Մարտին Իդեն, Գլուխ V

Գրապահարան-ից

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ IV Մարտին Իդեն, Գլուխ VI ▶


Հաջորդ առավոտ զարթնելով իր վարդագույն երազներից, զգաց օճառի և կեղտոտ սպիտակեղենի հոտը և լսեց աշխատանքային տանջալից օրը սկսած մարդկանց կռվի ու հայհոյանքի ժխորը։ Երբ դուրս եկավ իր սենյակից, լսեց քրոջ ցասկոտ աղաղակը և մի ապտակի ձայն, որ նա հասցրեց իր բազմաթիվ երեխաներից մեկին՝ բարկությանը մի ելք տալու համար։ Երեխայի ճիչը դանակի պես կտրեց Մարտինի լսելիքը։ Այստեղ նրան զզվելի էր թվում ամեն ինչ, մինչև անգամ օդը, որ շնչում էր ինքը։ Ինչպե՜ս այդ բոլորը նման չէ Ռութի բնակած տանը տիրող անդորրին և ներդաշնակությանը։ Այնտեղ ամեն բան վսեմ է, ոգեղեն, իսկ այստեղ նյութական, կոպիտ նյութական։

— Այստեղ արի, Ալֆրեդ,– կանչեց նա լացող երեխային և ձեռքը տարավ գրպանը, ուր դրամներ կային։ Նա անխնամ էր վերաբերվում դրամներին. հենց այդտեղ էլ արտահայտվում էր նրա սրտաբաց բնավորությունը։ Նա մանչուկի ափը դրեց քսանհինգ սենթանոց մի դրամ և գրկեց նրան, որպեսզի հանգստացնի։

― Վազիր, սառնաշաքար գնիր և մի՛ մոռանա տալ նաև եղբայրներիդ ու քույրերիդ։ Այնպիսին ընտրիր, որը շատ ուշ է հալվում։

Նրա քույրը գլուխը տաշտակից բարձրացրեց, մեջքն ուղղեց ու նայեց նրան․

― Տասը սենթն էլ բավական էր,— ասաց քույրը,— դու դրամի արժեքը չգիտես, երեխան կտրաքվի ուտելուց։

― Ոչի՛նչ, քույրիկ,— ասաց նա ուրախ,— իմ դրամներն իրենք գիտեն իրենց արժեքը։ Բարի լո՛ւյս, քույրիկ․ եթե դու այդքան զբաղված չլինեիր, աստված վկա, կհամբուրեի քեզ։

Նա ցանկանում էր սիրալիր լինել քրոջ հետ, որը բարի սիրտ ուներ և յուրովի (նա գիտեր այդ) սիրում էր Մարտինին։ Ճիշտ է, որ տարիների ընթացքում նա ավելի և ավելի էր կորցնում իր նախկին կերպարը, դառնում էր կռվարար ու դյուրագրգիռ։ Մարտինը վճռեց, որ այդ փոփոխությունը բացատրվում է ծանր աշխատանքով, մեծ ընտանիքով և ամուսնու անտանելի բնավորությամբ։ Եվ հանկարծ նրան այնպես թվաց, թե քույրը կարծես ներծծվել է այդ փտած բանջարեղենի, կեղտոտ սպիտակեղենի և գջլած պղնձադրամների գարշելի հոտով, այն պղնձադրամների, որ նա հաշվում էր վաճառասեղանի առաջ։

― Գնա նախաճաշիր,— ասաց քույրը արտաքուստ կոպիտ կերպով, իսկ ներքուստ գոհունակությամբ։ Աշխարհի երեսին թափառող իր բոլոր եղբայրներից Մարտինը միշտ էլ ամենից սիրելին էր։

― Արի՛,― ես քեզ ուզում եմ համբուրել,— ասաց նա՝ ենթարկվելով իր հանկարծական հույզին։

Քույրը մատներով սրբեց փրփուրը՝ նախ մի ձեռքից, հետո մյուսից։ Մարտինը գրկեց նրա ծանր իրանը և համբուրեց խոնավ ու եռացրած ջրից փափկացած շրթունքները։ Քրոջ աչքերում արցունքներ երևացին ոչ այնքան զգացումների զեղումից, որքան մշտական հոգնածությունից առաջացած թուլությունից։ Քույրը ետ մղեց նրան, բայց Մարտինը, այնուամենայնիվ, նկատեց նրա արցունքները։

