Յոթերորդ Բաժին: Եկամուտներ Եվ Նրանց Աղբյուրները
հեղինակ՝ Կարլ Մարքս |
Բովանդակություն
- 1 ՅՈԹԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
ՅՈԹԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
ՔԱՌԱՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԵՌՄԻԱՍՆԱԿԱՆ ՖՈՐՄՈՒԼԱ
I[1]
Կապիտալ — շահույթ (ձեռնարկուական եկամուտ պլյուս տոկոս), հող — հողային ռենտա, աշխատանք — աշխատավարձ. ահա այն եռմիասնական ֆորմուլան) որ ընդգրկում է արտադրության հասարակական պրոցեսի բոլոր գաղտնիքները։
Այնուհետև, նկատի առնելով, որ տոկոսը, ինչպես ցույց է տրված առաջ, հանդես է գալիս իբրև կապիտալին հատուկ, նրա համար բնորոշ արդյունք, իսկ ձեռնարկուական եկամուտը ի հակադրություն դրա՝ իբրև կապիտալից անկախ աշխատավարձ, ապա հիշատակված եռմիասնական ֆորմուլան մերձավոր կերպով հանգում է հետևյալին.
Կապիտալ — տոկոս, հող — հողային ռենտա, աշխատանք — աշխատավարձ, ընդ որում շահույթը՝ հավելյալ արժեքի այդ ձևը, որ սպեցիֆիկ կերպով բնորոշում է արտադրության կապիտալիստական եղանակը, բարեհաջողությամբ վերանում է։
Այս տնտեսական եռմիասնությանը մերձավոր կերպով քննարկելիս մենք բացահայտում ենք հետևյալը.
Նախ՝ հարստության կարծեցյալ աղբյուրները, որոնք կարելի է ունենալ ամեն տարի, վերաբերում են բոլորովին տարբեր ոլորտների և ամենաչնչին իսկ նմանություն չունեն իրար հետ։ Նրանք վերաբերում են միմյանց մոտավորապես ինչպես նոտարային տուրքերը, կարմիր ճակնդեղը և երաժշտությունը։
Կապիտա՜լ, հո՜ղ, աշխատա՜նք։ Բայց կապիտալը բնավ իր չէ, այլ հասարակության մի որոշ պատմական ֆորմացիայի պատկանող հասարակական արտադրական որոշակի հարաբերություն, որ ներկայացված է իրի մեջ և այդ իրին սպեցիֆիկ հասարակական բնույթ է տալիս։ Կապիտալը արտադրության նյութական և արտադրած միջոցների գումարը չէ։ Կապիտալը — կապիտալի փոխարկված արտադրության միջոցներն են, որոնք ինքնին նույնքան կապիտալ են ներկայացնում, որքան ոսկին կամ արծաթը ինքնին փող են ներկայացնում։ Հասարակության մի որոշ մասի կողմից մոնոպոլացված արտադրության միջոցներ, կենդանի բանվորական ուժի նկատմամբ մեկուսացած արդյունքներ և այդ իսկ բանվորական ուժի գործարկման պայմաններ,— ահա թե ինչն է այս մակագրության բերմամբ անձնավորվում կապիտալի մեջ։ Ոչ միայն բանվորների արդյունքները, որոնք ինքնուրույն ուժ են դարձել, արդյունքներն, իբրև իրենց արտադրողներին ստրկացնող ու նրանց գնող ուժեր, այլ նմանապես և հասարակական ուժերը և այդ աշխատանքի ապագա... {՞ անընթեռնելի} ձևը, հակադրվում են նրանց իբրև նրանց արդյունքի հատկություններ։ Հետևաբար, այստեղ մենք ունենք արտադրության պատմականորեն ստեղծված [historisch fabricierten] հասարակական պրոցեսի գործոններից մեկի մի որոշակի, առաջին հայացքից չափազանց միստիկ հասարակական ձև։
Եվ ահա դրա կողքին հողը, անօրգանական բնությունն իբրև այդպիսին, rudis indigestaque moles [կոպիտ ու անմշակ զանգված], իր ողջ սկզբնական վայրենությամբ։ Արժեքը աշխատանք է։ Ուստի հավելյալ արժեքը չի կարող հող լինել։ Հողի բացարձակ պտղաբերությունը չի հանգում որևէ այլ բանի, քան սոսկ նրան, որ որոշակի քանակությամբ աշխատանքը տալիս է հողի բնական պտղաբերությամբ պայմանավորվող որոշակի արդյունք։ Հողի պտղաբերության տարբերությունը հանգում է այն բանին, որ աշխատանքի ու կապիտալի միևնույն քանակները,— հետևաբար, միևնույն արժեքը,— արտահայտվում են երկրագործական արդյունքների տարբեր քանակներով. որ, հետևաբար, այդ արդյունքները տարբեր անհատական արժեքներ են ներկայացնում։ Այդ անհատական արժեքների հավասարեցումը շուկայական արժեքների մեջ հանգում է այն բանին, որ advantages of fertile over inferior soil... are transferred from the cultivator or consumer to the landlord [ավելի պտղաբեր հողից ստացվող օգուտները վատի համեմատությամբ... մշակողից կամ սպառողից փոխանցվում են լենդլորդին] (Ռիկարդո, «Principles», էջ 6)* [Տես 1 ծան. հետո]։
Եվ, վերջապես, իբրև երրորդն այս միության մեջ՝ հասարակ տեսիլ — աշխատանքն «առհասարակ» [„die” Arbeit], որը ոչ այլ ինչ է, բայց եթե աբստրակցիա և, ինքնին վերցրած, գոյություն չունի առհասարակ կամ, եթե մենք վերցնենք... {անընթեռնելի} մարդու արտադրողական. գործունեությունն առհասարակ, որի միջոցով նա իրականացնում է նյութերի փոխանակությունը բնության հետ, ոչ այն մերկացած ամեն տեսակ հասարակական ձևից ու բնույթի որոշակիությունից, այլ նույնիսկ իր բնական կեցությամբ, անկախ հասարակությունից, կտրված որևէ հասարակությունից, և իբրև կյանքի արտահայտություն ու կյանքի հաստատումն ընդհանուր թե դեռևս անհասարակական մարդուն և թե այն մարդուն, որը մի որևիցե հասարակական որոշակիություն է ստացել։
II
Կապիտալ — տոկոս. հողային սեփականություն, երկրագնդի մասնավոր սեփականություն, ընդ սմին ժամանակակից, արտադրության կապիտալիստական եղանակին համապատասխանող,— ռենտա, վարձու աշխատանք աշխատավարձ։ Եվ այսպես, այս ձևի մեջ պետք է ներփակվի եկամտի աղբյուրների կապը։ Ինչպես կապիտալը, այնպես և վարձու աշխատանքն ու հողային սեփականությունը հանդիսանում են պատմականորեն որոշակի հասարակական ձևեր, մեկը՝ աշխատանքի, մյուսը՝ մոնոպոլացված երկրագնդի, ընդ սմին երկուսն էլ կապիտալին համապատասխանող ձևեր են և պատկանում են միևնույն տնտեսական հասարակական ֆորմացիային։
Առաջինը, որ աչքի է ընկնում այս ֆորմուլայում, այն է, որ կապիտալի կողքին, արտադրության մի տարրի այդ ձևի կողքին, որ պատկանում է արտադրության մի որոշակի եղանակի, արտադրության հասարակական պրոցեսի պատմական որոշակի մի ստրուկտուրայի, արտադրության այն տարրի կողքին, որ ձուլված է որոշակի սոցիալական ձևի հետ և ներկայացվում է նրա մեջ, առանց այլևայլության դրվում են. մի կողմից՝ հողը, մյուս կողմից աշխատանքը՝ այսինքն աշխատանքի ռեալ պրոցեսի երկու տարր, որոնք այս իրային ձևի մեջ ընդհանուր են արտադրության բոլոր եղանակներին, հանդիսանում են արտադրության ամեն մի պրոցեսի իրային տարրերը և ոչ մի առնչություն չունեն [nichts zu schaffen haben] նրա հասարակական ձևի հետ։
Երկրորդ։ «Կապիտալ — տոկոս, հող — հողային ռենտա, աշխատանք — աշխատավարձ» ֆորմուլայում կապիտալը, հողը, աշխատանքը հանդես են գալիս իբրև տոկոսի (շահույթի փոխարեն) հողային ռենտայի և աշխատավարձի համապատասխան աղբյուրներ, իսկ վերջիններս ուրեմն որպես առաջինների արդյունքներ, պտուղներ։ Առաջինները հիմք են, երկրորդները՝ հետևանք, առաջինները պատճառ են, երկրորդները՝ արդյունք, ընդ որում այնպես, որ յուրաքանչյուր աղբյուր վերաբերում է իր արդյունքին, ինչպես իրենից զատվածի և իր արգասիքի։ Բոլոր երեք եկամուտներն էլ՝ տոկոսը (շահույթի փոխարեն), ռենտան, աշխատավարձը հանդիսանում են արդյունքի արժեքի երեք մասերը, հետևաբար, արժեքի մասերն առհասարակ, կամ, փողով արտահայտած, փողի որոշակի մասերը, գնի մասերը։ Թեև «կապիտալ — տոկոս» ֆորմուլան կապիտալի ամենից անբովանդակ [begriffsloseste] ֆորմուլան է, բայց այնուամենայնիվ դա նրա ֆորմուլան է, Իսկ ի՞նչպես կարող է հողը արժեք ստեղծել, այսինքն հասարակականորեն որոշակի քանակությամբ աշխատանք և այն էլ սրա սեփական արդյունքների արժեքի այն իսկ հատուկ մասը, որ գոյացնում է ռենտա։ Հողը գործում է, օրինակ, իբրև արտադրության ֆակտոր, երբ ստեղծվում է սպառողական արժեք, նյութական արդյունք — ցորեն։ Բայց նա ոչ մի առնչություն չունի ցորենի արժեքի արտադրության հետ։ Որչափով որ ցորենի մեջ արժեք է ներկայացված, ցորենը դիտվում է սոսկ իբրև որոշակի քանակությամբ իրայնացած հասարակական աշխատանք, ամեն մի առնչությունից դուրս այն հատուկ իրի հետ, որի մեջ ներկայացված է այդ աշխատանքը, կամ այդ իրի առանձին սպառողական արժեքի հետ։ Սա չի հակասում այն բանին, որ 1) մնացած հավասար պայմաններում ցորենի էժանությունը կամ թանկությունը կախում ունի հողի արտադրողականությունից։ Երկրագործական աշխատանքի արտադրողականությունը կապված է բնական պայմանների հետ, և նայած վերջիններիս արտադրողականության, միևնույն քանակությամբ աշխատանքը ներկայացված է լինում ավելի կամ պակաս քանակությամբ արդյունքներով, սպառողական արժեքներով։ Թե որքան մեծ է մեկ շեֆֆելի մեջ ներկայացված աշխատանքի քանակը, այդ կախում ունի նրանից, թե քանի շեֆֆել է ստացվում տվյալ քանակության աշխատանքից։ Հողի արտադրողականությունից կախում ունի այստեղ, թե ինչ քանակությամբ արդյունքի մեջ է ներկայացված արժեքը. բայց այս արժեքը տրված է անկախ այդպիսի բաշխումից։ Արժեքը ներկայացված է սպառողական արժեքի մեջ, իսկ սպառողական արժեքը արժեքի ստեղծման պայմանն է։ Բայց տխմարություն է հակադրություն ստեղծել այնտեղ, որտեղ մի կողմում կանգնած է սպառողական արժեքը՝ հողը, իսկ մյուս կողմում՝ արժեքը, և այն էլ արժեքի մի հատուկ մասը։ 2) {Այստեղ ձեռագիրն ընդհատվում է։}
III
Վուլգար քաղաքատնտեսությունն իրականում անում է ոչ այլ ինչ, քան միայն դոկտրինյորաբար մեկնաբանում, սիստեմավորում ու արդարացնում է բուրժուական արտադրության գործակալների պատկերացումները, գործակալների, որոնք հափշտակված են այդ արտադրության հարաբերություններով։ Ուստի մեզ չի կարող զարմացնել այն հանգամանքը, որ հենց տնտեսական հարաբերությունների դրսևորման ձևի մեջ, որը օտարացած է այդ հարաբերություններից և որի մեջ նրանք prima facie [ակներևաբար] անհեթեթ բնույթ են ընդունում և լի են հակասություններով,— իսկ եթե իրերի դրսևորման ձևն ու նրանց էությունը անմիջականորեն համընկնեին, ապա ամեն մի գիտություն ավելորդ կլիներ,— որ հենց այստեղ վուլգար քաղաքատնտեսությունը լիովին իրեն զգում է ինչպես տանը և որ այդ հարաբերությունները նրան ներկայանում են ինքնին այնքան ավելի ակներև, որքան նրանց մեջ ավելի է թաքնված ներքին կապը, և ընդ սմին որքան ավելի սովորական են թվում նրանք առօրյա պատկերացման համար։ Ուստի նա ամենաչնչին իսկ պատկերանոցում չունի այն մասին, որ այն եռմիասնությունը, որից մեկնում է նա՝ հող — ռենտա, կապիտալ — տոկոս, աշխատանք — աշխատավարձ կամ աշխատանքի գին, ներկայացնում է երեք prima facie անհնարին զուգադրություն։ Ամենից առաջ մեր առջևն է սպառողական արժեք՝ հողը, որ արժեք չունի, և փոխանակային արժեք՝ ռենտան. այսպիսով, իբրև իր վերցրած սոցիալական հարաբերությունը համամասնական հարաբերության մեջ է դրված բնության հանդեպ. այսինքն դուրս է գալիս, որ երկու անհամաչափելի մեծություններ որոշակի հարաբերության մեջ են գտնվում միմյանց հանդեպ։ Այնուհետև կապիտալ — տոկոս։ Եթե կապիտալ ասելով հասկացվում է ինքնուրույն կերպով փողի մեջ ներկայացված արժեքի որոշակի գումար, ապա prima facie անհեթեթություն է պահանջել, որ արժեքն ավելի արժեք պարունակի, քան նա իրոք արժե։ Կապիտալ — տոկոս ձևի մեջ է հենց, որ վերանում է ամեն մի միջնորդավորում, և կապիտալը հանգում է իր ամենաընդհանուր, բայց և այդ պատճառով ինքն իրենով չբացատրվող և աբսուրդ ֆորմուլայի։ Հենց այն պատճառով է վուլգար տնտեսագետը գերադասում կապիտալ — տոկոս ֆորմուլան՝ արժեքի միստիկ հատկությամբ անհավասար լինելու, ինքն իրեն, կապիտալ — շահույթ ֆորմուլային, որ վերջինս արդեն ավելի է մոտենում իսկական կապիտալիստական հարաբերության։ Իսկ այնուհետև, տագնապով զգալով, որ 4-ը 5 չէ, ուստի և 100 թալերը չի կարող լինել 110 թալեր, վուլգար տնտեսագետը փրկություն է որոնում կապիտալից իբրև արժեքից կապիտալի իրային սուբստանցի, նրա սպառողական արժեքի մեջ, որն աշխատանքի համար արտադրության պայման է, մեքենաների, հումքի մեջ և այլն։ Այսպիսով, դարձյալ հաջողվում է առաջին անհասկանալի հարաբերության փոխարեն, երբ 4 = 5, մակաբերել միանգամայն անհարիր հարաբերություն մի կողմից սպառողական արժեքի՝ իրի և մյուս կողմից՝ որոշակի հասարակական արտադրական հարաբերության՝ հավելյալ արժեքի միջև, ինչպես որ հողային սեփականության դեպքում էր։ Հենց որ վուլգար տնտեսագետը հասնում է այս անհամաչափություններին, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում, նա այլևս պահանջմունք չի զգում մտորումները շարունակելու։ Որովհետև նա հենց ճիշտ հասել է այն կետին, որը բուրժուական պատկերացման համար «բանական» է համարվում։ Վերջապես, աշխատանք — աշխատավարձը, աշխատանքի գինը, ինչպես ցույց է տրված I գրքում** [Տես 1 ծան. հետո], մի արտահայտություն է, որ prima facie հակասում է արժեքի հասկացողությանը, նմանապես նաև գնի հասկացողությանը, որն ինքը առհասարակ արժեքի սոսկ որոշակի արտահայտությունն է. և «աշխատանքի գինը» նույնքան անբանական [իռռացիոնալ] է, որքան դեղին լոգարիթմը։ Բայց հենց այստեղ է, որ ամենից ավելի բավարարվում է վուլգար տնտեսագետը, որովհետև այստեղ նա հասել է մինչև խոր հայեցակետը բուրժուայի, որը գտնում է, որ նա փողը վճարում է աշխատանքի համար, և քանի որ հենց ֆորմուլայի հակասումը արժեքի հասկացողությանը վերացնում է նրա համար վերջինս ըմբռնելու պարտականությունը։
Մենք[2] տեսանք, որ արտադրության կապիտալիստական պրոցեսը պատմականորեն որոշակի ձևն է արտադրության առհասարակ հասարակական պրոցեսի։ Այս վերջինս միաժամանակ թե մարդկային կյանքի գոյության նյութական պայմանների արտադրության պրոցես է և թե բուն իսկ արտադրական հարաբերությունների արտադրության ու վերարտադրության պրոցես, որն ընթանում է արտադրության սպեցիֆիկ պատմա-տնտեսական հարաբերությունների մեջ, և հենց դրանով նաև այդ պրոցեսը կրողների, նրանց գոյության նյութական պայմանների և նրանց փոխադարձ հարաբերությունների, այսինքն վերջիններիս որոշակի հասարակական-տնտեսական ձևի արտադրության և վերարտադրության պրոցես։ Որովհետև այդ հարաբերությունների ամբողջությունը, որոնց մեջ գտնվում են այդ արտադրության կրողները բնության ու միմյանց հանդեպ և որոնց մեջ նրանք արտադրում են,— այդ ամբողջությունն էլ հենց հասարակությունն է, որ դիտվում է նրա տնտեսական կառուցվածքի տեսակետից։ Կապիտալիստական արտադրության պրոցեսը իր բոլոր նախորդների նման ընթանում է որոշակի նյութական պայմաններում, որոնք, սակայն, միևնույն ժամանակ կրողներն են որոշակի հասարակական հարաբերությունների, որոնց մեջ են մտնում անհատներն իրենց կյանքի վերարտադրության պրոցեսում։ Ինչպես այն պայմանները, այնպես և այս հարաբերությունները մի կողմից արտադրության կապիտալիստական պրոցեսի նախադրյալներ են, իսկ մյուս կողմից՝ նրա հետևանքներ ու արդյունքներ։ Այդ պրոցեսում է, որ նրանք արտադրվում ու վերարտադրվում են։ Այնուհետև մենք տեսանք՝ կապիտալը,— իսկ կապիտալիստը սոսկ անձնավորված կապիտալ է, արտադրության պրոցեսում գործում է լոկ իբրև կապիտալի կրող,— և այսպես, կապիտալը արտադրության իրեն համապատասխանող հասարակական պրոցեսում անմիջական արտադրողներից, կամ բանվորներից, դուրս է քաշում որոշակի քանակությամբ հավելյալ աշխատանք, որը նա ստանում է առանց էկվիվալենտի և որն իր էությամբ մշտապես մնում է հարկադրական աշխատանք, թեկուզ և նա թվալու լինի ազատ պայմանագրային համաձայնության արդյունք։ Այս հավելյալ աշխատանքը արտահայտվում է հավելյալ արժեքով, և այս հավելյալ արժեքը գոյություն ունի հավելյալ արդյունքի մեջ։ Հավելյալ աշխատանքն առհասարակ, իբրև տվյալ պահանջմունքների չափից վեր աշխատանք, պետք է գոյություն ունենա մշտապես։ Բայց կապիտալիստական, ինչպես և ստրկական սիստեմի դեպքում և այլն նա հակամարտ ձև ունի և լրացվում է հասարակության որոշակի մասի լիակատար պարապությամբ։ Որոշակի քանակությամբ հավելյալ աշխատանք է պահանջվում իբրև ապահովագրություն ընդդեմ պատահականությունների, իբրև պայման ազգաբնակության պահանջմունքների զարգացմանն ու նրա պրոգրեսին [Fortschritt] համապատասխանող վերարտադրության պրոցեսի անհրաժեշտ պրոգրեսիվ ընդլայնման, որ կապիտալիստական տեսակետից կոչվում է կուտակում։ Կապիտալի քաղաքակրթիչ կողմերից մեկն այն է, որ նա հարկադրում է այդ հավելյալ աշխատանքը կատարելու այնպիսի եղանակով և այնպիսի պայմաններում, որոնք արտադրողական ուժերի, հասարակական հարաբերությունների զարգացման համար և նոր, ավելի բարձր հասարակական կառուցվածքի [höhere Neubildung] տարրերի ստեղծման համար ավելի ձեռնտու են, քան ստրկության, ճորտատիրության և այլ նախկին ձևերի դեպքում։ Այսպիսով, մի կողմից նա հանգեցնում է մի աստիճանի, որի վրա վերանում են հասարակության մի մասի կողմից գործադրվող հարկադրանքն ու հասարակական զարգացման մոնոպոլիզացիան (ներառելով այստեղ նրա նյութական և ինտելեկտուալ օգուտները) ի հաշիվ մյուսի. մյուս կողմից, այդ աստիճանն ստեղծում է նյութական միջոցներ ու սաղմեր այն հարաբերությունների համար, որոնք հասարակության ավելի բարձր ձևի ժամանակ հնարավորություն կտան միացնելու այդ հավելյալ աշխատանքը ընդհանրապես նյութական աշխատանքին նվիրված ժամանակի ավելի զգալի սահմանափակման հետ։ Որովհետև, նայած աշխատանքի արտադրողական ուժի զարգացման, հավելյալ աշխատանքը կարող է մեծ լինել բանվորական օրվա ընդհանուր փոքր տևողության դեպքում և հարաբերականորեն փոքր՝ բանվորական օրվա ընդհանուր մեծ տևողության դեպքում։ Եթե աշխատանքի անհրաժեշտ ժամանակը = 3 և հավելյալ աշխատանքը = 3, ապա ամբողջ բանվորական օրը = 6, և հավելյալ աշխատանքի նորման = 100%։ Եթե անհրաժեշտ աշխատանքը = 9 և հավելյալ աշխատանքը = 3, ապա ամբողջ բանվորական օրը = 12, իսկ հավելյալ աշխատանքի նորման = միայն 33%։ Այսպիսով աշխատանքի արտադրողականությունից է կախված, թե որքան սպառողական արժեք է արտադրվում որոշ ժամանակում, հետևաբար և հավելյալ աշխատանքի որոշ ժամանակում։ Հետևաբար, հասարակության իսկական հարստությունը և նրա վերարտադրության պրոցեսի մշտական ընդլայնման հնարավորությունը կախված է ոչ թե հավելյալ աշխատանքի տևողությունից, այլ նրա արտադրողականությունից և արտադրության այն պայմանների առավել կամ պակաս առատությունից, որոնց մեջ նա կատարվում է։ Ազատության թագավորությունն իրականում սկսվում է միայն այնտեղ, որտեղ դադարում է կարիքի ու արտաքին նպատակահարմարության կողմից թելադրված աշխատանքը, հետևաբար, ըստ իրերի բնության նա գտնվում է բուն նյութական արտադրության ոլորտից այն կողմ։ Ինչպես վայրենին իր պահանջմունքները բավարարելու համար, իր կյանքը պահպանելու և վերարտադրելու համար ստիպված է պայքարել բնության դեմ, այնպես էլ պետք է պայքարի քաղաքակրթված մարդը, պետք է պայքարի բոլոր հասարակական ձևերի և արտադրության բոլոր հնարավոր եղանակների դեպքում։ Նրա զարգացումով ընդլայնվում է բնական անհրաժեշտության այդ թագավորությունը, որովհետև ընդլայնվում են նրա պահանջմունքները. բայց միևնույն ժամանակ ընդլայնվում են նաև այն արտադրողական ուժերը, որոնք ծառայում են նրանց բավարարման համար։ Ազատությունն այս բնագավառում ոչ այլ ինչ է, քան այն, որ սոցիալիգացված մարդը, միավորված արտադրողները բանականորեն կարգավորում են նյութերի իրենց այս փոխանակությունը բնության հետ, դնում իրենց ընդհանուր վերահսկողության տակ, փոխանակ, որ դա իբրև կույր ուժ գերիշխի նրանց վրա. դա կատարում են ուժի նվազագույն ծախսումով և այնպիսի պայմաններում, որոնք ամենից ավելի արժանավոր են իրենց մարդկային բնությանը և համապատասխան են նրան։ Բայց և այնպես նա այնուամենայնիվ մնում է անհրաժեշտության թագավորություն։ Նրանից այն կողմը սկսվում է մարդկային ուժի զարգացումը, որն ինքնանպատակ է, սկսվում է ազատության իսկական թագավորությունը, որը, սակայն, կարող է ծաղկել սոսկ անհրաժեշտության այս թագավորության վրա, իբրև իր պատվանդանի վրա։ Բանվորական օրվա կրճատումը հիմնական պայմանն է։
Այս հավելյալ արժեքը կամ այս հավելյալ արդյունքը կապիտալիստական հասարակության մեջ բաշխվում է կապիտալիստների միջև,— եթե մենք մի կողմ թողնենք բաշխման պատահական տատանումները և քննարկենք նրա կարգավորող օրենքը, նրա նորմավորող սահմանները,— իբրև շահութամաս [դիվիդենդ] այն բաժնի համեմատ, որը հասարակական կապիտալի ընդհանուր գումարում պատկանում է նրանցից յուրաքանչյուրին։ Այս կերպարանքով հավելյալ արժեքը հանդես է գալիս իբրև կապիտալին հասնող միջին շահույթ, մի միջին շահույթ, որն իր հերթին տարաբաժանվում է ձեռնարկուական եկամտի ու տոկոսի և որն այս երկու կատեգորիաների ձևով կարող է բաժին ընկնել զանազան տեսակի կապիտալիստների։ Սակայն հավելյալ արժեքի, համապատասխանորեն՝ հավելյալ արդյունքի այս յուրացումն ու բաշխումը կապիտալի կողմից իր սահմանն է գտնում հողային սեփականության մեջ։ Ինչպես գործող կապիտալիստը բանվորից դուրս է քաշում հավելյալ աշխատանք և դրանով իսկ շահույթի ձևով հավելյալ արժեք և հավելյալ արդյունք, այնպես էլ հողային սեփականատերն իր հերթին կապիտալիստից դուրս է քաշում այդ հավելյալ արժեքի կամ հավելյալ արդյունքի մի մասը՝ ռենտայի ձևով, առաջ շարադրված օրենքների համաձայն։
Եվ այսպես, երբ մենք այստեղ խոսում ենք շահույթի մասին իբրև հավելյալ արժեքից կապիտալին հասնող բաժնի մասին, ապա մենք նկատի ունենք միջին շահույթը (հավասար ձեռնարկուական եկամտին պլյուս տոկոսը), որն արդեն կրճատված է՝ ամբողջ շահույթից ռենտան հանելու հետևանքով (իսկ շահույթն իր մասսայով նույնական է ամբողջ հավելյալ արժեքի հետ). այսինքն ենթադրվում է ռենտայի հանում։ Հետևաբար, կապիտալի շահույթը (ձեռնարկուական եկամուտ պլյուս տոկոս) և հողային ռենտան ոչ այլ ինչ են, բայց եթե հավելյալ արժեքի հատուկ բաղկացուցիչ մասեր՝ կատեգորիաներ, որոնց մեջ հավելյալ արժեքը տարբեր ձևեր է ընդունում նայած նրան, թե նա բաժին է ընկնում կապիտալին թե հողային սեփականությանը. ստորաբաժանումներ, որոնք, սակայն, ոչինչ չեն փոխում նրա էության մեջ։ Ի մի գումարած՝ նրանք գոյացնում են հասարակական հավելյալ արժեքի գումարը։ Հավելյալ աշխատանքը, որ ներկայացված է հավելյալ արժեքի և հավելյալ արդյունքի մեջ, կապիտալը անմիջականորեն բանվորներից է դուրս կորզում։ Հետևաբար, այս իմաստով նա կարող է դիտվել իբրև հավելյալ արժեք արտադրող։ Հողային սեփականությունը ոչ մի առնչություն չունի արտադրության իսկական պրոցեսի հետ։ Նրա դերը սահմանափակվում է նրանով, որ նա արտադրված հավելյալ արժեքի մի մասը կապիտալի գրպանից տեղափոխում է իր սեփական գրպանը։ Այնուամենայնիվ, հողի սեփականատերը կապիտալիստական արտադրության պրոցեսում որոշ դեր է խաղում ոչ միայն շնորհիվ այն ճնշման, որ նա գործադրում է կապիտալի վրա, և նմանապես ոչ թե շնորհիվ նրա, որ հողային խոշոր սեփականությունը նախադրյալ և պայման է արտադրության կապիտալիստական եղանակի, քանի որ նա նախադրյալ և պայման է բանվորների աշխատանքի պայմանների էքսպրոպրիացիայի, այլ հատկապես այն պատճառով, որ հողի սեփականատերը հանդես է գալիս իբրև արտադրության ամենաէական պայմաններից մեկի անձնավորում։
Վերջապես, բանվորն, իբրև իր անձնական բանվորական ուժի սեփականատեր ու վաճառող, աշխատավարձի անվան տակ ստանում է արդյունքի մի մասը, որտեղ ներկայացված է նրա աշխատանքի մի մասը, որը մենք անվանում ենք անհրաժեշտ աշխատանք, այսինքն այդ բանվորական ուժը պահպանելու և վերարտադրելու համար անհրաժեշտ աշխատանք, ինչ բնույթ էլ որ կրեն այդ պահպանման ու վերարտադրության պայմանները՝ լինեն նրանք աղքատիկ թե հարուստ, նպաստավոր թե աննպաստ։
Որքան էլ առհասարակ անհամեմատելի թվան այդ հարաբերությունները, դրանցում կա մի ընդհանուր բան. կապիտալը տարեց-տարի շահույթ է բերում կապիտալիստին, հողը՝ հողային ռենտա հողի սեփականատիրոջը և բանվորական ուժը՝ նորմալ պայմաններում և քանի դեռ նա մնում է պիտանի բանուժ, աշխատավարձ բանվորին։ Ամեն տարի արտադրվող արժեքի ընդհանուր գումարի այս երեք արժեքային մասերը և ամեն տարի արտադրվող ամբողջ արդյունքի դրանց համապատասխանող մասերը կարող են,— կուտակումը մենք այստեղ առայժմ թողնում ենք մի կողմ,— ամեն տարի սպառվել իրենց համապատասխան տերերի կողմից այնպես, որ նրանց վերարտադրության աղբյուրը չցամաքի։ Նրանք ասես ամենամյա սպառման համար նախատեսված բազմամյա ծառի կամ, ավելի ճիշտ, երեք ծառերի պտուղներ են. դրանք գոյացնում են երեք դասակարգերի՝ կապիտալիստի, հողային սեփականատիրոջ և բանվորի տարեկան եկամուտները՝ եկամուտներ, որ բաշխում է գործող կապիտալիստը, որովհետև նա է անմիջականորեն դուրս կորզում հավելյալ աշխատանքը և կիրառում աշխատանքն առհասարակ։ Այսպիսով, կապիտալիստին իր կապիտալը, հողի սեփականատիրոջն իր հողը և բանվորին իր բանվորական ուժը կամ, ավելի ճիշտ, իր բուն աշխատանքը (քանի որ նա իրոք վաճառում է բանվորական ուժը միայն այդ ուժի դրսևորման մեջ, իսկ բանվորական ուժի գինը, ինչպես ցույց է տրված առաջ, կապիտալիստական արտադրության եղանակի բազիսի վրա անհրաժեշտորեն ներկայանում է նրան իբրև աշխատանքի գին) ներկայանում են իբրև նրանց սպեցիֆիկ եկամուտների՝ շահույթի, հողային ռենտայի և աշխատավարձի երեք տարբեր աղբյուրներ։ Եվ նրանք իրոք այդպիսին են այն իմաստով, որ կապիտալը կապիտալիստի համար մի բազմամյա պոմպ է հավելյալ աշխատանք դուրս քաշելու համար, հողը հողային սեփականատիրոջ համար՝ բազմամյա մագնիս այն հավելյալ արժեքի մի մասը առձգելու համար, որ կորզել է կապիտալը և, վերջապես, աշխատանքը՝ շարունակ նորոգվող պայման և ամեն անգամ նորոգվող միջոց, որպեսզի աշխատավարձի անվան տակ ձեռք բերվի բանվորի ստեղծած արժեքի մի մասը, հետևաբար և արժեքի այդ մասով չափվող հասարակական արդյունքի մի մասը՝ անհրաժեշտ կենսամիջոցները։ Նրանք այդպիսին են այնուհետև այն իմաստով, որ կապիտալը սևեռում է տարեկան աշխատանքի արժեքի, ուստի և արդյունքի մի մասը շահույթի ձևով, հողային սեփականությունը՝ մյուս մասը ռենտայի ձևով, և վարձու աշխատանքը՝ երրորդ մասը աշխատավարձի ձևով, և հենց այդ փոխարկման միջոցով այդ մասերը դարձնում է կապիտալիստի, հողային սեփականատիրոջ և բանվորի եկամուտներ, չստեղծելով, սակայն, այն բուն սուբստանցը, որ փոխարկվում է այդ տարբեր կատեգորիաներին։ Ընդհակառակը, բաշխումը ենթադրում է այդ սուբստանցի առկայությունը, այսինքն տարեկան արդյունքի այն ամբողջ արժեքի առկայությունը, որը ոչ այլ ինչ է, բայց եթե իրայնացած հասարակական աշխատանք։ Սակայն արտադրության գործակալներին, արտադրության պրոցեսի զանազան ֆունկցիաները կրողներին բանը պատկերանում է ոչ թե այս ձևով, այլ, ընդհակառակը, խեղաթյուրված ձևով։ Թե ինչու է տեղի ունենում այս, մենք կտեսնենք հետազոտության հետագա ընթացքում։ Արտադրության այս գործակալներին կապիտալը, հողային սեփականությունը և աշխատանքը ներկայանում են իբրև երեք տարբեր, միմյանցից անկախ աղբյուրներ, որոնցից, իբրև այդպիսիներից, առաջ են գալիս երեք տարբեր բաղկացուցիչ մասերը ամեն տարի արտադրվող արժեքի, հետևաբար և արդյունքի, որի մեջ նա գոյություն ունի, որոնցից, հետևաբար, առաջ են գալիս այդ արժեքի ոչ միայն տարբեր ձևերը, որ իբրև եկամուտներ հասնում են արտադրության հասարակական պրոցեսի առանձին գործոններին, այլ և այդ արժեքն ինքը, և դրանով իսկ հենց եկամտի այդ սուբստանցը։
{Այստեղ ձեռագրում պակասում է in folio մի թերթ [կիսաթերթի մեծությամբ]}։
... Դիֆերենցիալ ռենտան կապված է հողերի հարաբերական պտղաբերության, հետևաբար, այն հատկությունների հետ, որ առաջ են գալիս հողից իբրև այդպիսուց։ Բայց որչափով որ նա, նախ, հանգչում է հողի տարբեր տեսակների արդյունքների անհատական արժեքների տարբերության վրա, սա հենց այն բնորոշումն է, որ մենք քիչ առաջ հիշատակեցինք։ Որչափով որ նա է երկրորդ, հանգչում է կարգավորող ընդհանուր շուկայական արժեքի վրա, որ տարբեր է այդ անհատական արժեքներից, դա կլինի հասարակական, մրցության միջոցով իրականացվող օրենք, որը ոչ մի առնչություն չունի ոչ հողի, ոչ էլ նրա պտղաբերության զանազան աստիճանների հետ։
