Ոսկե բզեզը

Գրապահարան-ից
Ոսկե բզեզը

հեղինակ՝ Էդգար Ալլան Պո
թարգմանիչ՝ Ա․ Հովհաննիսյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Ոսկե բզեզը»

Օհո՜, նայեցեք, նա խելագարի պես է
պարում։ Մորմ է կծել նրան․․․[1]


Շատ տարիներ առաջ ոմն Ուիլյամ Լըգրանի հետ մոտիկից ծանոթանալու առիթն ունեցա։ Նա սերում էր հուգենոտյան հնամենի գերդաստանից և ժամանակին հարուստ էր եղել, բայց մեկը մյուսին հաջորդող անհաջողությունները աղքատության դուռն էին հասցրել նրան։ Կորցրած հարստության հետ կապված ստորացումներից խուսափելու համար թողել էր իր նախնիների քաղաքը, Նոր Օռլեանը և բնակություն հաստատել Հարավային Կարոլինայում, Չարլստոնին մերձակա Սելլիվանյան կղզու վրա։

Անչափ տարօրինակ կղզի է դա։ Երկայնքով շուրջ երեք մղոն ձգված, համարյա ամբողջովին ծածկված է ծովային ավազով։ Կղզու լայնությունը ոչ մի տեղ քառորդ մղոնից չի անցնում։ Մայր֊ցամաքից բաժանված է հազիվ նկատելի մի նեղուցով, և ջուրը դժվարությամբ է հոսում տիղմի ու խիտ եղեգնուտի միջով՝ ճահճահավերի իսկական պատսպարան։ Կղզում ծառեր քիչ կան, եղածն էլ վատ է աճում։ Իսկական ծառ ամենևին չես տեսնի։ Կղզու արևմտյան ծայրին, ուր բարձրանում է Մոուլթրի ամրոցը և կանգնած են հատուկենտ խղճուկ շենքեր, ուր ամռան ամիսներին դողէրոցքից ու չառլստոնյան փոշուց փախած քաղաքացիներ են բնակվում, կարելի է տեսնել մի փշփշոտ ու գաճաճ արմավենի։ Դրա փոխարեն, եթե չհաշվենք արևմտյան այդ հրվանդանն ու ծովեզրյա սպիտակ, քարի պես ամուր ավազաշերտը, ամբողջ կղզին պատած է անգլիացի այգեգործների կողմից շատ բարձր գնահատված հոտավետ մրտենու խիտ թփուտներով։ Հաճախ դրանք տասնհինգ֊քսան ոտնաչափ[2] բարձրություն ունեն և դարձել են մարդու համար համարյա անանցանելի, համատարած թավուտ, օդը հագեցնելով տտիպ ու ծանր հոտով։

Մրտենու թավուտի գաղտնի խորքերում, կղզու՝ մայրցամաքից հեռու ընկած արևելյան ծայրին՝ Լըգրանն իր համար խրճիթ էր սարքել, ուր և ապրում էր։ Մի դիպվածով ծանոթացա նրա հետ։ Շուտով ծանոթությունը մտերմության վերածվեց։ Այդ մենակյացի բնավորության շատ գծեր հետաքրքրություն ու հարգանք էին ներշնչում։ Ես տեսա, որ նա գերազանց կրթություն ունի և օժտված է արտակարգ ընդունակություններով, բայց միաժամանակ վարակված է մարդատյացությամբ ու տառապում է մտքի հիվանդագին վիճակից, փոփոխակիորեն ընկնելով մերթ ցնծության, մերթ մռայլության մեջ։ Քիչ գրքեր չուներ Լըգրանը, բայց հազվադեպ էր ձեռքն առնում դրանցից որևէ մեկը։ Նա գերադասում էր որսը, ձկնորսությունը, կամ էլ թափառում առափնյա ավազների ու մրտենու թփուտների մեջ, խեցիներ ու միջատներ փնտրելով։ Միջատների նրա հավաքածոյին կնախանձեր անգամ Սվամմերդամը։[3] Այդ դեգերումների ժամանակ Լըգրանին սովորաբար ուղեկցում էր Յուպիտերը՝ մի նեգր ծերունի։ Դեռևս նախքան ընտանիքի սնանկացումը նրան ազատություն էր շնորհված, բայց և այնպես ոչ սպառնալիքներով, ոչ խոստումներով անհնար էր Յուպիտերին համոզելը, թե ինքը զրկված է «մասսա Ուիլլին ամենուրեք հետևելու անկապտելի իրավունքից։ Իմիջիայլոց, հնարավոր է նաև, որ իրենց որդու հոգեկան անհավասարակշռությամբ անհանգստացած ծնողները նպաստում էին Յուպիտերի այդ համառությանը, որպեսզի փախստականին առանց որևիցե հսկողության չթողնեն։

Սելլիվանյան կղզու լայնության վրա ձմեռները հազվադեպ են շատ խիստ լինում, և աշնանը տանը կրակ վառելու կարիք համարյա երբեք չի զգացվում։ Այնուհանդերձ, 18․․․ թվականի հոկտեմբերի կեսերին անսովոր մի ցուրտ օր էր, երբ արևմուտից քիչ առաջ, մշտադալար թփուտների միջով ճամփա էի հարթում դեպի ընկերոջս խրճիթը։ Արդեն մի քանի շաբաթ նրան չէի տեսել։ Ես ապրում էի Չառլստոնում, կղզուց ինը մղոն հեռու, իսկ այն ժամանակ հաղորդակցման հարմարությունները շատ խղճուկ էին։ Խրճիթին հասնելով, սովորականի պես թակեցի դուռը և պատասխան չստանալով գտա պահած բանալին, դուռը բացեցի ու ներս մտա։ Բուխարիում հիանալի կրակ էր վառվում։ Անսպասելի էր, բայց և անչափ տեղին։ Հանեցի վերարկուս, թաղվեցի բազկաթոռի մեջ, հնարավորին չափ մոտ ճարճատող ծպեղներին, համբերությամբ սպասելով տանտերերի վերադարձին։

Նրանք եկան մութն ընկնելուց անմիջապես հետո և սրտագին ողջունեցին ինձ։ Լայն ժպտալով, Յուպիտերն սկսեց եռանդով ընթրիքի պատրաստություն տեսնել․ ճահճահավեր էր տապակում։ Լըգրանը հերթական ցնծագին տրամադրության մեջ էր՝ այլ կերպ չգիտեմ ինչպես անվանել այդ վիճակը։ Մինչ այդ չհանդիպած երկփեղկ մի խեցի էր գտել, իսկ բոլորից շատ նրան ուրախացրել էր այն, որ Յուպիտերի օգնությամբ հետևել ու բռնել էր, ինչպես ինքն էր ասում, գիտությանը բոլորովին անհայտ մի բզեզ։ Նա ասաց, որ ցանկանում է վաղն իմ կարծիքը լսել այդ բզեզի մասին։

― Իսկ ինչո՞ւ ոչ այսօր, ― հարցրեցի ես, ձեռքերս կրկի մոտ շփելով ու մտքումս աշխարհի բոլոր բզեզներին գրողի ծոցն ուղարկելով։

― Եթե իմանայի, որ այստեղ եք, ― ասաց Լըգրանը։ ― Չէ՞ որ մենք վաղուց չենք հանդիպել։ Ինչպե՞ս կարող էի ենթադրել, որ հենց այսօր երեկոյան կբարեհաճեք մեզ մոտ գալ։ Երբ Յուպիտերի հետ վերադառնում էինք, հանդիպեցինք լեյտենանտ Ջ֊ին, ամրոցից է, և ես հիմարաբար բզեզը նրան տվեցի, մինչև վաղը։ Այնպես որ բզեզը հիմա մոտս չէ։ Քնեք մեզ մոտ, լուսաբացին Յուպին կուղարկենք բզեզը կբերի։ Դա մի զմայլելի բան է։

― Ի՞նչը։ Լուսաբա՞ցը։

― Գրողի ծոցը լուսաբացը։ Ես բզեզի մասին եմ խոսում։ Փայլուն, ոսկեգույն, մեծ անտառընկույզի չափ բզեզ է, մեջքի վրա կպրի պես սև երեք պուտ ունի։ Երկուսը վերևում, իսկ մեկը՝ փոքր֊ինչ երկարավուն, ներքևում։ Իսկ բեղիկնեըր և գլուխը․․․

― Բեղիկներն ի՜նչ են, մասսա Ուիլլ, ինձ լսեք, ― միջամտեց Յուպիտերը։ ― Բզեզը լրիվ ոսկի է, զուտ ոսկի՝ դրսից էլ, ներսից էլ, միայն մեջքի վրա պուտեր կան։ Երբեք այդքան ծանր բզեզ չեմ տեսել։

― Յուպ, ենթադրենք, թե դա այդպես է և բզեզը զուտ ոսկուց է, ― ասաց Լըգրանը, ինչպես ինձ թվաց, ավելի լուրջ տոնով, քան հանգամանքներն էին պահանջում, ― բայց այդ պատճառով մենք ինչո՞ւ պիտի վառված միս ուտենք։ Իրոք, բզեզն այնպիսի գույն ունի, ― շարունակեց նա՝ դիմելով ինձ, ― որ ես համարյա պատրաստ եմ համաձայնել Յուպիտերին։ Վերնաթևերը մետաղյա վառ փայլ են արձակում, վաղն ինքներդ կհամոզվեք։ Իսկ առայժմ ես կնկարեմ, թե ի՞նչ տեսք ունի այդ բզեզը։

Լըգրանը նստեց սեղանիկի մոտ, որի վրա գրիչ ու թանաքաման կար դրված։ Բայց թուղթ չկար։ Նա փնտրեց դարակի մեջ, այնտեղ էլ ոչինչ չգտավ։

― Հոգ չէ, ― ասաց նա վերջապես։ ― Առանց թղթի էլ յոլա կգնամ։

Ժիլետի գրպանից մի կտոր շատ կեղտոտ թուղթ հանեց, վերցրեց գրիչն ու սկսեց արագ֊արագ նկարել։ Մինչ նա զբաղված էր դրանով, ես տաքանում էի կրակի մոտ՝ դողս դեռ չէր անցել։

Լըգրանը վերջացրեց ու առանց աթոռից ելնելու, նկարն ինձ մեկնեց։ Այդ պահին մուտքի դռան մոտ բարձր հաչոց լսվեց, շունը ճանկռոտում էր դուռը։ Յուպիտերը բացեց, և Լըգրանի վիթխարի նյուֆաունդլենդը սենյակ խուժեց ու թաթերն ուղղակի ուսերիս դրած սկսեց աշխուժորեն քսմսվել․ շան հետ մտերմացել էի դեռևս նախորդ այցելություններիս ժամանակ։ Երբ շունը հանդարտվեց, հայացքս ընկավ ձեռքիս թղթին և, ճշմարիտն ասած, բավական շփոթվեցի բարեկամիս նկարածին նայելով։

― Ինչ խոսք, ― ասացի նկարը երկար զննելուց հետո, ― սա, իրոք, տարօրինակ բզեզ է։ Կատարյալ նորություն է, երբեք նման բան չեմ տեսել։ Ըստ իս, այս բզեզը նման է գանգի, խորհրդանշանների վրա պատկերվող գանգի։ Ի՜նչ եմ ասում՝ նման է․․․ Իսկական գանգ է։

― Գա՞նգ, ― բացականչեց Լըգրանը։ ― Թերևս այդպես էլ է, հատկապես իմ նկարում։ Ընդհանուր ձևը ձվածիր է։ Վերևի երկու պուտերը ակնախոռոչ են հիշեցնում, այդպես չէ՞։ Իսկ ներքևի երկարավուն պուտը կարելի է համարել բերանի բացվածք։

― Այո, Լըգրան, գուցե, ― ասացի ես, ― բայց դուք հմուտ նկարիչ չեք։ Բզեզի մասին վերջնական կարծիքս չեմ հայտնի, մինչև սեփական աչքով չտեսնեմ։

― Ինչպես կամենաք, ― արձագանքեց նա փոքր֊ինչ բարկացած, ― բայց, իմ կարծիքով, վատ չեմ նկարում, ծայրահեղ դեպքում վարժվել եմ այդպես մտածել։ Գերազանց ուսուցիչներ եմ ունեցել, և թույլ տվեք նկատել, ինչ֊որ բան նրանցից սովորած պիտի լինեի։

― Այդ դեպքում, սիրելի բարեկամ, դուք ինձ հիմարի տեղ եք դնում, ― ասացի ես։ ― Բավականին հանդուրժելի գանգ եք նկարել, ու թեև դիլետանտ եմ օստեոլոգիայի[4] հարցերում, բայց պատրաստ եմ ընդունել, որ հիանալի գանգ եք նկարել։ Եվ եթե ձեր բզեզը իրականում նման է նկարին, ապա դա աշխարհի ամենազարմանալի բզեզն է։ Նման տեսք ունեցող բզեզը սնահավատ վախ պիտի առաջացնի։ Չեմ կասկածում, որ նրան կանվանեք scarabaeus caput hominis[5] կամ նման կարգի մեկ ուրիշ բան, բնապատմությունը լի է նման անվանումներով․․․ Լավ, իսկ բեղիկնե՞րն ուր են։

― Բեղիկնե՞րը, ― կրկնեց Լըգրանը։ Մեր վեճից նրա տրամադրությունը, չգիտես ինչու, ընկավ։ ― Մի՞թե չեք տեսնում։ Ես նկարել եմ ճիշտ֊ճիշտ բնականի պես։ Կարծում եմ, ինձնից ավելին պահանջել չի կարելի։