― Նախաճաշը վառարանում է,— աճապարանքով ավելացրեց քույրը,— անկասկած, Ջիմն արդեն վեր է կացել։ Այսօր ես լվացքի կապակցությամբ վեր կացա դեռ լույսը չբացված։ Գնա, շուտ կեր ու հեռացիր այստեղից, այսօր օրը դժնդակ է մեզ համար․ Թոմը դուրս եկավ ծառայությունից։ Հետևաբար Բեռնարդը ստիպված կլինի սայլով ինքը գնալ։

Մարտինը ընկճված սրտով գնաց խոհանոց։ Քրոջ կարմիր դեմքն ու կեղտոտ ձեռքը խորը տպավորվեցին իր հիշողության մեջ։ Մարտինը մտածեց․ նա կսիրեր ինձ, եթե ժամանակ ունենար, սակայն ջլատվում է աշխատանքից։ Անասուն է այդ Բեռնարդ Հիգգինբոթամը, որ ստիպում է կնոջը այդքան աշխատել։ Միաժամանակ Մարտինը չէր կարողանում պոկ գալ այն մտքից, որ քրոջ համբույրի մեջ ոչ մի գեղեցկություն չկար։

Իրավ է, որ այդ համբույրը ինքնըստինքյան անսովոր էր։ Արդեն շատ տարիներից ի վեր Գերտրուդան համբուրում էր նրան միայն հրաժեշտ տալիս՝ նրա նավարկության գնալու ժամանակ կամ դիմավորելիս․ բայց այդ համբույրում զգացվում էր օճառափրփուրի համը, իսկ քրոջ շրթունքները թորշոմած էին։ Այդ շրթունքները չէին սեղմվում արագ ու պինդ իր շրթներին, ինչպես պիտի լինեն համբույրները։ Դա մի հոգնած կնոջ համբույր էր, որը մինչև անգամ մոռացել է, թե ինչպես են համբուրվում։ Մարտինը ակամա հիշեց, թե ինչպես իր քույրը ամուսնանալուց առաջ կարող էր ողջ գիշերը պարել օրվա ծանր աշխատանքից հետո ու կարծես ոչինչ էլ եղած չլիներ, հենց պարհրապարակից էլ գնալ լվացքատուն։ Այդ ժամանակ Մարտինը նորից մտածեց Ռութի մասին, ինչպես և այն մասին, որ հավանականորեն նրա շրթունքները նույնքան թարմ են, որքան նա ինքն ամբողջովին։ Հավանական է, որ Ռութը համբուրում է ճիշտ այնպես, ինչպես նայում է, ինչպես պինդ ու անկեղծ սեղմում է մարդու ձեռքը։ Մարտինը մինչև անգամ հանդգնեց պատկերացնել, թե ինչպես են Ռութի շրթունքները հպվում իր շրթներին, և նա այնպես կենդանի պատկերացրեց այդ, որ գլուխը պտույտ եկավ։ Նրան թվում էր, թե դանդաղ լողում է վարդի ծաղկաթերթերից կազմված ամպերում, որոնք իրենց բույրով արբեցնում են իրեն։

Խոհանոցում նա գտավ մյուս կենվորին՝ Ջիմին, որը դանդաղ ուտում էր վարսակից պատրաստած իր խյուսը, բութ, երազկոտ հայացքը սևեռելով դեպի անհայտ տարածություն։ Ջիմը փականագործի աշակերտ էր, և նրա դանդաղկոտությունն ու կամազուրկ կզակը, ինչպես և որոշ չափով մտավոր հետամնացությունը նրան հաջողություն չէին խոստանում գոյության համար մղվող պայքարում։

― Դու ինչո՞ւ չես ուտում,— հարցրեց նա՝ տեսնելով, որ Մարտինը դժկամությամբ քչփորում է իր բաժին վարսակի խյուսը։— Դու երեկ նորի՞ց կոնծել էիր։

Մարտինը բացասաբար շարժեց գլուխը։ Շրջապատի արտասովոր ողորմելիությունը չափազանց ընկճում էր նրան։ Ռութ Մորզը այժմ ավելի հեռավոր էր թվում իրեն, քան երբևէ։

— Իսկ ես հարբեցի,— ասաց Ջիմը պարծենկոտ, ջղային ծիծաղով։— Ուղղակի գինու տիկ էի դարձել։ Է՜հ, աղջիկը լավիկն էր։ Ինձ քարշ տալով տուն էր բերել Բիլլը։

Մարտինը գլխով արեց՝ հասկացնելով, որ լսում է. նա անգիտակցական սովորություն ուներ այդ ձևով ցուցաբերելու իր ուշադրությունը խոսակցի նկատմամբ՝ ով էլ որ լիներ նա։ Հետո մի բաժակ գոլ սուրճ լցրեց իր համար։

