Changes
/* Առաջին գլուխ */
Օլիվերը ուժգին ճչում էր։ Գուցե նա ավելի ուժգին ճչար, եթե կարողանար հասկանալ, որ ինքը եկեղեցականների և խնամակալների քմահաճ շնորհին թողնված մի անօգնական որբուկ էր։
==Երկրորդ գլուխ==
Տեղեկություններ Օլիվեր Թվիստի մեծանալու, դաստիարակության և ապրելակերպի մասին։
Հաջորդ ութ֊տասը ամիսների ընթացքում Օլիվերը խաբեության ու դավադրության մշտական զոհ էր։ Նրան պահում էին ծծակով։ Աղքատանոցի իշխանությունները երեխայի քաղցած ու լքյալ վիճակի մասին պարտ ու պատշաճ կերպով զեկուցեցին ծխական իշխանություններին։ Ծխական իշխանությունները ամենայն արժանապատվությամբ հարցրին աղքատանոցի իշխանություններին, թե արդյոք տվյալ ժամանակի աղքատանոցում չկա՞ր իգական սեռին պատկանող որևէ մեկը, որը ի վիճակի լիներ Օլիվեր Թվիստին շնորհել զլացված սնունդն ու մխիթարանքը։ Աղքատանոցի իշխանությունները խոնարհաբար պատասխանեցին, թե չկա այդպիսի մեկը։ Աղքատանոցի իշխանությունները վեհանձնորեն ու մարդասիրաբար որոշեցին Օլիվերին ուղարկել երեք մղոն հեռու գտնվող մի ագարակ, այլ կերպ ասած՝ աղքատանոցի մի ուրիշ բաժանմունք, որտեղ մոտավորապես երեսուն անչափահաս օրինազանցներ, չունենալով բավարար սննդի և բավարար հագուստեղենի անպատեհությունը, ամբողջ օրը թավալվում էին հատակին։ Նրանք հանձնված էին ինչ֊որ մեծահասակ կնոջ ծնողական խնամքին, մի կին, որը յուրաքանչյուր երեխայի համար շաբաթական ստանում էր յոթ և կես պեննի։ Շաբաթը յոթ և կես պեննիով կարելի էր բավականին լավ սնունդ տալ երեխային։ Ավելին․ այդ գումարով կարելի էր նույնիսկ ծանրաբեռնել նրա ստամոքսը։ Բայց պառավը փորձառու էր և իմաստուն։ Նա ուներ շատ ճշգրիտ ըմբռնում, թե ինչն է լավ երեխաների համար և ինչը օգտակար՝ իր համար։ Հետևաբար, շաբաթական թոշակների մեծագույն մասը նա հատկացնում էր իրեն, պակասեցնում էր աճող ծխական սերնդի համար սահմանված արդեն իսկ քիչ սնունդը և զրկում նրան իր գոյությունը պահպանելու ամենաէական պահանջներից։ Այս բոլորը մի անգամ ևս հաստատում էին այն, որ նա մի չափազանց հայտնի և փորձված փիլիսոփա էր։ Ո՞վ չի իմանում մի այլ փորձառու փիլիսոփայի պատմությունը, որը հավատում էր այն տեսությանը, թե ձին կարող է ապրել առանց ուտելու։ Եվ որպեսզի հաջողությամբ ապացուցի այդ, նա իր սեփական ձիու սնունդը պակասեցրեց այնքան, որ ամբողջ օրվա համար սկսեց տալ միայն մի բուռ գարի։ Անշուշտ կարճ ժամանակվա ընթացքում նա այդ ձիուն կդարձներ ոչնչով չսնվող, աշխույժ և ոստոստուն մի կենդանի, եթե այդ կենդանին հոգին չփչեր քսան և չորս ժամ ավելի վաղ, նախքան կվարժվեր միայն օդով սնվելու վիճակին։ Դժբախտաբար, սակայն, այդ ձիու պատմությունը հաճախ կրկնվում էր նաև վերոհիշյալ փորձառու կնոջ կիրառած «սիստեմում»։ Քանի որ ճիշտ այն ժամանակ, երբ երեխաները մի կերպ հաշտվում էին չափազանց քիչ քանակությամբ և բոլորովին անորակ սննդով բավարարվելու մտքի հետ, չար բախտից այնպես էր պատահում, որ տասից ութ և կեսի դեպքում նրանք հիվանդանում էին քաղցից ու ցրտից, կամ լքվածության հետևանքով ընկնում էին կրակի մեջ ու վառվում, և կամ դիպվածով խեղդամահ լինում։ Վերոհիշյալ բոլոր դեպքերը հանգում էին այն բանին, որ դժբախտ փոքրիկ էակը սովորաբար հրավիրվում էր անդրշիրիմյան աշխարհը և այնտեղ միանում այս աշխարհում երբեք չճանաչած իր նախահայրերին։
