Պարոն ոստիկանապետի միջոցը

Գրապահարան-ից
Պարոն ոստիկանապետի միջոցը

հեղինակ՝ Յարոսլավ Հաշեկ
թարգմանիչ՝ Ռոզա Պետրոսյան, Գուրգեն Գալստյան
աղբյուր՝ «Շաֆրանեկի-ժառանգությունը»


Դեմ֊դիմաց նստել էին երկու մարդ, որոնց արտաքինը ցույց էր տալիս, թե ինչպիսի անդունդ էր բաժանում նրանց։ Սեղանի մոտ նստածը արքունի խորհրդական էր՝ ոստիկանապետն այն քաղաքի, ուր կատարվել են ստորև ներկայացվող իրադարձությունները, իսկ աթոռին նստածը խեղճ֊հագուստներով, մազերը հետ սանրած մի տղամարդ էր,որի աջ ականջի վերևում սիգար ծխելու համար նախատեսված բարալիկ ծխամորճ կար։ Նրա ծնկներին ընկած էր հնամաշ կեպին։ Վերջինս դանդաղ, ծանրակշիռ տոնով ասում էր․

― Եկեք անկեղծ խոսենք։ Ինձ հայտնի է, պարոն ոստիկանապես, որ, ձեզ տեսնելու և ծառայություններս ձեզ առաջարկելու իմ ցանկության մասին լոելով, դուք մեծագույն տհաճությամբ եք համաձայնել իձն ընդունել։ Մտածում եք, քանի որ դուք Պանկրացան ուսումնասիրած շատ խուզարկուներ ունեք և նարնց հաջողությունների մասին խոսելն ավելորդ է․․․ Կարճ ասած, նրանք բանի պետք չեն։ Սա, իհարկե, ճիշտ միտք է, սակայն բոլոր դեպքերում սխալ գործած կլինեիք՝ ինձ չընունելով։ Իսկ գիտեք, թե տեղական ոստիկանությունն ինչպիսի համբավ է վայելում։ Ամենուր այդ մասին են խոսում, նրա վարքագիծը մերթ բացատրում են պարզ անճարակությամբ, մերթ հանցագործների նկատմամբ տածած գաղտնի համակրանքով։

― Չի կարող պատահել,― բացականչեց ոստիկանապետը։

― Փաստը մնում է փաստ,― առարկեց Յան Պոբերտան։― Բայց դա չէ կարևորը։ Խոսքն ուրիշ բանի մասին է։ Ինձ հասկանալի է ձեր հուսահատությունը։ Օրը ցերեկով մարդ են սպանում, իսկ ոստիկանությունը ոչինչ չի հայտնաբերում, գիշերն է նման բան կատարվում, դրաձյալ՝ նույն արդյունքը։ Տղամարդ են սպանում՝ սպանողի հետքն անգամ չկա, կին են սպանում՝ մեղավոր չկա։ Սա ինչի՞ է նման։

― Դուք մոռանում եք վերջին դեպքի մասին,― երկչոտորեն առարկեք ոստիկանապետը։― Մենք գտանք մարդասպանններին, պարզեցինք՝ ովքեր են, ինչպիսի արտաիքն տվյալներ ունեն, վայրը, ուր մեկնել են, ձեռք ենք բերել նրանց լուսանկարները․ մի խոսքով, մեզ հայտնի է ամեն ինչ։ Միայն չարագործությունից հետո նրանց փախուստը չկարողացանք խանգարել։

― Այո, պարոն ոստիկանապետ, դա ճիշտ է,― ասաց Պոբերտան։― Սակայն դուք մոռանում եք, որ մարդասպաններից մեկին սատանան տարել է Պրագա, և նորից լավ չի ստացվում, քանի որ այս սրիկան ապացուցել է ալիբին։ Եվ ահա, տեսնելով այդ ամենը, մտածեցի, որ վեհանձնությունը զարդարում է մարդուն։ Վատության դիմաց լավություն արա, ինքս ինձ ասացի ես․ փրկենք ոստիկանությունը։

― Դուք ուզո՞ւմ եք ոստիկանությունը փրկե՞լ,― բացականչեց ոստիկանապետը։

― Այո,― համեստորեն ու արժանապատվությամբ պատասխանեց Յան Պոբերտան։― Հավաքվել ենք մի քանի փորձառու մասնագետներով և որոշել տեղի ոստիկանությանը օգնել՝ նրան ներկայանելով այնպիսի փաստեր, որոնք կփակեն թե թեր առնողների, թե չարակամների բերանները։