— Այսօր երեկոյան գնա՞նք «Լոտոս» ակումբ՝ պարելու,— հարցրեց Ջիմը։— Այնտեղ գարեջուր կլինի․ իսկ եթե Թեմեսկալից տղերք գան, անպայման տուրուդմբոց կսկսվի։ Իհարկե, դա բոլորովին չի հետաքրքրում ինձ։ Միևնույն է, ես կբերեմ իմ աղջկան։ Թո՛ւհ, ի՛նչ վատ համ կա բերանումս։

Նա ծամածռեց դեմքն ու շտապեց մի կում սուրճով ողողել բերանը։

— Ջուլիային ճանաչո՞ւմ ես։

Մարտինը բացասաբար շարժեց գլուխը։

― Նա հիմա ինձ հետ է,— բացատրեց Ջիմը։― Հիանալի աղջիկ է։ Ես կծանոթացնեի քեզ նրա հետ, բայց դու կխլես նրան ինձնից։ Աստված վկա, ես չեմ հասկանում, թե աղջիկները ի՞նչ են գտել քո մեջ, որ պոկ չեն դալիս քեզանից։ Մինչև անգամ վիրավորական է տեսնել, որ դու շատ հեշտությամբ խլում ես ամեն մի աղջկա։

— Քեզանից մինչև այժմ ոչ մեկին չեմ խլել,— նկատեց Մարտինը անտարբեր, որպեսզի առանց վեճի վերջացնի նախաճաշը։

― Ինչպե՞ս չէ,— առարկեց Ջիմը,— հապա Մեգգի՞ն։

— Ես նրա հետ ոչ մի գործ չեմ ունեցել։ Այն օրվանից հետո նրա հետ չեմ էլ պարել այլևս։

— Հենց ասածս էլ դա է,— գոչեց Ջիմը,— դու միայն պարեցիր հետը, և մի երկու անգամ նայեցիր նրան, ու վերջ՝ գործը պատրաստ է։ Թերևս այդպիսի բան մտքովդ էլ չի անցել, իսկ Մեգգին դրանից հետո իմ երեսին անգամ նայել չուզեց, նա շարունակ քո մասին էր հարցնում։ Եթե դու ուզենայիր, նա միանգամից կժամադրվեր քեզ հետ։

— Բայց չէ՞ որ ես չուզեցի։

— Դա կարևոր չի։ Միևնույն է, դրանից հետո նա ինձ լքեց։— Ջիմը հիացմունքով նայեց նրան։— Ինչպե՞ս է դա հաջողվում քեզ, Մարտին։

— Ես քիչ եմ մտածում նրանց մասին, ահա և ամբողջ գաղտնիքը,— պատասխանեց նա։

— Ուրեմն դու այնպես ես ձևացնում, որ ուշադրություն չես դարձնում նրանց վրա,— կրքոտ հետաքրքրասիրությամբ վրա բերեց Ջիմը։

Մարտինը մի պահ մտածեց, թե ինչ պատասխանի։

— Թերևս դա էլ նշանակություն ունի, բայց ես իրոք չեմ մտածում նրանց մասին։ Դու փորձիր այդպես ձևանալ, կարող է պատահել, որ դրանից մի բան դուրս գա։

— Ափսոս, որ դու երեկ երեկո չէիր եկել Ռայլիի մոտ,— հանկարծ ասաց Ջիմը՝ առանց տրամաբանական հետևողականության,— այնտեղ էր արևմտյան Օքլենդից մի գեղեցիկ տղամարդ Առնետ մականունով։ Տեսնեիր, ի՜նչ ճարպիկ էր կռվում։ Մեր տղաներից ոչ մեկը չկարողացավ տապալել նրան։ Բոլորը ափսոսում էին, որ դու չկայիր։ Որտե՞ղ էիր երեկ։