Ծխական երեխաները այս աշխարհից հեռանում էին նաև այլ պատճառներով․ օրինակ՝ տեղափոխման ժամանակ մահճակալների տակ ճզմվելով և կամ անզուշությամբ խաշվելով լվածքի եռացած ջրով, թեև վերջին արկածը այնքան էլ հաճախադեպ չէր, քանի որ լվածք հիշեցնող իրադարձությունը շատ սակավ էր պատահում այս ագարակում։ Այդ ձևով մահացող երեխաների հարցը երբեմն, չգիտես ինչու, ավելի խոր քննարկման էր ենթարկվում, և դատավորները քմահաճորեն անախորժ հարցեր էին տալիս, կամ ծխի բնակիչները այս կապակցությամբ ըմբոստանալով, գրավոր բողոքներ էին ներկայացնում։ Բոլոր այս լրբությունները, սակայն, իսկույն կասեցվում էին բժշկի ցուցմունքով և բիդըլի վկայությամբ։ Նրանցից առաջինը դիազննության ընթացքում (բնականաբար) միշտ էլ ոչինչ չէր գտնում երեխաների ներքին օրգանների մեջ, իսկ երկրորդը անփոփոխ կերպով երդվում էր հօգուտ ծխական իշխանությունների։ Որքա՜ն մեծ բարեպաշտություն նրա կողմից։ Բացի այդ, երբ հանձնաժողովի անդամները պարբերաբար այցելում էին «երեխաների ագարակը», միշտ էլ մի օր առաջ նախազգուշացնում էին բիդըլի միջոցով։ Իսկ երբ նրանք էին գալիս, երեխաները մաքուր ու կոկիկ էին լինում։ Մարդիկ ինչո՞ւ պետք է ավելին պահանջեին։
Անշուշտ ավելորդ է ակնկալել, որ խնամելու այս սիստեմը կարող էր տալ հարուստ ու բեղմնավոր բերք։ Օլիվեր Թվիստի իններորդ տարեդարձը նրան գտավ դժգույն, նիհար, կծկված և որոշակիորեն թերաճ վիճակում։ Բայց բնությունը, կամ ժառանգականությունը, մի տոկուն ու բարի հոգի էր դրել Օլիվերի կրծքի տակ, և այդ հոգին հաստատության ժլատ սննդի շնորհիվ բավականին «լայն պայմաններ» էր ունեցել աճելու։ Գուցե հենց այդ հանգամանքին էլ կարելի է վերագրել նրա ողջ մնալու և ծննդյան իններորդ տարեդարձին հասնելու պարագան։ Ինչպես էլ եղած լիներ սակայն, անժխտելի ճշմարտություն էր, որ իրոք Օլիվերի իններորդ տարեդարձն էր։ Բայց նա և ուրիշ երկու փոքրիկ ջենթլմեններ, հանդուգն կերպով բողոքած լինելու պատճառով, որ իրենք իբրև թե քաղցած են, լավ խարազանվելուց հետո, արգելակվել էին մութ ածխանոցում, և Օլիվերն այնտեղ էլ անց էր կացնում այդ հանդիսավոր օրը, երբ միսիս Մեննը, աղքատանոցի բարեսիրտ լեդին, հանկարծակի ցնցվեց, ցանկապատի մոտ տեսնելով միստր Բամբըլին՝ ծխական բիդըլին, որն աշխատում էր դուռը բանալ։
― Օ՜, աստված իմ, այդ դո՞ւք եք, միստր Բամբըլ, այդ դո՞ւք եք, սըր, ― գոչեց միսիս Մեննը, կեղծ ուրախությամբ գլուխը լուսամուտից դուրս հանելով։ (Սյուզա՞ն, Օլիվերին և մյուս երկու լակոտներին տար վերև և անմիջապես մաքրիր նրանց)։ Որքա՜ն ուրախ եմ, որ տեսնում եմ ձեզ, միստր Բամբըլ։ Աստված վկա, անչափ ուրախ եմ։
Միստր Բամբըլը գեր և խիստ զայրացկոտ մարդ էր։ Ուստի փոխանակ այս սրտաբաց ընդունելության հանդեպ լավ վերաբերմունք ցույց տալու, նա մեծ ուժգնությամբ ցնցեց բակի դուռը և ոտքով մի այնպիսի աքացի տվեց, որ նման հարված կարելի էր միայն բիդըլից սպասել։
― Տե՜ր աստված, ― գոչեց միսիս Մեննը, տանից դուրս վազելով, որովհետև մինչ այդ երեք տղաներն հեռացվել էին ածխանոցից, ― ի՞նչ անհարմար բան եղավ, շատ անհարմար․ մոռացել եմ, որ դուռը ներսից փակված է եղել, և բոլորը այդ սիրասուն երեխաների պատճառով։ Խմդրեմ, ներս համեցեք, սըր, ներս համեցեք, միստր Բամբըլ։
