Տիեզերք, նյարդային համակարգ և ճարպի մի կտոր

Գրապահարան-ից
Տիեզերք, նյարդային համակարգ և ճարպի մի կտոր

հեղինակ՝ Վասիլի Շուկշին
թարգմանիչ՝ Արմեն Հովհաննիսյան

Ծերուկ Նաում Եվստիգնեիչը խումհարից հետո հիվանդ էր։ Վառարանին պառկած, տնքում էր։

Ամսական մի անգամ, թոշակի օրը, Եվստիգնեիչը կանոնավոր հարբում էր ու դրանից հետո երեք օր անկողին ընկնում։ Աստծուն էր հայհոյում։

— Ոնց որ սատանեքը միսս քրքրեն, աստծուդ մերը․․․ Մեռա․․․

Դասագրքերով բեռնվաձ սեղանի մոտ նստած էր ութերորդ դասարանցի Յուրկան՝ Եվստիգնեիչի տնվորը, դասերն էր պատրաստում։

— Յուրկա, մեռա, ես դրա խաչ ու ավետարանը․․․

— Պետք չէր էդքան խմել։

— Հլա ջահել ես, խելքդ չի կտրում։

Դադար։ Տուրկան գրչածայրն էր ճռճռացնում։

Ծերուկը խոսել էր ուզում՝ գոնե կթեթևանար մի քիչ։

— Բա ի՞նչ անեմ, որ չխմեմ։ Գոնե ամիսը մի անգամ պտի որ բուկս թրջեմ․․․

— Ինչի՞ համար։

— Ընչի՞, ես մարդ չե՞մ։

— Հմ․․․ Ճորտատիրական իրավունքի ժամանակների դատողություն։— Յուրան ետ ընկավ վիեննական աթոռի թիկնակին, ծաղրական հայացքով տանտիրոջը նայելով։— Այն ժամանակ էր ընդունված, որ մարդ անպայման պիտի խմի։

— Էդ դո՞ւ որտեղից գիտես ճորտական ժամանակի մասին, հը՞։— Ծերունին նայում էր վերևից՝ տառապագին ու հետաքրքրությամբ։ Յուրկան երբեմն զարմացնում էր նրան իր գիտելիքներով, ու թեև չէր հանձնվում, բայց տղային լսել սիրում էր։— Ի՞նչ գիտես, հը՞։ Բոյդ՝ թիզուկես։

— Անցել ենք։

— Դասատուներդ են պատմել, հը՞։

— Հա։

— Բա նրա՞նք որտեղից գիտեն։ Մի հատ պառավ մարդ չկա ձեր մոտ։

— Սովորել են։ Գրքերում է գրված․․․

— Գրքերում․․․ Իսկ կարո՞ղ ա իմանան, թե մարդ խումհարից ինչի ա հիվանդանում։

— Օրգանիզմի թունավորում՝ հացի օղու յուղերով։

— Յուղը որտե՞ղ։ Արաղի մե՞ջ։

— Հա։

Եվստիգնեիչի սիրտը չնայած խառնում էր, բայց նա ակամա ծիծաղեց քթի տակ։

— Էս էլ քեզ ուսում։

— Ուզո՞ւմ ես, բանաձևը ցույց տամ։ Հիմա ես քեզ հասկանալի կապացուցեմ․․․— Յուրկան ուզում էր քիմիայի դասագիրքը վերցնել, բայց ծերուկը սկսեց տնքալ, ձեռքերով գլուխը բռնեց։

