Changes
/* Գլուխ ութերորդ. Արքայազն Իվանը */
== Գլուխ ութերորդ. Արքայազն Իվանը ==
Նրանք դուրս եկան։ Պյոտր Ստեպանովիչն ուզում էր ետ նետվել՝ «նիստի», քաոսը զսպելու համար, բայց, հավանորեն, մտածելով, որ գլուխ դնել չարժե, թողեց ամեն ինչ ու երկու րոպե անց արդեն թռչում էր ճանապարհով՝ գնացածների ետևից։ Վազելիս միտքն ընկավ նրբանցքը, որով կարելի էր ավելի կարճ հասնել Ֆիլիպպովի տուն։ Մինչև ծնկները ցեխի մեջ թաղվելով, նա շտապեց նրբանցքով և իսկապես մոտ վազեց հենց այն պահին, երբ Ստավրոգինն ու Կիրիլլովն անցնում էին դարպասից։
― Դուք արդեն այստե՞ղ եք,― նկատեց Կիրիլլովը։ Դա լավ է։ Մտեք։
― Իսկ ինչպե՞ս էիք ասում, թե մենակ եք ապրում,― հարցրեց Ստավրոգինը՝ անցնելով նախասենյակում դրված ու արդեն եռացող ինքնաեռի մոտով։
― Հիմա կտեսնեք՝ ում հետ եմ ապրում, անցեք,― մրթմրթաց Կիրիլլովը։
Նոր էին մտել, Վերխովենսկին իսկույն գրպանից հանեց երեկվա անստորագիր նամակը, որ վերցրել էր Լեմբկեից, դրեց Ստավրոգինի առաջ։ Երեքն էլ նստեցին։ Ստավրոգինը լուռ կարդաց նամակը։
― Հետո՞,― հարցրեց նա։
― Սրիկան դա կանի հեշտ ու հանգիստ,― բացատրեց Վերխովենսկին։― Քանի որ նա ձեր տնօրինության տակ է, ապա սովորեցրեք, ինչպես վարվել։ Հավատացնում եմ ձեզ, որ գուցեև հենց վաղը նա գնա Լեմբկեի մոտ։
― Է, թող գնա։
― Ինչպե՞ս թե՝ գնա։ Հատկապես, եթե կարելի է շրջանցել։
― Դուք սխալվում եք, նա ինձնից կախված չէ։ Ինձ համար էլ միևնույնն է, ինձ ոչնչով չի սպառնում նա, այլ սպառնում է միայն ձեզ։
― Ու ձեզ։
― Չեմ կարծում։
― Բայց ձեզ կարող են ուրիշները չխնայել, մի՞թե չեք հասկանում։ Լսեք, Ստավրոգին, սա միայն բառերի խաղ է։ Չլինի՞ փողն եք ափսոսում։
― Իսկ մի՞թե փող է պետք։
― Անպայման, երկու հազար կամ minimum մեկուկես։ Տվեք ինձ վաղը կամ նույնիսկ այսօր, և վաղը երեկոյան ես նրան կճամփեմ Պետերբուրզ, ինչը հենց ինքն է ուզում։ Եթե ուզում եք, Մարյա Տիմոֆեևնայի հետ, նկատի առեք։
Նրա մեջ ինչ-որ բան կատարելապես խախտվել էր. խոսում էր մի տեսակ անզգույշ, դուրս էին թռչում անմտածված բառեր։ Ստավրոգինը նրան էր զննում զարմանքով։
― Ես պետք չունեմ ուղարկել Մարյա Տիմոֆեևնային։
― Գուցե թե նույնիսկ չե՞ք էլ ուզում,― հեգնաբար ժպտաց Պյոտր Ստեպանովիչը։
― Գուցե թե չեմ էլ ուզում։
― Մի խոսքով, փողը կլինի՞, թե չի լինի,― չարացած անհամբերությամբ և կարծես տիրաբար բղավեց նա Ստավրոգինի վրա։ Վերջինս ոտից գլուխ չափեց նրան լրջությամբ։
― Փող չի լինի։
― Ստավրոգին, է՛յ։ Դուք ինչ-որ բան գիտե՞ք կամ ինչ-որ բան արդեն արե՞լ եք։ Դուք քեֆի մեջ եք։
Նրա դեմքն այլայլվել էր, շրթունքների եզրերը ցնցվեցին, և նա հանկարծ ծիծաղեց մի տեսակ անառարկա, ոչնչի չբռնող ծիծաղով։
― Չէ որ դուք ձեր հորից փող ստացել եք կալվածքի համար,― հանգիստ նշեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։― Maman-ը ձեզ վեց թե ութ հազար է տվել Ստեպան Տրոֆիմովիչի համար։ Ուրեմն մեկուկեսը տվեք ձեր փողերից։ Վերջապես, ես չեմ ուզում վճարել ուրիշների փոխարեն, առանց այդ էլ շատ եմ բաժանել, ցավալի է ինձ համար...― ինքն իր ասածի վրա խնդաց քթի տակ։
― Ա՜, դուք սկսում եք կատակել...
