}}
[[Կատեգորիա:Արձակ]]
Մենք հորինեցինք մի ճառ, շեշտը դնելով գլխավորապես ոչ թե հումորի, այլ լակոնիկության վրա, և դրանում լիովին հասանք մեր նպատակին։ Ճառը թարգմանեցին անգլերեն, և մեզանից մեկը, բնավ չշփոթվելով այն բանից, որ գտնվում է անգլերեն լավ իմացողների այդ մեծ ժողովում, կարդած գրածը։
Ահա անգլերենից կրկին ռուսերեն թարգմանված այդ ճառը։
«Միստեր նախագահ և ջենտլմեններ։
Մենք կատարեցինք մեծ ուղևորություն՝ թողեցինք Մոսկվան, որպեսզի ծանոթանանք Ամերիկայի հետ։ Բացի Նյու֊Յորքից, մենք կարողացանք լինել Վաշինգտոնում և Հարտֆորդում։ Մենք Նյու֊Յորքում ապրեցինք մեկ ամիս և այդ ժամկետի վերջում զգացինք, որ սիրում ենք ձեր մեծ, զուտ ամերիկյան քաղաքը»։
Հանկարծակի մեր գլխին սառը ջուր լցրին։
― Նյու֊Յորքը դա բնավ Ամերիկա չէ, ― ասացին մեզ մեր նոր բարեկամները։ ― Նյու֊Յորքը դա միայն կամուրջ է Եվրոպայի և Ամերիկայի միջև։ Դուք դեռևս գտնվում եք կամուրջի վրա։
Այդ ժամանակ մենք գնացինք Վաշինգտոն, Կոլումբիայի օկրուգը՝ Միացյալ Նահանգների մայրաքաղաքը, թեթևամտորեն հավատացած լինելով, որ այս քաղաքն անպայման ամերիկյան կլինի։ Երկրորդ օրվա երեկոյան կողմ մենք գոհունակությամբ զգացինք, որ սկսում ենք քիչումիչ հասկանալ ամերիկյան կյանքը։
― Վաշինգտոնը բոլորովին էլ Ամերիկա չէ, ― ասացին մեզ, ― դա պետական աստիճանավորների քաղաքն է։ Եթե դուք, իրոք, կամենում եք ճանաչել Ամերիկան, ապա այստեղ անելիք չունեք։
Մենք հնազանդ դասավորեցինք մեր քերծված ճամպրուկները ավտոմոբիլի մեջ և մեկնեցինք Հարտֆորդ, Կոննեկտիկուտ նահանգը, որտեղ իր հասուն տարիներն է անցկացրել ամերիկյան մեծ գրող Մարկ Տվենը։
Այստեղ մեզ իսկույն ազնվորեն նախազգուշացրին․
― Նկատի ունեցեք, որ Հարտֆորդը դեռ Ամերիկա չէ։
Երբ մենք, այնուամենայնիվ, սկսեցինք հարցուփորձ անել, թե որտեղ է գտնվում Ամերիկան, հարտֆորդցիները անորոշ ցույց տվեցին ինչ֊որ կողմ։
«Այժմ մենք եկել ենք ձեզ մոտ, միստեր նախագահ և ջենտլմեններ, որպեսզի խնդրենք, որ մեզ ցույց տաք, թե որտեղ է գտնվում Ամերիկան, որովհետև մենք հատկապես եկել ենք այստեղ, որպեսզի որքան հնարավոր է լավ ծանոթանանք նրա հետ»։
Ճառը ցնցող հաջողություն ունեցավ։ «Գերմանական հյուրասիրություն» ակումբի անդամները երկար ծափահարում էին մեզ։ Հետո միայն մենք պարզեցինք, որ ակումբի անդամների մեծամասնությունը ոչ մի բան չի հասկացել, քանզի հռետորի ռուս֊անգլիական տարօրինակ առոգանությունը բոլորովին խլացրել էր ճառում թաքնված խոր մտքերը։
