Changes
/* Գ․ գլուխ */
― Երջանի՞կ ես այժմ, այ չար տղա, ― ասում է Դորան, ― և վստա՞հ, որ չես փոշմանել։
Անցած օրերիս ստվերները երազի պես հերթով անցան իմ առջևից։ Այժմ գալիս եմ կյանքիս վեպը շարունակելու։ ==Դ․ գլուխ== Մեր տնտեսությունը Տարօրինակ էր իմ դրությունը, երբ մեղրամիսն անցկացավ, հարսընկերները հեռացան, և ես իմ սեփական տնակում մնացի Դորայի հետ՝ արդեն զրկված, այսպես ասած, հարսնախոսելու հիանալի պաշտոնից։ Տարօրինակ էր թվում, որ Դորան միշտ ինձ հետ է, և անբացատրելի, որ նրան տեսնելու համար ստիպված չեմ տանից հեռանալ․ որ այլևս նրա պատճառով չեմ տանջվելու, այլևս նրան նամակներ գրելու և նրա հետ միասին մնալու համար՝ հազար ու մի հնար չեմ մտածելու։ Երբեմն, երեկոները, գրիչս վար դնելով նրան հանգիստ նայելիս՝ սկսում էի մտածել․ ինչ օտարոտի բան է, որ մենք դեմուդեմ նստած ենք, ասես թե դա շատ հասարակ բան լիներ․․․ որ ոչ մի մարդ այլևս մեր վիճակով չի հետաքրքրվում․․․ որ մեր հարսնախոսության ռոմանն արդեն պրծել է և մեզ ուրիշ բան չի մնում անել, միայն իրար հաճոյանալ․․․ միայն իրար․․․ մինչև մեր կյանքի վերջը։ Պառլամենտի պայքարներից հետո երբեմն ուշ վերադառնալիս՝ խորթ էր թվում ինձ մտածել, թե Դորան մեր տանը սպասում է ինձ․ ինչ զարմանալի բան ― տեսնել իմ ընթրելու միջոցին նրա սուսիկ ներս մտնելը՝ հետս փոքր֊ինչ խոսելու համար։ Ստուգել, որ նա իր մազերին թիթեռներ է հյուսում, այն էլ ամեն երեկո։ Կարելի՞ էր միթե այդ տեսնել և չհիանալ ու չապշել։ Հազիվ թե աշխարհիս երեսին մի զույգ թռչնիկ գտնվեր, որ տնտեսության արվեստից ավելի սակավ բան հասկանար, քան թե ես ու Դորան։ Հարկավ աղախին ունեինք․ մեր տունը նա էր կառավարում։ Մինչև այսօր համոզված եմ, որ նա միս Կրոպպի մի ծպտած շառավիղն էր և գուցե նրա դուստը։ Օ՜հ, որքան ենք չարչարվել այդ Մեյրի Էնի պատճառով։ Նրա ազգանունն էր Պերեգեն։<ref>Կատարելության տիպար</ref> Երբ մենք նրան վարձեցինք, մեզ ասացին, թե նրա կատարելությունը դեռ շատ թույլ է արտահայտվում այդ անունով։ Նա մի հրովարտակի նման երկար ու մեծ վկայագիր ուներ, որի ասելով նա ամեն տնտեսական բան գիտեր, ամեն բան, ինչ որ կյանքումս լսել էի, և դեռ ուրիշ շատ բաներ, որ իմ օրում չէի լսել։ Նա մի առույգ կինարմատ էր՝ դաժան դեմքով ու վարդագույն բծերով (մանավանդ բազուկների վրա), որոնք միշտ եռ էին գալիս։ Ուներ, ինչպես որ պետք է, մի ազգական հուսար՝ այնպես երկար ոտքերով, որ կարելի էր մի ուրիշ մարդու երեկոյան ստվեր կարծել։ Հուսարի համազգեստը նրա համար այնքան նեղ էր, ինչքան որ մարմինը մեծ՝ մեր տան համար։ Նրա ահագին ներկայությունից մեր տնակն ավելի փոքր էր երևում․ և բացի այդ՝ տան որմերը հաստ չէին, և երբ նա երեկոնեըր մեզ մոտ էր մնում, արդեն սաստիկ դղրդոցից իմանում էինք, որ նա խոհանոցումն է։ Ըստ վկայագրի՝ մեր գանձը մի ժուժկալ ու պարկեշտ էակ էր։ Հետևաբար հակամետ եմ հավատալու, թե նա ջղերի հարված սատացած կլիներ, երբ մի օր նրան կաթսայի տակ ընկած գտանք, և թե այդ միջոցին անհետացած մեր թեյի գդալները աղբ մաքրող սպասավորը տարած կլիներ։ Սակայն Մեյրի Էնը չարաչար բռնանում էր մեր վրա։ Զգում էինք մեր անփորձությունը և անճարակ էինք ինքներս մեզ օգնելու։ Մենք նրա ձեռքի գերին էինք, և նա, իբրև մի անգութ կին, ամենևին չէր խնայում մեզ։ Նա եղավ մեր առաջին թեթև գժտության պատճառը։ ― Հոգյակ իմ, ― ասացի ես մի օր Դորային, ― ի՞նչ ես կարծում, արդյոք Մեյրի Էնը գաղափար ունի՞ ժամանակի մասին։ ― Ի՞նչ կա որ, Դոդի, ― հարցրեց Դորան, անմեղ աչքերն իր նկարից բարձրացնելով։ ― Արդեն ժամը հինգն է, սիրելիս, այնինչ չորսին պիտի ճաշեինք։ Դորան շտապով ժամացույցին նայեց ու նկատեց, որ սաստիկ առաջ է գնում։ ― Ընդհակառակը, մի քանի րոպե ետ է մնում, հոգի ջան, ― ասացի ես, իմ ժամացույցին մտիկ տալով։ Չքնաղ կինս ինձ գգվելու համար եկավ ծնկներիս վրա նստեց և մատիտով մի գիծ քաշեց քթիս վրա։ Գուցե դա մի սիրուն գիծ էր, բայց չէր կարող կշտացնել ինձ։ ― Կարծեմ ավելորդ չէր լինի, սիրելի Դորա, եթե մի նկատողություն անեիր Մեյրի Էնին։ ― Օ՜հ, ոչ, Դոդի, չեմ կարող։ ― Եվ ինչո՞ւ։ ― Էհ, որովհետև ես մի սագի ձագ եմ, ― ասաց Դորան, ― և նա գիտի, որ սագի ձագ եմ։ Այդ կարծիքը և Մեյրի Էնին մի հանդիմանություն անելու հարկը այնքան իրար հակառակ էին, որ ես հոնքերս կիտեցի։ ― Այդ ի՞նչ անշնորհք կնճիռներն են ճակատիդ վրա, այ տղա, ― գոչեց Դորան։ Նա