Վթար

Գրապահարան-ից
Վթար

հեղինակ՝ Ֆրիդրիխ Դյուրենմաթ
թարգմանիչ՝ Խաչիկ Հրաչյան
աղբյուր՝ «Վթար»


Մասն առաջին

Արդյոք դեռևս լինո՞ւմ են պատմություններ, պատմություններ գրողների համար։ Մեկնումեկը կհամաձայնի՞ դեռևս պատմել իր մասին, ռոմանտիկորեն, լիրիկականորեն ընդհանրացնել իր «ես»֊ը, պահանջ զգալով խոսել իր հույսերի ու հուսախաբությունների, կանանց սիրելու իր եղանակի մասին, խոսելու բոլորովին անկեղծ, ասես անկեղծությունն այդ ամենը կարող է դարձնել ընդհանրական,― ո՛չ բժշկական կամ, լավագույն դեպքում, հոգեբանական իմաստով։ Մի՞թե ոչ ոք չի ուզում անել այդ, համեստորեն քաշվելով երկրորդ պլան, խոհեմաբար լռելով ինտիմ բաների մասին, չի ուզում մշակել սյուժեն, ինչպես քանդակագործը նյութը, աճելով նրա հետ և, կլասիկների նման, ջանալով մեկեն չհուսահատվել, երբ հնարավոր չէ չտեսնել ամեն տեղից դուրս պրծնող բացահայտ անհեթեթությունը, երբ գրելը օրեցօր դժվարանում է և դժվարանում, երբ ավելի ու ավելի մենակ ես զգում քեզ, և ամեն ինչ դառնում է անմիտ։ Գրականության պատմության մեջ լավ գնահատականը չպետք է հետաքրքրի, ― ո՜վ ասես որ լավ գնահատականներ չի ստացել, ո՜ր խալտուրան ասես երկինք չեն բարձրացրել,― օրվա պահանջները շատ ավելի կարևոր են։ Բայց այստեղ ևս երկընտրանք կա և շուկայի անբարենպաստ վիճակ։ Կյանքն առաջարկում է համատարած զվարճություններ․ երեկոյան՝ կինո, պոեզիա՝ օրաթերթի սյունակում, ավելի մեծ բանի համար, սկսած արդեն մեկ ֆրանկից, պահանջվում է հոգի, ճանաչում, արժանահավատություն, պետք է տրվեն բարձրագույն արժեքներ, բարոյականություն, գնայուն սենտենցներ, ինչ֊որ բան պետք է հաղթահարվի կամ հաստատվի, երբեմն քրիստոնեությունը, երբեմն մոդային հուսահատությունը, մի խոսքով՝ պահանջվում է գրականություն։

Դե, իսկ եթե հեղինակն ավելի ու ավելի վճռականորեն, ավելի ու ավելի համառորեն է հրաժարվում այդ ամենն արտադրե՞լ, քանի որ նրա համար պարզ է, որ իր ստեղծագործության հիմքը հենց իր մեջ է, իր գիտակցության ու ենթագիտակցության մեջ, որոնց հարաբերակցությունը կախված է հանգամանքներից, իր հավատից ու կասկածներից, և եթե նա այնուամենայնիվ կարծում է, թե հենց հատկապես այդ բանը բոլորովին հասարակությանը չի վերաբերում, քանզի վերջինիս համար բավական է և այն, որ ինքը գրում է, պատկերում, քանդակում, գայթակղիչ կերպով ցուցադրում մակերեսը, և այդ միայն այդքանը, մնացյալի մասին պետք է լռել, կոմենտարներ չանել ու դուրս չտալ։ Այսպիսի եզրակացության հանգելով, հեղինակը կանգ կառնի, կսկսի տատանվել, անզոր կզգա իրեն, այդ համարյա անխուսափելի է։ Երևան է գալիս այնպիսի մի զգացում, որ այլևս գրելիք չկա, սկսում ես լրջորեն մտածել հրաժարականի մասին։ Միգուցե դեռևս հաջողվի մի քանի փորձ անել, իսկ հետո արդեն անխուսափելի է դեպի բնագիտություն թեքվելը,― որպեսզի, թեկուզ մտովի, մերձենաս մարդկության այդ ժայթքումին, գալիք միլիարդներին, այդ անընդհատ մատակարարվող ոսկորներին,― կամ դեպի ֆիզիկան, դեպի աստղագիտությունը, օրինակի համար հաշիվ տալ այն բեմերի մասին, ուր մենք իրար ենք անցնում։ Մնացածը պատկերազարդ հանդեսների համար է, «Լայֆ»֊ի, «Մատչ»֊ի, «Կկիկ»֊ի, «Զի ունդ Էր»֊ի համար․ պրեզիդենտը թթվածնային վրանում, իշխանուհին իր ասսի հետ, կինոաստղեր և դոլարավոր անձնավորություններ, որոնք անմիջապես էլ մոդայից ընկնում են։ Դրա հետ մեկտեղ՝ առօրյա, իմ դեպքում՝ արևմտաեվրոպական, ավելի ճիշտ՝ շվեյցարական առօրյա, վատ եղանակ ու վատ կոնյունկտուրա, հոգսեր ու տհաճություններ, անձնական ցնցող հուզումներ, բայց առանց կապի ամբողջ աշխարհի հետ, նշանակալից ու աննշան բաների հետ անհրաժեշտությունների շղթայի հետ։ Ճակատագիրը հեռացել է բեմից, ուր տեղի է ունենում գործողությունը, որպեսզի դարանակալի կուլիսների ետևում, եթե չխոսենք արդեն գնայուն դրամատուգիայի մասին, բեմում ամեն ինչ դառնում է դժբախտ պատահար՝ հիվանդություն և ճգնաժամ։ Նույնիսկ պատերազմը կախվաշ է այն բանից, թե արդյոք էլեկտրոնային ուղեղը կկանխագուշակի՞ նրա շահավետությունը, չնայած բոլորին հայտնի է, որ այդ երբեք չի լինի, քանի դեռ հաշվիչ մեքենաները սարքին վիճակում են․ միայն պարտությունը դեռևս մաթեմատիկորեն կարելի է գուշակել՝ աղետը տեղի կունենա, եթե թույլ տրվեն կեղծարարություններ, արգելակված միջամտություն էլեկտրական ուղեղի մեջ։ Բայց դա էլ դեռևս ամենասարսափելին չէ։ Ավելի սարսափելի է, երբ թուլանում է պնդօղակը ինչ֊որ կոճ անպետքանում է, սխալ է աշխատում ստեղնը՝ և տեխնիկական սխալի, կարճ միացման պատճառով վե՛րջ աշխարհին։ Եբ այսպես, այլևս չեն սպառնում ո՛չ աստված, ո՛չ հատուցումը, ո՛չ ճակատագիրը, ինչպես հինգերորդ սիմֆոնիայում, լոկ դժբախտ պատահարներ ճանապարհներին, ամբարտակների ճեղքումներ՝ անճիշտ կառուցվածքի հետևանքով, լաբորանտի ցրվածությունից առաջացաշ պայթյուն ատոմային ռումբերի գորածարանում, բակտերիաներով լի վատ ծածկված չան։ Մեր ուղին տանում է դեպի վթարներով լի այս աշխարհը, նրա փոշոտ ծայրում՝ Բալիի ֆիրմայի կոշիկ, «ստուդեբեկկերներ», պաղպաղակ և վթարների զոհերի հուշարձաններ ռեկլամող ցուցափեղկերի կողքին, դեռևս պատահում են պատմություններ, ուր սովորական անձնավորության մեջ հանկարծ երևում է մարդկությունը, մանր իրադարձությունը աճում, դառնում է համընդհանուր, երևան են գալիս արդարադատություն ու արդարություն, թերևս նույնիսկ գթասրտություն, որը պատահաբար արտացոլվել է հարբեցողի միակնոցում։

Մասն երկրորդ

Այս անգամ էլ դժբախտ դեպք՝ վթար, սակայն անվնաս․ Ալֆրեդ Տրապսը, հայտնենք անունը ― տեքստիլ ֆիրմայի կոմիվոյաժոր, քառասունհինգ տարեկան, դեռևս չգիրացած, հաճելի արտաքինով, պատշաճ շարժուձևերով (որոնք թեկուզ և մատնում են որոշ վարժեցվածություն, որի ետևում նկատելի է մանրավաճառից ինչ֊որ բան) ― մեր այդ ժամանակակիցը հենց նոր իր «ստուդեբեկկերով» շարժվում էր փոքրիկ քաղաքի մեծ փողոցների մեկով և կարող էր արդեն հուսալ մի ժամ հետո հասնելու իր բնակավայրը, ավելի մեծ մի քաղաք, երբ մեքենան բանթող հայտարարեց։ Ուղղակի այլևս չշարունակեց ճամփան։ Կարմիր լաքած մեքենան անօգնական կանգնել էր փոքրիկ բլրակի ստորոտին, որի երկայնքով ձգվում էր փողոցը։ Հյուսիսում կախվել էր թանձր մի ամպ, արևմուտքում արևը կանգնած էր դեռևս վերևում, համարյա ինչպես կեսօրին։ Տրապսը մի սիգարետ ծխեց և արավ այն ամենը, ինչ կարող էր։ Գարաժի տերը, որը վերջիվերջո «ստուդեբեկկերը» քարշ տվեց իր մոտ, հայտնեց, որ վնասվածքը էգուց առավոտից շուտ չի կարելի վերացնել, խանգարված է բենզինի մատուցումը։ Դժվար էր պարզել՝ այդպե՞ս է իրոք, ասենք չարժե էլ փորձել․ ավտոմեխանիկներին դուք անձնատուր եք լինում անառարկելիորեն, ինչպես երբեմն ավազակ֊ասպետներին, իսկ ավելի առաջ՝ տեղական աստվածներին ու դևերին։ Հավանորեն, ամենից ավելի խելացի կլիներ, կես ֊ամ տրամադրելով, վերադառնալ մոտակա երկաթուղային կայարանը և թեկուզ մի փոքր բարդացված, բայց ամենակարճ ճանապարհով ուղևորվել դեպի տուն, կնոջ, երեխաների մոտ՝ չորսն էլ տղա։ Բայց Տրապսը որոշեց գիշերել։ Երեկոյան ժամը վեցն էր, շոգ, ամենաերկար օրերն էին, պստլիկ քաղաքը, կամ ավելի ճիշտ, գյուղը, որի ծայրին գարաժն էր գտնվում, սիրալիր տեսք ուներ, ցրված անտառածածկ բլրակների երկայնքով, կիրխեի փոքրիկ բարձունքին․ և՛ պաստորի տունը, և՛ երկաթե օղակներով ու նեցուկներով ամրացված ծերացած, հզոր կաղնին՝ ամեն ինչ վստահելի էր, մաքուր, նույնիսկ գյուղական տների առջևի գոմաղբը խնամքով շարված էր ու նստեցված։ Մոտերքում ինչ֊որ տեղ փոքրիկ ֆաբրիկան էր և բազմաթիվ պանդոկներ ու հյուրանոցներ, որոնցից մեկը մի ժամանակ գովաբանել էին Տրապսին․ բայց բոլոր սենյակներն զբաղեցրել էին անասնաբույծների համագումարի մասնակիցները, և կոմիվոյաժորին ցույց տվին մի վիլլա, որտեղ երբեմն կենվորներ են ընդունում։ Տրապսը տանտանվեց։ Դեռևս կարելի էր գնացքով տուն վերադառնալ, բայց նրան հրապուրում էր որևէ արկած ունենալու հույսը․ ախր գյուղերում երբեմն լինում են աղջիկներ, ինչպես օրերս Գրոսբիստրինգենում, որոնք կարողանում են կոմիվոյաժորներին գնահատել։ Ուստի նա, սրտապնդվելով, քայլերն ուղղեց դեպի վիլլան։ Կիրխեի զանգերը ղողանջում են։ Կովերը գալիս են նրան ընդառաջ, բառաչում։ Ահա մեծ պարտեզի մեջ ընկած միհարկանի տունը,―շլացուցիչ սպիտակ պատեր, կանաչ խլափեղկեր,― կիսով չափ ծածկված է թփերով, հաճարիներով ու եղևնիներով, փողոցի կողմից՝ ծաղիկներ, գլխավորապես վարդեր, որոնց մեջ կաշվե գոգնոցով մի տարեց մարդ, հավանորեն տանտերը, զբաղված է պարտիզպանի թեթև աշխատանքով։

Տրապսը ներկայացավ ու ապաստան խնդրեց։

― Ձեր զբաղմո՞ւնքը,― ցանկապատին մոտենալով հարցրեց ծերունին։ Նա սիգար էր ծխում ու հազիվ երևում էր դռնակի ետևից։

― Զբաղվում եմ տեքստիլային գործով։

Ծերունին ուշադիր զննեց Տրապսին, հեռատեսների սովորությամբ նայելով փոքրիկ անշրջանակ ակնոցի վերևից։

― Հարկավ, դուք կարող եք այստեղ գիշերել։

Տրապսը հարցրեց գնի մասին։

Սովորաբար նա դրա համար ոչինչ չի վերցնում, բացատրեց ծերունին, ապրում է մենակ (որդին Միացյալ Նահանգներում է), իր մասին հոգում է տնտեսուհին, մադմուազել Սիմոնան, ուստի ինքը նույնիսկ ուրախ է մեկ֊մեկ ապաստան տալ հյուրերին։

Տրապսը շնորհակալություն հայտնեց։ Նա զգացված էր հյուրընկալության համար և մտքում նկատեց, որ գյուղում նախնիների բարքերն ու սովորությունները դեռևս չեն անհետացել։

Դռնակը բացվեց։ Տրապսն աչք ածեց շուրջը։ Մանրախճով ծածկված ծառուղիներ, սիզամարգեր, ստվերաշատ անկյուններ և արևով ողողված բացատներ։

Այսօր երեկոյան նա իր մոտ սպասում է մի քանի պարոնների, ասաց ծերունին, երբ նրանք մոտեցան ծաղկանոցին, և սկսեց խնամքով մաքրել վարդի թուփը։ Կգան բարեկամներ, որոնք ապրում են հարևանությամբ, ոմանք գյուղում, ոմանք քիչ հեռու, բլուրների մոտ, իր նման թոշակառուներ, որոնք բնակություն են հաստատել այստեղ մեղմ կլիմայի, այլև նրա համար, որ այստեղ չի զգացվում ֆյոնը[1]։ Երեքով էլ միայնակ այրիներ են, ամեն մի նոր, թարմ, հրատապ բանի հանդեպ հետաքրքրությամբ լի, ուստի նրան բավականություն կպատճառի պարոն Տրապսին հրավիրել ընթրելու իրենց տղամարդկային հասարակության հետ։

Տրապսը շփոթվեց։ Ճիշտն ասած, նա պատրաստվում էր ընթրել գյուղում, ողջ շրջանում հայտնի պանդոկում, բայց սիրտ չարավ առաջարկությունը մերժել։ Նա իրեն պարտավորված էր զգում։ Նա ընդունեց անվճար գիշերելու հրավերը, և չէր ուզում անքաղաքավարի երևալ։ Տրապսը ձևացրեց, թե ուրախ է։ Տանտերը նրան վերև տարավ։ Հաճելի սենյակ, լվացարան, լայն մահճակալ, սեղան, հարմարավոտ բազկաթոռ, պատին՝ Խոդլեր, գրադարակին՝ հին կաշեկազմ գրքեր։ Տրապսը բաց արավ ճամպրուկը, լվացվեց, սափրվեց, թաղվեց օդեկոլոնի ամպի մեջ, մոտեցավ պատուհանին, սիգարետ ծխեց։ Արևի շողը, ցած սահելով բլրակներից, լուսավորեց հաճարենու պուրակը։ Տրապսը մտքում արագ անդրադարձավ այդ օրվա իրադարձություններին։ Ակցիոներական ընկերության ներկայացուցչի զեկուցումը, հումքի հետ կապված դժվարություններ, այն մանչուկը պահանջում է հինգ տոկոս, ոչինչ, դեռ ինքը կոլորոի նրա վիզը։ Ապա հիշողության մեջ դուրս լողացին ամենօրյա շփոթ դեպքեր․ սպասվելիք սիրային տեսակցությունը «Թուրին» հոթելում, արդյոք փոքրի համար (որին մնացածներից ավելի է սիրում) էլեկտրական գնացք չգնի՞, պետք է հեռախոսով զանգել կնոջն ու հայտնել ակամա ուշացման մասին։ Բայց նա հրաժարվեց այդ մտքից։ Ինչպես հաճախ էր անում։ Կինն արդեն վարժվել է դրան և, միևնույնն է, չի էլ հավատա։ Նա հորանջեց, մի սիգարետ էլ թույլ տվեց իրեն։ Հետո նայեց, թե ինչպես էին արահետով առաջանում երեք ծեր պարոններ, երկուսը թևանցուկ, իսկ ճաղատ հաստլիկը նրանց ետևից։ Ողջույններ, ձեռքսեղմումներ, խոսակցություն վարդերի մասին։ Տրապսը պատուհանից հեռացավ, գնաց դեպի գարդարակը։ Դատելով վերնագրերից, որ նա կարդաց, տաղտկալի երեկո էր սպասվում․ Հետցենդորֆ―«Սպանություն և մահապատիժ», Սավինյի―«Ժամանակակից հռոմեական իրավունք», Էռնստ Դավիդ Հյոլլե―«Հարցաքննության պրակտիկան»։ Ամեն ինչ պարզ է։ Տանտերը հավանորեն իրավաբան է, նախկին փաստաբան։ Տրապսը պատրաստվեց հանգամանալից դատողություններ լսելու․ այդպիսի գրքամոլն ինչ է հասկանում իրական կյանքից, պարզպաես ոչինչ, հենց դրա համար էլ օրենքներ գոյություն ունեն։ Դեռ կարելի էր երկյուղ կերլ, թե կսկսեն արվեստից կամ դրա նման մի այլ բանից խոսել, և այն ժամանակ նա հեշտությամբ կարող էր խայտառակվել․ դե լավ, եթե գլխովին չթաղվեր գործերի մեջ, ինքն էլ բոլոր այդ բարձր բաներից գաղափար կունենար։ Այդպես բոլորովին անտրամադիր իջավ ներքև, ուր բոլորը տեղավորվել էին արևի ճառագայթներով ողողված բաց վերանդայում, մինչդեռ տնտեսուհին, հաղթանդամ մի կին, սեղան էր բացում կից սեղանատանը։ Բայց և այնպես Տրապսը շփոթվեց, տեսնելով իրեն սպասող մարդկանց։ Նա ուրախացավ, որ նախ ընդառաջ եկավ տանտերը, այժմ համարյա պճնամոլ տեսքով, չափազանց լայն սերթուկով, ցանցառ մազերը խնամքով սանրված։ Ողջունեցին Տրապսին։ Հակիրճ ճառով։ Նա կարողացավ զարմանքը թաքցնել, մռթմռթաց, թե հատուկ բավականություն է զգում, զուսպ, սառնությամբ գլուխ տվեց, աշխարհիկ գործարարի դեր խաղալով, և տխրությամբ մտածե, որ մնացել էր այդ գյուղում միայն այն պատճառով, որպեսզի որևէ աղջնակ որսար։ Այդ բանը չհաջողվեց։ Նա զննեց մնացած երեք ծերունիներին, որոնք ոչնչով չէին զիջում խենթավուն տանտիրոջը։ ՎԻթխարի ագռավների նման նրանք լցրել էին գործովի կահույքով կահավորված ու թեթև վարագույրներ ունեցող ամառային վերանդան, զառամյալ, լքյալ, կեղտոտ, չնայած բոլորի սերթուկներն էլ, ինչպես մեկեն նկատեց, բարձրորակ կտորից էին, բացառությամբ ճաղատի (Պիլե անունով, յոթանասունյոթ տարեկան, ինչպես հյուրերին ներկայացնելիս ասաց տանտերը), որը մեծ արժանապատվությամբ բազմել էր անհարմար աթոռակին, չնայած չորս կողմ բազմաթիվ հարմարավետ աթոռներ կային, գերքաղաքավարությամբ ձգվելով ―սպիտակ մեխակը մերակին―և շարունակ սղալելով իր թփանման սև ներկած բեղը։ Ակնհայտ թոշակառու, անցյալում թերևս եկեղեցու փոքրավոր, հարստացած բախտավոր դիպվածով, կամ ծխնելույզ մաքրող, հնարավոր է նաև մեքենավար։ Ավելի լքյալ էին երևում մյուս երկուսը։ Մեկը (պարոն Քումմեր, ութսուներկու տարեկան) ավելի հաստ, քան Պիլեն, անընդգրկելի, ասես կազմված ճարպե բարձերից, նստել էր ճոճաթոռին ― բոսորագույն դեմք, հարբեցողի հսկայական քիթ, ոսկե պենսնեի ապակիների ետևում՝ դուրս ընկած կենսուրախ աչքեր, և դրա հետ միասին, հավանորեն սխալմամբ, գիշերաշապիկ՝ սև կոստյումի տակ և թերթերով ու թղթերով լեցուն գրպաններ, մինչդեռ երկրորդը (պարոն Ցոռն, ութսունվեց տարեկան) նիհար ու երկարուկ, ձախ աչքեին միակնոց, դեմքին սպիներ, քիթը կեռ, առյուծի ձյունաճերմակ բաշ, ներս ընկած բերան ― ամբողջովին նախանցյալ օրվա մարմնացում―ծուռ կոճկված ժիլետ և տարբեր գուլպաներ։

