Changes
/* Ե․ գլուխ */
― Այդպիսի բան ոչ մի ժամանակ չէր պատահի, եթե այդ պառավ անասունը չլիներ, ― ասաց տատս սաստկությամբ։ ― Երանի թե մի քանի մայրեր՝ աղջիկներին պսակելուց հետո՝ նրանց հանգիստ թողնեին ու իրենց սերն այնքան բռնի չհայտնեին։ Այդ մայրերին նայելիս մարդ ակամա կարծում է, թե հենց որ նրանք մի թշվառ աղջիկ աշխարհ բերին․․․ մեկ հարցնող լինի, թե թշվառը կամեցե՞լ է աշխարհ գալ․․․ էլ ուրիշ փափագ չունեն, քան նրան այնքան տանջել, որ այս աշխարհից դուրս փախչի։ Ի՞նչ բանի մասին ես մտածում, Տրոտ։
Ես մտածում էի այդ երեկո խոսված բաների մասին։ Մտքումս անդադար հեղեղում էին մի քանի խոսք։ «Թշվառ է այն ամուսնությունը, ուր գաղափարների ու ձգտումների միություն չկա»։ «Անփորձ սրտի առաջին սխալ շարժումը»։ «Ժայռի վրա հաստատված սեր»։ Սակայն արդեն մոտեցել էինք մեր տանը։ Թափթված տերևները ոտքերիս տակ խշխշում էին, և աշնան քամին փչում էր։ ==Զ․ գլուխ== Լուր Եթե թվերի մեջ փոքր֊ինչ թույլ հիշողությանս ապավինելու լինեմ, պսակվելուս առաջին տարին կարծեմ, արդեն լրացել էր, երբ մի երեկո իմ հեղինակած գրքի մասին մտածելով՝ զբոսանքից տուն գալիս (ջանքերիս շնորհիվ հաջողությունս աճել էր, և ես առաջին վեպս շարադրելու վրա էի), ― մրս․ Ստիրֆորթի տան մոտով անցկացա։ Թեև Հայգեթում բնակվելուցս ի վեր սովորաբար աշխատում էի խորշել դրանից, բայց որովհետև դժվար էր առանց շրջան անելու մի ուրիշ ճանապարհ գտնել, սկսել էի այդ տեղով հաճախ անցնել։ Երբեք չէր պատահել, որ այդ տան մոտով արագ անցնելիս մի անգամից ավելի նայեի վրան։ Նրա տեսքը միշտ տխուր ու տրտում էր։ Լավ սենյակներից և ոչ մեկը դեպի փողոց չէր նայում, և նեղ ծանրակազմ ու հնաձև պատուհանները, որոնք երբեք գեղեցիկ չէին եղել, ավելի մռայլ էին թվում միշտ փակված ու վարագուրված լինելուց։ Քարահատակ ու փոքրիկ բակի միջով մի ծածկված անցք էր ձգվում դեպի տան մուտքը, որ երբեք չէր բացվում։ Մուտքի գլխին երևում էր սանդուղքի կլոր լուսամուտը, որ թեև մյուսների նման չէր վարագուրված, բայց նույնպես մի տխուր ամայության պատկեր ուներ։ Չեմ հիշում, որ երբևէ մի լույս կամ ճրագ տեսած լինեմ այդ տանը։ Եթե մի օտարական անցորդ լինեի, երևի կկարծեի, թե նրա մեջ մի անզավակ մարդու դիակ է հանգչում։ Եթե բախտ ունենայի այդ տան մասին ոչ մի բան չգիտենալու, ո՞վ գիտի ինչ տարօրինակ բաներ կենթադրեի նրան միշտ անփոփոխ տեսնելիս։ Այնուամենայնիվ աշխատում էի որքան կարելի է սակավ մտածել նրա մասին։ Բայց հոգիս չէր կարող մարմնիս նման անհոգ անցնել նրա մոտով, և նա իմ մեջ հազար մտքեր էր զարթնեցնում։ Մտքերիս կուտակումը, մանավանդ, այդ երեկո շատ բուռն էր․ մանկության հիշատակներ էին պաշարել ինձ, ինչպես և պատանեկան ցնորքներ, թերակազմ հույսերի ստվերներ, որոնք կապ ունեին ինձ զբաղեցնող՝ նոր վեպիս նյութի հետ։ Եվ ես մտամոլոր անցնում էի տան մոտով։ Հանկարծ մի ձայն սարսառեցրեց ինձ։ Կնոջ ձայն էր և ես իսկույն մրս․ Ստիրֆորթի փոքրիկ սպասուհուն հիշեցի, որ երբեմն մի կապույտ ժապավեն ուներ իր գլխանոցին։ Այժմ կապույտը հանել էր, երևի թե հարմարվելով տան սգավոր պատկերին, և մի երկու անմխիթար ու մթագույն հանգույց կապել։ ― Չէի՞ք հաճի, սըր, մեզ մոտ գալ ու միս Դարտլին տեսնել։ ― Միս Դա՞րտլն է հրավիրում ինձ, ― հարցրի ես։ ― Այս երեկո չէ, սըր, միևնույն է թե երբ։ Միս Դարտլը մի երկու օր առաջ ձեր անցնելը նկատել էր և ինձ պատվիրել, որ սանդուղքի վրա կարը ձեռքիս նստեմ և երբ դուք նորից անցնեք, ձեզ խնդրեմ, որ նրան տեսնելու գաք։ Ետ դարձա ու աղջկան հարցրի, թե մրս․ Ստիրֆորթն ինչպե՞ս է։ Սպասուհին ասաց, թե լեդին միշտ տկար է ու սակավ է տանից դուրս գալիս։ Տան գավթից սպասուհին ինձ պարտեզ տարավ և խնդրեց, որ ես ինքս գտնեմ այնտեղ միս Դարտլին։ Նա նստած էր նստարանի վրա դարափի ծայրին, որտեղից