Կարող է թվալ, որ գոնե «աշխատանք — աշխատավարձ»-ի մեջ արտահայտված պետք է լիներ բանական հարաբերություն։ Բայց այդ էլ բացակայում է այստեղ այնպես, ինչպես «հող — հողային ռենտա»-յի մեջ։ Որչափով որ աշխատանքը գոյացնում է արժեք և ներկայացված է ապրանքների արժեքի մեջ, նա ոչ մի առնչություն չունի այդ արժեքը տարբեր կատեգորիաների միջև բաշխելու հետ։ Իսկ որչափով որ նա վարձու աշխատանքի սպեցիֆիկ հասարակական բնույթ ունի, նա արժեք չի գոյացնում։ Արդեն առաջ ցույց է տրված առհասարակ, որ աշխատավարձը, կամ աշխատանքի գինը բանվորական ուժի արժեքի կամ գնի լոկ անբանական [իռռացիոնալ] արտահայտությունն է, և այն որոշակի հասարակական պայմանները, որոնց մեջ վաճառվում է այդ բանվորական ուժը, ոչ մի առնչություն չունեն աշխատանքի, իբրև արտադրության ընղհանուր գործոնի հետ։ Աշխատանքը իրայնանում է [vergegenständlicht sich] ապրանքի արժեքի և այն բաղկացուցիչ մասում, որը իբրև աշխատավարձ գոյացնում է բանվորական ուժի գինը։ Այդ մասը նա ստեղծում է ճիշտ այնպես, ինչպես արդյունքի մյուս մասերը։ Բայց նա իրայնանում է այդ մասում ոչ ավելի և ոչ այլ կերպ, քան այն մասերում, որոնք գոյացնում են ռենտա կամ շահույթ։ Եվ առհասարակ քանի որ աշխատանքը մենք սևեռում ենք իբրև արժեքի կերտիչ, մենք այն քննարկում ենք ոչ թե նրա կոնկրետ ձևով [Gestalt], իբրև արտադրության պայման, այլ նրա հասարակական որոշակիության մեջ, որը տարբեր է վարձու աշխատանքի հասարակական որոշակիությունից։
Նույնիսկ «կապիտալ — շահույթ» արտահայտությունը սխալ է այստեղ։ Եթե կապիտալը վերցվում է այն միակ հարաբերության մեջ, որտեղ նա հավելյալ արժեք է արտադրում, հատկապես նրա այն հարաբերությամբ դեպի բանվորը, որով նա բանվորական ուժի, այսինքն վարձու բանվորի վրա գործադրած հարկադրանքով հավելյալ աշխատանք է քամում, ապա չէ՞ որ այդ հավելյալ արժեքը բացի շահույթից (ձեռնարկուական եկամուտ պլյուս տոկոս) իր մեջ պարունակում է նաև ռենտա, կարճ՝ ամբողջ չբաժանված հավելյալ արժեքը։ Այստեղ, ընդհակառակը, կապիտալն իբրև եկամտի աղբյուր հարաբերության մեջ է դրվում միայն այն մասի հանդեպ, որը բաժին է ընկնում կապիտալիստին։ Իսկ դա այն հավելյալ արժեքը չէ, որ նա կորզում է առհասարակ, այլ նրա սոսկ այն մասը, որ նա կորզում է կապիտալիստի համար։ Ավելի ևս կորչում է ամեն մի կապ, եթե այդ ֆորմուլան վեր է ածվում «կապիտալ — տոկոս» ֆորմուլայի։
Եթե սկզբում մենք քննարկում էինք երեք աղբյուրները միմյանցից բաժանող մոմենտները, ապա այժմ տեսնում ենք, որ նրանց արդյունքները, նրանց ծնունդներն, ընդհակառակը, բոլորը պատկանում են միևնույն բնագավառին, արժեքի բնագավառին։ Սակայն դա վերացվում է նրանով (այդ հարաբերությունը ոչ միայն անհամաչափելի մեծությունների միջև, այլև միանգամայն տարբեր, միմյանց հետ ոչ մի առնչություն չունեցող ու անհամեմատելի իրերի միջև), որ կապիտալը, հողի և աշխատանքի նման, իրականում վերցվում է ուղղակի իր իրային սուբստանցով, հետևաբար, պարզապես իբրև արտադրության արտադրված միջոց, ընդ որում նրանից աբստրահվում են իբրև հարաբերությունից դեպի բանվորը և իբրև արժեքից։
Երրորդ։ Այս իմաստով, հետևաբար, «կապիտալ — տոկոս (շահույթ), հող — ռենտա, աշխատանք — աշխատավարձ» ֆորմուլան ներկայացնում է բոլոր մասերում միատեսակ և սիմետրիկ անհարիրություն։ Հիրավի, քանի որ վարձու աշխատանքը պատկերացվում է ոչ իբրև աշխատանքի հասարակականորեն որոշակի ձև, այլ ամեն մի աշխատանք իր բնությամբ պատկերացվում է որպես վարձու աշխատանք (այսպես է պատկերացնում իրեն բանը նա, ով խճճված է արտադրության կապիտալիստական հարաբերություններով), ապա որոշակի, սպեցիֆիկ, հասարակական ձևերն էլ, որ ընդունում են աշխատանքի իրային պայմանները,— արտադրված արտադրամիջոցները և հողը վարձու աշխատանքի վերաբերմամբ (ինչպես, ընդհակառակը, իրենց կողմից նրանք ենթադրում են վարձու աշխատանքը),— ուղղակի համընկնում են աշխատանքի այդ պայմանների իրային կեցությանը, կամ այն տեսքին, որ նրանք առհասարակ ունեն աշխատանքի իսկական պրոցեսում, անկախ նրա ամեն մի կոնկրետ, պատմականորեն որոշակի հասարակական ձևից և նույնիսկ անկախ ամեն մի հասարակական ձևից։ Աշխատանքից օտարացած, նրա հանդեպ ինքնուրույնություն ձեռք բերած և դրանով իսկ փոխարկված աշխատանքի պայմանների ձևը [Gestalt], որի մեջ այսպիսով արտադրված արտադրամիջոցները վերածվում են կապիտալի, իսկ հողը՝ մոնոպոլացված հողի, հողային սեփականության, ուստի առհասարակ արտադրության պրոցեսում որոշ պատմական շրջանի պատկանող այս ձևը նույնացվում է արտադրված արտադրամիջոցների ու հողի կեցության և ֆունկցիայի հետ։ Արտադրության այդ միջոցները կապիտալ են դառնում ինքնին ի բնե. կապիտալը դառնում է պարզապես «տնտեսական տերմին» արտադրության այդ միջոցների համար. և հողն էլ դառնում է ինքնին ի բնե հող, մոնոպոլացված որոշ քանակությամբ հողային սեփականատերերի կողմից։ Ինչպես կապիտալի և կապիտալիստի մեջ,— որն իսկապես ոչ այլ ինչ է, բայց եթե անձնավորված կապիտալ,— արդյունքները ինքնուրույն ուժ են դառնում արտադրողների նկատմամբ, այնպես էլ հողի սեփականատիրոջ մեջ անձնավորվում է հողը, որը նույնպես ծառս է լինում և իբրև ինքնուրույն ուժ իր բաժինն է պահանջում իր օգնությամբ արտադրված արդյունքից։ Այնպես որ ոչ թե հողն է ստանում իրեն պատկանող արդյունքի մի մասը իր արտադրողականությունը վերականգնելու և բարձրացնելու համար, այլ նրա փոխարեն հողի սեփականատերն է ստանում նրա այդ արդյունքի բաժինը՝ վատնելու և շռայլելու համար։ Պարզ է, որ կապիտալը ենթադրում է աշխատանքն իբրև վարձու աշխատանք։ Բայց ոչ պակաս պարզ է, որ եթե աշխատանքից ելնենք իբրև վարձու աշխատանքից, այնպես որ առհասարակ աշխատանքի համընկնումը վարձու աշխատանքին ինքնին ակներև թվա, ապա կապիտալը և մոնոպոլացված հողը պետք է նույնպես ներկայանան աշխատանքի պայմանների բնական ձև աշխատանքի վերաբերմամբ առհասարակ։ Կապիտալն իր էությամբ ներկայանում է այժմ իբրև աշխատանքի միջոցների բնական ձև, ուստի և իբրև զուտ իրային հատկություն, որ առաջանում է նրանց ֆունկցիաներից աշխատանքի պրոցեսում առհասարակ։ Այսպիսով կապիտալը և արտադրված արտադրամիջոցը դառնում են նույնական արտահայտություններ։ Ճիշտ այդպես էլ նույնական արտահայտություններ են դառնում հողը և մասնավոր սեփականությամբ մոնոպոլացված հողը։ Ահա ինչու աշխատանքի միջոցներն իբրև այդպիսիներ, կապիտալ հանդիսանալով ի բնե, դառնում են շահույթի աղբյուրներ, իսկ հողն իբրև այդպիսին՝ ռենտայի աղբյուր։
Աշխատանքն իբրև այդպիսին իր պարզ որոշակիության մեջ իբրև նպատակահարմար արտադրողական գործունեություն, հարաբերության մեջ է դրվում արտադրության միջոցների հանդեպ՝ վերցրած ոչ թե նրանց ձևի հասարակական որոշակիության, այլ նրանց իրային սուբստանցի մեջ, արտադրության միջոցների հանդեպ իբրև աշխատանքի մատերիալի ու միջոցի, որոնք տարբերվում են միմյանցից նույնպես սոսկ իրայնորեն իբրև սպառողական արժեքներ. հողը՝ իբրև աշխատանքի չարտադրված միջոց, մնացածները՝ իբրև աշխատանքի արտադրված միջոցներ։ Հետևաբար, եթե աշխատանքը համընկնում է վարձու աշխատանքին, ապա այն որոշակի հասարակական ձևը, որի մեջ աշխատանքի պայմաններն այժմ դիմակայում են աշխատանքին, իր հերթին, համընկնում է նրանց իրային կեցությանը։ Այդ դեպքում աշխատանքի միջոցներն իբրև այդպիսիներ հանդիսանում են կապիտալ, և հողը իբրև այդպիսին հողային սեփականություն է։ Այս դեպքում այն ֆորմալ ինքնուրույնությունը, որ ձեռք են բերել աշխատանքի այդ պայմանները աշխատանքի հանդեպ, և այդ ինքնուրույնության այն հատուկ ձևը, որ նրանք ունեն վարձու աշխատանքի հանդեպ, հանդիսանում է իբրև մի հատկություն, որ անբաժանելի է նրանցից իբրև իրերից, իբրև արտադրության նյութական պայմաններից, հանդիսանում է իբրև անհրաժեշտաբար նրանց պատկանող մի բնույթ, որն իմմանենտորեն ներաճել է նրանց հետ, իբրև արտադրության տարրերի հետ։ Որոշ պատմական դարաշրջանով պայմանավորված նրանց սոցիալական բնույթը կապիտալիստական արտադրության պրոցեսում վեր է ածվում նրանց իրային բնույթի, որը բնականաբար և, այսպես ասած սկզբից ի վեր նրանց, իբրև արտադրության պրոցեսի տարրերի, բնածին հատկանիշն է համարվում։ Այս դեպքում պետք է թվա, որ այն համապատասխան մասնակցությունը, որ հողը իբրև աշխատանքի գործունեության սկզբնական դաշտ, իբրև բնական ուժերի թագավորություն, իբրև աշխատանքի բոլոր առարկաների պատրաստի գտնված արսենալ, և մյուս համապատասխան մասնակցությունը, որ ցույց են տալիս արտադրված արտադրամիջոցները (գործիքներ, հումք և այլն) արտադրության պրոցեսում առհասարակ իրենց արտահայտությունն են գտնում այն համապատասխան բաժիններում, որ հասնում են նրանց իբրև կապիտալի և հողային սեփականության,— այսինքն նրանց սոցիալական ներկայացուցիչներին,— շահույթի (տոկոսի) և ռենտայի ձևով, նման այն բանին, ինչպես բանվորի համար նրա աշխատանքի մասնակցությունը արտադրության պրոցեսին արտահայտվում է աշխատավարձով։ Այսպիսով թվում է, թե իբր ռենտան, շահույթը, աշխատավարձը ծնունդ են այն դերի, որ խաղում են հողը, արտադրության արտադրված միջոցները և աշխատանքը աշխատանքի պարզ պրոցեսում, նույնիսկ եթե մենք աշխատանքի այդ պրոցեսը գիտեինք իբրև ուղղակի մարդու և բնության միջև տեղի ունեցող պրոցես և աբստրահվեինք ամեն մի պատմական որոշակիությունից։ Սա դարձյալ նույն բանն է, միայն ուրիշ ձևով, երբ ասում են, թե այն արդյունքը, որի մեջ ներկայացված է վարձու բանվորի իր համար կատարած աշխատանքը, ներկայացված է նրա հասույթը, նրա եկամուտը, դա միայն աշխատավարձ է, արժեքի (ուստի և այդ արժեքով չափվող հասարակական արդյունքի) այն մասը, որ ներկայացնում է նրա աշխատավարձը։ Հետևաբար, եթե վարձու աշխատանքը համընկնում է առհասարակ աշխատանքի հետ, ապա աշխատավարձը ևս համընկնում է աշխատանքի արդյունքի հետ, և աշխատավարձով ներկայացրած արժեքի մասը ևս համընկնում է առհասարակ աշխատանքի ստեղծած արժեքի հետ։ Բայց սրա շնորհիվ արժեքի մյուս մասերը ևս՝ շահույթն ու ռենտան, նույնքան ինքնուրույն ձևով հակադրվում են աշխատավարձին և, իրենց հերթին, պետք է առաջանան սեփական աղբյուրներից, որոնք սպեցիֆիկ կերպով տարբեր և անկախ են աշխատանքից։ Նրանք պետք է առաջանան արտադրության մասնակից տարրերից, որոնց տերերին են հասնում նրանք, հետևաբար, շահույթը՝ արտադրության միջոցներից, կապիտալի իրային տարրերից, իսկ ռենտան՝ հողից կամ բնությունից, որը ներկայացնում է հողի սեփականատերը (Ռոշեր)։
Ուստի եկամուտի աղբյուրներից այն իմաստով, որ կապիտալը շահույթի ձևով դեպի կապիտալիստն է ձգում այն հավելյալ արժեքի մի մասը, որ նա կորզում է աշխատանքից, հողի մոնոպոլիան դեպի հողի սեփականատերն է ձգում մյուս մասը ռենտայի ձևով, իսկ աշխատանքը արժեքի վերջին դեռ մնացած մասը աշխատավարձի ձևով տալիս է բանվորին,— այն աղբյուրներից, որոնց միջոցով արժեքի մի մասը փոխարկվում է շահույթի ձևի, մյուսը՝ ռենտայի ձևի և երրորդը՝ աշխատավարձի ձևի,— հողային սեփականությունը, կապիտալը և վարձու աշխատանքը փոխարկվում են իրական աղբյուրների, որոնցից առաջանում են արժեքի այդ մասերն իրենք և արդյունքի այն համապատասխան մասերը, որոնց մեջ գոյություն ունեն կամ որոնցով կարող են փոխանակվել արժեքի այդ մասերը, ուրեմն փոխարկվում են աղբյուրների, որոնցից վերջին հաշվով առաջանում է արդյունքի արժեքն ինքը[3]։
Արդեն երբ մենք խոսում էինք կապիտալիստական արտադրության եղանակի, և նույնիսկ ապրանքային արտադրության ամենապարզ կատեգորիաների՝ ապրանքի և փողի մասին, մենք նշեցինք այն միստիֆիկացնող բնույթը, որ հասարակական հարաբերությունները, որոնց համար հարստության իրային տարրերը արտադրության ժամանակ կրողներ են ծառայում, փոխարկվում են այդ իսկ իրերի հատկության (ապրանք) և, որ ավելի ցայտուն է, ինքը արտադրական հարաբերությունը փոխարկվում է իրի (փող)։ Հասարակության բոլոր ձևերը, որչափով որ նրանք հասնում են մինչև ապրանքային արտադրություն և փողային շրջանառություն, մասնակցում են այս փոխարկմանը։ Բայց կապիտալիստական արտադրության եղանակի և կապիտալի դեպքում, որը կազմում է նրա գերիշխող կատեգորիան, արտադրության նրա որոշիչ հարաբերությունը, այդ կախարդական և այլանդակ աշխարհը անհամեմատ ավելի մեծ զարգացում է ստանում։ Եթե մենք քննարկելու լինենք կապիտալն ամենից առաջ արտադրության անմիջական պրոցեսում, իբրև մի ուժ, որ դուրս է կորզում հավելյալ աշխատանքը,— ապա այդ հարաբերությունը դեռևս շատ պարզ է։ Եվ իրական կապը դեռևս ուղղակի դրսևորվում է այդ պրոցեսը կրողների՝ կապիտալիստների հանդեպ և դեռ գիտակցվում է նրանց կողմից։ Այդ համոզիչ կերպով ապացուցվում է բանվորական օրվա սահմանների համար մղվող համառ պայքարով։ Բայց նույնիսկ չմիջնագործված այս ոլորտի — աշխատանքի ու կապիտալի միջև կատարվող անմիջական պրոցեսի ոլորտի — ներսում այս պարզ հարաբերությունը չի պահպանվում։ Բուն սպեցիֆիկ կապիտալիստական արտադրության եղանակի պայմաններում, հարաբերական հավելյալ արժեքի զարգացման հետ միասին, զարգանում են աշխատանքի հասարակական արտադրողական ուժերը, ընդ որում այդ արտադրողական ուժերը և աշխատանքի հասարակական կապերը թվում են փոխադրված աշխատանքից կապիտալին։ Սրա շնորհիվ կապիտալն արդեն դառնում է չափազանց խորհրդավոր մի էություն, որովհետև աշխատանքի բոլոր հասարակական արտադրողական ուժերը թվում է թե նրան են պատկանում և ոչ թե աշխատանքին իբրև այդպիսուն, և որ այդ ուժերը կապիտալի սեփական ընդերքից են ծագում։ Իսկ այնուհետև սրան միջամտում է շրջանառության պրոցեսը, որի մեջ, հատկապես նրա նյութափոխանակության և ձևափոխարկման մեջ ներքաշվում են կապիտալի, նույնիսկ երկրագործական կապիտալի բոլոր մասերը այն նույն չափով, որ չափով որ զարգանում է սպեցիֆիկ կապիտալիստական արտադրության եղանակը։ Սա մի ոլորտ է, որի մեջ արժեքի սկզբնական արտադրության հարաբերությունները բոլորովին հետին պլանի վրա են մղվում։ Արդեն արտադրության անմիջական պրոցեսում կապիտալիստը միաժամանակ գործում է իբրև ապրանք արտադրող, իբրև ապրանքային արտադրության ղեկավար։ Ուստի արտադրության այս պրոցեսը բնավ չի ներկայանում նրան պարզապես իբրև հավելյալ արժեքի արտադրության պրոցես։ Բայց ինչ էլ որ ներկայացնելիս լինի այն հավելյալ արժեքը, որ կապիտալը դուրս է կորզում արտադրության անմիջական պրոցեսում և մարմնավորում է ապրանքների մեջ, ապրանքներում ամփոփված արժեքն ու հավելյալ արժեքը պետք է իրացվեն սոսկ շրջանառության պրոցեսում։ Եվ բանն այնպես է ներկայանում, ասես՝ արժեքը, որ փոխհատուցում է արտադրության համար կանխավճարված արժեքները, և առանձնապես ապրանքների մեջ ամփոփված հավելյալ արժեքը, ոչ թե պարզապես իրացվում է շրջանառության մեջ, այլ առաջանում է նրանից։ Այս պատրանքը առանձնապես ամրապնդում են երկու հանգամանք. նախ, օտարացման ժամանակ ստացվող շահույթը, որ կախում ունի խաբեությունից, խորամանկությունից, գործիմացությունից, ճարպկությունից և շուկայական հազարավոր կոնյունկտուրաներից։ Այնուհետև այն հանգամանքը, որ այստեղ բանվորական ժամանակի հետ միասին հանդես է գալիս երկրորդ որոշիչ տարրը՝ շրջանառության ժամանակը։ Թեև սա գործում է միայն իբրև արժեքի և հավելյալ արժեքի գոյացման բացասական սահման, բայց այնպիսի տպավորություն է ստացվում, որ կարծես դա նրանց գոյացման նույնքան դրական պատճառ է, որքան ինքը աշխատանքը, և կարծես նա մտցնում է մի բնորոշում, որը բխում է կապիտալի բնությունից և անկախ է աշխատանքից։ II գրքում* [Տես 3 ծան. հետո] շրջանառության այս ոլորտը մենք բնականաբար պետք է ներկայացնեինք սոսկ իր հարաբերության մեջ դեպի նրա հարուցած ձևի որոշակիությունները, նշեինք կապիտալի կաոուցվածքի [Gestalt] հետագա զարգացումը, որ կատարվում է այդ ոլորտում։ Բայց իրականում այդ ոլորտը մրցության ոլորան է, որի վրա, եթե դիտելու լինենք յուրաքանչյուր առանձին դեպքը, գերիշխում է պատահականությունը, որի մեջ, հետևաբար, այն ներքին օրենքը, որ իրեն համար ճանապարհ է հարթում այդ պատահականություններում և կարգավորում դրանք, տեսանելի է դառնում այն ժամանակ միայն, երբ դրանք ընդգրկվում են մեծ մասսաներով, և որոնց մեջ, ուստի, նա անտեսանելի ու անհասկանալի է մնում հենց արտադրության առանձին գործակալների համար։ Բայց, այնուհետև. արտադրության իսկական պրոցեսը, իբրև արտադրության անմիջական պրոցեսի և շրջանառության պրոցեսի միասնություն, հարուցում է նորանոր գոյացություններ [Gestaltungen], որոնց մեջ ավելի ու ավելի է կորչում ներքին կապի թելը, արտադրության հարաբերությունները մեկը մյուսի նկատմամբ ավելի ու ավելի են ինքնուրույնանում և արժեքի բաղկացուցիչ մասերը ոսկրանում են միմյանց հանդեպ ինքնուրույն ձևերի մեջ։
Ինչպես տեսանք, հավելյալ արժեքի փոխարկումը շահույթի որոշվում է նույնքան շրջանառության պրոցեսով, ինչքան և արտադրության պրոցեսով։ Հավելյալ արժեքը շահույթի ձևով վերաբերում է արդեն ոչ թե կապիտալի՝ աշխատանքի վրա ծախսած մասին, որից առաջանում է նա, այլ ամբողջ կապիտալին։ Շահույթի նորման կարգավորվում է սեփական օրենքներով, որոնք թույլատրում և նույնիսկ պայմանավորում են նրա փոփոխությունը՝ հավելյալ արժեքի անփոփոխ նորմայի դեպքում։ Այս բոլորն ավելի ու ավելի է թաքցնում հավելյալ արժեքի իսկական բնությունը, ուստի և կապիտալի իսկական մեխանիզմը։ Ավելի ևս մեծ չափով է սա կատարվում շահույթը միջին շահույթի և արժեքները արտադրության գների, շուկայական գների կարգավորող միջին գների փոխարկվելու հետևանքով։ Այստեղ միջամտում է հասարակական մի բարդ պրոցես՝ կապիտալների հավասարանքի պրոցեսը, որ անջատում է ապրանքների հարաբերական միջին գները նրանց արժեքներից և արտադրության տարբեր ոլորտների միջին շահույթները (բոլորովին չխոսելով արդեն կապիտալի ինդիվիդուալ ծախքերի մասին արտադրության յուրաքանչյուր հատուկ ոլորտի մեջ) աշխատանքի իսկական շահագործումից առանձին կապիտալների կողմից։ Այստեղ ոչ միայն այդպես է թվում, այլև իրոք ապրանքների միջին գինը տարբեր է նրանց արժեքից, հետևաբար, նրանց մեջ իրացված աշխատանքից, և առանձին կապիտալի միջին շահույթը տարբեր է այն հավելյալ արժեքից, որ այդ կապիտալը կորզել է իր զբաղեցրած բանվորներից։ Ապրանքների արժեքը անմիջականորեն երևան է գալիս լոկ այն ազդեցության մեջ, որ գործում են աշխատանքի արտադրողական ուժի փոփոխությունները արտադրության գների իջեցման և բարձրացման վրա, նրանց շարժման վրա, և ոչ թե նրանց վախճանական սահմանների վրա։ Թվում է, թե շահույթի որոշման մեջ աշխատանքի անմիջական շահագործումը սոսկ երկրորդական գործոնի դեր է կատարում, այն է, որքան որ այդ շահագործումը հնարավորություն է տալիս կապիտալիստին, շուկայական կարգավորող գների առկայությամբ, որոնք, ըստ երևույթին, գոյություն ունեն անկախ այդ շահագործումից, իրացնելու մի շահույթ, որը շեղվում է միջին շահույթից։ Իսկ ինչ վերաբերում է նորմալ միջին շահույթներին, դրանք թվում են կապիտալին իմանենտ [ի բնե հատուկ], շահագործումից անկախ։ Թվում է, թե աննորմալ շահագործումը, ինչպես նաև շահագործումը բարեհաջող, բացառիկ պայմաններում հիմք է ծառայում սոսկ շեղումների միջին շահույթից, և ոչ թե բուն միջին շահույթի։ Շահույթի տարաբաժանումը ձեռնարկուական եկամուտի ու տոկոսի (չխոսելով արդեն վաճառականական և փողային-առևտրական շահույթի միջամտության մասին, որ հիմնված է շրջանառության վրա և թվում է ամբողջովին շրջանառությունից բխող, և ոչ թե բուն արտադրության պրոցեսից) ավարտում է հավելյալ արժեքի ձևի ինքնակայացումը, նրա ձևի քարացումը իր սուբստանցի, իր էության նկատմամբ։ Շահույթի մի մասը, հակառակ մյուսի, միանգամայն անջատվում է կապիտալիստական հարաբերությունից իբրև այդպիսուց և ներկայացնում է իբրև ոչ թե վարձու աշխատանքի շահագործման ֆունկցիայից բխող, այլ իր իսկ կապիտալիստի վարձու աշխատանքից բխող։ Հակառակ սրա, թվում է, թե տոկոսը առաջանում է անկախ բանվորի վարձու աշխատանքից և կապիտալիստի սեփական աշխատանքից, այլ նա ծագում է կապիտալից, իբրև իր սեփական անկախ աղբյուրից, եթե սկզբնապես, շրջանառության մակերևույթի վրա, կապիտալը թվում էր կապիտալ-ֆետիշ, արժեք, որ ծնում է արժեք, ապա այժմ, իբրև տոկոսաբեր կապիտալ, նա ներկայանում է ամենից ավելի օտարացած և ամենից ավելի յուրահատուկ ձևով։ Ուստի և «կապիտալ — տոկոս» ֆորմուլան, իբրև երրորդ անգամ «հող — ռենտա» և «աշխատանք — աշխատավարձ»-ին, շատ ավելի հետևողական է, քան «կապիտալ — շահույթը», որովհետև շահույթի մեջ դեռևս հիշողություն է պահպանվում նրա ծագման մասին, որը ոչ միայն անհայտացել է տոկոսում, այլև սևեռված է այդ ծագմանը հակադիր ձևով։
Վերջապես, կապիտալի, իբրև հավելյալ արժեքի ինքնուրույն աղբյուրի կողքին հանդես է գալիս հողային սեփականությունը, որը սահմանափակում է միջին շահույթը և հավելյալ արժեքի մի մասը հանձնում է մի այնպիսի դասակարգի, որն ինքը չի աշխատում, չի շահագործում բանվորներին անմիջականորեն և չի կարող, ըստ տոկոսաբեր կապիտալի օրինակի, հանձնվել բարոյա-խրատական դատողությունների, օրինակ, ռիսկի և զոհաբերությունների վերաբերյալ դատողությունների կապիտալի փոխատվության դեպքում։ Քանի որ այստեղ հավելյալ արժեքի մի մասը անմիջականորեն կապված է թվում ոչ թե հասարակական հարաբերությունների, այլ բնական տարրի՝ հողի հետ, ապա հավելյալ արժեքի տարբեր մասերի առանձնացման ու քարացման ձևը, մեկը մյուսի հանդեպ, ավարտվում է ներքին կապը վերջնականապես խզվում է, և նրա աղբյուրները կատարելապես փակվում են հենց արտադրության փոխադարձ հարաբերությունների առանձնացումով, որոնք կապվում են արտադրության պրոցեսի զանազան իրային տարրերի հետ։
«Կապիտալ — շահույթի» կամ ավելի լավ է՝ «կապիտալ — տոկոս, հող — հողային ռենտա, աշխատանք — աշխատավարձ» տնտեսական այս եռմիասնության մեջ, որ պատկերում է արժեքի բաղկացուցիչ մասերի և առհասարակ հարստության կապը իր աղբյուրների հետ, ավարտված է հանդիսանում արտադրության կապիտալիստական եղանակի միստիֆիկացիան, հասարակական հարաբերությունների իրայնացումը, արտադրության իրային հարաբերությունների և նրանց պատմական-սոցիալական որոշակիության անմիջական սերտաճումը, կախարդված, աղավաղված և գլխիվայր գրված աշխարհը, որի մեջ monsieur le Capital-ը [պարոն կապիտալը] և madame la Terre-ն [տիկին հողը], իբրև սոցիալական խարակտերներ ու միևնույն ժամանակ անմիջականորեն իբրև պարզապես իրեր, տոնում են իրենց դիվատոնը։ Կլասիկ քաղաքատնտեսության մեծ ծառայությունն այն է, որ նա խորտակեց այս կեղծ երևութականությունն ու պատրանքը, հարստության հասարակական տարբեր տարրերի այս ինքնակայացումն ու քարացումը միմյանց հանդեպ, իրերի այս անձնավորում ու արտադրության հարաբերությունների իրայնացումը, ամենօրյա կյանքի այս կրոնը, խորտակեց նրանով, որ տոկոսը հանգեցրեց շահութամասի և ռենտան հավելուրդի միջին շահույթից, այնպես որ երկուսն էլ ձուլվում են հավելյալ արժեքի մեջ. նրանով, որ շրջանառության պրոցեսը ներկայացրեց իբրև լոկ ձևերի մետամորֆոզ և, վերջապես, արտադրության անմիջական պրոցեսում ապրանքների արժեքը և հավելյալ արժեքը հանգեցրեց աշխատանքի։ Սակայն նրա պարագլուխներից նույնիսկ լավագույնները,— և դա այլ կերպ էլ չի կարող լինել բուրժուական տեսակետի տիրապետության դեպքում,— առավել կամ պակաս չափով համակված են, մնում երևութականության այն աշխարհով, որ քննադատաբար խորտակել են նրանք, ուստի և առավել կամ պակաս չափով ընկնում են անհետևողականության, կիսակատարության և անլուծելի հակասությունների մեջ։ Այս կապակցությամբ նույնքան բնական է, մյուս կողմից, որ արտադրության իսկական գործակալներն իրենց շատ լավ են զգում «կապիտալ — տոկոս, հող — ռենտա, աշխատանք — աշխատավարձ» այդ անբանական ու իրական հարաբերություններից կտրված ձևերի մեջ, որովհետև նրանք շարժվում են և ամեն օր գործ ունեն արտաքին երևութականության հենց այդ ձևերի [Gestaltungen] հետ։ Ուստի պակաս բնական չէ, որ վուլգար քաղաքատնտեսությունը, որը ոչ այլ ինչ է, բայց եթե արտադրության իսկական գործակալների ամենօրյա պատկերացույցների դիդակտիկ, առավել կամ պակաս դոկտրինյորական թարգմանությունը և որը սոսկ որոշ խելամիտ կարգ է մտցնում այդ պատկերացումների մեջ, որ նա հենց այդ եռմիասնության մեջ, որտեղ անհետացած է ամեն մի ներքին կապ, գտնում է բնական, ամեն մի տարակույսից վեր գտնվող հիմք իր դատարկ սնապարծության համար։ Միևնույն ժամանակ այս ֆորմուլան համապատասխանում է իշխող դասակարգերի շահերին, որովհետև, սա ազդարարում ու դոգմայի աստիճանի է հասցնում նրանց եկամտի աղբյուրների բնական անհրաժեշտությունը և հավիտենական արդարացումը։
Նկարագրելով, թե արտադրության հարաբերությունները ինչպես են իրայնանում և ինքնուրույնություն ձեռք բերում արտադրության գործակալների հանդեպ, մենք կանգ չենք առնում այն բանի վրա, թե ինչպես են շնորհիվ համաշխարհային շուկայի, նրա կոնյունկտուրաների, շուկայագների շարժման, վարկի պարբերաշրջանների, արդյունաբերության և առևտրի ցիկլերի, բարգավաճման և ճգնաժամի հերթափոխությունների, թե այս ամենի շնորհիվ փոխադարձ կապերն ինչպես են ներկայանում արտադրության գործակալներին իբրև անհաղթահարելի, նրանց վրա տարերայնորեն գերիշխող բնության օրենքներ և հանդես գալիս նրանց հանդեպ իբրև կույր անհրաժեշտություն։ Այս խնդիրների վրա կանգ չենք առնում այն պատճառով, որ մրցության իսկական շարժումը մեր պլանից դուրս է գտնվում և մենք նպատակ ունենք կապիտալիստական արտադրության եղանակի ներքին կազմակերպությունը ներկայացնել նրա, այսպես ասած, իդեալական-միջին տիպի մեջ։
Նախկին հասարակական ձևերի մեջ այս տնտեսական միստիֆիկացիան հանդես է գալիս գերազանցապես փողի և տոկոսաբեր կապիտալի վերաբերմամբ։ Գործի բուն իսկ էությամբ դա բացառված է, նախ, այնտեղ, որտեղ գերակշռում է արտադրությունը հանուն սպառողական արժեքի, արտադրողների անմիջական սեփական կարիքները բավարարելու համար։ Երկրորդ, այնտեղ, որտեղ, ինչպես անտիկ աշխարհում և միջին դարերում, ստրկությունը կամ ճորտությունը կազմում են հասարակական արտադրության լայն հիմքը. արտադրության պայմանների գերիշխումը արտադրողների վրա քողարկվում է այստեղ գերիշխանության և ստրկացման հարաբերություններով, որոնք հանդես են գալիս և տեսանելի են իբրև արտադրական պրոցեսի անմիջական շարժիչ ուժեր։ Սկզբնական համայնքներում, որտեղ իշխում է պրիմիտիվ կոմունիզմը, և նույնիսկ անտիկ քաղաքային համայնքներում այդ համայնական հարաբերություններն իրենք իրենց պայմաններով ներկայանում են իբրև արտադրության բազիս, ինչպես և այդ բազիսի վերարտադրությունը՝ իբրև նրանց վերջնական նպատակը։ Նույնիսկ միջնադարյան համքարություններում ոչ կապիտալը, ոչ էլ աշխատանքը չեն հանդիսանում անկապակից. ընդհակառակը, նրանց հարաբերությունները որոշվում են կորպորատիվ կառուցվածքով, նրա հետ կապված հարաբերություններով և պրոֆեսիոնալ պարտքի, վարպետի դրության վերաբերյալ և այլ պատկերացումներով, որոնք համապատասխանում են այդ հարաբերություններին։ Միայն արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններում...
ՔԱՌԱՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊՐՈՑԵՍԻ ԱՆԱԼԻԶԻ ՇՈՒՐՋԸ
Մեր առաջիկա հետազոտության մեջ կարող ենք մի կողմ թողնել արտադրության գնի և արժեքի տարբերությունը, որովհետև այդ տարբերությունն առհասարակ ընկնում է, եթե, ինչպես մենք անում ենք տվյալ դեպքում, քննարկենք աշխատանքի ամբողջ տարեկան արդյունքի, այսինքն հասարակական ամբողջ կապիտալի արդյունքի արժեքը։
Շահույթը (ձեռնարկուական եկամուտը պլյուս տոկոս) և ռենտան ոչ այլ ինչ են, բայց եթե յուրահատուկ ձևեր, որ ընդունում են ապրանքների հավելյալ արժեքի առանձին մասերը։ Հավելյալ արժեքի մեծությունը այն մասերի ընդհանուր մեծության սահմանն է, որոնց նա կարող է տրոհվել։ Այս պատճառով միջին շահույթ պլյուս ռենտա հավասար է հավելյալ արժեքի։ Հնարավոր է, որ ապրանքներում ամփոփված հավելյալ աշխատանքի, ուստի և հավելյալ արժեքի մի մասը ուղղակի չի մտնում միջին շահույթի հավասարեցման մեջ, այնպես որ ապրանքային արժեքի մի մասը առհասարակ արտահայտություն չի ստանում համապատասխան ապրանքի գնի մեջ։ Բայց, նախ, սա փոխհատուցվում է կամ նրանով, որ շահույթի նորման աճում է, եթե իր արժեքից ցածր վաճառված ապրանքը կազմում է հաստատուն կապիտալի տարր, կամ նրանով, որ շահույթն ու ռենտան ներկայացված են ավելի մեծ քանակությամբ արդյունքի մեջ, եթե իր արժեքից ցածր վաճառված ապրանքը իբրև անձնական սպառման առարկա մտնում է արժեքի այն մասի մեջ, որը սպառվում է իբրև եկամուտ։ Իսկ, երկրորդ, այդ տատանումները միջին հաշվով փոխադարձաբար ոչնչացվում են։ Համենայն դեպս, եթե նույնիսկ ապրանքագնի մեջ արտահայտություն չստացած հավելյալ արժեքի մի որոշ մասը կորսված է հանդիսանում գնագոյացման համար, միջին շահույթի և իր նորմալ ձևով վերցրած ռենտայի գումարը երբեք չի կարող ավելի լինել ամբողջ հավելյալ արժեքից, թեև նրանից պակաս կարող է լինել։ Նրա նորմալ ձևը ենթադրում է բանվորական ուժի արժեքին համապատասխանող մի աշխատավարձ։ Նույնիսկ մոնոպոլ ռենտան, որչափով որ նա հանուրդ չէ աշխատավարձից, հետևաբար, չի կազմում հատուկ կատեգորիա, անուղղակի կերպով մշտապես անխուսափելիորեն կազմում է հավելյալ արժեքի մի մաս։ Եթե նա չի էլ գոյացնում գնի հավելուրդամաս այն իսկ ապրանքի արտադրագնի նկատմամբ, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում (ինչպես դիֆերենցիալ ռենտայի դեպքում), կամ եթե նա չի էլ գոյացնում այն իսկ ապրանքի հավելյալ արժեքի հավելուրդամասը, որի բաղկացուցիչ մասն է նա ներկայացնում, նրա սեփական հավելյալ արժեքի մասի հանդեպ, արժեք, որ չափվում է միջին շահույթով (ինչպես բացարձակ ռենտայի դեպքում), ապա այնուամենայնիվ նա կազմում է ուրիշ ապրանքների հավելյալ արժեքի մի մասը, այսինքն ապրանքների, որ փոխանակվում են մոնոպոլ գին ունեցող այդ ապրանքի հետ։— Միջին շահույթի և հողային ռենտայի գումարը երբեք չի կարող գերազանցել այն մեծությունից, որի մասերն են այդ շահույթն ու ռենտան և որն արդեն տրված է մինչև այդ բաժանումը։ Ուստի մեր հետազոտության համար նշանակություն չունի, իրացվում է ապրանքների գնի մեջ ապրանքների ամբողջ հավելյալ արժեքը, այսինքն ապրանքներում ամփոփված ամբողջ հավելյալ աշխատանքը, թե ոչ։ Հավելյալ աշխատանքն ամբողջովին չի իրացվում հենց այն պատճառով, որ տվյալ ապրանքի արտադրության համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատաքանակի մշտական փոփոխության դեպքում, որը բխում է աշխատանքի արտադրողականության մշտական փոփոխությունից, ապրանքների մի մասը մշտապես արտադրվում է աննորմալ պայմաններում, ուստի և հարկ է լինում դրանք վաճառել իրենց անհատական արժեքից ցածր։ Համենայն դեպս շահույթ պլյուս ռենտա հավասար են ամբողջ իրացված հավելյալ արժեքին (հավելյալ աշխատանքին և այն հետազոտության համար, որի մասին խոսվում է այստեղ, իրացված հավելյալ արժեքը հավասար կարելի է համարել ամբողջ հավելյալ արժեքին, որովհետև շահույթն ու ռենտան հանդիսանում են իրացված հավելյալ արժեք, հետևաբար, այն հավելյալ արժեքը, որ առհասարակ մտնում է ապրանքագների մեջ, հետևաբար, գործնականապես այն ամբողջ հավելյալ արժեքը, որ հանդիսանում է այդ գնի բաղկացուցիչ մասը։
Մյուս կողմից՝ աշխատավարձը, որ կազմում է եկամտի երրորդ յուրահատուկ ձևը, մշտապես հավասար է կապիտալի փոփոխուն բաղկացուցիչ մասին, այսինքն այն բաղկացուցիչ մասին, որը ծախսվում է ոչ թե աշխատանքի միջոցների, այլ կենդանի բանվորական ուժ գնելու, բանվորներին վճարելու համար։ (Եկամտի ծախսմանը ծառայող աշխատանքը վճարվում է այղ աշխատանքը գործադրողներին պատկանող աշխատավարձից, շահույթից կամ ռենտայից, ուստի և չի կազմում այն ապրանքների արժեքի մի մասը, որոնցով նա վճարվում է։ Այսպիսով, նա նկատի չէ առնվում ապրանքների արժեքը և այն բաղկացուցիչ մասերը վերլուծելիս, որոնց տրոհվում է նա)։ Փոփոխուն կապիտալի արժեքը, հետևաբար և աշխատանքի գինը վերարտադրվում է բանվորների ամբողջ բանվորական օրվա իրայնացված մասում, ապրանքային արժեքի այն մասում, որում բանվորը վերարտադրում է իր սեփական բանվորական ուժի արժեքը կամ իր աշխատանքի գինը։ Բանվորի ամբողջ բանվորական օրը բաժանվում է երկու մասի։ Մեկ մասն այն է, որի ընթացքում նա կատարում է աշխատանքի մի քանակ, որն անհրաժեշտ է իր սեփական կենսամիջոցների արժեքը վերարտադրելու համար, այն է՝ իր ամբողջ աշխատանքի վճարված մասը, այն մասը, որ անհրաժեշտ է նրա սեփական պահպանման և վերարտադրության համար։ Բանվորական օրվա մնացած ամբողջ մասը, աշխատանքի այն ամբողջ հավելուրդաքանակը, որ նա կատարում է իր աշխատավարձի արժեքի մեջ իրացված աշխատանքից դուրս, հավելյալ աշխատանք է, չվճարված աշխատանք՝ ներկայացված նրա ամբողջ ապրանքային արդյունքի հավելյալ արժեքի (ուստի և հավելյալ քանակությամբ ապրանքի) մեջ, հավելյալ արժեքի, որն իր հերթին տրոհվում է տարբեր անուններ կրող մասերի՝ շահույթի (ձեռնարկուական եկամուտ պլյուս տոկոս) և ռենտայի։
Եվ այսպես, ապրանքների արժեքի այն ամբողջ մասը, որի մեջ իրացվում է բանվորների ամբողջ աշխատանքը, որը միակցվում է մեկ օրվա կամ մեկ տարվա ընթացքում, տարվա մեջ այդ աշխատանքի ստեղծած արդյունքի ամբողջ արժեքը տրոհվում է աշխատավարձի արժեքի, շահույթի և ռենտայի։ Որովհետև այդ ամբողջ աշխատանքը տրոհվում է անհրաժեշտ աշխատանքի, որի միջոցով բանվորն ստեղծում է արդյունքի արժեքի այն մասը, որով վարձատրվում է նա ինքը, այսինքն աշխատավարձը, և չվճարված հավելյալ աշխատանքի, որի միջոցով նա ստեղծում է արդյունքի արժեքի այն մասը, որ ներկայացնում է հավելյալ արժեք և հետագայում տրոհվում է շահույթի և ռենտայի։ Բացի այդ աշխատանքից, բանվորը ոչ մի այլ աշխատանք չի կատարում, և բացի արդյունքի ամբողջ արժեքից, որն ընդունում է աշխատավարձի, շահույթի, ռենտայի ձևեր, նա ոչ մի արժեք չի ստեղծում։ Տարեկան արդյունքի արժեքը, որի մեջ ներկայացվում է տարվա ընթացքում նրա կողմից միակցված նոր աշխատանքը, հավասարվում է աշխատավարձին կամ փոփոխուն կապիտալի արժեքին պլյուս հավելյալ արժեքը, որն իր հերթին տրոհվում է շահույթի և ռենտայի ձևերի։
Եվ այսպես, տարեկան արդյունքի արժեքի այն ամբողջ մասը, որ ստեղծում է բանվորը տարվա ընթացքում, արտահայտվում է երեք եկամուտների արժեքի տարեկան գումարով՝ աշխատավարձի, շահույթի և ռենտայի։ Ուստի ակներև է, որ տարվա ընթացքում ստեղծվող արդյունքի արժեքի մեջ կապիտալի հաստատուն մասի արժեքը չի վերարտադրվում, որովհետև աշխատավարձը սոսկ հավասար է կապիտալի փոփոխուն մասի արժեքին, որ կանխավճարված է արտադրության համար, իսկ ռենտան և շահույթը հավասար են միայն հավելյալ արժեքին, արժեքի արտադրված հավելուրդին կանխավճարված կապիտալի ամբողջ արժեքի նկատմամբ, որը հավասար է հաստատուն կապիտալի արժեքին պլյուս փոփոխուն կապիտալի արժեքը։
Այստեղ լուծելիք դժվարության տեսակետից բոլորովին դեր չի խաղում այն հանգամանքը, որ շահույթի և ռենտայի ձևի փոխարկված հավելյալ արժեքի մի մասը չի սպառվում իբրև եկամուտ, այլ ծառայում է կուտակման համար։ Նրա այն մասը, որ խնայվում է իբրև կուտակման ֆոնդ, ծառայում է նոր, լրացուցիչ կապիտալ գոյացնելու, բայց ոչ հին կապիտալի այն հին բաղկացուցիչ մասը հատուցելու համար, որ ծախսված է ինչպես բանվորական ուժի, այնպես էլ աշխատանքի միջոցների համար։ Հետևաբար, պարզացման նպատակով այստեղ կարելի է ընդունել, որ եկամուտներն ամբողջովին ծախսվել են անձնական սպառման վրա։ Երկակի դժվարություն է ներկայանում։ Մեկ կողմից՝ տարեկան արդյունքի արժեքը, որի ձևով սպառվում են այդ եկամուտները — աշխատավարձը, շահույթը, ռենտան — իր մեջ պարունակում է որոշ արժեքամաս, որ հավասար է նրա մեջ մտած կապիտալի հաստատուն մասի արժեքին։ Նա պարունակում է իր մեջ այդ արժեքամասը, բացի այն արժեքամասից, որը հանգում է աշխատավարձի, և այն մասից, որը բաժանվում է շահույթի և ռենտայի։ Հետևաբար, տարեկան արդյունքի արժեքը = աշխատավարձին + շահույթ + ռենտա + C, ընդ որում վերջինս նրա արժեքի հաստատուն մասն է։ Հապա ի՞նչպես կարող է տարվա ընթացքում արտադրված արժեքը, որ հավասար է սոսկ աշխատավարձին + շահույթ + ռենտա, գնել մի արդյունք, որի արժեքը = (աշխատավարձին + շահույթ + ռենտա) + C։ Ի՞նչպես կարող է տարվա ընթացքում արտադրված արժեքի գնել մի արդյունք, որն իրենից ավելի բարձր արժեք ունի։
Մյուս կողմից՝ եթե մենք մի կողմ թողնենք հաստատուն կապիտալի այն մասը, որը չի մտել արդյունքի մեջ և որն այդ պատճառով, թեկուզ և պակասած արժեքով, շարունակում է գոյություն ունենալ ապրանքների տարեկան արտադրությունից հետո, ինչպես և մինչ այդ, եթե մենք այսպիսով միառժամանակ վերանանք կիրառված, բայց չսպառված հիմնական կապիտալից, ապա կպարզվի, որ կանխավճարված կապիտալի հաստատուն մասը հումքի և օժանդակ նյութերի ձևով ամբողջովին մտել է նոր արդյունքի մեջ, մինչդեռ աշխատամիջոցների մի մասը ամբողջովին սպառված է, իսկ մյուսը՝ սոսկ մասամբ է օգտագործվածդ այնպես որ նրա արժեքի մի մասն է միայն սպառված արտադրության մեջ։ Հաստատուն կապիտալի այս ամբողջ մասը, որ սպառված է արտադրության մեջ, պետք է փոխհատուցվի in natura [բնեղենով]։ Ենթադրելով, որ մնացած բոլոր պայմանները, առանձնապես աշխատանքի արտադրողական ուժը, չեն փոխվել, այդ մասի փոխհատուցման համար կպահանջվի հենց նույն չափ աշխատանք, որչափ և առաջ, այսինքն այդ մասը պետք է փոխհատուցվի հավասարամեծ արժեքով։ Հակառակ դեպքում ինքը վերարտադրությունը չի կարող կատարվել նախկին մասշտաբով։ Բայց ո՞վ պետք է կատարի այդ աշխատանքները և ո՞վ է կատարում։
Ինչ վերաբերում է առաջին դժվարությանը,— թե ով պետք է վճարի արդյունքի մեջ ամփոփված արժեքի հաստատուն մասը և ինչով,— ապա ենթադրվում է, որ արտադրության մեջ սպառված հաստատուն կապիտալի արժեքը նորից հանդես է դալիս իբրև արդյունքի արժեքամաս։ Սա չի հակասում երկրորդ դժվարության նախադրյալներին, որովհետև արդեն I գրքի V գլխում (աշխատանքի պրոցեսը և արժեքի աճման պրոցեսը)** [Տես 3 ծան. հետո] ցույց է տրված, թե ինչպես նոր աշխատանքի պարզ միակցման միջոցով, աշխատանք, որ թեև չի վերարտադրում հին արժեքը, այլ սոսկ ստեղծում է ավելագրում նրան, ստեղծում է սոսկ ավելադիր արժեք) այնուամենայնիվ միաժամանակ արդյունքի մեջ պահպանվում է հին արժեքը։ Բայց միևնույն ժամանակ ցույց է տրվել, որ այդ կատարվում է աշխատանքով ոչ այն չափով, որ չափով սա արտադրում է արժեք, այսինքն հանդիսանում է աշխատանք ընդհանրապես, այլ որ չափով որ սա գործում է իբրև որոշ արտադրողական աշխատանք։ Այսպիսով, լրացուցիչ աշխատանք չի պահանջվում հաստատուն մասի արժեքը պահպանելու համար այն արդյունքի մեջ, որի վրա ծախսվում է եկամուտը, այսինքն տարվա ընթացքում ստեղծված ամբողջ արժեքը։ Բայց, իհարկե, նոր լրացուցիչ աշխատանք է պահանջվում փոխհատուցելու համար այն հաստատուն կապիտալը, որի արժեքն ու սպառողական արժեքը սպառվել են նախընթաց տարում. առանց այսպիսի փոխհատուցման վերարտադրությունն առհասարակ անհնարին է։
Նոր միակցված ամբողջ աշխատանքը ներկայացված է տարվա ընթացքում նոր ստեղծված արժեքի մեջ, որն իր հերթին, ամբողջովին փոխարկվում է եկամտի երեք տեսակի՝ աշխատավարձի, շահույթի և ռենտայի։ Կնշանակի՝ մի կողմից՝ ավելադիր հասարակական աշխատանք չի մնում փոխհատուցելու համար սպառված հաստատուն կապիտալը, որ ենթակա է վերականգնման մասամբ in natura և իր արժեքով, մասամբ էլ միայն իր արժեքով (որչափով որ խնդիրը վերաբերում է պարզապես հիմնական կապիտալի մաշվածքին)։ Մյուս կողմից՝ տարեկան աշխատանքով ստեղծված արժեքը, որ տրոհվում է աշխատավարձի, շահույթի և ռենտայի և այդ ձևերով ենթակա է ծախսման, անբավարար է թվում վճարելու կամ գնելու համար կապիտալի հաստատուն մասը, որը պետք է գտնվի արդյունքի մեջ՝ նոր ստեղծված արժեքից դուրս։
Մենք տեսնում ենք, որ այստեղ դրված պրոբլեմն արդեն լուծված է հասարակական ամբողջ կապիտալի վերարտադրությունը II գրքի III բաժնում*** [Տես 3 ծան. հետո] հետազոտելիս։ Այստեղ մենք վերադառնում ենք այդ առարկային ամենից առաջ այն պատճառով, որ այնտեղ հավելյալ արժեքը դեռ չէր ծավալված եկամտի իր ձևերով՝ շահույթ (ձեռնարկուական եկամուտ պլյուս տոկոս) և ռենտա, ուստի և չէր կարող քննարկվել այդ ձևերով. ապա նաև այն պատճառով, որ հենց աշխատավարձի, շահույթի ու ռենտայի ձևին, դրանց անալիզի ընթացքում, հարում է մի անհավատալի սխալանք, որը, սկսած Ա. Սմիթից, անցնում է ամբողջ քաղաքատնտեսության միջով։
Մենք այնտեղ [II հատորում] ամբողջ կապիտալը բաժանել ենք երկու մեծ դասի. I դաս, որ արտադրում է արտադրամիջոցներ, և II դաս, որ արտադրում է անհատական սպառման միջոցներ։ Այն հանգամանքը, որ որոշ արդյունքներ կարող են նույն հաջողությամբ ծառայել անբնական օգտագործման համար, ինչպես և որպես արտադրության միջոցներ (ձի, հացահատիկ և այլն), բնավ չի վերացնում այս բաժանման բացարձակ ծուռությունը։ Եվ սա իրոք հիպոթեզ չէ, այլ սոսկ փաստի արտահայտություն։ Վերցնենք որևէ երկրի տարեկան արդյունքը։ Սրա մի մասը, արտադրամիջոց ծառայելու ինչպիսի ընդունակություն էլ որ նա ունենա, մտնում է անհատական սպառման մեջ։ Սա այն արդյունքն է, որի վրա ծախսվում է աշխատավարձը, շահույթը և ռենտան։ Այս արդյունքը հասարակական կապիտալի որոշակի ստորաբաժանման արդյունք է։ Հնարավոր է, որ այդ նույն կապիտալը արտադրում է նաև I դասին պատկանող արդյունքներ։ Որչափով որ այդ այդպես է, I դասին պատկանող և արտադրողաբար սպառվող արդյունքները մատակարարվում են կապիտալի ոչ այն մասով, որ գործադրված է II դասի արդյունքի վրա, այնպիսի արդյունքի վրա, որն իրոք բաժին է ընկնում անհատական սպառման։ Այս ամբողջ II արդյունքը, որ մտնում է անհատական սպառման մեջ և որի վրա ուրեմն եկամուտ է ծախսվում, ներկայացնում է նրա վրա սպառված կապիտալի կեցությունը՝ պլյուս արտադրված ավելցուկը։ Այսպիսով, դա այն կապիտալի արդյունքն է, որ ներդրված է միայն սպառման միջոցների արտադրության մեջ։ Եվ նմանապես տարեկան արդյունքի I ստորաբաժանումը, որ ծառայում է իբրև վերարտադրության միջոց — հումք և աշխատանքի գործիքներ — իբրև սպառման միջոց ծառայելու ինչպիսի ընդունակություն էլ որ ունենա այդ արդյունքը naturaliter [ըստ իր բնության], հանդիսանում է բացառապես արտադրամիջոցների արտադրության մեջ ներդրված կապիտալի արդյունք։ Հաստատուն կապիտալ կազմող արդյունքների անհամեմատ ավելի մեծ մասը իրայնապես ևս գոյություն ունի այնպիսի ձևով, որով նրանք չեն կարող անհատական սպառման մեջ մտնել։ Որչափով որ սա հնարավոր է արդյունքի մի մասի համար, որչափով որ, օրինակ, գյուղացին կարող է ուտել իր սերմացուն կամ մորթել իր բանող անասունները, այդ մասի նկատմամբ գոյություն ունեցող տնտեսական սահմանափակումը լիովին այն նույն դրությունն է ստեղծում, որ կարծեք այդ մասը գոյություն ունենար սպառման համար ոչ պիտանի ձևով։
Ինչպես արդեն ասվեց, երկու դասերի քննարկման ժամանակ էլ մենք վերանում ենք հաստատուն կապիտալի հիմնական մասից, որը շարունակում է գոյություն ունենալ in natura և իր արժեքով, անկախ երկու դասերի տարեկան արդյունքից։
II դասում, որի արդյունքների վրա ծախսվում են աշխատավարձ, շահույթ և ռենտա, կարճ ասած՝ եկամուտներ են սպառվում, արդյունքն իր հերթին կազմված է ըստ արժեքի երեք բաղկացուցիչ մասերից։ Մեկ բաղկացուցիչ մասը հավասար է արտադրության մեջ սպառված կապիտալի հաստատուն մասի արժեքին։ Մյուս բաղկացուցիչ մասը հավասար է արտադրության համար կանխավճարված կապիտալի այն փոփոխուն մասի արժեքին, որ ծախսված է աշխատավարձի վրա։ Վերջապես, երրորդ բաղկացուցիչ մասը հավասար է արտադրված հավելյալ արժեքին, այսինքն = շահույթին + ռենտան։ II դասի արդյունքի առաջին բաղկացուցիչ մասը, կապիտալի հաստատուն մասի արժեքը, չի կարող սպառվել ոչ II դասի կապիտալիստների ու բանվորների կողմից, ոչ էլ հողի սեփականատերերի ձեռքով։ Նա չի կազմում նրանց եկամտի որևէ մասը, բայց պետք է փոխհատուցվի in natura իսկ որպեսզի այդ կարողանա տեղի ունենալ, նա պետք է վաճառվի։ Ընդհակառակը, այդ արդյունքի մնացած երկու բաղկացուցիչ մասերը հավասար են այդ դասում արտադրված եկամուտների արժեքին + աշխատավարձին + շահույթը + ռենտան։
I դասում արդյունքն ըստ ձևի կազմված է նույնպիսի բաղկացուցիչ մասերից։ Բայց այն մասը, որ այստեղ կազմում է եկամուտ, աշխատավարձ շահույթ + ռենտա, կարճ՝ կապիտալի փոփոխուն մասը + հավելյալ արժեքը, այստեղ սպառվում է ոչ թե այդ I դասի արդյունքների նատուրալ ձևով, այլ II դասի արդյունքների միջոցով։ Հետևաբար, I դասի եկամուտների արժեքը պետք է սպառվի II դասի արդյունքի այն մասի ձևով, որը կազմում է այդ դասի փոխհատուցման ենթակա հաստատուն կապիտալը։ II դասի արդյունքի մի մասը, որ պետք է փոխհատուցի նրա հաստատուն կապիտալը, գործ է ածվում իր նատուրալ ձևով I դասի բանվորների, կապիտալիստների և հողային սեփականատերերի կողմից։ Նրանք իրենց եկամուտները ծախսում են այդ II արդյունքի վրա։ Մյուս կողքից՝ I դասի արդյունքը, որչափով որ նա ներկայացնում է I դասի եկամուտ, իր նատուրալ ձևով արտադրողաբար սպառվում է II դասի կողմից, որի հաստատուն կապիտալը նա փոխհատուցում է in natura։ Վերջապես, I դասի կապիտալի սպառված հաստատուն մասը փոխհատուցվում է այդ դասի սեփական արդյունքներով, որոնք հենց կազմված են աշխատամիջոցներից, հումքից, օժանդակ նյութերից և այլն, մասամբ փոխհատուցվում է I կապիտալիստների փոխանակության միջոցով միմյանց հետ, մասամբ էլ նրանով, որ այդ կապիտալիստների մի մասը կարող է իր սեփական արդյունքն անմիջականորեն կիրառել նորից իբրև արտադրամիջոց։
Վերցնենք պարզ վերարտադրության նախկին սխեման (II գիրք, XX գլ., II)**** [Տես 3 ծան. հետո].
I. | 4 000 | c + | 1 000 | v + | 1 000 | m = | 6 000 | = 9 000. | |
II. | 2 000 | c + | 500 | v + | 500 | m = | 3 000 |
Սրա համաձայն II-ում արտադրողներն ու հողային սեփականատերերն իբրև եկամուտ սպառում են 500 v + 500 m = 1 000. մնում է փոխհատուցելու 2 000 c։ Սա սպառում են I դասի բանվորները, կապիտալիստները և ռենտա ստացողները, որոնց եկամուտը = 1 000 v + 1 000 m = 2 000։ II-ի սպառվող արդյունքն իբրև եկամուտ սպառում է I դասը, իսկ I դասի եկամտի մի մասը, որ ներկայացված է սպառման ոչ-ենթակա արդյունքի մեջ, սպառվում է իբրև II-ի հաստատուն կապիտալ։ Հետևաբար, մնում է հաշիվ տալ I դասի 4 000 c-ի վերաբերմամբ։ Սա փոխհատուցվում է I սեփական արդյունքից = 6 000 կամ, ավելի ճիշտ, = 6 000 — 2 000, քանի որ այդ 2 000-ը II-ի համար արդեն փոխարկված է հաստատուն կապիտալի։ Հարկավոր է նկատել, որ թվերն, իհարկե, վերցված են կամայականորեն, ուստի և I եկամտի արժեքի և II հաստատուն կապիտալի արժեքի միջև հարաբերությունն էլ կամայական է թվում։ Սակայն ակներև է, որ եթե վերարտադրության պրոցեսը կատարվում է նորմալ կերպով և չփոփոխվող այլ պայմաններում, հետևաբար, մի կողմ թողնելով կուտակումը, ապա I դասի աշխատավարձի, շահույթի և ռենտայի արժեքի գումարը պետք է հավասարվի II դասի կապիտալի հաստատուն մասի արժեքին։ Հակառակ դեպքում կամ II դասը չի կարող փոխհատուցել իր հաստատուն կապիտալը, կամ I դասը հնարավորություն չի ունենա իր եկամուտը անսպառունակից փոխարկելու սպառունակ ձևի։
Եվ այսպես, ապրանքային տարեկան արդյունքի արժեքը, ճիշտ այնպես, ինչպես և կապիտալի առանձին ծախքի ապրանքային արդյունքի արժեքը և յուրաքանչյուր եզակի ապրանքի արժեքը տրոհվում է արժեքի երկու բաղկացուցիչ մասի. մեկը A, որ փոխհատուցում է կանխավճարված հաստատուն կապիտալի արժեքը, և մյուսը B, որ հանդես է գալիս եկամտի ձևով իբրև աշխատավարձ, շահույթ և ռենտա։ Արժեքի վերջին բաղկացուցիչ մասը՝ B-ն, այն տեսակետից է հակադրություն ներկայացնում առաջնին՝ A-ին, որ A-ն այլ հավասար պայմաններում 1) երբեք եկամտի ձև չի ընդունում, 2) շարունակ վերադառնում է կապիտալի, այն է հաստատուն կապիտալի ձևով։ Սակայն մյուս բաղկացուցիչ մասն էլ՝ B-ն, իր հերթին հակադրություն է պարունակում իր մեջ։ Շահույթը և ռենտան նմանության այն ընդհանուր գիծն ունեն աշխատավարձի հետ, որ երեքն էլ ներկայացնում են եկամտի ձևեր։ Չնայած սրան, նրանք միմյանցից էապես տարբերվում են նրանով, որ շահույթի և ռենտայի մեջ ներկայացված է հավելյալ արժեքը, այսինքն չվճարված աշխատանքը, աշխատավարձի մեջ՝ վճարված աշխատանքը։ Արդյունքի արժեքի մի մասը, որ ներկայացնում է ծախսված աշխատավարձ, այսինքն փոխհատուցում է աշխատավարձը և որը մեր այն ենթադրությամբ, թե վերարտադրությունը կատարվում է նույն մասշտաբով և նույն պայմաններում, նորից փոխարկվում է աշխատավարձի,— այդ մասը ետ է հոսում ամենից առաջ իբրև փոփոխուն կապիտալ, իբրև կապիտալի բաղկացուցիչ մաս, որը պետք է կրկին կանխավճարվի վերարտադրության համար։ Այս բաղկացուցիչ մասը գործում է երկակի կերպով։ Նա գոյություն ունի նախ կապիտալի ձևով և փոխանակվում է իբրև այդպիսին բանվորական ուժով։ Բանվորի ձեռքում նա փոխարկվում է եկամտի, որը նա ստանում է իր բանվորական ուժը վաճառելուց, փոխանակվում է իբրև եկամուտ կենսամիջոցներով և սպառվում է։ Այս կրկնակի պրոցեսը երևան է գալիս փողային շրջանառության միջոցով։ Փոփոխուն կապիտալը կանխավճարվում է փողով, վճարվում է աշխատավարձի ձևով։ Սա նրա առաջին ֆունկցիան է իբրև կապիտալի։ Նա փոխանակվում է բանվորական ուժով և փոխարկվում աշխատանքի, որն այդ բանվորական ուժի դրսևորումն է։ Այսպես է ընթանում պրոցեսը կապիտալիստի համար։ Բայց, երկրորդ, բանվորներն այդ փողով գնում են իրենց ապրանքային արդյունքի մի մասը, որ չափվում է այդ փողով, և սպառում իբրև եկամուտ։ Եթե վերանանք փողային շրջանառությունից, ապա բանվորի արդյունքի մի մասը կգտնվի կապիտալիստի ձեռքում առկա եղած կապիտալի ձևով։ Այս մասը նա կանխավճարում է իբրև կապիտալ, տալիս է բանվորին բանվորական նոր ուժի հանդեպ, այնինչ բանվորը դա սպառում է իբրև եկամուտ անմիջականորեն կամ ուրիշ ապրանքներով փոխանակելու միջոցով։ Այսպիսով, արդյունքի արժեքի մի մասը, որ վերարտադրելիս նախանշված է փոխարկվելու աշխատավարձի, եկամտի բանվորների համար, ամենից առաջ ետ է հոսում կապիտալիստի ձեռքը իբրև կապիտալ, ավելի ճիշտ՝ իբրև փոփոխուն կապիտալ։ Այն հանգամանքը, որ նա ետ է հոսում այդ ձևով, հանդիսանում է շարունակ նորոգվող վերարտադրության էական պայմանը աշխատանքի համար, որը վերարտադրվում է իբրև վարձու աշխատանք, արտադրամիջոցների համար, որոնք վերարտադրվում են իբրև կապիտալ և բուն արտադրության պրոցեսի համար, որը վերարտադրվում է իբրև կապիտալիստական արտադրության պրոցես։
Անօգուտ դժվարություններ չստեղծելու և նրանցում չխճճվելու համար անհրաժեշտ է համախառն ստացույթը [Rohertrag] և զուտ պրոդուկտը տարբերել համախառն եկամտից և զուտ եկամտից։
Համախառն ստացույթը կամ համախառն արդյունքը վերարտադրված ամբողջ արդյունքն է։ Չհաշված հիմնական կապիտալի կիրառված, բայց չսպառված մասը, համախառն ստացույթի կամ համախառն արդյունքի արժեքը հավասար է կանխավճարված և արտադրության մեջ սպառված հաստատուն և փոփոխուն կապիտալի արժեքին, պլյուս հավելյալ արժեքը, որ տրոհվում է շահույթի և ռենտայի։ Կամ եթե քննարկենք ոչ թե եզակի կապիտալի, այլ ամբողջ հասարակական կապիտալի արդյունքը, ապա համախառն ստացույթը հավասար կլինի հաստատուն և փոփոխուն կապիտալները գոյացնող իրային տարրերին պլյուս հավելյալ արդյունքի իրային տարրերը, որոնց մեջ ներկայացված են շահույթը և ռենտան։
Համախառն եկամուտը արժեքի այն մասն է և սրանով չափվող համախառն արդյունքի [Bruttoprodukts oder Rohprodukts] այն մասը, որը մնում է ամբողջ արտադրության մեջ արժեքի մի մասը (և արդյունքի նրանով չափվող մասը) հանելուց հետո, այն մասը, որը փոխհատուցում է արտադրության մեջ ներդրված և նրանում սպառված հաստատուն կապիտալը։ Համախառն եկամուտը, հետևաբար, հավասար է աշխատավարձին (կամ արդյունքի այն մասին, որը նախանշված է նորից բանվորի եկամտի վերածվելու) + շահույթը + ռենտան։ Այնինչ զուտ եկամուտը հավելյալ արժեք է, հետևաբար՝ հավելյալ արդյունք, որ մնում է աշխատավարձը հանելուց հետո և իրենից ներկայացնում է կապիտալի կողմից իրացված և հողատիրոջ հետ բաժանման ենթակա հավելյալ արժեք և սրանով չափվող հավելյալ արդյունք։
Մենք տեսանք, որ յուրաքանչյուր առանձին ապրանքի արժեքը և յուրաքանչյուր առանձին կապիտալի ամբողջ ապրանքային արդյունքի արժեքը տրոհվում է երկու մասի. մեկը, որ միայն փոխհատուցում է հաստատուն կապիտալը, և մյուսը, որ,— թեև նրա որոշ բաժինը ետ է հոսում իբրև փոփոխուն կապիտալ, կնշանակի ետ է հոսում նույնպես կապիտալի ձևով,— այնուամենայնիվ նախանշված է ամբողջովին փոխարկվելու համախառն եկամտի և ընդունելու աշխատավարձի, շահույթի ու ռենտայի ձև, որոնց գումարը կազմում է համախառն եկամուտը։ Մենք տեսանք այնուհետև, որ միևնույն բանն է նկատվում նաև հասարակության ամբողջ տարեկան արդյունքի արժեքի վերաբերմամբ։ Եզակի կապիտալիստի արդյունքի և հասարակության արդյունքի միջև տարբերությունը լոկ հետևյալն է. առանձին կապիտալիստի տեսակետից զուտ եկամուտը տարբերվում է համախառն եկամտից, որովհետև վերջինս իր մեջ է ամփոփում աշխատավարձը, իսկ առաջինը բացառում է նրան։ Իսկ եթե քննարկենք ամբողջ հասարակության եկամուտը, ապա կտեսնենք, որ ազգային եկամուտը կազմված է աշխատավարձից պլյուս շահույթը, պլյուս ռենտան, այսինքն համախառն եկամտից։ Սակայն, սա էլ մի աբստրակցիա է, որովհետև կապիտալիստական արտադրության պայմաններում ամբողջ հասարակությունը կանգնում է կապիտալիստական տեսակետի վրա և զուտ եկամուտ է համարում սոսկ այն եկամուտը, որ տրոհվում է շահույթի և ռենտայի։
Ընդհակառակը՝ այն ֆանտազիան, ինչպես, օրինակդ պ. Սեյի մոտ, թե իբր ամբողջ ստացույթը, համախառն ամբողջ արդյունքը ազգի համար փոխարկվում է զուտ ստացույթի կամ չի տարբերվում նրանից, հետևաբար, իբր թե այդ տարբերությունը դադարում է գոյություն ունենալուց ազգային տեսակետից,— այդ ֆանտազիան լոկ այն անհեթեթ դոգմայի անհրաժեշտ ու ծայրահեղ արտահայտությունն է, որ անցնում է ամբողջ քաղաքատնտեսության միջով սկսած Ա. Սմիթի ժամանակներից, թե իբր ապրանքների արժեքը վերջին հաշվով ամբողջովին տրոհվում է եկամուտների՝ աշխատավարձի, շահույթի և ռենտայի[4]։
Բնական է, որ երբ խնդիրը վերաբերում է յուրաքանչյուր առանձին կապիտալիստի, չափազանց հեշտ է հասկանալ, որ նրա արդյունքի մի մասը պետք է նորից փոխարկվի կապիտալի (նույնիսկ մի կողմ թողնելով վերարտադրության ընդլայնումը կամ կուտակումը) և այն էլ ոչ միայն փոփոխուն կապիտալի, որի նշանակում է, իր հերթին, դարձյալ փոխարկվել եկամտի բանվորի համար, այսինքն եկամտի ձևի, այլև հաստատուն կապիտալի, որը երբեք եկամտի փոխարկվել չի կարող։ Ամենապարզ դիտողությունն արտադրության պրոցեսի նկատմամբ ակներև է դարձնում այս։ Դժվարությունն սկսվում է սոսկ այն ժամանակ, երբ արտադրության պրոցեսը քննարկվում է ընդհանուր առմամբ և իր ամբողջությամբ։ Արդյունքի այն ամբողջ մասի արժեքը, որն սպառվում է իբրև եկամուտ՝ աշխատավարձի, շահույթի և ռենտայի ձևով (ընդ որում բոլորովին միևնույն է՝ դա կլինի անձնական թե արտադրողական սպառում), իրոք ամբողջությամբ, ինչպես ցույց է տալիս անալիզը, ծածկվում է այն արժեքի գումարով, որ կազմված է աշխատավարձից պլյուս շահույթը, պլյուս ռենտան, այսինքն երեք եկամուտների ամբողջ արժեքով, թեև արդյունքի այդ մասի արժեքը ճիշտ այնպես, ինչպես եկամտի մեջ՝ չմտնող մասինը, պարունակում է արժեքի մի մասը = C, որ հավասար է հաստատուն կապիտալի այդ մասերում ամփոփված արժեքին, հետևաբար, prima facie չի կարող սահմանափակվել եկամտի արժեքով։ Այս հանգամանքը, որ մի կողմից գործնականապես անվիճելի փաստ է, իսկ մյուս կողմից՝ նույնքան անվիճելի թեորիական հակասություն, դժվարություն է ներկայացնում, որից խույս տալու ամենահեշտ միջոցն է այն պնդումը, թե ապրանքային արժեքը միայն երևութապես է, առանձին կապիտալիստի տեսակետից, իր մեջ ամփոփում եկամտի ձևով գոյություն ունեցողից տարբեր արժեքի մի ինչ-որ ուրիշ մաս։ Այն ֆրազը, թե «մեկի համար եկամուտ հանդիսացողը ուրիշի համար դառնում է կապիտալ», ազատում է հետագա որևէ խորհրդածության անհրաժեշտությունից։ Թե ինչպես, եթե ամբողջ արդյունքի արժեքը կարող է սպառվել եկամուտների ձևով, հնարավոր է հին կապիտալի փոխհատուցումը և թե ինչպես յուրաքանչյուր անհատական կապիտալի արդյունքի արժեքը կարող է հավասար լինել երեք եկամուտների արժեքի գումարին պլյուս C, հաստատուն կապիտալը, իսկ բոլոր կապիտալների արդյունքների արժեքի ամբողջ գումարը հավասար է երեք եկամուտների արժեքի գումարին պլյուս 0,— այս բոլորն, իհարկե, ներկայանում է իբրև մի անլուծելի առեղծված, այս բոլորը հարկ է լինում այն ժամանակ բացատրել նրանով, որ անալիզն առհասարակ ընդունակ չէ վերահասու լինելու գնի պարզ տարրերին, այլ պետք է բավականանա արատավոր շրջանի մեջ պտտվելով և խնդրի լուծումն անսահմանորեն հեռացնելով։ Այսպիսով, այն, ինչ ներկայանում է իբրև հաստատուն կապիտալ, կարող է տարալուծվել աշխատավարձի, շահույթի, ռենտայի, իսկ այն ապրանքային արժեքները, որոնց մեջ ներկայացված են աշխատավարձը, շահույթը, ռենտան, իրենց հերթին որոշվում են աշխատավարձով, շահույթով, ռենտայով և այսպես շարունակ մինչև անսահմանություն[5]։
Արմատապես կեղծ այն դոգման, թե իբր ապրանքների արժեքը վերջին հաշվով կարող է տարալուծվել աշխատավարձի + շահույթի + ռենտայի, ստանում է նաև այնպիսի մի արտահայտություն, թե իբր սպառողը վերջին հաշվով պետք է վճարի ամբողջ արդյունքի ամբողջ արժեքը. կամ նաև՝ իբր թե փողային շրջանառությունը արտադրողների և սպառողների վերջին հաշվով պետք է հավասարվի փողային շրջանառության իրենց իսկ արտադրողների միջև (Տուկ). դրույթներ, որոնք նույնքան սխալ են, որքան սխալ է այն հիմնական դրույթը, որի վրա նրանք հենվում են։
Այն դժվարությունները, որոնք բերում են այդ սխալ և prima facie [հայտնապես] աբսուրդ անալիզին, հիմնական գծերով հետևյալն են.