― Կամպարի՞,― հարցրեց տանտերը։

― Խնդրեմ,― պատասխանեց Տրապսը ու նստեց աթոռին, մինչդեռ նիհար ու երկարուկը միակնոցի միջով զննում էր նրան։

― Պարոն Տրապսը հավանաբար կմասնակցի՞ մեր խաղին։

― Անշուշտ։ Խաղերը զվարճացնում են ինձ։

Ծեր պարոնները ժպտում են, գլուխներն օրորում։

― Մեր խաղը թերևս փոքր֊ինչ անսովոր է,― որոշ տատանումներով բացատրեց տանտերը։― Երեկոները մենք խաղում ենք մեր հին պրոֆեսիաները։

Ծերունիները նորից ժպտացին, ժպտացին զուսպ, քաղաքավարի։

Տրապսը զարմացավ։ Այդ ինպե՞ս պետք է հասկանալ։

― Դե,― ճշտեց տանտերը,― մի ժամանակ ես դատավոր էի, պարոն Ցոռնը դատախազ էր, պարոն Քումմերը՝ փաստաբան։ Այ, մենք էլ դատական պրոցես ենք խաղում։

― Ահա թե ի՜նչ,― հասկացավ Տրապսը և այդ միտքը գտավ ընդունելի։ Գուցե այնուամենայնիվ երեկոն կորած չէ։

Տանտերը հաղթականորեն դիտեց նրան։

― Ընդհանրապես ասած,― մեղմ ձայնով բացատրեց նա,― մենք նշանավոր պատմական դատավարությունները նորից ենք անցկացնում․ Սոկրատեսի դատը, Հիսուս Քրիստոսի, Ժաննա դ՝Արկի, Դրեյֆուսի դատը, վերջերս ռայխստագը հրկիզողների դատը, իսկ մի անգամ անիրավազոր հայտարարեցինք Ֆրիդրիխ Մեծին։

Տրապսը զարմացավ։

― Դուք ամե՞ն երեկո եք այդպես խաղում։

Դատավորը գլխով արեց։

― Բայց, իհարկե,― շարունակեց նա,― ամենից լավն այն է, երբ կենդանի մարդ է խաղի օբյեկտը, որը հաճախ ստեղծում է հատկապես հետաքրքիր վիճակներ։ Դեռ երեկ չէր մյուս օրն էր, որ պառլամետնի մի անդամ, որը գյուղում նախընտրական ճառ արտասանեց և ուշացավ վերջին գնացքին, շանտաժի և կաշառակերության համար մեր կողմից դատապարտվեց տասնչորս տարվա բանտարկության։

― Խիստ դատավճիռ է,― նկատեց ուրախացած Տրապսը։

― Պատվի խնդիր է,― փայլեցին ծերուկները։

Իսկ իրեն ի՞նչ դեր կտարմադրեն։

Նորից ժպիտներ, զուսպ ծիծաղ։

Նրանք դատավոր, դատախազ և դատապաշտպան արդեն ունեն․ դրանք պաշտոններ են, որոնք պահանջում են խաղի կանոնների և գործի իմացում, նկատեց տանտերը, միայն մեղադրյալի տեղն է ազատ, բայց նա ուզում է այդ բանն ընդգծել, պարոն Տրապսին ոչ մի կերպ չեն հարկադրում մասնակցել խաղին։

Տանտիրոջ առաջարկն ուրախացրեց Տրապսին։ Կարծես երեկոն փրկված է։ Ոչ խրատներ կլինեն, ոչ ձանրձույթ, ըստ երևույթին նույնիսկ ուրախ կլինի։ Նա հասարակ մարդ է, աչքի չի ընկնում մտքի առանձնահատուկ ուժով, հակում չունի դեպի նման գործունեությունը։ Գործարար մարդ է, փորձված, կարող է ռիսկի գնալ, երբ այդ անհրաժեշտ է, սիրում է լավ ուտել ու խմել, չի խորշում թունդ կատակից։ Ինքը կմասնակցի խաղին, ասաց Տրապսը, և պատիվ կհամարի իրեն զբաղեցնելու մեղադրյալի թափուր աթոռը։

― Բռա՛վո,― ճռնչաց դատախազը ու ծափ տվեց։ Բռավոն տղամարդու խոսք է, նա այդ համարում է համարձակություն։

Տրապսը հետաքրքրությամբ հարցրեց, թե ի՞նչ հանցանք են վերագրելու իրեն։

― Այդ կարևոր չէ,― պատասխանեց դատախազը, մաքրելով միակնոցը,― հանցանք միշտ կգտնվի։

Բոլորը ծիծաղեցն։

Պարոն Քումմերը վեր կացավ տեղից։

― Գնանք, պարոն Տրապս,― համարյա հայրաբար ասաց նա,― փորձենք այստեղ մատուցվող պորտվեյնը, որ շատ հին է․ դուք պետք է ծանոթանաք դրա հետ։

Նա Տրապսին տարավ սեղանատուն։ Կլոր մեծ սեղանը ծանրաբեռնված էր տոնականորեն։ Բարձր թիկնակներով հինավուրց աթոռներ, սևացած նկարներ պատին, ամեն ինչ հնաձև, մեծալուրջ, վերանդայից լսելի էր ծերուկների խոսակցությունը, երեկոյան լույսը թափանցում էր բաց պատուհաններից, լսելի էր թռչունների ճռվողյունը, փոքրիկ սեղանին շարվել էին շշեր, բուխարու վերևում զամբյուղների մեջ՝ բորդո։ Դատապաշտպանը հին շշից թեթևակի դողացող ձեռքով բերնեբերան պորտվեյն լցրեց երկու փոքրիկ սկահակները, բաժակը խփեց Տրապսի բաժակին, ցանկանալով նրան առողջություն, և զգուշությամբ թանկագին հեղուկով լի սկահակը տարավ շրթունքներին։

Տրապսը մի կում արավ։

― Հոյակապ է,― հաստատեց նա։

― Պարոն Տրապս, ես ձեր պաշտպանն եմ,― ասաց պարոն Քումմերը։― Ուստի թող մեր միջև սերտ բարեկամություն լինի։

― Մեր բարեկամության կենացը։

Ամենալավն այն է, ասաց փաստաբանը, Տրապսին մոտեցնելով հարբեցողի քթով ու հնաձև պենսնեով իր կարմիր դեմքը և մոտենալով խոսակցին այնպես, որ վիթխարի որովայնն ու տհաճ փափուկ մասսան հպվեցին նրան, ամենալավն այն է, եթե պարոն Տրապսը մեկեն խոստովանի նրան իր ոճրագործությունը։ Այդ դեպքում նա կարող է երաշխավորել, որ դատարանում հնարավոր կլինի դուրս պրծնել։ Ճիշտ է, դրությունն այնքան էլ վտանգավոր չէ, բայց պետք չէ նաև թերագնահատել։ Նիհար, երկարուկ դատախազից, որը դեռևս ամենևին էլ չի ծախսել֊սպառել իր հոգեկան ուժերը, պետք է վեխենալ, ասենք տան տերը նույնպես, դժբախտաբար, հակված է խստության ու թերևս նույնիսկ տառակերության, որը ծերության օրերին ― նա յոթանասունութ տարեկան է― ավելի է ուժեղացել։ Չնայած դրան, նրան՝ դատապաշտպանին հաջողվել է գործերի մեծ մասը հաջողությամբ վարել կամ համենայն դեպս թույլ չտալ վատթարագույնը։ Միայն մի դեպքում―սպանություն ու թալան― իսկապես ոչինչ հնարավոր չէ անել։ Բայց այս դեպքում սպանության ու թալանի մասին կարծես խոսք անգամ չի կարող լինել, որքան նա կարող է դատել, թե՞ այնուամենայնիվ․․․

Դժբախտաբար ինքը ոչ մի հանցանք չի գործել, ծիծաղեց Տրապսը։ Եվ իսկույն էլ ասաց․

― Ձեր կենացը։

― Խոստովանեք ինձ,― քաջալերում էր նրան դատապաշտպանը։― Դուք ինձանից չպետք է քաշվեք։ Ես ճանաչում եմ կյանքը և ոչնչի վրա այլևս չեմ զարմանում։ Իմ առջևով ճակատագրեր են անցել, պարոն Տրապս, բացվել են անդունդներ, կարող եք հավատալ ինձ։

Նա շատ ցավում է, ծիծաղեց Տրապսը, իրոք ինքը մի մեղադրյալ է, որը կկանգնի նրանց դատարանի առաջ առանց որևէ ոճրագործության, և վերջիվերջո դա դատախազի գործն է՝ մերկացնել իրեն, չէ որ նա ինքն ասաց, որ պետք է բռնել խոսքի վրա։ Խաղը խաղ է։ Հետաքրքիր է, թե ինչ կստացվի դրանից։ Իսկական հարցաքննություն կլինի՞։

― Պետք է ենթադրել։

― Այդ ինձ ուրախացնում է։

Պաշտպանի դեմքին տարակուսանք երևաց։

― Դուք ձեզ անմե՞ղ եք զգում, պարոն Տրապս։

Տրապսը ծիծաղեց։

― Ապակու պես։

Խոսակցութունը նրան զվարճալի էր թվում։

Պաշտպանը մաքրեց պենսնեն։

― Ականջներիդ գինդ արեք, իմ երիտասարդ բարեկամ, ամենակարևորը դեռևս այն չէ՝ անմե՞ղ եք, թե ոչ, ամբողջ խնդիրը տակտիկայի մեջ է։ Խելահեղություն է հույս դնել մեր դատարանի առաջ անմեղ մնալու վրա։ Ընդհակառակն, ամենից խելացին այն է, որ անմիջապես որևէ հանցանք ընտրես քեզ համար, օրինակ, գործարար մարդկանց այնպես հարմար խաբեությունը։ Այդ դեպքում հարցաքննության ժամանակ կարող է պարզվել, որ մեղադրյալը չափազանցում է, որ, իսկապես, տեղի է ունեցել ոչ թե խաբեություն, այլ ռեկլամային նկատառումներից ելնող փաստերի անմեղ նենգափոխում, ինչպես կատարվում է առևտրի ասպարեզում։ Ճիշտ է, մեղավորությունից դեպի անմեղություն տանող ճանապարհը հեշտ չէ, բայց այնուամենայնիվ հնարավոր է, մինչդեռ բոլորովին անհուսալի է ցանկանալ, ինչ գնով ուզում է լինի, ապացուցել իր անմեղությունը․ արդյունքը կործանիչ է լինում։ Դուք տանուլ եք տալիս, մինչդեռ կարող էիք շահել, և զրկվում եք հանցանքն անձամբ ընտրելու հնարավորություից․ այն արդեն փաթաթում են ձեր վզին։

Տրապսը, ժպտալով, ուսերը թոթվեց․ ցավում է, որ ոչնչով չի կարող օգտակար լինել, բայց իսկապես չի հիշում իր կողմից ոչ մի վատ արարք, որը հակասության մեջ մտներ օրենքների հետ, նա այդ բանը պնդում է։

Պաշտպանը նորից պենսնեն դրեց։ Տրապսի հետ իր գործը դժվար կլինի, մտածում է նա․ այստեղ խոփը քարին է դեմ առնելու։

― Բայց ամենագլխավորը,― խոսակցությունը եզրափակեց նա,― ամեն մի բառը լավ ծանր ու թեթև արեք, ավելորդ մի դուրս տաք, այլապես չեք էլ նկատի, թե ինչպես դատապարտեցին երկարատև բանտարկության, և արդեն ոչնչով հնարավոր չի լինի գործին օգնել։

Այստեղ եկան մյուսները։ Կլոր սեղանի շուրջ տեղեր գրավեցին։ Բարեկամական զրույց, կատակներ։ Սկզբում մատուցվեց զանազան նախուտեստեղեն, սառը միս, ռուսական ձևով խաշած ձու, ոստրե, կրիայի ապուր։ Տրամադրությունը հոյակապ էր, ֆռթացնում էին բավականությամբ, չմփչմփացնում առանց քաշվելու։

― Դե, մեղադրյալ, ի՞նչ կարող եք ներկայացնել մեզ։ Հուսով եմ, մի լուրջ սպանությո՞ւն,― տնքաց դատախազը։

Պաշտպանը բողոքեց․

― Իմ կլիենտը անհանցանք մեղադրյալ է, այսպես ասած, բացառիկ երևույթ իրավաբանական պրակտիկայում։ Պնդում է, որ անմեղ է։

― Անմե՞ղ,― զարմացավ դատախազը։ Նրա սպիները կարմրեցին, միակնոցը քիչ մնաց ընկներ ափսեի մեջ՝ ճոճվում էր, սև քուղից կախ ընկած։

Թզուկ֊դատավորը, որը հենց նոր սկսել էր ապուրի մեջ հաց բրդել, կանգ առավ, հանդիմանությամբ նայեց Տրապսին ու գլուխն օրորեց։ Մինչև իսկ սպիտակ մեխակը մերակին լռակյաց ճաղատ Պիլեն զարմանքով հայացքը չռեց նրա վրա։ Սարսռազդեցիկ լռություն տիրեց։ Ո՛չ գդալի կամ պատառաքաղի զնգոց, ո՛չ չմփչմփոց, ո՛չ ղրճտոց։ Միայն Սիմոնան էր սենյակի խորքում կամացուկ քրքջում։

― Մենք պետք է ստուգենք,― վերջապես սթափվեց դատախազը։― Ինչ որ չկա, չի էլ կարող լինել։

― Սկսենք,― ծիծաղեց Տրապսը։― Ես ձեր տրամադրության տակ եմ։

Ձկան հետ գինի մատուցվեց, թեթև, փրփրուն նևշատել։

― Դե ինչ,― ասաց դատախազը, հաշիվ տեսնելով կարմրախայտի հետ,― տեսնենք։ Ամուսնացա՞ծ եք։

― Տասնմեկ տարի է։

― Երեխանե՞ր։

― Չորսը։

― Պրոֆեսիա՞։

― Տեքստիլի մասնագետ։

― Այլ կերպ ասած, կոմիվոյաժո՞ր, սիրելի պարոն Տրապս։

― Գլխավոր ներկայացուցիչ։

― Հիանալի է։ Վթարի՞ եք ենթարկվել։

― Բոլորովին պատահաբար։ Այս տարի առաջին անգամ։

― Ըհը։ Իսկ մինչ ա՞յդ։

― Դե, այն ժամանակ ես դեռ հին մեքենայով էի շրջում,― բացատրեց Տրապսը։― «Սիտրոյեն» 1939 թվականի, իսկ այժմ «ստուդեբեկկեր» ունեմ, կարմիր, լաքած, էքստրա մոդել։

― «Ստուդեբեկկեր», ահա թե ի՜նչ, հետաքրքիր է։ Եվ միայն վերջե՞րս։ Մինչ այդ, երևի, գլխավոր ներկայացուցիչ չէի՞ք։

