Changes
/* Չորրորդ գլուխ */
Օլիվերը ենթարկվեց հրամանին և լռությամբ, գլուխը կախ՝ հետևեց նոր տիրուհուն։
==Հինգերորդ գլուխ==
Օլիվերի համար ստեղծվում է նոր միջավայր։ Առաջին անգամ ներկա գտնվելով մի հուղարկավորության, նա կազմում է ոչ բարեհաճ կարծիք իր տիրոջ աշխատանքի բնույթի մասին։
Օլիվերը դագաղագործի խանութում մնալով մեն֊մենակ, լամպը դրեց աշխատասեղանի վրա և ահ ու սարսափով սկսեց դիտել իր շուրջը։ Խանութի մեջտեղում, սև, բարձր եռոտանու վրա դրված կիսավարտ մի դագաղ այնքան չարագուշակ ու զարհուրելի թվաց, որ սառը դող համակեց նրան։ Եվ ամեն անգամ, երբ աչքերը մոլորվելով ընկնում էին այդ առարկայի վրա, նա կարծում էր, թե ուր որ է մի ահռելի կերպարանք գլուխը աստիճանաբար կբարձրացնի այնտեղից և ինքը սարսափից կխելագարվի։ Նույն ձևով կտրված կնձենու բազմաթիվ տախտակներ, որոնք կանոնովար շարքով հենված էին պատին, աղոտ լույսի տակ նմանվում էին ձեռները գրպանները դրած բարձրաթիկունք ուրվականների։ Հատակի վրա ցրված մնում էին դագաղի ցուցանակներ, փայլուն գամեր, տաշեղներ և սև կտորի ծվեններ, իսկ վաճառասեղնի հետևի պատը նկարազարդված էր օձիքները շատ պինդ օսլայած երկու մյուտի ուրվագծերով, որոնք մի մեծ դարպասի առաջ կանգնած՝ չորս սև նժույգներով քաշվող դիակառքին էին սպասում։ Խանութը շոգ էր ու հեղձուցիչ։ Մթնոլորտը կարծես ապականված էր դագաղների հոտով։ Վաճառասեղանի տակ գտվող որմնախորշը, ուր անխնամ գցված էր նրա կոշտ բրդից պատրաստված անկողինը, շիրմի էր նման։
Միայն դրանք չէին, որ սարսափ էին ազդում Օլիվերին։ Նա մենակ էր այդ անծանոթ վայրում։ Մի՞թե բոլորս չգիտենք, թե մենակության մեջ հաճախ ամենախիզախ մարդն անգամ ինչպես է կորցնում իր քաջությունն ու կորովը։ Իսկ խեղճ ու անօգնական մի երեխայի համար որքան ավելի ծանր կլիներ դրությունը։ Ինչպիսի՜ թածխոտ ու մռայլ զգացմունքներով էր համակված նա, և ինչպե՜ս էր փոթորկվում նրա ողջ էությունը այդ պահին։ Ի՜նչ փույթ, թե նա չուներ բարեկամներ, որոնց մասին մտահոգվեր և որոնք մտահոգվեին իր մասին։ Ի՜նչ փույթ, թե նա չէր տառապում հարազատներից բաժանվելու կսկիծով։ Ի՜նչ փույթ, թե նրա սիրտը չէր մորմոքում սիրելի ու անմոռանալի դեմքերի կարոտից։ Այնուամենայնիվ, նա խիստ տխուր էր։ Եվ երբ սողոսկելով նա մտավ իր նեղ անկողինը, ցանկանալով, որ այդ իր դագաղը լիներ, և որ ինքը կարողանար անդորը ու հավերժական քնով թաղվել եկեղեցու գերեզմանատան մեջ, որտեղ բարձր դալարիքները մեղմորեն ծածանվեին իր գլխավերևում և հնամենի զանգակի խոր ղողանջը սփոփեր իրեն քնի մեջ։
Առավոտյան Օլիվերը զարթնեց խանութի դռանը իջնող ոտքի ուժգին հարվածներից, որոնք կրկնվեցին մոտավորապես քսանհինգ անգամ, մինչև նա հապճեպ հագնվեց և սկսեց դուռը ամրացնող շղթաները քանդել։ Ապա ոտքի հարվածները դադարեցին և լսվեց մի ձայն․
― Դուռը բաց արա, իմացա՞ր, ― գոչեց ձայնը, որը պատկանում էր հարվածող ոտքերի տիրոջը։
― Իսկույն, տե՛ր իմ, պատասխանեց Օլիվերը շղթան արձակելով և բանալին պտտեցնելով։
― Երևի դու այն նորեկ տղան ես, ― լսվեց բանալու անցքից։
― Այո, տեր իմ, ― պատասխանեց Օլիվերը։
― Քանի՞ տարեկան ես, ― նորից հարց տվեց ձայնը։
― Տասը, տեր իմ, ― պատասխանեց Օլիվերը։
― Որ այդպես է, երբ ներս գամ, քեզ լավ կծեծեմ, ― ասաց ձայնը, ― հիշիր իմ խոսքերը, աղքատանոցի լակոտ։ ― Եվ այդ խոստումից հետո ձայնը սկսեց սուլել։
Օլիվերը շատ հաճախ ենթարկված լինելով ակնարկված տանջանքին, նվազագույն չափով չէր կասկածում, որ ձայնի տերը, ով էլ որ լիներ նա, իր խոստումը անպայման կկատարեր։ Այնուամենայնիվ, դողացող ձեռքերով դռան նիգը քաշեց և դուռը բաց արեց։
Նա մի քանի րոպե վեր ու վար նայեց փողոցի կողմը, այն համոզումով, որ բանալու անցքից խոսող անծանոթը հավանաբար փոքր֊ինչ հեռացել էր տաքանալու նպատակով։ Բայց նա դրսում ոչ ոքի չտեսավ, բացի որբանոցի հաղթանդամ մի տղայից, որը տան առաջ գտնվող սյան վրա նստած՝ մի շերտ հաց ու կարագ է ուտում, նախապես գրչահատով իր բերանի մեծությամբ կտորների բաժանելով և կուլ տալով մեծ ճարպկությամբ։
― Ներողություն, տեր իմ, ― ասաց Օլիվերը վերջապես, տեսնելով, որ ուրիշ որևէ այցելու չհայտնվեց, ― դուռը դո՞ւք ծեծեցիք։
― Աքացով տվեցի, ― պատասխանեց որբանոցի տղան։
― Ձեզ դագա՞ղ է պետք, ― հարցրեց Օլիվերը անմեղսունակ տոնով։
Որբանոցի տղան այս խոսքերից չափազանց կատաղեց և ասաց, որ եթե Օլիվերը շարունակի այդպիսի կատակներ անել իր վերադասների հետ, շուտով ինքը դագաղի բաժին կդառնա։
― Երևի չգիտես, թե ես ով եմ, հա՞, ծխական լակոտ, ― ասաց որբանոցի տղան փքված իջնելով սյան վրայից։
― Չգիտեմ, տեր իմ, ― հարեց Օլիվերը։
