Changes
Եվ այսպես նա կամայական քաջությամբ տանելով բոլոր վրա հասած փորձությունները և պայծառանալով՝ ծանոթ և հաճելի էր դարձել աստծուն և մարդկանց։
== Ե ==
Երանելին այնուհետև իր հավատացյալներին առավ, գնաց իջավ Գողթնի անկարգ ու անխնամ [թողած] տեղերը։ Նրա առաջ դուրս եկավ նաև Գողթնի իշխանը, մի աստվածավախ և աստվածասեր մարդ, որի անունր Շարիթ էր և հյոլրամեծար ասպնջական հանդիսանալով՝ բարեպաշտությամբ սպասավորում էր [նրան] Քրիստոսի հավատքի աշակերտների [կարգի] համաձայն։ Իսկ երանելին իսկույն իր ավետարանական արվեստը բանեցնելով՝ իշխանի հավատարիմ օգնությամբ սկսեց [քարոզել] գավառում. ամենքին իրենց հայրենական ավանդություններից ու սատանայական դիվապաշտ ծառայությունից գերեց, շուռ տվեց Քրիստոսի հնազանդությանը։
Եվ երբ նրանց մեջ սերմանեց կյանքի խոսքը, հայտնապես մեծամեծ հրաշքներ երևացին գավառի բնակիչներին. դևերը զանազան կերպարանքներով փախան, ընկան Մարերի կողմերը։ Նա մտքում դրեց ավելի հոգալ նույնպես համայն աշխարհի ժողովրդին մխիթարելու մասին, [ուստի] և ավելացրեց մշտամռունչ աղոթքն ու բազկատարած պաղատանքն առ աստված և անդադար արտասուքը, մտաբերելով առաքյալի խոսքը. և ասում էր հոգալով. «Տրտմություն է ինձ համար, և անպակաս են իմ սրտի ցավերն իմ եղբայրների և ազգակիցների համար»։
Եվ այնպես տրտմական հոգսերով պաշարված ու թակարդապատված և մտածմունքների ծփանքի մեջ էր ընկած, թե արդյոք ինչպիսի՞ ելք գտնի այդ բանի համար։
== Զ ==
Եվ շատ օրեր հենց այնտեղ նույն [խնդրով] զբաղվելուց հետո՝ վեր կացավ այնուհետև [եկավ], հասավ Մեծ Հայաստանի սուրբ կաթողիկոսի մոտ, որի անունր Սահակ էր, որին և պատրաստ ու հավան գտավ նույն հոգսի վերաբերմամբ։ Եվ նրանք միասին սիրով մեկտեղ գալով՝ առավոտը կանուխ մեծ աղոթքներով աստծուն [էին դիմում], որպեսզի բոլոր մարդկանց հասնի քրիստոսաբեր փրկությունը։ Եվ այդ անում էին շատ օրեր։
Ապա ամենաբարի աստծուց պարգևվեց նրանց՝ երանելի միաբանյալների աշխարհահոգ խորհուրդը ժողովել և հայ ազգի համար նշանագրեր գտնել։
Շատ հարցուփորձով ու որոնումով պարապեցին և շատ նեղություններ կրեցին. հետո և իրենց առաջուց ուզած բանի մասին իմաց տվին Հայոց թագավորին, որի անունը Վռամշապուհ էր կոչվում։
Այն Ժամանակ արքան պատմեց նրանց մի մարգու, Դանիել անունով մի ազնվական ասորի եպիսկոպոսի մասին, որ հանկարծ գրել է հայերեն լեզվի ալփաբետներ — նշանագրեր։ Եվ երբ արքան պատմեց նրանց Դանիելի գրածին մասին, արքային հոժարեցրին, որ հոգ տանի այն պիտույքի համար։ Նա էլ Վահրիճ անունով մեկին հրովարտակներով ուղարկեց Հաբել անունով մի երեց մարդու մոտ, որ ասորի եպիսկոպոս Դանիելի մերձավորն էր։
Իսկ Հարելն այդ որ լսեց, շտապով հասավ Դանիելի մոտ և նախ ինքը Դանիելից տեղեկացավ նշանագրերին և հետո նրանից առավ, ուղարկեց արքային Հայոց երկիրը։ Նրա թագավորության հինգերորդի տարում հասցրեց նրան [նշանագրերը], իսկ արքան՝ սուրբ Սահակի և Մաշթոցի հետ միասին՝ նշանագրերն ստանալով հաբելից՝ ուրախացան։
Իսկ երբ հասկացան, որ այդ նշանագրերը բավական չեն հայերեն սիղոբաները — կապերն ամբողջությամբ արտահայտելու համար,— մանավանդ որ նշանագրերն էլ իսկապես ուրիշ դպրություններից քաղված և հարություն առած հանդիպեցին,— ապա դարձյալ երկրորդ անգամ նույն հոգսի մեջ ընկան և մի քանի ժամանակ մի ելք էին փնտրում դրան։