1) Հաստատուն և փոփոխուն կապիտալի միջև գոյացող հիմնական հարաբերության, ուստի և հավելյալ արժեքի բնության, իսկ դրա հետ միասին նաև կապիտալիստական արտադրության եղանակի ամբողջ բազիսի չըմբռնումը։ Կապիտալի յուրաքանչյուր առանձին արդյունքի, յուրաքանչյուր եզակի ապրանքի արժեքը իր մեջ ամփոփում է արժեքի մի մասը = հաստատուն կապիտալին, արժեքի մի մասը = փոփոխուն կապիտալին (փոխարկված բանվորների աշխատավարձի) և արժեքի մի մասը = հավելյալ արժեքին (որ ավելի ուշ տրոհվում է շահույթի և ռենտայի)։ Հապա ի՞նչպես է հնարավոր, որ բանվորն իր աշխատավարձով, կապիտալիստն իր շահույթով, հողի սեփականատերն իր ռենտայով կարողանան գնել ապրանքներ, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ պարունակում է այդ բաղկացուցիչ մասերից ոչ միայն մեկը, այլ բոլոր երեքը, և ի՞նչպես է հնարավոր, որ աշխատավարձի, շահույթի, ռենտայի, հետևաբար, եկամտի միասին վերցրած երեք աղբյուրների արժեքի գումարը կարողանա գնել ապրանքներ, որոնք կազմում են այդ եկամուտներն ստացողների ամբողջ սպառումը, ապրանքներ, որոնք բացի արժեքի այդ երեք բաղկացուցիչ մասերից, պարունակում են իրենց մեջ արժեքի մի ավելորդ բաղկացուցիչ մաս ևս, այն է հաստատուն կապիտալ։ Ի՞նչպես նրանք կարող են երեք մասի արժեքով գնել չորս մասի արժեքը[6]։
Անալիզը մենք տվել ենք II գրքի III բաժնում* [Տես 6 ծան. հետո]։
2) Այն եղանակի չըմբռնումը, որի միջոցով աշխատանքը, միակցելով նոր արժեք, հին արժեքը պահպանում է նոր ձևով, այդ վերջին արժեքը կրկին չարտադրելով։
3) Վերարտադրության պրոցեսի ընդհանուր կապի չըմրռնումը, ինչպես որ նա ներկայանում է ոչ թե եզակի կապիտալի, այլ ամբողջ կապիտալի վերաբերմամբ։ Այն դժվարության չըմբռնումը, որը կայանում է նրանում, թե ինչպես արդյունքը, որի մեջ իրացվում է աշխատավարձը և հավելյալ արժեքը, այսինքն այն ամբողջ արժեքը, որ ստեղծված է տարվա ընթացքում նոր միակցված աշխատանքով, կարող է փոխհատուցել արժեքի իր հաստատուն մասը և դեռ միևնույն ժամանակ հանգել միայն եկամուտներով սահմանափակված արժեքի։ Այնուհետև, ինչպես կարող է արտադրության մեջ սպառված հաստատուն կապիտալը իրայնորեն և ըստ արժեքի փոխհատուցվել նորով, չնայած այն հանգամանքին, որ նոր միակցված աշխատանքի ամբողջ գումարը իրացվում է սոսկ աշխատավարձի և հավելյալ արժեքի մեջ և սպառիչ կերպով ներկայացված է այս երկսի արժեքի գումարում։ Գլխավոր դժվարությունն էլ հենց ճիշտ այդ է, վերարտադրության և նրա զանազան բաղկացուցիչ մասերի հարաբերության անալիզն է, ինչպես նրանց իրային բնույթի, այնպես և նրանց արժեքի հարաբերությունների տեսակետից։
4) Բայց սրան միանում է մի հետագա դժվարություն, որն ավելի ևս ուժեղանում է, հենց որ հավելյալ արժեքի տարրեր բաղկացուցիչ մասերը հանդես են գալիս միմյանց հանդեպ, իբրև ինքնուրույն եկամուտներ։ Այս դժվարությունն այն է, որ եկամտի և կապիտալի կայուն սահմանումները փոխադարձաբար փոփոխվում ենք փոխում են իրենց տեղը, այնպես որ թվում են սոսկ հարաբերական սահմանումներ եզակի կապիտալիստի տեսակետից, որոնք սակայն անհայտանում են արտադրության ամբողջ պրոցեսը քննարկելիս։ Օրինակ, հաստատուն կապիտալ արտադրող I դասի բանվորների և կապիտալիստների եկամուտը թե՛ իրայնապես և թե՛ ըստ արժեքի փոխհատուցում է սպառման միջոցներ արտադրող II դասի կապիտալիստների հաստատուն կապիտալը։ Այսպիսով, դժվարությունը կարելի է շրջանցել այսպիսի պատկերացման միջոցով, այն, ինչ մեկի համար եկամուտ է, մյուս համար կապիտալ է, ուստի և այդ սահմանումները ոչ մի առնչություն չունեն ապրանքի արժեքի բաղկացուցիչ մասերի իսկական առանձնացման հետ։ Այնուհետև, այն ապրանքները, որոնք նախանշված են վերջիվերջո նրա համար, որպեսզի գոյացնեն իրային տարրեր, որոնց վրա ծախսվում է եկամուտը, այսինքն սպառման միջոցներ, օրինակ, բրդե մանվածքը, մահուդը, տարվա ընթացքում անցնում են զանազան փուլեր։ Փուլերից մեկում նրանք կազմում են հաստատուն կապիտալի մաս, մյուսում նրանք սպառվում են անհատապես, հետևաբար, ամբողջությամբ մտնում են եկամտի մեջ։ Հետևաբար, կարելի է Ա. Սմիթի հետ միասին երևակայել թե հաստատուն կապիտալը ապրանքային արժեքի սոսկ կարծեցյալ մի տարր է, որն անհայտանում է ընդհանուր կապի մեջ։ Այդպես էլ այնուհետև կատարվում է փոփոխուն կապիտալի փոխանակությունը եկամտի հետ։ Բանվորն իր աշխատավարձով գնում է ապրանքների մի մասը, որ կազմում է նրա եկամուտը։ Դրանով իսկ նա միևնույն ժամանակ կապիտալիստի համար փոխհատուցում է փոփոխուն կապիտալի փողային ձևը։ Վերջապես, հաստատուն կապիտալ կազմող արդյունքների մի մասը փոխհատուցվում է կամ in natura [բնեղենով], կամ փոխանակության միջոցով հաստատուն կապիտալի հենց արտադրողների միջև, մի պրոցես, որի հետ սպառողները ոչ մի առնչություն չունեն։ Եթե աչքաթող անենք այս հանգամանքը, ապա այն կեղծ պատկերացումը կարող է ստեղծվել, թե սպառողների եկամուտը փոխհատուցում է ամբողջ արդյունքը, հետևաբար նաև արժեքի հաստատուն մասը։
5) Այն խառնաշփոթությունից զատ, որ մտցնում է արժեքների փոխարկվելը արտադրության գների, առաջանում է մի այլ խառնաշփոթություն էլ հավելյալ արժեքը եկամտի զանազան հատուկ ձևերի՝ շահույթի և ռենտայի փոխարկվելու հետևանքով, ձևեր, որոնք ինքնուրույն են միմյանց հանդեպ և վերաբերում են արտադրության զանազան տարրերի։ Մոռանում են, որ ապրանքների արժեքները հիմք են և որ այդ ապրանքային արժեքի տրոհումը հատուկ բաղկացուցիչ մասերի և արժեքի այդ բաղկացուցիչ մասերի հետագա զարգացումը եկամտի ձևերի, դրանց փոխարկումը արտադրության տարբեր գործոնների տարբեր տերերի հարաբերության դեպի արժեքի այդ առանձին բաղկացուցիչ մասերը, դրանց բաշխումը այդ տերերի միջև որոշ կատեգորիաների և տիտղոսների համեմատ, ուղղակի ոչինչ չի փոխում արժեքի բուն սահմանման և նրա օրենքի մեջ։ Նույնքան քիչ է փոփոխվում արժեքի օրենքը այն հանգամանքով, որ շահույթի հավասարումը, այսինքն ամբողջ հավելյալ արժեքի բաշխումը զանազան կապիտալների միջև, և այն խոչընդոտները, որ մասամբ (բացարձակ ռենտայի դեպքում) դնում է հողային սեփականությունը այդ հավասարման ճանապարհին, պայմանավորում են ապրանքների կարգավորող միջին գների շեղումը նրանց անհատական արժեքներից։ Նա դարձյալ ազդեցություն է գործում միայն հավելյալ արժեքի միակցման վրա զանազան ապրանքների գներին, բայց չի վերացնում ոչ բուն հավելյալ արժեքը և ոչ ապրանքների միագումար արժեքը գնի տարբեր բաղկացուցիչ մասերի այդ աղբյուրը։
Այստեղ մեր աոջևն է quid pro quo [մի խառնաշփոթություն], որը մենք քննարկում ենք հետևյալ գլխում և որն անխուսափելիորեն կապված է այն մտապատրանքի հետ, թե իբր արժեքն առաջանում է իր սեփական բաղկացուցիչ մասերից։ Նախ պետք է նշել, որ ապրանքի արժեքի տարբեր բաղկացուցիչ մասերը ինքնուրույն ձևեր են ստանում եկամուտների մեջ, և իբրև այդպիսի եկամուտներ դրանք վերագրում են արտադրության առանձին իրային տարրերին իբրև նրանց աղբյուրների, փոխանակ դրանք վերագրելու ապրանքի արժեքին, իբրև նրանց աղբյուրի։ Նրանք իրոք պատկանում են հիշատակված հատուկ աղբյուրներին, բայց ոչ իբրև արժեքի բաղկացուցիչ մասեր, այլ իբրև եկամուտներ, իբրև արժեքի բաղկացուցիչ մասեր, որ հասնում են արտադրության գործակալների այդ որոշ կատեգորիաներին՝ բանվորին, կապիտալիստին, հողի սեփականատիրոջը։ Այնուամենայնիվ կարելի է երևակայել, որ արժեքի այդ բաղկացուցիչ մասերը ոչ թե առաջանում են ապրանքային արժեքի տարալուծումից, այլ, ընդհակառակը, նրան գոյացնում են լոկ իրենց միացումով։ Ահա այստեղ է, որ ստացվում է մի հոյակապ արատավոր շրջան. ապրանքների արժեքն առաջանում է աշխատավարձի, շահույթի, ռենտայի արժեքի գումարից, իսկ աշխատավարձի, շահույթի, ռենտայի արժեքն, իր հերթին, որոշվում է ապրանքների արժեքով և այլն[7]։
Եթե վերարտադրությունն ընթանում է նորմալ պայմաններում, նոր միակցած աշխատանքի մի մասն է միայն գործադրվում արտադրության, հետևաբար նաև հաստատուն կապիտալի փոխհատուցման վրա, հատկապես ճիշտ այն մասը, որը փոխհատուցում է սպառման միջոցների, եկամտի իրային տարրերի արտադրության մեջ ծախսված հաստատուն կապիտալը։ Սա հավասարվում է նրանով, որ հիշատակված հաստատուն մասը II դասի համար ավելադիր աշխատանք չի պահանջում։ Բայց հաստատուն կապիտալը, որը (եթե քննարկենք վերարտադրության ամբողջ պրոցեսը, որի մեջ, հետևաբար, ամփոփված է նաև I և II դասերի վերոհիշյալ հավասարումը, նոր միակցված աշխատանքի արդյունք չէ, թեև այդ արդյունքը անկարելի կլիներ արտադրել առանց նրա,— այդ հաստատուն կապիտալը վերարտադրության պրոցեսում, իր իրային կառուցվածքի գծով, ենթարկվում է պատահականությունների ու վտանգների, որոնք կարող են փոքրացնել այն։ (Այնուհետև, եթե նրան դիտենք արժեքի գծով, ապա այստեղ էլ նա կարող է արժեզրկվել աշխատանքի արտադրողական ուժի փոփոխության հետևանքով։ Սակայն սա վերաբերում է սոսկ եզակի կապիտալիստների)։ Սրա համապատասխան շահույթի, հետևաբար հավելյալ արժեքի, ուստի և հավելյալ այն արդյունքի մի մասը, որի մեջ (եթե դիտենք ըստ արժեքի) ներկայացված է սոսկ նոր միակցած աշխատանքը, ծառայում է իբրև ապահովագրական ֆոնդ։ Ըստ որում գործի էությունն ամենևին չի փոխվում նրանից՝ արդյոք այդ ապահովագրական ֆոնդը կառավարվում է ապահովագրական ընկերության միջոցով իբրև առանձին ձեռնարկություն, թե ոչ։ Դա եկամտի միակ մասն է, որը չի սպառվում իբրև եկամուտ և չի ծառայում անպայման իբրև կուտակման ֆոնդ։ Նա փաստորեն ծառայում է իբրև կուտակման ֆոնդ, թե միայն ծածկում է վերարտադրության թերությունները, այդ կախված է պատահականությունից։ Սա նույնպես հավելյալ արժեքի ու հավելյալ արդյունքի, հետևաբար նաև հավելյալ աշխատանքի միակ մասն է, որը այն մասի հետ միասին, որ ծառայում է կուտակման, հետևաբար և վերարտադրության պրոցեսի ընդլայնման համար, պետք է պահպանվի նաև կապիտալիստական արտադրության եղանակի ոչնչացումից հետո։ Իհարկե, այստեղ ենթադրվում է, որ անմիջական արտադրողների կողմից կանոնավորապես սպառվող մասը չի սահմանափակվի նրա ներկայիս նվազագույն չափով։ Բացի հավելյալ աշխատանքից հասարակության այն անդամների համար, որոնք իրենց հասակի բերմամբ դեռևս չեն կարող կամ այլևս չեն կարող մասնակցել արտադրությանը, վերանում է ամեն մի աշխատանք այն մարդկանց պահպանման համար, ովքեր չեն աշխատում։ Եթե խորհրդածենք հասարակության սկզբնական շրջանի մասին, ապա կտեսնենք, որ այստեղ դեռևս արտադրված արտադրության միջոցներ չկան, հետևաբար, չկա հաստատուն կապիտալ, որի արժեքը մտնում է արդյունքի մեջ և որը նույն մասշտաբով վերարտադրվելիս պետք է փոխհատուցվի in natura [բնեղենով] արդյունքից, սրա արժեքով սահմանվող չափով։ Բայց բնությունն այստեղ անմիջականորեն տալիս է կենսամիջոցներ, որոնք հարկ չի լինում նախապես արտադրել։ Ուստի բնությունը ժամանակ է թողնում վայրենուն, որն ստիպված է բավարարելու սոսկ շատ փոքր պահանջմունքներ, ոչ թե նրա համար, որպեսզի օգտագործի դեռ գոյություն չունեցող արտադրամիջոցները նոր արտադրության համար, այլ որպեսզի բնության մեջ գոյություն ունեցող կենսամիջոցների յուրացման համար պահանջվող աշխատանքից զատ՝ աշխատանք ծախսի բնության մյուս արդյունքները վերածելու արտադրության միջոցների՝ աղեղի, քարե դանակի, նավակի և այլն։ Այս պրոցեսը, եթե դիտենք միայն իրային կողմից, վայրենու մոտ միանգամայն համապատասխանում է հավելյալ աշխատանքի ետփոխարկմանը նոր կապիտալի։ Կուտակման պրոցեսում շարունակ տեղի է ունենում ավելադիր աշխատանքի այդպիսի արդյունքի փոխարկումը կապիտալի, և այն հանգամանքը, որ ամեն մի նոր կապիտալ առաջանում է շահույթից, ռենտայից կամ եկամտի ուրիշ ձևերից, այսինքն հավելյալ աշխատանքից, հանգում է մի սխալ պատկերացման, թե իբր ապրանքների ամբողջ արժեքը առաջանում է եկամտից։ Ընդհակառակը, շահույթի այս ետփոխարկումը կապիտալի ամենամոտիկ անալիզի դեպքում ավելի մեծ չափով այն է ցույց տալիս, որ ավելադիր աշխատանքը,— որը մշտապես հանդես է գալիս եկամտի ձևով,— ծառայում է ոչ թե նախկին կապիտալային արժեքի պահպանման կամ վերարտադրության համար, այլ, որչափով որ նա չի սպառվում իբրև եկամուտ, նոր լրացուցիչ կապիտալ ստեղծելու համար։
Ամբողջ դժվարությունը բխում է նրանից, որ նոր միակցած ամբողջ աշխատանքը, որչափով որ նրա ստեղծած արժեքը չի հանգում աշխատավարձի, հանդես է գալիս իբրև շահույթ,— որ այստեղ հասկացվում է իբրև հավելյալ արժեքի ձև առհասարակ,— այսինքն իբրև մի արժեք, որը ոչինչ չի արժեցել կապիտալիստին և որն այդ պատճառով, իհարկե, չպետք է փոխհատուցի նրան որևէ կանխավճար, որևէ կապիտալ։ Ուստի նման արժեքը գոյություն ունի ազատ, ավելադիր հարստության ձևով, կարճ՝ առանձին կապիտալիստի տեսակետից, նրա եկամտի ձևով։ Բայց այս նոր ստեղծված արժեքը միևնույն հաջողությամբ կարելի է սպառել ինչպես արտադրողաբար, այնպես և անհատաբար, այսինքն թե իբրև կապիտալ և թե իբրև եկամուտ։ Նա մասնակիորեն, արդեն իր նատուրալ ձևի շնորհիվ պետք է սպառվի արտադրողաբար։ Այսպիսով, պարզ է, որ տարեցտարի միակցվող աշխատանքը ստեղծում է թե կապիտալ և թե եկամուտ, ինչպես այդ դրսևորվում է նաև կուտակման պրոցեսում։ Բայց բանվորական ուժի մի մասը, որն սպառվում է նոր կապիտալ արտադրելու համար (հետևաբար, ըստ անալոգիայի, բանվորական օրվա այն մասը, որ վայրենին սպառում է ոչ թե սնունդ յուրացնելու համար, այլ որպեսզի գործիք պատրաստի, որի միջոցով նա սնունդ է յուրացնում) այն պատճառով է դառնում անճանաչելի, որ հավելյալ աշխատանքի ամբողջ արդյունքը ամենից առաջ հանդես է գալիս շահույթի ձևով,— մի սահմանում, որն իրականում ընդհանուր ոչինչ չունի այդ իսկ հավելյալ արժեքի հետ, այլ վերաբերում է կապիտալիստի սոսկ մասնավոր հարաբերությանը իր գանձած հավելյալ արժեքի հետ։ Իրականում բանվորի ստեղծած հավելյալ արժեքը տրոհվում է եկամտի ու կապիտալի, այսինքն սպառման միջոցների և արտադրության լրացուցիչ միջոցների։ Իսկ նախկին հաստատուն կապիտալը, որ մնացել է անցյալ տարվանից (բացի այն մասից, որ վնասված է և, հետևաբար, pro tanto [համապատասխանորեն] ոչնչացված, կնշանակի, որչափով նախկին կապիտալը չպետք է վերարտադրվի,— իսկ վերարտադրության պրոցեսի նման խախտումները վերաբերում են ապահովագրության ոլորտին) և քննարկվում է ըստ իր արժեքի, չի վերարտադրվում նոր միակցված աշխատանքի միջոցով։
Մենք տեսնում ենք, այնուհետև, որ նոր միակցված աշխատանքի մի մասը մշտապես կլանվում է սպառված հաստատուն կապիտալի վերարտադրության և փոխհատուցման պրոցեսում, թեև այդ նոր միակցված աշխատանքը տրոհվում է միայն եկամուտներին աշխատավարձի, շահույթի և ռենտայի։ Բայց այս դեպքում անտեսվում է, 1) որ այդ աշխատանքի արդյունքի արժեքի մի մասը այդ նոր միակցած աշխատանքի միջոցով չի ստեղծած, այլ արդեն գոյություն ունեցած և սպառված հաստատուն կապիտալ է. որ ուստի արդյունքի այն մասը, որի մեջ ներկայացված է արժեքի այդ մասը, նույնպես չի փոխարկվում եկամտի, այլ in natura փոխհատուցում է այդ հաստատուն կապիտալի արտադրամիջոցները. 2) որ արժեքի այն մասը, որ իրոք ներկայացնում է այդ նոր միակցված աշխատանքը, չի սպառվում in naitura իբրև եկամուտ, այլ փոխհատուցում է հաստատուն կապիտալը մի ուրիշ ոլորտում, որտեղ նա փոխարկվում է այնպիսի նատուրալ ձևի, որով նա կարող է սպառվել իբրև եկամուտ, բայց որը, իր հերթին, դարձյալ չի հանդիսանում բացառապես նոր միակցած աշխատանքի արդյունքը։
Քանի դեռ վերարտադրությունը կատարվում է անփոփոխ մասշտաբով, հաստատուն կապիտալի յուրաքանչյուր սպառված տարր պետք է փոխհատուցվի in natura համապատասխան տեսակի նոր միավորի միջոցով, եթե ոչ միևնույն քանակի ու ձևի, ապա նույն գործունակության միավորի միջոցով։ Եթե աշխատանքի արտադրողական ուժը մնում է նախկինը, ապա այդ նատուրալ փոխհատուցումը ընդգրկում է նույն այն արժեքի փոխհատուցումը, որ ուներ հաստատուն կապիտալը իր նախկին ձևով։ Իսկ եթե աշխատանքի արտադրողական ուժը այնքան է բարձրանում, որ հենց նույն իրային տարրերը կարելի է վերարտադրել պակաս աշխատանքով, ապա արդյունքի արժեքի ավելի փոքր մասով կարելի է in natura լիովին փոխհատուցել հաստատուն մասը։ Հավելուրդը կարող է այդ դեպքում ծառայել նոր ավելադիր կապիտալ գոյացնելու համար, կամ կարելի կլինի արդյունքի մի ավելի մեծ մասին տալ սպառման միջոցների ձև և կամ թե պակասեցնել հավելյալ աշխատանքը։ Ընդհակառակը, եթե աշխատանքի արտադրողական ուժը պակասի, ապա նախկին կապիտալի փոխհատուցման համար կպահանջվի արդյունքի ավելի զգալի մասը. հավելյալ արդյունքը կփոքրանա։
Շահույթի կամ առհասարակ հավելյալ արժեքի որևէ ձևի ետփոխարկումը կապիտալի ցույց է տալիս,— եթե մենք վերանանք պատմականորեն որոշ տնտեսական ձևից և այդ փոխարկումը դիտենք պարզապես իբրև արտադրության նոր միջոցների գոյացում,— որ դեռ շարունակվում է իրերի այն դրությունը, երբ բանվորը, բացի անմիջական կենսամիջոցներ ձեռք բերելու համար պահանջվող աշխատանքից՝ աշխատանք է ծախսում արտադրամիջոցների արտադրության վրա։ Շահույթի փոխարկումը կապիտալի նշանակում է ոչ այլ ինչ, բայց եթե հավելուրդային աշխատանքի մի մասի կիրառում նոր, լրացուցիչ արտադրամիջոցների գոյացման համար։ Որ սա կատարվում է շահույթը կապիտալի փոխարկվելու ձևով, նշանակում է սոսկ, որ ոչ թե բանվորը, այլ կապիտալիստն է տնօրինում հավելուրդային աշխատանքը։ Որ այդ հավելուրդային աշխատանքը նախ պետք է անցնի մի փուլ, որտեղ նա հանդես է գալիս իբրև եկամուտ (մինչդեռ, օրինակ, վայրենու մոտ դա հանդես է գալիս իբրև մի աշխատանք, որն անմիջականորեն ուղղված է դեպի արտադրամիջոցների արտադրում), նշանակում է սոսկ, որ այդ աշխատանքը կամ նրա արդյունքը յուրացնում է նա, ով չի աշխատում։ Իսկ այն, որ իրականում փոխարկվում է կապիտալի,— դա շահույթը չէ իբրև այդպիսին։ Հավելյալ արժեքի փոխարկումը կապիտալի նշանակում է միայն, որ հավելյալ արժեքը և հավելյալ արդյունքը կապիտալիստը չի սպառում անհատականորեն, իբրև եկամուտ։ Այն, որ իրոք փոխարկվում է, այսպիսով, արժեքն է, իրայնացած աշխատանքը, այսինքն արդյունքը, որի մեջ անմիջականորեն ներկայացված է այդ արժեքը կամ որով նա փոխանակվում է՝ նախապես փողի փոխարկվելով։ Նույնիսկ այն դեպքում, երբ շահույթը փոխարկվում է կապիտալի, հավելյալ արժեքի այս որոշակի ձևը՝ շահույթը չէ, որ կազմում է նոր կապիտալի աղբյուրը։ Հավելյալ արժեքն այս դեպքում միայն փոխարկվում է մի ձևից մյուսի։ Բայց ձևի այս փոխարկումը չէ կապիտալ դարձնում նրան։ Այժմ իբրև կապիտալ գործում են ապրանքը և նրա արժեքը։ Իսկ այն հանգամանքը, որ ապրանքի արժեքը վճարված չէ,— իսկ միայն սրա հետևանքով է նա դառնում հավելյալ արժեք,— բոլորովին նշանակություն չունի աշխատանքի իրայնացման համար, իր իսկ արժեքի համար։
Թյուրիմացությունն արտահայտվում է զանազան ձևերով։ Օրինակ, նրանով, որ այն ապրանքները, որոնցից կազմված է հաստատուն կապիտալը, նույնպես ամփոփում են իրենց մեջ աշխատավարձի, շահույթի և ռենտայի տարրեր։ Կամ՝ այն, ինչ որ մեկի համար եկամուտ է, մյուսի համար կապիտալ է, ուստի և դա պարզապես սուբեկտիվ հարաբերություններ են։ Այսպես, մանածագործի կաժը պարունակում է արժեքի մի մասը, որը նրա համար հանդիսանում է շահույթ։ Հետևաբար ջուլհակը, կաժ գնելով, իրացնում է մանածագործի շահույթը, իսկ նրա համար իսկ — այդ կաժը նրա հաստատուն կապիտալի մի մասն է միայն։
Բացի նրանից, ինչ առաջ արդեն պարզաբանվել է եկամտի ու կապիտալի հարաբերության մասին, պետք է նկատել. այն, ինչ որ, ըստ արժեքի, կաժի հետ միասին մտնում է ջուլհակի կապիտալի մեջ իբրև բաղկացուցիչ մաս — դա կաժի արժեքն է։ Թե այդ արժեքի մասերն ինչպես են իրեն իսկ մանածագործի համար բաշխվում կապիտալի և եկամտի, ուրիշ խոսքով՝ վճարված և չվճարված աշխատանքի,— այդ ոչ մի նշանակություն չունի բուն ապրանքի արժեքը որոշելու համար (եթե վերանանք միջին շահույթով պայմանավորվող փոփոխություններից)։ Սակայն այստեղ դեռևս հետին պլանի վրա թաքնված է մնում այն պատկերացումը, թե իբր շահույթը, առհասարակ հավելյալ արժեքը, մի հավելուրդ է ապրանքի արժեքից, որ գոյանում է սոսկ հավելման, փոխադարձ խաբեության, օտարացումից ստացած օգուտի հետևանքով։ Եթե վճարվում է ապրանքի արտադրագինը կամ նույնիսկ արժեքը, իհարկե, վճարվում են նաև ապրանքի արժեքի բաղկացուցիչ մասերը, որոնք նրա վաճառողին ներկայանում են եկամտի ձևով։ Մոնոպոլ գների մասին այստեղ, իհարկե, խոսք չկա։
Երկրորդ, միանգամայն ճիշտ է, որ ապրանքների բաղկացուցիչ մասերը, որոնցից կազմված է հաստատուն կապիտալը, ամեն մի այլ ապրանքային արժեքի նման, կարող են վերածվել արժեքի մասերի, որոնք արտադրամիջոցներն արտադրողների և նրանց սեփականատերերի համար տրոհվում են աշխատավարձի, շահույթի և ռենտայի։ Սա այն փաստի արտահայտման սոսկ կապիտալիստական ձևն է, որ ամեն մի ապրանքային արժեք ապրանքի մեջ ամփոփված հասարակականորեն անհրաժեշտ աշխատանքի չափն է լոկ։ Բայց արդեն առաջին գրքում ցույց տրվեց, որ դա ամենևին չի արգելակում ամեն մի կապիտալի ապրանքային արդյունքի տրոհմանն առանձին մասերի, որոնցից մեկը ներկայացնում է կապիտալի բացառապես հաստատուն մասը, մյուսը՝ կապիտալի փոփոխուն մասը և երրորդը՝ միայն հավելյալ արժեքը։
Շտորխն արտահայտում է ուրիշ շատերի կարծիքը ևս, երբ ասում է. «Վաճառման ենթակա, ազգային եկամուտ կազմող, արդյունքները քաղաքատնտեսության մեջ պետք է քննարկել երկու կերպ. իբրև արժեքներ անհատների վերաբերմամբ և իբրև բարիքներ ազգի վերաբերմամբ. որովհետև ազգի եկամուտը որոշվում է ոչ այնպես, ինչպես առանձին անհատի եկամուտը՝ ըստ նրա արժեքի, այլ ըստ նրա օգտակարության կամ ըստ այն պահանջմունքների, որ նա կարող է բավարարել» («Consid. sur le revenu national», էջ 19)։
Առաջինը, բոլորովին կեղծ աբստրակցիա է՝ այն ազգը, որի արտադրության եղանակը հիմնված է արժեքի վրա, որը, այնուհետև, կազմակերպված է կապիտալիստականորեն, դիտել իբրև մի հավաքական մարմին. [Gesammtkörper], որն աշխատում է միմիայն ազգային պահանջմունքների բավարարման համար։
Երկրորդ, արտադրության կապիտալիստական եղանակը ոչնչացնելուց հետո, բայց հասարակական արտադրությունը պահպանվելու դեպքում արժեքի սահմանումը գերակշռող [vorhertschend] է մնում այն իմաստով, որ բանվորական ժամանակի կարգավորումը և հասարակական աշխատանքի բաշխումը արտադրության զանազան խմբերի միջև, վերջապես, այդ բոլորն ընդգրկող հաշվապահությունը դառնում են ավելի կարևոր, քան երբևիցե։
ՀԻՍՈՒՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՄՐՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ԽԱԲՈՒՍԻԿՈՒԹՅՈՒՆԸ
Արդեն ցույց տրվեց, որ ապրանքների արժեքը, կամ նրանց ամբողջ արժեքով կարգավորվող արտադրագինը, տրոհվում է.