Թեև այս հրավերին հետևեց ակնածանքով լի մի խոնարհություն, որ անգամ եկեղեցականի սիրտը կարող էր փափկեցնել, բայց դա ոչ մի կերպ չմեղմեց բիդըլի զայրույթը։
― Մի՞թե պատշաճ ու հարգալիր վերաբերմունք է ձեր կողմից, միսիս Մենն, ― ասաց միստր Բամբըլը եղեգնյա գավազանը ամուր սեղմելով, ― դռան առաջ սպասեցնել ծխական պաշտոնյաներին, երբ նրանք գալիս են այստեղ ծխական որբերին վերաբերող ծխական գործերով։ Հայտի՞ է արդյոք ձեզ, միսիս Մենն, որ դուք ծխական հանձնաժողովի վարձու ծառան եք։
― Բայց, միստր Բամբըլ, ես հենց այս րոպեին ձեզ այնքան շատ սիրող երեխաներից մի քանիսին ասում էի, որ այդ դուք եք գալիս, ― պատասխանեց միսիս Մեննը ծայրահեղ հեզությամբ։
Միստր Բամբըլը շատ մեծ համարում ուներ իր անձնավորության և իր հռետորական ընդունակությունների մասին։ Առաջինը նա ցուցադրել էր, իսկ երկրորդը՝ ջատագովել։ Եվ նա քիչ հանդարտվեց։
― Դե լա՛վ, դե լա՛վ, միսիս Մենն, ― պատասխանեց նա ավելի մեղմ տոնով․ ― Գուցե այդպես է, գուցե այդպես է։ Առաջնորդեցեք ինձ ներս, միսիս Մենն, որովհետև ես կարևոր գործով եմ եկել և կարևոր բան ունեմ ասելու։
Միսիս Մեննը բիդըլին առաջնորդեց մի փոքրիկ քարահատակ ընդունարան, նրան տվեց մի աթոռ և եռանկյունի գլխարկն ու եղեգնյա գավազանը հանդիսավոր կերպով դրեց նրա առաջ գտնվող սեղանին։ Միստր Բամբըլը սրբեց ճակատի քրտինքը, որ առաջացել էր երկար քայլելուց, բարեհաճորեն նայեց եռանկյունի գլխարկին և ժպտաց։
― Միստր Բամբըլ, չլինի թե վիրավորվեք այն բանից, որ ձեզ ասելու եմ, նկատեց միսիս Մեննը գրավիչ քաղցրությամբ, ― երկար ճանապարհ եք եկել, այլապես չէի առաջարկի։ Չե՞ք կամենա արդյոք մի բան խմել, թեկուզ մի քանի կաթիլ, միստր Բամբըլ։
― Ո՛չ մի կաթիլ, ո՛չ մի կաթիլ, ― ասաց միստր Բամբըլը, աջ ձեռքը արժանապատվությամբ, բայց գոհունակորեն թափահարելով օդի մեջ։
― Կարծում եմ կխմեք, ― ասաց միսիս Մեննը, որ նկատել էր, թե մերժումը ինչ ձևով և ձեռքի ինչպիսի շարժումով կատարվեց։ ― Մի փոքրի՜կ կաթիլ, մի քիչ սառը ջրով և մի կտոր շաքարով։
Միստր Բամբըլը հազաց։
― Միայն մի փոքրի՜կ, շա՜տ փոքրիկ կաթիլ, սըր, ― համոզեց միսիս Մեննը։
― Ինչի՞ կաթիլ է, ― հարցրեց բիդըլը։
― Մի խմիչքի, որ ես պարտավոր եմ տամը մի քիչ ունենալ՝ սիրասուն մանկիկները հիվանդանալու դեպքում օգտագործելու համար, միստր Բամբըլ, ― պատասխանեց միսիս Մեննը և անկյունում գտնվող պահարանը բացելով մի շիշ և մի բաժակ դուրս բերեց։ ― Ջին է, միստր Բամբըլ, չեմ թաքցնում, ջին է։
― Երեխաներին ջի՞ն եք տալիս․ միսիս Մենն, ― հարցրեց Բամբըլը, աչքերով հետևելով խմիչքի պատրաստման հետաքրքրիր գործողության։
― Ա՜հ, աստված պահի բալիկներիս։ Այո, դրանից եմ տալիս, թեպետ շատ թանկ է, միստր Բամբըլ, ― պատասխանեց դաստիարակչուհին։ ― Գիտե՞ք, պարոն, նրանց հիվանդանալու դեպքում ուղղակի չեմ կարող այդ տառապանքը տանել։
― Ճիշտ է, ― ասաց միստր Բամբըլը՝ հաստատելով նրա խոսքերը, ― չեք կարող։ Դուք մարդասեր կին եք, միսիս Մենն։ (Այստեղ կինը բաժակը դրեց սեղանին)։ Առաջին իսկ առիթով ես կզեկուցեմ հանձնաժողովին, միսիս Մենն։ (Նա բաժակը քաշեց իր կողմը:) Դուք նրանց հանդեպ մայրական զգացմունք եք տածում, միսիս Մենն։ (Նա ջինը խառնեց ջրով): Ես, ես ձեր կենացը ուրախությամբ կխմեմ, միսիս Մենն, ― ասաց նա և կեսը կուլ տվեց։