— Օ-օ՜․․․ Էլի սկսե՜ց։ Էլի խառնե՛ց, տիրումերը․․․

— Էլ ինչի՞ ես չարչարվում, մի բաժակ խմիր, կանցնի։

Ծերուկն այդ առաջարկությանը որևէ կերպ չարձագանքեց։ Նա կխմեր, իհարկե, բայց փողն էր ափսոսում։ Ընդհանրապես, չտեսնված ժլատ էր։ Կարգին ապրում է, թոշակը քիչ չէ, տղաներն ու աղջիկը օգնում են քաղաքից։ Նկուղում ինչ ասես, որ չկա՝ դեռ անցյալ տարվա ճարպը, աղ գրած վարունգ, կաղամբ, ձմերուկ, սունկ․․․ Մեծ ու փոքր չաներ, տուփեր, տակառիկներ՝ մի ամբողջ պահեստ։ Մառանում՝ մի տասնհինգ փութ ընտիր ալյուր, խոզի ազդրամիսը մեկուկես փութ կկշռի։ Բանջարանոցում՝ կարտոֆիլի հորը, նույնպես անցյալ տարվանից մնացած, որով նա կերակրում է կրտած խոզերին, սագերին ու հավերին։ Երբ հիվանդ չէ, վեր է կենում լուսումութին ու ամբողջ օրը, մինչև մութն ընկնելը, բնբնում տունուտեղում։ Հաճախ նկուղ կիջնի, կնստի աստիճանի վրա ու երկար ժամանակ, մտքերի մեջ, նստած կմնա։ «Քոսոտ շան որդիք։ Բա հմի մարդ էստեղ չապրի»,— կմտածի ու լույս աշխարհ կելնի։ Տղաների ու աղջկա մասին է ասում։ Նա ատում է զավակներին այն բանի համար, որ նրանք քաղաք են գնացել։

Յուրկայի վիճակն այլ էր։ Ապրում էր հարևան գյուղում, ուր տասնամյակ չկա։ Հայր չուներ։ Իսկ մոր խնամքին, իրենից բացի, երեք երեխա էլ կար։ Հայրը խեղդվել էր գետում, լաստառաքման վրա էր աշխատում։ Մնացած երեքը Յուրկայից փոքր էին։ Մայրը վերջին ուժերը չէր խնայում, ուզում էր, որ Յուրկան տասնամյակն ավարտի։ Յուրկան էլ էր ուզում տասնամյակն ավարտել։ Ավելին, նա ուզում էր հետո ինստիտուտ ընդունվել։ Բժշկական ինստիտուտ։

Ծերուկն իբր չէր նկատում Յուրկայի չքավորությունը, ամսական հինգ ռուբլի էր վերցնում նրանից։ Ու եփում էին՝ ծերուկն իր համար առանձին, Յուրկան՝ իր։ Երբեմն, ամսվա վերջին, Յուրկայի մթերքը կվերջանար։ Ծերուկը երկար-բարակ կխեթխեթեր Յուրկային, երբ սա հացը ցամաք կուտեր: Հետո կհարցներ․

— Լրի՞վ պրծել ա։

— Ըհը։

— Կտամ․․․ հետո կբերես։

— Տուր։

Ձեռքի կշեռքով ծերուկը մի երկու կիլոգրամ կորեկի ձավար կկշռեր, և Յուրկան իր համար շփոթ կեփեր։ Առավոտները կզրուցեին վառարանի մոտ։

— Բայց դե, ուսում առնել ուզո՞ւմ ես։

— Ուզում եմ։ Վիրաբույժ եմ դառնալու։

— Ինչքա՞մ կա հլա։

— Ութը տարի։ Որովհետև բժշկականում վեց տարի է, ոչ թե հինգը, մնացած տեղերի պես։

— Մինչև հասնես վիրաբուժին, ոտերդ կտնկես։ Մերդ էդքան փող որտեղի՞ց ա ճարելու։

— Թոշակով կապրեմ։ Տղաները սովորում են․․․ Մեր գյուղից երկուսն էդպես են սովորում։

Ծերուկը լռում էր, կրակին նայելով։ Ըստ երևույթին, հիշել էր իր երեխաներին։

— Էդ ինչի՞ ա ձեզ քաղաքն էդ տեսակ քաշում։

— Սովորելու․․․ ․ «Ինչն է քաշում»։ Վիրաբույժ դառնալուց հետո կարելի է գյուղում աշխատել։ Գյուղում աշխատելը նույնիսկ ավելի սրտովս է։

— Ինչի՞, դրանք էդքան շատ են ստանում, հա՞։

— Ովքե՞ր։ Վիրաբույժնե՞րը։

— Հա։

— Ընդհակառակը։ Քիչ են վճարում նրանց։ Բոլորից քիչ։ Հիմա, ճիշտ է, ավելացրել են, բայց մեկ է․․․

— Բայց էլ ո՞ր սատանան ա բկներիդ չոքել, որ էդքան տարի հոգի տաք։ Գնա շոֆերություն սովորի ու սկսի աշխատել։ Չես տեսնո՞ւմ ինչքամ են փող բերում։ Չհաշված, որ մեկի համար ցախ կտանես, մեկելին՝ սովխոզի խոտից-բանից՝ փող ա, չէ՞։ Մորդ էլ կօգնեիր։ Երեք մանր հլա ձեռին են նայում։

Յուրկան որոշ ժամանակ լուռ է։ Մոր և կրտսեր եղբայրների մասին հիշեցումից ցավում է նրա սիրտը։ Իհարկե, մոր համար դժվար է․․․ Ծերուկի հանդեպ ունեցած բարկությունը բորբոքվում է։

— Կապրենք,— կտրուկ ասում է նա։— Ոչ մեկի գործը չի։

— Գիտենք, գիտենք,— համաձայնում է ծերուկը։— Գլխահան, են արել ձեզ էդ ուսումով, դուք էլ հրես թափառում եք աշխարհով մեկ, ոնց որ․․․— Նա հարմար բառ չի գտնում ասելու, թե ոնց որ ով։— Առաջ ապրում էին առանց ուսումի, ոչինչ, աստված տա, սոված նստած չէինք։

— Ձեր մտքին մենակ մի բան կա՝ առաջ, հա առաջ։

— Բա չէ․․․ այլոպլանները սարքիք, ինչ քաք ասես․․․

— Սելով քեզ ավելի՞ է դուր գալիս։ Թե՞ պառկես վառարանիդ վրա։

— Ի՞նչ վատ ա որ՝ սելով։ Թե որ ճամփա ընկա, հաստատ գիտեմ, լավ-վատ տեղ կհասնեմ։ Համա դու որ գլորվեցիր քո էդ այլոպլանից, ոսկորներդ չեն գտնի։

Եվ այսպես երկար զրուցում են նրանք ամեն առավոտ, մինչև որ Յուրկան դպրոց է գնում։ Ծերուկը խոսելու կարիք է զգում․ հետո ամբողջ օրը լուռ պիտի մնա։ Իսկ Յուրկան, թեև զայրանում է ծերուկի միալար փնթփնթոցից, բավարարություն է զգում այն բանից, որ պաշտպան է կանգնում Նորին՝ օդանավերին, ուսմանը, քաղաքին, գրքերին, կինոյին։

Տարօրինակ է, բայց ծերուկը աստծուն էլ չի հավատում։

— Բանուգործ չունեն, դրա համար էլ մազ են փետում, ընկնավորում,— հավատացյալների մասին ասում է նա։— Բանել ա պետք, ու ինքն իրան կգա։

Բայց աշխատել նշանակում է մենակ իր համար, իր արտի վրա, իր բանջարանոցում։ Առաջվա պես։ Վաղուց չի աշխատում կոլտնտեսությունում, թեև նրա տարեկից ծերունիները դեռևս կամաց-կամաց բզբզում են՝ որը մեղվանոցում է, որը՝ ձիապահակ է հանդերում, որն՝ էլ ուղղակի պահակ է։

— Մի տեսակ կուլակային թեքում ունես, այ պապ,— մի անգամ ասաց Յուրկան զայրացած։

Ծերուկը երկար ժամանակ չպատասխանեց․ Հետո ասաց անհասկանալի մի բան․

— Հելի, ով կյանքն անիծել ա․․․— Եվ բոլ-բոլ խնչեց նախ մի քթածակից, հետո՝ մյուսից։ Քիթը մաքրեց շապկի փեշով ու եզրափակեց․— Վայ թե կամիսար դառնայիր նրանց մոտ։ Էն ժամանակ կամիսարները ջահել էին։

Յուրկային շոյեց դա։

— Ոչ թե ով, այլ՝ ում,— ճշտեց նա։

— Թեքման մասին․․․ տես հա, ամեն տեղ դուրս չտաս։ Թե չէ կգան բոստանը կկտրեն։ Մի չորս հարուրորդական ավել, ունեմ․․․

— Շատ պետքս է։

Հաճախակի անդրադառնում էին աստծո թեմային․

— Ձեր մոտ ի՞նչ են ասում նրա մասին։

— Ո՞ւմ մասին։

— Աստծու:

