Վերջին թարմացում 13 Հուլիսի 2014, 15:51

Պյոտոր Առաջին, Գիրք առաջին, Գլուխ չորրորդ

Պյոտր Առաջին
◀ Պյոտոր Առաջին, Գիրք առաջին, Գլուխ երրորդ Պյոտոր Առաջին, Գիրք առաջին, Գլուխ հինգերորդ ▶


Գլուխ չորրորդ

1

Իվաշկա Բրովկինը (Ալյոշկայի հայրը) սահնակի ճամփով Պրեոբրաժենսկոյե էր բերել մի բեռ սառեցրած հավուճիվ, ալյուր, սիսեռ ու կաղամբի մի տակառ։ Մթերքի հարկն էր Վասիլի Վոլկովին՝ կառավարիչը հավաքել էր գյուղից, ու բարիքը չփչացնելու համար կարգադրել էր հասցնել տիրոջը, ծառայության վայր, ուր Վոլկովը, որպես սեղանապետ, պալատում իր փոքրիկ սենյակն ուներ՝ խորդանոցով։ Բակ մտնելով, Իվաշկա Բրովկինը վախեցավ ու գլխարկը հանեց։ Բազմաթիվ հարուստ սահնակներ և ծածկասահնակներ էին կանգնած Գլխավոր մուտքի առաջ։ Վաղորդյան սառնամանիքին իրար հետ խումբ-խումբ զրուցում էին լավ հագնված սպասավորները, աղվեսի ու գայլի պոչերով զարդարված ձիերը, խաղ անելով, դոփդոփում էին մաքուր ձյան մեջ, զիլձայն խրխնջում էին չլծած հովատակները։ Գոլորշի արձակող թրիքի վրա իրար էին անցել ճնճղուկները

Անծածկ սանդուղքով ելնում-իջնում էին ոսկեկաֆտան պալատականներ, կարմիր դարձածալերով օտարերկրյա կաֆտաններ հագած սպաներ, կնոջ պես գանգուր մազերով։ Իվաշկա Բրովկինն իր տիոջն էլ ճանաչեց՝ պալատի ուտելիքից Վասիլի Վոլկովը լցվել էր, մորուքը գանգրացել էր, քայլում էր ծանրումեծ, մետաքսե գոտուց բռնած։

«Էհ, ինձ ուշացնելու են, լավ ժամի չեկա»,— մտածեց Իվաշկան։ Ձին արձակեց, խոտ գցեց դեմը։ Պալատի շներից մեկը մոտեցավ, խիստ ու դեղին աչքերով Իվաշկային նայեց, գռմռաց... Իվաշկան կեղծավոր ժպիտով հարթեց կնճիռները. «Այ շուն, այ հոգի, ի՞նչ ես ուզում, ինչ...»։ Քաշվեց գնաց կուշտուկուռ սրիկան, փառք աստծո, չկծեց։ Կողքով մի թիկնեղ ձիապան անցավ.

— Խոտ տալու տե՞ղ ես, գտել, ավազակ...

Բայց ձիապանին ձայն տվեցին, փառք աստծո, թե չէ Իվաշկան ողջ պրծնողը չէր... Խոտը հավաքեց, ձին նորից լծեց։ Այդ պահին պալատի աշտարակին զանգը դուրեկան ղողանջեց։ Ծառաները խառնվեցին, ոմանք թռան առջևի ձիերին, ոմանք ելան սահնակների ետնամասերը, գազանակերպ հաստաքամակ կառապանները ուղղեցին երասանները... Սանդուղքի ամեն մի աստիճանին մի պալատական կանգնեց, գլխարկը թեք դրած։ Պալատից դուրս թափվեցին հարսնևորները՝ սրբապատկեր բռնած պատանյակներ, դատարկ մատուցարաններ բռնած ջահելներ՝ ձյան վրա, եղյամապատ լացող կեչիների տակ շողշողացին թանկարժեք գլխարկներ, կանաչ, դիպակե, ալ թավշյա կաֆտաններ ու մուշտակներ։ Պատշաճությունն ըմբռնելով, Բրովկինը խաչակնքել սկսեց։ Դուրս եկան բոյարները... Նրանց մեջ մի կին կար՝ մուշտակը մուշտակի վրայից հագած, մեկը մյուսից թանկարժեք... Ճյուղավոր կիկայի տակ հոնքերին թանձր ճերմակ էր քսած, կոպերը կապույտ ներկված էին մինչև քունքերը, այտերին՝ հապալասի պես կարմիր կլորակներ... Դեմքը բլիթի էր նման... Ձեռքին արոսենու ճյուղ ուներ։ Սիրուն, ուրախ, երևում է գինովցած էր... Առմուտքից նրան թևանցուկ էին իջեցնում։ Իվաշկայի մոտով վազող աղախինները խոսում էին իրար մեջ.

— Հարսնախոսն է, մի տես է՛, մերի-ի՜կ։

— Եկել էր խորդանոցը զարդարելու...

— Ջահելների տեղաշորը գցելու...

Ձիապանները գոռգոռացին, զանգուլակների զնգոց տարածվեց, ճզճզացին սահակողերը, եղյամ թափվեց կեչիներից՝ թափորը հարթավայրով շարժվեց դեպի Մոսկվայի թխագորշ ծխերը։ Խստորեն ձայն տվեցին նրան.

— Ուշքի եկ, բացբերան...

Դիմացը Վասիլի Վոլկովն էր կանգնած։ Ինչպես վայել էր տիրոջը՝ հոնքերը զայրացած կիտած, աչքերը խիստ ու թափանցող...

— Ի՞նչ ես բերել։

Իվաշկան խոր գլուխ տվեց, և ծոցից հանելով կառավարչի նամակը, պարզեց։ Վասիլի Վոլկովը ոտքը ետ տարավ, խոժոռված սկսեց կարդալ. «Ողորմած պարոն, մեր լուսապայծառ տեր, ողորմածությանդ մթերքի պաշարը քեզ ենք ուղարկում։ Ի սեր աստծո, ներիր, որ անցյալ տարվա համեմատ քիչ ենք հավաքել, մորթած սագը պակաս է, հնդուհավ բոլորովին չկա... Ողորմածությանդ գյուղի ժողովուրդը լրիվ աղքատացել է, հինգ շունչ փախած են, չգիտենք, թե ինչ պատասխան տանք քեզ... Շատերն էլ կիսաքաղց հազիվ ապրում են, հացը մինչև Աստվածածին մի կերպ հերիքեց, խոտ ու բանջար են ուտում։ Սույն պատճառով ենք պակաս հավաքել»։

Վասիլի Վոլկովը նետվեց դեպի սայլը. «Ցույց տուր»։ Իվաշկան արձակում էր բեռի քուղերը, վախից ցնցվելով... Սագերը՝ լղարիկ, հավերը՝ կապտած, ալյուրը՝ գունդ-գունդ...

— Էս, ի՞նչ ես բերել։ Էս ի՞նչ ես ինձ բերել, քոսոտ շուն,— կատաղած գոռաց Վոլկովը։— Գողանո՞ւմ եք։ Թալանել պրծե՞լ եք։— Սայլի վրայից առավ մտրակն ու սկսեց խփել Իվաշկային։ Սա կանգնած էր գլխաբաց, չէր խուսափում հանվածներից, միայն աչքերն էր ճպճպացնում։ Խորամանկ մուժիկ էր՝ հասկացավ, որ փորձանքն անցել է, թող մտրակի, կիսամուշտակի վրայից շատ չի ցավի...

Մտրակի կոթը պոկվեց։ Մոլեգնած Վոլկովը բռնեց Իվաշկայի մազերը։ Այդ ժամանակ պալատի կողմից մոտ վազեցին երկու հոգի՝ զինվորական կաֆտաններով։ Իվաշկան մտածեց. «Օգնելու եկան, է՛հ, կորա...»։ Առջևից վազողը, որ ավելի ցածրահասակ էր, հանկարծ վրա պրծավ Վոլկովին, խփեց կողին... Քիչ էր մնացել ընկներ պարոնը, թողեց Իվաշկայի մազերը։ Մյուսը՝ բարձրահասակը, կապուտաչ ու երկարուկ դեմքով, բարձրաձայն ծիծաղեց... Ու երեքով սկսեցին վիճել, իրար հայհոյել... Իվաշկան լրջորեն անհանգստացավ, նորից ծնկի իջավ... Վոլկովը գոռգոռում էր.

— Անպատվություն չեմ հանդուրժի։ Երկուսն էլ ճորտերս են։ Կհրամայեմ անխնա ծեծել... Ցարն ինձ համար օրենք չէ...

Այդ ժամանակ կապտաչը, աչքերը կկոցելով, ընդհատեց նրան.

— Սպասիր, սպասիր, կրկնիր տեսնեմ... Ցարը քեզ համար օրենք չէ՞։ Ալյոշա, լսեցի՞ր հակառակ խոսքերը։ (Իվաշկային։) Դու էլ լսեցի՞ր։

— Կա՛ց, Ալեքսանդր Դանիլիչ...— Վասկա Վոլկովի զայրույթն իսկույն անցավ։— Ուշքս գլխիս, չէր, որ ասացի, աստված վկա, ուշքս գլխիս չէր... Ախր իմ ճորտը քիչ էր մնացել ինձ...

— Գնանք Պյոտր Ալեքսեևիչի մոտ, կպարզենք։

Ալեքսաշկան գնաց պալատի կողմը, Վոլկովը՝ նրա ետևից, ճամփի կեսից սկսեց թևքը քաշել։ Երրորդը նրանց հետ չգնաց, մնաց սայլի մոտ ու կամացուկ ասաց Իվաշկային.

— Այ հեր, ախր ես եմ... Չճանաչեցի՞ր, Ալյոշան եմ...

Վախից քարացավ Իվաշկան, ծռվեց։ Դիմացը կանգնած էր շիմշատ մի պատանի, թանկ մահուդե զգեստով, պսպղուն կոճակներով, դնովի մազերն ուսերին թափած, թրադաշույնը կողքից կախ։ Կարող է և պատահել՝ Ալյոշան է... Ի՞նչ պիտի անես։ Իվաշկան երկիմաստ պատասխանեց.

— Ինչ խոսք, ոնց չճանաչենք... Հեր ենք։

— Բարև, այ հեր։

— Բարև, ազնիվ ջահել...

— Տանն ի՞նչ կա։

— Փառք աստծուն։

— Ապրուստը ո՞նց է։

— Փառք աստծուն...

— Այ հեր, չճանաչեցիր դու ինձ...

— Ամեն ինչ կպատահի...

Իվաշկան, տեսնելով, որ ծեծ ու տանջանք էլ չի լինի, գլխարկը դրեց, ջարդած մտրակը վերցրեց, բարկացած սկսեց բացած բեռը կապկպել։ Ջահելը չէր հեռանում, ձեռ չէր քաշում։ Գուցե իսկականի՞ց կորած Ալյոշկան է։ Հետո՞ ինչ՝ ուրեմն, բարձր է թռել թռչունը։ Շատ խելք է պետք ունենալ ճանաչելու համար, չճանաչելն էլ հարմար կլինի... Այնուամենայնիվ, Իվաշկան մի աչքը կկոցեց խորամանկորեն։

— Էստեղից Մոսկվա պիտի գնամ, պառավն ասեց, որ աղ առնեմ, կես գռոշ էլ չունեմ... Մի հինգ ալտին կամ ութ կոպեկ տայիք, կորած տեղ չի, մենք ու մերոնք ենք, ետ կտայինք...

— Այ հեր, այ հարազատ...

Ալյոշկան գրպանից մի բուռ ոչ թե պղնձյա, այլ արծաթ դրամ հանեց՝ երեք ռուբլի կլիներ, կամ ավելի։ Իվաշկան ապշահար էր։ Եվ երբ կոշտացած, շերեփի պես ձեռքի մեջ էին փողերը, դողդողաց, և ծնկներն իրենք իրենց ծալվեցին՝ գլուխ խոնարհելու... Ալյոշկան ձեռքով արեց, ետ վազեց... «Ա՛հ, որդիս, ա՛հ, որդիս»,— կամացուկ մրմնջում էր Իվաշկան։ Կկոցած աչքերով արագ դեսուդեն նայեց՝ ծառաներից ոչ ոք չտեսա՞վ փողերը։ Երկու արծաթդրամ թշի տակ դրեց՝ ապահովության համար, մնացածը՝ գլխարկի մեջ։ Արագ-արագ բեռը դատարկեց, մթերքը տիրոջ ծառային հանձնեց, թուղթ վերցրեց ու երասպնները շրմփացնելով, քշեց Մոսկվա։


Վասկա Վոլկովի խոսքերը, թե. «ցարն ինձ համար օրենք չէ», ծանր կնստեին նրա վրա, երբ կանգներ Գաղտնի գործերի ատյանի դահիճների առաջ... Բայց, Ալեքսաշկայի ետևից նախասենյակ ընկնելով, կախվեց նրա թևքից, մի քիչ տեղ քարշ եկավ հատակին, ու լաց լինելով խնդրեց վերցնել սուտակով մատանին, որ մատից հանեց...

— Տես հա՜, ազնվականի տղա, սրիկայի մեկը,— ասաց Ալեքսաշկան, թանկարժեք մատանին միջնամատին դնելով,— վերջին անգամ եմ քեզ փրկում... Ալյոշա Բրովկինին էլ փող կամ մահուդ կտաս՝ անպատվության համար։ Հասկացա՞ր։

Սուտակին նայելով, քթի տակ ծիծաղեց, ցնցեց կեղծամն ու սուր կրունկները կտկտացնելով, ուսերը ճոճելով, գնաց։ Վաղո՞ւց էր, որ մարդիկ շուկաներում նրա ականջներն էին քաշքշում, նապաստակի նեխած մսով բլիթներից հոտ առնելուց հետո։ Ահ, ի՜նչ ուժ է ձեռք բերում... Վոլկովը վհատված գնաց իր խուցը։ Շրխկոցով բացելով սնդուկը, մի կտոր մահուդ ընտրեց խնամքով... Խղճալի ու վիրավորական էր՝ լաց լինելու աստիճան... Ո՜՞ւմ։ Մուժիկի որդուն, ճորտին, ում քիթ ու մռութին մտրակով պիտի հասցնես, նվե՜ր տալ։ Վշտացավ։ Ձայն տվեց ծառային.

— Կտանես, պրեոբրաժենյան առաջին վաշտի թմբկահար Ալեքսեյ Բրովկինին, կսաես՝ բարև եմ անում, որ սիրով լինենք...— Հանկարծ բռունցքը մեղմելով, շատ խիստ գոռաց ծառայի վրա.— Ատամներդ բաց չանես, թե չէ կհասցնեմ ռեխիդ... Ալյոշկայի հետ հանգիստ կխոսես, մարդավարի, կամացուկ՝ հիմա վտանգավոր մարդ է դարձել սրիկան...

Ալեքսաշկա Մենշիկովը Պյոտրին էր փնտրում պալատով մեկ, ուր ծառաները տոնական ծածկոցներ էին գցում նստարաններին և լուասմտագոգերին, գորգեր փռում, շատ տարիներ առաջ հավաքված վարագույրները և սրբապատկերների մարգարտաշար քողերը կախ անում... ձեթ էին լցնում կանթեղների մեջ։ Թխկոց-շխկոցն ու վազվզոցն էր բռնել պալատը։

Պյոտրին գտավ մենակ՝ խորդանոցում, որ հենց նոր էր հարդարել հարսնախոս կինը, այս, շինվածքի առաստաղին հողե ծածկույթ չկար (որ նորապսակները հողի տակ չքնեին, ինչպես գերեզմանում)։ Պյոտրը փոքր հանդիսությունների ցարական հագուստով էր։ Ձեռքին մետաքսե թաշկինակ ուներ, որ տվել էին հարսնախոսուհուն դիմավորելիս։ Ատամներով պատառոտել էր թաշկինակը։ Թռուցիկ նայելով Ալեքսաշկային, Պյոտրը շառագունեց...

— Սիրուն զարդարել են,— երգեցիկ ասաց Ալեքսաշկան,— ճիշտ ոնց որ դրախտում հրեշտակների համար սարքած լինի...

Պյոտրը բացեց ատամներն ու քրքջաց։ Ցույց տվեց անկողինը.

— Փուչ բան է...

— Հարսնացուն սիրունիկ ու տաքարյուն թե եղավ, էնքան էլ փուչ բան չի... Աչքս դուրս, գա, մին խեռց, դրանից քաղցր բան չկա...

— Ստեր ես փչում...

— Ես որ տասնչորս տարեկանից գիտեմ... Մեկ-մեկ ի՜՛նչ աղջիկներ են բաժին ընկել... Քոնն, ասում են, հո գեղեցկուհի՜ չի...

Պյոտրը կարճ հոգոց հանեց։ Նորից աչք ածեց փայտաշեն, երեք պատերի մեջ բացված բարձրադիր ու գունավոր պատուհաններով խորդանոցը։ Միջնապատերին թեհրանյան գորգեր էին կախված, հատակին թռչունների ու միեղջյուրի պատկերով գորգ կար փռված։ Անկյուններում չորս նետ էր խրված, ամենքից կախ արած սամույրի քառասուն մորթի և մեկական կալաչ։ Միացված երկու թախտերի վրա, տարեկանի քսանյոթ խրձերի, բմբլե յոթ ներքնակների վրա մետաքսե անկողին էր գցած, մարգարտաշար երեսներով բազմաթիվ բարձերով, վրայից մորթե գլխարկ էին դրել։ Ոտների մոտ կզաքիսի մորթուց վերմակներ կային։ Անկողնու մոտ լորենու տակառներ էին, մեջը՝ ցորեն, աշորա, վարսակ ու գարի։

— Ի՞նչ է, ուրեմն, չտեսա՞ր նրան,— հարցրեց Պյոտրը։

— Ալյոշկայի հետ ծառաներին կաշառք էլ տվեցինք, կտուրն էլ բարձրացանք։ Չեղավ ու չեղավ... Հարսնացուն մթան մեջ է նստած, մերը կողքից մի քայլ չի գնում, աչքով տալուց են վախենում... Հրաման են տվել նրա սենյակից աղբ չհանեն... Լոպուխին քեռիներն ու հորեղբայրները օրուգիշեր բակում ման են գալիս, հրացաններով ու թրերով...

— Սոֆյայի մասին բան չիմացա՞ր։

— Է ինչ, փրփրել է, բայց կարո՞ղ է քեզ արգելել, որ պսակվես։ Տես հա՜, մին խեռց, հարսնացուի հետ որ սեղան նստեցիք, ոչ կուտես, ոչ կխմես... Որ շատ ուզեցար խմել, ինձ կնայես, իմ տված գավաթից կխմես...

Պյոտրը նորից ատամի տակ գցեց պատառոտված թաշկինակը.

— Չգնա՞նք արվարձան։ Որ մարդ չիմանա... Մի ժամով... Հը՞...

— Չխնդրես, մին խեռց, հիմա Մոնսիխայի մասին չմտածես էլ...

Պյոտրը ձգեց վիզը, ռունգերն ուռեցրեց, գունատվելով.

— Շատ ազատ չխոսեցի՞ր հետս։ (Բռնեց Ալեքսաշկայի օձիքից՝ կոճակները պոկվեցին-թափվեցին։) Սրտոտե՞լ էս։ (Ֆսֆսացնելով մեկ էլ թափ տվեց, բայց բաց թողեց, ավելի հանգիստ ասաց։) Մի հասարակ մուշտակ բեր... Դուրս կգամ բանջարանոց, սահնակը կբերես էնտեղ...


2

Հարսանիքը Պրեոբրաժենսկոյեում արեցին։ Նարիշկիններից ու հարսնացուի ազգականներից բացի, հրավիրվածները քիչ էին, մերձավոր բոյարներից մի քանիսը, նաև Բորիս Ալեքսեևիչ Գոլիցինը, Ֆյոդոր Յուրևիչ Ռոմոդանովսկին։ Նատալյա Կիրիլովնան որպես հայրացու էր կանչել նրան։ Իվան ցարը չէր կարողացել գալ՝ տկարության պատճառով, Սոֆյան այդ օրը աղոթելու էր գնացել։

Ամեն ինչ հին ծեսով եղավ։ Հարսնացուին առավոտից բերեցին պալատ ու սկսեցին հագցնել։ Պալատի աղախինները՝ բաղնիքում լողացած, արքունի պսակներով ու կարճթև զգեստներով, երգում էին անդադրում։ Նրանց երգի տակ բոյարուհիներն ու ընկերուհիները հարսին հագցնում էին՝ բարակ շապիկն ու գուլպաները, կարմիր մետաքսից երկար շապիկը՝ մարգարտակար դաստակակապերով, չինական մետաքսից ամառային շորը՝ լայն, մինչև հատակը հասնող թևքերով, որոնց վրա սքանչելի ասեղնագործով խոտեր ու գազաններ էին պատկերված, ուսերին գցեցին մարգարտանախշ, կղբենու մորթուց մի լայն մանյակ, այնպես ձգեցին վիզը, որ Եվդոկիան քիչ էր մնում խեղդվեր։ Շորի վրայից հապալսաագույն մահուդից լայնփեշ օպաշեն հագցրեցին՝ արծնապատ հարյուր քսան կոճակով, դրա վրայից արծաթահյուս, բարակ մորթիով, մարգարիտների ծանր շարքերով զարդարված թիկնոց գցեցին։ Մատներին մատանիներ դրեցին, զնգզնգան ականջօղեր կախեցին։ Մազերն այնքան ձիգ սանրեցին, որ հարսնացուն աչքերը թարթել չէր կարողանում, հյուսքը հյուսեցին բազում ժապավեններով, գլխին բարձր, քաղաք պատկերող պսակ դրեցին։

Ժամը երեքին մոտ Եվդոկիա Լարիոնովնան կիսամեռ էր՝ մոմե արձանի պես նստած էր սամույրե բարձի վրա։ Նույնիսկ նայել չէր կարողանում անուշեղենին, որ կաղնեփայտե արկղիկով նվեր էին բերել փեսացուից՝ շաքարից գազանիկներ, սրբերի դաջված պատկերներով պրյանիկներ, մեղրի մեջ եփված վարունգ, ըճկույզ ու չամիչ, ռյազանյան շրխկան խնձորներ։ Ըստ սովորության, այդտեղ էր նաև ոսկրե տուփը՝ ձեռագործով, մյուս պղնձե, ոսկեզօծ արկղը՝ մատանիներով ու ականջօղերով։ Տուփերի վրա կեչու ճյուղեր կային դրված՝ ճիպտելու համար։

Հայրը՝ օկոլնիչի Լարիոն Լոպուխինը, որին այդ օրվանից հրամայված էր Ֆյոդոր կոչել, ստեպ-ստեպ ներս էր մտնում, չորացած շրթունքները լպստնլով. «Հը՞, ինչպե՞ս է, հարսնացուն ինչպե՞ս է»։ Նրա ջղուտ քթիկը ոսկրացել էր... Մի քիչ մլուլ տալուց հետո բան էր հիշում, արագ հեռանում։ Մայրը Եվստիգնեյա Անիկիտովնան, վաղուց էր ընդարմացել, պատին հենված։ Առավոտից ոչինչ չկերած աղախինների ձայները խոպոտել էին։

Ներս ընկավ հարսնախոս կինը, թափահարեց երեքարշինանոց թևքերը...

— Հարսնացուն պատրա՞ստ է։ Հարսնևորներին կանչեք... Հացերը վերցրեք, կանթեղները վառեք... Պար եկող աղջիկնե՞րն ուր են։ Օ՜յ, քիչ են։ Բոյարին Օդոևսկու հարսանիքին տասներկու պար եկող կար, մենք հո ցար ենք պսակում... Ա՜խ, սիրելիներս, հարսնացուին նայեք, էս ի՜նչ աննման սիրուն է... Էլ որտե՞ղ կգտնես նրա նման՝ ոչ մի տեղ... Ա՜խ, անգին ու սիրելի մարդիկ, էս ինչ եք արել, անդանակ մորթեցիք... Հարսնացուի երեսը բաց է... Ամենակարևորն եք մոռացել... Քո՞ղն ուր է, քողը...

Պսակի վրայից ճերմակ քող գցեցին, քողի տակ ձեռքերը կրծքին խաչեցին, ասացին, որ գլուխը կախ պահի։ Եվստիգնեյա Անիկիտովնան կամացուկ ողբաց։ Ներս վազեց Լարիոնը, օրհնանքի սրբապատկերն առաջ բռնած՝ գրոհելու պես։ Պար եկող աղջիկները թաշկինակները թափ տվին, դոփդոփեցին, պտույտ եկան.

Գայլուկ, հմուլ հարսնիքներին թափվեցին, Իրենք իրենց գովքն արեցին, երգեցին, Մեզնից լավ բան էլ ինչ կա, Մեզնից ուրախ բան չկա...

Ծառաները վեր պարզեցին մատուցարաններին դրված հացերը։ Նրանց հետևեցին լապտերակիրները՝ ձողերին հագցրած փայլարե լապտերներով։ Երկու մոմակիր հարսնացուի փթանոց մոմն էին տանում։ Խաչեղբայրը՝ արծաթակար կաֆտանով, ուսին սրբիչ կապած Պետկա Լոպուխինը, հարսնացուի զարմիկը, գայլուկով, մետաքսե թաշկինակներով, սամույրի և սկյուռի մորթիներով, տասնոցներով լի ամանն էր տանում։ Նրա ետևից երկու հորեղբայրները՝ ամենաճարպիկ, հայտնի բանսարկու և դատամոլ Լոպուխինները ճամփան էին պաշտպանում, հետևելով, որ հարսի դեմը ոչ ոք չկտրի։ Նրանցից հետո հարսնախոս կինն ու օգնականը թևանցուկ բերում էին Եվդոկիային։ Ծանր հագուստից, ծոմից ու վախից խեղճի ծնկները ծալվում էին։ Հարսնացուի ետևից երկու տարեց բոյարուհի մատուցարաններով բերում էին, մեկը՝ թավշյա կնոջ կիկա, մյուսը՝ ասեղնագործ թաշկինակներ, հյուրերին բաժանելու համար։ Քայլում էր Լոպուխինը՝ ամբողջ տոհմից հավաքված մորթեղենը վրան, մի քայլ ետ ընկած՝ Եվստիգնեյա Անիկիտովնան, վերջից հարսնացուի տոհմն էր խռնվել, փութով հրմշտվելով նեղ դռների մեջ ու միջանցքներում։

Այդպես, մտան Խաչաձև պալատ։ Հարսնացուին նստեցրին սրբապատկերների տակ։ Գայլուկով, մորթիներով ու դրամով լի ամանը, հացերով մատուցարանները դրեցին սեղանին, որի վրա արդեն դասավորված էին աղամանները, պղպեղամանները և քացախի սրվակները։ Նստեցին ըստ ծեսի։ Լուռ էին։ Լոպուխինների ջղերը պրկված էին, աչքերը ցամաքել էին՝ վախենում էին մի սխալ բան թույլ տալ։ Ոչ շարժվում էին, ոչ շնչում։ Հարսնախոս կինը քաշեց Լոպուխինի թևքը.

— Մի՛ սպասեցնի...

Լարիոնը դանդաղ խաչակնքեց, հարսնեղբորն ուղարկեց ցարին հայտնելու, որ հարսի մոտ գալու ժամանակն է։ Գնալիս, Պետկա Լոպուխինի սափրած, փոս ընկած ծոծրակը ցնցվում էր։ Ճտճտում էին կանթեղները, մոմերի բոցերը չէին շարժվում։ Երկար սպասեցին։ Հարսնախոս կինը մատները մեկ-մեկ խաղացնում էր հարսնացուի կողերի վրա, որ սա շնչի։

Ճռճռացին միջանցքների աստիճանները։ Գալի՜ս են։ Անլսելի հայտնվելով, երկու զինակիր կանգնեցին դռան մոտ։ Ներս մտավ հայրացուն՝ Ֆյոդոր Յուրևիչ Ռոմոդանովսկին։ Աչքերը չռած պլպլացող շրջանակների վրա, խաչակնքեց, ձեռքով բարևեց Լարիոնին ու նստեց հարսնացուի դիմաց, մատները միմյանց ագուցելով։ Որոշ ժամանակ դարձյալ լուռ էին։ Ֆյոդոր Յուրևիչը թավաձայն ասաց.

— Գնացեք խնդրեք համայն Ռուսիո ցարին ու մեծն իշխանին, որ առանց հապաղելու բարեհաճի իր գործին գալ։

Հարսնացուի ազգականները աչքները թարթեցին, թուքները կուլ տվեցին։ Հորեղբայրներից մեկն ընդառաջ եկավ թագավորին։ Նա արդեն մոտենում էր - ջահել էր, անհամբեր... Խնկի քուլաներ լցվեցին դռնից։ Ներս մտան բարձրահասակ, գիսախռիվ ավագերեցը՝ Բլագովեշչենսկից, պղնձյա մասունքակիր խաչը ձեռքին, բուրվառը թափով շարժելով, և պալատական ջահել, քչերին հայտնի մի տերտեր (գիտեին, որ Պյոտրը նրան կանչելիս, Բիտկա էր ասում), որը սուրբ ջուր էր ցողում կարմիր մահուդե գորգի վրա։ Նրանց մեջտեղից գալիս էր զառամյալ, նվազաձայն միտրոպոլիտը՝ բարեպատշաճ հանդերձով։

Հարսնացուի ազգականները վեր թռան։ Լարիոնը սեղանի մոտից պոկվեց, ծնկի իջավ պալատի կենտրոնում։ Հարսանքապետ Բորիս Ալեքսեևիչ Գոլիցինը թևանցուկ բերում էր Պյոտրին։ Ցարն ուսնոցով էր և հոր ոսկեկար պատմուճանով, որ հազիվ էր ծնկներին հասնում։ Մոնոմախի թագը Սոֆյան հրամայել էր չտալ։ Պյոտրը գլխաբաց էր, մուգ գանգուրները սանրել էր վարսաբաժանով, գունատ էր, աչքերն ապակենման ու անթարթ, բերանի ծայրերի ելունդները փքվել էին։ Հարսնախոս կինը պինդ բռնեց Եվդոկիային՝ ձեռքով զգաց, թե ինչպես ցնցվեցին աղջկա կողերը։

Փեսացոփ ետևից գալիս էր մորապետը՝ Նիկիտա Զոտովը, որին հանձնարարել էին հարսանիքը պաշտպանել չար աչքից ու կախարդանքից, նաև ծեսը պահպանել։ Սթափ էր, մաքուր ու պայծառատես։ Ավագ Լոպախինները միմյանց նայեցին, իշխան-պապ ու քեֆչի, անպատկառ մեկին մորապետ չէին սպասում... Լև Կիրիլովիչն ու ծերուկ Ստրեշնևը բերում էին թագուհուն։ Այդ օրվա համար սնդուկներից հանել էին նրա հանդերձները՝ նուրբ դեղձագույն շրջազգեստը, անդրծովյան հովանքներով, բարալիկ խոտերի պատկերներով ասեղնագործած թիկնոցը... Հագնելիս լալիս էր Նատալյա Կիրիլովնան, անդարձ գնացած ջահելութան համար։ Ու հիմա քայլում էր գեղեցիկ, վայելչակազմ, ինչպես անցած ժամանակներում...

Բորիս Գոլիցինը, մոտենալով հարսնացուի կողքը նստած Լոպուխիններից մեկին, գլխարկի մեջ տասնոցները զնգզնգացնելով, բարձրաձայն ասաց.

— Իշխանի համար տեղ ենք ուզում գնել...

