Մարտին Իդեն, Գլուխ I

Գրապահարան-ից

Մարտին Իդեն
Մարտին Իդեն, Գլուխ II ▶


Առջևից գնացողը ֆրանսիական բանալիով բացեց դուռն ու ներս մտավ։ Նրան հետևեց մի երիտասարդ, որն անշնորհք կերպով գլխից վերցրեց կեպին։ Նա հագել էր հասարակ ու կոշտ կտորից կարված զգեստ, որից ծովի հոտ էր փչում։ Ընդարձակ սրահում նա կարծես իր տեղում չէր. դա զգացվեց անմիջապես։ Նա չէր իմանում, թե ինչ անի իր կեպին և պատրաստվում էր գրպանը կոխել, բայց ուղեկիցը գլխարկը իսկույն վերցրեց նրա ձեռքից այնքան պարզ ու բնական ձևով, որ տղան զգացվեց։ «Նա հասկացող է,— անցավ մտքով,— նա ինձ չի մատնի»։

Տատանվող ու լայն քայլերով,– կարծես տախտակամածը ծովի ալիքներից իջնում ու բարձրանում էր,— նա հետևեց իր ուղեկցին։ Թվում էր, թե հսկայական սենյակները նեղվածք էին նրա լայնաթափ քայլվածքի համար. նա շարունակ վախենում էր ուսով դիպչել դռանը կամ որևէ առարկա ցած գցել բուխարուց։ Նա դեսուդեն նետվելով էր անցնում զանազան իրերի մոտով, չափազանցելով ավելի շատ իր երևակայության մեջ գոյություն ունեցող վտանգը։ Դաշնամուրի ու գրքերով ծանրաբեռնված սեղանի արանքով հեշտությամբ կարող էին անցնել վեց մարդ, մինչդեռ նա սիրտ արավ անցնել շունչը պահած։ Նրա խոշոր ձեռքերն անզոր օրորվում էին. չէր իմանում՝ ինչ կերպ վարվի դրանց հետ. և հանկարծ որոշակի պատկերացրեց, թե կարող է դիպչել սեղանի վրա գտնվող գրքերին․ նա խրտնած ձիու նման մի կողմ ցատկեց և քիչ էր մնացել, որ շուռ տար դաշնամուրի մոտ դրված աթոռակը։ Երիտասարդը նայում էր վստահորեն քայլող իր ուղեկցին և կյանքում առաջին անգամ միտք արեց, թե որքան անշնորհք է իր սեփական քայլվածքը և որքան է տարբերվում ուրիշների քայլվածքից․ այդ մտքից նա մի պահ ամաչեց ու շիկնեց։ Քրտինքը դուրս տվեց նրա ճակատին, և նա կանգ առավ ու թաշկինակով սրբեց իր բրոնզագույն դեմքը։

— Արթո՛ւր, բարեկամս, մի քիչ շունչ առնենք,— ասաց նա կատակի ձևով՝ փորձելով վարագուրել իր շփոթությունը։— Առաջին անգամվա համար չափազանց շատ է այս ամենը։ Թույլ տվեք մի քիչ սրտապնդվել։ Ախր դուք գիտեք, որ ես չէի ցանկանում գալ, իսկ ձերոնք էլ, բնականաբար, ինձ անհամբեր չեն սպասում։

— Դատարկ բան է,— հնչեց հանգստացուցիչ պատասխանը,— մեզնից քաշվելու առիթ չկա․ մենք հասարակ մարդիկ ենք։ Ա՜, տեսնում եմ, որ ինձ նամակ կա։

Նա մոտեցավ սեղանին, բացեց ծրարն ու սկսեց կարդալ, հյուրին հնարավորություն տալով ուշքի գալ։ Հյուրը հասկացավ ու գնահատեց այդ։ Նա բնականից շատ զգայուն ու տպավորվող էր, և, չնայած արտաքին շփոթությանը, նրա մեջ դեռևս մնում էին այդ զգացողությունները։ Նա սրբեց ճակատն ու ավելի հանգիստ նայեց իր շուրջը, թեև նրա աչքերում, ինչպես թակարդից վախեցող վայրի կենդանու աչքերում, դեռևս մնում էր տագնապը։ Նա գտնվում էր անծանոթ շրջապատում, վախենալով, որ կարող է մի ինչ-որ բան պատահել։ Չգիտեր, թե ինչ կերպ վարվի, հասկանալով միայն, որ իրեն պահում է անճարակ ձևով, և որ հավանորեն այդ անճարակությունը դրսևորվում է ոչ միայն քայլվածքում և շարժուձևում. նա չափազանց զգայուն էր, անհավատալիորեն ինքնասեր, դրանով էլ բացատրվում էր, թե ինչու այն խորամանկ հայացքը, որը գաղտագողի նրա վրա գցեց Արթուրը նամակի վերևից, դաշույնի հարվածի նման խոցեց նրան։ Նա որսաց Արթուրի հայացքը, բայց չտեսնել ձևացրեց, որովհետև արդեն շատ բան էր սովորել, ամենից առաջ՝ կարգապահություն։ Սակայն, դաշույնի այդ հարվածը վիրավորեց նրա հպարտությունը։ Նա կշտամբում էր իրեն այն բանի համար, որ եկավ այստեղ, բայց իսկույն ևեթ որոշեց՝ եկել է, ուրեմն պիտի տոկա մինչև վերջ։ Նրա դեմքը ստացավ խիստ արտահայտություն, և աչքերի մեջ փայլատակեց զայրալից մի հուր։ Նա այժմ ավելի վստահ նայեց շուրջը, ջանալով ուղեղում տպավորել այդ նուրբ իրադրության բոլոր մանրամասները։ Նրա լայն բացված աչքերից ոչինչ չխուսափեց, և քանի նայում էր սիրուն առարկաներին, այնքան նրա աչքերի ցասկոտ հուրը հանգչում էր, և դրա փոխարեն ջերմ փայլն էր շողում, գեղեցիկը միշտ ջերմ ընդունելություն էր գտնում նրա հոգում, իսկ այստեղ հիացմունքի արժանի իրեր շատ կային։

