Changes

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը

Ավելացվել է 27 125 բայտ, 19:01, 13 Հուլիսի 2015
/* XXXV */
Իսկ Ուլենշպիգելն ու Լամմեն անխռով առաջանում էին Պետեգեմից Գենտ տանող ճանապարհով, Լիսի երկայնքով՝ ցանկանալով հասնել Բրյուգգե, ուր Լամմեն հույս ուներ գտնել իր կնոջը, և Դամմե, ուր Ուլենշպիգելը, խիստ մտազբաղ, կուզեր արդեն լինել տեսնելու համար Նելեին, որ վշտաբեկ ապրում էր խելացնոր Կատլինի հետ։
 
 
===XXXVI===
 
 
Բավական ժամանակից ի վեր Դամմեում ու նրա շրջակայքում բազմաթիվ խայտառակ ոճիրներ էին կատարվել։ Փոքր աղջիկներ, պատանիներ, ծեր մարդիկ, որոնք փողով գնացել էին դեպի Բրյուգգե, Գենտ կամ Ֆլանդրիայի մի այլ քաղաք ու գյուղ, գտնվել էին մահացած, որդի պես մերկացված և ծոծրակից խայթված այնքան երկար ու սուր ատամներով, որ ամենքի վզի ոսկորն էլ ջարդված էր լինում։
 
Բժիշկները և սափրիչ վիրաբույժները հայտարարել էին, որ դրանք գայլի ատամի հետքեր են։ «Ավազակներն, անկասկած, գայլից հետո էին գալիս ու կողոպտում զոհերին», ― ասել էին նրանք։
 
Չնայած բոլոր որոնումներին՝ ոչ ոք չկարողացավ իմանալ, թե ովքեր էին ավազակները։ Եվ շուտով գայլը մոռացության տրվեց։
 
Բազմաթիվ անվանի քաղաքացիներ, որ առանց պահակախմբի, հպարտ ճանապարհ էին ընկել, անհետացան և ոչ մի կերպ չիմացվեց, թե ինչ էին եղել նրանք, բացի մի քանի դեպքերից, երբ որևէ գեղջուկ առավոտյան արտը հերկելու գնալիս՝ գայլի հետքեր էր գտնում իր արտում, մինչդեռ իր շունը թաթերով ակոս փորելով՝ երևան էր բերում մի խեղճ մեռածի մարմին՝ գայլի ատամների հետքերը ծոծրակին կամ ականջի տակ, բազմաթիվ նույնպիսի հետքեր սրունքի վրա և միշտ հետևից։ Եվ ամեն անգամ ծոծրակի և սրունքի ոսկորը ջարդված էր լինում։
 
Եվ սարսափահար գյուղացին անմիջապես վազում էր դատավորին իմաց անելու, որը քրեական գրագրի, երկու ատենակալի և երկու վիրաբույժի հետ գալիս էր դեպքի վայրը։ Ուշի֊ուշով, մանրակրկիտ դիակը զննելուց, երբեմն էլ, երբ որդերը կերած էին լինում դեմքը, նրան անունով ու տոհմով ճանաչելուց հետո՝ այնուամենայնիվ խիստ զարմանում էին, որ գայլը, քաղցից մղված սպանելով՝ մահացածից ոչ մի կտոր չի պոկել։
 
Եվ Դամմեի բնակիչները խիստ ահաբեկվեցին, և ոչ ոք չէր համարձակվում գիշերն առանց պահակախմբի դուրս գալ։
 
Վերջապես բազմաթիվ քաջասիրտ գուգազներ ուղարկվեցին գայլին որոնելու՝ հրաման ունենալով գիշեր֊ցերեկ փնտրելու նրան, ծովի երկայնքին՝ ավազակույտերի մեջ։
 
Այդ ժամանակ նրանք Հեյստում էին՝ մեծ ավազակույտերի մեջ։ Գիշերն իջել էր։ Նրանցից մեկը վստահելով իր ուժին՝ ուզեց հեռանալ ընկերներից և հրահանով զինված՝ միայնակ որոնել նրան։ Մյուսները համաձայնեցին՝ վստահ լինելով, որ արիասիրտ ու զինված, ինչպիսին էր նա, կսպաներ գայլին, եթե գայլը համարձակվեր երևալ։
 
