Քաղաքական հոսանքներ հին Հայաստանում

Գրապահարան-ից
Քաղաքական հոսանքներ հին Հայաստանում

հեղինակ՝ Ադոնց Նիկողայոս
թարգմանիչ՝ ի սկզբանե հայերեն
աղբյուր՝ [[1]]

Մաս Ա

Դարերից ի վեր սովորություն է դարձած վատաբանել հայ ազգությունն իր որպես թե հակահասարակական հատկության համար։ Ներքին խռովություններն ու ընդհարումներր հասարակական կյանքի ասպարեզում որակվում են միշտ իբրև հետևանք անմիաբան և հակառակիչ ոգու։ Անմիաբանության համբավը համարվում է ընդաբույս խորշում մեր ալևոր ճակատին։ Նա ինքն է պատճառ կարծվում և մեր ճակատագրական դժբախ տությանց։ Ցան ու ցրիվ, մանավանդ ներհակ և հակառակ գործունեությունն է, որ տանում է մեզ դեպի վտանգների և դառնության նեղուցները։

Այսպես էին մտածում հները և նրանց հետևելով՝ նորերը։

Հայ ազնվականությունը, երկրի ամենակարևոր առաջնորդ ուժը, ներկայանում է մեզ հետնորդներիս հին մատենագիրների մոտ այնպիսի սև գծերով, որ միայն հառաչել կարելի է։ Երկպառակություն, գժտություն, դավադրություն, տեսակ տեսակ մեքենայություններ հիմն ունենալով եսասիրություն, փառամոլություն, քսություն, ամեն ստորին ձգտում, բայց ոչ հասարակական բարձր խոյացում,– ահա ինչպես է նկարագրվում նախարարական միջավայրը։

Կողմնակալ գրիչներն ուզում են հավատացնել համառորեն, որ հայ իշխաններն այնքան տկարամիտ էին, որ գերադասում էին օտար կուսակալին սեփական թագավորից և կամ նրանց համար ավելի հարգի էին Չունակներն ու Բրքիշոները, քան Ներսես-Սահակները։

Չափազանցությունը երբեք առաքինություն չէ մանավանդ մատենագրի համար, որից պահանջվում է անաչառ և խոհուն կշռանք։ Մեր նախնիք հաճախ մեղանչած են արդարության դեմ, աղավաղելով ժամանակակից իրողությունները։ Շնորհիվ նրանց միակողմանի և թյուր լուսաբանության մեզ ներկայանում է անցյալը շատ անգամ որպես անհատական սանձարձակությանց ասպարեզ, զուրկ գաղափարական ղեկավար նշանաբաններից։

Հարկավ հներից չի կարելի սպասել երևույթների վերլուծում, անցքերի գնահատում այնպես, որպես պահանջում է արդի քննիչ միտքը։ Ո՛չ մատենագիրների տեսակետը և ո՛չ նոցա հանձնարարականները չեն կարող արտադիր համարվել մեզ համար։ Նրանց հայտարարություններն անգամ հարգի են լոկ իբրև կուսակցական ապրումների արդյունք։

Եթե պատմական ստույգ իրողությունների վրայից հանենք այն պատրանքը, որ պատկանում է մատենագիրների անձնական տեսության, և հետևենք անցքերի հաջորդական Ելևէջներին, կտեսնենք, որ նրանց հիմը կազմում են երկու քաղաքական գործելակերպ, երկու ուղղություն, ձգված ամբոդջ դարաշրջանի երկարությամբ։ Հայրենասերներ և դավաճաններ չէին և ոչ էլ բարեմիտ և չարագործ ուժեր, որ դեմ առ դեմ կանգնած պայքարում էին ընդգրկած ուղիների վրա։ Երկու խոշոր հոսանքներ էին, որ ձգտում էին միևնույն նպատակին տարբեր միջոցներով, միևնույն մարմնի հարազատ հատվածներ, բռնված նույն քաղաքական տենդով։

Ի՞նչ էր նրանց գաղափարական ինքնորոշումը։

Հարցս միայն տեսական շահ չունի։ Թվում է, որ հին դարերի քաղաքական հոսանքները մի տեսակ նախաշավիղներ են նոր ժամանակվա մեր կուսակցական խմորումների։

Ասել է, թե ազգային մտայնությունը քաղաքական մեծ հարցի հանդեպ մնացել է հավատարիմ հնության ավանդներին։ Հավատարմությունը բնավ գիտակցական չէ այս դեպքում, այսինքն՝ նա արդյունք չէ հին ուղիների ծանոթության։ Նման պարագաներն են, որ ծնել են նման հոգեբանություն և նման քաղաքական տրամադրություն ու ուղեգիծ, հին և նոր ժամանակները։

Անցյալում ունենք մի լայն շրջան, որ իր քաղաքական ոգորումներով նման է մեր տակավին թարմ ազատագրական շարժման և խրատական՝ շատ նկատումներով (1)։

~ ~ ~

Իններորդ դարի կեսերին իրականացավ հայի քաղաքական երազը։ Հայաստանի մի մասը, փոքր, բայց կարևոր բաժինը, ազատվում էր արաբական լծից:

Այն արյունը, որ թափեցին հայերը վերջին անգամ Արշակունի թագի պաշտպանության համար, ուղիղ չորս դարով էր անջատված երջանիկ օրից, երբ կորցրած թագը գալիս է զարդարելա Բագրատունի իշխանի գլուխը։

Աշոտը իրավունք ուներ առնելու իր հաղթանակը տակավին 861 թվին։

Չորս դարը խաղաղության, անուշ քնի ոսկե ժամանակամիջոց չէր։ Գրեթե անընդհատ պատերազմների, խռովքի, անկումի և ամբարձի փոթորկալից շրջան էր։ Ի՞նչ գործոն և կամ ղեկավար ուժեր կային հրապարակի վրա և ի՞նչպես էին դասավորված ձգտելի նպատակի հանդեպ։ Նրանք տարբեր էին քան այժմյան ուժերը, ինչպես և տարբեր է այն ժամանակվա և արդի հայ հասարակական կյանքի կառուցվածքը։

Հայտնի է, որ հին Հայաստանում տիրող իրավակարգն էր ֆեոդալականությունը կամ հայ բառով նախարարությունը։

Շատերը կարծում են, որ նախարարական կարգը մեծ չարիք էր մեր երկրի համար։ Արդարությունն ընդդեմ է այս կարծիքին։ Այսպես մտածել, նշանակում է բռնանալ պատմության վրա, մեղանչել իրականության դեմ և ոտնահարել պատմական հեռանկարները։ Ֆեոդալականությունն ընդունված էր ամբողջ իրանական քաղաքակրթության լայնատարած աշխարհում ե նրա հասարակական և քաղաքական կազմակերպության հիմն էր։ Արդ ոչ միայն իրանական պետությանց, այլև Իրանի քաղաքակրթության ստեղծող ուժը, ինչպես հեղինակավոր իրանագետներն են կարծում, հենց նույն ֆեոդալ իրավակարգն էր։ Նրա քայքայմամբ տապալվում, կործանվում է պարսկական այն բարձր քաղաքակրթությունը, որ ծաղկել և բարգավաճել էր Աքեմենյան, Արշակունյաց և Սասանյան հարստությանց ժամանակ։ Պարսից ազնվականությանն էր այդ քաղաքակրթության ստեղծողն ու պահպանողը ե, երբ նա բնաջինջ եղավ արաբների ձեռքով, ընկավ և նրանց գործը։

Նույնանման դրության մեջ էր, և՛ Հայաստանը։ Քանի որ շեն և կանգուն էին նախարարական տները, քաղաքական կյանք կար երկրռւմ։ Նրանց անկումով մեր հայրենիքի դռները մնացին միշտ բաց աշխարհակալների և արկածախնդիր հրոսակների առաջ։ Արաբները հեշտությամբ տիրացան Հայաստանի այն մասերին, ուր ազնվականությունը գրեթե անհետացել էր, ծծվելով Բյուգանդական կայսրության մարմնի մեջ։

Այսօրվա գեղջուկ Հայաստանը, կար ժամանակ, որ աշխարհիս ամենից արիստոկրատ երկիրն էր։ Քանի՜ քանի տասնյակ մեծ ու փոքր իշխանական տոհմեր թառած էին Հայոց լեռների կրծքին։ Ամեն մեկն ուներ իր անառիկ ամրոցը և իր այրուձին, որ է հայտնի թվով հեծյալ մարտիկներ։ Այրուձին բաղկացած էր գրեթե բացառապես իշխանական ընտանիքների զավակներից և մերձավորներից։ Հայ ազատանի, որեար կամ մանկտի ասելով պատմագիրները հասկանում են ազատ դասի որդիներ։

Այրուձին պատմական իմաստով համազոր է արևմուտքի միջնադարյան chevalier-ի և կազմում է հայ ասպետությունը։ Միակ մշտական զինվորական ուժն էր այրուձին ընդդեմ արտաքին թշնամիների և հայ աշխատավոր շինականության նեցուկը։

Այս կոչումով հայ նախարարները կարող են քավել իրենց մեղքերը, եթե ժամանակակից պահանջկոտ մտքերը հակամետ են նրանց կեղեքող դաս անվանել։

Հների աչքում նախարարները բարերար պահապաններ էին։ Երբ արաբների նենգության զոհ գնաց նախարարական տոհմերի մի խոշոր մասը (2), ահա թե ինչ է ասում ժամանակակից պատմագիրը այդ առթիվ. «Բնակիչք աշխարհիս մնացին իբրեւ զխանձող ծխեալ ի հրոյ եւ իբրեւ զօրան փխրեալ առ ոտն կոխեալ խոզից, թափուր եղեալ աշխարհս Հայոց ի տոհմէ նւսխարարաց, մատնէին որպէս զոչխարս ի մէջ գայաց»։

Այս սրտառուչ համեմատությունն արդեն բավական է ինքնին բնորոշելու նախարարության պատմական դերը։ Նա է երկրի առաջնորդը, առանց որի, ինչպես առանց հովվի, ոչխարները ընկնում են գայլերի բերանը, նա է ժողովրդի պահապանը, առանց որի ծխում է նա խանձողի նման և ինչպես խուրձեր կոխոտվում խոզերի ոտի տակ։

Շնորհիվ մշտապես սպառազինված ազնվականության, Հայաստանը երբեք այն օրին չի հասել, որ դիաթավալ փռվի հաղթական թշնամու առջև, ինչպես տեսանք այդ նախարարության անկումից հետո։ Նրա օրով մեր երկիրը նվաճված չի եղել բառի բուն իմաստով։ Հռոմ, պարսիկ, արաբ և Բյուզանդիոն չեն կարող պարծենալ, որ նախարարական Հայաստանը պարտված դարձել է նրանց սովորական նահանգը։ Դարերի ընթացքում հայ ֆեոդալները կարողացան կռվել և պահել իրենց դիրքը և ազատությունը։ Նրանց թշնամի պետությունները ծանր փորձերից հետո ընտելացան մեղմելու իրենց հավակնությունը։ Տարեկան տուրք և զինվորւսկւսն օգնություն, ահա այն երկու համեստ հանձնառությունները, որոնցով նախարարությունը դնում էր իր և երկրի ազատությունը արտաքին թշնամուց։

Արշակունյաց անկումից հետո «ի նախարարսն Հայոց անկանէր թագաւորութիւնն»,– ասում է պատմիչը։

Թագավորի պարտականությունը պարսից վեհապետի հանդեպ կատարում են, ուրեմն, նախարարները։ «Գանձն յարքունիս Պարսից երթայր, -շարունակում է պատմագիրը. - սակայն, այրուձին Հայոց բովանդակ ի ձեռն նախարարաց առաջնորդէր ի պատերազմի»։

Նախարարները հոժար են արքունի գանձը, սովորական տուրքը վճարելու, բայց երբեք հանձնելու այրուձին օտարի ձեռքը։ Հրաժարվել այրուձիից, նշանակում է զինաթափ լինել, որ է ինքնասպանություն գործել։

