Շանթարգել վաճառողը
հեղինակ՝ Հերման Մելվիլ |
Ինչպիսի՜ փառահեղ և ամեհի փոթորիկ, մտածում էի ես, կանգնած Աքրոսերոնյան բլուրներում կառուցված իմ տան բուխարու սալին, մինչ կայծակները իմ գլխավերևում ճայթելով զարկվում էին հովտին․ յուրաքանչյուր հարվածին հաջորդում էին զիգզագաձև լուսարձակում, շեղ տեղատարափ, որոնք, նիզակների գրոհ հիշեցնելով, բարձրաձայն թակում էին իմ կավարապատ տանիքը։ Թվում է, թե այս կողմերում փոթորկի ժամանակ սարերը ծառս են լինում, այնպես որ ամպրոպն այստեղ ավելի փառահեղ է, քան հարթավայրում։ Բայց սպասեք․ ինչ-որ մեկը թակում է։ Տեսնես ո՞վ է այցելության համար ընտրել փոթորկաշունչ այս ժամը։ Եվ ինչո՞ւ չի օգտվում դռան մուրճիկից, ինչպես տղամարդուն է վայել, այլ վշտադեմ հուղարկավորի պես բռունցքով դատարկ պատն է թակում։ Սակայն ներս թողնենք։ Ահա և նա։
― Բարի օր, սը՛ր։– Անծանոթ է։
― Խնդրում եմ՝ նստեք։– Ի՞նչ տարօրինակ գավազան է ձեռքին։– Փառահեղ ամպրոպ է, սըր։
― Փառահե՞ղ։ Ահավոր ամպրոպ է։
― Ամբողջովին թրջվել եք։ Մոտեցեք բուխարուն։
― Ո՛չ մի դեպքում։
Սենյակի ուղիղ մեջտեղում կանգնած՝ ոչ մի քայլ չի շարժվում։ Առանձնահատուկ տեսքը զննող հայացք է պահանջում։ Նիհար ու մռայլ անձնավորություն։ Փափուկ, թուխ մազեր՝ խճճված ու ճակատին թափված։ Ակնախոռոչների շուրջը՝ լեղակագույն լուսապսակներ. անվտանգ լուսարձակ առանց կայծակի։ Ամբողջովին թրջված է։ Կանգնած տեղում, կաղնուց պատրաստված հատակին, ջրափոս է գոյացել։ Տարօրինակ գավազանը՝ ուղղաձիգ հենած կողին։ Այն չորս ոտնաչափ երկարության ողորկ մի ձող է, ապակե կանաչավուն գնդիկներով և պղնձյա օղակներով երկայնակի ամրացված փայտե մահակին։ Մետաղյա ձողը եռոտանու նման վերջանում է երեք սուր և ոսկեզօծ ծայրերով։ Անծանոթը միայն փայտե մասն էր բռնել։
― Սը՛ր,– քաղաքավարի խոնարհվելով ասացի ես,– Արդյո՞ք պատիվ ունեմ հյուր ընդունելու լուսապայծառ աստված Շանթառաք Զևսից։ Հունական արձանը ճիշտ այսպես է պատկերում նրան՝ շանթն ամուր բռնած։ Եթե Շանթառաքն եք կամ նրա փոխարքան, թույլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել ձեզ այս վեհաշուք մրրիկի համար, որ սփռել եք մեր սարերում։ Լսո՞ւմ եք, փառահեղ որոտ է։ Ինչպիսի՛ պատիվ վեհության սիրահարի համար, երբ Շանթաձիգն ինքն է շնորհ բերում նրա տունը։ Փոթորիկը դրանից ավելի է գեղեցկանում։ Բայց աղաչում եմ, նստեք, թեպետ ինչպե՞ս կարող է այս հյուսկեն բազկաթոռը փոխարինել Օլիմպիոսի գագաթի ձեր մշտադալար գահին։
Մինչ այսպես սիրալիր խոսում էի, անծանոթը զարմանք ու սոսկում արտահայտող հայացքով զննում էր ինձ։ Նա ոչ մի քայլ տեղից չշարժվեց։
― Նստե՛ք, սը՛ր, նստեք։ Ձեզ չորանալ է հարկավոր ճանապարհը շարունակելու համար։
Վարակիչ քաղաքավարությամբ բազկաթոռը բուխարու մոտ տեղավորեցի. խոնավությունը,– ոչ ցուրտը,– ցրելու համար փոքրիկ կրակ էի վառել, քանի որ սեպտեմբերի սկիզբն էր։
