Ցանկությունների սահմանը

Գրապահարան-ից
Ցանկությունների սահմանը

հեղինակ՝ Ռոբերտ Շեքլի
թարգմանիչ՝ Հասմիկ Ղազարյան (ռուսերենից)
աղբյուր՝ Ցանկությունների սահմանը

Նյու֊Յորքում դռան զանգը տալիս են հատկապես այն պահին, երբ դուք հարմար տեղավորվել եք բազմոցին՝ որոշելով վայելել վաղուց վաստակած հանգիստը։ Իսկական ուժեղ անհատականությունը, ինքնավստահ ու արի մարդը կասեր՝ «Գրողի ծոցը՝ բոլորն էլ․ իմ տունն իմ ամրոցն է։ Եթե հեռագիր է, կարող են դռան տակից խցկել»։ Բայց եթե Ձեր բնավորությամբ նման եք Էդելշտեյնին, ապա կմտածեք, որ, երևի, 12C մասնաշենքի շիկահեր կինը եկել է մի բանկա սելիտրա փոխ առնելու։ Կամ մի գիժ կինոռեժիսոր է հայտվել, որ ուզում է ֆիլմ նկարել Ձեր՝ Սանտա—Մոնիկայում գտնվող մորը գրած նամակների հիման վրա։ (Ինչո՞ւ՝ ոչ։ Չէ՞ որ ավելի վատ նյութի հիման վրա էլ են ֆիլմ անում)։ Բայց այս անգամ Էդելշտեյնը հաստատ որոշել էր զանգին չարձագանքել։ Փակ աչքերով պառկած բազմոցին՝ նա բարձր ասաց․

— Ես ոչ ոքի չեմ սպասում։

— Հա, գիտեմ,— դռան այն կողմից պատասխանեց մի ձայն։

— Ինձ հանրագիտարաններ, խոզանակներ ու խոհարարական գրքեր պետք չեն,— չոր տեղեկացրեց Էդելշտեյնը,— ինչ էլ առաջարկեք, ես դա արդեն ունեմ։

— Լսե՛ք,— պատասխանեց ձայնը,— ես ոչ մի բան էլ չեմ ծախում։ Ուզում եմ Ձեզ մի բան տալ։

Էդելշտեյնը ժպտաց նուրբ, թախծոտ ժպիտով Նյու—Յորքի բնակչի, ով գիտի, որ եթե քեզ փաթեթ են նվեր բերում, որի վրա նշված չէ «քսան դոլլար», ուրեմն հույս ունեն ինչ֊որ ուրիշ կերպով փող պոկելու։

— Ինչ—որ անվճար բան ընդունել,— ասաց Էդելշտեյնը,— ես, առավել ևս, չեմ կարող ինձ թույլ տալ։

— Բայց սա իսկապես անվճար է,— ընդգծեց դռան հետևից ձայնը։— Սա Ձեզ վրա ոչինչ չի նստի ո՛չ հիմա, ո՛չ հետո։

— Չի հետաքրքրում,— հայտարարեց Էդելշտեյնը՝ հիանալով իր բնավորության անկոտրումությամբ։

Ձայնը լռում էր։

Էդելշտեյնն ասաց․

— Եթե դեռ այստեղ եք, խնդրում եմ՝ հեռացեք։

— Թանկագին պարոն Էդելշտեյն,— մեղմ խոսեցին դռան հետևից,— ցինզմն ընդամենը միամտության մի տեսակն է։ Իմաստությունը խորաթափանցության մեջ է։

— Դեռ դաս է տալու,— դարձավ Էդելշտեյնը պատին։

— Դե լավ, մոռացեք։ Մնացեք Ձեր ցինիզմի ու ազգային նախապաշարումների մեջ։ Ի վերջո՝ շատ իմ պետքն է…

— Մի րոպե,— տեղից թռավ Էդելշտեյնը,— ի՞նչ նախապաշարումներ։ Որքան ես եմ հասկանում, դուք ընդամենը ձայն եք դռան մյուս կողմից։ Հնարավոր է՝ դուք կաթոլիկ լինեք կամ յոթերորդ օրվա ադվենտիստ, կամ, նույնիսկ, հրեա։

