Changes
Նրանք չեն առաջադրում որևէ հատուկ սկզբունք, որին կուզենային հարմարեցնել պրոլետարական շարժումը։
Կոմունիստները մնացած պրոլետարական պարտիաներից տարբերվում են լոկ նրանով, որ մի կողմից՝ տարբեր ազգերի պրոլետարների պայքարից առանձնացնում և պաշտպանում են ամբողջ պրոլետարիատի ընդհանուր, ազգությունից անկախ շահերը, մյուս կողմից՝ նրանով, որ զարգացման տարբեր աստիճանների վրա, որոնցով անցնում է պրոլետարիատի պայքարը բուրժուազիայի դեմ, նրանք միշտ հանդիսանում են ամբողջ շարժման շահերի ներկայացուցիչներ։
Կոմունիստները, հետևաբար, գործնականում հանդիսանում են բոլոր երկրների բանվորական պարտիաների ամենավճռական, միշտ դեպի առաջ շարժվելու դրդող մասը, իսկ թեորիական տեսակետից՝ պրոլետարիատի մնացած մասի հանդեպ նրանց առավելությունը պրոլետարական շարժման պայմանները, ընթացքը և ընդհանուր հետևանքները հասկանալու մեջ է։
Կոմունիստների մերձավորագույն նպատակը նույնն է, ինչ որ բոլոր մյուս պրոլետարական պարտիաներինը՝ պրոլետարիատի ձևավորումը որպես դասակարգ, բուրժուազիայի տիրապետության տապալումը, քաղաքական իշխանության նվաճումը պրոլետարիատի կողմից:
Կոմունիստների թեորիական դրույթները բնավ հիմնված չեն այս կամ այն աշխարհ նորոգողի հնարած կամ հայտնագործած իդեաների, սկզբունքների վրա։
Դրանք տեղի ունեցող դասակարգային պայքարի իրական հարաբերությոլնների լոկ ընդհանուր արտահայտությունն են, մեր աչքի առջև կատարվող պատմական շարժման արտահայտությունը: Առաջներում գոյություն ունեցած սեփականության հարաբերությունների ոչնչացումը բացառապես կոմունիզմին հատուկ ինչ-որ բան չի հանդիսանում։
Սեփականության բոլոր հարաբերությունները ենթակա են եղել մշտական պատմական հերթափոխության, մշտական պատմական փոփոխությունների։
Օրինակ՝ ֆրանսիական ռևոլուցիան վերացրեց ֆեոդալական սեփականությունը, այն փոխարինելով բուրժուական սեփականությամբ։
Կոմունիզմի հատկանշական գիծը ո՛չ թե առհասարակ սեփականության վերացումն է, այլ բուրժուական սեփականության վերացումը։
Բայց ժամանակակից բուրժուական մասնավոր սեփականությունը վերջին և ամենակատարյալ արտահայտությունն է արդյունքների այնպիսի արտադրության ու յուրացման, որը հիմնված է դասակարգային անտագոնիզմի վրա, մեկը մյուսին շահագործելու վրա։
Այս իմաստով կոմունիստներն իրենց թեորիան կարող են արտահայտել մի դրույթով մասնավոր սեփականության ոչնչացում։
Մեզ կոմունիստներիս, կշտամբում էին այն բանում, թե մենք ուզում ենք ոչնչացնել անձամբ ձեռք բերած, սեփական աշխատանքով վաստակած սեփականությունը, այն սեփականությունը, որ կազմում է ամեն մի անձնական ազատության, գործունեության և ինքնուրույնության հիմքը։
Իր աշխատանքով ձեռք բերա՜ծ, վաստակա՜ծ, իր աշխատանքով շահած սեփականությո՜ւնը։ Դուք խոսում եք արդյոք մանրբուրժուակա՞ն, մանրգյուղացիակա՞ն սեփականության մասին, որը նախորդել է բուրժուական սեփականությանը։ Մենք կարիք չունենք այն ոչնչացնելու, արդյունաբերության զարգացումը ոչնչացրել է և օրեցօր ոչնչացնում է այն։
