Մորեգույն հավալուսն

Գրապահարան-ից
Մորեգույն հավալուսն

հեղինակ՝ Վլադիմիր Վոյնովիչ
թարգմանիչ՝ չոնկին (ռուսերենից)


Լուն

Անտառ էի գնացել։ Սունկ էի հավաքում։ Վերադարձա տուն, կերա, քնեցի, հեռուստացույց նայեցի, երեկոյան փորիս աջ կողմը քոր եկավ։ Քորեցի, մոռացա, նորից քոր եկավ, հիշեցի։ Մոտավորապես կեսգիշերին, քնելուց առաջ որոշեցի հայելու մեջ նայել։ Աստվա՜ծ իմ։ Հինգ սանտիմետր տրամագծով թիրախի նմանվող կարմրա֊նարնջա֊դեղին բիծ, և մեջտեղում՝ տասնյակում, սև մուգ կետ։ Ուշադիր նայեցի, կետը ախր կենդանի է, թաթիկներն է շարժում։ Լու է։

Քանի որ լսել էի, անախորժությունների մասին, որ հնարավոր են այդ մակաբույծին հանդիպելիս՝ հավանական են մահվան ելքով ճակատագրական հետևանքներ, ես մտա Ինտերնետ ու միանգամից հարստացա սարսափելի գիտելիքներով էնցեֆալիտի և Լայմի հիվանդության մասին (նույն բորրելիոզն՝ չշփոթել կոմպոզիտոր Բեռլիոզի և Բուլգակովի համանուն հերոսի հետ)։ Բացի այդ երկուսից, որոնց մասին բոլորն են լսել, կան նաև՝ բաբեզիոզ, րիկկետսիոզ, գրանուլոցիտար անապլազմոզ, մոնոցիտար էրլիխիոզ և էլի շատ զզվելի բաներ։ Ես ինձ հարմարեցրի ամենասարսափելիները, առաջին երկուսը (հիշեցնեմ)․ էնցեֆալիտն ու բորրելիոզը։ Ծանոթացա ախտանիշներին․ ուժեղ գլխացավ, փսխում, լույսի վախ, տաքությունը՝ մինչև քառասուն, և դա միայն սկիզբն է։ Մի ուրիշ դեպքում մահվան ճանապարհին կարող են նկատվել տենդ, կոկորդի, աչքերի սպիտակուցների, մաշկի գերարյունություն, դիսպեպսիա, վզի ու վերևի վերջավորությունների մկանների թուլացում և կաթված, կրծքին կախվող գլուխ։ Խոստովանում եմ, ես կասկածամիտ մարդ եմ։ Երբ լսում եմ ինչ֊որ ախտանիշների հնարավորության մասին, միանգամից նկատում եմ դրանք ինձ մոտ։ Եթե մեկը ասում է, որ իմ դեմքը չափազանց կարմիր է և դա գուցե բարձր ճնշման նշան է, ճնշումս միանգամից բարձրանում է։ Կամ իջնում, եթե ենթադրել, որ այն ցածր է։ Փորձեք իմ ներկայությամբ ինչ֊որ բան խոսել գրիպի համաճարակի մասին, և իմ օրգանիզմը միանգամից կարձագանքի հազով, փռշտոցով ու բարձր ջերմությամբ։ Այժմ, եթե ես չեմ գտել ինձ մոտ կոկորդի, աչքերի գերարյունություն, դիսպեպսիկ խանգարումներ, միայն այն պատճառով, որ չեմ հասկացել, թե դրանք ինչ են նշանակում։ Եթե հասկանայի, միանգամից ի հայտ կգային։ Բայց ինձ թվաց, որ տանը չափազանց լուսավոր է, և գլուխս կրծքիս կախվեց ― դա միանգամից տեղի ունեցավ։ Դեռ նոր էի կարդացել, երբ նա, այսինքն գլուխս, անմիջապես կախվեց։ Ես այլևս չխորացա ախտանիշների մեջ, անցա առաջ և կարդացի, թե ինչպես ազատվել անկոչ հյուրից։ Կարծես հասարակ բան է։ Դնել նրա վրա ձեթով բամբակ, սպասել մի տասնհինգ րոպե, մինչև նա սկսի խեղդվել ու դուրս գա։ Ես բամբակը դրեցի։ Տասնհինգ րոպե հետո նա դուրս չեկավ։ Երեսուն, քառասուն րոպե հետո էլ մնաց իր տեղում։ Չափազանց դիմացկուն դուրս եկավ։ Միգուցե նույնիսկ, լվերի դիմացկունության աշխարհի չեմպիոն՝ արժանի ընդգրկվելու Գինեսի ռեկորդների գրքի մեջ։

Ի միջի այլոց, որպեսզի ընդհանուր առմամբ պատկերացնեք դեպքերի հաջորդականությունը, ասեմ, որ լվի հետ կապված պատմությունը ավարտվեց մի քանի օր առաջ, իսկ սկսվեց․․․ Սատանան գիտի, թե երբ սկսվեց, դեռ այն ժամանակ, երբ ամեն ինչ խաղաղ ու հանգիստ էր, պետությունը պատրաստվում էր Օլիմպիական խաղերին, մենք դանդաղ ուղղում էինք ճռճռացող հոդերով ծնկներս, բարի կոմերցիոն հարաբերություններ պահպանում հարևան թշնամի եղբայրական երկրների հետ և հեշտությամբ տեղավորվում նախկինում գրավված տարածքներում։ Եթե ես կարողանայի կանխատեսել, թե ինչ կպատահի հետագայում, հավանական է, չէի գրի մանր միջատի մասին, բայց ժամանակները խաղաղ էին, առանց տեսանելի իրադարձությունների, ձանձրալի, այնպես որ քիչ թե շատ սուր մտահղացումներ չկային և ողջ գրականությունը ծանր դրության մեջ էր սյուժեների բացակայության պատճառով։ Դեռ ավելին, նշված ժամանակաշրջանում կյանքն այնքան հաջողակ էր թվում, որ քիչ թե շատ լուրջ գրականության պահանջ չկար։ Դժբախտ են այն մարդիկ, որոնք միշտ երջանիկ են։ Եվ դժբախտ են այն գրողները, որոնք ապրում են երջանիկ մարդկանց մեջ։ Հատկապես երգիծաբանները։ Ենթադրում եմ, որ եթե Սալտիկով֊Սչեդրինը վերակենդանանար և որոշ ժամանակ ապրեր դեռ հարաբերականորեն երջանիկներիս հետ, շուրջբոլորը նայելով և ոչ մի հետաքրքիր բան չգտնելով, նա պատրաստակամությամբ կվերադառնար այն աշխարհը, որին արդեն սովոր էր։ Ես էլ այն ժամանակ չէի տեսնում արժանի թեմաներ և կենտրոնացա այդ չարաբաստիկ լուի վրա, արդարացնելով դա նրանով, որ չնայած փոքր է, բայց նկատելի անհանգստություն պատճառեց ինձ։ Առավել ևս, որ այդ իրադարձությունը, նրա մուտքը մարմնիս մեջ, ինձ համար վերջին ժամանակների միակ ֆիզիկական շփումն էր իրականության հետ։

Բանն այն է, որ երբ տարիքով ավելի փոքր էի, վարում էի շատ աշխույժ կյանք։ Ձմեռը ապրում էի քաղաքում, ամառը գյուղում, հաճախ էի ճանապարհորդում Ռուսաստանով մեկ, լինում գործարաններում, կոլխոզներում, երկրաբանների հետ թափառում էի տայգայում, Կոլիմայում ոսկեհանների աշխատանքին հետևում, լողում Օխոտսկի ծովում հին ձկնորսական նավով, եղա Անտարկտիդայում և ընդհանրապես համարվում էի ռուսական իրականության լավագույն ճանաչողներից մեկը։ Բայց եկավ մի պահ, ինչպես ասում են, կյանքից կտրվեցի։

Տարիքը, ծուլությունը, հիվանդությունները, մարող էներգիան և ճանապարհորդությունների, մարդկանց ու աշխարհագրության հանդեպ հետաքրքրության կորուստը, նաև նյութական՝ աղքատացման գործոնի ազդեցությունը բերեցին նրան, որ ես դարձա տնայնասեր։

Նստած եմ ամառանոցում։ Քաղաք հազվադեպ եմ գնում, միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Համարյա ոչ մեկի հետ չեմ շփվում, բացի կնոջիցս, տնային տնտեսուհի Շուրայից, ավելի հազվադեպ հարևաններից որևէ մեկի հետ, երբ դուրս եմ տանում շանը։ Ժամանակին կարծում էի, որ կյանքի ընթացքում կուտակած տպավորություններս հերիք են իմ գրելիքների համար ողջ կյանքիս ընթացքում, բայց բանից դուրս եկավ, որ այդ պաշարը այնքան էլ ծավալուն չէր, կյանքն էլ ավելի երկար ստացվեց, քան սպասում էի, և հանկարծ եկավ մի օր, երբ ես, ունենալով գլխումս հարյուրավոր սյուժեներ, հանկարծ հայտնաբերեցի, որ ուղղակի չգիտեմ ինչի մասին գրել։ Որովհետև փակվել եմ տանը, նույնիսկ խանութ չեմ գնում, և չգիտեմ ինչն ինչոց է։ Հարյուրավոր մարդկային պատմություններ մոռացվել են, հազարավոր տպավորություններ խունացել, իսկ նորերը որտեղի՞ց հայտնվեն։ Հեռուստացույցից։ Ցերեկները մի կերպ աշխատում եմ, իսկ երեկոները նստում «արկղի» մոտ, և բոլոր նորությունները այնտեղից ստանում։ Նույնն էլ կրթված կնոջս ու տնային տնտեսուհուս դեպքում, որը չի կարողացել ավարտել նույնիսկ յոթնամյակը։ Ամեն ինչ գիտենք Գալկինի, Պուգաչովայի, Կիրկորովի, Մալախովի, Բեզրուկովի, Խաբենսկու և այլ հեռուստավարողների, երգիչների, սերիալային դերասանների, օլիգարխների, նրանց կանանց ու սիրուհիների մասին։ Ով ում հետ ամուսնացավ, բաժանվեց, տուն գնեց Լազուրե ափում կամ ձերբակալվեց խոշոր չափի գողության համար։ Եվ ոչ միայն ես գաղափար չունեմ այսօրվա իրական կյանքի մասին։ Ոչ ոք չունի։ Նախկինում քաղաքային տեսարանի անբաժանելի մասն էին կազմում տան առջև նստարաններին նստած տատիկները, որոնք նկատում էին բոլոր ներս ու դուրս անողներին և քննարկում հարևաններին․ ով ինչ է գնել, ինչ է հագել, ով է խմում, կնոջը ծեծում, ում կնոջն է այցելում սիրեկանը, երբ ամուսինը գործուղման է գնացել։ Այժմ այնպիսի տպավորություն է, որ երկրում ոչ ոք չի ապրում իր կյանքով, բոլորը նստած են «արկղի» առջև, հետևում են սերիալների հերոսների ճակատագրին, նախանձում նրանց հաջողություններին, կարեկցում անհաջողություններին և ավելի շատ անհանգստանում նրանց, քան իրենց համար։ Դե ես էլ, համաքաղաքացիներիս հետ միասին, նստում եմ երեկոները, և ապուշի նման նայում արկղին։ Այնտեղ էի ապրում, և էլի կապրեի, եթե չլիներ այս անիծված լուն։

Գիշերվա մեկն անց կեսին ես արթնացրի ու օգնության կանչեցի կնոջս՝ Վարվառային։ Ասում եմ․ արի, օգնիր, հանիր։ Նա իր կյանքում երբեք այդպիսի բան չէր արել, և հեռուստացույցով առողջապահական հաղորդում վարող բժիշկ Գոլիշևան ցույց չէր տվել, թե ինչպես դա անել։ Վերցրեց պինցետը, հագավ ակնոցները, ձեռքերը այնպես են դողում, կարծես պետք է հեռացնի ոչ թե մի մանր միջատ, այլ որովայնային վիրահատություն կատարի։ Եվ դա այն դեպքում, երբ նա ոչ միայն չունի բժշկական կրթություն, այլ նույնիսկ մատից վերցված մի կաթիլ արյունից ուշագնաց է լինում։ Ուրեմն նա պինցետով բզեց֊բզբզեց, հետո ես ինքս բզբզեցի, բայց նա, ինչպես կար, այնպես էլ այնտեղ մնաց, չնայած ես հույս ունեմ, որ գոնե ինչ֊որ անհարմարություն նրան պատճառեցինք։ Անեկդոտի այն տղամարդկանց նման, որոնք հարևանուհու խնդրանքով փորձում էին մորթել խոզին, մորթելը չմորթեցին, բայց ի սրտե դնգստեցին։

Անկողնուց հանեցինք Շուրային, բայց նա էլ ոչինչ չարեց։ Հենց տեսավ՝ ձեռքերը բարձրացրեց։

― Ո՜֊չ֊ոչ֊ոչ։

Հարցնում եմ․

― Ի՞նչը ոչ֊ոչ֊ոչ։

― Ես նրանից վախենում եմ։

― Ումի՞ց։

― Նրանից։ ― Առանց ձեռքերը իջեցնելու, ցույց է տալիս աչքերով նրան։

Ես ասում եմ․

― Ինչպե՞ս թե նրանից վախենում ես, չէ՞ որ դու գյուղում ես ապրել, երևի հավերի գլուխներ էլ ես թռցրել։

― Հավերի, ― համաձայնում է նա, ― թռցրել եմ։ Բայց սա հո հավ չի, սա․․․

Թե ինչ է «սա» ձևակերպել չկարողացավ, բայց պարզ էր, որ մի ինչ֊որ սարսափելի բան։

Շուրայից հետո արթնացավ նախասենյակում գորգի վրա քնած Ֆյոդորը և լայն հորանջելով ու թափահարելով բրդոտ գլուխը մտավ սենյակ։ Ուշադիր զննեց բոլորիս, չհասկանալով գիշերային այս խառնաշփոթի պատճառը թռավ բազմոցի վրա, փռվեց ողջ երկարությամբ, մռութը դրեց առջևի թաթերի վրա և սկսեց սպասել, թե ինչ է լինելու հետո։ Ֆյոդորը՝ մեր էրդելտերյերն է, որի վեց տարին նոր է լրացել։

Հեռացնելով կանանց, ես ինքս վերցրի պինցետը, բայց նորից անվարժ գործեցի և ոչինչ չկարողացա անել, միայն ավելի խորը ընկղմեցի միջատին, քան մինչ այդ էր։ Մինչ ես չարչարվում էի, Վարվառան համարձակվեց հեռախոսով արթնացնել ծանոթ բժշկին։ Նա, հորանջելով խոսափողի մեջ ասաց, որ եթե մենք անմիջապես չենք հանել լվին, հետագան պետք է վստահել միայն մասնագետներին։ Որովհետև եթե իմ մեջ մնա այդ զզվելի արարածի թեկուզ մի փոքրիկ կտոր, կարելի է սպասել ամենատխուր հետևանքների, ինչպիսին են վերը նշածներս։ Իսկ իրադարձությունը տեղի էր ունենում շաբաթ օրվա գիշերը։ Իմ ու Վարվառայի բախտը միշտ բերում է։ Բոլոր անախորժությունները տեղի են ունենում շաբաթից կիրաակի ընկած գիշերը, երբ ոչ աշխատանքային օրեր են, ծանոթ բժիշկները անջատում են իրենց բջջային հեռախոսները և խմում․ թերապևտները՝ գործի տեղից վերցրած սպիրտը, իսկ վիրաբույժները հիվանդներից նվեր ստացած ֆրանսիական կոնյակը։ Վարվառան ասում է, որ պետք է «Շտապօգնություն կանչել։ Ես փորձեցի առարկել, բայց համաձայնեցի, մտածելով, որ «Շտապօգնությունը» լվի համար հազիվ թե գա, բայց կարող է օգտակար խորհուրդ տալ։ Սովորաբար, ինչպես լսել եմ, «Շտապօգնությունը» գալուց առաջ մի հարյուր գործին վերաբերող և անիմաստ հարցեր է տալիս․ որ տեղն է ցավում, ինչպիսին է ցավը, սառչում են արդյոք ոտքերը, կապտում են ձեռքերը և քանի տարեկան է հիվանդը, մտածում են, գուցե, ապրել է՝ հերիք է, արժե՞ արդյոք նրա համար բենզին վառել, առանց այդ էլ պետությունը թոշակների վրա չափից ավելի է ծախսել։