ծնկներիս վրա նստեց ու սկսեց մատիտով կնճիռներս ստվերագրել, մատիտը նախ իր վարդագույն շուրթերին դնելով, որպեսզի ավելի սև գծի․ և Դորան այս գոծով այնքան լուրջ էր զբաղված, որ ես ակամա ծիծաղեցի։ ― Տես ինչպես սիրուն ես ծիծաղելիս, ― ասաց նա։ ― Սակայն, հոգիս․․․ ― Ո՛չ, ո՛չ, աղաչում եմ, ― գոչեց Դորան, համբույր տալով ճակատիս։ ― Այսպես դաժան մի լինի։ ― Բայց, հրեշտակ իմ, ― ասացի ես, ― հո չի՞ կարելի միշտ ծիծաղել ու կատակել․ երբեմն էլ պետք է լուրջ լինել։ Եկ, այս աթոռի վրա, իմ կողքին նստիր։ Ինձ տուր այդ մատիտը։ Այդպես։ Դե, այժմ փոքր֊ինչ խելոք խոսենք, ― շարունակեցի ես, նրա փոքրիկ աջից բռնելով (ի՜նչ փափուկ աջ ու ի՜նչ սիրուն մատանի): ― Դու հո գիտես, սիրելիս, որ տանից անոթի հեռանալը ամենևին դուրեկան բան չի։ Ի՞նչ ես կարծում, դուրեկա՞ն է։ ― Ո՜֊ո՜֊չ, ― ասաց Դորան, թույլ ձայնով։ ― Ինչո՞ւ ես այդպես դողում, հոգյակ իմ։ ― Որովհետև գիտեմ, Դոդի, դու պիտի կշտամբես ինձ, ― գոչեց Դորան խղճալի ձայնով։ ― Ես ուզում եմ միայն խորհուրդ տալ քեզ, սիրելիս։ ― Օ՜հ, խորհուրդ․ դա կշտամբանքներից էլ վատթար է, ― աղաղակեց Դորան հուսահատ։ ― Միթե նրա՞ համար եմ կինդ դարձել, որ ինձ միշտ խորհուրդներ տաս։ Ինչո՞ւ առաջուց չասացիր, այ չար տղա, որ կնոջդ խորհուրդներ պիտի տաս։ Աշխատում էի հանգստացնել Դորային, բայց նա, երեսը դարձնում էր ու մազերը թոթովելով, շարունակ կրկնում․ «Այ դու անգութ, չար տղա»։ Էլ չգիտեի՝ ի՞նչ անեմ։ Սկսեցի ման գալ սենյակում, հետո նորից մոտեցա նրան։ ― Դորա, սիրելիս։ ― Ոչ, ես սիրելիդ չեմ։ Դու արդեն փոշմանել ես, որ պսակվել ես, եթե ոչ խորհուրդներն չէիր տա ինձ։ Այդ հանդիմանությունը այնքան անհիմն երևաց ինձ, որ քաջություն ունեցա ասելու․ ― Կատարյալ երեխա ես, Դորա, և ասածդ անմիտ բան է։ Չես մոռացել, որ երեկ ստիպված էի ճաշս չավարտած տանից դուրս գալ․ անցյալ օրն էլ հիվանդացել էի հորթի միսը շտապ ուտելուց․ իսկ այսօր բոլորովին անճաշ եմ․․․ էլ չասենք՝ որքան սպասեցի նախաճաշին․․․ բայց դարձյալ թեյի ջուրը չէր եփել։ Չեմ ուզում կշտամբել քեզ, սիրելիս, բայց չէ՞ որ այս բոլորը շատ ցանկալի բաներ չեն։ ― Այ դու անգութ, չար տղա, ― գոչեց Դորան։ ― Ուրեմն քո ասելով ես վա՞տ կնիկ եմ։ ― Լավ գիտես, հոգյակ իմ, որ այդպիսի բան բնավ չեմ ասել։ ― Ասացիր, թե ես շատ ցանկալի կին չեմ։ ― Ասացի, թե մեր տնտեսության մեջ բաներ կան, որ ցանկալի չեն։ ― Մի՞թե այդ միևնույնը չէ, ― գոչեց Դորան։ Եվ նա անշուշտ համոզված էր, որ միևնույն է, որովհետև սկսեց սաստիկ լաց լինել։ Դարձյալ մի պտույտ արի սենյակում։ Սիրտս լի էր անհուն սիրով դեպի կինս, և դառնապես մեղադրելով ինքս ինձ, պատրաստ էի գլուխս պատին տալ։ Սակայն նորից նրա մոտ նստեցի ու ասացի․ ― Չեմ կշտամբում քեզ, Դորա։ Երկուսս էլ դեռ շատ բան ունենք սովորելու։ Ես ուզում եմ, հոգյակ, միայն ցույց տալ, որ քեզ, անշուշտ, հարկավոր է․․․ այո, անշուշտ (վճռել էի տեղի չտալ այս կետում), փոքր ինչ հսկել Մեյրի Էնի վրա ու փոքր֊ինչ աշխատել մեր ընդհանուր օգտի համար։ ― Զարմանում եմ այդ ապերախտ ճառերիդ վրա, ― ասաց Դորան հեկեկալով։ ― Դու անցյալ օրը չէ՞ր, որ երբ ասացիր, թե ձուկ ես ուզում, ես ինքս շուկա գնացի՝ քեզ համար անձամբ ձուկ գնելու, որպեսզի քեզ սյուրպրիզ անեմ։ ― Եվ շատ լավ արիր, սիրելիս, և ես այնքան շնորհակալ էի, որ մինչև անգամ չասացի, թե գնածդ սոմ ձուկ էր, շատ ահագին բան երկուսիս համար․․․ գինն էլ մի ստեռլինգ ու վեց շիլինգ․․․ շատ զգալի մեր գրպանին։ ― Բայց չէ՞ որ կերակրից շատ գոհ մնացիր, ― ասաց Դորան, շարունակ լալով, ― և այնքան գոհ, որ ինձ մկնիկ անվանեցիր։ ― Չեմ ուրանում, աչքիս լույս, և պատրաստեմ հազար անգամ նույնը կրկնել։ Սակայն Դորայիս քնքուշ սիրտը ցավել էր, և չէր կարելի նրան սփոփել։ Նրա լացն այնքան սրտառուչ ու մորմոքիչ էր, որ ես իրոք սկսեցի կարծել, թե նրան անչափ վշտացրել եմ։ Ես շտապեցի հեռանալ տանից և ամբողջ երեկո չարչարվեցի խղճիս խայթից։ Ինձ թվում էր, թե մի սրիկա եմ և ահռելի ոճրագործ։ Արդեն գիշերվա ժամը եկրուսն էր, երբ տուն եկա։ Մեր դահլիճում տատս նստած, ինձ էր սպասում։ ― Ի՞նչ է պատայել, տատի ջան, ― հարցրի ես տագնապած։ ― Ոչինչ, Տրոտ, ― պատասխանեց նա հանգիստ ձայնով։ ― Եկ նստիր։ Մեր ծաղիկն այս երեկո փոքր֊ինչ տրտում էր, և ես մնացի, որ ընկերություն անեմ նրան։ Ավելի ոչինչ։ Ձեռքս գլխիս դեմ տվի և աչքերս կրակին հառելով՝ ասում էի ինձ․ ո՞վ կկարծեր