― Ես միստր Նոա Քլեյփոլն եմ, ― ասաց որբանոցի տղան, ― և դու ինձ ես ենթակա։ Դե՛ փեղկերը բաց արա, ծույլ անզգամ։ ― Ապա միստր Քլեյփոլը մի աքացի տվեց Օլիվերին և հանդիսավոր կերպով խանութ մտավ։ Մեծ գլխով, փոքր աչքերով և թեթևաբարո բնավորությամբ մի պատանու համար դժվար է ծանրաբարո երևալ, առավել դժվար է մանավանդ այն դեպքում, երբ անձնական այս գրավչություններին ավելանում են կարմիր քիթն ու դեղին տաբատը։
Երբ Օլիվերը փեղկերը բացեց և սկսեց դրանք փոխադրել կողքի բակը, որտեղ պահվում էին ցերեկը, առաջին ծանր փեղկը տանելիս,հանկարծ փշրեց լուսամուտի ապակիներից մեկը։ Դրանից հետո Նոան մխիթարելով տղային, որ նա անպայման «իր բաժինը կստանա», բարեհաճեց օգնել նրան։ Քիչ անց միստր Սովերբերրին իջավ ներքև, ավելի ուշ հայտնվեց և միսիս Սովերբերրին։ Նոայի մարգարեությունը լիովին կատարվեց, Օլիվերը իրոք «ստացավ իր բաժինը», ապա այդ փոքրիկ ջենթլմենի հետ իջավ խոհանոց նախաճաշելու։
― Մոտեցիր բուխարիկին, Նո՛ա, ― ասաց Շառլոթը։ ― Տիրոջ նախաճաշից քեզ համար առանձնացրել եմ խոզի ապուխտի մի համեղ պատառ։ Օլիվե՛ր, դուռը ծածկիր միստր Նոայի հետևից և վերցրու այդ մնացուկները, որ դրել եմ հացամանի կափարիչին։ Թեյդ այնտեղ է։ Վերցրու, գնա արկղի մոտ և այնտեղ էլ խմիր։ Դե՛, շտապի՛ր, հիմա երևի պետք կգաս խանութը պահելու համար, իմացա՞ր։
― Իմացա՞ր ծխական լակոտ, ― կրկնեց Նոա Քլեյփոլը։
― Տե՜ր իմ աստվա՜ծ, Նո՜ա, ― ասաց Շառլոտը, ― ինչ տորօրինակ արարած ես դու։ Տղային ինչո՞ւ հանգիստ չես թողնում։
― Հանգիստ թողնե՜լ, ― ասաց Նոան։ ― Ի՞նչ հանգիստ թողնելու մասին է խոսում․ բոլորն էլ հանգիստ են թողնում նրան։ Ո՛չ իր հայրը և ո՛չ էլ հայրը երբեք չեն անհանգստացնելու նրան։ Նրա բոլոր ազգականները թույլ են տալիս, որ նա իր ուզած ձևով ապրի։ Այնպես չէ՞, Շառլոթ։ Հի՛, հի՛, հի՛։
― Օ՜հ, ի՜նչ զարմանալին ես, ― ասաց Շառլոթը լիաթոք ծիծաղելով։ Նոան նույնպես սկսեց ծիծաղել։ Ապա նրանք արհամարհանքով լի հայցաքներ գցեցին խեղճ Օլիվեր Թվիստի վրա, որ սենյակի ամենացուրտ անկյունում դողդողալով նստած, հատկապես իր համար պահված մնացուկներն էր ուտում։
Նոան ոչ թե աղքատանոցի, այլ որբանոցի տղա էր։ Օլիվերի նման ընկեցիք երեխա չէր, քանի որ կարող էր ամբողջ ազգաբանությունը մի առ մի թվել մինչև իր ծնողները, որոնք հենց մոտերքումն էլ ապրում էին։ Մայրը լվացարարուհի էր, իսկ հայրը՝ հարբեցող զինվոր, պաշտոնից հեռացված, փայտե ոտով, օրական երկու և կես պեննի կենսաթոշակ ստացող։ Թաղում գտնվող խանութների աշակերտները վաղուց սովորություն էին դարձրել փողոցներում խայթել Նոային և նախատելու նրան «Կաշվե տաբատ», «Որբանոցի լակոտ» ու այլ անարգական մակդիրներով, և նա այդ ամենը տարել էր համբերությամբ։ Բայց այժմ բախտը իր ճանապարհին նետել էր մի անանուն որբուք, որին անգամ ամենացածր դասակարգին պատկանող երեխան կարող էր արհամարել, և ահա այս խեղճ որբուկի վրա էր թափվելու վրիժառու Նոայի սրտում կուտակված ամբողջ մաղձը։ Որքա՜ն հրաշալի նյութ է խորհրդածության համար։ Այդպիսի խորհրդածությունը մեզ հանգեցնում է այն բանին, թե մարդկային բնավորությունը ինչպես կարելի է դարձնել գեղեցիկ և միևնույն շնորհալի հատկությունները ինչպես կարող են զարգանալ թե՛ ամենաազնվատոհմ լորդի և թե՛ ամենակեղտոտ որբանոցի տղայի մեջ։
Մոտավորապես մի ամիս էր անցել այն օրից, երբ Օլիվերը ժամանակավոր բնակություն էր հաստատել դագաղագործի մոտ։ Մի օր, երբ տեր և տիկին Սովերբերրինեը, խանութը փակելուց հետո ընթրում էին փոքրիկ ճաշասենյակում, միստր Սովերբերրին կնոջ վրա մի քանի ակնածալից հայացք նետելով՝ ասաց․
― Անգի՜նս․․․ ―Չհասցրեց ավելին ասել։ Միսիս Սովերբերրին դեմքի շատ անբարեհաճ արտահայտությամբ նայեց վեր։ Ամուսինը իսկույն լռեց։
― Հետո՞, ― հարցրեց միսիս Սովերբերրին սուր տոնով։
― Ոչի՛նչ, սիրելիս, ոչի՛նչ, ― ասաց միստր Սովերբերրին։
― Փո՛ւհ, անասո՛ւն, ― ասաց միսիս Սովերբերրին։
― Բոլորովին, սիրելիս, բոլորովին, ― ասաց միստր Սովերբերրին հեզորեն, ― կարծում էի, թե դու ցանկություն չունես լսելու, անգինս։ Ես միայն ուզում էի ասել․․․
― Ինչ որ ուզում էիր ասել, մի՛ ասա, ― ընդհատեց միսիս Սովերբերրին։ ― Ես ոչինչ եմ, ինձ հետ մի խորհրդակցիր, խնդրում եմ։ Չեմ ուզում քո գաղտնիքներին իրազեկ լինել։ ― Ապա միսիս Սովերբերրին հիստերիկ մի ծիծաղ արձակեց, որից կարելի էր կանխագուշակել լուրջ հետևանքեր։
― Բայց, սիրելիս, ― ասաց միստր Սովերբերրին, ― ես ուզում եմ քեզնից խորհուրդ հարցնել։