― Իսկ այժմ անցնենք գործի, նկատեց բիդըլը՝ գրպանից մի կաշեկազմ ծոցատետր հանելով, ― այն երեխան, որ մկրտված է Օլիվեր Թվիստ անունով, այսօր դարձավ ինը տարեկան։
― Ա՜հ, բալի՜կս, ― ընդհատեց միսիս Մեննը, գոգնոցի ծայրով ձախ աչքը տրորելով։
― Եվ չնայած այն տասը ֆունտ վարձատրության, որ հետո բարձրացավ քսանի, չնայած ծխի բացառիկ, ես կասեի՝ գերբնական ջանքերին, ― ասաց Բամբըլը, ― երբեք հնարավոր չեղավ պարզել, թե ո՞վ է նրա հայրը, որտե՞ղ է բնակվում նրա մայրը, ի՞նչ է նրա անունը կամ հա֊սա֊րա֊կա֊կան դիրքը։
Միսիս Մեննը ձեռքերը բարձրացրեց զարմանքով, բայց մի րոպե մտածելուց հետո ավելացրեց․
― Իսկ որտեղի՞ց գիտեք նրա անունը, երբ ազգանունը հայտնի չէ։
Բիդըլը փքվելով ՝ հպարտորեն ասաց․
― Ե՛ս հնարեցի։
― Դո՞ւք հնարեցիք, միստր Բամբըլ։
― Այո՛, ե՛ս, միսիս Մենն։ Մենք ընկեցիկ երեխաներին անվանակոչում ենք այբբենական կարգով։ Վերջինը Ս տառն էր՝ Սուաբել անվանեցի նրան։ Հաջորդը Թ֊ն էր՝ Թվիստ անվանեցի սրան։ Հետևյալը լինելու է Ունվին և ապա հաջորդը Վելքինս։ Մինչև այբուբենի վերջը ես պատրաստի անուններ ունեմ։ Երբ կհասնենք Ֆ տառին, նորից կսկսենք այբունենի Ա տառից։
― Օ՜, ուրեմն դուք բավականին գրագետ մարդ եք, սըր, ― բացականչեց միսիս Մեննը։
― Մի՞թե, մի՞թե, ― ասաց բիդըլը, բացահայտ կերպով գոհ մնալով այդ հաճոյախոսությունից, ― գուցե այդպիսին եմ, միսիս Մենն, գուցե այդպիսին եմ։ ― Նա մինչև վերջ խմեց ջրախառն ջինը և ավելացրեց․ ― Քանի որ Օլիվերը արդեն շատ է մեծացել, պետք է անցնի աշխատանքի։ Հետևաբար հանձնաժողովը որոշել է նրան տեղափոխել աղքատների գործատունը։ Ես ինքս հենց դրա համար էլ եկել եմ։ Անմիջապես ինձ մոտ բերեք նրան։
― Այս րոպեին կբերեմ, ― ասաց միսիս Մեննը՝ սենյակից դուրս գալով։ Մինչ այդ Օլիվերի երեսի և ձեռքերի կեղտի թանձր շերտը հեռացնելով, որքան հնարավոր էր մեկ անգամ լվանալով, մարդասեր բարերարուհին առաջնորդեց նրան միստր Բամբըլի մոտ։
― Բարևի՛ր ջենթլմենին, Օլիվե՛ր, ― ասաց միսիս Մեննը։ Օլիվերը գլուխ տվեց։ Դա վերաբերում էր թե՛ աթոռին բազմած բիդըլին և թե՛ սեղանին դրած եռանկյունի գլխարկին։
― Ինձ հետ կգա՞ս, Օլիվեր, ― ասաց միստր Բամբըլը հանդիսավոր ձայնով։
Օլիվերը տրամադիր էր ասելու, թե ինքը պատրաստ է ցանկացած մարդու հետ գնալ, միայն թե հեռանար այդ տեղից, երբ հանկարծ, վերև նայելիս, նրա հայացքը հանդիպեց միսիս Մեննի հայացքին։
Միսիս Մեննը անցել էր բիդըլի աթոռի հետևը և դեմքի ահռելի արտահայտությամբ բռունցքը թափահարում էր տղայի վրա։ Օլիվերը իսկույն ըմբռնեց սպառնալիքի նշանակությունը։ Այդ բռունցքը շատ հաճախ էր դրոշմվել նրա մարմնի վրա, հետևապես, չէր կարող խոր դրոշմված չլինել հիշողության մեջ։
― Միսիս Մենն էլ է գալո՞ւ ինձ հետ, ― հարցրեց խեղճ Օլիվերը։
― Ո՛չ, նա չի կարող, ― պատասխանեց միստր Բամբըլը, ― բայց երբեմն կգա քեզ տեսնելու։
