Քենը
հեղինակ՝ Հակոբ Մնձուրի |
Գեղին առաջակալներեն Հաճի Ներսես աղան բացօթյա խնջույք մը կուտար Ջերման, գետափյա քարայրներուն առաջքը։
Անվան տոնակատարություն և նման բացառիկ պատճառ մը չկար։
Ձմեռ էր, անգործության եղանակ, գյուղին աղաները սենյակները հավաքվելով նստելեն ձանձրացեր էին։ Տեղ մը երթալ, կեր ու խում մը ընել կուզեին, ու Հաճի Ներսես աղան ընդուներ էր՝ ծախքովը հացկերույթ մը տալու իր բարեկամներուն։
Գյուղը, իր դաշտովն ու շրջակա բլուրներովը, ծածկված էր ձյունով, բայց այգիները մոտավորապես ժամ մը հեռու էին՝ ձյուն չկար։ Հոն տաք կըներ։ Բարձր լեռները կարգիլեին հովերը, արևը ախորժելի էր, գետինները չոր էին։ Բարեկենդանի շաբթուն էր։
Երիտասարդներ չկային հրավիրյալներուն մեջ։ Ամենքն ալ տարեց էին։ Երկրաբանական հին շրջաններուն կազմված կարգով քարայրներեն մեկուն առաջքը տարածած էին օթոցները, ու ծալլապատիկ, շուրջանակի նստած էին։ Հաճի Ներսես աղան առտուն կանուխ ծառան ղրկա՛ծ, կարգադրություններ ընել տված էր։ Իր ու գյուղին աղաներուն արբանյակը՝ երկայն Ալիքսանն ալ խոհարար կարգած էր։ Բեմկիներու ու հունապենիներու մացառուտքին մոտ օճախները շինած էին անոնք, ու սաներուն մեջ կերակուրները կեփեին։ Մուխերը քարայրներեն վեր կբարձրանային, ու, ուղղություննին փոխելով, գետին դեմի ափի այգիներուն վրա կտատանեին։ Օղիով սկսան։ Գավաթները կլեցվեին, ու աղաները թե կխմեին թութի օղին, և թե մատներով կառնեին մեղրի մեջ թաթխված չոր սերի կտորները ու կուտեին։
Վարդանը կանչող մը չէր եղեր, ինքնիրենը ան ալ այդ օրը ելեր, մինչև այգիները եկեր էր, փորը կշտացնելու հույսով։
Ատանկ տեղ մը Վարդանի պես մեկն ալ պետք էր։ Ջուր կբերեր, օճախներուն կհսկեր, հոս-հոն կղրկվեր։
Աղաները, տեսնելով, որ Վարդանն ալ կդեգերի իրենց շուրջը, գոհ եղան ու ըսին․ — Աֆերիմ Վարդան, աղեկ խելք ըրեր ես ու եկեր ես, Ալիքսանը թող կերակուրներուն նայի, դուն ալ անասուններուն մոտ գնա նստե, որ տեղ մը չերթան, չելլենք ետքն ալ անոնք փնտրենք։
Աղաները հետիոտն եկած չէին։ Ձի, ջորի, էշ, ով ինչ ուներ՝ հեծեր ու եկեր էին։ Վարդան գնաց, անոնց մոտ նստավ։ Վարը այգիները տերևազուրկ էին, ու հանդիպակաց ավազուտքի մը մեջեն առատ ու հստակ ջուր մը կուգար ու կմիանար գետին։ Վարդան ուշադրություն անգամ չէր ըներ այս բաներուն։ Աղաներուն սեղանին կնայեր։
Ճաշկերույթը հաջորդեց։
Սպիտակ թաղիքով, ծխելեն դեղնած պեխերով, Ալիքսանը շամփուրի խորովածներ բերավ ու փռոցին վրա՝ երեք տեղ, ափսեները լեցուց։
