղեցիկ, ազնվածին ու առնական դեմքով և խաժ աչքերի խիստ նայվածքով: Նրա երկար մազերն անկանոն խոպոպներով թափվում էին ուսերին՝ ծածկելով գունավոր քարերով արծաթե նուրբ մանյակը, ուսի վրայով գցված էր արծաթով դրվագված եղջերափողի լանջափոկը, իսկ փոշուց մոխրագույն դարձած, տեղ-տեղ ցեխոտված և ձիու քրտնքից տրորված ճանապարհային, բայց շքեղ հագուստը վկայում էր երկարատև ճամփորդությունների մասին: Նա զարմանքով դիտում էր Ֆրոդոյին ու Բիլբոյին:

— Բորոմիրն է,— նրան ներկայացրեց Էլրոնդը,— հարավում ապրող մարդկանց պատվիրակը: Նա այստեղ է ժամանել միայն այսօր առավոտյան, և ես թույլատրել եմ մասնակցել Խորհրդին, որովհետև նրա ժողովրդին վիճակված արհավիրքները կապված են Միջերկրի ընդհանուր աղետի հետ:

Էլրոնդի Խորհրդում քննարկված ամեն ինչ չէ, որ հարկ է վեր հանել մեր պատմության մեջ: Սկզբում քննարկվում էր ծայրամասային հողերի հարցը, որոնց մասին Ֆրոդոն ոչինչ չգիտեր, այդ պատճառով էլ ցրված էր լսում խոսողներին: Բայց երբ ձայնը տվեցին Գլոինին, հոբիթի համար իսկույն հետաքրքիր դարձավ. չէ՞ որ Դաինի հպատակների հետ Բիլբոն բարեկամական կապերի մեջ էր: Պարզվեց, որ Սարամիջի թագավորության թզուկները վաղուց արդեն անորոշ տագնապ են ապրում:

— Դժվար է ասել, թե երբ է մեզ մոտ հասել Խավարի ստվերը,— պատմում էր Գլոինը: — Ամեն ինչ սկսվեց աննկատելի, աստիճանաբար: Շատ տարիներ առաջ մեզ համակեց փոփոխություններ ապրելու ձգտումը: Թզուկներից ոմանք, չգիտես ինչու, որոշեցին, որ Մենավոր Լեռան մեջ մեր տեղը նեղացել է, որ վատ չէր լինի ավելի ընդարձակ մի ապաստանատեղ գտնել: Խոսակցություններ գնացին մեր հայրերի քրտինքով ստեղծված Մորիա կամ, ինչպես ասում են թզուկների լեզվով՝ Քազադ-Դում թագավորության մասին: Շատերն էին պնդում, որ եկել է մեր պապենական տիրույթները վերադառնալու ժամանակը: Մորիա... — Գլոինը տխուր հառաչեց,— Հյուսիսային աշխարհի թզուկների երազ... Մեր նախնիները, ձգտելով հարստության ու փառքի, փորել են լեռների ընդերքները, թանկագին քարեր ու մետաղներ հանել, և այնքան են խորացել, մինչև որ արթնացրել են հրե անդունդներում զմռսված սարսափը: Այժմ ստորերկրյա սրահներում ոչ ոք չի ապրում. թզուկները վաղուց փախել են Մորիայից: Բայց վերջերս մեզ մոտ նորից սկսեցին խոսել այդ մասին՝ ահով ու այնտեղ վերադառնալու փայփայած հույսով: Սակայն անցած այս դարերի ընթացքում ոչ մի թզուկ, բացի Թրորից՝ իր ջոկատի հետ միասին, վճռականություն չունեցավ իր պապերի հայրենիքը վերադառնալու, իսկ Թրորը հավերժ մնաց Քազադ-Դումում: Եվ ահա այնտեղ ճանապարհվել որոշեց Բալինը: Թագավոր հայր Դաինը չէր ուզում նրան բաց թողնել, բայց նա գնաց՝ համոզելով նաև Օրիին, Օինին և այլ խիզախ թզուկների:

Դա երեսուն տարի առաջ էր: Սկզբում Բալինին ուղեկցում էր հաջողությունը՝ նրա ուղարկած սուրհանդակը պատմել էր, որ նրանք մտել են հնադարյան թագավորությունը և սկսել են վերականգնել լքված բնակատեղիները: Բայց այն ժամանակվանից ի վեր ոչ ոք Բալինի մասին այլևս չի լսել...