Սակայն անտեսելով իմ հոգատարությունը՝ անծանոթը տակավին կանգնած մնաց սենյակի կենտրոնում, չարագուշակ հայացքով նայեց ինձ և ի վերջո խոսեց։
― Սը՛ր,– ասաց,– ներեցեք ինձ, սակայն ձեր հրավերքն ընդունելու փոխարեն ես ամենայն լրջությամբ զգուշացնում եմ ձեզ. ավելի լավ է՝ ընդունեք ի՛մ խնդիրքը և ինձ հետ կանգնեք սենյակի մեջտեղում։ Աստվա՜ծ իմ,– ցնցվելով բացականչեց նա,– ևս մի ահավոր թնդյուն։ Զգուշացնում եմ ձեզ, սը՛ր, հեռացե՛ք բուխարուց։
― Մեծարգո Շանթառաք Զևս,– ասացի՝ բուխարու սալին կանգնած հանգիստ ճոճվելով,– իմ տեղը բավականին հարմար է։
― Մի՛թե,– բացականչեց անծանոթը,– դուք այնքան անտեղյակ եք, որ չգիտեք, այսպիսի ահավոր ամպրոպի ժամանակ տան ամենավտանգավոր մասը բուխարին է։
― Ոչ, չգիտեի,– պատասխանեցի՝ ակամա իջնելով բուխարու սալից։
Անծանոթը ցնծագին հանդիմանության այնպիսի դժկամ կեցվածք ընդունեց, որ ես ակամայից վերադարձա բուխարու սալին՝ ընդունելով հնարավորին ամենախրոխտ և ամենահպարտ կեցվածքը։ Սակայն ոչինչ չասացի։
― Աստծո՛ սիրույն,– բացականչեց անծանոթը տագնապի և ահաբեկվածության խառնաշփոթ ձայնով,– իջե՛ք բուխարուց։ Մի՛թե չգիտեք, որ շիկացած օդն ու մուրը հաղորդիչ են, չհաշված երկաթյա այդ նեցուկները։ Հեռացե՛ք բուխարուց, աղաչում եմ... Հրամայո՛ւմ եմ ձեզ։
― Մեծարգո՛ Շանթառաք Զևս, ես սովոր չեմ իմ սեփական տանը հրամաններ լսելուն։
― Այլես չկրկնե՛ք այդ հեթանոսական անունը։ Այսպիսի սարսափելի պահին դուք չափազանց անպարկեշտ եք խոսում։
― Սը՛ր, չէի՞ք բարեհաճի ներկայացնել ձեր գործի բնույթը։ Եթե ամպրոպից ապաստան եք որոնում՝ բարով եք եկել, եթե, իհարկե, բարեկիրթ պահեք ձեզ։ Սակայն եթե գործերով եք եկել՝ ուրեմն լսում եմ։ Ո՞վ եք դուք։
― Ես շանթարգելի վաճառքով եմ զբաղվում,– մեղմ ձայնով շարունակեց անծանոթը։– Իմ գործի բնույթը... Գթառա՜տ Աստված, ինչպիսի՜ որոտ... Երբեէ կայծակնահարվե՞լ եք, ձեր տունը նկատի ունեմ։ Ո՞չ։ Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել,– մետաղյա գավազանով բազմանշանակալից թակեց հատակը։– Դղյակն անգամ, ըստ էության, մրրիկին չի դիմանում, բայց միայն համաձայնեք, և այս գավազանի մի քանի շարժումով ձեր խրճիթը ժայռի նման անսասան կդարձնեմ։ Լսո՞ւմ եք, ինչպիսի՜ ահագնաձայն թնդյուն, ինչպե՜ս է ցնցվում գետինը։
― Չշեղվենք։ Դուք ներկայացնում էիք ձեր գործի բնույթը։
― Իմ գործի բնույթն այն է, որ շրջում եմ երկրով՝ շանթարգելի պատվերների համար։ Ահա շանթարգելի նմուշօրինակը։– Կրկին հատակը թակեց գավազանով։– Ես լավագույն տեղեկագրեր ունեմ,֊ գրպանները շոշափելով.– Անցյալ ամիս Քրիգանում քսաներեք շանթարգել եմ տեղադրել ընդամենը հինգ տան վրա։
