Changes
/* Տասնվեցերորդ գլուխ */
Միսս Բետսին ճիշտ ժամանակին եկավ իր ուշաթափված ընկերուհու վրա ջուտ շաղ տալու և նրան ուշքի բերելու համար կանացի այլ պարտականությունները կատարելու։ Չարլիի քրքիջները և այդ իրարանցումից առաջացած աղմուկը գուցե շատ մարդկանց արթուն պահեին, որոնք Օլիվերից ավելի ուրախ պայմաններում էին գտնվում։ Բայց նա հիվանդ էր, ուժասպառ, և շուտով թաղվեց խորը քնի մեջ։
==Տասնյոթերորդ գլուխ==
Ճակատագիրը շարունակում է հալածել Օլիվերին և, Լոնդոն բերելով մի անվանի մարդու, արատավորում է նրա բարի անունը։
Արկածախնդրական բոլոր մելոդրամաներում ընդունված սովորություն է դարձել զավեշտական ու ողբերգական պատկերները ներկայացնել այնքան ճշգրիտ հաջորդականությամբ, որքան սպիտակ և կարմիր շերտերը խոզապուխտի մեջ։ Դժբախտություններից ճնշված շղթայակապ հերոսը ընկնում է ծղոտե անկողնու վրա, հաջորդ պատկերում նրա հավատարիմ, բայց անգիտակ զինակիցը ունկնդիրներին հյուրասիրում է զավեշտական երգով։ Բացվում է մի այլ պատկեր, և մենք տեսնում ենք պատիվն ու կյանքը վտանգած հերոսուհուն՝ հպարտ ու անգութ ազնվականի երկաթյա բազուկների մեջ մաքառելիս։ Մեր հայացքները հառած սրտատրոփ հետևում ենք, թե նա ինչպես է դաշույնը խրոխտաբար մերկացնում՝ կյանքի գնով պաշտպանելու իր պատիվը, և ճիշտ այդ պահին, երբ մեր հուզումը հասնում է իր գագաթնակետին, լսվում է մի սուլոց, և մենք իսկույն տեղափոխվում ենք դղյակի հսկա դահլիճը, որտեղ մի սպիտակահեր ֆեոդալ ինչ֊որ ծիծաղելի խմբերգ է երգում իր առավել ևս ծիծաղելի արբանյակների հետ, որոնք, զերծ լինելով բոլոր կաշկանդումներից, սկսած եկեղեցիների կամարներից մինչև պալատները, խմբով թոփառում են տեղից տեղ, այսպես հավերժորեն տաղերգելով։
Այսպիսի փոփոխությունները թեպետ առաջին հայացքից արտառոց են երևում, բայց թափանցելով նրանց խորքը՝ մենք կարող ենք տեսնել և համոզվել, որ այնքան էլ անբնական չեն։ Իրական կյանքում պատկերների հարափոխությունը խնջույքի սեղաններից դեպի մահվան մահիճները կամ սգո հանդերձներից դեպի տոնական շքեղ հագուստները նույնքան զգայացունց երևույթներ են, որքան թատերական ներկայացումները, այն հսկայական տարբերությամբ միայն, որ մեկում լոկ անգործուն դիտորդներ ենք, իսկ մյուսում՝ գործուն դերակատարներ։ Երբ բեմում դերասանները անտարբեր են իրենց մարմնավորած կերպարների հանկարծական ներմղումներին, վայրագ կրքերին ու զգացմունքներին և լրիվ չեն կարող դրսևորել այդ կերպարը, հանդիսատեսը իսկույն դատապարտում է նրանց, որպես այլանդակ և հակաբնական կատարողների։
Այս կարճ ներածականը գուցե ավելորդ թվա սույն գլխի համար, եթե նկատի չառնենք այն հանգամանքը, որ տեսարանների, ժամանակի և վայրի հանկարծական ու արագ փոփոխությունները ոչ միայն գրքերում լայն կիրառման են ենթարկված, այլ շատերի կողմից ընդունված են որպես հեղինակի մեծ վարպետություն։ Համաձայն այս քննադատների, հեղինակի ճարտարությունն ու հմտությունը գնահատվում է այն համեմատությամբ, ինչ համեմատությամբ նրան հաջողվում է իր հերոսներին անել կացության մեջ թողնել յուրաքանչյուր գլխի վերջում։ Եթե այդ իրողություն է, ուրեմն թող սա համարվի նուրբ ակնարկություն այն բանի, որ պատմագիրը ետ է գնում դեպի այն փոքրիկ քաղաքը, ուր ծնվել է Օլիվեր Թվիստը, վստահեցնելով ընթերցողին, որ եթե գույություն չունենային լուրջ ու կարևոր պատճառներ, նա չէր հրավիրվի այս տաղտկալի ճամբորդությունը կատարելու։
Միստր Բամբըլը վաղ առավոտյան աղքատանոցի դարպասից դուրս եկավ և պատկառելի կերպարանքով ու իշխող քայլերով բարձրացավ Հայ Սթրիթն ի վեր։ Նրա բիդըլությունը ծաղկունքի մեջ էր, և նա համակված էր իր կոչումին վայել ծայրահեղ սնապարծությանը։ Նրա եռանկյունի գլխարկն ու վերարկուն շողշողում էին առավոտյան արևի տակ։ Միստր Բամբըլը գլուխը միշտ բարձր էր պահում, իսկ այս առավոտ՝ սովորականից է՛լ ավելի բարձր։ Ուշադիր դիտողը գուցե կարող էր նկատել, որ բիդըլի մտացրիվ հայացքն ու վերացած տեսքը արտացոլումն էին նրա գլխով անցնող ինչ֊որ մտքերի, որոնց մասին չէր կարելի հայտնել հասարակ մահկանացուներին։
Ճանապարհով անցնելիս միստր Բամբըլը ուշադրություն չէր դարձնում փոքր խանութպաններին և այն մարդկանց, որոնք ակնածանքով խոսում էին իր հետ։ Նա նրանց ողջույնները փոխադարձում էր ձեռքի թեթև շարժումով միայն, և իր սիգաճեմ քայլվածքը չթուլացրեց մինչև հասավ այն ագարակը, որտեղ միսիս Մեննը չքավոր երեխաներին պահում էր ծխական հոգատարությամբ։
― Գրողը տանի այս բիդըլին, ― ասաց միսիս Մեննը լսելով պարտեզի դռան ծանոթ, ուժգին ցնցումը։ ― Երևի դարձյալ նա է առավոտյան այս ժամին։ Օ՜հ, աստվա՜ծ իմ, միստր Բամբըլ, այդ դո՞ւք եք, միստր Բամբըլ։ Որքա՜ն հաճելի է ձեզ այստեղ տեսնել։ Օ՜հ, տե՜ր աստված, իսկապես որ հաճելի է։ Անցե՛ք ներս, սըր, խնդրում եմ, հյուրասենյակ անցեք։
Առաջին նախադասությունն ոըղղված էր Սուզանին, իսկ ցնծության բացականչությունները միստր Բամբըլի համար էին։ Ապա բարի լեդին պարտեզի դռան փականքը բաց արավ և մեծ ուշադրությամբ ու հարգանքով բիդըլին ներս առաջնորդեց։
