Ռուսաստանում կրկին վախի ժամանակ է

Գրապահարան-ից
Ռուսաստանում կրկին վախի ժամանակ է

հեղինակ՝ Հերտա Մյուլլեր
աղբյուր՝ «Ազատություն» ռադիոկայան


Գրականության ասպարեզում նոբելյան մրցանակակիր Հերտա Մյուլլերի հոկտեմբերի 7֊ի ելույթը ”To Russia with love ― ի պաշտպանություն մարդու իրավունքների” Ռուսաստանի քաղհալածյալներին նվիրված համերգին։

«Ես բացահայտել եմ տարբերությունը բանտի ու ճամբարի։ Բանտի, որ բնավորություն է ամրացնում եւ ճամբարի, որ մարդու հոգին է կործանում», ― գրում է Վարլամ Շալամովը, ով 1937 թվին երկրորդ անգամ է ձերբակալվել որպես հակահասարակական տարր եւ աքսորվել է Սիբիր։ Արդյո՞ք սա է բացատրությունը նրա, որ Ռուսաստանը Պուտինի օրոք դեռեւս ճամբարների կարիք ունի։

Պուտինը խոսելով «օրենքի բռնապետության» մասին, նկատի ուներ, որ օրենքը հենց ինքն է որ կա։ Չնայած երկար տարիների սարսափին ու միլիոնավոր զոհերին, չնայած բոլորին՝ այդ թվում եւ կենդանի մնացածներին խեղած ԳՈւԼԱԳ֊ին, «բռնապետություն» բառը նրա համար դրական իմաստ ունի, իսկ «ճամբար» բառը բնավ չի խրտնեցնում։ Իր մեկնաբանությամբ՝ «օրենք»֊ը ձերբակալությունն է, փշալարն է, գազանի վանդակն է․․․ Սովետական ժամանակներում բոլոր անհատական բաները, որ դեռ մնացել էին, պիտի ընդհատակ անցնեին։ Ինքնատիպ մտածողությունը կասկածի տակ էր դրվել եւ նա, ով իրեն մտածել էր թույլ տալիս, վայրկենական դառնում էր «ժողովրդի թշնամի»։ Բայց, չնայած Սովետական Միությունում եւ նրա արեւելաեվրոպական գաղութներում մտցված բոլոր արգելքներին, հսկայական կայսրությունը արդյունքում սնանկացավ թե՛ տնտեսապես, թե՛ բարոյապես։

Այդ սնանկությունը իրականության անտեսման հետեւանք էր։ Չէ՞ որ տնտեսությունը քանդվեց ամբողջությամբ, գաղափարախոսությունը փուչ դուրս եկավ, ռեպրեսիաների մեքենան՝ խելապակաս ու անօգնական։ Հետո եկավ Գորբաչովը․ իրականության որոշակի զգացողություն ունեցող մի մարդ, ով հռչակեց «հրապարակայնությունն» ու «վերակառուցումը»։ Մենք կարծում էինք, թե Ռուսաստանը կդառնա ժողովրդավարական, սովետական ժամանակների հանցագործությունները իրենց անուններով կկոչվեն, միլիոնավոր զոհերի հիշատակը կհարգվի։ Արեւելյան Եվրոպայի բնակիչները նույնիսկ հույս ունեին, որ Ռուսաստանը իրենցից ներողություն կխնդրի այն բոլոր նվաստացումների համար, որ նրանք կրել էին։ Բայց Գորբաչովը եկավ ֊ գնաց, ու եկավ Վլադիմիր Պուտինը․ փոքրիկ մարդը ԿԳԲ֊ից, ով ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց։ Դրա փոխհատուցման վարքով էլ Պուտինը կառավարում է այսօրվա Ռուսաստանը։ Այսօր Պուտինը մեծ մարդ է, իսկ անցյալի գաղափարախոսությունը չի անհետացել, այն սոսկ քողարկվել է։ Այսօր ԿԳԲ֊ն կառավարում է միանձնյա․ նա այլեւս չպետք է հետեւի գաղափարախոսական սկզբունքների, ինչ ուզի՝ կարող է անել․․․ թե՛ տնտեսական հանցագործություն, թե՛ կրոնական, թե՛ նացիոնալիզմ․․․