ահագին քաղաքը երևում էր։ Երկինքը միգապատ էր, և միայն հորիզոնի վրա մի լուսավոր շերտ էր նշմարվում։ Մռայլ Լոնդոնի տեսարանն իր վիթխարի շենքերով, որոնք ավելի խրոխտ էին թվում այդ լույսից, հարմար էր գալիս վայրագ ու դաժան օրիորդի մտքումս թողած հիշատակին։ Մոտենալս տեսնելուն պես նա վեր կացավ։ Նա ավելի նիհար էր, ավելի գունատ, քան մեր առաջին տեսակցության ժամանակ․ հրացայտ աչքերն այժմ ավելի ցոլուն էին, շրթունքի սպին ավելի որոշ։ Մտերմական չէր մեր հանդիպումը։ Վերջին անգամ գրգռված էինք բաժանվել, և նրա երեսը մի տեսակ արհամարհանք էր ցույց տալիս, որ ամենևին չէր ուզում ծածկել։ ― Լսեցի, միս Դարտլ, թե իմ հետ խոսել եք ուզում, ― ասացի ես նրա մոտ կանգնելով ու ձեռքս նստարանի թիկունքին դնելով։ Նա նստելու նշան արեց ինձ․ ես մերժեցի։ ― Խնդրեմ ասացեք, ― ասաց նա, ― արդյոք այն աղջկան գտա՞ն։ Ո՛չ։ ― Եվ նա, սակայն փախել է։ Նկատեցի, որ օրիորդն ինձ նայելիս շուրթերը սեղմեց, ասես թե Էմլիին հայհոյելու փափագ զգալով։ ― Փախե՞լ, ― կրկնեցի ես։ ― Այո, նրա ձեռքից փախել, ― ասաց օրիորդն ու ծիծաղեց։ ― Եթե մինչև այժմ չի գտնվել, գուցե երբեք չգտնվի։ Հավանական է, որ մեռած լինի։ Օրումս չէի տեսել մի ուրիշ դեմք, որ այդքան չարախինդ անգթություն արտահայտեր։ ― Ոչ մի կին այն աղջկան մահից ավելի լավ բան ցանկանալ չէր կարող, ― ասացի ես։ ― Ուրախ եմ, որ ժամանակը այդքան ձեր սիրտը մեղմացրել է, միս Դարտլ։ Նա խոսքերս պատասխանի արժանի չարեց, այլ նորից մի ամբարտավան ժպիտով ասաց․ ― Այդ պատվական ու բազմահալած կույսի ազգականները ձեզ բարեկամ են։ Դուք նրանց ջատագովն եք և իրավունքների պաշտպանը։ Կցանկանայի՞ք իմանալ, թե ի՞նչ է հայտնի նրա մասին։ ― Անշուշտ, ― ասացի ես։ Նա մի ժանտ ժպիտով վեր կացավ, մերձավոր ցանկապատին մոտեցավ, որով այդ տեղը բանջարանոցից զատվում էր, և բարձրաձայն գոչեց․ «Հե՜յ, ե՛կ», ― ասես թե մի պիղծ կենդանի կանչելիս լիներ։ ― Հուսով եմ, մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց նա, ― որ այստեղ կզգուշանաք պաշտպանության և կամ թե վրեժխնդրության որևէ քայլ անելուց։ Ես գլխով նշան արի առանց նրա միտքը հասկանալու։ ― Եկ, ― կրկնեց նա։ Եվ ես նկատեցի պատկառելի Լիտտիմերին, որ առանց իր մեծարգո ծանրությունը նվազեցնելու գլուխ տվեց ինձ և օրիորդի հետևը կանգնեց։ Միս Դարտլը նստարանի վրա նստեց ու երեսիս նայեց մի հաղթական չարությամբ, որի մեջ ― զարմանալի բան ― մի կանացի շնորհ չկար, մի ուրույն հրապույր․ այդ միջոցին նա հեքիաթներում հիշվող անագորյուն իշխանուհու նման էր։ ― Դե՛հ, ― ասաց նա հրամայաբար՝ առանց սպասավորին մտիկ անելու և իր հին սպին շփելով, այս անգամ գուցե հաճությամբ, քան ցավով։ ― Պատմեցեք մր․ Կոպպերֆիլդին այդ փախուստի հանգամանքները։ ― Մր․ Ջեյմսն ու ես, օրիորդ․․․ ― Ինձ մի՛ դիմեք, ― սաստեց օրիորդը, հոնքերը կիտելով։ ― Ոչ էլ ինձ, աղաչում եմ, ― ասացի ես։ Մր․ Լիտտիմերը ամենևին չշփոթվեց, այլ լուռ հնազանդությամբ ցույց տվեց, թե ամեն բան, ինչ որ մեզ հաճելի է, իրեն էլ հաճելի է՝ և ասաց․ Մր․ Ջեյմսն ու ես նորատի կնոջ հետ արտասահման էինք գտնվում այն օրից ի վեր, երբ կինը մր․ Ջեյմսի հովանավորությամբ Յարմաութից հեռացել էր։ Շատ տեղեր շրջեցինք, շատ երկրներ տեսանք։ Եղանք Ֆրանսիայում, Զվիցերիայում, Իտալիայում, ― մի խոսքով ամեն տեղ։ Մր․ Լիտտիմերն այդ ասելիս նստարանի քամակին էր նայում, հենց իմանաս իր խոսքերը դրան ուղղելով, և մատները վրան կամաց շարժում, ասես թե մի մունջ դաշնամուրի ստեղների վրա խաղալով։ ― Մր․ Ջեյմսը շատ էր նվիրված այդ կնոջը և բավական ժամանակ այնպես կանոնավոր կյանք էր վարում, որի նմանը չէի տեսել նրա մոտ ծառայելուս տարիների ընթացքում։ Ջահել կինը շատ առաջադեմ էր և օտար լեզուներ գիտեր․ ոչ ոք չէր ասի, թե մի շինական աղջիկ է։ Նկատել եմ, որ ուր