Ֆ. Էնգելս: Լրացումներ «Կապիտալի» Երրորդ Հատորին

Գրապահարան-ից
Երրորդ հատոր: Գիրք երրորդ - Կապիտալիստական Արտադրության Ամբողջական Պրոցեսը

հեղինակ՝ Կարլ Մարքս
թարգմանիչ՝ անհայտ (ռուսերենից)
աղբյուր՝ «Կապիտալ»


Ֆ. ԷՆԳԵԼՍ։ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ «ԿԱՊԻՏԱԼԻ» ԵՐՐՈՐԴ ՀԱՏՈՐԻՆ

Սկսած այն պահից, երբ «Կապիտալի» երրորդ հատորը հանձնված է հասարակական կարծիքի դատաստանին, նա բազմիցս արդեն ենթարկվել է ամենաբազմազան մեկնաբանությունների։ Այլ բան չէր էլ կարելի սպասել։ Այն հրատարակելիս իմ խնդիրն էր ամենից առաջ նախապատրաստել ըստ կարելույն ավելի աուտենտիկ տեքստ, Մարքսի հետազոտությունների նոր արդյունքները տալ հնարավորին չափ իր իսկ սեփական խոսքերով, իմ անձնական միջամտությունը սահմանափակել սոսկ բացարձակապես անհրաժեշտով, ընդ որում նման դեպքերում ես ամենափոքր իսկ տարակույս չթողնել ընթերցողի մոտ, թե ով է նրա հետ խոսում։ Այս հանգամանքը կշտամբվում էր. այն կարծիքն էր հայտնվում, որ ես պետք է իմ տրամադրության տակ եղած նյութը վերածեի սիստեմատիկ մշակված գրքի, en faire un livre, ինչպես արտահայտվում են ֆրանսիացիները, ուրիշ խոսքով՝ տեքստի աուտենտիկությունը զոհաբերեի ընթերցողի հարմարությանը։ Բայց ես այդպես չէի հասկանում իմ խնդիրը։ Այդպիսի վերամշակման ամենաչնչին իրավունք ես չունեի. այնպիսի մի մարդ, որպիսին Մարքսն է, կարող է հավակնել անձամբ լսվելու և իր գիտական հայտնագործությունները սերնդե սերունդ հանձնելու իսկական սեփական շարադրանքով։ Այնուհետև, ես ամենաչնչին իսկ ցանկություն չունեի այնպես անթույլատրելիորեն,— ինչպես այդ պետք է թվար ինձ,— վարվելու այնքան կարկառուն մարդու ժառանգության հետ. ես այդ կհամարեի վստահության խախտում։ Եվ, երրորդ, դա կատարելապես անօգուտ կլիներ։ Առհասարակ աննպատակ է որևէ բանում տեղի տալ այն մարդկանց համար, որոնք չեն կարող կամ չեն ցանկանում կարդալ, նրանց համար, ովքեր արդեն առաջին հատորի վերաբերմամբ ավելի շատ ճիգ են գործադրել նրա սխալ մեկնության համար, քան այդ անհրաժեշտ էր այն ճիշտ հասկանալու համար։ Իսկ նրանց համար, ովքեր ձգտում են իրոք հասկանալ, ամենակարևորը հենց բնագիրն է, նրանց համար իմ վերամշակածը լավագույն դեպքում կունենար մեկնաբանության արժեք, և այն էլ մեկնաբանության մի ինչ-որ չհրատարակված և անմատչելի երկի առթիվ։ Սակայն առաջին իսկ բանավեճի դեպքում հարկ կլիներ առբերել բնագիր տեքստը, իսկ երկրորդի և երրորդի դեպքում նրա in extenso [լիածավալ] հրատարակումը անխուսափելի կդառնար։

Նման բանավեճը միանգամայն բնական է մի աշխատության վերաբերմամբ, որն այնքան նոր բան է տալիս, և այն էլ սոսկ թռուցիկ կերպով ուրվագծված առաջին մշակման ձևով, որը տեղ-տեղ զուրկ չէ բացերից։ Հատկապես այստեղ կարող է իմ միջամտությունն իրոք օգտակար լինել ըմբռնման դժվարությունները վերացնելու համար, կարևոր սկզբունքային մոմենտները առաջին պլանի վրա հանդես բերելու համար, մոմենտներ, որոնց նշանակությունը բավարար չափով խիստ աչքի չի ընկնում տեքստում, կամ մի քանի կարևորագույն լրացումներ անել 1865 թ. գրված տեքստին՝ 1895 թ. իրերի դրության տեսանկյունով։ Եվ իրոք, արդեն այժմ կա երկու այդպիսի կետ, որոնց համառոտ պարզաբանումը անհրաժեշտ է թվում ինձ։