Կամ, գուցե, դուք խոսում եք ժամանակակից բուրժուակա՞ն մասնավոր սեփականության մասին։
Բայց մի՞թե վարձու աշխատանքը, պրոլետարի աշխատանքը նրա համար սեփականություն է ստեղծում։ Բնավ երբեք։ Նա ստեղծում է կապիտալ, այսինքն՝ մի սեփականություն, որը շահագործում է վարձու աշխատանքը, մի սեփականություն, որը կարող է մեծանալ միայն այն պայմանով, երբ նա նոր վարձու աշխատանք է ծնում, որպեսզի այն նորից շահագործի։ Սեփականությունն իր ժամանակակից տեսքով շարժվում է կապիտալի և վարձու աշխատանքի հակադրության միջև։ Քննենք, ուրեմն, այդ հակադրության երկու կողմերն էլ։
Լինել կապիտալիստ՝ նշանակում է արտադրության մեջ գրավել ո՛չ միայն զուտ անձնական, այլ նաև հասարակական դիրք: Կապիտալը կոլեկտիվ արդյունք է և կարող է շարժման մեջ դրվել միայն հասարակության շատ անդամների համատեղ գործունեությամբ, իսկ վերջին հաշվով՝ միայն հասարակության բոլոր անդամների համատեղ գործունեությամբ։
Այսպես ուրեմն, կապիտալը ոչ թե անձնական, այլ հասարակական ուժ է։
Հետևաբար, եթե կապիտալը դարձվի կոլեկտիվ, հասարակության բոլոր անդամներին պատկանող սեփականություն, ապա այդ չի լինի անհատական սեփականության վերածում հասարակականի։ Կփոխվի սեփականության հասարակական բնույթը միայն։ Նա կկորցնի իր դասակարգային բնույթը։
Անցնենք վարձու աշխատանքին։
Վարձու աշխատանքի միջին գինը աշխատավարձի մինիմումն է, այսինքն՝ այն կենսամիջոցների գումարը, որոնք անհրաժեշտ են բանվորի կյանքի պահպանման համար որպես բանվորի: Հետևաբար, այն, ինչ վարձու բանվորն իր գործունեության հետևանքով յուրացնում է, հազիվ բավականացնում է նրա կյանքի վերարտադրության համար։ Մենք ամենևին մտադիր չենք ոչնչացնել աշխատանքի՝ կյանքի անմիջական վերարտադրությանը ծառայող արդյունքների այս անձնական յուրացումը, որը չի տալիս ոչ մի ավելցուկ, որ կարող լիներ ուրիշի աշխատանքի վրա իշխանություն ստեղծել։ Մենք ուզում ենք ոչնչացնել միայն այդպիսի յուրացման խղճուկ բնույթը, երբ բանվորը միայն նրա համար է ապրում, որպեսզի մեծացնի կապիտալը, և ապրում է այն չափով միայն, ինչ չափով այդ պահանջում են տիրող դասակարգի շահերը։
Բուրժուական հասարակության մեջ կենդանի աշխատանքը սոսկ միջոց է կուտակված աշխատանքը մեծացնելու համար։ Կոմունիստական հասարակության մեջ կուտակված աշխատանքը սոսկ միջոց է բանվորների կենսական պրոցեսն ընդլայնելու, հարստացնելու, թեթևացնելու համար։
Այսպիսով, բուրժուական հասարակության մեջ անցյալն իշխում է ներկայի վրա, կոմունիստական հասարակության մեջ ներկան՝ անցյալի վրա։ Բուրժուական հասարակության մեջ կապիտալն ունի ինքնուրույնություն և անհատականություն, այնինչ աշխատող անհատը զրկված է ինքնուրույնությունից և դիմազուրկ է։
Եվ այս հարաբերությունների ոչնչացումը բուրժուազիան անվանում է անձնավորությա՜ն և ազատությա՜ն վերացում։ Նա իրավացի է։ Իսկապես որ խոսքը վերաբերում է բուրժուական անձնավորության, բուրժուական ինքնուրույնության և բուրժուական ազատության վերացմանը։