Մի փոքր իմ՝ և ոչ միայն իմ մասին

Եթե ոչինչ չգիտեք իմ մասին, ես ձեզ որոշ բաներ կպատմեմ։ Իմ անունն է Պետր Իլյիչ Սմորոդին, դա իմ կեղծանունն է, իսկ իսկական՝ Պրոկոպովիչ ազգանունս քչերը գիտեն։ Նրանցից են՝ փոստատար Զաիրան, որը ամեն ամսվա սկզբին բերում է թոշակս, «Աէրոֆլոտի» գանձապահ Լյուդմիլա Սերգեևնան, որից նախկինում տոմսեր էի գնում Բեռլին, ուր թռչում էի Դանիլայի՝ տղայիս մոտ։ Երկար տարիներ ես օգտվել եմ նրա ծառայություններից, որպես լրացուցիչ վճար նվիրելով գրքերս ու շոկոլադե կոնֆետներ, իսկ հիմա տոմսերը գնում եմ օնլայն։ Իմ տարիքին հասած մարդիկ սովորաբար նոր տեխնոլոգիաներին դժվարությամբ են տիրապետում, բայց ես համարում եմ ինձ, ինչպես ասում են, առաջադեմ օգտատեր։ Երեսուն տարուց ավելի առաջ գնեցի Ամերիկայում իմ առաջին Մակինտոշը, որը կոչվում էր Մակ֊պլուս (էկրանը սիգարետի տուփի չափ), և այդ օրվանից աշխատում եմ քայլել ժամանակին համընթաց։ Դա ամառանոցային հին հարևանիս՝ իմ սերնադկից վերջին գյուղական գրող Տիմոֆեյ Սեմիգուդիլովի, որի ազգանունը հենց իր համախոհներն են ձևափոխում, փոխարինելով «գ» տառը ուրիշով, որից սկսվում է «մայրիկ» բառը, արհամարհանք է առաջացնում։ Տիմոխան համարում է, որ իսկական գրողը պետք է գրի միայն «փետուրով», նկատի ունի սովորական գրիչը։ Նա շատ է հպարտանում իր հետամնացությամբ և համոզված է, որ միայն ձեռքով գրողը որոշ չափով կարող է պատկանել իսկական ռուսական գրականությանը։ Պուշկինի և Տուրգենևի ձեռքբերումները նա բացատրում է նրանով, որ գրում էին սագի փետուրով, որ համակարգչով հնարավոր չէ գրել ո՛չ «Եվգենիյ Օնեգին», ո՛չ էլ «Բեժին լուգ»։ Նա ավելացնում է, որ համակարգիչը սատանայական ֆլյուիդներ է արձակում (ինչո՞ւ ֆլյուիդներ), իսկ գրիչով գրողը ուղղակիորեն առնչվում է Աստծու հետ, չնայած ես կասկածներ ունեմ, որ եթե նա ունեցել է որևէ շփում ինչ֊որ հեռավոր բանի հետ, դա միայն Լուբյանկայում տեղադրված կոմուտատորն է։ Ինչ վերաբերում է համակարգչին, ես մտածում եմ, որ և՛ Պուշկինը, և՛ Տուրգենևը հաճույքով կտիրապետեին, համենայն դեպս տեխնիկական անգրագիտությունը գրական տաղանդի ապացույց չէ, դա ակնհայտ է հենց իր օրինակով։ Նա գրում է ծանր, անշնորհք լեզվով։ Մեծ ճանապարհ է անցել։ Ժամանակին օրինակելի սովետական գրող էր։ Գրում էր հաջողակ կոլխոզների մասին և համարվում միջակ ակնարկների հեղինակ։ Երեսուն տարի ՍՄԿԿ֊ի անդամ էր, դրա կեսը՝ կուսակցական կազմակերպության քարտուղար։ Միշտ ցուցադրում էր իր անսահման նվիրվածությունը սովետական իշխանությանը, որի համար, ինչպես ասում էր, պատրաստ է իր կյանքը զոհել և խեղդել որևէ մեկին, ով նրա մասին լավ կարծիք չուներ։ Երբ ինձ նման Գրական ինստիտուտի ուսանող էր, մասնակցեց Պաստերնակի հետապնդումներին։ Դրանով ուշադրություն գրավեց։ Յոթանասունականներին իր գրչակիցների մեջ այլախոհներ էր փնտրում, հաճույքով մասնակցում հալածանքներին և բավական արյունարբու էր։ Ութսանականներին, զգալով որտեղից է փչում քամին, վերափոխվեց գյուղական գրողի, քանի որ սովետական իշխանությունը նման ազատամտություն արդեն թույլատրում էր։ Բոլոր բոլշևիկների ազգանունները նրա ստեղծագործություններում ակնարկում էին նրանց հրեական ծագումը։ Նախկինի նման անշնորհք էր գրում, բայց այն ժամանակ շատերին թվում էր, թե սուր է գրում, և ժամանակավորապես ձեռք բերեց ճշմարտասեր և թաքնված հակասովետականի համբավ։ Բայց երբ սովետական իշխանությունը երերաց, կատաղորեն պաշտպանեց, բացահայտելով, որ ինչպես ասում էր Բենեդիկտ Սարնովը, գրականության մեջ առանց բանակի, նավատորմի ու ԿԳԲ֊ի աջակցության ոչինչ չես կարող անել։ Իննսունականներին, որոնք նա կոչում էր վատ ժամանակներ, լռեց, անհայտացավ, ինչ֊որ տեղ ինչ֊որ մեկին շշուկով բացատրում էր, որ իրականում միշտ ծածուկ լիբերալ է եղել և որպես ապացույց ցիտատներ հիշատակում իր հակակոլխոզային ստեղծագործություններից։ Բայց երբ երկրի իշխանությունը փոխանցվում էր (միջուկային ճամպրուկի հետ) մեր այսօրվա Պերլիգոսին (պետության առջին դեմքին) ոգևորվեց, հայտարարեց իրեն ուղղափառ հայրենասեր և այժմ կատաղորեն խարանում է ամերիկացիներին ու լիբերալներին, հիանում միջուկային ճամպրուկի Պահնորդի արժանիքներով, բոլոր նշանները վկայում են, որ խելքը թռցրել է երազելով ուղղափառ տիրապետության մասին։ Նրա գլխում ինչ֊որ կերպ համադրվում են այն պատկերացումները, որ օվկիանոսի այն կողմի քաղաքական գործիչների ու մեր լիբերալների ջանքերով երկիրը ավերակների է վերածվել, բայց միաժամանակ ոտքի է կանգնում, վերածնվում մոխրից և դեռ ցույց կտա ողջ աշխարհին Կուզկայի մայրիկին։[1]

Մի ժամանակ Տվարդովսկին, որին ծանոթ էի երիտասարդ տարիներիս, ասում էր, որ ինքն իրեն գրող կոչելը անհամեստ է, որովհետև այդ «կոչումը» նախատեսում է ակնառու կարողություններ, որոնք տաղանդ են կոչվում։ Եվ իսկապես, մարդկանց այն շրջանակը, որոնց նախկինում կոչում էին ընթերցողներ, հենց այդպես էին ընկալում գրողին, որպես մի էակ, որը ոչ սովորական և նույնիսկ գերբնական ունակությունների տեր է, որը կարողանում է հասկանալ մարդու հոգին, նրա ձգտումները, հույզերը, կսկիծը, գաղտնի ցանկությունները և էլի նման բաներ։ Հիմա դա անցյալում է մնացել և գրող են անվանում համարյա բոլորին՝ էժան դետեկտիվների, հոգեհույզ հասարակ պատմությունների և նույնիսկ բրոշյուրների, կոնսպեկտների, քաղաքական ճառերի, գովազդային տեքստերի հեղինակներին։ Նրանք բոլորը հիմա գրողներ են։ Դրա համար էլ առանց ամաչելու ես ինձ գրող եմ համարում։ Եվ վերջապես, ինչպես ներկայացնեմ ինձ, մի մարդու, որը գրել է տասներկու վեպ, վեց սցենար, չորս պիես և հարյուրավոր մանր գրական տեքստեր։ Ես Գրողների Միութան, Փեն֊ակումբի, և ինչ֊որ ժյուրիների, կոմիտեների, խմբագրական խորհուրդների, խմբագրական կոլեգիաների անդամ եմ, որտեղ ավելի հաճախ հանդես եմ գալիս որպես հարսանեկան գեներալ, առանց որևէ պարտականության ու վարձատրության։ Բացի այդ անդամակցում եմ երկու օտարերկրյա ակադեմիաների, երեք համալսարանների պատվավոր դոկտոր եմ, և տասնյակ մրցանակներ ունեմ։ Ինձ հարգում են, երբեմն նույնիսկ կլասիկ անվանում, իմ վեպերը գրախանութներում վաճառվում են «դասական գրականության» բաժիններում։ Ժամանակին, երբ ես դիսիդենտ, ուխտադրույժ, ժողովրդի թշնամի էի, ինձ հետապնդում էին մարդիկ, որոնց անունները ոչ ոք չի հիշում։ Նրանք ասում էին, որ ես գրքեր եմ գրում ԿՀՎ[2]֊ի և Պենտագոնի պատվերով (հիմա կասեին պետդեպի), որ իմ գրքերը արժեք չունեն և կփտեն ինձ հետ միասին կամ նույնիսկ ինձանից շուտ պատմության աղբանոցում։ Ինձ վրա էին հարձակվում հզորագույն ուժեր, սպառնում էին ամեն տեսակ պատժով, երբեմն նույնիսկ մահով, այդ ամենով անցա ու կենդանի մնացի, ինչի՞ համար։ Մի՞թե այն բանի համար, որ դառնամ այս փոքրիկ չնչին միջատի զոհը։


Ֆյոդորը ու Ալեքսանդրան

Որպեսզի ավարտին հասցնեմ ընտանիքիս պատկերը, վերը ասածիս մի քանի ավելացումներ անեմ։ Առաջին ամուսնության երեխաներս, տղաս՝ Դանիլան ու դուստրս՝ Լյուդմիլան մեծացել ու տարբեր կողմեր են ցրվել։ Բեռլինում ապրող Դանիլան փոխարինել է լրագրությունը բիզնեսով, մեծ տրանսպորտային գրասենյակի սեփականատեր է, մեքենաներ է ուղարկում Բելառուս, Ուկրաինա, Ղազախստան և լավ էլ փող է աշխատում, իսկ աղջիկս ամուսնացավ հաջողակ ամերիկացի փաստաբանի՝ կամ ինչպես ինքն է ասում՝ լոյերի հետ, և ապրում է Կենտուկկի նահանգի Լեքսինգտոն քաղաքում, կամ ինչպես իրենք են ասում՝ Կենտակկիում։ Այժմյան ընտանիքս ես եմ, կինս՝ Վարվառան, տնային տնտեսուհի Շուրան, և իհարկե Ֆյոդորը։ Սեմիգուդիլովը համարում է, որ ես այդպես եմ անվանել շանս ռուսատյաց լինելով, որովհետև նրան թվում է, որ միայն այն մարդը, որն ատում կամ արհամարհում է ռուսներին, կարող է շանը տալ ռուսական անուն։ Չնայած դա հիմարություն է, որովհետև առաջինը՝ ինչպես Ֆյոդոր այնպես էլ Տեոդոր անունները ունեն հունական ծագում և նշանակում են «Աստծո պարգև», իսկ դրանից հետևում է երկրորդը․ ոչ թե ռուսատյացները, այլ ռուս մարդիկ էին դարեր շարունակ անվանում իրենց կատուներին Վասկա, այծերին՝ Միշկա, իսկ վարազներին Բորկա։ Շանն այդպես անվանեցի, որովհետև ինձ թվում է, նա նման է իմ զարմիկ Ֆեդկային, որի պես հաստլիկ է, բարի, նույնպիսի գանգուրներ ունի և որը չի նեղանում իր չորքոտանի անվանակցի առկայությունից։ Ֆյոդորը (եղբայրս չէ, շունը) գերհոտառություն ունի իմ հանդեպ։ Երբ ես վերադառնում եմ քաղաքից, նա նախօրոք զգում է, անհանգստանում, եթե հաջողվում է փախչում է բակից և սլանում դեպի մեր բնակավայրի խոչընդոտը ինձ դիմավորելու։ Ինչ որ կերպ ճանաչում է իմ մեքենան և վազում նրա ետևից պոչը շարժելով։

― Ո՞նց է ճանաչում ձեր մեքենան, ― զարմանում է Շուրան։

― Համարով, ― պատասխանում եմ ես։

― Չէ մի, ― բացականչում է նա, բայց մեծ կարծիք ունենալով Ֆյոդորի մտային կարողությունների մասին, թեքվում է այդ մտքին։

Շուրան մեզ մոտ է այն ժամանակից, երբ փախավ տամբովյան գյուղից, որտեղ նրան ողջ կյանքում ծեծել էին։ Սկզբում ամեն մի սխալի համար կամ հենց այնպես, հաստ գոտիով ծեծում էր հարբած հայրը։ Հետո, երբ երեխա չէր ունենում, բռունցքներով ծեծում էր հարբած ամուսինը։ Ժամանակ առ ժամանակ նա թողնում էր խմելը, չարանում ու ավելի դաժան ծեծում։ Շուրան համբերում էր, նույնիսկ չէր մտածում, որ կարելի է հեռանալ, բայց նրա բախտը բերեց․ մի օր նրա հարբած ամուսինը ընկավ ավտոբուսի տակ։ Բայց այդ ժամանակ արդեն մեծացել ու դնգստում էր նրան հարբեցողության մեջ ստեղծված տղան՝ Վալենտինը, որից էլ նա փախավ, թողնելով նրան իր ողջ ունեցվածքն ներառյալ տունն ու կովը։ Տղայի մասին նա խոսել չի սիրում, բայց ամուսնուն հիշում է ատելությամբ, և շնորհակալ է այն վարորդից, որը նրան վրաերթի ենթարկեց։

Սկզբից մեզ մոտ իրեն շատ անհամարձակ էր պահում, վախենում էր ավելորդ հարցեր տալ ու ցուցադրել, որ ինչ֊որ բան չգիտի։ Նրա առաջին առաջադրանքն էր մեզ համար նախաճաշ պատրաստելը։ Երեկոյան Վարվարան ասաց, որ նա երկու ձու եփի տոպրակում։ Առավոտյան վեր կացանք, իսկ նախաճաշը չկա, մեզ դիմավորում է շփոթված Շուրան և հայտնում, որ շատ փնտրեց, բայց խոհանոցում տոպրակ չգտավ։[3]

Ի վերջո սովորեց մեզ, փափկեց, բայց հին վախերից երկար ժամանակ չէր կարողանում ազատվել։

Պատահում է, երբ կանչում ես իրեն․ «Շուրա», նա ցնցվում է, նայում ինձ, աչքերում վախ եմ տեսնում։ Վախենում է, որ ինչ֊որ բան այնպես չի արել և իրեն ֆիզիկապես կպատժեն։ Երբեմն, սակայն, իզուր չի վախենում։ Մի անգամ մտա աշխատասենյակ և տեսա, թե ինչպես աթոռի վրա կանգնած փորձում է հատակը մաքրելու թաց շորով սրբել սեղանիս վրա կախված Պոլենովի՝ «Խոտով ծածկված լճակը» նկարը, իհարկե ոչ օրիգինալը, բայց շատ լավը։

