Ո՞ւմն է մոլորակը
հեղինակ՝ Բորիս Շտերն |
Երկրային հետախուզական աստղաթիռը քարշ էր գալիս աստղային փոշու կուտակման մեջ։ Մռայլ, չուսումնասիրված տեղ էր։ Երկրացիները այստեղ եւ ամենուրեք փնտրում էին թթվածնային աշխարհներ՝ էլ շնչելու բան չկար։ Ուստի երբ աստղաթիռը մոտեցավ թթվածնային մոլորակին, Ստաբիլիզատոր ռոբոտը բղավեց անմարդկային ձայնով․ «Երկիր», եւ մայոր Բել Ամոռը արթնացավ։ Տեղն ու տեղը իրենց միջեւ կայացավ զուտ տեխնիկական բնույթի խոսակցություն, համեմված հումորով՝ առավել հետաքրքրության համար, խոսակցություն, որը պարտավոր են վարել երեւակայական պատմվածքի բազմաչարչար հերոսները ընթերցողներին տեղեկացնելու կարքով․ մոլորակները բնակեցնելու, տիեզերքում հետախուզություն անցկացնելու, իրենց աշխատանքի դժվարությունների մասին։ Ավարտելով սույն տախտկալի խոսակցությունը, նրանք քիչ ավելի ազատ շունչ քաշեցին եւ գործի անցան․ Անհրաժեշտ էր լողան դնել։
Ինչ բան է լողա՞նը։ Դա հաղորդիչով տուփ է։ Այն նետվում է ուղեծրի վրա եւ ազդանշան տալիս․ «Երկիր տիրո՜ւյթ, երկիր տիրո՜ւյթ, երկիր տիրո՜ւյթ…»․ Այս ազդանշանի վրա հզոր աստղաթիռներով սլանում են վերաբնակվողները։
Ահա եւ եղած֊չեղածը։
Մի քանի խոսք Բել Ամոռի ու Ստաբիլիզատորի մասին․ Բել Ամոռը֊ամրակուռ տղամարդ է, աչքերը՝ երկնագույն, ծնոտը փոքրիկ ծալքով։ Տխմար չի, բայց չափավոր է խելոք։ Կենսագրությունը հետաքրքրություն չի ներկայացնում։ Ստաբիլզատորի մասին ավելի քիչ։ Երեք մետրանոց ռոբոտ է։ Տգեղ չի, բայց բացառիկ տխմարն է։ Երբ Բել Ամոռը անգործ թրեւ է գալիս, Ստաբիլիզատորը աշխատում է․ բռնում է ղեկանիվը, հետեւում է սարքերին։
Իրենց ստիպված կլինենք որոշ ժամանակով թողնել, քանի֊որ դեպքերն անսպասելի ընթացք են ստանում։ Փոշու կուտակման մյուս ծայրից մոլորակին զգուշորեն մոտենում է անցակալի անձնավորություն՝ արտերկրյա քաղաքակրթության աստղաթիռ։ Սա ռազմական հածանավ է։ Նա պարեկում է շրաջակայքը եւ տեղն եկած դեպքում չի հրաժարվի իրենով անել հարմար երկնային մարմինը։ Իր քաղաքակրթությանը օդի պես նավթ է պետք… իրենք ինչ֊որ բան են անում դրանով։ Նավապետի խցիկում նստած է բարձրաստիճան պաշտոնյա՝ ուսապանակներով դոդոշ։ Անձնակազմը եռակի ցատկում է մինչեւ առաստաղ․ հայտնաբերված է նավթով մոլորակ՝ եռամսյա արձակուրդն ապահովված է։ Հածանավը եւ երկրային հետաղուզիչը մոտենում են մոլորակին եւ նկատում միմիյանց։
Կազուս։
— Թնդանոթներ ունե՛ն, — փսփսում է Ստաբիլիզատորը։