― Չարժե հուզվել, ― ասացի ես, ― գուցե և դուք նկարել եք, բայց ես չեմ տեսնում։ ― Եվ ես նկարը նրան վերադարձրեցի առանց այլևայլ դիտոությունների, չկամենալով զայրացնել բարեկամիս։

Ես զարմացած էի այն տարօրինակ ընթացքից, որ ընդունեց այս պատմությունը։ Լըգրանի գրգռվածությունն անհասկանալի էր՝ նրա նկարածի վրա բեղիկների հետք անգամ չկար, և բզեզը երկու կաթիլ ջրի պես նման էր գանգի։

Դժգոհ տեսքով նա ինձնից վերցրեց թուղթը և արդեն ճմրթում էր այն, ըստ երևույթին, կամենալով գցել կրակը, երբ նկարի վրա ինչ֊որ բան գրավեց նրա ուշադրությունը։ Լըգրանը հանկարծ շառագունեց, մի ակնթարթ անց ճիփ֊ճերմակ դարձավ։ Որոշ ժամանակ դիտում էր նկարն, ասես ուսումնասիրելով, ապա ելավ տեղից ու սեղանի վրայից վերցնելով մոմը, նստեց սենյակի մյուս ծայրում, սնդուկի վրա։ Այնտեղ կրկին աչքերը հառեց նկարին, շրջելով թուղթը մեկ այսպես, մեկ այնպես, սակայն ոչինչ չասաց։ Թեև տարօրինակ էր նրա վարմունքը, բայց ես խոհեմ համարեցի լռել՝ ըստ երևույթին, բարեկամս մռայլ տրամադրության մեջ էր ընկել։ Լըգրանը գրպանից հանեց դրամապանակը, խնամքով թաքցրեց նկարը, ապա դրամապանակը դրեց գրասեղանն ու փակեց բանալիով։ Կարծես թե մի քիչ ուշքի եկավ, բայց նախկին ոգևորությունը չկար այլևս։ Մռայլված չէր, բայց մտքերը հեռուներն էին սավառնում։ Լըգրանի ցրվածությունը գնալով աճում էր, և նրան զբաղեցնելու փորձերն ինձ չէին հաջողվում։ Սկզբում մտածում էի գիշերը հյուր մնալ, ինչպես հաճախ էր դա լինում, բայց հաշվի առնելով Լըգրանի տրամադրությունը, վճռեցի տուն վերադառնալ։ Նա չստիպեց ինձ, բայց հրաժեշտ տալիս սովորականից ավելի սրտագին սեղմեց ձեռքս։

Մեկ ամիս անց, որի ընթացքում չնչին տեղեկություն անգամ չունեի Լըգրանից, Չառլստոնում մոտս եկավ նրա ծառան՝ Յուպիտերը։ Ծերուկ, բարի ներգրին երբեք այդպես ընկճված չէի տեսել, և տագնապով մտածեցի՝ չլինի՞ թե վատ բան է պատահել բարեկամիս։

― Հը՞, Յուպ, ― ասացի ես, ― ի՞նչ կա։ Ինչպե՞ս է պարոնը։

― Անկեղծ ասած, նա առողջ չէ։

― Առողջ չէ՞։ Դու ինձ վախեցնում ես։ Ինչի՞ց է բողոքում։

― Հենց դա է որ կա։ Ոչնչից էլ չի բողոքում։ Բայց նա շատ հիվանդ է։

― Շատ հիվա՞նդ է։ Յուպիտեր, ինչո՞ւ իսկույն չասացիր։ Անկողի՞ն է ընկել։

― Ի՜նչ անկողին։ Շներով էլ ման գաս, նրան չես գտնի։ Ցավն էլ հենց դա է որ կա։ Օ՜հ, սիրտս ցավում է։ Խե՜ղճ մասսա Ուիլլ․․․

― Յուպիտեր, այնուամենայնիվ ուզում եմ իմանալ, թե ինչ ես ուզում ասել։ Ասացիր, որ պարոնդ հիվանդ է։ Նա քեզ չի՞ ասել, թե ինչն է ցավում։

― Մի բարկացեք վրաս, պարոն։ Չգիտեմ, թե գլխին ինչ օյին է եկել։ Ես էլ ձեզ եմ հարցնում, մասսա։ Ուիլն ինչո՞ւ է ամբողջ օրը աչքերը գետնին գցած ման գալիս, ինքն էլ սիփ֊սպիտակ, ոնց որ ճերմակ բադ։ Ինչո՞ւ է մի գլուխ հաշվում, հա հաշվում․․․

― Ի՞նչ է անո՞ւմ։

― Հաշվում է ու թվեր գրում տախտակին, էդպիսի զարմանալի թվեր կյանքումս չեմ տեսել։ Խոսում եմ, վախենալս գալիս է։ Աչքս վրայից չեմ փախցնում։ Իսկ երեկ չեղավ, ձեռքիցս բաց թողի, արևը դեռ չելած, փախավ֊գնաց ու մինչև գիշեր չկար։ Մի մեծ փայտ կտրեցի, ասեցի հենց գա, մի լավ դնգսեմ, հետո մեղքս եկավ, հիմար ծերուկս, նա շատ տխուր ետ եկավ․․․

― Ի՜նչ։ Ինչպե՜ս։ Նրան դնգսե՞լ․․․ Չէ, Յուպիտեր, այդքան խիստ մի եղիր, մեղք է, չծեծես նրան, չի դիմանա։ Հիմա ինձ մի բան ասա, ի՞նչ ես կարծում, այդ հիվանդության կամ, ավելի ճիշտ, այդ տարօրինակ վարմունքի պատճառն ի՞նչ է։ Նրա հետ որևէ վատ բան կատարվե՞լ է իմ գալուց հետո։

― Ոչ, պարոն, ձեր գալուց հետո ոչ մի վատ բան չի պատահել։ Բայց մինչև այդ պատահել է։ Հենց ձեր գալու օրն է պատահել։

― Ի՞նչ։ Այդ ի՞նչ ես ասում։

― Պարզ է, թե ինչ եմ ասում։ Բզեզի մասին եմ ասում։

― Ինչի՞․․․

― Բզեզի։ Ես կարծում եմ, որ ոսկե բզեզը կծել է մասսա Ուիլլին, գլուխն է կծել։

― Ոսկե բզեզը կծե՞լ է նրան։ Դա ի՞նչ ցավ է։

― Հենց դա է որ կա։ Կյանքումս այդպիսի գրողը տարած բզեզ չեմ տեսել՝ ձիու պես խփում էր ոտքերով ու մի գլուխ հա կծոտում էր։ Մասսա Ուիլլը բռնեց նրան ու գցեց, տեղնուտեղը գցեց՝ հենց այդ ժամանակ էլ երևի բզեզը կծեց։ Իսկ էդ բզեզի ռեխը հենց սկզբից էլ դուրս չեկավ, ու ես որոշեցի, որ, ինչ էլ լինի, դատարկ ձեռքով դրան չեմ բռնի։ Մի թղթի կտոր գտա ու փաթաթեցի մեջը, թղթի ծայրն էլ ուղիղ բերանը կոխեցի, այ թե ինչ արեցի։

― Ուրեմն, դու իրո՞ք մտածում ես, որ պարոնիդ բզեզն է կծել ու դա՞ է նրա հիվանդության պատճառը։

― Ոչ թե մտածում եմ, այլ ճիշտն եմ ասում։ Եթե նրան ոսկի բզեզը կծած չլիներ, երազին նա ոսկի՞ կտեսներ։ Ես շատ ու շատ բաներ եմ լսել այդ ոսկե բզեզների մասին։

― Իսկ որտեղի՞ց գիտես, որ նա երազին ոսկի է տեսնում։

― Որտեղից գիտե՞մ։ Ախր նա երազի մեջ խոսում է ոսկու մասին, այ թե որտեղից գիտեմ։

― Լա՛վ, Յուպ, գուցե և այդ ամենը ճիշտ է։ Դե, իսկ ինչ երջանիկ հանգամանքների բերումով պատիվ ունեցա այսօրվա այցելությանդ։

― Այդ ի՞նչ եք ասում, պարոն։

― Պարոն Լըգրանից ինչ֊որ ուղե՞րձ ես բելեր ինձ։

― Ոչ, պարոն։ Նա հրամայեց ձեզ տալ այս թուղթը։ Եվ Յուպիտերն ինձ հանձնեց հետևյալ բովանդակությամբ գրությունը․

«Թանկագին N

Ինչո՞ւ այլևս չեք գալիս ինձ մոտ։ Մի՞թե սրտին մոտ եք ընդունել իմ հերթական որևէ brusqyerie-ն։[6] Իհարկե, այդպես չէ։

Այն օրից, ինչ մենք չենք տեսնվել, մի լուրջ հոգս է ստեղծվել ինձ համար։ Ուզում եմ ձեզ պատմել այդ մասին, բայց չգիտեմ ինչից սկսել և ընդհանրապես արժե՞ արդյոք պատմել։

Վերջին օրերս այնքան էլ առողջ չէի, իսկ ծերուկ Յուպը վերջնականապես հոգիս հանեց իր անկոչ հոգածությամբ։ Կարո՞ղ եք պատկերացնել՝ երեկ նա մի հսկա դագանակ էր կտրել, ցանկանում էր ինձ դնգսել, որովհետև առանց նրա ամբողջ օրը solus[7] թափառել էի մայրցամաքի լեռներում։ Միայն վատառողջ վիճակս փրկեց ինձ քոթակից։

Մեր հանդիպումից հետո իմ հավաքածուն ոչնչով չի հարստացել։

Եթե նվազագույն հնարավորություն ունեք, Յուպիտերի հետ անպայման եկեք։ Ես ձեզ շատ եմ խնդրում։ Շատ կարևոր գործով այսօր երեկոյան պիտի հանդիպեմ ձեզ հետ։ Հավատացեք, դա մեծագույն կարևորության գործ է։ Ինչպես միշտ ձեր

Ուիլյամ Լըգրան»։

Գրության տոնի մեջ մի բան կար, որ իսկույն տագնապով համակեց ինձ։ Ոճն ամբողջությամբ բացարձակապես անսովոր էր Լըգրանի համար։ Ի՞նչ է մտել գլուխը։ Նրա անզուսպ երևակայությանն ի՞նչ նոր բան է տիրել։ Այդ ի՞նչ «մեծագույն կարևորության գործ» ունի նա։ Յուպիտերի պատմածը ոչ մի լավ բան չէր գուշակում։ Վախենում էի, որ իրեն պատահած դժբախտության շուրջ հետամուտ մտքերը մթագնել են բարեկամիս գիտակցությունը։ Առանց մեկ րոպե հապաղելու, որոշեցի գնալ նեգրի հետ։

Երբ նավակայան հասանք, նավակի հատակին, որով մենք պիտի կտրեինք նեղուցը, բոլորովին նոր մի գերանդի ու երկու բահ տեսա։

― Յուպ, սրանք ի՞նչ են, ― հարցրեցի ես։

― Գերանդի և երկու բահ, պարոն։

― Ճիշտ է։ Բայց որտեղի՞ց են լույս ընկել։

― Մասսա Ուիլն ինձ հրամայեց քաղաքում մի գերանդի և երկու բահ գնել և ես ահագին փող տվեցի սրանց։

― Հանուն այս աշխարհի բոլոր խորհրդավոր բաների, Յուպ, քո պարոնի ինչի՞ն են պետք բահն ու գերանդին։

― Չգիտեմ, թե ինչին են պետք, և գրողն ինձ տանի, թե գոնե ինքը գիտե։ Ամեն բան այդ բզեզից է, որ կա։

Տենսելով, որ Յուպիտերից խելքը գլխին բան չեմ լսի և որ նրա բանական բոլոր ունակությունները կաթվածահար են բզեզի մասին մտքերից, ցատկեցի նավակի մեջ ու բարձրացրեցի առագաստը։ Համընթաց ուժեղ քամին արագ քշեց֊հասցրեց մեզ Մոուլթրի ամրոցից հյուսիս ընկած քարաշատ ու ժայռապատ, փոքրիկ հրվանդանը։ Այստեղից երկու մղոն էր մինչև Լըգրանի խրճիթը։

Երբ տեղ հասանք, կեսօրվա ժամը երեքն էր։ Լըգրանը մեզ սպասում էր ակներև անհամբերությամբ։ Նա ամուր սեղմեց ձեռքս և այդ նյարդային ջերմությունը կրկին արթնացրեց ու ամրապնդեց քիչ առաջվա երկյուղս։ Լըգրանի դեմքին ինչ֊որ մահացու գունատություն կար, փոս ընկած աչքերն այրվում էին տենդագին կրակով։ Տեղեկանալով նրա առողջության մասին և չիմանալով էլ ինչ ասել, հարցրեցի, թե լեյտենանտ Ջ․֊ն վերադարձրե՞ց նրա բզեզը։

― Օ՜, այո, պատասխանեց նա և մեկեն շառագունեց։ ― Հենց հաջորդ առավոտյան։ Հիմա ինձ ոչինչ չի բաժանի բզեզից։ Գիտե՞ք, որ Յուպիտերը լիովին ճշմարիտ դուրս եկավ։

― Ինչո՞ւմ ճշմարիտ դուրս եկավ, ― հարցրեցի ես, և վշտագին մի կանխագուշակում պարուրեց ինձ։

