Changes

Դևեր, Մասն առաջին

Ավելացվել է 173 565 բայտ, 19:24, 19 Փետրվարի 2015
/* Գլուխ հինգերորդ. Իմաստուն օձը */
== Գլուխ հինգերորդ. Իմաստուն օձը ==
=== I ===
Վարվառա Պետրովնան զանգակ զարկեց և ընկավ պատուհանի մոտ դրված բազկաթոռներից մեկին։
 
― Նստեք այստեղ, սիրելիս,― տեղ ցույց տվեց Մարյա Տիմոֆեևնային սենյակի կենտրոնում՝ մեծ, կլոր սեղանի մոտ։― Ստեպան Տրոֆիմովիչ, ի՞նչ բան է սա։ Ահա, նայեք այս կնոջը, ի՞նչ բան է սա։
 
― Ես... ես...― մրմնջալու պես սկսեց Ստեպան Տրոֆիմովիչը...
 
Բայց հայտնվեց սպասավորը։
 
― Սի գավաթ սուրճ, հիմա, հատուկ և հնարավորին չափ շուտ։ Կառքը մի արձակեք։
 
— Mais, chere et excellente amie, dans quelle inquetude<ref>Բայց, թանկագին և ամենաբարի բարեկամ, ինչ անհանգստությամբ...
</ref>... նվաղուն ձայնով բացականչեց Ստեպան Տրոֆիմովիչը։
 
― Ահ, ֆրանսերե՜ն, ֆրանսերե՜ն։ Հիմա երևում է, որ բարձրաշխարհիկ հասարակություն է,― ծափ զարկեց Մարյա Տիմոֆեևնան՝ երանության մեջ պատրաստվելով ֆրանսերեն խոսակցություն լսել։ Վարվառա Պետրովնան նրա վրա հառեց հայացքը՝ համարյա վախեցած։
 
Բոլորս լուռ էինք և սպասում էինք որևիցե հանգուցալուծման։ Շատովը գլուխը չէր բարձրացնում, իսկ Ստեպան Տրոֆիմովիչը շփոթված էր, ասես ամեն ինչի մեղավորն էր, քրտինք էր պատել քունքերը։ Ես նայեցի Լիզային (նստած էր անկյունում, համարյա Շատովի կողքին)։ Նրա աչքերն աչալուրջ շարժվում էին Վարվառա Պետրովնայից կաղ կնոջը և հակառակը, շուրթերին ծուռ, բայց ոչ լավ ժպիտ էր խաղում։ Վարվառա Պետրովնան տեսավ այդ ժպիտը։ Այդ ընթացքում Մարյա Տիմոֆեևնան կատարելապես հափշտակվեց, նա վայելքով և նվազագույնս չշփոթվելով զննում էր Վարվառա Պետրովնայի սքանչելի հյուրասենյակը՝ կահկարասին, գորգերը, պատերի նկարները, հնամենի գեղազարդ առաստաղը, բրոնզե խոշոր խաչելությունն անկյունում, հախճապակյա լամպը, ալբոմները, սեղանին դրված մանր-մունր իրերը։
 
― Ուրեմն, դու էլ ես այստեղ, Շատուշկա,― բացականչեց նա հանկարծ,― պատկերացրու, վաղուց եմ քեզ տեսել, բայց մտածում եմ՝ նա՜ չէ։ Ինչպես պիտի ընկնի այստեղ,― ու զվարթ ծիծաղեց։
 
― Դուք ճանաչո՞ւմ եք այս կնոջը,― անմիջապես նրան դարձավ Վարվառա Պետրովնան։
 
― Գիտեմ,― մրթմրթաց Շատովը, ուզում էր վեր կենալ տեղից, բայց մնաց նստած։
 
― Իսկ ի՞նչ գիտեք։ Խնդրեմ, շուտ ասեք։
 
― Ինչ ասեմ...― անհարկի ժպտաց քթի տակ ու կարկամեց...― ինքներդ եք տեսնում։
 
― Ի՞նչ եմ տեսնում։ Դե, մի բան ասեք։
 
― Ապրում է նույն տանը, ուր և ես... եղբոր հետ... մի սպա կա։
 
― Հետո՞։
 
Շատովը կրկին կարկամեց։
 
― Չարժե խոսել...― թնչացրեց նա ու վճռական լռեց։ Նույնիսկ կարմրեց իր վճռականությունից։
 
― Իհարկե, ձեզնից այլևս սպասելիք չկա,― զայրույթով ընդհատեց Վարվառա Պետրովնան։ Նրա համար պարզ էր հիմա, որ բոլորն ինչ-որ բան գիտեն և միաժամանակ բոլորն ինչ-որ բանից երկյուղում են և խուսափում իր հարցերից, ինչ-որ բան թաքցնել են ուզում իրենից։
 
Ներս մտավ սպասավորը և արծաթյա փոքր մատուցարանով նրան մատուցեց պատվիրված հատուկ սուրճի գավաթը, բայց և իսկույն, նրա ձեռքի շարժումով, գնաց դեպի Մարյա Տիմոֆեևնան։
 
― Սիրելիս, դուք շատ եք սառել դրսում, շուտ խմեք և տաքացեք։
 
― Merci,― Մարյա Տիմոֆեևնւսն վերցրեց գավաթը և հանկարծ փռթկացրեց, որ սպասավորին merci էր ասել։ Սակայն, տեսնելով Վարվառա Պետրովնայի ահեղ հայացքը, վախեցավ և գավաթը դրեց սեղանին։
 
― Հորաքույր, հո չե՞ք բարկանում,― մրմնջաց նա մի տեսակ թեթևամիտ աշխույժով։
 
― Իի-ի-՜նչ,― սթափվեց ու բազկաթոռի վրա ուղղվեց Վարվառա Պետրովնան։― Ես ձեզ ի՞նչ հորաքույր։ Ի՞նչ նկատի ունեիք։
 
Մարյա Տիմոֆեևնան, որ նման զայրույթ չէր սպասում, ամբողջ մարմնով ջղաձիգ դողացրեց, ճիշտ կարծես նոպայի մեջ, ետ ընկավ բազկաթոռի թիկնակին։
 
― Ե՜ս... ես կարծեցի այդպես է պետք,― մրմնջաց նա՝ աչքերը չռած Վարվառա Պետրովնայի վրա,― Լիզան ձեզ այդպես ասաց։
 
― Այդ ո՞ր Լիզան։
 
― Այ, այս օրիորդը,― մատով ցույց տվեց Մարյա Տիմոֆեևնան։
 
― Ուրեմն, ձեզ համար նա արդեն Լի՞զա դարձավ։
 
― Նոր դուք այդպես ասացիք նրան,― մի քիչ սրտապնդվեց Մարյա Տիմոֆեևնան։― Իսկ երազիս ես ճիշտ այսպիսի գեղեցկուհի եմ տեսել,― քթի տակ ծիծաղեց նա կարծես ակամա։
 
Վարվառա Պետրովնան շունչը տեղը բերեց և մի քիչ հանգստացավ, նույնիսկ թեթևակի ժպտաց Մարյա Տիմոֆեևնայի վերջին ասածի վրա։ Սա, ժպիտը որսալով, վեր ելավ ու կաղին տալով, վեհերոտ մոտեցավ նրան։
 
― Վերցրեք, մոռացա ետ տալ, մի բարկացեք անքաղաքավարությանս համար,― ուսերից հանկարծ իջեցրեց սև շալը, որը Վարվառա Պետրովնան նրա ուսերին էր գցել տաճարի մոտ։
 
― Հենց հիմա նորից գցեք ուսերին և թող միշտ մնա ձեզ։ Գնացեք ու նստեք, խմեք ձեր սուրճը և, խնդրեմ, մի վախեցեք ինձնից, սիրելիս, հանգստացեք։ Ես սկսում եմ ձեզ հասկանալ։
 
― Chere amie...― նորից ուզեց իրեն թույլ տալ Ստեպան Տրոֆիմովիչը։
 
― Ա՛հ, Ստեպան Տրոֆիմովիչ, առանց ձեզ էլ այստեղ ցնդել կարելի է, գոնե դուք խնայեք... Խնդրեմ, զանգ զարկեք, այ, դրանով, ձեր կողքին է, աղախինների սենյակ։
 
Լռություն տիրեց։ Նրա հայացքը կասկածանքով ու բորբոքված սահում էր բոլորիս դեմքերի վրայով։ Հայտնվեց Ագաշան տանտիրուհու սիրելի աղախինը։
 
― Իմ վանդականախշ գլխաշորը, որ ժնևում էի առել։ Ի՞նչ է անում Դարյա Պավլովնան։
 
― Նրանք այնքան էլ առողջ չեն։
 
― Գնա ու հրավիրիր այստեղ։ Ավելացրու, որ շատ եմ խնդրում, թեկուզև վատառողջ է։
 
Այդ պահին հարևան սենյակներից դարձյալ լսվեց ոտնաձայների և խոսակցության աղմուկ, ինչպես քիչ առաջ, և հանկարծ շեմին հայտնվեց հևասպառ ու «դառնացած» Պրասկովյա Իվանովնան։ Մավրիկիյ Նիկոլաևիչը պահում էր նրան թևանցուկ։
 
― Օ՜հ, տեր Աստված, հազիվ տեղ հասա։ Լիզա, խելագար, այս ի՞նչ ես անում մայրիկիդ հետ,― ծղրտաց նա բոլոր թույլ, բայց շատ բորբոքուն անձանց պես՝ այդ ծղրտոցի մեջ դնելով այն ամենը, ինչ կուտակվել էր բորբոքվածությունից։
 
― Վարվառա Պետրովնա, հոգիս, ձեզ մոտ եմ եկել՝ աղջկանս տանելու։
 
Վարվառա Պետրովնան նրան նայեց հոնքերի տակից, թեթևակի բարձրացավ տեղից՝ ընդառաջ և հազիվ կոծկելով բարկությունը, խոսեց.
 
― Բարև, Պրասկովյա Իվանովնա, բարի եղիր, նստիր։ Ես այդպես էլ գիտեի, որ կգաս։
 
=== II ===
 
Պրասկովյա Իվանովնայի համար նման ընդունելության մեջ անսպասելի ոչինչ չէր կարող լինել։ Վարվառա Պետրովնան միշտ էլ, հենց մանկուց, բռնակալավարի քամահրել էր պանսիոնի իր նախկին ընկերուհուն ընկերության քողի տակ համարյա բանի տեղ չդնելով։ Սակայն տվյալ դեպքում գործերի շրջվածքն էլ էր առանձնահատուկ։ Վերջին օրերս երկու տների միջև կատարյալ խզում էր առաջացել, ինչը հիշատակել եմ արդեն թռուցիկ։ Ծայր առնող խզման պատճառներն առայժմ խորհրդավոր էին Վարվառա Պետրովնայի համար, ուստիև ավելի սրտնեղող, բայց գլխավորն այն է, որ Պրասկովյա Իվանովնան հասցրել էր նրա առաջ ընդունել մի տեսակ անսովոր գոռոզ դիրք։ Վարվառա Պետրովնան, անշուշտ, խոցված էր, իսկ այդ ընթացքում արդեն նրան էլ էին սկսել հասնել ինչ-որ տարօրինակ լուրեր, որոնք անասելի բորբոքել էին հատկապես իրենց անորոշակիությամբ։ Վարվառա Պետրովնան ուղղամիտ, հպարտ ու բաց, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ թափնդոստ բնավորություն ուներ։ Ամենից ավելի նա տանել չէր կարող գաղտնի, թաքցվող մեղադրանքներ և միշտ գերադասում էր բացեիբաց կռիվը։ Ինչ էլ լինի, բայց ահա հինգ օր արդեն տիկնայք չէին տեսնվել։ Վերջին այցելությունը Վարվառա Պետրովնան էր արել, ու նա «Դրոզդիխայից» հեռացել էր նեղացած ու շվարած։ Անսխալ կարող եմ ասել, որ Պրասկովյա Իվանովնան հիմա ներս մտավ միամիտ համոզումով, որ Վարվառա Պետրովնան, չգիտես ինչու, պիտի երկնչի իրենից՝ դա երևում էր նրա դեմքի արտահայտությունից արդեն։ Սակայն երևում է, այդ ժամանակ էլ Վարվառա Պետրովնայի հոգին պարուրել էր ամենագոռոզ հպարտության դևը, երբ նա լոկ թեթևակի կարող էր կասկածել, որ իրեն ինչ-ինչ կերպ համարում են նվաստացված։ Իսկ Պրասկովյա Իվանովնան, ինչպես և բազում թույլ անձինք, որոնք երկար ժամանակ, առանց բողոքի, իրենք են թույլ տալիս վշտացնել իրենց, աչքի էր ընկնում հարձակման անսովոր մոլուցքով, իրենց համար գործերի առաջին իսկ հարմար շրջվածքի դեպքում։ Ճիշտ է, հիմա նա վատառողջ էր, իսկ հիվանդ ժամանակ միշտ ավելի դյուրաբորբոք էր դառնում։ Ավելացնեմ, ի վերջո, որ հյուրասենյակում գտնվող բոլորս մեր ներկայությամբ առանձնապես չէինք կարող նեղել մանկության ընկերուհիներին, եթե նրանց միջև վեճ ծագեր, մենք յուրային էինք համարվում և համարյա թե ենթակա։ Ոչ առանց սարսափի, ես դա հասկացա հենց այն ժամանակ։ Ստեպան Տրոֆիմովիչը, որը չէր նստել Վարվառա Պետրովնայի հայտնվելուց հետո, հոգնատանջ ընկավ աթոռին՝ լսելով Պրասկովյա Իվանովնայի ծղրտոցը, և հուսաբեկ սկսեց որոնել իմ հայացքը։ Շատովը կտրուկ շրջվեց աթոռին և նույնիսկ ինչ-որ բան մրթմրթաց քթի տակ։ Ինձ թվում է, նա ուզում էր վեր կենալ ու գնալ։ Լիզան թեթևակի բարձրացավ աթոռից, բայց իսկույն նստեց տեղը, անգամ պատշաճ ուշադրություն չդարձնելով մոր ծղրտոցին, սակայն ոչ «բնավորության կամակորությունից», այլ որովհետև ակնհայտորեն ամբողջովին մեկ ուրիշ հուժկու տպավորության տակ էր։ Հիմա նա օդի մեջ էր նայում անորոշ, համարյա ցրված և նույնիսկ Մարյա Տիմոֆեևնային դադարեց նախկին ուշադրությունը դարձնել։
 
=== III ===
 
― Օ՜հ, այստե՛ղ,― Պրասկովյա Իվանովնան մատնացույց արեց սեղանի մոտի բազկաթոռը և ծանր-ծանր նստեց Մավրիկիյ Նիկոլաևիչի օգնությամբ։― Նստողը չէի ձեզ մոտ, հարգելիս, եթե ոտքերս չլինեին,― ավելացրեց նա հոգնաբեկ ձայնով։
 
Վարվառա Պետրովնան մի քիչ բարձրացրեց գլուխը աջ ձեռքի մատները հիվանդագին տեսքով սեղմելով աջ քունքին, երևում է, ուժեղ ցավ զգալով այդտեղ (tic douloureux<ref>Հիվանդագին պրկում (ֆրանս.)։
</ref>)։
 
― Ինչո՞ւ այդպես, Պրասկովյա Իվանովնա, ինչի՞ համար չնստես ինձ մոտ։ Հանգուցյալ ամուսնուդ անկեղծ բարյացակամությունից եմ օգտվել ամբողջ կյանքում, իսկ ես ու դու դեռ երեխա տարիքից պանսիոնում միասին տիկնիկ ենք խաղացել։
 
Պրասկովյա Իվանովնան թափահարեց ձեռքերը։
 
― Այդպես էլ գիտեի։ Մշտապես պանսիոնից կսկսեք, երբ ուզենաք հանդիմանել՝ ձեր հնարքն է։ Իսկ իմ կարծիքով, մենակ գեղեցիկ խոսքեր են։ Տանել չեմ կարող ձեր այդ պանսիոնը։
 
― Երևում է, շատ վատ տրամադրությամբ ես եկել, ի՞նչ է եղել ոտքերիդ։ Հիմա քեզ սուրճ կբերեն, համեցիր, խմիր ու մի բարկանա։
 
― Վարվառա Պետրովնա, հարգելիս, դուք ինձ հետ կարծես փոքր աղջկա հետ եք վարվում։ Ես սուրճ չեմ ուզում, այդպե՛ս։
 
Եվ նա անհաշտ շարժումով ձեռքը թափ տվեց սուրճ մատուցող սպասավորի վրա։ (Սուրճից, իմիջիայլոց, մյուսներն էլ հրաժարվեցին, բացի ինձնից և Մավրիկիյ Նիկոլաևիչից։ Ստեպան Տրոֆիմովիչը վերցրեց, բայց գավաթը թողեց սեղանին։ Մարյա Տիմոֆեևնան թեև շատ էր ուզում երկրորդ գավաթը վերցնել, ձեռքն էլ արդեն պարզել էր, բայց միտքը փոխեց ու հանդիսավորապես հրաժարվեց, ըստ երևույթին, իրենից գոհ դրանով)։
 
Վարվառա Պետրովնան խեթ ժպտաց։
 
― Գիտես ինչ, իմ բարեկամ Պրասկովյա Իվանովնա, երևում է , նորից ինչ-որ բան ես երևակայել ինքդ քեզ, դրա համար էլ եկել այստեղ։ Ամբողջ կյանքում մենակ երևակայությամբ ես ապրել։ Նոր, ահա, պանսիոնի պատճառով բարկացար, իսկ հիշո՞ւմ ես, ինչպես տնից եկար ու ամբողջ դասարանին հավատացրիր, որ հուսար Շաբլըյկինը խնամախոսել է քեզ, և ինչպես madame Lefebure-ն իսկույն սուտդ բռնեց։ Բայց չէ որ սուտ չէիր ասել, այլ ուղղակի երևակայել ինքդ քեզ, հաճույքի համար։ Դե, խոսիր, հիմա՞ ինչ ունես։ Է՞լ ինչ ես երևակայել, ինչի՞ց ես դժգոհ։
 
― Դուք էլ պանսիոնում սիրահարվել էիք տերտերին, որը կրոն էր դասավանդում, սա էլ՝ ձեզ, եթե մինչև հիմա ձեր ներսում հիշաչարություն կա, հա - հա - հա։
 
Նա թունալի քրքջաց և հազը բռնեց։
 
― Ա-ա՜, տերտերի մասին չես մոռացել...― ատելությամբ նրան նայեց Վարվառա Պետրովնան։
 
Նրա դեմքը կանաչեց։ Պրասկովյա Իվանովնան հանկարծ լուրջ դիրք ընդունեց։
 
― Հարգելիս, ես հիմա ծիծաղի տրամադրություն չունեմ։ Ինչի՞ համար ամբողջ քաղաքի աչքի առաջ աղջկաս խառնեցիք ձեր սկանդալին, ահա թե ինչի համար եմ եկել։
 
― Իմ սկանդալի՞ն,― հանկարծ ահեղատեսք շտկվեց վարվառա Պետրովնան։
 
― Մամա, ես ձեզ նույնպես խնդրում եմ չափավոր լինել,― հանկարծակի խոսեց Լիզավետա Նիկոլաևնան։
 
― Ինչ ասի՞ր,― պատրաստվում էր նորից ծղրտալ մայրիկը, բայց մեկեն փուքսը թողեց դստեր փայլատակող հայացքի տակ։
 
― Ինչպե՞ս կարող էիք ասել սկանդալի մասին, մամա,― բռնկվեց Լիզան։― Ես ինքս եկա, Յուլիա Միխայլովնայի թույլտվությամբ, որովհետև ուզում էի իմանալ այս դժբախտի պատմությունը, որ օգտակար լինեմ իրեն։
 
― Այս դժբախտի պատմությու՜նը,― չարախնդորեն ձգեց Պրասկովյա Իվանովնան։― Իսկ վայե՞լ է քեզ խառնվել այսպիսի պատմությունների։ Օ՜խ, պատվելիս։ Բավական է ձեր դեսպոտիզմը մեր գլխին,― կատաղած դարձավ Վարվառա Պետրովնային։― Ասում են, ճիշտ է, թե՝ ոչ, մեր ամբողջ քաղաքը խստավարժեցրել են, երևում է, ձեր ժամանակն էլ է եկել։
 
Վարվառա Պետրովնան նստած էր ուղղված, ինչպես աղեղից արձակվելու պատրաստ նետ։ Մի տասը վայրկյան նա խստորեն ու անշարժ նայում էր Պրասկովյա Իվանովնային։
 
― Դե՛, աղոթիր Աստծուն, Պրասկովյա, որ բոլորն այստեղ յուրային են,― վերջապես արտաբերեց նա չարագույժ հանգստությամբ,― շատ ավելորդ բաներ ասացիր։
 
― Իսկ ես, հոգիս, աշխարհիկ կարծիքից այնպես չեմ վախենում, ինչպես ոմանք։ Այդ դուք եք, հպարտության տեսք ընդունած, աշխարհիկ կարծիքի առաջ դողդողում։ Իսկ որ այստեղ յուրայիններ են, ուրեմն, ավելի լավ ձեզ համար, քան եթե օտարները լսեին։
 
― Չլինի՞, խելոքացել ես այս մի շաբաթվա մեջ։
 
― Այս մի շաբաթվա մեջ չեմ խելոքացել, այլ երևում է, ճշմարտությունն է ջրի երես ելել այս շաբաթ։
 
― Ի՞նչ ճշմարտություն է ջրի երես ելել այս շաբաթ։ Լսիր, Պրասկովյա Իվանովնա, մի ջղայնացրու ինձ, այս րոպեիս բացատրիր, պատվովս եմ խնդրում, թե այդ ի՞նչ ճշմարտություն է ջրի երես ելել ու ի՞նչ ես հասկանում դրա տակ։
 
― Ահա նա, եղած-չեղած ճշմարտությունը նստած է,― Պրասկովյա Իվանովնան հանկարծ մատով ցույց տվեց Մարյա Տիմոֆեևնային՝ անվեհեր այն վճռականությամբ, որն արդեն մտահոգ չէ հետևանքներով, միայն թե հիմա խոցի։ Մարյա Տիմոֆեևնան, որն ամբողջ ժամանակ նրան էր նայում զվարթ հետաքրքրասիրությամբ, բերկրալի ծիծաղեց, տեսնելով զայրացկոտ հյուրի՝ իր վրա տնկած մատը և ուրախ-ուրախ իրար եկավ բազկաթոռին։
 
― Տեր Հիսուս Քրիստոս, ցնդե՞լ են բոլորն, ինչ է,― բացականչեց Վարվառա Պետրովնան և, գունատվելով, ետ ընկավ բազկաթոռի թիկնակին։
 
Նա այնպես էր գունատվել, որ նույնիսկ իրարանցում առաջացավ։ Ստեպան Տրոֆիմովիչն առաջինը նետվեց դեպի նա, ես նույնպես մոտեցա, անգամ Լիզան ելավ տեղից, թեև մնաց իր բազկաթոռի մոտ, բայց բոլորից ավելի վախեցավ ինքը՝ Պրասկովյա Իվանովնան. նա բղավեց, ինչքան կարող էր, բարձրացավ տեղից և համարյա վայնասուն բարձրացրեց լացակումած ձայնով.
 
― Վարվառա Պետրովնա, հարգելիս, ներեցեք իմ չարացած անխելքությունը։ Գոնե ջուր տվեք մեկնումեկդ։
 
― Մի նվնվա, Պրասկովյա Իվանովնա, խնդրում եմ քեզ, ու ետ քաշվեք, պարոնայք, բարի եղեք, ջուր հարկավոր չէ,― գունատված շուրթերով հաստատ, թեև ոչ բարձրաձայն արտաբերեց Վարվառա Պետրովնան։
 
― Հոգիս,― շարունակեց Պրասկովյա Իվանովնան, մի քիչ հանգստանալով,― իմ բարեկամ, Վարվառա Պետրովնա, թեև մեղավոր եմ անզգույշ խոսքերի համար, բայց դե, ամենից շատ զայրացրել են այդ անանուն նամակները, որոնցով ինչ-որ մարդուկներ ռմբակոծում են ինձ։ Դե, թող ձեզ գրեին, թե որ հենց ձեր մասին են գրում, իսկ ես աղջիկ ունեմ, հարգելիս։
 
Վարվառա Պետրովնան անձայն նրան էր նայում չռած աչքերով ու լսում զարմանքով։ Այդ պահին անլսելի բացվեց անկյունի կողադուռը և հայտնվեց Դարյա Պավլովնան։ Նա կանգ առավ և չորսբոլորը նայեց, նրան ապշեցրել էր մեր իրարանցումը։ Պետք է որ անմիջապես չնկատեր նաև Մարյա Տիմոֆեևնային, ում մասին ոչ ոք չէր հայտնել նրան։ Ստեպան Տրոֆիմովիչն առաջինը նկատեց նրան, արագ մի շարժում արեց, կարմրատակեց ու չգիտես ինչու բարձրաձայն ազդարարեց. «Դարյա Պավլովնան», այնպես որ բոլոր աչքերը միանգամից ուղղվեցին ներս եկածի վրա։
 
― Ինչպե՜ս, ուրեմն սա՞ է ձեր Դարյա Պավլովնան,― բացականչեց Մարյա Տիմոֆեևնան։― Էհ, Շատուշկա, քեզ նման չէ քո քույրիկը։ Իսկ ինչպես է իմ եղբայրն այսպիսի սքանչելիքը ճորտ աղախին Դաշա կոչում։
 
Այդ ընթացքում Դարյա Պավլովնան արդեն մոտենում էր Վարվառա Պետրովնային, բայց Մարյա Տիմոֆեևնայի բացականչությունից ցնցված, արագ շուռ եկավ ու այդպես էլ մնաց իր աթոռի առաջ՝ խևին նայելով տևական, գամված հայացքով։
 
― Նստիր, Դաշա,― խոսեց Վարվառա Պետրովնան՝ սարսափեցնող հանգստությամբ,― ավելի մոտ, այ, այդպես։ Կարող ես նստած էլ տեսնել այդ կնոջը։ Գիտե՞ս դու նրան։
 
― Ես նրան երբեք չեմ տեսել,― մեղմաձայն պատասխանեց Դաշան և կարճ լռությունից անմիջապես հետո, ավելացրեց.― պետք է որ ոմն պարոն Լեբյադկինի հիվանդ քույրը լինի։
 
― Հոգիս, ես էլ ձեզ առաջին անգամ հենց նոր տեսա, չնայած վաղուց արդեն հետաքրքրությամբ ուզել եմ ծանոթանալ, որովհետև ձեր ամեն մի շարժմունքի մեջ դաստիարակվածություն եմ տեսնում,― հափշտակված գոչեց Մարյա Տիմոֆեևնան։― Իսկ այն, ինչ իմ ծառան է դուրս տալիս, հնարավո՞ր է արդյոք, որ դուք նրա փողը վերցնեիք, այդքան դաստիարակված ու գեղեցիկ։ Որովհետև դուք գեղեցիկ եք, գեղեցիկ, գեղեցիկ՝ այս մեկն իմ կողմից եմ ասում,― ցնծությամբ եզրափակեց նա ձեռքը թափահարելով իր առաջ։
 
― Որևէ բան հասկանու՞մ ես,― հպարտ արժանապատվությամբ հարցրեց Վարվառա Պետրովնան։
 
― Ես ամեն ինչ հասկանում եմ...
 
― Փողի մասին լսեցի՞ր։
 
― Դա, հավանաբար, այն փողն է, որը ես, Նիկոլայ Վսեվոլոդովիչի խնդրանքով, դեռևս Շվեյցարիայում, հանձն առա հասցնել այդ պարոն Լեբյադկինին, նրա եղբորը։
 
Հետևեց լռություն։
 
― Նիկոլայ Վսեվոլոդովիչն ի՞նքն է քեզ խնդրել հանձնել։
 
― Նա շատ էր ուզում ուղարկել այդ փողը, ընդամենը երեք հարյուր ռուբլի, պարոն Լեբյադկինին։ Իսկ քանի որ հասցեն չուներ, այլ գիտեր միայն, որ նա մեր քաղաքը պիտի գա, ապա հանձնարարեց ինձ՝ տալ այն դեպքում, եթե պարոն Լեբյադկինը գա։
 
― Իսկ ի՞նչ փող է... կորել։ Ինչի՞ մասին էր այդ կինը նոր խոսում։
 
― Այդ մեկն արդեն չգիտեմ, ինձ նույնպես հասել է, որ պարոն Լեբյադկինն իմ մասին բարձրաձայն ասել է, իբր ոչ լրիվ եմ իրեն տվել, բայց այդ խոսքերը ես չեմ հասկանում։ Եղել է երեք հարյուր ռուբլի, ես էլ հանձնել եմ երեք հարյուր ռուբլի։
 
Դարյա Պավլովնան համարյա լրիվ հանգստացել էր արդեն։ Եվ ընդհանրապես նշեմ, դժվար էր մի որևէ բանով երկար ժամանակ զարմացնել այդ աղջկան և հանել հունից, ինչ էլ զգար նա ներքուստ։ Հիմա նա բոլոր պատասխանները տալիս էր անշտապ, իսկույն պատասխանելով յուրաքանչյուր հարցին ստուգապես, ցածրաձայն, համաչափ, առանց իր նախասկզբնական, հանկարծակի հուզման նվազագույն հետքի, առանց փոքր-ինչ շփոթմունքի, ինչը կարող էր վկայել թեկուզև որևիցե մեղքի գիտակցում։ Վարվառա Պետրովնայի հայացքը չէր կտրվում նրանից՝ խոսելու ամբողջ ընթացքում։ Մի րոպեի չափ Վարվառա Պետրովնան մտածում էր։
 
― Եթե,― արտաբերեց վերջապես հաստատուն և, ըստ երևույթին, ուղղված ներկաներին, թեև միայն Դաշային էր նայում,― եթե Նիկոլայ Վսեվոլոդովիչը հանձնարարությամբ չի դիմել նույնիսկ ինձ, այլ խնդրել է քեզ, ապա, անշուշտ, այդպես վարվելու իր պատճառներն է ունեցել։ Ինձ իրավունք չեմ վերապահում դրանցով հետաքրքրվել, եթե դրանցից գաղտնիք են սարքում ինձ համար։ Բայց արդեն քո իսկ մասնակցությունն այդ գործին ինձ կատարելապես հանգստացնում է, Դարյա, ամենից առաջ դա իմացիր։ Բայց գիտես ինչ, բարեկամս, դու կարող էիր նաև մաքուր խղճով, աշխարհիկ հասարակությունը չգիտնալով, որևէ անզգուշություն անել, և արել ես՝ ստանձնելով փոխհարաբերություններ ինչ-որ մի սրիկայի հետ։ Այդ ստահակի տարածած լուրերը հաստատում են քո սխալը։ Բայց ես նրա մասին կիմանամ, և քանի որ քո պաշտպանողը ես եմ, ապա կկարողանամ պաշտպան կանգնել։ Իսկ հիմա հարկավոր է այս ամենը վերջացնել։
 
― Ամենալավը կլինի, երբ նա գա ձեզ մոտ,― հանկարծ միացավ Մարյա Տիմոֆեևնան գլուխը տնկելով իր բազկաթոռից,― ուղարկեք նրան ծառաների սենյակ։ Թող այնտեղ, թախտի վրա իր թղթախաղն անի նրանց հետ, իսկ մենք այստեղ նստած մեր սուրճը կխմենք։ Մի բաժակ էլ կարելի է նրան ուղարկել, բայց ես խորապես արհամարհում եմ նրան։
 
Եվ նա արտահայտիչ թափահարեց գլուխը։
 
― Հարկավոր է սա վերջացնել,― կրկնեց Վարվառա Պետրովնան ուշադրությամբ լսելով Մարյա Տիմոֆեևնային,― խնդրում եմ, զանգ զարկեք, Ստեպան Տրոֆիմովիչ։
 
Ստեպան Տրոֆիմովիչը զանգը զարկեց և հանկարծ առաջացավ ամբողջապես հուզմունքով համակված։
 
― Եթե... եթե ես...― մրմնջած նա տենդագին, կարմրելով, կերկեր ու կակազուն,― եթե ես նույնպես լսել եմ ամենանողկալի պատմությունը կամ, ավելի լավ է ասել, զրպարտանքը, ապա կտրականապես զայրացած եմ... enfin, c’est un homme perdu et guelgue chose comme un forçat evade...<ref>Մի խոսքով, դա կործանված մարդ է և փախստական տաժանապարտի նման մի բան (ֆրանս.)։
</ref>
 
Նա ընդհատեց ու չավարտեց։ Վարվառա Պետրովնան աչքերը կկոցած նրան էր զննում ոտքից գլուխ։ Ներս մտավ հոյատեսք Ալեքսեյ Եգորովիչը։
 
― Կա՛ռքը,― հրամայեց Վարվառա Պետրովնան,― Ալեքսեյ Եգորովիչ, դու էլ պատրաստվիր տիկին Լեբյադկինային տանել տուն, ուր ինքը ցույց կտա։
 
― Պարոն Լեբյադկինը որոշ ժամանակ իրենք են սպասում նրան և շատ խնդրեցին իրենց մասին զեկուցել։
 
― Դա անհնար է, Վարվառա Պետրովնա,― հանկարծ անհանգստությամբ խոսեց ամբողջ ժամանակ անխռով ու լուռ մնացած Մավրիկիյ Նիկոլաևիչը,― եթե թույլ կտաք, դա այնպիսի մարդ չէ, որը կարող է մուտք գործել հասարակություն, դա... դա... դա մի անհնարին մարդ է, Վարվառա Պետրովնա։
 
― Մի քիչ սպասեք,― դիմեց Վարվառա Պետրովնան Ալեքսեյ Եգորյըչին, ու նա հեռացավ։
 
― C’est un homme malhonnete et je crois meme gue c’est forçat evade ou gulgue chose dans cegenre<ref>Դա անպատիվ մարդ է, և ես ենթադրում եմ նույնիսկ, որ նա փախած տաժանապարտ է կամ դրա պես մի բան (ֆրանս.)։
</ref>,― նորից մրմնջաց Ստեպան Տրոֆիմովիչը, նորից կարմրեց ու նորից կիսատ թողեց։
 
― Լիզա, գնալու ժամանակն է,― խորշանքով հայտնեց Պրասկովյա Իվանովնան ու ելավ տեղից։ Կարծես թե ափսոսում էր, որ քիչ առաջ, վախեցած, ինքն իրեն անխելք կոչեց։ Երբ խոսում էր Դարյա Պավլովնան, նա արդեն լսում էր՝ շրթունքներն արհամարհաբար սեղմած։ Բայց ամենից շատ ինձ շշմեցրեց Ելիզավետա Նիկոլաևնայի տեսքն այն պահից, երբ ներս մտավ Դարյա Պավլովնան. նրա աչքերում չափից ավելի անսքող արհամարհանք ու ատելություն շողաց։
 
― Մի րոպե համբերիր, Պրասկովյա Իվանովնա, խնդրում եմ քեզ,― կանգնեցրեց Վարվառա Պետրովնան դարձյալ նույն, չափազանց հանգստությամբ,― բարի եղիր, նստիր, ես մտադիր եմ ամեն ինչ ասել, իսկ քո ոտքերը ցավում են։ Ա՜յ այդպես, շնորհակալ եմ։ Քիչ առաջ ես ափերից ելա ու մի քանի անհամբերելի բաներ ասացի քեզ։ Բարի եղիր, ներիր ինձ, հիմարություն արեցի և առաջինն եմ զղջում, որովհետև ամեն ինչում արդարություն եմ սիրում։ Իհարկե, նույնպես ելնելով ափերից, դու հիշատակեցիր ինչ-որ անանունի։ Յուրաքանչյուր անանուն զրպարտություն արհամարհանքի է արժանի այն պատճառով արդեն, որ ստորագրված չէ։ Եթե դու ուրիշ կերպ ես հասկանում, ես քեզ չեմ նախանձում։ Համենայն դեպս, քո տեղը լինեի, ձեռքս գրպանս չէի տանի՝ նման աղբը հանելու, չէի աղտոտվի։ Իսկ դու աղտոտվեցիր։ Բայց քանի որ ինքդ սկսել ես արդեն, ապա քեզ կասեմ, որ ես էլ վեց օր առաջ ստացա նույնպես անանուն ու ծաղրածուական մի նամակ։ Սրիկայի մեկն ինձ հավատացնում է դրանով, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչը խելագարվել է և ես պիտի վախենամ ինչ-որ կաղ կնոջից, որն «իմ ճակատագրի մեջ արտակարգ դեր է խաղալու»՝ ես հիշում եմ նախադասությունը։ Կռահելով ու գիտնալով, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչը չափից ավելի թշնամիներ ունի, ես անմիջապես ուղարկեցի կանչելու մի հոգու, նրա թշնամիներից գաղտնի, ամենավրեժխնդիր և անարգ մի մարդու, և նրա հետ խոսակցությունից ակնթարթորեն համոզվեցի անանունի ստոր ծագման մեջ։ Եթե քեզ նույնպես, իմ խեղճ Պրասկովյա Իվանովնա, իմ պատճառով անհանգստացրել են նույնպիսի անարգ նամակներով, և ինչպես արտահայտվեցիր, «ռմբակոծել» են, ապա, անշուշտ, ափսոսում եմ, որ անմեղ պատճառ եմ դարձել։ Ահա այն ամենը, ինչ ուզում էի քեզ ասել, որպես բացատրություն։ Ցավոք, տեսնում եմ, որ շատ ես հոգնած և հիմա շատ ես հուզված։ Բացի դրանից, ես անպայման վճռեցի հիմա ներս թողնել այդ կասկածելի մարդուն, ում մասին Մավրիկիյ Նիկոլաևիչն արտահայտվեց ոչ այնքան սազական բառով, թե նրան անհնար է ընդունել։ Հատկապես Լիզան այստեղ այլևս անելիք չունի։ Լիզա, բարեկամս, մոտեցիր ինձ ու թող մի անգամ էլ քեզ համբուրեմ։
 
Լիզան անցավ սենյակի միջով ու կանգնեց Վարվառա Պետրովնայի առաջ։ Վերջինս համբուրեց նրան, բռնեց ձեռքերից, մի քիչ հեռացրեց իրենից ու նրան նայեց հուզված, հետո խաչակնքեց ու նորից համբուրեց։
 
― Դե, գնաս բարով, Լիզա (Վարվառա Պետրովնայի ձայնին համարյա թե արցունք էր խառնվում),― հավատա, որ չեմ դադարի քեզ սիրել, ինչ էլ քեզ վիճակվի ճակատագրով սրանից հետո... Աստված քեզ հետ։ Ես միշտ օրհնել եմ նրա սրբազան աջը...
 
Նա ինչ-որ բան էլ էր ուզում ավելացնել, բայց զսպեց իրեն ու լռեց։ Լիզան գնում էր իր տեղը շարունակ լուռ և մտազբաղ, բայց հանկարծ կանգ առավ մայրիկի առաջ։
 
― Մամա, ես դեռ չեմ գնա, այլ մի քիչ էլ կմնամ հորաքրոջ մոտ,― ասաց նա մեղմաձայն, բայց այդ ցածրաձայն բառերի մեջ երկաթյա վճռականություն հնչեց։
 
― Աստվա՜ծ իմ, սա ի՜նչ բան է,― բացականչեց Պրասկովյա Իվանովնան ձեռքերն անուժ իրար զարկելով։ Սակայն Լիզան չպատասխանեց և կարծես նույնիսկ չլսեց։ Նստեց նախկին անկյունում և նորից սկսեց նայել օդի մեջ։
 
Հաղթական ու հպարտ ինչ-որ բան լուսավորեց Վարվառա Պետրովնայի դեմքը։
 
― Մավրիկիյ Նիկոլաևիչ, մի արտակարգ խնդիրք ունեմ ձեզ, բարի եղեք, գնացեք նայելու այդ ներքևի մարդուն, և եթե որևէ հնարավորություն կա ներս թողնել նրան, ապա բերեք այստեղ։
 
Մավրիկիյ Նիկոլաևիչը գլուխը խոնարհեց և դուրս եկավ։ Մի րոպե անց նա բերեց պարոն Լեբյադկինին։
 
=== IV ===
 
Մի առիթով ասել եմ այդ պարոնի արտաքինի մասին, բարձրահասակ էր, գանգրամազ, ամրակազմ, քառասուն տարեկան, բոսորագույն, մի քիչ ուռած և լխկած դեմքով, գլխի ամեն շարժումից ցնցվող այտերով, մանրիկ, արնակոխ, երբեմն բավականին խորամանկ աչքերով, այտամորուսներով և գոյացող, մսեղ ադամախնձորով, բավականաչափ անդուր տեսքով։ Բայց ամենից շատ զարմացնում էր, որ հիմա հայտնվել էր ֆրակով և մաքուր սպիտակեղենով։ «Մարդիկ կան, որոնց նույնիսկ անվայել է մաքուր սպիտակեղենը»,― Լիպուտինը մի անգամ այսպես առարկեց Ստեպան Տրոֆիմովիչի կատակախառն հանդիմանությանը՝ իր փնթիության վերաբերյալ։ Կապիտանի ձեռնոցներն էլ էին սև, որոնցից աջը, դեռևս չհագած, ձեռքում էր պահել, իսկ ձախը, ձիգ քաշված և չկոճկվող, կիսով չափ ծածկել էր նրա ձախ, մսեղ թաթը, որով բռնել էր միանգամայն նոր, փայլուն և, հավանաբար առաջին անգամ գործածվող կլոր շլյապան։ Ուրեմն, ստացվում էր, որ երեկվա «սիրո ֆրակը», ինչի մասին բղավում էր նա Շատովին, իրոք, գոյություն ուներ։ Այդ ամենը՝ այսինքն, թե ֆրակը, թե սպիտակեղենը, ձեռք էր բերվել (ինչպես իմացա հետո) Լիպուտինի խորհրդով, ինչ-ինչ խորհրդավոր նպատակների համար։ Կասկած չկար, որ հիմա էլ եկել էր (վարձած կառքով) նույնպես անպայման կողմնակի դրդմամբ և մեկնումեկի օգնությամբ։ Մենակ չէր կարող կռահել, ինչպեսև հագնվել, պատրաստվել ու վճռել ինչ-որ երեք քառորդ ժամվա ընթացքում, ենթադրում եմ նույնիսկ, որ տաճարային գավթի տեսարանն իսկույն հայտնի էր դարձել նրան։ Հարբած չէր, բայց և բազում օրերի հակվածությունից հանկարծակի արթնացած մարդու ծանր, բութ, մշուշված վիճակում էր։ Կարծես, բավական էր ձեռքով մեկ-երկու անգամ ցնցել ուսը, և նա իսկույն նորից կհարբեր։
 
Նա ուզում էր ներս սուրալ հյուրասենյակ, բայց հանկարծ դռան մոտ գայթեց գորգի վրա։ Մարյա Տիմոֆեևնան ծիծաղից խեղդվում էր։ Եղբայրը գազանատեսք նայեց նրան ու հանկարծ մի քանի արագ քայլ արեց դեպի Վարվառա Պետրովնան։
 
― Տիրուհի, ես եկել եմ...― թնդաց նա, ասես փողի մեջ։
 
― Շնորհ արեք ինձ, ողորմած պարոն,― ուղղվեց Վարվառա Պետրովնան,― այ, այնտեղ, աթոռին։ Ես ձեզ այնտեղից էլ կլսեմ, իսկ այստեղից ավելի լավ կտեսնեմ ձեզ։
 
Կապիտանը կանգ առավ բութ հայացքով դիմացը նայելով, բայց շրջվեց ու նստեց մատնացույց արված տեղը, ճիշտ դռան մոտ։ Սաստիկ անվստահություն, դրա հետ մեկտեղ հանդգնություն և շարունակական մի բորբոքվածություն էր դաջված նրա կերպարանքին։ Նա երկյուղում էր սարսափելի, դա երևում էր, սակայն ինքնասիրությունն էլ էր տանջում, ու կարելի էր կռահել, որ բորբոքված ինքնասիրությունից, չնայած վախկոտությանը, առիթի դեպքում նա կարող է սիրտ անել նույնիսկ ամեն մի լկտիության։ Ըստ երևույթին, վախենում էր իր անճոռնի մարմնի յուրաքանչյուր շարժումից։ Հայտնի է, որ բոլոր նման պարոնների գլխավոր տառապանքն իրենց իսկ սեփական ձեռքերն են և որևէ կերպ դրանք վայելուչ պահելու՝ ամեն րոպե գիտակցվող անհնարինությունը, երբ նրանք որևիցե հրաշալի առիթով հայտնվում են հասարակության մեջ։ Կապիտանը գամվել էր աթոռին շլյապան ու ձեռնոցները բռնած, անիմաստ հայացքը չկտրելով Վարվառա Պետրովնայի խստաշունչ դեմքից։ Գուցեև կուզենար ավելի ուշադիր զննել շուրջը, բայց առայժմ սիրտ չէր անում։ Մարյա Տիմոֆեևնան, հավանաբար նրա կերպարանքը կրկին անչափ ծիծաղելի գտնելով, նորից քրքջաց, բայց կապիտանը չշարժվեց։ Վարվառա Պետրովնան անխղճորեն երկար, մի ամբողջ րոպե նրան պահեց այդ դիրքում անողոքաբար զննելով։
 
― Նախ, թույլ կտա՞ք իմանալ ձեր անունը հենց ձեզնից,― չափված ու արտահայտիչ արտաբերեց նա։
 
― Կապիտան Լեբյադկին,― թնդաց կապիտանը,― ես եկել եմ, տիրուհի...― նորից ուզում էր շարժվել նա։
 
― Ներեցեք,― նորից կանգնեցրեց Վարվառա Պետրովնան։― Այս խեղճ արարածը, որն այնպես հետաքրքրել է ինձ, իրո՞ք ձեր քույրն է։
 
― Քույրս է, տիրուհի, դուրս պրծած հսկողությունից, քանի որ նա այնպիսի վիճակում է...
 
Նա հանկարծ դեմ ընկավ ու շառագունեց։
 
― Սխալ մի ընդունեք, տիրուհի,― սարսափելի խճճվել էր,― հարազատ եղբայրը չպետք է արատավորի... այնպիսի վիճակում, սա նշանակում է ոչ այնպիսի վիճակում... այն իմաստով, որ բիծ է վարկի վրա... վերջին ժամանակներում...
 
Նա հանկարծ ընդհատեց։
 
― Ողորմած պարոն,― գլուխը բարձրացրեց Վարվառա Պետրովնան։
 
― Ահա, թե ինչ վիճակում,― հանկարծակի եզրափակեց կապիտանը մատով խփելով ճակատի մեջտեղին։ Հետևեց լռություն։
 
― Եվ վաղու՞ց է տառապում դրանով,― թեթևակի ծոր տվեց Վարվառա Պետրավնան։
 
― Տիրուհի, ես եկել եմ շնորհակալություն հայտնելու զավթում ցուցաբերած մեծահոգության համար, ռուս մարդու պես, եղբոր պես...
 
― Եղբոր պե՞ս։
 
― Այսինքն, ոչ եղբոր պես, այլ միայն իմաստով, որ ես իմ քրոջ եղբայրն եմ, տիրուհի, և հավատացեք, տիրուհի,― արագացրեց նա՝ նորից շառագունելով,― ես այնքան էլ չկրթված չեմ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից ձեր հյուրասենյակում։ Ես և քույրս ոչինչ ենք, տիրուհի, համեմատած այն ճոխության հետ, որպիսին այստեղ նկատում ենք։ Դրանից բացի, ունենալով զրպարտողներ։ Բայց վարկի խնդրում Լեբյադկինը հպարտ է, տիրուհի, և... և... ես եկել եմ շնորհակալությունս հայտնելու... Ահա փողը, տիրուհի։
 
Այստեղ նա գրպանից հանեց դրամապանակը, միջից քաշեց-հանեց մի կապուկ թղթադրամ և սկսեց ջոկջկել դողդողացող մատներով, անհամբերության մոլուցքով։ Երևում էր, որ ուզում է ավելի շուտ բացատրել ինչ-որ բան, որ շատ էր պետք, բայց, հավանորեն, ինքն էլ զգալով, որ փողերը ջոկջկելն ավելի հիմար տեսք է տալիս իրեն, կորցրեց ինքնատիրապետումը. թղթադրամները ոչ մի կերպ չէին հաշվվում, մատները խառնվում էին, և ի լրումն խայտառակության, կանաչ մի թղթադրամ սահեց դրամապանակից, զիգզագներով ընկավ գորգի վրա։
 
― Քսան ռուբլի, տիրուհի,― հանկարծ վեր ցատկեց նա, տրցակը ձեռքին, չարչարվելուց քրտնած դեմքով։ Նկատելով հատակին ընկած թղթադրամը, ուզում էր կռանալ և վերցնել, բայց չգիտես ինչու, ամաչելով, ձեռքը թափ տվեց։
 
― Թող մնա ձերոնց, ծառային, տիրուհի, որը կհավաքի, թող հիշի Լեբյադկինին։
 
― Ես դա ոչ մի կերպ չեմ կարող թույլ տալ,― արագ-արագ և որոշ երկյուղով ասաց Վարվառա Պետրովնան։
 
― Այդ դեպքում...
 
Լեբյադկինը կռացավ, վերցրեց, շառագունեց ու հանկարծ մոտեցավ Վարվառա Պետրովնային, նրան պարզեց հաշված դրամը։
 
― Ի՞նչ է սա,― վերջապես արդեն լիովին վախեցավ նա և նույնիսկ ետ-ետ գնաց բազկաթոռի մեջ։ Մավրիկիյ Նիկոլաևիչը, ես, Ստեպան Տրոֆիմովիչը քայլեցինք առաջ։
 
― Հանգստացեք, հանգստացեք, ես խելագար չեմ, Աստված վկա, խելագար չեմ,― չորսբոլորը դիմելով, հուզախռով հավատացնում էր կապիտանը։
 
― Ոչ, ողորմած պարոն, դուք խելագարվել եք։
 
― Տիրուհի, սա ամենևին այն չէ, ինչ կարծում եք։ Ես, իհարկե, մի ողորմելի օղակ եմ... Օ՜, տիրուհի, հարուստ են ձեր պալատները, սակայն աղքատիկ են Մարիա Անհայտինը, իմ քրոջ՝ ծննդյամբ Լեբյադկինա, բայց որին առայժմ կոչենք Մարիա Անհայտ, առայժմ, տիրուհի, միայն առայժմ, քանզի ընդմիշտ թույլ չի տա ինքը՝ տեր Աստված։ Տիրուհի, դուք նրան տվել եք տասը ռուբլի, և նա ընդունել է, որովհետև ձեզնից է, տիրուհի։ Լսում եք, տիրուհի, աշխարհում և ոչ մեկից չէր վերցնի այդ Մարիա Անհայտը, այլապես դագաղի մեջ շուռ կգար նրա շտաբ-սպա պապը՝ սպանված Կովկասում, անձամբ Երմոլովի աչքի առաջ, բայց ձեզնից, տիրուհի, ձեզնից ամեն ինչ կվերցնի։ Բայց մի ձեռքով կվերցնի, իսկ մյուս ձեռքով ձեզ կպարզի արդեն քսան ռուբլի, որպես նվիրաբերում մայրաքաղաքային բարեգործական կոմիտեներից մեկին, որի անդամն եք հանդիսանում դուք, տիրուհի... քանի որ ինքներդ եք հրապարակել «Մոսկովսկիյե վեդոմոստի»-ում, որ ձեզ մոտ է գտնվում այստեղի, մեր քաղաքի բարեգործական ընկերության մատյանը, որի մեջ յուրաքանչյուրը կարող է ստորագրել...
 
Կապիտանը հանկարծ ընդհատեց խոսքը, նա ծանր էր շնչում, ինչպես որևէ դժվարին քաջագործությունից հետո։ Բարեգործության կոմիտեի մասին այդ ամենը, հավանաբար, վաղօրոք էր պատրաստված, գուցեև Լիպուտինի խմբագրմամբ։ Նա ավելի էր քրտնել, տառացիորեն քրտինքի կաթիլներն էին գոյացել քունքերին։ Վարվառա Պետրովնան ծակող հայացքով նրան էր զննում։
 
― Այդ մատյանը,― խստադեմ խոսեց նա,― միշտ գտնվում է ներքևում, իմ տան բարապանի մոտ, այնտեղ դուք կարող եք ստորագրել ձեր նվիրատվության տակ, եթե ուզենաք։ Ուստի և, խնդրում եմ հիմա պահել ձեր փողը և չթափահարել օդում։ Այ, այդպես։ Կխնդրեմ ձեզ նույնպես զբաղեցնել ձեր նախկին տեղը։ Այ, այդպես։ Շատ եմ ցավում, ողորմած պարոն, որ սխալվել եմ ձեր քրոջ հաշվով և ողորմություն տվել, որպես չքավորի, երբ այդքան հարուստ է։ Միայն մի բան չեմ հասկանում, ինչու՞ միայն ինձնից կարող է վերցնել, իսկ մյուսներից ամենևին չի ուզենա։ Դուք այնպես հաստատեցիք դա, որ ես ցանկանում եմ միանգամայն ստույգ բացատրություն լսել...
 
― Տիրուհի, գաղտնիք է դա, որը կարող է միայն դագաղի հետ գերեզման գնալ,― պատասխանեց կապիտանը։
 
― Իսկ ինչու՞,― մի տեսակ ոչ այնքան հաստատուն հարցրեց Վարվառա Պետրովնան։
 
― Տիրուհի՜, տիրուհի՜...
 
Նա մռայլված լռեց ցած նստելով և աջ ձեռքը սրտին դրած։ Վարվառա Պետրովնան սպասում էր հայացքը չկտրելով նրանից։
 
― Տիրուհի,― որոտաց կապիտանը հանկարծ,― թույլ կտա՞ք մի հարց առաջարկել ձեզ, միայն մի, բայց բացահայտ, ուղղակի, ռուսավարի, հոգուց բխած։
 
― Բարի եղեք։
 
― Կյանքում դուք տառապե՞լ եք, տիրուհի։
 
― Դուք պարզապես ուզում եք ասել, թե որևէ մեկից տառապանք եք ստացել, կամ ստանում եք։
 
― Տիրուհի՜, տիրուհի՜,― հանկարծ վեր թռավ նա նորից, հավանորեն, չնկատելով դա և խփելով կրծքին,― այստեղ, այս սրտում կուտակվել է այնքա՜ն, այնքա՜ն, որ Աստված կզարմանա, երբ ի հայտ գա Ահեղ դատաստանին։
 
― Հը՛մ, ուժեղ է ասված։
 
― Տիրուհի, գուցե թե ես խոսում եմ բորբոքված լեզվով...
 
― Մի անհանգստացեք, ինքս գիտեմ, թե երբ հարկ կլինի ձեզ կանգնեցնել։
 
― Կարո՞ղ եմ մի հարց էլ առաջարկել, տիրուհի։
 
― Առաջարկեք ձեր հարցը։
 
― Կարելի՞ է արդյոք մեռնել միայն սեփական հոգու ազնվությունից։
 
― Չգիտեմ, նման հարց չեմ տվել ինձ։
 
― Չգիտեք։ Այդպիսի հարց չեք տվել,― բղավեց կապիտանը՝ պաթետիկ հեգնականությամբ։― Իսկ թե այդպես է, թե այդպես է.
 
Պապանձվիր, անհուսալի իմ սիրտ,― և նա մոլեգնած խփեց կրծքին։
 
Նա արդեն նորից գնում-գալիս էր սենյակում։ Այդ մարդկանց հատկանիշն է՝ իրենց ցանկություններն իրենց մեջ պահելու կատարյալ անզորությունը, հակառակը, դրանք տեղնուտեղը բացահայտելու անզուսպ ձգտումը, նույնիսկ դրանց համակ թափթփվածությամբ, ծնվելուն պես իսկույն։ Ընկնելով ոչ իր հասարակության մեջ, այդպիսի մեկը սկսում է սովորաբար երկչոտությամբ, բայց մի մազաչափ զիջեք նրան և նա տեղնուտեղը կանցնի անպատկառությունների։ Կապիտանն արդեն բորբոքվում էր, քայլում, ձեռքերը թափահարում, չէր լսում հարցերը, խոսում էր իր մասին արագ, արագ, այնպես որ լեզուն երբեմն փաթ էր ընկնում և, չվերջացնելով, նա թռչում էր մյուս նախադասությանը։ Ճիշտ է, հազիվ թե նա բոլորովին սթափ լիներ, այստեղ նստած էր նաև Լիզավետա Նիկոլաևնան, որին ոչ մի անգամ չնայեց, բայց որի ներկայությունը, կարծես թե ահավոր ազդում էր նրա վրա։ Իմիջիայլոց, սա արդեն միայն ենթադրություն է։ Բայց ուրեմն, մի պատճառ կար, որ Վարվառա Պետրովնան, հաղթահարելով նողկանքը, վճռել էր ունկնդրել այդպիսի մի մարդու։ Պրասկովյա Իվանովնան պարզապես դողում էր վախից, ճիշտ է, ոչ լրիվ հասկանալով, թե բանն ինչ է։ Ստեպան Տրոֆիմովիչը դողում էր նույնպես, բայց հակառակ պատճառով, քանզի հակված էր միշտ հասկանալ ավելորդ չափով։ Մավրիկիյ Նիկոլաևիչը կանգնած էր համընդհանուր պահապանի կեցվածքով։ Լիզան գունատված էր և աչքերը չռած, անթարթ նայում էր վայրենաբարո կապիտանին։ Շատովը նստած էր նախկին դիրքով։ Բայց որ ամենատարօրինակն է, Մարյա Տիմոֆեևնան ոչ միայն դադարեց ծիծաղել, այլ անասելի տխրեց։ Աջ ձեռքով կռթնել էր սեղանին և տևական, տրտում հայացքով հետևում էր իր ճարտասանող եղբորը։ Միայն Դարյա Պավլովնան ինձ հանգիստ թվաց։
 
― Այդ ամենը տխմար այլաբանություններ են,― ի վերջո բարկացավ Վարվառա Պետրովնան,― դուք չպատասխանեցիք իմ հարցին. «Ինչու՞»։ Ես ստիպողաբար պատասխանի եմ սպասում։
 
― Չպատասխանեցի՝ «ինչու՞»։ Սպասում եք «ինչու»-ի պատասխանի՞ն,― խոսքը նմանեցրեց կապիտանը՝ աչքով անելով։ Այդ պստիկ «ինչու» բառը սփռված է տիեզերքով մեկ, տշխարհստեղծման առաջին իսկ օրից, տիրուհի, և ամբողջ բնությունն ամեն րոպե բղավում է իր արարչին՝ «ինչու», և ահա արդեն յոթը հազար տարի պատասխան չի ստանում։ Արդյո՞ք միայն կապիտան Լեբյադկինը պիտի պատասխանի և արդարացի՞ կլինի, տիրուհի։
 
― Այդ ամենը ցնդաբանություն է և այն չէ,― զայրանում և համբերությունը կորցնում էր Վարվառա Պետրովնան,― դրանք այլաբանություններ են, բացի դրանից, ողորմած պարոն, դուք բարեհաճում եք խիստ փքուն խոսել, ինչ ես հանդգնություն եմ համարում։
 
― Տիրուհի,― չէր լսում կապիտանը,― գուցեև ես կցանկանայի Էռնեստ կոչվել, այնինչ, ստիպված եմ կրել Իգնատ կոպիտ անունը, ինչու՞ է այդպես, ի՞նչ եք կարծում։ Ես կցանկանայի կոչվել իշխան դը Մոնբար, այնինչ, ընդամենը Լեբյադկին եմ՝ ինչի՞ համար է դա։ Ես պոետ եմ, տիրուհի, հոգով պոետ, և կարող էի հազար ռուբլի ստանալ հրատարակչից, այնինչ, հարկադրված եմ ապրել լագանի մեջ, ինչու՞, ինչու՞։ Տիրուհի՜։ Իմ կարծիքով, Ռուսաստանը բնության խաղ է, ոչ ավելին։
 
― Դուք կտրականապե՞ս չեք կարող ավելի որոշակի ոչինչ ասել։
 
― Ես կարող եմ ձեզ կարդալ «Բլոճը» պիեսը, տիրուհի։
 
― Ի-ի-ի-իի՞՜նչ։
 
― Տիրուհի, ես դեռևս խելագարված չեմ։ Հավանաբար, կխելագարվեմ, բայց դեռ խելագարված չեմ։ Տիրուհի, իմ մտերիմներից մեկը՝ ազնվագուու՜յն մի անձնավորություն, գրել է Կռըյլովի մի առակ, «Բլոճը» վերնագրով, կարո՞ղ եմ դա կարդալ։
 
― Դուք ուզում եք Կռըլյովի որևէ առա՞կը կարդալ։
 
― Ոչ, ոչ թե Կռըլյովի առակն եմ ուզում կարդալ, այլ իմ առակը, սեփական, իմ ստեղծագործությունը։ Հավատացեք, տիրուհի, առանց ձեզ վշտացնելու, ես այնքան էլ չկրթված ու այլասերված չեմ, չհասկանալու համար, որ Ռուսաստանը տերն է մեծ առակագիր Կռըլյովի, ում պատվին լուսավորության մինիստրը հուշարձան է կանգնեցրել Ամառային այգում, մանուկների խաղալու համար։ Տիրուհի, ահա դուք հարցնում եք. «ինչու՞»։ Պատսխանն այս առակի հատակին է՝ հրավառ տառանիշերով։
 
― Կարդացեք ձեր առակը։
 
<poem>
::::Աշխարհում կար-չկար, մի բլոճ կար,
::::Դեռ փոքրուց էր նա բլոճ,
::::Եվ հետո նա ընկավ կճուճը,
::::Որ ճանճկերությամբ էր լեցուն...
<poem>
 
― Աստված, սա ի՞նչ է,― բացականչեց Վարվառա Պետրովնան։
 
― Այսինքն, երբ ամռանը,― շտապեց կապիտանը՝ ձեռքերն ահավոր թափահարելով, բորբոքուն անհամբերությամբ հեղինակի, ում խանգարում են կարդալ,― երբ ամռանը կճուճ են լցվում ճանճերը, ապա կատարվում է ճանճակերություն, ամեն հիմար էլ կհասկանա, մի ընդհատեք, մի ընդհատեք, դուք կտեսնեք... (Նա շարունակում էր թափահարել ձեռքերը)։
 
<poem>
::::Տեղ գրավեց բլոճը,
::::Ճանճերը տրտնջացին,
::::«Շատ է լիքը մեր կճուճը»,―
::::Յուպիտերին ձայնեցին։
::::Բայց մինչ դրել էին աղմուկ,
::::Մոտ եկավ Նիկիֆորը,
::::Պատվա-աարժա-ա՜ն մի ծերուկ...
<poem>
 
― Այստեղից դեռ չեմ վերջացրել, բայց մեկ է, խոսքերով կասեմ,― բլբլացնում էր կապիտանը։― Նիկիֆորն առնում է կճուճը և, չնայած աղմուկին, լագանի մեջ է շրջում այդ կատակերգությունը լրիվ, թե ճանճերը, թե բլոճը, ինչ վաղուց էր պետք անել։ Բայց նկատի առեք, նկատի առեք, տիրուհի, բլոճը չի տրտնջում։ Ահա ձեր հարցի պատասխանը, թե «ինչու՞»,― բղավում էր ցնծալով.― «Բլ-լո-ո՜ճը չի տրտնջում»։ Իսկ ինչ վերաբերում է Նիկիֆորին, նա ներկայացնում է բնությունը,― շուտասելուկով և ինքնագոհ գնաց-եկավ սենյակում։
 
Վարվառա Պետրովնան սարսափելի բարկացավ։
 
― Իսկ թույլ տվեք ձեզ հարցնել, այդ ինչպե՞ս էիք համարձակվել մեղադրել իմ տանը պատկանող մի անձնավորության, իբր թե Նիկոլայ Վսեվոլոդովիչից ստացած և իբր թե ձեզ լրիվ չտված փողերի համար։
 
― Զրպարտություն է,― որոտաց Լեբյադկինը ողբերգական շարժումով բարձրացնելով աջ ձեռքը։
 
― Ոչ, զրպարտություն չէ։
 
― Տիրուհի, կան հանգամանքներ, որոնք ստիպում են ավելի շուտ կրել ընտանեկան խայտառակությունը, քան բարձրաձայն ազդարարել ճշմարտությունը։ Լեբյադկինը բերանից չի թռցնի, տիրուհի։
 
Ճիշտ կարծես կուրացել էր նա, ոգեշնչման մեջ էր։ Զգում էր իր նշանակալիությունը, հավանորեն, նման ինչ-որ բան էր պատկերացնում։ Արդեն ուզում էր վիրավորել, ինչ-որ բան ապականել, ցուցադրել իր իշխանությունը։
 
― Ստեպան Տրոֆիմովիչ, զանգ զարկեք, խնդրեմ,― խնդրեց Վարվառա Պետրովնան։
 
― Լեբյադկինը խորամանկ է, տիրուհի,― աչքով արեց կապիտանը՝ գարշելի ժպիտով,― խորամանկ է, բայց նա էլ ունի իր խոչընդոտը, նա էլ ունի իր կրքերի նախադուռը։ Եվ այդ նախադուռը մարտական, հուսարական հնօրյա շիշն է, Դենիս Դավըյդովի գովերգած։ Ահա, երբ նա այդ նախադռանն է, տիրուհի, պատահում է նաև, որ չափածո նամակ է ուղարկում նա, հոյա-կա-պա-գույն, բայց որը հետո կկամենար ետ բերել իր ամբողջ կյանքի արտասուքներով, քանզի խախտվում է գեղեցիկի զգացումը։ Բայց թռչնակը որ թռավ, էլ պոչից բռնել չի լինի։ Ահա, այդպիսի նախադռանը Լեբյադկինը կարող էր խոսել և ազնվազարմ օրիորդի վերաբերյալ, որպես վիրավորանքներից խռովված հոգու ազնվաբարո զայրույթ, ինչից էլ օգտվել են զրպարտիչները։ Սակայն խորամանկ է Լեբյադկինը, տիրուհի։ Եվ զուր է նրա գլխին նստել չարագույժ գայլը ամեն րոպե խմիչք լցնելով ու վախճանին սպասելով, բերանից չի թռցնի Լեբյադկինը, ու շշի հատակին ամեն անգամ ակնկալվածի փոխարեն կհայտնվի Լեբյադկինի խորամանկությունը։ Բայց բավական է, օ՜, բավական է։ Տիրուհի, ձեր հոյաշեն պալատները կարող էին պատկանել ազնվագույն մի արարածի, սակայն չի տրտնջում բլոճը։ Դե, նկատի առեք, նկատի առեք վերջապես, որ չի տրտնջում, ու ճանաչեք մեծն ոգին։
 
Այդ պահին ներքևից, բարապանի սենյակից զանգ հնչեց, և համարյա իսկույն երևաց Ստեպան Տրոֆիմովիչի զանգի կանչով մի քիչ հապաղած Ալեքսեյ Եգորըյչը։ Ծեր, ծանրումեծ ծառան անսովոր բորբոքված վիճակում էր։
 
― Նիկոլայ Վսեվոլոդովիչը բարեհաճել են տեղ հասնել և գալիս են այստեղ,― ասաց նա ի պատասխան Վարվառա Պետրովնայի հարցական հայացքի։
 
Ես առանձնապես եմ հիշում տիկնոջն այդ պահին, սկզբից նա գունատվեց, բայց հանկարծ շողշողացին աչքերը։ Նա ուղղվեց բազկաթոռի մեջ անսովոր վճռական տեսքով։ Ասենք, բոլորն էին ապշահար։ Նիկոլայ Վսեվոլոդովիչի միանգամայն անսպասելի գալուստը, որին սպասում էին մեզ մոտ հազիվ թե մեկ ամիս անց, տարօրինակ էր ոչ միայն անսպասելիությամբ, այլ հենց մի տեսակ ճակատագրական զուգադիպությամբ ներկա պահի հետ։ Նույնիսկ կապիտանը գերանի պես կանգ առավ սենյակի կենտրոնում՝ բերանը բաց և սարսափելի հիմար տեսքով նայում էր դռանը։
 
Եվ ահա, հարևան սրահից՝ երկարուկ ու մեծ սենյակից, լսվեց արագ մոտեցող ոտնաձայն, փոքր քայլափոխեր, չափազանց հաճախակի, ինչ-որ մեկն ասես սահում էր, ու հանկարծ ներս սուրաց հյուրասենյակ՝ ամենևին էլ ոչ Նիկոլայ Վսեվոլոդովիչը, այլ բոլորին միանգամայն անծանոթ մի երիտասարդ։
 
=== V ===
 
Ինձ թույլ կտամ ընդհատել և թռուցիկ մի քանի գծերով թեկուզ նկարագրել հանկարծակի հայտնված այդ դեմքը։
 
Քսանյոթ տարեկան կամ դրան մոտ երիտասարդ էր, միջահասակից բարձր, նոսր ու շեկ, բավական երկար մազերով և ցանցառ-խուճուճ, հազիվ երևացող բեղ ու մորուքով։ Հագնված էր մաքուր և նույնիսկ նորաձև, բայց ոչ պճնամոլի պես, առաջին հայացքից կարծես թե կորամեջք էր ու պարկանման, բայց և այնպես, ամենևին էլ կորամեջք չէր, նույնիսկ սանձարձակ։ Կարծես թե խենթի մեկն էր, սակայն հետագայում մեզ մոտ նրա շարժուձևը գտան շատ վայելուչ, իսկ խոսակցությունը՝ միշտ ուղղված գործին։
 
Ոչ ոք չի ասի, թե տգեղ է, բայց դեմքը ոչ մեկին դուր չի գալիս։ Գլուխը երկարում է ծոծրակի վրա և մի տեսակ ճզմված է կողքերից, այնպես որ դեմքը թվում է սրված, քիթը փոքր է ու սուր, շրթունքները՝ երկար ու բարակ։ Դեմքի արտահայտությունը կարծես հիվանդագին է, բայց միայն թվում է այդպես։ Ինչ-որ չոր կնճիռ ունի այտերին և այտոսկրի մոտ, ինչը ծանր հիվանդությունից ապաքինվողի տեսք է տալիս նրան։ Այդուհանդերձ, նա կատարելապես առողջ է և նույնիսկ երբեք չի հիվանդացել։ Նա քայլում և շարժվում է շատ փութկոտ, բայց ոչ մի տեղ չի շտապում։ Թվում է, ոչինչ չի կարող նրան շփոթմունքի մեջ գցել, բոլոր հանգամանքներում և ցանկացած հասարակության մեջ նա կմնա նույնը։ Մեծ ինքնագոհություն կա նրա մեջ, սակայն ինքը չի նկատում դա ամենևին։
 
Խոսում է արագ, շտապելով, միաժամանակ ինքնավստահ և խոսքի տակ չի մնում։ Մտքերը խաղաղ են, չնայած փութկոտ տեսքին, հստակ են ու վերջնական՝ դա հատկապես է առանձնանում։ Արտասանությունը զարմանալիորեն պարզ է, նրա բառերը սփռվում են որպես համաչափ, խոշոր հատիկներ, միշտ ընտրված և միշտ պատրաստ՝ ծառայելու ձեզ։ Սկզբից դա ձեզ դուր կգա, բայց հետո կդառնա խորշալի, և հատկապես այդ արդեն չափից ավելի հստակ առոգանությունից, մշտապես պատրաստի բառերի այդ մարգարտաշարից։ Մի տեսակ ձեզ կպատկերվի, որ նրա լեզուն բերանի մեջ պետք է ինչ-որ առանձնահատուկ ձև ունենա, մի ինչ-որ անսովոր երկար ու բարակ, ահավոր կարմիր և արտակարգ սուր, անդադար և ակամա գալարվող ծայրով։
 
Եվ ահա, հենց այդ երիտասարդն էլ հիմա ներս սուրաց հյուրասենյակ և, իրոք, մինչև հիմա ինձ թվում է, թե նա խոսել էր սկսել դեռևս հարևան սրահում ու այդպես էլ ներս մտավ խոսելով։ Ակնթարթորեն հայտնվեց Վարվառա Պետրովնայի առաջ։
 
― ...Պատկերացրեք հապա, Վարվառա Պետրովնա,― սփռեց իր մարգարտաշարը,― ներս եմ մտնում ու մտածում նրան այստեղ գտնել, արդեն քառորդ ժամ ի վեր։ Մեկուկես ժամ է, ինչ եկել է, իրար հանդիպեցինք Կիրիլլովի մոտ։ Կես ժամ առաջ նա եկավ ուղիղ այստեղ և ասաց ինձ, որ այստեղ գամ քառորդ ժամ անց...
 
― Իսկ ո՞վ։ Ո՞վ է ձեզ ասել, որ այստեղ գաք,― հարց ուղղեց Վարվառա Պետրովնան։
 
― Է, Նիկոլայ Վսեվոլոդովիչը, ո՞վ։ Եվ մի՞թե, իրոք, այս իսկ րոպեիս իմացաք։ Բայց նրա բեռը համենայն դեպս պիտի տեղ հասած լիներ, ինչպե՞ս է, որ ձեզ չեն ասել։ Ուրեմն, առաջինը ես եմ հայտնում։ Բայց նրա ետևից կարելի էր մեկնումեկին ուղարկել, թեև, իմիջիայլոց, հավանորեն, ինքը շուտով կգա, և կարծում եմ, հենց այն ժամանակ, որն էլ համապատասխանում է նրա որոշ սպասումներին, և որքան կարող եմ դատել այնուամենայնիվ, նրա որոշ հաշվարկներին։― Այստեղ նա աչքերը պտտեց սենյակով մեկ և հատկապես ուշադիր կանգ առավ կապիտանի վրա։― Ահ, Լիզավետա Նիկոլաևնա, ինչքան ուրախ եմ, որ ձեզ հանդիպում եմ առաջին իսկ քայլից, շատ ուրախ եմ սեղմել ձեր ձեռքը,― արագ թռավ նրա մոտ բռնելու համար ուրախ ժպտացող Լիզայի պարզած ձեռքը,― և, ինչքան նկատում եմ, մեծարգո Պրասկովյա Իվանովնան նույնպես չի մոռացել, կարծես, իր «պրոֆեսորին» և նույնիսկ չի բարկանում նրա վրա, ինչպես միշտ բարկանում էր Շվեյցարիայում։ Բայց և այնպես, Պրասկովյա Իվանովնա, ինչպե՞ս են ձեր ոտքերն այստեղ, և արդարացի՞ էր արդյոք, շվեյցարական կոնսիլիումը նշանակելով հայրենիքի կլիման... ինչպե՞ս, թրջոցնե՞ր, պետք է որ շատ օգտակար լինեն։ Բայց և ինչպես էի ափսոսում, Վարվառա Պետրովնա (արագ շրջվեց նորից), որ չհասցրի ձեզ հանդիպել այն ժամանակ արտասահմանում և անձամբ հարգանացս հավաստիքը հայտնել, ըստ որում այնքան շատ բան ունեի հայտնելու... Ես տեղեկացրել էի այստեղ, իմ ծերուկին, բայց նա, իր սովորության համաձայն, կարծես թե...
 
֊ Պետրուշա՜,― բղավեց Ստեպան Տրոֆիմովիչը վայրկենապես դուրս գալով քարացած վիճակից, ձեռքերն իրար զարկեց ու նետվեց դեպի որդին։― Pierre, mon enfant<ref>Պետյա, զավակս... (ֆրանս.)։
</ref>, բայց ես քեզ չճանաչեցի,― սեղմեց նրան իր գրկում և արցունք հոսեց աչքերից։
 
― Դե, քեզ պահիր, պահիր, առանց ժեստերի, դե, բավական է, բավական, խնդրում եմ քեզ,― արագ-արագ մրմնջում էր Պետրուշան՝ ջանալով ազատվել գրկից։
 
― Ես միշտ, միշտ մեղավոր եմ եղել քո առաջ։
 
― Ուրեմն, բավական է, այդ մասին՝ հետո կխոսենք։ Չէ որ գիտեի, որ քեզ չես պահելու։ Դե, քիչ ավելի սթափ եղիր, խնդրում եմ քեզ։
 
― Բայց չէ՞ որ ես քեզ տասը տարի չեմ տեսել։
 
― Ուրեմն, ավելի քիչ պատճառներ կան զեղումների...
 
― Mon enfant!
 
― Դե, հավատում եմ, հավատում եմ, որ սիրում ես, ձեռքերդ քաշիր։ Չէ որ խանգարում ես մյուսներին... Ահա և Նիկոլայ Վսեվոլոդովիչը, դե, քեզ պահիր վերջապես, խնդրում եմ։
 
Նիկոլայ Վսեվոլոդովիչը, իսկապես, արդեն սենյակում էր, նա ներս մտավ շատ կամացուկ և մի պահ կանգնեց դռան մեջ՝ անխռով հայացքով նայելով հավաքվածներին։
 
Ինչպես չորս տարի առաջ, երբ առաջին անգամ տեսա նրան, ճիշտ նույնպես հիմա էի զարմացած նրան նետած առաջին հայացքից։ Ամենևին չէի մոռացել նրան, բայց կարծում եմ, կան այնպիսի կերպարանքներ, որոնք միշտ, ամեն անգամ հայտնվելիս, իրենց հետ կարծես մի նոր բան են բերում, ինչ չէիք նկատել նրանց մեջ, թեև հարյուր անգամ հանդիպել էիք նախկինում։ Ըստ երևույթին, նա դարձյալ նույնն էր, ինչև չորս տարի առաջ, նույնքան նրբագեղ, նույնքան պատկառելի, ճիշտ նույնպես հանդիսավոր ներս մտավ, ինչպես այն ժամանակ, նույնիսկ համարյա նույնքան երիտասարդ։ Նրա թեթևակի ժպիտը թե պաշտոնապես շոյող էր, թե նույնքան ինքնագոհ, հայացքը նույնքան խիստ էր, մտասույզ և մի տեսակ ցրված։ Մի խոսքով, թվում էր, թե հենց երեկ ենք բաժանվել։ Սակայն մի բան ապշեցրեց ինձ. նախկինում թեև նրան համարում էլ էին գեղեցկատես, բայց դեմքն, իրոք, «դիմակի էր նմանվում», ինչպես արտահայտվում էին մեր հասարակության մեջ չարալեզու որոշ տիկնայք։ Իսկ հիմա, իսկ հիմա, չգիտեմ ինչու, առաջին իսկ հայացքից նա ինձ թվաց վճռական, անառարկելիորեն պատկերք տղամարդ, այնպես որ ոչ մի կերպ չէր լինի ասել, թե նրա դեմքը դիմակի էր նման։ Ո՞չ այն պատճառով, որ քիչ ավելի գունատ էր դարձել նախկինից ու կարծես թե մի քիչ էլ նիհարել։ Կամ, գուցեև որևիցե նոր մի՞տք էր շողում հիմա նրա հայացքի մեջ։
 
― Նիկոլա՜յ Վսեվոլոդովիչ,― ամբողջ մարմնով ուղղվելով և չթողնելով բազկաթոռը, բղավեց Վարվառա Պետրովնան հրամայող շարժումով կանգնեցնելով,― մի րոպե կանգ առ։ Սակայն բացատրելու համար զարհուրելի այն հարցը, որը հանկարծ հետևեց այդ շարժմանը և բացականչությանը, հարցը, որի հնարավորությունը ես նույնիսկ Վարվառա Պետրովնայի համար անգամ չէի կարող ենթադրել, ընթերցողին կխնդրեմ հիշել, թե ինչ ասել է Վարվառա Պետրովնայի բնարավորություն՝ իր ամբողջ կյանքի ընթացքում և նրա անսովոր նպատակաուղղվածությունն այլևայլ արտակարգ պահերին։ Կխնդրեմ նաև հասկանալ, որ չնայած հոգու արտասովոր ամրությանը և խելքի որոշակի չափին ու գործնական, այսպես ասած, նույնիսկ տնտեսական տակտին, որոնք ուներ, այդուհանդերձ, կյանքում քիչ չէին եղել պահեր, որոնց նա տրվել էր հանկարծ ամբողջովին, անմնացորդ, և եթե թույլատրելի է այսպես ասել, կատարելապես անզսպելի։ Վերջապես, խնդրում եմ ուշադրության առնել, որ ներկա պահը, իսկապես, կարող էր նրա համար լինել այնպիսին, որոնց մեջ հանկարծ, կիզակետի պես, կենտրոնանում է կյանքի համակ էությունը՝ ամբողջ ապրածի, ամբողջ ներկայի ու թերևս ապագայի։ Թռուցիկ հիշեցնեմ նաև նրա ստացած անանուն նամակը, որի մասին քիչ առաջ այնպես բորբոքված բերանից թռցրեց Պրասկովյա Իվանովնան, ըստ որում, երևում է, լռության տալով նամակի հետագա բովանդակությունը, ուր էլ գուցեև ամփոփված էր նման սարսափելի հարցի հնարավորությունը, որով նա հանկարծ դիմեց որդուն։
 
― Նիկոլայ Վսեվոլոդովիչ,― կրկնեց նա հաստատ ու պարզորոշ ձայնով՝ շեշտելով բառերը, և ձայնի մեջ սպառնագին կոչ կար,― խնդրում եմ ձեզ, ասացեք հենց հիմա, առանց տեղից շարժվելու․ ճի՞շտ է արդյոք, որ այս դժբախտ, կաղ կինը, ահա նա, այնտեղ է, նայեք նրան, ճի՞շտ է արդյոք, որ նա... ձեր օրինական կինն է։
 
Ես չափից ավելի եմ հիշում այդ պահը, նա աչք անգամ չթարթեց և մորն էր նայում ակնդետ։ Նվազագույն իսկ փոփոխություն չնկատվեց դեմքին։ Ի վերջո, դանդաղ ժպտաց մի տեսակ ներողամտաբար, և ոչ մի բառ չարտասանելով, կամացուկ մոտեցավ մայրիկին, բռնեց նրա ձեռքը, հարգալիր մոտեցրեց շրթունքներին և համբուրեց։ Եվ այնքան ուժեղ էր նրա մշտական, անհաղթահարելի ազդեցությունը մոր վրա, որ վերջինս այստեղ էլ չհամարձակվեց ետ քաշել ձեռքը։ Սոսկ նայեց որդուն, ամբողջովին վերածված մի հարցի, ու նրա ամբողջ տեսքն ասում էր, որ մի ակնթարթ ևս, և նա չի դիմանա անհայտությանը։
 
Բայց որդին շարունակում էր լռել։ Մոր ձեռքը համբուրելով մի անգամ էլ հայացքը տարավ սենյակով մեկ և առաջվա պես անշտապ ուղղվեց դեպի Սարյա Տիմոֆեևնան։ Շատ դժվար է նկարագրել մարդկանց կերպարանքը որոշ պահերին։ Օրինակ, հիշողությանս մեջ մնաց, որ Սարյա Տիմոֆեևնան, վախից ամբողջովին մարած, ելավ նրան ընդառաջ ու ձեռքերը միացրեց, ասես աղաչելով, դրա հետ մեկտեղ, հիշում եմ նաև նրա հայացքի հիացմունքը, մի տեսակ խելացնոր հիացմունք, որ համարյա այլայլեց դեմքը, հիացմունք, որին մարդիկ դժվարությամբ են դիմանում։ Գուցեև կար թե մեկը, թե մյուսը՝ վախ ու հիացմունք, բայց հիշում եմ, որ շտապ մոտեցա նրան (համարյա կողքն էի կանգնած), ինձ թվաց, թե հիմա ուշագնաց կլինի։
 
― Ձեզ չի կարելի այստեղ լինել,― ասաց նրան Նիկոլայ Վսեվոլոդովիչը փաղաքուշ, երգեցիկ ձայնով, ու նրա աչքերում արտասովոր քնքշություն շողաց։ Կանգնած էր նրա առաջ՝ ամենահարգալիր կեցվածքով, և նրա ամեն մի շարժման մեջ ամենաանկեղծ հարգանք էր երևում։ Խեղճ աղջիկը փութկոտ կիսաշշունջով, հևասպառ մրմնջաց նրան.
 
― Իսկ ինձ կարելի՞ է... հիմա... ծունկ չոքել ձեր առաջ։
 
― Չէ, ոչ մի կերպ չի կարելի,― հոյակապ ժպտաց տղան, այնպես, որ Մարյա Տիմոֆեևնան էլ հանկարծ բերկրալի ծիծաղեց։ Նույն երգեցիկ ձայնով և ճիշտ երեխայի նման քնքշորեն համոզելով նրան, Նիկոլայ Վսեվոլոդովիչը հանդիսավոր ավելացրեց.
 
― Մտածեք այն մասին, որ դուք աղջիկ եք, իսկ ես՝ թեև ձեր ամենանվիրված բարեկամը, բայց և այնպես, կողմնակի մարդ եմ ձեզ համար, ոչ ամուսին եմ, ոչ հայր, ոչ փեսացու։ Տվեք ձեր ձեռքը և գնացինք, կուղեկցեմ ձեզ մինչև կառքը և, եթե թույլ կտաք, ինքս էլ ձեզ կտանեմ ձեր տուն։
 
Նա լռեց և, կարծես մտորումների մեջ, կախեց գլուխը։
 
― Գնանք,― ասաց Մարյա Տիմոֆեևնան հոգոց հանելով և ձեռքը տալով նրան։
 
Բայց այստեղ մի փոքր փորձանք պատահեց։ Պետք է որ նա անզգույշ շրջվեր ու հենվեր իր հիվանդ, կարճ ոտքին, մի խոսքով, նա կողքանց ընկավ բազկաթոռին և եթե չլիներ բազկաթոռը, փռվելու էր հատակին։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն ակնթարթորեն բռնեց նրան ու պահեց, պինդ թևանցուկ արեց և կարեկցաբար, զգուշորեն տարավ դռան կողմը։ Երևում էր, աղջիկը դառնացել էր՝ ընկնելու համար, շփոթվեց, շառագունեց և սաստիկ ամաչեց։ Լուռ նայելով ցած, խորը կաղին տալով, նա գնաց տղայի ետևից, համարյա թե կախված նրա ձեռքից։ Այդպես էլ դուրս եկան։ Ես տեսա, որ Լիզան, չգիտես ինչի համար, հանկարծ վեր թռավ բազկաթոռից, մինչ նրանք դուրս կգային, և անշարժ հայացքով հետևեց նրանց մինչև դուռը։ Հետո նորից նստեց լուռ, բայց դեմքին մի ջղաձիգ շարժում կար, կարծես ինչ-որ սողունի էր ձեռք դիպցրել։
 
Մինչ կընթանար այս տեսարանը՝ Նիկոլայ Վսեվոլոդովիչի և Մարյա Տիմոֆեևնայի միջև, բոլորը լռել էին ապշահար, ճանճի տզզոցն անգամ կլսվեր, բայց հենց նրանք դուրս եկան, բոլորը հանկարծ խոսեցին։
 
=== VI ===
 
Իմիջիայլոց, խոսում էին քիչ, ավելի շատ բացականչություններ էին։ Ես հիմա մի քիչ մոռացել եմ, թե այն ժամանակ ինչպես կատարվեց այդ ամենը հերթականությամբ, որովհետև իրարանցում եղավ։ Ֆրանսերեն ինչ-որ բան բղավեց Ատեպան Տրոֆիմովիչը և ծափ զարկեց, բայց Վարվառա Պետրովնան արձագանքելու ժամանակը չուներ։ Ընդհատ-ընդհատ և արագ ինչ-որ բան մրթմրթաց նույնիսկ Մավրիկիյ Նիկոլաևիչը։ Բայց բոլորից ավելի բորբոքված էր Պյոտր Ստեպանովիչը, եռանդագին ինչ-որ բան էր համոզում Վարվառա Պետրովնային, մեծաթափ շարժմունքով, բայց երկար ժամանակ չկարողացա հասկանալ։ Դիմում էր նաև Պրասկովյա Իվանովնային և Լիզավետա Նիկոլաևնային, նույնիսկ թռուցիկ, տաքացած ինչ-որ բան բղավեց հորը, մի խոսքով, շատ էր դեսուդեն ընկած սենյակում։ Վարվառա Պետրովնան, ամբողջովին կարմրատակած, վեր թռավ տեղից և բղավեց Պրասկովյա Իվանովնային. «Լսեցի՞ր, լսեցի՞ր դու, թե ինչ էր ասում հիմա նրան»։ Սակայն վերջինս պատասխանել չէր կարող, ինչ-որ բան մրթմրթաց՝ ձեռքը թափ տալով։ Խեղճն իր հոգսն ուներ, րոպեն մեկ գլուխը դարձնում էր Լիզայի կողմն ու նրան նայում բնազդական սարսափով, իսկ վեր կենալ ու գնալ արդեն չէր համարձակվում մտածել, քանի դեռ չէր վեր կացել դուստրը։ Այդ ժամանակ կապիտանը, հավանաբար, ուզեց ծլկել, դա ես նկատեցի։ Նա սաստիկ և անկասկած վախեցած էր, հենց այն վայրկյանից, երբ հայտնվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը, բայց Պյոտր Ստեպանովիչը բռնեց նրա ձեռքից ու չթողեց, որ գնա։
 
― Սա անհրաժեշտ է, անհրաժեշտ,― իր մարգարիտներն էր շաղ տալիս Վարվառա Պետրովնայի առաջ՝ շարունակելով նրան համոզել։ Նա կանգնած էր դիմացը, իսկ Վարվառա Պետրովնան նորից արդեն նստած էր բազկաթոռին, և, հիշում եմ, ագահորեն նրան էր նայում, այնուամենայնիվ, նա հասել էր ուզածին և գրավել տիկնոջ ուշադրությունը։
 
― Դա անհրաժեշտ է, Վարվառա Պետրովնա։ Դուք էլ եք տեսնում, որ թյուրիմացություն կա այստեղ, և դրսից՝ շատ օտարոտի բաներ, իսկ գործը, իմիջիայլոց, հստակ է՝ մոմի պես ու սովորական, ինչպես ձեռքի մատը։ Ես շատ լավ հասկանում եմ, որ ոչ մեկից լիազորված չեմ պատմելու և ծիծաղելի տեսք ունեմ թերևս՝ ինքս խնդրելով։ Բայց նախ և առաջ, Նիկոլայ Վսեվոլոդովիչն ինքն այս գործին ոչ մի նշանակություն չի տալիս և վերջապես, չէ որ լինում են դեպքեր, երբ մարդ դժվարությամբ է գնում անձնական բացատրության, այլ պետք է, որ դա անի մի երրորդ անձնավորություն, ում համար ավելի հեշտ է ասել որոշ նրբաբնույթ բաներ։ Հավատացեք, Վարվառա Պետրովնա, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչը նվազագույնս մեղավոր չէր՝ չպատասխանելով քիչ առաջվա ձեր հարցին իսկույն, հիմնավոր բացատրությամբ, չնայած, որ եղածն էլ փուչ բան է՝ ես դա գիտեմ դեռևս Պետերբուրգից։ Բացի դրանից, ամբողջ պատմությունը պատիվ է միայն բերում Նիկոլայ Վսեվոլոդովիչին, եթե անպայման պիտի օգտագործել այդ անորոշ «պատիվ» բառը...
 
― Ուզում եք ասել, որ դուք վկա եք եղել ինչ-որ դեպքի, որից էլ ծագե՞լ է... այս թյուրիմացությունը,― հարցրեց Վարվառա Պետրովնան։
 
― Վկա և մասնակից,― փութով հաստատեց Պյոտր Ստեպանովիչը։
 
― Եթե ինձ խոսք տաք, որ դա չի վիրավորելու Նիկոլայ Վսեվոլոդովիչի նրբանկատությանը, նրա հայտնի զգացմունքներին իմ հանդեպ, ումից նա և ոչ-ինչ չի թաքցնում... և եթե վստահ եք ընդ որում, որ դրանով նույնիսկ հաճույք կպատճառեք նրան...
 
― Հաճույք՝ անպայման, որովհետև ինքս էլ եմ առանձնահատուկ հաճույք համարում ինձ համար։ Ես համոզված եմ, որ նա ինքն ինձ կխնդրեր։
 
Բավական տարօրինակ և սովորական հնարներից դուրս էր երկնքից հանկարծակի ընկած այդ պարոնի՝ ուրիշի պատմություններն անելու սևեռուն ցանկությունը։ Բայց Վարվառա Պետրովնան նրա խայծը կլլել էր, չափից ավելի զգայուն տեղին էր դիպել։ Այն ժամանակ ես դեռ չգիտեի այդ մարդու բնավորությունն ամբողջությամբ, առավել ևս նրա մտադրությունները։
 
― Ձեզ լսում են,― զուսպ ու զգուշորեն ազդարարեց Վարվառա Պետրովնան թեթևակի տառապելով իր իսկ ներողամտությունից։
 
― Եղածը կարճ բան է, նույնիսկ, եթե ուզում եք, պատմություն էլ չէ իսկականից,― շաղ եկան մարգարիտները։― Իմիջիայլոց, վիպասանն անգործությունից կարող էր և վեպ թխել։ Բավական հետաքրքիր մի բան, Պրասկովյա Իվանովնա, և ես համոզված եմ, որ Լիզավետա Նիկոլաևնան հետաքրքրությամբ կունկնդրի, որովհետև այստեղ, եթե ոչ զարմանալի, ապա արտառոց շատ բան կա։ Սրանից հինգ տարի առաջ, Պետերբուրգում, Նիկոլայ Վսեվոլոդովիչը ճանաչեց այս պարոնին, հենց այս պարոն Լեբյադկինին, որը կանգնել է՝ բերանը բաց և կարծեմ թե նոր պատրաստվում էր ծլկել։ Ներեցեք, Վարվառա Պետրովնա։ Ի դեպ, ես ձեզ խորհուրդ չեմ տա արանքը ճղել, զորապարենի նախկին գերատեսչության պարոն պաշտոնաթող աստիճանավոր (տեսնում եք, ես ձեզ շատ լավ հիշում եմ)։ Եվ ինձ ու Նիկոլայ Վսեվոլոդովիչին չափից ավելի են հայտնի ձեր այստեղի արարմունքները, որոնց համար, չմոռանաք, պետք է որ հաշվետու լինեք։ Սեկ անգամ էլ եմ ներողություն խնդրում, Վարվառա Պետրովնա։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն այն ժամանակ այս պարոնին կոչում էր իր ֆալստաֆը, պետք է որ նախկին ինչ-որ կերպար լինի (հանկարծ բացատրեց նա), burlesque<ref>Ծաղրածուական (ֆրանս.)։
</ref>, որի վրա բոլորը ծիծաղում են և որն ինքն է թույլ տալիս բոլորին ծիծաղել իր վրա, միայն թե վճարեն։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն այն ժամանակ Պետերբուրգում, այսպես ասած, ծաղրասեր կյանք էր վարում, այլ խոսքով չեմ կարող բնորոշել դա, որովհետև այս մարդը հիասթափության մեջ չի ընկնի, իսկ գործով այն ժամանակ էլ էր խորշում զբաղվել։ Ես խոսում եմ սոսկ միայն այն ժամանակվա մասին, Վարվառա Պետրովնա։ Այս Լեբյադկինը մի քույր ուներ, հենց նա, որ այստեղ նստած էր նոր։ Քույր ու եղբայր իրենց անկյունը չունեին և թափառում էին ուրիշների անկյուններում։ Եղբայրը պտույտ էր տալիս Գոստինի դվորի կամարների տակ, անպայման նախկին մունդիրով, կանգնեցնում արտաքնապես ավելի մաքուր անցորդներին, և ինչ հավաքում խմելու էր տալիս։ Իսկ քույրիկը կերակրվում էր ինչպես երկնի հավք։ Այդ անկյուններում օգնում էր մարդկանց և կարիքից աղախնություն անում։ Մի սարսափելիագույն Սոդոմ, ես բաց եմ թողնում այդ անկյունային կյանքի պատկերը, մի կյանք, որին այն ժամանակ խենթությունից անձնատուր էր եղել նաև Նիկոլայ Վսեվոլոդովիչը։ Ես միայն այն ժամանակվա մասին եմ պատմում, Վարվառա Պետրովնա, ինչ վերաբերում է «խենթությանը», ապա սա իր սեփական արտահայտությունն է։ Նա շատ բան չի թաքցնում ինձնից։ Mademoiselle Լեբյադկինան, որին մի աժամանակ շատ էր վիճակվում հանդիպել Նիկոլայ Վսեվոլոդովիչին, ապշած էր նրա արտաքինով։ Դա, այսպես ասած, մի ադամանդ էր նրա կյանքի աղտոտ ֆոնին։ Զգացմունքների վատ նկարագրող եմ ես, ուստի կշրջանցեմ, բայց նրան տեղնուտեղը ծիծաղի առարկա դարձրին անարգ մարդուկները, և նա տրտմեց։ Այնտեղ ընդհանրապես նրա վրա ծիծաղում էին, բայց մինչ այդ ամենևին չէր նկատում դա։ Նրա գլուխն այն ժամանակ էլ կարգին չէր, բայց համենայն դեպս, այնպես չէր, ինչպես հիմա։ Հիմք կա ենթադրելու, որ մանուկ հասակում, ինչ-որ բարերարուհու միջոցով, համարյա թե դաստիարակություն էր ստացել։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը երբեք նվազագույն ուշադրություն չէր դարձրել նրա վրա և ավելի շատ հին ճարպոտած խաղաթղթերով, քառորդ կոպեկով պրեֆերանս էր խաղում աստիճանավորների հետ։ Բայց մի անգամ, երբ աղջկան նեղացնում էին, նա (առանց պատճառները հարցնելու) բռնեց մի աստիճանավորի շլինքից և երկրորդ հարկի պատուհանից դուրս շպրտեց։ Ոչ մի ասպետական զայրույթ՝ վիրավորված անմեղության օգտին, չկար այդտեղ, ամբողջ գործողությունը կատարվեց համընդհանուր ծիծաղի տակ, և բոլորից շատ ծիծաղում էր Նիկոլայ Վսեվոլոդովիչը։ Իսկ երբ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, հաշտվեցին և անցան փունջ խմելու։ Սակայն ճնշված անմեղությունն այդ մասին չմոռացավ։ Անշուշտ, ավարտվեց դա մտավոր ընդունակությունների վերջնական ցնցումով։ Կրկնում եմ, ես զգացմունքների վատ նկարագրող եմ, բայց այստեղ գլխավորն անուրջն է, երազանքը։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն էլ, ասես դիտմամբ, ավելի էր բորբոքում անուրջը, փոխանակ ծիծաղի տալու, նա հանկարծ սկսեց mademoiselle Լեբյադկինային վերաբերվել անսպասելի հարգանքով։ Այնտեղ գտնվող Կիրիլլովը (չափազանց ինքնօրինակ մեկն է, Վարվառա Պետրովնա, և չափազանց անկապակից մարդ, զուցե երբևէ կտեսնեք նրան, հիմա նա այստեղ է), ուրեմն ահա, այդ Կիրիլլովը, որը, սովորության համաձայն, շարունակ լռում է, այստեղ հանկարծ տաքացավ, հիշում եմ, Նիկոլայ Վսեվոլոդովիչին նկատել տվեց, որ նա այդ կնոջը քամահրում է մարքիզուհու պես ու դրանով վերջնականապես սպանում նրան։ Ավելացնեմ, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչը մի քիչ հարգում էր այդ Կիրիլլովին։ Եվ ինչ պատասխանեց, ինչ եք կարծում. «Պարոն Կիրիլլով, դուք ենթադրում եք, թե ես ծիծաղում եմ նրա վրա, փոխեք ձեր կարծիքը, ես իսկապես հարգում եմ նրան, որովհետև նա բոլորիցս լավն է»։ Եվ գիտեք, այնպիսի լուրջ տեսքով ասաց։ Այնինչ, այդ երկու-երեք ամսվա ընթացքում, բացի «բարև ձեզ» և «մնաք բարով»֊ից, ըստ էության, ոչ մի բառ չէր փոխանակել նրա հետ։ Ես, որ այնտեղ էի, հաստատ հիշում եմ, որ Լեբյադկինան վերջապես այնտեղ հասավ արդեն, որ մի տեսակ իր փեսացուն էր համարում նրան, որն իրեն չի համարձակվում «փախցնել» լոկ այն պատճառով, որ շատ թշնամիներ ունի և ընտանեկան արգելքներ կան կամ նման մի բան։ Ծիծաղելու շատ բան կար։ Վերջացավ նրանով, որ երբ Նիկոլայ Վսեվոլոդովիչն այն ժամանակ հարկադրված էր այստեղ գալ, մեկնելուց առաջ, տնօրինեց նրա ապրուստը, կարծեմ, բավական նշանակալի տարեկան ապրուստադրամով, համենայն դեպս, երեք հարյուր ռուբլի, եթե ոչ ավելի։ Մի խոսքով, ընդունենք, թե այդ ամենը նրա կողմից գժություն էր, ժամանակից շուտ հոգնած մարդու երևակայություն, թող որ նույնիսկ, վերջապես, Կիրիլլովի ասածի պես, գերհագեցած մարդու նոր էտյուդ էր՝ իմանալու համար, թե մինչև ուր կարելի է հասցնել ցնորված անդամալույծին։ «Դուք դիտավորյալ ընտրել եք ամենավերջին արարածին, ասում էր Կիրիլլովը, հավերժական խայտառակության և ծեծուջարդի տակ եղող անդամալույծին, դեռ ավելին, գիտնալով, որ այդ էակը մեռնում է ձեր նկատմամբ իր կոմիկական սիրուց, ու հանկարծ դիտմամբ սկսում եք նրան խելքահան անել, միայն տեսնելու համար, թե ինչ կստացվի դրանից»։ Ի վերջո, ինչով է այնպես մեղավոր մարդը՝ խելացնոր կնոջ երևակայությունների համար, ում հետ, նկատի ունեցեք, երկու նախադասություն հազիվ էլ փոխանակած լինի ամբողջ ընթացքում։ Վարվառա Պետրովնա, կան բաներ, որոնց մասին ոչ միայն չի կարելի խելացի խոսել, այլև որոնց մասին խոսք բացելն անգամ անխելքություն է։ Լավ, թող վերջապես գժություն լինի, բայց չէ որ ավելին ոչինչ չի կարելի ասել, այնինչ, այժմ ահա, դրանից պատմություն են սարքել... Ինձ մասամբ հայտնի է, Վարվառա Պետրովնա, թե ինչ է այստեղ կատարվում։
 
Պատմողը մեկեն ընդհատեց և ուզում էր դառնալ Լեբյադկինին, բայց Վարվառա Պետրովնան կանգնեցրեց նրան, սաստիկ հուզախռով վիճակի մեջ էր։
 
― Դուք ավարտեցի՞ք,― հարցրեց նա։
 
― Դեռ ոչ, լրիվության համար ինձ հարկավոր է, եթե թույլ կտաք, ինչ-ինչ բաներ հարցնել այս պարոնից... Հիմա կտեսնեք, թե բանն ինչ է, Վարվառա Պետրովնա։
 
― Բավական է, հետո, կանգ առեք մի րոպե, խնդրում եմ ձեզ։ Օ՜, ինչ լավ արեցի, որ թույլ տվեցի ձեզ խոսել։
 
― Եվ նկատի ունեցեք, Վարվառա Պետրովնա,― սրսփաց Պյոտր Ստեպանովիչը,― է , կարո՞ղ էր արդյոք, Նիկոլայ Վսեվոլոդովիչն ինքը բացատրել ձեզ այս ամենը քիչ առաջ, ի պատասխան ձեր հարցին, որ գուցեև չափից ավելի էր կտրական։
 
― Օ՜, այո, չափից ավելի։
 
― Եվ իրավացի չէ՞ի, արդյոք, ասելով, որ երրորդ անձին որոշ դեպքերում շատ ավելի հեշտ է բացատրելը, քան ամենաշահագրգռվածին։
 
― Այո, այո... Բայց մի տեղ դուք սխալվեցիք, և ցավով եմ տեսնում, շարունակում եք սխալվել։
 
― Մի՞թե։ Իսկ որտե՞ղ։
 
― Գիտեք ինչ... Եվ իմիջիայլոց, եթե դուք նստեիք, Պյոտր Ստեպանովիչ։
 
― Օ՜, ինչպես կամենաք, ինքս էլ հոգնեցի, շնորհակալ եմ։
 
Նա ակնթարթորեն քաշեց բազկաթոռը և դարձրեց այնպես, որ հայտնվեց մի կողմից Վարվառա Պետրովնայի, մյուս կողմից Պրասկովյա Իվանովնայի միջև, դեմքով էլ՝ պարոն Լեբյադկինինին, որից ոչ մի րոպե չէր կտրում հայացքը։
 
― Դուք սխալվում եք նրանում, որ կոչում եք դա «գժություն»։
 
― Օ՜, եթե միայն դա...
 
― Ոչ, ո չ, ոչ, համբերեք,― կանգնեցրեց Վարվառա Պետրովնան ակներևաբար, պատրաստվելով խոսել շատ ու վայելումով։ Դա նկատելուն պես, համակ ուշադրություն դարձավ։
 
― Ոչ, դա եղել է գժությունից ավելի վեր մի բան և հավատացնում եմ ձեզ, նույնիսկ սրբազան մի բան։ Հպարտ և վաղ վիրավորված մարդը, հասած այն «ծաղրասիրությանը», որ այնքան դիպուկ հիշատակեցիք, մի խոսքով, արքայազն Հարրին, ինչպես հոյակապ համեմատեց այն ժամանակ Ստեպան Տրոֆիմովիչը և ինչ միանգամայն ճիշտ կլիներ, եթե նա ավելի շատ նման չլիներ Համլետին, համենայն դեպս, իմ տեսակետից։
 
― Et vous avez raison<ref>Եվ դուք միանգամայն իրավացի եք (ֆրանս.)։
</ref>,― զգացված և ծանրակշիռ արձագանքեց Ստեպան Տրոֆիմովիչը։
 
― Շնորհակալ եմ, Ստեպան Տրոֆիմովիչ, ձեզ հատկապես եմ շնորհակալ, հենց Nicolas-ի, նրա հոգու և կոչման հանդեպ ձեր մշտական հավատի համար։ Այդ նույնիսկ իմ մեջ եք ամրապնդել, երբ ընկճվել եմ հոգեպես։
 
― Chere, chere...― Ստեպան Տրոֆիմովիչն արդեն ուզում էր առաջ գալ, բայց կանգ առավ, հասկանալով, որ ընդհատելը վտանգավոր է։
 
― Եվ եթե Nicolas-ի կողքին (մասամբ արդեն երգում էր Վարվառա Պետրովնան) միշտ գտնվեր հանդարտ, իր խոնարհությամբ մեծ մի Հորացիո՝ ձեր մյուս հիանալի արտահայտությունը, Ստեպան Տրոֆիմովիչ, նա վաղուց արդեն փրկված կլիներ տրտում և «հեգնականության հանկարծակի դևից», որն ամբողջ կյանքում տանջել է նրան։ (Հեգնանքի դևի մասին դարձյալ ձեր զարմանալի արտահայտությունն է, Ստեպան Տրոֆիմովիչ)։ Սակայն Nicolas-ը երբեք չի ունեցել ոչ Հորացիո, ոչ Օֆելիա։ Մեն մենակ մայրն է եղել, բայց և ի՞նչ կարող է անել մայրը՝ մենակ, այսպիսի հանգամանքներում։ Գիտեք, Պյոտր Ստեպանովիչ, նույնիսկ չափից ավելի հասկանալի է դառնում ինձ, թե ինչպես Nicolos-ի նման արարածը կարող էր հայտնվել նույնիսկ այնպիսի կեղտոտ ետնախորշերում, որոնց մասին պատմեցիք։ Հիմա ինձ այնքան հստակ է պատկերվում կյանքի այդ «ծաղրասիրությունը» (ձեր զարմանալի դիպուկ արտահայտությունը), հակադրման անհագուրդ ծարավը, պատկերի այդ մռայլ ֆոնը, որի վրա նա որպես ադամանդ է հանդես գալիս, դարձյալ ձեր համեմատությամբ, Պյոտր Ստեպանովիչ։ Եվ ահա, հանդիպում է նա այնտեղ բոլորից նեղացված մի էակի, անդամալույծ և կիսացնորված, ու միևնույն ժամանակ գուցեև ազնվագույն զգացմունքներով։
 
― Հըմ, այո, ընդունենք։
 
― Եվ ձեզ դրանից հետո անհասկանալի է, որ նա չի ծիծաղում աղջկա վրա, ինչպես բոլորք։ Օ՜, մարդիկ։ Ձեզ հասկանալի չէ, որ նա պաշտպանում է այդ աղջկան դառնացնողներից, նրան շրջապատում է հարգանքով, «ինչպես մարքիզուհու» (այդ Կիրիլլովը պետք է որ անսովոր խորությամբ հասկանա մարդկանց, թեև չի հասկացել Nicolas-ին)։ Եթե ուզում եք, այստեղ հենց այդ հակասությունից է առաջացել փորձանքը։ Եթե ուրիշ իրավիճակում լիներ այդ թշվառը, ապա գուցեև չհասներ նման ուղեղ մթագնող երազանքի։ Կինը, կինը միայն կարողէ դա հասկանալ, Պյոտր Ստեպանովիչ, և ինչքան ափսոս, որ դուք... այսինքն, ոչ թե որ կին չեք, այլ ծայրահեղ դեպքում, այս անգամ, որպեսզի հասկանաք։
 
― Այսինքն, այն իմաստով, որ ինչքան ավելի վատ, այնքան ավելի լավ, հասկանում եմ, հասկանում եմ, Վարվառա Պետրովնա։ Ինչպես կրոնի մեջ. ինչքան ավելի վատ է ապրում մարդը, ինչքան ավելի ճնշված կամ աղքատ է ամբողջ ժողովուրդը, այնքան ավելի համառորեն է նա երազում դրախտում փոխհատուցման մասին, իսկ եթե դրա հետ մեկտեղ նաև հարյուր հազար վանական է հոգ տանում՝ հրահրելով երազանքը և շահարկելով դա, ապա... ես ձեզ հասկանում եմ, Վարվառա Պետրովնա, հանգիստ եղեք։
 
― Ընդունենք, դա այնքան էլ այդպես չէ, բայց ասացեք, այդ դժբախտ օրգանիզմում (թե ինչու Վարվառա Պետրովնան այստեղ օգտագործեց «օրգանիզմ» բառը, չկարողացա հասկանալ) երազանքը մարելու համար մի՞թե Nicolas-ը պիտի ինքը ծիծաղեր նրա վրա ու նրա հետ վարվեր մյուս աստիճանավորների պես։ Մի՞թե դուք ժխտում եք այն վսեմ կարեկցանքը, ամբողջ օրգանիզմի այն ազնիվ տրոփը, որով Nicolas-ը հանկարծ խստորեն պատասխանում է Կիրիլլովին. «Ես չեմ ծիծաղում նրա վրա»։ Վսեմ, սրբազան պատասխան է։
 
― Sublime<ref>Վեհաշունչ (ֆրանս.)։
</ref>,― մրմնջաց Ստեպան Տրոֆիմովիչը։
 
― Եվ նկատի առեք, նա ամենևին էլ այնքան հարուստ չէ, ինչպես դուք եք կարծում։ Ես եմ հարուստ, և ոչ թե նա, իսկ նա ինձնից այն ժամանակ համարյա ամենևին չէր վերցնում։
 
― Ես հասկանում, հասկանում եմ այդ ամենը, Վարվառա Պետրովնա,― փոքր-ինչ անհամբեր իրար եկավ Պյոտր Ստեպանովիչը։
 
― Օ՜, իմ բնավորությունն է դա։ Nicolas-ի մեջ ճանաչում եմ ինքս ինձ։ ճանաչում եմ այդ ջահելությունը, բուռն ու ահեղ պոռթկումների այդ հնարավորությունը... Եվ եթե մենք երբևէ մտերմանանք, Պյոտր Ստեպանովիչ, ինչ իմ կողմից ցանկանում եմ այնքան անկեղծորեն, առավել ևս, որ արդեն պարտական եմ ձեզ, գուցեև կհասկանաք այն ժամանակ...
 
― Օ՜, հավատացեք, ես ցանկանում եմ, իմ կողմից,― մրմնջաց Պյոտր Ստեպանովիչը։
 
― Այն ժամանակ դուք կհասկանաք նաև պոռթկումը, որով վեհանձնության այդ կուրության մեջ հանկարծ վերցնում են բոլոր առումներով նույնիսկ անարժան մեկին, ձեզ խորապես չհասկացող, հնարավոր ամեն դեպքում ձեզ տանջելու պատրաստ մարդու, և հակառակ ամեն ինչի, այդպիսի մարդուն հանկարծ վերածում ինչ-որ իդեալի, սեփական երազանքի, նրա մեջ մեկտեղում բոլոր հույսերը, ծնրադրում նրա առաջ, սիրում ամբողջ կյանքում ամենևին չիմանալով, թե ինչու, գուցե թե հենց այն պատճառով, որ նա արժանի չէ... Օ՜, ինչպես եմ տառապել ամբողջ կյանքում, Պյոտր Ստեպանովիչ։
 
Ստեպան Տրոֆիմովիչը հիվանդագին տեսքով սկսեց որսալ իմ հայացքը, բայց ես ժամանակին շրջվեցի։
 
― ...Ու դեռ վերջերս, վերջերս՝ օ՜, ինչքան եմ մեղավոր Nicolas-ի առաջ... Դուք չեք հավատա, նրանք տանջեցին ինձ բոլոր կողմերից, բոլորը, բոլորը, թե թշնամիները, թե մարդուկները, թե բարեկամները։ Բարեկամները գուցեև ավելի շատ թշնամիներից։ Երբ առաջին քստմնելի անանուն նամակն ուղարկեցին ինձ, Պյոտր Ստեպանովիչ, դուք չեք հավատա, ինձ չբավականացրեց վերջապես արհամարհանքն ի պատասխան այդ ամբողջ չարության... Երբեք, երբեք չեմ ների ինձ իմ փոքրոգությունը։
 
― Ընդհանրապես ինչ-որ բաներ լսել եմ այստեղի անանուն նամակների մասին,― հանկարծ աշխուժացավ Պյոտր Ստեպանովիչը,― և ես ձեզ համար կգտնեմ նրանց, հանգիստ եղեք։
 
― Բայց դուք չեք կարող պատկերացնել, թե ինչ խարդավանքներ սկսվեցին այստեղ՝ դրանք տանջել են նույնիսկ մեր խեղճ Պրասկովյա Իվանովնային, իսկ նրա՞ն ինչ պատճառով։ Ես գուցեև այսօր անչափ մեղավոր եմ քո առաջ, իմ սիրելի Պրասկովյա Իվանովնա,― ավելացրեց նա խանդաղատանքի մեծահոգի մի պոռթկումով, սակայն ոչ առանց որոշ հաղթական հեգնանքի։
 
― Բավական է, հարգելիս,― մրմնջաց Պրասկովյա Իվանովնան չուզենալով,― իսկ իմ կարծիքով, հարկավոր է վերջացնել այս ամենը, չափից շատ ասվեց...― և նա նորից երկչոտ նայեց Լիզային, սակայն վերջինս Պյոտր Ստեպանովիչին էր նայում։
 
― Իսկ այդ թշվառ, այդ դժբախտ արարածին, այդ ցնորված, ամեն ինչ կորցրած և միայն սիրտը պահպանած կնոջը ես մտադիր եմ հիմա ինքս որդեգրել,― հանկարծ բացականչեց Վարվառա Պետրովնան,― սա պարտք է, որը մտադիր եմ սրբորեն կատարել։ Այս օրվանից նրան վերցնում եմ իմ հովանու տակ։
 
― Եվ դա շատ լավ կլինի որոշ իմաստով,― միանգամայն աշխուժացավ Պյոտր Ստեպանովիչը։― Ներեցեք, ես նոր չվերջացրի։ Հենց հովանավորության մասին էի ուզում ասել։ Կարող եք պատկերացնել, որ երբ այն ժամանակ մեկնեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը (ես սկսում եմ հենց այնտեղից, ուր կանգ առա, Վարվառա Պետրովնա), այս պարոնը, հենց այս պարոն Լեբյադկինը, ակնթարթորեն իրեն պատկերացրեց քրոջը նշանակված ապրուստադրամի կարգադրիչ, առանց մնացորդի, և տնօրինեց։ Ես ստույգ չգիտեմ, թե այն ժամանակ ինչպես էր կարգադրել Նիկոլայ Վսեվոլոդովիչը, բայց մի տարի անց, արդեն արտասահմանից, իմանալով, թե ինչ է կատարվում, ստիպված էր այլ կերպ կարգադրել։ Դարձյալ չգիտեմ մանրամասերը, ինքը կպատմի, գիտեմ միայն, որ մեզ հետաքրքրող անձնավորությանը տեղավորել էին ինչ-որ հեռավոր մենաստանում, նույնիսկ շատ հարմարավետ, սակայն բարեկամական հսկողության տակ, հասկանո՞ւմ եք։ Եվ ինչի՞ է դիմում պարոն Լեբյադկինը, ինչ եք կարծում։ Սկզբում նա բոլոր ջանքերն ի գործ է դնում, գտնելու համար, թե որտեղ են իրենից թաքցնում տուրքային կետը՝ այսինքն, քույրիկին, միայն վերջերս է հասնում նպատակին, հանում է նրան մենաստանից ինչ-որ իրավունք ներկայացնելով նրա վրա և բերում ուղիղ այստեղ։ Այստեղ էլ չի կերակրում նրան, ծեծում է, բռնանում, վերջապես ինչ-որ ճանապարհով Նիկոլայ Վսեվոլոդովիչից նշանակալի գումար է ստանում, անմիջապես անցնում հարբեցողության, իսկ շնորհակալության փոխարեն՝ վերջացնում Նիկոլայ Վսեվոլոդովիչին ուղղված հանդուգն մարտահրավերով, անմիտ պահանջներով, ապրուստադրամն առաջիկայում ուղիղ իր ձեռքը չհանձնելու դեպքում, սպառնում դատարանով։ Այսպիսով, Նիկոլայ Վսեվոլոդովիչի ինքնակամ շնորհը նա ընդունում է որպես տուրք՝ կարո՞ղ եք պատկերացնել։ Պարոն Լեբյադկին, ճշմարի՞տ է արդյոք ''այն ամենը'', ինչ հիմա այստեղ ասացի։
 
Կապիտանը, որ մինչ այդ կանգնած էր լուռ, աչքերը հառած ցած, արագ երկու քայլ արեց առաջ և ամբողջովին կարմրատակեց։
 
― Պյոտր Ստեպանովիչ, դուք դաժան վարվեցիք ինձ հետ,― ասաց նա, կարծես ընդհատեց։
 
― Ինչպե՞ս թե դաժան և ինչո՞ւ։ Բայց ներեցեք, դաժանության կամ մեղմության մասին հետո կխոսենք, իսկ հիմա ձեզ խնդրում եմ պատասխանել միայն իմ առաջին հարցին, ճշմարի՞տ է արդյոք ''այն ամենը'', ինչ ասացի, թե՞ ոչ։ Եթե գտնում եք, որ ճիշտ չէ, կարող եք անմիջապես ձեր հայտարարությունն անել։
 
― Ես... դուք գիտեք, Պյոտր Ստեպանովիչ...― մրմնջաց կապիտանը, դեմ ընկավ ու լռեց։ Հարկ է նշել, որ Պյոտր Ստեպանովիչը նստած էր բազկաթոռին, ոտքը ոտքին գցած, իսկ կապիտանը կանգնած էր նրա առաջ, ամենահարգալիր կեցվածքով։
 
Պարոն Լեբյադկինի տատանումները, երևում է, շատ էին անդուր Պյոտր Ստեպանովիչին, նրա դեմքը ցնցվեց մի տեսակ չարագին ջղաձգությամբ։
 
― Դուք արդեն իսկապե՞ս չեք ուզում որևէ բան հայտարարել,― նրբամտորեն նայեց նա կապիտանին։― Այդ դեպքում, բարի եղեք, ձեզ սպասում են։
 
― Պյոտր Ստեպանովիչ, ինքներդ գիտեք, որ ես չեմ կարող ոչինչ հայտարարել։
 
― Ոչ, ես դա չգիտեմ և առաջին անգամ եմ լսում։ Իսկ ինչո՞ւ չեք կարող հայտարարել։
 
Կապիտանը լռում էր աչքերը հատակին հառած։
 
― Թույլ տվեք գնամ, Պյոտր Ստեպանովիչ,― խոսեց նա վճռական։
 
― Բայց ոչ ավելի շուտ, քան որևէ պատասխան կտաք իմ առաջին հարցին, ճի՞շտ է ''այն ամենը'', ինչ ասացի։
 
― Ճիշտ է,― խլաձայն ասաց Լեբյադկինը և աչքերը գցեց իրեն տանջողի վրա։ Նույնիսկ քրտինք երևաց նրա քունքերին։
 
― ''Ամեն ի՞նչ է'' ճիշտ։
 
― Ամեն ինչ ճիշտ է։
 
― Որևէ բան չունե՞ք ավելացնելու, նշելու։ Եթե գտնում եք, որ մենք անարդարացի ենք, հայտնեք դա, բողոքեք, բարձրաձայն ասեք ձեր դժգոհությունը։
 
― Չէ, ոչինչ չեմ գտնում։
 
― Սպառնացե՞լ եք վերջերս Նիկոլայ Վսեվոլոդովիչին։
 
― Դա... դա ավելի շատ խմիչքից էր, Պյոտր Ստեպանովիչ։ (Նա հանկարծ բարձրացրեց գլուխը)։ Պյոտր Ստեպանովիչ։ Եթե ընտանեկան պատիվը և սրտին անարժան խայտառակությունն աղաղակում են մարդկանց մեջ, ապա այդժամ, այդժա՞մ էլ մեղավոր է մարդը,― թնդաց նա հանկարծակի՝ իրեն կորցրած նախկինի պես։
 
― Իսկ դուք հիմա սթա՞փ եք, պարոն Լեբյադկին,― թափանցող հայացքով նրան նայեց Պյոտր Ստեպանովիչը։
 
― Ես... լուրջ եմ։
 
― Իսկ այդ ի՞նչ է նշանակում ընտանեկան պատիվը և սրտին անարժան խայտառակությունը։
 
― Դա ես ոչ մեկի մասին չասի, ոչ մեկին չուզեցա։ Ինքս իմ մասին...― նորից ընկղմվեց կապիտանը։
 
― Երևում է, դուք շա՞տ վիրավորվեցիք ձեր և ձեր վարքի մասին իմ խոսքերից։ Շատ եք դյուրաբորբոք, պարոն Լեբյադկին։ Բայց ներեցեք, չէ որ ես դեռևս ոչինչ չեմ ասել ձեր վարքի մասին, ներկա վիճակում։ Ես կսկսեմ խոսել ձեր վարքի մասին՝ ներկա վիճակում, բայց չէ որ դեռևս չեմ սկսել ''ներկա'' վիճակում։
 
Լեբյադկինը ցնցվեց և վայրի հայացքը հառեց Պյոտր Ստեպանովիչի վրա։
 
― Պյոտր Ստեպանովիչ, ես նոր միայն սկսում եմ արթնանալ։
 
― Հը՛մ։ Ու ե՞ս արթնացրի ձեզ։
 
― Այո, այդ դուք ինձ արթնացրիք, Պյոտր Ստեպանովիչ, իսկ ես չորս տարի քնած էի՝ վրաս կախված ամպի տակ։ Կարո՞ղ եմ վերջապես գնալ, Պյոտր Ստեպանովիչ։
 
― Հիմա կարող եք, եթե միայն Վարվառա Պետրովնան անհրաժեշտ կհամարի...
 
Բայց վերջինս թափահարեց ձեռքերը։
 
Կապիտանը գլուխ խոնարհեց, երկու քայլ գցեց դռան կողմը, հանկարծ կանգ առավ, ձեռքը դրեց սրտին, ուզում էր մի բան ասել, չասաց և արագ դուրս վազեց։ Բայց հենց դռան մեջ բախվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչին։ Վերջինս մի կողմ քաշվեց, կապիտանը մի տեսակ կծկվեց հանկարծ նրա առաջ ամբողջ մարմնով ու քարացավ տեղում աչքերը չկտրելով նրանից, ինչպես ճագարը վիշապ օձից։ Մի քիչ հապաղելով Նիկոլայ Վսեվոլոդովիչը թեթևակի հեռացրեց նրան ձեռքով ու մտավ հյուրասենյակ։
 
=== VII ===
 
Նա ուրախ էր ու հանգիստ։ Գուցե հիմա մի շատ լավ բան էր կատարվել նրա հետ՝ առայժմ մեզ անհայտ, բայց նա, թվում էր, նույնիսկ առանձնապես է գոհ ինչ-որ բանից։
 
― Կներե՞ս ինձ արդյոք, Nicolas,― չհամբերեց Վարվառա Պետրովնան և փութով ընդառաջ ելավ նրան։
 
Բայց Nicolas-ը վճռականապես սկսեց ծիծաղել։
 
― Այդպես է որ կա,― բացականչեց նա բարեհոգությամբ և կատակախառն։― Տեսնում եմ, ձեզ արդեն ամեն ինչ հայտնի է։ Իսկ ես, այստեղից դուրս գալուն պես, մտածում էի կառքի մեջ. «Համենայն դեպս, պետք էր գոնե անեկդոտ պատմել, թե չէ ո՞վ է այդպես հեռանում»։ Բայց հենց հիշեցի, որ ձեզ հետ է մնում Պյոտր Ստեպանովիչը, մտահոգությունս ցնդեց։
 
Խոսելիս, նա շուրջն էր զննում թռուցիկ։
 
― Պյոտր Ստեպանովիչը մեզ պատմեց պետերբուրգյան մի հին պատմություն, մի խենթուկի կյանքից,― ոգևորված ձայնակցեց Վարվառա Պետրովնան,― մի քմահաճ և ցնորված մարդու, որը սակայն միշտ վեհ է իր զգացմունքներում, միշտ ասպետավարի վեհանձն...
 
― Ասպետավարի՞։ Մի՞թե դրան էլ հասաք,― ծիծաղեց Nicolas-ը։― Իմիջիայլոց, ես շատ շնորհակալ եմ Պյոտր Ստեպանովիչին, այս անգամ նրա շտապողականության համար (այստեղ ակնթարթային հայացք փոխանակեց նրա հետ)։ Պետք է, որ իմանաք, maman, Պյոտր Ստեպանովիչը համընդհանուր հաշտարար է, դա նրա դերն է, հիվանդությունը, հաղթաձին, և ես հատկապես երաշխավորում եմ նրան ձեզ՝ այդ տեսակետից։ Կռահում եմ, թե ինչեր է նա այստեղ սփռելձեզ։ Նա հենց սփռում է, երբ պատմում է, նրա գլխում գրասենյակ կա։ Նկատի ունեցեք, որպես ռեալիստ, նա չի կարող ստել և որ ճշմարտությունը նրա համար թանկ է հաջողությունից... հասկանալի է, բացառությամբ այն հատուկ դեպքերի, երբ հաջողությունն է ավելի թանկ ճշմարտությունից։ (Խոսելիս նա շարունակ շուրջն էր նայում)։ Այսպիսով, maman, հստակ տեսնում եք, դուք չէ, որ ներողություն պիտի խնդրեք ինձնից, և եթե այստեղ մի որևէ տեղ խելագարություն կա, ապա, իհարկե, առաջին հերթին, իմ կողմից է, և ուրեմն, ի վերջո, ես, այնուամենայնիվ, խելագարված եմ, պետք է, չէ՞, այստեղի իմ համբավը հաստատել...
 
Այստեղ նա քնքշորեն գրկեց մորը։
 
― Համենայն դեպս, այս գործը հիմա ավարտված է և պատմությունն արված, ուրեմն և կարելի է վերջ տալ դրա մասին,― ավելացրեց նա, և մի չոր, կոշտ երանգ հնչեց նրա ձայնի մեջ։ Վարվառա Պետրովնան հասկացավ այդ երանգը, բայց զմայլանքը չէր անցնում, նույնիսկ հակառակը։
 
― Մի ամսից շուտ ոչ մի կերպ չէի սպասում քեզ, Nicolas։
 
― Իհարկե, ամեն ինչ կպատմեմ, maman, իսկ հիմա...
 
Եվ նա շարժվեց դեպի Պրասկովյա Իվանովնան։
 
Բայց վերջինս հազիվ գլուխը դարձրեց նրա կողմը, թեև կես ժամ առաջ ապշած էր նրա հայտնվելով։ Իսկ հիմա նոր հոգսեր էին պաշարել նրան, այն իսկ պահից, երբ կապիտանը դուրս եկավ ու դռան մեջ բախվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչին, Լիզան հանկարծ սկսեց ծիծաղել՝ սկզբում մեղմ, ընդհատ, բայց ծիծաղը գնալով ուժգնանում էր, դառնում բարձրաձայն և զգալի։ Աղջիկը կարմրատակել էր։ Արտակարգ էր հակադրությունը քիչ առաջվա նրա մռայլ տեսքի հետ։ Մինչ Նիկոլայ Վսեվոլոդովիչը խոսում էր Վարվառա Պետրովնայի հետ, նա մի երկու անգամ մատով իր մոտ կանչեց Մավրիկիյ Նիկոլաևիչին, ասես կամենալով ինչ-որ բան շշնջալ ականջին, բայց հենց վերջինս հակվում էր նրա վրա, Լիզան վայրկենապես սկսում էր կչկչալ, կարելի էր եզրակացնել, թե նա հենց խեղճ Մավրիկիյ Նիկոլաևիչի վրա է ծիծաղում։ Իմիջիայլոց, կարծես ուզում էր զսպել իրեն և թաշկինակը հպում էր շուրթերին։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն ամենաանմեղ և պարզսիրտ տեսքով նրան դիմեց ողջույնով։
 
― Դուք ինձ ներեցեք, խնդրում եմ,― պատասխանեց նա շուտասելուկով,― դուք... դուք, իհարկե, տեսել եք Մավրիկիյ Նիկոլաևիչին... Աստված իմ, ինչ անթույլատրելի բարձրահասակ եք, Մավրիկիյ Նիկոլաևիչ։
 
Եվ նորից՝ ծիծաղ։ Մավրիկիյ Նիկոլաևիչը բարձրահասակ էր, բայց ամենևին էլ ոչ անթույլատրելի։
 
― Դուք... վաղո՞ւց եք եկել,― մրթմրթաց նա, նորից զսպելով իրեն, նույնիսկ շփոթվելով, բայց շողացող աչքերով։
 
― Երկու ժամ ու ավելի,― պատասխանեց Nicolas-ը ակնդետ զննելով աղջկան։ Նշեմ, որ արտակարգ զուսպ ու բարեկիրթ էր նա, սակայն բարեկրթությունը՝ մի կողմ, միանգամայն անտարբեր, անգամ ձանձրացող տեսք ուներ։
 
― Իսկ որտե՞ղ եք ապրելու։
 
― Այստեղ։
 
Վարվառա Պետրովնան էլ էր հետևում Լիզային, բայց հանկարծ նրան մի միտք անհանգստացրեց։
 
― Իսկ ո՞ւր էիր մինչև հիմա, Nicolas, այս երկու ժամ ու ավելին,― մոտեցավ նա։― Գնացքը գալիս է ժամը տասին։
 
― Ես նախ Պյոտր Ստեպանովիչին տարա Կիրիլլովի մոտ։ Իսկ Պյոտր Ստեպանովիչին հանդիպեցի Մատվեևում (երեք կայարան առաջ), մի վագոնում էլ տեղ հասանք։
 
― Լուսաբացից Սատվեևում սպասում էի,― միացավ Պյոտր Ստեպանովիչը,― մեր գնացքի վերջին վագոնները գիշերը դուրս եկան գծերից, քիչ էր մնացել ոտքներս կոտրեինք։
 
― Ոտքերը կոտրել,― ճչաց Լիզան։― Մամա, մամա, իսկ մենք ուզում էինք անցյալ շաբաթ Մատվեևո գնալ, մենք էլ պիտի ոտք կոտրեինք։
 
― Ողորմա՜ծ Աստված,― խաչակնքվեց Պրասկովյա Իվանովնան։
 
― Մամա, մամա, սիրելի մա, մի վախեցեք, եթե ես իրականում երկու ոտքս էլ կոտրեմ, ինձ հետ դա շատ էլ կարող է պատահել՝ հենց դուք եք ասում, որ ամեն օր գլխապատառ արշավում եմ ձիով։ Մավրիկիյ Նիկոլաևիչ, ինձ կաղ-կաղ ման կածե՞ք,― քրքջեց նա կրկին։― Եթե դա պատահեց, ոչ ոքի թույլ չեմ տա ինձ ման ածել, ձեզնից բացի, հաստատ իմացեք։ Դե, ենթադրենք, թե միայն մի ոտքս կոտրեցի... Դե, բարի եղեք, ասացեք, որ դա երջանկություն կհամարեք։
 
― Իսկ ի՞նչ երջանկություն մի ոտքով,― լրջորեն խոժոռվեց Մավրիկիյ Նիկոլաևիչը։
 
― Փոխարենը միայն դուք ման կածեք, միայն դուք, ուրիշ ոչ ոք։
 
― Այդ ժամանակ էլ ինձ ման ածողը դո՛ւք կլինեք, Լիզավետա Նիկոլաևնա,― էլ ավելի լրջորեն փնթփնթաց Մավրիկիյ Նիկոլաևիչը։
 
― Աստվա՜ծ իմ, ախր նա ուզեց բառախաղ անել,― համարյա սարսափահար բացականչեց Լիզան։― Մավրիկիյ Նիկոլաևիչ, երբեք չհամարձակվեք կանգնել այդ ճանապարհի վրա։ Միայն թե ի՜նչ աստիճանի եսապաշտ եք դուք։ Ես համոզված եմ, ի պատիվ ձեզ, որ հիմա ինքներդ ձեզ զրպարտեցիք։ Ընդհակառակն, այն ժամանակ դուք առավոտից գիշեր կհավատացնեք, որ ավելի հետաքրքրական եմ դարձել առանց ոտքի։ Մի բան է անշտկելի. դուք անչափ բարձրահասակ եք, իսկ առանց ոտքի ես կդառնամ շատ փոքրիկ, ինչպես պիտի ինձ ման ածեք թևանցուկ, հարմար զույգ չենք լինի։
 
Եվ նա հիվանդագին ծիծաղեց։ Սրամտությունները և ակնարկումները տափակ էին, բայց, ըստ երևույթին, նա հաջողությամբ մտահոգ չէր։
 
― Հիստերիկա է,― շշնջաց ինձ Պյոտր Ստեպանովիչը։― Մի բաժակ ջուր բերեին շուտ։
 
Նա կռահել էր։ Սի րոպե հետո բոլորն իրար անցան, ջուր բերեցին։ Լիզան գրկել էր իր մամային, ջերմագին համբուրում էր, լաց լինում նրա ուսին և տեղնուտեղը, նորից ետ ընկնելով ու մոր դեմքին նայելով սկսում էր քրքջալ։ Ի վերջո, փղձկաց նաև մաման։ Վարվառա Պետրովնան երկուսին էլ շուտափույթ տարավ իր սենյակը, այն դռնով, որից քիչ առաջ մտել էր Դարյա Պավլովնան։ Բայց քիչ մնացին այնտեղ, մի չորս րոպե, ոչ ավելի...
 
Ես հիմա ջանում եմ վերհիշել այդ արժանահիշատակ առավոտի վերջին վայրկյանների ամեն մի գիծը։ Հիշում եմ, որ երբ մնացինք մենակ, առանց տիկնանց (բացի միայն Դարյա Պավլովնայից, որը տեղից չշարժվեց), Նիկոլայ Վսեվոլոդովիչն անցավ բոլորիս դիմացով և ձեռքով ողջունեց բոլորիս, բացի Շատովից, որը շարունակում էր նստած մնալ իր անկյունում և նախկինից ավելի կռանում ցած։ Ստեպան Տրոֆիմովիչը չափազանց սրամիտ մի բան էր ուզում սկսել Նիկոլայ Վսեվոլոդովիչի հետ, բայց վերջինս շտապեց Դարյա Պավլովնայի մոտ։ Սակայն ճանապարհին նրան համարյա ուժով կանգնեցրեց Պյոտր Ստեպանովիչը և տարավ պատուհանի մոտ, ուր և սկսեց արագ-արագ ինչ-որ բաներ շշնջալ նրան, ըստ երևույթին, շատ կարևոր, դատելով դեմքի արտահայտությունից և շշնջոցն ուղեկցող շարժումներից։ Իսկ Նիկոլայ Վսեվոլոդովիչը լսում էր շատ ծուլորեն ևցրված, իր պաշտոնական քմծիծաղով, վերջում էլ նույնիսկ անհամբերությամբ, շարունակ ասես ուզում էր պոկվել-հեռանալ։ Նա հեռացավ պատուհանից հենց այն ժամանակ, երբ ետ եկան մեր տիկնայք։ Վարվառա Պետրովնան Լիզային նստեցրեց նախկին տեղը, հավատացնելով, որ նրանք գոնե տասը րոպե պիտի անպայման սպասեն ու հանգստանան, և որ թարմ օդը հիմա հազիվ թե օգտակար լինի տկար նյարդերին։ Շատ էր հոգատար Լիզայի հանդեպ և ինքն էլ նստեց նրա կողքին։ Անմիջապես նրանց մոտ վազեց ազատված Պյոտր Ստեպանովիչը և սկսեց արագ, ուրախ մի խոսակցություն։ Այստեղ էլ հենց Նիկոլայ Վսեվոլոդովիչը վերջապես մոտեցավ Դարյա Պավլովնային՝ իր անշտապ քայլքով։ Դաշան անմիջապես սրսփաց իր տեղում՝ նրա մոտենալիս, և արագ վեր ցատկեց՝ նկատելի հուզմունքով և ամբողջ դեմքը շառագունած։
 
― Կարծեմ, ձեզ կարելի է շնորհավորե՞լ... թե դեռ ոչ,― արտաբերեց նա դեմքին մի առանձնահատուկ կնճիռ-արտահայտություն։
 
Դաշան ինչ-որ բան պատասխանեց, բայց դժվար էր լսել։
 
― Ներեցեք անհամեստությունս,― ձայնը բարձրացրեց նա,― բայց չէ որ դուք գիտեք, ինձ հատկապես տեղեկացրել են։ Գիտե՞ք այդ մասին։
 
― Այո, գիտեմ, որ ձեզ տեղեկացրել են հատկապես։
 
― Հուսով եմ, սակայն, որ իմ շնորհավորանքով չխանգարեցի ոչնչի,― ծիծաղեց նա,― իսկ եթե Ստեպան Տրոֆիմովիչը...
 
― Ինչի՞ համար, ինչի՞ համար շնորհավորել,― հանկարծ մոտ վազեց Պյոտր Ստեպանովիչը,― ձեզ ինչի՞ համար շնորհավորել, Դարյա Պավլովնա։ Բա՜, չլինի՞ հենց այն բանի համար։ Ձեր կարմրելը վկայում է, որ կռահել եմ։ Իսկապես, էլ ինչի՞ համար շնորհավորել մեր գեղեցիկ և բարեբարո օրիորդներին և ի՞նչ շնորհավորանքներից են նրանք կարմրում ավելի շատ։ Դե-հ, ընդունեք և իմ շնորհավորանքը, և եթե կռահել եմ, տարվածը վճարեք, հիշո՞ւմ եք, Շվեյցարիայում գրազ եկանք, որ երբեք չեք ամուսնանալու... Ախ, հա, Շվեյցարիայի կապակցությամբ, այս ի՞նչ եղավ ինձ։ Պատկերացնում եք, կեսն այդ պատճառով եմ եկել ու քիչ էր մնացել, մոռանայի,― նա արագ դարձավ Ստեպան Տրոֆիմովիչին,― իսկ դո՞ւ երբ ես պատրաստվում Շվեյցարիա գնալ։
 
― Ես... Շվեյցարիա՞,― զարմացավ և շփոթվեց Ատեպան Տրոֆիմովիչը։
 
― Ինչպե՞ս։ Միթե չե՞ս գնում։ Չէ որ դու էլ ես ամուսնանում... գրե՞լ ես։
 
― Pierre!,― բացականչեց Ստեպան Տրոֆիմովիչը։
 
― Էլ ի՜նչ Pierre... Գիտես, եթե դա հաճելի է քեզ, ապա ես թռել-եկել եմ քեզ հայտնելու, որ ամենևին էլ դեմ չեմ, քանի որ անպայման ցանկացել էիր իմ կարծիքը, հնարավորին չափ շուտ, իսկ եթե (սփռում էր նա) քեզ հարկավոր է «փրկել», ինչպես այդ նույն նամակում ինքդ ես տեղնուտեղը գրում և աղաչում, ապա նորից ու նորից, ես քո տրամադրության տակ եմ։ ճի՞շտ է, որ նա ամուսնանում է, Վարվառա Պետրովնա,― արագ նրան դարձավ Պետրուշան։― հուսով եմ, անհամեստություն չեմ անում, հենց ինքն է գրում, որ ամբողջ քաղաքը գիտե և բոլորը շնորհավորում են, այնպես որ, խուսափելու համար, միայն գիշերներն է դուրս գալիս։ Նամակը գրպանումս է։ Բայց կհավատա՞ք, արդյոք, Վարվառա Պետրովնա, որ դրանից ոչինչ չեմ հասկանում։ Միայն մի բան ասա ինձ, Ստեպան Տրոֆիմովիչ, քեզ շնորհավորե՞լ է պետք, թե՝ «փրկել»։ Դուք չեք հավատա, ամենաերջանիկ տողերի կողքին նա ունի հուսահատագույնը։ Նախ, ներողություն է խնդրում ինձնից։ Լավ, ենթադրենք, բնավորությունից է գալիս... Իսկ իմիջիայլոց, չի լինի չասել. պատկերացրեք, մարդը կյանքում երկու անգամ է ինձ տեսել, այն էլ՝ անակնկալ, ու հիմա հանկարծ, երրորդ անգամ ամուսնանալով, երևակայում է, թե դրանով ինչ-ինչ ծնողական պարտականություններ է խախտում իմ հանդեպ, հազար վերստ հեռվից աղաչում է ինձ, որ չբարկանամ ու թույլ տամ իրեն։ Խնդրում եմ, չվիրավորվես, Ստեպան Տրոֆիմովիչ, ժամանակի հատկանիշն է, ես լայնահայաց եմ և չեմ դատապարտում ու դա, ենթադրենք, քեզ պատիվ է բերում և այլն, և այլն, բայց և այնպես, գլխավորն այն է, որ հենց գլխավորը չեմ հասկանում։ Այստեղ ինչ-որ բան է գրված ինչ-որ «մեղքերի մասին Շվեյցարիայում»։ Իբր, ամուսնանում եմ մեղքերով, կամ ուրիշի մեղքերի համար, կամ էլ ինչեր է գրել, մի խոսքով՝ «մեղքեր»։ «Աղջիկն, ասում է, մարգարիտ է ու ալմաստ», դե, իհարկե, «ինքն անարժան է», ոճը դա է, բայց և ինչ-ինչ մեղքերի կամ հանգամանքների պատճառով «հարկադրված է կանգնել պսակի տակ և գնալ Շվեյցարիա», ուստիև «թող ամեն ինչ ու թռիր֊հասիր՝ փրկելու»։ Որևէ բան հասկանո՞ւմ եք սրանից հետո։ Իսկ իմիջիայլոց... իմիջիայլոց, դեմքերի արտահայտությունից հասկանում եմ (նամակը ձեռքին՝ պտույտ եկավ զննելով դեմքերը), որ իմ սովորության համաձայն, կարծեմ թե մի տեղ վրիպեցի... իմ հիմար անկեղծության, կամ, ինչպես Նիկոլայ Վսեվոլոդովիչն է ասում, շտապողականության պատճառով։ Չէ որ մտածում էի, թե այստեղ մենք ու մերոնք ենք, այսինքն, քո մերոնքն են, Ստեպան Տրոֆիմովիչ, քո մերոնքը, իսկ ես, ըստ էության, օտար եմ, և տեսնում եմ... և տեսնում եմ, որ բոլորն ինչ-որ բան գիտեն, իսկ ես, ահա, ինչ-որ բան չգիտեմ։
 
Նա շարունակում էր շուրջը զննել։
 
― Ստեպան Տրոֆիմովիչն այդպես էլ գրե՞լ է ձեզ, որ ամուսնանում է «Շվեյցարիայում կատարված ուրիշի մեղքերի համար» և որ դուք թռնեք-հասնեք «նրան փրկելո՞ւ», հենց այդ արտահայտություններո՞վ,― հանկարծ մոտեցավ Վարվառա Պետրովնան ամբողջովին դեղնած, այլայլված դեմքով, ցնցվող շրթունքներով։
 
― Այսինքն, գիտեք, եթե այստեղ ինչ-որ բան էլ չեմ հասկացել,― մի տեսակ վախեցավ ու ավելի շատ շտապեց Պյոտր Ստեպանովիչը,― ապա մեղավորն ինքն է, անշուշտ, որ այդպես է գրում։ Ահա նամակը։ Գիտեք, Վարվառա Պետրովնա, անվերջանալի և անարդար նամակներ, իսկ վերջին երկու երեք ամսում՝ պարզապես նամակ նամակի ետևից, և խոստովանում եմ, վերջապես, երբեմն էլ չէի կարդում մինչև վերջ։ Դու ինձ ներիր, Ստեպան Տրոֆիմովիչ, իմ հիմար խոստովանության համար, բայց համաձայնիր, խնդրեմ, որ թեև ինձ էիր հասցեգրում, բայց ավելի շատ գրում էիր սերունդների համար, այնպես որ, քեզ համար միևնույնն է... Դե, լավ, լավ, մի նեղացիր, մերոնք հո այնուամենայնիվ, մերոնք ենք։ Բայց այս նամակը, Վարվառա Պետրովնա, այս նամակը մինչև վերջ կարդացի։ Այդ «մեղքերը», այդ «ուրիշի մեղքերը», հավանաբար, մեր մանրմունր մեղքերն են, և գրազ եմ գալիս, ամենաանմեղագույնները, բայց որոնց պատճառով մտքով անցել է սարսափելի մի պատմություն վերհանել՝ վեհանձն երանգով, հենց հանուն այդ վեհանձն երանգի էլ վեր է հանել։ Այստեղ, գիտեք ինչ, ձեր հաշիվների մեջ ինչ-որ բան կաղին է տալիս՝ վերջապես, պետք է ընդունել։ Գիտեք, նա շատ հեշտ է ենթարկվում խաղաթղթերին... ի դեպ, սա ավելորդ էր, սա արդեն լրիվ ավելորդ էր, կներեք, շատ եմ խոսում, բայց Աստված վկա, Վարվառա Պետրովնա, նա ինձ վախեցրեց, ես իսկապես պատրաստվել էի մասամբ «փրկել» նրան։ Վերջապես, ինձ համար էլ է ամոթ։ Ի՞նչ է, դանա՞կ եմ դրել կոկորդին։ Ես անողոք պարտատե՞ր եմ, ինչ է։ Ինչ-որ բաներ է գրում այստեղ օժիտի մասին... Իսկ ի դեպ, ամուսնանո՞ւմ ես, արդյոք, Ստեպան Տրոֆիմովիչ, հերիք եղավ։ Չէ որ դա կմնա, չէ որ մենք կխոսենք, կխոսենք, ավելի շատ ոճի համար... Ահ, Վարվառա Պետրովնա, ահա և վստահ եմ, որ դուք գուցե դատապարտում եք ինձ հիմա, հենց հատկապես ոճի համար...
 