էլ գնայինք, ամենքը նրա վրա հիանում էին։ Միս Դարտլը իր ձեռքը սրտին դրեց։ Մր․ Լիտտիմերը նրա վրա մի թռուցիկ հայացք նետեց և ժպտաց։ ― Իրավ որ ամենքը ջահել կնոջ վրա զարմանում էին։ Արդյոք ի՞նչն էր պատճառը․ հագո՞ւստը, օդի և արևի ազդեցությո՞ւնը, թե՞ նրան ընծայած մեծ խնամքը, չգիտեմ․ բայց ինչևիցե է՝ նրա իսկական բարեմասնությունները ամենքին հրապուրում էին։ Սպասավորը մի վայրկյան լռեց։ Միս Դարտլի աչքերը հեռավոր տեսարանի մի կետից դեպի մյուսն էին ոստոտում, և նա իր ներքևի շուրթը կծում էր անհանգիստ բերանը զսպելու համար։ Մր․ Լիտտիմերը նստարանի թիկունքը թողնելով՝ ձեռքերը կցեց, մի ոտքի վրա հենվեց․ հետո աչքերը կախած և պատկառելի գլուխը փոքր֊ինչ առաջ ու թեք բռնած, շարունակեց․ ― Նորատի կինը մի որոշ ժամանակ այդպես էր ապրում, միայն թե երբեմն տխուր էր։ Վերջապես, կարծեմ, նրա տրտմությունն ու վիշտը մր․ Ջեյմսի համար տախտկալի դարձան, և մեր բանը թարս գնաց։ Մր․ Ջեյմսը նորից սկսեց հանդարտ կյանքի շաղվից դուրս գալ, և կնոջ թախիծը սաստկացավ։ Ինձ գալով կասեմ, որ այդ ժամանակ դրությունս երկուսի միջև շատ դժվար էր։ Բայց և այնպես նրանք իրար հետ մեկ խռով էին ու մեկ հաշտ, և այդ դրությունը, հավաստի եմ, շատ ավելի երկար տևեց, քան սպասելի էր։ Միս Դարտլը աչքերը հեռավոր հորիզոնից դարձրեց ու դարձյալ նայեց երեսիս։ Մր․ Լիտտիմերը մի երկու անգամ իր աջի մեջ թեթև հազաց ձայնը փոքր֊ինչ մաքրելու համար, և ոտքերի դիրքը փոխելով, շարունակեց․ ― Վերջապես շատ կռիվներից, շատ վեճերից հետո՝ մի առավոտ մր․ Ջեյմսը Նեապոլի շրջակայքից, ուր մի ամառանոց ունեինք (ջահել կինը ծով սիրող էր), հեռացավ, պատճառաբանելով, թե մի երկու օրից կվերադառնա, և հեռանալիս ինձ պատվիրեց կնոջն ասել, թե նա վճռել է, ընդհանուր օգտի համար․․․ Մր․ Լիտտիմերը նորից հազաց։ ― ․․․ Ընդմիշտ հեռանալ։ Պետք է ասել, որ մր․ Ջեյմսի վարմունքը շատ ազնիվ էր․ նա առաջարկեց, որ ջահել կինը մի պատվարժան մարդու հետ ամուսնանա, մի մարդու, որ պատրաստ էր անցյալը մոռացության տալ․ և կինը, որ մի ռամիկ ընտանիքից էր, հարկավ այդ մարդուց ավելի հարմար անձ չէր գտնի օրինական եղանակով։ Սպասավորը ոտքերի դիրքը նորից փոխեց ու շուրթերը թրջեց։ Ես համոզված էի, որ սրիկան իր մասին է խոսում․ նույն համոզումը միս Դարտլի երեսի վրա էլ երևում էր։ ― Այդ պատվերն էլ ես պատրաստ էի կնոջը հայտնել։ Ես հոժար էի մր․ Ջեյմսին նեղ դրությունից ազատելու համար ամեն բան անել և հաշտեցնել նրան իր որդեսեր մայրիկի հետ, որ այնքան մաշվել էր վշտից։ Դրա համար էր, որ ես վերոհիշյալ պատվերը կատարելու խոսք տվի։ Անկարելի է լեզվով պատմել, թե ջահել կինը որքան զայրացավ մր․ Ջեյմսի հեռանալը լսելով։ Նա բոլորովին խելքը թռցրեց, և եթե բռնի միջոցների չդիմեի, ինքն իրեն դանակով կմորթեր՝ և կամ ծովը կընկներ և կամ գլուխը պատին տալով կպատռեր։ Միս Դարտլը, որ նստարանին հենված էր, կարծես հրճվում էր այդ մարդու ասածները լսելիս։ ― Իսկ երբ ես պատվերի երկրորդ կետին մոտեցա, ― ասաց մր․ Լիտտիմերը, ձեռքերն անհանգիստ տրորելով, ― երկրորդ կետին, որի բարի նպատակն ամեն մարդ էլ կհասկանար, ջահել կինն իր իսկական դեմքը ցույց տվեց։ Այդպիսի կատաղի կին դեռ օրումս չէի տեսել։ Նրա վարմունքն ահռելի էր։ Քարը, փայտը, երկաթը ավելի շատ երախտագետ, ավելի զգայուն կլինեին, ավելի շատ համբերություն, ավելի խելք կունենային, քան թե նա։ Եթե ես փոքր֊ինչ զգույշ չգտնվեի, նա անպատճառ արյունս կթափեր։ ― Հենց դրանով նա բարձրանում է իմ աչքում, ― ասացի ես բարկությամբ։ Մր․ Լիտտիմերը գլուխը կախեց, իբր թե ասելու․ «Մի՞թե, սըր։ Սակայն դուք դեռ շատ խակ եք», և պատմությունը շարունակեց։ ― Կարճ ասած՝ առժամանակ ամեն բան, որով կարող էր վնասել իրեն կամ ուրիշին, պետք եղավ հեռացնել նրանից և իրեն էլ փակված պահել։ Բայց և