— Օքլենդում,— պատասխանեց Մարտինը։

— Թատրո՞ն գնացիր։

Մարտինը ետ մղեց իր պնակը և գնաց դեպի դուռը։

— Այս երեկո կգա՞ս պարելու,— բղավեց Ջիմը նրա հետևից։

— Ո՛չ, դժվար թե գամ,— պատասխանեց նա։

Նա սանդուղքով վազեց ցած, դուրս եկավ փողոց՝ թարմ օդի կարիք էր զգում։ Առանց այդ էլ խեղդվում էր տան մթնոլորտում, իսկ Ջիմի հետ խոսակցությունը նրան կատաղեցրեց վերջնականապես։ Երբեմն նրան թվում էր, թե իրեն ուրիշ բան չի մնում անելու, եթե ոչ վեր կենալ ու Ջիմի քիթը կոխել շիլայի պնակի մեջ։ Ինչքան շատ էր խոսում Ջիմը, այնքան շատ էր հեռանում Ռութը։ Կարո՞ղ էր նա հուսալ, որ ապրելով այդպիսի անբանների շրջանում, երբևէ արժանի կլինի Ռութին։ Նրան հուսահատեցնում էր իր առաջ դրված խնդիրը․ նա զգում էր, որ իր դրությունը՝ բանվոր դասակարգին պատկանող մարդու դրությունը, անելանելի է։ Իսկ շրջապատում ամեն ինչ նրան ցած էր մղում և թույլ չէր տալիս բարձրանալու, և՛ քույրը, և՚ նրա տունը, և՛ փականագործ Ջիմը, և՛ իր բոլոր ծանոթները՝ կյանքի բոլոր կապերը։ Կյանքն անհամ դարձավ նրա համար։ Մինչև այժմ նա կյանքը ընդունել էր այնպես, ինչպես որ կար։ Լավ է այդ թե վատ, նա երբեք չէր մտածել դրա մասին՝ բացի այն դեպքից, երբ գիրք էր կարդում։ Բայց չէ՞ որ դրանք միայն գրքեր էին, հիանալի պատմվածքներ, ավելի ևս հիանալի անգո աշխարհում։ Իսկ հիմա նա տեսավ, որ այդ աշխարհը գոյություն ունի իրականության մեջ, ինչպես և ծաղիկ-աղջիկը՝ որը կոչվում է Ռութ, այդ աշխարհի կենտրոնում։ Եվ ահա այդ րոպեից նա ճանաչեց կյանքի դառնությունը, տենչն ու անհուսությունը, որն առանձնապես տանջալի էր այն պատճառով, որ սնվում էր հույսով։

Մարտինը երկար ժամանակ չէր կարողանում վճռել, թե ուր գնա՝ Բերքլիի հանրային գրադարան, թե Օքլենդի գրադարանը, և կանգ առավ Օքլենդի վրա, որովհետև Ռութը ապրում էր Օքլենդում։ Ի՞նչ իմանաս... Գրադարանը ամենահարմար տեղն է Ռութի համար և շատ հավանական է, որ նրան կհանդիպի այնտեղ։ Նա բոլորովին ծանոթ չէր գրադարանի բաժիններին և թափառում էր գեղարվեստական գրականության անվերջանալի դարակների արանքում, մինչև որ նիհար, ֆրանսուհու նման մի աղջիկ նրան ասաց, թե տեղեկանքի բաժինը գտնվում է վերևի հարկում։ Նա գլխի չընկավ դիմելու սեղանի առջև նստած մարդուն և պատահաբար ընկավ փիլիսոփայության բաժինը։ Լսել էր, որ փիլիսոփայական գրքեր գոյություն ունեն, բայց երբեք չէր կարծում, թե այդ գիտության շուրջը այդքան բան է գրված։ Հետո հատորներով լցված բարձր պահարանները ճնշում և միաժամանակ գրգռում էին նրան։ Այստեղ շատ բան կար Մարտինի ուղեղը զբաղեցնելու համար։ Մաթեմատիկայի բաժնում նա գտավ եռանկյունաչափության գրքեր և երկար զննում էր անիմաստ թվացող բանաձևերն ու գծագրությունները։ Նա կարդում էր դրանց մեջ անգլերեն բառեր, որոնց նշանակությունը չէր հասկանում։ Դա ինչ-որ յուրահատուկ լեզու էր։ Նորմանն ու Արթուրը գիտեն այդ լեզուն։ Մարտինը լսեց է թե ինչպես էին խոսում այդ լեզվով, իսկ նրանք Ռութի եղբայրներն են։ Մարտինը հուսալքված հեռացավ փիլիսոփայության բաժնից։ Թվում էր, թե գրքերն ամեն կողմից շարժվում են իր վրա՝ սպառնալով ճզմել իրեն։ Նա երբեք չէր կասկածում, որ մարդկային գիտելիքներն այդքան ահագին են։ Սարսափը պատեց նրան՝ կկարողանա՞ հաղթահարել․ շատերն են հաղթահարել այդ։ Եվ նա ջերմորեն երդվեց, որ իր ուղեղն էլ կկարողանա տիրապետել այն բոլորին, ինչին տիրապետել են ուրիշները։

Եվ այսպես նա դեգերում էր իմաստության գանձերով լի դարակների միջև՝ մատնվելով մերթ հուսահատության, մերթ հիացմունքի։ Ընդհանուր բաժնում նա գտավ Նորրիի «Կոնսպեկտը»։ Նա պատկառանքով թերթեց այդ գիրքը։ Այստեղ համենայն դեպս ինչ֊որ հարազատ բան կար․ սրա հեղինակը նույնպես նավաստի էր, ինչպես և ինքը։ Հետո նա գտավ Բոուգիչի կաշեկազմ գիրքը «Նավագնացության տեղեկագիր» խորագրով և Լեկկիի ու Մարշալլի երկերը։ Հրաշալի՜ է։ Նա կարող է զբաղվել նավագնացության ուսումնասիրությամբ, կհրաժարվի խմելուց, կսկսի եռանդով աշխատել և կդառնա նավապետ։ Այդ պահին Ռութը նրան թվում էր բոլորովին մոտիկ։ Իբրև նավապետ նա արդեն կարող է ամուսնանալ Ռութի հետ, եթե Ռութը ցանկանա, իսկ եթե չցանկանա, ոչինչ, Ռութի շնորհիվ նա կապրի լավ, արժանավոր կյանքով, իսկ խմելը կթողնի՝ անկախ դրանից։ Հետո նա հիշեց ապահովագրողին և նավատերերին՝ նավապետի այդ երկու տնօրեններին, որոնցից յուրաքանչյուրը կարող է և կուզենա խորտակել իրեն, և որոնց շահերը տրամագծորեն հակառակ են իրար։ Նա զննեց սենյակը, մինչև անգամ աչքերը կկոցեց, տեսնելով տասը հազար հատոր գիրք։ Չէ՜, այսուհետև ոչ մի ծով։ Այստեղ, գրքերի այդ առատության մեջ ահագին ուժ կա, և եթե նա ուզում է մեծ գործեր կատարել, պետք է կատարի այդ բոլորը ցամաքում։ Բացի այդ, նավապետներին չի թույլատրվում հետները վերցնել իրենց կանանց։

Կեսօր եղավ և բավականին ժամանակ էլ անցավ։ Մարտինը մոռացավ ուտելը և շարունակում էր կարդալ գրքերի խորագրերը, նա մի ձեռնարկ էր որոնում բարեկիրթ վարվեցողության մասին։ Նրա միտքը, բացի կարիերայից, զբաղված էր նաև պարզ ու չափազանց որոշակի մի հարցով․ եթե հանդիպում եք մի երիտասարդ լեդիի և նա խնդրում է ձեզ մի անգամ էլ այցելել, ինչքա՞ն ժամանակից հետո կարելի է գնալ նրան տեսնելու։ Բայց երբ նա վերջապես գտավ իսկական դիրքը, իզուր էր այդ հարցի պատասխանը փնտրում։ Նա սոսկաց քաղաքավարության ձևերի բարդությունից ու բազմազանությունից, սարսափեց աշխարհիկ հասարակության մեջ ընդունված այցետոմսերի փոխանակության կարգի բոլոր այդ կանոններից։ Նա դադարեցրեց իր որոնումները։ Նա չգտավ այն, ինչ փնտրում էր, բայց հասկացավ, որ մի ամբողջ կյանք է հարկավոր՝ քաղաքավարության բոլոր ձևերը սովորելու և քաղաքավարի մարդ դառնալու համար։

— Ձեր ուզածը գտա՞ք,— հարցրեց սեղանի մոտ նստած մարդը, երբ նա պատրաստվում էր հեռանալ։

— Այո՛, սըր, ձեր գրադարանը հիանալի է,— պատասխանեց Մարտինը։

Մարդը գլխով արեց։

— Մենք ուրախ կլինենք, եթե դուք ավելի հաճախ գաք մեզ մոտ։ Դուք նավաստի՞ եք։

— Այո, սըր․ ես էլի կգամ։

«Ինչպե՞ս իմացավ, որ ես նավաստի եմ»,— հարցրեց նա ինքն իրեն, սանդուղքից իջնելիս։

Դուրս գալով փողոց՝ նա ջանաց քայլել ուղիղ, առանց անշնորհք կերպով ճոճվելու, մինչև որ մտքերով տարվելով մոռացավ իրեն և սկսեց գնալ իր սովորական քայլվածքով։