Changes
/* ԺԳ․ գլուխ */
Վերջացավ։ Խավար է պատում աչքերիս և առժամանակ ամեն բան անհետանում մտքիս միջից։
===ԺԴ․ գլուխ==
Մր․ Միկաբրի գործողությունները
Տեղը չէ նկարագրել, թե հոգիս ինչ զգաց այդ դառնաղետ պատահարից։ Ինձ թվում էր, թե իմ առջև ապագան մի քարե անջրպետով փակված է, կյանքիս ուժն ու եռանդը սպառված, և գերեզմանից բացի, ուրիշ ապաստան չի մնում ինձ։ Սակայն այս թախիծը միայն հետզհետե հոգուս վրա բռնացավ, այլ ոչ թե վշտիս սկզբին։ Եթե իմ պատմելիք դեպքերը իսկույն ևեթ իմ շուրջը չդիզվեին՝ նախ վիշտս շփոթելով ու հետո աճեցնելով, գուցե հենց սկզբից վհատության մեջ ընկնեի։ Ինչևիցե՝ իմ սեփական թշվառության ամբողջ բեռն զգալուցս առաջ մի որոշ ժամանակ անցավ, երբ մինչև անգամ սկսել էի կարծել թր ցավերիս ամենասուր ճգնաժամը լրացել է, և թե քիչ֊քիչ սիրտս կսփոփվի այն ջինջ ու սիրուն պատկերները հիշելով, որոնց գողտրիկ պատմությունն արդեն ընդմիշտ փակված էր։
Չեմ կարող ճիշտ մտաբերել՝ հատկապես ե՞րբ ինձ առաջին անգամ խորհուրդ տվին և կամ ինչպես որոշվեց, թե անհրաժեշտ է, որ ես հեռանամ ու ճամբորդեմ հոգեկան հանգիստ գտնելու համար։ Ագնեսի ոգին այն աստիճան թափանցում էր ամեն բան, ինչ որ մտածում, ասում ու գործում էինք այդ տրտմության օրերում, որ ես վստահանում եմ այդ ծրագիրը նրա ազդեցությանը վերագրել։ Բայց այդ ազդեցությունն այնպես անտեսանելի էր, այնպես լռիկ, որ ուրիշ ոչինչ չեմ կարող ասել դրա մասին։
Արդեն իրոք մտածում էի, թե զուր չէր, որ մի ժամանակ ես նրա պատկերը եկեղեցու գունավոր պատուհաի հետ էի շաղկապել, և թե դա մի մարգարեական գուշակություն էր այն բոլորի, ինչ որ ինձ համար լինելու էր Ագնեսը տառապանքիս օրերում։ Սկսած այն րոպեից, ― որ երբեք չպիտի մոռանամ, ― երբ նա դեպի երկինքն ուղղած ձեռքերով առջևս կանգնեց, նա մի բարի ոգի էր իմ ամայի ու սգավոր տնակում։ Երբ մահվան հրեշտակն այցելություն արեց սրան, երեխա֊կինս, ինչպես որ հետո ինձ պատմեցին, Ագնեսի գոգում իր հոգին ժպտալով ավանդեց։ Ագնեսի կարեկից արտասուքն էր, որ ամենից առաջ վհատական թմրությունս փարատեց․ նրա հուսադիր ու ամոքիչ խոսքերն էին, որ ինձ սփոփեցին․ նրա քաղցրիկ դեմքն էր, որ ասես թե երկնքին ավելի մոտիկ ու մաքրափայլ սահմաններից իմ վրա իջնելով՝ անդորություն շնորհեց սրտիս և սրա ցավերը մեղմացրեց։
Թույլ տվեք շարունակեմ։
Ինձ պետք էր ճամբորդել։ Այդ բանը հենց սկզբից որոշված էր։ Իմ կնոջ հողեղեն մնացորդը հողն արդեն ընդունել էր․ ես սպասում էի միայն այն բանին, ինչ որ մր․ Միկաբրի ասելով «Հիպի վերջնական փոշիացումը» պիտի լիներ, և գաղթականների մեկնելուն։
Տրեդլսի առաջարկությամբ, Տրեդլսի, որ տրտմությանս միջոցին մի անձնվեր ու սրտակից ընկեր էր, մենք բոլորս, այսինքն՝ տատս, Ագնեսն ու ես Կենտըրբրի վերադարձանք։ Ժամադրության համաձայն՝ իսկույն գնացինք մր․ Միկաբրի մոտ, որ մեզ արդեն սպասում էր։ Մեր փոթորկալի ժողովից հետո Տրեդլսը երկար աշխատել էր հաշիվները կարգի բերել թե՛ մր Միկաբրի և թե՛ մր․ Ուիկֆիլդի տանը։ Խեղճ մրս․ Միկաբրը սաստիկ հուզվեց ինձ սևազգեստ տեսնելով․ չնայած երկարամյա աղմուկներին ու հոգսերին, նրա սրտում դեռ շատ բարություն կար։
― Դե, ի՞նչ կասեք մր․ և մրս․ Միկաբր, ― ասաց տատս՝ հենց որ նստեցինք։ ― Կուզեի իմանալ, արդյոք գաղթելու առաջարկությունս կշռեցի՞ք։
― Շնորհաշուք տիկին, ― ասաց մր․ Միկաբրը, ― այն եզրակացությունը, որին հասել ենք միասին, այսինքն՝ մրս․ Միկաբրը, ձեր խոնարհ սպասավորս և կհամարձակվեմ ավելացնել՝ մեր զավակները, չեմ կարող ավելի լավ արտահայտել, քան մի բանաստեղծի նշանավոր խոսքերով, որ ասում է․
«Նավս կանգնած է կազմ և պատրաստ, ―
Պատրաստ թիակ և առագաստ»։
― Շատ լավ, ― ասաց տատիկս։ ― Վստահ եմ, որ մեր իմաստուն վճիռը բարի հետևանք կունենա։