― Ո՛չ, ո՛չ, ինձնից խորհրուրդ մի հարցնի, ― պատասխանեց միսիս Սովերբերրին։ ― Ուրիշին դիմիր։ ― Այստեղ նա դարձյալ քրքջաց, որից միստեր Սովերբերրին չափազանց վախեցավ։ Սա շատ ընդունված և միաժամանակ գնահատված ամուսնական փոխհարաբերության ձև է, որը հաճախ հանգում է ցանկալի արդյունքի։ Այդ հանգամանքը իսկույն պարտադրեց միստր Սովերբերրրիին խնդրել կնոջից, որ իրեն հատուկ շնորհ տրվեր իրեն ասելու այն, ինչ միսիս Սովերբերրին մեծ հետաքրքրությամբ ուզում էր իմանալ։ Վերջապես թույլտվությունը ողորմածաբար շնորհվեց։
― Ես ուզում էի քեզ հետ խոսել այդ փոքրիկ Թվիստի մասին, սիրելիս, ― ասաց միստր Սովերբերրին։ ― Նա շատ շնորհալի, դուրեկան տեսքով տղա է։
― Այդպես էլ պետք է լիներ, բավականին լավ է սնվում, ― ակնարկեց լեդին։
― Նրա դեմքի վրա ուրվագծված է մի մելամաղձոտ արտահայտություն, սիրելիս, ― շարունակեց միստր Սովերբերրին, ― որը նրան շատ հետաքրքրական է դարձնում։ Կարող էր հիանալիորեն մյուտի դեր կատարել, հոգյա՜կս։
Միսիս Սովերբերրին զարմանքով նայեց ամուսնուն։ Միստր Սովերբերրին նկատեց այդ և ժամանակ չտալով, որ ազնիվ լեդին որևէ առարկություն անի՝ շարունակեց․
― Չեմ ուզում ասել իսկական մյուտ, որ մասնակցում է մեծահասակների թաղմանը, սիրելիս․ մի խոսքով միայն երեխաներին է վերաբերում։ Մահացողների տարիքին համապատասխան մյուտ ունենալը մեծ նորություն կլիներ, սիրելիս։ Հիանալի ազդեցություն կթողներ, վստա՛հ եղիր։
Դագաղագործի այս գաղափարը խոր տպավորություն թողեց միսիս Աովերբերրիի վրա։ Դա իսկապես մի նորություն էր, որի մասին նա երբեք չէր մտածել, թեպետ նրբաճաշակ էր այս գործում։ Բայց որովհետև դրական կարծիք հայտնելու դեպքում իր արժանապատվությունը կորցրած կլիներ, ուստի շատ կծու տեսքով հարց տվեց, թե ինչու առաջներում ամուսինը չէր մտածել այդ մասին։ Միստր Սովերբերրին այս հայտարարությունը ընդունեց իբրև հավանություն իր առաջարկին, և որոշում կայացվեց Օլիվերին անմիջապես իրազեկ դարձնել արհեստի բոլոր գաղտնիքներին։ Այս ծրագիրը իրագործելու համար նա պետք է ընկերանար իր տիրոջը, թաղման պատվեր ստանալու առաջին իսկ առիթով։
Եվ առիթը չուշացավ։ Հաջորդ առավոտ նախաճաշից կես ժամ հետո միստր Բամբըլը մտավ խանութ, գավազանը հենեց վաճառասեղանին, մեծ կաշեպատ ծոցատետրը դուրս քաշեց և միջից մի թղթի կտոր ջոկելով՝ երկարեց Սովերբերրիին։
― Աա՜, ― ասաց դագաղագործը, աշխույժ դեմքով աչքի անցկացնելով թուղթը, ― դագաղի պատվեր է, հա՞։
― Նախ՝ մի դագաղ ու հետո՝ մի ծխական հուղարկավորություն, ― պատասխանեց միստր Բամբըլը, ամրացնելով կաշեպատ ծոցատետրը, որը իր նման շատ ծավալուն էր։
― Բեյթոն, ― ասաց դագաղագործը հայացքը թղթի կտորի վրայից միստր Բամբըլին ուղղելով։ ― Այս անունը բոլորովին անծանոթ է ինձ։
Բամբըլը գլուխը թափահարելով պատասխանեց․
― Կամակոր մարդիկ են, միստր Սովերբերրի, շա՛տ կամակոր։ Կարծում եմ նաև ամբարտավան, սըր։
― Ամբարտավա՞ն, ― բացականչեց միստր Սովերբերրին արհամարհանքով։ ― Այդ արդեն չափազանց է։
― Ուղղակի նողկալի՜, ― պատասխանեց բիդըլը, ― նաև բարոյականության սահմաններից դուրս, միստր Սովերբերրի։
― Ճշմարիտ է, ― համաձանեց դագաղագործը։
― Այդ ընտանիքի մասին մենք իմացանք միայն նախանցյալ գիշերը, ― շարունակեց բիդըլը, ― և դեռ ոչինչ էլ չէինք իմանա, եթե չլիներ մի կին, որը ապրած լինելով նույն շենքում՝ չդիմեր ծխական հանձնաժողովին, խնդրելով ծխական բժիշկ ուղարկել մի շատ հիվանդ կնոջ համար։ Բժիշկը գնացել էր ճաշելու։ Նրա աշակերտը (շատ բանիմաց մի տղա) կոշկաներկի շշով անմիջապես ինչ֊որ դեղ է ուղարկում հիվանդի համար։
― Այ քեզ արագաշարժություն, ― ասաց դագաղագործը։
― Այն էլ ինչպիսի՜ արագաշարժություն, ― պատասխանեց Բիդըլը։ Բայց դրա հետևանքը տես։ Դու տես այդ ապերախտ ըմբոստների վերաբերմունքը, սըր։ Ամուսինը լուր է ուղարկում, թե այդ դեղը կնոջ հիվանդությանը չի համապատասխանում, հետևաբար, նա այդ չի ընդունելու, սըր, այո՛, ասում է չի՛ ընդունելու։ Այդքան զորավոր, առողջարար, օգտակար դեղ, որ մի շաբաթ առաջ կոշկաներկի շշով ուղարկվել էր նաև երկու իռլանդացի բանվորի և մի ածխահատի համար, որոնց մոտ մեծ հաջողություն էր գտել, ամուսինը լուր է ուղարկում, թե կինը այդ դեղը չի ընդունելու, սըր։
Գործած արարքը ահավոր էր։ Միստր Բամբըլը գավազանը խփեց վաճառասեղանին և զայրույթից շառագունեց։
― Օ՜, ― բացականչեց դագաղագործը, ― ես երբեք չէի․․․
― Այո՛, երբեք չէիր սպասում, սըր, ― գոչեց բիդըլը։ ― Ոչ էլ մեկ ուրիշի մտքով կանցներ այդպիսի բան, բայց քանի որ նա մահացած է, հարկադրված ենք թաղել նրան, և որքան շուտ, այնքան լավ։
Այդ խոսքերից հետո միստր Բամբըլը, որը ծխին հասցված որևէ անարգանք չէր կարող հանդուրժել, հուզմունքից եռանկյունի գլխարկը ծուռ դրեց գլխին և մեծ քայլերով դուրս եկավ խանութից։
― Տեսա՞ր Օլիվեր, խեղճը այնքան զայրացել էր, որ մինչև իսկ մոռացավ քո մասին հարցնել, ― ասաց միստր Սովերբերրրին՝ նայելով բիդըլի հետևից, երբ նա խոշոր քայլերով իջնում էր փողոցն ի վար։