— Ոչ մի բան էլ չեն ասում՝ աստված չկա։

— Բա ինչի՞ են էդքան մարդ աղոթք անում։

— Իսկ դո՞ւ ինչու ես տեղի-անաեղի հիշում նրան։ Դու հո չե՞ս հավատում։

— Համա ասիր, հա՜։ Ես ուշունց եմ տալի։

— Մեկ է՝ աստծուն ես տալիս։

Ծերուկը դժվարանում է։

— Ի՞նչ ա, մենակ ե՞ս եմ հաչում։ Որ ով ասես հիշում ա, ուրեմն ինձ էլ ա կարելի։

— Հիմարություն է։ Իսկ քո տարիքում ընդհանրապես ամոթ է։

\ 

— Մի քիչ թողեց, ես դրա խաչ ու պատարագը,— ասաց ծերուկը։— Աչքիս առաջը մթնել էր, հա՜։

Յուրկան այլևս խոսել չէր կամենում՝ դաս պիտի սովորեր։

— Հմի ո՞ւմ մասին ես անցնում։

— Աստղաբաշխություն,— չոր ու կտրուկ պատասխանեց Յուրկան, դրանով իսկ հասկացնել տալով, որ մտադիր չէ զրուցել։

— Էդ ինչի՞ մասին ա։

— Տիեզերքի։ Մեր տիեզերագնացներն ո՞ւր են թռչում։

— Գագարինը, հա՞։

— Մենակ Գագարինը չէ․․․ Արդեն շատերը։

— Ինչի՞ են դրանք թռնում էնտեղ։ Ինչի՞ համար։

— Բարև ձեզ,— բացականչեց Յուրկան ու դարձյալ ետ ընկավ աթոռի թիկնակին։― Մեկ-մեկ հո չե՜ս ասի։ Բա ի՞նչ, ավելի լավ կլիներ, պառկեին վառարանի վրա՞։

— Ի՜նչ կպար դու էլ էս վառարանից,— նեղացավ ծերուկը։— Կհասնես իմ տարիքին, նոր դուրս կտաս։

— Քեզ նեղացնելու համար չասացի։ Բայց հարցնես, թե մարդիկ ինչու են տիեզերք թռչում, գիտե՞ս ինչ կասեմ․․․

— Բացատրի դու էլ։ Ինչի՞ համար են քեզ սովորեցնում։ Որ պառավ մարդկանց վրա չարանա՞ս։

— Լավ, առաջին հերթին, տիեզերքի նվաճումը․․․ պետք է։ Ժամանակը կգա, մարդիկ կիջնեն լուսնի վրա։ Էլի ժամանակ կանցնի, կհասնեն Վեներա։ Իսկ Վեներայի վրա, գուցե մարդիկ են ապրում։ Մի՞թե հետաքրքիր չէ նայել նրանց․․․

— Նրանք էլ են մեզ պե՞ս։

— Էդ մեկը ճիշտ չգիտեմ։ Գուցե մի քիչ ավելի սարսափելի են, որովհետև այնտեղ մթնոլորտն ուրիշ է՝ ավելի շատ է ճնշում։

— Մեկ էլ տեսար կռիվ գցին։

— Ինչի՞ համար։

― Է՛, կասեն՝ ինչի՞ եք եկել։— Ծերուկին հետաքրքրել էր պատմությունը։— Կասեն՝ կարմիր խնձո՞ր էինք ուղարկել։

— Կռիվ չեն գցի։ Նրանք էլ կուրախանան։ Դեռևս հայտնի չէ, թե մեզնից ո՞վ է ավելի խելոք, գուցե նրանք։ Այդ դեպքում մենք կսովորենք նրանցից։ Իսկ հետո, երբ տեխնիկան զարգանա, ավելի հեռու կթռչենք․․․— Յուրկան նույնպես կլանվել էր մարդկության նման հեռանկարով։ Նա ելավ տեղից ու սկսեց քայլել խրճիթում։— Չէ որ մենք դեռ չգիտենք, թե երկրագնդի նման քանի մոլորակ կա։ Գուցե և միլիոն մոլորակ։ Եվ ամեն տեղ էակներ են ապրում։ Ու մենք կսկսենք միմյանց մոտ թռչել․․․ Եվ կստացվի այսպիսի․․․ համաշխարհային մարդկություն։ Բոլորս միատեսակ կլինենք։