— Ինքս էլ եմ տեսնում,— պատասխանում է Բել Ամոռը։
Կաթնածիրում վերջերս է խաղաղություն հաստատվել։
Քեֆները տվածի չափով պատերազմեցին, համաստեղությունները փլատակների մեջ են, օր չի անցնում, որ մեկն ու մեկն ականապատված դաշտ չնկնի։ Այսպիսի, ահա, հակամարտություն էր։
Իսկ այժմ խաղաղություն է։ Ճիշտ է, շատ խախուտ։ Յուրաքանչյուր միջադեպ հղի է հետեւանքներով, հատկապես որ կան միջադեպերի սիրահարներ։
Ահա օրինակի համար․ ուսապանակներով դոդոշըի կողքին նստած է նրա օգնականը․ ավագ լեյտենանտ Էնֆիքսը։ Սա բարոյական հիմքերից զուրկ դոդոշ է։ Թքած համաձայնության վրա, կռկռում է նա։ Մեկ կրակոց եւ ոչ ոք չի իմանա։ Իսկ իմանան՝ ներողություն կխնդրենք։ Շատ են բազմացել էդ երկոտանիները։ Ռազմական հածանավը բանի տեղ չեն դնում։
Այսպիսիներն էլ կան։
Խելամիտ եղեք, պատասխանում է ուսապանակներով դոդոշը։ Վերջի պատերազմի ժամանակ դուք դեռ շերեփուկ էիք, իսկ ես արդեն էն N֊երորդ հրթիռային դիվիզիայի հրամանատարն էի։ Դուք լսե՞լ եք Եզնարածի չեզոք քաղաքակրթության ճակատագրի մասին։ Մոխիրի քուլաները մինչեւ օրս դեռ չեն ցրվել։ Այնպես որ, թե ուզում եք կռվել, ամուսնացեք ազատախոհ գորտուհու հետ եւ գրոհեք նրան։ Իսկ հրահանգը պահանջում է․ ցանկացած օտարի հետ վիճելի հարցերի շուրջ բանակցություներ սկսել։
Բել Ամոռի ստացած հրահանգը նույնանման բովանդակություն ունի։
Հսկայական հածանավը եւ երկտեղ նավակը մոտենում են իրար։
— Դուք չկայի՛ք, երբ մենք մոտեցանք։
— Մենք մոտեցանք, երբ դու՛ք չկայիք։
Բել Ամոռը առաջարկում է օտարականներին ռադները քաշել։ էդ ինքը բռիություն է ցուցաբերում հեղինակություն վաստակելու համար։
— Լսե՛ք,— քաղաքավարի պատասխանում է ուսապանակներով պաշտոնյան։ — Ծառայության բերումով ես զինվորական եմ, իսկ էությամբ՝ խաղաղապաշտ։ Այսպիսին է իմ ներքին հակասությունը։ Իմ օգնականը առաջարկում է հարցը լուծել մեկ կրակոցով, բայց եթե սկսվի նոր պատերազմ, ես չեմ տանի բարոյական պատասխանատվությունը։ Եկեք խաղաղ որոշենք։
Բել Ամոռը համաձայնում է, նախապես արտահայտելով հատուկ կարծիք այն մասին, որ թնդանոթների հետ ինքն էլ դեմ չի խաղաղ բանակցություններ վարել։