— Նշանակություն չունի։ Հաճախ եմ ստիպված եղել առնչվելու նման բանի հետ։ Ցտեսություն, պարոն Էդելշտեյն։

— Սպասեք,— մռթմռթաց Էդելշտեյնը։

Նա իրեն հայհոյեց վերջին բառերով։ Որքա՛ն հաճախ է թակարդն ընկնում 10 դոլլարով գնելու, օրինակ, նկարազարդ «Մարդկության սեքսուալ պատմությունը» երկհատորյակը, որը, ինչպես նկատել է իր ընկեր Մանովիչը, հնարավոր է ձեռք բերել ցանկացած կրպակից 2․98—ով։

Բայց ձայնը կգնա՝ մտածելով՝ «Էս հրեաներն իրենց մյուսներից լավն են համարում»։ Հետո իր տպավորությունները կպատմի ուրիշներին «Որմզդեղնների» կամ «Կոլումբոսի ասպետների» հերթական հանդիպմանը, և հրեաների սև խղճին նոր բիծ կավելանա։

— Ես շատ թույլ բնավորություն ունեմ,— տխուր շշնջաց Էդելշտեյնը։ Իսկ բարձրաձայն ասաց․

— Դե լավ, մտեք։ Բայց հենց սկզբից զգուշացնում եմ՝ ոչինչ չեմ գնելու։

Նա իրեն ստիպեց վեր կենալ, բայց քարացավ, որովհետև ձայնը պատասխանեց՝ շնորհակալ եմ, ինչից հետո հայտնվեց մի տղամարդ, ով անցավ փակ, երկու փականով կողպած դռնով։

— Խնդրեմ՝ մի վայրկյան, կանգ առեք խնդրեմ մի վայրկյան,— աղերսեց Էդելշտեյնը։ Նա ուշադրություն դարձրեց, որ ձեռքերը չափազանց ամուր է սեղմել, և որ սիրտը խփում է արտասովոր արագ։

Այցելուն տեղում քարացավ, իսկ Էդելշտեյնը նորից սկսեց մտածել։

— Կներեք, ես հենց նոր հալուցինացիա ունեցա։

— Ուզում եք ես դա Ձեզ մի անգա՞մ էլ ցույց տամ,— հետաքրքրվեց հյուրը։

— Տեր Աստված, իհարկե՝ ոչ։ Այսինքն՝ դուք անցաք փակ դռան միջով։ Տե՛ր Աստված, Տեր Աստված, ոնց որ թե նեղն եմ ընկել։

— Էդելշտեյնը ծանր ընկավ բազմոցին, իսկ հյուրը նստեց աթոռին։

— Ի՞նչ է կատարվում,— շշնջաց Էդելշտեյնը։

— Ես ժամանակ խնայելու համար եմ այդ հնարքներին դիմում, բացատրեց հյուրը։ —Բացի այդ՝ դա սովորաբար համոզում է կասկածամիտներին։ Իմ անունը Չարլզ Սիտվել է։ Ես Սատանայի դաշտային գործակալն եմ։ Մի հուզվեք, ինձ Ձեր հոգին պետք չէ։

— Ինչպե՞ս կարող եմ Ձեզ հավատալ,— հարցրեց Էդելշտեյնը։

— Ասածովս,— պատասխանեց Ստիվելը։— Վերջին հիսուն տարում աննախադեպ ներհոսք է ամերիկացիների, նիգերացիների, արաբների ու հրեաների։ Սովորականից շատ ենք ներս թողել նաև չինացիներին, իսկ բոլորովին վերջերս խոշոր գործողություններ ենք սկսել հարավամերիկյան շուկայում։ Անկեղծ ասած,պարոն Էդելշտեյն, մենք հոգիներով ծանրաբեռնված ենք։ Վախենամ՝ մոտ ժամանակներս մանր մեղքերի համար համաներում հայտարարենք։