Ստավրոգինը ելավ աթոռից, ակնթարթորեն վեր թռավ նաև Վերխովենսկին և մեքենայաբար կանգնեց մեջքով դեպի դուռը, ասես պատնեշելով ելքը։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն արդեն մի շարժում արեց, որ դեն հրի նրան դռնից ու դուրս գա, բայց հանկարծ կանգ առավ։
― Ես ձեզ չեմ զիջի Շատովին,― ասաց նա։ Պյոտր Ստեպանովիչը ցնցվեց։ Երկուսն էլ իրար էին նայում։
― Ես ձեզ արդեն ասել եմ, թե ձեր ինչին է պետք Շատովի արյունը,― աչքերը շողացրեց Ստավրոգինը։― Այդ քսուքով ձեր խմբակներն եք ուզում թխմխել։ Նոր դուք շատ լավ վռնդեցիք Շատովին. հիանալի գիտեիք, որ նա չի ասի «չեմ մատնի», իսկ ձեր առաջ ստելը կհամարեր ստորություն։ Բայց ե՞ս, ե՞ս ինչի համար եմ հիմա ձեզ պետք եկել։ Դուք ինձնից ձեռ չեք քաշում համարյա արտասահմանից։ Այն, ինչով բացատրել եք մինչև հիմա, ընդամենը զառանցանք է։ Ընդսմին, դրդում եք, որ Լեբյադկինին մեկուկես հազար տալով՝ Ֆեդկային առիթ ընձեռեմ նրան մորթել։ Գիտեմ, մտածում եք, թե ես ուզում եմ միաժամանակ կնոջն էլ մորթել։ Կապկպելով ինձ հանցանքով, անշուշտ, մտածում եք իշխանություն ձեռք բերել ինձ վրա, այդպես չէ՞։ Ձեր ինչի՞ն է պետք իշխանությունը։ Այդ ո՞ր սատանայի համար եմ ձեզ պետք եկել։ Մեկընդմիշտ ավելի մոտիկից զննեք. ձեր մա՞րդն եմ արդյոք, ու ինձ հանգիստ թողեք։
― Ձեզ մոտ Ֆեդկան ի՞նքն էր եկել,― շունչը պահած հարցրեց Վերխովենսկին։
― Այո, եկել էր, նրա գինն էլ է մեկուկես հազար... Ահա, ինքը կհաստատի, ահա, կանգնած է...― ձեռքը պարզեց Ստավ-րոգինը։
Պյոտր Ստեպանովիչն արագ շրջվեց։ Շեմին, մթության միջից մի նոր մարդ հայտնվեց՝ Ֆեդկան էր, կիսամուշտակով, բայց անգլխարկ, ինչպես տանը։ Նա կանգնել ու խնդմնդում էր՝ բացած իր ճերմակ ու հավասար ատամները։ Դեղին երանգով սև աչքերը զգուշորեն թափառում էին սենյակում՝ զննելով պարոններին։ Ինչ-որ բան չէր հասկանում։ Հավանաբար, նրան հիմա Կիրիլլովն էր բերել, ու վերջինիս էր ուղղված նրա հարցական հայացքը։ Կանգնած էր շեմին, սենյակ մտնել չէր ուզում։
― Հավանաբար, նրան թողել եք այստեղ, որ լսի՞ մեր առևտուրը, կամ նույնիսկ տեսնի՞ փողը ձեռքիս, այդպես չէ՞,― հարցրեց Ստավրոգինը և, չսպասելով պատասխանի, դուրս եկավ տնից։ Վերխովենսկին նրան հասավ դարպասի մոտ, համարյա խելագար վիճակում։
― Կա՛նգ առ։ Քայլ չգցե՛ս,― բղավեց նա՝ բռնելով բազկից։ Ստավրոգինը քաշեց ձեռքը, բայց չազատեց։ Կատաղություն էր համակել երկուսին, ձախ ձեռքով բռնելով Վերխովենսկու մազերը՝ ամբողջ ուժով նրան տապալեց գետին ու ելավ դարպասից։ Բայց երեսուն քայլ էլ չէր գնացել, ընկածը նորից հասավ նրան։
― Հաշտվենք, հաշտվենք,― շշնջում էր նա ջղաձիգ շշնջոցով։
Նիկոլայ Վսեվոլոդովիչն ուսերը ցնցեց, բայց կանգ չառավ ու չշրջվեց։