― Դո՞ւք,― իր հարցը կրկնեց ապշած ոստիկանապետը։

― Այո, այո։ Ես ու իմ ընկերները պատրաստ ենք օգնել ոստիկանությանը, որպեսզի նա դուրս գա տհաճ վիճակից։ Իհարկե, դա ձրի չենք անելու, սակայն գինը չափավոր է, իսկ միջոցը՝ հոյակապ։

― Ի՞նչ միջոցի մաին է խոսը,― հետաքրքրվեց ոստիկանապետը։

― Հիմա կասեմ։ Ամեն սենսացիոն հանցագործության մասին դուք շտապ հայտնում եք ինձ։ Իմ հերթին ես անմիջապես հաղորդում եմ ձեզ, թե ուր ուղարկել տվյալ դեպքի համար նախատեսված մեր կազմակերպության անդամին։ Դուք նրան անձնագիր եք տալիս, ուղեվարձ և սկզբի համար որոշ գումար՝ մինչև օտար վայրում նրա հարմարվելը։ Այդ ամենը նրան կփոխանցեմ ես, իսկ ձեզ կհանձնեմ հանցանշան հանդիսացող առարկաներ։ Բացի այդ, կգնտեմ վկաներ, որոնք կապացուցեն նրա ներկայությունը համապատասխան պահին հանցանքի վայրում և այլն։ Այնուհետև դուք մամուլին ու բնակչությանը կհայտնեք, թե հետքը գտել եք։ Եվ հենց նա հասնի արտասհաման կհայտարարեք, որ հանցագործը նա է և ուրիշ ոչ ոք։ Ձերբակալման հրամանը կարձակեք և այլն։ Քանի որ նրա մոտ ուրիշ անունով անձնագիր կլինի, բռնել չեն կարողանա, սակայն ձեզ պիտի պատկանի մարդասպանին հայտնաբերելու պատիվը։ Այդպես արդեն արվել է։ Բայց ամենակարևորն այն է, որ տվյալ մարդը երբեք չի վերադառնա, և ոստիկանությունը հրապարակայնորեն չի խայտառակվի, ինչպես եղավ անցյալ անգամ։

― Դե ինչ,― մռլտաց ոստիականպետը։― Դա վատ չէ։ Ես կմտածեմ։

― Ե՞իրբ գամ պատասխանի հետևից։

― Ես ձեզ կսպասեմ վաղը ժամը երեքին։

Երբ հաջորդ օրը Յան Պոբերտան նորից եկավ ոստիկանապետի մոտ, նրանք շատ արագ համաձայնության եկան բոլոր հարցերում։ Եվ ոստիկանապետը թեթևացած շունչ քաշեց։ Վերջ՝ խայտառակությանն ու աղմուկին։ Իսկ թերթերը չարությունից թող տրաքեն․․․

Մի շաբաթ հետո սպանություն տեղի ունեցավ։ Անկյունում։ Ոստիկանությունն այս անգամ էլ չկարողացավ բռնել մարդասպաններին, սակայն պարզեց, թե ով է կատարել հանցագործությունը։ Հրապարակվեցին հանցագործների լուսանկարները, արտաքին նշանները և պարգև նշանակվեց նրանց գտնվելու վայրը հայտնողներին համար։ Ճիշտ է, այդ ամենն արվեց, երբ նրանք արդեն հեռու՝ արտասահմանում էին արդեն։ Բնակչությունն այնուամենայնիվ խաղաղվեց, քանի որ այլևս որևէ մեկից վախենալու հարկ չկար։ Սակայն մի ամիս էլ չէր անցել, երբ տեղի ունեցավ սպանություն՝ կողոպուտի նպատակով։ Նորից պարզեցին, թե ովքեր են ավազակները, դիմակազերծվեցին, լուսանկարները տպագրվեցին, հայտարարվեց պարգև սրանց հայտնաբերողների համար։ Մի խոսքով, ամեն ինչ արվեց այնպես, ինչպես առաջին անգամ։

Սակայն, ըստ երևույթին, այստեղ ինքը սատանան էր մտադրվել ոստիկանապետին ոտք գցել։ Որոշ ժամանակ անց նրա մոտ հայտնվեց ինչ֊որ անհայտ մեկն ու, ոչ ավել֊ոչ պակաս, հայտարարեց, թե եկել է իրեն հասնաելիք պատիժը կրելու։ Եվ իբր թե կողոպտելով սպանությունը հետաքննելիս, ոստիկանությունը սխալ հետքերով է գնացել։

― Լսիր, սիրելիս,― ջղայնացած պատասխանեց ոստիկանապետը։― Հիմար բաներ դուրս մի տվեք։ Ոստիկանությանը ճշտորեն հայտնի է, թե ով է սպանությունը կատարել։ Բոլոր հանցանշաններն ակնհայտ են ու զարմանալիորեն համընկնում են։