Հենց տեղում մշակվում է բանակցությունների կարգը։ Մենք պիտի ելնենք, առաջարկում է Բել Ամոռը, հավասարության սկզբունքից։ Ճիշտ է դուք ունեք հածանավ, իսկ ես ընդամենը փոստատար տռտռիկ, սակայն արտաքին հատկանիշները չպետք է ազդեն բանակցությունների վրա։ Մյուս կողմից հածանավը առաջարկություն է անում բանակցությունների ժամանակակարգի կապակցությամբ։ Հածանավը պնդում է․ բանակցությունները վարել մինչ ուժասպառ, մինչեւ չընդունվի երկու կողմերը բավարարող որոշում։ Մոլորակի ճակատագիրը պետք է որոշված լինի։
Ահա հատվածներ բանակցությունների սղագրությունից։ Այն վարել էին հածանավում եւ սիրով տրամադրել երկրացիներին։
«Օգոստոսի 7, բանակցությունների առաջին օր․
Գեներալ Պտերիքս․ Կոպտություններ պետք չեն։ Խաղաղ որոշենք։
Մայոր Ամոռ․ Քննարկե՞նք մեր վեճը միջքաղաքակրթական միջնորդ դատարան հանձնելու մասին հարցը։
Պտերիքս․ Օֆ, էդ միջքաղաքականները… դատարաններով քարշ կտան։
Բել Ամոռ․ Դե՜… եթե դուք այդպե՛ս եք կարծում…
Պտերիքս․ Առաջարկում ենք մոլորակի բաժանման հարցը չքննարկել։ Այն պիտի պատկանի կողմերից մեկին։
Բել Ամոռ․ Անցավ։
Պտերիքս․ Ա՛յլ առաջարկներ կա՞ն։
Բել Ամոռ․ Գլուխս ոչինչ չի մտնում։
Պտերիքս․ Առաջարկում եմ ընդմիջում անել մինչեւ առավոտ։ Անձնակազմի հանձնարարությամբ հրավիրում եմ ձեզ համեստ ընթրիքի։
Օգոստոսի 8, երկրորդ օր․
Բել Ամոռ․ Մեր պատվիրակությունը շնորհակալություն է հայտնում ընդունելության համար։ Մեր կողմից հրավիրում ենք ձեզ ճաշի։
Պտերիքս․ Հրավերն ընդունում ենք։ Սակայն գործի։ Առաջարկում ենք կնքել նավերի ժամանակաչափերը։ Դրանցում պիտի որ արձանագրված լինի մոլորակի հայտնաբերման ստույգ ժամանակը։ Այդպիսով կարելի է պարզել կողմերից մեկի առաջնությունը։
Բել Ամոռ․ Իսկ ո՞ւր են երաշխիքները, որ ձեր ժամանակաչափի ցուցմունքները չեն կեղծված։
Պտերիքս․ (նեղացած) Ձեզ համար էլ ոչ ոք չի երաշխավորի։
Բել Ամոռ․ Ի դեպ, մենք վաղ ենք ճաշում եւ չէինք ցանկանա խախտել ժամակարգը։
Պտերիքս․ Այդ դեպքում պետք է բոլորվել։
Բել Ամոռ․ Եւս մի բան։ Վերցրեք ձեզ հետ ձեր օգնականին, ավագ լեյտենանտ Էնֆիքսին։ Ես ուզում եմ նրա հետ զրուցել։
Օգոստոսի 12, վեցերորդ օր․
Անծանոթ դեմք հածանավից․ Հե՜յ, նավակի վրա, ո՞նց եք։
Ստաբիլիզատոր․ Մայոր Ամոռի գլուխը խումհարից ցավում է։ Նա առաջարկում է բանակցությունները հետաձգել եւս մեկ օրով։
Անծանոթ դեմք․ Գեներալ Պտերիքսը եւ ավագ լեյտենանտ Էնֆիքսը նույնպես վատառողջ են երեկվա ընթրիքից։ Գեներալը հրավիրում է ձեզ նախաճաշի։
Օգոստոսի 26, քսաներորդ օր․
Գեներալ Պտերիքս․ Ու ի՞նչ…
Մայոր Բել Ամոռ․ Իսկ նա էլ իրեն ասում է…
Պտերիքս․ Ոչ այդքան արագ, մայոր։ Ես չեմ հասցնում գրառել։
Սեպտեմբերի 16, քառասունմեկերորդ օր․