— Էժան չենք տա,— պատասխանեց Լոպուխինը և, ինչպես ընդունված էր, ձեռքով ծածկեց հարսնացուին։

— Երկաթո՞վ, արծաթո՞վ, թե ոսկով։

— Ոսկով։

Բորիս Ալեքսեևիչը տասնոցները դատարկեց սկուտեղի մեջ, և Լոպուխինի ձեռքը բռնած, տեղահան արեց։ Բոյարներով շրջապատված Պյոտրը քթի տակ ծիծաղեց, նրան կամացուկ առաջ հրեցին։ Գոլիցինը բռնեց Պյոտրի արմունկներից ու նստեցրեց հարսնացուի կողքը։ Պյոտրը զգաց նրա ազդրի տաք կլորությունը, ոտքը քաշեց։

Ծառաները բերեցին և սեղանին շարեցին առաջին ուտեստեղենները։ Միտրոպոլիտը, աչքերը վեր հառած, աղոթեց ու օրհնեց ուտելիք-խմելիքը։ Բայց ոչ ոք ձեռք չպարզեց մատուցարաններին։ Հարսնախոս կինը խոր գլուխ տվեց Լարիոնին ու Եվստիգնեյա Անիկիտովնային.

— Օրհնեցեք՝ հարսի մազերը սանրեն ու ոլորեն։

— Աստված օրհնի,— պատասխանեց Լարիոնը։ Եվստիգնեյան միայն շուրթերը շարժեց։ Երկու մոմակիրները անթափանց մի քող պահեցին հարսի ու փեսայի արանքում։ Դռների մեջ կանգնած պալատական աղախինները, սեղանի շուրջ նստած տարեց ու ջահել բոյարուհիները սեղանի ծիսական երգ ձգեցին՝ անուրախ ու ծորուն։ Պյոտրը խեթելով տեսավ, թե շարժվող քողի ետևում ինչպես են իրար անցել հարսնախոս կինն ու օգնականը, ինչպես են շշնջում. «Ժապավենները հանեք... Հյուսքը կապիր, ոլորիր... Կիկան տվեք, կիկան...»։ Մանկան նվազ ձայնով լաց եղավ Եվդոկիան... Պյոտրի սիրտը ջերմ տրոփեց՝ արգիլված, կանացի ու խակ մի բան էր լալիս կողքին, խորհրդավորությամբ պատրաստվելով այն բանին, որից քաղցր աշխարհում ոչինչ չկա... Նա դեմքը մոտեցրեց քողին, զգաց հարսի շունչը... Վերևից դուրս պրծավ հարսնախոսուհու շպարված դեմքը, ծիծղուն բերանը մինչև ականջները բաց.

— Համբերիր, արքա, քիչ մնաց...

Քողն ընկավ, հարսնացուն նորից նստած էր ծածկված դեմքով, բայց արդեն կնոջ գլխազգեստով։ Հարսնախոս կինը երկու բռով գայլուկի սերմ վերցրեց ամանից ու շաղ տվեց Պյոտրի ու Եվդոկիայի գլուխներին։ Շաղ տալուց հետո թափ տվեց սյամույրի մորթիով։ Ամանի միջի թաշկինակներն ու տասնոցները սկսեցին շպրտել հյուրերին։ Կանայք ուրախ երգ երգեցին։ Պտույտ եկան պար եկողները։ Դռներից այն կողմ դափ ու թմբուկ զարկեցին։ Բորիս Գոլիցինը կտրատում էր հացերն ու պանիրը և թաշկինակներով բաժանում նստածներին՝ ըստ կարգի։

Այդժամ ծառաները երկրորդ կերակրատեսակը բերեցին։ Լոպուխիններից և ոչ Սեկը, ցույց չտալու համար, որ քաղցած են, ոչինչ չէր ուտում՝ ետ էին հրում մատուցարանները։ Տեղնուտեղը երրորդ կերակրատեսակը բերեցին, և հարսնախոս կինը բարձրաձայն ասաց.

— Օրհնեցեք ամոլներին՝ պսակի տանելու։

Նատալյա Կիրիլովնան և Ռոմոդանովսկին, Լարիոնն ու Եվստիգնեյան առան սրբապատկերները։ Պյոտրն ու Եվդոկիան՝ կողք-կողքի կանգնած, գլուխ խոնարհեցին մինչև հատակ։ Օրհնելով, Լարիոն Լոպուխինը գոտուց արձակեց մտրակը և երեք անգամ խփեց դստեր մեջքին՝ ցավոտ խփեց։

— Աղջիկս, դու իմացել ես, թե ինչ բան է հորական ճիպոտը, քեզ եմ հանձնում ամուսնուդ, հիմա ոչ թե ես, սույն մտրակով ամուսինդ է քեզ ծեծելու անհնազանդության համար...

Եվ խոնարհվելով, մտրակը Պյոտրին տվեց։ Մոմակիրները բարձրացրին կանթեղները, հարսանքապետը փեսացոփ արմունկներից բռնեց, հարսնախոս կինն ու օգնականը՝ հարսնացուի։ Լոպուխինները ճամփան էին պահպանում, աղախիններից մեկին, որը պետքի համար էր ուզում անցնել, այնպես, բոթեցին, որ ծառաները կիասմեռ քարշ տվեցին տարան։ Ամբողջ թափորը միջանցքներով ու սանդուղքներով դանդաղ շարժվեց պալատական եկեղեցի։ Ժամը յոթն անց էր արդեն։

Պսակադրության ծեսը միտրոպոլիտն անշտապ էր անցկացնում։ Եկեղեցում ցուրտ էր, գերանակապ պատերի ճեղքերից փչում էր։ Սառցակալած պատուհաններից այն կողմ խավար էր։ Տրտմագին ճռճռում էր տանիքի հողմացույցը։ Պյոտրը տեսնում էր քողի տակ կանգնած անծանոթ կնոջ միայն ձեռքը՝ անուժ, արծաթյա երկու մատանիով, ներկած եղունգներով։ Կաթկթացող մոմը բռնած ձեռքը դողում էր՝ կապույտ երակներ, կարճլիկ ճկույթ... Մատը դողում էր գառան պոչիկի պես... Պյոտրն աչքերը փախցրեց, կկոցեց ներքևի պատկերակալի լույսերի վրա...

...Երեկ այդպես էլ չհաջողվեց հրաժեշտ տալ Անխենին։ Այրի Մաթիլդան, տեսնելով հասարակ սահնակով եկող Պյոտրին, վրա պրծավ, ձեռքը համբուրեց, հեկեկաց, ասաց, որ ծայր չքավորության դուռն են հասել, վառելափայտ չկա, այս չկա, այն չկա, իսկ խեղճ Անխենը երեք օրուգիշեր պառկած զառանցում է ջերմի մեջ... Պյոտրն իրենից հեոացրեց այրուն ու սանդուղքներով վեր վազեց՝ աղջկա մոտ... Փոքրիկ ննջասենյակում ձիթաճրագ էր վառվում, հատակին պղնձյա կոնքն էր դրված, կոշիկներ էին ընկած, հեղձուկ էր։ Մարմաշի վարագույրի տակ, բարձի վրա փռված էին փունջ-փունջ գանգուր մազերը, Անխենի ճակատին ու աչքերին թաց սրբիչ էր դրված, ջերմից բերանը դուրս էր տվել... Պյոտրը ոտնաթաթերի վրա դուրս եկավ ու այրու ջղաձգվող ափերի մեջ մի բուռ տասնոց լցրեց (Սոնկայի հարսանյաց նվերն էր Պյոտրին) ...Ալեքսաշկային հրամայեց գիշեր ու ցերեկ հերթապահել այրու մոտ. եթե պետք լինի՝ դեղատուն գնա, կամ հիվանդը անդրծովյա որևէ ուտելիք ուզենա՝ գետնի տակից էլ լինի, գտնի...

Ավագերեցն ու տերտեր Բիտկան խունկ չէին խնայել, ասես մշուշի միջից էին երևում մոմերը, երիքովի փողի պես երկար կյանք էր մաղթում սարկավագը։ Պյոտրը կրկին աչքերը թեքեց՝ Եվդոկիայի ձեռքը դեռդողում էր։ Նրա կրծքում զայրույթի սառը փուչիկ էր փքվում կարծես... Պյոտրը փութով խլեց Եվդոկիայի մոմն ու սեղմեց նրա բարալիկ, անկենդան ձեռքը... Եկեղեցում վախեցած շշուկ տարածվեց։ Միտրոպոլիտի լերկ գանգը ցնցվեց, մոտ շտապեց Բորիս Գոլիցինն ու ինչ-որ բան շշնջաց։ Միտրոպոլիտը արագացրեց, երգողներն էլ ավելի հավաք երգեցին։ Պյոտրը շարունակում էր ուժով սեղմել աղջկա ձեռքը, նայելով, թե քողի տակ ինչպես է ավելի ցած հակվում գլուխը...

Նրանց պտտեցրին գրակալի շուրջը։ Պյոտրն արագ էր քայլում, Եվդոկիային բռնեցին հարսնախոս կինն ու օգնականուհին, այլապես ընկնելու էր... Պսակեցին... Պղնձյա սառը խաչը մոտեցրին համբուրելու։ Եվդոկիան ծնկի իջավ, դեմքը հպեց ամուսնու սեկե սապոգներին։ Հրեշտակաց ձայնի նմանությամբ, երգեցիկ ու նվազաձայն խոսեց միտրոպոլիտը.

— Զկնի փրկության հոգու, հարկ է ամուսնուն գավազանով խրատել զկինն յուր, զի մարմինն է հանցավոր ու տկար...

Եվդոկիային բարձրացրեցին։ Հարսնախոս կինը բարձրացրեց քողի տուտերը։ «Նայիր, նայիր, տեր արքա»,— և վեր ցատկելով, քողը պոկեց ջահել թագուհու գլխից։ Պյոտրը ագահ հայացք նետեց։ Ցած հակած, տանջահար ու կիսամանկական դեմք։ Լաց լինելուց ուռած բերան։ Փափլիկ քթիկ։ Գունատությունը քողարկելու համար հարսին շպարել ու ներկել էին... Ամուսնու վառվող, կլորերես հայացքից երկնչելով, նա դեմքը թևքով ծածկեց։ Հարսնախոս կինը թևքը ետ տարավ։ «Դեմքդ բաց արա, թագուհի, լավ չէ... Աչքերդ բարձրացրու...»։ Բոլորը սեղմ օղակեցին նորապսակներին։ «Մի տեսակ գունատ է»,— ասաց Լև Կիրիլովիչը... Լոպուխինները հնչեղ ներշնչեցին, արտաշնչեցին, պատրաստ վիճելու, եթե Նարիշկինները սկսեն փնովել նորահարսին... Եվդոկիան բարձրացրեց խաժ, արցունքակալած աչքերը։ Պյոտրը շրթունքները հպեց նրա այտին, աղջկա շուրթերը թույլ-թույլ շարժվեցին ի պատասխան... Քթի տակ ծիծաղելով, Պյոտրը համբուրեց նրա շրթունքները՝ Եվդոկիան փղձկաց...

Դարձյալ ստիպված էին գնալ նույն պալատը, ուր պսակի ծեսն էին արել։ Ճանապարհին նորապսակների վրա վուշ ու կանեփ էին շաղ տալիս հարսնախոսները, վուշի մի հատիկ էր կպել Եվդոկիայի ներքևի շրթունքին ու մնացել։ Մաքուր, կարմիր շապիկներ հազած մուժիկները, որոնց հատկապես բերել էին տվել Տվերից, անխռով ու ջանադիր դափ էին զարկում, փող փչում։ Պար եկող կանայք երգում էին։ Նորից սառն ու տաք ուտելիք մատուցեցին, հիմա արդեն հյուրերն ուտում էին լիքը բերան։ Բայց նորապսակների համար անպատշաճ էր ուտել։ Երբ կարապաձև երրորդ կերակրատեսակը բերեցին, նրանց առաջ տապակած հավ դրեցին։ Բորիսը ձեռքով վերցրեց հավը մատուցարանից, փաթաթեց սփոոցով, և գլուխ տալով Նատալյա Կիրիլովնային ու Ռոմոդանովսկուն, Լոպուխինին և Լոպուխինային, զվարթաձայն ասաց.

— Օրհնեցեք՝ նորապսակներին ննջելու տանենք...

Արդեն գինովցած ազգականներն ու հյուրերը թագավորին ու թագուհուն խմբովի տարան խորդանոց։ Ճանապարհին մթության մեջ մի կին, որ չիմացան ով էր, շրջած մուշտակը հագին, քրքջալով, դույլից վուշ ու կանեփ էր ցանում նրանց վրա։ Բաց դռան մոտ կանգնած էր Նիկիտա Զոտովը՝ թուրը մեկնած։ Պյոտրը բռնեց Եվդոկիայի ուսերից, կինը աչքերը փակեց, դիմադրելով ետ ընկավ, հրեց խորդանոց ու կտրուկ շրջվեց հյուրերի կողմը՝ նրանց ծիծաղը կտրվեց, երբ տեսան Պյոտրի աչքերը, ետ-ետ գնացին... Դուռն իր վրա կողպելով ու նայելով բռունցքները կրծքին սեղմած, անկողնու մոտ կանգնած կնոջը, Պյոտրը սկսեց կրծել եղունգը։ Սատանան գիտե, թե ինչքան էր տհաճ ու անդուր, զայրույթը եռ էր գալիս... Անիծյա՛լ հարսանիք։ Հին ծեսով արեցին, ուրախացան։ Հապա սա՜՝ կանգնել-մնացել է՝ մի փոքր աղջիկ, որ դողում է գառան պես։ Վրայից պոկեց ուսնոցը, գլխի վրայով հանեց պատմուճանը, շպրտեց աթոռի վրա։

— Նստիր, նստիր... Ավդոտյա... Ինչի՞ց ես վախենում։

Եվդոկիան թեթև ու հնազանդ գլխով արեց, բայց այդչափ բարձր անկողնու վրա ելնել չէր կարող ու շշկլվեց։ Նստեց ցորենի տակառի վրա։ Վախեցած, շեղ նայեց ամուսնուն ու կարմրեց։

— Ուտել կուզե՞ս։

— Հա,— շշնջաձայն պատասխանեց կինը։

Մահճակալի տակ, մատուցարանով դրված էր տապակած այն հավը։ Պյոտրը պոկեց ոտը, միանգամից, անհաց ու անաղ, սկսեց ծամել։ Պոկեց թևը.

— Ա՜ռ։

— Շնորհակալ եմ...


3

Փետրվարի վերջին ռուսական զորքը նորից շարժվեց դեպի Ղրիմ։ Զգուշավոր Մազեպան խորհուրդ էր տալիս Դնեպրի ափով առաջանալ՝ պաշտպանական փոքրիկ ավաններ կառուցելով, սակայն Վասիլի Վասիլևիչի մոտ ծպտուն իսկ հանել չէր կարելի հապաղման մասին՝ ցանկանում էր շուտափույթ հասնել Պերեկոպ, կռվով մաքրել անփառունակության դրոշմը։

Մոսկվայում դեռ սահնակներով էին շրջում, իսկ այստեղ ընձախոտի թավշով էին պատվել բլրակները, կանաչած հարթավայրում քամին ողող լճակների թաղանթն էր ալիքում, ձիերը գնում էին ծնկահաս ջրերի միջով։ Գարնանային ամպերի արանքից մերթընդմերթ կուրացնում էր արևը։ Ա՛հ, ի՜նչ հող էր այստեղ՝ սև, պտղաբեր—ոսկու հանք։ Անտառաբնակ ու ճահճաբնակ մուժիկներին քշեին-բերեին այստեղ՝ մինչև կոկորդները թաղված կլինեին ցորենի մեջ։ Բայց չորսբոլորը ոչ մի շունչ չկար, միայն բարձրում, ձիգ ու զիլ կանչերով թռչում էին կռունկների երամները։ Գերեվարվածների արցունքով էին ողողված այս տափաստանները՝ դարեր շարունակ միլիոնավոր ռուսներ էին անցել այստեղով, որոնց ստրկության էին տարել թաթարները՝ կոստանդնուպոլսյան թիանավերի վրա, Վենետիկ, Ճենովա ու Եգիպտոս...

Կազակները գովում էին տափաստանը. «Բերք ստանալն էստեղ հեշտից հեշտ է, մեկին քսան, թքես՝ ծառ կբուսնի։ Թե անիծված թաթարները չլինեին, քանի-քանի խուտորներ կսարքեինք»։ Հյուսիսային գավառների զորականները ապշած էին պարարտ հողերով. «Արդար կռիվ է սա,— ասում էին,— կարելի՞ է, որ էս տեսակ հողն անօգուտ մնա»։ Կսղվածատեր-աշխարհազորականները տեղեր էին փնտրում դաստակերտների համար, վիճում բաժանքի վրա, վազ տալիս Վասիլի Վասիլևիչի վրանը՝ խնդրելու. «Աստված տա գրավենք էս կողմերը, թագավորը թող մի կտոր հող շնորհի էսինչ ձորակից մինչև քարե կուռքով բլուրը...»։

Մայիսին մոսկովյան և ուկրաինական հարյուր քսան հազարանոց զորքը հասավ լայնարձակ, արոտավայրերով ու ջրերով հարուստ Կանաչ Հովիտ։ Այստեղ կազակները Վասիլի Վասիլևիչի մոտ մի լեզու բերեցին՝ պնդակազմ, արևառությունից փայլող շիկամորուս թաթար էր, բամբակյա խալաթով։ Վասիլի Վասիլևիչը թաշկինակը քթին տարավ, որ չառնի թաթարական ոչխարի ճարպի գարշահոտությունը, հրաման տվեց հարցաքննել։ Խալաթը պոկեցին թաթարի վրայից, մանրիկ ատամները մերկացրած, սափրած ու կապտավուն գլուխը դեսուդեն տարավ գերին։ Մռայլադեմ մի կազակ մտրակը շրմփացրեց նրա ուսերին։ «Բեդք չի, բեդք չի, ամեն ինչ գասեմ»,— բլբլացրեց թաթարը։ Կազակները թարգմանեցին ասածը. «Քաչալն ասում է, թե հորդան մոտերքում է կանգնած, խանն էլ հետներն է...»։ Վասիլի Վասիլևիչը խաչակնքեց ու մարդ ուղարկեց Մազեպային կանչելու։ Իրիկնադեմին ծավալված զորքը՝ հեծելազորն աջ ու ձախ թևերում, գումակն ու հրետանին մեջտեղում, շարժվեց թաթարների վրա։

Ցածրիկ ու տրորված հարթավայրի վրա նոր էր բարձրացել նարնջագույն արեգակի բլիթը, ռուսները տեսան թաթարներին։ Նրանց հեծյալ խմբերն ի մի էին գալիս, ու ցրվում։ Սայլի վրա կանգնած Վասիլի Վասիլևիչը հեռադիտակով զննում էր գույնզգույն խալաթները, սրածայր սաղավարտները, խոշոր այտոսկրերով չարախինդ դեմքերը, ձիու պոչերը նիզակների վրա, կանաչ չալմաներով ծանրումեծ մոլլաներին։ Հորդայի առաջապահ զորամասն էր։

Հեծյալ ջոկատները շրջվեցին, հավաքվեցին ու հոծ խումբ դարձան։ Փոշի բարձրացավ։ Եկա՜ն։ Սլանալիս, թաթարները լավայի պես բացվեցին։ Զիլ ոռնոց լսվեց։ Թաթարները կորան փոշու մեջ, որը ռուսների վրա էր փչում։ Հեռադիտակը դողաց Վասիլի Վասիլևիչի ձեռքերի մեջ։ Սայլին կապած նրա ձին, սանձը կտրելով, գետին տապալվեց՝ վզի մեջ խրված էր փետրազարդ նետը... Վերջապես տնքոցով որոտացին թնդանոթները, ճարճատեցին մուշկետները՝ ճերմակ ծխի քուլաները ծածկեցին ամեն ինչ։ Վասիլի Վասիլևիչի զրահին նետի երկաթյա ծայրը զրնգաց՝ ուղիղ սրտի վրա։ Ցնցվելով, խաչակնքեց այդ տեղը...

Ավելի քան մեկ ժամ կրակում էին... Երբ ծուխը ցրվեց, հարթավայրում մի քանի ձի էին ջղաձգվում, հարյուրի չափ դիակներ էին փռված։ Կրակով ետ մղված թաթարները հեռանում էին հորիզոնից այն կողմ։ Հրաման տրվեց ճաշ եփել, ձիերը ջրել։ Վիրավորներին դրեցին սայլերի վրա։ Արևամուտից առաջ մեծ զգուշությամբ կորկին շարժվեցին դեպի Սև Հովիտ, ուր Կոլոնչակ գետակի մոտ խանն էր կանգնած, հորդայի հետ։

Գիշերն ուժեղ քամի բարձրացավ ծովից։ Աստղերը ծածկվեցին։ Հեռուներում թույլ որոտներ էին լսվում, ամպրոպի գռմռոց։ Անթափանց ամպերի մեջ օտարոտի փայլատակումներ էին ճարճատում, լուսավորելով գորշ հարթավայրը՝ ավազ, օշինդր ու աղուտներ։ Զորքերը դանդաղ էին շարժվում։ Ժամը հինգին մոտ երկինքը պատռվեց, գումակի մեջ հրե մի սյուն ընկավ՝ թնդանոթը հալեցրեց, սպանեց հրաձիգներին։ Հողմ բարձրացավ, որը գետին էր տապալում, պոկում-տանում էր այծենակաճները, գլխարկները, սայլերի վրայի խոտը։ Աչք կուրացնելով, կայծակներ էին ճայթում։ Հրաման արձակվեց Դոնյան աստվածամոր սրբապատկերը բարձրացնել ու շրջել զորքի մեջ։

Անձրևը տեղաց այգաբացին։ Ջրի քամահայած շղարշի միջից զորքի աջ թևում տեսան հորդան՝ թաթարները մոտենամ էին կիսալուսնաձև։ Ռուսներին թույլ չտալով ուշքի գալ, հեծելազորը ոտատակ տվեցին ու առաջապահ գունդը սեղմեցին գումակին։ Թնդանոթների պատրույգները չէին վառվում, հրազեն գնդերում թրջվել էր վառոդը։ Անձրևի շփշփոցը խլացնում էր վիրավորների աղաղակները։ Եռաշար սայլերի առաջ թաթարները կանգ առան։ Նրանց աղեղները թրջվել էին, և նետերն ընկնում էին անուժ։

Վասիլի Վասիլևիչը, ձին թողած, դեսուդեն էր ընկել գումակում, մտրակում էր հրաձիգներին, հրում անիվները, ձեռքներից խլում պատրույգները։ Անձրևը լցվում էր մարդկանց աչքերն ու բերանը։ Այնուամենայնիվ, հրաձիգները կարողացան քուրքերով ծածկված կրակ հանել կայծքարերից, մի քիչ չոր վառոդ ցանել, և դղրդացին թնդանոթները, կապարե գնդակներ արձակելով թաթարական այրուձիի վրա... Ձախ թևում Մազեպան իր կազակների հետ կռվում էր կատաղած։ Եվ ահա կանչեցին մոլլաները՝ թաթարները նահանջեցին, ծածկվելով ամպ ու անձրևի մշուշից այն կողմ։


4

«Իմ տեր ու տիրական, իմ ուրախություն, Պյոտր Ալեքսեևիչ ցարին... Բարև քեզ, իմ աչքի լույս, երկար տարիների կյանք քեզ...»։ Եվդոկիայի հոգին դուրս եկավ գրելով։ Երեք մատներն էլ, որոնցով սագի փետուրն էր բռնել ամենածայրից, թանաքոտվել էին։ Երրորդ թերթ թուղթն էր փչացնում, կամ տառերն էին ծուռումուռ ստացվում, կամ թանաք էր կաթեցնում։ Այնինչ, ուզում էր այնքան ջերմ գրել, որ Պետենկան ուրախանար նամակն ստանալիս։

Բայց մի՞թե թանաքով թղթի վրա կարելի է ասել այն ամենն, ինչով իր սիրտն է լեցուն։ Դրսում ապրիլ ամիսն է։ Կեչիներն են կանաչել, կարծես ճտի բմրուլ լինի ծառերի վրա։ Ձյան պես ճերմակ ամպեր են լողում կապույտ խորքերում։

Եվդոկիան նայում էր ամպերին, նայում, և արտևանունքների վրա արցունքի կաթիլներ էին գնդվում՝ թերևս անխելքությունից լինի... Աչք գցեց դռանը՝ հանկարծ սկեսուրը չմտնի ու տեսնի... Թևքով սրբեց աչքերը։ Կնճոոտեց ճակատը։

...Է՞լ ինչ գրի... Պերեյասլավի լիճ գնաց իր հոգյակը և չի գրում, թե երբ սպասեն իրեն... Միասին պաս, կպահեին, առավոտյան ժամերգության կգնային... Պասը բաց կանեին... (Եվդոկիան հիշեց հավը, թե ինչպես կերան պսակվելուց հետո, կարմրեց ու քթի տակ ծիծաղեց...) Թաթախման առաջին օրը կարելի է աղջիկներին կանչել՝ դրսում, խոտերի մեջ պահմտոցի խաղալու, ձու գլորելու... Երգ, շուրջպարեր։ Ճլորթու վրա ծիծաղել, աչքակապուկ խաղալ։ Արդյոք գրի՞ այդ մասին... Պետենկա, սիրելիս, հոգիս, շու-ո՜ւտ արի, կարոտե-ե՜լ եմ... Մի՞թե կգրվի, այդպիսի տառեր էլ չկան գրելու համար... Նորից վերցրեց փետուրն ու, շրթունքները շարժելով, գրեց. «Շնորհդ ենք խնդրում, իմ տեր ու տիրական, ողորմած եղիր, անհապաղ արի... Կինդ՝ Դունկան, խնդրանք է անում...»։

Կարդաց ու ուրախացավ՝ շատ լավ է գրված։ Տեր աստված, անխելքի մեկը, սկեսրոջը չի հիշատակել։ Հիմա արդեն չորրորդ անգամ պիտի արտագրեր... Ա՛հ, սկեսուր մայրիկը՝ Նատալյա Կիրիլովնան, շատ է խիստ... Ինչքան էլ սիրաշահես, միշտ մի բան կգտնի, որ տեղը չի լինի... Ասենք՝ ինչի՞ ես նիհար։ Ամենևին էլ նիհար չէ. ամեն ինչը տեղը տեղին, կլորիկ, թմբլիկ... Ինչի՞ համար Պետրուշան երկրորդ ամսին քեզ թողեց ու գնաց Պերեյասլավի լիճ։ Ինչ է, չլինի՞ հոտած ես, կամ հիմար ու ձանձրալի, որ ամուսինդ աշխարհի ծայրն է փախել, ինչպես ժանտախտի վարակից... Ոչ հիմար եմ, ոչ էլ վարակ... Ինքներդ եք մեղավոր՝ ինչի՞ եք թողնում, որ Լեֆորտը, Ալեքսաշկան ու գերմանացիները գնան ու գան, հենց նրանք էլ գայթակղեցրին հոգյակիս, Պերեյասլավի լիճ տարան ու դեռ ավելի վատ տեղեր էլ կտանեն։

Եվդոկիան բարկացած թաթախեց փետուրը։ Բայց աչքերը բարձրացրեց՝ կեչիների կանաչի արանքից աղոտ լույս էր թափանցում պատուհանի վրա, լուսամտագոգին մի աղավնի էր տոտ-տոտ անում, կոկորդը փքելով, ինչ-որ թռչուններ էին ճռվողում... Մարգագետնի բույր էր տարածվել։ Եվ չորրորդ մաքուր թերթի վրա արցունք կաթեց... Այ քեզ պատի՜ժ...


5

Ամեն օր նամակ էր գալիս մորից կամ կնոջից, առանց քեզ տխուր է, գրում էին, ե՞րբ պիտի գաս, Տրոիցե կգնանք միասին... Հնավանդ մի ձանձրույթ։ Պյոտրը ոչ միայն պատասխանելու, այդ նամակները կարդալու ժամանակ չուներ։ Ապրում էր նոր կառուցված գերանակապ խրճիթում, հենց նավաշինարանում, Պերեյասլավի ընդարձակ լճի ափին, ուր համարյա ավարտված երկու նավ էին կանգնած նավարանների հենագերանների վրա։ Տախտակամածներն էին ծածկում, քթերի փայտյա գլուխները քանդակում։ Երրորդ նավը՝ «Աթոռանիստ քաղաք Պրեշբուրգը», արդեն ջուրն էին իջեցրել, երեսունութ քայլաչափ էր ջրագծով, ոսկեզօծ ջրահարսով զարդարված շեղակի քթով, բարձր խելով, որի վրա ընդհանուր նավասենյակն էր կառուցված։ Չարխաքաշ ճաղերով եզերված հարթ տանիքի վրա ադմիրալական կամրջակն էր ու ապակյա խոշոր լապտերը։ Վերևի տախտակամածի տակ երկու կողերի բացված անցքերից ութական թնդանոթ էր ցցված։ Վեր ելնող կողերը փայլում էին սև կպրից։

Առավոտները, երբ լճի վրա թեթև գոլորշի էր կանգնում, եռակայմ նավն ասես կախված լիներ օդի մեջ, ինչպես, հոլանդական զարմանալի նկարներում, որ Բորիս Գոլիցինն էր նվիրել... Միայն քամու էին սպասում, առաջին նավարկության գնալու համար։ Հակառակի պես, երկրորդ շաբաթն էր տերև անգամ չէր շարժվում ծառերի վրա։ Լճի վրա դանդաղ լողում էին ճերմակ ամպերը՝ կապույտ երկնքում։ Բարձրացվող առագաստները միայն ծածանվում էին ու կախ ընկնում։ Պյոտրը չէր հեռանում Կարտեն Բրանդտից։ Ծերուկը տկար էր դեռևս փետրվարից՝ կուրծքը կտոր-կտոր էր լինում խորխառատ հազից։ Բայց և այնպես կարճ քուրքի մեջ փաթաթված, ամբողջ օրը նավաշինարանում էր. զայրանում էր, բղավում, երբեմն էլ կռվում՝ ծուլության կամ հիմարության հանդիպելիս։ Հատուկ հրամանով նավաշինարան էին քշել-բերել մի հարյուր հիսուն շունչ վանքապատկան գյուղացիների՝ հյուսներ էին, երկայնական սղոց քաշողներ, դարբիններ, հողփորներ, նաև ձեռքի շնորհք ունեցող կանայք՝ առագաստ կարելու համար։ Ռազմախաղի գնդերից ազատված հիսուն զինվոր այստեղ ծովագնացություն էին սովորում՝ արձակել ու ամրացնել ճոպանների ծայրերը, բարձրանալ կայմերի վրա, հրամանները լսել ու հասկանալ։ Նրանց սովորեցնողն օտարերկրացի էր, պորտուգալացի Պամբուրգը՝ կորաքիթ, խոզանակի պես սև բեղերով մի զայրացկոտ սատանա, ծովահեն։ Ռուսները նրա մասին ասում էին, թե արածների համար իբր քանի-քանի անգամ կախաղան են հանել, բայց սատանան փրկվել է, ողջ պրծել ու հիմա այստեղ է ընկել։

Սաստիկ անհամբեր էր Պյոտրը։ Լույսը չբացված բանվորներին ոտքի էր հանում թմբկազարկով, երբեմն էլ մահակներով։ Գարնան գիշերները՝ կարճ, շատերը հոգնածությունից ընկնում էին։ Նիկիտա Զոտովը հազիվ էր հասցնում գրել նորին բ. մ. ց. և մ. ի. համայն Մ. Փ. և Ս. Ռ. հրամանագրերը հարևան կալվածատերերին, որ ուտելիք հասցնեն, նավաշինարան բերեն հաց, թռչնեղեն, միս։ Վախից բերում էին կալվածատերերը։ Ավելի դժվար էր դրամ հայթայթելը։ Թեև Սոֆյան ուրախ էր, որ եղբայրն ավելի է հեռացել Մոսկվայից, ուր լավ կլիներ խորտակվեր իր ռազմախաղի նավի հետ, սակայն Արքունի մեծ վարչատանը դրամի հետք անգամ չկար, ամեն ինչ Ղրիմի պատերազմն էր կլանել։

Երբ Ֆրանց Լեֆորտին հաջողվում էր ազատվել ծառայությունից ու Պերեյասլավի նավաշինարան հասնել, ծայր էր առնում ուրախությունը։ Հետը գինի էր բերում, երշիկեղեն, անուշեղեն, և աչքով անելով՝ ողջույն Աննա Մոնսից. առողջացել է, ավելի գեղեցկացել և ողորմածաբար խնդրում է հեռռ Պիտերին երկու կիտրոն ընդունել որպես ընծա։

Փայտաշեն նոր խրճիթում, ճաշին ու ընթրիքին լի գավաթներ էին բարձրանում պերեյասլավյան մեծ նավատորմի կենացը։ Հատուկ դրոշ հորինեցին, եռակտոր էր. սպիտակ, կապույտ ու կարմիր։ օտարերկրացիները պատմում էին վաղեմի նավարկությունների, փոթորիկների ու ծովամարտերի մասին։ Պամբուրգը, ոտքերը չռած, բեխերը շարժելով, բղավում էր պորտուգալերեն, կարծես իրոք ծովահենների նավի վրա լիներ։ Պյոտրը այդ պատմություններն ըմբոշխնում էր աչքերով ու ականջներով։ Ցամաքաբնակ այդ մարդն ինչի՞ց էր այդպես սիրում ծովը։ Բայց գիշերները վերնաթախտին, Ալեքսաշկայի կողքը պառկած, նա երազում ալիքներ էր տեսնում, անծայրածիր ջրերի վրա կիտված ամպեր, հեռվում լողացող նավերի ուրվականներ։

Ոչ մի գնով չէր լինի նրան հրապուրել ու Պրնոբրաժենսկոյե տանել։ Երբ շատ էին հոգի հանում նամակներով, պատասխան էր գրում.