Երբ արաբները խուժեցին Հայաստան VII դարում, հայ իշխանները արիաբար դիմադրեցին զենքով։

Թեոդորոս Ռշտունյաց իշխանը արտասովոր հեռատեսությամբ զգալով նոր աշխարհակալների անպարտելի հեղեղը, բարվոք համարեց հաշտություն կնքել այն պայմանով, որ երկրի ամենեն կարևոր ավանդը, տեղական իրավակարգը չտուժե և անվրեպ պահպանվի։ Նրանից հետո հայերը ավելի նպաստավոր դաշինք կռելու պատեհություն չեն ունեցել. «Ոչ առնում ի ձէնջ , սակ գերեամ մի եւ ապա յայնժամ տաջիք երդմամբ, որչափ եւ դուք կամիջիք եւ հեծեալ կալէք յաշխարհիդ ԺԵ հազար եւ հաց յաշխարհէն տաք եւ ես սակս արքունի անգարեմ։ Եւ հեծեալս յԱսորիս ոչ խնդրեմ, բայց այլ ուր եւ հրամայեմ, պատրաստ լիցին ի գործ, եւ ոչ արձակեմ ի բերդորայն ամիրայս եւ ոչ տաճիկ սպայ ի բազմաց մինչեւ ցմի հեծեալ։ Թշնամի մի՛ մտցէ ի Հայս եւ եթէ գայ Հոռոմ ի վերայ ձեր, արձակեմ ձեզ զաւրս յօգնականութիւն, որչափ եւ դուք կամիջիք»։

Արաբների այս զիջող և մեղմ ոգին քաղաքական մեծ խորհուրդ ուներ։ Զինական ուժերով տակավին հարուստ Հայաստանի համակրությունը քաղել և նրա զորությունը լարել ընդդեմ Բյուզանդիայի, իրենց իսկական ախոյանին, խոհական մեծ քայլ էր արաբների կողմից։

Հայ նախարարությունն անգետ չէր իր խոշոր հարևանների քաղաքական նկատումներին։ Հասկանում էր իր մեջպետական դրության նշանակությունը և ձգտում էր և՛ արժեցնել իր կարևորությունը և՛ շահավետել ոսոխների թշնամությունը յուր համար։ Հայերը խուլ հանդիսատեսներ չեն եղել Արևելքի և Արևմուտքի մրցության և կամա թե բռնի խառնվել են նրանց ընդհարումներին։

Թե որքան կարևոր էր համարվում հայի մասնակցությունը, վկա են պատմությունը և երեկվա տակավին թարմ հիշողությունները։

Հայ զենքի կշիռը ցոլում է մի սքանչելի պատմվածքում, հնությունից մեզ հասած։ Վասակ Մամիկոնյան, հայ այրուձիի սպարապետը, որ երկար տարիներ մեծ անախորժություններ էր պատճառել պարսից թագավորին, վերջապես գերի է ընկնում պարսից ձեռքը։ Շապուհ թագավորը դաոնում է հայ զորականին հետևյալ խոսքերով.

«Աղուէս, դու էիր խանգարիչ որ այսչափ աշխատ արարեր զմեզ, դու ես այն, որ կոտորեցեր զԱրիս այսչափ ամս, եւ զի՞ գործես, զմահ աղուեսու սպանից զքեզ»։

Քաջարի զորավարը, Վասակը, թեև գերի, պատասխանում է խրոխտաբար. «Այժմ քո տեսեալ զիս անձամբս փոքրիկ, ոչ առեր զչափ մեծութեան իմոյ, զի ցայժմ ես քեզ աոիւծ էի եւ արդ աղուէս։ Բայց մինչ ես Վասակն էի, ես սկայ էի. մի ոտնս ի միոյ լերին կայր եւ միւս ոտնս ի միոյ լերին կայր։ Ցորժամ յաջ ոտնս յենոփ, զաջ լեառն ընդ գետին տանէի, յորժամ ի ձախ ոտնն յենուի, զձախ լեաոն ընդ գետին տանէի»։

Գոռոզ արքան զարմացած, բացատրություն է խնդրում։ Հայ իշխանը մեկնում է աներկյուղ, որ երկու լեռները պարսիկ և Հոռոմ պետություններն են և նրանց բախտն է, որ կախված էր իրենից։

Անձամբ փոքր, բայց հսկա Վասակը մարմնացումն է հայ մարտական նախարարության։

Վիպական հոյակապ պատկերը ցույց է տափս, որ հայ իշխանները գերազանցորեն գիտակցում էին իրենց դերը միջազգային բախումների ժամանակ։ Բայց ի՞նչ էր նրանց ուղեգիծը երկու սլաքների միջև, արդյո՞ք հետամուտ էին սեփական քաղաքականության, թե՝ զուրկ ազգային ձգտումներից, ճոճվում էին հարևանների ինքնահաճ հովերից։

Պետք է խոստովանել, որ ֆեոդալ կարգերը վատ համբավ ունին գրեթե ամենուրեք։ Հայ նախարարությունը, որ նմանապես ֆեոդալականության է, բնական է, որ մասնակից լինի և նրա թերիներին, և վատ անվան։

Անշուշտ, հայ իշխանական մեծությանց մեջ կային այնպիսիները, որոնց մտքի հորիզոնը ավելի հեռու չէր գնում, քան աչքի տեսությունը և որոնց համար հայրենիքի սահմանները կանգ էին առնում այնտեղ, ուր վերջանում էր իրենց կալվածը։ Բայց ընդհանրությունն այդպես չէր։ Ինչպես դասակարգ, հայ ազնվականությունը ոչ միայն հայրենասիրություն և ազգային բարձր ձգտումներ ուներ, այլև անձնվիրություն և կորով հետապնդելու իր ձգտումների իրագործումը։

Հայրենիքի և ազգի սերը մի բնական զգացմունք է, որ բխում է մարդու բնությունից իսկ և կապված է անգամ անհատական ինքնասիրության, և միայն արատավոր մարդիկ կարող են թափուր լինել այդ զգացմունքից, ինչպես դատարկ են և սեփական արժանապատվությունից։ Ինքնաճանաչ հասարակության համար վեճը հայրենասիրության սկզբունքի շուրջ չէ, այլ այն միջոցների և գործերի, որով արտահայտվում է սկզբունքը։ Ճշմարիտ հայրենասիրությունը ուրիշ նպատակ չունի, եթե ոչ ապահովել հայրենիքին այնպիսի պայմաններ, ուր նա կարողանա զարգանալ ազատորեն և իր բաժին ծաղիկը բերե համամարդկային քաղաքակրթության փնջին։

Անկաշկանդ բարգավաճելու ամենակարևոր պայմանը քաղաքական անկախությունն է։ Ազատության համար մղված կռիվները և ջանքերը գրեթե կլանում են ազգերի պատմությունը։

Հայ նախարարությունը ևս ծարավի էր ինքնուրույնության։ Ոչ մի ժամանակ այնքան ճիգ և արյուն չէ թափված օտար լուծը թեթևացնելու և կամ իսպառ թոթափելու համար, որքան նախարարական շրջանում։

Երկու տրամադրություն էր տիրում առաջնորդող ուժերի մեջ համաձայն երկու ճանապարհի, որ տանում է դեպի քաղաքական տենչանք։ Ըմբոստության արյունոտ ուղին և խոհեմության զգուշավոր դիրքերը, գործունեության տարբեր միջոցներ են, տարբեր դրոշակներ։ Սրանց շուրջն էին դասավորված երկրի գործոն ուժերը, ղեկավար ունենալով երկու նշանավոր տներ։

Մի ուղղության դրոշակակիրներ էին Մամիկոնյան սխրագործ իշխանները, մյուսի՝ ծանրախոհ Բագրատունիները։

Տեսականորեն երկու հոսանքները միմյանց չեն բացասում, բայց գործնական գետնի վրա ծնում են բախումներ, աղետալի հետևանքներով։ Այստեղից է և Մամիկոնյան և Բագրատունի տոհմերի ողբերգական թշնամաթյունը։

Նախարարական շրջանների պատմությունը էապես այս երկու տների պատմությունն է։

Բավական չէ նրանց նկարագիրը տալ։ Կուզեի աչքի անցնել թեթևակի բոլոր նշանավոր քաղաքական անցքերը, որ տեղի են ունեցել Հայաստանում Արշակունյաց անկումից մինչև Բագրատունիների բարձրանալը։ Ամեն ոք ի վիճակի կլինի անձամբ համոզվելու, թե ի՞նչ դեր են կատարել երկու դրոշակակիր տները հայ անցյալում և ի՞նչ է նրանց ընտանեկան և քաղաքական դիմամարտության հիմը։

Հայերը դեռ սգի մեջ էին։

Հազիվ սթափված այն ընդարմացնող հարվածից, որ պարսիկները հասցրել էին Արշակունյաց գահին, պատասխանատու դասը հետամուտ եղավ վերականգնելու կորցրած թագը։ Վարդանանց և Վահանանց կռիվները անդրանիկ փորձերն էին, որ անհաջող անցան։

Նրանց քաղաքական բնույթը տարակուսանքից դուրս է, թեև սքողված է եկեղեցական շքեղ շուրջառի տակ։ Այդ կեղծ ծածկոցը, որ այնքա՜ն խնամքով և ոգևորությամբ փռել են ցայժմ մեզ համար սրբազան ձեռքեր, ինքն իրեն վերանում է Վասակի դատի ժամանակ, որպեսզի ցույց տա ամբաստանված մարդու վեհությունն իր անկման մեջ, վերանում է, որպեսզի մերկացնե, ազատե ճշմարտությունը սոսկալի կրքերի բռնությունից։

Պարսիկները առանձին փափկանկատությամբ գահազուրկ Հայոց մարզպանությունը հանձնել էին Սյունյաց իշխան Վասակին, նախարարների մեջ ամենակարող դեմքին։ Նրա շրջանում է ծագում ապստամբության միտքը։

Հետագայի պատմությունը իրավունք է տալիս կարծելու, որ գործին խառն էր և Բյուգանդական դուռը, թերևս իսկական գրգռիչը։

Հազկերտի գահակալության առաջին տարիները պարսիկները ասպատակել էին հանիրավի կայսերական հողերը հակառակ 422 թվին կնքած դաշինքի։ Թեոդոսիոս կայսրի խաղաղասիրությունն էր պատճառը, որ ապօրինի արշավանքը ծանր հետևանքներ չունեցավ։

Վասակի ծրագիրը կարող էր ներշնչված լինել Բյուզանդիայից որպես հակացույց կամ վրեժ պարսիկներից կրած վիրավորանքի համար։

Թեոդոսիոս կայսրը մասնակից էր շարժման և խոստացել էր օգնություն։ Վասակը նախապես ապահովելով թիկունքը հունաց կողմից, համաձայնության էր եկել նաև անմիջական դրացիների՝ Վրաց, Աղվանից և Աղձնյաց աշխարհների հետ, որպեսզի միահամուռ ուժերով նետեն պարսկական լուծը։ Սակայն Թեոդոսիոս կայսրը մեռնում է 450 թվին, 28 հունիսի։ Ծրագիրը մնում է կախված օդի մեջ, քանի որ նոր կայսրը, Մարկիանոսը, չի ուզում հայերի պատճառով վրդովել խաղաղությունը Արևելքում, մանավանդ, որ քաղկեդոնական վեճերը արդեն սպառնում էին տակնուվրա անել ամբողջ պետությունը։

Այս պայմաններում այլ բան չէր մնում, եթե ոչ հրաժարվել կամ հետաձգել խռովության ծրագիրը։ Խոհեմությունն էր թելադրում այս նահանջը և՛ խոհականությունը, որպեսզի սուրբ գործը չվիժե անխորհուրդ արկածախնդրությամբ :

Տարաբախտաբար ուշ էր։ Հուզված ամբոխը շատ էր հառաջացել և արդեն արյուն թափել։ Դյուրաբորբոք գլուխները ծանր վիրավորանք էին հասցրել պարսիկ կրոնավորներին և պետական մեծ ոճիր գործել, ավերելով ատրուշանները և ջուրը նետելով սրբազան հուրը։ Հրդեհը արդեն վառված էր։