— Ուրեմն՝ իմ հետևի՞ց չեք եկել։

— Ո՛վ Սատանա, ո՛չ։ Չե՞մ ասում՝ դժոխքի բոլոր պարուրակները լեփլեցուն են։

— Այդ դեպքում, ի՞նչ եք անում այստեղ։

Սիտվելն իրեն թափով առաջ գցեց։

— Պարոն Էդելշտեյն, դուք պետք է հասկանաք, որ դժոխքը որոշ իմաստով նման է «Յունայթեդ սթեյթս սթիլին»։ Մենք հսկայական թափ ունենք և շատ թե քիչ՝ մոնոպոլիա ենք։ Եվ, ինչպես ամեն իսկապես մեծ հիմնարկություն, մենք ջանք չենք խնայում հասարակական բարեկեցության համար և ուզում ենք, որ մեր մասին լավը մտածեն։

— Տրամաբանական է,— նկատեց Էդելշտեյնը։

— Միայն թե, մենք չենք կարող, ինչպես Ֆորդը, պատվիրել ֆիրմային դպրոցների ու արհեստանոցների կազմակերպում։ Ճիշտ չեն հասկանա։ Նույն պատճառով մենք չենք կարող ապագայի քաղաքներ հիմնել կամ պայքարել շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ։ Մենք նույնիսկ չենք կարող օգնել որևէ հետընկած մի երկրի այնպես, որ որևէ մեկը չհետաքրքրվի մեր նպատակով։

— Ես հասկանում եմ, որ Ձեզ համար դժվար է։

— Եվ այնուամենայնիվ, մենք ուզում ենք մի բան անել։ Դրա համար էլ ժամանակ առ ժամանակ, և հատկապես հիմա, երբ գործերն այսքան լավ են, մենք ոչ մեծ պարգև ենք բաժանում հավանական հաճախորդների ընտրված քանակին։

— Ե՞ս… Հաճախո՞րդ…

— Ոչ ոք Ձեզ մեղավոր չի անվանի,— հանգստացրեց նրան Սիտվելը։ – Ես ասացի «հավանական»։ Դա նշանակում է բոլորին։

— Իսկ…․ Այդ ի՞նչ պարգև է։

— Երեք ցանկություն,— եռանդուն ասաց Սիտվելը։ – Դա ավանդական ձև է։

— Եկեք տեսնենք՝ ես ամե՞ն ինչ հասկացա,— խնդրեց Էդելշտեյնը։ – Դուք իմ կամայական երեք ցանկությունը կկատարե՞ք։ Առանց վարձատրությա՞ն։ Առանց ամեն տեսակ «եթե»—ի ու «բայց»—ի՞։

— Մի «բայց» կա,— զգուշացրեց Սիտվելը։

— Էդպես էլ գիտեի, – հոգոց հանեց Էդելշտեյնը։

— Մի բավականին պարզ պայման։ Ինչ էլ որ ցանկանաք, Ձեր ոխերիմ թշնամին կստանա կրկնակին։

Էդելշտեյնը մտքերի մեջ ընկավ։

— Այսինքն՝ եթե ես միլիոն դոլլար խնդրեմ…

— Ձեր թշնամին կստանա երկու միլիոն։

— Իսկ եթե ես թոքաբորբ խնդրե՞մ։

— Ձեր ոխերիմ թշնամին կստանա երկկողմանի թոքաբորբ։

Էդելշտեյնը սեղմեց շուրթերն ու գլուխը թափահարեց։

— Չկարծեք, թե ես սովորեցնում եմ՝ ինչպես Ձեր գործերը վարեք, բայց չե՞ք գայթակղում արդյոք այդ կետով հաճախորդի ազատ կամքը։

— Ռիսկը, պարոն Էդելշտեյն, դա միանգամայն անհրաժեշտ է երկու պատճառով,— պատասքանեց Սիտվելը։— Գիտե՞ք ինչ, այդ պայմանը հոմեոսթազը պահպանող հետադարձ կապի դեր ունի։

— Կներեք, այնքան էլ…

— Ուրիշ կերպ փորձենք։ Հիշված պայմանը նվազեցնում է երեք ցանկության ուժը, դրանով իսկ կատարվելիքը պահելով խելամիտ սահմաններում։ Չէ՞ որ ցանկությունը արտակարգ հզոր զենք է։