«Անչափ սիրելի ու կյանքից ավելի թանկագին, թագուհի մայրիկ Նատալյա Կիրիլովնային անարժան զավակդ՝ Պետրունյան, որ գործի մեջ է թաղված, օրհնությունդ է խնթրում և քո առողջության մասին լուր է սպասում։ Ինչ վերաբերում է, որ բարեհաճել էիք հրամայել Պրեոբրոժենսկոյե գամ, ու ես պադրաստ եմ գալ, բայց շատ-շատ գործ կա. նավերը բոլորը պադրաստ են, ճոբանների համար ենք կանգնել։ Ու մեկ էլ ողորմածաբար խնթրում եմ, որ ճոբանները Թնդանոթային վարչատնից ուղարկեն առանց ուշածնելու։ Դրանով մեր գործն ու կյանքը կշարունակվի։ Այսու օրհնություն եմ խնթրում։ Անարժան Պետրոս»։


6

Իվաշկա Բրովկինի խրճիթի մոտով անցնելիս հիմա գլխարկները հանում էին։ Ամբողջ գյուղը գիտեր. «Իվաշկայի Ալեքսեյ տղան ուժեղ մարդ է, ցարի աջ ձեռքն է, ու թե որ Իվաշկան աչքով անի, ուզածի չափ փող կբերի կտա»։ Ալյոշկայի տված փողով (երեքուկես ռուբլի) Բրովկինը մի լավ հորթ գնեց մեկուկես ռուբլով, ոչխար՝ երեսունհինգ կոպեկով, չորս, խոճկոր՝ հատը երեք ալտին, կարգի գցեց լծասարքը, նոր դարպաս շինեց և ութ դեսյատին հող վարձեց մուժիկներից՝ գարնանացանի համար, տալով մեկ ռուբլի, մի դույլ օղի, խոստանալով ստացած բերքի հինգ խրձից մեկը։

Ոտի կանգնեց մարդը։ Էլ քուղ չէր կապում կոնքոսկրերին, այլ մոսկովյան գոտի՝ թևատակերից, որ կուշտ փորը երևա։ Գլխարկը քաշում էր աչքերին, մորուքն առաջ տնկում։ Այդպիսի մեկին գլուխ պիտի տաս։ Ասում էր նաև. «Համբերի, աշնանը գնամ տղայիս մոտ, փող վերցնեմ, ջրաղաց եմ սարքելու»։ Վոլկովի կառավարիչն արդեն Իվաշկա ու «դու» չէր ասում, խուսափողաբար Բրովկին էր կոչում։ Կոռից ազատեց նրան...

Տղաներն էլ մեծացել էին, օգնական դարձել։ Յակովն ամբողջ ձմեռ հարևան գյուղը՝ դպրի մոտ էր գնում, գրել-կարդալ սովորելու, Գավրիլկան գեղեցկատես պատանի էր դարձել, փոքրը՝ սուսուփուս Արտամոշկան, նույնպես անխելք չէր։ Աստված լավ երեխաներ էր տվել Իվաշկային։ Արդեն խնամախոսներ էին գալիս աղջկան՝ Սանկային ուզելու, բայց ներկա վիճակում մտածելու բան էր. կնության տա՞լ նրան տրեխավոր մի մուժիկի, թե...

Հուլիսին լուր տարածվեց, զորքը վերադառնում է Ղրիմից։ Սկսեցին զորականների՝ հայրերի ու զավակների ճամփան բռնել։ Երեկոները կանայք բլրակն էին բարձրանում՝ ճանապարհին նայելու։ Թափառական մի ուխտավորից իմացան, որ հարևան գյուղերում իսկապես վերադարձողներ կան։ Կանայք լացը դրեցին. «Մերոնց սպանել են...»։ Վերջապես գյուղում հայտնվեց զորական Գնչուն, ամբողջովին մազ ու մորուքի մեջ կորած, մի աչքը կուրացած, շալվարն ու շապիկը փտել էին մարմնի վրա։

Բրովկինն ընտանիքի հետ ընթրում էր բակում, շչի էին խպշտում աղ դրած մսով։ Դարպասը թակեցին. «Հանուն հոր և որդվո և հոգվույն սրբո...»։ Իվաշկան գդալն իջեցրեց, կասկածանքով նայեց դարպասին։

— Ամեն,— պատասխանեց։ Ու՝ բարձրաձայն.— Տես հա, մեր շները կատղած են, զգույշ մնա։

Յաշկան քաշեց սողնակը, և ներս մտավ Գնչուն։ Աչք ածեց բակը, ընտանիքը, և ջարդված ատամներով բերանը բացելով, խռպոտաձայն թնդաց.

— Բարաջողում։— Նստեց սեղանի մոտ դրած կոճղին։— Բաց տե՞ղ եք իրիկնահաց անում։ Ներսում ճանճ շատ կա, հը՞։

Իվաշկան հոնքերը շարժեց։ Բայց Սանկան ինքնագլուխ մի աման շչի դրեց Գնչուի առաջ, գդալը գոգնոցով սրբեց ու նրան տվեց.

— Մեզ հետ անուշ արա, հայրիկ։

Բրովկինը զարմացավ Սանկայի համարձակության վրա... «Հետո,— մտածեց,— մազերը կպոկեմ... Էդպես ամենքի առաջ ունեցածը չեն դնի...»։ Բայց վեճ բացելուց ամաչեց։ Գնչուն քաղցած էր, ուտում էր, աչքերը կկոցած...

— Կռվեցի՞ք,— հարցրեց Բրովկինը։

— Կռվեցինք... (Ու նորից անցավ շչիին։)

— Է, ո՞նց էր, ոնց չէր,— նստած տեղը շուռումուռ գալով, նորից հարցրեց Բրովկինը։

— Սովորական։ Ոնց որ կռվում են, էդպես էլ կովեցինք։

— Հաղթեցի՞ք թաթարին։

— Հաղթեցինք... Պերեկոպի տակ մերոնցից մի քսան հազար թաղեցինք, մի էդքան էլ ետ գալուց...

— Ա՛խ-ա՛խ,— Բրովկինը գլուխն օրորեց։— Բայց էստեղ ասում են, թե խանը հնազանդվել է մեզ...

Գնչուն բացեց նոսր ու դեղնած ատամները։

— Ովքեր մնացին Ղրիմի հողում փտելու, նրանց կհարցնես, թե խանն ինչպես հնազանդվեց մեզ... Շոգ, ջուր չկար, ձախից նեխած ծովն էր, աջից Սև ծովը, ջուրը խմելու չի, ջրհորների մեջ թաթարները լեշուլուշ էին լցրել... Պերեկոպն անցանք ու կանգնեցինք՝ ոչ առաջ, ոչ ետ։ Մարդիկ, ձիերը ճանճի պես կոտորվում էին... Կռվեցինք էլի...

Գնչուն բեխերը հարթեց, սրբվեց, արնակոխ մի աչքով ու մյուսի մեռած կոպով նայեց Սանկային. «Շնորհակալ եմ, աղջիկս...»։ Թիկն տվեց։

— Իվան... Ես որ կռիվ էի գնում, մի կով ունեի մնացած...

— Կառավարչին ասինք՝ որ ետ գաս, ո՞նց ես ապրելու առանց կով... Չլսեց, տարավ։

— Լավ... Բա խոզե՞րը։ Մի որձ, երկու մերուն՝ ամբողջ գյուղին խնդրեցի, որ նայեն...

— Նայել ենք, հոգիս, նայել ենք... Կառավարիչը մթերքի հարկով շատ նեղեց մեզ... Մտածեցինք, թե կարող է քեզ սպանեն կռվում...

— Ու իմ խոզերը Վոլկո՞վը խժռեց։

— Կերավ, կերավ։

— Լավ...— Գնչուն ձեռքը տարավ չսանրած, երկաթալար դարձած մազերին, խառնշտեց.— Լավ, Իվան...

— Համմե՞։

— Բան չասես, որ եկել եմ տունդ։

— Ո՞վ անեմ՝ ասելու։ Միշտ էլ սուս մնացող եմ։

Գնչուն վեր կացավ։ Աչքը խեթեց Սանկայի կողմը։ Անձայն քայլեց դեպի դարպասը։ Եվ այնտեղից սպառնաց.

— Տես հա՜, ձեն չհանես, Իվան... Մնաս բարով։— Ու չքացավ։ Այդ օրվանից նրան գյուղում չտեսան այլևս։


7

Օվսեյ Ռժովը, ոտքերի վրա ճոճվելով, կանգնած էր Վարվառկայի պանդոկի դռան առաջ, ափի մեջ լցրած փողն էր հաշվում։ Մոտեցան ստրելեցյան հիսնապետներ Նիկիտա Գլադկին ու Կուզմա Չյորմնին։

— Բարև, Օվսեյ։

— Հերիք գռոշներդ հաշվես, արի մեզ հետ։

Գլադկին շշնջաց.

— Խոսել է պետք, վատ լուրեր են գալիս...

Չյորմնին զնգացրեց գրպանի արծաթ դրամները, քրքջաց.

— Մի քեֆի հերիք կանի...

— Չլինի՞ մարդ եք թալանել,— հարցրեց Օվսեյը։— Ա՛խ, ստրելեցներ, ինչեր եք անում...

— Տխմար,— ասաց Գլադկին,— պալատում պահակության էինք։ Հասկացա՞ր։— Ու նորից քրքջացին երկուսով։ Օվսեյին տարան պանդոկ։ Նստեցին մի անկյունում։ Խստադեմ, ծերունի օղեվաճառը մի շտոֆ խմիչք բերեց ու մոմ։ Չյորմնին իսկույն փչեց հանգցրեց մոմն ու կռացավ սեղանի վրա, լսելով, որ Գլադկին սկսել է շշնջալը։

— Ափսոս, մեզ հետ պահակության չէիր։ Կանգնած էինք... Դուրս եկավ Ֆյոդոր Լեոնտևիչ Շակլովիտին։ «Արքայադուստրն, ասեց, ձեր հավատարիմ ու անբասիր ծառայության համար հնգական ռուբլի է բախշում...»։ Ու մի տոպրակ արծաթ տվեց... Սուս էինք՝ տեսնենք, թե մտքինն ինչ է։ Ու նա էսպես դառը տնքաց, «Էհ, ասեց, ստրելեցներ, հավատարիմ ծառաներ, քիչ մնաց ձեզ ձեր կնանոց հետ Մոսկվա գետի այն կողմի հարուստ բակերում ապրելուն...»։

— Էդ ինչպե՞ս քիչ մնաց,— վախեցած հարցրեց Օվսեյը։

— Էդպես... «Ուզում են, ասեց, ձեզ՝ ստրելեցներիդ, տեղափոխել ու ցրիվ տալ քաղաքներով, ինձ հանեն Ստրելեցյան վարչատնից, արքայադստերն էլ մենաստան ուղարկեն... Ու ամեն ինչի խառնողը ծեր թագուհի Նատալյա Կիրիլովնան է... Պյոտրին էլ դրա համար է պսակել... Նրա ասածներով ծառաները, մենակ թե չենք կարողանում իմանալ՝ ով, Իվան ցարին դանդաղ թույն են տալիս, ասեց, դռների առաջ փետ ու գերան են լցրել, ետևի մուտքով է ներսուդուրս անում... Իվան ցարը երկար ապրող չի էս աշխարհում։ Էլ ո՞վ պիտի սիրի ձեզ՝ ստրելեցներիդ։ Ո՞վ պիտի պաշտպան կանգնի»։

— Բա Վասիլի Վասիլևի՞չը,— հարցրեց Օվսեյը։

— Մի մարդուց էին նրանք վախենում՝ Վասիլի Վասիլևիչից։ Իսկ հիմա բոյարները ոտով գլխով կծախեն նրան՝ ղրիմյան անպատվության համար... Պյոտրին կնստեցնեն մեր վզին...

— Լա՜վ, էդ մեկը կտեսնենք... Կսպասեն։ Առաջին անգամ չէ, որ կոչնազանգով ոտի ենք ելել...

— Կամաց գոռա։— Գլադկին Օվսեյի օձիքից բռնեց, մոտեցրեց ու հազիվ լսելի ասաց.

— Մենակ կոչնազանգով մեզ փրկություն չի գա, թեկուզ բոլորին էլ կոտորենք, ոնց որ յոթ տարի առաջ, արմատը չենք պոկի... Հին էգ արջին է պետք բռնել... Արջի ձագի՞ն ինչի բաց թողնենք։ Ի՞նչ է եղել։ Նրան էլ ցցի կհանենք, հարկավոր է, որ ինքներս մեզ փրկենք, տղերք...

Մթին ու սարսափելի էին Նիկիտա Գլադկիի ասածները։ Օվսեյը դողացրեց։ Չյորմնին լցրեց անագե բաժակները.

— Էդ գործը սուսուփուս պիտի արվի... Մի հիսուն հավատարիմ մարդ հավաքենք, գիշերով Պրեոբրաժենսկոյեն կրակ տանք։ Կրակի մեջ դաշույններով վերջները տանք՝ մաս-մաքուր...


8

Ստրելեցների գնդերը վաղուց արդեն տեղաբաշխված էին արվարձաններում, աշխարհազորական կալվածատերերը վերադարձել էին իրենց դաստակերտները, իսկ Կուրսկի և Ռյազանի ճամփաներով շարունակում էին դեպի Մոսկվա շարժվել վիրավորները, անդամալույծներն ու փախստականները։ Գավիթներում խռնված, ցույց էին տալիս զարհուրելի վերքերը, ոռնաձայն բարեսիրտ մարդկանց էին պարզում կտրված ձեռքերը, շրջում անկենդան կոպերը։

— Ձեռ տվեք, ուղղափառ մարդիկ, հրես նետը կրծքիս մեջ...

— Բարեգութ մարդիկ, երկու աչքս դուրս է եկել, կոպալով գլխիս էնքան են տվել, օ-օ-օ-օ՜...

— Մի հոտ քաշի, վաճառական, տես՝ մինչև արմունկ ձեռս փտել է...

— Մեջքիցս երեք տակ կաշի են մաշկել...

— Էս վերքերս ձիու կաթից են... Խղճացեք ինձ, բարեգութ մարդիկ...

Բարեսիրտ ծխականները զարհուրում էին չտեսնված այդ քանակից, կես գոոշանոցներ էին բաժանում։ Իսկ գիշերները խուլ վայրերում կտրած գլուխներով մարդկանց էին հայտնաբերում։ Թալանում էին ճանապարհների, կամուրջների վրա, մութ նրբանցքներում։ Խեղանդամված զինվորները հոծ խմբերով ձգվում էին դեպի մոսկովյան շուկաները։

Սակայն Մոսկվայում էլ լիություն չկար։ Խանութների շարքում շատ կրպակներ գոցվեցին, որոշ վաճառականներ սնանկացան ուժից վեր հարկերից, ոմանք էլ թաքցնում էին ապրանքն ու դրամը՝ լավ օրերի սպասումով։ Ամնն ինչ թանկացավ։ Ոչ ոք դրամ չուներ։ Հաց էին բերում՝ կեղտախառը, միսը որդնած էր լինում։ Ձուկն անգամ փոքրացել, յուղազուրկ էր դարձել կռվից հետո։ Բոլորին հայտնի բլիթավաճառ Զայացն այնպիսի նեխած բաներ էր հանում վաճառքի՝ հոտից որձկում էին մարդիկ։ Մի գեշ ճանճ հայտնվեց՝ կծելուց մարդկանց այտերն ու շրթունքներն ուռչում էին։ Շուկաներում ասեղ գցելու տեղ չկար, բայց որ նայեիր՝ մենակ բաղնիքի ավելներ էին ծախում։ Չարացած, պարապ-սարապ ու քաղցած, աղմկում էր վիթխարի քաղաքը։


9

Միխաիլ Տըյրտովը, հովատակը սանձելով, ուղղեց գլխարկը։ Գեղեցիկ էր, հագած-կապած, ֆերյազի օձիքը՝ գլխից վեր, շրթունքները ներկած, աչքերը քսած մինչև քունքերը։ Կեռ թուրը զրնգում էր պարսկական ասպանդակներին կպչելով։ Առմուտքից նրա կողմը թեքվեց Ստյոպկա Օդոևսկին.

— Ականջ դիր, թե ինչ են ասում... Առանց լսելու, ձեն չհանես...

— Լավ...

— Էդպես էլ կասես՝ թագուհին ու Լև Կիրիլովիչը, կասես, ամբողջ ցորենն առել են, Մոսկվան դիտավորյալ սովի մեջ են պահում... Գեշ ճանճն էլ չմոռանաս, կասես, նրանց կախարդություններից է...

— Լավ։

Սառը հայացքը ձիու ականջների արանքով ուղղած, Տըյրտովը կռացավ ու ամբողջ թափով ձին չափ գցեց բաց դարպասից դուրս։ Փողոցում փոշի էր, գարշահոտություն։ Մինչև գոտկատեղը մերկ, մուգ կարմիր բծերով ծածկված մի մուրացկան, մարդկանց հրմշտելով, բղավեց, ուզեց նետվել ձիու սմբակների տակ։ Տըյրտովը մտրակը շրմփացրեց նրա ուսերին։ Բոլոր կողմերից հարուստ բոյարի կողմը ձգվեցին հողագույն, քոսապատ ձեռքերը պարզած մարդիկ... Խոժոռված, ձեռքը կողքին կանթած Միխաիլը դանդաղ շարժվում էր հոծ բազմության միջով։

— Հարուստ մարդ ես, մի բան տուր...

— Կես գռոշ գցի...

— Բերանով կբռնեմ...

— Փող տուր, փող տուր...

— Տես հա, կեղտ կքսեմ վրադ, ավելի լավ է, տուր...

— Մի բուռ ոջիլ եմ ծախում։ Առ, ձրի կտամ։

— Ոտատակ տուր ինձ, ոտատակ, ուտել եմ ուզում...

Անհանգստացած ձին լկամն էր կրծում, հպարտ բիբը հառած թափահարվող ցնցոտիներին, գիսախռիվ գլուխներին, սարսափելի դեմքերին։ Մուրացկանները և թափառաշրջիկները, ավելի ու ավելի հանդգնացած՝ վրա էին քշում։ Այդպես դանդաղ շարժվեց մինչև Իլյինկայի վերջը։ Գերանի վրա, փոքր սրբապատկերի տակ հրաման կար փակցված։ Բարետես մի մարդ, ժխորը պատռելով, կարդում էր.

«Մենք՝ մեծն արքաներս, քեզ՝ մեր մերձավոր բոյարին ու կնքապահ իշխան Վասիլի Վասիլևիչ Գոլիցինին, ի շահ մեզ քո բազում ու ջանադիր ծառայությանց համար, սրբազան խաչի ու համայն քրիստոնեության հույժ կատաղի և դարավոր թշնամյաց քո ծառայությամբ ոչ պատահական ու անլուր եղանակով թագավորական մեր զորքերով իրենց ապականյալ տներում ջախջախելու և հաղթելու և քշելու համար...»։

Ամբոխի միջից խոպոտ ձայն լսվեց.

— Ովքե՞ր են ջախջախվել ու հաղթվել։ Մե՞նք, թե թաթարները։

Ամբոխն իսկույն թնդաց, բարկացավ.

— Էդ մենք որտե՞ղ ենք թաթարին հաղթել, ե՞րբ։

— Ղրիմում մենք դրանց երեսն էլ չտեսանք...

— Տեսանք, թե ոնց էինք նրանցից փախչում գլխապատառ...

— Էն տխմա՞րն ով է՝ կարդացողը։

— Դպիրի օգնական է Կրեմլից...

— Գոլիցինի ճորտերից է, հավատարիմ շուն...

— Դրա փեշից քաշեք, տեսնենք...

Բարետես մարդը, կոկորդ պատռելով, կարդում էր.

«...թաթարներն իրենք իրենց ու տներն իրենց ավերողները եղան, Պերեկոպում շեներն ու գյուղերը վառեցին և հուսալքությունից ու սարսափից իրենց պիղծ հորդաներով դիմացդ չկանգնեցին... Եվ որ դու զորականներով քո վերոհիշատակյալ աշխարհահռչակ հաղթանակներով մեր սահմանները վերադարձար ողջ ու առողջ՝ Մովսեսից ոչ վատ, ով Իսրայելի ժողովուրդը հանեց Եգիպտոսից, այդ ամենի համար ողորմածաբար ու գերողորմածաբար գովաբանում ենք քեզ...»։

Միաչքանի ու թխամաշկ, երկաթալարի պես մազերով մի մարդ նորից բղավեց.

— Այ կարդացվոր, իմ մասին էդ հրամանում բան չկա՞ գրած։

Ծիծաղեցին։ Ոմանք հայհոյելով հեռացան։ Մի գունդ ցեխ շրմփաց հրամանագրին... «Պահախո՜ւմբ»,— բղավեց կարդացողը, ձեռքով պաշտպանվելով... Տըյրտովը, ձին մարդկանց վրա քշելով, սկսեց մոտենալ միաչքանուն։ Բայց Գնչուն ընդամենը մնացած ատամները մերկացրեց նրա վրա ու չքացավ։ Ինչ-որ մեկը բռնեց երասանից. «Բերեք, սրա շորերը հագից հանենք...»։ Մյուսը մախաթով ծակեց ձիու կողը՝ սա ծուլ եղավ, խռխռացնելով, թափահարվելով։ Սուլոցներ արձակեցին ավազակավարի։ Ոռնոցի, սուլոցի և հայ-հույի տակ Տըյրտովը դուրս պրծավ ամբոխի միջից։

Նիկոլսկիյե դարպասի մոտ նա տեսավ հեծյալ Ստյոպկա Օդոեսկուն և գունատ ու արծվաքիթ, գեղեցիկ բեխիկներով մի մարդու։ Հագուստի անշարժ ծալքերից նկատվում էր, որ ֆերյազի տակից զրահ է հագել։ Տըյրտովը հանեց գլխարկն ու մինչև ձիու բաշը խոնարհվեց Ֆյոդոր Լեոնտևիչ Շակլովիտիին։ Նրա խելացի դեմքը խոժոռ էր, շրթունքներն ամուր սեղմված։ Աչքերը չարացած կկոցել էր ամբոխի վրա։ Օդոևսկին հարցրեց.

— Միշկա, բան ասացի՞ր նրանց։

— Ինքդ գնա ասա... (Տըյրտովի այտերը վառվում էին։) Քաղցած սատանաների համար մեկ է՝ արքայադուստր Սոֆյան կլինի, թե Պյոտրը... Մի երկու հարյուրյակ ստրելեց էր պետք էստեղ, ցրիվ տային սրիկաներին, ու վերջ...

— Նրանց մոտ ավելի ճարպիկ մարդ է պետք ուղարկել,— ատամների արանքից ասաց Շակլովիտին,— հրահրել, որ գնան Պրեոբրաժենսկոյե, հաց խնդրելու... Թող ռազմախաղի զինվորները նրանց դիմավորեն... Կասենք, թե Պյոտր ցարի հրամանով, գերմանացիները ռուսներին սպանում են... (Օդոևսկին ծիծաղեց)։ Առանց հապաղելու, գնացեք ու ստրելեցներին ասեք այդ մասին... Ես էլ հուսալի մարդիկ կուղարկեմ շուկաները... Հարկավոր է ժողովուրդը Մոսկվայից հեռացնել, մեզ ահազանգ պետք չէ, միայն ստրեյեցներով գլուխ կհանենք...


10

Անտառի թավուտից Պերեյասլավսկոյե լճի ափը հասավ ամբողջովին փոշեկոլոլ, չորս տարբեր ձիեր լծած ճանապարհային մի կառք։ Ծանրումեծ կառապանը և ոտաբոբիկ, առջևի ձախ ձին նստած մուժիկը չորս կողմը նայեցին։ Ամենուրեք գերաններ ու տախտակներ էին ընկած, ծպեղի կիտուկներ, կպրի ջարդոտած տակառիկներ։ Ու՝ ոչ մի կենդանի շունչ, տեղ-տեղ հնչեղ խռռոց էր լսվում միայն։ Ափից ոչ հեոու կպրած չորս նավեր էին կանգնած, բարձրադիր, դրվագված փայտով զարդարված խելերը քառակուսի պատուհաններով, արտացոլվել էին կանաչավուն ջրի մեջ։ Կայմերի արանքներով ծովորորներ էին թռչում։

Կառքից իջավ Լև Կիրիլովիչը, կնճռոտվելով, գոտկատեղը տրորեց՝ ճանապարհին ցավացրել էր. չնայած դեռ ծեր չէր, սակայն գիրացել էր խմիչքի նկատմամբ իր անզսպությունից։ Սպասում էր, մինչև մեկնումեկը երևա։ Ծուլանալով ձայն տալ, մրթմրթում էր։ Կառապանը, աչքն արևից կկոցելով, ասաց.

— Հանգստանում են... ճաշի ժամ է...

Իրոք, հովին, գերանների ու տակառների ետևից կամ տրեխավոր ոտքեր էին երևում, կամ գոտկատեղը բացած կեղտոտ շապիկ, կամ չսանրված գլուխ։ Հեծյալ մուժիկը, ալարկոտ բոյարինին օգնելու համար, ձայն տվեց բարձր.

— Է-է՜յ, արթուն մարդ կա՞, ուղղափառներ...

Այդժամ կառքի մոտ ընկած ճոպանների ետևից խմածությունից ուռած, ոչ ռուսական, քառորդ արշինանոց սև բեխերը դեսուդեն տնկած մի դեմք բարձրացավ, կոտրատված գռմռալով.

— Ի՞նշ ես կոռում, հիմառ...

Կառապանը նայեց բոյարինին՝ սրան մի չհսացնի՞ մտրակով։ Բայց Լև Կիրիլովիչը չթողեց, ով իմանա, Պյոտր ցարի գեներալներն էլ են հարբած պառկում հողերի մեջ։ Արժանապատվությունը պահպանելով, հարցրեց, թե որտեղ է ցարը։

— Սատանան կիտի որդեխ,— պատասխանեց բեխավոր գլուխն ու նորից ընկավ ճոպաններին։ Լև Կիրիլովիչը քայլեց ափով, ռուսի տեսքով մեկնումեկին գտնելու, և այլևս չերկնչելով, տրեխավոր մեկին բոթեց ոտքով։ Աչքերը ճպճպացնելով վեր թռավ մի հյուսն մուժիկ, պատասխանեց.

— Առավոտից Պյոտր Ալեքսեևիչը նավ էր քշում, թնդանոթ կրակում, կարող է հոգնած, քնած լինի։

Պյոտրին գտան նավակի մեջ՝ գյուխը կաֆտանով փաթաթած, քնած էր։ Լև Կիրխովիչը բոլորին հեռացրեց նավակի մոտից ու սպասեց, մինչև, քրոջորդին բարեհաճի ուշքի գալ։ Պյոտրն անուշ խռմփացնում էր։ Հոլանդական լայն շալվարի փողքերի միջից երևում էին նրա բաց ու բարակ ոտքերը, կոշիկները՝ բոբիկ թաթերին։ Մի երկու անգամ իրար քսեց ոտքերը, քնի մեջ քշելով ճանճերին։ Ու դա հատկապես մտահոգեց Լև Կիրիլովիչին... Գահը մազից է կախված, իսկ սրան՝ տեսե՜ք հապա, ճանճերն են անհանգստացնում...

Բոյարները հիմա արդեն բարձրաձայն էին խոսում Կրեմլում. «Մի ճանապարհ է մնացել Պյոտրին՝ ուղիղ մենաստան։ Դարձել է քեֆչի, զինվորների ընկերը, ցարական թագը պանդոկում զառով կտարվի»։ Կրեմլում նորից շրջում էին հարբած ստրելեցները, լկտիաբար ձեռքերը կողերին կանթելով, երբ մեծավորներից մեկնումեկն անցնում էր։ Այդ թրերի տեսքից արբեցած Սոֆյան սարսափելի էր դարձել, գժվել։ Անփառունակ նվաճող Գոլիցինը, ագռավի պես մռայլված, փակվել էր պղնձակուռ իր ապարանքներում, տեսակցության թույլտվություն էր տալիս մենակ Շակլովիտիին ու Սիլվեստր Մեդվեդևին։ Բոլորը հասկանում էին, որ հիմա կամ խայտառակ կերպով պիտի հեռանա գործերից, կամ արյամբ ձեռք բերի գահը։ Կրեմլի վրա ամպրոպաբեր ամպեր էին կուտակվել...

Իսկ սա քնած է նավակի մեջ, պետքն էլ չէ...

— Ա՜, քեռի, բարև, Կոտ Կիրիլիչ։

Պյոտրը նստեց նավակի կողին՝ արևախանձ, կեղտոտ, երջանիկ։ Աչքերը թեթևակի ուռել էին, քթի կաշին պլոկվել, նոր աճած բեխերի ծայրերը վեր էին ոլորած...

— Ինչի՞ ես եկել։

— Քեզ տանելու, տեր արքա,— խստադեմ պատասխան տվեց Լև Կիրիլովիչը,— ու ոչ թե մանր-մունր բաների համար, գործերն այնպիսին են հիմա, որ անպայման Մոսկվայում պիտի լինես, առանց քեզ ետ չեմ գնա...

Լև Կիրիլովիչի գիրուկ դեմքը դողդողաց, գլխարկի տակից քունքերին քրտինք ծորաց։ Պյոտրը զարմացած նրան էր նայում, էհե՜, երևում է, գործերն այնտեղ վատ են, եթե ալարկոտ քեռին է այսպես իրար անցել։ Պյոտրը կռացավ նավակի վրայով ու ջուր խմեց բռով, շալվարը քշտեց։

— Լավ, լավ, մի քանի օրից կգամ...