— Չլինի՞ թե իրար հետ պիտի պսակվենք։

— Կրթության առումով եմ ասում։ Գուցե մի որևէ տեղ այնպիսի մարդակերպեր կան, որ բոլորս էլ նրանցից պիտի սովորենք։ Գուցե նրանք արդեն վաղուց ամեն ինչ հայտնաբերել են, իսկ մենք միայն առաջին քայլերն ենք անում։ Այ, հենց այդ ժամանակ էլ կստացվի այն աստծո թագավորությունը, որին կրոնը դրախտ անունն է տվել։ Կամ թե չէ ասենք, ուզեցար տղաներիդ տեսնել ուղղակի վառարանի վրա պառկած տեղիցդ՝ խնդրեմ, միացրու տեսաընդունիչը, որոշակի ալիքը բռնիր, ու էստեղ են նրանք, խոսիր։ Ուզեցար թռչել աղջկադ մոտ, թոռներիդ նանիկ ասելու, բարձրացիր տանիք, փոքրիկ ուղղաթիռդ գործի գցիր, ու ինչ-որ իքս ժամանակ հետո աղջկանդ տանն ես․․․ Իսկ թոռնիկդ․․․ քանի՞ տարեկան է։

— Ութը։

— Թոռնիկդ քեզ համար կկարդա «Պատերազմ և խաղաղությունը», որովհետև արագացված զարգացում կլինի։ Իսկ բժշկությունն այնպես կանի, որ մարդիկ հարյուր-հարյուր քսան տարի կապրեն։

— Լա՜վ, էդ մեկն արդենն․․․ փչեցիր։

— Ինչո՞ւ՜։ Հիմա արդեն այդ խնդիրը լուծվում է։ Հարյուր քսան տարին բնական ժամկետ է համարվում։ Միայն թե մենք տվյալներ չունենք։ Բայց մենք դրանք կվերցնենք Գալակտիկայի մեր հարևաններից։

— Ինքներդ չե՞ք կարա, որ հարյուր քսան ապրենք։

— Առայժմ ինքներս չենք կարող։ Դա դանդաղ պրոցես է։ Գուցե և երբևէ կհասնենք հարյուր քսան տարի ապրելուն, բայց դա դեռևս շուտ չի լինի։ Ավելի շուտ կլինի կառուցել այնպիսի մի տիեզերանավ, որը կհասնի Գալակտիկա։ Եվ հնարավոր է, որ այնտեղ այդ պրոցեսն արդեն լուծված է․ ինչ-որ դեղ են հայտնաբերել․․․

— Հարյուր քսան տարի ինքդ էլ չես ուզենա, կզզվես։

— Դու չես ուզենա, ուրիշները հաճույքով կուզենան։ Այնպիսի մի միջոց կլինի․․․

— «Միջոց»․․․ Մի բան գտնեին խումհարի դեմ, էդ էլ էր բոլ։ Թե չէ գլուխս ոնց որ․․․ գինու դատարկ տակառ։

— Պետք չէ խմել։

— Գնա գործիդ, է՜․․․

Լռեցին։

Յուրկան առաջը քաշեց դասագրքերը։

— Ուրիշ բան չունեք ասելու, մենակ «կլինի՜, կլինի՜․․․»— կրկին սկսեց ծերուկը։— Փչաններ։ Հրես տասնվեց տարի պետք ա սովորես, բայց մարդ որ մեռնի, ի՞նչ կարաս անես։

— Կկտրեմ ինչ-որ բան։

— Ախր մարդու մեռնելը որ եկավ, ի՞նչը պետք ա կտրես։

— Ես այդպիսի․․․ խավար հարցերի չեմ պատասխանում։

— Թե բան ունենայիք, կպատասխանեիք։

— Բան չունե՞նք․․․ Իսկ այս մարդիկ․․․— գրքերը խմբեց ու ցույց տվեց։— Այս մարդի՞՜կ էլ բան չունեն պատասխանելու։ Գոնե մի հատը կարդացե՞լ ես։

— Էդտեղ կարդալու բան չկա՝ տակից գլուխ փչոց ա։

— Լա՛վ,— Յուրկան վեր թռավ տեղից ու կրկին սկսեց քայլել խրճիթում։— Առաջ ժանտախտ կա՞ր։