Բել Ամոռ․ Գեներալ, բանակցությունները փակուղու մեջ են, իսկ ինձ մնացել է ընդամենը երկու օրվա պաշար։
Պտերիքս․ Ավագ լեյտենանտ Էնֆիքս։ Անհապաղ մայոր Բել Ամոռին եւ ռոբոտ Ստաբիլիզատորին դնել հածանավային լիակատար բավարարության։
Էնֆիքս․ (ուրախ)․ Լսում եմ, ի՛մ գեներալ։
Հոկտեմբերի 3, հիսունութերորդ օր․
Նախաճաշի ժամանակ գեներալ Պտերիքսը մայոր Բել Ամոռին հանձնեց Կանաչ Ջրաշուշանի շքանշան եւ բաժակաճառ ազդարարեց ի պատիվ երկրացիների եւ անդրոմեդացիների բարեկամության։ Մայոր Բել Ամոռը հանդես եկավ պատասխան ճառով։ Նախաճաշն ընթացավ սրտալիր, անկեղծ պայմաններում։ Երեկոյան մայոր Բել Ամոռը պարգեւատրեց գեներալ Պտերիքսին գովասանագրով։
Դեկտեմբերի 11, հարյուրքսանյոթերորդ օր․
Բել Ամոռ․ Չո՛րս ամիս էստեղ ցցված ենք։ Պետք է որոշե՛լ, վերջապես։
Պտերիքս․ Անձնակազմը առաջարկում է կռվացնել մեր ռոբոտներին։ Ում ռոբոտը հաղթի, նրան էլ կհասնի մոլորակը։
Բել Ամոռ․ Սկզբունքորեն ես համաձայն եմ։ Հարցնեմ Ստաբիլիզատորին։
Ստաբիլիզատոր․ … (Մնացածը սղագրության մեջ անընթեռնելի է)
Դեկտեմբերի 12, հարյուրքսանութերորդ օր․
Առավոտյան տիեզերական տարածություն դուրս եկան ռոբոտ Ստաբիլիզատորը (Արեգակնային համակարգ) եւ ռոբոտ Ժբանը (Անդրոմեդացիների Ընկերակցություն)։ Մենամարտի պայմաների համաձայն ռոբոտները պիտի կռվեն բռունցքներով առանց ժամանակի սահմանափակման, ըդմիջումներով՝ ճաշի համար։ Ժբանը եւ Ստաբիլիզատորը մոտենալով, իրար ձեռք մեկնեցին եւ հայտնեցին, որ իրենք խաղաղ ռոբոտներ են, եւ հրաժարվում են միմիյանց միջեւ սպանդ կազմակերպել։
Գեներալ Պտերիքսի հրամանով ռոբոտ Ժբանը ստացավ տասը օր կալանք անկարգապահության համար։ Մայոր Բել Ամոռն ասաց Ստաբիլիզատորին․ «Ես ք֊քեզ ցույց կտամ», սակայն կարգապահական տույժի չենթարկեց եւ ոչինչ այնպես ցույց չտվեց։
Փետրվարի 1, հարյուրյոթանասունիններորդ օր․
Պտերիքս․ Ես արդեն ամեն ինչից զզվել եմ։ Ճահճում ինձ կինս է սպասում։ Ես վաղուց կգնայի, եթե դուք չլինեյիք։
Բել Ամոռ․ Եկեք միասին հեռանանք։
Պտերիքս․ Ես էլ ձեզ հավատացի։
Ստաբիլիզատոր․ (Ինչ որ բան է փնթփնթում)։
Բել Ամոռ․ Գեներալ, ինձ մոտ լավ միտք ծագե՛ց։ Եկեք հեռանանք մի կողմ եւ կազմակերպենք մրցավազք։ Ով առաջինը մոտենա մոլորակին՝ լողան կդնի։
Պտերիքս․ Ես չգիտեմ ձեր նավակի արագությունը։
Բել Ամոռ․ Իսկ ես՝ ձեր հածանավի արագությունը։ Երկողմ վտանգախնդրություն է։
(Հետո սղագրությունում ճշտվում են մանրամասերը, եւ այստեղ գրվածքն ընդհատվում է։)