— Պատկերացնում եմ,— գլխով արեց Էդելշտեյնը,— իսկ երկրո՞րդ պատճառը։

— Արդեն պիտի գլխի ընկնեիք,— ասաց Սիտվելը՝ մերկացնելով անթերի սպիտակ ատամները ժպիտանման մի բանով։ – Նման կետերը մեր, եթե կարելի այսպես ասել, ֆիրմային նշանն են։ Կլեյմո են, որ վկայում են դժոխային արտադրանքի իսկությունը։

— Հասկաում եմ, հասկանում եմ,— արտաբերեց Էդելշտեյնը,— բայց ինձ ժամանակ է պետք մտածելու համար։

— Առաջարկը գործում է երեսուն օրվա ընթացքում,— տեղեկացրեց Սիտվելը կանգնելով, – հարկավոր է միայն բարձրաձայն ու հստակ արտասանել Ձեր ցանկությունը։ Մնացածը իմ հոգսն է։

Սիտվելը մոտեցավ դռանը, բայց Էդելշտեյնը կանգնեցրեց նրան։

— Միայն մի հարց էի ուզում քննարկել։

— Ի՞նչ հարց։

— Այնպես է, որ ես ոխերիմ թշնամի չունեմ։ Ընդհանրապես թշնամիներ չունեմ։

Սիտվելի աչքերը ծիծաղից արցունքոտվեցին, և նա շուշանագույն թաշկինակով սրբեց աչքերը։

— Էդելշտե՛յն,—ասաց,— Դուք ինձ հիացնում եք։ Ոչ մի թշնամի… Բա՝ Ձեր զարմիկ Սեյմուրը, ում դուք մերժեցիք հինգ հարյուր դոլլար տալ՝ չոր մաքրման բիզնես սկսելու համար։ Թե՞ կարծում եք նա Ձեր ընկերն է։

— Սեմույրի մասին մոռացել էի,— խոստովանեց Էդելշտեյնը։

— Բա՝ տիկին Աբրամովի՞չը, որ Ձեր անունը տալիս թքում է, որովհետև չեք ամուսնացել նրա Մարյերի հետ։ Բա՝ Գեբբելսի ճառերի լիակատար ժողովածուի տեր Թոմ Քեսսիդի՞ն։ Նա ամեն գիշեր երազում է խփել բոլոր հրեաներին՝ սկսած Ձեզնից։ Հը՞, ի՞նչ պատահեց։

Էդելշտեյնը, բազմոցին նստած, հանկարծ գունատվեց ու նորից սեղմեց ձեռքերը։

— Մտքովս էլ չէր անցնում,— մռթմռթաց նա։

— Ոչ մեկի մտքով էլ չի անցնում,— հանգստացրեց Սիտվելը։— Մի՛ տրտմեք և սրտին մոտ մի՛ ընդունեք։ Վեց թե յոթ թշնամի՝ դատարկ բան է։ Կարող եմ վկայել, որ դա միջին մակարդակից ցածր է։

— Մյուսների անունները,— պահանջեց Էդելշտեյնը՝ ծանր շնչելով։

— Չեմ ուզում ասել։ Ձեր ինչի՞ն է պետք ավելորդ հուզմունքը։

— Բայց ես պետք է իմանամ՝ ով է իմ ոխերիմ թշնամին։ Քեսսիդի՞ն է։ Հրացա՞ն առնեմ։

Սիտվելն օրորեց գլուխը։

— Քեսսիդին անվտանգ կիսախելագար լուսնոտի մեկն է։ Հավատացեք, որ մատով անգամ Ձեզ չի դիպչի։ Ձեր ոխերիմ թշնամին Էդուարդ Սամուել Մանովիչ անունով մարդն է։

— Վստա՞հ եք, հարցրեց ցնցված Էդելշտեյնը։

— Միանգամայն։

— Բայց Մանովիչն իմ լավագույն ընկերն է։

— Նաև Ձեր ոխերիմ թշնամին,— ասաց Սիտվելը։ – Երբեմն այդպես լինում է։ Ցտեսություն պարոն Էդելշտեյն, մաղթում եմ հաջողություն Ձեր երեք ցանկությունների առիթով։

— Սպասե՛ք,— բղավեց Էդելշտեյնը։ Նա միլիոն հարց ուներ, բայց այնքան շփոթված էր, որ կարողացավ միայն հարցնել․