― Այո, տեր իմ, ― պատասխանեց Օլիվերը, որը տեսակցության ընթացքում մեծ ջանք էր թափել բիդըլի աչքին չերևալու համար, և այժմ ոտից գլուխ դողում էր անգամ նրա ձայնը մտաբերելով։ Սակայն միստր Բամբըլի հայացքից թաքնվելու այնքան էլ կարիք չկար, որովհետև այդ պաշտոնյան մեծապես տպավորված էր սպիտակ բաճկոնով ջենթլմենի մարգարեությունից և անվրդով սպասում էր այն օրվան, երբ դագաղագործի մոտ աշխատելու փորձնական ժամանակաշրջանում Օլիվերը կաներ մի այնպիսի բան, որ անպայման յոթ տարով կդատապարտվեր, և ծխին վերադառնալու ամբողջ վտանգը միանգամ ընդմիշտ և օրինավոր ճանապարհով կհաղթահարվեր։
― Ուրեմն, ― ասաց միստր Սովերբերրին գլխարկը վերցնելով, ― այս գործը որքան շուտ արվի, այնքան լավ։ Նոա, խանութին ուշադրություն դարձրու, Օլիվեր, գլխարկդ ծածկիր և արի ինձ հետ։
Օլիվերը հնազանդվեց և հետևեց իր տիրոջը, որը գնում էր մեռած կնոջ դագաղի չափսը վերցնելու։
Բավական ժամանակ նրանք քայլեցին քաղաքի ամենախճողված և ամենախիտ բնակեցված մասով, ապա թեքվելով մի նեղլիկ փողոց՝ ավելի կեղտոտ ու թշվառ, քան մինչ այդ հանդիպածները, սկսեցին որոնել այն տունը, ուր ուղարկվել էին։ Փողոցի երկու կողմերում բարձրացող տները մեծածավալ էին, բայց չափազանց հին, և այնտեղ բնակվում էին ամենաաղքատ դասակարգի մարդիկ։ Շենքերի անխնամ տեսքը արդեն իսկ բավականին համոզիչ ապացույց էր դրան, և այն, որ կեղտոտ արտաքինով կանայք ու տղամարդիկ, որոնք ծալած բազուկներով ծռված մեջքով մերթ ընդ մերթ գաղտագողի ներս ու դուրս էին անում, ոչինչ չէր ավելացնում ընդհանուր խեղճությանը։ Շենքերը մեծ մասամբ խանութներ ունեին, բայց քանի որ միայն վերևի հարկերն էին զբաղեցված, այդ խանութները ամուր փակված, բորբոսնում էին։ Մի շարք տներ, որ հնության ու խարխլվածության պատճառով անապահով էին դարձել, փողոցի մեջտեղով պատերի դեմ տրված հսկա գերանների օգնությամբ պահպանվում էին փուլ գալուց։ Բայց նույնիսկ այս ողորմելի ու կեղտոտ որջերը, ինչպես երևում էր, որոշ անտուն չքավորների համար գիշերային ապաստան էին դարձել, քանի որ այդ անտաշ տախտակներից շատերը, որ օգտագործվում էին դռների ու լուսամուտների փոխարեն, պոկվել֊հանվել էին իրենց տեղերից, առաջացնելով այնպիսի մեծության բացվածքներ, որտեղից մարդիկ կարող էին ազատ ելումուտ անել։ Ջրատար առուն լճացած էր ու նեխած։ Քաղցից սատկած առնետները ահռելի տեսք ստացած՝ փտում էին այդ ապականության մեջ։
Այն բաց դռան վրա, որի առջև Օլիվերը և իր տերը կանգնեցին, ո՛չ զանգ կար, ո՛չ էլ դուռ թակելու որևէ այլ հարմարանք։ Հետևաբար, մութ միջանցքում զգուշությմաբ խարխափելով և ասելով Օլիվերին, որ իրեն կրնկակոխ հետևի և չվախենա, դագաղագործը բարձրացավ աստիճաններով։ Ապա նա կանգ առավ առաջին հարթակի վրա և ինչ֊որ դուռ նկատելով՝ թեթև թակեց։
Դուռը բացեց մոտավորապես տասնչորս տարեկան մի աղջիկ։ Դագաղագործը տան մեջ եղած իրերից միանգամից հասկացավ, որ դա էր իր որոնած բնակարանը։ Մտավ ներս։ Օլիվերը հետևեց նրան։
Սենյակում կրակ չկար, բայց մի մարդ մեքենաբար կռացել էր պաղ վառարանի վրա։ Մի պառավ կին, նույնպես ցածլիկ աթոռակը մոտեցրած սառը օջախին, նստել էր մարդու կողքին։ Սենյակի մի ուրիշ անկյունում կային գզգզված շորերով երեխաներ, իսկ դռան դիմաց, մի փոքրիկ որմնախորշի մեջ, հատակին դրված էր ինչ֊որ բան՝ մի հին ծածկոցով պատած։ Օլիվերի մարմնով սարսուռ անցավ, երբ հայացքն ուղղեց այդ կողմը, և ակամայից կուչ եկավ իր տիրոջ կողքին, որովհետև թեև ծածկված էր, բայց տղան զգաց, որ դա դիակ էր։
Տղամարդու դեմքը նիհար էր և շատ գունատ, մազերն ու մորուքը՝ գորշավուն, աչքերը՝ արյունով լցված։ Պառավի դեմքը խորշոմած էր։ Մնացած միակ երկու ատամը դուրս էին ցցված ներքին շուրթից, աչքերը փայլուն էին և ծակող։ Օլիվերը վախենում էր նայել թե՛ կնոջը և թե՛այդ տղամարդուն։ Նրանք այնքան նման էին դրսում տեսած առնետներին։
― Չմոտենաք նրան, ոչ ոքի թույլ չեմ տա, ― գոչեց տղամարդը վայրագորեն վեր ցատկելով, երբ նկատեց, որ դագաղագործը դեպի որմնախորշն էր առաջանում։ ― Ե՛տ քաշվեցեք։ Թե կյանքը թանկ է ձեզ համար, ե՛տ քաշվեցեք, անիծյալնե՛ր։
― Հիմարությունները թող, բարեկամս, ― ասաց դագաղագործը, որը բավական սովոր էր բոլոր տեսակի վշտերին։ ― Հիմարությունները թող։
― Իակ ես ասում եմ՝ չմոտենա՛ք նրան, ― ասաց մարդը բռունցքը սեղմելով և ոտքը կատաղորեն գետնին խփելով, ― ես թույլ չեմ տա, որ նրան հողին հանձնեք։ Նա չի կարող հանգչել այնտեղ։ Ճիճուները ոչ թե կուտեն, այլ կանհանգստացնեն նրան, որովհետև նա անչափ հյուծված է։