Այդ հանգամանքը շատ մխիթարական չէր Օլիվերի համար։ Չնայած իր փոքր տարիքին, նա, այնուամենայնիվ, բավականաչափ խելք ուներ ձևացնելու, թե այդտեղից հեռանալը մեծ վիշտ է պատճառում իրեն։ Արտասվելն այնքան էլ դժվար հարց չէր երեխայի համար։ Քաղցր և մոտիկ անցյալի խժդժությունները մեծապես օգնում են մարդուն, եթե նա ուզում է լաց լինել։ Եվ Օլիվերը, իսկապես, շատ բնական ձևով լաց եղավ։ Միսիս Մեննը բյուրավոր համբյուր շնորհեց նրան, բայց տղան ավելի գերադասեց այն մի կտոր հացն ու կարագը, որ տվեց այդ բարեսիրտ լեդին, որպեսզի աղքատների գործարանը հասնելիս չկազմվեր այն կարծիքը, թե նա չափից դուրս քաղցած է։ Ձեռքին մի կտոր հաց և գլխին սրճագույն կտավից պատրաստված ծխական մի կեպի, Օլիվերը հեռացավ այն ողբալի տանից, որտեղ կարեկցանքի կամ արևաշող նայվածք չէր փարատել նրա մանկության տարիների խավարը։ Այնուամենայնիվ, նրա հոգին մանկական տագնապալի վշտով փոթորկվեց, երբ քոթեջի դարպասը փակվեց նրա հետևից։ Չնայած հետևում թողած ընկերները դժբախտ փոքրիկ արարածներ էին, բայց նրանք կյանքում իր ճանաչած միակ սրտակիցներն էին, և այս ընդարձակ ու լայնածավալ աշխարհում մեն֊մենակ լինելու գիտակցությունը առաջին անգամ բույն դրեց երեխայի սրտում։
Միստր Բամբըլը գնում էր խոշոր քայլերով։ Փոքրիկ Օլիվերը, պինդ բռնած նրա ոսկեժանյակ թեզանիքից, վազում էր կողքից և ամեն րոպե հարցնում էր, թե արդյոք տեղ չե՞ն հասել։ Այս հարցումներին միստր Բամբըլը տալիս էր կարճ և կտրուկ պատասխաններ, քանի որ ժամանակավոր քաղցրաբարո տրամադրությունը, որ ջինը առաջացնում է որոշ մարդկանց մոտ, այժմ արդեն չքացել էր և նա նորից դարձել էր մի դաժան բիդըլ։
Դեռևս տասնհինգ րոպե չկար, որ Օլիվերը գտնվում էր աղքատանոցի պատերի ներսում և հացի երկրորդ շերտը հազիվ էր խժռել, երբ միստր Բամբըլը, որ նրան հանձնել էր ինչ֊որ պառավի հսկողության, վերադարձավ և տեղեկացրեց երեխային, թե այդ երեկո հանձնաժողովի հերթական նիստի օրն էր և ինքը պետք է ներկայանա հանձնաժողվին։
Որոշակի չիմանալով, թե ինչ է նշանակում հանձնաժողով, Օլիվերն այս տեղեկությունից ապշեց և չգիտեր՝ ծիծաղե՞ր, թե արտասվեր։ Սակայն երկար չկարողացավ մտածել, քանի որ միստր Բամբըլի գավազանը նախ իջավ նրա գլխին, այնուհետև թիկունքին։ Բայց դա երեխային սթափեցնելու և աշխուժացնելու համար էր միայն։ Ապա հրամայելով, որ իրեն հետևի, բիդըլը առաջնորդեց նրան սպիտակեցրած պատերով մի ընդարձակ սենյակ, որտեղ սեղանի շուրջը նստել էին ութ֊տասը հաստավիզ ջենթլմեններ, իսկ սեղանի գլխին, մյուսներից ավելի բարձրադիր գահի վրա բազմած էր արտակարգ գեր մի ջենթլմեն, շատ կլոր և կարմիր երեսով։
― Խոնարհվիր հանձնաժողովի առաջ, ― ասաց Բամբըլը։ Օլիվերը շտապ սրբեց արցունքի այն երկու֊երեք կաթիլները, որ դեռևս վարանում էին նրա աչքերի մեջ, և սեղանից բացի ոչ մի տախտակ չտեսնելով այնտեղ, խոնարհվեց դրա առաջ։
― Անունդ ի՞նչ է, տղա՛, ― ասաց բարձրադիր գահին նստած ջենթլմենը։
Միանգամից այդքան ջենթլմեններ տեսնելը սարսափեցրեց Օլիվերին, և նա սկսեց դողալ, իսկ երբ բիդըլի գավազանը երրորդ անգամ իջավ նրա թիկունքին, նա արդեն լաց եղավ։ Այս երկու պատճառով նա խոսեց տատամսելով և ցածր ձայնով, որի վրա սպիտակ բաճկոնով մի ջենթլմեն ասաց, թե տղան հիմար է։ Սա հիանալի միջոց էր երեխայի տրամադրությունը բարձրացնելու և նրա շուրջը տանելի մթնոլորտ ստեղծելու համար։
― Է՜յ, տղա՛, ― ասաց բարձր բազմոցին նստած ջենթլմենը, ― ի՛նձ լսիր։ Անշուշտ քեզ հայտնի է, որ դու որբ ես, այնպես չէ՞։
― Որբը ի՞նչ բան է, տեր իմ, ― հարցրեց խեղճ Օլիվերը։