― Տեքստիլի սովորական շարքային կոմիվոյաժոր էի։

― Կոնյուկտուրա,― գլխով արավ դատախազը։

Տրապսի կողքին նստել էր դատապաշտպանը։

― Ուշադիր եղեք,― շշնջաց նա։

Տեքստիլի կոմիվոյաժորը կամ գլխավոր ներկայացուցիչը, ինչպես այժմ կարող ենք անվանել նրան, անհոգ զբաղված էր բիֆշտեքսով, տարտար սոուսով, լիմոն քամեց նրա վրա (ինքնուրույն դեղատոմս) մի փոքր կոնյակ, պղպեղ ու աղ։ Դեռևս երբեք դրանից ավելի հաճելի ուտելիք չէր փորձել, նա պարզապես փայլում էր․ մինչև այժմ նա մանեալավ զվարճությունը համարում էր ընթրիքը «Շլարաֆիայում», բայց այս տղամարդկային երեկույթը նրան շատ ավելի մեծ բավականություն է պատճառում։

― Ըհը՜,― վրա տվեց դատախազը,― դուք այցելում եք «Շլարա՞ֆիա»։ Ի՞նչ մականուն եք կրում այնտեղ։

― Մարկիզ դը Կազանովա։

― Հիանալի է,― ուրախացած կռնչաց դատախազը, ասես այդ տեղեկությունը խիստ կարևոր էր, ու նորից դրեց միակնոցը,― բոլորիս համար էլ հաճելի է այդ լսել։ Կարելի՞ է այդ մականվամբ դատել ձեր մասնավոր կյանքի մասին, թանկագին պարոն։

― Ուշադրությո՛ւն,― ֆշշացրեց դատապաշտպանը։

― Թանկագին պարոն դատախազ,― պատասխանեց Տրապսը,― միայն որոշ չափով։ Եթե ես դրսում որևէ բան ունենում եմ կանանց հետ, ապա միայն պատահաբար և, այսպես ասած, ոտքի վրա։

Արդյոք պարոն ՏՐապսն այնքան բարի չի՞ գտնվի այստեղ հավաքվածներին համառոտակի պատմելու իր կյանքը, խնդրեց դատավորը բաժակնում նևշատել ավելացնելով, քանզի որոշված է թանկագին հյուրին ու մեղսագործին դատի տալ և հնարավորության սահմաններում երկար տարիներով բան նետել, եթե միայն հաջողվի իմանալ նրա ամենաթաքուն գաղտնիքները, մասնավոր, ինտիմ կյանքը, որոշ բաներ իմանալ կանանց հետ ունեցած կապերի մասին և, եթե կարելի է, հնարավորին չափ աղը տեղը և սուր։

― Պատմե՛լ, պատմե՛լ,― ծեր պարոնները քրքջալով պահանջեցին գլխավոր ներկայացուցչից։ Մեկ անգամ նրանց սեղանակիցն էր մի սուտենյոր․ նա խիստ հրապուրիչ ու գրգռող դեպքեր էր պատմում իր պրակտիկայից, և այդ ամենով հանդերձ գլուխն ազատեց միայն չորս տարվա բանտարկությամբ։

― Դե֊դե,― ծիծաղեց Տրապսը,― ախր ես ի՞նչ պատմեմ։ Պարոնայք, պետք է խոստովանեմ, որ ես վարում եմ սովորական, չափավոր կյանք։ Խմենք։

― Խմե՞նք։

Գլխավոր ներկայացուցիչը բարձրացրեց բաժակը, խանդաղատանքով նայեց չորս ծերուկների պաղած աչքերին, որոնք հայացքներն հառել էին նրան այնպես, ասես նա արտասովոր մի քաղցրեղեն էր, և բաժակները զարկեցին իրար։

Վերջապես արևը մայր մտավ։ Թռչունների դժոխային աղմուկը լռեց, բայց մթնշաղի լույսով դեռևս երևում էր ամբողջ լանդշաֆտը՝ պարտեզներն ու ծառերի մեջ թաղված կարմիր տանիքները, անտառապատ բլուրները, հեռվում նախալեռներն ու մի քանի սառցակույտեր․ հանգստավետ տրամադրություն, գյուղական լռություն, երջանկության հանդիսավոր նախազգացում, աստծու օրհնություն ու տիեզերական հարմոնիա։

Ծանր մանկություն է ունեցել նա, պատմում էր Տրապսը, մինչև Սիմոնան կփոխեր ափսեներն ու սեղանին կդներ գլորոշի արձակող վիթծարի սկուտեղը։ Թթվասերով շամպինյոններ։ Նրա հայրը եղել է գործարանային բանվոր, պրոլետար, տարված Մարքսի և Էնգելսի ուսմունքով, գազազած, անուրախ մի մարդ, որը երբեք չէր հոգում իր միակ երեխայի մասին։ Մայրը լվացարարուհի էր, վաղաժամ թառամած մի կին։

― Միայն տարրական դպրոց եմ հաճախել, միայն տարրական դպրոց,― կրկնում էր նա արցունքն աչքերին, դառնությամբ և հենց տեղնուտեղն էլ, հուզված իր ողորմելի անցյալից, շխկացրեց բաժակը այս անգամ արդեն լի «ռեզերվ դը մորեշոյով»։

― Հետաքրքիր է,― ասաց դատախազը,― հետաքրքիր է։ Միայն տարրական դպրոց։ Սեփական ուժերով եք վերև բարձրացել, հարգելիս։

― Կարծում եմ,― պարծեցավ նա, ջերմացած «ռեզերվ դը մորեշոյով», թևավորված բարեկամական զրույցով և պատուհանից դուրս փռված աստծու աշխարհի հանդիսավորությամբ։ ― Անշուշտ, դեռևս տասը տարի առաջ ես ընդամենը գործակատար էի և ճամպրուկը ձեռքիս տնից տուն էի անցնում։ Ծանր աշխատանք է այդ՝ թափառաշրջել, գիշերել ինչ֊որ խոտանոցներում կամ կասկածելի գիշերօթևաններում" Ներքևից եմ սկսել ես, ամենաներքևից։ Իսկ այժմ, պարոնայք, եթե միայն դուք տեսնեիք իմ հաշիվը բանկում։ Չեմ ուզում պարծենալ, բայց ձեզանից որևէ մեկը «ստուդեբեկկեր» ունի՞։

― Զգույշ եղեք,― մտահոգությամբ շշնջաց պաշտպանը։

― Այդ ամենն ինչպե՞ս կատարվեց,― հետաքրքրությամբ հարցրեց դատախազը։

Նա պետք է ուշադիր լինի ու այնքան էլ շատ չխոսի, նախազգուշացրեց պաշտպանը։

Նա միայնակ իր վրա վերցրեց «Հեփեստոն» ֆիրմայի ներկայացուցչությունը ամբողջ Եվրոպայում, հայտնեց Տրապսը ու հաղթականորեն նայեց բոլորին։ Միայն Իսպանիան ու Բալկաններն էին ուրիշի ձեռքերում։

Հեփեստոս, հունական աստված, քրքջաց փոքրիկ դատավորը՝ շամպինյոն վերցնելով իր համար, հույժ հմուտ դարբին, որը սիրո աստվածուհուն և նրա սիրեկանին, պատերազմի աստված Արեսին, որսաց այնպիսի բարակ, անտեսանելի ցանցով, որ մնացած բոլոր աստվածները չէին կշտանում դիտելով այդ որսը։ Բայց թե ինչ է նշանակում «Հեփեստոն», որի մենաշնորհ ներկայացուցիչն է հարգելի պարոն Տրապսը՝ այդ նրա համար չափազանց մութ է․ այսպես ասած, քողարկված։

― Բայց և այնպես դուք մոտ եք ճշմարտությանը, հարգելի հյուրընկալ ու դատավոր,― ծիծաղեց Տրապսը։― Դուք ինքներդ ասացիք «քողարկված», և ինձ անծանոթ հունական աստվածը, որը համարյա նույն անունն ունի, ինչ իմ ապրանքը, խիստ բարակ ու անտեսանելի ցանց է գործել։ Եթե այսօր գոյություն ունեն նեյլոն, պեռլոն, միրլոն, արհեստական գործվածքներ, որոնց մասին այս բարձր դատարանը երևի լսել է, ապա գոյություն ունի նաև Հեփեստոն՝ արհեստական գորվածքների արքան, չպատռվող, թափանցիկ, ըստ որում՝ մեծագույն շնորհ ռևմատիզմ ունեցողներին, նույնքան անփոխարինելի արդյունաբերության, որքան և մոդայի համար, ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության համար։ Ամենակատարյալ նյութ պարաշյուտների համար, միաժամանակ ամենագրգռիչ կտոր գեղեցիկ կանանց գիշերաշապիկների համար, որքան գիտեմ իմ սեփական փորձից։

― Լսեցե՛ք, լսեցե՛ք,― կռկռացին ծերուկները,― սեփական փորձ՝ այդ լավ է։― Այստեղ Սիմոնան նորից ափսեները փոխեց և մատուցեց հորթի երիկամներով լի սկուտեղը։

― Իսկական բանկետ է,― շողացող գլխավոր ներկայացուցիչը։

― Ինձ ուրախացնում է,― ասաց դատախազը,― որ դուք այսպիսի բաները կարողանում եք գնահատել, և ըստ արժանվույն։ Մեզ տրամադրվում են լավագույն մթերքներ, և բավականին քանակությամբ, կերակրացանկը ճոխ, ինչպես անցած դարու, երբ մարդիկ դեռևս խիզախում էին այսպիսի կերուխումների։ Ուրեմն, գովենք Սիմոնային։ Գովենք մեր տանտիրոջը։ Չէ որ ամեն ինչ սա է գնում, այս ծեր ոգին ու գուրմանը, իսկ ինչ վերաբերում է գինիներին, ապա դրանցով զբաղվում է Պիլեն, հարևան գյուղի անասնաբույծը։ Գովենք նաև նրան։ Բայց վերադառնանք ձեզ, մեր թանկագին գործարար։ Շարունակենք քննել ձեր դեպքը։ Այժմ մենք ձեր կյանքը գիտենք, հաճելի էր նրա հետ ծանոթանալը, ձեր գործունեությունը նույնպես պարզ է մեզ համար։ Միայն մի աննշան կետ դեռևս պարզ չէ․ դուք ձեր գործում ինչպե՞ս հասաք այդպիսի եկամտաբեր պաշտոնի։ Միայն աշխատասիրությամբ, երկաթյա եռանդո՞վ։

― Ուշադրությո՛ւն,― ֆշշացրեց պաշտպանը։― Վտանգավոր է դառնում։

Դա այնքան էլ հեշտ չէր, պատասխանեց Տրապսն ու ագահորեն նայեց, թե դատավորն ինչպես է տապակածը կտրատում։ Նա նախ պետք է հաղթեր ՀԻգակսին, և դա ծանր աշխատանք էր։

― Ա՜, պարոն Հիգակս։ Ո՞վ է նա։

― Իմ նախկին շեֆը։

― Ուզում եք ասել՝ նրան պետք էր հեռացնե՞լ։

― Նրան պետք էր վերացնել, իմ պրոֆեսիայի կոպիտ լեզվով ասած,― պատասխանեց Տրապսը և սոուսը մոտեցրեց իրեն։― Հարգելի պարոնայք, դուք ստիպված եք համբերել։ Ես անկեղծ խոսքեր եմ ասելու։ Գործարար կյանքում ամեն ինչ դաժան է․ ինչպես դու ինձ, այնպես էլ ես քեզ, ով ուզում է ջենտլմեն լինել՝ խնդրեմ, բայց կործանվում է։ Ես փողը քաշում եմ դեպի ինձ, ինչպես խոտը եղանով, բայց և լարվում եմ տասը փղի չափ, ամեն օր վեց հարյուր կիլոմետր ափչփում իմ «ստուդեբեկկերով»։ Իհարկե, ես ինձ այնքան էլ պատշաճ չպահեցի, երբ հարկավոր էր դանակը դեմ անել ծերուկ Հիգակսի կոկորդին ու չխկացնել, բայց ես պետք է առաջ գնայի, ինչ արած, գործը գործ է։

Դատախազը հետաքրքւոթյամբ նայեց սկուտեղի վերևից, որի միջից դուրս էին ցցվել հորթի տոտիկները։

― Վերցնել, դանակը դեմ անել կոկորդին, չխկացնել՝ ախր սրանք բավականաչափ ոխակալ արտահայտություններ են, թանկագին Տրապս։

Գլխավոր ներկայացուցիչը ծիծաղեց։

― Դա, անշուշտ, պետք է հասկանալ փոխաբերական իմաստով։

― Իսկ պարոն Հիգակսը իրեն լա՞վ է զգում, հարգելի Տրապս։

― Նա մահացավ անցյալ տարի։

― Խելագա՛ր,― հուզված ֆշշացրեց պաշտպանը։― Ինչպես երևում է, դուք խելքներդ բոլորովին թռցրել եք։

― Անցյալ տարի՞,― կարեկցանքով նկատեց դատախազը։― Շա՜տ ափսոս։ Իսկ քանի՞ տարեկան էր նա։

― Հիսուներկու։

― Ծաղկուն հասակ է։ Եվ ինչի՞ց մեռավ։

― Ինչ֊որ հիվանդությունից։

― Այն բանից հետո, երբ դուք գրավեցիք նրա տե՞ղը։

― Դրանից քիչ առաջ։

― Լավ, ես այլևս հարցեր չունեմ,― ասաց դատախազը։― Մեր բախտը բերեց։ Լույս ընկավ մի մեռել, և վերջիվերջո գլխավորն այդ է։

Բոլորը ծիծաղեցին։ Նույնիսկ ճաղատ Պիլեն, որը երկյուղածությամբ խոնարհվել էր իր ափսեին և բծախնդրորեն, անդադար կլանում էր անսահման քանակությամբ ուտելիք, վեր բարձրացրեց գլուխը։

― Հիանալի է,― ասաց նա ու սղալեց սև բեղը։

Ապա լռեց ու նորից խորասուզվեց ուտելիքի մեջ։

Դատախազը հանդիսավորությամբ բարձրացրեց իր բաժակը։

― Պարոնայք,― ասաց նա,― այս առիթով եկեք փորձենք 1933 թվականի «պիշոն֊լոնգվիլլ»։ Հիանալի խաղին հիանալի բորդո։

Նորից բաժակները շրխկացրին ու խմեցին իրար կենաց։

― Սատանան տանի, պարոնայք,― զարմացավ գլխավոր ներկայացուցիչը, մի ումպով դատարկելով իր գավաթը և մեկնելով այն դատավորին։― Սա հոյակապ է։

Վրա հասավ երեկոյան աղջամուղջը, և դեմքերը դարձան դժվար նշմարելի։ Պատուհաններում հայտնվեցին առաջին աստղերը, և տնտեսուհին վառեց երեք ծանր աշտանակներ, որոնց լույսով սեղանի մոտ նստած մարդկանց ստվերները նկարվեցին պատերին, ինչպես ֆանտաստիկ ծաղիկների զարմանալի բաժակներ։ Մտերմական, տրամադրող մթնոլորտ, փոխադարձ համակրանք, նրբակիրթ վարվեցողություն։

― Ասես հեքիաթ լինի,― զարմացավ Տրապսը։

Պաշտպանը անձեռոցիկով սրբեց ճակատի քրտինքը։

― Այդ դուք եք հեքիաթը, թանկագին Տրապս,― ասաց նա։― Ես դեռ երբեք չէի հանդիպել մի մեղադրյալի, որը հոգեկան ավելի մեծ հանգստությամբ այդպիսի անզգույշ արտահայտություններ թույլ տար իրեն։

Տրապսը ծիծաղեց․

― Անտեղի երկյուղներ, թանկագին հարևան։ Երբ հարցաքննությունը սկսվի, այն ժամանակ արդեն ես գլուխս չեմ կորցնի։

Մեռյալ լռություն, ինչպես մի անգամ արդեն եղել էր։ Ո՛չ խռթխռթոց, ո՛չ չմփչմփոց։

― Դժբա՛խտ մարդ,― տնքաց պաշտպանը։― Ի՞նչ եք ուզում ասել դրանով՝ երբ հարցաքննությունն սկսվի։

― Իսկ ի՞նչ կա որ,― զարմացավ Տրապսը, սալաթ վերցնելով իր համար,― մի՞թե հարցաքննությունն արդեն սկսվել է։

Ծերունիները ծիծաղեցին, խորամանկորեն նայեցին իրար, բավականությունից մայեցին։

Իսկ ճաղատը, որ ամբողջ ժամանակ լուռ էր, քրքջաց․

― Նա այդ չի նկատել, նա այդ չի նկատել։

Տրապսը շփոթվեց։ Խեղկատակային այդ ուրախությունը ահավոր թվաց նրան։ Ճիշտ է, այդ տպավորությունը շուտով անցավ, և նա նորից միացավ ընդհանուր ուրախությանը։

― Պարոնայք, ներեցեք,― ասաց նա,― ես մեր խաղը պատկերացնում էի շատ ավելի հանդիսավոր, պաշտոնական, ավելի նման դատարանի դահլիճին։

― Սիրելի պարոն Տրապս,― բացատրեց նրան դատավորը,― ձեր զարմանքը հույժ արժեքավոր է մեզ համար։ Ինչպես տեսնում եմ, դատը վարելու մեր եղանակը թվում է ձեզ անսովոր ու խիստ թեթևամիտ։ Բայց, մեծարգո Տրապս, այս սեղանի մոտ նստած չորս հոգովս էլ արդեն հանգիստ ենք գնացել և մեզ ազատել իրավաբանական ֆորմուլարների, արձանագրությունների,, թղթերի, հոդվածների այն ավելորդ աղբակույտից, որով լիքն են մեր դատարանների դահլիճները։ Մենք դատում ենք, առանց նայելու ողորմելի օրենսգրքին և նրա պարագրաֆներին։

― Համարձակ է,― նկատեց Տրապսն արդեն փոքր֊ինչ ծանրացած լեզվով,― համարձակ է։ Պարոնայք, այդ ինձ դուր է գալիս։ Առանց պարագրաֆների՝ այդ համարձակ միտք է։

Դատապաշտպանը հանդիսավորությամբ բարձրացավ տեղից։ Ինքը գնում է մաքուր օդ շնչելու, ասաց նա, նախքան հերթը կհասնի կապլունին և մյուս բաներին․ առողջության համար փոքրիկ զբասանքը և մի սիգարետը լիովին հարմար կգան, և նա պարոն Տրապսին հրավիրում է ուղեկցել իրեն։

Նրանք վերանդայից ցած իջան մթության մեջ, որը վերջապես վրա էր հասել՝ տաք ու հանդիսավոր։ Սեղանատան պատուհաններից լույսի ոսկեշող շերտեր էին ընկել սիզամարգերին ու վարդի թփերին։ Երկինքն աստղալից էր, անլուսին, ծառերը կանգնել էին մութ զանգվածով, և նրանց միջից հազիվ էին նշմարվում արահետները, որոնցով նրանք քայլում էին իրար բռնած։ Երկուսն էլ գինուց ծանրացած օրորվում էին, մի գլուխ սայթաքում, աշխատում շիտակ մնալ ու ծխում էին փարիզյան սիգարետներ․ կարմիր կետեր մթության մեջ։

― Աստված իմ,― հառաչեց Տրապսը,― ի՜նչ զվարճություն էր։― Եվ ցույց տվեց լուսավորված պատուհանները, որոնց վրա շարունակ հայտնվում էր տնտեսուհու վիթխարի ստվերը։― Հաճելի է այդ ամենը, հաճելի է։

― Սիրելի բարեկամ,― ասաց պաշտպանը, սայթաքելով ու հենվելով Տրապսին,― նախքան կվերադառնանք սեղանատուն և գոտեմարտի կբռնվենք մեր կապլունի հետ, թույլ տվեք դիմել ձեզ նախազգուշացմամբ, լուրջ նախազգուշացմամբ, որին դուք վստահությամբ պետք է վերաբերվեք։ Դուք ինձ դուր եք գալիս, երիտասարդ, ես քնքշություն եմ տածում ձեր հանդեպ, ուզում եմ խոսել ձեզ հետ հոր նման։ Մենք հսկայական քայլերով մոտենում ենք մեր դատը տանուլ տալուն։

― Դատարկ բան,― պատասխանեց Տրապսը և դատապաշտպանին քարշ տվեց իր ետևից մեծ, գնդաձև թփերի սև խմբի շուրջը ոլորվող ճամփով։

Այնուհետև գալիս էր լճակը․ նրանք մթության մեջ շոշափեցին քարե նստարանն ու նստեցին։ Աստղերն արտացոլվում էին ջրի մեջ։ Զովություն փչեց։ Գյուղից երգի ու հարմոնի ձայներ էին հասնում, լսվեց ալպիական եղջերափողի մեղեդին՝ անասնաբույծների միությունը զվարճանում էր։

― Դուք պետք է հավաքեք ձեզ,― նախազգուշացրեց պաշտպանը։― Հակառակորդը կարևոր ամրություններ գրավեց, մեռած Հիգակսը, որ այնպես անհարկի դուրս լողաց ձեր անզուսպ շատախոսությունից, ահավոր վտանգ է ներկայացնում։ Այդ ամենը շատ վատ է, անփորձ պաշտպանը վաղուց արդեն զենքերը ցած դրած կլիներ, բայց որոշ համառության դեպքում, օգտագործելով բոլոր շանսերը, և ամենից առաջ եթե դուք ինքներդ չափազանց զուսպ և զգույշ լինեք, միգուցե ես դեռևս կարողանամ որոշ բաներ փրկել։

Տրապսը ծիծաղեց։ Դա շատ զվարճալի խաղ է, ասաց նա, հարկավոր է անպայման այն մտցնել «Շլարաֆիայում»։

― Ճիշտ որ, այնպես չէ՞,― ուրախացավ պաշտպանը։― Ուղղակի վերակենդանանում ես։ Սիրելի բարեկամ, ես արդեն բոլորովին հալից ընկել էի, երբ պաշտոնաթող եղա ու մնացի անգործ, առանց իմ սովորական զբաղմունքների, և պետք է վերջին օրերս քարշ տայի այս գյուղակում։ Ի՞նչ կարող է պատահել այստեղ։ Ոչինչ։ Միայն ֆյոնն է իրեն զգացնել տալիս, ուրիշ ոչինչ։ Առողջ կլիմա՞։ Առանց հոգևոր գործունեության ծիծաղելի է։ Դատախազը մահամերձ վիճակում էր, մեր տանտիրոջ մոտ ստամոքսի քաղցկեղ էին կասկածում, Պիլեն տառապում էր շաքարախտով, ես տառապում էի արյան բարձր ճնշումից։ Արդյունքն այսպիսին էր։ Շան կյանք։ Մեկ֊մեկ հավաքվում էինք միասին, թախծում, կարոտով հիշում մեր հին պրոֆեսիան, երբեմնի հաջողությունները՝ մեր միակ աղքատիկ ուրախությունը։ Եվ այստեղ հանկարծ դատախազի գլխում միտք ծագեց մտցնել այս խաղը, դատավորը տրամադրեց իր տունը, ես իմ կարողությունը,― դե այո, ես ամուրի եմ և, մի քանի տասնամյակ լինելով հասարակության վերնախավի փաստաբան, մի լավ գումար էի ետ գցել, սիրելիս․ դժվար է հավատալ, թե ֆինանսական շրջանների արդարացված ավազակը որքան առատաձեռն է իր պաշտպանի նկատմամբ, դա մոտենում է շռայլության,― և այս խաղը դարձավ մեր առողջության աղբյուրը։ Հորմոնները, փորոտիքը, ենթաստամոքսային գեղձերը նորից սկսեցին անթերի գործել, ձանձրույթն անցավ, նորից երևան եկան եռանդը, ջահելությունը, ճկունությունն ու ախորժակը։ Տեսնում եք,― և նա, չնայած իր փորին, մի քանի շարժումներ արավ, որ մթության մեջ Տրապսը դժվարությամբ նկատեց։― մեղադրյալների դերերը սովորաբար խաղում են հյուրերը,― շարունակեց պաշտպանը նստելուց հետո։ ―Երբեմն տեղացիները, երբեմն տուրիստները, իսկ երկու ամիս առաջ մեզ հաջողվեց մի գերմանացի գեներալի դատապարտել քսան տարվա բանտարկության։ Նա կարճ ժամանակով այստեղ էր ընկել կնոջ հետ, և միայն իմ արվեստը նրան ազատեց կախաղանից։

― Հոյակապ է,― զարմացած Տրապսը,― ա՛յ քեզ գործունեություն։ Իսկ ինչ վերաբերում է կախաղանին, հարգելի պարոն պաշտպան, այդ արդեն շատ եք չափազանցնում․ չէ որ մահավճիռը վերացված է։

― Պետական դատավարության պրակտիկայում,― ճշտեց պաշտպանը,― բայց մենք մեր մասնավոր իրավաբանական պրակտիկայում նորից ենք մտցրել այն․ հենց հատկապես մահվան դատապարտելն է մեր խաղին այնպիսի լարվածություն ու յուրահատկություն հաղորդում։

― Հավանորեն, դուք դահի՞ճ էլ ունեք։

― Անշուշտ,― հպարտությամբ հաստատեց պաշտպանը։― Պիլեն։

― Պիլե՞ն։

― Զարմացած եք, այնպես չէ՞։

Տրապսը ջղաձգորեն թուքը կուլ տվեց։

― Ախր նա անասնաբույծ է և մատակարարում է այն գինիները, որ մենք այստեղ խմում ենք։

― Նա միշտ էլ պանդոկապան է եղել,― բարեհոգությամբ ծիծաղեց պաշտպանը։― Պետական գործունեությամբ զբաղվում էր լոկ համատեղության կարգով։ Պատվավոր պարտականություն։ Իր գործի ամենափորձված մասնագետներից մեկն էր հարևան երկրում, այժմ արդեն քսան տարի է՝ ինչ թոշակի է անցել, բայց և այնպես դեռ իր վարպետությունը չի կորցրել։

Փողոցով ավտո անցավ, և լուսարձակների լույսի տակ երևաց սիգարետների ծուխը։ Մի վայրկյան Տրապսը տեսավ պաշտպանին՝ յուղոտ սերթուկով անընդգրկելի ֆիգուրա, ճարպոտ, ինքնագոհ, բարեհոգ դեմք։ Տրապսը դողաց։ Ճակատին սառը քրտնքի կաթիլներ երևացին։

― Պիլե։

Պաշտպանը զարմացավ։

― Բայց ձեզ ի՞նչ պատահեց, իմ բարի Տրապս։ Տեսնում եմ, որ դուք դողում եք։ Ձեզ վա՞տ եք զգում։

― Չգիտեմ,― շշնջաց գլխավոր ներկայացուցիչն ու ծանր հառաչեց,― չգիտեմ։

Նա իր առջև տեսավ ճաղատին, որը բավական բութ կերպով ծամում էր․ այդպիսի սուբյեկտի հետ նստել մի սեղանի մոտ՝ այդ արդեն չափազանց էր։ Բայց խեղճն ինչ կարող էր անել այդպիսի պրոֆեսիայով․ ամառային մեղմ գիշերը, ավելի ևս մեղմ գինին Տրապսին տրամադրում էին մարդասիրաբար, մեծահոգաբար, այնուամենայնիվ նա մի մարդ էր, որը շատ բան էր տեսել, գիտեր կյանքը, ինչ֊որ կեղծ բարեպաշտ չէր կամ քաղքենի, ո՛չ, այլ տեքստիլի խոշոր մասշտաբի մասնագետ․ այո, իհարկե, այժմ Տրապսին թվում էր, որ եթե դահիճ չլիներ այստեղ, երեկոն պակաս հաճելի ու զվարճալի կլիներ, և նա արդեն ուրախացավ, կանխաճաշակելով, թե իր արկածն ինչպես ավելի լավ ներկայացնի «Շլարաֆիայում», ուր հավանորեն երբևէ հնարավոր կլինի հրավիրել դահճին,― ոչ մեծ հոնորար, գումարած վերադիր ծախքերը,― և այստեղ նա թեթևութմաբ քրքջաց․

― Բռնվեցի՜ր։ Վախեցա՜ր։ Խաղն ավելի ու ավելի ուրախ է դառնում։

― Վստահության դիմաց վստահություն,― ասաց պաշտպանը, երբ նրանք վեր կացան տեղներից և, ձեռք֊ձեռքի տված, շլացած պատուհանների լույսից, խարխափելով գնացին դեպի տուն։― Ինչպե՞ս սպանեցիք Հիգակսին։

― Այդ ե՞ս եմ սպանել նրան։

― Դե այո, քանի որ նա մեռած է։

― Բայց ես նրան չեմ սպանել։

Պաշտպանը կանգ առավ։

― Իմ թանկագին երիտասարդ բարեկամ,― ասաց նա համակրանքով,― ձեր տատանումները հասկանալի են ինձ։ Բոլոր ոճրագործություններից ամենադժվարը սպանություն խոստովանելն է։ Մեղադրյալն ամոթ է զգում, չի ուզում արածը խոստովանել, ամեն կերպ աշխատում է այն դուրս մղել սեփական գիտակցությունից, ընդհանրապես նախապաշարումով է վերաբերում իր անցյալին, չափազանցնում է իր մեղքը ու չի վստահում ոչ ոքի, անգամ հայրաբար տրամադրված իր բարեկամ֊պաշտպանին, որ սխալ է, քանզի իսկական պաշտպանը սիրում է մարդասպանությունը, հիանում, երբ դեմ է առնում դրան։ Պատմեցեք, պարոն Տրապս։ Ես ինձ լավ եմ զգում միայն այն ժամանակ, երբ կանգնած եմ լինում իսկական խնդրի առաջ, ինչպես ալպինիստը չորս հազար ոտնաչափ բարձրությամբ լեռնագագաթի առաջ․ կարող եմ ինձ թույլ տալ այդպես արտահայտվելու իբրև հին մագլցող։ Ուղեն սկսում է ենթադրությունների ու հնարանքների տենդագին որոնումներ կատարել, և դա մեծագույն բավականություն է պատճառում։ Ահա թե ինչու ձեր անվստահությունը, թույլ եմ տալիս ինձ ասելու, խոշոր, վճռական սխալ է։ Ուստի ամեն ինչ անկեղծորեն մեջտեղ հանեք, ծեր երեխա։

Ինքը խոստովանելու բան չունի, նորից պնդեց գլխավոր գործակալը։ Պաշտպանը կանգ առավ։ Նա աչքերը սևեռեց պատուհանի լույսով պայծառորեն լուսավորված Տրապսի վրա, պատուհան, որի ետևում ավելի ու ավելի եռանդագին էին զնգում բաժակները։

― Երիտասա՛րդ, երիտասա՛րդ,― մռթմռթաց նա բացասաբար,― դուք նորի՞ց ձերն եք պնդում։ Դեռևս չեք ուզում հրաժարվել սխալ տակտիկայից և շարունակում եք անմե՞ղ ձևանալ։ Մի՞թե դուք արդեն կապիտուլյացիայի չեք ենթարկվել։ Ուզած֊չուզած՝ պետք է խոստովանել։ Իսկ թե ինչո՞ւմ՝ այդ միշտ կճարվի։ Ինչպես ամեն ինչ ուշ է հասնում ձեր գիտակցությանը։ Եկեք, սիրելի բարեկամ, մի կոտրատվեք ու մի ձգձգեք, ամեն բան թափ տվեք մինչև վերջին մազը։ Պատմեցեք, թե ինչպես վերջ տվիք Հիգակսին։ Արդյոք գրգռվա՞ծ պահին։ Այդ դեպքում եմքն պետք է պատրաստվենք սպանության մեղադրանքի։ Գրազ կգամ, որ դատախազը դրան է նշան բռնում։ Այդպիսի կասկած ունեմ։ Ես այդ տիպին ճանաչում եմ։

Տրապսը գլուխն օրորեց։

― Իմ սիրելի պարոն պաշտպան,― ասաց նա,― մեր խաղի ամբողջ հմայքն էլ հենց այն է,― եթե ինձ իբրև նորեկի թույլ կտրվի իմ կարծիքն արտահայտել,― որ խաղացողը երկյուղ է զգում և նույնիսկ սարսափ։ Խաղը սպառնում է իրականություն դառնալ։ Հանկարծ ինքդ քեզ հարցնում ես՝ արդյոք ոճրագործ չե՞մ, արդյոք իսկապես ես չե՞մ սպանել ծերուկ Հիգակսին։ Ձեր խոսքի ժամանակ ուղղակի իմ սիրտը խառնեց։ Ուստի վստահության դիմաց վստահություն։ Ես մեղավոր չեմ ծերուկ գանգստերի սպանության մեջ։ Հավատացնում եմ ձեզ։

Այս խոսքերի հետ նրանք մտան սեղանատուն, ուր արդեն կապլունը մատուցել էին և բաժակներում կայծկլտում էր 1921 թվականի «շաթո պավին»։

Հուզված Տրապսը մոտեցավ լռակյաց լուրջ ճաղատին ու սեղմեց նրա ձեռքը։ Նա իր պաշտպանից իմացավ նրա նախկին պրոֆեսիան և ուզում էր ընդգծել, որ ոչ մի բան այնպես հաճելի չէ, որքան մի այդպիսի խիզախ մարդու հետ նույն սեղանի մոտ նստելը, ինքը ոչ մի նախապաշարմունք չունի այդ առթիով, ընդհակառակն, և Պիլեն, ներկած բեղը սղալելով, կարմրելով ու քաշվելով, իր ահավոր բարբառով փնթփնթաց․

― Շատ հաճելի է, շատ հաճելի է, պատրաստ եմ ծառայելու։

Այդ սրտաշարժ եղբայրացումից հետո կապլունը առանձնապես համեղ թվաց։ Այն պատրաստված էր հատուկ դեղատոմսով, որը Սիմոնան գաղտնի էր պահում, ինչպես հայտնեց դատավորը։ Բոլորը չմփչմփացնում էն, ուտում ձեռքերով, գովում խոհարարական այդ գլուխգործոցը, շխկացնում բաժակները, խմում իրար կենաց, սոուսը լիզում մատներից, հոյակապ զգում իրենց, և բարեհոգության այդ մթնոլորտում դատավարությունը շարունակվեց։

Անձեռոցիկը կրծքին կապած դատախազը,― կապլունը չմփչմփացնող, կտցանման բերանի առաջ,― հուսով էր հաջորդ ճաշատեսակի մատուցմանը մեղադրյալի խոստովանությունն ստանալ։

― Սիրելի և մեծարգո մեղադրյալ,― հարցաքննում էր նա,― դուք, անշուշտ, թունավորել եք Հիգակսին։

― Ոչ,― ծիծաղեց Տրապսը,― ոչ մի նման բան։

― Դե, ասենք, գնդակահարել եք։

― Նույնպես ոչ։

― Ավտոմոբիլային աղե՞տ եք սարքել։

Ծիծաղի պայթյուն։ Պաշտպանը նորից ֆշշացրեց․

― Զգույշ, եղեք, դա ծուղակ է։

― Դատարկ բան, պարոն դատախազ, այն ամենը, ինչ դուք ասացիք, միանգամայն դատարկ բան է,― բորբոքված բացականչեց Տրապսը։― Հիգակսը մահացավ ինֆարկտից, և դա արդեն առաջինը չէր․ առաջինը եկել էր մի քանի տարի առաջ, նա պետք է հետևեր իրեն․ չնայած առողջ մարդ էր ձևանում, բայց ամեն մի հուզման դեպքում ինֆարկտը կարող էր կրկնվել, ես այդ հաստատ գիտեմ։

― Ըհը, և հատկապես ումի՞ց։

― Նրա կնոջից, պարոն դատախազ։

― Նրա կնոջի՞ց։

― Ի սեր աստծու, զգույշ,― շշնջաց պաշտպանը։

1921 թվականի «շաթո պավին» գերազանցեց բոլոր սպասելիքները։ Տրապսն արդեն իր չորրորդ գավաթն էր լցնում, և Սիմոնան առանձին մի շիշ դրեց նրա կողքին։ Դատախազը թերևս զարմանա,― այստեղ գլխավոր ներկայացուցիչը բաժակը շխկացրեց ծեր պարոնի բաժակին,― բայց, որպեսզի բարձր դատարանը չմտածի, թե նա ինչ֊որ բան է թաքցնում, Տրապսն ուզում է ճշմարտությունն ասել ու հաստատապես պնդել այն, եթե նույնիսկ դատապաշտպանը ֆշշացնի իր «զգույշը»։ Իսկապես ասած, նա ինչ֊որ կապեր ունեցել է տիկին Հիգակսի հետ, դե այո, ծեր գանգստերը հաճախ էր գործուղումների մեջ լինում և ամենախայտառակ ձևով մոռանում էր ախորժելի կնոջ մասին․ այն ժամանակ ինքը երբեմն հանդես էր գալիս իբրև մխիթարիչ Հիգակսի բնակարանում, թախտի վրա, իսկ հետագայում, մեկ֊մեկ, ամուսնական առագաստում, ինչպես կյանքում այդ պատահում է։

Տրապսի այդ խոսքի վրա ծերունիները քարացան, բայց հետո մեկեն բարձր ճղճղացին բավականությունից, և ամբողջ ժամանկ լսող ճաղատը բղավեց, իր սպիտակ մեխակը նետելով օդի մեջ։

― Խոստովանե՜ց, խոստովանե՜ց։

Միայն դատապաշտպանն էր հուսահատությունից բռունցքներով խփում իր քունքերին։

― Ինչպիսի՜ անզգուշություն,― բացականչեց նա։ Նրա կլիենտը խելագարվել է, պարզապես չի կարելի նրա խոսքերին հավատալ։ Եվ այստեղ Տրապսը վրդովմունքով բողոքեց, ընդհանուր ցնծություն առաջացնելով։ Ապա երկար վիճաբանություն սկսվեց պաշտպանի ու դատախազի միջև։ Բերանացի փոխհրաձգություն, կես֊կատակ, կես֊լուրջ բանավեճ, որի էությունը Տրապսը չհասկացավ․ ամեն ինչ պտտվում էր dolus[2] բառի շուրջ, որի նշանակությունը գլխավոր ներկայացուցիչը չգիտեր։ Վեճը հետզհետե ավելի կատաղի դարձավ, ավելի բարձրաձայն ու անհասկանալի, մեջ ընկավ դատավորը, նույնպես հուզվեց, և եթե սկզբում Տրապսը դեռևս ջանում էր ականջ դնել, որպեսզի որսար, թե այնուամենայնիվ վեճն ինչի մասին է, ապա հետո հրաժարվեց դրանից ու թեթևությամբ հառաչեց, երբ տնտեսուհին մատուցեց պանիր,― կամամբեր, բրի, էմմենտալյան, գրյուեր, տետ դը մուան, լիմբերգյան, գորգոնցոլա,― ու որոշեց․ dolus է թող dolus լինի, բաժակը շխկացրեց ճաղատի բաժակին, որն առաջվա պես լռություն էր պահպանում ու, կարծեմ, նույնպես ոչինչ չէր հասկանում, և հարձակվեց ուտելիքի վրա, երբ հանկարծ դատախազը նորից դիմեց նրան․

― Պարոն Տրապս,― հարցրեց նա― առյուծի գզգզված բաշ, կարմիր դեմք, ձախ ձեռքին միակնոց― դուք դեռ շարունակո՞ւմ եք ձեր մտերմությունը տիկին Հիգակսի հետ։

Բոլորը հայացքները հառեցին Տրապսի վրա։ Մի պատառ հաց դնելով բերանը կամամբերի հետ, նա բերահոգությամբ ծամում էր։ Ապա մի կում «շատո պավի» խմեց։ Ինչ֊որ տեղից լսվում էր ժամացույցի թիկ֊թակը, գյուղից նորից հասան հարմոնի հեռավոր ձայներ, տղամարդու երգ․ «Շվեյցարական սուսեր» պանդոկում․․․»։

Հիգակսի մահից հետո, բացատրեց Տրապսը, նա այլևս չի այցելել այդ կնկան։ Վերջիվերջո նա չի ուզում վարկաբեկել այդ ազնիվ այրուն։

Ի զարմանս Տրապսի, այդ բացատրությունը նորից անհասկանալի, խորհրդավոր ուրախություն առաջացրեց, դատախազը բղավեց․ «Dolo malo, dolo malo!»― սկսեց հունական ու լատինական ոտնավորներ ճղավել, մեջբերումներ անել Շիլլերից ու Գյոթեից, մինչդեռ փոքրիկ դատավորը փչեց բոլոր մոմերը, բացի մեկից, և սկսեց նրա լույսի տակ բարձրաձայն բառաչելով ու փշտացնելով, ձեռքերով պատի վրա ցույց տալ ամենաֆանտաստիկ ստվերանկարներ՝ այծեր, չղջիկներ, սատանաներ, չարքեր։ Պիլեն այնպես էր թմբկահարում սեղանը, որ բաժակները, ափսեներն ու սկուտեղները պարում էին, և հարակցում էր․

― Մահապատժի հոտ է գալիս, մահապատժի հոտ է գալիս։

Միայն դատապաշտպանը չէր մասնակցում այդ ամենին։ Նա սկուտեղը հրեց դեպի Տրապսը։ Թող վերցնի․ նրանք պետք է մխիթարվեն պանրով՝ այլ բան չի մնում։

Մատուցվեց «շատո մարգո»։ Դրա հետ էլ հանգստությունը վերականգնվեց։ Բոլորն ուշադիր հետևում էին դատավորին, որն սկսեց զգուշությամբ բացել շիշը (1914 թվականի) ինչ֊որ հատուկ հնաձև խցանահանով, որի օգնությամբ նրան հաջողվեց խցանը հանել պառկած դիրքով զամբյուղի մեջ դրված շշից։ Այդ արարողության ընթացքում բոլոր ներկաները շունչները պահեցին․ խցանը պետք էր հանել առանց որևէ վնասվածքի, չէ՞ որ դա միակ ապացույցն էր, որ այդ շիշը 1914 թվականի է, քանի որ չորս տասնամյակները վաղուց էին պիտակը ոչնչացրել։ Խցանի մի մասը դուրս եկավ, մյուս մասը պետք էր խիստ զգուշությամբ հանել։ Խցանի վրա դեռևս կարելի էր կարդալ տարեթիվը, այն ձեռքից ձեռք անցավ․ հոտոտում էին, զարմանում և վերջիվերջո հանձնեցին գլխավոր ներկայացուցչին ի հիշատակ հիանալի այդ երեկոյի, ինչպես ասաց դատավորը։ Նա գինին մոտեցրեց շրթունքներին, փորձեց, լեզուն ծլթացրեց բերանում, սկահակները լցրեց, որից հետո բոլորը նորից սկսեցին հոտոտել, ծծել, հիացական բացականչություններ արձակել, գովելով առատաձեռն տանտիրոջը։ Պանիր մոտեցրին ամեն մեկին, և դատավորը դատախազին առաջարկեց սկսել իմ մեղադրական ճառը։ Սա պահանջեց, որպեսզի նոր մոմեր վառեն, պետք է հանդիսավոր, ակնածալից իրադրություն լինի, անհրաժեշտ է ներամփոփվածություն, կենտրոնացում։ Սիմոնան մոմեր բերեց։ Զգացվում էր ընդհանուր լարվածություն, այդ ամենն սկսում էր անհանգստացնել գլխավոր ներկայացուցչին, նա մրսում էր։ Միաժամանակ նա իր արկածը համարում էր հմայիչ և ոչ մի պայմանով չէր համաձայնի հրաժարվել դրանից։ Միայն պաշտպանը այնքան էլ գոհ չէր։

― Լավ, Տրապս,― ասաց նա,― լսենք մեղադրական ճառը։ Դուք կապշեք, իմանալով, թե ձեր չմտածված պատասախններով, ձեր սխալ տակտիկայով ինչ եք արել։ Եթե առաջ գործն այնքան էլ լավ վիճակում չէր, ապա այժմ դրությունը աղետալի է։ Բայց համարձակ, ես ձեզ կօգնեմ դուրս պրծնել, միայն թե ձեր գլուխը մի կորցրեք, ողջ ու անվնաս դուրս գալը ձեզանից ջղերի մեծ լարում կպահանջի։

Եվ սկսվեց։ Ընդհանուր հազ, նորից բաժակների չխկոց, և դատախազը ժպիտների ու քրքջոցի տակ սկսեց իր ճառը։

― Մեր տղամարդկային խրախճանքում ամենահաճելի բանն այն է,― ասաց նա, բարձրացնելով բաժակը, բայց շարունակելով նստած մնալ,― որ մեզ հաջողվեց բացահայտել այնպիսի նրբությամբ կատարված մի սպանություն, որը անշուշտ վրիպել է մեր պետական արդարադատության աչքից։

Տրապսը զարմացավ ու հանկարծ բարկացավ։

― Ե՞ս եմ սպանություն կատարել,― բողոքեց նա։― Լսեցեք, այդ արդեն շատ հեռու է գնում․ պաշտպանն արդեն մոտեցել է ինձ այդ անմիտ վերսիայով,― բայց այստեղ նա ուշքի եկավ, սկսեց ծիծաղել ու հազիվ հանգստացավ․ ի՜նչ հոյակապ կատակ է, այժմ նա վերջապես հասկացավ, թե ինչ ոճրագործություն են ուզում վերագրել իրեն, ուղղակի փորդ կպայթի։

Դատախազը արժանապատվությամբ նայեց Տրապսին, սրբեց միակնոցն ու նորից դրեց աչքին։

― Մեղադրյալը,― ասաց նա,― կասկածում է իր մեղավորությանը։ Միանգամայն բնական է։ Մեզանից ո՞վ է ինքն իրեն ճանաչում, մեզանից որի՞ն է ամեն ինչ հայտնի սեփական ոճրագործությունների ու գաղտնի չարագործությունների մասին։ Մի բան արդեն այժմ կարելի է ընդգծել, նախքան մեր խաղի մեջ կրքերը նորից կբռնկվեն․ եթե Տրապսը մարդասպան է, ինչպես պնդում եմ ես, ինչում խորապես համոզված եմ, ապա մենք ապրում ենք զարմանալի ահնիսավոր րոպեներ։ Եվ լիակատար հիմունքով։ Սպանությունը բացահայտելը ուրախ իրադարձություն է, մի իրադարձություն, որ հարկարդրում է մեր սրտերին ավելի ուժգին բաբախել, պարտավորեցնում է շատ բաների, մեզ կանգնեցնում նոր խնդիրների ու որոշումների առաջ, ուստի ես ուզում եմ ամենից առաջ շնորհավորել մեր թանկագին ենթադրյալ ոճրագործին, քանի որ առանց ոճրագործի չի կարելի սպանությունը բացահայտել և արդարադատությանը ուղղություն տալ։ Եվ այսպես, առանձնահատուկ բովանդակությամբ՝ մեր բարեկամի, մեր համեստ Ալֆրեդո Տրապսի կենացը, որին բարեհաճ ճակատագիրը բերեց մեզ մոտ։

Ցնծության պոռթկում, բոլորը ոտքի կանգնեցին, խմեցին գլխավոր ներկայացուցչի կենացը, որը շնորհակալություն հայտնեց― արցունքն աչքերին― ու հավատացրեց, որ դա իր կյանքի լավագույն երեկոն է։

Դատախազը, նույնպես արցունքն աչքերին․

― Իր կյանքի լավագույն երեկոնա, հայտարարում է մեզ մեր հարգելի Տրապսը։ Լավագույն․․․ ինչպիսի՜ բառ, ինչպիսի՜ ցնցող բառ։ Հիշենք այն ժամանակը, երբ, գտնվլեով պետական ծառայության մեջ, մենք զբաղվում էինք մեր մռայլ արհեստով։ Այն ժամանակ մեղադրյալը կանգնում էր մեր առջև ոչ իբրև բարեկամ, այլ իբրև թշնամի, և եթե առաջ մենք հարկադրված էինք վանել նրան, ապա այժմ կարող ենք մեր սրտին սեղմել։ Ուրեմն եկեք գրկախառնվենք։

Այդ խոսքերի հետ նա վեր թռավ, Տրապսին պոկեց աթոռից ու առավ իր գիրկը։

― Դատախազ, սիրելի, սիրելի բարեկամ,― մրմնջում էր գլխավոր ներկայացուցիչը։

― Մեղադրյալ, սիրելի Տրապս,― հեծկլտաց դատախազը։― Այսուհետև իրար «դու» ասենք։ Կոչիր ինձ Կուրտ։ Քո կենացը, Ալֆրեդո։

― Քո կենացը, Կուրտ։

Նրանք համբուրում էին իրար, գուրգուրում, փայփայում, խմում էին իրար կենաց, խանդաղատանքն աճում էր, տիրում էր ջերմեռանդ բարեկամության մթնոլորտ։

― Սակայն այդ ամենը ինչպե՜ս փոխվեց,― հիանում էր դատախազը։― Եթե դեռևս վերջերս մենք մեղադրյալին հետապնդում էինք դեպքից դեպք, հանցագործությունից հանցագործություն, դատավճռից դատավճիռ, ապա այժմ հիմնավորում ենք, առարկում, վիճում ու եզրակացնում փորձով, հանգիստ, բարեհոգությամբ, սովորում ենք գնահատել, սիրել մեղադրյալին, նրա փոխադարձ համակրանքը նետվում է մեզ ընդառաջ, փոխադարձ եղբայրական զգացմունքներ ծնում։ Իսկ երբ հաստատվում են այդ զգացմունքները, մնացյալն արդեն տրվում է հեշտությամբ, հանցագործությունը դադարում է տանջալից լինել, դատավճիռը դառնում է սփոփիչ։ Ուրեմն, թույլ տվեք սպանության մերկացման կապակցությամբ երախտագիտության խոսքեր ասել։

Մինչդեռ Տրապսը նորից փայլուն տրամադրության մեջ էր․

― Ապացույցնե՛ր, Կուրտխեն, ապացույցնե՛ր։

― Պետք է արդարացի լինել․ մենք գործ ունենք հիանալի, գեղեցիկ սպանության հետ։ Մեր թանկագին հանցագործը կարող էր դրանում կոպիտ ցինիզմ նկատել, բայց ոչ մի բան այնպես խորթ չէ ինձ, որքան կոպիտ ցինիզմը․ արարքը երկու իմաստով կարող է գեղեցիկ կոչվել՝ փիլիսոփայական և տեխնիկապես կատարյալ․ մեր փոքրիկ ընկերությունը, հարգելի բարեկամ Ալֆրեդո, հրաժարվել է հանցագործության մեջ կանխավ ինչ֊որ այլանդակ, վանող բան, և ընդհակառակն, արդարադատության մեջ ինչ֊որ գեղեցիկ, չնայած, միգուցե և, ահաբեկող բան գտնելու նախապաշարումից․ ո՛չ, մենք հանցագործության մեջ էլ գեղեցկություն ենք ընդունում, քանզի նրա մեջ ամփոփված է արդարադատության հաղթանակի նախադրյալը։ Սա հարցի փիլիսոփայական կողմն է։ Այժմ գնահատեքն տեխնիկական կողմը։ Գնահատություն։ Ես կարծում եմ, որ գտա ճիշտ բառը․ իմ մեղադրական ճառը չի լինի ահաբեկող, այնպիսին, որը անհանգստացներ մեր բարեկամին, շփոթության մատներ նրան․ դա միայն գնահատություն է, որը նրան կբացատրի իր հանցագործությունը, նրա գիտակցությանը կհասցնի, որ միայն մաքուր ճանաչողության հիմքի վրա կարելի է կանգնել արդարադատության անբասիր հուշարձանը։

Ութսունվեցամյա դատախազը կանգ առավ ուժասպառ։ Չնայած իր հասակին, նա խոսում էր բարձր, ճռճռան ձայնով, ձեռքերը լայն֊լայն թափահարելով, ըստ որում հետն էլ շատ ուտում և խմում էր։ Վզին կապած անձեռոցիկով նա չորացրեց ճակատի քրտինքը, սրբեց ծոծրակը։ Տրապսը հուզված էր։ Ընթրիքից հափրացած, նա ծանրությամբ թաղվել էր բազկաթոռի վրա։ Կուշտ էր, բայց չէր ուզում չորս ծերունիներից ետ մնալ, չնայած գիտակցում էր, որ նրանց հսկայական ախորժակն ու հսկայական ծարավը ստիպել էին իրեն լավ աշխատել։ Տրապսը եռանդուն ուտող էր, բայց նրան դեռևս երբեք չէր վիճակվել տեսնել այդպիսի կենսական ուժ, այդպիսի որկրամոլությունԼ Նա նստել էր, աչքերը բթությամբ չռած դատախազի վրա, զարմացած ու միաժամանակ հրապուրված այն մտերմությամբ, որով նա դիմում էր իրեն։ Նա լսեց, թե ինչպես եկեղեցու զանգը զարկեց տասներկուսը և հեռվից, մթության միջից, հասսավ անասնաբույծների խմբական երգի ձայնը․ «Մեր կյանքը, ինչպես երկար ճանապարհ․․․»։

― Ոնց որ հեքիաթում,― զարմացավ գլխավոր ներկայացուցիչը,― ոնց որ հեքիաթում։― Եվ ապա․― Ուրեմն, ես սպանությո՞ւն եմ գործել։ Հենց ե՞ս։ Ինձ միայն հետաքրքրում է, թե այդ ինչպե՞ս։

Դատավորը մի շիշ ևս 1914 թվականի «շատո մարգո» բաց արավ, և դատախազը, հանգստանալով, վերսկսեց իր ճառը։

― Եվ այսպես, ի՞նչ է տեղի ունեցել,― ասաց նա։― Ես ի՞նչ կերպ բացահայտեցի, որ մեր հիանալի բարեկամին կարելի է սպանություն վերագրել, ըստ որում, ոչ թե սովորական սպանություն, ո՛չ, հմուտ սպանություն, առանց արնահեղության, առանց բռնության այնպիսի միջոցների, ինչպիսիք են թույնը, ատրճանակը և այլն։

Նա հազաց։ Տրապսը նստել էր, հայացքը հառած նրան, սիգարը բերանին։

― Իբրև մասնագետ, ես պետք է ելնեմ այն դրությունից,― շարունակեց դատախազը,― որ ամեն դեպքի, ամեն մի մարդու մեջ հանցագործությունը կարող է դարանակալել մեզ։ Առաջին ենթադրությունը, որ ի դեմս պարոն Տրապսի մենք գործ ունենք ճակատագրի կողմից բարերարված ու հանցագործությամբ նշված մի մարդու հետ պարտական ենք այն բանին, որ դեռևս մեկ տարի առաջ կոմիվոյաժորը ճամփորդում էր հին «սիտրոյենով», իսկ այժմ հպարտորեն շրջում է «ստուդեբեկկերով»։ Գիտեմ, անշուշտ,― շարունակեց նա,― մենք ապրում ենք գործարար բարձր կոնյունկտուրայի ժամանակներում, ուստի մեր ենթադրությունը դեռևս աղոտ է, ավելի շուտ նման նախազգացումի, որ քեզ սպասում է ինչ֊որ ուրախ ապրում, այն է՝ սպանության մերկացում։ Այն, որ մեր սիրելի բարեկամը գրավեց իր շեֆի պաշտոնը, դուրս մղելով նրան, վերջապես այն, որ շեֆը մեռավ,― բոլոր այս փաստերը դեռևս ուղղակի հանցանշաններ չէին, այլ լոկ հանգամանքներ, որոնք ամրապնդեցին, ուժեղացրին այդ նախազգացումը։ Տրամաբանորեն հիմնավորված կասկածը ծագեց միայն այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, թե լեգենդար շեֆն ինչից մեռավ՝ ինֆարկտից։ Այստեղ անհրաժեշտ էր փաստերը համարդել, կոմբինացնել, անհրաժեշտ էր դրսևորել սուր միտք, քննչի հոտառություն, զգուշությամբ, շաշուկ մոտենալ ճշմարտությանը, սովորականի մեջ անսովորը ճանաչել, որոշակիի մեջ տեսնել անորոշը, մշուշի մեջ նշմարել ուրվագծերը, հավատալ սպանությանը հենց նրա համար, որ այն անհեթեթ էր թվում, ընդունել սպանությունը։ Քննենք առաջադրվող նյութը։ Ուրվագծենք մեռածի դիմանկարը։ Մենք նրա մասին քիչ բան գիտենք, և այդ տեղեկություններն ստացել ենք մեր սիրելի հյուրից։ Պարոն Հիգակսը «Հեփեստոն» արհեստական գործվածքի ֆիրմայի գլխավոր ներկայացուցիչն էր, գործվածք, որի բոլոր հաճելի հատկություններին, որ թվարկեց այստեղ մեր սիրելի Ալֆրեդոն, ուրախությամբ հավատում ենք։ Դա մի մարդ էր, համարձակվում ենք ենթադրել մենք, որն իր նպատակին հասնելու համար պատրաստ էր ամեն ինչի, առանց ձևականությունների օգտագործում էր իր ստորադրյալներին, կարողանում էր գործ անել, չնայած միջոցները, որոնցից այդ ժամանակ օգտվում էր, հաճախ ավելի քան կասկածելի էին։

― Այդ ճի՛շտ է,― ոգևորված բղավեց Տրապսը․― սրիկան լավ է պատկերված։

― Այնուհետև կարող ենք եզրակացնել,―― շարունակեց դատախազը,― որ նա սիրում էր իրեն ներկայացնել իբրև առողջ, ուժեղ մարդու, հաջողակ գործարարի, որն ընդունակ է ամեն մի դրությունից դուրս գալ, որն անցել է հրի ու ջրի միջով, ուստի Հիգակսը թաքցնում էր սրտի ծանր հիվանդությունը, և այստեղ մենք նույնպես վկայակոչում ենք Ալֆրեդոյին, այդ հիվանդությունը ինչ֊որ կատաղություն էր առաջացնում նրա մեջ, ինչպես հեշտությամբ կարող ենք պատկերացնել, դա մի տեսակ խախտում էր նրա հեղինակությունը։

Անհասկանալի է, ապշում էր գլխավոր ներկայացուցիչը, դա պարզապես կախարդություն է, նա պատրաստ է վիճել, որ Կուրտը ծանոթ է եղել հանգուցյալին։

― Դե վերջապես լռեցե՛ք,― ֆշշացրեց պաշտպանը։

― Եթե ուզում եք պարոն Հիգակսի դիմանկարն ամբողջացնել,― բացատրեց դատախազը,― դրան պետք է ավելացնել, որ հանգուցյելը քիչ ուշադրություն էր դարձնում կնոջ վրա, որը մեզ պատկերանում է իբրև լավ կազմվածքով, հրապուրիչ մի կին, համենայն դեպս, մեր բարեկամը մոտավորապես այդպես արտահայտվեց։ ՀԻգակսի համար գլխավորը հաջողությունն էր, գործը, տեսքը, ճակատը, և մենք կարող ենք որոշ հավանականությամբ ենթադրել, որ նա համոզված էր իր կնոջ հավատարմության մեջ, գտնում էր, որ ինքն իրենից ներկայացնում է ինչ֊որ բացառիկ բան, օրինակելի տղամարդ, և չէր ենթադրում, որ կնոջ մոտ կարող է ամուսնական անհավատարմության միտք անգամ ծագել, և նրա համար ծանր հարված կլիներ, եթե իմանար, թե կինը նրան դավաճանում է մեր Կազանովայի հետ։

Բոլորը ծիծաղեցին, և Տրապսը ձեռքերը շրմփացրեց իր ազդրերին։

― Հենց այդպես էլ եղե՜լ է,― շողալով հաստատեց նա։― Հիգակսը ամեն ինչ իմացավ, և այդ բանը վերջ տվեց նրան։

― Դուք պարզապես խելագար եք,― տնքաց պաշտպանը։

Դատախազը ոտքի ելավ ու խնդագին նայեց Տրապսին, որը դանակով պանրի մի կտոր էր քերում։

― Այդպես,― ասաց նա,― բայց և այնպես ծեր մեղսագործն ի՞նչ կերպ իմացավ այդ մասին։ Նրա ախորժելի կի՞նը խոստովանեց։

― Դրա համար նա շատ էր վախկոտ,― պատասխանեց Տրապսը,― նա սարսափելի վախենում էր ծեր գանգստերից։

― Հիգակսն ի՞նքը գլխի ընկավ։

― Դրա համար նա չափազանց ինքնավստահ էր։

― Միգուցե դու ի՞նքդ խոստովանեցիր, իմ սիրելի բարեկամ ու դոնուժան։

Տրապսն ակամա կարմրեց։

― Դե ոչ, Կուրտ,― ասաց նա,― ինչպես կարող ես այդպես մտածել։ Պարզպաես նրա մաքրակյաց գործարար բարեկամներից մեկը բաց արեց ծեր սրիկայի աչքերը։

― Ինչո՞ւ։

― Ուզեց ինձ վնասել։ Ինձ տանել չէր կարող։

― Այ թե մարդիկ են լինում,― զարմացավ դատախազը։― Իսկ այդ ազնիվ մարդն ինչպե՞ս իմացավ քո կապերի մասին։

― Ես ինքս պատմեցի նրան։

― Դո՞ւ պատմեցիր։

― Դե այո, ինչեր ասես, որ չես պատմի գինու սեղանի մոտ։

― Հասկանալի է,― գլխով արավ դատախազը,― բայց ախր հենց նոր դու ասացիր, որ Հիգակսի այդ գործարար բարեկամը թշնամաբար էր տրամադրված քո դեմ։ Արդյոք նախապես համոված չէի՞ր, որ ծեր սրիկան ամեն ինչ կիմանա։

Այստեղ պաշտպանը եռանդուն կերպով միջամտեց, նույնիսկ ոտքի ելավ, քրտնքի մեջ կորած, այնպես, որ սերթուկի օձիքը թրջվեց։ Ուզում էր Տրապսի ուշադրությունը հրավիրել, բացատրեց նա, որ չպետք է այդ հարցին պատասխանել․

Տրապսն այլ կարծիքի էր։

― Իսկ ինչո՞ւ,― առարկեց նա։― Բոլորովին ամենղ հարց է։ Ինձ համար միևնույնն էր՝ Հիգակսն այդ մասին կիմանա, թե ոչ։ Ծեր գանգստերն իմ նկատմամբ այնպես անպատկառ էր պահում իրեն, որ ես բոլորովին էլ հարկ չունեի անհանգստանալու նրա համար։

ՄԻ ակնթարթ նորից լռություն տիրեց սենյակում, մեռյալ լռություն, ապա պայթեց ուրախությունը՝ աղմուկ, հոմերական քրքիջ, հիացմունքի փոթորիկ։ Ճաղատը գրկեց Տրապսին, տաք֊տաք համբուրեց, պաշտպանը ծիծաղեց այնպես, որ ցած գցեց պենսնեն, այդպիսի մեղադրյալի վրա պարզապես չի կարելի բարկանալ, դատավորն ու դատախազը պտտվում էին սենյակով մեկ, դեմ առնելով պատերին, թոթվում էին իրար ձեռք, բարձրանում աթոռների վրա, ջարդում շշերը, ամբողջ սրտով չարաճճիություններ անում ուրախությունից։

― Մեղադրյալը նորից է խոստովանում,― որոտաց դատախազը, նստելով բազկաթոռի թևին,― մեր սիրելի հյորին որքան գովես՝ քիչ է, նա իր դերը հոյակապ է խաղում։ Դեպքը պարզ է, ստացված է վերջին հաստատումը,― շարունակեց նա օրորվելով ու հիշեցնելով բարոկկո ոճի հին, խարխլած հուշարձան։― Այժմ դառնանք մեր հարգելի, ամենասիրելի Ալֆրեդոյին։ Ուրեմն, նրան հանձնել էին այդ գանգստեր շեֆի ձեռքը, մինչդեռ նա իր «սիտրոյենով» շրջում էր երկրում։ Ընդամենը մեկ տարի առաջ։ Նա կարող է հպարտանալ դրանով, նա, մեր բարեկամը, չորս մանչուկների հայրը, գործարանային հասարակ բանվորի այդ որդին։ Եվ իրավացիորե՛ն։ Դեռևս պատերազմի ժամանակ նա պատենտ չունեցող մանր առևտրական էր, մաքսանենգային տեքստիլ ապրանքների առևտուր անող թափառաշրջիկ, սև շուկայի չնչին սպեկուլյանտ՝ գնացքով գյուղից գյուղ կամ ոտքով միջգյուղյա ճանապարհներով անցնող, հաճախ կտրելով երկար կիլոմետրեր, մթին անտառների միջով, դեպի հեռավոր կալվածքները, կաշվե կեղտոտ պարկը շալակին, կամ պարզպաեղ կողովով, պլոկված սնդուկը ձեռքին։ Այժմ նա շատ բանի է հասել, հիմնավորապես իր գործին է, դարձել է լիբերալ կուսակցության անդամ, ի տարբեւոյթւոն իր մարքսիստ֊հոր։ Բայց ո՞վ կարող է հանգիստ առնել այն ճյուղին, որին վերջիվերջո հասել է, երբ նրա գլխավերևում, ավելի բարձր, բանաստեղծորեն ասած, երևում են այլ ճյուղեր՝ ավելի լավ պտուղներով։ Ճիշտ է, նա լավ է վաստակում, իր «սիտրոյենով» մի տեքստիլ ձեռնարկությունից մյուսն է սլանում, մեքենան վատը չէ, բայց մեր սիրելի Ալֆրեդոն տեսնում է աջից ու ձախից դուրս լողացող նոր մոդելներ, որոնք սլանում են ընդառաջ, թռչում կողքով, անցնում նրանից։ Երկիրը հարստանում էր, և ո՞վ չէր ուզում այդ բանն իր վրա զգալ։

― Հենց ճիշտ այդպես էլ եղել է, Կուրտ,― ճառագայթեց Տրապսը։― Ճիշտ ու ճիշտ այդպես։

Դատախազն զգում էր իրեն իր տարերքում, նա երջանիկ էր այն երեխայի պես, որին խաղալիքներ են նվիրել։

― Այդ ավելի հեծտ էր որոշել, քան ասել,― շարունակեց նա, նստած մնալով բազկաթոռի թևին,― շեֆը հնարավորություն չէր տալիս բարձրանալու, անխղճորեն օգտագործում էր նրան, ավելի ու ավելի խճճելով ու հրապուրելով նորանոր կապերի հնարավորությամբ։

― Միանգամայն ճի՛շտ է,― վրդովված բացականչեց գլխավոր ներկայացուցիչը։ ― Չեք կարող պատկերացնել, պարոնայք, թե այդ ծեր գանգստերը ինչպիսի աքցանի մեջ էր պահում ինձ։

― Այստեղ անհրաժեշտ էր գնալ ամեն ինչի,― ասաց դատախազը։

― Անշո՛ւշտ,― հաստատեց Տրապսը։

Մեղադրյալի բացականչությունները ոգեշնչում էին դատախազին, այժմ նա կանգնել էր աթոռին ու գինով թրջված անձեռոցիկը թափահարում էր դրոշակի նման, ժիլետին սալաթ թափված տոմատի սոուս, մսի կտորներ։

― Մեր բարեկամն սկսեց գործի մեջ առաջ գնալ, չնայած, ինչպես ինքն է խոստովանում, ոչ այնքան էլ ազնիվ ճանապարհով։ Մենք մոտավորապես կարող ենք պատկերացնել, թե այդ ինչպես է եղել։ Նա գաղտնի կապեր է հաստատում շեֆի մատակարարների հետ, խոստանալով ավելի լավ պայմաններ, խառնում է խաղաթղթերը, խոսքը մեկ անում մյուս գործակալների հետ, միաժամանակ գների բարձրացում ու ցածրացնում խաղալով, բայց հետո նրա գլխում միտք է ծագում այլ ճանապարհ օգտագործել։

― Այլ ճանապա՞րհ,― զարմացավ Տրապսը։

Դատախազը գլխով արավ։

― Պարոնայք, այդ ճանապարհը Հիգակսի բնակարանի թախտի միջոցով տանում էր ուղիղ դեպի նրա ամուսնական անկողինը։

Բոլորը ծիծաղեցին։ Եվ Տրապսը բոլորից բարձր։

― Իսկապես,― հաստատեց նա,― ես չար կատակ խաղացի ծեր գանգստերի գլխին։ Ինչպես այժմ տեսնում եմ, դրությունը շատ էր արդեն կոմիկական։ Իսկապես ասած, ես մինչև այսօր ամաչում էի դրանից, ում համար է հաճելի իր ներքինը շուռ տալ, չէ որ բոլորովին մաքուր սպիտակեղեն ոչ ոք չի ունենում, բայց այսպիսի մտերիմ բարեկամների շրջանում հարկ չկա ամաչելու։ Զարմանալի է։ Զգում եմ, որ ինձ հասկանում են, և ինքս էլ եմ սկսում հասկանալ ինձ, ասես ծանոթնաւոմ եմ մի մարդու հետ, որը հենց ես եմ որ ամ, որին առաջ ճանաչում էի մոտավորպաես իբրև ինչ֊որ տեղ սեփական «ստուդեբեկկեր», կին և երեխաներ ունեցող գլխավոր ներկայացուցիչ։

― Մենք հաճույքով հաստատում ենք,― ասաց դատախազը ջերմ ու սրտագին տոնով,― որ մեր բարեկամի մտքում լույսի մի ճառագայթ շողաց։ Օգնենք նրան, որպեսզի ման ինչ վերջնականապես պարզվի։ Անխոնջ հնախույզի ջնասիրությամբ հետևենք նրա վարքի շարժառիթներին, և ենք դեմ կառնենք թաղված ոճրագործությունների սքանչելիքներին։ Նա կապերի մեջ է մտնում տիկին Հիգակսի հետ։ Ինչպե՞ս է հասնում դրան։ Նա տեսնում է ախորժաբեր մի կին, ինչպես կարող ենք պատկերացնել։ Միգուցե այդ պատահել է ուշ երեկոյան, միգուցե ձմռանը, ժամը վեցի մոտերքը։

Տրապս․

― Յոթին, Կուրտխեն, յոթին։

― Քաղաքն արդեն գիշերային է, լուսավորված փողոցի ոսկեղեն լապտերներով, պայծառ ցուցափեղկերով ու կինթաթտրոններով, կանաչ ու դեղին լուսառեկլամներով, ամեն ինչ այնպես հրապուրիչ է, գայթակղիչ։ Նա նստած իր «սիտրոյենը», լպրծուն ասֆալտի վրայով գնում է դեպի առանձնատների այն թաղամասը, ուր ապրում էր նրա շեֆը։

Տրապսը ոգևությամբ․

― Այո՛, այո՛, առանձնատների թաղամասը։

― Թղթապանակը թևի տակ, զեկույցներ, նմուշներ, անհրաժեշտ էր կարևոր հարց լուծել։ Բայց Հիգակսի լիմուզինը իր սովարական տեղում չէր՝ մայթի մոտ։ Չնայած դրան, նա նացավ մութ այգու միջով, զնագեց, տիկին Հիգակսը բացեց դուռը, այսօր նրա ամուսինը տուն չի վերադառնա, նաժիշտն էլ է գնացել, տիկին Հիգակսը գիերազգեստով է, ոչ, ավելի լավ է ասել՝ լողազգեստ, բայց, թերևս, այնուամենայնիվ պարոն Տրապսը մի գավաթ ապերետիվ կխմի, նա սրտանց հրավիրում է նրան, և այդպես նրանք երկուսով նստում են հյուրասենյակում։

Տրապսն ապշեց․

― Այդ ամենը դու որտեղի՞ց գիտես, Կուրտխեն։ Սա ինչ֊որ կախարդություն է։

― Փորձիր,― բացատրեց դատախազը։― Բոլոր ճակատագրերը միատեսակ են խաղացվում։ Դա նույնիսկ գայթակղեցում չէր ո՛չ Տրապսի, ո՛չ էլ կնոջ կողմից, դա հարմար առիթ էր, որից Տրապսն օգտվեց։ Կինը մենակ նստել ու ձանձրանում էր, ոչ մի բանի մասին առանձնապես չէր մտածում, ուրախ էր որևէ մեկի հետ խոսել, տունը հաճելիորեն տաք էր, և խայտաբղետ ծաղկավոր լողախալաթի տակից նա միայն գիշերաշապիկ ուներ հագին։ Եվ երբ կնոջ կողքին նստած Տրապսը տեսավ նրա սպիտակ պարանոցը, ստինքների գայթակղիչ գիծը և թե ինչպես էր նա նստել ու շատախոսում էր, չարանում ամուսնու վրա, հավանորեն մեր բարեկամն զգաց, հասկացավ, որ կարելի է սկսել, չնայած իսկապես վաղուց էր արդեն սկսել։ Եվ հենց այդտեղ էլ նա շուտով ամեն ինչ իմացավ Հիգակսի մասին, այն մասին, թե որքան վատ է նրա առողջությունը և ուզածդ ուժեղ հուզմունքը կարող է նրան սպանել, իմացավ նրա տարիքը, թե ինչպես կոպիտ ու դաժան է կնոջ հետ և հաստատ համոզված է նրա հավատարմությանը,― ինչեր ասես, որ չես իմանա մի կնոջից, որն ուզում է վրեժխնդիր լինել ամուսնուց։ Այդպես Տրապսն սկսեց այդ կապը ձգել այս անգամ արդեն հատուկ մտադրությամբ, չէ որ անհրաժեշտ էր ուզածդ միջոցներով, ինչ ուզում է լինի, սնանկացնել շեֆին։ Եվ ահա վրա հասավ այն վայրկյանը, երբ ամեն բան նրա ձեռքին էր՝ գործարար պարտնյորներ, մատակարարներ, գիշերները ճերմակ, փափուկ, մերկ կին,― այդպես նա օղակը ձգեց, սկանդալ հրավիրելով։ Դիտավորյալ կերպով։ Այդ բանն էլ կարող ենք պատկերացնել, նորից երեկո, տրամադրող մթնշաղ։ Մենք մեր բարեկամին գտնում ենք ռեստորանում, ասենք հին քաղաքի որևէ գինետնում, մի փոքր ավելի տաքացրած։ Ամեն ինչ վստահելի է, հայրենասիրական, լավորակ, այդ թվում նաև գները, սրտաձև պատուհաններ, մարմնեղ գինեպան․․․

Տրապս․

― Քաղաքային խորհրդարանի նկուղում, Կուրտխեն։

― ․․․ուրեմն, ստիպված ենք ուղղել՝ մարմնեղ տիրուհի։ Գինետան հանգուցյալ մշտական հաճախորդների դիմանկարներով շրջապատված։ Ներս ու դուրս անող լրագրավաճառ, ավելի ուշ՝ «Ներս թողեք արևի շողը» երգը երգող Ազատության բանակ, մի քանի ուսանողներ, պրոֆեսոր, երկու բաժակ և խոշոր մի շիշ սեղանին։ Քիչ֊քիչ խմում են։ Եվ, վերջապես, անկյունում գունատ, չաղ, արձակած օձիքով, կաթվածահարության տրամադիր, քրտնաշաղախ, ինչպես զոհ, որին նշան են բռնել, մաքրասեր գործարար մի բարեկամ, որը չի հասկանում, թե այդ ամենն ինչ է նշանակում, ինչու հանկարծ Տրապսը հրավիչեց նրան, ուշադիր ունկնդիր, որը ամուսնական դավաճանության մասին հենց իրեն՝ Տրապսի շուրթերից իմանալով, մի ժամ հետո, ինչպես պետք է պատահեր և ինչպես մեր Ալֆրեդոն կանխատեսել էր, շտապեց շեֆի մոտ պարտքի, բարեկամության, ներքին օրինավորության զգացումից ու ամեն ինչին տեղյակ պահեց խղճահարության արժանի իր բարեկամին։

― Կեղծավո՛ր,― բացականչեց Տրապսը, նրա կլոր աչքերը փայլում էին, նա հիացմունքով էր լսում դատախազին, երջանիկ, որ կարող է իմանալ ճշմարտությունը, իր համարձակ, հպարտ, միակ ճշմարտությունը։

Հետո․

― Այդպես ճակատագիրը կատարվեց, վրա հասավ ճշտորեն հաշված ակնթարթը, երբ Հիգակսն իմացավ ամեն ինչ։ Ծեր գանգստերը, ինչպես թվում է մեզ, դեռևս կարող էր ցասումով համակված տուն գնալ, և այդտեղ, արդեն մեքենայի մեջ, հանկարծ սրտում զգացվող ցավեր, քրտինք, դողացող ձեռքեր, ոստիկանները զայրույթով սուլում են, ոչ մի ուշադրություն փողոցային երթևեկության նշաններին, տանջալից ճանապարհ գարաժից մինչև տան դուռը և, վերջապես, գիտակցության կորուստ, թերևս հենց այդտեղ, միջանցքում, մինչդեռ այդ ժամանակ ընդառաջ է վազում կինը, զուգված, հրապուրիչ ամուսնյակը։ Դա տևում է ոչ այնքան երկար, բժիշկը դեռ հասցնում է մորֆին սրսկել, և― դեպի այն աշխարհ, վերջին թույլ խռխռոց, կնոջ հեկեկանքներ։ Տրապսը տանն է, իր մոտիկների շրջանում, վերցնում է հեռախոսափողը, ցնցվում է, գաղտնի ցնծություն, ամեն ինչ ձեռք է բերված, տրամադրությունը բարձր է, երեք ամսից հետո «ստուդեբեկկեր»։

Նորից քրքիջ։ Բարի Տրապսը, որին այդ ամենը շշմեցրել էր, ծիծաղում է բոլորի հետ մեկտեղ, չնայած փոքր֊ինչ շփոթված քորում է ծոծրակը, գլխո անում, համաձայնելով դատախազի հետ, և բնավ իրեն դժբախտ չի զգում։ Նույնիսկ լավ տրամադրության մեջ է։ Նա գտնում է, որ երեկոն շատ լավ անցավ․ ճիշտ է, նրան փոքր֊ինչ շփոթեցնում է այն, որ իրեն սպանություն են վերագրում, և նա ժամանակ առ ժամանակ ընկնում է մտատանջության մեջ։ Իր վիճակը նա ավելի շուտ համարում է հաճելի, առաջանում է բարձրագույն հասկացությունների զգացողություն― արդարադատություն, մեղք, զղջում―ու դա նրան համակում է զարմանքի զգացումով։ Վախը, որ նրան պաշարել էր պարտեզում և ամեն անգամ վերադառնում էր նորից սեղանի շուրջ ուրախության յուրաքանչյուր բռնկման հետ, այժմ նրան թվում է չհիմնավորված ու նույնիսկ ծիծաղելի։ Բոլորն այնպես մարդկայնորեն են վերաբերվում նրան։ Ամբողջ հասարակությունը, օրորվելով, սայթաքող պաշտպանի հետ, փոխադրվեց ամեն տեսակ անճարակ զիզի֊բիզի բաներով կահավորված հյուրասենյակ, սև սուրճի սեղանի մոտ։ Պատերին վիթխարի գոբելեններ, քաղաքների տեսարաններ, պատմական նկարներ, երդումը Ռյուտլիում, Լաուպենի ճակատամարտը, շվեյցարական գվարդիայի կործանումը, յոթ խիզախների դրոշը, ծեփված առաստաղ, սվաղած պատեր, անկյունում ռոյալ, հարմարավետ բազկաթոռներ՝ ցածրիկ, խոշոր, ասեղնագործ ծածկոցներ՝ բարեպաշտ ասացվածքներով։ «Երանի նրան, ով ընթանում է ճշմարտության ուղիով», «Մաքուր խիղճը ամենափափուկ բարձն է»։ Բաց պատուհաններից դուրս երևում է մթության մեջ անորոշ, ավելի շուտ կռահվող փողոցը՝ գյուղական, հեքիաթային, խորասուզված, լապտերների և ավտոմոբիլային լուսարձակների լույսերից օրորվող, ավտոմոբիլներ, որոնք այդ ժամին արդեն հազվագյուտ են երևում՝ ընդամենը երկու մեքենա անցավ։ Ավելի հրապուրչ բան, քան սիրելի Կուրտի ճառն է, նա դեռ երբեք չէր լսել, ասաց Տրապսը։ Ըստ էության, այստեղ ասվածներին շատ քիչ բան կարելիէ ավելացնել․ անշուշտ, որոշ աննշան ուղղումներ կարելի է անել։ Այսպես, օրինակ, մաքրակյաց գործարար բարեկամը փոքրակազմ էր, նիհար, կանգնող օձիքով, բնավ չքրտնող, և տիկին Հիգակսն էլ նրան ընդունեց ոչ թե լողախալաթով, այլ բավական խորը կտրվածքով կիմոնո հագած, այնպես որ նրա սիրալիր հրավերը կարող էր հասկացվել տառացիորեն,― դա Տրապսի սրախոսություններից մեկն էր, օրինակը նրա համեստ հումորի,―և ծեր գանգստերի ինֆարկտը պատահեց ոչ թե տանը, այլ նրա պահեստներից մեկում․ նրան կարողացան դեռ հասցնել հիվանդանոց, բայց շուտով հաջորդեց սրտի պայթյուն, և վերջ, բայց այդ բոլորը, ինչպես արդեն ասաց, կարևոր չէ։ Իսկ հիմնականում ամեն բան ճիշտ է, ամեն բան, որ շարադրեց այստեղ նրա հիանալի բարեկամ դատախազը․ նա իրոք իրեն թույլ էր տվել որոշ բաներ տիկին Հիգակսի հետ միայն այն նպատակով, որպեսզի կործաներ ծեր սրիկային, այո, այժմ պարզ վերհիշում է, թե ինչպես պառկած նրա մահճակալում, նրա կնոջ կողքին, դիտում էր նրա լուսանկարը, նրա անհամակրելի հաստ դեմքը՝ դուրս ընկած աչքերին եղջերյա շրջանակով ակնոց, և ինչպես իր մեջ միտք ծագեց, հետն էլ վայրի ուրախություն, որ ինքը սառնասրտորեն նրա վախճանն է նախապատրաստում հենց նրանով, ինչով այժմ այնպես ուրախ ու եռանդով զբաղված է։

Արդեն նստել էին բարեպաշտ ասույթներով զարդարված բազկաթոռներին, երբ Տրապսն ավարտեց իր պատմությունը, ապա վերցրեց տաք սուրճի գավաթը, խառնեց, միաժամանակ ցմփոր սկահակից 1893― «ռոֆինյակ» կոնյակ խմելով։

Եվ այսպես, այժմ մեզ մնում է դատավճիռ արձակել, հայտարարեց դատախազը, կողքանց նստած հսկայական բազկաթոռի մեջ, հենակներից կախ գցած տարբեր գուլպաներով ոտքերը (սևգորշավուն և վանդակավոր կանաչ)։ Մեր բարեկամ Ալֆրեդոն գործել է ոչ թե dolo indirecto, ինչպես կլիներ այն դեպքում, երբ մահը վրա հասներ անակնկալ կերպով, այլ dolo malo―չար մտադրությամբ, ինչպես ցույց են տալիս փաստերը։ Չէ որ, նախ, նա ինքն է սկանդալը նյութել, երկրորդ, ավագ գանգստերի մահվանից հետո դադարել է այցելել նրա ախորժաբեր կնկան, որից, անշուշտ, կարելի է եզրակացնել, որ կինը եղել է միայն նրա արյունարբու ծրագրերի կենսագործման միջոց, այսպես ասած, սպանության նրբագեղ զենք, և որ, այսպիսով, մենք գործ ունենք հոգեբանական ներգործման օգնությամբ կատարված սպանության հետ։ Եվ չնայած, բացի ամուսնական անհավատարմությունից, ուրիշ ոչ մի հակաօրինական բան չի կատարվել, այնուամենայնիվ, դա միայն երևույթական է, և այդ երևույթականությունն էլ այժմ չքանում է։ Մեր թանկագին մեղադրյալի ամեն ինչ բարեկամաբար խոստովանելուց հետո նա, դատախազը, բավականություն ունի բարձր դատարանից պահանջելու,― և դրանով նա ավարտում է իր գնահատականը,― մահվան դատավճիռ ի պարգև այն ոճրագործության, որը հիացմունք, զարմանք, հարգանք է հարուցում և լիակատար հիմունքով կարող է համարվել մեր դարի ամենազարմանալի ոճրագործություններից մեկը։

Ծիծաղ։ Ծափահարություններ։ Բոլորը հարձակվեցին տորթի վրա, որ Սիմոնան հենց նոր ներս բերեց, որպեսզի, ինչպես արտահայտվեց նա, պսակի երեկոն։ Պատուհանի ետևում երևաց ատրակցիոնի նման անհավատալի, ուշացած լուսինը, բարակ մի լուսնեղջյուր, լռության մեջ լոկ ծառերի համաչափ աղմուկը, մեկ֊մեկ՝ ավտոմոլիներ, ինչ֊որ ուշացած անցորդ, որն զգույշ առաջանում է զիգզագաձև քայլերով։ Գլխավոր ներկայացուցիչն իրեն անվտանգ էր զգում, նստած Պիլեի կողքին, թավշապատ օթոցի վրա, այսպիսի ասույթով․ «Երանի նրան, ով գտնվում է սիրեցյալների շրջանում»։ Նա գրկել էր այդ լռակյացին, որը մերթ ընդ մերթ բացականչում էր միայն «հիանալի է», սեղմվելով նրա պոմադրված նրբագեղույթյանը։ Քնքշությամբ։ Բարեհոգությամբ։ Այտն այտին։ Նա գինուց ծանրացել էր, զգում էր հաշտեցում, վայելք․ մի հասարակության մեջ, ուր քեզ հասկանում են, լինել ինքզինքդ, այլևս ոչ մի գաղտնիք չթաքցնել, որովհետև այլևս գաղտնիք հարկավոր չէ, զգալ, որ քեզ գնահատում են, հարգում, սիրում։ Այն միտքը, որ ինքը սպանություն է գործել, հետզհետե համակում էր նրան, հուզում, կյանքը դարձնում ավելի վսեմ, ավելի հերոսական։ Դա պարզապես ոգևորում էր նրան։ Ինչպես այժմ պատկերացնում է, նա այդ սպանությունը մտածել ու իրագործել էր, որպեսզի առաջ գնա, ո՛չ թե գործարար կամ ֆինանսական նկատառումներով, ո՛չ թե «ստուդեբեկկեր» ունենալու ցանկությունից, այլ,― և այդ չափազանց ճիշտ է ասված,― որպեսզի դառնա ավելի նշանակալից, ավելի խորը մարդ, ինչպես ինքն էր պատկերացնում,― որքան թույլ էր տալիս իր մտածելու կարողությունը,― արժանի հարգանքի, կրթված, գիտնական մարդկանց սիրույն․ այժմ նրանք, անգամ Պիլեն, նրա աչքին թվում են հնադարյան մոգեր, որոնց մասին մի անգամ կարդացել է «Ռիդերզ դայջեստում», որոնք ըմբռնել էին ոչ միայն աստղերի, այլև արդարադատության գաղտնիքները, (նա հարբում էր այդ բառով), որը նա իր գործարար կյանքում գիտեր միայն իբրև ինչ֊որ վերացական խարդավանք, և որն այժմ հսկայական, անըմբռնելի արևի պես ծագել է նրա սահմանափակ հորիզոնում, ինչպես դեռ ոչ լիովին հասկացված գաղափար, և հենց դրա համար էլ ստիպում է ավելի ուժգին դողալ։ Այդպես, ոսկե֊կինամոնագույն կոնյակը ծծելով, նա լսեց,― սկզբում խորապես զարմացած, ապա ավելի ու ավելի զայրացած,― հաստլիկ պաշտպանի փաստարկները, որը փորձում էր նրա վարմունքը վերածել ինչ֊որ սովորական, քաղքենիական առօրյա մի բանի։ Նա բավականությամբ լսեց դատախազի սուր, հնարամիտ ճառը, ասաց պարոն Քումմերը պենսնեն հեռացնելով դեմքի կարմիր, ուռած գուղձերից և օգնելով իրեն երկրաչափական կարճ, նրբագեղ ժեստերով։ Անշուշտ, ծեր գանգստեր Հիգակսը մեռած է, իր պաշտպանյալը շատ բան է քաշել նրա ձեռքից, նրան համակել է իսկական կատաղություն, նա փորձել է նրան տապալել, ո՞վ կարող է վիճարկել այդ, ո՞ւմ հետ այդպիսի բան չի պատահում, բայց և այնպես սրտի հիվանդություն ունեցող մարդու մահը ներկայացնել իբրև սպանություն՝ ֆանտազիա է։

― Բայց ախր ես սպանե՛ եմ,― բողոքեց Տրապսը, ասես երկնքից ցած գլորվելով։

Ի տարբերություն դատախազի, նա, պաշտպանը, գտնում է, որ մեղադրյալն անմեղ է, ավելին, ընդունակ չէ ոճրագործության։

Տրապսը, արդեն դառնությամբ․

― Բայց ախր ես մեղավոր եմ։

«Հեփեստոն» արհեստական գործվածք պատրաստող ֆիրմայի գլխավոր ներկայացուցիչը կարող է շատ֊շատերի համար օրինակ ծառայել։ Սակայն, եթե նա գտնում է, որ մեղադրյալն անընդունակ է ոճրագործության, ապա այդ դեռևս չի նշանակում, թե նա բոլորովին անմեղ է համարում նրան։ Ընդհակառակն, Տրապսը մեղավոր է բազմաթիվ հանցանքներում։ Նա խախտում է ամուսնական հավատարմությունը, երբեմն խարդախություն անում, բայց և այնպես չի կարելի պնդել, թե նրա ամբողջ կյանքը կազմված է համատարած դավաճանություններից ու խաբեությունից։ Ո՛չ, ո՛չ, նա ունի իր դրական կողմերը, նույնիսկ իր առաքինությունները։ Մեր բարեկամ Ալֆրեդոն ջանասեր է, հաստատակամ, հավատարիմ իր բարեկամներին, աշխատում է ապահովել իր երեխաների ապագան, ընդհանուր առմամբ՝ իր հայրենիքի հավատարիմ քաղաքացին է, բայց անբարոյականությունը փչացրել է նրան, նա ասես թեթևակիորեն թթվել է, ինչպես այդ հատուկ է սովորական մարդկանց, նչպես այդ պետք է և հատուկ լինի նրանց, բայց հենց այդ պատճառով էլ նա անընդունակ է մեծ, մաքուր, հպարտ մեղսագործության, վճռական գործողությունների, պարզ, աներկդիմի ոճրագործության․․․