այնպես մի գիշեր պատուհանի վանդակը, որ ինքս էի մեխել, կոտրեց ու որթատունկից ներքև սահելով՝ անհետացավ։ Այնուհետև, ինչքան որ գիտեմ, նրա մասին ոչ ձայն կա, ոչ ծպտուն։ ― Գուցե մեռել է, ― ասաց ժպտալով միս Դարտլը, որ կարծեմ հոժարությամբ աքացի կտար թշվառ աղջկա դիակին։ ― Գուցե ծովում խեղդված լինի, օրիորդ, ― ասաց մր․ Լիտտիմերը, առիթ գտնելով մեզնից մեկին դիմելու։ ― Եվ այդ շատ հավանական է։ Կամ թե նավավարներից օգնություն ստացած լինի։ Սիրում էր գռեհիկների ընկերությունը և շատ անգամ ծովափի մոտ նստելով, ձկնորսների երեխաների ու կանանց հետ էր խոսակցում։ Ինքս տեսել եմ, թե ինչպես նա մր․ Ջեյմսի բացակայության միջոցներին, օրերով նրանց շրջանում զվարճանում էր։ Մի օր մր․ Ջեյմսը շատ բարկացավ, երբ լսեց, թե նա երեխաներին պատմել է, թե ինքն էլ մի նավավարի աղջիկ է, ինքն էլ մի ժամանակ նրանց նման վազվզել է իր հայրենիքի ծովափին։ Օ՜հ, Էմլի։ Թշվառ գեղեցկուհի։ Ի՜նչ պատկեր ներկայացավ աչքերիս, երբ երևակայեցի քեզ օտար ծովափին նստած, անմեղ օրերդ հիշեցնող մանուկների շրջանում, որոնց քաղցրիկ թոթովանքին ականջ դնելիս՝ անշուշտ կասեիր, թե ինքդ էլ գուցե այդպիսի մանկանց մայր լինելու երջանկությունը կունենայիր, եթե մի խեղճ նավաստու կին լինեիր։ Այնինչ ծովը մշտամռունչ շառաչով քեզ կրկնում էր․ «Ոչ երբեք, ո՛չ երբեք»։ ― Երբ պարզվեց, որ էլ անելու բան չկա, միս Դարտլ․․․ ― Մի՞թե չասացի, որ ինձ չդիմեք, ― գոչեց միս Դարտլն արհամարհոտ խստությամբ։ ― Դուք ինքերդ ինձ դիմեցիք, օրիորդ, ― պատասխանեց սպասավորը։ ― Խնդրեմ՝ ներեցեք։ Իմ պարտքն է հնազանդվել։ ― Եվ կատարեցեք ձեր պարտքը, ― հրամայեց նրան օրիորդը։ ― Վերջացրեք ձեր պատմությունն ու հեռացեք։ ― Երբ հայտնի եղավ, ― շարունակեց սպասավորը պատկառելի վայելչությամբ ու շատ խոնարհ հլությամբ, ― թե այլևս նրան գտնելու հնար չկա, ես գնացի մր․ Ջեյմսի մոտ, այնտեղ, որ իր պատվերով նամակներ էի հասցնում իրեն, և եղելությունը պատմեցի։ Մեր միջև մի բանակռիվ ծագեց, և պատիվս ինձ հարկադրեց թողնել նրան։ Ես շատ եմ համբերել մր․ Ջեյմսի վարմունքին և դարձյալ կարող էի համբերել․ բայց այս անգամ նա չափը կորցրեց։ Ես էլ գիտենալով, թե ի՞նչ թշվառ երկպառակտություն կա նրա ու մեր միջև, և թե ինչպիսի տագնապ է կրում այդ մայրը, վստահացա վերադառնալ Անգլիա և պատմել․․․ ― Իմ վճարած փողի փոխարեն, ― ասաց միս Դարտլը ինձ դիմելով։ ― Այո՛, օրիորդ․․․ և պատմել նրան, ինչ որ գիտեմ։ Կարծեմ այլևս ասելիք չունեմ, հարեց մր․ Լիտտիմերը մի քանի վայրկյան լռելուց հետո։ Այժմ անգործ եմ և կցանկանայի մի պատվավոր պաշտոն գտնել։ Միս Դարտլը վրաս նայելով հարցրեց․ արդյոք չե՞մ կամենա մի բան հարցնել։ Ես հիշեցի մի հանգամանք ու ասացի․ ― Կուզենայի իմանալ այդ․․․ արարածից (ուժիցս վեր էր արտասանել մի ավելի մեղմ խոսք) ― արդյոք բռնե՞լ են այն նամակը, որ տանից էր գրված աղջկան, թե՞ կարծում է, որ նամակը նրան հասել է։ Սպասավորը լուռ կանգնած էր՝ աչքերը կախ ու աջ ձեռքի մատների ծայրը ձախ ձեռքի մատների ծայրին դեմ տված։ ― Թողություն կանեք, օրիորդ, ― ասաց սպասավորը, մտմտուքից սթափվելով, ― թեպետ ես մի սպասավոր եմ, և ձեզ հնազանդ սպասավոր, բայց ես էլ իմ դիրքն ունեմ։ Եթե մր․ Կոպպերֆիլդը կամենում է ինձնից մի բան իմանալ, կհամարձակվեմ մր․ Կոպպերֆիլդին հիշեցնել, թե կարող է անմիջապես ինձ հարցնել։ Ես տեր եմ իմ պատվին։ Ինքս ինձ հետ մի վայրկյան մաքառելուց հետո աչքերս նրան ուղղեցի և ասացի․ ― Դուք հարցումս լսեցիք։ Համարեցեք, թե նա ձեզ էր ուղղված։ Ի՞նչ պատասխան կտաք ինձ։ ― Սըր, ― ասաց նա, հիշյալ ծայրերը փոփոխակի բաժանելով ու միացնելով, ― իմ պատասխանը հանգամանքներին պատշաճ կլինի։ Մատնել մր․ Ջեյմսի ինձ հավատացած գաղտնիքը նրա մոր առջև և մատնել ձեր առջև ― երկու տարբեր բաներ են։ Հավանական չէ, ըստ իս, որ մր․ Ջեյմսը հաշտ աչքով նայելիս լիներ այդ գրգռիչ ու դառնացուցիչ նամակների ստացվելուն․ չէի կամենա սրանից ավելի բան ասել, սըր։ ― Ա՞յդ է բոլորը, ― հարցրեց ինձ միս Դարտլը։ Պատասխանեցի, թե էլ ասելու բան չունեմ։ ― Բացի այն, ― հարեցի ես, սպասավորի հեռանալը նկատելով, ― որ լավ եմ տեսնում այդ արբանյակի խաղացած դերն այս եղեռնական գործի մեջ։ Եվ, որովհետև մտադիր եմ ամբողջ եղելությունն այն ազնիվ մարդուն հայտնել, որ աղջկա մանկությունից ի վեր նրա հարազատ հոր տեղն է բռնել, խորհուրդ կտայի այդ հեռացողին հաճախ չերևալ փողոցներում։ Սպասավորը կանգ էր առել և հանգիստ ականջ էր դնում ասածներիս։ ― Շնորհակալ եմ, սըր։ Սակայն կներեք, եթե ասեմ, սըր, որ այս երկրում ոչ ստրուկներ կան, ոչ ստրուկ պահողներ, և ոչ մի մարդու թույլ չի տրված իր ձեռքով դատաստան տեսնել։ Եվ, եթե մեկն այդպես անի, ավելի իրեն կվնասի, քան ուրիշին։ Հետևաբար, սըր, ձեր սպառնալիքից վախենալու տեղիք չունեմ և ուր կամենամ, այնտեղ կերթամ։ Եվ քաղաքավարի կերպով գլուխ տալով ինձ, հետո միս Դարտլին, սպասավորը նույն ճանապարհով, որով եկել էր, հաճարուկի ցանկապատի հետևն անհետացավ։ Միս Դարտլն ու ես մի քանի վայրկյան մեկ֊մեկու լուռ մտիկ էինք անում․ նրա դեմքի արտահայտությունը նույնն էր, ինչ որ սպասավորին կանչելիս։ ― Այն էլ է ասում, ― նկատեց օրիորդը, շուրթերը թեթև սեղմելով, ― թե իր տերն այժմ Իսպանիայի ափերն է չափչփում և դեռ երկար պիտի թափառե ծովերի վրա։ Սակայն ձեր համար դա նշանակություն չունի։ Այդ երկու գոռոզ անձանց, այդ մոր ու որդու միջև բացված վիհն այժմ ավելի լայնացել է, քան առաջ, և դժվար թե շուտով ծածկվի, որովհետև երկուսն էլ մի բնույթի են, և ժամանակը ավելի է սաստկացնում յուրաքանչյուրի համառությունն ու խրոխտությունը։ Բայց սա էլ ձեզ համար հետաքրքիր չէ, այլ միայն ասելիքիս առաջաբանը։ Այն դևը, որ ձեր աչքում մի հրեշտակ է․․․ ուզում եմ ասել այն ստոր աղջիկը, որին Ջեյմսը ցեխից հանել էր (օրիորդը կրակոտ աչքով վրաս նայեց ու դողդոջ մատը բարձրացրեց)․․․ գուցե դեռ կենդանի է, չէ՞ որ այդ գորշ արարածները շուտ չեն մեռնում։ Եթե կենդանի է, դուք հարկավ հոգ կտանեք, որ այդ անգին գոհարը գտնվի ու պահպանվի։ Մենք էլ նույնը կցանկանանք, որպեսզի Ջեյմսն ազատվի երկրորդ անգամ նրա ճանկն ընկնելու վտանգից։ Այսքանում ձեր ու մեր շահերը հավասար են․ սա էր պատճառը, որ ես, ― թեպետև աշխարհիս երեսին ցավ չկա, որ չուզենայի այդ գարշելի աղջկան հասցնել, ― ձեզ կանչեցի, որպեսզի լսեք, ինչ որ լսեցիք։ Օրիորդի դեմքի փոփոխվելուց իմացա, որ մեկն իմ հետևից մոտենում է։ Դա մրս․ Ստիրֆորթն էր։ Նա իր աջն ավելի մեծ սառնությամբ ինձ մեկնեց, քան երբեմն, և ավելի հպարտ վսեմությամբ, բայց ես նկատեցի, որ նա դեռ չի մոռացել իմ նախկին մտերմությունն իր որդու հետ, և այդ ինձ շատ հուզեց։ Տիկինը սաստիկ փոխված էր․ նուրբ իրանը ճկված էր, գեղեցիկ դեմքը խորշոմած, մազերը գրեթե սպիտակած։ Այնուամենայնիվ նա դեռ սիրուն տիկին էր, և նրա պայծառ աչքերը դեռ պահպանել էին այն հպարտ հայացքը, որ նույնիսկ մանկական երազներիս մեջ լույսի նման փայլել էր։ ― Արդեն ամեն բան գիտի՞ մր․ Կոպպերֆիլդը, Ռոզա։ ― Այո։ ― Եվ նույնիսկ Լիտտիմերի՞ց։ ― Այո․ և ես իրեն հայտնեցի, թե ինչու էիր այդպես կամեցել։ ― Լավ աղջիկ եք։ Ես ուրեմն թղթակցում եմ, սըր, ձեր նախկին ընկերոջ հետ, ― ասաց լեդին ինձ դիմելով, ― սակայն նա դեռ այնքան չի մեղմացել, որ նորից իր որդիական պարտքը ճանաչի։ Ուստի այս բանում ես մի ուրիշ նպատակ չունեմ, բացի այն, որ Ռոզան ձեզ հայտնել է։ Եթե ձեր բերած պարկեշտ մարդու վշտերը ժամանակով ամոքվեն (ես նրան ափսոսում եմ, և սա արդեն հերիք է), և որդիս ընդմիշտ չար թշնամու որոգայթից ազատվի, շատ լավ է։ ― Տիկին, ― ասացի ես հարգանքով, ― հասկանում եմ։ Հավաստի եղեք, որ ես ամենևին մտադիր չեմ ձեր սրտի շարժառիթները թյուր մեկնել։ Սակայն այն զրկված ընտանիքը մանկությունից ճանաչելով, պարտավոր եմ ասել, նույնիսկ ձեզ, որ սաստիկ սխալվում եք, եթե կարծում եք, թե այն աղջիկը սառը նախատինք չի կրել, անգթաբար չի խաբվել և թե նա լավ չի համարի հազար անգամ մահ ընդունել, քան մի բաժակ ջուր ձեր որդուց։ ― Հերիք է, Ռոզա, բավական է, ― ասաց մրս․ Սրիրֆորթը, նկատելով, որ Ռոզան ուզում է մի բան ասել։ ― Փույթ չէ, թող այդպես լինի։ Լսել եմ, սըր, թե դուք արդեն ամուսնացել եք։ Պատասխանեցի, որ մի քանի ժամանակից ի վեր ամուսնացել եմ։ ― Եվ ձեր գործերը հաջո՞ղ են։ Ես աշխարհից այնքան հեռացել եմ, որ շատ բան չգիտեմ․ բայց և այնպես լսել եմ, որ արդեն սկսել եք հռչակ ստանալ։ ― Բարեբախտաբար, ― ասացի ես, ― տեսնում եմ, որ անունս փոքր֊ինչ գովում են։ ― Մայր չունե՞ք, ― հարցրեց նա փոքր֊ինչ ավելի մեղմ ձայնով։ ― Չունեմ։ ― Ափսո՜ս։ Նա կպարծենար ձեզ նման որդով։ Բարի գիշեր։ Ես նրա աջն առա, որ նա աննկուն հպարտությամբ մեկնել էր, և աջն այնպես հանգիստ էր, որ կասեիր թե խաղաղություն է թագավորում վիրավորված մոր սրտում։ Նրա գոռոզությունը ընդունակ էր նույնիսկ բազկերակի զարկը զսպել և երեսի վրա անդորության քող սփռել, որի տակից նա ուղիղ առաջ էր նայում՝ հեռո՜ւ, հեռո՜ւ։ Դարաթափից հեռանալիս չէի կարող չնկատել, թե ինչպես այդ երկու կանայք անշարժ նստած անքթիթ մտիկ են անում հորիզոնին, որ հետզհետե նրանց շուրջը մթնում էր։ Հեռավոր քաղաքում մի քանի տեղ լապտերները սկսել էին պլպլալ․ արևելյան երկնակամարի աղոտ լույսը դեռ չէր հանգել։ Իսկ մոտավոր հովտի խորքից թեթև մեգ էր բարձրանում, որ պատրաստ էր խավարում փռվող ծովի նման ալիքներով պատել այն երկու էակին։ Չեմ կարող այդ պատկերն առանց սոսկալու մտաբերել․ որովհետև, երբ երկրորդ անգամ ետ նայեցի, նրանց ոտքերի տակ մի փոթորկվող ծով էր գոյացել։ Լսածներս լավ կշռելուց հետո պետք համարեցի ամեն բան մր․ Պեգգոտիին հայտնել։ Հետևյալ օրը, երեկոյան դեմ, Լոնդոն գնացի նրան որոնելու։ Նա շարունակ թափառում էր իր թոռնիկին նորից գտնելու միակ փափագով, բայց ավելի հաճախ Լոնդոնումն էր պտույտ գալիս, քան ուրիշ տեղ։ Շատ անգամ տեսել էի նրան՝ փողոց֊փողոց անցնելիս գիշերային լռության մեջ, տարաժամ շրջող ստվերների թվում այն անձին փնտրելով, և ուզում, և վախենում էր գտնել։ Նա սենյակ էր վարձել մի կրպակի վերին հարկում։ Հընդզֆորդի շուկայի վրա, որի մասին արդեն առիթ եմ ունեցել մի երկու անգամ հիշելու, և որտեղից սկսել էր իր գթասեր թափառմունքը։ Ահա այնտեղ գնացի։ Հարձուփորձ անելիս տան բնակիչներից իմացա, թե նա դեռ դուրս չի եկել և կարելի է վերևի խցիկում գտնել նրան։ Նա նստած էր և բան էր կարդում պատուհանի մոտ, որի վրա մի քանի ծաղիկներ կային։ Սենյակը մաքուր ու կոկիկ էր։ Իսկույն տեսա, որ դա միշտ պատրաստ էր պահվում կորած աղջկան ընդունելու համար, և որ տերը ամեն անգամ այն հույսով է դուրս գալիս, թե գուցե կարելի կլինի նրան գտնել ու տուն բերել։ Նա դուռը թակելս չլսեց և միայն այն ժամանակ գլուխը բարձրացրեց, երբ ես ձեռքս իր ուսին դրի։ ― Մաստր Դեվի։ Շնորհակալ եմ, սըր, սրտանց շնորհակալ այս այցելության համար։ Նստեցեք։ Գալդ բարի, սըր։ ― Մր․ Պեգգոտի, ― ասացի ես, նրա առաջարկած աթոռի վրա նստելով, ― ինձանից շատ բան մի՛ սպասեք, բայց մի քանի լուր ունեմ։ ― Էմլիի՞ մասին։ Մարդը ցնցվելով իր ձեռքը բերանին դրեց ու սփրթնաց դեմքով ինձ նայեց։ ― Որտեղ գտնվելը չգիտեմ, բայց այլևս տղայի հետ չէ։ Նա նստած էր՝ աչքերը երեսիս հառած և պատմությանս ունկնդիր։ Չեմ մոռանա այն տպավորությունը, որ գործեց վրաս նրա պատկառելի, մինչև անգամ գեղեցիկ դեմքը, երբ համբերատար լրջությամբ աչքերը կախեց և ձեռքը ճակատին դնելով ներքև նայեց։ Ոչ մի անգամ խոսքս չընդհատեց, այլ մինչև