թե քաղցր հույսերս բավարարելուց դեռ հազիվ մի քանի օր անց՝ այպիսի լքում, այսպիսի վիշտ կտիրի սրտիս։ Տատս անքթիթ նայում էր վրաս։ Նրա դեմքն էլ տխրալի էր, բայց հետո փոքր֊ինչ զվարթացավ։ ― Հավատացնում եմ քեզ, տատի, ― ասացի ես, ― որ ամբողջ երեկո անսփոփ եմ եղել, Դորայի վշտին վշտակցելով։ Իմ դիտավորությունն ուրիշ բան չէր․ միայն սիրով ու մտերմաբար մեր տնային գործերի մասին խոսել նրա հետ։ ― Քեզ պետք է, Տրոտ, համբերող լինել, ― ասաց տատս։ ― Հարկավ։ Երկինքը վկա է, որ չեմ ոզում անզգույշ լինել, անխոհեմ լինել, սիրելի տատ։ ― Ո՛չ, ո՛չ, ― ասաց տատս։ ― Բայց գիտես, որ մեր Ծաղիկը մի շատ քնքուշ ծաղիկ է, և պետք է, որ քամին միայն մեղմ շոշափե նրան։ Ես սրտանց շնորհակալ էի, որ տատս այդքան սիրում է կնոջս, և հավաստի եմ, որ նա զգացումս գուշակեց։ ― Ի՞նչ ես կարծում, տատի ջան, ― ասացի ես, նորից կրակին նայելով, ― լավ չէ՞ր լինի, եթե եբեմն դու Դորային խորհուրդներ տայիր մեր երկուսի օգտի համար։ ― Տրոտ, ― պատասխանեց տատս փոքր֊ինչ հուզված։ ― Ո՛չ։ Այդպիսի բան չասես ինձ։ Նրա ձայնի լրջությունից ապշելով՝ ես երեսին մտիկ արի։ ― Մտաբերում եմ կյանքիս անցած տարիները, որդյակ իմ, ― ասաց տատս, ― մտածում, որ լավ կլիներ, եթե ես ավելի հաշտ եղած լինեի այն մի քանի անձերի հետ, որոնք արդեն գերեզման են իջել։ Եթե ես խիստ եմ դատել ուրիշների սխալ քայլերն ամուսնական գործերում, պատճառն այն է, որ ինքս անձամբ այդ սխալների վատ հետևանքը փորձել եմ։ Թողնենք այդ։ Ես մի փնթփնթան, ինքնահավան, համառ ու դաժան կին էի երկար ու երկար տարիներ։ Հիմի էլ նույնն եմ, միշտ էլ նույնը կմնամ։ Բայց դու և ես, Տրոտ, իրար բավական լավություն ենք արել․․․ գոնե դու ինձ շատ ես արել, սիրելիս, հետևաբար չէի ցանկանա, որ այժմ մեր միջև գժտություն ընկներ։ Գժտություն և մե՞ր միջև, ― գոչեցի ես։ ― Դեռ մանուկ ես, Տրոտ, այո՛, մանուկ, որդյակ իմ, ― ասաց տատս իր զգեստը հարթելով։ ― Եվ ոչ ոք չի կարող գուշակել, թե ե՞րբ կծագի այդ դժվարությունը և կամ որքան կթշվառացնեմ մեր Ծաղկին, եթե ձեր տնային գործերին խառնվեմ։ Ես փափագում եմ, որ մեր սիրասուն էակն ինձ սիրի ու թիթեռնիկի պես զվարթ լինի։ Հիշիր քո հայրենի տունը մորդ երկրորդ ամուսնության միջոցին, և ոչ կնոջդ, ոչ էլ ինձ մի՛ հասցնի այն զրկանքը, որ մտադիր էիր հասցնել։ Այդ վայրկյանին ես իմացա, թե որքան տատս արդար է և որքան վեհանձն իմ անձկալի կնոջ վերաբերմամբ։ ― Դեռ ժամանակդ նոր է սկսվել, սիրելի Տրոտ, ― ասաց Տատս։ ― Հռոմը մի օրում չշինվեց, ոչ էլ մի տարում։ Դու ինքդ ազատ ընտրություն արիր (այստեղ կարծես մի ստվեր անցավ տատիս երեսի վրայով), և ընտրեցիր մի շատ սիրուն, մի շատ ազնիվ արարած, որ քեզ անչափ սիրում է։ Քո պարտքն է և անշուշտ քաղցր պարտքը՝ գնահատել ու հարգել նրան իր ունեցած, այլ ոչ թե դեռ չունեցած լավ հատկությունների համար։ Ինքդ էլ, սակայն, այս բոլորը գիտես, և ես մտադիր չեմ գլխիդ քարոզներ կարդալ։ Նրան պակասող հատկությունները դու ինքդ պիտի զարգացես։ Եվ, եթե չկարենաս, որդի (այստեղ տատս քիթը տրորեց), այն ժամանակ պիտի աշխատես առանց դրանց գոհ լինել։ Համենայն դեպս, չմոռանաս, սիրելիս, որ ձեր ապագան միանգամայն ձեզնից է կախված։ Ոչ ոք չի կարող օգնել ձեզ․ ձեր կյանքի հորինողը դուք ինքներդ պիտի լինեք։ Ամուսնություն ասածդ դա է, որդյակ։ Եվ թող երկուսիդ էլ աստված օրհնի, երկուսիդ էլ, որ անտառում մոլորված մանկիկների նման եք։ Այս խոսքերը զվարթ֊զվարթ ասելուց հետո տատս ինձ համբուրեց և դրանով իր օրհնությունը հաստատեց։ ― Դե, Տրոտ, այժմ լապտերս վառիր ու այգու միջով մինչև խցիկս հասցրու ինձ։ (Մեր տնակներն այգու ճամփով միանում էին): Եվ երբ որ ետ գաս, համբյուր տուր Ծաղկին Բեթսի Տրոտուդի կողմից։ Ինչ էլ պատահի, Տրոտ, մտքովդ անգամ թող չանցնի մի խրտվիլակ անել Բեթսիին, որովհետև առանց այդ էլ, նա բավական սոսկալի է, երբ տեսնում եմ նրան հայելու մեջ։ Այդ ասելիս տատս գլխին մի թաշկինակ կապեց, և ես նրան տուն հասցրի։ Երբ նա իր շեմքի առջև լապտերը վերցրեց ու կանգ առավ իմ վերադարձի ճամփան լուսավորելու, ես նկատեցի, որ վերստին մի անհանգիստ եղանակով է ինձ դիտում․ սակայն ես խորասուզված էի իմ սեփական մտքերի մեջ և այդ բանին մի առանձին ուշք չդարձրի։ Մտածում էի այն բոլորի մասին, ինչ որ նա ասել էր, և կյանքումս առաջին անգամ իրոք սկսել էի հասկանալ ու պարզ տեսնել, որ Դորան ու ես պարտավոր ենք մեր