Ընկերն արդեն հեռացել էր, և նրանք խարույկ վառելով սկսեցին դամա խաղալ և միաժամանակ գինօղի խմել իրենց շշերից։
 
Եվ մերթ ընդ մերթ ձայն էին տալիս․
 
― Հե՛յ, ընկե՛ր, վերադարձիր, գայլը վախենում է․ ե՛կ խմենք։
 
Բայց նա չէր պատասխանում։
 
Հանկարծ լսելով մի սուր ճիչ, որ նման էր մեռնող մարդու աղաղակին, նրանք վազեցին այն կողմը, որտեղից լսվել էր ճիչը՝ գոռալով․
 
― Պի՛նդ կաց, օգնության ենք գալիս։
 
Բայց երկար ժամանակ անցավ, մինչև որ գտան իրենց ընկերոջը, որովհետև ոմանք ասում էին, որ ճիչը հովտից էր լսվել, ոմանք էլ՝ ամենաբարձր ավազակույտից։
 
Վերջապես իրենց լապտերներով ձոր ու ավազակույտ լավ փնտրելուց հետո գտան ընկերոջը՝ սրունքն ու բազուկը կծած հետևի կողմից և մյուս զոհերի պես վիզը փշրված։
 
Մեջքի վրա փռված՝ բռնել էր սուրը կծկած ձեռքում․ հրահանն ընկած էր ավազի վրա։ Նրա կողքին երեք կտրված մատ կար, որոնք նրանը չէին․ վերցրին դրանք իրենց հետ։ Նրա կախքսակը հափշտակել էին։
 
Ընկերոջ մարմինը ուսերի վրա բարձրացրին, վերցրին նրա պատվական սուրը ու պանծալի հրահանը, և վշտաբեկ ու զայրացած՝ դիակը տարան դատավորի մոտ։ Դատավորը քրեական գրագրի, երկու ատենակալի ու երկու վիրաբույժի ընկերակցությամբ ընդունեցին այն։
 
Կտրված մատները քննության ենթարկվեցին ու հաստատվեց, որ պատկանում էին մի ծերունու, որը ագարակում երբևէ բանվոր չէր եղել, քանի որ մատները նուրբ էին և եղունգները երկար, ինչպես պաշտոնյաների և հոգևորականների եղունգներն են լինում։
 
Հաջորդ օրը դատավորը, ատենակալները, գրագիրը, վիրաբույժները և գուգազները գնացին այն վայրը, որտեղ կծել ու մահացրել էին խեղճ գուգազին, և արյան կաթիլներ նկատեցին խոտերի վրա, ինչպես նաև ոտքի հետքեր, որ հասնում էին ծովին ու այդտեղ ընդհատվում։
 
 
===XXXVII===
 
 
Խաղողների հասնելու օրերն էին, գինու ամսի չորրորդ օրը, երբ Բրյուսել քաղաքում, սուրբ Նիկոլայի աշտարակի բարձրունքից, մեծ պատարագից հետո, ընկույզի տոպրակներ են նետում ժողովրդին։
 
Գիշերը Նելեն արթնացավ փողոցից եկող աղմուկներից։ Սենյակում որոնեց Կատլինին ու չգտավ։ Վազելով իջավ ներքև, բացեց դուռը, և Կատլինը ներս մտնելով՝ ասաց․
 
― Փրկի՜ր ինձ, փրկի՜ր ինձ։ Գա՜յլը, գա՜յլը։
 
Եվ Նելեն դաշտից հեռավոր ոռնոցներ լսեց։ Նա դողդողալով վառեց բոլոր լամպերը, մոմերն ու աշտանակները։
 
― Ի՞նչ է պատահել, Կատլի՛ն, ― ասում էր նա՝ բազուկների մեջ սեղմելով նրան։
 
Կատլինը նստեց, աչքերը տարտամ և նայելով մոմերին՝ ասաց․
 
― Արևն է դա, քշում է չար ոգիներին։ Գայլը, գայլը ոռնում է դաշտում։
 
― Բայց դու ինչո՞ւ ես դուրս եկել քո տաք անկողնից ու գնացել, որպեսզի սեպտեմբերյան խոնավ գիշերով տենդ ստանաս։
 