վերջը լուռ մնաց։ Իմ ամբողջ պատմության մեջ կարծես միայն Էմլիին էր տեսնում և մյուս ամեն պատկերներն անտես թողնում, իբրև չնչին ստվերներ։ Երբ ավարտեցի, երեսը ծածկեց և շարունակեց լուռ մնալ։ Ես դեպի պատուհանը շուռ եկա, իբր թե ծաղիկները տեսնելու։ ― Ի՞նչ եք կարծում այդ մասին, մաստր Դեվի, ― հարցրեց նա վերջապես։ ― Թե նա դեռ կենդանի է, ― պատասխանեցի ես։ ― Չգիտեմ։ Առաջին հարվածը գուցե անչափ սաստիկ էր, և նա իր կրակոտ սրտով․․․ Զուր չէր սիրում կապույտ ծովի մասին խոսել։ Մի՞թե նրա համար էր ծովի մասին այնքան մտածում, որ իր գերեզմանը դրա մեջ գտներ։ Այս խոսքերը նա մի մտածկոտ եղանակով, զարհուրած ու մեղմ ձայնով ասաց․ հետո սկսեց սենյակում ման գալ։ ― Այնուամենայնիվ, մաստր Դեվի, ― հարեց նա, ― զգում եմ, որ դեռ կենդանի է։ Քնելիս ու զարթնելիս մի ինչ֊որ ձայն ինձ ասում է, թե անպատճառ կգտնեմ նրան։ Այս հույսն էր՝ նրան որոնելու դրդում ինձ․․․ այս հավատն էր ուժ տալիս ինձ․․․ Անկարելի է, որ խաբված լինեմ։ Ո՛չ, ո՛չ, Էմլիս կենդանի է։ Նա ուժգնությամբ իր ձեռքը սեղանին դրեց, և արևակեզ երեսը մի անդրդվելի հաստատակամություն արտահայտեց։ ― Այո, Էմլին կենդանի է, սըր, ― ասաց նա վստահորեն։ ― Չգիտեմ որտեղից և ինչպես, բայց ես լսում եմ, որ ապրում է։ Այդ խոսքերն ասելիս ալևորը մի հոգեշունչ մարդու նման էր։ Ես մի քանի վայրկյան սպասեցի, մինչև որ նա կարողանա անբաժան ուշադրությամբ ինձ լսել, և ապա նրան մի խորհուրդ տվի, որ վերջին գիշերն էր միտքս ընկել։ ― Շնորհակալ եմ, շատ շնորհակալ, ազնիվ սըր, ― ասաց նա երկու ձեռքով աջս սեղմելով։ ― Եթե նա Լոնդոն գա, ― ասացի ես, ― որ շատ հավանական է․․․ որովհետև որտե՞ղ կարող է ավելի հեշտ թաքնվել, քան այս ահագին քաղաքում․․․ և ուրիշ ի՞նչ բան կուզենա անել, եթե ոչ թաքնվել, եթե միայն որոշած լինի չվերադառնալ ձեր տունը․․․ ― Իմ տունը չի վերադառնա՜, ―խոսքս կտրեց ալևորը, գլուխը տրտում շարժելով։ ― Ուրիշ բան է, եթե իր կամքով թողած լիներ այն մարդուն․ այն ժամանակ կարելի է իմ տունը վերադառնար․ իսկ այսպես՝ ո՛չ երբեք, սըր։ ― Եթե Լոնդոն գա, ― շարունակեցի ես, ― այստեղ ես մի կին ունեմ նկատի, որ ավելի հեշտ կգտնի նրան, քան մի ուրիշ մարդ։ Արդյոք հիշո՞ւմ եք․․․ արիաբար ականջ դրեք ինձ․․․ ձեր սուրբ նպատակը մի՛ մոռանաք․․․ արդյոք Մարթային հիշո՞ւմ եք։ ― Մեր քաղաքի Մարթայի՞ն։ Պատասխանելու հարկ չկար․ բավական էր նրա դեմքին նայել։ ― Գիտե՞ք, որ այժմ նա Լոնդոնումն է։ ― Հանցիպել եմ նրան փողոցում, ― ասաց ծերունին սարսռելով։ ― Սակայն չգիտեք, ― շարունակեցի ես, ― որ Էմլին, դեռ փախչելուց առաջ, շատ լավություն է արել նրան Հեմի օգնությամբ։ Այն էլ չգիտեք, որ երբ մենք մի գիշեր փողոցում հանդիպեցինք ու երկար խոսակցում էինք պանդոկի մեջ, Մարթան մեզ դռան հետևից ականջ էր դնում։ ― Մաստր Դեվի, ― ասաց բարկամս ապշությամբ։ ― Ա՞յն գիշեր, երբ սաստիկ ձյուն էր գալիս։ ― Հենց այն գիշեր։ Ոչ մի անգամ այնուհետև չեմ տեսել նրան։ Մեր բաժանվելուց հետո ես նրա հետևից գնացի, բայց չգտա։ Չէի կամենում այն ժամանակ նրա մասին խոսել ձեզ հետ, ինչպես որ այս անգամ էլ չեմ կամենում․ բայց, կարծեմ, մեզ պետք է նրա հետ բանակցել։ Հասկանո՞ւմ եք։ ― Լիովին, սըր, ― պատասխանեց ալևորը։ Այս բոլորն իրար ասում էինք համարյա թե շշնջալով․ այդպես էլ շարունակեցինք։ ― Ասացիք, թե մի քանի անգամ պատհել եք նրան։ Արդյոք նրան գտնելու հնար ունե՞ք։ Ես կարող եմ միայն պատահմամբ տեսնել նրան։ ― Կարծեմ գիտեմ, մաստր Դեվի, թե որտեղ պետք է որոնել։ ― Արդեն մութն է։ Արդյոք հենց այս գիշեր փնտրելու չելնե՞նք։ Բարեկամս հոժարություն հայտնեց ու սկսեց պատրաստվել։ Ես տեսա, սակայն առանց ցույց տալու, թե իր արածը դիտում եմ, թե նա ինչ խնամքով իր փոքրիկ սենյակը հավաքեց, սեղանի վրա ճրագ դրեց, հետն էլ լուցկիներ, անկողինը