― Ես ձեզ կանչել եմ․․․ ― հանդիսավոր տոնով սկսեց Լըգրանը, երբ վերջացրեցի բզեզը զննելը․․․ ― ես ձեզ կանչել եմ ձեր խորհուրդն ու օգնությունը հայցելու՝ Ճակատագրի և Բզեզի կամքը պարզելու համար․․․

― Թանկագին Լըգրան, ― բացականչեցի ես, ընդհատելով նրան, ― դուք բոլորովին հիվանդ եք, բուժվել է պետք։ Հենց հիմա անկողին մտեք, ես մի քանի օր կմնամ այստեղ, մինչև որ ձեզ լավ զգաք։ Դուք դողացնում եք։

― Բռնեք զարկերակս, ― ասաց նա։

Բռնեցի նրա զարկերակը և ստիպված էի խոստովանել, որ չնչին դողէրոցք անգամ չունի։

― Լինում են հիվանդություններ և առանց դողացնելու։ Այս անգամ լսեք իմ խորհուրդը։ Ամենից առաջ անկողին մտեք․․․ Ապա՛․․․

― Դուք սխալվում եք, ― ընդհատեց նա։ ― Ես լիովին առողջ եմ, բայց անչափ ուժեղ հուզմունք է տիրել ինձ։ Եթե, իրոք, իմ բարին եք ցանկանում, պետք է օգնեք, որ հանգստանամ։

― Ինչպե՞ս օգնեմ։

― Շատ պարզ։ Ես ու Յուպիտերը պատրաստվում ենք էքսպեդիցիայի՝ մայրցամաք, սարերը, և մեզ օգնական է պետք, ում վրա կարող ենք հույս դնել։ Դուք միակն եք, ում մենք վստահում ենք։ Մեզ հաջողություն է սպասում, թե անհաջողություն՝ միևնույն է, իմ հուզմունքը կհանդարտվի։

― Շատ ուրախ կլինեմ, եթե կարողանամ օգտակար լինել, ― պատասխանեցի ես, ― բայց ասացեք, այս հիմար բզեզը որևէ կապ ունի՞ ձեր սարերը գնալու հետ։

― Այո՛։

― Լըգրան, այդ դեպքում ես հրաժարվում եմ մասնակցել նման մի անհեթեթ գործի։

― Ափսոս, շատ ափսոս։ Այդ դեպքում ստիպված կլինենք երկուսով գնալ։

Գնալ երկուսո՜վ։ Նա, իրոք, խելագար է։

― Մի րոպե սպասեք։ Որքա՞ն ժամանակ եք մտադիր մնալ այնտեղ։

― Երևի ամբողջ գիշերը։ Ճամփա կընկնենք հենց հիմա և լուսադեմին, ինչ էլ լինի, կվերադառնանք։

― Համաձա՞յն եք պատվո երդում տալ, որ երբ ձեր այս բզեզի (արդա՜ր աստված) քմահաճույքը բարեհաջող կավարտվի, դուք տուն կվերադառնաք ու կսկսեք լսել ինձ այնպես, ինչպես ձեր ընտանեկան բժշկին։

― Այո, խոստանում եմ։ Իսկ հիմա ճանապարհ ընկնենք։ Ժամանակը թանկ է։

Ծանր սրտով համաձայնեցի ուղեկցել ընկերոջս։ Ժամը չորսին մոտ էր, երբ ճանապարհ ընկանք՝ Լըգրանը, Յուպիտերը, շունը և ես։ Յուպիտերը վերցրել էր գերանդին ու բահերը․ նա այդ բեռը կամեցավ կրել ոչ թե բուռն սիրալիրությունից կամ աշխատասիրությունից, այլ, իմ կարծիքով, այդ գործիքներն իր պարոնին վստահելու վախից։

Յուպիտերն անափ համառ տեսք ուներ։ «Գրողի տարած բզեզ»՝ ահա միակ բանը, որ լսեցի նրանից ողջ ճանապարհին։ Ինձ բաժին էր ընկել երկու գաղտնալապտեր։ Լըգրանը տանում էր բզեզը։ Բզեզը կապված էր լարի պոչին, և Լըգրանը քայլելիս պտտում էր լարը ճիշտ և ճիշտ կախարդի պես։ Երբ նկատեցի բարեկամիս խելագարության այդ նոր ցայտուն ապացույցը, հազիվ զսպեցի արցունքներս։ Այդուհանդերձ, որոշեցի առայժմ ոչնչով չառարկել Լըգրանին և սպասել առիթի, երբ կարող եմ ինչ֊որ եռանդուն ու գործնական միջոցներ ձեռնարկել։ Մի քանի անգամ փորձեցի մեր արշավի նպատակի մասին խոսք բացել, բայց ապարդյուն։ Համոզելով ինձ գնալ իրենց հետ և գոհ դրանից, Լըգրանն, ըստ երևույթին, այլևս ոչ մի խոսակցություն չէր ցանկանում սկսել և բոլոր հարցերիս մի բառով էր պատասխանում՝ «կտեսնենք»։

Հասնելով հրվանդան, մենք նավակ նստեցինք ու անցանք մայրցամաք, ապա զառիվեր ափով բարձրացանք և ուղղություն վերցնելով դեպի հյուսիս֊արևմուտք, խորացանք մի վայրի ու ամայի վայր, ուր թվում է, երբեք մարդու ոտք չէր դիպել։ Լըգրանը վստահ առաջնորդում էր մեզ, մեկ֊մեկ միայն կանգ առնելով և ստուգելով ճամփանշանները, որոնք նա, ըստ երևույթին, միտն էր պահել վաղօրոք։

Այսպես, երկու ժամ գնացինք, և վերջալույսին մեր դեմ բացվեց մինչ այժմ մեր տեսածից առավել մռայլ տեղանք։ Դա մի տեսակ սարահարթ էր, որ ընկած էր համարյա անմատչելի, վարից վեր անտառապատ զառիթափի ստորոտին։ Փեշերին սփռված էին վիթխարի գլաքարեր, որոնք, թվում է, վար չէին գլորվում լոկ այն պատճառով, որ ծառերը փակել էին ճանապարհը։ Խոր ու նեղ կիրճեր էին հատում տեղանքը բոլոր ուղղություններով՝ բնանկարին հաղորդելով էլ ավելի խստություն։

Սարահարթը, որով մենք գնում էինք, ամբողջովին պատած էր մոշով։ Շուտով պարզ դարձավ, որ առանց գերանդու օգնության այդ թփուտների միջով գնալն անհնար է։ Լըգրանի հրամանով Յուպիտերն սկսեց հնձել ու մեզ համար արահետ բացել դեպի արտակարգ բարձրության կակաչենին, որ կանգնած էր տասնյակ կաղնիների միջև ու գերազանցում էր թե՛ այդ կաղնիները, թե՛ երբևէ իմ տեսած բոլոր ծառերը փարթամ ու ճոխ պսակով, սաղարթի վսեմ գեղեցկությամբ և ընդհանուր գծագրի վեհապանծությամբ։ Երբ մոտեցանք, Լըգրանը շրջվեց ու հարցրեց Յուպիտերին, թե կարո՞ղ է այդ ծառը բարձրանալ։ Ծերուկը շփոթվեց անսպասելի հարցից և սկզբում ոչինչ չպատասխանեց։ Ապա մոտեցավ հսկա բնին և ուշադիր զննելով պտտվեց չորս բոլորը։ Երբ վերջացրեց իր զննումը, պարզ ու հանգիստ ասաց․

― Այո, պարոն։ Այնպիսի մի ծառ դեռ չի աճել, որ Յուպիտերը չկարողանա բարձրանալ։

― Ուրեմն, էլ մի հապաղիր և բարձրացիր, որովհետև շուտով մութը կընկնի և մենք ոչինչ չենք կարողանա անել։

― Շա՞տ պիտի բարձրանամ, պարոն, ― հարցրեց Յուպիտերը։

― Բարձրարիր այնքան, ինչքան կասեմ․․․ Է՛յ, սպասիր։ Բզեզը հետդ վերցրու։

― Բզե՞զը, պարոն, ոսկե բզե՞զը, ― բղավեց նեգրը, վախից ընկրկելով։ ― Բզեզն ի՞նչ գործ ունի ծառի վրա։ Անիծված լինեմ, թե հետս վերցնեմ։

― Յուպիտեր, ինձ լսիր, եթե դու՝ ուժեղ ու հաղթանդամ նեգրդ, վախենում ես ձեռք տալ այս անվնաս, մեռած միջատին, ապա բռնիր լարից, իսկ եթե դու բոլորովին չվերցնես բզեզը, ապա, որքան էլ ցավալի լինի, ես ստիպված կլինեմ գլուխդ ջարդել ա՛յ, այս բահով։

― Իզուր եք աղմկում, պարոն, ― ասաց Յուպիտերը, ըստ երևույթին ավելի հաշտվողաբար և ամաչելով։ ― Մի գլուխ հանդիմանում եք ծերուկ նեգրիս։ Ես կատակ արեցի։ Մի՞թե ես վախենում եմ բզեզից։ Բզեզն ի՜նչ է որ․․․

Եվ, զգուշորեն բռնելով լարի ծայրը, բզեզը հնարավորին չափ հեռու պահելով իրենից, նա պատրաստվեց ծառը բարձրանալ։

Կակաչենին֊Liriodendron Tulipiferum-ն ամերիկյան անտառներում աճող ծառերից ամենահոյակապն է։ Ջահել ծառն աչքի է ընկնում անսովոր հարթ բնով և ճյուղեր է արձակում միայն մեծ բարձրության վրա։ Բայց և տարիքն առնելուն զուգընթաց ծառի բունը դառնում է անհարթ ու կոշտուկապատ, բացի այդ երևան են գալիս բազմաթիվ կարճ ոստեր։ Այնպես որ Յուպիտերի առջև կանգնած խնդիրն առաջին հայացքից էր միայն անկատար թվում։ Վիթխարի բունը ձեռքերով ու ծնկներով գրկած, բոբիկ մատներով շոշափելով կեղևի անհարթություններն ու հենվելով դրանց վրա, մեկ երկու անգամ հաջողությամբ խուսափելով ընկնելուց, Յուպիտերը հասավ առաջին ճյուղավորմանն ու, ըստ երևույթին, իր քաջագործությունը ավարտված համարեց։ Իսկապես գլխավոր վտանգն անցել էր, բայց Յուպիտերը վաթսուն թե յոթանասուն ոտնաչափ բարձրության վրա էր։

― Հիմա ո՞ւր բարձրանամ, մասսա Ուիլլ, ― հարցրեց նա։

― Ամենահաստ ճյուղով դեպի վեր, ա՛յ այս կողմով, ― ասաց Լըգրանը։

Նեգրն իսկույն ենթարկվեց՝ ըստ երևույթին, բարձրանալը դժվար չէր։ Նա բարձրանում էր վեր ու վեր, և շուտով նրա հաղթանդամ մարմինն անհետացավ խիտ սաղարթի մեջ։ Ապա լսվեց նրա ձայնն ասես հեռվից։

― Է՞լ ինչքան բարձրանամ։

― Հիմա որտե՞ղ ես, ― հարցրեց Լըգրանը։

― Շատ, շատ բարձր եմ, ― պատասխանեց նեգրը։ ― Տեսնում եմ ծառի կատարը, հետո էլ՝ երկինքը։

― Ավելի քիչ նայիր երկնքին և ուշադիր լսիր, թե ինչ եմ ասում։ Ցած նայիր և հաշվիր, քանի ճյուղավորում ունի այն ճյուղը, որով բարձրանում ես։ Քանի՞ ճյուղ ես բարձրացել։

― Մեկ, երկու, երեք, չորս, հինգ։ Ինձնից ցած հինգ ճյուղ կա, մասսա։

― Մեկն էլ բարձրացիր։

Յուպիտերը շուտով հավաստիացրեց մեզ, որ հասել է յոթերորդ ճյուղին։

― Յուպ, իսկ հիմա, ― բղավեց Լըգրանն անչափ հուզված, ― դու կբարձրանաս այդ յոթերորդ ճյուղով։ Բարձրացիր, որքան հնարավոր է։ Ճյուղի վրա մի բան գտար թե չէ, ձայն տուր։

Բարեկամիս խելագարության առթիվ եթե չնչին կասկածներ ունեի, ապա դրանք անհետացան։ Ավա՜ղ, նա խելագար էր։ Անհրաժեշտ էր մտածել նրան տուն հասցնելու մասին։ Մինչդեռ ես մտածում էի, կրկին լսվեց Յուպիտերի ձայնը․

― Այս ճյուղով էլ վախենում եմ բարձրանալ։ Ճյուղը համարյա լրիվ չորացած է։

― Ասում ես, ճյուղը չորացե՞լ է, Յուպիտեր, ― բղավեց Լըգրանը կերկեր ձայնով։

― Այո, մասսա Ուիլլ, մեռած ճյուղ է, շուտով կգնա այն աշխարհը։

― Աստված իմ։ Ի՞նչ անենք, ― բացականչեց Լըգրանը, հավանաբար, հուսահատված։

― Ինչ անե՞նք, ― արձագանքեցի ես, ուրախ, որ խոսելու հերթն ինձ հասավ։ ― Տուն վերադառնալ և անկողին մտնել։ Լսեք ինձ, պետք չէ հապաղել։ Արդեն ուշ է։ Բացի այդ, դուք ինձ խոստացել եք․․․