Նրա ուշադրությունը գրավեց պատից կախված յուղաներկ նկարը։ Հզոր կոհակը փշրվում էր ջրից դուրս ցցված ապառաժին զարնվելով. մրրկաբեր ամպերը պատել էին երկինքը, իսկ փոթորկահույզ ալիքների վրա տարուբերվում էր միակայմ նավակը՝ սաստիկ թեքված մի կողմի վրա այնպես, որ նրա ամբողջ տախտակամածը պարզ երևում էր։ Դա գեղեցիկ էր, իսկ գեղեցկությունն անդիմադրելիորեն գերում էր նրան։ Նա մոռացավ իր անշնորհք քայլվածքը և ընդհուպ մոտեցավ նկարին։ Գեղեցկությունն անհետացել էր։ Նա տարակուսանքով նայում էր նկարին, որն այժմ մի կոպիտ ծեփվածք էր թվում։ Ապա ետ քաշվեց, և իսկույն նկարը նորից դարձավ հիանալի։ «Ֆոկուսով նկար է», մտածեց նա և երեսը շուռ տալով, նորանոր հորդահոս տպավորությունների ազդեցության տակ, արդեն սկսեց զայրանալ, որ այդքան գեղեցկություն զոհաբերվել է մի անմիտ ֆոկուսի համար։ Նկարչության մասին նա գաղափար չուներ։ Մինչև այժմ նա տեսել էր միայն քրոմոլիտոգրաֆիաներ, որոնք մոտից թե հեռվից հավասարապես ողորկ ու հստակ էին։ Ճիշտ է, նա խանութների ցուցափեղկերում տեսել էր յուղաներկ նկարներ, բայց ապակին թույլ չէր տվել դիտել դրանք ինչպես հարկն է։

Երիտասարդը նայեց իր բարեկամին, որը շարունակում էր կարդալ նամակը, և աչքն ընկավ սեղանի վրայի գրքերին։ Նրա աչքերը վառվեցին ագահությամբ, ինչպես սոված մարդու աչքերը՝ կերակուր տեսնելիս։ Ակամա քայլեց դեպի սեղանը՝ միշտ նույն ճոճվող քայլվածքով, և հուզված սկսեց գրքերը միառմի աչքի անցկացնել։ Նա նայում էր վերնագրերին ու հեղինակներին, բնագրից կարդում էր առանձին նախադասություններ, հայացքով ու ձեռքերով շոյում գրքերը։ Հանկարծ նրա աչքովն ընկավ մի գիրք, որն ինքը կարդացել էր վերջերս։ Բացի այդ մեկից, մյուս գրքերը բոլորովին անծանոթ էին նրան, ինչպես նաև նրանց հեղինակները։ Նրա ձեռքին էր Սուինբեռնի հատորիկը, և նա սկսեց կարդալ մոռանալով, թե որտեղ է գտնվում։ Նրա դեմքը ճառագայթեց։ Երկու անգամ փակեց գիրքը՝ ստուգելու համար հեղինակի անունը, ցուցամատով պահելով այն էջը, որ կարդում էր։ Սուինբեռն․ նա չի մոռանա այդ անունը։ Երևում է, որ այդ Սուինբեռնը սուր աչք է ունեցել, երբ կարողանում էր տեսնել ուրվագծերն ու գույները։ Բայց ո՞վ է նա. մեռե՞լ է հարյուր տարի առաջ, ինչպես բանաստեղծների մեծ մասը, թե՞ ողջ է ու շարունակում է գրել։ Նա շուռ տվեց առաջին էջը։ Այո, պարզվում է, որ նա գրել է նաև այլ գրքեր։ Լա՜վ, վաղն ևեթ ինքը կգնա հանրային գրադարան և կփորձի վերցնել Սուինբեռնի երկերից որևէ մեկը։

Նա այնքան էր տարվել ընթերցումով, որ չնկատեց, թե ինչպես սենյակ մտավ մի երիտասարդ կին։ Նրան սթափեցրեց Արթուրի ձայնը, որ հանկարծ ասաց.