— Էդ ո՞նց եղավ, որ դժոխքը լցվեց։

— Որովհետև միայն երկնավորներն են անմեղ։

Սիտվելը ձեռքը թափ տվեց, շրջվեց ու դուրս եկավ փակ դռնից։ Էդելշտեյնը մի քանի րոպե ուշքի չէր գալիս։ Նա մտածում էր Էդդի Մանովիչի մասին։ Ոխերիմ թշնամին… Զավեշտ է։ Հաստատ դժոխքում շփոթել են։ Համարյա քսան տարի ճանաչում է Մանովիչին, ամեն օր հանդիպել են, շախմատ են խաղացել։ Միասին զբոսնել են, կինո են գնացել, ամենաքիչը շաբաթը մեկ անգամ ճաշել են։

Ճիշտ է, իհարկե, Մանովիչն իր մեծ բերանը երբեմն բացել է ու բարեկրթության սահմանն անցել։ Երբեմն անտաշ է եղել Մանովիչը։

Անկեղծ ասած՝ Մանովիչը հաճախ իրեն ուղղակի անհարգալից է պահել։

— Բայց մենք ընկերներ ենք,— դարձավ ինքն իրեն Էդելշտեյնը,— մենք ընկերներ ենք, չէ՞։

Նա գիտեր, որ սա ստուգելու պարզ ձև կա՝ միլիոն դոլլար ցանկանալ ինքն իր համար։ Դրանից հետո Մանովիչը երկու միլիոն դոլլար կունենա։ Հետո՞ ինչ։ Հարուստ մարդուն արդյո՞ք կհուզի, որ իր լավագույն ընկերն ավելի հարուստ է։

Այո՛, այն էլ ինչպե՜ս։ Ամբողջ կյանքում չի հանգստանա այն մտքից, որ Մանովիչը հարստացել է իր՝ Էդելշտեյնի ցանկությունից։

«Տեր Աստված,— մտածում էր Էդելշտեյնը,— մի ժամ առաջ ես աղքատ, բայց երջանիկ մարդ էի։ Հիմա ես երեք ցանկություն ունեմ ու մի թշնամի»։

Նա գլուխն ափերի մեջ առավ։ Հարկավոր է լավ մտածել։

Հաջորդ շաբաթ Էդելշտեյնը աշխատանքից արձակուրդ խնդրեց և զօրուգիշեր նստած էր ծոցատետրի առաջ։ Սկզբում ամրոցներից բացի ուրիշ ոչ մի բանի մասին չէր կարողանում մտածել։ Ամրոցները ներդաշնակվում էին ցանկությունների հետ։ Բայց եթե ուշադիր լինենք, էնքան էլ հեշտ չէ։ Միջին մեծության, տասը ֆուտ հաստությամբ քարե պատերով, հողատարածքով ու ուրիշ բաներով ամրոց ունեցողը պիտի հոգա նաև դրա պահպանման մասին։ Պիտի մտածի ջեռուցման, ծառայողներին վճարելու մասին և այլն։

Ամեն ինչ հանգեցնում է փողի։

— Ես կարող եմ կարգին ամրոց պահել շաբաթական երկու հազարով, հաշվեց Էդելշտեյնը՝ արագ ծոցատետրում թվերը գրելով։ – Բայց դա կնշանակի, որ Մանովիչը երկու ամրոց կպահի՝ յուրաքանչյուրը շաբաթական չորս հազար դոլլարով։

Վերջապես Էդելշտեյնը ամրոց ցանկանալուց վեր բարձրացավ, ու նրա մտքերն սկսեցին զբաղեցնել ճանապարհորդությունները։ Չգնա՞ շուրջերկրյա ճանապարհորդության։ Ինչ—որ չի ուզում։ Կամ չանցկացնի՞ ամառը Եվրոպայում։ Թեկուզ երկշաբաթյա հանգիստ Ֆոնտենբլոյում կամ Մայամի—Բիչում՝ նյարդերը հանգստացնելու համար։ Դե, էդ դեպքում Մանովիչը երկու անգամ ավելի ճոխ կհանգստանա։

— Ավելի լավ է աղքատ մնամ ու Մանովիչին զրկեմ բարիքից։ Ավելի լավ է, բայց ոչ շատ լավ։

