Մոռացված ծննդյան օրը

Գրապահարան-ից
Մոռացված ծննդյան օրը

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Կար չկար՝ աշխարհում մի մեծ փիղ կար։ Նա ապրում էր Ուիփսնեյդյան կենդանաբանական այգում իր կնոջ ու ձագի հետ, որի անունը Յալմար էր։

Փիղ֊հայրիկը շատ մեծ էր։ Փիղ֊մայրիկն էլ էր մեծ։ Եվ նույնիսկ Յալմարին ոչ ոք չէր կարող ասել, թե փոքր է։ Փղերը փոքրիկ չեն լինում։ Մի գեղեցիկ օր էլ Փիղ֊մայրիկը եւ Փիղ֊ձագուկը տեսան, որ Փիղ֊հայրիկը կանգնած է գլխի վրա։

— Ի՞նչ է պատահել,— հարցրեց Փիղ֊մայրիկը։

— Ուզում եմ մի բան հիշել,— պատասխանեց Փիղ֊հայրիկը։

— Ի՞նչ ես ուզում հիշել։

— Եթե իմանայի,— պատասխանեց Փիղ֊հայրիկը, այսպես չէի տանջվի։ Ճի՞շտ է, թանկագինս։

— Յալմար,— ասաց Փիղ֊մայրիկը։— Շուտ վազիր ու գտիր այն, ինչ մոռացել է հայրիկը։

Ու Յալմարը վազեց նախ ճանապարհով, հետո բարձրացավ բամբուկների պուրակի մոտի բլրակը ու նստեց մի քիչ շունչ առնելու եւ նայելու համար, թե ինչպես են ամպերը երկնքում բռնոցի խաղում։

Հանկարծ նրա ականջով ընկավ ինչ֊որ մեկի լացի ձայնը։ Լալիս էին շատ մոտիկ մի տեղ, թեեւ Յալմարը չէր տեսնում, թե ով է։

Ուստի նա ասաց․

— Մի լա… Ուզո՞ւմ ես, օգնեմ քեզ։

Լացը դադարեց։

— Դու ո՞վ ես,— հարցրեց Յալմարը։

— Մոռացված ծննդյան օրը։ Եվ չգիտեմ, թե ումն եմ։

— Վա՛յ,— ասաց Յալմարը։— Ա՜յ քեզ բան։ Իսկ տոնական տորթ ունե՞ս։

— Իհարկե։ Առանց տորթի՝ ի՞նչ ծննդյան օր։ Իմ տորթի վրա վեց հատ մոմ կա։ Ուրեմն, այսօր լրանում է ինչ֊որ մեկի վեց տարին։

«Ինչ լավ է, երբ վեց տարեկան ես,— մտածեց Յալմարը։— Շատ լավ է։ Գրեթե այնքան լավ, որքան՝ յոթը։ Հինգ տարին էլ վատ չէ, այսինքն՝ չորսն էլ՝ ոչինչ։ Բայց եթե ութ տարեկան ես… երբ ութ տարեկան ես, ուրեմն, արդեն կիսով չափ մեծահասակ ես։ Բայց, թերեւս, ամենից լավն այն է, երբ վեց տարեկան ես»։

— Ափսո՜ս, շա՛տ ափսոս,— ասաց նա։— Բայց քեզ օգնել չեմ կարող։ Ես ուղղակի չգիտեմ, թե ով է մոռացել իր ծննդյան օրը։

Ու Յալմարը տուն շտապեց։ Երբ ներս մտավ, Փիղ֊հայրիկը արդեն ոչ թե գլխի վրա էր կանգնած, այլ սեղանի մոտ նստած՝ ճաշում էր։

— Հիշեցի,— ասաց Փիղ֊հայրիկը։— Ես այդպես էլ գիտեի, որ դա երեկ էր լինելու, կամ վաղը, կամ այսօր։ Այդպես էլ գիտեի։

— Ի՞նչը այսօր,— հարցրեց Յալմարը։

— Որ այսօր քո ծննդյան օրն է,— ասաց Փիղ֊մայրիկը, մտնելով սենյակ։— Այսօր դու լրացրիր քո վեց տարին։

Յալմարը շատ հուզվեց ու ետ վազեց դեպի բամբուկների պուրակի մոտ գտնվող բլրակը։

— Լսիր,— գոչեց նա։— Պարզվում է, որ դու Ի Մ ծննդյան օրն ես։ Այսօր լրանում է իմ վեց տարին։

— Հու֊ռա,— գոչեց մոռացված ծննդյան օրը։— Հուռա, հուռա, հուռա։

Երեկոյան թեյելիս, Յալմարը մի տոնական տորթ ստացավ՝ վրան էլ վեց մոմ։ Նա կնճիթը ձգեց ու միանգամից փչեց֊մարեց բոլոր մոմերը։

«Ինչ լա՜վ է,— մտածեց նա։— Շատ լավ է, երբ վեց տարեկան ես»։