― Այս գիշեր Հանսկեն ոսկրկուլի պես ձայնեց, ― ասաց Կատլինը, ― ես էլ դուռը բացի։ Նա ինձ ասաց․ «Խմիր տեսիլքի դեղաջուրը», ես էլ խմեցի։ Հանսկեն գեղեցիկ է։ Վերցրե՜ք կրակը։ Այնժամ նա ինձ տարավ ջրանցքի մոտ և ասաց․ «Կատլի՛ն, ես քեզ կվերադարձնեմ յոթ հարյուր կառոլուսը, դու կտաս Ուլենշպիգելին՝ Կլաասի որդուն։ Այս երկուսն էլ քեզ, որ շրջազգեստ գնես․ շուտով հազար հատ կունենաս։ «Հազար հատ, ասացի ես, ուրեմն ես կհարստանամ»։ «Կստանաս, ― ասաց նա։ Բայց Դամմեում հիմա չկա՞ն այնպիսի կանայք ու աղջիկներ, որ նույնքան հարուստ են, որքան դու ես լինելու»։ «Չգիտեմ», պատասխանեցի, բայց չէի ուզում ասել նրանց անունը՝ վախենալով, որ նրանց կսիրի։ Նա էլ ասաց․ «Իմացիր նրանց անունը և, երբ նորից գամ, հայտնիր ինձ»։
 
Օդը զով էր, մառախուղը սահում էր մարգագետիններին քսվելով, չոր ոստերը ծառերից ընկնում էին ճանապարհի վրա։ Եվ լուսինը փայլում էր, ու ջրանցքի ջրի վրա կրակներ կային։ Հանսկեն ինձ ասաց․ «Այսօր մարդագելի գիշերն է․ բոլոր հանցապարտ հոգիները դուրս են գալիս դժոխքից։ Ձախ ձեռքով պետք է երեք անգամ խաչակնքել ու գոչել․ «Ա՜ղ, ա՜ղ, ա՜ղ, որ է անմահության խորհրդանիշը, և նրանք քեզ վնասել չեն կարող»։ Ես էլ ասացի․ «Կանեմ այն, ինչ դու ես ուզում, անուշիկս»։ Նա ինձ գրկեց ու ասաց․ «Դու իմ կինն ես»։ «Այո», ասացի ես։ Եվ նրա քաղցր խոսքի վրա մի երկնային երջանկություն բալասանի պես սահեց մարմնիս վրա։ Նա պսակեց ինձ վարդերով ու ասաց․ «Գեղեցիկ ես դու»։ Ես էլ նրան ասացի․ «Դու էլ գեղեցիկ ես, Հանսկե՛, անուշի՛կս, կանաչ թավշե, ոսկերիզ, նրբակար հագուստներովդ, ջայլամի երկար փետուրներովդ, որ ծածանվում է անեզր գլխարկիդ վրա, և ծովու հրաշող ալիքներին նմանող քո դժգույն դեմքով։ Եվ եթե Դամմեի աղջիկները տեսնեն քեզ՝ անվերջ հետևիցդ կվազեին, խնդրելով սիրտդ․ բայց միմիայն ինձ պետք է տաս այն, Հանսկե՛»։ Նա ասաց․ «Ջանա՛ իմանալ, թե ամենահարուստները որոնք են․ նրանց ունեցածը կլինի քոնը»։ Ապա ինձ թողեց ու գնաց՝ արգելելով, որ հետևեմ նրան։
 