Խռովարարների գլուխն է անցնում Մամիկոնյան կտրիճ տունը։ «Ամենայն իրք այսպիսի գործոց, - ինչպէս վկայում է Մամիկոնյան պատմիչը,– ի բնէ յոլով Մամիկոնէիցն ազգաւ եւ նոցա միաբանութեամբ ելեալ էին ի գլուխ» և «առանց առաջնորդութեան ազգին այնորիկ եւ ոչ մի ինչ իրք եւ գործք աշխարհիս Հայոց երթեալէին ի գլուխ»։

Այսպիսով նախարարների ուխտը քակվում է։ Ապստամբները բաժանվում են երկու բանակի, մեկն ուզում է շարունակել գործը, մյուսը՝ տեսնելով ձախորդ հանգամանքները, նախադասում է հետ կենալ և ամեն ինչ մոռացության տալ։ Առաջնի ղեկավարներն էին Վարդան Մամիկոնյան և Ներշապուհ Արծրունի, երկրորդի՝ Վասակ Սյունի և Տիրոց Բագրաաունի։

Ո՛չ ուրացության և ո՛չ դավաճանության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Երկու կողմն էլ հավասարապես հասարակական շահն ի նկատի ունեին։ Տարբեր էին նրանց տեսակետները, երկուսն էլ կասկածելի իրենց առավելությամբ։

Ապստամբության ծրագիրը հիմնված էր Արևմուտքից ակնկալած օգնության վրա։ Ունայն հույս, կայսրը ոչ պակաս փութով քան պարսիկները վերացրել էր Արշակունյաց թագը հունական բաժնում։ Թեթևամտություն էր հուսալ, որ այդ կայսրը օգներ հայերին վերականգնելու կորցրած անկախությունը պարսկական բաժնում։

Ուխտապահների դիրքը ավելի նպաստավոր չէր։ Մի ժողովուրդ, որ այնպիսի անտարբերությամբ վերաբերվեց Արշակունիների վերջին հառաչանքին, անընդունակ էր կամ անկարող նորեն խոյանալու դեպի քաղաքական բարձունքը։ Հայի ուժերը չէին ներում խրոխտանալ մեծ պետության դեմ։

Ուխտանենգները սթափվելով երազներից փրկեցին երկիրը ահեղ փորձանքից, իսկ ուխտապահները մարտիրոսացան, գիտակցորեն մահը գրկեցին, որ անմահանան և օրինակ ծառայեն սերունդներին և խրատ՝ բռնավորին, որ բռնությունն էլ իր սահմաններն ունի, և որ հայ ժողովուրդը չի ուզում գլորվել մինչև ստրկության հատակը։

Հայաստանի խռովյալ վիճակը տևեց գրեթե տասը տարի՝ մինչև գերված նախարարների դարձը։

Քսան տարի չանցած վերստին աղմկում է երկիրը։ Առանձին պատճառ չկար, եթե ոչ հին վերքի մորմոքը։

Ժամանակակից պատմիչը գանգատվում է, որ «աւազակ, անպիտան, հացկատակ, վատատոհմիկ» որեարները առաջ էին քշվում, իսկ արժանավոր մարդիկ հետ մղվում։ Այսպիսի չարիք լուրջ շարժառիթ չէ կարող նկատվել քաղաքական ծանր քայլերի։ Թվում է, որ բանսարկուն դարձյալ արևմտյան կեղծ բարյացակամն էր։

Հայ ավագանիները, սրտացավ իշխանները Գյուտ կաթողիկոսի մոտ հավաքված խորհրդակցում են իրերի դրության մասին և ուրիշ դարման չեն գտնում, եթե ոչ «ի խնդիր լինել օգնականութեան ե ապստամբել։ Առաքէին գաղտ եւ պատգամատրս միանգամ եւ երկիցս առ թագատրն Յունաց Լեւոն, որոյ թէպէտեւ յանձն առեալ կամէր օգնել, յերկարէր ժամն եւ խափանէին խորհեալքն»։

Լևոնը Մարկիանոսի հաջորդն էր և թագավորեց 457-474 թիվը։ Եթե նոր ապստամբությունը, որ պայթեց 482 թվին, պատրաստվում էր դեռ Լևոնի օրով, նշանակում է, որ նա նոր բան չէր իսկապես, այլ հին կրակը՝ վառված 451 թվին, որ շարունակում էր մխալ։

Հրապարակի վրա նույն հին կուսակցություններն են, հին երկփեղկ մտածողությունը։ Մեկի պարագլուխը դարձյալ Մամիկոնյան տունն է, շրջապատված նախկին համակիրներով՝ Արշարունյաց, Վահևունի, Պալունի և այլ տոհմերով։ Հակառակ բանակում կանգնած են Գադիշո Մաղխազ Խորխոռունյաց իշխանը և Վասակի համախոհը, և Սյունյաց իշխան Գդիհոնը։ Վասակի նման Գադիշո Մաղխազն ևս, որ դատապարտվել է սև բախտի և ընկել սերունդների անեծքի տակ, միանգամայն անպարտ է։ Գադիշոն ապրել էր անձամբ նախորդ անցքերի դառնությունը, նրա հիշողության մեջ դեռ չէր ցամաքել թափված անմեղ արյունը։ Իրավամբ կարող էր խորշելի համարել նոր ցնցումներ և աղետաբեր՝ երկրի համար։

Պետք է խոստովանել, որ Վարդանանց կովից հետո պարսիկները ամեն զիջումներ արին Հայոց։ Արքունի հրամանով Ատրորմիզդ մարզպանը հայտարարել էր կրոնական ազատություն, «ի կամս մարդոյն թողեալ ըստ իւրաքանչիւր մտաց որպէս զինչ եւ կամի պաշտել՝ պաշտեսցէ»։ Ներումն էր շնորհվում բոլոր փախստականներին և քաղաքական հանցավորներին, բացի ձերբակալված անձերից, որոնց մեծ մասը ազատ թողնվեցին։ Այլև «թողուլ հրամայէր զհարկս աշխարհին եւ զայրուձին եւս զարքունի թեթեւացոյց առ ժամանակ մի»։

Այսքան ներողամիտ քաղաքականությունից հետո նոր աղմուկներ հարացանել, խաղաղությունը վրդովել պիտի թվեր անիմաստ։

Շատերը կարծում էին, որ նոր ցույցերը ծնունդ են Մամիկոնյան խռովասեր ոգու։ «Ոչ է հնար սմա (այսինքն՝ Վահանա) առանց ապստամ– բութեան կեալի հայս։ Յիշեցացանէին Արեաց եւ զնախնեացն նորա զմիոյ թէ ո՞վ ի նոցանէ ոչ խռովեցոյց զԱրեաց աշխարհ եւ ոչ արար մեծամեծ վնասս եւ մահունս։ Արդ երբեւէ, ասեն, սա զնոյն խռովութիւն յարացանելոց է ի վերայ ձեր»։

Վահանը Վարդանի եղբոր Հմայակի որդին էր։ Հմայակն ևս ընկել էր խռովության տարին։ Հնարավոր է, որ Վահանին օտարոտի չէր և ընտանեկան վրեժխնղրության ոգին։ «Ի հարցն իմոց ես տղայ մնացի,– ասում է Վահանը, - ո՛չ զվաստակս նոցա, որ առ Արեաց աշխարհն լեալ է, գիտեմ եւ ո՛չ յանցման նոցա հաղորդ ինչ էի»։

Արդյո՞ք այս խոսքերով պատմագիրը չէ ուզում արդարացնել իր հերոսին այն կասկածներից, որ նա իբրև թե մերձավորների մահվան վրեժը լուծելու աղագավ է, որ ըմբոստացել է։

Ճշմարիտ է, Վահանի զենքի շաչյունը այն ժողովրդականությունը չուներ, ինչ որ Վարդանինը, բայց նրա շարժառիթները նայնչափ ազնիվ էին և հեռու անձնականությունից։

Խնդիրն այն է, որ ինչ որ տանելի էր Գադիշոյի և նման իշխանների համար, անհանդուրժելի էր թվում Մամիկոնյան կտրիճների տեսակետից։ Երբ որ Վահանի համախոհները առաջարկում են նրան գործի գլուխն անցնել և պարզել ապստամբության դրոշը, խոստանալով նաև Վրաց և Հոնաց օգնությունը, Մամիկոնյան իշխանը պատասխանում է. «զԱրեաց աժն և ստամբակաթիւնն քաջ գիտեմ և զՀոռոմաց զթուլաթիւնն և զխաբէաթիւնն. և զձեր ծանացեալ է փորձիւ իմ թէ որպէս հարանց մերոց ուխտեցին երդմամբ և ստեցին։ Եւ վասն Վրաց արքայի և Հոնացդ զորս ասէք, Վիրք առանձին թեթեւ ինչ աշխարհ են և այրուձիով սակաւաւորք, բայց վասն Հոնաց ո՛ գիտաց, հաւանի՞ն գալ թէ ոչ, որք չենն ի միջի եւ չերեւին։ Բայց քան զամենայն եւս առաւել յանձանց երկերուք, վասն զի մարդիկ սուտք էք եւ անվստահք»։

Ծանր հանդիմանությունից առնված՝ պատասխանում են խոսակիցները. «Զամենայն զոր ասացերդ, լի ասացեր, ճշմարիտ ասացեր եւ արդար։ Բայց զյոյս մեր ոչ ի Հոռոմս եդեալ է և ոչ ի Հոնս, բայց նախ յողորմութիւնն Աստածոյ, բարեխօսաթեամբ սրբոյն Գրիգորի եւ ի մահ նախնեացն որ նահատակութեամբ իւրեանց հաճոյ եղեն Փրկչին Քրիստոսի, և ապա ի մահ անձանց մերոց, քանզի լաւ համարիմք մի ժամ մեռանանել, քան թէ զամենայն օր զեկեղեցւոյ եւ զքրիստոնէից զարհամարանս տեսանել եւ զքակտումն»։

Ապստամբ բանակի շունչը Մամիկոնյաններն էին։ Տրամախոսությունը ծտիշ նպատակ չունի՝ պատմագրի գրչի տակ, եթե ոչ ընդգծել Մամիկոնյան իշխանի հեղափոխական խառնվածքը։ Վահանը ապստամբում է և երկու տարի շարունակ ճակատում է պարսկական հետապնդումներին ամենայն հաջողությամբ։ Պերոզ թագավորը սպանվում է հոնաց արշավանքում 484 թվին և նրա հաջորդ Վաղարշը հաշտության է կանչում ըմբոստներին, մեղքը ձգելով իր նախորդի ամբարտավան ուսերին։

«Սեք որ ապստամբեցաք,– ասում է Վահանը հաղթանակի օրը,–ոչ եթէ գիտէաք եթէ մեք Արեաց առաջի ինչ կարեմք կալ. զի և զմեր տառապանացս ոյժ գիտեմք և զԱրեաց այնպիսի մեծ եւ զանհամար գնդի եւ ուժոյ զսաստկութիւն, բայց միայն զմեռանելն եդաք առաջի եւ նմին պատրաստ եմք եւ առաւել եւս ուրախ եմք զի զանուանի զլաւ մահ մեռանեմք»։

Գեղեցիկ խոսքեր են, վայել կրոնավորի, բայց ո՛չ քաղաքական գործիչի։ Կրոնավոր հեղինակը դրանով ուզում է բնորոշել այն հոսանքը, որի առաջնորդն է Մամիկոնյան տոհմը։ Վահանը հաղթող հանդիսացավ և ձեռք բերեց մարզպանությունն ինքը և իրենից հետո իր եղբայր Վարդը։

Հակառակ հոսանքը կարող էր զսպել հաղթականների հրճվանքը և արդարացնել իրենց վերապահ դիրքը, ցույց տալով, որ հաղթությունից հետո հայերը ավելի բան չստացան, քան ունեին ապստամբությունից հառաջ։