I. ԱՐԺԵՔԻ ՕՐԵՆՔ ԵՎ ՇԱՀՈՒՅԹԻ ՆՈՐՄԱ

Պետք էր սպասել, որ այս երկու գործոնների հարաբերության թվացող հակասության լուծումը մարքսյան տեքստի հրապարակումից հետո ևս նույնքան վեճերի կհանգի, որքան և մինչայդ։ Ոմանք սպասում էին նույնիսկ իսկական հրաշքի և հուսախաբված են զգում իրենց ենթադրյալ ֆոկուս-պոկուսի փոխարեն տեսնելով հակասության պարզապես ռացիոնալ և պրոզաիկորեն զգաստ լուծում։ Իհարկե, ամենից ավելի չարախնդորեն հուսախաբված է մեզ արդեն ծանոթ հռչակավոր Լորիան։ Սա, վերջապես, գտել է արքիմեդյան այն հենակետը, որի շնորհիվ նույնիսկ նրա տրամաչափի թզուկը կարող է օդ բարձրացնել և պայթեցնել Մարքսի ստեղծած ամրակառույց վիթխարի շենքը։ Ի՞նչպես թե,— բացականչում է նա վրդովված,— ա՞յս է, որ դուք լուծում եք համարում։ Չէ՞ որ սա զտագույն միստիֆիկացիա է։ Տնտեսագետները, քանի որ նրանք խոսում են արժեքի մասին, ապա այնպիսի արժեքի մասին, որը փաստորեն սահմանվում է փոխանակության մեջ։ «Իսկ զբաղվել մի արժեքով, որով ապրանքները ոչ վաճառվում են և ոչ երբևիցե կարող են վաճառվել (nè possono vendersi mai), սա դեռևս չի արել և երբեք էլ չի անի բանականության գեթ ստվերը պահպանած ոչ մի տնտեսագետ... Երբ Մարքսը հաստատում է, որ արժեքը, որով ապրանքները երբեք չեն վաճառվում, որոշվում է նրանց պարունակած աշխատանքի համեմատ, մի՞թե նա չի կրկնում — միայն հակառակ ձևով — ուղղադավան տնտեսագետների այն դրույթը, որ արժեքը, որով վաճառվում են ապրանքները, համամասնումթյան մեջ չի գտնվում նրանց վրա ծախսված աշխատանքի հետ... Ամենևին չի օգնում նաև Մարքսի այն պնդումը, որ չնայած առանձին գները շեղվում են առանձին արժեքներից, բոլոր ապրանքների գների գումարը մշտապես համընկնում է նրանց արժեքների ընդհանուր գումարի կամ ապրանքների ամբողջ մասսայի պարունակած աշխատաքանակի հետ։ Չէ՞ որ եթե արժեքը ոչ այլ ինչ է, բայց եթե մի հարաբերություն, որով մեկ ապրանքը փոխանակվում է մյուսով, ապա արդեն ապրանքների միագումար արժեքի մտապատկերն իսկ աբսուրդ է, անհեթեթություն... contradictio in adjectoi»։ Իր աշխատության հենց սկզբում — շարունակում է Լորիան — Մարքսը հայտարարում է, որ փոխանակությունը կարող է հավասարեցնել երկու ապրանք միայն այն պատճառով, որ նրանք պարունակում են միատեսակ ու միևնույն մեծության տարրեր, այն է նրանցում պարունակվող աշխատանքի միևնույն քանակները։ Իսկ այժմ նա իբր թե հանդիսավոր կերպով հրաժարվում է ինքն իրենից, պնդելով, որ ապրանքները փոխանակվում են ոչ թե նրանց պարունակած աշխատաքանակի համեմատ, այլ բոլորովին ուրիշ համամասնությամբ։ «Տեսնվա՞ծ է արդյոք երբևիցե ավելի կատարյալ հանգում աբսուրդի, ավելի մեծ թեորիական սնանկություն։ Կատարվել է արդյոք երբևիցե գիտական մի ինքնասպանություն ավելի մեծ բառաչյունով ու հանդիսավորությամբ» («Nuova Antologia», 1 փետրվարի 1895 թ., էջ 478 և 479)։

Ինչպես տեսնում եք, մեր Լորիան հրճվանքից գլուխը կորցրել է։ Մի՞թե նա իրավացի չէր, երբ քամահրում էր Մարքսին, որպես իսկ և իսկ իր նման սովորական շառլատանի։ Հաճելի չէ՞ արդյոք հիանալ,— Մարքսը ծանակում է իր ունկնդիրներին ճիշտ այնպես, ինչպես Լորիան. նա մի կերպ քարշ է տալիս իր գոյությունը միստիֆիկացիաների միջոցով ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես քաղաքատնտեսության իտալական ամենաաննշան պրոֆեսորը։ Բայց մինչդեռ այս շառլատանը կարող է թույլ տալ իրեն այդ, որովհետև նա տիրապետում է իր արհեստին, անշնորհք հյուսիսցի Մարքսը ամեն քայլափոխում խայտառակորեն սայթաքում է, անհեթեթությունների, աբսուրդի մեջ է ընկնում, այնպես որ վերջիվերջո նրան մնում է սոսկ հանդիսավոր կերպով ինքնասպանություն կատարել։