— Ոչ թե մի քանի օրից, այսօր։ Ժամ կորցնել չի կարելի (Լև Կիրիլովիչը մոտեցավ, բերանը հազիվ հասցնելով զարմիկի ականջին։) Նախորդ գիշեր Պրեոբրաժենսկոյեի մոտերքում, Յաուզայի մյուս ափին, թփերի մեջ ավելի քան հարյուր ստրելեց են տեսել, դարան մտած։ (Պյոտրի ականջն ու վիզը ակնթարթորեն շառագունեցին։) Զինվորները Պրեոբրաժենսկոյեում ամբոդջ գիշեր ջահեր են վառել, փողեր փչել... Դիմացիններն էլ վախեցել են գետակն անցնել... Հետո Մոսկվայում լսել են՝ ստրելեց Օվսեյ Ռժովն է ասել, թե իրենք պայմանավորվել են, որ հենց Պրեոբրաժենսկոյեի պալատում գիշերն աղմուկ բարձրացավ, պատրաստ պիտի լինեն, պալատից ում հանձնեն իրենց, կոտորելու են անխտիր...

Պյոտրը հանկարծ ձեռքով փակեց աչքերը՝ մատները սեղմվեցին դեմքին։ Լև Կիրիլովիչը շարունակեց պատմել, թե ինչպես Շակլովիտին զանազան կոկորդ պատռողներ է ուղարկում շուկաները, որ քաղցած ժողովրդին հրահրեն գնալ Պրեոբրաժենսկոյեն թալանելու.

— Ժողովուրդը կապը կտրել է, մի մտածմունք ունի՝ ձեռքը գցել, թալանել։ Սոֆյան էլ հենց մենակ նոր խառնակության է սպասում... Նրան հավատարիմ ստրելեցները Սպասսկի աշտարակի ահազանգի կոչնակին արդեն պարան են կապել։ Վաղուց զարկած կլինեին, միայն թե ստրելեցների գնդերը, վաճառականների հարյուրյակները և պոսադները երկմտում են՝ բոլորն են հոգնել ահազանգից... Ժամանակն է այդպիսին. բոյարները, պաշարվածի պես, նստած են իրենց տներում... Քույրս՝ Նատալյա Կիրիլովնան կորցրել է իրեն... (Լև Կիրիլովիչը հակվեց նրա ուսին, հարազատավարի փղձկաց։) Պետրուշա, ի սեր աստծո, աղաչում ենք, ցույց տուր քեզ ցարական քո ամբողջ շուքով, ձայնդ բարձրացրու.... Կարոտ ենք մնացել ցարի՝ ոտքդ գետին խփիր, մենք էլ կօգնենք... Ոչ թե մենակ մեզ, մեր թշնամիներին էլ է ձանձրացրել Վասկա Գոլիցինը, Սոնկան բոլորի բկին է կանգնել....

Պյոտրը բազմիցս լսել էր այդ խոսքերը, բայց այսօր քեռու փղձկախառն շշնջոցը սարսափ հարուցեց... Կարծես նորից լսեց այն աղաղակները, որոնցից մազերը բիզ-բիզ են կանգնում, տեսավ ծուռ բացված բերաններ, փքված վզեր, պարզած նիզակների ծայրերը, որոնց վրա ծանր-ծանր ընկավ Մատվեևի մարմինը... Մանուկ օրերի մարմնական սարսափը... Ու ծռվեց նրա բերանը, աչքերը դուրս պրծան, անտեսանելի մի սայր խրվեց վիզը, ականջի տակ։

— Պետենկա՜։ Տեր թագավոր, աստված քեզ հետ։— Լև Կիրիլովիչը բռնեց քրոջորդու ցնցվող ուսերը։ Պյոտրը ցնցվում էր նրա ձեռքերի մեջ, բերանից փրփուր շաղ տալով։ Զայրույթ, սարսափ ու շփոթմունք կար նրա անկապ բղավոցների մեջ։ Վեր թռան մարդիկ, վախեցած շրջապատեցին դիվոտած Պյոտրին։ Բեխավոր Պամբուրգը թասով օղի բերեց։ Պյոտրը, փոքր երեխայի պես, թափթփում էր օղին, չէր խմում՝ ատամներն ուժով սեղմված էին։ Նրան քարշ տրվեցին Լև Կիրիլովիչի կառքի կողմը, բայց Պյոտրը, քացի-քացի անելով, հրամայեց իրեն պառկեցնել խոտի վրա։ Սսկվեց... Հետո նստեց, ձեռքերով ոսկրոտ ծնկները գրկած։ Նայում էր լճի պայծառ մակերեսին, ուր ծովորորներ էին թռչում կայմերից վեր։ Ինչ-որ տեղից ճոճվելով հայտնվեց Նիկիտա Զոտովը։ Առավոտյան զորախաղի առթիվ իշխան-պապի քղամիդով էր, գզուզ մազերով, փոչոտված, մորուքր մեջ՝ դարմանի ծեղեր։ Նստելով Պյոտրի կողքին, նրան նայեց խղճալի, մորուքավոր կնոջ էր նման.

— Պյոտր Ալեքսեևիչ, լսիր ինձ՝ անխելքիս...

— Գրողի ծոցը կորիր...

— Կորեմ, կորեմ... Շատ խաղացինք... Պետք է վերջ տալ... երեխայական խաղերը...

Պյոտրը շրջվեց։ Նիկիտան չոքեչոք սողաց, որ մյուս կողմից նայի նրա դեմքին։ Պյոտրը հրեց Նիկիտային ու լուռ բարձրացավ կառք։ Լև Կիրիլովիչը փութով խաչակնքեց, առաջ վազելով...


11

Ուսպենսկի տաճարում ցերեկային ժամերգությունն ավարտվում էր։ Պատրիարքական երգչախումբը ձախակողմյան դասում և պալատականը՝ աջակողմյան դասում, փոխնիփոխ թնդացնում էին մուգ ոսկյա կամարները մերթ պատանեկան քաղցր ձայներով, մերթ թավ կոկորդների բոմփյունով։ Սրբապատկերների ոսկյա շրջանակների առաջ մեղմ ճրթճրթոցով վառվող մոմերի խարույկը լուսավորում էր բոյարների բորբոքված դեմքերը։ Ժամերգությունը պատրիարքն էր անցկացնում՝ ասես սուզդալյան ոճի նահատակ լիներ, պատկերատախտակից իջած, կենդանի էին միայն աչքերը, նաև անուժ ձեռքերն ու նեղ, պորտահաս մորուքը, որ շարժվում էր ծանր շուրջառի վրա։ Տասներկու աժդահա սարկավագ, գիսախռիվ ու գազանակերպ, ծանր բուրվառներն էին շրխկշրխկացնում։ Խունկի քուլաների մեջ լողում էր պատրիարքը, միտրոպոլիտներն ու ավագերեցները՝ աջ և ահյակ կողմերում։ Ավագ սարկավագի ձայնը, թունդ գինու պես, տարածվում էր ամբողջ տաճարում։ Երրորդ Հռոմն էր սույնը։ Բերկրում էր ռուսական գոռոզ սիրտը։

Թագավորական տեղում ալ հովանու տակ կանգնած էր Սոֆյան։ Աջ կողմում ցար Իվանն էր՝ կոպերը կիսախուփ, հիվանդ դեմքին այրվում էին այտոսկրերը։ Ձախ կողմում երկարահասակ Պյոտրն էր կանգնած, կարծես Ծննդյան տոներին թագավորական զգեստ էին հագցրել մուժիկին, այն էլ վրան կարճ եկող զգեստ։ Թաշկինակները բերաններին տանելով, քթի տակ ծիծաղում էին բոյարները, նրան նայելով, անճոռնի մի պատանյակ, կանգնել իսկ չգիտե, սագի պես ծռոտն դոփդոփում է, չի կարողանամ վիզը ձիգ պահել... Սոֆյան գոնե հասկանում է արքայական կարգը։ Ոտքերի տակ, բարձր լինելու համար, աթոռակ էր դրված։ Դեմքը խաղաղ էր, ձեռքերը կրծքին խաչած, մատները, կուրծքը, ուսերը, ականջները, թագը շողշողում էին քարերի բոցերից։ Ասես Կազանյան տիրամայրն էր կանգնած հովանու ներքո... Իսկ այդ կուկույական քեֆչու բերանի անկյուններից ելունդներ են փքվել, կարծես հենց հիմա պիտի խածնի, միայն թե ուժը չի հերիքի... Աչքերը չար են ու հպարտ... Ու ամեն ինչից երեում է, որ բարեպաշտության մասին չի էլ մտածում...

Ժամերգությունն ավարտվեց։ Իրար անցան եկեղեցական սպաասվորները։ Երերացին խաչվառները, փայլարե լապտերները, վեր հանած խաչերն ու սրբապատկերները։ Ետ քաշված բոյարների ու ազնվականների միջով շարժվեց խաչերթը։ Պատրիարքը, որի թևերից սարկավագներն էին բռնել, գլուխ խոնարհեց թագավորներին, խնդրելով ըստ սովորության, Կազանյան տիրամոր սրբապատկերը վերցնել ու շարժվել դեպի Կարմիր հրապարակ, Կազանյան տաճար։ Մոսկովյան միտրոպոլիտը պատկերը մոտեցրեց Իվանին։ Ցարը քաշքշեց ցանցառ մորուսը, ետ նայեց Սոֆյային։ Սա անշւսրժ, արձանի պես նայում էր փայլարե պատուհանից ընկնող շողին...

— Տեղ չեմ հասցնի,— հեզությամբ ասաց Իվանը,— կգցեմ...

Այդ ժամանակ միտրոպոլիտը, սրբապատկերը Պյոտրի մոտով տարավ, Սոֆյային տալու։ Մատանիների մեջ կորած նրա ձեռքերը բաժանվեցին կրծքից և ամուր, գիշատչի պես ճանկեցին պատկերը։ Շարունակելով շողին նայել, իջավ աթոռակից։ Վասիլի Վասիլևիչը, Ֆյոդոր Շակլովիտին, Իվան Միլոսլավսկին՝ բոլորն էլ սամույրե մուշտակներով, անմիջապես մոտեցան կառավարչուհուն։ Տաճարում լռության տիրեց։

— Տո՛ւր... (Բոլորը լսեցին՝ անորոշ ու խուլ ասաց մեկը։ Տո՛ւր... Արդեն ատելությամբ, բարձրաձայն ասաց։)— Ու երբ նայեցին Պյոտրին, հասկացան, որ նա է ասողը... Դեմքը շառագունած էր, աչքերն ոլորում էր բվեճի պես, բռնեց հովանու ոսկյա պարույրաձև ու բարակ սյունից, հովանին իրար եկավ...

Սակայն Սոֆյան ընդամենը հապաղեց փոքր-ինչ, առանց շրջվելու, առանց երկյուղելու։ Տաճարով մեկ, բեկվող ձայնով, բացեիբաց ասաց Պյոտրը.

— Իվանը չի գալիս, ես կգամ... Դու քո սենյակը գնա... Տուր սրբապատկերը... Կնոջ գործ չէ դա... Ես թույլ չեմ տա...

Աչքերը բարձրացածով, քաղցրաձայն, ասես այս աշխարհից չլիներ, Սոֆյան բարբառեց.

— Երգիչներ, տեր, ուղղյա երգեցեք...

Ապա իջնելով, դանդաղաքայլ գնաց բոյարների շարքի միջով՝ կարճլիկ ու փարթամ։ Պյոտրը նայեց նրա ետևից, երկար վիգը ցցած։ (Բոյարները դեմքերը թաղեցին թաշկինակների մեջ՝ ծիծաղեի՞ն, թե՝ լաց լինեին։) Քրոջ ետևից զգուշությամբ շարժվող Իվանը շշնջաց.

— Դե լավ, Պետրուշա, հաշտվիր նրա հետ... Ինչի եք վիճում, ինչ ունեք կիսելու...


12

Աթոռի վրա առաջ հակված Շակլովիտին ակնապիշ նայում էր Վասիլի Վասիլևիչին։ Մորեգույն մետաքսի պարեգոտով Սիլվեստր Մեդվեդևը, զգուշորեն առանձնացնելով ու կծելով սեփ սև մորուքի մազերը, նույնպես նայում էր Գոլիցինին։ Ննջարանի սեղանին միայն մի մոմ էր վառվում։ Մահճակալի ամպհովանու վրայի ջայլամի փետուրները ստվերներ էին նետում ամբողջ առաստաղով մեկ, ուր թևավոր ձիերը, թռչող մանկիկներն ու մերկասրունք աղջիկները պսակ էին դնում Վասիլի Վսաիլևիչի դեմքն ունեցող հերոսի գլխին։ Ինքը՝ Վասիլի Վասիլևիչը, պառկած էր թախտին, արջի մորթիների վրա։ Ղրիմյան արշավանքի ժամանակ ստացած դողէրոցքն էր ցնցում նրան։ Մինչև քթատակը փաթաթված էր սկյուռի քուրքով, ձեռքերը թևքերի մեջ էր մտցրել։

— Ոչ,— ասաց նա, երկար սպասելուց հետո,— չեմ կարող այդ խոսքերը լսել... Աստված է կյանք պարգևել, միայն աստված էլ կարող է վերցնել...

Զայրացած Շակլովիտին գլխարկը խփեց ծնկանը, դարձավ ու նայեց Մեդվեդևին։ Սա երկար չմտածեց.

— Ասված է՝ «վրիժառու կուղարկեմ», և սույնն այսպես պետք է հասկանալ, ոչ թե աստծո կողմից է վերցվում կյանքը, այլ նրա կամքով մարդու ձեռքով...

— Տաճարում բղավում է, կարծես պանդոկ լինի,— տաքացած միացավ Շակլովիտին։— Սոֆյա Ալեքսեևնայի ուշքը մինչև հիմա գլուխը չի գալիս, այնպես է վախեցել... Գայլաձագ ենք մեծացրել՝ փորձանք է գալու նրանից... Սպասեք Մոսկվա մտնի իր ռազմախաղի զորքով, երեք հազար կլինեն, եթե ոչ ավելի։ Պարապ, չբանեցրած ձիերի պես ուժեղ... ճիշտ չե՞մ ասում, Սիլվեստր։

— Մարդկանց աղքատացում և ուղղափառ եկեղեցուն վիրավորանքներ սպասեք նրանից, նաև թափված արյան հեղեղներ... Երբ նրա բախտացույցն էի կազմում, մազերս բիզ-բիզ կանգնեցին, բոլոր բառերը, թվերը, գծերը արյան մեջ կորած էին... Աստված վկա... Վաղուց է ասված, սպասեք այդ բախտացույցին...

Վասիլի Վասիլևիչը կռթնեց արմունկին՝ գունատ, հողի գույն ստացած...

— Սուտ չե՞ս ասում, տերտեր։ (Սիլվեսարը թափ տվեց լանջախաչը։) Ինչերի՞ց ես խոսում։

— Վաղուց էինք սպասում այդ բախտացույցին,— կրկնեց Մեդվևդևն այնքան տարօրինակ, որ Վասիլի Վասիլևիչի դողէրոցքը սառնոթյամբ շամփրեց ողնաշարը։ Շակլովիտին վեր թռավ, արծաթյա շղթաները զնգացնելով, թուրն ու գլխարկը թևատակը դնելով։

— Ուշ կլինի, Վասիլի Վասիլևիչ... Տես հա, մեր գլուխները ցցի կհանեն... Դանդաղում ես, վախենում, մեր ձեռուոտն էլ ես կապել...

Աչքերը փակելով, Վասիլի Վասիլևիչն ասաց.

— Ես ձեր ձեռուոտը չեմ կապում...

Այլևս ոչ մի բառ չլսեցին նրանից։ Շակլովիտին գնաց, դրսից լսվեց, թե ինչպես ձին կատաղած քշեց դարպասից դուրս։ Նստելով սնարի մոտ, Մեդվեդևը սկսեց խոսել պատրիարք Յոակիմի մասին՝ երկերեսանի է, տխմար, թույլ։ Երբ զգեստարանում նրան հագցնում են, միտրոպոլիտները բոթբոթում են, ետեից հայհոյանշաններ ցույց տալիս ու զվարճանում։ Երիտասարդ, ուսյալ պատրիարք է պետք, որպեսզի եկեղեցին պարտեզի պես փթթի զվարթ...

— Քո թագն, իշխան, աստվածային այն որթերով կպարուրի։ (Ականջն էր խտղտացնում սանդալայուղով ու վարդայուղով օծված մորուքով...) Ասենք՝ ես, ոչ, ոչ, չէի հրաժարվի պատրիարքական շուրջառից... Կծաղկեինք... Գուշակ Վասկա Սիլինը Իվան Մեծի զանգակատնից արևին է նայել մատների արանքից ու այս ամենը տեսել արեգակի վրա՝ նշաններով... Խոսիր Սիլինի հետ... Ինչ վերաբերում է Յոակիմին, ամեն շաբաթ նրան չորս դույլ ձուկ են գաղտնի բերում Պրեոբրաժենսկոյեից... Ու նա ընդունում է...

Մեդվեդևն էլ գնաց։ Այդժամ Վասիլի Վասիլևիչը բացեց սառն աչքերը։ Ականջ դրեց։ Դռան ետևում խռմփացնում էր իշխանական մահճապետը։ Բակի սալաքարերի վրա քայլում էին պահպանները։ Մոմն առնելով, Վասիլի Վասիլևիչը բացեց ամպհովանու ետևի գաղտնի դուռը և սկսեց իջնել թեք աստիճաններով։ Դողէրոցքից սրթսրթում էր, մտքերն իրար էին խառնվել։ Կանգ էր առնում, մոմը գլխից վեր պարզում, սարսափով ցած էր նայում, խավարին...

«Հրաժարվե՞մ մեծ հղացումներից, գնամ վոտչինա։ Թող անցնի խառնակությունը, թող առանց ինձ միմյանց կոկորդ կրծեն, անցնի կատաղությունները... Լավ, իսկ խայտառակությո՞ւնը, անպատվությո՞ւնը։ Կասեն՝ մեծ գնդեր էր առաջնորդում, հիմա էլ սագ է արածացնում իշխան Վասիլին... (Մոմը ցնցվեց սառած ձեռքի մեջ։) Ձեռքը թագին էր գցել՝ հավ է փետրում... (Ատամներն իրար զարկելով, մի քանի աստիճան իջավ։) Ուրեմն, ի՞նչ է մնում՝ ինչպես Սոֆյա՞ն է ուզում, Շակլովիտի՞ն, Միլոսլավսկինե՞րը... Սպանե՜լ։ Եթե ոչ, ապա նա՞ կսպանի։ Իսկ եթե ուժներս չպատի՞։ Մութ գործ է, անհայտ, անհաստատ գործ... Տեր աստված, ճանապարհ ցույց տար... (Խաչակնքեց, հենվելով աղյուսե պատին։) Այս ընթացքում գոնե տենդով հիվանդանայի...»։

Ցած իջնելով, Վասիլի Վասիլևիչը դժվարությամբ դեն տարավ երկաթյա սողնակը և մտավ կամարակապ մի նկուղ, որի անկյունում թաղիքի վրա պառկած էր կախարդ Վասկա Սիլինը՝ շղթայակապ...

— Բոյարին, աստծու սիրուն, ինչի՞ համար ես ինձ... Ես արդեն...

— Վեր կաց...

Վասիլի Վասիլևիչը մոմը դրեց հատակին, պինդ փաթաթվեց քուրքի մեջ։ Օրերս էր հրամայել բռնել Մեդվեդևի մոտ ապրող Վասկա Սիլինին ու շղթայակապ անել. Վասկան սկսել էր ավելորդ բաներ դուրս տալ, որ իշխանավոր մարդիկ իրենից սիրելու թուրմ են առնում ու վերևներում խմեցնում այնպիսի մարդու, ում անունը տալն անգամ սարսափելի է, և դրա համար իրեն տունուտեղ են տալու Մոսկվայում, առանց փողի քեֆ քաշելու թույլտվություն...

— Նայե՞լ ես արևին,— հարցրեց Վասիլի Վասիլևիչը։

Վասկան, մրթմրթալով, ընկավ իշխանի ոտքերը, երկու տեղ չպպոցով պաչեց նրա ոտքերի տակի հողը։ Վեր կացավ՝ կարճլիկ, պնդակազմ, արջի պնչով, ճաղատ, թավ հոնքերը քթարմատից շեղակի ելնում էին մինչև խուճուճ մազերը, ներս ընկած աչքերը անզուսպ խենթությամբ էին կրակվում։

— Առավոտ կանուխ ինձ տարան զանգակատուն, մի ուրիշ անգամ էլ ճիշտ կեսօրին։ Ինչ տեսել եմ, չեմ թաքցնի...

— Կասկածելի է,— ասաց Վասիլի Վասիլևիչը,— երկնային լուաստու է, ի՞նչ նշաններ պիտի լինեն վրան։ Սուտ ես ասում...

— Նշաններ, նշաններ... Մենք սովոր ենք մատների միջով նայելուն, ու կարծես մարգարեություն է իջնում վրաս, գրքի պես կարդում եմ... Ինչ ասեմ, կան, որ կվասի մրուրով են նայում, լուսնին բռնած մաղով են նայում... Շնորհքի բան է, ինչի՞ չէ... Ախ, իմ տեր ու տիրական,— Վասկա Սիլինը հանկարծ ֆսֆսացրեց իր արջի պնչով, ճոճվեց, ակնապիշ նայելով իշխանին։— Ախ, ողորմած իմ տեր... Ամեն բան տեսա, ամեն բան գիտեմ... Կանգնած էր մի ցար՝ երկար, սևամազ, ու թագն իրար էր գալիս մեջքի վրա... Մյուս ցարը շիկամազ էր... ահ, վախենալի է ասելը, երեք մոմ ուներ գլխին... ցարերի արանքում էլ երկու հոգի իրար կպած, անիվի պես գլորվում էին, ոնց որ մարդ ու կնիկ։ Երկուսի գլխին էլ թագ, արևն էլ նրանց արանքից հո չէր վառում...

— Չեմ հասկանում ինչեր ես դուրս տալիս,— Վասիլի Վասիլևիչը, մոմը վերցնելով, ետ-ետ գնաց։

— Ամեն ինչ քո ուզածով կլինի... Ոչ մի բանից մի վախենա... Պինդ կաց... Իմ տված խոտն էլ խառնիր, խառնիր՝ ավելի հաստատ կլինի... Դադար մի տուր աղջկան, տաքացրու նրան, տաքացրու... (Վասիլի Վասիլևիչն արդեն դռան մոտ էր։) Ողորմած տեր, հրաման տուր, շղթաս արձակեն... (Նա տեղից պոկվեց շղթայակապ շան պես։) Հրաման տուր, ուտելիք բերեն, երեկվանից բան չեմ կերել...

Երբ դուռը փակվեց, նա ոռնաց, շղթան զնգացնելով, ողբալով այլանդակ ձայնով...


13

Ստրելեցների հիսնապետներ Կոպմա Չյորմնին, Նիկիտա Գլադկին և Օբրոսիմ Պետրովը ուժասպառ էին եղել ստրելեցների արվարձանները գրգռելով ու հրահրելով։ Ներս էին ընկնում խրճիթները, դռները տեղահան անելով՝ «Ի՜՞նչ եք էստեղ քնել ձեր կնանոց հետ, շուտով բոլորիս գլուխները թռցնելու են...»։ Կենտրոնական բակերում սարսափազդու բղավում էին. «Կպրով նշան կանենք բոյարների տներն ու վաճառականների խանութները, կթալանենք, ավարն իրար մեջ կբաժանենք... Հիմի նորից ազատություն է»։ Շուկաների հրապարակներում նամակներ էին գցում գողունի և հենց տեղում էլ, մոլեգնած հայհոյելով, կարդում ժողովրդին...

Բայց ստրելեցները թաց ցախի պես թշշում ու չէին վառվում՝ խռովության հրացոլքը չէր բարձրանում։ Վախենում էին նաև. «Հապա տես, թե ինչքան սրիկա ժողովուրդ է հավաքվել Մոսկվայում, ահազանգ խփեցինք, ամեն ինչ ցրիվ կտան, մեր ունեցվածքին էլ տեր չենք լինի...»։

Մի անգամ Մյասնիցկիյե դարպասի մոտ, վաղ աոավոտյան չորս պահապան ստրելեց գտան ուշագնաց, գլուխները ջարդած ու հոդախախտ։ Քարշ տվեցին Ստրեմյաննի գունդ, կենտրոնական խրճիթ։ Մարդ ուղարկեցին Ֆյոդոր Լեոնտևիչ Շակլովիտիին կանչելու, և երբ նա եկավ, պատմեցին.

«Դարպասի մոտ պահակ էինք կանգնած, աստված վկա, խմած չէինք։ Լույսը բացվելու վրա էր... Հանկարծ ամայուտից վրա պրծան ձիավորներ ու տուր թե կտաս մեզ կոպալներով, լախտերով ու չեկաններով... Ամենքից կատաղածը մի չաղ մարդ էր, սպիտակ ատլասից կաֆտանով, բոյարի գլխարկով։ Մնացածները նրան հանգստացնում էին. «Հերիք խփես, Լև Կիրիլովիչ, ծեծելով կսպանես...»։ Բայց նա բղավում էր. «Դեռ սպասե՜ք, անիծված ստրելեցներից եղբայրներիս վրեժն առնելու եմ...»։

Շակլովիտին, քթի տակ ծիծաղելով, լսում էր։ Վերքերը զննեց։ Մի կտրված մատ վերցնելով, առմուտքից ցույց տվեց շրջապատող մարդկանց ու ստրելեցներին։ «Այո,— ասաց,— երևում է շուտով ձեր ոտքերից էլ են բռնած քարշ տալու...»։

Զարմանալի էր։ Հավատալ չէր լինում, որ Լև Կիրիլովիչը հանկարծ սկսեր այդպես մոլեգնել։ Իսկ Գլադկին, Պետրովն ու Չյորմնին արվարձաններում տարածում էին, թե Լև Կիրիլովիչն ու ընկերները գիշերները դուրս են գալիս, դեսուդեն աչք ածում, ճանաչում, թե յոթ տարի առաջ ով է թալան արել Կրեմլում, ու ծեծելով սպանում են... «Բա ի՜նչ,— պատասխանում էին ստրելեցները,— գողության համար հո գլուխները չէին շոյելու...»։

Երեք օր անցավ, ու նորից Պոկրովսկիյե դարպասի մոտ նույն ձիավորները, չաղ բոյարինի գլխավորությամբ, հարձակվեցին պահաջոկատի վրա, ծեծեցին չեկաններով, մտրակներով ու թրերով, շատերին վիրավորեցին... Գնդերում տեղ-տեղ ահազանգ խփեցին, բայց ստրելեցները վերջնականապես վախեցան, դուրս չեկան... Գիշերները սկսեցին փախչել պահակակետերից։ Պահանջեցին, որ հարյուրից ոչ պակաս պահախմբեր կազմեն թնդանոթներով... Կարծես հմայված լինեին՝ անչափ հնազանդ էին դարձել ստրելեցները...

Իսկ հետո լուր տարածվեց, որ այդ կտրիճ ձիավորներից մի քանիսին ճանաչել են՝ Ստյոպկա Օդոևսկուն, Միշկա Տըյրտովին, որ նրա մոտ էր ապրում, իբրև սիրեկան, Պյոտր Անդրեևիչ Տոլստոյին, իսկ ճերմակ կաֆտանով մարդն իբր ամենևին էլ բոյարին չէր, այլ ատենավորի օգնական Մատվեյկա Շոշինը, արքայադստեր մոտիկ մարդկանցից մեկը։ Ձեռքերն էին տարածում՝ ի՞նչ նպատակ են հետապնդում իրենց գժությունները։

Լավ չէր վիճակը Մոսկվայում, խռովահույզ էր։ Ամեն գիշեր շուրջ հինգ հարյուր պահակ էին ուղարկում Կրեմլ։ Այնտեղից վերադառնամ էին հարբած։ Սպասում էին, որ հրդեհներ են լինելու։ Պատմում էին, թե հնարամիտ կառուցվածքի ձեռքի նռնակներ են պատրաստել, և Նիկիտա Գլադկին դրանք ծածուկ տարել է Պրեոբրաժենսկոյե, գցել ճանապարհին, որով Պյոտր ցարը պիտի անցներ, բայց դրանք չեն պայթել։ Բոլորն ինչ-որ բանի էին սպասում, շունչները պահած։

Պրեոբրաժենսկոյեում, Պյոտրի գալուց հետո, անդադար որոտում էին թնդանոթները։ Ճանապարհների վրա, ուղեփակոցների մոտ սափրված զինվորներ էին կանգնած՝ կնկա մազերով, լայնեզր գլխարկներով, կանաչ կաֆտաններով։ Մի քանի անգամ թափառական ամբոխը, շուկաներում կոկորդ պատռելուց հետո, պատրաստվում էր Պրեոբրաժենսկոյե գնալ՝ ամբարները թալանելու, բայց Յաուզա չհասած, դեմ էին առնում զինվորների, որոնք սպառնում էին կրակել։ Բոլորը հոգնել էին. շուտ անեին, մեկը մյուսին կուլ տային կամ Սոֆյան Պյոտրին, կամ Պյոտրը Սոֆյային... Միայն թե ինչ-որ բան հաստատվեր...


14

Մյասնիցկայայի ուղեփակոցների միջով առաջանում էր հեծյալ Վասիլի Վոլկովը։ Ամեն քայլափոխին կանգնեցնում էին, ու նա պատասխանում էր. «Պյոտր ցարի սեղանապետն եմ, ցարական հրամանագիր եմ տանում...»։ Լուբյանսկայա հրապարակում խարույկների կրակը լուսավորում էր ցածլիկ աշտարակը, ծեփաթափ ատամնավոր պարիսպները, որոնք թաղված էին Նեգլիննայայի խավարի մեջ։ Օգոստոսյան աստղալից երկինքն ավելի սև էր թվում, հրապարակը եզերող ցցապատերից ու ցանկապատերից այն կողմ ընկած ծառաստանները՝ ավելի թավ ու խորը։ Փայլում էին գետնատարած եկեղեցիների խաչերը։ Աջ կողմում, Ստրեմյաննի գնդի երկարուկ խրճիթի մոտ, տեգակիր մարդիկ կային նստած։

Վոլկովին հրամայված էր (աննշան մի գործով Կրեմլ էր ուղարկված) տեսնել, թե ինչ է կատարվում քաղաքում։ Հրամայել էր Բորիս Ալեքսեևիչ Գոլիցինը, որ հիմա գիշեր ու ցերեկ Պրեոբրաժենսկոյեում էր մնում։ Թմրած կյանքն այնտեղ վերջացել էր։ Պերեյասլավի լճից Պյոտրը եկավ միանգամայն փոխված։ Նախկին զվարճանքների մասին խոսք անգամ չէր լինում։ Սրբապատկերի պատմությունից հետո տուն գալով, այնպես էր փրփրել, որ հազիվ կարողացան խմեցնել-հանգստացնել... Լև Կիրիլովիչն ու Բորիս Գոլիցինն էին հիմա նրա մերձավորները։ Մշտապես փակված՝ խոսում էին, և Պյոտրը լսում էր նրանց։ Ռազմախաղի զինվորների սննդադրամն ավելացրին, նոր գոտիներ ու թաթմաններ տվեցին՝ դրամը Կուկույից պարտք վերցրեցին։ Առանց մեկ տասնյակ զինված պալատականների Պյոտրը ոչ բակ էր ելնում, ոչ դաշտ գնում։ Եվ շարունակ կարծես ետ էր նայում ուսի վրայով, կարծես չէր վստահում, հայացքը մեխելով յուրաքանչյուրի աչքերի մեջ։ Այսօր, երբ Վոլկովը ձի էր նստում, Պյոտրը լուսամատից բղավեց։

— Սոֆյան ինձնից հարցնելու եղավ, սուս կմնաս... Ցցի էլ թե հանեն, չխոսես...

Աչք ածելով ամայի հրապարակը, Վոլկովը մանրավարգ առաջացավ... «Կանգնի՜, կանգնի՜»,— սարսափազդու բղավեցին մթության միջից։ Ճամփան կտրելով մի թիկնեղ ստրելեց էր վազում, ուսից վեր բերելով պատրույգավոր հրացանը։ «Էս ո՞ւր, ես քո...»,— բռնեց ձիու երասանները...