― Ռութ, մեզ մոտ է միստր Իդենը։

Դուռը շրխկոցով փակվեց, և նա, դեռ ետ չդարձած, ամբողջ մարմնով դողաց նոր զգացումից, որն առաջացավ նրա մեջ ոչ թե աղջկա երևալուց, այլ եղբոր ձայնից։ Նրա մկանոտ մարմնում ապրում էր սրված զգայնությունը։ Արտաքին աշխարհի ամենաաննշան ազդեցության տակ նրա զգացումներն ու մտքերը պոռթկում ու բոցավառվում էին. նա խիստ զգայուն էր և տպավորվող, իսկ վառ երևակայությունն անընդհատ գործում էր՝ իրերի փոխհարաբերությունները, նմանությունն ու տարբերությունը սահմանելու համար։ Նրան ցնցեցին «միստր Իդեն» բառերը։ Նա, որին ամբողջ կյանքի ընթացքում կոչել էին «Իդեն», կամ «Մարտին Իդեն» և կամ պարզապես «Մարտին», հանկարծ «միստր» դարձավ։ «Դա որևէ նշանակություն չունի»,— մտածեց նա։ Նրա գիտակցությունը, հանկարծ վերածվեց մի ահագին մութ խցի, և աչքին անվերջ շարանով պատկերացան իր կյանքի զանազան դրվագները՝ հնոցները, նավամբարները, դոկերը, նավամատույցները, բանտերն ու գինետները, ջերմախտի հիվանդանոցներն ու մռայլ խլանկյունները․ այս ամենը շարվել էին մի առանցքի վրա՝ վարվելաձևի վրա, որին վարժվել էր նա առօրյա կյանքում։

Ահա նա ետ նայեց ու տեսավ աղջկան։ Նրա հիշողության մեջ վխտացող անկանոն տեսարանները միանգամից անհետացան։ Նրա առջև կանգնած էր մի դժգույն, եթերային էակ՝ խոշոր, ծավի, խելացի աչքերով, ոսկեգույն մազերի զանգվածով։ Նա չգիտեր, թե աղջիկն ինչպես է հագնված. գիտեր միայն, որ նրա հագուստը նույնպես հրաշալի էր, ինչպես ինքը Ռութը։ Նա մտովի համեմատեց նրան նուրբ ցողունի վրա բուսած բաց ոսկեգույն ծաղկի հետ։ Ո՛չ, ավելի շուտ նա մի ոգի է, աստվածություն, դիցուհի, այսքան վեհ գեղեցկությունը չի կարող երկրային լինել։ Եվ կամ իրոք ճիշտ են ասում գրքերը. հասարակության այլ, բարձր շրջաններում շատ կան նրա նմանները։ Սուինբեռնը պետք է նրան գովերգեր։ Թերևս Սուինբեռնը նկատի է ունեցել նրա նման մեկին, երբ նկարագրել է Իզոլդային, այն գրքում, որը դրված է այնտեղ, սեղանին։ Մտքերի, տեսիլքների և զգացումների այդ ամբողջ շարահարությունը տևեց միայն մի ակնթարթ։ Իսկ արտաքին դեպքերն ընթանում էին իրենց կարգով առանց ընդհատվելու։ Աղջիկը երկարեց նրան իր ձեռքը, և Իդենը նկատեց, թե ինչպես նա շեշտակի նայում է իրեն, երբ պինդ, առնականորեն սեղմեց նրա ձեռքը։ Նրա ճանաչած կանայք այդպես չէին սեղմում։ Ընդհանրապես նրանցից շատերը ամենևին ձեռք չեն տալիս։ Մարտինին նորից ողողեց երփներանգ պատկերների մի ամբողջ հոսանք. նրա միտքը պաշարեցին զանազան կանանց հետ իր ծանոթության հիշողությունները։ Բայց նա ետ մղեց բոլոր այդ հիշողությունները և նայեց Ռութին։ Այդպիսի աղջիկ նա երբեք չէր տեսել իր կյանքում։ Նրա գիտցած կանայք... իսկույն նրա կողքին շարքով կանգնեցին «այդ» կանայք։ Մի վայրկյան, որը թվաց մի ամբողջ հավիտենականություն, նա կարծես գտնվում էր դիմանկարների դահլիճում, ուր Ռութը կանգնած է կենտրոնում, իսկ նրան շրջապատել են բազմաթիվ կանայք, որոնց պետք է գնահատել լոկ հարևանցի ակնարկով և համեմատել նրա հետ՝ չափանիշ ունենալով հենց նրան։ Մարտինի աչքին ներկայացան ֆաբրիկայի բանվորուհիների և շուկաներում դեգերող լպիրշ պոռնիկների հիվանդագին դեմքերը, անասնաբուծական ահագին ռանչոներում աշխատող կանայք և հին Մեքսիկայի թխադեմ, սիգար ծխող բնակչուհիները։ Այնուհետև, նրա աչքին երևացին տիկնիկների նմանվող, փայտե ներբաններով ճեմող ճապոնուհիներ, Եվրասիայի կանայք՝ նուրբ դիմագծերով և այլասերումի արդեն նկատելի նշաններով. նրանց հաջորդեցին Խաղաղ օվկիանոսի կղզիների պարարտամարմին, թխամորթ և ծաղկեպսակներով զարդարված կանայք։ Եվ վերջապես, այդ բոլորին մի կողմ քշեց հրեշավոր, մղձավանջային մի ամբոխ՝ Ուայթչեպլի մայթերին թրև եկող գզգզված անառակ կանայք, մռայլ պոռնկանոցների՝ ջինի տկճոր դարձած ջադուներ, դժոխքի ծնունդների մի ամբողջ ջոլիր, որոնք իջևաններում որսում են նավաստիներին՝ նավահանգիստների այդ թափթփուկները, մարդկային աղտահորի այդ փրփուրն ու մրուրը։

— Խնդրեմ, նստեցեք, մի՛ստր Իդեն,― ասաց աղջիկը,— ես շատ էի ցանկանում ծանոթանալ ձեզ հետ այն դեպքից հետո, որի մասին պատմեց մեզ Արթուրը։ Դա շատ խիզախ քայլ էր ձեր կողմից։

Մարտինը բացասաբար շարժեց ձեռքն ու փնթփնթաց, թե այդ բոլորը դատարկ բան է, և ով էլ որ լիներ նրա փոխարեն, այդպես կվարվեր։ Ռութը նկատեց, որ նրա բարձրացրած աջ ձեռքը ծածկված է թարմ, սպիացող ճանկռվածքներով, նայեց մյուս ձեռքին և դրա վրա էլ նույնը տեսավ։ Հետո մի արագ քննախույզ հայացքով նկատեց նրա այտին մի սպի, մի ուրիշը՝ ճակատին, հենց մազերի տակ և վերջապես՝ երրորդը, որը թաքնված էր օսլայած փոքր օձիքի տակ։ Ռութը զսպեց իր ժպիտը տեսնելով նրա բրոնզագույն վզի վրա, օձիքի հարելուց առաջացած, մի կարմիր զոլ։ Երևում էր, որ նա սովոր չէ օձիք դնել։ Ռութի կանացի հայացքից չվրիպեցին և նրա կոստյումի պարկանման ձևվածքը, ուսերի մոտ և թևքերին ծալքեր, որոնց տակ ուրվագծվում էին հուժկու մկանները։

Կրկնելով, որ իր վարմունքում ոչ մի արտասովոր բան չկա, նա հնազանդվեց Ռութին և քայլեց դեպի թիկնաթոռը։ Ընդսմին նա ժամանակ ունեցավ հիանալու, թե աղջիկն ինչպիսի անսեթևեթ շնորհալիությամբ նստեց, իսկ ինքը ավելի ևս շփոթվեց պատկերացնելով իր անշնորհք կերպարանքը։ Այդ բոլորը նրա համար նորություն էր։ Իր կյանքում նա երբեք չէր մտածել՝ ինքը ճարպիկ է, թե՞ անշնորհք։ Երբեք նրա մտքով չէր անցել այդ տեսակետից նայել իր վրա։ Նա զգուշությամբ նստեց թիկնաթոռի ծայրին՝ չիմանալով, թե ուր դնի ձեռքերը։ Ուր էլ որ դնում էր, ձեռքերը շարունակ խանգարում էին նրան է նա ավելի ևս շփոթվեց, երբ Արթուրը դուրս եկավ սենյակից, և Մարտին Իդենն ակամա թախիծով նայեց նրա հետևից։ Սենյակում մենակ մնալով՝ կանացի կերպարանքով այդ դժգույն ոգու հետ, նա բոլորովին կորցրեց իրեն։ Այստեղ չկար ո՛չ վաճառասեղան, ուր կարելի լիներ գինի պահանջել, ո՛չ էլ պատանյակ, որին կարելի էր ուղարկել գարեջրի, որպեսզի մարդամոտություն ստեղծող այդ խմիչքների օգնությամբ բարեկամական զրույց կարողանար սկսել։

— Ձեր վզին սպի կա, մի՛ստր Իդեն,— ասաց աղջիկը․— որտեղի՞ց է դա։ Հավանաբար դա կապված է ինչ֊որ արտասովոր արկածի հետ։

— Մեքսիկացին դանակով վիրավորեց ինձ, միսս,— պատասխանեց նա՝ լեզվով թրջելով շրթունքը և հազալով, որպեսզի կոկորդը մաքրի,― մենք կռվում էինք։ Եվ հետո, երբ ես նրանից խլեցի դանակը, նա ուզում էր կծել-պոկել իմ քիթը։

Նա այդ ասաց միանգամայն հասարակ ձևով, իսկ նրա աչքերի առաջ երևաց հեղձուցիչ ու աստղալից գիշերվա պատկերը Սալինա-Կրացում, ծովափի սպիտակ հողաշերտը, շաքարով բեռնված շոգենավերի լույսերը, հարբած նավաստիների ձայները հեռվից, բարձողների հռհռոցը, մեքսիկացու կատաղությունից այլայլված դեմքը, աստղերի լույսի տակ նրա աչքերի գազանային փայլը, վզին իջած պողպատի սառնությունը, արյան հոսանքը, ամբոխն ու աղաղակները, երկու մարմին՝ իր և մեքսիկացու, որոնք իրար հյուսված, թավալվում են ավազի վրա, և հեռվից լսվող կիթառի հնչյունները։ Դա հենց այդպես էլ տեղի էր ունեցել։ Հիշելով այդ՝ նա ցնցվեց ու մտածեց, թե սենյակում կախ արած նկարի հեղինակը կկարողանա՞ր արդյոք այդ բոլորը պատկերել պաստառի վրա։ Սպիտակ ծովափը, աստղերը, բեռնատար շոգենավերի լույսերը պիտի լավ դուրս գան, իսկ մեջտեղում, ավազի վրա, կնկարեր կռվողների շուրջը խռնված մութ ամբոխը։ Նա վճռեց, որ նկարում պիտի պատկերել նաև դանակը՝ պողպատը շատ սիրուն կփայլեր աստղերի լույսի տակ։

Բայց այդ բոլորից ոչ մի բան չարտահայտեց նա իր խոսքում։

— Այո, ուզում էր ատամներով պոկել իմ քիթը,— ավելացրեց նա։

— Օ՜,— բացականչեց աղջիկը, և նրա ձայնի շեշտում ու դեմքի արտահայտության մեջ շփոթմունք զգացվեց։ Իդենն ինքն էլ շփոթվեց, և նրա արևակեզ այտերը թեթևակի շիկնեցին, ընդ որում նրան թվաց, թե իր այտերը վառվում են՝ կարծես թե մի ամբողջ ժամ կանգնել է շոգեկաթսայի բաց հնոցի մոտ։ Այդ տգեղ նյութերի մասին, ինչպիսին է դանակամարտը, հազիվ թե պատշաճ է զրուցել աշխարհիկ կնոջ հետ։ Գրքերում նրա շրջանի մարդիկ երբեք չեն խոսում այդպիսի բաների մասին. թերևս նրանք նման բաների մասին մինչև անգամ չգիտեն։

Հազիվ սկսված խոսակցությունը կարճ ժամանակով ընդհատվեց։ Տեսնելով այդ, Ռութը նորից հարց տվեց, այս անգամ նրա այտի սպիի մասին։ Այդ հարցումից Մարտին Իդենը հասկացավ, որ աղջիկը փորձում է դուրս չգալ նրա թեմաների շրջանակից, և որոշեց պատասխանել, ապա խոսակցությունը փոխել աղջկան շահագրգռող նյութերի շուրջը։

— Դեպքը պատահեց այսպես,— ասաց նա ձեռքով շփելով իր այտը։— Մի գիշեր, կատաղի ալեկոծության ժամանակ, մեծ առագաստն իր բոլոր պարաններով պոկվեց։ Թոկը մետաղալարերից էր․ օձի նման շարժվելով, պարանն սկսեց խարազանել չորս կողմը։ Բոլոր հերթապահ նավաստիներն աշխատում էին բռնել թոկը։ Ես առաջ նետվեցի և ամրացրի թոկը. հենց այդ վայրկյանին դա զարնվեց իմ երեսին։

— Օ՜,— բացականչեց աղջիկը նորից՝ այս անդամ որոշ կարեկցությամբ, թեև բոլոր այդ «գրոտներն» ու «տրոսները» նրան նույնքան անհասկանալի էին, որքան և այն, եթե Մարտինը նրա հետ խոսեր չինարեն։

— Այդ... Սվինբեռնը,— սկսեց Մարտին Իդենը իրագործելու համար իր պլանը, բայց ընդսմին թույլ տալով առոգանության սխալ։

― Ո՞վ։

— Սվինբեռնը,— կրկնեց նա,— բանաստեղծը։

— Սուինբեռն,— ուղղեց աղջիկը։

— Այո, հենց ինքը,— ասաց նա նորից շիկնելով։— Վաղո՞ւց է մեռել նա։

— Ես չեմ լսել, որ մեռած լինի.— աղջիկը հետաքրքրությամբ նայեց նրան։— Դուք որտե՞ղ եք ծանոթացել նրան։

— Ես նրան իսկի չեմ էլ տեսել,— պատասխանեց Իդենը։— Նրա ոտանավորներից ես մի քանի բան կարդացել եմ ահա այն սեղանի վրա գտնվող գրքույկից՝ հենց ձեր ներս գալուց առաջ։ Հավանո՞ւմ եք դուք նրա ոտանավորները։

Ռութը ազատ ու հեշտ սկսեց խոսել իրեն հետաքրքրող նյութի մասին։ Մարտին Իդենն իրեն ավելի լավ զգաց և մինչև անգամ ավելի հարմար տեղավորվեց թիկնաթոռին, սակայն շարունակելով ամուր բռնել արմունկակալները, կարծես վախենում էր, որ աթոռը դուրս կպրծնի իր տակից և ինքը երեսի վրա կշրմփա հատակին։ Նրան հաջողվեց անցնել աղջկա սրտին մոտիկ նյութի, և այժմ լարված լսում էր, զարմանալով, թե նրա փոքրիկ գեղեցիկ գլխում ինչքան շատ գիտելիքներ են ամբարված, և հիանում էր նրա նուրբ գեղեցկությունը դիտելով։ Նա ճգնում էր ըմբռնել լսածը, թեև աղջկա շրթունքներից այնքան պարզ կերպով թռչող բառերը ապշեցնում էին նրան և աղջկա մտքի ամբողջ ընթացքը բոլորովին օտարոտի էր նրա համար։ Սակայն այդ բոլորը աշխատեցնում էր Մարտինի ուղեղը։ Ահա թե որտեղ է մտավորական կյանքը, մտածեց նա, ահա թե որտեղ է վառ ու հրաշալի գեղեցկությունը, որի գոյությունը նա մինչև իսկ չէր երևակայում։ Նա մոռացավ ամեն բան, որ շրջապատում էր իրեն, և աչքերը ագահորեն սևեռեց աղջկա դեմքին։ Այո, այստեղ կա մի բան, որի համար արժե ապրել, որին արժե հասնել, որի համար արժե պայքարել և որի համար արժե մեռնել։ Գրքերը ճիշտ են ասում. աշխարհում լինում են այդպիսի կանայք։ Ահա նրանցից մեկը։ Աղջիկը թևավորում էր նրա երևակայությունը, ահագին վառ պաստառներ էին պարզվում նրա աչքի առաջ և նրանը վրա թռչում֊թառում էին խորհրդավոր, ռոմանտիկ կերպարներ, սիրո ու հերոսական սխրագործությունների տեսարաններ՝ կնոջ, դժգույն կնոջ՝ ոսկե ծաղկի սիրույն։ Եվ այդ երերուն ու դողդոջուն տեսիլքների, ինչպես հրաշալի միրաժի միջով, նա նայում էր կենդանի կնոջը, որ նրա հետ խոսում էր արվեստի ու գրականության մասին։ Նա լսում ու նայում էր առանց գիտակցելու իր նայվածքի սևեռուն լինելը և առանց գիտակցելու, որ իր խառնվածքի ամբողջ առնական էությունը արտացոլվում է իր վառվռուն աչքերում։ Բայց աղջիկը, որ քիչ բան գիտեր կյանքի ու տղամարդկանց մասին, հանկարծ կանացիորեն զգուշացավ՝ որսալով նրա բոցավառ հայացքը։ Դեռ ոչ մի տղամարդ այդպես չէր նայել նրան և այդ նայվածքը շփոթեցրեց աղջկան։ Նա կարկամեց ու լռեց, հանկարծ կորցրեց իր մտքի կապը։ Այդ մարդը նրան վախեցնում էր, միաժամանակ ինչ֊որ պատճառով հաճելի էր, որ նա այդպես նայում է իրեն։ Ստացած դաստիարակությունը նախազգուշացնում էր աղջկան վտանգի և այդ խորհրդավոր նենգ թովչանքի դեմ․ բայց նրա արյան մեջ բնազդը զգացնել էր տալիս իրեն, պահանջելով, որ ինքը մոռանա իր ծագումը, հասարակության մեջ ունեցած դիրքը և ձգտի ընդառաջ գնալու մի այլ աշխարհից եկած այս հյուրին, այս անշնորհք, խոցոտված ձեռքերով, օձիք կրելու անսովոր, վզին կարմիր սպի ունեցող երիտասարդին, այլանդակ կյանքից (դա ակներև էր) ապականված պատանուն։ Աղջիկը մաքուր էր և նրա ամբողջ անարատությունն ընդվզում էր. բայց նա կին էր, այն էլ կանացի բնության զարմանալի պարադոքսի մասին դեռ նոր մտածել սկսած կին։

― Ինչպե՞ս ասացի ես... ի՞նչ էի ասում,— բացականչեց աղջիկը հանկարծ, կտրելով նախադասությունը, և ուրախ ծիծաղեց։

— Դուք ասում էիք, որ այդ Սուինբեռնը մեծ բանաստեղծ չդարձավ նրա համար, որ... այո... ճիշտ այդտեղ էլ դուք կանգ առաք, մի՛սս...

Նա ասաց այդ և կարծես հանկարծական քաղցի նոպա զգաց։ Նրա ծիծաղից Մարտինը հաճելի դողով փշաքաղվեց։ Իսկական արծաթ, մտածեց նա, իսկական փոքրիկ արծաթե զանգակներ․ և այդ պահին միայն մի ակնթարթ նա փոխադրվեց մի հեռավոր երկիր, ուր նստել էր ծաղկած բալենու տակ, ծխում էր սիգարը, լսում էր սրագմբեթ մեհյանի զանգակների հնչյունը, որը հարդե մուճակներ հագած ուխտավորներին աղոթքի էր հրավիրում։

— Այո՜, այո՛... շնորհակալ եմ,— պատասխանեց աղջիկը.— Սուինբեռնը մեծ բանաստեղծ չդարձավ այն պատճառով, որ, ճիշտն ասած, երբեմն կոպիտ է լինում։ Նա այնպիսի բանաստեղծություններ ունի, որ պարզապես չարժե կարդալ։ Իսկական բանաստեղծի ամեն մի տողը համակված է գեղեցիկով, ճշմարիտով և ոգեշնչում է մարդուն ամենավսեմը և ազնիվը։ Մեծ բանաստեղծների գրվածքներից չի կարելի դուրս գցել ոչ մի տող առանց աշխարհին վնասելու։

— Իսկ ինձ թվաց, թե դա շատ լավ է,— ասաց Մարտինն անվճռական,— այն, ինչ ես կարդացի այստեղ... իմ մտքովն էլ չանցավ, որ նա այդքան վատն էր։ Ենթադրում եմ, որ դա արտացոլվում է նաև նրա մյուս գրքերում։

— Ձեր կարդացած գրքում էլ կան բազմաթիվ տողեր, որ կարելի է դուրս գցել առանց որևէ վնասի,— հայտարարեց Ռութը հաստատ ու համոզված շեշտով։

— Հավանական է, որ այդպիսի տողեր աչքովս չընկան,— ասաց նա,— իմ կարդացածը անկասկած շատ լավ էր։ Կարծես ինչ-որ լույս ճառագայթում և լուսավորում է սիրտդ արևի կամ լուսարձակի նման։ Ինձ այդպես թվաց, մի՛սս, թերևս ես ոչինչ չեմ հասկանում ոտանավորներից։

Նա հանկարծ լռեց՝ դառնապես գիտակցելով իր թոթովանքը։ Հենց նոր կարդացածի մեջ նա զգաց ջերմություն և կյանքի ահագնություն, բայց նրան պակասում էին բառեր, որ պատմի այդ մասին։ Նրան թվում էր, թե ինքը օտար նավի վրա ընկած մի նավավար է, որը մութ գիշերով խճճվել է անծանոթ կայմասարքում։ Լա՜վ, վճռեց նա, նշանակում է՝ պետք է ամեն գնով ընտելանալ այս օտար աշխարհին։ Դեռ երբեք չէր պատահել, որ նա չտիրապետի, ինչին որ ուզում է, իսկ այժմ նա տենդագին ուզում է սովորել, արտահայտել իր զգացումներն ու մտքերն այնպես, որ աղջիկը նրան հասկանա։ Աղջիկը արդեն բռնել է նրա ամբողջ հորիզոնը։

— Ահա, օրինակի համար՝ Լոնգֆելլոն․․․— սկսեց աղջիկը։

— Այո՛, այո՛։ Ես նրա գործերը կարդացել եմ,— աշխուժորեն ընդմիջեց Մարտինը, ցանկանալով ավելի շուտ ցուցաբերել իր բոլոր, թեև գիտցած քիչը գրականության մարզում։ Թող աղջիկը համոզվի, որ ինքը բացարձակ տգետ չէ։— Ես կարդացել եմ նրանից «Կյանքի սաղմոսը», «Էքսցելսիորը»․․․ կարծեմ՝ էլ ոչինչ։

Աղջիկը ժպտաց, գլխով արեց, և Մարտին Իդենը նրա ժպիտում զգաց ներողամտություն, ցավալի ներողամտություն։ Նա հիմարացավ՝ վճռելով պարծենալ իր խղճուկ գիտելիքներով։ Չէ՞ որ այդ Լոնգֆելլոն գրել է, հավանաբար, անհաշիվ գրքեր։

— Ներեցե՛ք, միսս, որ ես այդ խոսակցությունը սկսեցի ձեզ հետ,— ասաց նա։— Ճիշտն ասած, ես շատ չեմ հասկանում այդպիսի բաներ. դա իմ խելքի բանը չէ․․․ բայց ես կանեմ ամեն ինչ, որպեսզի դա իմ խելքի բանը դառնա։

Վերջին բառերը նա ասաց իբր սպառնալիք։ Նրա ձայնը հնչեղ էր, աչքերը փայլատակում էին, բերանի անկյան ծալքերն ավելի խտացան։ Աղջկան այնպես թվաց, թե նրա ծնոտը ցնցվեց։ Նրա դեմքը ինչ-որ անհաճո, մարտի հրավիրող արտահայտություն ստացավ։ Միաժամանակ նրանից բխող առնականության մի հուժկու ալիք մտրակեց աղջկան։

— Ես հավատում եմ՝ դուք կհասնեք... որ դա ձեր խելքի բանը դառնա,— հաստատեց աղջիկը ծիծաղելով,— դուք այնքա՜ն ուժեղ եք։

Աղջկա հայացքը մի պահ կանգ առավ նրա առնական, արևից բրոնզի գույն ստացած, առողջություն և ուժ շնչող՝ ցուլի վզի վրա։ Թեպետ երիտասարդը նստած էր այնտեղ շփոթված ու հեզ, մի ձգողական ուժ քաշում էր աղջկան դեպի նա։ Աղջկա գլխով հանկարծ մի չարաճճի միտք անցավ․ նրան թվաց, որ եթե գրկի այդ վիզը, տղայի ամբողջ ուժն ու հզորությունը կփոխանցվի իրեն։ Այդ միտքը ամաչեցրեց աղջկան. թվում էր, թե աղջիկը անակնկալ կերպով իր մեջ գտավ ինչ֊որ արատավորություն։ Բացի այդ, մինչև այժմ ֆիզիկական ուժը շարունակ թվում էր նրան ինչ֊որ ստոր ու կոպիտ բան։ Առնական գեղեցկության նրա իդեալը բարեկիրթ սլացիկությունն էր, սակայն տարօրինակ միտքը չէր հեռանում նրանից։ Ռութը չէր հասկանում, թե ինչպես կարող էր ծագել իր մեջ այդ արևկեզ վիզը գրկելու ցանկությունը։ Եվ սակայն՝ ամեն ինչ պարզ էր։ Նա ի ծնե նրբագեղ էր և մարմինն ու միտքը պապակում էին ուժի, որը պակասում էր իրեն։ Բայց աղջիկը չէր գիտակցում այդ բանը․ նա գիտեր միայն այն, որ մինչև այժմ ոչ մի տղամարդ չէր հետաքրքրել իրեն այնքան ուժգին, ինչքան այս մեկը, որի անճիշտ խոսակցությունը մերթընդմերթ ականջ էր ծակում։

