Մարտին Իդեն, Գլուխ III

Գրապահարան-ից

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ II Մարտին Իդեն, Գլուխ IV ▶


Սանդուղքից իջնելիս Մարտին Իդենը ձեռքը տարավ իր վերարկուի գրպանը, հանեց մի կտոր դարչնագույն թուղթ և մի պտղունց մեքսիկական ծխախոտ, գլանակ փաթաթեց, խորը ներս քաշեց ու դանդաղ արտաշնչեց ծուխը։

— Գրո՛ղը տանի,— բացականչեց նա պատկառանքով ու զարմանքով։— Գրո՛ղը տանի,— կրկնեց նա և լռելով, մի անգամ էլ քրթմնջաց։— Գրողը տանի։― Հետո նա քանդեց հանեց օձիքն ու գրպանը դրեց։ Սառը անձրև էր գալիս, բայց Մարտինը հանեց գլխարկը, արձակեց բաճկոնի կոճակները և քայլեց առաջ առանց նկատելու շրջապատը։ Միայն աղոտ կերպով էր գիտակցում, որ անձրևում է։ Նա համակված էր ինչ֊որ էքստազով, արթմնի երազում էր, մտովին վերապրելով այն ամենը, ինչ քիչ առաջ պատահել էր իրեն։

Վերջապես նա հանդիպել էր այն կնոջը, որի մասին ինքը ճիշտ է՝ հազվադեպ, բայց մտածել էր (նրա բնավորությանը հատուկ չէր խորհել կանանց մասին), և որին իր կյանքի ճամփին հանդիպելու մասին միշտ էլ աղոտ հույս էր ունեցել։ Նա սեղան է նստել այդ կնոջ կողքին, սեղմել է նրա ձեռքը, նայել աչքերին և նրանց մեջ տեսել է հոգու գեղեցկությունը, որ հավասարվում է աչքերի գեղեցկությանը, որոնց մեջ այդ հոգին ճառագայթում է, այդ մարմնի գեղեցկությանը, որի մեջ այդ հոգին բնակվում է։ Բայց նրա մարմնի մասին Մարտինը չէր մտածում որպես մարմնի, և այդ բանը նրա համար նորություն էր, որովհետև իր ճանաչած կանանց մասին նա ոչ մի անգամ այլ կերպ չէր մտածել։ Ռութի մարմինը ինչ֊որ առանձնահատուկ բան էր, մինչև անգամ թվում էր, թե նրա մարմինը չպետք է ենթակա լինի սովորական ֆիզիկական հիվանդությունների և տկարությունների։ Այդ մարմինը ոչ միայն նրա հոգու բնակարանն է, դա հոգու սկզբնաղբյուրն է, նրա աստվածային էության ամենամաքուր և ամենագեղեցիկ մարմնավորումը։ Աստվածայնության այդ տպավորությունը ապշեցրեց Մարտինին և, ցրելով նրա երազանքը, նրանում զարթեցրեց ավելի զգաստ մտքեր։ Մինչև այժմ աստվածայինի մասին ո՛չ մի խոսք, ո՛չ մի ցուցում, ո՛չ մի ակնարկություն չէին հասնում նրա գիտակցությանը։ Մարտինը ոչ մի ժամանակ չէր հավատում աստվածայինին. նա միշտ անկրոն մարդ է եղել և բարեհոգաբար ծիծաղում է հոգևորականների և հոգու անմահության մասին խոսող երկերի վրա։ Ոչ մի կյանք «այնտեղ» չկա, ասում էր նա իրեն, և չի կարող լինել․ ամբողջ կյանքը այստեղ է, իսկ դրանից դենը՝ հավիտենական խավար։ Բայց այն, ինչ նա տեսավ աղջկա աչքերում, դա հենց հոգին է՝ անմահ հոգին, որը չի կարող մեռնել։ Ոչ մի տղամարդ, ոչ մի կին, որոնց ճանաչել էր նա մինչև այդ, նրանում չէին առաջացրել անմահության միտքը, իսկ Ռութը առաջացրեց՝ երիտասարդին անշշուկ փսփսաց այդ միանգամից՝ հենց որ նայեց Մարտինին։ Աղջկա դեմքը հիմա էլ շողում է նրա աչքերի առաջ՝ դժգույն ու լուրջ, փաղաքշող ու զգայուն, կարեկցությամբ ու քնքշությամբ ժպտալով, ինչպես միայն ոգին կարող է Ժպտալ, և այնպիսի անարատությամբ, որպիսին նա երբեք չի երազել տեսնել։ Ռութի անբիծ լինելը ապշեցրեց ու ցնցեց նրան։ Նա գիտեր, որ գոյություն ունեն բարին ու չարը, իսկ անբիծության միտքը, որպես կենդանի կյանքի հատկանիշներից մեկը, երբեք չէր անցել նրա մտքով։ Իսկ այժմ (այդ աղջկա մեջ) նա տեսավ այդ անբիծությանը, բարության և անարատության բարձրագույն աստիճանը, որոնց զուգակցությկան մեջ էլ հենց կայանում է հավիտենական կյանքը։