― Տղան իսկապես հիմար է, ես այդպես էլ կարծում էի, ― ասաց սպիտակ բաճկոնով ջենթլմենը։
― Սը՜սս, ― ասաց այն ջենտլմենը, որ առաջինն էր խոսել։ ― Գիտե՞ս արդյոք, որ դու ո՛չ հայր ունես, ո՛չ մայր և ծխի խնամքի տակ ես մեծացել։
― Այո, տեր իմ, ― պատասխանեց Օլիվերը դառնորեն լաց լինելով։
― Ինչո՞ւ ես լաց լինում, ― հարցրեց սպիտակ բաճկոնով ջենթլմենը։ Եվ իրոք շատ տարօրինակ էր։ Լաց լինելու ի՞նչ պատճառ կարող էր ունենալ այդ մանուկը։
― Հուսով եմ, որ ամեն գիշեր պառկելուց առաջ աղոթում ես, ինչպես այդ վայել է բարի քրիստոնյային, ― ասաց մի ուրիշ ջենթլմեն կոպիտ ձայնով, ― և մանավանդ աղոթում ես այն մարդկանց համար, որոնք կերակրում ու խնամում են քեզ։
― Այո՛, տեր իմ, ― կակազեց տղան։ Վերջին խոսող ջենթլմենը անգիտակցաբար իրավացի էր։ Իսկապես որ քրիստոնեական մի արարք, եթե Օլիվերը աղոթած լիներ այդ մարդկանց համար, որոնք խնամում ու կերակրում էին նրան։ Բայց նա երբեք չէր աղոթել, քանի որ ոչ ոք այդ բանը չէր սովորեցրել նրան։
― Շատ լավ։ Ուրեմն դու այստեղ եկել ես դաստիարակվելու և օգտակար մի արհեստ սովորելու, ― ասաց բարձր աթոռին նստած կարմրադեմ ջենթլմենը։
― Հետևաբար, վաղը առավոտյան ժամը վեցին դու կգնաս կանեփ հավաքելու, ― ավելացրեց սպիտակ բաճկոնով պոռոտախոսը։
Այդ բոլոր օրհնությունների համար, որոնք հանգում էին պարզապես կանեփ հավաքելու շնորհին, Օլիվերը բիդըլի պատվերով, խոր գլուխ տվեց հանձնաժողովին։ Ապա նրան շտապ առաջնորդեցին ինչ֊որ ընդարձակ սրահ, որտեղ, մի կոշտ և կարծր անկողնում պառկած, նա հեկեկաց այնքան, մինչև քունը տարավ։ Անգլիական ողորմած օրենքների ինչպիսի՜ վսեմ դրսևորում։ Անգամ չքավորներին թույլ են տալիս քնելու։
Խե՜ղճ Օլիվեր։ Երբ նա, շրջապատի անցուդարձին բոլորովին անտեղյակ, քնած էր երջանիկ անգիտությամբ, հանձնաժողովը եկել էր այնպիսի եզրակացության, որ էական ազդեցություն էր ունենալու նրա հետագա կյանքի վրա։ Բայց նրանք արդեն որոշել էին։ Եվ ահա՛ թե ինչ էին որոշել։
Հանձնաժողովի անդամները շատ գիտուն, խորաթափանց, փիլիսոփա մարդիկ էին, և երբ նրանց ուշադրությունը դարձրին աղքատանոցի վրա, նրանք բացահայտեցին այնպիսի իրողություններ, որ հասարակ մահկանացուները չէին կարող հայտնաբերել։ Այսպես, նրանք հայտնաբերեցին, թե աղքատները սիրում են աղքատանոցը, քանի որ դա նրանց համար հասարակաց մի զբոսավայր էր, մի պանդոկ, որտեղ նրանք տարին բոլոր ձրիաբար ստանում էին նախաճաշ, ճաշ և ընթրիք։ Դա մի դրախտավայր էր, ուր ամեն ինչ խաղ ու պար էր, առանց աշխատանքի հոգսի։ «Օհո՜», ասացին հանձնաժողովի անդամները խորիմաստ կերպով, «միայն մենք կարող ենք այս գործը կանոնավորել։ Մենք այդ բոլորին վերջ կտանք կայծակի արագությամբ»։ Ուստի նրանք հաստատեցին այնպիսի օրենք, որի հիման վրա բոլոր չքավորներին վերապահվում էր կատարել ընտրություն (որովհետև աստաված չանի, որ իրենք հարկադրաբար գործ անեին), կա՛մ դանդաղ կերպով սովամահ լինել աղքատանոցի ներսում և կա՛մ ավելի արագ՝ աղքատանոցից դուրս։ Այս նկատառումով նրանք պայմանագիր կնքեցին ջրմուղի ընկերության հետ, որը պետք է անսահման քանակությամբ ջուր բաց թողներ, ապա նաև մի հացահատիկի վաճառականի հետ, որը պետք է պարբերաբար, փոքր քանակությամբ, վարսակի ալյուր