Changes
/* Ը․ գլուխ */
Ես սկսեցի ամեն առավոտ ձեռքերիս վրա սանդուղքից ներքև իջեցնել նրան և երեկոները վերև տանել։ Նա փարվում էր վզիս ու ծիծաղում, հենց իմանաս խաղալու համար եմ այդպես անում։ Ջիպը հաչելով ոստոստում էր մեր շուրջը, առաջ ընկնում ու հևալով ետ նայում։ Տատս, որ աշխարհիս ամենալավ, ամենազվարթ հիվանդապահն էր, անթիվ բարձեր ու շալեր էր բերում մեր հետևից։ Մր․ Դիկը ոչ ոքի չէր զիջում մոմը ձեռքին մեր ճանապարհը լուսավորելու պաշտոնը։ Տրեդլսը հաճախ սպասում էր մեզ սանդուղքի ներքևում և Դորայից ուրախ լուրեր ընդունում՝ իր աննման նշանածին հասցնելու։ Մենք մի զվարթ թափոր էինք կազմում, և ամենից զվարթը իմ երեխա֊կինն էր։
Բայց երբեմն, երբ նրան գրկելիս տեսնում էի, որ բեռս թեթևացել է, մի զարհուրելի բան էի զգում․ ասես թե մի սառցային, դեռ չտեսնված աշխարհի էի մոտենում, ուր ամեն կյանք դադարում է։ Դեռ չէի վստահանում այդ զգացման անունը տալ, խորշում էի նրան ճանաչելուց։ Բայց մի գիշեր այդ զգացումը սկսեց սաստիկ ճնշել ինձ, և երբ տատս «Բարի գիշեր, Փոքրիկ Ծաղիկ» գոչելով կնոջս, հեռացավ, ես սեղանիս առջև նստեցի ու լաց եղա։ Օ՜հ, օրհասական ահեղ անուն։ Մի՞թե ինձ վիճակված է Փոքրիկ Ծաղկիս իր ոստի վրա թառամելը տեսնել։ ==Թ․ գլուխ== Մի խորհրդավոր գաղտնիքով պաշարված եմ Մի առավոտ Դոկտորների Համայնքում իմ հասցեին ուղղված մի նամակ ստացա Կենտըրբրիից և ապշությամբ հետևյալը կարդացի․ «Սիրելի սըր․ Կամքիցս անկախ հանգամանքները բավական ժամանակից ի վեր խզել են այն մտերմությունը, որ միշտ սրտիս լարերին քաղցր շարժում էր ազդել․ բայց ասյօր անգամ, նույնիսկ բազմազբաղ պաշտոնիս մեջ, երբ հազիվ եմ մի ազատ վայրկյան գտնում անցյալի տեսարաններն ու դեպքերը մտաբերելու, ― որոնք այժմ հիշողության տեսակ֊տեսակ գույներով են ներկված, ― շարժումը նորոգվում է, հավիտյան էլ պիտի նորոգվի ամենաջերմ բաբախումով։ Այժմ, երբ ձեր հոյակապ տաղանդի շնորհիվ արդեն փառքի գերագույն գագաթին եք հասել, դժվար է ինձ առաջվա մտերմությամբ նախկին ընկերոջս դիմել և նրան պարզ՝ Կոպպերֆիլդ անվանել։ Սակայն բավական է ասել, որ այդ անունը միշտ անմոռաց կմնա և որպես մի անգին գանձ սիրով կպահվի մեր տան դիվանում (այսինքն՝ մրս․ Միկաբրի այն մատյանում, ուր մեր հին վարձաբնակների հիշատակն արձանագրված է)։ Վայել չէ ինձ նման մարդուն, ― որ, անձնական սխալների ու չարագետ դեպքերի հանկարծական բերումով, եթե կարելի է այսպես ասել, մի խորտակված նավի դրության մեջ է, վայել չէ կոմպլիմենտներ և կամ թե շնորհավորանք ուղղել ձեզ։ Թող այդ անեն ավելի ճարտար, ավելի մաքուր ձեռքերը։ Եթե կարևոր զբաղմունքները թույլ տան ձեզ աչքի անցկացնել (որ հուսալ անգամ դժվար է) իմ այս թշվառ գրությունը, անշուշտ կհարցնեք, թե նամակիս շարժառիթն արդյոք ի՞նչ է։ Թույլ տվեք ասեմ, որ այդ հարցումը շատ հիմնավոր կլինի, ուստի և սկզբից կփութամ հայտնել, թե նամակս ոչ մի դրամական միտում չունի։ Առանց ուղղակի ակնարկելու իմ այն թաքուն զորության վրա, որով կարող էի վրեժխնդրության շանթեր նետել ու բարկաճայթ կրակներ թափել ում գլխին և կամենաք, հարևանցի միայն կասեմ, որ կյանքիս ժպտուն ու զվարթ հույսերը փշրվել են․․․ հոգուս հանգիստը կորել է․․․ զվարճանալու, զվարճացնելու փայլուն ձիրքս չքացել է․․․ սիրտս ջախջախվել է․․․ և այսուհետև ես ընկերներիս երեսին համարձակ նայել չեմ կարող։ Փտությունը բույն է դրել ծաղկի մեջ։ Դառնության բաժակը լցվել է։ Որդն արդեն կրծում է և շուտով իսպառ կուտի իր զոհին։ Եվ որքան շուտ, այնքան լավ։ Սակայն ինչո՞ւ եմ շեղվում բուն նյութից։ Տագնապը այն աստիճան սրտիս վրա տիրացել է, որ նույնիսկ մրս․ Միկաբրի եռակի ազդեցությունը ― իբրև կին, իբրև ամուսին, իբրև մայր ― չի կարող այլևս