Դեհ իսկ հետո... համարյա մեկ տարի առաջ Դաինի մոտ եկավ ևս մեկ սուրհանդակ, բայց ոչ թե Բալինից, այլ հեռավոր Մորդորից: Նա հայտնվեց գիշերը, սև ձիու վրա և, Դաինին կանչելով պահակային աշտարակի մոտ, ամբարտավանությամբ հայտնեց, որ Սաուրոն Մեծն ուզում է դաշն կնքել թզուկների հետ: Նա խոստանում էր մեզ վերադարձնել Մոգական Մատանիները, եթե մենք պատմեինք նրան հոբիթների մասին: «Սաուրոն Մեծին հայտնի է,— եզրափակեց սուրհանդակը,— որ նրանցից մեկին մի ժամանակ դու լավ գիտեիր»:

Դա չափազանց տարօրինակ խնդրանք էր, և մենք բոլորս անհանգստացանք: Դաինը իսկույն պատասխան չտվեց, և Սաուրոնի սուրհանդակն արհամահական ավելացրեց. «Հզոր տիրակալ Սաուրոն Մեծը ենթադրում է, որ դու, ի նշան բարեկամության, կգտնես այդ քոսոտ գողին,— հենց այդպես էլ արտահայտվեց սուրհանդակը,— և կխնդրես, իսկ եթե չի տա՝ կխլես մատանին, որ նա մի ժամանակ գողացել է: Այդ մատանին ոչինչ չարժե,— շարունակեց սուրհանդակը,— բայց Սաուրոն Մեծն ուզում է գործնականապես հավաստիանալ քո բարեկամությանը: Կատարիր Մեծ Տիրակալի հանձնարարությունը, և նա կտա քեզ երեք Մատանիները, որոնք հին ժամանակներում պատկանում էին թզուկների արքաներին... Մորիայի թագավորությունն էլ քոնը կդառնա, Մեծ Տիրակալն այդ մասին էլ կհոգա: Իսկ եթե քեզ համար դժվար է, ապա գոնե ասա, թե որտեղ է ապրում, և նույնիսկ դրա համար առատորեն կպարգևատրվես: Բայց վախեցիր Սաուրոն Մեծին խաբելուց...»:

Վերջին բառերը սուրհանդակը ֆշշացրեց, կարծես թե հանկարծ օձ դարձավ, և մենք բոլորս սարսռացինք: Սակայն Դաինը հանգիստ ասաց.

— Ես չեմ կարող քեզ իսկույն պատասխանել: Ինձ ժամանակ է պետք քո առաջարկի մասին մտածելու համար:

— Մտածիր, բայց շատ ժամանակ չծախսես,— բացահայտորեն սպառնաց սուրհանդակը:

— Ես եմ իմ ժամանակը տնօրինում,— հետևեց պատասխանը:

— Առայժմ տնօրինում ես,— մռնչաց սուրհանդակն ու առանց հրաժեշտ տալու կորավ մթության մեջ:

Այդ ժամանակվանից մեզ կրծում է մութ տագնապը: Եթե նույնիսկ Սաուրոնի սուրհանդակի ձայնը մեղրի պես քաղցր լիներ, միևնույնն է, մենք կտագնապեինք՝ մեզ համար պարզ է, որ Սաուրոնի ամեն մի առաջարկության տակ սպառնալիք ու ստոր նենգություն է թաքնված: Մենք գիտենք, որ Մորդորի ամրապնդվող հզորությունը սնում են ժամանակին արմատախիլ չարված արմատները, իսկ նրա էությունը նախկինն է մնում... Երկու անգամ վերադարձավ Սաուրոնի սուրհանդակը և երկու անգամ մեկնեց՝ առանց պատասխան ստանալու: Նա մեզ, իր խոսքերով ասած, վերջին ժամկետն է նշանակել և պատասխանի համար հայտնվելու է այս տարվա վերջին:

Ես եկել եմ Ռիվենդել Բիլբոյին զգուշացնելու, որ թշնամին համառորեն որոնում է նրան և որպեսզի իմանամ, եթե, իհարկե, Բիլբոն դա գիտի, թե Թշնամու ինչի՞ն է պետք մատանին, որն իբրև թե ոչինչ չարժե: Եվ մեկ էլ թագավոր Դաինը պատվիրեց մի խորհուրդ հարցնել Ռիվենդելի տիրակալից՝ չէ՞ որ մեզ վրա է գալիս Սև Ստվերը: Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Սաուրոնի սուրհանդակը գնացել է նաև Բրանդի՝ Լճափի թագավորության թագավորի մոտ, և նա վախեցած է: Բրանդի վիճակը շատ ծանր է, նրա արևելյան սահմաններում, մեկ էլ տեսար, պատերազմ բռնկվեց: Եթե սուրհանդակները պատասխան չստանան, Սաուրոնն իր սև զորագնդերը կշարժի և՛ Դաինի դեմ, և՛ Բրանդի դեմ, իսկ Բրանդը վախենում է պատերազմից և կարող է ենթարկվել Սև Տիրակալին:

— Ճիշտ ժամանակին ես եկել,— ասաց Էլրոնդը: — Այսօրվա Խորհրդում քեզ պարզ կդառնա թե ինչ Մատանի է որոնում Թշնամին: Կհասկանաս, որ դուք ուրիշ ելք չունեք, բացի Թշնամու հետ կենաց մահու կռիվ մղելուց, նույնիսկ առանց այդ մարտում հաղթելու հույս ունենալու: Սակայն դուք մենակ չեք: Թշնամին ամբողջ Միջերկրի համար մեկն է: Ձեր խնդիրն ընդհանուր փորձանքի միայն մի մասն է: Իսկ Մատանին... Դուք ինքներդ եք կոչված այստեղ որոշելու, թե ինչ ենք անելու այդ Մատանին, որն իբրև թե ոչինչ չարժե...

— Ես ասացի կոչված ենք,— շարունակեց Էլրոնդը,— սակայն ես ձեզ չեմ կանչել Ռիվենդել, դուք ինքներդ եք եկել: Եկել եք միաժամանակ և ճիշտ ժամանակին. ձեր հանդիպումը պատահական համարել չի կարելի: Դուք կոչված եք լուծելու Մատանու հետ կապված շփոթը և վերջնականապես վճռելու Միջերկրի ճակատագիրը: Ուստի մենք կբացենք Մատանու գաղտնիքը, որը մինչև այժմ շատ քչերին է հայտնի: Եվ ամենից առաջ՝ որպեսզի բոլորին հասկանալի լինի, թե ինչումն է վտանգը, հարգարժան հյուրերը կլսեն հենց Մատանու պատմությունը: Ես պատմությունը կսկսեմ՝ մյուսները կավարտեն այն:

Եվ Էլրոնդը հանգիստ, բոլորին հասկանալի ու հնչեղ ձայնով սկսեց պատմել Երկրորդ Դարաշրջանի մասին, երբ կռել էին Մոգական Մատանիները, և Մորդորի հնագույն տիրակալի՝ Սաուրոնի մասին: Այդ պատմության առանձին մասերը ծանոթ էին ներկաներից շատերին, բայց ամբողջությամբ դեռ ոչ ոք չգիտեր, և բոլորը շունչները պահած լսում էին Էլրոնդին: Նա պատմում էր Էրեգիոնում ապրող էլֆ դարբինների մասին, Մորիայի թզուկների հետ նրանց սերտ բարեկամության մասին, նրանց իմացասիրության մասին, որի միջոցով էլ Սաուրոնը բարեկամ ձևանալով, նրանց իր ցանցը գցեց: Այն ժամանակներում նա դեռ այնքան տգեղ ու սարսափելի չէր, որքան հիմա, և էլֆերն ընդունեցին նրա օգնությունն ու արհեստներում անչափ հմտացան, իսկ Սաուրոնն իմացավ նրանց բոլոր գաղտնիքները և Մորդորի Հրամեջ Լեռան քուրայում կռեց Համիշխանության Մատանին, որ տիրանա մյուս Մատանիներին: Բայց էլֆ Սելեբրիմբորն իմացավ այդ մասին, թաքցրեց իր պատրաստած երեք Մատանիները, և ծայր առավ արյունահեղ, ավերիչ պատերազմը, ու Մորիայի թագավորության դարպասները փակվեցին:

Էլրոնդը հյուրերին համառոտ պատմեց, թե ինչպես է ինքը հետևել Համիշխանության Մատանուն, բայց այդ պատմությունը բոլորին հայտնի է, որովհետև իր ժամանակին նա կարգադրել է մանրամասնորեն այն գրել Եղելության Մատյանում, ուստի և հարկ չկա այն վերապատմելու: Հետո Էլրոնդը պատմեց Նումենորի մասին, այն մասին, թե ինչպես է կործանվել այդ թագավորությունը և ինչպես են Արևմուտքի մարդկանց թագավորները Ծովից վերադարձել Միջերկիր: Պատմեց հզոր թագավոր Էլենդիլ Բարձրահասակի մասին, նրա որդիներ Իսիլդուրի և Անարիոնի մասին, որոնք երկու հզոր թագավորություն էին հիմնել. Արնորը՝ հյուսիսում, և Գոնդորը՝ հարավում: Սաուրոնը կռվի գնաց նրանց դեմ, իսկ նրանք դիմեցին էլֆերի օգնությանը և բանակցություններից հետո կնքվեց մարդկանց ու էլֆերի Վերջին Դաշինքը:

Էլրոնդը հառաչեց և մի քիչ լռելուց հետո շարունակեց.

— Էլենդիլի և Գիլ-Գալադի միացյալ զորագնդերը հավաքվեցին Արնորում՝ Մորդոր արշավելու համար: Նրանց զինանշանների շողն ու փառքը մինչև հիմա էլ աչքիս առաջ են: Հիշում եմ, այն ժամանակ մտածեցի, որ նրանց հզորությունն ու ուժը, նրանց հպարտ դրոշներն ու հուժկու դյուցազուններն ինձ հիշեցնում են Առաջին Դարաշրջանը և Բելերիենդի Մեծ զորաբանակը, որը ջախջախեց մռայլ Թանգորոդրիմը, և էլֆերը որոշեցին, որ Թշնամու վերջը տվեցին, բայց շուտով հասկացան, որ չարաչար սխալվել են...

— Հիշեցնում են... Քե՞զ,— բարձրաձայն հարցրեց Ֆրոդոն՝ Էլրոնդի վերջին բառերից ապշահար: — Իսկ ես միշտ մտածում էի... — կմկմաց նա շփոթված այն բանից, որ Էլրոնդը լռեց: — Ես կարծում էի... Չէ՞ որ Առաջին Դարաշրջանը.. Չէ՞ որ այն վաղուց, շատ վաղուց է անցել...

— Իրավացի ես,— առանց ժպիտի պատասխանեց Էլրոնդը: — Սակայն ես այն հիանալի հիշում եմ: Քանզի Իմ հայրը Էարենդիլն է, ծնյալ էլֆական Գոնդոլին թագավորությունում՝ դեռ նրա անկումից առաջ: Իսկ մայրս Էլվինգն էր՝ դուստրը Դիորի, ով Դորիաթի արքայադուստր Լութիենի որդին էր: Ես Միջերկրի բոլոր երեք Դարաշրջանների վկան եմ և մասնակիցը Թշնամու հետ անհամար մարտերի, որոնք վերջանում էին մեզ համար սարսափելի պարտություններով կամ զարմանալի անպտուղ հաղթանակներով...

Ես մեծն Գիլ-Գալադի ազդարարն եմ եղել և մասնակցել եմ Դրագոլադի ճակատամարտին Մորդորի Դարպասի մոտ, որն ավարտվեց Թշնամու ջախջախումով, որովհետև Գիլ-Գալադի Այգլոս նիզակի և Էլենդիլի Նարսիլ թրի հավասարը չգտնվեց Թշնամու զորաբանակում: Ես տեսել եմ վերջին մարտը Օրոդրուինի լանջերին, որտեղ նահատակվեց Գիլ-Գալադը և ընկավ Էլենդիլը՝ իր թուրը թշնամիների սաղավարտներին ջարդելով, բայց Սաուրոնը նույնպես գետին տապալվեց, և Իսիլդուրը, հոր կոտրված թրով կտրելով նրա մատը, տիրացավ Համիշխանության Մատանուն:

— Ա՜յ քեզ բան,— ճչաց Բորոմիրը,— ուրեմն Համիշխանության Մատանին պահպանվե՞լ է: Ես շատ եմ լսել Մեկ Մատանու մասին, որը կռել է նա, ում անունը մենք չենք տալիս, բայց ըստ մեր ավանդությունների, այն անհետացել է, երբ ավարտվել է Երկրորդ Դարաշրջանը: Սակայն պարզվում է, որ դրան տիրացել է Իսիլդուրը: Սա իսկապես անսպասելի նորություն է:

— Այո, տիրացել է,— հաստատեց Էլրոնդը: — Թեև չպետք է այդպիսի բան աներ: Հարկավոր էր Մատանին ոչնչացնել հենց այն ժամանակ, Օրոդրուինի բոցերի մեջ, որտեղ այն ծնվել էր: Բայց Իսիլդուրը Մատանին վերցրեց, և դա միայն ես և Սիրդանը տեսանք: Նա միակն էր, ով մինչև վերջ հոր կողքից չհեռացավ, իսկ Գիլ Գալադի կողքին մարտնչող բոլոր ռազմիկներից մնացել էինք միայն մենք: Մենք փորձեցինք նախազգուշացնել Իսիլդուրին, բայց նա մեր խորհուրդը չլսեց:

«Իմ եղբայրն ու հայրն սպանվել են,— ասաց նա մեզ,— և ես այս Մատանին ավար եմ վերցնում՝ ի հիշատակ նրանց»:

Սակայն նա երկար չտիրեց Մատանուն. այն դարձավ նզովք նրա համար և դեռ բախտը բերեց, որ ինքը պարզապես զոհվեց, այլ ոչ թե դարձավ Խավարի Թագավորության ուրվական: Այդ ժամանակից ի վեր հյուսիսում Մատանին սկսեցին անվանել Իսիլդուրի Նզովք:

Թե ինչպես էր նա զոհվել, գիտեինք միայն մենք՝ հյուսիսցիներս, այն էլ շատ քչերը,— շարունակեց Էլրոնդը: — Հիրիկների հովտից, որտեղ ջախջախվել էր նրա ջոկատը, վերադարձան ընդամենը երեք ռազմիկ: Նրանցից մեկը Օհթարն էր՝ Իսիլդուրի զինակիրը. նա պահպանել էր Էլենդիլի ջարդված սուրը և կտորները տվեց Վալենդիլին, Իսիլդուրի ժառանգին, որը փոքրուց դաստիարակվել էր այստեղ՝ Ռիվենդելում: Նարսիլը, ավելի ճիշտ՝ Նարսիլի երկու կտորը, որովհետև սուրը դեռևս վերաձուլված չէ և նրա վաղեմի փառքը վերականգնված չէ, այժմ պահվում է Ռիվենդելում: Ես Թշնամու դեմ տարած հաղթանակներն անպտուղ անվանեցի... Վերջին հաղթանակը առավել լավ կլինի անվանել ապարդյուն: Սաուրոնը տապալվեց, բայց կենդանի մնաց, նա Մատանուց զրկվեց, բայց վերջինս պահպանվեց, Մորդորում Սև Ամրոցը հողին հավասարեցրին, բայց նրա հիմքն անվնաս մնաց, և քանի դեռ Համիշխանության Մատանին ոչնչացված չէ, քանի դեռ Չարի բունը արմատախիլ չի արված, Թշնամու լիակատար պարտությունը հնարավոր չէ: Շատ մարդիկ և շատ էլֆեր պատերազմի ժամանակ զոհվեցին՝ Իսիլդուրը, Անարիոնը, Էլենդիլը, Գիլ-Գալադը, վեհապանծ դյուցազուններ ու նրանց ռազմիկները: Այլևս երբեք Մարդիկ ու էլֆերը նման Դաշն չեն կնքի: Մահկանացուները Միջերկրում գնալով ավելանում են, իսկ առաջնածինները՝ գնալով պակասում, մեր ուղիները բաժանվում են, և մենք արդեն դժվարությամբ ենք հասկանում միմյանց: Իսկ նումենորցիներ քիչ են մնացել, և նրանց կյանքը կրճատվել է:

Հիրիկների հարթավայրի ճակատամարտից քիչ անց Արևմուտքի մարդկանց թիվը հյուսիսում կրճատվեց: Արնոր թագավորությունն անկում ապրեց, Էվենդիմ լճի մոտ գտնվող Անումինաս քաղաքն ամայացավ և ժամանակը քայքայեց այն, իսկ Վալենդիլի սերունդները քոչեցին հյուսիսային բարձրավանդակի Ֆորնոսթ քաղաքը, բայց այդ քաղաքը նույնպես վաղուց լքված է: Այն անվանում են Մեռյալների Ամրոց, և մարդիկ խուսափում են այնտեղ գնալ: Արնորցիներից քչերն են մնացել: նրանց տոհմը ոչնչացվել է Թշնամու կողմից, և հյուսիսցիների տիրապետությունն անկում է ապրել` իրենից հետո թողնելով միայն կանաչապատ դամբանաբլուրներ:

Գոնդորի թագավորությունը դիմացել է դժվարություններին և մինչև հիմա չի կործանվել, չնայած նրա տիրույթները խիստ նվազել են: Կար ժամանակ, երբ նրա փառքն ու հզորությունը հիշեցնում էին հին Նումենորը: Գոնդորցիների գոռոզաշուք դղյակները, բերդերը և ամրակառույց նավահանգիստները հռչակված էին թագավորության սահմաններից դուրս, և շրջակա ժողովուրդները հարգում ու մեծարում էին արքաների թևավոր թագը: Գոնդորի արքայանիստ քաղաքն Օսգիլիաթն էր՝ Աստղային Միջնաբերդը: Քաղաքը կառուցված էր Անդուինի ոլորանում, և գետը հոսում էր հենց քաղաքի միջով՝ բաժանելով այն երկու մասի: Քաղաքից արևելք, Մթամած Լեռներում, բարձրանում էր Ծագող Լուսնի Բերդը՝ Մինաս Իթիլը, իսկ դեպի արևմուտք, Սպիտակ Լեռներում՝ Մինաս Անորը կամ Մայր մտնող Արևի Բերդը: Այնտեղ, Մինաս Անորի արքայական բակում, տնկեցին Սպիտակ Ծառի փոքրիկ սերմը: Ժամանակին Իսիլդուրն այդ սերմը բերել էր ծովի այն կողմից: Այն հասունացել էր դեռ Նախասկզբնական օրերին Անդրծովյան Արևմուտքի հողերում: Սերմն աճեց և մի քսան տարի հետո դարձավ հզոր, ճյուղառատ ծառ:

Բայց ամենակարող ժամանակի սառը շունչը հանգցրեց Գոնդոր աշխարհի փառքը: Սպիտակ Ծառը ծերացավ ու չորացավ, արքա Մենելդիլը՝ Անարիոնի որդին, մահացավ առանց ժառանգ թողնելու, և նումենորցիների արյունը խառնվեց ցածր մարդկանց արյան հետ: Մորդորը պահպանող պահակներին նինջը հաղթեց, և Մութ Ուժերն սկսեցին կրկին ներթափանցել Գորգորոթ: Հարմար պահ ընտրելով՝ նրանք գրավեցին Ծագող Լուսնի Բերդն ու կոտորեցին շրջապատի ողջ բնակչությունը, և Մինաս Իթիլը դարձավ Մինաս Մորգուլ կամ Սև Մոգության բերդ: Նոր անուն ստացավ նաև Մինաս Անորը. այն վերանվանվեց Մինաս Թիրիթ կամ Պահակային Բերդ: Այդ երկու բերդերի միջև պատերազմ սկսվեց, Օսգիլիաթ քաղաքը հիմնովին ավերվեց ու նրա ավերակներում բնակվեցին ստվերները:

Այդ ժամանակից ի վեր շատ սերունդներ են փոխվել, և պատերազմը բազում կյանքեր է խժռել, բայց Մինաս Թիրիթը շարունակում է պատերազմել ու ժամանակ առ ժամանակ պարտության մատնել չար ուժերին՝ պահպանելով գետափնյա ճանապարհը՝ Քարե Հսկաներից մինչև Ծով: Թշնամին չի կարողանում ճեղքել-անցնել Անդուինից այս կողմ: Այստեղ իմ պատմությունը մոտենում է ավարտին. Իսիլդուրի զոհվելուց հետո Համիշխանության Մատանին անհետ կորել է, և Երեք Մատանիներն ազատություն են ստացել: Սակայն այժմ դրանք նորից վտանգի մեջ են, քանզի Համիշխանության Մատանին գտնվել է: Բայց այդ մասին ձեզ կտեղեկացնեն մյուս հյուրերը՝ վերջին իրադարձություններին ես չեմ մասնակցել:

Հենց որ Էլրոնդը լռեց, վեր կացավ Բորոմիրը:

— Պատվարժան Էլրոնդ,— սկսեց նա,— թույլ տուր ինձ լրացնել Գոնդորի մասին քո պատմությունը, քանզի ես հենց այնտեղից եմ եկել, և ներկաներին էլ, իհարկե, օգտակար կլինի իմանալ, թե ինչ է կատարվում, և ինչ վտանգ է սպառնում Միջերկրին, եթե մենք չդիմանանք:

Հավատացեք, նումենորյան արյունը դեռ ամբողջությամբ չի վերացել, և Գոնդոր աշխարհի փառքը չի մոռացվել: Այդ մեր քաջության ու արիության շնորհիվ է արևմուտքը մինչև հիմա Մորգուլից պատնեշված, այդ մենք ենք պաշտպանում Միջերկիրը չարից՝ հետ մղելով թշնամական զորքերի հարձակումները: Մտածեք, թե ինչ է սպասում արևմտյան հողերին, եթե թշնամիներն անցնեն Անդուինը...

Իսկ այդ ժամն արդեն հեռու չէ: Սև Զորաց ուժերն աճում են: Թշնամին՝ թող չհնչի նրա անունը, նորից բարձրացրել է գլուխը: Նզովյալ Օրոդրուինը, որին մենք Ճակատագրի Լեռ ենք անվանում, կրկին ծխում է... Մեզ պարուրում է Խավարի Վարագույրը, որովհետև Մորդորի հզորությունը բազմապատիկ ավելացել է: Երբ Թշնամին վերադարձավ Մորդոր, գոնդորցիներն ստիպված եղան լքել Իթիլիենը՝ երանելի երկիրը Գետից արևելք, սակայն մենք մինչև հիմա այնտեղ գաղտնի ամրություններ ունենք: Իսկ այս տարվա ամռանը, հունիսին, հանկարծակի մեզ վրա հարձակվեց մի հսկա զորագունդ, որը Մորդորի սև դրոշների տակ միավորում էր վայրագ վայրենիներին և հարադրիմներին, և մենք ստիպված եղանք նահանջել դեպի Գետը: Բայց պատճառը միայն թվական գերակշռությունը չէր: Թշնամին մեր դեմ էր հանել ինչ-որ Մութ Ուժեր, որոնց մասին մենք առաջներում չէինք լսել:

Նրանք հայտնվում են Սև Հեծյալների նման, որպես գիշերային հոծ ստվերներ, և երբ մարտի են բռնվում, նրանց դաշնակիցները մարտնչում են կատաղածի պես, իսկ մեր ռազմիկներին պարուրում է սարսափը, և նրանք չեն կարողանում ղեկավարել ձիերին, որոնք Սև Հեծյալների հայտնվելուն պես սրտապատառ փախչում են: Վերջին ճակատամարտում արևելյան կայազորից կենդանի մնացին միայն մի քանի հարյուր գոնդորցի և, նահանջելով Գետի այս կողմը, քանդեցին կամուրջը՝ ավերված Օսգիլիաթում ինչ-որ հրաշքով պահպանված միակ կամուրջը: Ջոկատը, որը քողարկում էր նահանջը և որում մարտնչում էի ես, սեղմվեց Գետին ու անխնա կոտորվեց: Ընդամենը չորս հոգի փրկվելու երջանկություն ունեցան՝ իմ եղբայրը, ես և երկու հազվագյուտ հուժկու ռազմիկ, որոնք կարողացան, ինչպես մենք, լողալով անցնել Անդուինը...

Հիմա մենք ամրացել ենք արևմտյան ափին, և թշնամիները չեն կարողանում անցնել Գետը, իսկ մեր արևմյան և հյուսիսային հարևանները, նրանք, ովքեր գիտեն տեղի ունեցած թեժ մարտի մասին, մեզ շնորհակալական ջերմ խոսքեր են հղում... Այո, շնորհակալական խոսքեր մենք շատ ենք լսում, բայց դեռ ոչ մի անգամ մեզ օժանդակ ուժ չեն ուղարկել, և երբ մենք օգնություն ենք խնդրում՝ մեր կոչին արձագանքում են միայն ռոհանցիները:

Եվ ահա գոնդորցիների համար այս ծանր օրերին ես որոշեցի հասնել հեռավոր Իմլադրիս: Ստիպված եղա բազում հարյուրավոր լիգեր հաղթահարել գաղտնի ու վաղուց լքված արահետներով՝ հարյուր տասնմեկ օր եղա ճանապարհին: Բայց ես չեմ եկել դաշնակիցներ փնտրելու: Էլրոնդի իմաստությունն ասացվածք է դարձել, և ասու