Դագաղագործը որևէ պատասխան չշնորհեց այս զառանցանքին։ Գրպանից մի նեղ ժապավեն հանելով՝ չոքեց դիակի առաջ։
― Ա՜հ, ― փղձկաց մարդը ծունկի գալով մահացած կնոջ ոտքերի մոտ։ ― Ծունկի իջեք, բոլորդ էլ ծունկի իջեք նրա շուրջը և ուշադիր լսեք իմ խոսքերը։ Ասում եմ՝ սովամահ եղավ։ Բնավ չգիտեյի, որ այդքան վատ էր նրա դրությունը, մինչև որ տենդով բռնկվեց։ Այնուհետև ոսկորները մաշկից դուրս պրծան։ Ո՛չ կրակ կար, ո՛չ էլ մոմ։ Խավարի մեջ էլ մահացավ, խավարի մեջ․․․ Նույնիսկ իր հարազատ երեխաների երեսը չկարողացավ տեսնել, թեև լսեցինք, թե հոգեվարքի մեջ ինչպես էր նրանց անունները տալիս։ Ես նրա համար փողոցներն ընկած ողորմություն խնդրեցի, ինձ բանտարկեցին։ Երբ վերադարձա, նա արդեն մահանում էր։ Եվ այժմ սրտիս բովանդակ արյունը ցամաքած է, որովհետև նրան սովամահ արեցին։ Երդվում եմ աստծո առաջ, որ տեսավ այդ բոլորը, նրան սովամահ արեցին։ ― Ապա ձեռքերը խրեց մազերի մեջ, ոլորեց դրանք և բարձրագոչ ճիչերով գլորվեց հատակին։ Աչքերը գամվեցին մի կետի և փրփփուրը ողողեց նրա շուրթերը։
Սարսափահար երեխաներն սկսեցին դառնորեն լաց լինել, բայց պառավը, որը մինչև այդ այնպես լուռ էր, ասես բոլորովին խուլ լիներ շուրջը կատարվածի հանդեպ, սպառնալիքով լռեցրեց նրանց։ Տղամարդը տակավին փռված էր հատակին։ Պառավը նրա փողկապը արձակեց և երերուն քայլերով մոտեցավ դագաղագործին։
― Այդ իմ աղջիկն էր, ― ասաց նա գլխով դիակը ցույց տալով և այնպիսի ճիվաղային, այլանդակ տեսք ընդունելով, որ ավելի սարսուռ էր ազդում շրջապատին, քան թե մեռյալը այդպիսի վայրում։ ― Աստված իմ, աստված իմ։ Որքա՜ն տարօրինակ է․ ես որ նրան ծնունդ եմ տվել, և այն ժամանակ երիտասարդ կին էի, այժմ պետք է ողջ և զվարթ լինեմ, իսկ նա պառկի այստեղ, այսքան սառը և քարացած վիճակում։ Կարծես ներկայացում լինի, կարծես ներկայացում լինի։ Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ։
Մինչև ողորմելի արարածը զարհուրելի խրախճանքի այսպիսի նոպայի մեջ քրթմնջում էր, դագաղագործը պատրաստվեց մեկնելու։
― Կացե՛ք, կացե՛ք, ― ասաց պառավը խռպոտ ձայնով։ ― Վա՞ղն է թաղվելու, վաղը չէ մյուս օ՞րը, թե այս գիշեր։ Ես դիակը արդեն պատրաստել եմ և դագաղին պետք է հետևեմ, գիտեք։ Ինձ մի մեծ վերարկու ուղարկեցեք, մի տաքուկ, կարգին վերարկու, որովհետև դաժան ցուրտ է։ Գնալուց առաջ հարկավոր է խմորեղեն և գինի էլ ունենալ։ Ոչինչ, մի քիչ հաց ուղարկեք, միայն մի նկանակ հաց և մի բաժակ ջուր, այդ էլ է բավական է․ մեզ մի քիչ հաց կուղարկե՞ք, սիրելիս, ― անձկությամբ ասաց նա դագաղագործի վերարկուից բռնելով, երբ նա միանգամից ուղղվեց դեպի դուռը։
― Այո՛, այո՛, ― ասաց դագաղագործը, ― անշուշտ, ինչ֊որ դուք կցանկանաք։ ― Նա իրեն ազատեց պառավի ձեռքից և Օլիվերին իր հետևից քաշելով՝ շտապ հեռացավ այդտեղից։
Հաջորդ օրը (մինչև այդ միստր Բամբըլը անձամբ իր ձեռքով բերել էր այդ ընտանիքին ծխի կողմից շնորհված քառասունհինգ գրամանոց մի նկանակ հաց և մի կտոր պանիր) Օլիվերը և իր տերը նորից եկան այդ դժբախտ բնակարանը։ Միստր Բամբըլը արդեն եկել էր աղքատանոցից վերցրած չորս մարդու ընկերակցությամբ, որոնք դագաղակիրների դեր էին կատարելու։ Պառավի և մարդու ցնցոտիների վրա մի հին սև վերարկու էին գցել։ Կափարիչը ծածկելով և այդ անշուք դագաղը բսրձրացնելով ուսերին՝ դագաղակիրները փողոց դուրս եկան։
― Այժմ դուք պետք է շատ արագ քայլեք, պառավ լեդի, փսփսաց Սովերբերրին ծեր կնոջ ականջին, ― արդեն ուշացել ենք, և անհարմար է կղերականին սպասեցնել։ Դե՛, շարժվե՛ք, տղերք, շարժվե՛ք ամենայն արագությամբ։
Այսպիսի հրահանգ ստանալով՝ դագաղակիրներն սկսեցին արագ քայլերով առաջանալ, թռցնելով իրենց թեթև բեռը․ երկու սգավորները ճգնում էին հասնել նրանց։ Միստր Բամբըլը և Սովերբերրին արագորեն գնում էին առաջից, իսկ Օլիվերը, որի սրունքները իր տիրոջ սրունքների պես երկար չէին, վազում էր նրանց կողքից։
Թեպետ միստր Սովերբերրին կարծում էր, թե կուշանան, բայց շտապելու այնքան էլ կարիք չկար, որովհետև երբ հասան գերեզմանատան այն մռայլ, եղինջներով ծածկված անկյունը, որ ծխական շիրիմներին էր հատկացված, քահանան դեռ չէր եկել։ Իսկ քարտուղարը, եկեղեցու ավանդատան կրակի առաջ նստած, բոլորովին անհավանական չգտավ, որ նա կարող էր նույնիսկ մի ժամից էլ ավելի ուշանալ։ Հետևաբար, դագաղը դրվեց գերեզմանի եզրին, և մինչդեռ սառն անձրևը մաղվելով իջնում էր, երկու սգավորները նստեցին խոնավ գետնի վրա և համբերությամբ սպասեցին։ Ցնցոտիներ հագած տղաներ, որոնք այդ տեսարանից հրապուրվելով շտապել էին գերեզմանատուն, տապանաքարերի արանքում աղմկելով պահմտոցի էին խաղում, կամ դագաղի վրայից ետ ու առաջ ցատկոտում։ Իսկ միստր Սովերբերրին և Բամբըլը, լինելով քարտուղարի անձնական բարեկամները նրա հետ կրակի մոտ նստած օրվա լրագիրն էին կարդում։