― Յուպիտեր, ― բղավեց նա, նվազագույն ուշադրություն անգամ չդարձնելով խոսքերիս։ ― Դու ինձ լսո՞ւմ ես։

― Լսում եմ, մասսա Ուիլլ, ինչպե՞ս չեմ լսում։

― Դանակդ առ ու քերիր ճյուղը։ Գուցե այնքան էլ փտած չէ։

― Փտածը փտած է, ― պատասխանեց նեգրը քիչ անց, ― բայց այնքան էլ չէ։ Ճիշտն ասած, ես կարող եմ մի քիչ էլ բարձրանալ։ Միայն թե ես մենակ։

― Ի՞նչ ես ասում։ Առանց այդ էլ դու մենակ ես։

― Իսկ բզե՞զը։ Բզեզը շա՜տ ծանր է։ Եթե սրան ցած գցեմ, կարծում եմ այս ճյուղը ծերուկ նեգրիս կպահի։

― Ծեր խաբեբա, ― բղավեց Լըգրանն, ըստ երևույթին անչափ թեթևացած։ ― Հիմար֊հիմար դուրս մի տուր։ Եթե բզեզը ցած գցես, գլուխդ կպոկեմ։ Էյ՜, Յուպիտեր, լսո՞ւմ ես ինձ։

― Իհարկե լսում եմ, մասսա Ուիլլ։ Իզուր եք խեղճ նեգրիս այդպես հայհոյում։

― Դե, ուրեմն լսիր։ Եթե այդ ճյուղով մի քիչ էլ բարձրանաս, իհարկե, զգուշությամբ, որ ցած չընկնես, ու եթե ձեռքիցդ բաց չթողնես բզեզը, քեզ տեղնուտեղը մի արծաթ դոլար կտամ, հենց որ ծառից իջնես։

― Շատ լավ, մասսա Ուիլլ, բարձրանում եմ, ― փութկոտ պատասխանեց Յուպիտերը, ― ահա և վերջը։

― Ճյուղի՞ վերջն է, ― գոռաց Լըգրանը։ ― Ճի՞շտ ես ասում, դու հասել ես ճյուղի ծայրի՞ն։

― Քիչ է մնացել, մասսա Ուիլլ․․․ Օ՜յ֊օ՜յ֊օ՜յ, տե՜ր աստված։ Սա ի՜նչ է։

― Դե՞, ― բղավեց Լըգրանն անչափ գոհ։ ― Ի՞նչ ես գտել այդտեղ։

― Առանձնապես ոչինչ՝ գանգ է։ Ինչ֊որ մեկն իր գլուխը մոռացել է ծառի վրա, և ագռավները կերել են ամբողջ միսը։

― Ասում ես՝ գա՞նգ է։ Շատ լավ։ Ինչպե՞ս է ամրացված ճյուղին։ Ինչո՞ւ չի ընկնում։

― Ճիշտ որ, մասսա Ուիլլ։ Հիմա նայեմ, այս ինչ հեքիաթ է, զարմանալի է։ Մեծ ու երկար մեխ է։ Գանգը ճյուղին է մեխված։

― Յուպիտեր, հիմա արա ճիշտ այնպես, ինչպես կասեմ։ Ինձ լսո՞ւմ ես։

― Լսում եմ, պարոն։

― Ուշադիր լսիր։ Գտիր գանգի ձախ աչքը։

― Ըհը, այո՛։ Իսկ ինչպես գտնեմ գանգի ձախ աչքը, եթե նա բոլորովին աչք չունի։

― Օհ, ի՜նչ մարդ դուրս եկար։ Գիտե՞ս, թե որն է քո ձախ ձեռքը և որը՝ աջը։

Գիտեմ, շատ լավ գիտեմ, ձախ ձեռքով ես փայտ եմ կտրում։

― Ճիշտ է։ Դու ձախլիկ ես։ Ուրեմն, քո ձախ աչքն այն կողմում է, ինչ և ձախ ձեռքը։ Հիմա կարո՞ղ ես գտնել գանգի ձախ աչքը, այն տեղն, ուր եղել է ձախ աչքը։ Գտա՞ր։

Երկար ժամանակ պատասխան չկար։ Ապա նեգրն ասաց․

― Գանգի ձախ աչքն այն կողմում է, ինչ և գանգի ձախ ձե՞ռքը։ Բայց ախր գանգը բոլորովին էլ ձախ ձեռք չունի։ Ա՜, լավ, լավ։ Ահա գտա աչքը։ Ի՞նչ անեմ։

― Դրա միջով անցկացրու բզեզը և որքան լարը բավականացնի, իջեցրու։ Միայն թե տես, ցած չգցես։

― Եղավ, ― մասսա Ուիլլ։ Ավելի հեշտ գործ կա՞, քան բզեզը ծակով բաց թողնելը։ Ապա տեսեք։

Այս երկխոսության ընթացքում Յուպիտերը մեզնից ծածկված էր ծառի սաղարթով։ Բայց ահա լարի ծայրին երևաց բզեզը, որ ցած էր թողնում նեգրը։

Մայր մտնող արևը դեռևս թեթևակի լուսավորում էր բարձունքն, ուր մենք կանգնած էինք, և արեգակի վերջին ճառագայթների տակ բզեզը փայլում էր, ինչպես հղկած ոսկյա գնդիկ։ Նա ազատ կախված էր ծառի ճյուղերի արանքում, ու եթե Յուպիտերը թողներ լարը, բզեզը կընկներ ուղիղ մեր ոտքերի մոտ։ Լըգրանը շտապ֊շտապ վերցրեց գերանդին ու երեք֊չորս յարդ[8] շառավղով մաքրեց գետինը։ Վերջացնելով, նա հրամայեց Յուպիտերին թողնել լարը և ցած իջնել։

Մի ցից խրելով ճիշտ այնտեղ, ուր ընկավ բզեզը, բարեկամս գրպանից հանեց հողաչափ ժապավենը։ Մի ծայրը ամրացրեց ծառի բնին և ձգեց մինչև ցիցը, որից հետո, շարունակելով արձակել ժապավենը, նույն ուղղությամբ չափեց ևս հիսուն ոտնաչափ։ Յուպիտերը, գերանդին ձեռքին, գնում էր առջևից, հնձելով մոշի թփերը։ Հասնելով նշված տեղը, Լըգրանը խփեց երկրորդ ցիցը և դարձնելով կենտրոն, մոտավորապես չորս ոտնաչափ տրամագծով շրջան գծեց։ Ապա վերցրեց բահը, մեկական բահ էլ տվեց ինձ ու Յուպիտերին և կարգադրեց փորել ամբողջ թափով։

Ճշմարիտն ասած, նույնիսկ օրը ցերեկով նման կարգի զվարճալիքների նկատմամբ առանձին հակում չունեմ։ Այժմ արդեն վրա էր հասնում գիշերը, իսկ ես առանց այդ էլ հոգնած էի մեր զբոսանքից։ Մեծ հաճույքով կասեի «ոչ», բայց չէի կամենում հակառակվել խեղճ բարեկամիս և դրանով իսկ խորացնել նրա հոգեկան խանգարումը։ Այնպես որ ուրիշ անելիք չունեի։ Եթե հույս ունենայի Յուպիտերի օգնության վրա, առանց մի րոպե կորցնելու, ուժ կգործադրեի և խելագարին տուն կտանեի։ Սակայն բավական լավ էի ճանաչում ծերուկ նեգրին ու գիտեի, որ ոչ մի դեպքում նա չի պաշտպանի ինձ ընդդեմ իր պարոնի։ Ինչ վերաբերում է Լըգրանին, ապա ինձ համար լիովին պարզ էր, որ նա վարակվել է մեզ մոտ՝ Հարավում այնքան տարածված գանձ որոնելու մոլությամբ և որ նրա վառ երևակայությունը բորբոքվել է բզեզը գտնելով, հավանաբար նաև Յուպիտերի համառ շատախոսությամբ, իբր այդ բզեզը «զուտ ոսկուց է»։

Նման մոլությունից անկայուն մտքերը հեշտությամբ են հասնում խանգարման, հատկապես եթե դրանք սնվում են հոգու գաղտնի ձգտումներից։ Ես հիշեցի խեղճ բարեկամիս խոսքերը, իբր բզեզը նրան է վերադարձնելու կորցրած կարողությունը։ Զայրացած էի, միաժամանակ խորապես վշտացած։ Բայց վերջ ի վերջո որոշեցի բարեհաճ լինել (քանի որ այլ ելք չունեի) և ըստ կարելույն մասնակցել գանձ որոնելուն, որպեսզի արագ ու ակնառու համոզեմ Լըգրանին՝ իր անհող երևակայության մեջ։

Մենք վառեցինք լապտերները և սկսեցինք փորել այնպիսի փութաջանությամբ, որ լավագույն օրինակ կարող էր ծառայել։ Լույսը խաղում էր մեր դեմքերին, և ես մտածեցի, որ երեքս մեկտեղ բավական հետաքրքիր խումբ ենք կազմում և որ մեզ հանդիպելիս պատահական անցորդը տարօրինակ մտքեր ու կասկածներ պիտի ունենա։

Արդեն լրիվ երկու ժամ աշխատում էինք։ Լիակատար լռություն էինք պահպանում, և մեզ շփոթեցնում էր միայն շան հաչոցը, որն անսովոր հետաքրքրություն էր ցուցաբերում մեր աշխատանքի նկատմամբ։ Այդ հաչոցը գնալով ավելի համառ էր դառնում, և մենք սկսեցինք զգաստանալ, չլինի թե իսկապես նա մեզ մոտ բերի մոտակայքում գիշերելու պառկած որևիցե շրջմոլիկի։ Ավելի ճիշտ, դրանից վախենում էր Լըգրանը։ Ես սոսկ ուրախ կլինեի, եթե կողմնակի մարդու միջամտությունն օգներ տուն վերադարձնել նրան։ Կատաղած շանը հանգստացրեց Յուպիտերը, ցուցաբերելով մեծ հնարամտություն։ Նա վճռական տեսքով դուրս ելավ փոսից և շան մռութը կապկպեց իր շալվարակապերով, որից հետո հոնքերը կիտած, խնդմնդալով, կրկին ձեռքն առավ բահը։

Երկժամյա աշխատանքից հետո մեր փոսը հասավ հինգ ոտնաչափ խորության, բայց գանձի և ոչ մի հետք չկար։ Դադար առանք, և ես սկսեցի հուսալ, որ կատակերգությունը մոտենում է ավարտին։ Այնինչ, Լըգրանը, թեև մտազբաղ, սրբեց ճակատի քրտինքը ու կրկին ձեռքն առավ բահը։ Մեր քանդած փոսն արդեն գրավում էր Լըգրանի գծած շրջանի ամբողջ տարածությունը։ Այժմ մենք ելանք սահմաններից, ապա խորացրինք փոսը ևս երկու ոտնաչափ։ Արդյունքները նույնն էին։ Իմ գանձ որոնողը, որին խղճում էի ամբողջ հոգով, վերջապես դուրս ելավ փոսից և սկսեց դանդաղ, չկամությամբ հագնել սերթուկը, որը մի կողմ էր նետել աշխատանքի սկզբում։ Նրա յուրաքանչյուր դիմագիծը դառը հուսալքություն էր արտահայտում։ Ես լուռ էի, Յուպիտերն իր պարոնի նշանով սկսեց հավաքել գործիքները։ Ապա նա շան մռութից հանեց ինքնաշեն երախակալը և մենք, առանց որևիցե բառ արտասանելու, ճամփա ընկանք տուն։

Տասը քայլ էլ չէինք արել, երբ Լըգրանը բարձրաձայն նզովքներով շրջվեց դեպի Յուպիտերն ու բռնեց նրա օձիքը։ Ապշահար նեգրը աչքերը չռած, բացեց բերանը և բահերը ձեռքից գցելով ծնկի իջավ։

― Խարդախ սրիկա, ― սեղմած ատամների արանքից հազիվ ասաց Լըգրանը, ― անիծյալ սև անպիտան, իսկույն պատասխանի՛ր, պատասխանիր առանց դեսուդեն ընկնելու, ո՞րն է քո ձախ աչքը։

― Աստված ողորմա, մասսա Ուիլլ, ահա իմ ձախ աչքը, ահա, ― բղավեց վախեցած Յուպիտերը ձեռքը դնելով աջ աչքին ու սեղմելով ուժը ներածին չափ, ասես վախենալով, որ պարոնը մտադիր է հանել այդ աչքը։

― Այդպես էլ կարծո՜ւմ էի։ Ես գիտե՜ի դա։ Ուռա՜, ― գոչեց Լըգրանը, բաց թողնելով նեգրին։ Նա մի քանի արտասովոր անտրաշա[9] կատարեց, որոնք զարմացրին ոտքի ելած ու անսպասելիությունից ասես քարացած նրա ծառային։ Յուպիտերը հայացքը փախցնում էր իր տիրոջից ինձ վրա, ապա կրկին հառում տիրոջ վրա։

― Ի գո՜րծ, ― ասաց Լըգրանը։ ― Վերադառնանք։ Մենք դեռ կշահենք այս խաղը։

Եվ նա կրկին մեզ ետ տարավ դեպի կակաչենին։

― Դե, Յուպիտեր, ― ասաց Լըգրանը, երբ կրկին կանգնած էինք ծառի բնի մոտ, ― ասա, գանգն ինչպես էր ամրացրած ծառին՝ երեսը դեպի ճյո՞ւղը, թե դեպի դուրս։