ապագան ինքներս ստեղծել, և որ ոչ ոք մեզ չի օգնի, ոչ ոք էլ հոգ չի տանի այդ մասին։ Դորան իր փոքրիկ հողաթափներով կամաց ներքև իջավ ինձ դիմավորելու, երբ ես արդեն մենակ էի, լաց լինելով ուսիս վրա ընկավ ու ասաց, թե ես շատ անգութ էի, իսկ ինքը՝ սաստիկ չարասիրտ․ ես էլ, կարծեմ, միևնույնը ասացի։ Դրանով բանը ուղղեցինք ու վճռեցինք, թե մեր առաջին փոքրիկ կռիվը նաև վերջինը կլինի, և թե այլևս երբեք չենք կռվի, անգամ եթե հարյուր տարի ապրելու լինենք։ Այնուհետև մեր պատուհասը սպասուհիներն էին։ Մեյրի Էնի ազգական հուսարը զորքից դասալիք եղավ և եկավ մեր ածխի ամբարում թաքնվելու․ այնտեղից, ի զարմանս մեր, իր զինակից ընկերները դուրս հանեցին նրան և մեր պարտեզի միջով ձեռքից կապած անցկացրին․․․ մի այդպիսի խայտառակ հանդես ոչ ոք չէր տեսել։ Այդ դեպքը սիրտ տվեց ինձ դուրս քշելու Մեյրի Էնին, որ ռոճիկն ստանալիս ու գնալիս իր հլությամբ ու հեզությամբ զարմացրեց ինձ․ հետո միայն իմացա, թե մեր թեյի գդալներն ուր էին կորել․ այն էլ իմացա, որ նա սովոր է եղել, առանց իմ գիտության, իմ անունով մանր գումարներ փոխ առնելու խանութներից։ Նրան մրս․ Կիջըրբրին հաջորդեց՝ մի պառավ կին Կենտիշ Տաունից, որը պարտավոր էր ամեն օր մեր տունը գալ, բայց թուլության պատճառով չէր կարենում իր անելիքը կարգին վերջացնել։ Հետո մի ուրիշ գանձ գտանք ― մի անչափ սիրելի կին, որ սակայն դժբախտություն ուներ՝ թեյի ափսեն ձեռքին բռնած ներքև իջնելիս՝ միշտ սանդուղքից գլորվելու, և կամ թեյը բերելիս այնպես գլխիվայր ներս վազելու, որ կասեիր թե լողարանի մեջ է նետվում։ Ու այդ թշվառի պատճառած ավերմունքը հարկադրեց մեզ արձակել նրան։ Նրա պաշտոնը հաջորդաբար ժառանգեցին (մրս․Կիջըրբրիի միջանկումներով) անթիվ ապուշ արարածներ, մինչև որ նրանց մի ջահել կայտառ աղջիկ փոխարինեց, որ մի օր Դորայի գլխարկը հագնելով՝ Գրիվինդի տոնավաճառը փախավ։ Հետո էլ այնքան այդպիսի ձախորդություններ կրեցինք, որ նրանց հիշատակն անգամ մտքիցս ընկել է։ Կարծես ամենքը դավադիր էին եղել մեզ խաբելու։ Ո՛ր կրպակն էլ մտնեինք, վաճառականն շտապում էր իր անպետք ապրանքը մեզ վրա սաղացնել։ Ինչ աստակոս էլ գնեինք, փորն անպատճառ ջրով լիքը կլիներ․ մսի ո՛ր տեսակն էլ առնեինք, միշտ կարծր դուրս կգար․ ինչ տեսակ հաց պատվիրեինք, մեզ հում խմոր կտային։ Ստույգ ու ճիշտ իմանալու համար, թե ինչպես պետք է միսը խորովել, որ ոչ անչափ այրված լինի, ոչ էլ հում, ես ինքս խոհարարության արվեստի գրքին դիմեցի և այն կանոնն իմացա, թե միսը լավ խորովելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր ֆունտը մի քառորդ ժամ կրակի վրա բռնել։ Սակայն այդ կանոնի գործադրությունը միշտ որևէ փորձանքի էր հանդիպում, և մեզ երբեք չէր հաջողվում արյունոտի ու մոխրագույնի միջին սահմանը գտնել։ Համոզված եմ, որ այս պարտությունները կրելով, շատ ավելի ծախս էինք անում, քան որ կանեինք, եթե հաղթությունների մի ամբողջ շարք տանեինք։ Նպարավաճառի հաշիվներն աչքի անցկացնելիս ինձ թվում էր, թե մեր տան գետնահարկի ամբողջ հատակը կարագով ենք օծում, ― այնքան էր սպառվում այդ նյութից։ Չգիտեմ, թե այդ միջոցին պետության մաքսերի եկամուտը պղպեղի սպառման որևէ աճում ցույց տվե՞ց, միայն թե պետք է ենթադրել, որ եթե մեր տան պահանջը շուկայի վրա մի զգալի ազդեցություն չարավ, ասել է թե շատ ընտանիքներ այդ նյութը գործածելուց բոլորովին ձեռնպահ մնացին։ Եվ սա է ամենից զարմանալին, որ մենք մեր տանը երբեք պաշար չենք ունեցել։ Արդյոք լվացարար կինը քանի՞ անգամ մեր սպիտակեղենի կտորները գրավ դրեց ու հետո հարբած տուն եկավ՝ ներողություն խնդրելու, ավելորդ է ասել, որովհետև այդպիսի դեպքեր ամենքին էլ կարծեմ պատահում են։ Չեմ ուզում հիշատակել, թե քանի՞ անգամ վնաս կրեցինք ծխնելույզի բռնկվելուց ու հրշեջների ներս խուժելուց, ― դրանք էլ հասարակ բաներ են։ Հատուկ մեր տան դժբախտությունը մի գինեսեր աղախին էր, որի պատճառով մեզ պորտր վաճառող խանութպանի հաշիվների մեջ անդադար այս տեսակ անմեկնելի հոդվածներ էին առաջ գալիս։ «Քառորդ լիտր ռոմ (մրս․ Կ․)։ «Եվս քառորդ ջին ու մեխակ (մրս․ Կ․)․ «Մի բաժակ պունչ ու անանուխ (մրս․ Կ․)»։ Փակագծերն ակնարկում էին Դորային, որ ուրիշների կարծիքով, ինչպես հետո իմացանք, այդ բոլոր կազդուրիչները միշտ ինքն է վայելել։ Մեր առաջին տնային խնջույքը Տրեդլսին տրված ճաշն էր։ Ես նրան քաղաքում պատահեցի ու խնդրեցի երեկոյան մեզ մոտ գալ։ Նա խոսք տվեց, և ես Դորային մի տոմսակով իմաց տվի, թե մեր տուն կբերեմ ընկերոջս։ Եղանակը գեղեցիկ էր, և ճանապարհին իմ ընտանեկան երջանկության մասին էինք խոսում։ Տրեդլսը բոլորովին հափշտակված էր այդ նյութով։ Նա ասաց, որ եթե ինքն էլ մեր տան պես մի տնակ ունենա, ու Սոֆին նրան այդ տնակում սպասելիս լինի, իր երջանկությունը կատարյալ կլինի։ Ես չէի ցանկանա մի ավելի սիրուն կնիկ ունենալ, քան թե այն, որ իմ դիմացը՝ սեղան էր նստած, բայց կուզենայի, որ մեր սեղանը փոքր֊ինչ ավելի մեծ լիներ։ Չգիտեմ՝ ի՞նչն էր պատճառը, որ չնայելով մեր երկու հոգի լինելուն, սենյակը միշտ անձուկ էր գալիս, թեև այնքան արձակ էր, որ ամեն բան մեջը կորում էր։ Երևի թե պատճառը սա էր, որ ոչ մի իր իր հատուկ տեղը չուներ, բացի Ջիպի մեհյանից, որ միշտ գլխավոր անցքը փակում էր։ Տրեդլսն այդ երեկո այնքան էր սեղմված մեհյանի, Դորայի պատկերակալի և իմ գրասեղանի միջև, որ համարյա թե հնար չէր գտնում իր դանակն ու պատառաքաղը շարժելու․ բայց և այնպես իր սովորական բարությամբ, միշտ կրկնում էր․ «Օվկիանոսի չափ արձակ է տեղս, Կոպպերֆիլդ։ Հավատա, օվկիանոսի չափ»։ Կուզենայի նույնպես, որ մի անգամ ընդմիշտ Ջիպին արգելեր մեր ճաշի ժամանակ սփռոցի վրա զբոսնել։ Ինձ թվում էր, թե նրա սեղանի վրա երևալն անգամ անվայել բան է, էլ չասենք, թաթիկն աղամանի կամ կարագի մեջ խոթելու վատ սովորությունը։ Հենց իմանաս պարտք էր համարում շարունակ հալածել Տրեդլսին, նրա վրա հաչել, նրա պնակի վրա այնպես համառորեն հարձակվել, որ կասեիր թե միայն ինքն իրավունք ունի ձայն հանելու սեղանի գլխին։ Սակայն գիտենալով, թե որքան Դորան զգայուն է և որքան կվշտանա իր սիրելի Ջիպի դեմ ուղղած նույնիսկ թեթև ակնարկից, ես ոչ մի հանդիմանություն չարի։ Միևնույն պատճառով էլ բան չասացի հատակի վրա դեսուդեն ընկած ամանների մասին․ ոչ էլ աղամանների անկարգ դիրքի մասին, որոնք բոլորն էլ սեղանի վրա մի տեղ էին խռնված․ ոչ էլ Տրեդլսի դժվար կացության մասին, որ միանգամայն պաշարված էր աղցանի թափառական պնակներով և զանազան բաժակներով ու շշերով։ Բայց երբ որ ոչխարի զիստը բերին, որ ես պիտի մանրեի, ինքս ինձ ակամա հարցրի ― ինչի՞ց է արդյոք որ մեր զիստերը միշտ մի տարօրինակ ձև ունեին, և մի՞թե մեր մսավաճառը երդվել է աշխարհիս ամենատգեղ ոչխարները մորթել։ Սակայն այս դիտողությունն էլ սրտիս մեջ թաքցրի։ ― Սիրելիս, ― ասացի ես Դորային, ― այդ պնակում ի՞նչ ունես։ Չհասկացա, թե Դորան ինչո՞ւ էր վրաս նայում, շուրթերն այնպես շարժելով, որ կարծես ուզում էր համբուրել ինձ։ ― Ոստրեներ, հոգիս, ― պատասխանեց Դորան վարանելով։ ― Ի՞նքդ ես մտածել ոստրեներ գնել, ― հարցրի ես ցնծությամբ։ ― Այո՛, Դոդի։ ― Ա՛յ հրաշալի բան, ― գոչեցի ես, խորոված մանրելու մեծ դանակը վայր դնելով։ ― Տրեդլսը, գիտեմ, սաստիկ ոստրե սիրող է։ ― Այո, Դոդի։ Այդ պատճառով էլ մի ամբողջ տակառիկ գնեցի։ Խանութպանն ասաց, թե պատվական ոստրեներ են և առաջին տեսակից․ բայց ես․․․ հավատա, չգիտեմ, այս ի՞նչ է պատահել դրանց։ Դորան գլուխը շարժեց, և աչքերում ադամանդներ ցոլացին։ ― Դեռ չե՞ն բացված, ― ասացի ես։ ― Բա՛ց վրայի խեցիները, սիրելիս։ ― Ուզում եմ բանալ, բայց որ չեն բացվում․․․ ― պատասխանեց Դորան, ամբողջ ուժը գործ դնելով, և հուսահատ վրաս նայեց։ ― Գիտե՞ս Կոպպերֆիլդ, ― ասաց Տրեդլսը, պնակին զվարթ֊զվարթ նայելով, ― հիանալի ոստրեներ են․․․ հիանալի, բայց առաջուց պետք էր բանալ, որ․․․ Հարկավ պետք էր նախ բանալ, բայց մենք տանը ոստրե բանալու դանակ չունեինք, գործածելու եղանակն էլ չգիտեինք։ Այս պատճառով մտիկ էինք անում ոստրեներին և ուտում կապարով համեմված ոչխարի միսը․․․ գոնե դրա այն մասերը, որոնք անչափ հում չէին։ Հավաստի եմ, որ Տրեդլսը պատրաստ էր մեզ դուր գալու համար վայրենի դառնալ և մինչև անգամ ամենահում կտորներն ուտել․ բայց ես չէի ուզում, որ նա իր անձը մեր բարեկամության սեղանին զոհի, և մի լավ ապուխտով հյուրասիրեցի նրան։ Չքնաղ կինս որ շատ տրտմել էր, կարծելով թե ես դժգոհ կլինեմ, այն աստիճան ուրախացավ, երբ նկատեց, որ ամենևին դժգոհ չեմ մեր ճաշի թերություններից, և երեկոն զվարթ անցավ։ Տրեդլսն ու ես, գինի վայելելով, խոսակցում էինք իրար հետ, և Դորան, բազկաթոռիս մեջքին հենված, ականջիս շշնջում էր, թե որքան լավ է, որ չարամիտ ու քրթմնջող տղա չեմ։ Այնուհետև նա սկսեց թեյ պատրստել, գավաթներն ու բաժակներն այնպես ժիր֊ժիր շարժելով, որ կարծես