Changes
Եվ ես լռեցի։
=== ՔԱՐԱՅՐԸ ===
Մոկունք գյուղի կիսամութի մեջ լռությամբ ծխող խորհրդավոր մարդը, որ ներկա էր իմ ուխտին, հայտնի էր Քարայր անունով։ Նա Տարոն աշխարհի սուլթանի բռնակալության դեմ մարտնչող հայդուկային խմբերի առաջնորդն էր։ Նա էր մտցրել սրի և խաչի վրա երդվելու արարողությունը։ Նա էր պահանջել Անդրանիկից և Գևորգ Չաուշից գտնելու Արաբոյի տան նշանավոր ավետարանը, որպես հզոր նախապայման հայդուկի երդման համար։
Քարայրը հայդուկից պահանջում էր լինել գաղտնապահ և անձնազոհ։ Հայ ֆիդային իր բարոյական նկարագրով բարձրագույն կետն էր մարդկային առաքինության, — քարոզում էր նա։ — Ոչ փառք, ոչ հանգիստ, ոչ հաշիվ։ Հայդուկության մեջ մտնողը պետք է իր ետևում թողնի անձնասիրությունը և քանի դեպի ներս առաջանա, այնքան պիտի մերկանա իր եսից ու անձնականությունից։ Հայ ֆիդային ունի միայն մի իդեալ. տառապելով ծառայել հայոց ազատությանը։ Նա պետք է մեռնի գնդակով, կախաղանի վրա կամ բանտի մեջ, եթե հավատարիմ է իր ուխտին։ Ինչին է պետք եսական սերը, երբ կա մի ավելի մեծ սեր — հայրենիքի սերը։ Ֆիդայու անձնական սերը լոկ արգելք է ազատորեն գործելու և հանգիստ մեռնելու ճանապարհին։ Քարայրն ասում էր, որ տոկալն ու համբերելը ֆիդայու համար նույնքան անհրաժեշտ է, որքան պատերազմի դաշտում զենքը ձեռքին կռվելը։ Որովհետև, եթե մեկը ֆիդայի դառնալով մոռանում է սեփական անձը, նրա համար այլևս ի նչ արժեք ունի տառապանքն ու նեղությունը։ Քարայրը խիստ էր ինչպես իր սեփական անձի, այնպես էլ ուրիշների հանդեպ։ Հայդուկային ժուժկալությունը և պարկեշտությունը գերագույն սրբություն էին նրա համար. կարգապահության խախտումը՝ մեծագույն հանցագործություն։ Նա քարոզում էր, որ պետք է արթնացնել հայ գյուղացուն, հասկացնել նրան, որ ինքը ճորտ է, ամրացնել նրա հավատը ապագայի հույսերով և Սասունի ու Տարոնի բովանդակ հայությանը հոգեբանորեն վերափոխելով դարձնել հայդուկ։ Քարայրը դեմ էր ցուցական կռիվներին, այս կամ այն վայրի վրա հանկարծական հարձակումներ գործելուն և կողմ էր միասնական, համածավալ ժողովրդական գրոհին։
Հայություն չեն կազմում նրանք, ասում էր Քարայրը, որոնք շարունակ տերտեր են կոչում, այլ նրանք, որ հավատք ունեն։ Մեզ մոտ է հավատավոր մարդկանց մի ուժեղ սերունդ, որի կոչումն է ծառայել Հայաստանի ազատագրության արդար դատին և ոչ թե այս կամ այն խմբակցության եսական շահերին։
Այսպես էր Քարայրը։
Այս մոլեռանդ քարոզիչը գյուղական շորեր հագած դերվիշի նման թափառում էր գյուղից-գյող, ատելություն սերմանելով դեպի այն ամենը, ինչ վատ էր ու կործանարար, և անձնվեր սեր արծարծելով դեպի այն ամենը, ինչ վեհ էր ու օգտակար հայրենիքի և ընդհանրականի համար։
Քարայրն ուներ կողմնակիցներ, որոնք իր նման տանջվել էին սուլթանի բանտերում։ Նրանցից մեկը մշեցի Կոտո Հակոբն էր, որ նստել էր Սինոպի և Ակրայի բերդերում, իսկ մյուսը՝ Կառնենա Մկրտիչն էր։ Քարայրի և Կառնենա Մկրտիչի թելադրությամբ էր, որ սասունցիները իրենց և Անդրանիկի միջև ծագած վեճը լուծել էին Անդրանիկին զինաթափ անելով։
Քարայրը ֆիդայիների հետ չէր շրջում, այլ միշտ միայնակ, գյուղական աղքատիկ հագուստով և անզեն, իբրև մի խեղճ շինական։ Սովորաբար շրջում էր մութին։ Մի տիկ շալակին և ցուպը ձեռքին, նա գիշերային խավարի միջով անցնում էր գավառից-գավառ, ավանից-ավան, ամենուրեք քարոզելով և կազմակերպելով հայ ժողովրդին զանգվածային մեծ ապստամբության համար։
Սուլթանի բռնակալությունը նա համարում էր աշխարհի մեծագույն չարիքներից մեկը։ Սակայն նա իր դառը փորձով եկել էր այն համոզման, որ եվրոպական պետությունների դռներ բախելը և նրանցից օգնություն հայցելը միամիտ հավատ է, մանավանդ «երկաթե շերեփի» հայտնի իրողությունից և Մոսե Իմոյի դեպի Անգլիա կատարած ուղևորությունից հետո։ Սուլթանի դեմ կռվող հայդուկները, ասում էր Քարայրը, իրենց հույսը պետք է դնեն իրենց և իրենց ժողովրդի սեփական ուժերի վրա, կապվելով Ռոմանովների կայսրությունը սասանող և օրեցօր հզորացող ռուսական հեղափոխական առողջ ուժերի հետ։
Միամտաբար հավատում էինք, թե Անգլիան և ասպետ Ֆրանսիան մեզ պիտի օգնեն, բայց երկուսն էլ մեզ խաբեցին, երկուսի երեսն էլ սև է։ Հայ ժողովուրդ, ես քեզ ասում եմ՝ անգութ է Եվրոպան, քարոզում էր Քարայրը։ Չհավատաս նրան երբեք։
Տարոնի ժողովուրդը սիրում էր համեստ արտաքինով այդ խորհրդավոր մարդուն, որ կարծես մեր անցյալի մշուշներից ելած մի ուրվական լիներ։
Երբևիցե կռացած նայե՞լ եք մութ քարայրից ներս։ Կարողացե՞լ եք անմիջապես կռահել, թե նա ինչպիսի խորհրդավոր անցքեր ու ոլորաններ ունի։ Այդպես էր շեկ մազ ու մորուսով, նիհար, ոսկրոտ այդ մարդը։ Նրա զինական անունը Հրայր էր, ոմանք նրան Դժոխք էին ասում, բայց ժողովուրդը նրան կնքել էր Քարայր։ Եվ այդ անունը որքա՜ն հարմար էր նրան։
Իսկապես քարայր էր նա, խորհրդավոր ու մութ։ Հազիվ ծագած՝ իսկույն անհետանում էր։ Ցերեկները նրա տեղը հայ շինականի գոմի կամ մարագի մի մութ անկյունն էր տրեխը հագին, արախչին գլխին, իր շուրջը ժողոված մարդկանց հրեղեն խոսքերով քարոզ կարդալիս, իսկ գիշերները ճամփորդում էր դերվիշի կերպարանքով՝ գավազանը ձեռքին և տիկը շալակին։
Շատ մեծ եղավ իմ զարմանքը, երբ իմացա, որ ինձ ծեծող ոսկրոտ դիմագծերով և փոքրիկ մորուսով այդ մարդը այն միևնույն շինական Արմենակն էր, որից ես մի տուփ ծխախոտ էի վերցրել դրանից մի քանի տարի առաջ Կարմիր Ծառ գնալիս։ Նրա փույթը չէր բնավ, որ ես բանտ էի նստել կամ կյանքս վտանգի տալով Անդրանիկի ձին փախցրել էի վանքի շրջապատումից։
Իմ անզգույշ շարժումով ես արձագանքել էի անծանոթ կնոջ կանչին, երբ նոր էի երդվել սրի, ավետարանի և խաչի վրա, որի համար էլ նա ինձ ենթարկել էր անողորմ պատժի։
Եվ նա ինձ պատժել էր այն միևնույն գավազանով, որ իմ ներկայությամբ պոկել էր իրենց անտառի կարմրածառից, որի ամուր փայտից մեր նախնիները հին ժամանակներում նետեր էին շինել ինքնապաշտպանության համար։
=== ԳԵՎՈՐԳՆ ՈԻ ՈՍԿԻՆԵՐԸ ===
Երդում տալը և խստությունների ենթարկվելը քիչ էր։ Հայդուկ դառնալու համար ես պարտավոր էի զենք ունենալ։ Հիշում էի, մանավանդ, Աղբյուր Սերոբի մի խոսքը հայ գյուղացիներին. «Սուլթանի երկրռւմ առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնացեք»։
Բայց ինչպե՞ս զենք ճարել։
Մի հրացան ձեռք բերելու համար Գևորգ Չաուշը մինչև Հալեպ էր գնացել։ Իսկ ես ու՞ր գնայի և ի՞նչ միջոցով։
Մտածում էի գնալ Մուշ և իմ Հովհաննես պապից կամ քեռի Բդեից փող վերցնել և մի հրացան առնել ինձ համար։
Այդ մտքերի մեջ էի, երբ Գևորգ Չաուշը սաստեց ինձ՝ ասելով.
— Քո Մուշ գնալու ժամանակը դեռ չի հասել։ — Եվ ինձ իր հետ առնելով, մի խավար գիշեր ելավ Սուլուխից։
Այդ սասունցին Դաշտի ամեն ծակ ու ծուկին ծանոթ էր։ ճանապարհները գիտեր աչքը փակած։
Իր հորեղբոր սպանությունը, ռես Ավեի և Խալիլ աղայի ահաբեկումը և, մանավանդ, Առաքելոց վանքի կռիվը այնպես էին հռչակել նրան, որ Սուլթանի անիրավ պաշտոնյաները նրա անունը լսելիս գողում էին։
Սիմ լեռան հյուսիսային լանջին Փեթար անունով մի փոքրիկ գյուղ կար, որ նայում էր դեպի Մշո դաշտ։ Մուշ քաղաքից Յուսուֆ կոչվող մի բեկ, շինծու մի թուղթ ձեռքին, հայտարարել էր, թե այդ գյուղը եղել է իր պապական կալվածքը։ Նա Մուշից գնացել էր Փեթար և այնտեղ երկհարկանի մի քյոծկ շինելով, հայ գյուղացիներից տասնյակ տարիների աղայական տուրք էր պահանջել։ Գևորգ Չաուշը Յուսուֆ աղային զգուշացրել էր՝ նեղություն չտալ հողի աշխատավորներին։ Ցուսուֆը հետևյալ առավոտ ձերբակալել էր բողոքող գյուղացիներից մի քանիսին և ոստիկանների ու զորքի օգնությամբ Փեթար մտնելով, կոզոպտել էր ամբողջ գյուղը և մի քանի հարյուր հավելյալ տուրք գանձելոզ՝ վերադարձել էր Մուշ։
Գևորգ Չաուշը իր մի քանի հայդուկներով մտել էր Յուսուֆ բեկի ապարանքը և հարստահարիչին խողխողելով, նրա հափշտակած ոսկիները վերադարձրել էր Փեթարի հողագործներին, նախապես մի թուղթ դնելով սպանվածի ծոցը. «Ես քեզ մեռցրի զուլումիդ համար»։
Գևորգը մեծ աշխատանք էր տանում վերականգնելու Հայ և քուրդ բարեկամությունը, որ խախտվել էր Սուլթան Համիդի տարիներին։ Այդ բանը նա անում էր, երբեմն, ահաբեկման միջոցով։ Իր սարսափի հետ միաժամանակ այնպիսի հմայք էր ստեղծել իր շուրջը, որ նույնիսկ շեյխերը նրա անունով երդվում էին։
Գևորգը հաճախ միայնակ էր շրջում։ Այնքան գնացել-եկել էր բեկերի քյոշկերի մոտով, որ նրանց շները այլևս դադարել էին նրա վրա հաչելուց։ Պատահում էր, որ հայ գյուղերին մոտենալիս զանգակները խփում էին և մարդիկ իրար աչքալույս էին տալիս, թե՝ «Գևորգ Չաուշը եկավ»։
Երբեմն, ուշ գիշերով, նա անսպասելիորեն մտնում էր քրդական որևէ բնակավայր և նրա մեծավորի դուռը ծեծելով, ասում. «Ի՞նչ եք մեռածի պես քնել, աղա։ Գևորգ Չաուշին այս մութ գիշերին հերիք չէ՞ սպասեցնեք քյոշկի առաջ։ Դուռը շուտ բացե՛ք՝ ղոնաղ եմ եկել»։ Եվ ահաբեկված աշիրեթապետը կամ աղան դուռը բանալով, խոնարհաբար դիմավորում էին ահարկու Գևորգին, համբուրելով նրա ձիու ասպանդակը։
Գևորգը երկար չէր մնում այդտեղ։ Հասկացնում էր, որ ինքը պարզապես այդ գյուղի մոտով անցնելիս ուզեցել է մի կարճ պահով հանդիպել իր ծանոթ քիրվոյին, նրա քեֆը հարցնել և շարունակել ճամփան։
Բայց այս գիշերային այցը մի քիչ տարբեր էր։ Ֆաթիմ անունով մի դաժան հարկահավաք տուրքեր գանձելիս անասելի նեղություն էր պատճառում հայ և ասորի գյուղացիներին։
Գևորգը ինձ ոլորապտույտ ճանապարհներով տարավ և կեսգիշերին կանգնեցրեց այդ հարկահավաքի քյոշկի առաշ։ Դուռը զարկեց.
— Ֆաթի՜մ էֆենդի՛, Ֆաթի՜մ էֆենդի՛։
Ոչ մի ձայն։
Ֆաթիմը մի հայ ծառա ուներ, անունը Համտի։
Համտին դռան ետևից հարցրեց.
— Ո՞վ եք։
Ես ցածր ձայնով հուշեցի.
— Եկողը Գևորգ Չաուշն է, դուռը բաց։
Գևորգը հարցրեց.
— Ֆաթիմ էֆենդին տա՞նն է, իրեն տեսնել կուզեմ։
— Տանն է, բայց քնած է, — ծանուցեց Համտին դռան արանքից։
— Գնա՛ իրեն քնից հանիր և ասա, որ շեմքին կանգնածը Գևորգ Չաուշն է։ Մուշից է եկած և հատկապես կուզի իրեն տեսնել։
Համտին գնաց եկավ՝ թե աղան խոր քնած է։
— Քեզ ասում եմ՝ գնա աղայիդ արթնացրու և հայտնիր իրեն, թե եկողը Գևորգ Չաուշն է։
Համտին նորից գնաց և մենք լսեցինք, թե ինչպես նա բավական անվախորեն արթնացնում էր իր աղային.
— Ֆաթի՜մ էֆենդի։
Արձագանք չկար։
— Ֆաթի՜մ էֆենդի, — նորից հնչեց Համտին։
— Ի՞նչ կա։
— Գևորգ Չաուշն է եկել և հատկապես կուզի քեզի տեսներ
— Գևորգ Չաու՞շը։ — Ու մենք զգացինք, թե ինչպես աղայի ձայնը դողաց։
— Փեթար աղային սպանո ղ Գևորգ Չաուշը, — կմկմաց Ֆաթիմ էֆենդին ու լեզուն փաթ ընկավ։
— Ուրիշ չաուշ չկա, — պատասխանեց ծառան։
— Հիմա որտե՞ղ է։
— Կանգնած է շեմքին։
— Հարցրու, թե ինչ կուզի։
Համտին վերադարձավ.
— Ֆաթիմ էֆենդին կհարցնի, թե Գևորգ Չաուշը ի՞նչ կուզի։
— Գնա իրեն ասա, որ Գևորգ Չաուշը կուզի չորս հարյուր ոսկի։
Համտին ետ գնաց.
— Գևորգ Չաուշը կուզի չորս հարյուր ոսկի, — ասաց նա։ Ապա իր կողմից ավելացրեց, — որպես տուգանք ժողովրդի տուրքերը հավաքելիս նրանց պատճառած չարչարանքների և առած կաշառքի դիմաց։
— Ինչու՞ այդքան շատ կուզի։
— Չգիտեմ, աղա, իր ուզածը չորս հարյուր ոսկի է։
— Աղեկ։ Ես իր ուզած ոսկին կտամ, բայց իրենից խոսք առ, որ այդ գաղտնիքը մեր մեջ կմնա։
Ես ճեղքից տեսա, թե ինչպես Ֆաթիմ էֆենդին շապկանց ելավ անկողնից, խալաթը վրան առավ, ճրագը ձեռքին մտավ ինչ-որ տեղ և քիչ անց մի տոպրակ բերելով, դողդողալով հանձնեց ծառային։
— Ուղիղ չորս հարյուր հատ է։ Իմ ասածը չմոռանաս։
— Գևորգ էֆենդի, — տոպրակով ոսկին մեզ տալով ասաց ծառան, — Ֆաթիմ էֆենդին խնդրեց, որ Գևորգ Չաուշը իր խոստումը կատարի՝ առանց գաղտնիքը մեջտեղ հանելու։
— Հարկավ կկատարեմ, — ասաց սասունցին և Համտիին գիշեր բարի մաղթելով, հարկահավաքի դուռը ծածկեց։
Ես ոսկին շալակեցի ու գնացինք։
Գևորգ Չաուշը գիտեր, թե սուլթանի այդ անխիղճ պաշտոնյան ո՛ր թշվառ գյուղացիներից էր կորզել այդ գանձը։
— Քեռի Հուլիանոս, քնա՞ծ ես։ էս քսան ոսկին առ ու վաղը գնա լծկան գնիր քեզ համար։ Ասորի Սահակ, տեսնում եմ երեխաներդ քաղցից շուռումուռ են գալիս վերմակի տակ։ էս տասնհինգ ոսկին առ ու մի քիչ հաց ու թացան առ մանուկներիդ։ Խնամ Մարտիրոս, վերցրու էս տաս ոսկին ու մարագիդ՛ գերանները նորոգիր։
Այսպես գյուղից-գյուղ անցնելով և շինականների տանիքները բարձրանալով, Գևորգ Չաուշը ամեն մեկի երդիկից ցած էր գլորում մի բուռ ոսկի։
Մոտեցանք վերջին գյուղին։
Այստեղ մենավոր մի տուն կար։ Չաուշն ինձ տարավ կանգնեցրեց այդ տան պատի տակ։ Մազե պարանին, որի մի ծայրը կապված էր բարդի ծառից, սպիտակին էր տալիս մի անդրավարտիք, կողքին մի զույգ գուլպա։ Տան տերը մի տարի առաջ լքել էր տունը և գնացել։ Կինը ամեն շաբաթ լվանում էր բացակա ամուսնու շորերը և լվացքը փռում պարանին, որ անցնող-դարձողը իմանար, թե տանը տղամարդ կա։ Երբեմն էլ, պատի տակ կամ տանիքին նստած, մի շապիկ կամ անդրավարտիք ծնկանը դրած, կոճակ էր կարում կամ օղակ լցնում՝ դարձյալ այդ նպատակով։
Երբ հարցնում էին.
— Սալվի, ու՞ր է Մկրոն։
— Քաղից նոր եկավ՝ քրտնած պառկած է, — պատասխանում էր Սալվին, շարունակելով իր կարը։ Մի ուրիշ անգամ ասում էր. «Մկրոն սար է գնացել», կամ թե՝ «ջուր եմ դրել, որ Մկրոն լողանա»։ Եվ այսպես, տղամարդու մի շապիկ կամ շալվար դրսում կախելով, կամ կոճակներ շարելով ու օղակներ լցնելով, Սալվին շաբաթներով, ամիսներով ամոթխածությամբ թաքցնում էր ամուսնու բացակայությունը, հույս ունենալով, որ մի օր Մկրոն տուն կգա, մինչդեռ ամուսինը անվերադարձ հեռացել էր տնից, իրեն մենակ ձգելով։ Պատկից հարևանները գլխի էին ընկել, որ ամուսինը տանը լի, բայց չէին ուզում Սալվիին զրկել իր երջանիկ խաբկանքից։ Նրանցից մեկ-երկուսը նկատել էին, թե ինչպես ուշ գիշերին, երբ գյուղը քնած էր, Սալվին ճրագի տակ նստած հեկեկում էր մենակությունից։ Երբեմն շեմքը դուրս գալով, երկար նայում էր պարանից կախված անդրավարտիքին և բրդյա հաստ գուլպաներին, մոտենալով ուղղում էր լվացքը և դանդաղ մտնում էր ներս, լուսնի շողերի տակ չորացնելով իր կարոտի արցունքները։
Մենք էլ տեսանք կիսամթնում պարանի վրա օրորվող այդ «սուտ լվացքը»։ Գևորգը անաղմուկ մոտեցավ և տասնհինգ ոսկի փաթաթեց անդրավարտիքի փողնոցի մեջ, դաշտեցի այդ լքված մենավոր կնոջ համար։
Լուսադեմին մեզ մոտ մնաց ընդամենը տաս ոսկի։
— էս տաս ոսկին էլ քեզ, դու էլ ինձ հետ ամբողջ գիշերը չարչարվեցիր։ Գնա քեզ համար զենք առ, — ասաց Գևորգը, վերջին ոսկիները իմ բուռը դնելով։
Երկու օր հետո ես մի հրացան ձեռքիս ներկայացա Գևորգ Չաուշին։
=== ՖԻԴԱՅԻՆԵՐԸ ===
Ուրախացավ Գևորգ Չաուշը իմ ձեռքին զենք տեսնելով։
Այդ նույն օրն էլ նա ինձ առաջնորդեց Բերդակի սարը։
Աղբյուր Սերոբը Նեմրութի վրա էր շրջում, իսկ Գևորգ Չաուշի և իր հայդուկների ապաստանը Ալվառինջի, Մառնիկի և Բերդակի սարերն էին։
Կեռումեռ կածանով մտանք մի թավ անտառ։
Այդտեղ էին ապրում հայ ֆիդայիները։
Վայրը մի բացատ էր՝ կաղնիներով շրջապատված։
Գևորգը ինձ տարավ կանգնեցրեց ստվերախիտ մի կաղնու տակ։
Հայդուկները նստած էին կոճղերի ու ժայռերի վրա, ոմանք թիկնած էին ծառերի բներին։
Շատերին ճանաչեցի։
Սպաղանաց Մակարի կողքին նստած էր Գալեն, Շմլակի կիրճում Անդրանիկի տված հրացանը գրկած։ Ապա հերթով շարված էին Պայթող Աղբյուրի մյուս լեռնականները — Փեթարա Մանուկը, Փեթարա Ախոն և Փեթարա Իսրոն։ Մորուք Կարապետը և Արծիվ Պետոն առանձին էին նստած։ Չոլոն թիկնել էր Շենիքցի Մանոլկի կողքին։ Սրանց առջևում կիսաթեք մեկնված էր Լաճկանցի Արթինը՝ վագրադեմ մի հայդուկ, աչքերը հառած Շենիքցի Մանոլկի զենքին։ Այս երկու սասունցիների մեջ վեճ կար։ Արթինը բարձրաձայն գանգատվում էր, որ իր ատրճանակը հին տեսակի է, բավական ծանր, և միջոց էր որոնում փոխանակելու Մանոլկի տասնոցի հետ։ Վագրադեմ հայդուկի և Շենիքցի Մանուկի վեճին ներկա էին Մառնկա Պողեն և Դաշտեցի մի տղա, որին կոչում էին Ալիզռնանցի Մուքո։ Երկու ուրիշ հայդուկ մի ծառի տակ նըս– տած տամա էին խաղում։ Մեկը իմ ծանոթ Արտոնքա Ջնդոն էր, իսկ մյուսը խասգյուղացի էր՝ Բամբկու Մելո անունով։ Նրանց գլխավերևում մի երիտասարդ զինված հայդուկ էր կանգնած Ալվառինջ գյուղից — Սեյդո Պողոսն էր, վանքի կռվի հերոսներից մեկը։ Սա աչքով թեև խաղին էր հետևում, բայց ուշադրությունը, որքան նկատեցի, ամբողջապես Լաճկանցի Արթինի և Շենիքցի Մանուկի կողմն էր, տեսնելու, թե ինչով կվերջանա այդ երկու լեռնականների վեճը։ Իսկ այդ վեճը արդեն ծավալվել էր։
— Ձեր տունը հարուստ է, դու ինչու՞ ես զենք առել և դարձել հայդուկ, — ասում էր Լաճկանցի Արթինը։ Շենիքցի Մանուկն առարկում էր, ասելով, թե Մարութա վանք կամ ս. Կարապետ ուխտի գնացողները չեն ընտրում քոսոտ այծեր, այլ իբրև մատաղացու գերադասում են գեր ու պարարտ այծերին։ Հետևապես Հայաստանի ազատագրության զոհասեղանին մատաղվելու արժանի են նախ և առաջ ունևոր հայերը։
Այդ խոսքի վրա, բոլորովին աննկատելի, իմ կողքին հայտնվեց մի գեղադեմ հայդուկ՝ երկար թարթիչներով։ Գրեթե իմ հասակին էր, բեղերը փոքր-ինչ թավ և հոնքերի կամարը շեշտված։ Մշո գյուղերից էր և անունը Տիգրան։ Դա այն զինվորն էր, որ Վանքի կռվին ձեռքը կրակ բռնած վառել էր սուլթանի բանագնացների գլանակները, սարսափ ազդելով գլխավոր բանագնաց Մուխտի էֆենդուն։ Տիգրանը մի ձեռքով իմ վիզը գրկեց, մյուսով ետևից տնտղեց իմ մեջքը, կարծես կամենալով ստուգել, թե արդյոք ես լա վ մատաղացու եմ, թե ոչ։ Ապա սև ընչանցքները կարմիր այտերի վրա ոլորելով, գնաց դեպի վիճաբանողների կողմը։
Ֆիդայիներից մեկը մի կոճղի առաջ չոքած հրացանի փակաղակն էր բարկությամբ չխկացնում։ Դա գյուլլեքի սերտն ու փուչը որոշող սասունցի Կարկուտ Թադեն էր, որին ես տեսել էի Աղբյուր Սերոբի խմբում։ Սա միշտ առաջինն էր պայթեցնում գնդակը։ Թադեն մասնակցել էր շատ կռիվների։ Չդիմանալով հայդուկային զենքի կարգապահությանը, դեռևս Խլաթում եղած ժամանակ Թադեն առել էր իր չախմախլին և ընկել սարերը։ Վերջում մենակությունից ձանձրանալով, եկել միացել էր Գևորգ Չաուշի խմբին։
Սերոբ Աղբյուրի խմբից մի ուրիշ հայդուկ էլ կար այդտեղ. դա մանազկերտցի Հաջի Գևոն էր, այն յոթ զինվորներից մեկը, որ Շենիքից Սեմալ էր փախել Անդրանիկի հետ։
Հասանո անունով քոյողավոր մի քուրդ Հաջի Գևոյի կողքից անցնելով, եկավ կանգնեց Գևորգ Չաուշի թիկունքին և ձեռքը կրծքին դնելով, խոնարհ բարև տվեց ինձ։ Հասանոն փոխանակված էր մի հայ զինվորով և համարվում էր Գևորգ Չաուշի հավատարիմ թիկնապահներից մեկը։ Երբ հարկ էր լինում որևէ պատգամավոր ուղարկել Խութա մեծավոր Ղասմբեկի մոտ, Հասանոն միշտ առջևից էր գնում, որ իրենց վրա հարձակում չլիներ բրդերի կողմից։
Բացատի վերջավորությանը մի պատանի հայդուկ զբաղված էր ծառերի չոր ճյուղերը կեղևելով։ Խնուսի Հարամիկ գյուղից էր։ Սրա պաշտոնն էր չոր փայտերից անծուխ կրակ վառել։ Մեկ առ մեկ վերցնում էր ճյուղերը, զննում ոստոտ տեղերը և կեղևը երկարությամբ մաշկում։ Երկար տարիներ նա պետք է կեղևեր ծառերի ճյուղերը, մինչև որ որևէ կռվի մեջ քաջություն ցույց տար և նրան արտոնություն տրվեր հրացան կրելու՝ ավելի մեծ ճակատամարտերի մասնակցելու համար։ Մինչև այդ շատ կռիվներ էին եղել, բայց նա դեռ ոչ մի կռվի մասնակցած չկար։ Վրան ոչ մի վերք ու սպի չուներ։ Ֆիդայիները նրա անունը ծաղրանքով կնքել էին «Բրինդար»՝ այսինքն վիրավոր։
«Բրինդարի» մոտ մի հին թամբի կռթնած նստած էր մի ուրիշ հայդուկ, անունը Բարսեղ։ Միջահասակ էր, շեկլիկ բեղերով։ Աչքերը մի քիչ շիլ էին։ Բարսեղը Գևորգի ձիապանն էր։ Միաժամանակ հսկում էր, որ ֆիդայիները ճանապարհին ծխախոտ չվառեն կամ վառելիս կրակը բռնեն ձեռնափայտի մեջ և մնացորդները գետին չգցեն։ Իրենց գյուղում ծխախոտի մշակությամբ էր զբաղվել և միշտ մոտը, տոպրակի մի անկյունում կամ գոտու տակ, մանր թութուն ուներ պահած։ Երբեմն ինքն էր գլանակ փաթաթում և հրամցնում այս կամ այն զինվորին։
Սև բեղավոր մի հայդուկ գլուխը Հաջի Գևոյի թիկունքին դրած ակնապիշ ինձ է նայում։ Դեմքը ծանոթ է։ Մտածում եմ, թե որտեղ եմ տեսել նրան։ Աստված իմ, մի՞թե Ֆրանկ՜ — Մոսոն է։ Այո, այդ նա է, նորշեն գյուղի այն երիտասարդ շինականը, որի կինը պարտվել էր սամիրով ճաշի կռվում, իրենց գյուղի հողային սահմանը որոշելու ժամանակ։ Հիշում եմ, բերդակցու կնոջ եփած սամիրով ճաշը ինձ բաժին ընկավ։ Ի՜նչ սահման, ի՜նչ օրենք։ Տեղական այդ բոլոր գժտությունները հետևանք են մի համատարած անիրավության, ասել էր վշտացած գյուղացին։ Ֆրանկ-Մոսոն թողել էր միջգյուղյան փոքրիկ վեճը, պարանի կապոցը և ցցափայտերը իմ ձեռքից առնելով բարկությամբ շպրտել էր սահմանագլխին և անութի տակ մի հրացան սեղմած՝ շտապել էր Բերդակի սարը՝ իր ազգի համաշխարհային վեճը լուծելու։
Այդ վեճը լուծելու համար դեռևս Խաթավինի կռվի օրերից զենքի տակ էր մտել նաև Առղա Զորիկը։
Ուրիշներ էլ կային՝ Աղջնա Վահանը, Կուրավա Շմոն և Ծուռխաչ Հազարիկը։ Այս վերջինի մոտ ամեն ինչ ծուռ էր. խաչը երեսին ծուռ էր հանում, գդակը ծուռ էր դնում, գոտին ծուռ էր կապում։ Կարկուտ Թադեին հակառակ, սա միշտ ուշացումով էր կրակում և երկուսից մեկը անպայման ծուռ։ Հազարիկը տեղից տեղ գնալիս ֆիդայիների ավելորդ բեռներն էր շալակում և հսկում, որ հայդուկները լուսնյակ գիշերներին հրացանները ուսերին չդնեն, փայտե կոթերը միշտ պահեն լուսնի կողմը, որ չփայլեն։
Իսկ դեղնած ականջներով Շմո՞ն։ «Ա՜խ, ե՞րբ կլրնի, որ արդարությունը աքաղաղի պես ելնի տանիք ու գոռա թե՝ վեր կացեք, ես եկա», — այս խոսքն էր միշտ սրա բերանին։ Շմոն գտնում էր, որ աշխարհը չափազանց անկատար է շինված։ Աստծո վեց օրում շինած աշխարհը ի նչ պետք է լինի, — գանգատվում էր Շմոն, և դեռ հասցրել է մարդ ստեղծել — ըստ նրա աստծո ամենաանկատար արարածը։
Լեռնային քարուտներից մեկում Կուրավա Շմոն պատահմամբ գտել էր ուրարտական ցորենի մի հազվագյուտ տեսակ, ընդհամենը մի քանի հասկ՝ անսովոր խոշոր հատիկներով։ Նա զարմացել էր աստծո խելքի վրա, որ այդ փոքրիկ վայրում այդքան շատ քար էր կուտակել, իսկ Մշո դաշտում մի հատիկ քար չէր թողել, որ մաճկալը հերսոտելիս իր ծուռ գնացող եզան կողին խփի։ Շմոն փորձի համար գաղտնի ցանել էր այդ ցորենի սերմը և ստացվել էր ապշեցուցիչ բերք։ Զսպել էր իր ուրախությունը և այնպես արել, որ ոչ ոք չիմանա այդ մասին, որ հանկարծ չընկնի սուլթանի ձեռքը։ Ջրաղաց էլ չէր տարել, որ տեղը չգտնեն, սերմացուն չգողանան։ Որոշել էր, որ երբ Հայաստանը ազատագրվի, այդ սերմը շաղ տա ազատագրված Հայաստանի հողի մեջ, առաջին հերթին, իհարկե, Մշո դաշտում։
Եվ անհամբեր սպասում էր արդարության աքաղաղի կանչին։
Աբղելոն էլ այնտեղ էր, ասորի ցեղապետի որդին։ Նրան կոչում էին Յոթ Գդալի Աբդելո, որովհետև բերված էր Յոթ Գդալի դաշտից։ Աբդելոյի աջ ու ձախ կողմերում թիկնած էին երկու երիտասարդ հայդուկներ՝ Ցրոնաց Մշիկը և Ավրանա Արամը։
Հին զինվորներից էր նաև սասունցի Կամե Գասպարը։ Գասպարը քիչ էր լինում Բերդակի սարում։ Սրա անելիքը ամբողջապես դրսի հետ էր։ Այդ տալվորիկցի հայդուկը հարուստ հայերի անասունները փախցնում-ծախում էր քրդերին, քրզերից փախցնում ծախում էր հայերին և դրանով գումարներ հայթայթում ազատագրական շարժման համար։
Սրանք էին կազմում Գևորգ Չաուշի ֆիդայական խմբի կորիզը Սերոբ Աղբյուրի մահից հետո։ Բոլորը հավաքվել էին Բերդակի անտառում, որ իրենց ազգի վեճը լուծեն։ Սրանք էին այդ օրվանից իմ ընկերները և սրանց հետ էր անցնելու իմ հայդուկային կյանքը։ Իմ առաջին փորձնական շրջանն անցել էր և չկար այլևս առաջվա անհոգ, անմիտ պատանին։
Իմ շուրջը նստած հայդուկները քաջակազմ մարդիկ էին, տապից ու պաղից թրծված երեսներով։ Ոմանք ալեհեր էին, ինչպես Սպաղանաց Մակարը, որ մեծացել էր բազում կռիվների մեջ։ Հագած էին լայն տաբատներ և գույնզգույն բաճկոններ՝ կարմիր ու դեղին նախշերով։ Գոտիներին ամրացած էին կաշյա քառակապ փամփշտակալներ՝ պսպղուն փամփուշտներով։ Փամփշտակալները քողարկելու համար բոլորն էլ անխտիր հագած էին անթև աբաներ։ Կողքերին կապած էին տասնոց մաուզեր և դամասկոսյան կեռ դաշույններ։ Գլուխները ծածկած էին արախչի կամ գդակ՝ մուգ կարմրավուն փոլշիներով ոլորած։ Յուրաքանչյուրը մի պայուսակ ուներ մեջքին կապած և մի ճոկան՝ ժայռերը մագլցելու համար։
Գևորգ Չաուշը ինձ ներկայացրեց խմբին և ասաց, որ ես վերջին կռվին վանքի նկուղից քաջաբար դուրս եմ բերել Անդրանիկի ձին, ճեղքելով թշնամու շղթան, իսկ մինչ այդ մեծ դժվարությամբ Տատրակ գյուղը Հասնելով, գտել-բերել եմ Արաբոյի տան «Կոճղեզ» ավետարանը, որ Հայդուկները երդվեն նրա վրա և ես առաջիններից մեկն եմ, որ երդվել եմ այդ ավետարանի վրա։ Իբրև արժանիք նշեց նաև, որ Սասանի բովանդակ պատմության մեջ ինձ է բախտ վիճակվել կարդալու Մոսե Իմոյի բերած թագավորական թուղթը։ Որ ես իբրև մշեցի դիտակից երիտասարդ, այդտեղ գալով ուխտել եմ մատղվել Հայաստանի ազատագրության Համար։ Ապա կարգադրեց, որ ինձ փամփշտակալներ բերեն։
Ինձ անմիջապեմ տվեցին մի զույգ փամփշտակալ, որ ես ձգեցի իմ ուսերի վրայով։ Վրան Հագա մազոտ աբա։ Աբայի վրա կապեցի պայուսակ, որի մեշ կար մի խզակոթ, երկու ասպանդակ, մի սանձ, մի վիմադարձ, երկու զույգ գուլպա և տրեխ և մի ոսկրե սանր։ Պայուսակին ամրացած Էր մի փոքրիկ տոպրակ՝ մեջը մի քանի բուռ բոված կորեկայլուր և մի կտոր չորթան իբրև նեղ օրվա պարեն։
Երբ արտաքնապես փոխվեցի և չափլին հրացանը թևիս տակ առա, թվաց, թե ամբողջ աշխարհը ինձ տվեցին։
Բայց դրանով չվերջացավ իմ կերպարանափոխությունը։
Մշեցի Տիգրանը, որ քիչ աոաջ տնտղել Էր իմ մեջքը իմանալու, թե ես լավ մատաղացու եմ թե ոչ, Հանկարծ Հեռվից սուր աչքով չափեց իմ Հասակը և ձիապան Բարսեղից երեք արշին ճերմակ կտավ առնելով, արագ մոտեցավ ինձ։ — Սա էլ քո պատանքն է, — ասաց նա և բոլորի ներկայությամբ կտավը երեք տակ ծալելով կոխեց պայուսակիս մեջ։
Խմբի մեջ միայն մի քանիսը պատանք ունեին, և ինչպես քիչ Հետո իմացա, դրանցից մեկը Մառնկա Պողեն Էր, մյուսը՝ Ծուռխաչ Հազարիկը, իսկ երրորդը՝ անտառում անծուխ կրակ վառող խնուսցի պատանին։
Ինձ Էլ պատանք տվին և երևի դարձյալ այն պատճառով, որ իբրև նորեկ Հենց սկզբից ընտելանամ իմ ճակատագրին։
Պատա՜նք։ Ի՜նչ սարսափելի բառ Է։
Այդ պահին բոլորը շեշտակի նայեցին ինձ, տեսնելու, թե ինչ տպավորություն կգործի այդ երեք արշինանոց կտավը ինձ վրա։
Ու այդպես, ես դարձա ֆիդայի։
Գևորգ Չաուշը ինձ ցույց տվեց մի կոճղ Կարկուտ Թա֊ղեի և Հաջի Գևոյի կողքին և ես մոտենալով բազմեցի վրան։
Երբ ամեն ինչ պատրաստ Էր, Չաուշը իր մոտ կանչեց կաթի պես սպիտակ երեսով մի զինվորի, որ Հեռավոր մի գերանի նստած իր ուսապարկն Էր կարում։
— Եկ էստեղ, Միսակ, — ասաց Գևորգ Չաուշը, — մի խաղ ասա լսենք։
Միսակը Գևորգ Չաուշի երգասացն Էր և նրա թիկնապահ ներից մեկը։ Ծնվել Էր Մշո դաշտի Ալադին գյուղում։
Գրեթե բոլոր Հայդուկները երգել գիտեին։ Փեթարա Մանուկը Հայտնի «Բերիվանի» երգող Էր։ Հաջի Գևոն աննման լոլո շվշվացնող Էր։ Լավ ձայն ուներ նաև Մորուք Կարոն, բայց ուրիշ Էր, երբ Ալադին Միսակն Էր երգում։ Այնքան Հայտնի խաղասաց Էր, որ Գևորգը Նրան երբեմն ուղարկում Էր մինչև Արաղայի դաշտ՝ իր երգով քրդական բեկերին նվաճելու։
Սիսակը մոտեցավ և նստեց Գևորգ Չաուշի կողքին, գերանի վրա ու ձեռքը դրեց ականջին։ հախ նա երգեց ֆիդայիների երգը։
Աշխարհում ֆիդային ոչ մի Հարստություն չունի։ Նա օթևան չունի։ Յոթ օրից ավելի ֆիդային իրավունք չունի մնալու նույն տեղում։ Նա անվերջ շարժման մեջ Է։ Երբ բոլորը քնած են, ֆիդային ելնում Է ոտքի։ Նա զրկված Է լուսաբացի քաղցր քնից: Ոչ ոք չպիտի իմանա, թե ֆիդային ինչ ուղղությամբ անհայտացավ խավարի մեջ, ո՛ր ձորից ելավ և ո՛ր սարի լանջերով գնաց։ Գյուղ մտնելիս ֆիդայու իջևանը Հայ լեռնականի գոմի կամ մարագի մութ անկյունն Է։ Երբ ձմեռ Է, նա պետք Է գտնի որևէ քարայր և մտնի մեջը մինչև գարունը բացվի, կամ սառած ձյունը փորի և ծածկվի ձյունի տակ՝ մի աննշան ճեղք թողնելով լույսի և օդի համար։
Ֆիդային գերեզման չունի։ Նրա ամենամեծ բաղձանքը կռվի մեջ մեռնելն է՝ ազատության երգը շուրթերին և գընդակը ճակատին։
Այս էր այդ երգի բովանդակությունը։
Գևորգ Չաուշը կարծես արեց այդ երգի միջոցով ինձ հոգեբանորեն նախապատրաստել այն մեծ առօրյային, որ այնուհետև կազմելու էր իմ կյանքի իմաստը։
Ապա Սպաղանաց Մակարի պատվերով Ալադին Միսակը երգեց Արաբոյի երգը։
«Արաբո՜, Արաբո՜, ֆիդայությունը կրակե շապիկ է։ Հազար ընտրյալից մեկին է վիճակված այդ շապիկը հագնել, և դու առաջին ընտրյալն էիր Մշո դաշտում, որ այդ շապիկը հագար։
Արաբոն սպանվել է Գյալարաշի ձորում՝ իր նպատաԿին չհասած, բայց ժողովուրդը չի հավատում, թե նա մեռած է։ Կարծում է, թե նա ողջ է, և գործում է Սասնո լեռների մեջ։ Տիլիբոզ է Արաբոյի ձիու անունը։ Մառնիկա սարից դեպի Շմլակի կիրճը տանող ճանապարհին, Մ ուշից դեպի հարավ–արևելք կանգնած է առեղծվածային մի գագաթ — Սմբատասարը։ Այդ սարի վրա մի հին բերդ կա։ է՜յ, երանելի անցորդ, եթե բարձրանալու լինես դեպի այդ բերդը,. իմացիր, որ այնտեղ Արաբոն է ապրել և այդ սարի քերծերին է դիպել նրա նժույգի սմբակը։ Այդ սարի վրա էր, որ լուսահոգի Արաբոն, երբ առաջին անգամ Մշո դաշտը տեսավ, ասաց. «Ես որ Մշո դաշտը տեսա, էլ ընձի մահ չկա»։ Սմբատասարի հյուսիս և արևմտյան կողերը ժայռոտ են իրենց տակ բացվող անդունդով։ Այդ անդունդի միջով անցնող ջուրը գալիս է Մառնիկի վրա, անցնում է Հավատորիկի ձորով և Պստիկ բերդի տակով դնում թափվում է Մեղրագետ։ է՜յ» խելագար անցորդ, ինչու՞ ես մոլորվել Պնտխներ և Մառնիկ գյուղերի մեջտեղ։ Այնտեղ է հավերժորեն կանգնած Սմբատասարը։ Այդ լեռն ի վեր ելնելիս նժույգի մի հեռավոր ու խուլ խրխինջ կհասնի ականջիդ։ Մի՛ փորձիր իմանալ, թե որտեղից է գալիս այդ ձայնը՝ գետնի տակից, անդունդի միջից, թե երկնքից։ Մառնիկ գյուղի երիտասարդները, որ մոմիկներ վառելով ու հարդ թափելով են գտնում դեպի բերդի ներսը տանող ճամփան, չեն իմացել այդ գաղտնիքը, դու էլ չե՛ս իմանա։ Որքան դեպի վեր ելնես, այնքան խրխինջը կհզորանա։ Ժողովուրդը հավատացած է, որ դա Արաբոյի ձիու խրխինջն է։ Եվ քաջ ֆիդայիները տարին երկու անգամ դեպի Սմբատաբերդն են մագլցում Տիլիբոզի խրխինջը լսելու համար։ Արաբո՜, Արաբո՜, դու առաջին ընտրյալն էիր, որ ֆիդայության կրակե շապիկը հագար Մշո դաշտում»։ Արաբոյի երգը տակնուվրա արավ իմ հոգին։ Մի՞թե ես եղել էի այդ առասպելական հեծյալի հետ։ Մի՞թե նա ինձ նստեցրել էր իր հեքիաթային նժույգի թամբին։
Գևորգ Չաուշը նունպես խստորեն հուզվեց։ Ծերունի Մակարը գլուխը Գալեի թիկունքին դրած, հուզմունքից խածեց իր բեղի ծայրը.
— Թռնոքի,— գոչեց հայդուկապետը, կոճղի վրայից ելնելով։
Մեր ուսապարկերը հանեցինք, զենքերը հենեցինք ծառերին, ու պարն սկսվեց։
Ո՞վ է տեսել աշխարհում այդպիսի պար։ Նախ կանգնեցին որպես պարիսպ, ապա ցնցեցին ուսերը, թափ առան և խոյացան առաջ։ Տեսե՛ք ինչպես է պարում Փեթարա Իսրոն— Գևորգ Չաուշի կապարճակիրը։ Ուսերի վրայով իրար են հյուսվել Արտոնքա Ջնղոյի, Մշեցի Տիգրանի և Բամբկու Մելոյի թևերը։ Ոտքերի խրոխտ դոփյունով նետվում են առաջ և մոլեգին արագությամբ քաշվում ետ։ Գևորգ Չաուշը, քուրդ Հասանոն և Մառնկա Պողեն միասին են պարում։ Ինձ էլ քաշեցին շղթայի մեջ։ Իմ մեջքին ոլորվեցին Ալիզոնանցի Մուքոյի և Ծուռխաչ Հազարիկի ձեռքերը։ Հազարիկի մեջքին ծալվեց Հաջի Գևոյի բազուկը։ Ձիապան Բարսեղը, Ալադին Միսակը և Սեյդո Պողոսը միացան շղթային։
Ֆրանկ–Մոսոն էլ։
Ցրոնաց Մ ուշիկն ու Ավրանա Արամն էլ եկան։ «Բրինդարը» բորբոքեց անծուխ կրակ և Առղա Զորիկի և Աղջնա Վահանի հետ նետվեց պարի մեջ։ Պարի մեջ նետվեցին նաև դեղնած ականջներով Շմոն և ասորի Աբդելոն։ Սկսվեց «Ծափպարը»։
Այստեղ գլխավոր պարողները սասունցիները եղան։ Այդ ոչ թե պար էր, այլ հողմի շառաչ։ Զույգերով կանգնեցին ճակատ–ճակատի։ Ծունկի են իջնում, բարձրանում, օրորվում և պտույտներ գործելով ձեռքերը թափով բախում են իրար։ Նորից են չոքում, կռանում, կանգնում և նորից շառաչելով բախվում են միմյանց։ Միայն մի անգամ վրիպեց Արծիվ Պետոն։ Մորուքը ուշացավ։ Պետոն երեք անգամ պտույտ գործելով և ծաՓ զարկելով, Սպաղանաց Մակարին և Կարկուտ Թադեին՝շրջանցելով, ձեռքի թաթերը թափով իջեցրեց դիմացի զույգ կեչիներին։
Ու այսպես պարելով էլ նրանք հոգնած թափվեցին ծառերի տակ, իրենց զենքերի և ուսապարկերի վրա, իրենց պատանքների վրա։
=== ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐԸ ===
Այդ Գիշերը Գևորգ Չաուշը ինձ պահակ կարգեց անտառում։
Ահա գետնին երկարած կամ ծառերի բներին թիկն տըված պառկած են հայդուկները։ Պառկած են ամեն մեկը իր զենքը գրկած։ Ոմանք հարմար քարեր են դրել իրենց գլխատակին՝ վրան ուսապարկը իբրև բարձ։ Մեջքի վրա աժդահայի պես տարածվել է Սպաղանաց Մակարը։ Հոգնեց ծափպարից։ Խարույկի մոտ պպզելով կրակից հանեց կիսեփ խորովածի մի շաբան, վրայից թափ տվեց աժուխի կտորները և մոխրախաոն կերավ։ Մի հարված տվեց Գալեի մեջքին, մի թեթև հարված Փեթարա Մանուկի թիկունքին և Լաճկանցի Արթինի կողքից անցնելով, հոգնած շուռ եկավ նրանց մեջտեղ։ Պառկած է հանգիստ, գլուխը իր հբացանի խզակոթին դրած։ Հին է այդ հրացանը։ Նրա կոթը երկու անգամ նորոգել է Անդրանիկը՝ Տաղվրնիկի կիսամութ գոմում նըստած։
Չոլոն մեկնվել է Սպաղանաց Մակարի ոտքերի տակ, Արտոնքա Ջնդոյի կողքին։ Իսկ իր ծնկներին հանգչում է Ալադին Միսակի գլուխը։ Մորուք Կարոն և Արծիվ Պետռն հենց նոր քուն մտան մազոտ արաները իրենց վրա քաշելով։ Փեթարա Ախոն այնպես է պառկել, կարծես ինչ֊որ բան է փըսփըսում Մառնկա Պողեի ականջին, բայց իրապես փսփսա֊ ցողները Լաճկանցի Արթինը և Շենիքցի Մանուկն են։ Մանուկն ամուր գրկել է իր տասնոցը, իսկ Արթինը՝ Սմիթ ատրճանակը։
— Ա՜խ, թե քո տասնոցը կունենայի, — վերքին անգամ բավական լսելի ձայնով ասաց Լաճկանցի Արթինը և խռո՛վածի պես շուռ գալով, բազուկները ամուր ոլորեց ճակատի տակ։ Ծոծրակին երևում է մի մանգաղաձև վերք, որ արդեն սկսել է սպիանալ։
Սպիներ կան Ալիզոնանցի Մուքոյի և Մշեցի Տիգրանի թիկունքին։ Իսկ ո՞վ է հաշվել Սպաղանաց Գալեի, Փեթարա — Մանուկի և Փեթարա Ախոյի վերքերը։ Օ՜, եթե բաց անեք քեռի Մակարի թիկունքը։ Այնտեղ կան նոր սպիներ և կան հին սպիներ, որ մնացել են դեռևս հռչակավոր «Յոթ Գդալի» ժամանակներից։
Իսկ Շենիքցի Մանու՞կը։ Իսկ Չոլոն և Մորուք Կարապե՞տը։ Ապա վեր կաց կանգնիր, Փեթարա Իսրո, որ քո վերքերը հաշվեմ։ Իսրոն Գևորգ Չաուշի կապարճակիրն է։ Այն օրը, որ Գևորգ Չաուշը նրա հայրենի Փեթար գյուղը ազատեց բըռ֊ նակալ Յուսուֆից, Իսրոն զինվոր դարձավ նրան և իր մարմինը օծեց հերոսական վերքերով։
Մառնկա Պողեն ականջը հեռացրեց կապուտաչյա Ախոյից, շուռ գալով դեպի ձախակողմ, կարծես կամենալով նրան ասեի իսկ ես իմ կռուփով օգնեցի բալաքցի ավազակապետի ոչնչացմանը, նրա շքախումբը առաջնորդելով Շըմլակա կիրճի ամենանեղ տեղը և հանձնելով վրիժառու հայդուկների կատաղի գրոհին։ Քաջությամբ ինչո՞վ եմ քեզանից պակաս։
Ջնդոն էլ վերքեր ունի և Ալվաոինջու Սեյդոն էլ։ Ասորի Աբդելոն, որ բոլորովին վերջերս զինվորագրվեց, արդեն մի քանի թարմ դրոշմներ ունի իր մեջքին։ Բամբկու Մելոն էլ զերծ չէ վերքերից, ոչ էլ ձիապան Բարսեղը, կամ ՖրանկՄոսոն։ Կարկուտ Թադեի անրակը առաջին անգամ կարմիր ներկվեց Նեմրութի լանջին, երբ Աերոբ Աղբյուրից գաղտնի անզգույշ կրակում էր մի ժայռի չոքած։ Քուրդ Հասանոն կյանքը վտանգի տալով երկու անգամ մահից փրկել է Գևորգ Չաուշին։
Իսկ կարծում եք Ավրանա Արամ՞ը վերքեր չունի, կամ թեկուզ Ծուռխաչ Հազարիկը։ Այս հայդուկը դաշույնի մի ծուռ հարված ունի իր գոտկատեղում և ոսպաձև մի սպի փորի վրա։ Պատանքը տոպրակ է շինել և մտել մեջը։ Այդպես էլ քնած է։ Այդպես էլ գուցե մեռնի մոտակա կռիվներից մեկում, որովհետև կարճ է հայդուկի կյանքը. նա այսօր կա, վաղը՝ չկա։
Լուսնի շողքը մոլորվել է Մշեցի Տիգրանի մազոտ բլթակի վրա և փայլում է ինչպես մացառներում կորած հուլունք։ Նրա մի կողքին Ալվառինջու Սեյդոն է պառկած, մյուս կողքին՝ Ալիզռնանցի Մուքոն։ Սեյդոն ժպտում է քնի մեջ։ Երևի վանքի կռիվն է հիշում։ Մուքոյի զենքը չախմախլի էր։ Մի տարի առաջ նա գնաց Ալիզռնան, վաճառեց իր լծկանը և զինվեց մոսինով։
Արծիվ Պետոն էլ նոր զենք ունի և պառկել է հրացանը կրծքին սեղմած, ուսապարկը շալակին։ Նա հեռու է պառկած Մորուք Կարապետից և կարծես հեռվից ասում է նրան, «Է՜, Մորուք, Մորուք, դեռ ինչե՜ր պիտի անցնեն ու դառնան իմ ու քո գլխով»։
Առղա Զորիկն ու Ցրոնաց Մուշիկը քնել են մեջք-մեջքի տված։ Զորիկն իր աջ թևը դրել է գլխի տակ, ծածկելով Խաթավինի կռվում ստացած հին վերքի սպին։ Մուշիկի ճախ դաստակը Աղջնա վահանի ճակատին է հանգչում։ վահանի կողքին Բամբկու Մելոն է պառկել, գլուխը մի մեծ կրիայի կոտին դրած։
Լո-լո-լո՜. Հաջի Գևոյի հոգին Մանազկերտի սարերումն է։ Ահա նա պոկվեց Փրխուս գյուղից և գնաց միացավ Սերոբ Աղբյուրի խմբին։ Երազի պես հիշում է Մանազկերտի սարերը և լոլո է կանչում։ Հայդուկներից ոմանք նրան հենց այդպես էլ կոչում են — Լոլո Հաջի։
Կեսգիշերից առաջ եկավ Կամե Գասպարը։ Նա էլ իր «լոլոն» ունի։ Հիշում է, թե ինչպես կարմիրգլուխ ասկյարները բռնեցին իրեն Խոզվանքի ճանապարհին և հինգ փթանոց յուղով լի կճուճը պարանոցից կապած, քշեցին սարեսար, ստիպելով հայտնել ֆիդայիների թաքստոցը։ Ասկյարները Գիշերը սարի վրա կրակ վառեցին և նրա վրա մի զինված ասկյար պահակ դնելով, հոգնած քուն մտան։ Սասունցին մազե պարանը կամցուկ հանեց թևերից, ձեռքը գցեց ասկյարի վզին, խլեց նրա հրացանը և փախավ։ Այդ զենքն է այժմ նրա մոտ և դաշույնի մի դաժան հարված թիկունքի վրա։
Այդ հայդուկներից ամեն մեկը վերքերի և հին ու նոր սպիների մի թանգարան է։ Նույնիսկ Ալադին Միսակը, որ Գևորգ Չաուշի երգիչն է, մի քանի հիշատակներ ունի ֆիդայական կռիվների. ձախ ականջի կեսը չկա։ Կարճաթև աբայով ծածկել է թիկունքը, գլուխը Չոլոյի ծնկներին դրած։
Բոլորից հեռու Ծուղրուղու Շմոն է տարածվել։ Սրա ականջները թեև կռիվներից անվնաս են, բայց երկուսն էլ դեղնած։ Պառկել է երկու կոճղերի մեջտեղ։ Գլուխը չի երեվում, իսկ մի ականջը կարծես կոճղին կպած փչակ լինի։ Շմոն զայրացած է աշխարհի դեմ և մի ականջը գետնին սեղմած, մյուսը տնկած դեպի երկինք, սպասում է, որ արդարությունը մի առավոտ կարմիր աքաղաղի պես երևա աշխարհի տանիքին՝ բարձրագոչ շեփորելով, թե «Ռանչպար Շմո, ինչու ես պառկել Մառնիկի պաղ անտառում, ես եկա : վեր կաց, գնա քո պահած սերմը ցանիր քո երազած Հայաստանի դաշտերում»:
«Բրինդարը» պառկել է իր անծուխ խարույկի առաջ։ Միակ զինվորն է, որ ոչ մի սպի չունի։ Պառկել է մեջքով դեպի կրակը, կարծես ամաչելով իր ընկերներից։ Դիմացը անտառն է և լուսնի ցոլքը ծառերի բներին։ Նույնիսկ ծառերը վերք ունեն, իսկ ինքը չունի։
Կապարճակիր Իսրոյից և Հասանոյից ոչ հեռու, տերևախիտ կաղնու ոստոտ բթամատի վրա կիսաթեք հանգչում է Գևորգ Չաուշը։ Նրա հագուստը նույնիսկ ավելի անշուք է, քան իր զինվորներինը։ Կրծքին ունի խաչկապ փամփշտակալներ, երեք կարգ էլ մեջքի կողմից։ Մի թևը դրել է հեռադիտակին, իսկ մյուսը՝ «Արաբոյի» վրա։ «Արաբոն» իր զենքըն է։ Այդպես է կոչել իր հրացանը, ի հիշատակ Արաբոյի, որի զինվորն է եղել։ Հայդուկապետի պայուսակը երեք աչք ունի. մի աչքում կորեկալյուր է պահում, երկրորդում՝ գլգըլ, իսկ երրորդի մեջ՝ չորթան, որ նեղ ընկած միջոցին բաժանի իր զինվորներին։ Այդ պայուսակը սովորաբար Մառնըկա Պողեն է շալակում, որ թե հասակով և թե դիմագծերով շատ նման է իրեն։
Ֆիդայու ամեն մի վերքը, ամեն մի սպին դրոշմ է բռնակալության դեմ մղած անթիվ կռիվների։ Իսկ Գևորգ Չաուշի կռիվները շատ են։ Կռիվներ Սպաղանքի, Խոծոծի և Տատրակի մոտ։ Կռիվներ Իշխան–ձորում և ս. Աղբերիկի վրա։ Կըռիվներ Շմլակի Կարմիր ալուջների ձորում։ Ընդամենը մի ամիս առաջ ՛էր, որ նա հիմնահատակ բնաջնջեց Գեղաշենի ռես Ավեի գերդաստանը, մի կաղլիկ մանուկ թողնելով իբրև նմուշ նրա բովանդակ տոհմից:
Ուղիղ երեսուն և վեց հոգի են Գևորգ Չաուշի հայդուկները, ամեն մեկը մի տարբեր դիրքով և կերպարանքով պառկած։ Ընչանցքների ինչպիսի բազմազանություն. և ցից բեղը կա, և կախ ընկածը, և ոլորածը։
Սրանք են իմ սիրած դասերը։ Սա է այն այբուբենը, որ ես եկել եմ սովորելու։ Ոմանք քնած են, իսկ ոմանք նոր նիրհեցին։
Բայց մի՞թե քուն կա հայդուկի աչքին։
Տեսե՜ք, քեռի Մակարը արթնացավ։ Իմ կողքով ծանրաքայլ անցնելով, գնաց դեպի աղբյուրը։ Խմեց և թաց բեղերը քամելով, նորից պպզեց կաղնեփայտի հանգած կրակի մոտ։ Խառնեց տաք մոխիրը։ Մի քանի պատառ փայծախ էր մնացել կրակի տակ։ Փչեց վրայի ածուխները և կերավ։ Ապա ուղղեց մեջքի փամփշտակալները, ստուգեց զենքը և նայեց երկնքին։
Բույլքը ելել էր։
Շուտով կարթնանան կապուտաչյա Ախոն և Փեթարա Մանուկը։ Կելնեն Ալիզռնանցի Մուքոն և Աբդելոն Ասորի։ Մորուք Կարոն էլ ոտքի կելնի, Արծիվ Պետոն էլ։ Կբարձրանան քուրդ Հասանոն և Սեյդո Պողոսը։ Ջնդոն էլ շարժվեց։ Նստել է ծունկը ծնկին, գլխին թաշկինակ ծայրը աջ ականջին կախ, չորստակ փամփշտակալները կրծքին, հրացանը կողքին պահած։
Ժամն է, որ արթնանան Մշեցի Տիգրանը, Բամբկու Մելոն և Մառնկա Պողեն։ Աողա Զորիկը գլուխը բարձրացրեց, նայեց Արտոնքա Ջնդոյին, մի հայացք նետեց Ավրանա Արամի և Ցրոնաց Մուշիկի կողմը և աչքը հայդուկապետի վրայով սահեցնելով կանգ առավ իր կողքին պառկած Աղջնա Վահանի վրա։
Շուտով նրանք էլ կարթնանան։ Կարթնանան Ֆրանկ֊ Մոսոն, Լաճկանցի Արթինը և Գալեն։ Իսկ երբ Չոլոն շարժվեց՝ Ալադին Միսակը ոտքի վրա է։ Ոտքի կելնեն Փեթարա Իսրոն, Կարպուտ Թադեն և Շենիքցի Մանուկը։
Եվ Ծուռխաչ Հազարիկը։
Եվ «Քրինդարը»։
Եվ Լոլո Հաջին։
Իսկ Կամե Գասպարը վաղուց չկա։ Ադամամութն էր, երբ նա մեկնեց՝ ճանապարհին իր ծխամորճը թափ տալով Կուրավա Շմոյի ականջի մեջ, կարծելով, թե ծառի փչակ է։
Քիչ այն կողմը ինչ–որ փռշտոց է լսվում։ Դրանք Գևորգ Չաուշի և իր մի քանի հայդուկների ձիերն են։ Թամբած են և խուրջինները կապած։ Ամեն րոպե նրանք կարող են ցատկել դրանց թամբերին և սլանալ խավարի կամ կիսամութի մի֊ ջով։
=== ՀՐԱՇԱԳՈՐԾ ՄԱՂԸ ===
Պահակության հաջորդ շաբաթը Գևորգ Չաուշը ինձ պատվիրեց գնալ Դաշտի գյուղերը ալյուրի մաղ բերելու։ Շատ զարմացա այդ պատվերի համար։ Նրա խնդրածը այնքան հա֊ սարակ բան էր, որ ես նույնիսկ անհարմար գտա, որ Չաուշը ինձ պես երիտասարդին այդպիսի հանձնարարություն է տալիս։ Վիրավորվեցի իբրև տղամարդ։
Ես դեռ քիչ բան գիտեի ֆիդայիների առօրյայի մասին։ Մտածում էի, թե միգուցե ալյուր ունեն պահած որևէ տեղ, պետք է շտապ հաց թխվի և մաղ է հարկավոր։ Լսել էի մանավանդ, որ կռիվներից առաջ ֆիդայիները մեծ քանակությամբ հաց են թխում և թաքցնում այն տեղամասի տարբեր մասերում, ուր պետք է տեղի ունենար գալիք ճակատամարտը։ Բայց ճանապարհին սոսկալի մտքեր պաշարեցին ինձ։ Արդյոք Չաուշը մի չար դիտավորություն չունե՛՛ր նորից առիթ ստեղծելու, որ ես հանդիպեմ կանանց և ենթարկվեմ աղե֊ տաբեր փորձությունների։ Միթե նա չգիտի, որ մաղը սովորաբար կանայք են օգտագործում։ Ինչու նա ինձ կապեց տղամարդուն ոչ վայել այդպիսի մի գործի հետ։ Եթե նա ինձ հանձնարարեր բեռներով ալյուր տեզափոխել հայդուկների համար, ես սիրով հանձն կառնեի այդ ամբողջ պաշարը մեջքով փոխադրել իր ուզած տեղը, ուզած հեռավորությունից։ Իսկ մաղն ի՞նչ է> որ տղամարդը իրեն հպարտ զգա մաղ բերելու համար։ Այն էլ ինձ պես հայդուկը, որի պատանքը արդեն չափված–դրված է իր պայուսակի մեջ։ Բայց ինչ արած, կյանքում լինում են պահեր, որ մարդ ստիպված է գնալ նաև մաղի ետևից։
Շատ մարդիկ անցան, բայց ոչ մեկը մաղ չէր ծախում։
Սկսեցի վերհիշել, թե որ գյուղերում բարեկամներ կամ ազգականներ ունեմ։ Նրանցից որևէ մեկի մաղը կվերցնեմ և շտապ կտանեմ Գևորգ Չաուշին։ Հիշեցի, որ Տերգևանք գյուղում մորաքույր ունեմ։ Հայտնի հաց թխող է։ Կմտնեմ մորաքրոջս տուն, նրա ալյուրի մաղը կվերցնեմ և կվերադառ՛նամ Մառնիկի անտառը։ Եթե այդ էլ չեղավ, կգնամ Բերդակ և կփնտրեմ այն բերդակցու տան մաղը, որի սամիրով ճաշը կերել էի հողաչափի ժամանակ։
Տերգևանքը հայտնի ֆիդայի Մխո Շահենի գյուղն էր։ Իմ որոնած տունը գյուղի ծայրին էր, և դուռը՝ բաց։ Մշեցիք աշխատանքի գնալիս դռները չեն փակում։
Ներս մտա։ Ուղիղ իմ դիմաց պատից կախված էր իմ մորաքույր Ռեհանի բավական խոշոր մաղը։ Տանը ոչ ոք չկար։ Մաղը պատից ցած առա և հանգիստ քայլերով ելա շեմքից, դուռը բաց թողնելով այնպես, ինչպես որ կար։
Հպարտ քայլում եմ ճանապարհով, շտապելով Բերդակի մոտով հասնել Մառնիկի սարը և ներկայանալ Գևորգ Չաուշին։ Սակայն Բերդակին չհասած հրաձգության ձայն լսեցի։ Տեսնեմ՝ անթիվ–անհամար քրդեր և օսմանլոլ զորք Բերդակի մոտ կռվի են բռնվել մի քանի ֆիդայիների հետ։ Երկուսին ճանաչեցի» մեկը Գևորգ Չաուշն էր, իսկ մյուսը՝ Գալեն։ Անհավասար կռիվ էր, և Գևորգն ու Գալեն շատ նեղն էին ընկած։ Երբ ավելի մոտեցա, տեսա մի երկրորդ քարաժայռի ետև դիրք մտած կրակում են Մառնկա Պողեն, Ալվառինջու Սեյդոն և Մշեցի Տիգրանը։ Բամբկու Մելոն էլ այնտեղ էր։ Նա և Ջնդոն փոխնեփոխ կրակում էին մի հրացանով։
Ընդամենը մի քանի ժամ չկար, որ բաժանվել էի և հանկարծ վերադարձիս ճանապարհին դեմ եմ առնում մի կատարյալ ճակատամարտի։ Ես անմիջապես խլեցի սպանված զինվորներից մեկի հրացանը և շտապեցի միանալ ֆիդայիներին՝ առանց իմ մաղից բաժանվելու։ Հենց որ մոտեցա Գևորգ Չաուշին և Գալեին՝ որոտաց ուժգին համազարկ։ Ուշադրություն գրավելու համար, թե խորամանկությամբ, ես մաղը վեր բարձրացրի, որոտաց երկրորդ համազարկը։ Մաղը տարա դեպի աջ և դեպի ձախ համապատասխանորեն թեքելով իմ գլուխը։ Մաղի ամեն մի շարժումին հետևում էր մի համազարկ։ Ու հանկարծ թանձր մշուշ իջավ լեռան վրա։ Ես մաղը մի քանի անգամ մշուշի միջով աջ ու ձախ տարա և բարձրացրի վեր։ Եվ ի՜նչ, թշնամին խուճապահար ետ դարձավ։ Երկու հազարից ավելի թուրքեր և քրդեր աղաղակելով սկսեցին փախչել։ Ու բերնեբերան տարածվեց սուլթանի զորքի մեջ և ամբողջ Մշո դաշտում, թե Գևորգ Չաուշի կողքին երևացել է մի մարդ՝ ձեռքին վահանի նմանությամբ մի նորահնար զենք, որ անխոցելի է գնդակների դեմ։ Որ եթե այդ մարդը խաղում է այդ գործիքի հետ կամ մատներով դիպչում նրան, երկնքից կրակ է թափվում։ Որ ֆիդայիները սուլթանի զորքի դեմ պաշտպանվում են մաղի ձևով շինված մի կլոր զենքով։ Պատմում էին, որ նույնիսկ աստվածն է պաշտպան կանգնում հայ ֆիդայիներին՝ վերևից մշուշ իջեցնելով լեռ՜ ներին, որի միջից միայն այդ մազանման գործիքն է երևում և Գևորգ Չաուշի գլուխը, կողքին՝ զենքը բռնած այդ հսկա մարդու կերպարանքը…
Որ ոչ միայն Գևորգ Չաուշի, այլև նրա բոլոր հայդուկների պարանոցից զորավոր հմայիլ է կախված։
Եվ երգեր հորինեցին Գևորգ Չաուշի վրա, նրան դարձնելով առասպելական հերոս, թե նա այնքան քաջ է, որ թըշնամու գնդակները մաղով է ժողովում։
Ու տերգևանքցի իմ խեղճ մորաքրոջ մաղի հետ կապված Բերդակի կռվի այդ զարմանալի պատմությունը գնաց հասավ սուլթան Համիդի ականջը, օսմանյան կայսրության բոլոր ծայրամասերը թնդացնելով հայ ֆիդայիների անօրինակ խիզախության համբավով։
Մառախուղը գնալով այնպես թանձրացավ մեր շուրջը, որ մենք ապահով կարող էինք հեռանալ Բերդակի սարից։ Իմ մաղը մի անգամ էլ հաղթական բարձրացավ օղի մեջ, փայլեց արևի տակ և անհետացավ մշուշում,
Գնալու ժամանակ նկատեցինք, որ Գալեն ծանր վիրավորված էր թևից։ Մառնկա Պողեն և Արտոնքա Ջնդոն նրան Խութա սարերով տարան դեպի Սասնո կողմերը։
Ալվառինջու Սեյդոն իմ հրաշագործ մաղը ձեռքին Բամբկու Մելոյի հետ բարձրացավ դեպի իր քերծը, իսկ ես և Գևորգ Չաուշը բռնեցինք Ֆարխինի ճամփան։
Ֆարխինում Գևորգը ծանոթ լրաբերներ ուներ, որոնք տեղեկացրին իրեն, թե ռոմի թուրքերը շատ մտահոգված են հայերի նորահնար զենքով և այդ կապակցությամբ նույն օրը Ֆարխինի մեջ օսման սպաների գաղտնի ժողով կա։
Հայդուկապետը ծպտվեց թուրք սպայի հագուստով, ինձ էլ ասկյարի շոր հագցրեց և երեկոյան մտավ սպաների ժողովասրահը։
Բոլորը ոտքի ելան, բարևեցին և խնդրեցին, որ ինքն էլ մասնակցի ժողովին։
Հարցրին իրեն.
— Որտեղի՞ց կուգաս։
— Վանից կուգամ և Պոլիս կերթամ, — ասաց Գևորգը։
— Երևի լսած կաք Բերդակի կռվի և Գևորգ Չաուշի նորահնար զենքի մասին։
— Լսած կամ»
— Վանքի կռվից հետո դա ամենաահեղ ղենքն է, որ հնարել են հայերը Գևորգ Չաուշի ղեկավարությամբ։
— Այո, այդ առթիվ սուլթանը շատ մտահոգ է։
— Եվ, երևի, այդ գործով էլ Պոլիս եք կանչված։
— Այդ արդեն իմ և սուլթանի գիտենալիք գործն է, — կարճ կապեց Գևորգը։
— Դե, նստիր, նստիր, քո ներկայությունը մեր ժողովին շատ կարևոր է և սլատվավոր։
— Սեղանի վրա միայն մե՛կ օրակարգ կա, — ասաց նախագահը։— Գևորգ Չաուշի գլուխը բերողին հազար կարմիր ոսկի կա. այդպես է խոստացել սութլան Համիդը։ Ձեզ ո՞վ պիտի բերե Գևորգ Չաուշի գլուխը, — հարցրեց ժողովի նախագահը սպաներին։
Բոլոր սպաները ապշած իրար երես նայեցին։ Որևէ մեկը չհամաձայնեց։ Լռեցին ամենքն էլ։
— Ո՞վ պիտի բերե, — նորից հնչեց նախագահի ձայնը։
Քիչ հետո Գևորգը մատ բարձրացրեց.
— Ես պիտի բերեմ Գևորգ Չաուշի գլուխը, պարոն նախագահ, — ասաց Գևորգ Չաուշը։
— Դու՞ք... չեմ կարծում.
— Չե՞ս կարծում... Ա՛ռ, սա Գևորգ Չաուշի գլուխն է, — ասաց հայդուկապետը դեպի նախագահը երկարելով իր գըլուխը, — այդ Հազար ոսկին էլ տար դիր քո կնկա վարտիքի մեջ։
Սարսափ տիրեց բոլոր սպաներին։
Գևորգ Չաուշն ասաց իր խոսքն ու քայլեց, ես էլ ետևից դուրս եկա։
Ֆարխինից վերադարձին իմացանք, որ Մառնկա Պողեն և Արտոնքա Ջնդոն վիրավոր Գալեին ճանապարհին իջեցրել էին Ղասմբեկի քյոշկը և ապավինել նրա կնոջը՝ Ջեմիլի խնամքին, որը հանձն էր առել բուժել վիրավոր Գալեի թևը։
=== ԻՄ ՊԱՇՏՈՆՍ է ՓՈՒՔՍ ՓՉԵԼ ===
Մաղի պատմությունը այնպես էր ոգևորել Գևորգ Չաուշին, որ կարծում էր, թե ես ամեն գործի ընդունակ եմ։ Մի օր կանչեց թե՝ մի շատ հեռու տեղ պիտի երթաս։
— Որտե՞ղ, — հարցրի։
— Բերդաքաղաք, գուցե և ավելի հեռու։ Բերդաքաղաք նա Կարս քաղաքին էր ասում։ Ասաց, որ պետք է գնամ փամփուշտ բերելու։ Բացատրեց, թե այնտեղ հասնելիս ո՛ր փողոցի ո՛ր անկյունում ո՛վ պիտի դիմավորի ինձ։ Տվեց նաև մի քանի օգտակար խորհուրդներ ճանապարհի համար, որոնցից մեկը «էշն ընկել է գլգըլ պայմանական խոսքն էր, որ նշանակում էր թե՝ զգու՜յշ, այստեղ համիդիե կա։
Կարգադրության դեմ առարկել չէի կարող։ Այդ արդեն տղամարդուն վայել գործ էր և ես պարտավորվեցի մեկնել։
Ինձ հետ դրեց նաև Մշեցի Տիգրանին, այն երիտասարդ հայդուկին, որ աոաջին օրը համարձակ տնտղել էր իմ մեջքը իմանալու, թե ես լա՞վ մատաղացու եմ, թե ոչ և հեռվից իմ Հասակը չափելով, երեք արշին կտավ էր տվել ինձ պատանքի Համար։ Տիգրանը դաշտեցի քաջ տղամարդ էր Վարդենիս գյուղից։ Հմուտ լեռնագնաց էր և շալակը ծանր բեռների վարժված։ Միաժամանակ լավ քրդախոս էր և ավելի քաջատեղյակ երկրի պատմությանը և սովորույթներին, քան ես։ Մի թերություն ուներ. երբեմն արագ բռնկվում էր՝ նետվելով վտանգավոր արկածների մեջ։ Տիգրանն ասում էր, որ իրենք Սասունից են տեղափոխվել Դաշտ և իր մեջ միահյուսված են սասունցու աներկյուղ նկարագիրը և մշեցու տաքարյուն բնավորությունը։ Մի բանից էր խստորեն դժգոհում. Հոնքերը և այտերի կարմրությունը կանացիական էին և նա իր թավ բեղերը հաճախ դեպի վեր ոլորելով, աշխատում էր մեղմացնել այդ քնքշությունը։
Փոխեցինք մեր ֆիգայական հագուստը, հագանք հայ գեղջկական շորեր և ճամփա ելանք։ Ես՝ առանց զենքի, իսկ Տիգրանը փորի վրա իր տասնոց ատրճանակը կապած։
Մենք ընտրեցինք մի դժվար ուղի, որ ոչ մի հայդուկ մինչև այդ անցած չկար։ Ոզմի, Մոկսի և Շատախի սարերով պիտի թափանցեինք Բերկրի, այնտեղից՝ Բերդաքաղաք։
Այդ տաժանելի ճանապարհը թեթևացնելու և, մասամբ էլ, երևի, ինձ իր գիտությամբ զարմացնելու համար, Տիգրանը ասում էր, որ այդ ճանապարհով մոտ երեք հազար տարի առաջ հելեն զորավար Քսենոֆոնն է իր զորքը Բիթ֊ լիս քաղաքի լեռնանցքով իջեցրել Մշո դաշտ, հասնելով մինչև իրենց գյուղի սահմանները։
Մշեցի Տիգրանը կարճկանցի մի ծանոթ ուներ։ Նա մեզ զգուշացրեց, որ թեև այդ ուղղությունը նախընտրելի է, բայց զուրկ չէ վտանգներից։ Կարճկանցին կլայեկագործ էր և փուքս փչող ու պղինձ մաքրող էր որոնում, որ իր հետ գնան այդ կողմերը, ամաններ կլայեկելու։ Ես փուքս փչող դարձա, իսկ Մշեցի Տիգրանը համաձայնեց դառնալ պղինձ մաքրող։ Հետևյալ առավոտ ընկերս շալակեց պղինձը, կարճկանցին վերցրեց կլայեկն ու հացի կապոցը, իսկ ես՝ փուքսահանը, և բըռնեցինք Ոզմի ճամփան։
Ոզմը հայկական մեծ գյուղ էր քարքարոտ մի բլուր ի վրա, ձորի մեջ։ Շրջապատված էր Բարվարի քրդերով։ Այդ ամբողջ գյուղը ծագել ու ճյուղավորվել էր հին ու հերոսական մի տոհմից։ Սրանք իրենց գյուղը դրսից աղջիկ չէին բերում, որ իրենց տոհմական արյունը չխաթարվի։
Ոզմեցիք արհեստով թաղիքագործ էին։ Դեռևս 1Տ֊րդ դարից Ոզմը եղել էր հայ ռազմիկների արծվաբույնը։ Սակայն Բարվարի քրդերը կապալ էին դրել ոզմեցոց վրա։ Ոզմեցի քաջակորով Լաթոն իր հայրենակիցներին կազմակերպելով կռվի էր ելել քրդական իշխանավորների դեմ և Ոզմը ազատագրել ճնշումից ու հարկերից։ Պարտված աղաները թուղթ էին ուղարկել ոզմեցի Լա թոյին, Ոզմը ճանաչելով իբրև հայկական անկախ ազնվապետություն։
Կարճկանցին մեզ տարավ ոզմեցի Լաթոյի տունը։ Սրանք ամբողջ ընտանիքով գզրար էին։ Տանուտեր Լաթոն և տան բոլոր տղամարդիկ հագած էին բրդոտ աբաներ առանց թևերի, լայն շալվարներ առանց գրպանների և մինչև ծնկները քաշած մազե գուլպաներ։
Թոնիրը երկրորդ հարկումն էր և կախովի։ Տակը անասունների գոմն էր։ Մեզ հյուրասիրեցին ձավարի փլավով։ Ուտելու ժամանակ գզրար Լաթոն ասաց. «Կանթ, խասքաշի վրեն պսպղուն չկա»։ Տանտիկինը պատասխանեց. «Դիք, պսպղուն վանք ի»։ Կարճկանցին ասաց, որ դա ոզմեցիների ծածկալեզուն է. նշանակում է՝ «Կնիկ, փլավի վրա յուղ չկա», իսկ կինը թե՝ «էրիկ, յուղի սակավություն է»։
Ոչ միայն յուղի սակավություն էր, այլև այգ գավառի մեջ անկողին գործածելու սովորություն չկար։ Բոլորը պառկում էին թոնրի շրթին, իրենց վրա քաշելով հաստ թաղիքներ։ Մենք էլ այդպես գիշերեցինք, մեզ վրա առնելով մեկական թաղիք, որ գզրար Լաթոն էր պատրաստել՝ հետը խառնելով նաև արջի բուրդ։ Գլխներիս տակ դրեցինք խոտով լցված գնդաձև բարձեր, այնքան կոշտ ու ծանր, որ դժվարությամբ էին շարժվում։
Աքլորականչին Տիգրանը պղնձե մեծ ամանի մեջ ավազ լցրեց, վրան փռեց մի թաց շոր և բոբիկ ոտներով մեջը մըտավ, սկսեց եռանդով աշխատել։ Ես փուքսահանը գործի դնելով թեժացրի կրակը, կարճկանցի վարպետին հրավիրելով կլայեկ զարկել։
Մինչ նա առաջին ամանը կավարտեր, մշեցին արդեն մտել էր չորրորդ պղնձի մեջ։ Շատ ոզմեցիք հավաքվեցին գզրար Լաթոյի տուն և մենք մինչև կեսօր բոլորի պղինձները կլայեկեցինք։
Կարճկանցի վարպետն ասաց. «էսօր ծերունին տուն չէ», որ իրենց ծածկալեզվով նշանակում էր. «Էսօր մեր գործը հաչող է», և մենք այդ հաջողությամբ էլ Ողմից դուրս դալով՝ բռնեցինք Մոկսի կածանները։
Բույլ–բույլ երփներանգ ծաղիկներ ներկել էին քար ու քարափ։ Մի խումբ մոկաց բանջարքաղ աղջիկներ, ոտքերը ժայռից կախած, հաց էին ուտում ճանապարհին, մեկը մյուսից֊ գեղեցիկ և բոլորը կարմիր սոլերով։
— Ախպեր ջան, ի՜նչ կլինի մեր ոտքերը իրարից բաժանես, խառնվել են իրար, — կլայեկագործին դիմելով ասաց մի չարաճճի աղջիկ։
— Կարմիր սոլեր ենք հագել ու մեր ոտքերը խառնվել են, օգնի՛ր, որ մեր ոտքերը գտնենք, — ավելացրեց մեկ ուրիշ չարաճճի։
— Մենք երեք ենք, մեզանից որի՛՛ն եք ուզում, որ ձեր ոտքերը իրարից բաժանի։
— Փուքս փչողը։
— Ոչ, կլայեկ զարկողը, — պոռթկաց կողքի կարմրաթուշ ընկերուհին։
— Պղինձ մաքրողը, — այս ու այն կողմից բացականչեցին գեղջուկ աղջիկները, իրենց ոտքերը ավելի խճճելով իրար։
Կարճկանցին մոտեցավ և ձեռքի վարոցով թեթև հարվածեց նրանց սրունքներին։
— Վա՛յ, ախպեր ջան, դու որ չլինեիր, մեր ոտքերը կըխառնվեին իրար, — հրհռացին մոկաց հարսները, ոտքերը արագությամբ փախցնելով ժայռից։
Մոկսը ձորի մեջ էր, գետի ափին։
Անցանք Մոկսը և Առնոսի լեռնանցքով շարժվեցինք դեպի Շատախ։ Մոկսի և Շատախի մարդիկ սասունցիների պես էին հագնված։ Կեսգիշերով հասանք ճնուկ և օթևանեցինք գյուղապետի տանը, որի ամաններին թիվ ու համրանք չկար։ Մոտ հարյուր տարեկան էր ռես Կարապետը և այնքան հարուստ, որ կարող էր միանգամից հյուրընկալել հարյուր ձիավոր։ Երկու օրում հազիվ կարողացանք նրա բոլոր պղինձները կլայեկեր Իմ փուքսահանը փչացավ և ես ստիպված եղա բերանով փչել գործի դնելով իմ այտերի ու թոքերի ամբողջ զորությունը։ Ռես Կարապետը շատ գոհ մնաց մեր ծառայությունից և մեզ թմբուկներով ճանապարհ դրեց դեպի հաջորդ բնակավայրը, Բրդոտ արաներ և շալե վարտիքներ հագած երեք թմբկահար հաղթական գնում էին մեր առջևից, որոնց թմբուկների կաշին արջի մորթուց էր շինված և շատ ուժեղ ձայն էր արձակում։ Մեկի կաշին լրիվ մշակված չէր և արջի պոչը վեր ու վար էր անում թմբուկի տակից։ Մեր առաջնորդը ռես Կարապետի հարևանն էր՝ Գիլո անունով, որ ձեռքով մի քանի արջ ու գայլ էր խեղդել Շատախի անտառում։
Արշավի ընթացքում Գիլոն հանկարծ դադարեցրեց թըմբկահարությունը և մեզ ցույց տվեց Մեդնքար կոչվող մի քարայր, որտեղ ժամանակին պատսպարվել էր Խանասարի կռվի հերոս Սևքարեցի Սաքոն՝ շատախցի մի խումբ հայդուկների հետ։
— Ո՞վ էր Սաքոն, — հարցրի։
— Ռուսաց Հայաստանի Սև Քար գյուղից էր։
— Այդքան հեռվից մեր երկի՞րն էր եկել և ապրում էր քարայրու՞մ։
— Սաքոն իր ազգի և աշխարհի բոլոր հալածվածների համար գլուխը դրած մի խենթ էր, դարդիման մի դերվիշ, որ կռվի դաշտում զենք էր բանեցնում, իսկ բանտի մեջ՝ սազ։ Մեր կողմերում երգ կա նրա մասին. «Որտեղ տեսա Սևքարեցի, քո պատճառով շատ սիրեցի»։
— Իսկ մենք մի՞թե խենթ չենք, — նկատեց Մշեցի Տիգրանը և ընչացքները կարմիր այտերին ոլորելով, հրամայեց թմբուկները զարկել։
Գիլոն ուժգին թմբկահարությամբ մեզ հասցրեց Թաղ, որ Շատախի կենտրոնն էր։ Թաղում մնացինք երեք օր, շատ ամաններ կլայեկելով։ Ապա անցանք Ծաղկավանք և հռչակավոր Փեսան–Դաշտով շարժվեցինք առաջ։ Այնքան լավ էինք աշխատել, որ մեր համբավը հասել էր լեռնական քրդերին։ Նրանք եկան և մեզ տարան իրենց սարերը։ Ես առաջվա պես եռանդով փուքս էի փչում, Տիգրանը մաքրում էր պղինձները, իսկ կարճկանցի վարպետը կլայեկ էր զարկում։ Մեր մասին իմացավ Մոկաց գավառի մեծանուն իշխան Մուռթլա Բեկը, որ ոզմեցի Լաթոյի հետ աշխատում էր հիմնել քուրդհայկական մի անկախ պետություն։ Բեկի խանումները հերթով բերում էին իրենց կաթի և մածնի ամանները, ամեն տեսակի ու չափսի, և մենք բոլորին գոհ էինք ձգում: Խանումներից մեկը, Չալխի անունով, նունիսկ սիրահարվեց Մշեցի Տիգրանին.
— Մյուս տարի դարձյալ եկեք, — ասաց Չալխին բաժանվելիս։
— Մեր գործը կլայեկ զարկելն է, խանում, իհարկե կըգանք, — ասաց Տիգրանը։ Նա հառաչելով վերցրեց իր պղինձը, կարճկանցին իր կլայեկն ու հացի շալակը, իսկ ես փուքս փչելու գործիքը, և նորից ընկանք ճանապարհ։
Մի նեղ ձորի մեջ մեզ բռնեցին..
— Ու՞ր կերթաք, — հարցրին։
— Չե՞ք տեսնում, որ կլայեկ զարկող ենք և պղինձներ մաքրելու կերթանք, — նեղացած խոսեց կարճկանցին։ — Սա իմ փուքս փչողն է, իսկ սա՝ իմ պղինձ մաքրողը։ Ռես Գենջոյի խանումն է մեզ կանչել։
— Ո՞ր սարից եք գալիս։
— Մուռթլա Բեկի։
Կարճկանցի վարպետի համարձակ խոսքը համիդիե ձիավորների ուշադրությունը ցրեց։ Նրանք քառատրոփ հեռացան, ոչ մի կարևորություն չտալով մեզ։
Ճանապարհին ինքս ինձ մտածում էի. փուքս փչող էլ դարձա։ Մտքումս խնդում էի Մշեցի Տիգրանի վրա, որ պղնձամանը մեջքին կապած կռացած գնում էր կարճկանցի կլայեկագործի ետևից։ Ֆիդային ինչե՜ր ասես պատրաստ չի կատարելու ի սեր նպատակի։
Ռես Գենջոյի խանումը մեզ շատ սիրալիր ընդունեց և մի շաբաթ պահեց իր օբայում։ Նա նույնպես սիրահարվեց՝ բայց կարճկանցի վարպետին։
Այսպես հաջող անցավ ամեն ինչ, թե չէ կարող էին մեզ բռնել և առաջնորդել Բաղեշի բանտը, այս անգամ անշուշտ հարյուր և մեկ տարվա բերդարգելության սպառնալիքով կամ կախաղանի։ Առհասարակ ամեն արհեստ պիտանի է կյանքում, նույնիսկ փուքս փչելը։
Մենք Վան չմտանք։ Քաղաքն իր այգեստանով մնաց արևմուտք։
Կարճկանցի կլայեկագործը մեզ Հայոց ձորով ապահով հասցրեց Արջակի տակ և վերադարձավ Կարճկան, իր հետ տանելով պղինձն ու փուքսահանը։
=== ՓՈՒՔՍ ՓՉԵԼՈՒ ՓՈՐՁԱՆՔԸ ===
Ես և Մշեցի Տիգրանը Ալյուր գյուղի մոտով շարժվեցինք դեպի Պստիկ Գեղ։ էս Տիգրանը մոտակայքում մի բրուտանոց տեսավ, թե՝
— Եկ, մտնենք մի բղբղիկ առնենք ճանապարհի համար։— Ու սկսեց մի գլուխ գովել վանեցի բրուտներին, նրանց շինած ամանները համարելով ամենալավը աշխարհում։
Բղթղիկ կամ պդջռւր ասածդ ջրի փոքրիկ կուժ է, որ խըմելու ժամանակ բղբղալով ձայներ է հանում։ Ես առարկեցի՝ ասելով, թե բրուտանոցում աման չեն վաճառում, դրա համար հարկավոր կլինի շուկա գնալ։
— Քո ի՞նչ գործն է, ես բղբղիկը հենց էս բրուտի արհեստանոցից կառնեմ, — համառեց իմ ուղեկիցը։ Ինչպես եղավ՝ համաձայնեցի, որովհետև երկար ճանապարհ էինք անցնելու և մեզ իսկապես կավե մի փոքրիկ ջրաման էր պետք։
Երանի չմտնեինք այդ բրուտանոցը։ Այդտեղ էր, որ փուքս փչելը փորձանք դարձավ իմ գլխին։
Տիգրանի տեսած բրուտանոցը կլոր տանիքով մի տնակ էր՝ խլուրդի բույն հիշեցնող։ Պատի տակ ներսի կողմից շարված էին ամեն չափսի ու ձևի կավե խեցիներ, խոշոր կարասներից սկսած մինչև ջնարակված ծափկիկն ու խլուշիկը։ Կային բոլորովին նոր թրծված շատ գեղեցիկ բղբղիկներ և կճուճներ՝ ոլորուն կանթերով, բոլորն էլ շինված շիկավուն կաղջինից։
Եվ կային փարչեր տեսակ-տեսակ նախշերով զարդարված։
Բրուտը, որ կարճ ոտքերով և ծանր ականջներով մի տղամարդ էր, չգիտեմ ինչից ենթադրեց, թե մեզ թթվի կամ ղաուրմայի աման է հարկավոր, և պատի տակ շարված կարասներից մեկը գրկելով բերեց դրեց մեր առաջ։
Տիգրանը ինձ աչքով արեց, կամենալով հասկացնել, թե գործը գլուխ է գալիս առանց շուկա գնալու. որ այդ բրուտանոցից ոչ միայն ջրաման, այլև մի ամբողջ կարաս կարելի է առնել։
— էսոր միջի թթուն անմահակթան ի, իսկ ղաուրման՝ առավել։ Տարողությունն է մեկ երինջ և երկու ոչխարի դմակ։
— Մեզ բղբղիկ է հարկավոր, քեռի,— կարճ կապեց Մշեցի Տիգրանը։
— Ի՞նչ ասացիր,— ձեռքով ձախ ականջի մազոտ բլթակը խոսակցի բերանին մոտեցնելով հարցրեց ծերունին։
— Ասում եմ՝ մեզ բղբղիկ է հարկավոր։
— Բղի՞կ։ Էսա բղիկ ի, մեծ կարաս։
Տեսնելով, որ ծանր է լսում, մեր ձայնը բարձրացրինք։
— Ոչ թե բղիկ, այլ բղբղիկ,— ուղղեց Տիգրանը։
— Մարդավարի խոսեք՝ բան հասկանանք։ Ձեր ուզածն
Ի՞նչ է։
— Մեր ուզածը կուժ է։
— Ջրի՞ կուժ։
— Հա, ջուր խմելու փարչ,— ավելացրի ես, համարյա գռռալով նրա ականջի մեջ։
— Դե, էդպես ասեք, մարդ աստծո, էլ ու՞ր եք գործը կարասներից բռնել։ Դուք կերևի ղաուրման ու թթուն կերել եք, հիմա էլ կուզեք վրան պաղ ջուր խմել։ Հասկացա,— հեգնախառն՝ վրա բերեց բրուտը և կարասը գրկելով տարավ դըրեց տեղը ու մի փոքրիկ ջրաման առնելով՝ ետ եկավ։
— էսա փարչ հարմա՞ր ի։
— Հարմար է,— ասացի։ — Իսկ և իսկ մեր ուզած բղբղիկն է։
Տիգրանն էլ հավանեց և ասաց, որ շատ հարմար է ճանապարհի հարմար։
— Բայց մի պայմանով քո կուժը կառնենք,— ավելացրի ես։
— Ի՞նչ պայման,— զարմացավ բրուտը աչքերը մանր կըկոցելով և այս անգամ մյուս ականջի բլթակը բարկացած դեմ անելով մեզ։
— Որ կժի մեջ փչեմ՝ չպայթի, էն կուժը կառնեմ։
— Քո քեֆն է,— ասաց ծերունին,— ես իմ շինածի տերն եմ։ Նա, ով գիտի, որ կխաբի, խոստում ու գովեստ բեռով կթափի, իսկ վասպուրականցու ձեռքի գործը էն գլխից գովական ի, ավելորդ գովեստի պետք չունի։
— Որ պայթեց՝ չեմ առնի,— զգուշացրի ես,— վնասը քո հաշվին կգնա։
— Համաձայն եմ,— հարեց վանեցի արհեստավորը և կուժը համ արձակ երկարեց ինձ։
— Անունդ կարելի՞ է իմանալ,— հարցրի։
— Անունս ճուռոյի Նազար ի։ Իսկ կարելի՞ է իմանալ, թե դուք որ կողմից եք։
— Մշո կողմից։
— Ես էդպես էլ դիտեի։
— Ուրեմն մեր պայմանը անխախտ է, քեռի Նազար,— ասացի ես, նորից կռանալով նրա ականջին։
— Անխախտ ի,— հաստատեց ծերունին։
Ես բղբղիկը շուռումուռ տվեցի։ Իսկապես շատ սիրուն խեցի էր։ Մոտեցրի բերանիս և ինքնաբերաբար փչեցի մեջը։ Կտորները ցրիվ եկան, իսկ կանթը մնաց ձեռքիս մեջ։
Ճուռո Նազարը շատ զարմացավ պատահածի վրա և խայտառակությունը ծածկելու համար, արագությամբ ինձ տվեց երկրորդ, անհամեմատ լավ թրծված կուժը։
Դարձյալ փչեցի ու դարձյալ կուժը պայթեց։
— Դու փուքս փչո՞ղ ես։
— Հա,— ասացի,— փուքս փչող եմ։— Ճուռո Նազարը տվեց ինձ երրորդ կուժը։ Երրորդն էլ պայթեց։ Չորրորդն էլ ես վերցրի։ Սա էլ չդիմացավ։
Տեսնելով, որ իր բրուտանոցում կուժ չի մնալու, Նազարը բարկացած առաջարկեց մեզ դուրս գալ իր արհեստանոցից։ Բայց Մշեցի Տիգրանը համառեց և ուզում էր անպայ~ ման մի փարչ վերցնել ճանապարհի համար։
— Հարկավոր չի, շուտ դուրս եկեք իմ բրուտանոցից,— գռռաց կավագործ վանեցին, հավանաբար վախենալով, որ գյուղացիները կիմանան և այլևս իր ամանեղենը գնորդ չի ունենա շուկայում։
— Դուք եկել եք կու՞ժ առնելու, թե իմ կճուճները կոտրելու։
— Մենք ինչո՞վ ենք մեղավոր, որ քո ամանները ընտիր կավից չեն շինված,— ասաց Տիգրանը և կռանալով ու հինգերորդ կուժը վերցնելով երկարեց ինձ։
— Ցած դիր իմ կուժը։ Վասպուրականցի հայը առաջինն էր աշխարհում, որ կաղջին կավից խեցի շինեց և ձեզ պես վայրենիներին սովորեցրեց ամանով ջուր խմել և ոչ թե գլխարկով։
— Ո՞վ է գլխարկով ջուր խմում։
— Դուք։ Բոլոր մշեցիներդ էլ գլխարկով եք ջուր խմում։ Աչքովս եմ տեսել։
— Մշեցին երբ կավից պուտուկ էր շինում, դուք դեռ տառեխ եփել չգիտեիք,— տաքացավ Տիգրանը։— Քսենոֆոնի զորքը առաջին քաղցրահամ գինիները Մշո կարասներից է խմել։ Մինչև հիմա էլ, երբ մարդիկ ուզում են կավից շինված մի ընտիր բան առնել՝ իջնում են Մշո դաշտ։ Ավզուտ գյուղի անունը լսա՞ծ կաս։
— Չեմ լսել, չեմ էլ ուզի լսել։ Իմ աշխարհը Վասպուրականն ի՝ փառաց օթևան ու մեր Պստիկ Գեղը։
— Ինչու՞ ես նեղանում։ Մենք քեզ ասացինք, որը դիմացկուն է, էն էլ կվերցնենք։ Պայմանը խախտված չէ,— բացատրեցի ես։— Մենք ճամփորդ մարդ ենք և մեզ ընտիր կավից շինված մի խեցի է հարկավոր։
— Ճամփորդ մարդու կուժը պետք է շատ ամուր լինի,— վրա բերեց Տիգրանը։
— Ես ձեզ համար ծախու կուժ չունեմ, հեռացեք էստեղից,— նորից զայրալից գոռաց Ճուռոյի Նազարը և կավե ամանը բարձրացրեց, որ շպրտի մեզ վրա։
Բրուտի գոռոցից, թե իմ փչելու ձայնից, լուրը հասել էր Պստիկ Գեղ. թե՝ երկու անծանոթ փահլևան Մշո կողմից գալով, մտել են իրենց համագյուղացու բրուտանոցը և բոլոր կժերը փչելով՝ պայթեցրել։
— Տիգրան,— ասացի, — եկ շուտ մեր գլխի ճարը տեսնենք, թե չէ մի բղբղիկի համար կարող են մեզ բռնել և մեր ամբողջ առաքելությունը կխափանվի։
Ու դուրս գալով բրուտանոցից, սկսեցինք արագ քայլեր Ծերունի բրուտը դռանը կանգնած բարձրաձայն հայհոյում էր մեզ և անիծում մեր եկած ճամփան.
— Մի էս գլխարկով ջուր խմող կռոներին տեսեք։ Փոխարեն խելքին զոռ տալու, զոռ են տվել թոքերին։ Ափսոս չի", որ մեր ուրարտական ու օրհնյալ խեցին ձեր վայրենի շրթունքներին դիպչի։
Մշեցի Տիգրանը չհամբերեց, ետ դարձավ, որ գնա և լըռեցնի մեզ անպատվող բրուտագործին։ Ճուռոյի Նազարը Տիգրանի կատաղած դեմքը տեսնելով, վախից մտավ իր արհեստանոցը և դուռը ետևից պինդ փակեց։
Դռան ետևից դեռ շատ երկար լսվում էր նրա գոռգոռոցը։
Մեկ էլ էն տեսանք, որ մեզ հետապնդում են։ — էշն ընկել է գլգըլ,— ասացի ես ու Մշեցի Տիգրանի թևից քաշելով՝ հեռացանք։
=== ՏԱՐՐԵՐ ՈՐՈՆՈՂՆԵՐ ===
Բերկրին իր առաջ մի մեծ կիրճ ունի։ Մենք վաղուց անցել էինք այդ կիրճը և ծաղկավետ մի դաշտով գնում էինք դեպի հյուսիս։
Դաշտի մեջ, հավասար հեռավորությամբ՝ մի քանի բլրաչափ ժայռեր կային, որոնք մեծ ստվերներ էին արձակել մեր ճանապարհին։ Հարթության վերջում երևում էր մի ավելի մեծ բլուր, որի գագաթի մոտ իրար վրա սանդղաձև շարված էին չորս խոշոր ժայռեր։
Գևորգ Չաուշը ինձ ասել էր, որ եթե գարնանը բաց դաշտում որևէ կասկածելի մարդ պատահի և հետաքրքրվի, թե ինչ եմ անում այդ կողմերում, ես աջ ու ձախ նայելով պատասխանեմ, թե բրաբիոն ծաղիկ եմ որոնում։ Հարցնողը անկասկած կկարծի, թե ես գիժ եմ և ձեռք կքաշի ինձանից։ Բրաբիոն ծաղկի մասին մանկությունից էի լսել։ Ողորմածիկ տատս պատմել էր, թե իր աղջիկ ժամանակ Կարմիր իրիցու տանը, Կուրթեր գյուղում ինքը տեսել է մի շատ հին ավետարան, որի մեջ գրված Է.
«Բինգյոլի լեռների մեջ կա մի գագաթ, որի այսինչ կողմից այս քան քայլ անելուց հետո երեք օր ծոմ պահող և աղոթող և ոտաբոբիկ մոտեցող անձը կգտնի բրաբիոն ծաղիկը, որը տալիս է երջանիկ կյանք։ Գտնողը եթե այդ ծաղիկը իր աչքերին քսի անուշ ձայներ կլսի, եթե դիպցնի իր ոտքերին՝ արագաքայլ և աշխույժ կդառնա, բերանին մոտեցնի՝ ամենահամեղ բաները կճաշակի, իսկ եթե դրա թերթիկը դիպցընի իր քիմքին՝ ամեն զվարճություն կվայելի»։
Կյանքում ո՞վ չի երազել գտնել այդ ծաղիկը։ Մանկության օրերին տղաներով քանի" ֊քանի՛ անգամ հավաքվել էինք, որ գնանք Բինգյոլի կողվերը այդ հազվագյուտ ծա֊ զիկը գտնելու։ Ու մեզանից առաջ քանիսն էին գնացել ճաշակելու նրա անմահությունը։
Տատս նույնիսկ պատմել էր, որ մշեցի երկու ծերունի իրենց ձեռնափայտերին հենված գնացել են Բինգյոլ, որ գըտնեն այդ ծաղիկը և նրա թերթիկը իրենց քիմքերին դիպցընելով՝ ամեն զվարճություն վայելեն։ Գնացել են ու չեն վերա դարձել այլևս։
Շատերը այդ ծաղիկը որոնում էին Ծծմակա Քթի ժայռերի մեջ, Ծիրնկատարի լանջերին, որոնում էին օրերով, ամիսներով, տարիներով և չէին գտնում։
Այդ ծաղկի ետևից գնացողը համարվում էր խենթ, ցընորքով տարված մարդ, որովհետև այդպիսի ծաղիկ անկարելի է գտնել։ Այդպիսի ծաղիկ չկա աշխարհում։
Մշեցի Տիգրանը ետ մնաց։ Նա կարծում էր, թե մեզ իսկապես հետապնդում են և ուզում էր իմանալ, թե ովքեր են, իսկ ես հասնելով առաջին ժայռին՝ կանգ առա նրա ստվերում։ Մի տղամարդ, ձեռքին մի ձողափայտ և բրիչ, ժայռի ստվերին կռացած ինչ–որ բան էր չափում։
Ինձ տեսնելով բղավեց.
— Հեռու՜, մի խանգարիր, ստվե՜րը, ստվե՜րը«. »
— Ինչ ստվեր։
— Այդ ժայռի ստվերը ինձ պետք է։ «Գիժ է», մտածեցի ես։
— Շու՛տ հեռացիր։ Չե՞ս տեսնում. առաջին ժայռը ստվեր է գցել երկրորդի վրա, երկրորդը՝ երրորդի վրա, իսկ երրորդի ստվերը ընկել է չորրորդի անկյունաքարին։— Այս ասելով նա վազեց և ձողափայտը խրեց ուղիղ իմ ոտքերի մոտ,
պահելով այդ ձողափայտի արձակած բարակ ստվերի և հեռվում երևացող սանդղաձև ժայռերի խորհրդավոր ստվերների դասավորությանը։ Ապա նա ձողաչափի ստվերի ծայրից ոտքով չափեց ութը քայլ և ձողը արագությամբ տեղափոխելով^ խրեց այնտեղ։ Պառկեց դետնին և նայեց հեռվում երևացող ժայռերին։ Վեր կացավ և աչքը դրեց ձողափայտին։ Նորից պառկեց և նորից նայեց։ Ուզում էր բոլոր ստվերները բերել մի ուղիղ գծի վրա։ Ըստ երևույթին ինչ–որ բան էր որոնում։ Ես հետաքրքրությունից գնացի և անզգուշորեն կանգնեցի ձողաչափի արձակած ստվերի դիմաց։
— Քեզ հետ եմ, հեռացի՛ր, — զայրացած բղավեց և վեր կենալով վազեց իմ ետևից։ Ես արդեն հասել էի երկրորդ ժայռի տակ։
Շատ տարօրինակ և կասկածելի երևաց այդ մարդը ինձ իր ձողաչափով և իր բրիչով, և մանավանդ ինքնամոռացության հասնող եռանդով ու թափած ճիգերով։ Ինձ թվաց, թե նա մեզ է հետապնդում և այդ բոլորը սատանայական մի խաղ է։
— Ի՞նչ ես փնտրում, այ մարդ, — հարցրեց բարկացած։
— Բրաբիոն ծաղիկ, — պատասխանեցի ես։— Երեք օր ծոմ եմ պահել և աղոթելով հասել մինչև այստեղ, որ այդ ծաղիկը գտնեմ։
— Ինչի՞ համար։
— Որ երջանիկ դառնամ։
— Վայ, խեղճ ողորմելի, չլինի՞ թե մշեցի ես։
— Մշեցի եմ, — ասացի։
Այդ ժամանակ երևաց Տիգրանը՝ խուրջինը ուսին և տըրեխները թիկունքից կախ։
— Քո ընկե՞րն էլ մշեցի է։
— Մշեցի եմ, ի՞նչ կա, — ասաց Տիգրանը մոտենալով։
— Երկուսդ էլ խենթ եք։ Մուշից ծոմ պահելով և աղոթելով հասել եք Բերկրի և բրաբիոն ծաղիկը Վասպոլրականի հողի՞ մեջ կփնտրեք։ Գնացե՜ք, գնացե՜ք Բինգյոլ, էդ ծաղկի տեղը Բինգյոլն է։ — Փոքր–ինչ լռելուց հետո ավելացրեց. — Թե էդքան հեշտ լիներ բրաբիոն ծաղիկ գտնելը և մի ծաղկով երջանկանալը, ես ինչ գործ ունեի թափառելու ստվերների ետևից։
— Իսկ դու ի՞նչ ես փնտրում,— հարցրեց Մշեցի Տիգրանը։
— Գա՜նձ։
— Գա՞նձ։
— Այո, գանձ,— գրեթե գռռալով պատասխանեց տար֊ օրինակ մարդը, շեշտակի նայելով ալքերիս մեջ։
— Վանեցի՞ ես։
— Վանեցի եմ և նմանապես Ալյուր գյուղից։ Վանեցին գանձ կփնտրի, իսկ մշեցին՝ երազ, ցնորական ծաղիկ։ Տեսա՞ք, խոսքով ընկա ձեզ հետ և իմ ստվերը փախավ,— ասաց նա և ձողափայտը հանելով արագությամբ տեղափոխեց մի ուրիշ տեղ և մի ալքը կկոցելով ու մյուս ալքը նրա գագաթին դրած՝ վերստին ուշադրությամբ զննեց հեռվում երևացող լորս սանդղաձև ժայռերի և իր ձողափայտի ստվերների ուղղությունը՝ անկյունները հավասարեցնելով։ Ժայռերից մեկը բոլորակ անցք ուներ։ Ստուգեց նաև այդ քարանցքի միջով թափանցող ճառագայթի անկման աստիճանը գետնի վրա։ Հանկարծ խենթի պես ինչ-որ ծղրտոց արձակեց ու վազեց, կանգնեց, շուռ եկավ և նորից ուշադրությամբ նայեց դեպի բոլորակ անցքով ժայռը։ Վերա դարձավ, ձողափայտը մի փոքր տեղափոխեց դեպի աջ, ոտքով լափեց ուղիղ յոթ քայլ և հասնելով ձողափայտի բարակ ստվերի եզրագծին, վերջին քայլը կես կրնկալափ թեքելով դեպի ձախ ու չոքելով, սկսեց բրիչով գետինը փորել։ Փորում էր եռանդով, առանց մեզ վրա ուշադրություն դարձնելու։ Փորում էր և հողը հանելով լցնում էր իր առջև։
Լսել էի, որ ալյուրցիները զվարթ ժողովուրդ են, ունեն ճկուն խելք և առատ գինի։ Որ առաքյալներից մեկը առաջին անգամ այդտեղ հասնելով և այդ վայրի գինին խմելով՝ բացականչել է. «Այլ ու՞ր երթանք, եղբայր, սրանի՞ց էլ լավ տեղ», և այդ օրվանից այդ գյուղի անունը մնացել է Այլուր, որն հետո աղավաղվելով դարձել է Ալուր կամ Ալյուր։ Այդ գյուղի բնակիչներից ոմանք խիստ հաշվենկատ էին։ Լետա֊ քըրքրվում էին, թե հին գրքերում ինչ կա գրված և հետամուտ էին գործնական քայլերի։
Այդ մեկը դրանցից էր։
Մշեցի Տիգրանը, որ չէր մոռացել բրուտանոցի հետ կապված արկածը, բաժանվելուց առաջ մոտենալով՝ նկատեց,
— Վանեցի եղբայր, դու երևի որոշել ես մեզ համար մի կուժ գտնել։
Նա վախեցած մի հայացք նետեց մեզ վրա, կարծելով թե եկել ենք իր գտնելիք գանձը հափշտակելու և ամբողջ մարմնով փռվեց իր բացած փոսին, ծղրտալով,
— Ձեր տեղը Բինգյո՜լն է, Բինգյո՜լը։
— Բայց մինչև Բինգյոլ հասնելը մեզ ջրի կուժ է հարկավոր։
— Էստեղ կուժ չկա։ Էստեղ գանձ է թաղված, գա՜նձ։ Վասպուրականի ամբողջ հողը գանձ է։ Էսքան տարի ապրեցի աշխարհում՝ մի խելոք մշեցու չհանդիպեցի։
Ասաց և առանց մարմնի դիրքը փոխելու, շարունակեց տակից եռանդով փորել հողը։ Հանկարծ նրա դեմքը պայծառացավ։ Հավանորեն ձեռքը հասել էր արդեն խորքում թաղված գանձով լի կճուճին։ Ցնցվեց մարմնով, նորից վախեցած մի հայացք նետեց մեզ վրա և ամուր սեղմվեց իր փոսին։
— Ձեր տեղը Բինգյոլն է, Բինգյոլը։ Բինգյոլի ջուրը անմահական է, բայց խիստ մարսողական։ Հազար վայ Բինգյոլի ջուրը խմող հարուստներին,— բացականչեց ստվերների օգնությամբ գանձ որոնող վանեցին ու անսպասելի քրքջաց, ալքերը խաղացնելով մեզ վրա։
Մենք, որ սկզբում կարծում էինք, թե այդ մարդը մեզ հետապնդող կասկածելի անձ է, նրա ալքերի արտահայտությունից, ամայի դաշտում ժայռերի ստվերների ետևից վազելուց և տարօրինակ շարժումներից հաստատապես համոզվեցինք, որ նա տղամարդու տարազով ծպտված մի դև է։ Մշեցի Տիգրանը շտապ առաջարկեց նրա մարմնի մեջ մախաթ կամ ասեղ խրել՝ նրանից չզարնվելու համար։ Բայց մեզ մոտ ոչ մախաթ կար, ոչ ասեղ, ոչ էլ մենք ժամանակ ունեինք այդ սատանայական արհեստով զբաղվելու։
Որոշեցինք շարունակել մեր ճանապարհը, վասպուրականցուն թողնելով պառկած իր փոսի վրա, ձեռքը փորի տակ։ Կապեցինք մեր տրեխները և ելանք։ Նրանից ազատվելու միակ միջոցը այդ էր։
=== ԹԱՄՐԱԳՈՐԾԻ ԱՐՀԵՍՏԱՆՈՑՈՒՄ ===
Բերդաքաղաքի մասին ես շատ էի լսել։ Այդ անունը առնչված էր քաջ Արաբոյի անվան հետ, որ քար էր ջարդել այդ քաղաքի մայր խճուղին շինելու համար։
Բերդաքաղաքը շինված էր սարահարթի վրա, շրջապատված բնական ամրություններով։ Քաղաքին իշխողը հսկայական բերդն էր։ Բերդաքաղաքից եկողները Մուշում պատմում էին, որ այղ բերդի գլխին սատանաները խոշոր կարասների մեջ գիշեր ու ցերեկ կուպր են եփում։
Տները սև քարից էին, թիթեղյա կարմիր ու կանաչ տանիքներով։ Մեջտեղով անցնում էր Սինամ գետը։ Կամուրջներից հայտնի էին երկուսը՝ Քարե կամուրջը և Չուգունե կամուրջը։ Վերջինս տանում էր դեպի Սարիղամիշ։
Մենք անցանք Քարե կամուրջը և շարժվեցինք դեպի Լոռիս Մելիքովի փողոցը։ Այդտեղ, բերդ տանող ճանապարհի վրա, կանգնած էր մի ռուս զինվորի բրոնզյա արձան։ Երկգըլխանի արծիվը զայրացած ծվատում էր զինվորի ոտքի տակ տարածված կանաչ պաստառը կարմիր մահիկով։
Բրոնզյա այդ հուշարձանի մոտ մեզ դիմավորեց Լոռեցի Սրապ անունով մի տղամարդ՝ Գեորգիևյան խաչը կրծքին։ Սրապը Լոռվա Վարդաբլոլր գյուղից էր։ 1877-ին մասնակցել էր Ալաջայի բարձունքներում մղվող պատերազմին և Լոռիս Մելիքովի հաղթական զորքի հետ մտել Բերդաքաղաք։ Սևահոն, բաց կապույտ աչքերով մի զինվորական էր։ Կռվից հետո հաստատվել էր Բերդաքաղաքում և զբաղված էր հայդուկային խմբերին զենք մատակարարելու գործով։
— Տասնութ տարեկան էի, երբ Լոռիս Մելիքովի առջևից Մուխթար փաշան փախավ։ Մեր թնդանոթների որոտը մինչև Լոռվա սարերն էր հասնում, — ասաց Լոռեցի Սրապր և մեզ քաղաքային այգու միջով առաջնորդեց դեպի մի փոքրիկ արհեստանոց։ Արհեստանոցի ցուցանակին նկարված էր փայտյա մի թամբ և ձիու գլուխ. թամբը՝ կարմիր գույնի, ձիու գլուխը՝ սև։
Այդտեղ նա մեզ ներկայացրեց երկու օտարական հայերի։
— Երկրեն կուգան, — ասաց Լոռեցի Սրապը շշուկով և ինքը արագ դուրս եկավ։
Հայերից մեկը էրզրումցի էր, իսկ մյուսը՝ իգդիրցի։ էրզրումցու անունը Արշակ էր, բայց Քեռի էին ասում։ Քեռին արհեստավորի գոգնոցը կապած, զբաղված էր մի հին թամբի նորոգությամբ։ Միջահասակից քիչ բարձր էր, շալվարը սապոգների մեջ դրած, փոքր ինչ ալեխառն բեղով և աչքերը խաժ։ Լռակյաց էր, գլուխը կախ։ Քթի տակ ինչ-որ բան էր մտմտում։ Գործասեղանին, որի վրա նա կռացած աշխատում էր, անկարգորեն թափված էին փայտե և երկաթե ասպանդակներ, տապճակներ, գամեր, պայտեր, իսկ մեջքի ետևը՝ պատից կախված էին երասանակներ, սանձեր, համետներ ամեն տեսակի ու չափսի, և ձիու ու ավանակի երեք խրտվիլակ։
Իգդիրցու անունը Դրո էր։ Միջահասակ, թխադեմ, փոքրիկ բեղ ու մորուսով մի երիտասարդ էր Դրոն։ Սա անկյունում քաշված ծխում էր և տաքացած վիճում ֆրենչ հագած ալեքսանդրոպոլցի մի պատանի սպայի հետ, որի փայլուն սև մազերը ալիքներով դուրս էին ցցված սպայական գլխարկի տակից։ Որքան կարողացա հասկանալ, վեճը գընում էր արևմտյան և արևելյան Հայաստանի ազատագրության շուրջը։ Մեկ–երկու անգամ ականջիս հնչեցին «Անդրանիկ» և «Գևորգ Չաուշ» անունները։
Ալեքսանդրոպոլցին չէր առարկում նրան։ Իշխողը Դրոն էր, ռուս բանակի ավագ սպան։
Արշակը լուռ էր, ամբողջապես կլանված իր գործով։ Նա գրեթե չէր լսում, թե ինչ է խոսում իգդիրցին։ Երբեմն–երրեմըն մի խաղաղ ժպիտ էր ցոլանում նրա ծաղկատար դեմքին։ Հիշեցնում էր մեկին, որի նժույգը անհանգիստ դոփում է պատշգամբի տակ, և ինքը շտապում է թամբն ու ասպանդակները կարգի բերել, որ իսկույն ճանապարհ ընկնի։ Ու՞ր։ Գուցե դեպի Կարին, կամ դեպի Սասուն։
— Քանի որ դու համամիտ ես ինձ գաղափարական տեսակետից, եկ խմենք ուրեմն ապագա ազատագրության կենացը, — առաջարկեց Դրոն, դիմելով ֆրենչ հագած երիտասարդ սպային։— Թող Արշակն էլ այղ կենացին մասնակից դառնա։
— Ապագա աշխատավորական Հայաստանը կոփվում է Սասնո լեռներում, ուստի ես առաջարկում եմ խմել նախ և առաջ Գևորգ Չաուշի և նրա ֆիդայիների կենացը, որոնցից երկուսը այստեղ են, — միջամտեց Արշակը և ձիու թամբը մի կողմ դնելով, մեզ իր հետ առած առաջացավ դեպի խորքում նստածները։
— Խմենք, — գոչեց ռուս բանակի սպան՝ երիտասարդ ալեքսանդրոպոլցու հետ ոտքի կանգնելով։
Գավաթները լցվեցին։
— Անդրանիկի և Գևորգ Չաուշի կենացը, — թնդաց իգդիրցին գավաթը բարձրացնելով։— Խմենք այղ երկու տաքգլուխ՛ների և իրենց հայդուկների կենացը։
— Մեծագույն տաքգլուխը դու ես, — նկատեց Արշակը։ — Հայդուկների կենացը խմելուց առաջ սովորիր նախ հայդու՛կի պատիվը պահել։
— Իսկ ես հայդուկ չեմ, ի՞նչ եմ։ Եվ ո՞վ է վերջապես այդ շապինգարահիսարցին, — տաքացավ Դրոն։— Գևորգ Չաուշի և մի քանի սասունցի իշխանների օգնությամբ անտառում սպա՛նել է մի ցեղապետի և կարծում է, թե հայրենիքն արդեն փըրկված է։ Իսկ ես մենակս քսան տարեկան հասակում վրիժառու ձեռքիս մի հարվածով դժոխք ուղարկեցի ցարական նահանգապետին։ Պայթյու՜ն։ Եվ իշխանական կառքը Նագաշիձեի հետ երկինք բարձրացավ օրը ցերեկով։ Եվ այն էլ ոչ թե մի խուլ անտառի մեջ, այլ մարդաշատ քաղաքի կենտրոնում։ Այժմ ասացեք, ո՞վ է ավելի մեծ հայդուկ— ե՞ս, թե Գևորգ Չաուշը կամ Անդրանիկը…
— Թեպետ արդյունքը գովելի է, բայց ազատագրական պայքարի այդ ճանապարհը երբեք քաջալերիչ չէ, — նկատեց երիտասարդ ալեքսանդրոպոլցին։
— Անդրանիկը նույնպես այդ ճանապարհին է կանգնած։
— Բայց նրա Վանքի կռիվը կազմակերպված պայքար էր, — հիշեցրեց Քեռին։ Երեսուն հայդուկներ կռվել են երեք հազար զորքի դեմ, և նրանց ձեռքին եղել է ընդամենը երե՛սունյոթ բերդանկի։
Այդ հարցը նորից գրգռեց իգդիրցուն, և նա սկսեց երիաասարդ սպայի հետ ռուսերեն խոսել։ Քեռին դժգոհ մնաց այդ խոսակցությունից և, գավաթն իջեցնելով սեղանին, ըշտապեց զբաղվել իր թամբով։
Այն առաքելությունը, հանուն ինչի մենք Բերդակի անտառից տաժանելի ճամփորդությամբ հասել էինք Բերդաքաղաք և ինչի համար ինքս պատասխանատու էի, ստիպում էր ինձ կշռադատ լինել, իսկ Մշեցի Տիգրանը, որ բարկությունից ընչացքներն էր ոլորում, չկարողացավ զսպել իրեն, և ձեռքը աննկատելի տարավ դեպի արայի տակ ծածկված տասնոցը։ Մանավանդ սաստիկ վիրավորվեց, երբ նրանք մեր ներկայության սկսեցին մեզ համար անհասկանալի լեզվով խոսել։ Երևի դարձյալ հայհոյում էին Գևորգ Չաուշին և Անդ՛րանիկին։ Իգդիրցին նկատեց Տիգրանի ձեռքի անզգույշ շարժումը և արագությամբ ատրճանակը պատյանից հանելով բարձրացրեց վեր։
Գործը կարող էր մեծ բարդությամբ վերջանալ, եթե այդ միջոցին Լոռեցի Սրապի առաջնորդությամբ ներս չմտնեին ցարական բանակի հինգ հայազգի գնդապետ՝ սրերը գա֊ լիֆտների և ճտքավոր փայլուն կոշիկների վրայով մինչև կրունկները երկարող, և ռուսահայ մի քանի երիտասարդ սպաներ՝ հպարտ գլուխները սպիտակ կանթավոր, սև գըլխարկներով ծածկած։ Սպաներից մեկի անունը հիշում եմ — Սամարցով, Դոնի Ռոստովից։ Գնդապետներից երեք անուն ուժեղ տպավորվեց ականջիս մեջ՝ Թոմասբեկով, Սիլիկով, Բեկ Փիրումով։
Դրոն նրանց տեսնելով իջեցրեց ատրճանակը, Մշեցի Տիգրանն՝ իր տասնոցը, ես՝ իմ աթոռը, իսկ Քեռին՝ իր թամբը։
Իմանալով, որ մենք Մշո կողմերից ենք գալիս, ռուսահայ գնդապետներն ու երիտասարդ սպաները գրկախառնը֊ վեցին մեզ հետ և, բոլորս միասին ոտքի կանգնած, խմեցինք Հայաստանի ազատագրության կենացը։
Օ, ի՜նչ խանդավառ օր էր, ի՜նչ հրաշալի վայրկյան։ Այդ ավագ և երիտասարդ զինվորականներին նայելով, ես նըկատում էի, որ ռուսաց Հայաստանում էլ կա մի հերոսական սերունդ, և բոլորի խորհուրդը նույնը՝ Հայաստանի ազատագրությունը։
Բերդից թնդանոթ արձակեցին։ Դրոն և Լոռեցի Սրապը իրենց ծոցի խոշոր ժամացույցները հանելով՝ սլաքները ետ ու առաջ տարան։ Թամբագործ Արշակն էլ ժամացույց ուներ. նա էլ իր ժամը ճշտեց։ Իրենց ժամանակը ճշտեցին նաև ալեքսանդրոպոլցի երիտասարդ սպան և ցարական բանակի հինգ գնդապետները։ Մեզ բացատրեցին, որ օրական երեք անգամ թնդանոթը համազարկ է տալիս, և բերդաքաղաքի բնակիչները նրա հարվածների տակ ուղղում են իրենց ժամացույցները։ Վերջին թնդյունը լսվելու էր գիշերվա կեսին։
Այդ տեսակցությունից հետո Լոռեցի Սրապը ինձ և Մշեցի Տիգրանին թամբագործի արհեստանոցից հանելով, տարավ մի քարաշեն տուն, որ գտնվում էր բերդաձորի Սլլան կոչվող քարի մոտ։
Գիշերը այդտեղ լուսացրինք։
Առավոտյան Սրապն ասաց.
— Մենք այս ձորով պետք է Ալեքսանդրոպոլ գնանք։ — Եվ նա նույն օրը միջնաբերդի պղնձագույն ժայռերի տակով մեզ դուրս բերեց Բերդաքաղաքից։
=== ՈՒԽՏ ԼԵՌԱՆ ՍՏՈՐՈՏՈԻՄ ===
Ալեքսանդրոպոլը շինված էր հարթության վրա, Արագած լեռան դիմաց։ Յոթ եկեղեցի ուներ և մի նշանավոր շուկա։ Տեղացիները այդ քաղաքին Գյումրի էին ասում։ Հենց առաջին օրը այստեղ մի այնպիսի փորձանք եկավ մեր գըլխին, որ մեր բղբղիկ առնելն էլ մոռացանք, մեր ջուր խըմելն էլ, թամբագործ Արշակի աղմկալի արհեստանոցն էլ հետը։
Քաղաքի հյուսիս–արևմտյան մասում մի մեծ բերդ կար, տակը՝ «Չերքեզ» կոչվող մի ձոր։ Լոռեցի Սրապը Պոդվալի Վաղո անունով մի գյումրեցու հետ գնաց այդ բերդի կողմերը փամփուշտ հայթայթելու, որ գիշերով ճանապարհ ընկնենք, իսկ ես և Մշեցի Տիգրանը սկսեցինք շրջել քաղաքում։
Ինչպես Բերդաքաղաքում, այստեղ նույնպես շատ հայազգի զինվորականներ կային, որոնց սրերի կոթերը երկարում էին մինչև կրունկները՝ զնգալով փայլուն խթանների վրա։ Ոգևորվեց Մշեցի Տիգրանը և տասնոցը գոտու տակից հանելով՝ կապեց կողքին և սկսեց հպարտորեն ման գալ փողոցներով, երևակայելով, թե գտնվում է ազատագրված Հայաստանում։ Մենք նախ եղանք քաղաքի զբոսայգում, ուր շատ գյումրեցիներ վար ու վեր էին անում ծառուղիներով։ Բոլորի ուշադրությունը մեզ վրա էր, մանավանդ Տիգրանի սև աբայի տակից երկարող մաուզերի փայտյա կոթին։
Մի տեղ հաց կերանք (կարծեմ Ալեքսանդրովսկի փողոցըն էր՝ «Յոթ Վերքի» մոտ) և դուրս գալով շարունակեցինք մեր պտույտը։ Ս. Փրկիչի մոտով իջանք մինչև Դարբինների թաղը և ետ դարձանք։
Բերդաքաղաքից հետո մենք առաջին անգամ էինք տեսնում այդպիսի բարեշեն քաղաք։ Իջավ իրիկուն, և ամեն տեղ լապտերներ վառվեցին՝ սյուների վրա, տների ճակատներին, խանութների ներսում։ Մեր ապրած երկրռւմ այդպիսի լույսեր չկային։ Գեղեցիկ էին մանավանդ խանութների ցուցափեղկերի գույնզգույն լույսերը։ Մի ցուցափեղկի առաջ կանգ առանք։ Ներսի կողմից դրված էին շաքարի խոշոր գնդեր։ Սուլթանի երկրռւմ շաքար էլ չկար։ Երբ մենք հետաքրքրությունից կռացած դիտում էինք շաքարի կապույտ գնդերը, գյումրեցիներից մեկը հետևից մոտենալով՝ ձեռքով կշռեց Տիգրանի մաուզերի կոթը՝ ասելով. «Աշես էսոր կրակողը հե՞տն է»։ Տիգրանն արագ ետ դարձավ և մաուզերը կողքից քաշելով՝ թրը՜խկ... կրակեց օդում։ Ապա հանգիստ փչեց փողի մեջ և զենքը տեղը դնելով, շարունակեց նայել դեպի խանութի ներսը։
— Վա՜յ, վա՜յ,— գոչեց հարբած գյումրեցին, վախից անզգայացած փռվելով մայթին։
— Հը՜բը, իշու ձագ, տեսա՞ր, որ կրակողը հետն է,— ասաց մի ուրիշ գյումրեցի, որ ետևից էր գալիս և նկատել էր, թե ինչպես իր հայրենակիցը ձեռքով ծանր ու թեթև էր արել օտարականի մաուզերի կոթը։
Մեզ կարող էին տուգանել փողոցում կրակելու համար, եթե չլինեին Լոռեցի Սրապը և Պոդվալի Վաղոն, որոնք ժամանակին դեպքի վայրը հասնելով և մեզ կառք նստեցնելով՝ փախցրին դեպի «Կաղաչի պոստ» կոչվող զորանոցների կողմը։
Այդ շրջակայքում բանջարանոցներ կային։ Մեկի մեջ կազմ ու պատրաստ մեզ էր սպասում ուստա Գրիգոր անունով մի երիտասարդ գյումրեցի՝ երեք բեռնված ավանակներով։
Չգիտեմ, թե կառապանը ինչ խոսեց ուստա Գրիգորի հետ, միայն էն լսեցի, որ ուստա Գրիգորը բարձրաձայն ասաց. «Ղու գործիդ աշե, օղուլ, ես սատանեքին նալել եմ, իր ձագերուն ման կուգամ»։
Իմ մշեցի լինելը շատ իրավունք չէր տալիս ինձ Տիգրանին մեղադրելու իր կրակոցի համար։ Հայդուկը միշտ զգույշ է։ Բայց օտար տերության քաղաքում անկարգություն էր արվել։ Հարկավոր էր շտապել։
Մեր բեռ ու բարձով ելանք ճանապարհի վրա։ Հանկարծ խուլ դղրդոցի հետ մեր կողքին ուժեղ թշշոց լսվեց, և մեր ավանակները կորան սպիտակ գոլորշու ամպերի մեջ։
— Բուղ է։ Մեր երկիր պառավողները բղով կշարժվեն,— զգուշացրեց Պոդվալի Վաղոն, նայելով դեմից անցնող գնացքի ետևից։
— Ծո, ինչ կըսես, օղուլ, էդպես որ էղներ, Ձիթողցենց բաղնիսները վաղուց Ամերիկա էին հասել,— ասաց ուստա Գրիգորը գրաստներին փախցնելով գոլորշու տակից։
Պոդվալի Վաղոն և ուստա Գրիգորը իջան դեպի բանջարանոցները, իսկ մենք ավանակներին առած, Լոռեցի Սրապի հետ ուղղություն վերցրինք դեպի Կողբ։ Կողբում շատ աղ կար։ Մեր բեռները ծածկեցինք աղի բյուրեղներով և Իգդիրի միջով շարժվեցինք դեպի Օրգով։
Մասիսի լանջին երևաց ս. Հակոբի աղբյուրը։ Հենց որ Տիգրանը իմացավ, որ մենք Մասիսի տակով ենք անցնում, նրա ծռությունը նորից բռնեց։ Առաջարկեց Մասիսի գագաթը բարձրանալ։ Այսպես էր դատում. մեկ էլ, ով գիտե, կյանքում առիթ կլինի՞, որ մենք Մասիսի լանջերով անցնենք՝ այդքան մոտ գտնվելով նրա գագաթին։ Չէ որ Մասիսը Հայոց Բարձրավանդակի ամենաբարձր լեռն է, և նրա վրա կանգնողը կանգնած կլինի Հայաստանի բոլոր սարերի գլխին։ Եվ Տիգրանը սկսեց համոզել Լոռեցի Սրապին, որ մի քանի ժամով ավանակներին հսկի, մինչև մենք կվերադառնանք։
Եղանակը աշնանային էր և խիստ նպաստավոր վերելքի համար։ Ես էլ հմուտ լեռնագնաց էի և այդ առաջարկը իմ սրտին շատ մոտ էր, սակայն անմտություն էր այդ վիճակում մտածել Մասիս բարձրանալու մասին։ Եվ արդյոք բարձրանալիս Մշեցի Տիգրանի կամ ինձ հետ մի նոր փորձանք չէ՞ր պատահի՝ բոլորովին անհաջողության մատնելով մեր վերադարձը։ Հիշեցրի, որ մենք ուխտյալներ ենք, հատուկ առաքելությամբ դեպի Կարս եկած և կյանքով պատասխանատու մեզ վստահված գործի համար։
— Ա՛յ Տիգրան,— ասացի,— եկ ձեռք քաշիր Մասիս բարձրանալու մտքից։
Մեր առաջնորդը ավելացրեց, որ Մասիսը այնպիսի սար չի, որ էշը կապես ստորոտը, ելնես գագաթն ու իսկույն իջնես։ Այդ լեռան քամին սաստիկ զորավոր է։ Նույնիսկ ամռանը նրա վրա ահեղ փոթորիկներ են լինում և կայծակներ են ճայթում օդի մեջ։ Հիշատակեց մի քանի տեղացի և օտարազգի ուղևորների, որոնք հատուկ գավազաններով ու հարմարանքներով զինված, խանդավառությամբ մագլցել էին դեպի այդ լեռան գագաթը և անհետ կործանվել նրա սառույցների ու փոթորիկների սահմանին հասնելով։
Ես և Լոռեցի Սրապը հազիվ կարողացանք համոզել Տիգրանին այդ վտանգավոր վերելքից հրաժարվելու։ Երդվեցինք, սակայն, որ երբ Հայաստանը ազատագրվի, և մենք ողջ լինենք, երեքով գտնվենք այն քաջամարտիկների շարքում, որոնք Հայաստանի ազատագրության դրոշը պիտի հաստատեն այդ լեռան գագաթին։
— Նույնիսկ եթե մեզանից թեկուզ մեկը մնա կենդանի, նա պարտավոր է ի կատար ածել մեր երեքի ուխտը,— առաջարկեց Տիգրանը։
— Տվեք ձեր ձեռքերը,— գոչեց Լոռեցի Սրապը՝ առաջինն իր ձեռքը պարզելով։ Մեր բազուկները միացան, և մենք լռությամբ ծունկի իջանք մեծ լեռան առաջ։
Հասել էինք մի կետի, որտեղից պարզ երևում էին այն կեռմանները, որով մենք անցել էինք Ալյուր գյուղից դեպի Կարս գնալիս։ Վտանգավոր էր նույն ճանապարհով վերադառնալ։ Լոռեցի Սրապը մեզ խորհուրդ տվեց գնալ ԽոյԱալմաստ ճանապարհով։ Նա մեզ հետ եկավ մինչև Փոքր Մասիսի ստորոտը, Մակու քաղաքի մոտ։ Մակուն նստած էր մի անդնդախոր նեղ ձորի մեջ։ Քաղաքի երկու կողմից հսկայական ժայռեր էին բարձրանում և կամարաձև կռանալով՝ ձգտում էին միանալ։
— Տեսեք, մարդ են գլորում այգ ժայռից,— մատնացույց արեց Լոռեցի Սրապը, Եվ իսկապես, հեռվից տեսանք, թե ինչպես մի կալանավորված մարդու վար գլորեցին կամարաձև ժայռից։
— Երևի ֆիդայի կլինի, կամ ներքին հանցագործ։ Այս երկրռւմ այդպես են պատժում օրինազանցներին։ Սարդարի հրամանով հանցապարտին հանում են ժայռի գագաթը, ձեռքերը ոտքերը կապում են և գլորում անդունդ։ Այն գեղեցիկ քյոշկն էլ, որ երևում է դիմացի լեռնաշղթայի գագաթին, Սարդարի ամառանոցն է,— մատնացույց արեց մեր առաջնորդը։
— Սարդարը մեզ էլ գլորել կտար այդ ժայռերից, եթե իր երկրռւմ ծնված լինեինք,— նկատեց Մշեցի Տիգրանը։
— Անպայման կգլորեին և առաջին հերթին քեզ։ Որտեղ էլ բռնվես, քո տեղը անդունդն է,— ասացի ես։— Մանավանդ, որ դու երեկ հրացան պարպեցիր Գյումրի քաղաքում, իսկ այսօր էլ Մասիս բարձրանալով ուզում էիր վտանգել մեր ամբողջ գործը։
Երեքով ետ նայեցինք։
Մասիսը մեջքով կանգնած էր մեր հայացքի առաջ։ Օ՜, այդ լեռը։ Քանի Մասիսը կա, հայի երազանքին վախճան չկա։
Այստեղ Լոռեցի Սրապը վերջին անգամ հաց կերավ մեզ հետ, ստուգեց մեր բեռները և պատրաստվեց վերադառնալ Բերդաքաղաք։
Բաժանվելիս ասաց.
— Դուք սուլթանի թախտը ծակեք, ինչքան փամփուշտ հարկավոր լինի՝ կտանք։ Եթե հարկ եղավ՝ մենք էլ կգանք։
Լսվեց մի հեռավոր խուլ որոտ։ Կարսեցիները իրենց ժամացույցներն էին ուղղում վերնաբերդից թնդանոթի արձակած զարկով։
Մենք բռնեցինք Թադեի վանքի ճանապարհը։
=== ՈՎ ԷՐ ԵՐԳՈԻՄ ԼՈՒՍՆՅԱԿ ԳԻՇԵՐԻՆ ===
Եթե դուք Փոքր Մասիսի կողմից մոտենաք Մակու քաղաքին, ապա նրանից ոչ շատ հեռու, մի լեռնալանջի տափարակի վրա կտեսնեք երկգմբեթանի մենավոր մի վանք։
Այդ Ծործորի կամ ս. Թադեի վանքն է։
Իսկապես մենավորիկ է այդ վանքը, բազմած գեղանիստ լեռան լանջին, այն վայրում, ուր ըստ ավանդության, նահատակվել է Թադևոս առաքյալը։
Վանքի մոտ մի հին ժամատուն կա, իսկ հարավային պատին՝ արևային ժամացույց։
Դեռ սարի վրա էինք, երբ լսվեց վանքի իրիկնային զանգերի ղողանջը։ Մշեցի Տիգրանը գդակը հանեց և մի բարակ խաչ քաշեց երեսին։ Ապա ձորից մեզ հասավ լեռնական շների հաչը զանգերի հանդարտիկ կանչը խլացնելով։
Թադեում կար մի պառավ, որ վանքի տնտեսն էր, մի ջրաղացպան, մի հովիվ և հաստ կոպերով մի երիտասարդ վարդապետ։
Մենք վանք մտանք այն պահին, երբ Գինդ վարդապետը արևային ժամացույցին նայելով վերջին զանգակը քաշեց։
Ես և Տիգրանը ներկա եղանք ժամերգությանը՝ կանգնելով գմբեթավոր խաչկալի առաջ։ Ժամերգությունից հետո վարդապետը հապճեպով ավլեց տաճարի հատակը և, երկաթյա դռներին մի ամուր կողպեք դնելով, մեզ առաջնորղեց իր խուցը։
Ավանակներին տեղավորեց գոմանոցում, իսկ մենք լուսացրինք իր մոտ։ Այստեղ մենք դարձյալ փոխեցինք մեր հագուստը՝ ծածկելով քրդական թաղիքե քոլոզներ, նախապես խուզելով մեր գլուխների առջևի մասը աբաղացիների նմանությամբ։
Գինդի ակնարկով անմիջապես հայտնվեց աբաղացի մի հմուտ ուղեցույց.
— Երթաք խաղաղությամբ,— օրհնեց մեզ երիտասարդ վարդապետը, և մենք ավանակներին վանքում թողնելով, մեր բեռները շալակած ելանք ոտքի։
Անցանք վանքի ընդարձակ բակը, ուր մի քանի հին գերեզմաններ կային, և մեր քոլոզները ուղղելով, իջանք դեպի Ավարայրի դաշտ։ Դաշտի կողին, փոքրիկ բլրի վրա երևաց մի հին մատուռ, շուրջը ծփացող անհամար կարմիր ծաղիկներով։ Աբաղացին ասաց, որ դա Վարդան Մամիկոնյանի գերեզմանն է, և այդ ծաղիկները բուսնում են միայն այդ դաշտի մեջ։ Վարդանաց ծաղիկներ են կոչվում, և ամեն ուխտավոր այդտեղով անցնելիս դրանցից հիշատակ է տանում իր հետ։ Մենք նույնպես մեկական մոմ վառեցինք այդ մատուռի մեջ և, հիշատակի կարմիր ծաղիկներ քաղելով, վեր֊ ջին անգամ շուռ գալով նայեցինք Թադեի արևային ժամացույցին։
Գինդ վարդապետը այդ ժամացույցի արձակած ստվերին նայելով առավոտյան զանգերն էր քաշում։
Ճանապարհը մեր առաջ երկճղվում էր. մեկը դեպի Պարսկաստան էր գնում, իսկ մյուսը թեքվում էր դեպի արևմուտք։ Աբաղացին կանգնեց վերջինի վրա։ Նա փոքր ինչ շունչ առավ և գավազանը բարձրացնելով՝ գոչեց. — Ճանապարհը սա՛ է, գնացինք։
Թե՛ վանքը, և թե՛ այդ ճանապարհը շատ հին էին։ Հազարավոր մարդիկ էին երազել գնալ այդ ճանապարհով։ Այդտեղով էր երկիր անցել Աղբյուր Սերոբը իր զինվոր Անդրանիկի հետ։ Այդտեղով էին անցել Արաթոն, Հրայր–Դժոխքը, Քեռին, Սևքարեցի Սաքոն։ Մենք նույնպես որոշել էինք այդ ճանապարհով գնալ։ Մեր գնացած վայրը Տարոնն էր, Սասնո առասպելական աշխարհը, որին «Գյադան Գյալմազ» անունն էին տալիս, այսինքն մի երկիր, ուր գնացողը հազիվ թե ետ գար։ Բայց մենք այն երջանիկներից էինք, որ այդ երկրի մեջ էինք ծնված, եկել էինք այդ երկրից և դեպի այդ երկիրն էինք գնում և չէինք մտածում ետ գալու մասին։
Մի փոքր առաջանալով, վանքի ուղեցույցը հանկարծ շեղեց ճանապարհը և մեզ տարավ ապառաժների միջով։ Ժայռից ժայռ մագլցելով հասանք ձյունաշատ մի գագաթ։ Այդ գագաթը ուղիղ Պարսկաստանի և Տաճկաստանի սահմանագլխին էր։
Թադեի վանքը մնաց ձորի մեջ։ Բարձրիկ բլրի վրա հեռվից երևում էր մենավոր մատուռը կարմիր ծաղիկներով։ Մեր վառած մոմերը երևի արդեն հանգել էին։
Ամբողջ օրը մնացինք լեռան գագաթին, ձյուների աակից հոսող մի առվակի մոտ։ Իրիկնամուտին սկսեցինք իջնել։
Լուսնյակ գիշերով մտանք Աբաղայի դաշտ։ Եվ հանկարծ հեռուներից մի ծանոթ երգ լսվեց։ Ինչ-որ մեկը Խաթավինի կռվի երգն էր երգում լուսնյակ գիշերին։ Աղբյուր Սերոբի ֆիդայիների խումբը ճարտար Հակոբի գլխավորությամբ 1896-ին դեպի Խլաթ անցնելու ժամանակ, Խաթավին լեռան վրա վաղ լուսաբացին կռվի էր բռնվել համիդական գնդերի հետ։ Ֆիդայիները գրավելով Խաթավինի լանջերը, կրակի տակ էին առել համիդիե ձիավորներին, որոնք երիվարների սանձերը թողած կատաղորեն գրոհել էին սարնիվեր հայդուկների բարձունքը գրավելու համար։ Հարյուրավոր ձիավորներ դիաթավալ ընկել Էին հայդուկների գնդակներից, և շատ նժույգներ, խրխնջալով և ետևի սրունքներին բարձրանալով, վայր էին գլորել իրենց հեծյալներին։ Կռիվը շարունակվել էր մինչև մայրամուտ բազմաթիվ զոհեր խլելով թշնամուց և նոսրացնելով Ճարտար Հակոբի փոքրաթիվ խումբը։ Հայդուկներից երկուսը՝ Առաքել և Մուշեղ, վերջին րոպեին ապաստան էին գտել մի ավերակ ջրաղացի մեջ, Մանազկերտի մոտ։
Այդ կռվի մասին քրդերը երգ էին հյուսել։ Այդ երդն էին երգում լուսնյակ գիշերով։ Տների անվերջանալի շարանով երգիչը քրդի բերանով հայ ֆիդայիների գովքն էր անում, փառաբանելով ազատասեր հայդուկի գնդակը։
Ոչ մի բան այնպես ուժգնորեն չի ազդում քրդի վրա, որքան հերոսական կռվի երգը։ Բայց ո՞վ էր այդ գիշերային երգիչը։ Ո՞վ էր Խաթավինի այդ քաջաշունչ երգով կախարդել Աբաղայի լայնածավալ դաշտը։ Լռել էր քամին, լռել էին ոտնաձայները, միայն լուսինն էր արթուն և դաշտի վրայով թռչող երգը։
Որքան մոտենում էինք, այնքան երգողի ձայնը դառնում էր հարազատ ու ծանոթ։
Ու հանկարծ Մշեցի Տիգրանը բացականչեց. կա չկա սա Միսակն է։
Եվ իսկապես, երգողը Ալադին Միսակն էր։ Քոլոզը գլխին նստել էր ճանապարհից հեռու մի ժայռի վրա և բարձրաձայն երգում էր քրդերեն։
Պայանո՜, պայանո՜, պայանո՜։
Գևորգ Չաուշը համոզված լինելով, որ մենք կարող ենք Թադեի վանքի ճանապարհով վերադառնալ, իր երգչին շտապ ուղարկել էր Աբաղայի դաշտ՝ մեզ այդ վտանգավոր վայրի գիշերային հարձակումներից ապահով անցկացնելու համար։
Հնչում էր Միսակի երգը Աբաղայի դաշտում այդ հրաշալի լուսնյակ գիշերին, և մենք քրդական տարազով ալ Միսակի հերոսական երգով պաշտպանված զենք էինք տեղափոխում երկիր։
Երկու գիշեր Ալադին Միսակը երգել էր այդ դաշտում, այդ միևնույն քարին նստած անձկորեն սպասելով մեր վերադարձին։ Մեզ տեսնելով նա շարունակեց մեջընդմեջ երգել առջևից գնալով, և մեր փոքրիկ քարավանը՝ աչքը նրա սպիտակ քոլոզին և ականջը նրա երգին պահած, անվտանգ անցավ Աբաղայի միջով։
Վերջում նա երգեց քրդական «Դումանը»։ Ո՞վ էր Դումանը, ի՞նչ երգ էր դա։
Ղարաբաղի հաչեն գավառից էր հայդուկ Նիկոլը։ Խաթա֊ վինի կռվից մի տարի առաջ Նիկոլը իր խմբով դեպի Վան անցնելիս, Պարսկաստանի սահմանագլխին ապավինել էր մի մարագի։ Լամիդիե ձիավորները խոտի խրձեր բերելով հըրդեհել էին մարագը, կամենալով ծխի մեջ խեղդել հայդուկներին։ Նիկոլը հրամայում է ճեղքել պաշարման շղթան։ Նա դուրս է ցատկում կրակի բոցերի վրայով և անընդհատ կրակելով սուրում է առաջ։ Հակառակ իր վրա տեղացող գընդակների տարափին, քաջարի խաչենցին անվնաս հասնում է մերձակա սարի բարձունքները։ Քրդերը մնում են ապշահար, տեսնելով, թե ինչպես իրենց առջևից փախչող հայդուկը գումանի, ծխի պես անհետանում է լեռան վրա։ Շուտով իմանում են, որ նա ճանապարհին սպանել է երկու բռնակալ բեկերի։ Քրդերը, սարսափահար, այդ առասպելկան հերոսի անունը կնքում են Դուման և այդ անունով երգ են հորինում նրա մասին։
Ալադին Միսակը այսպես ավարտեց այդ երգի վերջին բառերը, «Այս առավոտ կանուխ, ֆիդայիների մեծը՝ Դումանը, որ աստծո կրակ է, մեզնից ձեռք չի քաշում»,..: Ցնդեց Խաչենի Դումանը։ Լուսինը, որ ամբողջ գիշերը մեզ հետ լսում էր Ալադին Միսակի երգը, Աբաղայի երկնքից սահելով, մտավ Բանտի–Մահոլ գետի քարե կամուրջի տակ։
Լուսադեմին մեզ վրա հարձակում եղավ։
Մեզանից սպանվեց մեր ճամփացույցը։
Խեղճ աբաղացի։ Նա չկարողացավ այլևս վերադառնալ վանք։ Գնաց ու ետ չեկավ։ Չհասցրեց նույնիսկ շալակը իջեցնել։ Ազգությամբ քուրդ էր նա՝ իր կյանքը ուխտով դրած հայ և քուրդ ժողովուրդների ազատագրության դատին և հավատարմությամբ կապված Թադեի վանքի և Գինդ վարդապետի հետ։
Մենք նրան թաղեցինք Բանտի–Մահոլ քարե կամուրջի մոտ, մի բարձրաբերձ քարաժայռի տակ, որ պահակի պես հսկում էր Աբաղայի մեծատարած դաշտի անցքերի վրա։
Ալադին Միսակը շալակեց աբաղացու բեռը, և մենք Բերկրիի կիրճը անցնելով, մեր ճակատները ուղղեցինք դեպի Սիփան։
=== ՕՁԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԻՆԳՅՈԼ ===
Ալադին Միսակն ասաց, որ շուտով մեզ կդիմավորի Խնուսից եկած մի փորձված ուղեցույց։
Եվ իսկապես, շուտով այդ մարդը երևաց։ Նա մեզ հանդիպեց այն ժայռերի մեջ, որտեղ եռանդով գանձ էր որոնում մեր ծանոթ վանեցին։
Հին սուրհանդակ էր Շեկ Գավիթը։ Նա քրդական տարազով շրջագայում էր իրենց գավառի մեջ, գիշերային ճամփորդությամբ երբեմն հասնելով մինչև Կովկաս։
Դավիթը ճամփորդում էր միշտ գիշերով։ Անվախ էր, արագաշարժ և սրատես։ Նրա աչքերը գայլի աչքերի պես վարժված էին խավարին և կարծես մթության մեջ ավելի լավ էին տեսնում։ Այդ գյուղացին ճանապարհներին հատուկ նշաններ էր անում և նույնիսկ գիտեր, թե ո՛ր քարի տակ ի՛նչ է պահել իր նախորդ ուղևորության միջոցին։ Գնում էր շա՛րունակ առշևից և գրեթե չէր խոսում ընթացքի ժամանակ։ Մեկ էլ տեսար՝ արագ շուռ եկավ և քարավանը տարավ բոլորովին տարբեր ուղղությամբ։ Շների հալոցից, առուների և աղբյուրների կարկաչից և ծառերի սոսափյունից իմանում էր, թե ո՛ր բնակավայրին է մոտենում։
Հասանք Սիփան սարի ստորոտը։ Այդտեղ էր գեղեցիկ Մավին հանդիպել ինձ իմ պատանեկան թափառումների ժամանակ։
Շեկ Գավիթը Մանազկերտի լեռների միջով մեզ առաջնորդեց դեպի Զեռնակի լանջերը։ Երկու տեղ միայն կանգ առավ. առաջին անգամ կասկածեց, թե սխալ ենք գնում, որովհետև շատ մութ էր։ Մի ժայռի տակ ռուսական ձիու պայտ էր պահել. ստուգեց. պայտը իր տեղումն էր, ուրեմն ընթացքը ճիշտ էր։ Իսկ երկրորդ կանգառին մութի մեջ կռացավ մի քարի, քարը շուռ տվեց և տակից հանեց մի զույգ տրեխ։ Հա֊ գավ, իսկ ունեցածը, որ ավելի հնամաշ էր, դրեց ժայռի տակ ու նորից շարունակեց ճամփան։
Մի երրորդ տեղ մի քարի թիկնելով կիսաձայն կարդաց,
«Ես կըսեի՝ թե ես եմ. Ան, որ կըսե թե ես եմ, Կըլլա՝ ինչպես որ ես եմ»։
— Մենք ինչով ենք զբաղված և ինչ է քարոզում այս տապանագիրը։ Եթե դրա տակ պառկածը իսկական տղամարդ է, նա ինչու պետք է գերեզման ունենար։ Ոչ, մենք չենք ուզում քեզ պես լինել,— խոսքը տապանաքարի տակ հանգ֊ Լողին ուղղելով ասաց Մշեցի Տիգրանը։— Մենք այն սերունդըն ենք, որ գերեզման չունի։
— Մոտենում ենք Կայենի ծառերին և Աբելի աղբյուրին,— գավազանը խավարի մեջ պարզելով ազդարարեց Շեկ Դավիթը։
Գիշերով հասանք Խաչմելիք գյուղի տակ։
— Մեր ձախ թևի վրա Ժաժան քարն է,— բացատրեց ճամփացույցը՝ ձեռքը դեպի ձախ ուղղելով։
Երեքս էլ մեր աչքերը լարեցինք. խավարի միջից մարդանման սև կերպարանքով մեզ էր նայում բարակ հողասյունին կանգնած մի վիթխարի ժայռ։
— Իսկ սա Հաջի Հայդարի սպանության վայրն է,— մեր աջակողմում ինչ–որ տեղանք ցույց տվեց Շեկ Գավիթը։
— Այժմ մոտենում ենք օձերի խազին աչին,— զգուշացրեց ճամփացույցը աղոթարանին նայելով։
Հարամիկ գյուղի շրջակայքում մեծ քարաբլուրներ երեվացին։ Հենց որ արևը ծագեց, անթիվ–անհամար սև օձեր հայտնվեցին այդ արտասովոր տեսքով քարաբլուրների վրա, որոնցով մեր ճանապարհն էր անցնում։ Շեկ Գավիթն ասաց, որ այդ օձերը չեն խայթում ։ Հայտնվում են արևածագին և գիշերից առաջ անհետանում են։ Եվ այնուամենայնիվ դըրանք օձեր էին և այդ օձերը փակեցին մեր ճանապարհը։ Նրանք գունդ–գունդ քարերին պառկած կամ գլուխները տնկած ամբողջ օրը մեզ էին նայում։ Արևամուտին անհետացան, ինչպես հայտնվել էին, և ճանապարհը բացվեց։
Օձերի թագավորությունից անցնելով հասանք Հարամիկ։ Մեր հայդուկ «Բրինդարը» այդ գյուղից էր։ Շեկ Դավթի կարգադրությամբ նրանց տանը մեր քրդական տարազը փոխեցինք և շտապեցինք Արոս և Խաչալույս գյուղերի մոտով իջնել Մշո դաշտ։ Ճանապարհին համիդիե ձիավորներ երևա֊ ցին։ Շեկ Դավթին, որ մեզնից առաջ էր գնում, բռնեցին, իսկ մենք թաքնվեցինք խոտերի մեջ։ Նրանց մեծավորը հարցրեց.
— Ո՞վ եք, ինչու՞ ընկերներդ փախան և ուր կերթայիք։
— Կերթայինք Բերդ՝ մանգաղ առնելու,— ասաց Գավիթը։
— Գիշերով ինչու՞ կերթաք։
— Չեթեներից վախենալու համար գիշերով կերթանք։ Երբ համիդիե ձիավորները հեռացան, Շեկը սուլելով հա-
վաքեց մեզ և վտանգ զգալով կտրուկ շրջադարձ կատարեց՝ մեր քարավանը տանելով դեպի Սև կամուրջ։
Շեկը գնաց այդ գյուղը, որ մեզ համար տեղ պատրաստի։ Գնաց և երկար ժամանակ չերևաց։ Գյուղի կողքին մի հին մարագ կար։ Լուսաբացի մոտ ես և Մշեցի Տիգրանը մարագի դուռը բաց անելով մեր բեռները ներս տարանք։ Տիգրանը և Ալադին Միաւկը պառկեցին քնելու, իսկ ես պահակ կանգնեցի։ Արևը բավական բարձրացել էր, երբ մի կին, կողովը շալակած, եկավ մարագի ղռան առաշ։ Բանալին մաքրեց, դուռը բացեց։ Մեզ տեսնելով վախեցավ և ուզեց փախչել։ Ես իմ թաքնված տեղից բռնեցի նրան՝ ասելով, մայրիկ, չվախենաս, մենք հայ ենք։ Եկանք, լույսը բացվեց՝ մտանք ձեր մարագը։ Հոգնած, նեղված ճամփորդ ենք։ Կարելի է երթաս մի քիչ հաց բերես մեզ համար և իմանաս գյուղում զորք կամ համիդիե ձիավոր կա ,. թե ոչ։
Կինը կողովը հարդ լցրեց ու գնաց։ Շատ չանցած եկավ կողովը շալակին։ Կողովի չորս կողմը գրել էր կաղամբի թուփ, մեջտեղը՝ մի պուտուկ մածուն ու հաց և ծածկել կա՛ղամբի թփով։
— Կարո՞ղ ես մի կուժ էլ ջուր բերել,— ասացի։
Ազնիվ կին էր և անունն էլ՝ Ազնիվ։ Գնաց ջուր էլ բերեց։ Ասաց, որ քսանհինգ զինված ձիավոր կա գյուղում։ Ապա կողովը լցրեց հարդով ու դուրս ելավ։ Գնալուց առաշ ասաց. «Տղաներ, էս մածունն ու հացը թաքուն եմ բերել, մեր տանեցիքն էլ տեղյակ չեն»։
Զարմանալի մի լռություն էր համակել Ալադին Միսակին։ Ոչ խոսում էր, ոչ երգում։ Իսկ Մշեցի Տիգրանը շատ անհանգիստ էր, որ Շեկ Դավիթը գնաց ու ետ չեկավ։
Հանկարծ ինչ–որ աղմկալի ձայներ լսվեցին մարագի շրշա֊ կայքում։ Աղմուկը ուղիղ դեպի մեզ էր գալիս։ Գլուխս դռան արանքից դուրս հանեցի տեսնելու, թե ինչ բան է, չլինի թե Դավթին բռնել են ու մենք մատնված ենք։ Իմ դուրս գալն ու գլխարկիս վայր ընկնելը մեկ եղավ։ Մոռացել էի, որ գլխիս առաջամասը մեջտեղից խուզված էր։ Կռացա գլխարկս վերցնելու։ Մարագի մոտով լեռնական քրդեր էին անցնում, իրար հրմշտելով ու գռռալով։ Նրանք իմ գլխի խուզված մասը նըկատելով կարծեցին, թե ես քուրդ եմ և ձեռքով արեցին, որ միանամ իրենց խմբին։ Մի քանիսը նույնիսկ շարժվեցին դեպի իմ կողմը։ Ես առանց շփոթվելու մարագի դուռը կամաց ծածկեցի և ինքս շտապեցի նրանց մոտ, որ խափանեմ մեր թաքստոցին մոտենալը։ Նրանց կանչերից ու քայլվածքից իմացա, որ Բինգյոլ են գնում։
— Բինգյո՞լ եք գնում,— հարցրի քրդերեն։
— Բինգյո՜լ, Բինգյո՜լ,— խմբով պատասխանեցին։
— Ես էլ եմ գալիս,— ասացի։
— Դե՛, շուտ միացիր մեզ։
Ինչ արած, ուզեի չուզեի պետք է միանայի նրանց, թեկուզ մի որոշ հեռավորության վրա, մինչև մարագից հեռանային և այնուհետև մի ելք կգտնեի վերադարձի համար։
Սակայն այնպես եղավ, որ չկարողացա ետ գալ և մինչև Բինգյոլ գնացի այդ բազմության հետ։ Այդ սարի արևելյան կողմը հայերի ամառանոցն էր, արևմտյանը՝ քրդերի։ Նըրանց մեծ մասը ամառանոց էր գնում, մի քանիսն էլ գնում էին Բինգյոլից ձյուն բերելու իրենց աղաների համար։
Ես էլ ձյուն բերող դարձա, որ շուտ ետ գայի ընկերներիս մոտ։
Ձյունի և սառույցի վաճառքով զբաղվում էին գլխավորապես Մժնկերտ գյուղի բնակիչները։ Ամառվա շոգերին նըրանք կամ Բինգյոլի սարերումն էին, կամ Խնուս բերդի շուկայում։
Սև օձերի թագավորությունից Բինգյոլ ընկնելը մեծ բախտավորություն էր ինձ համար։ Որքա՜ն էի երազել գեթ մի անգամ լինել Բինգյոլում և գտնել բրաբիոն ծաղիկը։ Գտնել և երջանկանալ։ Իզուր չէ, որ ղրան էր կոչում նաև ժայռերի ստվերների ետևից թափառող և իրական գանձ որոնող վանեցին։ Ականջիս մեջ մեկ անգամ էլ ուժգնորեն հնչեց նրա ձայնը. «Գնացե՜ք, գնացե՜ք Բինգյոլ։ Բրաբիոն ծաղկի տեղը Բինգյոլն է»։
Եվ ես Բինգյոլումն եմ։ Ու՞ր է այն գագաթը, որի այսինչ կողմից այսքան քայլ անելուց հետո երեք օր ծոմ պահող և ոտաբոբիկ ապաշխարողը կգտնի այդ անմահական ծաղիկը։
Ինձ հետ եկած քրդերը ցրվեցին ամեն մեկը մի կողմ, նույնպիսի աղմկալի կանչերով ու գույնզգույն տարազներով, ինչպես հանդիպել էի Սև կամուրջի մարագի մոտ։ Ամեն մեկը գնաց մի գագաթի ու մի աղբյուրի ուղղությամբ։
Իսկ Բինգյոլի աղբյուրները այնքան շատ են իրար նման, որ մարդ կարող է հեշտությամբ մոլորվել և անսպասելիորեն վերադառնալ այն աղբյուրին, որից քիչ առաջ ջուր է խմել, կարծելով, թե նոր ակունք է։ Իմ փնտրածը անմահական ծաղիկն էր։ Բայց ինչպե՞ս գտնել այն։
Մի խոսք կար Մշո դաշտում. Սալնո ձորի նուռը ուտես, Բինգյոլի ջուրը խմես։ Սալնո ձորի նուռը կերած չկայի, բայց Բինգյոլի ջուրը խմեցի։ Իմ հաշվով երեք անգամ յոթ աղբյուրից ջուր առա, ամեն մեկից մի կում և վերջին աղբյուրի մոտ պառկելով՝ քնեցի մինչև առավոտ։ Երբ արթնացա, իմ արախչին չկար, փոխարենը գլխիս մի քոլոզ էր դրված։ Ով էր դըրել՝ չիմացա։
«Երևի սա իմ բախտն է»,— ասացի։ Այս քոլոզը կօգնի ինձ, որ շուտով Սև կամուրջ հասնեմ։
Շուռումուռ տվեցի, նայեցի, ժպտացի, դրեցի գլխիս ու վեր կացա։
Բարձունքին ձյուն կար։ Հասա ամենաբարձր գագաթին ու կանգ առա։ Ամբողջ Բինգյոլը աչքիս առաջ էր։ Խոտավետ գեղեցիկ աշխարհ։ Ոտքերիս տակ ձյուն էր ու ծաղիկ, վերեվում՝ կապույտ երկինք և հավքերի երազային սլացք։
«Որ քոլոզը եղավ, երևի մի գրաստ էլ կլինի, որ Բինգյոլից ձյուն տանեմ»,— մտքումս ասացի։ Ճիշտ այդ ժամանակ մի փոքրիկ քարավան սկսեց դանդաղ իջնել լեռան կողով։ Ուղտերից մեկը համառորեն ծունկը զարկել էր գետնին ու վեր չէր կենում։ «Կա չկա, սա է այն հեքիաթային գըրաստը, որ ինձ Բինգյոլից ցած է տանելու»։ Արագությամբ պոկեցի ձյունասառույցի մի հաստ շերտ, կողքից էլ մանուշականման մի ծաղիկ և վազեցի դեպի չոքած ուղտը։ Սառույցը դրեցի ուղտի շալակը և մեջքը շոյեցի, որ վեր կենա։ Հանկարծ նա պարանոցը երկարելով, ելավ տեղից, ու ես կպած մնացի նրա սապատին։ Ու այդպես էլ ուղտի մեջքին նստած դանդաղ օրորվելով քարավանին հասա։
Ուղտապանը մժնկերտցի մի հայ էր, որ ձյուն ու սառույց էր տանում Խնուս-Բերդի բնակիչներին։ Ուրախացավ, որ իր համառ գրաստին քարավանին հասցրի և նույնիսկ մի քիչ թեփ տվեց, որ իմ սառույցը ճանապարհին չհալչի։
Ու այդպես քոլոզը գլխիս, ուղտի վրա նստած, զանգակների կանչով ես Բինգյոլից ցած իջա։
Խնուս–Բերդում սաստիկ շոգ էր։ Մժնկերտցու ձյունն ու սառույցը իսկույն սպառվեց։
— Ձյունը Բինգյոլի՞ց է,— հարցրեց մի ուշացած տղա՛ մարդ, հևիհև մոտենալով ինձ։
— Բինգյոլից է, բայց վերջացավ,— պատասխանեց քարավանի տերը։
— Տանը հիվանդ կա, Բինգյոլի ձյուն է ուզում։ Գոնե մի կտոր սառույց ճարվեր հիվանդիս համար։
Ես իմ բերածը տվեցի նրան։
— Որտե՞ղ է ձեր հիվանդը,— հարցրի։
— Շապատին։
Մժնկերտցի ուղտապանը քարավանը առած շարժվեց դեպի սար, իսկ ես նրան շնորհակալություն հայտնելով իմ նոր ուղեկցի հետ բռնեցի Շապատինի ճանապարհը։
Անցանք Արոս և էլպիս գյուղերը։ Հարամիկը իր քարաբլուրներով մնաց վերևում։
— Երեկ այստեղ հազարավոր սև օձեր կային, ի՞նչ եզան։
— Նրանք տարին մեկ անգամ են մեծ խմբերով երևում, ամեն Համբարձման արևածագին։ Այժմ թաքնված են քարաբլուրների տակ,— պատասխանեց իմ ուղեկիցը։
— Իսկ ձեր գյուղում սև զորք կա՞,— հարցրի։ ֊Չկա,
— Նրա՞նք էլ տարին մեկ անգամ են երևում։
— Ոչ, ամենաքիչը ամիսը մեկ անգամ։ Երեկ Սև կամուրջում քսանհինգ համիդիե ձիավոր կար։ Այս գիշեր նրանք քաշվեցին Վարդովի լեռները։
Ուշ երեկոյան Շապատինը անցնելով հասա Սև կամուրջ։ Մշեցի Տիգրանը և Ալադին Միսակը պառավի մարագում նըստած ինձ էին սպասում։ Շեկ Գավիթը քնած էր հարդի վրա։ Իմ ոտնաձայնից իսկույն արթնացավ։ Երեքն էլ սաստիկ զարմացան իմ գլխին մի տարօրինակ քոլոզ և ձեռքիս մի անծանոթ ծաղիկ տեսնելով։
— Ի՞նչ պատահեց քեզ, որտեղի՞ց ես գալիս,— հարցրեց Մշեցի Տիգրանը բարկացած։
— Բինգյոլից,— պատասխանեցի։
— Ինձ չթողեցիր Մասիս բարձրանամ, իսկ դու մինչև Բինգյո՞լ հասար,— գոռաց վրաս։
— Ստիպված էի։
— Այդ ի՞նչ ծաղիկ է ձեռքիդ։ Բրաբիո՞ն։
— Հասա մինչև Բինգյոլի ամենաբարձր գագաթը, բայց այդպիսի ծաղիկ չգտա։ Իմ բերածը լեռնային մանուշակ է։
Խնուս–Բերդից մի խճուղի էր դնում դեպի Մուշ։ Շեկ Գավիթն ասաց, որ այդ ճանապարհով Մշո դաշտ իջնելըվտանգավոր է։ Խավարը ճեղքելով նա մեզ նազիկ լճի տակով առաշնորդեց մինչև Գրգուռի ծծմբագույն ստորոտները և վերադարձավ Խնուս։
Հովիվներից իմացանք, որ մեծ զորք է պաշարել Շամիրամ գյուղը, և ճանապարհը փակ է։ Գրգուռի ստորին լանջերին մի քարայր կար։ Մեր բեռները թաքցրինք այդտեղ և հովիվներից հաց վերցնելով, մագլցեցինք Նեմրութն ի վեր։ Երկու գիշեր մնացինք Նեմրութի գագաթին։ Գտա Նեմրութի այն ժայռը, որի մոտ տեսել էի Աղբյուր Սերոբին։ Այդ՛տեղ էր, որ ես առաջին անգամ սկսեցի ծխել։ Հիշեցի Աղբյուր Սերոբին ու Արաբոյի ւոուփը հանելով՝ փաթաթեցի առաջին գլանակը իմ կյանքում։
Երրորդ օրվա լուսաբացին մեր բեռները թաքստոցից վերցնելով՝ Գրգուռի լանջերով շարժվեցինք դեպի Մշո դաշտ։ Հեռվում երևում էին Ծիրնկատարն ու Ծծմակա Քիթը Մեղրի քարերով։ Այդտեղ էր Բերդակի սարը։ Այդտեղ էր Գևորգ Չաուշը իր հայդուկներով սպասում մեզ։
Հազիվ էինք պատրաստվում նետվելու Տավրոսի լանջերին, երբ սկսվեց ձյունախառն բուքը։
=== ՏԱՎՐՈՍԻ ԲՈՒՔԸ ===
Դուք գիտե՞ք, թե ինչ բան է բուքը Հայկական Տավրոսում։
Աստվա՜ծ իմ, ի՜նչ ուժգնորեն է փչում սառնաշունչ քա՛մին։ Ամեն րոպե ձյունախառն մրրիկը կարող է քեզ անդունդ գլորել։ Բայց իմ շալակին բեռ կա։ Ես շալակատար եմ և պարտավոր եմ այդ բեռը տեղ հասցնել։ Ես մենակ չեմ, ինձ հետ են Մշեցի Տիգրանը և Ալադին Միսակը։ Երեքս էլ ուխտյալ զինվորներ ենք։ Տիգրանը առջևից է գնում, նրա ետևից՝ Միսակը, իսկ Միսակի թիկունքից ես եմ քայլում։ Գնում ենք ժայռերի միջով, ձեռնափայտերը հաստատորեն բարձրացնելով ու իջեցնելով, երբեմն իրար դիպչելով կամ բախվելով ժայռերին, մերթ կռանալով ու բարձրանալով և մերթ սահելով ներքև, շարունակ որոնելով հեշտ անցուղի և անվտանգ լեռնապտույտ։
Քայլում եմ ու մտածում` այս ծանր բեռը, որի մեջ վառոդ ու փամփուշտ կա, ես տանում եմ պարպելու բռնակալների Կրծքին, տանում եմ պաշտպանելու իմ թշվառ հայրենակիցներին բեկերի և հելուզակ ցեղերի հարձակումներից։ Տանում եմ սուլթանի թախտը պայթեցնելու։ Բոլորն են վառոդ կուտակում սուլթանի դեմ. Սալոնիկի թուրքը, մակեդոնացին, հույնը, հայը, արաբը, քուրդը, ասորին...
Ոռնում է Տավրոսը։ Գետնին սառած ձյունը կածից կամ անդունդից բարձրացնելով՝ ուժգնորեն բերում–զարկում է դեմքիդ, թիկունքիդ, մեջքիդ։ Այնպիսի բուք է, որ երկու քայլ հեռավորության վրա ոչ մի առարկա չես տեսնում։ Վրաս ձյունի պաղ շերտ է գոյացել։ Քամին օրորում է ինձ և աշխատում է իր հետ ներքև քաշել։ Ես ճոկանը գետնին սեղմելով և կուրծքս բքին դեմ տալով, ճգնում եմ ոտքերիս վրա կանգնած մնալ։ Արդեն երերում եմ։
Քիչ առաջ այնպես պարզ էր երևում Մշո Դաշտը Նեմրութի լանջերից, իսկ այժմ ամեն ինչ խառնվեց իրար։ Ծծմակը բռնված է զարհուրելի բորանով։ Ոչ Մառնիկի անտառն է երեվում, ոչ Ծիրնկատարը, ոչ Կորեկ աղբյուրը։
Բայց ու՞ր է Ալադին Միսակը։ Բուքը գալարվում է մի սև ու սուր առարկայի շուրջ և ճիգ է դնում տեղից շարժելու։ Ալադին Միսակն է։ Ոչ, դա Միսակը չէ։ Մի ցից ապառաժ է, որ կատաղորեն դիմադրում է ձյունախառն քամու հարվածներին։ Այդպես դիմադրել է դարեր ու բարակել։ Իսկ ի՛՛նչ եղավ Միսակը։ Չլինի՞ թե անդունդ գլորվեց։ Ես հասա ցից ապառաժին և կռանալով նայեցի։ Ահա նա գնում է սոսկալի հակը շալակին։ Առջևից ընթանում է Մշեցի Տիգրանը՝ նույնպիսի մի հակ շալակած։ Կայծակի մի հարվածով կարող է այդ ամբողջ բեռը բռնկվել և մի ակնթարթում ոչնչացնել մեզ։ Բայց կայծակ չկա, միայն կատաղի քամին է հռնդում դիվային ձայներ արձակելով։
Պայանո՜, պայանո՜, պայանո՜...
Ոչ, այդ Ալադին Միսակը չէ, այդ Տավրոսի բուքն է երգում։ Տավրոսի բու՜քը։
Աշխարհի ամենաչքնաղ լեռը այսքա՜ն մոլեգնած։ Ոչ այդ լեռան սպիտակ մեջքն է երևում, ոչ կանաչ կողերը, ոչ էլ իր տակ ծալված բրդոտ սրունքները։
Գարնանը ինչպիսի եդեմական ծաղկունք ասես չի բացվում այդ սարի վրա։ Իսկ այժմ՝ նայի՜ր ինչպես ահասարսուռ է նա ու փոթորկային։ Մոլեգնած է Տավրոսը։ Տարոնի ժողովուրդը իր բնավորությամբ որքան նման է այդ սարին։ Տարոնցին էլ նրա պես եդեմական ծաղիկներ ունի իր հոգում, իսկ երբ մոլեգնեց՝ վայ հանդիպողին։ Այդ պահին նա ավելի մոլեգին է, քան Ծծմակի վիհերից պայթող ամպրոպն ու մըրրիկը։
Բայց ես տարվեցի Ալադին Միսակով և Տիգրանին մոռացա։ Իսկապես, ի՞նչ եղավ Մշեցի Տիգրանը։
— Տիգրա՜ն։
Ոչ մի արձագանք։
— Տիգրա՜ն։
Ու զարհուրելի մտքեր պաշարեցին ինձ։ Չլինի՞ թե իմ հայդուկ ընկերը անդունդ գլորվեց։ Իսկ անդունդը ուղիղ իմ կողքին է, իմ ոտքերի տակ։
— Տիգրա՜ն,— մի վերջին անգամ գռռացի ես։
Իմ կանչը երևի հասավ Ալադին Միսակին։ Նա էլ իր հեր֊ թին գռռաց։ Բայց Տիգրանը չկար։ Մի՛՛թե այդ սքանչելի հայդուկը այստեղ պետք է ավարտեր իր կյանքի ուղին՝ պղնձագույն Գրգուռի մրրիկների մեջ։
Փչի՜ր, կատաղորեն փչի՜ր, Տավրոսի բուք, Մախլուտոն քեզանից զորավոր է։ Նա տոկուն հայդուկ է, իսկ հայդուկը ոչ փառք է որոնում, ոչ հանգիստ։
Եվ նա քեզ կհաղթի։
Ուժգին հռնդյունով քամու մի հոսանք անցավ, ասես պոկված լեռան գագաթից և իմ մեջքին զարկվելով, որոտաց դիմացի ժայռերի մեջ՝ իր հետ տանելով իմ քոլոզը։ Ես վայր գլորվեցի։ Ալադին Միսակն էլ գլորվեց։ Մի երկար պահ այդպես գետնին գամված մնացինք։ Սպիտակ մի փայլակ լուսավորեց Գրգուռի ստորին լանջերը, որին հետևեց մի խլացնող ճայթյուն։ Երբ ուշքի եկանք, Մշեցի Տիգրանը արդեն հասել էր լեռան ստորոտը և իմ քոլոզը ձեռքին բռնած ինձ էր սպասում։
Քամու բերանից էր թռցրել։
Վերջապես բուքը հանդարտվեց։ Ձյունախառն մի անձրևով ավարտվեց մեր երկարաձիգ և դաժան ճամփորդությունը, և մենք սառած, գրեթե ուժասպառ, մեր բեռները հասցըրինք Մառնիկի անտառը՝ ֆիդայիների բնակատեղին։
=== ԾԾՄԱԿԻ ՔԱՐԱՅՐՆԵՐԸ ===
Ալվառինջ լեռան կողերին մի քանի հին ծերպեր կային, որոնք կոչվում էին «Գևորգի քարայրներ»։ Տեղը քարքարոտ էր և ոտնահետքերից ապահով։
Կարգադրություն եղավ, որ բերած փամփուշտները թաքցընենք այդ քարայրների մեջ։
Երբ մենք բեռներով մոտեցանք, ոչխարենու ահագին գդակով մի տղամարդ իր եղունգներն էր մաշեցնում առաջին քարայրի ժայռին քսելով։
— Կայծակ Անդրեասն է,— զգուշացրեց Մշեցի Տիգրանը։ Մեր ոտնաձայնից Անդրեասը շուռ եկավ։ Ճշմարիտն ասած, դող եկավ վրաս այդ մարդու կերպարանքին նայելիս։ Անդրեասը հավատարիմ և քաջ զինվորն էր Սերոբ Աղբյուրի, որին ես տեսել էի Խլաթի սարերում։ Նա միշտ իր դասակի առջևից էր գնում և ոչ միայն կտրել էր կարգապահությունը խախտող իր զինվորներից մեկի ականջը, այլև պահանջել էր Սոսեի հեռացումը հայդուկների միջավայրից, որ խմբի մարտունակությունը չթուլանա։
Անդրեասը եղել էր Անդրանիկի յոթ հոգիանոց խմբի հետ, որին զինաթափ էին արել ալիանցիք և շենիքցիները, ու նըրանք Շենիքից փախչելով պատսպարվել էին Սեմալում։
Սերոբի մահից հետո Անդրեասը դարձել էր անճանաչելի։ Անխնա էր թշնամու հանդեպ, բայց Սերոբի գլխի վրա երդվողին ազատում էր պատժից։ Ձմեռ թե ամառ՝ նրա ձին միշտ թամբած էր, խուրջինը կապած և հրացանը գլխավերևում։
Տեսքը ահարկու էր։ Ահռելի աչքեր ուներ այդ ֆիդային և դեպի ականջները նիզակների պես ցցված սուր երկար բեղեր։ Եղունգներրը հաստ էին, ամուր, որ մաշեցնում էր ժայռերին քսելով։
Կայծակ Անդրեասին անծանոթ տեսնողը վախից փոխում էր ճանապարհը, այնքան սարսափազդու էր նրա կերպարանքը։ Ջուր խմելիս լոքում էր գետնին և բազուկները մի-մի ապառաժի դրած, քիթն ու ականջները կոխում էր աղբյուրի մեջ, երկայն բեղերը ծփփացնելով ջրի երեսին։ Այնպես էր ջուրը կլթկլթացնելով ներս քաշում՝ բերանը հետզհետե մոտեցնելով ակունքին, ասես ուր որ է աղբյուրը կցամաքի։ Ձին և ինքը միասին էին ջուր խմում։ Պատահում էր, որ ձին ջրում արտացոլված նրա պատկերից խրտնելով սանձը ետ էր քաշում։ Այդպես էին խմում բոլոր ֆիդայիները, բայց ուրիշ էր, երբ Կայծակ Անղրեասն էր չոքում աղբյուրին։
Արդեն մթնում էր, երբ Անդրեասի առաջնորդությամբ վերջին քարայրի դուռը հասանք, որ նայում էր «Արաբոյի քարի» վրա։ Բնական էր, որ նախ Անդրեասը մտներ, ապա ես և Տիգրանը։ Այդպես էլ եղավ։ Անդրեասը պառկեց փորի վրա և օձի պես սողալով քարայրի անցքից ներս մտավ, այն էլ ոչ թե գլխի, այլ ոտքերի կողմից։ Մենք էլ իրեն հետևելով այդպես սողալով ներս սահեցինք, ետևից զգուշորեն քարշ տալով մեր բեռները։
Քարայրի ներսը ընդարձակ էր և ուներ մի քանի խորշեր։ Բեռները պահեցինք մի նեղ խորշի մեջ և մեզ համար մի հարմար տեղ գտնելով՝ նստեցինք։ Հատակին մի թաղիք կար փռված, վրան չոր խոտ և մի մաշված արա։
— Սա Ալվառինջու Սեյդոյի խորշն է, — ասաց Կայծակ Անդրեասը։— Սեյդոն գնացել է գյուղ իր սնդուկը բերելու։
Թեպետ օդը ծանր էր, և ոտքերը երկարել հնարավոր չէր, որովհետև տեղը նեղ էր, մենք գիշերը այդտեղ մնացինք։ Լուսադեմին եկավ Սեյդոն մի մեծ սնդուկ շալակած և չախմախլի հրացանը թևը գցած։ Նա մի առանձին անցք ուներ, որով ելումուտ էր անում։ Սնդուկը ներս բերեց, փամփուշտները խնամքով դասավորեց մեջը և մեզ հետ փորսող տալով ելավ անձավից։
Ոսկրոտ դիմագծերով, խոշոր գեղեցիկ աչքերով և թիկնավետ լանջով մի տղամարդ էր Սեյդոն, որ ինձ հետ մասնակցել էր Բերդակի առասպելական կռվին։ Իշխանական ձևեր ու քայլվածք ուներ, թեպետ իրենց գյուղում նախ հոտաղ էր եղել, ապա մաճկալ։ Նա մեզ հրաժեշտ տալով չախմախ֊ լին ձեռքին դիմեց դեպի Մեղրի քարերը։ Արաբոյի ժայռի մոտով շարժվեց դեպի Ծծմակի ամենաբարձր կետը և նստեց թփուտով քողարկված մի քերծի, աջ ձեռքով հրացանի փողը բռնած, իսկ ձախով հենվելով նրան։ Շատ վայրեր էր թափառել Սեյդոն, բայց իր սիրած տեղը Ծծմակի Քիթն էր։ Գիշեր ու ցերեկ չախմախլին ձեռքին նստում էր այդտեղ, աչքը Ֆրանկ–Նորշենի և Ալվառինջի ճանապարհներին պահած։ Երբեմն կարողանում էր անսխալ որոշել, թե այդ ճանապարհներով ով է անցնում. անցորդը խաղաղ շինակա՞ն է, թե՞ շինականին տանջող բռնակալ։ Ամիսներով, տարիներով հսկում էր իր որսին և վերևից՝ թրը՛խկ,..
Կայծակ Անդրեասը Գևորգի քարայրներին էր հսկում, իսկ Ալվառինջու Սեյդոն՝ Նորշենի ճանապարհներին։
Հայացքս Ծծմակի բարձր քերծին էր, երբ Անդրեասը աներևութացավ, Նայում եմ՝ քարայրը կա, իսկ Անդրեասը չքացավ։
— Տիգրան, ու՞ր է Անդրեասը։
— Չգիտեմ։
Ու շվարած ուսերն է թոթվում։
Երկուսով վազեցինք դեպի աջակողմյան դեղնած մացառուտը։ Հասանք այն պահին, երբ Անդրեասը մի քոլոզավոր տղամարդու ականջներից բռնած զայրալից նայում էր նրա աչքերի մեջ։
— Երդվիր Սերոբ Աղբյուրի գլխով, որ դու լրտեսության համար չես եկել։
— Սերոբ Աղբյուրի գլուխը վկա, ես լրտես չեմ։ Ես Կողբի աղի համար եմ եկել։
— Իսկ Կողբը որտե՞ղ է։
— Կողբը հեռու տեղ է։ Լսել եմ, որ Կոզբից աղ եք բերել։ Անդրեասը կատաղորեն շարունակում էր նայել նրա աչքերի մեջ։
— Ո՞վ ես դու և գիտե՞ս, թե ինչ բան է փոթորիկը։
— Ես, ես... Սերոբ Աղբյուրի գլուխը վկա…— կմկմաց անծանոթը և դեռ խոսքը չավարտած սարսափից անշնչա՛ցավ այդ ահատեսիլ հայդուկի բազուկների մեջ։
=== ՍՈՒՐԸ ԽՈՆԱՐՀՎԵՑ ԽԱԶԻՆ ===
Կայծակ Անդրեասի ձեռքերի մեջ սարսափից շունչը փչած քուրդը Հաջի Ֆերոյի մարդկանցից էր։
Ո՞վ էր Հաջի Ֆերոն։
Պրտըրխե անունով մերկ ու քաղցած մի քուրդ իր նման մի քանի քրդերի հետ Բռնաշենից իջել էր Մշո դաշտ։ Առաջին գյուղը, ուր ոտք էր դրել, Քոլոսիկն էր, որ հնում եղել էր «Կարմիր իրիցու» տների խաշների մակաղատեղին։ Եկվորը նախ բնակություն էր հաստատել հայ շինականների գոմերի և ախոռների մեջ։ Ապա Խասգյուղի բնակիչ Փարեղյան Տոնապետի մոտ ջրաղացպան էր դարձել, իսկ իր ընկերները նույն վայրում վարձվել էին իբրև հովիվ և նախրորդ։ Անցել էր մի քանի տարի և ընդամենը մի այծի փոստով Մշո դաշտ եկած Պըտըրխեն Քոլոսիկում հիմնաղրել էր բալաքցի աշիրեթի մեկ ճյուղը, դառնալով այդ ճյուղի առաջնորդը։
Հաջի Ֆարըզը կամ Ֆերոն որդին էր Պըտըրխեի։ Հոր մահից հետո Հաջի Ֆերոն օսմանյան իշխանավորների պաշտպանությամբ արդեն տեր էր դարձել ամբողջ Քոլոսիկին և Խասգյուղի մեծ մասին, իր ազդեցությունը տարածելով նաև այդ շրջանի Ալվառինջ, Շմլակ, Էրիշտեր, Մկրագոմ և Քրդագոմ գյուղերի վրա։ Խասգյուղի սահմանից հողեր գրավելով, նա «Սևակ» անունով աղբյուրի մոտ երկհարկանի սպիտակ քյոշկ էր շինել իր հարակից շինություններով, այդ վայրը վերածելով աշիրեթական թաղի։
Սեփականացնելով Քոլոսիկը, Հաջի Ֆերոն արգելել էր հայ գյուղացիներին իրենց խաշները այդ գյուղի արոտների և գոմերի մեջ պահել և անտառից ցախ բերել։ Քոլոսիկ լեռան աղբյուրներից յոթ առու էր հոսում դեպի Խասգյուղի դաշտերը։ Հաջի Ֆերոն բռնագրավել էր այդ առուները, բնակիչներին թույլ չտալով օգտվելու ջրից։ Քոլոսիկի ձորի մեջ գյուղացիներն ունեին յոթ ջրաղաց։ Բալաքցի աշիրեթապետը հրդեհել էր դրանք և կողքին սեփական ջրաղացներ էր շինել իր համար։
Հաջի Ֆերոն սուլթանի և նրա վարիչների գործակալն էր Մշո դաշտում։ Մշո ոստիկանապետի և կառավարչի հրահանգով նա բալաքցի զինված քրդերին ուղարկում էր այս կամ այն հայ շինականի տունը, որոնք տանտիրոջ հացը ուտելուց հետո ոտքի կանգնելով հրացանազարկ էին անում նրան և վերադառնում իրենց գյուղերը։ Այդ ցեղապետի անմիջական թելադրությամբ սպանվել էին ս. Աղբերիկի երկու վարդապետները (Ղազար և Պետրոս), Ալվառինջի երկու գյուղապետները (Վահան և Սմբատ) և Խասգյուղի, Շմլակի և Մկրագոմի մի քանի հայտնի շինականներ։
Բավական Էր, որ Հաջի Ֆերոն սուլթանի մարդկանց հայտնի դարձներ, թե այսինչ գյուղում ֆիդայիներ կան և իսկույն Մուշից կամ Բաղեշից զորք ու թնդանոթ Էր շարժվում այդ գյուղի վրա։
Ֆերոն մի եղբայր ուներ՝ Ալի և երկու որդի՝ Հասան և Մահմուդ։ Իսկ ծառաները շատ Էին և մեծ մասամբ դաժան։ Նույնիսկ նրա նախրապահները հետապնդում Էին հայ ֆիդայիներին։
Խասգյուղի և Քոլոսիկի երկրորդ հարստահարիչը և սուլթանական գործակալը Սլո Օնբաշին Էր։ Սա հասնանցի քուրդ Էր։ Մշո մեջ մի քանի տարի իշապանություն Էր արել և առաջ Էր քաշվել մեծ պաշտոնի։ Խասգյուղի միջով անցնում Էր պետական խճուղին։ Գյուղում թղթակցական կայան կար (Գորդոն), ուր տասներկու ոստիկաններ Էին աշխատում։ Մուշից եկողները այդտեղ Էին փոխում ձիերը և շարունակում ճանապարհը դեպի Բաղեշ։ Սլեման Օնբաշին այդ կայանի գլխավորն Էր և ամենքը նրան «Գորդոն» Էին կոչում։
Այդ երկուսը՝ Հաջի Ֆերոն և Սլեման Օնբաշին իրենց ծառաների և ոստիկանների միջոցով լրտեսում Էին ֆիդայիների երթևեկը։ Առանձնապես այդ ուղղությամբ եռանդուն գործում Էին Գորդոնի ոստիկան Պարտկա Ճաղոն, Համիդ Օնբաշին, բոստանչի Շաքիրը, նախրորդ Իպոն և Գորդոնի ծառա լալ Հասոն։
Մեր բերած փամփուշտը քարայրում թաքցնելու հաջորդ օրը Հաջի Ֆերոն եկավ Ալվառինջ սարը իմանալու, թե ինչ եղավ իր ուղարկած լրտեսը։
Մենք, որ այդքան հեռավորությունից վտանգի ու փոթորիկների միջով մեր բեռները բերել–հասցրել էինք Մառնիկ և փորսող տալով թաքցրել քարայրի մեջ, կհանդուրժեի՞նք միթե, որ բալաքցի այդ ավազակը հանդգներ մոտենալ մեր զինարանին։
Ահա թե ինչու համարձակ վճիռ եղավ ոչնչացնել նրան։
— Ինչու՞ ես մեզ լրտեսում,— գռռաց Կայծակ Անդրեասը կատաղի մի ցատկով գետնից պոկելով Հաջի Ֆերոյին և օդում պահած ահռելի աչքերով նայեց նրան։
— Ես լրտես չեմ։ Ես եկել եմ իմանալու, թե ինչ եղավ մեր ղոլամը, որին ուղարկել էի ձեզանից աղ վերցնելու։
— Աղի համար Մ ուշ են գնում և ոչ թե Մառնիկի անտառը։ Քո ծառան շունչը փչեց իմ ձեռքերի մեջ։
— Ինչպե՞ս, սպանեցի՞ք։
— Ոչ, սարսափից մեռավ։
— Օ, ինչ գազանային տեսք ունես, ես վախենում եմ քո աչքերից։
— Դուք մեզ գազան դարձրիք։
Եվ այն միջոցին, երբ բալաքցի հարստահարիչը սարսափից գրեթե մարում էր Անդրեասի բազուկների մեջ, և ես ու Մշեցի Տիգրանը մեր դաշույնները մերկացնելով պատրաստվում էինք արագացնելու հրեշի մահը, Տեր Քերոբը խաչը ձեռքին հևիհև հայտնվեց մեր առաջ։
Նրա հետ եկել էին նաև գյուղապետ Մուքոն և Թարղու երեցը։
— Մի՜ անեք այդ բանը, ի սեր Քրիստոսի, աղաչում եմ ձեզ,— գոչեց Տեր Քերոբը ծունկի իջնելով մեր առաջ։
— Տեր Քերոբ, դու աստծո մարդ ես և մի խառնվիր մեր երկրային գործերին։ Մեր վճիռն արդար է։ Մեր գյուղացիները երկու անգամ ուզեցել են այս ճորտատերին սպանել և դու ընդդիմացել ես։ Գոնե այս անգամ քո խաչը հեռու տար,— ասաց Մշեցի Տիգրանը։
— Մեր գյուղի կողմից խնդրում եմ ձեզ ազատ արձակել Հաջի Ֆերոյին։ Նա բարի քուրդ է և Քրիստոսն ուզում է, որ այդպիսիները ապրեն,— խոսեց գյուղապետ Մուքոն։ Նույն խնդիրքով դիմեց Թարղու երեցը։
— Հանուն Քրիստոսի,— գոչեց Տեր Քերոբը և խաչը պահեց մեր զենքերի վրա, ու մենք նահանջեցինք։
Սուրը խոնարհվեց խաչին։
— Գնա, Հաջի Ֆերո, այս անգամ էլ կյանքդ խնայվեց։ Գնա և քանի ապրում ես, հավիտյան պարտական մնա հայոց խաչին, նաև այս բարի քահանային ու բարի մարդկանց, որ քեզ կորզեցին մեր դաշույնների տակից,— ասաց Կայծակ Անդրեասը և նրան օդից գետնին իջեցնելով՝ հրաման տվեց հեռանալու։
=== ՈՎ ՓՉԵՑ ՃՐԱԳԸ ===
Ամեն հայդուկ գիտեր, որ դեպի արևելք շարժվելիս, գյուղից դուրս գալով նա նախ պիտի գնար արևմուտք և ապա միայն դառնար դեպի արևելք, որ գյուղացիները չիմանային, թե ո՛ր ուղղությամբ գնաց։
Կարկուտ Թադեն թեև Խլաթի սարերը թողնելով եկել միացել էր Գևորգ Չաուշի խմբին, սակայն դարձյալ անհանգիստ կրակող էր։ Տեղի-անտեղի բարկությամբ չխկացնում էր փակաղակը և գնդակը պայթեցնում։ Գևորգը սրան մի օր գործով ուղարկել էր Սասնո կողմերը։ Բայց Թադեն ճանապարհը շփոթելով, փոխանակ դեպի հյուսիս գնալու, շարժվել էր դեպի հարավ։ Մոտը զենք կար և որովհետև անզուսպ էր, կարող էր կռիվ բորբոքել Սասնո կողմերում, ուստի երեք հայդուկ ինձ հետ վերցնելով՝ շտապեցի նրա ետևից։
Ֆրանկ-Մոսոն հետնապահ էր։ Հետնապահը միշտ ետեվից էր քայլում՝ իր հետ քարշ տալով մի ծառաճյուղ, որ ֆիդայիների հետքերը կորցնի։
Երկար թափառումներից հետո գտանք Թադեի հետքը։ Մշեցի Տիգրանը և Չոլոն շտապեցին նրան բերելու, իսկ ես և Ֆրանկ–Մոսոն որոշեցինք մի քիչ հանգստանալ։
Գոմի առջև մի ծառ կար։ Հրացանը գրկած նստեցի ծառի ճյուղին։ Մոսոն պառկեց ոտքերիս տակ՝ գետնին։ Նա պիտի քներ, իսկ ես՝ հսկեի։ Եթե պատահեր, որ քունս տաներ՝ անպատճառ պիտի ընկնեի Մոսոյի վրա։ Իմ ընկնելուց նա պիտի արթնանար։ Այսպես փոխնեփոխ պիտի քնեինք ու հսկեինք։ Հազիվ էին կոպերս իրար կպել և գլուխս ծանրացել կըրծքիս, երբ Մոսոն վեր թռավ քնից։ Ինչ–որ մեկը թափով ընկել էր նրա վրա և արագ բարձրանալով՝ սարսափահար ետ քաշվել։ Ֆրանկ-Մոսոն սկզբում կարծել էր, թե ընկնողը ես եմ։
— Մախլուտո՛։
Այդ կանչի վրա ես ճյուղից վայր թռա։ Ձեռքս շարժվեց դեպի իմ զենքը, իսկ Մոսոն մերկացրեց դաշույնը։ Մեզանից ոչ հեռու մի մարդ կիսաստվերում կանգնած ծանրագին շընչում էր։
Երկուսով մոտեցանք։
Երիտասարդ մի քուրդ էր՝ քոլոզը գլխին։
— Ձեր բախտն եմ ընկել, աղա, ինձ մի սպանեք։ Ջահել քուրդ եմ և օգնության համար եմ եկել։
— Ի՞նչ օգնություն։
— Օգնություն, աղա։ Մեր գյուղից մինչև էստեղ վազելով եմ եկել։
— Ինչո՞ւ ես վազել։
— Որ իմ պատիվը փրկեմ։
— Որ սա պատվից է խոսում, ուրեմն ազնիվ մարդ է, — ասաց Ֆրանկ-Մոսոն, ձեռքը բարեկամորեն նրա ուսին դընելով։
— Անու՞նդ։
— Ամինո։
— Հանդամիջյան կռի՞վ է, հողային հա՞րց։
— Ի՜նչ հողային հարց, ի՜նչ հանդամիջյան կռիվ։ Ավելի մեծ գործ է. իմ պատվի սինորն են ուզում քանդել։
— Դե, պատմիր, պատմիր։
— Մեր կողմերը սովորություն է, աղա, ազապ աղջիկները թաշկինակներ են կապում մաքիների վզից։ Որ տղան որ թաշկինակը արձակեց, նույն օրն էլ նշանդրեք է լինում։
Մի շաբաթ առաջ, երբ ոչխարը գյուղ եկավ, ես մեկի վզից արձակեցի մի կարմիր թաշկինակ։
— Նշանդրեքն եղա՞վ։
— Նույն օրը։
— Է՜, հետո՞։
— Վաղը իմ հարսանիքն է։
— Է՜, գնա քո հարսանիքն արա, ո՞վ Է խանգարում։
— Բայց, աղա, մենք մի անիրավ բեկ ունենք, երեկ ինձ կանչեց ասաց, որ հարսանիքից հետո հարսին պետք է առաջին գիշերը իր տուն տանի։ Իմ բաբոն ասաց, թե գնա հայ ֆիդայիներին կանչիր։
Ամեն ինչ պարզ էր։
Ոչ մի բան այնքան մոտ չէ ֆիդայու սրտին, որքան հասարակ ժողովրդի իրավունքին ու պատվին պաշտպան կանգնելը։
Տղաները եկան ու ես այդ գործը վերցրի մեզ վրա։
— Հարսնացուն թու՞խ է, — հարցրի։
— Մի քիչ շեկլիկ է։
— Հասա՞կը։
— Ճիշտ իմ բոյի չափ։
— Չոլոյին վերցրու, — խորհուրդ տվեց Մշեցի Տիգրանը։
Ես էլ գտա, որ ամենահարմարը Չոլոն է։ — Քոլոզ ունե՞ք, — հարցրի։
— Քոլո՞զ, — զարմացավ քուրդը, — մեր երկիրը լիքը քոլոզ է։
— Ճրա՞գ։
— Ճրագ էլ կճարվի։
Չոլոն անմիջապես մեջտեղ նետվեց դաշույնն ու տասնոցը արայի տակ կապած, իսկ Կարկուտ Թադեն Փակաղակը չըխկացնելով նետվեց մի քարի տակ, իբրև թե նշան է բռնում անիրավ բեկին։
Ամինոն մեզ նկարագրեց բեկի տան դիրքը, որից հետո բաժանեցինք գերերը. թե ով պետք է հսկեր տանիքին և ով պետք է գրոհեր բեկի վրա։ Չոլոն կատարելու էր հարսի և ահաբեկիչի դերը։ Պատասխանատու դերերից մեկը հանձնեցինք Կարկուտ Թադեին։ Նրան նշանակեցինք ճրագ փչող։
Ես և Տիգրանը քաշելու էինք պարանը, իսկ Ֆրանկ–Մոսոն ներկայանալու էր իբրև քավոր և խաչեղբայր։
Որոշեցինք մեր հանդիպման վայրը և Ամինոյի հետ ընկանք ճամփա, որպես թե գնում ենք հարսանիք։ Նախավերջին գյուղի մոտով անցնելիս, Ամինոն մեզ համար հինգ սպիտակ քոլոզ բերեց և մի կծիկ պարան։ Ես Ֆրանկ–Մոսոյին և Կարկուտ Թադեին Ամինոյի հետ ուղարկեցի բեկի գյուզը, առաջինին որպես քավոր, իսկ երկրորդին՝ ճրագ փչող։ Բացատրեցինք, թե ճրագ փչելիս Թադեն որտեղ պիտի կանգնած լինի և ինչ դիրքով ճրագը պահած։
Երբ ես, Մշեցի Տիգրանը և Չոլոն տեղ հասանք, հարսանիքն արդեն սկսել էր։
Ալիբեկ աղան բեղը սրած նստել էր փեսայի կողքին՝ աչքը շարունակ հարսի վրա պահելով, որի երեսը քողի տակ էր։ Հարսի ձախ կողմում հպարտ նստել էր Ֆրանկ–Մոսոն՝ սպիտակ քոլոզը գլխին։ Հետևում իբրև թիկնապահ Կարկուտ Թադեն էր հսկում, նույնպես սպիտակ քոլոզով, ձեռքին մի մեծ ճրագ։ Ես, Տիգրանը և Չոլոն կանգնեցինք հարսանքատան շեմքին, ձեռքներս աբաների տակով մեր զենքերին դըրած։ Չոլոն իր քոլոզը թեքել էր ականջին։
Երբ հարսանիքը վերջացավ, մենք շեմքից կամացուկ ետ քաշվեցինք։
Ալիբեկի անկողինը խնամքով պատրաստված էր և հարսը քիչ հետո պիտի գնար նրանց տուն։ Աղան առաջինը դուրս եկավ, իսկ ետևից շարժվում էր հարսը թափորով։ Ֆրանկ֊ Մոսոն գնում էր փեսայի կողքից, իսկ Կարկուտ Թադեն թիկունքից՝ ճրագը ձեռքին բարձր պահած, ինչպես պայմանավորվել էինք։
Բեկի տան շեմքին Թադեն որսաց հարմար ժամանակ և ճրագը փչեց։ Չոլոն մութի մեջ իր քոլոզը տվեց փեսային և հարսնթագը քողով արագությամբ հարսի վրայից վերցնելով դրեց իր գլխին ու իբրև հարս ընթացավ բեկի ետևից։
— Բարի վայելու՜մ, Ալի բեկ, շատ չտանջես հարսին, էս մի Գիշերը քոնն է, մնացյալ բոլոր գիշերներն իմն են, — ասաց Ամինոն և Չոլոյի քոլոզը հարսի գլխին դնելով, նրան իրենց տուն տարավ։ Ես ու Տիգրանը բարձրացանք տանիք։ Երդիկից կռացած նայեցինք։ Աղան արդեն պառկել էր և հրճվանքից բեղերն էր շփում։ Չոլոն եկավ և շորերով մտավ անկո՛ղին։ Բեկը թևերը պարզեց, որ հարսին գրկի, Չոլոն տասնոցը արայի տակից հանելով՝ դեմ տվեց նրա կզակին։
— Օզնեցե՜ք, ինձ սպանում են։ Հարսի քողի տակ ջանֆիդան է թաքնված, — սարսափահար գոչեց Ալիբեկը։
— Չեմ սպանի, բայց սրանից հետո չհամարձակվես երիտասարդ ընտանիքի պատիվը արատավորել, — սպառնաց հայ ֆիդային։
Ալիբեկի աղաղակի վրա մարդիկ հավաքվեցին շեմքին։ Ոմանք ներս մտան, բայց պարանն արդեն կախվել էր, և Չոլոն պլուլվելով, հարսնթագը գլխին, մի ակնթարթում բարձրացավ տանիք, իսկ Կարկուտ Թադեն արագությամբ դուրս նետվելով անհետացավ մութի մեջ։
— Ճրագը ո՞վ փչեց, — լսվում էին զարմացական կանչեր այս ու այն կողմից։
Մինչ հարսանքավորները ուշքի կգային, թե ինչ կատարվեց, մենք արդեն հեռացել էինք գյուղից, հարսնթագը և քողը բեկի տանիքին թողնելով։ Թադեն, որ հաջողությամբ փչել էր ճրագը, Ֆրանկ–Մոսոյի հետ մեզ էր սպասում պայմանավորված վայրում։
Հաշվեցինք քոլոզները։ Ֆրանկ–Մոսոյի քոլոզը չկար։ Մութի միջով վազելիս ընկել էր գլխից։ Չոլոյի քոլոզն էլ չկար։ Տիգրանը գովեց Չոլոյի քաջությունը, իսկ Կարկուտ Թադեն հանդիմանեց, որ ճրագը փչելիս փոքր–ինչ շտապել էր։
— Ճիշտ է, դու մի քիչ շուտ փչեցիր ճրագը, — հաստատեց Չոլոն։
Ֆրանկ–Մոսոն էլ նույն բանը պնդեց՝ իր գլխանոցի կորուստը վերագրելով ճրագ փչողի հապճեպությանը։ Ըստ նրա, Թադեն պետք է ճրագը փչեր փեսայի բեկին ուղղած խոսքից առաջ։
Իսկ ես պնդեցի, որ Կարկուտ Թադեն, հակառակ իր անհամբեր բնավորությանը, ճիշտ ժամանակին է հանգցրել ճըրագը, և մենք այդ գործի հաջողության վերջաբանը փաստորեն նրան ենք պարտական։
Մնացյալ երեք քոլոզները պարանի հետ փաթաթելով դրեցինք Ֆրանկ–Մոսոյի ուսապարկը և ուղղություն վերցրինք դեպի Սև սար։
Այս շշմեցնող ահաբեկումը, որ աներևակայելի հմտու՛թյամբ կատարվեց, կայծակի արագությամբ տարածվեց լեռ֊ նական քրդերի մեջ։
Նույն գիշերը հայտնի դարձավ, որ Ալիբեկը սարսափից մեռել էր, իսկ երիտասարդ Ամինոն իր նորահարսի հետ փախել էր Ֆարխինի կողմերը, խոստանալով այնտեղից կապար և ծծումբ ուղարկել Գևորգ Չաուշին՝ սուլթանի և նրա անխիղճ բեկերի դեմ կռվելու համար։
=== ՍԵՎ ՍԱՐԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ ===
Լույսը խավարին էր խառնվել, երբ հասանք Բռնաշենի լեռներին։ Ծառերն այդտեղ բարձր էին, քարափից–֊քարափ ելնող և կիրճից–կիրճ իջնող։ Մեկը մյուսի կատարից ցոլք առավ և անտառը լուսավորվեց։
Առաջինը ոսկեվորվեց կաղամախիների պուրակը՝ տերևներից լույսի շիթեր թափելով սպիտակ սունկերով ծածկված իր ծնկներին։ Մի ճախրասլաց հսկա կաղամախու գագաթին սևին էր տալիս ինչ–որ բան, լուսաբացի կապույտ զեփյուռից օրորվելով։
Երեքով վերև նայեցինք։
Չոլոն պնդեց թե արծիվ է, Մշեցի Տիգրանը՝ թե հաբան է։
— Հաբանը ի՞նչ գործ ունի ծառի վրա, — զարմացած նըկատեց Ֆրանկ–Մոսոն։
— Արինոքցի հովիվներն են կախել։ Մեջը խորոված կա։ Եվ իսկապես. կաղամախիների պուրակի ամենաբարձրիկ ծառագագաթին ճոճվում էր մի կաշեպարկ։ Այնպես հով էր այնտեղ, տերևների այնպիսի սոսափ կար, որ թվում էր, թե հիմա վայր կընկնի, մինչդեռ այծեպարկը անաղմուկ ճոճվում էր ետ ու առաջ, ասես անտառի վրայով մի հսկա արծիվ էր պատրաստվում թռիչքի։
Թը՜րմփ։
Վերևից մի ծանր բան ընկավ։ Կարծեցինք, թե հաբանն է, բայց շուտով մի խոր տնքոց լսվեց և հայհոյախառն մի բարձրագոչ անեծք՝ Հաջի Ֆերոյի հասցեին։
Վազեցինք։ Ծառերի տակ մեր առջև փռված էր քեռի Երանոսը՝ իմ ծանոթ ջորեպանը։ Խեղճի որովայնը պատռվել էր և աղիքները դուրս թափվել։ Երկու ձեռքով բռնել էր փորը և գոռում էր ցավից։
Թշվառ մարդ։ Տարիներ առաջ ես բուժել էի նրա մեջքի մկանների կծկումը, բայց այս մեկին օգնելը իմ ուժերից վեր էր։ Ոչ էլ Ֆրանկ–Մոսոն կամ Մշեցի Տիգրանը կարող էին օգնել։
Չոլոն առաջարկեց նրան շտապ հասցնել Բռնաշենի հովիվների մոտ։
Բայց ինչպե՞ս։
Կարկուտ Թադեն հանձն առավ հիվանդին շալակել։ Հը֊ մուտ էր Թադեն այդ գործում։ Պատահել էին շատ դեպքեր, երբ նա վիրավոր կամ հոգնած հայդուկին, զենքն էլ հետը, շալակելով սարից–սար էր տարել։
Մենք զգուշությամբ բարձրացրինք ջորեպան Երանոսին։ Թադեն իսկույն մտավ տակը, հիմնական ծանրությունը առնելով իր վրա։ Աջ ոտքը ես բռնեցի, ձախ ոտքը՝ Մշեցի Տիգրանը, և գնացինք։ Չոլոն կողքից էր հսկում, որ աղիքները չթափվեն կամ հավքերը չկտցահարեն վերևից, իսկ ՖրանկՄոսոն որպես հետնապահ, դարձյալ իր գործին էր։ Մեր ոտնահետքերն էր անհետացնում կամ առաջ վազելով, բարձրացնում էր այս կամ այն կախված ծաոաճյուղը, որ անխափան անցնենք։
Ճանապարհին քեռի Երանոսը հատուկենտ խոսքեր շըշընջաց, որից պարզ դարձավ նրա պատմությունը։
Ոստիկանապետ Հյուսնի էֆենդին տեսնելով, որ նա ջորեպանություն է անում Բաղեշի ճանապարհներին դեպի Սա֊ սուն փոխադրելով կասկածելի մարդկանց և կասկածելի բեռներ, արգելել էր նրան այդ ճանապարհներին երևալ։ Վերջին անգամ նրան նկատել էին Մանազկերտի գյուղերում, ուր նա Խութա սարերից ընկույզ էր տանում, մի բեռ ընկույզը փոխանակելով մի բեռ ցորենի հետ։ Այդ բանը կատարվել էր Մոսե Իմոյի հայտնի ուղևորությունից հետո։
Երանոսը ստիպված ծառայության էր մտել Հովհաննես վարդապետի մոտ։ Անտառից փայտ էր կտրում և ջորիին բարձած բերում էր վանք։ Սակայն այստեղ էլ նրա դեմ ցրցվել էր բալաքցի Հաջի Ֆերոն, արգելելով նրան մերձակա անտառներից փայտ կտրել։ Երանոսը հարկադրված թափան֊ ցել էր Բռնաշենի անտառների խորքը։ Այդտեղ էլ նա փայտ կտրելիս գլորվել էր ծառից, և փորը մի սրածայր կաղնե֊ ոստի դեմ առնելով՝ պատռվել էր վերևից վար։
Մակաղատեղին մոտ էր։
Մեր աջ թևի վրա մի թիկնավետ հովիվ իր խաշներին նայելով մտազբաղ ետ ու առաջ էր քաշում համրիչի հատիկները։
— Խոդեդանն է, — ասաց Չոլոն, հեռվից ճանաչելով նըրան։ Չոլոն հայտնեց, որ այդ հովվի կինը Բայազ անունով դաշտեցի մի աղջիկ էր, որի հարսանիքի զուռնի ձայնը Արինոքից մինչև Մարութա սարն է հասել։
Խութեցի հովիվները իրենց հաշիվը պահում էին տերողորմիայի հատիկների կամ իրենց մատների վրա, յուրաքանչյուր միավորի համար ծալելով մեկ մատ կամ համրիչից մեկ ուլունք քաշելով։
Մեր ոտնաձայնից, թե տերևների ուժեղացող սոսափից, նրա հաշիվը խառնվեց և նա նորից սկսեց իր համրանքը՝ այս անգամ համրիչի հատիկները զույգ–զույգ քաշելով և բարձրաձայն հաշվելով. երկու քսան, երեք քսան, չորս քսան, հինգ քսան։ Վերջին թիվը եղավ տաս սաքսան, այսինքն ութ հարյուր։
Հաշիվը չէր ստացվում։ Մի թփի տակ երեք թաքնված այծեր նկատեց. քոլեն մեկ, քռեն մեկ, բաղեն մեկ — քթի տակ հաշվեց նա իրար կողքի երեք մատ ծալելով։ Այդ էլ չօգնեց։ Մեծ թվով այծեր էին պակասում։
Մակաղատեղում մի ավելի երիտասարդ հովիվ, Տոնե անունով, կրակի մոտ նստած իր տրեխն էր կարում այծի սև մազից ոլորած թելով։ Մեզ տեսնելով նա բոլորովին չկորցրեց իրեն։ Տրեխը ցած դրեց, հանգիստ վեր կացավ տեղից, ձեռքերը լվաց, ջորեպան Երանոսին մեջքից վար առնելով պառկեցրեց կրակի կողքին, թաղիքի վրա, աղիքները խնամ֊ քով լցրեց փորը, դասավորեց, ինչ–որ անծանոթ բույսերով թմրեցրեց ճղվածքի եզրերը, թելը ոլորեց և երկար մախաթը տաքացնելով՝ մեր ներկայությամբ սկսեց հիվանդի փորը կարել :
Շատ բան էի տեսել, բայց մախաթով մարդու փորի կար և այն էլ այծի սև մազից ոլորած թելով առաջին անգամ էի տեսնում։
— Կմեռնի, — հաստատապես պնդեց Ֆրանկ–Մոսոն։
— Չի մեռնի, — ասաց Չոլոն։
Ես էլ այն կարծիքին էի, որ ողջ չի պրծնի։ Հովիվը մախաթի քիթը նորից դաղեց կրակով։
— Հը՜շ կացեք, — մեր տագնապը նկատելով հուսադրեց բռնաշենցի Տոնեն — առաջին անգամ չէ, որ փոր եմ կարում։ Մարդու փորն էլ էծի փորի նման է։ — Եվ նա մախաթը կրա՛կից վերցնելով, կարը ավարտեց ջորեպանի պորտի մոտ։ Հանգուցեց, կռացավ ատամներով կտրեց թելը և դանակը վերցնելով մի բարակ գիծ քաշեց իր ձեռնափայտին, այն գծերի տակ, որոնք ցույց էին տալիս իր մորթած այծերի հա֊ շիվը։ Այդ հովիվն էլ այդ ձևով էր իր հաշիվը պահում։
Ըմբոստ այծերը շատ էին չարչարում Սև սարի հովիվներին։ Ամենօրյա կռիվը գայլերի հետ այնքան նեղություն չէր պատճառում նրանց, որքան խաշների հանգիստը վրդովող այղ անհնազանդ այծերը։ Գիշերով հանկարծ անջատվում էին հոտից և, իրար ետևից թռչկոտելով նետվում էին սար ու ձոր՝ վտանգավոր ապառաժներից ու քերծերից կախվելով։
Անտառի խորքից հայտնվեցին խութեցի երկու ուրիշ հովիվ, բերելով այդ գիշերը հոտից փախած անհնազանդ այ֊ ծերին։ Հովիվներից մեկը եղջյուրներից քարշ տալով կրակի մոտ շպրտեց մի մորուքավոր ամեհի այծի, որի ծնկները ջախջախված էին, իսկ մի եղջյուրը փշրված։
Կեռ եղջյուրներով այդ մոլեգին քոշը մի ամբողջ տարի տանջել էր հովիվներին՝ այծերի մի ստվար բազմություն շարունակ տրոհելով հոտից։ Սև մորուքավոր այդ այծի ետևից գնում էին հատկապես սպիտակ այծերը, կարծես կախարդված, մերթ անաղմուկ ու մերթ աղմկալի, իրար հրելով քարափներից գլորվող ջրվեժի ալիքների պես։ Այղ գիշերը նա նրանց խաբելով տարել էր մինչև Կարմիր ալուջների ձորը, պատճառ դառնալով ոմանց կորստյան, իսկ ինքն էլ սրունքները և մի եղջյուրը ապառաժներին զարկելով՝ ջախջախվել էր։
Նույնիսկ հովվական գելխեղդ շները այդ Հոգնությունից այնքան էին գազազած, որ ըմբոստ այծերի խումբը ալուջների կարմիր ձորից հանելով և քարափի հոտին միացնելուց հետո, կատաղած եկան շրջապատեցին վիրավոր քոշին և շարունակեցին չարությամբ հաչել վրան։ Կարծես բնազդորեն զգում էին, որ խաշների և իրենց ամենամեծ թշնամին սև մորուքով այդ անհնազանդ ըմբոստ այծն էր։
Հիվանդը ծանր տնքաց։ Շները այծին թողնելով հարձակվեցին նրա վրա։
Եկավ Խոդեդանը, որի հաշիվը երրորդ անգամ խառնվել էր ստամբակ այծերի պատճառով։ Նա շներին զսպեց և վշտահար Երանոսի դժբախտությանը իրազեկ դառնալով, լըրջորեն ստուգեց հիվանդի փորը և գտավ, որ կարվածքը հաջող էր։ Ցավերը մեղմացնելու համար կարգադրեց դաղձով տաք ջուր տալ նրան։
— Տվել եմ, — ասաց Տոնեն։
— Էլի տուր։ Մեր անտառի դաղձը փրկություն է փորացավի դեմ։
Վիրավոր քոշի վիճակը ավելի լուրջ էր։ Հովվապետը մի ցավալի հայացք նետեց խռովարար այծի խանձված ծընկներին։
Ապա նայեց մեզ։
Մենք թույլ չտվեցինք այդ ըմբոստ այծին մորթել։
Հովիվ Տոնեն վազեց դեպի կաղամախիների պուրակը։ Նա մեզ հյուրասիրեց իր հայտնի անուշահամ խորովածով, որ մի օր առաջ կախել էր անտառի ամենաբարձր ծառից։
Այնպես զով էր սարի վրա, այնպիսի սոսափ կար Բռնաշենի հեքիաթային լեռներում։
Ջորեպան Երանոսը չմեռավ։ Հինգ օր հետո հովիվները նրա կարը քանդեցին և նա ողջ–առողջ վերադարձավ վանք, իսկ մենք Խաչուկ սարից Կարմիր ալուջների ձորը իջնելով, դիմեցինք դեպի Բերդակի անտառները։
Հովվական շներից մեկը մեզ հետ իջավ մինչև ալուջների կիրճը։ Այդ այն շունն էր, որ այդ կիրճում արյուն էր լիզել։
Դարձանք ետ նայեցինք։
Բարձր–բարձր կաղամախու կատարին դարձյալ ճոճվում էր խութեցի հովվի այծեպարկը։
Տեղ հասնելով Ֆրանկ–Մոսոյի առաջին գործը եղավ քոլոզները հանձնել Կայծակ Անդրեասին՝ քարայրում պահելու համար։
=== ՀԵՍՈԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՄՈՏ ===
Այդ տարի այնքան ձյուն էր եկել, որ ինչպես կասեր սասունցի Ֆադեն «ճնճուղ որ պառկեր վըր մեջքին ու զոտվնին տնկեր վերև կհասներ աստված»։
Մենք ս. Աղբերիկի սարի վրա, ձյուների տակ մի ընդարձակ այր շինեցինք և մտանք մեջը։ Երբ ցրտերը սաստկացան, ես Գալեին, Փեթարա Մանուկին, Չոլոյին և Ախոյին ձյուների տակից հանելով ուղարկեցի Սասուն, Սպաղանաց Մակարի մոտ, իսկ ինքս քայլ առա դեպի ս. Կարապետի վանքը, որոշելով այնտեղ անցկացնել այդ դաժան ձմեռվա մնացյալ մեկ–երկու ամիսը։
Ես գիտեի, որ վանքում զինյալ պահակներ կան, բայց իմ վճիռը անխախտ էր, որովհետև այնտեղ էր գտնվում Գևորգ Չաուշը, որից լուր չունեի երկար ժամանակ։ Գևորգը այդ վանքն էր մտել բքոտ մի գիշեր և թաքնվել նրա խուցերից մեկում։
Շատ գեղեցիկ ճանապարհներ ունի ս. Կարապետի վանքը, բարձր ու ոլորիկ անցուղիներ։ Առատ ձյունը խոր շերտով նստել էր այդ բլրի վրա։ Ձյունով էին ծածկված վանքի բոլոր սարերը իրենց դրախտային անտառներով։ Լուսին չկար։ Ոչ Գլակա լեռն էր երևում, ոչ Հավատամքը։ Ձյունի սպիտակությունը մութի մեջ ցոլանալով աղոտ լուսավորում էր ձորի կողերով ձգվող իմ ճանապարհը, և ես ընթանում էի առաջ մեն–մենակ՝ տասնոցը աբայիս տակ կապած։
Անցա ս. Հովհաննու վանքը և Խոզմո սարի տակով դիմեցի դեպի Ձիարեթ։ Հետևյալ օրը իրիկնամուտին նշմարեցի վանքի գմբեթները և զանգակատունը, որ վեր էին խոյանում ձյունածածկ պարիսպների միջից։ Իմ բախտից սոսկալի բուք էր, իսկ դա օգնում էր ինձ համարձակ մուտք գործելու այնտեղ։ Բնության արհավիրքն երբեմն միջոց է դառնում մարդկային ոխերիմությունից պաշտպանվելու։
Տանիքին շրջող զինված ոստիկանը մաքառում էր բուքի դեմ, գլուխը անվերջ թաքցնելով թևերի տակ։ Ես վանքին մո՛տեցա Հավատամք սարին նայող դարպասի կողմից շրջան֊ ցելով վանքի փականները և յոթ խոտաճարակների նահատակության վայրը։ Մի ծանոթ նախրապահ կար այդտեղ, որի հորթերից մեկը ես և Չոլոն մի առիթով մորթել էինք ֆիդայիների համար։ Այժմ, երբ հոգնած ու ցրտահար կանգնած էի դրսում, իմ միակ փափագն էր ինձ նետել գոնե նախրապահ Սահակի տաք ախոռներից մեկը։
Վանահոր խցիկում ճրագ վառվեց, իսկ բուքն այնպես էր ոռնում, որ հսկող ասկյարը քիչ էր մնում գլորվի տանիքից։ Անմիջապես որսացի մի հարմար միջոց և ինձ արագությամբ նետեցի վանքի պարսպի տակ։ Սեղմվեցի պատին և սկսեցի նայել, թե ինչպես բուքը ձյունը ավլելով անհետացնում էր իմ ոտնահետքերը։ Փոքր–ինչ շունչ առա և մի ձյունագնդակ պատրաստելով զարկեցի ճրագի լույսը ցոլացնող բարձր պատուհանին։
Գևորգը պայմանավորվել էր Հեսու վարդապետի հետ, որ իր պատուհանին ձյունագնդակ խփողը կարող է ինքը լինել կամ իր մեծավոր ֆիդայիներից որևէ մեկը։ Նետեցի երկրորդ գնդակը։ Ուղիղ փեղկին դիպավ։ Պատուհանը անաղմուկ բացվեց, և մի հաստ պարան դանդաղորեն սահեց ներքև։ Ես պարանը կապեցի մեջքիս և սկսեցի արագությամբ վեր բարձրանալ։ Երկու տղամարդ վերևից քաշում էին պարանը։ Մեկը Հեսու վարդապետն էր, հագին ֆարաջա և գլխին գդակ, իսկ մյուսը՝ վարդապետ Ստեփանոսը։
Ձյունախառն քամին վերջին անգամ իմ սառած մեջքին հարվածելով անհետացավ մթության մեջ, զարկվելով վանքի պարիսպներին։ Շուտով վանահայրը ինձ առավ իր կորովի բազուկների մեջ՝ իմ մրսած կուրծքը ծածկելով իր տաք, փարթամ մորուքով։ Նույն ամրակազմ ծերուհին էր, հայրական ժպիտով ու գուրգուրանքով, ինչպես տեսել էի Առաքելոց վանքի օրերին։
Գևորգ Չաուշը այդ վանքում էր սովորել, իսկ ես այդտեղ եղել էի երկու անգամ, որից առաջինը Գևորգի հետ դեպի Ֆար֊ խին գնալու ճանապարհին։ Ծանոթ էի միայն նրա ընդարձակ բակին, ուր ամեն տարի Վարդավառին և Պայծառակերտոլթյան տոնին մեծ բազմություններ էին հավաքվում՝ դիտելու փահլևանների խաղը։ Չգիտեի նույնիսկ, թե որտեղ է ապրում վանահայրը և հանկարծ այդ տարաժամ պահին վեր մագլցելով մտել էի վանահոր մենավորիկ խուցը։
Ներսը տաք էր։ Կաղնեփայտե կրակը ճթճթալով վառվում էր բուխարիկի մեջ։ Խցի պատերից և առաստաղից կախված էին վայրի տանձի ու խնձորի և հասած արջմասուրի չորացած շարաններ։ Անկյունում դրված էր մի կճուճ մա֊ նանա, խորոված սունկ և կորեկհաց։
Այդ սակավապետ մարդը չափազանց շռայլ էր, սակայն, երբ խոսքը վերաբերվեր իր ժողովրդի փրկության դատին։ «Դեղին ոսկին ավելի զորեղ է, քան թոփն ու թվանքը, — ասում էր Հեսուն։ — Տվեք ինձ խալվարներով ոսկի և ես առանց կովի հայոց թագավոր հաստատեմ գահի վրա։ — Եվ մեծաքանակ ոսկի տալով, Հեսուն ժամանակին իրեն է ենթարկել սուլթանի շատ ազդեցիկ պաշտոնյաների և քուրդ աղա֊ ների։— Ավելի լավ է հայ գյուղացու ամբարը մի քիչ դատարկ լինի ժամանակավորապես, քան ինքը զոհված՝ լիքը ամբարի կողքին վերջնականապես։ Այն ապերախտը կամ դավաճանը, որ չի խոնարհվում ոսկու առաջ, նրան պետք է վերացնել մեջտեղից զենքով կամ կախաղանով», — քարոզում էր Հեսու վարդապետը։ Եվ նրան հաջողվել էր մի քանի վտանգավոր մեծավորների այդ ձևով վերացնել ասպարեզից։
Այդպես էր սասունցի այդ զարմանալի կրոնավորը, որին ժողովուրդը, հայ թե քուրդ, պաշտում էր՝ համարելով նրան մի երկրորդ Գևորգ Չաուշ հոգևորականի զգեստով։
Ստեփանոս վարդապետը բորբոքեց պատվառի կրակը, որ տաքանամ, և մի պնակ ապուր լցնելով դրեց սեղանին։
Բայց ես Գևորգ Չաուշի համար էի վանք մտել, իսկ Չաուշը չէր երևում։
— Որտե՞ղ է, — հարցրի։
Երիտասարդ Ստեփանոսը կռահեց, որ իմ աչքերը Գևորգին են որոնում և ձեռքը փորձեց դնել բերանիս, որ լռեմ, սակայն վանահոր հայացքը նկատելով՝ արագությամբ ետ քաշեց։
— Խոսքը ու՞մ մասին է, — հարցրեց Հեսուն։
— Նախրապահ Սահակի, — անմիջապես պատասխանեցի ես, գլխի ընկնելով, որ այստեղ մի մեծ գաղտնիք կա, որից վանահայրը տեղյակ չէ։
— Սահակը հիմա քնած կլինի, — հանգստացրեց սրբազանը։— Թեև վանքի վրա այժմ խիստ հսկողություն կա, բայց դու իմ մոտ կապրես, երբեմն հյուր լինելով Սահակի ախոռներին։
— Քիչ առաջ, երբ դրսումն էի, իմ միակ փափագն էր ինձ նետել վանքի տաք գոմերից մեկը և հանգիստ քնել Սահակի կողքին, — ասացի ես։
Ու հանկարծ Ստեփանոս վարդապետը իմ ներկայությամբ ծնկի իջավ ծերունի վանահոր առաջ.
— Ների՛ր ինձ, սրբազան։ Ես մեղավոր եմ։ Նե՛րիր մեղավորիս։ Այժմ այնպիսի վիճակ է, որ ես չեմ կարող չբանալ մի գաղտնիք։ Մեկ ամբողջ ամիս է, որ Գևորգ Չաուշը թաքնված է իմ խուցի մեջ։
— Իսկ ինչու՞ ես այդ բանը գաղտնի պահել։
— Որ անվրդով մնայիք և գիշերները չտանջվեիք, սրբազան։ Գիտեմ, որ դուք սիրում եք Գևորգ Չաուշին։ Եթե իմանայիք, որ նա այստեղ է, պիտի մտահոգվեիք չարաչար։ Իսկ մտահոգությունը մտքի անդորրն է քանդում։ Չէ որ, ինչպես ասացիք, վանքի վրա հսկողություն կա։ Ես նրան թաքցրի, որ գիշերները հանգիստ քնեք։
— Նա ինչպե՞ս մտավ այստեղ։
— Սուլթանի զորքը ձյուն ու բքին գյուղերն ընկած Գևորգին էր փնտրում։ Սպաղանաց Գալեի ականջներն ու քիթը սառել, իսկ Փեթարա Մանուկի ոտքերի մատները ցրտահարվել էին։ Գևորգը նախրապահ Սահակի միջոցով լուր էր տվել ինձ, որ ինքը գտնվում է Գլակա սարի վրա, հիվանդ է և ուզում է թաքնվել վանքում։ Ես նրան ուղարկեցի տաք հանդերձանք և խորհուրդ տվեցի զգուշությամբ մերձենալ վանքին։ Պայմանավորված ժամին իմ խցիկի լուսամուտին մի ձյունագնդակ դիպավ և ես ու մեր նախրապահը նրան պարանով վեր քաշեցինք։ Ուղիղ մեկ ամիս է, որ Գևորգ Չաուշը իմ խցի մեջ է և բոլորովին կազդուրված։
— Վե՛ր կաց և բեր Գևորգին այստեղ, — ասաց ծերունի վանահայրը։ Ստեփանոսը ոտքի ելավ և քիչ անց վերադարձավ Գևորգ Չաուշի հետ։
Նախ մենք գրկախառնվեցինք, ապա Գևորգ Չաուշը և Հեսու վարդապետը։ Վանահայրը այդ հեքիաթային հանդիպման առթիվ բացեց պահարանը և գինով լի մի դդում հանելով՝ առաջարկեց խմել Գևորգ Չաուշի և իմ կենացը։
— Դու ներված ես, Ստեփանոս, — ասաց վանահայրը։ — Երիտասարդները ավելի համարձակ են և կորովի։ Ապագան երիտասարդի ճակատին է և ծերի թիկունքին։ Այս ֆիդայիների պատճառով գուցե մենք և մեր վանքը կործանվենք մի օր, բայց երբ սուրբը պիտի կործանվի, վանքը ինչու համար է։ Եկ խմենք Գևորգ Չաուշի և իր հավատարիմ հայդուկի կենացը։ — Նա ձախ ձեռքով պահեց մորուքը և աջով դատարկեց գավաթը, վրայից կուլ տալով մի կտոր չորացած մասուր։
Գինին երբ խմեցինք, Գևորգը դարձավ և մանկան պես ուրախ բացականչեց,
— Անուշ գինի էր։
— Իրավ, որ անուշ գինի էր, — հաստատեցի։
Գևորգի հետ ես վանքում ապրեցի մոտ երկու ամիս, վայելելով վանահոր հյուրընկալությունը և նրա անուշ գինիները։ Գևորգը Ստեփանոսի հյուրն էր, իսկ ես՝ Հեսու վարդապետի։ Ապրում էինք պահարանների մեջ՝ ամեն րոպե մեր գլխին զգալով ահեղ վտանգ։
Երբ ձնհալն ընկավ և ս. Կարապետի լեռները սկսեցին կանաչել, պատրաստվեցինք դուրս գալ վանքից։ Նախ պետք է գնար Գևորգ Չաուշը։
Այդ օրը գյուղերից տուրք հավաքող զինվորներ էին եկել վանք։ Հեսուն գնացել էր նրանց կերակրելու։
Գևորգն ասաց, «Երբ վանահայրը գա, դու խոսք բաց արա և վանքի գինին գովի։ Ես էլ քո ասածը կհաստատեմ։ Տեսնենք կարո՞ղ ենք մի դդում գինի ևս ձեռք գցել»։
Քիչ վերջը վանահայրը եկավ։
— Գնացին, — ասաց նա։ — Կերակրեցի և ճամփու դրեցի։
— Հայր սուրբ, –— ասացի, — Գևորգին էլ պետք է ճամփու դնել։ Երեկվա գինին շատ համեղ էր։
— Իրավ, որ պատվական գինի էր, — իմ խոսքը ընդհատելով ասաց Գևորգը։
Վանահայրը ծիծաղը դեմքին աչքերի ծայրով Գևորգին նայեց և իր խուզարկու հայացքը մեզ վրա դարձնելով ասաց.
— Մինչև իրիկուն էլ գովեք, էլ գինի չկա։ Այգ անաստվածները իմ բոլոր դդումները քամեցին։
Գևորգից մի շաբաթ հետո հեռացա ես։ Այն միևնույն պարանով, որով մագլցել էի դեպի վանահոր խուցը, կանուխ մի առավոտ ես վերևից զգուշությամբ սահեցի վանքի պատի տակ։ Պարանը վեր քաշելու ժամանակ Հեսու վարդապետի կապտավուն գնդակը ընկավ ներքև։ Սուլթանի պահակը, որ հսկում էր տանիքին, կարող էր նկատել, ուստի արագու՛թյամբ թասակը գետնից վերցնելով թաքցրի իմ ծոցի մեջ։ Նայեցի վերև. Հեսու վարդապետը ժպտում էր և ձեռքի ու գլխի կտրուկ շարժումով հասկացնում, որ խելացի վարվեցի իր գլխանոցը իմ ծոցում անհետացնելով։
Բավական հեռացել էի վանքից, երբ ետ դառնալով նկա՛տեցի, թե ինչպես նախրապահ Սահակը վանքի հորթերը գոմից հանելով, անհետացնում էր իմ ոտնահետքերը վերջին ձյուների վրա։
Հայդուկների փոքրիկ խմբերը իրենց թաքստոցներից ելնելով շարժվեցին դեպի Տավրոսի կանաչ լանջեր՛ը։ Նորից փայ՛լեցին զենքերը և նժույգները վրնջացին։ Սասանի կողմից եկավ Սպաղանաց Մակարը՝ իր հետ բերելով իր լեռնցի քաշերին։ Ծիծեռնակների ձորից բարձրացան Լաճկանցի Արթինը և քուրդ Հասանոն։ Ամբատաբերդի լանջերով դեպի Բերդակի անձավները շտապեցին Մառնկա Պողեն, Բամբկու Մելոն և Ալիզռնանցի Մուքոն։ Մութ գոմերից արևերես ելան ասորի Աբդելոն, Մշեցի Տիգրանը և Հաջի Գևոն։
Ալադին Միսակը և Կարկուտ Թադեն էլ եկան՝ ամեն մեկը մի ծերպից։
Բրինդարն էլ եկավ։
Եկան Աղջնա Վահանը, ձիապան Բարսեղը և Ֆրանկ–Մոսոն։
Ջնդոն էլ շարժվեց դեպի Սև սար։ Ալվառինջու Սեյդոն հրացանը գրկած թառեց Ծծմակա Քթին։
Կայծակ Անդրեասի ձին խրտնած ծառս եղավ սարի վրա՝ իր տիրոջ զարհուրելի արտացոլքը տեսնելով աղբյուրի մեջ։
=== ԳԵՎՈՐԳ ՉԱՈԻՇԻ ՆՎԵՐԸ ===
Գարնան մի առավոտ Գևորգ Չաուշը ինձ կանչեց և մի հրացան հանձնելով՝ ասաց.
— Այս զենքը կտանես Խութ և իմ կողմից կնվիրես նոր Մելիքին, նոր Մելիքը Խութա լեռների քրդական աշիրեթապետն էր Ղասմրեկ անունով։ Նա ուղղակի շառավիղն էր Տարոնի երբեմնի ցեղապետ Միրզա բեկի, որի տունը կոչվում էր նաև Յոթ Թամբեր։
Ղասմբեկը 1905 թվից ի վեր Գևորգ Չաուշի և Հեսու վարդապետի ջանքերով գաղտնի համակիր էր դարձել հայ ֆիդայիներին և ստանալով «Նոր Մելիք» անունը, սկսել էր օգնել հայ-֊քրդական հարաբերությունների ամրապնդմանը։ Գևորգը և Ղասմբեկը ծառանեբի փոխանակություն էին կատարել։ Մի հավատարիմ քրդի Ղասմբեկը ուղարկել էր Գևորգ Չաուշի մոտ, իսկ Գևորգը իր զինվորներից մեկին ուղարկել էր Խութա Բեկի մոտ որպես թիկնապահ և բաշ–ղոլամ։ Ղասըմբեկի ուղարկածը քուրդ Հասանոն էր, իսկ Գևորգի ուղարկածը՝ Սև Ղուկասը։ Ղասմբեկը բարեկամներ ուներ Խութի և Չխուրի հայկական գյուղերում, նույնպիսի բարեկամներ ուներ Գևորգ Չաուշը քրդական գյուղերի մեջ։ Փոխայցելություններ կատարելիս բաշ–ղոլամները իրենց տերերի աոջևից էին գնում, որ ճանապարհներին իրենց վրա հարձակում չլինի։
Ղասմբեկը քուրդ աշիրեթների մեջ թշնամիներ ուներ, որոնց գլխավորը հասնանցի աշիրեթն էր։ Մերձենալով և համակիր դառնալով հայ ֆիդայիներին, նա ուզում էր ոչ միայն զորացնել հայ և քուրդ ժողովուրդների բարեկամությունը, այլև ֆիդայիների անունով սարսափի մեջ պահել իր հակառակորդ հասնանցի քրդերին։
Գևորգ Չաուշը հաճախ էր լինում այս բեկի տանը և նրան հրացան ուղարկելով նպատակ ուներ ավելի ամրապնդել հայդուկների կապը այդ ազդեցիկ քրդի հետ։
Թեպետ ինքս կասկածով էի վերաբերվում նոր Մելիքի անկեղծությանը, բայց և այնպես սիրով հանձն առա այդ պաշտոնը, քանի որ ես էլ կողմնակից էի հայ և քուրդ ժողովուրդների բարեկամությանը՝ սուլթանական բռնակալության դեմ միասնաբար գործելու համար։ Բացի այդ, դրա մեջ ես տեսնում էի Չաուշի նոր կեցվածքը իմ հանդեպ։ Ձիապանից ես դարձել էի սուրհանդակ, հասարակ շալակատարից հասել էի Գևորգ Չաուշի ամենավստահված անձի աստիճանին։
Ոչ մի բան այնքան բաղձա լի չէ հայդուկի համար, որքան զենքը։ Միայն քաշ մարդը կիմանա, թե ինչ է նշանակում քաջի զենքը նվեր տանել քաշին։
Հասկանալի է, որ ես միայնակ չէի գնալու, այլ իմ շքախմբով, որոնցից մեկը Շենիքցի Մանուկն էր, իսկ մյուսը՝ Չոլոն։
Ես ճանապարհ ընկա Գևորգ Չաուշի ձին հեծած և հրացանը ձեռքիս, որի փողը փաթաթված էր ճերմակ կտավով։
Առջևից բաշ–ղոլամ Հասանոն էր ընթանում, իսկ թիկունքից՝ Մանուկն ու Չոլոն։
Հասանոն քաշ գիտեր ճանապարհները և նրա մեղ հետ լինելը նշան էր, որ Խութա քրդերի մեծավորը մեր բարեկամըն է։ Մենք գնում էինք սարերի կատարներով, թանձր անտառների ու ժայռերի միջով։
Այդ վայրերով էր Մուսան փախցրել Գյուլիզարին։
Զանգաղբյուրի սարով հասանք Տախտակներ։ Ծաղկաշատ սարատափի վրա մի գեղեցիկ պուրակ բացվեց մեր առաջ։ Հասանոն ասաց, որ այդ պուրակում Նոր Մելիքը ամեն գարնան մետաքսե կարմիր վրան է զարկում իր կնոջ համար։
Մեր ոտքերի տակ երևաց Խվներ փոքրիկ գյուղը՝ Ղասըմբեկի սպիտակ քյոշկով։ Ոլոր լեռնուղին սարատափից իջնելով մեզ ուղիղ տանում էր դեպի բեկի ապարանքը։
Լսվեց շների հաչոց։ Հասանոն սաստեց նրանց և մենք հանդիսավոր երթով մոտեցանք սպիտակ քյոշկին։
Խութա բեկը որսի էր գնացել և ես իմ շքախմբով հարկադրված էի սպասել նրա վերադարձին։
Ինձ շատ էին պատմել Ղասմբեկի կնոջ՝ Ջեմիլեի գեղեցկության և խելքի մասին։ Եվ ահա ամուսնու փոխարեն մեզ դիմավորելու եկավ նրա գեղանի տիկինը։ Հասանոն, որ եղել էր այդ ապարանքի բաշ–ղոլամը, հեռվից խոնարհ գլուխ տվեց իր տիրուհուն։
Իմ վիճակը ծանր էր։ Ֆիդայի դառնալուց հետո երկրորդ դեպքն էր, որ ես ստիպված էի լինում կնոջ հետ խոսել։ Բայց այս անգամ ինձ չէին պատժի կնոջ հետ հանդիպելու համար, քանզի ես հատուկ առաքելությամբ էի եկել և հարկադրված էի ինձ պահել չափի և պարտականության սահմանների մեջ։ Ջեմիլեն եկավ ղոլամների հետ, դեղին ճիզմեներ հագած, մեջքին արծաթյա գոտի, պարանոցին մարգարտյա մանյակ և զարդարված սաստիկ։ Զարմանքով նայեց ինձ և իմ համարձակ կեցվածքին ձիու վրա։
— Բարով, տիկին, — ասացի։— Ես Գևորգ Չաուշի սուրհանդակն եմ, և սրանք իմ խմբի մարդիկն են։ Հավատարիմ Հասանոն մեզ հաջող բերեց այստեղ։— Ապա ավելացրի. — Մի նայիր մեզ վրա այդպես զարմացած, թեև մեր տեսքը շատ է սոսկալի, անակնկալ հյուր ենք, սակայն ցանկալի։
— Այդ խոսքն ասողը ո՞վ է։
— Մի հասարակ ղաչաղ, քարափներն ընկած անտիրական մի թռչուն։ Եվ արժե՞ր միթե, որ դու այդպես զուգված–զարդարված ընդառաջ ելնեիր մի կորած հավքի։
— Ով էլ լինես դու, բարով ես եկել մեր քյոշկը, — ասաց Ջեմիլեն ձիու գլուխը բռնելով և ուռած կուրծքը դեմ տալով իմ հոգնած երիվարին։— Մենք սիրում ենք երկնքի ղշերին և մեր բախտը ֆիդայու ձեռքին է։
Նա մի պահ լռեց, մի քայլ ետ գնաց և ապա շարունակեց. — Ինչու՞ ես դու քեզ ղաչաղ անվանում, կամ կորած հավք։ Ես լավ գիտեմ, որ դունյան (աշխարհը) մի անիվ է և մենք՝ նրա մատները։ Մի օր վեր ենք ելնում իբրև բեկ, մյուս օրը տակն ենք իջնում իբրև ղաչաղ։ Բայց ամենից թանկը անիվի սռնակն է, որի շուրջը վեր ու վար է անում անիվն իր ճաղերով։
— Խանու՛մ, — ասացի, հիացած նրա խելացի պատասխանով, — ճիշտ է, որ մենք նման ենք երկնքի հավքերին, բայց ես մի դժբախտ հավք եմ՝ վերևից վար գլորված։
— Դու մի քաջ ֆիդայի ես և ինձ ծանոթ է կյանքիդ պատմությունը։ Այս տան մեջ ես շաբաթներով բուժել եմ Սպաղանաց Գալեի թևը և խնամել ու պահել եմ շատ ֆիդայիների։ Իսկ Գևորգ Չաուշը ՛այս տան մշտական այցելուն է և գնահատելի բարեկամը։
— Ես էլ այդ բարեկամության համար եմ այստեղ եկել, խանու՛մ, — անմիջապես վրա բերեցի ես։
Այդ խոսքի վրա տիկինը մոտեցավ և ինձ նվիրեց արծաթյա կոճակներով մի ելեկ։
— Ա՛ռ այս նվերը Ջեմիլեի կողմից, — ասաց նա, — որ նրա ձեռքով է կարված, իսկ այժմ վայր իջիր ձիուց, — և հրամայեց ղոլամներին, որ ձիու սանձը և ասպանդակները պահեն։
— Ների՛ր, խանում, — ասացի, — որ պահելով այս թանկագին հիշատակը ինձ վրա, չպիտի կարողանամ սակայն ձեր ապարանքը մտնել, մինչև որ համապատասխան փոխհատուցում չբերեմ քեզ և միայն այն ժամանակ իրավունք ունենամ բազմել ձեր կողքին։ Իսկ այժմ վերցրու այս հրացանը, որ Գևորգ Չաուշի նվերն է նոր Մելիքին իբրև բարեկամության նշան։ Բայց կինը նույնպես ռազմիկ է, և ես իմ քաշ հայդուկապետի զենքը վստահում եմ քաշի ձեռքին՝ իր քաջին հանձնելու։
— Նե՛րս մտեք, — ասաց Ջեմիլեն խոնարհաբար իրենց շեմքը ցույց տալով։— Սա Գևորգ Չաուշի եղբոր տունն է, իսկ ես Գևորգի քույրն եմ։ Խութի և Մոտկանի քրդի և հայի մեջ տարբերություն չկա։ Նույնիսկ քրդերը լեզվով հայախոս են։ Մեր մեջ մեկը անունով հայ է, մյուսը՝ անունով քուրդ, մեկը՝ խաչապաշտ, մյուսը՝ իսլամ, բայց բոլորն էլ մեկ են— և Բռնաշենի վանքը, և Մարութա ս. Աստվածածինը՝ մեր բոլորի ուխտատեղին։ Նե՛րս մտեք։ Իմ բարի Հասանո, պատվիրակներիդ աոաջնորդիր Ղասմբեկի դիվանխանեն։
Ես կռացա, որ զենքը հանձնեմ, բայց այդ միջոցին երկընքով մի հավք անցավ։
Խանումը վերև նայեց։
— Զա՛րկ, — ասաց Շենիքցի Մանուկը, — քաջությունդ ցույց տուր։ Տես, հոսընկուլը բարձրից դեպի դիմացի ժայռն է թռչում։
Մինչև փորձառու Շենիքցին իր խոսքը կավարտեր, Չոլոն շտապով մի փամփուշտ տվեց ինձ և ես մի դիպուկ հարվածով թռչունը վայր բերեցի երկնքից։ Ընկավ ուղիղ Ջեմիլեի ոտքերի առաջ, մի քանի քայլաչափ հեռու։ Չոլոն վազեց և որսը բերելով տվեց ինձ.
— Սա էլ իմ կողմից նվեր ձեզ, — ասացի ես և զարկված հավքը հրացանի հետ հանձնեցի քյոշկի տիրուհուն։
Այդ միջոցին մի կարճատև փող հնչեց և Խութա բեկը սարից իջնելով, շտապով առաջացավ դեպի իր ապարանքը։ Առջևից ընթանում էր բաշ–ղոլամ Սև Ղոլկասը, Հասանոյի հետ փոխանակված մեր ֆիդային, իսկ ետևից և կողքերից գալիս էին տասնյակի չափ ղոլամներ սպիտակ քոլոզներով և որսով ծանրաբեռ։
Խանումը մոտեցավ և Գևորգ Չաուշի հրացանը հանդիսավորությամբ հանձնեց իր տիրոջը։ Նոր Մելիքը համբուրեց զինափողը՝ գլուխը խոնարհելով զենքը բերողի և հանձնողի առաջ։
— Գևորգ Չաուշին շատ բարև արա։ Նա իմ դեմ շատ կռիվներ է մղել, բայց դա առաջ էր։ Մենք այժմ բարեկամներ ենք և նա իմ եղբայրն է, — խոսեց բեկը։— Մեր ընդհանուր թշնամին սուլթանն է։ Սուլթանից բացի ես ունեմ նաև երկու գլխավոր թշնամի. մեկը հասնանցի աշիրեթն է, որ նստած է Սասնո լեռների վրա, իսկ մյուսը հայդարանցի քրդերն են, որ տիրում են Քոսուրա սարերին։ Թող այս զենքը ավելի ամրապնդի դաշինքը իմ և հայ ֆիդայիների միջև ընդդեմ մեր ընդհանուր թշնամու և իմ ոխերիմ աշիրեթների։ Ջեմիլեն սպանված հավքը ձեռքին լռությամբ ընթացավ դեպի շեմքը։
— Որսից եմ գալիս, բայց հաջողակ որսը այստեղ է կա՛տարված, — զսպված խորամանկությամբ նկատեց նոր Մելիքը՝ մի կտրուկ հայացք նետելով վրաս և երկար նայելով խանումի ետևից։
— Բարեկամի տուն է, մտե՛ք, — գոչեց Խութա լեռների տերը՝ ձեռնացույց անելով իր ապարանքի բացված դուռը։
— Ուշ է, Խութա բեկ, իմ առաքելությունը ավարտված է և ես պետք է վերադառնամ, — բացատրեցի ես և հրաժեշտ առնելով նոր Մելիքից և նրա ղոլամներից յուրաքանչյուրին մի քանի մանրադրամ պարգև տալով, իմ շքախմբով անհետացա Խութա լեռների մեջ։
Բաշ-ղոլամ Սև Ղուկասը բրդյա շալով վիզն ու ականջը փաթաթած, մինչև Բռնաշենի սահմանը ուղեկցեց մեզ և Հասանոյի հետ համբուրվելով՝ վերադարձավ Խվներ։
Հասանոն դարձյալ առջևից էր գնում։
Ճանապարհին Չոլոն հարցրեց.
— Դու հավքի՞ն զարկեցիր, թե՞ խանումին։
— Երկուսին էլ, — վրա բերեց Շենիքցի Մանուկը։
— Եվ որովհետև ես այդ հաջող որսը քո տված գնդակով արեցի, Չոլո, ուրեմն քեղ է պատկանում խանումի արծաթե կոճակներով ելեկը։
Ու ես Չոլոյին հանձնեցի Ջեմիլեի ինձ տված թանկագին պարգևը։
=== ԳԱՂՏՆԻ ՊՍԱԿ ===
Շուտով մեծ կռիվ եղավ Ալվառինջ գյուղում և այդ կըռվում սպանվեց Մառնկա Պողեն։ Ութ վերք էր ստացել։ Նրա վրա գտան Գևորգ Չաուշի պայուսակը և կարծեցին, թե սպանվողը Գևորգն է։
Վանքի գինին անուշ էր, բայց առավել թունդ էր Ալվառինջի գինին և ֆիդայիներին խստորեն զգուշացված էր հեռու մնալ այդ գյուղի կարասներից։
Գևորգ Չաուշը ութ զինվորով սարից իջել էր Ալվառինջ։ Գյուղապետը հարգել-պատվել էր նրանց և ճամփա դրել։ Բայց գինուց ավելի թունդ էր գեղեցիկ հանեն։ Գևորգը ճանապարհից ետ էր դարձել և մութով մտել Խանիկի տուն։ Խանիկը ութ զինվորին էլ հարբեցրել էր և մեկտեղվել Գեվորգի հետ։ Լուսադեմին պարտվել էր գյուղը։ Մառնկա Պողեն և յոթ հարբած–քնած զինվորները սպանվել էին, իսկ Գևորգին մի խութեցի հրաշքով ազատել էր, թաքցնելով ցանի ամրոցի մեջ։
Այդպես եղավ այդ կռիվը։
Ալվառինջի կովից հետո Գևորգը դարձավ լուռ ու մտածկոտ։ Գալեն և Փեթարա Մանուկը հայդուկապետի վիշտը փարատելու համար նրան տարան դեպի ս. Կարապետի անտառները։
Ինչպես բոլոր ֆիդայիներին, այնպես էլ Գևորգ Չաուշին արգելված էր ամուսնանալ։ Սակայն Գևորգին տարիներ առաջ սիրահարված էր Եղսո (Հեղինե) անունով սասունցի մի աղջիկ, որին բռնի ամուսնացրել էին Պճուկ անունով մի երիտասարդի հետ։
Եվ ահա այն օրերին, երբ Գևորգը ս. Կարապետի անտառումն էր, Հեղինեն Սասունից փախչելով եկել էր ս. Հովհաննու վանքը՝ իր քեռի Մկրտիչ վարդապետի մոտ։
Ես այդ ժամանակ գտնվում էի վանքում։ Եկել էի վանքի հովիվների հետ պայմանավորվելու, որ մեզ ուտելիք բերեն։ Գլխավոր հովիվը Գոմեր գյուղացի էր, Սարդիս անունով։ Դռանը կանգնած ես Սարգսին ցույց էի տալիս, թե ինչպես պետք է այգ ուտելիքը գազանորեն դուրս բերվի իբրև շների առջև թափվող կեր և հասցվի ֆիդայիներին, երբ տեսա, թե ինչպես շտապ քայլերով մի կին մոտեցավ վանքին։
— Եղսո՛ն է, — հուշեց Սարդիսը։
Ես իմ երեսը շուռ տվի, որ առիթ չունենամ անծանոթ կնոջ հետ խոսելու։ Ինձ ձևացրի ուխտավոր։
— Իմ քեռին նե՞րսն է, — հարցրեց Հեղին են հովվին դիմելով։
— Վանքումն է, — հայտնեց Սարգիսը։ Նկատեցի, թե ինչպես երիտասարդ կինը մի հայացք նետեց ինձ վրա և արագ կոխեց շեմքը։
— Ուխտի՞ է եկել, հարցրի ես, երբ կինը արդեն ներս էր մտել։
— Սիրո ուխտի, — ավելացրեց գոմերցին՝ տագնապալի նայելով նրա ետևից։
— Դու՛րս վանքից, — լսվեց հանկարծ Մկրտիչ վարդապետի զայրալից ձայնը։ Եվ մենք տեսանք, թե ինչպես վարդապետը այդ կնոջը դուրս էր հրում վանքից։
— Քեռի՛, ես ս. Հովհաննու վանքն եմ եկել, որ դու ինձ արժանի դարձնես Գևորգի սիրուն և ոչ թե վռնդես վանքից, — ասաց Հեղինեն լալահառաչ չոքելով շեմքի վրա, Մկրտիչ վարդապետի առաջ։
— Ես քո մազերը կկտրեմ, անամո՛թ։
— Ես Գևորգին եմ սիրում, քեռի։ Մեր ուխտը վաղուց է կապված։
— Իսկ Պճու՞՚կը. չէ որ գոլ ամուսնացած ես։
— Իմ սերը Գևորգն է։
— Գևորգի հարսնացուն իր հրացանն է։
— Թող բոլոր ֆիդայիներից մեկը հրացանի փոխարեն ինձ սեղմի իր կրծքին, քեռի։
— Անպատկա՜ռ։
— Ես անպատկառ չեմ։ Սիրելը մի՞թե մեղք է։ Ես եկել եմ վանքից միություն խնդրելու իմ և Գևորգի սիրո համար։ Որտե՞ղ ես պահել նրան, քեռի։ Բե՛ր Գևորգին ինձ մոտ։ Ուզում եմ մի խոսք ասել նրան ու հանգիստ սրտով մեռնել։
— Դու հանգիստ սրտով չես մեռնի։ Ես քո ծամերը կտրել կտամ։ Քո լեշը կեր կդարձնեմ շներաց ու ագռավաց։ Շուտ վերադարձիր Պճուկի մոտ։
— Ինձ Պճուկի մոտ վերադարձ չկա, քեռի։ Ես Գևորգին սիրել եմ դեռ այն օրվանից, երբ նա Հալեպից Սասուն եկավ։ Նա այս վանքումն է թաքնված. բե՛ր Գևորգին ինձ մոտ։
Այլևս պարզ դարձավ, որ այս ամբողջ պատմությունը կապված էր Գևորգ Չաուշի հետ, այն մարդու, որ ֆիդայական կարգապահության և ուխտի խստագույն պահակն էր, մեր բոլորի հիացմունքի առարկան. մեկը, որ դաժանորեն պատմել էր իր հորեղբորը և նույնիսկ մի անծանոթ կնոջ հետ պատահաբար խոսելուս համար չարաչար ծեծի էր ենթարկել ինձ խորհրդավոր Հրայրի գավազանով։ Մի՛՛թե այդպիսի ֆիդային կարող է այդքան գաղտնիքներ թաքցնել իր սրտում։ Չէ որ ծերունի Մակարը նրան ս. Հովհաննու սոսիների պուրակն է բերել, որ հեռացնի Մշո դաշտի չարաշուք վայրերից, ուր տեղի էր ունեցել Ալվառինջի կռիվը։ Արդյոք Գևորգ Չաուշը չի չարաշահել Մակարի ազնվությունը և Սիմ լեռան կողերը մագլցելով նպատակ չի՞ ունեցել Հեղինեի հետ հանդիպելու։
Իմ գլխով նաև ուրիշ մտքեր էին անցնում. — գուցե թշնամին կնոջ միջոցով ուզում էր կործանե՞լ Գևորգ Չաուշին։ Շեմքին կառչածը մի չարաղետ նետ էր, որ կնոջ կերպարանք առած եկել էր Գևորգի սիրտը շանթելու, անդունդ գլորելով քաջարի հայդուկապետին։
Հեղին են վերջին անգամ չոքեց Մկրտիչ վարդապետի առաջ։
— Քո ոտքը պագեմ, քեռի, մի՛ կործանիր իմ և Գևորգի սերը։ Թոզ ս. Հովհաննու վանքը ինձ և Գևորգին իրար շաղկապի և թող այս տաճարը սիրո և ուխտի տուն դառնա մեր սրտերի համար։
Այնքան թախանձագին էր խնդում Հեղինեն, որ վանահայրը հետևյալ երկտողը գրեց Գևորգ Չաուշին. «Եղսոն խայտառակեց քո անունը։ Ընկել է վանքի ոտքը և քո սերն է խնդրում։ Ինչպե՞ս վարվեմ այս անպատկառի հետ»։
Նամակը տարավ Գոմերի Սարգիսը և նույն օրը բերեց Գևորգի պատասխանը, «Վարվեք ինչպես կուզեք, ես պսակված եմ հրացանիս հետ»։
Բանբերը հազիվ էր նամակը վարդապետին հանձնել, երբ երկու քրտնած ձիավոր կանգ առան վանքի առաջ։
Մեկը Գալեն էր, մյուսը՝ Փեթարա Մանուկը։
— Հայր սուրբ, — թամբերից վայր թռնելով ասացին նըրանք, — Գևորգը քիչ առաջ մեզ ծառերի տակ քաշելով, Ստեփանոս վարդապետի ներկայությամբ ասաց, «Եղսոն թող մեռնի ս. Հովհաննու վանքի մեջ իր քեռու ձեռքով, իսկ ինձ թաղեցեք ս. Կարապետի մեջ՝ ձեր ձեռքով»։
— Տարե՛ք, ձեզ եմ հանձնում դժբախտ Եղսոյին, — ասաց Մկրտիչ վարդապետը, հաստատապես համոզված, որ այդ երկուսը եկել էին Հեղինեին սպանելու։
Ու չոքեց Հեղինեն Գալեի ու Փեթարա Մանուկի առաջ.
— Գիտեմ, դուք իմ հոգեառն եք ու եկել եք ինձ սպանելու, բայց սպանելուց առաջ իմ միակ փափագն է տեսնել Գևորգին։
— Ես քո ախպերն եմ, և քո փափագը կկատարվի, — ասաց Փեթարա Մանուկը և Հեղինեին իր երիվարին նստեցնելով՝ Գալեի հետ շտապեց դեպի ս. Կարապետի կողմերը։
Հեղինեին տանում էին անտառի մեջ սպանելու որպես անառակ կնոջ, որ հանդգնել էր արատավորելու թե՛ վանքը և թե՛ մեր հայդուկապետի ու բոլոր ֆիդայիների պատիվը։ Վանահայր Մկրտիչը պատվիրեց Գոմերու Սարգսին հետևելու, թե որտեղ են սպանելու իր քրոջ աղջկան և մի գերեզման պատրաստելու նրա համար վանքի մոտակայքում։ Ես էլ այն կարծիքին էի, որ այդ կինը ողջ չէր պրծնելու Գալեի ու Փեթարա Մանուկի ձեռքից։ Նա ինձ երևում էր իսկապես գեղեցիկ կնոջ երևույթ առած մի շեյթան, որ եկել էր սուլթանի հրամանը կատարելու՝ հարվածի առաջին թիրախը դարձնելով ֆիդայիների գլխավորին։ Ուստի արդար էի գտնում, որ նա դաժանորեն պատժվի։ Սակայն մեծ եղավ իմ զարմանքը, երբ Սարգսի հետ ս. Կարապետի անտառին հասնելով, ես ականատես եղա հետևյալ տեսարանին, գիշերվա մթության մեջ, լուսնի ազոտ լույսի տակ, գլուխ–գլխի կանգնած էին Գևորգ Չաուշը և Հեղինեն։ Հեղինեի հասակը մի քիչ կարճ էր և ոտքի տակ մի կոճղ էր դրված։ Նրանց առաջ կանգնած էր Ստեփանոս վարդապետը՝ գիրքը ձեռքին։ Ետևից բարձրացած էր մի փոքրիկ խաչ, իսկ խաչի վերևից՝ մի մերկացած սուր։ Խաչ բռնողը Գալեն էր, սուր պահողը՝ Փեթարա Մանուկը։ Մեկը կնքահայր էր, իսկ մյուսը՝ հարսնեղբայր։
— Անմեղ արյան մեջ չմտնենք, դու սրանց պսակիր, հայր սուրբ, ես պատասխանատու եմ ազգի առաջ, — հնչեց Գալեի ձայնը։
— Ես նույնպես, — ավելացրեց Փեթարա Մանուկը։— Շտապիր, հայր սուրբ։
Ստեփանոս վարդապետը, որ լուռ էր, զգաստացավ կարծես և կատարեց պսակի ծեսը կամաց երգելով «Առեալ զձեռն Եւայի և տուեալ ի ձեռն Ադամայ»։ Այդ երգից հետո վարդապետի հրամանով, քավոր Գալեն խաշը ետ քաշեց։ Փեթարա Մանուկը սիրով բաժանեց Գևորգ Չաուշի և Հեղինեի գլուխները և ապա, ձեռքերը իրարից անջատելով, սուրը նրանց արանքով դանդաղ իջեցրեց մինչև գետին։
Մի ուրիշ մարդ էլ ներկա էր անտառում այդ անսովոր ծեսին։ Նա հեռավոր մի ծառի տակ առանձին կանգնած՝ հուզված ծխում էր և ծուխը օղակ-օղակ փչում դեպի լուսին։
Այդ մարդը ծերունի Մակարն էր։
Ես և Գոմերի Սարգիսը անաղմուկ մոտենալով կանգնեցինք նրա կողքին։
=== ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՅԴՈԻԿԸ ===
Մակարը Վանքի կռվից հետո սկսել էր լռելյայն, իսկ երբեմն էլ բացահայտ ըմբոստանալ Գևորգ Չաուշի դեմ։ Մակարը դժգոհում էր, որ Գևորգը անզգույշ է, հաճախ ձիով է շրջում, մինչդեռ ֆիդային պետք է ոտքով շրջի անվտանգ մնալու համար։ Տրտնջում էր, որ նա շատ է վստահում քուրդ բեկերին, գիշերները համարձակ մտնում է նրանց քյոշկերը, երգիչներ է ուղարկում նրանց երգով հեղաշրջելու և նույնիսկ նվերներ է բաժանում ոմանց։ Եվ այդ բոլորը անում է հակառակ քրդական բեկերի բազմաթիվ դըրժումների։ «Օձի ձվից եզնիկ չի ծնվի»— քարոզում Էր Մակարը։
Խիստ հանդուգն, դատապարտելի քայլ Էր համարում նաև Գևորգի անզգույշ մուտքը Ֆարխինի օսման սպաների գաղտնի ժողովին։
Ալվառինջի ձախորդ կռիվը և Գևորգ Չաուշի անսպասելի ամուսնությունը ս. Կարապետի անտառում բոլորովին խախտել Էին Մակարի հավատքը իրենց մեծավորի հանդեպ։ Հայդուկները ժամանակին դատապարտել էին Սերոբ Աղբյուրին Սոսեի համար։ Գևորգը գնդակահարել Էր իր ֆիգայի հորեղբորը կին փախցնելու մեղադրանքով և այժմ այդ նույն Գևորգը, խախտելով ֆիդայական ուխտը՝ շտապեց ամուսնանալ, երբ Հայաստանը դեռ ազատագրված չէր։ Ինչը որ մեղք և մարտական տկարություն էր նկատվել Նեմրութի հայդուկապետի համար՝ թույլատրելի՞ էր միթե Գևորգ Չաուշին։
Քաջարի հայդուկն իր օրերը գլխավորապես անց էր կացնում Գոմերի, Կարմիր Ծառի և ս. Հովհաննու անտառների մեջ։ Իր ֆիդայիներից մեկ-երկուսը նկատել էին, թե ինչպես իրենց հայդուկապետը սարից իջնելով դարձյալ գաղտնի այ֊ ցելում էր Ալվառինջ՝ կարասների թունդ գինով և գեղեցկուհի Խանիկով արբենալու։
Մի կնոջ անուն էլ հիշատակվեց՝ Կաքավ։ Մի ուրիշ լուրջ մեղադրանք էլ կար։ Սպաղանաց Մակարը Տալվորիկի հին տոհմից սերված լինելով, Սասունը համարում էր հայ ազգի հոգին, իսկ Տալվորիկը՝ Սասնա հոգին։ Նա այն ֆիդայիներից էր, որ հույսը դնում էր սեփական բազկի վրա և կողմնակից էր, որ հայոց փրկության զենքը շինվի Սասունում հայ դարբինների ձեռքով, և ոչ թե բերվի Դամասկոսից կամ մեկ ուրիշ երկրից։ Մակարը Մարալկաների երկիր էր անվանում արևելյան Հայաստանը՝ Կարսը, Գյումրին, Երևանը, բացառությամբ Ղարաբաղի և Զանգեզուրի։
Սասնո տոհմիկ իշխանը կամենում էր իր ձեռքը վերցնել ֆիդայիների ղեկավարությունը և ինքը իշխել նրանք վրա։ Եվ նա ուներ կողմնակիցներ թե ժողովրդի և թե ֆիդայիների մեջ։ Սասնո բոլոր ազդեցիկ իշխանները նրա կողմն էին։ Նըրան համակիր ֆիդայիները թեև փաքրաթիվ էին, բայց բո֊ լորն էլ ընտիր։ Այդ խմբի մեղ էին Գալեն, Փեթարա Մանուկը, Փեթարա Ախոն, Լաճկանցի Արթինը, Չոլոն, Մորուք Կարապետը և Շենիքցի Մանուկը։
Այդ ֆիդայիները Մակարի ղեկավարությամբ այլևս չէին ենթարկվում Չաուշի հրամաններին։ Շշուկներ էին տարածվել, որ Գալեն և Փեթարա Մանուկը փոխանակ Հեղինեին սպանելու, դիտմամբ շտապեցրել էին նրա և Գևորգ Չաուշի ամուս՛նությունը, կամենալով վերջնականապես ջախջախել իրենց հայդուկապետին և ղեկավարությունը իշխան Մակարին հանձ՛նել։
Դրությունը լուրջ էր։ Լուրջ էր նաև իմ վիճակը։ Չէ որ ես էի Նեմրութի Փոթորիկների միջով զենք բերել «Մարալկաների երկրից», Մշեցի Տիգրանի հետ հասնելով մինչև Կարս և Ալեքսանդրապոլ։ Եվ այդ ամենը եղել էր Գևորգ Չաուշի հրամանով։ Մակարի կշտամբանքը մասամբ իմ դեմ էր ուղղված, թեև նա ինձ սիրում էր, որովհետև բոլորովին պատանի ես նետվել էի ֆիդայական շարժման մեջ՝ անկեղծորեն կամենալով ծառայել Հայաստանի ազատագրության դատին։
Եվ ահա մի օր, երբ բոլորս հավաքված էինք անտառում՝ երևաց Քարայրը, ամբողջապես կերպարանափոխված։ Ոչ տիկ կար շալակին, ոչ էլ աղքատիկ դերվիշի երևույթ ուներ։
Հագած էր ֆիդայական գորշագույն զգեստ և ձեռքին զենք կար։
Արաբոյի հին զինվորներից մեկի՝ հայդուկապետ Գևորգ Չաուշի դեմ խռովություն էր կազմակերպված։ Նա եկել էր պատմելու պառակտիչներին և վերականգնելու խախտված միությունը։
Իսկ ո՞վ էր պառակտիչների գլխավորը — Սպաղանաց իշխանը։ Բոլոր ֆիդայիները գլուխկախ լուռ կանգնած էին կաղնիների տակ։ Միայն Չոլոն էր բացակա։ Ու բոլորիս հա֊ մար անհավատալի էր, թե կգտնվի մեկը, որ կհամարձակվի Մակարի դեմ վճիռ արձակելու։
Եվ Քարայրը որոշեց զինաթափ անել Սպաղանաց իշխանին։
— Թե դու Մակարն ես Սպաղանաց, որ քսան տարուց ավելի զենք է շալակած, եթե դու նախանձախնդիր ես ֆիդայու պատվին ու կարգապահությանը, ապա, իբրև օրինակ, քո իսկ ձեռքով պիտի պատժվես, ուստի քանդիր զենքերդ և նետիր ցած, — ասաց Քարայրը սպառնական դիմելով Սասնո իշխանին։
Մակարը ապառաժի պես կանգնած էր Գալեի կողքին, ալեհեր խոշոր գլխով, աչքերը արյուն լցված, շրթունքները դեղնած, բեղերը խառնված իրար։ Նա լուռ էր, շփոթված։
— Դու, Սպաղանաց տեր, — շարունակեց Քարայրը, — վըտանգավոր հայդուկ ես այժմ մեզ համար։ Քո թիկունքին կանգնած են տալվորիկցի մի քանի իշխաններ, իսկ Գևորգ Չաուշի կողքին՝ ամբողջ Տարոնը և բովանդակ Հայաստանը։ Ի՞նչ Մարալկաների երկրի մասին է խոսքը։ Չկա Մարալկաների երկիր։ Կա մեկ Հայաստան և մեկ ժողովուրդ։ Բոլորս պետք է մեր կալի մեջ կչկչանք և բունկալի մեջ հավկիթ ածենք։ Ես էլ, Գևորգ Չաուշն էլ և մեր ֆիդայիներից ոմանք մի քանի անգամ եղել ենք քո ասած Մարալկաների երկրում, բայց մեր հիմնական բունկալը Հայաստան աշխարհն է և երբեք մեր ձուն օտար բնի մեջ չի ընկել։ Իհարկե, ամեն գյուղիմեջ էլ լինում են անպիտան հավեր, որոնք իրենց ձուն երբեմն հարևանի կամ օտար բունկալի մեջ են դնում, բայց այդպիսի հավերին տանտիկինները շուտ են փետրաթափ անում և իջեցնում թոնիր։ Ինքդ գյուղացի ես և գիտես, թե այդ ինչպես է լինում։ Հայտնում եմ քեզ, որ մենք ոչ մի բարեկամ ժողովրդի թշնամի չենք և պետք է միասնաբար ձըգտենք մեր երկիրը ազատագրելու սուլթանական բռնակալությունից և մեր արժանի տեղը գրավելու ազգերի ապագա աշխատավորական ընտանիքում։ Դու քո տեղայնական վըտանգավոր քարոզով ջլատում ես մեր պայքարը այդ վեհ նպատակի իրագործման ճանապարհին։ Մի դարբին Համզե չի կարող մեզ ապահովել զենքով։ Ուստի ուզենք թե չուզենք՝ մենք պետք է դիմենք Դամասկոսին կամ Մարալկաների երկրին։ Ինչ վերաբերում է Գևորգի ամուսնությանը, ապա այդ մեղքը մի մեծ սև բիծ դնելով նրա վրա, երբեք պատճառ չէ, որ դու ազատվես պատասխանատվությունից։ Նորից եմ կրկնում. քանդիր զենքերդ, եթե ֆիդայական երդումը սուրբ է քեղ համար։
Մակարը անձայն ձեռքերը տարավ դեպի կողքը, քանդեց իր ատրճանակը, սպիտակաբուռ խանչալը, մոսին հրացանը, խաչկապ փամփշտակալները, որ տասնյակ տարիներ պատվով կրել էր իր վրա և հանդիմանական խոժոռ նայվածքով անջատվելով խմբից, համբուրեց ու թափեց Գևորգ Չաուշի և Քարայրի առաջ։
Զինաթափվելը ամենածանր պատիժն է ֆիդայու համար։ Եվ մենք զսպված կարեկցությամբ նայեցինք մեր ավազագույն ընկերոջը, որ մերկացած էր զենքերից։ Նայում էինք լայն ուսերով և խոշոր բեղերով Սպաղանցի այդ քաջ զինվորին, որ գլուխը կախ և անզեն կանգնած էր մեր առաջ։
Քարայրը հրամայեց զինաթափ անել նաև Մակարի կողմնակիցներ Լաճկանցի Արթինին, Գալեին և Շենիքցի Մանուկին։ Առաջին երկուսը իրենք իրենց զինաթափ եղան, իսկ Շենիքցի Մանուկը դիմադրեց՝ վագրի պես ամուր գրկելով հրացանը. «Զենքս չըմ իտա։ Գնդակ մը տուր իտա ճակտին, դու իմ պատվի հետ հորի կխաղաս», — աղերսեց նա դիմելով Քարայրին։
Սպաղանաց Մակարը լուռ նայեց Մանուկին, ծանր քայլերով մոտեցավ սասունցուն, խլեց նրա հրացանը, խզակոթով մի հարված իջեցրեց ընկերոջ թիկունքին և բարկությամբ շպրտեց իր թափած զենքերի վրա։
Քարայրը կարգադրեց ինձ և Արտոնքա Ջնդոյին գիշերով գնալ Շենիք գյուղը և զինաթափ անել նաև Չոլոյին, որ վիրավոր պառկած էր այնտեղ։
Մի ոտնաձայն լսվեց և խոշոր տրեխներով մի հսկա տըղամարդ Գևորգ Չաուշի մոտով անցնելով, շարժվեց դեպի անտառ։ Մոտեցավ իր պես մի հսկա կաղնու, կիսաթեք հենվեց նրան՝ ծերացած գլուխը դանդաղ իջեցնելով կրծքի վրա։
Սպաղանաց Մակարն էր։ Նա հոնգուր–հոնգուր արտասվում էր՝ տառապագին տանջվելով իր մերկության և մենության մեջ։ Ամենքս էլ հուզված էինք և վշտից մեր աչքերը հառել էինք վար։
Խռոված էր Գևորգ Չաուշի հոգին։ Նա մոտեցավ ծերունի Մակարին և նրա վզից կախվելով՝ չոքեց նրա առաջ.
— Զարկ ինձ, հանգստացիր, քեռի Մակար։ Ֆիդայու օրենք է։ Ես էլ մեղք եմ գործել և աստված ինձ չի ների։ Բայց զենքի մեղքը սիրո մեղքից ծանր է։
— Օ՜, ձգուկ, ձգուկ, Մարաթուկ քեզ հետ, — պոռթկաց տալվորիկցի ծերունին՝ Գևորգի գլուխը առնելով թևերի մեջ։
Սասունցի էին երկուսն էլ, և այդպես իրար պլուլված, տղու պես լուռ արտասվեցին կաղնու տակ։
Ուղիղ մեկ ամիս Սպաղանաց Մակարը մնաց առանց զենքի։ Նա իր ընկերներով պատժվել էր ֆիդայական կարգապահությունը խախտելու և իրենց հայդուկապետի դեմ ըմբոստանալու համար։
=== ՍՈԻԼՈԻԽ ===
Սուլուխ գյուղի մոտ մի հին կամուրջ կա։ Տասնմեկ կամար ունի և նրա տակով Արածանին է հոսում։ Գետն այդտեղ բավական լայն է, իսկ գարնանը, երբ հորդում է, հնարավոր չէ լողալով անցնել։
1907 թվականի մայիսի 26-ին Գևորգ Չաուշը ինձ իր հետ վերցնելով եկավ Սուլուխ։ Մի օր առաջ այդտեղ էին հասել Ալվառինջու Սեյդոն և մյուս ֆիդայիները։ Մայիսի 27-ի առավոտյան նստած էինք իմ ծանոթ Սուլուխցի Մեսրոպի տանը։ Այդ այն Մեսրոպն էր, որի մայրը ինձ բուժել էր ուռենու ցողոտ ճյուղերով։
Ֆիդայիներից մեկը գիշերը երազ էր տեսել և մեզ շուրջը հավաքած իր երազն էր պատմում։ Երազում տեսել էր Գեվորգ Չաուշին եպիսկոպոսական շուրջառի մեջ, մարգարտյա թագը գլխին. Գևորգն հանկարծ աներևութացել էր և մնացել էր միայն դատարկ շուրջառը։
— Վրադ բաց է մնացել, երազ ես տեսել, — ասաց Գևորգը ծիծաղելով։ Շենիքցի Մանուկը և Ալիզռնանցի Մուքոն ջուր տաքացրին, իսկ ես և Մշեցի Տիգրանը երազատեսին գոմը կանչելով՝ նստեցրինք տաշտակի մեջ։ Գևորգ Չաուշը հանկարծ մի կուժ պաղ ջուր առնելով լցրեց նրա վրա։ Ֆիդային վեր թռավ տաշտից և ամանով տաք ջուրը իմ ձեռքից փախցնելով, չցրեց Գևորգի գլխին։ Սպաղանաց Գալեն չէր մասնակցում այդ զվարճությանը։ Նա օդայում հանգիստ նստած ծխում էր։ Հանկարծ ներս մտավ Սուլուխցի Մեսրոպը՝ գույնը թռած։ Նա հայտնեց, թե Մուշից զորք է գալիս և արագ մոտեցավ պատին, որ զենքերը կապի։
— Շա՞տ է, թե քիչ, — հարցրեց Գևորգը։
— Խոփերու դաշտը սևացած է։
Հայդուկապետը հեռադիտակը վերցնելով բարձրացավ տանիք, իսկ ես կարգադրեցի զենքերը կապել։ Միայն Գալեն էր անշարժ նստած։ Զարմանալի դանդաղաշարժ էր Գալեն։ Կողքին թնդանոթ պայթեր, երբեք դեմքը չէր փոխի, ոչ էլ շարժուձևը։
— Ա՜յ Գալե, վե՛ր կաց, — ասացի։
— Հը՜շ կացեք, — ասաց Գալեն ծխամորճի կրակը նորոգելով։
Տանիքից իջավ Գևորգ Չաուշը։
— Քոսա Բինբաշին է գալիս, — ազդարարեց նա սաստիկ մտազբաղ, հեռադիտակը ձեռքի մեջ պահած։ Կարգադրեց անմիջապես ձի նստել և շտապ հեռանալ Սուլուխից, քանի որ անկարելի էր մի տասնյակ մարդով կռիվ մղել մի ամբողջ բանակի դեմ:
Բայց որտեղի՞ց ճարել այդքան ձի։
Ալվառինջու Սեյդոն վճռաբար հայտարարեց, որ ինքը գյուղը չի լքի։ Նրան միացան նաև մյուս ֆիդայիները և քուրդ Հասանոն։
Գալեն անվրդով նստած շարունակում էր ծխել։ Գևորգը տեսնելով, որ մենք շրջապատված ենք Մուրադգետով ու զորքով և ճակատամարտն անխուսափելի է, ուսը գցեց «Արաբոն»՝ իր հրացանը, և ոտքի վրա որոշեց դիրքերը։
Ինձ հանձնեց գյուղից դուրս մի ավերականոց։ Ինքը վերցրեց Խոփերի դաշտին հսկող մի բարձունք, իսկ կամուրջի գլխի պաշտպանությունը տվեց քուրդ Հասանոյին և դաշտեցի մի քանի տղաների։
Դիրք դարձան նաև մեր ավերակից դեպի աջ ընկնող կիսաշեն եկեղեցու պատերը, որ նայում էին խճուղու վրա։ Ես ինձ հետ վերցրի Ալվառինջու Սեյդոյին, Ալիզռնանցի Մուքոյին և Մշեցի Տիգրանին, նաև սուլուխցի մի քանի կըռվողների, և մտա իմ ավերակի մեջ։ Գևորգի հետ տանիք բարձրացան Սպաղանաց Գալեն, Սուլուխցի Մեսրոպը, սրա որդի Խուրշուդը և տեղական կտրիճներից մի տաս հոգի։
Եկեղեցու պատերի ետևում ամրացավ Շենիքցի Մանուկը մի քանի զինված գյուղացիների հետ։ Հասանոն իր դաշտեցի տղաներով շտապեց դեպի կամուրջի գլուխը։
Քոսա Բինբաշին Կուբանի թաթարներից էր, ազգությամբ կաբարդին։ 1878-ին մասնակցել էր ռուս–տաճկական պատերազմին իբրև կամավոր։ Կռվել էր նաև Շիպկայի պատերի տակ։ Եմենի և Մակեդոնիայի կռիվների մեջ բարձրացել էր հարյուրապետի աստիճանին։ Վերջին տարիներին եկել էր Մուշ, և Սասնո մեծ ապստամբությունը ճնշելով, դարձել էր Բաղեշի նահանգի ամենահեղինակավոր զինվորականը։ Քոսան սկզբունքով դեմ չէր ֆիդայիներին։ Նա անձամբ սիրում էր Գևորգ Չաուշին և հաճախ իր սպաներին ասում էր. «Եթե ես հայ լինեի, կուզեի Գևորգ Չաուշ լինել»։ Ամեն անդամ, երբ առիթ էր լինում զորք հանելու հայդուկների դեմ, Քոսան Մեհմեդ Էֆենդու կամ իր մարդկանց միջոցով լուր էր ուղարկում Գևորգին, որ իրենց գտնված տեղից հեռանան։
Եվ ահա այդ ծեր ռազմիկը, որի երեսին բնությունը զլացել էր մի հատիկ մազ բուսցնել, Սուլթան Համիդի անունը կրող մի մեծ զորագնդի գլուխ անցած, Մուշից շարժվում էր դեպի Սուլուխ։
Առաջին անգամ էր նա այդպես դավադրաբար գալիս, առանց զգուշացնելու Գևորգ Չաուշին։
Շուրջը տափարակ դաշտ էր, և ես ավերակից տեսնում էի, թե ինչպես խճուղու վրայով վաշտ առ վաշտ գալիս էր սև զորքը քառաշար կազմած։ Զորքի առջևից քայլում էր Քոսա Բինբաշին՝ հրացանը ուսը և սուրը քաշած։ Կողքից մի ասկյար էր ընթանում՝ պղնձյա բոռիզանը բերանին։ Զորքը մեր դիրքերին հասավ։ Լսվում էր ասկյարների ծանր ոտնաձայնը։ Խճուղուց բարձրացող փոշին գալիս էր մեզ վրա։ Շուտով երևաց ձիավոր գունդը, որը սրարշավ ուղղվեց դեպի ս. Գեվորգ եկեղեցին։
Ու հանկարծ տանիքից պայթեց Գևորգ Չաուշի «Արաբոն», որին հետևեց մեր համազարկը։ Տագնապի փող հնչեց և սուի թանի զորքը հայդուկների «նորահնար զենքի» սարսափից ահաբեկ շփոթված ետ դարձավ։ Մի մասը լցվեց խճուղու փո՛սերի մեջ, մյուսը պառկեց մեր դիրքերին շատ մոտիկ։ Ոմանք սողեսող հասան մեր ավերականոցին և թաքնվեցին նրա պատերի տակ։ Մի քանիսը մեռած ձևանալով, հանկարծ ոտքի էին կանգնում և կրակում։ Ասկյարներից մեկ–երկուսը մագըլցեցին պատերն ի վեր՝ զենքերը մեզ վրա կախելով։ Մի ասկյար փորձեց բռնել Սեյդո Պողոսի հրացանի փողը։
— Թեսլի՛մ, — գոռած խռպոտ ձայնով։
Տասնոցի մի կրակոցով «թեսլիմ» գոռացողը գլորվեց ցած։
Երկրորդը փորձեց՝ նա էլ գլորվեց։
Քոսա Բինբաշին հանկարծ թավալգլոր շուռ եկավ զորքի առաջ և սուրը ձեռքից վայր ընկավ զնգոցով։ Փորձեց բարձ՛րանալ, բայց կիսաթեք գլորվեց խճուղու աջակողմ յան խան՛դակի մեջ։
Քոսա Բինբաշու անկումը տեսնելով, սուլթանի զորքը խուճապահար փախուստի դիմեց՝ իր հազարապետի դիակը թողնելով Մուլուխի դաշտում, գլուխը խանդակի մեջ, ոտքերը՝ խճուղու վրա։
Այդպես տխուր վերջացավ Սուլթան Համիդի ամենաքաջ ռազմիկի կյանքը։
Բոռիզան փչող ասկյարը թռավ ձիերից մեկի թամբին և պղնձյա շեփորը բարձրացնելով՝ սկսեց փչել, որ զորքին ետ կանչի, բայց Ալիզռնանցի Մուքոյի գնդակը շեփորի միջից անցնելով ծոծրակից դուրս եկավ։ Բոռիզան փչողը, թամբի վրա օրորվելով, իր գործիքի հետ տապալվեց Բինբաշու կողքին գլուխը խճուղու վրա, ոտքերը՝ խանդակի մեջ։
Հանկարծ նկատեցինք, որ Գևորգ Չաուշի տանիքը լուռ էր։ Գալեն չկար, իսկ կռվողներից մեկը մեջքով դեպի մեզ չոքած ինչ–֊ որ բան էր ուղղում տանիքին։
— Գևորգը զարկված է, — շշնջաց Սեյդոն։
Ես արագ վազեցի դեպի Գևորգի դիրքը։ Գալեն երկու աչքից կուրացած մահամերձ պառկած էր գոմի ջրհորի մոտ, իսկ Գևորգ Չաուշը վիրավոր նստած էր կողքին։ Հրացանի խճճված փոկը ուղղելու միջոցին ոսոխի գնդակը խոցել էր հայդուկապետի ձախ ծունկը՝ աջ թիկունքից անցնելով։
Վերջալույսին մենք ստիպված եղանք թողնել Մուլուխը, որովհետև Մուշից նոր զորք էր եկել և թնդանոթների որոտը մեզ սեղմել էր գյուղի և Արածանու միջև։
Տանիքից իջնելով, ես վերջին անգամ մտա այն տունը, ուր Գևորգ Չաուշը և Գալեն էին պառկած։ Շենիքցի Մանուկը սգավոր նստած էր երկուսի մեջտեղ։ Սեյդոն չախմախլին ուսը հենված էր պատին։ Նա ձեռքից վիրավոր էր։ Մշեցի Տիգրանը և Ալիզռնանցի Մուքոն նստոտած էին ամեն մեկը մի դիրքով։
— Գալեն պրծել է, իսկ Գևորգը դեռ ողջ է, — ծանուցեց Շենիքցի Մանուկը։
Ես հրամայեցի շտապ թողնել Մուլուխը։ Բոլորը ոտքի կանգնեցին, բացի Գալեից և Գևորգ Չաուշից։
— Գևորգին կապել ձիու մեջքին, իսկ Գալեին գետը նետել, — կարգադրեցի ես։
Ամենքս էլ զգում էինք, թե որքան ծանր էր այդ վճիռը, բայց ուրիշ ելք չկար։ Շենիքցի Մանուկը բռնեց իր ամենահին ընկերոջ թևերից, համբուրեց նրա արյունոտ երեսը, Ալիզռնանցի Մուքոն բռնեց Գալեի ոտքերից և նետեցին Արածանու մեջ։ Միայն մի ակնթարթ նայեցինք, թե ինչպես Արածանին իր պղտոր հորձանքի մեջ առավ մեր հերոսական ընկերոջը։ Երբեք Գալեն այդքան արագաշարժ չէր եղել, ինչպես այդ հորդացած ջրերի մեջ։ Ու՞ր գնաց նա, ու՞ր քշեցին նրան ալիքները՝ չիմացանք։
Սուլուխցի Մեսրոպը մեզ մի ձի բերեց։ Գևորգին կապեցինք ձիու մեջքին։
Շենիքցի Մանուկը դարձավ առաջապահ։ Ետևից ես էի գընում մի քանի հայդուկներով։ Եմ ետևից գալիս էր Ալվառինջու Սեյդոն՝ վիրավոր ձեռքով ձիու սանձը բռնած։ Ձիու աջ կողմով գնում էր Մշեցի Տիգրանը, ձախով՝ Ալիզռնանցի Մուքոն։ Սրանց ետևից գյուղի բնակչությունն էր շարժվում Սուլուխցի Մեսրոպի գլխավորությամբ։
Մութ էր և ասկյարները կարծեցին, թե մենք իրենց զորքից ենք։ Վերջում գլխի ընկան և կրակեցին մեզ վրա։ Գևորգի ձին խփվեց։ Ես Գևորգին ձիու մեջքից արագությամբ իմ շալակն առա։ Զին գլորվեց Արածանու մեջ։
Քուրդ Հասանոն, որ իր մի քանի դաշտեցի տղաներով հսկում էր կամուրջին, ուժգին կրակով ապահովեց մեր ելքը զորքի շրջապատումից և մենք Գևորգ Չաուշին փոխնեփոխ շալակելով հասցրինք Խաշխալտախ գյուղի դիմաց։ Վերջին շալակողը Սեյդոն եղավ։
Ես մոտեցա Գևորգ Չաուշի վիճակն իմանալու։
— Վերքդ թեթև է, Գևորգ, — հուսադրեցի ես Սեյդոյի շալակից նրան եղեգների վրա իջեցնելով։
— Իմը վերջացած է և աստծո պատիժը կատարվեց, — նըվաղած ձայնով շշնջաց հայդուկապետը։— Մի ջանդակի հա՛մար չարժի խումբը վտանգի մատնել։ Ինձ թողեք էստեղ, իսկ դուք անցեք գնացեք։ Եղսոն ու Վարդգեսը ձեզ ամանաթ։
Խաշխալտախի մոտ Մեղրագետը Արածանուն միանալով կազմում է եռանկյունի. մի կողմը Սուլուխն է, մյուս կողմը՝ երկու գետ։ Որոշեցինք Գևորգին թողնել եղեգնուտում, մոտը պահապան կարգելով Սուլուխցի Մեսրոպին։ Տարանք մի քիչ ավելի խորքը, հենեցինք մի խուրձ եղեգի և ծածկեցինք թարմ կանաչով։ Վերջին պահին Գևորգը ցույց տվեց հե՛ռադիտակը և զենքը։ Ես հեռադիտակը վերցրի, իսկ զենքը թողեցի վրան։
Երկու լողորդ չափեցին գետի խորությունը։ Ջուրը խփում էր մինչև թևատակ, իսկ տեղ–տեղ՝ գլուխներից բարձր։ Լո՛ղորդները նախ անցկացրին Շենիքցի Մանուկին, ապա ինձ և մյուս հայդուկներին։
Մեր ճանապարհին Սնձնուտ անունով մի գյուղ էր ընկած։ Լույսը չբացված այդ գյուղի ժամկոչը մեզ գտավ իրենց գերեզմանատան մատուռի մեջ։ Սաստիկ զարմացավ և հայտնեց, որ իրենց գյուղում զորք կա և խորհուրդ տվեց մատուռից դուրս չգալ։ Ժամկոչը բարձրացրեց խորանի սալա՛քարը և մենք վեր ելնելով թաքնվեցինք այնտեղ, իրար վրա նստելով։ Շենիքցի Մանուկը փորձված մարդ էր, զգաց, որ ժամկոչը վախկոտ է և կարող է վախից մեր տեղը հայտնել, ուստի նրան ներս քաշելով նստեցրեց իր ծնկներին՝ սալաքարը դանդաղ իջեցնելով մեզ վրա։
Ժամկոչը կարծում էր, թե մենք փախստականներ ենք, և իբրև նորություն հայտնեց, թե այդ օրը Սուլուխի դաշտում մեծ ճակատամարտ է եղել հայ ֆիդայիների և սուլթանի զորքի միջև և այդ կռվում սպանվել է Քոսա Բինբաշին։
— Ու՞մ գնդակից, — հարցրեց Շենիքցի Մանուկը։
— Գևորգ Չաուշի։
Մեր զարմանքի վրա ժամկոչը ոգևորված ավելացրեց, թե այդ կռվում քանի հազարապետ, հարյուրապետ և հեծյալ ու հետևակ է սպանվել Քոսա Բինբաշու զորքից։ — Սուլուխի ամբողջ դաշտը դիակներով է ծածկված, — ասաց նա, — և Սուլթանի ձիավորները գյուղերն ու քարափները ընկած Գեվորգ Չաուշին են փնտրում, նրա կնոջը և երեխային։
Ֆիդայիները հոգնած քնել էին, իսկ ժամկոչը դեռ շա՛րունակում էր պատմել Շենիքցի Մանուկի ծնկներին նստած։ Իրիկնադեմին մենք թողեցինք մատուռը։ Դուրս գալուց առաջ ժամկոչին կապելով դրեցինք մատուռի ղռանը, որ չիմանա, թե մենք որ ուղղությամբ գնացինք։ Իմ ուղղությունը պարզ էր։
Ես ֆիդայիներին հանձնեցի Շենիքցի Մանուկին, որ նրանց տանի դեպի Կարմիր Ծառի սոսիների պուրակը։ Ալվառինջու Սեյդոյին կարգեցի խմբի հետնապահ, իսկ Հասանոյին՝ առաջապահ։ Նրանց հանձնեցի նաև Գևորգ Չաուշի հեռադիտակը, իմ պայուսակը, իմ հագուստն ու զենքերը, և մի թուրք սայ՛լապանի տարազ հագնելով՝ դիմեցի դեպի Սուլուխ։ Լողալով անցա Արածանին և ծանոթ եղեգնուտը հասա այն պահին, երբ մի քանի ասկյարներ եղեգների միջից վերցնում էին Գևորգ Չաուշի դիակը՝ Մ ուշ տանելու համար։
Սուլուխցի Մեսրոպը չկար։
Գևորգ Չաուշը մեռել էր մայիսի 28֊ի արևածագին, բռի մեջ սեղմած հոգևարքի ժամին պոկած կանաչները։
Ասկյարները ինձ ուղարկեցին մի սայլ բերելու։ Գնացի և գյուղի առաջին պատահած հայ տնից եզասայլ վերցնելով՝ վերադարձա եղեգնուտ։ Չաուշի դիակը գրկեցի դրեցի սայլին և եզներին դանդաղ քշելով, Խոփերի դաշտով շարժվեցի դեպի Մուշ։
Հասա Ջարդու քարեր, Մշո կողք։ Ես Մ ուշ չմտա։
Մեհմեդ էֆենդին նվագախմբով եկել էր քաղաքից դուրս դիմավորելու Գևորգի դիակը։ Նա ինձ տեսավ սայլին նըստած, բարկացած մի հիշոց նետեց ֆիդայիների հասցեին, բայց գլխարկը հանելով լուռ կանգնեց, կարծես պատվո պահակ լիներ։
Դարձյալ նույն երևույթի մեջ էր, ոստիկանական համա՛զգեստով, սպիտակ թաշկինակը վզի շուրջ։ Քոսա Բինբաշուն թաղել էին դրանից մի օր առաջ, հանդիսավորությամբ ու նըվագախմբով։ Այդ միևնույն զինվորական նվագախմբով Գեվորգ Չաուշի դիակը տարվեց դեպի Կողու թաղի գերեզմանատուն՝ Սաչքի դուրանի վրա։ Այդտեղ էին թաղվում այն ֆիդայիները, որոնց դիակները ընկնում էին սուլթանի զինվորականների ձեռքը։ Իմ աչքի առաջ Գևորգին իջեցրին գերեզման, և Տարոնի արևը մայր մտավ։
Մեհմեդ էֆենդին սայլին հենված կանգնած էր իմ կողքին, աչալուրջ հսկելով, որ ըմբոստություններ չլինեն։
— Գնա՛, տղաս, — ասաց Մեհմեդ էֆենդին, երբ մենք մի պահ առանձին մնացինք։— Դու մի օր վարդապետ ես, մի օր էլ՝ սայլապետ։ Սուլուխի կռիվը ցնցեց Մշո դաշտը։ Ամբողջ գիշերը մենակ ողբացել եմ Գևորգի համար։ Բայց պիտի բարկանամ ձեզ վրա և ով ձեռքս ընկավ անխնա պիտի պատմեմ։ Սուլթանից հրաման կա, որ հայտնաբերենք և ոչնչացնենք բոլոր ֆիդայիներին, իսկ Գևորգ Չաուշի կնոջը և երեխային բռնենք և հանձնենք սուլթանի ձեռքը։ Այդ գործի համար ջանբեզարների ոստիկանապետ է նշանակված Մհե չաուշը։ Վերագարձիր ֆիդայիների մոտ և միասին մի միջոց մտածեք Գևորգի կնոջ և երեխայի փրկության համար։ Թեկուզ ջրտուքվար Ֆադեի մոտ տարեք։ Նա ձյուների և ամպերի վրա է ապրում, թող էնտեղ պահի, ուրիշ ճար չկա։ Ես ու Մհե չաուշը պարտավոր ենք երկուսին էլ գտնել և հանձնել սուլթանին իբրև պատանդ։ Այդպես է մեծն փադիշահի կամքը։
Ես սայլը լծած տխուր իջա Կողու թաղով և նույն ճանապարհով վերադարձա Սուլուխ։ Կամուրջի գլխից նայեցի ներքև։ Արածանու ալիքները սև գոմեշների պես իրար հրելով շարժվում էին առաջ։ Սայլը եզներով թողեցի այդտեղ և «Ֆալա՜գ, քո տունը ավրի, ֆլանդ», ասացի ու ինձ նետեցի խենթացած ալիքների վրա։ Մեկից մյուսին հեծնելով, ես ճեղքեցի Արածանին և նորից հասա Սնձնուտ գյուղի ծանոթ մատուռը։
Մեր կապած ժամկոչը չկար։
Նույն գիշերը ես սարերով մեկնեցի Կարմիր Ծառ։
=== ՄԱԿԱՐ ԵՎ ՄԱՆՈՒԿ ===
Գևորդ Չաուշի մահից հետո հայդուկների խումբը մնաց իմ հույսին։ Քիչ էին նրանք, բայց բոլորն էլ կոփված տասնյակ կռիվների մեջ և հավատարիմ իմ կարգադրություններին։ Հասնելով Կարմիր Ծառի սոսիների պուրակը, իմ առաջին կարգադրությունը եղավ Գևորգ Չաուշի կնոջը և որդուն թաքցնել ս. Կարապետի վանքում։ Բայց շուտով ստացվեց Բաղեշի կուսակալի և Մշո կառավարչի հրամանը, որով պահանջվում էր ամբողջ երկրռւմ որոնումներ սկսել։ Հրամանում ասված էր, որ եթե որևէ գյուղ կամ վանք համարձակվի թաքցնել նրանց՝ հիմնահատակ կկործանվի։
Այդ հրամանից երկու օր հետո ներկայացավ Հեսու վարդապետը գրեթե լալահառաչ։ Նա խնդրեց Գևորգի ընտանիքը շտապ հեռացնել ս. Կարապետի վանքից` «Մի կնոջ և երեխայի համար արժե", որ մի վանք կամ գյուղ կործանվի», ասաց ծերունի վարդապետը։
Ի՞նչ անել։ Մեզ մնում էր Հեղինեին և Վարդգեսին որևէ միջոցով փրկել, առանց վնաս պատճառելու վանքին։ Բոլորս հավաքված էինք անտառում և մտածում էինք մի ելք գտնել դրությունից դուրս գալու։
Արտոնքա Ջնդոն առաջարկեց նրանց Հասանոյի և Ալադին Միսակի ուղեկցությամբ Խութ ուղարկել՝ հանձնելով Ղասըմբեկի և նրա կնոջ խնամքին։ Չէ՛ որ Գևորգը Խութա բեկի եղբայրն էր, իսկ Ջեմիլեն՝ ֆիդայիների քույրը։
Փեթարա Ախոն և Կարկուտ Թադեն առաջարկ արին Հեղինեին իր քեռի Մկրտիչ Վարդապետին հանձնել։ Ֆիդայիներից մեկն էլ ասաց, ով կատարել է այդ ստորին պսակը՝ թող նա էլ պատասխանատու լինի նրանց կյանքի համար։ Նա առաջարկեց Հեղինեի և իր զավակի պաշտպանությունը ապավինել խաչեղբայր Փեթարա Մանուկին և Ստեփանոս վարդապետին։
Սպաղանաց Մակարը գլուխը կախ գցած իր համրիչն էր քաշում։ Կողքին նստած Էին Շենիկցի Մանուկը, Մորուք Կարապետը և Չոլոն։
Ես քեռի Մակարի դեմքի վրա կարդացի, «Ճիշտ Է, ես Հակառակ եմ եղել Գևորգի ամուսնությանը և նրա գործելակերպին, ըմբոստացել եմ նրա դեմ և պատժվել եմ դրա համար, բայց Եղսոն իմ աղջիկն Է, իմ աչքի լույսը։ Գևորգը իմ հոգու կեսն Էր։ Այժմ, երբ նա չկա, նրա նամուսը իմ նամուսն Է, նրա ժառանգը՝ իմ ժառանգը։ Եթե Մակարը չգնա Հեղինեին աղատելու, արար աշխարհ պիտի կարծե, թե քեռի Մակարը աննամուս մարդ է»։
Ու կաղնու տակից վեր կացավ սպաղանաց հսկան։ Կապեց զենքերը և ծանր ձեռքը իմ ուսին դնելով՝ ասաց.
— Ե՛ս կերթամ Հեղինեին և մանուկ Վարդգեսին փրկելու։ Ես նրանց կտանեմ Սասուն։ Թե որ ողջ եկա ազգության պատիվը փրկած կլինեմ, թե մեռա՝ մի մեծ բան կորցրած չեք լինի։ Քեռի Մակարը հալիվոր Է արդեն։ Միայն մի խնդրանք ունի, իր ջանդակը կթաղեք Գևորգ Չաուշի կողքին։
Ծերունի Մակարի հետ վեր կացավ Շենիքցի Մանուկը.
— Ես Մակարին մենակ չեմ թողնի։ Ես Էլ կերթամ Հեղինեի հետևից։
Փեթարա Ախոն և Գելի Պետոն Էլ ելան ոտքի։ Դաշտեցիներից ցանկություն հայտնեց գնալ Մշեցի Տիգրանը։ Ախոն վերև նայեց երկինքը ստուգելու։ Վատ բան Էր գուշակում։
Մեկ–մեկ համբուրվեցինք գնացողների հետ։ Քեռի Մակարը այնպես Էր համբուրվում, կարծես այլևս չպիտի տեսնըվենք։ Փեթարա Մանուկի կուրծքը լիքն Էր։ Նա սկսեց իր «Բերի վանին»։
Մակարն իր խմբով բարձրացավ լեռան կածանով, իսկ մենք կանգնած նայում Էինք նրանց ետևից։ Հանկարծ Շենիքցի Մանուկը ետ դարձավ և բացականչեց.
— Չոլո՜, Չոլո՜, իմ Սերին եթիմ չթողնես։
Չոլոն չդիմացավ, փղձկաց և երեխայի պես լաց եղավ։ Մի օր հետո Ախոն և Գելի Պետոն վերադարձան։
Եվ Պետոն պատմեց.
«Սպաղանաց Մակարը Շենիքցի Մանուկին ուղարկեց ս. Կարապետի վանքը Գևորգ Չաուշի կնոջը և երեխային բերելու, որ տանի Սասուն, իսկ ինքը իր փոքրիկ խմբով կտրեց Կուրտիկ լեռը, մտավ Ամրեի Գյալեն և լուսաբացի դեմ դուրս եկավ Փեթարի գլխին։ Մեկ Էլ Էն տեսնենք, Շենիքցի Մանուկը, որ մեզանից բաժանվելով գնացել Էր ս. Կարապետի վանքը, դեպի Փեթար Է բարձրանում՝ հետը առած Հեղինեին և Վարդգեսին։ Քեռի Մակարը ուրախացավ և կարգադրեց ցերեկը հանգստանալ Փեթարում, իսկ գիշերը ուղևորվել Աասուն։ Այդ խոսքի վրա Էինք, երբ Ախոն ասաց. «Էս ի՞նչ սև շերտ Է լեռան լանջին, ոչխա՞ր Է, թե՞ տավար»։ Բայց ոչխարը կամ տավարը ի՞նչ գործ ուներ սարի վրա վաղ լուսադեմին։ Մի գյուղացու ուղարկեցինք, որ մոտիկից իմանա, թե գա ինչ բան Է։ Մեր ուղարկած մարդը ետ եկավ և ասաց. «Ոչ ոչխար Է, ոչ տավար. օսմանցու զորք Է, սարերն ընկած Գևորգ Չաուշի կնոջը և երեխային են փնտրում և նրանց փախցնող ֆիդայիներին»։
Ծերունի Մակարը, որ պատրաստվում Էր ցերեկը Փեթարում հանգստանալ, տրեխները ամրացնելով ելավ ոտքի։ Նա ինձ հրամայեց երեք հոգով բռնել լեռան գլուխը՝ Ամրեի Գյալու Ցից քարը։ Ինքը վերցրեց մեջտեղի գիծը իսկ Շենիքցի Մանուկին կարգադրեց իր ետևից շարժվել։ Մենք պետք Է առանց կրակելու վեր բարձրանալով անցնեինք զորքի միջով։
— Իսկ Հեղինեին ի՞չ անենք, ինչպե՞ս փախցնենք Սասուն, — հարցրեց Շենիքցի Մանուկը։
— Ձգուկ, ասկյարը շատ Է, իսկ իմ բախտը՝ սև, — ասաց քեռի Մակարը։— Մենք նրանց մեզ հետ տանել չենք կարող։ Վարդգեսին տուր առաջին պատահած հայ կնոջը, ճիժ Է, գուցե կփրկվի, իսկ Հեղին են նամուս Է, թող թշնամու ձեռքը չանցնի, զարկ ու եկ մեզ հասիր։
Ես և Փեթարա Ախոն արդեն Ամրեի Ցից քարին Էինք հասել, երբ տեսա, թե ինչպես թշնամին անտանելի կրակ բացեց՝ պաշարման մեջ առնելով Մակարի և Շենիքցի Մանուկի խմբերը։ Մենք վերևից, պաշարված ֆիդայիները ներքևից կատաղի կրակեցինք։ Աջակողմյան զորքը մաքրվեց և քեռի Մակարն ու Մանուկը ապահով հասան Ցից քարին։ Թշնամին մնաց ձորի մեջ, իսկ մենք՝ Ամրեի գագաթին։
Բայց ճիշտ կռահեց իշխան Մակարը, որ իր բախտը սև է։ Ս. Հովհաննու վանքի կողմից նոր զորք էր եկել և գաղտնի բռնել Ամրեի երկու թևերը։ Ստիպված նահանջեցինք՝ թողնելով լեռան գագաթը։
Շատ արագ էինք նահանջում, իսկ Մակարը ծեր էր և ոտքերին ուժ չկար։ Քրդական մի բարեկամ օբայի հասանք։ Օբայից հաց առնելով շարունակեցինք մեր նահանջը։ Մակարն ուղղակի ուժասպառ էր եղել և ծնկները ծալվում էին։ Մի էշ բռնեցինք, ծերունի Մակարին նստեցրինք վրան։ Մի շատ դժվար վերելք կար մեր առաջ։ Այդ Ճանճկու սարն էր։ Եթե այդ լեռը հաղթեինք, կանգնած կլինեինք Շենիքի գլխին։
Մակարն այլևս անկարող էր շարժվել— ոչ ոտքով, ոչ էլ ավանակին նստած։ Ու խնդրեց քեռի Մակարը, որ իրեն սպանենք, իսկ մենք մտածենք միայն մեր փրկության մա՛սին։ Բայց ու՞մ ձեռքը կբարձրանար քեռի Մակարի վրա։ Առանք զենքերը, քանդեցինք փամփուշտները և սիրտ տվե՛ցինք, որ քայլի։ Սակայն իզուր։ Շենիքցի Մանուկը, ես և Փեթարա Ախոն շատ զբաղվեցինք Մակարին տեղից շարժե՛լու գործով։ Ուզում էինք մեզ հետ տանել կամ նորից մի կերպ նստեցնել ավանակին և լեռը բարձրանալ։
Թշնամին արագ մոտենում էր. գտնվում էր մի քանի տասնյակ քայլի վրա։ Մակարի ցանկությունը կատարվեց։ Մի գնդակ գալով խոցեց Սպաղանաց իշխանին։ Մակարը զգաց, որ թշնամու գնդակ է։ Վերքից ուժ առած տնքալով շարժվեց առաջ և մեր պաշտպանությամբ հասավ Շենիքի գլուխը— Դուքանի բերան։
Մեր ոտքերի տակ Գդալների դաշտն էր, իսկ ավելի հեռվում՝ Մրկեմոզանի ընդարձակ մարգագետինը։
Խոշկանցի ցեղապետ Ռզգո աղայի աշիրեթը զոզան էր ելած։ Ռզգոն Սպաղանաց Մակարի հին ծանոթներից էր։ Մակարը խնդրեց, որ իրեն թողնենք Ռզգոյի ամառանոցում, իսկ մենք ազատվենք, քանի դեռ զորքը այդտեղ չի հասել։
Շենիքցի Մանուկը համաձայն չեղավ քեռի Մակարին վիրավոր վիճակում մենակ թողնել այդտեղ։
— Ես ուխտ եմ արել քեզ հետ մեռնել, քեռի, — ասաց Մանուկը և մեզնից բաժանվելով մնաց ծերունի Մակարի հետ։ Հեռվից տեսա, թե ինչպես նա առաջացավ դեպի ցեղապետի օբան, որ կարգադրություն անի Մակարի համար։ Այդ միջոցին Խալիլ աղայի կատաղի քրդերից մեկը, որ այդտեղ էր, մի կացին քաշելով թափով իջեցրեց Շենիքցի Մանուկի գլխին։ Մանուկն իրեն չկորցրեց։ Քաշեց տասնոցը և երեք֊ չորսին սպանելով և մի քանիսին էլ վիրավորելով, ինքն էլ թևից զարկված, փորձեց փախչել դեպի իր հայրենի գյուղը՝ Շենիք։ Մակարը մենակ մնաց Ճանճիկ սարում։ Խալիլի քըրդերը թափվեցին վիրավոր և անզեն ծերունու վրա և կացիններով ու խանչալներով սպանեցին նրան։
Մանուկը զառիթափով հասավ Շենիքի վերևի քարերը։ Կրակեց, որ շենիքցիները օգնության գան, բայց Սեմալից եկած զորքը պաշարել էր գյուղը, և նրանք տանիքներին կանգնած անզոր դիտում էին նրա մենավոր պայքարը։ Ֆիդային զայրույթից իր հրացանը և ատրճանակը քարերին զարկելով ջարդեց և թռչելով մի քարաժայռի, որի տակ Ճանճիկ սարի մեծ վիհն էր բացվում, մի գնդակ առավ իր հպարտ ճակատին և արծվի նման ճախրելով գլորվեց անդունդ։
Այդպես մատաղվեց քաջարի սասունցին։
Մի թուրք սպա, տեսնելով այդ հերոսական ու գեղեցիկ մահը, բարձրաձայն գոչեց. «Ափսո՜ս, էրմենի իգիթ, որ քեզ հայ է ծնել»։
Մենք կռիվ տալով Դուքանի բերանից դժվարությամբ հասանք Ծիծեռնու ձորը, Սեմալ գյուղի մոտ, բայց արդեն զրկված քեռի Մակարից և Շենիքցի Մանուկից»։
Երբ Գելի Պետռն ավարտեց իր պատմությունը, թվաց, թե այդ ամբողջը հեքիաթ էր մի առասպելական կռվի հսկաների մասին։
— Իսկ ի՞նչ եղան Հեղին են և ծծկեր երեխան։ Չէ որ Մակարն ուզում էր նրանց տանել Սասուն, — հարցրի ես։
— Շենիքցի Մանուկը Գևորգ Չաուշի կնոջը և երեխային վանքից բերեց, որ Մակարը տանի Սասուն։ Բայց Սասուն գնալ չհաջողվեց։ Երեխային Շենիքցի Մանուկը մահից առաջ հանձնել էր փեթարցի մի պառավ կնոջ, որ պահի, իսկ Եղսոյին Մշեցի Տիգրանը կնոջ շորեր հագնելով՝ առաջնորդեց դեպի Մշո դաշտ։
=== ԱՐՋԻ ՈՐՋՈԻՄ ===
Քարայրներում թաքնվելը դարձավ վտանգավոր։ Անտառի խորքում մի թաքստոց տեսա։ Արջի բույն էր։ Երեք ամիս բնավ ածիլված չէի։ Իմ գլխի և երեսի մազերը խառնըվել էին իրար։ Իմ երևույթով ես նման էի արջի, ավելի ահարկու, քան արջը։
Կռացած նայեցի։ Մի մեծամարմին գորշ գազան, գլուխը թաթերին գրած պառկել էր հանգիստ։ Ինձ տեսնելով հար՛ձակվեց վրաս։ Ու ուժեղ գոտեմարտ եղավ իմ և այդ գազանի միջև։ Ես արշին սպանեցի և դուրս բերելով կախեցի ծառից։ Տերև ու խոտ հավաքեցի և արջի մորթին չորացնելով՝ փռեցի վրան։
Պառկել եմ իմ նոր կացարանում փափուկ ներքնակի վրա և շարունակ մտածում եմ, թե ինչ եղան Հեզին են և Վարդգեսը՝ Գևորգ Չաուշի կինը և երեխան, որոնց կյանքի համար այլևս ես էի պատասխանատու՝ Սպաղանաց Մակարի և Շենիքցի Մանուկի անկումից հետո։
Անցավ մեկ շաբաթ, երկու շաբաթ, Մշեցի Տիգրանը չէր երևում։ Հազար տեսակ մտքեր էին պաշարել ինձ։ Երևի հայտնաբերել են նրանց և սպանել, կամ հետապնդելով ձերբակալել են և տարել Բաղեշ, որ ուղարկեն սուլթանին։ Մտածում էի նաև, թե միգուցե Տիգրանը սպանել է Հեղինեին և այլևս անհարմար է գտնում երևալ մեզ։
Մի օր, երբ արջի վերջին պատառներն էի ներս տանում, իմ կացարանի առաջ հայտնվեց կնոջ շորեր հագած մի տղամարդ՝ հետը բերելով Գևորգ Չաուշի կնոջը և երեխային։
Մշեցի Տիգրանն էր։ Գլխին լաչակ կար՝ ծայրը հանգուցված ծնոտի տակ և դնչկալը մինչև քիթը վեր քաշած։ Այնքան նման էր մշեցի կնոջ, որ անկարելի էր նրան շփոթել տղամարդու հետ։ Մեծ եղավ իմ զարմանքը, երբ Տիգրանին տեսա այդ հագուստի մեջ՝ երեխան գրկին, Հեղինեն ետևից։ Փոքր-ինչ կռացած էր քայլում և հոգնած տեսք ուներ։
Ես գիտեի, որ Տիգրանը ընդունակ է խիզախ արկածների, բայց արկածի այդ տեսակը վեր էր իմ պատկերացումից։
Թեթև կրակ վառեցի, միասին հաց կերանք և մշեցին պատմեց. «Քեռի Մակարի հրամանի համաձայն, Շենիքցի Մանուկը ծծկեր Վարդգեսին հանձնեց փեթարցի մի պառավ կնոջ, որ պահի։ Հեղինեն նստել էր այդ կնոջ կողքին, և չէր ուզում երեխայից բաժանվել։ Ես Հեղինեի ձեռքից բռնելով՝ ասացի. ե՛լ երթանք իրար հետ։ Բայց փեթարցի կինն ասաց. Հեղինե, մի՛ գնա, քեղի կսպանեն։ Հեղինեն չոքեց իմ առաջ և ասաց, «Տիգրան, կամ դու պիտի մեռնես Գևորգի համար, կամ պիտի ազատես Գևորգի կնոջը և երեխային։ Եթե ինձ զարկես, ամբողջ ազգությունը մինչև յոթ պորտ քեզ մայրասպան պիտի ասի»։
Անտանելի վիճակ ստեղծվեց ինձ համար։ Ես գիտեի, որ ռոմի զորքը բռնել է բոլոր ճանապարհները, և փրկության ոչ մի հնար չկա։ Ուստի հարկադրված հագա կնոջ շոր, դնչկալով ծածկեցի իմ բեղը և Հեղինեին ու Վարդգեսին վերցնելով, իջա դեպի դաշտ։ Այդ զգեստը մասամբ էլ նրա համար հագա, որ որևէ ֆիդայի ինձ անծանոթ կնոջ հետ տեսնելով անզգուշությամբ չսպաներ հեռվից։
Երեխային գրկած Հնղինեի հետ անցա սուլթանի զորքի միջով։ Հանկարծ զգացի, որ իմ բեղի ծայրը դուրս է եկել և դնչկալը արագությամբ քաշեցի վրան։ Մի ասկյար ուզեց բռնել իմ թևից, բայց, որտեղից–որտեղ, իմ բախտից մեր դեմ ելավ Մեհմեդ էֆենդին։ Նա գոռաց ասկյարի վրա, «չե՞ս տեսնում, անցնողը կին է՝ երեխան գրկին»։ Ասկյարը ձեռքը ետ քաշեց և մենք անվտանգ ելանք շրջապատումից»։
Հեղինեն երեխային գրկած հազիվ էր պառկել արջի փոստին, որ մի քիչ հանգստանա, երբ մեր թաքստոցի առաջ ոտնաձայն լսվեց։ Ես ձեռքս արագ տարա դեպի իմ զենքը։
— Քիմսա՞ն, — հարցրի ես արջանոցից դուրս գալով։
— Այստեղ մի կին չմտա՞վ երեխան գրկին։
— Ոչ, այստեղ արջեր են ապրում։ Այդ խոսողը ո՞վ է։
— Մեհմեդ էֆենդին է, ձեր հոգեառը, իսկ աջ քովինս Մհե չաուշն է, — հնչեց պատասխանը։ — Վերջապես ձեզ գտանք։ Այնքան նեղն եք ընկել, որ մաղարաներից փախչելով մտել եք արջերի բները։ Ուր ուզում եք մտեք, թեկուզ գետնի տակ, մեր վճիռն է մի հատիկ ֆիդայի չթողնել սուլթանի երկրում։
— Գիտեմ, որ դու ֆիդայիների Հոգեառն ես, հայությունից իսլամ դարձած Մեհմեդ էֆենդին։
— Այո, և քովինս դաժան և արյունարբու Մհեն է, Մհեն, — ընդհատելով նորից հատուկ շեշտադրությամբ այդ անունը ընդգծեց Մեհմեդ էֆենդին, իբրև թե այդ անունով ուզում էր սարսափ ազդել, բայց իրապես կամենալով հասկացնել, թե զարկեք Մհե չաուշին, ես նրան այդ նպատակով եմ այստեղ բերել։
Մհե չաուշը Սասունի Խիանք գավառի քրդերից էր, Մշո բանտի դահճապետը, որը դառնալով ջանբեզարների գլխավոր, սկսել էր համառորեն որսալ ֆիդայիներին և սարերն ընկած Գևորգ Չաուշի կնոջն ու երեխային էր փնտրում սուլթանին պատանդ ուղարկելու համար։ Ոստիկանապետ Մեհմեդ էֆենդին նրան բերել կանգնեցրել էր վրիժառու հայդուկի գնդակի հանդեպ։ Ո՞ր առաքինի մարդը չէր ուրախանա այդ հրեշի մահով։ Մի գնդակ՝ և Մհե չաուշը փռվեց մեր թաքստոցի առաջ։ Այդպիսի հրեշներին ոչնչացնելը պատգամ և պարտավորություն է բոլո՛ր ժամանակների բոլո՛ր սերունդների համար։
Իմ կրակոցի վրա Մեհմեդ էֆենդին և Մհե չաուշի երեք զինյալ ջանբեզարները զենքերը բացած նետվեցին դեպի իմ որջը։
— Մհե չաուշ, ես քո վրեժը տասնապատիկ կառնեմ, — ցասումնալից գոռաց գաղտնի ոստիկանապետը և ջանբեզարներին հրամայելով հեռանալ այդ վտանգավոր վայրից, ինքը զենքը ձեռքին միայնակ ներս խուժեց։
Երկրով մեկ տարածված էր Մեհմեդ էֆենդու սարսափը։ Պատմում էին, որ նա համարձակորեն մտնում էր ֆիդայիների թաքստոցները և ձեռքն ընկածին տանջամահ անելով սպանում էր։ Միայնակ կատարում էր մի ամբողջ զորաջոկատի գործ։
Ջանբեզարները իսկույն հեռացան այդտեղից, իրենց հետ փախցնելով Մհե չաուշի դիակը, երբեք չկասկածելով, թե իրենց ոստիկանապետը, ով կա ներսում, բոլորին անխտիր կոտորելով, հաղթական դուրս կգա այնտեղից։
Մեհմեդ էֆենդին իրար ետևից կատաղորեն կրակեց բաց օդի մեջ, ամեն կրակոցին տարբեր ձայնով տնքոցի կամ ցավի մի բացականչություն արտաբերելով, իբրև թե սպանվողների կողմից։ Ապա բռնելով Մշեցի Տիգրանին սկսեց բարձրագոչ հայհոյել ու ծեծել, բայց տակից հայերենով կամացուկ ասել նրան, «Տո՛, աննամուս, լսվա՞ծ բան է, որ ֆիդային կնոջ շոր հագնի, դնչկալ կապի բեղի վրա։ Հագիր տղամարդու հագուստ և Հեղինեին փախցրու այստեղից։ Վարդգեսի մասին կարգադրություն արել եմ և նա կփրկվի։ Ես նրան կուղարկեմ Վան։ Մենք երկուսս էլ ծառայում ենք մի նպատակի — դու հարկադրաբար քեզ կին ձևացնելով և բեղերիդ վրա դնչկալ քաշելով, որ ոչ մի մշեցի տղամարդ չէր հոժարի անել, իսկ ես իմ հավատքը փոխելով, որ ամենամեծ մեղքն է աշխարհում։ Բայց մենք հերոսներ ենք և ազգը, կարծում եմ, ապագայում չի թքի մեր ճակատին»։
Մեհմեդ էֆենդին նորից սկսեց կատաղորեն հայհոյել ու կրակել և դուրս գալով, կեռ սուրը մի քանի անգամ բարկությամբ քսեց խոտերին, իբրև թե մաքրելով արյունից։ Ապա սուրը դրեց պատյանը և դաժանորեն շարժվեց առաջ։
Ջանբեզարները նրան սպասում էին քարափի տակ։
— էֆենդի, դուք շատ անգթորեն եք վարվում ֆիդայիների հետ։ Այդքան մարդ կոտորել չի լինի, — նկատեց նրանցից մեկը։ — Ամբողջ աշխարհը խոսում է ձեր խստության մասին։
— Իսկ իրենք խիստ չե՞ն։ Ձեր աչքի առաջ սպանեցին Մհե չաուշին։ Ու՞ր է մեր Քոսա Բինբաշին, — պոռթկաց ոստիկանապետը։ — Այս գյավուրները մի կողմից, Սալոնիկի թուրքերը մյուս կողմից, Յըլդըզ քյոշկն են ուզում պայթեցնել։ Սալոնի֊ կում, այստեղ, ամեն տեղ ռումբեր են կուտակում։ Եվ ու՞մ դեմ, մեր անմեղ սուլթանի դեմ, իմ ու քո դեմ։ Վալին ու Մյութասերիֆը մեզանից հայդուկապետի կնոջը և երեխային են պահանջում, իսկ այս անհավատները զենք են քաշում մեզ վրա, և աստված գիտի, թե ուր են թաքցրել նրանց։
— Բայց...
— Ի՞սչ բայց. որ ես խիստ եմ, դաժան եմ, հա՞։ Ուզու՞մ ես, որ քո դիակն էլ գումարեմ այն երեքի վրա, — սպառնաց Մեհմեդ էֆենդին հայացքը ուղղելով դեպի քարայրը և սպիտակ թաշկինակի արձակված ծայրը փաթաթելով վզի շուրջ։
— Իսկ ինչպե՞ս վարվենք Մհե չաուշի հետ, տանե՞նք, թե թողնենք, — ընդմիջեց երկրորդ վախեցած ջանբեզարը։
— Դե, լավ, գցեք փոսը, նա ճակատամարտի մեջ ընկավ։ Իսկ մենք սարից ցած չենք իջնի, մինչև չգտնենք հայդուկապետի կնոջը և երեխային։
Եվ նրանք Մհե չաուշի դիակը մի խանդակի մեջ գլորելով և հողով ծածկելով, հետևեցին իրենց ոստիկանապետին։
=== ԱՐՏՈՆՔ ===
Ավա՜ղ, Գևորգ Չաուշ, դու էս ինչ անել վիճակի մեջ դըրեցիր ինձ։ Ինչու՞ խմեցիր Ալվառինջու թունդ գինին ու մեղք գործեցիր Սասնա լեռների վրա։ Այժմ ինչպե՞ս վարվեմ։ Ալա՛դին՛ Միսակին ուղարկեմ Մշեցի Տիգրանին օգնության Հեղինեին երգո՞վ փախցնելու դեպի Վան, թե նրան առաքեմ Արտոնք։
Արտոնքը կես ժամու ճամփա է Վարդենիսից։ Գեղեցիկ գյուղ է Արտոնքը, Գևորգ, և դու, երևի, շատ անգամ էիր լինում այնտեղ։ Ալվառինջու Սեյդոն Ջնդոյի հետ այդ գյուղը պիտի երթան։
Ոչ, եկ ես Ալադին Միսակին նրանց ետևից Արտոնք ուղարկեմ, Գևորգ։
Չխուրի մեջ է Արտոնքը, և այնտեղ շամբեր շատ կան։ Հպարտ են այդ գյուղի բնակիչները, այնքան հպարտ, որ արան ծածկելիս մի թևը չեն հագնում, թողնելով, որ շարժվի ետ ու առաջ։
Ու ճամփա ելան Ալվառինջու Սեյդոն և Արտոնքա Ջնդոն դեպի Չխուր, և Ջնդոյի արայի աջ թևանոցը հպարտ ճոճվում էր թիկունքից կախ։ Ու նրանց ետևից դեպի Արտոնք գնաց իմ խաղասաց Ալադին Միսակը։
1907 թվականի աշունն էր։ Կովկասից Մուշ էր եկել Զավեն անունով մի երիտասարդ գործիչ։ Եկել էր Նոր Մելիքի հետ հայ–֊քոյրդ համերաշխության դաշինք կնքելու։ Բանակցության վայրը Արտոնքն էր ընտրված։ Ու նույն օրը Արտոնք ներկայացավ Խութա բեկը հետը առած իր մի քանի ղոլամներին ու բաշ-ղոլամին, որ մեր ներկայացուցիչն էր բեկի մոտ Գևորգի ժամանակներից։
Ու թարգման դարձան Ալվառինջու Սեյդոն և Արտոնքա Ջնդոն Զավենի ու Խութա բեկի միջև։
Նոր Մելիքը համաձայնություն հայտնեց Զավենի հայտնած բոլոր գաղափարներին։ Նա հանձն առավ տաս հազար քրդերի գլուխ անցած ֆիդայիների աջակցությամբ տապալել սուլթանի կառավարությունը Մ ուշում և քրդերին ու հայերին տեր դարձնել կացության։ Ու դաշինք կնքվեց։
Դաշնագրից հետո երկու կողմերը ոգելից ըմպելիքներով ողջագուրեցին իրար և մաղթանքներ արին իրենց համերաշխության և ծրագրի հաջողության համար։
Ու երբ բալաքա քուրդը զգաց, որ Զավենն ու Ջնդոն լավ գինովյցած էին, թույլ տվեց, որ անկողին երթան։
Ուրախությունից ու գինուց հարբած անկողին մտավ նաև Ալվառինջու Սեյդոն։ Երբ նրանք հարբած քնած էին, Նոր Մելիքը կանչեց իր ղոլամներին, որ երեքին էլ քնած տեղը սպանեն։
Պատի տակ երկար սպասեց Ալադին Միսակը։ Տագնապով ու կարոտով սպասեց, որ ընկերները դուրս կգան քյոշկից։ Կեսգիշերին բաշ–ղոլամը գաղտագողի մոտեցավ երգչին և արտասուքը սրբելով լռությամբ անցավ նրա կողքով։
Ու զգաց երգիչը, որ Արտոնքա Ջնդոն ու Զավենը և Ալվառինջու Սեյդոն սպանված են։ Ու պատին հենված ողբաց Ալադին Միսակը։ Ողբաց ու երգեց մինչև լուսադեմ։
«Օ, միամիտ ֆիդայիներ, դուք ինչպե՞ս վստահեցիք բալաքա բեկին։ Քամին թիկունքից փչելիս դուք սաստկացնում էիք ձիերի վազքը, կողքից փչելիս՝ սանձերը ամուր ձգում էիք, որ թույլ չտաք ճամփան շեղեն, իսկ դեմից փչելիս՝ դառնում էիք հետևակ և ձիերը խոնարհ գալիս էին ձեր ետևից։ Ինչպե՞ս եղավ, որ չիմացաք, թե Խութա քամին ո՛ր կողմից է փչում։ Վաղու՜ց փոխված էր այն ջուրը, որ Սուլուխա կամուրջի տակով անցավ։ Ո՞ր ձին է իր ոտքը դրել առաջվա կճղակի տեղը։ Այն օրերը ուրիշ էին, երբ Նոր Մելիքը կապված էր ֆիդայիների հետ և գեղեցիկ Ջեմիլեն իր ապարանքի մեջ բուժում էր վիրավոր Գալեի թևը։ Այդ տարիներին Խութա բեկը եղբայրն էր Գևորգ Չաուշի, իսկ Ջեմիլեն՝ նրա քույրը։ Գևորգի անունը այդ օրերին սարսափ էր ձգել բեկի հակառակորդ աշիրեթների վրա, ուստի և ամուր էր այդ բարեկամությունը։ Գևորգի մահով այդ հմայքն անցավ, ինչպես ամեն հմայք ու զորություն աշխարհում, երբ նախկին տերը չկա։
Խութա բեկն ասաց, որ ինքը այդ սպանդը կատարեց իբրև փոխվրեժ Սուլուխում մահաբեր գնդակով սպանված իր եղբայր Գևորգի, բայց Գևորգի և ձեր հիշատակի առաջ նա ստեց չարաչար։
Ավա՜ղ, կործանված էր այն կամուրջը, որ դուք եկաք նորոգելու։ Նրա մի ծայրը հենված էր Միրզաբեկի տան խարդախ կրծքին, իսկ մյուսը՝ հայոց Սասնա տան ազնիվ սրտի վրա։
Միրզաբեկի տունը մի ճյուղն էր Ալադին փաշայի համբա՛վավոր տոհմի։ Նենգ էին այդ տան մարդիկ և Ալադինի կողմից վաղուց անիծված իբրև խարդախ ազգական։
Չխուրի բեկը այդ խարդախ տան գլխավորն էր և թոռը Միրզաբեկի։ Նրա նախնիները Բաղեշի ճանապարհին դարան մտած սպանել էին Ալադին փաշայի մի ազգականի և չորս եղբայրներով եկել Մուշ։ Միրզաբեկի տան մարդիկ նույնիսկ իրար հանդեպ խարդախ ընթացք ունեին։ Ու տեսեք, թե ինչ է պատմում հին երգը նրանց մասին։ Մի անգամ նրանք յոթ եղբայրներով հասան մի գյուղ և ուզեցին իրենց ձիերը ախոռ մտցնել։ Առաջին եղբայրը քաշեց իր ձին, որ ներս տանի, բայց ախոռի դուռը ցածրիկ լինելով, կոտրեց իր ձիու թամբը և մյուս վեցին չզգուշացրեց։ Երկրորդ եղբայրը քաշեց իր ձին, որ ներս տանի, սա նույնպես թամբը կոտրեց։ Երրորդ եղբայրը հետևեց սրան, սա էլ իր թամբը կոտրեց։ Ու այսպես յոթ եղբայրները իրար ետևից ներս մտնելով և իրար չզգուշացնելով կոտրեցին իրենց ձիերի թամբերը։ Ու դրանց անու՛նը այդ օրվանից մնաց «մալայհաֆգ»— խարդախ Յոթ թամբերի տուն։
Ավա՜ղ, Ալվառինջու Սեյդո և Ջնդո Արտոնաց, ասենք թե «Մարալկաների երկրից» եկած մեծավորը նոր էր իջնում Մշո դաշտ և դեռ անփորձ էր, բայց դուք, որ փորձված էիք և այդքան զգաստ, ինչպե՞ս պատահեց, որ անզգուշորեն ընկաք Յոթ թամբերու տան ծուղակի մեջ։
Եվ մանավանդ դու, Ալվառինջու Սեյդո, որ գիշեր–ցերեկ չախմախլի հրացանը ձեռքիդ Ծծմակի Քիթը բռնած զգաստ հսկում էիր Ֆրանկ–Նորշենի ճանապարհներին։ Գոլ, որ մաս՛նակցեցիր Բերդակի վանքի և Շամիրամի մեծ կռիվներին, նաև Դաշտի բոլոր կռիվներին իբրև տասնապետ, դու, որ միշտ ասում էիր. «Հլա դաշնակ, հնչակ չկար մեր երկիր, մենք հեղափոխական էինք», և դու, լուսամիտ շինականդ, մի անարգ դավով զո՞հ գնաս Յոթ թամբերի տան խարդավանքին։
Ողբացեք Արտոնքի վիշտը, ողբացեք Չխուրի Վարդենիս, Ազաղբյուր և Արագիլի բույն գյուղեր։
Ողբացեք Ալվառինջու Աեյդոյի, Ջնդոյի և Զավենի մահը»։
Ու այդպես երգելով Արտոնքից դեպի Խվներ շարժվեց Ալադին Միսակը։ Նա հասավ Խութա անտառի զովասուն պուրակին, որտեղ ամեն ամռան իր կարմիր վրանն էր զար֊ կում գեղեցիկ Ջեմիլեն։
Երգեց Ալադին Միսակը ու բացվեց օրը այդ պուրակի ու աշխարհի վրա։ Բայց Յոթ թամբերի քյոշկից այլևս դուրս չեկավ ֆիդայի քրդուհին, ոչ էլ բաշ–ղոլամը երևաց շեմքին։
Արտոնքից վերադարձավ նոր Մելիքը և այն միևնույն զենքով, որ նրան նվեր էր ուղարկել Գևորգ Չաուշը, լուսաբացից առաջ սպանեց իր բաշ–ղոլամ Զմնթլիկ Սոհակին և իր կնոջը՝ Ջեմիլեին։
Ավա՜ղ, Գևորգ Չաուշ, գոլ ինչու՞ խմեցիր Ալվառինջու կարասների թունդ գինին և մեղք գործեցիր Սասնա լեռների վրա։
=== ՍԱՍՈԻՆԸ ԷՐՄԵՆԻՍՏԱՆ ===
Մենք դեռ արջի որջումն էինք, երբ լուր ստացվեց, որ Սալոնիկի բանակը մտել է Պոլիս, և սահմանադրություն է հռչակվել։ Հատուկ կոչ էր ուղղված հայ ֆիդայիներին՝ սարերից վերադառնալ իրենց գյուղերը, զենքերը հանձնել և լծվել խաղաղ աշխատանքի։
Մեհմեդ էֆենդու ցուցմունքով ես Հեղինեին Մշեցի Տիգրանի առաջնորդությամբ ուղարկեցի Վան և զենքերն ու հեռադիտակը վերցնելով, Ալադին Միսակի հետ քայլերս ուղղեցի դեպի Առաքելոց վանքի կողմերը։
Ես նման էի կիսավայրենու։ Իմ երեսը մազակալվել էր և պնդացել հողմից ու սառնամանիքից։ Ալադին Միսակը նույնպես վայրենու տեսք ուներ։ Նա կրում էր իմ տոպրակը, որի մեջ կար մի քիչ ծխելիք՝ չոր տերևից, մի կտոր կորեկհաց և կես չորթան։
Մեր վերևով քրդեր անցան։ Կանգնեցին, նայեցին մեզ, երևի ճանաչեցին, որ հայդուկներ ենք ու հանկարծ խմբով բացականչեցին. «Եկե՜ք, եկե՜ք, ազատություն է, եկե՜ք»։ Նրանցից մեկը ուղղակի մոտեցավ մեզ և առանց ուշադրություն դարձնելու մեր զենքերին ու ահարկու տեսքին, բղավեց. «Ֆիդայիները քանդեցին Սուլթան Համիդի թախտը։ Սասունը էրմենիստան է լինելու։ Հայերը, քրդերը և թուրքերը եղբայրներ են»։
Մերձակա գյուղերի ճանապարհներին լսվում էին հրաձըգության ձայներ։ Որքան մոտենում էինք Առաքելոցին, այնքան ուրախագին աղաղակները շատանում էին։ Մի թե սա այն վայրն էր, ուր ահեղ կռիվներ էին մզվել մի բուռ հայդուկների և սուլթանի զորքերի միջև դրանից ընդամենը մի քանի տարի առաջ։ Աստվածածնի մատուռի մոտով սև զորքերը սվինների վրա սպիտակ ժապավեններ ամրացրած, նվագախըմբով շարժվում էին դեպի Մուշ։ Նրանց ետևից Ճանճիկ սարի կողերով և Ծիրնկատարի լանջերով սասունցիների խմբեր էին անցնում։
Նրանք էլ շտապում էին Մուշ հասնել։
Շուտով ամբողջ վանքը և նրա շրջապատը դատարկվեց։ Թարգմանչաց գերեզմանատանը մեն մի ծերունի մնաց ձեռնափայտով։ Դավիթ Անհաղթի դամբարանի մոտ կանգնած նա լուռ նայում էր մի ահռելի փոսի։ Վանքի միաբանության ավագ Հովհաննես վարդապետն էր։ Փոսը ինքն էր փորել։ Նրա եզրին դրված էր մի տապանաքար հետևյալ արձանագրությամբ. «Սա է տապանն ի տեր հանգուցյալ Հովհաննես վարդապետի յա մեն... » մահվան թվականը բաց էր թողնված։
— Հայր սուրբ, — ասացի, — մի թե այս ուրախությունը արձագանք չունի ձեր սրտի մեջ։ Մոռացեք այդ փոսը, չէ որ Հայաստանի վրա արշալույս է ծագել։
— Իմ արշալույսը այս փոսի մեջ է, — առանց գլուխը բարձրացնելու շշնջաց ծերունի վանահայրը ձախ ձեռքը կոխելով իր կուրծքը վերմակի պես ծածկող սպիտակ մորուքի տակ։
Վանահորը թողնելով իր փոսի վրա, ես և Ալադին Միսակը շտապեցինք ֆիդայիների մոտ։ Մենք նրանց գտանք ս. Կարապետի անտառի ծառերի տակ։ Ամեն մեկը մի սարից ու ծերպից էր եկել և կոճղերի ու քարերի վրա ցաքուցրիվ նստած ինձ էին սպասում։
Միայն Լաճկանցի Արթինն էր բացակա։
Ես նրանց հայտնեցի, որ Սուլթան Համիդը գահընկեց է ՝ արված, վաղը Մշո մեջ տոնահանդես է լինելու և մեզ հրավիրում են մասնակցելու այդ հանդեսին և վայր դնելու զենքերը։
նկատեցի, որ իմ խոսքի ժամանակ բոլորը գլուխները կախ գցեցին, ամեն մեկը կարծես մտասևեռ նայելով իր առջև բացված աներևույթ մի փոսի։
— Դուք բոլորդ ճանաչում եք վանքի միաբանության ավագ Հովհաննես վարդապետին, — շարունակեցի ես դիմելով նրանց։ — Այնքան բարի մարդ է այդ ծերունին, որ մեր ուխտավորները նրան հաճախ շփոթում են վանքի տաճարի հետ.. փոխանակ վանքին երկրպագելու, նրան են երկըրպագում՝ անվանելով «Առաքելոց սուրբ»։ Երեկ, երբ Ալադին Միսակի հետ անցնում էինք Թարգմանչաց հուշարձանների մոտով, մենք Հովհաննես վարդապետին տեսանք իր փոսի առաջ կանգնած։ Երբ ես նրան հիշեցրի Հայաստանի վրա բացվող արշալույսի մասին, հայր սուրբը պնդեց, թե այդ փոսի մեջ է իր արշալույսը։ Ձեր մտասևեռ հայացքներին նայելով, ես այդ ծերունի վարդապետին հիշեցի։ Ինչու՞ եք գլխահակ վար նայում։ Փոսե՞ր կան ձեր առաջ և այնտե՞ղ է միթե ձեր արշալույսը։ Բոլորդ էլ ինձ նման վայրենի տեսք ունեք, իսկ վայրենին հանդուգն է լինում։ Հարցը պարզ է դրված. մեզ հրավիրում են իջնել լեռն երից, զենքերը ցած դնել և լծվել խաղաղ աշխատանքի։ Արհեստավորը պետք է իր արհեստին դառնա, ռանչպարը՝ իր մաճին։
— Ես իմ զենքը ցած չեմ դնի ու սարերից չեմ իջնի, — առաջինը խոսեց Փեթարա Ախոն։ — Իմ առջև փոս չկա։ Իմ արշալույսը հայ ժողովրդի ապագայի մեջ Է։
— Մենք մեր նպատակին հասած կլինենք, երբ հայ իշխանություն լինի, հայ զենք լինի ու մենք գերի չլինենք բեկերին ու աղաներին, — վրա բերեց Ֆրանկ–Մոսոն։
— Սահմանադրություն արին, որ ֆիդայիները թասլիմ լինեն և իրենք իրենց ուզածն անեն մեր ժողովրդի գլխին, — դժգոհեց Մորուք Կարապետը և սասունցիներին կոչ արեց զենքերը չհանձնել։
— Մլեմ Հուռիաթ, — կարճ կապեց Չոլոն։ — Առանց Սեյդոյի էլ ի՞նչ Հուոիաթ։
— Դու Սալոնիկի մեծերին ասա, որ ֆիդային միայն այն ժամանակ իր զենքը կհանձնի, երբ չված կլինի աշխարհից։ Քանի ողջ է, նա իր զենքը ցած չի դնի։ — Խոսողը Հաջի Գևոն էր։
— Ա՜խ, երբ կգա էն օրը, որ արդարության աքաղաղը կանչի, և ես իմ գտած ցորենը շաղ տամ ազատ Հայաստանի դաշտերում, — հառաչեց Կուրավա Շմոն։
— Էդ օրը երբեք չի գա առանց զենքի, — շպրտեց Կարոն։
— Էսօր ֆիդային կա, վաղը նրա ջանդակը անծեղին ու մուկլեզին պիտի բաժին դառնա։ Եկեք վերջ դնենք էս թափառական կյանքին, հանձնենք մեր զենքերը և դառնանք տուն, — առաջարկեց Ալիզոնանցի Մուքոն։
— Քառասուն տարի ֆիդային թասլիմ չի եղած։ Մենք ուխտ ենք արել զենքով մեռնելու, դու ի՞նչ խղճով քո զեն՛քը համաձայն ես օսմանցուն տալ, — Ալիզռնանցի Մուքոյի առաջ ցցվելով տաքացած խոսեց Կայծակ Անդրեասը։
— Ես տուն դարձող չեմ։ Նորից տուն ու տե՞ղ՝ դժվար բան է։ Էլի կառնեմ իմ զենքը ու կընկնեմ սարեր։ Չեղավ-չեղավ, Սեբաստացի Մուրադի կամ Քեռու մոտ կերթամ, — հարեց Կարկուտ Թադեն և իր չախմախլին առնելով հեռացավ։
Փեթարա Մանուկին հարցրի, թե ինչ է մտադիր անելու։ Մանուկն ասաց. — Անհավատալի բան է, որ ռոմի թուրքը Սասունը և Մուշը իր կամքով Էրմենիստան շինի։ Մի բան ասեմ, լսեք. դուշմանը, որ քո ուզածը չտված կսիրե քեզ՝ վախեցիր, և այդ կեղծ սիրո ժամանակ կացինը գլխին իջեցրու։ Դուշմանը, որ քո ուզածը չտված ատամներ ցույց կտա քեզ նրանից զգուշացիր։ Դուշմանը, որ քո ուզածը կտա, նրան հավատա և հետը բարեկամացիր։
— Ուրեմն դու Հուռիաթից սպասելիք չունե՞ս, — հարցրի։ Մանուկը կրկնեց Չոլոյի կարճ խոսքը սև մազոտ աբան ուսերին քաշելով։
— Իսկ եթե պահանջեի զենքերը հանձնել և տուն դառնա՞լ։
— Ես տուն դարձող չեմ։ Ես էս երկրռւմ այլևս ապրող չեմ։ Կերթամ Ռուսիա, մարալկաների երկիր։ Ինձ էնտեղ ճանաչող չկա, — ասաց փեթարացին։
— Իսկ դու, Իսրո՞։
— Ես լե մլեմ Հուռիաթ։
— Չոլո, դու՞։
— Ես կերթամ մեր սարերը չոբան կլինեմ։
Ֆրանկ–Մոսոն ասաց. — Եթե պահանջվի զենքերը հանձնել, ես կվերադառնամ Նորշեն իմ Կաքավի մոտ։ Հեչ որ չեղավ, մեր գյուղում գրագիր կամ գզիր կլինեմ, մինչև որ ճրագով էլի մեր ետև ընկնեն։
— Իսկ ես կերթամ Ամերիկա, — ասաց Բամբկու Մելոն։ — Աշխարհը հո չկործանվե՞ց։ Ֆիդայու օրերը նորից պիտի գան։ Երբ ժողովուրդը նեղն ընկնի, նորից մեր հրացանը մենք պիտի բռնենք։
— Ամերիկա՞։ Ի՞նչ պակաս տեղ է Խասգյուղը, որ կուզես Ամերիկա երթալ։ Մի բան պատմեմ դրա մասին։ Մի զիլանցի քուրդ, որ առաջին անգամ էր ջրաղաց տեսնում, պըտըտվող ջրաղացքարին նայելով զարմացած հարցնում է. էս ի՞նչ բան է։
— Սուրբ է, — ասում են նրան։ Զիլանցին չոքում և համբուրում է քարը։
— Էս սրբին հեռվից պիտի պաշտել, — ասում է քուրդը ցավից գռռալով և արյունոտ շուրթերը հազիվ պոկելով պըտըտվող քարից։ — Ամերիկա ասածդ էդպիսի տեղ է, — ասացի ես։
Մի պահ բոլոր հայդուկները լռեցին։ Բամբկու Մելոն Ֆրանկ–Մոսոյի գլխի վրայով հայացքը հառել էր դիմացի կաղամախու կատարին, ուր մի քարանծեղ էր թառած։ Կարծես այնտեղ էր Ամերիկան։ Կայծակ Անդրեասը սուր, երկար բեղերը նիզակների պես դեպի ականջները ցցած, մտքով սլացել էր դեպի Խլաթի սարերը, իսկ Հաջի Գևոն Հանգած ծխամորճը ձեռքին, իր լոլոն էր շվացնում Արծիվ Պետոյի ականշի տակ։ Չոլոն կարգի էր բերում իր ուսապարկը։ Մորուք Կարոն և Ախոն խրատում էին Փեթարա Իսրոյին զենքը չհանձնել։ Փեթարա Մանուկը Ալադին Միսակի կողքին նստած շարունակում էր մտասևեռ նայել իր աներևույթ փոսին։ Ասորի Աբդելոն մի չախմախլի գրկած սպասում էր իմ կարգադրու՛թյանը։
Մտածմունքի մեջ էր նաև ձիապան Բարսեղը, աչքի տա֊ կով հսկելով, որ ֆիդայիները վառված ծխախոտները ձեռնափերի մեջ պահեն գոնե վերքին անգամ։ Նրա կողքին կնճիռները կախած իր հրացանն էր շոկում Աղջնա Վահանը։
Բոլորը դժգոհ էին «Հուռիաթից»։
Ամենից ծանրը, սակայն, «Բրինդարի» վիճակն էր։ Որքա՜ն չորացած ճյուղեր էր կեղևել, որ անծուխ կրակ շինի ֆիդայիների համար, որքան ավելորդ բեռներ էր շալակել ու տեղից աեզ տարել, որ իրեն մի հրացան արտոնվի որևէ ճակատամարտում իր քաշությունը ցուցաբերելու։ Եվ, ի՜նչ, «Հուռիաթ» էր հայտարարված և ֆիդայիներին կոչ էր արված զինաթափ լինել։ Ի՜նչ պիտի անի, ու՞ր պիտի գնա։ Եվ գնալիս ինչո՞վ պիտի պարծենա հայրենակիցներին։ Ասի, որ տարիներով կրակ է վառել Մառնկա անտառում, ոչ մի գնդակ չարձակելով, ոչ մի սպի չունենալով իր վրա։ Եվ անունն էլ որքա՜ն հեգնական է — «Բրինդար»՝ այսինքն վիրավոր, երբ ոչ մի վերք ստացած չկար կյանքում։
Եվ նա որոշեց գնալ Խնուս, իր հայրենի գյուղը՝ Հարամիկ։ Ականջիս ասաց, որ երևի կգնա Պոչիս որևէ դպրանոցում ուսանելու, իսկ թե դրանից հետո ինչպես կդասավորվի իր կյանքը՝ հայտնի չէ։
Իմ վիճակը ծանր էր։ Ֆիդայիներին արձակելով ես ինքս դառնում էի անուժ և միանգամայն անպետք մարտական կյանքի համար, թեև վերքերով հարուստ։
Բաժանվեցինք երեք խմբի.
Ալիզռնանցի Մուքոն, Ֆրանկ–Մոսոն և Աղջնա Վահանը որոշեցին զենքերը ցած դնել և վերադառնալ տուն։ Բամբկու Մելոն որոշեց մեկնել Խասգյող, որ պատրաստվի Ամերիկա գնալու։ Անդրեասը բռնեց Խլաթի ճամփան։
Հաչի Գևոն գնաց Մառնկա սարերը, իր լոլոն շվշվացնելու։
Մտմտուքների մեջ էր նաև Կուրավա Շմոն։ Նա էլ գնաց դեպի այն քարուտները, որ իր գտ՛ած հնագույն ցորենը ծածուկ մշակի, մինչև կգա իր երազած բաղձա լի օրը և ինքը այդ ցորենը շաղ կտա ազատագրված Հայաստանի դաշտերում։
Փեթարա Ախոն, Չոլոն, Մորուք Կարապետը և Արծիվ Պետոն Փեթարա Մանուկի գլխավորությամբ դիմեցին Սասուն։
Իսրոն էլ մեկնեց։
Ամեն մեկը գնաց իր ուզած ձևով արշալույս որոնելու։ Իսկ ես Ալադին Միսակի և մյուս հայդուկների հետ (մեզ հետ էին նաև քուրդ Հասանոն և ասորի Աբդելոն), փոխանակ Մուշ գնալու, բռնեցինք Տատրակ գյուղի կածանները։
=== ՇԱՂԳԱՄԻ ԾԻԼԸ ===
Զմոյի մոտ, որ նայում էր ճանճիկ սարի լերկ կողերին, Մշո կողմից եկող մի տղամարդ երևաց՝ թիակը ուսին։
Ֆադեն էր։
Մասնակցել էր Սահմանադրության տոնահանդեսին և զըվարթ տրամադրությամբ վերադառնում էր Սասուն։
— Սուլթանն ընկավ թախտից, — աղաղակեց նա, — Տալվորիկը Էրմենիստան է լինելու։ Հենց այս գիշեր Սասունում շինված բոլոր զորանոցները պայթեցնելու են, — ասաց Ֆադեն։ Էլ աշխարհում թոփ ու թվանք չի լինելու և ինքը վաղվանից Խտանա կածից իջնելու է իր պապական հողերի վրա։
Ֆադեն դարձյալ գդակը թեք էր դրած և ոտքերը քշտած էին։
— Տոնահանդեսը որտե՞ղ եղավ, — հարցրի։
— Մշո Ասլան–Ղափլան խանի մոտ, կառավարչատան առաջ։
— Ովքե՞ր կային ամբիոնի վրա։
— Բոլորն էլ ամբիոնի վրա էին — Սալեհ փաշան, Սերվեթ բեյը, Մեհմեդ էֆենդին, բալաքցի Ֆերոն, Սլո Օնբաշին, Ռասոզ էֆենդին։
— Իսկ ո՞վ ճառ ասաց։
— Սալեհ փաշան։
— Ի՞նչ ասաց փաշան։
— Փաշան ասաց, որ Սահմանադրության արևը բոլորիս համար է ծագել և բոլորիս հավասար է տաքացնելու։
— Եթե սուլթանի թախտը իսկապես փուլ է եկել, — նկատեցի ես, — ուրեմն քո թված այդ բոլոր մարդիկ պետք է նրա փլատակների տակ լինեին և ոչ թե ամբիոնի վրա, ուր միայն հերոսներն իրավունք ունեն կանգնելու։ Ուրիշ ի՞նչ ասաց փաշան։
— Սալեհ փաշան խմեց հայ ֆիդայիների կենացը և ճառը վերջացրեց այսպես. — «Յաշասըն էրմենի ֆիդայլար։ Յաշասըն հուռիեթ»։ Այդ խոսքի վրա բոլորը ուռա գռռացին, ամեն մեկը իր լեզվով և իր թոքերի կարողության չափով։
— Ջնդոյին սպանող Ղասմբե՞կն էլ ամբիոնի վրա էր։
— Ամենից բարձր գոռացողը նա էր։
— Հետո ի՞նչ եղավ։
— Էն եղավ, որ իմ աչքի առաջ Հեսու վարդապետն ու Սալեհ փաշան համբուրվեցին։
— Ուրեմն Հեսու՞ն էլ այնտեղ էր։
— Նա ուշ եկավ և կանգնած էր Մեհմեդ էֆենդու և Ղասըմբեկի կողքին։ Երբ Սալեհ փաշան ասաց՝ «Այլևս խտրություն չպիտի լիսի թուրքի և հայի միջև, բոլորս էլ հավասար ենք օրենքի առջև և իրարու եղբայր»՝ գրկեցին իրար ու համբուրվեցին։
— Ֆադե, — ասացի, — դու իմաստուն մարդ ես, վերջը ինչպե՞ս է լինելու էս աշխարհի բանը։
— Աշխարհի բանը վերջանալու է թիակով։ Թիակն է տիրելու աշխարհին։ Վարդապետ, քավոր, թագավոր, թոփ ու թնդանոթ— բոլորը էս թիակի շեղբին են նստած։ Ջրի խշշոց և թիակի զնգոց— է՛ս է աշխարհը, — ասաց Ֆադեն։
Նա մեջքով կանգնած էր դեպի իմ կողմը և ճակատը բարձր պահած նայում էր հայրենի լեռն երին։ Հեռվում Խտանա լեռան արևոտ լանջին ծփում էր մի փայլուն լճակ — այգ իր գարու արտն էր։ Կախված ժայռերի ու քարափների կողերով իրար պոզահարող սպիտակ այծերի պես աղմկալի վազում էին կոհակները այն առուների, որ ինքը շատ անգամ նորոգել էր, երբ քանդվել էին հեղեղից։ Ստվերի մեջ ընկնելով նրանք մերթ նմանվում էին ձորերն ի վար սլացող մորուքավոր սև այծերի և մերթ շիկակարմիր ուլերի՝ ծաղիկներից ու լույսից կարմրելով։
Հայացքը շքեղ տեսարանից սահելով դեմ առավ մի գորշ զորանոցի, որ բռնությամբ շինված էր իր շաղգամի արտի մեջ։
— Վաղը դու Տալվորիկում այդ շինությունը չես տեսնի, — ասաց Ֆադեն։
— Իսկ դու հավատու՞մ ես, որ զորանոցները պիտի քանդվեն։
— Հենց էս գիշերը սուլթանի զորքը քաշվելու է Սասունից։
— Որ Տալվորիկի զորանոցը քանդվի, տեղը ի՞նչ պիտի ցանես։
— Շաղգամ։ Խտանա կածի և բոլոր առուների ջրերը պիտի կապեմ վրան, որ վառոդի հոտը կտրվի աշխարհից և տեղը շաղգամ պիտի ցանեմ։
— Բանտե՞րն էլ են քանդելու։
— Սուլթանի երկրռւմ այսուհետև ոչ բանտ է լինելու, ոչ զորք ու զորանոց։ Բերդարգելված բոլոր ֆիդայիները ազատ արձակվեցին։
— Եվ դու տեսա՞ր նրանց։
— Մշո բանտին կից հրապարակի մեջ թուրք դատախազը քաղաքական բանտարկյալների անունները մեկիկ-մեկիկ կարդալով, բանտի նեղ դռնով նրանց դուրս հանեց։
— Իսկ դու ու՞մ ճանաչեցիր։ Առաջինը ո՞վ դուրս եկավ։
— Առաջինը ելնողը Տեր Փոթորիկն էր։
— Հետո՞։
— Երկրորդը Կառնենու Սողոմոնն էր՝ բոլորովին ճերմակ մազերով, երրորդը՝ Սեմալցի Քյաթիպ Մանուկը։
— Ուրի՞շ։
— Հետո բանտից ելան Ավրանա Արամը, Ցրոնաց Մուշեղը, Բդե Միսակը և Առղա Մամիկոնյան Զորիկը, որ հարյուրմեկ տարով էր նստած։ Զորիկը նախշուն Հուլունքից մի սիրուն ֆես էր գործել բանտապետի տզայի համար մեջիթն ու մինարեն գագաթին՝ մոլլեն վրեն ալլահ կանչելիս։ Շեմքի վրա տվեց բանտապետին ասելով՝ «Առղա Զորիկից հիշատակ սուլթանի բանտից»։
— Բայց դու ի՞նչ գործ ունեիր բանտի հրապարակում։
— Վա՜հ, էս գործիքն ունեցողի՞ն էլ կասեն՝ դու ինչ գործ ունեիր։ Կանչեցին, որ հրապարակի աղբը մաքրեմ։
Ու թիակը հպարտորեն ուսին շտկելով դեպի Տալվորիկ ընթացավ ջրտուքվար Ֆադեն։ Գնաց քանդելու սուլթանի զինվորանոցը, որ տեղը շաղգամ ցանի…
Հետևյալ առավոտ բանտերից ազատ արձակվածները տուն վերադարձան։ Վերադարձան նաև հայդուկային շարժումներին օժանդակելու մեղադրանքով դատապարտված շատ ռանչպար գյուղացիներ։
Այդ նույն օրը ռոմի օրդաները վաշտ առ վաշտ քաշվեցին Սասունից։ Երբ նրանք հեռացան, գելեցի շինականները մի գիշերվա մեջ իրենց զորանոցը քարուքանդ արին։ Ավերակների կույտերի վերածվեցին նաև Սեմալում և Իշխանձորում շինված զորանոցները։ Ջրտուքվար Ֆադեն հողմի պես իջավ սարից և տալվորիկցիներին միացած կործանեց Վերին գյու՛ղի զինվորանոցը։ Մինչև վերջին քարն ու կիրը մեջքով կրեց թափեց ձորը և լեռնային առուների հորդ ջրերը կապեց վրան։
Լվաց, մաքրեց կարծրացած գետինը, բահով շուռ տվեց զորանոցի հիմքից ազատված հողը, մի քանի անգամ հերկեց, ցաքնեց, ակոսներ քաշեց նորաբաց արտի մեջ, իսկ երկու–երեք օրից հետո այդ հողի ծոցից, ինչպես հավերժական գարնան՝ ավետաբեր, երևաց շաղգամի կանաչ ծիլը։
Ես իմ ֆիդայիներին առած մոտեցա Տատրակ գյուղին։
=== ԼԱՃԿԱՆՑԻ ԱՐԹԻՆԻ ՄԱՀԸ ===
Տատրակից վերև, ձորի մեջ մի ուրիշ գյուղ կար։ Նստած էր կանաչ քարափի տակ՝ ճակատին կարմիր կորեկի ու սիսեռի արտեր։
Այդ գյուղի ծայրին մի ծերունի մոտեցավ ինձ։
— Տանը հիվանդ ֆիդայի կա, — ասաց ծերուհին։
— Ո՞վ է, — հարցրի։
— Չգիտեմ, բայց վիճակը ծանր է։ Խնդրեց, որ հրացան բերեմ։
Ալադին Միսակը զգուշության համար պահակ կանգնեց դրսում, իսկ ես ներս մտա։ Նա պառկած էր գոմի մեջ, գըլուխը բարձին։ Տակը մի մաշված ներքնակ կար խսիրին փըռած, իսկ վրան անշուք մի վերմակ, որի տակից երևում էր հիվանդի աջ ոտնաթաթի բթամատը ծակ գուլպայով։ Մոտը դրված էր իր ուսապարկը չոր տրեխները վրան։
Ճանաչեցի։ Լաճկանցի Արթինն էր։
Ինձ տեսնելով գլուխը շուռ տվեց, կարծես ամաչելով, որ խախտել էր ֆիդայական ուխտը։
Ֆիդայի և անկողին — լսվա՞ծ բան էր։
Հայդուկներին պատանք էր տրվում, բայց սասունցի հայդուկը մերժում էր պատանք վերցնել։ Նա մեռնում էր պատերազմի դաշտում և ամենաբարեբախտ դեպքում թաղվում լեռների մեջ առանց պատանքի, առանց քահանայի նույնիսկ։
Իսկ ա՞յժմ…
Ես կարող էի տեղնուտեղը այդ հայդուկի դատաստանը տեսնել, մի կրակոցով վերջ տալով նրա կյանքին, սրբելով այդ անպատվությունը իր տոհմի վրայից։ Բայց ինչպե՞ս կրակեի։ Նա իմ ընկերն էր, իմ քսանամյա զենքի մարտական ընկերը։
Արթինը հին զինվոր էր, սասունցի քաշ լեռնական։ Մասնակցել էր Գոմերի, Կուրավոյի, Շենիք-Սեմալի և Լաճկանի կռիվներին, Վագրի դեմք ուներ և կռվում էր վագրի կատաղությամբ, մանավանդ այն օրվանից, երբ զինվել էր Շենիքցի Մանուկի մաուզերով։ Այդ վեճը ամիսներ տևեց, մինչև որ հաջողվեց կատարել զենքերի փոխանակություն՝ Շենիքցի Մանուկին տալով իր «սմիթ» տեսակի ատրճանակը և տեր դառնալով նրա հրաշալի տասնոցին։ Սուլթանի դեմ կռվելու համար այդ գյուղացին միշտ եղավ զենքի հետ, բացառությամբ մի կարճ միջոցի, երբ Սպաղանաց Մակարի կողմնակիցներին հարելով զինաթափվել էր Գևորգ Չաուշի դեմ խըռովություն կազմակերպելու մեղադրանքով։
Արթինի վերջին մեծ ճիգը եղավ իր հայդուկ ընկերներով ազատության դրոշ պարզել Անդոկի գլխին։ Լեռան կողերով բարձրացավ մինչև Սխտոր քարը, բայց գագաթին չհասավ։
Եվ այն մարդը, որ երբեք գլուխը բարձին դրած չկար, որի ամբողջ կյանքը անցել էր ազատագրական անհամար կռիվ–֊ ների մեջ, այժմ պառկած էր գյուղական անշուք մի ծածկի տակ, կիսամութ մի գոմում, որտեղից ոչ մի տեսարան չէր բացվում դեպի Մշո դաշտ և չէին երևում Սասնո սարերը։
— Հիվանդ եմ, Մախլուտո, ու իմ հրացանը մոտս չէ. մարդ եմ ուղարկել, որ բերի։ Մի՞թե ես արժանի էի էս վիճակին։ Ո՞ր մեղքիս համար։ Կրակիր, որ մեռնեմ։ Ես պետք է թըվնկի տնկոցի տակ մեռնեմ։ Բարձր կրակիր, սուտ կըռիվ սարքիր, որ հանգիստ մեռնեմ։ — Հանկարծ պայծառացավ։ Ինչ–որ բան հիշեց։ Գլուխը բարձրացրեց և կիսաթեք նստեց անկողնում։
— Հիշու՞մ ես, Մախլուտո։ — Ի՞նչը։
— Էն երգը, որ երգում էինք։
— Հա, հիշում եմ, — ասացի մի բան ասած լինելու համար։
— Դե, երգիր ինձ հետ։
Ու Լաճկանցի Արթինը սկսեց կիսաձայն մրմնջալ ֆիդայական մի հին երգ, ամեն վանկի վրա աջ ձեռքի բթամատը բարձրացնելով և հերթով հարվածելով հաջորդ մատների ծայրերին։
— Կար-կուտ տե-ղաց... Եվ ապա՝
— Կար-կուտ տե-ղաց... Կա–նանց եր-բեք ձեռք տա–լու չէ Վը-րեժ–խըն-դիր քաջ ֆի–դան։
Մնացյալ տողերը դժվարացավ վանկարկել և երգը շարունակեց շուրթերի լռիկ շարժումներով, պահպանելով մատների համաչափ հարվածները։
Միասին էինք երգում, իրար նայելով, նա իր շուրթերի և մա տների վրա ճիգ դնելով, իսկ ես լսելի ձայնով։ Այդպես նա անկողնում կիսաթեք նստած շարունակեց երգել, մինչև նրա բթամատի տակից միջամատն ու մատնեմատը փախան, որովհետև նա օդի մեջ էր հարվածում արդեն և ճկույթին այլևս հերթ չհասավ։
Բռնեց իմ ձեռքը և ուղիղ նստեց անկողնում։ Նոր բան ընկավ միտքը. — Հիշու՞մ ես, որ մի օր Փշփուշի սարով բարձրանալիս ջանբեզարների հանդիպեցինք։ Կռիվ եղավ։ Կովի միջոցին քո մոսինի հրացանը գլորվեց ձորը։ Փոխանակ դու քո զենքի ետևից երթալու և պատիվդ փրկելու, Կարկուտ Թադեն իջավ ձորը և մոսինի հրացանը բերելով հայդուկիդ պատիվը փրկեց։
Այդ դեպքը, որ բոլորովին ինձ հետ չէր կապված, այլ մեկ ուրիշի, առիթ տվեց նրան վերհիշելու նորանոր դեպքեր, մեծ մասամբ սասունցի հայդուկների և շինականների հետ պատահած, և միշտ հարցի ձևով, մի քիչ ցրված ու անկապ։
— Քյաթիպ Մանուկին հիշու՞մ ես։ Հիշում ես, գիշերը ահեղ փոթորիկի ժամանակ, համիդիեները մեր գնդակների սուլոցները քամու հետ շփոթելով մեզ վրա հարձակման անցան ու կոտորվեցին։ Հիշու՞մ ես, թե ինչպես գետը զարկեցինք մյուս ափ անցանք՝ ձիերի քրտինքը սրբելով Մեղրագետի ջրով։ Ամրեի Գյալեն և Ցից քարը հիշու՛մ ես։
Հանկարծ ծիծաղեց։
— Իսկ Վերին թաղի ռես Թաթարին հիշու՞մ ես, որ օձի ձագ դրեց Խիանքի աշիրեթապետ Քոռ Սլոյի գրպանը։
Սուլ-թան կու–զե ջըն-ջել մըզի,
Զար-թիր, լաո, մըռ–նիմ քը-զի։
Վանկարկելով մրմնջաց մի քանի տող հանրածանոթ երգից և դարձյալ դժվարանալով սկսեց սուլել, ճիգ անելով մատները իրար զարկել նորից։
Սուլեց երկար–երկար՝ սպասելով ծերունու վերադարձին։
— Էլ մեզ ջնջել չկա, հուռիաթ է, — ասացի ես։ Վե՛ր կաց։ Աշխուժացավ նորից։
— Մլեմ հուռիաթ։ Տղաներին ասա՝ զենքերը չհանձնեն։ Սևքարեցի Սաքոյին հիշու՞մ ես, որ ձիավորների գլուխ անցած Սալսաստից բարձրացավ Արաուլ լեռը և իջավ Քանասարի հովիտ… Նախանցյալ ձմռանը ես, Չոլոն ու Գալեն Խութա սարերի վրա չէի՞նք Ղասմբեկի հետ։ Գալեն մեռած է։ Մախլուտո, դու խոսիր, դու էլ մեզ հետ էիր։
— Հիշելու ժամանակ չէ, վայելքի օրերն են եկել, — նըկատեցի ես։
— Սասանում զորանոց կա՞։
— Չկա, — ասացի։ — Սուլթանի բոլոր զորանոցները քանդ՛ված են։ Ֆադեի շաղգամը նորից ծիլ է տվել։
— Անդոկի գլխին դրոշակ կա՞։
— Չկա, բայց կլինի, վե՛ր կաց, — հուսադրեցի ես։
— Էս բուք ու բորանին էդ խեղճ իշխնձորցիք ինչու՞ են ընկել ճամփա։ Էն Սեբաստացի Մուրադը չէ՞ Սխտոր քարին նստած։
Արդեն զառանցում էր։
Ես դուրս եկա։ Շատ չանցած մի ուժեղ կրակոց լսվեց ներքևից, որին հետևեց մի կարճ համազարկ։ Ծերունին բերել էր հրացանը և Լաճկանցի Արթինը մի քանի անգամ գոմի մեջ բարձրաձայն կրակելով շունչը փչել էր հրաձգության որոտի տակ, իբրև թե մեռնում է պատերազմի դաշտում։
Մեկական գնդակ էլ ես և Ալադին Միսակը արձակեցինք, մեր համազարկը միացնելով նրա վերջին գնդակի որոտին։
Այսպես մեռավ հերոս ֆիդային, Գևորգ Չաուշի հնագույն զինվորներից մեկը, իմ դասակի վագրադեմ սասունցին։
=== ԱԼԻԶՌՆԱՆՑԻ ՄՈԻՔՈՆ ===
«Հյուռիաթից» հետո Ֆրանկ–Սոսոն իր զենքը ցած դրեց և վերադարձավ գյուղ, ինչպես որոշել Էր։ Նա գրագիր դարձավ իրենց գյուղում, դարձավ մեծատուն։ Գյուղում նրան աղա Մոսո էին ասում։ Բայց երեք տարի չանցած վառեց իր տունը և նորից զենք առնելով ելավ սար։ Բամբկու Մելոն Խասգյուղում շատ կարճ ապրեց։ Վաճառեց իր զենքը և մեկնեց Ամերիկա։
Ալիզռանացի Մուքոն նույնպես զինաթափվեց և վերադարձավ գյուղ՝ Ալիզռնան։
Քոսուրա քրդերը իմացան, որ Մուքոն առանց զենքի չի կարող ապրել։ Նրան առաջարկեցին զենք և ձի։ Մուքոն ընդունեց նրանց առաջարկը և զինված ղոլամ դարձավ հասնանցի քրդերին։
Եվ որովհետև Հուռիաթ Էր, սուլթանի դեմ կռված քաջ հայդուկների գովքը սկսեց ազատորեն թնդալ գյուղերում ու քաղաքներում։ Սուլուխի հերոսական կովի պատմությունը բերնեբերան անցավ, և վիպերգության մեծ ճյուղերից մեկը բաժին ընկավ Ալիզռնանցի Մուքոյին։
Եվ նրա ճյուղը Ծաղիկ Համբարձումի բերանով այսպես հյուսվեց.
«Մշեցի քաջերի պատմությունը ասելու համար պիտի յոթ օրվա ուտելիք, խմելիք, ծխելիք առնենք, նստենք օդա, դուռ ու երդիկ փակենք, ես պատմեմ, դուք լսեք։
Սուլուխա կռվին լուսահոգի Գևորգ Չաուշն ու Ալիզռնանցի Մուքոն միասին կեղեին, մի դիրքի մեջ։ Մութասարիֆն ասաց Քոսա Բինբաշուն. «Քոսա, մեր հարկահավաք ժանդարմներ լուր բերին, որ Գևորգ Չաուշն իր ֆիդայիներով Մուլուխ Է հասել։ Քո զորք քաշիր Խոփերու դաշտ»։
Բինբաշին ասաց, «Մութասարիֆ, ես Էս գիշեր երազ տեսա, իմ ջանդակ փռված Էր Խոփերու դաշտ։ Արի ինձ մի ուղարկիր Գևորգի դեմ։
— Բայց դու հազար ես, Գևորգը մենակ տաս–տասնհինգ հոգով։
— Միևնույն Է, եթե ես գնամ, մեր երկսից մեկը պիտի սպանվի։
— Սպանվողը Գևորգն Է, քաշիր քոլ զորք Խոփերու դաշտ։ Ու Քոսա Բինբաշին իր զորքը քաշեց Խոփերու դաշտ։ Քոսա Բինբաշին ու Գևորգն իրար հետ ախպոր պես կեղնին ու իրար հետ գաղտնի բարեկամության ուխտ կապած։ Գևորգը դուրբինը դրեց աչքին տեսավ Քոսա Բինբաշին գալիս Է ձին հեծած, ու մինչև Սուլուխ դաշտը սևացել Է սուլթանի զորքից։
— Նամա՛րդ, դու ամեն անգամ ինձ լուր կտայիր, որ ֆիդայիներին հեռացնեմ մեր գտնված տեղից, Էսօր ի՞նչ պատահեց քեզ, — ասաց Գևորգն ու աչքը լցվեց։
Գևորգը նշան կբռնի Քոսա Բինբաշուն, բայց գնդակը փուստ կանցնի։
Ալիզռնանցի Մուքոն կասե. — Պարոն Գևորգ, թույլ տուր ես զարկեմ։
— Ազատ ես, զա՛րկ։
Մուքոն կզարկի, Քոսան կպատի ձիուց։
Քոսի օգնական թուր կվերու, կելնի Քոսի ձիու վրա ու կբոռա հուռա, հուշում կիտա։
Սուլթանի զորք գլուխը շուռ կիտա, լեղապատառ կփախչի։ Բոռի փչողը փող կգնի բերանին, որ զորքին կանչի, բայց Ալիզըռնանցի Մուքոյի երրորդ գնդակը բոռիզանի միջով կանցնի պուպուճակից դուրս կիգա։ Նա էլ կշրջվի։ էդ ժամանակ Գևորգ կբոռա. — Միքայե՛լ, ես զարկվա։ — Մուքոն կգրկի Գևորգին կտանի ցած, ետ կիգա կմտնի դիրք ու մենակ կկռվի մինչև իրիկուն։ Իր ունեցած մի ատրճանակ էր ու մի չափլի։ Մութին Ալիզռնանցի Մուքոն և իր ընկերտանք կվերուն Գևորգ Չաուշին կբերեն Խոփերու դաշտ, կդնեն մի խորոմ խոտի տակ, կամբարվեն, հետը մնաս բարով կասեն ու կերթան։
— Հիմա որտե՞ղ է Ալիզռնանցի Մուքոն։
— Ղոլամ է քրդերին։
— էդ քաջ մարդը ղոլա՞մ է դարձել, — զարմացան մարդիկ ու սկսեցին նրան փնտրել։
Մութասարիֆն էլ լսեց Ալիզռնանցի Մուքոյի պատմությունը և մարդիկ ուղարկեց, որ նրան գտնեն բերեն իր մոտ։
Գտան նրան Քոսուրա քրդերի մեջ ղոլամի մի հասարակ զգեստ հագին ու առան բերեցին Մուշ։ Մութասարիֆն ասաց. «Աշխարհ քո քաջության գովքը կենե, դու գնացել ղոլա՞մ ես դարձել քրդերին»։
— Ինչ էնեմ, էֆենդի, ամեն մարդ իր ճակատագրով կապրի, — պատասխանեց Մուքոն։ — Ջիվանշահին ասին. «Քո օսկոր կանաչ մնա, բայց քոլ տանջանք շատ էղնի»։ Իմ բախտն էդ խոսքի համեմատ եղավ։
— Դու քաջ մարդ ես, իսկ քաջին իր քաջությանը արժանի ծառայություն է վայել։ Արի քեզ դարձնեմ ոստիկան, մարդամեջ մտիր, կարգին ապրիր, — ասաց Մութասարիֆը։ — Զենք կուզես՝ զենք կտամ, ձի կուզես՝ ձի կտամ։
Ու թողեց Ալիզռնանցի Մուքոն ղոլամությունը, փոխեց շորերը, պետական զենք ու ձի առավ ու դարձավ ոստիկան։ Միքանի ամիս աշխատեց, տեսավ, որ իր գործը արդար չէ հրաժարվեց, ասելով.
— Էլ չեմ ուզի աշխատել։
— Ինչի՞, — զարմացավ Մութասարիֆը։
— Չեմ կարող, էֆենդի, էս երկրի մեջ էդ տեսակ գործ անողի հացն հարամ է։ Լավ է գնամ էլի մշակություն անեմ իմ հասարակ մարդկանց հետ։
Ու թողեց Մուքոն ոստիկանի պաշտոնը, իր ձին ու զենքը հանձնեց ոստիկանապետին ու գնաց իր հայրենի գյուղը, դարձավ հասարակ հողագործ։
Աշնան մի օր ձեռքին մի ճիպոտ, առաջը մի գոմեշ, Ալիզըռնանից ելավ գնաց Խասգյուղ։ Եկավ ճամփու կես, տեսավ Խասգյուղի կողմեն դեպի Ալվառինջ մի խութեցի կգա։ Խյութեցին ձեռքին մի լավ ճիպոտ ուներ։
— Ախպեր ջան, — ասաց Ալիզռնանցի Մուքոն, — արի մեր ճիպոտները փոխենք։ Ժամանակ կեղնի կհանդիպենք, ես քեզի պետք կիգամ։
— Ես Խութ, դու՝ Մուշ, ինչի՞ պիտի իրար հանդիպենք։
— է՜, աստված ողորմած է, տեսար հանդիպեցինք։ Խութեցին ասաց. «ճիպոտի եղածն ինչ է, արի փոխենք»։
Ճիպոտներ կփոխեն։ Ալիզռնանցի Մուքոն կերթա Խասգյուղ, խութեցին կերթա Ալվառինջ։
Ալվառինջու ռեսը խութեցու հորաքրոջ տզան կեղնի։ Խութեցին կասե ռեսին. ճանապարհին մի մարդ հանդիպեց ինձ. ասաց՝ արի մեր ճիպոտներ փոխենք, ժամանակ կեղնի ես քեզի պետք կիգամ։
Ռեսը կասե. «Աստված վկա, քեռի ջան, քեզ հետ ճիպոտ փոխողը կա–չկա Ալիզռնանցի Մուքոն է էղե»։
Կբարկանա Մութասարիֆ ու կկարգաղրե, որ Ալիզռնանցի Մուքոյից տերության հարկ գանձեն։ Հարկահավաք Խաչատուր էֆենդին իր զաբթիաներով կիգա Ալիզռնան։
— Ու՞ր է Մուքոն, — կհարցու։
— Էստեղ եմ, էֆենդի, ի՞նչ կա։
— Դու պետությանը պարտ ես երեք ոսկի, քեզ երեք օր ժամանակ՝ բերես հանձնես։
— Երեք տարի էլ ժամանակ տաս, դարձյալ չեմ կարող, — կասե Մուքոն։
Խաչատուր էֆենդին կհրամայե զաբթիաներից մեկին, որ մտրակի տակ առնեն անհնազանդ գյուղացուն։
Զաբթիան կհրաժարվի մտրակ բարձրացնել Մուքոյի վրա։
Խաչատուր էֆենդին ինքը մտրակը կառնե ու մի հարված կքաշե Մուքոյին։ Ռես Գասպար ձեռքը դեմ կտա կասե. «Մուքոն էն մարդն չէ, որ դու զարկես»։
Ալիզռնանցի Մուքոյին կթալեն թավլեն ու դուռ կկողպեն։
Թալվի մեջ մի գոմեշ կեղնի ու իր պես մի քանի բան՛տարկված գյուղացի։
— Տղերք, ինչու՞ եք խեղճ ու կրակ կանգնել, գոմեշին քաշեք երդիկի տակ, — կասե Մուքոն։
Գոմեշին բերին կանգնեցրին երդիկի տակ։ Ալիզռնանցի Մուքոն թռավ գոմեշի վրա, գոմեշի վրայից ձեռքը գցեց վերի գերաններին ու երդիկից թռավ-ելավ տանիք։ Ելավ գնաց իրենց տուն, չափլին առավ եկավ կանգնեց օդայի տանիքին։
Տեսավ Խաչատուր էֆենդին օղմկել է պատին, թեզբին առել է ձեռքն ու հանգիստ կգցե, զաբթիաներն էլ թավլի դռան կանգնած կհսկեն։
Վերևից գոռաց.
— Դու՞ ես Խաչատուր էֆենդին։
— Հա՛, ես եմ,
— Դու ի՞նչ օրենքով էդքան նեղություն կտաս ժողովրդին։
— Պետական օրենքով։
— Որ էդպես է, ես էլ պետական օրենքով քո հոգին կառնեմ, — ասաց ու չափլին քաշեց։ Զարկեց սրտին՝ պառեկից տվեց դուրս։
— Վա՜խ, իմ հոգին կորավ, — գոռաց Խաչատուր էֆենդին։
— Ես էլ քո հոգին առնելու համար եկա, — ասաց Մուքոն և չափլին ձեռքին տանիքից իջավ մտավ օդեն։ Տեսավ Խաչատուր էֆենդու զաբթիաները բոլորն էլ վախից իրենց տակ մունդռել են։
— Մի վախեցեք, ես ձեզի ձեռք չեմ տա, — ասաց Մուքոն— ինչպես տեսաք, էդպես էլ գացեք պատմեք Մութասարիֆին։ Եթե հարցնի, թե որտե՞ղ է Ալիզռնանցի Մուքոն, ասեք, որ ես գացի Ցրոնք։
Ասաց ու ելավ գնաց Ցրոնք։ Հինգ օր մնաց Ցրոնք՝ ռեսի տուն։ Երբ տեսավ, որ իր ետևից մարդ չի գալիս, հինգերորդ օրվա գիշերը ցրոնաց ռեսին ասաց,
— Ռես, ես գացի Մուշ։
Ասելն ու քելելը մեկ եղավ։ Ճանապարհին տաս ոստիկան մեկեն ելան իր դեմ։
Տասնապետն ասաց, — Տղաներ, եկեք սրան ճամփա տանք։ Զինվորներից մեկն ասաց, — Ինքը մենակ, մենք տաս հոգի։ Տասը մեկին ինչու՞ ճամփա տա։
— Մարդ կա, որ հազարի դեմ կկռվի, — ասաց տասնապետը։ — Կա չկա սա Ալիզռնանցի Մուքոն է, որ Խաչատուր էֆենդուն սպանեց։ Ատրճանակը վրեն է, չափլին էլ թևից կախ։
Տաս մարդը մեկից մի կողմ քաշվեցին։ Մուքոն տասնապետին ասաց,
— Դուք ինչու՞ ինձ ճամփա տվիք։
— Որովհետև դու Ալիզռնանցի Մուքոն ես։ Մե՛նք պետք է քեզ ճամփա տանք։
— Բայց կառավարություն ձեզ հետ է և օրենքը ձերն է, դուք ինչու՞ ինձնից վախեցաք։
— Մենք քեզնից չենք վախենա, մենք քո գնդակից կըվախենանք, — ասաց ոստիկանապետը։
Մուքոն Մութասարիֆի դուռը հասավ էն ժամանակ, երբ սա շորերը հանած ճրագը կփչեր, որ պառկի։ Փուռը ամուր ծեծեց,
— Ո՞վ է, — հարցրեց Մութասարիֆը ներսից։
— Ես եմ, էֆենդի, — ասաց Մուքոն։
Մութասարիֆը դուռը բացեց։ Մուքոն ներս մտավ։
— Որտեղի՞ց էս ուշ ժամին։
— Ցրոնքից։
— Խաչատուր էֆենդուն ինչու՞ սպանեցիր։
— Ես մեղք չունեմ, էֆենդի։ Մենք սարերից իջանք տուն, որ վար ու ցանք անենք, հանգիստ ապրենք, բայց երեք ոսկու համար նորից բանտ են կոխում։
— Դու ճիշտ խոսեցիր։ Ես հենց էսօր որոշեցի Խաչատուր էֆենդու փոխարեն քեզ դնել հարկահավաք, — ասաց Մութասարիֆը։ — Վաղը կգնաս գյուղերը և նրա բանտարկած բոլոր մարդկանց ազատ կարձակես։ Չէ որ Հուռիաթ է և մեր երկրռւմ պետք է առանց վախի ապրեն։
Ուրախացավ Ալիզռնանցի Մուքոն և համաձայնություն տվեց դառնալ հարկահավաք։ Վերցրեց ինը զաբթիա ու անցավ գործի։ Աշխատեց մինչև աշուն։ Ով չքավոր էր՝ բանտից ազատեց, ով հարուստ էր դրեց բանտ։
Մեկ օր ձիով դեպ Խասգյուղ գնալիս տեսավ վեց զինված քուրդ բռնել են Դաշտադեմից Քրդագոմ եկող մի խութեցու, որ շորերն առնեն։ Գյուղացին նեղ տեղն էր ընկած։
Բոռաց հեռվից.
— Չվախենաս, Պողոս, ես եկա։ Տեսա՞ր, որ հանդիպեցինք։ Ես էն մարդն եմ, որ ասացի՝ ժամանակին քեզ պետք կգամ։
Մուքոն իր հետ ճիպոտ փոխող խութեցուն փորձանքից ազատելով ուղարկեց Քրդագոմ, իսկ քրդերի զենքերն առնելով վեցին էլ իր ձիու առաջ արած տարավ Խասգյուղ և հանձնեց կառավարության։
Սակայն Մութասարիֆը գաղտնի որոշել էր սպանել Սուլուխի հերոսին։ Զաբթիաներից մեկը իմացավ էդ մասին և Մուքոյի ականջին շշնջաց.
— Էս գիշեր չմնաս մեզ մոտ. Մութասարիֆը որոշել է քեզ սպանել։
Ալիզռնանցի Մուքոն գրպանից մի ոսկի հանեց տվեց զաբթիային, և երբ եկան Մուշ, ու ձիերից իջան, մտավ կառավարչատուն Մութասարիֆի մոտ։
— էֆենդի, մի տեղ պիտի էրթամ ու գամ։
— Գնա, բայց շուտ արի, — ասաց Մութասարիֆը։ Մուքոյի ատրճանակն էլ վրեն էր, չափլին էլ։ Կառավարչատնից ելավ և ուղիղ գնաց Մութասարիֆի տուն։
— Խանում, — ասաց, — Մութասարիֆի չափլին ու ատըրճանակ տուր, ես ու ինք միասին մի տեղ պիտի էրթանք։ — Կապեց Մութասարիֆի զենք և Ալվառինջի սարով բարձրացավ Քանասար։ էն գնալն էր, որ գնաց։
=== ՄՈՐՈԻՔ ԵՎ ՄԱՐԹԱ ===
Իսկ ի՞նչ եղան մյուս հայդուկները։
Չոլոն հովիվ դարձավ իրենց սարերի վրա։ Կարկուտ Թադեն գրկեց իր զենքն ու փախավ. թե ո՛ր ուղղությամբ՝ հայտնի չէ։ Ոմանք նրան տեսել էին Բաղեշի կողմերում։ Կայծակ Անդրեասը անցավ Խլաթա կամուրջը և ապավինեց Նեմրութի լանջերին՝ ավելի լավ օրերի սպասելով։ Ախոն, Մանուկը և Ւսրոն դարձան փախստական, որոշելով զենքերը չհանձնել մինչև Սասունը չազատագրվի։
Փախստական դարձան նաև Մորուք Կարապետը և Արծիվ Պետոն։
Թիկնեց Մորուք Կարոն մի կաղնի ծառի ու ընկավ մտքերի մեջ։ Մոտ տասնհինգ տարի նա ուխտյալ հայդուկ է եղել։ Իբրև զինատար մի քանի անգամ գնացել–եկել էր Մուշից Կովկաս, Կովկասից Մուշ։ Մասնակցել էր բազմաթիվ կռիվների։ Մեռած էին իր հին և նոր մարտական ընկերները՝ Մակարը, Գալեն, Շենիքցի Մանուկը, Սեյդո Պողոսը, Արտոնքա Ջնդոն։ Չկար հայդուկապետ Գևորգ Չաուշը։ Լաճկանցի Արթինն էլ մեկ տարի առաջ իր կյանքը ավարտեց «Թըվնկի տնկոցի» մեջ։
Հին ֆիդայիներից հատուկենտ մարդիկ էին մնացել, նրանք էլ այս «ու այն կողմ ցրված, ոմանք զենքերը հանձնած և վերադարձած տուն, ոմանք էլ փախստական դարձած ու ապավինած լեռներին։
Կասկածներով լի անորոշ վիճակ էր, իսկ տարիներն անցնում էին։ Ինչի՞ մեջ որոնել արշալույսը։
Եվ Մորուք Կարոն որոշեց ամուսնանալ։ Չէ որ Հուռիաթ էր և հարկավոր էր, որ իսկապես Սասունը Էրմենիստան դառնա։
Ամուսնանալ, բայց ու մ հետ։
Իշխանձորցի մի աղջիկ կար, անունը Մարթա։ Տեր Քաջի Ադամի մորաքրոջ աղջիկն էր։ Վաղուց էր Մորուքը սիրահարված Մարթային։ Մտքում դրել էր, որ երբ հրացանը գըրկից հանի, Մարթային գրկի հրացանի փոխարեն։
Ի՜նչ հարսանիք, ի՜նչ ճոխ պսակ։ Հայդուկին որտեղի՞ց միջոց և ժամանակ, որ յոթ սրինգ պայթեցնի հարսանիքի մեջ։
Եվ կաղնու տակից Մորուքն իր քայլերն ուղղեց դեպի Գելի։ Կանչեց Տեր-Քաջի Ադամին և ասաց.
— Դու մի մորաքրոշ սիրուն աղջիկ ունես, Ադամ։ — Ունեմ, — ասաց Ադամը։
— Հիմա որտե՞ղ է։
— Սար է գնացել, Մորուք, հղեր։
— Դու ինձնից փոքր ես, Ադամ, գնա Խզեր և տես թե Մարթան ո՞րտեղ է պառկած։
— Բայց Մարթան նշանված է։
— Օրորոցի վրա խազ եղե՞լ է։
— Չէ։
— Խոսկապ եղե՞լ է։
— Չէ։
— Դե ուրեմն գնա Խզեր և իմ խնդրանքը կատարիր։ Ադամը գնաց-եկավ՝ ասաց»
— Պառկած է իր մոր ծոց։
Տեր-Քաջի Ադամը խոստացավ օգնել Մորուքին Մարթային փախցնելու։ Պայմանավորվեցին, որ Ադամը առավոտյան գնար և գիշերը հյուր լիներ իր մորաքրոջ քողտիկում։
— Ինչպե՞ս իմանամ, որ դու տանն ես։
— Եթե դռանը ավել տեսնես հենված պոչը ներքև՝ իմացիր, որ տանն եմ և համարձակ ներս մտիր։ Իսկ երբ պառկած տեղը մի անգամ հազամ՝ դու Մարթային փախցրու։
Հետևյալ երեկո Կարոն ոտքը թալեց զանգուն ու ձին քըշեց։
Միայն մի տեղ կանգ առավ։
Մի հսկա էր կանգնած ճամփին, մի աժդահա։ Կարոն նայեց նրան՝ սարսուռ զգաց։
— Սրան չարքերն են հանել իմ դեմ, որ իմ վազքը դանդաղեցնի, ես ուշանամ։
— է՜յ, աժդահա, շուտ ճամփա տուր, որ ես անցնեմ, — ձեռքով արեց Կարոն հեռվից։
Հսկան խնդաց։
— Ո՞վ ես դու, մարդ, ի՞նչ ուժի տեր։
— Ես Կարոն եմ, Մորուք Կարոն։ Ընկերներս անսեր մեռան ազատության, սիրո կարոտ։ Ի՞նձ Էլ կուզես անսեր թողնել։
Հսկան լուռ էր, ամուր կանգնած։
— Մեռնիմ քըզի յոթն անվան տեր սուրբ Կարապետ, — բոռաց Կարոն, ձիուց իջավ, բռնեց սրան, ծալեց, կապեց, մի խուրձ արեց, տարավ դրեց ճամփի եզրին, նստեց վրան։
Հսկան տակից գոռաց անզոր»
— Իմ կապերը քանդիր, մեռա։ Խնդաց Կարոն, մի կապ քանդեց։
— էլի քանդիր, — խնդրեց հսկան։ Կարոն քանդեց էլի մի կապ։.
— Դու աստված ես, — ասաց հսկան։
— էլ չեմ քանդի, — ասաց Կարոն ու էգ հսկա ազրաիլին էդպես կապված, կիսաքանդված ճանապարհի եզրին թողեց ու ձին քշեց։
Լուսաստղը չելած հասավ Իշխանձորի ամառանոցը Խըղերի վրա։ Զին քրտնել էր։ Փորակապը թուլացրեց, շփեց աչքերը, բաշից քաշեց և մի քանի պտույտ ման ածեց, որ քըրտինքը պաղի։
Մոտեցավ։
Տեսավ մի մեծ ծաղկավել հենված էր քողտիկի ղռանը և դուռն էլ կիսաբաց էր։
Մարթան պառկած էր մոր գրկում, մի թևը բարձի տակ, մյուսը՝ մոր կրծքին դրած։ Սասնա սարի հովն ու լուսնի շողքը խազում էին նրա ծամթելած վարսերի հետ։
Մայրը ոտնաձայն առավ, նայեց.
— Ո՞վ է։
— Մորուքն եմ, նանե, — շեմքից կռանալով ասաց Կարոն։
— Գիշերով հոս ի՞նչ գործ ունես։
— Մարթայի համար եմ եկել։
— Լուսանալուն չէի՞ր կարող սպասել։
— Չկարողացա, նանե, մի հանգով եկա։ Ձին պաղում է լուսնի տակ։
— Իմ աղջիկը նշանվում է ռեսի տղային։ Իզուր ես եկել, գելեցի։
— Աշխարհի բոլոր ռեսերը, իրենց թագավորներն էլ հետը, որ հավաքվեն, չեն կարող Մարթային ինձնից խլել։ Իմ ուզածը մի աղջիկ է աշխարհից։
— Ինչո՞վ պիտի պահես իմ աղջկան։
— Իմ տաք շնչով։
— Տաք շնչով աղջիկ չի պահվի։ Ռեսը հարստություն ունի, իսկ դու չունես։
— Ես հիմա բոլոր ռեսերից հարուստ եմ, նանե, որովհետև բռնակալ սուլթանը ընկել է թախտից։ Ես ու Մարթան Սասունը մեր տաք սիրով ու սերնդով կլցնենք։
— Դու հենց էս գիշերը պիտի գայի՞ր, այ ծուռ գելեցի։ Իմ քրոջ տղա Ադամը էսօր հյուր է մեզ մոտ։ Քնած է ղամեն գըլխի տակ, որ ելավ՝ քեզ փրկություն չկա։
Լսեց տղամարդու հազ։
— Ադամի հազն է, շուտ հեռացիր։ Մենք ֆիդայու համար աղջիկ չունենք։ Ռեսի տանը շուտով յոթ շվի պիտի պայթի Մարթայիս հարսանիքին, ու ես պիտի պարեմ։
— Թե պարելու ես, հիմա պարիր, նանե, ես Մարթային տարա, — ասաց Կարոն և ակնթարթում գրկելով դրեց ձիու թամբին։
— Ես ոչ ժամանակ ունեմ, ոչ միջոց՝ յոթ սրինգ պայթեցնելու հարսանիքի մեջ։
— Ադամ, լաո, Մարթային տարան, ղամեդ քաշիր։ Հա՜յ, հո՜, հավար է, տարա՜ն, տարա՜ն։ Է՜յ, կովի մակարդ տալ֊ վորիկցիք, փրկեք Մարթայիս։ Իմ աղջկա պատիվը մի գդալի չափ է՞լ չկա, որ քնով եք ընկել, — ճչաց իշխանձորցի կինը անկողնից վեր թովելով։
Ու հավար ընկավ Խղերի ամառանոցում, որ ֆիդայի Կարոն գիշերով փախցրել է ռեսի հարսին։
— Ո՞ր կողմով փախավ, — հարցրեց Տեր Քաջի Ադամը ղամեն ձեռքին դեպի շեմքը նետվելով։
— Ա՜յ, էս կողմը, Կեպինի փեշերով դեպի Մրկեմոզան։
— Ձիավո՞ր էր, թե՞ ոտավոր։
— Ձիավոր էր։ Աղջկան շապկանց դրեց թամբին ու տարավ։ Իշխանձորցիք զինված ելան գելեցոց դեմ։ Հանդուգն ու քաջ էին իշխանձորցիք և անասելի թարս։
Նրանց մասին մի հայտնի խոսք կար, «Էն օրը, որ բուք ու բորան կեղեի, կնշանակի իշխնձորցին ելել է ճամփա»։
Ու Մարթայի համար կռիվ ընկավ Սասուն, քարեր գլորվեցին ու սար ու ձոր դղրդաց։
Վախեցավ Մարթան, ուզեց ետ գնալ, բայց զգույշ էր Կարոն։ Նա Մարթային կապեց մեջքին, որ չփախչի և մեն-մենակ մի ժայռի ետև մտած կռիվ տվեց իշխանձորցոց դեմ։
Մարթայի հայրը ճարահատյալ դիմեց Պոլիս՝ Հայոց պատրիարքարան։ Այնտեղ նրան ասացին. «Բռնեք Մորուքին և աղջկան ազատեք»։ Բայց ո՞վ կարող էր Մորուքին բռնել։ Նա մերթ Սխտոր քարումն էր, մերթ Անդոկի լանջերին, մերթ Ճանճիկի սարում և մերթ Բրիմոյի ցից ժայռերի վրա։ Միշտ զենքը ձեռքին և Մարթային մեջքին կապած։
Կառավարությունը պաշտպան կանգնեց ռեսին, և շատ մարդիկ բանտարկվեցին Գելի գյուղից։
Գործը հանձնվեց լուծելու Մշո առաջնորդարանին։
— Փրկեք իմ աղջկան, — ասաց մայրը լալահառաչ չոքելով Հեսու վարդապետի առաջ։
— Աղջկադ որտեղի՞ց փախցրին, — հարցրեց սրբազանը։
— Իմ ծոցից։
— Բա մի տղամարդ չկա՞ր տանը։
— Տեր Քաջի Ադամը քնած էր անկյունում։ Մինչև նա զա֊ մեն քաշեց, ֆիդային թռավ սար։
— Ես աղջկադ կանչել եմ խոստովանության։ Եթե աղջիկն ասի, «Այո, ես իմ կամքով եմ նրա հետ փախել»՝ ես անզոր եմ օրենքի և աստծո առաջ, իսկ եթե ասի. «Մորուքը ինձ բռնի է փա՛խցրել», ես աղջկան կվերադարձնեմ իր ծնողներին, — ասաց Հեսու վարդապետը՝ իշխանձորցի կնոջը տուն ուղարկելով։
Տալվորիկում մի գյուղ կար, անունը Մազրա։ Վախենալով, որ Մարթան կասի, թե իրեն բռնի են փախցրել, Մորուքը նըրան տարավ Մազրա, ծեծեց մի ծանոթ դուռ և ասաց,
— Իմ նշանածիս պահեք ձեզ մոտ, իսկ ձեր աղջկան մեկ օրով տվեք ինձ։
Կարոն Մարթային տվեց պահելու և տանտիրոջ աղջկան առնելով՝ ելավ դուրս։
Ետ դարձավ, բացեց դուռը և ասաց.
— Լավ կպահեք Մարթայիս, թե չէ ձեր աղջկան կփախցընեմ։
Ու դուռը ծածկեց։
Ճանապարհին մազրեցի աղջկան սովորեցրեց, որ երբ իր կամքը hարցնեն, ինքը Մարթայի փոխարեն պատասխանի, որ իր հոժար կամքով է Մորուքին առել։ Հայրն ու մայրը բողո՛քավոր չեն։
— Հիմա գնանք Մուշ, — ասաց Կարոն։
— Հիմա ուշ է, մնա առավոտ լույսով երթանք, — աղջիկն ասաց։
— Չէ, գիշերով երթանք։
— Ինչու՞ գիշերով, չէ որ Հուռիաթ է։
— Հուռիաթ է, բայց ես իմ զենքերը չեմ հանձնել, փախըստական եմ։
Ու գիշերով եկան Մուշ, Հեսու վարդապետի մոտ։
— Ես իմ հոժար կամքով եմ Մորուքին առել, իմ հայրն ու մայրը բողոքավոր չեն, հայր սուրբ, — ասաց մազրեցի աղջի՛կը առաջնորդարան մտնելով։
— Աղջի, քեզ համար մի ամբողջ պատերազմ եղավ ու քիչ մնաց Սասունը ավերվեր, անունդ ի՞նչ է, — հարցրեց Հեսու վարդապետը։
— Մարթա։
— Մորուքը քեզ որտեղի՞ց փախցրեց։
— Իմ մոր ծոցից։
— Բռնությա՞մբ։
— Ինչի՞ բռնությամբ։ Բա էն ավելն ո՞վ էր դրել դրսի դռան շեմքին։
— Իսկ ռեսի տղան ո՞վ է։
— Իմ սիրածը Մորուքն է։ Ես ռեսի տղին ե՞րբ եմ սիրել։ Երբ աշխարհում քաջ հայդուկ կա, ռեսն ի՞նչ բան է։
— Ապրես, զավակս։ Ձեռքդ դիր էս թղթի տակ։ Աղջիկը բթամատով թուղթը կնքեց։
— Իսկ համերաշխ ապրելու կարգը գիտե՞ք։
— Ինչու չէ։ Դուրան ճամփի վրա իրար կողք–կողքի կերթանք։ Նեղ կածան հանդիպեց՝ կերթանք իրար ետևից. Մորուքն առջևից, ես՝ ետևից։ Իրար չենք հրի։
— Բարին ընդ ձեզ և օրհնյալ լինի ձեր սերը։ Հիմա ազատ ես, գնա։ Շատ ֆիդայիներ մեռան առանց ընտանեկան հարկի։ Էդ մեկ ֆիդային թող քեզ հետ բախտավորվի կյանքում։
— Բարի գիշեր, հայր սուրբ, — ասաց աղջիկը և Մորուքի հետ առաջնորդարանից դուրս եկավ։
Կարոն մազրեցի աղջկան տարավ հանձնեք իր ծնողներին և Մարթային առնելով բարձրացավ սար։
Առատ ցողը ադամանդներ էր թափել լեռնային ճոխ բուսականության վրա։ Մի տեղ նրանք սպիտակ շուշանները կոխելով անցան, մի ուրիշ տեղ կարմիր գինարբուքն ու աղբըրանց արյունը։ Մի երրորդ տեղ քայլեցին կապույտ ու դե՛ղին ծաղիկների գորգերի վբայով։ Մերթ կողք–կողքի ու մերթ իրար գրկած գնացին, ու մերթ իրար ետևից՝ նեղ ժայռերի միջով։
Հասան, նստեցին մի բարձր ժայռի։
Մարթան հաշտվել էր իր բախտի հետ և այլևս փորձ չէր անում ետ գնալու։
Այսպես ամուսնացան Մորուք Կարոն և Մարթան։ Բայց նրանք սարերից ցած չիջան։ Ճրագ վառեցին Սասնո լեռների վրա և ապրեցին այնտեղ մինչև 1915 թվականը։
== ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ ==
=== ԴԵՊԻ ԲԱՂԵՇ ===
Սկսվել էր առաջին համաշխարհային պատերազմը։ Իմ ողջ մնացած բոլոր հայդուկները զինվելով մտել էին կամավորական գնդերի մեջ։
Կամավորական առաջին գնդի հրամանատարը Անդրանիկըն էր, չորրորդ գնդինը՝ Քեռին։
Անդրանիկն ինձ կարգեց առաջին օգնական իր հեծյալ գնդում։ Նա ինձ տվեց մի ձի, իսկ ձիապան դարձավ իմ հին հայդուկ Բարսեղը։
Բարսեղը առաջվա պես դարձյալ պատրաստակամ էր իմ հանդեպ։ Երբ մտքերի հետ ընկած գնում էի առջևից, նա ձիու սանձը բռնած դանդաղ գալիս էր իմ ետևից և հանկարծ, մի գլանակ շինելով երկարում էր ինձ՝ — քաշիր, թող վշտերդ թեթևնան։
Ալադին Միսակն էլ իմ հեծյալ գնդումն էր և իմ վշտերի մի մասը նա էր փարատում իր կորովի երգերով։
Մեր գնդում կային Ամերիկայից եկած կամավորներ, որոնցից երկուսը հին ֆիդայիներից — մեկը Ցրոնաց Մուշեղն էր, իսկ մյուսը՝ Բամբկու Մելոն, որ Սահմանադրությունից հետո իրենց զենքերը վաճառելով գնացել էին նոր աշխարհ։
Մենք պետք է շարժվեինք Բաղեշի վրա։ Բաղեշից առաջ Անդրանիկը փայլել էր Դիլմանի ճակատամարտում և պարգևատրված էր Գեորգիևյան երեք խաշերով։
Ես էլ մասնակցել էի այդ ճակատամարտին և զորավարական կոչում ունեի։
Դիլմանի կիրճում փայլել էր նաև հին հայդուկ Հաջի Գևոն, որ միշտ Անդրանիկի կողքին էր, գորշ շինելը հագին, կեռ թուրն ու մաուզերը կողքին, կրծքի վրա Գեորգիևյան երկու խաչ, բռի մեջ վառված ծխամորճ։
Իսկ Անդրեա՞սը։ Ոչխարենու փափախով, ցից բեղերով և ահռելի կերպարանքով այս հին հայդուկը Դիլմանի և Ախլաթի կռիվներից հետո դարձել էր Անդրանիկի ամենահավատարիմ թիկնապահներից մեկը և նրա ամենավստահելի սուր՛հանդակը։ Միշտ զենքը ձեռքին կանգնած էր Շապինանդի թիկունքում՝ նրա հրամանին պատրաստ։
Երեք խնուսցի հերոսներ էլ կային՝ հայդուկապետ Փիլոս, վաշտապետ Շապուհ և վաշտապետի օգնական Պուճուր Աբրո։
Կռվի ասպարեզ էր իջել նաև մր բոլորովին նոր սերունդ։ Նրանցից մեկը մեր հեծյալ գնդի հարյուրապետ Սմբուլ Արշակն էր։ Սա մարտական իր առաջին մկրտությունը ստացել էր Դիլմանի կիրճում, իր քաջությամբ և նվիրվածությամբ դաոնալով Շապինանգի, նաև իմ և Հաջի Գևոյի սիրելին։ Սըմբուլ Արշակը շարքային զինվորից շատ արագ բարձրացել էր հիսնապետի և ապա հարյուրապետի աստիճանին։ Բարձրահասակ, շիկահեր երիտասարդ էր, Մշո դաշտի Արագիլ գյուղից։
Դատվանից դեպի արևելք տարածված էր Ռահվե-Դուրանը՝ երեք կողմից լեռներով շրջապատված մի հարթություն։ Ծովածավալ մի դաշտ էր, ուր ամռանը հուռթի ծփում էր առատ խոտը՝ լեռների կարոտից փոթորկված, իսկ ձմռանը մոլեգնում էր սոսկալի ձնաբուք։
Վա՜յ այդ բքի ժամանակ Ռահվե-Դուրանով գնացողներին։
Զարմանալի մի թռչուն կար այդ դաշտի մեջ։ Ամպրոպ գիշերներին, երբ ոչ աստղ էր երևում, ոչ լուսին, ուղևորները այդ թռչնի ձայնով էին կողմն որոշվում։ Հենց որ նա կանչում էր, սկսում էին ուղտերը բառնալ և քարավանը ելնում էր ճամփա։ Սակայն հաճախ չարաչար մոլորվելով մատնվում էին փոթորկի և կործանվում անհետ։ Ու երգ կար հորինված Ռահվե–Դուրանի այդ հավքի մասին.
«Ճվիկե սատանի, Ճվիկե տոնի, Քո տունը քանդեցիր, Իմն էլ գրիր վրան»։
Վերջին տարիներին այդ դաշտի մեջ մի պանդոկ էր շինվել ճամփորդների համար։
Այդ պանդոկը կոչվում էր Ալամեք խան։
Բաբշենը մեր ձեռքին էր, իսկ թշնամին բռնել էր Մուշից Բաղեշ երկարող խճուղին և Ռահվե-Դուրանի պանդոկը։
Մեզ հետ կար կազակական մի գունդ, իսկ զորքի ընդհանուր հրամանատարը ցարական մի գեներալ էր Աբասցև ազգանունով։ Մեր զինվորները նրան Աբասով էին ասում։
Դաժան է Բաբշենի ձմեռը։ Այդ տարի ձյունը արշիններով դիզված էր Ռահվե–Դուրանում։ Մենք գրոհը սկսեցինք Բաբշենի կողմից։ Առաջին իսկ հարվածից Ալի փաշայի առաջին զորասյունը ջախջախվեց։ Բայց շուտով կազակների գնդապետը զեկուցեց Անդրանիկին, որ գեներալ Աբասովը զորքը նստեցրել է Դատվանից հարավ և հրաման չի տալիս, որ թընդանոթները կրակեն։
Հեծավ Անդրանիկն իր ձին և Ռահվե–Դուրանով քշեց դեպի Ալամեք խան։ Տեսավ պանդոկի շեմքին կանգնել է թնդանոթների հրամանատարը, իսկ ներսում գեներալ Աբասովը նստած զրուցում է Ալի փաշայի զորապետի հետ։
Շապինանդը կարգադրեց թնդանոթները քաշել առաջ։ Հրամանատարն ասաց. — Փաշա, մենք գեներալ Աբասովից հրաման չունենք առաջ շարժվելու։
— Пушки вперед! — հրամայեց Անդրանիկը և թուրքերեն հայհոյեց։ Երբ Անդրանիկը բարկացած էր, հրամայում էր ռուսերեն և հայհոյում թուրքերեն։
Հրամանատարը թնդանոթները քաշեց առաջ։ Անդրանիկը կանգնեց նրա կողքին և սկսեց ցույց տալ թե ո՛ր ուղղությամբ կրակել։ Մի գործնական հրահանգ տվեց. — Թշնամու թնդանոթի փողից ծուխ բարձրանալիս հաշվիր մինչև ձայն լսվելը։ Եթե մինչև տաս հաշվելը ձայնը լսվեց, ուրեմն թշնամին գտնվում է հազար քայլի վրա։
Շուտով թշնամու երկրորդ զորասյունն էլ ջախջախվեց։ Ալի փաշան շարժեց առաջ իր վերջին զորասյունը։ Սրանք տեսնելով իրենց առաջին և երկրորդ թևերի ջախջախումը, սարսափահար փախուստի դիմեցին։ Դոնի կազակները պատրաստ՛վեցին սվինամարտի, սակայն Շապինանդը նրանց գնդապե՛տին կարգադրեց կազակներին դիրքերից չհանել, որովհետև սոսկալի սառնամանիք էր և լեռներից ցուրտ քամի էր փչում դաշտի վրա։
Հայ կամավորների առաջին գնդի քաջագործությունը տեսնելով, Դոնի կազակները իրենց դիրքերից մի քանի անգամ միահամուռ որոտացին. «Կեցցե Անդրանիկ փաշան, կեցցեն հայ կամավորները»։
Անդրանիկը սակայն տխուր էր, որովհետև քաղաքը դեռ չգրաված մեր հեծյալ գունդը և Դոնի կազակները մեծ զո՛հեր էին տվել Ռահվե–Դուրանում։ Եվ այդ զոհերի պատճառը Աբասովն էր։ Այդ զոհերը պատրվակ բռնելով Աբասովը հըրամայեց զինաթափել Անդրանիկին։ Վերջինս ցատկեց տեղից և շառաչուն մի ապտակ տվեց վաճառված գեներալին։
Դոնի կազակների գնդապետը Աբասովի դավաճանության մասին նույն օրը հեռագրով հայտնի դարձրեց Կովկասի փոխարքային, որը ռուս թագավորի հորեղբայրն էր և Կովկասյան ռազմաճակատի գերագույն հրամանատարը։ Իրիկնադեմին ստացվեց փոխարքայի հրամանը, որով Անդրանիկը նշանակվում էր զորքերի հրամանատար և նրան էր հանձնարարվում Բաղեշը վերցնել։
Ձյուների վրա կրակ էինք արել և նստած տաքանում էինք խարույկի շուրջ, երբ հեռագիրն եկավ։
— Թող գեներալ Աբասովը գնա և Բաղեշը վերցնի, — գոչեց Անդրանիկը հրամանը շպրտելով ձյուներին։
— Ի՞նչ ես անում, փաշա, փոխարքայի հրամանը քեզ վրա է։ Քաղաքը պետք է վերցնել, — ասացի ես։
— Ո՛չ, թող այդ դավաճան գեներալը վերցնի, որ Ալամեք խանում գաղտնի գործարքի մեջ էր մտել Ալի փաշայի գնդապետի հետ, — համառեց Շապինանդը ձեռքը կրակի վրա տաքացնելով։
— Բայց դու թագավորի ձեռքից չես պրծնի, ոչ էլ ես, եթե այդ հրամանը չկատարվի։ — Կայծակ Անդրեասը, որ զգաստ կանգնած էր մեր կողքին, մոտեցավ և փոխարքայի թուղթը ձյուների վրայից վերցնելով, հանդիսավորությամբ դրեց իր գդակի ծալքի մեջ։
Գիշերվա կեսին փաշան հրամայեց զորքին սպիտակ շապիկներ հագնել։
Աղոթարանը նոր էր բացվել, երբ Անդրանիկը սուրը մերկացնելով առաջինը հարձակման անցավ՝ գոչելով. — Մշեցիներ և սասունցիներ, հայրենիքը այս անգամ ձեզ դեպի Բիթլիս է կանչում, իսկ ես Բիթլիս կերթամ, առա՜ջ, իմ ետևից։
Զին վրնջաց, և բաշը սառնաշունչ քամուն պարզած, մի քանի անգամ պտույտ եկավ ինքն իր շուրջը, ապա գլուխը գետնին հորիզոնական՝ նետի պես սլացավ սպիտակ դաշտով։ Արևից առաջ ձյունը նախ պաղ կապույտ էր, հետո վառվեց կարմիր, ապա դեղնեց մի քիչ, գունատվեց հանկարծ ու սկսեց շողալ շլացուցիչ փայլով։ Ու թռավ Ասլանը ժայռերի ու կածանների վրայով, մերթ սմբակներով ձյունամրրիկ ցանելով չորս դին ու մերթ մակույկի պես ճեղքելով ձյունը։
Ու գնաց զորքը սպիտակ ձիավորի ետևից։ Աջակողմից ես էի շարժվում իմ հեծյալ գնդով, ձախակողմից՝ Դոնի կազակն ու Նիկոլի զորքը։
Ռահվե–Դուրանի վրայով դեպի Բաղեշ սուրացին Ցրոնաց Մուշեղը, Սմբուլ Արշակը, Հաջի Գևոն, Խնուսցի Պուճուր Աբրոն, Շապուհն ու Փիլոսը։ Հողմի պես սլացան Կայծակ Անդրեասը, Բամբկու Մելոն, Ալադին Միսակը և իմ ձիապան Բարսեղը։
Հրանոթների որոտով ու հրդեհված դարպասների բոցերի միջով մեր զորքը մտավ քաղաք։ Դեռ լույսը չբացված Բաղեշը մեր ձեռքին էր։ Մենք Բաղեշ մտանք Թազի ձորով նրա կարմըրած ձյուների վրա թողնելով Բամբկու Մելոյի դիակը։ Մեր գնդից սպանվեցին շատ հայ կամավորներ և առաջինը նըրանցից Բամբկու Մելոն էր։ Քաղաքի նախամուտքին ընդհատվեց Գևորգ Չաուշի հնագույն ֆիդայիներից և Անդրանիկի քաջարի զինվորներից մեկի կյանքը, որ նոր էր վերադարձել Ամերիկայից՝ կռվելու Հայաստանի ազատագրության համար։
=== ԱՊԱՐԱՆՔԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ===
Բաղե՜շ։
Այդ այն քաղաքն էր, որով Քսենոֆոնից հետո Ալեքսանդր Մակեդոնացին էր անցել և Մեհմեդ էֆենդին էր հավատափոխ եղել վճռական շրջադարձով։
Ահա և Կարմրակ վանքը, որի ծերացած թթենու տակ ես ուշագնաց ողբացել Էի մի ամրոզշ գիշեր։
Մեր առաջին գործը եղավ գրոհել քաղաքի կենտրոնական բանտը։ Բայց ու՞ր Է Ռասիմ էֆենդին, որ ինձ տանջել Էր այդ բանտի մռայլ ներքնահարկում։
Միջնադարյան հինավուրց ամրոցի կողքին երևաց Խաչմանուկյանների ճաղավոր պատշգամբով ապարանքը։ Տներից մեկ-երկուսի ճակատին դարձյալ կարդացի «Շեկ Մելիքի տուն», «Արմեն Սարոյանի տուն»։ Առաջինը ձորի մեջ Էր, իսկ երկրորդը՝ Ավելի մեյդան. թաղում, բարձունքի վրա։
Իմ հայացքը սակայն գամված Էր ապարանքի խորհըրդավոր պատշգամբին։ Ոլորապտույտ սանդուղքներով շտապեցի վեր։ Իմ առջևից Սմբուլ Արշակն Էր գնում՝ մեր հեծյալ գնդի հարյուրապետը ետևից՝ իմ ձիապան Բարսեղը և Ալադին Միսակը։
Ռուս հյուպատոսի աշխատակից մշեցի Խաչման ոսկյան ի ապարանքն Էր դա։ Քաղաքի թուրք ոստիկանապետը կոտորելով Խալմանուկյանի ամբողջ ընտանիքը, տեր Էր դարձել նրա շքեղ ապարանքին։ Դուրսը սարսափելի ցուրտ Էր, իսկ ոստիկանապետը դեպքերին անտեղյակ հարբած պառկել Էր տաքուկ անկողնում ապարանքի գեղեցկուհուն գրկած։
Աղախինը, որ արթուն Էր, կարծելով, թե շեմքին կանգնածները քաղցած զինվորներ են, հայտնեց իր տիրոջը, թե դարձյալ ասկյարներ են եկել և հաց են ուզում։ Ոստիկանապետը վերմակի տակից բարձրաձայն հայհոյեց մեզ, ասելով թե երբ ամբողջ զորքը Ալի փաշայի առաջնորդությամբ գընացել Է գյավուր Անդրանիկի և Դոնի կազակների դեմ կըռվելու, այդ ասկյարները ինչու՞ են մնացել քաղաքում և առավոտ կանուխ տներն ընկած հաց են մուրում։
Լռեց թե չէ մենք ներս մտանք։ Մեր ոտնաձայնից տիրուհին կիսաթեք նստեց անկողնում, շփոթված հայացքը մեզ հառած։
Ես ամբողջ Մշո դաշտը և Սասունը ոտքի Էի տվել, բայց այդպիսի հրաշագեղ կին տեսած չկայի։
— Այդ աներես ասկյարներին դուրս արա և դուռը պինդ փակիր, — հրամայեց ոստիկանապետը վերմակի տակ քաշելով գեղեցկուհուն։ — Ասա, թող գնան Ռահվե–Դուրան գյավուրների դեմ կռիվ։ Շուտ այդ ոջլոտներին դուրս վռնդիր։
Աղախինը մոտեցավ, որ մեզ դուրս հրավիրի, իսկ ապարանքի տիրուհին շարունակում Էր համառորեն մեր կողմը նայել։
— Անո՞ւնդ, — հարցրեց Սմբուլ Արշակը՝ աղախնուն մի կողմ հրելով և մոտենալով նրան։
— Շուշան։
Նա Էր, այն գեղանի նորահարսը, որի ճաղավոր պատըշգամբին ես երկար նայել Էի իմ բանտի նեղլիկ պատուհանից։ Աշխարհի ամենագեղեցիկ կինն Էր Շուշանը։ Նա տեսավ, որ եկողները թուրքի նման չեն հագնված։
— Սրանք ասկյարներ չեն, Անդրանիկի զինվորներն են, վեր կաց, հրեշ, — ուրախաձայն գոչեց Շուշանը և վերմակը ետ քաշելով բռունցքի մի ուժգին հարված իջեցրեց ոստիկանապետի քունքին։ Դահիճը քնաթաթախ վեր թռավ։ Նա մի անզոր շարժում գործեց դեպի գլխավերևում կախված զենքը, բայց ուշացավ։
— Թողեք ես սպանեմ մեր քաղաքը ավերողին և իմ տունը կործանողին, — գոչեց Շուշանը և դաշույնը արագությամբ պատից առնելով անկողնում խողխողեց ոստիկանապետին։
Այստեղ ես գտա նրան։
Իմ առաջ պառկած Էր Ռասիմ Էֆենդին, այն առնետանըման դահիճը, որ հազարավոր ինձ նմաններին քշել Էր դեպի բանտ ու կախաղան։ Այդ չարագործությունների համար նրան բանտի ներքնահարկից հանելով կարգել Էին քաղաքի ոստիկանապետ։
Սմբուլ Արշակը և ձիապան Բարսեղը ճիվաղի դիակը փաթաթեցին վերմակի մեջ և պատուհանից շպրտեցին ներքև։
Ներս մտավ Շապինանդը Կայծակ Անդրեասի և Հաջի Գեվոյի հետ։ Շուշանը մերկանդամ կանգնած էր սենյակում, արյունոտ դաշույնը ձեռքին։
— Այս ի՞նչ կին է, — զարմացած գոչեց զորավարը հոնքը խոժոռելով։
— Հայ կին է և այս ապարանքի տիրուհին, — պատասխանեց Սմբուլ Արշակը։
— Բայց լսվա՞ծ բան է, որ հայուհին մերկանդամ կանգնի տղամարդկանց առաջ։
— Նա սպանեց իր տունը և պատիվը կործանողին, — ավելացրի ես, հրամայելով Շուշանին շորերը հագնել։
Շուշանը հագավ իր շրջազգեստը ու հանկարծ պոռթկաց արցունքով և սկսեց բարձրաձայն հեկեկալ։ Ամոթի՞ց արդյոք, իր կատարած սպանության սարսափից, թե՞ կամավորներին տեսնելու ուրախությունից՝ չիմացանք։ Երբ հանդարտվեց, բացեց պահարանում փակված մի խոշոր սնդուկ, որ լիքն էր ոսկով ու հակինթով։ Մի նախշուն ծանր արկղ էլ քաշեց գորգածածկ թախտի տակից։
— Մախլուտո, էս գեղեցկուհին միայն քեզ է հարմար և օժիտն էլ կա, — կատակեց Շապինանդը, ոսկով լի սնդուկ՛ները ցույց տալով։ — Շուշանին մենք կուղարկենք Երևան։ Երբ պատերազմը վերջանա, ձեր հարսանիքը կանենք։ Քավորն էլ ես կլինեմ։
Հետևյալ օրը Շուշանին և այդ ամբողջ հարստությունը ուղտերին բարձած Կայծակ Անդրեասի հսկողությամբ ուղարկեցինք Երևան, իսկ Շուշանի ապարանքը դարձրինք մեր սպայակույտի կենտրոնատեղին։
Նոր էինք տեղավորվել այդ շինության մեջ, երբ գեներալ Աբասովը Կովկասյան բանակի գերագույն հրամանատարին զեկուցագիր ուղարկեց, որ իբրև թե հայ կամավորները սպանել են քաղաքի ոստիկանապետին և նրա դիակը շպրտել անդունդ, և պահանջում էր, որ հայ կամավորական առաջին գունդը Բաղեշից հեռանա։
Անդրանիկը պատասխանեց, որ ինքը քաղաքը չի թողնի, որ պետք է հետաձգել առաջին կամավորական գնդի մեկնումը Բաղեշից։
Բաղեշը վերցնելու գրեթե նույն օրերին ռուս զորքը հայ կամավորական երկրորդ և երրորդ գնդերի օգնությամբ գրավել էր Կարինը և Մուշը։ Փոխարքան այդ առթիվ հրաման էր արձակել կովկասյան բոլոր զորքերին ու քաղաքներին մեծ զորահանդեսներ կազմակերպել։ Ամենուրեք խրախճանք էր և ուրախություն։ Տխուր էր միայն գեներալ Աբասովը։ Նա կանչվեց Թիֆլիս։ Սմբուլ Արշակը և կազակ գնդապետը նրան առաջնորդեցին դեպի Խլաթի ծովահայաց սարերը և վերադարձան։ Ո՞ր դավաճանն էր ազատվել մեր ձեռքից, որ ռուսական զենքի թշնամին ազատվեր։
Աբասովի գործով փոխարքան Անդրանիկին կանչեց իր նստավայրը դատի։ Զորավարը կամավորական գնդի հրամանատարությունը ինձ հանձնելով պատրաստվեց մեկնել Թիֆլիս։
Ձիու սանձը բռնած մռայլ կանգնած էր ձյուների վրա։ Գնա՞լ, թե չգնալ։ Այդ մտքերի մեջ էր, երբ սառած ձյունը Հարգվեց և նրան մոտեցավ մեր վաշտապետներից մեկը։ Հայկ Բժշկյանն էր, թավրիզեցի։ Բանվոր Հայկ էին ասում։ Պատերազմի սկզբից այդ նախկին նավթաքաշ բանվորը մի խումբ հայ կամավորների գլուխ անցնելով Հաշտարխանից մեկնել էր Բասենի դաշտ՝ կռվելու Կովկասյան ճակատում. երեք անդամ վիրավորվել էր և վերադարձել շարք։
Գլուխը վիրակապված էր, ձեռքը վիրակապով վզից կախ։
— Ի՞նչ կա, Հայկ։
— Ների՜ր, մեծ հայդուկ, որ հուզված եմ խոսում։ Մեր կամավորական առաջին գունդը փառավոր հաղթությամբ Բաղեշը վերցրեց,
— Այո։ Սակայն մեզ այժմ առաջարկում են քաղաքը թողնել։
— Եվ կարծեմ փոխարքան ձեզ կանչել է դատի։
— Կանչված եմ, այո։
— Խաբված ենք, մեծ հայդուկ, դաժանորեն, անխղճորեն խաբված ենք։ Բոլորս միասին ազգորեն խաբված ենք, — ասաց երիտասարդ վաշտապետը։
Ուրիշ բան չասաց, միայն այղքանը և պատվի առնելով դանդաղ հեռացավ։
Հետևյալ առավոտ Դոնի կազակները սրերը քաշած աղմուկով ներս մտան Խաչմանուկյանի ապարանքը։
— Ու՞ր է Անդրանիկ Փաշան։
— Նրան թագավորը տվել է դատի։
— Ո՞ր թագավորը։
— Կովկասի փոխարքան, Նիկոլայ Նիկոլաևիչը։
— Ի՞նչ գործով։ — Աբասովի։
— Աբասովը դավաճան է, և նա արժանի էր այլդ պատժին, — միաձայն գոչեցին կազակները։ — Մենք պահանջում ենք մեր Անդրանիկին։ Նա իսկական հերոս է և ոչ մի թագավոր իրավունք չունի նրան դատելու։
Ու նրանք Շուշանի ապարանքից դուրս գալով հետևյալ հեռագիրը ուղղեցին փոխարքային. «Եթե զորավար Անդրանիկը մի քանի օրից չվերադառնա Բաղեշ, մենք կլքենք ճակատը և ետ կգանք։ Իսկ եթե ետ եկանք, այլևս ոչ մի թագավոր չենք թողնի թախտին»։
Անդրանիկը երբ պալատ է մտնում, նույն պահին փոխարքային է հասնում կազակների հեռագիրը։
Դատը չեղյալ համարվեց և շուտով Շապինանդը իր ձին հեծած Երևանի վրայով վերադարձավ Բաղեշ։ Ճանապարհին նրան էր միացել Կայծակ Անդրեասը, որ ապարանքի գեղեցկուհուն առաջնորդել էր դեպի ՛Արարատյան դաշտ։ Ամբողջ ռուս զորքը, հայ կամավորները և կազակների գունդը բարձրագոչ աղաղակներով դիմավորեցին իրենց գերագույն հրամանատարին։
Բաղեշից ես և հարյուրապետ Սմբուլ Արշակը մեկնեցինք Մուշ։ Ինձ հետ Մուշ մեկնեցին նաև Ալադին Միսակը և իմ ձիապան Բարսեղը։
=== ԲԴԵԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ ===
Բաղեշի գրավման լուրը և Անդրանիկի փառավոր հաղթանակը այդ ճակատի վրա ցնծությամբ էին համակել Մուշ քաղաքի հայ բնակիչներին։ Նրանք շտապել էին Մոկունքի դաշտը մեզ դիմավորելու։
Մոկունքը այն գյուղն էր, ուր ես տեզափոխել էի առաջին ծանր արկղը ֆիդայական երդումից հետո։
Կամավորական երրորդ գունդը փետրվարի 5-ին մտել էր Մուշ։ Նրա հետ Մուշ էր հասել նաև ռուսական բանակը։ Այդ բանակի հրամանատարը ինձ այցելության եկավ իր գոհունակությունը հայտնելու Բաղեշի ազատագրման առթիվ։
Բայց ու՜ր էր իմ տեսած Մուշը։ Եվ մի՞թե այդ այն օրն էր, որ ես պետք է ոտք դնեի այնտեղ քսանհինգ տարվա բացակայությունից հետո։
Այդ նույն օրը հուղարկավորների մի տխուր բազմություն անցավ ս. Մարինեի թաղով։ Մշո մեջ մեռել էր բռնաշենցի մի հովիվ և Սև սարի մարդիկ նրան տանում էին թաղելու։
Եվ ննջեցյալն էր ծանոթ և նրա վրա դամբանական ասող հովվապետ Խոդեդանը։
Իմ հարյուրապետ Սմբուլ Արշակը, որ մասնակցել էր այդ հուղարկավորությանը, վերադարձին ինձ մի «Հիշատակարան» հանձնեց, որ իմ ձիապան Բարսեղը գտել էր Ձորաթաղի կործանված տներից մեկի ավերակներում՝ իմ ձին Մշո գետակը ջրի տանելիս։
Քեռի Բդեի հիշատակարանն էր, ավելի ճիշտ նրա հուշապատումի վերջին գլուխը, որ նա գրել էր բանտից դուրս գալուց հետո։
Առաջին գլխից միայն մի պարբերություն գտա. «Ես նըրան օրհնեցի և նա գնաց իր պայուսակը նստարանին թողնելով, Մավի աղջկան՝ գերեզմանում, իսկ իր խաղընկերներին՝ Շահկա Արո, Պզտիկ Արամ և Ճիրո՝ հայրենի գետակի եզերքին…»։ Մյուս մասերը այրված էին։ Այրված էին նաև հիշատակարանի վերջին գլխի սկզբի մի քանի էջերը։
Ինչ որ կարողացա կարդալ՝ այս էր.
«... Ոտքերը քշտած մի սասունցի ուրախ-ուրախ հրապարկն էր մաքրում թիակով, երբ մեզ դուրս բերին բանտից։ Մուշ քաղաքի բնակիչները նույնպես ուրախացել էին, որ Սասունը էրմենիստան է լինելու։ Հայ ֆիդայիները դուրս եկան իրենց թաքստոցներից։ Շատերը իրենց զենքերը վաճառեցին կամ հանձնեցին կառավարությանը և սկսեցին զբաղվել հողագործությամբ։ Ոմանք ամուսնացան, ինչպես օրինակ Մորուք Կարոն։
Բայց մի զարմանալի բան պատահեց։
Մուշի մեջ բացվեց երիտասարդ թուրքերի ակումբ և մեր քաղաքի սուլթանի նախկին գրեթե բոլոր պաշտոնյաները դարձան իթթիհատի անդամ և այդ ակումբի մշտական հաճախորդ։ Այդտեղ գաղտնի սկսեցին ելումուտ անել Խվների Ղասըմբեկը. Հաջի Ֆերոն և Սլեման Օնբաշին։
Ու մի օր հանկարծ լուր տարածվեց, թե զորահավաք է։ Մեր բոլոր արական ուժը հավաքեցին տարան բանակ։
Իմ եղբայր Վաղարշակը նոր էր վերադարձել Ամերիկայից և ապրում էր Խասգյուղում։ 1915 թվի հունիսի 20-ին, շաբաթ օրը, ես Մ ուշից Վաղարշակի մոտ ուղարկեցի իմ Գասպար որդուն, որ տասներեք տարեկան էր։
Մի քանի օր հետո Գասպարը վերադարձավ Մուշ և պատմեց հետևյալը,
«Հունիսի 25-ին Վարդավառի պահոց հինգշաբթի օրը, քուրդ ցեղապետները ժողովի կանչվեցին Խութի Մապուպնեք գյուղի մեջ։ Այդ ժողովին ներկա են եղել նաև Հաջի Ֆերոն և Ճուռո կնիկը։ Հետևյալ օրը Ֆերոն եկավ հաս գյուղ և գյուղացիներին հայտնեց. «Իմացեք, որ ձեզ պիտի կոտորեն»։
Շաբաթ օրը քսանի չափ երևելի անձեր, որոնց մեջ էին նաև Տեր Քերոբը, գնացին Քոլոսիկ հաջի Ֆերոյի մոտ, որ իրենց գյուղին պաշտպան կանգնի։ Այդ նույն օրը հազար հինգ հարյուր զինված քրդեր լցվեցին Խասգյուղ։
Վաղարշակ հորեղբորս հետ ելանք գնացինք Քոլոսիկ։ Հաջի Ֆերոն ասաց Վաղարշակին. «Գնա քյոշկը հանգիստ նըստիր»։ Կեսգիշերին Սլեման Օնբաշին Շաքիր անունով մի քրդի, որ մեր բոստանչին Էր, պատվիրեց, որ Վազարշակ հորեղբորս և ինձ տանի իր տուն պահի։ Մյուս օրը Գորդոնի ժանդարմաներից մեկը (Մեհմեդ) եկավ և Շաքիրին ասաց, «Սլեման Օնբաշին Վաղարշակին կանչում Է»։ Հորեղբայրս մենակ գնաց։ Երբ տեսա, որ ուշանում Է, ելա գնացի Գորդոնի դուռ։ Տխուր մտքերի մեջ Էի, երբ տեսա Վազարշակ հորեղբորս դուրս հանեցին Գորդոնից՝ մի չվան վիզը և թևերը մեջքի վրա իրար կապած։
Քիչ վերջը տեսա, որ Գորդոնի ոստիկան Պարտկա Ճաղոն Վաղարշակի հագուստները առած Գորդոն վերադարձավ, լըվաց, արյունը մաքրեց, հագավ նրա Ամերիկայից բերած բաճկոնը և խոսքը ընկերոջը ուղղելով՝ ասաց,
— Լավ նստեց վրաս, մեջքին մի թեթև ծակ ունի, բայց կարկատանով կգոցեմ, որովհետև ինը կրականոց Էր, և հագուստը վառել է...
Առավոտյան գյուղում հայտարարեցին, թե հայ կանայք ու աղջիկները երկու օրվա ուտելիքով պետք Է գնան Բիթլիս. գերմանացու թագավորի աղջիկն եկել Է և ուզում Է նրանց տեսնել։ Մի քանի տղաների հետ ինձ Էլ աղջկա շոր հագցրին և խառնեցին Բիթլիս գնացող կանանց խմբին։ Ճանապարհին մեր կապոցներն առան և մեզ փոքրիկ խմբերի բաժանելով քշեցին դեպի Էրիշտեր գյուղի գոմերն ու մարագները։ Դռները փակեցին, զինված հսկիչներ դրին և երդիկից քարյուղ լցնելով՝ կրակ տվին։ Ես գոմի մսուրում կանգնած բերանս սեղմել Էի պատին։ Կրակն ու ծուխը տարածվեցին դեպի պատերը և ես մեջքի կողմից ուժեղ տաքություն զգացի։ Սաստիկ ճնշումից ետևի պատը փուլ եկավ և ես դուրս փախա կրակների միջից։
Հետևյալ առավոտ Սլեման Օնբաշին ինձ և Գորդոնի ծառա լալ Հասոյին կարգադրեց, որ գնանք հայերի ցրված նախիրը ժողովենք տուն բերենք։ Գնացինք մինչև Սկրագոմ գյուղի ձորը։ Հասոն գնաց դաշտի ուղղությամբ, իսկ ես իջա դեպի մեծ խանդակը։ Զարմանքով տեսա դիակների կույտեր խառնիխուռն իրար վրա լցված։ Նրանց մեջ ճանաչեցի Տեր Քերոբին, մեկ թևը կտրած, կրծքի վրա դաշույնի մի քանի Հարված։
Ճանաչեցի նաև գյուղապետ Մուքոյի և Թարղու երեցի դիակները։
Մարագների մոտ ընկած Էին մի քանի դիակներ։ Լալ Հասոն սկսեց քարերով դրանց գլուխները ջախջախել, իսկ ես զբաղվեցի Վաղարշակ հորեղբորս դիակը որոնելով։ Մի բլուրի տակ գտա այն մերկանդամ ու բաց ձգված։ Գորդոնի կողմը գնացի և հայերից թալանված մի հին կարպետ գտնելով, դիակը նրանով փաթաթեցի, հողի մի քանի կույտեր դրեցի վրան ու գյուղ վերադարձա։
Պարտկա Ճաղոն ասաց,
— Ես պիտի պահեմ քեզ և այսուհետև քո անունը Հասան պիտի լինի։ — Ապա հայտնեց, որ իր եղբայրը եկել է և ես իր հետ Պարտիկ պիտի երթամ։ Սայլը շարժվեց։ Հասանք Վաղարշակի ընկած տեղը և տեսա, որ քիչ առաջ վրան ձգված կարպետը առել տարել էին և դիակը թաց թողնված էր արևի տակ։
Ճաղոն Վաղարշակի նոր լվացած հագուստը փռել էր սայւԻ վրա, աչքերիս առաջ, որ չորանար, իսկ բաճկոնը հագին էր։ Դիակը տեսնելով՝ հարցրեց.
— Սա քո հորեղբա՞յրն էր, որ սպանեցի։
— Այո, — ասացի, — և նա նոր էր եկած Ամերիկայեն։
Ճաղոյի եղբայրը իջավ սայլից, մտավ մի հայի տուն, ամբարից հինգ–վեց թեռ ցորեն հանեց և մի նորածին հորթ տես՛նելով, հորթը սայլի վրա գրավ ու կովն էլ սայլին կապեց։
Պարտկա Ճաղոն երկու կին ուներ. մեկը՝ քրդուհի, մյուսը՝ թրքուհի։ Թրքուհին իմ բախտից բարի էր։ Քրդուհին ինձ հասակակից մի տղա ուներ, որին թելադրում էր ինձ սպանել։ Հաջորդ օրը, երբ գնացինք իրենց անասունները արածացնելու, այդ տղան ուրիշ երեք լամուկների հետ վրաս հարձակվեցին, որ սպանեն։ Ու ես Փախչելով շուտով ինձ գտա Խասգյուղի մեջ։
Գորդոն գնացի։ Համիդ Օնբաշին հարցաքննեց ինձ և որոշեց հաջորդ օրը Մուշ տանել։ Երկու բրիչ և երկու թիակ վերցրի և Գորդոնի մի հայ ծառայի հետ գնացինք Վազարշակի ընկած տեղը։ Մկրագոմի ճամփու վրա, մարագների տակ մի փոս փորեցինք և մարմինը դրինք մեջը։
Որովհետև ուշ էր, Տեր Քերոբին չկարողացանք թաղել։ Միայն լսեցի, որ հայ ծառան աչքերը սրբելով ասաց* «Ֆիդայու սուրը խոնարհվեց քո խաչի առաջ, որ Հաջի Ֆերոն փրկվի» բայց Հաջի Ֆերոյի սուրը ոչ քեզ խնայեց, ոչ քո խաչին»։
Ճանապարհին երկու հայ շինական Գորդոնի ձիերի համար խոտ էին հնձում։
— Դուք դեռ ո՞ղջ եք և խո՞տ կհնձեք, — բոռացին հեռվից դեպի Մկրագոմ գնացող մի քանի ժանդարմաներ և նրանց կըրոնքը հայհոյելով, սպանեցին երկուսին էլ։ Գերանդիները հնձվորների կողքը ընկած մնացին։ •
Մուշ հասնելուս հաջորդ օրը այլևս բացահայտ դարձավ, որ ռուսները գալիս են։ Սոսկալի իրարանցում և շփոթ սկսվեց քաղաքի թուրքերի մեջ։ Նրանք տեր էին դարձել հայերի շարժական և անշարժ անչափելի հարստությանը։ Այդ բոլորը ինչպե՞ս և ինչո՞վ տեղափոխեին։
Ով կարող էր մի բան առնել, առավ ու ընկավ ճամփա։ Շատերը հետիոտն, քչերը՝ ձիով կամ գրաստով։ Քարավանի մի ծայրը հասած էր Արածանի, իսկ մյուս ծայրը քաղաքի մեջ էր դեռ։
Թուրք մեծամեծներից ոմանք դիմում կատարեցին կառավարիչ Սերվեթ Բեյին, որ իրենք որոշած են քաղաքից չըգաղթել, առարկելով, թե այս ձյուն ու բքին ու՞ր երթան։ «Վերջին պահին մենք լեզու կգտնենք ռուսների հետ, — ասել Էին նրանք իրենց դիմումի մեջ։ — Ռուսները ոճրագործներ չեն, նրանք ուր մտած են, ոչ ոքի չեն դիպած»։
Համիդ Օնբաշին աոաջինը շարժվեց քաղաքից։ Նրա կինը՝ Մարճանը լաց Էր լինում ու ասում. «Այսքան առատաբուխ մի տուն ինչպե՞ս լքենք ու փախչենք»։ Բայց թնդանոթի շատ մոտիկից լսվող երրորդ որոտը արագացրեց նրա քայլերը։ Նըրանք գնացին ու ինձ Էլ իրենց հետ տարան»։
Այսքանը իմ Գասպար որդու «ոդիսականից», որ շատ երկար Է։ Եվ ես կընդհատեմ այն իմ հիշատակարանը շարունակելու համար, պատմելով այդ դեպքերին նախորդող և հաջորդող մի քանի անցքերի մասին, որոնց ականատես եղա և մասնակից, ես՝ Տարոն աշխարհի վերջին դժբախտ հուշագիրս։
«Նոյեմբերի վերջն Էր, խիստ պայծառ ու սքանչելի մի օր։ Մենք Մշո խանութների առաջ զբաղված Էինք մեր գործով, երբ քաղաք մտան մի քանի քուրդ ցեղապետներ իրենց զորքով։ Նրանք քայլեցին շուկայի երկայնքով և հավաքվեցին կառավարչական հրապարակի վրա։ Նախ եկան Ղասմրեկը և իր երկու եղբայրները՝ Մուսաբեկ և Նհոբեկ, ամեն մեկը իր հեծյալ ու հետևակ հինգ հարյուր զինվորով։ Հետո եկավ բալա քցի Ֆերոն իր որդիներով՝ Հասան և Մահմուդ, ամեն մեկը բերելով հինգ հարյուր մարդ։ Բացառությամբ բեկերի և նըրանց շքախմբերի, բոլորն Էլ անզեն Էին և իրենց ուսերին դրած Էին. մեկական երկար փայտ։
Քրդական մեծ ձիարշավ եղավ հրապարակի վրա, Ասլան Ղափլան խանի առաջ։ Ձիարշավից հետո մեր տուն հրավիրեցի բալաքցի Ֆերոյի անդրանիկ որդուն՝ Հասան աղային։ Խոսակցության ժամանակ ես նրան հարցրի.
— Ի՞նչ է ձեր կարծիքը ներկա պատերազմի մասին։ Ի՞նչ եք մտադիր անել։
— Մենք, իբրև ցեղապետ, շիտակ չէ, որ մեր խորհածն ու ծրագրածը ուրիշին հայտնենք, բայց քեզ իբրև վստահելի բարեկամի՝ կասեմ։ Մենք՝ քրդերս, օրվա եղանակին կհետեվենք։ Այսօր այսպես կանենք, վազն էլ, երբ որևէ փոփոխություն ստացավ երկիրը, անմիջապես շուռ կգանք դեպի այդ փոփոխությունը, այնպես, որ մեր այս սարքած խազերը — հոս գալը և պատերազմի դաշտ երթալը— պարապ բաներ են։ Մենք ռուս թագավորի դեմ ոչ կարող ենք, ոչ էլ ուզում ենք կռվել։ Օսմանցին մեզ չի սիրում, և մենք նրա աչքը թոզ փչելու համար է, որ այս շարժումները կանենք։
— Վստա՞հ եք ռուսների գալուն, — հարցրի։
— Դուք այնքան վստահ չեք, որչափ մենք։ Երբ ռուսի և մեր տերության զինվորական ուժերը համեմատության մեջ կդնենք՝ ինչպես լուն ուղտի քով։ Էսօր մի մարդ էր եկել Հասան–Ղալայի կողմից. ասում էր՝ ռուս զինվորները թուրքերի պարենակիր ավանակների երկար շարանը տեսնելով իրար ծաղրանքով ասում են՝ օսմանցու երկաթուղին է գալիս, ըզգույշ, տակը չընկնես։
Երեք օր անց պաշտոնական հեռագիրը գուժեց Էնվեր փաշայի հարյուրքսան հազարանոց բանակի ջախջախման մասին Օլթիի և Սարիղամիշի տակ։ Ինքը՝ Էնվերը հազիվ է կարողացել փրկվել։ Ռուս թագավորի զորքը հասել է Հասան–Ղալա։
Ու սկսվեց նոր զորահավաք ռուսների արշավանքը կասեցնելու համար։
Ռուսների դեմ կռվելու համար օսմանցիք բերել էին նաև արաբ զորք։ Այդ օրերին Մշո շուկայի և փողոցների անկյուններում կարելի էր տեսնել շատ հիվանդ արաբ զինվորների կանգնած կամ պառկած՝ վայրկյան առ վայրկյան մահվան սպասելիս։ Մուշի հայ բնակիչներս մի քանի անգամ դիմում կատարեցինք քաղաքապետ արանին արաբներին օգնելու համար։ Հայ վաճառականներից ձրի ճերմակ կտավ էինք վերցնում և մեռած արաբներին տանում թաղում էինք հայոց գերեզմանոցներում։
Հայերին և արաբներին ռուսական ճակատ ուղարկելու դեմ խստորեն բողոքողներից մեկը Գոմս գյուղի նշանավոր երկրագործ Կորյունն էր (Գոմսա Իսոն)։
Մարտ ամսի սկզբին Աղջան գյուղի մյուդիրը քսան հեծյալ չեթեներով գալիս է Գոմս՝ նոր կռվողներ տանելու ռուսների դեմ։ Կորյունը պատասխանում է, որ բոլոր տղամարդիկ արդեն մեկնած են ճակատ, գյուղում մնացել են միայն մի քանի հիվանդ շինականներ։
Չեթեն ոստիկանները խուզարկում են տները և կռվից վերադարձած մեկ-երկու հիվանդ արաբ զինվորի և հայ շալակավորների գտնելով, ստիպում են նորից ճակատ մեկնել։ Կորյունին էլ բռնում են, որ քաղաք տանեն։
Իբրև բողոք այդ. բռնության դեմ Գոմսա Իսոն կրակի է տալիս իր տունը՝ մեջը ունենալով չեթեներին, նաև իր ախոռն ու անասունները և զենք վերցնելով՝ մեկնում է Սասուն։
Ապրիլին ձյունից ազատված էր դաշտը։ Բայց Խնուսի և Քոսուրի լեռները դեռ տեղ–տեղ ծածկված էին ձյունով։ Օսման բանակը շպրտվել էր մինչև Բլեջան սարի ստորոտը։ Մյութասարիֆ Սերվեթ Բեյը որոշեց քաղաքի երկու թնդանոթները փոխադրել Ցրոնք գյուղի կռնակը, Քոսուրի լեռներից դիմադրություն կազմակերպելով ռուսական առաջացող բանակի դեմ։
Թնռանոթների փոխադրությունը հանձնարարվեց թուրք բանակի փորձված զինվորական Կոտո Հակոբին։ Զենքը փոխադրելուց հետո Կոտո Հակոբը հայ մեծավորներին ժողովի հրավիրեց քաղաքի մոտակա հնձաններից մեկում։ Ժողովին ներկա էին ինքը՝ Կոտո Հակոբը, Կառնենու Սողոմոնը, Շահկա Արոն, Սասուն ապաստանած Կորյունը և մի քանի լեռնցի ու դաշտեցի ղեկավար ընկերներ։ Կանչված էի նաև ես։
Կոտոն ներկաներին պարզաբանեց Մ ուշին և Սասունին սպառնացող վտանգը։ Ի նկատի ունենալով, որ ցարական բանակը շատ մոտ է Մշո դաշտին և օսման բանակն ու տեղական ուժերը զբաղված են նրա առաջխաղացքը կասեցնելու գործով, Կոտոն ասաց. «Մեր բոլոր ուժերը պետք է կենտրոնացնենք և գրավենք Մուշ քաղաքը, ձեռք ձգենք զինամթերքի պահեստը, իսկ մնացյալը դյուրին է»։ Նա առաջարկեց Քոսուրա լեռների թիկունքից հարձակում գործել թշնամու վրա, իսկ քաղաքում զինարանը գրոհելով, զինել ժողովրդին և գրավել իշխանությունը։
— Աստծո սիրուն, այսօր մեր օրն է, — ասաց Կոտո Հակոբը, — պետք է օգտվենք այս հազվագյուտ պատեհությունից և գործադրենք մեր փրկարար ծրագիրը։ — Կոտոն մի քանի անգամ գոչեց, «Օսման բանակը Բուլանուխի գծի վրա շատ թույլ է։ Ճակատը հիմնականում պաշտպանվում է քրդերի կողմից, որոնք մի փոքր ճնշումից տեղի կտան և կցրվեն։ Ճակատը ճեղքելով մենք անմիջապես կմիանանք ռուս զորքին և նրանց հետ վերադառնալով կգրավենք Մ ուշը, — Սասունն արդեն մեր ձեռքին է, — և կփրկենք մեր ժողովրդին»։
Այս առաջարկի դեմ առարկություն եղավ։ Ընդդիմադիր հոսանքի կողմնակիցները անընդունելի և անիրագործելի համարեցին Կոտոյի բանաձևը և թելադրեցին քաղաքի և դաշտի բոլոր ուժերը փոխադրել Սասուն։ Երբ Կոտոն տեսավ, որ իր առաջարկը մերժվեց, «վայ մեզ, — ասաց, — ամբողջ Տարոնը գնաց ձեռքից»։
Եվ իսկապես, շուտով նպաստավոր դրությունը փոխվեց։ Ցարական բանակը կասեցրեց իր առաջխաղացքը և նրա առջևից խույս տվող թուրք և քուրդ փախստականները ողողեցին Մուշ քաղաքն ու դաշտի գյուղերը։ Մուշի մեջ երևաց Ղասըմբեկը իր եղբայրներով, որոնք ետ էին կանչված Լիզ գյուղի ռազմաճակատից։ Ետ էր կանչված նաև Բալաքցի Ֆերոն իր զինված որդիներով ու չեթեն զինվորներով։ «Մեր և ձեր մարդկանց ներկայությունը խիստ կարևոր է Մուշի մեջ», — գաղտնի հեռագրել էր Մյութասարիֆը այդ ցեղապետներին։ Եվ նրանք միանալով հասնանցի ու ճիպրանցի աշիրեթապետներին՝ ներքին Բուլանուխի հայ գյուղերը կոտորելով, մեծամեծ ավարով մտան Մուշ։ Հասան աղան իր չեթեներով ուղիղ իմ խանութի մոտով մտավ հրապարակ։
Դիարբեքիրի և Բաղեշի կողմից Մուշ հասավ նաև երեքչորս հազար սև զորք, որոնց ներկայությունից սոսկաց հայ անզեն բնակչությունը։ Այդ օրերին և դրանից էլ առաջ հազարավոր հայ ընտանիքներ Մանազկերտից, Բուլանուխից, Խնուսից, Վարդովի և Բաղեշի շրջաններից եկել լցվել էին Մուշ։ Մուշ հասան նաև շատ սասունցի կանայք ՛ու երեխաներ, այն հույսով, թե քաղաքի հայությունը զերծ պիտի մնա վտանգից։
Ես ընտրված էի Զորի թաղի ատենապետ՝ գաղթականների տեղաբաշխման և պարենավորման գործով։ Շատ տներ պարպել տվինք և հատկացրինք գաղթականների։ Մի քանի հարուստ դասակարգի մարդիկ ոչ մի գաղթական ընտանիք չառան իրենց հարկի տակ։ Մենք երկու տուն ունեինք։ Մեկը, որ պարտեզի մեջ էր, ամբողջապես սասունցի ընտանիքների տրամադրեցինք՝ նրանց ապրուստն էլ մեր կողմից հայթայթելու պայմանով, քանի որ ներքին նախազգացումս ինձ թելադրում էր, թե երբ ազգային գոյությունը մեծ հարցականի տակ է, այդ պարագային այլևս ի՞նչ արժեք ունի հարստությունը կամ խնայողությունը։ Հարուստներից ոմանք մեր առաջ դուռ չբացին։ Իրենց վերին հարկի պատուհաններից մեկերկու չոր հաց էին նետում վար, հայտնելով, թե իրենց ունեցածը այդ է։ Մենք էլ իրենց տված հացերը նետում էինք իրենց երեսին ու հեռանում։ Այդ մշեցիներից մի քանիսը աղետի ժամանակ մեջտեղ հանեցին իրենց դեղին ոսկիները ու երբ տեսան, որ ոսկին էլ անզոր է իրենց կյանքը փրկելու, իրենք եղան առաջինը, որ իրենց տները հրդեհեցին և բոլորն էլ վառվեցին կրակների մեջ։
Հունիսի 27-ին հայոց առաջնորդ Հեսու վարդապետը պաշտոնական գրությամբ կանչվեց Սերվեթ Բեյի մոտ։ Հեսուն կառավարչատուն գնաց մի քանի երևելի ազգայինների հետ։ Ժողովուրդը խռնված էր առաջնորդարանի շուրջը, երբ Հեսու վարդապետը և իր ընկերները վերադարձան։ Թալիաթի մըտերիմ բարեկամ Խոճա աղայի բերանով երեք ժամ միջոց էր տրված, որ քաղաքի ամբողջ արական հայ բնակչությունը տարագրվի ավելի ապահով վայրեր, մինչև պատերազմը վերջանար։
— Ըմբոստանալ, դիմադրել օգուտ չունի, — ասաց Հեսուն, դիմելով հայ բնակչությանը։ — Վերջապես ամեն մարդ ազատ է. ուզողը թող մնա ու դիմագրի, չուզողը թող ինձ հետ գա։
Եվ շատ երևելի մշեցիներ գնացին Հեսու վարդապետի հետ։ Բաղեշ տանելու պատրվակի տակ նրանց առաջնորդել էին մինչև մոտակա գյուղի ձորը և բոլորին կոտորել։ Ծերունի վարդապետին, ճյուպեի մեջ փաթաթելով կոխել էին տոպրակը և վրան քարյուղ լցնելով՝՝ այրել։
Կոտո Հակոբը Հեսու վարդապետին հակառակ որոշեց մնալ քաղաքում և մարտական դիմադրություն կազմակերպելով՝ ապրել կամ մեռնել ժողովրդի հետ։ Գրեթե մեկ շաբաթ քաղաքի քաջարի հայ կտրիճները Կոտո Հակոբի գլխավորությամբ կատաղի դիմադրություն ցույց տվին թշնամուն։ Քաղաքը վերածվեց փլատակների և կռվողների մեծ մասը նահատակվեց։ Նահատակվողների մեջ էր նաև պարոն Սենեքերիմը։ Գոյամարտը ղեկավարած քաջերից աղատվեցին միայն Շահկա Արոն, վարժապետ Մելքոնը և Մշո վերջին ատենապետ Հակոբ Տեր-Զաքարյանը։ Ճակատագիրը ինձ էլ դրեց նրանց շարքը, երևի նրա համար, որ իմ «Հիշատակարանը» ավարտեմ։
Գիշերով անցանք Մշո գետակը, հասանք Կողու թաղի գերեզմանոցը Սաչկի դուրանի վրա։ Բոցերի փայլից տապանաքարերը լուսավորվել էին։
— Վեր կաց, Գևորգ Չաուշ, քո սիրած Մուշը վառվում է, — ասաց Շահկա Արոն փարվելով հայդուկապետի գերեզմանին։ Այդտեղից ես և Շահկա Արոն, Մելքոն վարժապետի հետ Արաղ գյուղի վրայով բարձրացանք դեպի Հավատորիկ, որ մի բարձրը բլուրի գագաթին էր շինված։
Հետևյալ օրը միչև կեսօր թնդանոթները գռռացին քաղաքի վրա։ Երեկոյան երկու հարևան մշեցի տեսանք։ Կոտո Հակոբի մասին տեղեկություն ուզեցինք. պատասխանեցին, «Ցավ ի սրտե իմացանք, որ Կոտո Հակոբր և իր ընկերները նահատակված են»։ Ապա ավելացրին. «Ոստիկանները ձեր տան մոտով գնում –գալիս էին և իրար ասում. «Կոտո օղլու մեշհուր ֆիդայի վուրուլմըշ» (Կոտոյի տղա նշանավոր ֆիդային սպանված է)։ Գլխին ռուսական փափախ ուներ և միջնամատն էլ՝ կտրված։
Հավատորիկ գյուղը դեռ շեն էր։ Բնակիչները բողոքական լինելով իրենց փրկության հույսը դրել էին Գերմանիայի վրա։ Մենք սրանց անտառի մեջ ճլոներից խզեր էինք շինել և պատըսպարվել դրանց մեջ։
Մեզանից կես ժամ հեռու գտնվում էր Առաքելոց վանքը իր ամբողջ շրջապատով, որ միշտ մեր հայացքի տակ էր։
Վանքը լցված էր ասկյարներով։ Մեր գտնված վայրը բարձրադիր լինելով, նրանք մեզ տեսնել չէին կարող, տեսնելիս էլ կկարծեին, թե Հավատորիկի բնակիչներ ենք։ Միշտ կասկածի մեջ էինք, չլինի՞ թե հարձակում գործեն մեզ վրա, ուստի լեռան գագաթին դիրքեր փորել տալով, հինգ-վեց կետերում պահակներ էինք դրել զինյալ երիտասարդներից։
Այդ դիրքերից մեկի ղեկավարը Շահկա Արոն էր։
Մի օր Շահկա Արոն իր դիրքից վազեց դեպի մեր կողմը աղաղակելով՝ «Քանդու՜մ են»։
Եվ իսկապես, հուլիս ամսվա կեսերին Առաքելոց վանքի մեջ գտնված ասկյարները սկսել էին քանդել վանքի գմբեթը, պարիսպներն ու սենյակները։ Ամեն օր առավոտից մինչև երեկո հարյուրավոր չեթեններ բահ ու բրիչ առած քանդում էին հնադարյան սրբավայրը՝ մեր հերոս հայդուկների ամրոցապաստարանը։ Իմ աչքի առաջ վանքի զանգակատունը վայր ընկավ։ Հետո սկսեցին քանդել Թարգմանչաց Հուշարձանները — Դավիթ Անհաղթի և Մովսես Խորենացու գերեզմանները։ Վանքի ծերունի վանահայր Հովհաննես վարդապետը արդեն նահատակված էր վանքի սեմի վրա և թաղված իր ձեռքով փորված փոսի մեջ։
Այդ փոսն էլ շուռումուռ տվին։
Հուլիսի 5-ին Հավատորիկի լեռներից անցանք Քանա լեռը, կորելով Արաղ գյուղի ձորը։ Եղեռնից ազատված քսանհինգ Հազարից ավելի փախստականներ եկել պատսպարվել էին այգ անտառների մեջ։
Քանասարի վրա այդ նույն գիշերը սպանված գտանք Սուլուխի կռվի հայտնի ֆիդայի Ալիզռնանցի Մուքոյին։ Քնած տեղը, գիշերով, ինչ–որ անհայտ մարդիկ ջախջախել էին նրա գլուխը և հեռացել։ Այդպես վերջացավ Հուռիաթից խաբված այդ հերոսական մարտիկի կյանքը։
Քանասարի վրա էինք, երբ Սասնա լեռներից լսվեց թընգանոթի որոտ։ Երեք օր վերջը որոտը լռեց։ Շուտով նամակ եկավ Սասունից, որ Կորյունը (Գոմսա Իսոն) իր քաջերով նահատակվել է և հանգչում է Հրայրի կողքին, իսկ Ստեփանոս վարդապետը, որ Հուռիաթից հետո ստանձնել էր Ճկույթ (Գոմաց) վանքի վանահայրությունը և գլուխ կանգնել Բսանաց գավառի ինքնապաշտպանությանը, ծանրորեն վիրավորված ընկած էր Անդոկի ժայռերից մեկի տակ։
Սասնո վերջին գոյամարտին հերոսաբար կռվել էր նաև Մոսե Իմոն։ Իմոն մերկերցի և ալիանցի մի խումբ երիտասարդներով ետ էր մղել քրդերի հարձակումները Անդոկի Սրբու կած կոչված վայրում։ Դավադրությամբ գերի տարվելով Սուլուխ, նա կազմակերպել էր գելեցի երեսուներկու երիտասարդների գիշերային Փախուստը դեպի Սասուն։
Մենք բաժանվեցինք երկու խմբի։ Մեկը Շահկա Արոյի հետ իջավ դեպի Մառնիկ, իսկ ես վարժապետ Մելքոնի հետ մեկնեցի Ալվառինջի լեռը։
Մեղրի ժայռերի մոտ մի քարայր գտանք։ Մի մարդ հազիվ կարող էր ներս մտնել։ Նախ ես մտա, հետո՝ Մելքոն վարժապետը։ Ներսը ավելի լայն մի տեղ գտա և տեղավորվեցի դյուրությամբ։ Գլուխս թեև վերի քարերին չէր դիպչում, բայց պառկել, երկննալ անկարելի էր։ Շարունակ մի կողմի վրա անշարժ նստած պիտի մնայինք։
Քարայրի մեջ մեր կողքին փայտե մի սնդուկ էր դրված; Բաց արինք և մեջը գտանք բրդե թել, գուլպա, ավանակի սանձ, փորքաշ, ոսկրե սանր, մի քանի արշին Ճերմակ կտավ, նաև մի հին արա և մի քանի մաշված քոլող։ Քարայրի պատից կախված էր մի մեծ ալրամաղ, գրեթե քրքրված։ Վարժապետ Մելքոնը շուռում ուռ տվեց և ասաց. «Տերգևանքցի Ռեհանի մաղն է, կորել էր Բերդակի կռվին»։ Հայտնեց նաև, որ այդ սնդուկը պատկանել է ֆիդայի Սեյդոյին և սա էլ իր քարայրն է։ Այդ նեղ անցքից է նա ներս ու դուրս արել և զենքին կռթնած հսկել Ծծմակի Ճանապարհներին։
Մեր վերևում ոտնաձայն լսվեց և մեր ականջին ծանոթ ձայներ հասան։ Քարայրից դուրս փութացինք և ի՜նչ տեսանք։ Մոտ ութսուն անձից կազմված մի խումբ դեպի դաշտ էր իջնում լեռներից։ Մի քանիսը Մուշ քաղաքից էին, օրինակ՝ զինվոր Պստիկ Արամը և Ճիրոն։ Մնացյալները ծանոթ գյուղացիներ՝ որոնցից մեկը հայտնի ֆիդայի Առղա Հորիկն էր, որի հետ բանտ էի նստած։
Պստիկ Արամ և Ճիրո։ Խենթացա նրանց տեսնելով։ Այդ երկուսն էլ մեզ հետ կողք–կողքի կռվել էին հայրենի քաղաքի պաշտպանության համար։
Ինչպես նրանց պատմածից հասկացա, Քանասարում սուր հարձակումներ էին եղել երկու պարագլուխների՝ Ռուբենի և Կոմսի դեմ, որոնք լքել էին դիրքերը և իրենց մարդկանցով փախել։ Պստիկ Արամը նրանցից անջատվելով, մի առանձին խումբ կազմած իջել էր Ալվառինջի լեռը։ Այդ խումբը Արամի և Ճիրոյի առաջնորդությամբ որոշել էր ռուսական բանակ երթալ։ Խմբի բոլոր մասնակիցները երիտասարդներ էին։
Վարժապետ Մելքոնը իսկույն միացավ նրանց։ Պստիկ Արամը ինձ էլ ընդունեց իր խմբի մեջ, բայց մի պայմանով, որտեղ չկարողանամ քայլել՝ պիտի գնդակահարվեմ, որ արգելք չլինեմ խմբի արագընթաց երթին։
Խմբի առաջնորդն ու ղեկավարը զինվոր Արամն էր, օգնականները՝ Ճիրոն և Առղա Զորիկը։ Ութսուն հոգուց երեսունհինգը զինյալ էին, իսկ քառասունհինգը՝ անզեն։ Զինյալների կեսը առջևից և կեսն էլ հետևից էր քայլում։ Այդ գիշերը, արշալույսը չբացված, մեր խումբը ամբողջ դաշտի լայնքը և Հացիկ գյուղի կիրճը կտրելով, հետևյալ արշալույսին պետք է հասներ Բլեջան լեռան տակ։
Օգոստոսի երկուսին Ալվառինջ գյուղի սարից իջանք դաշտ և Մեղրագետն անցնելով, ուղղվեցինք դեպի Քոսուրի լեռները։
Շատ մութ գիշեր էր։ բախտավոր էինք, որ լուսնյակը լուսադեմին պիտի դուրս գար։ Հացկա կիրճը բավական երկար էր և մենք արշալույսը չբացված այդ կիրճը կտրելով մտանք մի խիտ անտառ։
Երեկոյան մութին խումբը շարժվեց։ Արշալույսին հասանք Բլեջան լեռան տակ, ինչպես պայմանավորվել էինք։ Հայկը Բելին այդտեղ էր սպանել։ Բլեջան— այսինքն Բելի մարմնի ընկած տեղը։ Կեսօրին սկսվեց մեր վերելքը այդ լեռան ապառաժոտ կողերն ի վեր, ուր վայրի սալորի ծառեր կային։
Այդտեղ էր, որ վարժապետ Մելքոնը, որ արդեն շատ ծեր էր և ուժասպառ, մահացավ վերելքի ժամանակ։ Մենք նրան փաթաթեցինք իր հնամաշ վերարկուի մեջ և թաղեցինք Բլեջանի լանջին, մի ճյուղատարած մասրենու տակ, կրծքի վրա դնելով Նարեկը, որ կյանքում միշտ իր կրծքի վրա էր, իսկ ծոցի մեջ «Ռանչպարների կանչը», որի հեղինակն էր նա և որի շնչով շատ երևելի մարդիկ էին կրթվել Մուշ քաղաքում։
Վերջապես, ամեն դժվարություն հաղթահարելով, իրիկնադեմին հասանք լեռան գագաթը։ Չորրորդ օրվա ցերեկը աչդ լեռան մյուս երեսին անցկացրինք։ Մ ութին հասանք Նազուկ լիճը, և նրա եզերքները քերելով շարժվեցինք առաջ։ Եղավ մի պահ, որ վազեցինք։ Ոտքերս արյունլվիկ դարձան և ես դժվարացա քայլել։ Մեջքիս գոտին քանդելով փաթաթեցի ոտքիս և մի հարմար ձեռնափայտ պատրաստելով, աշխատեցի խմբին հասնել։ Դեպի վեր մագլցած պահին ոտքս սահեց և ձեռնափայտիս գլուխը ուժով զարկվեց կրծքիս։ Ստիպվեցի նըստել, որ շունչ առնեմ։
Պստիկ Արամը ինձ նստած տեսնելով, իմ մոտ փութաց.
— Եթե քովդ դրամ ունես, որևէ մտերիմ բարեկամի հանձնիր, — հրամայեց։ Ես ուժ հավաքելով վեր ելա և իր հետ վազելով հասա խմբին։
Ձիերի մաշված պայտերից և մարդահասակ փորված խրամատներից պարզ դարձավ, որ Նիկոլ թագավորի զորքը եկել էր մինչև այդտեղ և նորից ետ նահանջել։ Հասանք Արածանու եզերքը և շարժվեցինք դեպի Խաթավին՝ Մանազկերտի ամենաբարձր լեռը։ Արշալույսը նոր բացված մշուշի միջից երեվաց Մանազկերտի բերդը։ Պստիկ Արամը կարգադրեց, որ խմբի ամեն անդամ Խաթավինի անտառից մեկական ճյուղ կտրի։
Այդպես էլ Այրեցինք։ Ծառերից մեկական ճյուղ կտրելով և մեր ուսերին դնելով, սկսեցինք Խաթավինից իջնել։ Պզտիկ Արամը «Զեյթու՛ն, անկախ դու Հայաստան» բարձրաձայն երգելով գնում էր առջևից, իսկ մենք ետևից «հելէ, հելէ» գոռալով՝ հաղթական իջնում էինք սարից։
Այդ թնդյունի վրա մոտակա բնակավայրից մի մարդ ժայռերը մագլցելով մոտեցավ մեզ։ Փափախից նկատեցինք, որ եկողը ռուս զինվոր է։ Նա մեզ հայերեն լեզվով բարև տվեց և հայտնեց, որ Մանազկերտի բերդը ռուսական առաջապահների ձեռքին է, և մեզ առաջնորդեց կազակ հրամանատարի մոտ։
Կազակ հրամանատարը համբուրվեց Պզտիկ Արամի, Ճիրոյի և Առղա Զորիկի հետ՝ սաստիկ զարմացած մեր առասպելական երթի վրա։
Հանգստից հետո մեզ առաջնորդեցին Դութաղ, ուր հայ կամավորական մի գունդ էր կանգնած։ Գնդի հրամանատարը Պանդուխտ անունով հնչակյան մի գործիչ էր Մշո դաշտի Հունան գյուղից։ Պատերազմը սկսվելուն պես Պանդուխտը կամավորների մի խմբով Ամերիկայից եկել էր Կովկաս և Բերդաքաղաքի վրայով շարժվել դեպի Կարին։
Իմանալով, որ մենք մշեցիներ ենք, մեզ իսկույն մշեցի կամավորների վրանը տարան։
Բոլորիս հագուստները պատառոտված էին և ոտքերը վերքերով պատած։ Պանդուխտի կարգադրությամբ բժշկական քննության ենթարկեցին մեզ և մեր վերքերը դարմանվեցին։ Միայն մեկը մեզանից չփրկվեց. դա Գոնջոյան Փասիկն էր Մուշ քաղաքից։ Նրան տեղափոխեցին դաշտային հիվանդանոց, այնտեղից էլ Սարիղամիշի հիվանդանոց և նա այնտեղ էլ մեռավ»
Հետևյալ առավոտ ես և մեր բոլոր տղաները լողացանք Արածանու մեջ և հագանք կամավորական զգեստ»։
Այստեղ քեռուս հիշատակարանը ընդհատված էր, բայց վերջում մի այսպիսի հավելված կար, որից երևում էր, որ նա Դութաղից նորից Մուշ է գնացել և իբրև ճամփացույց եղել է դեպի Սասուն արշավող գնդապետ Սամարցյանի զորքի մեջ։ «1916. փետրվարի 12-ին Մ ուշից դուրս գալով, մենք դիմեցինք դեպի Սասուն՝ փրկելու համար Մորուք Կարոյին և Չոլոյին իրենց քառասուն ընկերների հետ։ Փետրվարի 15-ին մտանք Մառնիկ։ Բարձունքը հաջորդում էր բարձունքին և մեր բեռնավորված գունդը շարան–շարան շարժվում էր դեպի վեր։ Հետևյալ օրը Կարմիր ալուջների ձորով շուռ եկանք ս. Աղբերիկի վրա։ Գնդապետ Սամարցյանը, որ Ռոստով-Դոնի հայ էր, առաջին անգամ Մարաթուկի սպիտակ գագաթը տեսնելով, իր գնդի հայ զինվորներին շուրջը ժողովելով, չոքեց Սև սարի վրա և աղոթեց.
— Ես կանգնած եմ Սասնո սահմանագլխին, — ասաց նա։ — Դոնի–Ռոստովից ես այստեղ եմ եկել հազարավոր այրված հայ կանանց և մանուկների կանչով։ Երդվում եմ քո սուրբ գագաթներով, ով Մարութա սար, որ այսօր կամ վաղը ազատության դրոշը կծածանվի Սասունի գլխին։
Հայազգի գնդապետը ռուսերեն էր խոսում և հրամանները արձակում էր ռուսերենով։ Զինվորները պահանջում էին, որ հայերեն խոսի։ Նա պատասխանում էր. «Ես արժանի կլինեմ հայերեն խոսելու միայն այն ժամանակ, երբ իմ գունդը մտնի Սասուն։
Խութա հայտնի ցեղապետ Ղասմբեկը իր եղբայր Նհոբեկի հետ իրենց քրդական աշիրեթներով հարձակվեցին մեզ վրա, սակայն մի լավ շարդ կերան և քաշվեցին ետ։ Նորից հարձակում եղավ և այս կռվում սպանվեց Ղասմբեկը։ Եթե չեմ սխալվում, նա ընկավ գնդապետ Սամարցյանի գնդակից։
1914 թվականի պատերազմի առաջին օրերին մենք մի բաղձանք ունեինք— տեր դառնալ մեր երազած Հայաստանին։ 1916-ի ձմռան և գարնան ամիսներին այդ բաղձանքը իրականացավ կարծես և մեր զորքը մտավ Սասուն։ Եղեռնը ահավոր էր, մոտ երկու միլիոն ռանչպար և արհեստավոր հայեր կոտորվեցին, բայց զգում էինք, որ այլևս հաստատուն կերպով ամրացած ենք մեր հայրենիքի վրա ու կարելի պիտի լինի ավերակների տակից կանգնեցնել մի նոր Հայաստան։
Մոտկանի հայ ռանչպարները գալիս տեղավորվում էին Բաղեշում, տարածվելով մինչև Խլաթի գյուղերը։ Վանեցիները դեպի Վան էին դիմում, մանազկերտցիները՝ դեպի Մանազկերտ։ Խնուսցիները և Մշո դաշտի վերապրածները շտապում էին իրենց փլատակները շոշափել։ Թեև ցանուցիր, սակայն Բասենից մինչև Կարին և Կարինից մինչև Չմշկածագ հայրենի երդիկներից սկսել էր նորից ծուխ բարձրանար
Ես էլ ս. Աղբերիկի ճակատամարտից լեռներով եկա տուն։ Սասնա ետևը, Կուրտիկ լեռան մեջքից գահավիժող ձորի մեջ տեսա իմ հայրենի քաղաքը։ Մշո գետակը դարձյալ գլորվում էր Ձորաթաղի միջով։ Մոտեցա իմ տան ավերակներին, ուզեցի շոշափել այն, նորից վառել իմ տան ծուխը և այլևս չիմացա, թե ինչ կատարվեց ինձ հետ»։
Այս վերջին տողերին էի հասել, երբ իմ ձիապան Բարսեղը մոտենալով հայտնեց, թե Անդրանիկը Մուշ է եկել։
Ես քեռի Բդեի ձեռագիրը դրեցի Ալադին Միսակի խուրջինը, և մենք երեքով շարժվեցինք զորավարին ընդառաջ։
=== ՄԵԿ ՀԱՅԸ՝ ՄԵԿ ՈՍԿԻ ===
Հուլիս ամիսն էր։
Սմբատասարը մխրճված էր մուգ կապույտի մեջ։ Վրան էինք զարկել և Անդրանիկի հետ նստած զրուցում էինք այդ սարի վրա։
Ալադին Միսակը և Հաջի Գևոն զգաստ կանգնած էին մեր թիկունքին։
Տխուր էր զորավարը։
Բաղեշի Ճակատամարտից հետո կամավորական գնդերը լուծված էին։ Ստացվել էր առաջին հրամանը Ալաշկերտի, Դիադինի և Բայազետի հովիտներում սահմանամերձ կազակություն կազմելու մասին։ Բաղեշն ու Մ ուշը գրաված հին հայդուկներն ու կամավորները հավաքվել էին Մշո դաշտի մեջ մի պետական զինվորական հեղաշրջումի սպասելով։
Սմբատասարի քերծերից մեկի վրա, մեր վրանի առջև, կանգնել էր Փեթարա Իսրոն, մեր հին ֆիդային։
Իսրոն փոխել էր ֆիդայական հագուստը, հագել էր գյուղացու շորեր և մի նախշուն խուրջին ուսը գցած որբ երեխաներ էր հավաքում ավերակներից։
Մեկ հայը մեկ ոսկի էր։
Քրդերը այդ շահութաբեր գործից քաջալերված ԽութԲռնաշենի գավառակներից հայ մանուկներ էին բերում և հանձնում Իսրոյին։ Գնում-հասնում էին մինչև Մոտկան, Խիզան, Ալիվան և նույնիսկ Բշերիկ և այնտեղից որբեր էին հավաքում, որ ոսկի վաստակեն։ Իսրոն արդեն մի քանի տասնյակ մանուկներ էր ուղարկել Մշո, Խնուսի և Բասենի մանկատները։ Մի մանկան համար մի ոսկի էր տալիս և սայլին դրած ուղարկում էր մանկատուն։ Փեթարա Իսրոյի առաջին փրկած որբերից մեկը Բաղեշի ճակատամարտում զոհված Հայդուկ կամավորի որդին էր։
Հայ բեկորների հավաքման գործով եռանդուն աշխատանք էին ծավալել նաև սասունցի Մոսե Իմոն և Արծիվ Պետոն։ Մոսե Իմոն հասել էր մինչև Խիանք և քրդերի միջից հարյուրավոր հայ կանանց և մանուկների ազատելով բերել էր Մուշ։ Իսկ Արծիվ Պետոն սասունցի երկու հարյուր որբերի մի քարավան էր փոխադրել Ալեքսանդրոպոլ։
Շեկո տան քրդերը հարյուրավոր հայեր էին փրկել կոտորածից։ Կամավորության ընթացքին նրանք այղ բոլոր հայերին բերել էին Մուշ և Անդրանիկին հանձնել, արժանի նըվերներ ստանալով զորավարից։
Մանուկներին նրանք սովորաբար Փեթարա Իսրոյին էին հանձնում։ Բայց այս անգամ Իսրոյի խուրջինը դատարկ էր։ Քերծի վրա կանգնած Իսրոն թունդ սակարկում էր մի քրդի հետ, որ նոր էր եկել Սասնո գյուղերից։ Քուրդը սրունքների մեջ պահել էր երկու–երեք տարեկան մի որբուկի, որի համար Իսրոն սակարկում էր, որովհետև մոտը ընդամենը կես ոսկի էր մնացել, իսկ քուրդը չէր համաձայնվում կես գնի։
— Տուր, կես ոսկով տուր, — ասաց Փեթարա Իսրոն խուրջինը ուսից իջեցնելով և լայն բանալով երեխայի առաջ։ Մանկիկն ուրախացած վազեց, որ նետվի խուրջինի մեջ, բայց խնամակալը ետևից հասնելով նրան նորից սրունքների մեջ առավ, ծնկները ամուր սեղմելով վրան։
— Տուր, ասում եմ, էդ մեկին առանց ոսկու տուր, մեր գանձը պրծել է, — բացատրեց Իսրոն։
— Չեմ տա, — համառեց քուրդը և սկսեց օրինակներ բերել, թե ինչպես դրանից երկու օր առաջ իր ծանոթ քրդերը Խութի Թաղվձոր և Թաղավանք դյուզերից որբ երեխաներ էին բերել և ամեն մեկի համար ստացել մեկ լրիվ ոսկի։ Ինքը ինչու՞ նրանցից պետք է պակաս ստանա։
Փեթարա Իսրոն նորից խնդրեց և մերժում ստանալով, զայրացած մեր վրանը մտավ։
— Ի՞նչ ես անում, Իսրո, ի՞նչ հալի ես, — հարցրեց զորավարը։
— Որբեր հավաքենք, փաշա, շիթիլ անենք Հայաստանի համար։
— Այդ շիթիլները որտե՞ղ ես փոխադրելու։
— Խնուս, օրիորդ Հռիփսիմեի ղեկավարած որբանոցները։
— Իսկ ինչու՞ ես բարկացած։
— Մի քուրդ ինձ բարկացրեց, փաշա։ Որբ երեխա է բերել, ինչ անում եմ՝ չի տալիս։ Իսկ մեզ համար ամեն շիթիլը թանկ է։
— Այդ քրդին ներս կանչիր։
— Փաշան քեղ կանչում է, — դեպի դուրս ձայնեց Իսրոն։
Քուրդը մանկան ձեռքից բռնած ներս մտավ։ Քրդի համար ռազմիկի արտաքին երևույթը մեծ կարևորություն ունի։ Քանի որ ես ավելի հաղթանդամ էի, քան Անդրանիկը, ուստի լեռնական քրդերը մեզ հաճախ էին շփոթում։ Այս մեկն էլ վախով ներս մտավ և կարծելով, թե փաշան ես եմ, քոլոզը հանելով գլուխը իմ առաջ խոնարհեց։ Ես ձեռքս զորավարի կողմը մեկնելով ասացի.
— Փաշան նա է։
Քուրդը սաստիկ զարմացած շուռ եկավ դեպի Շապինանդը և երևի սխալը ուղղելու համար, քոլոզը կրծքին սեղմած գըլուխը երկու անգամ խոնարհ իջեցրեց զորավարի առաջ։
Անդրանիկը քրդերեն հարցրեց,.
— Որտե՞ղ գտար այդ երեխային։
— Մի ասկյարի ձեռքից առա։ Ուզում էր մեջտեղից ճըվտել՝ չթողեցի։ Վանքի ջորեպանի որդին է։
— Քո հոր անունը ի՞նչ է, տղաս, — հարցրի ես երեխայի թևից բռնելով։
— Երանոս։
— Ո՞ղջ է։
— Չէ, իմ հայրկան սպանեցին։
— Իսկ քո անունը ի՞նչ է։
— Զուլում։
— Շեկո տան քրդերը հարյուրավոր հայերի կյանք փրկեցին։ Դու ի՞նչ նվեր ես ուզում այս երեխայի համար, — հարցրեց զորավարը։
— Ես Շեկո տան քուրդ չեմ և այս երեխային դժվար տեղից եմ փրկել, փաշա, — պարծեցավ քուրդը և Իսրոյին դառնալով ասաց. — Եթե մի ոսկի տաս՝ քեզ կտամ, չտաս՝ ետ կտանեմ։
ԾԱ ձեռքս ծոցս տարա, բայց դատարկ դուրս եկավ։ Փաշայի ձեռքն էլ դատարկ դուրս եկավ։ Իսկ երեխան մեզ էր նայում իր աղերսական աչքերով։
Մեզ համար հեշտ էր մի հարվածով վայր տապալել քըրդին և երեխային վերցնել նրանից, բայց ստիպված էինք զըսպել մեզ, չկամենալով ձախողել հայ բեկորների հավաքման գործը, որը վերջին օրերին լայն թափ էր ստացել, տարածվե՛լով մինչև ճղերու չոլերը։
— Հոս եկուր, տղաս, — ասաց Անդրանիկը, իր մոտ կանչելով Ալադին Միսակին։
Երգչին կանչելը նշան էր, որ Շապինանդի հոգին ալեկոծ է։ Այդ պահերին երգը միակ սփոփանքն էր նրա խռովահույզ հոգու համար։
Ալադինը մոտեցավ և նստեց զորավարի կողքին։
— Քրդերեն մի խաղ ասա, տղաս։
— Բողոքի երգ ես ուղում, թե՞ սիրային։
— «Հայլե, հայլեն» գիտե՞ս։
— Գիտեմ, փաշա։
— Դե կանչիր։
Միսակը ձեռքը դրեց ականջին։
— Ոչ, «Խուլնկոն» երգիր, — ասացի ես։
— Համաձայն եմ, — ասաց փաշան, թավամազ փափախը կոտրելով մռայլ ճակատի վրա և սրածայր բեղերը ոլորելով։
— Խուլնկո, հեռավոր և խորունկ տեղերեն կուգաս… Բույնդ շինե ավերակ բերդի պատուհանի մոտ, — ոգևորությամբ երգեց Միսակը քրդական այդ հայտնի երգը, որից հետո Մշո դաշտին նայելով երգեց հայերեն.
Սիրտս լիքն է, ձեռքս փակ, Մուշը դարձավ ավերակ, Փլվեց Նորշեն ու Բերդակ, Աշխարհն էսպես ու՞ր կերթա։
Ամեն մեկս մի փաշա, Հիմա դարձել ենք բոշա, Նեղված ընկել ենք խոսքով, որբ ենք գնում կես ոսկով։
Լամուկ, ու՞ր է քո պարոն, Ու՞ր է մեր քաջ Արաբոն. Քաշի պատիվ տուր քաշին, Մեր որբուկին դիր խուրջին։
Քրդի աչքերի մեջ արցունք երևաց։
— Վերցրու, — ասաց քուրդը, — քո կես ոսկին էլ հարկավոր չէ։ Քո երգը ոսկուց զորավոր էր…
Ես ղրկեցի ջորեպան Երանոսի տղային և դրեցի Փեթարա Իսրոյի խուրջինի մեջ։
Եվ քանի որ այդ դեպքը պատահեց Սմբատասարի վրա և այն օրերին, երբ հայ կամավորական գնդերը վերացվել էին, ուստի Անդրանիկի առաջարկությամբ մենք այդ որբի անունը կնքեցինք «վերջին կամավոր»։
=== ԵՏ ԴԱՐՁԵՔ ===
Այնպես ուզում եմ Ալադին Միսակին տեսնել, այնպես ուզում եմ, որ նա երգի։ Հայդուկ զինվորների գրեթե մեծ մասը չկա։ Վերջին սպանվածը Ջնդոն եղավ Սեյդո Պողոսի հետ, իսկ Լաճկանցի հին ֆիդային մեռավ տան մեջ հրացանի կրակոցով լուսավորելով իր վախճանը, իբրև թե մեռնում է պատերազմի դաշտում։
Բայց ի՞նչ եղավ իմ խաղասացը։ Օ՜, ինչպես կուզեի նըրան տեսնել։ Ես նրան կնստեցնեի իմ կողքին, գլուխս կառնեի ափերիս մեջ և նա կհասկանար, թե ինչ եմ ուզում։
Երգիր, Միսակ, երգիր։ Երգիր էն երգ, որ այնպես սրտալի էիր երգում։
Ես հոգնած եմ, Միսակ։ Սմբատաբերդը փուլ եկավ գըլխիս, իմ Պայթող աղբյուրի նժույգները գնացին։ Այնպես ուզում եմ քո երգը լսել, էն երգը, որ գնաց, էն երգը, որ էլ չի կրկնվի։
Ես սարերն ընկած բրաբիոն ծաղիկ էի փնտրում, բրաբիոն ծաղկի երգը երգիր։
Ձիապան Բարսեղը քնած էր մսուրում։ Ես արթնացրի նրբան և մենք ձին առած միասին դուրս եկանք։
Ու՞ր ես գնում այդպես, նժույգիդ սանձը բռնած ու գըլխահակ, դատարկ խուրջինը կապած թամբիդ և հրացանը թևդ գցած։ Մտքերիդ հե՞տ ես և ծանրորեն ես քայլում։ Առաջին անգամը չէ, որ քեզ տեսնում եմ այդքան մտազբաղ։ Ին~ չո՞վ օգնեմ քեզ։ Գուցե ես նկարագրեմ քո ճանապարհը։
Դու անցնում ես Մշո դաշտով։ Ծծմակն է կանգնած քո ճամփին և վերևում մի ծանոթ քար կա։ Արի քեզ տանեմ նըստեցնեմ այդ քարին։ Դու Ծծմակով սկսեցիր քո ֆիդայական կյանքի ուղին և ղրանով գուցե ավարտես այն։
Ի՞նչ ես բեղերդ սեղմում շուրթերիդ և երեսդ շուռ տալիս, որ ձիապանդ չտեսնի։ Արաբոյի՞ն հիշեցիր։ Աջ կողմդ Տերգևանքն է, և առաջվա պես բաց է այն դուռը, որի պատից ալյուրի մաղը վերցնելով նետվեցիր ֆիդայական առաջին առասպելական կռվի մեջ։
Կողքը Ալվառինջն է։ Գևորգը հարբեց, բայց դու մի խմիր, մի խմիր այդ գյուղի գինին, այն սաստիկ թունդ է։ Եթե Ալվառինջու սարերով վեր բարձրանաս, կհասնես Հավատորիկի ձորին։ Այդտեղ սպանվեց Ավրանա Արամը, քո անվեհեր ֆիդային։ Երկու վերք ուներ, մեկը ուսին և մյուսը՝ կրծքին։ Դու քո հայդուկներով ծունկի իջար նահատակի առաջ։ Նա երկար նայեց ձեզ իր բոսորագույն աչքերով և մրմնջաց. «Իմ բանս վերջացած է... սպանեցեք ձեր ձեռքերով»։ Եվ դուք սարսափեցիք։ Ո՞վ էր, որ ձեռք բարձրացնելու հանդգնություն պիտի ունենար այդ նվիրական կյանքին վերջ տալու։ Այդ ժամանակ ձեզ մոտեցավ իր փեսա Վահանը, որ զինվոր էր եղած թուրքական բանակում և համարձակ ասաց, թե կարող է ազատել Արամին իր տանջանքներից։ Վայրկյան չանցած դուք տեսաք, թե ինչպես նա անվարան մոտենալով Ավրանա Արամին՝ շշնջաց. «Քո կյանքը հալալ արա ինձ, իմ ազիզ ախպերս» և տասնոցի երեք հարվածով վերջացրեց նըրան։
Հայացքդ վշտից առել ես թևերիդ տակ, բայց նայի՜ր դեպի ուր են ուղղված ձիապանիդ աչքերը։ Ձիուդ սանձը բըռնած նա կարոտով նայում է Մշո դաշտին։
Դե, վեր կաց, վեր կաց։ Դու լուսաստղով պիտի բաժանվես Տարբանի դաշտից։ Բարձրացրու գլուխդ և վերջին անգամ Ծիրնկատարի լուսեղեն բարձունքին նայիր։ Նայիր Սըմբատաբերդին։
Իջիր, իջիր։ Վերևում մնաց Սեյդոյի քարայրը։ Ահա Բերդակը։ Դու կանգնած ես Բերդակի և Նորշենի սահմանագլխին։ Ֆրանկ Մոսոն այդտեղ չափեց ձեր գյուղերի հողային սահմանը։ Սամիրով ճաշը այդտեղ կերար։ Գեթ իմանայի, թե կանգուն է Ֆրանկ–Նորշենի տունը։ Ես քեզ այնտեղ կըտանեի, կծեծեի նրանց դուռը և կասեի.
— Կաքավ քույրիկ, մի տեղ տվեք սրան և իր ձիապանին ձեր գոմի մութ անկյունում։ Սա այն մարդն է, որ տակավին պատանի և Մուշից նոր փախած, օգնել է լուծելու ձեր երկու գյուղերի սահմանային վեճը։
Բայց, ավա՜ղ, ավեր է Ֆրանկ–Նորշենի տունը։
Քանդված է ամեն սահման ու սրբություն։ Եվ չկա մի չըվան՝ չափելու անարդարությունը անչափելի։
Այս ի՜նչ մոլեգնած ոտնահետքեր են ձիերի։ Այստեղով առավոտ վաղ Մորուք Կարոն և Չոլոն են անցել Սասնո լեռներից իջնելով։
Մորուք Կարո՜ն։ Սասունը Էրմենիստան էր դառնում և Կարոն դեռևս յոթ տարի առաջ շտապեց ամուսնանալ, որ երկիրը լցվի։ Այս գարնանը, մանավանդ, նա հաստատ հույսեր ուներ, որ ավերակների տակից հառնում է մի բաղձալի Հայաստան։ Ամեն գյուղի մեջ վառվել էր հինգ-տաս ճրագ։ Երզնկայից մինչև Կարին, Տիգրանակերտից մինչև Բաղեշ ու Վան հայրենի երդիկներից սկսել էր ծուխ բարձրանալ։
Չոլոն էլ ուզում էր իրենց գյուղում ճրագ վարել։ Եվ սակայն, նա մեկն էր սասունցի այն հեծյալներից, որ այս առավոտ իջան Մշո դաշտ։
Կա՛նգ առ։
Դու ուզում էիր Ալադին Միսակին տեսներ Խորոնք գյուղի մոտ իր հայրենի գյուղն էր։ Ահա նա իջնում է լեռներից, ավարտելով վերջին այցելությունը Ալադինի ավերակներին։
Ու՞ր ես ետ նայում։ Այդ ո՞վ է կանչում՝ ես, դարձիր։ Բերդակ սարի կաղնու՞տը, Սմբատաբե՞րդը, թե՞ Հանդակ սարի քամին։ Տես, ինչպես Մշո գետակը գոռալով դեպի հյուսիս է շտապում, իր ընթացքի հետ քանդելով հայրենի քաղաքի կամուրջները։
Դու այդ ե՞րբ անցար Սուլուխի կամուրջը և հասար Խընուս։
Հիշու՞մ ես Բինգյոլի ձյունը։ Դարձյալ ձյուն կա Դեղթափ սարին, բայց ո՛չ Բինգյոլից եկող կա, ո՛չ Խնուսում՝ շոգից տանջվող։
Թագավորին դուր չեկավ ձեր կամավորական գնդերի գոյությունը։ Վանի ազատագրումից և Բաղեշի ճակատամարտից հետո այդ գնդերը ցրվեցին։ Դրանց փոխարեն կազմվեցին հայկական հրաձգային գումարտակներ ցարական զորամասերի մեջ։ Այդպես կամեցան ինքնակալ կայսրը և Կովկասի փոխարքան։ Իսկ այժմ ցարական զորքը քաշվել է, ճակատի պաշտպանությունը թողնելով հայոց երկրապահ զորքերին։ Թշնամին սաստկացրել է հարձակումը և արագ շարժվում է դեպի Մուշ։ Կուրտիկ և Փեթար լեռների կողմից արդեն լըսվում է նրա հրանոթների որոտը։ 1916-ի գարնանը ավերակված գյուղերի մեջ վառված ճրագները նորից սկսեցին մեկ առ մեկ հանգչել, և հազարավոր հայ գաղթականներ խռնվել են Զարբհորի լեռնանցքում։
Բաղձալի Հայաստանը ամայանում է նորից։ Բայց այս ո՞վ է պառկել Խնուս–Բերդի փողոցում։ Այդ ի՞նչ զորքեր են շարժվում նրա վրայով։ Ա՜, գնդապետ Սամարցյանն է, Դոնի–Ռոստովի քաջամարտիկ զինվորականը։ Այդ նա էր, որ 1916-ի գարնանը Սիլիկովի զորամասի հետ մագլցեց Սասուն, չոքեց ու աղոթեց Մարաթուկի դեմ։ Երբ ցարական զորքը սկսեց քաշվել, նա մնաց հայկական հրաձըգային գնդի հետ հայրենի երկիրը պաշտպանելու։ Այժմ պառկած է նա Բերդի փողոցի մեջտեղ և իր վրայով զորքեր են անցնում։
Բայց այս ի՞նչ է. այս ի՞նչ զորք է իր վրայով ետ նահանջում։ Մի՞թե դրանք այն գնդերն են, որ գնացին Կարին։ Ցարական զինվորների օրինակին հետևելով նրանք լքում են ճակատը և դառնում տուն։ Հայրենասեր գնդապետը ցեխի մեջ պառկած փաթաթվում է նրանց ոտքերին, խնդրելով, որ իր վրայով չանցնեն–չգնան.
— Մի՛ դարձեք, մի՛ լքել ճակատը։ Ո՞ւր եք գնում, հայ զինվորներ, ու՞ր եք գնում։ Ես ինքս ռոստովցի հայ եմ, ռուս գնդապետ, բայց պարտք ունեմ հայրենիքի հանդեպ։ Ետ դարձեք։ — Բռնում–քաշում էր իր զինվորների ոտքերից, որ ետ դառնան։ Անդրանիկը Բերդաքաղաքում ասաց, «Չկարծեք, թե Կարինը չպաշտպանելով, դուք պիտի կարողանաք Բերդաքաղաքը պաշտպանել երկար ժամանակ»։ Իմ խոսքը ավելի դառն է. եթե դուք Խնուսի բերդը լքեք, մեր դիրքերը կլի՛նեն էջմիածնի պատերի տակ։ Կացե՛ք, սա մեր հայրենիքըն է, ու՞ր եք գնում, — բարձրաձայն գոչում էր նա, հրամայելով, որ ետ դառնան։
Ճանաչեցի՞ր։
Այո, այդ նա է, գնդապետ Սամարցյանը։ Այդ նա է պառկած Խնուս–Բերդի ցեխոտ փողոցում։ Այդ նա է հարվածում իր զինվորների ոտքերին, որ ճակատը չլքեն։
Ծեր է, փոքր–ինչ արծվաքիթ։ Խնուս–Բերդի ընդհանուր հրամանատարն է, մեկը ռուսահայ այն հինգ երիտասարդ գնդապետներից, որոնց դու տեսել էիր Կարսի թամբագործի արհեստանոցում։ Անակնկալի է եկել Կարինի անկման լուրը առնելով։
Բայց ի՜նչ փույթ։ Հայ զինվորները ճամփան շեղելով շարժվում են դեպի Ալաշկերտի դաշտ, այնտեղից դեպի Կովկաս։ Եվ նա միայն իր նահանջող զորքի ոտնաձայնն է լսում և իր հրամանը ե՜տ դարձեք։
Նայիր այդ քաջ գնդապետին և թող նրա հերոսական պատկերը ցոլանա աչքերիդ մեջ և գալիք սերունդների սրտերում։
— Ես Նոր–Նախիջևանի հայ եմ, սա իմ հայրենիքն է, ու՞ր եք գնում, — վերջին անգամ բղավեց Բերդի անօգնական գընդեպետը՝ շաղախվելով ցեխի մեջ։
Բայց զորքը, տես, գնում է, անվերջ գնում, աչքերը հառած Խաթավին լեռան ձյունոտ բարձունքին և միայն մի ազդու հոգեմաշ և հետզհետե խլացող դառնագին կանչ է լսվում, որ գնդակի պես գլորվելով ելնում-իջնում է նրանց ոտքերի տակ. — Ե՛տ դարձեք։
=== ԲԱՍԵՆՈՎ՝ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՊՈԼ ===
Անդրանիկը Կարին մեկնեց Բերդաքաղաքից, իր հետ ունենալով արևմտահայ կամավորներ, մեծ մասը ջարդի դիակների տակից ճողոպրած և Կովկաս ապաստանած օսման բանակի հայ զինվորներ։ Ահա մի քանիսը դրանցից. կեսարացի Ճեպեճի Սարդիս՝ ձիավոր գնդի հարյուրապետ, դոկտոր Բոնապարտ, քարտուղար Եղիշե, հիսնապետ Թորգոմ՝ Ճեպեճի Սարգիսի ձիավոր հարյուրակում, որ նախապես Սեբաստացի Մուրադի մոտ ձիապան էր եղել, թարգման Ռուբեն և այլն։
Մշեցիներից իր հետ էին Կայծակ Անդրեասը՝ սուրհանդակ, հին հայդուկ Հաջի Գևոն, խնուսցի Փիլոսը և Շավարշ բասենցին։
Սեբաստացի Մուրադը Երզնկայի ճակատը ճեղքելով նոր էր հասել Կարին, երբ Անդրանիկն իր երկրապահ զորքով այնտեղ հասավ։ Մուրադը նրան դիմավորեց իր սպիտակ ձիու վրա, սև յափնջին հագին, հարյուր հիսուն ձիավորներով։
Զորքեր կային նաև Բերդաքաղաքից և Ալեքսանդրոպոլից։
Բայց ահա վերջնագիր. «Անդրանիկ փաշին և Կարնո մեծերին, Բրեստ–Լիտովսկի դաշնագրով մեզ են թողնված Բաթումը, Կարսը, Արդահանը, Օլթին, Արտվինը։ Ուստի առաջարկում եմ ձեզ անմիջապես հեռանալ մեր սահմաններից, այլապես խստիվ պիտի պատժվեք. Վեհիբ փաշա» ։
Հայդուկ էր, չդիմացավ. նստեց և գրեց. «Զենքն է, որ պիտի վճռե, թե այս հայրենիքը մե՞րն է, թե՞ ձերը։ Ես քեզ պես փաշաներ շատ եմ տեսած։ Քեզ հետ էլ կչափվենք»։
Այս պատասխանը Վեհիբին ուղարկելուց հետո, Անդրանիկը դարձավ իր զորքին. — Ես մի անհատ եմ։ Անդրանիկը ձեզնով է Անդրանիկ։ Կարգը եկած է և հաղթանակը ձեր սվինների ծայրին է, ով հայ զինվորներ։ Չկարծեք, թե Կաբինը չպաշտպանելով պիտի կարենաք Կարսը պաշտպանել երկար ժամանակ։
Անդրանիկը հրամայեց սկսել հարձակումը։ Ինքը կենտրոնից, իսկ Սեբաստացի Մուրադը և մյուսները՝ թևերից։
Պայթեցին ձայներ։
— Սա մեր հայրենիքը չէ, մենք մեր երկիրը պիտի երթանք։
Զորավարը հանկարծ ետ նայեց, տեսավ բոլորը փախել են։ Բարկությունից ձիու վրայից սուրբ շպրտեց։ Սուրը զնգալով ցոլաց սառած ձյուների վրայով։ Հիսնապետ Թորգոմը վազեց բերելու։
— Տղաս, — ասաց Անդրանիկը, — դրա ուժը անցավ արդեն։ — Կանչեց Սեբաստացի Մուրադին և Ճեպեճի Սարգսին և թելադրեց զորքի նահանջը դեպի Բասեն։
Ինքը վերջինը լքեց դատարկված Կաբինը։ Մենակ է։ Ետեվից մի թարգման և մի քանի թիկնապահ են գնում— Երզընկացի հիսնապետ Թորգոմը, հայդուկներ Լոլո Հաջին և Կայծակ Անդրեասը։
Գնում է և մտածում։ Ի՜նչ է սպասում իրեն և իր ժողովըրդին։ Իրեն Հայաստանի երկրապահ զորամասի հրամանատար նշանակելու համար սուր վեճեր էին ծագել հանրապետության խորհրդում։ Ասել էին, որ նա բնածին ռազմական տաղանդ է, բայց այդ տաղանդը չունի գիտական մշակում. որ նա անիշխանական խառնվածք ունի և ըմբոստ է ամեն տեսակ իշխանության դեմ՝ հայրենի թե օտար։ Ի վերջո, մերժել էին՝ ցարական կադրային զինվորական չլինելու և թուրքերին չգրգռելու պատճառաբանությամբ։ Այդ նույն օրը նա ջղայնացած զենքը ուսը առավ և գնաց ռուս հրամանատարին հայտնելու, որ ինքը կմեկնի ճակատ իբրև շարքային զինվոր, որովհետև կարելի չէր ուշանալ։
Ինչպիսի բարձր տրամադրությամբ նա Թիֆլիսից Կարին մեկնեց, անընդհատ կատակներ անելով վագոնի մեջ։ Իսկ ա՞յժմ։
Հասավ Բասենի դաշտ։
Առաջին անգամ Բերդաքաղաքից դեպի երկիր գնալիս անցել էր այդ դաշտով, գիշերելով գոմաձորցի մի հայ շինականի հարկի տակ։ Այդ դաշտով 1903 թվականի ամռանը իր հեծյալ խմբով Կովկասից դեպի Մշո դաշտ էր անցել Սեբաստացի Մուրադը, օգնության փութալով Սասնո ապստամբներին։
Ահա և Բոցիկա սարը։ Դիմացը ձյունի համատարած սպիտակության մեջ մի քանի քարաբլուրներ երևացին։ Բոցիկա հովը շնկշնկալով իջնում էր այդ բլուրների վրա։ Մեկի առաջ կանգ առավ։ Այդտեղ թաղված էին Լոռեցի Սրապը և Գյումրեցի Պոդվալի Վաղոն և դարձյալ մի հին հայդուկ «Մենակ» անունով։
Տասնհինգ-քսան տարի առաջ ռուսահայ երիտասարդի միակ ձգտումն էր, թե ե՞րբ պիտի անցնի սահմանը՝ իր հայ եղբայրներին ազատագրելու սուլթանի լծից։ Ալեքսանդրոպոլցի Վաղոն և Լոռեցի Սրապը 1904 թ. ընկերներով ճեղքել էին սահմանը և անցել երկիր, միանալու Սասնո ապստամբներին, բայց ռուսաց թագավորի հրամանով սպանվել էին սահմանագլխին և ամփոփվել աչդ քարակույտի տակ։ Բերդաքաղաքի շրջանի մի ձորի մեջ նույնանման մի քարակույտի տակ թաղված էին Սարդիս Կուկուն յանի արշավախմբի նահատակ ընկերները։ 1903-ին Խանի խմբի հետ Բասեն մըտնելիս սուլթանի բանակին բախվելով և առյուծաբար կռվելով սպանվել էին սուլուխցի Առյուծ Սերոբը և իր երկու կորյունները — Հակոբ և Ավետիս։
Բասենի դաշտով ուրիշ շատ խմբեր էին անցել։ Նրանց մեծ մասին անձամբ ճանաչում էր Շապինանդը։ Հայդուկներ էին, որ մահով զինված բռնության դեմ մահի էին գնում։
Բայց բոլորն էլ գրեթե անխնա բնաջնջվեցին, ոմանք կիսաճամփին, շատերն էլ սահմանագլխի վրա, ճզմվելով բռնակալներից։ Թշվառ, հավատավոր ուխտի զինվորներ, սուրբ վերքերով պառկած անհայտ, անանուն շիրիմների մեջ։
Անդրանիկը հրացանին կռթնած երկար նայ՛եց հայդուկների բլուրներին։ Ճակատին հայկական հոգսն էր, հագին՝ ցարական գեներալ–մայորի համազգեստ, կրծքին՝ ս. Վլադիմիրի շքանշան և Գեորգիևյան խաչ։ Զորավարական ուսադիրները ծանրորեն ճնշում էին իրեն։ Հայդուկի հոգին ըմբոստանում էր այդ համազգեստի մեջ։ Ոտքը դրեց մի կոշտի։ Ձյունը փուլ եկավ։ Թիթեղյա մի ժանգոտած ջրաման պսպղաց քարի տակից։ Ո՞ր հայդուկինն էր եղել արդյոք։ Ո՞վ էր ջուր խմել նրանով։ Գուցե Պոդվալի Վաղոյի կամ Լոռեցի Սրապի տափաշիշն էր, միակ անհրաժեշտ պիտույքը զենքից հետո, որ երկիր գնացողը անպայման վերցնում էր իր հետ և սպանվելիս բարձի փոխարեն դրվում էր նրա գլխի տակ։
Տխուր մտածությունների մեջ Շապինանդը անցավ Բասենի դաշտը և հասավ Ռուսահայաստանի հին սահմանին։ Ներքևում մնաց Ալաշկերտի դաշտը։ Հայ շինականներին արգելված էր այդ դաշտում խոտ հնձել։ Դոնից և Կուբանից բանվորական ջոկատներ էին շտապում Ալաշկերտ, Դիադինի և Հին Բայազետի հովիտների խոտը հնձելու կազակական գնդերի ձիերի համար։ Այդ վայրերում մշտական բնակության համար արդեն դիմումներ էին ներկայացրել ցարական բազմաթիվ չինովնիկներ։ Մի կալվածատիրուհի խնդրել էր, որ Դիադինի հովտում իրեն հողամաս հատկացվի դաստակերտ կառուցելու։
Այդ երկու տարի առաջ էր։
Այժմ Կաբինը գրավված էր։ Թշնամին արագ մոտենում էր Կաղզվանին։ Տարոնի ժողովուրդը Խնուսից, Մանազկերտից և Բուլանուխից շարժվում էր դեպի Ալաշկերտ։ Հայ երկրապահ զորքը ետ քաշվելով քայլ առ քայլ կռվում էր ներխուժող հորղաների դեմ, որոնք ուզում էին կտրել նահանջող ժողովրդի ճանապարհը։ Հայտնի էր դարձել, որ թշնամին արդեն գաղտնի հարաբերության մեջ էր մտել Թալինի բերդի հետ։ Ալեքսանդրոպոլի և Երևանի թիկունքում սպառնալիք էր ստեղծված։
Բերդաքաղաքին չհասած Բեռնա գյուղի մոտ Անդրանիկը հանդիպեց Սեբաստացի Մուրադին։ Նա դարձյալ իր սպիտակ ձիու վրա էր, սև յափնջին հագին։ Այդ հին հայդուկապետին հարկադրել էին հեռանալ Սարիղամիշից։ Եվ նա զայրացած իր զինվորներով լքել էր Սարիղամիշը և հեռացել։
Երկճղանի մորուքով մի մալական անցավ հեռվից։ Շապինանդը կարգադրեց իր մոտ բերել նրան։ Կանչեց թարգմանին.
— Հարցրու այս մալականին, թե ով է իրենց գյուղի տերը։
— Բոգ վիսոկի, ցար դոլյոկի, նա զեմլյե օդին Շապուհ, — պատասխանեց մալականը։
— Հարցրու իրեն, թե ինչ գիտի Թալինի բերդի հետ հակառակորդի ունեցած կապի մասին։
Մալականը հայտնեց, որ Բերդաքաղաքի նահանգապետը Մ ուշից բերված մի սիրուն հարճ է ուղարկել այդ ամրոցի թաթար խանին իբրև նվեր։
Բեռնայի մալականը գնաց։
Ի՞նչ անել։
Նորից գնալ Թիֆլիս և բողոքել։ Բայց ու՞մ։ Ազգային բյուրոյի՞ն։ Վրաց մենշևիկների՞ն։ Գուցե հարկավոր կլինի Խորհըրդային Ռուսաստանի Կովկասյան արտակարգ կոմիսարին տեսնել։
Եվ գնաց։ Կոմիսարը անցել էր Բաքու։ Նա խոսք տվեց, որ Խորհրդային Ռուսաստանը ամեն կերպով կօգնի Թուրքահայաստանի անկախությանը։
Վերադարձավ Ալեքսանդրոպոլ։
Բերդաքաղաքը ընկել էր։ Թշնամին իր հարձակողական ուժերը երկու մասի բաժանած, մեկ մասով ուղղվում էր դեպի Ալեքսանդրոպոլ, իսկ մյուսով՝ Կողբի և Սարդարապատի վրայով՝ դեպի Երևան։ Ճակատից ետ քաշված բոլոր երկրապահ ուժերը հավաքվել էին Շիրակի դաշտ։ Բերդաքաղաքից այդտեղ էին հասել Սեբաստացի Մուրադը, Սարդիս Ճեպեճին, հիսնապետ Թորգոմը և բժիշկ Բոնապարտը։ Սուլուխի կամուրջից Բասենի վրայով այնտեղ էին նահանջել բասենցի Շավարշը, խնուսցի Փիլոսը և Պուճուր Աբրոն։
Ապրիլի 10–ին Անդրանիկը Ալեքսանդրոպոլում շտապ նոր բանակ կազմեց, որ Ալեքսանդրոպոլը և Երևանը պաշտպանի թուրքական հարձակման դեմ։ Այդ զորքի մոտ վեց հարյուր ձիավորը և հետիոտնը գարահիսարցի, երզնկացի և խոտորջուրցի տղաներ էին, հայդուկ զինվորներ և նախկին կամավորներ։
Հեծելազորի հրամանատար կարգեց Ճեպեճի Սարգսին, գումարտակի պետ՝ Հաջի Գևոյին։ Նշանակեց նաև հրամանատարներ, որոնցից երկուսը մշեցիներ էին՝ Սմբուլ Արշակ և Շահկա Արո։ Զորամասի երրորդ գումարտակի հրամանատարը և գլխավոր բժիշկը Բոնապարտն էր։ Թիկնապահ և քարտուղար՝ Եղիշե, թարգմանիչ՝ Ռուբեն։
Սուրհանդակը Կայծակ Անդրեասն էր։
Այդ բանակը կոչվեց «Հայկական առանձին հարվածող զորամաս»։
=== ԲԵՐԴԸ ===
1918 թվականի մայիս ամիսն էր։
Սասունցի ձիավոր հայդուկների մի խումբ Իգդիրի սարերով սրընթաց իջավ Արարատյան դաշտ։ Նրանց մեջ կային նաև մի քանի մշեցի հեծյալներ, որոնցից մեկը Ալադին Միսակն էր, իսկ մյուսը՝ իմ ձիապան Բարսեղը։ Երկու շաբաթ առաջ Խնուս-Բերդից դուրս գալով, նրանք կտրել էին Ալաշկերտի հովիտը և Մարգարայի կամուրջով մոտեցել Մեծամոր լճին։
Մեր դիմաց Արագած լեռն էր, թիկունքին՝ Մասիսները, իսկ ետևից՝ Բարթողյան բարձունքներից ձյան հուսինի պես դեպի Սուրմալու իջնող բազմահազար գաղթականություն։ Իջնում էին գրաստներով և առանց գրաստների, մեկն իր թաղիքն ու կարպետը մեջքին կապած և բահը ուսին, մյուսն իր խնոցին շալակած, երրորդը՝ իր երկանքն ու գերանդին, չորրորդը իր դհոլը գրկած՝ տխուր ու մտածկոտ։
Ձիավորներից ոմանք առաջարկեցին այդ գաղթականներին Էջմիածնի վրայով տանել Աշտարակ ու Ապարան, ոմանք էլ հարմար դատեցին Երևանի վրայով նրանց առաջնորդել դեպի Նոր–Բայազետ։ Մեր աչքերը սակայն հառած էին Արագած լեռան քարքարոտ բարձունքներին, որի թավշյա ստորոտներն աննկատելի կայծում էին մեր նժույգների սըմբակների տակ։
Բարձր դարավանդի վրա կանգնած էր Թալինի հնադարյան բերդը։ Այդ կրկնապարիսպ բերդի ներսում և նրա շրջակա ավաններում մեկ և կես դար առաջ հայ Կամսարական տոհմի շինականներին բռնությամբ տեղահանելով, ամրացել էին մի քանի թաթար և պարսիկ իշխանավորներ, կեղեքելով և սարսափի մեջ պահելով այդ շրջանի հայ աշխատավորներին։
Ամրոցի տերը մորուքավոր մի պարսիկ էր՝ Իբրահիմ խան անունով։
Այդ ամրոցը ոչ միայն իշխում էր Արագածի անցուղիներին, այլև մեծ վտանգ էր արևելյան Հայաստանի մայրաքաղաքի համար թշնամու հարձակման դեպքում։
— Այդ բերդը մեր բաժինն է, — ասաց Փեթարա Մանուկը և նրա ձին Մեծամորի երկայն եղեգները ճեղքելով կատաղորեն ծառս եղավ օդում՝ պատրաստ առաջ սլանալու։
— Պիտի վերցնենք և պիտի ապրենք այդ սարի վրա, — ավելացրեց Մորուք Կարոն, ձեռքը հաստատորեն իջեցնելով Չոլոյի ուսին։
Ծառս եղավ նաև Արծիվ Պետոյի ձին։ Բոլոր հեծյալները գդակները հանելով թափ տվեցին դեպի Արագած լեռը։
Ուրիշ ոչ ոք, միայն այդ մի խումբ սասունցի հեծյալները պիտի գրոհի գնային բերդի վրա։ Ահա թե ինչու մեր նժույգները Բարթողյան սարերից իջնելով կատաղի կանգնել էին Մեծամոր լճի եզերքին։
Վերջին անգամ մեր նժույգները երկայն եղեգները ճեղքելով, իրենց ռունգերը ագահորեն թաթախեցին Մեծամորի մթնած ջրերի մեջ։
Վճիռը այժմ Փեթարա Ախոյինն էր։ Նա պիտի որոշեր վաղվա օրը։ Եթե եղանակն աննպաստ լիներ, կարող էինք պարտվել չարաչար։ Ու Պղնձյա Ախոն իր ձիով անջատվեց հեծյալների խմբից, որ բնության գաղտնիքը կարդար։
Ախոն գրեթե անսխալ մեկնաբանում էր ձիերի ականջների խաղը, գորտերի կռռոցը և ճպուռների տզզոցը։ Գելհավքի երեվալը նշան էր գլխապտույտ անհաջողության։ Եթե մայրամուտի պահին անծեղները դեպի անտառ թռչեին՝ անձրև էր սպասվում, երամ–երամ իրար սեղմվեին խժժալով՝ ահեղ փոթորիկ էր պայթելու։ Ձիերի փռշտոցը հողմի նշան էր։ Ուժգին որոտը կարկուտ էր բերում։ Չկար բնության մի երևույթ, որ Փեթարա Ախոն չկարդար։
Անջատվելով խմբից նա ձիու գլուխը ուղղեց դեպի հարավակողմ և թամբից իջնելով զննեց իր ձիու ռունգերի ու ականջների խաղը։ Ապա նայեց դեպի լեռները՝ որոշելու ամպերի շարժմունքը։ Մի թեթև քամի անցավ լճի վրայով։ Քամու հետ մի կուղբ երևաց ջրի մեջ և նրա մեջքի վրայով մի կաչաղակ թռավ, թևերը ուժգնորեն զարկելով իրար։
Տագնապեց Ախոն։ Բայց շուտով մի ճպուռ երգեց եղեգների մեջ և մի գորտ կռռաց զարմանալի հանգիստ։ Ականջը երկար պահեց նրանց ձայներին։ Կռացավ և նորից լսեց։ Տագնապն անցավ։
— Հրաշալի եղանակ ունենք վաղվա համար, — ազդարարեց հայդուկը և թռավ նժույգի թամբին։
Ես իմ հեծյալներին բաժանեցի երեք թևի. առաջին թևը հանձնեցի Փեթարա Մանուկին, երկրորդը՝ Մորուք Կարոյին, իսկ երրորդ թևը ես և Ախոն վերցրինք։
Վերին Թալինից դեպի հարավ–արևմուտք կա մի լեռ, որ կոչվում է Մեծ Արտենի։ Հրաբխային լեռ է, չոր է, պղնձագույն։ Մանուկը պետք է ամրոցը հարվածի այդ սարի կողմից, Մորուք Կարոն՝ Կարմրաշեն կայարանի, իսկ մենք՝ Աշնակ գյուղի։
Մայիսի հինգի աղոթարանը խոստանում էր հրաշալի օր, ինչպես նախատեսել էր Փեթարա Ախոն։
Մենք ձիերը հեծանք գիշերով։
Մինչև Կարմրաշենի երկաթուղային կայարանը միասին գնացինք։
Ճանապարհին կանգնած Էր մի հաստլիկ տղամարդ կապույտ գլխարկով, ձեռքին կանաչ լապտեր և երկու դրոշակ՝ կարմիր և դեղին։
Կայարանապետն Էր։
Տեսավ ներքևից սասունցի ձիավորներ են գալիս՝ զարմացած հարցրեց.
— Ու՞ր կերթաք։
— Բերդի վրա, — պատասխանեց Փեթարա Մանուկը ձին կանգնեցնելով։
— Խե՛ղճ մարդիկ, — հառաչեց կայարանապետը ծոծրակը քորելով։ Ապա դարձավ Մանուկին.
— Ինչու՞ ես Էս խեղճ ձիավորներին տանում կոտորելու։ Ու կարմրաշենցին բացատրեց, թե ինչպես Ալեքսանդրո-
պոլի կողմից հազար վեց հարյուր մարդ թնդանոթներով երկու անգամ փորձ են արել այդ բերդը գրավել, բայց չի հաջողվել։
— Հիմա դու՞ք կուզեք տաս–քսան ձիավորով Թալինի բերդը վերցնել, — արհամարհական հարեց կայարանապետը, մի ցավալի հայացք նետելով նրանց վրա։
— Մեր շորերը պատառոտված տեսար, կարծեցիր, թե ողորմությա՞ն կերթանք։ Ես մեր ամեն մի ձիավորին քո հազար վեց հարյուրի հետ չեմ փոխի, — պարծանքով փոխադարձեց Փեթարա Մանուկը։
— Գոնե մի քանի օր սպասեք, — խորհուրդ տվեց կարմրաշենցին։
— Էսօր որ չվերցնենք, Էգուց քո պապն էլ, իմ պապն էլ որ դան՝ չենք կարող վերցնել։ Մենք ծովն անցել ենք, առու՞ն պիտի խեղդվենք, — պատասխանեց փեթարացին ու ձին քշեց։
Աղոթարանը չբացված Մանուկն իր ձիավորներով կանգնած էր Արտենասարի գագաթին։ Նրա խմբին միացել էին նաև մի քանի ձիավորներ գաղթականներից, որոնցից մեկը Սեմալցի Գալուստն էր։
Երբ արևը դիպավ Մասիսի ճակատին, Փեթարա Մանուկը, Սեմալցի Գալուստը և մյուս սասունցի հայդուկները բարձրագոչ ուռա գոռալով, ձիերը հեծած սարի գագաթից խուժեցին դեպի ներքին Թալին։ Ամենից բարձր գոռացողը Սեմալցի Գալուստն էր։ Մենք էլ հարավից և Աշնակի սարահարթից մեր ձիերի գլուխները ուղղեցինք դեպի Բերդի պարիսպները։
Իբրահիմ խանը թաթար և պարսիկ պահակազորին և բնակիչներին ոտքի հանելով, սկսեց թնդանոթային ուժեղ դիմադրություն ցույց տալ ամրոցի խրամատներից։ Սակայն ի՞նչ կարող էր դիմանալ հայրենիքը կորցրած լեռնականների ուժգին գրոհին։ Մորուք Կարոյի և Փեթարա Ախոյի մարտիկները հողմային նժույգներով նետվեցին խրամատների մեջ, լռեցնելով Իբրահիմ խանի գնդացիրների որոտը։ Երբ ես ամրոցի պարիսպներին հասա, Փեթարա Մանուկի հեծյալները արդեն խորտակել էին ամրոցի դռները և Բերդի մեծ դռնով խուժել ներս։
Թշնամին հյուսիսային դռնից փախուստի դիմեց։ Ամրոցի տերը խուճապահար փախչում էր, իր ետևից քարշ տալով մի երիտասարդ թրքուհու։ Այդ այն գեղեցկուհին էր, որ մի օր առաջ Կարսի նահանգապետը նվիրել էր իրեն։
— Գնանք Յադիդամ, — ասաց խանը և կռանալով երկու բազուկներով գրկեց աղջկան, իր հինայած ցանցառ մորուքը քսելով նրա բաց կրծքին։
— Ով քաջդ էրմենի, ազատիր ինձ էս հրեշի ձեռքից, — բղավեց թրքուհին դիմելով իր ետևից եկող հեծյալի օգնությանը։
— Կանգնի՛ր, Իբրահիմ խան, քո դատաստանը իմ ձեռքին է, — գոռաց Փեթարա Ախոն և իրեն վայր նետելով, մաուզերը քաշած չոքեց խանի վրա։
— Աղջիկր ինձ, բերդը՝ քեզ, — պաղատագին աղաղակեց Իբրահիմ խանը։
— Եվ ամրոցն է մերը, և ամրոցի գեղեցկուհին, — զրնգաց Պղնձյա Ախոն։
Վրա հասավ Չոլոն, և մինչ ամրոցի տերը և հայդուկ Ախոն զբաղված էին սրամարտությամբ, նա գերի թրքուհուն իր թամբին վերցնելով Բերդից դուրս տարավ։
Իմ հեծյալները Իբրահիմ խանի բոլոր բերդապահներին և դիմադրող բնակիչներին դուրս շպրտեցին ամրոցից, ոչնչացրին կամ գերի վերցրին։ Մեկ-երկուսին Արծիվ Պետոն և Փեթարա Ախոն սվինահար արին։ Ոմանք Բերդի բադաններից իրենց նետում էին ցած, որ փախչեն և օղի մեջ զարկվում էին իմ ռազմիկների գնդակներից։
Կեսօրին ներքին Թալինի բերդը գրավված էր և հակառակորդի դիմադրությունը փշրված։ Թշնամին մեծ կորուստ ունեցավ, իսկ մենք տվինք վեց սպանված և տասներեք վիրավոր։
Իբրահիմ խանը փախավ։
Վերջին դուրս եկողը բերդի տիրուհին էր, որ իր աղջկա հետ թաքնված էր ամրոցի նկուղներից մեկում։ Գեղեցիկ էր խանի աղջիկը և նրա համար բերդի դռանը կռիվ եղավ. մեր զինվորներից երկուսը քիչ մնաց իրար սպանեին։ Չոլոն սուրը քաշելով նետվեց երկուսի մեջտեղ.
— Տղաները սպանվել են, իսկ դուք մի խանի աղջկա համա՞ր կկռվեք։
Ախոն, որ արյունը աչքն էր առել, մոլեգնած հարձակվեց Չոլոյի վրա։ Դրությունը փրկելու համար ես կարգադրեցի Փեթարա Մանուկին, որ աղջկան շտապ հասցնի իր ծերունի հորը։
Մանուկը մեկնեց։
Ճիշտ այդ ժամանակ ես հրավեր ստացա Անդրանիկից, որով կոչ էր անում ինձ և տարոնցի բոլոր ուժերին Լոռի երթալ։ Հրավեր բերողը Անդրեասն էր, մեր ֆիդայի կամավորը։
«Օսմանցին լցվավ Գյումրի»— ասաց սուրհանդակ Անդրեասը, և խնդրեց, որ շտապ մեկնեմ։ Տեղեկացրեց նաև, որ Ալեքսանդրոպոլի ճանապարհին բռնվել է մի թաթար սուրհանդակ, որը Երևանի քաղաքային դումայի որոշումները Թալինի վրայով հասցրել է թուրք բանակի հրամանատար Շեվքի փաշային։
— Շտապ դեպի Լոռի, — գոռաց Անդրեասը և թռավ ձիու մեջքին։
Ես իմ ձիապանին կարգադրեցի նրան ճանապարհ դնել և որոշեցի մեկնել, ինձ հետ վերցնելով տարոնցիների և խնուսցիների մի քանի հարյուրակ, ինչպես նաև Թալինի բերդը գըրաված հեծյալներից մի քանիսին։
Մեկնելու ժամանակ հայտնի դարձավ, որ իմ ձիապան Բարսեղը չկար։ Ի՞նչ եղավ՝ չիմացա։ Եվ ժամանակ էլ չկար նրանով զբաղվելու։ Վստահ էի սակայն, որ եթե ողջ է, կերևա անշուշտ, իսկ եթե ողջ չէ, ուրեմն հերոսաբար զոհվել է մի որևէ հարկադրական կռվում։
=== ԴԵՊԻ ՎԱՅՈՑ ԶՈՐ ===
Ես իմ ձիավորներին առած միացա Ջավախքից վերադարձած Անդրանիկի զորամասին և մենք Քարախաչի լեռնանցքով բարձրացանք դեպի Լոռի։
Առաջին գյուղը, որ մտանք՝ Վարանցովկան էր։ Երկար գյուղ էր սա և բնակիչները երկար մորուքներով ու երկարաճիտ ոտնամաններով մալականներ։ Գյուղի միջով անցնելիս նրանցից ոմանք իրենց ձեղուններից գաղտագողի կրակեցին մեզ վրա։ Անդրանիկը ձիու գլուխը շուռ տալով՝ ասաց, «Էրկեն գեղ, թե մեկ էլ ետ դարձա դու իմ ձեռքից չես պրծնի»։
Վարանցովկայից եկանք Ջալալօղլի։ Մեր մուտքից առաջ Ջալալօղլիում սուր վեճեր էին ծագել հայության տարբեր հոսանքների միջև։ Անդրանիկը, դիմելով տեղի հայկական կայազորին և մեզ դիմավորելու եկած բազմությանը՝ ասաց. «Լսել եմ, որ երկու օր առաջ այստեղ ընդհարումներ են եղել մեծամասնականների, փոքրամասնականների և դաշնակների միջև։ Նախ կռվենք մեր գոյությունը պաշտպանելու իբրև ազգություն»։
Ջալալօղլիում շատ հայ որբեր կային։ Մայիսի 23-ին մենք նրանց ձիերի թամբերին առած իջեցրինք Քոլագերան և հանձնեցինք կայարանապետին, որ ուղարկի Թիֆլիս, իսկ մենք բարձրացանք Դսեղ։ Զինվորական բարձր կենտրոնից Անդրանիկին հրաման եկավ, որ իր զորքով մնա այդտեղ և պաշտպանի երկաթուղու գիծը։ Մի քանի օրից հետո Դսեղից իջանք։ Հազիվ էինք հասել Մարցի գեղատեսիլ անտառին, երբ սկսվեց կարկտախառն անձրև, որ տևեց մինչև ուշ գիշեր։ IIբոաներից դողում էին հաստաբուն կաղնիներր և փայլակը զայրույթից պատառոտում էր իր կուրծքը՝ նրանց խիտ սաղարթներից բեկվելով։
Մայիսի 29-ին մտանք Դիլիջան։ Գաղթականները խռնվել էին Դիլիջանի ձորում։ Այդտեղ լուր եկավ, թե Արաքսի ափին տեղի է ունեցել մեծ ճակատամարտ և հայ ժողովուրդը թեև հաղթել է այղ ճակատամարտում, բայց ազգային խորհուրդը մայիսի 28–ին Հայաստանը հռչակել է անկախ հանրապետություն՝ Բաթումում հաշտություն կնքելով ռոմի թուրքերի հետ և նրանց իրավունք տալով Դիլիջանի վրայով շարժվել դեպի Բաքու։
Թշնամին պահանջել էր զինաթափ անել և ցրել նաև Անդրանիկի զորամասը, իսկ նրան գերի բռնել և հանձնել իրենց, եթե փորձ անի մտնելու Հայաստանի սահմաններից ներս։
«Երեսուն տարի կռվել եմ, ինձ չեն բռնել, հիմի՞ կուզեն գերի բռնել», — ասաց Անդրանիկը և մերժեց ճանաչել թուրքերի հետ կնքված դաշնագիրը։ Նա հեռախոսով կապվեց Արարատյան հանրապետության նախագահ Արամի հետ. «Անդրանիկն է խոսողը։ Դուք վճռել եք թշնամուն առանց կռվի թույլ տալ Դիլիջանի կիրճով անցնել դեպի Գանձակ և Բաքու։ Ադիկա դավաճանություն է։ Ալեքսանդրոպոլի կոմիտեի պահանջով դուք ինձ հեռացրիք սահմանից, ուղարկելով Ջավախք և Լոռի։ Սարդարապատը ապացուցեց, սակայն, որ մեր ժողովուրդը ըն՛դունակ է հրաշքներ գործելու։ Թույլ տվեք ինձ փշրել թուրքական բանակը Դիլիջանի կիրճում»։
Մերժողական պատասխան ստանալով, Անդրանիկը հայ՛տարարեց, որ իր համար ընդունելի չէ Բաթումի հաշտությունը։ «Այդ հաշտության պայմանագրով դարերի ստրկության շղթան դուք ձեր ձեռքով ձեր վիզը և ձեր ոտքերը անցուցիք», — ասաց նա և իր չորս հազար զորքով ուղղվեց դեպի Պարսկաստան։
Հունիսի 5-ին նա ելավ Դիլիջանից և Սևանի ափերով անցավ Ելենովկա՝ արևի տակ չորացնելով իր զորքի հանդերձանքը։ Անցանք Լճաշենը և ապա դարձյալ կայծակների ու ամպերի հզոր որոտմունքով, անձրևի ու հեղեղի միջով մտանք Նոր–Բայազետ։
«Թուրքերի ձեռքով ստեղծված Հայաստանում» զինաթափվելու և աստիճանաբար ասպարեզից վերացվելու վտանգ էր Ապառնում արևմտահայ գրեթե բոլոր զինյալ ուժերին և հին հայդուկներին։ Ուստի Արարատյան հանրապետությունից դըժգոհ շատ հայ զինվորներ, որոնք հերոսաբար կռվել էին Սարդարապատի դաշտում և Բաշ–Ապարանում, փոքրիկ խմբերով եկան և միացան մեր զորամասին։
Առաջինը հայտնվեց Փեթարա Մանուկը, բերելով սասունցի շինականներից կազմված գունդը, որ կոչվում էր «Սասունցիների պոլկ»։ Այդ գնդի մեջ էին Թալինի ամրոցը գրաված հայդուկ զինվորները։ Նրանց հրամայված էր քաշվել դեպի Նոր–Բայազետ և Զանգեզուր՝ թուրք զինվորների գրգռությունից հեռու մնալու համար։ Դիլիջանի կիրճից, Երևանի, Քանաքեռի և Եղվարդի բարձունքներից դեպի Նոր–Բայազետ էր շարժվում արևմտահայ գաղթականների քսանհինգ հազարանոց մի բազմություն։
— Որտեղ Անդրանիկ, էնտեղ լե մենք, — ասում էին ու կրնկակոխ հետևում մեր զորամասին։
«Սասունցիների գունդը» առանձին էր շարժվում։ Այդ դըն՛գի կամավորներից մի քանիսի կանայք զինվորի շոր էին հագեի որ զորքից անբաժան լինեն։ Զինվորի հագուստ և զենք էին կրում Մարթան՝ Մորուք Կարապետի կինը, Յադիգամը՝ Չոլոյի կինը, Աղջնա Վահանի կինը և շատ ուրիշներ։ Գաղթականների մեջ էին Մոսե Իմոն իր կնոջ և աղջկա հետ, Մորուքի եղբայր Օհանը և Տալվորիկցի Ֆադեն՝ բահը ուսին և թաղիքն ու կարպետը մեջքին կապած։ Սրանց առջևից գնում էին Հոնկա պապի թոռները, բռնաշենցի Ծաղիկ Համբարձումը և խնոցի ու գերանդի շալակած շատ գյուղացիներ, որ մի քանի շաբաթ առաք իջել էին Բարթողյան լեռներից։ Դհոլ գըրկած շինականն էլ այնտեղ էր։ Դրանց բոլորի մեծավորը Սոսե մայրիկն էր՝ ձին հեծած և մի պատանի զինվոր առջևից։ Սոսեի սրտում համազգային վշտից բացի խլրտում էր մի անձնական ցավ։ Նրա մեծ որդին կորած էր և նա երբեմն ձին կանգնեցնելով, դիմում էր երիտասարդ զինվորին՝ ասելով. «Ղարիբ, լաո, մի խաղ ասա Սոսե մայրիկի համար»։
Նոր–Բայազետ ում Անդրանիկը ապստամբության դրոշ պարզեց և վերսկսեց կռիվը ռոմի թուրքերի դեմ։ Դիմեց Անդրանիկը իր զորքին և ասաց,
— Աշխարհում դեռ չի եղել մի երկիր, որի ժողովուրդը տեղահան եղած շարժվի իր բանակի հետ։ Ես այդ դժբախտ բանակի հրամանատարն եմ։ Մինչև այսօր ինձ Կովկասի զորաց հրամանատար կանվանեին, բայց հիմա ես ինձ դարձյալ Սասունի մեջ կռվող հայդուկ կկոչեմ։ Այնքան ատեն, քանի դեռ մեր դաշնակից պետությունները չեն հաղթված և իրենց սուրը վար չեն դրած, ես պիտի շարունակեմ կռիվը ուժերիս ներածին չափով, կամ պիտի մեռնեմ, և կամ, եթե ողջ մնամ, Հայաստանը ազատագրված պիտի տեսնեմ։ Ես զինվոր եմ, ճընշվածների և ստրկացածների բանակի զինվոր։ Որտեղ պայքար կա ազատության համար, կռիվ կա տիրողների դեմ այնտեղ է իմ սուրը։ Այս պահիս ես որևէ օգնող չունեմ։ Ուր որ գտա մի պատառ հաց՝ հոն կուտեմ, չգտա անոթի կմնամ։ Ով ի սրտե կփափագի ընկերանալ ինձ՝ կարող է մնալ իմ զորամասի մեջ, պայմանով, որ եթե ինձ նման անոթի մնա, տրտունջ չհայտնի։ Իսկ չուզողը հիմիկվանե կարող է մեկնել։ Դիմեց Անդրանիկը իր ետևից եկող գաղթականությանը և ասաց. «Գիտեմ, որ իմ զորամասը շատ նեղությունների պիտի հանդիպի այս ճանապարհին և դուք արգելք պիտի ըլլաք մեր բոլոր շարժումներին, և թերևս, բոլորդ էլ ջարդվեք, բայց քանի որ վճռել եք ընկերանալ կրնաք գալ»։
Ու վեց լեռնային թնդանոթով, սայլերին ու ուղտերին բարձած ռազմամթերքով ու պարենով մեր զորամասը Սելիմի լեռնանցքով սկսեց իջնել դեպի Վայոց ձոր։
Ժայռերն այդտեղ թուխ էին, արծաթագույն ու կարմիր։ Եվ այդ բազմագույն ժայռերի միջով Քարագլխի քար ու քարափից հեղեղի պես իջնում էր գաղթականությունը։ Շալակել են ով ինչ կարող է։
Այդտեղ էր, որ գաղթականների մեջ երևաց կեռ եղջյուրներով մի գոմեշ ամեն տեսակ տնային իրերով բեռնված — ճրագվառոցից մինչև հավթառ, ուրագից մինչև աստվածամոր պատկերը՝ երկար թարթիչներով։ Խառնվել էր գաղթականների հոծ բազմությանը և արածելով բնազդորեն շարժվում էր առաջ։ Այդ անսովոր բարձկանը գրավել էր ամենքի ուշադրությունը։ Ոմանք նրա վրա խնամքով դարսված և ամուր կապված իրերից կռահում էին, որ այդ բարձկանը Խարբերդի կամ Բասենի կողմերից պետք է եկած լինի, ով էր տերը, ինչպես էր հասել մինչև Սելիմի լեռնանցքը՝ չիմացվեց և հարցնող էլ չկար։
Այդ բարձկանը այժմ ամենքինն էր և ոչ մեկինը։ Վայոց ձորի կամ Դարալագյազի հովիտը, դեպի ուր մենք իջնում էինք, առիթ էր տվել զարմանալի զրույցների։ Երկու գաղթական այդ հովիտը համեմատում էին Մշո դաշտի հետ և այդ կետից ակամա հեռանալով, վեճը կենտրոնացրել էին այն հարցի վրա, թե Բիթլիս քաղաքը քանի ժամ է հեռու ս. Կարապետի վան՛քից, արդյոք տասնչո՞րս, թե՞ տասնութ։ Վերջում համաձայնեցին, թե հեռավորությունը՝ տասնութ ժամ է ոտքով։ Իսկ մեկ ուրիշը իր գյուղն էր հիշում, ասելով, թե Առնջվանքը այնքան մոտիկ էր Մուշ քաղաքին, որ Առնջվանքում վառած ծխախոտը մինչև պրծներ՝ կհասնեիր Մուշ։
Մ երթ բառաչելով և մերթ արածելով նրանց կողքից շարժվում էր բարձկան գոմեշը։ Մի խնոցի դղրդոցով գլորվեց ձորը։ Ապա աստվածամոր կողքից մի ուրագ զնգաց քարափին հավի թառը ցնցելով։
Ծաղիկ Լամ բարձումը ետ նայեց.
— Բան չկա, գաղթի ճամփա է, դրախտի ճամփա չէ։ Ամեն բան լե կպատահի։
Ւմ կողքից անբաժան են Շահկա Արոն, Ալադին Միսակը և Մշեցի Ճիրոն։ Սմբուլ Արշակն էլ մեզ հետ է։ Ձիերը հեծած լեռնիվար իջնում են Խնուսցի Փիլոսը, Պուճուր Աբրոն և գումակի պետ հին հայդուկ Լոլո Գևոն։ Առջևից Անդրանիկն է գնում, ետևից՝ հեծելազորի հրամանատար Սարդիս Ճեպեճին և երրորդ գումարտակի զորապետ բժիշկ Բոնապարտը, մի տասնյակի չափ գարահիսարցի և բայբուրդցի քաջահաղթ հեծյալների հետ։
Եմբի մեջ է նաև հիսնապետ Թորգոմը։ Հեռվում երևում են Սյունաց սարերը ամպերի մեջ կորած։ Սոսե մայրիկը գաղթականների առաջ ընկած ձիով իջնում է զորքի ետևից։ Ամեհի բարձկանը կանգնել է մի կարմիր ժայռի և անդունդի վրայով զարհուրելի բառաչում է դեպի հեռվում երևացող Ջիվանշիրի սպիտակ գագաթները։
Հայոց Մոզ քաղաքի ավերակների մոտով մեր ձիերը ընթացք վերցրին դեպի Մարտիրոս գյուղը սարի լանջին։ Հետևյալը Խաչիկն էր։ Այդ գյուղի բնակիչները մեզ ասացին, որ հաջորդ՝ Պողոսքիլիսա գյուղի բնակիչները մեզ երևի թույլ չըտան իրենց գյուղի միջով անցնելու։
Անդրանիկը հասարակ շինելը քաշեց իր զինվորական զգեստի վրա և մի քանի գյուղացիների վերցնելով, գնաց այդ գյուղը՝ ճանապարհ պահանջելու։
Կանչեց գյուղապետին՝ ասաց.
— Անդրանիկ փաշան ուզում է ձեր գյուղի միջով դեպի Նախիջևան անցնել։ Նրան չդիմադրեք։
— Իսկ ու՞ր է Անդրանիկ փաշան, — հարցրեց ադրբեջանցի գյուղապետը։
— Ա՜յ, էնտեղ է, իր զորքի հետ։
— Մեզ վնաս չե՞ն տա։
— Ձեր հավերին նույնիսկ քշա չեն ասի։
Զորքը իջավ կանգնեց այգիների մոտ, իսկ գաղթականությունը շարժվեց դեպի Նախիջևան։ Վերջին անցնողը բարձկան գոմեշն էր։ Հավի թառը կախ էր ընկել աստվածամոր կողքից և քիչ էր մնում վայր ընկնի։ Անդրանիկը հավթառը բարձկանի վրայից վերցնելով՝ մեկնեց գյուղապետին։
— Ձեր հավերը շատ են։ Այս հավթառը իմ կողմից նվեր ձեզ։
— Իսկ ձեզ պե՞տք չի։
— Մենք տուն ունե՞նք, որ հավ ունենանք։ Ուղղակի իբրև հիշատակ։
Բարձկանը շարժվեց և նրա ետևից շարժվեց զորքը, ինչպես ասված էր։
— Բայց ու՞ր է Անդրանիկ փաշան, — հարցրեց գյուղսպետը, դիմելով հայ զինվորին։
Շայպինանդը շինելը վրայից մի կողմ քաշեց՝ ասաց.
— Անդրանիկը ես եմ։
Հուզվեց ադրբեջանցի գյուղապետը Անդրանիկի այդ առա՛քինի վերաբերմունքից։ Մեր ամբողջ զորամասը ետ կանչեց, մի ամբողջ օր պահեց իրենց գյուղում, կերակրեց, հյուրասիրեց ու դրեց ճանապարհ։
Հին հայդուկ Լոլո Հաջին ինչ–որ բան էր պատմում «մարալկանների» երկրի մասին, երբ մտանք Նախիջևան։
Անդրանիկը այդ քաղաքի ադրբեջանական թաղամասի բընակչությանը դիմելով՝ ասաց. «Սալամ, յոլդաշլար։ Մենք հայերս հնուց ի վեր ջատագով ենք խաղաղ աշխատանքի։ Թուրք աշխատավոր բնակչության հանդեպ ես ոչ մի ոխ չունեմ։ Ես կռվում եմ միայն նրա բռնակալ սուլթանների, ապիկար բեկերի և աշխարհի անարդար կարգերի դեմ։ Ես ճանաչում եմ միայն մի ազգություն — դա բոլոր ճնշվածների ազգությունն է»։
=== ՋՈԻԼՖԱՅԻ ԿԱՄՈՒՐՋՆ ԱՆՑՆԵԼԸ ===
Հունիսի 20–ին հասանք Ջուլֆա։
Այդտեղ լուր եկավ, որ Խալիլ փաշան հետապնդելով Վասպուրականից նահանջող հայ և ասորի գաղթականությանը, Ջուլֆայի գծով զորք է փոխադրում Պարսկաստան՝ դաշնակիցների դեմ։ Տեսնելով, որ Անդրանիկը ոչ միայն զենքը վայր չի դրել, այլև որոշել է շարունակել կռիվը հասնելով մինչև Ջուլֆա, թուրք փաշան սպառնացել էր գրավել Երևանը, եթե Հայաստանի վարիչները անհապաղ զինաթափ չանեն նրան և չհանձնեն իրենց։ Փաշային պատասխան էր տրվել, որ Անդրանիկը արտաքսված է Հայաստանի սահմանն երից իբրև խռովարար, որ նա ինքը ապստամբված է Հայաստանի հանրապետության դեմ, չի ճանաչում թուրք–հայ զինակցությունը և իրենց կարողությունից վեր է ձեռք գցել անհնազանդ զորավարին։ «Եթե ցանկանում եք անպատճառ ձեռք գցել նրան, դուք մեզնից զորավոր եք, կարող եք երթալ և բռնել», — ասված էր պատասխանի մեջ։
Ջուլֆա հասնելով Շապինանդի առաջին գործը եղավ անցնել Արաքսի վրա շինված կամուրջը և Խոյի վրայով օգնության փութալ Վասպուրականի հետապնդվող գաղթականությանը։
Զորավարը հայկական Ջուլֆա մտավ մեր սպայակույտի ձիավոր հարյուրակով, զորամասի գլխավոր ուժերից կես ժամ առաջ։ Հարյուրակի առջևից ընթանում էր քաջարի հայդուկապետը։ Նրանից մի քանի քայլ ետ՝ դրոշակակիրը, զորամասի դրոշակը բարձր պահած, ապա ես, մի քանի հարյուրապետներ, և նվագախումբը։ Փողային գործիքների պակասի պատճառով նվագախումբը համալրված էր ջութակ և սրինգ նվագող զինվորներով։ Հասարակ շվի փչող էլ կար։ Մի քանի տարբեր ձևի գալարափող, շեփոր, ծնծղա, թմբուկ, ջութակ և սրինգ։ Աշխարհում ոչ մի զորք այդպիսի զարմանալի նըվագախումբ չէր ունեցել։
Անդրանիկը հեռվից ուշի–ուշով դիտեց կամուրջը, ապա գըլուխը շուռ տալով նայեց իր հեծյալներին։ Հարյուրապետ Ճեպեճի Սարգսի շնորհալի դեմքը, բեղն ու փափախը և զինվորական տարազը վայելչորեն իրար ներդաշնակած հաղթանդամ փաշայի երևույթ էին տալիս նրան։ Ճեպեճին հասկացավ զորավարի միտքը և ձին քշեց առաջ, գրավելով առաջապահ դիրք։
Կամուրջը հսկող թուրք պահակապետը հարցրեց, թե մենք ովքեր ենք և ուր ենք գնում։ Շապինանդը արագացրեց ձիու վազքը և համարձակ մոտենալով պատասխանեց, թե ինքը այսինչ հայ զինվորականն է, արդեն հաշտություն է կնքված Հայաստանի վարիչների և թուրքերի միջև, և ինքը պաշտոն ունի թուրքական ճակատի գերագույն հրամանատարի և նորաստեղծ Արարատյան հանրապետության կառավարության կողմից գաղթականությանը Ջուլֆայի գծով տանել իրենց երկիրը՝ Թուրքիա։ Ավելացրեց նաև, որ ինքը սաստիկ զարմացած է, թե ինչպես մի այդպիսի կարևոր խնդրի մասին գերագույն հրամանատար Վեհիբ փաշան հեռագիր չի տվել Ջուլֆայի հրամանատարին։
— Տեսեք, փաշան զորքով գալիս է, — ասաց նա հեռվից Ճեպեճի Սարգսին մատնացույց անելով, և հրաման տվեց նըվագել օսմանյան ռազմական քայլերգը— «Շանլի վաթան Բինլեը յոլա»։ Պահակապետը և իր ասկյարները զգաստանալով բարևի կեցան կամուրջի վրա և շտապեցին շարք կազմել նորեկ փաշային և նրա զորքին պատշաճորեն դիմավորելու։
Քանի մոտեցանք կամուրջին, այնքան մեր ընթացքը սաստկացավ հետզհետե վերածվելով խելահեղ վազքի։ Մինչ թշնամին գլխի կընկներ, թե ինչ կատարվեց, Անդրանիկն իր ձիավորներով արդեն անցել էր կամուրջը և շրջապատել պահակախմբին։ Նա բոլորին զինաթափ արեց և ուղարկեց ռուսական Ջուլֆա։
Այդտեղ զորք եկավ մեր դեմ։ Հիսուն ռոմի ասկյար սպանվեց այգ կռվում, մնացյալները դիմեցին փախուստի։ Փախչող ասկյարներից մեկի ձին վազեց դեպի մեր կողմը։ Ասկյարը հրաման ստացավ ձին ետ դարձնելու։ Վազեց ձիու ետևից։ Անդրանիկի հրամանով բռնեցին ասկյարին և զինաթափելով բերեցին իր մոտ։
— Տղաս, մի՞թե դու չգիտես, թե ովքեր են հետապնդում քեզ։ Չվախեցա՞ր, որ կարող ես սպանվել։ Ինչու՞ ես մի ձիու համար կյանքդ վտանգի ենթարկում։
— Փաշան սաղ մնա, — գոչեց ասկյարը, — ես հայրենիքի և հրամանի գերի եմ։ Համոզված եմ նաև, որ ձեզ պես քաշ հրամանատարը իմ կյանքը ինձ կբաշխի։ — Անդրանիկը հրա~ մայեց վերադարձնել թուրք զինվորի ձին և որպես նվեր մի ատրճանակ տվեց նրան.
— Առ, որդիս, — ասաց Անդրանիկը, — սա էլ ինձնից հիշատակ քեզ։ Նստիր քո ձին և հասիր զորամասիդ, դու արժանի ես ապրելու, աֆերիմ, զավակս։
Ասկյարը փութկոտությամբ հեծավ իր ձին և դարձավ զարմանքով.
— Բաբա՛մ, Անդրանիկ փաշան դու՞ք եք։
— Ինչպե՞ս իմացար։
— Այդ հայրական ու հերոսական վարմունքը վայել է մենակ Անդրանիկ փաշային, որի մասին շատ էի լսել, բայց տեսած չկայի։ Բախտավոր եմ, որ սեփական աչքով տեսա և հիմա մեր զինվորներին կպատմեմ, ձեր մասին։ Իսկ այժմ ձեզ սաղություն։
Անդրանիկը Ջուլֆայի կամուրջը գրավելով, հետևյալ հեռագիրը ուղարկեց Պարսկաստանի շահին. «Ես եկել եմ, որ անցնեմ. ճանապարհ Էլ տաս՝ կանցնեմ, չտաս Էլ կանցնեմ»։ Առավոտյան շահից պատասխան եկավ. «Ճանապարհը բաց Է քո առաջ. կուզես Խոյով գնա, կուզես՝ Թավրիզով»։
Անդրանիկը բռնեց Խոյի ճանապարհը։
Մեկնելուց առաջ Ջուլֆայի մաքսատան պահեստներից զինվորներին չամիչ ու նուշ բաժանվեց։
Ալի Իսհան փաշան տասներկու հազար զորքով կանգնած Էր Սալմաստում։ Իմանալով մեր առաջխաղացման մասին, նա հինգ հարյուր զինվոր Սալմաստի ճակատում թողնելով իբրև թիկունքի պաշտպան, մնացյալ ամբողջ զորքով շարժվեց դեպի Խոյ մեր զորամասին դիմագրավելու։ Արագ տեղ հասնելով, նա Խոյի դարպասները փակել Էր մեր առաջ և ամրացել Սեյդավար գյուղում։
Չամիչ ուտելուց և Արաքսի պղտոր ջուրը խմելուց մեր հիվանդ զորքը դանդաղ Էր շարժվում, և մեր նպատակը՝ Խոյը գրավելով շարժվել դեպի Ուրմիա, դաշնակիցների բանակին միանալու՝ գրեթե ձախողված էր։
Երկու օր հետո իրիկնապահին Սեյդավար գյուղի առաջ հանդիպեցինք Ալի Իսհան փաշայի առաջապահներին և կռվի բռնվեցինք նրանց հետ։ Մենք ընդամենը վեց հարյուր ձիավոր Էինք, իսկ մեր հիմնական զորքն ու հրետանին դեռ տեղ չէր հասել։
Թշնամու դիրքերը իշխում էին մեզ վրա և մենք ստիպված մեր գլուխները քաշել էինք հողաթմբերի ետև։
Հուսահատ էինք ամենքս։
Հանկարծ երևաց Անդրանիկը ձին հեծած, շողշողուն սուրը ձեռքին, ետևից դրոշակակիրները զորամասի դրոշը բարձոր պահած։
— Հե՜յ, հե՜յ, ի՞նչ եք նստել դիրքերում, մենք գնում ենք հաղթելու և միայն հաղթելու։ — Наперед! — բուլղարերեն բացականչեց զորավարը և թշնամու գնդակների տարափի տակով սրարշավ նետվեց դեպի թշնամին։ Մենք ակնթարթում թռանք մեր ձիերին և ուռա գոչելով նրա ետևից թափվեցինք հակառակորդի դիրքերի վրա։
Թշնամին ահաբեկված փախուստի դիմեց։ Ասկյարները սարսափահար գցում էին հրացանները և ձեռքերը վեր բարձրացնելով, աղիողորմ գթություն հայցում։
— Խնայեցե՜ք, մեղք եմ։
Սեյդավարի կռվում ծանրորեն վիրավորվեց հիսնապետ Թորգոմը։ Նրա կողքին մի երիտասարդ ասկյար, որ նույնպես ծանր վիրավորված Էր, տենդի մեջ շարունակ կանչում էր. «Սրմալի՜, Արմալի»։ Երևի սիրած կնոջն էր հիշում։ Լուսադեմին նա մահացավ։
Վերցնելով Սեյդավարը և ջախջախելով Ալի փաշայի զորքերին, Անդրանիկը իր զորամասը շարժեց քաղաքի վրա։
Խոյը պարսպապատ էր։
Զորավարը հրամայեց պաշարել քաղաքը։ Աջ թևի վրա ես էի կանգնած իմ հեծյալ գումարտակով, իսկ դեպի Սալմասա–Խոյ առաջացող գծի վրա՝ հարյուրապետ Շահկա Արոն։
Անդրանիկը երկու անգամ գրոհեց քաղաքի պարիսպները։ Երրորդ գրոհին մեր թնդանոթները որոտացին և զորավարը քաղաքի հարավային պարիսպները քանդելով առաջինը մըտավ Խոյ։ Նրա ետևից մտավ մի ձիավոր հարյուրակ և ապա ամբողջ զորքը։
Երեք օր կռիվ եղավ այդ քաղաքի համար։ Խոյի տակ մի խիստ ամրացված կամուրջ կար։ Շապինանդը ասաց, «Մախլուտո, ինձ մի քանի զինվոր տուր այդ կամուրջը գրավեմ»։
Քսան զինվոր վերցրեց ու գնաց։ Մինչև կամուրջի կեսը գնաց՝ քսան զինվորն էլ սպանվեցին։ Ինքը մենակ մնաց կամուրջի վրա։
— էլի զինվոր տուր, — ասաց։
— Տարար տղաներին սպանեցիր, նորի՞ց զինվոր կուզես, — նեղացած գոչեցի ես։ Այս անգամ տվեցի տասնհինգ զինվոր։ Նրանք էլ սպանվեցին, ինքը մենակ մնաց կամուրջի վրա։ Երրորդ անգամ ուզեց՝ տվեցի հինգ զինվոր։
— Անդրանի՜կն եմ, Անդրանի՜կն եմ, հիսուն հոգով հիսուն հազարի դեմ եմ կռվել Սասունում, — բոռաց զորավարը և այդ հինգ զինվորով կամուրջի մյուս կեսն էլ գրավեց։
Պարսիկ բնակիչները դադարեցրին կռիվը, իսկ թուրքերը շարունակեցին դիմադրել։
Անդրանիկը քաղաքի կեսը գրավել էր և թուրքերն էլ մտադիր էին անձնատուր լինել, երբ մի ահավոր իրարանցում և գոռում-գոչում լսվեց քաղաքի պարիսպներից դուրս։
Ալի Իսհան փաշայի հեծյալ զորաբանակը Սալմաստի կողմից օգնության փութալով Խոյում դիմադրող թուրքերին, մերկացած սրերով Հարձակվել էր հայ անզեն գաղթականության վրա։
Մեր զինվորները Խոյի ճակատը լքելով, գլուխները կորցրած շտապեցին իրենց ընտանիքները փրկել։
Անդրանիկը ստիպված նահանջի հրաման տվեց և գաղթականներին փրկելու համար ճակատամարտը փոխադրեց քաղաքի պարիսպներից դուրս։
=== ՏՂՄՈԻՏ ===
Խոյից դեպի արևելք մի բարձր լեռ կա։ Գաղթականութւունը տեղավորված էր Սեյդավարի և Խոյ քաղաքի միջև, ձգվելով մինչև այդ լեռան ստորոտը։
Բլուրներից մեկը, որ իշխում էր դեպի հյուսիս տարածվող դաշտին, Վարդանաց անունն էր կրում։ Նրա վրա կանգնած էր մի անպաճույճ մատուռ և կողքից դանդաղ հոսում էր Տղմուտ գետը։ Մեր հեծելազորը դաշտով գնաց և կարմիր մարգարտածաղիկների միջով դուրս եկավ այդ մատուռի տակ։ Այդ այն նվիրական վայրն էր, որի վրա ես և Մշեցի Տիգրանը մոմեր էինք վառել տարիներ առաջ։
— Մենք գտնվում ենք Շավարշյան դաշտում, — զորքին դիմելով ասացի ես։ — Ահա քաջն Վարդանի գերեզմանը և ահա այն կարմիր ծաղիկները, որ ամեն գարնան բացվում են մեր հերոսների նահատակության վայրում, նրանց կարմիր արյունով ներկված։ Իմացեք, իմ քաջեր, հայրենիքին դուք կարող եք օգտակար լինել հերոսաբար կռվելով Տղմուտի ափին, ինչպես որ կռվեցիք Սեյդավարում և Խոյի պարիսպների տակ։
Խոսքս վերջացրի թե չէ, Անդրանիկը իմ ճակատը համբուրեց և այդ համբույրը զինվորից–զինվոր փոխանցվեց խոր լռության մեջ։
Ապա խոսեց զորավարը։
— Իմ առյուծ քաջեր, — ասաց նա, — չընկճվեք թշնամու գերակշիռ ուժերի առջև։ Միշտ էլ մեր թշնամին շատ է եղել, իսկ մենք՝ քիչ։ Մենք նպատակին ձգտում ենք ոգեկան ուժերի լարումով, իսկ մեր թշնամին՝ աճելով։ Այդ թշնամին անչափելիորեն նենգ է և անհունորեն անգութ։ Նա ձի չի նըստում ասպետական սխրանք կատարելու խանդով, այլ իր մարմինը փոխադրելու պահանջից։ Մի վայրկյանում նա ավելի Է ստրկանում, քան սասունցի հայը տարիների, դարերի ընթացքում։ Նա կարճահուշ է, ուստի և ապերախտ։ Այս կռվում ձեզ հետ է Տարոնի առյուծ զորավար Մախլուտոն։ Պատերազմներում տարած իմ հաղթանակների մեծ մասը ես պարտական եմ նրան։ Ձեզ Հետ են Հեծելազորի հրամանատար Սարդիս Ճեպեճին և հին հայդուկ Գևոն։ Ձեզ հետ են գումարտակի հրամանատար Բոնապարտը և Սեյդավարի հերոս հիսնապետ Թորգոմը։ Ձեզ հետ են մեր անվեհեր հայրուրապեներ Սմբուլ Արշակը, Շահկա Արոն և հիսնապետ Ճիրոն։ Ձեզ հետ է մեր բանակի աննման երգիչ Ալադին Միսակը։ Ձեզ հետ են խնուսցի Փիլոսը և Պուճուր Աբրոն։ Եվ վերջապես, ձեզ հետ է Ավարայրի հերոսների անընկճելի կամքը և նրանց անմահ ոգին։ Գիտցեք, որ թշնամին շինված է նույն նյութից, ինչ–որ մենք, բայց կռվում կհաղթի ավելի համարձակը, ավելի տոկունը և երկաթե կամք ունեցողը։ Նա, որ երդվել է հաղթել, բայց ոչ երբեք խորհել պարտության մասին։ Մենք հարկադրական նահանջներ արել ենք, բայց արդար կռվի մեջ թշնամին դեռ երբեք չի տեսել մեր թիկունքը։ Երաշխավորեք ինձ ձեր պատվի փառքով, որ այսուհետև էլ նրան չի հաջողվի մեր թիկունքը տեսնել։ Եթե վստահ չեք ձեր ուժերին, ապա կաղաչեմ, բարձրացրեք ինձ ձեր սվինների վրա և տարեք ա՜յ այնտեղ, ուր հավիտենական քնով հանգչում է Ավարայրի հերոսը և կենդանի թաղկ ինձ նրա կողքին, քան ճակատը լքելով անարգեք մեր քաջարի նախնիների սրբատեղին։
— Ոչ, փաշա, մեր զորամասում վախկոտներ չկան։ Մենք պատրաստ ենք ձեզ հետ հաղթել կամ մեռնել Շավարշյան դաշտում, — գոչեցին մարտիկները միաբերան։
— Ուրեմն ձեր հայացքն ուղղեցեք դեպի այն բլուրը, որ մատնացույց արավ զորավար Մախլուտոն, և ծնկի գալով Մամիկոնյան մեծ նահատակի աճյունի առաջ, երգվեցեք, որ Ավարայրի այս երկրորդ ճակատամարտում պատերազմի դաշտ լքողը առաջինը մենք չենք լինի։
Եվ Շապինանդը սուրը պատյանից հանելով իր նժույգի առաջ ծունկի իջավ։ Նրա ետևից մենք իջանք և մեր ամբողջ գունդը՝ ձիերի սանձերից բռնած։
Թշնամին, որ Խոյի պարիսպներից դուրս հարվածի տակ էր առել գաղթականների առաջին շարքերը, խուճապահար փախուստի դիմեց։ Սակայն զգաստացած՝ մերկացած սրերով գլուխը շուռ տվեց դեպի մեր կողմը։
Ու Տղմուտ գետի առաջ, Վարդանաց բլուրի և դաշտի մեջտեղ, սկսվեց ամեհի սրամարտ։ Հեծյալ ու հետևակ խառնվեցին իրար։ Սրեր էին, որ ճայթում էին և կայծակների պես իրար բախվելով թնդացնում էին օդը, Կռիվը ծավալվեց Վարդանաց բլուրի կամուրջի շուրջ, որ իշխում էր դեպի Սալմաստ երկարող ճանապարհին։
Անսպասելի հայտնվելով կռվի մեջ էր նետվել սասունցի հայդուկների գունդը՝ Փեթարա Մանուկի գլխավորությամբ։ Հայդուկուհի Սոսեի կոչով կռվի մեջ նետվեցին նաև գաղթական տղամարդիկ և զինվորի զգեստ հագած կանայք, ով ինչով կարող էր — Մոսե Իմոն, Տալվորիկցի Ֆադեն՝ բահը ձեռքին և թաղիքն ու կարպետը մեջքին կապած, բռնաշենցի Ծաղիկ Համբարձումը, Մորուքի եղբայր Օհանը, երկանք ու գերանդի շալակած գյուղացիները, դհոլ գրկած խութեցին, երկար թարթիչներով ասավածամոր պատկերը մինչև Ավարայրի դաշտը բերած ալաշկերտցին, Մարթան, Աղջնա Վահանի կինը, Լոլան, Յադիգամը, ինքը Սոսե մայրիկը և բազում ուրիշներ։
Իմ գումարտակի և Փիլոսի ու Շավարշի ձիավորները կըռիվը տեղափոխել էին հռչակավոր մատուռի շուրջը։
— Գլուխդ ձախ թեքիր, Փիլոս։ Հարյուրապետ Արո, առաջըդ անդունդ է, զգու՜յշ։ Աֆերիմ, Ճիրո, ա՜խ, ինչպես է շանթում ձիու բաշը մտած։ Այդպե՜ս, այդպե՜ս, այդպե՜ս։ Երկրորդ հարվածդ շեղ գնաց, Մորուք։ Օհա՛ն, աչքդ ծածկիր, վըրադ սուր է գալիս։ Ժայռին հենվիր, Ախո, բազուկդ հոգնեց։ Շտապիր, Չոլո, Փեթարա Իսրոն նեղ տեղ է ընկած։ Իսկ Պետոն ու՞ր է, Ուժգնորե՜ն, ուժգնորե՜ն, ուժգնորե՜ն։
Այսպիսի խոսքերով Շապինանդը քաջալերում էր կռվողներին, սուրը ձեռքին շանթելով և արծվի պես թռչելով ռազմադաշտի մի ժայռից մյուսը, մերթ Խոյի կիրճով գետափն Ի վեր վազելով, մերթ հայտնվելով ձախակողմյան բլուրի վրրա, մերթ հարյուրապետներ Ճեպեճի Սարգսի, Սմբուլ Արշակի և Բոնապարտի թիկունքին կանգնելով։
Եվ կռվում էին զորք ու զորական՝ Ֆրանկ–Նորշենցին, և՛ հիսնապետ Ճիրոն, և՛ Ալադին Միսակը, և՛ Աղջնա Վահանը, և՛ Պուճուր Աբրոն։
Եվ Տեր Քաջի Ադամն էր կռվում։ Եվ Հաջի Գևոն եվ Հիսնապետ Թորգոմը։ Եվ Կուրավա Շմոն։
Տղմուտը նորից ծածկվեց թշնամու դիակներով։ Մեզնից էլ շատ երևելի քաշեր ընկան և այդ քաշերից մեկն էր հարյուրապետ Շահկա Արոն։
Տղմուտի թրամարտից շատերը խելագարվեցին։ Սրերի շաչ ու շառաչից և մարդկային գոռում-գոչումից դողում էր երկինքն ու երկիր։ Շատ զինվորներ այդ ժխորից ցնորված սկսեցին պատառոտել իրենց հանդերձանքը, գլխի մազերը փետել, ծիծաղել, հռհռալ և խելակորույս վազել ռազմադաշտով։
Ու հանկարծ երկու կողմերն էլ բռնեցին նահանջի ուղին. թշնամին դեպի հարավ, հայերը՝ դեպի Արաքս։
Անդրանիկը զգալով, որ հակառակորդը ձգտում է Ջուլֆայի կամուրջը գրավել և խափան ել զորքի ու ժողովրդի անցումը Արաքսից, մի քանի հարյուրակ առած շտապեց Ջուֆայի կամուրջը պաշտպանելու։
Ես միայնակ մնացի Խոյի մոտ իմ մի բուռ տարոնցի քաշերով։ Իմ սուրը հոգնեց, փամփուշտը վերշացավ և ձիս խըփվեց։ Այդ ժամանակ մոտ վազեց իմ քաջարի հեծյալներից մեկը և տեսնելով, որ ես շրջապատման մեջ եմ, վայր թռավ թամբից և իր ձին առաջարկելով ինձ՝ ասաց.
— Հեծիր իմ ձին և ազատիր քեզ։ Եթե ես կորա, մի մարդ կկորի, իսկ եթե դու կորար՝ բանակը կկորի։
Նայեցի տեսնեմ՝ մշեցի Ճիրոն էր, մեր խիզախ հիսնապետը։
Մերժեցի վերցնել։
Ճիրոն տասնոցը քաշելով սպառնալի դեմ տվեց կրծքիս.
— Հեծիր և հասիր Անդրանիկին, այլապես ինքս կսպանեմ քեզ։
— Իսկ դու՞։
— Հոգ չէ, թե ես մնամ ու մեռնեմ, հեծիր իմ ձին և շտապիր զորավարի ետևից։
Ես հեծա Ճիրոյի ձին։
Ռազմադաշտը արագ դատարկվում էր և ամայանում կըրվողներից։ Ավարայրը ծածկված էր դիակներով, ծանր տնքացող վիրավորներով և վրնջացող ձիերով։ Տեղ–տեղ հատուկենտ հերոսներ դեռ շարունակում էին կռվել։
Հազիվ էի մի քանի քայլաչափ հեռացել, երբ երեք զինված ասկյար պաշարեցին ինձ, կամենալով գերի վերցնել։ Նըրանք այնքան մոտեցան, որ ձեռք գցեցին նժույգիս սանձին, ստիպելով զենքը հանձնել և վայր իջնել թամբից։
Ես ակնթարթում ձեռքիս տասնոցը թափով նետեցի ձիուս ոտքերի առաջ։ Երեքն էլ, ինչպես ենթադրում էի, իրար հրելով վազեցին տիրանալու զենքին։ Ես արագությամբ իմ թուրը քաշելով, երեքին էլ սրախողխող արի։
Բայց ի՞նչ եղավ Ճիրոն։ Մի սև աբավոր երիտասարդ կարմիր բլուրի մատուռի մոտ դիրք մտած մեն–մենակ կռվում էր թշնամու դեմ։ Դիտակով նայեցի՝ Ճիրոն էր։ Որքան աչքս կտրեց, ես տեսա նրան սև աբան հագին այդ դիրքում հերոսաբար կռվելիս։ վերջին գնդակը նա ուղղեց իր ճակատին և ընկավ Վարդանի մատուռի տակ։
Վշտից փակեցի աչքերս, որ ետ դառնամ, բայց հանկարծ մի սրտակեղեք երգի ձայն դիպավ ականջիս։ Ծանր վիրավորների մեջ Տղմուտի ափին ընկել էր նաև Ալադին Միսակը։
Երգողը նա էր։
Քիչ անց նրա երգը լռեց։
Այդպես երգելով էլ նա մեռավ։ Տղմուտի ծանծաղներում վերջացան Ալադին Միսակի երգերը, այն հրաշալի երգերը, որոնց շնչի տակ կաղապարվել էր իմ հայդուկային մանուկ հոգին, իմ սերնդի հոգին։
=== ՆԱՀԱՆՋ ԵՎ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ===
Մեր մնացյալ ամբողջ զորքն ու գաղթականությունը հավաքվեց Ջուլֆայի գլխին։ Այդտեղ դարձյալ կռիվներ եղան և տիֆ ընկավ զորքի ու ժողովրդի մեջ։
Ջուլֆայից եկանք Աղա։ Աղայում փաշան ասաց,
— Գնա Նախիջևանի սարը դիրք բռնիր։ Նահանջ չտաս՝ ես հիմա կգամ։ — Փոքրիկ մի զորք առա ու գնացի իր ցույց աղած սարը։ Նախիջևանի գլուխը դիրք բռնած սպասում եմ։ Տեսնեմ մի քանի բեկեր Շահթախտիի կողմից օսմանցու մեծ բանակ առած գալիս են ինձ վրա։ Անդրանիկը ուշացավ։ Տեսա, որ պաշարվում եմ, զորքը ետ քաշեցի դիմացի սարը։
Իմ գնալուց հետո փաշան դալիս է։ Իմանալով, որ նահանջ եմ տվել, նեղանում է վրաս և մենակ կռվելով օսմանցու դեմ, մութին հարկադրված զորքը ետ է քաշում։
Եկանք Աբրակունիս։
Ընդարձակ այգիներով շրջապատված գյուղ էր։ Զինվորներին տեղավորեց այգիների մեջ, իսկ հրամանատարներին տարավ վանք։
Այդտեղ Շապինանդն ասաց. «Ես էս ու՞ր չոլերն ընկած կերթամ։ Ու՞մ մոտ կերթամ էսքան զորք ու ժողովուրդ ձիուս պոչին կապած։ Անգլիացու՛ մոտ կերթամ»։
Ու էգ գիշեր Անդրանիկը վանքում նստած նամակ գրեց Բաքու Ստեփան Շահում յանին՝ Նախիջևանի գավառը հայտարարելով Սովետական Ռուսաստանի անբաժան մասը և իր զորամասը դնելով Սովետների կառավարության տրամադրության տակ։
Աբրակունիսից եկանք Ցղնա, որ Փարադաշտով գնանք Բեստ։
Ճանապարհին Անդրանիկի ձին կորավ։
Բարկացավ Հաջի Գևոյի վրա։ Շատ ման եկավ, գտավ իր ձին և Փարադաշտից քշեց եկավ Բեստ։ Բեստում բժիշկ Բոնապարտին ծեծեց, ինձ վրա գոռաց՝ թե ինչու նահանջ տըվիր։
Առավոտ ելանք տեսանք Շապինանդը չկար։ Վերցրել էր մի քանի տասնյակ ուղտ ու ջորի ու բռնել Քաջարանի ճամփան։ Ես էլ կազմեցի իմ զորագունդը և Կապուտջուղ լեռան ձյուն ու ծաղկի միջով իջա Քաջարան։ Քաջարանում ես Անդրանիկին բարև տվի՝ բարևս չառավ։ Նախիջևանի նահանջի պատճառով խռովել էր ինձ հետ։ Ու էդպես իրարից խռով քաջերի երկրից ելանք գնացինք Պղնձե քաղաք։
Էդ քաղաքի անունը Կապան էր։
Քաղաքը ձորի մեջ էր, Ողջի գետի ափին։ Զորի ամենանեղ տեղը շինված էր Գավիթ Բեկի բերդը։ Բայց ոչ Պղնձե քաղաքն էր աչքիս գալիս, ոչ էլ Գավիթ Բեկի բերդը։ Իմ ամբողջ մտածմունքը Անդրանիկի հետ հաշտվելն էր։ Մտածում եմ, թե ում գտնեմ, որ մեզ հաշտեցնի։ Որոշեցի Ճեպեճի Սարգսին դիմել կամ Հաջի Գևոյին։ Պատրաստ էի նույնիսկ մի հասարակ ձիապանի դիմել, միայն թե գործը գլուխ գար։ Վերջում կանգ առա Աղբյուր Սոսեի վրա։
Գաղթականների մեջ շրջեցի, բայց Սոսեին չգտա։ Գնացի դեպի այն ժամանակավոր կացարանը, ուր զորավարն էր տեղավորված։
Դուռը չբացած ականջիս հասավ կանացի մի բարկացած ձայն. «Տո, Անդրանիկ... »։
Մտածում էի, թե ո՞վ կլինի այդ կինը, որ համարձակվում էր զորավարին անունով կոչել և խստորեն հանդիմանել նըրան։ Գուռը կամաց բաց արի։ Ներսում շատ մարդ կար։ Մի կերպ ներս մտա և աննկատ կանգնեցի։ Զորավարը կուչ էր եկել թախտի վրա, իսկ նրա առաջ կանգնած էր մի ջլապինդ, բարձրահասակ նիհար կին և անվախորեն դատափետում էր Անդրանիկին, որ միջոցներ ձեռք չի առնում սոված գաղթականությանը կերակրելու համար։
Սոսեն էր։
Ոչ մի մեծավորի առաջ Անդրանիկը գլուխ չէր խոնարհում։ Բայց հենց որ Աղբյուր Սոսեն էր խոսում, թեկուզ և հրամայաբար, նա խեղճացած գլուխը կախում էր՝ ի հարգանք հայդուկապեա Սերոբի, որի զինվորն էր եղել ինքը։
Անհույս համարելով այլևս Սոսեի միջոցով Անդրանիկի հետ հաշտվելը, ես դուռը իմ ետևից ծածկելով, կամաց դուրս եկա։
Մի հայտնի մարդ կար Կապանի մեջ։ Ղարաբաղցի էր, անունը՝ Սմբատ։
Սմբատ Բեկ էին ասում։
Այդ ղարաբաղցին մի շքեղ տուն էր շինել անտառի մեջ՝ Գավիթ Բեկի բերդի մոտ։ Լսելով, որ զորավար Անդրանիկը Պղնձե քաղաք է եկել, Սմբատ Բեկը եկավ և նրան իր ապարանքը հյուր տարավ։ Ուզում էր ինձ էլ տանել, բայց Շապինանդն ասաց՝ կամ ես, կամ նա։
Անդրանիկը չէր սիրում հարուստներին, բայց նրանց հրավերքին գնում էր և հանդիմանում նրանց։ Երբեմն էլ խրճիթներում ապրող թշվառ ժողովրդի վիճակը հիշելով, զայրույթից շուռ էր տալիս նրանց ճոխ սեղանները։ Կարծում էի, թե այդպես կլինի նաև Սմբատ Բեկի հետ։ Բայց տեսնեմ՝ հանգիստ ապրում է և բոլորովին էլ չի հիշում ինձ։
«Քսան տարի մենք ախպոր պես լինենք ու հիմա էսպես իրարից խռո՞վ»— ասացի ինքս ինձ ու իմ զորք ու զորականից գաղտնի ելա գնացի Սմբատ Բեկի մոտ։
Սմբատ Բեկը ինձ Սմբատ փաշա էր ասում։ Նա իր ապարանքը տվել էր Անդրանիկին, իսկ ինքը տեղավորվել էր փայտաշեն տանը, ծառերի տակ։
— Սմբատ Բեկ, — ասացի, — ես ու Անդրանիկ փաշան խռով ենք իրարից։ Նախիջևանի կռվին ես հարկադրական նահանջ տվի ու հիմա ամաչում եմ նրա աչքին երևալ։ Երեկ Քաջարանում ես նրան բարև տվի՝ բարևս չառավ։ Հաջողացրու, որ հաշտվենք։
Սմբատ Բեկը առավոտ վաղ ելավ. գնաց Անդրանիկի մոտ։ Պառավ մայր ուներ նրան էլ իր հետ տարավ։
Փաշան սուրը կապած գնում–գալիս էր սրահի մեջ։ Դուռը ծեծեց.
— Մտե՛ք, — ասաց փաշան։
Սմբատ Բեկն ու իր մայրը ներս մտան։
— Հա, — ասաց փաշան, — գոլ եկել ես, իսկ իմ քրոջն ինչու ես բերել։
Մայրն ասաց.
— Փաշա, ես եկել եմ խնդրելու, որ թույլ տաս Սմբատ փաշան գա քեզ մոտ։
— Քո ասածը կատարված է, դու ազատ ես, գնա, — ասաց Շապինանդը ։
Սմբատ Բեկի մայրը դուրս գնաց։
Մնացին Սմբատ Բեկն ու Անդրանիկ փաշան։
— Գնամ բերե՞մ։
— Գնա՛, — ասաց փաշան։
Սմբատ Բեկն եկավ ինձ տարավ Անդրանիկ փաշայի մոտ։ Հեծա Ճիրոյի ձին ու գնացի։
Քսան քայլի վրա ձիուց իջա և մոտենալով համբուրեցի փաշի ձեռքը։ Նա էլ իմ ճակատն համբուրեց։
— Դու Նախիջևանի կռվին ինչու՞ նահանջ տվիր։ Չէ՞ որ ես քեզ հրամայեցի նահանջ չտաս։
— Փաշա, — ասացի, — քո մարմինը պողպատից է, իսկ իմը՝ մսից, ինչպե՜ս դիմանայի։
Հաշտվեցինք, մնաս բարով ասինք Սմբատ Բեկին ու Պըղնձե քաղաքից ճամփա ելանք դեպի Գորիս։
Կապան–Գորիս խճուղին փակ էր, ուստի գնացինք Առաջաձոր–Տաթև դժվարին ճանապարհով։ Կեռմաններով բարձրացանք լեռան գագաթ։ Իջանք մի ուրիշ ձոր ու նորից բարձրացանք։ Նորից իջանք։ Նորից վերելք։ Վերին Խոտանա դյուզը մնաց մեր թիկունքում։ Զորքի ետևից հազարավոր գաղթականներ են շարժվում, բոլորն էլ հոգնած, փոշոտված, անոթի, սևացած։ Շատ ձիեր մնացին ու բեռներ թափվեցին ճանապարհին։
Վերջապես մութով հասանք Տաթև։
Վանքը նստած էր վիթխարի ժայռերի կատարին։ Առաջը Որոտանի կիրճն էր, իսկ ետևը ձյունապատ լեռներ։ Վանքի բակում մի ճոճվող քարասյուն կար գլխին խաչքանդակ։ Շապինանդը ձեռքով հրեց այն։ Սյունը խորհրդավոր շարժվեց։ Վերջին փորձողը Թորգոմը եղավ՝ դարձյալ ճոճվեց։
— Մենք նման ենք այս քարե սյունին։ Թեթև հպումից շարժվում ենք խորհրդավոր, բայց կանգուն ենք բոլոր փոթորիկների ու դարերի մեջ, — ասաց Անդրանիկը և կարգադրեց վաշտապետներին զորքին դադարի հրաման տալ։ Գիշերը Տաթև մնացինք։
Հետևյալ օրը օգոստոսի 3–ին, ելանք ճամփա։ Մեր առաջ անտակ ձոր է, սրունքին՝ Տաթևի մեծ անապատը, իսկ տակը՝ Սատանի կամուրջը։ Մեկիկ–մեկիկ իջնում ենք ձորի կողերով։ Ձիավոր մի կին մեր աջակողմյան ժայռ ու մատուռի միջով վերևից շարժվում է դեպի մենաստան–անապատը։ Սոսե մայրիկն է իր զինվոր Ղարիբի հետ։ Ետևից մի խումբ գաղթականներ են գնում։ Նրանց մեջ է բռնաշենցի Ծաղիկ Համբարձումը, տալվորիկցի Ֆադեն իր թաղիքն ու բահը շալակին, և դհոլ գրկած շինականը, և մի չարքաշ բարձկան, որի տերը սպանվել էր Սեյդավարի կռվում։ Բարձկանը բնազդորեն գալիս էր գաղթականների հետ։ Բեռը թեթև էր այլևս։ Սելիմի լեռնանցքում ընկել էր ճրագվառոցը, ընկել էր ուրագը, հավի թառը չկար։ Մի փայտե շերեփ, դռան սողնակ և հարսանեկան բարձ թափվել էին դեպի Տաթև վերելքի ժամանակ։ Տալվորիկցի Ֆադեն մի քանդված առու էր շտկում դեպի մենաստան տանող ճանապարհին, երբ մի ծանր բան իր ոտքերին զարկվելով գլորվեց անդունդ։ Աստվածամոր նըկարն էր երկար թարթիչներով։ Հետո մի արծաթե բուրվառ ընկավ։
— Բան չկա, գաղթի ճամփա է, դրախտի ճամփա չէ, ամեն բան կպատահի, — հուսա դրեց Ծաղիկ Համբարձումը, առանց ընթացքը դադարեցնելու։
Կիրճի հատակին, Որոտանի մի ափից մյուսը, մի հսկա քարաժայռ էր ձգված։ Սատանի կամուրջն էր։ Անցանք վրայով և բռնեցինք դիմացի զառիթափը։ Մեր աջ թևի վրա Հալի ձորն էր, գլխին՝ անդունդ։ Զորքի մի մասը հասել էր Շինուհայր գյուղի «Յոթ աղբյուր» սարը, մյուս ծայրը չոքած էր Որոտնա գետին, իսկ գաղթականների բազմության վերջին շարանը դեռ գալարվում էր վանքի ճոճվող սյունի շուրջ։
Այնտեղ է նաև Մոսե Իմոն։ Տաթևի քարափին կանգնած նայում է ձորն ի վար տեսնելու, թե մինչև ուր գլորվեց աստվածամայրը երկար թարթիչներով, կամ ուր հասավ Սոսե մայրիկի ձին։
Հաշտվել ենք ես ու Շապինանդը, գնում ենք կողք–կողքի։ Մեր ետևից գաղթականությունն է գալիս, դրոշակի ետևից զորքը, զորքի ետևից՝ գումակը և հետնապահ զինվորներ։
Հոգնած է մեր զորքը։ Քչերը կոշիկ ունեն։ Շատերը ծակ տրեխներով են, առանց գուլպաների։ Սպաներից մի քանիսը նույնպես տրեխ են հագել։ Իսկ գլխարկները բազմաձև են, տարբեր։ Մեկ–երկու զինվոր զենքի հետ ջութակ և սրինգ են կրում։ Զենք, ջութակ և սրինգ կողք–կողքի. իսկապես, որքա՜ն տարօրինակ զորաբանակ է։ Արևմտյան Հայաստանի հեռավոր լեռներից այդ զորքը հասել է մինչև Որոտանի կիրճը։ կիրճով Որոտանն է հոսում, իսկ լեռների վրայով՝ ինքը։ Մեկը ոռոգում է հայոց հողը, իսկ մյուսը՝ հայության ոգին։
Բազում կռիվներից ու դժվարին երթից խոցոտված, պատառոտված, մաշված է նաև զորամասի դրոշակը։ Շինուհայրը մնաց Որոտանի կիրճում, իսկ ձախ թևի վրա՝ երեք մեծ բըլոլրներ։ Գնալով եռաբլուրները հեռացան, թիկունքում մնաց նրանց կանաչ հարթությունը և հանկարծ մեր առաջ, խոր ձորի մեջ, երևաց մի սպիտակ քաղաք։
=== ՔԱՐԵ ՄՍՈԻՐ ===
Գորիսը ցնծությամբ դիմավորեց Անդրանիկին։
Զորքը տեղավորվեց մոտակա Վերիշեն, Տեղ և Խնձորեսկ գյուղերում, իսկ գաղթականությունը՝ քաղաքի այգիներում, տներում և գետափի կենդանակերպ քարաբուրգերի շուրջ, ժայռափոր այրերի մեջ։
Բայց Գորիսի շրջանը ցորենից սակավ էր։ Սիսիանում զով էր և ցորենն ու խոտը առատ։ Ելանք Գորիսից և շարժվեցինք դեպի Անգեղակոթ։
Զորքի համար մի փոքրիկ հոտ է կազմված։ Ուր գնում ենք, այդ հոտը արածելով գալիս է մեր ետևից։ Հոտի մեջ է նաև անհայտ գաղթականի բարձկանը։
Հազիվ էր Անդրանիկը Անգեղակոթ մտել, երբ մի գյուղացի վրդովված ցցվեց նրա առաջ.
— Փաշա, գանգատ ունեմ։ Մի աչքդ գցիր իմ տանիքին։ — էս գյուղում հազար տանիք կա, ես ո՞ր տանիքին նայեմ, — ասաց զորավարը։
— Էն, որ նոր քաղած առվույտ կա վրան և մի զինվոր առվույտս քանդելով թափում է ցած։ Ի՞նչ իրավունքով։
Անդրանիկը դուրբինը դրեց աչքին։ Նայեց տեսավ Ախոն էր։ Եղանը ձեռքին բարձր կանգնած քանդում էր գյուղացու կանաչ դեզը։
Քանդում ու թափում էր ցած։ Ամեն հարվածին եղանի պոչը ցնցվելով դիպչում էր ժամատան զանգակին՝ մի թեթև ծլնգոց արձակելով։
Սառը քրտինք եկավ վրան։ Նա երբեք Ախոյին այդպես չէր տեսել։ Մի՞թե Ախոն է։ Նորից նայեց։ Չէ՛, Ախոն էր։ Մինչև այդ դեռ ոչ մի զինվոր չէր արատավորել իր զորքի պատիվը այդքան գրգռիչ արարքով։
Սեյդավարի կռվից հետո Ախոն սասունցոց պոլկից անջատվելով հետնապահ էր դարձել մեր զորամասին և գումակի ետևից էր գալիս։ Գաղթականների հետ հնձում էր սիսիանցոց կղծած արտերը, օգնում բերքահավաքի աշխատանքներին։ Իսկ այսօր ի՞նչ է պատահել այդ տարօրինակ զինվորին։
Անդրանիկը եկավ կանգնեց անգեղակոթցու տան առաջ։ Ախոյի աչքը դիպավ զորավարի աչքին։
— Մեր ձիերի համար է, փաշա։
— Ո՞ր ձիերի։
— Սասունցոց պոլկի։ Սասունցուն ներքև կանչեց,
— էս գյուղացին գանգատ ունի քո դեմ ու իր գանգատն արդար է, — խոսեց փաշան ու մի շառաչուն ապտակ տվեց Ախոյին։
Ախոյի կարճ, մոխրագույն փափախը գլորվեց վար։
— Փաշա, պատիվդ քեզ պահիր, — գոռաց Ախոն ու ձեռ՛քը մաուզերին գցեց։
Շապինգարահիսարցիները սրերը քաշեցին։ Փեթարա Մանուկն ասաց. «էդ ի՞նչ խոսք է, Ախո», — ու սասունցուն հրելով նետեց մի կողմ։
— Քո մարդը ճանաչիր, — գոչեց Ախոն վեր կենալով և փափախը ծածկելով վագրի կատաղությամբ նետվեց դեպի զորավարը։
Մանուկը թևը բռնեց։
— Դեռ քո ծռությունը չե՞ս թողել, — ասաց Անդրանիկը։ — Կամ մոռացել ես, թե մեր այսքան տարիների պայքարն ու տանջանքը ինչի համար է։
Ախոն լռեց։
Սասունցին հավաքեց թափած առվույտը, իր ձեռքով դիզեց անգեղակոթցու տանիքին ու ցած իջավ։ Տեսավ զորավարը նստել է գյուղացու շեմքին և հազիվ լսելի ձայնով ինչ–որ տխուր եղանակ է շվացնում։
— Պրծա՞ր, Ախո։
— Պրծա, փաշա։
— Դե, հիմա երթանք։
Գյուղի ծայրին մի ծերունի հաց էր կալսում։ Ծերունուն իջեցրեց, ինքը թռավ կամին։ Չորրորդ պտույտի վրա թիկնապահները կանգնեցրին մի գաղթական զինվորի։ Լեռնցի էր, բեղերը թանձր ու ոլորուն։
— Անթուան փաշան ու՞ր է։
— Կամ է քշում։
— Ինձ փաշի մոտ տարեք։
— Փաշա, մազոտ արայով մի զինվոր է ուզում քեզ տեսնել, — զեկուցեց հիսնապետ Թորգոմը։
— Սասունցի Օհանն Է, թողեք, թող քովս գա։ Զորավարը իջավ կամից։ Օհանը նրա առաջը կտրեց։
— Տխուր ես, Օհան, ի՞նչ կա։
— Փաշա, իմ ախպեր Մորուքը ծանր հիվանդ է։ Մի ոչխար տուր տանեմ Մորուքի համար։
Անդրանիկը Սասունում երեք տարի ապրել էր Օհանի տանը։ Հիշեց Մուրոյի տան աղ ու հացը և հովիվներից մեկին կանչելով՝ կարգադրեց զորամասի խաշներից մի ոչխար տալ Օհանին։
— Ոչ թե ձեր ընտրությամբ, այլ այս սասունցին ո՛ր ոչխարի վրա ձեռքը դրեց այն էլ կտաք։
Օհանն առավ ոչխարն ու գնաց։
Շուտով Մորուք Կարոն ոտքի ելավ և զորքը Անգեղակոթից շարժվեց դեպի Բռնակոթ։ Այստեղ մերկ զինվորներին հագուստ տրվեց։
Բռնակոթից անցանք Որոտնավանք։
Գեղեցիկ է Շաքիի ջրվեժը։
Անդրանիկը թիկնեց մի ժայռի և փափախը ձախ ոտքին կոտրած՝ ընկավ մտքերի մեջ։ Բոլորս կախարդված էինք հըրաշք տեսարանով։ Ի՜նչ ամեհի գեղեցկություն է։ Ինչպիսի՜ միասնական որոտալի ընթացք։ Նրա թնդյունը ինձ հիշեցրեց Գուռգուռան, որի գոռոցը Խոզմո սարի տակից մինչև Սասուն էր հասնում։
— Ա՜, եթե մեր ժողովուրդը այդպիսի միասնական թափ ունենար։
Հետևյալ օրը մենք մտանք Որոտնագյուղ և սեպտեմբերի 1Օ–ին վերադարձանք Գորիս։ Այդտեղ էր հասել նաև սասունցիների գունդը։
Գորիսում նստեցինք երկար։
Անդրանիկը կանչեց տեղի ազգային խորհրդի մարդկանց և կարգադրեց զորամասի քառանիվ սայլերը նորոգել։
— Ե՞րբ պատրաստ կլինի, — հարցրեց։
— Մի շաբաթից, — պատասխանեցին խորհրդի անդամները։
— Ձեզ երկու շաբաթ ժամանակ։
Անցավ երկու շաբաթ, բայց սայլերը չնորոգվեցին։
Զայրացավ Անդրանիկը և զգաց, որ ազգային խորհուրդը իր դեմ հակառակ ընթացք է բռնել։
Եղանակը աշուն էր և արդեն ցուրտ էր իջնում ձորերը։ Անդրանիկը կանչեց ինձ՝ ասաց.
— Ստիպված ենք էս ձմեռը Գորիսում մնալ։ Քո կարծիքըն ի՞նչ է։
— Սա քարե մսուր է, — ասացի։ — էս մսուրը մեզ չի կարող պահել։ Ձմռանը դժվար կլինի զորքի և ձիերի համար։ Մարդիկ չեն ուզում նույնիսկ քո սայլերը նորոգեն։
Նա հա ասելով, ես՝ չէ, ելանք նորից եկանք Անգեղակոթ։
Անգեղակոթում պառակտում ընկավ մեր մեղ։ Սարդիս Ճեպեճին և երրորդ գումարտակի հրամանատար Բոնապարտը իրենց երկու հարյուր ձիավորներին առած Պղնձե քաղաքի վրայով ինքնագլուխ մեկնեցին Մեղրի, որ Պարսկաստան անցնեն։ Փեթարա Մանուկը սասունցիների գունդը քաշեց դեպի Դարալագյազ։ Այդ գնդի հետ գնացին Մորուք Կարոն, Տեր Քաջի Ադամը, Չոլոն, Իսրոն Փեթարա և Արծիվ Պետռն։
Ախոն նույնպես մեկնեց։
Գաղթականներն էլ տրոհվեցին։ Նրանց մի մասը տեղա՛վորվեց Սիսիանի գյուղերում, ուր հացը թեև ցամաք, սակայն առատ էր, իսկ մի զգալի մասը սասունցիների գնդի հետ մեկնեց Վայոց ձոր։
Անդրանիկը դարձավ ինձ։
— Ի՞նչ ես շվար կանգնել։ Քո միտքը նույնպես ինձնից բաժանվելն էր։
— Բայց մենք Պղնձե քաղաքում հաշտվեցինք։
— Հաշտվողներն էլ կարող են բաժանվել։ Ձեր նպատակն է հեռանալ Զանգեզուրի սահմաններից և զորամասը ցրել։ Շաքիի ջրվեժը, որ մենք տեսանք, համարիր, որ չենք տեսել։ Ափսո՜ս Հայկ Նահապետի ազգին։
Մեր զորքը ճեղքվեց։
Մշեցի և խնուսցի զինվորները, ինչպես նաև զորամասի հարյուրապետների մեծ մասը մնացին ինձ հետ, իսկ Անդրանիկի հետ մնաց միայն առանձին հարվածող զորամասի մնացյալ ամբողջ զորքը՝ թվով հազար երեք հարյուր զինվոր, գլխավորապես Շապինգարահիսարի, Կաբինի, Խարբերդի, Խուտորջուրի և Կամախի հեծյալն ու հետևակը։
Շապինանդը իր զորամասով մնաց Զանգեզուր, իսկ ես իմ ձիավոր վաշտերն առած եկա Վայոց ձոր և Սելիմի լեռնանցքով բարձրացա դեպի Սևանի արևելյան ափերը։
=== ՎԱ՜Խ, ԻՄ ԱՍԼԱՆՍ ԿՈՐԱՎ ===
Մշեցի հին հայդուկներից Գորիսում շատ քիչ մարդ մնաց։ Դրանցից մեկը գումակի պետ Հաջի Գևոն էր։ Զորավարի բարկության, վշտի կամ ուրախության պահերին սպայակույտի միակ անդամը, որ համ արձակվում էր նրան մոտենալ Հաջին էր։ Զվարթախոս, կենսախինդ մարդ էր Հաջին, բոլոր զինվորների ու սպաների սիրելին։ Տարիքով ծեր էր, ոտքից էլ թեթև կաղում էր, բայց բնավորությամբ ու խառնվածքով երիտասարդ էր։ Ելնում էր միշտ առավոտ շատ վաղ, երբ ամենքը քնած էին, և չերքեզկան հագին, թուրը կապած, երկաթակոթ ծխամորճը ձեռքին, շվշվացնելով անցնում էր Գորիսի փողոցներով։ Սովորություն ուներ կանգնել Շապինանդի լուսամուտի տակ և բարձրաձայն սուլել իր հայդուկային հին երգը, որի ամեն երկու–երեք բառերից մեկը «լոլո» էր։
Այդ առաջին գիշերն էր, որ Անդրանիկը հոգնած քուն էր մտել քարե մսուրում, Մախլուտոյի և իր ձիավոր զորքի մեծ մասի բացակայությամբ։
Առավոտ կանուխ իր պատուհանի տակով անցավ Հաջի Գևոն, բարձրաձայն լոլո կանչելով։ Շապինանդը բարկությամբ բաց արավ լուսամուտը և հրամայեց նրան ետ դառնալ։
Հաջին մոտեցավ։
— Լսի՛ր, դու քու՞րդ ես, թե՞ հայ։
— Հայ եմ, զորավար, և այն էլ մանազկերտցի։
— Դու երևի մանազկերտցի քրդերից ես։ Ի՞նչ ես ամեն առավոտ լուսամուտիս տակ լոլո կանչում։ Շարքային հասարակ զինվոր էիր. ես քեզ սպա դարձրի, հետո էլ կարգեցի զորամասի գումակի պետ, որ իմ և զորքի քու՞նը խանգարես քո լոլոներով։
— Հայդուկ եմ եղել, զորավար, և այդ երգը միշտ իմ շուրթերին է։
— Հայդուկ ես եղել։ Իսկ մենք քո կարծիքով երկնքի՞ց ենք ընկեր Վարժվիր զինվորական կարգ ու կանոնի։ Չերքեզկա և հանկարծ՝ լոլո։ Հիմա լսիր իմ հրամանը։ Մեր քառանիվ սայլերը արագ նորոգվում են. ազգային խորհրդի տղաներին զգուշացրու, որ վաղը վերջին օրն է։ Սարգիս Ճեպեճին էր մեր ձիանքը պայտում։ Նա հիմա չկա։ Գորիսում կամ գաղթականների մեջ շտապ մեկ–երկու պայտառ գտիր, որ զորամասի ձիերը պայտեն։ Աղբյուր Սոսեն երկու օր առաջ գանգատվեց, որ իր ձիու պայտերից մեկը մնացել է Որոտանի կիրճում։ Հիսնապետ Թորգոմ ի ձիու պայտն էլ ընկած է։ Ստուգիր և երկուսի ձիերն էլ պայտել տուր։ Մի խոսքով, քո լոլոները պակասեցրու և նալերը շատացրու։ Կարգադրել էի, որ քաղաքում մնացած գաղթականներին պարեն բաժանեն։ Իմացիր, բաժանեցի՞ն, թե ոչ։ Ճրագվառոցին կգաս զեկուցելու։
— Լսում եմ, զորավար։
— Դե, հիմա գնա։
Հաջի Գևոն ամբողջ օրը զբաղվեց զորավարի հրամանը կատարելով։ Երեկոյան, երբ շվշվացնելով վերադառնում էր սպայակույտի կենտրոնատեղին, արձանացած կանգ առավ մի տեսարանի առաջ։
Մի աշխույժ խութեցի գետափի կոտրած գերաններին գաղթականների մի խումբ շուրջը ժողոված, ոգևորությամբ հեքիաթ էր պատմում,
«Սեբաստացի Մուրադ Սարիղամիշեն անզեն կհասնի Թիֆլիս քաղաք։ Գեներալ Նազարկեբով նրան կկանչե իր քով, կասե. «Մուրադ, մենք օսման թուրքի հետ խալ ու խարզ ենք հիմա։ Մեր մեջ կռիվ վերջացած է։ Դու կուզես, որ քո և Անդրանիկի պատճառով մեր մեջ նորից կռի՞վ էղնի։ Շուտ առ քո սև յափնջին, առ քո սպիտակ ձին ու հեռացիր էստեղից»։ Մուրադ կառնի իր սև յափնջին, կհեծնի իր սպիտակ ձին, ինքն էլ քաջ սիրուն տղամարդ կեղևի, կերթա Հյուսիսային Կովկաս։ Իր ետևից նորից հեռագիր կգա, թե ավելի հեռու գնա։ Մուրադ կերթա կհասնի Հաշտարխան։
Կլսե, որ էդ կողմերը մի կարմիր հրամանատար կա, անունը՝ Վորոշիլով։ Զին կքշե կերթա էդ հրամանատարի քով։ Բարև կիտա, բարև կառնե ու կարմիր հրամանատարին կասե. «Դուք Լենին փաշի հետ զորք ու զենք եք վերցրե ազատ կյանքի համար։ Մենք լե ռանչպար մարդիկ ենք ու մեր կռիվ աշխարհի բեկերի ու զոռբաների դեմ է, էլ կարելի՞ է տարակուսել, որ ձեզ հետ ենք»։ Վորոշիլով կասե. «Որ էդքան քաջ մարդ ես ու մեր գործին համակիր, մեր ընկեր Ստեփա՛նոս Շահում յան Բաքվի մեջ նեղ տեղ է ընկած։ Ել գնա Բաքվի ճակատ»։
— Զենք տուր էրթամ։
Վորոշիլով իրեն զենք կտա։ Ու Մուրադ նույն օր, ձին տակ, հրացան թևին, կանցնի Բաքվի ճակատ ու կկանգնի Ստեփանոս Շահումյանի կողքին։
Էնի թող էնտեղ մնա, մենք ջուղաբ տանք Անդրանիկից։
Անդրանիկ, որ կհասնի Աբրակունիս, կնստե նամակ կըգրե Ստեփանոս Շահում յանին։ Նամակի մեջ կգրե. «Ես, դարբնի տղա Շապինանդ, Գողթան գավառ և Նախիջևանի գավառ, և Մեղրի գավառ կարմիր դրոշակի տակ առա»։ Գի՛շերով կերթա Կղնութ ու իր նամակ անթել հեռագրով կքաշե Բաքու։
Շահումյան Ստեփանոս կվերու Անդրանիկի անթել հեռագիր ու կքելե Լենինի քով. թե հալ ու հալբաթ էսպես բան, զորավար Անդրանիկ իր զորքով մեր կողմ անցավ։
Լենին կհարցու. — Անդրանիկ ու՞մ տղեն է։
— Դարբնի տղա է, — կպատասխանի Շահում յան Ստե՛փանոս։
— Բարև արա Անդրանիկ փաշին, — կասե Լենին։ Ու շատ կուրախնա, որ դարբնի տղա Անդրանիկ Նախիջևանի վրա կարմիր դրոշակ է քաշել։
Շահում յան Ստեփանոս կնստի ու նամակ կգրե Անդրանիկ փաշին, թե քո ընկեր սեբաստացի Մուրադ արդեն Բաքու է հասե, դու ինչու՞ ես նստե Աբրակունիս, շուտ վեր կաց արի։ Ու էն ժամանակ, որ Շապինանդ կկարդա Ստեփանոսի նամակ և Լենինի բարևներ և կուզե ձի նստել, որ իր զորքն առնի Բաքու էրթա, կտեսնի իր ձին չկա։
— Իմ ձին գողցան, — կգոռա փաշան։
Հարյուրապետ Ճեպեճի Սարդիս և հիսնապետ Թորգոմ բժիշկ Բոնապարտի հետ վազելով կիգան։
— Իմ ձին ու՞ր է, — կհարցու փաշան։
— Չգիտենք, քոլ ձիապանին հարցու։ — Էստեղ փաշան կհերսոտի։ Մի չափալախ կիտա Ճեպեճի Սարգսին, մի չափալախ կիտա հիսնապետ Թորգոմին, իսկ բժիշկ Բոնապարտը լեղապատառ կփախչի։
Կկանչե Հաջի Գևոյին։
— Իմ ձին ու՞ր է, — կհարցու փաշան։
Ագուլիսից վերև ձորի մեջ մի հին վանք կա։ Հաջին կհիշե, որ Սեյդավարի կռվից հետո զորավարն Ասլանին ուղարկել էր էդ վանքին պահելու։
— Քու ձին տվել ես վանքին պահելու, — կպատասխանե Հաջին։
— Շուտ մարդ ուղարկե թող բերի։ Ես էդ ձիով Բաքու՝ Ստեփանոս Շահումյանի հավարին պիտի էրթամ։
Հաջի Գևոն մարդ կուղարկե վանք, բայց դատարկ ետ կգա։
— Հեյ վա՜խ, — կասե փաշան, — մեր վանքերն էլ անսուրբ դարձան։ — Ու մի չափալախ կիտա Հաջի Գևոյին։ Հաջի Գևոն ցավից երկու ականջ կբռնե ու կգոռա։ Էդ գոռոցի վրա ներս կմտնե Սմբատ փաշան։
— Իմ ձին ու՞ր է, — կհարցու փաշան ու մի չափալախ կիտա Սմբատ փաշին։ Դեռ մինչև էդ օր Անդրանիկ փաշան Սմբատ փաշի վրա ձեռք բարձրացրած չկար, էնքան որ կըսիրեր էնոր։
Սմբատ փաշեն կասե. «Եկեք էրթանք էդ խելռտուկի ձին գտնենք, թե չէ մենք դրա ձեռքից պրծնող չենք»։ Ճեպեճի Սարգսին ուղարկեց Գողթան գավառի Վերին Ագուլիս ու Յըղնա, հիսնապետ Թորգոմին՝ Սեյդավար։ Հաջի Գևոն ականջը բռնած շվշվացնելով կերթա Նախիջևանի սարերը։ Իսկ ինքը մի քանի սասունցի ծուռ հայդուկ իր հետ առած՝ Մորուք Կարո, Չոլո և Արծիվ Պետռ, մինչև Ջուլֆա կհասնի։ Շատ ման կգան, չեն գտնի։ Ճարահատյալ ետ կգան։
— Վախ, իմ Ասլանս կորավ, — կգոռա Անդրանիկ փաշան ու բարկությունից ամեն մեկին նորից մի չափալախ կտա։ Ամենամեծ չափալախ էլի բաժին կընկնի Հաջի Գևոյի ականջակոթին։
— Ես լսել էի, որ գաղթականների մեջ բռնաշենցի մի հիանալի հեքիաթ պատմող կա, բայց տեսած չկայի, — ասաց Հաջի Գևոն գերանների վրա նստած մարդկանց մոտենալով։ — Անունդ ի՞նչ է։
— Իմ անունը Ծաղիկ Համբարձում է։ Էդ հեքիաթ պատմողը ես եմ։
— Քանի՞ տարի է, որ հեքիաթ ես պատմում։
— Հա՜ կպատմեմ։ Վերջին ասացողի ձեռքից կառնեմ, մեկ երկու նախշ կդնեմ վրեն ու կտամ ինձնից հետո եկողին։ Իմ հեքիաթին վերջ չկա։
— Հիանալի պատմություն է։ Բայց մի բան ասեմ, Համբարձում եղբայր, դեռ մինչև էսօր Անդրանիկ փաշան ինձ ապտակ տված չկա։
— Ինչի դու ո՞վ ես։
— Ես Հաջի Գևոն եմ։
— Հեքիաթի մեջ կիտա, դու խաբար չես էղնի։ Ուրեմն Հաջի Գևոն դու" ես։ Ես քոլ լոլոն լսել եմ, բայց քեզ տեսած չկայի։ Հեքիաթն էլ իմ լոլոն է, պարոն Հաջի։ Դու քո լոլոն առավոտ կշվացնես, ես՝ իրիկվան, — ասաց բռնաշենցին բեղի ծայրը մատի վրա բարակ ոլորելով։ — Ասում ես, փաշան քեզ ապտակ տված չկա։ Ինչու Փեթարա Ախոն քեզնից պակա՞ս տղամարդ էր, որ նրան ապտակ տվեց։ Էդ էլ հո հեքիաթ չէ։ Ախոն ի՞նչ իրավունք ուներ խեղճ անգեղակոթցու առվույտը տանիքից ցած թափել։ Կամ Սմբատ փաշա՞ն էր պակաս տղամարդ, որ նահանջ տալու համար արժանացավ Շապինանդի ապտակին։ Էդ բոլորը փաշան արել է Հայաստանի պատվի համար, իմ ու քու պատվի համար։ Քանի որ
խոսքը տեղն էկավ, մի կարճ բան պատմեմ, մինչև Անդրանիկի ձին գտնենք։ — Խութեցի Սալիմ աղեն իր քոլոզը տարավ դըրեց ճամփի մեջտեղ։ Շաքիր իշեց տեսավ ճամփի վրա իր դուշմանի քոլոզն է դրված։ Կարծելով թե Սալիմն սպանվել է, նշան բռնեց նրա քոլոզին։
— Դու իմ քոլոզին զարկեցիր, ուրեմն ինձ զարկեցիր, — բոռաց Սալիմ աղեն ու զարկեց սպանեց իր քոլոզի վրա նշան բռնողին։ Հիմա դու իմ հարցին պատասխան տուր, պարոն Հաջի, մեր ազգության պատիվ մի քոլոզի չա՞փ էլ չկա, որ Անդրանիկ փաշեն նրա վրա նշան բռնողին անպատիժ թողնի, կամ նրա տանիքի բարդոցը քանդողին մի ապտակ չտա։ Հիմա ջուղաբ տանք Անդրանիկի ձիուց։
=== ԵՐԵՔ ԲԱՂԱՐՋ ===
Ծաղիկ Համբարձումը փաթաթեց մի գլանակ և շարունակեց.
— Լուսադեմին Շապինանդ Մորուք Կարոյին, Չոլոյին և Սաֆար–Պետոյին ուղարկեց սասունցոց պոլկ, իսկ ինք հագավ ախոռապետի շոր ու մի փոքրիկ ձիակապ առնելով, մեն-մենակ ընկավ ճամփա։ Հազար ձի խրխնջար, Անդրանիկ իր ձիու խրխնջոց կջոկեր հազարի միջից։ Հազար ձի անցներ ճամփով՝ գիտեր թե իր ձիու կճղակի տեղ որն է։
Վեց օր, վեց գիշեր ման եկավ։ Յոթերորդ օրվա հրամկային տեսավ մի մարդ ելավ ցախուտից, ետևից մի սել անտառափայտ քաշ տալով։ Մոտեցավ, հարցրեց.
— էդ փայտ ու՞ր կտանես։
— Վաճառելու։
— Անտառի մեջ ձի կամ ձիու հետք տեսա՞ր։
— Ոչ ձի տեսա, ոչ ձիու հետք, — պատասխանեց փայտավաճառ գյուղացին։
— Վա՜խ իմ Ասլանս, — ու գլխին զարկեց փաշան։ Խոսքը բերանին տեսավ կողքի չեչոտ սարով մի ծեր մարդ կերթա՝ ետևը համետած մի ձի, վրան քառսուն փութ աղուն բարձած։ Զիու տեսք վագրի էր, ոտքեր բարձր ու բարակ։
Ասլանն էր։
Ճմլվեց Անդրանիկի սիրտ իր նժույգին էդ վիճակի մեջ տեսնելով։
Հեռվից ձեռքով արեց ու հևիհև վազեց։ Գյուղի ճամփին բռնեց ծերունուն։
— Բարև, մեծ ախպեր։
— Բարին արևդ, փոքր ախպեր, ինչի՞ ձեռքով արիր։ — Ձի՜ն, ձի՜ն ափսոս է։ Ինչի՞ ես վրեն համետ դրել։
— Բա համետն ինչի՞ վրա դնեմ։
— Չէ որ դա Շապինանդի ձին է։
— Դու Շապինանդի ի՞նչն ես։
— Ես նրա ախոռապետն եմ։
— Շապինանդն ախո՞ռ ունի, որ ախոռապետ ունենա, — պատասխանեց զանգեզուրցին։ — Նրա բարձը մի ժեռ քար է ու ձիու սանձը միշտ բռի մեջ։ Մեր փաշան ոչ տուն ունի, ոչ ախոռ։
— էդ մեկը դու ճիշտ խոսեցիր։ Բայց էդ պուտ-պուտ խալերով գրաստը նրա ձին է, ու քոլ փոքր ախպերն էս մի շաբաթ է սար ու ձոր ընկած դրա ետևից ման կգա։ Եկ էդ բեռն ու համետը վրայից ցած առ ու իմ հրեղեն ձին տուր տանեմ։
— Ի՜նչ ասացիր։ Հրեղե՜ն։ Էս քոսոտ ձի՞ն է հրեղեն, — զարմացավ ծերունին։ — Մի էս շրջանի գյուղերը ման արի — Ագուլիս, Ցղնա, Փարագա, տես թե մարդիկ ինչ հրաշք են տեսել։ Փաշեն նստել է ձին։ Ձին խրխնջացել է ու առջևի ոտքերը բարձրացնելով էնպես է զարկել Խոյ քաղաքի պատերին, որ պատը մեջտեղից ճղվել է, ու ինքն ու իր ձին մտել են ներս։ Ծուխն ու մուխը, ձիու խրխինջն ու թոփի ձենը խառնվել են իրար։ Ա՜յ, դրան կասեն փաշա, դրան կասեն հրեղեն ձի։ Իսկ դու եկել աչք ես տնկել էս քոսոտ գրաստին։
— Մեծ ախպեր, սա Շապինանդի ձին է, ես եմ կորցրել, ես էլ պետք է գտնեմ։ Էս ձին մի ասորի ցեղապետ է նրան նվիրել Սասնա սարի վրա և անմահական Է, որովհետև հրեղեն ձիու շունչ է դիպել նրան։
— Հիմա էլ անմահակա՞ն դարձավ։
— Հրեղեն է և անմահական։
— Քո փաշեն հիմա որտե՞ղ է։
— Քնած է վրանի տակ։
— Փոքր ախպեր, կամ դու ես գիժ, կամ ինձ ես գժի տեղ դրել, — նեղացավ սարեցին։ — Շապինանդն հիմա Խոյ քաղաքի թագավորի թախտին նստած իր շորերն է թափ տալիս գնդակներից։ Սմբատ փաշեն էլ թագավորի նալբանդին կանչել է, որ նրա ձիու մաշված պայտերը փոխի։ Էս ինչ ժամանակ է, որ ազգի հերոսն հանգիստ քնի վրանի տակ։
— Դու էդ հեքիաթը սարքեցիր, որ տիրանաս փաշի ձիուն, — ասաց ախոռապետը։ — Ճիշտ է, որ Շապինանդը կռվով հասել է մինչև Խոյ և Սեյդավար, բայց նա ամենևին փափագ չունի թագավորի թախտին նստելու։ Նա թշնամի է թագավորներին և ինձ շտապ ուղարկել է իր ձին գտնելու, որ նստի Բաքու էրթա։ Էդ փաշա ասածդ շատ հասարակ մարդ է։ Օր է եղել, որ մենք միասին նույն մսուրի մեղ ենք քնել և տանտերը ինձ ավելի մեծ պատիվ է տվել, կարծելով թե Շապինանդը ես եմ։
— Սու՛տ է, որ դու նրա ախոռապետն ես։ Սու՛տ է, որ մի ասորի ցեղապետ է էդ ձին տվել նրան։ Եթե նա էլ քեզ պես մի հասարակ ծառա է, ուրեմն էլ ի՜նչ փաշա, — բարկացավ զանգեզուրցին ու ձին շարժեց առաջ։
— Կճղակների տեղերը տես, բոլորովին տարբեր է ուրիշ ձիերի ոտնատեղերից, — բոռաց ախոռապետը ետևից կռանալով և ցույց տալով ձիու մանրիկ թարմ հետքերը գետնի վրա։
— Հիմա էլ կճղակներին կպա՞ր։ Ո՞վ է էդ ձևով ձիու տեր դարձել աշխարհի վրա, — հերսոտավ զանգեզուրցին ու սկսեց նոր երդումներով հավատացնել, որ ինքը էդ ձին առել է մեղրեցի մի շինականից, սա էլ իր հերթին առած է եղել նախիջևանցի մի ձիավաճառից։
Ախոռապետի և ծերունու վեճի վրա շատ մարդիկ հավաքվեցին գյուղաճամփին։
— Է, աղեկ, որ անհավատ ես, եկ էսքան մարդու առջև դու էլ կանչիր Ասլան ջան, ես էլ կանչեմ, տեսնենք որի կանչին ձին պատասխան կտա։ Ում կանչի վրա խրխնջաց՝ ձին նրանն է, — առաջարկեց ախոռապետը։
Զանգեզուրցին համաձայնեց ու նրանք հերթով դիմեցին ձիուն։ «Ասլանս, Ասլանս», — կանչեց սարեցին, բայց ձին նրա կանչին անտարբեր մնաց։ Շապինանդը դիմեց նրան իր սովորական փաղաքշական ձայնով. «Ասլա՜ն, Ասլա՜ն»։ Ջին ականջները սրելով բոլորի առաջ բարձր խրխնջաց։
— Հիմա համոզվեցի՞ր, որ սա Շապինանդի ձին է, — հարցրեց ախոռապետը։
— Համոզվեցի, ախպեր, — բազմության առաջ երկու ձեռքը վեր բարձրացնելով իր պարտությունը խոստովանեց ծերունին։
— Բայց ես քեզ առանց գրաստի չեմ թողնի, — հուսադրեց ախոռապետը։ — Գնանք մեր գումակը և ուզածդ ձին վերցրու։ Մի քիչ էլ կանխիկ դրամ կտամ։
— Կանխիկ դրամը հիմա տուր։
— Ինձ մոտ դրամ չկա։ Սասունից մինչև էստեղ գանձի փոխարեն իմ ձեռքի մեջ միայն էս ձիու դատարկ սանձն է եղել։
Զանգեզուրցին Ասլանի վրայից կվերցնի բեռն ու համետը։ Ախոռապետը կհեծնի ձին։
— Ո՞վ է էդ մարդը, — կհարցնի անթացուպին հենված մի հայ զինվոր, ճեղքելով բազմության շարքը։
— Շապինանդի ախոռապետն է, — կպատասխանեն ներկաները։
— Ոչ, դա ինքը Անդրանիկ փաշան է։ Նա ծպտված է ախոռապետի շորերով, — կբացականչի զինվորը և հիացմունքից ու զարմանքից առաջ կգա զինվորական գլխարկը նրա ետևից հանելով։ — Ես նրա առանձին հարվածող զորքի մեջ էի։ Իմ վերքը Խոյի ճակատամարտին ստացա։
Էդ խոսքի վրա բոլորը իրենց գլխարկներ կհանեն և շուռ կգան ձիավորի կողմը, որ մոտիկից տեսնեն նրան։ Բայց Շապինանդն արդեն Ասլանի ականջը մտած կբարձրանար սարով։
Ճամփան ձորնիվեր զառիթափ ու ցից կերթար։ Էդ ձորի փորի մեջ մի ուրիշ ձոր կեղնի։ Էդ ձորի մեջ էլ մի պստիկ ձոր։ Կքշե ձին ու էդ նեղ ու ցից ճամփով կելնի վեր։ Էդ սարի վրա յոթ ճամփա կբացվի իր առաջ։ Կմոլորվի ձին, չգիտի ո՛ր ճամփով էրթա։ Ետ ու առաջ կերթա կգա ու կգլորվի կընկնի առաջին մեծ ձորի փորի մեջ։ Էստեղ Անդրանիկի ուշք կերթա, թամբից կպատի ցած։ Երկու ալրոտ տղամարդ ձորի միջից վազելով կգան կբռնեն թևից։ Կասեն՝ այ մարդ, ինչ պատահեց քեզ, ինչու պատար ցած։ Կասե՝ հազար ձի խըրխնջա, ես իմ ձիու խրխինջ կջոկեմ հազարի միջից։ Հազար ձի անցնի սարով, ես կերթամ կկանգնեմ իմ ձիու կճղակի վրա, բայց էս սարի կողեն յոթ ճամփա բացվեց իմ առաջ։ Ես ու իմ ձին մոլորվեցինք, չգիտենք, թե ո՛ր ճամփով էրթանք։ — էդ մարդիկ ջաղացի առվից ջուր կբերեն կցանեն Իր վրեն. ուշքի կգա։ Կասեն՝ դու ո՞վ ես։ Կասե՝ ես Անդրանիկ փաշեն եմ, Բաքու՝ Շահումյանի հավարին կերթամ։
Ծեր ջաղացպանը Շահում յան Ստեփանոսի Բաքվի ընկերներից կեղնի։ Երեք բաղարջ կեփե կդնե Անդրանիկի խուրջինի մեջ, կասե՝ էդ յոթ ճամփից երեք ճամփեն աջ կողմի թող, երեք՝ ձախ կողմի, ու մեջտեղի ճամփով քելե։ Բաքվի ճամփեն էդ է։
Անդրանիկ խուրջինը երեք տաք բաղարջով կկապե թամբին ու Ասլանին հեծնելով կհասնի Բեստ։ Բեստի մոտ նամակ կգա Բաքվից, որ Շահումյան Ստեփանոս և իր քսանհինգ ընկերներ սպանված են։ Շապինանդ էստեղ կընկնի թամբին ու կիլա–կիլա ու կբարձրանա սարով։ Մեկ էլ էն կտեսնի, որ կանգնած է Փարագա գյուղի ձորի գլխին, անտառի մոտ։ Ով, տեր աստված, կասե, ես, որ Սելիմից Վայոց ձոր իջա, արտ ու անտառ կանաչ էր, մըկա ցորենն լե հասավ՝ ես դեռ Քաջարանի ճամփին եմ։ Փարադաշտի կողմից մի սև ագռավ կգա ու կնստի էն ծառի վրա, որի տակ Անդրանիկի ձին էր կանգնած։
— Յաման, անծեղ, աստծո հավորի՛կ, — կասե, — էդ ինչ սև թուղթ է սպիտակ կտուցիդ մեջ։
Խոսք բերանին՝ թուղթը կընկնի ձիու մեջքին, անծեղ կթռնի կերթա։ Մեկ էլ էն կտեսնի Անդրանիկ, որ ընկած տեղը սևցավ։
Զին իմաստուն էր, դարձավ ասաց, — Հեյ վա՜խ, Շապինանդ, քո ընկեր Սեբաստացի Մուրադ սպանված է, ու իր զորք էնոր տարե թաղել է Արմենիքենդ գերեզմանատուն։
Շապինանդն էնտեղ վշտից ձիու վրա շուռ կգա։ Խուրջին կպոկվի թամբից, ու բաղարջներ վերևից կգլորվեն ձոր։
Ողորմի, հազար ողորմի բոլոր անմեղ սպանվածների հոգուն, աստված ձեր անդարձին դարձ ի տա, դուք էլ, որ անմեղ եք՝ հասնեք ձեր մուրազին։
Ճրագները հանգչում էին, երբ Հաջի Գևոն ներկայացավ Շապին անդին։
— Կարճ զեկուցիր։
— Քառանիվ սայլերը վերանորոգված են, փաշա, բոլոր ձիերը պայտված են։ Հեծելազորը կազմ ու պատրաստ է վաղվա համար։
— Գաղթականների մոտ եղա՞ր։
— Եղա, փաշա։ Նրանք գետափի գերաններին նստած հեքիաթ են պատմում ձեր մասին։
— Հեքիա՞թ։ Մեր ժողովուրդը սիրում է խալիչա գործել։ Երկնքից քանի՞ խնձոր ընկավ։
— Երկնքից ընկավ երեք բաղարջ։ Մեկը Լենինի, մեկը Ստեփանոս Շահում յանի, իսկ մյուսը՝ մեզ բոլորիս համար։
— Քեզ բաժին չմնա՞ց։
— Իմ բաժինը մի ապտակ եղավ, որ տվել ես ինձ հեքիաթի մեջ։
— Հիմա դու իրավունք ունես լոլո կանչելու. դե կանչիր։
— Լո լո, լո լո, լո՜...
=== ԳԻԲՈՆ ===
Գորիսի հրապարակի վրա շարված էր ձիավոր զորքը։ Կանգնած էր հոգևոր դասը և ժողովուրդը։
Զանգեզուրի հայ կանայք կարմիր դրոշակ էին գործել Անդրանիկի զորքի համար։ Ոսկեթել ծոպերով մետաքսե կըտորի վրա ասեղնագործված էր «Հայկական առանձին հարվածող զորամաս»։
Անդրանիկը դրոշակը ընդունելով ամենատարեց կնոջ՝ գորգագործ Սուլթան բաջու ձեռքից՝ ասաց. «Մինչև հիմա շատ դրոշակներ են նվիրված, որոնք բոլորն էլ խորհրդանիշ եղած են ավերի, ջարդի և դժբախտության։ Կուզեի, որ սա վերջին դրոշակը լիներ, որ հայ մայրը կուտա իր որդուն՝ նրան դեպի կռվի դաշտ քաջալերելով։ Կմաղթեմ, որ սա նշանակ լինի հաջողության և խաղաղության։ Ես այս փառապանծ դրոշակը վերցնում եմ խոր գիտակցությամբ և զգացումով, նախ և առաջ մեր պատմության, մեր ապագա սերունդների Հայաստանի առաջ, նաև համայն Սիսիանի և Գորիսի հայության առաջ։ Հավատացած եմ, որ ապագային, երբ երկիրը խաղաղվի, նրանք պիտի օրհնեն ահա այս օրը և այս դրոշակը»։
Մեր հանդիսավոր արարողությունից հետո ձիավոր զորքը կարմիր դրոշակը բարձր ծածանելով սրընթաց առաջացավ քաղաքից դուրս։ Մութը կոխած էր, երբ Խնձորեսկի վերևով հեծելազորը հասավ Տեղ՝ Գորիսի վերջին գյուղը։
Ցից անդունդ էր Զապ ձորը, ապառաժ ու լերկ։
Շապինանդը զորքը քաշել էր այդ ձորի մեջ և հեռադիտակը ձեռքին, թնդանոթի կողքին կանգնած հրամայում էր հերթական համազարկը տալ, երբ սպիտակ պաստառով մի ավտոկառք երևաց ձորի հինավուրց կամուրջի մոտ։
Երեք ձիավոր փութացին դիմավորելու։
Նրանցից մեկը շուտով ձին քշեց եկավ և հայտնեց, թե անգլիացի մի գնդապետ է եկել հաշտության բանակցության համար։
— Անու՞նը։
— Գիբոն։
Սպայակույտի անդամները առաջարկն ցին շտապ կարգի բերել վրանը։ Շապինանդի վրանը հաստատված էր կրակի առաջին գծի վրա, մի հսկա ժայռի կողքին։ Վրանի առաջ փողփողում էր Գորիսի հայ կանանց կարմիր դրոշակը։
Հաջի Գևոն և հիսնապետ Թորգոմը շտապով մի քանի գորգեր պարզեցին վրանի մեջ, բարձ դրին և իրեն խնդրեցին, որ շքեղ երևույթով երևա օտար զինվորականին, և նրբան ներս հրավիրի շեմքին կանգնած։
— Աղեկ, աղեկ, այդքան գիտենք, դուք ձեր գործին նայեցեք, — ասաց Անդրանիկը։ Նա հագավ իր զինվորական համազգեստը, պատվանշանները կախեց, մազերը սանրեց դեպի ետ, ինչպես անում էր սովորաբար, բեղի ծայրերը ոլորեց և ելավ դուրս անգլիացի գնդապետին դիմավորելու վրանի առաջ։
Սպիտակ դրոշակը անցավ կամուրջը և հասավ ճանապարհի այն կետը, որ ամենամոտն էր վրանին։ Այդտեղ երկու վաշտ հետևակ և ձիավոր էր շարված իբրև պատվո պահակ։
Գնդապետը իջավ կառքից։ Շապինանդի թարգմանը նրան ընդունեց և խոնարհ կանգնած զինվորների առջևից անցկացնելով, ուղղվեց դեպի վրան։
Զապողի ձորը, որի երկինքը ամբողջ գիշերը կարմրած էր զորամասի խարույկների կրակներից, դեռևս հանդարտ ծըխում էր։ Ճանապարհի ամբողջ երկայնքով հայ զինվորները փոսերի մեջ և ժայռերի տակ ինչ–որ բան էին խանձում կըրակների վրա։
— Այդ ի՞նչ են անում, — զարմացած հարցրեց գնդապետը։
— Ցորեն են խանձում հացի տեղ ուտելու համար։
— Ուրեմն այս տեսակ հաղթություն տանող հայ զինվորը այս ապրուստի՞ն է դատապարտված։
— Այո։
— Իսկ եթե մեր զինվորների ապրուստը ունենային, ինչե՞ր կարող էին անել։
Հայոց զորավարը իր վրանի առաջ բարի գալուստ մաղթեց գնդապետ Գիբոնին և հրավիրեց ներս մտնել, ուր, իհարկե, ոչ սեղան կար, ոչ աթոռ, բայց միայն գետնին պարզած գորգեր և մեկ–երկու բարձ՝ ծալապատիկ նստելու համար։
Միջահասակ, նիհար կազմվածքով և անշուք արտաքինով մի զինվորական էր հաշտության բանակցությունների համար եկողը։ Շապինանդը նրա համեմատությամբ շքեղ երևույթի և տարազի մեջ էր։ Հայ զորավարի հայացքը խըստություն էր արտահայտում, բայց աչքերի մեջ զվարթասիրություն և բարեմտություն կար։ Գիբոնը հասկանում էր, որ իր դեմ կանգնած է մի երևելի հայ զինվորական, որ վերջին պահին Նախիջևանի գավառր հայտարարել էր Ռուսաստանի հանրապետության անբաժանելի մասը, գործակցության մեջ մտնելով Կովկասի կարմիր կոմիսար Ստեփան Շահումյանի հետ և իր զորամասը դնելով Սովետների իշխանության տրամադրության տակ։ Երկուսն էլ մի պահ շեշտ նայեցին իրար և պատրաստվեցին նստել։
Անդրանիկը նստեց ծալապատիկ, ոտքերը սապոգներով արագությամբ տակը ծալելով։ Անգլիացին սովոր չէր արևելյան այդ վարժությանը և բավական չարչարվեց, մինչև որ իր երկար չոր սրունքները մի կերպ դասավորեց նույն դիրքով։
Երկուսի մեջտեղ նստեց թարգմանը։
Զորավար Գիբոնը սկսեց պարզել իր գալու նպատակը։ Ասաց, որ ինքը գալիս է Բաքվից, դաշնակից զորքերի ընդհանուր հրամանատար Թոմսոնի կողմից։ — Նամակ եմ բերել և եկել եմ հայտարարելու, — ասաց նա, — որ դաշնակիցները հաղթությունը շահած են և գերմանացին ու թուրքը պարտված են չարաչար։ Զինադադար է, հետևաբար պիտի խնդրեի, որ դադարեցնեիք կրակը և զենքը վայր դնեիք առանց մի թիզ այլևս առաջ շարժվելու։ — Թոմսոնը հայ զորավարից պահանջում էր կասեցնել առաջխաղացումը և կանգ առնել այնտեղ, որտեղ այդ հրամանը կհասնի տեղ։ — Զինադադարի խախտումը ձեր կողմից թշնամական ակտ պիտի նկատվի դաշնակիցների դեմ և հետևաբար ձեր դեմ պիտի գտնի դաշնակիցն երի միացյալ դիմադրությունը։
Անդրանիկը հապճեպով կտրեց նրա խոսքը։
— Իսկ մեր հաշիվնե՞րը։
— Ձեր հաշիվները պիտի պարզվեն հաշտության սեղանին, խաղաղ և արդար կերպով, որին դուք արժանի եք ձեր անհուն զոհաբերությամբ։
Հայ զորավարը թարգմանչի թևը մշտելով՝ ասաց.
— Ըսե իրեն, որ ես դիվանագիտություն շատ չեմ հասկնար և շատ ալ վստահություն չունեմ, բայց սիրով կընդունեմ զինադադարը, պայմանով, որ խոստումները կատարվեն։
Քիչ վերջը զինադադարի փողեր հնչեցին երկու ճակատից։ Պարտված թշնամին գոհ էր, հաղթանակած հայը՝ տխուր։
Սրակները մարեցին Զապողի ձորում և վրանը ծալվեց։
Իսկապես, այս ի՞նչ տարօրինակ շեփորներ են և ինչու են իր զինվորները այդքան հուսաբեկ կանգնած։
Անդրանիկը ձեռքի մեջ ամուր սեղմել էր ընդհանուր հրամանատարի նամակը։ Աչքերի մեջ տագնապ և հուսահատություն կար։ Դաշնակիցները, որոնց հաղթանակին այնքան նպաստել և սպասել էր ինքը, մի անգամ ևս պիտի ի դերև հանեին հայ ժողովրդի հույսերը։
Գնդապետ Գիբոնի հետ Զապողի ձորից Գորիս վերադառնալով, նա հյուրանոցի սրահի մեջ բաժակ բարձրացրեց ի պատիվ անգլիացի հասարակ զինվորների և նրանց ծնած մայրերի, սակայն բաժակաճառի վերջում չկարողանալով իրեն զսպել, ոտքի ցատկելով և ճակատի երակները ուռած, աչքերը բոցարձակ և ամբողջ մարմինը զայրույթից դողահար, իր ցասկոտ արհամարհանքը նետեց հարստահարիչների երեսին.
— Գնացեք և ասեք բրիտանացիներին, նաև ձեր թագավորին ու թագուհուն, թե այսօրեն սկսյալ ես իմ ձեռքերս ավանում եմ դաշնակիցների հետ ունեցած իմ բոլոր գործարքներից։ Ինչ օժանդակություն որ ստացած եմ նրանցից, պիտի վերադարձնեմ իմ զորքի ձիերը Երևանի շուկայի մեջ աճուրդի հանելով։ Դուք ինձ հրաման բերեցիք, որ դադարեցնեմ կռիվը և սպասեմ խաղաղության վեհաժողովի կարգադրություններին։ Սակայն ի՞նչ երաշխիք։ Այս պա՛տերազմում հայերը քաջաբար կռվեցին Թուրքիայում, Կովկասում, Պարսկաստանում և հեռավոր Սիրիայում, մեծ ծառայություններ մատուցելով դաշնակից բանակներին։ Միայն ռռւսահայերը տվեցին երեք հարյուր հազար զինվոր, իսկ Տաճկահայաստանը կոտորվեց, բնաջնջվեց, մեղադրվելով ձեր դաշնակիցը լինելու մեջ։ Եվ այսօր, երբ դուք հաղթել եք, թույլ եք տալիս, որ երկրի երեսից անհետանա մի հինավուրց քրիստոնյա ժողովուրդ— ձեր փոքրիկ դաշնակիցը։ Դուք փաստորեն շարունակում եք օսմանյան պետության սկսած հայաջնջման գործը։ Դուք արգելեցիք մեզ կռվելու մեր երկրի և մեր կյանքի համար, սովամահության ամոթալի վախճանին դատապարտելով մեզ։ Ձեր աչքով տեսաք իմ զինվորների ծանր վիճակը Զապողի ձորում։ Մարդակերի սառնասրտությամբ ամենուրեք ականատես եղաք, թե ինչպես իմ ժողովուրդը սովից լռելյայն մահանում է Տաթևի վանքի և Գորիսի պատերի տակ։ Ես ցարդ հավատարիմ եմ մնացած դաշնակիցներին ու համբերությամբ սպասել եմ մեր փրկությանը, բայց այլևս անկարող եմ տոկալ մեր դատի հանդեպ ցույց տրված այսքան անարդարության։ Զինադադարի շեփորները հնչեցին։ Բայց ինչու՞ իմ զինվորը այսքան անհաղորդ է հաղթանակի շեփորին։ Հաղթանակած զինվոր և այսքան տխու՞ր։ Եթե դուք ինձ ըսեք, այո՛, եթե նույնիսկ աստվածն ալ ինձ ըսե, թե իմ ցեղիս հանդեպ արդարություն կա, ես պիտի ժխտեմ այդ իր ներկայության իր երեսին բոռալով։
Լի բաժակը խնջույքի սեղանին թողած, Շապինանդը վըրդովված դուրս եկավ Գորիսի հյուրանոցից և հրապարակը կտրելով շարժվեց դեպի գետափ։ Գնում էր բարկացած շա՛րունակելով իր մեղադրանքը. տո, ես ձեր կեղծ մարդասիրությունը, ձեր քրիստոնեությունը, ձեր դիպլոմատիան…
Գետափի մերկացած ծառերի տակ ծվարած էին գաղթական ընտանիքներ։ Մեկը Մոսե Իմոն էր իր իշխանական կնոջ և աղջկա հետ։ Մյուսը խութեցի Ծաղիկ Համբարձումն էր։ Կարպետն ու ներքնակը շալակին, թիակը ձեռքի մեջ, մի քարի վրա տխուր նստած էր ջրտուքվար Ֆադեն։
Երևի դարձյալ հեքիաթ էին պատում։ Նայեց նրանց, գլխով լուռ բարևեց և անցավ։ Մոտեցավ դիմացի բարձր ժայռաբեկորներին, արմունկը դրեց մի քերծի և հիշեց երեք տարի առաջ Պյատիգորսկում արտասանած ճառը.
«Հայերն ի՞նչ են սպասում ապագայից։ Սպասում են շատ բան։ Միայն գալիքումն է նրանց կյանքը… Ամեն ինչ Ռուսաստանի վրա է դրված։ Հայ ժողովուրդը նրան է վստահում իր ճակատագիրը։ Մենք հայերս չենք ունեցել այլ ձգտումներ, քան այն, ինչին ձգտել է Ռուսաստանը։ Վայ այն հային, ով փորձ կանի Ռուսիո դռները փակել մեր առաջ։ Մեր միակ բարեկամը Ռուսաստանն է։ Ամեն ինչ գալիքի մեջ է։ Մեր ժողովրդի խնդիրն է այժմ, ինչպես և բոլորինը, ջախջախել ներկա պատերազմի հանցագործին։ Միայն գերման իմպերիալիզմի դիակի վրա հնարավոր է կայուն խաղաղություն, որը որպես կենաց ջուր ավերակներից կվերակենդանացնի և Հայաստանը»։
Ահա և այդ գալիքը։ Գերմանիան ջախջախված է։ Իսկ ու՞ր է Հայաստանը։ Սասունցի Ֆադեն Խտանա կածից մինչև Գորիս է շտապել։ Ա՞յդ էր իր երազած Հայաստանը։
Լո-լո–՜լո՜— իր թիկունքում հնչեց ծանոթ եղանակը։
Հաջի Գևոն էր։ Տեսնելով, որ Շապինանդը վրդովված դուրս եկավ հյուրանոցից, նա նույնպես լքել էր խնջույքի սեղանը և աչքը հեռվից զորավարի քայլերին պահած, աննկատելի եկել–թառել էր նրա թիկունքի քարաբուրգին։
Անդրանիկը ետ նայեց, ժպտաց և նրան իր մոտ կանչեց. — Աղբյուր Սոսեին ասա, որ ինքը գաղթականների հետ պետք է մնա Գորիս, մինչև ճանապարհները բացվեն, իսկ զորամասը պետք է շարժվի։ Գումակը կարգի բեր և ձիերից մեկը պատրաստ պահիր գնդապետ Գիբոնի համար։ Վաղը մեկնում ենք։
— Լսում եմ, զորավար, — պատվի առավ Հաջի Գևոն և «լոլոն» շարունակելով շտապեց զորքի մոտ։
=== ՁԻՆ ՏՎԵՔ՝ ԹՈՂ ՀԵԾՆԻ ===
1919 թվականի մեծ պահքի կեսերին Անդրանիկը Գորիսից ճամփա ելավ դեպի Վայոց ձոր։
Համատարած ձյունը ծածկել էր Զանգեզուրի բոլոր լեռնանցքները և չոր քամ ի էր փչում։ Յոթ հոգի էր իր քարավանը, բոլորն էլ սպայակույտի անդամներ։
Առջևից ինքն էր գնում, ետևից՝ դատարկ թամբով մի երիվար և վեց ձիավոր։ Եռաբլուրի մոտ ճանապարհը շեղվեց դեպի ձախ։ Զորամասի մեծ մասը առաջացած էր մինչև Սիսիանի Անգեղակոթ Գյուղը։
Զանգեզուրի վերջին ամենաբարձր լեռնաշղթան կտրելիս սկսվեց մոլեգին ձնաբուք։ Ձիանքը բնազդորեն էին առաջնորդում, որովհետև բքի սաստկությունից գետնին նայելու կարելիություն չկար։
Այդ միջոցին նկատելի դարձավ, որ քարավանի անդամներից մեկը խրվել է ձյուների մեջ և հետիոտն մաքառում է հեծյալներին հասնել։ Նա մերթ երեսը ետ էր դարձնում քամու հարվածներից պաշտպանվելու, մերթ ձեռնափերով դեմքը ամուր փակած՝ գլուխը դեմ էր անում բքին և ոտքերը դժվարությամբ ձյունից հանելով, ճիգ էր անում վերջին հեծյալի հետքը չկորցնել։
Սպայակույտի անդամներից մեկը, որ Հաջի Գևոյի առջևից էր գնում՝ հարցրեց*
— Ո՞վ է այդ թշվառը։
— Զորավար Գիբոնը։
— Ինչու՞ է հետիոտն։
Անդրանիկը բարկացավ, ձին ձեռքից առավ, ստիպված ոտքով է մաքառում։
— Բայց պատճա՞ռը։
— Պատճառը Գորիսի հայ կանանց կարմիր դրոշակն է։ Անգլիացին չէր ուզում այդպիսի մի դրոշակ տեսնել մեր զորամասի ձեռքին։ Այդպես է, դեռևս Զապողի ձորում նա կասկածով էր նայել հայ զորավարի վրանի առաջ ծածանվող կարմիր պաստառին։
— Հասկանալի է փաշայի զայրույթը։ Նա երեկվանից դեռ հանդարտված չէ։ Հյուրանոցում իր բաժակաճառի ժամանակ նա այնքան վրդովված էր, որ ես սարսափով մտածում էի՝ չլինի՞ թե հանկարծ մի ապտակ իջեցնի դաշնակից զորավարի կուշտ ու կլորիկ դեմքին։ Բարեբախտաբար այդ բանը տեղի չունեցավ։ Սակայն մարդը տարիքոտ է, — հարեց սպայակույտի անդամը։ — Դուք հին ընկերն եք փաշայի և հին ֆիդայի։ Խնդրեք, որ նրա ձին վերադարձնի։
Հաջի Գևոն ձին քշեց և բուքը ճեղքելով զորավարին հասավ։
— Փաշա՜։
— Շա՜, — հռնդաց քամին անդունդ գլորվելով։
— Փաշա, — նորից հնչեց Գևոն, այս անգամ ավելի բարձրագոչ և ձիու բաշին թեքվելով, որ փոթորկին հաղթի։
— Հոգնեցի՞ր, Գևո։ Քո փոխարեն այժմ ձնաբուքն է լոլո երգում։ Քիչ էլ տոկա։ Հայաստանի ո՞ր սարի բուքը չի հարվածել հայդուկի կողերին։ Տավրոսի՞ բուքը ծանոթ չէ մեզ, թե՞ Ռահվե–Դուրանի կամ Բաղեշի լեռնակիրճի բորանը։ Սա Զանգեզուրի վերջին լեռնագագաթն է, շուտով կսկսի մեր էջքը դեպի Բազարչայ։
— Փաշա, անգլիացին հոգնել է և դժվարությամբ է քայլում։
— Ինչպե՞ս։
— Ասում եմ, անգլիացին հոգնել է և դժվար է քայլում, իսկ բուքը սաստիկ է։
— Ես նրան պատժել եմ։ Նա ճանապարհին դարձյալ հակաճառեց ինձ և խորամանկ շեշտ կար նրա խոսքի մեջ մեր դատի հանդեպ։ Մեր դրոշակի կարմիր գույնը իրեն դուր չի գալիս։ Բացի այդ, ես տեսա, թե ինչպես նա ձիու հետ անխղճորեն էր վարվում։ է, ինչ անենք, որ նրանց նավերը և ավտոկառքերը չեն կարող մեր լեռները բարձրանալ։ Մենք նրան ձի տվեցինք, որ խեղճ գրաստին ծեծի՛*։ Թող մի քիչ ոտքով քայլի, որ հասկանա, թե ինչ բան է ազատության համար մարտնչող հայ զինվորի տառապանքը։
— Բայց մեղք է, փաշա, կարող է խեղդվել բքի մեջ։
— Իսկ մենք մեղք չե՞նք, — նրա խոսքը ընդհատեց զորավարը։ — Իսկ Սեբաստացի Մուրադը մե՞ղք չէր, իսկ կոմիսար Շահումյանը մեղք չէ՞ր։ Իսկ Շամխորում սպանված հարյուրավոր անմեղ ռուս զինվորները մեղք չէի՞ն։ Իսկ մեր ժողովուրդը, որ կոտորվեց ու ցրիվ եղավ աշխարհով մեկ, մեղք չէ՞։ Իսկ արաբը և Հնդիկը մեղք չե՞ն։ Քեզ մի բան ասեմ, Գևո, այն օրից, երբ մեր պատվիրակ Մոսե Ւմոն ձեռնաթափ վերադարձավ Լոնդոնից, իմ հավատքը իսպառ խախտվել է Անգլիո վարիչների և նրանց զինվորականների հանդեպ։
— Փաշա՜։
— Թող մի քիչ քայլի։
— Փաշա՜։
— Իմ համբերանքն ես ուզում փորձել։ Բուք կա իմ հոգում, Հաջի, ավելի ահեղ, քան լեռնահայաստանի այս բորանը, որ կատաղորեն փչում է մեր դեմքին։ Մեր ազգը կորել է փոթորիկի մեջ, իսկ դու ձի ես փնտրում ասեղ կտրող անգլիացու համար։
— Լո՜, լո՜, լո՜...
— Ոչ մի լոլո չի օգնի, իզուր է։
Սպիտակ ձիավորը գլուխը շուռ տվեց դեպի աջ։ Զորավարի կոշտ դիմագծերը ավելի պրկված էին։ Գուցե վերջին անգամ էր նա անցնում այդ լեռներով։ Նրա հայացքը այղ պահին ամբողջապես ուղղված էր Հայաստանից դուրս։ Դաշնակիցների հանդեպ ունեցած կասկածը գնալով աճել էր իր մեջ, իսկ Հանրապետական Հայաստանի վարիչների հետ խըստորեն պառակտված էր։ Երևանը թշնամաբար էր դիտում իր զորամասի անջատ գործողությունները։ Այդ էր պատճառը, որ Գորիսի ազգային խորհուրդը համառորեն ձգձգում էր քառանիվ սայլերի վերանորոգումը։ Զանգեզուրում դրանից մի տարի առաջ երևացել էին երեք զինվորական գործիչներ, որոնք խոստովանել էին, որ իրենք ուղարկված են «Անդրանիկին մեջտեղից վերացնելու»։ Եվ արդեն լուրեր էին տարածվել, թե նա սպանված է։
Կաբինում դասալիք զինվորները իրեն «կռո» անվանեցին, իսկ այստեղ՝ Անգեղակոթում, սասունցի հին հայդուկը զենք քաշեց իր վրա։ Որքա՜ն էր սիրում նա Ախոյին։ Երբ հավատարիմ սասունցին է զինվել իր դեմ՝ էլ ինչու մնալ։ Պառակտում կար նաև իր և իր սպայակույտի որոշ անդամների միջև։ Իրենից անդարձ բաժանվել էին սասունցիների գունդը, ձիավոր հարյուրակի հրամանատար Սարդիս Ճեպեճին, երրորդ գումարտակի պետ բժիշկ Բոնապարտը։ Զորամասի հրամանատարների և զինվորների մեծ մասը զորավար Մախլուտոյի գլխավորությամբ լքեց Զանգեզուրը և Սևանի արևելյան ափերը բարձրանալով գնաց դեպի Երևան յան հանրապետություն։ Նույնիսկ իր սուրհանդակ Անդրեասը Թալինից չվերադարձավ Լոռի։ Թիկունքից՝ բուք, առջևից՝ բուք, աղից ու ձախից էլ բուք։ Բնությունն անգամ մոլեգնած էր իր դեմ։ Այո, ինչու մնալ։ Եվ նա որոշեց գնալ Էջմիածին, զենքերը հանձնել կաթողիկոսին և հեռանալ Հայաստանից։
— Եղիշե՛, — գոչեց նա։
— Լսում եմ, զորավար։
— Այն անգլիացին հոգնել է և կարող է խեղդվել բքի մեջ։ Ջին տվեք թող հեծնի։
Քիչ վերջը զորավար Գիբոնը հեզ գառնուկ դարձած առաջանում էր քարավանի հետ։
Գարնան գաղջ արևը տաքացրել էր Արոտնա կիրճը, որի միջով հետևակն էր ընթանում, իսկ իրենք գնում էին բարձրով։
Շուտով երևաց Սիսիանի վերջին գյուղը, և նրանց դիմաց ցցվեց գեղեցիկ իրանով մի սպիտակ լեռ։ Բազարչայի հովիտն էր։ Բայց մնում էր ամենադժվարին և ամայի անցուղին Բազարչայից մինչև Հերհեր։ Այդ շրջանի ձյունը մարդու հասակից բարձր էր։ Ձյունը փակել էր բոլոր ճանապարհները՝ դարափոսերը բլուրներին հավասարեցնելով։
Իրենք յոթ ձիավոր էին, մի անգլիացի գնդապետ և վեց սպայակույտի անդամներ։ Առջևից դարձյալ ինքն էր գնում, ետևից՝ Հաջի Գևոն, քարտուղար Եղիշեն, անգլիացի գնդապետը և մյուսները։
Մերձակա մի գյուղ դիմավորելու ելավ աղուհացով։
— Հապա էս բու՞քը, — գոչեց Անդրանիկը բեղերի պաղլուլաները քանդելով, — մեր առաջ աղուհաց հանելու փոխարեն ճամփաները մաքրեիք։ — Նա Բազարչայի մալականներին փող տվեց և նրանք խմբերով եկան մաքրեցին կուտակված ձյունը և զորքը անցավ։ Հետևակը խճուղով գնաց, ձիավորները՝ սարով։
Կեչուտի ձորահովտում Հերհերի նոսր թփուտները իրենց միջից աղմուկով թափ էին տալիս ապրիլյան տաք ձյունը։
=== ԻՄ ՁԻԱՊԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ ===
Նոր–Բայազետում էի, երբ իմ ձիապան Բարսեղը հայտնըվեց։ Ոտքից թեթև կաղում էր։ Նա մի մեղավոր հայացք նետեց վրաս, վախենալով դատաստանից, բայց ես ավելի տրամադիր էի նրա քաջագործությունների մասին լսել, որովհետև վստահ էի, որ եթե նա ողջ է վերադարձել, ուրեմն իր խոսքը քաջության մասին է։
— Զորավար, — ասաց Բարսեղը դիմելով ինձ, — երբ Անդբանիկի սուրհանդակ Անդրեասը հրավեր բերեց, որ մենք գնանք Լոռի, և դու ինձ կարգադրեցիր նրան ճանապարհ դնել, ես նկատեցի, որ Անդրեասը մտադիր է հարձակվել Իբրահիմ քսանի վրա։ Եվ իսկապես, Դավթաշենի ձորում կռիվ եղավ նրա և Իբրահիմ խանի միջև և մեր սուրհանդակը նեղն ընկավ, Իր ձին խփվեց։ Ես նրան վերցրի իմ թամբին և մենք՝ երկու հեծյալ մի թամբի վրա, հասանք Աշտարակ։
Աշտարակում Անդրեասն ասաց, «Բարսեղ, ես պիտի Ապարանով բարձրանամ Լոռի։ Եկ քո ձին ինձ տուր, իսկ դու վերադարձիր զորավարիդ մոտ և ձեր զորքով շտապեք Քարախաչ։ — Խելքս մտավ և ձիս տվեցի նրան։ Հազիվ էի ոտքս դրել ասպանդակին, երբ լսեցի, որ Բաշ–Ապարանում կռիվ է և Փեթարա Մանուկը Չոլոյի և Մորուքի հետ սասունցիներից մի խումբ կազմած շտապել է մասնակցելու Ապարանի ճակատամարտին։
Անդրեասը թե «Ես պետք է հասնեմ Անդրանիկ փաշի զորքին»։ Ասաց, ու իմ ձին հեծնելով, գնաց դեպի Լոռի։ Ես մնացի հետիոտն։ Փեթարա Մանուկը ինձ մի ձի տվեց և մենք մի ամբողջ օր կռվեցինք Ալեքսանդրոպոլի կողմից Արագածի հյուսիս–արևելյան լանջով դեպի Երևան արշավող ռոմի զորքի դեմ։ Կռվով հասանք Եղվարդի տակ։
Այդտեղ Չոլոն ասաց, որ թշնամին բազմահազար զորքով հասել է Արաքսի ափը և Էջմիածնի վրայով սպառնում է Երևանին։ Թողեցի Բաշ—Ապարանը և ինձ նետեցի Երևան։
Քաղաքի ծայրին մի ծերունի ժայռին փակված մի կոչ էր կարդում ուղղված Երևանի զորքերին և բնակիչներին, «Հայե՛ր, շտապեցեք հայրենիքն ազատելու… հասել է րոպեն, երբ յուրաքանչյուր հայ, մոռանալով յուր անձնականը, պետք է գործ դնի իր վերջնական ճիգը թշնամուն հարվածելու համար։ Հարկավոր է մի ճիգ ևս, և թշնամին վռնդված կլինի մեր երկրի սահմաններից։
«Հայե՛ր, ժամանակը չէ դանդաղելու։ Հանուն մեր բազմաչարչար ժողովրդի ֆիզիկական գոյության։ Ոտքի կանգնեցեք։ Դեպի սրբազան պատերազմ։ Դեպի զենք բոլորդ։ Դեպի Սարդարապատ»։
Ծերունին կարդալն ավարտեց և իր շուրջը հավաքվածներին կազմակերպելով, «ազատություն կամ մահ» գոռալով շարժվեց փողոցն ի վար։ Գնալով այդ աշխարհազորը մեծացավ, խտացավ և փողոցը լցվեց հազարավոր մարդկանցով։ Ես էլ ընկա այդ հեղեղի մեջ և շարժվեցի առաջ։ Հասա քաղաքի կենտրոն և դեմ առա սև քարից շինված մի հսկա եկեղեցու։ Գլխին հինգ սոխաձև գմբեթ կար ծուռ խաչերով։ Ինձ ասացին, թե դա ռսի ժամ է։ Էս ժամի զանգերը լուռ էին։ Աշխարհազորը շարժվեց դեպի Զանգվի կամուրջը, իսկ ես իմ ձին կապեցի ժամի դռանը և բարձրացա զանգակատուն։ Հաշվեցի զանգերը. ութսուն հատ էին։ Ամենամեծ զանգի լեզվակը իմ ձիու գլխի չափ էր։ Պարանը քաշեցի։ Քաղաքը դղրդաց ու ձայնը մինչև Եղվարդ հասավ։ Եկեղեցու դիմացը մի աղբյուր կար։ Տեսնեմ՝ մարդիկ էս աղբյուրի մոտ շարք կազմած կժերով ջուր են տալիս իրար։ Շարանն անցնում էր իմ ոտքերի տակով և ձգվում էր մինչև կայարան։
— Էս ի՞նչ բան Է, — հսկայի պես կռանալով հարցրի ես վերևից։
Ներքևից պատասխանեցին, թե ջուր են ուղարկում կռվողներին։ Կժերով հասցնում են կայարան և տակառների մեջ լցնելով գնացքով փոխադրում են Սարդարապատի դաշտ։
Ես զանգակատնից իջնելով արագությամբ շարք մտա և մի քանի կուժ ջուր փոխադրեցի հաջորդ ձեռքերին։ Բայց իմ գործը ոչ ջուր փոխադրելն էր, ոչ էլ զանգեր հնչեցնելը։ Ես ռազմիկ էի և պետք է նետվեի կռվի դաշտ։
Հեծա իմ ձին և շտապեցի դեպի Արաքսի ափը։ Թիկունքից սայլերով, ավանակներով, ձեռքերով ռազմամթերք էին հասցընում կռվողներին։ Կես ճանապարհին մի թնդանոթ էր մնացել։ Իմ ձին տվեցի, որ թնդանոթը շուտ տեղ հասցնեն։
Սկսեցի ոտքով քայլել։
Արաքսը վարարած էր։ Դաշտի միջով դեպի Հայ–Զեյվա մի հեծյալ եպիսկոպոս էր գնում՝ պատկառելի վեղարը գըլխին և սուրը ձեռքին բարձր պահած։ Ղարաբաղցի էր, անունը Գարեգին։ Վտիտ և անշուք դեմքով մի այր էր սրբազանը։ Տարիքը կլիներ քառասուն։ Կողքից երեք երիտասարդ վարդապետ էին գնում՝ Եզնիկ, Դանիել, Թադևոս, խաչերը ձեռքներին բարձր պահած, իսկ ետևից գալիս էր տարօրինակ կըռվողների մի բազմություն տարբեր զենքերով զինված, ոմանք շապիկ–վարտիքով, ոմանք՝ բոկոտն ու գլխաբաց։
Սրբազանը ձին կանգնեցրեց։
— Սիրելի ժողովուրդ, — դարձավ նա բազմությանը։ — Արարատյան Հայաստանը հարվածի տակ է։ Հայկական զորքերին հրամայված է դատարկել Սուրմալուն և նահանջել Կոտայքի բարձունքները։ Շտապ առաջարկ է եղել Մայր աթոռը տեղափոխել Սևան։ Կես ժամ առաջ վեհափառ հայրապետը հայտնեց, որ ինքը մերժում է կաթողիկոսարանը ս. էջմիածնից տեղափոխել։ Եթե հայ զորքը հրաժարվի կամ անզոր գտնվի պաշտպան կանգնել այս սուրբ վայրին, — ասաց նա, — ապա ինքը մենակ սուր կվերցնի և կռվելով կընկնի մայր տաճարի զավթում, բայց չի հեռանա ս. էջմիածնից։ — Մինչև հիմա դուք էիք իմ աջը համ բուրում, — ասաց վեհափառը զորքին և ժողովրդին դիմելով, — հիմա ես եմ համբուրում ձեր ոտքը։ Բոլորս դեպի թշնամին»։
Ի պատիվ և ի ուրախություն մեզ, Արարատյան դաշտի ամբողջ զորքը և ժողովուրդը զինված ջոկատներով անհավասար մարտի մեջ է մտել ոսոխի դեմ։ Սուր է վերցրել և ս. Էջմիածինը։ Ծառը արմատով է ծառ, տունը հիմամբ է տուն, — գոչեց Գարեգին եպիսկոպոսը և բազմությունը նրա ետևից աղաղակեց. «Դեպի նոր Ավարայր»։
Արաքսի ափին հենց առաջին օրը ես գլորվեցի մի ավազափոսի մեջ, որտեղ մի վիրավոր էր ընկած՝ ճակատով դեպի գետին, ձիու սանձը թևի տակ ամուր սեղմած։ Կռացա իմանալու, թե ով է, ու հանկարծ ծոծրակիս մի տաք բան զգացի։ Շուռ եկա տեսնեմ՝ իմ ձին էր, որով ես գրոհել էի Թալինի բերդի վրա։ Նա ետևից թեքված լիզում էր իմ վիզը, իսկ կողքի վիրավորը Անդրեասն էր։ Անծանոթ տեսնողը նրա ահարկու կերպարանքից կարող էր տեղնուտեղը ուշագնաց լինել։
— Անդրեաս, — ասացի, — դու էստե՞ղ, Սարդարապատի դաշտու՞մ։ Չէ որ ես տեսա, թե դու ինչպես իմ ձին հեծնելով Եղվարդի վրայով գնացիր դեպի Լոռի։
— Ես չէի ուզում Բաշ–Ապարանում կռվել, բայց ճանապարհին իմացա, որ Սարդարապատում կռիվ է, — խոսեց Անդրեասը, նստելով ավազափոսի մեջ իմ կողքին։ — Ու՞ր կերթաս, Անդրեաս, չէ՞ որ Արաքսի ափին կռիվ է՝ ասացի ինքս ինձ։ Երևանի կողմից եկող զանգերի գոռոցն էլ որ ականջս քանդեց, ասացի՝ էստեղ մի լուրջ բան կա ու Հայաստանը շատ նեղ վիճակի մեջ է։ Էլ դու ո՞ր օրվա համար ես, Անդրեա՜ս, ասացի ու ձիուս գլուխը շուռ տվեցի դեպի Սարդարապատ։ Աջ թևի վրա կոռնետ Վանոյի հեծյալների դասակն էր։ Ջախ թևին շարված էին Վանի, Զեյթունի և Դալի Ղազարի ձիավոր դընգերը։ Միացա ալաշկերտցի Այվազի խմբին ու սլացա առաջ։ Թե էս երկու օրվա մեջ ինչքան ասկյար եմ սպանել Շևքի փաշայի զորքից՝ հաշիվ չկա։ Իմ պակաս թողածը քո ձին վերջացրեց իր սմբակներով։ Էս Սարդարապատը չէր լինի, եթե ժամանակին լավ պաշտպան ած լինեինք էրզրումի, Բիթլիսի և Կարսի դռները, — ավելացրեց Անդրեասը։
Անդրեաս մի ասա, մի կատարյալ արջ։ Մեր խոսակցության ժամանակ չորս զինված ասկյար թփուտից դուրս նետվելով հարձակվեցին մեզ վրա։ Նրանցից մեկը Անդրեասի ահռելի կերպարանքից տեղնուտեղը ուշաթափվեց, իսկ մյուս երեքին տասնոցը քաշելով գլորեց ավազների մեջ։ Մեկ-երկուսին էլ ես ոչնչացրի գրոհելով եղեգների վրա, ուր նրանք խնամքով թաքնված էին դիակների տակ։
Ամբողջ օրը առավոտից երեկո թնդանոթները որոտում էին։ Այդ նույն օրն էլ կռիվը վերջացավ մեր հաղթանակով։ Արտաշատից մինչև Կարմրաշեն տասնյակ հազարավոր Շևքի դիակ էր դիզված։
Վերջին կռիվը եղավ մեծ Արտեն սարի վրա։ Այնտեղ սպանվեց մահապարտների գնդի գումարտակի պետը։ Ես անցա գումարտակի գլուխը և կազմակերպեցի նոր գրոհ։ Մըշեցի Պանդուխտի ձիավոր գունդը Մաստարայի բարձունքից, իսկ մենք ներքևից հարձակվելով, այնպիսի մի ջարդ տվինք, որ Շևքի թուրքերը լեղապատառ փախան մինչև Անի։ Վանեցի Ջհանգիր աղան էլ մեղ հետ էր իր եզիդական ձիավորներով, Առղա Մամիկոնյան Զորիկն էլ։ Երկուսն էլ Պանդուխտի գումարտակի մեջ էին, 409 բարձունքում։ Վերադարձա Արաքսի ափը։ Հեռվից նկատեցի, որ սև ագռավներն ու անծեղները կռավելով ելնում իջնում էին այն փոսի վրա, ուր Անդրեասն էր պառկած։ — Վա՜յ, ասացի, — Անդրեասը սպանված է և ագռավները նրա լեշն են ուտում։ Մոտեցա տեսնեմ՝ Անդրեասը իր ավազափոսում նստած տնքում է և նայում Է, թե ինչպես գիշատիչ հավքերը ծվատում են սպանված ասկյարներին։ Կողքին էլ ամանով ջուր էր դրված։
— Անդրեաս, — ասացի, — դու վիրավոր ես, արի քեզ Երևան տանեմ։
— Չէ, — ասաց, — ես Անդրանիկ փաշի սուրհանդակն եմ և նրա մոտ պիտի երթամ։ Ինձ կապիր ձիու թամբից ու բաց թող։ Ձին ինձ ուղիղ Լոռի կտանի։
— Անդրեաս, — ասացի, — դու իբրև սուրհանդակ մեզ մոտ եկար մայիսի յոթին, իսկ էսօր մայիսի վերջն է, Անդրանիկը վաղուց Լոռին անցած կլինի։
— Չէ, դու ինձ կապիր ձիու թամբին, փաշան ուր էլ լինի՝ ձին ինձ ուղիղ նրա մոտ կտանի, — պնդեց Անդրեասը։
Շատ որ զոռեց, խնդիրքը կատարեցի։ Մի կերպ գրկեցի դրեցի թամբին և ամուր կապեցի, որ վայր չընկնի։ — Դե, հիմա գնա հասիր Անդրանիկի զորքին, — ասացի ու սանձը տվեցի ձեռքը։ Ձին մի քիչ տեղ գնաց, մեկ էլ ի՜նչ տեսնեմ. Անդրեասը վրա էի կապերը քանդել է և ետ դարձած բռունցքը թափ է տալիս վերևով անցնող ագռավների վրա։ Երևանի կողմը չերթա՛ք, ձեր կտուցներից շան հոտ է գալիս։ Էս էն դաշտըն է, ուր Նոյ Նահապետը տապանից իջնելով խաղողի թուփ է տնկել։ Էդպես կջարդենք մեզ վրա եկողին։
Տեսա ընկնում է, վազեցի, որ կապեմ թամբին և բերդի հիվանդանոց տանեմ։
— Ես հիվանդ չեմ, — գոռաց վրաս։ — Ես պիտի անպայման հասնեմ փաշի զորքին, — ու ինքն իրեն մի կերպ թամբին ուղղելով, գլուխը դարձրեց դեպի Եղվարդի կողմը։ ուր տարավ նրան իմ ձին՝ չիմացա։ Բայց որքան աչքս նշմարեց, ես նրան տեսա դեպի վերևի սարերը գնալիս։
Այդ նույն օրը ես վիրավորվեցի ոտքից և ինձ տեղավորեցին Երևանի բերդի զինվորական հիվանդանոցը։ Բերդի մեջ մի բերդ էլ կար՝ անունը Շուշան։ Շուշանն ինձ ճանաչեց։
— Ինչու՞, — ասաց, — զորավար Մախլուտոն ինձ Բիթլիսից ուղարկեց Երևան ու չեկավ իմ ետևից։ — Շուշանը գթության քույր էր բերդի հիվանդանոցում։ Նրա խնամքին հանձնըված էր նաև մանազկերտցի մի զինվոր, որ կռվել էր Սարդարապատի դաշտում և ծանր վիրավորված էր։
Շուտով ինձ ու մանազկերտցի զինվորին դուրս գրեցին։ Մենք Քանաքեռի վրայով գնացինք Եղվարդ։ Եղվարդում լըսեցինք, որ Փեթարա Մանուկը և իր զինվորները ապստամբվել են Արարատյան Հանրապետության կառավարության դեմ։ Նրանց միացել էին նաև մշեցի Պանդուխտի զինվորները, որ նոր էին վերադարձել ռազմաճակատից։ Հարցրինք պատճառը, Մանուկն ասաց, թե Հայաստանի վարիչները զինադադար են կնքել Վեհիփ փաշայի հետ, նրան զիջելով մեր հողերի մեծ մասը և զորավար Անդրանիկին արտաքսելով հանրապետության սահմաններից։
— Անդրանիկը արտաքսվա՞ծ։ Ուրեմն մենք իզուր կռվեցինք Սարդարապատում և Բաշ–Ապարանում, — ասաց մանազ-
կերտցի զինվորը, և երկուսով բռնեցինք Նոր–Բայազետի ճամփան։
Լճաշեն գյուղում մանազկերտցի զինվորը մի գաղթական աղջիկ տեսավ, անունը Վարդանուշ էր։ Ես երկու գեղեցկուհի եմ տեսել աշխարհում— մեկը Շուշանն էր, մյուսը՝Վարդանուշը։ Մանազկերտցին զարկվեց Վարդանուշի սիրով ու մնաց Լճաշեն։
— Բայց աշխարհը խաղաղ չէ ու ամենից վրդովվածը Հայաստանն է։ Մեր սիրելու ժամանակը դեռ չի եկել, — ասացի ես։
— Աշխարհը սիրելով կխաղաղվի, Հայաստանն էլ հետը, — պատասխանեց մանազկերտցին ու մենք բաժանվեցինք։ Նա մնաց Լճաշեն գյուղում իր Վարդանուշի հետ, իսկ ես զենքերս կապած շտապեցի Նոր–Բայազետ»։
Իմ ձիապանը ավարտեց իր պատմությունը և բեղերը ոլորելով նայեց ինձ։
Ես նրան, իհարկե, ներեցի, որովհետև նա մասնակցել էր Սարդարապատի ճակատամարտին։
=== ԽՌՈՎԱԾ ՀԱՅԴՈՒԿԱՊԵՏԸ ===
1919 թվականի գարնանը Անդրանիկն իր զորքով Զանգեզուրի վերջին լեռնանցքի բուքը հաղթահարելով դիմեց դեպի Արարատյան դաշտ։
Դրոն Երևան յան նահանգի զորամասի հրամանատար էր նշանակված։ Լուր հասավ Դրոյին, որ Անդրանիկի ձիավորներըն արդեն հասել են Արարատ կայարան, ուր հնդիկ և անգլիացի զինվորներ էին կանգնած։ Դրոն հատուկ սալոն–վագոնով շտապեց Դավալու, որ նրան դիմավորի։ Զորավարի պատվին Երևանում պատրաստված էր փառահեղ ընդունելություն և հաղթական մուտք։ Երբ հասավ Ղ՛ավալու, պարզվեց, որ Անդրանիկը այնտեղից արդեն մեկնել է։ Հասավ Արտաշատ, բայց Անդրանիկը Արտաշատից արդեն դուրս էր եկել։ Դրոն զգաց, որ Անդրանիկը խուսափում էր իրեն հանդիպել։ Շարունակելով իր հետապնդումը, Երևանի զորամասի հրամանատարը նրան բռնեց Դալմայի այգիների շրջանում։
Դրոն բարձրից էր նայում Անդրանիկին, համարելով նրան ռազմական կրթությունից զուրկ մի սոսկական հայդուկապետ, պարտիզանական կռիվների մի հմուտ ղեկավար, որ ոչ մի մասնակցություն հանդես չէր բերել Սարդարապատի, Բաշ–Ապարանի և Ղարաքիլիսայի վերջին ահեղ ճակատամարտերին։
Ներքևում, հինավուրց կամուրջի տակով մոլեգնած հոսում էր գարնանային Հրազդանը։ Դիմացը Մասիսներն էին, իսկ ետևում՝ Երևանը։ Հանդիպումը եղավ զուսպ։ Դրոն Անդրանիկին հրավիրեց մտնել Երևան։
— Ես Երևան չեմ գար, ես դաշնակ կառավարությունը չեմ ճանչնար, — կտրուկ պատասխանեց Անդրանիկը։
Հարվածող զորամասի քրտնաթոր նժույգները իրենց դարչնագույն մեզը խառնելով Հրազդանի պղտոր կոհակներին, վրնջալով անցան բերդի հին կամուրջով։ Առջևից Անդրանիկն էր գնում, ետևից՝ զորքը։ Այգիների միջով դեպի Էջմիածին էր շարժվում մի անսովոր զորաբանակ։
Զորքը հոգնած էր։ Հոգնած էր այն ոլորապտույտ խճուղին, որով նրանք անցնում էին։ Հոգնած էր և այն փոշին, որ երիվարների սմբակների տակից բարձրանալով, անաղմուկ ոսկեղօծում էր երկնասլաց բարդիների նորականաչ կատարները։
Դրոն վաղուց հասել էր Էջմիածին և կայազորին կարգադրություն արել պատշաճ ընդունելություն ցույց տալ Անդրանիկին, համոզված, որ այնուամենայնիվ նա իր զորքը կըտանի դեպի Երևան և կողջունի Հայաստանի հանրապետության ծնունդը։ Սակայն Էջմիածին հասնելով Անդրանիկն իր զորագունդը ուղղեց դեպի մայր տաճար։ Ու՞ր էր գնում հայդուկապետը։ Ինչու՞ էր նա դիմում դեպի հինավուրց վանքի դարպասները։ Այս անսպասելի քայլը իրարանցման մեջ դրեց Էջմիածնի հայոց կայազորին, իրեն՝ Դրոյին և տեղի ողջ բընակչությանը։
— Անդրանիկը դեպի Մայր տաճար է գնում։ Ինչու՞։ Ի՞նչ է պատահել, — շփոթված հարցնում էին մարդիկ իրար։ Հայոց կաթողիկոսը Գարեգին վարդապետի և մյուս եպիսկոպոս ների ու վարդապետների հետ Տրդատա դռնով դիմավորելու ելավ մեծահամբավ զորավարին։ Իրենք նույնպես արիաբար մասնակցել էին Սարդարապատի ճակատամարտին և իրավունք ունեին քաջին քաջորեն դիմավորելու։
Դարպասները բացվեցին, և զորքը ներս մտավ։ Մտավ կապույտ ռազմիկը կապույտ նժույգին նստած։ Մտավ անսովոր մի զորք, որի նմանը Էջմիածինը և Հայաստան աշխարհը մինչև այդ երբեք տեսած չկային, Այդպիսի զորք չէր եղել։ Այդպիսի զինվորներ չէին անցել այդ ճանապարհով։ Այդպիսի նժույգներ չէին դոփել Էջմիածնի սրբազան գետինը։
Բնակիչները, մեծ ու փոքր, վազում էին ճանապարհի երկայնքով և օդը կեցցեներով թնդացնում։
Ու ընկան դրոշները վանքի պատերի տակ Գևորգյան լճի ափին։ Իրար վրա դիզվեցին հայդուկային կռիվների և կամավորական մարտերի՝ Դիլմանի, Բաղեշի, Կաբինի և Խոյի փառապանծ դրոշները։ Փողփողալով վայր իջավ Զանգեզուրի հայ կանանց ծոպավոր կարմիր դրոշը։ Ընկավ զենքն ու հանդերձանքը։ Եվ զորքին դիմելով՝ Անդրանիկն ասաց. — Սիրելի զինվորներ, հասավ իմ և ձեր բաժանումի ժամը։ Մեր մարտական կռիվները ավարտված են։ Մեր զենքն ու դրոշները հանձնված են կաթողիկոսին։ Բայց ձեզմե չբաժանված կուզեմ երկու խոսք ասել։ Ես մեծ կրթություն չունեմ, — շարունակեց զորավարը։ — Ես էլ ձեզ նման հասարակ ժողովրդի զավակ եմ, ձեզ նման մարտիկ ու զինվոր։ Սիրուն ճառեր ասել չգիտեմ։ Արդեն հիսունչորս տարեկան եմ, կարգված չեմ և ընտանիք էլ չունեմ։ Կյանքի, գործի և պատվի ազատություն— այս եղավ իմ և ձեր կյանքի նպատակը։ Ես հայր չեղա ընտանեկան հարկի տակ, իմ ընտանեկան հարկը Հայաստանի երկինքը եղավ։ Իմ մարտական կյանքը ես սկսեցի հայդուկությունից։ Գնացի Սասուն, մտա մի մութ գոմ և սկսեցի զենքերի փչացած մասեր նորոգել։ Գելիեգուզան գյուղին մոտիկ Ալոճագ (Տաղվրնիկ) կոչված գոմի մեջ պառկած կտաոապեի հոդացավով։ Հիվանդությունն այնքան սաստիկ էր, որ օրը տասն անգամ մահս կուզեի։ Վեց ամիս ոչ հանգիստ ունեի, ոչ էլ քուն։ Մեկ կողմեն ցավը, մյուս կողմեն հալածանքները կմտահոգեին զիս։ Տեղական բժշկական ամեն միջոց գործադրեցինք, բայց օգուտ չտվավ։ «Աստված, Գաբրիել հրեշտակը ղրկե. հոգիս առ, ազատվեմ այս տանջանքեն», ցավեն հուսահատ ասացի ես մի օր:
Սպաղանաց Մակարը, որ ութսունեն ավելի քաջառողջ մի ծերունի էր և քովս նստած չիբուխը կծխեր, աղերսանք լսելով դարձավ ինձ ու ըսավ.
«Անդրանիկ, լաո, Գաբոն ամեն անգամ, որ գլուխը դռնեն ներս կխոթե, որ հոգիդ առնե— պատեն կախված հրացանդ տեսնելով, վախեն ներս չի գար, կփախչե կերթա»։
Վախեն, թե իմ չար բախտեն Գաբոն ներս չմտավ իսկապես։ Այն զենքը, որից Գաբոն վախեցավ, ահա երեսունհինգ տարի է, ինչ իմ ձեռքեն վայր չի իջել։ Իմ բմբլե բարձը Սասունի լեռները եղան։ Իմ և ձեր կյանքն անցավ հայդուկային կռիվների և ազատագրական պատերազմների մրրիկների մեջ։ Այգ հրացանը թևիս, ձիով և ոտքով ես ամբողջ Հայաստանը ձեզ հետ անցա ծայրեծայր։ Այդքան տարվա մեջ ես չտեսա ոչ մի զինվոր, որ իր բնական մահով մեռներ։ Դուք ձեր քաջությամբ և հերոսական գործերով բարձր պահեցիք մեր ժողովրդի արժանապատվությունը։ Ոչ մեկ արարքով չարատավորեցիք ձեր սուրը։ Մեծ համբերությամբ կրեցիք ձեր չարչարանքը և հավատքով տոկացիք անթիվ զոհողության։ Ես չլսեցի տրտունջի ոչ մեկ բառ, ցավի ոչ մի արտահայտություն։ Մերկ ու անոթի մնացիք օրերով։ Ձմռան ցուրտը, բուքըն ու քամին, ձյունն ու անձրևը կարկուտի հետ ծեծեցին ձեզ։ Բայց դուք արհամարեցիք թե՛ թշնամու գնդերը, և թե բնության արհավիրքը։ Ձեր այդ կեցվածքը քաջալերեց զիս և մենք շահեցինք փառավոր հաղթանակներ։ Ազատ ապրելու կամ հերոսաբար մեռնելու վճիռը նահանջի մատնեց ձեր մեջ ուրիշ ամեն իղձ։ Անթիվ, անհամ ար են այն կռիվները, որ ես մղեցի ձեզ հետ օսման բռնակալության դեմ ի սեր Հայաստանի։ Հրաժեշտ եմ տալիս ձեզ ձեր քաջության և եռանդի անկորնչելի հիշատակը պահելով իմ սրտում։ Հոգ չէ, թե բարեկամները կամ թշնամիները ինչպիսի համարում կունենան ձեզ վրա։ Սասունում մի սար կա— Անդոկ սարը։ Այդ սարի տակից մի հորդ աղբյուր է բխում, որ կոչվում է Պայթող աղբյուր։ Սասունցիք հավատում էին, որ այդ աղբյուրի մեջ հրեղեն ձիեր են ապրում։ Նրանց համար երևի աստված այնքան հարգի չէր, որքան Պայթող աղբյուրը։ Ասում են, որ այդ աղբյուրից է դուրս եկել Քուռկիկ Ջալալին։ Ես ձեզ կարող եմ համեմատել միայն Պայթող աղբյուրի նժույգների հետ։ Ռուք սովորական մարդիկ չեք, այլ հրեղեն մի սերունդ, որ ժայթքեց Սասնո այդ առասպելական լեռան տակից։ Այս խոսքերը ես ձեզ թողնում եմ իբրև սրտաձոն բոլոր ապրողներին և տապանագիր մեռած զինվորներիս համար։
Էլ ասելիք չունեմ։
Այժմ ես միայն իմ տերն եմ։ Դուք ազատ եք։ Ինչպես կուզեք, այնպես էլ շարժվեք։ Հոս Հայաստան է, ժողովուրդը հայ է և հողը մերն է։ Կարող եք դարձյալ ծառայել հայ ժողովրդին, ինչպես մինչև հիմա ծառայեցինք։ Այն զինվորները, որոնք կուզեն տներ վերադառնալ, թող վերադառնան։ Նրանք, որոնք կուզեն ինձ հետ մնալ, թող գան ինձ հետ։ Ես մեկնում եմ՝ սրտիս մեկ կտորը ձեզ մոտ թողած, ակնկալելով մի օր գըտնել այն։ Ես ձեզ բոլորիդ հոգուս չափ սիրեցի, բայց իմ ամենասիրելին և փառապանյալ քաջը եղավ զորավար Մախլուտոն, որն այժմ իմ քովս չէ։ Այդ այն պատանին էր, որ առաջին անգամ Տաղվրնիկ եկավ Սերոբ Աղբյուրի հրացանի կոթը ինձ շինել տալու։ Նայեցեք, որ այս ճակատը երբեք գետին չհասնի։ Երեսուն տարի այդ ճակատը աստղերին էր դարձած, չլինի թե այսօր գետին հպի։ Բարի ճանապարհ ձեզ և թոզ օրհնյալ լինի զոհված հերոսների հիշատակը։
Սիրելի զինվորներ, մնաք բարով։
Ապա Անդրանիկը մի երկտող գրեց Հայաստանի կառավարությանը, ընդամենը երեք փութ գարի խնդրելով իր ձիու համար... կանխիկ վճարով։
Սևադեմ մի երիտասարդ, որ հենված էր «Ղազարապատ» հյուրանոցի պատին, հանկարծ վճռական շարժում կատարեց դեպի զորավարը։ Շապինանդը շեշտակի նայեց նրա աչքերի մեջ և հասկացավ, թե վտանգը որտեղից էր գալիս։ Չարագործը նույնպիսի անսպասելիությամբ զենքը ցած գցեց և հաղթահարված ծունկի իջավ հայդուկապետի առաջ։ Զինվորները ուզեցին նրա դատաստանը տեսնել, բայց Անդրանիկը սաստեց նրանց, և բարձրացնելով ընկածին ասաց,
— Դու՛ գնա գարու ետևից։ Այս թուղթը կտաս Դրոյի կառավարությանը և երեք փութ գարի կխնդրես իմ ձիու համար կանխիկ վճարով։
Երիտասարդը թուղթը վերցրեց և հյուրանոցի պատին քըսվելով դանդաղ հեռանում էր, երբ զորավարը ձայնեց.
— Հոս եկուր։
Սևադեմ մարդը ետ դարձավ։
— Իմ ոչ մի հայդուկը գերեզման չունի լուսնի տակ։ Տալվորիկցի մի հին հայդուկ ունեի, որ սպանել է Սելիմ բեկին Գոլի կռվում։ Անունը Կիրո Օսման է։ Վերջերս լուր ստացա, որ նա դավադրությամբ սպանվել է Վերին Արթիկում և թաղված է մի անանուն փոսի մեջ։ Ես ուզում եմ, որ մի քար դրվի նրա վրա։ Այդ մի հատիկ սասունցի զինվորս թող գերեզման ունենա աշխարհում։ Այդ էլ հաղորդիր Դրոյին։ Երեք փութ գարի և մի շիրմաքար։ Չմոռանաս ասելիքը։ Ի՞նչ պիտի հաղորդես։
— Երեք փութ գարի և մի շիրմաքար Արթիկում զոհված հայդուկի համար, — կրկնեց սևադեմ մարդը։
— Աֆերիմ, տղաս, այժմ գնա գործիդ։
=== ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՊԱՇԱՐՎԱԾ ===
Անդրանիկը դեռ չէր հեռացել Էջմիածնից, երբ մութ գիշերով լուր բերեցին իրեն, թե Հրազդանի ափին «իր զինվորներից յոթ հոգի սպանված են, և հրաձգությունը դեռ կշարունակվի»։
Զորավարը իր արձակված զինվորներին արգելել էր առանց արտոնագրի Երևան մտնել։ Սակայն մեծ թվով զինվորներ առանց թույլտվության գործով մտել էին քաղաքի շուկան։ Զատկական տոնի առթիվ շուկան լիքն է եղել բազմությամբ։ Զինվորներից մեկը վաճառքի է հանել իր ձին, որ դրամ շահի վերադարձի համար։
Հրազդանի կամուրջը անցած միջոցին մի ոստիկան բռնել է սրան,
— Արտոնագիր ունե՞ս։ — Ոչ։
— Ատրճանա՞կ։ — Ոչ։
Ոստիկանը ատրճանակը որոնելու պատրվակով Հափշտակել է զինվորի քսակը և փախել։ Զինվորի մյուս ընկերը վազելով բռնել է գողին։
Վրա է հասել Հանրապետության սպաներից մեկը։ Սպան Փոխանակ քննելու խնդիրը և դրամը վերադարձնելու տիրոջը, փորձել է փախցնել գողին։ Անդրանիկի զինվորները բողոքել են։ Սպան ատրճանակ է բանեցրել սրանց դեմ։ Ուրիշ զինվորներ են Հասել դեպքի վայրը և կռիվ է սկսվել քարերով։
Երևանի զորամասի պետ Դրոյին անմիջապես զեկուցել են, որ Անդրանիկի զինվորներից մի քանի Հարյուր մարդ Էջմիածնից Երևան գալով տակն ու վրա են արել զատկական շուկան, ոտքի տակ տվել գյուղերից բերված մթերքներով լի զամբյուղները, Զանգվի կամրջի վրա ծեծել են Հանրապետության ոստիկանին ու սպային, Հայաստանի կառավարության հասցեին լուտանքներ են թափում և իրենց կեցվածքից երևում է, որ կռիվ են փնտրում։
Դրոն կարգադրել էր մի հիսնյակ ուղարկել «խառնակիչներին» զսպելու։ Հիսնյակը, որ կազմված էր վանեցիներից, պատասխանել էր. «Մենք մեր եղբայրների վրա չենք կրակի»։ Դրոն բերել է մի Հարյուրակ։ Սրանք կրակ են բացել։ Զինվորները քարերով Հարձակվել են Դրոյի ինքնաշարժի և նրա զորքի վրա, խլել են երեք Հրացան։ Անդրանիկի զինվորներից մի քանիսը սպանվել են, կան վիրավորներ և բանտարկվածներ։
Այդ լուրն առնելով, Անդրանիկն անմիջապես զորք կազմեց և զինաթափ արեց Էջմիածնի պահակազորը։ Կտրել տվեց Էջմիածինը Երևանի Հետ կապող բոլոր թելերը և իր զորամասը շտապ շարժեց Երևանի վրա։ Խռոված հայդուկապետը Հրազդանի հին կամուրջի և Ծիծեռնակաբերդի կողմից պաշարեց դաշնակցության մայրաքաղաքը և թնդանոթների բերանները ուղղեց դեպի Հայոց պառլամենտի շենքը։ Զորամասի ալ կարմիր դրոշակը, որ նվիրել էին Զանգեզուրի հայ կանայք, փողփողում էր Դալմայի կանաչ բլուրներին, Երեվանի բերդի դեմ–հանդիման։ Անդրանիկը պահանջեց, որ իրեն հանձնվեն իր սպանված զինվորների դիակները և մեղավորները պատժվեն։ «Մեկ ժամ միջոց կտամ զինվորներիս դիակները և բանտարկյալները ինձ վերադարձնելու, Հակառակ պարագային, — գրել էր Անդրանիկը, — ես պատասխանատու չեմ այն կռվի համար, որ պիտի մղվի քաղաքեն դուրս»։
Դաշնակ պարագլուխները այդ արշավանքի լուրը առնելով մի պահ իրենց գլուխը կորցրին։ Մայրաքաղաքում սկսվեց իրարանցում. «Անդրանիկը շրջապատել է Երևանը։ Դալմայի կանաչ բլուրներին կարմիր դրոշակ է փողփողում։ Հայդուկներն ուզում են գրավել պառլամենտի շենքը»— լսվում էր այս ու այն կողմից։ Դրոն փորձեց կապվել էջմիածնի հետ։ Էջմիածինը չպատասխանեց։ Դաշտային հեռախոսով կապվեց Մարգարայի հետ։ Մարզարան հաղորդեց. «Լսել ենք, որ Անդրանիկը սաղ թելերը փրթել ա ու գնում ա Երևանի վրա»։ Հեռախոսով կապվեց Արտաշատի հետ. «Անդրանիկը գալիս է Երևանի վրա, ինչքան զորք կա լցրու վագոնները և շտապ փոխադրիր Հրազդանի կամուրջը» ։ Նույնպիսի կարգադրությամբ Դրոն կապվեց Աշտարակի հետ. «Անդրանիկը գալիս է Երևանի վրա։ Ամբողջ զորքը փոխադրիր Դալմայի այգիների թիկունքը»։
Ապա Երևանի նահանգի զորամասի հրամանատարը կարգադրեց Երևանի կայազորից երեք հարյուրակ, երկուսը հետևակ և մեկը ձիավոր, դուրս բերել և դասավորել Հրազդանի ափին, Էջմիածին տանող կամուրջի ուղղությամբ։ Այնուհետև նստեց և հետևյալ վերջնագիրը շարադրելով ուղարկեց Անդրանիկին.
«Անդրանիկ, մենք Սասունի քո հեղափոխական կռիվներով, քո հեղափոխական շնչով դաստիարակված սերունդ ենք։ Այսօր մի քանի հարբածների ոչ ճիշտ, հերյուրածո լուրերը հիմք ընդունելով, դու գալիս ես Երևանի վրա։ Ես խընդրում եմ իմ պաշտած հայդուկապետին, որ նա սև արատ չբերի իր հեղափոխական անցյալին և հրաժարվի Երևանի դեմ քայլ անելուց։
Միաժամանակ, իբրև Երևանի նահանգի հրամանատար, պարտք եմ համարում զգուշացնել քեզ, որ եթե չհրաժարվես քո մտադրությունից և թնդանոթները ետ չքաշես Ծիծեռնակս/բերդից, դու ինձ կստիպես դիմել զենքի և կարող եմ վստահեցնել քեզ, որ Երևան չես կարող մտնել։ Այդ ուղղությամբ հարկ եղած հրամանները տրված են։ Ավելորդ է փորձ անել, նպատակիդ չես հասնի»։
Կարդաց Անդրանիկը Դրոյի վերջնագիրը և մի մտրակ քաշելով ճաղատ սուրհանդակին և թուղթը պատռելով՝ ասաց.
«Ես Դրոյի մասսա՛բը։ Դրոն խենթ է։ Ես նրա հետ գործ չունեմ։ Իմ գործը Երևանի կառավարության հետ է»։
Եվ ճիշտ այն պահին, երբ ըմբոստ հայդուկապետը պատրաստվում էր ռմբակոծել Արարատյան հանրապետության պառլամենտի շենքը և արշավել Երևանի վրա, ձի հեծած հևիհև տեղ հասավ Գարեգին եպիսկոպոսը մի վարդապետի հետ, որպես պատվիրակ կաթողիկոսի կողմից։
— Ի՞նչ ես անում, զորավար, — գոռաց Գարեգին եպիսկոպոսը իրեն վայր նետելով Անդրանիկի ոտքերի մոտ։։ — Մի տարի առաջ մեր ամբողջ ժողովուրդը կոչնակներ զարկեց և մեկ մարդու պես ոտքի ելավ օսման զավթիչների դեմ և ի՞նքդ ես այժմ քայլում հայոց մայրաքաղաքի վրա։ Հայտնի բան է, բերանն այրված մարդը թանը փչելով է խմում։ Ես հասկանում եմ, ոչ միայն քո բերանն է այրված, այլև քո սիրտը։ Բայց զգաստացիր, զորավար։ Ի՞նչ պիտի պատմեն այս երկու փառահեղ գագաթները ապագա սերունդներին քո մասին։ Երեք հազար տարի հայոց նվիրական ոստանը կանգնած է այդ գագաթների դեմ և դու՞ ես ուզում կործանել հինաւվուրց մայրենին։ Քո պայծառ ճակատը, որ միշտ աստղերին էր դարձած, գետին մի հպիր անխոհեմ քայլով։ Ամենայն հայոց կոնդակով և խաչը ձեռքիս շտապել եմ քո ոտքը, որ ետ կենաս եղբայրասպան պատերազմից։
Նույն միջոցին Երևանի կողմից դեպի Դալմայի այգիները շարժվեցին զինվորական ներկայացուցիչները՝ համոզելու Անդրանիկին ետ կենալու Երևանի վրա հարձակվելու վըտանգավոր քայլից։ Խոստանում են անմիջապես բերել և իրեն հանձնել իր սպանված, վիրավոր և բանտարկյալ զինվորներին։ Շուտով բերում են ծունկից վիրավոր մի զինվորի, որին Անդրանիկը փոխադրում է Էջմիածին։
Հայտնում են, որ միջադեպի պատճառը Դրոյի զինվորներն են եղել և խոստանում են պատժել հանցավորներին։
Այդ միջնորդությունից ազդված, հատկապես Գարեգին եպիսկոպոսի սրտառուչ խնդրանքին անսալով, Անդրանիկը կարգադրում է ծալել իր վրանը և զորքն ու թնդանոթները Ծիծեռնակաբերդից ու Դալմայի այգիներից քաշել դեպի էջմիածին։
Դրոն նույն օրը երեք փութ գարի ուղարկելով վանք և շտապ կարգադրություն անելով սասունցի հին հայդուկի շիրմաքարի համար, վրեժխնդրությունից սարսափած փախել էր դեպի Դիլիջան։
Ապրիլի 27–ին առավոտյան հայդուկապետը իր հետ առնելով երկու հարյուր յոթանասուն զինվոր, հեռացավ Հայաստանից։ Շահալի կայարանից նա հեռագիր տվեց Վրաստանի Արտաքին գործոց նախարարին. «Հալածված Արարատյան հանրապետության կառավարությունից, գալիս եմ ապաստանելու ձեր հյուրընկալ հողը։ Խնդրում եմ թույլ տալ ինձ Թիֆլիս մտնել»։
Բայց նա Վրաստանում երկար չմնաց։ Հեծավ իր ձին և զինվորներին վերցնելով Սև ծովին հասավ։ Զինվորների մեծ մասին նա աշխատանքի տեղավորեց Բաթում քաղաքում, մի մասին ուղարկեց Բուլղարիա և Ռումինիա, իսկ ոմանք Հաջի Գևոյի հետ վերադարձան Հայաստան։ Ինքը մի քանի ուխտյալ զինվորներ առած մտավ զրահանավ։
Իր հետ վերցրեց նաև իր նժույգը՝ Ասլանին։ Այդ նավը նրան տարավ Եվրոպա, իսկ այնտեղից Էլ՝ Ամերիկա։
=== ՄԻՏԴ ՊԱՀԻՐ ԻՄ ՀԱՍՑԵՆ ===
Շուտով ծնկից վիրավոր զինվորը դուրս գրվեց հիվանդանոցից և հետևյալը պատմեց այդ դեպքերի և Անդրանիկի վերջին հրաժեշտի մասին.
«Ապրիլի մեջ անցանք Բազարչայը և Հերհերի անտառներով իջանք Ղավալու։ Ճանապարհի ամբողջ երկայնքով հայ ժողովուրդը քաղցի մատնված արածում Էր դաշտերի մեջ։ Արարատյան Հայաստանը, հյուծված և արյունաքամ, իր շունչն Էր փչում մեր աչքի առաջ։
Անդրանիկը այդ տեսարանից ազդված, սկսեց բարձրաձայն Հայհոյել դաշնակիցներին։ Գնդապետ Գիբոնը ձիուց իջավ և զորավարին մոտենալով ցավակցություն հայտնեց իրենց փոքրիկ դաշնակցին այդ վիճակում տեսնելով։
Անդրանիկը կանչեց թարգմանչին.
— Էդ սրիկային ասեք, Լոնդոնը Հայաստանի օրին ընկներ՝ ես գայի ցավակցություն հայտնեի իրեն։ Օ՜, սրիկաներ, ինչպես չարաչար խաբեցին իրենց հավատարիմ դաշնակցին։
Հետևյալ օրը գնացք եկավ։
— Ընկեր Անդրանիկ, ես քո զորքի համար հաց եմ բերել Երևանից, — ասաց Դրոն վագոնից դուրս գալով։ Բայց Անդ՛րանիկը չթողեց, որ նա շարունակի իր խոսքը, ձեռքը բարձրացրեց, որ լռի և արհամարհանքով ասաց*
— Դրո՛, ես ե՞րբ եմ քեզ հետ թալանի գնացել, որ դու ինձ ընկեր ես անվանում։ — Զորավարը կանչեց Հաջի Գևոյին և նհրամայեց բաց անել առաջին վագոնի դուռը։
— Հաց Է, փաշա, — զեկուցեց Հաջի Գևոն։ — Հացերից մեկը ինձ տուր։
Առավ, մեջտեղից կիսեց, տեսավ բրնձի և թեփի մանրուքից թխած հաց Է։
— Ուրեմն Երևանում սով Է, — ասաց Անդրանիկը։ — Ետ տվեք թող տանի, — և կարգադրեց վագոնի դուռը փակել։
Գավալու գյուղի տերտերն եկավ, թե՝ եթե չեք ուզում, Էդ հացը մեզ տվեք, փաշա, մեր գյուղում սով Է։
— Տղաս, — ասաց փաշան, — վագոնի դուռը բաց և բերած հացը տուր տերտերին։
Տերտերը մարդիկ բերեց և հացը առավ տարավ։
Գնացքը զորավարը վերցրեց իր տրամադրության տակ։
— Մի քանի վագոն Էլ կցիր։ — հրամայեց զորավարը զընացքի պետին։ — Ես իմ հետևակ զորքը և ռազմամթերքը պիտի բառնամ վրան։ Չլինեմ, չիմանամ, որ Երևան տանես։
Գնացքը ուղիղ կքշես Էջմիածնի կայարան։
Շուտով գնացքը Անդրանիկի հետևակ զորքով և բեռներով շարժվեց առաջ։
Մնացինք հեծյալներս։
— Թամբերի վրա, — հնչեց հրամանը։ Բոլորս թռանք թամբերին։
Դրոն ինքնաշարժ ուներ։
— Արի նստիր իմ մեքենան, երթանք, — ասաց Դրոն ինքնաշարժը մոտեցնելով։
— Ի՜նչ է, դու Անդրանիկին նո՞ր ես ծանոթ։ Ես իմ զորքը թողնեմ, գամ քո կողքին նստեմ, լսվա՞ծ բան է, — ասաց զորավարը և ոտքը դրեց ասպանդակին։
Եկանք Արտաշատ, տեսնենք Դրոն էնտեղ է։
— Արի նստիր իմ մեքենան, — նորից հրավիրեց Դրոն։
— Գնա՛, — ասաց Անդրանիկը, — ճամփադ շարունակիր։ Հասանք Նորագավիթ։ Տեսնենք՝ Դրոն Նորագավիթ է։
նորից մոտեցավ։
— Արի նստիր, երթանք։
— Քշիր մեքենադ ու գնա, — սպառնաց փաշան։ — Էլ ճամփիս չերևաս, թե չէ վերջը դու գիտես։
— Փաշա, — ասաց Դրոն, — զորքը կտանես զորանոցները, իսկ դու կգաս Երևան։
Երևանի բերդին չհասած, Անդրանիկը երկու զինվորի ուղարկեց դեպի Հրազդանի կամուրջը։ Շուտով մեր հեծելազորը Շուստովի գործարանի առջևով անցավ կամուրջը և ծաղկած այգիների միջով շարժվեց դեպի Էջմիածին։ Առջևից Անդրանիկն էր գնում, ետևից՝ մենք, Լսվեց ետևից քառատրոփ սուրացող ձիերի վազք և երկու գլխաբաց ձիավոր քափ-քրտինք մտած հասան մեր շարքերին։ Մեկը Դրոն էր։ Նրանք թափով անցան գնացին զորավարի մոտ։
— Փաշա, դու մեզ խաբեցիր, — ասաց Դրոն։ — Դու խոստացար Երևան գալ։
— Իմ ձիավորը ի՞նչ գործ ունի Երևանում, երբ իմ հետևակը վաղուց Էջմիածին է հասել։ Բացի աչդ, ես իմ զորքը ինձ հետ արտասահման պիտի տանեմ։
— Իրական Հայաստանը թողած, անիրականի հետևի՞ց կըվազես։ Հայաստանը այնտեղ է, ուր Մասիսներն են, — ասաց Դրոն և ավելացրեց. — Դու գնա, թող զորքը մնա։
— Շուտ ետ դարձիր և այլևս քո երեսը չտեսնեմ, — սպառնաց Անդրանիկը։
Դրոն ետ դարձավ գնաց, մյուս ձիավորներն էլ հետը։
Գիշերը լուսացրինք Փարաքար գյուղում։ Առավոտ շուտ Անդրանիկն ասաց. «Տղերք, էսօր Ծառզարդար է, ինչու՞ ձիանքը չեք զարդարում»։
Ձիերի գլուխները զարդարեցինք ծաղիկներով ու ելանք թամբերին։
Հոիփսիմեին չհասած աղուհացով մեր դեմ ելան կաթողիկոսը և Գարեգին եպիսկոպոսը։ Անդրանիկը ձիուց իջավ ու չոքեչոք մոտենալով համբուրեց վեհափառի աջը։ Աղու-հացը վերցրեց, բերանը դրավ և իր ձին հեծյալներից մեկին հանձնելով, մտավ կառքը վեհափառի կողքին նստեց։
Փաշան Էջմիածնում մեր բոլոր զենքերը հավաքեց լցրեց պահեստը և բանալին կաթողիկոսին հանձնեց։ Հանձնեց նաև Սասանից բերված մի դրոշակ, որ քառասուն տեղով ծակծըկված էր։ Ապա ամեն մեկիս մի ազատական տվեց և հրաժեշտի ճառ ասաց, որ մեր տները երթանք։
Ես և երզնկացի մի քանի տղաներ գնացինք քաղաք մեր ձիերը ծախելու։ Ձիանքը տվեցինք Դրոյին և բանակից փող ստանալով, եկանք շուկա գնումներ կատարելու։ Երեք թելանի մի ոստիկան մեր ընկերներից մեկի փողը փախցրեց։ Մեջիտի հայաթի մեջ բռնեցինք գողին։ Խորենը՝ քեռուս տղան, որ իմ հարյուրակից էր, բռունցքով զարկեց՝ գետին գցեց գողին։ Ոստիկանի բերանից արյուն հոսեց։ Բերեցինք «Ղանթարի» աղբյուրի մոտ։
Հայտնվեց քաղաքի ոստիկանապետը ատրճանակը ձեռքին.
— Տղերք, էս ով արեց։
— Ես արեցի, — ասաց Խորենը, — ինչու՞ փախցրեց Ստեփանի ձիու փողը։
— Եթե գողություն է, լավ եք արել, — ասաց պետը և երկու անգամ օդի մեջ կրակելով թողեց գնաց։ Նորից մտանք «Ղանթարը» բան–ման առնելու, որ ճամփա ընկնենք։ Մեկ էլ էն տեսանք, որ զորքը եկավ ու ռուսաց ժամի մոտ մեր տղաներին շրջապատեցին։
Դրոն էր։
Ղանթարի դիմաց մի սև շենք կար։ Ես կանգնած էի էդ շենքի առաջ, իսկ Խորենը՝ պատշգամբում։ Մի զինվոր ուզեց ինձ խփել։ Մոտս սուր կար. քաշեցի։ Հանկարծ մեկը հեռվից կրակեց։ Իմ ծունկը ծալվեց ու ես վայր ընկա։
— Ամոթ քեզ, Դրո, — ասաց Խորենը և իրեն պատշգամբից ցած նետեց։
Անդրանիկը ձին կապել էր վանքի ախոռում և «Ղազարապատ» հյուրանոցի պատշգամբում նստած նարգիլե էր քաշում, որ հետևյալ օրը մեկնի Էջմիածնից, երբ երկու լրաբեր հևիհե կանգ առան պատշգամբի տակ։
— Փաշա, — ասացին, — Երևանում կռիվ է, Դրոյի զորքը կրակել է զինվորներիդ վրա, իսկ դու հանգիստ նստած նարգիլե կքաշես։
Էլ չխոսեց փաշան։ Նարգիլեն ցած դրեց պատշգամբից իջավ մտավ Վեհարան։
— Վեհափառ, –— ասաց, — բանալին տուր։ Բանալին առավ, վանքի պահեստի դուռը բացեց, Էջմիածնում եղած բոլոր զինվորներին կանչեց իր մոտ, ամեն մեկին մեկ կամ երկու զենք տվեց, ձին հանեց ախոռից ու զորքը քաշեց Երևանի վրա։
Թնդանոթները կապեց Կողբ դյուզի գլխին, գնդացիրները՝ Ծիծեռնակաբերդի։
Հին կամուրջի գլխին Դրոն զինված պահակ էր դրել։ Մոտեցավ պահակի ձեռքից զենքը առավ։
— Դու ո՞վ ես, — հարցրեց պահակը։
— Ես Անդրանիկ փաշան եմ։ Գնա Դրոյին ասա, փաշան կամուրջի գլխին քեզ կսպասե։
— Զենքս տուր՝ գնամ։
— Գնա արի՝ զենքդ կտամ։
Պահակը ելավ գնաց Դրոյի մոտ։ Տեսավ Դրոն սապոգները հանել է, որ պառկի։
— Անդրանիկ փաշան քեզ կանչում է։ Ինձ ասաց՝ գնա Դրոյին ասա, որ շուտ ելնի գա։
— Որտե՞ղ է փաշան։
— Կամուրջի գլխին։
Դրոն սապոգները հագավ ու ելավ շտապ գնաց նախագահ Խատիսովի մոտ։
Խատիսովը սապոգները հանել էր, որ քնի։
— Անդրանիկը կամուրջը գրավել է և թնդանոթները կապել Երևանի վրա։ Վեր կաց գնա դրան բան հասկացրու, — զեկուցեց Դրոն։
— Դու ես արել, ինքդ էլ գնա պատասխան տուր, — ասաց նախագահը ։
Դրոն հրաժարվեց գնալ։
Խատիսովը ճարահատյալ ելավ մենակ գնաց Անդրանիկի մոտ։
— Դու ինչու ես եկել, Իմ կանչած մարդը Դրոն է, — ասաց փաշան։
Բայց Դրոն դիմեց անգլիական և ֆրանսիական դեսպաններին և զորավար Գիբոնին՝ միջնորդության համար։ Դեսպանները Խատիսովի և Գիբոնի հետ եկան նստեցին կամուրջի հանդիպակած կողմը, քարե սանդուղքներին։
Անդրանիկը բանակցող կողմից պահանջեց իր սպանված զինվորների դիակները և համապատասխան գումար սպանվածներին թաղելու և վիրավորներին խնամելոլ համար։ Պահանջեց նաև, որ վիրավորները անմիջապես փոխադրվեն Էջմիածնի հիվանդանոց։
Խատիսովն ասաց, որ ինքը մինչև կես գիշեր շրջել է քաղաքում պարզելու, թե որքան սպանված և վիրավոր կա։ — Ընդամենը մի զինվոր կա ծունկից վիրավոր, նա էլ տեղափոխված է հիվանդանոց։
Խատիսովը գնաց և հանրապետության բանկից մի մեծ գումար բերելով, հանձնեց զորավարին իր տուժած զինվորներին բաժանելու համար։
Ես քաղաքային հիվանդանոցում պառկած էի, երբ առավոտ վաղ Հայաստանի նախագահը եկավ։
— Առանձին հարվածող զորամասից ձեզ մոտ քանի՞ վիրավոր կա պառկած, — հարցրեց։
— Մեկ հոգի, — պատասխանեց հերթապահ բժիշկը;
— Անու՞նը։
— Հարություն։
— Ծննդյան վա՞յրը։
— Բագառինջ գյուղ, Արևմտյան Հայաստան։ — Ազատական ունի՞։
— Այո, №119։
— Ծա՞նր է։
— Գնդակը առել է ծունկից ներքև։
— Որտե՞ղ է պառկած։
— Առաջին հարկում, — և ցույց տվեց իմ պատուհանը։
— Փոխադրեք մի ավելի լուսավոր պալատ, իսկ վաղը ես իմ կառքը կուղարկեմ, նրան ապահով կտեղափոխեք Էջմիածին։
Հետևյալ օրը նախագահի կառքով ինձ էջմիածին տարան։
Էջմիածնի հիվանդանոցը Մանթաշովի շինած շենքումն էր։
Նոր էին ինձ կառքից իջեցրել, տեսնեմ փաշան եկավ։
— Ու՞ր Է իմ Հարություն զինվորս, — հարցրեց։
— Փաշա, ես հոս եմ, — ասացի։
— Վերքդ ինչպե՞ս է։
— Աղեկ է, փաշա, մի քանի օրեն ոտքի եմ։
— Քեզ վրա ո՞վ կրակեց, Հարություն։
— Չգիտեմ, փաշա, գնդակը հեռվեն եկավ։ Թոփերը քաշեցի՞ր Ծիծեռնակաբերդից։
— Քաշեցի, տղաս, բայց ծունկիդ պատճառով քիչ մնաց Հայաստանի պառլամենտը մեջտեղից գնար։
Ինձ տարավ դրեց հիվանդանոց և ուզեց աչքով ստուգել վերքս։
Քանդեցի վիրակապը և ցույց տվի։
— Տղաս, այս ծունկդ հազիվ մեկ–երկու ամսեն լավանա, իսկ ես վաղը ճամփորդ եմ։
— Ինձ էլ հետդ տար, — ասացի։
— Չէ, տզաս, դու պառկիր և հոգ տար միայն քո առողջությանը։ Իմ ցավերն ուրիշ են։ Ամեն մեկիս մեջ մի խենթություն կա վերջին պահին, դրանից է, որ Հայաստանի ծունկը մինչև այժմ անբուժելի եղած է։ Ես վաղը նորեն կուգամ։
Առավոտ փաշեն եկավ։ Ինձ համար փող բերեց, վեց հազար ռուբլի մեկ տվեց, երեք հազար մեկ։ — Տղաս, — ասաց, — իմ հասցեն գիտե՞ս։
— Չգիտեմ, — ասացի։
— Տղաս, — ասաց, — միտդ պահիր իմ հասցեն. Գեներալ–մայոր Անդրանիկ։ Աշխարհի որ ծայրը գրես, քո նամակը կգա կհասնի ինձ։
Լռեց, հետո ասաց. — Եթե Տաթև ուխտի գնալու կլինես՝
հիշիր ինձ։
— Որ Տաթևը մտքովդ անցավ, անպայման կգնամ, զորավար։
— Այդ վանքի ճոճան սյունը շատ նման է մեր բախտին։ Հավիտյան կճոճվենք, բայց չենք ընկնի։ Դե, քեզ ամուր պահիր, իմ քաջ, իմ անգին հարյուրապետ, իմ լավ զինվոր։ — Շոյեց մազերս, կռացավ համբուրեց իմ ճակատը և կեցիր բարով ասաց։
Էլ չտեսա նրան։
Էն գնալն էր՝ որ գնաց։
=== ԲԵՐԴԱՔԱՂԱՔԻ ԱՆԿՈՒՄԸ ===
Աշուն էր, հոկտեմբեր ամիսն էր, թաց ու տիլ էր գետինը։
Հանկարծ լուր եկավ, որ Սև Բեքիրի զորքը հարձակվել է Հայաստանի վրա։ Ու ես տեսա, թե ինչպես Սարիղամիշի կողմից նրանք շարժվեցին դեպի Բերդաքաղաք։ Նույն նենգ ու ասպատակող հորդան էր, որի դեմ կռվել էին հայ ֆիդայիները Առաքելոցի պատերի տակ, Սուլուխի կամուրջի վրա, Սարդարապատի դաշտում և Տղմուտի ափին։
Բայց դարձյալ գալիս էին, ու նրանց զորապետը ոչ թե Ալի փաշա էր կոչվում կամ Քոսա Բինբաշի, այլ Սև Բեքիր։ Ֆեսի փոխարեն կրում էին բաշլըղ և բոլորի ձեռքին մոսին կար։
Բերդաքաղաքը տասներեք մեծ բերդեր ունի և դրանցից ամենամեծը կանգնած է քաղաքի կենտրոնում։ Երեք հարյուր թնդանոթ կար այդ բերդերի վրա և մոտ երկու հարյուր գընդացիր։ Ու այդ բոլոր բերդերի հրամանատարը զորավար Մելիք–Օսեփովն էր, թամբագործի արհեստանոցում իմ տեսած հինգ գնդապետներից մեկը։
Երբ մոտեցան Բերդաքաղաքին և տեսան, որ անհնարին է այն գրավել, Սև Բեքիրը մի ձորի մեջ կանգնեցրեց իր սև զորքին և բոլորը նրա հրամանով փոխեցին իրենց սև հագուստը։
... Ես նրան տեսել էի թամբագործ Արշակի արհեստանոցում իգդիրցի Սուրեն փաշայի հետ վիճելիս։ Երկրորդ անգամ տեսա Բերդաքաղաքի մատույցներում Վազի կոչվող գյուղի մոտ։ Այդ ալեքսանդրոպոլցի ֆրենչ հագած երիտասարդ սպան էր։ Հայրենասեր գնդապետը մերկացրեց սուրը և հրամայեց գնդին հետևելու իրեն.
— Հայ զինվորներ, — ասաց գնդապետը, — Սև Բեքիրը վճռել է խաբեությամբ գրավել Բերդաքաղաքը։ Հառա՜ջ, իմ ետևից։
Բայց զորքը մերժեց կատարել հրամանը։ Երկրորդ անդամ հրամայեց գրոհի գնալ զավթիչների դեմ։ Միայն մի քանի զինվորներ սրերը մերկացնելով կանգնեցին նրա թիկունքին։ Ու երբ քաջարի գնդապետը տեսավ իր անօգնական վիճակը, դարձավ ու ասաց զորքին. «Հայե՜ր, փոխանակ թուրքերը գան և թքեն իմ ճակատին, որ առանց կրակոցի Բերդաքաղաքը հանձնեցինք, ավելի լավ է թքեն իմ դիակի վրա», և մաուզերը քաշելով ինքնասպան եղավ իր գնդի առաշ։
Ու չկար Անդրանիկը, որ այդ օրհասական պահին զորավիգ լիներ իր երկրին,
Եվ ես տեսա, թե ինչպես մտավ Սև Բեքիրի զորքը կանաչ դրոշակը պարզած։
Եվ հայոց հռչակավոր Բերդաքաղաքը, որ երբեք իր գլուխը հեշտությամբ չէր խոնարհել ոչ մի ոսոխի, առանց մի գնդակ արձակելու անձնատուր եղավ նենգ ոսոխին։
Եվ ամբողջ երեք օր քաղաքում համատարած կոտորած եղավ։ Ոչ խաղաղ բնակչությանը խնայեցին, ոչ գերի զինվորներին։ Բոլորին զորանոցների և տների մեջ լցնելով վառեցին անխնա, կամ քաշեցին դեպի երկրի խորքը տաժանակիր աշխատանքի։
Եվ ընկավ հայոց աննման բերդաքաղաքը։ Տասներեք բերդ կար այդ քաղաքում և վեց կամուրջ։ Եվ կամուրջներից մեկը «Վարդան Զորավար» էր կոչվում, իսկ մյուսը՝ «Չուգունե», և անցավ Սև Բեքիրի սև հորդան այդ կամուրջներով ու բերդերով։ Անցավ Լոռիս Մելիքովի գետափնյա փողոցով ռուս հաղթական զինվորի բրոնզյա արձանը շուռ տալով միջնաբերդի առաջ։ Շուռ տվեց, և քաղաքի ելքերը ամուր փակելով՝ շարժվեց դեպի Գյումրի։ Նոյեմբերի յոթին Սև Բեքիրի զորքը մտավ Ալեքսանդրոպոլ։
Միայն մենք դիմադրեցինք թշնամուն Բերդաքաղաքից դեպի Օլթի տանող ճանապարհին։ Իմ զորամասը Արդահանի կողմից շարժվելով ուժգնորեն գրոհեց Բեքիրի վրա Ճլաուզ չեռան տակ և այն վայրում, ուր ալեքսանդրապոլցի հայրենասեր գնդապետը ինքնասպան եղավ իր զորքի առաջ։
Տաս օր սաստկագին կռիվ եղավ մեր և նրանց միջև։ Ես էի՝ իմ խնուսցի և մշեցի զինվորներով և սասունցի հի՛ն հայդուկ կամավորները իրենց հեծյալ գնդերով։ Դարձյալ ինձ հետ էին Ախոն, Մորուք Կարապետը, Արծիվ Պետոն, Տեր Քաջի Ադամը, Իսրոն Փեթարցի և Սարդարապատի ճակատամարտին մասնակցած իմ ձիապան Բարսեղը և Առղա Զորիկը։
Ֆրանկ–Նորշենցին էլ այնտեղ էր։
Մեր վերջին դիմադրությունը եղավ Շիրակի դաշտում, ուր Սև Բեքիրը սկսել էր անլուր կոտորած։
Իմ դաշտային հեռադիտակի վրա դեղնավուն մի տերև կաթեց, իմ վրայից սահելով ընկավ Առղա Զորիկի ծնկներին։ Բայց դա տերև չէր, այլ մի կոչ՝ հայ զորքերին ուղղված։
— Հայ զինվորներ, — ասված էր այդ կոչում, — Հայաստանի խորհրդայնացումով խորհրդայնանալու է նաև Տաճկաստանը, որ Ռուսաստանի դաշնակիցն է։ Սև Բեքիրի զորքերը գալիս են ոչ թե ձեզ կոտորելու, այլ թալանչի դաշնակ խմբապետներ Սուրեն փաշայի և Թոմաս Բեկովի ձեռքից Հայաստանը ազատագրելու։ Հաստատ համոզված եղեք, որ Բերդաքաղաքում, Ալեքսան դրոպոլում և գրավված մյուս վայրերում նրանք ոչ թալան ել են և ոչ էլ կոտորել, այլ հաստատել են բանվորա–գյուղացիական կարգ ու կանոն։
Որտեղի՞ց քամին բերեց այդ տերևանման թերթիկը և զարկեց իմ ռազմիկի ծնկներին։
Առղա Զորիկը, որին իմ ձիապան Բարսեղը Սարդարապատի կռվից հետո «բոլշևիկ Զորիկ» էր ասում, այդ կոչը գրպանը դրած նույն գիշերը գաղտնի թափանցեց Ալեքսանդրոպոլ և շուտով մեզ տեղեկություն բերեց, որ Սև Բեքիրը Ալեքսանդրոպոլում նոյեմբերի 18-ին կազմել է «Հայաստանի Հեղկոմ» և հռչակել է Սովետական իշխանություն. որ այդ թռուցիկը հորինել է Սև Բեքիրը իր կազմած «հեղկոմի» անունից, կամենալով կոտրել հայ բանակի դիմադրությունը և նենգորեն նվաճել Հայաստանը, որ Հայաստանի կոմունիստները այդ գորշ գայլի արշավանքի դիվային նպատակների մասին արդեն իրազեկ են դարձրել Սովետական Ռուսաստանի համայնավարներին, կոչ ուղղելով հայ զորքերին՝ կասեցնելու Սև Բեքիրի առաշխաղացումը։
Իմ զինվորները, որ տեսել էին Բերդաքաղաքի և Շիրակի դաշտի գյուղերի կոտորածը և ամրացումը, «բոլշևիկ Զորիկի» վերադարձից հետո ուժեղացրին դիմադրությունը, Սև Բեքիրի ասկյարների ճակատներից կատաղորեն պոկելով կարմիր աստղերը և քանդելով նրանց թևերի կարմիր երիզները, որոնցով նրանք ծպտվել էին Արևելյան Հայաստանը ջախջախելու համար։
Դեպի մեր երկրի խորքը առաշացող զավթիչների դեմ հերոսաբար կռվելով շատ քաջարի զինվորներ զոհվեցին իմ կամավորներից։ Շատերն էլ ճանապարհներին բռնվելով չարաչար տանջվեցին բանտերում. դրանցից մեկը նորշենցի Ֆրանկ–Մոսոն էր, սամիրի ճաշով իրենց գյուղի սահմանային վեճը լուծող այդ անսահման նվիրյալ ֆիդային, որ Պզտիկ Արամի խմբի հետ անցել էր Կովկաս և մեր կամավորներին միացած կռվել էր Բաղեշի և Խոյի ճակատամարտերում։
Մեր դիմադրությունը ահեղ եղավ, բայց մենք վերջիվերջո պարտվեցինք, չդիմանալով ոչ արևմուտքի հողմին, ոչ էլ հարավի խորշակին։
Մենք արդար էինք, բայց քիչ էինք, նրանք նենգ էին ու բազում։
Եվ եկան նրանք՝ Սև Բեքիրի հրոսակ զորքերը և գրավեցին Ալեքսանդրոպոլն ու Շիրակի դաշտը։ Կողբի լեռներով մտան Սուրմալու։ Գրավեցին Անին և իրենց մահիկը բարձրացրին Անիի միջնաբերդի վրա։
Մեր երկրի վրայով թուրք անցավ…
Եվ եղավ ահեղ կոտորած ու կողոպուտ Արևելյան Հայաստանում։
Եվ քանդեցին։
նրանց կոչումն էր քանդել ու քանդեցին։ Քանդել էին դարեր, եկան ու նորից քանդեցին։
Այլևս թնդանոթ չէր արձակվում Բերդաքաղաքի միջնաբերդից։ Ժամանակը կանգ էր առել Հայաստանում և մարդիկ մի պահ շփոթված՝ մոռացել էին իրենց ժամացույցներն ու գլուխները ուղղել։
Բայց մի ժամացույց անխափան աշխատում էր ամբողջ աշխարհի բախտի համար։
Ու Լենինին լուր հասավ Հայաստանին սպառնացող աղետի մասին։
Եվ նա կարգադրեց իր կարմիր զորքին Սև Բեքիրի բանակը ետ շպրտել Ալեքսանդրոպոլից։
Եվ գնացին Սև Բեքիրի սև հորդաները իրենց ետևից պայթեցնելով Ալեքսանդրոպոլի զինաբերդը։
Պայթեցրին ու գնացին։
Բայց նրանց կիսալուսինը մնաց Անիի միջնաբերդի վրա։
Վայ ինձ, որ տեսա այդ օրերը։
=== ՉՈԼՈՅԻ ՃԱՌԸ ԱԽՈՅԻ ՎՐԱ ===
Այժմ ես ձեզ պիտի պատմեմ իմ ամենաքաջ զինվորներից մեկի վերջաբանը։
Այդ Ախոն էր, Փեթարա Ախոն, այն կապուտաչյա ֆիդային, որը, երբ Սասունը պարտվեց, առաջարկեց մի մեծ խարույկ վառել Անդոկի գագաթին և մեջը նետվելով վառվել թըշնամու ձեռքը չընկնելու համար։
Գուցե ոմանք ձեզանից նրան չեն սիրում, քանզի վայրագ է, բայց նա իմ զինվորն է և իմ պարտքն է հիշատակի խոսք ասել։
Ախոն անցավ բազում կրակների և փոփոխական եղանակների միջով և իր ձիավոր գնդի հետ հասավ Սարիղամիշ։ Ու հանկարծ լսեցինք, որ Ախոն զարկվեց։ Նա զարկվեց Սարիղամիշի անտառի մեջ, Շաղան գյուղում։ Չոլոն ճառ ասաց սպանված Ախոյի վրա և ես ուզում եմ նրա ճառը նույնությամբ փոխանցել բոլոր ապրողներին՝ ներկա և գալիք։
«Ախո, դու մեռա՞ր։ Դու էդքան տաք ու պաղ օրեր տեսար ու եկար Սարիղամիշի անտառի՞ մեջ ընկար։ էդ չեղավ, Ախո։ Անդոկից ու Կեպինից հետո Սարիղամիշը սպանվելու՞ տեղ էր, որ դու սպանվեցիր։ Դու, որ բոլորի բախտի գուշակն էիր, ինչպե՞ս եղավ, որ անգուշակ ընկար էս չամի անտառի մեջ։ ՞ու ինձ մեծավոր, ես քեզ փոքրավոր, ինչու՞ սխալվեցիր, Ախո։ Ե՜լ, ել երթանք Բրիմոքի ցից քարեր, երթանք Հարսընգոմեր և Քարձոր։ Կհիշե՞ս, ինչպես Ամրեի գյալուց բուք ու բորանին մեր ճոկաններին հենված սահեցինք դեպի Փեթար։ Ախ, Ախո, դու իմ թանկ պահած ու էժան ծախված հայրապետ։ Ե՛լ, ե՛լ, Փեթարա առյուծ, ե՜լ։ Ել, թվանքը կապեմ քո մեջքին ու երթանք էրկիր։ Նայի՜ր, վերջալույսը կարմրին տվեց ու անծեղները կկչկան կտուցները քամուն, թևերը շուտ–շուտ իրար զարկելով։ Երևի էս գիշեր փոթորիկ էղնի։
Քեզ հետ եմ, Ախո։ Ինչպե՞ս։ Պանդու՞խտը։ Նա էլ Սարիղամիշի մեջ մեռավ, աչքը Մուշի ճանապարհին։ Խնուսցի Պուճուր Աբրո՞ն։ Նա անգուշակ սպանվեց Զանդիբասարի ճահիճների մեջ։ Փեթարա Մանու՞կը։ Նա Կողբի տակ սպանվեց, որ Հայաստանն իր հացը առանց աղի չուտի։ Ավա՜ղ, մենք Քարվան–Կորուսը շփոթեցինք Լուսաստղի հետ և կորցրինք մեր ճամփան։ Դեռ արևը չծագած, իմ ու քո աստղը ճապղեց, Ախո։
Նոր, նոր էր մեր երամը բարձրացել երկինք, երբ սեղմըվեցինք խժխժալով ու ահեղ փոթորիկ եղավ, եղավ բուռ ու բորան, ու մեր երամը կորավ բքնոցի մեջ։
Էլ ո՞վ պիտի գուշակի մեր ապագան, մեր գալիք ու անցնելիք ճամփան։ Ո՞վ պիտի կարդա բնության գաղտնիքը, մեր լեռների ու երկնքի գույնը, արևի, լուսնի ու աստղերի փայլը, ամպերի ընթացքն ու խտությունը։ Ո՞վ պիտի հասկանա մեր վերևով անցնող կռունկների կանչը, ագռավների կղկղոցն ու կաչաղակի լեզուն, գորտերի կռկռոցը մեր ոտքերի տակ ու ճպուռների տզզոցը մեր ականջների մեջ։
Ո՞վ պիտի մեր ձիերի փռշտոցից ու նրանց ռնգերի խաղից ձևակերպի մեր կեսօրյա տեղատարափն ու իրիկվա բուքը։ Ե՛լ, ել գնանք Ծծմակա Քիթ, որ Խութա Բեկը անցնելիս Ալվառինջու Սեյդոյի վրեժը լուծենք։
Կարծում ես միայն Յոթ թամբերի տան Խութա բե՞կն էր նենգ։ Դեռ երեկ էր, որ Մազե կամուրջի մոտ իշխան Շառոյի ծառան ձայն տվեց, որ իր տերը մոտենա վանքի ճեղքին, իրեն կարևոր ասելիք ունի։ Շառոն մոտեցավ ու երբ սկսեց խոսել, իր հավատարիմ ծառան ճեղքից մի գնդակ զետեղեց նրա կրծքի մեջ ու առյուծասիրտ Շառոն ընկավ դավաճան գնդակից։
Էլ ու՞մ հավատանք։ Ոչ ծառա մնաց վստահելի, ոչ բեկ ու աղա։
Մեր գլխի վրա գելհավք երևաց, Ախո։ Մենք երկնքից ընկանք, հազար կտոր եղանք ու մեր կտորները դեռ կերթան։
Աշխարհի մակարդը փչացավ, Ախո։ Մարդիկ հավասարվել են մկլեզներին։ Դրանից է, որ դու վերջին տարիներին էդքան արյունարբու դարձար։ Քո մեղքը մեր ամոթն է և մեր անմեղությունը քո ճակատին՝ մեռոն։ Վա՜յ ինձ, վա՜յ ինձ. դու, որ գիտեիր աստղերը կորեկի պես հաշվել, մի էժան հուլունքի պես կորար էս անտառի ղամիշների մեջ։ Գոնե Մրկեմոզանի մարգագետնում ընկնեիր, որ Շենիքից դեպի Փեթար վազելիս քո ցոլքը հեռվից նկատեի խոտերի մեջ։ Եվ եթե շփոթեի, միայն մեր ծաղիկների ցողի հետ շփոթեի քեզ։ Եվ արժե՞, որ Չոլոն ապրի ծմուկների ու մկլեզների աշխարհում, երբ դու չկաս։ Հինգ տարի ավելի ապրես — հինգ սոմար գարի ավելի պիտի ծամես, ղուրբան։
Ախ՜, Ախո, Ախո, դու Մշո դաշտի քռիկ ցորեն՝ խզուզներից կերված։
Տղերք, հորի՞ կիլաք։ Թե Փեթարա Մանուկի համար կիլաք, Մանուկն սպանվեց Կողբա աղի համար։ Քանի կաք՝ Կողբա սարերին իշեք, Փեթարա Մանուկն էնտեղ զարկվավ։ Մանուկի աստղն էլ սարի վրա ճապղեց։ Թե Ախոյի համար կիլաք, Ախոյի արյուն թող իրեն համար մահ էղնի, իսկ մեղ վրեժի խնդիր։
Եթե աստված կամենար ու ինձ նորից կյանք տրվեր, Ախո, ես դարձյալ կուզեի քեզ հետ լինել, քո սերնդի հետ։ Ու լինել էնպես, ինչպես եղա։ Մեր սերունդը Ասլու ջնսից էր, Ախո։ Մեկ ու կես կոտրած ֆշանկով ելանք կանգնեցինք օսմանցու դեմ։ Ւսկ եթե զենք ու փամփուշտ ունենայինք՝ հազար սասունցի բավական էր, որ գերմանացու և ինգլիզի թագավորները չոքեին մեր առաջ ու մեկի թագը գլորվելով մյուսի թագին դիպչեր, սուլթան Համիդի թագն էլ հետը։
Վեր կաց, նստիր, վառիր քո ճղարան ու թող Փեթարա Մանուկը մեզ համար «Բերիվանի» երդի։ Դու ինձ մեծավոր, ես պզտիկ զինվոր, ինչու՞ ես պառկել էդպես վիրավոր։ Երևի կուզես, որ մի ապտակ էլ Չոլո՞ն քաշի քո երեսին։ Երբ հայրենիքը անհանգիստ է, դու ի՞նչ իրավունք ունես էդպես հանգիստ պառկելու։ Եվ էն էլ որտեղ — Սարիղամիշի անտառում։
Ել երթանք Մրկեմոզան ու Աղլեզ քարեր։ Ել երթանք Ճանճկու սար։
Էն ո՞վ է նստած Սխտոր քարին։ Ես էլ կարծեցի, թե մեռել ես։ Գնացինք, Ախո, վե՛ր կաց։
=== ԲԱԺԱՆՈԻՄ ՁԻԱՊԱՆԻՍ ՀԵՏ ===
Բերդաքաղաքի և Ալեքսանդրոպոլի անկումից հետո այլևս ի՞նչ էր մնում իմ երազներից։ Գրեթե ոչինչ։ Իմ քաջ զինվոր Ախոն էլ չկար։
Եվ ես որոշեցի հեռանալ Հայաստանից։ Ծանր էր ինձ համար աչդ վճիռը, բայց ուրիշ ելք չունեի։ Արաբոյից, Սերոբ Աղբյուրից և Գևորգ Չաուշից հետո իմ վերջին երեսուն տարվա փոթորկալի կյանքը անցել էր Անդրանիկի հետ։ Իսկ Անդրանիկը չկար։
Ես նրա հետ էի եղել և պետք է գնայի նրա ետևից։ Իմ բաժանումը հեծյալներիս հետ եղավ Նոր–Բայազետում՝ Ծովազարդի լեռների վրա։ Կանչեցի իմ զինվորներին, առանձին–առանձին համբուրվեցի բոլորի հետ և ամենքին կոչ արեցի գնալ ով ուր կամենում է։
Ու գնացին իմ նախկին կամավորական գնդի հայդուկ զինվորները։ Ինձնից բաժանվեցին Մորուք Կարապետը, Չոլոն, Փեթարա Իսրոն, Զնգլիկ Պետոն, հիսնապետ Սմբուլ Արշակը, Աղջնա Վահանը և շատ զինվորներ Մանազկերտից, Խլաթից ու Մշո դաշտից։ Ինձ հետ մնաց միայն իմ ձիապան Բարսեղը։ Թաց էին աչքերը, երբ նա մոտեցավ ինձ։ Գլուխը կախ սպասում էր իմ հրամանին։
Դու դարձյալ տխուր ես քայլում։ Եվ քո ձիապանից ավելի գլխիկոր ես։ Մի ձեռնափայտ կա ձեռքիդ և մի դատարկ ուսապարկ շալակիդ։ Դու նույնիսկ ավելի տրտում ես, քան այն օրը, երբ նույն ձիապանի հետ մենակ անցնում էիր Տարոնի դաշտով։ Դու կորցրիր երկու հայրենիք — քո չքնաղ Տարոնը և կապույտ Բերդաքաղաքը Սինամ գետով։
Ա՜խ, դու ուզում ես նստել Ծովազարդի այս թեք քարաժայռին ու անձնատուր լինել խոհերիդ։ Նստիր, չեմ ուզում դիպչել քո արցունքներին և վրդովել քո և քո զինվորի մենությունը։
... Իմ ձիապանը ինձ հետ եկավ մինչև Թադեի վանքը Մակու–Սալմաստ տանող ճանապարհի վրա։ Վանքի ծառա Գինդ վարդապետը մեռած էր։ Այդ այն կորովի վանականն էր, որ երեսուն տարի առաջ հայդուկային խմբերին զինելով ուղարկում էր դեպի Արևմտյան Հայաստան։ Այդ ճանապարհով անցել էինք նաև մենք, մեր բեռները Տավրոսի փոթորիկների միջով հասցնելով մինչև Մառնիկի ու Բերդակի սարերը։
Վանքի մոտով անցնելիս իմ նպատակն էր ստուգել նմանապես, թե ինչ եղավ Մշեցի Տիգրանը, որին Գևորգ Չաուշի կնոջ և երեխայի հետ արջի ծմակից հանելով փախցրել էի դաշտի գյուղերը։ Ասում էին, որ դեռևս պատերազմից առաջ Տիգրանր նրանց Մեհմեդ էֆենդու օգնությամբ տարել էր Վան։ Այնուհետև դեպքերն այնպես էին դասավորվել, որ Տիգրանը Գևորգի կնոջը Վանից ուղարկել էր Կովկաս, իսկ ինքը Վարդգեսին առած Աբաղայի դաշտով մտել էր Թադեի վանքը և այնտեղից անցել Պարսկաստան։
Ես իմ ձիապանի հետ Թադեի վանք մտա իրիկնային զանգերի ղողանջով, ինչպես մտել էի առաջին անգամ Մշեցի Տիգրանի հետ լեռներից իջնելիս։ Զարմանալի սրտագրավ մի դյութանք ունեն գյուղական զանգերի ղողանջները իրիկնային պահերին։
Իմ առաջին այցելության ժամանակ մի պառավ կար վանքում, որ վանքի տնտեսն էր, մի ջրաղացպան, մի հովիվ և մի վարդապետ։ Նրանցից միայն պառավն էր մնացել, մի զառամյալ էակ, որ քայլում էր կուզեկուզ, գրեթե հողին կըպած, մաշված գավազանը ափի մեջ, միջամատին Ավարայրի մատանին։
Արևի ժամացույցը կրկին իր տեղումն էր՝ վանքի ճակատին, ինչպես տեսել էի շատ տարիներ առաջ, բայց չկար հաստ կոպերով վարդապետ Գինդը, որ օրեկան երկու անդամ այղ քարակոփ ժամացույցի արձակած ստվերներին նայելով հանդիսավորությամբ քաշում էր վանքի զանգակները։ Այդ պաշտոնը այժմ կատարում էր զառամյալ կինը։ Ինքն էր քաշում և ինքն էր ժամերգում վանքի մեջ իր դողդոջ ձեռնափայտին կռթնած, որովհետև ուրիշ ուխտավոր և աղոթարար չկար։ Մաղթանքից հետո ավելը վերցնելով մաքրում էր հատակը և դուրս գալով՝ հաստ կողպեքով երկյուղածությամբ փակում էր երկաթյա դռնակը։
Վանքի շրջափակի գերեզմանոցը, ուր առաջ հազիվ մի քանի հին շիրիմներ էին երևում, այժմ ավելի ընդարձակվել էր։ Պառավը մեզ ցույց տվեց այդ հանգստարանի եզրին բարձրացած մի փոքրիկ շիրիմ։ Այդ հողաթմբի տակ թաղված էր Գևորգ Չաուշի որդին։ Պառավը պատմեց, որ Վանից դեպի Ավարայրի դաշտը անցնելու ճանապարհին Վարդգեսը մըրսում է և մեռնում Թադևոս առաքյալի վանքի մեջ։ Մշեցի Տիգրանը նրան թաղում է այդտեղ, իսկ ինքը գնում է Պարսկաստան։
— Ես և Մշեցի Տիգրանը մեր ձեռքերով նրան հող ամփոփեցինք, — ասաց խեղճ կինը աչքերը սրբելով։
Վարդգեսը թաղված էր Գինդ վարդապետի տապանից երկու քայլաչափ դեպի արևելք, վանքի ջրաղացպանի կողքին։ Հուշատախտակին գրված էր.
«Վերջին բարևս տարեք հայ ազգին,
Վերջին համբույրս՝ որդիս Վարդգեսին»։
Ես ավելի պատճառ ունեի լալու, բայց իմ ձիապանը ավելի շուտ փլվեց։ Առանց այդ էլ նա վշտացած էր, որ շուտով բաժանվելու էր ինձնից։ Շարունակ դեպի ետ էր նայում և որքան հեռանում էր Հայաստանի սահմաններից, այնքան դանդաղեցնում էր ընթացքը։ Ի՜նչ կախարդական բան է այս հայրենիք Ուսվածը, այս Հայաստանը։ Երբ նա մեր ձեռքին է, մենք չենք զգում, թե որքան գրավիչ է այն և թե որքան շատ բանով ենք մենք պարտական նրան։ Մենք կորցնում ենք նրա հետ վարվելու կերպը, նրան բոլորանվեր սիրելու եղանակը։ Իսկ երբ նա կաշկանդված է կամ ստրկության մեջ է, սկսում ենք մորմոքել նրա կարոտից։ Երբ նա ազատ է, անփույթ ենք դառնում նրա հանդեպ, երբ նա գերված է, սկըսում ենք ախ ու վախ անել ու տանջվել նրա համար, ուրիշ՛ներին էլ տանջելով մեզ հետ, և ճիգ ու ջանք թափել, որ ազատենք մեր ձեռքից անզգուշությամբ փախցրած դրախտահավը։
Գիշերը լուսացրինք Թադևոս Առաքյալի վանքում։ Առավոտ շուտ մտանք վանքի ախոռը, ուր իմ ձին էր կապված, վերջին հայդուկ–կամավորի վերջին նժույգը; Ինձ տեսնելով սկսավ սանձը ծամել։ Թիմարեցի մեջքը և թամբը դրեցի վրան։ Մի պահ առանձին մնացի երիվարիս հետ։ Այդտեղ էր, որ ես լաց եղա։ Արտասվեցի մենության մեջ իմ և իմ նմանների կորած բախտի համար։ Բայց դա կարճատև մի միջոց եղավ միայն։ Ես ձին դուրս քաշեցի ախոռից։ Չգլորե՞լ արդյոք մի ձորի մեջ։ Ես առանց ձի պիտի մտնեմ պարսկական հող։ Պարսիկ ժողովուրդը բարի է, իմաստուն։ Նա գիտի, որ ես հայրենիք եմ կորցրել, և գուցե միառժամանակ ապաստան կտա ինձ։
Ձին սպիտակին էր տալիս վանքի արոտի մեջ, սմբակներով փորելով գետինը։ Բարսեղը ձիու սանձը բռնելով ընկավ առաջ։ Ես ձիով էի, իսկ նա ոտքով։ Դանդաղ էր գնում, շատ դանդաղ և դարձյալ ետ էր նայում կարոտով։
Թադեի վանքը և Գևորգի որդու գերեզմանը կորան իմ աչքից։ Ավարայրը Տղմուտով մնաց թիկունքում։ Մենք իջանք մի ձոր, որից այն կողմը Թավրիզ տանող ճանապարհն էր։ Ես սանձը Բարսեղի ձեռքից վերցնելով, մի պահ քայլեցի նժույգիս հետ կողք–կողքի։ Ապա ֆիդայական պայուսակը իմ մեջքին առնելով, սանձը դրեցի ձիապանիս ձեռքը։
— Դու էլ իմ զինվորն ես եղել, Բարսեղ, իմ հայդուկ զինվորներից մեկը և իմ վստահելի ձիապանը։ Մեր ճանապարհները այստեղ բաժանվում են։ Ես իմ հավատարիմ ձին քեզ եմ ապավինում։ Որոշել էի սպանել և գլորել մի խանդակի մեջ, կամ կամուրջից վայր նետել, բայց մի պայծառ միտք սթափեցնում է ինձ։
Վերադարձիր Հայաստան։ Հայրենի հողը կանչում է քեզ։ Գնա և հերկիր նոր Հայաստանի քարքարոտ դաշտերը։ Իմ հոգին քո հոգու պես կապված է նրա ամեն քար ու կոշտին, Դա էլ մերն է, մեր հայրենիքի թանկագին բեկորը։ Մինչև հիմա այս ձին եղել է հայդուկի նժույգ, իսկ այժմ թող լծվի նոր Հայաստանի շինարար վերելքին։ Դեպի այդ երկիրը գնացին իմ զինվորներից շատերը։ Դո՛ւ էլ գնա։ Դու Սարդարապատի դաշտում կռվել ես այդ երկրի համար և ավելի իրավունք ունես նրա վրա։ Գնա և նրա մեջ փնտրիր վերապրումի հույսը և նոր կյանքի իմաստը։ Այնտեղից Կողբա սարերն են երևում, ուր Փեթարա Մանուկը զարկվեց։ Գնա դեպի Հայաստան։ Իսկ իմ սիրտը Անդրանիկի մոտ է։
Նա լուռ նայեց աչքերիս մեջ և վերջին գլանակը փաթաթելով երկարեց ինձ։
Ես ոտքով բռնեցի Թավրիզի ճանապարհը, իսկ Բարսեղը իմ ձին հեծնելով, ճակատով շուռ եկավ դեպի Հայաստան:
[[Կատեգորիա:Գրքեր]]