― Թույլ տվեք, մի՛թե Քրիգանում չէր, որ մի քանի օր առաջ, շաբաթ կեսգիշերին կայծակնահարվեցին զանգակատունը, մեծ ծփին և ժողովարանի գմբեթը։ Ձեր շանթարգելներից կայի՞ն այնտեղ։
― Ծառին և գնբեթին՝ ոչ, զանգակատանը՝ այո։
― Ուրեմն ի՞նչ օգուտ ձեր շանթարգելից։
― Մեծ օգուտ։ Պարզապես իմ գործավարն անփույթ գտնվեց, զանգակատան կատարին շանթարգելն ամրացնելիս նա թույլ տվեց, որ մետաղյա մասը հարի թիթեղածածկ գմբեթին։ Այստեղից էլ պատահարը։ Նրա և ոչ՝ իմ մեղքով։ Լսո՞ւմ եք որոտը։
― Որոտը՝ ոչինչ։ Առանց մատնացույց անելու էլ այն բավականաչափ լսելի է։ Լսե՞լ եք անցյալ տարի Մոնռեալում կատարված դեպքի մասին։ Մի ջահել սպասուհի շանթահարվել էր մահճակալի մոտ. ձեռքին մետաղյա ուլունքներով տերողորմյա է եղել։ Ձեր շանթարգելները պատահաբար չե՞ն հասել Կանադա։
― Ոչ։ Լսել եմ, որ այնտեղ երկաթյա ձողեր են գործածում, մինչդեռ հարկավոր է իմ պղնձյա ձողերն օգտագործել։ Երկաթը հեշտությամբ հալվում է։ Իսկ ձողն այնքան բարակ են պատրաստում, որ չի կարողանում ամբողջ էլեկտրական հոսանքն հաղորդել։ Մետաղը հալչում է, շինությունը՝ կործանվում։ Իմ պղնձե ձողերը երբեք այդպիսին չեն։ Այդ կանադացիները բոլորովին խելք չունեն, ոմանք ձողի ծայրին գնդիկ են ամրացնում, մահացու պայթյունի վտանգ ստեղծելով, փոխանակ հոսանքն ակնթարթորեն հողին փոխանցելու, ինչպես իմ ձողերն են անում։ Սա է միակ, իսկական շանթարգելը։ Նայե՛ք։ Յուրաքանչյուր ոտնաչափ արժե ընդամենը մեկ դոլար։
― Ձեր մասնագիտության այսպիսի չարաշահումը ձեր գործի հանդեպ կարող է տարակուսանք առաջացնել։
― Ինչպիսի՜ թնդյուն։ Փոթորիկը գնալով ահագնանում է։ Այն մոտենում է մեզ։ Գետնին է մոտենում։ Նորի՛ց։ Ահավո՜ր որոտ։ Զգացվում են մոտեցող փոթորիկի ցնցումները։ Ինչպիսի՜ բռնկում։ Փրկվե՛ք։
― Ի՞նչ եք անում,– ասացի ես՝ տեսնելով, թե ինչպես նա փութով գցեց գավազանը և աջ ձեռքի ցուցամատն ու միջնամատը ձախ ձեռքի դաստակին սեղմելով, դիտավորյալ դեպի պատուհանը թեքվեց։ Բայց նախքան կկարողանայի խոսել, նա կրկին բացականչեց.
― Ինչպիսի՜ հարված, երեք երակազարկ... հազիվ կես մղոն հեռավորության վրա... այնտեղ, անտառում։ Երբ անցնում էի, երեք կայծակնահար, ջարդված կաղնի տեսա։ Բոլոր ծառերից ամենից շատ կաղնին է ձգում կայծակը, քանի որ երկաթ է պարունակում։ Ձեր հատակը, կարծես, կաղնուց է։
― Ամբողջությա՛մբ։ Ձեր այցելության առանձնահատուկ ժամից դատելով կարելի է ենթադրել, որ ճամփորդության համար դիտավորյալ կերպով մրրկաշունչ եղանակ եք ընտրում։ Երբ թնդում է որոտը, դուք այն ամենապատեհ ժամն եք համարում՝ տպավորիչ խորհուրդները գործի շահերին հարմարեցնելու։
― Ականջ դրե՛ք... Սարսափելի՜ է։
― Ուրիշներին անվախությամբ զինելու փոխարեն ինքներդ անպատշաճորեն վախկոտ եք թվում։ Սովորաբար մարդիկ ճամփորդելու համար մեղմ եղանակ են ընտրում։ Դուք ընտրում եք մրրիկը, սակայն...