Ավելորդ սնապարծություն կլիներ վերագրել Վահանի հաջողությունը միմիայն նրա զենքին։ Գահակալական վեճերը և մոտալուտ պատերազմի վտանգը Բյուզանդիայի հետ, հարկադրեցին Պարսից Դուռը օր առաջ խաղաղացնելու Հայաստանը։

Վաղարշի հաջորդ Կավատի օրով արդարև սկսվեց պատերազմը, որ տևեց ամբողջ դար և եթե երբեմն ղադրում էր՝ միայն նորա համար, որ վերսկսվի ավելի լայն ծավալով։ Այս շրջանը խրատական է նրանով, որ հայ գործիչներին բերում էր դառն հիասթափություն քրիստոնյա Արևմուտքի նկատմամբ։ Հուսախաբությունն այնքան մեծ էր, որ ստիպված էին Մամիկոնյաններն և Բագրատունիք միացած ուժերով դուրս գալ կայսերական ոտնձգությունների դեմ։

Հոատինիանոսի օրով և նրա հրամանով Արևմտյան կամ Բյուգանդական Հայաստանը ենթարկվեց արմատական փոփոխության՝. Նախարարական իրավակարգը վերացվում էր։ Հարավային Հայաստանի հինգ նախարարությունները, որ անկախ իշխանություններ էին, ճանաչված 298 թվի դաշինքով, կորցնում էին ընդմիշտ իրենց ինքնուրույնությունը։

Ամբողջ երկիրը Փոքր Հայքի հետ միասին բաժանվում էր նոր վարչական միությունների, որոնք կոչվում էին Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայաստան։ Առաջինի մայրաքաղաք և վարչական կեդրոն էր նշանակվում Կարին կամ Թեոդատւպպիս, Երկրորդի՝ Սեբաստիա, Երրորդի՝ Սելիտինե, Չորրորդի՝ Նփրկերտ կամ Մարտիրուպոլիս, այժմ Մուֆարղին։ Ամեն մեկի կառավարությունը հանձնվում էր սովորական պաշտոնյայի՝ կոմես (որ է կոմս) անունով, որ նստում էին հիշածս կեդրոններում։

Կարինում այն ժամանակները տակավին ապրում էին Արշակունյաց վերջին շառավիղները։ Հայտնի էր մանավանդ Արտավանը, որ հետո անցավ Բյուզանդիա և մեծ անուն հանեց։ Արշակունիներին սահմանակից էին Սպերի Բագրատունիք և Տայքի Մամիկոնյանները։

Երեք նշանավոր տների ներկայությունն ախոյան պետությունների սահմանագլխին հղի էր ամեն անակնկալներով։ Տների մրցության, թե պետությունների նենգամիտ քաղաքականության հետևանքով, միշտ հնարավոր էր սպասել բարդություններ։

Սպերի ոսկեհանքը մի գայթակղիչ կռվախնձոր էր շրջակա իշխանների համար։ Այս առթիվ ծագած տեղական գժտությունները շուտով քաղաքական բնավորություն ստացան։ Կայսեր կողմից նշանակված մի պաշտոնյա Ակակիոս անունով, որ ծագումով նույնպես հայ էր, աչք ունենալով ոսկեհանքի վրա, սպանեց նրա տիրոջը՝ իշխան Համագասպին և գրավեց թանկարժեք գույքը։ Այս մարդր, որ օտարներին ծառայելով չէր աշխատում գոնե չվնասել իր հայրենակիցներին, անհանդուրժելի էր և ապօրինի գործի պատիժն ստացավ՝ սպանվելով հայերի ձեռքով։

Բյուզանդիայից եկավ նոր պաշտոնյա, Սիտտաս անունով, որ ականավոր զինվորական էր։ Սա ևս ընկավ հայերի սրից։ Երրորդ պաշտոնյան, որ փոխարինեց Սիտտասին, անունը Բուզես, անձամբ ծանոթ Էր հիշյալ Արտավանի հորը՝ Հովհաննես Արշակունի իշխանին, աստի իր մոտ Է հրավիրում նրան բանակեցելու պատրվակով և սպանում նենգորեն իր վաղեմի բարեկամին։

Հովհաննեսին ուղեկից էր Վասակ իշխանր, որ և նրա փեսան Էր, աղջկա ամուսինը։ Հավանորեն Վահանի եղբոր Վասակի թոռն Էր, և որդի այն Գրիգորի, որ հայ գնդով գնաց Վաղարշ թագավորի օգնության՝ Վահանի կողմից։ Վասակը զգալով լարած թակարդը, խորհուրդ տվեց իր աներոջ հավատ չընծայել Բուզեսին և հետ դառնալ։ Հովհաննես չանսաց և զոհ գնաց իր միամտության և բյուգանդական խարդախության։ Իսկ Մամիկոնյան իշխանը փախչելով ազատվեց կորուստից։

Կայսերական պաշտոնյայի տմարդի վարմունքը լցրեց դառնության բաժակը։ Հայ իշխաններն արդեն զայրացած էին Հոատինիանոսի քաղաքականությունից։ Ընդհանուր դժգոհության և տրտունջի թարգման Է հանդիսանում Վասակ Մամիկոնյանը։ Դեսպանության գլուխ անցած՝ նա ներկայանում է պարսից Խոսրով թագավորին և բացատրելով կայսերական քաղաքականության վտանգավոր հետևանքները Արևե|քի համար, խորհուրդ է տալիս պատերազմ հայտարարել, քանի ուշ չէ, խոստանալով Հայոց աջակցությունը։ Եվ այն մեծ քրիստոնյա թագավորը, որի անունով և հուսով այնքա՜ն արյուն էր թափվել երեկ մյուս օրը, տրտունջի առարկա էր և թշնամի, որի դեմ օգնության էր կոչվում անօրեն համարված թագավորը։

Պատերազմասեր պարսից արքան առիթ էր որոնում, որ բանակը շարժե։ Կռիվն սկսվեց։ Համատարած ժանտախտը խանգարեց Խոսրովի զենքի հաջողությունը։ Բյուգանդական զորքերը առաջացան անարգել մինչև Դվին, Պարսկահայոց մայրաքաղաքը։ Նոր հիասթափություն տիրեց հայերին։ Վասակ և Արտավան, շարժման ղեկավարները, ստիպված էին հաշտվել կայսեր հետ և մտան նրա ծառայության մեջ։

Պատերազմական գործողությունները դադարեցին 543 թվին, որ հարմար առթիվ վերստին արծարծվեն։

572 թվին սույն Վասակի որդիքը՝ Վարդան և Վարդ սուսերահար արին Դվինում Պարսից մարզպան Սուրենին, լուծելով իրենց ավագ եղբոր Մանուելի մահվան ոխը, որի սպանությունը վերագրում էին Սուրենին։ Խաղաղությունը նորեն վրդովվեց երկրում։ Միաժամանակ և վրաց Գուրգեն թագավորը ոտի կանգնեց պարսից դեմ։ Նրան միացան լեռնական ցեղերը։

Անտարակույս էր, որ ընդարձակ շարժման ետևը թաքնված էր դարձյալ կայսեր չարաշուք պատկերը։ Հոատինիանոսի պատերազմները դադար առին 532 թվին, խաղաղության դաշնագրով, որի կետերից մեկը պարտավորում էր կայսերական կառավարության վճարելու պարսիկներին տարեկան 500 լիտր ոսկի, որ է 30 հազար ոսկեդրամ, հիսուն տարվա ընթացքում։

Հոատինոս II կայսրը առիթ էր փնտրում, որ խախտե դաշինքը և հրաժարե ծանր պարտականությունից։ Քրիստոնյա հայերի և վրացիների խլրտումները լավագույն պատրվակն էր։

Երբ պարսից դեսպանը գալիս է դրամը պահանջելու, Հոատինոս կայսրը հարկավոր է համարում նկատելու, որ «դրամի վերա հիմնված բարեկամությունը գովելի չէ» և անմիջապես նշանակալից հարց է տալիս Հայոց շարժման մասին։ Դեսպանը պատասխանում է, որ խառնակություն կար, բայց ներկայումս կարգը վերականգնված է։

Կայսրը, որ խորամանկ է, քան խորագետ, հայտարարում է, որ «ինքը պատրաստ է պաշտպանելու ապստամբ հայերին և չպիտի ներե որևէ բռնություն նրանց դեմ, քանի որ միևնույն քրիստոնյա հավատն են դավանում»։

Խելացի դեսպանը, որի անունը Սեբուխտ էր և ինքն քրիստոնյա, հավանորեն ասորի, եթե ոչ հայ, առարկում է, որ հենց քրիստոնեության շահերն են, որ պահանջում են հրաժարվել պատերազմներից, որովհետև ընդհարումների միջոցին ամենից շատ վնասվելու են քրիստոնյաները, քանի որ նրանց երկիրն է ռազմաբեմ լինելու։ Այլև հասկացնել է տալիս նրբորեն, որ պատերազմի հետևանքը դեռ հայտնի չէ, թե ինչով կվերջանա, և երբեք մարդու կամքից չէ կախված։

Սեբախտի խոսքերը իմաստության դաս է, որին պետք ունեինք դեռ երեկ մենք՝ անուղղելի երազատեսներս, նմանապես մեր և քրիստոնեության կասկածեփ հովանավորները։

Պատերազմը սկսվեց, բայց կայսրը շուտով ստիպվեց զինադադար խնդրելու։ Բանակցության ժամանակ երևաց, որ գոնե պարսիկների կարծիքով Հայոց ապստամբության պատճառը բյուգանդական դավադիր խաղերն էին։

Պարսից Որմիզդ թագավորը զոհ գնաց պալատական հեղաշրջումի։ Մոր կողմից թուրք էր, դաժան և բիրտ, և ատեփ նույնիսկ մերձավորներին, որոնք և սպանեցին նրան։ Վահրամ Չուբին, որ Պահլավ կամ Պարթև իշխանական տնից էր, փորձեց տիրանալ գահին և վերականգնել Արշակունյաց թագը։ Թերևս հաջողեր, եթե Արևմուտքի անպատեհ միջամտությունը չլիներ։ Մավրիկրոս կայսրը հարկավոր գտավ Որմիզդի որդուն՝ Խոսրովին պաշտպան կանգնել և հաստատել նրան հայրական գահի վրա։

Չուբինի խռովություններին մասնակից էին և հայերը։ Նախքան ապստամբելը Չուբին կոչ է անում հայերին, հորդորելով հարել իրեն և ընդհանուր ուժերով ջնջել «տիեզերական պատուհասը՝ Սասանյան տունը»։ Ըմբոստ իշխանը խոստանում էր հայերին անկախություն, երդվում էր տալ նրանց նախկին թագավորությունը հին սահմաններով՝ մինչև Կապկոհ (Կովկաս) լեռները և Աղվանից դուռը (Դերբենդը), մինչև Արվաստան ու Մծբին։

Կոչը պատրիչ էր։ Հայ իշխանները, որ առիթ էին որոնում գլուխ բարձրացնելու պարսից բռնության դեմ, միացան Չուբինին։ Առաջնորդը դարձյալ Մամիկոնյան տունն էր՝ ի դեմս Մուշեղ զորավարի։

Հայ պատմագիրը անպարտ է համարում Մուշեղին և այնպես է ձևացնում, որ իբրև թե նրա օգնությամբ է, որ պարսիկները կործանեցին Չուբինին։

Բայց պարսից տեղեկությամբ Մուշեղն մասնակից և օգնական է եղել ապստամբներին։ Այս է պատճառը, որ պատերազմից հետո հայ զորավարը կոչվում է Դոտը, իբրև քննության և կամ հանդիմանության համար։ Մուշեղ գնում է արքունիք, առնելով հետը երկու հազար ձիավոր։ Թագավորի հրամանով ուզում են Մուշեղին զինաթափ անել և ապա թույլ տալ ներկայանալու նրան։ «Լոյծ զկամարդ եւ զսուսերդ ի միջիոյ քումմէ,– ասում են նրան,– և մերկեա ի քէն զսպառազինաթիւն քո, զի ոչ է օրէն մտանել առաջի թագաւորին»։

Մուշեղի սիրտը կասկած է ընկնում և պատասխանում է համարձակ. «Ի մանկութենէ իմմէ սննդակից եղեալ թագաարաց ի նախնեաց իմոց եւ հաւուց եւ այժմ հասեալ կամ ի դուռն արքայի ի տեղի հանդեսի։ Ե՞ս զսպառազինութիւնն իմ յանձնէ իմմե ի բաց մերկացայց եւ լուծից զկամարս եւ զգօտիս յանձնէ իմմէ զոր ոչ երբեք լուծանեմ ի տան իմում յուրախութեան, եւ կամ ինձ արժա՞ն իցէ գիտել զչարութիւնդ Պարսից»։

Այս խոսքերով հայ զորականր թողնում է և հեռանում առանց տեսնել ուզելու թագավորին։

Խոսրով զիջում է, բայց սառն է րնդունում, «ոչ ձգեաց արքայ զձեռն որպէս յերեկն եւ յեռանդն»։

Մուշեղը հեռանում է դժգոհ։

Պարսից թագավորը ղրկում է ետևից «երդումն աղ կնքեալ» ի նշան հաշտության, գիտենալով որ Մամիկոնյան առյուծը միշտ վտանգավոր է, երբ տրտնջող է։

Այս միջադեպը գեղեցիկ գծեր է բերում Մամիկոնյան իշխանների նկարագրին։


Մաս Բ

Խոսրով, հայրենի գահը նստելով, իր բարերար Մավրիկիոսի հետ բարեկամության դաշն կնքեց 591 թվին և ի տրիտուր զիջավ նրան Հայաստանի մեծագույն մասը, թողնելով իրեն Դվին, Սյունիք և Վասպուրական։

Հակառակորդ պետությունների հաշտությունն իսկ աղետաբեր եղավ մեզ համար ոչ նվազ քան նրանց թշնամությունը։ Ինչպես այժմ, այնպես էլ հնամ և՛ կռվում և համբուրվում էին զորեղները մեր դիակների վրա։

Քրիստոնյա կայսրը բարեմիտ էր դեպի հայերը, երբ Հայաստանը պարսից ձեռքին էր։ Հենց որ գրավեց հայ հողերը, փոխեց իր գույնը։

Մավրհկիոս կայսեր վերագրում էին հայերը մի քստմնելի ամբաստանագիր, ողղված Խոսրովին. «Ազգ մի խոտոր եւ անհնազանդ, ասէ, կան ի միջի մերում եւ պղտորեն։ Բայց եկ, ասէ, ես զիմս ժողովեմ եւ ի Թրակիա գումարեմ եւ դու զքոյդ ժողովէ եւ հրամայէ յարեւելս տանել, զի եթէ մեռանին, թշնամի մեռանին, եւ եթէ սպանանեն, զթշնամիս սպանանեն եւ մեք կեցցուք խաղաղութեամբ։ Զի եթէ դոքա յերկրի իւրեանց լինիցին, մեզ հանգչել ոչ լինի»։

Դժվար թե կայսրի բարոյական սնանկությունն այնքան առաջացած լիներ, որ այսպիսի թուղթ գրեր։ Զազրելի ծրագրները չեն սիրում լույս և ծնում ու հասունանում են մթության մեջ։ Հայ զրույցը, սակայն, արտացոլում է ստուգիվ իրական դրություն։

Պարսիկները գումարել էին հայ այրուձին և փակել Սպահանում, իսկ իշխաններին տարել Տիզբոն։ Հույներն ևս իրենց բաժնի հայ ուժերը տեղափոխել էին Թրակիա, կռվելու ընդդեմ թշնամիների։

Այսպիսի պայմաններում հայ ղեկավար ուժերը հարկադրված էին մաքառել և պարսիկների և հույների դեմ։ Պարսկական բաժնում նրանք սպանում են պետական համարակարին և խլում գանձած տուրքը. «Ի գանձուդ այդորիկ զՀայաստան մեր արասցուք եւ առեալ ի նոցանէ օգնաթիւն պատերազմեսցաք ընդ երկոսին թագաարսդ և բռնութեամբ զերկիրդ մեր ի մեզ դարձուսցուք»։

Այսպես մտածողների թվում էին նաև Մամակ Մամիկոնյան և Գագիկ Մամիկոնյան։

Հունական բաժնում ևս ժայթքում է դժգոհաթյանը։ Կայսրը պահանջում է հայ այրուձին երկու նշանավոր և ազդեցիկ ցեղի ներկայացուցիչների՝ Սահակ Մամիկոնյանի և Սմբատ Բագրատունու, առաջնորդությամբ, որ ողարկե Թրակիայի ճակատը։

Իշխանները խորհում են և վճռում են ապստամբել. «Խնդրէին ի բաց կալ ի ծառայաթենէն Յունաց թագաւորին և նստուցանել իւրեանց թագաւոր զի մի և նոցա հասցէ մեռանել ի կողմանս Թրակացւոց, այլ կեալ եւ մեռանիլ ի վերայ աշխարհին իւրեանց»։

Հայ նախարարների հայրենասիրական բարձր զգացումը վկայում են և օտար աղբյուրները։

Սահակ Մամիկոնյանը հնազանդվում է կայսեր հրամանին, իսկ Սմբատ Բագրատունին ճանապարհից հետ է գալիս և ապստամբների գլուխն անցնում։ Նա է, որ սպանում է Հովհաննես պատրիկին, հունական բաժնի կառավարչին՝ 591 թվականին։

Մամիկոնյան տրամադրությանց արտահայտիչն էր Համազասպ Մամիկոնյանը, որ Հունաց Հերակլ զորավարի հետ էր և ընդդեմ ապստամբական ցույցերին։ Այս ժամանակներից սկսած հետզհետե զորանում է Մամիկոնյան հոսանքի թեքումը դեպի Արևմուտք, իսկ Բագրատունյացը դեպի Արևելք։

Սմբատի հանդուգն սպանության գործը քննելու եկավ մայրաքաղաքից սենատոր Դոմենտոսը։ Հետևանքը եղավ՝ բռնել Սմբատին և տանել կայսեր։ Քրիստոնյա թագավորը ուրիշ միջոց չգտավ պատժելու ըմբոստ իշխանին, քան ձգելու կրկես գազաններին կուր։ Սակայն, հայ կտրիճը զլացավ և այդ հաճույքը պատճառելու ցնցող տեսարանների ծարավի վեհապետին։

Հույն պատմագիրը վկայում է, որ Սմբատը հրաշքով ազատվեց սոսկալի մենամարտից։ Իսկ հայ պատմիչը բացատրում է հրաշքի էությունը։ Հուսահատ իշխանը բռունցքով ուշաթափ է անում արջին, եղջյուրներից խված տապալում է կատաղի ցուլին, և ճարպիկ ոստյունով վերելակում առյուծը և կոկորդը սեղմելով խեղդում։ Ամբոխը և ամենից առաջ կայսրուհին ես այս անսովոր քաջության պահանջում են ազատություն, և փոշոտ իշխանը կրկեսից ելնելով հրավիրվում է արքունիք։

Ահա այս հսկայի սերունդն է, որ պիտի մի օր ժառանգեր Հայոց թագը։ Սմբատ չմնաց կայսրի մոտ և հարմար առիթով անցավ Խոսրովի ծառայության և նշանակվեց Վրկանի և հետո Հայաստանի մարզպան։ Նրա որդին Վարազտիրոց և սրա որդին Սմբատ արժանացան պարսից թագավորի վստահության նույն պաշտոնում։

Արաբները նվաճեցին Իրանը և նրա հետ և Հայաստանի մի մասը։ Բագրատունիք առժամանակյա ճոճումներից հետո կանգ առան նույն քաղաքական գծի վրա, ինչ-որ ընտրել էին պարսից օրով։ Արաբները ևս, անծանոթ նախարարական բարքերին, սկզբում փորձեցին բռնի ուժով վերջ տալ վտանգավոր տոհմերին, բայց շուտով ստիպվեցին ավելի հաշտ ուղի գտնել։ Բագրատունի իշխանների խոհեմությունն ու զգուշությունը սանձեց արաբական բրտությունը, և Աշոտ Վասակյան նշանակվեց իշխան իշխանաց 732 թվին։

Մամիկոնյանների հեղինակությունը նսեմանում էր։ Աշոտի բարձրացումը ոչ միայն նշան էր հակառակ հոսանքի պարտության, այլև հարված Մամիկոնյան տան անվան։ Այրուձին, որի ժառանգական սպարապետներն էին Մամիկոնյան իշխանները, անցնում էր Բագրատունյաց ձեռքը։

Տոհմական ինքնասիրությունը վիրավորված տեսնելով, երկու եղբայր՝ Գրիգոր և Դավիթ Մամիկոնյանք՝ փորձեցին խլել Աշոտից առաջնության պատիվը։ Աշոտն ուներ սակայն զորեղ հովանավոր հանձին երկրի պետի՝ Մրվանին, խալիֆայության գահի թեկնածոփն։ Հազիվ իշխանության գլուխ անցած Գրիգոր, պետք է տեղի տար Աշոտին Մրվանի հրամանով։

Մամիկոնյանների փորձը ծանր նստեց, հետևանք ունենալով Դավիթի կորուստը։

Օմմայան հարստությունը վերջացավ ութերորդ դարի կեսին Մրվանի մահով, զիջանելով իշխանությունը Աբբասյան տան։ Խառնակ դրությունից ուզեցին օգտվել Մամիկոնյաններն և ազատվել արաբներից։ Շարժման ոգին Գրիգոր Մամիկոնյանն էր։

Առանց Աշոտի համաձայնության, որ երկրի պատասխանատու տերն էր, գործը դատապարտված էր անհաջողության։ Ուստի աշխատում են համոզել Աշոտին։ Երկու հոսանքները վերստին բախվում են, և հայ պատմության ամենեն դրամատիկ էջերն են, որ ծավալվում են մեր առջև, որ հավետ կանաչ պիտի մնան մեր հիշողության և գիտակցության մեջ։

Պարտք և պետք եմ համարում բերել Աշոտի խրատը ըմբոստացողներին։ «Ով եղբարք, - ասում է Աշոտ,– ոչ տեսանեմ խոհական մտաց զգործ անզգայութեանդ, այլ անուղղայ խորհուրդ եւ բանս տարապարտս։ Քանզի ահա նուազունք են զօրքս մեր ի մէջ բռնութեանն Իսմայէլի եւ ոչ կարեմք զդէմ ունել զօրաց նոցա եւ ոչ զերկիր մեր հանել ի բերանոյ վիշապացն։ Եւ միայն աշխատաթրւն եւ վտանգ հասուցանեմք ի մտածումս մեր։ Այլ եթէ կամիջիք ընդունել զխրատ իմ, ոչ արսացուք զբանդ զայդ եւ հարկեսցուք նոցա որպէս ցարդ եւս եւ կալցուք զստացաածս մեր, զայգիս, զանտառս եւ զանդաստանս մեր»։

Ահա մի պարզ և պայծառ խորհուրդ։ Սակայն, Գրիգոր Մամիկոնյանի համախոհները, որ հակառակ հոսանքին էին պատկանում, չեն համաձայնում ընդունել իմաստության խրատը, այլ սպառնում են. «Եթէ ոչ միաբանեսցիս ի խորհուրդս մեր, ոչ մնասցէ առ քեզ եւ ոչ մի ոք ի զօրաց քոց։ Չկարեմք ժուժկալել տագնապիս, յորում կայ երկիրս Հայոց»։

Այս հուսահատական ճիչը չէր, որ բռնադատեց Աշոտին միանալ խռովարաներին։ Մամիկոնյան իշխանը, Գրիգորը, կենտրոնացրեց իր ուժերը իր սեփական կալվածում, Տայքում, ոչ միայն նրա դիրքն ու ամրությունը նկատի առնելով, այլ գլխավորապես այն հաշվով, որ օգնության խոստում էր ստացել կայսերական զորքերի կողմից, որ նստած էին Պոնտոսում. «Քանզի էր ի մէջ նոցա ուխտ խաղաղութեան հրամանաւ կայսերն Կոստանդնի»։