― Ընդհակառակն, ընդհակառակն, ես տեսնում եմ, որ ձեր համբերությունը հատել է և, իհարկե, դրա պատճառներն ունեցել եք,― չարությամբ հարեց Վարվառա Պետրովնան։
 
Նա չարագին վայելումով ունկնդրեց Պյոտր Ստեպանովիչի բոլոր «ճշմարտացի» բառաժայթքումները, որոնք ակներևաբար դեր էին խաղում (թե ինչ, այդ ժամանակ չգիտեի, սակայն դերն ակնբախ էր, նույնիսկ չափազանց կոպիտ խաղացված)։
 
― Ընդհակառակն,― շարունակեց նա,― ես անչափ շնորհակալ եմ ձեզնից, որ խոսքը բացեցիք, առանց ձեզ այդպես էլ չէի իմանա։ Քսան տարում առաջին անգամ բացում եմ աչքերս։ Նիկոլայ Վսեվոլոդովիչ, դուք նոր ասացիք, որ ձեզ նույնպես տեղեկացրել են հատկապես, Ստեպան Տրոֆիմովիչը չի՞ գրել, արդյոք, ձեզ էլ նույն կերպ։
 
― Ես նրանից ստացել եմ անմեղագույն... և.... շատ ազնիվ նամակ...
 
― Դուք դժվարանում եք, բառեր եք փնտրում՝ բավական է։ Ստեպան Տրոֆիմովիչ, ձեզնից մի արտակարգ շնորհ եմ սպասում,― հանկարծակի նրան դիմեց Վարվառա Պետրովնան շողացող աչքերով,― բարի եղեք, հենց հիմա թողեք մեզ, իսկ հետայսու չանցնեք իմ տան շեմը։
 
Խնդրում եմ վերհիշել քիչ առաջվա «զմայլանքը», որ հիմա էլ չէր անցել։ ճիշտ է, շատ մեղավոր էր Ստեպան Տրոֆիմովիչը։ Բայց ահա, թե ինչն ինձ խիստ զարմացրեց այն ժամանակ, այն, որ զարմանալի արժանապատվությամբ նա դիմացավ թե Պետրուշայի «մերկացումներին» չմտածելով ընդհատել դրանք, թե Վարվառա Պետրովնայի «նզովքին»։ Որտեղի՞ց նրան այդքան ոգու ուժ։ Ես իմացա միայն մի բան, որ նա անկասկած և խորապես վիրավորված էր Պետրուշայի հետ քիչ առաջվա հանդիպումից, հատկապես քիչ առաջվա գրկախառնումից։ Դա խորունկ և արդեն իսկական վիշտ էր, համենայն դեպս, աչքերին, նրա սրտին։ Մեկ ուրիշ վիշտ էլ ուներ այդ րոպեին, հատկապես սեփական թունալի գիտակցումը, որ ինքը ստորություն է արել՝ հետագայում դա ինձ խոստովանեց, ամենայն բացսրտությամբ։ Իսկ չէ որ ''իսկական'', աներկբա վիշտն ի վիճակի է անգամ արտասովոր թեթևամիտ մարդուն դարձնել պատկառելի ու դիմացկուն, թեկուզև կարճ մի ընթացք։ Ավելին, ''իսկական'', իրական վշտից նույնիսկ անխելքներն են երբեմն խելքի եկել, նույնպես, հարկավ, ժամանակավորապես, դա արդեն վշտի այդօրինակ հատկությունն է։ Իսկ եթե այդպես է, ապա ի՞նչ կարող էր կատարվել Ստեպան Տրոֆիմովիչի պես մեկի մոտ։ Մի ամբողջ հեղաշրջում, հարկավ, նույնպես ժամանակավորապես։
 
Նա արժանապատիվ գլուխ տվեց Վարվառա Պետրովնային և բառ իսկ չարտասանեց (ճիշտ է, ուրիշ բան չէր մնացել անելու)։ Նա ուզում էր արդեն դուրս գալ գնալ, բայց չդիմացավ և մոտեցավ Դարյա Պավլովնային։ Վերջինս կարծես կանխազգում էր դա, որովհետև իսկույն, ամբողջովին վախով համակված, ինքը սկսեց խոսել, ասես շտապելովկանխելնրան.
 
― Ստեպան Տրոֆիմովիչ, խնդրում եմ, ոչինչ մի ասեք, ի սեր Աստծո,― սկսեց նա ջերմագին շուտասելուկով, դեմքի հիվանդագին արտահայտությամբ և ձեռքն արագ պարզեց նրան,― վստահ եղեք, որ ես ձեզ առաջվա պես հարգում եմ... և առաջվա պես գնահատում և... իմ մասին նույնպես լավ մտածեք, Ստեպան Տրոֆիմովիչ, և ես դա շատ, շատ կգնահատեմ...
 
Ստեպան Տրոֆիմովիչը խորը, շատ խորը գլուխ խոնարհեց նրան։
 
― Կամքը քոնն է, Դարյա Պավլովնա, դու գիտես, որ այս ամբողջ գործում քո կատարյալ կամքն է։ Եղել ու կա, հիմա և ընդմիշտ,― ծանրակշիռ եզրափակեց Վարվառա Պետրովնան։
 
― Բա՜, ես էլ եմ հիմա ամեն ինչ հասկանում,― ճակատին խփեց Պյոտր Ստեպանովիչը։― Բայց... բայց ի՞նչ վիճակի մեջ էի դրված այս ամենից հետո։ Դարյա Պավլովնա, խնդրում եմ ներեցեք ինձ... Ի՞նչ արեցիր ինձ հետ սրանից հետո, հը՞.― դիմեց նա հորը։
 
― Pierre, դու կարող էիր ինձ հետ այլ կերպ խոսել, ճիշտ չէ՞, բարեկամս,― նույնիսկ լրիվ մեղմաձայն արտաբերեց Ստեպան Տրոֆիմովիչը։
 
― Մի գոռա, խնդրում եմ,― ձեռքերը թափահարեց Pierre-ը,― հավատա, որ այս ամենը հին ու տկար նյարդերից է և գոռալը ոչնչի չի հասցնի։ Ավելի լավ է, ինձ ասա, չէ որ դու կարող էիր ենթադրել, որ առաջին իսկ քայլից կսկսեմ խոսել, ինչպե՞ս կարելի էր չնախազգուշացնել։
 
Ստեպան Տրոֆիմովիչը նրան նայեց խորաթափանց.
 
― Pierre, դու, որ այնքան շատ բան գիտես, թե ինչ է այստեղ կատարվում, մի՞թե, իրոք, այդ գործի մասին ոչնչից ոչինչ չգիտեիր, ոչինչ չէի՞ր լսել։
 
― Ի-իի-իի՜՞նչ։ Այ քեզ մարդիկ։ Քիչ է դեռ, որ ծերուկ երեխաներ ենք, նաև չա՞ր երեխաներ ենք։ Վարվառա Պետրովնա, դուք լսեցի՞ք, ինչ է ասում նա։
 
Աղմուկ բարձրացավ, բայց այստեղ հանկարծ մի այնպիսի բան ճայթեց, որ ոչ ոք արդեն սպասել չէր կարող։
 
=== VIII ===
 
Ամենից առաջ հիշեցնեմ, որ վերջին երկու-երեք րոպեին ինչ-որ նոր մղում պաշարեց Լիզավետա Նիկոլաևնային, նա արագ-արագ ինչ-որ բան էր շշնջում մամայի և իր վրա հակված Մավրիկիյ Նիկոլաևիչի հետ։ Դեմքը տագնապած էր, բայց միևնույն ժամանակ վճռականություն էր արտահայտում։ վերջապես, ելավ տեղից, ըստ երևույթին, շտապելով գնալ ու շտապեցնելով մորը, ում Մավրիկիյ Նիկոլաևիչը բարձրացնում էր բազկաթոռից։ Բայց, երևում է, նրանց վիճակված չէր գնալ չտեսնելով ամեն ինչ մինչև վերջ։
 
Շատովը՝ բացարձակապես մոռացված բոլորից իր անկյունում (ոչ հեռու Լիզավետա Նիկոլաևնայից) և ըստ երևույթին, ինքն էլ չիմանալով, թե ինչի համար է նստել ու չի հեռանում, հանկարծ ելավ աթոռից և ամբողջ սենյակի միջով անշտապ, բայց հաստատուն քայլերով գնաց դեպի Նիկոլայ Վսեվոլոդովիչը ուղիղ դեմքին նայելով։ Վերջինս դեռ հեռվից նկատեց նրա մոտենալը և թեթևակի ծիծաղեց քթի տակ։ Բայց երբ Շատովն ընդհուպ մոտեցավ նրան, թողեց քմծիծաղը։
 
Երբ Շատովը լուռ կանգ առավ նրա առաջ՝ աչքերը չկտրելով նրանից, բոլորը հանկարծ դա նկատեցին և սսկվեցին, բոլորից ուշ՝ Պյոտր Ստեպանովիչը։ Լիզան և մաման կանգ առան սենյակի մեջտեղում։ Այսպես անցավ մի հինգ վայրկյան, հանդուգն տարակուսանքի արտահայտությունը Նիկոլայ Վսեվոլոդովիչի հայացքում փոխարինվեց զայրույթով, նա խոժոռվեց հոնքերը, և հանկարծ...
 
Եվ հանկարծ Շատովը տարավ-բերեց իր երկար, ծանր ձեռքը և ամբողջ ուժով խփեց նրա այտին։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն ուժեղ ճոճվեց տեղում։
 
Շատովը մի հատուկ ձևով խփեց, ամենևին ոչ այնպես, ինչպես ընդունված է ապտակ հասցնելը (եթե միայն կարելի է այսպես արտահայտվել), ոչ թե միայն ափով, այլ ամբողջ բռունցքով, իսկ նրա բռունցքը խոշոր էր, ծանր, շեկ բրդոտ ու պեպեններով ծածկված։ Եթե քթին դիպչեր հարվածը, կջարդեր։ Սակայն դիպավ այտին քսվելով շրթունքի ձախ անկյունին և վերևի ատամներին, որոնցից իսկույն արյուն հոսեց։
 
Կարծեմ, վայրկենական ճիչ հնչեց, գուցեև Վարվառա Պետրովնան ճչաց՝ այդ մեկը չեմ կարողանում հիշել, որովհետև ամեն ինչ իսկույն կարծես նորից քարացավ։ Իմիջիայլոց, ամբողջ տեսարանը տևեց տասը վայրկյանից ոչ ավելի։
 
Այդուհանդերձ, այդ տասը վայրկյանի ընթացքում ահավոր շատ բան տեղի ունեցավ։
 
Ընթերցողին հիշեցնեմ նորից, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչն այն մարդկանցից էր, որոնք վախ չգիտեն։ Մենամարտին նա կարող էր կանգնել հակառակորդի կրակոցի տակ սառնարյուն, ինքը նշան բռնել ու սպանել գագանավարի հանգիստ։ Եթե մեկնումեկը խփեր նրա այտին, ապա, ինչպես ինձ է թվում, նա մենամարտի էլ չէր կանչի, այլ տեղնուտեղը, հենց անմիջապես կսպաներ վիրավորողին։ Նա հենց այդպիսիներից էր, կսպաներ լիովին գիտակցված և ոչ ամենևին՝ իրեն կորցրած։ Ինձ թվում է նույնիսկ, որ նա երբեք էլ չի իմացել զայրույթի այն կուրացնող պոռթկումները, որոնց առկայությամբ արդեն չի կարելի մտածել։ Երբեմն իրեն պարուրող անսահման չարացածության դեպքում, այնուամենայնիվ, նա միշտ կարող էր կատարյալ իշխանություն ունենալ իր վրա, ուրեմն և հասկանալ, որ ոչ մենամարտի ժամանակ սպանության համար իրեն անպայման կուղարկեն տաժանակրության։ Այդուհանդերձ, նա կսպաներ վիրավորողին, համենայն դեպս, առանց նվազագույն տատանման։
 
Նիկոլայ Վսեվոլոդովիչին ես ուսումնասիրում էի վերջին ժամանակներս՝ ամբողջությամբ, և հատուկ հանգամանքներով նրա մասին հիմա, երբ գրում եմ, շատ շատ փաստեր գիտեմ։ Թերևս նրան համեմատեի մեր որոշ նախկին պարոնների հետ, ում մասին ներկայումս մեր հասարակության մեջ մնացել են առասպելական որոշ հուշեր։ Օրինակ, պատմում էին դեկաբրիստ Լ-նի մասին, թե ամբողջ կյանքում նա դիտավորյալ վտանգ էր փնտրում, ըմբոշխնում դրա զգացողությունը, դարձրել էր դա իր խառնվածքի պահանջմունքը։ Երիտասարդ տարիքում մենամարտի էր ելնում փուչ տեղը, Սիբիրում մի հատիկ դաշույնով գնում էր արջաորսի, սիրում էր սիբիրյան անտառներում հանդիպել փախած տաժանապարտների հետ, որոնք, միջանկյալ նշեմ, արջից ավելի էին սարսափելի։ Կասկած չկա, որ առասպելական այդ պարոնայք ի վիճակի էին նույնիսկ գուցեև ուժգին չափով վախի զգացում ապրել, այլապես շատ ավելի հանգիստ կլինեին և վտանգի զգացողությունը չէին վերածի իրենց խառնվածքի պահանջմունքի։ Սակայն հաղթահարել իր մեջ վախկոտությունը՝ ահա թե, անշուշտ, ինչն էր նրանց հրապուրում։ Հաղթանակի անընդմեջ վայելումը և գիտակցումը, որ քեզ հաղթողը չկա՝ ահա թե ինչն էր նրանց գայթակղում։ Այդ Լ-նը դեռևս նախքան աքսորն էր որոշ ժամանակ պայքարել քաղցի դեմ ևծանրագույն աշխատանքով վաստակել իր մի կտոր հացը, սոսկ մի պատճառով, որ չէր կամեցել ոչ մի կերպ ենթարկվել իր հարուստ հոր պահանջներին, որոնք անարդարացի էր գտել։ Նշանակում է, որ բազմակողմանի էր հասկանում պայքարը, ոչ միայն արջերի հետ և մենամարտերի մեջ էր գնահատում բնավորության կայունությունը և ուժը։
 
Բայց և այնպես, այն ժամանակներից շատ տարիներ են անցել, և մեր օրերի մարդկանց նյարդային տանջահար և երկատված բնավորությունը հիմա նույնիսկ ամենևին թույլ չի տալիս անմիջական և ամբողջական այն զգացողությունների պահանջմունքը, որ անցյալում այնպես փնտրում էին հին ու լավ ժամանակների որոշ, իրենց գործունեությամբ անհանգիստ պարոնները։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը գուցեև Լ-նին վերաբերվեր բարձրից, նրան անգամ կոչեր իրեն հավերժորեն քաջալերող վախկոտ, աքլորիկ, ճիշտ է, բարձրաձայն չէր արտահայտվի։ Նա թե մենամարտի մեջ կգնդակահարեր հակառակորդին, թե արջաորսի կգնար, եթե միայն հարկ լիներ, ավազակներից էլ կազատվեր անտառում, նույնքան հաջող և նույնպես աներկյուղ, ինչպես և Լ-նը, բայց փոխարենը՝ առանց որևէ հաճույքի զգացողության, սոսկ տհաճ անհրաժեշտությունից ելնելով, ալարելով, ծուլորեն, անգամ ձանձրույթով։ Չարության մեջ, հարկավ, առաջընթաց է ստացվում Լ-նի, նույնիսկ Լերմոնտովի դեմ։ Նիկոլայ Վսեվոլոդովիչի մեջ չարությունն ավելի էր գուցե, քան այդ երկուսի մեջ՝ մեկտեղ, սակայն դա սառը, հանգիստ չարություն էր, և եթե կարելի է այսպես արտահայտվել՝ բանական, ասել է թե ամենա-գարշելին ևամենասարսափելին, որպիսին կարող էր լինել։ Մեկ անգամ էլ եմ կրկնում, այն ժամանակ էլ նրան համարում էի և հիմա էլ (երբ ամեն ինչ վերջացած է) համարում եմ հենց այնպիսի մեկը, որը եթե հարված ստանար երեսին կամ հավասարարժեք նույնպիսի վիրավորանք, ապա անհապաղ կսպաներ իր հակառակորդին հենց իսկույն, տեղնուտեղը և առանց մենամարտի հրավիրելու։
 
Այնուամենայնիվ, տվյալ դեպքում կատարվեց մի ինչ-որ ուրիշ և օտարոտի բան։
 
Հազիվ էր ուղղվել այն բանից հետո, երբ ստացած ապտակից այդպես խայտառակ ճոճվեց մի կողմի վրա, համարյա թե կես մարմնով, ու սենյակում կարծես թե դեռևս չէր մարել դեմքին խփած բռունցքի ստոր, մի տեսակ թաց հնչյունը, իսկույն երկու ձեռքով բռնեց Շատովի ուսերից, սակայն իսկույն, համարյա նույն ակնթարթին էլ ետ քաշեց ձեռքերը և խաչեց մեջքին։ Նա լռում էր, նայում Շատովին և գունատվում էր շապկի պես։ Բայց տարօրինակ է, հայացքը կարծես թե մարում էր։ Տասը վայրկյան անց նրա աչքերը նայում էին սառնորեն, և համոզված եմ, որ չեմ ստում՝ հանգիստ։ Միայն թե գունատ էր ահավոր։ Հարկավ, ես չգիտեմ, ինչ կար մարդու ներսում, ես դրսից էի տեսնում։ Ինձ թվում է, որ եթե այնպիսի մարդ լիներ, որը կբռներ, օրինակ, կրակից շիկացած երկաթյա ձողը և կսեղմեր իր ափի մեջ՝ սեփական կայունությունը չափելու նպատակով, ու հետո, տասը վայրկյան շարունակ կհաղթահարեր անտանելի ցավը և կավարտեր նրանով, որ կհաղթեր, ապա այդ մարդը, ինձ թվում է, կդիմանար այնպիսի մի բանի, ինչ կրեց հիմա, այդ տասը վայրկյանի մեջ Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
 
Առաջինն աչքերն իջեցրեց Շատովը և, երևում է, ստիպված էր իջեցնել։ Ապա դանդաղ շրջվեց և դուրս եկավ սենյակից, բայց ամենևին ոչ այն քայլքով, որով մտել էր։ Նա հեռանում էր անխոս, մի տեսակ առանձնահատուկ անճոռնի ցցած ուսերը, գլուխը կախած ու կարծես ինքն իր հետ ինչ-որ բան քննարկելով։ Թվում էր, ինչ-որ բան է շշնջում։ Դռանը հասավ զգուշորեն, ոչնչի չդիպչելով և ոչինչ չշրջելով, իսկ դուռը բացեց փոքր ճեղքով, այնպես որ անցավ համարյա կողքանց։ Երբ սողոսկում էր, ծոծրակին տնկված մազափունջն առանձնապես նկատելի էր։
 
Հետո, բոլոր բղավոցներից առաջ, ահավոր մի ճիչ հնչեց։ Ես տեսա, թե ինչպես Լիզավետա Նիկոլաևնան ուզում էր բռնել մոր ուսից, իսկ Մավրիկիյ Նիկոլաևիչի ձեռքից, և երկու-երեք անգամ ձգեց նրանց իր ետևից՝ դուրս տանելով սենյակից, բայց հանկարծ ճչաց և հասակով մեկ փռվեց հատակին՝ ուշագնաց։ Մինչև հիմա կարծես լսում եմ դեռ, թե ինչպես ծոծրակով խփվեց գորգին։
----
<references/>
Վստահելի
1318
edits