Ասենք, մեր կողքին նստած միստեր նախագահը, ըստ երևույթին, որսացել էր ճառի իմաստը։ Իր նիհար և խելացի դեմքը դեպի մեզ դարձնելով, նա թրխկացրեց մուրճիկով և այդ կերպ վերջ տալով ծափահարությունների փոթորկին, վերահաս լռության մեջ ասաց․
― Ես շատ եմ ցավում, բայց ինքս էլ հիմա չէի կարողանա ասել, թե որտեղ է գտնվում Ամերիկան։ Եկեք այստեղ հազար ինը հարյուր երեսունվեց թվականի նոյեմբերի երեքի մոտերքը, և այն ժամանակ պարզ կլինի, թե ինչ բան է Ամերիկան և որտեղ է գտնվում այն։
Դա սրամիտ և միակ ճիշտ պատասխանն էր մեր հարցին։ Նոյեմբերի երեքին տեղի էին ունենալու պրեզիդենտական ընտրությունները, և ամերիկացիները գտնում են, որ միայն այդ ժամանակ կորոշվի այն ուղին, որով գնալու է Ամերիկան։
Այնուհետև խոսքը տրվեց բարձրահասակ մի մարդու, որին նախագահը հորջորջեց գնդապետ։ Գնդապետն անմիջապես սկսեց բղբղալ, հեգնանքով նայելով հավաքվածներին։
― Ւմ բիզնեսն այն է, ― ասաց նա, ― որ ես «Մեդիսոն֊սկվեր֊գարդեն» շենքը վարձով եմ տալիս բոլոր ցանկացողներին։ Եվ այն ամենը, ինչ տեղի է ունենում աշխարհում, ինձ ձեռնտու է։ Կոմունիստները միտինգ են կազմակերպում Հիտլերի դեմ՝ իմ դահլիճը վարձով եմ տալիս կոմունիստներին։ Հիտլերականները միտինգ են կազմակերպում կոմունիստների դեմ՝ դահլիճը տալիս եմ հիտլերականներին։ Իմ շենքում այսօր դեմոկրատները նզովում են հանրապետականներին, իսկ վաղը հանրապետականները հենց նույն ամբիոնից ապացուցում են, որ միստեր Ռուզվելտը բոլշևիկ է և Ամերիկան տանում է դեպի անարխիա։ Ւմ դահլիճը բոլորի համար է։ Ես իմ բիզնեսն եմ անում։ Բայց և այնպես ես իմ համոզմունքներն ունեմ։ Վերջերս Լինդբերգի երեխային սպանող Բրունո Հաուպտմանի պաշտպանները ուզում էին իմ դահլիճը վարձել՝ Հաուպտմանի օգտին ագիտացիա մղելու համար։ Եվ ահա այդ մարդկանց ես իմ դահլիճը չտվեցի։ Իսկ ուրիշներին՝ խնդրեմ, համեցեք։ Փող վճարեք և տեղերը գրավեք, ով էլ որ լինեք
:― բոլշևիկ, անարխիստ, ինձ համար միևնույն է։
Միստեր Ռիպլին մոտեցրեց մեզ իր տնակի արտասանդուխքին և խնդրեց սեղմել էլեկտրական զանգի կոճակը։
Սովորական զանգի փոխարեն լսվեցին մելոդիկ հնչյուններ, որոնք ասես դուրս էին գալիս երաժշտական արկղիկից։ Դուռն ինքնիրեն բացվեց, և մենք հայտնվեցինք նախասրահում։
Միստեր Ռիպլին մոտեցավ պատից կախված արկղիկին, ընտել շարժումով բաց արեց փոքրիկ դռնակը և ցույց տվեց էլեկտրական մի ինչ֊որ մեքենա։
― Էլեկտրական զանգի հինգ տեսակ, ― ասաց նա ժպտալով։ ― Եթե մուտքի դռան մոտ զանգահարում է հյուրը, կատարվում է ահա այս մեղեդին, որը դուք արդեն լսեցիք։ Եթե կոճակը սեղմում եք սպասուհուն սենյակից կանչելու համար, հնչում է Կարմենի արիան։