Դարձյալ օտարի ստահոդ խոստումներն էին, որ հույս էին ներշնչում ապստամբության նախաձեռնողներին։ Թվում է, որ այս հանգամանքն էր, ստիպել էր Աշոտին տալ իր ակամա հավանությանը։ Արդարև, Կոստանդին Կոպրոնիմոս կայսրը արշավեց և առավ Կարին և Մելիտինե քաղաքները, բայց հեռու էր հայերին դարման հասցնելու մտքից։ Ապստամբության ծրագիրը վտանգվեց և օդ ցնդեց։ Իշխանների միաբանությունը քակվեց։ Աշոտը հեռացավ, որ գնա Բագրևանդ և ներկայանա արաբական հրամանատարին։

Ծրագրի վիժման պատճառը, անշուշտ, Աշոտն էր։ Մամիկոնյան Գրիգորը ոխացավ և, գիշերը հարձակվելով Աշոտի վրա, բռնեց և տվեց իր սպանված եղբոր` Դավթի ծառաներին՝ «բառնալ զլոյս աչաց նորա»։

Երկրի մտավոր աչքը կորցրեց իր տեսությունը, Աշոտը կուրացավ և աչքի լույսի գնով փրկեց Հայաստանը նոր փորձանքից։

Պետք կա՞ նկատելու, որ Աշոտն իր վարմունքով նվազ ուխտանենգ չէր Գրիգորի նկատմամբ, քան Վասակ Սյունին՝ Վարդանի։ Բայց տե՛ս, որ պատմիչը «որդիք յանցանաց» է անվանում Գրիգորի կուսակից ուխտապահներին և ինքը Գրիգորը «սատակէր ի կենաց անյիշատակ բարձեալ ի միջոյ», մինչդեռ Աշոտը դառնում է «պսակ պերճութեան եւ փառք ազգիս Հայոց»:

Աշոտին հաջորդեց իր հորեղբոր Բագարատի որդի Սահակը, «գեղաղէշ երեսօք, երեւելի հասակաւ եւ ազնուական բնութեամբ»։

Հավանորեն Խորենացու հովանավոր Սահակ իշխանն է, որ անմահ հիշատակ թողեց իբր նախաձեռնող «Հայոց պատմութեան» (3)։

Ձախողված ընդվզումի դառնությունը մնաց Մամիկոնյանների սրտում որպես հանգած կրակի ծուխ ե մի օր պիտի պայթեր։ Հենց որ անցավ քսանամյա օրհասական ժամանակը, երկիրը ծածկվեց խռովքի նոր ամպերով։ Մարտական ուժերը ոգի առած ասպարեզ ելան մի անգամ ես փորձելու ազատվել ատելի անուրից, «լաւ համարեալ զմահ քաջութեամբ, քան զկեանս վտանգաւորս», - ասում է ականատես պատմիչը։

Ապստամբության դրոշակը ծածանում էր կրկին ե կրկին անգամ միևնույն ձեռքերում։ Արտավազդ Մամիկոնյանը Դվին քաղաքում զենքի պատրաստություն տեսնելուց հետո, քաշվեց Շիրակ և զարկեց արաբական հարկահանին Կումայրի ավանում (որ է արդի Ալեքսանդրապոլ, վերակնքված վերջերս Լենինական, փոխանակ վերականգնելու հին անունը, որ պահել է ցարդ ժողովուրդը՝ Գյումրի)։

Նշանը տրված էր։ Մուշեղ Մամիկոնյանի սրից ընկավ մի ուրիշ հարկահան և ինքն ամրացավ Արտագերս հինավուրց բերդում։ Լուրը հասավ Դվին մայրաքաղաքը։ Չորս հազարանոց բերդապահ գունդը եկավ Մուշեղի վրա, բայց ջարդ կերավ ե նահանջեց։

Ամբոխն արդեն խուժել էր փողոցները, կանայք ողբով և վայով ընդառաջում էին սիրելիներին։ Հանկարծ որտեղից ուր հայտնվեցին շրջիկ քարոզիչներ, որ գրգռում էին ժողովուրդին և քաջալերում հաղթության հույսով. «Մերձեալ է ահա ժամանակ փրկութեան յուրոյ,– գոչում էր մի կրոնավոր,– զի այժմ ընդհուպ դարձցի գաւազան թագաւորութեանն միւս անգամ ի տուն Թորգոմայ առնուլ ձեօք զվրէժ յազգէն Իսմայէլի։ Եւ դուք մի զանգիտէք յերեսաց նոցա թե նուազունք իցէք, զի մի այր ի ձէնջ հալածեսցէ զհազարսն եւ երկուքն զբիւրսն»։

Սակայն, այս բոլորր լոկ ինքնախաբեություն էր կամ, ինչպես պատմիչն է որակում, «տեսիլ սուտ եւ բաղձալի սրտի»։ Ապստամբները հաջողեցին իրենց կողմը քաշել Սմբատ սպարապետին, կուրացած Աշոտի որդուն։ Նա Մամիկոնյանների փեսան էր և ստիպված էր զիջանել։ Երկրի պետը, իշխանաց իշխանը Աշոտն էր, հիշյալ Սահակի որդին, «այր խոհական հանճարով», որ բացեիբաց ընդդիմացավ ապստամբության, խրատեց չանսալ մոլեկան մոնոզոնի (կրոնավորի) քարոզին և հետ կենալ վնասակար ձեռնարկից:

Կուսակցական հայեցակետների ընդհարման սուր վայրկյան էր։ Աշոտի դիրքը փափուկ էր։ Քսան տարի առաջ նույն վիճակի մեջ էր մյուս Աշոտը, այս Աշոտի պապի եղբայրը։ Նրա նման և հետևությամբ Աշոտը պատասխանատվության ծանր բեռը ուսերին չհապաղեց, չվեհերեց արտասանել այս վճիտ և խոհուն խոսքերը։

«Մանկունք էք եւ կրտսերագոյնք հասակաւ եւ գիտեմ եթէ ոչ կարէք զդէմ ունել զօրութեան բազմագլուխ վիշապին, զի հզօր է զօրութիւն նորա եւ անթիւ բազմութխն ընդ ձեռամբ նորա եւ անչափ պատրաստաթիւն գինուց ի գանձս նորա։ Եւ ամենայն թագատրութիւնք որք հակառակ կային իշխանութեան նորա, փշրեցան որպէս զանօթ բրտի։ Զի թէ հռովմայեցւոց թագատրաթիւն ոչ կարաց համբառնալ զձեռս ի վեր, այլ սարսեալ դողաց յերեսաց նորա եւ ոչ յանդգնիլ ընդդէմ տէրունեան հրամանին, զի եւ դուք չէք անտեղեակ ամենայն զօրութեան արքային յունաց, քաջութեան անձին նորա եւ բազմութեան եւ պատրաստութեան զօրաց նորա, զի ամենեւին ընդ միտ անգամ ոչ էառ ածել զմտաւ առնուլ զաշխարհս հայոց ի ձեռաց նորա, Կոստանդին, որդի Լեւոնի, որ մենամարտեալ ի միում աւուր ընդդէմ ահաւոր գազանացն, սպան զառիւծն իբրեւ զուլս այծեաց։ Արդ որ զայս ոյժ զօրութեան ունէր, այնպէս ընթադրեալ է յահէ չարաթոյն գազանին որ ապականէ զերկիր։ Իսկ դուք յո՚վ արդեօք ապաւինեալ և կամ որով զօրութեամբ եւ որով ուժով կարէք զդէմ ունել անյաղթելի իշխանութեան նոցա։

Արդ՝ եթէ հաճոյ թոփ անձանց ձերոց, ընկալարուք զխրատ իմ, քանզի զօգուտն ձեր եւ զպիտոյսն եւ զանդորրութիւն աշխարհիս տեսանեմ ես։ Զի այս լինի ելք գործոցդ, կամ դառնալ ձեզ եւ մտանել ընդ հնազանդութեամբ նոցա եւ հանդարտիլ եւ կեալ խաղաղութեամբ՝ յերկիրս ձեր եւ կամ մերժիլ փախստեամբ համօրէն ընտանեօք յերկրէս ձերմէ եւ լքանել, թողուլ զժառանգութիւն հարցն ձերոց, զբնակութիւնս ձեր, զանտառս եւ զանդաստանս, նաեւ զգերեզմանս հարց ձերոց եւ երթալ բնակել նժդեհութեամբ ընդ արքային յունաց եւ կամ թէ ոչ՝ անկանիցիք ի ձեռս նեղչաց ձերոց ր կենացս, զի գիտեմ ես զբարս աստուածութեան իշխանին Իսրայէլի, զի ոչ դադարէ մինչև կատարէ զկամս անձին հւրոյ»։

Հեռատես իշխանի իմաստուն խրատը, որ մինչիսկ մեզ համար քաղաքական գործունեության հիմ կարող էր համարվել մոտիկ անցյալում, «մնաց ձայն բարբառո հանապատի»։ Ապստամբներր արդեն պաշարել էին Կարինը։ Դվինը սարսափի մեջ էր։ Հանկարծ մի տխուր լուր ցնցեց երկիրը, արաբական բանակը, բաղկացած 30 հազար վարձկան թուրքերից ոմն Ամրի հրամանատարությամբ եկել հասել էր Խլաթ քաղաքը։ Աշոտն այս պահին այն քաղաքումն էր և տեսնելով ահավոր վտանգը, պատվեր ղրկեց իբրև թե ամենուրեք միանալ և հավաք ուժերով դեմ դնել թշնամուն։ Թվում է, թե պատմագրի կողմից արդարացման տկար փորձ է։ Աշոտը հավանորեն գնացել էր թշնամու բանակը հաշտության առաքելությամբ։ Ապստամբները հավատ չընծայեցին Աշոտի պատվերին, կարծելով, որ ուզում է նենգորեն ազատել Կարինը պաշարումից և հաճոյանալ արաբներին։

Մի գունդ ապստամբներ անցան Արճեշ քաղաքը, բայց անհաջողության դիպեցան շնորհիվ քաղաքացիների մատնության։ Արաբները առաջացան Բագրևանդ և բանակ զարկեցին Արձնի գյուղի մոտ։

Արճեշի գույժը Կարին հասած, հայերը լքեցին պաշարումը և խոյացան դեպի թշնամին։ Պատմիչն անգամ զարմանում է, որ փոխանակ փախչելու հունական սահմանը և ազատելու իրենց կյանքը, ճակատեցին թշնամու դեմ, «լաւ համարեցան ընտրել զմահ անձանց, քան տեսանել զկորոատ աշխարհիս եւ զանպատտւթիւն եկեղեցտյ Քրիստոսի»։

Հազիվ հինգ հազար էին, իշխանազունք և շինական ժողովուրդ։ Սկզբում քաջությամբ հետ մղեցին թշնամու գրոհը, բայց հետո ընկճվեցին բազմության առաջ, մանավանդ որ ռամիկ ուժերը շուտով լքեցին իրենց դիրքերը և ցրվեցին։ Մնաց միայն իշխանական որեարը, որ իրար քաջալերելով նետվեցին գիտակցաբար մահվան գիրկը. «Քաջութեամբ մեռցուք ի վերայ աշխարհիս մեր եւ ի վերայ ազգիս մեր եւ մի աեսցեն աչք մեր կոխան ոտից պղծալից լեալ զսրբարանս մեր»։

Այս սրբազան մրմունջը շրթունքին ընկան երեք հազարի չափ նահատակներ և նրանց թվում Մուշեղ Մամիկոնյան և Սմբատ Բագրատունի։ Հայրենիքի զոհերը մնացին անթաղ, անձրևի և արևի տակ. «ոչ լալ եւ ոչ հաց սգոյ բեկանել ի տունս իւրեանց եւ ոչ տալ գերեզմանի, այլ բացընկեցիկ օթագացեալ ի վայրի յարեւու եւ ի փոշւոջ եւ յանձրեւի եւ ի մրրիկս հողմոց»։