Էդելշտելնը գնալով ավելի էր հուսահատվում ու կատաղում։ «Ես ապուշ եմ,—ասում էր ինքն իրեն,—ի՞նչ գիտեմ, թե էդ բոլորը ճիշտ է։ Լավ, ասենք Սիտվելը կարողացավ անցնել դռան միջով, բայց հո հրաշագործ չէ՞։ Երևի աչքի՞ս երևաց»։

Նա ինքն էլ զարմացավ, որ կանգնեց ու բարձր, ինքնավստահ ասաց,

— Ես քսան հազար դոլլար եմ ցանկանում․ անհապաղ։

Թեթև հրում զգաց։ Իսկ երբ հանեց քսակը, հայտնաբերեք 20000 դոլլարի կտրոնը։

Էդելշտեյնը բանկ գնաց ու կտրոնը մեկնեց առաջ՝ վախից դողալով, որ հիմա իրեն ոստիկանությունը կբռնի։ Բայց նրան պարզապես հարցրին՝ ուզում է կանխիկ ստանալ, թե հաշիվ բացել։

Բանկից դուրս գալիս նա բախվեց Մանովիչին, ում դեմքը միանգամից վախ, շփոթմունք ու ցնծություն էր արտահայտում։

Էդելշտեյնը անտրամադիր տուն եկավ ու օրվա մնացած մասը տառապեց ստամոքսի ցավից։

Ապուշ։ Խնդրել է ընդամենը խղճուկ քսան հազար։ Իսկ Մանովիչը քառասուն է ստացել։ Մարդ կմեռնի նման նյարդայնությունից։

Էդելշտեյնը մեկ ապատիայի մեջ էր ընկնում, մեկ կատաղության։ Ստամոքսի ցավը չէր անցնում, ոնց որ խոց լիներ։ Ի՛նչ անարդար է ամեն ինչ։ Նա իրեն գերեզման է տանում՝ անհանգստանալով Մանովիչի համար։ Փոխարենը հասկացավ, որ Մանովիչն իրոք իր թշնամին է։ Միտքը, որ ինքն իր սեփական ձեռքով հարստացնում է իր թշնամուն, բառի բուն իմաստով սպանում էր նրան։ «Էդելշտե՛յն,— ասաց ինքն իրեն,— այսպես չի կարելի շարունակել։ Հարկավոր է հոգ տանել բավարարվածության մասին»։ Բայց՝ ինչպե՞ս։

Հենց այդ պահին ինչ անցավ մտքով։ Էդելշտեյնը կանգ առավ։ Աչքերը մի խելագար վազք սկսեցին, և վերցնելով ծոցատետրը՝ սուզվեց հաշվարկների գիրկը։ Վերջացնելով նա իրեն ավելի լավ զգաց, արյունը հոսեց դեպի երեսը, Սիտվելի այցելությունից հետո առաջին անգամ իրեն երջանիկ զգաց։

— Ես մորթած ճտի վեց հարյուր ֆունտ լյարդ եմ ուզում։

Մորթած ճտի լյարդի մի քանի բաժին Էդելշտեյնը կերավ, մի—երկու ֆունտ դրեց սառնարանը, իսկ մնացածը վաճառեց կես գնով՝ վաստակելով 700 դոլար։

Անուշադրությամբ մոռացած 75 ֆունտը դռնապանը վերցրեց։

Էդելշտեյնը լիաթոք ծիծաղում էր՝ պատկերացնելով Մանովիչին՝ մինչև կոկորդը լյարդի մեջ խրված։

Բայց նրա ուրախությունը կարճ տեևեց։ Իմացավ, որ Մանովիչը տասը ֆունտը պահել է իրեն (այդ մարդը միշտ էլ լավ ախորժակ է ունեցել), հինգ ֆունտ նվիրել է ոչնչով աչքի չընկնող փոքրամարմին որբևայրի մի կնոջ, ում վրա ուզում էր տպավորություն թողնել, և մնացածը վաճառել է 2000 դոլլարով։