Չշոշափենք դեռևս այն պնդումը, թե ապրանքները երբեք չեն վաճառվել և չեն կարող վաճառվել իրենց արժեքով։ Այստեղ կանգ առնենք պարոն Լորիայի լոկ այն վստահացման վրա, որ «արժեքը ոչ այլ ինչ է, բայց եթե մի հարաբերություն, որով մեկ ապրանք փոխանակվում է մյուսով, ապա արդեն ապրանքների միագումար արժեքի մտապատկերն իսկ արդեն աբսուրդ է, անհեթեթություն և այլն»։ Եվ այսպես, այն հարաբերությունը, որով երկու ապրանք փոխանակվում են,— նրանց արժեքը — մի ինչ-որ կատարյալ պատահական բան է, որ դրսից եկել, միացել է ապրանքներին և կարող է այսօր մի մեծություն ունենալ, իսկ վաղը՝ ուրիշ։ Փոխանակվում է արդյոք մեկ ցենտներ ցորենը մեկ գրամ կամ մեկ կիլոգրամ ոսկու հետ, դա ամենաչնչին իսկ չափով կախում չունի այդ ցորենին կամ այդ ոսկուն ներհատուկ պայմաններից, այլ նրանց երկսին կատարելապես օտար հանգամանքներից։ Որովհետև հակառակ դեպքում այդ պայմանները պետք է որևէ դեր խաղային, նաև փոխանակության մեջ, ընդհանուր առմամբ գերիշխեին նրա վրա և ինքնուրույն գոյություն ունենային փոխանակությունից անկախ, այնպես որ կարելի լիներ խոսել նաև ապրանքների միագումար արժեքի մասին։ Բայց հռչակավոր Լորիան պնդում է, որ դա անհեթեթություն է։ Ինչ հարաբերությամբ էլ փոխանակվեն երկու ապրանք, այդ էլ հենց նրանց արժեքն է,— և սրանով հարցը փակվում է։ Հետևաբար, արժեքը և գինը նույնական են, և յուրաքանչյուր ապրանք նույնքան արժեքներ ունի, որքան գներ կարող է նա ունենալ։ Իսկ գինը որոշվում է պահանջարկով ու առաջարկով, և ով շարունակում է հարցեր տալ, նա հիմար է, եթե պատասխանի է սպասում։

Բայց այստեղ մի փոքրիկ արգելք կա։ Նորմալ պայմաններում պահանջարկն ու առաջարկը փոխադարձաբար ծածկում են միմյանց։ Աշխարհում առկա բոլոր ապրանքները բաժանենք երկու կեսի՝ պահանջարկի խմբի և նրան հավասար մեծությամբ առաջարկի խմբի։ Ենթադրենք այնուհետև, որ յուրաքանչյուր խմբի գինը հավասար է 1 000 մլրդ մարկի, ֆրանկի, ֆունտ ստեռլինգի և այլն։ Երկսի գումարը, ըստ Ադամ Ռիզեի[1], կտա 2 000 մլրդ գին կամ արժեք։ Անհեթեթությո՜ւն, աբսո՜ւրդ,— բացականչում է պ. Լորիան։ Երկու խումբը միասին կարող են ներկայացնել 2 000 մլրդ գին, իսկ արժեքի բանն այլ է։ Եթե մենք ասում ենք՝ գին, ապա 1 000 + 1 000 = 2 000. իսկ եթե մենք ասում ենք՝ արժեք, ապա 1 000 + 1000 = 0։ Այսպես է բանը գոնե տվյալ դեպքում, երբ խոսքը վերաբերում է բոլոր ապրանքների ամբողջությանը։ Չէ՞ որ այստեղ երկսից յուրաքանչյուրի ապրանքը արժե 1 000 մլրդ, որովհետև, դրանցից յուրաքանչյուրը ուզում է և կարող է այդ գումարը տալ մյուսի ապրանքին։ Իսկ եթե մենք երկսի բոլոր ապրանքները կենտրոնացնենք մի երրորդ անձի մոտ, ապա առաջնի մոտ ոչ մի արժեք չի մնա, երկրորդի մոտ նույնպես, իսկ երրորդի մոտ՝ առավել ևս. վերջում ոչ ոքի մոտ ոչինչ չի լինի։ Եվ մենք նորից հիացած ենք մեր հարավային Կալիոստրոյից[2], որն այնպես դատաստան տեսավ արժեքի հասկացողության հետ, որ նրանից ամենաչնչին իսկ հետք չմնաց։ Ահավասիկ վուլգար տնտեսագիտության արժանավոր վերջավորությունը[3]։

Բրաունի «Archiv für soziale Gesetzgebung»-ում (VII տարի, 4-րդ պրակ) Վերներ Զոմբարտը տալիս է Մարքսի սիստեմի ուրվագծերի ընդհանուր առմամբ հիանալի շարադրանքը։ Սա առաջին դեպքն է, երբ գերմանական համալսարանական պրոֆեսորին հաջողվում է Մարքսի երկերում կարդալ ընդհանուր առմամբ այն, ինչ Մարքսն իրոք ասել է, երբ այդ պրոֆեսորը հայտարարում է, որ Մարքսի սիստեմի քննադատությունը կարող է հանդիսանալ ոչ թե նրա հերքումը,— «դրանով թող զբաղվեն քաղաքական կարիերիստները»,— այլ սոսկ նրա հետագա զարգացումը։ Իհարկե, Զոմբարտը ևս զբաղվում է մեր թեմայով։ Նա հետազոտում է այն հարցը, թե ինչ նշանակություն ունի արժեքը Մարքսի սիստեմում, և գալիս է հետևյալ եզրակացություններին. արժեքը չի դրսևորվում կապիտալիստականորեն արտադրված ապրանքների փոխանակային հարաբերության մեջ. նա չի ապրում կապիտալիստական արտադրության գործակալների գիտակցության մեջ. արժեքը ոչ թե էմպիրիկ, այլ մտային, տրամաբանական փաստ է. Մարքսի մոտ արժեքի ըմբռնումն իր նյութական որոշակիությամբ ոչ այլ ինչ է, բայց եթե այն փաստի տնտեսական արտահայտությունը, որ աշխատանքի հասարակական արտադրողական ուժը տնտեսական կեցության հիմքն է. կապիտալիստական տնտեսակարգի դեպքում արժեքի օրենքը վերջին հաշվով գերիշխում է տնտեսական երևույթների նկատմամբ և այդ տնտեսակարգի համար ամենաընդհանուր ձևով նշանակում է հետևյալը, ապրանքների արժեքը սպեցիֆիկ պատմական ձև է, որի մեջ իրականանում է աշխատանքի արտադրողական ուժի որոշիչ ներգործությունը, ուժի, որը վերջին հաշվով գերիշխում է բոլոր տնտեսական երևույթների վրա։— Այսպես է ասում Զոմբարտը։ Արտադրության կապիտալիստական ձևի համար արժեքի օրենքի նշանակության այդպիսի ըմբռնման վերաբերմամբ հիմք չկա ասելու, որ դա սխալ է։ Բայց միևնույն ժամանակ դա ինձ թվում է չափազանց ընդհանուր կերպով վերցրած, այնինչ պահանջվում է ավելի որոշակի, ավելի ճշգրիտ ձևակերպում։ Ըստ իս, դա ոչ մի չափով չի սպառում արժեքի օրենքի ամբողջ նշանակությունը հասարակության տնտեսական զարգացման այն աստիճանների համար, որոնք ենթակա են այդ օրենքի գերիշխանության։

Բրաունի «Sozialpolitisches Zentralblatt»-ի 1895 թ. փետրվարի 25-ի № 22-ում զետեղված է Կոնրադ Շմիդտի նույնպես հիանալի հոդվածը «Կապիտալ»-ի երրորդ հատորի մասին։ Առանձնապես պետք է նշել այստեղ եղած այն ցուցումը, թե ինչպես հավելյալ արժեքից շահույթի միջին նորմայի մակաբերումով Մարքսն առաջին անգամ պատասխանում է մի հարցի, որը մինչև այժմ դեռևս ոչ մի անգամ նույնիսկ չէին դրել տնտեսագետները. ինչպես է որոշվում շահույթի այդ միջին նորմայի բարձրությունը և ինչու է նա հասնում 10 կամ 15%-ի, և ոչ թե 50 կամ 100%-ի։ Այն ժամանակից, երբ մենք գիտենք, որ առաջին հերթին արդյունաբերական կապիտալիստների կողմից յուրացրած հավելյալ արժեքը այն միակ և բացառիկ աղբյուրն է, որից ստացվում է շահույթ և հողային ռենտա, այս հարցը ինքնին լուծվում է։ Շմիդտի հոդվածի այս մասը կարծես հատկապես գրված է à la Լորիա տնտեսագետների համար, եթե միայն զուր աշխատանք չէ ջանալ բացելու նրանց աչքերը, ովքեր չեն ուզում տեսնել։

Շմիդտը նմանապես ձևական բնույթ կրող տարակույս ունի արժեքի օրենքի առթիվ։ Այդ նա անվանում է գիտական հիպոթեզ, կառուցված փոխանակության փաստական պրոցեսը բացատրելու համար, այնպիսի հիպոթեզ, որն արդարացրել, իրեն իբրև թեորիական անհրաժեշտ մեկնակետ, որը լույս է սփռում նույնիսկ կարծես ամբողջովին նրան հակասող մրցագների երևույթների վրա։ Նրա կարծիքով, առանց արժեքի օրենքի անկարելի է կապիտալիստական իրականության տնտեսական մեխանիզմի որևէ թեորիական իմացություն։ Իսկ մի մասնավոր նամակում, որը նա թույլատրել է ինձ քաղվածորեն մեջ բերել, Շմիդտը կապիտալիստական ձևի արտադրության սահմաններում արժեքի օրենքը ուղղակի ֆիկցիա է հայտարարում, թեև թեորիապես անհրաժեշտ ֆիկցիա։ Բայց, իմ կարծիքով, այս ըմբռնումը միանգամայն սխալ է։ Արժեքի օրենքը կապիտալիստական արտադրության համար ևս շատ ավելի մեծ և ավելի որոշակի նշանակություն ունի, քան հասարակ հիպոթեզի նշանակությունը, չխոսելով արդեն ֆիկցիայի, թեկուզ և անհրաժեշտ ֆիկցիայի մասին։

Ինչպես Զոմբարտը, այնպես էլ Շմիդտը,— հռչակավոր Լորիային այս դեպքում ևս հիշատակում եմ լոկ հարևանցիորեն իբրև վուլգար էկոնոմիայի մի զվարճալի օրինակ,— պատշաճ ուշադրություն չեն դարձնում այն բանի վրա, որ այստեղ գործը վերաբերում է ոչ թե զուտ տրամաբանական մի պրոցեսի միայն, այլ պատմական պրոցեսի և մտածողության մեջ նրա անդրադարձումը բացատրող նրա ներքին կապերի տրամաբանական հետամտությանը։

Այս առթիվ մի վճռողական հատված ունի Մարքսը III հ. 1, էջ 154-ում[4].