Բուրժուական ներկա արտադրական հարաբերությունների շրջանակներում ազատություն ասելով հասկանում են առևտրի ազատություն, գնելու և վաճառելու ազատություն։
Բայց չարչիության անկման հետ կընկնի նաև ազատ չարչիությունը։ Ազատ չարչիության վերաբերյալ խոսակցությունները, ինչպես և մեր բուրժուաների մյուս բոլոր վերամբարձ ճառերն ազատության մասին, առհասարակ իմաստ ունեն լոկ անազատ չարչիության նկատմամբ, միջնադարի ստրկացված քաղաքացու նկատմամբ և ոչ թե չարչիության, բուրժուական արտադրական հարաբերությունների և հենց իր՝ բուրժուազիայի կոմունիստական ոչնչացման նկատմամբ։
Դուք սարսափում եք նրանից, որ մենք ուզում ենք մասնավոր սեփականությունը ոչնչացնել։ Բայց այժմյան ձեր հասարակության մեջ մասնավոր սեփականությունը ոչնչացված է նրա անդամների ինը տասներորդի համար, այդ սեփականությունը գոյություն ունի շնորհիվ հենց այն բանի, որ նա ինը տասներորդի համար գոյութիւն չունի։ Հետևաբար, դուք մեզ կշտամբում եք նրա համար, որ մենք ուզում ենք ոչնչացնել այն սեփականությունը, որ իբրև անհրաժեշտ պայման ենթադրում է սեփականության բացակայությունը հասարակության հսկայական մեծամասնության մոտ։
Մի խոսքով՝ դուք կշտամբում եք մեզ, որ մենք ուզում ենք ոչնչացնել ձեր սեփականությունը։ Այո, իսկապես մենք ուզում ենք այդ անել։
Այն մոմենտից, երբ այլևս անհնարին կլինի աշխատանքը վերածել կապիտալի, փողի, հողային ռենտայի, կարճ՝ հասարակական ուժի, որը կարելի է մոնոպոլիայի ենթարկել, այսինքն՝ այն մոմենտից, երբ անձնական սեփականությունն այլևս չի կարող վերածվել բուրժուական սեփականության, այդ մոմենտից, հայտարարում եք դուք, անձնավորությունը ոչնչացված է։
Դուք խոստովանում եք, հետևաբար, որ ուրիշ ոչ ոքի դուք անձնավորություն չեք ընդունում, բացի բուրժուայից, այսինքն՝ բուրժուական սեփականատիրոջից։ Այդպիսի անձնավորությունն իսկապես որ պետք է ոչնչացվի։
Կոմունիզմը ոչ ոքից չի խլում հասարակական արտադրանքները յուրացնելու հնարավորությունը, նա խլում է լոկ այդ յուրացման միջոցով ուրիշի աշխատանքն ստրկացնելու հնարավորությունը։
Առաջ էին քաշում այն առարկությունը, թե իբր մասնավոր սեփականության ոչնչացումով ամեն գործունեություն կդադարի և ընդհանուր ծուլություն կթագավորի։
Այդ դեպքում բուրժուական հասարակությունը վաղուց պետք է ծուլությունից կործանված լիներ, որովհետև նա, ով այդ հասարակության մեջ աշխատում է, ոչինչ ձեռք չի բերում, իսկ նա, ով ձեռք է բերում, չի աշխատում։ Այս բոլոր երկյուղները հանգում են այն տավտոլոգիային, թե քանի որ այլևս կապիտալ չկա, չկա նաև վարձու աշխատանք։
Նյութական արդյունքների յուրացման ու արտադրության կոմունիստական եղանակի դեմ ուղղված բոլոր առարկությունները տարածվում են նաև մտավոր աշխատանքի արդյունքների յուրացման ու արտադրման վրա։ Ինչպես որ դասակարգային սեփականության ոչնչացումը բուրժուային պատկերանում է որպես բուն արտադրության ոչնչացում, այնպես էլ դասակարգային կրթության ոչնչացումը նրա համար հավասարազոր է կրթության ոչնչացմանն առհասարակ։
