Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 466 բայտ, 15:56, 4 Օգոստոսի 2013
/* Գլուխ յոթերորդ */
Այդ կործանարար գործիքների նկարագրության և իմ առաջարկության վրա թագավորը սարսափեց։ Նա զարմացավ, թե մի այդպիսի անկարող և չնչին միջատ (դա նրա արտահայտությունն էր) որպիսին ես եմ, ինչպե՞ս կարող եմ այդչափ տմարդի գաղափարներ ունենալ և այնքա՜ն ընտելանալ դրանց, որ անտարբեր լինեմ արյան ու ավերի տեսարաններին, որ ես նկարագրեցի, իբրև մի սովորական հետևանք այդ կործանարար մեքենաների, որոնց առաջին գյուտարարը, նրա ասելով, պետք է որ չար հանճար լինի և թշնամի ամբողջ մարդկության։ Նա հայտնեց, որ ոչ մի բան այնքան բավականություն չի պատճառել իրեն, որքան արվեստի ու բնության բնագավառում արած նոր գյուտերը, ու չնայած դրան, նա ուրախությամբ կկորցնի իր թագավորության կեսը, քան կմասնակցի այդ գաղտնիքներին, ուստի առաջարկեց ինձ, եթե թանկ է իմ կյանքը, այլևս երբեք չհիշեմ այդ մասին։
Նեղ սկզբունքների և սահմանափակ աշխարհայեցողության մի տարօրինա՜կ արգասիք։ Մի թագավոր, որ օժտված է բոլոր հատկություններով, որպեսզի հարգեն, սիրեն ու մեծարեն իրեն, խոշոր ընդունակությունների, մեծ իմաստության, խոր գիտության և վարչական զարմանալի տաղանդի տեր մի մարդ, իր հպատակների կողմից համարյա երկրպագության առարկա, և չնայած այդ ամենին, շնորհիվ մի անհարկի բծախնդիր խղճահարության, որից մենք Եվրոպայում ոչ մի գաղափար չունենք, իր ձեռքից բաց թողեց մի պատեհություն, որ նրան կդարձներ իր ժողովրդի կյանքի, ազատության ու բախտի լիակատար տերն ու տիրականը։ Այս ասելով ես ամենևին մտադրություն չունեմ վատաբանելու այդ վսեամափայլ թագավորի բազմաթիվ առաքինությունները և զգում եմ, որ այս տեղեկություններից հետո անգլիացի ընթերցողն ստոր կարծիք պիտի կազմի նրա մասին․ սակայն այդ պակասությունները ես համարում եմ նրանց տգիտության արդյունքը, որովհետև նրանք մինչև այժմ քաղաքականությունը չեն վերածել գիտության, ինչպես այդ արել են Եվրոպայում ավելի սուր մտքի տեր մարդիկ։ Հիշում եմ շատ լավ, որ մի օր, թագավորի հետ ունեցած զրույցների ժամանակ, երբ ես պատմեցի, թե մեր մեջ մի քանի հազար գրքեր են գրված կառավարելու արվեստի վերաբերյալ, առիթ տվի նրան (կատարելապես հակառակ իմ մտադրության), որ նա մեր հասկացողության մասին շատ ստոր կարծիք կազմի։ Նա հայտնեց, որ զզվելով ատում է ամեն մի գաղտնիք, փափկանկատություն և բանսարկություն, որոնցով շրջապատված է թագավորը կամ մինիստրը։ Նա չկարողացավ հասկանալ, թե ինչ ասել է պետական գաղտնիք, եթե այդ չի վերաբերում մի որևէ թշնամի կամ ախոյան ազգության։ Կառավարելու ամբողջ վարպետությունը նա սահմանափակում է շատ նեղ շրջանակների մեջ, որից պահանջվում է առողջ միտք և դատողություն, արդարություն և գութ, քաղաքական և քրեական գործերի շտապ որոշում և մի քանի հայտնի հատկություններ, որոնց վրա չարժե կանգ առնել։ Եվ նրա կարծիքով ով որ միևնույն հողամասի վրա կարող է այնպես անել, որ բուսնի ցորենի երկու հասկ, <ref>Երկու հասկ․ ― Տորիները պաշտպանում էին երկրի գյուղատնտեսական շահերը․ երևի այդ առնչությամբ Սվիֆտը թագավորին է վերագրում տորիների տեսակետը։ Առհասարակ Բրոբդինգնեգի քաղաքական սկզբունքները սերտ կապ ունեն տորիների քաղաքականության սկզբունքների հետ։</ref> կամ խոտի երկու ցողուն, փոխանակ նախկին մեկի, նա մարդկությանն՝ ավելի մեծ լավություն կանի և իր երկրին ավելի էական ծառայություն կմատուցի, քան թե բոլոր քաղաքագետները միասին վերցրած։
Այդ ժողովրդի ուսումը շատ պակասավոր է, նա բաղկացած է միայն բարոյականությունից, պատմությունից, պոեզիայից և մաթեմատիկայից, որոնց բնագավառում, պետք է այդ ընդունել, նրանք շատ գերազանց են։ Դրանից վերջինը՝ մաթեմատիկան, նրանք ամբողջովին կիրառում են գործնական կյանքում, հողագործության բարելավման համար և մեքենայական արհեստների մեջ։ Իսկ ինչ վերաբերում է այնպիսի հասկացողությունների, ինչպես օրինակ՝ գաղափար, էություն, վերացականություն և գերզգայնություն, ես չկարողացա մի չնչին մտապատկեր անգամ մտցնել նրանց գլուխը։
Ադմին, Վստահելի
1876
edits