1) Արժեքի մի մասի, որ փոխհատուցում է հաստատուն կապիտալը կամ ներկայացնում այն նախկին աշխատանքը, որ ապրանքը պատրաստելիս սպառված է արտադրամիջոցների ձևով, ուրիշ խոսքով՝ այն արտադրամիջոցների արժեքը կամ գինը, որոնք մտել են ապրանքի արտադրության պրոցեսի մեջ։ Այստեղ մենք մշտապես նկատի ունենք ոչ թե առանձին ապրանքներ, այլ ապրանքային կապիտալ, այսինքն այն ձևը, որի մեջ ներկայացված է կապիտալի որոշ ժամանակահատվածի, օրինակ, մեկ տարվա արդյունքը։ Առանձին ապրանքը կազմում է ապրանքային կապիտալի սոսկ մի տարրը, որը, սակայն, իր արժեքով նույնպես տրոհվում է այդ նույն բաղկացուցիչ մասերին։
2) Արժեքի մի մասի, որը կազմում է փոփոխուն կապիտալ։ Վերջինս չափում է բանվորի եկամուտը և նրա համար դառնում աշխատավարձ, որ բանվորը, հետևաբար, վերարտադրել է կապիտալի արժեքի այդ փոփոխուն մասում։ Կարճ՝ այս արժեքամասի մեջ ներկայացված է աշխատանքի վճարված մասը, որը ապրանքի արտադրության պրոցեսում նոր է միակցվել արժեքի առաջին հաստատուն մասին։
3) Հավելյալ արժեքի, այսինքն ապրանքային արդյունքի արժեքի մի մասի, որի մեջ ներկայացված է չվճարված կամ հավելյալ աշխատանքը։ Արժեքի այս վերջին մասը, իր հերթին, ընդունում է ինքնուրույն ձևեր, որոնք միևնույն ժամանակ եկամտի ձևեր են. կապիտալի շահույթի ձև (կապիտալի իբրև այդպիսու տոկոսը և ձեռնարկուական եկամուտը կապիտալից իբրև գործող կապիտալից) և հողային ռենտայի ձև, որը բաժին է ընկնում արտադրության պրոցեսին մասնակցող հողի սեփականատիրոջը։ 2) և 3) բաղկացուցիչ մասերը, այսինքն արժեքի այն բաղկացուցիչ մասը, որը մշտապես եկամտի ձև է ընդունում՝ որպես աշխատավարձ (իհարկե, միայն երբ վերջինս նախապես արդեն անցել է փոփոխուն կապիտալի ձևի միջով), շահույթ և ռենտա տարբերվում է 1) հաստատուն բաղկացուցիչ մասից նրանով, որ նրան է հանգում այն ամբողջ արժեքը, որի մեջ իրայնանում է այդ հաստատուն մասին, ապրանքի արտադրամիջոցներին նոր միակցված աշխատանքը։ Իսկ եթե մի կողմ թողնենք արժեքի հաստատուն մասը, ապա ճիշտ կլինի այն պնդումը, որ ապրանքի արժեքը, որչափով որ նա, այսպիսով, ներկայացնում է նոր միակցված աշխատանքը, մշտապես տարալուծվում է երեք մասի, որոնք գոյացնում են եկամտի երեք ձև՝ աշխատավարձ, շահույթ և ռենտա[8], որոնց արժեքի համապատասխան մեծությունները, այսինքն այն համապատասխան բաժինները, որ այդ մեծությունները կազմում են ամբողջ արժեքից, սահմանվում են զանազան, սպեցիֆիկ, վերև արտածված օրենքներով։ Բայց սխալ կլիներ հակառակ պնդումը, թե աշխատավարձի արժեքը, շահույթի նորման և ռենտայի նորման գոյացնում են արժեքի ինքնուրույն, կառուցիչ տարրեր, որոնց միացման միջոցով,— եթե մի կողմ թողնենք հաստատուն բաղկացուցիչ մասը,— ստացվում է ապրանքի արժեքը։ Ուրիշ խոսքով, սխալ կլիներ այն պնդումը, թե նրանք գոյացնում են ապրանքային արժեքի կամ արտադրության գնի գումարելի բաղկացուցիչ մասերը[9]։
Տարբերությանն իսկույն աչքի է ընկնում։
Դիցուք, թե 500 կազմող կապիտալի արդյունքի արժեքը կլինի 400 c + 100 v + 150 m = 650։ 150 m իր հերթին տրոհվում է 75 շահույթի + 75 ռենտայի։ Այնուհետև, անօգուտ դժվարություններից խուսափելու համար, ենթադրենք թե այդ կապիտալը միջին կազմություն ունի, այնպես որ նրա արտադրագինը համընկնում է նրա արժեքին, համընկնում, որ մշտապես տեղի է ունենում, եթե այդ եզակի կապիտալի արդյունքը կարող է դիտվել իբրև ամբողջ կապիտալի մի այնպիսի մասի արդյունք, որը համապատասխանում է նրա մեծությանը։
Այսւոեղ փոփոխուն կապիտալով չափվող աշխատավարձը կազմում է կանխավճարված կապիտալի 20%, ամբողջ կապիտալին հարաբերված հավելյալ արժեքը՝ 30%, այն է 15% շահույթ և 15% ռենտա։ Ապրանքի արժեքի այն ամբողջ բաղկացուցիչ մասը, որի մեջ իրայնացված է նոր միակցված աշխատանքը, հավասար է 100 v + 150 m = 250։ Այդ արժեքի մեծությունը կախում չունի նրանից, որ նա տրոհվում է աշխատավարձի, շահույթի և ռենտայի։ Այս վերջին մասերի հարաբերակցությունը ցույց է տալիս մեզ, որ փողի 100 միավորով, ասենք, հարյուր ֆունտ ստեռլինգով հատուցված բանվորական ուժը մատուցել է մի աշխատաքանակ, որը արտահայտվում է 250 ֆ. ստ. հավասար փողի գումարով։ Այստեղից մենք տեսնում ենք, որ բանվորը հավելյալ աշխատանք 1½ անգամ ավելի շատ է կատարել, քան իր իսկ համար կատարած աշխատանքն է։ Եթե բանվորական օրը = 10 ժամի, ուրեմն նա աշխատել է 4 ժամ իրեն համար և 6 ժամ՝ կապիտալիստի համար։ Եվ այսպես, 100 ֆ. ստ. աշխատավարձ ստացող բանվորների աշխատանքը արտահայտվում է 250 ֆ. ստ. փողային արժեքով։ Բացառությամբ 250 ֆ. ստ. այս արժեքի՝ ուրիշ ոչինչ չկա բաժանելու բանվորի ու կապիտալիստի միջև, կապիտալիստի ու հողի սեփականատիրոջ միջև։ Այս է այն ամբողջ արժեքը, որ միացվել է արտադրամիջոցների 400 կազմող արժեքին։ Ուստի նշված եղանակով արտադրված և նրա մեջ իրայնացված աշխատաքանակով որոշվող 250 ապրանքային արժեքը կազմում է այն դիվիդենդների սահմանը, որ բանվորը, կապիտալիստը և հողի սեփականատերը կարող են դուրս քաշել այդ արժեքից՝ աշխատավարձի, շահույթի և ռենտայի ձևով։
Թող կապիտալը հենց նույն օրգանական կազմությամբ, այսինքն կիրառված կենդանի բանվորական ուժի և շարժման մեջ դրված հաստատուն կապիտալի հենց նույն հարաբերությամբ ստիպված լինի 100 ֆ. ստ. փոխարեն վճարել 150 ֆ. ստ. հենց նույն այն բանվորական ուժի համար, որ շարժման մեջ է գնում 400 կազմող հաստատուն կապիտալը. թող, այնուհետև, հավելյալ արժեքը դարձյալ տարբեր հարաբերությամբ տրոհվի շահույթի և ռենտայի։ Քանի որ ենթադրվում է, թե այժմ 150 ֆ. ստ. փոփոխուն կապիտալը շարժման մեջ է դնում այն նույն քանակի աշխատանքը, որ առաջ շարժման մեջ էր դրվում 100 ֆ. ստ. կապիտալով, ապա նոր արտադրված արժեքը առաջվա նման կլիներ = 250-ի և ամբողջ արդյունքն առաջվա նման = 650-ի, բայց այս դեպքում կստացվեր 400 c + 150 v + 200 m. և այդ 100 m կտրոհվեին, ասենք, 45 շահույթի և 55 ռենտայի։ Միանգամայն այլ կլիներ այն համամասնությունը, որով այս ամբողջ նոր արտադրված արժեքը բաշխվում է այժմ աշխատավարձի, շահույթի և ռենտայի միջև, միանգամայն այլ կլիներ նմանապես և ամբողջ կանխավճարված կապիտալի մեծությունը, թեև նա շարժման մեջ է դնում աշխատանքի այն իսկ համախումբ մասսան, ինչ և առաջ։ Աշխատավարձը կկազմեր կանխավճարված կապիտալի 27%, շահույթը՝ 8%, ռենտան՝ հետևաբար, ամբողջ հավելյալ արժեքը 18%-ից մի փոքր ավելի։
Աշխատավարձի բարձրացման հետևանքով կփոփոխվեր ամբողջ աշխատանքի չվճարված մասի մեծությունը, իսկ դրանով էլ հավելյալ արժեքի մեծությունը։ Տասժամյա բանվորական օրվա դեպքում բանվորն այժմ 6 ժամ կաշխատեր իրեն համար և սոսկ 4 ժամ՝ կապիտալիստի համար։ Կփոփոխվեր նմանապես և շահույթի ու ռենտայի հարաբերությունը. փոքրացած հավելյալ արժեքը կբաժանվեր նոր համամասնությամբ կապիտալիստի և հողի սեփականատիրոջ միջև։ Վերջապես, որովհետև հաստատուն կապիտալի արժեքը մնացել է անփոփոխ, իսկ կանխավճարված փոփոխուն կապիտալի արժեքը մեծացել է, փոքրացած հավելյալ արժեքը կարտահայտվեր համախառն շահույթի ավելի ես ցածր նորմայով [Bruttoprofitrate], ընդ որում համախառն շահույթի նորմա ասելով մենք այստեղ հասկանում ենք ամբողջ հավելյալ արժեքի հարաբերությունը դեպի ամբողջ կանխավճարված կապիտալը։
Փոփոխությունն աշխատավարձի արժեքի մեջ, շահույթի նորմայի և ռենտայի նորմայի մեջ, ինչպես էլ որ ներգործելիս լինեն այդ մասերի փոխհարաբերությունը կարգավորող օրենքները, կարող է կատարվել սոսկ այնպիսի սահմաններում, որոնք որոշվում են նոր ստեղծված ապրանքային արժեքի մեծությամբ = 250-ի։ Բացառություն կարող էր տեղի ունենալ լոկ այն դեպքում, եթե ռենտան հենվեր մոնոպոլ գնի վրա։ Սա բոլորովին չէր փոխի օրենքը, այլ միայն կբարդացներ հետազոտությունը։ Որովհետև եթե մենք այս դեպքում քննարկեինք միայն արդյունքն ինքը, ապա փոփոխություն կհայտաբերվեր սոսկ հավելյալ արժեքի բաշխման մեջ. իսկ եթե մենք քննարկեինք այդ արդյունքի հարաբերական արժեքը մյուս ապրանքների համեմատությամբ, ապա կգտնեինք սոսկ այն տարբերությունը, որ վերջինների հավելյալ արժեքի մի մասը փոխադրվում է այդ սպեցիֆիկ ապրանքին։
Համառոտակի կրկնում ենք.
Արդյունքի արժեքը | Նոր արժեքը |
Հավելյալ արժեքի նորման |
Համախառն շահույթին որման |
Առաջին դեպք. 400 c + 100 c + 150 m = 650 | 250 | 150% | 30% |
Երկրորդ դեպք. 400 c + 150 c + 100 m = 650 | 250 | 66% | 66% |
Ամենից առաջ հավելյալ արժեքն իջել է իր նախկին մեծության մեկ երրորդով՝ 150-ից մինչև 100։ Շահույթի նորման իջել է մեկ երկրորդից մի փոքր ավելի՝ 30-ից մինչև 18%, որովհետև փոքրացած հավելյալ արժեքն այժմ հաշվարկվում է կանխավճարված համախումբ կապիտալի աճած գումարի վրա։ Բայց նա էլ իջել է բնավ ոչ այն հարաբերությամբ ինչպես հավելյալ արժեքի նորման։ Այս վերջինս -ից իջել է մինչև , այսինքն 150-ից մինչև 66%, մինչդեռ շահույթի նորման իջել է միայն -ից մինչև -ից 150 կամ 30-ից մինչև 18%։ Այսպիսով շահույթի նորման համեմատաբար ավելի է իջնում, քան հավելյալ արժեքի մասսան, բայց ավելի պակաս, քան հավելյալ արժեքի նորման։ Այնուհետև մենք տեսնում ենք, որ արդյունքների արժեքները, ինչպես և նրանց մասսաները մնում են անփոփոխ, քանի որ կիրառվում է նույնաքանակ աշխատանք, թեև կանխավճարված կապիտալը մեծացել է իր փոփոխուն բաղկացուցիչ մասի մեծացման հետևանքով։ Կանխավճարված կապիտալի այս մեծացումը, իհարկե, շատ զգալիորեն կանդրադառնար նոր ձեռնարկություն սկսող կապիտալիստի վրա։ Բայց ամբողջական վերարտադրության նկատմամբ փոփոխուն կապիտալի մեծացումը նշանակում է սոսկ մի բան,— որ նոր միակցված աշխատանքի միջոցով ստեղծված նոր արժեքի ավելի մեծ մասն է փոխարկվում աշխատավարձի և, ուրեմն, ամենից առաջ փոփոխուն կապիտալի, փոխանակ փոխարկվելու հավելյալ արժեքի և հավելյալ արդյունքի։ Հետևաբար, արդյունքի արժեքը մնում է անփոփոխ, որովհետև նա սահմանափակված է մի կողմից հաստատուն կապիտալային արժեքով = 400, մյուս կողմից՝ 250 թվով, որի մեջ ներկայացված է նոր միակցված աշխատանքը։ Բայց այս երկու մեծություններն էլ մնացել են անփոփոխ։ Այս արդյունքը, քանի որ նորից մտնում է հաստատուն կապիտալի մեջ, արժեքի տվյալ մեծության մեջ ներկայացնում է սպառողական արժեքի նույն մասսան, ինչ որ առաջ. հետևաբար, հաստատուն կապիտալի տարրերի միևնույն մասսան պահպանում է միևնույն արժեքը։ Այլ կերպ կլիներ գործի դրությունն այն դեպքում, եթե աշխատավարձը բարձրանար ոչ այն պատճառով, որ բանվորն սկսեր իր սեփական աշխատանքի ավելի մեծ բաժինն ստանալ, այլ եթե նա սկսեր իր սեփական աշխատանքի ավելի մեծ բաժինն ստանալ այն պատճառով, որ աշխատանքի արտադրողականությունն ընկել է։ Այս դեպքում այն ամբողջ արժեքը, որի մեջ արտահայտվում է վճարված և չվճարված աշխատանքի միևնույն քանակը, կմնար անփոփոխ, բայց արդյունքի այն մասսան, որի մեջ ներկայացված է աշխատանքի այդ քանակը, կփոքրանար և, հետևաբար, կմեծանար արդյունքի յուրաքանչյուր համապատասխան մասի գինը, որովհետև յուրաքանչյուր այդպիսի մաս այժմ ավելի մեծաքանակ աշխատանք է ներկայացնում։ Բարձրացած 150 աշխատավարձը կներկայացներ ոչ ավելի քանակի արդյունք, քան նախկին 100 աշխատավարձը. իջած 100 հավելյալ արժեքը կներկայացներ սոսկ այն արդյունքի, 66% սպառողական արժեքների այն մասսայի, որ առաջ արտահայտվում էր 100-ով։ Այդ դեպքում կթանկանար նաև հաստատուն կապիտալը, քանի որ այդ արդյունքը մտնում է նրա մեջ։ Բայց դա չէր լինի աշխատավարձի բարձրացման հետևանք, այլ, ընդհակառակը, աշխատավարձի բարձրացումը հետևանք կլիներ ապրանքների թանկացման և հետևանք միևնույն աշխատաքանակի իջած արտադրողականության։ Այստեղ առաջանում է այն մտապատրանքը, թե իբր աշխատավարձի բարձրացումը թանկացրել է արդյունքը։ Իրականում այդ բարձրացումը ոչ թե պատճառ, այլ արդյունք է ապրանքների արժեքի փոփոխության՝ աշխատանքի իջած արտադրողականության հետևանքով։
Եթե, ընդհակառակը, այլ հավասար պայմաններում,— այսինքն այն դեպքում, երբ ծախսված աշխատանքի միևնույն քանակը առաջվա նման ներկայացվեր 250-ով,— բարձրանար կամ իջներ աշխատանքի պրոցեսում կիրառված արտադրամիջոցների արժեքը, ապա արդյունքի նույն մասսայի արժեքը ևս կբարձրանար կամ կիջներ նույն մեծությամբ։ 450 c + 100 v + 150 m տալիս է արդյունքի մի արժեք = 700, մինչդեռ 350 c + 100 v + 150 m արդյունքի միևնույն մասսայի արժեքի համար տալիս է միայն 600՝ նախկին 650-ի փոխարեն։ Հետևաբար, երբ աճում կամ փոքրանում է աշխատանքի նույն քանակը շարժման մեջ գնող կանխավճարված կապիտալը, ապա, այլ հավասար պայմաններում, բարձրանում կամ իջնում է արդյունքի արժեքը,— քանի որ կանխավճարված կապիտալի մեծացումը կամ փոքրացումը տեղի է ունենում կապիտալի հաստատուն մասի արժեքի մեծության փոփոխության հետևանքով։ Ընդհակառակը, նա չի փոփոխվում, եթե կանխավճարված կապիտալի մեծացումը կամ փոքրացումը առաջացել է կապիտալի փոփոխուն մասի արժեքի մեծության փոփոխությամբ՝ աշխատանքի ուժի անփոփոխ արտադրողականության դեպքում։ Հաստատուն կապիտալի արժեքի մեծացումը կամ փոքրացումը չի փոխհատուցվում որևէ հակադիր շարժմամբ։ Իսկ փոփոխուն կապիտալի մեծացումը կամ փոքրացումը աշխատանքի չփոփոխվող արտադրողականության դեպքում փոխհատուցվում է հավելյալ արժեքի հետադարձ շարժումով, այնպես որ փոփոխուն կապիտալի արժեքը պլյուս հավելյալ արժեքը, այսինքն, այն արժեքը, որ աշխատանքը նոր է միակցել արտադրամիջոցներին և նոր է մտցրել արդյունքի մեջ, մնում է անփոփոխ։
Ընդհակառակը, եթե փոփոխուն կապիտալի կամ աշխատավարձի արժեքի մեծացումը կամ փոքրացումը հետևանք է ապրանքների գնի բարձրացման կամ իջեցման, այսինքն հետևանք կապիտալի տվյալ ներդրման մեջ կիրառված աշխատանքի արտադրողականության իջեցման կամ բարձրացման, ապա դա կանդրադառնա արդյունքի արժեքի վրա։ Բայց աշխատավարձի բարձրացումը կամ իջեցումը պատճառ չէ այստեղ, այլ միայն հետևանք։
Եթե, ընդհակառակը, վերև բերված օրինակում, անփոփոխ հաստատուն կապիտալի դեպքում = 400 c, փոփոխությունը 100 v + 150 m-ից 150 v + 100 m-ի, այսինքն փոփոխուն կապիտալի մեծացումը հետևանք է եղել աշխատանքի արտադրողական ուժի իջեցման ոչ թե արտադրության տվյալ ճյուղում, օրինակ, բամբակեղենի մանածագործության մեջ, այլ, ասենք, երկրագործության մեջ, որը սննդամթերք է մատակարարում բանվորին,— հետևաբար արդյունք է եղել այդ սննդամթերքի թանկացման, ապա արդյունքի արժեքը չէր փոփոխվի։ 650 կազմող արժեքը, առաջվա պես, կներկայացվեր բամբակեղեն կաժի միևնույն մասսայի մեջ։
Վերև շարադրվածից, այնուհետև, բխում է հետևյալը. եթե խնայողության և այլոց շնորհիվ փոքրանում են հաստատուն կապիտալի ծախքերը արտադրության այն ճյուղերում, որոնց արդյունքները մտնում են բանվորի սպառման մեջ, ապա դա նույն չափով, ինչպես և ծախսված աշխատանքի իսկ արտադրողականության անմիջական մեծացումը, կարող է հանգել աշխատավարձի փոքրացման, քանի որ էժանացնում է բանվորի կենսամիջոցները,— հետևաբար, կարող է հանգել հավելյալ արժեքի բարձրացման. այնպես որ շահույթի նորման այստեղ կաճեր երկու պատճառով. առաջին՝ որովհետև փոքրանում է հաստատուն կապիտալի արժեքը և, երկրորդ՝ որովհետև մեծանում է հավելյալ արժեքը։ Քննարկելով հավելյալ արժեքի փոխարկումը շահույթի, մենք ենթադրում էինք, որ աշխատավարձը չի իջնում, այլ մնում է հաստատուն, որովհետև այնտեղ մենք պետք է հետազոտեինք շահույթի նորմայի տատանումները անկախ հավելյալ արժեքի նորմայի փոփոխությունից։ Բացի դրանից, այնտեղ մեր պարզաբանած օրենքները ընդհանուր բնույթ ունեն, նրանք կիրառելի են նմանապես և կապիտալի այն ներդրումների նկատմամբ, որոնց արդյունքները չեն մտնում բանվորի սպառման մեջ, որոնց արդյունքի արժեքի փոփոխությունը, հետևաբար, ազդեցություն չի գործում աշխատավարձի վրա։
Եվ այսպես, նոր գործադրվող աշխատանքի միջոցով արտադրամիջոցներին կամ հաստատուն կապիտալն ամեն տարի նորից միակցվող՝ արժեքի մեկուսացումն ու տարալուծումը եկամտի զանազան ձևերի՝ աշխատավարձի, շահույթի և ռենտայի, ամենևին չի փոփոխում բուն արժեքի սահմանները, արժեքի այն գումարի սահմանները, որը բաշխվում է այդ տարբեր կատեգորիաների միջև, ճիշտ այնպես, ինչպես այդ առանձին մասերի հարաբերության փոփոխությունը չի կարող փոխել նրանց գումարը, արժեքի այդ տվյալ մեծությունը։ Տվյալ 100 թիվը մշտապես կմնա միևնույնը՝ տարաբաժանելու լինենք մենք դա 50 + 50-ի, 20 + 70 + 10-ի, թե 40 + 30 + 30-ի։ Արդյունքի արժեքի այն մասը, որը տրոհվում է այդ եկամուտներին, ճիշտ այնպես, ինչպես և կապիտալի արժեքի հաստատուն մասը, որոշվում է ապրանքների արժեքով, այսինքն աշխատանքի այն քանակով, որ յուրաքանչյուր տվյալ դեպքում իրայնացվում է նրանց մեջ։ Այսպիսով, նախ տրված է ապրանքային արժեքի մասսան, որ բաշխվում է աշխատավարձի, շահույթի և ռենտայի միջև, հետևաբար, տրված է այդ ապրանքների արժեքի առանձին մասերի գումարի բացարձակ սահմանը։ Երկրորդ, ինչ վերաբերում է հատկապես առանձին կատեգորիաներին, ապա նրանց միջին և կարգավորող սահմանները նույնպես տրված են։ Աշխատավարձը կազմում է նրանց այդպիսի սահմանափակման պատվանդանը։ Նա, մի կողմից, կարգավորվում է բնական օրենքով. նրա նվազագույն սահմանը տրված է այն կենսամիջոցների ֆիզիկական մինիմումով, որ անհրաժեշտ են բանվորին նրա բանվորական ուժը պահպանելու և վերարտադրելու համար,— հետևաբար, տրված է որոշ քանակությամբ ապրանքներով։ Այդ ապրանքների արժեքը որոշվում է աշխատանքի այն ժամանակով, որ պահանջվում է դրանց վերարտադրության համար, և, դրանով իսկ, աշխատանքի այն մասով, որ նոր է միանում արտադրամիջոցներին, կամ յուրաքանչյուր բանվորական օրվա այն մասով, որ բանվորը գործադրում է այդ անհրաժեշտ կենսամիջոցների արժեքի էկվիվալենտը արտադրելու և վերարտադրելու համար։ Եթե, օրինակ, նրա կենսամիջոցների միջին քանակն օրվա ընթացքում ըստ արժեքի հավասար է 6-ժամյա միջին աշխատանքի, ապա նա պետք է միջին հաշվով իրեն համար աշխատի օրական 6 ժամ։ Նրա բանվորական ուժի իսկական արժեքը շեղվում է այդ ֆիզիկական մինիմումից. դա տարբեր է և պայմանավորվում է կլիմայով և հասարակական զարգացման մակարդակով, դա կախում ունի ոչ միայն ֆիզիկական, այլև պատմականորեն զարգացած հասարակական պահանջմունքներից, որոնք դառնում են երկրորդ բնություն։ Բայց ամեն մի երկրում և ամեն մի տվյալ ժամանակաշրջանում այդ կարգավորող միջին աշխատավարձը հանդիսանում է տրված մեծություն։ Այսպիսով, մնացած բոլոր եկամուտների արժեքի համար սահման է դրվում։ Նա [այդ եկամուտների արժեքը] մշտապես հավասար է այն արժեքին, որի մեջ մարմնանում է ամբողջ բանվորական օրը (որն այստեղ համընկնում է միջին բանվորական օրվա հետ, որովհետև նա ընդգրկում է ամբողջ հասարակական կապիտալով շարժման մեջ դրված աշխատանքի ամբողջ մասսան) մինուս նրա այն մասը, որ մարմնանում է աշխատավարձի մեջ։ Նրա սահմանը, հետևաբար, տրված է այն արժեքի սահմանով, որի մեջ արտահայտվում է չվճարված աշխատանքը, այսինքն այդ չվճարված աշխատանքի քանակով։ Եթե իր աշխատավարձի արժեքի վերարտադրման վրա բանվորի ծախսած բանվորական օրվա մի մասը իր ծայրահեղ սահմանն է գտնում աշխատավարձի ֆիզիկական մինիմումի մեջ, ապա բանվորական օրվա մյուս մասը, որի մեջ ներկայացված է նրա հավելյալ աշխատանքը, և հետևաբար, արժեքի այն մասը, որ արտահայտում է հավելյալ արժեքը, իր սահմանն է գտնում բանվորական օրվա ֆիզիկական մաքսիմումի մեջ, այսինքն ամենօրյա բանվորական ժամանակի այն ընդհանուր քանակի մեջ, որ բանվորն առհասարակ կարող է տալ իր բանվորական ուժը պահպանելու և վերարտադրելու պայմանով։ Քանի որ ներկա հետազոտության մեջ խնդիրը վերաբերում է այն արժեքը բաշխելուն, որի մեջ ներկայացված է տարվա ընթացքում նոր միակցվող ամբողջ աշխատանքը, ապա բանվորական օրը կարող է դիտվել այստեղ իբրև հաստատուն մեծություն, և ենթադրվում է իբրև այդպիսին, անկախ նրանից՝ շատ թե քիչ է նա շեղվում իր ֆիզիկական մաքսիմումից։ Արժեքի այն մասի բացարձակ սահմանը, որ գոյացնում է հավելյալ արժեք և տրոհվում է շահույթի ու հողային ռենտայի, այսպիսով տրված է։ Նա որոշվում է բանվորական օրվա այն չվճարված մասի մեծությամբ, որ մնում է վճարված մասը հանելուց հետո, հետևաբար, ամբողջ արդյունքի այն արժեքամասով, որի մեջ իր իրականացումն է գտնում այդ հավելյալ աշխատանքը։ Եթե մենք շահույթ անվանենք, ինչպես ես արեցի, այն հավելյալ արժեքը, որ չափավորված է այդ սահմաններով և հաշվարկված ամբողջ կանխավճարված կապիտալի վրա, ապա այդ շահույթը, որ գիտվում է իր բացարձակ մեծության կողմից, հավասար է հավելյալ արժեքին, և, հետևաբար, նրա սահմանները որոշված են նույնքան օրինաչափ կերպով, որքան և այս վերջինիս սահմանները։ Բայց շահույթի նորմայի բարձրությունը ևս մի մեծություն է, որ ամփոփված է ապրանքների արժեքով որոշվող հայտնի սահմանների մեջ։ Նա ամբողջ հավելյալ արժեքի հարաբերությունն է դեպի արտադրության համար կանխավճարված ամբողջ հասարակական կապիտալը։ Եթե այդ կապիտալը = 500 (ասենք միլիոնի), իսկ հավելյալ արժեքը = 100, ապա 20% կազմում է շահույթի նորմայի բացարձակ սահմանը։ Այդ նորմայի համեմատ հասարակական շահույթի բաշխումը՝ արտադրության զանազան ոլորտների մեջ ներդրված կապիտալների միջև, ստեղծում է ապրանքների արժեքներից շեղվող արտադրագներ, որոնք և հանդիսանում են իրոք կարգավորող միջին շուկայագներ։ Բայց այդ շեղումը չի վերացնում ոչ գների սահմանումը արժեքներով, ոչ էլ շահույթի օրինաչափ սահմանները։ Եթե ապրանքի արժեքը հավասար է նրա արտադրման ժամանակ սպառված k կապիտալին պլյուս նրա մեջ ամփոփված հավելյալ արժեքը, ապա ապրանքի արտադրության գինը հավասար է նրա արտադրման ժամանակ սպառված k կապիտալին պլյուս այն հավելյալ արժեքը, որ բաժին է ընկնում նրան շահույթի ընդհանուր նորմայի համեմատ, օրինակ, 20% այդ ապրանքի արտադրման համար կանխավճարված ինչպես իրոք սպառված, այնպես և ուղղակի կիրառված կապիտալին։ Բայց այս 20% հավելումն ինքը որոշվում է ամբողջ հասարակական կապիտալի ստեղծած հավելյալ արժեքով և նրա հարաբերությամբ դեպի կապիտալի արժեքը. այս պատճառով է հենց, որ նա կազմում է 20%, և ոչ թե 10 կամ 100։ Այսպիսով արժեքների փոխարկումը արտադրության գների չի վերացնում շահույթի սահմանները, այլ միայն փոխում է վերջինիս բաշխումը զանազան առանձին կապիտալների միջև, որոնցից կազմված է հասարակական կապիտալը,— շահույթը բաշխում է նրանց միջև համաչափ, համամասնորեն այն բաժնին, որ նրանցից յուրաքանչյուրը կազմում է ամբողջ կապիտալի հանդեպ։ Շուկայագները վեր են բարձրանում և ցած իննում այդ կարգավորող արտադրագնից, բայց այդ տատանումները փոխադարձաբար միմյանց վերացնում են։ Եթե քննարկենք գնացուցակները երկարատև ժամանակամիջոցի համար, վերացնելով այն դեպքերը, երբ աշխատանքի արտադրողական ուժի փոփոխության հետևանքով փոխվում է ապրանքների իսկական արժեքը, ինչպես նաև այն դեպքերը, երբ արտադրության պրոցեսը խանգարվում է որևէ բնական կամ հասարակական աղետից, ապա մենք կապշենք նախ շեղումների հարաբերական նեղ սահմաններից և ապա այն կանոնավորությունից, որով հավասարակշռվում են նման շեղումները։ Մենք այստեղ կգտնենք կարգավորող միջինների այն նույն տիրապետությունը, որոնց գոյությունը նշել է Կետլեն հասարակական երևույթների համար։ Եթե ապրանքների արժեքների հավասարումը արտադրագներին ոչ մի խոչընդոտի չի հանդիպում, ապա ռենտան հանգում է դիֆերենցիալ ռենտայի, այսինքն սահմանափակվում է այն գերշահույթների հավասարումով, որոնք կարգավորող արտադրագները կմատուցեին կապիտալիստների որոշ մասին և որոնք այժմ յուրացնում է հողի սեփականատերը։ Հետևաբար, այստեղ ռենտան գտնում է արժեքի իր որոշակի սահմանը շահույթի անհատական նորմաների այն շեղումների մեջ, որոնք հարուցվում են արտադրագների կարգավորումով՝ շահույթի ընդհանուր նորմայի միջոցով։ Եթե հողային սեփականությունը խոչընդոտներ է հարուցում ապրանքային արժեքները արտադրագների վերածելու գործում և յուրացնում է բացարձակ ռենտան, ապա այս վերջինը սահմանափակված է երկրագործական արդյունքների արժեքի հավելուրդով նրանց արտադրագնի նկատմամբ, հետևաբար, նրանց մեջ ամփոփված հավելյալ արժեքի հանուրդով այն շահույթների նկատմամբ, որոնք բաժին են ընկնում կապիտալներին շահույթի ընդհանուր նորմայի համապատասխան։ Այս տարբերությունն այստեղ կազմում է ռենտայի սահմանը, իսկ ռենտան նույնպես ներկայացնում է արդեն գոյություն ունեցող և ապրանքների մեջ պարունակվող հավելյալ արժեքի որոշ մասը միայն։
Վերջապես, եթե հավելյալ արժեքի հավասարումը միջին շահույթի, եթե հավասարման այդ պրոցեսը խոչընդոտի հանդիպեր արտադրության տարբեր ոլորտներում, արհեստական կամ բնական մենաշնորհների կողմից և մասնավորապես հողային սեփականության մենաշնորհի կողմից, այնպես որ հնարավոր դառնար մի մենաշնորհ գին, որը գերազանցեր այն ապրանքների արտադրագնին ու արժեքին, որոնց վրա տարածվում է մենաշնորհի ներգործությունը, այնուամենայնիվ, ապրանքների արժեքով որոշվող սահմանները դրանով չէին վերանա։ Որոշ ապրանքների մենաշնորհ գինը ուրիշ ապրանք արտադրողների շահույթի մի մասը սոսկ կփոխադրեր մենաշնորհ գին ունեցող ապրանքների վրա։ Անուղղակի կերպով տեղական խախտում կառաջանար հավելյալ արժեքը արտադրության տարբեր ոլորտների միջև բաշխելու գործում, բայց նման խախտումը անփոփոխ կթողներ իր իսկ հավելյալ արժեքի սահմանը։ Եթե այդպիսի մենաշնորհ գնով ապրանքը մտներ բանվորի անհրաժեշտ սպառման առարկաների թվի մեջ, նա կբարձրացներ աշխատավարձը և դրանով իսկ հիշեցներ հավելյալ արժեքը, եթե միայն բանվորին առաջվա նման վճարեին նրա բանվորական ուժի ամբողջ արժեքը։ Այդպիսի ապրանքը կարող էր աշխատավարձն իջեցնել բանվորական ուժի արժեքից ցած, բայց սոսկ որչափով որ աշխատավարձը գերազանցում է իր ֆիզիկական մինիմումի սահմանից։ Տվյալ դեպքում մենաշնորհ գինը կվճարվեր ռեալ աշխատավարձից (այսինքն այն սպառողական արժեքների գումարից, որ ստանում է բանվորը աշխատանքի տվյալ քանակի միջոցով) և ուրիշ կապիտալիստների շահույթից հանումներ անելու միջոցով։ Հաստատապես կսահմանվեին և ճշգրիտ հաշվառման մատչելի կլինեին այն սահմանները, որոնց մեջ մենաշնորհ գինը կարող էր խախտել ապրանքագների նորմալ կարգավորումը։
Ուրեմն, ինչպես ապրանքների նոր միակցված և առհասարակ եկամուտների տարալուծվող արժեքի բաշխումը իր տվյալներն ու կարգավորող սահմաններն է գտնում անհրաժեշտ և հավելյալ աշխատանքի, աշխատավարձի ու հավելյալ արժեքի հարաբերակցության մեջ, ճիշտ այդպես էլ բուն հավելյալ արժեքի տրոհումը շահույթի և հողային ռենտայի՝ իր սահմաններն է գտնում այն օրենքներում, որոնք կարգավորում են շահույթի նորմաների հավասարումը։ Ինչ վերաբերում է տարաբաժանվելուն տոկոսի և ձեռնարկուական եկամտի, ապա միասին վերցրած դրանց երկսի սահմանները կազմում է միջին շահույթը։ Վերջինս սահմանում է արժեքի այն որոշ մեծությունը, որի շրջանակներում այդ բաժանումը պետք է կատարվի ու միայն կարող է կատարվել։ Այն որոշ համամասնությունը, որով տեղի է ունենում բաժանումը, պատահական բնույթ է կրում այստեղ, այսինքն որոշվում է բացառապես մրցության հարաբերություններով։ Մինչդեռ ուրիշ դեպքերում պահանջարկի ու առաջարկի հավասարակշռությունը ոչնչացնում է շուկայագների շեղումը իրենց կարգավորող միջին գներից, այսինքն ոչնչացնում է մրցության ազդեցությունբ, այստեղ նա հանդիսանում է միակ որոշողը։ Իսկ ի՞նչու։ Որովհետև արտադրության միևնույն գործոնը՝ կապիտալը պետք է իրեն բաժին հասնող հավելյալ արժեքը բաշխի արտադրության այդ իսկ գործոնի երկու տերերի միջև։ Բայց այն հանգամանքը, որ այստեղ որոշ օրինաչափ սահման չկա շահույթի բաժանման համար, չի վերացնում վերջինիս,— իբրև ապրանքային արժեքի մի մասի սահմանները,— այնպես, ինչպես ձեռնարկության շահույթի սահմանը չի շոշափվում այն փաստով, որ նրա երկու տերերը, ինչ-ինչ արտաքին հանգամանքների թելադրանքով, անհավասար են բաժանում այդ շահույթը իրար միջև։