― Թե դրանք ինչ հանցանշաններ են և ինչպես են դրանք համընկնում, չգիտեմ, բայց ոստիկանությունը ճիշտ ուղիով չի գնում։

― Էդ ինչո՞ւ,― բորբոքվեց ոստիկանապետը։

― Որովհետև մարդասպանը ես եմ, և եկել եմ խոստովանելու։

Այս բանը լսելով, ոստիկանապետը մազ մնաց հոգին տար աստծուն։ Սակայն անմիջապես ինքն իրեն հավաքեց, կանչեց աստիճանավորին և կարգադրեց նրան՝ գրի առնել հանցագործի ցուցմունքները։ Սակայն շտապ մարդ ուղարկեց ոստիկանական բժշկի հետևից։

― Մեզ մոտ հոգեկան հիվանդ է եկել, բժիշկ։

― Հոգեկան հիվա՞նդ։

― Դե այո, մի մարդ, որ տառապում է սևեռուն գաղափարով՝ իբր թե ինքը ուրիշ մարդ է և կողոպուտի նպատակով վերջերս տեղի ունեցած սպանությունը իր ձեռքի գործն է։

― Իսկ դա մի՞թե հնարավոր բան չէ։

― Բացարձակապես՝ ոչ։ Հանցագործի ինքնությունը պարզված է։ Նա չէ։

― Ուրեմն, մենք ականատես ենք հոգեկան խանգարման ծանր դեպքի։

Եվ միայն այն բանից հետո, երբ խոստովանող մարդասպանը խելագար հայտարարվեց, ոստիկանապետը շունչ քաշեց՝ թեթևացած։ Վտանգն անցնել էր։

Դրանից շատ չանցած այնպիսի հանցագործություն կատարվեց, որ ողջ քաղաքը հենց դրա մաին էր միայն խոսում։ Բանկերից մեկում տեղի էր ունեցել հանդուգն կողոպուտ։ Գողերը հափշտակել էին ավելի քան երկու հարյուր հազար կրոն՝ ոսկով և, բացի այդ, դեռ որոշ գումար՝ մանր արժեթղթերով, որոնց ընդհանուր արժեքը չհաջողվեց ճշգրտել։

Այս անգամ ոստիկանապետը Յան Պոբերտայի կազմակերպությանը նույնիսկ ճեպընթացի տոմսեր տրամադրեց, որպեսզի որքան հնարավոր է շուտ կարողանար տպագրել հաղորդագրությունը, թե հանցագործներն հայտնի են իրեն։

Կրկին հին պատմությունը․․․ Սակայն ամենամեծ «նվերը» ոստիկանապետին սպասում էր առջևում։

Մի շաբաթ անց նա Յան Պոբերտայից ստացավ այսպիսի բովանդակությամբ նամակ, որ գրվել էր Հյուսիսային Աֆրիկայում․

«Մեծարգո պարոն ոստիկանապետ։ Որքան էլ ցավալի լինի, մենք պետք է բաժանվենք։ Հուսով եմ, որի բարի հիշողություններ եմ թողել, քանի որ օգտակար եմ եղել ձեզ։ Սակայն գնալով մենք ստիպված պիտի լինեինք դիմել կեղծիքի, որը շատ տհաճ բան է։ Գիտեմ, որ ծագած առաջին վտանգը դուք կարողացաք վնասազերծել՝ ձեզ մոտ եկած իսկական հանցագործին խցկելով գժանոց։ Բայց դրա հետևանքով դուք այնպիսի ծանր ապրումներ կրեցիք, որ քիչ էր մնացել ինքներդ հիվանդանայիք։ Ես հասկացա, որ պարտավոր եմ ինչ֊որ քայլ ձեռնարկել։ Ինքներդ էլ չիմանալով, դուք չեք մեղանչել ճշմարտության դեմ՝ հաղորդագրություն տպագրելով, որ բանկում կատարված կողոպուտի հեղինակը ես եմ՝ Յան Պոբերտաս։ Արժեթղթերն ու ոսկին վերցրել եմ ինձ հետ, բայց չէի ցանկանա ձեզանից բաժանվել՝ առանց շնորհակալություն հայտնելու այն սիրալիրության համար, որ դուք ցուցաբերել էիք՝ նպաստելով իմ փախուստին և վճարելով ճանապարհածախսը։ Ափսոս միայն, որ մեր կոմերցիոն կապը դրանով կտրվում է։ Սակայն, կարծում եմ, ձեզ համար դժվար չի լինելու նոր կապեր հաստատելը, եթե դուք գործընկերներիս նկատմամբ նույնքան ուշադրություն հանդես բերեք, որքան իմ նկատմամբ էիք հանդես բերում։

Ջերմագին ողջույններով՝ Յան Պոբերտա»։