«Ամբողջ դժվարությունն առաջանում է այն բանի շնորհիվ, որ ապրանքները չեն փոխանակվում պարզապես իբրև ապրանքներ, այլ իբրև կապիտալների արդյունքներ, որոնք հավելյալ արժեքի ամբողջ մասսայի նկատմամբ իրենց մեծության համեմատ մասնակցության են հավակնում, կամ նույնահավասար մեծության դեպքում՝ հավասար մասնակցության»։

Այս տարբերությունը լուսաբանելու համար ենթադրվում է, որ բանվորները տիրապետում են իրենց արտադրամիջոցներին, աշխատում են միջին հաշվով հավասար ժամանակ ու հավասար լարվածությամբ և անմիջականորեն փոխանակում են իրենց արդյունքները միմյանց հետ։ Նման պայմաններում երկու բանվոր միօրյա աշխատանքով իրենց արդյունքին կմիակցեին հավասարաչափ նոր արժեք, բայց դրանցից յուրաքանչյուրի արդյունքը տարբեր արժեք կունենար նայած այն աշխատաքանակին, որ առաջուց մարմնացած է եղել արտադրամիջոցների մեջ։ Արժեքի այս վերջին մասը կներկայացներ կապիտալիստական տնտեսության հաստատուն կապիտալը։ Բանվորների կենսամիջոցների վրա ծախսված նոր միակցված արժեքի մի մասը կհամապատասխաներ փոփոխուն կապիտալին, իսկ դրանից դուրս մնացող նոր արժեքի մասը կներկայացներ այն հավելյալ արժեքը, որ տվյալ դեպքում կպատկաներ բանվորին։ Հետևաբար, երկու բանվորն էլ, հանած իրենց կողմից սոսկ կանխավճարված արժեքի «մնայուն» մասի փոխհատուցումը, կստանային հավասարամեծ արժեքներ. սակայն հավելյալ արժեքը ներկայացնող մասի հարաբերությունը արտադրամիջոցների արժեքին,— որ կհամապատասխաներ շահույթի կապիտալիստական նորմային,— տարբեր կլիներ նրանց մոտ։ Բայց քանի որ նրանցից յուրաքանչյուրը փոխանակելիս ստանում է իր արտադրամիջոցների արժեքի փոխհատուցումը, ապա այդ հանգամանքը որևէ դեր կատարել չէր կարող։

«Հետևաբար, ապրանքների փոխանակությունն ըստ իրենց արժեքի կամ մոտավորապես ըստ իրենց արժեքի մի շատ ավելի ցած աստիճան է պահանջում, քան ըստ արտադրության գների կատարվող փոխանակությունը, որի համար անհրաժեշտ է կապիտալիստական զարգացման մի որոշ բարձր աստիճան... Այսպիսով ուրեմն, անկախ այն պարագայից, որ արժեքի օրենքը տիրապետում է գների վրա ու գների շարժման վրա, միանգամայն իրավացի է գների ապրանքների արժեքները դիտել ոչ միայն թեորիապես, այլև պատմականորեն, իբրև արտադրության գների prius [նախորդ աղբյուր]։ Այս վերաբերում է տնտեսական այնպիսի կարգերի, որտեղ արտադրամիջոցները պատկանում են իրեն բանողին, իսկ նման կարգեր ինչպես հին, այնպես էլ նորագույն աշխարհում գտնում ենք գյուղացու մոտ, որը սեփական աշխատանքով մշակում է իրեն պատկանող հողը, և արհեստավորի մոտ։ Այս համերաշխում է նաև առաջներում արտահայտած մեր այն հայացքի հետ [հ. I, էջ 56], թե արդյունքների զարգացման ընթացքում տեղի ունեցող նրանց փոխարկումն ապրանքի առաջ է գալիս սկզբնապես տարբեր համայնքների միջև կատարվող և ոչ թե միևնույն համայնքի անդամների միջև կատարվող փոխանակության հետևանքով։ Ինչ որ ասվում է այս սկզբնական կարգերի մասին, պահպանում է իր ուժը նաև հետագա այն կարգերի նկատմամբ, որոնք հիմնված են ստրկության ու ճորտության վրա, պահպանում է նաև արհեստի համքարային կազմակերպության նկատմամբ, քանի դեռ արտադրության յուրաքանչյուր ճյուղում ամրակցված արտադրամիջոցները միմիայն դժվարությամբ կարող են մի ոլորտից փոխադրվել մյուսը, և ուրեմն քանի դեռ արտադրության տարբեր ոլորտները որոշ սահմաններում միմյանց հարաբերում են այնպես, ինչպես տարբեր երկրները կամ տարբեր կոմունիստական համայնքները» (Մարքս, հ. III, 1, էջ 156 [«Կապիտալի» հայ. հրատ., III հ., մ. 1, էջ 157—158])։

Եթե Մարքսին հաջողվեր երրորդ հատորը մի անգամ էլ վերամշակել, ապա նա անտարակույս շատ ավելի մանրամասն կզարգացներ այս կետը։ Իսկ իր այժմյան բովանդակությամբ նա միայն ուրվագծում է այն, ինչ պետք էր ասել տվյալ հարցում։ Ուստի մի փոքր ավելի մանրամասն կանգ առնենք դրա վրա։