— Այո, ես առհասարակ ցուլի պես առողջ եմ,— ասաց Իդենը.— եթե հարկավոր լինի, ժանգոտ երկաթն էլ կարող եմ մարսել, բայց այժմ ես, կարծես, անմարսողություն ունեմ. ձեր ասածներից շատ բան ինձ համար անմարսելի է։ Ասեմ, որ ինձ երբեք չեն սովորեցրել այդպիսի բան։ Ես սիրում եմ գրքեր ու բանաստեղծություններ և կարդում եմ դրանք, երբ ժամանակ եմ ունենում, բայց ես երբեք դրանց մասին այնպես չեմ մտածում, ինչպես դուք։ Այդ պատճառով էլ ես մի քիչ դժվարանում եմ խոսել դրանց մասին։ Ես մի նավաստի եմ անծանոթ ծովում, առանց քարտեզի և կողմնացույցի, իսկ ես ուզում եմ ինձ հաշիվ տալ, թե բանն ինչո՛ւմն է։ Թերևս դուք ինձ օգնե՞ք։ Այդ որտեղի՞ց դուք այդքան բան գիտեք։

— Ես սովորել եմ, դպրոց եմ հաճախել,— պատասխանեց աղջիկը։

— Ես էլ եմ դպրոց գնացել, երբ փոքր տղա էի,— ասաց նա։

— Այո, բայց ես ավարտել եմ միջնակարգ դպրոցը, որից հետո հաճախել եմ համալսարան, դասախոսություններ լսել․․․

— Դուք սովորել եք համալսարանո՞ւմ,— հարցրեց նա բացահայտ ապշությամբ։ Եվ միանգամից նրանց միջև բացվեց միլիոնավոր մղոնների մի տարածություն։

— Ես հիմա էլ սովորում եմ այնտեղ։ Ես լսում եմ անգլերեն բանասիրության հատուկ դասընթաց։

Տղան չգիտեր, թե ի՛նչ է «բանասիրություն» և այս կետում իր տգիտությունը մատնանշելով՝ հարցրեց․

— Որքա՞ն ժամանակ պետք է սովորեմ, որ համալսարան մտնեմ։

Աղջիկը որոշեց խրախուսել նրա այդ ձգտումը դեպի գիտելիքները և ասաց․

— Դա կախված է նրանից, թե ինչքան եք սովորել առաջ։ Դուք երբե՞ք չեք եղել միջնակարգ դպրոցում։ Հասկանալի է, իհարկե չեք եղել․․․ իսկ տարրական դպրոցն ավարտե՞լ եք։

— Մինչև ավարտելը ինձ մնում էր ընդամենը երկու տարի,— պատասխանեց նա,— ես դպրոցից հեռացա։ Բայց սովորել եմ՝ միշտ ստանալով պարգևներ։

Եվ իսկույն, իրեն կշտամբելով այդ պարծենկոտության համար, նա այնպես պինդ սեղմեց թիկնաթոռի արմնկակալները, որ մատները մղկտացին։ Նույն պահին նա տեսավ, որ մի տիկին մտավ սենյակը։ Աղջիկն իսկույն վեր կացավ նրան դիմավորելու։ Նրանք համբուրվեցին և գրկախառն քայլեցին դեպի Իդենը։ Մարտինը վճռեց, որ դա, հավանորեն, աղջկա մայրն է։ Նա բարձրահասակ, խարտյաշ մի կին էր, համաչափ և գեղեցիկ, շքեղ հագնված, ինչպես վայել է մի այդպիսի տան տիկնոջ։ Նրա հագուստի նուրբ գծերը հաճելի էին դիտողի աչքին։ Մարտին Իդենի մտքովն անցան այն կանայք, որոնց նա տեսել էր բեմում։ Հետո նա հիշեց, որ նույն ձևով հագնված այդպիսի պատկառելի տիկինների նա տեսել է Լոնդոնի թատրոնների նախասրահներում, ուր աչքերը չռում էր նրանց վրա, մինչև որ ոստիկանը նրան դուրս էր անում՝ անձրևի տակ։ Դրանից հետո երևակայությունը նրան տարավ Իոկոհամա, Գրանդ-Հոթել, ուր նույնպես հեռվից նա տեսել էր այդպիսի տիկինների։ Իսկույն նրա աչքի առաջ եկան Իոկոհամայի՝ քաղաքի և նավամատույցի հարյուրավոր պատկերներ։ Բայց նա ստիպեց իրեն փակել հիշողության գեղադիտակը և ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել ներկայի վրա։ Իդենը կռահեց, որ պետք է վեր կենա և ներկայանա. նա դժվարությամբ վեր կացավ թիկնաթոռից՝ զգալով, թե ինչպես խայտառակ կերպով փքվել են իր տաբաթի ծնկները։ Նրա ձեռքերը անզոր կախված մնացին, իսկ դեմքը, առաջիկա փորձության մասին մտածելով, մռայլ արտահայտություն ստացավ։