— Է՛, է՛, չափդ ճանաչիր, ցարի սեղանապետ եմ...

Ստրելեցը սուլեց՝ մատը բերանը խոթելով։ Վազեվազ եկան հինգ հոգի էլ... «Ինչացո՞ւ ես...»— «Սեղանապետ...»— «Իսկը մեզ պետք ես...»— «Ինքն իր ոտքով եկավ...»։ Շրջապատեցին, տարան խրճիթի կողմը։ Այնտեղ, խարույկի լույսի տակ Վոլկովը ճանաչեց Օվսեյ Ռժովին՝ թիկնեղ ստրելեցն էր։ Կծկվեց՝ գործերը վատ էին։ Օվսեյը, երասանը ձեռքից չթողնելով, ասաց.

— Էյ, մեջներիդ ճարպիկը որն է, վազ տվեք, Նիկիտա Գլադկովին գտեք...

Երկու հոգի չուզենալով գնացին։ Ստրելեցները ելան խարույկի մոտից, վեր կացան խրճիթի պատի տակերից, խսիրները դեն տանելով, իջան սայլերից։ Մի հիսուն հոգի հավաքվեցին։ Խաղաղ էին կանգնած, կարծես այդ գործն իրենց չէր վերաբերում։ Վոլկովը սրտոտեց.

— Լավ բան չեք անում, ստրելեցներ... Գլուխ չունե՞ք ուսներիդ... Ցարական հրամանագիր եմ տանում՝ բռնում եք. սա ավազակություն է, դավաճանություն...

— Ձե՛նդ,— Օվսեյը թափ տվեց հրացանը։

Մի ծեր ստրելեց զսպեց նրան.

— Հանգիստ թող, ենթակա մարդ է։

— Ճիշտ էր՝ ենթակա եմ։ Ես ցարի ծառան եմ։ Իսկ դո՞ւք ում ծառաներն եք։ Տեսեք հա, ստրելեցներ, չսխալվեք։ Խովանսկին էլ էր շատ ժիր, իսկ ի՞նչ արեցին նրան։ Դուք էլ էիք ժրել, իսկ ո՞ւր է Կարմիր հրապարակի սյունը, ո՞ւր են ձեր ազատությունները։

— Հերիք փչես, շան ծնունդ,— բղավեց Օվսեյը։

— Մեղքս եք գալիս։ Գոլիցինը ձեզ քիչ է քարշ տվել տափաստաններով... Օգնեք նրան, օգնեք, ձեզ երրորդ անգամ էլ կտանի արշավանքի... Դռնեդուռ ընկած մի կտոր հաց եք մուրալու... (ստրելեցները, ավելի խոժոռվելով, լռում էին։) Պյոտր ցարը փոքր չէ... Անցան ժամանակները, երբ վախենում էր ձեզնից... Չլինի հանկարծ հիմա նրանից վախենաք... Էհ, ստրելեցներ, վերջ տվեք էս ավազակությանը...

— Ի-է՜խխ,— բղավեց ինչ-որ մեկն այնքան վայրենաձայն, որ ստրելեցները ցնցվեցին։ Վոլկովը խռխռացրեց, ձեռքերը բարձրացրեց ու ընկավ։ Ետևից նրա ձիու վրա ցատկեց Նիկիտա Գլադկին, վզից բռնեց, ու երկուսով ընկան գետին։ Շրջվեց նստեց վրան, խփեց Վոլկովի ատամներին, թուրը պոկեց վրայից։ Վեր թռավ, հռհռաց, թուրը թափ տալով, լայնճակատ էր, չեչոտ ու մեծ բերան ուներ։

— Տեսա՞ք՝ հրես դրա թուրը... Պյոտր ցարին էլ եմ էսպես անելու... Դրան վերցրեք ու քարշ տվեք Կրեմլ, Ֆյոդոր Լեոնտևիչի մոտ...

Ստրելեցները բարձրացրեցին Վոլկովին, բլրակի վրայից տարան կիտայգորոդյան պարսպի, բորբոսապատ Նեգլիննայայի ափին ցաքուցրիվ աճած ծուռումուռ, ծերացած ագռավի բների մեջ կորած ուռենիների, կախաղանների ու ցցանիվների մոտով։ Ետևից Գլադկին էր գալիս, թունդ հարբածի հոտ բուրելով։ Կրեմլ մտան Կուտաֆյա աշտարակի դռնից։ Դարպասից ներս խարույկներ էին վառվում։ Մի քանի հարյուր ստրելեցներ նստոտած էին պալատական պարսպի տակ, մեկնված էին խոտերին, շրջում էին դեսուդեն։ Խավար միջանցքով քարշ տվեցին Վոլկովին ու ներս հրեցին ցածրառաստաղ, ճրագներով լուսավորված մի սրահ։ Գլադկին պալատ գնաց։ Դռան մոտ կանգնեց կնճռապատ ու խաղաղադեմ մի պահակ։ Տապարին կռթնած, ցածրաձայն ասաց.

— Մի բարկանա, աչքովդ տես, մենք էլ չգիտենք ինչ անենք... Հրաման են տալիս՝ խփում ենք... Չքավոր ենք, բոյարին... Տասնչորս շունչ է ընտանիքս... առաջ առուտուր էինք անում, բայց հիմի ինչ տալիս էն, դրանով ենք ապրում... Բա մենք Պյոտր ցարի դեմ դավաճանություն անո՞ղ ենք... Ով կուզենա, թող մեր գլխին տեր կանգնի՝ հիմի էդ է...

Ներս մտավ Սոֆյան՝ օրիորդավարի գլխաբաց, սև թավշյա զգեստով, սամույրի մորթիով։ Խոժոռված նստեց սեղանի մոտ։ Նրանից հետո՝ գեղեցկատես Շակլովիտին, ճերմակ ատամները բաց ժպտալով։ Կռատուկի գույնի ստրելեցյան կաֆտան էր հագել։ Նստեց Սոֆյայի կողքին։ Նիկիտա Գլադկին, տխմարավարի ժպտալով, քաշվեց բարավորի մոտ, որպես հավատարիմ ծառա։ Շակլովիտին մատների մեջ Պյոտրի նամակն էր խաղացնում, որ Վոլկովի գրպանից էին հանել։

— Տիրուհին նամակը կարդաց, փուչ գործ է։ Ինչի՞ համար են քեզ քշել այստեղ գիշերով։

— Հետախույզ է,— ատամների արանքից ասաց Սոֆյան...

— Մենք ուրախ ենք խոսել քեզ հետ, ցարական սեղանապետ... Առո՞ղջ է Պյոտր ցարը։ Աոո՞ղջ է թագուհին։ Մեզ վրա դեռ շա՞տ են բարկացած մնալու։ (Վոլկովը լուռ էր։) Դու պատասխան տուր, թե չէ կստիպենք...

— Կստիպենք,— կամացուկ կրկնեց Սոֆյան, ծանր, տղամարդավարի նայելով նրան։

— Բավարա՞ր է արդյոք ռազմախաղի զորքերի պարենը։ Որևէ կարիք չունե՞ն։ Տիրուհին ամեն ինչ ուզում է իմանալ,— հարցնում էր Շակլովիտին։— Իսկ ինչի՞ համար եք ճանապարհներին պահակներ դնում՝ հենց էնպե՞ս, թե՝ վախենում եք մեկնումեկից։ Շուտով Մոսկվայում ձեր ձեռից պրծում չենք ունենա... Հացի գումակներն եք խլում-տանում՝ մի՞թե դա կարգ է...

Վոլկովը, ինչպես հրամայված էր, լռում էր, գլուխը հակած։ Սարսափելի էր լռելը։ Բայց որքան անհամբեր էր հարցուփորձ անում Շակլովիտին, այնքան ավելի դաժանաբար էր խոժոռվում Սոֆյան, ավելի համառ էին սեղմվում նրա շրթունքները։ Վոլկովն ինքն էլ ուրախ չէր իր այդ կտրիճությունից։ Շատ ուժ էր կուտակել, Պրեոբրաժենսեոյեում անգործ պառկելուց։ Սիրտն էլ էր փոթորկվել, ոչինչ չի ասելու, կուզեն տանջեն, կուզեն՝ ոչ... Հիմա եթե Շակլովիտին վրա պրծներ, դանակը ձեռքին, մեջքից կաշվի շերտեր պոկելու, զվարթ ու հանդուգն աչքերին կնայեր։ Եվ Վոլկովը բարձրացրեց գլուխը, զվարթ ու հանդուգն նայեց ներկաներին։ Սոֆյան գունատվեց, ռունգերը փքվեցին։ Շակլովիտին կատաղած, ոտքը հատակին խփեց, վեր թռավ.

— Ցցի վրա՞ ես ուզում պատասխանել։

— Ձեզ պատասխանելու բան չունեմ,— դանդաղ ասաց Վոլկովը (նույնիսկ ինքը զարհուրեց), ոտքն առաջ դրեց, ուսը թոթվեց։— Ինքներդ գնացեք Պրեոբրաժենսկոյե, ձեզ ուղեկցող ստրելեցները վայ թե հերիք կանեն...

Շակլովիտին ամբողջ թափով խփեց կրծքին։ Վոլկովը շնչահեղձ եղավ, ետ-ետ գնաց ու տեսավ, թե ինչպես վեր կացավ Սոֆյան, զայրույթից այլայլված գիրուկ դեմքը դողացնելով։

— Գլուխը կտրեք,— ասաց նա խռպոտաձայն։ Նիկիտա Գլադկին ու պահակը Վոլկովին քարշ տվեցին բակ։ «Դահի՜ճ»,— բղավեց Նիկիտան։ Վոլկովը կախվեց նրանց ձեռքերից։ Նրան բաց թողեցին, ընկավ բերանքսիվայր։ Մի երկու ստրելեց մոտեցան, հարցրեցին, թե ով է ու ինչի համար պիտի գլուխը կտրեն։ Խնդմնդալով, սկսեցին անուններ տալ խավար հրապարակով մեկ՝ կամավոր դահիճ փնտրելով։ Գլադկին ուզեց թուրը հանել պատյանից։ Ասացին. «Ամոթ բան է, Նիկիտա Իվանիչ, թուրը էս տեսակ բանի համար չեն արնոտի»։ Գլադկին հայհոյեց, պալատ վազեց։ Այդ ժամանակ ծեր պահակը կռացավ, ձեռքը դրեց քարացած Վոլկովի ուսին.

— Գնա քո ճամփով։ Դարպասով դուրս չգաս, պարսպի տակով գնա ու մի արանքից դուրս արի...


Լուբյանսկայա հրապարակում խարույկները մարեցին (մեկը դեռ պլպլում էր խրճիթի մոտ), ոչ ոք ցախ կրել չէր ուզում, որքան էլ աղմկում էր Օվսեյը։ Շատ ստրելեցներ մթնով իրենց տները գնացին։ Ոմանք էլ քնած էին։ Մի հինգ հոգի, ցանկապատի, կախված լորենիների ստվերի տակ քաշված զրուցում էին ցածրաձայն...

— Գլադկին ասեց, թե Բորիս Գոլիցինի Ռյազանյան իջևանատանը զրնգուն արծաթի վաթսուն շղթա կա... Կբաժանենք, ասեց, կմսխենք...

— Գլադկիին թողնես թալան անի, բայց թե դժվար մարդ գտնի դրա համար։

— Խիղճ չի մնացել, իրենք թալանեն, պատասխանը մենք տանք։

— Սեղանապետը ճիշտ էր ասում, վայ թե շուտով մենք վախենանք Պյոտր ցարից...

— Քիչ է մնացել...

— Բա էս մեր արքայադո՜ւստրը՝ մի երկու հոգու փող է բախշում, մնացածները գիշեր-ցերեկ պահակ պիտի կանգնեն, տունուտեղներս լրիվ քայքայվեց...

— Աստված վկա, առանց ետ նայելու կգնայի ռազմախաղի զորքերը...

— Տղերք, բայց ախր հաղթելու է...

— Շատ հասարակ...

— Իզուր ենք էստեղ սպասում... Կախաղանից չենք պրծնի...

Լռեցին, շուռ եկան։ Կրեմլից մեկը գալիս էր, չափ գցած։ «Էլի Գլադկին է... Դադար չունի սատանան...»։ Հարբած Գլադկին, ձին քշելով խարույկի վրա, կանգնեց, ցած թռավ ու բղավեց.

— Ինչի՞ համար հավաքված չեն ստրելեցները։ Կրեմլում բոլորը պատրաստ են, ձեր խարույկներն էլ չեն վառվում։ Քնե՜լ են։ Սատանե՜քը։ Օվսե՞յն ուր է։ Մարդ ուղարկեք արվարձանները։ Հենց Սպասսկու զանգը խփեցին, բոլորդ զենք առեք...

Հայհոյելով, ոտքերը փաթ գցելով, վազեց ու խրճիթ մտավ։ Այդ ժամանակ լորենու տակ կանգնածները միմյանց ասացին.

— Զանգ են զարկելու...

— Էս գիշեր...

— Մարդ չեն հավաքի...

— Չէ...

— Տղերք, իսկ եթե... հը՞։ (Իրար մոտեցրին գլուխները և ցածրաձայն։) Էնտեղ էլ շնորհակալ կլինեն...

— Հապա ի՜նչ...

— Պարգև էլ կտան, շատ ուրիշ բան...

— Սրանց երգը երգված է, տղերք...

— Գիտենք... Ո՞վ կգնա, տղերք։ Երկու հոգի է պետք...

— Հը՞, ո՞վ։

— Դմիտրի Մելնով, կգնա՞ս։

— Կգնամ։

— Յակով Լադիգին, կգնա՞ս։

— Ե՞ս։ Լավ, կգնամ...

— Էնպես արեք, որ հենց իր մոտ ընկնեք... Ոտքերը կընկնեք, կասեք՝ էսպես, էսպես... Մտքներին դրել են քեզ սպանեն, մեծն արքա... Մենք էլ, որպես քո հավատարիմ ծառաներ, քանի որ խաչն ենք պաչել...

— Բան մի սովորեցրու, ինքներս գիտենք...

— Կասենք...

— Գնացեք, տղերք...


15

Պրեոբրաժենսկի և Սեմյոնովսկի երկու գումարտակներով կռիվ սկսելու մասին մտածել անգամ չէր կարելի։ Երեսուն հազար ստրելեց, կրեմլականները, օտարերկրյա հետևակը, գեներալ Գորդոնի զինվորական գունդը ռազմախաղի զորքը կճզմեին մժեղի պես։ Բորիս Գոլիցինը պնդում էր մինչև գարուն հանգիստ սպասել Պրեոբրաժենսկոյեում։ Շուտով աշնան ցեխաջուրը, սառնամանիքները կսկսվեն, ստրելեցներին մահակով անգամ վառարաններից իջեցնել, կռվի քշել չի լինի։ Իսկ գարնանը՝ կտեսնենք... Ավելի վատ չի լինի, հարկ է մտածել, որ Սոֆյայի ու Վասիլի Վասիլևիչի համար ավելի վատ կլինի. ձմռանը բոյարները վերջնականապես կկռվշտեն, կսկսեն Պրեոբրաժենսկոյեի կողմը բռնել։ Ստրելեցների ռոճիկը չեն տա՝ գանձարանը դատարկ է։ Ժողովուրդը սովի է մատնված, պոսադները, արհեստավորները քայքայված են, վաճառականները տնքում են ծանրությունից։ Բայց եթե Սոֆյան այնուամենայնիվ զորքերը ոտքի հանի կոչնազանգով, հարկավոր է ռազմախաղի զորքով քաշվել Տրոիցե-Սերգիևո՝ անմատչելի պարիսպների հովանու տակ. փորձված տեղ է, կարելի է մնալ թեկուզ մեկ տարի, թեկուզ ավելի երկար...

Բորիս Գոլիցինի խորհրդով Պրեոբրաժենսկոյեից գաղտնի նվերներ ուղարկեցին Տրոիցե՝ վանահայր Վիկենտիին։ Բորիս Ալեքսեևիչն ինքը երկու անգամ այնտեղ գնաց ու խոսեց վանահոր հետ, պաշտպանության խնդրելով։ Ամեն օր գեներալ Ջոմմերը զորատես ու զորավարժություն էր անցկացնում, թնդանոթազարկերից փշրվել էին պալատի համարյա բոլոր ապակիները։ Բայց երբ Պյոտրը խոսք էր բացում Մոսկվայի մասին, Զոմմերը միայն խոժոռված ֆսֆսացնում էր բեխերի տակ. «Ինչ կա որ, կպաշտպանվենք...»։ Գալիս էր Լեֆորտը, բայց ոչ հաճախ՝ սթափ, նրբակիրթ, վախվորած ժպիտով, ու նրա տեսքը բոլորից շատ էր վախեցնում Պյոտրին... Նա չէր հավատում անգամ Լեֆորտին։ Հաճախ կեսգիշերին արթնացնում էր Ալեքսաշկային, կաֆտանները մի կերպ հագնում ու վազ էին տալիս պահակետերը ստուգելու։ Գիշերային խոնավության մեջ երկար կանգնելով Յաուզայի ափին, Պյոտրը նայում էր Մոսկվայի կողմը, խավար էր, ոչ մի կրակ չէր երևում ու չարագույժ լռություն էր տարածվում։

Ցրտից սրթսրթալով, մռայլաձայն կանչում էր Ալեքսաշկային, գնամ էին քնելու։

Վերադառնալուց հետո առաջին գիշերները միայն քնեց կնոջ հետ։ Հետո հրամայեց իր անկողինը գցել պալատական կողաշենքում, ցածրիկ, մի լուսամուտանի, խորդանոցի պես սենյակում, ցարի անկողինը՝ թախտի վրա, Ալեքսաշկայինը՝ հատակին, թաղիքի վրա։ Եվդոկիան ծով արցունք թափեց հոգյակին սպասելուց՝ արդեն հղի էր, չորրորդ ամսու մեջ, բայց նա եկավ ու արցունքը չցամաքեց։ Ամուսնուն դիմավորելիս, ուզում էր դուրս թոչել դեմը, բայց պառավները չթողեցին։ Գլուխն ազատեց, նախասրահում ընդառաջ վազեց թանկագին ամուսնյակին, որը ներս մտավ՝ երկարահասակ, նիհար, խորթավուն, դեմքով, ձեռքերով, կրծքով, փորով սեղմվեց ու փարվեց նրան... Կոշտ շրթունքներով համբուրեց հոգյակը, ամբողջովին կպրի ու ծխախոտի հոտ բռնած։ Զեռքի ափն արագ տանելով կնոջ ուռած փորի վրայով, հարցրեց միայն. «Է՛, է՜, ինչի՞ չէիր գրում էս գործի մասին», ու թռուցիկ մեղմացավ նրա դեմքը։ Կնոջ հետ գնաց մոր մոտ՝ խոնարհ ողջույն տալու։ Խոսում էր կցկտուր, անհասկանալի, ուսն էր ցնցում ու շարունակ քորվում։ Ի վերջո, Նատալյա Կիրիլովնան ասաց. «Արքադ իմ, Պետենկա, բաղնիքն առավոտից վառել ենք...»։ Տարօրինակ նայեց մորը Պյոտրը. «Կեղտից չի քոր գալիս, մայրիկ»։ Նատալյա Կիրիլովնան հասկացավ, և արցունքներ հոսեցին նրա այտերից։

Եվդոկիան միայն երեք գիշեր տեսավ նրան ննջասենյակում՝ ինչպե՜ս էր սպասում, ինչպե՜ս էր սիրում, ինչպե՜ս էր ուզում գուրգուրել։ Բայց երկնչեց, ավելի շփոթվեց, քան պսակի գիշերը, չիմացավ ինչ խոսի հոգյակի հետ։ Ու անխելքի պես պառկած մնաց մարգարտանախշ բարձերի վրա։ Պյոտրը ցնցվում էր, քորվում քնի մեջ։ Եվդոկիան վախենում էր շարժվել։ Իսկ երբ ամուսինը քնելու գնաց խորդանոց, մարդկանց հանդեպ ամոթից չգիտեր աչքերն ուր թաքցներ։ Սակայն Պյոտրն ասես մոռացել էր կնոջը։ Ամբողջ օրը հոգսերի, վազվզոցի, Գոլիցինի հետ փսփսոցի մեջ էր... Այդպես սկսվեց օգոստոսը... Չարագույժ էր Մոսկվան, Պրեոբրաժենսկոյեն՝ սարսափի, զգուշության մեջ։


16

— Մին խեռց, իսկ ի՞նչ կլինի, եթե գրես հռոմեական կեսարին, որ զորք տա։

— Հիմար...

— Էդ ե՞ս։— Ալեքսաշկան վեր թռավ ու չորեքթաթ մնաց թաղիքի վրա։ Մոտ սողաց։ Աչքերը թրթոում էին։— Իսկի հիմար բան չեմ ասում, մին խեռց։ Ու պետք է խնդրել տասը հազար հետևակ զորք... Ավելի պետք չէ... Մի հատ խոսիր Բորիս Ալեքսեևիչի հետ։

Ալեքսաշկան պպզեց նրա գլխավերևում։ Պյոտրը կողքի էր պառկած, ծնկներն իրեն քաշած, վերմակով գլուխը ծածկած։ Ալեքսաշկան շրթունքի մաշկն էր կրծում։

— Ինչ խոսք, դրա համար փող չունենք, մին խեռց... Փող է պետք... Մենք էլ կխաբենք... Կարո՞ղ է չխաբենք կայսրին։ Ես ինքս կթռչեի Վիեննա։ Է՜հ, ու վրա կտային Մոսկվա, ստրելեցներին, աստված վկա...

— Չքվիր...

— Դե լավ...— Ալեքսաշկան նույն ճարպկությամբ մտավ քուրքի տակ։— Հո չե՞մ ասում շվեդների դուռը գնանք, կամ թե չէ՝ թաթարների... Ինքս էլ եմ հասկանում։ Չես ուզում՝ հարկավոր չի... Ձեր գործն է...

Վերմակի տակից, անհասկանալի, ասես սեղմած ատամների արանքից Պյոտրն ասաց.

— Ուշ ես մտածել...

Լռեցին։ Խցիկում շոգ էր։ Վառարանի տակ մուկն էր ճանկռտում։ Հեռվից լսվեց. «Ուշադի՜ր»՝ Ցաուզայի վրայի պահակներն էին։ Ալեքսաշկայի շնչառությունը խաղաղվեց...

Բոլոր այդ գիշերները անքնությունն էր տանջում Պյոտրին։ Հենց գլուխը թաղվում էր բարձի մեջ, անձայն աղաղակներ էին հնչում. «Հրդե՜հ, հրդե՜հ»։ Ու սիրտը թրթռում էր, գառան պոչիկի պես... Քունը փախչում էր։ Հանգստանում էր, բայց ականջը որսում էր, կարծես տան խորքերում, գերանակապ պատերից այն կողմ ինչ-որ մեկը լալիս էր... Շատ բան մտածեց այդ գիշերներին... Հիշում էր՝ թեկուզ նեղված ու քշված, բայց և անհոգ անցան տարիները Պրեոբրաժենսկոյեում. ուրախ, աղմկոտ, անմիտ ու բավական անխելք... Պարզվեց, որ օտար է բոլորին... Գայլաձագ է ինքը, զինվորների խաչեղբայր... Խաղուպարով ապրեց, և ահա չարանենգ դաշույնն է մոտեցել սրտին...

Նորից փախչում էր քունը։ Պյոտրն ավելի էր կծկվում վերմակի տակ։

...Քույրի՜կը, քույրի՜կը, անամոթ ու արյան ծարավ... Հաստաքամակ, վիզը ճարպակալած... (Հիշեց, թե ինչպես էր կանգնած հովանու տակ, տաճարում։) Գեղջկուհու շպարված դեմքը՝ մսավաճառի կին։ Հրամայել է նռնակներ գցել ճանապարհին... Դաշույնավոր է ուղարկում... Խոհանոցում երեկ կվասի մի տակառիկ հայտնաբերվեց, լավ էր սկզբում տվեցին շանը լակելու՝ սատկեց...

Պյոտրը վանեց մտքերը... Սակայն զայրույթը խուժում էր քներակները... Իրեն զրկե՜լ կյանքից։ Եվ ոչ մի գազան, և ոչ մի մարդ հավանորեն այնպիսի ագահությամբ չէր ուզում ապրել, ինչպես Պյոտրը...

— Ալեքսաշկա... Գրողի տարած, քնել է, կվաս տուր...

Ալեքսաշկան կիսաքուն վեր թռավ քուրքի տակից։ Քորքրվելով, շերեփիկով կվաս բերեց, նախապես մի կում արեց ու տվեց։ Հորանջեց։ Մի քիչ խոսեցին։ «Ականջներդ սո՜ւր»՝ տրտում ու անքուն լսվեց հեռվից...

— Արի քնենք, մին խեռց...

Պյոտրը նիհար ոտքերը ցած կախեց թախտից... Հիմա արդեն չէր թվում՝ միջանցքներով փութկոտ քայլեր էին դոփդոփում... Ձայներ, բղավոցներ... Ալեքսաշկան՝ ներքնաշորերով, երկու ատրճանակը ձեռքին, կանգնած էր դռան մոտ...

— Մին խեռց, էստեղ են գալիս...

Պյոտրը դռանն էր նայում։ Մոտ վազեցին... Դռան մոտ կանգ առան... Մի դողդոջ ձայն լսվեց.

— Տեր արքա, արթնացիր, փորձանք է...

— Մին խեռց, Ալյոշկան է։

Ալեքսաշկան սողնակը ետ տարավ։ Ծանր շնչելով ներս մտավ Նիկիտա Զոտովը՝ ոտաբոբիկ ու անկենդան աչքերով, նրա ետևից Պրեոբրաժենցիներ Ալեքսեյ Բրովկինն ու բեխավոր Բուխվոստովը ներս բերեցին երկու ստրելեցի՝ ասես անոսկր տոպրակներ էին, մազերը գզգզված, շրթունքները կախ, հայացքները տարակա։

Վախից ձայնը կորցրած Զոտովը շշնջաց.

— Մելնովն ու Լադիգինն են, Ստրեմյաննի գնդից, Մոսկվայից են փախել...

Ստրելեցները հենց շեմից, մորուքները թաղիքին քսելով ընկան ու ձայնեցին հնարավորին չափ ահարկու, մոլեգին.

— Օ-օ՜յ, օ-օ՜յ, մեր տեր արքա, գլխիդ փորձանք է գալիս, օ-օ՜յ, օ-օ՜յ... Ինչե՜ր են ուզում բերել գլխիդ, մեր հարազատ հայր, անհաշիվ զորք են հավաքում, պողովատի սրե՜ր են սրում։ Սպասսկու զա՜նգն են թնդացնում, ժողովուրդ է հավաքվում ամեն կողմից...

Ամբողջ մարմնով ցնցվելով, ճակատին կպած գանգուրները թափահարելով, ձախ ոտքով քացի-քացի անելով, Պյոտրը ստրելեցներից ավելի զարհուրելի գոռաց, հրեց Նիկիտային ու, ինչպես կար մեկտակ շապկով, վազեց միջանցքներով։ Բոլոր դռներից գլուխները դուրս հանելով, քարանում էին պառավները։

Ետնամուտքի մոտ խռնվել էին վախեցած ծառաներն ու աղախինները։ Տեսան, թե ինչպես դուրս պրծավ մեկը՝ սպիտակ, երկար, կույրի պես ձեռքերն առաջ պարզած... «Տե՜ր աստված, ցա՜րը»՝ վախից շատերն ընկան բերանքսիվայր։ Մարդկանց միջով Պյոտրը դուրս վազեց, պահախմբի սպայի ձեռքից պոկեց սանձն ու մտրակը, բոբիկ ոտքով ասպանդակը դժվարությամբ գտնելով, մտրակեց ու սլացավ, չքանալով ծառերի ետևում։

Ալեքսաշկան ավելի հանգիստ էր. հասցրեց հագնել կաֆտանն ու սապոգները, ձայն տվեց Ալյոշկային. «Ցարի շորերն առ ու մեզ հասիր», և մեկ ուրիշ ձիով սլացավ Պյոտրի ետևից։ Հասավ նրան միայն Սոկոլնիչի անտառակում։

— Կանգնի՜, կանգնի՜, մին խեռց։

Անտառակում, ծառերի բարձր կատարների արանքից երևում էին աշնան հստակությամբ շողացող աստղերը։ Խշխշոց էր լսվում։ Պյոտրը չորսդին էր նայում, ցնցվելով, ձիու կողերին խփում մերկ կրունկներով, նորից արշավելու համար, Ալեքսաշկան բռնել էր նրա ձին, բարկացած շշնջոցով կրկնելով.

— Ախր, համբերի, մին խեռց, ո՞ւր ես գնում անշալվար...

Ձարխոտերի մեջ ֆոթոց լսվեց՝ թևերն իրար տալով, մի ցախաքլոր թռավ, ստվերի պես անցնելով աստղերի տակով։ Պյոտրը միայն ձեռքը տարավ մերկ կրծքին, սրտի վրա։ Ալեքսեյ Բրովկինն ու Բուխվոստովը ձիերով բերեցին հագուստը։ Երեքով, շտապ-շսսսպ, մի կերպ հագցրեցին ցարին։ Նրանց միացան ևս մի քասն պալատական ու սպա։ Զգուշորեն ելան անտառակից։ Մոսկվայի կողմից թեթև հրացոլք էր երևում ու կարծես զանգերի ձայն էր գալիս։ Պյոտրը ատամների արանքից ասաց.

— Դեպի Տրոիցե...

Գյուղամիջյան ճանապարհներով, ամայի դաշտերով արշավեցին մենաստան տանող ճանապարհը։ Պյոտրը գնում էր, սանձերը թողած, եռանկյունի գլխարկն աչքերին քաշած։ Մերթընդմերթ կատաղած մտրակում էր ձիու պարանոցը։ Նրա աոջևից ու ետևից քսաներեք հոգի էին արշավում։ Չոր ճանապարհի վրա դոփդոփում էին լայնաքայլ սմբակները։ Բլրակներ, խանդակներ, կաղամախու և կեչու անտառակներ։ Երկինքը կանաչավուն դարձավ արևելքում։ Ձիերը խռփացնում էին, քամին էր սուլում ականջների մեջ։ Մի տեղ ստվերի պես բան շպրտվեց կողմ, չհասկացան՝ գազան էր, թե գիշերարած ելած մուժիկ, որը խոտերի մեջ փռվեց սարսափահար։

Հարկ էր Տրոիցե հասնել Սոֆյայից առաջ։ Բացվում էր արշալույսը` դեղին ու անկենդան։ Մի քանի ձի ընկան ուժասպառ։ Մերձակա յամայում ձիերը փոխեցին, առանց դադար առնելու, շարունակեցին ճանապարհը։ Երբ հեռվում երևացին ամրոցի աշատարակների սրածայր տանքիներն, ու շառագունած արշալույսը թրթռաց գմբեթների վրա, Պյոտրը կանգնեցրեց ձին, շրջվեց ու ատամները մերկացրեց... Ձին քայլի բերած, մտավ մենաստանի դարպասն ի ներս։ Ցարին իջեցրին թամբից, ամոթից ու հոգնածությունից կիսակենդան, մտցրեցին վանահոր խուցը։


17

Կատարվեց այն, ինչ չէին սպասում ոչ Մոսկվայում, ոչ Պրեոբրաժենսկոյեում. Սոֆյան չկարողացավ ժողովել ստրելեցներին, Սպասսկու աշտարակի կոչնազանգն այդպես էլ չհնչեց, Մոսկվան անտարբեր քնած էր այդ գիշեր։ Պրեոբրաժենսկոյեն լքված էր... Բոլորը՝ Նատալյա Կիրիլովնան հղի հարսի հետ, մերձավոր բոյարները, պալատականները, տնեցիներն ու աղխը, ռազմախաղի երկու գնդերն իրենց թնդանոթներով, հրասանդներով ու մարտական ռումբերով գնացել էին Տրոիցե։

Երբ հաջորդ օրը Սոֆյան ցերեկային ժամերգության էր տնային եկեղեցում, բոյարների արանքով խցկվելով, նրան մոտեցավ Շակլովիտին։ Տարօրինակ էր դեմքը։ Սոֆյան զարմացած բարձրացրեց հոնքերը։ Ծուռ քմծիծաղով հակվեց Սոֆյայի ականջին.