Վերջապես, ավելի քան մի ժամ անցնելուց հետո, միստր Բամբըլը, Սովերբերրին ու քարտուղարը վազեցին դեպի շիրիմը։ Նրանց հետևից անմիջապես հայտնվեց նաև քահանան, որը քայլելիս շուրջառն էր հագնում։ Ապա ձևականության համար միստր Բամբըլը տղաներից մեկին֊երկուսին ծեծեց, իսկ արժանապատիվ ջենթլմենը թաղման ծիսակատարությունից կարդացած լինելով միայն այնքան, որքան կարելի էր խտացնել չորս րոպեի մեջ, շուրջառը տվեց քարտուղարին և հեռացավ։
― Դե՛, Բի՛լլ, ― ասաց Սովերբերրին գերեզմանափորին, ― հողը լից։
Այդ գործը շատ դժվար չէր, քանի որ փոսը այնքան լեցուն էր, որ որ ամենավերևի դագաղը, մակերեսից միայն մի քանի ոտք էր ցածր։ Գերեզմանափորը բահով լցրեց հողը, ոտքերով թեթև հարթեց, բահը դրեց ուսին ու հեռացավ։ Նրան ուղեկցում էին տղաները բողոքի մեծ աղմուկ բարձրացնելով, որ զվարճությունը այդքան շուտ ավարտեց։
― Դե՛, վե՛ր կաց, բարեկամս, ― ասաց Բամբըլը՝ թեթև զարկելով տղամարդու մեջքին։ ― Ուզում են գերեզմանատունը փակել։
Մարդը, որ բոլորովին չէր շարժվել այն պահից ի վեր, երբ տեղավորվել էր գերեզմանի եզրին, ցնցվեց, գլուխը բարձրացրեց, ակնապիշ նայեց իր հետ խոսողին, մի քանի քայլ առաջացավ, ապա ուշագնաց ընկավ գետին։ Ցնորված պառավը այնքան սաստիկ էր զբաղված վերարկուի կորուստը ողբալով (դագաղագործը վերարկուն արդեն վերցրել էր նրանից), որ ժամանակ չուներ ուշադրություն դարձնել մարդուն։ Հետևաբար, մի թաս սառը ջուր լցրին վրան և երբ սթափվեց, գերեզմանատնից դուրս հանելով, դարպասը կողպեքով փակեցին, և ամեն մարդ գնաց իր ճամփով։
― Հը, Օլիվե՛ր, ― ասաց Սովերբերրին, երբ տուն էին վերադառնում, ― ինչպես է, հավանեցի՞ր։
― Բավականին, շնորհակալ եմ, տեր իմ, ― պատասխանեց Օլիվերը նկատելի վարանումով։ ― Այնքան էլ չհավանեցի, տեր իմ։
― Կսովորե՛ս․ Օլիվեր, ժամանակի ընթացքում կսովորե՛ս, ― ասաց Սովերբերրին։ ― Երբ վարժվես, ամեն ինչ բնական կդառնա։
Օլիվերը կուզենար իմանալ, թե արդյոք միստր Սովերբերրին էլ երկար ժամանակի՞ց վարժվեց դրան։ Բայց ավելի հարմար համարեց այդ հարցը չտալ և վերադարձավ խանութ, խորհրդածելով այն ամենի մասին, որ տեսել էր ու լսել։
==Վեցերորդ գլուխ==
Օլիվերը Նոայի անարգանքներից գրգռված անցնում է գործի և զարմացնում նրան։
Մի ամսվա փորձնական շրջանը անցնելուց հետո, դագաղագործը Օլիվերին պաշտոնապես վերցրեց իբրև մշտական ծառայող։ Ճիշտ այդ ժամանակ հունձը հրաշալի էր, քաղաքը լի էր համաճարակով։ Առևտրական լեզվով ասած՝ դագաղների մեծ պահանջ կար։ Ուստի մի քանի շաբաթվա ընթացքում Օլիվերը բավականաչափ փորձություն ձեռք բերեց։ Միստր Սովերբերրիի հեռատեսությունը այնպիսի մեծ հաջողությունների հասցրեց նրան, որ գերազանցեց իր բոլոր հույսերը։ Անգամ ամենածեր բնակիչները չէին հիշում որևէ ժամանակաշրջան, երբ կարմրուկը այսքան ահավոր կերպով սպառնար երեխաների գոյությանը։ Հետևաբար, անհամար էին սգո թափորները, որոնց գլխավորում էր փոքրիկ Օլիվերը։ Գլխարկին ամրացրած մինչև ծնկները հասնող մի սև ժապավեն, նա իր վրա էր հրավիրում քաղաքի բոլոր մայրերի ուշադրությունը, նրանց սրտերում առաջացնելով թե՛ հիացմունք և թե՛ հուզմունք։ Քանի որ կատարելագործված մեռելաթաղի համար հարկավոր էր ձեռք բերել ներվերին լրիվ տիրապետելու արվեստը, Օլիվերը իր տիրոջ հետ մասնակցում էր նաև մեծահասակների հուղարկավորություններին։ Այդ պատճառով նա շատ առիթներ ունեցավ նկատելու, որ կորովի և ուժեղ մարդիկ ինչպիսի մոտեցում էին ունենում կյանքի ծանր վշտերի ու անվերադարձ կորուստների նկատմամբ։
Օրինակ, երբ Սովերբերրին որևէ հարուստ լեդիի կամ ջենթլմենի թաղման պատվեր էր ստանում, մահացողի բազմաթիվ եղբորորդիներն ու զարմուհիները, որոնք դեռ երեկ իրենց հարազատի հիվանդության ընթացքում անմխիթար լինելով՝ իրենց վիշտը անգամ ամենամեծ բազմության մեջ չէին կարողացել զսպել, այսօր՝ թաղման օրը, իրար հետ խոսում էին այնքան զվարթ ու անտարբեր, ասես նրանց հանգիստը վրդովող ոչինչ չի պատահել։ Ամուսինները իրենց կանանց կորուտսը տանում էին հերոսական պաղարյունությամբ։ Կանայք նույնպես սգո շորեր հագնում էին ոչ թե ամուսինների մահը սգալու, այլ կարծես իրենց ավելի դուրեկան և գրավիչ դարձնելու ձգտումով։ Նկատելի էր նաև այն, որ շատ լեդիներ և ջենթլմեններ, որոնք թաղման արարողության ընթացքում հուզման տագնապալի նոպաներ էին ունենում, տուն հասնելիս գրեթե իսկույն հանդարտվում էին և իրենց թեյը խմում, ասես բոլորովին անվրդով։ Սրանք շատ հաճելի և խրախուսիչ երևույթներ էին Օլիվերի համար, և նա այդ բոլորը դիտում էր մեծ հիացմունքով։