Կանգնած մնացի այդտեղ՝ զնգզնգացնելով ձեռքիս մեջ երկու կառոլուսը, և մառախուղի պատճառով դողդողալով ու փետացած՝ երբ տեսա, թե ինչպես ջրանցքի դարպասից մագլցելով զառիվայրը՝ երևաց մի գայլ, որի դեմքը կանաչ էր և նրա սպիտակ ստևի մեջ երկար եղեգներ կային։ «Ա՜ղ, ա՜ղ, ա՜ղ», ― գոչեցի ես ու խաչակնքեցի․ բայց նա կարծես ամենևին չվախեցավ դրանից։ Ես սկսեցի ամենայն ուժով վազել․ ես ճչում էի, նա ոռնում էր․ ապա լսեցի նրա ատամների չոր կափկափումը այնքան մոտիկ, որ կարծեցի, թե ինձ կբռնի։ Բայց ես նրանից ավելի արագ էի վազում։ Բարեբախտաբար Արագիլի փողոցի անկյունում հանդիպեցի գիշերապահին՝ իր լապտերով․ «Գա՜յլը, գա՜յլը», ― գոռացի ես։ «Մի՛ վախենա, ― ասաց գիշերապահը, ― հիմա քեզ կտանեմ տունդ, գի՛ժ Կատլին»։ Եվ ես զգացի, որ այն ձեռքը, որով բռնել էր ինձ, դոդում էր։ Նա նմանապես վախենում էր։
 
― Բայց նա արդեն սրտապնդվել է, ― ասաց Նելեն։ ― Լսո՞ւմ ես, թե ինչպես ծոր տալով երգում է հիմա՝ De clock is tien, tien aen de clock (ժամը տասն է զանգակատանը, զանգակատանը ժամը տասն է)։ Եվ ճկճկացնում է իր կոչնակը։
 
― Վերցրե՜ք կրակը, ― ասում էր Կատլինը, ― գլուխս այրվում է։ Վերադարձի՛ր, Հանսկե՛, անուշի՛կս։
 
Եվ Նելեն նայում էր Կատլինին ու աղոթում սուրբ կույսին, որ նրա գլխից հանի խելագարության կրակը, և լալիս էր նրա վրա։
 
 
===XVIII===
 
 
Բելեմում, Բրյուգգեի ջրանցքի ափերին, Ուլենշպիգելը և Լամմեն հանդիպեցին մի ձիավորի, որի թաղիքե գլխարկի վրա աքաղաղի երեք փետուր կար․ նա սանձը թուլացրած սլանում էր դեպի Գենտ։ Ուլենշպիգելը երգեց արտույտի պես, և ձիավորը կանգ առնելով պատասխանեց աքաղաղի կանչով։
 
― Ի՞նչ լուր ունես, անդադրում ձիավոր, ― հարցրեց Ուլենշպիգելը։
 
― Կարևոր լուրեր, ― ասաց ձիավորը։ ― Պարոն դը Շատիլյոնի խորհրդով, որ Ֆրանսիայի երկրում ծովերի ադմիրալն է, ազատության իշխանը կարգադրություն է արել ռազմանավեր սպառազինելու մասին, բացի այն նավերից, որոնք արդեն սպառազինված են Էմդենում ու Արևելյան Ֆրիսլանդիայում։ Նրա կարգադրություններն ստացած քաջարի մարդիկն են՝ Դոլհենի սեպուհ Ադրիեն դե Բերգենը, նրա եղբայր Լյուդվիգ Հեննաուն, Մոնֆոկոնի բարոնը, տյար Լուի Բրեդերոդեն, Ալբերտ Էգմոնտը՝ գլխավորած որդին և ոչ դավաճան, ինչպես իր եղբայրն է, Բերթել Էնթենս Մենթեդան՝ Ֆրիսլանդացին, Արդիեն Մենինգը, մոլեգին ու հպարտ գենտցի Հեմբիզը և Յան Բրոոկը։ Իշխանը տվել է իր ողջ ունեցվածքը՝ ավելի քան հիսուն հազար ֆլորին։
 
― Նրա համար հինգ հարյուր ֆլորին ունեմ, ― ասաց Ուլենշպիգելը։
 
― Ծովը տար դրանք, ― ասաց ձիավորը։
 
Եվ քառատրոփ հեռացավ։
 
― Նա տալիս է իր ամբողջ ունեցվածքը, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Մինչդեռ մենք տալիս ենք սոսկ մեր կաշին։
 