— Խոլերա՞։

— Հա, խոլերա։

— Կար, մեր գյուղում, քսանը․․․

— Իսկ ո՞ւր է հիմա։ Կա՞։

— Աստվա՜ծ ազատի։ Վայ թե էլի գա․․․

— Բանն էլ հենց այն է, որ չի գա։ Դրա դեմ սովորել են պայքարել։ Էլի ասեմ՝ առաջ թե քեզ կատաղած շուն կծեր, ի՞նչ կլիներ վերջդ։

— Կկատաղեի։

— Ու կմեռնեիր։ Իսկ հիմա՝ քառասուն ասեղ, ու վերջ։ Մարդը չի մեռնի։ Թոքախտն անբուժելի՞ էր։ Հիմա, խնդրեմ, կես տարի, ու մարդը՝ բողկի պես։ Իսկ այդ ամենը ո՞վ է հնարել։ Գիտնականնե՜րը։ «Փչոց»․․․ Գոնե սուս մնայիք, որ չեք հասկանում։

Ծերունուն նույնպես բորբոքեց Յուրկայի այդ պոռթկումը։

— Լա՞վ։ Ասենք թե։ Շունը՝ հասկացանք։ Բա որ օձը կծե՞ց․․․ Առաջ ո՞ւր էին քու էդ բժիշկները։ Չկային։ Գրբացը մի երկու բերան բան կասեր, ու ոնց որ ոչ կար, ոչ էլ եղել էր։ Ինիստուտ-բան էլ հո չէ՞ր վերջացրել։

— Խայթոցը մահացու չի եղել ուրեմն։ Ուրիշ ոչինչ։

— Գնա մի հատ դեմը կանգնի, թող մի տեդդ մի հատ չրթացնի։

— Խնդրե՜մ։ Մինչև գնալս մի ասեղ կընդունեմ, ինչքան ուզում է, որտեղ ուզում է, թող կծի, մենակ կծիծաղեմ։

— Գլուխգովան։

— Ախր էս են, է, է-է՜ս։— Յուրկան դարձյալ ցույցը տվեց գրքերը։— Մարդիկ իրենց վրա են փորձել։ Իսկ դու գիտե՞ս, որ ակադեմիկոս Պավլովը երբ մեռնում էր, կանչեց ուսանողներին ու սկսեց նրանց թելադրել, թե ինքն ինչպես է մահանում։

— Էդ ո՞նց։

— Էսպես։ «Ահա,— ասել է,— հիմա ոտքերս են սառչում՝ գրեցեք»։ Նրանք գրում են, հետո ձեռքերն են թմրում։ Նա ասում է․ «Ձեռքերս թմրեցին»։

— Գրո՞ւմ են։

— Գրում են։ Հետո սիրտն է սկսում կանգնել, նա ասում է․ «Գրեցեք»։ Նրանք լաց են եղել ու գրել։— Յուրկայի աչքերն էլ սկսեցին կսկծալ արտասուքից։ Ծերունու վրա այդ պատմությունը նույնպես ուժեղ ազդեցություն ունեցավ։

— Հետո՞․․․

— Ու մահանում է։ Եվ մինչև վերջին րոպեն շարունակ պատմել է, որովհետև դա պետք է եղել գիտությանը։ Իսկ դուք ու ձեր էդ գրբացները մի հազար տարի էլ խավարի մեջ կապրեիք․․․ «Առայջ էսպե՜ս էր։ Առաջ էնպես էր․․․»։ Առաջ էսպե՞ս էր։— Յուրկան մոտեցավ, միացրեց ռադիոն։ Մի երգչուհի էր երգում։— Որտե՞ղ է նա։ Էստեղ չի, չէ՞։

— Ո՞վ։

— Երգողը։

— Էդ գծերով ա գալի։

— Ռադիոալիքներ են։ «Գծերով ա գալի»։ Գծերով մենակ մեզ մոտ է, գյուղում։ Իսկ նա, գուցե, Սախալինում-բանում է երգում, ի՞նչ է, մինչև Uախալին գծե՞ր են քաշված։

— Գծեր։ Անցյալ տարի, որ Վանկայի մոտ գնացի, տեսա գնացքի կողքով գծեր էին քաշած։ Սների վրա։