Հետևաբար, եթե ապրանքային արժեքի այն մասը, որի մեջ ներկայացված է արտադրամիջոցների արժեքին նոր միակցված աշխատանքը, տրոհվում է զանազան մասերի, որոնք եկամուտների կերպարանքով ձեռք են բերում միմյանց հանդեպ ինքնուրույն ձևեր [Gestalten], ապա այստեղից դեռ բնավ չի հետևում, որ աշխատավարձը, շահույթը և ռենտան պետք է դիտել իբրև կառուցիչ տարրեր, որոնց միացումից, կամ գումարից ծագում է իրենց իսկ ապրանքների կարգավորիչ գինը (natural price, prix nécessaire [բնական գին, անհրաժեշտ գին])։ Այսպիսով, ոչ թե ապրանքային արժեքը — արժեքի հաստատուն մասը նրանից հանելուց հետո — կլիներ այն սկզբնական միասնությունը, որ տրոհվում է հիշատակված երեք մասերին, այլ, ընդհակառակը, այդ երեք մասերից յուրաքանչյուրի գինը կսահմանվեր ինքնուրույն, և սոսկ այդ երեք անկախ մեծությունների գումարից կստացվեր ապրանքի գինը։ Իրականում ապրանքի արժեքը առաջուց տրված մի մեծություն է, դա աշխատավարձի, շահույթի ու ռենտայի արժեքների ընդհանուր գումարի ամբողջությունն է, ինչ էլ որ ներկայացնեն վերջիններիս հարաբերական մեծությունները։ Իսկ հիշատակված կեղծ ըմբռնման համար աշխատավարձը, շահույթը և ռենտան արժեքի երեք ինքնուրույն մեծություններ են, որոնց համախումբ մեծությունը ստեղծում, սահմանափակում ու որոշում է ապրանքային արժեքի մեծությունը։
Նախ և առաջ պարզ է, որ եթե աշխատավարձը, շահույթը և ռենտան կառուցեին ապրանքների գինը, ապա դա հավասարապես պետք է վերաբերեր ապրանքային արժեքի ինչպես հաստատուն մասին, այնպես և մյուս մասին, որի մեջ ներկայացված են փոփոխուն կապիտալը և հավելյալ արժեքը։ Այս հաստատուն մասը, հետևաբար, կարող է այստեղ թողնվել անուշադիր, որովհետև այն ապրանքների արժեքը, որոնցից կազմված է նա, ճիշտ այդպես կհանգեր աշխատավարձի, շահույթի և ռենտայի արժեքի գումարին։ Ինչպես արդեն ցույց տրվեց, այդ հայացքը ժխտում է արժեքի այդպիսի հաստատուն մասի նույնիսկ գոյությունը։
Պարզ է, այնուհետև, որ այստեղ վերանում է արժեքի ամեն մի հասկացողություն։ Մնում է գնի պատկերացումը միայն, այն իմաստով, որ բանվորական ուժի, կապիտալի և հողի տերերին վճարվում է փողի մի որոշ գումար։ Իսկ ի՞նչ է փողը։ Փողը իր չէ, այլ արժեքի որոշ ձև, հետևաբար, դարձյալ ենթադրում է արժեք։ Եվ այսպես, ասենք թե որոշ քանակությամբ ոսկի կամ արծաթ վճարվում է այդ արտադրատարրերի համար կամ մտովին հավասարեցվում է այդ քանակին։ Իսկ չէ՛ որ հենց ոսկին և արծաթը (և լուսավորյալ տնտեսագետը հպարտանում է նրանով, որ նա այդ գիտակցել է) ապրանքներ են, ինչպես մյուս ամեն տեսակ ապրանքները։ Հետևաբար, ոսկու և արծաթի գինը նույնպես որոշվում է աշխատավարձով, շահույթով ու ռենտայով։ Այսպիսով, մենք չենք կարող աշխատավարձը, շահույթը և ռենտան որոշել նրանով, որ նրանք հավասարվում են որոշ քանակությամբ ոսկու և արծաթի, քանի որ այդ ոսկու և արծաթի արժեքը, որով նրանք պետք է գնահատվեն, ինչպես իրենց էկվիվալենտով, պետք է նախապես որոշվի հենց ճիշտ նրանցով, անկախ ոսկուց և արծաթից, այսինքն անկախ ամեն մի ապրանքի արժեքից, որը հենց ինքն է հանդիսանում հիշատակված երեք գործոնների արդյունքը։ Եվ այսպես, ասել, թե իբր աշխատավարձի, շահույթի և ռենտայի արժեքը կայանում է նրանում, որ նրանք հավասար են որոշ քանակությամբ ոսկու և արծաթի, կնշանակեր լոկ ասել, թե նրանք հավասար են որոշ քանակությամբ աշխատավարձի, շահույթի և ռենտայի։
Վերցնենք ամենից առաջ աշխատավարձը։ Որովհետև քննարկվող տեսակետից ևս պետք է մեկնել աշխատանքից։ Ի՞նչպես է որոշվում աշխատավարձի կարգավորիչ գինը, այն գինը, որի շուրջը տատանվում են նրա շուկայական գները։
Ասենք՝ բանվորական ուժի պահանջարկով և առաջարկով։ Բայց բանվորական ուժի ի՞նչ պահանջարկի մասին է այստեղ խոսքը։ Կապիտալի կողմից առաջադրված պահանջարկի մասին։ Հետևաբար, աշխատանքի պահանջարկը հավասարազոր է կապիտալի առաջարկին։ Կապիտալի առաջարկի մասին խոսելու համար մենք պետք է ամենից առաջ իմանանք, թե ինչ է կապիտալը։ Ի՞նչից է կազմված կապիտալը։ Վերցնելով նրա ամենապարզ արտահայտությունը, տեսնում ենք, որ նա կազմված է փողից և ապրանքներից։ Բայց փողը ապրանքի ձևն է սոսկ։ Կնշանակի՝ ապրանքներից։ Բայց ապրանքների արժեքը, ըստ ենթադրության, որոշվում է, առաջին հերթին, նրանց արտադրող աշխատանքի գնով՝ աշխատավարձով։ Աշխատավարձն այստեղ նախադրյալ է հանդիսանում և դիտվում է իբրև ապրանքների գինը կառուցող տարր։ Կնշանակի՝ այդ գինը պետք է որոշվի աշխատանքի առաջարկի հարաբերությամբ դեպի կապիտալը։ Իր իսկ կապիտալի գինը հավասար է այն ապրանքների գնին, որոնցից նա կազմված է։ Կապիտալի պահանջարկն աշխատանքի վերաբերմամբ հավասար է կապիտալի առաջարկին։ Իսկ կապիտալի առաջարկը հավասար է տվյալ գնի ապրանքային մասսայի առաջարկին, և այդ գինն առաջին հերթին կարգավորվում է աշխատանքի գնով, իսկ աշխատանքի գինը դարձյալ հավասար է ապրանքային գնի այն մասին, որից կազմված է բանվորին ի փոխանակություն նրա աշխատանքի հատկացվող փոփոխուն կապիտալը։ Իսկ այն ապրանքների գինը, որոնցից կազմված է այդ փոփոխուն կապիտալը, առաջին հերթին որոշվում է դարձյալ աշխատանքի գնով, որովհետև ապրանքների գինը որոշվում է աշխատավարձի, շահույթի և ռենտայի գնով։ Հետևաբար, աշխատավարձը սահմանելու համար մենք չենք կարող մեկնակետ ընդունել կապիտալն իբրև նախադրյալ, որովհետև իր իսկ կապիտալի արժեքը սահմանվում է աշխատավարձի մասնակցությամբ։
Բացի դրանից, մրցության ներգրավումը գործին ամենևին չի օգնում մեզ։ Մրցությունն ստիպում է աշխատանքի շուկայական գներին բարձրանալու կամ ընկնելու։ Բայց ենթադրենք, թե աշխատանքի պահանջարկն ու առաջարկը փոխադարձաբար ծածկվում են։ Ի՞նչով կորոշվի այս դեպքում աշխատավարձը։ Մրցությամբ։ Բայց չէ՛ որ մենք ենթադրեցինք, որ մրցությունը դադարել է որոշել, որ նրա երկու հակադիր ուղղված ուժերի հավասարակշռության շնորհիվ նա դադարում է ազդեցություն գործելուց։ Իսկ մենք հենց ուզում ենք գտնել աշխատավարձի բնական գինը, այսինքն ոչ թե աշխատանքի այն գինը, որ կարգավորվում է մրցությամբ, այլ այն գինը, որն, ընդհակառակը, կարգավորում է նրան։
Ուրիշ ոչինչ չի մնում, քան աշխատանքի անհրաժեշտ գինը որոշել բանվորի անհրաժեշտ կենսամիջոցներով։ Բայց այդ կենսամիջոցները ապրանքներ են, որոնք որոշ գին ունեն։ Հետևաբար, աշխատանքի գինը սահմանվում է անհրաժեշտ կենսամիջոցների գնով, իսկ կենսամիջոցների, ինչպես և բոլոր ուրիշ ապրանքների գինը որոշվում է առաջին հերթին աշխատանքի գնով։ Հետևաբար, կենսամիջոցների գնով սահմանվող աշխատանքի գինը սահմանվում է աշխատանքի գնով։ Աշխատանքի գինը որոշվում է ինքն իրենով։ Ուրիշ խոսքով՝ մենք չգիտենք, թե ինչով է սահմանվում աշխատանքի գինը։ Աշխատանքն այստեղ առհասարակ գին ունի, որովհետև նա գիտվում է իբրև ապրանք։ Հետևաբար, աշխատանքի գնի մասին խոսելու համար մենք պետք է իմանանք, թե ինչ է գինն առհասարակ։ Իսկ թե ինչ է գինն առհասարակ, մենք այս ճանապարհով բնականաբար իմանալ չենք կարող։
Բայց դիցուք, թե այդքան մխիթարական եղանակով մենք սահմանեցինք աշխատանքի անհրաժեշտ գինը։ Իսկ ի՞նչպես է հարցը լուծվում միջին շահույթի, յուրաքանչյուր կապիտալի շահույթի նկատմամբ, որը նորմալ պայմաններում կազմում է ապրանքագնի երկրորդ տարրը։ Միջին շահույթը պետք է սահմանվի շահույթի միջին նորմայով. իսկ ի՞նչպես է սահմանվում այս վերջինը։ Կապիտալիստների միջև մղվող մրցությամբ։ Բայց մրցությունն արդեն ենթադրում է շահույթի գոյություն։ Նա ենթադրում է շահույթի զանազան նորմաներ, և հետևաբար, զանազան շահույթներ արտադրության միևնույն կամ տարբեր ճյուղերում։ Մրցությունը կարող է ազդել շահույթի նորմայի վրա սոսկ այն չափով, որչափով նա ազդում է ապրանքների գների վրա։ Մրցությունը կարող է հասնել այն բանին սոսկ, որպեսզի արտադրության միևնույն ոլորտի սահմաններում արտադրողները իրենց ապրանքները վաճառեն միատեսակ գներով, իսկ արտադրության տարբեր ճյուղերի սահմաններում՝ այնպիսի գներով, որոնք նրանց տալիս են միատեսակ շահույթ, միատեսակ համամասնական հավելում ապրանքագնին, որ արդեն մասամբ որոշված է աշխատավարձով։ Ուստի մրցությունը կարող է լոկ հավասարեցնել շահույթի նորմայի տարբերությունները։ Որպեսզի հնարավոր լինի հավասարեցնել շահույթի անհավասար նորմաները, շահույթն իբրև ապրանքագնի տարր պետք է առկա լինի արդեն։ Մրցությունը այդ չի ստեղծում։ Նա բարձրացնում կամ իջեցնում է այդ, բայց չի ստեղծում այն մակարդակը, որ սահմանվում է, հենց որ հավասարումն իրոք տեղի է ունեցել։ Եվ երբ մենք խոսում ենք շահույթի անհրաժեշտ նորմայի մասին, մենք հենց ուզում ենք գիտենալ շահույթի այդ նորման, որը կախում չունի մրցության շարժումից, այլ, իր կողմից կարգավորում է մրցությունը։ Շահույթի միջին նորման հանդես է գալիս միմյանց հետ մրցակցող կապիտալիստների ուժերի հավասարակշռության դեպքում։ Մրցությունը կարող է ստեղծել այղ հավասարակշռությունը, բայց ոչ շահույթի այն նորման, որ հանդես է գալիս այդ հավասարակշռության դեպքում։ Ինչո՞ւ, երբ ձեռք է բերված նման հավասարակշռություն, շահույթի ընդհանուր նորման = 10 կամ 20 կամ 100%-ի։ Մրցությա՞ն հետևանքով։ Բայց, հենց ճիշտ ընդհակառակը, մրցությունը վերացրել է այն պատճառները, որ հարուցել էին շեղումներ 10-ից, 20-ից կամ 100%-ից։ Նա հանգել է մի ապրանքագնի, որի դեպքում յուրաքանչյուր կապիտալ իր մեծությանը համամասնորեն տալիս է հավասար շահույթ։ Բայց հենց այդ շահույթի մեծությունը անկախ է մրցությունից։ Վերջինս սոսկ նորից ու նորից է բոլոր շեղումները հասցնում տվյալ մեծության։ Մեկ մարդ մրցում է ուրիշների հետ, և մրցությունն ստիպում է նրան իր ապրանքները վաճառել հենց նույն այն գնով, ինչպես և այդ ուրիշները։ Իսկ ի՞նչու է այդ գինը 10 կամ 20 կամ 100։
Հետևաբար, ուրիշ ոչինչ չի մնում, քան շահույթի նորման, ուրեմն և շահույթը, բացատրելու իբրև ապրանքագնին անըմբռնելիորեն միացող մի հավելում, որը մինչայդ սահմանվում էր աշխատավարձով։ Շահույթի այդ նորման պետք է լինի տվյալ մեծություն — ահա այն միակ բանը, որ մեզ ասում է մրցությունը։ Բայց սա մենք գիտեինք առաջ էլ, երբ խոսում էինք շահույթի ընդհանուր նորմայի, շահույթի «անհրաժեշտ գնի» մասին։
Ամենևին հարկ չկա դարձյալ հետամուտ լինելու դատողությունների այս անպտուղ ընթացքին հողային ռենտայի վերաբերմամբ։ Առանց այն էլ պարզ է, որ քիչ թե շատ հետևողականորեն կիրառված՝ նման դատողությունը հանգում է սոսկ այն եզրակացության, որ շահույթն ու ռենտան հանդիսանում են կատարելապես անըմբռնելի օրենքներով սահմանվող ուղղակի հավելում ապրանքագնին, հավելում, որն առաջին հերթին սահմանվում է աշխատավարձով։ Կարճ՝ մրցությունը պետք է բացատրի տնտեսագետների բոլոր անմտությունները, մինչդեռ, ընդհակառակը, տնտեսագետները պետք է բացատրեին մրցությունը։
Եթե մի կողմ թողնենք այն ֆանտազիան, թե իբր շահույթն ու ռենտան, իբրև գնի բաղկացուցիչ մասեր, ստեղծվում են շրջանառությամբ, այսինքն առաջանում են վաճառքից, իսկ շրջանառությունը չի կարող մի այնպիսի բան տալ, որը նրան իրեն չի տրված նախապես,— ապա բանը պարզապես կհանգի հետևյալին.
Թող աշխատավարձով սահմանվող ապրանքագինը = 100, շահույթի նորման 10% աշխատավարձի վրա և ռենտան 15% աշխատավարձի վրա։ Այս դեպքում աշխատավարձի, շահույթի և ռենտայի գումարով սահմանվող ապրանքագինր = 125։ Այս 25 հավելումը չի կարող ծագել ապրանքի վաճառքից։ Որովհետև բոլոր միմյանց ապրանք վաճառողները 125-ով են վաճառում այն, ինչ նրանցից յուրաքանչյուրին նստել է 100 աշխատավարձ։ Արդյունքն ստացվում է նույնը, ինչպես եթե նրանք բոլորը վաճառեին 100-ով։ Հետևաբար, այս գործողությունը պետք է քննվի անկախ շրջանառության պրոցեսից։
Եթե երեք մարդ բաժանում են իրար մեջ ապրանքը, որ այժմ արժե 125,— իսկ բանը բոլորովին չի փոխվի, եթե կապիտալիստը սկզբում ապրանքը վաճառի 125-ով, ապա բանվորին վճարի 100, իրեն վերցնի 10 և հողատիրոջը վճարի 15,— ապա բանվորն ստանում է արժեքի և արդյունքի = 100-ի։ Կապիտալիստն ստանում է արժեքի և արդյունքի , իսկ հողային ռենտա ստացողը ։ Փոխանակ 100-ի՝ վաճառելով 125-ով, կապիտալիստը բանվորին տալիս է լոկ այն արդյունքի, որի մեջ ներկայացված է վերջինիս աշխատանքը։ Հետևաբար, միևնույն արդյունքը կստացվեր, եթե նա բանվորին տար 80, պահելով 20, որից 8 բաժին կընկներ իրեն և 12՝ հողային ռենտա ստացողին։ Այն ժամանակ նա ապրանքը վաճառած կլիներ ըստ նրա արժեքի, որովհետև իրականում գնի հավելումները բարձրացումներ են ապրանքի արժեքից անկախ, որը վերև արված ենթադրության համաձայն սահմանվում է աշխատավարձի արժեքով։ Այսպիսով, կողմնակի ճանապարհով դա կհանգեր նրան, որ տվյալ պատկերացումով «աշխատավարձ, 100-ով արտահայտվող» բառերը նշանակում են արդյունքի արժեք, այսինքն ներկայացնում են փողի մի գումար, որի մեջ մարմնացած է աշխատանքի այդ որոշակի քանակը, բայց որ այդ արժեքը այնուամենայնիվ տարբեր է ռեալ աշխատավարձից և, հետևաբար, թողնում է որոշ հավելուրդ։ Միայն թե այդ հավելուրդը նշմարվում է գնին նոմինալ հավելում անելու միջոցով։ Հետևաբար, եթե աշխատավարձը լիներ 100-ի փոխարեն 110, ապա շահույթը պետք է լիներ = 11-ի, և հողային ռենտան = 16½-ի, ուրեմն, ապրանքագինը = 137½-ի։ Այս դեպքում հարաբերությունը կմնար անփոփոխ։ Բայց որովհետև բաժանումը մշտապես կիրականանար որոշ տոկոսների նոմինալ հավելումով աշխատավարձին, ապա գինը կբարձրանար և կընկներ աշխատավարձի փոփոխումների հետ միասին։ Աշխատավարձն այստեղ սկզբում հավասարեցվում է ապրանքի արժեքին և ապա կրկին անջատվում նրանից։ Իսկ իրականում անբովանդակ կողմնակի ճանապարհով բանը հանգեցվում է նրան, որ ապրանքի արժեքը սահմանվում է նրա պարունակած աշխատաքանակով, աշխատավարձի արժեքը՝ անհրաժեշտ կենսամիջոցների գնով, իսկ աշխատավարձի վրա եկած արժեքի հավելուրդը գոյացնում է շահույթ և ռենտա։
Ապրանքների արժեքի տրոհումը՝ հանած նրանց արտադրության ժամանակ սպառված արտադրամիջոցների արժեքը. ապրանքային արդյունքի մեջ իրայնացած աշխատանքի քանակով սահմանված արժեքի այդ տվյալ գումարի տրոհումը երեք բաղկացուցիչ մասերի, որոնք այնուհետև իբրև աշխատավարձ, շահույթ և հողային ռենտա ընդունում են եկամտի ինքնուրույն, միմյանցից անկախ ձևեր,— այդ տրոհումը կապիտալիստական արտադրության բոլորի համար բացահայտ մակերեսին, և հետևաբար, նրանով ընդգրկված՝ այդ արտադրության գործակալների մտապատկերներում ներկայանում է միանգամայն խեղաթյուրված ձևով։
Թող որևէ ապրանքի ամբողջ արժեքը = 300-ի, որից 200 կազմում է նրա արտադրության ժամանակ սպառված արտադրամիջոցների, կամ հաստատուն կապիտալի տարրերի արժեքը։ Հետևաբար, մնում է 100, իբրև նոր արժեքի գումար, որ միակցված է այդ ապրանքին նրա արտադրության պրոցեսում։ Այս նոր 100 արժեքով սպառվում է այն ամենը, ինչ֊ կարող է բաժանման ենթակա լինել եկամտի երեք ձևերի միջև։ Եթե աշխատավարձը = x, շահույթ y, հողային ռենտան = z, ապա տվյալ դեպքում x+y+z գումարը մշտապես հավասար կլինի 100-ի։ Բայց արդյունաբերողների, վաճառականների ու բանկի բների, ինչպես և վուլգար տնտեսագետների մտապատկերացման մեջ այդ պրոցեսը բոլորովին այլ ընթացք է ընդունում։ Նրանց համար ոչ թե ապրանքի արժեքն է տրված, որից նրա արտադրման համար սպառված արտադրամիջոցների արժեքը հանելուց հետո մնացած 100-ը բաժանվում է այնուհետև x, y և z-ի։ Ընդհակառակը, նրանց համար ապրանքագինը կազմվում է պարզապես աշխատավարձի, շահույթի և ռենտայի արժեքների մեծություններից, որոնք որոշվում են անկախ ապրանքի արժեքից և անկախ միմյանցից, այնպես որ x, y և z տրված և որոշված են յուրաքանչյուրը ինքնուրույն և միայն այդ մեծությունների գումարից, որը կարող է լինել 100-ից պակաս և ավելի, ստացվում է ապրանքի արժեքի մեծությունը իբրև նրա արժեքը կազմող այդ բաղկացուցիչ մասերի գումարման արդյունք։ Նման quid pro quo-ն [խառնաշփոթությունը] անխուսափելի է բազմաթիվ պատճառներով.
Առաջին։ Ապրանքի արժեքի բաղկացուցիչ մասերը հակադրվում են միմյանց իբրև ինքնուրույն եկամուտներ, որոնք իբրև այդպիսիներ վերաբերում են արտադրության միմյանցից միանգամայն տարբեր գործոնների՝ աշխատանքին, կապիտալին և հողին, այնպես որ թվում է, թե դրանք առաջանում են այդ վերջիններից։ Բանվորական ուժի, կապիտալի և հողի նկատմամբ գոյություն ունեցող սեփականությունն է պատճառը, որ ապրանքների արժեքի այդ տարբեր բաղկացուցիչ մասերը հատկացնում է համապատասխան սեփականատերերի, ուստի և նրանց համար փոխարկում է եկամուտների։ Բայց արժեքը չի ծագում եկամտի փոխարկվելու հետևանքով, որովհետև նախքան եկամտի փոխարկվելու հնարավորություն ստանալը նա պետք է առկա լինի, ընդունի այդ կերպարանքը։ Սրան հակառակ ընթացող պրոցեսի խաբուսիկ տպավորությունն ուժգնորեն է ամրապնդվում մանավանդ այն պատճառով, որ այդ երեք մասերի հարաբերական մեծության սահմանումը միմյանց հանդեպ կատարվում է այլազան օրենքներով, որոնց կապը ապրանքների բուն արժեքի հետ և որոնց սահմանափակումը արժեքով բնավ չի բացահայտվում մակերեսին։
Երկրորդ։ Ինչպես մենք արդեն տեսանք, աշխատավարձի ընդհանուր բարձրացումը կամ իջեցումը, մնացած հավասար պայմաններում հարուցելով շահույթի ընդհանուր նորմայի շարժում հակադիր ուղղությամբ, փոփոխում է տարբեր ապրանքների արտադրագները, բարձրացնում է դրանցից միքանիսը և իջեցնում մյուսները՝ նայած կապիտալի միջին կազմությանը արտադրության համապատասխան ոլորտներում։ Ուրեմն այստեղ, արտադրության գոնե միքանի ճյուղերում, փորձն իրոք ցույց է տալիս, որ աշխատավարձի բարձրացման հետևանքով միջին ապրանքագինը բարձրանում է և նրա իջնելու հետևանքով՝ իջնում։ Բայց «փորձը» ցույց չի տալիս, որ աշխատավարձից անկախ գոյություն ունեցող ապրանքային արժեքը թաքուն կարգավորում է այդ փոփոխությունները։ Եթե, ընդհակառակը, աշխատավարձի բարձրացումը տեղական է, եթե այդ կատարվում է արտադրության սոսկ առանձին ճյուղերում հատուկ պայմանների ազդեցությամբ, ապա կարող է տեղի ունենալ այդ ապրանքների գների համապատասխան նոմինալ բարձրացում։ Մեկ տեսակ ապրանքների հարաբերական արժեքի նման բարձրացումը մյուսների համեմատությամբ, որոնց համար աշխատավարձը մնում է անփոփոխ, այն ժամանակ լոկ ռեակցիա է հանդիսանում համաչափության տեղական խախտման դեմ՝ արտադրության զանազան ոլորտների միջև հավելյալ արժեքը բաշխելու դեպքում, հանդիսանում է շահույթի հատուկ նորմաներն ընդհանուր նորմայի հավասարեցնելու միջոց։ Այստեղ ստացվող «փորձը» դարձյալ այն է ասում, որ գինը որոշվում է աշխատավարձով։ Եվ այսպես, երկու դեպքում էլ փորձն այն է ցույց տալիս, որ աշխատավարձը սահմանում է ապրանքների գները։ Այն, ինչ որ փորձը ցույց չի տալիս՝ դա այդ կախման թաքուն պատճառն է։ Այնուհետև, միջին աշխատագինը, այսինքն բանվորական ուժի արժեքը, որոշվում է անհրաժեշտ կենսամիջոցների արտադրագնով։ Եթե երկրորդը բարձրանում կամ իջնում է, ապա առաջինը ևս բարձրանում է կամ իջնում, փորձն այստեղ դարձյալ բացահայտում է սոսկ կապի գոյությունը աշխատավարձի և ապրանքագնի միջև. բայց պատճառը կարող է ներկայանալ իբրև հետևանք, իսկ հետևանքը՝ պատճառ, որը և տեղի ունի շուկայագների շարժման դեպքում, երբ աշխատավարձի բարձրացումը միջինից բարձր համապատասխանում է բարգավաճման ժամանակաշրջանի հետ կապված շուկայագների բարձրացմանը արտադրագներից բարձր, իսկ դրան հետևող աշխատավարձի անկումը միջինից ցածր համապատասխանում է շուկայագների անկմանը արտադրագներից ցածր։ Եթե մի կողմ թողնենք շուկայագների տատանողական շարժումը, ապա արտադրագների կախմանը ապրանքների արժեքից պետք է prima facie [հայտնապես] անմիջական փորձում համապատասխաներ այն փաստը, որ աշխատավարձը բարձրանալիս իջնում է շահույթի նորման և ընդհակառակը։ Բայց մենք արդեն տեսանք, որ շահույթի նորման կարող է սահմանվել հաստատուն կապիտալի արժեքի փոփոխություններով, անկախ աշխատավարձի փոփոխություններից, այնպես որ աշխատավարձը և շահույթի նորման կարող են փոփոխվել ոչ թե հակադիր, այլ միևնույն ուղղությամբ, երկուսը միասին կարող են բարձրանալ կամ ընկնել։ Եթե շահույթի նորման անմիջականորեն համընկներ հավելյալ արժեքի նորմայի հետ, այդ անկարելի կլիներ։ Հավասարապես և կենսամիջոցների գների աճումից հարուցված աշխատավարձի բարձրացման դեպքում շահույթի նորման անփոփոխ կարող է մնալ կամ նույնիսկ բարձրանալ աշխատանքի լարվածության ուժեղացման կամ բանվորական օրվա տևողության երկարացման հետևանքով։ Փորձի այս բոլոր տվյալները հաստատում են այն մտապատրանքը՝ հարուցված արժեքի բաղկացուցիչ մասերի ինքնուրույն, աղճատված ձևից, թե իբր միմիայն աշխատավարձը կամ աշխատավարձը շահույթի հետ միասին որոշում են ապրանքների արժեքը։ Քանի որ առհասարակ նման մտապատրանք տեղի ունի աշխատավարձի վերաբերմամբ, քանի որ թվում է, թե իբր աշխատանքի գինը համընկնում է աշխատանքի արտադրած արժեքի հետ, ապա շահույթի և ռենտայի վերաբերմամբ այս մտապատրանքի առաջացումը, իհարկե, ինքնին հասկանալի է։ Նրանց գները, այսինքն նրանց փողային արտահայտությունները, պետք է այս դեպքում կարգավորվեն անկախ աշխատանքից և սրա ստեղծած արժեքից։
Երրորդ։ Դիցուք, թե ապրանքների արժեքները կամ վերջիններից միայն առերևույթ անկախ թվացող արտադրագները անմիջական փորձի պրոցեսում մշտապես համընկնում են ապրանքների շուկայագներին, փոխանակ, ընդհակառակը, շուկայագների անընդհատ տատանումներից առաջացող մշտական հավասարեցման [Kompensation] միջոցով հանդես գալու սոսկ իբրև կարգավորող միջին գներ։ Դիցուք թե, այնուհետև, վերարտադրությունը մշտապես կատարվում է միևնույն անփոփոխ պայմաններում, այնպես որ աշխատանքի արտադրողականությունը կապիտալի բոլոր տարրերի համար մնում է անփոփոխ։ Դիցուք թե, վերջապես, ապրանքային արդյունքի արժեքի այն մասը, որը արտադրության յուրաքանչյուր ոլորտում գոյանում է արտադրամիջոցների արժեքին նոր աշխատաքանակ, հետևաբար, նոր արժեք միակցելու միջոցով,— անփոփոխ համամասնությամբ տրոհվում է աշխատավարձի, շահույթի և ռենտայի, այնպես որ իրոք վճարված աշխատավարձը, փաստորեն իրացված շահույթը և փաստական ռենտան մշտապես անմիջականորեն համընկնում են բանվորական ուժի արժեքի հետ, ամբողջ հավելյալ արժեքի այն մասի հետ, որը շահույթի միջին նորմայի ներգործության պայմաններում հասնում է ամբողջ կապիտալի յուրաքանչյուր ինքնուրույն գործող մասին, համընկնում են նաև այն սահմանների հետ, որոնց մեջ normaliter [նորմալ պայմաններում] ամփոփված է հողային ռենտան տվյալ պատվանդանի վրա։ Դիցուք թե, մեկ խոսքով, հասարակության արտադրած արդյունքի արժեքի բաշխումը և արտադրության գների կարգավորումը կատարվում է կապիտալիստական պատվանդանի վրա, բայց մրցության վերացումով։
Եվ այսպես, այս ենթադրությունների դեպքում, երբ ապրանքների արժեքը կներկայացներ հաստատուն մեծություն և կդրսևորվեր իբրև այդպիսին. երբ ապրանքային արդյունքի արժեքի այն մասը, որ տրոհվում է եկամուտների, կմնար հաստատուն մեծություն և հենց իբրև այդպիսին էլ կներկայանար. երբ, վերջապես, արժեքի այդ տվյալ և հաստատուն մասը մշտապես անփոփոխ համամասնությամբ կտրոհվեր աշխատավարձի, շահույթի և ռենտայի,— նույնիսկ այս ենթադրությունների դեպքում իրական շարժումը անխուսափելիորեն կներկայանար խեղաթյուրված ձևով, այսինքն ոչ թե իբրև արժեքի առաջուց տրված մեծության տրոհում երեք մասի, որոնք ընդունում են միմյանցից անկախ եկամուտների ձևեր, այլ ընդհակառակը, իբրև այդ արժեքի մեծության գոյացում անկախ, ինքնուրույն կերպով յուրաքանչյուրն ինքն իրեն սահմանվող, այդ արժեքի տարրերը կազմող աշխատավարձի, շահույթի և հողային ռենտայի գումարից։ Այս խաբուսիկությունը կառաջանար անխուսափելիորեն, որովհետև առանձին կապիտալների և նրանց ապրանքային արդյունքների իրական շարժման մեջ ոչ թե ապրանքների արժեքն է նրանց տրոհման նախադրյալ համարվում, այլ, ընդհակառակը, այն բաղկացուցիչ մասերը, որոնց նրանք տրոհվում են, գործում են իբրև ապրանքների արժեքի նախադրյալներ։ Ամենից առաջ, ինչպես մենք արդեն տեսանք, առանձին կապիտալիստին ապրանքի արտադրածախքերը թվում են տվյալ մեծություն և իրական արտադրագնի մեջ մշտապես հանդես են գալիս իբրև այդպիսի մեծություն։ Բայց արտադրածախքերը հավասար են հաստատուն կապիտալի, կանխավճարված արտադրամիջոցների արժեքին, պլյուս բանվորական ուժի արժեքը, որը, սակայն, արտադրության գործակալին պատկերանում է աշխատանքի գնի իռոացիոնալ ձևով, այնպես որ աշխատավարձը միևնույն ժամանակ ներկայանում է իբրև բանվորի եկամուտ։ Աշխատանքի միջին գինը տվյալ մեծություն է, որովհետև բանվորական ուժի, ինչպես և ամեն մի այլ ապրանքի արժեքը որոշվում է նրա վերարտադրության համար անհրաժեշտ աշխատանքի ժամանակով։ Իսկ ինչ վերաբերում է ապրանքների արժեքի այն մասին, որ վեր է ածվում աշխատավարձի, ապա նրա ծագումը պայմանավորվում է ոչ թե նրանով, որ նա ընդունում է աշխատավարձի այդ ձևը, որ կապիտալիստը բանվորին կանխավճարում է նրա սեփական արդյունքից իրեն հասնող բաժինը՝ աշխատավարձի ձևով քողարկված, այլ նրանով, որ բանվորն արտադրում է իր աշխատավարձին համապատասխանող էկվիվալենտ, այսինքն իր օրական կամ տարեկան աշխատանքի որոշ մասի ընթացքում արտադրում է իր բանվորական գնի մեջ պարունակվող արժեքը։ Բայց աշխատավարձը սահմանվում է պայմանագրով ավելի առաջ, քան արտադրված է նրան համապատասխանող արժեքի էկվիվալենտը։ Որպես գնի մի տարր, որի մեծությունը տրված է ապրանքը և ապրանքային արժեքն արտադրելուց առաջ, որպես արտադրածախքերի բաղկացուցիչ մի մաս, աշխատավարձը ներկայանում է ոչ թե իբրև ապրանքի ամբողջ արժեքի մի մաս, որն ինքնուրույն ձևով անջատվում է ապրանքի այդ ամբողջ արժեքից, այլ, ընդհակառակը, իբրև մի տվյալ մեծություն, որով առաջուց արդեն որոշվում է այդ ամբողջ արժեքը, այսինքն ներկայանում է իբրև արժեք և գին գոյացնող մի գործոն։ Այն դերին, որ աշխատավարձը խաղում է ապրանքի արտադրածախքերի մեջ, նմանում է այն դերը, որ միջին շահույթը խաղում է նրա արտադրագնի մեջ, որովհետև արտադրագինը հավասար է արտադրածախքերին պլյուս կանխավճարված կապիտալին հասնող միջին շահույթը։ Այս միջին շահույթը գործնականապես մտնում է իր իսկ կապիտալիստի պատկերացումների ու հաշվարկների մեջ իբրև կարգավորող տարր,— և ոչ միայն այն իմաստով, որ նա որոշում է կապիտալի փոխադրումը կիրառման մի ոլորտից մյուսը, այլև առհասարակ այն բոլոր գնումների ու պայմանագրերի դեպքում, որոնք ընդգրկում են վերարտադրության պրոցեսը քիչ թե շատ երկարատև ժամանակամիջոցի ընթացքում։ Իսկ որչափով որ այս այսպես է, միջին շահույթը առաջուց տրված մեծություն է և իրոք կախում չունի յուրաքանչյուր առանձին արտադրաճյուղում, առավել ես յուրաքանչյուր այդպիսի ճյուղի սահմաններում կապիտալի յուրաքանչյուր առանձին ներդրման ժամանակ ստեղծվող արժեքից և հավելյալ արժեքից։ Միջին շահույթն իր արտաքին դրսևորման մեջ թվում է ոչ թե արժեքի տարաբաժանման արդյունք, այլ, ընդհակառակը, ապրանքային արդյունքի արժեքից անկախ, ապրանքների արտադրության պրոցեսում առաջուց տրված և ապրանքների միջին գինն իսկ որոշող մեծություն, այսինքն արժեք գոյացնող գործոն։ Ընդ որում հավելյալ արժեքն իր զանազան մասերի միմյանցից միանգամայն անկախ ձևերի տրոհվելու հետևանքով ավելի ես կոնկրետ ձևով ներկայանում է իբրև ապրանքների արժեքի գոյացման նախադրյալ։ Միջին շահույթի մի մասը տոկոսի ձևով ինքնուրույն կերպով հակադրվում է գործող կապիտալիստին իբրև մի տարր, որ նախադրված է [vorausgesetztes Element] ապրանքների արտադրությանը և նրանց արժեքին։ Որքան էլ տատանվելու լինի տոկոսի մեծությունը, նա այնուամենայնիվ տվյալ յուրաքանչյուր մոմենտում և յուրաքանչյուր կապիտալիստի համար մի տվյալ մեծություն է, որն այդ եզակի կապիտալիստի համար մտնում է նրա արտադրած ապրանքների արտադրածախքերի մեջ։ Նույնպիսի դեր է խաղում երկրագործական կապիտալիստի համար հողային ռենտան վարձավճարի պայմանագրով սահմանված ձևով, և ուրիշ ձեռնարկուների համար՝ ձեռնարկությունների շենքերի վարձավճարը։ Քանի որ հավելյալ արժեքի այդ տրոհված մասերը յուրաքանչյուր առանձին կապիտալիստի համար հանդիսանում են նրա արտադրածախքերի տվյալ տարրեր, ապա թվում է, թե իբր նրանք, ընդհակառակը, գոյացնում են հավելյալ արժեք, գոյացնում են ապրանքագնի մի մասը, նման այն բանին, ինչպես աշխատավարձը գոյացնում է մյուս մասը։ Այն գաղտնիքը, թե ինչու ապրանքային արժեքի տարաբաժանման այդ արդյունքները մշտապես թվում են արժեքի գոյացման նախադրյալներ, պարզապես բացատրվում է նրանով, որ կապիտալիստական արտադրության եղանակը, ինչպես և ամեն մի այլ եղանակ, անընդհատ վերարտադրում է ոչ միայն նյութական արդյունքներ, այլև հասարակական տնտեսական հարաբերություններ, նրա գոյացման տնտեսական որոշակիության ձևեր։ Ուստի արտադրության այս պրոցեսի հետևանքը նույնքան անխախտ որ են ընդունում է նրա նախադրյալների կերպարանք, որքան նրա նախադրյալները՝ նրա հետևանքի կերպարանք։ Եվ այդ միևնույն հարաբերությունների հենց այդ անընդհատ վերարտադրությունն է, որ առանձին կապիտալիստը կանխակալում է, իբրև ըստինքյան հասկանալի, ոչ մի տարակույսի չենթարկվող փաստ։ Քանի դեռ կապիտալիստական արտադրությունը շարունակում է գոյություն ունենալ իբրև այդպիսին, նոր միակցված աշխատանքի մի մասը շարունակ փոխարկվում է աշխատավարձի, մյուսը՝ շահույթի (տոկոս և ձեռնարկուական եկամուտ), երրորդը՝ ռենտայի։ Արտադրության տարբեր գործոնների սեփականատերերի միջև պայմանագրեր կնքելիս դա մի նախադրյալ է, և այդ նախադրյալը ճիշտ է, որքան էլ յուրաքանչյուր եզակի դեպքում տատանվելու լինեն հարաբերական մեծությունները։ Այն որոշակի ձևը [Gestalt], որով միմյանց դիմակայում են արժեքամասերը, մի նախադրյալ է, որովհետև նա մշտապես վերարտադրվում է, և նա մշտապես վերարտադրվում է, որովհետև անփոփոխ նախադրյալ է։