Եվ հանկարծ Մարտինի հոգում ծագեց հավիտենական կյանքին հաղորդակից լինելու փառասեր տենչը։ Նա շատ լավ գիտեր, որ արժանի չէ մինչև անգամ ջուր կրելու այդ աղջկա համար, հենց այն, որ նրա հետ նստել է ամբողջ երեկո և զրուցել՝ անակնկալ ու ֆանտաստիկ մի հաջողություն էր։ Իհարկե, դա լոկ պատահականություն էր։ Ինքը ոչնչով արժանի չէր այդ բանին, արժանի չէր այդ երջանկությանը։ Նրան տիրեց կրոնական տրամադրություն։ Նա դարձավ հեզ ու խոնարհ, պատրաստ՝ անձնուրացության և ինքնանվաստացման։ Այդ վիճակում է, որ մեղավորը գնում է խոստովանանքի։ Իր մեղքը ապացուցված էր։ Եվ ինչպես ամեն մի մեղավոր, զղջալով ու քավելով իր մեղքերը, գուշակում է իր ապագա երանությունը, այնպես էլ Մարտինը տեսնում էր առաջիկա իր երջանկությունը, որ ինքը ձեռք կբերի՝ տիրելով աղջկան։ Բայց այդ նվաճումը պատած էր ինչ֊որ մշուշով և բոլորովին տարբեր էր այն նվաճումից, որ ծանոթ էր իրեն։ Փառասիրական երազները թևավորեցին Մարտինին․ նա պատկերացնում էր, որ աղջկա հետ միասին ճախրում է գլխապտույտ բարձունքներում, մտքեր է փոխանակում նրա հետ, նրա հետ միասին հրճվում է այն ամենով, ինչ գեղեցիկ է ու վեհ։ Իր երազածը հոգեկան նվաճում էր, ամեն կոպտությունից զերծ, հոգիների ազատ ընկերակցություն, որը որոշակի պատկերացնել չէր կարողանում. նա երբեք չէր էլ աշխատում պատկերացնել․ Մարտինն առհասարակ ոչ մի բանի մասին չէր մտածում։ Նրանում զգացողությունը գերիշխում էր բանականության վրա, և նա անձնատուր եղավ հոգու այնպիսի հույզերի, որպիսիք անցյալում երբեք չէր ունեցել. նա հոսանքով գնում էր զգացմունքների ծովում՝ տարվելով իրական կյանքի սահմաններից դուրս։ Նա քայլում էր հարբածի նման տատանվելով և կիսաձայն մրթմրթալով․

— Գրողը տանի։ Օ՜, գրողը տանի։

Փողոցի անկյունում կանգնած ոստիկանը կասկածոտ նայեց նրան և քայլվածքից հասկացավ, որ նավաստի է։

— Որտե՞ղ ես այդպես կոնծել,— հարցրեց ոստիկանը։

Մարտին Իդենը վերադարձավ իրական աշխարհ։ Նա բնականից օժտված էր ներքին ճկունությամբ, հանգամանքներին շուտ հարմարվելու ունակությամբ։ Հենց որ ոստիկանը ձայն տվեց, նա իսկույն ուշքի եկավ, որոշակիորեն պատկերացրեց կացությունը։

— Հետաքրքի՜ր է,— բացականչեց նա ծիծաղելով,— չեմ էլ նկատել, որ խոսում եմ ինքս ինձ՝ լսելի ձայնով։