― Դեպի դուրս, մասսա Ուիլլ, որպեսզի ագռավները ավելի հեշտությամբ կտցեն աչքեըր։

― Հիմա ասա, որ աչքի միջով ցած թողեցիր բզեզը՝ ա՞յս, թե այս։ ― Եվ Լըգրանը ձեռքը դիպցրեց Յուպիտերի նախ մի աչքին, ապա մյուսին։

― Այս աչքի միջով, մասսա Ուիլլ, ձախ աչքի միջով, ինչպես հրամայեցիք։ ― Առաջվա պես Յուպիտերը ցույց էր տալիս աջ աչքը։

― Շատ լավ, նորից սկսենք։

Այս խոսքերի հետ բարեկամս, ում խելագարության մեջ, ինչպես այժմ ինձ թվում էր, որոշ սիստեմ էր երևացել, հանեց բզեզի նախկին ընկած տեղում խփած ցիցը և խրեց երեք դյույմ դեպի արևմուտք։ Հողաչափ ժապավենով կրկին ծառի բունը միացնելով ցցին, նա հիսուն ոտնաչափ չափեց մինչև մի նոր կետ, որն այժմ մի քանի յարդ հեռու էր մեր փոսից։

Առաջինից ավելի մեծ չափերի մի շրջան գծեցինք կրկին և նորից ձեռքներս առանք բահերը։

Մահու չափ հոգնած էի, այնուամենայնիվ, թեև դեռ հաշիվ չէի տվել ինձ, թե ինչ էր ազդել վրաս, աշխատանքի նկատմամբ նախկին նողկանքս անհետացել էր։ Չգիտեմ ինչու, հետաքրքրություն զգացի դեպի այս գործը, բացի այդ մի տեսակ հուզմունք էր պատել ինձ։ Լըգրանի անհեթեթ վարմունքի մեջ կանխագուշակման, մտածված պլանի պես ինչ֊որ բան կար և դա, հավանաբար, իր ներգործությունն ունեցավ։ Ջանասիրաբար փորելով, հանկարծ նկատեցի, որ զննում եմ փոսը, ասես նրա հատակին փնտրելով երևակայական այն գանձը, որի շուրջ երազանքը խելահան էր արել խեղճ բարեկամիս։ Արդեն ժամուկես աշխատում էինք, և մտքի այդ տարօրինակ քմահաճությունն ավելի ու ավելի համառությամբ էր տիրում ինձ, երբ կրկին իրարանցում առաջացրեց մեր շան կատաղած հաչոցը։ Եթե նախկինում նա չէր ցանկանում լռել չարաճճիությունից կամ ինչ֊ինչ քմահաճույքից, ապա այժմ նրա անհանգստությունը շինծու չէր։ Նա չհնազանդվեց Յուպիտերին, երբ վերջինս կրկին ցանկացավ երախակալ հագցնել շան մռութին, և թռչելով փոսի մեջ սկսեց կատաղությամբ հողը քանդել թաթերով։ Մի քանի վայրկյան անց նա փորեց բաց արեց մարդու երկու կմախք, ավելի ճիշտ, բրդյա փտած գործվածքի մնացորդների ու մետաղյա կոճակների հետ խառնված մի ոսկրակույտ։ Բահի երկու հարված ևս, ու մենք տեսանք իսպանական դանակի լայն շեղբը և մի քանի ոսկյա ու արծաթյա դրամ։

Դրամները տեսնելուն պես Յուպիտերը անզուսպ հրճվանք ապրեց, այնինչ նրա պարոնի դեմքը ծայր հիասթափություն էր ներկայացնում։ Բայց և այնպես, նա աղաչում էր մեզ աշխատանքը չդադարեցնել։ Լըգրանը դեռ չէր հասցրել ավարտել իր խնդիրքը, երբ ես գայթեցի ու բերանքսիվայր ընկա՝ ոտքս դիպել էր փուխր հողով ծածկված մի մեծ երկաթյա օղի։

Այժմ արդեն աշխատանքը եռաց ամբողջ թափով։ Տենդագին այն լարումը, որ զգացինք այդ տասը րոպեի ընթացքում, չեմ համարձակվում համեմատել կյանքումս ապրած որևէ բանի հետ։ Մենք փորեցինք֊հանցեինք երկարավուն, հիանալի պահպանված փայտյա մի սնդուկ։ Տախտակների անսովոր ամրությունից կարելի էր եզրակացնել, որ փայտը քիմիական մշակման է ենթարկվել՝ հավանաբար, ներծծվել է սնդիկի դիքլորիդով։ Սնդուկը երեք ու կես ոտնաչափ երկարություն ուներ, երեք ոտնաչափ լայնություն և երկուսուկես ոտնաչափ բարձրություն։

Հուսալիորեն պատած էր երկաթով ու ամրացված դուրգամներով։ Երկաթյա խաչաձև շերտերը վանդակի պես ծածկել էին սնդուկի չորս բոլորը։ Կողերին, կափարիչի մոտ երեքական երկաթյա օղեր էին խփած, ընդամենը վեց օղ, այնպես որ վեց մարդ միանգամից կարող էին բարձրացնել սնդուկը։ Երեքով մենք կարող էինք միայն տեղից շարժել։ Պարզվեց, որ նման բեռ տանելը մեր ուժի գործը չէ։ Բարեբախտաբար, սնդուկի կափարիչը ամրացված էր երկու շարժական հեղույսներով։ Դողացող ձեռքերով, հուզմունքից շնչակտուր, մենք դուրս քաշեցինք հեղույսները։ Եվս մի վայրկյան, ու մեր դեմ անգնահատելի գանձեր երևացին։ Երբ լապտերների կրակը լուսավորեց փոսը, ոսկու և թանկարժեք քարերի կույտից այնպիսի մի ուժգին փայլ բռնկվեց, որ տառացիորեն կուրացանք։

Բառերով չի կարելի արտահայտել այն զգացումը, որ ունեցա այդ գանձերին նայելիս։ Նախ և առաջ, իհարկե, զարմացել էի։ Լըգրանը, թվում է, թե հուզմունքիղ ուժասպառ էր եղել և համարյա չէր խոսում մեզ հետ։ Յուպիտերի դեմքը մի քանի վայրկյան մահվան գունատություն ստացավ, եթե իհարկե կարելի է խոսել սև մաշկի գունատության մասին։ Նա ապշած էր, ասես կայծակնահար էր եղել։ Ապա ընկավ ծնկների վրա, սև մերկ ձեռքերը մինչև արմունկները խրած գանձերի մեջ, քարացավ այդ վիճակում, ասես վայելելով տաք լոգանքի հաճույքը։ Վերջապես, խոր հոգոց հանելով, մենախոսության պես մի բան արտասանեց։

― Եվ այս ամենը ոսկե բզեզն արեց։ Սիրուն ոսկե բզեզը, խեղճ ոսկե բզեզիկը։ Իսկ ես նրան նեղացնում էի, ես նրան հայհոյում էի։ Չէի՞ր ամաչում, քավթառ նեգր։ Պատասխա՛ն տուր․․․

Ստիպված էի կարգի հրավիրել թե՛ տիրոջը, և թե՛ ծառային․ անհրաժեշտ էր տեղափոխել գանձը։ Գիշերը վրա էր հասել, իսկ մինչև լուսաբաց պիտի տուն տանեինք բոլորը։ Չգիտեինք, ինչից սկսել, գլուխներս պտտվում էր, և երկար ժամանակ ծանրութեթև էինք անում՝ ինչ անել։ Վերջապես սնդուկից հանեցինք պարունակության երկու երրորդը, որից հետո դարձյալ մեծ ճիգերով սնդուկը հանեցինք փոսից։ Հանած գանձերը թաքցրեցինք մոշի թփուտներում և թողեցինք մեր շան հսկողության տակ, որին Յուպիտերը խստորեն հրամայեց չշարժվել տեղից և ոչ մի դեպքում բերանը բաց չանել մինչև մեր վերադարձը։ Հետո բարձրացրեցինք սնդուկը և արագ֊արագ ճանապարհ ընկանք։ Ճանապարհը դժվար էր, բայց գիշերվա ժամը մեկին բարեհաջող տուն հասանք։ Չափից դուրս էինք հոգնած անմիջապես ետ գնալու համար՝ մարդկային դիմացկությունն էլ սահման ունի։ Ընթրեցինք և մինչև ժամը երկուսը հանգստացանք, ապա վերցնելով երեք մեծ պարկ, որոնք բարեբախտաբար գտնվեցին խրճիթում, առանց հապաղելու ետ դարձանք։ Առավոտյան ժամը չորսի մոտ հասանք կակաչենուն, մնացածը բաժանեցինք մոտավորապես երեք հավասար մասերի, և առանց փոսերը լցնելու, կրկին ճամփա ընկանք ու ոսկե բեռը դարսեցինք խրճիթում, երբ արշալույսի առաջին թեթև շողերը հազիվ երևացին արևելքում, ծառերի կատարներին։

Անուժ էինք ու հոգնատանջ, բայց ներքին հուզումը չէր լքում մեզ։ Երեք թե չորս ժամ պառկեցինք անհանգիստ քնով, ապա ասես վաղօրոք պայմանավորված, վեր կացանք ու սկսեցինք զննել մեր գանձը։

Սնդուկը բերնեբերան լիքն էր, և մենք ամբողջ օրն ու գիշերվա մի մասը կորցրեցինք ջոկջկելով թանկարժեք իրերը։ Գանձերն իրար գլխի էին լցված։ Ըստ երևույթին, դրանք առանց նայելու էին գցել սնդուկը։ Մանրակրկիտ դասավորումից հետո պարզվեց, որ մեզ բաժին ընկած հարստությունը շատ ու շատ ավելի է, քան թվում էր առաջին հայացքից։ Միայն ոսկեդրամների արժեքը ոսկու այն ժամանակվա կուրսով, կազմում էր ոչ պակաս, քան չորս հարյուր հիսուն հազար դոլար։ Արծաթ բոլորովին չկար, արտասահմանյան և հնում կտրած ոսկին ֆրանսիական էր, իսպանական, գերմանական, մի քանի անգլիական գինեյ կար և մեզ բոլորովին անծանոթ ինչ֊որ դրամներ։ Կային նաև մեծ ու ծանր դրամներ, այնքան մաշված, որ անհնար էր կարդալ դրանց վրա գրածը։ Ամերիկյան և ոչ մի դրամ։ Թանկարժեք իրերի արժեքն ավելի դժվար էր գնահատել։ Շողակները հիացրեցին մեզ իրենց չափերով ու գեղեցկությամբ։ Ընդամենը հայրուր տասը շողակն կար, որոնցից և ոչ մեկը փոքր չէր։ Մենք գտանք զարմանալի փայլի տասնութ սուտակ, երեք հարյուր տասը հրաշալի զմրուխտ, քսանմեկ շափյուղա և մի ծիածանաքար։ Բոլոր քարերը հանված էին ակնաբներից և անփութորեն նետված սնդուկը։ Իսկ ակնաբները, խառնված ոսկյա այլ իրերի հետ, ջնջխված էին մուրճի հարվածով՝ ըստ երևույթին, զարդերը ճանաչելն անհնար դարձնելու համար։ Բացի թվարկածից, սնդուկում բազմաթիվ ոսկե զարդեր կային, մոտ երկու հարյուր զանգվածեղ մատանիներ ու ականջօղեր, ոսկե շղթաներ, եթե չեմ սխալվում, երեսուն հատ, ութսուներեք մեծ ու ծանր խաչեր, հսկայական արժողություն ունեցող ոսկյա հինգ խնկաման, փունջ պատրաստելու ոսկյա մեծ գավաթ, զարդարված խաղողի թփերով ու բաքոսական ֆիգուրներով՝ ակնագործական հիանալի մի աշխատանք, սուսերի երկու կոթ՝ քանդակադրոշմ նրբագեղ զարդարանքներով և բազմաթիվ այլ փոքր իրեր, որոնք անհնար է հիշել։ Թանկարժեք իրերն ավելի քան երեք հարյուր հիսուն անգլիական ֆունտ քաշ ունեին։ Էլ չեմ ասում ժամացույցների մասին՝ հարյուրիննսունյոթ հատ էին, դրանցից երեքը ոչ պակաս քան հինգհարյուրական դոլար արժեք ունեին։ Հին սիստեմի ժամացույցներ էին, և ժանգը կերել էր մեխանիզմները, բայց թանկագին քարերով զարդարված ոսկյա կափարիչները պահպանված էին։ Այդ գիշեր մեր սնդուկի պարունակությունը գնահատեցինք մեկուկես միլիոն դոլար։ Հետագայում, երբ թանկարժեք քարերն ու ոսկյա իրերը վաճառեցինք (մի քանի նրբագեղ իրեր թողեցինք մեզ), պարզվեց, որ մեր գնահատումը չափազանց համեստ էր։

Վերջապես երբ վերջացրինք զննումն ու մեզ պաշարած անսովոր հուզումը փոքր֊ինչ հանդարտվեց, Լըգրանը տեսնելով, որ անհամբերությունից վառվում եմ և այդ ապշեցուցիչ գաղտնիքի լուծմանն եմ ծարավի, առանց նվազագույն մանրամասնություն բաց թողնելու, սկսեց պատմել։