իմ ցավերը ամոքել։ Այս պատճառով մտադիր եմ ինքս ինձնից փոքր֊ինչ փախչել, և գոնե մի երկու օր, երկու գիշեր մայրաքաղաքի այն վայրերում անցկացնել, որոնք մի ժամանակ իմ զվարճության տեղերն էին։ Այդ ընտանեկան հանգստության օթևաններից, ուր երբեմն ինձ վիճակված էր խաղաղություն ճաշակել, հարկավ մեկն էր և Արքունի Բանտը, որին նմանապես մի այցելություն պիտի նվիրեմ։ Ներկա նամակիս նպատակին հասած կլինեմ, եթե ձեզ հայտնեմ, որ քաղաքային հանցավորներին պատսպարող այդ շենքի հարավային որմի մոտ վաղը չէ մյուս օրը, ճիշտ երեկոյան ժամը յոթին ( Deo volente) ես անձամբ կգտնվեմ։ Վստահություն չունեմ խնդրելու, որ իմ նախկին բարեկամ մր․ Կոպպերֆիլդն ու հին բարեկամ Տոմաս Տրեդլսը, եթե այդ ջենտլմենը դեռ ողջ է, բարեհաճեն ինձ տեսնել և մեր անցյալ հարաբերությունները նորոգել (ըստ կարելվույն)։ Բավականանում եմ միայն ասելով, որ ժամադրված վայրում անշուշտ կգտնվի այն փլած բերդի ավերակը, որպիսին եմ և կամ Ուիլկինս Միկաբր։ Հ․ Գ․ Թերևս ավելորդ լինի հարել, որ մրս․ Միկաբրն իմ վերոդրյալ դիտավորությանը անտեղյակ է»։ Մի քանի անգամ այդ նամակը կարդացի։ Նկատի առնելով մինչև անգամ մր․ Միկաբրի փքուն ոճն և ամեն՝ կարելի թե անկարելի դիպվածների առթիվ ձիգ նամակներ շարադրելու անսպառելի ախորժակը, չէի կարող չենթադրել, որ այդ մանվածապատ գրության խորքում մի կարևոր բան է թաքնված։ Այդ գաղտնիքի մասին մտածելով նամակը սեղանի վրա դրի, հետո կրկին վերցրի՝ երկրորդ անգամ կարդալու, և դեռ կարդում էի, տարակուսանքի ծփանքի մեջ ընկղմված, երբ Տրեդլսը ներս մտավ։ ― Սիրելի ընկեր, ― ասացի ես, ― երբեք այսպես չէի փափագել քեզ տեսնել։ Այս րոպեիս շատ կարոտ եմ առողջադատ խորհրդիդ։ Ահա տես, Տրեդլս, մի շատ նշանավոր նամակ եմ ստացել մր․ Միկաբրից։ ― Մի՞թե, ― գոչեց Տրեդլսը։ ― Այ քեզ բա՜ն։ Իսկ ես մրս․ Միկաբրից եմ նամակ ստացել։ Այդ ասելուն պես Տրեդլսը գրպանից նամակը հանեց ու ինձ տվեց․ ես էլ իմը նրան տվի։ Շտապ֊շտապ գալուց նա կարմրել էր ու գլխի մազերը ցցվել էին, հենց իմանաս մի ուրվական տեսած լիներ։ Ուշի֊ուշով մր․ Միկաբրի գրությունը կարդալիս նա մերթ հոնքերը կիտում էր, մերթ բարձրացնում։ Վերջապես աղաղակեց․ ― «Վրեժխնդրության շանթեր նետել ու բարկաճայթ կրակներ թափել»։ Օ՛հ, օ՛հ, օ՛հ, այս ի՞նչ բան է, Կոպպերֆիլդ։ Ես մրս․ Միկաբրի նամակի մեջ խորասուզվեցի։ Նա գրում էր․ «Խորին հարգանքս մր․ Թոմաս Տրեդլսին։ Եթե նա չի մոռացել այն անձին, որ մի ժամանակ նրա մտերմությունը վայելեու բախտ ուներ, կհամարձակվեմ խնդրել նրան, որ ինձ մի քանի ազատ վայրկյան նվիրի։ Հավատացնում եմ մր․ Թ․ Տ․֊ին, որ այս խնդրով չեի նեղացնի նրան, եթե արդեն հասած չլինեի խելագարության սահմանակից վիճակին։ Ցավելով եմ ասում, որ մր․ Տրեդլսին դիմելուս և նրա օգնությունը խնդրելուս բուն պատճառը մր․ Միկաբրի օտարանալն է իր կնոջից ու զավակներից, ― մր․ Միկաբրի, որ երբեմն այնքան ընտանեսեր էր։ Մր․ Տ․ Երևակայել անգամ կդժվարանա մր․ Միկաբրի բնավորության մեջ առաջ եկած փոփոխությունը, նրա վայրենությունը, նրա բռնությունը։ Այս բոլորը հետզհետե սաստկանալով մի մտավոր մոլորության ձև է ստացել։ Թող մր․ Տրեդլսը հավատա ինձ․ մի օր անգամ չի անցնում, որ մի պարոքսիզմ չպատահի։ Մր․ Տրեդլսը հարկավ չի պահանջի, որ նկարագրեմ, թե ինչ վիշտ եմ զգում ամեն օր, երբ նույնիսկ մր․ Միկաբրից լսում եմ, թե նա իր հոգին Ս֊ին (սատանային) է ծախել։ Անսահման մտերմությանը՝ վաղուց արդեն մի խորհրդավոր ծածկամտություն ու գաղտնապահություն է հաջորդել։ Ամենաչնչին հարցումս անգամ, օրինակ՝ թե ի՞նչ կցանկանար, որ ճաշի համար պատրաստեմ, նրան գրգռում է և ասել տալիս, թե կցանկանար բաժանվել։ Դեռ անցյալ երեկո, երբ երկվորյակներս նրանից