― Տիկին, մեծ պատիվ եք շնորհում մեզ, ― պատասխանեց մր․ Միկաբրը և հուշատետրը բաց անելով շարունակեց, ― գալով նյութական օժանդակության, որ մեզ միջոց պիտի տա մեր նավը ձեռնարկությանց օվկիանոսի մեջ առաջ մղելու, այդ կարևոր կետը դարձյալ մի անգամ աչքի անցկացրի ու քննեցի, և ահա խնդրում եմ ձեզ ընդունել իմ հատուկ ձեռքով գրված․․․ և իհարկե Պառլամենտի օրինական պահանջնեիրն ու երաշխավորության բոլոր կարգերին համեմատ՝ դրոշմաթղթի վրա գրված․․․ մուրհակները տասնութ, քսանչորս և երեսուն ամսից հետո հատուցանելու պայմանով։ Նախկին առաջարկիս մեջ տասներկու, տասնութ և քսանչորս ամիս էի նշանակել․ սակայն վախեցա, որ միգուցե այդ ամիսները հերիք չլինեն գործերիս մի այնպիսի զարկ տալու, որ․․․ շոշափելի արդյունք ստացվեր։ Կարող է պատահել, ― ասաց մր․ Միկաբրը, սենյակն աչքի անցկացնելով, որ կարծես մի քանի հարյուր օրավար պարունակող լավ մշակված արտ լիներ, ― կարող է պատահել, որ հատուցման առաջին պայմանաժամին մեր նոր հունձը թերի դուրս գա և կամ տակավին հավաքված չլինի։ Չէ՞ որ դժվար է միշտ պատրաստ մշակներ գտնել մեր գաղութային կալվածքներում, ուր պիտի կոչված լինենք թեև պարարտ, բայց կուսական երկրի հետ մաքառելու։
― Ինչպես կուզեք, այնպես արեք, ― ասաց տատս։
― Տիկին, ― պատասխանեց մր․ Միկաբրը, ― մրս․ Միկաբրը և ես ինքս ի խորոց սրտե հուզված ենք մեր բարեկամների ու մտերիմների այդ մարդասեր վերաբերմունքից։ Իմ փափագն է իրոք գործնական և իրոք ճշտասեր մարդ լինել։ Արդ, ես կոչված եմ մի բոլորովին նոր էջ բանալ կյանքիս գրքում, որ և անշուշտ պիտի բանամ, և մի հեռաթռիչ ոստում անել դեպի առաջ․․․ շատ կարևոր է անձնական պատիվս հարգելու, որդուս էլ օրինակ տալու համար, որ ներկա գործը վերջացնենք, ինչպես մարդը մարդու հետ։
Ի՞նչ իմաստ էր ուզում տալ մր․ Միկաբրը այդ վերջին ասածին, չգիտեմ․ չեմ էլ կարծում, որ դա մի բան նշանակեր․ բայց և այնպես նա սիրում էր ազդու հազով միշտ կրկնել «ինչպես մարդը մարդու հետ»։
― Առաջարկս մի փոխանակագիր է, ― ասաց մր․ Միկաբրը։ ― Առևտրական աշխարհում միշտ ընդունված է այս գիրը, որի գյուտից կարծեմ հրեաներին ենք պարտական, և ինձ թվում է, թե նրանք այս գյուտը հենց սկզբից անչափ շատ են շահագործել։ Առաջարկում եմ մի փոխանակագիր, որովհետև դա մի վաճառելի բան է։ Սակայն եթե մի ուրիշ ապահովության թուղթ, տոմսակ, և կամ մուրհակ պահանջեք, սիրով կտամ։ Ինչպես որ մարդը մարդու հետ։
Տատս նկատեց, թե ոչ մի դժվարություն չի կարող ծագել այս գործում, ուր երկու կողմն էլ միաբան են։ Մրս․ Միկաբրն էլ միևնույն կարծիքը հայտնեց։
― Խնդրեմ, տիկին, ― ասաց մր․ Միկաբրը մի առանձին հպարտությամբ, ― թույլ տվեք ինձ հիշատակել այն տնային միջոցները, որով կցանկանայինք սպառազինվել մեզ սպասող նոր ասպարեզի համար։ Ամեն առավոտ ուղիղ ժամը հինգին, ավագ դուստրս մեր հարևանի գոմն է գնում՝ հմտանալու կով կթելու արվեստին․․․ եթե կարելի է արվեստ անվանել այդ բանը։ Կրտսեր զավակներիս հրամայված է խոզերի ու հավերի բարքն ու վարքը ըստ կարելվույն լավ դիտել քաղաքիս զանազան մասերում․․․ մի զբաղմունք, որի պատճառով որդիքս արդեն երկու անգամ տիղմերի մեջ խրվեցին։ Ես ինքս վերջին շաբաթվա ընթացքում մի առանձին ուշադրություն ընծայեցի հաց թխելու արվեստին․ իսկ Ուիլկինս որդիս մի քանի անգամ գնացել է մականը ձեռքին ձրի նախրապանություն անելու․ բայց ի նախատինս մարդկային բնության, պիտի ասեմ, որ անտաշ ու կոպիտ հովիվներն ընդհանրապես ամենալիրբ հիշոցներով վռնդում էին նրան։
― Այդ բոլորը շատ լավ է, ― խրախուսելով ասաց տատս։ Մրս․ Միկաբրն էլ զբաղված էր անշուշտ։
― Սիրելի տիկին, ― ասաց մրս․ Միկաբրը բազմահոգ եղանակով, ― համարձակ կհայտնեմ, որ մինչև այժմ անասնապահության կամ թե մշակութայն հետ սերտ կապ ունեցող գործերին շատ սակավ եմ մասնակցել, թեև քաջ գիտեմ՝ երկուսն էլ օտար երկրում գրավելու են ուշադրությունս։ Այս միջոցին, որքան տնային գործերս ներում էին, ես զբաղված էի մի ընդարձակ թղթակցությամբ մեր գերդաստանի հետ։ Ինձ թվում է, սիրելի մր․ Կոպպերֆիլդ, ― հարեց մրս․ Միկաբրը (որ իր սովորությամբ՝ ում հետ էլ խոսեր, անպատճառ ինձ պիտի դիմեր), ― ըստ իս արդեն ժամանակն է անցյալը մոռացության մեջ թաղելու․ ժամանակն է, որ ազգականներս մր․ Միկաբրին ձեռք մեկնեն, իսկ մր․ Միկաբրն ազգականներիս ձեռք մեկնի․․․ մի խոսքով․․․ առյուծը գառի մոտ պառկի և իմ գերդաստանը մր․ Միկաբրի հետ հաշտվի։
Ասացի, թե իմ կարծիքն էլ այդպես է։
― Ես գոնե բանի վրա այդպես եմ նայում, սիրելի մր․ Կոպպերֆիլդ, ― շարունակեց մրս․ Միկաբրը։ ― Մինչ հայրիկիս ու մայրիկիս մոտ էի ապրում, հայրիկս որևէ խնդիր քննելիս սովոր էր հարցնել․ «Տեսնենք Էմման ի՞նչ կասի»։ Գիտմեմ, հայրս իմ նկատմամբ միշտ կողմնապահ էր․ սակայն ինձ ներելի է իմ սեփական կարծիքն ունենալ մր․ Միկաբրի ու գերդաստանիս միջև միշտ տիրող սառցային ցրտության մասին, որքան էլ դա անհիմն լիներ։
― Հարկավ կարող եք ունենալ տիկին, և այդ բնական է, ― նկատեց տատս։
― Իրոք բնական, ― հաստատեց մրս․ Միկաբրը։ ― Կարող եմ սխալվել և հավանական է, որ սխալվեմ․ սակայն դարձյալ կարծիքս սա է, որ գերդաստանիս ու մր․ Միկաբրի մինջև այնպիսի վիհ չէր բացվի, եթե ազգականներս չվախենային, թե իմ մարդը նրանց դրամական օգնությանը կդիմի։ Անհնարին է չընդունել, ― ավելացրեց մրս․ Միկաբրը մի նրբամիտ ճարպկությամբ, ― թե գերդաստանիս անդամներից մի քանիսը հենց սկզբից ենթադրել են, թե մր․ Միկաբրը կպահանջի նրանց անունը գրված տեսնել․․․ ոչ թե մեր մանկանց մկրտության մատյանի մեջ, այլ մուրհակների տակ։
Մրս․ Միկաբրի այս սրամիտ գյուտը, որ իբր թե մինչև այժմ ոչ ոքի մտքով չէր անցել, կարծես զարմացրեց տատիկիս, որը հանկարծ վրա բերեց․
― Եթե ձեր ասածը ճշմարիտ էլ լինի, զարմանալու բան չկա։
― Դիցուկ թե չկա, ― ասաց մրս․ Միկաբրը, ― բայց քանի որ մր․ Միկաբրն արդեն վճռել է մինչև այժմ իրեն կաշկանդող դրամական շղթաները փշրել և մի նոր աշխարհ հեռանալ, ուր իր առատ ձիրքերի առջև ասպարեզ պիտի բացվի․․․ այս կետը շատ կարևոր է, որովհետև մի ընդարձակ ասպարեզ է հարկավոր․․․ ուստի ըստ իս, լավ կլիներ, որ այս առթիվ գերդաստանիս անդամներն առաջ գային, մի փառավոր խնջույք տային ու նրանց ավագը մր․ Միկաբրի կենաց բաժակն առաջարկեր, իսկ մր․ Միկաբրն իր մտքերը նրանց առջև պարզ հայտնելու առիթ գտներ։
― Սիրելիս, ― ջերմությամբ ասաց մր․ Միկաբրը, ― հիմիկվանից կասեմ, որ եթե մտքերս մի այդպիսի ժողովի առջև պարզելու լինեմ, դրանք շատ խայթիչ կերևան նրանց․ որովհետև ազգականներդ, բոլորը միասին առնված՝ լրբեր են, իսկ ջոկ֊ջոկ՝ մի֊մի անսիրտ սրիկա։
― Ո՛՛չ, Միկաբր, ― ասաց մրս․ Միկաբրը, գլուխը շարժելով։ ― Դու նրանց երբեք չես հասկացել, նրանք էլ քեզ չեն հասկացել։
Մր․ Միկաբրը հազաց։
― Նրանք էլ քեզ չեն հասկացել, ― կրկնեց մրս․ Միկաբրը։ ― Գուցե չէին էլ կարող հասկանալ։ Եթե այդպես է, նրանք թշվառ են, և ինձ կմնա ափսոսալ նրանց։
― Շատ ցավում եմ, սիրելի Էմմա, ― ասաց մր․ Միկաբրը ավելի մեղմ եղանակով, ― որ ինձ թույլ տվի մի քանի խոսք արտասանել, որոնք հեռվից անգամ կարող են փոքր֊ինչ խիստ երևալ։ Ես ուզում էի միայն ասել, թե պատրաստ եմ և առանց ազգականներիդ տեսնելու՝ մեկնել․․․ կարճ ասած՝ առանց նրանց սառնաժպիտ «բարի ճանապարհը» լսելու․ թե լավ եմ համարում իմ ազատ կամքով Անգլիան թողնել, քան թե նրանց փութացուցիկ դրդմունքով։ Մյուս կողմից, սիրելիս, եթե նրանք հաճին նամակներիդ պատասխան տալ, ― որ երկուսիս փորձառության նայելով՝ մի հրաշք կլիներ, ― աստված չանի, որ ես ցանկությանդ արգելք լինեմ։
Գործն այսպես կարգադրելուց հետո՝ մր․ Միկաբրը մրս․ Միկաբրին ձեռք մեկնեց ու Տրեդլսի առջև դիզված թղթերին նայելով, ասաց, թե մեր կամքին է թողնում մեզ․ այդպես էլ արեց հանդիսաբար։
― Սիրելի Կոպպերֆիլդ, ― ասաց հետո Տրեդլսը մի այնպիսի գորովով, որից աչքերը կարմրեցին ու մազերն ամեն տեսակ ձևեր ստացան, ― ներողություն չեմ խնդրում, որ քեզ անհանգիստ պիտի անեմ․ գիտեմ այս գործը քեզ էլ կհետաքրքրի և տխուր մտքերդ կփարատի։ Հո հոգնած չե՞ս, ընկեր իմ․․․
― Ամենևին, ― ասացի ես մի կարճատև լռությունից հետո։ ― Ամենից առաջ մեզ պետք է տատիս մասին մտածել։ Քեզ հայտնի է, թե որքան չարչարանք կրեց։
― Իրավ է, իրավ, ― պատասխանեց Տրեդլսը։ ― Ո՞վ կարող է այդ մոռանալ։
― Բայց կարծես այդ էլ քիչ լիներ, ― շարունակեցի ես։ ― Ահա երկու շաբաթ է, որ նոր վշտեր են հասել նրան։ Ամեն օր Լոնդոն է գնում։ Երբեմն շատ վաղ է դուրս գալիս և մինչև երեկո ուշանում։ Դեռ երեկ համարյա թե կես֊գիշերին ետ եկավ, թեև առավոտյան ինձ հետ այստեղ պիտի գար։ Դու լավ գիտես, թե որքան նա ուրիշներին կարեկից է։ Սակայն չի ուզում ինձ ասել, թե իր նոր հոգսերի պատճառն ի՞նչ է։
Խոսելուս միջոցին տատս անշարժ ու գունատ նստած էր․ վերջապես մի քանի կաթիլ արտասուք տեսա նրա խորշոմած երեսի վրա, և նա իր ձեռքն իմի վրա դրեց։
― Բան չկա, Տրոտ, բան չկա, էլ պրծա՜վ։ Շուտով կիմանաս։ Այժմ, Ագնես, եկ մեր գործով զբաղվենք։
― Արդարությունը վրաս հարկ է դնում ասելու, ― սկսեց Տրեդլսը, ― թե որքան էլ մր․ Միկաբրը իր անձնական շահերի մասին անհոգ լինի, սակայն ուրիշների համար աշխատելիս վերին աստիճանի ջանասեր, անխոնջ է։ Նրա նման մարդ քիչ եմ տեսել։ Զարմանալի է այն եռանդը, այն քրտնալից մոլեգնությունը, որով գիշեր֊ցերեկ խորասույզ էր լինում թղթերի ու հաշիվների քննության մեջ․ էլ ի՞նչ ասեմ այն անթիվ նամակների մասին, որ ինձ գրում էր այստեղից մինչև մր․ Ուիլֆիլդի տունը, շատ անգամ էլ սեղանի մի կողմից դեպի մյուսը, մինչ ինքն իմ դեմ էր նստած լինում, թեև մեզ իրար հետ բերանացի խոսելն ավելի հեշտ էր։
― Նամակնե՞ր, ― գոչեց տատս։ ― Նա կարծեմ երազներն անգամ նամակով է տեսնում։
― Մր․ Դիկն էլ հրաշքներ գործեց, ― ասաց Տրեդլսը։ ― Հենց որ նա Հիպի վրա հսկելու պարտքը լրացրեց, մի պարտք, որ անօրինակ զգոնությամբ էր կատարում, մր․ Ուիկֆիլդին սկսեց խնամել։ Մեզ օգնելու ժիր փույթն ու մեր գործին աջակցելու աշխույժը, որ ցույց էր տալիս մեկ թղթեր արտագրելով ու քաղվածքներ անելով, մեկ՝ բերելով, մեզ շատ նպաստեց։
― Դիկը շատ նշանավոր մարդ է, ― գոչեց տատս, ― և ես միշտ կրկնել եմ այդ։ Դու գիտես, Տրոտ։
― Քաղցր է ասել, միս Ուիկֆիլդ, ― շարունակեց Տրեդլսը մի աննման զգուշությամբ, ― որ ձեր բացակայության միջոցին մր․ Ուիկֆիլդը շատ և շատ լավացել է։ Ազատվելով իրեն տանջող հրեշից ու տաժանելի երկյուղներից, այժմ մի ուրիշ մարդ է դարձել։ Մինչև անգամ ընդունակ է երբեմն ուշքն ու միտքը մի նյութի վրա ամփոփել․ դրանով էր, որ մեզ օգնեց գործերի քննության միջոցին մի քանի կարևոր կետեր պարզեց, որ մենք ինքներս շատ կդժվարանայինք և կամ բնավ չէինք կարողանա պարզել։ Սակայն եթե բոլոր իմ դիտած հուսադիր պարագաները մի առ մի թվելու լինեմ, խոսքս երբեք չի վերջանա․ լավ է՝ գործի արդյունքը ցույց տամ ձեզ։
Ակներև էր, որ բարի Տրեդլսը այդ բոլորը նրա համար ասաց, որ սիրտ առնենք, և Ագնեսն իր հոր անունը հանգիստ լսելու հնարավորություն ունենա։ Այնուամենայնիվ նրա ընթացքը դուր եկավ մեզ։
― Ահա, ― ասաց Տրեդլսը, նայելով իր առջև դրված թղթերին։ ― Մենք մեր դրամների վիճակը քննեցինք, և նախ՝ առանց չար դիտավորության խառնակված և երկրորդ՝ գիտությամբ շփոթված ու խարդախված հաշիվները գտնելով, հայտնապես տեսանք, որ մր․ Ուիկֆիլդը կարող է հենց այսօր պարտքերը վճարել և այս գործից բոլորովին մաքուր դուրս գալ։
― Փառք քեզ տեր, ― գոչեց Ագնեսը սրտի խորքից։
― Սակայն, ― շարունակեց Տրեդլսը, ― ապրուստի համար մի այնպիսի չնչին գումար կմնա․․․ գուցե մի քանի հարյուր ստեռլինգ․․․ ենթադրելով, որ տունն էլ կծախվի․․․ որ մր․ Ուիկֆիլդը լավ կանի, եթե շարունակի իր գործը առաջ տանել։ Բարեկամները կարող են նրան խորհրդով օգնել, քանի որ այժմ նա բոլորովին ազատ է։ Դուք ինքներդ, միս Ուիկֆիլդ․․․ Կոպպերֆիլդը․․․ ես․․․
― Արդեն մտածել եմ դրա մասին, ― ասաց Ագնեսը ինձ նայելով, ― և զգում եմ, որ հարկավոր չէ այդպես անել, թեկուզ մեր բարեկամը կպահանջեր, որին այնքան պարտական եմ ու շնորհակալ։
― Պահանջելու իրավունք չունեմ, ― նկատեց Տրեդլսը։ ― Միայն կարևոր համարեցի այդ կետը հիշել․ ուրիշ ոչինչ։
― Շատ ուրախ եմ, եթե այդպես է, ― ասաց Ագնեսը հաստատ կերպով, ― որովհետև դա ինձ հույս և գրեթե վստահություն է ներշնչում, որ մենք լիովին համամիտ ենք։ Մր․ Տրեդլս և մր․ Տրոտուդ, իմ ազնիվ բարեկամներ, քանի որ հայրս ազատ է, և նրա պատիվն անարատ, էլ ի՞նչ կմնա ինձ փափագել։ Իմ մշտական ցանկությունն էր՝ տաժանելի հոգսերից վերջապես ազատված տեսնել նրան, իմ կյանքը նվիրել նրան և գեթ մասամբ փոխարինել այն հայրական գութն ու սերը, որ առատապես շնորհել է ինձ։ Տարիներից ի վեր փափագներիս գերագույն կետը այդ է եղել։ Միայն թե նա իր պարտքերից ու գործերից ազատվեր, այնուհետև ինձ համար մի ավելի մեծ երջանկություն չի լինի, քան մեր ապագա պետքերը ես ինքս հոգամ։
― Բայց միջոցների մասին, մտածե՞լ եք, Ագնես։
― Շատ անգամ, սիրելի Տրոտուդ, և հաջողության վրա վստահ եմ։ Այստեղ ինձ այնքան ճանաչում են և այնքան բարեկամ մարդիկ կան, որ կարող եմ վստահ լինել։ Միամիտ եղեք իմ մասին։ Մեր կարիքերը շատ մեծ չեն։ Եթե մեր սիրելի հին տունը վարձու տամ ու մի փոքրիկ դպրոց բանամ, թե՛օգտակար, թե՛ երջանիկ կլինեմ։
Նրա զվարթ ու ջերմ ձայնին ականջ դնելիս, ես նախ այն սիրելի տունը հիշեցի և հետո իմ ամայացած տնակը, և սիրտս այնպես հուզվեց, որ ոչ մի բան չասացի։ Տրեդլսը զբաղված էր թղթերով։
― Այժմ ձեր կայքին գանք, միս Տրոտուդ, ― ասաց նա։
― Շատ լավ, ― ասաց տատս ու հառաչեց։ ― Դրա մասին ուրիշ բան չունեմ ասելու, միայն այս՝ եթե կայքս կորած է, կդիմանամ, եթե կորած չէ, ուրախությամբ ետ կառնեմ։
― Ձեր սկզբնական դրամագլուխը, կարծեմ ութ հազար ստեռլինգ էր, չէ՞, տիկին, ― հարցրեց Տրեդլսը։
― Ճիշտ այդքան, ― հաստատեց տատս։
― Այնինչ ես կարող եմ միայն հնգի հաշիվը տալ, ― ասաց Տրեդլսը տխուր ձայնով։
― Հինգ հազա՞ր ստեռլինգի, ― հարցրեց տատս անօրինակ սառնությամբ։
― Հինգ հազար ստեռլինգի, ― ասաց Տրեդլսը։
― Նրա մոտ եղած ամբողջ գումարս էլ հենց այդքան էր, ― ասաց տատս նույն սառնությամբ։ ― Երեք հազարը ես ինքս էի ետ առել։ Այդ երեքից մեկը, սիրելի Տրոտ, քեզ համար վճարեցի Դոկտորների Համայնքին․ մյուս երկուսը մոտս է։ Մայր գումարը կորցնելուց հետո մնացորդի մասին լավ էի համարում ոչինչ չասել, այլ սև օրվա համար պահել։ Ուզում էի տեսնել, Տրոտ, թե փորձանքից ինչպե՞ս դուրս կգաս․ և քո հարատև վստահությամբ, քո սեփական ջանքերով, քո անձնուրաց տոկունությամբ ազնվաբար դուրս եկար։ Դիկն էլ այդպես արեց․․․ էլ հետս մի՛ խոսեք․ նյարդերս փոքր֊ինչ գրգռված են։
Ոչ ոք, սակայն, այդպիսի բան չէր կարծի ուղիղ նստած տատիս երեսին նայելով․ զարմանալի էր նրա հանգիստ ինքնազսպումը։
― Ուրեմն կարող եմ շնորհավորել, ― գոչեց Տրեդլսը զվարթերես ցնծությամբ, ― որ ձեր ամբողջ դրամը գտնված է։
― Շնորհավորելու բան չկա, ― բացականչեց տատս։ ― Հապա տեսնեմ, ի՞նչ կերպով, սըր։
― Կարծել էիք, թե մր․ Ուիկֆիլդը ձեր փողը վա՞տ է գործ դրել, ― հարցրեց Տրեդլսը։
― Անշուշտ, ― ասաց տատս։ ― Այդ պատճառով էլ լռում էի։ Ագնես, ոչ մի խոսք։
― Եվ իրոք, ― շարունակեց Տրեդլսը, ― ձեր տոմսերը վաճառված էին ձեր իսկ տված իրավունքով։ Ավելորդ է ասել, թե ո՞վ է վաճառել և ո՞ւմ ստորագրությամբ։ Հետո այդ անզգամը հանդգնում է մր․ Ուիկֆիլդին կեղծ թվանշաններով հավատացնել, թե փողերը գանձարանի պակասը լրացնելու և նեղ դրությունը պարտակելու համար են գործ դրված։ Մր․ Ուիկֆիլդի միակ թերությունն այս է եղել, որ նա հոգեպես սրիկայից ընկճված լինելով, մի քանի անգամ ձեր դրամի տոկոսները ձեզ վճարում է, թեև համոզված, որ այդ դրամը գոյություն չունի։
― Եվ ի վերջո, բոլոր նախատինքն իր վրա առնում, ― հարեց տատս։ ― Նա գրել էր ինձ մի անմիտ նամակ, ուր գողության ու անլուր ստորության մեջ էր մեղադրում իրեն։ Այնուհետև մի առավոտ ես նրա մոտ գնացի, ճրագ պահանջեցի և նամակն այրելով ասացի նրան, որ եթե մի օր իր պարտքն ինձ վճարելու հնարավորություն գտնի, թող վճարի, իսկ եթե ոչ՝ այդ մասին լռություն պահի՝ գոնե իր աղջկա սիրուն․․․ Չհամարձակվեք ինձ բան ասել, թե չէ իսկույն կանհետանամ այստեցից։
Բոլորս էլ լուռ մնացինք։ Ագնեսը ձեռքերով երեսը ծածկեց։
― Ուրեմն, ազնիվ բարեկամ, ― շարունակեց տատս, ― դուք իրոք այդ սրիկայի ձեռքից դրամը խլեցի՞ք։
― Հարկավ, ― պատասխանեց Տրեդլսը։ ― Մր․ Միկաբրն այնպես սաստիկ պաշարեց նրան և նրա դեմ այնքան զորեղ ու անսպառ փաստեր ուներ, որ սրիկան չէր կարող փախուստ տալ։ Դիտելու արժանի է, որ Հիպը ոչ այնքան ագահությունից, որքան Կոպպերֆիլդին ատելուց էր հափշտակել դրամը։ Այդ մասին համոզված եմ։ Նա ինքն ինձ հայտնի կերպով այդպես ասաց։ Նա ասաց, թե պատրաստ էր՝ ինչ ասես զոհել, միայն թե կարենար մի վնաս և կամ զրկանք հասցնել Կոպպերֆիլդին։
― Տեսա՜ր, ― ասաց տատս, հոնքերը կիտելով ու մի մտածկոտ հայացք ուղղելով Ագնեսի վրա։ ― Ո՞ւր կորավ նա այժմ։
― Չգիտեմ, ― պատասխանեց Տրեդլսը։ ― Նա հեռացավ մոր հետ, որ անդադար լաց էր լինում, պաղատում էր ու ցուցմունք տալիս։ Նրանք Լոնդոն մեկնող գիշերվա կառքով Կենտըրբրին թողին։ Հիպի մասին ուրիշ ոչինչ չգիտեմ, բացի այն, որ հեռանալիս ինձ ու մր․ Միկաբրին մի սաստիկ ատելություն ցույց տվեց, և ես նրան ասացի, թե պատվի տեղ եմ ընդունում այդ։
― Ի՞նչ ես կարծում, Տրեդլս, նա փող ունի՞, ― հարցրի ես։
― Անշուշտ ունի, ― պատասխանեց Տրեդլսը։ ― Հավաստի եմ, որ այս կամ այն եղանակով մի կլոր գումար թռցրած կլինի։ Սակայն կարծում եմ, Կոպպերֆիլդ, դու էլ կտեսնես, եթե նրա ընթացքը դիտելու լինես, որ այդ գործը չարիք գործելուց չի փրկի նրան։ Նա մի մարմնացած կեղծավոր է, որ ինչ բանի էլ դիմելու լինի, ծուռ ճանապարհով կդիմի։ Նա դրանով է իրեն վարձատրում այն բռնազբոսության փոխարեն, որ դնում է ինքն իր վրա։ Նա սովոր է սողալով ձգտել իր չնչին նպատակներին և մեծացնել ամեն բան, որ հանդիպում է նրան ճամփի վրա․ ուստի յուրաքանչյուր անցվոր, որքան էլ անմեղ լինի, նրան կասկածի և ատելության առիթ կտա։ Այս պատճառով նրա խոտորնակ ճանապարհը ավելի ոլոր֊մոլոր կդառնա, մինչև անգամ եթե նա կասկածելու ոչ մի առիթ չգտնի։ Այդ գուշակությունն անելու համար բավական է նրա այստեղի վարմունքը աչքի անցկացնել։
― Նա մի վատթար հրեշ է, ― ասաց տատս։
― Իրավ չգիտեմ, ― նկատեց Տրեդլսը ուրախությամբ, ― այս մարդուն պիտի նորից գովեմ։ Մենք ոչ մի բան գլուխ չէինք բերի, որ հիշատակության արժանի լիներ։ Եվ անհրաժեշտ է նկատի առնել, որ այս գործում մր․ Միկաբրի առաջնորդը միմիայն արդարությունն է․ չմոռանանք, թե որքան կարող էր Հիպից շահել, եթե կամենար լուռ մնալ։
― Ես էլ այդպես եմ կարծում, ― նկատեցի ես։
― Ուրեմն ի՞նչ տանք նրան, ― հարցրեց տատս։
― Այդ խնդիրը շոշափելուց առաջ, ― ասաց Տրեդլսը փոքր֊ինչ շփոթվելով, ― հարկ եմ համարում խոստովանել, որ այս գործում, սկզբից մինչև վերջ ապօրինի գործում․․․ սրա մեջ ամեն բան ապօրինի է․․․ ստիպված եմ եղել զգուշության համար երկու կետ բաց թողնել․ առաջին՝ մր․ Միկաբրի մուրհակները, որ տվել է Հիպին կանխիկ առած ռոճիկի փոխարեն․․․
― Հարկավ, պետք է այդ բոլորը վճարել, ― ասաց տատս։
― Այո՛, սակայն չգիտեմ, թե այդ մուրհակները ե՞րբ կներկայացնեն դատարանին և կամ թե այժմ որտե՞ղ են, ― ասաց Տրեդլսը, աչքերը չռելով։ ― Վախենում եմ, չլինի թե մր․ Միկաբրը՝ դեռ Անգլիայից չմեկնած՝ շարունակ ձերբակալվի իր պարտքերի համար։
― Մենք էլ շարունակ կազատենք նրան, ― ասաց տատս։ ― Որքա՞ն է նրա ամբողջ պարտքը։
― Մր․ Միկաբրը այդ բոլոր գործողությունները․․․ նա գործողություն է անվանում այդ․․․ մեկ֊մեկ հիշատակել է իր ելևմտի մատյանում, ― ասաց Տրեդլսը ժպտալով, ― և նրա հաշվով՝ ընդհանուր գումաարը մի հարյուր երեք ստեռլինգ ու հինգ շիլինգ է։
― Ուրեմն որքա՞ն տանք նրան, այդ գումարն էլ հաշվելով, ― հարցրեց տատս։ ― Սիրելի Ագնես, ձեր և իմ բաժինների մասին հետո առանձին կխոսենք։ Ուրեմն որքա՞ն։ Հինգ հարյուր ստեռլի՞նգ։
Այդ պահին Տրեդլսն ու ես միաբերան ասացինք, թե պետք կլինի մր․ Միկաբրին մի փոքրիկ գումար տալ, իսկ Հիպին տված մուրհակները հետզհետե վճարել՝ առանց նրա գիտության։ Հետո առաջարկեցինք նրա գերդաստանի ճանապարհի ծախսն ու պիտույքը հոգալ և բացի այդ՝ նրան մի հարյուր ստեռլինգ տալ և այդ կանխույթների փոխարեն մի պարտամուրհակ պահանջել նրանից, որպեսզի նա օրենքի առջև պատասխանատու համարի իրեն, որ նրա համար անշուշտ փրկարար կլինի։ Այս բոլորի վրա ես ավելացրի թե նրա բնավորության ու անցյալի նկատմամբ մի քանի կարևոր տեղեկություններ կտամ վստահելի մր․ Պեգգոտիին ու սրան առանձին հարյուր ստեռլինգ կհանձնեմ, խնդրելով, որ իր հայեցողությամբ, այն էլ հետո, մաս֊մաս վճարի իր ուղեկցին։ Միևնույն ժամանակ հանձն առա տրամադրել մր․ Միկաբրին հոգուտ մր․ Պեգգոտիի և ձկնորսի պատմությունից այնքան բան հաղորդել նրան, ինչքան որ անհրաժեշտ էր երկուսի միջև մի օգտակար մտերմություն հաստատելու համար։ Բոլորն էլ առաջարկներս ջերմ֊ջերմ ընդունեցին, և կավելացնեմ, թե երկու կողմն էլ, որոնց այս ամենը վերաբերում էր, փոքր֊ինչ հետո կատարյալ սիրով ու հաճությամբ միևնույնն արին։
Տեսնելով որ Տրեդլսը դարձյալ մի անգամ տատիս վրա անհանգիստ նայեց, հիշեցրի նրան, թե մտադիր էր երկու կետի մասին խոսել։
― Հուսամ, որ դու ու տատդ կներեք ինձ, Կոպպերֆիլդ․․․ ասաց Տրեդլսը վարանելով, ― եթե մի շատ փափուկ առարկա շոշափեմ, որ ստիպված եմ, սակայն, շոշափել․․․ Այն օրը, երբ մր․ Միկաբրը հանդես էր ելել իր կարևոր ամբաստանությամբ, Ուրիաս Հիպը մի սպառնալիք ակնարկ արեց․․․ տատիդ ամուսնու մասին։
Տատս առաջվա պես անշարժ և կարծես թե հանգիստ նստած՝ հաստատական նշան արեց։
― Գուցե մի հանդուգն հանաք էր, ― շարունակեց Տրեդլսը։
― Ոչ, ― պատասխանեց տատս։
― Ուրեմն․․․ ներեցեք․․․ մի այդպիսի անձ իրոք կա՞ր, ― ասաց Տրեդլսը, ― այն էլ լիովին Հիպի ազդեցության ներքո գտնվո՞ղ։
― Այո՛, սիրելի բարեկամ, ― հաստատեց տատս։
Տրեդլսը շվարած դեմքով սկսեց բացատրել, թե նա գործը կարգադրելիս, բնավ չի կարող այդ կետը շոշափել, ինչպես որ անկարող է և մր․ Միկաբրի մուրհակները մեջբերել․ թե մենք արդեն Ուրիաս Հիպին բաց ենք թողել, և թե այդ մարդը երբ էլ ուզենա, հնար կունենա մեզնից մեկին կամ բոլորիս վնասել։
Տատս շարունակում էր հանգիստ մնալ․ բայց աչքերից արտասուքի մի երկու անզուսպ կաթիլ դուրս սահելով, այտերի վրա գլորվեցին։
― Իրավ այդպես է, ― ասաց նա։ ― Լավ եք անում, որ հիշեցնում եք այդ մասին։
― Արդյոք չէի՞նք կարող․․․ ես կամ Կոպպերֆիլդը․․․ մի բան անել, ― հարցրեց մեղմությամբ Տրեդլսը։
― Ոչ մի բան պետք չի անել, ― ասաց տատս։ ― Շատ և շատ շնորհակալ եմ ձեզնից։ Այն սպառնալիքը մի գրոշ չարժի, սիրելի Տրոտ։ Կանչեցեք այստեղ մր․ Միկաբրին ու տիկնոջը։ Էլ ոչ մի խոսք չասեք ինձ։
Այս ասելով տատս զգեստի ծալքերը շտկեց և առաջվա պես ուղիղ նստեց՝ աչքերը դռանը սևեռած։
― Այսպես ուրեմն, մր․ և մրս․ Միկաբր, ― ասաց նա, երբ որ նրանք ներս մտան, ― ձեր գաղթելու գործը մենք արդեն քննեցինք և ներողություն ենք խնդրում, որ այսքան ժամանակ ձեզ սպասել տվինք։ Ահա թե ինչ ենք առաջարկում ձեզ։
Տատս մեր որոշումները բացատրեց ի մեծ ուրախություն գերդաստանի․․․ բոլոր երեխաներն էլ ներկա էին․․․ և մր․ Միկաբրի՝ դրամական գործողություններ կատարելու սերը հանկարծ այնպես բորբոքվեց, որ նույն րոպեին նա դուրս վազեց դրվագավոր թղթեր գնելու, որպեսզի իսկույն ևեթ մուրհակներ գրի։ Սակայն այդ ոգևորությունը մի արագահաս հարված ստացավ․ հինգ րոպե չանցած՝ նա ոստիկանական ծառայողի ուղեկցությամբ իբրև կալանավոր ետ եկավ և արտասվելով ազդարարեց, թե ամեն բան կորած է։ Արդեն սպասում էինք այդ դեպքին, որի հեղինակն անտարակույս Ուրիաս Հիպն էր, և գումարն իսկույն հատուցեցինք։ Դարձյալ հինգ րոպե անցնելուց հետո՝ մր․ Միկաբրն արդեն սեղանի առաջ նստած՝ դրոշմավոր թղթեր էր գրում մի այնպիսի լուսափայլ դեմքով ու զմայլանքով, որի նմանը ուրիշ ոչ մի բանից չէր կարող զգալ, բացի մուրհակներ գրելուց և կամ թե պունչ պատրաստելուց։ Տեսնել նրան, թե ինչպես տոմսերը հրճվանքով էր շփում և արվեստագետի հաճույքով աչքի ծայրով նրանց դիտում, ապա հուշատետրի մեջ թվեր ու գումարներ նշանակում և այդ բոլորն ավարտելուց հետո՝ գոհ֊գոհ նայում իր գործին, դրա գերազանց արժեքին հավատալով, իրավ որ շատ զվարճալի էր։
Դե, մր․ Միկաբր, ― ասաց տատս մի որոշ ժամանակ նրան լուռումունջ նայելուց հետո, ― եթե ինձ ներեք համեստ կարծիքս հայտնելու, այսուհետև ամենից լավն այն կլինի, որ այդպիսի բաներ շարադրելուց մի անգամ ընդմիշտ հրաժարվեք։
― Տիկին, հրաժարվելով հրաժարվում եմ, ― գոչեց մր․ Միկաբրը, ― և պատրաստ եմ այս երդումս ապագայի կուսական էջում արձանագրել։ Թող մրս․ Միկաբրն էլ երդմանս վկա լինի։ Ես վստահ եմ, ― հանդիսավոր ասաց մր․ Միկաբրը, ― որ իմ որդի Ուիլկինսը մինչև իր վերջին շունչը չի մոռանա, որ նրա համար անհամեմատ լավ կլինի իր ձեռքը կրակի վրա բռնել, քան թե այն օձերին դիպչել, որոնք իր թշվառ հոր կյանքի արյունը թունավորել են։
Խոր հուզված և մի վայրկյանում հուսահատության արձան դարձած մր․ Միկաբրը գարշությամբ նայեց օձերին (թեև դրանց համար ունեցած սերը դեռ նշմարվում էր իր աչքերում), ծալեց ու գրպանը դրեց։
Դրանով վերջացան այդ երեկոյան գործերը։ Բոլորս էլ աշխատանքից ու հոգսերից հոգնած էինք։ Տատս ու ես որոշեցինք առավոտյան Լոնդոն վերադառնալ։ Նույնպես որոշվեց, որ մր․ Միկաբրը իր բոլոր կահ֊կարասիքը վաճառելուց հետո՝ ընտանիքով հանդերձ մեզ մոտ գա, որ Տրեդլսը մր․ Ուիկֆիլդի գործերը ըստ կարելվույն շուտով կարգի դնի, իսկ Ագնեսը մինչև այն ժամանակ մեզ մոտ կբնակվի, Լոնդոնում։ Գիշերեցինք հին տանը, որ Հիպերի ներկայությունից ազատվելով՝ ասես թե ժանտախտից մաքրվել էր, և ես քնեցի իմ սենյակում, իբրև մի նավաբեկ ուղևոր։