Թեպետ ես նրա կենսագիրն եմ, այնուամենայնիվ չեմ կարող լրիվ չափով երաշխավորել, թե Օլիվերը այս բարի մարդկանց օրինակին հետևելով իր ճակատագրին համակերպվե՞ց թե ոչ, բայց կարող են որոշակի ասել, որ նա երկար ամիսներ խոնարհությամբ հանդուրժեց Նոա Քլեյփոլի ծաղր ու ծանակը և տիրական վերաբերմունքը։ Այժմ Նոան առաջվանից շատ ավելի էր տանջում նրան։ Նա հաշտվել չէր կարողանում այն մտքի հետ, որ Օլիվերը կարճ ժամանակում բարձրացել էր սև գավազանի ու ժապավենով գլխարկի պաշտոնին, մինչդեռ ինքր ավելի հին ծառայող լինելով՝ դեռևս մնում էր որբանոցի տափակ գլխարկով ու կաշվե տաբատով։ Շառլոթը նրան վատ էր վերաբերվում, որովհետև նրա հետ վատ էր վարվում Նոան, իսկ միսիս Սովերբերրին նրա երդվայլ թշնամին էր, որովհետև միստր Սովերբերրին լավ էր տրամադրված նրա հանդեպ։ Հետևաբար, մի կողմից՝ այս երեք անձերի և մյուս կողմից՝ հուղարկավորությունների առատության միջև Օլիվերի դրությունը բոլորովին էլ նախանձելի չէր։ Նա իրեն զգում էր այնպես, ինչպես գարեջրատան հացահատիկային ամբարում սխալմամբ փակված խոզը։
Այժմ Օլիվերի պատմության մեջ ես կսկսեմ արձանագրել մի շատ ուշագարավ իրադարձություն, որն առաջին հայացքից գուցե չնչին ու անկարևոր թվա, բայց որը անուղղակի կերպով էական փոփոխություն առաջացրեց նրա բոլոր հեռանկարների և ապագա գործերի մեջ։
Մի օր, ճաշի սովորական ժամին, Օլիվերը և Նոան իջել էին խահանոց, որ խնջույք անեն ոչխարի մսով (դա ֆունտ ու կես կշռող մի կտոր միս էր՝ ոչխարի վզի ամենավատ մասից), երբ Շառլոթին ինչ֊որ գործով դուրս կանչեցին։ Նոա Քլեյփոլը, որ առհասարակ նենգամիտ էր և այժմ էլ սոված, մտածեց, որ մինչև Շառլոթի վերադարձը փոքրիկ Օլիվեր Թվիստին ջղայնացնելն ու տանջելը լավագույն ժամանցը կլիներ իր համար։
Հետևաբար, իբրև այդ անմեղ զբաղմունքի նախերգանք, Նոան ոտքերը դրեց սեղանին, քաշեց Օլիվերի մազերը, ոլորեց ականջները, հայտնեց իր հեղինակավոր կարծիքը, թե Թվիստը «քծնող» է, խոսեց այն մասին, թե երբ նրան կախաղան բարձրացնելու ցանկալի դեպքը տեղի ունենա, ինքը, այսինքն՝ Նոա Քլեյփոլը, անպայման կգնա նրան տեսնելու, և բազմաթիվ ուրիշ վիրավորանքներ հասցրեց, որ կարելի է սպասել որբանոցի չարամիտ և փչացած տղայից։ Բայց երբ դրանցից ոչ մեկը ցանկալի արդյունքը չտվեց և չհարկադրեց Օլիվերին լաց լինել, Նոան փորձեց ավելի սուր բնույթ տալ իր անարգանքներին։ Նա նմանվեց այն գծուծ սրախոսներին, որոնք թեև իրենց մտային կարողությունների սահմանակությամբ շատ ավելի մեծ համբավ են վայելում, քան թե Նոան, այնուհանդերձ մինչև օրս էլ նույն ձևով են վերաբերվում, երբ ցանկանում են ծիծաղաշարժ լինել։ Նա դիպավ նրա անձնականին։
― Հե՜յ, ծխական լակոտ, ― ասաց Նոան, ― մայրդ ինչպե՞ս է։
― Նա մեռած է, ― պատասխանեց Օլիվերը, ― և նրա մասին չհամարձակվես ինձ որևէ բան ասել։
Խոսելիս Օլիվերը շառագունեց, շնչառությունը ծանրացավ, ռունգերն ու շուրթերը սկսեցին ջղաձգաբար դողալ, և միստր Քլեյփոլին թվաց, որ երեխայի այս հուզմունքին հաջորդելու է արցունքների սաստիկ տարափ։ Այդ տպավորության տակ նա հարձակումը վերսկսեց։
― Ինչի՞ց մահացավ, ծխակա՛ն լակոտ, ― հարցրեց նա։
― Ծանր վշտից, այդպես ասացին ինձ մեր պառավ բուժքույրերից մի քանիսը, ― պատասխանեց Օլիվերը, ավելի շուտ ինքն իր հետ խոսելով, քան թե Նոային պատասխանելով։ ― Կարծես ես գիտեմ, թե ինչ է նշանակում վշտից մահանալ։
― Տրա լա, լա, տրա լա, լա, ծխակա՛ն շուն, ― բացականչեց Նոան, երբ Օլիվերի այտից մի կաթիլ արցունք գլորվեց ցած։ ― Ո՞վ է ստիպել քեզ, որ լաց լինես։
― Համենայն դեպս, ոչ դու, ― պատասխանեց Օլիվերը՝ արագությամբ արցունքը սրբելով։ ― Քեզ մի՛ երևակաիր։
― Ոչ ե՞ս, իսկապե՞ս, ― ծաղրեց Նոան։
― Անշուշտ, ― կտրուկ պատասխանեց Օլիվերը։ ― Բավական է։ Ինձ այլևս ոչինչ չասես նրա մասին, իմացա՞ր։ Ավելի լավ է խուսափես։
― Խուսափե՞մ, հա՞, ― բացականչեց Նոան։ ― Այն էլ քո՛ մոր մասին խոսելուց խուսափե՞մ, ծխակա՛ն լակոտ, լրբություն մի՛ անի։ Հըմ, այն էլ քո՜ մայրը։ Կարծում ես քո մայրը շա՞տ կարգին բան էր։ Օ՜, տեր իմ աստված։ ― Եվ այստեղ Նոան բազմանշանակ օրորեց գլուխն ու ծամածռեց իր փոքրիկ կարմիր քիթը։
― Գիտե՞ս ինչ, ծխակա՛ն լակոտ, ― շարունակեց Նոան, Օլիվերի լռությունից քաջալերված։ Ապա կեղծ կարեկցության ամենազզվելի տոնով ասաց․ ― Գիտե՞ս ինչ․ ծխակա՛ն լակոտ, հիմա ի՞նչ կարող ես անել․ այն ժամանակ էլ ոչինչ չէիր կարող անել, դրա համար, իհարկե, բոլորս էլ ցավում ենք և քեզ շատ ենք խղճում, բայց դու պետք է իմանաս, ծխակա՛ն շուն, որ քո մայրը ընկած վարքի տեր կին էր։
― Ինչ ասացի՞ր, ― հարցրեց Օլիվերը ընդոստ վեր նայելով։