երկու պեննի խնդրեցին՝ շաքարած նուշ գնելու համար (այստեղ սիրված անուշեղեն), նա մի ահագին դանակ ցույց տվեց նրանց։ Աղաչում եմ մր․ Տրեդլսին վեհանձնաբար ներել ինձ այս մանր բաները պատմելուս համար։ Եթե չպատմեի, մր․ Տ֊ն սոսկալի դրության մասին մի թեթև գաղափար անգամ չէր կազմի։ Արդ՝ արդյոք կարո՞ղ եմ այս նամակիս նպատակը մր․ Տ․֊ին հայտնել։ Արդյոք նա թույլ կտա՞ ինձ իր մտերմական կարեկցությանն ապավինել։ Օ՜հ, անշուշտ․ չէ՞ որ ես նրա սիրտը ճանաչում եմ։ Սիրող կնոջ արթուն աչքը սրատես է, և դժվար է նրան խաբել։ Մր․ Միկաբրը որոշել է Լոնդոն գնալ։ Այս առավոտ, նախաճաշից առաջ, նա մի հասցե գրեց՝ այն փոքրիկ պայուսակին կպցնելու համար, որ շատ երջանիկ օրեր է տեսել։ Թեև թերթիկը գրելիս ձեռքով ծածկում էր, բայց ամուսնական անձկության արծվի աչքը կարողացավ դոն վերջավանկը պարզ կարդալ։ Նրա դիլիժանսը կանգնելու է Ուեստ Էնդում, «Ոսկե Խաչ» պանդոկի առջև։ Կարո՞ղ եմ արդյոք թախանձել մր․ Տ․֊ին, որ նա մր․ Միկաբրի ու նրա հուսահատ գերդաստանի միջև մի հաշտություն հաստատելու փորձ անի։ Օ՜հ, ո՛չ․ այս խնդիրն արդեն ճափազանց հանդուգն կլիներ։ Եթե փառազարդ մր․ Կոպպերֆիլդը դեռ հիշում է ինձ նման անշուք էակին, մր․ Տ․֊ն հարկավ կուզենա հայտնել նրան իմ անհատական հարգանքը և միևնույն խնդիրքը։ Համենայն դեպքս, թող նա հաճի սույն գրությունը ծածուկ պահել և սրա մասին ոչ մի, նույնիսկ թեթև ակնարկ չանել մր․ Միկաբրի ներկայությամբ։ Եթե մր․ Տ․֊ն կամենա պատասխանել գրությանս (անչափ համարձակ ենթադրություն), ― «Մ․ Է․Կենտըրբրի, Poste restante» հասցե կրող մի նամակ այնքան դառն հետևանքներ չի ունենա, որքան կունենար մի ուրիշ նամակ, որ շիտակ ուղղված լիներ այն անձին, որն իր ծանրագույն թշվառության մեջ պատիվ ունի ստորագրելու Մր․ Թոմաս Տրեդլսի խոնարհ բարեկամ և աղերսող Էմմա Միկաբր»։ ― Ի՞նչ կասես, ― հարցրեց Տրեդլսը, աչքերը վրաս ուղղելով, երբ արդեն երկու անգամ կարդացել էի մրս․ Միկաբրի նամակը։ ― Իսկ դու ի՞նչ կասես մյուսի մասին, ― ասացի ես, տեսնելով որ նա դարձյալ կիտած հոնքերով այդ նամակը սկսեց կարդալ։ ― Կարծում եմ, Կոպպերֆիլդ, ― ասաց Տրեդլսը, ― որ մր․ ու մրս․ Միկաբրի բոլոր մյուս նամակներից շատ ավելի իմաստ ունեն այս երկու գրությունները, ― բայց ես անկարող եմ այդ իմաստն ըմբռնել։ Պարզ է, որ երկուսն էլ անկեղծ սրտով են գրված՝ առանց հեղինակների կանխահոժար համաձայնության։ Խե՜ղճ արարած, ― գոչեց Տրեդլսը, նայելով մրս․ Միկաբրի նամակին, որ այժմ համեմատում էինք մյուսի հետ, ― արդեն լոկ մարդասիրությունը մեզ հարկադրում է գրել նրան, թե անպատճառ մր․ Միկաբրին կտեսնենք։ Ես լիակատար հոժարություն հայտնեցի, մանավանդ որ տիկնոջ առաջին նամակի հետ փոքր֊ինչ թեթև վարվելուս համար արդեն սկսել էի զղջալ։ Այդ նամակի մասին, ինչպես որ արդեն ասել եմ, շատ էի մտածել, սակայն իմ անձնական գործերով զբաղված լինելով, ընտանիքի բնավորությունը ճանաչելով և այնուհետև ոչ մի նոր լուր չստանալու պատճառով քիչ֊քիչ մոռացել էի նրան։ Հաճախ էի մտածել Միկաբրների մասին, բայց միայն ինքս ինձ հարցնելու համար, թե արդյոք ի՞նչ «Դրամական հանձնարարություններ» հաստատած կլինեն Կենտըրբրիում և ինչո՞ւ մր․ Միկաբրն Ուրիաս Հիպի գործակալը դառնալուց հետո սկսել էր խորշել ինձնից։ Ես գրեցի մրս․ Միկաբրին պատասխան իմ ու Տրեդլսի կողմից, որ և միասին ստորագրեցինք։ Այնուհետև դուրս ելանք՝ նամակը փոստ տանելու և մի երկար խոսակցություն ունեցանք, հազար ու մի ենթադրություն անելով, որ սակայն այստեղ կրկնել ավելորդ է։ Ճաշից հետո տատիս էլ մեր միտքը հայտնեցինք և այս բոլորի հետևանքն այն եղավ, որ անհրաժեշտ գտանք ժամադրված տեղում տեսնել մր․ Միկաբրին։ Եվ թեպետ մենք սահմանված ժամանակից մի քառորդ ժամ առաջ բանտի հարավային պարսպին հասանք, մր․ Միկաբրը արդեն այնտեղ էր։ Ձեռքերը խաչաձև կրծքին դրած՝ նա մի այնպիսի գորովանքով էր մտիկ անում պարսպի սուր ժանիքներին, որ ասես թե դրանք այն ծառերի ստվերաշատ ճյուղերը լինեին, որոնք նրան հովանի էին եղել իր մանկության ժամանակ։ Երբ որ նրան ողջույն տվինք, նա փոքր֊ինչ շփոթվեց․ նախկին օրերի անբռնազբոսիկ վայելչությունը էլ չուներ։ Պաշտոնական սև զգեստից հրաժարվել էր և հին վերարկու ու նեղ տաբատ հագել, բայց ոչ առաջվա շքեղությամբ։ Խոսակցության միջոցին նա հետզհետե իր սովորական ձևերն ընդունեց, սակայն իր ակնոցն անգամ հին օրերի թեթևությամբ չէր շարժվում և նույնիսկ շապկի օձիքները, չնայելով նախկին մեծության, այլևս տնկված չէին, գրեթե անփույթ կախ էին ընկել։ ― Ջենտլմեններ, ― ասաց մր․ Միկաբրն առաջին բարևներից հետո, ― դուք հարազատ բարեկամներ եք։ Նեղության ժամին օգնության հասնող բարեկամներ։ Թույլ տվեք արդի մր․ Կոպպերֆիլդի և ապառնի մրս․ Տրեդլսի ֆիզիկական առողջությունը հարցնեմ․․․ րնթադրելով, թե իմ բարեկամ Տրեդլսը դեռ իր ջերմ սիրո առարկայի հետ չի միացել՝ ամուսնության չարն ու բարին նրա հետ միասին կրելու համար։ Սրտանց շնորհակալություն հայտնեցինք նրա քաղաքավարի ուշադրության համար։ Այնուհետև նա մատնացույց արեց պարսպի վրա ու շարունակեց․ ― Հավաստի եղեք, ջենտլմեններ․․․ Բայց ես նրան կանգնեցրի, որ այդպիսի հանդիսավոր եղանակով չդիմի մեզ, այլ առաջվա պարզ ձևով։ ― Սիրելիդ իմ Կոպպերֆիլդ, ― գոչեց նա և աջս սեղմեց։ ― Խոնրահվում եմ ձեր սրտագին բարեկամության առջև։ Այդ վեհանձն վարմունքը մի խորտակված տաճարի բեկորի հետ, որի անունը երբեմն Մարդ էր․․․ եթե ներելի է այսպես ասել․․․ բացահայտ ապացույց է ձեր սրտի ազնվության, որ մարդկային բնության պարծանքն է։ Մտադիր էի ասել, թե ահա վերստին աչքիս առջև է այն անդորրավետ ապաստանը, ուր երբեմն անցել են կյանքիս գերերջանիկ ժամերից մի քանիսը։ ― Գերերջանիկ՝ անտարակույս շնորհիվ մրս․ Միկաբրի, ― ասացի ես։ ― Ինչպե՞ս է նրա առողջությունը։ ― Շնորհակալ եմ․․․ վատ չէ, ― ասաց մր․ Միկաբրը փոքր֊ինչ խոժոռած դեմքով։ ― Վատ չէ․․․ և ահա Բանտը, ― շարունակեց նա՝ գլուխը կոր ու տրտում, ― այն օթևանը, ուր երկար փոթորկալի տարիներից հետո առաջին անգամ լռեցին դրամական պահանջ հայտնող անտանելի ձայները, որոնք ամեն առավոտ շեմքիս առջև հնչելով՝ մինչև անգամ տանից դուրս գալ չէին թույլ տալիս, ուր դռան վրա մինչև անգամ հնչակ չկար, որ պարտապանը հնչեցներ, ուր պարտապանի սպառնական բռունցքներից ազատվում էի և անգութ բանտարկողները ստիպում էին վանդակապատի դրսի կողմը կանգնած մնալ։ Ջենտլմեններ, ― ասաց մր․ Միկաբրը, ― երբ այս աղյուսաշեն շրջապատի գագաթից երկաթե ձողերն ստվեր էին գցում հրապարակի ավազին, ես տեսնում էի, թե ինչպես զավակներս վազվզում էին մայթի վրա նկարվող մանվածո նախշերի ուղղությամբ և ցատկում մութ֊մութ շերտերի վրայից։ Այստեղ քար չկա, որի հետ ես ծանոթ չլինեմ, և դուք հարկավ չեք նեղանա, որ հուզվում եմ այդ ամենը հիշելիս։ ― Այն ժամանակից ի վեր բոլորս էլ այս աշխարհում ցավեր կրեցինք, մր․ Միկաբր, ― ասացի ես։ ― Մր․ Կոպպերֆիլդ, ― նկատեց դառնությամբ մր․ Միկաբրը, ― քանի որ ես այս ապաստանի բնակիչ էի, համարձակ կարող եմ մերձավորիս երեսին նայել ու նրա գլուխը ջարդել, եթե հանդգներ վիրավորել ինձ։ Այսպիսի համարձակ հարաբերություն այլևս չկա մերձավորիս ու իմ միջև։ Մր․ Միկաբրը բանտի պարսպից կորագլուխ հեռացավ և մի կողմից Տրեդլսի թևին հենվելով, մյուս կողմից իմ, առաջ գնաց։ ― Գերեզման տանող ճամփու վրա կան ուղեցույց նշաններ կամ կապարներ, ― ասաց մր․ Միկաբրը և գորովանքով ետ նայեց, ― որոնց մոտով մարդ կուզենար երբեք չանցնել, եթե այդ ցանկությունը մի անբարշտություն չլիներ։ Արկածալից կյանքիս մեջ պարտապանների բանտը մի այդպիսի նշան է կամ կապար։ ― Այսօր շատ հոռետես եք, մր․ Միկաբր, ― ասաց Տրեդլսը։ ― Այո՛, սըր, հոռետես, ― հաստատեց մր․ Միկաբրը։ ― Կցանկանամ հուսալ, որ դրա պատճառն իրավաբանությունից զզվելը չէ, ― նկատեց Տրեդլսը։ ― Հո գիտեք, որ ես էլ իրավաբան եմ։ Մր․ Միկաբրը ոչ մի խոսք չարտասանեց։ ― Ինչպե՞ս է ձեր բարեկամ Ոիրիաս Հիպը, մր․ Միկաբր, ― հարցրի ես մի կարճատև լռությունից հետո։ ― Սիրելի Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Միկաբրը, հանկարծ զայրույթից սփրթնելով, ― եթե իմ գործատերին ձեր բարեկամն եք համարում՝ շատ ափսոսում եմ․ իսկ եթե իմ բարեկամը, ես միայն սարդոնյան ծիծաղով կպատասխանեմ։ Ինչ մտքով էլ նրա մասին հարցնելու լինեք, ուրիշ պատասխան չպիտի տամ․․․ խնդրեմ ներեցեք․․․ բայց միայն այս ― ինչպես էլ լինի նրա առողջությունը, բայց դեմքն աղվեսի է, իսկ սիրտը՝ սատանայի։ Թույլ կտաք, որ ես իբրև մի սոսկ անհատ, երկար չխոսեմ այս նյութի մասին, որ պաշտոնական գործունեությանս միջոցին հուսահատության անդունդին է հասցրել ինձ։ Զղջանք հայտնեցի անգիտակցաբար այդպիսի նյութ շոշափելու համար, որ նրան ակներև գրգռում էր, և ասացի․ ― Կարո՞ղ եմ գոնե հարցնել, թե ինչպե՞ս է իմ հին բարեկամների՝ մր․ Ուիկֆիլդի ու նրա դստեր որպիսությունը։ ― Միս Ուիկֆիլդը, ― ասաց մր․ Միկաբրը, այս անգամ շիկնելով, ― ամեն կանացի առաքինությունների մի պայծառ օրինակ էր, է և կլինի։ Սիրելի Կոպպերֆիլդ, նա է կյանքիս խավար հորիզոնի միակ լուսատու փայլուն աստղը։ Սրտանց հարգում եմ այդ նորատի օրիորդին, հիանում եմ նրա առաքինի բնավորությամբ, հավատարիմ անձնվիրությմաբ դեպի իր հայրը, նրա անսահման բարությամբ, քնքշությամբ․․․ հեռացրեք ինձ մի ուրիշ տեղ, ― գոչեց մր․ Միկաբրը, ― որովհետև պատիվս վկա է, էլ չեմ կարող ինքս ինձ տիրապետել։ Քաշեցինք նրան մի անձուկ փողոց․ այնտեղ նա թաշկինակը հանեց ու մեջքը մի պատի դեմ տվեց։ Եթե ես էլ այնքան լուրջ էի մր․ Միկաբրին նայելիս, որքան Տրեդլսը, չեմ կարծում, որ մեր ընկերությունը շատ քաջալերիչ երևար նրան։ ― Ճակատագիրս է, ― ասաց նա, իրոք լաց լինելով, բայց և աշխատելով իր նախկին վայելչության գեթ մի մասը պահպանել, ― ճակատագրիս գիրն է, ջենտլմեններ, որ ինձ համար մարդկային բնության ամենանուրբ զգացումներն անվերջ տանջանքի աղբյուր են դառնում։ Միս Ուիկֆիլդին ընծայած մեծարանքս նետի նման սիրտս խոցեց։ Լավ կանեք, որ ինձ թողնեք մի շրջմոլիկի պես մենակ թափառել երկրիս երեսին․ ինձ ուտող որդի գործը կրկնապատիկ կհեշտանար։ Առանց պատասխանելու այդ խնդրին, լուռ կանգնած էինք։ Մր․ Միկաբրը թաշկինակը գրպանը դրեց, շապկի օձիքը շտկեց, գլխարկը մի կողմ թեքեց և իր արտասուքն անցորդներից թաքցնելու համար մի զվարթ երգ շվշվացրեց։ Այն ժամանակ ես նրան ասացի (առանց իսկապես գիտենալու, թե ի՞նչ կորուստ կունենայինք, եթե նրան մենակ թողնեինք), թե շատ կցանկանամ նրան տատիս ներկայացնել, եթե նա հաճի Հայգեթ գալ, ուր միշտ կգտնվի մի ավելորդ անկողին։ Դուք մեզ համար մի բաժակ պունչ կպատրաստեք, մր․ Միկաբր, ― ասացի ես, ― և անցյալի զվարթ ժամերը հիշելով՝ ձեր սրտի ներկա վիշտը կփարատենք։ ― Կամ եթե կարծում եք, մր․ Միկաբր, թե ավելի շուտ թեթևություն կզգաք այդ վիշտը ձեր բարեկամներին հայտնելով, մենք պատրաստ ենք լսել ձեզ, ― նկատեց Տրեդլսը խոհեմաբար։ ― Ջենթլմեններ, ― գոչեց մր․ Միկաբրը, ― ինչ կամենաք արեք ինձ հետ։ Ես մի շյուղ եմ օվկիանոսի երեսին՝ ահեղագոչ փորոտիքներից հալածված․․․ ներեցեք․․․ ուզում էի ասել փոթորիկներից։ Նորից թև֊թևի տված առաջ գնացինք, հենց դիլիժանսի մեկնելու րոպեին նստեցինք և առանց արկածի հասանք Հայգեթ։ Ճանապարհին ես շատ անհանգիստ էի․ չէի իմանում, թե ինչ ասեմ կամ անեմ․ կարծեմ Տրեդլսն էլ այդպես էր։ Մր․ Միկաբրը շատ տխուր էր․ միայն մերթ֊մերթ աշխատում էր հագուստը դրստել և իր երգի մի մասնիկը մրմնջալ․ սակայն, չնայելով շատ ծուռ դրված գլխարկին ու մինչև աչքերը վերև քաշված օձիքներին, որոնք նրան կարծես ծաղրում էին, նրա տխրությունը ավելի ազդեցիկ էր երևում։ Դորայի տկարության պատճառով մենք լավ համարեցինք ուղղակի տատիս մոտ գնալ և ոչ թե իմ տունը։ Երբ նա մեր գալն իմացավ, մր․ Միկաբրին շնորհալի մտերմությամբ ընդունեց։ Մր․ Միկաբրը նրա աջը համբուրեց և դեպի պատուհանը քաշվեց, ուր թաշկինակը հանելով ոգորում էր իր վշտերի բռնության դեմ։ Մր․ Դիկը տանն էր։ Նա ի բնե ուրիշի վշտին այնքան կարեկից էր և այդ վիշտն այնքան արագ ըմբռնող, որ հինգ րոպեի ընթացքում առնվազն տասն անգամ մր․ Միկաբրի աջը սեղմեց։ Մի անծանոթ անձի այդ սրտառուչ վերաբերմունքից հուզվելով, մր․ Միկաբրը յուրաքանչյուր սեղմումից հետո չէր կարենում ուրիշ բան ասել բացի «Սիրելի սըր, հիացած եմ ձեր սքանչելի բարության վրա»։ Մր․ Դիկն էլ, այդ խոսքերով քաջալերված շարունակում էր ավելի ամուր սեղմել նրա աջը։ ― Այս ջենտլմենի բարությունը, ― ասաց տատիս մր․ Միկաբրը, ― եթե ինձ թույլ տաք մեր կոպիտ ազգային խաղերի բառարանից մի ոճ փոխ առենլ․․․ կլտիպուզ<ref>To floor ― անգլիական բռնցկամարտիկների լեզվով նշանակում է մեծ հարվածով տապալել, զգետնել ոսոխին։</ref> է անում ինձ։ Մի այսպիսի ընդունելության հանդիպումը արդարև սփոփանք է բյուր վշտերով ու ցավերով ընկճված մարդուն։ Մր․ Դիկը երևելի անձ է, ― ասաց տատս հպարտությամբ։ ― Հավաստի եմ, լեդի, ― ասաց մր․ Միկաբրը։ ― Ազնիվ սըր, ― շարունակեց նա, երբ մր․ Դիկը նորից նրա աջը սեղմեց, ― անչափ զգացված եմ ձեր մտերմությունից։ ― Ձեր առողջությունն ինչպե՞ս է, ― հարցրեց մր Դիկը, անձկությամբ նրա երեսին մտիկ անելով։ ― Է՛հ, ոչ լավ, ոչ վատ, սիրելի սըր, ― պատասխանեց հառաչելով մր․ Միկաբրը։ ― Վհատվել պետք չէ, ― ասաց մր․ Դիկը։ ― Ընդհակառակն՝ աշխատեցեք որքան կարելի է զվարթ լինել։ Այդ սիրալիր խոսքերից և մր․ Դիկի աջը նորից իր աջում գտնելուց մր․ Միկաբրը բոլորովին հուզվեց։ ― Մարդկային կյանքի մշտափոփոխ տեսարանում երբեմն ինձ պատահել է մի օազիս, ― ասաց մր․ Միկաբրը։ ― Սակայն մի այսպիսի գալարագեղ, ջրառատ ու զովարար օազիս աչքերս դեռ չէին տեսել։ Մի ուրիշ ժամանակ այդ համեմատությունը ծիծաղս կշարժեր, բայց այժմ զգում էի, որ բոլորս էլ մի շատ դժվար դրության մեջ ենք։ Ես դիտում էի մր․ Միկաբրին, որ ակներև տատանվում էր մի գաղտնիք հայտնելու և ոչ մի բան չհայտնելու հակընդդեմ փափագների մեջտեղում, և արդեն սկսել էր տագնապել։ Աթոռի եզրին նստած Տրեդլսը, որի փուշ֊փուշ մազերը սովորականից ավելի էին դիզացել, ակնապիշ մտիկ էր անում մերթ հատակին, մերթ մր․ Միկաբրին, և ոչ մի ձայն չէր հանում։ Խորաթափանց աչքերով նորեկ հյուրին դիտող տատս մեզնից ավելի հանգիստ էր թվում, որովհետև շարունակ նրա հետ խոսում էր, ստիպելով նրան կամա ակամա պատասխան տալ։ ― Դուք եղբորորդուս հին բարեկամն եք, մր․ Միկաբր, ― ասաց տատս։ ― Ափսոսում եմ, որ զուրկ եմ եղել ավելի առաջ ձեզ ճանաչելու հաճույքից։ ― Տիկին, ― պատասխանեց մր․ Միկաբրը, ― երանի թե կյանքիս հին շրջաններից մեկում ձեզ տեսած լինեի։ Այն ժամանակ ես մի խորտակված նավի նման չէի, ինչպես որ եմ այս րոպեիս։ ― Հուսով եմ, սըր, որ մրս․ Միկաբրն ու ձեր ընտանիքը ողջ առողջ են, ― ասաց տատս։ ― Մր․ Միկաբրը գլուխ տվեց։ ― Այնքան են առողջ, ազնիվ տիկին, ― պատասխանեց նա հուսահատ ձայնով, ― որքան կարող են տարամերժված ու աքսորված թշվառներն առողջ լինել։ ― Ասրվա՜ծ իմ, ― գոչեց տատս։ ― Այդ ի՞նչ է ձեր ասածը։ ― Ասածս այն է, արգո