Ռադիո Երևան
հեղինակ՝ Արմեն Հայաստանցի |
- Խոսում է Երեւանը: Ժամը ուղիղ 12-ն է, ինչպես միշտ` այս ժամին ստուդիայում ձեզ հետ եմ ես` Երեւանը: Օրը կիսվում է սպասված զրույցով. ուղիղ եթերում մեր հյուրն է արձակագիր, քաղաքացիական ակտիվիստ Գայանե Արմենը: Մնացեք մեզ հետ եւ կիմանաք ամեն ինչ Երեւանի մասին` նրա սեռը, հասակը, համը եւ հոտը, քաշը եւ գույնը:
Գայանե, ասում են` երբեմնի վարդագույն Երեւանը կորցրել է իր համուհոտն ու գույնը: Արեւահամ մրգից մնացել է դառնահամ կորիզը, վարդ, յասաման ու ծիրանի հոտը ցնդել է, եւ քաղաքը բուրում է բակերում թափված աղբի գարշահոտով: Իսկ ձեր կարծիքով՝ ի՞նչ համ ու հոտ եւ ի՞նչ գույն ունի ներկայիս Երեւանը:
- Բարեւ, Երեւան: Շնորհակալ եմ հրավերի համար: Իրոք, ժամանակին տուֆաշեն Երեւանը վարդագույն քաղաքի համբավ ուներ: Վարդագույնը նրա բնական գույնն էր, որովհետեւ բնությունն ինքն էր հրաբխի կրակով թրծել շնչող փխրաքարն ու 40 տեսակ տուֆից մեկին էլ վարդի գույն տվել, եւ հենց էդ մեկով Խորհրդային Հայաստանը շարեց իր մայրաքաղաքը: Մենք հազար ու մի երգ գիտենք վարդագույն փափուկ քարից հյուսված երազ Երեւանի մասին, որ այսօր հնչում են որպես անմահ մրմունջ, ինչպես «Վարդագույն քաղաք» երգում է ասվում, «հիշատակը` հուշարձան հոգու մեղադրող վկա»: Ցավով պիտի փաստեմ, որ ներկայիս Երեւանը կեղտուփոշու մեջ կորած, անհամ ու անհոտ, մոխրագույն քաղաքէ, որտեղ գերակա են սեւն ու սպիտակը:
- Ուրեմն, դուք էլ եք վկայում, որ քաղաքը գունաթափվել է, կորցրեց իր համ ու հոտը, իսկ ովքե՞ր են մեղավորները:
- Գուցե բոլորս, բայց հիմնական մեղավորը միանշանակորեն սեւերն են:
Սեւերը գորտերն են, որ ճահճացրել են մեր կենսատարածքը: Նրանք եկան, հեքիաթի միջի կենաց աղբյուրը փակող վիշապի նման գրավեցին քաղաքը, որ մեր կույս աղջիկներին իրենց զոհաբերենք, ու թույլ տան մեր իսկ ջրից կես կում անենք: Նրանք եկան իրենց նոր կրոնով, անունը՝ ցեղակրոն, նոր կուսակցությամբ, անունը՝ Հանրապետական, իրենց նոր աստծով, անունը` Գարեգին, մականունը` Նժդեհ, որ գահընկեց արված հին աստծու` Լենինի թափուր տեղը պիտի գրավեր: Եկան, ոչ աջ էին, ոչ ձախ, կենտրոնը պաշարեցին, ասեցին` հետայսու մենք ենք ալֆան ու օմեգան, ազգընտիր ու միակ իշխանությունը ձեր սիրասուն` կենտրոնամետ ու ցեղակրոն, ազգապահպան ու պահպանակ, ասին` եկել ենք ձեր լավը ծռենք, որ մերը դզենք, ու հավերժ վերարտադրվենք:
Սպիտակները մենք ենք, ագռավները, քաղաքի այլը, ու կապ չունի՝ այլախոհ ենք, այլադավան, այլասերված, թե այլմոլորակային, մենք այլընտրանքն ենք` նոր դիմադրության սկիզբը: Մենք չլռող վկաներն ենք, եւ մեր ցուցմունքը սեւ գորտերի հանցանքի դեմ է, որովհետեւ նրանք գողացան քաղաքի գույնը, համը հանեցին ու գարշահոտ գազեր բաց թողեցին`պղտորելով մեր մաքուր օդը:
- Սիրելի ռադիոլսողներ, հիշեցնում եմ, որ ուղիղ եթերում մեր հյուրն է քաղաքացիական ակտիվիստ, արձակագիր Գայանե Արմենը: Մնացեք մեզ հետ, կվերադառնանք կարճատեւ երաժշտական դադարից հետո: Այժմ կլսենք Երեւանին նվիրված առաջին սիրո երգը:
Ես անուն չունեմ, բայց ունեմ հասցե: Քո սիրուց անանուն նամակ եմ դարձել, հասցես՝ անփոփոխ. վստահության դուռ, հույսի լուսամուտ: Քո մասին են իմ բոլոր երգերը, ըհը, երգերը ու նամակն այս, որ քո փոխարեն՝ ուրիշներն են կարդալու: Իմ վարդագույն սեր, գրում եմ, որովհետև էլ ուժ չունեմ քեզ երգելու: Ւրոք քեզ սխալ եմ հասկացել, ինձ թվացել է, որ նմանիս հետ գործ ունեմ, ազատ մեկի, ում համար սերը սահման չի ճանաչում, եւ մարմնականության բոլոր ձևերն ընդունելի են: Մտածել եմ, որ հետդ լինելու միակ նախապայմանը բացվելն է, ու կծիկի պես բացվել եմ, հետդ կապվել եմ՝ քարկապվել մինչև վերջ, ոնց որ երգում՝ քո ամեն քարի հետ ես իմ կյանքն եմ կապել առհավետ: Հիմա արդեն գիտեմ, որ պահպանողական ես, շատ ավելի, քան կարծում էի, որ զգացմունքներս անսովոր են քեզ համար, անընդունելի: Դու ուրիշ բան ես հասկանում սեր ասածի տակ, ես՝ ուրիշ: Պարզ է. հետս սեր չես անելու, ու էդ միտքն անգամ քեզ վիրավորում է: Քեզ մեղադրելու համար չեմ ասում, ուղղակի խոստովանում եմ, որ էլ իմ միակ օթևանը չես: Ես քեզ դավաճանել եմ՝ լիքը-լիքը, հենց ոտքս ընկել է ավելի սիրունի, ավելի գերողի դուռը, միանգամից մոռացել եմ դատապարտող հայացքդ ու զվարճացել ուրիշների գրկում: Հա, կարոտել եմ, բան չունեմ ասելու, ամեն անգամ մի երկու օրից հիշել եմ, որ ուր էլ գնամ, ուր էլ մնամ, քեզ եմ հավիտյան սիրում, բայց ոչ դու ես Անին, ոչ էլ ես՝ Շիրազը, որ քեզ տեսնեմ ու նոր մեռնեմ:
Ոմանք երգում են՝ քեզ անկեղծ սիրելը չգրված օրենք է: Կներես, չգրված օրենքով շարժվել չի ստացվում: Մենք փակուղում ենք: Եթե առանց ինձ վնասելու՝ քեզ քանդել չի լինում, ուրեմն՝ ինքդ էլ կտրիր մեր քարկապը: Իմ ձեռքը չի գնում, իսկ քեզանից բան չի գնա, ընդունիր, որ էլ քոնը չեմ, պարզապես քո ուրիշի նամակն եմ՝ չկարդաս, նախընտրական խոստումդ եմ՝ չկատարես, շահող կտրոնդ եմ՝ չջնջես, պետական կարիքդ եմ՝ այ, դա կհոգաս, աննախադեպ առաջարկդ եմ՝ անպայման կհրաժարվես, քո չարտոնված երթն եմ՝ կցրես, երկար սպասված պատվերդ եմ՝ չընդունես, քո Աստծու բարևն եմ՝ չառնես, քո բաց բերանն եմ՝ կփակես, խոր վախդ եմ՝ բռնել չտաս, կապույտ երազդ եմ՝ չխաբվես, քո վառ արյունն եմ՝ կթափես, քո դանակ-մկրատն եմ՝ չսրես, անուշ կենացդ եմ՝ չխմես, շտապ կանչդ եմ՝ կմոռանաս, մոտիկդ եմ՝ կվտարես, լավդ եմ՝ չուզես, ցավդ եմ՝ չտանես, ծնունդդ եմ՝ չնշես, թշնամիդ եմ, տնից կլինեմ, բանի տեղ չդնես, ես կանցնեմ կգնամ, դու էլ կապրես, ոնց որ երգում՝ հա-վիտ-յան:
Դու աղետ ես, բաց փակուղի, անունդ` սիրո գարուն է, ազգանունդ` քեզ նման սիրուն է : Անհնար ես դու, ինչպես աթեիստի Մեքքան, ընկեցիկի ընտանեկան մասունքը, սնանկի կտակը, կռնատի ձեռնոցը, ծովի դռնապանը, լեռան նավագնացը, անտառի մատուցողը, երկնքի քիսաչին, օձի ոտքը, հավքի պորտը, բայց սիրում եմ քեզ, ոնց որ շունը՝ տիրոջը. մեկ-մեկ գազանաբար, ոնց որ կատաղած շունը՝ խեղճացած տիրոջը, մեկ-մեկ մարդավարի, ոնց որ խեղճացած շունը՝ կատաղած տիրոջը, բայց, ընդհանուր առմամբ, հավատարմորեն ու ճարահատյալ: Ուրեմն, ես՝ շուն ու դու՝ տեր, ես՝ խաչ, դու՝ տերտեր, ես տնակ, դու` տանուտեր, ես քո Նաղաշն եմ, իսկ դու` լավաշը, ես քո բնիկն եմ, դու՝ իմ բունիկը, ես քո բալիկն եմ, դու` տունտունիկը, ես քո ճաշիկն եմ, դու՝ իմ պնակը, ես ուլիկն եմ, դու` պուլիկը, ես չիշիկն եմ, դու` պուպուլիկը, ես քո ջուրն եմ սառնորակ, դու՝ իմ անվան պուլպուլակ, դու մատանին ես, ես` կապույտ ակը, թռած ընկած ձեր բակը, դուլուլու-դուլուլու մեր բակը, ես մեռելն եմ, դու` քելեխը, հոպ, այ զարկե ու քելե, քելե-քելե-քելեխը:
Դու լավ գիտես, ոնց որ երգում` քեզ եմ տվել, քեզ`երազներս կապույտ, քեզ` իմ հույսի կամուրջները, որ մտովի հազար անգամ վառել եմ. դա պոռթկում էր, անզուսպ կիրք ու երեսիդ թքելու անթաքույց ցանկություն: Քո հին ճամփեքով լիքը անցել եմ, ոնց որ նույն երգում`մենության արձագանքները երգերում թաքցրել. դա էլ ինքնազսպում էր, փախուստ, ճշմարտության աչքերին նայելու անհամարձակություն, անիմաստ ինքնախարազանում ու ինքնաոչնչացում: Երկու դեպքում էլ ուզածս պարզ բան էր, որ սերս մեզ թևեր տա, ոչ թե ստիպի զզվել ինձնից, քեզնից, մեզնից, բոլորից, լինել ոչինչ, ոնց որ մյուս երգում՝ դու ինձ համար սիրո աղբյուր, ես քեզ համար՝ գուցե ոչինչ:
Քո` անանուն ես:
- Խոսում է Երեւանը: Ստուդիայում կրկին ձեզ հետ են Երեւանը եւ մեր այսօրվա հյուրը` Գայանե Արմենը: Մնացեք մեզ հետ եւ կիմանաք ամեն ինչ Երեւանի մասին: Մենք պարզեցինք քաղաքի գույնը, համը եւ հոտը, անցնենք քաշին: Երեւանը ծանրացե՞լ է, թե՞ թեւթեւացել, ինչ կշի՞ռ ունի:
- Ներկայիս Երեւանն անկշռելի է. մի կողմից ծանրանում է երեւանցու կյանքը սոցիալապես, մյուս կողմից՝ թեթեւանում, որովհետեւ երեւանցին լքում է քաղաքը: Երեւանը երկնաքեր աշխարհի անհաշվելի հարկերի արանքում լռված բեռնատար վերելակ է ` մեթանով գազալցված փուչիկի քաշով, որ ուշանում է գործնական հանդիպումից: Մենք մնացել ենք նրա մեջ` սպիտակ ագռավներով ու սեւ գորտերով, բայց մենք ոչ մի տեղից էլ չենք ուշանում, ուշացողը քաղաքն է, մենք մեզ համար կռկռում ենք` ագռավավարի ու գորտաբար: Երեւանը արեւելյան ճեպընթաց է, որ տեղից չի շարժվում, որովհետեւ շուրջօրյա նամազ պիտի անի: Երկրի ճաքած սրտում անկշռության մեջ քարացել են հայկական ժամանակն ու տարածությունը: Մենք պետք է իշխանափոխություն անենք, որ քաղաքի քաշը տեղը գա, որովհետեւ քաղաքն անհնար է կշռել անկշռության մեջ` առանց իր շարժման: Քաղաքը տեղով մեկ շարժում է:
- Բայց Երեւանը շարժվում է, ասում են` դանդաղ ու հաստատուն քայլերով առաջ է ընթանում, աղաքային տրանսպորտն էլ կարծես թե անխափան աշխատում է:
- Ճահճում էլ մեծ շարժ կա, բայց` ոչ քաղաքային: Ինձ համար քաղաքային տրանսպորտը մնում է, նախ եւ առաջ, մետրոն: Երեւանյան մետրոն մեր առաջընթացի պատմությունն է. նախատեսում էին 38 կայարան, 10-ից ավելի գիծ, ու հիմա ունենք մի գիծ, 10 կայարան: Սկիզբը լավ դրեցինք: Գիտե՞ք, ասում են՝ անունը ճակատագիր է: Մենք շատ լավ սկսեցինք՝ մետրոյի առաջին կայարանի անունը դնելով «Բարեկամություն», բայց ամեն անգամ, որ լսում եմ` «Գարեգին Նժդեհ. վերջին կայարանն է», մազերս բիզ-բիզ են կանգնում, հասկանում եմ, որ էս կետում վերջանում է մեր քաղաքային առաջընթացի պատմությունը, եւ խորհրդանշական առումով էլ` քաղաքակրթվելու գործընթացը: Նոր թափ, նոր քաշ ստանալու համար Երեւանը պիտի տեղից պոկվի: Մուհամեդն անգամ չի սպասում սարին, ինքն է գնում սարին ընդառաջ, դե, եթե մենք ենք - մեր սարերը, ուրեմն պիտի գնանք մեր սարերին ընդառաջ, որ չոբան Արմենը Գայանեին հասնելու այլընտրանք ունենա, Երեւան չգալով՝ երեւան գալու հնար ունենա:
- Իսկ այս պահին ունենք երաժշտական դադար:
Անունս մոռացիր, ազգանունս՝ նույնպես, ու այլեւս ինձ չկանչես, աչքիս չերեւաս: Դու չես փոխում, դու նենգափոխում ես ամեն ինչ ու չես փոխվում: Ինձ ոչինչ պետք չի քեզանից, պարզապես հանգիստ թող ինձ: Ես մենակ մի բան եմ ուզում, որ լռես, որովհետեւ քո ձայնն ազդում է նյարդերիս վրա, ինձ ստիպում փակել ականջներս ու անձայն հեծկլտալ: Չեմ ուզում լսել քո սիրո երգերը, չեմ ուզում կարդալ անպատասխան նամակներս: Առաջին սիրո քո տափակ երգը, որ չունի դադար, ինձ զզվացրել է, թող որ էլ չապրի իմ հոգում ոսկե-վառ:
Իմ դարե կարոտ, իմ քարե նազանք, դու ինձ խաբել ես, հենց էս նույն երգով դու ինձ ասել ես` կյանքում ամեն սեր լինում է տարբեր, իսկ մենք բոլորս էլ քեզնով ենք արբել, ու ես արբել եմ, ապուշի նման հավատացել քո հին երգերին, միամտաբար երկար կարծել եմ, որ կանչն՝ առանց քեզ,՝իզուր կկորչի, առանց քեզ՝ իմ տաք տենչն էլ կսառչի: Բայց մենք տարբեր ենք ու անհավասար:
Սերս, ես միայն մի բան եմ ուզում, որ ձայնդ կտրես,վերջապես լռես, թողնես իմ մահով ես հանգիստ մեռնեմ, ոչ թե քո սիրուց, այլ՝ իմ վախերից: Ուզում եմ՝ շարժվես, դուրս գաս իմ դռնից ու հետ չնայես, գալդ բարի չի, ոտքդ խերով չի, դե կորի գնա, ի՞նչ ես կանգնել, ի՞նչ ես հիմար ժպիտով քարացել: Ոչինչ չի փոխվել, իմ հուշերի անհատակ ջրհորում, ես քո անունն եմ տալիս, ու կանչում, առաջվա նման անդադար երգում` քոնն են սրտիս խոստումները, քոնն է անցյալս այրող ապագան, ճիշտ ընտրության խարույկները, որ դու խեղում ես, անվերջ խեղդում ես իմ իսկ հուշերի անհատակ ջրհորում, ես խեղդվեցի քո կեղտոտ գրկում, ու չկա փրկություն:
Բայց դու չես գնում, ինչքան էլ քշեմ, մնում ես կանգուն: Դե. որ էդպես է, թող իտալացին սպագետտի ուտի, չինացին` բրինձ, ռուսը` պելմենի, իսկ մենք կուտենք իրար միս: Նախաճաշին կեր ոտքերս, ճաշին` սիրտս, ընթրիքին` գլուխս, ոսկորներս գիշերը թաղի, որ լուսաբացին հողի տակից ծլեմ, դուրս գամ, որովհետեւ ես մի ծիլն եմ քո ծաղկի, հետո գլխիդ կբամփեմ, որովհետեւ ես մի զարկն եմ քո բազկի, բայց էլ ուժ չունեմ ամեն բացող առավոտ, քեզ երգեմ կրկին. ամեն իջնող երեկո, նորից նոր վառեմ լույսերդ:
Սա քեզ ուղղված վերջին նամակս է, քո Կարապի լճից արտաքսված բնակչի հրաժեշտի երգը: Դու լավ կաց, ու հեչ էլ չտխրես, մեծ աշխարհ՝ մի կարճ կյանք, չարժի ողբերգություն դարձնել մեր անպատասխան սիրո սովորական պատմությունը: Դու քեզ լավ նայիր, իմացած եղիր, որ ամեն դեպքում թանկ ես ու հարազատ: Օդային պաչիկ եմ ուղարկում, պատասխան էլ չեմ ակնկալում, տես, որ մոտավոր գիտեմ բոլոր հին ու նոր երգերդ. բայց անկարող եմ նորից պտտել ձայնապնակն ու այս հին մեղեդին, որ մենք կորցրինք առհավետ, իմ անգին:
Չեմ նեղանում, լավից բացի՝ բան չեմ տեսել, խոշոր հաշվով նեղանալու տեղ էլ չունեմ, ուղղակի էլի եմ ասում՝ քեզ սխալ եմ հասկացել, կներես, կյանք է, ամեն ինչ էլ կպատահի, ու քանի որ էս փակուղում հայտնվել եմ իմ էշ խելքից, ուրիշ ելք չեմ տեսնում, քան քեզ ևս մեկ անգամ, հուսով եմ՝ վերջին, ասել ողջ ճշմարտությունը. դու վարդագույն չես, ես եմ ակնոցավոր:
Քո՝ վարդագույն ակնոցով ես:
- Երեւանն է խոսում: Հիշեցնենք, որ ուղիղ եթերում մեր զրուցակիցն է արձակագիր Գայանե Արմենը: Հասանք հասակին: Ի՞նչ տարիքի է, ի վերջո, Երեւանը` անհուսալիորեն ծեր, թե նորածին մի քաղաք` առանց անցյալի:
- Անորոշ տարիքի: Սեւ գորտերը, պետական կարիքների անվան տակ, 21-րդ դարասկզբին հիմնահատակ քանդեցին ու ավերեցին 19-րդ դարի ողջ Երեւանը, եւ էս առիթով սպիտակ ագռավների բարձրացրած աղմուկը կարծես դարձավ ձայն բառբառո հանապատի: Բայց ձայնն է, որ կենդանության նշանն է, իսկ տարիքը` կապ չունի եւ հարաբերական է: Տեսեք, աշխարհը 4 միլիարդ տարեկան է, մարդկությունը՝ ընդամենը 2,5 միլիոն, այսինքն՝ եթե աշխարհի պատմությունը պատկերացնենք մի օր, ապա մարդկությունը երկու վայրկյան է, ինչ գոյություն ունի, իսկ Երեւանը՝ 0-ից հազիվ պոկված միլիվայրկյան: Ամեն դպրոցական գիտի, որ Երեւանը հիմնադրել է Մենուայի որդի Արգիշտին սրանից 2794 տարի առաջ եւ կոչել քաղաքը Էրեբունի: Բայց Երեւանի արվարձան Շենգավիթում մոտ 6 հազար տարվա վաղեմության բնակավայրի հետքեր էլ կան, էնպես որ հանգիստ կարելի է Երեւանը համարել 6 հազար տարեկան: Դա կլինի ոչ թե էրեբունի-քար-Երեւանը` իր Արաքս մորով ու Մասիս հորով, այլ Կատոն-ջուր-Երեւանը, որ իր միջով հոսող «ծովագետի» հին անուններից է, իր Սեւան մորով ու Արագած հորով: Բայց, անգամ 6 հազար տարեկան լինելը առավելություն չի, եթե ձայնդ չի լսվում:
- Գայանե, եթե ձայնն է կարեւոր, ապա, ի՞նչ ձայնային տվյալներ ունի ներկայիս Երեւանը:
- Փայլուն: Երեւանը նոր ձայներ ունի, որոնք երբեք չեն լսվել: Ամեն դպրոցական անգիր գիտի Երեւանի հիմնադիր թագավորի անունը, բայց նրանցից ոչ մեկը չգիտի թագուհուն` Բագենային, որովհետեւ նա պատահականության արդյունք էր: Մենուան 17-ամյա Արգիշտիին, որ տոնակատարության ժամանակ բազմաթիվ սիրունների մեջ չէր կարողանում կողմնորոշվել, խորհուրդ է տալիս հաշվել ու կնության առնել 40-րդին: Կինը պատահականություն էր, տղամարդը` պատմական անհրաժեշտություն, որ կարող էր ընտրել նրան` ըստ իր քմահաճույքի: 3 հազար տարի լռելուց հետո մերօրյա Բագենաները վերջապես խոսում են, թողնում իրենց սեպագիր արձանագրությունը, հրաժարվում լինել 40-րդը` տղամարդու քմահաճույքը, դառնում քաղաքի հիմնադիր: Երեւանն արդեն իսկ իր նոր երգը ցածրաձայն երգում է նրանց ձայներով, ովքեր դարերով լռեցվել են, եղել են ձայնազուրկ. ուշադիր եղեք եւ կլսեք:
- Սիրելի ռադիոլսողներ, բարձրացրեք ռադիոընդունիչի ձայնը, քանի որ եթերում քաղաքին նվիրված բոլորովին նոր երգ կհնչի հատուկ ձեզ համար, իսկ մենք կվերադառնանք հաշված րոպեների ընթացքում: Մնացեք մեզ հետ, Երեւանն է խոսում ու պատմում իր մասին ամեն ինչ:
Անունս միշտ սիրել եմ, մայր գետի պես խոր, թաց ու ջերմ: Եվ կյանքում, միշտ որոնել եմ երեքի համատեղումը, որովհետեւ օրերիս մեջ կար եւ խորություն, եւ թացություն, եւ ջերմություն, բայց անջատ ու անդուր: Թաց էր ամեն ինչ` արցունքոտ, լորձոտ, լպրծուն ու տխուր, եւ պղտոր էին ջրերս: Ափերովս գլխիկոր պոետ տղերք էին գալիս ու գնում, իսկ ես անձրեւից թրջված մկան նման ծակ էի ման գալիս, որ մտնեմ ու տաքանամ, բացվեմ ու խորանամ, բայց գտածս ծակերն ինձ ապաստան չէին դառնում, որովհետեւ խորն էին ինձ համար փորված փոսերը, խորն ու սառը, եւ չկար դրանցից ազատում: Օրերիս ջերմությունն անփոփոխ էր` 37,7 աստիճան, երբ հիվանդ ես, բայց ոչ անկողնային, եւ առողջ ես, բայց ոչ լիարժեք: Օրերս սառը թավայում պայթող ադի-բուդի էին: Առանց քեզ՝ ես չէի հոսում, ես լռակյաց ճահիճ էի կամ դանդաղ ցամաքող ջրհոր, չգիտեմ էլ՝ ով էի, բայց հաստատ գետ չէի: Ես չկայի, կար մենակ անունս` խոր, թաց ու տաք. Արաքս:
Ու մի օր էլ քաղաքի աղմուկի մեջ ես լսեցի մի անուշ ձայն` քո ձայնը, որ ասում էր` «Խոսում է Երեւանը»: Ձայնդ, ալիք դարձած, եկավ ու պինդ գրկեց ինձ, եւ ես հոսեցի դեպի քեզ` իբրեւ արձագանք: Ես սիրեցի քեզ ձայնով` առանց տեսնելու, խելագարի պես, ոնց որ սիրենների երգից գժված մի նավաստի: Ձայնդ կանչ դարձավ, ղողանջ հնարավոր երջանկության, ու բերեց հասցրեց ինձ քեզ մոտ, ոնց որ եկեղեցու զանգերը հավատավորին են կանչում ժամի դուռը: Երբ քեզ գտա, օրերս դարձան անվանս համահունչ, անունս դարձավ ճակատագիր: Հիմա, որ դու կաս, էլ սառը փոսեր չկան, բայց արի ու տես, որ խորն է ամեն ինչ, խոր, թաց ու տաք` երդիկից կաթող ամառային անձրեւի տակ վառվող թոնրի նման, խոր, տաք ու թաց` վագինալ կարոտներիս փարատման նման:
Քեզ հետ գիշերս ցերեկ դարձավ, որովհետեւ միասին էինք, իսկ ցերեկս` քարքարոտ դժոխք, որովհետեւ մենակ էի, ու կողքիս չէիր դու: Գիշերները մենք հարթուկում էինք հայոց լեռները, սարերը շուռ տալիս ու հավասարեցնում քո անուշ հոտով ներծծված սավանին: Մեզ լուսին թռցնող սավանին սիրաբծեր էին մնում, հետքեր, որ լվացքի փոշին անցկացնում էր, բայց մենք նորերն էինք թողնում` հաջորդ իսկ գիշերը: Ցերեկները լեռ ու ապառաժ նորից վեր էին խոյանում ու բաժանում մեզ: Ցերեկները չէր հաջողվում հարթուկ անել, սիրել իրար: Հենց շրջվում ու հեռանում էիր, ես ջուր էի դառնում, չլփոցով թափվում գետնին, ոնց որ Ամելին` Նինոյի հետեւից, խղճուկ, պղտոր մի ջրափոս: Ցերեկները ես կորցնում էի քեզ. ամեն քայլափոխի` խոր փոսեր, թրջված մկներ ու անողոք քարեր, ու ոսկորներս նվվում էին` ոնց որ 37,7 տաքության ժամանակ: Հենց տնից դուրս էիր գալիս` քեզ կորցնելու վախը պատում էր մարմինս. սկզբում որպես պստիկ միջատ քորում էր գլուխս, հետո օրվա ընթացքում մեծանում-մեծանում, ինձ շպրտում էր տնից դուրս` փողոցները, թափառելու, պատահաբար մի տեղ քեզ տեսնելու անդուլ դեգերումների, բայց ես գիտեի քո տեղը: Քեզ կորցնելու ոջիլ վախը մինչեւ երեկո աճում-աճում, միջատանման հազարոտանի բեղավոր հրեշ դարձած՝ ինձ կուլ էր տալիս: Մինչեւ վերադարձդ ես անշարժացած վեր էի ընկնում տան մի անկյունում ու մեռած սպասում, որ քո մի համբույրից վերակենդանանամ եւ հոսեմ կարկաչուն գետի պես, վարարեմ, դառնամ լայնահուն ու խոր գետ, իսկական Արաքսը: Օրը հազար անգամ զանգում էի, որ ձայնդ լսեմ, որովհետեւ երկու րոպե կողքիս չէիր լինում, տագնապի նոպաներս սրվում էին, ու միակ ելքը փրկօղակ-ձայնդ լսելն էր դառնում:
Քեզ կորցնելու վախից տաքսու վարորդ դարձա: Հիմա, իմ սալոնում միշտ տաք է, խոր ու թաց: Ամեն օր ընդմիջման ժամին քո մասին մտածելիս թրջվում, ջուր եմ դառնում: Իմ արթմնի երազում դու, պառկած, ննջում ես մեր անկողնում, ես, ջուր դարձած, լցվում եմ ներս` կուլ եմ տալիս քեզ, ոնց որ «Ժամեր»-ում հղի Լորային՝ հեղեղը, ճիշտ նույն պատկերն է, բայց հերոսները մենք ենք: Ես համաշխարհային ջրհեղեղն եմ մեր ննջարանում, բայց քո մարմինը գագաթ որոնող տապան չի, որ գնա թառի մի բարձր սարի ծերին: Քո մարմինն իրական է, սիրած աղջկա մարմին, որ պիտի սուզվի իմ կրքի ջրերում, շունչը պահած՝ լող տա, իջնի ջրի հատակը, մինչեւ օդի ոչ մի կաթիլ էլ չմնա թոքերիդ մեջ, ու հետո բարձրանա ալիքի վրա եւ մակերեսին տարուբերվի էնքան ժամանակ, մինչեւ մեր ջրերը երկուստեք հետ քաշվեն:
Ամեն կեսօրի ես մտովի առնում եմ քեզ իմ ջրերի մեջ, իմ գրկում պահում երկար-երկար, մինչեւ վերչին շունչդ, մինչեւ վերջին կաթիլս լցվում եմ մեջդ, բերնեբերան, որովետեւ ես քո Արաքսն եմ, քո ջուրը, բայց ոչ էն մայր Արաքսը, որի ափերով քայլամոլոր շվարած պոետ տղերք էին գալիս ու գնում, ես հիմա ուրիշ Արաքս եմ` հրավառ Արաքսը, քո վառվող ջուրը: Սերս, ամեն օր, երբ օրը կիսվում է սպասված զրույցով, ես փակում եմ աչքերես, որ բացվես իմ առաջ, որ կեսօրս կեսգիշեր դառնա, որ ասֆալտը` խոտ դառնա, վրան փռվենք ու սեր անենք: Ափսոս, մատներս խոնավությունդ շուտ են մոռանում, լեզվիս ծայրից համդ ցնդում գնում է, բայց հերիք է մեքենայի դարակից հանեմ ներքնաշորդ, ու մի վայրկյանում սալոնս քեզնով է լցվում: Ամեն օր նույն ժամին, ուղիղ կեսօրին տղերքը գնում են լահմաջո ուտելու, իսկ ես քշում եմ մի կողմի վրա, փակում մեքենայի ապակիները, ռադիոն զլում մինչեւ վերջ եւ կշտանում քո ձայնից ու հոտից: Հասկանո՞ւմ ես՝ ինչ եմ ասում: Ես քո ձայնով ու հոտով եմ ընդմիջում անում:
Սերս, ես մենակ մի բան եմ ուզում, որ մեր սավանը երբեք անբիծ չմնա, ուզում եմ՝ սիրո թաց հետքերը չհասցնեն չորանալ, որ մեր բակի խանութում լվացքի փոշին վերջանա, տանն էլ մաքուր սավան չմնա, իսկ մենք շարունակենք գիշերուզօր կաթկթել սիրուց, բայց մեջս դեռ խլրտացող միջատ վախ կա` քարի վախը: Ես վախենում եմ էս քարերից` մեջը լիքը արյուն, որ մի օր մեր գլխին կտան, ես վախենում եմ քարկոծվելուց: Էս քար սրտերը մեր սիրահեղուկի հետքերով կգան ու կբռնեն մեզ, ինձ ու քեզ կկապեն սպիտակ սավանով եւ մի բարձր քարի ծերից խոր ձորը կշպրտեն:
Ուրեմն գիշեր-ցերեկ սեր պիտի անենք. վերջին միջատին սատկացնելու ուրիշ ձեւ չկա: Ամեն գիշեր պիտի հարթուկենք հայոց լեռները, սարերը շուռ տանք ու հավասարեցնենք քո անուշ հոտով ներծծված սավանին, մինչեւ որ մեր սիրահեղուկից չփափկեն բոլոր-բոլոր քարերը, ապառաժները ճաքեր չտան, ժայռերը չկակղեն ու չհալվեն, որ մենք հայտվենք անծայրածիր կանաչ դաշտում, եւ երբ բացվի առավոտը` էն գրքում գրած Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտը, մենք վերջապես հանգիստ, անվտանգ ու առանց վախի՝ կփռվենք, թավալգլոր կտանք փափուկ դաշտ դարձած մեր աշխարհում: Հետո, երբ մենք կգնանք գործի` գիշեր լինի, թե ցերեկ, մեկ է՝ էլի չենք բաժանվի, ես կգործարկեմ մեքենայի շարժիչը, քո ձայնը, ալիք դարծած, կհասնի ականջիս, ու ես կհոսեմ քաղաքի փողոցներով:
Բոլորն ասին՝ Արաքս, դու գիժ ես, երկու կարմիր դիպլոմ տանը դրած՝ գնում ես տաքսի քշես մի քաղաքում, ուր, քեզնից բացի, աղջիկ տաքսիստ երեւի չկա էլ, բայց, պարզվեց, կար մի ամբողջ սերվիս՝ «Փինք» անունով, միայն կանանց եւ աղջիկների համար: Ինձ միանգամից գործի ընդունեցին, որովհետեւ դու բարեխոսել էիր, դու, ում ձայնով սիրեցի, իմ միակ սեր, իմ սիրուն Երեւան:
- Գայանե, խոսեցինք քաղաքի գույնից, հոտից ու համից, քաշից ու հասակից, կարեւորեցինք ձայնը, մնաց պարզել քաղաքի սեռը: Իսկ ձեզ համար մերօրյա Երեւանն ի՞նչ սեռ ունի:
- Երեւանը միշտ պատկերվել է իբրեւ մայր կամ աղջիկ, բայց հանուն հոր եւ որդւո եւ հոգւույն սրբոյ՝ ազգային: Սեւ գորտերը քաղաքը դարձրել են թրով մայր Հայաստան` պատրաստ թռցնելու իր զավակների գլուխը, եթե նրանք համարձակվեն ուրանալ արյան կանչը, մոռանալ մայրենին կամ շեղվեն իրենց սահմանած ճահճային օրենքներից: Բայց սեռն էլ կապ չունի, գենդերը` գուցե: Մենք ծիածանի տակով ենք անցնում: Ոչինչ կանխորոշված չի մեր օրերում, չկա ի վերուստ սահմանված կարգ ու կարգեր: Եթե մարդը կարող է փոխել իր անունը կամ ազգանունը, ընտրել իր սեռն անգամ` ըստ իր կամքի, իշխանության եղածն ի՞նչ է, որ չփոխի:
- Հարցերն անսպառ են, իսկ ժամանակը`սահմանափակ: Վերջին հարցն եմ ուզում տալ: Հայկական գարունը կամ Վարդերի հեղափոխությունը գալիս ու տեղ չի հասնում, ի՞նչն է ձեզ հույս ներշնչում, որ նախկինում վարդագույն, ներկայումս մոխրագույն Երեւանը վաղը լինելու է բազմերանգ` ծիածանագույն:
- Ինձ հույս է ներշնչում մեր զրույցը, որ կայացավ, իսկ սրանից 5 տարի առաջ ուղիղ եթերում կլռեցնեին: Ամեն մի ընդվզում, անհնազանդություն, ցանկացած մակարդակում, ուղղված է անօրինակարգ իշխանությունների դեմ. եթե անգամ տանն աղջիկը բռնակալ հոր դեմ հոխորտում է, դա արդեն քաղաքական գործողություն է: Ու ես իրեն ասում եմ՝ ապրես, չվախենաս, բաց պորտդ ու դուրս արի փողոց, բանի տեղ մի դիր սեւ գորտերի կռկռոցը, նրանք ինձ տարիներով վախեցնում են, բայց ես գլուխս բարձր քայլում եմ, որովհետև իմը սերն է, ոչ թե ատելությունը: Հեղափոխությունը սեր է ու հանուն սիրո պայքար, իսկ սերը սեռ ու տարիք չի ճանաչում:
- Շնորհակալություն, հրավերն ընդունելու եւ զրույցի համար: Սիրելի ռադիոլսողներ, մեր հերթական հաղորդումը մոտեցավ իր ավարտին, կհանդիպենք վաղը, ինչպես միշտ` ուղիղ կեսօրին: Ստուդիայում ձեզ հետ Երեւանն էր: Մնացեք բարով եւ վայելեք այս հաղորդաժամի վերջին կատարումը:
Անունս միշտ ատել եմ, փոքրուց ամաչել. ինչքան ինձ հիշում եմ, բոլորի հետ կռիվ էի տալիս, որ ինձ ասեն` Երո, բայց ինձ Երան էին ասում, իսկ իրականում իմ անունը Երեւան է, մորս անունը` Հայաստան, հորս անունը` Արարատ: Գիտեմ, զավեշտ է, բայց անձնագրերով հաստատված փաստ:
Մերոնք, որ ամուսնացել են, շատ են ուզել աղջիկ ունենալ, բայց առաջնեկը տղա է դուրս եկել, ու քանի որ հորական կողմս կարսեցիներ են, մեծ եղբորս անունը Կարս դրեցին, որին բոլորը, ծնողներիցս բացի, Կարո են ասում: Վերակառուցման տարիներին, երբ ամեն ազգայինը խրախուսվում էր, Սովետից վառված հերս մտածել էր, որ շատ հայրենասիրական ու ինքնատիպ բան է անում, որ իր առաջնեկի անունը Կարս է դնում, իբր դրանով խորհրդանշական կերպով հետ է բերում նախնիների կորցրածը: Հետո, որոշել են կրկին փորձել, նորից տղա են ունեցել` Դվինին, դե, նրան էլ բոլորը Դվո են ասում: Ու էդտեղ հորս մտքում մի հանճարեղ գաղափար է ծնվել, որ պիտի 12 երեխա ունենա` պատմական Հայաստանի բոլոր մայրաքաղաքների անուններով:
Վերջը, 91-ին, Հայաստանի անկախության հռչակման տարում ծնվեցի ես: Ու հերս հատկապես շատ հպարտ էր էդ փաստով, որ ես ու նորանկախ Հայաստանը հասակակիցներ ենք, առիթը բաց չէր թողում գլուխը գովելու. «Երեւանս սովետի արտադրանք չի, պատրաստված է Նորանկախ Հայաստանում պիտակով է»: Մերոնց աղջիկ ունենալու երազանքն իրականացավ, ու էդ մութուցուրտ, պատերազմական տարիներին մենք դարձանք իսկական աստղեր, հորս ձեւակերպմամբ` «ժողովրդին հույս տվող լույս»: Ինձնից 3 տարի հետո ծնվեց քույրս` Անին: Մայրս հետծննդական բարդություններ ունեցավ, արգանդը հեռացրեցին, ու հորս 12 մայրաքաղաքի անուններով երեխա ունենալու ծրագիրը ջուրն ընկավ. միգուցե բարին էլ դա էր, եթե ես էի էդքան ծանր տանում անունս, բա ի՞նչ կանեին իմ խեղճ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Բագարան, Շիրակավան անուններով, էդպես էլ լույս աշխարհ չեկած եղբայրներն ու քույրերը: Հայրս ասում էր. «Անիս մեզ զինադադար բերեց, բայց ոչ խաղաղություն, որովհետեւ Արցախի պատերազմը դեռ շարունակվելու է»:
Ես մինչեւ հիմա էլ չգիտեմ, թե հայրս ինչի էր մեր ընտանիքի պատմությունը հայոց պատմություն սարքում, բայց գիտեմ, որ իր երեխեքին կպցրած անունները յուրատեսակ փառք բերեցին նրան: Մեր անունները կանխորոշեցին մեր ընտանիքի ճակատագիրը: Ու որովհետեւ անունս Երեւան էր, մայրս էլ` երգի դասատու, ինձ փոքրուց սովորեցրել էր Երեւանի մասին բոլոր հայտնի եւ անհայտ երգերն ու ոտանավորները:
Ես, փոքրուց, ոչ միայն Երեւանի մասին բոլոր երգերն անգիր գիտեի, այլեւ մեր պետական բոլոր 28 տոներն ու հիշատակի օրերը, որովհետեւ լրագրողներն էդ օրերից շատերին մեր տան մշտական հյուրն էին: Ծնողներս ամեն անգամ խնամքով պատրաստվում էին ու մեզ էլ նախապատրաստում: Անին անտաղանդ էր. ոչ երգել գիտեր, ոչ պարել, ոչ էլ մի կարգին արտասանել, բայց շատ սիրունիկ էր ու միշտ կադրում հորս գրկին նստած: Այ, Դվոն, Կարոն ու ես իսկական մանկական եռաձայն երգչախումբ էինք: Եղբայրներս առաջին պլան էին մղվում հունվարի 28-ին` Բանակի օրը, մայիսի 8-ին` Երկրապահի օրը, մայիսի 9-ին` Հաղթանակի և Շուշիի գրավման օրը: Նրանք հագնում էին զինվորական համազգեստի կտորից կարված իրենց շորերը, դառնում պստիկ զինվորներ, ու ես նախանձում էի նրանց: Դվինը խաղալիք թուր ու թվանքով ինքնամոռաց երգում էր՝ «Ինչ անիծեմ թուրք ասկյարին...»:
Մի անգամ էլ, լավ հիշում եմ, նույնիսկ փետրվարի 21-ին` Մայրենի լեզվի օրը, անսպասելիորեն լրագրող եկավ, եւ մայրս իրեն չկորցրեց, Կարսին դրեց գիրկն ու խրատաբար արտասանեց Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն»-ը, վերջում էլ դողդոջյուն ձայնով` «Թե մորդ անգամ մտքիցդ հանես, քո մայր լեզուն չմոռանաս»: Կարոն էլ շատ բնական արձագանքեց. «Երդվում եմ, քո արեւ, կյանքում չեմ մոռանա, մամ ջան», ու տեսանյութը պատրաստ էր:
Երբ դեռ շատ փոքր էի, ես միշտ ամաչում, փախչում-թաքնվում էի տեսախցիկից, բայց Էրեբունի-Երեւանի տոնակատարության օրը ես էի ծրագրի մեխն ու ծաղիկը, առանց ինձ չէր լինի: Մենակատարում էի «Հեյ ջան, Երեւան» կամ եղբայրներիս հետ` «Երեւանի աղջիկները շատ-շատ սիրուն են», իսկ վերջում՝ մորս հետ, «Երեւան դարձած իմ Էրեբունի»-ն: Սրանք պարտադիր երեք կատարումն էին: Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին, զոհ էին դառնում Դվոն ու Կարոն, որ հերթափոխով հատվածներ էին արտասանում Սեւակի «Անլռելի զանգակատնից»: Ու հատկապես Կարոն էր բոլոր լրագրողների սերը իր «Ղողանջ եղերական»-ով , որովհետեւ միշտ «Ուզեցին մի հայ թողել, եւ այն էլ՝ թանգարանում» տողերն արտաբերելիս անկեղծ հուզվում էր, իսկ Դվինը մորս հետ երգում էր «Դլե յաման»-ը: էդ օրն ինձ չէին էլ փորձում նկարել, որովհետեւ շատ ուրախ-զվարթ չարաճճի աղջնակ էի եւ օրվա տրամադրության հետ հեչ չէի բռնում իմ զրնգուն ձայնով ու «Հեյ ջան, Երեւան»-ով:
Հայրս սարսափելի նյարդայնանում էր, եթե Երգիծանքի և հումորի օրը`ապրիլի 1-ին, որեւէ լրագրող փորձ էր անում մեզ այցի գալ. այդ օրը մեր տան դռներն ամուր փակ էին նրանց առաջ: Փոխարենը, մայիսի 15-ին` Ընտանիքի օրը, որ իրականում ոչ ոք չի էլ նշում, մենք նույնիսկ տոնական սեղան էինք գցում, ոնց որ Նոր տարուն ու հյուրասիրությունից ոգեւորված լրագրողները տարեցտարի վերադառնում էին` համտեսելու մորս գերհամեղ թփով դոլման:
Էդպես մեր ամուր, հայկական, օրինակելի ընտանիքն իր համար, ազգային երգուպարով տարված, ապրում էր` պետական տոների օրացույցային երջանկության մեխանիկայով, էժանագին փառքի դափնիներին բազմած, մինչեւ որ անճոռնի ճուտիկը` հանձին ինձ, մեծացավ ու հակառակ ծնողների բոլոր սպասումների` չվերածվեց կարապի:
Ծնողներիս առաջին մեծ հիասթափությունն ինձնից էն էր, որ ես երգչուհի չդարձա, որովհետեւ լավ ձայն ունեի, ու հայրս իմ փոխարեն էդպես էր որոշել: Բայց լրագրողների հետ մշտական շփումներն էնքան հետաքրքիր էին, որ դեռ առաջին դասարանում, ես հաստատ գիտեի, որ լրագրող եմ ուզում դառնալ: Մանկության երազանք էր, որ կիսով չափ իրականացավ, որովհետեւ երկրորդ կուրսից ձայնիս շնորհիվ հեշտությամբ ընդունվեցի «Ռադիո Երեւան»` որպես հաղորդավարուհի, եւ առայսօր աշխատում եմ: Աշխատավայրում վրաս խնդում են` «Խոսում է Երեւանի Երեւանը», բայց ես գոհ եմ, ցերեկային ժամերի հիմնական հաղորդավարներից եմ ու հեղինակային ծրագիր ունեմ` ուղիղ կեսօրին հարցազրույցներ երեւանցիների հետ, որ ընդմիջում ենք քաղաքին նվիրված երգերով, իսկ ես դրանք բոլորն անգիր գիտեմ:
Երկրորդ հիասթափությունն աններելի էր: Հայրս ինձ բռնացրեց սեքսի պահին, ոնց որ հիմար ֆիլմերում է լինում, երբ ամուսինը գործուղումից վերադառնում է շատ անսպասելիորեն, իսկ սիրեկանը դեռ չի հասցրել պատուհանից դուրս ցատկել: Ընտանիքս ինձնից երես թեքեց: Ես որոշեցի առանձին ապրել, չնայած ինձ արդեն քաղաքավարի կերպով հասկացրել էին, որ տնից դուրս կանեն, եթե չբուժվեմ: Ես, բնականաբար, չբուժվեցի: Դվինից բացի, ամբողջ ընտանիքը բարեւս մոռացավ, մենակ նա է, որ հետս իր կապը չկտրեց: Ծանր ժամանակներ էին, ռադիոյում քիչ էին վճարում, դրա համար էլ շաբաթվա մեջ մի քանի օր «Փինք» տաքսի սերվիսում դիսպետչեր էի աշխատում: Հետո հայտնվեց Արաքսը, եւ ամեն ինչ իր տեղն ընկավ: Ձայնս ռադիոյով լսել, հավանել էր, ասում է՝ դու ինձ կանչեցիր: Եկավ ծանոթացավ, ի վերջո իր ուզածին հասավ: Հիմա միասին ենք ապրում: Գիշեր-ցերեկ միասին ենք, միասին ենք անգամ հերթափոխի դուրս գալիս, ինքը քշում է, ես ուղղություն եմ տալիս: Արաքսն ինձ ստիպեց սիրել անունս, մի բան, որ էդպես էլ չհաջողվեց հորս, բայց սա լրիվ ուրիշ պատմություն է, իսկ էս մեկը պատմում էր, թե ինչպես Երեւանը դադարեց գոյություն ունենալ իմ Արարատ հոր ու Հայաստան մոր համար, որովհետեւ վարդագույն դուրս եկավ:
…միացնում եմ ռադիոն ու հանկած լսում'
Խոսում է Երևանը…
- Փինք, պատվեր ընդունեք:
- Ուղղությունը:
- Գազանանոցից քաղաք:
- Կապից դուրս չգաս, էլի պատվեր ունենք:
Երևանն է խոսում, իմ սրտից է խոսում, խոսում է ու անուշ պատմում է …
- Լսի, չես հավատա, վարդագույն ֆլամինգոները փախել են: Ւրենց համար օրոր-շորոր փողոցի մեջտեղով իջնում են կենտրոն:
- Նկարի:
- Հա, նկարեցի: Երեւանի գիշերներում լուսնի ափսեն է գլորվում, ինչեր ասես, որ չես տեսնի Երեւանի գիշերներում:
- Ջրիկ:
Աշխարհի չորս կողմից բռնում եմ ձայներ, որ խոսում են հազար ու մի լեզուներով, ու ամեն մի լեզու մի երգ է դարձել, բայց լսում եմ ես առավել սիրով
Խոսում է Երևանը...
- Կատարում ենք ձեր պատվերը. հաղորդում ենք «Վարդագույն աղջիկների պարը»՝ «Գայանե» բալետից: Նվիրվում է երեւանյան գազանանոցի բոլոր բնակիչներին, սեւ գորտերին, սեւ ու սպիտակ ագռավներին եւ հատկապես՝ փախածներին:
- Ընդունվեց: Բարի երթ: