Changes
|աղբյուր = Կարել Չապեկ
}}
Տղաներ, եթե դուք կարծում եք, թե ջրային ոգիներ չեն լինում, ապա ես ձեզ կասեմ, որ լինում են, և այն էլ ինչպիսինե՜րը․․․
Այ, օրինակ, հենց թեկուզ մեզ մոտ․ երբ մենք դեռ նոր էինք աշխարհ եկել, Ուպե գետի ամբարտակի տակ մի ջրային ոգի էր ապրում, իսկ մի ուրիշն էլ ապրում էր Հավլովիցայում, գիտե՞ք, այնտեղ, փայտե կամուրջի մոտ։ Եվ էլի մեկն էլ ապրում էր Ռադեչևի առվակում։ Հենց նա էլ մի անգամ եկավ իմ բժիշկ հոր մոտ ատամը քաշել տալու և դրա համար հետը մի զամբյուղ արծաթափայլ ու վարդագույն կարմրախայտ բերեց, որոնք ծածկված էին եղինջով, որպեսզի թարմ մնան։ Մենք իսկույն նկատեցինք, որ դա ջրային ոգի է․ մինչդեռ նա նստած էր ատամնաբուժական բազկաթոռին, նրա ոտքերի տակ մի ամբողջ ջրագուբ գոյացավ։ Իսկ մեկն էլ կար Հրոնովում, պապիս ջրաղացի մոտ․ նա ամբարտակի կողքին, ջրի տակ, տասնվեց ձի էր պահում, դրա համար էլ ինժեներներն ասում էին, որ այդտեղ գետը տասնվեց ձիու ուժ ունի։ Այդ տասնվեց սպիտակ նժույգները շարունակ վազում էին ու վազում առանց դադարի, դրա համար էլ ջրաղացի քարերը անվերջ պտտվում էին։ Իսկ երբ մի անգամ գիշերը մեր պապիկը մահացավ, եկավ ջրային ոգին, կամացուկ արձակեց տարավ իր տասնվեց ձիերը, և ջրաղացը երեք օր չաշխատեց։ Մեծ գետերում ապրում են առատաջուր ջրային ոգիներ, որոնք ավելի շատ ձիեր ունեն, ասենք՝ հիսուն կամ հարյուր հատ, բայց կան նաև այնպիսի աղքատներ, որոնք նույնիսկ փայտե ձի չունեն։
Իհարկե, առատաջուր ջրային ոգին Պրագայում, Վլտավայի ալիքների մեջ, ապրում էր աղայի պես․ նա թերևս նույնիսկ շարժիչով նավակ ունի, իսկ ամառը լողում է դեպի ծով։ Ճիշտ այդպես էլ Պրագայում կան սրիկա֊հանցագործներ, որոնք անհաշիվ փողեր ունեն, սլանում են ավտոմոբիլներ նստած՝ տո՛ւ֊տո՛ւ, և միայն ցեխն է անիվների տակից չորս կողմ շաղ գալիս։ Կան և այնպիսի հալից ընկած ջրային ոգիներ, որոնց ունեցած֊չունեցածը ափի մեծության մի ջրագուբ է, իսկ նրանում՝ մի գորտ, երեք մոծակ և երկու լողացող բզեզ։ Ոմանք էլ սառչում են այնպիսի ողորմելի առվակում, ուր մուկն անգամ փորը չի թրջի։ Երրորդների ամբողջ տարվա եկամուտը մի զույգ թղթե նավակ է ու մի մանկական բարուրալաթ, որը լվացքի ժամանակ ջուրը փախցնում է մոր ձեռքից․․․ Այո, դա իսկապես աղքատություն է։ Իսկ ահա, օրինակի համար, Ռատիբորժի ջրային ոգին ունի ոչ պակաս երկու հարյուր հազար ծածան, դրան ավելացրած լիներ,<ref>Ձկան մի տեսակ։</ref> գետածածաններ, ծովածածաններ և որևէ մեծատամ գայլաձուկ․․․ Է՛հ, ինչ ասել կուզի, աշխարհում արդարություն չկա։
Ընդհանրապես ջրային ոգիներն ապրում են մենակ, բայց, այսպես, տարին մեկ֊երկու անգամ, վարարումների ժամանակ, նրանք հավաքվում են բոլոր կողմերից և, ինչպես ասում են, օկրուգային կոնֆերանսներ գումարում։ Մեզ մոտ նրանք միշտ հավաքվում էին հեղեղումների ժամանակ, Հրադցա Կրալովի մոտի մարզերում, որովհետև այնտեղ ջրի հարթությունն այնքան գեղեցիկ է, և հիանալի գետակներ կան, ոլորաններ, գետախորշեր, որոնց հատակը ծածկված է բարձրագույն տեսակի փափուկ տիղմով։ Սովորաբար դա դեղին տիղմ է կամ մի փոքր դարչնագույն, իսկ եթե կարմիր է կամ գորշ, ապա այլևս վազելինի պես քնքուշ չէ․․․ Այդպես ահա, հարմար տեղ գտնելով, նրանք բոլորն էլ նստում են և նորություններ պատմում իրար․ ասենք թե Սուխովերշիչևում մարդիկ գետափը երեսպատել են քարով, և այնտեղի ջրային ոգին․․․ անունը ո՞նց էր․․․ ծեր Իրեչեկը պետք է տեղափոխվի, որ ժապավեններն ու կճուճները թանկացել են՝ ուղղակի փորձանք․ որևէ բան բռնելու համար ջրային ոգին ստիպված է երեսուն կրոնի ժապավեն գնել, իսկ կճուճն ամենաքիչը արժե երեք կրոն, այն էլ խոտանով հանդերձ, ուղղակի ուզում ես թողնել արհեստդ և մի ուրիշ բանի ձեռք զարկել։ Եվ այստեղ ինչ֊որ մեկը պատմում է, թե յարոմերժցի ջրային ոգի Ֆալտիսը․․․ դե, այն կարմրաշեկը․․․ արդեն զբաղվում է առևտրով՝ հանքային ջրեր է վաճառում, իսկ կաղ Սլեպանեկը դարձել է փականակագործ և ջրմուղներն է նորոգում, և շատ ուրիշները նույնպես փոխել են իրենց պրոֆեսիան։
Ինչպես տեսնում եք, ջրային ոգիների համար մասնագիտություն ինչքան ուզես, դրա համար էլ ջրային ոգիները հետզհետե պակասում են ու պակասում, այնպես որ, երբ ամենամյա ժողովներում նրանք հաշվում են իրար, լսվում են այսպիսի տխուր խոսքեր․
«Տղերք, էլի հինգ հոգով պակասեցինք։ Էսպես որ գնա, մեր պրոֆեսիան կամաց֊կամաց բոլորովին կվերանա»։
― Այո֊ս, ― խոսում է տրուտնովցի ծեր ջրային ոգի Կրեյցնանը, ― ինչ որ կար՝ էլ չես վերադարձնի։ Օ՛ֆ֊օ՛ֆ֊օ՛ֆ֊օ՛ֆ, շատ հազարամյակներ են անցել այն օրից, երբ ամբողջ Չեխիան ջրի տակ էր, իսկ մարդը, թո՛ւ, ավելի ճիշտ՝ ջրային ոգին, ― ախր էն վախտ դեռ մարդիկ չկային, ժամանակն էն չէր․․․ Ա՛խ, աստված իմ, ինչի՞ վրա կանգ առա․․․
― Որ ամբողջ Չեխիան ջրի տակ էր, ― հիշեցրեց սհալիկցի ջրային ոգի Զելինկան։
― Հա, ― ասաց Կրեյցմանը։ ― Էդպես, ուրեմն, ամբողջ Չեխիան ջրի տակ էր՝ և՛ Ժալտմանը, և՛ Կարմիր սարը, և՛ Կրահորկան ու մնացած բոլոր սարերը, և ամեն մի ջրային ոգի կարող էր, առանց ոտները չորացնելու, ջրի տակով հիանալիորեն գնալ Բռնոյից մինչև Պրագա։ Մինչև իսկ Սնեժկա սարի գագաթը մի արմունկաչափ ծածկված էր ջրով․․․ Այո, երղբայրներ, այ թե ժամանակներ էին, հա՜։
― Էին, էին, ― մտախոհությամբ ասաց ռատիբորժցի ջրային ոգի Կուլդան։ ― Այն ժամանակ մենք, ջրային ոգիներս էլ, էնպիսի ճգնավոր֊անապատականներ չէինք, ոնց որ հիմի։ Ունեինք ստորջրյա քաղաքներ՝ կառուցված ջրաղյուսներով, ամբողջ կահույքը քաշված էր կոշտ ջրից, ներքնակները լցված էին փափուկ անձրևաջրով և տաքացվում էին գոլ ջրով, և ջուրը ոչ հատակ ուներ, ոչ ափ, ոչ սկիզբ, ոչ վերջ՝ միայն ջուրն էր ու մենք։
― Այդպես էր, ― ասաց Ժաբոկրկյան ճահճուտի ջրային ոգի Լիշկան, որի մականունը Լեշի էր։ ― Իսկ ինչպիսի՜ ջուր էր այն ժամանակ․․․ Կարող էիր կարագի պես կտրել, գնդիկներ սարքել նրանից, թել մանել, ջրալար սարքել։ Նա նման էր և՛ պողպատի, և՛ վուշի, և՛ ապակու, և՛ փետուրի, թանձր էր, ոնց հում սեր, ամուր, ոնց կաղնի, և տաքացնում էր մուշտակի պես։ Ամեն, ամեն ինչ շինված էր ջրից։ Է՛հ, ինչ ասես, մի՞թե հիմի այդպիսի ջուր կա։ ― Եվ ծեր Լեշին այնպես թքեց, որ մի խորը լճափոս գոյացավ։
― Այո, կար ու չկա, ― մտքի մեջ ընկած ասաց Կրեյցմանը։ ― Ոնց որ դեռ երեկ՝ լա՜վն էր ջուրը, ինչքա՜ն լավը, և ահա կար ու հիմի չկա։ Դրան ավելացրած և այն, որ բոլորովին համր էր։
― Ինչպե՞ս թե, ― զարմացավ Զելինկան, որը մյուս ջրային ոգիներից ջահել էր։
― Դե, համր էր, բոլորովին չէր խոսում, ― սկսեց պատմել Լիշկա֊Լեշին։ ― Ոչ մի ձայն չուներ։ Այնպես խաղաղ էր ու համր, ինչպես հիմի, երբ սառչում է կամ երբ ձյուն է գալիս․․․ Եվ ահա կեսգիշեր է, ոչինչ չի շարժվում, իսկ շուրջդ այնպես խաղաղ է, այնպիսի խաղաղ լռություն, որ ուղղակի սարսափելի է․ գլուխդ ջրից դուրս ես հանում ու ականջ դնում, իսկ սիրտդ մի տեսակ ճմլվում է այդ ահավոր լռությունից։ Այդպիսի լռություն էր այն ժամանակ, երբ դեռևս ջուրը համր էր։
― Հապա ո՞նց է, ― հարցրեց Զելինկան (ախր նա ընդամենը յոթ հազար տարեկան էր), ― հապա ո՞նց է, որ նա հետո ազատվեց համրությունից։
― Այդ այսպես պատահեց, ― ասաց Լիշկան։ ― Սա ինձ պատմել է իմ ապուպապը և ասել, որ դա պատահել է միլիոն տարի սրանից առաջ․․․ Ահա, ուրեմն, այն ժամանակ ապրելիս է եղել մի ջրային ոգի․․․ անունը ո՞նց էր․․․ Ռակոսնիկ՝ Ռակոսնիկ չի․․․ Պավլիշեկ։ Չէ․․․ Տե՜ր իմ աստված, ո՞նց էր անունը։
― Արիոն, ― հուշեց Կրեյցմանը։
― Արիոն, ― հաստատեց Լիշկան։ ― Հենց ուղղակի լեզվիս վրա էր, Արիոն էին ասում նրան։ Եվ այդ Արիոնը, ասեմ ձեզ, այնպիսի մի զարմանալի շնորհք ուներ, աստված նրան տաղանդ էր շնորհել, հասկանալի է։ Նա կարողանում էր այնպես գեղեցիկ խոսել ու երգել, որ սիրտդ մեկ ուրախությունից վեր֊վեր էր թռչում, մեկ լաց էր լինում․ այդպիսի երաժիշտ էր նա։
― Երգիչ, ― ուղղեց Կուլդան։
― Երաժիշտ կամ երգիչ, ― շարունակեց Լիշկան, ― բայց իր գործը լավ գիտեր, սիրելիս։ Ապուպապս ասում էր, որ բոլորը ձեն֊ձենի տված լաց էին լինում, երբ նա երգում էր։ Այդ Արիոնը իր սրտում մի մեծ ցավ ուներ։ Ոչ ոք չէր իմանում՝ ինչ ցավ։ Ոչ ոք չէր իմանում, թե ինչ է պատահել նրան։ Բայց երևի մի զարհուրելի վիշտ ուներ, քանի որ երգում էր այդպես հիանալի ու այդպես տխուր։ Եվ ահա, երբ նա այդպես երգում էր ջրի տակ ու գանգատվում, ջրի ամեն մի կաթիլը արցունքի պես դողում էր։ Եվ ամեն մի կաթիլի մեջ ինչ֊որ բան էր մնում նրա երգից, մինչդեռ այդ երգը ճեղքում էր ջուրը, անցնում նրա միջով։ Դրա համար էլ ջուրն այլևս համր չէ։ Նա երգում է, շշնջում ու թոթովում, խոխոջում է ու կլթկլթում, մռմռում է ու թնդում, աղմկում է, խշշում, քրթմնջում ու գանգատվում, տնքում է ու ոռնում, եռում է ու որոտում, լալիս է ու շառաչում, ծիծաղում ու հառաչում, մերթ հնչում է արծաթյա տավիղի նման, մերթ ծլնգում, ինչպես բալալայկա, մերթ երգում, ոնց երգեհոն, մերթ շեփորում, ինչպես որսորդական եղջերափող, մերթ խոսում ինչպես մարդ, որ ուրախ է կամ տխուր։ Այդ օրվանից ջուրը խոսում է աշխարհի բոլոր լեզուներով և պատմում է բաներ, որ ոչ ոք չի հասկանում՝ այնքան դրանք հիանալի են ու գեղեցիկ։ Իսկ ամենից քիչ մարդիկ են հասկանում։ Բայց քանի դեռ Արիոնը չէր հայտնվել ու չէր սովորեցրել ջրին երգել, նա բոլորովին համր էր, ինչպես որ համր է այժմ երկինքը։
― Բայց Արիոնը չէր, որ երկինքը ջրի մեջ իջեցրեց, ― ասաց ծերունի Կրեյցմանը։ ― Էդ ավելի ուշ եղավ, իմ հոր կենդանության օրոք, թող աստված նրա հոգին լուսավորի։ Դա ջրային ոգի Բրեկեկեկսն արավ, և ամեն ինչ սիրո համար։
― Այդ ինչպե՞ս, ― հարցրեց ջրային ոգի Զելինկան։
― Էսպես եղավ։ Բրեկեկեկսը սիրահարվեց։ Նա տեսավ իշխանադուստր Մեկեկեկեկսին և վառվեց նրա սիրո կրակով, բրե՛կ։ Գեղեցիկ էր Մեկեկեկսը։ Պատկերացրեք՝ գորտային ոսկևուն փոքրիկ, գորտային տոտիկներ, գորտային բերան՝ ականջից ականջ և ամբողջովին թաց ու պաղ մի մարմին։ Ահա թե ինչպիսի գեղեցկուհի էր նա։ Հիմի նրա նմաններն էլ չկան․․․