Մենք բոլորս գիտենք, որ հասարակական կյանքի առաջին աստիճաններում արդյունքները սպառում են արտադրողներն իրենք և որ այդ արտադրողները տարերայնորեն միավորված են փոքրիշատե կոմունիստականնորեն կազմակերպված համայնքների մեջ. որ այդ արդյունքների հավելուրդի փոխանակությունը ուրիշների հետ, որից սկսվում է արդյունքների փոխարկումը ապրանքների, վերաբերում է ավելի ուշ ժամանակի. սկզբում փոխանակությունը տեղի ունի սոսկ առանձին այլացեղ համայնքների միջև և միայն ավելի ուշ է նշանակություն ձեռք բերում նաև համայնքների ներսում, էապես նպաստելով նրանց քայքայմանը և վերածմանը առավել կամ պակաս մեծության ընտանեկան խմբերի։ Բայց այս քայքայումից հետո էլ ընտանիքների փոխանակող գլխավորները մնում են աշխատավոր գյուղացիներ, որոնք իրենց ընտանիքի միջոցով արտադրում են գրեթե ամեն անհրաժեշտ բան սեփական տնտեսության իրենց բոլոր պահանջմունքները բավարարելու համար, և անհրաժեշտ առարկաների սոսկ աննշան մասն են նրանք ձեռք բերում դրսում, փոխանակելով իրենց աշխատանքի ավելցուկ արդյունքը։ Ընտանիքն զբաղվում է ոչ միայն երկրագործությամբ ու անասնապահությամբ, այլև վերամշակում է նրանց մթերքները սպառման պատրաստի առարկաների, տեղ-տեղ նույնիսկ նաև հացահատիկ է աղում երկանքով, հաց է թխում, մանում է, ներկում է, վուշ և բուրդ է գործում, կաշիներ է դաբաղում, կառուցում ու նորոգում է փայտե շենքեր, աշխատանքի գործիքներ ու կահույք է պատրաստում, հաճախ կատարում է ատաղձագործական ու դարբնոցային աշխատանքներ, այնպես որ նման ընտանիքը կամ ընտանեխումբը հիմնականում պահպանում է իր ինքնաբավ բնույթը։

Այն փոքրաքանակ իրերը, որ նման ընտանիքն ստիպված էր փոխանակությամբ ստանալ կամ գնել ուրիշներից, նույնիսկ ընդհուպ մինչև XIX դարի սկիզբը Գերմանիայում, կազմված էին գերազանցապես արհեստագործական արտադրության առարկաներից, այսինքն այնպիսի իրերից, որոնց պատրաստման եղանակը լավ հայտնի էր գյուղացուն, բայց որոնք նա ինքը չէր արտադրում հումք ստանալու դժվարության և կամ գնվող իրերի զգալի էժանության կամ լավորակության պատճառով։ Հետևաբար, միջնադարյան գյուղացուն բավական ճշգրիտ հայտնի էր այն աշխատաքանակը, որ անհրաժեշտ էր փոխանակությամբ նրա ստացած առարկաների պատրաստման համար։ Գյուղական դարբինը և սայլագործը աշխատում էին նրա աչքի առաջ, այնպես, ինչպես և դերձակն ու կոշկակարը, որոնք դեռևս իմ պատանեկության օրերին մեր հռենոսյան գյուղացիների մոտ գնում էին խրճիթից-խրճիթ և սեփական աշխատանքի արդյունք ներկայացնող գործվածքներից ու կաշիներից շորեր ու ոտնաման կարում։ Ինչպես գյուղացին, այնպես և նրանք, ումից գնում էր նա, հենց իրենք աշխատողներ էին. փոխանակվող առարկաները նրանց անձնական աշխատանքի արդյունքներն էին։ Ի՞նչ էին ծախսում նրանք այդ առարկաները պատրաստելիս։ Աշխատանք և միայն աշխատանք, աշխատանքի գործիքները փոխհատուցելու, հումք արտադրելու, նրա վերամշակման համար նրանք ծախսում էին միայն իրենց սեփական բանվորական ուժը. արդ, կարո՞ղ էին արդյոք նրանք իրենց այդ արդյունքները ուրիշ աշխատավոր արտադրողների արդյունքների հետ փոխանակել այլ կերպ, քան ծախսված աշխատանքին համամասնորեն։ Նման պայմաններում այդ արդյունքների վրա ծախսված աշխատաժամանակը ոչ միայն միակ հարմար չափանիշն էր փոխանակության ենթակա մեծությունների քանակական որոշման համար, այլև այդտեղ ամեն մի այլ չափանիշ միանգամայն աներևակայելի էր։ Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ գյուղացիներն ու արհեստագործներն այնքան հիմար էին, որ կարող էին 10-ժամյա աշխատանքի արդյունքը փոխանակել մյուսի մեկժամյա աշխատանքի արդյունքի հետ։ Գյուղացիական նատուրալ տնտեսության ամբողջ ժամանակաշրջանի համար հնարավոր էր այնպիսի փոխանակություն միայն, երբ ապրանքների փոխանակվող քանակները տենդենց ունեն ավելի ու ավելի մեծ չափով համաչափվելու նրանցում մարմնացած աշխատաքանակի հետ։ Այս տնտեսակարգում փողը հանդես գալու մոմենտից արժեքի օրենքի հետ (nota bene — Մարքսի ձևակերպումով) համապատասխանելու տենդենցը մի կողմից դառնում է ավելի ևս ակնբախ, իսկ մյուս կողմից՝ նա արդեն սկսում է խախտվել վաշխառուական կապիտալի միջամտության և ֆիսկալ շահագործման հետևանքով, և այն ժամանակաշրջանները, երբ գները միջին հաշվով համարյա լիովին մոտենում են արժեքին, արդեն ավելի ևս տևական են դառնում։