— Մի քիչ հետո կսկսես երգել,— նրա վիճակը գնահատեց ոստիկանը։

— Ո՛չ, չեմ սկսի։ Մի լուցկի տվեք ինձ, և ես իսկույն կնստեմ տրամվայ ու կգնամ տուն։

Նա վառեց գլանակը, բարի գիշեր մաղթեց ոստիկանին ու ճանապարհը շարունակեց։

— Ի՞նչ կասես, հավանեցի՞ր այդ,— քրթմնջաց նա,― այդ տխմարը կարծեց, թե ես հարբած եմ։― Նա ծիծաղեց քթի տակ ու մտածեց․ «Իսկապես որ հարբած եմ. չէի կարծում, թե կնոջ դեմքը կարող է ինձ հարբեցնել»։

Հեռագրատան պողոտայում նա նստեց տրամվայ, որը գնում էր Բերքլի։ Վագոնը լի էր երիտասարդներով, որոնք ուսանողական երգեր էին երգում։ Նա հետաքրքրությամբ դիտում էր նրանց։ Դրանք համալսարանի ունկնդիրներ էին, հաճախում էին նույն դասախոսություններին, որոնց ներկա էր լինում Ռութը, պատկանում էին նույն հասարակության, կարող էին ծանոթ լինել նրա հետ, եթե ուզենային կարող էին ամեն օր տեսնել նրան։ Մարտինը զարմացավ, որ նրանք չէին ցանկանում այդ, որ նրանք ամբողջ երեկո ժամանակ են անցկացրել մի որևէ տեղում՝ փոխանակ նրա հետ լինելու, նրա հետ զրուցելու, պատկառանքով հիանալու նրանով։ Նա նկատեց մի պատանու՝ նեղ ու փոքր աչքերով և կախ շրթունքով։ Անպետք, արատավոր պատանի է, վճռեց նա։ Նավում դա կլիներ վախկոտ, լացկան ու մատնիչ։ Այն միտքը, որ ինքը՝ Մարտինը, այդ պատանուց անհամեմատ լավ է, չափազանց ուրախացրեց նրան։ Այդ միտքը կարծես մոտեցրեց Մարտինին աղջկան։ Նա սկսեց բաղդատել իրեն այդ ուսանողների հետ, մտածեց իր ուժեղ, մկանուտ մարմնի մասին և վճռեց, որ ֆիզիկապես, կհաղթի նրանցից ամեն մեկին։ Բայց նրանց գլուխները լիքն են գիտելիքներով, որոնք թույլ են տալիս խոսելու աղջկա հետ միևնույն լեզվով․ ահա հենց այդ միտքն էլ ճնշում էր նրան։ Միաժամանակ նա մտածեց․ «Ի վերջո ինձ էլ է ուղեղ տրված ինչ-որ բանի համար, այն, ինչի հասել են նրանք, ես էլ կարող եմ նվաճել։» Նրանք ուսումնասիրում էին կյանքը գրքերով այն դեպքում, երբ ինքը ապրում է այդ կյանքով։ Իր գլուխը նույնպես լիքն էր գիտելիքներով, միայն թե դրանք այլ տեսակի գիտելիքներ էին։ Նրանցից ո՞վ կկարողանար առագաստ պրկել, ղեկ վարել, հերթապահության կանգնել։ Նա վերհիշեց իր կյանքը՝ լի վտանգներով, քաջագործությամբ, զրկանքներով ու աշխատանքով։ Հիշեց այն ամենը, ինչ ստիպված էր կրել իր ուսման շրջանում։ Ոչինչ, համենայն դեպս, դա օգտակար է եղել։ Կգա ժամանակ, որ նրանք էլ կընդհարվեն կենդանի կյանքի հետ և կկրեն բոլոր այն փորձանքները, ինչ արդեն կրել է ինքը. և դա շատ լավ է։ Մինչ նրանք կսովորեն այն, ինչ իրեն վաղուց է ծանոթ, ինքը կարող է գրքերից սովորել կյանքի մյուս կողմը։