Մոլորակից տասը լուսային տարվա հեռավորության վրա գտան աստաղկերպ եւ որոշեցին մեկնարկել այնտեղից։ Մրցավազքը ընթանում էր փոփոխական հաջողությամբ։ Սկզբից առաջ անցավ Բել Ամոռը, իսկ հածանավը ոչ մի կերպ չեր կարող պոկվել աստղակերպից։ Գեներալ Պտերիքսը մոլեգնում էր․ մեկ խոստանում էր բոլորին պաշտոնազրկել, մեկ էլ բարձրացնել նրա՛ պաշտոնը, ով տիեզերք կհանի էս չախկա֊լուխկան։ Ավագ լեյտենանտ Էնֆիքսը դառավ կապիտան։ Նա իջավ մեքենայական բաժանմունք եւ կիրառելով արտակարգ կատարելության հայհոյանք, օգնեց հնոցապաններին բացել առաջին տիեզերական արագություն։
Մինչեւ տարածության կեսը երկու աստղաթիռները հավասարվեցին եւ քարշ էին գալիս երկու լուսատարի՝ ժամում արագությամբ․ քարշ էին գալիս այնքան ժամանակ, մինչեւ որ պոկվեց Բել Ամոռի շարժիչը։
— Ձեր շարժիչը պոկվեց,— հաղորդեցին հածանավից։
— Պետք է դու՛րս թռնե՛լ,— խուճապահար ասաց Ստաբիլիզատորը եւ իրեն դուրս գցեց տիեզերական տարածություն։
Բել Ամոռը իջեցրեց արագությունը եւ նայեց շուրջը։ Դրությունը խայտառակ էր։ Միքիչ էլ, եւ վերջ…
Վերջին միլիարդ կիլոմետրերի վրա հածանավը առաջ անցավ եւ առաջինը մոտեցավ մոլորակին։ Այսպես էլ մրցավազքը ավարտվեց։
Բել Ամոռի համար եկավ ապրումների ժամանակը, բայց ապրումներին տրվել նրան խանգարում էր Ստաբիլիզատորը։ Նա լողում էր փոշու կուտակման մեջ ինչ֊որ մասում եւ խնդրում էր իրեն նավի վրա վերցնել։
— Ոտո՛վ կգաս,— կտրեց Բել Ամոռը։ — Երբ կռվել էր պետք, նահանջեցիր։ Սկզբունքնե՞րդ թույլ չտվեցին։
— Խելքով էր պետք հաղթել,— տխուր պատասխանեց Ստաբիլիզատորը։
Բել Ամոռը հոգուց քաշեց եւ… ականջները սրեց։ Գեներալը մոլորակի վրա ինչ֊որ մեկի հետ կատաղի վիճում էր։
— Դուք չկա՛յիք, երբ մենք այստեղ էինք,– գոռում էր Գեներալը ։— Ես վկա ունեմ։ Նա հիմա կմոտենա։
Անծանոթ ձայնը առարկեց․— Այստեղ ոչ ոք չկար, երբ ես մոտեցա։ Դուք ինձ խանգարում եք լողան դնել։
— Ես վկա՛ ունեմ,— կրկնում էր գեներալ Պտերիքսը։
— Ես ոչ մի վկա չգիտեմ։ Ես գտա այս քարածխային մոլորակը իմ քաղաքակրթության համար եւ կպաշտպանեմ մինչեւ հաղթական վախճանը։
Բել Ամոռը մոտեցավ եւ տեսավ ուղեծրի վրա հսկայական անծանոթ աստղաթիռ․ հածանավը նրա կողքին չէր դիտվում։
— Պա՜հ, իսկապես որ… վկա… — զարմացավ անծանոթը, նկատելով Բել Ամոռին։ — Այդ դեպքում առաջարկում եմ դիմել միջքաղաքակրթական միջնորդ դատարան։