Նույն բանը վերաբերում է նաև գյուղացիների արդյունքների փոխանակությանը քաղաքային արհեստագործների արդյունքների հետ։ Սկզբում փոխանակությունը կատարվում է անմիջականորեն, առանց վաճառականի մասնակցության, քաղաքում առևտրի համար նշանակված օրերին, երբ գյուղացին վաճառում է իր արդյունքները և գնումներ կատարում։ Եվ այստեղ էլ ճիշտ այնպես գյուղացուն հայտնի են արհեստագործի աշխատանքի պայմանները, Իսկ վերջինս գիտե գյուղացու աշխատանքի պայմանները։ Նա ինքը դեռևս որոշ չափով գյուղացի է, նա ունի ոչ միայն բանջարանոց ու այգի, այլև շատ հաճախ արտի մի կտոր, մեկ-երկու կով, խոզեր, ընտանի թռչուններ և այլն։ Այսպիսով, միջնադարում մարդիկ ի վիճակի էին բավական ճշգրիտ կերպով հաշվելու միմյանց արտադրածախքերը հումքի, օժանդակ նյութերի, բանվորական ժամանակի վերաբերմամբ,— գոնե որչափով որ բանը վերաբերում էր ամենօրյա գործածության առարկաներին։

Իսկ ի՞նչպես էր ըստ ծախսված աշխատաքանակի կատարվող այս փոխանակության դեպքում թեկուզ անուղղակի և հարաբերաբար որոշվում նման քանակն այն արդյունքների համար, որոնք պահանջում էին աշխատանքը ծախսել երկարատև ժամանակամիջոցում, անկանոն ընդմիջումներով և արդյունքի անորոշ չափով, օրինակ, հացի ու անասունների համար, և այն էլ հաշվել չկարողացող մարդկանց մոտ։ Հավանաբար, կեռմաններով մոտենալու երկարատև պրոցեսի միջոցով միայն, հաճախ անհայտության մեջ, խարխափելով, ընդ որում, ինչպես և միշտ, սոսկ դառն փորձն էր ուսուցանում մարդկանց։ Յուրաքանչյուրի համար իր ծախքերը ընդհանուր առմամբ հանելու անհրաժեշտությունը ամեն մի առանձին դեպքում նպաստում էր ճիշտ ուղի գտնելուն, իսկ փոխանակության մեջ մտնող առարկաների սահմանափակ թվով տեսակները նրանց արտադրության անփոփոխ — հաճախ շատ հարյուրամյակների ընթացքում — բնույթի հետ միասին թեթևացնում էին այդ խնդիրը։ Որ այդ արդյունքների արժեքի հարաբերական մեծությունը մոտավորապես ճշգրիտ սահմանելու համար ամենևին չէր պահանջվում չափազանց շատ ժամանակ, դրան ապացույց է ծառայում հենց միայն այն փաստը, որ այնպիսի մի ապրանք, որպիսին տավարն է, որի համար նրա առանձին մեկ հատի արտադրության երկարատև ժամանակամիջոցի պատճառով ամենից դժվարն է թվում այդ սահմանումը, առաջին բավական հանրաճանաչ փողային ապրանքն էր։ Որպեսզի այդ իրականանար, անհրաժեշտ էր, որ տավարի արժեքը, նրա փոխանակային հարաբերությունը բազմաթիվ ուրիշ ապրանքների վերաբերմամբ հասներ հարաբերապես անսովոր և բազմաթիվ ցեղերի տերիտորիայում անառարկելիորեն ճանաչվող ֆիկսացման։ Եվ այն ժամանակվա մարդիկ, ինչպես անասնապահները, այնպես էլ նրանցից գնողները, հավանաբար բավական խելամիտ էին, որպեսզի փոխանակելիս առանց էկվիվալենտի չտան իրենց ծախսած աշխատաժամանակը։ Ընդհակառակը, որքան ապրանքային արտադրության վաղ կացությանը մոտիկ է գտնվում այս կամ այն ժողովուրդը,— օրինակ, ռուսները և Արևելքի բնակիչները,— այնքան ավելի շատ ժամանակ են նրանք մինչև այժմ էլ շռայլում [verschwenden], որպեսզի երկարատև, համառ սակարկության միջոցով դուրս հանեն արդյունքի արտադրության վրա ծախսված աշխատաժամանակի լրիվ փոխհատուցումը։