― Ուրեմն դա քի՞չ է, ― ասաց Լամմեն, ― և երբևիցե ջարդ ու կոտորածից զատ այլ բան չե՞նք լսելու։ Օրանժի իշխանը ցած է ընկել։
 
― Ճիշտ է, ցած է ընկել, ինչպես կաղնին․ բայց կաղնու ծառից ազատության նավեր են շինում։
 
― Հօգուտ իշխանի, ― ասաց Լամմեն։ ― Բայց քանի որ այլևս ոչ մի վտանգ չկա՝ նորից էշ գնենք։ Սիրուն եմ նստած ընթանալ և ներբաններիս տակ մշտական խշրտոց չզգալ։
 
― Լավ, էշ գնենք, ― ասաց Ուլենշպիգելը, ― այդ անասունները հեշտ է առնել֊ծախել։
 
Նրանք գնացին շուկա և գնեցին երկու սիրուն էշ՝ իրենց թամբ ու սանձով։
 
 
===XXXIX===
 
 
Երբ նրանք մի ոտքն այս կողմ, մյուսն այն կողմ պարզած տրնգոզի անելով հասան Օստ֊Կամպ, ուր մի մեծ անտառ կար, որից այն կողմ ջրանցք կար։
 
Ստվեր ու հաճելի բուրմունք որոնելով՝ նրանք մտան անտառ և բացի ամեն ուղղությամբ՝ դեպի Բրյուգգե, Գենտ, Հյուսիսային ու Հարավային Վլաանդերեն տանող երկար ծառուղիներից՝ այլ բան չտեսան։
 
Հանկարծ Ուլենշպիգելն իր էշից ցած ցատկեց։
 
― Այնտեղ ոչինչ չե՞ս տեսնում։
 
― Այո, տեսնում եմ, ― ասաց Լամմեն և դողդողալով ավելացրեց․ ― կի՜նս, իմ բարի կինը։ Նա՜ է, որդյակ իմ։ Պա՛հ, ոտքերս ծալվում են, չեմ կարող մոտենալ նրան։ Ի՜նչ ձևով եմ նրան գտնում։
 
― Ինչի՞ց ես դժգոհում, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Գեղեցիկ է նա այսպես կիսամերկ, մեջընդմեջ կտրատած իր մուսլինե զգեստով, որ թույլ է տալիս տեսնել նրա թարմ մարմինը։ Շատ է սա ջահել․ չէ, քո կինը չէ։
 
― Որդյա՛կ իմ, նա է, ― ասաց Լամմեն, ― նա է, որդյա՛կ իմ․ ճանաչում եմ նրան։ Տա՛ր ինձ, այլևս չեմ կարող քայլել։ Ո՞վ կարող էր մտածել, որ նա այսպես կլինի․ գնչուհու պես հագնված ու առանց ամաչելու այդպես պարի՜։ Այո, նա է․ տե՛ս նրա բարակ սրունքները, մինչ ուսերը մերկ բազուկները, կլորիկ ու ոսկեզօծ ստինքները, որ ցայտում են մուսլինե զգեստի տակից։ Մի տես ինչպես է կարմիր լաթով կատաղեցնում իր մոտը ոստոստող խոշոր շանը։
 
― Եգիպտական<ref>Եվրոպայում երկար ժամանակ կարծում էին, որ գնչուները Եգիպտոսից են դուրս եկել, ուստի և նրանց, ի թիվս այլ անունների, կոչում էին նաև եգիպտացի։</ref> շուն է, ― նկատեց Ուլենշպիգելը, ― Նիդեռլանդիան երբեք այս տեսակը չի արտադրում։
 
― Եգիպտակա՞ն․․․ չգիտեմ․․․ Բայց նա՜ է, որդյա՛կ իմ, այլևս ոչինչ չեմ տեսնում այդտեղ։ Նա շատ է վեր քաշում իր զստապանը, որպեսզի ավելի ցույց տա իր կլորիկ զիստերը։ Ծիծաղում է իր սպիտակ ատամները ցուցադրելու համար, ու քրքջում, որպեսզի լսեն իր քաղցր ձայնի հնչյունը։ Բաց է անում զգեստի վերնամասը ու հետ նետվում։ Պա՜հ, մի նայիր սիրահար կարապի այդ պարանոցին, մերկ ուսերին, ջինջ ու համարձակ աչքերին։ Վազում եմ նրա մոտ։
 
Եվ էշից վար ցատկեց։
 
Բայց Ուլենշպիգելը կանգնեցրեց նրան և ասաց․
 
― Այդ աղջնակը քո կինը չէ։ Մենք գնչուների մի ճամբարի մոտ ենք։ Զգո՜ւյշ։ Տեսնո՞ւմ ես ծառերի հետևից բարձրացող ծուխը։ Չե՞ս լսում շների հաչոցը։ Հապա՛ տե՛ս մի քանիսն են այնտեղ, որ գուցե պատրաստ են կծել մեզ։ Ավելի լավ է թաքնվենք թավուտում։
 
― Ես չեմ թաքնվի, ― ասաց Լամմեն։ ― Դա իմ կինն է, մեզ պես ֆլամանդացի։
 
― Խե՜նթ կույր, ― ասաց Ուլենշպիգելը։
 
― Կո՞ւյր, ո՛չ։ Շատ լավ տեսնում եմ, թե ինչպես է կիսամերկ պարում, ծիծաղում ու գրգռում այդ խոշոր շանը։ Ձևանում է, թե մեզ չի տեսնում։ Բայց վստահեցնում եմ քեզ, մեզ տեսնում է։ Թի՛լ, Թի՛լ, տե՛ս, թե ինչպես է շունը նետվում նրա վրա ու ցած գցում՝ կարմիր լաթը խլելու համար։ Նա էլ ընկնում է՝ դժգոհ ճիչ արձակելով։
 
Եվ հանկարծ Լամմեն սլացավ նրա կողմը՝ գոչելով․
 
― Կի՛նս, կի՛նս։ Ո՞րտեղ ես վնասել քեզ, անուշի՛կս։ Ինչո՞ւ ես քրքրջալով ծիծաղում։ Աչքերդ մոլոր են։
 
Եվ գրկելով ու գուրգուրելով նրան՝ ասաց․
 
― Նայեմ ձախ ստինքիդ տակ եղած խալը։ Չեմ տեսնում։ Ո՞ւր է։ Չէ, իմ կինը չէս։ Տե՜ր իմ աստված։
 
Կինը չէր դադարում ծիծաղել։
 
Հանկարծ Ուլենշպիգելը կանչեց․
 
― Զգո՜ւյշ, Լամմե՛։
 
Եվ Լամմեն, շրջվելով, տեսավ իր առաջ մի բարձրահասակ, սևուկ գնչու, նիհար ու տգեղ դեմքով, գորշ՝ ինչպես peperkoek՝ համեմունքներով անուշված հաց։
 
Լամմեն քաշեց իր կարճ թուրը և պաշտպանողական դիրք բռնելով՝ գոչեց․
 
― Հասի՜ր, Ուլենշպիգել։
 
Ուլենշպիգելն այդտեղ էր իր հիանալի սրով։
 
Գնչուն վերին գերմաներենով ասաց նրան․
 
― Gibt mi Gheltm ein Richsthaler auf tsein (փող տուր ինձ․ մեկ ռայխսթալեր կամ տասը)։
 
― Տեսնում ես, ― ասաց Ուլենշպիգելը, ― աղջիկը քրքջալով գնում է ու շարունակ հետ նայում, որ տեսնի թե հետևո՞ւմ են իրեն։
 
― Gibt mi Ghelt, ― ասաց մարդը։ ― Վճարիր սիրավայելքիդ համար։ Աղքատ մարդիկ ենք մենք և ոչ մի վնաս չենք կամենում քեզ։
 