Երկիրը հառաչեց և ողբաց ինքնուրաց քաջերի մահը, առանց նրանց «մնացին թափուր յօգնականաթենէ նոցա եւ մատնեցան ի ձեռս գազանաբարո) թշնամտյն»։

Արճեշի կռիվը տեղի ունեցավ հրոտից 4-ին՝ շաբաթ օր, իսկ Արձնի՝ նույն ամի՝ 13= 775 ապրիփ 15 և 23-ին։ Արյունալից ամպերն անցան հայ հորիզոնից, երկիրը խաղաղեց և նորեն լծվեց շինարար աշխատանքի։ Ապստամբ Սմբատի որդին՝ Աշոտ Մսակերը խոհեմ քաղաքականությամբ հիմը դրեց Բագրատունիների իսկական զորության։ Կամսարականներից գնեց Արշարունիքը և Բագարան տեղափոխեց իր նիստը։ Որդին՝ Բագա– րատը հաստատվեց Տարոնում, մյուսը՝ Սմբատը, հաջորդեց հորը։

IX դարը հայության համար նշանավոր էր առանձնակի։ Ոչ միայն իրենց հայրենիքում էին առաջանում հայերը, այլև Բյուզանդական պետության մեջ ամուր դիրքեր էին գրավում, որ մի օր տիրանան Կոստանդին Մեծի գահին։ Իսկ արաբական պետությունը նշաններ էր ցույց տալիս քայքայման։ Խալիֆաները փառքի վերելքը կատարած սկսել էին իջնել, որ մոտ ապագայում խաղալիք դառնան վարձկան թյուրք զինվորների ձեռքին։ Բաբեկի շարժումը, որ ոչ միայն քաղաքական գույն ուներ այլև ընկերային, մեծապես հարվածեց պետության վարկը։ Ծայրագավառների ամիրաները գլուխ բարձրացրին և ձգտում էին անջատվելու։

Այս բոլորը գաղտնիք չէր նաև հայերից։ Անարդար կլիներ հանդիմանել, որ երբևիցե հայերը բավականին շրջանկատ չեն եղել քաղաքական մեծ գալիքների հանդեպ։ Հեռուն տեսնել, շատ հեռան թափանցել, անհնարին չէ եղել մեզ համար։ Մեր ազգային թերությունն այն է, որ անկարող ենք ընթանալ իրերի հետ ոտն առ ոտն, շտապում ենք կանխել դեպքերը, առջևն ընկած վազում ենք, փոխանակ ետևից գնալու, գնալու համրաքայլ։

Մսակերի որդին, Բագարատը, ինչպես և Արծրունյաց իշխանը, զգալով արաբների տկարությունր, վճռեցին չվճարել սովորական հարկը։ Պետք եղավ, ճնշումի, որ արքունի տուրքը գանձվի։ Մի օր էլ պետական հարկահանները սպանվեցան Տարոնում։ Քաղաքային բնույթի մահափորձերը դառնացրին արաբներին։ Մուտավաքիլի օրով մի կատաղի փոթորիկ անցավ Հայաստանի վրայից և այն վերջինն էր և լավագույն ապացույց պետության թուլության։ Որքան հզոր է պետությունը, նույնչափ վեհանձն է դեպի հպատակ ժողովրդի ըմբոստացումը, և որքան թույլ, այնքան դաժան։

Ապիկար և մեղկ խալիֆայի կողմից իններորդ դարի կեսին եկավ մի թյուրք Բուղա անունով, որ թեև 80 տարեկան էր, բայց բնածին անգթությունը չէր մեղմացել նույնիսկ զառամ տարիների ծանրության տակ, եկավ ողողելու Հայաստանը արյունով։ Արյունռուշտ էր Բուղան, ի բնե և խարդախ, զի խարդախությունը անգթության կարապետն է։ Նենգորեն և ողոքիչ լեզվով իր մոտ կանչեց գրեթե բոլոր ազդեցիկ իշխաններին Տարոնի, Վասպուրականի, Սյունիքի, Գարդմանի, մինչև իսկ Խլաթի և Թիֆլրսի կասկածելի մուսուլման ամիրաներին, բոլորին կալանավորեց և տարավ Բաղդադ։

Շատերը մահացան օտարության մեջ։ Նահատակվեց և Սմբատ իշխանը, որի արաբական անունն էր Աբլաբաս։ Բայց նրա որդին Աշոտ լուծեց հոր և մյուս մարտիրոսների արյան վրեժը իր հաղթանակով։ Արաբական լուծն ընկավ Հայաստանում ճիշտ այն միջոցին, երբ հայի մյուս զավակը՝ Վասիլ բարձրանում էր Բյուզանդիայի գահը։

Աշոտի հաղթությունը Բագրատունյան հոսանքի հաղթանակի օրն էր և Մամիկոնյանների՝ պարտության։ Աշոտ իզուր չէր, որ Մամիկոնյան Կուրդիկ իշխանի գլուխը կտրած ղրկեց Սամառա խալիֆին (4)։

Կուրդիկ իշխանի արյունոտ գլխի հետ ընկավ ընդմիշտ և այն կարմիր դրոշը, որ ծածանվում էր այնպես պերճորեն չորս հիշածս դարերի ատմության վրա։ Կարմիր դրոշը տանում էր դեպի քաղաքական ազատություն արյան ուղիներով։ Բռնության դեմ բռնություն, ուժի դեմ ուժ, արյան փոխարեն արյուն՝ ահա դրոշի նշանաբանը։ Նախնիք զարդարել են Վարդանին` Ավարայրի հերոսին, Կարմիր կոչումով։ Նրա քաջարի սերունդը, նույն վեհությամբ փայլեց հետագայում, իրավունք ունի նույն կոչման իր նքան պանծալի և հառաջամարտիկ անուններով։

Դժկար է գտնել որևէ պատմության մեջ մի իշխանական տան, որ դարերի րնթացքում մնար այնպես հավատարիմ իր տոհմական մտայնության և ավանդներին։ Ութերորդ դարի Մուշեղր հար և նման է չորրորդ դարի Մուշեղին։ Արյան հետ ժառանգում էին րնտանիքի հերոսական ուղին։ Անուններն անգամ, որ անցնում էին սերունդե սերունդ հուշարարներ էին իրենց անցյալի։ Մամիկոնյան տունը՝ հայ զինվորական կորովի մարմնացումն է, հայ ասպետական կարողության կենդանի պատկերը։

«Սրի երկյուղը անծանոթ է մեր տոհմին,– ասում է Վարդանը,– և մեզնից և ոչ մեկը և ոչ մի ժամանակ չէ քաշվել սրի ահից։ Եվ թե ինչպես ավելի բարի ընկերի մասին ենք հոգացել, քան մեր անձի, բոլորին հայտնի է»։

Ճշմարիտ նկարագիրը Մամիկոնյան տան, որ տալիս է պատմիչը Վարդանի բերանով։

Հայ երկրի ու ժողովրդի արժանապատվության ուխտված զինվորներն էին, որ անհավասար կռիվների մեջ ուժասպառ եղան, հերոսներ, որ այրվեցին անձնվիրության հրդեհներում։ Ի՞նչ է հերոսությունը, եթե ոչ արհամարհանք մահվան հանուն մերձավորի։

Մամիկոնյան կտրիճներն իրոք մի մի հերոսներ էին, աննման ծաղիկներ, սփռված մեր անցյալի ապառաժոտում, և պատվաբեր ամեն մի պատմության։ Այդ չքնաղ ծաղիկները արևակեզ ընկան։

Իրավ է նույն Վարդանի տրտունջը, ուղղված նախարարներին. «Ցանկ ձեր մղեալ է զմեզ ի նեղ եւ զձեր անձինս ի բաց անելով՝ մեր միայն ազգս պատահեալ է վշտաց մեծաց եւ մահուց»։

Վշտերն ու մահերը սաստկացան մանավանդ Վարդանից հետո, ինչպես տեսանք, և Մամիկոնյան որեարը արյունաքամ իջավ պատմական դաշտից այն ժամանակ, երբ նորա երջանիկ մրցակիցը` Բագրատունյաց տունը բարձրանամ էր հաջողության սանդուխքով դեպի արքայական ապարանքը։

Այլ էր Բագրատանիների նկարագիրը, նրանց խառնվածքր և ընտրած ուղին։ Ոչ պակաս քաջ և հայրենասեր, Բագրատանի իշխանը միևնույն ժամանակ շրջանկատ է և գործնական։ Չկարենալ զսպել կրքեր, զայրույթը պահել իր ամանի մեջ, թուլություն է։ Բռնության դարեր էին, երբ կոպիտ ուժի հանդեպ հասարակական շահը հաճախ պահանջում էր լռել, քան խոսել և տոկալ, քան հուզվել։ Անհատական խիզախությունը, հարկավ, պատրիչ է, բայց շատ անգամ աղետաբեր ընդհանրության։ Պատասխանատու գործիչր ստիպված է հաճախ հրաժարիլ շահատակություններից, և կյանքի դառնությունները պահել իր ներսը, համբերության երկանաքարի տակ մանրել ոչնչացնել ծանր ապրումները առանց որևէ արտաքին պայթոցի։

Սկզբում Բագրատունի Սմբատները Մամիկոնյանների նման սովոր էին ձեռքը պահել դաշույնի վրա, իսկ հետագայում Աշոտները ստիպված էին ձեռքր դնել ճակատին։ Ծանրախոհ և խորաթափանց Բագրատունիք համակիր չէին ցնցումների, ընդունակ էին անգամ չարիք գործելու, ավելի մեծ չարիքի առաջն առնելու համար։

Եթե Մամիկոնյանները հայ խաչելության և սրի շողշողան քարերն են, Բագրատունիք հայ խոհականության քարե սյուներն են։ Գագիկ թագավորի արձանը, որ երևան եկավ Անիում, ներկայացնում է մեր ասպետների թագակիր զավակին ոչ նժույգը սանձած, նիզակը ճոճելիս, սաղավարտը գլխին, այլ որպես ալեփառ ծերունի, նման ավելի վանահոր, քան զինվորականի երկար վերարկու, մեջքը պնդած գոտիով, մանրածալ փաթեթր գլխին, և պարզած բազուկների վրա կանգուն հայրենի սրբարանը։

Աշոտի համար, ասում է ժամանակակից պատմիչը. «Ոչ ի հակառակութիւնս ինչ կամ ի կոխս ընդ թշնամիսն մաքառեալ, քան թէ բարեզգեաց բանիւք և բարի օճանաւ ածեալ զնոսա յուղղաթիւն եւ ի կամս իւր»։

Այս ողոք և հաշտ քաղաքականությունը, որին աշխատում էին հետևել Բագրատունիներն ընդհանրապես, այնքան էլ դյուրին չէր։ Համակերպման ուղին խեծբեկ է և ծանր բարոյապես։ Կորանալ մինչև ստորություն բռնավորի առջև, ուխտանենգ լինել, եղբայրասպանությամբ, ուրացությամբ խղճի ձայնը խեղդել՝ ահա փշերն ու տատասկներն այն կածանների վրա, որ տանում էին դեպի Բագրատունյաց թագն ու գահը։

Սմբատի սերունդները, այն Սմբատի, որ գազաններից ահ չաներ, հարկադրված էին իջնել մինչև հլության ստորիքր, որպեսզի հոգեկան կսկծոտ գալարումների գնով ապահովեն հայրենիքի բարորաթյունը։ Աշոտ թագավորի հայրը Սմբատ կոչվում է Խոստովանող։ Նույն կոչումին արժանի է վերջինիս թագակիր որդին, այն, որ բարձրացավ գահ Կուրդիկ Մամիկոնյանի արենաթաթախ դիակի վրայից...