— Պյոտր ցարին Պրեոբրաժենսկոյեից տարել են, սատանան գնացել է մի տակ շապկով, հայտնի չէ թե ուր...

Սոֆյան սեղմեց շրթունքները, թթված ասաց.

— Որ դիվոտեց, ուր ուզի կգնա...

Կարծես թե կարևոր ոչինչ չէր եղել։ Բայց հենց նույն օրը հայտնի դարձավ, որ Լավրենտի Սուխարևի ստրելեցյան գունդը լրիվ կազմով գնացել է Տրոիցե. անհասկանալի էր, թե երբ են նրան իրենց կողմը քաշել, և ով։ Պետք է որ Բորիս Գոլիցինի՝ Լավրենտիի վաղեմի բաժակակցի արածը լիներ։ Մոսկվայում համընդհանուր փսփսոց ծայր աոավ։ Գիշերները դարպասներ էին ճռռում, տարբեր կողմերից բոյարական ծանր կառքեր էին ելնում, փողոցների տախտակները դղրդացնելով, ամբողջ թափով քշում յարոսլավյան ճանապարհով...

Վասիլի Վասիլևիչ Գոլիցինը գիշերներն անցկացնում էր Մեդվեդևի հետ, փորձելով հմայությամբ պարզել իր ճակատագիրը։ Իսկ ցերեկը կիսաքուն շրջում էր պալատում, ամեն ինչի համաձայնություն տալով։ Շակլովիտին դեսուդեն էր ընկել գնդերում։ Կատաղությունը թաքցրած Սոֆյան սպասում էր....

Անսպասելիորեն իր հինգհարյուրապետների, հարյուրապետների և ստրելեցների մի մասի հետ Տրոիցե գնաց գնդապետ Իվան Ցիկլերը, որը յոթ տարի առաջ եկեղեցու սեղանի տակ գտնվող թաքստոցից դուրս էր քաշել թագուհու եղբայր Իվան Կիրիլովիչին։ Սոֆյայի վստահելիներից էր նա։ Եվ անշուշտ, Պյոտրից ներումն աղերսելով, արքայադստեր բոլոր մտադրությունները բացահայտել էր։

Ցիկլերի մասին իմանալով, Սոֆյան իրեն կորցրեց։ Էլ ո՞ւմ վրա հենվի հիմա, երբ հեռանում են այդչափ հավատարիմ շները։ Իսկ Տրոիցեից սկսեցին սուրհանդակներ գալ ստրելեցյան բոլոր տասնինն գնդերը՝ հրովարտակներով (գրված Բորիս Գոլիցինի կողմից ու շեղակի, թանաքի ցայտուկներով ստորագրված— «Պտր»), որոնցով հրամայվում էր գնդապետներին և ուրյադնիկներին, առանց հապաղելու, Պյոտր ցարի մոտ գնալ, պետական մեծ գործի համար...

Սուրհանդակներին ծեծում էին ուղեկալների վրա և խլում հրովարտակները, սակայն մի քանիսը հասցրեցին թափանցել գնդերն ու կարդալ հրամանագիրը։ Այդժամ Սոֆյան կարգադրեց հայտարարել. «Ով համարձակվի Տրոիցե գնալ, նրա գլուխը կկտրեն»։ Ի պատասխան գնդապետներն ասացին. «Լավ, չենք գնա»։ Վասիլի Վասիլևիչը մտածեց հուսալի մարդիկ ուղարկել Պյոտրի կողմը բռնած ստրելեցների կանանց մոտ ու վախեցնելով, համոզել նրանց նամակ գրել ամուսիններին, որ ետ գան։ Այդպես էլ արեցին, բայց դրա օգուտը քիչ եղավ։

Տրոիցե ուղարկեցին պատրիարք Յոակիմին, որ համոզի հաշտվել։ Պատրիարքը գոհությամբ մեկնեց, բայց այնտեղ էլ մնաց, նույնիսկ պատասխան չգրեց Սոֆյային։ Պյոտրի կողմից նոր հրովարտակներ եկան գնդերը, առևտրական ու սև հարյուրյակները, արվարձաններն ու պոսադները... «Աոանց հապաղելու ներկայանալ Տրոիցեի մայրավանք, և ով չներկայանա՝ մահապատժի կենթարկվի...»։ Դուրս էր գալիս, որ այս կողմում էլ է գլուխները թոչելու, այն կողմում էլ։ Գնդապետ Նեչաևը, Սպիրիդոնովը, Նորմատսկին, Գուրովը, Սերգեևը, հինգ հարյուր ուրյադնիկներ, բազում շարքային ստրելեցներ, վաճառականության ու պոսադների պատվիրակներ սարասփահար մեկնեցին Տրոիցե։ Պյոտր ցարը, առմուտքին կանգնած, ռուսական զգեստով (նրա հետ էին Բորիս Գոլիցինը, երկու թագուհիները և պատրիարքը) եկողներին թասով օղի էր պատվում, ու սրանք արցունքախառն բղավոցներով խնդրում էին վերջ տալ խառնակությանը։ Նույն օրը Սուխարևո գնդում աղմուկ բարձրացավ. «Գնանք Մոսկվա, չարագործներին բռնելու...»։

Վասիլի Վասիլևիչը հիվանդ ձևացավ։ Շակլովիտին, վախենալով մարդկանց աչքին երևալուց, պալատական գաղտնի սենյակներում էր մնում։ Գլադկին ու ընկերները թաքնվեցին Մեդվեդևի իջևանատանը։ Կրեմլի բոլոր դարպասները փակեցին։ Թնդանոթներ հանեցին պարսպի վրա։ Սոֆյան, տեղ չգտնելով, թափառում էր ամայացած սենյակներում՝ ծանրաքայլ, ձեռքերը սեղմած կրծքի տակ։ Բաց կռիվը, ապստամբությունը, կոտորոցն ավելի լավ կլիներ, քան այդ մեռնող լռությունը պալատում։ Որպես հիշողության երազ, հեռանում էր իշխանությունը, հեռանում էր կյանքը։

Բայց քաղաքում կարծես թե ամեն ինչ խաղաղ էր։ Ինչպես միշտ, աղմկում էին հրապարակներն ու շուկաները։ Գիշերները լսվում էին պահակների թակիչների ձայները, աքաղաղներն էլ էին կանչում։ Ոչ ոք չէր ուզում կռվել։ Բոլորը կարծես մոռացել էին Սոֆյայի մասին, որը միայնակ նստել էր կրեմլյան պարսպի ետևում։

Այդժամ նա վճռեց և օգոստոսի քսանիննին մենակ, աղախին Վերկայի հետ կառք նստեց ու ոչ մեծ պահախմբով ինքը գնաց Տրոիցե։


18

Ցարոսլավյան ճանապարհի վրա օրուգիշեր փոշի էր կանգնած։ Մոսկվայից գնում էին ոտքով ու հեծյալ, ծանր կառքեր էին գլորվում։ Տրոիցեի մայրավանքի պարսպի դիմաց, պոսադներւսմ ու դաշտում խռնված էին գումակները, խարույկներ էին ծխում, ժամը մեկ կռիվ-կոտորոց էր սկսվում տեղի համար, հացի համար, ձիու կերի համար։ Մայրավանքում այդպիսի հոսք չէին սպասում, և շտեմարանները շուտով դատարկվեցին, դաշտերի խրձերը ցրիվ տվեցին։ Այնինչ, ստրելեցներին ու ծառայող դասին կուշտ կերակրել էր պետք։ Կերի համար ջոկատներ էին ուղարկում մոտակա գյուղերը, և շուտով այնտեղ էլ հավի ճուտ անգամ չմնաց։ Այնուամենայնիվ, Տրոիցեի պատերի տակ նեղվածք էր ու սոված էին մարդիկ։ Բարձրաստիճան շատ բոյարներ ապրում էին վրաններում, ոմանք բակում, ոմանք ուղղակի փողոցում։ Ցարի հայտնվելուն էին սպասում, արևի տակ հենց առմուտքին նստած, տեղում ցամաք հաց ուտելով։ Դժվար էր նման հրմշտոցով ու նեղվածքով փոխարինել մոսկովյան խաղաղ տունուտեղը, ուր օտար թռչուն անգամ մուտք չէր գործի։ Սակայն բոլորը հասկանում էին, որ մեծ գործ է վճռվում, պետական իշխանությունն է փոխվում։ Բայց բարի՞ն պիտի կատարվի արդյոք։ Կարծես թե ավելի վատ, քան հիմա, հնարավոր չէր. ամբողջ Մոսկվան, ամբողջ ժողովուրդը, համակ Ռուսաստանը վերքերի, սպիների մեջ էր, աղքատացած։ Երեկոները, խարույկների շուրջ նստած, կամ սայլերի տակ պառկած, մարդիկ խոսում էին ազատ ու ինչքան կամենային։ Մայրավանքի շուրջ տարածված դաշտերում ձայների ժխոր էր, կրակների կարմիր կետեր։ Զանազան տեղերից հմայություններ իմացող մուժիկներ հայտնվեցին, տարօրինակ ձևերով աչքով անելով, գլխարկի մեջ բակլա էին խառնում, պպզում, թաշկինակ փռում հողի վրա, ցանկացողների համար բակլա գցում երեք կիտուկով, մատները տանում էին կիտուկների վրայով ու ցածրաձայն, սրտամոտ խոսում.

— Ինչ որ ուզել ես, կստանաս, ինչ մտածել ես, անհոգ մնա, պիտի վախենաս մի մարդուց, որը տրեխ չի հագնում, ոչխարի քուրք չունի, երեսն էլ սիպտակ-սիպտակ։ Կհաշվես ու երրորդ բակի մոտով չես գնա, երեք աստղ տեսար, չմիզես։ Ուզածդ կստանաս, կարող է շուտով, կարող է՝ չէ, ամեն։ Շնորհակալություն չասես, մի կես կոպեկ փող տուր...

Մշուշոտ խոսքեր էին ասում հմայություն անողները, մթնշաղին սողալով սայլերի արանքներում։

— Արքայադստեր ողնաշարի ջիղը խախտվել է,— շշնջում էին նրանք,— իշխան Վասիլի Վասիլևիչը մինչև առաջին ձյունն ապրողը չի... Խելացի ես, որ հեռացել ես նրանցից... Պյոտր ցարը դեռ ջահել է, բայց նրա փոխարեն թագուհին ու պատրիարքն են մտածում, գործի գլուխ նրանք են կանգնած։ Ամենակարևորին պաշտպան կկանգնեն։ Կարևորն էլ ասեմ որն է. բոյարներին չեն թողնի կառքերով ման գան ու ամենքին մի-մի կալվածք կթողնեն, էնքան որ ապրեն։ Վաճաոականներից ու արվարձանների լավ մարդկանցից պատվիրակներ կգնան պալատ ու իրենց խոսքը կասեն վստահ, էս բանն արեք, կասեն, էս մի բանը՝ պետք չէ... Բոլոր օտարերկրացիներին կքշեն Ռուսաստանից, ու նրանց ունեցվածքը կթողնեն, որ թալանեն։ Մուժիկներին ու ճորտերին ազատություն կտան՝ ուր կուզես, ապրի, առանց ճնշելու, առանց պարտ ու պարհակի...

Այսպես էին ասում գուշակներն ու հմայողները, այդպես էին մտածում նրանց լսողները։ Մայրավանքի վրա անդադար հնչում էր տոնական կոչնազանգը։ Վանքերն ու տաճարները բաց էին, մոմերով լուսավորված, մենաստանային խստաշունչ երգեցողությանն էր լսվում օրուգիշեր։

Դեռ լույսը չբացված Պյոտր ցարը, աջ կողմում թագուհի մայրը, ձախ կողմում՝ պատրիարքը, իջնում էին առմուտքից, ժամերգության գնալու։ Հետո, ժողովրդի առաջ հայտնվելով, թագուհին անձամբ նոր տեղ հասածներին մեկական թաս օղի էր տալիս, ժամերգություններից ու ծոմերից չորացած, բայց հոգեպես արիացած պատրիարքը ասում էր.

— Աստվածահաճ գործ եք անում, որ հեռանում եք դավաճաններից, վախենում եք ցարից,— ու աչքերն էր փայլեցնում Պյոտրի վրա։ Ռուսական զգեստ հազած, մետաքսե թաշկինակը մաքուր լվացած ձեռքերում բռնած ցարը խոնարհ էր, գլուխը հակած, դեմքը դալկադեմ։ Երրորդ շաբաթն էր ծխամորճ չէր առել բերանը, չէր խմել։ Ինչ ասում էին՝ մայրը լիներ, թե պատրիարքը, կամ Բորիս Գոլիցինը, այն էւ անում էր, մայրավանքից դուրս չէր գալիս։ Ցերեկվա ժամերգությունից հետո նստում էր վանահոր խցում, սրբապատկերների տակ ու բոյարներին թույլ տալիս ձեռքը համբուրել։ Արագախոսությունը, աչքերը ոլորելը թողեց, բարեպատշաճ ու ցածրաձայն պատասխանում էր ոչ թե խելքին եկածը, այլ ավագների խորհրդով։ Նատալյա Կիրիլովնան ստեպ-ստեպ կրկնում էր մերձավոր բոյարներին.

— Չգիտեմ, ինչպես երախտապարտ լինեմ աստծուց՝ խելոքացել է մեր արքան, շատ կանոնավոր ու բարեպատշաճ է դարձել...

Օտարերկրացիներից միայն Լեֆորտը ելումուտ ուներ նրա մոտ, այն էլ ոչ թե մարդկանց հայտնվելիս կամ սեղանատանը, այլ երեկոները, խուսափելով պատրիարքի աչքին ընկնելուց, գալիս էր ցարի խուցը։ Պյոտրը լուռ բռնում էր նրա այտերից, համբուրում էր, թեթևացած շունչ քաշում։ Նստում էին կողք-կողքի։ Լեֆորտը կոտրատված շշնջոցով պատմում էր զանազան բաներից, ծիծաղեցնում ու քաջալերում էր և զվարճախոսության արանքներում գործնական մտքեր հայտնում։

Նա հասկանում էր, որ Պյոտրը սաստիկ ամաչում է մեկտակ շապկով իր փախուստի համար, և օրինակներ էր բերում «Բրոնիուսի պատմագրքից», խորամանկությամբ իրենց կյանքը փրկած թագավորների ու փաոապանծ զորավարների մասին... «Ֆրանսիական մի հերցոգ ստիպված էր կնոջ շորեր հագնել ու անկողին մտնել տղամարդու հետ, իսկ հաջորդ օրը յոթ քաղաք գրավեց... Զորավար Նեկտարին, տեսնելով, որ թշնամին հաղթում է, իր կունդ գլխով թշնամուն վախեցրեց ու փախուստի մատնեց, բայց հետագայում խայտառակությունից չխուսափեց և կունդը կոտոշներով զարդարեց, թեև փառքը չպակսեցրեց՝ ասում է Բոոնիուսը...»։ Ծիծաղելով, Լեֆորտը ամուր սեդմում էր Պյոտրի մոմապատ ձեռքերը։

Անփորձ ու տաքարյուն էր Պյոտրը։ Լեֆորտը կրկնում էր, որ ամենից առաջ զգուշություն է հարկավոր Սոֆյայի դեմ կռվելիս, պետք չէ կռվի նետվել, բոլորը կշտացել են կռիվներից, այլ մայրավանքի բարեհունչ ղողանջների ներքո Մոսկվայից այստեղ խռնըված ժողովրդին խաղաղություն ու բարեկեցություն խոստանալ։ Սոֆյան ինքն իրեն կընկնի, որպես փտած մի գերան։ Լեֆորտը շշնջում էր.

— Ծանրումեծ քայլիր, Պիտեր, խոնարհ խոսիր, հանգիստ նայիր, ժամերգություններին կանգնիր, քանի դեռ ոտքերդ դիմանում են՝ բոլորի համար սիրելի կդառնաս։ Կասեն՝ ա՛յ, այսպիսի տեր է մեզ աստված ուղարկել, նրա օրոք շունչ կքաշենք... Իսկ բղավելն ու գոռգոռալը թող Բորիս Գոլիցինին...

Պյոտրը զարմանում էր սրտագին ընկերոջ՝ Ֆրանցի խելացիության վրա։ «Ֆրանսերեն սա կոչվում է պոլիտի՛կ՝ իր շահը գիտնալ,— բացատրում էր Լեֆորտը։— Ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս Տասնմեկերորդը, եթե իրեն մուժիկը հարկավոր լիներ, ստորին մուժիկին էլ հյուր կգնար, իսկ եթե պետք լիներ, նշանավոր հերցոգի կամ կոմսի գլուխ էլ կթռցներ, անխնա՛։ Ոչ այնքան կռվում էր, որքան զբաղվում պոլիտի՛կով, թե՛ աղվես էր, թե՛ առյուծ, թշնամիներին պարտության մատնեց ու պետությանը հարստացրեց...»։

Զարմանալի էր նրան լսելը. պարերի ու կռիվների սիրահար, զվարճախոս ու անկարգ, այստեղ հանկարծ խոսք էր բացում այնպիսի բաներից, որոնց շուրջ ռուսները ծպտալ անգամ չէին կարող. «Ձեզ մոտ ամենքն իր կողմն է քաշում, իսկ պետության շահերը ոչ ոքի չեն հետաքրքրում. մեկի համար եկամուտն է թանկ, մյուսի համար՝ պատիվը, երրորդը՝ միայն որկորը լցնի... Այսքան վայրի ժողովուրդ միայն Աֆրիկայամ թերևս գտնվի։ Ոչ արհեստներ ունեք, ոչ զորք, ոչ նավատորմ... Մի բան գիտեք՝ երեք տակ կաշի մաշկել, այն էյ նիհար ու մաշված կաշի...»։

Նման խոսքեր համարձակ էր ասում Լեֆորտը, չվախենալով, որ Պյոտրր կվկայակոչի Երրորդ Հռոմը... Ասես մոմի լույսով նա թափանցում էր Պյոտրի նախնական, անկշտում, խռովված ուղեղի ծալքերը։ Սերգիյի սրբապատկերի առաջ վառվող ճրագի լույսը խամրում էր կանաչավուն դարձող ապակուց, պատուհանից այն կողմ խաղաղվում էին պարեկների ոտնաձայները, իսկ Լեֆորտը, որևէ կատակով ծիծաղեցնելուց հետո, նորից իրենն էր շարունակում.

— Դու շատ խելոք մարդ ես, Պիտեր... Օ՜, ես շատ եմ թափառել աշխարհում, զանազան մարդկանց եմ տեսել... Քեզ եմ հանձնում իմ սուսերն ու կյանքը... (Սիրով նայում էր Պյոտրի խաժ, ուռած աչքերին, խաղաղված ու այս օրերին ասես տարիների կյանք ապրած բարեկամին։) Քեզ պետք են խելացի ու հավատարիմ մարդիկ, Պիտեր... Մի շտապիր, համբերիր, մենք նոր մարդիկ կգտնենք, այնպիսիք, որ հանուն գործի, հանուն քո խոսքի, կրակը կնետվեն, հորն ու մորը չեն խնայի... Իսկ բոյարները թող իրար մեջ կռվշտեն տեղի համար, պատվի համար՝ նրանց ուսերին նոր գլուխ չի բուսնելու, իսկ կտրելը երբեք էլ ուշ չի... Համբերիր, պնդացիր, դեռևս թույլ ես բոյարների դեմ կռվելու համար... Մենք դեռ կզվարճանանք, խրախճանքներ կանենք գեղեցիկ աղջիկների հետ... Քանի դեո եռում է արյունդ, քեֆ արա, գանձարանը լիքն է, դու ցար ես...

Շատ մոտ էին շշնջում նրա բարակ շրթունքները, վեր ոլորած բեխիկները խտուտ էին տալիս Պյոտրի այտերը, մերթ փաղաքուշ, մերթ անհողդողդ բիբերից խելք ու կռվազանություն էր կաթում... Սիրելի անձնավորությունը կարդում էր իր մտքերը, բառերով արտահայտում այն, ինչ որպես տարտամ ցանկության ալիքվում էր Պյոտրի գլխի մեջ...

Նատալյա Կիրիլովնան զարմացել-մնացել էր՝ այսքան ողջախոհություն որտեղի՞ց, ուրախությունը չէր կարողանում զսպել նրա բարեկերպ կեցվածքից, մորն ու պատրիարքին է հարգում, մերձավոր բոյարներին ականջ դնում, կնոջ հետ է քնում, բաղնիք գնում։ Նատալյա Կիրիյովնան փթթեց մայրավանքում, ինչպես վարդը աշնանը. տասնհինգ տարի ապրել էր լքյալ, և ահա վերստին արմունկներով հրմշտվում են մեծատոհմիկ իշխանները, մայր թագուհուն խոնարհվելու համար, բոյարները, օկոլնիչիները բերանին են նայում, իր համար որևէ գործ անելու պատրաստ։ Ցերեկվա ժամերգությանը անդրանիկ տեղում է կանգնում, պատրիարքը խաչն առաչինն իրեն է մոտեցնում։ Ելնելիս, ժողովուրդը գետնին է փռվում, կրոնախևները, անդամսղույծներն ու մուրացկանները աղաղակելով փառաբանում են իրեն, նետվում՝ փեշերի տուտը բռնելու։ Նատալլա Կիրիլովնայի ձայնը խաղաղվեց, դանդաղախոս դարձավ նա, հայացքն արքայական էր։ Նրա խցում, թախտերի ու սնդուկների վրա, շոգից չշարժվելով, տոնական մուշտակներով բոյարներն էին նստած, մերձավորագույնը, դեռևս մանուկ Պյոտրի քեռացուն եղած Տիխոն Նիկիտևիչ Ստրեշնևը, դեմքին երանավետ ժպիտ, աչքերը թավ հոնքերով վարագուրած, որ մարդիկ զուր տեղը չառնեն-տան՝ խորամա՞նկ է ինքը, թե խելացի, ապա խստահայաց, շիկահեր, լայնադեմ իշխան Իվան Բորիսովիչ Տրոյեկուրովը, քենակալ Պյոտր Աբրամովիչ Լոպուխինը, ում պրկված այտոսկրերը վառվում էին ու կարմիր էին լերկ կոպերը՝ կարճլիկ ու չորչորուկ այդ ծերուկը խիստ անհամբեր էր, իշխելուն սպասելիս, ապա վառարանին հենված, ձեռքերը հանգիստ ծալած, ննջում էր արծվաքիթ, գնչուի նմանվող իշխան Միխայլա Ալեգուկովիչ Չերկասսկին... Ամսվա կեսերին ժամանեց Ֆյոդոր Յուրևիչ Ռոմոդանովսկին ու նույնպես սկսեց նստել թագուհու մոտ, սղալելով բեխերը, դեսուդեն տանելով ապակենման, չռած աչքերը, տարուբերելով հսկայական փորը...

Խուց մտնելով, թագուհին յուրաքանչյուրի անուն հայրանունն էր տալիս, նստում հասարակ մի աթոռակի, մատներով բռնած նշխարքը։ Կողքը եղբայրն էր նստում՝ Լև Կիրիլովիչը, կարմրաթուշ, գեր, ծանրումեծ, և բոյարներն անշտապ զրուցում էին պետական գործերից. ինչպես վարվել Սոֆյայի հետ, ինչ անել Միլոսլավսկիներին, ում աքսոր ուղարկել, ում՝ մենաստան և թե բոյարներից ով ինչ ատյան պիտի գլխավորի...

Բորիս Ալեքսեևիչ Գոլիցինը հազվադեպ էր լինում թագուհու մոտ, ծայր անհրաժեշտության դեպքում, ամաչում էր հորեղբորորդու համար, բացի դրանից, ժամանակ չուներ, օրուգիշեր հրամանագրեր էր գրում, բանակցություններ վարում Մոսկվայի հետ, իր կողմը քաշում գնդեր, հարցաքննություններ էր անցկացնում, զորքի պարենի հոգսերը հոգում։ Ոչ մեկի խորհուրդը չէր լսում՝ Վասիլիից ավելի գոռոզ էր ու հպարտ։ Ոսկեզօծ թեթև զրահով, կարմիր փետրավոր իտալական սաղավարտով, ճոխ ու փարթամ, քիչ գինովցած, բեխերը վեր ոլորած, ոսկյա փոկերով բաշն ու պոչը հյուսած, կրակի կտոր զամբիկը հեծած, գնդերն էր շրջում։ Թավշյա թամբի վրայից կռանալով, համբուրում էր նոր եկած գնդապետներին։ Ձեռքերը կողին կանթած, ձին քշում էր ստրելեցների մոտ, որոնք հնձած խոտի պես ծնկի էին իջնում։

— Ապրե՛ք, քաջեր,— խոպոտած կոկորդով բղավում էր նա, և շառագունում էր ցանցառամազ կզակը,— աստված ձեզ կների, ցարը կողորմա։ Գումակն արձակեք, ձեր ճաշը եփեք, արքան մի տակառ գինի է բախշում ձեզ...

— Մի տես, ի՜նչ ուրախ է Բորիսը,— կանանց ասում էին ստրելեցները գումակում,— ասել է, թե էստեղի գործերը լավ են գնում, մենք էլ լավ արեցինք, որ էս կողմը եկանք...

Բորիս Գոլիցինը մենակ բոլորի գործն անում էր։ Բոյարները ուրախ էին, որ անհանգստացնող չկա, ավելի հանգիստ էր թագուհու խցում նստելն ու միտք անելը։ Միայն Յակով ու Գրիգորի Դոլգոոուկիները, որ ապրում էին գորգապատ վրանում, միտրոպոլիտի բակում, չարացած էին Բորիսի վրա. «Յոթ տարի Վասիլիին էինք դիմանում, հիմա էլ ըհը՛, Բորիսն է վզներիս նստում... Կկուն տվեցինք, բազեն առանք...»։ Պատրիարքը նույնպես չէր սիրում նրան, Պյոտրի հետ Կակայում հարբեցողության համար, լատիներենի համար, օտարամոլության համար։ Բայց առժամանակ լռում էր նաև պատրիարքը։

Օգոստոսի քսանիննին մայրավանքի երկաթակուռ դարպասին հասավ անգլխարկ, կաֆտանը պատառոտված, հեծյալ մի ստրելեց, փոշու մեջ կորած դեմքի վրա միայն աչքերի դուրս պրծած սպիտակուցներն էին երևում։ Մորուքի գզգզված շեղբը ցցեց աշտարակի դարպասից վեր ու սարսափաձայն բղավեց.

— Պետական գործո՜վ։

Բացեցին ճռնչացող դարպասը, ստրելեցին իջեցրին ուժասպառ ձիուց։ Հաղթանդամ տղամարդ էր, բայց կարծես թե քայլ գցել չէր կարողանում՝ այնքան էր շտապել պետական այդ գործը կատարել, և թևերից բռնած, զգուշությամբ տարան Բորիս Գոլիցինի մոտ։ Ստրելեցը քայլելիս գլուխն էր տարուբերում։ Առմուտքի վրա Բորիսին տեսնելով, իրեն գցեց իշխանի ոտքերը.

— Սոֆյան տասը վերստի վրա է, Վոզդվիժենսկում...


19

Վոզդվիժենսկոյե գյուղում առաջապահ ուղեկալը կանգնեցրեց կառավարչուհու կառքը։ Սոֆյան բացեց ապակեպատ դուռը, դեմքով ճանաչելով մի քանի ստրելեցների, սկսեց անպատվել նրանց, դավաճան ու քրիստոսադավ անվանելով, սպառնաց բռունցքով։ Ստրելեցները վախեցան, հանեցին գլխարկները, բայց երբ կառքը նորից առաջացավ, տապարների կոթերով փակեցին ճամփան, բռնեցին ձիերի սանձերը։ Այդ ժամանակ վախեցավ Սոֆյան ու հրամայեց իրեն տանել որևէ մի տուն։

Մուժիկներ ու կանայք գլուխները հանում էին ցանկապատերի դռնակներից, երեխաները կտուրներն էին բարձրանում, շները ատամներն էին շխկացնում կառքի վրա։ Սոֆյան ետ ընկած, նստած էր գունատ, ամոթից ու զայրույթից զլխահակ։ Վերկան ոտքերն էր ընկել, բազեորսի բոժոժիկներով զարդարված գդակով ու արշինաբոյ, այլանդակ թզուկ Կառլան, որին հետներն էին վերցրել հենց այնպես, լալիս էր, կնճռապատ դեմքը ծամածռելով։ Բերեցին մի հարուստ հարկահավաքի տուն։ Սոֆյան հրամայեց, որ տանտերերը բոլորը աչքին չերևան, ու մտավ մեծ սենյակը, ուր Վերկան անմիջապես ցարական ծածկոցներ գցեց մահճակալի, սնդուկների, թախտերի վրա, վառեց լապտերիկները, և Սոֆյան պառկեց։ Աղետի կանխազգացումը երկաթյա օղի պես սեղմում էր գլուխը։

Երկու ժամ էլ չէր անցել, ձիու դոփյուն ու ասպանդակին զարնվող թրի զրնգոց լսվեց։ Առանց հարցնելու, ասես պանդոկ մտներ, սենյակ ընկավ սեղանապետ Իվան Իվանովիչ Բուտուրլինը, ձեռքերը գրպաններում, գլխարկը ծուռ դրած.

— Արքայադուստրն ո՞ւր է։

Վերկան վրա պրծավ նրան, մատները չռած, հրհրելով.

— Դուրս եկ, դուրս եկ, անամոթ... Քնած է նա...

— Ա՜, լավ, որ քնած է, ուրեմն արքայադստերը կասես, որ մայրավանք չգա...

Սոֆյան վեր թռավ։ Նայում էր Բուտուրլինին, մինչև որ վերջինս հանեց գլխարկը...

— Կգնամ մայրավանք... Եղբորս ասա՝ կգամ...

— Քո գործն է... Միայն թե արքան հրաման տվեց, որ էստեղ սպասես դեսպանի, իշխան Իվան Բորիսովիչ Տրոյեկուրովին, ու մինչև նա չգա, քեզ էստէղից բաց չթողնեն...

Բուտուրլինը գնաց։ Սոֆյան նորից պառկեց։ Վերկան մուշտակով ծածկեց նրան, որ չդողացնի։ Խամրում էր փայլարե պատուհանը սենյակում։ Լսվում էր տավարածի մտրակի շխկոցը, մնչում էին կովերը, ճռճռում դարպասները։ Ու կրկին՝ լռություն։ Իգնաշկայի գդակի բոժոժիկները աղիողորմ զնգացին, պստլիկ ծաղրածուն վհատված նստած էր սնդուկին, ոտքերը կախած։ «Սա էլ է արդեն ինձ թաղել պատրաստվում...»։ Չարությունից ցնցվեց Սոֆյան... ձեռքը կարողանար հասցնել՝ ցած կգլորեր սնդուկի վրայից... Բայց ձեռքերը կապարի ծանրությամբ ընկել-մնացել էին...

— Վերկա,— կանչեց կամացուկ, թավաձայն,— Վանկա Բուտուրլինի մասին ինձ կհիշեցնես, երբ մայրավանքում լինեմ...