տիկին, ― պատասխան տվեց մր․ Միկաբրը, ― որ գերդաստանիս գոյությունը մի հատիկ թելից է կախված։ Իմ գործատերը․․․ Մր․ Միկաբրը շատ անհարմար րոպեին լռեց և սկսեց այն լիմոնները կճպել, որ պատվիրել էի նրա առջև դնել պունչի մյուս նյութերի հետ։ ― Ձեր գործատե՞րը, սըր․․․ ― ասաց մր․ Դիկը, նրա թևից կամաց քաշելով, որպեսզի խոսքը շարունակի։ ― Շնորհակալ եմ սըր, որ ասելիքս հիշեցնում եք, ― վրա բերեց մր․ Միկաբրը։ (Նրանք դարձյալ իրար աջ սեղմեցին:) ― Իմ գործատերը, տիկին․․․ մր․ Հիպը․․․ մի օր շնորհ արեց ինձ նկատելու, որ եթե ես մեր պայմանի զորությամբ ինձ հասանելի ռոճիկը կանոնավոր չստանայի, այժմ անշուշտ գյուղե գյուղ շրջող, սուր կուլ տվող ու կրակ լափող մի աճպարար կդառնայի։ Շատ հավանական է, որ մի օր որդիքս մի կտոր հաց ճարելու համար օյինբազ դառան և կամ լարախաղաց, իսկ մրս․ Միկաբրն ստիպված լինի թշվառներին ուղեկցել, երգեհոնիկ ածելով։ Մր․ Միկաբրն այդ ասելիս կածես թե պատահական, բայց ազդու շարժումով դանակը ճոճեց, իբր թե իմացնելու, որ իր մարգարեությունը չի կատարվի, քանի որ ինքը կենդանի է, հետո վշտահար դեմքով շարունկեց լիմոնները կճպել։ Տատս իր արմունկը փոքրիկ սեղանին դեմ տված, ուշի֊ուշով դիտում էր նրան։ Թեև ես չէի ուզի մր․ Միկաբրից որևէ հնարքով գաղտնիք որսալ, որ նա չէր վստահանում դուրս բերել, բայց այդ միջոցին դարձյալ կդիմեի, եթե ապշած չմնայի նրա տարօրինակ վարմունքից։ Այդ իսկ րոպեին նա լիմոնի կտորները սանը ձգեց, ունելիով շաքար վերցրեց, դատարկ պնակի մեջ սպիրտ ածեց և վրայից իսկույն աշտանակը շուռ տվեց, հուսալով թե դրա միջից եփ ջուր կհոսի։ Պարզ էր, որ ճգնաժամը մոտեցել էր։ Հանկարծ մր․ Միկաբրը այդ բոլոր անոթներն ու նյութերը մի կողմ հրեց, ոտքի ելավ, թաշկինակը հանեց, լաց եղավ։ ― Սիրելիդ իմ Կոպպերֆիլդ, ― ասաց նա թաշկինակի տակից, ― այս գործը մի այնպիսի գործ է, որ ամենից ավելի մի հանգիստ սիրտ և ինքնահարգություն է պահանջում։ ― Մր․ Միկաբր, խնդրեմ հայտնեցեք, ի՞նչ է պատահել ձեզ, ― ասացի ես։ ― Չէ՞ որ բոլորս էլ ձեզ բարեկամ ենք։ ― Բոլորդ էլ բարեկամ եք, այո, սըր, ― գոչեց մր․ Միկաբրը, և ինչ որ մինչև այժմ իր սրտում թաքնված էր, միանգամից դուրս պայթեց։ ― Աստված իմ, եթե ես բարեկամներիս հետ չլինեի, այս հոգեկան տագնապի մեջ էլ չէի լինի։ Ուզում եք, ջենտլմեններ, իմանա՞լ, թե ինձ ի՞նչ է պատահել։ Լավ կլիներ հարցնեիք, թե ի՞նչ չի պատահել։ Ստորություն է պատահել, չարություն է պատահել, վատթարություն է պատահել, խաբեություն, խարդախություն, դավաճանություն ― ահա թե ինչ է պատահել, և այս բոլոր ոճիրների մարմնացումը ուրիշ մարդ չէ, եթե ոչ Հիպը։ Տատս ծափ տվեց, և բոլորս սարսռացինք։ ― Պատերազմը վերջացավ, ― ասաց մր․ Միկաբրը, թաշկինակը սաստիկ ճոճելով ու բազուկներն այնպես շարժելով, որ ասես թե գերբնական արգելքների դեմ լողալիս լիներ։ ― Էլ զորություն չկա այս կյանքին դիմանալու։ Ես մի թշվառ արարած եմ, չարաչար զրկված ամեն բանից, որով քաղցր է մարդուս կյանքը։ Ես թաբուի<ref>Թաբուն մի բանադրանք է Խաղաղ օվկիանոսի կղզիաբնակ ազգերի մեջ։</ref> տակ էի այդ անզգամի դժոխային ծառայության մեջ։ Ետ տվեք ինձ կնոջս, վերադարձրեք զավակներիս, այնպես արեք, որ կոշիկներովս ման եկող նվաստ էակը նորից Միկաբր դառնա, և ապա թե ինձ հրամայեցեք սրեր կուլ տալ, և կուլ կտամ։ Եվ կտեսնեք, ի՜նչ ախորժակով։ Այդ աստիճան զայրացած մարդ ես օրումս չէի տեսել։ Փորձեցի նրան հանգստացնել, որ մի խելացի բան ասի, բայց նա չուզեց ոչինչ լսել ու ավելի տաքացավ։ ― Ոչ ոքի ձեռք չեմ մեկնելու, ― շարունակեց մր․ Միկաբրը՝ սուզվողի պես հևալով ու փնչալով, ― մեկնելու չեմ, մինչև որ․․․ չջախջախեմ․․․ կտոր֊կտոր չանեմ․․․ այդ գարշելի օձին․․․ այդ Հիպին։ Ոչ մի