ուղարկեր։ Այսպիսով, աղքատանոցի բնակիչներին տրվում էր, օրը երեք անգամ՝ շատ ջրալի խաշիլ, շաբաթը երկու անգամ՝ մի հատ սոխ և կիրակի օրերը՝ կես նկանակ հաց։ Նրանք շատ իմաստուն ու մարդասիրական կարգադրություններ արեցին նաև կանանց վերաբերյալ, որոնց կարիք չկա անդրադառնալու։ Նրանք նույնպես բարեհաճեցին հանձն առնել աղքատ ամուսիններին ապահարզան տալ իրենց միջոցներով, քանի որ Իրավաբանական խորհրդին դիմելու դեպքում հսկայական ծախսերի տակ կընկնեին։ Եվ փոխանակ մի մարդու պարտադրելու, որ իր ընտանիքը պահի, ինչպես մինչև այդ արել էին, հեռացնում էին նրան իր հարազատներից և դարձնում ազատ, ամուրի մարդ։ Վերոհիշյալ երկու հանգամանքը հաշվի առնելով, հասարակության բոլոր խավերից ով է իմանում ինչ մարդիկ կդիմեն նպաստի համար, եթե չլիներ աղքատանոցի մղձավանջը։ Բայց հանձնաժողովի անդամները շրջահայաց մարդիկ էին և այս բարդությունները կանխելու միջոցներն արդեն ձեռք էին առել։ Օժանդակությունը սերտորեն կապված էր աղքատանոցի և խաշիլի հետ, իսկ դա խրտնեցնում էր մարդկանց։
Օլիվերի տեղափոխվելուց հետո, առաջի վեց ամիսների ընթացքում, հանձնաժողովի կիրառած սիստեմը շատ բարգավաճ վիճակում էր։ Սկզբում, իհարկե, դա մի քիչ թանկ էր նստում նրանց վրա, նկատի ունենալով թաղման բյուրոյին հատկացված գումարի աճը և աղքատների շորերը անընդհատ փոքրացնելու անհրաժեշտությունը, քանի որ մեկ կամ երկու շաբաթ խաշիլով սնվելուց հետո այդ շորերը կախ էին ընկնում նրանց հյուծված և կծկված մարմինների վրայից։ Բայց աղքատանոցի բնակիչների թիվը նույնպես նվազում էր, ինչպես նվազում էր նրանց մարմնի ավելորդ ծանրությունը, և հանձնաժողովը զմայլված ու հափշտակված էր այս հաջողություններով։
Տղաները ճաշում էին ընդարձակ, սալահատակված մի սրահում, որի մի անկյունում գտնվում էր պղնձե կաթսան։ Հսկիչը, սպիտակ գոգնոցը կապած, աղքատանոցի մեկ֊երկու կանանց օգնությամբ, շերեփով բաժանում էր խաշիլը՝ ճաշի համար սահմանված ժամերին։ Այս տոնական բաղադրությունից ամեն տղայի հասնում էր միայն մի պնակ ապուր, իսկ հասարակական խրախճանքի օրերին խաշիլին ավելանում էր նաև վաթսուն գրամ հաց։ Պնակները լվալու կարիք երբեք չէր զգացվում, քանի որ տղաները այնքան էին մաքրում գդալներով, որ դրանք նոր պնակների նման փայլում էին։ Ուտելու գործողությունը ավարտելուց հետո (որը երբեք երկար չէր տևում, որովհետև գդալները գրեթե պնակների չափ մեծ էին), խաշիլի որևէ մասնիկ բաց չթողնելու համար, նրանք համառորեն ծծում էին իրենց մատները և այնպիսի անձկալի հայացքներ սևեռում պղնձե կաթսային, որ կարծես թե կաթսան էլ կարող էին լափել։
Տղաներն առհասարակ աչքի են ընկնում իրենց հիանալի ախորժակով։ Օլիվեր Թվիստը և իր ընկերները երեք ամիս, շատ դանդաղ կերպով սովամահ լինելու տանջանքները կրելուց հետո քաղցից դարձան չափազանց ագահ ու կատաղի։ Վերջապես, նրանց միջից իր տարիքի հետ համեմատ բարձրահասակ և այդքան զրկանքի անսովոր մի տղա (որի հայրը ժամանակին ճաշարան էր ունեցել) ընկերներին խորհրդավոր կերպով ակնարկեց, որ եթե իր հանապազօրյա բաժնին չավելանար ևս մի պնակ խաշիլ, վախենում էր՝ մի գիշեր կլափեր իր կողքին քնող վտիտ ու փոքրահասակ տղային։ Նա այնպիսի վայրագ ու ագահ նայվածքով արտասանեց այդ բառերը, որ մյուսները անվերապահորեն հավատացին։ Ապա ժողով գումարվեց և վիճակ գցեցին, թե այդ երեկո ընթրիքից հետո, ո՛վ պիտի գնար հսկիչի մոտ և մի քիչ հավելյալ խաշիլ խնդրեր։ Վիճակն ընկավ Օլիվեր Թցիստին։
Երեկոն վրա հասավ։ Տղաները գրավեցին իրենց տեղերը, հսկիչը խոհարարի գոգնոցով տեղավորվեց պղնձի մոտ, աղքատանոցի ողորմելի օգնականները շարվեցին նրա հետևը, խաշիլը բաժանվեց և մի երկար գովաբանական աղոթք արվեց այդ խեղճ ու աղքատիկ ճաշի համար։ Խաշիլն իսկույն աներևույթացավ պնակներից։ Տղաներն սկսեցին փսփսալ և Օլիվերին աչքով անել, իսկ կողքի նստողները արմունկով բշտեցին նրան։ Երեխան քաղցից հուսահատվել և թշվառությունից ըմբոստացել էր։ Նա սեղանից վեր կացավ՝ պնակն ու գդալը ձեռքին առաջանալով դեպի հսկիչը և ինքն էլ իր խիզախությունից ահաբեկված ասաց․
― Ներողություն, տե՛ր իմ, մի քիչ էլ եմ ուզում։
Հսկիչը գեր և առողջ մի տղամարդ էր, բայց հանկարծ խիստ գունատվեց, մի քանի րոպե ապշած նայեց փոքրիկ ըմբոստին, հետո վայր չնկնելու համար հենվեց կաթսային։ Օգնականները զարմանքից, իսկ տղաները վախից՝ անշարժացել էին։
― Ինչպե՞ս, ― նվաղկոտ ձայնով խոսեց հսկիչը վերջապես։
― Ներողություն, տե՛ր իմ, մի քիչ էլ եմ ուզում, ― պատասխանեց Օլիվերը։
Հսկիչը շերեփով մի ուժգին հարված իջեցրեց Օլիվերի գլխին, ամուր պահեց նրան իր թևերի մեջ և բարձրաձայն ճչաց, որպեսզի բիդըլը օգնության հասնի։
Հանձնաժողովը լուրջ խորհրդակցությամբ էր զբաղված, երբ միստր Բամբըլը, սաստիկ հուզված, ներխուժեց սենյակ և խոսքն ուղղելով բարձր աթոռի վրա բազմած ջենթլմենին՝ ասաց․
― Միստր Լի՛մքինզ, միստր Լի՛մքինզ, ներեցեք, սըր, Օլիվեր Թվիստը նորից է պահանջել։
Ընդհանուր ցնցում առաջացավ։ Բոլորի դեմքերին սասրսափ դրոշմվեց։
― Ինչ ասացի՜ր, նորից է պահանջե՜լ, ― հարցրեց միստր Լիմքինզը, ― ուշքի եկ, Բամբըլ, և ինձ որոշակի պատասխանիր։ Արդյոք պետք է այնպես հասկանամ, որ նա իրեն սահմանված խաշիլի բաժինը վերջացնելուց հետո նորի՞ց է պահանջել։
― Ճի՛շտ այդպես, սըր, ― պատասխանեց Բամբըլը։
― Այդ տղան մի օր կախաղան կբարձրանա, ― ասաց սպիտակ բաճկոնով ջենթլմենը, ― ես հավատացած եմ, որ նա անպայման կախաղան կբարձրանա։
Ոչ ոք չժխտեց մարգարեացող ջենթլմենի կարծիքը։ Աշխույժ վեճ տեղի ունեցավ։ Որոշում կայացվեց անմիջապես մեկուսացնել Օլիվերին, և հաջորդ առավոտ դարպասի վերևում մի հայտարարություն փակցվեց՝ խոստանալով հինգ ֆունտ հատուցում նրան, ով կցանկանար Օլիվեր Թվիստին վերցնել ծխի ձեռքից, այլ խոսքով՝ Օլիվեր Թվիստը և հինգ ֆունտը մատուցվում էին այն առևտրականին կամ արհեստավորին, որը կցանկանար նրան ծառայության վերցնել։
― Կյանքումս երբե՛ք, երբե՛ք ոչ մի բանում այնքան համոզված չեմ եղել, որքան այն բանում, որ այս տղան մի օր անպայման կախաղան կբարձրանա, ― ասաց սպիտակ բաճկոնով ջենթլմենը, երբ հաջորդ առավոտ մուտքի դուռը ծեծելիս կարդաց փակցված հայտարարությունը։
Քանի որ հաջորդող էջերում որոշել եմ լրիվ կերպով արձանագրել բոլոր իրադարձությունները, այս պատմությունը գուցե կկորցներ իր հմայքից (եթե որ իսկապես գրավել է ընթերցողին), եթե ես կանխավ ձեռնարկեի բացահայտել, որ Օլիվեր Թվիստը ունեցա՞վ այն աղետալի վախճանը, որի մասին կանխագուշակել էր սպիտակ բաճկոնով ջենթլմենը։
==Երրորդ գլուխ==