Տրամվայն անցնում էր Օքլենդի և Բերքլիի միջև ձգված բազմաթիվ կիսամայի տարածությունների մոտով։ Մարտին Իդենը սպասում էր, որ հասնի իրեն լավ ծանոթ երկհարկանի տանը, որի ճակատին փայլում էր սնապարծ «Հիգգինբոթամի մանրածախ առևտրական տուն» ցուցանակը։ Այդ տան մոտ նա իջավ տրամվայից և մի րոպե նայեց ցուցանակին, որն ավելի շատ բան էր ասում նրան, քան գրված էր այնտեղ։ Թվում էր, որ այդ տառերից գծուծության, եսասիրության և ողորմելի ոչնչության հոտ էր փչում։ Բեռնարդ Հիգգինբոթամն ամուսնացած էր Մարտինի քրոջ հետ, և Մարտինն արդեն բավական լավ ուսումնասիրել էր նրան։ Մարտինն իր բանալիով բացեց դուռը և սանդուղքով բարձրացավ երկրորդ հարկը։ Այստեղ ապրում էր փեսան։ Խանութը գտնվում էր ներքևում, բայց հնացած բանջարեղենի հոտը թափանցում էր մինչև այստեղ։ Մութ նախասենյակով անցնելիս նա սայթաքեց՝ դիպչելով խաղալիք սայլակին, որն այնտեղ թողած կլիներ քրոջ բազմաթիվ դստրիկներից ու որդիներից մեկը, և դղրդոցով կպավ դռանը։ «Կծծի՛ մարդ,— մտածեց նա,— ափսոսում է երկու սենթ վճարել գազի համար, որպեսզի կենվորներն իրենց քիթը չջարդեն»։

Նա շոշափելով գտավ բռնակը, բացեց դուռը և մտավ լուսավորված սենյակ, ուր նստած էին իր քույրը և Բեռնարդ Հիգգինբոթամը։ Քույրը կարկատում էր ամուսնու տաբաթը, իսկ նա երկու աթոռների վրա երկարած և գորգից կարած ծռմռված մուճակներով ոսկրոտ ոտքերը կախած թերթ էր կարդում։ Երբ Մարտինը մտավ սենյակ, նա իր սև, խորաթափանց ու խորամանկ աչքերով նայեց նրան թերթի վերևից։ Բեռնարդը միշտ էլ բնազդային մի զզվանք էր առաջացնում Իդենի մեջ։ Ի՞նչը կարող էր հրապուրել քրոջն այս մարդու մեջ։ Նա Մարտինին թվում էր մի օձ, և նրա մեջ առաջացնում էր անդիմադրելի մի ցանկություն՝ ճզմել նրան իր կրունկի տակ։ «Մի անգամ ես նրա ռեխը կջարդեմ», մխիթարում էր ինքն իրեն, և միայն այդ միտքն օգնում էր նրան հանդուրժելու այդ մարդու ներկայությունը։ Նրա չար ու գիշատիչ աչքերը տհաճությամբ նայում էին Մարտինին։

— Դե՞,— հարցրեց Մարտինը,— ի՞նչ է պատահել։

— Այդ դուռը անցած շաբաթ ենք ներկել,— ասաց միստր Հիգգինբոթամը՝ միաժամանակ տրտնջալով և չարանալով,— և դու գիտե՞ս, թե այժմ որքան վաղ է գջլում միությունը։ Դու կարող էիր ավելի զգույշ լինել։

Մարտինն ուզում էր պատասխանել, բայց հրաժարվեց՝ մտածելով, որ դա անհուսալի բան է։ Մտքերը ցրելու համար նայեց պատից կախած քրոմովիմատիպ նկարին։ Նա զարմացավ։ Այդ նկարը միշտ էլ դուր էր գալիս իրեն, իսկ հիմա կարծես առաջին անգամ է տեսնում։ Դա էժանագին ապրանք էր, ինչպես այս բնում գտնվող ամեն բան։ Նրա մտքում հանկարծ պատկերացավ այն տունը, որից նա քիչ առաջ էր հեռացել․ այստեղ ամենից առաջ տեսավ պատերից կախած կտավները, հետո աղջկան, որը քնքուշ ժպիտով նրա ձեռքն էր սեղմում հրաժեշտ տալիս։ Նա մոռացավ, թե որտեղ է գտնվում, մոռացավ Բեռնարդ Հիգգինբոթամի գոյությունը և ուշքի եկավ միայն այն ժամանակ, երբ այդ ջենտլմենը հարցրեց․

― Ի՞նչ է, աչքիդ տեսի՞լք երևաց։

Մարտինն ուշքի եկավ և նայելով այդ չոր ու խորամանկ աչքերին՝ հանկարծ հիշեց, թե այդ աչքերը ինչ տեսք են ստանում, երբ դրանց տերը ապրանք է վաճառում կրպակում՝ ստրկամիտ, ինքնագոհ, ճարպոտ և հաճոյակատար։

— Այո՛,— պատասխանեց Մարտինը,— աչքիս մի տեսիլք երևաց։ Բարի գիշեր, բարի գիշեր, Գերտրուդա։