Միսերուն տաք ու ախորժաբեր շոգին բարձրացավ ամաններեն։ Վարդանին ախորժակը գրգռվեցավ, ու սպասեց, որ աման մըն ալ բերեն, իր առաջքը դնեն, ու՝ կեր ըսեն։ Ոչ ոք զինքը հիշեց, սակայն։ Աղաները թե կատակելով կխոսեին և թե՝ թաթախուն մատներով միսերը կկտրեին ու կուտեին։
Պարպվեցան ամանները։
Վարդան վիրավորվեցավ այս բանեն։
— Աղեկ,– մտածեց,— ես հոս իրենց անասունները պահեմ, իրենք ալ հոն քեֆ ընեն։
Նախորդ տարվան գառերեն՝ երկու կարմրած, ամբողջական գառեր բերին ու նորեն՝ փռոցին վրա դրին։ Գառերուն փորերը ձավարով լեցված էր։ Ալիքսանը իր դեղին մատներովը բաժնեց զանոնք, մասերու վերածեց, ու աղաները կերան ու կերան։ Հացին, փիլավին նայող չկար․ ոսկորներն ալ շատ չէին կրծեր, լիքը, փափուկ միսերը լափեցին։
Վարղան տեսնելով, որ նորեն զինքը մոռցան, զայրացավ, մտքովը հայհոյեց։
— Հուդա ըլլամ՝ որ ձեռք զարնեմ անոնց կերածին։ Ալ ասկե ետքը, կանչելու ալ ըլլան, չպիտի երթամ, առաջքս բերեն դնեն, կեր՝ ըսեն, զոռ ընեն, չպիտի ուտեմ,— վճռեց։
Ու երեսը դարձուց, այգիներուն նայեցավ։
Յուղի մեջ տապկված, մեղրը թաթխված բարակ խմորեղեններ բերին։ Աղաները պլորեցին, պլորեցին ու կերան։
Անոնցմե մեկը, ինչպես եղավ, հիշեց Վարդանը, ու կանչեց։
— Վարդան։
Վարդան դժկամությամբ դարձավ ու, ուղտը պայտողին ինչպես կնայի, այնպես նայեցավ։
— Վարդան, աս ալ դուն կեր,— ըսավ, խմորեղենի թերթ մը երկարելով։ Որոշած ըլլալով չուտել Վարդան պատասխանեց․
— Չէ, չեմ ուտեր, Գևորգ աղա։
— Ծո, պիշին մարդ չուտե՞ր, առ կեր, — միջամտեց ուրիշ մը։
— Չէ․ Ավետիս աղա, չեմ ուտեր,— պնդեց Վարդան։
Իր բարկությունը չհայտնեց։
— Վարդանը պիշի չուտեր,— կրկնեցին աղաները միաբերան։
— Չեմ ուտեր, Հա՜,— մենախոսեց,— Վարդանը պիշի չուտեր, Վարդանը պիշի ուտել գիտե՞։ Ինծի պես ավանակը, որ եկեր է ու ձեզի խզմեթ կընե։
Ու գրգռված աղաներուն հեգնութենեն, գլուխը կախեց ու սկսավ մատներովը գետինին ավազները, խիճերը խառնել։
Սուրճերը Կամուրջին այգիները պիտի խմեին։
Արեգջեռ ժայռերուն ստորոտը աղբյուր մը կար, ընտիր ջուրով։ Հոն կրակ պիտի վառեին, սուրճ ու ջուր պիտի խմեին։ Կամուրջին, գետին ու գետափնյա այգիներուն տեսարանը պիտի վայելեին։
Աղաները հեծան իրենց անասուններն ու մեկնեցան։
Ալեքսանն ու ծառան ալ եկան։
— Վարդան աղբար, մենք ալ կերթանք։ Կրակ պիտի վառենք, աղաներուն խահվե պիտի եփենք։ Ալ գործ չմնաց հոս։ Մեզի հետ գաս ի՞նչ պիտի ընես հոն։ Փիլավ կա, հաց կա, նստե, փորդ կշտացուր, փռոցն ալ հետդ առ ու գեղ գնա հոսկե։
Վարդան խոսելու տրամադրություն չունենալով հանդերձ պատասխանեց․
— Պիտի երթաք՝ գացեք, ինծի ի՞նչ կհարցնեք։
Երբ անոնք հեռացան ու ինք մինակ մնաց, ոտքի ելավ, թեև անոթի էր, բան չդրավ բերանը, երդումը պահելու հաստատ որոշումով։ Փռոցը ծրարեց, փիլավն ու հացը մեջը, ու ճամբա ելավ։