սարքեց, վերջապես պահարանից մի զգեստ հանեց (կարծեմ մի ժամանակ տեսել էի Էմլիի վրա), որ մի քանի ուրիշ կտորների հետ լավ ծալված էր, հետո մի գլխարկ, և այդ բոլորը մի աթոռի վրա դարսեց։ Նա ոչ մի ակնարկություն չարեց դրանց մասին․ ես էլ չարի։ Տարակույս չկա, որ դրանք շատ ու շատ գիշերներ էին անցկացրել Էմլիին սպասելով։ ― Կար ժամանակ, մաստր Դեվի, ― ասաց բարեկամս սանդուղքից ինձ հետ իջնելիս, ― երբ ես Էմլիիս ոտքերի փոշուց ստոր էի համարում այդ աղջկան, այդ Մարթային։ Թող աստված ինձ ների․ այժմ բանն ուրիշ է։ Ճանապարհին՝ մեկ ծերունուն խոսեցնելու, մեկ էլ հետաքրքրությունս հագեցնելու համար, Հեմի մասին հարցրի նրան։ Գրեթե առաջվա խոսքերով պատասխանեց, թե Հեմը միշտ միևնույն է, «սաստիկ աշխատանքով իրեն մաշում է՝ առանց իր կյանքը բանի տեղ դնելու, բայց երբեք չի տրտնջում և ամենքից սիրված է»։ Հարցրի, թե արդյոք գիտի՞ Հեմի ներքին դիտավորությունը իրենց թշվառության հեղինակի վերաբերմամբ։ Արդյոք այդ դիտավորությունը վտանգավեր չէ՞։ Ի՞նչ կաներ Հեմը, եթե, օրինակի համար, հանկարծ Ստիրֆորթին հանդիպեր։ ― Չգիտեմ, սըր, ― պատասխանեց մր․ Պեգգոտին։ ― Ես ինքս այդ մասին շատ եմ մտածել, բայց դարձյալ ոչինչ չգիտեմ։ Հիշեցրի նրան Էմլիի փախստյան հաջորդ առավոտը, երբ երեքս միասին ծովափին էինք հավաքվել։ ― Մտաբերո՞ւմ եք, ― ասացի, ― թե ինչպիսի վայրագ աչքերով ծովին նայեց ու ասաց․ «Ամեն բանի վերջն այնտեղ է»։ ― Ինչպես չէ։ ― Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ էր ուզում ասել Հեմը։ ― Մաստր Դեվի, ― ասաց ալևորը, ― ես ինքս հազար անգամ հարցրել եմ ինձ, բայց պատասխան չեմ գտել։ Զարմանալի բան․․․ նա շատ բարի տղա է, բայց էլի ես չեմ համարձակվի այդ մասին բան հարցնել նրան։ Նա ինձ երբեք մի անպատկառ խոսք չի ասի․ բայց նրա միտքը այս ջրի նման չի, մի խոր ծովի նման է։ Ո՞վ գիտե, ինչ կա նրա հատակում։ ― Իրավ եք ասում, ― նկատեցի ես, ― և դա է, որ երբեմն ինձ վախեցնում է։ ― Ինձ էլ, մաստր Դեվի, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Չգիտեմ ի՞նչ բռնի միջոցների կդիմի, բայց հուսով եմ, որ այդ երկուսը երբեք իրար չեն հանդիպի։ Տեմպլ Բարից անցնելով Սիտի մտանք։ Ծերունին դադարեց խոսել։ Նա զբաղված էր իր կյանքի միակ նպատակով, և իր մտքերը այն աստիճան մի կետի վրա էին ամփոփված, որ նույնիսկ մարդաշատ բազմության մեջ մենավոր էր երևում։ Հանկարծ Բլեքֆրայերսի կամուրջի մոտ նա շուռ եկավ ու ցույց տվեց մի կնոջ, որ մենակ անցնում էր փողոցի մյուս կողմով։ Ես իսկույն ճանաչեցի Մարթային։ Մենք փողոցի այն կողմն անցանք ու մինչ շտապում էինք հասնել նրան, միտս ընկավ, որ նա գուցե ավելի շուտ կուզենար կորած աղջկա վիճակին մի կանացի կարեկցություն հայտնել, եթե մենք իր հետ խոսեինք մի հանգիստ տեղում, ուր ոչ ոք մեզ չնկատեր, քան թե խառն բազմության մեջ։ Այս պատճառով խորհուրդ տվի ընկերոջս՝ այժմ նրան չմոտենալ, այլ միայն հետևել․ միևնույն ժամանակ մի անորոշ փափագ էի զգում, իմանալու, թե Մարթան արդյոք ո՞ւր կերթա։ Մր․ Պեգգոտին խորհուրդս ընդունեց, և մենք աղջկա հետևից գնացինք, առանց աչքաթող անելու նրան, բայց և առանց շատ մոտենալու, որովհետև նա շարունակ դեսուդեն էր մտիկ անում։ Մի անգամ կանգ առավ երաժիշտների խմբին լսելու․ մենք էլ կանգ առանք։ Նա շատ հեռու գնաց․ մենք էլ գնացինք։ Քայլելու եղանակին նայելով երևում էր, որ մի որոշ նպատակի է դիմում։ Մեկ այդ հանգամանքը և երկրորդը այն, որ նա աշխատում էր մարդաշատ փողոցներով անցնել, և, վերջապես, այս խորհրդավոր հետամտության ուրույն ու դյութիչ հրապույրը դրդում էին ինձ մինչև վերջ հետևել նրան։ Ահա նա մի տխուր ու մռայլ փողոց մտավ, ուր ոչ բազմություն կար, ոչ աղմուկ։ ― Այժմ կարող ենք խոսել նրա հետ, ― ասացի ես։ Եվ փութացնելով քայլերը՝ շուտ֊շուտ գնացինք հետևից։