― Միսիս Մենն, ― ասաց միստր Բամբըլը, ոչ թե նստելով կամ իրեն գցելով նստարանի վրա, ինչպես անում են հիմսր մադիկ, այլ աստիճանաբար և դանդաղորեն իջնելով աթոռի մեջ, ― միսիս Մենն, տիկի՛ն, բարի լույս։
― Ձեզ էլ բարի լույս, սըր, ― փոխադարձեց միսիս Մեննը, քնքշորեն ժպտալով։ ― Հուսով եմ, որ դուք ձեզ լավ եք զգում, սըր։
― Մի քիչ լավ, մի քիչ վատ, միսիս Մենն, ― ասաց բիդըլը։ ― Ծխական կյանքի ուղին վարդերով պատած պարտեզ չէ, միսիս Մենն։
― Անկասկած, միստր Բամբըլ, ― հաստատեց լեդին։ Եթե նպաստընկալ երեխաները լսած լինեին միսիս Մեննի պատասխանը, բոլորն էլ միահամուռ կերպով համաձայն կլինեին նրա հետ։
― Ծխական կյանքը, տիկին, ― շարունակեց միստր Բամբըլը, գավազանը խփելով սեղանին, ― հոգսերով, ցավերով և դժվարություններով լի մի կյանք է, և ես պետք է ասեմ, որ բոլոր հասարակական գործիչներն էլ ենթակա են հալածանքի։
Միսիս Մեննը, այնքան էլ չհասկանալով բիդըլի ասածը, կարեկցաբար նայեց նրան և, ձեռքերը վեր բարձրացնելով, հառաչեց։
― Ա՜հ, այո՛, հառաչելու բան է, միսիս Մենն, ― ասաց բիդըլը։
Գտնելով, որ ճիշտ է վարվել, միսիս Մեննը նորից հառաչեց, բացահայտորեն մեծ բավարարություն պատճառելով հասարարական գործչին, որը զսպելով մի քաղցրաբարո ժպիտ, խստորեն նայեց եռանկյունի գլխարկին և ասաց․
― Միսիս Մե՛նն, Լոնդոն եմ գնում։
― Աստվա՜ծ իմ, միստր Բա՜մբըլ, ― ճչաց միսիս Մեննը ցնցվելով։
― Լոնդոն, տիկի՛ն, ― կրկնեց բիդըլը անդրդվելիորեն, ― և այն էլ կառքով։ Ես և երկու աղքատներ, միսիս Մենն։ Ինչ֊որ դատ է լինելու չքավորների մշտական բնակության հարցի վերաբերյալ և հանձնաժողովն ի՛նձ է ուղարկում, ի՛նձ, միսիս Մենն, որպեսզի Քլըրքնվելի դատական նիստում ցուցմունքներ տամ այդ կապակցությամբ։ Իսկ այժմ ձեզ հարց եմ տալիս, թե Քլըրքնվելի դատավորները արդյոք դժվարին կացության չե՞ն մատնվելու ինձ հետ գործ ունենալու պատճառով, ― ավելացրեց միստր Բամբըլը փքվելով։
― Օ՜հ, դուք չպետք է շատ խստությամբ վարվեք նրանց հետ, սըր, ― թախանձեց միսիս Մեննը։
Քլըրքնվելի դատավորները իրենք են իրենց վրա հրավիրել այդ, տիկին, ― պատասխանեց միստր Բամբըլը, ― և եթե այնպես պատահի, որ գործը ավելի վատ բնույթ ստանա, քան ենթադրում էին, ապա այդ կլինի միայն դատավորների հանցանքով։
Միստր Բամբըլի արտահայտած այս սպառնալից խոսքերի մեջ այնքան վճռականություն և պարտքի գիտակցություն կար, որ միսիս Մեննի վրա մեծ ազդեցություն գործեց։ Վերջապես նա ասաց․
― Կառքո՞վ եք գնալու, սըր։ Ես կարծում էի, այնպես է ընդունված, որ աղքատներին միշտ սայլով են ուղարկում։
― Այդ լինում է նրանց հիվանդության դեպքում, միսիս Մենն, ― ասաց բիդըլը։ ― Անձրևոտ եղանակին մենք հիվանդ նպաստընկալներին դնում ենք բաց սայլերին, նրանց ցրտից պաշտպանելու համար։
Օ՜հ, ― ասաց միսիս Մեննը։
― Վերադարձող կառքը պայմանավորվում է այս երկուսի համար, և էժան գնով, ― ասաց միստր Բամբըլը։ ― Երկուսն էլ շատ ծանր վիճակումն են, և մենք գտնում ենք, որ նրանց տեղափոխումը մեզ վրա երկու ֆունտով ավելի էժան կնստի, քան թե թաղելը․ այսինքն՝ մեր նպատակն է նրանց բարձել մի ուրիշ ծխի ուսին, որը կարծում եմ մեզ կհաջողվի, եթե, իհարկե, հակառակ մեր ցանկության, նրանք ճանապարհին չմեռնեն։ Հա՛, հա՛, հա՛։
Երբ միստր Բամբըլը բավականին ծիծաղել էր, նրա աչքերը դարձյալ հանգան եռանկյունի գլխարկի վրա, և նա լրջացավ։
― Գործը մոռանում ենք, տիկի՛ն, ― ասաց բիդըլը, ― ահա այս ամսվա ձեր ծխական թոշակը, վերցրե՛ք։
Միստր Բամբըլը իր դրամապանակից հանեց թղթի մեջ փաթաթված բավականաչափ արծաթ դրամ և միսիս Մեննին հանձնելով ՝ ստացական պահանջեց։ Միսիս Մեննը ստացականը գրեց։
― Չափազանց կեղտոտ է, սըր, ― ասաց երեխաների ագարակատերը, ― բայց երևի բավականաչափ պաշտոնական է։ Շնորհակալություն, միստր Բամբըլ, վերին աստիճանի պարտավորված եմ, սըր, վստահ եղեք։
Միստր Բամբըլը, իբրև երախտիկ միսիս Մեննի իր հանդեպ ցուցաբերած հարգանքի, բարեհաճորեն ժպտաց և հարցրեց, թե ծխական երեխաները ինչպես են։
― Իմ անուշիկ բալիկնե՜րը, ― ասաց միսիս Մեննը հուզումով, ― հրաշալի են, հրաշալի։ Անշուշտ, բացի այն երկուսից, որ անցայլ շաբաթ մահացան։ Եվ փոքրիկ Դիկը։
― Այդ տղան տակավին չի՞ ուղղվել։
Միսիս Մեննը գլուխը բացասաբար շարժեց;
― Նա վատ, անառակ և անզգամ ծխական երեխա է, ― ասաց միստր Բամբըլը զայրացած։ ― Որտե՞ղ է։
― Ես այս րոպեիս նրան ձեզ մոտ կբերեմ, սըր, ― պատասխանեց միսիս Մեննը՝ սենյակից դուրս գալով։ ― Հե՛յ, Դիկ, որտե՞ղ ես, Դի՜կ։
Բավական կանչելուց հետո Դիկը հայտնվեց։ Երբ տղան երեսը աղբյուրի տակ լվաց և միսիս Մեննի հագուստի փեշով սրբեց, նրան տարան միստր Բամբըլի մոտ։
Երեխան դժգույն ու նիհար էր, այտերը փոսացած, աչքերը խոշոր ու փայլուն։ Ծխական ողորմելի շորերը, ― դժբախտության այդ համազգեստը, ― նրա հյուծված մարմնից կախ էին ընկել, և նրա մանկական մատաղ մարմնի անդամները ծերացած մարդու անդամների նման կծկված ու կմախքացած էին։
Խե՜ղճ փոքրիկ էակ։ Նա դողալով ու գլխիկոր կանգնել էր միստր Բամբըլի դաժան հայացքի տակ։ Նա չէր համարձակվում աչքերը գետնից վեր բարձրացնել և բիդըլի ձայնից անգամ սարսափում էր։