― Հիշո՞ւմ եք այն երեկոն, ― ասաց նա, ― երբ ես ձեզ ցույց տվեցի բզեզի ճեպանկարը։ Հիշեցեք նաև, թե ինչպես բարկացա, երբ ասացիք, թե իմ նկարածը գանգի է նման։ Սկզբում մտածեցի, թե դուք կատակում եք, ապա հիշեցի բզեզի մեջքի պուտերի բնորոշ տեղաբաշխումը և որոշեցի, որ ձեր կարծիքն այնքան էլ անհեթեթ չէ։ Այնուամենայնիվ, ծաղրն ինձ վիրավորեց, չէ որ ես լավ նկարիչ եմ համարվում։ Եվ երբ դուք վերադարձրեցիք մագաղաթի կտորը, ես բորբոքվեցի ու ցանկացա ճմրթել ու կրակը գցել դա։

― Ուզում էիք ասել թղթի՞ կտորը, ― նկատեցի ես։

― Ոչ։ Ես էլ էի սկզբում այդպես կարծում, բայց երբ սկսեցի նկարել, տեսա, որ դա անչափ բարակ մագաղաթ է։ Ինչպես հիշում եք, շատ կեղտոտ էր։ Այսպես, ձեռքիս մեջ ճմրթելիս, պատահաբար նայեցի նկարին, որի մասին խոսք էր գնում։ Պատկերացրեք իմ զարմանքը, երբ ես ևս գանգ տեսա ճիշտ այնտեղ, ուր քիչ առաջ բզեզ էի նկարել։ Առաջին պահ շփոթվեցի։ Հանկարծ նկատեցի, որ դա ուրիշ նկար է, որ նման չէ իմ նկարածին, թեև ընդհանուր գծագրի մեջ կարելի էր ինչ֊որ նման բան գտնել։

Վերցրեցի մոմը և նստելով սենյակի մյուս ծայրում, սկսեցի ավելի մանրակրկիտ ուսումնասիրել մագաղաթը։ Շրջելով, հակառակ կողմում տեսա իմ նկարածը, ճիշտ այնպես, ինչպես եղել էր։ Այդ երկու նկարների նմանությունն իսկապես տարօրինակ էր։ Մագաղաթի մյուս կողմում, ճիշտ իմ նկարած բզեզի տակ, պատկերված էր գանգ, որ հիշեցնում էր իմ նկարը թե գծագրով, թե չափերով։ Զուգադիպությունն ապշեցուցիչ էր, և մի րոպե ես շփոթվեցի։ Նման դեպքերում միշտ այդպես է լինում․ բանականությունը ջանում է երևույթների պատճառական կապը հաստատել և անհաջողության մատնվելով, առժամանակ ասես կաթվածահար է լինում։ Երբ ուշքի եկա, մի միտք հղացա, որն առավել զարմանալի էր, քան զուգադիպությունը, որի մասին այժմ խոսում էի։ Կատարյալ հստակությամբ ու պարզորոշ հիշում էի, որ երբ նկարում էի բզեզը, մագաղաթի վրա ուրիշ որևէ պատկեր գոյություն չուներ։ Ես բացարձակապես վստահ էի, քանի որ նկարելու համար համեմատաբար մաքուր տեղ փնտրելով, մագաղաթը շուռումուռ էի տալիս։ Եթե գանգ լիներ այնտեղ, ես, իհարկե, կնկատեի։ Այստեղ մի հանելուկ կար, որ բացատրել չէի կարողանում։ Ի դեպ, ասեմ ձեզ, արդեն այն ժամանակ, հենց առաջին րոպեներին, ուղեղիս հեռավոր գաղտնարաններում լուսատտիկի պես առկայծում էր լուծման նախազգացումը, որ այնպես փայլուն կերպով հաստատեց մեր երեկվա գիշերային զբոսանքը։ Ես վեր կացա, մագաղաթը թաքցրեցի մի ապահով տեղ և հետագա մտորումներս թողեցի հարմար պահի, երբ մենակ կմնամ։

Երբ դուք գնացիք, և Յուպիտերը խոր քուն մտավ, ես ձեռնամուխ եղա իմ դեմ ծառացած խնդրի առավել մեթոդական կշռադատմանը։ Նախ և առաջ աշխատեցի վերհիշել այն հանգամանքները, որոնք մագաղաթն իմ ձեռքը գցեցին։ Բզեզը մենք գտանք մայրցամաքում, կղզուց մեկ մղոն դեպի արևելք, մակընթացության գծի մերձակայքում։ Երբ բռնեցի բզեզը, սա ուժեղ կծեց մատս, և ես ցած գցեցի նրան։ Յուպիտերը, նախքան իր մոտ ընկած բզեզը բարձրացնելը, իրեն հատուկ զգուշությամբ սկսեց մերձակայքում թղթի կտոր կամ որևիցե այլ բան փնտրել, մատները պաշտպանելու համար։ Հենց այդ րոպեին երկուսով միաժամանակ տեսանք մագաղաթի կտորը, այն ժամանակ ես էլ կարծեցի, թե դա թուղթ է։ Մագաղաթն ընկած էր, կիսով չափ ավազով ծածկված, միայն մի անկյունն էր դուրս ցցված։ Այդտեղից ոչ հեռու ես նկատեցի մի նավակի կմախք, ըստ երևույթին, դա երկար ժամանակ էր ընկած այդտեղ, որովհետև տախտակի ծածկույթի հետքն անգամ չէր մնացել։

Եվ այսպես, Յուպիտերը վերցրեց մագաղաթը, բզեզը փաթաթեց մեջն ու ինձ տվեց։ Շուտով մենք ուղևորվեցինք տուն։ Ճանապարհին հանդիպեցինք լեյտենանտ Ջ֊ին, ես նրան ցույց տվեցի գտածս, ու նա խնդրեց բզեզը իր հետ ամրոց տանել։ Համաձայնեցի, նա շտապ բզեզը դրեց ժիլետի գրպանը, իսկ մագաղաթը մնաց ձեռքիս։ Լեյտենանտը շտապեց օգտվել իմ թույլտվությունից և բզեզն իսկույն գրպանը դրեց, թերևս վախենալով, որ խոսքս կփոխեմ՝ ինքներդ գիտեք, թե ինչ բուռն վերաբերմունք ունի նա այն ամենի նկատմամբ, ինչ բնական գիտություններին է վերաբերում։ Ես էլ իմ հերթին, բոլորովին մեքենաբար, մագաղաթը գրպանս դրեցի։

Ցանկության դեպքում կարող եք ինձ ֆանտազյոր համարել, բայց պիտի ասեմ, որ հենց այդ րոպեին դեպքերի որոշակի տրամաբանական կապ հայտնաբերեցի։ Ես միացրեցի երկար շղթայի երկու օղերը։ Ծովափին ընկած էր մի նավակ, դրանից քիչ հեռու՝ մագաղաթ, նկատի ունեցեք, ոչ թե թուղթ, այլ մագաղաթ, որի վրա գանգ էր պատկերված։ Իհարկե, դուք կհարցնեք՝ ո՞րն է կապը։ Ես կպատասխանեմ՝ գանգը ծովահենների հանրահայտ խորհրդանշանն է։ Կռվի բռնվելով, ծովահենները զանգի պատկերով դրոշակ էին բարձրացնում։

Ինչպես արդեն ասացի, մեր գտածը մագաղաթ էր։ Մագաղաթն անչափ երկար է պահպանվում, այսպես ասած, հավերժաբար։ Մագաղաթը հազվադեպ են օգտագործում սովորական գրառումների համար սոսկ այն պատճառով, որ թղթի վրա ավելի հեշտ է գրելն ու նկարելը։ Դա ստիպեց մտածել, որ մագաղաթի վրա գանգը հենց այնպես չի նկարված։ Ես ուշադրություն դարձրեցի նաև մագաղաթի չափերին։ Դրա մի անկյունը ինչ֊ինչ պատճառներով պատռված էր, բայց սկզբնական շրջանում մագաղաթը երկարավուն էր եղել։ Դա մագաղաթի հենց այնպիսի թերթ էր, որը օգտագործվում է հիշարժան գրության համար, այնպիսի գրության, որ պետք է երկար ու խնամքով պահպանել։

― Այդ ամենը հասկանալի է, ― ընդհատեցի ես Լըգրանին, ― բայց չէ որ դուք ասում եք, որ երբ մագաղաթի վրա բզեզ էիք նկարում, այնտեղ ոչ մի գանգ էլ չկար։ Ինչպես եք ուրեմն պնդում, որ նավակի և գանգի մեջ գոյություն ունի կապ, երբ ինքներդ եք հայտարարում, որ գանգը նկարվել է (աստված գիտե, թե ում կողմից) ձեր բզեզը նկարելուց հետո։

― Ա՜, հենց այստեղից էլ սկսվում է գաղտնիքը։ Թեև պիտի ասեմ, որ այս մասում արդեն լուծումն ինձնից մեծ ջանքեր չպահանջեց։ Ես թույլ չտվեցի, որպեսզի մտքերս խոտորվեն, տրամաբանությունը միայն մի լուծում է հանդուրժում։ Ես դատում էի մոտավորապես այսպես․ երբ սկսեցի բզեզը նկարել, մագաղաթի վրա գանգի ոչ մի նշան անգամ չկար։ Նկարեցի վերջացրեցի, տվեցի ձեզ և ուշադիր հետևում էի, մինչև որ մագաղաթս ետ ստացա։ Ուրեմն, գանգը դուք չնկարեցիք։ Բայց, բացի ձեզանից, այդ բանը ոչ ոք չէր կարող անել։ Ուրեմն, գանգը նկարվեց ոչ մարդկային ձեռքով։ Որտեղի՞ց հայտնվեց այդ պատկերը։

Այստեղ ես աշխատեցի ամենայն հստակությամբ վերհիշել տառացիորեն ամեն բան, ինչ կատարվեց այն երեկո։ Եղանակը ցուրտ էր (օ՜, հազվադեպ ու երջանիկ դիպված), և բուխարիում կրակ էր վառվում։ Արագ քայլելուց ես տաքացել էի և նստեցի սեղանի մոտ։ Իսկ դուք բազկաթոռը մոտեցրել էիք բուխարուն շատ մոտ։ Այն րոպեին, երբ ձեզ տվեցի մագաղաթը և սկսեցիք զննել, ներս վազեց Գայլը, մեր նյուֆաունդլենդը և վրա ընկավ ձեր կրծքին։ Ձախ ձեռքով դուք շոյում էիք շանը, ցանկանալով նրան հեռացնել, իսկ աջ ձեռքը, որում բռնած ունեիք մագաղաթը, ցած թողեցիք ծնկների արանքով, կրակին շատ մոտ։ Ես նույնիսկ վախեցա, որ մագաղաթը կբռնկվի և ցանկացա զգուշացնել ձեզ, բայց չհասցրեցի, որովհետև դուք իսկույն բարձրացրեցիք աջ ձեռքը և կրկին սկսեցիք նայել նկարը։ Երբ հիշողությանս մեջ վերականգնեցի ամբողջ պատկերը, ապա այլևս չէի կասկածում, որ գանգի պատկերը մագաղաթի վրա երևաց ջերմության ազդեցության տակ։

Դուք, իհարկե, գիտեք, որ անհիշելի ժամանակներից գոյություն ունեն քիմիական խառնուրդներ, որոնց միջոցով կարելի է թղթի և մագաղաթի վրա գրել անտեսանելի տառերով։ Գիրը տեսանելի է դառնում միայն ջերմության ազդեցության տակ։ Ցաֆրան լուծեցեք ռուսական օղու մեջ, խառնեք չորս անգամ ավելի ջրի հետ, կստանաք կանաչ թանաք։ Անուշադրի սպիրտի մեջ լուծած կոբալտի ձուլահատիկից ստացվում է կարմիր թանաք։ Գիրն աստիճանաբար գունատվում է, բայց կրկին երևան է գալիս, երբ թուղթը կամ մագաղաթը նորրից տաքացնում եք։

Ես սկսեցի ուշադիր զննել գանգի պատկերը մագաղաթի վրա։ Նկարի արտաքին գծագիրը, նկատի ունեմ մագաղաթի եզրին մոտ ընկած ուրվագիծը, ավելի ցայտուն էր զանազանվում։ Պարզ էր, որ ջերմության ազդեցությունը բավարար կամ հավասարաչափ չէր։ Ես տեղնուտեղը կրակ վառեցի և սկսեցի մագաղաթը տաքացնել բարկ կրակի վրա։ Շուտով գանգի ուրվագիծն ավելի պարզորոշ դարձավ։ Երբ շարունակեցի փորձը, գանգի պատկերի անկյունագծով սկսեց երևան գալ մի ֆիգուր, որն սկզբում այծի պատկերի տեղ դրեցի։ Նկարի առավել ուշադիր զննումն ինձ համոզեց, որ, իրոք, դա ուլիկի նկար է։

― Հա՜֊հա՜֊հա՜, ― ծիծաղեցի ես։ ― Լըգրան, խոստովանում եմ, որ իրավունք չունեմ ծիծաղել ձեզ վրա, մեկուկես միլիոն դոլարը կատակի թեմա չէ, բայց ձեզ չի հաջողվի նոր օղ ավելացնել շղթային։ Ծովահենն ու այծը անհամատեղելի են։ Ծովահեններն անասնապահությամբ չեն զբաղվում, դա ֆերմերների արտոնությունն է։