Սակայն փորձը և երևույթների մակերեսը ցույց են տալիս նմանապես, որ իրենց մեծության կողմից քննարկվող շուկայագները, որոնց ազդեցության մեջ է կապիտալիստն իրոք տեսնում արժեքի միակ սահմանումը,— որ այդ շուկայագները բնավ կախում չունեն հիշատակված կանխումներից, բնավ չեն համակերպվում այն բանի հետ՝ բարձր են, թե ցածր պայմանագրով նախատեսված տոկոսը կամ ռենտան։ Իսկ շուկայագները հաստատուն են սոսկ փոփոխության մեջ, և առավել կամ պակաս տևական ժամանակամիջոցում դրանց միջինն է հենց, որ տալիս է աշխատավարձի, շահույթի և ռենտայի համապատասխան միջիններ, իբրև հաստատուն և, հետևաբար, վերջին հաշվով շուկայագների վրա գերիշխող մեծություններ։
Մյուս կողմից, չափազանց պարզ է թվում հետևյալ դատողությունը. քանի որ աշխատավարձը, շահույթն ու ռենտան գոյացնում են արժեք, որովհետև թվում է թե նրանք արժեքի արտադրության նախադրյալներ են և առանձին կապիտալիստի համար իբրև նախադրյալներ մտնում են արտադրության ծախքի ու արտադրության գնի մեջ, ապա արժեքի գոյացման գործոն է հանդիսանում նաև կապիտալի հաստատուն մասը, որի արժեքը մտնում է յուրաքանչյուր ապրանքի արտադրության մեջ իբրև տրված մեծություն։ Բայց կապիտալի հաստատուն մասը ոչ այլ ինչ է, բայց եթե ապրանքների և, հետևաբար, ապրանքային արժեքների գումար։ Այսպիսով, ստացվում է մի տափակ նույնաբանություն, ըստ որի ապրանքային արժեքն ապրանքային արժեքի գոյացման գործոն է և նրա պատճառը։
Սակայն եթե կապիտալիստը որևէ շահ ունենար այդ հարցի մասին խորհելու,— իսկ նրա իբրև կապիտալիստի խոհերը որոշվում են բացառապես նրա շահերով և շահամոլական դրդապատճառներով,— ապա փորձը անմիջապես ցույց կտար նրան, որ նրա իսկ արտադրած արդյունքը մտնում է արտադրության այլ ոլորտների մեջ իբրև կապիտալի հաստատուն մաս, և արտադրության այլ ոլորտների արդյունքները մտնում են նրա արդյունքի մեջ որպես կապիտալի հաստատուն մաս։ Քանի որ նրա համար, որչափով որ խոսքը վերաբերում է նրա նոր արտադրանքին, նոր գոյացած արժեքը, ըստ երևույթին, կազմվում է աշխատավարձի, շահույթի և ռենտայի մեծություններից, ապա այդ պատկերացումը նա փոխադրում է նաև հաստատուն մասի վրա, որը կազմված է ուրիշ կապիտալիստների արտադրանքից։ Այսպիսով, կապիտալի հաստատուն մասի գինը, իսկ դրա հետ միասին նաև ապրանքների ամբողջ արժեքը, ճիշտ է, մի եղանակով, որը չի կարելի լիովին ըմբռնել, վերջին հաշվով հանգում է արժեքի մի գումարի, որն ստացվում է արժեքի ինքնուրույն, տարբեր օրենքներով կարգավորվող, զանազան աղբյուրներից բխող գործոնների՝ աշխատավարձի, շահույթի և ռենտայի գումարումից։
Չորրորդ։ Առանձին կապիտալիստի համար կատարելապես միևնույն է՝ ապրանքները վաճառվում են արդյոք իրենց արժեքով, թե ոչ, հետևաբար, նրա համար կատարելապես միևնույն է արժեքի բուն իսկ սահմանումը։ Արժեքի սահմանումը հենց սկզբից մի ինչ-որ բան է, որը նրանից անկախ պայմանների բերմամբ, կատարվում է նրա թիկունքում, որովհետև ոչ թե ապրանքների արժեքները, այլ նրանցից տարբեր արտադրագներն են յուրաքանչյուր արտադրաճյուղում գոյացնում կարգավորող միջին գներ։ Արժեքի սահմանումն իբրև այդպիսին հետաքրքրություն է ներկայացնում առանձին կապիտալիստի և արտադրության յուրաքանչյուր առանձին ճյուղի կապիտալի համար և նրանց համար որոշիչ մոմենտ է ծառայում այն չափով սոսկ, որչափով որ աշխատանքի այն քանակի նվազումը կամ մեծացումը, որ պահանջվում է ապրանքների արտադրության համար աշխատանքի արտադրողական ուժի աճման կամ անկման պարագայում, առաջին դեպքում հնարավորություն է տալիս նրան գերշահույթ ստանալու գոյություն ունեցող շուկայագների պայմաններում, մյուս դեպքում՝ հարկադրում է նրան բարձրացնելու ապրանքագները, որովհետև այժմ արդյունքի յուրաքանչյուր միավորին, կամ յուրաքանչյուր առանձին ապրանքին ավելի շատ աշխատավարձ է բաժին ընկնում, ավելի շատ հաստատուն կապի տալ և, հետևաբար, ավելի շատ տոկոս։ Արժեքի սահմանումը նրան հետաքրքրում է սոսկ այն չափով, որչափով որ բարձրացնում կամ իջեցնում է հենց նրա համար ապրանքի արտադրածախքերը, որչափով որ, հետևաբար, նրան դնում է բացառիկ դրության մեջ։
Ընդհակառակը, աշխատավարձը, տոկոսը և ռենտան նրան պատկերանում են իբրև սահմաններ, որոնք կարգավորում են ոչ միայն այն գինը, որով նա կարող է իրացնել իրեն, իբրև գործող կապիտալիստի, բաժին հասնող շահույթի մի մասը, ձեռնարկուական եկամուտը, այլև որով նա առհասարակ պետք է վաճառի ապրանքները, որպեսզի հնարավոր լինի վերարտադրության պրոցեսի շարունակությունը։ Նրա համար կատարելապես միևնույն է՝ վաճառելիս իրացնում է նա ապրանքում պարունակող արժեքն ու հավելյալ արժեքը, թե ոչ, եթե միայն նա տվյալ գնի դեպքում սովորական կամ ավելի քան սովորական ձեռնարկուական եկամուտ է դուրս կորզում այն արտադրածախքերից դուրս, որ անհատապես տրված են նրա համար աշխատավարձի, տոկոսի և ռենտայի մեծությամբ։ Ուստի, եթե մի կողմ թողնենք կապիտալի հաստատուն մասը, ապա աշխատավարձը, տոկոսն ու ռենտան ներկայանում են նրան որպես ապրանքագինը սահմանափակող, ուստի և ստեղծարար, որոշիչ տարրեր։ Եթե, օրինակ, նրան հաջողվի աշխատավարձն իջեցնել բանվորական ուժի արժեքից ցած, այսինքն նրա նորմալ բարձրությունից ցած, ավելի ցածր տոկոսով կապիտալ ստանալ և ռենտայի նորմալ մակարդակից ցածր վարձավճար հատուցել, ապա նրա համար կատարելապես միևնույն է, թե նա ապրանքը վաճառում է արդյոք նրա արժեքից ցածր, նույնիսկ ընդհանուր արտադրագնից ցածր, այնպես որ ապրանքում պարունակվող հավելյալ աշխատանքի մի մասն այդ դեպքում տրվում է ձրիաբար։ Սա վերաբերում է նաև կապիտալի հաստատուն մասին։ Եթե, օրինակ, արդյունաբերողը հումքը կարող է գնել նրա արտադրագնից ցածր, ապա այդ երաշխավորում է նրան վնասից նույնիսկ այն դեպքում, երբ նա ստիպված լինի իր հերթին այդ հումքը վաճառելու պատրաստի արդյունքի մեջ արտադրագնից ցածր։ Նրա ձեռնարկուական եկամուտը կարող է անփոփոխ մնալ և նույնիսկ աճել, եթե միայն անփոփոխ է մնում կամ աճում է ապրանքագնի հավելուրդը նրա այն տարրերի նկատմամբ, որոնք պետք է վճարվեն, հատուցվեն էկվիվալենտով։ Բայց արտադրամիջոցների արժեքից զատ, որոնք մտնում են նրա ապրանքների արտադրության մեջ իբրև գնի քանակապես տրված տարրեր, չէ՞ որ հենց աշխատավարձը, տոկոսը և ռենտան գնի այդպիսի սահմանափակիչ և կարգավորիչ տարրեր են, որոնք մտնում են այդ արտադրության մեջ։ Ուստի դրանք պատկերանում են նրան իբրև տարրեր, որոնք սահմանում են ապրանքագինը։ Այս տեսակետից թվում է, որ իբր ձեռնարկուական եկամուտը սահմանվում է կամ այն հավելուրդով, որ կա մրցության պատահական պայմաններից կախում ունեցող շուկայագնի մեջ՝ գնի վերոհիշյալ տարրերով սահմանվող ապրանքների իմմանենտ արժեքի նկատմամբ, և կամ թե, որչափով ինքը ձեռնարկուական եկամուտը որոշիչ ազդեցություն է գործում շուկայագների վրա, նա ինքը իր հերթին ներկայանում է իբրև կախում ունեցող վաճառորդների և գնորդների միջև կատարվող մրցությունից։
Ինչպես առանձին կապիտալիստների միջև, այնպես և համաշխարհային շուկայում կատարվող մրցության մեջ աշխատավարձի, տոկոսի և ռենտայի տրված և նախապես ենթադրված մեծությունները հաշվի մեջ են մտնում իբրև հաստատուն և կարգավորիչ մեծություններ,— հաստատուն ոչ այն իմաստով, որ այդ մեծությունները չեն փոխվում, այլ այն, որ նրանք տրված են ամեն մի առանձին դեպքում և հաստատուն սահման են գոյացնում անընդհատ տատանվող շուկայագների համար։ Այսպես, օրինակ, համաշխարհային շուկայում կատարվող մրցության դեպքում խնդիրը վերաբերում է բացառապես նրան, թե տվյալ աշխատավարձի, տվյալ տոկոսի և տվյալ ռենտայի առկայության դեպքում կարելի՞ է արդյոք ապրանքը վաճառել տվյալ ընդհանուր շուկայագնով կամ նրանից ցածր, բայց օգուտով, այսինքն իրացնելով այդ դեպքում համապատասխան ձեռնարկուական եկամուտը։ Եթե մի երկրում աշխատավարձը և հողագինը ցածր են, իսկ կապիտալի տոկոսը, ընդհակառակը, բարձր է, որովհետև կապիտալիստական արտադրության եղանակն առհասարակ անբավարար է զարգացած այդտեղ, մինչդեռ մի այլ երկրում աշխատավարձը և հողագինը նոմինալ կերպով բարձր են, իսկ կապիտալի տոկոսը ցածր է, ապա առաջին երկրում կապիտալիստն ավելի շատ աշխատանք ու հող է գործադրում, երկրորդում՝ համեմատաբար ավելի շատ կապիտալ։ Այդ երկու կապիտալիստների միջև տեղի ունեցող մրցության հնարավոր չափը որոշելիս այդ գործոնները հաշվի են առնվում իբրև որոշիչ տարրեր։ Այսպիսով, փորձն այստեղ ցույց է տալիս թեորիապես, իսկ կապիտալիստի շահախնդրական հաշիվները ցույց են տալիս գործնականապես, որ ապրանքագները սահմանվում են աշխատավարձով, տոկոսով ու ռենտայով, աշխատանքի, կապիտալի ու հողի գնով և որ գնի այդ տարրերն իրոք հանդիսանում են գինը գոյացնող և կարգավորող գործոններ։
Ըստինքյան հասկանալի է՝ այս դեպքում մշտապես մնում է մի տարր, որը ապրանքների շուկայագնի նախադրյալ չէ, այլ արդյունք, այն է՝ հավելուրդը արտադրածախքերի վրա, որոնք գոյանում են վերև հիշատակված տարրերի՝ աշխատավարձի, տոկոսի և ռենտայի գումարման միջոցով։ Թվում է, թե այդ չորրորդ տարրը յուրաքանչյուր առանձին դեպքում որոշվում է մրցությամբ, իսկ առանձին դեպքերի ամբողջությունը նկատի առնելու դեպքում որոշվում է միջին հաշվով՝ միջին շահույթով, որը դարձյալ կարգավորվում է նույն մրցությամբ, բայց միայն ավելի երկար ժամանակամիջոցի ընթացքում։
Հինգերորդ։ Կապիտալիստական արտադրության եղանակի հիման վրա նոր միակցված աշխատանքը ներկայացնող արժեքի տրոհումը եկամուտների՝ աշխատավարձի, շահույթի և հողային ռենտայի ձևով, այնքան հասկանալի է դառնում ըստինքյան, որ այդ մեթոդը կիրառվում է նույնիսկ այնտեղ, որտեղ կատարելապես բացակայում են եկամտի այդ ձևերի գոյության բուն իսկ պայմանները (մենք արդեն չենք խոսում անցյալ պատմական ժամանակաշրջանների մասին, որտեղից մենք օրինակներ էինք բերում հողային ռենտան հետազոտելիս)։ Այս նշանակում է, որ անալոգիայի միջոցով ամեն ինչ ընդարկվում է եկամտային այդ ձևերին։
Եթե անկախ բանվորը,— վերցնենք մանր գյուղացուն, որովհետև այստեղ կիրառելի են եկամտի բոլոր երեք ձևերը,— աշխատում է ինքն իրեն համար և վաճառում է իր սեփական արդյունքը, ապա, առաջինը, նա դիտվում է իբրև իր սեփական գործատու (կապիտալիստ), որն ինքն իրեն գործադրում է իբրև բանվորի, այնուհետև իբրև իր սեփական հողային սեփականատեր, որը ինքն իրեն գործադրում է իբրև իր վարձակալի։ Նա աշխատավարձ է վճարում իրեն իբրև վարձու բանվորի, նա յուրացնում է շահույթը իբրև կապիտալիստ, ռենտա է վճարում իրեն իբրև հողային սեփականատիրոջ։ Ենթադրելով, որ արտադրության կապիտալիստական եղանակը և նրան համապատասխանող հարաբերությունները ընդհանուր հասարակական պատվանդան են հանդիսանում, նման բնութագիրը ճիշտ է այն չափով, որչափով որ անկախ արտադրողը ոչ թե իր աշխատանքին, այլ արտադրամիջոցների իր սեփականությանն,— արտադրամիջոցներ, որ այստեղ արդեն առհասարակ կապիտալի ձև են ընդունել,— է պարտական նրանով, որ նա ի վիճակի է յուրացնելու իր սեփական հավելյալ աշխատանքը։ Եվ այնուհետև, որչափով որ նա իր արդյունքն արտադրում է իբրև ապրանք և, հետևաբար, կախում ունի վերջինի գնից (իսկ եթե նույնիսկ այդ այդպես չէ, ապա գինն այնուամենայնիվ նրա գործարքներում հաշվի է առնվում, հավելյալ աշխատանքի մասսան, որից նա կարող է օգտվել, կախում ունի ոչ թե նրա սեփական մեծությունից, այլ շահույթի ընդհանուր նորմայից։ Հավասարապես և որոշ ավելցուկը հավելյալ արժեքի բաժնի նկատմամբ, որ սահմանվում է շահույթի ընդհանուր նորմայով, դարձյալ կախում ունի ոչ թե նրա ծախսած աշխատաքանակից, այլ կարող է նրա կողմից յուրացվել սոսկ շնորհիվ այն բանի, որ նա հողի սեփականատեր է։ Քանի որ արտադրության կապիտալիստական եղանակին չհամապատասխանող նման արտադրաձևը կարող է ընդարկվել — և որոշ չափով ոչ անհիմն — կապիտալիստական եկամտաձևերին, ապա այնքան ավելի զորեղ կերպով է ամրանում այն մտապատրանքը, թե կապիտալիստական հարաբերությունները հանդիսանում են իբրև արտադրության ամեն մի եղանակի բնական հարաբերություններ։
Իհարկե, եթե աշխատավարձը հանգեցնենք նրա ընդհանուր հիմունքին, այսինքն բանվորի սեփական աշխատանքի արդյունքի այն մասին, որը մտնում է նրա անհատական սպառման մեջ. եթե այդ բաժինն ազատենք կապիտալիստական սահմանափակումներից և ընդարձակենք մինչև սպառման այն ծավալը, որը, մի կողմից, թույլատրվում է հասարակության առկա արտադրողական ուժով (այսինքն նրա սեփական աշխատանքի, իբրև իրոք հասարակական աշխատանքի, հասարակական արտադրողական ուժով), որը, մյուս կողմից պահանջում է անհատականության [Individualität] լիակատար զարգացումը. եթե այնուհետև հավելյալ աշխատանքը և հավելյալ արդյունքը հանգեցնենք այն չափին, որը հասարակության տվյալ արտադրական պայմաններում անհրաժեշտ է, մի կողմից, ապահովագրական և պահեստի ֆոնդ գոյացնելու, մյուս կողմից՝ վերարտադրությունն անընդհատ ընդարձակելու համար հասարակական պահանջմունքով որոշվող չափով. եթե, վերջապես, ներառենք № 1՝ անհրաժեշտ աշխատանքի մեջ և № 2՝ հավելյալ աշխատանքի մեջ այն աշխատաքանակը, որ հասարակության աշխատունակ անդամները շարունակ պետք է ծախսեն դեռևս անաշխատունակ կամ արդեն անաշխատունակ նրա անդամների օգտին, այսինքն եթե աշխատավարձից, ինչպես և հավելյալ արժեքից, անհրաժեշտ աշխատանքից, ինչպես և հավելյալ աշխատանքից վերցնենք նրանց սպեցիֆիկ կապիտալիստական բնույթը, ապա կմնան արդեն ոչ թե այդ ձևերը, այլ նրանց սոսկ հիմքերը, որ ընդհանուր են արտադրության բոլոր հասարակական եղանակներին։
Ի միջի այլոց, նման ընդարկումը հատուկ էր նաև արտադրության նախկին տիրապետող եղանակներին, օրինակ, ֆեոդալական եղանակին։ Դրան բոլորովին չհամապատասխանող, դրանից բոլորովին դուրս գտնվող արտադրական հարաբերություններն ընդարկվում էին ֆեոդալական հարաբերություններին, օրինակ, Անգլիայում tenures in common socage [գյուղացիական հողապահություն] (հակառակ tenures on knight’s service-ի [ասպետական պահության]), որոնք պարունակում էին միայն փողային պարտավորություններ և սոսկ անվանապես ֆեոդալական էին։
ՀԻՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տարեցտարի նոր միակցվող աշխատանքի օգնությամբ միակցվող նոր արժեքը,— հետևաբար, և տարեկան արդյունքի այն մասը, որի մեջ ներկայացված է այդ արժեքը և որը կարող է զատվել համախառն ստացույթից,— տրոհվում է ուրեմն երեք մասի, որոնք ընդունում են երեք տարբեր եկամուտների ձևեր, այնպիսի ձևեր, որոնք արտահայտում են այդ արժեքի մի մասն իբրև բանվորական ուժի տիրոջը պատկանող կամ հասնող, մյուս մասը՝ կապիտալի տիրոջը, իսկ երրորդը՝ հողային սեփականության տիրոջը պատկանող կամ հասնող մաս։ Հետևաբար, սրանք բաշխման հարաբերություններ կամ ձևեր են, որովհետև նրանք արտահայտում են այն հարաբերությունները, որոնց մեջ ամբողջ նոր արտադրված արժեքը բաշխվում է, արտադրության տարբեր գործոնների տերերի միջև։
Սովորական հայացքի համաձայն, բաշխման այդ հարաբերությունները ներկայացնում են բնական հարաբերություններ, այնպիսի հարաբերություններ, որ ուղղակի բխում են յուրաքանչյուր հասարակական արտադրության բնությունից, մարդկային արտադրության օրենքներից։ Իհարկե, չի կարելի ժխտել այն, որ մինչկապիտալիստական հասարակությունները երևան են բերում բաշխման այլ եղանակներ, բայց վերջիններս մեկնաբանվում են որպես բաշխման անզարգացած, անկատար ու քողարկված, իրենց առավել զտված արտահայտության և բարձրագույն ձևին [Gestalt] չհասցված, բնական այդ հարաբերությունների այլ կերպ երանգավորված տարատեսակներ։
Նման պատկերացման մեջ ճիշտ է մի բան միայն. եթե տրված է որևէ տեսակի հասարակական արտադրություն (օրինակ, հնդկական պրիմիտիվ համայնքը կամ պերուացիների արհեստականորեն ավելի զարգացած կոմունիզմը), ապա մշտապես տարբերություն կարող է գծվել աշխատանքի այն մասի միջև, որի արդյունքը մտնում է արտադրողների և նրանց խնամառուների անմիջական անհատական սպառման մեջ և,— մի կողմ թողնելով արտադրողական սպառմանը ծառայող մասը,— աշխատանքի մյուս մասի, որ մշտապես հավելյալ աշխատանք է, որի արդյունքը մշտապես ծառայում է ընդհանուր հասարակական պահանջմունքների բավարարմանը, ինչպես էլ որ բաշխվելիս լինի այդ հավելյալ արդյունքը և ով էլ որ գործելու լինի իբրև այդ հասարակական պահանջմունքների ներկայացուցիչ։ Հետևաբար, բաշխման տարբեր եղանակների նույնությունը հանգում է սոսկ այն բանին, որ նրանք նույնական են, երբ մենք վերանում ենք նրանց տարբերություններից ու սպեցիֆիկ ձևերից և ուշադրությունը սևեռում ենք նրանց միասնության վրա միայն՝ ի հակադրություն տարբերությունների։
Ավելի զարգացած, ավելի քննադատական միտքը, ճիշտ է, ընդունում է Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
[Տես 9 ծան. հետո] բաշխման հարաբերությունների պատմականորեն զարգացող բնույթը, բայց առավել համառությամբ է կառչում այն դրույթից, որ բուն արտադրական հարաբերություններն անփոփոխ են, բխում են մարդկային բնությունից, հետևաբար, պատմական ամեն մի զարգացումից անկախ բնույթ են կրում։
Սակայն, արտադրության կապիտալիստական եղանակի գիտական անալիզը ապացուցում է, ընդհակառակը, որ նա հատուկ տեսակի, սպեցիֆիկ պատմական որոշակիություն ունեցող արտադրության եղանակ է, որ նա, ինչպես և արտադրության ամեն մի այլ որոշակի եղանակ, հասարակական արտադրողական ուժերի և նրանց զարգացման ձևերի տվյալ աստիճանը ենթադրում է իբրև իր պատմական պայմանը, մի պայման, որն ինքը մի նախընթաց պրոցեսի պատմական հետևանքն ու արդյունքն է և որից, ինչպես իր տվյալ հիմքից, ելնում է արտադրության նոր եղանակը. որ այդ սպեցիֆիկ, պատմականորեն որոշակի արտադրության եղանակին համապատասխանող արտադրական հարաբերությունները,— հարաբերություններ, որոնց մեղմանում են մարդիկ իրենց հասարակական կյանքի պրոցեսում, իրենց հասարակական կյանքի արտադրության մեջ,— սպեցիֆիկ, պատմական և անցողիկ բնույթ են կրում, որ, վերջապես, իրենց էությամբ բաշխման պայմանները, որ նույնական են արտադրության պայմանների հետ, կազմում են այս վերջինների հակերեսը, այնպես որ թե արտադրական և թե բաշխման հարաբերությունները հավասարապես միևնույն պատմական անցողիկ բնույթն են կրում։
Բաշխման հարաբերությունները քննարկելիս ելնում են առաջին հերթին այն կարծեցյալ փաստից, թե իբր տարեկան արդյունքը բաշխվում է իբրև աշխատավարձ, շահույթ և հողային ռենտա։ Բայց, այդ կերպ արտահայտված, այդ փաստը ճիշտ չէ։ Արդյունքը տրոհվում է մի կողմից կապիտալի, մյուս կողմից՝ եկամուտների։ Այդ եկամուտներից մեկը՝ աշխատավարձը, իսկապես ընդունում է եկամտի, բանվորի եկամտի ձև այն բանից հետո սոսկ, երբ նա նախապես դիմակայել է միևնույն բանվորին կապիտալի ձևով։ Այն փաստը, որ աշխատանքի արտադրված պայմանները և աշխատանքի արդյունքներն առհասարակ իբրև կապիտալ հակադրվում են անմիջական արտադրողներին, արդեն առաջուց ենթադրում է աշխատանքի իրային պայմանների որոշակի հասարակական բնույթը բանվորների վերաբերմամբ և դրանով իսկ նրանց որոշակի հարաբերությունը բուն արտադրության մեջ դեպի աշխատանքի պայմանների տերերը և միմյանց հետ։ Աշխատանքի այդ պայմանների փոխարկումը կապիտալի իր հերթին ենթադրում է անմիջական արտադրողների սեփականազրկումը հողից և դրանով իսկ հողային սեփականության մի որոշակի ձև։
Եթե արդյունքի մի մասը չփոխարկվեր կապիտալի, ապա մյուսը չէր ընդունի աշխատավարձի, շահույթի և ռենտայի ձև։
Մյուս կողմից, եթե արտադրության կապիտալիստական եղանակը ենթադրում է արտադրության պայմանների այդ որոշակի հասարակական ձևը [Gestalt], ապա այդ եղանակը անընդհատ նաև վերարտադրում է նրան։ Արտադրության այդ եղանակն արտադրում է ոչ միայն նյութական արդյունքներ, այլև անընդհատ վերարտադրում է այն արտադրական հարաբերությունները, որոնց մեջ արտադրվում են այդ արդյունքները, դրանով իսկ վերարտադրում է նաև համապատասխան բաշխման հարաբերությունները։
Իհարկե, կարելի է ասել, որ կապիտալը (որի մեջ ներառվում է նաև հողային սեփականությունն իբրև նրա հակադրություն) ինքն արդեն ենթադրում է բաշխում. բանվորի սեփականազրկումը նրա աշխատանքի պայմաններից, այդ պայմանների համակենտրոնացումը անհատների փոքրամասնության ձեռքում, հողի բացառիկ սեփականությունն ուրիշ անհատների համար,— մեկ խոսքով՝ բոլոր այն հարաբերությունները, որ հետազոտված են սկզբնական կուտակման վերաբերյալ բաժնում ([I գիրք, XXIV գլ.)* [Տես 9 ծան. հետո]։ Բայց այս բաշխումը միանգամայն տարբեր է նրանից, ինչ որ հասկանում են բաշխման հարաբերությունների տակ, երբ այս վերջիններիս պատմական բնույթ են վերագրում ի հակադրություն արտադրական հարաբերությունների։ Այս դեպքում նկատի են ունենում տարբեր տիտղոսներ արդյունքի այն բաժնի համար, որ հատկացված է անհատական սպառման։ Ընդհակառակը, բաշխման վերը նշած հարաբերությունները հիմք են հանդիսանում հատուկ հասարակական ֆունկցիաների, որոնք հենց արտադրական հարաբերության սահմաններում բաժին են ընկնում նրա որոշակի գործակալներին՝ ի հակադրություն անմիջական արտադրողների։ Նրանք սպեցիֆիկ հասարակական որակ են հաղորդում իրենց իսկ արտադրության պայմաններին և նրանց ներկայացուցիչներին։ Նրանք որոշում են արտադրության ամբողջ բնույթը և ամբողջ շարժումը։
Երկու բնորոշ գիծ հենց ամենասկզբից տարբերում են կապիտալիստական արտադրության եղանակը։
Առաջին։ Նա արդյունքներն արտադրում է իբրև ապրանքներ։ Սակայն ոչ թե ապրանքների արտադրության բուն փաստն է տարբերում նրան արտադրության մյուս եղանակներից, այլ, այն, որ ապրանքի ձև ընդունելը կազմում է նրա արդյունքների գերիշխող և որոշիչ բնույթը։ Արտադրության այդ եղանակն ամենից առաջ ենթադրում է, որ բանվորն ինքը հանդես է գալիս սոսկ իբրև ապրանքի վաճառորդ, ուստի և իբրև ազատ վարձու բանվոր, հետևաբար, աշխատանքն առհասարակ հանդես է գալիս իբրև վարձու աշխատանք։ Վերը շարադրածից հետո, ավելորդ է նորից ցույց տալ, թե ինչպես է կապիտալի հարաբերությունը դեպի վարձու աշխատանքը որոշում արտադրության տվյալ եղանակի ամբողջ բնույթը։ Արտադրության այդ եղանակի իսկ գլխավոր գործակալներ՝ կապիտալիստը և վարձու բանվորն իբրև այդպիսիներ հանդիսանում են կապիտալի և վարձու աշխատանքի սոսկ մարմնացումներ, անձնավորումներ. դրանք որոշակի հասարակական բնավորություններ են, որ անհատների վրա դնում է արտադրության հասարակական պրոցեսը. դրանք այդ որոշակի հասարակական արտադրական հարաբերությունների արդյունքներ են։
1) Արդյունքն իր բնույթով, իբրև ապրանք և 2) ապրանքն իր բնույթով իբրև կապիտալի արդյունք՝ նրա արդյունքի այս բնույթն արդեն ներառում է շրջանառության բոլոր հարաբերությունները, այսինքն որոշակի հասարակական մի պրոցես, որ պետք է կատարեն արդյունքները և որի մեջ նրանք ընդունում են որոշակի հասարակական բնույթ. միևնույն ժամանակ նա ներառում է նույնքան որոշակի հարաբերությունները արտադրության գործակալների, որոնցով որոշվում է նրանց արդյունքի արժեքի աճումը [Verwerthung] և նրա ետփոխարկումը՝ կամ կենսամիջոցների, կամ արտադրամիջոցների։ Բայց, նույնիսկ մի կողմ թողնելով այդ, տեսնում ենք, որ արդյունքի իբրև ապրանքի կամ ապրանքի իբրև կապիտալիստականորեն արտադրված ապրանքի վերև հիշատակված երկու բնույթներից բխում է արժեքի ամբողջ բնորոշումը և ամբողջ արտադրության կարգավորումը արժեքով։ Արժեքի այս կատարելապես սպեցիֆիկ ձևի մեջ աշխատանքը նշանակություն ունի մի կողմից միայն իբրև հասարակական աշխատանք. մյուս կողմից, այդ հասարակական աշխատանքի բաշխումը և նրա փոխադարձ լրացումը՝ նյութափոխանակությունը նրա արդյունքների միջև, նրա ենթարկումը հասարակական մեխանիզմին և վերջինիս մեջ մտնելը,— այս բոլորը թողնված է եզակի կապիտալիստական արտադրողների պատահական, փոխադարձաբար ոչնչացվող ձգտումներին։ Քանի որ այդ արտադրողները դիմակայում են միմյանց սոսկ իբրև ապրանքատերեր, ընդ որում յուրաքանչյուրը ձգտում է ըստ կարելույն թանկ վաճառել իր ապրանքը (և նույնիսկ արտադրության կարգավորման գործում ղեկավարվում է կարծես թե միայն իր քմայքով), ապա ներքին օրենքը ճանապարհ է բացում իրեն սոսկ նրանց մրցության, փոխադարձաբար միմյանց ճնշելու միջոցով, որի շնորհիվ շեղումները փոխադարձաբար ոչնչացվում են։ Սոսկ իբրև առանձին գործակալներին հակադիր ներքին օրենք, իբրև բնության կույր օրենք է գործում այստեղ արժեքի օրենքը և ճանապարհ հարթում արտադրության հասարակական հավասարակշռությանը նրա պատահական տատանումների մեջ։