― Այդ ի՞նչ ես անում, ― բղավեցի ես։

Նա գույնը գցեց, դանդաղ իջավ աթոռից, աչքերում պատժի անխուսափելիության վտանգ, շրթունքները դողում են։

Տարիներ անց, ավելի շատ ընտելանալով ինձ, խոստովանեց, որ կարծում էր, թե կծեծեմ իրեն։

Վեց տարուց ավելի է, ինչ Շուրան ապրում է մեզ մոտ։ Ցնցուղով ու զուգարանով մի փոքրիկ սենյակ ենք հատկացրել նրան երկրորդ հարկում։ Փոքրիկ պահարանի վրա նա դրել է սեղանի լամպ, սրբապատկեր, պատին կախել ինչ֊որ ամրոցի ու կարապներով լճակի լիտոգրաֆիկ պատկեր։ Մենք նրան տվեցինք հին հեռուստացուցը, որը նայում է ազատ ժամանակ։ Նախկինում նրա սիրած հաղորդումներն էին «Մոդնի պրիգովոր»,֊ը «Դավայ պոժենիմսյա»֊ն, բայց վերջերս սկսել է հետաքրքրվել քաղաքական թոք շոուներով, որոնք նայում է, կարծիք չարտահայտելով։ Ընդհանրապես նա աննկատ է, քչախոս ու կոկիկ։ Անձնական կյանք, թվում է չունի։ Զբոսնում է Ֆյոդորի հետ։ Ինչ որ պահից սկսել է եկեղեցի գնալ։ Ինչպես պարզվեց, նրա հայրը ԽՄԿԿ անդամ էր և նույնիսկ սովխոզի պարտկոմի քարտուղարը, բայց թաքուն կնքվել էր և կնքել երեխաներին, ինչը չէր խանգարում նրան խմել ու խոշտանգել յուրաիններին։

Ես Շուրայի հետ պայքարում եմ, որովհետև նա միշտ իր ուզածով է ինձ մոտ ամեն ինչ կարգի բերում, փոխում է իրերիս տեղը, իմ բացակայության ժամանակ դասավորում թղթերս այնպես, որ չեմ կարողանում դրանցից գլուխ հանել, իսկ ետ սովորեցնել նրան, անհնարին է։

Մեր նախկին տնային տնտեսուհի Անտոնինան, անընդհատ խառնվում էր իմ ու կնոջս խոսակցություններին, ինչի մասին էլ խոսեինք․ կյանքի, քաղաքականության, էկոնոմիկայի, գրականության՝ ամեն բանի մասին ուներ իր կարծիքը, որը սակայն միշտ համընկում էր իմին։ Սա ոչ մի բանի չի խառնվում, միայն լսում է, թե ինչպես ենք քննարկում որևէ գիրք, ֆիլմ, թատերական ներկայացում, հեռուստահաղորդում, ծանոթների ոսկորները լվանում, իշխանությանը քննադատում, ինքներս կռվում։ Միայն երբեմն քմծիծաղ է տալիս, բայց խոսակցությանը չի խառնվում։

Ընդհանրապես ես մտածում էի, որ նա իր սեփական կարծիքը չունի, բայց մի անգամ մտնելով նրա սենյակ, աստվածամոր պատկերի կողքին տեսա նույն չափսի Պերլիգոսի ֆոտոդիմանկարը։ Բնականաբար, ես չդիմացա ու հարցրեցի, որտեղի՞ց է դա և ինչու։

― Իսկ ինչ է, չի՞ կարելի, ― հարցրեց նա։

― Կարելի է իհարկե, բայց ինչի՞դ է պետք։

― Չէ որ նա լավն է։

― Ինչո՞ւ

― Ռուսաստանի համար է ցավում։

Մի ուրիշ անգամ նրա պահարանում տեսա հայտնի «հայրենասեր», Հարոլդ Եվսեևի՝ «Ռուսաստանի հրեամասոնական ակունքները» գրքույկը։ Երբ հարցրի, թե ով է տվել այդ աղբը՝ ասաց․ Սեմիգուդիլովը։

Իսկ ես կասկածում էի, որ նա կարդալ գիտի։

Դա ինձ դուր չեկավ և ասացի Վարվարային, որ պետք է փոխել տնային տնտեսուհուն։

Բայց Վարվարան պաշտպանեց նրան, ասելով, որ իհարկե հիմար է, բայց ազնիվ է։ Անտոնինան երբեմն մանր գողություն էր անում, իսկ սա նման բանում չի նկատվել։ Իր գործը լավ է անում․ տունն ու պատուհանները միշտ մաքուր են, լվացքն արված, ճաշը պատրաստված, իսկ նրա հայացքները ոչ մի նշանակություն չունեն, առավել ևս, որ նա ոչ մի հայացք էլ չունի։


Տոցկը չի վերցնում

Եթե հավատանք վիճակագրությանը, կյանքի միջին տևողությունը մեր երկրում 64 տարի է։ Անարդար կլինի չափից ավելի գերազանցել այդ սահմանը։ Իհարկե աշխատել եմ, և՛ լավ, և՛ վատ բաներ արել (նայած ինչպես վերաբերվել), բայց ինչքա՞ն կարող է պետությունը վճարել ինձ։ Եթե «Շտապօգնությունը» պետական շահն է պաշտպանում, ավելի լավ է չշտապի։ Իմ հարևան երեսունամյա Կոլկա Ֆեդյակինի մոտ չեկան երբ ինսուլտը խփեց, որովհետև նա ոլորվող լեզվով օգնություն չխնդրեց։ Զանգն ընդունող ֆելդշերը խորհուրդ տվեց խուլիգանություն չանել, առավոտյան թթվի ջուր խմել։ Բայց նա այդ խորհրդից չօգտվեց, որովհետև մեռածները թթվի ջուր չեն խմում։ Իսկ Բորիս Եվսևիչ Ֆեդյակինի հորեղբորը, որը պառկած էր սրտի նոպայով, առաջարկեցին իրենց անտեղի չանհանգստացնել, խմել վալիդոլ կամ նիտրոգլիցերին, կրծքի վրա տաք բան դնել ու ոտքերը տաք ջրում պահել։ Երբ Վարվառան հավաքեց 03, ի զարմանս ինձ, ավելորդ հարցեր չտվեցին և չառարկեցին։ Կես ժամ էլ չէր անցել, երբ խոնավ կողքերին խաչերով մեքենան, շուրջբոլորը լցնելով ոռնացող շչակի ձայնով և թարթող կապույտ լույսով, բակ մտավ։ Այն փաստը, որ այդքան արագ եկավ, համոզեց ինձ, որ մեքենան ուղարկողները համարել են այս դեպքը ուշադրության արժանի։ Տուն մտավ երկնագույն զգեստի վրա «շտապ օգնություն» մակագրությամբ մի շեկ կին ու մի կարճ կտրած մազերով երիտասարդ, անհասկանալի հեգնական ժպիտը տափակ երեսին։

― Ի՜նչ սիրունիկն է, ― ասաց կինը և շոյեց դյուրահավատորեն նրան մոտեցած Ֆյոդորին։ ― Իսկապես լավն է։ Պատրաստ է ընկերություն անել։ Զգո՞ւմ է, որ ինձնից էլ շան հոտ է գալիս։

Ու նախքան հետաքրքրվելու կանչի պատճառի մասին, պատմեց, որ ինքն էլ ունի շուն՝ պուդել, ոչազնվացեղ կատու, Վանյա անունով ամուսին և երկու ցածր դասարանցի երեխաներ։ Հայտնեց իր անուն հայրանունը՝ Զինիդա Վասիլևնա, բայց սկսերարն, ամուսինը և մնացյալները իրեն ուղղակի Զինուլյա են անվանում։ Վերջապես հիշեց, ինչու է եկել այստեղ։

― Ի՞նչ է պատահել։

Մենք միասին սկսեցինք բացատրել։ Չնայած իրար խանգարում էինք, նա ամեն ինչ հասկացավ։ Զննեց փորս, շոշափեց ճկույթի երկար, ներկված և սուր եղունգով, որը կարծես ստեղծված էր հատուկ լու հանելու համար։ Ես մտածեցի, որ նա հիմա կօգտագործի այդ բնական գործիքը։ Բայց նա հեռացրեց մատը, ու լվից հիացավ այնպես, ինչպես քիչ առաջ շնով։ Ի՜նչ ճարպիկն է։ Ինչպե՞ս այնտեղ մտար, անպետք։ Երևի դուրս գալ չես ուզում։ Չէ՞ որ այնտեղ տաք է և կուշտ։ Ոչինչ, ― խոստացավ նա, ― երկար չենք թողնի նստես։

Եվ ասում է արդեն ինձ․

― Դե ինչ, հավաքվեք, գնանք հիվանդանոց։

― Ինչո՞ւ, ― զարմացա ես։

― Չէ՞ որ դուք չեք ուզում մեռնել էնցեֆալիտից։

― Չեմ ուզում։

― Ուրեմն պետք է գնալ։

― Բայց ինչո՞ւ գնալ։ Մի՞թե չեք կարող մի բան անել տեղում։

― Հատկապես ի՞նչ։

― Հասկանալի է, հանել լուն։ Այդքան բարդ բա՞ն է։ Դրա համար երևի կրթություն ու փորձ ունեք։

― Ունեմ, ես փորձառու ֆելդշեր եմ։ Բժիշկ չեմ, բայց շատ բան կարող եմ անել։ Միայն ստերիլ գործիքներ չունեմ։ Իսկ առանց դրանց, ոչինչ հնարավոր չէ անել։ Համաձա՞յն եք։

Համաձայն էի, բայց փորձեցի արտահայտել զարմանքս։

― Մի՞թե ստերիլ գործիքները պրոբլեմ են։

― Իհարկե, դուք հո չե՞ք ուզում մեռնել արյան վարակումից։ Ինձ թվում է, նույնիսկ ձեր տարիքում դա չի լինի հաճելի։ Համաձա՞յն եք։

Ես համաձայնեցի, որ չեմ ուզում մեռնել արյան վարակումից։ Ճիշտն ասած, ընդհանրապես չեմ ուզում, չնայած հասկանում եմ, որ ինչ֊որ բանից ստիպված կլինեմ։ Բայց ցանկալի է մի ուրիշ անգամ։ Իսկ ավելի ցանկալի է, որ մյուս անգամ էլ դա տեղի չունենա։

― Եկեք փորձենք տրամաբանորեն դատել, ― ասացի ես, ― եթե ձեզ մոտ չկան ստերիլ գործիքներ, եկեք բավարարվենք տանը եղած հնարավորություններով։ Վերցնենք հասարակ ասեղ, եփենք, ահա և ստերիլ գործիք։

― Դա ճիշտ է։ Ասեղը կարելի է եփել։ Իսկ հատա՞կը, պատերն ու առաստա՞ղը նույնպե՞ս կեփեք։ Ստերիլ միջավայր կարո՞ղ եք ստեղծել։

― Այսինքն, շրջապա՞տը մաքուր լինի։ Մեզ մոտ ամեն ինչ մաքուր է։

― Մաքուրն ու ստերիլը տարբեր բաներ են։ Փորձեք ձեր մատը քսել հատակին ու նայել մանրադիտակով, այնպիսի բաներ կտեսեք, որ կուշաթափվեք։

Ես ենթադրեցի, որ մանրադիտակով ամեն տեղ էլ մի բան կգտնես։

Նա համաձայնեց։ Ամեն տեղ, բայց ոչ այդ քանակությամբ։ Եթե իսկական վիրահատարանում․․․

― Ի՞նչ գործ ունի վիրահատարանը, ― ասացի ես կորցնելով համբերությունս։ ― Ինձ ոչ թե վիրահատել է պետք, այլ լուն հանել։

Նա էլ սկսեց ջղայնանալ։

― Այդ ձեզ է թվում, որ ինչ֊որ մի լու է։ Միկրոբն հազար անգամ ավելի փոքր է, բայց եթե վերքի մեջ հայտնվեց՝ արյան վարակում։ Հետո՞։ Հետո դուք գերեզմանոց, ես՝ բանտ, իսկ երեխանե՞րս։ Երեխաներիս կտանեն մանկատուն։ Նրանք իմ առաջին ամուսնուց են, իսկ սա նրանց հետ գլուխ չի դնի։ Չէ, չկարծեք, նա նրանց սիրում է, քանի դեռ ինձ հետ է։ Բայց երբ հանդիպի ուրիշ կնոջ, միանգամից կհիշի, որ երեխաները իրենը չեն և կտա մանկատուն։ Այնտեղից էլ ամերիկացիներին կվաճառեն մասերի համար։ Օրենքը արգելում է, բայց նրանք միևնույն է, վաճառում են։ Անլեգալ։ Բելառուսով են տանում։ Կարծում եք հենց այնպե՞ս են ընկել մեր երեխաների ետևից։ Որովհետև այդքան բարի՞ են։ Չէ՜ մի։ Լսե՞լ եք, նրանց կյանքի տևողությունը համարյա հարյուր տարի է դարձել։ Գիտե՞ք ինչու։ Երեք բաղաադրիչ կա (սկսում է ծալել մատները)․ հավասարակշռված սնունդ, ցողունային բջիջներ և տրանսպլանտացիա։ Ամերիկացիները ռացիոնալ մարդիկ են։ Համաձա՞յն եք։ Նրանց համար առողջ ռուս երեխան պահեստամասերի կոմպլեկտ է։ Ինչպես մեքենայի համար, հասկանո՞ւմ եք։ Հմուտ մարդիկ գողանում են, քանդում ու մաս֊մաս վաճառում։ Մեկին արգելակային բարձիկներ, մյուսին կարբյուրատոր, անվադողեր, մոմեր և այլն։ Ի՞նչ որոշեցիք, գնո՞ւմ ենք, թե սպասում էնցեֆալիտի ախտանիշեներին։ Ձեր գլուխը չի՞ պտտվում, կրկնակի չե՞ք տեսնում։

Բնականաբար, ինձ միանգամից թվաց, որ պտտվում ու կրկնապատկվում է։

― Ուրեմն քննարկելու բան չկա, ― եզրակացրեց նա և պայուսակից հանելով, տղամարդու կոշիկի չափսի հատուկ բջջային հեռախոսը, զանգեց ինչ֊որ տեղ ու սկսեց կամաց բացատրել․

― Այո։ Լու։ Կարմրություն ու այտուց։ Հիվանդը բողոքում է քորից, գլխացավից, կրկնակի տեսողությունից ու սրտխառնոցից։

Սրտխառնոցը իրենից ավելացրեց, բայց հենց ասաց, միանգամից թվաց, որ նաև սրտխառնուք ունեմ։

Ես վերլուծում էի զգացողություններս, իսկ նա անկյունում ինչ֊որ բան էր շշնջում հեռախոսի մեջ, այնպիսի բան, որը երևի իմ ականջների համար չէր։ Դա ինձ անհանգստացրեց, բայց ես դեռ սպասում էի, որ իրեն կասեն դատարկ բան է, գլուխ մի դրեք, մի բան արեք և նոր կանչ ընդունեք։ Երևի նրան այդպիսի բան չասացին, նշանակում է իր ասածները լուրջ համարեցին։ Վերջացնելով խոսակցությունը նա հայտնեց, որ ինձ կընդունեն «Սկլիֆում», այսինքն՝ պրոֆեսոր Սկլիֆասովսկու անվան հիվանդանոցում, ուր սովորաբար տանում են դանակահարվածներին, հրազենային վիրավորներին, ինքնասպաններին, սնկից թունավորվածներին, տաք ջրով ու հրդեում այրվածներին, տանիքից ընկածներին, վթարի ենթարկվածներին, որոնց կտրելով մեքենայի մետաղը կտոր֊կտոր են հանել։ Ի՞նձ էլ մի չնչին միջատով փորիս մեջ պետք է այնտեղ տանեն։ Մի կողմից անհարմար է այդպիսի դատարկ բանի համար, մյուս կողմից, եթե տանում են, ուրեմն հիմար բան չէ։ Բայց պատկերացնելով, որ այստեղից մինչև Սկլիֆասովսկի մոտ քառասուն կիլոմետր է, ես հետաքրքրվեցի․ իսկ չի՞ կարելի մի ավելի մոտիկ տեղ։ Օրինակ Տոցկ, որն ավելի մոտ է, և այնտեղ հիանալի հիվանդանոց կա։