― Իսկ հետո՞, ― անհամբերությամբ հարցրեց ջրային ոգի Զելինկան։
― Դե, ինչ կարող էր լինել։ Մեկեկեկսը գեղեցիկ էր, բայց հպարտ։ Նա միայն փքվում էր ու ասում «բրեկ»։ Բրեկեկեկսը սիրուց խելքը բոլորովին թռցրեց։ «Եթե համաձայն ես իմ կինը լինել, ― ասաց նա նրան, ― ես քեզ կնվիրեմ այն ամենը, ինչ որ միայն կամենաս»։ Եվ այստեղ Մեկեկեկսը ասաց նրան․ «Այդ դեպքում, նվիրիր ինձ երկնային կապույտը, բրե՛կ»։
― Եվ ի՞նչ արավ Բրեկեկեկսը, ― հարցրեց Զելինկան։
― Ի՞նչ կարող էր անել։ Նա նստել էր ջրի տակ ու գանգատվում էր․ «Բրե՛կ֊բրե՛կ, բրե՛կ֊բրե՛կ»։ Իսկ հետո որոշեց ինքնասպանություն գործել ու դրա համար ջրից նետվեց օդի մեջ, որպեսզի այնտեղ խեղդվի, բրե՛կ։ Մինչ այդ դեռ ոչ ոք օդի մեջ չէր եղել։ Բրեկեկեկսը առաջինն էր։
― Ի՞նչ արավ նա օդի մեջ։
― Ոչինչ։ Նայեց վերև, իսկ նրա գլխավերևում կապույտ երկինքն էր։ Բրեկեկեկսը խիստ զարմացավ։ Ախր այն ժամանակ դեռ ոչ ոք չգիտեր, որ երկինքն արտացոլվում է ջրում։ Եվ ծեր Բրեկեկեկսը տեսավ, որ երկնքի կապույտը արդեն ջրի մեջ է, զարմանքից բղավեց «բրե՛կ» ու նորից նետվեց ջուրը։ Իսկ հետո Մեկեկեկսին ջրի մեջ դրեց իր մեջքին և նրա հետ դուրս լողաց։ Մեկեկեկսը ջրի մեջ տեսավ կապույտ երկինքը և ուրախությունից բացականչեց․ «Բրե՛կ, ― եկ»։ Որովհետև դուրս էր գալիս, որ Բրեկեկեկսը երկնքի կապույտը նվիրել էր նրան։
― Իսկ հետո ի՞նչ եղավ։
― Ոչինչ։ Երկուսով էլ ապրեցին անչափ բախտավոր և շատ ու շատ գորտիկներ ունեցան։ Այդ օրվանից ջրային ոգիները երբեմն գլուխները դուրս են հանում ջրից, որպեսզի համոզվեն, թե նրանց տանն էլ երկինք կա։ Իսկ երբ մեկնումեկը թողնում է իր տունը, ով էլ որ լինի, շուռ է գալիս ու նայում ետ, ինչպես Բրեկեկեկսը, և տեսնում է, որ այնտեղ, հենց իր տանն է իսկական երկինքը։ Ամենաիսկական, կապույտ ու սքանչելի երկինքը։
― Իսկ այդ ո՞վ ապացուցեց։
― Բրեկեկեկսը։
― Կեցցե՜ Բրեկեկեկսը։
― Եվ Մեկեկեկսը։
Այդ րոպեին մի մարդ անցավ մոտերքից ու մտածեց․ «Այս ինչո՞ւ են գորտերն անժամանակ կռկռում»։
Նա մի քար առավ ու նետեց ճահիճը։
Ջրի մեջ ինչ֊որ բան շրմփաց, ղլթղլթաց, ցայտերը թռան չորս կողմ բա՜րձր֊բարձր։ Ապա ամեն ինչ հանդարտվեց, բոլոր ջրային ոգիները խորասուզվեցին ջրի տակ և այժմ միայն գալ տարի կհավաքվեն իրենց կոնֆերանսին։
<references />