― Լսեք, ես վաղն ևեթ ձեզ կբերեմ Լիզավետա Նիկոլաևնային, ուզո՞ւմ եք։ Չէ՞։ Իսկ ինչո՞ւ չեք պատասխանում։ Լսեք, ինչ եք ուզում, ես կանեմ։ Լսեք, ես ձեզ կտամ Շատովին, ուզո՞ւմ եք։
― Ուրեմն, ճի՞շտ է, որ որոշել եք նրան սպանել,― բղավեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Լավ, ձեր ինչի՞ն է պետք Շատովը։ Ինչի՞ն,― հևասպառ շուտասելուկով շարունակում էր մոլեգնածը՝ րոպեն մեկ առաջ վազելով ու բռնելով Ստավրոգինի բազուկը, հավանորեն, չնկատելով էլ դա։― Լսեք, ես ձեզ կտամ նրան, հաշտվենք։ Ձեր հաշիվը մեծ-մեծ է, բայց... հաշտվենք։
Ստավրոգինը նրան նայեց վերջապես, ու ապշած էր։ Դա այն հայացքը չէր, այն ձայնը չէր, ինչպես միշտ կամ քիչ առաջ, սենյակում, նա տեսավ համարյա ուրիշ մի դեմք։ Ձայնի ելևէջումն էր ուրիշ. Վերխովենսկին աղաչում էր, թախանձում։ Դեռևս ուշքի չեկած մարդ էր, ումից խլում կամ արդեն խլել էին ամենաթանկագին իրը։
― Ձեզ ի՞նչ է եղել,― ճչաց Ստավրոգինը։ Վերխովենսկին չպատասխանեց, բայց վազում էր նրա ետևից ու նայում նախկին աղերսական, միաժամանակ անհողդողդ հայացքով։
― Հաշտվենք,― շշնջաց նա մի անգամ էլ։― Լսեք, սապոգիս մեջ, Ֆեդկայի նման, դանակ ունեմ պահած, բայց ձեզ հետ կհաշտվեմ։
― Բայց վերջապես ձեր ինչի՞ն եմ պետք, գրողը տանի,― վճռական զայրույթով ու զարմանքով բղավեց Ստավրոգինը։― Ի՞նչ է, մի գաղտնի՞ք կա։ Ձեզ համար հո թալիսմա՞ն չեմ։
― Լսեք, մենք խռովությունը կսարքենք,― մրմնջում էր վերխովենսկին արագ֊արագ, համարյա ասես զառանցելով։― Դուք չե՞ք հավատում, որ մենք խռովությունը կսարքենք։ Այնպիսի խռովություն սարքենք, որ ամեն ինչ ցնցվի հիմքից։ Կարմազինովն իրավացի է, որ բռնելու տեղ չունեն։ Կարմազինովը շատ է խելոք։ Ընդամենը տասն այսպիսի խմբակ լինի Ռուսաստանում, ու ես անորսալի կլինեմ։
― Բոլորը նույնպիսի հիմարների՞ց,― չուզենալով դուրս թռավ Ստավրոգինի բերանից։
― Օ՜, ավելի հիմարացեք, Ստավրոգին, ավելի հիմար եղեք ինքներդ։ Գիտցեք, չէ որ դուք ամենևին էլ այնքան խելոք չեք, որ դա ցանկանաք, դուք վախենում եք, դուք չեք հավատում, ձեզ վախեցնում են չափերը։ Եվ ինչո՞ւ են նրանք հիմար։ Այնքան էլ հիմար չեն, հիմա բոլորի խելքն էլ տեղը չէ։ Հիմա ահավոր քիչ են առանձնահատուկ ուղեղները։ Վիրգինսկին մաքրագույն մարդ է, մեզպեսներից մի տասն անգամ ավելի մաքուր, էհ, թող լինի, իմիջիայլոց։ Լիպուտինը խարդախի մեկն է, բայց նրա մի գիծը գիտեմ։ Չկա խարդախ, որն իր գիծը չունենա։ Մենակ Լյամշինն է առանց որևէ գծի, փոխարենն իմ ձեռքերում է։ Եվս մի քանի այսպիսի խմբակ, և ամենուրեք ինձ համար անձնագրեր կլինեն ու դրամ, գոնե դա՞։ Գոնե միայն դա՞։ Եվ ապահով տեղեր, ու թող փնտրեն։ Մի խմբակը կպոկեն, մյուսի վրա կտնկվեն... Սենք ծայր կտանք խռովությանը... Մի՞թե դուք չեք հավատում, որ մենք երկուսով լիուլի բավական ենք։
― Վերցրեք Շիգալյովին, իսկ ինձ հանգիստ թողեք...
― Շիգալյովը հանճարեղ մարդ է։ Գիտեք արդյոք, որ դա Ֆուրյեի պես հանճար է, բայց ավելի համարձակ Ֆուրյեից, ավելի ուժեղ Ֆուրյեից, ես կզբաղվեմ նրանով։ Նա «հավասարություն» է հորինել։
«Նա դողէրոցքի մեջ է և զառանցում է, նրա հետ առանձնահատուկ մի բան է կատարվել»,― մի անգամ էլ նրան նայեց Ստավրոգինը։ Երկուսն էլ քայլում էին՝ կանգ չառնելով։
― Նրա գրվածքը լավ է,― շարունակեց Վերխովենսկին,― լրտեսություն ունի։ Ընկերության յուրաքանչյուր անդամ հետևում է մյուսին և պարտավոր է մատնություն տալ։ Յուրաքանչյուրը պատկանում է բոլորին, իսկ բոլորը՝ յուրաքանչյուրին։ Բոլորը ստրուկ են և ստրկության մեջ հավասար։ Ծայրահեղ դեպքերում՝ զրպարտանք և սպանություն, իսկ գլխավորը՝ հավասարություն։ Առաջին հերթին իջեցվում է կրթության, գիտությունների և տաղանդների մակարդակը։ Գիտությունների և տաղանդների բարձր մակարդակը մատչելի է սոսկ վերին ընդունակություններին, պետք չեն վերին ընդունակություններ։ Վերին ընդունակությունները միշտ զավթել են իշխանությունը և բռնակալներ եղել։ Վերին ընդունակությունները չեն կարող բռնակալներ չլինել և միշտ այլասերել են ավելի, քան օգուտ բերել, նրանց վռնդում են կամ մահապատժի ենթարկում։ Ցիցերոնի լեզուն են կտրում, Կոպեռնիկոսի աչքերը հանում, Շեքսպիրը քարկոծվում է՝ ահա շիգալյովականությունը։ Ստրուկները պիտի հավասար լինեն, առանց բռնակալության դեռևս չի եղել ոչ ազատություն, ո՜չ հավասարություն, սակայն նախրի մեջ հավասարությո ւն պիտի լինի, ահա շիգալյովակա-նությունը։ Հա-հա-հա, ձեզ համար տարօրինա՞կ է։ Ես կողմնակից եմ շիգալյովականությանը։
Ստավրոգինն աշխատում էր արագացնել քայլերը և շուտով տուն հասնել։ «Եթե այս մարդը հարբած է, հապա որտե՞ղ հասցրեց խմել այդքան,― անցավ մտքով։― Չլինի՞ կոնյակն էր»։
― Լսեք, Ստավրոգին, սարեր հարթեցնելը լավ միտք է, ծիծաղելի չէ։ Ես Շիգալյովի կողմն եմ։ Պետք չէ կրթությունը, վերջ գիտությանը։ Առանց գիտության էլ նյութը բավական է հազար տարով, բայց պիտի կայանա հնազանդությունը։ Աշխարհում մի բան չի բավականացնում սոսկ՝ հնազանդությունը։ Ուսման ծարավն արդեն արիստոկրատական ծարավ է։ Հենց քիչ-քիչ ընտանիք եղավ կամ սեր, տեղնուտեղը՝ սեփականության ցանկություն։ Մենք կմեռցնենք ցանկությունը, մենք արձակ կթողնենք հարբեցողությունը, բամբասանքը, մատնությունը, մենք արձակ կթողնենք չլսված այլասերություն, ամեն տեսակ հանճար կմարենք վաղ հասակում։ Ամեն ինչ՝ մեկ հայտարարի, կատարյալ հավասարություն։ «Մենք արհեստ ենք սովորել, մենք ազնիվ մարդիկ ենք, մեզ ուրիշ ոչինչ պետք չէ»՝ ահա անգլիական բանվորների վերջին պատասխանը։ Անհրաժեշտ է միայն անհրաժեշտը՝ սա է երկրագնդի նշանաբանը սրանից հետո։ Սակայն մի ջղաձգություն էլ է պետք, դա կհոգանք մենք՝ կառավարողներս։ Ստրուկները պիտի կառավարողներ ունենան։ Կատարյալ հնազանդություն, կատարյալ անդեմություն, բայց երեսուն տարին մեկ Շիգալյովը ջղաձգություն է արձակում նաև. բոլորը հանկարծ սկսում են իրար ուտել, մինչև որոշակի սահման, միմիայն, որ ձանձրալի չլինի։ Ձանձրույթն արիստոկրատական զգացողություն է, շիգալյովա-կանության մեջ ցանկություններ չեն լինի։ Ցանկությունը և տառապանքը՝ մեզ համար, իսկ ստրուկների համար՝ շիգալյովականություն։
― Ձեզ դուք բացառո՞ւմ եք,― նորից թռավ Ատավրոգինի բերանից։
― Ձեզ էլ։ Գիտեք ինչ, ես մտածում էի հայրիկին տալ աշխարհը։ Թող դուրս գա ոտաբաց, իր քայլով ու հայտնվի խաժամուժին. «Ահա, իբր, ինչ օրի են հասցրել ինձ», ու ամեն ինչ բարդի նրանց վրա, նույնիսկ զորքը։ Հայրիկը՝ վերևում, մենք՝ շուրջը, իսկ մեր տակ՝ շիգալյովականությունը։ Հարկ է միայն, որ Internationale-ը համաձայնի, այդպես էլ կլինի։ Իսկ ծերուկը կհամաձայնի վայրկենապես։ Ասենք, ուրիշ ելք էլ չունի, այ, կհիշեք իմ խոսքը, հա-հա-հա, հիմարությո՞ւն է։ Ասեք, հիմարությո՞ւն է, թե՝ ոչ։
― Բավական է,― մրթմրթաց Ստավրոգինը զայրույթով։
― Բավակա՜ն է։ Լսեք, ես լքել եմ հայրիկին։ Գրողի ծոցը շիգալյովականությունը։ Գրողի ծոցը հայրիկը։ Պետք է հրատապ խնդիր, և ոչ թե շիգալյովականություն, որովհետև շիգալյովականությունը ոսկերչական գործ է։ Դա իդեալ է, դա ապագայի համար է։ Շիգալյովը ոսկերիչ է ու հիմար, ինչպես ամեն մի մարդասեր։ Հարկավոր է սև աշխատանք, իսկ Շիգալյովն արհամարհում է սև գործը։ Լսեք, հայրիկը կլինի Արևմուտքում, իսկ մեզ մոտ՝ այստեղ, մեզ համար կլինեք դուք։
― Հեռացեք ինձնից, հարբած մարդ,― մրթմրթաց Ստավրոգինը և արագացրեց քայլերը։
― Ստավրոգին, դուք պատկերք եք,― բղավեց Պյոտր Ստեպանովիչը, համարյա զմայլված։― Գիտե՞ք, արդյոք, որ պատկերք եք։ Ձեր մեջ ամենաթանկն այն է, որ այդ մասին երբեք չգիտեք։ Օ՜, ես ձեզ ուսումնասիրել եմ։ Հաճախ ես ձեզ կողքից, անկյունից եմ նայում։ Ձեր մեջ անգամ պարզահոգություն և միամտություն կա, գիտե՞ք, արդյոք, դա։ Էլի բաներ կան, կան։ Պիտի որ տառապելիս լինեք և տառապում եք անկեղծորեն այդ պարզահոգությունից։ Ես սիրում եմ գեղեցկություն։ Նիհիլիստ եմ, բայց գեղեցկություն սիրում եմ։ Սի՞թե նիհիլիստները գեղեցկություն չե՞ն սիրում։ Նրանք միայն կուռքեր չեն սիրում, է, իսկ ես մի կուռք եմ սիրում։ Դուք եք իմ կուռքը։ Դուք ոչ ոքի չեք վիրավորում, և ձեզ բոլորն ատում են, դուք բոլորին հավասար եք նայում, և ձեզնից բոլորը վախենում են, դա լավ է։ Ոչ ոք չի մոտենա՝ ձեր ուսին թփթփացնելու։ Դուք ահավոր արիստոկրատ եք։ Ձեզ համար ի՜նչ է կյանքը զոհաբերելը՝ թե սեփականը, թե ուրիշինը։ Դուք հենց այնպիսին եք, ինչպիսին պետք է։ Ինձ, ինձ է հենց այդպիսին պետք, ինչպիսին դուք եք։ Ձեզնից բացի, ես ոչ ոքի չգիտեմ։ Դուք պարագլուխ եք, դուք արեգակ եք, իսկ ես ձեր ճիճուն...
Նա հանկարծ համբուրեց Ստավրոգինի ձեռքը։ Վերջինիս մարմնով սարսուռ անցավ, նա վախեցած պոկեց ձեռքը։ Կանգ առան։
― Ցնդա՜ծ,― շշնջաց Ստավրոգինը։
― Գուցեև զառանցում եմ, գուցեև զառանցում եմ,― ընդմիջեց նա շուտասելուկով,― բայց ես եմ հորինել առաջին քայլը։ Շիգալյովը երբեք չի հորինի առաջին քայլը։ Շիգալյովներ շատ կան։ Բայց մի հոգի, Ոուսաստանում միայն մի մարդ է հորինել առաջին քայլը և գիտե, ինչպես է պետք անել։ Այդ մարդը ես եմ։ Ի՞նչ եք նայում վրաս։ Ինձ դո՜ւք, դուք եք պետք, առանց ձեզ ես զրո եմ։ Առանց ձեզ ես ճանճ եմ, գաղափար՝ սրվակի մեջ, Կոլումբոս առանց Ամերիկայի։
Ստավրոգինը կանգնել և նայում էր նրա խելացնոր աչքերին։
― Լսեք, մենք սկզբից ծայր կտանք խռովությանը,― ահավոր շտապում էր Վերխովենսկին՝ րոպեն մեկ բռնելով Ստավրոգինի ձախ թևքը։― Ես ձեզ արդեն ասել եմ. մենք կթափանցենք բուն ժողովրդի մեջ։ Գիտե՞ք, արդյոք, որ արդեն հիմա մենք ահավոր ուժեղ ենք։ Մերոնք միայն նրանք չեն, ովքեր սպանում և կրակ են տալիս, դասական կրակոցներ են արձակում կամ կծոտում։ Այդպիսիք միայն խանգարում են։ Առանց կարգապահության ես ոչինչ չեմ հասկանում։ Չէ որ ես խարդախ եմ, ոչ թե սոցիալիստ, հա-հա-հա։ Լսեք, նրանց բոլորին ես հաշվել եմ. ուսուցիչը, որը երեխաների հետ մեկտեղ ծիծաղում է նրանց Աստծո և նրանց օրորոցի վրա, արդեն մերն է։ Փաստաբանը, որը պաշտպանում է ուսյալ մարդասպանին նրանով, որ սա ավելի զարգացած է իր զոհերից ու փող հայթայթելու համար չէր կարող չսպանել, արդեն մերն է։ Զգացողությունն ապրելու համար մուժիկին սպանող դպրոցականները մերն են։ Հանցագործներին անխտիր արդարացնող երդվյալները մերն են։ Դատախազը, որը սարսռում է դատարանում, որ բավականաչափ ազատական չէ, մերն է, մերը։ Կառավարիչները, գրողները, օ՜, մերոնք շատ են, ահավոր շատ, ու իրենք չգիտեն դա։ Մյուս կողմից, դպրոցականների և տխմարիկների հնազանդությունը բարձրագույն կետին է հասել, դաստիարակների լեղապարկը ճզմված է, ամենուրեք անասելի չափերի սնափառություն է, գազանային, չլսված ախորժակ... Գիտե՞ք, գիտե՞ք, թե քանի-քանիսին կհավաքենք միմիայն պատրաստի գաղափարներով։ Ես գնացի՝ մոլեգնում էր Littre-ի թեզիսը, թե հանցագործությունը խելագարություն է, վերադարձա՝ և արդեն հանցագործությունը խելագարություն չէ, այլ հենց ողջամտություն է, որ կա, համարյա թե պարտք, ծայրահեղ դեպքում՝ վսեմ բողոք։ «Է՜, զարգացած մարդասպանն ինչպե՞ս կարող է չսպանել, եթե նրան փող է պետք»։ Բայց սա լոկ մանրուք է։ Ռուսական Աստված արդեն ընկրկել է «էժանագինի» առաջ։ ժողովուրդը հարբած է, մայրերը՝ հարբած, զավակները՝ հարբած, եկեղեցիները՝ դատարկ, իսկ դատարաններում «երկու հարյուր մտրակ կամ քարշ տուր դույլը»։ Օ՜, թողեք աճի սերունդը։ Ափսոս միայն, որ սպասելու ժամանակ չկա, թե չէ թող որ ավելի հարբած լինեին։ Ահ, ինչքան ափսոս, որ չկան պրոլետարներ։ Բայց կլինեն, կլինեն, գործը դրան է հասնում...