Այն կրթությունը, որի կորուստը նա ողբում է, վիթխարի մեծամասնության համար մեքենայի կցորդի վերածվելն է։
Բայց մի՛ վիճեք մեզ հետ, երբ դուք բուրժուական սեփականության վերացումը գնահատում եք ազատության, կրթության, իրավունքի և այլն մասին ունեցած ձեր բուրժուական պատկերացումների տեսակետից։ Ձեր իդեաներն իրենք բուրժուական արտադրական հարաբերությունների և բուրժուական սեփականատիրական հարաբերությունների արդյունքն են, ճիշտ այնպես, ինչպես որ ձեր իրավուկքը լոկ ձեր դասակարգի օրինականացված կամքն է, որի բովանդակությունը որոշվում է ձեր դասակարգի կյանքի նյութական պայմաններով։
Ձեր կողմնակալ պատկերացումը, որ ձեզ հարկադրում է ձեր արտադրական հարաբերությունները և սեփականատիրական հարաբերությունները, պատմական, արտադրության զարգացման պրոցեսում անցողիկ հարաբերություններից վերածել բնության և բանականության հավիտենական օրենքների,— այդ կողմնակալ պատկերացումը դուք բաժանում եք նախկին բոլոր տիրող և կործանված դասակարգերի հետ։ Երբ խոսք է լինում բուրժուական սեփականության մասին, դուք չեք համարձակվում այլևս հասկանալ այն, ինչ ձեզ հասկանալի է թվում անտիկ կամ ֆեոդալական սեփականության վերաբերմամբ։
Ընտանիքի վերացում։ Ամենածայրահեղ ռադիկալներն անգամ վրդովվում են կոմունիստների այս նողկալի մտադրությունից։
Ինչի՞ վրա է հիմնված ժամանակակից բուրժուական ընտանիքը։ Կապիտալի վրա, մասնավոր շահի վրա։ Լիակատար զարգացած ձևով նա գոյություն ունի միայն բուրժուազիայի համար, բայց նա իր լրացումն է գտնում պրոլետարների հարկադրական ընտանեզրկոլթյան և հրապարակային պոռնկության մեջ։
Բուրժուական ընտանիքը բնականաբար կվերանա իր այս լրացման վերացման հետ, և երկուսն էլ կանհետանան կապիտալի անհետացման հետ միասին։
Կամ դուք կշտամբում եք մեզ նրա համար, որ մենք ուզում ենք վերացնե՞լ երեխաների շահագործումը նրանց ծնողների ձեռքով։ Մենք խոստովանում ենք մեր այս ոճրագործությունը։
Բայց դուք պնդում եք, թե ընտանեկան դաստիարակությունը հասարակական դաստիարակությամբ փոխարինելով, մենք ուզում ենք ոչնչացնել մարդու համար ամենաթանկագին հարաբերությունները։
Իսկ մի՞թե ձեր դաստիարակությունը չի որոշվում հասարակությամբ։ Մի՞թե այն չի որոշվում հասարակական այն հարաբերություններով, որոնց մեջ դուք դաստիարակում եք, չի որոշվում հասարակության ուղղակի կամ անուղղակի միջամտությամբ՝ դպրոցի միջոցով և այլն։ Կոմունիստները չեն հնարում հասարակության ազդեցությունը դաստիարակության վրա. նրանք միայն փոխում են դաստիարակության բնույթը, նրանք այն դուրս են հանում տիրող դասակարգի ազդեցությունից։
Բուրժուական ճամարտակությունները ընտանիքի և դաստիարակության մասին, ծնողների և երեխաների քնքուշ հարաբերությունների մասին այնքան ավելի նողկանք են ներշնչում, որքան ավելի են խորտակվում բոլոր ընտանեկան կապերը պրոլետարիատի ներսում՝ խոշոր արդյունաբերության զարգացման շնորհիվ, որքան ավելի են երեխաները առևտրի հասարակ առարկաներ ու աշխատանքի գործիքներ դառնում։