դրանք խաղալիքներ լինեին․ նրա եռանդի վրա հիանալուց՝ մինչև անգամ չիմացա, թե ի՞նչ համ ուներ նրա թեյը։ Փոքր֊ինչ հետո Տրեդլսն ու ես կրիբբեջ<ref>Թղթախաղի մի տեսակ</ref> խաղացինք, իսկ Դորան կիթառի վրա նվագեց ու երգեց։ Ամուսնական կյանքը մի հեշտալի երազ էր թվում ինձ և կարծում էի, թե այն երեկոն եմ դեռ վայելում, երբ առաջին անգամ ականջ էի դրել Դորայի ձայնին։ Երբ Տրեդլսը հեռացավ, և հետո ես դահլիճ մտա, կինս իր աթոռն իմի մոտ քաշեց ու ասաց․ ― Տխուր եմ, Դոդի։ Չէի՞ր ուզի մի բան սովորեցնել ինձ։ ― Դրա համար պետք կլիներ, որ նախ ինքս բան սովորեմ, սիրելիս, որովհետև ես էլ քեզ նման անփորձ եմ։ ― Բայց դու կարող ես սովորել, Դոդի․ դու հո խելոք ես, շատ խելոք։ ― Դատարկ բան է, հոգի ջան։ ― Երանի թե, ― ասաց կինս մի քանի վայրկյան լռելուց հետո, ― գոնե մի տարի Ագնեսի հետ գավառում ապրած լինեի։ Այդ ասելիս նա իր կզակը ուսիս վրա դրված ձեռքերին դեմ տվեց և կապույտ աչքերով երեսիս նայեց։ ― Ինչո՞ւ ես ափսոսում, որ նրա հետ չես ապրել, ― հարցրի ես։ ― Ագնեսն անպատճառ կուղղեր ինձ, և ես շատ բան կուսանեի նրանից, ― ասաց Դորան։ ― Ամեն բանի ժամանակը կգա, սիրելիս։ Գիտես, որ Ագնեսը երկար տարիներից ի վեր պարտավոր էր իր հորը խնամել։ Նա մանկության ժամանակ էլ նույն Ագնեսն էր, ինչ որ այսօր է։ ― Կցանկանայի, Դոդի, որ դու ինձ մի ուրիշ անուն տայիր, ― ասաց Դորան առանց իր դիրքը փոխելու։ ― Օրինակի համար, ― հարցրի ես։ ― Մի հիմար անուն, ― ասաց Դորան, գանգուրները թոթվելով։ ― Երեխա֊կին։ Ես ծիծաղեցի ու հարցրի երեխա֊կնոջս, թե ինչո՞ւ է ուզում, որ իրեն այդպես անվանեմ։ Նա դարձյալ անշարժ մնաց․ միայն թե կապույտ աչքերն ավելի երեսիս մոտեցան, որովհետև ես նրա իրանը գրկեցի։ ― Այ անմիտ տղա, ― ասաց նա, ― հո չեմ ուզում, որ Դորայի տեղ այդ անունը գործածես։ Ուզում եմ միայն, որ իմ մասին այդպես մտածես։ Եթե պատահի, որ իմ վրա բարկանաս, մտքումդ ասա․ «Էհ, սա հո իմ երեխա֊կինն է»։ Եթե ես տխրեմ, ասա․ «Էհ, հո վաղուց գիտեի, թե ի՞նչ պիտի սպասեմ իմ երեխա֊կնոջից»։ Երբ տեսնես, որ ես այն չեմ, ինչ որ սաստիկ կուզեի լինել, բայց կարծեմ երբեք լինելու չեմ, դարձյալ ասա․ «Ի՞նչ փույթ․ չէ՞ որ երեխա֊կինս, այնուամենայնիվ, ինձ սիրում է», որովհետև ես քեզ իրոք սիրում եմ, Դոդի։ Ես նրան լուրջ պատասխան չտվի․ որովհետև չգիտեի, թե արդյոք ինքը լո՞ւրջ է խոսում։ Սակայն իմ անկեղծ խոսքերից նա իրեն այնքան երջանիկ զգաց, թեև աչքերը դեռ տամուկ էին արտասուքից։ Շուտով նա ցույց տվեց, որ իրավ երեխա֊կին է, երբ չինական տնակի առջև չոքելով դրա բոլոր զանգակները հնչեցրեց չար Ջիպին պատժելու համար․ մինչդեռ Ջիպը, իր պալատի շեքմի վրա անհոգ պառկած՝ աչքերը հազից քթթում էր և անգամ տեղից շարժվելն ավելորդ համարում։ Դորայի դիմումը ինձ վրա սաստիկ տպավորություն թողեց։ Թող նրա անմեղ պատկերը, որ այնքան սիրել եմ, անցյալի մշուշից դուրս գա, իր աննման աչքերով դարձյալ ինձ նայի, և ես համարձակ կասեմ, որ նրա փոքրիկ ճառը միշտ սրտիս մեջ ապրել է։ Գուցե նրա ճառից ես այն օգուտը չքաղեցի, որ կարելի էր քաղել, որովհետև ջահել էի, անփորձ էի, բայց և այնպես նրա պարզ ու աննենգ աղերսի առջև ես երբեք խուլ չեմ մնացել։ Այդ դեպքից փոքր֊ինչ հետո Դորան ասաց, թե ուզում է մի օրինական տնտեսուհի դառնալ։ Այս որոշումով նա իր քարետախտակը մաքրեց, մատիտը սրեց, մի ահագին հաշվետետր գնեց, խոհարարության գրքի այն թերթերը, որ Ջիպը դուրս էր քաշել, խնամքով կարեց ու սկսեց սարսափելի ճիգ թափել, իր ասելով՝ լավ կին դառնալու համար։ Սակայն անպիտան թվանշանները չէին դադարում իրենց հին խսղը խաղալուց, չէին ուզում բարդվել։ Նոր էին հաշվեգրի երկու֊ երեք սյուները մանրակրկիտ թվանշաններով լցվել, երբ Ջիպը եկավ էջերի վրա զբոսնելու և իր պոչով ամեն բան ջնջեց․ Դորան էլ իր սիրուն մատը մինչև ոսկորը թանաքոտեց և, կարծեմ, այդ եղավ գործի արդյունքը։ Երբեմն, երեկոյան, երբ տուն գալով սկսում էի գրել (այժմ ես շատ էի գրում և արդեն սկսել էի հեղինակի հռչակ հանել), սիրելի էր ինձ վայր դնել գրիչս ու դիտել, թե ի՞նչ է անում լավ կին դառնալու հետամուտ երեխա֊կինս։ Նախ և առաջ նա իր ահագին հաշվետետրն էր բերում և հառաչելով սեղանի վրա դնում։ Հետո բաց էր անում այն երեսը, որ անցյալ անգամ Ջիպը ջնջել էր, և նրան կանչելով ասում․ «Տես անպիտան, ինչ ես արել»։ Դա նշան էր, թե տիրուհին քթին թանաք կքսի։ Այնուհետև նրան հրամայում