― Ի՜նչ քմահաճն եք, ― հոգոց հանեց նա և նորից սկսեց զանգել։ ― Ալե, ալե, նրանք Սկիֆ չեն ուզում, Տոցք են ուզում։ ― Ասում է ինձ․ ― Հիմա դիսպետչերը զանգահարում է Տոցք։ ― Դիսպետչերին․ ― Ալե, ալե։ Ի՞նչ։ Ո՞չ։ ― Ինձ․ ― Տոցքը ձեզ չի վերցնում։ Նրանց հիվանդանոցը ակադեմիկ է։ Վերցնում են միայն ակադեմիկներին, պրոֆեսորներին, գիտության դոկտորներին։ Բայց ձեզ գուցե ընդունեն Զապոլսկիում։

Այդ ողջ ընթացքում վարորդը տեղից չշարժվեց։ Կանգնած էր դռան մոտ իր ոչինչ չարտահայտող հիմար ժպիտով ու պտտում էր մատների վրա բանալիների կապոցը։

Ստերլիություն ենք փնտրում

Ես, իհարկե, վիրավորվեցի, որ Տոցկն ինձ չընդունեց։ Կարծում են ակադեմիկոս չե՞մ։ Բայց ես չուզեցի ոչինչ ապացուցել։ Չնայած համարյա ակադեմիկոս եմ։ Ինչպես արդեն ասել եմ, երկու օտարերկրյա և մեր ակադեմիայի պատվավոր անդամ եմ։ Բայց ի՞նչ միտք ունի ապացուցել։ Ի՞նչ է նշանակում ակադեմիական հիվանդանոց։ Հասկանալի է, որ ըստ հիվանդությունների կամ կենդանիների գոյություն ունեն ուռուցքաբանական, մանկական, հոգեբուժական, անասնաբուժական կլինիկաներ։ Կառուցել են բուժարաններ ակադեմիկոսների, նախարարների, տիեզերագնացների, դատավորների, մեղադրողների և էլի ինչ֊որ մասնագիտությունների համար։ Մերինից տարբերվող մարմնի ուրիշ մասե՞ր, թե՞ հատուկ հիվանդություններ ունեն։ Նրանց միակ պրոֆեսիոնալ հիվանդությունը հեմորոյն է։ Մեր պետութունը ինչպես սովետական էր, այդպես էլ հիերարխիկ դասակարգային է մնացել։ Ոմանց շատ, մյուսներին քիչ, մնացյալներին ոչինչ։ Իհարկե Տոցկի համար կարող էի պայքարել, ինչ֊որ տեղ զանգահարել, բողոք գրել տեղադրել Ինտերնետում, բայց մինչև դրանով զբաղվեմ կարող է էնցեֆալիտ սկսվել։ Ուրեմն էլ ի՞նչ տարբերակ կա, Զապո՞լսկ, ակադեմիկա՞ն չէ։ Բայց չէ՞ որ Սկլիֆից հեռու է։ Ֆելդշերը համաձայնեց։

― Ճիշտ է, չարժի գնալ Զապոլսկ, էլ չեմ ասում որ նրանք չեն կարող ստերիլություն ապահովել։ Ի՜նչ ստերիլություն, երբ այնտեղ ահռելի խավարասերներ են վազվզում։ Իսկ Սկլիֆում ստերիլություն և հատուկ ուսուցում ստացած անձնակազմ, անհրաժեշտ սարքավորումներ ու լաբորատորիա։ Լվին կհեռացնեն և հետազոտման կուղարկեն, իսկ ձեզ ներարկում կանեն։ Տա աստված, որ կենդանի մնաք, ու եթե նույնիսկ ուղեղի մի փոքր վնասվածք ստանաք, սարսափելի չէ, մեզ մոտ ողջ երկիրն է վնասված ուղեղով ապրում։ Համաձա՞յն եք։

Այդպիսի հեռանկարի դեպքում, էլ ի՞նչ կարող էի անել։

― Լավ, ― ասում եմ, ― գնացինք։ Զինուլյան այնպես ուրախացավ, կարծես համաձայնել էի նրա ծննդյան տոնակատարությանը գնալ։ Հետո մտածեցի, որ նրան անհրաժեշտ էր քաղաքի հենց այն մասը հասնել, դրա համար էլ գայթակղում էր ինձ այդ ուղղությամբ։ Գայթակղելով՝ ուրախացավ։

― Պաշա, ― ասում է վարորդին, ― շարժվեցինք։

Ֆյոդորը օգտվելով խառնաշփոթից առաջինը մեքենայի մեջ թռավ, բայց երբ վռնդվեց նեղացավ ու առանց շրջվելու գնաց տուն։ Մեզ ճանապարհ դնելիս Շուրոչկան լաց եղավ ու խաչակնքեց ինձ, ինչը խորացրեց իմ վատ կանխազգացումները։ Մեքենայում կար մի պառկելու և չորս նստելու տեղ՝ երեքը առջևում, մեկը՝ ետևում։

― Դուք նստա՞ծ, թե պառկած կգնաք։

Ես ասացի, որ իհարկե նստած։ Մանավանդ, որ բոլոր վերը նշածս ախտանիշները անցել էին և չէի ուզում ինձ պառկած հիվանդ ձևացնել։ Գրավեցինք մեր տեղերը, ամրացրինք գոտիները ու գնացինք։ Ո՞ւր։ Ինչո՞ւ։ Անհրժե՞շտ էր։ Ինչպես կասեր գիտուն մարդը, արդեն բավականին ապրել եմ ու արժ՞ե արդյոք կառչել կյանքի մնացորդից, եթե նույնիսկ որոշ մարդկանց մոտ կասկածներ կան կյանքի անհրաժեշտության մասին ընդհանրապես։


Կյանքի իմաստի մասին

«Անիմաստ նվեր, անսպասելի նվեր, կյանք, ինչո՞ւ ես ինձ տրված», ― հարցնում էր Պուշկինը։

Ամեն մի մտածող մարդ վաղ թե ուշ այս հարցը տալիս է իրեն։ Ընդ որում ամեն մեկը, բնականաբար, հույս ունի որ այդ նվերը բոլորովին էլ իզուր չէ, տրված է իրեն ինչ֊որ նպատակով, նույնիսկ հատուկ նպատակով։ Ենթադրենք՝ Պուշկինի կյանքը առանձնահատուկ միտք ուներ, որովհետև․․․ Չբացատրեմ, թե ինչու։ Սկսենք Պուշկինից ու մի ցուցակ կազմենք այն մարդկանցից, ովքեր ինչ֊որ նշանակալից բան են արել՝ գրականությունում, արվեստում, գիտության մեջ, այսպես ասած, հետք են թողել։ Բայց մարդկանց մեծամասնությունը ոչ մի բնագավառում հետք չի թողել։ Գյուղացին հաց էր աճեցնում, մենք ուտում էինք, մարսում, մնում էր այն, ինչ մնում էր։ Դռնապանը ավլում է բակի տերևները, նրանք նորից են թափվում։ Մաքրում է բակը ձնից, գալիս է գարունը և նրա աշխատանքից ոչինչ չի մնում։ Ուրեմն նրա կյանքն ընդհանրապե՞ս հետք չի թողնում։ Գուցե և այդպես։ Ամեն ինչ իմաստ ունի և չունի։ Եթե երկրորդը, ուրեմն Պուշկինի կյանքն էլ անիմաստ էր, որովհետև մարդկանց մեծ մասին նա չի հետաքրքրում։ Մեծամասնությունը ապրում է առանց կյանքի իմաստի մասին մտածելու և ճիշտ է անում, որովհետև այդ փորձը բերում է միայն տանջանքներ, երբեմն ավելի վատ բաների հասցնում։ Ընկերս, Կոստյա Պլոտնիկովը փայլուն ֆիզիկոս֊գիտնական էր, մի քանի հայտնագործությունների հեղինակ, Մենդելեևի աղյուսակը լրացնողներից մեկը։ Սովորական կյանքում, նա թեթև, ընկերասեր, անկազմակերպ մարդ էր։ Բայց երբեմն մտորում էր կյանքի իմաստի մասին։ Մտորելով որոշում էր, որ կյանքն անիմաստ է, դեպրեսիայի մեջ ընկնում, եզրակացության գալով, որ եթե կյանքը միտք չունի, ապրել էլ չարժե ու ընկնում էր հիվանդանոց։ Բժիշկները, դեպրեսիայի պատճառը գտնելու համար, պարզում էին կյանքի մանրամասնությունները, բայց ոչինչ չէին գտնում։ Եվ ժառանգականությունը (հայրը քիմիկոս, մայրը դաշնակահարուհի) լավն է, մանկական հասակում հիվանդացել է միայն կարմրուկով ու խոզուկով, գերազանցիկ, հաջողակ է եղել, հիանալի կին ունի, երեխաների կյանքը բարվոք է։ Սեքսի հետ պրոբլեմներ ունի, բայց դրանք չեն որոշիչը։ Նա ուղղակի կյանքն աննպատակ է համարում ու ինքնասպանության մասին մտածում։ Մի անգամ նրան հանեցին օղակից ու հիվանդանոց բերեցին։ Երկու օր պառկած էր դեմքով շրջված պատին, չէր խոսում, բայց ենթարկվում էր բուժքույրերին, որոնք գալիս էին սրսկելու, տաքությունն ու ճնշումը չափելու, արյուն վերցնելու։ Երրորդ օրը նրան այցելեց բաժնի վարիչ՝ Գենադի Երեմևիչ Ցիմբալյուկը, հիսուն տարեկան, սպիտակած բեղերով, աշխույժ, արևհարված դեմքով կանանց սիրահարը, ձկնորսն ու որսորդը։ Նա նոր էր վերադարձել Բուլղարիայից, որտեղ այծամների որսի էր գնացել, գոհ էր արդյունքից ու լավ տրամադրություն ուներ։

― Ուրախ եմ ձեզ նորից տեսնել, ― ասաց նա սենյակ մտնելով։ ― Կգերադասեի ուրիշ տեղ տեսնել, բայց այստեղ էլ ձեզ համար վատ չէ։ Ողջ աշխատակազմը ձեզ հարգանքով և քնքշությամբ է վերաբերվում։ Ինչպե՞ս եք ձեզ զգում։

Ինչո՞ւ բերեցիք ինձ այստեղ, ― հարցնում է Կոստյան։

Հարցը չզարմացրեց բժշկին։

― Մենք մեր պարտականությունն ենք կատարում։

― Ո՞րն է, ձեր աշխատանքի իմաստը։

― Մասնավորապես, ետ պահել մարդկանց անդառանալի գործողություններից։

― Ինչո՞ւ դուք ինձ պետք է ետ պահեք։ Ինչո՞ւ ես, չեմ կարող վարվել կյանքիս հետ ինչպես ուզում եմ։

― Որովհետև, այդպիսի որոշումները հաճախ էմոցիոնալ պահի թելադրանք են, և մարդը, որին ինքնասպանությունից ետ են պահել, հետագայում շնորհակալ է լինում դրա համար։ Այսինքն, մենք ենթադրում ենք, որ դուք կափսոսայիք, եթե կարողանայիք իրագործել ձեր մտադրությունը։

― Դա իմ դեպքը չէ, ― ասաց Պլոտնիկովը։ ― Որովհետև ես արել եմ դա ոչ թե զգացմունքների պատճառով, այլ որովհետև իմ կյանքը իմաստ չունի։ Բայց դուք ինձ հազիվ թե հասկանաք։

― Ինչո՞ւ, ― հարցրեց բժիշկը։ ― Այդ միտքը այնքան էլ օրիգինալ չէ։ Մեր հիվանդների քառասուն տոկոսը հաճույքով կհամաձայնի ձեզ հետ։ Բայց շարունակելով ձեր միտքը, կգաք այն եզրակացության, որ եթե կյանքը իմաստ չունի, մահն առավել անիմաստ է։

― Եվ ի՞նչ, ― հարցրեց հիվանդը, առանձնապես չհետաքրքրվելով պատասխանով։

Քանի որ միտք չկա ոչ առաջինում, ոչ էլ երկրորդում, հետևաբար մի անմտությունը մյուսով փոխարինելն անիմաստ է։ Ու հարազատներին էլ տանջում եք։

― Կենդանի լինելով, նրանց ավելի եմ տանջում։

Կրթությունն ու կյանքի փորձը համոզել էին բժշկին, որ խորը դեպրեսիայում գտնվող հիվանդին ոչինչ չես ապացուցի, որ ավելի շուտ դեղերը կօգնեն։ Բայց նա ներքաշվեց խոսակցության մեջ, մոռանալով որ բժիշկ է, փորձում էր ազդել հիվանդի վրա տրամաբանությամբ, առավել ևս, որ նա էլ սկսեց խոսել։

― Եվ ընդհանրապես, ի՞նչ բան է կյանքի իմաստը, ասում էր բժիշկը մտածկոտ, կարծես առաջին անգամ էր քննարկում այդ թեման և հիմա մտորում է։ Կյանքի իմաստը կարելի է տեսնել ինչ֊որ բանում կամ ամեն ինչում։ Կովկասում ապրող մարդիկ համարում են, որ մարդն կատարել է իր պարտքը, եթե տուն է կառուցել, տղա ունեցել (աղջիկը հաշիվ չի) և ծառ է տնկել։

― Տունը ժամանակի ընթացքում կքանդվի, ― առարկեց Կոստյան, ― տղան ու ծառն էլ կմեռնեն։

― Բոլորս էլ կմեռնենք։ Բայց տղան մի ուրիշ տուն կկառուցի ու իր տղան կունենա, իսկ ծառից մի նոր ծառ կաճի։ Մի բան մահանում է, մյուսը ծնվում, բայց ընդհանուր առմամբ բնությունն ու նրա մասնիկները ոչ թե մեռնում, այլ նորացվում են ու շարունակում իրենց կյանքը հաջորդ սերնդում։ Մի՞թե դուք մտածում եք, որ այս բոլորը աննպատակ է։

― Ո՞ւմ նպատակն է։ Աստծո՞ւ։

― Ես մոռացել էի, որ դուք աթեիստ եք։ Դե, ենթադրենք, դուք չեք հավատում Աստծուն, ու եթե նույնիսկ առաջացել ենք փոշուց, ինչո՞ւ չմտածել, որ դրանում ինչ֊որ բան կա։ Հնարավոր չէ, որ այս բազմազան ու բազմագույն աշխարհը ստեղծված լինի ու գոյություն ունենա առանց որևիցե նպատակի։

― Իսկ մնացած աշխարհնե՞րը։

― Ի՞նչը նկատի ունեք։

― Ամբողջ այս տիեզերքն, աստղերը, սառը, դատարկ անգույն մոլորակները, նրանց գոյության մե՞ջ էլ իմաստ կա։

― Իհարկե։ Դուք ֆիզիկոս եք ու ինձանից լավ գիտեք, որ մոլորակների ուղեծիրը, դասավորությունը և կապը տարածության մեջ ենթարկվում են խիստ օրենքների, որոնք, դուք, գիտնական մարդիկ զարմանքով եք հայտնաբերում։ Դուք միայն հայտնաբերում եք։ Բայց այդ ամենը ինչ֊որ մեկը ստեղծել է ինչ֊որ նպատակի համար։

― Կասկածում եմ։

― Կասկածեք ինչքան ուզում եք, բայց արժե՞ ինքնասպանություն գործել։ Ինչո՞ւ չեք վստահում ձեր զգացողություններին։ Կյանքը կարող է լինել ձանձրալի, անձրևոտ և մռթնած, բայց լինում են և ուրիշ՝ արևոտ, լուսավոր օրեր, երբ դուք աներևակայելի հայտնագործություններ եք անում, սիրում ու սիրված եք, երբ թաքստոցում նստած եք ու ձեզ վրա է գալիս ա՜յ այսպիսի մեծ պոզերով եղջերուն․․․ Աստված իմ, մի՞թե այդ ժամանակ արժե մտածել կյանքի իմաստի մասին, երբ հենց կյանքն է կյանքի իմաստը։