― Ընդունում եմ, որ շրջագայում եմ փոթորիկների ժամանակ, բայց ոչ առանց նախազգուշական հատուկ միջոցների, ինչպիսիք միայն շանթարգելով զբաղվողը կարող է իմանալ։ Ականջ դրեք։ Այլևս մի՛ հապաղեք, նայեք այս նմուշօրինակին։ Ոտնաչափը մեկ դոլար արժե։
― Գեղեցիկ ձող է, ես կասեի։ Սակայն որոնք են ձեր նախազգուշական հատուկ միջոցները։ Բայց նախ թույլ տվեք փեղկերը փակել, շեղ անձրևը պատուհանի ապակեկալի արանքից ներս է թափանցում։ Հիմա կգցեմ սողնակը։
― Խելագարվե՞լ եք։ Մի՛թե չգիտեք, որ երկաթե ձողն ուժեղ հաղորդիչ է։ Վե՛րջ տվեք։
― Այդ դեպքում պարզապես կծածկեմ փեղկերը, իսկ ծառայիս կպատվիրեմ, որ փայտե ձող բերի։ Ձգե՛ք, խնդրեմ, զանգակի լարը։
― Ցնորվե՞լ եք։ Այդ լարը տեղում շանթահար կանի։ Երբեք ամպրոպի ժամանակ զանգակի լարին ձեռք չտաք, ոչ էլ որևէ այլ զանգ փորձեք հնչեցնել։
― Նույնիսկ զանգակատա՞նը։ Խնդրեմ, բարի եղեք տեղեկացնել, թե այդպիսի ժամին որտեղ և ինչպես մարդ կարող է ապահով լինել։ Կա՞ արդյոք այնպիսի տեղ, որին կարող եմ ձեռք տալ առանց կյանքս վտանգի ենթարկելու։
― Կա, սակայն ոչ այնտեղ, ուր դուք եք կանգնած։ Հեռացեք պատից։ Հոսանքը երբեմն պատով է իջնում, և քանի որ պատը մարդուց ուժեղ հաղորդիչ է, կարող է փոխանցվել նրան։ Ինչպիսի՜ հարված։ Այս մեկն արդեն շատ մոտ ընկավ։ Հաստատ գնդաձև կայծակ էր։
― Միանգամայն հնարավոր է։ Դե ասացեք, որն է այս տան ամենաապահով մասը։
― Այս սենյակը և այս մասը, որտեղ կանգնած եմ։ Մո՜տ եկեք։
― Նախ՝ պատճառնե՛րը։
― Ականջ դրեք, կայծակից հետո՝ հողմաշունչ անձրև... ապակեկալները դողո՛ւմ են... տունը, տունը... Այստե՛ղ եկեք։
― Բարեհաճեք պատճառնե՛րը։
― Մոտեցե՛ք ինձ։
― Անչափ շնորհակալ եմ, սակայն գերադասում եմ մնալ բուխարու մոտ։ Իսկ դո՛ւք, պարոն Շանթարգել Վաճառող, ամպրոպի դադարների ժամանակ բարի եղեք հայտնել պատճառները, թե ինչու եք այս սենյակը և ձեր կանգնած տեղը համարում այս տան ամենաանվտանգ մասերը։
Ամպրոպին կարճատև դադար հաջորդեց։ Շանթարգել վաճառողը փոքր-ինչ հանգստացավ և պատասխանեց.
― Ձեր տունը միհարկանի է, ունի ձեղնահարկ և նկուղ, արանքում այս սենյակն է։ Այստեղից՝ նրա համեմատական ապահովությունը։ Որովհետև կայծակը երբեմն ամպերից անցնում է երկրին, երբեմն էլ՝ երկրից ամպերին։ Հասկանո՞ւմ եք։ Իսկ սենյակի մեջտեղն եմ ընտրում, որովհետե եթե կայծակը տանը խփի, կիջնի ծխնելույզով և պատերով։ Այնպես որ՝ որքան հեռու լինեք դրանցից, այնքան ձեզ համար լավ։ Ուրեմն՝ եկեք այստեղ։
― Հիմա։ Սակայն այնպիսի բան ասացիք, որ ինձ ահագնելու փոխարեն, որքան էլ զարմանալի թվա, այն վստահություն ներշնչեց։
― Ի՞նչ ասացի։
― Ասացիք, որ կայծակը երբեմն երկրից ամպերին է անցնում։
― Այո, հետադարձ հարված, ինչպես ասում են. երբ հեղուկով գերբեռնված երկիրը իր ավելորդ մասը վերև է փոխանցում։
― Հետադարձ հարված, այսինքն՝ երկրից դեպի երկինք։ Հիանալի է։ Մոտեցեք բուխարուն և չորացրեք ձեր հագուստը։
― Ես ինձ լավ եմ զգում այստեղ, և լավ է, որ թրջված եմ։
― Ինչպես թե։
― Ամենաապահով բանն է... ականջ դրե՛ք, նորի՛ց... երբ ամպրոպի ժամանակ մարդ ամբողջովին թրջվում է։ Թաց հագուստն ավելի լավ հաղորդիչ է, քան մարմինը, հետևաբար, եթե կայծակը խփի, ապա կանցնի թաց հագուստի միջով, առանց մարմնին դիպչելու։ Մրրիկն ահագնանում է։ Տանը կարպետ չկա՞։ Կարպետն անհաղորդիչ է։ Բերեք, որպեսզի կանգնեմ վրան, և դուք՝ նույնպես։ Երկինքը սևանում է... Կեսօրվա մթնշաղ... Լսո՞ւմ եք, կարպետ բերե՛ք, կարպե՛տ։
Ես նրան կարպետ տվեցի, մինչ հազիվ նշմարվող սարերը, թվում էր, թե մոտենում էին և թավալգլոր իմ տունը ներխուժում։
― Իսկ այժմ, քանի որ լռելուց օգուտ չունենք,– ասացի ես՝ վերստին զբաղեցնելով իմ տեղը,– Թույլ տվեք լսել փոթորկի ժամանակ շրջագայման ձեր նախազգուշական միջոցները։
― Սպասենք, մինչև այս մեկն անցնի։
― Ո՛չ, ձեր նախազգուշական միջոցնե՛րը։ Ձեր ասածի համաձայն՝ դուք կանգնած եք ամենաապահով հնարավոր կետում։ Շարունակեք։
― Համառոտակի՝ ես խուսափում եմ սոճիներից, բարձրահարկ տներից, մեկուսի ամբարներից, բարձրադիր արոտավայրերից, հոսող ջրերից, նախիրներից և հոտերից, մարդկային ամբոխից։ Եթե ոտքով եմ շրջագայում, ինչպես այսօր, ապա քայլում եմ դանդաղ, եթե կառքով՝ չեմ դիպչում կառքի պատերին, եթե ձիով՝ իջնում եմ և ինքս առաջնորդում ձիուն։ Սակայն ամենից շատ խուսափում եմ բարձրահասակ մարդկանցից։
― Ի՞նչ եմ լսում՝ մարդը խուսափի՞ մարդուց, այն էլ վտանգի պահին։
― Ես բարձրահասակների՛ց եմ խույս տալիս։ Մի՞թե այնքան անտեղյակ եք, որ չգիտեք․ վեց ոտնաչափ հասակը բավական է էլեկտրական ամպը լիցքաթափելու համար։ Մի՞թե չեք լսել, թե ինչպես են Քենթաքի նահանգի բնակիչները հողը հերկելիս կիսավարտ ակոսում կայծակնահարվել։ Եթե վեց ոտնաչափ հասակ ունեցողը կանգնի հոսող ջրի մոտ, ապա ամպն իրեն կընտրի որպես հաղորդիչ՝ հոսող ջրին։ Ակա՛նջ դրեք։ Հաստատ ճեղքվեց այն սև լեռան գագաթը։ Այո, մարդը լավ հաղորդիչ է. կայծակը կարող