էր իսկույն ևեթ սեղանի վրա պառկել «առյուծի նման» (այդ Ջիպի ցույց տված հնարներից մեկն էր, թեև ճիշտն ասեմ, շատ նման չէր դուրս գալիս), և Ջիպը հնազանդվում էր, եթե միայն հնազանդվելու տրամադրություն ունենար։ Այնուհետև Դորան մի գրիչ էր առնում, սկսում էր գրել ու տեսնում, որ գրչի ծայրին մի մազ կա։ Հետո մի ուրիշ գրիչ էր վերցնում, սկսում էր նորից գրել ու կամաց ասում․ «Օ՜հ, ինչ ճռճռան գրիչ է․ սա քեզ կխանգարի, Դոդի»։ Դրանով էլ պարապմունքը վերջանում էր, և Դորան առյուծի գլուխը հաշվեգրով ջախջախելու սպառնական շարժում անելուց հետո, գիրքը տանում էր ու տեղը դնում։ Երբեմն էլ նա շատ լուրջ տրամադրությամբ բերում էր քարետախտակը և փոքրիկ զամբյուղը՝ իր զանազան հաշիվներով ու փասթաթղթերով, որոնք ավելի պապիյլյոտների նման էին, քան թե մի ուրիշ բանի, և ճիգ էր թափում մի գումար հանել նրանից։ Մեկը մյուսի հետ ուշի֊ուշով համեմատում էր, քարետախտակը թվերով ծածկում, գրածը ջնջում, ձախ ձեռքի մատների վրա մի առ մի հաշվում և, վերջապես, այնքան տանջվում ու վհատվում, որ ես նրա սիրուն դեմքը մթանալը ― այն էլ ինձ դուր գալու համար ― տեսնելով, սրտագին կարեկցությամբ մոտենում էի նրան ու ասում․ ― Այդ ի՞նչ է, Դորա։ Դորան հուսահատ աչքով նայում էր վրաս ու պատախան տալիս․ ― Հոգիս հանեցին այս թվերը։ Գլուխս մաշեցի սրանց վրա, բայց էլի իմ ուզածը դուրս չի գալիս։ ― Եկ, ուրեմն, միասին փորձենք։ Ես քեզ կօգնեմ։ Սկսում եմ գործնական մեկնություն տալ․ Դորան խորին ուշադրությամբ լսում էր ինձ՝ գուցե մի հինգ րոպեի չափ, հետո սկսում սաստիկ հոգնել ու մազերիս հետ մատներով խաղալ կամ թե շապկիս օձիքը ներքև ծալել՝ աշխատանքը դյուրացնելու համար։ Երբ փորձում էի այդ խաղը մեղմով զսպել և մեկնությունս առաջ տանել, Դորան իսկույն տրտմում էր․ ես էլ իսկույն հիշում էի այն բնական զվարթությունը, որի վրա հիացել էի առաջին անգամ նրան տեսնելիս և երեխա֊կնոջս վշտացնելուց ամաչելով՝ մատիտը մի կողմ էի դնում ու աղաչում նրան՝ կիթառ ածել, երգ երգել։ Շատ աշխատանք ունեի ես, շատ հոգսեր, բայց բոլորն էլ ինձ համար էի պահում, որպեսզի երեխա֊կնոջս նեղություն չտամ։ Այսպես անելս արյդոք լա՞վ էր, չգիտեմ․ համենայն դեպս իմ ցանկությունն էր նրա համար աշխատել։ Սիրտս քննում եմ և բոլոր գաղտնիքս այս թերթերին վստահում։ Ասես թե ինձ մի բան էր պակասում, մի ինչ֊որ բանի կարոտ էի, սակայն ոչ այնքան, որ դրա պատճառով դառնություն զգայի։ Երբ որ լավ եղանակին ես մենակ ման էի գալիս և ամառային օրերը հիշում, որ կարծես ամբողջ օդն իմ տղայական ցնորքներով լցված էր, զգում էի, որ երազներիս մի մասը անակատար է մնացել, բայց և ասում էի ինքս ինձ, թե այդ բոլորը անցյալի փառքն է, որ չի կարող ներկայի վրա տարածվել։ Երբեմն էլ անցողակի մտածում էի, թե լավ կլիներ, որ կինս իմ խորհրդակիցը լիներ, ավելի հաստատ բնավորություն, ավելի զորեղ կամք ունենրար, փոքր֊ինչ ավելի լրջմիտ լիներ, որ կարենար օգնել ինձ, ուղղել ինձ և այն դատարկությունը լցնել, որ զգում էի սրտիս մեջ, բայց և դարձնալ ասում էի, թե դա մի գերբնական երջանկություն կլիներ, որ այս աշխարհում ոչ եղել է, ոչ էլ երբեք կլինի։ Տարիքիս նայելով՝ ես մի համբակ ամուսին էի։ Ճանաչում է միայն այն վշտերի և կամ փորձերի մեղմիչ ազդեցությունը, որոնք հիշված են ներկա թերթերում։ Եթե ուրեմն, գուցե և շատ անգամ սխալվում էի, դրա պատճառը միայն թյուր հասկացած սերս էր և փորձարությանս թերությունը։ Գրածս զուտ ճշմարտություն է։ Քողարկելու կարիք չունեմ։ Եվ այսպես մեր կյանքի բոլոր հոգսերն ու բեռները միայն իմ վրա էին ծանրացած, և ես օգնական չունեի։ Մեր տնտեսությունը դարձայլ նույն եղանակով էր շարունակվում, այսինքն՝ անկարգ․ միայն թե ես այդ վիճակին ընտելացել էի և գոհ էի, որ այժմ Դորան շատ սակավ է նեղանում կամ գրգռվում։ Նա վերստին երեխայի պես զվարթ ու ժիր էր, ջերմ սրտով ինձ սիրում էր և մանկական խաղերով զվարճանում։ Երբ Պառլամենտի պայքարները շատ տաղկտակի էին դառնում (իրենց երկարատևությամբ, ոչ թե բովանդակությամբ, որ գրեթե միշտ ձանձրալի էր), և ես ուշ էի տուն գալիս, Դորան, ոտքերիս ձայնը լսելուն պես, շտապով իջնում էր ինձ դիմավորելու։ Մինչև ես չվերադառնայի, նա չէր քնում։ Երեկոյան ժամերին, սղագրության գործ չունենալիս, որին այնքան տանջանքով ընտելացել էի, սիրում էի գրական աշխատանքի նվիրվել․ և այդ միջոցին, որքան էլ ժամն ուշ լիներ, Դորան իմ դեմ սուսիկ նստում էր և այնպես լռիկ մնում, որ շատ անգամ կարծում էի, թե նիրհել է։ Սակայն գլուխս վերցնելուս պես տեսնում էի, որ նրա կապուտակ աչքերն իմ վրա անքթիթ հառված են միևնույն հանգիստ ուշադրությամբ, որի մասին մի անգամ հիշել եմ։ ― Օ՜հ, իմ հոգնած տղաս, ― ասաց Դորան մի գիշեր, երբ գրասեղանս գոցելիս նրա երեսին մտիկ արի։ ― Օ՜հ, իմ հոգնած աղջիկս, ― ասացի ես։ ― Այդ ավելի ճիշտ կլինի։ Մյուս անգամ դու քնելու գնա, սիրելիս։ Քեզ համար այս ժամանակը շատ ուշ է։ ― Ո՛չ, ո՛չ, մի՛ հեռացնի ինձ, Դոդի, ― աղաչեց Դորան, ինձ սեղմվելով։ ― Դորա։ Զարմացա, որ նա լաց է լինում ուսիս վրա։ ― Ուրեմն հիվա՞նդ ես, հոգյակ իմ, կամ թե անբա՞խտ։ ― Շատ էլ առողջ եմ, շատ էլ երջանիկ, ― ասաց Դորան, ― միայն աղաչում եմ, թույլ տուր ինձ այստեղ մնալ և գրելուդ նայել։ ― Ի՞նչ նայելու տեսարան է այդպիսի սիրուն աչքերի համար, այն էլ կես֊գիշերվա ժամերին, ― նկատեցի ես։ ― Մի՞թե իմ աչքերը սիրուն են, իրա՞վ սիրուն, ― գոչեց Դորան ծիծաղելով։ ― Շատ ուրախ եմ, եթե սիրուն են։ ― Այ դու փոքրիկ սնապարձուկ, ― ասացի ես։ Սակայն նրա խոսքերը սնապարծության նշան չէին, այլ մի պարզ ուրախության, որ նա զգացել էր իմ հիացումը տեսնելուց։ Ես այս գիտեի, դեռ Դորայի ասելուց առաջ։ ― Եթե աչքերս իրավ սիրուն են, թույլ տուր ինձ, Դոդի, այստեղ նստել և գրելուց նայել։ Բայց դու իրա՞վ սիրուն ես գտնում։ ― Շատ սիրուն։ ― Ուրեմն ես միշտ այստեղ կմնամ և գրելուդ մտիկ կանեմ։ ― Սակայն չեմ կարծում, Դորա, որ այդպես մտիկ անելուց աչքերիդ փայլն ավելանա։ ― Կավելանա, Դոդի, կավելանա, որովհետև պարոն գիտնական, այն ժամանակ դու ինձ չես մոռանա լուռ խոկումներիդ միջոցին։ Եվ գիտե՞ս, Դոդի, ի՞նչ հիմար բան պիտի խնեդեմ․․․ սովորականից ավելի հիմար բան։ ― Տենենք ի՞նչ է այ հրաշալի բանը։ ― Թույլ տուր, որ ես քեզ գրիչներ տամ, ― ասաց Դորան։ ― Չէ՞ որ ինձ էլ պետք է մի բան անել երկար պարապմունքներիդ միջոցին։ Թույլ կտա՞ս, որ ես քեզ գրիչներ տամ։ Աչքերս ակամա արտասուքով թրջվում են այն բերկրությունը հիշելիս, որ Դորան հայտնեց, երբ ես այդ ասացի։ Հետևյալ անգամ, երբ որ ես բան գրելու նստեցի, Դորան կողքիս նստեց, գրիչների մի մեծ փունջ բռնելով, և նույնը ամեն անգամ կրկնվում էր։ Այդ կերպով աշխատանքիս մասնակցելուց նա զվարճանում էր, և երբ ինձ մի նոր գրիչ էր պետք լինում (գիտությամբ էի գրիչները շուտ֊շուտ փոխում), նա հրճվում էր։ Այդ հանգամանքը տեսնելով, ես երեխա֊կնոջս ավելի ուրախացնելու համար մի նոր բան հնարեցի։ Երբեմն֊երբեմն կեղծում էի, թե իմ ձեռագրից մի երկու երես արտագրելու կարիք ունեմ։ Այն ժամանակ Դորան ցնծում էր։ Պետք էր տեսնել նրա պատրաստվելն այդ ահագին գործի համար, տեսնել նրա գոգնոցը հագնելը, գրչի ծայրը սրելու համար խոհանոցից լաթեր բերելը, իբր թե այդպես որ չաներ՝ գործը թերի կմնար, ավարտած պատճեն աչքիս առջև բռնելը և իր արածը գովելուս պես բերկրությամբ վզիս փարվելը․․․ Որքան ինձ քաղցր են այդ հիշատակները, թեև չնչին կերևան ուրիշներին։ Փոքր֊ինչ հետո Դորան բոլոր բանալիներն իր ձեռքն առավ և նրանց շղթան գոտուն կապած՝ սենյակում ման էր գալիս ահագին շխկոց հանելով։ Թեև այդ բանալիներով փակվելու տեղերը համարյա թե միշտ բաց էին մնում, և նրանք մի ուրիշ պաշտոն չունեին, այլ միայն խաղալիք էին Ջիպի համար, այնուամենայնիվ Դորան գոհ էր․ այդ հերիք էր, որ ես գոհ լինեի։ Նա համոզված էր, որ այդ կարծեցյալ տնտեսությամբ արդեն շատ բան գլուխ է բերված, և ուրախ էր, կարծես թե մեր տունը մի մանկական տնակ լիներ, որ խաղի համար են սարքում։ Այդպես էլ անցնում էր մեր կյանքը։ Դորան տատիս էլ գրեթե այնքան էր սիրում, որքան և ինձ, և նրան միշտ այն ժամանակը հիշեցնում, երբ «մի փնթփնթացող, չար պառավ» էր համարել նրան։ Տատս երբեք ուրիշների հետ այն աստիճան բարեհամբույր չէր եղել, ինչպես որ այժմ։ Նա Ջիպին անգամ շոյում էր, թեև Ջիպն այդ գգվանքից ամենևին չէր մեղմանում․ ամեն անգամ ականջ էր դնում Դորայի կիթառ նվագելուն, թեև հիմք ունեմ կարծելու, թե երաժշտության ճաշակ չուներ․ երբեք անշնորհք աղախինների վրա չէր հարձակվում, թեև հարձակվելու կարիքն, անշուշտ զգում էր․ ամեն օր ոտքով գնում էր հեռավոր տեղեր՝ Դորայի համար մի ցանկալի բան գնելու, և երբ որ պարտեզի միջով մեզ մոտ էր գալիս և Դորային չէր հանդիպում, մենք լսում էինք նրա ձայնը, որ զվարթ հնչում էր․ ― Որտե՞ղ է փոքրիկ Ծաղիկը։