Բայց դուք՝ կոմունիստներդ, ուզում եք կանանց համայնացում մտցնել,— խմբովին աղաղակում, է ամբողջ բուրժուազիան։
Բուրժուան նայում է իր կնոջ վրա որպես արտադրության հասարակ գործիքի։ Նա լսում է, որ արտադրության գործիքները ենթադրվում է տրամադրել ընդհանուր օգտագործման, և, իհարկե, չի կարող հրաժարվել այն մտքից, թե կանանց էլ նույն բախտը կվիճակվի։
Նա նույնիսկ չի էլ կասկածում, որ խոսքը վերաբերում է հենց կնոջ այնպիսի դրությունը վերացնելուն, երբ նա արտադրության հասարակ գործիք է հանդիսանում։
Սակայն չկա ոչինչ ավելի ծիծաղելի, քան մեր բուրժուաների փքուն-բարոյական սարսափը կանանց կարծեցյալ պաշտոնական համայնացման առթիվ կոմունիստների մոտ։ Կոմունիստները կարիք չունեն կանանց համայնացում մտցնելու, դա գոյություն է ունեցել համարյա միշտ։
Մեր բուրժուաները, չբավականանալով նրանով, որ իրենց տրամադրության տակ են գտնվում իրենց բանվորների կանայք ու աղջիկները,— այլևս չխոսելով պաշտոնական պոռնկության մասին,— հատուկ հաճույք են գտնում մեկը մյուսի կնոջը գայթակղելու մեջ։
Բուրժուական ամուսնությունն իրականում հանդիսանում է կանանց համայնացում։ Կոմունիստներին կարելի էր կշտամբել ամենաշատը միայն այն բանի համար, որ նրանք կանանց կեղծավորաբար քողարկված համայնացման տեղ իբր թե ուզում են կանանց պաշտոնական, բացահայտ համայնացում մտցնել։ Բայց չէ որ ինքնին հասկանալի է, որ այժմյան արտադրական հարաբերությունների ոչնչացումով կանհետանա նաև դրանցից բխող կանանց համայնացումը, այսինքն՝ պաշտոնական և ոչ֊պաշտոնական պոռնկությունը։
Այնուհետև կոմունիստներին կշտամբում են, թե նրանք իբր ուզում են վերացնել հայրենիքը, ազգությունը։
Բանվորները հայրենիք չունեն: Նրանցից չի կարելի խլել այն, ինչ նրանք չունեն։ Քանի որ պրոլետարիատը պետք է ամենից առաք նվաճի քաղաքական իշխանություն, բարձրանա-հասնի ազգային դասակարգի դրությանը, կազմավորվի որպես ազգ, նա ինքը դեռևս ազգային է, թեև բոլորովին ոչ այն իմաստով, ինչպես բուրժուազիան է այդ հասկանում:
Ազգային կղզիացումն ու ժողովուրդների հակադրությունները ավելի ու ավելի անհետանում են արդեն բուրժուազիայի զարգացման, առևտրի ազատության, համաշխարհային շուկայի, արդյունաբերական արտադրության միակերպության և դրան համապատասխանող կյանքի պայմանների զարգացման շնորհիվ։
Պրոլետարիատի տիրապետությունը է՛լ ավելի կարագացնի նրանց անհետացումը։ Գոնե քաղաքակիրթ երկրների ջանքերի միացումը պրոլետարիատի ազատագրման առաջին պայմաններից մեկն է։
Ինչ չափով որ ոչնչացվելու է մի անհատի շահագործումը մյուսի կողմից, այն չափով էլ ոչնչացվելու է մի ազգի շահագործումը մյուսի կողմից։
Ազգերի ներսում եղած դասակարգերի անտագոնիզմի հետ միասին կվերանան նաև թշնամական հարաբերություններն ազգերի միջև։
Կրոնական, փիլիսոփայական և առհասարակ իդեոլոգիական տեսակետներից կոմունիզմի դեմ ուղղված մեղադրանքները մանրամասն քննարկման արժանի չեն։
Մի առանձին խորամտությո՞ւն է պետք հասկանալու համար, թե մարդկանց կենսապայմանների հետ, նրանց հասարակական հարաբերությունների հետ, նրանց հասարակական կեցության հետ փոխվում են նաև նրանց մտապատկերները, հայացքներն ու հասկացողությունները, մի խոսքով նրանց գիտակցությունը։