Գյուղ հասնելով, շիտակ Հաճի Ներսես աղային տունը գնաց, շալակին կապոցը տնեցիներուն տվավ, ու դուրս ելավ, առանց բան մը ըսելու։ Աղաները դեռ չէին եկեր այգիներեն։
Գյուղամեջը երիտասարդները կայներ էին պատի մը տակ կարգով ու կխոսեին, Վարդան չուզեց, որ անոնց առաջքեն անցներ, բայց ի՞նչ ըներ, տեսան զինքը, ետ դառնալ ալ չէր ըլլար։
— Դո՞ւն ալ ասօր Ջերման էիր, Վարդան աղբար, աղաներուն հե՞տ էիր, մի՛ պահեր ըսին տղաքը։
— Է հա, ի՞նչ կա, ի՞նչ պիտի պահեմ պատասխանեց Վարդան դժկամությամբ։
— Հե՛չ… կհարցնենք,– ըսին,– շատվո՞ր էիք, քանի՞ հոգի էիք։
— Համրելու չէի՞ յա, կային, շատվոր էին։
Երիտասարդները հետաքրքրվեցան։
— Ինտո՞ր եղավ, որ դուն մինակ եկար, աղանե՞րը ինչ եղան։
— Պոչերնին փակելու, կենալու չէի՞ յա,– ըսավ,– անոնք ալ կուգան հարկավ։ Անոնք Կամուրջին էգիները գացին, ես ելա եկա։
— Վարդան աղբարը հետերնիս խոսիլ ալ չուզեր,– նկատեցին տղաքը։ — Անանկ է յա, աղաներուն հետ սերն ու մերղը, գառերը կերավ։
հարկավ՝ մեր երեսը չնայիր։
— Շիտակ է, կերա, դո՞ւք ինչու կեցաք հոս, թող դուք ալ գայիք, որ ուտեիք, — պատասխանեց։
Իրիկվան ցուրտը սկսած էր։ Ոտքերը թրջած՝ ճամբուն ձյուներեն,կմսեր ամբողջ մարմինովը։
Տուն գնաց, կինը թոնիրին թաղարը կրակ լեցուցած էր, մտավ մինչև վիզը մեջը ու պառկեցավ։ Աչքերը բաց, առիքին գերաններուն ու մարդակներուն նայեցավ։
— Վարդանը պիշի չուտեր, Վարդանը հեչ պիշի կուտե՞, — կրկնեց ինքնիրեն։ Աղաներուն հեգնությունը մտքեն չէր ելլեր։
Ի՞նչ կըսես դուն քեզի,— հետաքրքրվելով հարցուց իր կինը, որ նույնպես թոնիրին դեմի կողմը եկավ ու նստավ, ու իր ամուսինին կնայեր,— որո՞ւ հետ կխոսիս։
— Բան չկա, հեչ, ես ինծի հետ կխոսիմ,— պատասխանեց Վարդան ու լռեց։
Հետևյալ առտու աղաները ժամեն ելեր էին խմբովին, փողոցը իրեն հանդիպեցան։
— Ծո Վարդա՛ն, երեկ ե՞րբ տուն եկար, մենե առա՞ջ, թե՞ մենե ետքը, — հարցուց Հաճի Ներսես աղան։
— Առաջ եկա,— պատասխանեց Վարդան, գլուխը կախած, գետինը նայելով։
— Փորդ կշտացուցի՞ր աղեկ մը։
— Կշտացուցի պատասխանեց Վարդան ու լռեց։
— Փիլավն ու հացերը մեր տունը բերեր էիր, ադ ինտո՞ր ուտել է, ծո տղա,— ըսավ Հաճի Ներսես աղան,— թող ձերը տանեիր, տղաքդ կուտեին։ — Է՛հ, իշտե, չտարի,— ըսավ Վարդան։
— Անանկ մըն ալ քթիդ առաջքեն կխոսիս, որ գիտես քի՝ սրդողեր ես,— ավելցուց Հաճի Ներսես աղան,— ծո երթալով աղեկ մը քիպար դարձար։ Վարդան չպատասխանեց։ Աղաները Հեռացան։
— Քիպար դարձա, ի՞նչ գիտցար։ Սերը, գառները, պիշին դուք ուտեք, ոսկորներն ու չոր փիլավն ալ ես։ Անոթի կմնամ՝ չեմ ուտեր։
Ու գլուխը կախ, մենախոսելով, քալեց։