― Չե՞ս կարող ջենթլմենի դեմքին նայել, կամակոր տղա, ― ասաց միսիս Մեննը։
Երեխան աչքերը հեզությամբ վեր բարձրացրեց և նայեց միստր Բամբըլին։
― Ի՞նչ է պատահել քեզ, ծխակա՛ն Դիկ, ― ասաց միստր Բամբըլը՝ շատ տեղին զվարճախոսելով։
― Ոչինչ, տեր իմ, ― պատասխանեց երեխան նվաղկոտ ձայնով։
― Այդպես էլ պետք է լիներ, ― ասաց միսիս Մեննը, որը, բնականաբար, շատ էր ծիծաղել միստր Բամբըլի կատակի վրա։ ― Համոզված եմ, թե որևէ բանի կարիք չունես, սըր։
― Ես կցանկանայի․․․ ― տատամսելով ասաց երեխան։
― Օհօ՜, ― ընդմիջեց միսիս Մեննը, ― գուցե հանկարծ կասես, որ իրոք որևէ բանի կարիք ունես, հա՞, փոքրիկ թշվառական։
― Կացե՛ք, միսիս Մենն, կացե՛ք, ― ասաց բիդըլը, ձեռքր հեղինակություն արտահայտող ձևով վեր բարձրացնելով։ ― Ի՞նչ կցանկանայիք, սըր, ասա տեսնենք։
― Կցանկանայի, որ գրել իմացող մեկը մի կտոր թղթի վրա մի քանի տող բան գրեր ինձ համար, ― տատամսելով շարունակեց երեխան։
― Այդ տղան ի՞նչ է ուզում ասել, ― բացականչեց միստր Բամբըլը, որը չնայած այսպիսի երևույթների շատ սովոր էր, բայց երեխայի անձկալի խոսելու ձևը և դժգույն դեմքը բավականաչափ տպավորություն էին գործել նրա վրա։ ― Ի՞նչ ես ուզում ասել, սըր։
― Ես կցանկանայի, ― ասաց երեխան, ― իմ սրտագին ողջույնը հաղորդել խեղճ Օլիվեր Թվիստին և հայտնել նրան, թե որքան հաճախ մի անկյունում կուչ գալով լաց եմ եղել նրա համար, մտածելով, թե ինչ ահավոր էր գիշերվա թանձր խավարում մեն֊մենակ թափառել օտար ու ամայի վայրերում։ Կցանկանայի ասել նրան, որ, ― շարունակեց տղան երկու փոքրիկ ձեռքերը անձկությամբ իրար միացնելով և մեծ ջերմեռանդությամբ խոսելով, ― որ ես ուրախ կլինեի, եթե շատ վաղ հասակում մեռնեի, որովհետև, եթե երկար ապրեի ու ծերանայի, գուցե իմ փոքրիկ քույրը, որ երկնքումն է, մոռանար ինձ, կամ գուցե այլևս ինձ նման չլիներ, իսկ որքան ավելի երջանիկ կլինի, եթե երկուսս էլ երեխաներ լինենք այնտեղ։
Միստր Բամբըլը, չափազանց ապշած, ոտքից գլուխ զննեց փոքրիկ ամենախոսին և շուռ գալով դեպի իր զրուցակիցը՝ ասաց․
― Բոլորի մոտ նույն կրկներգն է, միսիս Մենն։ Այդ անպիտան Օլիվերը բոլորին էլ փչացրել է։
― Ես չէի կարող հավատալ, սըր, ― ասաց միսիս Մեննը՝ ձեռքերը վեր բարձրացնելով և նենգ մի հայացք գցելով Դիկի վրա։ ― Այսպիսի կամակոր փոքրիկ անզգամ կյանքումս տեսած չկամ։
― Հեռացրե՛ք նրան այստեղից, տիկի՛ն, ― ասաց միստր Բամբըլը հրամայական տոնով։ ― Հարկավոր է հանձնաժողովին զեկուցել այդ մասին, միսիս Մենն։
― Անշուշտ ջենթլմենները կհասկանան, որ մեղավորը ես չեմ, սըր, ― ասաց միսիս Մեննը սրտառուչ հեկեկանքով։
― Նրանք այդ կհասկանան, տիկին, ես նրանց ամեն ինչ կպատմեմ, ― ասաց միստր Բամբըլը, ― դե՛, հեռացրե՛ք դրան այստեղից։ Ուղղակի տեսնել չեմ ուզում։
Դիկին անմիջապես հեռացրին և փակեցին ածխանոցում։ Փոքր անց միստր Բամբըլը մեկնեց ուղևորությանը պատրաստվելու համար։
Հաջորդ առավոտ ժամը վեցին միստր Բամբըլը իր եռանկյունի գլխարկը փոխանակեց մի կլոր գլխարկի հետ, ապա հագավ մուգ֊կապույտ վերարկուն և կառք բարձրանալով՝ գրավեց իր տեղը կառապանի կողքին։ Նրան ընկերակցում էին այն հանցագործները, որոնց մշտաբնակության իրավունքը աղքատանոցում վեճի առարկա էր, և որոնց հետ նա պատեհ ժամանակին հասավ Լոնդոն։ Միակ անախորժությունը, որ հանդիպեց նրան ճանապարհին, այն էր, որ երկու աղքատները իրենց շատ վատ էին պահում՝ անընդհատ ցրտից բողոքելով։ Նրանց կամակորությունը այնքան անհանգստացրեց միստր Բամբըլին, որ նրա ատամները նույնպես կրճտացին, թեպետ նա ցրտի դեմ պաշտպանված էր հաստ ու տաք վերարկուով։
Երկու չարամիտ աղքատներից առժամանակ ազատվելուց հետո միստր Բամբըլը գիշերեց այն պանդոկում, որտեղ կառքն էր իջևանել, և բավարարվեց համեստ ճաշով, որը բաղկացած էր խորոված մսից, ոստրեներից և գարեջրից։ Ապա բուխարու վրա մի բաժակ տաք ջին և ջուր դնելով, նա աթոռը մոտեցրեց կրակին և, դժգոհելու ու բողոքելու շատ տարածված մեղքի մասին զանազան բարոյական խորհրդածություններ անելուց հետո, պատրաստվեց օրվա լրագիրը կարդալու։
Ամենաառաջին պարբերությունը, որը գրվեց միստր Բամբըլի ուշադրությունը, հետևյալ հայտարարությունն էր․
Հինգ գինեայի վարձատրություն
«Անցյալ հինգշաբթի երեկո Օլիվեր Թվիստ անունով մի երեխա անհետացած կամ առևանգված է Պենտոնվիլլում գտնվող իր բնակարանից։ Մինչև այսօր նրա մասին ոչ մի տեղեկություն չկա։ Սույն վարձատրությունը կտրվի նրան, ով կարողանա բացահայտել վերոհիշյալ Օլիվեր Թվիստի որտեղ լինելը, կամ որևէ լույս սփռել նրա անցյալի վրա, որի համար հայտարարողը, մի շարք պատճառներով շատ հետաքրքրված է»։
Այնուհետև հայտարարությանը հետևում էր մանրամասն նկարագրություն Օլիվերի հագուստի, արտաքինի մասին, նաև ծանուցվում էր միստր Բրաունլոյի անունն ու հասցեն ամբողջ մանրամասնությամբ։
Միստր Բամբըլը աչքերը բաց արեց, հայտարարությունը մոտավորապես տասն անգամ դանդաղ և ուշադիր կարդաց և համարյա հինգ րոպեից հետո բռնեց Պենտոնվիլլի ճանապարհը, իր հուզման մեջ մոռանալով նույնիսկ ջրախառն տաք ջինը։
― Միստր Բրաունլով տա՞նն է, ― հարցրեց միստր Բամբըլը դուռը բաց անող սպասուհուն։
Այդ հարցին աղջիկը տվեց սովորական խուսափողական պատաախանը՝ «Չգիտեմ, իսկ դուք որտեղի՞ց եք գալիս»։
Երբ միստր Բամբըլը արտասանեց Օլիվեր Թվիստի անունը, միսիս Բեդվինը, որը հյուրասենյակի դռանը կանգնած լսում էր խոսակցությունը, շնչասպառ միջանցք դուրս եկավ։
― Համեցե՜ք, նե՛րս համեցեք, ― ասաց պառավ լեդին, ― ես գիտեի, որ լուր ենք առնելու նրա մասին։ Խե՜ղճ երեխա։ Համոզված էի։ Օ՜, հոգյա՜կ իմ։ Ամբողջ ժամանակ պնդում էի, որ կգտնենք նրան։
Այս ասելով՝ արժանավոր պառավ լեդին շտապ հյուրասենյակ վերադարձավ և նստելով մի բազմոցի վրա՝ չկարողացավ արցունքը զսպել։ Աղջիկը, որ այդքան էլ դյուրազգաց չէր, մինչ այդ վերև էր վազել և այժմ իջնելով ներքև խնդրեց, որ միստր Բամբըլը անմիջապես հետևի իրեն։
Սպասուհին նրան առաջնորդեց այն փոքրիկ առանձնասենյակը, որտեղ միստր Բրաունլոն ու նրա բարեկամ միստր Գրինվիգը նստել էին խմիչքի բաժակներով և շշերով լիքը մի սեղանի առաջ։ Վերջին ջենթլմենը անմիջապես պոռթկաց։
― Բիդը՜լ։ Ծխական բիդը՜լ։ Գլուխս կկտրեմ, եթե ճիշտ չէ։
― Խնդրում եմ մեզ մի քանի րոպե հանգիստ թող, ― ասաց միստր Բրաունլոն և ապա բիդըլին առաջարկեց նստել։
Միստր Բամբըլը նստեց՝ միստր Գրինվիգի արտառոց վարվելակերպից բոլորովին շփոթված։ Միստր Բրաունլոն լամպը դրեց այնպիսի դիրքով, որ կարողանար բիդըլի դեմքը լավ տեսնել, և փոքր֊ինչ անհամբերությամբ ասաց․
― Ուրեմն, սըր, դուք հայտարարությունը կարդացել եք, հետո եք եկել, այնպես չէ՞։
― Այո՛, սըր, ― պատասխանեց միստր Բամբըլը։
― Եվ դուք իսկապես բիդըլ եք, այնպես չէ՞, ― հարցրեց Գրիմվիգը։
― Ես ծխական բիդըլ եմ, ջենթլմեններ, ― պատասխանեց միստր Բամբըլը հպարտորեն։
― Իհարկե, ― նկատեց միստր Գրիմվիգը՝ խոսքն ուղղելով իր բարեկամին։ ― Ես այդպես էլ գիտեի։ Ոտից գլուխ բիդըլ։
Միստր Բրաունլոն իր բարեկամին լռեցնելու համար գլուխը թեթևակի շարժելով՝ շարունակեց․
― Դուք գիտե՞ք թե որտեղ է այդ խեղճ տղան հիմա։
― Ի՞նչ իմանամ, ― պատասխանեց Բամբըլը։
― Ուրեմն, ի՞նչ գիտեք նրա մասին, ― հարցրեց ծերունի ջենթլմենը։ ― Պատմեցեք բարեկամս, ինչ որ գիտեք նրա մասին, պատմեցե՛ք մեզ։
― Չեմ կարծում, որ որևէ լավ բան գիտենաք նրա մասին, ― հեգնանքով ասաց միստր Գրիմվիգը, միստր Բամբըլի դեմքը ուշադիր զննելուց հետո։
Միստր Բամբըլը, իսկույն ըմբռնելով հարցի իմաստը, չարագուշակ հանդիսավորությամբ գլուխը շարժեց։
― Տեսնո՞ւմ ես, ― ասաց միստր Գրիմվիգը՝ հաղթական մի հայացք նետելով միստր Բրաունլոյի վրա։
Միստր Բրաունլոն մտահոգ նայեց միստր Բամբըլի գեր դեմքին և նրանից խնդրեց մի քանի բառով պատմել այն ամենը, ինչ որ գիտեր Օլիվերի մասին։
Միստր Բամբըլը գլխարկը հանեց, վերարկուի կոճակներն արձակեց, ձեռքը ծալեց, գլուխը խորիմաստ կերպով հակեց մի կողմ և կարճ մտածմունքից հետո սկսեց իր պատմությունը։
Ձանձրալի կլիներ, եթե այստեղ վերարտադրեինք բիդըլի խոսքերի հարազատ երկնությունը։ Ամբողջ պատմությունը տևեց մոտ քսան րոպե, որի բավանդակությունը հստևյալն էր։ Օլիվերը մի ընկեցիկ երեխա էր, ծնված ստորադաս և վատահամբավ ծնողներից։ Մանկությունից նրա էությունը բնորոշող գծերը եղել են խաբեությունը, ապերախտությունը և նենգամտությունը։ Իր ծննդավայրում մի անպաշտպան տղայի վրա ստոր կերպով հարձակում գործելուց հետո նա կեսգիշերով փախել էր իր տիրոջ մոտից։
Հաստատելու համար իր ինքնությունը, միստր Բամբըլը սեղանի վրա դրեց այն բոլոր փաստաթղթերը, որ իր հետ Լոնդոն էր բերել, և թևերը նորից ծալելով՝ սպասեց միստր Բրաունլոյի հետևություններին։
― Կարծես այս բոլորն իսկապես համապատասխանում են իրականությանը, ― վշտահար ասաց ծերունի ջենթլմենը թղթերը քննելուց հետո։ ― Ձեր հաղորդած տեղեկության համար իմ մատուցած վարձատրությունը այնքան էլ մեծ բան չէ, բայց ես ուրախությամբ այդ գումարի եռապատիկը կտայի, միայն թե դրանք նպաստավոր լինեին։
Եթե միստր Բամբըլը ժամանակին վերահասու լիներ այս իրողությանը, շատ հավանական է, որ իր կարճ պատմությունը կներկայացներ բոլորովին տարբեր գույներով։ Այժմ շատ ուշ էր սակայն․ ուստի նա գլուխը մտածկոտ շարժեց, գրպանեց հինգ գինեան և հեռացավ։
Միստր Բրաունլոն այնքան հուզված էր բիդըլի պատմությունից, որ նույնիսկ միստր Գրիմվիգը չհամարձակվեց շարունակել իր զայրացուցիչ խոսքերը։ Մի քանի րոպե սենյակում ջղագրգիռ ետ ու առաջ քայլելուց հետո, վերջապես կանգ առավ և զանգը ուժգին հնչեցրեց։
― Միսիս Բեդվին, ― ասաց միստր Բրաունլոն, երբ տնտեսուհին ներկայացավ, ― այդ տղան, Օլիվերը, խաբեբայի մեկն է։
― Չի կարող պատահել․ սըր։ Չի կարող պատահել, ― ասաց պառավ լեդին բուռն կերպով։
― Ես ձեզ ասում եմ, որ այդպես է, ― կրկնեց ծերունի ջենթլմենը։ ― Ի՞նչ է նշանակում չի կարող պատահել։ Մենք հենց նոր տեղեկություններ ստացանք նրա մասին։ Նա իր ամբողջ կյանքում եղել է չարագործ փոքրիկ սրիկա։
― Ես երբե՛ք չեմ հավատա այդ բանին, սըր, ― հաստատակամորեն պատասխանեց պառավ լեդին։ ― Երբե՛ք։
― Դուք՝ ծեր կանայքդ, ոչնչի չեք հավատում, բացի շաղակրատ սուտ֊բժիշկներից և ստախոսություններով լի պատմության գրքերից, ― մռլտաց միստր Գրիմվիգը։ ― Ես այդ քաջ գիտեմ։ Ինչո՞ւ հենց սկզբից չանսացիր իմ խրատներին։ Եթե տենդով հիվանդացած չլիներ, երևի ինձ կլսեիք։ Հետաքրքիր էր նա, այնպես չէ՞։ Հետաքրքի՜ր։ Բա՛հ։ ― Եվ միստր Գրինվիգը ունելիով կրակը հանդիսավոր ձևով խառնեց։
― Նա քաղցրաբարո, հեզ, երախտագետ երեխա էր, սըր, ― ասաց միսիս Բեդվինը զայրացած։ ― Ես լավ եմ ճանաչում երեխաներին․ քառասուն տարվա փորձ ունեմ նրանց հետ, սըր, և մարդիկ, որոնք չեն կարող նույնը ասել, լավ կանեն, եթե լռեն։ Այդ է իմ կարծիքը։
Սա մի ուժեղ հարված էր միստր Գրիմվիգին, որը ամուրի էր։ Բայց քանի որ հիշյալ ջենթլմենը միայն ժպիտով պատասխանեց այս ակնարկին, ուստի պառավ լեդին գլուխը վեր բարձրացրեց, գոգնոցը հարթեց և պատրաստվում էր շարունակել խոսակցությունը, երբ միստր Բրաունլոն կասեցրեց նրան։
― Լռություն, ― գոչեց ծերունի ջենթլմենը, որը, չնայած սրտի խորքում գուցե հավատում էր տղայի անմեղությանը, բայց կեղծ զայրույթով շարունակեց․ ― Էլ երբեք չլսեմ այդ տղայի անունը։ Ես ձեզ դրա համար եմ կանչել ինձ մոտ, միսիս Բեդվին։ Իմացա՞ք, ոչ մի առիթով նրա մասին չխոսեք ինձ հետ․ զգուշացնում եմ։ Այժմ կարող եք գնալ, միսիս Բեդվին։ Հիշեցե՛ք։ Այս բոլորը ես ասում եմ ամենայն լրջությամբ։
Որքա՜ն թաղծոտ էին սրտերը միստր Բրաունլոյի բնակարանում այդ գիշեր։
Օլիվերի սիրտը նույնպես ճմլվում էր մտաբերելով իր բարեսիրտ և ազնիվ բարեկամներին։ Լավ է, որ նա չէր կարող իմանալ, թե ինչպիսի բաներ էին լսել նրանք իր մասին։ Եթե իմանար, գուցե տեղնուտեղը կաթվածահար լիներ։
==Տասնութերորդ գլուխ==
Պատմում է, թե ինչպես էր Օլիվերը ժամանակ անցկացնում իր համբավավոր բարեկամների ընտիր ընկերակցուցյան մեջ
Հաջորդ օրը, կեսօրվա մոտ, երբ իրենց սովորական աշխատանքի համար Ստահակը և Վարպետ Բեյթսը տանից դուրս էին եկել, միստր Ֆեգինը, առիթից օգտվելով, ապերախտության անքավելի մեղքի շուրջը երկար քարոզ կարդաց Օլիվերի գլխին, ասելով, թե նա չափազանց մեղավոր էր իր հոգատար բարեկամների ընկերակցությունից կամավոր հեռացած լինելու պատճառով, մանավանդ, երբ այդ բարեկամները այքան նեղություններ էին կրել և ծախսերի տակ էին ընկել նրա ապաքինման համար։ Միստր Ֆեգինը հատկապես շեշտեց այն հանգամանքը, որ ինքը Օլիվերին վերցրել և խնամել էր այնպիսի ժամանակ, երբ առանց իր անմիջական օգնության ու գուրգուրանքի նա անպայման սովամահ կլիներ։ Ապա նա պատմեց իր փոքրիկ տղայի տխուր և սրտառուչ պատմությունը, որին նա մարդասիրաբար օժանդակել էր նույնանման պարագաներում։ Բայց այս տղան, իր հանդեպ ցույց տված վստահությունը շահարկելով, ցուցաբերել էր ոստիկանների հետ կապ հաստատելու բուռն ցանկություն և, դժբախտաբար, մի առավոտ կախաղան էր բարձրացվել Օլդ Բեյլիում։
Միստր Ֆեգինը չփորձեց թաքցնել այդ աղետալի գործում իր ունեցած մասնակցությունը․ ընդհակառակն, արտասվալից աչքերով ողբաց, որ հիշյալ փոքրիկ տղան, մոլորվելով և դավաճանական վերաբերմունք ցույց տալով, դարձել էր զոհը դատարանում տրված որոշ ցուցմունքների, որոնք, անգամ եթե չէին համապատասխանում ճշմարտությանը, այնուամենայնիվ, անխուսափելիորերն անհրաժեշտ էին իր (միստր Ֆեգինի) և մի քանի ընտրյալ բարեկամների ապահովության համար։ Միստր Ֆեգինը եզրափակեց, ուրվագծելով բավականին հուսահատական մի պատկեր կախաղան բարձրանալու անախորժությունների մասին, և շատ բարեկամական ու քաղաքավարի կերպով ջերմ հույս հայտնեց, որ ինքը Օլիվեր Թվիստին այդ տհաճ գործողության ենթարկելու հարկադրանքի տակ երբեք չէր գտնվի։
Հրեային ոնկնդրելիս փոքրիկ Օլիվերի արյունը սառեց իր երակներում, և նա տարտամորեն հասկացավ նրանց խորքում թաքնված մութ սպառնալիքը։ Նա արդեն համոզված էր, որ անգամ ինքը՝ արդարությունը, կարող էր շփոթել անմեղն ու մեղավորը, եթե նրանք պատահական ընկերակցության մեջ գտնվեին։ Նա նույնիսկ կասկածում էր այն մասին, որ Հրեայի ձեռքով բազմիցս կործանված էին պետք եղածից ավելի բանիմաց կամ անգաղտանպահ մարդիկ, քանի որ նա հիշում էր այս ջենթլմենի և միստր Սայքսի միջև տեղի ունեցած որոշ վիճաբանություններ, որոնք կարծես ակնարկում էին անցյալում նյութված ինչ֊որ դավադրություններ։ Երբ նա գլուխը բարձրացրեց և իր երկչոտ հայացքը հանդիպեց Հրեայի որոնող հայացքին, նա զգաց, որ նենգամիտ ծեր ջենթլմենը գոհունակությամբ էր նկատել իր սարսափից գունատված դեմքը և դողացող ձեռքերն ու ոտքերը։
Հրեան զարհուրելի ժպտալով Օլիվերի գլուխը շոյեց և ասաց, որ եթե նա իրեն լավ պահեր և լծվեր աշխատանքի, ինքը գտնում էր, որ նրանք դեռևս կարող էին շատ լավ բարեկամներ լինել։ Հետո գլխարկը վերցրեց և, փաթաթվելով մի հին, կարկատած վերարկուի մեջ, դուրս եկավ տանից, սենյակի դուռը ամուր փակելով իր հետևից։
Եվ այսպես, Օլիվերն այդ օրը, ինչպես նաև հաջորդող շատ օրեր, վաղ առավոտվանից մինչև ուշ գիշեր ոչ ոքի չէր տեսնում, հետևաբար, երկար ժամեր մնում էր թաղված խոր մտածմունքների մեջ։ Իսկ այդ մտածմունքները, անվրեպ բևեռվելով իր ազնիվ բարեկամների և նրանց իր մասին կազմած վատ կարծիքի վրա, երեխայի սիրտը լցնում էին անհուն կսկիծով։
Մոտավորապես մի շաբաթ անց Հրեան սենյակի դուռը այլևս չկողպեց, և նա կարող էր ազատ ման գալ բնակարանի նաև մյուս մասերում։
Տունը շատ կեղտոտ էր։ Վերևի սենյակները փայտյա բարձր բուխարիկներ և մեծ դռներ ունեին։ Փոշուց և անխնամ թողնվելուց ձեղունները թեպետ սևացել էին, այնուամենայնիվ երիզված էին զանազան գեղեցիկ զարդարանքներով։ Եվ այս բոլորից Օլիվերը եզրակացրեց, որ շատ տարիներ առաջ, նախքան ծեր Հրեայի ծնվելը, այդ տունը պատկանել է ավելի լավ մարդկանց և գուցե եղել է նույնքան զվարթ ու գեղեցիկ, որքան այժմ մռայլ էր ու ամայի։
Պատերի ներքին և վերին անկյուններում սարդերն իրենց ոստայններն էին հյուսել, և երբեմն, երբ Օլիվերը անշշուկ որևէ սենյակից ներս էր մտնում, մկները հատակի վրայից սարսափահար փախչելով թաքնվում էին իրենց բներում։ Ամբողջ շենքում, բացի այս արարածներից, կենդանության ուրիշ ոչ մի նշույլ չկար։ Հաճախ, երբ մութն ընկնում էր, և նա սենյակից սենյակ թափառելով հոգնում էր, կուչ էր գալիս միջանցքի այն անկյունում, որը ամենից մոտ էր գտնվում փողոցի դռանը, որպեսզի հնարավոր եղածի չափ մոտիկ լինի մարդկային էակների, և այդտեղ էլ մնում էր երկար ժամանակ, լսողությունը լարած և ժամերը հաշվելով մինչև Հրեան կամ տղաները կվերադառնային։
Բոլոր սենյակներում լուսամուտների ձուլածո փեղկերը պինդ փակված էին, և նրանց պահող երկաթյա վանդակապատ ձողերը շատ ամուր կերպով պտուտակված էին փայտյա շրջանակների մեջ։ Միակ լույսը թափանցում էր փեղկերի վերևում գտնվող ինչ֊որ բոլորակ անցքերի միջով, որը սենյակները դարձնում էր առավել մռայլ և լցնում էր խորհրդավոր ստվերներով։ Տան հետնամասում կար ձեղնահարկային մի խուց, որի լուսամուտը փեղկ չուներ և դրսից վանդակապատված էր երկաթյա ժանգոտած ձողերով։ Օլիվերը հաճախ սևեռուն ու մելամաղձոտ հայացքով ժամեր շարունակ նայում էր այս լուսամուտից դուրս, որտեղից երևում էին միայն խառնիճաղանջ տների տանիքներ և սևացած ծխնելույզների ու որկթեք տանիքների կատարներ։ Երբեմն, արդարև, պատահում էր այնպես, որ հեռավոր մի տան փայտորմե պատից գաղտագողի դիտող գորշավուն մի գլուխ էր երևում, բայց դա շուտով անհետանում էր, և քանի որ Օլիվերի դիտարանի լուսամուտը ամուր գամված, և ապակին տարիների անձրևից ու ծխից աղոտած էր, տղան դժվարությամբ էր զանազանում հեռվում գտնվող այլևայլ առարկաները, իսկ ձայնը լսելի դարձնել կամ դրսի աշխարհին հայտնել իր գոյության մասին, այդ բանը նրա համար այնքան անհնար էր, որքան եթե Սուրբ Պողոսի տաճարի գմբեթում ապրած լիներ։
Մի անգամ, կեսօրից հետո, երբ Ստահակը և Վարպետ Բեյթսը պայմանավորվել էին այդ երեկո նորից դուրս գալ տանից, որտեղից որտեղ առաջին փոքրիկ ջենթլմենը քմահաճ ցանկություն ունեցավ իր արդուզարդի նկատմամբ բծախնդիր լինելու (թեև հանուն արդարության պետք է ասել, որ նա շատ քիչ էր զբաղվում իր արտաքին տեսքով): Եվ այդ արդյունքին հասնելու նպատակով նա բարեհաճեց հրամայել Օլիվերին օգնել իրեն։
Օլիվերը սիրահոժար ենթարկվեց հրամանին, որովհետև մենակությունից այնքան էր ձանձրացել, որ գոնե միառժամանակ թեկուզ և վատ մարդականցով շրջապատված լինելու միտքը ուրախացրեց նրան։ Եվ հետո նա միշտ էլ աշխատել էր բոլորի հետ հաշտ լինել և բոլորին գոհացնել, իհարկե, եթե դա իրենից չէր պահանջել դուրս գալ պարկեշտության սահմաններից։ Հետևաբար, նա պատրաստակամորեն չոքեց հատակին, և Ստահակը, նստելով սեղանի վրա, ոտքը դրեց նրա ծնկին։ Այսպես, Օլիվերը սկսեց մի աշխատանք, որ միստր Դոքինզը կոչեց «նժույգների շպարումը»։ Հասարակ անգլերենով այդ արտահայտությունը նշանակում էր «մաքրել ոտնամանները»։
Արդյոք իշխանավայել կերպով սեղանին բազմած վիճակում իր կոշիկները ներկվելու պարագա՞ն բարձրացրեց միստր Դոքինզի տրամադրությունը, ծխախոտի լավ որա՞կը, թե գարեջրի դուրեկան զովությունը, մենք այդ չգիտենք։ Համենայն դեպս, ինչի հետևանքով էլ որ լիներ, գոնե այդ պահին նա վիպային ու խանդավառ ապրումների մեջ էր գտնվում, և հիշյալ երևույթը բոլորովին խորթ էր նրա համար։ Նա մտածկոտ դեմքով նայեց Օլիվերին, ապա գլուխը բարձրացրեց ու թեթև հառաչելով, կես ինքն իրեն ու կես միստր Բեյթսին ասաց․
― Ափսո՜ս, որ նա գրպանահատ չէ։
Ա՜հ, ― ասաց Վարպետ Չարլզ Բեյթսը։ ― Նա չի հասկանում, թե ինչն է լավ իր համար։
Ստահակը նորից հառաչեց և շարունակեց ծխամորճը քաշել։ Նույնը արեց նաև Չարլի Բեյթսը։ Երկուսն էլ մի պահ լուռ ծխեցին։
― Երևի նույնիսկ չգիտես, թե ինչ է նշանակում գրպանահատ, ― ողբալի տոնով ասաց Ստահակը։
― Կարծում եմ՝ այդ մեկը գիտեմ, ― պատասխանեց Օլիվերը վեր նայելով։ ― Դա նշանակում է գո․․․ Դու դրանից մեկն ես, ճիշտ չէ՞, ― հարցրեց Օլիվերը ինքն իրեն զսպելով։
― Այո՛, ես գող եմ, ― պատասխանեց Ստահակը, ― և ես անպատվություն կհամարեի ուրիշ բան լինել։ ― Միստր դոքինզը այս կարծիքը հայտնելուց հետո գլխարկը զայրացած թեքեց և այնպես նայեց Վարպետ Բեյթսին, որ կարծես թե նրան մարտի էր հրավիրում։
― Այո՛, ― ես գող եմ, ― կրկնեց Ստահակը։ ― Գող է նաև Չարլին։ Ֆեգինը նույնպես։ Նաև Սայքսը, նաև Նենսին, նաև Բեյթը։ Բոլորս էլ գողեր ենք, մինչև իսկ մեր շունը։ Իսկ նա մեր բոլորից ամենախորամանկն է։
― Եվ երբեք չի դավաճանի մեզ, ― ավելացրեց Չարլի Բեյթսըը։
― Եթե նրան դատապարտյալի աթոռին նստեցնեն՝ չի էլ հաչի, վախենալով վտանգել իրեն, նույնիսկ եթե տասնհինգ օր կապած թողնեն նրան այնտեղ և ուտելու էլ ոչինչ չտան, ― ասաց Ստահակը։
― Այդպես է, ― հաստատեց Չարլին։
― Դա տարօրինակ շուն է, ― շարունակեց Ստահակը։ ― Ինչպե՜ս է կատաղում, երբ մի օտար տղա ծիծաղում կամ երգում է իր ներկայությամբ, ինչպե՜ս է ոռնում, երբ ջութակի ձայն է լսում, ինչպե՜ս է ոռնում ոըրիշ շներին, որոնք իր ցեղից չեն։ Ճիշտ չէ՞։
Այս ակնարկությամբ Վարպետ Բեյթսը ուզում էր դրվատել շան արժանաիքները, բայց այդ արտահայտության տակ թաքնված էր նաև մի ուրիշ իմաստ, որը նա ի վիճակի չէր ըմբռնելու։ Որովհետև կան շատ լեդիներ և ջենթլմեններ որոնք իրենց համարում են իսկական քրիստոնյաներ, բայց որոնք միստր Սայքսի շնից շատ քիչ են տարբերվում։
― Լա՛վ, լա՛վ, ― ասաց Ստահակը, վերադառնալով այն կետին, որտեղից շեղվել էին։ ― Դա ոչ մի առնչություն չունի փոքրիկ Տհասի հետ։
― Ո՛չ մի, ― ասաց Չարլին։ ― Դու քեզ ինչո՞ւ Ֆեգինի հսկողությանը չես հանձնում, Օլիվեր, ― հանկարծ հարց տվեց նա։
― Եվ քեզ համար հարստություն չես դիզո՞ւմ, ― ավելացրեց Ստահակը նշանակալից ժպիտով։
― Եվ այդպիսով հնարավորություն չես ստեղծում ծերության տարիներին քո իսկ սեփական կալվածքներով ազնվականի նման ապրելու, ինչպես ես եմ ծրագրում անել չորս նահանջ տարի հետո Երրորդության Շաբաթվա քառասուներկուերորդ երեքշաբթին, ― ասաց Չարլի Բեյթսը։
― Այդ ինձ դուր չի գալիս, ― ասաց Օլիվերը երկչոտությամբ։ ― Երանի թե թողնեին ինձ գնալ այստեղից։ Ես կնախնտրեի գնալ այստեղից։
― Իսկ Ֆեգինը կնախնտրեր, որ չգնայիր այստեղից, ― պատասխանեց Չարլին։
Օլիվերը շատ լավ գիտեր այդ, բայց մտածելով, որ եթե իր զգացումները ավելի անվերապահորեն արտահայտեր՝ հարցը վտանգավոր բնույթ կստանար, գոհացավ միայն հառաչելով, և շարունակեց կոշիկները մաքրելու իր գործը։
― Գնա՜լ, ― բացականչեց Ստահակը։ ― Պա՛հ, իսկ որտե՞ղ է քո արժանապատվությունը։ Դու ինքնասիրություն չունե՞ս։ Մի՞թե ավելի նախընտրելի է գնալ ու բեռ լինել քո բարեկամների վրա։
― Դե թո՛ղ, է՛, ― ասաց Վարպետ Բեյթսը, գրպանից մի քանի մետակսյա թաշկինակ դուրս քաշելով և անփութորեն դնելով պահարանի մեջ․ ― Դա արդեն շատ ստոր մտածելակերպ է,
շա՜տ։
― Ես, օրինակ, երբեք չէի կարող այդպես անել, ― ասաց Ստահակը զզվանքով։
― Բայց կարող եք ձեր բարեկամներին թողնել և փախչել, ― ասաց Օլիվերը թեթև ժպտալով, ― և թույլ տալ, որ նրանք պատժվեն ձեր գործած մեղքի համար։
― Այդ բոլորը, ― պատասխանեց Ստահակը ծխամորճը օդի մեջ թափահարելով, ― այդ բոլորը մենք արեցինք ի սեր Ֆեգինի, որովհետև ոստիկանները գիտեին, որ մենք միասին ենք աշխատում, և եթե չփախչեինք, գուցե նա վտանգի կենթարկվեր։ Այդ էր մեր հետապնդած նպատակը, այնպես չէ՞, Չարլի։
Վարպետ Բեյթսը գլխով հաստատեց միստր Դոքինզի ասածը, և պատրաստվում էր խոսել, երբ հանկարծ վերհիշեով Օլիվերի փախուստի մանրամասնությունները այնպես քրքրջաց, որ ծխամորճից ներշնչած ծուխը մնաց կոկորդում և առաջացրեց հազի նոպա, որը տևեց ամբողջ հինգ րոպե։
― Տե՜ս, ― գրպանից մի բուռ շիլլինգ հանելով ասաց Ստահակը։ ― Ահա՝ քեզ ուրախ կյանք։ Ի՞նչ փույթ, թե որտեղից են գալիս։ Բռնի՛ր, սրանցից շատ կան այնտեղ, որտեղից վերցրել ենք։ Չես ուզում, հա՞։ Օ՜հ, դու անգին բթամիտս։
― Դա անօրինականություն է, այնպես չէ՞, Օլիվեր, ― հարցրեց Չարլի Բեյթսը։ ― Նա մի օր վեր կբարձրանա, ճիշտ չէ՞։
― Ես չգիտեմ, թե դա ինչ է նշանակում, ― պատասխանեց Օլիվերը։
― Դա մի այսպիսի բան է, ― բարեկամս, ― ասաց Չարլին։ Խոսելիս Բեյթսը, իր վզկապի մի ծայրից բռնելով, օդի մեջ ուղիղ պահեց այն, ապա գլուխը գցեց ուսի վրա և ատամների արանքից հանեց ինչ֊որ տարօրինակ կոտրված ձայներ։ Դա մի զվարթ մնջախաղ էր, որը ցույց էր տալիս, թե վեր բարձրանալը և կախաղան բարձրանալը միևնույն բաներն էին։
― Ա՛յ, այդ է նշանակում, ― ասաց Չարլին։ ― Տես, թե նա ինչպես ակնապիշ է նայում, Ջեկ։ Կյանքումս երբեք սրա նման անհաս ընկեր չեմ ունեցել։ Այս տղան իմ մահվան պատճառը կդառնա, ես այդ բանում համոզված եմ։ ― Եվ Վարպետ Բեյթսը, նորից լիաթոք ծիծաղելուց հետո, վերսկսեց իր ծխամորճը ծխել՝ արցունքն աչքերին։
― Քեզ վատ են դաստիարակել, ― ասաց Ստահակը, մեծ գոհունակությամբ զննելով Օլիվերի փայլեցրած կոշիկները։ ― Բայց Ֆեգինը քեզ մարդ կդարձնի։ Իսկ եթե քեզնից բան դուրս չեկավ, այդ կլինի նրա առաջին ձախողությունը։ Լավ է իսկույն անցնես գործի, Օլիվեր։ Ուշ կամ կանուխ դու ակամա յուրացնելու ես այդ արհեստը, իզուր տեղ ինչո՞ւ ես ժամանակ կորցնում։
Այս խրատականին ավելացան նաև Վարպետ Բեյթսի զանազան անհատական բարոյախոսությունները, որոնք սպառվելուց հետո նա և իր բարեկամ միստր Դոքինզը սկսեցին վառ գույներով նկարագրել իրենց վարած կյանքի բազմապիսի հաճույքները և նրան խորհուրդ տվեցին անհապաղ սիրաշահել Ֆեգինին այն միևնույն միջոցներով, որ իրենք էին օգտագոծել նրա հովանավորությունը ձեռք բերելու համար։
― Եվ մի բան միշտ լավ հիշիր, Նոլլի, ― ասաց Ստահակը, երբ վերևից լսվեց, թե ինչպես Հրեան բաց է անում դուռը, ― եթե դու չվերցնես խնչոցներն ու ու թիք֊թաքները․․․