― Բայց ես ձեզ ասացի, որ դա այծ չէր։

― Այծ չէր, ուլիկ էր, մեծ տարբերություն չեմ տեսնում։

― Մեծ՝ ես էլ չեմ տեսնում, բայց տարբերություն կա, ― ասաց Լըգրանը։ ― Համադրեք kid-ի հետ։ Երբևիցե լսե՞լ եք կապիտան Քիդդի[10] մասին։ Կենդանու պատկերն իսկույն ընդունեցի որպես հիերոգլիֆային ստորագրություն, ինչպես նկարներն են լինում ռեբուսի մեջ։ Ես ասում եմ «ստորագրություն», որովհետև ուլիկը մագաղաթի այն տեղում էր նկարված, ուր ստորագրություն է դրվում։ Գանգի պատկերը մագաղաթի անկյունագծի հակադիր ծայրում, իր հեթին, զինանշանի կամ կնիքի մտքին էր հանգեցնում։ Բայց ինձ վհատեցրեց գլխավոր բանի՝ իմ երևակայական փաստաթղթի տեքստի բացակայությունը։

― Ուրեմն, դուք գտնում էիք, որ կնիքի ու ստորագրության արանքում նամա՞կ պիտի լինի։

― Այո, կամ դրա նման մի բան։ Ճշմարիտն ասած, ինձ արդեն տիրել էր վիթխարի հաջողության անկոտրում նախազգացումը։ Թե ինչու, ինքս էլ չգիտեմ։ Գուցե դա ոչ այնքան նախազգացում էր, որքան ինքնաներշնչում։ Կհավատա՞ք, Յուպիտերի հիմար խոսքերը, թե բզեզը զուտ ոսկուց է, ուժեղ էին ազդել երևակայությանս վրա։ Բացի այդ, պատահականությունների և զուգադիպումների նման տարօրինակ շղթան․․․ Չէ որ ամեն ինչ կատարվեց հենց այն օրը, որը լինում է գուցե և տարին մեկ անգամ, երբ ցուրտը ստիպում է բուխարին վառել, իսկ առանց բուխարու և առանց իմ շան մասնակցության, որը երևաց հենց հարկավոր րոպեին, ես երբեք չէի իմանա գանգի մասին ու երբեք գանձի տեր չէի դառնա։

― Իսկ ի՞նչ եղավ հետո։ Ես վառվում եմ անհամբերությունից։

― Շատ լավ։ Դուք, իհարկե, գիտեք, որ բազմաթիվ մշուշոտ ավանդություններ կան Քիդդի և նրա մեղսակիցների՝ Ատլանտյան ափերում թաղած գանձերի մասին։ Այդ ավանդությունների հիմքում, իհարկե, փաստեր են ընկած։ Դրանք գոյություն ունեն վաղուց ի վեր և չեն կորցնում իրենց կենդանությունը՝ ենթադրում եմ, որ դա խոսում է այն մասին, որ մինչ այժմ գանձերը չեն գտնվել։ Եթե Քիդդը նախ թաքցներ գանձերը, ապա գար ու վերցներ, հազիվ թե ավանդությունները մեզ հասնեին միևնույն անփոփոխ ձևով։ Նկատի ունեցեք, ավանդությունները պատմում են սոսկ գանձերը որոնելու մասին, գտնելու մասին ոչ մի խոսք չկա։ Բավական է, ծովահենը հաներ գանձերը, և խոսակցությունը կդադարեր։ Ինձ միշտ թվում էր, որ ինչ֊որ պատահականություն, օրինակ, թաքստարանի տեղը նշող պլանը կորցնելն է խանգարել Քիդդին գտնել գանձը։ Քիդդի դժբախտությանը տեղեկացան ուրիշ ծովահեններ, որոնք առանց այդ երբեք չէին իմանա թաքցրած գանձերի մասին։ Բախտի բերմանն ապավինած նրանց ապարդյուն որոնումներն էլ հենց ծնունդ են տվել այդ բոլոր խոսակցություններին ու ավանդություններին, որոնք տարածվել են աշխարհով մեկ ու հասել մեր օրերը։ Երբևիցե լսե՞լ եք, որ մեր ափերին ինչ֊որ մեկը հարուստ գանձարան գտնի։

― Ոչ, երբեք։

― Բայց չէ որ բոլորը գիտեն, թե ի՜նչ անհամար հարստություն ուներ Քիդդը։ Այսպիսով, ես եզրակացրեցի, որ գանձը դեռևս թաղված է հողում։ Թող, ուրեմն, ձեզ չզարմացնի, որ իմ մեջ վստահությանը հավասար հույս ծնվեց, որ նման անսովոր ճանապարհով ձեռքս ընկած մագաղաթն ինձ ցույց կտա, թե որտեղ են թաղված Քիդդի գանձերը։

― Իսկ հետո՞ ինչ արեցիք։

― Ես կրկին տաքացրեցի մագաղաթը, աստիճանաբար բորբոքելով կրակը, բայց դա ոչ մի նոր բան չտվեց։ Այդժամ ես որոշեցի, որ խանգարողը մագաղաթի վրա շերտ կապած կեղտն է։ Վերցրեցի մագաղաթը, զգուշորեն լվացի գաղջ ջրով, ապա դրեցի երկաթյա թավայի վրա, գանգ պատկերող երեսը դեպի կրակը, և թավան դրեցի շիկացած ածուխների վրա։ Մի քանի րոպե անց, երբ թավան կարմրեց, հանեցի մագաղաթը և անպատմելի ուրախությամբ տեսա, որ տեղ֊տեղ երևան են եկել տող առ տող գրված ինչ֊որ նշաններ ու թվեր։ Ես թավան կրկին դրեցի կրակին ու մի րոպեի չափ էլ պահեցի։ Այդ ժամանակ գրածը երևան եկավ ամբողջությամբ։ Հիմա ես ձեզ ցույց կտամ։

Լըգրանը տաքացրեց մագաղաթն ու ինձ տվեց։ Գանգի և ուլիկի արանքում, կարմիր թանաքով կոշտուկոպիտ գրված, հետևյալ նշաններն էին․


53##+305))6*;4826)4#);806*;48
+8 I 60))85;;]8*;:# *8+83(88)5*+46
(;88*96*?;8)*#(485);5+2:*(;4956
  • 2(5* ― 4) II8*;4069285);)6+8)4# #;1(#9
48081;8:8# 1;48+85;4)485+528806*81(#
9;48;(88;4(#?34;48)4#;161;:188;#?;

― Հետո՞ ինչ, ― ասացի ես, վերադարձնելով մագաղաթը, ― այս ամենն ինձ մի քայլ անգամ առաջ չէր մղի։ Հանուն Գոլկոնդայի[11] ամբողջ գանձերի չեմ կարող նման հանելուկ լուծել։

― Եվ այնուամենայնիվ, ― ասաց Լըգրանը, ― սա այնքան է դժվար չէ, որքան առաջին հայացքից է թվում։ Նշաններն, իհարկե, գաղտնագիր են, այլ կերպ ասած որոշակի բովանդակություն ունեն։ Որքան գիտեմ Քիդդի մասին, նա չէր կարող բարդ ծածկագիր կազմել։ Եվ ես իսկույն որոշեցի, որ սա պարզագույն գաղտնագիր է, ընդ որում այնպիսին, որ նավաստու կարճ խելքով բացարձակապես անմեկնելի պետք է թվա։

― Եվ ի՞նչ, դուք գտա՞ք լուծումը։

― Հեշտությամբ։ Կյանքում սրանից հազար անգամ ավելի բարդ գաղտնագրեր եմ հանդիպել։ Նման հանելուկներով ես զբաղվել եմ կյանքիս հատուկ հանգամանքների և խելքիս բնական հակումների շնորհիվ և եկել եմ եզրակացության, որ հազիվ թե մարդու բանականությունն ի վիճակի է այնպիսի հանելուկ հորինել, որը մեկ ուրիշ մարդու՝ ճշտորեն ուղղված բանականությունը չկարողանա լուծել։ Պարզ ասած, եթե բնագիրն անսխալ է գաղտնագրված և փաստաթուղթը լավ պահպանված է, ինձ այլևս ոչինչ պետք չէ։ Ինձ համար հետագա բարդություններ գոյություն չունեն։

Նախ և առաջ, ինչպես միշտ, առաջ է գալիս գաղտնագրի լեզվի հարցը։ Լուծման սկզբունքը (հատկապես դա վերաբերվում է պարզագույն գաղտնագրերին) մեծապես կախված է լեզվի առանձնահատկություններից։ Այդ հարցը պարզելու միակ ճանապարհը․․․ մեկը մյուսի ետևից լեզուներ փորձելն է, զուգադիպություններ ու օրինաչափություններ գտնելու համար, քանի դեռ ճշմարիտ լուծման չես հանգել։ Իմ մագաղաթն այդպիսի բարդություն չէր ներկայացնում՝ ստորագրությունը լուծում էր թելադրում։ kid և Kidd բառախաղը խոսում էր անգլերենի օգտին։ Այլ դեպքում ես ֆրանսերենից կամ իսպաներենից կսկսեի որոնել։ Հարավային ծովերի ծովահենն առաջին հերթին այդ երկու լեզուներից մեկնումեկը կվերցներ գաղտնագրի համար։ Բայց արդեն գիտեի՝ գաղտնագիրն անգլերեն է գրված։

Ինչպես տեսնում եք, տեքստն անընդմեջ տողով է գրված։ Եթե բառերն առանձնացված լինեին, խնդիրն անչափ կհեշտանար։ Ես կսկսեի բաղդատել և ուսումնասիրել ավելի կարճ բառեր։ Եվ հենց որ հանդիպեի մեկ տառից կազմված բառի (օրինակ և կամ ու շաղկապ), գաղտնագիրն արդեն լուծված կհամարեի։ Բայց բառերի մեջ արանք չկար, եւ ես սկսեցի հաշվել միանման նշանները, իմանալու համար, թե դրանցից որոնք են հաճախ հանդիպում եւ որոնք՝ սակավ։Վերջացնելով հաշվումներս, այսպիսի աղյուսակ կազմեցի․

8
նշանը
հանդիպում է
34
անգամ
;
"
"
27
"
4
"
"
19
"
)
"
"
16
"
#
"
"
15
"
*
"
"
14
"
5
"
"
12
"
6
"
"
11
"
+
"
"
8
"
1
"
"
7
"
0
"
"
6
"
9 և 2
"
"
5
"
: և 3
"
"
4
"
?
"
"
3
"
||
"
"
2
"
— և )
"
"
1
"

Անգլերեն գրավոր խոսքի ամենագործածական տառը e֊ն է։ Ապա նվազող կարգով գալիս են a, o, i, d, h, n, r, s, t, u, y, c, f, l, m, w, b, k, p, q, x, z տառերը։ Ընդ որում, e֊ն այնքան հաճախ է հանդիպում, որ դժվար է գտնել մի դարձվածք, ուր նա գերիշխող դեր չունենա։

Այսպիսով, հենց սկզբից մեր ձեռքին է ուղեցույցը։ Կազմած աղյուսակն անչափ օգտակար է, թեեւ տվյալ դեպքում պետք կգա աշխատանքի միայն առաջին փուլում։

Քանի որ

………………………………………………………………… ……………………………………………………… ……………………………………………………



Չշփոթվելու համար մեր նշանները դասավորենք այբբենական կարգով։ Կլինի այսպես․

5֊ը
նշանակում
է
a
+
"
"
d
8
"
"
e
3
"
"
g
4
"
"
h
6
"
"
i
*
"
"
n
#
"
"
o
(
"
"
r
;
"
"
t

Սա կարևորագույն տասը տառերի բանալին է։ Կարծում եմ, հարկ չկա պատմել, թե ինչպես վերծանեցի մյուսները։ Ես ձեզ ծանոթացրի գաղտնագրի կառուցվածքին և կարծում եմ, համոզեցի, որ հեշտ է լուծվում։ Ի միջիայլոց, կրկնում եմ, որ այս գաղտնագիրը պարզագույնների թվին է պատկանում։ Այժմ մնում է ձեզ տալ մագաղաթին գրվածի լիովին վերծանված տեքստը։ Ահա․

A good glass in the bishop's hostel in the devil's seat twenty one degrees and thirteen minutes northeast and by north main branch seventh limb east side shoot from the left eye of the death's-head a bee line from the tree throught the shot fifty feet out.