― Ափսոս նաև, որ մենք ենք տխմարացել,― մրթմրթաց Ստավրոգինը և շարունակեց ճամփան։
― Լսեք, ես ինքս եմ տեսել վեց տարեկան երեխայի, որը տուն էր տանում հարբած մորը, իսկ մայրը նրան հայհոյում էր վերջին բառերով։ Կարծում եք, ուրա՞խ եմ դրա համար։ Երբ մեր ձեռքն ընկնի, թերևս կբուժենք... Եթե պահանջվեց, քառասուն տարով անապատ կքշենք... Բայց այլասերության մեկ կամ երկու սերունդ հիմա անհրաժեշտ է, չլսված, քստմնելի այլասերության, երբ մարդը դառնում է նողկալի, վախկոտ, դաժան, ինքնասեր մի աղբ՝ ահա թե ինչ է պետք։ Դրա վրա էլ՝ «թարմ արյուն», որպեսզի ընտելանա։ Ի՞նչ եք ծիծաղում։ Ինքս ինձ չեմ հակասում։ Ես միայն մարդասերներին և շիգալյովականությանն եմ հակասում, այլ ոչ ինքս ինձ։ Ես խարդախ եմ և ոչ սոցիալիստ, հա՛֊հա՛֊հա՛։ Ափսոս միայն, որ ժամանակն է քիչ։ Կարմազինովին ես խոստացել եմ մայիսին սկսել, իսկ Աստվածածնի աշնան տոնին ավարտել։ Շա՞տ է։ Հա-հա-հա։ Ստավրոգին, գիտե՞ք, թե ինչ կասեմ ձեզ. ռուս ժողովրդի մեջ մինչև հիմա ցինիզմ չի եղել, թեև հայհոյել է գեշ-գեշ բառերով։ Գիտե՞ք արդյոք, որ այդ ճորտատիրական մշակն ավելի շատ է հարգել ինքն իրեն, քան Կարմազինովն իրեն։ Նրան մշակել են, իսկ նա իր աստվածներին պահպանել է, իսկ Կարմազինովը չի պահպանել։
― Է՛, Վերխովենսկի, ես առաջին անգամ եմ լսում ձեզ, և լսում եմ զարմանքով,― խոսեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը,― նշանակում է, իրոք, սոցիալիստ չեք դուք, այլ ինչ-որ մի քաղաքական... պատվասե՞ր։
― Խարդախ, խարդախ։ Ձեզ մտահոգո՞ւմ է, թե ես ով եմ։ Հիմա ձեզ կասեմ, թե ով եմ, հենց դրան եմ գալիս։ Ես զուր չէր, որ համբուրեցի ձեր ձեռքը։ Բայց պետք է, որ ժողովուրդն էլ հավատա, թե ինչ գիտենք մենք, ինչ ենք ուզում, թե չէ դրանք միայն «մահակ են ճոճում ու զարկում իրենք իրենց»։ Էհ, թե որ ժամանակ լիներ։ Մի ցավ կա՝ ժամանակ չկա։ Մենք կազդարարենք ավերածություն... ինչու, ինչու ուրեմն, այդ գադափարիկն այդչափ հմայիչ է։ Բայց պետք է, պետք է ոսկորներն իրար տալ։ Մենք ծայր կտանք հրդեհների... Մենք ծայր կտանք առասպելների... Այստեղ ամեն մի քոսոտ «խմբակ» պետք կգա։ Հենց այդ խմբակներում ես ձեզ այնպիսի կամավորներ կգտնեմ, որ ցանկացած կրակոցի դեմ կելնեն, դեռ պատվի համար էլ երախտապարտ կմնան։ Դե-հ, ու կսկսվի խռովությունը։ Այնպիսի մի ճոճք կլինի, որպիսին աշխարհը չի տեսել... Մշուշ կիջնի Ռուսիո վրա, հողը կլա՝ հին աստվածների համար... Դե-հ, այստեղ էլ մենք բաց կթողնենք... Ո՞ւմ։
― Ո՞ւմ։
― Իվան-Արքայազնին։
― Ո՜ւ-ո՞ւմ։
― Իվան-Արքայազնին, ձեզ, ձեզ։
Ստավրոգինը մի րոպե մտքերի մեջ ընկավ։
― Ինքնակոչի՞ն,― հանկարծակի հարցրեց նա՝ խորունկ զարմանքով նայելով մոլեգնածին։― Է՜, ահա վերջապես և ձեր պլանը։
― Մենք կասեինք, որ նա «թաքնվում է»,― կամացուկ, մի տեսակ սիրատոչոր շշնջոցով արտաբերեց Վերխովենսկին, իրոք կարծես հարբած։― Գիտե՞ք արդյոք, թե ինչ է նշանակում այդ խոսքը. «Նա թաքնվում է»։ Բայց նա հայտնվելո՜ւ է, հայտնվելո՜ւ։ Մենք շատ ավելի լավ առասպել գործի կդնենք, քան ամորձատները։ Նա կա, բայց ոչ ոք չի տեսել նրան։ Օ՜, ինչ առասպել կարելի է գործի դնել։ Իսկ գլխավորը՝ նոր ուժն է գալիս։ Իսկ այդ ուժն էլ հենց պետք է, դրան են հենց սպասում։ Է՛հ, ինչ կա սոցիալիզմի մեջ. հին ուժերը կործանել է, իսկ նորերը չի բերել։ Իսկ այստեղ՝ ուժ, այն էլ ինչպիսի, չլսվա՜ծ։ Չէ որ մեզ մի անգամ է լծակ պետք, որ երկիրը բարձրացնենք։ Ամեն բան կբարձրանա։