― Ի՞նչ միտք ունի այդ ձևով խոսելը, ― ընդհատեց Վարպետ Բեյթսը, ― նա չի հասկանում, թե ինչ ես ուզում ասել։
― Եթե դու չվերցնես թաշկինակներն ու ժամացույցները, ― ասաց Ստահակը, բառերը պարզաբանելով այնքան, որ դրանց իմաստը մատչելի դառնա Օլիվերին, ― մի ուրիշը կվերցնի դրանք։ Կորցնողի վնասը մեծ է, բայց քո վնասը ավելի մեծ։ Շահում է միայն նա, որ յուրացրել է այդ բաները։ Իսկ դու նույնքան իրավունք ունես դրանք թռցնելու, որքան մյուսները։
― Իհա՜րկե, իհա՜րկե, ― ասաց Հրեան, որը Օլիվերից աննկատ ներս էր մտել։ ― Այդ բոլորը կարելի է խտացնել մի ընկույզի կեղևի մեջ, սիրելիս, մի ընկույզի կեղևի մեջ․ դու հավատ ընծայիր Ստահակի խոսքերին։ Հա՛, հա՛, հա՛։ Նա քաջ ծանոթ է իր արհեստի նրբություններին։
Ծերունին, Ստահակի դատողության վրա հիացած, հրճվանքից ձեռքերը շփեց իրար և չափազանց մեծ բավականություն զգաց իր աշակերտի ընդունակությունները տեսնելով։
Խոսակցությունը սակայն չշարունակվեց, որովհետև Հրեան մենակ չէր վերադարձել տուն։ Նրան ընկերակցում էր միսս Բեցին և Օլիվերին անծանոթ մի ջենթլմեն, որին Ստահակը ողջունեց Թոմ Չիթլինգ անունը տալով։ Այս ջենթլմենը աստիճանների վրա փոքր֊ինչ վարանեց և լեդիի հետ մի քանի հաճոյախոսություններ փոխանակելուց հետո՝ սենյակ մտավ։
Միստր Չիթլինգը տարիքով ավելի մեծ էր, քան Ստահակը, լինելով գուցե տասնութ տարեկան, բայց այդ փոքրիկ ջենթլմենի հանդեպ նրա ցուցաբերած հարգալից վերաբերմունքը դիտողին այնպես էր տպավորում, որ հարցը քննելով հանճարի և հմտության տեսանկյունից, միստր Չիթլինգը այդ ջենթլմենից փոքր֊ինչ ստորադաս էր զգում իրեն։ Նա ուներ մանր, կայծկլտուն աչքեր և ծաղկատար դեմք։ Հագել էր մորթե կեպի, գորշ թավշե պիջակ, կեղտի մեջ կորած բամբակե տաբատ և գոգնոց։ Հագուստները իրոք որ մաշված էին, բայց նա խմբից ներողություն խնդրելով ասաց, որ իրեն «բաց էին թողել» դեռևս մի ժամ առաջ, և քանի որ անցած վեց շաբաթների ընթացքում համազգեստ էր հագել, ապա հնարավորություն չէր ունեցել իր քաղաքացիական շորերին ուշադրություն դարձնել։ Միստր Չիթլինգը ծայրահեղ զայրույթով ավելացրեց, թե շորերը հականեխելու նոր ձևը անիծվածորեն հակասահմանադրական էր, քանի որ այդպիսով դրանք ծակոտվում ու փչանում էին, իսկ իշխանությունների դեմ պայքարելը անհանար էր։ Նա նման դիտողություններ արեց նաև մազերը խուզելու կարգադրության դեմ, որը նա համարում էր նույնպես բացարձակորեն անօրինական։
Միստր Չիթլինգը իր դիտողությունները եզրափակեց ասելով, որ քառասուներկու երկար, տաժանակիր աշխատանքով բեռնավորված օրերն ի վե՛ր ոչ մի կաթիլ ըմպելիք չի ճաշակել, և որ «թող ինքը մեռներ», եթե դրա պակասից ներքին օրգանները չէին ցամաքել։
― Քո կարծիքով, ջենթլմենը որտեղի՞ց եկած կլինի, Օլիվեր, ― հարցրեց Հրեան խորամանկ ժպիտով, մինչև մյուս տղաները մի շիշ ոգելից ըմպելիք դրեցին սեղանին։
― Չգիտեմ, սըր, ― պատասխանեց Օլիվերը։
― Իսկ դա ո՞վ է, ― Օլիվերի վրա մի արհամարհական հայացք նետելով հարցրեց Չիթլինգը։
― Իմ փոքրիկ բարեկամներից մեկը, սիրելիս, ― պատասխանեց Հրեան։
― Ուրեմն բախտավոր է, ― ասաց երիտասարդը բազմանշանակալից նայելով Ֆեգինին։ Փույթ չէ, թե որտեղից եմ եկել, փոքրիկս, մի կրոնով գրազ կգամ, որ դու էլ շուտով այդ ճանապարհով կգնաս։
Այս սրախոսությունը տղաների մոտ ծիծաղ առաջացրեց և տեղի տվեց բազմաթիվ այլ կատակների։ Ապա Ֆեգինը և միստր Չիթլինգը կարճատև մեկուսի խոսակցությունից հետո իրենց աթոռները մոտեցրին կրակարանին և Հրեան, Օլիվերին կանչելով իր մոտ, սկսեց այնպիսի նյութերի մասին զրուցել, որ, նրա կարծիքով, ամենից շատ կարող էին հետաքրքրել իր ունկնդիրներին։ Նա թվեց իրենց գործի առավելությունները, գովեց Ստահակի հմտությունը, Չարլի Բեյթսի մարդասիրությունը և իր, այսինքն՝ միստր Ֆեգինի, առատաձեռնությունը։ Ապա միսս Բեցին, տեսնելով, որ միստր Չիթլինգը հոգնածության նշաններ է ցույց տալիս, քանի որ որոշ ժամանակ հետո ուղղիչ տունը վատ է անդրադառնում մարդու տրամադրության վրա, նրանց բարի գիշեր մաղթեց ու հեռացավ, որից հետո բոլորը պատրաստվեցին քնելու։
Այդ օրվանից Օլիվերին բոլորովին մենակ չթողեցին, ընդհակառակն, այնպես դասավորեցին, որ նա գրեթե միշտ գտնվի երկու տղաների ընկերակցության մեջ, որոնք ամեն օր, կանոնավոր կերպով, հին խաղը խաղում էին Հրեայի հետ, բայց թե ում առաջադիմության համար, տղաների՞, թե Օլիվերի, այդ մասին Ֆեգինը գիտեր։ Իսկ ծերունին շատ անգամ նրանց պատմում էր, իր ջահել օրերին կատարած գողությունների մասին, որոնք համեմված էին լինում այնքան զարմանալի ու զվարճալի միջադեպերով, որ Օլիվերը, հակառակ իր ազնիվ զգացմունքներին, սրտանց ծիծաղում էր։
Ի՞նչ կարող էր անել խեղճ երեխան։ Մռայլ էր նրա շրջապատը, առավել ևս մռայլ էին նրան ճնշող մտքերը։ Նա սկսեց որևէ ընկերակցություն նախընտրել այդ տանջալից ու թախծոտ մենակությանը։ Հրեան հենց այդ էլ ցանկացել էր իր հրեշային հոգու ամբողջ սաստկությամբ, և այժմ նրա մեջ կաթիլ առ կաթիլ թորում էր այն մաղձը, որ խաթարելու էր երեխայի վճիտ հոգին և նրան կորստյան էր մատնելու առհավետ։