Վեճը երկարաձգվեց։ Ժամանակ առ ժամանակ սենյակ էր մտնում հերթապահ բույժքույր Գալյան, բայց բժիշկը նշան էր անում և նա անհետանում էր։ Բժիշկը բերում էր իր փաստարկները, հիվանդը մերժում ու բերում իրենը։ Երկու վիճողն էլ խելացի, կրթված մարդիկ էին։ Երկուսի փաստարկներն ու հակափաստարկներն էլ համոզիչ էին։ Արդեն սկսում էր լուսանալ, երբ երկուսն էլ հոգնեցին։ Բժիշկն շտապեց, ասելով, որ գիշերն համարյա անցավ, իսկ ինքը առավոտյան պետք է աշխատանքի գա և խոստացավ որ կհանդիպեն շրջայցի ժամանակ։ Բժշկի գնալուց հետո հիվանդը հանգիստ քնեց։ Արթնացավ արևից ու մաքուր օդից։ Սանիտարկա Նատալյան բացել էր պատուհանը սենյակը օդափոխելու համար։ Պատուհանը դրսից վանդկապատված էր հաստ մետաղյա ձողերով, նրանց ստվերը ընկել էր հատակին, որը լվանում էր Նատալյան։ Հետո նա խոնավ շորով մաքրեց անկյունի սեղանը, աթոռն ու Կոստյաի մահճակալի մեջքը։ Հետո կանգնեց աթոռին, որպեսզի փակի պատուհանը։

― Պետք չի, ― ասաց Կոստյան։

― Ինչը՞։

― Մի փակիր պատուհանը։

― Լավ, ― ասաց Նատալյան ու դուրս եկավ։

Կոստյան մահճակալին պառկած կկոցում էր աչքերը վառ արևից և հանկարծ հասկացավ, որ շատ հաճելի է զգալ նրա տաքությունը, շնչել գարնանային օդը և լսել քաղաքի հնչյունները՝ ինչ֊որ ձայներ, կրունկների թխկթխկոց, տերևների շրշյունը ու ագռավների կռկռոցը։ Նա հիշեց ինքնասպանության փորձի մասին և մտածեց, որ հիմա այստեղ չէր լինի, այլ մերկ ու կապտած, ցինկի վրա պառկած և արևի ճառագայթը կլուսավորեր իր անկենդան սպիտակ դեմքը և ցնցվեց սարսափից։ Ու մտածեց․ մի՞թե ցանկանում էի կամավոր հրաժարվել կյանքից։ Նա հիշեց գիշերային զրույցը Գենադի Երեմևիչ Ցիմբալյուկի հետ։ Բժիշկի խոսքերը այժմ թվում էին Կոստյային իմաստուն ու համոզիչ, իսկ իր առարկությունները հիմար ու անմիտ։ Հիմա նա հասկանում էր, որ կյանքն անիմաստ չէ։ Ուղղակի պետք է ապրել հաճույք ստանալով արևից, օդից, բնությունից, երաժշտությունից, սիրուց, աշխատանքից, ուտելիքից ու խմիչքից, խելացի գրքերից։ Նա ուզում էր այդ ամենը ասել Գենադի Երեմևիչին, ու անհամբեր սպասում էր ժամը ինին։ Բայց ինին բժիշկը չեկավ, իսկ տասին եկավ բուժող բժիշկ Օքսանա Գաբրիելովնան։ Նա լացակումաց էր և դա դուր չեկավ պացիենտին։ Նրան թվում էր, որ ոչ մի բան չի կարող մթագնել այս սքանչելի առավոտը և բոլորը պետք է իր նման ուրախ լինեն։ Նա չափեց ճնշումը ու հարցրեց, ինչպե՞ս են գործերը։

Հիվանդն ասաց․

― Լավ։

Նա զարմացավ ու նորից հարցրեց։

― Լա՞վ։ Ի՞նչ եք ուզում ասել։

― Ուզում եմ ասել, որ ինձ լավ եմ զգում։

Երևի նա չէր սպասում այդպիսի պատասխանի, որովհետև որոշեց ճշտել․

― Իսկ տրամադրությո՞ւնը։

― Բարձր, ― ասաց Կոստյան։ ― Ձեզ մոտ ինչ֊որ բա՞ն է պատահել։

Նա հարցրեց ու անհանգստացավ, չէր ուզում ոչ մի տհաճ բան լսել։

Նա չպատասխանեց ու հարցրեց։

― Լսել եմ, դուք համարյա ողջ գիշեր զրուցել եք Գենադի Եվսեևիչի հետ։

― Այո, ― պատասխանեց հիվանդը, ― խոսել ենք։

― Եվ ի՞նչ տպավորություն ունեք։

― Չգիտեմ։ Գուցե նա տիրապետում է հիպնոզի, կամ նման մի բանի։ Ես երբեք չէի մտածել, որ որևէ մեկը կարող է այդքան ազդել վրաս։ Նա ինձ համոզեց, որ կյանքն այնուամենայնիվ ինչ֊որ բան արժե։

― Երևի դուք համոզեցիք նրան հակառակում, ― ասաց նա ու գնաց դեպի դուռը։ Դուռը բացելուց առաջ շրջվեց, հանդիպեց Կոստյայի հարցական հայացքին և դանդաղ, բառերը հատ֊հատ արտասանելով, նորություններ կարդացող հաղորդավարի ձայնով հաղորդեց․

― Գենադի Եվսեևիչ Ցիմբալյուկը այսօր առավոտյան գնդակահարեց իրեն իր աշխատասենյակում։


Վարձակալված կյանք

Ուրեմն ի՞նչ է մեր կյանքը։ Անսպասելի ու անիմաստ նվե՞ր, թե՞ մի ուրիշ բան։ Չնայած դա նվեր չէ, այլ որոշ ժամանակով՝ լիզինգով կամ նույնիսկ վարձակալությամբ, մեկին ավելի երկար, մյուսին ավելի կարճ ժամանակով տրված մի բան։ Ինչպես ամեն մի մարդու ինձ էլ է հետաքրքրում, թե ինչ կլինի հետո, երբ տերը հետ վերցնի իր տվածը։ Ոմանք գնացին ավելի հեռու։ Նաբոկովը մտածում էր ոչ թե այն մասին, թե ինչ կլինի իրենից հետո, այլ նրա մասին, թե ինչ է եղել, երբ նա չկար։ Եթե ճիշտ եմ հիշել ու հասկացել նրան, անցյալը ընկալում էր որպես մահ մինչև կյանք և հավասարեցնում անցյալ ու հետագա մահը։ Մինչև ծնվելը չկար, մահից հետո էլ չի լինի։ Բայց այդ եզրակացությունը ինձ ոչ կոռեկտ է թվում, որովհետև մինչևն ու հետագան ունեն զգալի տարբերություններ։ Թե ինչ է եղել մեզանից առաջ մենք ունենք քիչ թե շատ հավաստի պատկերացումներ հնագիտության, գրավոր աղբյուրների, իսկ այժմ նաև տեսահոլովակների հիման վրա, որոնք ստեղծել են մեր նախնիները։ Դա մեզ տրված հիշողությունն է անցյալ կյանքի մասին, որը նման է համակարգչին միացվող լրացուցիչ հիշողությանը։ Իսկ հիշողությունը դա կյանք է։ Ինչքան շատ հիշողություններ ունես, այնքան կյանքն ավելի երկար է թվում։

Կարելի է ասել որ մարդկության անցյալը մեր նախամանկությունն է, որում մենք կարծես թե ապրել ենք։ Իսկ կյանքից հետո չենք ապրի։ Ահա թե ինչում է տարբերությունը։ Ինձ հետ չեն համաձայնի նրանք, ովքեր հավատում են անդրշիրիմյան կյանքին, բայց ես դրան չեմ հավատում և կասկած չունեմ որ կյանքից հետո ոչինչ չկա։ Դատարկություն։ Վակուում։ Կարելի է ենթադրել, որ Աստված ինչ֊որ տեսքով կամ անտեսանելի գոյություն ունի, բայց որ նա հոգ կտանի իմ պահպանման մասին առանց մարմնական կեղևի, չեմ կարող պատկերացնել ։ Ինչի՞ համար էր այն պետք, եթե կարող ենք առանց այդ էլ գոյություն ունենալ։

Մահվան մասին, որպես կյանքի ավարտ առանց որևէ շարունակության ես վաղուց եմ սկսել մտածել, մոտավորապես ինը տարեկանից։ Երբ տասնվեց տարեկան էի ապրում էինք չորս հարկանի շենքի վերջին հարկում։ Այն ժամանակ, չգիտես ինչու, մահվան մասին միտքը հայտնվում էր ամեն անգամ աստիճաններով բարձրանալիս կամ իջնելիս, երբ հաշվում էի նրանք։ Ամեն հարկն ուներ քսան աստիճան։ Տասը՝ մինչև մի աստիճանավանդակ, տասը՝ մինչև մյուս։ Ես հաշվում էի հերթական տաս աստիճանը և մտածում, որ կյանքս տաս աստիճանով կրճատվեց։ Ես մտովի փորձում էի ուղղել հաշիվը և մտածում․ եթե մի ավելորդ անգամ էլ բարձրանամ տաս աստիճան ու հետո նորից իջնեմ, ուրեմն քսան տարի կգումարվի։ Ինձ զբաղեցնում էր այն փաստը, որ եթե անցնեմ շատ֊շատ աստիճաններ, ուրեմն կյանքս էլ կկրճատվի շատ աստիճաններով։ Ու ինչքան շատ քայլեր անեմ երկրագնդի վրա, այնքան մեծ քանակությամբ քայլերով կկրճատվի կյանքս։ Ստացվում էր, որ շարժվել ընդհանրապես չի կարելի։

Երբ տասնինը տարեկան էի, չգիտես ինչու մտածում էի և համարյա համոզված էի, որ ինձ մնացել է ապրել մեկ տարուց ոչ ավելի։ Եվ շատ զարմացա, որ ապրեցի մինչև քսանյամակս։ Իսկ հետո այն աստիճան վարժվեցի մահվան մտքի հետ, որ դադարեցի մտածել նրա մասին։ Եվ նույնիսկ հիսունվեց տարեկանում, բաց սրտի վրա վիրահատությունից առաջ, ոչինչ չէի մտածում։

Ի դեպ վիրահատությունը նարկոզով էր։ Իմ կրծքավանդակը սղոցեցին, իմ մարմնի մի ինչ֊որ տեղից ինչ֊որ բան էին կտրում ու տեղադրում մի ուրիշ տեղ, մոտավորապես այդպես են վարվում հանգուցյալի հետ։ Ես ինձ պահում էի հանգուցյալի նման, ուզում եմ ասել գոյություն չունեի։ Չունեցա ոչ մի տեսիլք, ընդհանրապես ոչինչ չկար։ Դա քուն չէր, որովհետև երբ ես արթնանում եմ, մոտավորապես պատկերացնում եմ երկար, թե՞ կարճ ժամանակ եմ քնել։ Իսկ այն ժամանակ ամեն ինչ անէացել էր ու ոչ մի զգացում չկար։ Դա ժամանակավոր մահ էր, իսկ իսկականը կլինի վերջնական մահը։ Այդպես եմ մտածում, որովհետև վաղուց ընտելացել եմ։ Մահը դժբախտություն կամ երջանկություն է այն անձանց համար, որոնց անտաբեր չէ մեռնողը, իսկ մեռնողի համար դա ոչինչ է։


Լենինյան ուղի

Ծիծաղելի է, որ այն բնակավայրը որտեղ ապրում եմ հիմա էլ այդպես է անվանվում․ «Լենինյան ուղի»։ Բայց մեր երկրում այնքան ծիծաղելի բաներ կան, որ արդեն ծիծաղելի էլ չի։ Սովետական իշխանությունը վաղուց վերացել է, իսկ նրա խորհրդանիշները այնքան անձեռնմխելի են, կարծես ինչ֊որ մեկը դեռ հույս ունի (ինչ֊որ մեկը իսկապես ունի), որ այն կվերադառնա։ Մի երկիր, որտեղ այժմ նրա վերնախավը ներկայացվում է որպես ուղղափառության պատվար, իսկ ամենահարգված մեռյալը գլխավոր անաստվածն է, կրոնի անգութ թշնամին, եկեղեցիներն ու եկեղեցական սրբությունները ոչնչացնողը, հազարավոր հոգևորականներ սպանողը։ Նրա փոշոտված, աղավնիներով վիրավորված արձանները մինչև հիմա կանգնած են բոլոր քաղաքներում և Ռուսաստանի բոլոր կայարանամերձ հրապարակներում։ Համարյա բոլոր քաղաքների գլխավոր փողոցներն ու կենտրոնական շրջանները նրա անունն են կրում։ Նաև նրա դաշնակիցների և ուրիշ, սովետական ու բոլշևիկյան անուններ․ փողոցներ, հրապարակներ, մարքսիստական կոմունիստական, կոմերիտական, պրոլետարական, Տասնյոթերորդ համագումարի նրբանցքներ և այլն։ Եթե չեմ սխալվում մեր բնակավայրը կառուցվել է երեսունականների սկզբին 1917 թվի հեղափոխության մասնակիցների համար, որի ոչ պաշտոնական անվանումն էր՝ հին բոլշևկների բնակավայր։ Մինչև 37 թվականը գործերից հեռացողների հանդեպ բռնաճշումներ համարյա չեղան, և շատերին հաջողվեց մինչև խոր ծերություն ապրել ու պահպանել հարգանքը անցյալի ու գործերի հանդեպ, որոնց մասնակիցն էին եղել։ Իրենք իրենց արժևորում էին ՌՍԴՊ֊ՀԿՊ(բ)֊ԽՄԿՊ֊ում ունեցած մասնակցության ստաժով, ինչը արձանագրվում էր տեղական գերեզմանոցի քարերի վրա։ Ամենամեծ հարգանքը նրանց շրջանում վայելում էին 1898֊ից՝ հիմնադրման օրից, անդամակցողները։ Հետո հետևում էին 1903 թվականից ՌՍԴՊ֊ի Երկրորդ համագումարի մասնակիցները։ Բավական մեծ անջրպետ կար այն անդամների միջև, որոնք անդամակցել էին մինչև 1917 թ․ և հետո։ Մինչև՝ նշանակում էր ճշմարիտ հեղափոխական, հետո՝ իշխանությունը զավթած կուսակցության անդամ, որը կարող էր լինել հաշտվողական։ Վաթսունականներին վերջին բոլշևիկներն, նախկին կոմիսարներն, Քաղաքացիական պատերազմի վետերաններն իրար ետևից մահանում էին ու իրենց վերջին հանգրվանը գտնում տեղական գերեզմանատանը։ Փոքրաքանակ բարեկամները առանց որևէ շուքի ուղեկցում էին նրանց գերեզմանատուն քարքարոտ ճանապարհով։ Հենց այդ ճանապարհը ցինիկ հետնորդները անվանեցին Լենինյան։ Ճանապարհը ծածկված էր ուղտափշերով ու կռատուկներով, իսկ գերեզմանոցում կիսաջնված միանման արձանագրություններով՝ մահացածի ազգանունով ու անվան սկզբնատառերով, ծննդյան ու մահվան ամսաթվերով, նաև կուսակցությանը անդամակցելու ամսաթվով քարե քառակուսիները կորչում էին մոլախոտի մեջ։ Երբ գտնում ես փնտրածդ գերեզմանը, մաքրում փշերը, կարդում ամսաթիվը՝ անդամ է 1905 թվականից, ինքնաբերաբար քմծիծաղ ես տալիս․ ժամանակը, որը թվում էր մեռածին այդքան պատկառելի, ոչինչ էր համեմատած նրանց առջև փռված հավիտենականության հետ։ Այստեղի ամառանոցները կառուցված էին (կես հեկտարանոց և ավելի) անտառային տարածքների վրա։ Ժամանակին ունեին պատկառելի տեսք ու ակնհայտորեն խորհրդանիշն էին իրենց տերերի կյանքի հաջողության, բայց այժմ, նրանցից մի քանիսը, որոնք հրաշքով չեն վաճառվել կամ զավթվել (իսկ այդպիսիները դեռ կան), նոր ռուս մեծահարուստների ճարտարապետական կամայականությունների ֆոնին այնպիսի խղճուկ տեսք ունեն, ինչպես իրենց նախկին տերերի գերեզմանները։ Իսկապես որ, sic transit gloria mundi![4] Հարուստները մրցելով իրար հետ կառուցել էին շքեղ տներ, որոնցից ոմանք շատ տարօրինակ տեսք ունեին, շրջապատելով իրենց ամրոցները տեսախցիկներ ունեցող ցանկապատներով։ Ցանկապատել էին նաև ողջ բնակավայրը, թողնելով խոչընդոտով փակված միայն մի նեղ ճանապարհ բնակավայր մեքենայով մտնելու համար։ Գիշեր֊ցերեկ բնակավայրը հսկում են դրսից՝ մասնավոր անվտանգության աշխատակիցները, իսկ ներսում տներից շատերը ունեն իրենց պահակները, գիշերները նաև շներ են բաց թողնում։ Ամառանոցային տարածքը նմանվել է խիստ հսկողության տակ գտնվող գաղութի, երկու պատերի միջով զբոսնելիս, կարծես բանտի միջանցքում լինես։ Գիշերները այդ տհաճ զգացողությունը ավելի է ուժեղանում, երբ զբոսնելիս անցնում եք մի ինչ֊որ անտեսանելի գիծ ու երկու կողմից վառվում ու ձեզ վրա են ուղղվում տեսախցիկներին միացված լուսարձակները, որոնք դիմավորում ու ճանապարհ են դնում ձեզ իրենց օձանման գլխիկներով։ Երբ ես մեքենայով դուրս եմ գալիս այնտեղից այնպիսի զգացողություն ունեմ, որ դեպի ազատություն եմ գնում։