Պուտինը կերակրում է ուղղափառ տերտերներին եւ «նոր ռուս» օլիգարխներին, նա կապում է սրանց իր հետ վերջիններիս անսահման ագահության շնորհիվ։ Այդ խայծը հագուրդ է տալիս նրանց անկշտությանն ու փառասիրությանը։ Այդ պատճառով այն ավելի լավ է աշխատում, քան ժամանակին չոր կարգախոսներն ու կուսակցական գաղափարախոսությունը։ Պուտինը համատեղում է հին գաղափարախոսությունն ու նոր բուրժուազիայի հարստությունն ու սերն առ գռեհկություն։ Այսպես առաջանում է տարօրինակ խառնուրդ, որտեղ Պուտինը, ով պետության ղեկավար է, միաժամանակ ներկայանում է մե՛կ որպես աստվածավախ մարդ, ձեռքերը աղոթելու պատրաստ ծալած, մե՛կ Ռեմբոյի կերպարով՝ մերկ կրծքով ու մկանուտ բազուկներով, մե՛կ որպես կանանց սիրելին՝ երեսի մաշկը ձգած։ Անձի պաշտամունքը սնելու համար է այս զավեշտալի խառնուրդը։ Նա մե՛կ սառնասրտորեն հրահանգներ է տալիս տեսախցիկի առջեւ, հոգսից ճակատը կնճռոտելով, մե՛կ անցնում է հայհոյանքների, ժամանակ առ ժամանակ ճամբարային ժարգոն խառնելով։ Այս ամենը պետք է նրան հանրաճանաչ դարձնի։ Բայց դա հանրաճանաչության այն ձեւն է, որով հայտնի են միայն բռնապետերը․Պուտինի համար սիրված լինել, նշանակում է վախ ներշնչել։

Եվ երբ պուտինյան իշխանությունը վտանգի տակ է լինում, սկսում են զտումները, որոնք տեղի են ունենում հնարովի մեղքի անվան տակ, իսկ դրանց արդյունքը ճամբարներն են, ինչպես Pussy Riot֊ի գործում։ Խոդորկովսկու դեպքում՝ հարկերից խուսափում եւ սեփական սեփականությունից գողություն, Նավալնու պարագայում՝ տնտեսական հանցագործություն, կամ ինչպես Յարոսլավլի ընտրված քաղաքապետի դեպքում՝ կոռուպցիայի հնարված մեղադրանքներ։

Հնարված մեղքը կոմունիստական հատուկ ծառայությունների հին հնարքներից է։ Այդ գործիքն ինձ լավ ծանոթ է, երկարատեւ հարցաքննություններից ու Ռումինիայում Չաուշեսկուի օրոք ինձ առաջադրված հնարովի մեղադրանքներից։ Այո՛, օտարերկրյա գործակալ ինձ այն ժամանակ էլ էին անվանում։ Բայց, ամեն դեպքում, ինձ այդպես էին անվանում հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Իսկ Պուտինը մի քայլ էլ ավելի է անում․ նա պահանջում է, որ միջազգային կազմակերպությունները, որոնք աշխատում են արդար ընտրությունների անցկացման, մարդու իրավունքների, սեփական պատմության՝ սկսած ԳՈւԼԱԳ֊ից, գիտակցման համար, իրենք իրենց անվանեն արտասահմանյան գործակալ։ Պուտինի գլխում աշխատում է հի՜ն, ԿԳԲ֊ական բնազդը․ նա փնտրում է նորանոր թշնամիներ։

Պուտինը այս քանակի թշնամիների կարիք չունի իր իշխանությունը պահելու համար։ Նա թշնամիների կարիք ունի, իր իշխանությունը զգալու համար։ Ի՞նչ սպասելիքներ կարող են ունենալ երիտասարդները կամ երեխաների ծնողները այսօրվա Ռուսաստանից։ Որ կվերանա՞ անկախ կարծիքից եղած վախը։ Բայց այդ վախը չի դադարում, այլ ճիշտ հակառակը՝ նորից է առաջանում։ Ահաբեկումը կրկին առօրեական է դարձել, ու Պուտինի գործունեության ամենահաջող կողմը նորից ու նորից մնում է վախի արտադրությունը։ Վերստին արտագաղթելու վախի ժամանակներն են եկել, քանի դեռ թույլ է տալիս ժամանակը, հավաքել ճամպրուկներն ու արագ հեռանալ այստեղից։ Եվ կամ էլ բանտ, ճամբար։ Իսկ դա հաճախ նշանակում է մահ, այսինքն՝ սպանություն։ Կալանավայրում վերջերս մահացած Սերգեյ Մագնիտսկին, հետմահու դատապարտվեց հորինած դատական նիստում։ Իսկ սպանությունները, օրինակ՝ Աննա Պոլիտկովսկայայի սպանությունը, չեն բացահայտվում, հակառակ դեպքում ստիպված կլինեին անվանել նաեւ պատվիրատուներին։ Այդ սպանությունը, ի դեպ, իբր պատահաբար, տեղի է ունեցել 7 տարի առաջ Պուտինի ծննդյան օրը։

Շնորհակալություն։

Բեռլին 2013