Changes

Մոբի Դիկ

Ավելացվել է 5195 բայտ, 15:21, 11 Օգոստոսի 2014
Նանթաքեթի՛ց է, որ իրենց նավակներով ծով են դուրս եկել առաջին տեղաբնակ կետորսները՝ կարմրամորթ հնդկացիները, և հետապնդել լևիաթանին<ref>Կետուս (եբրայերեն)</ref>։
 
Նանթաքեթի՛ց և ո՛չ թե մեկ այլ վայրից է ժամանակին ծով դուրս եկել փոքրիկ ու խիզախ մի նավակ, որը, ինչպես ավանդությունն է պատմում, կիսով չափ լեցուն էր հեռուներից բերված քարաբեկորներով, որոնք նախատեսված էին կետաձկների վրա նետելու և դրանով իսկ որոշելու համար, թե նավակը արդյո՞ք բավարար չափով է մոտեցել նպատակին և կարելի՞ է արդյոք համարձակորեն նետել հարպունը։
 
Այսպես, ուրեմն, մինչև տեղ հասնելը, ես պետք է Նյու Բեդֆորդում անցկացնեի գիշերը, ցերեկը ու ևս մի գիշեր։ Ուստի ծագեց մի շատ լուրջ հարց, թե այդ ընթացքում որտեղ եմ ուտելու և քնելու։ Գիշերը բնավ էլ վստահություն չէր ներշնչում։ Ընդհանուր առմամբ շատ մութ ու մռայլ գիշեր էր, ցուրտ և անհյուրընկալ։ Քաղաքում ոչ ոքի չէի ճանաչում։ Մատներս արդեն պրպտել էին գրպաններիս անկյունները և հայտնաբերել մի քանի խղճուկ արծաթադրամ։ «Այնպես որ, ուր էլ գնալու լինես, Իսմայել,- ասացի ինքս ինձ ամայի փողոցում, ուղեպայուսակը ուսիս դրած և համեմատելով երկնակամարի հյուսիսային կողմի աղջամուղջը հարավայինի խավարի հետ,-քո իմաստուն խորաթափանցությամբ որտե՛ղ էլ վճռելու լինես գիշերել, իմ սիրելի Իսմայել, բարի եղիր նախապես տեղեկանալ գնի մասին և այնքան էլ չմահավան մի՛ եղիր»։
 
Վեհերոտ քայլերով սալահատակը չափելով, ես առանց կանգնելու, անցա «Խաչաձևված հարպուններ» պանդոկի մոտով, որտեղ, ավա՜ղ, ամեն ինչ չափազանց ուրախ և չափազանց թանկ երևաց ինձ համար։ Քիչ հեռու ես տեսա «Թրաձուկ» պանդոկի պատուհանները, որոնցից պայծառ լույսի ճառագայթները այնպես էին դուրս հորդում, որ կարծես տրորում էին տան առջև փռված ձյան ու սառույցի ամուր շերտը։ «Չէ՛, այստեղ էլ չափազանց թանկ է և ուրախ,- մտածեցի ես, մի պահ կանգնելով, որպեսզի ականջ դնեմ ներսից լսվող բաժակների զվարթ զնգոցին։- Բայց հույսդ մի կորցրու, Իսմայել, շարունակի՛ր որոնումներդ»։ Եվ ես քայլեցի, ջանալով չշեղվել այն փողոցներից, որոնք տանում են դեպի ծով, քանզի անկասկած, ծովափին պետք է լինեին ամենից էժան, թեև գուցե անհրապույր կամ նվազ համարավետ պանդոկները։
 
Ի՜նչ տխուր փողոցներ էին։ Երկու կողմերից ձգվում էին խավարի թաղամասերը և հեռու-հեռվում միայն առկայծում էր լույսի մի շող, ասես ստորգետնյա լաբիրինթոսով ինչ-որ մեկը վառված մոմ տանելիս լիներ։
 
Շարունակելով քայլել թանձր խավարում, վերջապես, նավահանգստից քիչ հեռու նկատեցի աղոտ մի լույս և օդում որսացի թույլ, տխուր մի ճռռոց։ Գլուխս բարձրացնելով, դռան վրա տեսա ճոճվող մի ցուցանակ, որի վրա ճերմակ ներկով գրված էր․
 
Պանդոկ
 
«ԿԵՏԱՁԿԱՆ ՇԱՏՐՎԱՆ»
 
ՊԻՏԵՐ ՔՈՖԻՆ <ref>Coffin դագաղ(անգլ․)</ref>։
 
«Քոֆի՞ն․․․ դագա՞Ղ․․․Կետաձկան շատրվա՞ն․․․ Բավականին չարագուշակ է հնչում»,- մտածեցի ես։
 
Լույսն այնքա՜ն աղոտ էր, շրջապատը այդ ուշ ժամին այնքա՜ն խաղաղ ու հանգիստ էր թվում և կաթվածահարի պես մի կողքի ծռված փայտաշեն խարխուլ տնակն էլ այնպիսի տեսք ուներ, ասես կրակի բերանից էին փրկել, և այնքա՜ն ողորմելի էր ճոռոմ ցուցանակը, որ ես հասկացա՝ հենց այստեղ կկարողանամ գրպանիս հարմար իջևան գտնել ու սիսեռախառն սուրճ։
 
Ուրեմն, սառած ներբաններից քերենք ձյունը և տեսնենք, թե ի՛նչ է ներկայացնում այդ «Կետաձկան շատրվան» պանդոկը ներսից։
 
==Գլուխ երրորդ․ «Կետաձկան շատրվան» պանդոկում==
 
 
<references/>
5
edits