Changes
/* Առաջին մաս */
Եվ Յուրայ Հորդուբալը գլուխն է օրորում։ Եվ ահա նա ինքն էլ է օրորվում, ճոճվում է մի կողմից մյուսը, ծանր, անկենդան։ Յուրայը նիրհում է։ Հաստլիկ հրեուհին պատուհանի մոտ դժգոհությամբ շուրթերն է սեղմում, զամբյուղը ծնկներին դրած մորաքույրն ու խանութպանը արտահայտիչ հայացքներ են փոխանակում։ Այո, այո․ այ թե ժողովուրդ է լույս ընկել։ Տավար։
===II===
Այդ ո՞վ է քայլում այնտեղ, հովտի մյուս կողմով։ Տես, տես, կարճ ճաքավոր կոշիկներո՜վ։ Մեխանի՞կ է արդյոք։ Ձեռքին սև ճամպրուկ ունի․ անծանոթը բարձրանում է բլրակն ի վեր․ այդքան հեռու չլիներ, կարելի էր ձեռքերը դնել բերանին ու ձայն տալ՝ փա՜ռք տեր մեր Հիսուս Քրիստոսին, անցորդ, ժամը քանի՞սն է։ ― Երկուսն անց է, հովիվ։ Այդքան հեռու չլինեիր, ես էլ կհարցնեի՝ ո՞ւմ կովերն ես պահում։ ― Իսկ դու կբացատրեիր՝ ահա սրանք, Կնտակը, Չալոն, Աստղիկը, Շեկոն ու այդ հորթը Պոլանա Հորդուբալովայինն են։ ― Այդպես, այդպես, տղա, լավ կովեր են, մարդու քեֆը գալիս է, միայն թե մի թողնի իջնեն Սև առվի կողմը, այնտեղ խոտը թթվահամ է ու ջուրը դառը։ Այդպես, ուրեմն, նա միայն երկու կով ուներ։ Իսկ ինչ է, տղա, միգուցե նա եզնե՞ր էլ ունի։ ― Տեր իմ աստված, էն էլ ինչպիսի՜ եզներ։ Պոդոլյան, եղջույրները ոնց որ պարզած ձեռքեր։ Երկու եզ, պարոն։ ― Դե, իսկ ոչխարնե՞ր։ ― Ոչխարներ էլ, խոզեր էլ, պարոն․ դրանք արածում են հրեն վերևը, Գեշ Պոլոնինում։ Պոլանան խելոք է ու հարուստ։ ― Իսկ ամուսին ունի՞։ Ի՞նչ ես ձեռքդ թափ տալիս, մի՞թե նա գլխավոր չունի։ Է՜հ, տղա, յուրաիններին չե՞ս ճանաչում՝ ձեռքը տարել է աչքերին ու կանգնել մնացել, ոնց որ քոթուկ։
Յուրայի սիրտը խփում էր արագ֊արագ․ նա կանգ է առնում շունչը ետ բերելու․ «օ՛ֆ֊օ՛ֆ․․․ օ՛ֆ֊օ՛ֆ»։ Դա նրա ուժերից վեր է ու այնպես անակնկալ․ Հորդուբալը շնչասպառ է լինում, ինչպես ջուրն ընկած մարդը․ հանկարծ նա հայտնվում է իր տանը։ Տա՜նը։ Մի երկու քայլ էլ չէր արել քարքարոտ հեղեղատով, որ հիշողությունները վրա տվին․ այո, այո, այս հեղեղատը հնուց ի վեր այստեղ է, ինչպես և հովիվների կրակներից խանձված այդ փշաթփերը․ առաջվա պես քարքարոտ փլվածքում ծաղկում է խռնդատը, արահետը կորչում է ուրցի ու չոր խոտերի մեջ․․․ ահա և մամռապատ քարը, օձասխտորը, գիհու ծառը, ահա անտառի եզրը, կովի չորացած կեղտը, հովվական լքված քողտիկը․ չկա այլևս Ամերիկան և չկան ութ տարիները․ ամեն, ամեն ինչ այնպես է, ինչպես եղել էր․ ուղտափշի տերևներին նստած փայլուն բզեզը, լպրծուն խոտերը, հեռավոր զանգերի ղողանջը, Կրիվոյի վերևի թամբարդը, բոշխի մուգ֊դարչնագույն մացառուտներից և տան ճանապարհը․․․ Ճանապարհ, որով անաղմուկ քայլում է երբեք Ամերիկայում չեղած լեռնցին, ճանապարհ, որից կովերի ու անտառի հոտ է գալիս, որը տաքացել է արևից, ինչպես հացի փուռ․ ճանապարհ, որ ձգվում է ներքև, դեպի հովիտը, անասունների ոտքերի տակ, ճահճուտը՝ չլմփում, և կածանը գնում կորչում է անտառի թավուտում․ չէ, սեր, սա ձեզ համար Ջոնսթոնի խարամաբետոնե մայթը չի, որ ճռճռում է ներբանիդ տակ։ Ոչ ռեյլինգներ<ref>railing ― այստեղ՝ ճաղեր, որոնք պահպանում են մայթը փողոցային երթևեկության ամենաբանուկ տեղերում (անգլ․)։</ref> կան, ոչ դեպի մայնե<ref>mine ― հանքափոր (անգլ․)։</ref> քայլող անբոխներ՝ չորս կողմ ոչ մի շունչ, ոչ մի հոգի, միայն ներքև ձգվող արահետ, առվակ ու բոժոժները ծլնգացնող հոտեր․․․ Տուն տանող ճանապարհ, վերադարձ, գառների վզերին կապած զանգակներ և առվակի ափին կապույտ ծաղիկներ․․․
Յուրայ Հորդուբալը քայլում է լայն֊լայն քայլերով ― ի՜նչ է նրա համար ճամպրուկը, ի՜նչ է ութ տարին․ չէ որ սա տան ճանապարհն է, ոտքերն իրենք են քեզ թռցնում։ Այսպես աղջամուղջին արոտներից նախիրն է վերադառնում․ լիքը կուրծերով կովերը զանգակներն են զնգացնում՝ բի՜մ֊բա՛մ, բի՜մ֊բա՛մ, ծլնգում են հորթերի բոժոժները․․․ Իսկ ինչ, եթե նստի այստեղ ու սպասի մութն ընկնելուն։ Մտնի գյուղ զանգերի ղողանջի տակ, երբ կանայք դուրս են գալիս արտասանդուղք, իսկ տղամարդիկ կանգնած են լինում ցանկապատների մոտ․ մտիկ արեք, մտիկ, այդ ո՞վ է գալիս մեր կողմը։ Իսկ ես, ոնց որ նախիրը արոտատեղից, ուղիղ քշում եմ դեպի բաց դարբասը, բարի երեկո, Պոլանա։ Ահա և ես, այն էլ ոչ ծակ գրպանով։
Կամ ոչ, ավելի լավ է սպասեմ գիշերվան, մինչև տավարը անցնի, բոլորը քուն մտնեն, ու նոր պատուհանը թակեմ․ Պոլանա, Պոլանա։ ― Օ՜, Հիսուս Քրիստոս, ո՞վ է այնտեղ։ ― Ես եմ, Պոլանա։ Ուղիղ քեզ մոտ եմ եկել։ ― Օ, փառք աստծու։ ― Իսկ որտե՞ղ է Հաֆյան։ ― Հաֆյան քնած է։ Արթնացնե՞մ։ ― Չէ, չէ, թող քնի։ ― Դե, փա՜ռք, աստծու։
Հարդուբալը քայլում է ավելի արագ։ Էն աստված, մարդ թեթև է քայլում, եթե մտքերը շտապում֊աճապարում են։ Այո, որքան էլ վազես, ետևից չես հասնի։ Մտքերը քեզնից առաջ են անցնում, մտքումդ դու արդեն արոսենու մոտ ես, որ կանգնած է գյուղի եզրին․ քը՛շ, քը՛շ սագեր․․․ Ահա և դու տանն ես։ Մարդ ուզում է կոկորդով մեկ բղավել՝ էհե՜յ, մարդիկ, ինչքան կաք֊չկաք, տեսեք ո՜վ է գալիս, ի՜նչ ամերիկացի, պա՛հ֊պա՛հ֊պա՛հ, զարմացեք, boys<ref>տղերք (անգլ․)։</ref> ― ա՛լլո։ Իսկ հիմա լուռ՝ ահա նա, քո տունը։ Պոլոնան բակում վուշ է ծեծում։ Մոտենաս ետևից ու աչքերը փակես։ ― Յուրայ։ ― Ինչպե՞ս իմացար, Պոլանա։ ― Փառք աստծու, Յուրայ, ես ու չճանաչեմ քո ձեռքերը․․․
Հարդուբալը վազում է հովտի միջով, չզգալով ձեռքի ճամպրուկը, որի մեջ ամփոփված է ողջ Ամերիկան․ կապույտ շապիկներ, մանչեստրե կոստյում և թեդդի―բեր<ref>Teddi-bear ― խաղալիք֊արջ (անգլ․)։</ref> Հաֆյայի համար․ Պոլանա, ահա քեզ համար էլ զգեստի կտոր, Ամերիկայում են այսպիսի շոր հագնում․ ահա հոտավետ օճառ ու շղթայով handbag։<ref>պայուսակ (անգլ․)։</ref> Իսկ սա flashlight<ref>գրպանի լապտեր (անգլ․)։</ref> է, Հաֆյա, սեղմում ես կոճակը՝ և լույս է տալիս․ իսկ այստեղ թերթերից հանած նկարներ են, քեզ համար եմ կտրել պահել։ Գիտե՞ս ինչքան շատ էին, աղջիկս, ութ տարի հավաքում էի, բայց ստիպված էի թողնել, սյութքեյսում<ref>Suitcase ― ճամպրուկ (անգլ․)։</ref> չտեղավորվեց։ Սպասիր, այստեղ ինձ մոտ էլի ինչ֊որ բան կա։
Փառք աստծու, ահա և առուն։ Ոչ մի երկաթե կամուրջ, միայն ջրի մեջ շարված քարեր․ պետք է ձեռքերդ թափահարելով մեկից մյուսի վրա ցատկես։ Է՝, եղբայր, իսկ ահա այստեղ, լաստենու մացառուտում, մենք դեռևս երեխա ժամանակ ոտից֊գլուխ ջուր կտրած, վարտիքներս քշտած, խեցգետին էինք որսում․ իսկ տեսնես մնո՞ւմ է այն խաչը, որ տնկած էր ճամփի ոլորանում։ Փառք աստծու, ահա նա, թեքվել է կողքի, բայց դեռ կանգնած է այնտեղ, փոշուց տաք ու փափուկ գյուղական ճամփի եզրին, որից անասունի, խոտի ու հաճարի հոտ է գալիս։ Հիմա կերևա Միհալչուկովի պարտեզի ցանկապատը․ ահա, իսկույն էլ հայտնվեց․ ծածկվել է ընկուզենիներով ու յասամանով, էլի այնպես երեսի վրա թողած, ինչպես որ կար։ Փառք քեզ, աստված, ահա և ես գյուղում եմ։ Բարի գալուստ, Յուրայ Հորդուբալ։ Եվ Յուրայ Հորդուբալը կանգ է առնում․ սատանան գիտե, թե ինչու հանկարծ ճամպրուկն այդպես ծանրացավ։ Պետք էր քրտինքը սրբել։ Է՛խ, աստված իմ, ինչո՞ւ առվում չլվացվեցի․ հարկավոր է հանել ածելին ու հայելին և ջրի մոտ սափրվել։ Թե չէ իսկապես գնչու եմ դարձել, թափառաշրջիկ, ավազակ։ Ետ չդառնա՞մ ու լվացվեմ, քանի դեռ Պոլանայի աչքին չեմ երևացել։ Չէ, կարիք չկա, Հորդուբալ, արդեն տեսել են քեզ։ Միհալչուկովի ցանկապատի ետևի կռատուկով ծածկված խրավանդից զարմացած մի մանչուկ աչքերը չռել է քեզ վրա։ Ձայն տուր նրան, Հորդուբալ, հարցրու․ «Ո՞ւմ տղան ես, հո Միհալչուկովինը չե՞ս»։ Եվ մանչուկը փախչում֊ծլկում է, չլմփացնելով բոբիկ տոտիկներով։
Իսկ ի՞նչ կլինի, եթե գյուղը շրջանցի և տուն հասնի ետևի կողմից, մտածում է Հորդուբալը։ Այդպես կարելի է, բայց մեկ էլ տեսար հարձակվեցին վրաս․ «Է՛յ դու, այդպես ո՞ւր ես խցկվում։ Քեղիդ շուռ տուր, թե չէ մի լավ կդաղեմ մտրակով»։ Ճար չկա, ստիպված է անցնել գյուղի միջով․ օ՛հ, տեր աստված, գոնե ճամպրուկն այսպես ձեռքը ցած չքաշեր։
Խորդենիով պատուհանի ետևում կնոջ դեմք, դեղնաչք արևածաղիկներ․ մի պառավ ինչ֊որ բան է թափում բակում, երեխաները կանգ են առնում ու աչքերը տնկում նրա վրա․ է՛յ, էհե՜յ, մի օտար մարդ է գալիս։ Կիրիլ պապիկը շրթունքներն է ծամում և նույնիսկ աչքը չի բարձրացնում վերև․ սրտի մի հարված ևս, ― և աստված հետներս ― Յուրայը, գլուխը կռացնելով, ներս է մտնում իր տան դռնից։
Իր տա՞ն։ Ախր դու սխալվեցիր, խելառ։ Մի՞թե սա Հորդուբալի փայտե խրճիթն է, փայտե գոմն ու գերանակապ ամբարը։ Ախր սա ամբողջ մի կալվածատուն է․ քարաշեն տունը ծածկված է կղմինդրով, բակում ջրհորն է՝ երկաթյա պոմպով, երկաթե գութանն ու փոցխը, ― կալվածք և ուրիշ ոչինչ․ շուտ, Հորդուբալ, շուտ հեռացիր այստեղից քո փոքրիկ սև ճամպրուկով, քանի դեռ տան տերը դուրս չի եկել ու ասել․ «Դե, ի՞նչ ես հոտվտում այստեղ»։ ― «Բարի օր, տան տեր, արդյոք Պալանա Հորդուբալովան այստեղ չի՞ ապրում․․․ Ներողություն եմ խնդրում, ինչպես երևում է, ես մի փոքր սխալվել եմ»։
Արտասանդուղք է դուրս գալիս Պոլանան ու կանգ առնում՝ տեղում քար կտրած։ Ձեռքերը ջղաձգորեն սեղմելով կրծքին, նա շնչում է ծանր ու ընդհատ, առանց վախեցած աչքերը ամուսնուց հեռացնելու։