(Լավ ապակի եպիսկոպոսի պանդոկում սատանայի աթոռի վրա քսանմեկ աստիճան և տասներեք րոպե հյուսիս֊հյուսիս֊արևելք գլխավոր յոթերորդ ճյուղը արևելյան կողմը կրակիր մեռած գլխի ձախ աչքից ծառից ուղիղ կրակոցի վրայով հիսուն ոտնաչափ)։

— Հետո՞ ինչ,— ասացի ես,— նույն հանելուկն է։ Մարդկային լեզվով ինչ է նշանակում այս ծածկագրությունը՝ «եպիսկոպոսի պանդկոկ», «մեռած գլուխ», «սատանայի աթոռ»։

― Համաձայն եմ, ― ասաց Լըգրանը, ― մութ տեքստ է, մանավանդ թռուցիկ ընթերցելիս։ Առաջինը, որ պետք էր անել՝ գրվածն ըստ մտքի անջատելն էր։

― Այսինքն, կետադրության նշաններ դնե՞լը։

― Այո, նման մի բան։

― Բայց ինչպե՞ս կարողացաք։

― Տեսա, որ հեղինակը իր տեքստը դիտավորյալ անընդմեջ տողով է գրել, գաղտնագրի լուծումը դժվարացնելու համար։ Նման նպատակ ունեցող, մի քիչ էլ պակաս նուրբ խելքի տեր մարդն անպայման չափը պիտի անցկացնի։ Այնտեղ, ուր տեքստի մտքին համապատասխան արանք պիտի լինի, նա բառերն ավելի խիտ կտեղավորի։ Նայեցեք մագաղաթին և իսկույն հինգ նման տեղ կտեսնեք։ Հիմնվելով դրա վրա, ես տեքստը նախադասությունների բաժանեցի այսպես․ «Լավ ապակի եպիսկոպոսի պանդոկում սատանայի աթոռի վրա ― քսանմեկ աստիճան և տասներեք րոպե ― հյուսիս֊հյուսիս արևելք ― գլխավոր յոթերորդ ճյուղը արևելյան կողմը ― կրակիր մեռած գլխի ձախ աչքից ― ծառից ուղիղ կրակոցի վրայով հիսուն ոտնաչափ»։

― Տեքստը նախադասությունների է բաժանված, ― ասացի ես, ― բայց դրանից միտքը պարզ չդարձավ։

― Ինձ էլ էր այդպես թվում, ― ասաց Լըգրանը։ ― Սկզբնական շրջանում առաջին հանդիպածին հարցուփորձ էի անում, թե Սելլիվանյան կղզու շրջակայքում «եպիսկոպոսի պանդոկ» անվամբ հայտնի շինություն կամ տուն չկա՞։ Ոչնչի չհասնելով, արդեն որոշել էի ընդլայնել որոնումներիս շրջանը և ավելի սիստեմավորել, երբ հանկարծ մի առավոտ ենթադրեցի, որ «եպիսկոպոսի պանդոկ» bishop's hostel արտահայտւթյունը թերևս պիտի կապել Բեսսոպների (Bessop) հնամենի տոհմի հետ, որոնք վաղեմի ժամանակներում դաստակերտ ունեին կղզուց չորս մղոն հեռու։ Գնացի պլանտացիա և դիմեցի տեղի հնաբնակ նեգրերին։ Երկար հարցուփորձից հետո մի զառամյալ պառավ ասաց, թե գիտե «եպիսկոպոսի պանդոկ» կոչվող տեղը և կարծում է, որ կգտնի, բայց դա ոչ պանդոկ է, ոչ էլ նույնիսկ խորտկարան, այլ բարձր մի ժայռ։

Ես խոստացա լավ վարձատրել նրան և փոքր֊ինչ տատանվելուց հետո պառավը համաձայնեց հետս գալ։ Առանց որևիցե պատահարի տեղ հասանք։ Ես նրան ետ ուղարկեցի և սկսեցի զննել շուրջս։ «Պանդոկը» ժայռաբեկորների և ապառաժների կույտ էր։ Առանձին ցցված մի ժայռ աչքի էր ընկնում բարձրությամբ ու տարօրինակ գծագրությամբ և հիշեցնում էր արհեստական շինվածք։ Ես բարձրացա գագաթը և տարակուսած կանգ առա, չիմանալով ինչ անել։

Այդպես մտքերի մեջ ընկած, մեկ էլ աչքս ընկավ ժայռի արևելյան կողմի մի նեղլիկ ելուստի վրա, գագաթից, ուր ես կանգնած էի, մեկ յարդ հեռու։ Ելուստը դուրս էր ցցված մի տասնութ դյույմ և մեկ ոտնաչափ լայնություն ուներ։ Դրա ետևը ժայռի մեջ մի խորշ կար, նման դատարկ թիկնակով բազկաթոռի, ինչպիսիք եղել են մեր նախապապերի տներում։ Ես իսկույն հասկացա, որ հենց «սատանայի աթոռն» է և որ ես ծածկագրի գաղտնիքի մեջ արդեն թափանցեցի։

«Լավ ապակի» միմիայն հեռադիտակ կարող էր նշանակել՝ նավաստիները հաճախ են «ապակի» բառն օգտագործում այդ իմաստով։ Պետք էր այստեղից նայել հեռադիտակով, ընդ որում նախապես որոշակի դիրքով, առանց որևէ շեղման։ «Քսանմեկ աստիճան և տասներեք րոպե» և «հյուսիս֊հյուսիս֊արևելք, բառերն, իհարկե, ցույց էին տալիս հեռադիտակի ուղղությունը։ Իմ հայտնագործությունից խիստ հուզված տուն շտապեցի, վերցրեցի հեռադիտակն ու վերադարձա ժայռի գագաթը։

Իջնելով ելուստի վրա, համոզվեցի, որ դրա վրա կարելի է նստել սոսկ մի որոշակի դիրքով։ Այսպիսով, իմ ենթադրությունը հաստատվեց։ Ձեռքս առա հեռադիտակը։ «Հյուսիս֊հյուսիս֊արևելք», բառերը ցույց էին տալիս հորիզոնական ուղղությունը։ Ուրեմն «քսանմեկ աստիճան և տասներեք րոպե» ցուցումը վերաբերում էր տեսանելի հորիզոնի նկատմամբ անկյանը։ Կողմնորոշվելով գրպանի կողմնացույցով, հեռադիտակը մոտավորապես քսանմեկ աստիճանի անկյունով բարձրացրեցի և սկսեցի զգուշորեն ուղղել նախ դեպի վեր, ապա վար, մինչև որ հայացքս ընկավ շուրջս պատող անտառի մեջ վեր ելած վիթխարի ծառի սաղարթի մեջ մի կլոր անցքի կամ լուսաշերտի։ Լուսաշերտի կենտրոնում ես նկատեցի սպիտակ պուտ, բայց սկզբում չկարողացա հասկանալ, թե դա ինչ է։ Հարմարացնելով դիտակը, մեկ անգամ էլ նայեցի և պարզորոշ տեսա մարդկային գանգ։

Դա թև տվեց ինձ, և ես հանելուկը լուծված համարեցի։ Ակներև էր, որ «գլխավոր յոթերորդ ճյուղը արևելյան կողմը» բառերը վերաբերում էին ծառի վրա գանգի դիրքին, իսկ «կրակիր մեռած գլխի ձախ աչքից» հրամանը նույնպես միակ բացատրություն ուներ և ցույց էր տալիս տեղը։ Կրակելով գանգի ձախ ակնախոռոչից, պետք էր ապա «ուղիղ», այլ կերպ ասած ուղիղ գիծ անցկացնել ծառաբնի ամենամոտ կետից «կրակոցի» (գնդակի ծակած տեղի) վրայով, հիսուն ոտնաչափ առաջ։ Հենց այդտեղ էլ, ամենայն հավանականությամբ, թաղված պիտի լիներ գանձը։

― Այդ ամենը համոզիչ է, ― ասացի ես, ― և որոշ երևակայականությամբ հանդերձ նաև պարզ է ու տրամաբանական։ Ի՞նչ արեցիք դուք «եպիսկոպոսի պանդոկը» թողնելուց հետո։

― Հիմնավորապես պարզելով ծառի տեղը, տուն գնացի։ «Սատանայի աթոռից» բարձրանալուն պես կլոր լուսաշերտն անհետացավ․ որքան լարեցի տեսողությունս, այլևս ոչինչ չտեսա։ Հղացման սրամտությունն էլ հենց այն էր, որ ծառի սաղարթի մեջ լուսաշերտը դիտողին էր բացվում մեն֊մենակ կետից (համոզվելու համար փորձը կրկնեցի մի քանի անգամ)՝ ժայռի նեղ ելուստից։

«Եպիսկոպոսի պանդոկ» գնալիս ինձ ուղեկցում էր Յուպիտերը, որն, իհարկե, նկատել էր, թե ինչպես վերջին շրջանում ինձ տարօրինակ եմ պահում և ոչ մի քայլ չէր հեռանում ինձնից։ Բայց մյուս օրը ես արթնացա ադամամութին, ճողոպրեցի նրա հսկողությունից և գնացի սարերը՝ ծառը փնտրելու։ Մեծ դժվարությամբ գտա։ Երբ երեկոյան տուն դարձա, ինչպես գիտեք, Յուպիտերը ցանկանում էր ինձ դնքսել։

Հետագա արկածների մասին հարկ չկա պատմել։ Դրանք հայտնի են ձեզ։

― Պետք է կարծել, ― ասացի ես, ― որ առաջին անգամ սխալ տեղ ընտրեցինք Յուպիտերի անփութությունից, երբ նա բզեզը իջեցրեց գանգի աջ ակնախոռոչից, ձախի փոխարեն։

― Իհարկե, «կրակոցի», այսինքն՝ ծառի տակ խփած ցցի շեղումը, երկուսուկես դյույմից ավել չէր, և եթե գանձը թաղված լիներ ծառի տակ, սխալն այնքան էլ նշանակություն չէր ունենա։ Բայց չէ որ «կրակոցի» վրայով ծառաբնից տարած ուղիղ գիծը մատնացույց էր անում սոսկ այն ուղղությունը, որով հարկ էր գնալ։ Որքան հեռանում էի ծառից, շեղումն այնքան աճում էր, և երբ հիսուն ոտնաչափ հեռացա, գանձը մնաց մի կողմ։ Եթե ես այնքան խորապես համոզված չլինեի, որ այնտեղ, իրոք, գանձ է թաղված, մեր աշխատանքը զուր կանցներ։

― Արդյո՞ք ծովահենների դրոշը չի թելադրել Քիդդին այդ տարօրինակ քմահաճությունը, այդ գանգը, որի դատարկ ակնախոռոչից պիտի ցած կրակել։ Գանձը վերադարձնել ծովահենների չարագործ խորհրդանշանի միջոցով՝ այստեղ բանաստեղծական ինչ֊որ հղացում է զգացվում։

― Գուցե և այդպես է, չնայած կարծում եմ, որ գործնական նկատառումներն այստեղ պակաս նշանակություն չունեն, քան բանաստեղծական երևակայությունը։ «Սատանայի աթոռից» ծառի վրա ոչ այնքան մեծ առարկա կարելի է տեսնել սոսկ այն դեպքում, եթե դա սպիտակ է։ Իսկ այս դեպքում ինչը կարող է համեմատվել գանգի հետ։ Գանգը չի խունանում անձրևներից ու փոթորիկներից, ընհակառակը, գնալով սպիտակում է․․․

― Դե, իսկ ձեր գերհանդիսավոր ճառերն ու բզեզը պտտեցնե՜լր․․․ ինչ տարօրինակ խենթությո՜ւն։ Ես համոզված էի, որ դուք խելագարվել եք։ Եվ ի՞նչ էիք մտածում գանգի ակնախոռոչից կրակելու փոխարեն բզեզն իջեցնելիս։

― Ի՜նչ արած, չեմ թաքցնի՝ ձեր այն ակնարկները, թե ես ցնդել եմ, ինձ բարկացրին, ու ես որոշեցի ձեզ պատասխանել ինձ հատուկ փոքրիկ միստիֆիկացիայով։ Նախ ես պտտեցնում էի բզեզը, ապա որոշեցի իջեցնել ակնախոռոչի միջով։ Ի դեպ, փամփուշտի փոխարեն բզեզն օգտագործելու միտքը ծագեց իմ գլխում, երբ ասացիք, որ ապշած եք բզեզի ծանրությունից։

― Այժմ ամեն ինչ պարզ է։ Միայն մի հարցի պատասխանեք՝ այդ ի՞նչ կմախքներ էին, որ մենք գտանք փոսում։

― Ես ավելին չգիտեմ, քան դուք։ Ըստ երևույթին, այստեղ միայն մի եզրահանգում է հնարավոր, բայց որը դիվական դաժանություն է ենթադրում։ Եթե գանձը Քիդդն է հորել, որն իմ կասկածից վեր է, ապա հասկանալի է, որ առանց օգնականների նա չէր կարող դա անել։ Երբ աշխատանքն ավարտված է եղել ու օգնականներն սկսել են լցնել փոսը, նա մտածել է, որ ավելորդ վկաների կարիքը չի զգում։ Իմ կարծիքով, լինգի երկու֊երեք հարված, և վերջ։ Կամ գուցե լրիվ տասը հարված, ո՞վ գիտե։



  1. Որպես բնաբան օգտագործված է երկտող անգլիացի դրամատուրգ Արթուր Մերֆիի (1727-1805) «Բոլորը սխալվում են» պիեսից։
  2. Ոտնաչափ ― ֆուտ, չափի անգլիական միավոր, հավասար է 30,5 սմ֊ի։
  3. Յան Սվամմերդամ (1637-1680) ― հոլանդացի կենսաբան, «Միջատների պատմության» հեղինակը։
  4. Օստեոլոգիա ― ոսկրագիտություն։
  5. Բզեզ ― մարդկային գլուխ (լատ․)։
  6. Կոպտություն (ֆրամս․)։
  7. Մենակ (ֆրանս․)։
  8. Յարդ ― չափի անգլիական միավոր, հավասար է 0,91 մետրի։
  9. Անտրաշա ― պարաքայլ։
  10. Ուիլյամ Քիդդ (1650-1701) ― բրիտանական նավատորմի կապիտան, որ հետագայում ծովահեն դարձավ ու կյանքն ավարտեց կախաղանի վրա։ Ըստ ավանդության նա տարբեր վայրերում թաղել է իր թալանած գանձերը։
  11. Գոլկոնդա ― Հնդկաստանի հին մայրաքաղաքը, որտեղ հղկում ու փայլեցնում էին ալմաստներ։