Ձեռքի վրայով սահեցին Վերկայի սառը շրթունքները։ Մոխրագույն աղջամուղջի մեջ թվաց, թե տեսնում է Վանկայի մերկ մեջքը, ետ ոլորած կապտած ձեռքերը, փայլեց սայրը, փքվեցին ու ընկան նրա թիակները, գլխի տեղում արնաշաղախ փուչիկ մնաց... Բռիություն չանե՜ս... Սոֆյան զսպված շունչը տեղը բերեց։

Տրոիցեից դեսպան է գալիս Տրոյեկուրովը։ Երկու շաբաթ առաջ հենց նրան էր Մոսկվայից ուղարկել Պյոտրի մոտ՝ ետ եկավ, ոչ մի համաձայնության չեկած։ Այն ժամանակ Սոֆյան բարկացած էր, ու չթողեց, որ ձեռքը համբուրի։ Վիրավորվե՞ց, թե վախեցավ։ Շատ միջակ խելքի տեր բոյարին է, միայն տեսքն է ահարկու։ Սոֆյան անկողնուց իջեցրեց հաստ ոտքերը, փեշը քաշեց թավշյա ոտնամանների վրա։

— Վերկա, տափը տուր...

Վերկան ներքնակի վրա դրեց երկաթակապ տուփը, անկյունից ամրացրեց մոմը, երկար չխկացնում էր հրահանը, այնպես որ Սոֆյայի ուսերը կրկին ցնցվեցին բարկությունից... Գեշ հոտ արձակեց աբեթը, աղախինը վառեց թղթի կտորը, մոմը վառեց, ու լույսի տակ հակվեց Սոֆյան, այտերից դեն տանելով թափված մազերը։ Հիվանդ եղբոր՝ Իվան ցարի նամակն էր վերընթեռնում. Պյոտրին նա գրում էր, որ հաշտվեն, որ այլևս կարիք չկա արյուն հեղելու, աղաչում էր պատրիարքին բարեգութ օգնություն ցուցաբերել, սիրու հանգեցնել Պյոտրի և Սոֆյայի չարացած սրտերը։

Կարդալիս, ժպտաց չարությամբ։ Բայց միևնույն է, ստիպված էր այդ ստորացման միջով էլ անցնել։ Միայն թե դուրս բերեր գայլաձագին Տրոիցեից... Այնքան էր խորասուզված մտքերի մեջ, որ չլսեց ինչպես դարպասից հեծյալներ մտան։ Երբ նախասենյակում Տրոյեկուրովի թավ ձայնը հարցրեց իր մասին, Սոֆյան մահճակալի վրայից վերցրեց սև գլխաշորը, գլխին գցեց ու իշխանին կանգնած դիմավորեց։ Իշխանը, կողքանց մտնելով նեղ դռնից ներս, գլուխ խոնարհեց, մատները գետնին կպցնելով, ուղղվեց, դեմքը պղնձագույն էր, հասակը մինչև առաստաղ, աչքերը ստվերված, միայն խոշոր քիթն էր փայլում մոմի լույսից... Սոֆյան հարցրեց ցարի ու ցարիցայի առողջությունը։ Տրոյեկուրովը թնդաց, թե փառք աստծո, բոլորն էլ ողջառողջ են։ Ձեռքը տարավ մորուքի վրայով, քորեց կզակն ու չհարցրեց Սոֆյայի ողջությունը։ Հասկացավ ու սառեց Սոֆյան։ Հարկ էր, որ ինքը նստեր, չստորանար ավելի, և չնստեց։ Ասաց.

— Ուզում եմ մայրավանքում քնել, այստեղ ուտելիք չկա, հարմար էլ չէ։— Ու շարունակ ջանում էր ստվերների միջով նրա աչքերի մեջ նայել։ Հպարտությունը պատառ-պատառ էր անում նրան, որ ահա, ինքը՝ կառավարչուհին, վախենում է եռամուշտակ այս տխմարից, և կանացի, մոռացված սարսափից գլուխը թաղվում է ուսերի մեջ։ Տրոյեկուրովն ասաց.

— Առանց թիկնապահների, առանց զորքի իզուր ես մտքիդ դրել ճամփա ընկնել, արքայադուստր... ճանապարհները վտանգավոր են...

— Ես վախենալու բան չունեմ, իմ զորքն ավելի շատ է ձերինից...

— Բայց ինչ օգուտ նրանցից...

— Դրա համար էլ առանց պահապանների եմ եկել՝ արյուն չեմ ուզում, հաշտություն եմ ուզում...

— Արքայադուստր, ի՜նչ արյան մասին ես խոսում, արյուն չի լինի... Իսկ թե գող ու խռովարար Ֆեդկա Շակլովիտին ու ընկերները դեռ արյան ծարավի են, դրա համար մենք նրանց կփնտրենք ու կգտնենք...

— Ինչի՞ համար ես եկել,— խլաձայն բղավեց Սոֆյան... (Տրոյեկուրովը գրպանից հանեց ու կարմիր քուղը կնքած մի թղթագալար մեկնեց։)— Հրամանագի՞ր ես բերել։ Վերկա, բոյարինից վերցրու հրամանագիրը... Իսկ իմ հրամանը հետևյալը կլինի, հրաման տուր ձիերը լծեն, մայրավանքում եմ ուզում գիշերել...

Վերկայի ձեռքը դեն հրելով, Տրոյեկուրովը բացեց թղթագալարը և անշտապ, հանդիսավոր սկսեց կարդալ.

— Համայն Մեծ ու Փոքր և Սպիտակ Ռուսիո ինքնակալ ցարի և մեծն իշխանի հրամանով կարգադրված է քեզ անհապաղ Մոսկվա վերադառնալ ու այնտեղ սպասել նրա արքայական կամքին, ինչ որ կասի քո մասին...

— Շո՛ւն։— Սոֆյան խլեց նրանից թղթագալարը, ճմռթեց ու դեն նետեց... Սև գլխաշորն ընկավ վրայից։— Բոլոր գնդերն առած, ետ կգամ, առաջինը քո գլուխը կթռցնեն...

Տրոյեկուրովը փնչացնելով կռացավ, բարձրացրեց հրամանագիրը ու կարծես Սոֆյան չէր էլ փրփրել իր առաջ, վերջացրեց խստաձայն.

— Իսկ եթե համառես ու մայրավանք փորձես մտնել, հրամայված է անպատիվ վարվել քեզ հետ... Ահա այսպե՛ս...

Սոֆյան բարձրացրեց ձեռքերը, եղունգները խրեց ծոծրակի մեջ ու թափով ընկավ անկողնուն։ Տրոյեկուրովը զգուշությամբ հրամանագիրը դրեց թախտի պռնկին, նորից քորեց մորուքը, մտածելով, որպես դեսպան, սույն դեպքում ինչպե՞ս վարվի՝ գլուխ խոնարհի՞, թե՝ ոչ։ Շեղակի նայեց Սոֆյային՝ վերջինս պառկած էր բերանքսիվայր, շորի տակից մեռելի պես ցցվել էին թավշյա ոտնամաններ հագած ոտքերը։ Դանդաղ դրեց գլխարկը և աոանց գլուխ խոնարհելու, նեղ դռնով դուրս գնաց։


20

«... Իսկ որ դանդաղում ես այս մեծ գործի մեջ, դրանից վատ բան չկա...»։

Նամակը ցնցվում էր Վասիլի Վսաիլևիչի ձեռքի մեջ։ Մոմը մոտեցնելով, զննում էր հապշտապ խզմզված բառերը։ Նորից ու նորից էր կարդում, ջանալով հասկանալ, ի մի բերել իր մտքերը։ Հորեղբորորդի Բորիսը գրում էր. «Գնդապետ Գորդոնը Տրոիցե բերեց Բուտիրյան գունդը և արքայի ձեռքը համբուրելու թույլտվություն ստացավ։ Պյոտր Ալեքսեևիչը գրկեց ու մի քանի անգամ համբուրեց նրան, արցունքն աչքերին, և Գորդոնը երդվեց ծառայել նրան մինչև մահ... Նրա հետ եկել էին օտարերկրացի սպաները և դրագունները և ռեյտարները... Իսկ ո՞վ է մնացել ձեզ մոտ։ Ստրելեցների մի փոքր մասը, ովքեր իրենց խանութներն ու զբաղմունքը, կամ վարձու բաղնիքները չեն ուզում թողնել... Իշխան Վասիլի, դեռ ուշ չէ, քեզ փրկել կարող եմ, վաղն ուշ կլինի... Ֆեդկա Շակլովիտիին վաղը ջարդելու ենք պրկոցի վրա...»։

Բորիսը ճշմարտությունն էր գրում։ Այն օրից, երբ Սոֆյային մայրավանք չթողեցին, ոչնչով հնարավոր չէր կանգնեցնել զորական ու պաշտոնավոր մարդկանց փախուստը Մոսկվայից։ Բոյարները մեկնում էին օրը ցերեկով, բացեիբաց։ Անկաշառ ու խստաբարո զորական Գորդոնը եկավ Վասիլի Վասիլևիչի մոտ և ցույց տվեց Տրոիցե ներկայանալու Պյոտրի հրամանը...

— Գլուխս ճերմակած է, ու մարմինս սպիներով է ծածկված,— ասաց Գորդոնը և նայում էր խոժոռված, սսսիրված այտերի կնճիռները հավաքած,— Աստվածաշնչի վրա երդում եմ կերել ու հավատարիմ եմ ծառայել Ալեքսեյ Միխայլովիչին և Ֆյոդոր Ալեքսեևիչին, և Սոֆյա Ալեքսեևնային։ Հիմա Պյոտր Ալեքսեևիչի մոտ եմ գնում։— Կաշվե ձեռնոցներով ձեռքերը դրած երկար սուսերի երախակալին, սուրը խփեց հատակին։— Չեմ ուզում, որ գլուխս թռչի կառափնարանի վրա...

Վասիլի Վասիլևիչը չէր հակառակում՝ անօգուտ էր. Գորդոնը հասկացավ, որ Պյոտրի ու Սոֆյայի վեճի մեջ Սոֆյան տանուլ է տվել։ Եվ նույն օրը բացած դրոշներով ու թմբկազարկով հեռացավ։ Դա վերջին ու ամենաուժեղ հարվածն էր։ Վասիլի Վասիլևիչն արդեն օրեր շարունակ ապրում էր ծանր քնով բանտվածի պես. տեսնում էր Սոֆյայի ապարդյուն ճիգերը և չէր կարող ոչ օգնել, ոչ կանգնեցնել նրան։ Սարսափում էր անփառունակ վախճանից ու զգում էր, որ մոտալուտ ու անխուսափելի է դա՝ գերեզմանի պես։ Գահի պահպանի և մեծն վոյեվոդայի իր իշխանությամբ քսանից ոչ պակաս գունդ կարող էր ժողովել ու Տրոիցե հասնել՝ Պյոտրի հետ խոսելու... Սակայն կասկածն էր տանջում, իսկ եթե հանկարծ հնազանդվելու փոխարեն գնդերում բղավեն. «Դավաճան, խռովարա՞ր...»։ Կասկածելով, անգործության էր մատնվել, խուսափում էր Սոֆյայի հետ դեմ առ դեմ մնալուց, դրա համար էլ հիվանդ էր ձևանում։ Հավատարիմ մարդու ձեռքով Տրոիցե՝ եղբայր Բորիսին նամակներ էր ուղարկում լատիներեն, որոնցով խնդրում էր ռազմական գործողություններ չսկսել Մոսկվայի դեմ, Սոֆյային Պյոտրի հետ հաշտեցնել՛ս զանազան եղանակներ էր շարադրում ու դրվատում իր ծառայություններն ու տառապանքները՝ ցարերին ծառայելիս։ Ամեն ինչ ապարդյուն էր։ Ճիշտ երազի պես, կարծես տեսանելի ու աներևույթ մեկը ընկել էր վրան, հոգին տանջվում ու զարհուրում էր, բայց ուժ չուներ շարժել մարմնի և ոչ մի անդամը։

Կիսայրված մոմի բոցի վրա մի ճանճ ընկավ, ընկավ ու պտտվեց։ Վասիլի Վասիլևիչը արմունկները դրեց սեղանին, գլուխը բռնեց...

Երեկ գիշեր կարգադրեց որդուն՝ Ալեքսեյին և կնոջը՝ Ավդոտյային (որը վաղուց լքյալ էր ու մոռացված) անհապաղ մեկնել մերձմոսկովյան Մեդվեդկովո կալվածքը։ Տունն ամայացել էր։ Փակոցափեղկերն ու առմուտքերը մեխել էին։ Սակայն ինքը հապաղում էր։ Մի օր էլ թվաց, թե բախտի անիվը շրջվում է։ Տրոիցեի մոտերքից վերադառնալով, Սոֆյան, առանց լվացվելու, առանց մի կտոր բան ուտելու, հրամայեց բանբերներ ու մունետիկներ ուղարկել՝ Կրեմլ կանչելու ստրելեցներին, վաճառական ու առևտրական հարյուրյակները, պոսադականներին ու բոլոր բարեկամ մարդկանց։ Գլխադուռ հանեց Իվան ցարին, որը ոտքի վրա կանգնել չէր կարող, նստեց սյան մոտ, խղճալի ժպտալով (արդեն հայտնի էր, որ երկար ապրող չէ)։ Ինքն էլ, սև գլխաշորն ուսերին, մազերն արձակ՝ ինչպես տեղ էր հասել ճանապարհից, դիմեց ժողովրդին.

— Մեզ համար հաշտությունն ու սերը ամեն ինչից թանկ է... Մեր հրամանագրերը Տրոիցեում չեն կարդում, դեսպան մարդկանց դուրս են վռնդում... Եվ ահա, աղոթք անելով, կառք նստեցի ու ինքս գնացի, Պյոտր եղբորս հետ սիրով խոսելու... Վոզդվիժենսկոյեից այն կողմ ինձ չթողեցին... Այնտեղ էլ ինձ խայտառակեցին ու անպատվեցին, հասարակ աղջկա տեղ դրեցին, կարծես արքայադուստր չեմ ես, չգիտեմ, թե ինչպես ետ եկա ողջ ու առողջ... Մի ամբողջ օր փշուր նշխարք եմ կերել... Շրջակա գյուղերը լրիվ թալանված են Լև Նարիշկինի ու Բորիս Գոլիցինի հրամաններով... Պյոտր եղբորս նրանք խմացնում են... Ամբողջ օրը հարբած քնած է խորդանոցում... Ուզում են կռվով Մոսկվայի վրա գալ, իշխան Վասիլիի գլուխը կտրել։ Մեր կյանքը կարճացել է... Ասացեք, թե պետք չենք ձեզ, Իվան եղբորս հետ մի հեռու տեղ կգնանք, մեզ համար մի խուց գտնելու...

Նրա աչքերից արցունք ցայտեց... Չկարողացավ խոսել, մասունքակիր խաչն առավ, բարձրացրեց գլխից վեր։ Ժողովուրդը նայում էր խաչին, նայում էր բարձրաձայն լաց լինող արքայադտոերը, աչքերը կկոցած, գլխահակ Իվան ցարին... Գլխարկները հանեցին, շատերը հոգոց էին հանում, աչքերը սրբում... Երբ արքայադուստրը հարցրեց. «Դուք էլ չե՞ք գնա Տրոիցե, կարելի՞ է ձեզ վրա հույս դնել», բղավեցին. «Կարելի է՜, կարելի է՜... Չե՜նք դավաճանի...»։

Ցրվեցին։ Հիշելով, թե ինչ էր ասում արքայադուստրը, գլուխներն էին շարժում։ Անշուշտ, պաշտպան կանգնել պետք էր, բայց ինչպե՞ս։ Հացը Մոսկվայում պակասություն էր անում, գումակները ճամփաները թեքում էին դեպի Տրոիցե, քաղաքում թալան էր, կարգուկանոն չկար։ Շուկաներում առևտուրը կանգնել էր։ Ամեն տեսակ գործ էր կանգնել՝ խառնակություն էր։ Հոգնել էին։ Վերջ տալու ժամանակն էր։ Վասիլի, թե Բորիս Գոլիցինը կլիներ՝ մեկ էր, նույն օգուտն էր լինելու...

Այսօր մի տասը հազար մարդ Կրեմլ խուժեց, Պյոտրի հրամանագրի ցուցակներն էին թափահարում, ուր ասված էր, թե պետք է բոնել խառնակիչ ու գող Ֆեդկա Շակլովիտիին ու ընկերներին և շղթայակապ տանել մայրավանք։ «Մե՜զ տվեք Ֆեդկային»,— բղավում ու մագլցում էին լուսամուտներն ու Գլխադուռն ի վեր, ճիշտ ինչպես տարիներ առաջ։ «Մեզ տվեք Միկիտա Գլադկիին, Կուզմա Չյորմնիին, Օբրոսկա Պետրովին, տերտեր Սելիվերստկա Մեդվեդևին»... Պահակները նետեցին զենքերն ու փախան։ Աղխը, պալատաբնակ կանայք ու աղջիկները, ծաղրածուներն ու գաճաճները թաքնվեցին սանդուղքների տակ և նկուղներում։

— Դուրս արի, էդ գազաններին ասա, որ Ֆյոդոր Լեոնտևիչին չեմ տալու,— հևասպառ ասաց Սոֆյան, Վասիլի Վասիլևիչի թևքից քաշելով դռան կողմը... Իշխանը չէր հիշում, թե ինչպես ելավ Գլխադուռ. քրտինքով, ատելությամբ, սխտորահոտով էր շնչում կիպ մոտեցած բազմությունը, աչք էին ծակում առաջ պարզած նիզակների, թրերի, դաշույնների սայրերը... Չէր հիշում, թե ինչ բղավեց ու ետ-ետ սողոսկեց նախասենյակ... Տեղնուտեղը դուռը ճռնչաց դեմ տված ուսերի տակ... Վասիլին տեսավ սպիտակած, անկենդան ու անբիբ աչքերով Սոֆյային... «Նրան փրկել չի լինի, իրե՜նց տուր»՝ ասաց։ Եվ դուռը ճռնչոցով բացվեց, ներս թափվեցին մարդիկ... Սոֆյան մեջքով հենվեց իշխանին, ավելի ու ավելի ծանր էր ճնշում նրա մարմինը։ Ուզեց գրկել Սոֆյային։ Թավաձայն ճիչ արձակեց, հրեց ու ետ վազեց... Երբ երկուսն էլ Նստատաշ պալատում էին, լսեցին Ֆեդկա Շակլովիտիի սարսափելի բղավոցը... Նրան բռնել էին արքայադստեր բաղնիքում։

Այդուհանդերձ, Վասիլի Վասիլևիչը հապաղում էր փախչել։ Ճանապարհային կառքը երեկոյից սպասում էր ետնամուտքի առաջ, տան կառավարիչն ու մի քանի հին ծառաներ ննջում էին նախասենյակում։ Վասիլի Վասիլևիչը նստած էր մոմի առաջ, գլուխը սեղմած։ Այրված թևերով ճանճը մեջքի վրա ընկած էր սեղանին։ Հսկայական տունը լուռ էր, անկենդան։ Աղոտ փայլում էին կենդանակերպի նշանները առաստաղին, և հունական աստվածները մթնշաղի մեջ իշխանին էին նայում։ Կենդանի էին Վասիլի Վասիլևիչին տանջող զղջումները միայն։ Չէր կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ ամեն ինչ այսպես եղավ։ Ո՞վ է մեղավոր կատարվածի համար։ Ա՛հ, Սոֆյա, Սոֆյա... Հիմա արդեն ինքն իրենից չէր թաքնվում, հոգու գաղտնարաններից ելնում էր շպարազուրկ կնոջ, անհագուրդ սիրուհու, չսիրած, ծանրահայաց դեմքը՝ իշխանասեր, կոպիտ, սարսափելի... Իր փառքի՛ դեմքը։

Ի՞նչ է ասելու Պյոտրին, ի՞նչ է պատասխանելու թշնամիներին։ Կնոջ հետ պառկելով իշխանություն է ձեռք բերել, խայտառակ եղել Ղրիմի տակ ու տետրակ է գրել. «Քաղաքացիական ապրուստի կամ բոլոր գործերը բարվոքելու մասին, որք հարկ են համայն ժողովրդին...»։ Բռունցքներն իջեցնելով ծոծրակից, խփեց սեղանին... Ամո՛թ ու ամո՛թ։ Երեկվա փառքից սոսկ ամոթն է մնացել։

Փակոցափեղկի արանքից աղոտ շառագույն տեսավ... Մի՞թե լուսանում է։ Թե՞ արնաներկ լուսինն է ելել Մոսկվայի վրա։ Վասիլի Վասիլևիչը վեր կացավ, աչք ածեց կամարակապ սրահի ցոլցլացող աղջամուղջը, կենդանակերպի նշանները գլխավերևում... Խաբեցին աստղագուշակները, կախարդներն ու հմայողները... Ներումն չի լինի... Դանդաղ, հոնքերի վրա քաշեց գլխարկը, երկու ատրճանակ դրեց գրպաններն ու դեռ նայում էր, թե մոմակալի մեջ ինչպես էր վերջանում մոմը՝ պատրույգը թաղվեց հալված մոմի մեջ, ճտճտա-ով հանգավ...


Մթին բակում իրար անցան լապտերներ բռնած մարդիկ։ Հեռավոր այգաբացի աղոտ լույսն էր երևում։ Ճանապարհային կառքը նստելով, Վասիլի Վասիլևիչը կառավարչին տվեց բանալին.

— Բեր նրան....

Կառքի մեջ ճամպրուկները դրեցին, տափերը կապեցին ետնամասին։ Ետ եկավ կառավարիչը, առջևից հրհրելով շղթաները զնգացնող Վասկա Սիլինին։ Կախարդը բարձրաձայն տնքում էր, խաչակնքում չորս կողմն ու աստղերը։ Ծառաները հրեցին նրան Վասիլի Վսսփլևիչի ոտքերի տակ։

— Գնացի՛նք, տերը մեզ հետ,— ցածրաձայն-հասդիասվոր ասաց կառապանը։ Գորշաճերմակ, հուժկու վեցնյակը խոշոր վարգով ելավ տախտակապատ փողոց։ Տվերսկայայով թեքվեցին դարնիվեր։ Փողոցները դեռ սակավամարդ էին։ Տավարածը եղջրափողն էր փչում, փոշու մեջ քայլելով դարպասների մոտով, որոնցից մնչալով ելնում էին կովերը։ Գավիթներում արթնանում էին մուրացկանները, քորքրվում ու փռշտում։ Տիրացուները հորանջելով տեղ-տեղ բացում էին եկեղեցիների ցածրիկ դռները։ Նրբանցքում, ածուխ բարձած սայլի վրայից մի մուժիկ էր գոռում. «Թափի՜, թափի՜...»։ Կանայք կեղտաջուրը շրջում էին փողոցները, մոխիր թափ տալիս, բերանները բացած նայում էին սլացող ձյունաճերմակ ձիերին, բարձր թամբերի վրա վերուվարվող, սիրամարգի փետուրներ կրող ձիավարներին, առաջ պարզած խոշորաթաթ ձեռքերով ճերմակ մետաքսե տասներկու սանձ բռնած գազանակերպ կառապանին, թրերը մերկացրած, կառքի ետնամասում կանգնած երկու աժդահաներին։ Դույլերն ընկան մի կնոջ ձեռքերից, անցորդները հանում էին գլխարկները, ոմանք ծունկ չոքեցին ապահովության համար...

Վերջին անգամ էր թերևս Մոսկվայով սլանում Վասիլի Վասիլևիչը։ Ի՞նչ է լինելու վաղը։ Արտաքսո՞ւմ, մենաստա՞ն, լլկո՞ւմ։ Նա դեմքը թաղեց ճամփորդական կիսամուշտակի օձիքի մեջ։ Թվում էր, թե ննջում էր։ Սակայն երբ Վասկա Սիլինը փորձեց իրար գալ, իշխանն ամբողջ ուժով խփեց նրան ոտքով... «Այ քեզ բա՜ն»՝ զարմացավ Վասկան։ Գոց աչքի տակ ցնցվում էր իշխանի այտը։ Երբ հասան, ուղեկալ, Վասիլի Վասիլևիչը ցածրաձայն ասաց.

— Սուտ էր, ավազակություն ու խաբեություն էր քո հմայությունը... Շո՛ւն, մշակի զավա՛կ, խաբեբա՛... Մտրակով կաշիդ քերթելն էլ քիչ է...

— Չէ, չէ, չկասկածես, հայր հարազատ, ամեն, ամեն ինչ կլինի, ցարական թագն էլ...

— Ձե՛նդ, ձե՛նդ, գող, բ... վաստակ։

Վասիլի Վասիլևիչը ընկավ ու կատաղած ոտի տակ առավ կախարդին, մինչև վերջինս չտնքաց շնչահեղձ...

Մեդվեդկովոյից մի վերստ հեռու կառքը տեսնելով, նշանատու մուժիկը գլխարկը թափահարեց, կեչու անտառակի պռնկին պատասխան տվեց երկրորդը, ձորակի ետևի բլրակին՝ երրորդը։ «Գալի՜ս է, գալի՜ս է...»։ Մի հինգ հարյուր ծառա ու սպասավոր, ծնկաչոք, գլուխները գետին հակած, դիմավորեցին իշխանին։ Թևերը բռնած իջեցրին կառքից, կիսամուշտակի փեշերն էին համբուրում... Վախեցած դեմքեր, հետաքրքրությունից վառվող աչքեր։ Վասիլի Վասիլևիչն անբարյացակամ զննեց ծառաներին՝ շատ են խոնարհվում, շտապկոտ են, իրար անցած... Նայեց քառաթեք հոլանդական տանիքով, գերանակապ, բաց մուտքով ու կիասկոր երկու սանդուղքներով տան վեց պատուհանների կտոր-կտոր ապակիներին... Ընդարձակ բակի ծայրերին ախոռներն էին, նկուղները, քաթանի գործարանը, հավարները, աղախնատները...

«Վաղը վրա կտան ատենավորները,— մտածեց նա,— կցուցակագրեն, կկնքեն, կսնանկացնեն... Ամեն ինչ մոխիր կդառնա...»։ Հանդիսավոր անշտապությամբ Վասիլի Վասիլևիչը տուն մտավ։ Նախասենյակում ընդառաջ վազեց Ալեքսեյ որդին՝ շարժուձևով ու առաջին աղվամազով պատած դեմքով հորը նման։ Դողացող շրթունքները հպեց հոր ձեռքին, քիթը սառն էր։ Ճաշասրահում Վասիլի Վասիլևիչը, ասես բարկացած, չուզենալով, խաչակնքեց, նստեց սեղանի մոտ, վենետիկյան հայելու դիմաց, որի մեջ արտացոլվում էին հարթատաշ պատերը, միջնապատերին զոլավոր գորգեր, թանկարժեք ամանեղենով դարակներ... Ամեն ինչ մոխիր կդառնա... Մի գավաթ օղի լցրեց, սև հաց պոկեց, թաթախեց աղամանի մեջ ու չխմեց, չկերավ, մոռացավ։ Կռթնեց արմունկին, գլուխը կախեց։ Ալեքսեյը կանգնած էր կողքին, շունչը պահած, պատրաստ առաջ նետվելու, մի բան պատմելու...

— Հը՞,— հարցրեց Վասիլի Վասիլևիչը խստորեն։

— Հայրիկ, այստեղ էին եկել...

— Տրոիցեի՞ց։

— Քսանհինգ դրագուն էին պորուչիկի հետ ու սեղանապետ Վոլկովը։

— Դուք ի՞նչ ասացիք։

— Ասացինք, թե հայրիկը Մոսկվայում է, իբր այստեղ գալու միտք չունի... Սեղանապետն ասաց, թող իշխանը շտապի Տրոիցե գալ, թե անպատիվ դառնալ չի ուզում...

Վասիլի Վասիլևիչը ծուռ քմծիծաղ տվեց։ Խմեց գավաթը, հացը ծամեց ու համ չէր զգում։ Տեսնում էր, որ որդին հազիվ է զսպում իրեն՝ ուսը կախվել էր, ոտնաթաթերը ճորտավարի ներս էին թեքվել, հատակի տախտակը մանրիկ դողում էր ոտքերի տակ։ Քիչ էր մնացել բղավեր որդու վրա, սակայն նայեց վախեցած դեմքին ու խղճաց.

— Մի դողա, նստիր...

— Հայրիկ, ինձ էլ հրաման տվեցին քեզ հետ Տրոիցե գնալ...

Այդժամ Վասիլի Վասիլևիչը շառագունեց, բարձրացավ տեղից, բայց այս անգամ էլ հպարտությունը զսպեց նրան։ Արտևանունքները կախեց։ Մի գավաթ էլ լցրեց, սխտորած դոնդող կտրեց։ Որդին փութով մոտեցրեց քացախի սրվակը...

— Պատրաստվիր, Ալյոշա,— դանդաղ ասաց Վասիլի Վասիլևիչը։— Դադար առնեմ, գիշերով դուրս կգանք... Աստված ողորմած է... (Ծամում էր, դառը մտքերի մեջ ընկած։ Հանկարծ քրտնեց ճակատը, բիբերը թրթռացին։) Ասեմ ինչ արա, Ալյոշա. հետս մի մուժիկ եմ բերել... Գնա տես, որ դրան տանեն գետափի բաղնիքը, փակի տակ դնեն ու աչքի լույսի պես պահպանեն...

Երբ Ալյոշան գնաց, Վասիլի Վասիլևիչը իջեցրեց ծայրին դողացող դոնդողի կտորով դանակը, կորացավ՝ դեմքը կնճռապատվեց, ձգվեցին աչքերի տակի տոպրակները, կախ ընկավ շրթունքը...


Վասկա Սիլինը նստած էր բաղնիքում՝ գետի վրա կախված զառիթափին։ Ամբողջ օրը բղավում ու ոռնում էր, որ ուտելու բան տան։ Սակայն մարդ չկար մոտերքում, խշշում էին թփերը, մանրիկ ծածաններն էին ճլմվաւցնում գետի ջուրը՝ փրկվելով գայլաձկներից, մեկ էլ չվելու պատրաստվող սարյակների երամն էր օդ բարձրանում, ու փայլատակում էին նրանց թևերը երկնի կապույտում, որ կախարդն էր տեսնում ծխանցք-պատուհանից։ Թռչունները հոգնեցին, իջան կաղնուտ, ծլվլացին, ճռվողեցին, չվախենալով մարդու տնքոցներից...

«Իմ հարազատ Պոլտավշչինա,— շշնջում էր կախարդը,— սատանան ինձ բերեց նզովյալ Մոսկովշչինա։ Թող ժանտախտը ձեզ տանի, բոլորդ մեկմեկու երես չտեսնեք, թող ձեր բոլոր քաղաքները ավերվեն...»։

Մայրամուտի արևը լուսավորեց նեղլիկ պատուհանը և իջավ անտառի կատարներից ցած։ Վասկա Սիլինը հասկացավ, որ ուտելու բան չեն տալու, պառկեց սառը թախտին, ավելը դնելով գլխատակը։ Ննջեց ու հանկարծ վեր թռավ, վախից մորուքը տնկելով, շեմին կանգնած էր Վասիլի Վասիլևիչը։ Գլխին՝ սև եռանկյունի գլխարկ, ճամփորդական քուրքի տակից՝ օտարերկրյա սև զգեստ, սուսերը տնկված էր պոչի պես...

— Հիմա՞ ինչ կասես, գուշակ,— հարցրեց իշխանը տարօրինակ ձայնով։

Սխալվեց Վասկա Սիլինը՝ դողացրեց, ցնցվեց... Այնինչ, պիտի հասկանար, որ իշխանի մեջ դեռ հավատ մնացել է իր հայտնատեսության վրա... Պիտի ուժեղ բռներ իշխանի ձեռքն ու բղավեր. «Ցարի մոտ մահագին տանջանքի ես գնում։ Գնա, մի վախեցիր... Չորս գազան ճանկերը բացել են... Չորս ագռավ թռել-գնացել են... Մահը ետ է քաշվել... Տեսնում եմ, ամեն ինչ տեսնում եմ...»։ Դրա փոխարեն Վասկան, վախից ու քաղցից բարբաջել սկսեց ցարական նույն թագերի մասին, լաց եղավ, խնդրեց.

— Բաց թող ինձ, ի սեր Քրիստոսի, գնամ Պոլտավշչինա.-. Ինձնից ոչ վնաս կգա քեզ, ոչ վտանգ...

Վասիլի Վասիլևիչը մոլեգնած աչքերով նրան էր նայում շեմից։ Հանկարծ դուրս պրծավ, նախաբաղնիքի դուռը գերանով դիմհարեց, կողպեքը կախեց... Վազեց բաղնիքի պատերի տակով։ Վասկան հասկացավ՝ ցախ ու ճյուղ է լցնում... Բղավեց. «Պետք չի՛»... Իշխանը պատասխանեց. «Շատ բան գիտես, վառվի պրծի»... Ու հազալով փչեց, հաբեթը բորբոքելով։ Խանձահոտ եկավ։ Վասկան առավ դույլը, ջարդեց դռան վրա, բայց դուռը չբացվեց։ Գլուխը կողքանց հանեց ծխանցք-պատուհանից, սկսեց բղավել, կոկորդը ծուխ լցվեց... Ջախը, բորբոքվելով, ճտճտաց ու բվվաց։ Լուսավորվեցին գերանների արանքները։ Կրակը ելնում էր գվվացող պատն ի վեր։ Վասկան մտավ թախտի տակերը՝ շոգից փրկվելու։ Կտուրը ծռվեց։ Պատերը բոցավառվել էին...

Գիշերային անշարժ օդի մեջ, սատղերի լույսը խամրեցնելով, ելել էր բոցը գետակի վրա։ Ու դեպի յարոսլավյան ճանապարհը սլացող ճերմակագորշ ձիերի վեցնյակի, կաշեպատ սև կառքի կարմրավուն ստվերները դեռ երկար թրթռում էին խոզանների վրայով, մերթ երկարում խոնավաշունչ ձորակի խորքերում, մերթ ելնում զառիկողով, մերթ սահելով բեկվում էին կեչուտի բների վրա...

— Որտե՞ղ է վառվում։ Հայրիկ... Հո մեր մոտ չի՞,— քանիցս հարցրեց Ալեքսեյը։

Վասիլի Վասիլևիչը, կառքի անկյունում ննջած, չէր պատասխանում...


21

Գոմերի ստորերկրյա այրերում, ուր Խառնակ տարիներին վառոդի պահեստներն էին, հիմա՝ մենաստանի պարենի զետեղարանները, ցածրիկ կամարների տակ հյուսները տեղ բացեցին, աղյուսե սյուների արանքում հեծան ամրացրեցին՝ ճախարակով ու օղակով, ներքևում՝ հորիզոնական մի ձող, լծակապով՝ գելարանն էր։ Նստարան ու սեղան դրեցին ցուցմունքները գրառող ատենավորների համար, կարմիր կտորով պատված մեկ ուրիշ նստարան՝ բարձրաստիճանների համար, նաև նորոգեցին նկուղներից վեր, քարե պահեստ տանող սանդուղքը, ուր երկրորդ օրն էր, շղթայակապ Ֆեդկա Շակլովիտին էր նստած։

Հարցաքննում է Բորիս Ալեքսեևիչը։ Մոսկվայից, Քրեական վարչատնից մի վարպետ դահիճ բերեցին՝ Եմելյան Սվեժևին, որը հայտնի էր մտրակի առաջին իսկ հարվածից խոսեցնել ստիպելով։ Հրապարակային պատիժների ժամանակ, պանը կապվածին կարող էր նաև խղճով խփել, բայց եթե անխիղճ էր խփում, տասնհինգերորդ հարվածից մարդուն կիսում էր մինչև ողնաշարը։

Բազում ու զանազան մարդիկ հարցաքննվեցին, ոմանք իրենք էին մատնություններ բերում և պաշտոնական ցուցմունքներ տալիս։ Հաջողվեց բռնել Կուզմա Չյորմնիին։ Խորամանկությամբ ձերբակալեցին Սոֆյային մոտ մարդկանցից մեկին՝ պրիստավ Օբրոսիմ Պետրովին, որը երկու անգամ խույս էր տվել տապարներից ու նիզակներից։ Սակայն Նիկիտա Գլադկին տերտեր Մեդվեդևի հետ փախան, ու նրանց բռնելու համար հրամանագրեր էին ուղարկված բոլոր վոյեվոդությունները։

Հերթը հասավ Ֆյոդոր Շակլովիտիին։ Երեկվա հարցաքննությանը, ի պատասխան ընթերցված բոլոր մատնություններին, ցուցմունքներին և գրավոր հարցումներին, Ֆեդկան զայրացած պատասխանում էր. «Զրպարտություն է, թշնամիներս ուզում են ինձ կործանել, ինձ մեղավոր չես համարում...»։ Այսօր նրա համար պատրաստել էին Եմեյան Սվեժևին, սակայն նա չգիտեր և առաջվա պես պիտի ժխտեր, թե խռովություն չի սարքել ու արքայի կյանքի դեմ մտադրություններ չի ունեցել...

Քննության սկզբում Պյոտրը ներկա չէր լինում հարցաքննություններին, երեկոյան Բորիս Ալեքսեևիչը նրա մոտ էր գալիս ատենավորի հետ, ու վերջինս կարդում էր հարցումների սյունակները։ Բայց երբ ձերբակալվեցին Չյորմնին ու Պետրովը ընկերների՝ Օգրըյզկովի, Շեստակովի, Եվդոկիմովի և Չեչյոտկայի հետ, երբ մահացու թշնամիները սկսեցին խոսել, Պյոտրն անձամբ ցանկացավ լսել նրանց ասածները։ Նրա համար մի աթոռակ դրեցին նկուղում, և նա նստում էր, մի կողմ քաշված, բորբոասպատ կամարների տակ։ Արմունկները ծնկներին հենած, ծնոտը բոունցքին դրած, հարցեր չէր տալիս, միայն լսում էր։ Երբ առաջին անգամ ճռռաց գելարանը և մինչև գոտկատեղը մերկ, լայնակուրծք ու մկանուտ Օբրոսիմ Պետրովը կախվեց՝ ծաղկատար դեմքը հողագույն դարձավ, ականջները պրկվեցին, ատամները կրճտացին ցավից, Պյոարն աթոռակով ետ ընկավ աղյուսե սյան ստվերի մեջ, ու անշարժ նստած էր ամբողջ ընթացքում։ Այդ օրը նա գունատ էր և մտազբաղ։ Սակայն աստիճանաբար ընտելացավ ու չէր թաքնվում այլևս։

Նատալյա Կիրիլովնան այսօր պահել էր նրան վաղորդյան ժամերգությանը. պատրիարքը խոսելու էր, շնորհավորելով խառնակության բարեհաջող ավարտի աոթիվ։ Հիրավի, Սոֆյան դեռևս Կրեմլում էր, բայց անուժ էր այլևս։ Մոսկվայում մնացած գնդերը պատվիրակներ ուղարկեցին՝ ներման ու ողորմածության խնդիրք անելու Պյոտր ցարին, համաձայն էին թեկուզ Աստրախան, թեկուզ սահմանները գնալ, միայն թե կենդանի թողնեին, իրենց ընտանիքների հետ ու իրենց զբաղմունքին։

Տաճարից Պյոտրը ոտքով գնաց։ Գոմերում մեծ թվով ստրելեցներ էին հավաքվել. «Տեր արքա, մեզ տուր Ֆեդկային, նրա հետ ինքներս կխոսենք...»։ Գլուխը կախած, ձեռքերը լայն-լայն թափահարելով, աստիճանների վրա գայթելով, նրանց մոտով վազելով իջավ նկուղի խոնավ խավարի մեջ։ Կաշվի ու մկան հոտ եկավ։ Տոպրակների, պարկերի ու տակառների արանքով անցնելով, հրեց ցածր դուռը։ Գրագրի սեղանի մոմը դեղնավուն լույսով լուսավորում էր կամարների սարդոստայնները, հողե հատակին կիտված կեղտը, տանջանքի գործիքի նոր գերանները։ Գրագիրը և մյուս նստարանին նստածները՝ Բորիս Ալեքսեևիչը, Լև Կիրիլովիչը, Ստրեշնևը և Ռոմոդանովսկին հանդիսավոր գլուխ խոնարհեցին։ Երբ նստեցին, Պյոտրը տեսավ Շակլովիտիին. իրենից մի քայլի վրա էր՝ ծնկաչոք, գանգրահեր գլուխը կախ ընկած, թանկարժեք կաֆտանի թևատակը պատռված (հենց դրանով էին բռնել պալատում), շապիկին արյան բծեո։ Ֆեդկան դանդաղ բարձրացրեց սմքած դեմքն ու հանդիպեց ցարի հայացքին։ Աստիճանաբար նրա բիբերը լայնացան, գեղեցիկ շրթունքները ձգվեցին, դողացին ասես անձայն լացից։ Ամբողջովին առաջ հակվեց, աչքը չկտրելով Պյոտրից։ Բորիս Գոլիցինը նույնպես շեղակի նայեց ցարին, զգուշությամբ քմծիծաղ տալով.

— Կհրամայես շարունակե՞լ, տեր արքա։

Թավ բեխերի տակից Ստրեշնևն ասաց.

— Ավազակություն անելուց հետո պատասխան տալ կարողացիր, թե չէ ի՞նչ ենք գլուխ դնում քեզ հետ։ Արքան ուզում է ճշմարտությունն իմանալ...

Բորիս Ալեքսեևիչը ձայնը բարձրացրեց.

— Մի պատասխան ունի նա՝ այդպիսի խոսքեր չի ասել ու այդպիսի գործեր չի արել... Բայց քննության համաձայն, շատ են մեղքերը... Ստիպված ենք տանջել...

Շակլովիտիին ասես հրեցին, ծնկների վրա մի կողմ վազեց մկան պես՝ կուզեր թաքնվել կաշիների կույտի տակ, աղ դրած ձկան գարշահոտ տակառների ետևում... Ու ընկավ, անշարժացած։ Պյոտրը գնաց դեպի նա, ոտքերի տակ տեսավ Ֆեդկայի հաստ ու ածիլված վիզը։ Ձեռքերը մտցրեց ֆերյազի գրպանները։ Նստեց՝ հանդիսավոր ու արհամարհական, և պատանեկան խզված ձայնով ասաց.

— Թող ճշմարտությունն ասի...

Բորիս Ալեքսեևիչը կանչեց.

— Եմելյա...

Գելարանի ետևի կամարի տակից ելավ երկարահասակ ու նեղ ուսերով մի մարդ, ծնկներին հասնող կարմիր շապկով։ Ըստ երևույթին, Շակլովիտին այդքան շուտ չէր սպասում նրան՝ նստեց կրունկների վրա, գլուխը թաղվեց ուսերի մեջ, նա նայում էր Եմելյան Սվեժևի անտարբեր ձիակերպ դեմքին, ճակատ համարյա չկար, միայն հոնքավերևն էր, կզակը կախ։ Մոտեցավ, երեխայի պես, բարձրացրեց Ֆեդկային, ցնցելով ոտքի կանգնեցրեց։ Հոգածությամբ ու ճարպկորեն, թևքերից քաշելով, հանեց կաֆտանը, արձակեց մարգարտակար օձիքը, մետաքսյա սպիտակ շապիկը մատով պատռեց մինչև պորտը, պոկեց վրայից ու մերկացրեց մինչև գոտկատեղ.... Ֆեդկան ուզեցավ անկեղծորեն բղավել, խռպոտ ու անհասկանալի ստացվեց.

— Տեր սատված, ամեն բան կասեմ...

Նստարանին նստած բոյարները մեկտեղ թափահարեցին գլուխները, մորուքները, այտերը։ Եմելյանը ետ տարավ Ֆեդկայի ձեռքերը, ենթադսաաակներից կապեց, կաշեփոկի հանգույցը գցեց ու պարանի մյուս ծայրից ձգեց։ Ապշահար կանգնած էր Շակլովիտին։ Ճախարակը ճռռաց, ու նրա ձեռքերը սկսեցին բարձրանալ ետևում։ Մկանները պրկվեցին, ուսերը փքվեցին, նա կորանում էր։ Այդ ժամանակ Եմելյանը ուժեղ հրեց նրա գոտկատեղից, պպզելով քաշեց։ Ձեռքերն ուսերից դուրս ընկան, ուղղվեցին գլխավերևում։ Ֆեդկան խուլ տնքաց, և բերանը բացված, աչքերը չռված, փորը ներս ընկած նրա մարմինը կախվեց, ոտնաթաթերը ներս, գետնից մի արշին բարձր։ Եմելյանը ամրացրեց պարանը և մեխից իջեցրեց կարճ կոթով մտրակը...

Բորիս Ալեքսեևիչի նշանով, ատենավորը դրեց երկաթյա ակնոցը և սուր քիթը մոտեցնելով մոմին, սկսեց կարդալ.

— «Այնուհետև նույն կապիտան Ֆիլիպ Սապոգովը հարցաքննությանը ասաց. «Անցյալ տարի, հուլիսին, թե ամսի քանիսին՝ չի հիշում, մեծն թագուհի Սոֆյա Ալեքսեևնան Պրեոբրաժենսկոյե գյուղն եկավ, իսկ այդ ժամանակ մեծն արքա Պյոտր Ալեքսեևիչը Պրեոբրաժենսկոյեում չէր, ու արքայադուստրը մինչև կեսօր մնաց։ Նրա հետ էր Ֆյոդոր Շակլովիտին ու տարբեր գնդերից զանազան մարդիկ, և Ֆյոդորը նրանց հետն էր վերցրել, որ Լև Կիրիլովիչին ծեծեն ու մեծն թագուհի Նատալյա Կիրիլովնային էլ սպանեն... Այդ ժամանակ նա՝ Ֆյոդորը, պալատից ելավ նախասենյակ ու ասաց իրեն՝ Ֆիլիպ Սապոգովին. «Լսեք, հենց ներսի սենյակներում բղավոցներ լսվեն...»։ Իսկ այդ ժամին թագուհին խոսքերով նեղն էր գցել արքայադստերը, պալատի սենյակից բարձր բղավոցներ էին գալիս... «Բղավոցներ հենց լսվեն, բոլորդ պատրաստ եղեք, ում ձեզ տանք ներսից, ծեծելով սպանեք...»։

— Այդպիսի խոսքեր չեմ ասել, Ֆիլիպն իզուր է սուտ ասում,— կոկորդով հազիվ արտաբերեց Շակլովիտին...

Բորիս Ալեքսեևիչի նշանով Եմելյանը ետ գնաց, նայեց՝ հարմա՞ր է արդյոք, մտրակով թափ առավ ու առաջ հակվելով, խփեց շվվոցով։ Ֆեդկայի դեղին ու նուրբ մարմինը ջղաձգվեց։ Բղավեց։ Եմելյանը երկրորդ անգամ խփեց։ (Բորիս Ալեքսեևիչն արագ ասաց. «Երեք»։) Երրորդ անգամ խփեց։ Շակլովիտին ողբաձայն բղավեց, փրփուր թքելով.

— Հարբած էի, հարբած էլ ասել եմ, ուշքս գլխիս չի եղել...

— «Եվ այնուհետև,— բղավոցը դադարելուց հետո շարունակեց կարդալ ատենավորը,— նույն Ֆիլիպին արքա Պյոտր Ալեքսեևիչի մասին վայրահաչ խոսքեր ասաց նա. «Իբր խմում է և Կուկույ գնում, ու ոչ մի հնար չկա նրան խելքի բերել, որովհետև անասելի հարբում է... Եվ լավ կլիներ ձեռքի նռնակներ դնել թագավորի սենյակներում՝ գաղտնի, որպեսզի այդ նռնակներով սպանվի թագավորը...»։

Շակլովիտին լուռ էր։ «Հի՛նգ»,— խստաձայն հրամայեց Բորիս Ալեքսեևիչը։

Եմելյանը թափ աոավ ու սարսափահար իջեցրեց երեքարշինանոց մտրակը։ Պյոտրը մոտ վազեց Շակլովիտիին, աչքն աչքին (այնքան բարձրահասակ էր) նայում էր Ֆեդկայի ցնորված բիբերին... Պյոտրի մեջքը, ձեռքերն ու ծոծրակը սաստիկ ցնցվում էին...

— Ճիշտն ասա, շո՛ւն, շո՛ւն... (Բռնեց նրա կողքերից։) Ափսոսո՞ւմ էիք, որ փոքր ժամանակ չմորթեցիք։ Էդպե՞ս է, Ֆեդկա, էդպե՞ս... Ո՞վ էր ուզում մորթել։ Դո՞ւ։ Չէ՞։ Ո՞վ... Նռնակավո՞ր էիք ուղարկում։ Ո՞ւմ։ Անունը տուր... Իսկ ինչի՞ չսպանեցիք, չմորթեցիք...

Ցարի կլոր, բծավոր-կարմիր դեմքին, փոքր ու ծռված բերանին նայելով, Ֆեդկան արդարացումներ էր մրթմրթում, լարվածությունից երակներն ուռել էին...

— ...հաստատ հիշում եմ միայն այն խոսքերը. «Ինչի՞ համար թագուհուն ու եղբայրներին առաջ չեք ոչնչացրել...»։ Իսկ որ դաշույնով, նռնակով՝ չի եղել, չեմ հիշում... Իսկ թագուհու մասին Վասիլին էր ասում գաղտնի...

Վասիլի Վասիլևիչի անունը չհիշատակած, նստարանից վեր թռավ Բորիս Ալեքսեևիչը, կատաղած գոռաց դահճին.

— Խփի՛ր։

Եմելյանը, ցարին դիպչելուց զգուշանալով, մտրակի քառափոկ ծայրով ետ քաշելով հարվածեց Ֆեդկայի թիակների մեջտեղին՝ պատռեց մաշկը, միսը բացվեց... Շակլովիտին ոռնաց, ադամախնձորը դուրս ցցած... Տասներորդ հարվածի վրա նրա գլուխը թուլացած ցնցվեց ու ընկավ կրծքին։

— Իջեցրու,— ասաց Բորիս Ալեքսեևիչը և շրթունքները սրբեց մետաքսե թաշկինակով,— զգույշ տար վերև, օղիով շփիր, փոքր երեխայի պես խնամիր... Այնպես, որ վաղը խոսի...

...Երբ բոյարները նկուղից գոմերը դուրս նկան, Տիխոն Նիկիտևիչ Ստրեշնևը Լև Կիրիլովիչի ականջին ասաց.

— Լև Կիրիլովիչ, տեսա՞ր, թե իշխանը, Բորիսն ինչպես...

— Չէ-է՜... Իսկ ի՞նչ։

— Պոկվեց նստարանից... Ֆեդկայի բերանը փակելու...

— Ինչի՞ համար։

— Ֆեդկան ախր ավելորդ բաներ ասաց, նրանց արյունն ախր մեկ է, Բորիսինն ու Վասիլիինը... Ուրեմն, արյունը թագավորական գործից թանկ է...

Լև Կիրիլովիչը կանգ աոավ ուղղակի թրիքի թմբի վրա, չափազանց զարմացավ, ձեռքերը թափահարեց, խփեց ազդրերին.

— Ա՛հ, ա՛հ... Մենք էլ հավատում ենք Բորիսին...

— Հավատա, բայց զգույշ եղիր...

— Ա՛հ, ա՛հ...


22

Անծխնելույզ խրճիթում վառարանը վառվում էր, այնպիսի ծուխ էր, որ մարդը մինչև գոտկատեղն էր երևում, իսկ վերնաթախտերին ամենևին չէին երևում։ Աղոտ պլպլում էր մարխի կրակը, ածխիկները թշշալով ընկնում էին ջրով լի թասի մեջ։ Փսլնքոտ, պորտաբաց, քամակները կեղտոտ երեխաներ էին վազվզում, շարունակ ընկնում էին, լաց լինում։ Փորը ցից կինը, մեջքը կեղևակապով գոտկած, ձեռներից բռնած քարշ էր տալիս նրանց դուրս։ «Սատկեիք պրծնեիք, ինձ կերաք, անտերներ»։

Վասիլի Վասիլևիչը և Ալեքսեյը երեկվանից խրճիթում էին նստած՝ մենաստանի դարպասից ներս չթողեցին նրանց. «Մեծն արքան հրամայեց ձեզ պոասդում լինել, մինչև կանչելը...»։ Իրենց ժամին էին սպասում։ Հացն ու ջուրը կուլ չէին գնում։ Ցարն արդարացումներ լսել չկամեցավ։ Ամեն ինչի սպասում էր Վասիլի Վսաիլևիչը, ճամփին պատրսատվեց և վատթարագույնին, սակայն ոչ անծխնելույզ խրճիթի։

Ցերեկով եկել էր գնդապետ Գորդոնը՝ զվարթ, ազնիվ, կարեկցեց, լեզուն ճտտացրեց ու, որպես հավասարի, թփթփացրեց Վասիլի Վաւփլևիչի ծունկը... «Ոշինշ,— ասաց,— շատ մի մտածիռ, իշխան Ֆասիլի Ֆասիլևիչ, ջուռն իր ջամփով կգնա»։ Ու գնաց՝ ազատ և բախտավոր, զնգացնելով խոշոր խթանները։

Մայրավանք ուղարկելու և տեղեկանալու մեկը չուներ։ Պոսադականները գլխարկ էլ չէին հանում արքայադստեր նախկին սիրեկանի առաջ։ Ամոթ էր փողոց ելնելը։ Գարշահոտությունից, երեխաների ծղրտոցից գլուխը պտտվում էր, ծուխն աչք էր կուրացնում։ Ու քանիցս, չգիտես ինչու, միտքն էր գալիս նզովյալ կախարդը, ականջներում գամվել էր նրա բղավոցը (պատուհանից, կրակի միջից). «Դուո՜ւռը բաա՜ց արա, կկործանվեե՜ս, կկործանվեե՜ս»։

Ուշ երեկոյան, մի ուրյադնիկ ներս ընկավ խրճիթ, պահախումբը հետը, հազաց ծխից ու հղի կնոջը հարցրեց.

— Ձեր տա՞նն է իջել Վասկա Գոլիցինը։

Կինը ցույց տվեց պատռված արմունկով.

— Հրեն, նստած է...

— Քեզ հրամայված է պալատ ներկայանալ, պատրաստվիր, իշխան։

Ոտքով, բատրակի պես, պահախմբով շրջապատված, Վասիլի Վասիլևիչը և Ալեքսեյը ներս մտան մենաստանի դարպասից։ Ստրելեցները ճանաչեցին, վեր թռան, ծիծաղեցին, որը գլխարկը քաշեց քթին, որը մորուքը բռնեց, որը ոտքերը չռեց անվայել.

— Զվարթ կեցեք... Վոյեվոդան երկու սմբակով է գնամ... Իսկ ձի՞ն ուր է։ Ոտքերի արանքը... Ահ, հանկարծ ցեխը չընկնի վոյեվոդան...

Այդ խայտառակությունից էլ անցան։ Միտրոպոլիտի սանդուղքները վազելով բարձրացավ Վասիլի Վասիլևիչը։ Սակայն դռնից հանդիսավորությամբ ընդառաջ ելավ անծանոթ մի ատենավոր, վատ հագնված, ցուցամատով կանգնեցրեց Վասիլի Վասիլևիչին և, հրամանագիրը բացելով, կարդաց բարձրաձայն, դանդաղ, ամեն բառը քունքին էր մեխում.

—... վերոհիշյալ բոլոր մեղքերի համար մեծն արքաներ Պյոտր Ալեքսեևիչը և Իվան Ալեքսեևիչը հրամայեցին զրկել քեզ՝ իշխան Վասիլի Վասիլևիչիդ, պատվից ու բոյարությունից և կնոջդ ու զավակներիդ հետ ցմահ աքսոր ուղարկել Կարգոպոլ։ Իսկ քո կալվածքները, վոտչինաները և մոսկովյան տներն ու գույքը վերցնել հարքունիս, մեծն արքաներին։ Իսկ քո մարդկանց, անազատ ու ճորտ, գյուղացիներից ու գյուղացիների երեխաներից զատ, ազատ արձակել...

Ավարտելով երկար ընթերցումը, ատենավորը ոլորեց հրամանագիրը և պրիստավին մատնացույց արեց Վսաիլի Վասիլևիչին՝ վերջինս հազիվ էր ոտքի վրա կանգնում, գլխաբաց էր, Ալեքսեյը բռնել էր թևից...

— Հսկողության տակ առնել ու կատարել ըստ հրամանի...

Հսկողության տակ առան։ Տարան։ Եկեղեցու բակից դուրս հորն ու որդուն նստեցրին սայլ, խսիրի վրա, ետևից բարձրացան պրիստավն ու դրագունը։ Պատռված արմյակով, տրեխներով սելվորը ձգեց սանձերը, և լղարիկ ձին սայլը քայլով քաշեց մայրավանքից դեպի դաշտ։ Գիշեր էր, աստղերը խոնավ մշուշով էին պատվում։


23

Տրոիցյան արշավը վերջացավ։ Ճիշտ այնպես, ինչպես յոթ տարի առաջ, մայրավանքում փակվելով, հաղթեցին Մոսկվային։ Բոյարները պատրիարքի և Նատալյա Կիրիլովնայի հետ, մտածելով, Պյոտրի անունից գրեցին Իվան ցարին.

«... Իսկ այժմ, թագավոր եղբայրդ իմ, եկել է ժամանակը աստծուց մեզ շնորհված թագավորությունը մեր երկու անձով կառավարելու, քանզի եկել ենք մեր հասակին, իսկ երրորդ՝ պախարակելի անձնավորությանը՝ մեր քրոջը, մեր երկու այր մարդոց հետ տիտղոսներ կրել ու գործեր կառավարել չենք հոժարում...»։

Աոանց ավելորդ աղմուկի, Սոֆյային Կրեմլից փոխադրեցին Նովոդևիչյե մենաստան։ Շակլովիտիին, Չյորմնիին և Օբրոսիմ Պետրովին գլխատեցին, մյուս ավազակներին գանակոծեցին հրապարակում, պոսադում, լեզուները կտրեցին և ցմահ Սիբիր աքսորեցին։ Տերտեր Մեդվեդևին ու Նիկիտա Գլադկիին ավելի ուշ բռնեց դորոգոբուժյան վոյեվոդան։ Սարսափելի տանջեցին ու գլխատեցին։

Պարգևատրումներ եղան՝ հողով ու դրամով, բոյարներին 300-ական ռուբլի, օկոլնիչիներին՝ 270-ական, դումայական ազնվականներին՝ 250-ական ռուբլի։ Պալատականներին, որոնք Պյոտրի հետ մայրավանք էին եկել, 37-ական ռուբլի տվեցին, ովքեր հետո էին եկել՝ 32-ական, մինչև օգոստոսի 10-ը եկածներին՝ 30-ական, մինչև օգոստոսի 20-ը եկածներին՝ 27-ական ռուբլի։ Քաղաքաբնակ ազնվականներին, նույն կարգով՝ 18, 17 և 16 ռուբլի պարգևեցին։ Շարքային բոլոր ստրելեցներին՝ հավատարմության համար մեկական ռուբլի տվեցին, առանց հողի։

Մոսկվա վերադառնալուց առաջ բոյարներն իրար մեջ բաժանեցին վարչատները, առաջինն ու կարևորագույնը՝ Դեսպանականը, Լև Կիրիլովիչին տվեցին, բայց արդեն առանց պահպանի տիտղոսի։ Ռազմական ու այլ անհրաժեշտությունների բացակայության պատճառով ամենևին կարելի էր հրաժարվել Բորիս Ալեքսեևիչ Գոլիցինից՝ պատրիարքը և Նատալյա Կիրիլովնան շատ բան չէին կարողանում ներել նրան, առանձնապես այն, որ Վասիլի Վասիլևիչին փրկեց գանակոծությունից ու կառափնարանից, սակայն բոյարները անվայել գտան նման բարձր տոհմը պատվազուրկ անելը. «Եթե դրան գնանք, շուտով մեզնից էլ վարչատները կխլեն վաճառականները, անտոհմիկ ատենավորները, օտարերկրացիներն ու զանազան ստոր մարդիկ, տեսեք, Պյոտր ցարի աչքն են մտնում՝ տեղ ու վաստակ ձեռք գցելու համար...»։ Բորիս Ալեքսեևիչին տվեցին Կազանյան պալատի վարչատունը՝ ի վաստակ ու պատիվ։ Սույնը իմանալով, նա թքեց, հարբեց այդ օրը, բղավում էր. «Գրողի ծոցը թող կորչեն, իմն ինձ հերիք է», և խմած-խմած սլացավ մերձմոսկովյան վոտչինան, քունն առնելու...

Նոր մինիստրները՝ այդպես սկսեցին կոչել նրանց օտարերկրացիները, վարչատներից վռնդեցին որոշ ատենավորների ու նրանց օգնականների, մյուսներին նստեցրին ու սկսեցին մտածել և կառավարել նախկինի պես։ Աոանձին փոփոխություններ չեղան։ Միայն կրեմլյան պալատում, սև սամույրներով փաթաթված, տիրաբար դռներն էր շրխկացնում, կրունկները կտկտացնում Լև Կիրիլովիչը, Իվան Միլոսլավսկու փոխարեն...

Հին ու հայտնի մարդիկ էին նրանք, քայքայումից, կաշառակերությունից ու անօրենությունից զատ, նրանցից այլ սպասելիք չկար։ Մոսկվայում և Կուկույում, բոլոր դասերի վաճառականները, կապալառուները, պոսադների առևտրականներն ու արհեստավորները, օտարերկրացի հյուրերը, նավերի հոլանդացի, հաննովերցի, անգլիացի նավապետները մեծ անհամբերությամբ նոր կարգերի ու նոր մարդկանց էին սպասում։ Պյոտրի մասին զանազան լուրեր էին պտտվում, և շատերը ամբողջ հույսը նրա վրա էին դրել։ Ռուսաստանը՝ այդ ոսկու հանքը դարավոր տիղմով էր ծածկված... Եթե նոր ցարը չբարվոքի կյանքը, հապա էլ ո՞վ։

Պյոտրը չէր շտապում Մոսկվա մտնել։ Մայրավանքից զորքի հետ երթի ելավ Ալեքսանդրովսկի արվարձանը, ուր դեռևս կանգուն էին Իվան Չորրորդ ցարի զարհուրելի պալատի փտած պատերը։ Գեներալ Զոմմերն այստեղ օրինակելի ճակատամարտ սարքեց։ Մի ամբողջ շաբաթ տևեց դա, մինչև վառոդի վերջանալը։ Եվ հենց այստեղ էլ ավարտվեց Զոմմերի ծառայությունը՝ խեղճն ընկավ ձիուց ու խեղանդամվեց։

Հոկտեմբերին Պյոտրը միայն ռազմախաղի գնդերով դեպի Մոսկվա շարժվեց։ Տասը վերստի վրա, Ալեքսեևսկոյե գյուղում, ժողովրդի հոծ բազմություններ դիմավորեցին նրան։ Սրբապատկերներ, խաչվառներ էին բռնել, հաց էին բերում մատուցարաններով։ Ճամփեզրերին ընկած էին գերաններ ու կոճղեր՝ կացինները մեջը խրած, և խոնավ հողի վրա, վզները գերաններին դրած, պառկած էին ստրելեց պատվիրակները այն գնդերի, որոնք Տրոիցեում չէին եղել... Սակայն երիտասարդ ցարը գլուխներ չթռցրեց, չզայրացավ, թեև բարեհամբույր էլ չէր։