է անցնել մարմնի միջով, իսկ ծառի ընդամենը կեղևն է պոկում։ Սը՛ր, դուք ինձ անընդմեջ ստիպեցիք ձեր հարցերին պատասխանել, մինչդեռ ես չեմ խոսել գործից։ Չէի՞ք բարեհաճի շանթարգել պատվիրել։ Նայեք այս նմուշօրինակին։ Տեսե՛ք, լավագույն պղնձից է պատրաստված։ Պղինձն ամենալավ հաղորդիչն է։ Ձեր տունը ցածր է, սակայն քանի որ սարի վրա է գտնվում, ցածրությունը ոչ մի դեպքում չի նվազեցնում վտանգը։ Դուք, սարերի մարդիկդ, ամենից շատ եք վտանգի ենթակա։ Շանթարգել վաճառողը սարերում լավ առևտուր կարող է անել։ Նայեք այս նմուշօրինակին, սը՛ր։ Մեկ շանթարգելը բավական է այսպիսի փոքր տան համար։ Աչքի անցկացրեք այս հանձնարարականները։ Միայն մեկ շանթարգել, սը՛ր, արժեքը՝ ընդամենը քսան դոլար։ Ինչպիսի՜ թնդյուն։ Կարծես դարավոր գրանիտե մեծաբեկորներ բախվեցին։ Դատելով ձայնից՝ կայծակն ինչ-որ բանի զարկեց։ Եթե շանթարգելը տեղադրենք տնից հինգ ոտնաչափ շառավիղով... Ընդամենը քսան դոլար, սը՛ր, յուրաքանչյուր ոտնաչափը՝ մեկ դոլար։ Ականջ դրեք... Ահավո՜ր է... Չէի՞ք կամենա պատվիրել։ Ուզո՞ւմ եք, գրեմ ձեր անունը։ Մտածեք, որ մի ակնթարթում կարող եք ածխացած փորոտիքի վերածվել, ինչպես փակ ախոռում վառված ձի։
― Դուք Շանթառաք Զևսի կողմից ուղարկված արտակարգ պատվիրակ, դեսպանորդ և լիազոր ներկայացուցիչ ձևացաք,– ծիծաղեցի ես,– Դո՛ւք, հասարակ մի մահկանացու, որ այստեղ գալով, միջնորդ եք ձևանում երկրի և երկնքի միջև. մի՞թե կարծում եք, որ եթե կարող եք լեյդենյան անոթից կանաչ լույսի մի ծվեն ստանալ, ապա զորու եք կասեցնել նաև ահագնազոր կայծակը։ Ձեր ձողը կժանգոտվի կամ կկոտրվի, իսկ ո՞վ եք այդժամ դուք։ Ո՞վ է ձեզ, Թեթցե՛լ, տվել իրավունք աստվածային ձեռնադրության քողի տակ շրջագայելով՝ ձեր արտոնությունների մանրավաճառով զբաղվել։ Մեր գլխի մազերը հաշված են, նաև՝ օրերը մեր կյանքի։ Փոթորիկ լինի թե արևոտ օր՝ ես անվրդով կանգնած եմ Տիրոջ ձեռքերում։ Դուրս, կեղծ միջնորդ, տես՝ փոթորիկն ընկրկեց արդեն, իմ տունն անվնաս մնաց, իսկ կապույտ երկնքի ծիածանի մեջ ես կարդում եմ, որ Աստված կանխամտածված կերպով երբեք չի պատերազմի մարդու երկրի դեմ։
― Կռապա՛շտ թշվառական,– փրփրեց անծանոթը, և դեմքը մթնեց՝ ի հակադրություն ծիածանի շողերի։– Ես կհրապարակե՛մ քո հեթանոս մտքերը։
Մռայլ դեմքը սևացավ, աչքերի լեղակագույն շրջանակները լայնացան, ինչպես փոթորկի շրջանները կեսգիշերային լուսնի շուրջ։ Եռատամ ձողը սրտիս ուղղությամբ պարզած, նա նետվեց դեպի ինձ։ Ես բռնեցի ձողը, խլեցի, ներքև գցեցի և կոխկրտեցի այն, հետո քարշ տվեցի կայծակի մռայլատես արքային սենյակից դուրս և ծռմռված պղնձե գայիսոնը շպրտեցի նրա ետևից։
Սակայն, հակառակ իմ վարմունքին և հարևանների հետ ունեցած տարհամոզիչ զրույցին, շանթարգել վաճառողը դեռ ապրում է այս երկրի վրա, շրջագայում է ամպրոպների ժամանակ և առաջ տանում իր խիզախ առևտուրը մարդկանց վախի հաշվին։