Գեներալը տնքաց։ Իսկ Բել Ամոռի մոտ հույս առաջացավ։
— Գեներա՛լ,– ասաց նա։ — Տեսնում եք չէ՞… Եկեք բաժանենք մոլորակը երեք մասի, իսկ հետո մեր քաղաքակրթությունները առանց մեզ գլուխ կհանեն։
— Իսկ ինչու՞ երեք մասի,— զարմացավ նոր ձայն։ — Իսկ ինձ, ի՞նչ է, հաշվի չե՞ք առնում։
— Է՞, է՞ս ով է։
Մոլորակին մոտենում էր մի նախնադայա, ավելի շուտ շոգեմեքենա, քան՝ աստղաթիռ։ Այնտեղ շնչասպառ էին լինում բերկրանքից․
— Անցնում եմ, հասկանում էք, մոտով, լսում եմ, կռվում են, զգում եմ, ինչ֊որ բանի հոտ է գալիս, արի, մտածում եմ, թեքվեմ, շտապելու տեղ չկա, տեսնեմ ի՜նչ․ հաշ֊երկու֊օ֊ի պաշարներով մոլորակ,–մեր մոտ այդպիսի մոլորակների համար հուշարձաններ են կանգնեցնում։
— Դուք չկա՛յիք այստեղ,— միաձայն մռնչացին Բել Ամոռը, Պտերիքսը եւ անծանոթը։
— Ինձ չի հետաքրքրում,— պատասխանեց շոգեմեքենան։ — Եկել եք՝ լողան դրեք։ Լողան չկա՝ ես կդնեմ։
— Փորձվե՛ք միայն։
— Իսկ ի՞նչ կլինի։
— Վա՛տ կլինի։
— Դե եթե դուք այդպես եք տրամադրված…— հիասթափված պատասխանեց շոգեմեքենան։ — Եկեք որ այդպես է, չորս լողան դնեք… Վա՜յ, նայեք, եւս մեկը։
Ցավոք նա չսխալվեց․ հայտնվել էր հինգերորդը։ Լրիվ փոքրիկ։ Այն շարժվում էր ցածր ուղեծրով, քսվելով մթնոլորտին։
— Ի՞նչ։ Ո՞վ,— բղավեցին բոլորը։ — Մինչ մենք այստեղ դատարկ֊դատարկ դուրս ենք տալիս, նա լողա՛ն դնում։ Տեսնո՜ւմ եք այդ անզգամին։ Դուք այստեղ չ…
— Դա աստղաթիռ չի,— փնթփնթաց գեներալ Պտերիքսը, ուշադրությամբ դիտելուց հետո։— Դա լողա՛ն է։ Ո՞վ համարձակվեց լողան դնել։ Ես խաղաղապաշտ եմ, բայց այժմ ես կկրակե՛մ։
Դա լողան էր։ Այն ազդանշում էր ինչ֊որ չգրանցված այլագրով։
Բոլորը լռեցին, ուշադրությամբ նայեցին, ականջ դրեցին։ Ցածր֊ցածր լողում էր լողանը թթվածնային, նավթային, քարածխային, ջրային մոլորակի վրայով, եւ մոլորակը այլեւս չէր պատկանում նրանցից եւ ոչ մեկին։
Բել Ամոռի աչքերը թացացան, անծանոթը հազաց, շոգեմեքենան հեկեկաց։
— Կյանքումս առաջին անգամ… — շշնջաց գեներալ Պտարիքսը եւ ձեռքը գրպանը տարավ՝ թաշկինակ հանելու։ — Առաջին անգամ եմ ներկա լինում երկունքի պահին… հենց օրորոցից…
— Այդպիսի դեպքի առթիվ մեղք էլ չի… — ակնարկեց շոգեմեքենան։
— Գնանք, գնանք… — աճապարեց անծանոթը։ — Մեզ՝ ոսկրացածներիս, անտաշներիս համար այստեղ մնալու տեղը չի։
Բել Ամոռը անթարթ նայում էր լողանին։
Լողանը ազդանշում էր եւ հեռանում դեպի հորիզոնը։
Դա լողան չէր։ Դա այս մոլորակի առաջին արհեստական արբանյակն էր։