Իսկ ի՞նչ է ապացուցում իդեաների պատմությունը, եթե ոչ այն, որ հոգևոր արտադրությունը վերափոխվում է նյութականի հետ միասին։ Ամեն մի ժամանակի տիրապետող իդեաները միշտ եղել են իշխող դասակարգի իդեաները միայն։
Խոսում են ամբողջ հասարակությունը ռևոլուցիոնացնող իդեաների մասին. դրանով լոկ այն փաստն են արտահայտում, որ հին հասարակության ներսում գոյացել են նորի տարրերը, որ հին կենսապայմանների քայքայման հետ ձեռք-ձեռքի տեղի է ունենում նաև հին իդեաների քայքայումը։
Երբ հին աշխարհը թեքվել էր դեպի կործանումը, հին կրոնները հաղթվեցին քրիստոնեական կրոնի կողմից։ Երբ քրիստոնեական իդեաները XVIII դարում կործանվում էին լուսավորական իդեաների հարվածներից, ֆեոդալական հասարակությունը իր մահացու կռիվն էր մղում այն ժամանակ ռևոլուցիոն բուրժուազիայի դեմ։ Խղճի և կրոնի ազատության իդեաները արտահայտում էին լոկ ազատ կոնկուրենցիայի տիրապետությունը խղճի բնագավառում։
«Բայց»,— կասեն մեզ,— «կրոնական, բարոյական, փիլիսոփայական, քաղաքական, իրավական իդեաները և այլն, իհարկե, պատմական զարգացման ընթացքում փոխվել են։ Իսկ կրոնը, բարոյականությունը, փիլիսոփայությունը, քաղաքականությունը, իրավունքը այս անընդհատ փոփոխության մեջ միշտ պահպանվել են։
Բացի այդ, գոյություն ունեն հավիտենական ճշմարտություններ, ինչպես՝ ազատություն, արդարություն և այլն, որոնք հասարակական զարգացման բոլոր ստադիաների համար ընդհանուր են։ Այնինչ կոմունիզմը վերացնում է հավիտենական ճշմարտությունները, նա վերացնում է կրոնը, բարոյականությունը, փոխանակ նրանց նորոգելու․ հետևաբար, նա հակասում է պատմական զարգացման ամբողջ նախորդ ընթացքին»։
Ինչի՞ է հանգում այս մեղադրանքը։ Մինչև այժմ գոյություն ունեցած բոլոր հասարակությունների պատմությունը ընթացել է դասակարգային հակադրությունների մեջ, որոնք զանազան դարաշրջաններում զանազան կերպ են ձևավորվել։
Բայց ինչ ձև էլ նրանք ընդունած լինեն, հասարակության մի մասի շահագործումը մյուսի կողմից՝ անցյալ բոլոր հարյուրամյակների համար ընդհանուր փաստ է։ Ուստի զարմանալի չէ, որ, չնայած ամբողջ բազմազանությանն ու բոլոր տարբերություններին, բոլոր դարերի հասարակական գիտակցությունը շարժվում է որոշ ընդհանուր ձևերի մեջ, գիտակցության այնպիսի ձևերի մեջ, որոնք բոլորովին կանհետանան միայն դասակարգերի հակադրության վերջնական անհետացման հետ միասին։
Կոմունիստական ռևոլուցիան ամենավճռական խզումն է անցյալից ժառանգած սեփականատիրական հարաբերությունների հետ․ զարմանալի չէ, որ նա իր զարգացման ընթացքում ամենավճռական կերպով կապերը խզում է անցյալից ժառանգություն ստացած իդեաների հետ։
Սակայն, թողնենք բուրժուազիայի առարկությունները կոմունիզմի դեմ։
Մենք արդեն վերևում տեսանք, որ բանվորական ռևոլուցիայի մեջ առաջին քայլը պրոլետարիատի՝ տիրող դասակարգ դառնալն է, դեմոկրատիայի նվաճումը։
Պրոլետարիատն իր քաղաքական տիրապետությունը կօգտագործի նրա համար, որպեսզի բուրժուազիայից քայլ առ քայլ խլի ամբողջ կապիտալը, արտադրության բոլոր գործիքները կենտրոնացնի պետության, այսինքն՝ որպես տիրող դասակարգ կազմակերպված պրոլետարիատի ձեռքում, և ըստ հնարավորին արագ մեծացնի արտադրողական ուժերի գումարը։
Այս, իհարկե, կարող է սկզբում տեղի ունենալ սեփականության իրավունքի և բուրժուական արտադրական հարաբերությունների մեջ բռնակալական միջամտություն գործելու օգնությամբ միայն, այսինքն՝ այնպիսի միջոցառումների օգնությամբ, որոնք տնտեսապես անբավարար և անհիմն են թվում, բայց որոնք շարժման րնթացքում իրենք իրենց գերաճում են և անխուսափելի են որպես արտադրության ամբողջ եղանակի մեջ հեղաշրջում մտցնելու միջոց։
Այս միջոցառումներն, իհարկե, տարբեր երկրներում տարբեր կլինեն։
Սակայն ամենաառաջավոր երկրներում կարելի կլինի համարյա ամենուրեք կիրառել հետևյալ միջոցները․
1. Հողային սեփականության էքսպրոպրիացիա և հողային ռենտայի գործադրում պետական ծախսերը ծածկելու համար։
2. Բարձր պրոգրեսիվ հարկ։
3. ժառանգության իրավունքի վերացում։
4. Բոլոր էմիգրանտների և խռովարարների գույքի բռնագրավում։
5. Վարկի կենտրոնացում պետության ձեռքում պետական կապիտալ ունեցող և բացառիկ մոնոպոլիա վայելող ազգային բանկի միջոցով։
6. Ամբողջ տրանսպորտի կենտրոնացում պետության ձեռքում։
7. Պետական գործարանների, արտադրության գործիքների թվի մեծացում, վարելահողերի մաքրում և բարելավում ընդհանուր պլանով։
8. Բոլորի համար հավասար պարտադիր աշխատանք. արդյունաբերական բանակների հիմնում, առանձնապես հողագործության համար։
9. Հողագործության միացումն արդյունաբերության հետ, օժանդակություն գյուղի և քաղաքի հակադրության աստիճանական վերացմանը։
10. Բոլոր երեխաների հասարակական և ձրի դասաիարակություն։ Երեխաների գործարանային աշխատանքի ժամանակակից ձևի վերացում։ Դաստիարակության միացումը նյութական արտադրության հետ և այլն և այլն։
Երբ զարգացման ընթացքում անհետանան դասակարգային տարբերությունները և ամբողջ արտադրությունը կենտրոնանա անհատների ասոցիացիաների ձեռքում, այն ժամանակ հանրային իշխանությունը կկորցնի իր քաղաքական բնույթը։ Քաղաքական իշխանությունը բառիս բուն իմաստով մի դասակարգի կազմակերպված բռնությունն է մյուս դասակարգին ճնշելու համար։ Եթե պրոլետարիատը բուրժուազիայի դեմ մղած պայքարում անպայմանորեն միավորվում և դառնում է դասակարգ, եթե ռևոլուցիայի միջոցով նա իրեն դարձնում է տիրող դասակարգ և որպես տիրող դասակարգ ուժով վերացնում է հին արտադրահարաբերությունները, ապա այդ արտադրական հարաբերությունների հետ միասին նա ոչնչացնում է դասակարգային հակադրության գոյության պայմանները, ինչպես և առհասարակ դասակարգերը․ և դրանով իսկ՝ իր սեփական տիրապետությունը որպես դասակարգի։
Հին բուրժուական հասարակության տեղը՝ իր դասակարգերով և դասակարգային հակադրություններով, բռնում է մի ասոցիացիա, որի մեջ յուրաքանչյուրի ազատ զարգացումը հանդիսանում է բոլորի ազատ զարգացման պայմանը։