~ ~ ~

Մրցակից հոսանքների մեկի հաջողությանը հաճախ մոռանալ է տափս մյուսի արժեքը։ Միակողմանի վերաբերումն է, և գալիս է այն դատավորներից, որոնք դասված են կուսակցական շարքերում։

Առաջին շրջանում մինչև Սասանյան հարստության անկումը զորեղ էին և ազդեցիկ Մամիկոնյան տրամադրությունները։ Նախարարական կարգը տակավին ատոք վիճակի մեջ էր։ Տենչանքները կապված էին զենքի և զրահի շաչյունին և բոլորում էին տոհմական սպարապետների անվան շուրջը։ Ընդհանուր համակրությանը նրանց կողմն էր։ Հայ մտավորականության և գրի ներկայացուցիչները՝ Փավստոս, Եղիշե, Ղազար, Հովհան Մամիկոնյան, բոլորն էլ Մամիկոնյան տան փառաբանիչներն են ե նրանց ուղղության կողմնակից։ Յոթերորդ դարը հույսերի և համակրությանց ճոճման ժամանակ էր, և այդ դարի պատմագիր Սեբեոսը աշխատում է բարեխիդճ լինել և անաչառ՝ մրցող ուժերի հանդեպ։

Արաբների հաստատվելուց հետո զգալապես հառաջանամ են Բագրատունիք և հետզհետե գրավում են երկրի համակրությանը։ Մամիկոնյան արծիվները, ճիշտ է, դեռ շարունակում են խոյանալ մարտի դաշտերում, բայց երգիչներ չունին։ Պատմագիրները՝ Ղևոնդ, Հովհաննես Կաթողիկոս, Շապուհ Բագրատունի, Ասողիկ գովաբանում են բացառապես Բագրատունի իշխաններին, նրանց ջատագովներն են։

Այս պատմիչների թվումն է հռչակավոր Պատմահայր Մովսես Խորենացին։ Բագրատունիների գուսանն է նա և Մամիկոնյանների նզովիչը։ Իր Բագրատունի մեկենասին հաճոյանալու համար չէ, որ գովում է նրա տոհմը։ Պատմահոր անձը և կոչումը կասկածի իրավունք չեն տալիս բնավին։ Խորենացին գաղափարական հակառակորդ է Մամիկոնյան քաղաքականության և սիրող հասարակական անդորրության։

Պատմահայրը մեծ հայրենասեր էր. նրա հայացքը պարտավորիչ կլիներ, եթե վերաբերեր իր ժամանակվան կացության։ Բայց ցավն այն է, որ նոր կշռով մոտենում է հին պատմության և այնտեղից է ուզում հանել Մամիկոնյան փայլուն անունները, ջնջել նրանց հիշատակը։ Արտավազդ, Մուշեղ, Վասակ, Մանուել չորրորդ դարի այս չնաշխարհիկ հերոսները, որոնց այնքան հուզիչ նկարագիրը Փավստոսի լավագույն էջերն են կազմում, չգո են համարվում Խորենացու մոտ, բայց հիշվում է Վահան Ուրացողը՝ Մեհրուժանի ընկերը, հարկավ, առանց Սամուելի, որ սպանելով դավաճան հորը, սրբեց Մամիկոնյան անբիծ անունը այդ միակ արատավոր ստվերից:

Փավստոսի հերոսների քաջագործությունները Խորենացին վերագրում է ուրիշներին՝ Առավանյան, Ամատունի և կամ Բագրատունի տներից։ Հայ մտքի խոշոր մեծությունը՝ Խորենացին այսքան աչաղկոտ (նախանձկոտ) է և նեղսիրտ, այսքան կուսակցական։ Թվում է, որ շատ դառնացած է եղել իրեն ժամանակվան Մամիկոնյան աղմուկներից։

Դժվար է ուրանալ Մամիկոնյանների կարմիր հետքը մեր պատմության մեջ։ Եթե ներելի է համեմատել հասարակական մարմինը անհատի հետ, Մամիկոնյան տոհմը Խորենացուց առաջ և հետո էր և մնաց հայ ազգի բաբախուն սիրտը։

Խորհուն գլուխը, իմացականությունը, եթե անգամ շոյենք հակառակ հոսանքը նրան վերապահելով այդ կարողությունը, անհուսալի ուժ է առանց սրտի ներշնչումների։ Գործնական ասպարեզում զգացական զեղումներն են մտքի իսկական թևն ու թափը։ Մամիկոնյան հոսանքն էր պատրաստել այն սերմերը, որից բուսավ Բագրատունիների հունձը։ Ազատասիրությունը ևս պետք ունի հոգածու ձեռքերի։ Խիզախումները և բողոքի որոտումները որքան և անհետևանք, այն նշանակությունն ունին, որ չեն թողնում, որ ժողովրդի խոնարհությունն ու հլությունր հավասարվի ստրկության։

Պետք զգալ և պարտք պաշտպանելու քաղաքական իրավունքները անգամ մահվան գնով, ահա այն հողը, որի վրա կանգնեց Բագարանի արքունիքը և որի պատրաստության են ծառայած և նախորդ զինական շարժումները։

Սխալ կլիներ կարծել սակայն, որ երկու խոշոր հոսանքները, որ ակոսում են մեր անցյալի չորս դարը, երկու իշխանական ընտանեկան տրամադրությանց սոսկական ծնունդն են, կամ նրանց տոհմային ընդունակությանց արտահայտությունը։ Մամիկոնյան և Բագրատունի տները երկու ուղղությանց առաջնորդներն են, ղեկավար ուժերր և ոչ նրանց ստեղծագործողները։ Եթե այդ իշխանական տոհմերը բնաջինջ չլինեին կամ եղած լինեին շատ առաջ, հոսանքները պիտի շարունակվեին։ Գուցե կկորցնեին որոշ երանգը, որ պայմանավորված է երկու տների անհատական հատկությամբ, բայց իրենց էությունը ոչինչ չէր տուժի։

Գծածս քաղաքական հոսանքներն ավելի խոր արմատներ ունին և հանգչում են պատմական կյանքի զարգացման տարբեր տնտեսական– հասարակական երևումների վրա։ Դրանք են հին նախարարական կարգը և նորածին քաղքենիությունը։

Սկզբում տիրական էր Հայաստանում, ինչպես և ամբողջ Իրանում ֆեոդալականությունը։ Սասանյանների անկումով պիտի թուլանար և չքանար արևելյան այդ հինավուրց իրավակարգը։ Արաբները նպաստեցին նրա քայքայման։ Չորս դարվան անընդհատ կռիվներում նախարարական հիսունի չափ տոհմերը ջնջվել էին և մնացել միայն մի տասնյակ։ Արդ՝ Մամիկոնյան հոսանքը հայ ֆեոդալականության, հայ զինված ազնվականության ասպետական շունչն էր։ Ազնվականության տկարացման և անկումի հետ պիտի վերանար հրապարակից և նրա գաղափարական հայտարար Մամիկոնյան տունը։ Արաբները չէին, որ պիտի հովանավորեին Մամիկոնյաններին։

Անցնող ազնվականության դիրքերը հետզհետե գրավում էր նոր բյուրգերական դասը, քաղքենի հասարակությունը։ Իշխանական ամրոցները մամռոտում էին և քաղաքները շենանում։ Ահա այդ նոր հասարակական ուժին է, որ հենվում են Բագրատունիները, նոսրացած ազնվականության պետերը։

Նախարարական Հայաստանի յուրաքանչյուր անկյուն կյանքի փոքր, բայց անկախ հնոց էր, ինքնամփոփ և ինքնաբավ տնտեսական և հասարակական մի միություն։ Ինքն իր պիտույքներն է հայթայթում, պարապելով հողագործությամբ և անասնապահությամբ։ Ուրիշ ղասակարգ չկար, բացի աշխատավոր շինականությունից։ Սա պետք ուներ իր իշխանին, որ պահպաներ սահմանները արտաքին թշնամիներից, օտար հարձակումներից և առ ու կողոպուտից։

Քաղաքային բնակչության հաշիվներն այլ են։ Սրա զբաղմունքն է գլխավորապես վաճառաշահություն և արհեստներ։ Երկուսն էլ պահանջում են գործունեության լայն և մեծ շրջան և ճանապարհների ապահովություն։ Միահեծան իշխանությունը գերադասելի է, քան մանր տերերի ցանցը, որ իրապես մի թակարդ է ապրանք տանող և բերող կարավանների համար։ Նկատելու է նաև, որ քաղաքների բնակչությունը բաղկացած էր մեծ մասամբ օտարներից, ավելի արաբ, հրեա, ասորի և պարսիկ կային, քան հայ, որ տակավին ընտել չէր առևտրի։

Խաղաղ քաղաքականությունն ավելի էր համապատասխանում քաղաքներին, քան ազատագրական իրարանցումները։ Արճեշի օրինակը խրատական է։ Երբ հայ ապստամբները՝ 772 թվին գնացին Արճեշի վրա, քաղաքացիները գաղտնի իմաց տվին Խլաթ արաբական բանակի հրամանատարին, որի հետ էր Աշոտ Բագրատունին. «Եւ իբրեւ մօտ հասանէին ի քաղաքագիւղն, բնակիչք քաղաքին յառաջ զգացուցին ի քաղաքն Խլաթ առ Ամր զօրավար Իսմայէլի զգալուստ նախարարացն Հայոց»։

Արաբները գալով դարան մտան և հանկարծակի հարձակվելով հայ զորքերի վրա, մոտ հազար և հինգ հարյուր մարդ կոտորեցին։

Ֆեոդալների, գեղջուկների և քաղաքների բնակիչների բախումը նկատել և արձանագրել է Խորենացին։ Վաղարշակի բերանով հայտարարում է. «Հրաման տայ քաղաքացեաց մարդկան արգոյ եւ պատիւ լինել քան զգեղջկաց եւ գեղջկաց պատուել զքաղաքացիս որպէս զիշխանս։ Եւ քաղաքացեաց մի կարի աո. գեղջկօքն պերճանալ, այլ եղբայրաբար վարիլ, վասն բարեկարգութեան եւ աննախանձոտ կենաց, որ է շինութեան եւ խաղաղութեան կենաց պատճառք եւ որ ինչ նման այսոցիկ»։

Հղփացած քաղքենիությունը նկրտում է բռնել թառամած իշխանների տեղը։ Պատմագիրը բնական է համարում այս ձգտումը և հորդորում է գեղջուկ դասին՝ տալ նրան պատկանելի իշխանական հարգանքը։ Մարդասիրաբար խորհուրդ է տալիս, որ քաղաքացիք էլ շատ չպերճանան և եղբայրաբար վարվեն շինականների հետ ի շահ բարեկարգության երկրի։ Հասարակագիտական կարևոր հեղաշրջումն է, որ տեղի է ունեցել կյանքում։

Մանուկ, բայց արդեն պերճացած դասակարգի համար ցանկափ էր և նպաստավոր Աշոտների քաղաքականությունը՝ կամաց-կամաց հավաքել երկիրը, ընդլայնել իշխանության սահմանները և երկարել հաղորդակցության ուղիներն առանց խզելու կապերը հարևան մեծ պետությանց հետ։ Նորաստեղծ դրության փայլուն արտահայաությունը, նրա արբունքը դառնալու էր շուտով արքայական Անին, խոշոր վաճառաշահ կենտրոն արևելյան առևտրի։ Նույն Անին էր դառնալու այն հնոցը, ուր պիտի ձուլվեին հայ ազնվականության զենքերը, որպեսզի նոր պայմաններին համակերպվելով փայլե հայ նոր հանճարը առևտրական և արդյունաբերական աշխարհում։

Մինչ Անիում մարում էին ֆեոդալականության վերջին ճառագայթները, Արևմուտքը նոր էր ողջունում նրա արշալույսը։ Հասարակագիտական տեսակետից Արևելքին էր պատկանում առաջնաթյունր, և նա էր կարապետը նոր բուրժուական իրավակարգի։

Այսպիսով՝ մի թագից դեպի մյուս թագր տանող չորս դար ժամանակամիջոցը ընթացել է զարգացման հետևողական շավղով։ Որքան էլ բեկված, խզված լինի առաջադիմության թելը արտաքին արհավիրքներից, բայց և այնպես կյանքը սահել է նրանց վրայից։ Պսակավոր Բագրատունիների հովանու տակ հայ աշխատանքը կարողացել է պարփակվել իր ազգային սահմանների մեջ և իր նպաստը բերել համամարդկային քաղաքակրթության շտեմարանին։