Չնայած մեր բնակավայրը, ինչպես ասում են, էլիտար է, ճանապարհները սարսափելի վատն են, ամբողջովին ջարդուխուրդ։ Ձմեռը ոչ ոք չի մաքրում, իսկ գարնանը այնպիսի փոսեր են առաջանում, որ երթևկել կարելի է միայն ամենագնացով։ Ճանապարհների վերանորոգումը գումար է պահանջում։ Հավաքել մեր մեծահարուստ բնակիչներից այդ գումարը այնքան էլ հեշտ բան չէ։ Որոշակի գումար հատկացնելու առաջարկը ոմանք լռության են մատնում, իսկ մյուսները խղճուկ ու ծիծաղելի բացատրություններ գրում միջոցների սղության մասին։


Տանջվածը

Մենք անցանք ծառապատ Հուսիսային փողոցը, թեքվեցինք Միջինը, որտեղ տեսա ճանապարհի մեջտեղով քայլող վերը հիշատակած Տիմոֆեյ Սեմիգուդիլովին՝ մեր և ոչ միայն մեր բնակավայրի ուշադրությանն արժանի այդ մարդուն։ Ահա նրա դիմանկարը․ իմ տարիքի ծերունի, խոշոր, բարձրահասակ՝ մոտավորապես երկու մետր, թիկնեղ, կնճռոտված դեմքով, աչքերի տակ պարկեր, աչքերը միշտ ատելությունից բորբոքված՝ ամեն մի կենդանի բանի նկատմամբ։ Ձմեռը ման է գալիս բամբակե բաճկոնով, հաստ կաշվից կարած երկարաճիտ կոշիկներով, կոնաձև, ակնհայտորեն մոնղոլական գլխարկով, հաստ ճյուղից սարքված անհարթ ձեռնափայտով, որը հատուկ նրա համար տաշված ու լաքով է ներկված։ Փայտը նա օգտագործում է ոչ թե որպես լրացուցիչ հենարան, այլ պատահական շներին քշելու համար։ Բայց պատահական շներ մեր բնակավայրում չկան։ Ոչ հեռու անցյալում կային ոչ թե պատահական ու անտուն, այլ կասեի անտեր, բայց լավ կերակրված երկու, չորս, հետագայում՝ վեց շուն։ Մենք, բնակիչներս, փող էինք հավաքում, իսկ մեր պահակները շների համար մսով շիլա էին եփում։ Իրենց պահակակետի մոտ նրանք կառուցեցին երեք փոքրիկ տնակ, որոնք իրենց տնից տարբերվում էին միայն չափսով, վառարանի ու հեռուստացույցի բացակայությամբ։ Շները այդ տնակներում համարյա չէին ապրում, բայց պատսպարվում էին անձրևից, իսկ ձմեռը տաքանում էին պահակների տնակում կամ տան առջև, ամառներն էլ պառկում էին ասֆալտի վրա փողոցի մեջտեղում, չվախենալով խնամքով իրենց շրջանցող մեքենաներից։ Շները միշտ միասին էին ման գալիս, կուշտ լինելով չար չէին, նույնիսկ կատուներին ձեռք չէին տալիս։ Պոչերը շարժելով ուրախ դիմավորում էին բոլոր զբոսնողներին և որոշ ժամանակ ուղեկցում նրանց։ Եվ համարյա բոլոր բնակիչները նրանց լավ էին վերաբերվում, բոլորի անունները գիտեին․ Չուկ, Գեկ, Մալչիկ, Ջեկ, Տուման և Լինդա։ Եվ հանկարծ մի ինչ֊որ սրիկա նրանց կերակրեց թունավորված մսով։ Նրանցից հինգը սատկեցին սարսափելի տանջանքներով, իսկ Լինդան կենդանի մնաց, որովհետև պատկերացրեք, նա բուսակեր է։ Ուրեմն, ասում եմ, շների մահը, նրանց դաժան սպանությունը ցնցեց բոլորին, և կասկածում էին Տիմոխային կամ նրա ընկեր և մեր դեպուտատ Ալեքսեյ Չուբարովին, որոնք հաճախ էին դժգոհում, որ անտունները ման են գալիս առանց վզնոցի, պարանի ու դնչկալի։ Միևնույն ժամանակ Սեմիգուդիլովը նույնպես իր շանը ման է տալիս առանց դնչկալի, արձակած և ժամանակ առ ժամանակ նա կռվում է մանր շների հետ, մի անգամ էլ կծոտեց մեր պահակներից մեկին՝ Բորիս Պետրովիչին։ Ինչ վերաբերում է Չուբարովին նա հետո պատժվեց, ճիշտ է, ոչ թե շներին թունավորելու, այլ իր ագահության ու սրիկայության համար։ Բանն այն է, որ քանդելով խելքը թռցրած ծեր կնոջից էժան գնված (նկատի ունենալով այսօրվա գները) ամառանոցը, կառուցեց շքեղ առանձնատուն սիբիրյան կեդրից։ Վարձեց ուզբեկների, նախօրոք նրանցից վերցրեց անձնագրերը, խոստանալով բոլորի համար գրանցում ապահովել, կերակրել, աշխատավարձը վերջում տալ։ Ուզբեկները կես տարի աշխատեցին, բայց երբ աշխատանքն ավարտեցին, Չուբարովը փողը չտվեց, չգրանցեց նրանց, ոստիկանություն կանչեց, և շինարարները, որպես անօրինական աշխատողներ ուղարկվեցին հայրենիք։ Որոշ ժամանակ անց Չուբարովի տունը, ուր Չուբարովը ցավոք սրտի դեռ չէր ապրում, բռնկվեց ու քամուց արագ այրվեց։ Պետք է ասել, որ բնակիչներից և ոչ մեկը, ներառյալ Սեմիգուդիլովը, չդատապարտեց տունը այրողներին, որոնց փնտրում էր ու չգտավ ոստիկանությունը, քանի որ բոլոր կասկածյալները վտարված էին նախքան հրդեհը։

Բայց ես շեղվեցի, վերադառնում եմ Սեմիգուդիլովին։

Նա քայլում էր փայտը բռնած գավազանի պես, ոչ թե հենվելով նրա վրա, այլ իր առջև դնելով։ Խորասուզված մտքերի մեջ, նա չլսեց, որ մոտեցանք իրեն։ Ու երևի չէր տեսնում մեր մեքենայի թարթող լապտերը: Պաշան՝ վարորդը, դանդաղեցրեց ընթացքը և որոշ ժամանակ գնում էր նրա ետևից, իր զայրույթն արտահայտելով ղեկը բաց թողնելով, ձեռքերը թափահարելով, հայհոյելով ու դեպի մեզ շրջվելով․ «Ոչխարի մեկը, հիմար»։

― Ինչո՞ւ ես հայհոյում, չդիմացավ Զինուլյան։ ― Չե՞ս կարող շչակով ազդանշան տալ։

― Չէ, ի՞նչ ես ասում, պատասխանեց Պաշան։ Գիշեր է չէ։ Մարդիկ քնած են։

Նա թարթեց լուսարձակներով։ Սեմիգուդիլովը շարունակում էր իր անշտապ զբոսանքը։

Պաշան միացրեց շչակը և անմիջապես անջատեց։ Շչակը վնգստաց վիրավոր շան նման ու ձայնը կտրեց։ Սեմիգուդիլովը վախեցավ ու մի կողմ թռավ։ Մենք հավասարվեցինք նրան, ես խնդրեցի վարորդին առաջ չանցել և գլուխս դուրս հանելով պատուհանից բարձր ձայնով ասացի․

― Ողջույն կեսգիշերայինին։

Նա նորից ցնցվեց, բարձրացրեց գլուխը և ճանաչելով ինձ, ընկրկեց այնպես, կարծես սատանա տեսավ ու ասաց․

Հեռու ինձնից, հեռու։

Ես չզարմացա։ Ես սովոր էի, որ նա ինձ չար ոգու տեղ է դնում։ Միևնույն ժամանակ, ես պետք էի նրան, որպես ընդդիմախոս հայրենիքի, աշխարհի և աշխարհակարգի մասին իր տանջալից մտորումներում։ Նրա կինը հարբեցող է, տղան՝ հիմար, մեծ աղջիկը նոր է ժամկետ ստացել պոռնկատուն պահելու և թմրանյութ վաճառելու համար, իսկ փոքրը, որը քիչ թե շատ նորմալ է, ապրում է Փարիզում։ Բայց ընտանիքի մասին նա համարյա չի մտածում, որովհետև տանջվում է Ամերիկայի, միասեռականության, մասոների, հրեաների և լիբերալների գոյությունից։ Հրեաներին ու ազատականերին մեզ մոտ ներկայացնում եմ ես, բայց նրա միակ ընդդիմախոսը չեմ։ Իր անվերջանալի ու բոցաշունչ վեճերը կախարդվածների հետ վարում է ռադիոյով ու հեռուստատեսությամբ։ Եվ միշտ, ինչպես ցույց են տալիս հաշվիչները հաղթում է մեծ առավելությամբ։ Նախկինում դա ինձ զարմացնում էր։ Մի՞թե, մտածում էի ես, մեր ժողովուրդը իսկապես այնքան մութ ու հիմար է, որ առանց քննադատական վերաբերմունքի կուլ է տալիս այդ խաբեությունը։ Բայց իրազեկ մարդիկ բացատրեցին, որ ձայները հաշվում են երկու ատամնավոր հաշվիչներ։ Մի հաշվիչը տվյալները փոխանցում է փոքր անվից դեպի մեծը, իսկ մյուսը՝ մեծից փոքրը։ Ոմանք էլ համոզված ասում են, որ դա հիմարություն է, որ հատուկ անիվների անհրաժեշտություն չկա, ժողովրդի մեծամասնությունը առանց հաշվիչների էլ երկու պատասխանից կընտրի ամենահիմարը։

Ինչո՞ւ ես գիշերը թափառում, անքնությո՞ւն ունես, ինչ է։

Ինչպե՞ս քնեմ, ― հոգոց հանելով ասաց նա։ Ինչպիսի՜ երկիր կորցրինք։

Նա նկատի ունի ԽՍՀՄ֊ի փլուզումը առանձին պետությունների իննսունմեկին։

― Հիշեցի, ― ասում եմ, ― երբ է դա տեղի ունեցել։

― Այն ժամանակից էլ չեմ քնում, ― պատասխանում է նա։

― Իզուր, ― ասում եմ նրան։ ― Երբեմն ուղեղին հանգիստ է պետք, թե չէ չափից ավելի կտաքանա։

― Դե իհարկե, դուք լիբերալներդ հույս ունեք, որ մեր ուղեղը կքնի ու կքայքայվի, բայց մենք դեռ ոտքի կկանգնենք, կուղղվենք, և դուք կտեսնեք ժողովրդի հզոր ցասումը։ ― Եվ չլսելով ինձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր ասածները հազիվ թե ինձ համոզեն, շարունակում է ամեն ինչ իրար խառնելով․ ― Կողոպտել են, թռցրել, մաս֊մաս արել։ Երկիրը կործանվում է, բանակը նվաստացած է, ժողովուրդը քանի գնում աղքատանում ու հարբեցողությամբ է զբաղվում։

Վերջին տասնամյակների պատմության հանդեպ իր համախոհներին հատուկ հայացք ունի։ Մեծ ու հզոր պետություն գոյություն ուներ։ Բայց երկու մարդ՝ Գորբաչովն ու Ելցինը, քանդեցին երկիրը, զինաթափեցին բանակը, ոչնչացրին արդյունաբերությունը, չքավորության հասցրին ժողովրդին, զրկեցին հավատից ու հույսից։ Երբեմն այդ անուններին նա ավելացնում է Գայդարին ու Չուբայսին։ Լրացված ցուցակի մեջ պատահում է ես էլ եմ հայտնվում, մի մարդ, որը մեղմ ասած, ոչ մի լիազորություն չուներ։ Երբեմն էլ, բանավեճից ոգևորված, նա ինձ ավելորդ ինքնահավանության պատրվակ է տալիս, ցուցակից հանելով բոլոր չարագործներին ու ասելով, որ ես քանդեցի երկիրը։ Ես պետք է որ հպարտանայի դրանով։ Բայց առայժմ, ինչով ասես, այդպիսի մոլուցքով, ինձ թվում է, չեմ տառապում։ Ես փորձում եմ տրամաբանորեն վիճել։ Ասում եմ, այդ ի՞նչ պետություն էր, որքա՞ն հզոր էր, եթե կարողացան քանդել մեկ֊երկու, դե թող լինի մի հարյուր լիբերալ։ Նա միանգամից պատասխանում է, որ այդ մարդիկ, ես էլ այդ թվում, պետությունը քանդողները, գործում էին ոչ թե հենց այնպես, անշահախնդիր, այլ ամերիկացիների աջակցությամբ և Պենտագոնի, Պետդեպի, Զբիգնեվ Բժեզինսկու ու Ջորջ Սորեսի փողերով։

Համատեղելով անհամատեղելին, նա մեծ սպասումներ ունի Պերլիգոսից, որը հասնելով գերագույն պաշտոնին, ստիպեց մեզ երգել հին երգը, ուղղեց դեռ թույլ ու չկայացած դեմոկրատիան, ուղղահայաց ու սուվերեն դարձրեց այն, ինչը սեմիգուդիլովների գաղափարակիցների միջավայրում հույս առաջացրեց, որ հնարավոր է գոնե մասնակի վերականգնել լիբերալների կորցրած նախկին կարգերն ու վերածնել Իմպերիան, բայց ոչ թե Սովետական, այլ Ռուսական։ Այդ մասին նա ոչ միայն երազում էր, այլ նույնիսկ ինչ֊որ բան էր անում։ Իր համախոհների հետ մտավ կիսաօրինական «Բազեներով որս» ակումբը, այնտեղ նրանք նախագծում են Մեծ Ռուսաստանի վերածնման անիրականանալի պլանները, որտեղ բացի Ռուսաստանից պետք է մտնեն Ուկրաինան, Բելոռուսիան, մասնակիորեն նաև Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Հյուսիսային Ղազախստանը։ Բազեների որսով զբաղվողները համարում են, որ պատմական արդարությունը պահանջում է Ռուսաստանին վերադարձնել այդ տարածքները, կառուցել մեծ ռուսական աշխարհ, որը, ինչպես մարգարեում էր հաշմանդամ Վանգան (ի դեպ, ես մոռացա Բուլղարիայի մասին), միանալով, կդառնա երկրագնդի նյութական, ռազմական և հոգևոր այն ուժը, որը կհրապուրի ու կձգի մնացյալ բոլոր ժողովուրդներին։

Նա միշտ այնպես է խոսում է ինձ հետ, կարծես նրա մահացու թշնամին եմ, բայց համոզված եմ, որ առանց ինձ նա չի կարող ապրել։ Ես մտածում եմ, որ եթե մի դիպվածով հնարավորություն ունենար գնդակահարել ինձ, անձամբ կգնդակահարեր, բայց հետո անպայման կափսոսար, որ զրկվեց հարմար ընդդիմախոսից։ Երբեմն, երբ որևէ տեղ եմ մեկնում, ինչպես պատմել է ինձ Շուրոչկան, հաճախ թափառում է մեր դարպասի մոտ, երբեմն էլ չի դիմանում ու կարծես հենց այնպես հարցնում է․ լսիր, գեղեցկուհի, պարոնդ ե՞րբ է վերադառնալու։ Ինձ լուրեր են հասել, որ նա ոչ թե իմիջիայլոց է շփվում Շուրոչկայի հետ, այլ վարում է երկար զրույցներ, երբ բացակայությանս ժամանակ միասին ման են գալիս Շուրոչկան՝ Ֆյոդորի, իսկ նա իր Ռեքսի հետ։ Անվանելով ինձ պարոն, նա նկատի ունի, որ ես ապրում եմ կուշտ ու շքեղ, երևի ուզում է ազդել Շուրոչկայի դասակարգային ենթագիտակցության վրա։ Իր ասելով, նա վարում է համեստ, համարյա ճգնավորի կյանք։ Չնայած ապրում է երեք հարկանի քարե ամառանոցում, ման է գալիս «Մերսեդեսով», որը վարում է, հայտնի չէ թե ում փողերով և որ նվաճումների համար՝ պետական վարորդը։ Բացի դրանից ունի անշարժ գույք Մայամիում ու Ռիգայում, նաև երկու ռեստորան, որոնք գրանցված են մեծ աղջկա անունով, այն աղջկա, որը նստած է բանտում։ Միևնույն ժամանակ իրեն ներկայացնում է որպես միայն հոգևոր հետաքրքրություններով ապրող անշահախնդիր մարդ․ նրա երազանքն է մեծ ու սարսափելի Ռուսաստանը, որն արդեն ուղղվել է և շուտով ոտքի կկանգնի հսկայի իր ողջ հասակով, որքան էլ որ խանգարեն Ամերիկան, Գեյրոպան, մասոններն, հրեաներն ու լիբերալները։ Դուք հրեաներդ, ասում է նա ինձ։ Երիտասարդ ժամանակ ինձ հաճախ էին հրեայի տեղ դնում, որովհետև սև գանգուր մազեր ու կոր քիթ ունեի։ Ես երբեք չէի ժխտում ու ոչինչ չէի ապացուցում։ Բայց մի անգամ ասացի նրան, որ ես դեմ չեմ հրեա լինելուն, բայց հանուն արդարության հաղորդում եմ, որ ես այն չեմ ինչ նա կարծում է։ Իմ Պրոկոպովիչ ազգանունը տերտերական է, իմ նախնիներս մինչև պապուպապս քահանաներ էին Սամարայի մարզի Չիլդյաեվո գյուղում, իսկ պապս դարձավ բոլշևիկ ու մինչև ձերբակալումը գլխավորում էր Ակտիվ անհավատների միությունը։ Իմ մայրը, Պոլինան, հայրական ազգանունը Նեչիպորենկո, կուբանյան կազակներից էր, իսկ նրա հայրը, այսինքն մյուս պապս, ընդհակառակը, կռվում էր բոլշևիկների հետ և քսան թվականին նրան գնդակահարեցին չեկիստները։

― Այնպես որ, ― ասում եմ Տիմոխային, ― դու շատ ես սխալվում, կարծելով, որ ես հրեա եմ։

― Չեմ սխալվում, ― պատասխանում է նա առանց շփոթվելու, ― ով ես դու արյամբ ինձ համար միևնույն է, ինձ համար հրեան ոչ թե ազգություն է, այլ աշխարհայացք։ Ընդունում եմ, լինում են լավ հրեաներ։ Բայց շատ հազվադեպ։ Դու նրանց թվում չես։

Երբ նրա մոտ հայտնաբերեցին քաղցկեղ, նա մեկնեց Իսրայել բուժվելու։ Վերադարձավ շատ տպավորված։ Հիացած։ Ես հարցրի նրան փոխե՞լ է արդյոք իր կարծիքը հրեաների մասին։ Նա զարմացավ ― այդ ինչո՞ւ։ Որովհետև այդ նույն հրեաները, ինքդ ասացիր, քեզ լավ ընդունեցին և բուժեցին։

― Ինձ, ― առարկեց նա, ― բուժում էին ոչ թե հրեաները, այլ իսրայելցիք։ Քաջ ու արժանի մարդիկ, այլ ոչ թե լիբերալները։ Ակն ընդ ական նրանց փիլիսոփայությունը՝ ինձ շատ հարազատ է։

― Ինչո՞ւ չմնացիր այնտեղ, ― հարցրի ես նրան։

― Հույս չունենաս, ― ասաց նա։ ― Ես այստեղի մարդ եմ։ Ռուսաստանում ստեղծված։ Ես պայքարելու եմ Ռուսաստանի համար։ Մինչև վերջին շունչս։ Դուք ժողովրդին կործանեցիք, նվաստացրիք, նրա վերջն եք տալիք, բայց մենք, հայրենասերներս, մենք մեր ուզածին կհասնենք։

Այսպես է ասում, բայց նրա խոսքերը ոչինչ չեն նշանակում։ Ժամանակին խոստանում էր մինչև վերջին շունչը կռվել սովետական իշխանության համար, բայց պայքարում էր միայն փակ կուսակցական ժողովներում, իսկ երբ ամեն ինչ քանդվեց, մի հեռու տեղ պահելով իր տոմսը որոշ ժամանակ իրեն նույնիսկ դեմոկրատ անվանեց։ Իր դեմոկրատ լինելը շուտով մոռացավ, սկսեց պնդել (նույն հրեական կոնտեքստում), որ միշտ ատել է բոլշևիկների ստեղծած սովետական իշխանությունը, բայց երկրպագել է Ստալինին, նրա ղեկավարության սկզբնական շրջանը համարել և համարում է փայլուն հաղթանակների ու իմպերիալիստական ուժի ժամանակաշրջան, որը ինքն ու իր համախոհները անպայման կվերականգնեն։


Նույն զառանցանքը

Երբ նա խոսում էր այն մասին, որ իրենք, հայրենասերները, իրենց նպատակին կհասնեն, մենք հասանք խոչընդոտին՝ մեր ավանի սահմանին։ Այստեղ բաժանվեցինք, ինչպես միշտ հրաժեշտ չտալով։ Նա ետ գնաց, ես՝ առաջ։ Նկատի ունեմ այդ բառերի ոչ թե սիմվոլիկ, այլ իրական նշանակությունը։ Ես գնացի առաջ, մտածելով Սեմիգուդիլովի մասին: Նա պատկանում է այն մարդկանց թվին, որոնք ծառայելով ցանկացած ռեժիմին ստանում են բազմաթիվ արտոնություններ, միաժամանակ գողություն անելով, համարում են իրենց ճշմարտախոս, հայրենասեր, ժողովրդի ցավով ապրող, կարծում են, որ իշխանությունը բավականաչափ չի գնահատում իրենց հերոսությունը։

Երբ տեղից շարժվեցինք, Պաշան միացրեց ռադիոն, և եթերում նորից լսվեց Սեմիգուդիլովի ռնգային ձայնը, որը ծնկից ելնելու մասին ինչ֊որ բարձրագոչ հայրենասիրական բաներ էր ասում, հայտարարում աստվածային մտադրության մասին, որը տանում է Ռուսաստանին ծուռումուռ ճանապարհով, բայց միշտ դուրս է բերում ճշմարիտ ուղու վրա, որ ամենածանր ակնթարթին աստված ուղարկում է նրանց ուղեկցորդի, որը իր ամուր ձեռքը վերցնելով պատմության սանձը տանում է Ռուսաստանը դեպի հարստություն, բարգավաճում, նոր տարածքների նվաճում, որոնք անհրաժեշտ են պաշտպանության համար, բայս ըստ էության ծիսային են։ Լսելով այդ զառանցանքը, ես ինքս սկսեցի զառանցել, ու թե ինչ եղավ հետո, չեմ կարող ճշգրիտ պատմել։ Ճանապարհին ես մեկ քնում էի, մեկ կորցնում գիտակցությունս, մեկ զառանցում, կարճ ժամանակով խելքի գալիս, հետո նորից անջատվում, ու նորից ու նորից ինձ այցելում էին ինչ֊որ տարօրինակ տեսլիքներ, որոնք չէի կարողանում տարբերել իրականությունից։ Ինձ հետ կատարված բոլոր իրադարձությունները այժմ շարադրում եմ այն հերթականությամբ, որով հիշողությունիցս կորզում եմ, իսկ թե որն եմ երազում տեսել, որն է տեսիլք, և որը զառանցանք, երևակայություն թե իրականություն, չեմ կարող ասել, եթե ուզում եք փորձեք ինքներդ որոշել։

Հաղորդումը վարում էր հայտնի Վովիկ Ինդյուշկինը։ Նա հայտնի էր նրանով, որ միշտ ստում է ու երբեք չի ստում և ամենից շատ գնահատում է իր համբավը։ Հնարավոր է, համբավի մասին նույնիսկ չի ստում, իսկ դատելով նրա հաղորդումներից, իսկապես ինչ ունի այն էլ գնահատում է։ Բացի Սեմիգուդիլովից հաղորդմանը մասնակցում էին կոմունիստ Զյուզյուկինը, որը հայտնի էր ժողովրդին Զյուզյու մականունով, համակարգի մաս կազմող լիբերալ֊նացիոնալիստ Պոնոսովը (Պոնոս) և հավասարության տպավորություն թողնելու համար ոչ սիստեմային ընդդիմության ներկայացուցիչ և իմ երիտասարդ ընկեր Վիտալի Ցիպոչկինը, որին Ցիպա էին անվանում։ «Տեսանկյուն ու փչանկյուն» հաղորդման ընթացքում նրանք վիճում էին, թե ով է ավելի լավը․ Լենի՞նը թե Ստալինը, Գորբաչո՞վը՝ թե Ելցինը։ Առաջին երկու վիճողները համամիտ էին որ և՛ Լենինը և՛ Ստալինը՝ երկուսն էլ լավն էին, բայց Ստալինը միևնույն է ավելի լավն է։ Լենինը պետության հիմքը դրեց, Ստալինը այդ հիմքի վրա հզոր պետություն կառուցեց, իսկ Գորբաչովը ամերիկացիների հրահանգով կառուցածը քանդեց հարբեցող Ելցինի օգնությամբ։ Ընդդիմադիրը փորձում էր առարկել, բայց երբ բացում էր բերանը, վարողն ու ընդդիմախոսները սկսում էին գոռգոռալ ինչ֊որ հայրենասիրական բաներ, որպեսզի հանդիսատեսը ոչինչ չլսի ու չհասկանա, բայց նա հասցրեց ասել, որ Լենինը ուղեղի սիֆիլիս ուներ, իսկ Ստալինը հոգեկան հիվանդ էր, որ երկու ախտորոշումն էլ ակադեմիկոս Բեխտյարևն էր արել։ Երկրորդ ախտորոշումից հետո, հենց այդ պատճառով, ակադեմիկոսը թունավորվեց պահածոներով և վախճանվեց։

Զյուզյուն ասաց Լենինի մասին, որ նա մարդկության առաջնորդն էր ու անկրկնելի հանճար, Սեմիգուդիլովը ընդհանուր առմամբ նրա հետ համաձայն էր, բայց նկատեց, որ Ստալինն շատ ավելին արեց։ Նա վերականգնեց Իմպերիան, մեծ կառույցներ իրականացրեց, հաղթեց պատերազմը և Ռուսաստանը տիեզերք դուրս բերեց։ Ցիպան հասցրեց բղավել, որ պատերազմը հաղթեց ոչ թե Ստալինը, այլ ժողովուրդը, որին մեծ քանակությամբ ոչնչացնում էր Ստալինը, և որ նրա ահռելի կառույցները հիմնված էին ճորտերի աշխատանքի վրա։

― Այո, ― համաձայնեց Սեմիգուդիլովը, ― մենք ճորտեր ենք, ճորտի հոգեբանություն ունենք, բայց դրանում ոչ մի ամոթալի բան չկա։ Ճորտերն էլ ունեն սեփական արժանապատվության զգացում և կոմպենսացնում են իրենց անազատությունը ստեղծարարությամբ։ Ճորտերն են կառուցել Քեոպսի բուրգը, Վասիլի Բլաժենիի եկեղեցին, ճանապարհ հարթել դեպի տիեզերք։ Մեզ մոտ ճորտություն էին անում և՛ գյուղացիները, և՛ բանվորները, և՛ մտավորականներն ու գիտնականները։ Մենք բոլորս մեծ երկրի ճորտերն էինք, դրանում ոչ մի վիրավորական բան չկա։ Մեծ ուժին պատկանող ճորտ լինելը ամոթ բան չէ։ Չէ՞ որ մենք մարդուն, նույնիսկ եթե նա ցար է, անվանում ենք աստծու ծառա։ Իսկ եթե պետությունը մեծ է ու հզոր, նա ինքը՝ Աստված է։ Մեծատառով։ Ճորտ լինելով, Տուպոլևը ստեղծում էր հիանալի ինքնաթիռներ, իսկ Կորոլյովը նախագծում արբանյակներ։ Մեր գիտնականները չէին ընկնում արտասահմանյան դրամաշնորհների ետևից, աչք չէին գցում նոբելյան մրցանակներին։ Նրանք սիրում էին Հայրենիքը և Ստալինին, չէին բաժանում այդ երկուսին միմյանցից։ Նստած իրենց աշխատատեղում մի ափսե ճաշի համար մեծ հայտնագործություններ էին անում և ամրացնում մեր մեծ երկրի հզորությունը, որը քանդեցին Գորբաչեվը, Ելցինը ու քեզ ու Ցիպոչկինի նմանները։

Հետո Սեմիգուդիլովը գրավեց միկրոֆոնը և երկար ժամանակ մենակատարի դերում էր, խոսելու ոչ մի հնարավորություն չտալով զրուցակիցներին։ Լսելիս, ես փակեցի աչքերս, միգուցե նույնիսկ քնեցի, բայց կարող եմ նրա բոլոր ասածները կրկնել, և գրազ կգամ որ շատ չեմ սխալվի։

Նրա մեկնաբանությամբ ամբողջ մարդկային հանրությունը բաժանվում է առաջնորդների, որոնք շատ քիչ են, և հետևողների, որոնք մեծամասնություն են կազմում։ Առաջնորդները նրանք են, որոնք պատրաստ են գլխավորելու, կառավարելու, իրենց վրա վերցնելու պատասխանատվությունը, իսկ հետևողը՝ ժողովուրդն է, որն աշխատում է, ազգային արժեք ստեղծում, հաղթում պատերազմներում, բայց միայն առաջնորդների ղեկավարությամբ։ Հետևողները առանց առաջնորդների ոչ թե ժողովուրդ են, այլ կույր հոտ, որը չի գտնի կերակուր, կմոլորվի, անդունդը կընկնի, ինչն էլ լիբերալների երազանքն է։ Բայց առաջնորդներ ունեցող հոտը դառնում է կազմակերպված ուժ, որը կարող է անձնազոհ աշխատել, կռվել, լուռ զոհվել և առաջնորդների կանչով աղբ դառնալ հարազատ հողը պարարտացնելու համար, նրանք հենց դրանում են տեսնում իրենց առաքելությունը։

Ստալինի չարագործությունները Տիմոխան չի ժխտում, բայց համարում է դրանք Ռուսաստանի համար անշուշտ շատ օգտակար։ Այո, եկեղեցիները քանդում էին, այո, հոգևորականներին գնդակահարում, բայց նրանք պետք է անցնեին այդ փորձությունների միջով, ինչպես Քրիստոսը անցավ խաչի տանջանքները։ Այո, մտավորականներին նստեցնում էին, բայց նրանք պետք է պատասխան տային իրենց փտած պատմական դերի համար, ժողովրդին անհանգստացնելու ու գայթակղելու համար։ Այո, եղել է Գուլագ, որովհետև երկրի առջև մեծ խնդիրներ էին կանգնած։ Պետք էր կառուցել քաղաքներ, ամբարտակներ, ջրանցքներ, երկաթգծեր։ Այդ ամենի համար անհրաժեշտ էր էժան աշխատուժ։ Այո, պատերազմից առաջ ոչնչացվեց զինվորական վերնախավը, բայց դա անհրաժեշտություն էր, որովհետև կարմիր մարշալները, այդ բոլոր Տուխաչևսկիները, Բլյուխերներն ու Յակիրները իրենց ազգային հերոսներ էին զգում, ինքնուրույն ֆիգուրներ, նրանք դժգոհ էին ստալինյան ղեկավարությամբ և կարող էին վտանգ ներկայացնել նրա համար։ Իսկ բոլշևիկների գնդակահարության համար պետք է հատուկ շնորհակալություն հայտնել Ստալինին, որ ոչնչացրեց այդ գերմանական լրտեսներին, Ռուսաստանը կործանողներին։

Ասում են, որ իսրայելական քննիչները, երբ պատրաստում էին Ադոլֆ Էյխմանի՝ նացիստական հանցագործի, խոլոկստի հեղինակի դատավարությունը, այսպիսի փորձ կազմակերպեցին։ Տվեցին նրան անհայտ մարդկանց լուսանկարների մի կապոց, որոնց մեջ կային և նորմալ մարդիկ և հանցագործներ։ Առաջարկեցին ընտրել ամենահաճելիներին, և նա անսխալ ընտրեց հանցագործներին։ Ես կարծում եմ, որ եթե Սեմիգուդիլովի հետ անցկացվի այդպիսի փորձ, ապա արդյունքը շատ նման կլինի։

Համոզված եմ, որ բոլոր նրանք, ովքեր արդարացնում են Ստալինի չարագործությունները կամ տգետներ են կամ հիմարներ, կամ էլ քրեական հակումներ ունեցող մարդիկ։ Այժմ չարագործին համոզված սիրողների թիվը պակասել է, բայց միևնույն ժամանակ ավելացել են հիմարության պատճառով սիրողները։ Սովետական ժամանակաշրջանում հանդիպել եմ բազմաթիվ կուսակցական աշխատողների, չեկիստների, բանտային պահակների, որոնք ստեղծել են իրենց կարիերան ժողովրդի դժբախտության վրա։ Որպես օրենք այդ բոլոր մարդիկ չար, ստախոս, գող մարդիկ էին։ Եթե կոմունալ բնակարանում այդպիսի մարդ էր հայտնվում, նրանից ամեն ինչ սպասելի էր։ Նա կարող էր կաթսայի մեջ կեղտ լցնել, կամ կեղծ մատնություն գրել, կամ որևէ բան գողանալ, կամ՝ իր հարազատ փոքրիկ աղջկան բռնաբարել։ Ի դեպ, ժամանակին Սեմիգուդիլովի մասին այդպիսի լուրեր էին պտտվում։ Նրա հանդեպ նույնիսկ քրեական գործ էին հարուցել, որը սակայն շուտով փակեցին։ Հաշվի առնելով նրա հասարակական ակտիվությունը, հարենասիրությունը, և ինչպես ասվում էր նրա հիսունամյակին նվիրված հոբելյանական հոդվածում՝ անխախտ հավատը կոմունիստական իդեալներին և անսահման նվիրվածությունը կուսակցությանն ու կառավարությանը։

Քառորդ դար հետո նրան նվիրված գովաբանական հոդվածում նշվում էր նրա նվիրվածությունը ռուսական իդեային ու կրոնական ակտիվությունը։

Հանրային քննարկումների ժամանակ լիբերալները միշտ պարտվում են Սեմիգուդիլովին, ոչ միայն հատուկ անիվների շնորհիվ, այլ նաև այն պատճառով, որ Ստալինի մասին քննարկումների առկայությունը, համոզում են հանդիսատեսին, որ այդ անձի ու դերի մասին հարցերը համենայն դեպս վիճելի են։

Խորասուզվելով մտքերիս մեջ չնկատեցի, թե ինչպես Սեմիգուդիլովը անցավ մեր առաջնորդ Պերլիգոսին, որին ծանր րոպեին ուղարկեց մեզ ինքը՝ Աստվածը, Ռուսաստանը փրկելու համար։ Այդ մեծագույն մարդը, բոլոր նախորդներից միակն է, որին կարելի է հավասարեցնել Ստալինին։

Ղեկավարության հանդեպ կեղծավորության տարբեր տեսակներ կան։ Մարդիկ որոնք ուզում էին հաճոյանալ Ստալինին անվանում էին նրան մեր սիրելի առաջնորդ, մեծագույն ընկեր Ստալին, իսկ ամեն մի պատրվակով հիշել նրա մտքերը պետք էր այսպես․ «Ինչպես նկատեց իմաստուն ընկեր Ստալինը»։ Խրուսչովին ու Բրեժնևին ավելի պարզ էին անվանում։ Մեր թանկագին Նիկիտա Սերգևիչ, մեր թանկագին Լեոնիդ Իլյիչ, իսկ նրանց բոլոր ցուցումները գնահատվում էին որպես ճշմարտագույն, արդար, պարզ, ժամանակին ասված։ Այսօրվա կեղծավորը, հիշելով վերադասին, անպայման անվանում է նրան անունով, հայրանունով, ազգանունով։ Բայց Սեմիգուդիլովը նախընտրում է սովետական ժլատ կեղծուցությունը։ Նա Առաջին դեմքին անվանում է միայն ազգանունով, բայց վերագրում է նրան բնավորության այնպիսի գծեր ու ունակություններ, որոնք ավելի պարզ կեղծավորի մտքով նույնիսկ չեն անցնի։ Այժմ, ասում է Սեմիգուդիլովը, ստալինյան հատուկ կտրականությունը (միգուցե) անհրաժեշտություն չէ (առայժմ), բայց Պերլիգոսը գործում է բավական կոշտ և ճիշտ է անում։ Դա անհրաժեշտություն է, որպեսզի գոնե մասնակի ուղղի լիբերալների ղեկավարության կործանարար հետևանքները։ Նա, ինչպես Վլադիրմիր Կրասնո Սոլնիշկոն հույս տվեց Ռուսաստանին, ինչպես Իվան Կալիտան՝ ռուսական հողեր հավաքող է, ինչպես Պետրոս Առաջինը վերադարձնում է Ռուսաստանին հարգանքը։ Եվ վերջնականապես կվերադարձներ, եթե չլիներ հինգերորդ շարասյունը (նույն մասոնները, հրեաները, լիբերալները), նաև խանգարում է նրա մարդասիրությունը։ Մարդասիրությունը՝ դա նրա հազվադեպ թույլություններից է։ Միևնույն ժամանակ նա մնում է հմայիչ մարդ, աշխույժ, մոլի խաղացող, տղայի նման հետաքրքրասեր կյանքի նկատմամբ իր բոլոր ձևերով։ Նայեցեք, ասում է Սեմիգուդիլովը, զարմանալի է, թե ինչպես է նա ամեն ինչ հասցնում։ Անընդհատ ճանապարհորդում է երկրով և ողջ աշխարհով, զբաղվում է սպորտով՝ ձիավարությամբ, մոտոցիկլետ է քշում, չմուշկներով սահում, թռչում կործանիչներով, ստրատեգիական ռմբակոծիչներով ու դելտոպլաններով, մասնակցում է հրշեջ աշխատանքներին, իջնում ջրի տակ, զբաղվում հազվագյուտ կենդանիների պաշտպանությամբ և այդ ամենը փաստագրված է լրագրողների հոդվածներում և տեսանյութերում, որոնցում պատկերված է նրա շփումը սպիտակ արջերի, ամուրյան վագրերի, նիլյան կոկորդիլոսների հետ։

Հետաքրքրական է, որ հավակնելով խիզախ ճմարտախոսի և նույնիսկ ճշմարտության համար պայքարողի համբավին, Սեմիգուդիլովը խորամկորեն կարողանում էր բոլոր սովետական առաջնորդների մասին սկսած Խրուսչովից, նրանց իշխանության օրոք մի առանձնահատուկ լավ բան ասել, իսկ նրանցից հետո ասել հակառակը։ Բայց ոչ մեկին այնպես չէր հաճոյախոսել, ինչպես այժմյանին։ Հիմա, երբ ես իմ մեջ տանում եմ լուն, նա անցնելով մի թեմայից մյուսը, առաջարկեց ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ առաջին դեմքը խորհում ու գործում է մեզ համար անհասանելի մի ինչ֊որ մեթոդով, միշտ կայացնում է անսպասելի, պարադոքսալ, մեզ մոտ կասկածներ և մերժում առաջացնող որոշումներ, բայց հետո պարզվում է որ նրանք միակ ճիշտն էին։ Նրան կարելի է համեմատել մեծագույն շախմատային գրոսմայստերների հետ։ Նա այնպիսի քայլեր է անում, որ միջին շախմատիստին շոկի մեջ է գցում, իսկ հետո՝ մեկ֊երկու և մատ։ Եվ ծափահարությունների պայթյուն։

― Մեր մտածելակերպին, ― ասում է Սեմիգուդիլովը փառաբանելով իր գրոսմայստերին, ― անհասանելի է նրա մտքերի ընթացքը և գործելու տրամաբանությունը, որովհետև նա ոչ թե հասարակ մարդ է, և նույնիսկ ոչ միայն հանճարեղ մարդ, գուցե նա ընդհանրապես մարդ չէ, այլ շատ ավելին, բարձրագույն էակ, որի առաքելությունն է կառավարել ոչ միայն մեզ, այլ գուցե ավելին՝ ողջ կենդանական աշխարհին։

Ահա թե ինչ ասաց։ Բայց մարդկության, կենդանիների և մնացյալ ամեն ինչի ղեկավարի տեղը զբաղեցնում է Տեր Աստվածը, որը կարծես թե իր պաշտոնը չի պատրաստվում զիջել որևէ մեկին (ահա թե որտեղ չկա ժողովրդավարության նշույլ), ― ես, իհարկե, մտովի եմ առարկում։ Եթե Տիմոխան կանգ առներ դրա վրա։ Բայց ոչ․․․

― Մենք, ― ասում է նա, չափազանց հուզված, ― պատկերացնում ենք նրան որպես պետական ծառայող, որը նստած կրեմլում ընդունում է նախարարներին, պարգևներ հանձնում, և կարծում ենք նրա համար դա կարևոր է։ Իսկ նրա համար դա սովորական մանր աշխատանք է, որը շեղում է նրան իր հսկայական, անհավանական, մարդկային ուղեղի համար անհասկանալի գործերից։ Դուք դեռ կտեսնեք, ինչպես նա կթռչի, ինչպես արծվի նման կբարձրանա անհավանական բարձության, ինչպես կուղղի հզոր թևերը, և ողջ աշխարհը, ամբողջ մարդկությունը, գլուխները վեր բարձրացրած, նրան կհառի հիացած հայացքը։

― Ինչպիսի զառանցանք, ― չդիմանալով բացականչեցի ես։

― Ի՞նչ, ― անհանգստացած վեր թռավ Զինուլյան։ ― Կարծես զառանցո՞ւմ եք։

― Ոչ, ինձ թվում է, որ նա է զառանցում։

― Այո, ― այդպես լինում է, ― ասաց Զինուլյան։

― Ի՞նչ է լինում, ― անհանգստացած հարցրեց Վարվառան։

― Երբեմն զառանցելիս մարդուն թվում է, որ ոչ թե ինքն է զառանցում, այլ ուրիշները։

Ես ուզում էի առարկել։ Բայց հետո մտածեցի, որ գուցե նա ճիշտ է։ Չէ որ հաճախ, պետք է խոստովանեմ, շատ հաճախ, այն ամենը ինչ կատարվում է շուրջս թվում է ինձ զառանցանք։ Զառանցանք են թվում պետության առաջին դեմքերի, խորհրդարանականների, եկեղեցական վերնախավի, մեղադրողների, դատավորների, հասարակ քաղաքացիների խոսքերը, մեծ թվով մտահղացումներ, օրենքներ, դատական որոշումներ՝ թվում է կայացրել են անմեղսունակ մարդիկ։ Անցյալում աշխարհի այդպիսի ըմբռնումը թվում էր ինձ նորմալ, իսկ այժմ ես հանկարծ մտածեցի․ եթե աշխարհը թվում է ինձ խելագար, գուցե մեղավորը ոչ թե աշխարհն է, այլ ես։ Ամբողջ աշխարհը խելագարվել է, իսկ ես նորմալ եմ, այդպես է թվում խելագարներին։ Եվ միևնույն է․․․ Երբ ես լսում եմ Պերլիգոսի մասին ամեն կողմից հնչող գովեստները, չգիտեմ ինչու հիշում եմ մի ժամանակ կարդացածս Հարրի Տրումենի մասին։ Երբ 1945 թ․ նա դարձավ պրեզիդենտ, նրա ընկերներից մեկը ասաց նրան․ «Հարրի, հիմա, երբ դու հասել ես քո կարիերայի գագաթնակետին, շատ մարդիկ կգտնեն քո մեջ բազմաթիվ արժանիքներ, որոնք անցյալում չէին նկատում։ Ամեն օր նրանք քեզ կասեն, որ դու ամենախելացին ես, ամենատաղանդավորը, ամեն ինչ գիտես և ընդհանրապես հանճար ես։ Բայց ես ու դու հո գիտենք, որ դա այդպես չէ»։

Այդ տեքստը ես կդնեի ոսկյա շրջանակի մեջ և կկախեի Ռուսաստանի ետռևոլյուցիոն բոլոր ղեկավարների աշխատասենյակներում։ Նրանք, ում հաջողվում էր իշխանության գագաթին մնալ մի տասնամյակ, հիվանդանում էին մեծության մոլուցքով և երևակայում, որ առանց իրենց Ռուսաստանը չի կարող գոյություն ունենալ։ Կարող է գոյություն ունենալ առանց նրանց։ Կարող է և նրանց հետ աշխարհում ունենալ իր արժանի տեղը։ Իմանալու համար, թե հատկապես որը, ես բացեցի այպադս ու գտա այնտեղ այսպիսի մի տեքստ․







  1. Կուզկայի մայրիկ արտահայտությունը ռուսերեն նշանակում է ինչ֊որ բանով վախեցնել, սպառնալ
  2. Կենտրոնական Հետախուզական Վարչության
  3. Ռուսերեն թույլ եփած ձվին ասում են՝ яйца в сваренные в мешочек
  4. «Այսպես է անցնում աշխարհիկ փառքը» (լատիներեն) ― գերմանական միստիկ փիլիսոփա Թովմա Գեմբացի (XV դ․) «Քրիստոսին ընդօրինակելու մասին» գրքից վերցված ու մի փոքր ձևափոխված նախադասություն։