«Ես տկարամիտ դեբիլ եմ, հիմար,— մտածում էր Էդելշտեյնը։ – Րոպեանոց բավարարվածության համար ցանկություն վատնել, որն արժեր ամենաքիչը մեկ միլիոն դոլլար։ Ի՞նչ շահեցի։ Երկու ֆունտ մորթած ճտի լյարդ, մի—երկու հարյուր դոլլար և դռնապանի հավերժական ընկերություն»։

Մնում էր միայն մեկ ցանկություն։

Հիմա սա պետք էր խելքով օգտագործել։ Պետք է այնպիսի բան խնդրել, որ իրեն՝ Էդելշտեյնին խելքից դուրս ցանկալի է, բայց բոլորովին ցանկալի չէ Մանովիչի համար։

Անցավ չորս շաբաթ։ Մի օր Էդելշտեյնը գիտակցեց, որ ժամանակն սպառվում է։ Նա մաշեց իր ուղեղը միայն նրա համար, որ համոզվի ամենավատ կասկածներում․ Մանովիչը սիրում է այն ամենը, ինչ ինքն է սիրում։ Մանովիչը սիրում է ամրոցներ, կանանց, փող, մեքենաներ, հանգիստ, գինի, երաժշտություն…

Էդելշտեյնն աղոթում էր․

— Տեր իմ Աստված, դժողքի ու երկքի ղեկավար, ես երեք ցանկություն ունեի, որից երկուսը ամենախղճուկ ձևով օգտագործեցի։ Տեր, ես չեմ ցանկանում ապերախտ երևալ, բայց քեզ եմ հարցնում, եթե մարդուն ապահովում են երեք ցանկության կատարում, կարո՞ղ է մի լավ բան իր համար անել՝ առանց լցնելու Մանովիչի՝ ոխերիմ թշնամու գրպանը, ով հեչի պես ամեն ինչ կրկնակի է ստանում։

Հասավ վերջին ժամը։ Էդելշտեյնը հանգիստ էր որպես մի մարդ, ով պատրաստ է ընդունելու ճակատագիրը։ Նա հասկանում էր, որ Մանովիչի նկատմամբ ատելությունը դատարկ էր, իրեն ոչ վայել։ Նոր և հաճելի անվրդովությամբ նա իրեն ասաց․ «Հիմա ես կցանկանամ այն, ինչ պետք է անձամբ ինձ՝ Էդելշտեյնին»։

Էդելշտեյնը կանգնեց ու ձգվեց։

— Սա իմ վերջին ցանկությունն է։ Ես չափազանց շատ եմ ամուրի մնացել։ Ինձ մի կին է պետք, ում հետ կկարողանամ ամուսնանալ։ Նա պիտի լինի միջահասակ, լավ կազմվածքով, իհարկե, և բնական շեկ մազերով։ Մտավորական պիտի լինի, գործնական, ինձ սիրահարված, հասկանալի է՝ հրեա, բայց այնուամենայնիվ, սեքսուալ ու հումորի զգացումով…

Էդելշտեյնի ուղեղը հանկարծ սկսեց կատաղի արագությամբ աշխատել․

— Եվ հատկապես,— ավելացրեց,— նա պիտի լինի… չգիտեմ՝ ինչպես դա ավելի բարեկրթորեն արտահայտեմ…․ Նա պիտի վերջը լինի, ամենա—ն, որ միայն ես եմ ուզում և որից ես գլուխ կհանեմ, ես բացառապես ինտիմ հարաբերությունների մասով եմ ասում։ Հասկանո՞ւմ եք, թե ես ինչ ի նկատի ունեմ, Սիտվել։ Նրբանկատությունը ինձ թույլ չի տալիս բացատրել դա ձեզ մանրամասներով, բայց եթե գործը պահանջում է…․

Լսվեց դռան թեթև, բայց ինչ֊որ սեքսուալ թակոց։ Էդելշտեյնը ծիծաղելով գնաց բացելու։ «Քսան հազար դոլլար, երկու ֆունտ լյարդ, ու հիմա էլ՝ սա… Մանովիչ,—մտածեց նա, —բռնվեցիր։ Տղամարդու ցանկության գագաթնակետի կրկնապատիկը… Չէ, էդպիսի բան ոխերիմ թշնամուս էլ չէի կամենա, բայց կամեցա…»։