Հետևյալ օրը տատիս տունն իջանք, ոչ թե իմ մոտ, և երբ որ քնելուց առաջ նա ու ես մենակ մնացինք, ինչպես երբեմն, տատս ասաց․
― Տրոտ, ուզո՞ւմ ես իմանալ, թե վերջին օրերս ի՞նչ հոգսեր ունեի։
― Հարկավ ուզում եմ, տատիկ։ Ես շատ թշվառ կլինեի, եթե գեթ այժմ չկարենայի ձեր հոգսերին կամ վշտերին մասնակցել։
― Դու ինքդ արդեն բավական վշտեր կրեցիր, որդի, ― ասաց տատս գորովանքով։ ― Ի՞նչ հարկ կար, որ իմ չնչին տառապանքն էլ ավելացնեի դրանց վրա։ Քեզնից բան ծածկելու ուրիշ շարժառիթ չունեի, Տրոտ։
― Լավ գիտեմ այդ, բայց և այնպես՝ պատմեցեք։
― Կցանկանայի՞ր վաղն ինձ հետ կառքով պտույտ անել, ― հարցրեց տատս։
― Հոժարությամբ։
― Առավոտյան ժամը իննին, ― ճշտեց նա։ ― Այն ժամանակ կպատմեմ քեզ։
Ժամը իննին արդեն գնում էինք դեպի Լոնդոն։ Մի քանի փողոցներ անցնելուց հետո՝ մի ահագին հիվանդանոցի մոտեցանք։ Դռան առջև մի հասարակ դագաղակիր կառք էր կանգնած։ Կառապանը ճանաչեց տատիս և նրա ակնարկով առաջ քշեց։ Մենք էլ հետևից գնացինք։
― Իմացա՞ր այժմ, սիրելի Տրոտ, ― ասաց տատս։ ― Մեռավ պրծավ։
― Հիվանդանոցո՞ւմ։
― Այո՛։
Տատս անշարժ նստած էր կողքիս, բայց դարձյալ նրա այտերի վրա ներքին հույզը մատնող արտասուքի կաթիլներ նշմարեցի։
― Առաջ էլ մի անգամ այդտեղ էր, ― ասաց տատս։ ― Վաղուց արդեն հիվանդ էր․․․ քայքայված ու ջարդված։ Վերջին անգամ հիվանդանոցում պառկելիս պատվիրել էր, որ ինձ կանչեն։ Արդեն շատ էր զղջացել․․․ շա՜տ։
― Եվ դուք, անշուշտ, գնացիք։
― Այո՛, գնացի, և շատ անգամ։
― Եվ նա հոգին ավանդեց մեր Կենտըրբրի գնալուց մի գիշեր առա՞ջ։
Տատս գլխով հաստատական նշան արեց։
― Այժմ ոչ ոք չի վնասի նրան, ― ասաց նա։ ― Այն սպառնալիքը դատարկ բան էր։
Քաղաքից դուրս եկանք և Հորնսիի գերեզմանոցը մտանք։
― Այստեղ ավելի հանգստություն կունենա, քան փողոցներում, ― ասաց տատս։ ― Այստեղ էլ ծնվել էր։
Կառքից իջանք և անշու ք դագաղին հետևեցինք մինչև մի որոշ անկյուն, որ լավ հիշում եմ։ Այնտեղ էլ թաղման կարգը կատարվեց․․․
― Այսօր մեր ամուսնության երեսունվեցերորդ տարեդարձն է, որդյակ իմ, ― ասաց տատս, երբ որ նորից կառք նստեցինք։ ― Ես էլ մի օր ամուսին էի։ Ներիր ամենքիս, ո՜վ աստված։
Երկար ժամանակ լուռ էինք․ տատս իմ ձեռքից բռնել էր։ Վերջապես նա լաց եղավ և ասաց․
― Շատ գեղեցիկ էր, երբ ես նրան մարդու գնացի, բայց հետո սաստիկ փոխվեց։
Այդ հուզմունքը կարճատև էր։ Սիրտն արտասուքով թեթևացնելուց հետո՝ տատս հանգստացավ, մինչև անգամ զվարթացավ և ասաց, թե իր նյարդերը փոքր֊ինչ թուլացել են․ այդ որ չլիներ, նա թույլ չէր տա, որ իր աչքերից արտասուք ցայտի։ Ողորմյա մեզ, ո՜վ աստված։
Վերադարձանք Հայգեթ, ուր գտանք մր․ Միկաբրի հետևյալ նամակն՝ առավոտյան փոստով եկած․
«Կենտըրբրի, ուրբաթ։
Մեծարգո տիկին և Կոպպերֆիլդ․
Ավետյաց երանելի երկիրը, որ սկսել էր հորիզոնի վրա երևալ, արդեն սև մեգերով քողարկվել է և ընդմիշտ ծածկվել այն բազմաչարչար թշվառի աչքից, որի կորուստը անդարձ է։
Ուեսմինստրի Արքունի դատարանը (ըստ հրամանի Նորին Մեծության) մի երկրորդ արգելման գիր արձակեց՝ Հիպի պահանջմամբ Միկաբրի դեմ, և պարտապանն արդեն ոստիկանի ճանկերումն է։
Պատերազմի ժամը վերջին
Արդ հասել է․ չար թշնամին
Սպառնում է ինձ շղթա, զրկանք,
Եվ գերություն, և անարգանք․․․
Այս բոլորից հետո էլ ապրելու հնար չկա (որովհետև մարդս կարող է միայն միչև մի որոշ աստիճան իր ցավերին դիմանալ ― ոչ ավելի), և ասպարեզս վերջացել է։ Տե՜ր ընդ ձեզ, տե՜ր ընդ ձեզ։ Գուցե մի օր մի ուղևոր, հետաքրքրությունից, հուսամ և մարդասիրությունից դրդվելով, այս քաղաքի պարտապաններին հատկացված բանտն այցելի և խոր մտածության նյութ գտնի, երբ որ կարդա՝ բանտի ժանգոտ մեխով փորագրված՝ այս անշուք սկզբնատառերը՝ Ու․ Մ․
Հ․Գ․ Նամակս բաց եմ անում ձեզ հայտնելու, որ բոլորիս բարեկամ մր․ Թոմաս Տրեդլսը (նա փառք աստծո, ողջ առողջ է) ազնվամիտ մրս․ Տրոտուդի վեհ անունից թե՛ պարտքերս և թե՛ դատական ծախքերս արդեն վճարեց, և որ ես ու գերդաստանս երկրային երջանկության ամենաբարձր կատարի վրա ենք»։