Changes

Բաբելոնյան վիճակախաղ

Ավելացվել է 24 775 բայտ, 07:54, 21 Ապրիլի 2014
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Բաբելոնյան վիճակախաղ |հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]] |թարգմանիչ = Հովհաննես ...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Բաբելոնյան վիճակախաղ
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]]
|թարգմանիչ = Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
|աղբյուր = [[Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները]], Ապոլոն, 1992
}}
[[Category: Արձակ]]
Ամեն մի բաբելացու նման ես էլ եմ փոխկոնսուլ եղել և յուրաքանչյուրի պես եղել եմ նաև ստրուկ, ինձ անծանոթ չեն մնացել ոչ ամենակարողությունը, ոչ խայտառակությունը, ոչ էլ բանտերը: Տեսեք, աջ ձեռքիս ցուցամատը չկա: Տեսեք, թիկնոցիս բացված քից, փորիս վրա կարմրավուն մի դաջվածք է երևում, դա երկրորդ տառի «Beth»-ի պատկերն է: Լիալուսին գիշերներին այս տառն ինձ իշխանություն է տալիս այն մարդկանց վրա որոնց խորհրդանիշը «Ghimel»-ն է սակայն ինձ ենթարկում է «Aleph» տառն ունեցող մարդկանց հրամանին, որոնք անլուսին գիշերներին ենթարկվում են «Ghime»-ի նշանն ունեցողներին: Արշալույսի առաջին շողի հետ մի ներքնահարկում, սև քարի առաջ սրբազան ցուլեր եմ ողջակիզել: Մի ամբողջ լուսնատարի հայտարարել են, թե իբր ես անտեսանելի եմ, գոռացել եմ և չեն պատասխանել հաց եմ գողացել և չեմ գլխատվել, ճանաչել եմ այն ինչն անծանոթ էր հույներին անվստահությունը: Բանտախցում, դահճի լուռ ճիրանների մեջ հույսը ինձ չի լքել, իսկ հաճույքների գետում սարսափը: Հերակլիդես Պոնտացին հիացմունքով պատմում է, որ Պյութագորասն հիշում էր, թե Պյութագորաս լինելուց առաջ ինքը Պյուռոսն է եղել, դրանից առաջ Էուֆորբը, իսկ դրանից առաջ՝ մի այլ մահկանացու. համանման հանգամանքներ հիշելու համար ես մահվան կամ կեղծիքի դիմելու կարիք չունեմ:

Ճակատագրի այս գրեթե դաժան փոփոխականության համար պարտական եմ այլ պետություններում չճանաչված կամ գաղտնի և ամբողջապես չգործող մի ձեռնարկության վիճակախաղին: Նրա պատմությունը չեմ ուսումնասիրել գիտեմ, որ մոգերը չեն կարողանում համաձայնության գալ. նրա հզոր նպատակներից միայն այնքանը գիտեմ, որքան աստղագիտության մեջ չմասնագիտացված մի մարդ կարող է լուսնի մասին իմանալ: Ծագումով խելահեղ մի երկրից եմ, ուր վիճակախաղը կյաքին իշխող հիմնական մարզերից է, մինչև օրս նրա մասին այնքան քիչ եմ մտածել, որքան քիչ են մտածում անքննելի աստվածների կամ սրտի վարքի մասին: Հիմա Բաբելոնից ու նրա սիրելի բարքերից հեռու որոշ զարմանքով եմ մտածում վիճակախաղի և մայրամուտներին դիմակավոր մարդկանց հորինած պիղծ կռահումների մասին:

Հայրս պատմում էր, որ անցյալում (դարերի, թե տարիների պատմություն) Բաբելոնում վիճակախաղը ռամկական խաղ է եղել: Պատմում էր (չգիտեմ ճիշտ ), որ վարսավիրները պղնձե դրամի դիմաց վաճառում էին խորհրդանիշներով զարդարված ոսկրե կամ մագաղաթե քառանկյունիներ: Հենց նույն օրը տեղի էր ունենում վիճակահանությունը. հաղթողները, առանց այլևայլության արծաթե դրամներ էին ստանում: Ինչպես տեսնում եք գործելաձևը պարզունակ էր:

Բնականաբար այդ «վիճակախաղերը» անհաջողության մատնվեցին: Նրանք ոչ մի բարոյական արժանիք չունեին: Նկատի էր առնված միայն մարդու հույսը և անտեսված նրա մյուս հատկությունները ժողովրդի անտարբերությունը սնանկացրեց այդ պարզունակ վիճակախաղերը հիմնադրող վաճառականներին: Մեկը մի փոփոխություն փորձեց մտցնել նպաստավոր թվերի ընդհանուր շարքի մեջ ներդրվեցին մի քանի աննպաստ համարներ Այդ փոփոխության հետևանքով քառանկյունիներ գնողները միևնույն ժամանակ ենթարկվում էին գումար շահելու և (հաճախ մեծ) տուգանք վճարելու բախտին: Թեթևակի վտանգը (երեսուն նպաստավոր թվերի կողքին միայն մի դժբախտ համար կար) բնականաբար արթնացրեց ժողովրդի հետաքրքրությունը: Բաբելացիները տրվեցին խաղին: Քառանկյունիներ չգնողը համարվում էր փոքրոգի ու երկչոտ ժամանակի ընթացքում այդ արդարացի արհամարհանքը կրկնապատկվեց: Արհամարհվում էր չխաղացողը և միևնույն ժամանակ տուգանք վճարող պարտվածը: Ընկերությունը (այդպես սկսեցին անվանել կազմակերպությանը) պետք է հսկեր հաղթողների շահերը, որոնք եթե պակասեին, տուգանքների գրեթե ամբողջական գումարը չէին կարող գանձել: Ընկերությունը դատ բացեց պարտվողների դեմ դատավորը որոշեց, որ սրանք պետք է մուծեին հիմնական տուգանքն ու ծախսերը, կամ մի քանի օրով կալանավորվեին: Ընկերությանը մոլորեցնելու միտումով, բոլորն էլ բանտն ընտրեցին: Մի քանիսի այդ հանդգնությունից էլ ծնվեց Ընկերության ամենակարողությունը նրա եկեղեցական և բնազանցական իշխանությունը

Որոշ ժամանակ անց, վիճակահանությունների տեղեկությունները մերժեցին տուգանքների գումարը և բավարարվեցին աննպաստ համարների սահմանած կալանման օրերի քանակը հրապարակելով: Իր ժամանակին գրեթե աննկատ այդ լակոնիզմը ապագայում մեծ նշանակություն ունեցավ: '''Վիճակախաղի մեջ ոչ դրամական տարրերի մուտոքի առոաջին փաստն էր դա:''' Հաջողությունը մեծ էր: Ենթարկվելով խաղացողների ցանկությանը ընկերությունը հարկադրված ավելացրեց աննպաստ համարների քանակը:

Բոլորին հայտնի էր, որ Բաբելոնի ժողովուրդը պաշտում է տրամաբանությունը և նույնիսկ համաչափությունը:- Անտրամաբանական էր, որ նպաստավոր համարները կլոր դրամներով հաշվվեին, իսկ աննպաստները կալանավորության օրերով ու գիշերներով: Որոշ բարոյագետներ մտածեցին, որ միշտ չէ որ դրամը կարող է երջանկություն բերել, և որ գուցե ուրախության ուրիշ ձևեր կարող էին ավելի արդյունավետ լինել:

Աղքատ թաղամասերում մտահոգությունը ուրիշ էր: Քրմապետական ժողովի անդամները բազմապատկում էին խաղագումարը և վայելում սարսափի ու հույսի բոլոր անակնկալները. աղքատները (բնական և անխուսափելի նախանձով) իրենց դուրս էին զգում այդ ակնհայտորեն հաճելի, վայրիվերո տատանումներից: Արդարացի այն տենչանքը, որ բոլորն էլ՝ աղքատ, թե հարուստ հավասարապես մասնակցեին վիճակախաղին առաջ բերեց ցասկոտ մի ըմբոստություն, որի հուշը չի մարել տարիների ընթացքում: Որոշ համառներ չհասկացան (կամ ձևացրին թե չեն հասկանում) որ դա մի նոր կարգ էր պատմականորեն անհրաժեշտ մի ժամանակաշրջան: Մի ստրուկ կարմիր մի տոմս գողացավ: Վիճակահանությունը պարզեց, որ պետք է այրեին նրա լեզուն: Տոմս գողացողի համար օրենքը նույն պատիժն էր սահմանում: Որոշ բաբելացիներ պնդում էին, որ նա արժանի է շիկացած երկաթի, քանի որ գող է ուրիշները ավելի բարեգութ պնդում էին, որ պետք է նրա լեզուն այրեն քանի որ բախտն էր այդպես սահմանել: Խառնակչություններ ողբալի արյունահեղություններ տեղի ունեցան սակայն վերջապես հարուստների կամքին հակառակ բաբելացիները պարտադրեցին իրենց կամքը: Ժողովուրդը հասավ իր ազնվաբարո նպատակներին: Առաջին հերթին Ընկերությունն ընդունեց ժողովրդի իշխանության իրավունքը. (Նկատի առնելով նոր գործողությունների ծավալն ու բարդությունը այդ միասնությունը անհրաժեշտ էր): Երկրորդ հերթին վիճակախաղը գաղտնի, ձրի և ընդհանուր դարձավ: Արգելվեց վիճակների անօրինական վաճառքը: Բելի ծիսախորհուրդներին մասնակից դառնալով յուրաքանչյուր ազատ մարդ մեխանիկորեն մասնակցում էր սրբազան վիճակահանություններին, որ տեղի էին ունենում վաթսուն գիշերը մեկ Աստծու լաբիրինթոսներում, և մինչև հաջորդ վիճակահանությունը որոշում էին մարդու ճակատագիրը: Հետևանքները անկանխագուշակելի եղան: Երջանիկ մի խաղարկություն նրան կարող էր մոգերի խորհրդի անդամ դարձնել կամ նրան կարող էր տալ իր (հանրային կամ մտերիմ) թշնամուն բանտարկելու հնարավորություն, կամ սենյակի խաղաղ մենության մեջ նա կարող էր հայտնաբերել այն կնոջը որն սկսել էր մտահոգել իրեն, կամ այն կնոջը որին այլևս չէր սպասում տեսնել վերստին. աննպաստ խաղարկությունը կարող էր անդամալուծություն բազմատեսակ խայտառակություն կամ մահ նշանակել: Հաճախ միևնույն դեպքը A-ի գինետանաբարո սպանությունը B-ի խորհրդավոր աստվածացումը, երեսուն թե քառասուն վիճակահանությունների հանճարեղ լուծումն էր: Խաղարկությունները կարգավորելը դժվար էր, բայց պետք է հիշենք, որ Ընկերության անդամները ամենակարող ու խորամանկ էին (և են): Շատ դեպքերում իմանալը, որ որոշ երջանկություններ պարզապես բախտի արդյունքն են կնվազեցներ նրանց արժեքը և այդ խոչընդոտից խուսափելու համար Ընկերությունը գործածում էր սադրանքն ու մոգությունը: Նրա բոլոր քայլերն ու գործողությունները գաղտնի էին: Յուրաքանչյուրի ներքին հույսերի ու ներքին սարսափների մասին տեղեկանալու համար նրանք օգտագործում էին աստղագետներ ու լրտեսներ: Գոյություն ունեին քարե առյուծներ «Qaphga» կոչվող սրբազան մի արտաքնոց, խցանված ջրանցքում գտնվող որոշ անձավներ, որոնք ընդհանուրի կարծիքով կապվում էին Ընկերության հետ չար թե բարի մարդիկ այդ վայրերում էին անում իրենց մատնությունները: Կասկածելի ճշմարտություն ունեցող այդ տեղեկությունները արձանագրվում էին մի արխիվում այբբենական հերթականությամբ:

Անհավատալիորեն փսփսուկները չպակասեցին Ընկերությունը, իր սովորական չափվածությամբ, ուղղակիորեն չպատասխանեց: Նախընտրեց դիմակների գործարանի ավերակների վրա հակիրճ մի պատճառաբանություն խզբզել, որն այժմ տեղ է գտել սրբազան գրերի մեջ: Դավանանքի մասին խոսող այդ հատվածը վկայում է, որ վիճակախաղը աշխարհի կարգի մեջ բախտի ներթափանցումն է և որ սխալներ ընդունելը չի նշանակում հակաճառել բախտին ընդհակառակը Նշանակում է հաստատել այն: Վկայում է նաև, որ այդ առյուծներն ու այդ սրբազան արտաքնոցը, որ Ընկերության կողմից չէին արժեզրկվել (չէր հրաժարվում նրանց դիմելու իրավունքից) գործում էին առանց պաշտոնական երաշխավորության:

Այդ հայտարարությունը խաղաղեցրեց ժողովրդի խռովքը: Այլ հեղինակի կողմից գուցե և չնախատեսված ազդեցություններ էլ ունեցավ: Խորապես փոխեց Ընկերության հոգին ու գործելակեր պը: Քիչ ժամանակ է մնացել հիշեցնում են, որ նավը մեկնելու է բայց կփորձեմ բացատրել:

Որքան էլ անհավատալի թվա, մինչ այդ ոչ ոք չէր մտածել խաղերի մի ընդհանուր տեսության մասին: Բաբելացու միտքը հայեցողական չէ: Նա ընդունում է բախտի վճիռները, նրանց նվիրաբերում իր ողջ կյանքը իր հույսը իր սահմռկեցուցիչ սարսափը, բայց նրա մտքով չի անցնի հետազոտել բախտի լաբիրինթոսային օրենքները նրա մտքով չի անցնի հետազոտել բախտ գուշակող, պատվող շրջագնդերը: Սակայն նշածս պետական հայտարարությունը առաջ բերեց իրավաբանական-մաթեմատիկական բազում վեճեր: Նրանցից մեկն արեց հետևյալ ենթադրությունը. եթե վիճակախաղը պատահականության սաստկացումն է կոսմոսի մեջ քաոսի պարբերական ներդրումը, ապա ավելի լավ չե՞ր լինի, եթե պատահականությունը վիճակահանության ոչ թե մի այլ բոլոր փուլերում մասնակցեր: Ծիծաղելի չէ՞ արդյոք, որ բախտն ինչ որ մեկի մահը թելադրի, իսկ ոչինչ չասի այդ մահվան հանգամանքների գաղտնապահության հրապարակայնության մի ժամվա կամ մի դար ժամանակահատվածի մասին: Արդարացի այդ սկզբունքները վերջապես առաջ բերեցին նկատելի մի փոփոխություն, որի բարդությունները (դարերի գործադրությամբ սաստկացած) բացի որոշ մասնագետներից ոչ ոք չի հասկանում բայց ես գոնե հպանցիկորեն կփորձեմ ամփոփել դրա էությունը:

Պատկերացնենք առաջին իսկ վիճակահանությունը, որը կթելադրի մի մարդու մահ: Դրա կատարման համար անցնում են մի այլ վիճակահանության, որ առաջարկում է (ասենք) ինը հնարավոր հրամաններ կատարողներ: Դրանցից չորսը կարող են սկսել երրորդ մի վիճակահանություն, որ որոշելու է դահճի անունը: Երկուսը կարող են աննպաստ հրամանը երջանիկ մի հրամանով փոխարինել (ասենք թաքնված մի գանձ գտնել) մի ուրիշը կարող է մահը սաստկացնել (այսինքն խայտառակ դարձնել մահը, կամ այն տանջանքներով հարստացնել) ուրիշները կարող են հրաժարվել հրամանը կատարելուց... Այդպես է խորհրդանշական պատկերը: Իրականում '''վիճակահանությունների քանակն անսահման է:''' Ոչ-մի որոշում վերջնական չէ, բոլորն էլ ճյուղավորվում են: Տգետները կարծում են, թե անսահման վիճակահանությունները պահանջում են ժամանակի անսահմանություն իրականում բավական է որ ժամանակն անսահմանորեն բաժանելի լինի, ինչպես ուսուցանում է «Կրիայի մրցույթի» հայտնի առակը: Այդ անսահմանությունը զարմանալիորեն համընկնում է բախտի գալարապտույտ թվերի Պատահականությանը և պլատոնականների պաշտա Վիճակախաղի Երկնային Արքետիպի հետ: Թեբեում կարծես հայտնվել է մեր ծեսերի այլասերման մի արձագանք: Էլիոս Լամբրիդացին իր «Անտոնինո Հելիոգաբսղոյի կյանքը» գրքում պատմում է, որ այս կայսրը իր հյուրերի համար նախատեսած բախտը գրում էր խեցիների վրա այնպես, որ մեկը ստանում էր տասը գրվանքա ոսկի, մեկ ուրիշը տասը ճանճ, տասը առնետ, տասը արջ: Հարկ է հիշել, որ Հելիոգաբաղոն իր ուսումն ստացել է Փոքր Ասիայում անվանադիր Աստծո քրմերի մոտ: Գոյություն ունեն նաև անանձնական անորոշ նպատակներ ունեցող վիճակահանություններ. մեկն հրամայում է, որ Եփրատի ջրերը նետվի տապրոբանյան մի շափյուղա, երկրորդը աշտարակի տանիքից մի թռչուն արձակվի, երրորդը պահանջում է, որ ամեն դար ծովափի անհամար ավազից մի հատիկ պակասի (կամ ավելանա): Հետևանքները հաճախ սարսափելի են լինում:

Ընկերության բարեգործ ազդեցությամբ մեր սովորությունների մեջ սողոսկել են բազմաթիվ պատահականություններ: Տասներկու դամասկյան գինու կուժ գնողը չի զարմանա, եթե նրանց մեջ մի թալիսման կամ մի օձ գտնի, պայմանագիր շարադրող նոտարը միշտ էլ ինչ-որ սխալ տեղեկություն է գրանցում, ես ինքս այս հապշտապ հայտարարության մեջ կեղծել եմ ինչ-որ բաներ ու դաժանություններ: Գուցե նաև ինչ-որ խորհրդավոր երանգներ: Մեր պատմաբանները, որ աշխարհի ամենահմուտներն են բախտը սրբագրելու մի միջոց են հնարել հայտնի է որ այդ մեթոդի գործողությունները (ընդհանարպես) ճշգրիտ են թեև բնականաբար առանց ստի որոշակի քանակի առկայության չեն տարածվում: Բացի այդ, ոչինչ այնքան վարակված չէ մտացածնությամբ, որքան հենց Ընկերության պատմությունը: Մի տաճարում հայտնաբերված հնագիտական մի փաստաթուղթ կարող է երեկվա կամ բազմադարյան մի վիճակահանության արդյունքը լինել: Իր բազում օրինակների մեջ որոշ տարբերություններ չունեցող գիրքը չի հրատարակվում: Ընդօրինակողները գաղտնի երդում են տալիս և բացթողումներ և մեջբերումներ անելու և փոփոխելու համար գործադրվում է նաև անուղղակի սուտը:

Ընկերությունը աստվածային համեստությամբ խուսափում է հրապարակայնությունից: Նրա աշխատակիցները բնականաբար, գաղտնի են: Ընկերության շարունակ արձակած հրամանները՝ չեն տարբերվում կեղծարարների արձակած հրամաններից: Բացի այդ, ո՞վ կարող է հպարտանալ միայն կեղծարար լինելով: Մի՞թե անհեթեթ մի հրաման արձակող հարբեցողը երազողը, որ արթնանում է հանկարծ ու խեղդում կողքին պառկած կնոջը Ընկերության գաղտնի որոշումները չի կատարում: Միայն Աստծո գործունեության հետ համեմատելի այդ լռակյաց գործունեությունը տեղիք է տալիս ամեն տեսակի ենթադրությունների: Դրանցից մեկը, դիվային մի ենթադրություն ասում է, թե իբր Ընկերությունը դարեր առաջ է դադարել գոյություն ունենալուց և որ մեր կյանքի սրբազան անկարգությունը միայն ժառանգական է ավանդական մի այլ ենթադրություն գտնում է, որ Ընկերությունը հավերժական է և ուսուցանում է, թե այն գոյատևելու է մինչև վերջին գիշերը երբ վերջին Աստվածը կոչնչացնի մարդկանց: Մեկ ուրիշն ասում է, թե Ընկերությունը ամենակարող է բայց ազդում է փոքր բաների թռչնականչի, ժանգոտության ու փոշու երանգների արշալույսի երազների վրա: Մեկ ուրիշը դիմակավոր աղանադապետերի շուրթերով պնդում է, թե Ընկերությունը գոյություն չի ունեցել և չի էլ ունենալու: Ոչ պակաս նենգավոր մի այլ ենթադրություն կա, որ պնդում է, թե զարհուրելի կազմակերպության իրողությունը հաստատելը կամ ժխտելը միևնույնն է, քանի որ Բաբելոնը ոչ այլ ինչ է, եթե ոչ բախտի անսահման մի խաղ:
Վստահելի
294
edits