― Ուրեմն, դուք լրջորե՞ն եք հույսներդ ինձ վրա դրել,― չարությամբ քմծիծաղեց Ստավրոգինը։
― Ինչի՞ համար եք ծիծաղում, ու այդպես չարությամբ։ Մի վախեցրեք ինձ։ Ես հիմա երեխայի պես եմ, կարելի է ինձ մահու չափ վախեցնել այդպիսի մի ժպիտով։ Լսեք, ես ձեզ ոչ ոքի ցույց չեմ տա, ոչ ոքի՝ այդպես է պետք։ Նա կա, բայց ոչ ոք նրան չի տեսել, նա թաքնվում է։ Իսկ գիտեք, որ կարելի է նույնիսկ հարյուր հազարից մեկին, օրինակ։ Ու երկրով մեկ կտարածվի. «Տեսե՜լ են, տեսե՜լ են»։ Իվան Ֆիլիպովիչի Սավուղ աստծուն էլ էին տեսել, թե ինչպես նա կառքով երկինք սլացավ մարդկանց աչքերի առաջ, տեսել էին «սեփական» աչքերով։ իսկ դուք Իվան Ֆիլիպովիչը չեք, դուք պատկերք եք, Աստծո պես հպարտ, ձեզ համար ոչինչ չփնտրող, զոհի լուսապսակով, «թաքնվող»։ Գլխավորը՝ առասպե՜լը։ Դուք նրանց կհաղթեք, կնայեք ու կհաղթեք։ Նոր ճշմարտությունն է բերում և «թաքնվում է»։ Իսկ մենք այստեղ երկու-երեք սողոմոնյան վճիռ մեջտեղ կբերենք։ Խմբակներն ու հնգյակները՝ կան, թերթեր պետք չեն։ Եթե տասը հազարից միայն մի խնդիրք բավարարենք, ապա բոլորը կդիմեն խնդիրքներով։ Յուրաքանչյուր վոլոստում ամեն մուժիկ իմանա, որ ինչ-որ տեղ իբր այդպիսի մի փչակ կա, որի մեջ խնդիրքները պիտի գցել։ Եվ խորը կտնքա հողը. «Նոր արդար օրենքն է գալիս», և կալեկոծվի ծովը, ու կփլչի բալագանը, և այնժամ կմտածենք, ինչպես կանգնեցնենք քարեղեն շինությունը։ Առաջին անգամ։ Կառուցողը ''մենք'' կլինենք, մե՛նք, միայն մե՛նք։
― Խելացնորություն է,― ասաց Ստավրոգինը։
― Ինչո՞ւ, ինչո՞ւ չեք ուզում դուք։ Վախենո՞ւմ եք։ Հենց այն պատճառով եմ ձեզնից կառչել, որ ոչնչից չեք վախենում։ Խելամիտ չէ՞, ինչ է։ Բայց չէ որ ես առայժմ Կոլումբոս եմ, առանց Ամերիկայի։ Մի՞թե Կոլումբոսն առանց Ամերիկայի խելամիտ բան է։
Ստավրոգինը լռում էր։ Այդ ընթացքում հասան տանը և կանգ առան մուտքի մոտ։
― Լսեք,― նրա ականջին հակվեց Վերխովենսկին,― ձեզ համար ես անփող կանեմ, վաղը Մարյա Տիմոֆեևնայի հետ կվերջացնեմ.... առանց փողի, և հենց վաղն էլ ձեզ մոտ կբերեմ Լիզային։ Ուզո՞ւմ եք Լիզային, վաղն ևեթ։
«Ի՞նչ է, իրո՞ք ցնդել է»,― ժպտաց Ստավրոգինը։ Առմուտքի դուռը բացվեց։
― Ստավրոգին, մեր Ամերիկա՞ն,― վերջին անգամ նրա ձեռքը բռնեց Վերխովենսկին։
― Ինչի՞ համար,― լուրջ ու խիստ ասաց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Հավես չկա, այդպես էլ գիտեի,― ճչաց մյուսը՝ մոլեգին չարության պոռթկումով։― Դուք ստում եք, անպետք, անառակ, խեղված պարոնորդի, չեմ հավատում, գայլի ախորժակ ունեք... Դե, հասկացեք, որ ձեր հաշիվը հիմա չափազանց մեծ է, և հո չեմ կարող ձեզնից հրաժարվել։ Երկրիս երեսին ուրիշը չկա, ձեզնից բացի։ Ես ձեզ արտասահմանից եմ հորինել, հորինել եմ՝ հենց ձեզ նայելով։ Եթե չնայեի ձեզ անկյունից, գլուխս ոչինչ էլ չէր մտնի...
Ստավրոգինը, չպատասխանելով, վեր ելավ աստիճաններով։
― Ստավրոգին,― ետևից բղավեց Վերխովենսկին,― ձեզ տալիս եմ մեկ օր... լավ, երկու... լավ, երեք, երեք, երեք օրից ավելի չեմ կարող, ու հետո՝ ձեր պատասխանը։
== Գլուխ իններորդ. Ստեպան Տրոֆիմովիչի գույքը վերգրեցին ==