Նա քայլերն ուղղեց դեպի դուռը, ճամփին դարձյալ սայթաքեց և քիչ էր մնում ընկներ՝ ոտով կապելով գորգին։

— Մի՛ շրխկացրու դուռը,— նախազգուշացրեց միստր Հիգգինբոթամը։

Արյունը խփեց Մարտինի գլուխը, բայց նա զսպեց իրեն և դուռը զգուշորեն փակեց իր հետևից։

Միստր Հիգգինբոթամը հաղթական նայեց կնոջը։

— Հարբած է,— հայտարարեց նա խռպոտ շշնջյունով,― ասացի, որ կկոնծի։

Կինը հեզությամբ գլխով արեց։

— Ճիշտ է, որ աչքերը փայլում են,— խոստովանեց կինը,— և օձիքն էլ չգիտես ո՜ւր է կորել․ տնից օձիքով դուրս եկավ։ Բայց թերևս այնքան էլ շատ չի՞ խմել։

— Հազիվ էր ոտքի կանգնում,— առարկեց ամուսինը,— ես դիտում էի նրան։ Մի քայլ անգամ չէր կարողանում անել առանց սայթաքելու։ Լսեցի՞ր, թե ինչպես քիչ էր մնում գետին գլորվեր նախասենյակում։

— Նա անպայման դիպել է Ալիսի սայլակին,— պատասխանեց կինը,— մթության մեջ չի նկատել։

Միստր Հիգգինբոթամը ձայնը բարձրացրեց, ավելի ու ավելի ջղայնանալով։ Նա ամբողջ օրը կրպակում համեստորեն հաճոյացել էր հաճախորդներին, սպասելով, որ երեկոյան ընտանեկան շրջանում վերջապես իրավունք կունենա լինել այն, ինչ ինքն է։

— Քեզ ասում եմ, որ քո աննման եղբայրը հարբած էր։

Նրա ձայնը սառն էր, խիստ, վճռական, նրա շրթունքները մեքենայի նման դրոշմում ու կտրում էին ամեն մի բառը։ Կինը հառաչեց և լռեց։ Դա մի խոշոր, փխրուն կին էր՝ միշտ անխնամ հագնված, միշտ ուժասպառ իր մարմնի, աշխատանքի և իր ամուսնու տխմար բնավորության բեռից։

— Ես ասում եմ, որ նա ժառանգել է դա իր հորից,― շարունակեց միստր Հիգգինբոթամը մեղադրական տոնով,― և, նույն ճանապարհով էլ կգնա։ Լավ իմացիր, որ նա էլ է իր վերջը ցանկապատի տակ գտնելու։

Կինը դարձյալ գլխով արեց, հառաչեց ու շարունակեց կարել։ Երկուսն էլ համոզված էին, որ Մարտինը տուն եկավ հարբած։ Նրանց հոգին փակ էր ամեն մի գեղեցկության հանդեպ, այլապես պետք է հասկանային, որ այդ փայլատակող աչքերն ու այդ լուսաշող դեմքը արտացոլում էին պատանեկան առաջին սերը։

— Լա՜վ օրինակ է երեխաների համար,— գոռաց հանկարծ միստր Հիգգինբոթամը՝ զայրացած իր կնոջ լռությունից։ Երբեմն նա գրեթե ցանկանում էր, որ կինն ավելի հաճախ առարկի իրեն։― Եթե եղբայրդ մի անգամ էլ այդպիսի բան թույլ տա, թող կորչի, հասկացա՞ր։ Ես չեմ ցանկանում, որ անմեղ երեխաները, տեսնելով նրա հարբած գարշելի մռութը, իրենք էլ այլասերվեն։― Միստր Հիգգինբոթամը սիրում էր գործածել թերթում իր նոր հանդիպած բառերը։— Այո, որպեսզի չայլասերվեն, այլ կերպ չի կարելի ասել։

Բայց նրա կինը շարունակում էր միայն հառաչել, շարժել գլուխն ու կարել։ Միստր Հիգգինբոթամը դարձյալ վերցրեց թերթը։

— Վճարե՞լ է նա անցած շաբաթվա ուտելիքի դրամը,— հարցրեց նա հանկարծ, թերթի վրայից նայելով կնոջը։

Կինը գլխով արեց ու ավելացրեց.