― Մի իսկական անբարոյական կին, ծխակա՛ն լակոտ, ― հանդարտ պատասխանեց Նոան։ ― Եվ շատ լավ եղավ, ծխակա՛ն լակոտ, որ նա հենց այն ժամանակ էլ մահացավ, այլապես գուցե այն աստիճան ընկներ, որ Բրայդվելում ենթարկվեր տաժանակիր աշխատանքի կամ աքսորվեր օվկիանոսից այն կողմ, կամ կախաղան բարձրանար, վերջինը կարծես ավելի հավանական է, քան մյուս երկուսը, այնպես չէ՞։
Օլիվերը կատաղոըթյունից շառագունած, վեր թռավ տեղից, սեղանն ոը աթոռը շուռ տվեց, բռնեց Նոայի կոկորդից և իր զայրույթի սաստկության մեջ այնպես ցնցեց նրան, որ նրա ատամները կրճտացին, և ամբողջ ուժերը կենտրոնացնելով մի հարվածի մեջ, նրան տապալեց հատակին։
Մի րոպե առաջ այդ տղան հանդուրժող, համբերատար և ընկճված մի արարած էր, լռությամբ ենթարկված ճակատագրի բոլոր դաժան խաղերին։ Բայց նրա հոգում վերջապես վճռական բեկում առաջացավ, և նրա ողջ էությունը ըմբոսատավ մոր հիշատակին հասցված անողոք վիրավորանքի դեմ։ Նա շնչում էր ծանր, մարմինը ձգված էր, նրա աչքերը փայլատակում էին, իսկ երբ նայեց երկչոտ տանջողին, որը այժմ կծկվել էր իր ոտքերի տակ, նա իր մեջ զգաց մի այնպիսի գերբնական ուժ, որ ամբողջ կյանքում չէր զգացել։
― Սա ինձ կսպանի, ― հեկեկաց Նոան։ ― Շառլո՜թ, միսի՛ս։ Այս նորեկ աշակերտն ուզում է ինձ սպանել։ Օգնեցե՜ք, օգնեցե՜ք։ Օլիվերը գժվել է։ Շառ֊լո՜թ։
Նոայի աղաղակներին արձագանքեցին Շառլոթի բարձր ճիչը, միսիս Սովերբերրիի ավելի բարձր գոռոցը։ Նրանցից առաջինը խոհանոց խուժեց կողքի դռնով, իսկ երկրորդը կանգնեց սանդուխքի գլխին, փոքր֊ինչ սպասեց և ներս գնաց միայն այն ժամանակ, երբ լրիվ համոզվեց, որ այնտեղ գնալով իր կյանքին որևէ բան չի սպառնում։
― Օ՜, դու փոքրիկ թշվառակա՛ն, ― ճչաց Շառլոտը՝ ամբողջ ուժով ցնցելով Օլիվերին, իսկ նրա ուժը համարյա հավասար էր բավականին զորավոր մի մարդու ուժի, որ հատկապես լավ մարզված է։ ― Ախ դու փոքրիկ ա֊պե֊րախտ, ար֊յու֊նար֊բու, ա֊հա֊վոր սրիկա։ ― Եվ ամեն մի վանկը արտասանելիս Շառլոթը ամբողջ ուժով հարվածում էր Օլիվերին, ուղեկցելով այն բարձրաձայն ճիչերով։
Շառլոթի բռունցը ամենևին էլ թեթև չէր, բայց մտածելով, որ թերևս այն բավական չէր գազազած Օլիվերի զայրույթը հանդարտեցնելու համար, միսիս Սովերբերրին խուճապով խոհանոց մտավ և մի ձեռքով ամուր բռնելով Օլիվերին՝ մյուսով սկսեց նրա երեսը ճանկռոտել։ Դրության այս բարեհաջող փոփոխման շնորհիվ, Նոան հատակից վեր բարձրացավ և սկսեց բռունցքներով հարվածել նրա մեջքին։
Այս կատաղի պայքարը երկար չտեևեց սակայն։ Երբ նրանք երեքն էլ բոլորովին ուժասպառ եղան և այլևս չկարողացան շարունակել ծեծն ու ճանկռտոցը, իսկ Օլիվերը դեռ գոռում, դիմադրում էր և չէր ընկճվում, նրան քարշ տալով տարան ներքև, դրեցին նկուղը և դուռը փակեցին վրան։ Ապա միսիս Սովերբերրին ընկավ մի աթոռի վրա և փղձկաց։
― Տե՜ր իմ աստված, նրա ուշքը գնում է․ ― ասաց Շառլոթը։ ― Մի բաժակ ջուր հասցրեք։ Նոա, անուշի՛կս, շտապի՛ր։
― Օ՜հ, Շառլո՜թ, Շառլո՜թ, ինչպիսի՜ բարեբախտություն էր, որ մեզ բոլորիս էլ մեր անկողինների մեջ չմորթեց։
― Իսկապես որ բարեբախտություն էր, տիկին, ― պատասխանեց Շառլոթը, ― ես միայն կհուսամ, որ այս դեպքը մեր տիրոջ համար լավ դաս կլինի, և նա սրանից հետո այլևս տանը այսպիսի ահավոր արարածներ չի պահի, արարածներ, որոնք իրենց օրոցքից արդեն մարդասպաններ և ավազակներ են։ Խե՜ղճ Նոա։ Նա համարյա թե մեռած էր, երբ ես ներս մտա։
― Խե՜ղճ մանչուկ, ― ասաց միսիս Սովերբերրին՝ կարեկցական մի ակնարկ նետելով որբանոցի տղայի վրա։
Նոան, որի բաճկոնի կոճակը հազիվ թե հավասարվեր Օլիվերի գլխի հետ, այս արգահատանքի արտահայտություններից հետո դաստակներով աչքերը տրորեց և ձևացրեց, թե լաց է լինում։
― Հիմա ի՞նչ անենք, ― բացականչեց միսիս Սովերբերրին։ ― Ձեր տերը տանը չէ, ոչ էլ ուրիշ որևէ տղամարդ կա տանը, իսկ նա տասը րոպեում կարող է այդ նկուղի դուռը խորտակել։
Օլիվերի ուժգին հարվածները դռան տախտակին հաստատում էին այս ենթադրության մեծ հավանականությունը։
― Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, ուղղակի չգիտեմ, թե ինչ պետք է արվի, ― ասաց Շառլոթը, ― միգուցե ոստիկանատո՞ւն իմաց տանք։
― Կամ թե զո՞րք կանչենք, ― առաջարկեց միստր Քլեյփոլը։
― Ո՛չ, ո՛չ, ― ասաց միսիս Սովերբերրին, հանկարծ հիշելով Օլիվերի հին բարեկամին։ ― Վազիր միստր Բամբլի մոտ, Նո՛ա։ Հայտնիր նրան, որ առանց մի րոպե կորցնելու գա մեզ մոտ։ Ոչի՛նչ, գլխարկդ մի վերցնի։ Շտապի՛ր, ճանապարհին վազելիս կարող ես վնասված աչքդ դանակով ծածկել։ Դա ուռուցքը կիջեցնի։
Նոան առանց որևէ պատասխան տալու, դուրս թռավ տանից և ամբողջ ուժով սկսեց վազել։ Անցորդները սաստիկ զարմանում էին տեսնելով մի գլխաբաց տղայի, որ ճեղքում էր խռնված փողոցները, աչքի վրա մի մեծ դանակ բռնած։