Այնուհետև, արդեն ապրանքի մեջ ու ավելի ևս մեծ չափով ապրանքի իբրև կապիտալի արդյունքի մեջ ամփոփված է արտադրության հասարակական սահմանումների իրայնացումը և արտադրության նյութական հիմքերի սուբեկտիվացումը, որոնք բնորոշում են արտադրության ամբողջ կապիտալիստական եղանակը։
Երկրորդ. մի հանգամանք, որ հատկապես բնորոշում է արտադրության կապիտալիստական եղանակը,— դա հավելյալ արժեքի արտադրությունն է իբրև արտադրության ուղղակի նպատակ և որոշիչ շարժառիթ։ Կապիտալն ամենից առաջ արտադրում է կապիտալ և դրան հասնում է սոսկ այն չափով, որչափով որ արտադրում է հավելյալ արժեք։ Հարաբերական հավելյալ արժեքը և, այնուհետև, հավելյալ արժեքի՝ շահույթի փոխարկումը հետազոտելիս մենք տեսանք, թե ինչպես դրա վրա հիմնվում է կապիտալիստական ժամանակաշրջանի համար բնորոշ արտադրության եղանակը,— աշխատանքի հասարակական արտադրողական ուժերի զարգացման հատուկ ձևը, ուժեր, որոնք, սակայն, բանվորի հանդեպ ընդունում են կապիտալի ինքնուրույն ուժերի կերպարանք և այդ պատճառով ուղղակի հակասության մեջ են գտնվում նրա՝ բանվորի, սեփական զարգացման հետ։ Հանուն արժեքի և հավելյալ արժեքի կատարվող արտադրությունը, ինչպես այնուհետև ցույց տվին մեր հետազոտությունները, ներառում է մի անընդհատ գործող տենդենց՝ կրճատել ապրանքի արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը, այսինքն նրա արժեքը իջեցնել տվյալ մոմենտին գոյություն ունեցող հասարակական միջինից էլ ցած։ Արտադրության ծախքերը նրանց մինիմումին հասցնելու ձգտումը ուժեղագույն լծակ է դառնում աշխատանքի հասարակական արտադրողական ուժի բարձրացման, որը, սակայն, այստեղ ներկայանում է սոսկ իբրև կապիտալի արտադրողական ուժի անընդհատ բարձրացում։
Այն իշխանությունը [Autorität], որ ձեռք է բերում կապիտալիստն իբրև կապիտալի անձնավորում արտադրության անմիջական պրոցեսում, այն հասարակական ֆունկցիան, որ նա կատարում է իբրև արտադրության ղեկավար և տիրակալ, էապես տարբեր են այն իշխանությունից, որ հենվում էր ստրուկների, ճորտերի և այլոց օգնությամբ կատարվող արտադրության պատվանդանի վրա։
Մինչդեռ կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա անմիջական արտադրողների մասսային դիմակայում է նրանց արտադրության հասարակական բնույթը՝ խիստ կարգավորող իշխանության ձևով և իբրև աշխատանքի պրոցեսի հասարակական մեխանիզմ, որը լիակատար զարգացած հիերարխիա է ներկայացնում,— ընդ որում, սակայն, այդ իշխանությունից նրա կրողներն օգտվում են սոսկ իբրև աշխատանքի պայմանների անձնավորում ի հակադրություն բուն աշխատանքի, և ոչ թե իբրև քաղաքական կամ թեոկրատական իշխանավորներ, ինչպես այդ տեղի ուներ արտադրության ավելի վաղ ձևերի դեպքում,— այդ նույն պայմաններում այդ իշխանության բուն կրողների մեջ, հենց իրենց՝ կապիտալիստների մեջ, որոնք դիմակայում են միմյանց սոսկ իբրև ապրանքատերեր, տիրապետում է լիակատար անարխիա, որտեղ արտադրության հասարակական կապը իրականանում է իբրև բնության ամենազոր օրենք, որն իրեն է ենթարկում անձնական քմայքը։
Միայն որպես հետևանք այն բանի, որ իբրև նախադրյալ տրված են՝ աշխատանքը վարձու աշխատանքի ձևով և արտադրամիջոցները կապիտալի ձևով, հետևաբար արտադրության այդ երկու կարևոր գործոնների նման սպեցիֆիկ հասարակական բնույթի հետևանքով միայն,— արժեքի (արդյունքի) մի մասը փոխարկվում է հավելյալ արժեքի, և այդ հավելյալ արժեքը՝ շահույթի (ռենտայի), կապիտալիստի վաստակի, նրա տրամադրության տակ գտնվող, նրան պատկանող լրացուցիչ հարստության։ Բայց միայն այն պատճառով, որ նա, այսպիսով, ներկայացված է իբրև նրա շահույթ, արտադրության լրացուցիչ միջոցներն էլ, որ հատկացված են վերարտադրության ընդարձակման համար և կազմում են կապիտալիստի շահույթի մի մասը, ներկայացված են իբրև նոր, լրացուցիչ կապիտալ, և վերարտադրության պրոցեսի ընդարձակումն, առհասարակ՝ իբրև կապիտալիստական կուտակման պրոցես։
Թեև աշխատանքի իբրև վարձու աշխատանքի ձևը վճռողական նշանակություն ունի ամբողջ պրոցեսի բնույթի համար և իրեն իսկ արտադրության սպեցիֆիկ եղանակի համար, այնուամենայնիվ վարձու աշխատանքով չէ որոշվում արժեքը։ Արժեքը որոշելիս խնդիրը վերաբերում է աշխատանքի հասարակական ժամանակին առհասարակ, աշխատանքի այն քանակին, որ առհասարակ կարող է տնօրինել հասարակությունը և որի համամասնական կլանումը տարբեր արդյունքների միջոցով որոշում են այդ արդյունքների այսպես ասած տեսակարար հասարակական կշիռը։ Այն որոշակի ձևը, որով դրսևորվում է հասարակական աշխատաժամանակը ապրանքների արժեքի մեջ իբրև վերջինս սահմանող գործոն, կապված է, իհարկե, աշխատանքի — իբրև վարձու աշխատանքի — ձևի հետ և արտադրամիջոցների — իբրև կապիտալի — համապատասխան ձևի հետ այն չափով, որչափով որ ապրանքային արտադրությունը լոկ այս պատվանդանի վրա է դառնում արտադրության ընդհանրական ձև։
Սակայն քննարկենք այսպես կոչված բուն բաշխման հարաբերությունները։ Աշխատավարձը ենթադրում է վարձու աշխատանք, շահույթը՝ կապիտալ։ Բաշխման այս որոշակի ձևերը, հետևաբար, ենթադրում են արտադրության պայմանների որոշակի հասարակական բնույթ և արտադրության գործակալների որոշակի հասարակական հարաբերություններ։ Հետևաբար, բաշխման որոշակի հարաբերությունը արտադրության պատմականորեն որոշակի հարաբերության արտահայտությունն է սոսկ։
Իսկ այժմ վերցնենք շահույթը։ Հավելյալ արժեքի այս որոշակի ձևը նախադրյալ է այն բանի, որ նոր արտադրամիջոցների ստեղծումը կատարվում է կապիտալիստական արտադրության ձևով. հետևաբար, դա մի հարաբերություն է, որ գերիշխում է վերարտադրության նկատմամբ, թեև աոանձին կապիտալիստին թվում է, թե նա իսկապես կարող էր իր ամբողջ շահույթը կլանել իբրև եկամուտ։ Սակայն այդ դեպքում նա դեմ է առնում այնպիսի սահմանների, որոնք կանգնում են նրա առջև ապահովագրական ֆոնդի, պահեստաֆոնդի, մրցության օրենքի ու այլ ձևով և գործնականապես ապացուցում են նրան, որ շահույթը սոսկ արդյունքի բաշխման մի կատեգորիա չէ, որ հատկացված է անհատական սպառման համար։ Այնուհետև, կապիտալիստական ամբողջ արտադրության պրոցեսը կարգավորվում է արդյունքների գների միջոցով։ Իսկ արտադրության կարգավորիչ գներն, իրենց հերթին, կարգավորվում են շահույթի նորմաների հավասարեցումով և սրան համապատասխան տեղի ունեցող կապիտալի բաշխումով արտադրության հասարակական տարրեր ոլորտներին միջև։ Այսպիսով, շահույթն այստեղ հանդիսանում է ոչ թե արդյունքի բաշխման, այլ նրա բուն արտադրության գլխավոր գործոնը, արտադրության տարբեր ոլորտների միջև կապիտալի և հենց բուն աշխատանքի բաշխման մի մասը։ Շահույթի տարաբաժանումը ձեռնարկուական եկամտի և տոկոսի ներկայանում է իբրև միևնույն եկամտի բաժանում։ Բայց դա, ամենից առաջ, ծնունդ է կապիտալի զարգացման իբրև հավելյալ արժեք ստեղծող ինքնաճող արժեքի — արտադրության գերիշխող պրոցեսի այդ որոշակի հասարակական ձևի։ Դա զարգացնում է իրենից վարկ և վարկային հիմնարկներ և դրանով իսկ արտադրության ձևը [Gestalt]։ Իբրև տոկոս և այլն հանդես եկող բաշխման կարծեցյալ այդ ձևերը մտնում են գնի մեջ իբրև արտադրության որոշիչ մոմենտներ։
Ինչ վերաբերում է հողային ռենտային, ապա կարող էր թվալ, թև նա զուտ բաշխման ձև է, որովհետև հողային սեփականությունն իբրև այդպիսին արտադրության բուն պրոցեսում ոչ մի — գոնե ոչ մի նորմալ — ֆունկցիա չի կատարում։ Բայց այն հանգամանքը, որ 1) ռենտան սահմանափակվում է միջին շահույթի վրա եկող հավելուրդով, 2) որ հողային սեփականատերը արտադրության պրոցեսի, հետևաբար և ամբողջ հասարակական կենսապրոցեսի ղեկավարից ու տիրակալից ցած է տապալվում մինչև հողը պարզապես վարձով հանձնող, հողային վաշխառու, ռենտայի հասարակ գանձող,— այս հանգամանքը կապիտալիստական արտադրության եղանակի սպեցիֆիկ պատմական արդյունքն է։ Այն հանգամանքը, որ հողը հողային սեփականության ձև է ստացել, ծառայում է արտադրության այդ եղանակի պատմական նախադրյալը։ Այն հանգամանքը, որ հողային սեփականությունը ձեռք է բերում գյուղատնտեսությունը կապիտալիստական եղանակով վարելու ձևեր, հանդիսանում է արտադրության այդ եղանակի սպեցիֆիկ բնույթի արդյունքը։ Հողային սեփականատիրոջ ստացույթը հասարակության այլ ձևերի դեպքում ևս կարելի է անվանել ռենտա։ Բայց նա էապես տարբերվում է այն ռենտայից, որպիսին հանդես է գալիս արտադրության այս եղանակի դեպքում։
Հետևաբար, այսպես կոչված բաշխման հարաբերությունները համապատասխանում են արտադրության պրոցեսի պատմականորեն որոշակի, սպեցիֆիկ հասարակական ձևերին և այն հարաբերություններին, որոնց մեջ են մտնում մարդիկ միմյանց հետ իրենց մարդկային կյանքի վերարտադրության պրոցեսում. նրանք միաժամանակ առաջանում են այդ ձևերից ու հարաբերություններից։ Բաշխման այդ հարաբերությունների պատմական բնույթը արտադրական այն հարաբերությունների պատմական բնույթն է, որոնց մի կողմն են միայն արտահայտում նրանք։ Կապիտալիստական բաշխումը տարբեր է բաշխման այն ձևերից, որոնք առաջանում են արտադրության այլ եղանակներից, և բաշխման ամեն մի ձև անհայտանում է արտադրության այն որոշակի ձևի հետ միասին, որին նա համապատասխանում է և որից նա բխում է։
Այն հայացքը, որը պատմական է համարում սոսկ բաշխման հարաբերությունները, բայց ոչ արտադրության հարաբերությունները, մի կողմից, բուրժուական տնտեսագիտության սաղմնավորվող, դեռ երկչոտ քննադատության հայացքն է լոկ։ Իսկ մյուս կողմից նա հիմնված է արտադրության հասարակական պրոցեսը աշխատանքի պարզ պրոցեսի հետ շփոթելու և նույնացնելու վրա, պարզ պրոցեսի, որը պետք է կատարի նաև արհեստականորեն մեկուսացված մարդը՝ առանց որևէ հասարակական օգնության։ Որչափով որ աշխատանքի պրոցեսը սոսկ մի պրոցես է մարդու և բնության միջև, նրա պարզ տարրերը միատեսակ են մնում զարգացման բոլոր հասարակական ձևերի համար։ Բայց այդ պրոցեսի յուրաքանչյուր որոշակի պատմական ձև առաջ է տանում նրա նյութական հիմքերը և հասարակական ձևերը։ Հասունության որոշակի աստիճանի հասնելով, տվյալ պատմական ձևը դեն է շպրտվում և տեղ է մաքրում ավելի բարձր ձևի համար։ Որ այդպիսի ճգնաժամի մոմենտը վրա է հասել, դա բացահայտվում է այն ժամանակ, երբ ընդարձակվում ու խորանում են հակասություններն ու հակադրությունը մի կողմից բաշխման հարաբերությունների, հետևաբար և նրանց համապատասխանող արտադրական հարաբերությունների որոշակի պատմական ձևի, և մյուս կողմից, արտադրողական ուժերի, արտադրողական ունակության և նրա գործոնների զարգացման միջև։ Այն ժամանակ կոնֆլիկտ է բռնկվում արտադրության նյութական զարգացման և նրա հասարակական ձևի միջև[10]։
ՀԻՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԴԱՍԱԿԱՐԳԵՐ
Լոկ բանվորական ուժի սեփականատերերը, կապիտալի սեփականատերերը և հողի սեփականատերերը, որոնց եկամուտների համապատասխան աղբյուրներն են աշխատավարձը, շահույթը և հողային ռենտան, ուրեմն, վարձու բանվորները, կապիտալիստներն ու հողային սեփականատերերը գոյացնում են կապիտալիստական արտադրության եղանակի վրա՝ խարսխված ժամանակակից հասարակության երեք մեծ դասակարգերը։
Անգլիայում ժամանակակից հասարակությունն իր տնտեսական անդամատումով անվիճելիորեն հասել է ամենալայն, ամենադասական զարգացման։ Սակայն այստեղ ևս այդ դասակարգային անդամատումը տակավին հանդես չի գալիս զուտ ձևով։ Նույնիսկ այստեղ միջին և անցումային աստիճաններն ամենուրեք մթագնում են սահմանագծերը (ճիշտ է, գյուղում անհամեմատ ավելի պակաս, քան քաղաքներում)։ Սակայն սա նշանակություն չունի մեր հետազոտության համար։ Մենք տեսանք, որ կապիտալիստական արտադրության եղանակի մնայուն տենդենցն ու զարգացման օրենքը կայանում է նրանում, որ արտադրամիջոցներն ավելի ու ավելի են անջատվում աշխատանքից, որ արտադրության մանրատված միջոցներն ավելի ու ավելի են համակենտրոնանում մեծ խմբերի մեջ, որ, այդպիսով, աշխատանքը դառնում է վարձու աշխատանք, իսկ արտադրամիջոցները՝ կապիտալ։ Եվ այս տենդենցին, մյուս կողմից, համապատասխանում է հողային սեփականության ինքնուրույն անջատումը կապիտալից և աշխատանքից[11], այսինքն ամեն մի հողային սեփականության փոխարկումը կապիտալիստական արտադրության եղանակին համապատասխանող հողային սեփականության ձևի։
Մերձավոր հարցը, որին մենք պետք է պատասխանենք, այս է. ինչն է գոյացնում դասակարգ,— ընդ որում այդ պատասխանը ինքնին կստացվի, եթե մենք պատասխանենք մի այլ հարցի, ի՞նչի շնորհիվ են վարձու բանվորները, կապիտալիստներն ու հողային սեփականատերերը գոյացնում հասարակական երեք մեծ դասակարգ։
Առաջին հայացքից, դա — եկամուտների և եկամտի աղբյուրների նույնությունն է։ Մեր առջևն են հասարակական երեք մեծ խմբավորումներ, որոնց բաղկացուցիչ մասերը — դրանք գոյացնող անհատները — ապրում են համապատասխանորեն աշխատավարձով, շահույթով և հողային ռենտայով, օգտագործելով իրենց բանվորական ուժը, իրենց կապիտալը և իրենց հողային սեփականությունը։
Բայց, այս տեսակետից, օրինակ, բժիշկներն ու աստիճանավորները ևս կկազմեին երկու դասակարգ, որովհետև նրանք պատկանում են երկու տարբեր հասարակական խմբերի, ընդ որում այդ երկու խմբերից յուրաքանչյուրի անդամները իրենց եկամուտներն ստանում են միևնույն աղբյուրից։ Նույն դրույթը միշտ կլիներ նաև շահերի ու հասարակական դիրքերի այն անսահման մանրատվածության վերաբերմամբ, որ ստեղծում է հասարակական աշխատանքի բաժանումը բանվորների, ինչպես և կապիտալիստների ու հողային սեփականատերերի միջև,— վերջիններս տրոհվում են, օրինակ, խաղողի այգիների, վարելահողի, անտառների, հանքարանների, ձկնորսարանների տերերի։
{ Այստեղ ձեոագիրն ընդհատվում է։ }
- ↑ Հետևյալ երեք հատվածները գտնվում են VI բաժնի ձեռագրի զանազան տեղերում։ — Ֆ. Է.։
* „On the Principles of Political Economy and Taxation”. Տես Д. Рикардо. „Начала политической экономии и налогового обложения”, Соч., т. II, Соцэкгиз, 1935, стр. 37։— Խմբ.։
** Կ. Մարքս. «Կապիտալ». I հ., գլ. 4 — § 3 և գլ. 17։— Խմբ.։ - ↑ Ըստ ձեռագրի XLVIII գլխի սկիզբը։
- ↑ Աշխատավարձը, շահույթը և ռենտան ամեն մի եկամտի, հավասարապես և ամեն մի փոխանակային արժեքի երեք սկզբնական աղբյուրներն են (Ա. Սմիթ)։ Այսպիսով նյութական արտադրության պատճառները միևնույն ժամանակ բոլոր գոյություն ունեցող հիմնական եկամուտների աղբյուրներն են (Շտորխ [„Cours d’Economie Poltique”, Pétersbourg 1815], էջ 259)։
* Կ. Մարքս, «Կապիտալ», II հ.։— Խմբ.։
** Կ. Մարքս, «Կապիտալ», I հ., V գլ.։— Խմբ.։
*** Կ. Մարքս, «Կապիտալ», II հ., III բաժին։— Խմբ.։
**** Կ. Մարքս, «Կապիտալ», II հ., XX գլ. II։— Խմբ.։ - ↑ Ռիկարդոն հետևյալ չափազանց հաջող դիտողությունն է անում անմիտ Սեյի վերաբերմամբ. «Զուտ և համախառն արդյունքի մասին պ. Սեյն ասում է հետևյալը. «Ամբողջ արտադրված արժեքը համախառն արդյունք է. այդ արժեքը, հանած աքտադրածախքերը, հանդիսանում է զուտ արդյունք» (II հ., էջ 491)։ Հետևաբար, զուտ արդյունք չի կարող գոյություն ունենալ, որովհետև արտադրածախքերն ըստ պ. Սեյի կազմված են ռենտայից, աշխատավարձից և շահույթից։ Էջ 508-ում նա ասում է. «Արդյունքի արժեքը, արտադրողական սպասարկումների արժեքը, արտադրածախքերի արժեքը — այդ ամենը միատեսակ արժեքներ են, եթե միայն իրերը թողնվում են իրենց բնական ընթացքին»։ Եթե ամբողջից հանենք ամբողջը, ապա տակը ոչինչ չի մնա» (Ռիկարդո, «Principles», XXII գլ. էջ 512, ծանոթագրություն [ռուս. թարգմ. էջ 273])։ Սակայն ինչպես ստորև կտեսնենք, Ռիկարդոն ևս ոչ մի տեղ չհերքեց Սմիթի՝ ապրանքագնի սխալ անալիզը, հատկապես այդ գնի տարալուծումը եկամուտների արժեքների գումարի. Ռիկարդոն գլխի չի ընկնում այս անալիզի սխալ լինելու մասին և իր անալիզներում դա ճիշտ է համարում այն չափով, որչափով որ նա «վերանում է» ապրանքների արժեքի հաստատուն մասից։ Ժամանակ առ ժամանակ նա դարձյալ ընկնում է պատկերացման նույն եղանակի գիրկը։
- ↑ «Ամեն մի հասարակության մեջ յուրաքանչյուր ապրանքի գինը վերջին հաշվով հանգում է այդ երեք մասերից մեկին կամ մյուսին կամ բոլոր երեք մասերին {այսինքն՝ աշխատավարձին, շահույթին, ռենտային}... Չորրորդ մասը, ինչպես կարելի է ենթադրել, անհրաժեշտ է ֆերմերի կապիտալը կամ մաշվածքը փոխհատուցելու և նորոգության համար և բանող անասուններն ու երկրագործական ուրիշ գործիքները վերականգնելու համար։ Բայց պետք է նկատել, որ երկրագործական որևէ գործիքի, օրինակ, ձիու, գինը իր հերթին կազմված է այղ նույն երեք մասերից. այն հողի ռենտայից, որի վրա նա աճեցված է, աշխատանքից, որ ծախսված է նրան խնամելու և աճեցնելու վրա, և ֆերմերի շահույթից, որը [ֆերմերը] կանխավճարել է թե՛ ռենտան՝ իր հողի համար և թե՛ աշխատավարձը աշխատանքի համար։ Ուստի, թեև հացի գինը կծածկի ինչպես ձիու գինը, այնպես էլ նրա պահպանման ծախսը, այնուամենայնիվ ամբողջ գինը անմիջականորեն կամ վերջին հաշվով կտրոհվի նույն երեք մասերին՝ ռենտայի, աշխատանքի {հարկավոր է ասել՝ աշխատավարձի} և շահույթի» (А. Смит. [„Исследование о природе и причинах богатства народов”, т. I. Соцэкгиз, 1935, стр. 47, 48])։ Մենք ցույց կտանք հետագայում, որ Ա. Սմիթն ինքը զգում է այս խուսափանքի ողջ հակասականությունն ու թերությունը, որովհետև միայն խուսափանք է, երբ նա մեզ Պոնտիոսից ուղարկում է Պիղատոսի մոտ, ոչ մի տեղ ցույց չտալով մեզ կապիտալի այն իրական գործադրումը, որի դեպքում արդյունքի գինը վերջնականապես, առանց շարժման նոր փուլեր անցնելու, անմնացորդ տրոհվում է այդ երեք մասին։
- ↑ Այս հասկանալու իր անընդունակությունը Պրուդոնն արտահայտում է հետևյալ անհեթեթ ֆորմուլայով, l’ouvrier ne peut pas racheter son propre produit [բանվորը չի կարող գնել իր սեփական արդյունքը], որովհետև նրա մեջ է մտնում այն տոկոսը, որ միանում է արտադրության ծախքերին [prix-de-revient]։ Բայց տեսեք, թե ի՞նչպես է ուղղում նրա սխալը պ. Էժեն Ֆորկադը։ «Եթե ճիշտ լիներ Պրուդոնի առարկությունը, դա ոչ միայն կշոշափեր profits du capital [կապիտալի շահույթները], այլ և կոչնչացներ արդյունաբերության բուն իսկ հնարավորությունը։ Եթե բանվորն ստիպված է 100 վճարելու այն իրի համար, որի համար նա ստացել է ընդամենը 80, եթե աշխատավարձն ի վիճակի է արտագնելու արդյունքի սոսկ այն արժեքը, որ ինքն է ներդրել նրա մեջ, ապա դա հավասարազոր է այն պնդման, որ բանվորն ի վիճակի չէ ոչինչ արտագնելու, որ աշխատավարձը ոչինչ չի կարող հատուցել։ Հիրավի արտադրության ծախքերում [prix-de-revient] մշտապես ամփոփված է մի ինչ-որ ավելի բան, քան բանվորի աշխատավարձն է, իսկ վաճառագնի մեջ ինչ-որ ավելի բան, քան ձեռնարկուի շահույթը, օրինակ, հումքի գինը, որ հաճախ վճարված է լինում արտասահմանում... Պրուդոնը մոռացել է ազգային կապիտալի անընդհատ աճման մասին. նա մոռացել է, որ այդ աճումը կատարվում է բոլոր աշխատողների համար, ինչպես ձեռնարկությունների բանվորների, այնպես էլ արհեստագործների համար («Revue des deux Mondes», 1848, 24 հ., էջ 998)։ Այստեղ մեր առջևն է բուրժուական անմտության լավատեսության մի նմուշ նրան առավելապես համապատասխանող խորամտության ձևով։ Նախ՝ պ. Ֆորկադը կարծում է, թե բանվորը չէր կարող ապրել, եթե բացի իր արտադրած արժեքից նա ավելի բարձր արժեք չստանար, մինչդեռ, ընդհակառակը, կապիտալիստական արտադրության եղանակն անհնարին կլիներ, եթե բանվորն իրոք ստանար իր արտադրած արժեքը։ Երկրորդ՝ նա միանգամայն ճիշտ է ընդհանրացնում այն դժվարությունը, որ ցուցադրել է Պրուդոնը այդպիսի նեղ ձևով։ Ապրանքի գինը պարունակում է իր մեջ ավելցուկ ոչ միայն աշխատավարձի, այլ նմանապես և շահույթի նկատմամբ, այն է՝ արժեքի հաստատուն մասը։ Այսպիսով, կապիտալիստը ևս, Պրուդոնի դատողության համաձայն, չէր կարող ապրանքներն արտագնել իր շահույթով։ Իսկ ի՞նչպես է առեղծվածը լուծում Ֆորկադը։ Լուծում է կապիտալի աճում անիմաստ ֆրազով։ Եվ այսպես, կապիտալի մշտական աճումը պետք ի միջի այլոց արտահայտվի նաև նրանով, որ եթե 100 կապիտալի դեպքում ապրանքագնի անալիզը տնտեսագետի համար անհնարին է, ապա 10 000 կապիտալի դեպքում ավելորդ է դառնում։ Ի՞նչ կասեին մի քիմիկոսի մասին որն այն հարցին, թե ինչով է բացատրվում, որ երկրագործական արդյունքի մեջ ավելի ածխածին կա, քան բուն հողի մեջ,— պատասխաներ՝ դա բացատրվում է երկրագործական արտադրության մշտական աճումով։ Բուրժուական աշխարհի մեջ բոլոր հնարավոր աշխարհներից լավագույնը գտնելու բարեմիտ ցանկությունը վուլգար քաղաքատնտեսության մեջ փոխարինում է ճշմարտություն սիրելու և գիտական հետազոտության ձգտելու ամեն մի անհրաժեշտության։
* Կ. Մարքս, «Կապիտալ», II h., III բաժին։— Խմբ.։ - ↑ «Մատերիալների, հումքի և ավարտուն ֆաբրիկատների վրա ծախսված շրջանառու կապիտալն ինքը բաղկացած է ապրանքներից, որոնց անհրաժեշտ գինը կազմված է նույն տարրերից, այնպես որ երկրի ապրանքների ամբողջությունը քննարկելիս շրջանառու կապիտալի այդ մասը վերագրել անհրաժեշտ գնի տարրերին կնշանակեր թույլատրել երկուտակ հաշիվ» (Շտորխ, «Cours d’ec. Pol.», II, էջ 140)։ Շրջանառու կապիտալի այս տարրերի տակ Շտորխը հասկանում է (հիմնական — դա շրջանառուի փոփոխված ձևն է սոսկ) արժեքի հաստատուն մասը։ «Ճիշտ է, որ բանվորի աշխատավարձը, ինչպես և ձեռնարկուի շահույթի մի մասը, որ կազմված է աշխատավարձերից, եթե դրանք դիտենք իբրև գոյության միջոցների մի մաս, իրենց հերթին կազմվում են ապրանքներից, որ գնված են շուկայագնով և նույնպես ամփոփում են իրենց մեջ աշխատավարձեր, կապիտալին հասնող ռենտաներ, հողային ռենտաներ և ձեռնարկուական շահույթներ... այս դատողությունը ծառայում է լոկ նրա համար, որպեսզի ապացուցի անհրաժեշտ գինը իր ամենապարզ տարրերին տարալուծելու անհնարինությունը» (նույն տեղում, ծանոթագրություն)։ Իր «Considérations sur la nature du revenu national» (Paris, 1824) գործում Շտորխը Սեյի հետ բանավիճելիս, ճիշտ է, ըմբռնում է այն ողջ անհեթեթությունը, որին հանգում է ապրանքային արժեքի սխալ անալիզը, որը այն տարալուծում է միայն եկամուտների, և ճիշտ է գնահատում այդ եզրակացությունների ողջ անմտությունը — ոչ թե եզակի կապիտալիստների, այլ ազգի տեսակետից,— բայց նա ինքը ոչ մի քայլ առաջ չի անում — prix nécessaire-ի [անհրաժեշտ գնի] անալիզի մեջ, որի վերաբերյալ իր «Cours»-ում նա հայտարարում է, որ անհրաժեշտ գինը չի կարելի տարալուծել իր իսկական տարրերին, քանի որ դա կնշանակեր կարծեցյալ առաջընթացի մեջ խնդրի լուծումը հեռացնել մինչև անսահմանություն։ «Պարզ է, որ տարեկան արդյունքի արժեքը բաժանվում է մասամբ կապիտալների, մասամբ շահույթների և որ տարեկան արդյունքի արժեքի այդ մասերից յուրաքանչյուրը կանոնավոր կերպով արդյունքներ է գնում, որոնք անհրաժեշտ են ազգին ինչպես նրա կապիտալը պահպանելու, այնպես էլ նրա սպառողական ֆոնդը նորոգելու համար (էջ 134—135)... Նա (իր աշխատանքով ապրող գյուղացիական ընտանիքը) կարո՞ղ է արդյոք ապրել իր խրձանոցներում ու գոմերում, սնվել իր սերմացուով և անասնակերով, հագնել իր բանող անասունները, զվարճանալ իր երկրագործական գործիքներով։ Պ-րն Սեյի թեզիսի համաձայն, հարկավոր էր դրական պատասխան տալ այս բոլոր հարցերին (135, 136)... Եթե ընդունենք, որ ազգի եկամուտը հավասար է նրա համախառն արդյունքին, այսինքն, որ նրանից հարկ չկա կապիտալ հանելու, ապա հարկադրված կլինենք դարձյալ ընդունելու, որ նա կարող է անարտադրողաբար ծախսել իր տարեկան արդյունքի ամբողջ արժեքը, ամենաչնչին իսկ վնաս չպատճառելով իր ապագա եկամտին (147)։ Ազգի կապիտալը կազմող արդյունքները սպառման ենթակա չեն» էջ 158)։
- ↑ Կապիտալի հաստատուն մասին միակցված արժեքը աշխատավարձի, շահույթի և հողային ռենտայի տրոհվելիս, ըստինքյան հասկանալի է, ստացվում են արժեքամասեր։ Դրանք, իհարկե, կարելի է իրեն պատկերացնել իբրև անմիջական արդյունքի մեջ գոյություն ունեցող, որի մեջ ներկայացված է այդ արժեքը, այսինքն այն անմիջական արդյունքի մեջ, որ արտադրել են արտադրության տվյալ հատուկ ոլորտի, օրինակ, բամբակամանվածքի, բանվորներն ու կապիտալիստները՝ հետևաբար կաժի մեջ։ Սակայն իրականում դրանք այդ արդյունքի մեջ ներկայացված են ոչ ավելի և ոչ պակաս, քան որևէ այլ ապրանքի մեջ, քան միևնույն արժեքն ունեցող իրային հարստության որևէ այլ բաղկացուցիչ մասի մեջ։ Չէ՛ որ գործնականում աշխատավարձը վճարվում է փողով, այսինքն արժեքի զուտ արտահայտությամբ։ Նույն բանը ճշմարիտ է և տոկոսի ու ռենտայի վերաբերմամբ։ Եվ հիրավի՝ կապիտալիստի համար նրա արդյունքի փոխարկումը արժեքի զուտ արտահայտության մեծ նշանակություն ունի, այդ արդեն ենթադրվում է հենց բաշխման ժամանակ։ Այդ արժեքները ետփոխարկվում են արդյոք միևնույն արդյունքին, միևնույն ապրանքին, որի արտադրությունից նրանք առաջացել են, ետ է գնում արդյոք բանվորը իր անմիջականորեն արտադրած արդյունքի մի մասը, թե նա գնում է մի այլ և որակապես տարբեր աշխատանքի արդյունք,— այս բոլորը առնչություն չունեն քննարկվող հարցի հետ։ Պ-ն Ռոդբերտուսը միանգամայն անօգուտ նախանձախնդրություն է հանդես բերում այս հարցում։
- ↑ «Բավական է հավաստել, որ նույն այն ընդհանուր կանոնը, որ կարգավորում է հումքի և մանուֆակտուրային ապրանքների արժեքը, կիրառելի է նաև մետաղների վերաբերմամբ. դրանց արժեքը կախում ունի ոչ թե շահույթի նորմայից, ոչ թե աշխատավարձի նորմայից, ոչ թե հանքարանների համար վճարվող ռենտայից, այլ աշխատանքի այն ամբողջ քանակից, որ անհրաժեշտ է մետաղը հանելու և շուկա հասցնելու համար» (Ռիկարդո, «Princ.», III գլ., էջ 77 [ռուսերեն թարգմ., էջ 44]։
9ա J. Stuart Mill, «Some Unsettled Questions in Polit. Econ.», London, 1844.
* Կ. Մարքս, «Կապիտալ» I հ., գլ. XXIV։— Խմբ.։ - ↑ Տես Competition and Cooperation (1832 թ?)-ին վերաբերյալ աշխատությունը։
- ↑ Ֆ. Լիստը ճիշտ է նկատում. «Խոշոր կալվածներում ինքնաբավ տնտեսության [Selbstbewirthschaftung] գերակշռումը միայն վկայում է քաղաքակրթության, հաղորդակցության միջոցների, հայրենական արհեստագործության ու հարուստ քաղաքների պակասության մասին։ Այդ պատճառով էլ մենք դա գտնում ենք ամենուրեք Ռուսաստանում, Լեհաստանում, Հունգարիայում, Մեկլենբուրգում։ Առաջ դա գերակշռում էր նաև Անգլիայում. առևտրի և արդյունաբերության զարգացումով նրա տեղը բռնեց բաժանումը միջակ մեծության տնտեսությունների, կապալով հանձնումը» («Die Ackerverfassung, die Zwergwirthschaft und die Auswanderung», 1842, էջ 10)։