Տրապս․

― Զրպարտությո՛ւն է, ակնհայտ զրպարտություն։

Նա ոճրագործ չէ, այլ զոհ է դարաշրջանի, արևմտյան քաղաքակրթությանը, որը, ավաղ, գնալով ավելի ու ավելի է կորցնում հավատը (նա դառնում է ավելի ու ավելի մշուշապատ) և որն այնպես է թաղվում քաոսի մեջ, որ մարդ արդեն չի կարող նշմարել ոչ մի ուղեցույց աստղ։ Արդյունքը՝ լիակատար շփոթվածություն, վայրենացում, բռունցքի իրավունքի հաղթանակ և իսկական բարոյականության բացակայություն։ Ի՞նչ կատարվեց այսօր։ Բոլորովին չնախապատրաստված, սովորական այս մարդն ընկավ նուրբ դատախազի ձեռքը։ Նվաճողի նրա բնազդը, նրա մասնավոր կյանքն իր բոլոր արկածներով, մի կյանք, որը կազմված էր գործարար ուղևորություններից, մի կտոր հացի համար մղած պայքարից և ավելի կամ պակաս անմեղ զվարճություններից,― հանկարծ այդ ամենը, մինչև վերջ քննած ու բացահայտված, լուսավորվեց ամբողջովին, ոչնչով իրար չկապված փաստերը կապակցվեցին, ամեն ինչում մտցվեց տրամաբանական պլան, պատահականը ներկայացվեց իբրև օրինաչափ․ իբրև արարքների պատճառ, որոնք կարող էին նաև տեղի չունենալ, դիպվածը վերածեցին կանխամտածության, թեթևամտությունը՝ մտադրության, այնպես որ իբրև քննության արդյունք վերջիվերջո ամենաանսպասելի եղանակով դուրս թռավ մարդասպանը, ինչպես ճագարը՝ աճպարարի ցիլինդրի միջից։

Տրապս․

― Այդ ճիշտ չէ՛։

Եթե Հիգակսի գործը քննենք օբյեկտիվորեն, առանց ենթարկվելու դատախազի միստիֆիկացիաներին, ապա կգանք այն հետևության, որ ծեր գանգստերն իր մահով պարտական է իրեն, իր անկարգ կյանքին, իր կազմվածքին։ Շատ լավ հայտնի է, թե այդպիսի գործարար մարդկանց հիվանդությունն ինչից է առաջանում՝ մշտական հուզումներ, հոգսեր, խանգարված ամուսնություն ու ջղեր, բայց, իսկապես ասած, ինֆարկտի պատճառը ուժեղ ֆյոնն էր, որի մասին Տրապսը հիշատակեց․ ընդհանրապես ֆյոնը վտանգավոր է սրտային հիվանդների համար։

Տրապս․

― Ծիծաղելի՜ է։

Այդպիսով այստեղ, անշուշտ, տեղի է ունեցել պարզապես դժբախտ պատահար։ Իհարկե, պաշտպանյալը գործել է անխոհեմությամբ, բայց նա ևս, ինչպես բոլորը, ենթարկվում է գործարար կյանքի օրենքներին, որը ինքն էլ շարունակ ընդգծում էր։ Իհարկե, նա պատրաստ էր իր շեֆին սպանելու, ինչ ասես, որ մարդ մտքում չի պատկերացնի, բայց հենց միայն մտքում․ այդ մտքին համապատասխան գործողություն տեղի չի ունեցել, և այդ բանը հաստատվել չի կարող։ Մեղադրանքն ընդունելը կլիներ անհեթեթություն, էլ ավելի անհեթեթ է, որ նրա պաշտպանյալը երևակայում է, թե սպանություն է կատարել․ բացի ավտոմոբիլային վթարից, նա ենթարկվել է նաև հոգեկան վթարի, ուստի նա, պաշտպանը, խնդրում է արդարացուցիչ վճիռ կայացնել Ալֆրեդո Տրապսի նկատմամբ և այլն, և այլն։

Գլխավոր ներկայացուցչին գնալով ավելի ու ավելի էր զարյացնում այդ բարյացակամ մշուշը, որով պատվում էր նրա հրաշալի ոճրագործությունը, որի մեջ այդ ոճրագործությունը թաղվում էր, ճապաղվում, դառնում անիրական, խաբուսիկ, մթնոլորտային ճնշման արգասիք։ Նա զգում էր իրեն թերագնահատված, ուստի, հենց որ պաշտպանը խոսքն ավարտեց, նորից կամեցավ ելույթ ունենալ։ Վրդովված բարձրանալով տեղից, տորթով ափսեն աջ ձեռքում, «ռոֆինյակի» սկահակը ձախում, նա բացատրեց, որ կուզենար դատավճիռ կայացնելուց առաջ ևս մեկ անգամ ամենավճռական եղանակով պնդել, որ համաձայն է դատախազի ճառի հետ,― այդ ասելիս նրա աչքերում արցունքներ երևացին,― դա մարդասպանություն էր, գիտակցված մարդկասպանություն, այժմ իր համար պարզ է, իսկ պաշտպանի ճառը, ընդհակառակն, խորապես հիասթափեցրեց իրեն, նույնիսկ զայրացրեց․ նա հուսով էր հատկապես պաշտպանի կողմից ուշադրության արժանանալ, հուսով էր, ուստի և հենց այդ պատճառով էլ խնդրում է դատավճիռ կայացնել, ավելին, խնդրում է պատիժ ոչ թե հնազանդությունից, այլ ոգևորությունից, քանզի առաջին անգամ այս գիշեր հասկացավ, թե ինչ է նշանակում ապրել իսկական կյանքով,― այստեղ մեր կտրիճը խառնեց,― թե ինչի համար են արդարադատության, մեղքի ու զղջման բարձրագույն գաղափարները, ինչպես և քիմիական այն տարրերն ու միացությունները, որոնցից եփվում է նրա արհեստական գործվածքը, եթե օգտագործելու լինենք նրա բնագավառի հասկացությունները․ գիտակցելով այդ, նա ասես նորից ծնվեց, համենայն դեպս,― սեփական մասնագիտությունից դուրս նրա բառապաշարը բավական աղքատիկ է, թող նրան ներեն, այնպես որ նա, իսկապես ասած, հազիվ է կարողանում արտահայտել այն, ինչ մտածում է,― համենայն դեպս, «նորից ծնվեց» արտահայտությունը նույնիսկ թվում է ոչ այնքան ուժեղ, դա չի արտացոլում այն երջանկությունը, որը համակել է նրան, եռում է նրա ներսում։

Վերջապես հասան դատավճռին, որը պստլիկ, նույնպես կարգին հարբած դատավորը հրապարակեց ծիծաղի, տնքոցների, հիացմունքի աղաղակների և մինչև իսկ երգելու փորձի (պարոն Պիլե) ուղեկցությամբ, հրապարակեց ոչ առանց դժվարության ոչ միայն նրա համար, որ բարձրացել էր անկյունում դրված ռոյալի վրա, կամ, ավելի ճիշտ, մտել էր ռոյալի մեջ, որովհեև դրանից առաջ բացել էր կափարիչը,― ինքը խոսքը մեծ դժվարություններ էր պատճառում նրան։ Նա կակազում էր, խառնում կամ կիսատ թողնում բառերը, սկսում էր նախադասություններ, որոնցից գլուխ չէր հանում, շուլալում էր նորերը, չնայած նախորդների իմաստը վաղուց էր մոռացել։ Բայց և այնպես ընդհանուր առմամբ մտքերի ընթացքը դեռևս կարելի էր որսալ։ Նա ելնում էր այն հարցից, թե ով է իրավացի՝ դատախա՞զը, թե պաշտպանը, արդյոք Տրապսը կատարե՞լ է մեր դարի նշանավոր ոճրագործություններից մեկը, թե նա անմեղ է։ Այդ տեսակետներից ոչ մեկը նա չի կարող ամբողջովին պաշտպանել։ Իսկապես դատապազի հարցաքննությունը Տրապսի ուժերից վեր էր, ինչպես գտնում է պաշտպանը, և այդ պատճառով էլ նա համաձայն է շատ բաների հետ, որոնք իրոք բոլորովին էլ այնպես չեն կատարվել, բայց և այնպես Տրապսն սպանել է, չնայած ոչ սատանայական դիտավորությամբ, ո՛չ, լոկ թեթևամտությունից, անհոգությունից, որը հատուկ է այն աշխարհին, ուր նա ապրում ու գործում է իբրև «Հեփեստոն» արհեստական գործվածքի ֆիրմայի ներկայացուցիչ։ Նա սպանել է, որովհետև նրա համար ամենաբնական բանն է՝ մեկին պատին դեմ անել, դիմել ծայրահեղ քայլի՝ ինչ ուզում է լինի։ Այն աշխարհում, որի միջով նա սլանում է իր «ստուդեբեկկերով», մեր սիրելի Ալֆրեդոյի հետ ոչինչ չէր պատահի, ոչինչ չէր կարող պատահել, բայց նա այնպես սիրալիր գտնվեց, եկավ նրանց մոտ, նրանց խաղաղ, սպիտակ վիլլան (այստեղ դատավորի հայացքը մշուշվեց, և հետագա ամբողջ իր խոսքը արտասանեց ուրախ հեծկլտուքի տակ, որը մերթ ընդ մերթ ընդհատվում էր հուզված հզոր փռշտոցներով, ըստ որում նրա փոքրիկ գլուխը թաղվում էր հսկայական թաշկինակի մեջ, որն առաջանում էր ներկաների հետզհետե ուժեղացող ծիծաղը), եկավ չորս ծերունի մարդկանց մոտ, որոնք նրա կյանքը լուսավորեցին արդարադատության ջինջ ճառագայթով, ճիշտ է, այդ արդարադատությունը փոքր֊ինչ տարօրինակ դիմագծեր ունի, նա գիտե, գիտե, գիտե այդ, այն երևում է չորս կնճռապատ դեմքերի վրա, արտացոլվում ծեր դատախազի միակնոցում, հաստլիկ պաշտպանի պենսնեում, ծիծաղում հարբած, արդեն թեթևակիորեն կակազող դատավորի անատամ բերանով և բռնկվում պաշտոնաթող դահճի ճաղատի վրա։

Մնացածները, անհամբերությամբ ընդհատելով այդ լիրիկան․

― Դատավճի՛ռը, դատավճի՛ռը։

Սա մի տարօրինակ, քմահաճ, պաշտոնաթող արդարադատություն է, բայց սա հենց այն արդարադատությունն է․․․

Մնացածները, միաձայն․

― Դատավճի՛ռը, դատավճի՛ռը։

․․․որի անունից նա այժմ իրենց սիրելի, հիանալի Ալֆրեդոյին դատապարտում է մահվան․․․

Դատախազ, պաշտպան, դահիճ և Սիմոնա․

― Ուռա՜, ուռա՜։

Տրապսը, հուզմունքից նույնպես հեկեկալով․

― Շնորհակալ եմ, սիրելի դատավոր, շնորհակալ եմ։

Չնայած իրավաբանորեն դատավճիռը հիմնված է միայն մեղադրյալի խոստովանության վրա, բայց վերջիվերջո գլխավորն այդ է։ Ուստի նրան ուրախացնում է, որ ինքը կայացրել է մի դատավճիռ, որն այդպիսի անվերապահությամբ ընդունվեց մեղադրյալի կողմից։ Մարդկային արժանապատվությունը ներողամտության կարիք չունի․ թող ուրեմն մեր հարգելի հյուրն ուրախությամբ դիմավորի իր սպանության պսակումը, որը, ինչպես նա հուսով է, կատարվում է ոչ պակաս հաճելի հանգամանքներում, քանի ինքն սպանությունը։ Այն, ինչ որ սովորական մարդու մոտ երևան է գալիս միայն պատահականորեն, դժբախտ պատահարի հետևանքով կամ իբրև բնության արտահայտություն,― ինչպես հիվանդույթւոնը, արյունատար անոթների խցանումը, չարորակ ուռուցքը, այդ բանն այստեղ հանդես է գալիս իբրև անհրաժեշտ բարոյական հանրագումար․ միայն այստեղ է կյանքը ավարտվում ինչպես արվեստի ստեղծագործություն, երևան է գալիս մարդկային ողբերգությունը, լուսավորվում լույսով, ընդունում անթերի ձև, ավարտվում։

Մնացածները։

― Վե՛րջ։ Վե՛րջ։

Այո, համարձակորեն կարելի է ասել միայն դատավճիռը հրապարակելու ակտի մեջ է,―որը մեղադրյալին դարձնում է դատապարտյալ,― կենսագործվում արդարադատության ասպետական ժեստը․ չկա ավելի բարձր, ազնիվ, մեծ մի բան, քան այն ակտը, որով մարդը դատապարտվում է մահվան։ Հենց այդ էլ տեղի ունեցավ։ Տրապսը, թերևս ոչ այնքան էլ օրինական այդ բախտավորը,― քանի որ, ըստ էության, այստեղ հնարավոր է լոկ պայմանական մահվան վճիռ, որից սակայն նա, դատավորը, հրաժարվում է, որպեսզի չհիասթափեցնի իրենց սիրելի բարեկամին,― կարճ ասած, Ալֆրեդոն այժմ հավասարվեց նրանց և արժանի է ընդունվելու նրանց հասարակության մեջ իբրև խաղի օրինակելի մասնակից և այլն։

Մնացածները․

― Շամպա՛յն։

Երեկոն հասավ իր գագաթնակետին։ Շամպայնը փրփրում էր, ոչ մի բան չէր մթագնում հավաքվածների հետզհետե աճող ուրախությունը, նույնիսկ պաշտպանը նորից ներգրավվեց ընդհանուր համակրանքի մթնոլորտում։ Մոմերը վերջանում էին, մի քանիսը բոլորովին մարեցին, պատուհանից դուրս առավոտի, հեռավոր արևի ծագման նախազգացումը, գունատվող աստղեր, զովություն ու ցող։ Տրապսը ցնծագին տրամադրության մեջ էր, միաժամանակ հոգնած էր զգում իրեն․ խնդրեց առաջնորդել իր սենյակը, մի գրկից ընկնում էր մյուսը։ Արդեն թոթովում էին միայն, բոլորը հարբած էին, հյուրասենյակը լի էր աղմուկով, անմիտ ճառեր, մենախոսություններ, արդեն ոչ ոք ոչ ոքի չէր լսում։ Գինու և պանրի հոտ էր գալիս։ Երջանիկ, հոգնած գլխավոր ներկայացուցչին փայփայում էին, համբուրում, ինչպես սիրող պապիկներն ու քեռիները երեխային, շոյում գլուխը։ Լռակյացը նրան վերև տարավ։ Չորեքթաթ, դժվարությամբ սանդուղքով վեր բարձրացան, մեջտեղում լռվեցին փաթաթված իրար, չկարողացան առաջ շարժվել, դանթեցին աստիճանների վրա։ Վերևի պատուհանից ներս էր ընկնում առավոտյան գորշ լույսը, խառնվելով սվաղած պատերի ճերմակությանը, դրսից արթնացող օրվա առաին շշուկները, հեռու երկաթուղային կայարանից՝ մանևրող շոգեքարշերի սուլոցներն ու աղմուկը՝ իբրև աղոտ հիշեցում խափանված տուն մեկնելու մասին։ Տրապսը երջանիկ էր, չուներ ոչ մի ցանկություն, որ դեռևս երբեք չէր պատահել նրա՝ մանր բուրժուայի կյանքում։ Աչքի առաջ երևում էին անորոշ պատկերներ, տղայի մի դեմք― նրա կրտսերը, որին ամենից շատ էր սիրում,― հետո, մշուշի մեջ, մի գյուղ, ուր մնաց վթարի պատճառով, փողոցի սպիտակ ժապավեն, որը ձգվում էր դեպի մի փոքրիկ բարձունք, վերևում կիրխե, հզոր, շառաչուն կաղնի՝ երկաթե օղակներով ու հենարաններով, անտառապատ բլրակներ, նրանց ետևում, վերևում, ամենուրեք, անվերջանալի շողացող երկինք։ Բայց այդ ժամանակ լռակյացը մռթմռթաց․ «Ուզում եմ քնել, ուզում եմ քնել, հոգնած եմ, հոգնած եմ»,― իսկապես քնեց, լսելով միայն, թե Տրապսն ինչպես սողաց դեպի վերև, հետո աթոռ ընկավ, ճաղատը մի ակնթարթ արթնացավ աստիճանների վրա, դեռևս չսթափված ջրահեղձ րոպերենով ու սարսափներով լի երազներից ու հիշողություններից, ապա նրա շուրջը՝ ոտքերի շիլափլավ․ այդ մնացյալներն էին աստիճաններով վերև բարձրանում։ Տնքալով ու ճղճալով, սեղանին մի մագաղաթ փռելով, նրանք խզբզեցին մահվան դատավճիռը, որը կազմված էր արտասովոր վերամբարձ, սրամիտ դարձվածքներով, ակադեմիական արտահայտություններով, լատիներեն ու հին գերմաներեն, ապա բոլորը շարժվեցին դեպի վերև, որպեսզի իրենց ստեղծագործությունը դնեն ուղղակի գլխավոր ներկայացուցչի մահճակալին՝ ի նշան հաճելի հիշողության իրենց հոյակապ կերուխումի։ Դրսում լուսաբաց է, վաղ լուսաբաց, թռչունների առաջին ձայները՝ սուր ու անհամբեր։ Այդպես նրանք բարձրացան վերև, անցնելով ճաղատի վրայով։ Մեկը բռնել էր մյուսից, իսկ սա հենվել էր երրորդին, երեքն էլ երերում էին, քայլում մեծ դժվարությամբ, հատկապես սանդուղքի պտույտում, ուր կանգ առնելը, ետժետ գնալը, նոր առաջացումն ու ցած թափվելն անխուսափելի էին։ Վերջապես նրանք հասան հյուրերին հատկացվող սենյակի դռանը։ Դատավորը դուռը բացեց, և ամբողջ հանդիսավոր խումբը քարացավ շեմքին․ պատուհանի շրջանակի մեջ կախված էր Տրապսը, անշարժ ու մութ մի ուրվանկար երկնքի անտարբեր արծաթին, վարդերի ծանր բուրմունքի մեջ, այնպես վերջնականորեն ու անդարձ, որ դատածազը, որի միակնոցի մեջ արտացոլվում էր վառվող առավոտը, ստիպված էր ծանրությամբ օդ կուլ տալ, նախքան անզորությամբ ու ցավով բացականչեր, մորմոքելով կորցրած բարեկամի համար։

― Ալֆրեդո, իմ բարի Ալֆրեդո։ Աստվա՜ծ իմ, ախր դու այդ ի՞նչ արեցիր։ Դու փչացրիր մեր լավագույն խնջույքը։
  1. Ֆյոն ― լեռնային Շվեյցարիայում, գերազանցապես Ալտդորֆյան հովտում, փչող ուժեղ քամի։ (Ծ․ Թ․)
  2. Dolus - խորամանկություն, խարդախություն (լատ․):