Լամմեն մեկ կառոլուս տվեց նրան։
 
― Ի՞նչ արհեստ ես բանեցնում, ― հարցրեց Ուլենշպիգելը։
 
― Ամեն արհեստ, ― պատասխանեց գնչուն։ ― Լինելով ճարպկության արվեստի վարպետ, հիանալի, կախարդական պտույտներ ենք գործում։ Թմբուկ ենք զարնում ու հունգարական պարեր պարում։ Մեր մեջ կան շատերը, որոնք վանդակներ և կասկարաներ են շինում ամենալավ ձևով միս խորովելու համար։ Բայց ամենքն էլ, թե՛ ֆլաման, թե՛ վալոն, վախենում են մեզնից ու վռնդում են մեզ։ Չկարողանալով արդար վաստակով ապրել՝ ապրում ենք ավարով, այսինքն բանջարեղենով, մսով ու թռչուններով, որ ստիպված ենք չանթել գյուղացուց, որովհետև նա չի ուզում ո՛չ տալ մեզ դրանք, ո՛չ էլ ծախել։
 
Լամմեն հարցրեց նրան․
 
― Ո՞վ է այդ աղջիկը, որ այնքան նման է իմ կնոջը։
 
― Մեր պարագլխի աղջիկն է, ― պատասխանեց սևուկը։
 
Ապա ահաբեկված իջեցնելով ձայնը՝ ասաց․
 
― Աստված պատժել է նրան սիրացավով, և նա չի իմանում, թե ինչ է կանացի ամոթխածությունը։ Հենց որ մի տղամարդ է տեսնում՝ սկսում է ուրախանալ ու ցնորվել, անընդհատ ծիծաղում է։ Շատ քիչ է խոսում․ երկար ժամանակ կարծում էինք, թե համր է։ Գիշերը վշտակոծ մնում է կրակի առաջ, երբեմն լաց լինելով կամ առանց պատճառի ծիծաղելով և ցուցադրելով իր փորը, ասում է, որ ցավում է։ Այդ ժամանակ նա գնում է, համարյա մերկ, պարելու ճամբարի շրջակայքում։ Միայն շղարշե ու մուսլինե շոր է ուզում հագնել, իսկ ձմռանը մեծ դժվարությամբ ենք այծի բրդե թիկնոցով ծածկում նրան։
 
― Բայղ մի՞թե որևէ բարեկամ չունի, որ արգելի նրան այդպես անձնատուր լինելու առաջին պատահածին, ― հարցրեց Լամմեն։
 
― Չունի, ― ասաց գնչուն, ― որովհետև ճանապարհորդները մոտենալով նրան ու զննելով խելագար աչքերը՝ ավելի շուտ վախ են զգում նրա նկատմամբ, քան թե սեր։ Այս խոշոր մարդը համարձակ գտնվեց, ― ասաց նա՝ ցույց տալով Լամմեին։
 
― Թող դուրս տա, որդյա՛կ իմ, ― միջամտեց Ուլենշպիգելը, ― խարակաձուկը չարախոսում է կետի մասին։ Այդ երկուսից ո՞րն է ավելի շատ յուղ տալիս։
 
― Այս առավոտ կծան լեզու ունես, ― ասաց Լամմեն։
 
Բայց Ուլենշպիգելն առանց մտիկ անելու նրան՝ հարցրեց գնչուին․
 
― Ի՞նչ է անում նա, երբ ուրիշներն էլ ընկերոջս՝ Լամմեի պես համարձակ են լինում։
 
― Այնժամ նա հաճույք և օգուտ է ստանում, ― տխուր պատասխանեց գնչուն։ ― Ովքեր տիրանում են նրան՝ վճարում են իրենց հաճույքի համար, իսկ դրամը ծախսվում է նրա հագուստի, ինչպես և ծերունիների ու կանանց կարիքների համար։
 
― Ուրեմն նա ոչ ոքի չի՞ հնազանդվում, ― հարցրեց Լամմեն։
 
― Չարգելենք, որ իրենց ուզածն անեն նրանք, ում հարվածում է աստված, ― պատասխանեց գնչուն։ ― Այդպես է նա ցույց տալիս իր կամքը։ Եվ այդպես է մեր օրենքը։
 
Ուլենշպիգելն ու Լամմեն հեռացան։ Գնչուն ծանրախոհ ու անխռով վերադարձավ իր ճամբարը։ Աղջիկը քահ֊քահ ծիծաղելով պարում էր բացատում։
Ադմին, Վստահելի
1876
edits