մարդու այցելություն չեմ անելու․․․ մինչև որ․․․ Վեզուվ սարին չստիպեմ․․․ հուր ժայթքել այդ ավազակ․․․ Հիպի գլխին։ Կուլ չեմ տալու․․․ մանավանդ այս հարկի տակ․․․ և ոչ մի զովարար հեղուկ․․․ ոչ էլ պունչի մի կաթիլ․․․ մինչև որ այդ գողը․․․ այդ նենգավոր․․․ այդ սրիկա․․․ Հիպի աչքերը չհանեմ։ Ո՜ւֆ․․․ ոչ ոքի հետ չեմ խոսելու․․․ ոչ ոքի չեմ տեսնելու․․․ ոչ մի տեղ․․․ չեմ ապրելու․․․ մինչև որ․․․ ո՜ւֆ ոտնակոխ չանեմ․․․ անտեսանելի փոշի չդարձնեմ․․․ այդ գերագույն խաբեբային․․․ այդ ծայրագույն կեղծավորին․․․ այդ չարարվեստ ուխտանենգին․․․ այդ Հիպին։ Արդեն սկսել էի վախենալ, որ չլինի թե մր․ Միկաբրը հենց տեղն ու տեղը հոգին փչի։ Այդ կցկտուր խոսքերն այնպես խեղդուկ էր արտասանում։ Հիպի անվան մոտենալիս՝ այնպես սաստիկ ճիգ էր թափում և այնպես ուժով շեշտում, որ լսողը կսարսափեր։ Բայց երբ վերջ ի վերջո քրտնելով, երեսի գույնը նետելով, աչքերը դեպի վեր չռելով ու շնչասպառ խռկալով իր աթոռի վրա ընկավ, կարծեցի թե ահա հոգին փչում է։ Իսկույն ևեթ մոտեցա նրան օգնելու, բայց նա ձեռքի նշանով ինձ հեռացրեց ու ասաց․ ― Ո՛չ, Կոպպերֆիլդ․․․ Ոչ մի հաղորդակցություն չպիտի լինի մեր միջև․․․ մինչև որ․․․ ո՜ւֆ․․․ վիրավորված միս Ուիկֆիլդի․․․ վրեժը չհանեմ․․․ այդ իժի ծնունդ․․․ չար Հիպից։ Հաստատ համոզված եմ, որ մր․ Միկաբրը երեք բառ անգամ անզոր կլիներ արտասանել, եթե վերջին անունը մի առանձին ուժ չազդեր նրան։ ― Անդրժելի գաղտնիք․․․ ո՜ւֆ․․․ շարունակեց նա, ― ամբողջ աշխարհի համար․․․ առանց բացառության․․․ մինչև որ այս օրվանից մի շաբաթ հետո․․․ առավոտյան․․․ նախաճաշի ժամին․․․ բոլորիդ ներկայությամբ․․․ որպես և միս Տրոտուդի և այս ազնիվ ջենտլմենի․․․ Կենտրբրի պանդոկում․․․ ուր մի ժամանակ մրս․ Միկաբրն ու ես․․․ ձեզ հետ միասին․․․ խմբով երգում էինք․․․ այդ վատթար արարածին․․․ այդ ստոր Հիպին խայտառակ չանեմ։ Էլ չեմ կարող ոչ խոսել․․․ ոչ լսել․․․ ոչ հասարակության երես տեսնել․․․ այլ իսկույն ևեթ արշավում եմ․․․ սլանում․․․ բռնելու այդ եղեռնագործ․․․ ժանտ Հիպին։ Եվ այդ մոգական անունը վերջին անգամ ավելի սաստիկ արտասանելուն պես մր․ Միկաբրը տատիս սենյակից դուրս վազեց մեզ թողնելով այնպիսի անհանգստության, ակնկալության ու շփոթման մեջ, որ մեր դրությունը իր վիճակից լավ չէր։ Բայց այդ րոպեին անգամ նա չկարողացավ նամակ գրելու անզուսպ տենդին դիմադրել, և մինչև մենք այդ անհանգստության, ակնկալության ու շփոթման մեջ նստած էինք, ինձ հետևյալ նամակը բերին մի մոտավոր պանդոկից, ուր նա մտել էր գրելու․ «Հույժ գաղտնի ու մտերմական։ Սիրելի սըր․ Թույլ տվեք ձեր միջնորդությամբ, ներողություն խնդրել ձեր պատվական տատից իմ վերջին բորբոքման համար։ Երկար ճնշված հրաշունչ լեռան պայթյունը հետևանք էր իմ ներքին կռվի, որ ավելի հեշտ է ըմբռնել, քան նկարագրել։ Հուսով եմ, որ բավական պարզ հասկացրի ձեզ, թե այս օրվանից իսկ և իսկ մի շաբաթ հետո կփափագեմ տեսնել ձեզ Կենտրբրիի այն պանդոկում, ուր մի ժամանակ մրս․ Միկաբրն ու ես պատիվ ունեինք ձեզ հետ միասին հնչեցնելու երգերն անմահ մաքսավորի<ref>Այսինքն՝ Ռոբերտ Բեորնսի, որ ծնված էր Շոտլանդիայում՝ Տուիդ գետից դեպի հյուսիս։ Երևելի ժողովրդական բանաստեղծ։ Այգեպանի որդի էր, ինքն էլ երկրագործ մշակ, հետո՝ հետո գինու մաքս հավաքող (1759-1796)։</ref>, որ մեծացել էր Տուիդ գետի այն կողմում։ Մի անգամ որ պարտքս կատարեմ, վրեժխնդրության գործն ավարտեմ ու նորից մերձավորներիս երեսին շիտակ նայելու հնար գտնեմ, այնուհետև թող մարդկությունն ինձ մոռանա։ Այնուհետև միակ փափագս այն կլինի, որ ինձ մի անկյուն շնորհվի հասարակաց հանգստարանում։ Ուր հավիտյան քնած են գյուղի անհայտ պապերը Իրենց անշուք շիրմի տակ, ― միայն այս տապանագրով՝ Ուիլկինս Միկաբր»։