Յուրկան ձեռքը թափ տվեց։

— Քեզ բացատրել չի լինի։ Դասերս պիտի սովորեմ։ Վերջ։

— Սովորում ես՝ սովորի։

— Ինձ կտրում ես դասերից։— Յուրկան նստեց սեղանի մոտ, ականջները փակեց ափերով ու սկսեց կարդալ։

Երկար ժամանակ խրճիթում լռություն էր տիրում։

— Նկարի վրա կա՞,— հարցրեց ծերուկը։

— Ո՞վ։

— Էն գիտնականը, մեռնողը։

— Ակադեմիկոս Պավլո՞վը։ Ահա՛ նա։

Յուրկան գիրքը տվեց ծերուկին ու ցույց տվեց Պավլովին։ Ծերունին երկար ժամանակ լուրջ-լուրջ գիտնականի նկարն էր զննում։

— Արդեն շատ էր պառավել։

— Մինչ խոր ծերություն նա առողջ էր ու չէր հարբում․․․ որոշ մարդկանց նման։— Յուրկան գիրքը ետ վերցրեց։— Հետո էլ չէր ընկնում վառարանի վրա և ուշունց տալիս։ Մինչև վերջին րոպեն գորոդկի էր խաղում, մինչև որ ընկավ։ Իսկ քանի՜ շան է կտրատել, որպեսզի ապացուցի ռեֆլեքսները․․․ նյարդային համակարգը՝ նրա ուսմունքն է, չէ՞։ Հիմա ինչի՞ց ես հիվանդ։

— Խումհարից, առանց Պավլովի էլ գիտեմ։

— Խումհարը՝ խումհար, բայց երեկ դու քո նյարդային համակարգի հերն անիծել ես, արգելակել, իսկ այսօր այդ համակարգը․․․ կարգի է բերում իրեն։ Իսկ քեզ մոտ արդեն պայմանական ռեֆլեքս է մշակվել՝ հենց թոշակի օրն եկավ, անպայման կես լիտր։ Առանց դրա էլ չես կարողանում։— Յուրկան հանկարծ մի հաճելի զգացում ունեցավ, որ ինքը հանգիստ ու համոզիչ կարող է ապացուցել ծերուկին նրա խմելու ամբողջ վնասն ու բոլոր հետևանքները։ Ծերուկը լսում էր։— Ուրեմն, ի՞նչ է պահանջվում։ Հաղթահարել այդ ռեֆլեքսը։ Փոստում թոշակդ ստացա՞ր։ Տուն ես գալիս․․․ Ու ոտքերդ իրենք իրենց տանում են խանութ։ Դու էլ արի ու կողքով անցիր։ Կամ՝ բոլորովին ուրիշ փողոցով գնա։

— Ավելի գեշ կտանջվեմ։

— Մեկ կտանջվես, երկու կտանջվես, հետո կվարժվես։ Խանութի կողքով հանգիստ կանցնես ու կծիծաղես։

Ծերուկը փոքր-ինչ բարձրացավ տեղից, դողացող մատներով ծխախոտ փաթաթեց, վառեց։ Ծուխը ներս քաշեց ու սկսեց հազալ։

— Օյ, ես քու մերը․․․ Քխա՜խ․․․ Քանդվեց ներսս։ Էս-ի՜նչ բան էր։

Յուրկան նորից նստեց, դասագրքերն առաջը դրած։

Ծերուկը տնքտնքալով իջավ վառարանի վրայից, հագավ հողաթափերը, կիսամուշտակը, մի դանակ վերցրեց ու հաշտ դուրս եկավ։

«Էս ո՞ւր գնաց»,― մտածեց Յուրկան։

Երկար ժամանակ ծերուկը չկար։ Յուրկան արդեն ուզում էր գնալ տեսնել, թե դանակն առած ուր գնաց նա։ Բայց Ծերուկը ետ եկավ, ձեռքի ափի չափ մի կտոր ճարպ բերելով։

— Հաց ունե՞ս,— հարցրեց նա խստորեն։

— Ունեմ, ինչո՞ւ։

— Առ, հետը կուտես, թե չէ մեկ էլ տեսար շունչդ փչեցիր էդ ակադեմիկոսների հետ․․․ մինչև որ սովորես պրծնես։

Յուրկան նույնիսկ շփոթվեց։

— Բայց ես վերադարձնել չեմ կարող, մենք չունենք․․․

— Կեր։ Թեյնիկը վառարանի մեջն ա, տաք կլինի․․․ կեր։

Յուրկան վառարանից հանեց թեյնիկը, գավաթի մեջ լցրեց դեռևս տաք մնացած թեյը, հաց կտրատեց, խոզապուխտ կտրեց ու սկսեց ուտել։ Ծերունին դժվարությամբ դարձյալ բարձրացավ վառարանի վրա և այնտեղից Յուրկային էր նայում։

— Հը, ո՞նց ճարպ ա։

— Ուերի ուելլ։ Շատ լավը։

— Խոզը կերակրելն էլ ա հունար։ Մարդ կա ախմախավարի կսկսի ձեռն եկածը հուպ տալ աշնանը՝ լրիվ ճարպ կդառնա խոզը, միս հեչ չկա։ Մարդ էլ կա, հակառակը, քիչ կտա՝ իբր, մսոտ կդառնա։ Մենակ ճարպ շատ մարդ չի սիրում։ Կմորթեն՝ ոչ միս կա, ոչ ճարպ։ Ճիշտը ոնց ա, մի շաբաթ տուր ուտի, ոնց որ պետքն ա, հետո սոված պահի, հետո էլի մի շաբաթ տուր ուտի, էլի սոված պահի․․․ Այ էդ ժամանակ կլինի էսպես՝ մի շերտ միս, մի շերտ ճարպ։ Աղ դնելն էլ ա հունարի բան․․․

Յուրկան լսում էր ու հաճույքով կլլում սառած, բուրավետ ճարպը, որն, իրոք, չափազանց համեղ էր։

— Օյ, ինչ համով էր։ Շնորհակալ եմ։

— Կշտացա՞ր։

— Ըհը։— Ցուրկան սեղանը հավաքեց՝ տեղը դրեց հացը, թեյնիկը։ Մի քիչ ճարպ էր մնացել։— Էս ո՞ւր դնեմ։

— Տար հաշտ, դիր չանի վրա։ Իրիկունն էլ կուտես։

Յուրկան ճարպը տարավ հաշտ։ Ետ եկավ, թմփթմփացրեց փորին ու ասաց զվարթությամբ։

— Հիմա գլուխս ավելի լավ կաշխատի․․․ Թե չէ․․․ էնպես․․․ մի քիչ պտտվում էր։

— Է՛ս ա,— ասաց պապը, նորից մեջքի վրա պառկելով։— Օ՛խ, ես քու մոր հոգին․․․ Պառկում ես թե չէ, էլի սկսում ա։

— Գուցե գնամ, մի կես շիշ բերե՞մ,— առաջարկեց Յուրկան։

Պապը լուռ էր։

— Լավ․․․ էսպես էլ կանցնի։ Հետո, մթնով, հավերին կուտ կտամ ու կովին մի երկու խուրձ խոտ, գիշերվա համար։ Դրսի դռներն էլ չմոռանաս կողպես։

— Լավ։ Ուրեմն էսպես, մեզ ի՞նչ մնաց։ Աշխարհագրություն։ Հիմա․․․ վռազ-վռազ կանցնենք։— Յուրկայի տրամադրությունը բարձրացավ, լավ կերել էր, դասերը համարյա պատրաստել էր, երեկոյան կարող էր դահուկ քշել։

— Էդ մարդն ի՞նչ ա, հարազատ-մարազատ չուներ,— հանկարծ հարցրեց ծերուկը։

— Ո՞ր մարդը,— չհասկացավ Յուրկան։

— Քո էդ ակադեմիկոսը։ Մենակ ուսանողնե՞րն էին։

— Պավլո՞վը։ Գուցե ուներ, ճիշտը չգիտեմ։ Վաղը դպրոցում կհարցնեմ։

— Վայ թե երեխեք ուներ։

— Հավանաբար։ Վաղը կիմանամ։

— Հաստատ ուներ։ Թե որ ոչ մեկը չունենար, էդքան չէր թելադրի։ Մենակ մարդու գործը վատ ա։

Յուրկան չառարկեց։ Կարելի էր ասել իսկ ուսանողնե՞րը։ Բայց ոչինչ չասաց։

— Իհարկե,— համաձայնեց նա։— Մենակ վատ է։