— Դեռ փող ունի։

— Ե՞րբ է նա դարձյալ նավարկության մեկնելու։

— Կարծում եմ, երբ դրամը սպառվի,— պատասխանեց կինը։― Նա երեկ գնաց Սան-Ֆրանցիսկո տեսնելու, թե նավ չկա՞։ Բայց քանի դեռ մոտը դրամ կա, իհարկե, պատահական նավում ծառայելու պայմանագիր չի կնքի։ Նա դժվարահաճ է։

— Է՜լ ինչ կուզեր։ Տախտակամածի հավաքարարին վայել չի՛ այդպիսի դժվարահաճություն,― քմծիծաղեց միստր Հիգգինբոթամը։― Դժվարահա՜ճ․ մի դրան նայեք, է՜։

— Ինչ֊որ երկկայմանավի մասին էր ասում, որը պատրաստվում է գնալ արտասահման ինչ֊որ գանձ որոնելու։ Նա հենց այդ նավով էլ ուզում էր մեկնել, եթե միայն դրամը բավականացներ սպասելու այդ նավին։

— Եթե նա ցանկանար հաստատվել այստեղ, ես նրան կընդունեի ինձ մոտ որպես սայլապան,— ասաց ամուսինը՝ առանց բարյացակամության շեշտի.— Թոմը դուրս եկավ գործից։

Կինը նայեց նրան վրդովված ու հարցական հայացքով։

— Այս երեկո գնաց։ Նա աշխատելու է Քարուզերսների մոտ։ Նրանք Թոմին վճարում են ավելի, քան ինձնից էր ստանում։

— Տեսնո՞ւմ ես։ Ես ասել եմ քեզ, որ դու նրան ձեռքից բաց չթողնես,— բղավեց կինը.— դու նրան վճարում էիր ավելի քիչ, քան նա արժանի էր։

— Գիտես ինչ, պառա՛վս,— չարացած ասաց Հիգգինբոթամը։— Հազար անգամ ասել եմ քեզ, որ իմ գործերին չխառնվես․ էլ չեմ կրկնելու այդ։

— Ինչպես ուզում ես,— մռթմռթաց կինը.— բայց Թոմը լավ տղա էր։

Ամուսինը կատաղի մի հայացք ուղղեց կնոջը։ Դա կնոջ կողմից անասելի հանդգնություն էր։

— Եթե քո եղբայրը ծույլ չլիներ, կարող էր աշխատել սայլի վրա,— քթի մեջ ասաց նա։

— Նա կանոնավոր վճարում է ուտելիքի և սենյակի համար,— առարկեց կինը։― Նա իմ եղբայրն է, և քանի նա քեզ պարտական չէ, ոչ մի դեպքում դու իրավունք չունես շարունակ նրա վրա հարձակվել։ Ես էլ դեռ զգացումներ ունեմ, թեև ամբողջ յոթ տարի է, որ ամուսնացել եմ քեզ հետ։

— Ասացի՞ր նրան, որ պետք է վճարի գազի վարձը, եթե շարունակի կարդալ գիշերները,— հարցրեց նա։

Միսիս Հիգգինբոթամը ոչինչ չպատասխանեց։ Նրա վրդովմունքը անհետացավ, հոգին նորից ընկղմեց հոգնած մարմնի մեջ․ ամուսինը հաղթանակել էր, նա հաղթեց կնոջը։ Ամուսնու մանրիկ աչքերը չարախինդ փայլատակեցին, և նա հրճվում էր՝ լսելով կնոջ արձակած հառաչանքները։ Նա մեծ բավականություն էր զգում սաստելով կնոջը, որին վերջերս դյուրին էր սաստել․ այլ բան էր նրանց ամուսնության առաջին տարիներին, նախքան երեխաների ծնունդը, երբ ամուսնու մշտական կռվախնդրությունը դեռ չէր ջլատել նրա ուժերը։

— Լա՜վ, վաղը կասես նրան,— ասաց ամուսինը։— Հա, չմոռանամ ասելու, առավոտը կանչել տուր Մերիենին, թող վաղը նայի երեխաներին, որովհետև Թոմը հեռանում է․ այնպես որ ես ինքս պետք է գնամ սայլով ապրանք բերելու, իսկ դու իմ փոխարեն խանութում առևտուր կանես։

— Ես վաղը լվացք ունեմ,— առարկեց կինը անվճռական տոնով։

— Ուրեմն, շուտ վեր կաց․․․ Ես ժամը տասից առաջ չեմ կարող գնալ։

Նա բարկացկոտ շուռ տվեց թերթը և շարունակեց ընթերցումը։