Ելնելով արժեքի այս սահմանումից աշխատաժամանակով, տեսնում ենք, որ ամբողջ ապրանքային արտադրությունը,— իսկ դրա հետ միասին նաև այն բազմազան հարաբերությունները, որոնց մեջ հանդես են գալիս արժեքի օրենքի զանազան կողմերը,— զարգանում է այնպես, ինչպես այդ շարադրված է «Կապիտալի» առաջին հատորի առաջին բաժնում. այս վերաբերում է առանձնապես այն պայմաններին, որոնց շրջանակներում արժեքի միակ ստեղծողը աշխատանքն է։ Ընդ որում դրանք այնպիսի պայմաններ են, որոնք ճանապարհ են հարթում իրենց համար, առանց աշխատանքի պրոցեսին մասնակցողների գիտակցության մեջ թափանցելու, և որոնք սոսկ թեորիական դժվարին հետազոտությունների միջոցով կարող են աբստրահվել ամենօրյա պրակտիկայից, որոնք, ուրեմն, գործում են բնության օրենքների նման, մի բան որը, ինչպես Մարքսն ապացուցեց, անխուսափելիորեն բխում է ապրանքային արտադրության բնությունից։ Կարևորագույն և վճռողական քայլ էր առաջանցումը մետաղե փողին, բայց այդ անցման հետևանքով արժեքը աշխատաժամանակով որոշելը ևս արդեն դադարեց տեսանելիորեն հանդես գալ ապրանքային փոխանակության մակերեսին։ Պրակտիկայի տեսակետից արժեքի վճռողական չափանիշ դարձավ փողը, և սա այնքան առավել, որքան բազմազան էին դառնում առևտրի առարկա ծառայող ապրանքները, որքան ավելի մեծ չափով էին դրանք ներհոսում հեռավոր երկրներից և, հետևաբար, որքան պակաս կարելի էր հաշվի առնել այդ ապրանքների պատրաստման համար անհրաժեշտ աշխատաժամանակը։ Դրա հետ միասին ինքը փողն էլ սկզբում մեծ մասամբ ներհոսում էր օտար երկրամասերից. բայց նույնիսկ և այն դեպքում, երբ ազնիվ մետաղները հանվում էին տվյալ երկրում, գյուղացիներն ու արհեստագործները մասամբ ի վիճակի չէին նույնիսկ մոտավորապես որոշելու նրանց հանելու վրա ծախսված աշխատանքը, իսկ մյուս կողմից, հենց նրանց մոտ, փողով հաշվելու սովորության ազդեցությամբ, բավական մթագնում էր աշխատանքի հատկության վերաբերյալ պատկերացումն իբրև արժեքի չափանիշի. ժողովրդի գիտակցության մեջ փողն սկսեց ծառայել իբրև բացարձակ արժեքի ներկայացուցիչ։

Մեկ խոսքով, Մարքսի արժեքի օրենքը ուժ ունի ամենուրեք,— որչափով որ առհասարակ ուժ ունեն տնտեսական օրենքները,— պարզ ապրանքային արտադրության ամբողջ ժամանակաշրջանի համար, հետևաբար, մինչև այն մոմենտը, երբ վերջինս ձևափոխություն է կրում կապիտալիստական արտադրության ձևի առաջացման հետևանքով։ Մինչև այդ մոմենտը գները հարում են, ըստ Մարքսի օրենքի, որոշակի արժեքների և նրանց շուրջը տատանվում այնպես, որ ինչքան ավելի լրիվ է զարգանում պարզ ապրանքային արտադրությունը, այնքան ավելի են միջին գները երկարատև ժամանակամիջոցներում, որոնք չեն ընդհատվում արտաքին բռնի խախտումներով, համընկնում արժեքներին մինչև այնպիսի մեծության ճշտությամբ, որը կարելի է անտեսել։ Ուրեմն, Մարքսի արժեքի օրենքը տնտեսականորեն ընդհանրական ուժ ունի այն ժամանակաշրջանի համար, որը տևում է փոխանակության պրոցեսի սկզբից, որը այն արդյունքներն ապրանքների է փոխարկում ընդհուպ մինչև մեր թվականության XV դարը։ Իսկ ապրանքների փոխանակության սկիզբը վերաբերում է այն ժամանակին, որբ նախորդում է որևէ գրավոր պատմության և թաղվում դարերի խորքում՝ Եգիպտոսում առնվազն երեք, իսկ թերևս և հինգ հազար տարի, իսկ Բաբելոնում չորսից-վեց հազար տարի մեր թվականությունից առաջ։ Այսպիսով, արժեքի օրենքը գերիշխել է հինգից-յոթ հազար տարվա ժամանակաընթացքում։ Եվ ահա սրանից հետո հիացեք պ. Լորիայի խորամտությամբ, որը այդ ամբողջ ժամանակամիջոցում ընդհանրական և անմիջական նշանակություն ունեցած արժեքը համարում է մի արժեք, որով ապրանքները երբեք չեն վաճառվել և չեն կարող վաճառվել և որի հետազոտությամբ երբեք չի զբաղվի ոչ մի տնտեսագետ, որը գեթ մի կաթիլ ողջամտություն ունի։

Մինչև այժմ մենք չենք խոսել վաճառականի մասին։ Մենք կարող էինք անուշադիր թողնել նրա միջամտությունը մինչև ներկա կետը, երբ մենք անցնում ենք պարզ ապրանքային արտադրությունը կապիտալիստական ապրանքային արտադրության փոխարկվելուն։ Վաճառականը ռևոլուցիոնացնող տարրն էր այդ հասարակության, որտեղ առաջ ամեն ինչ անփոփոխ էր, անփոփոխ, այսպես ասած՝ ժառանգաբար. որտեղ գյուղացին ոչ միայն իր հողաբաժինը, այլև ազատ սեփականատիրոջ ազատ կամ կախյալ կոռվորի կամ ճորտի իր դրությունը, իսկ քաղաքի արհեստագործն իր արհեստը և համքարային արտոնություններն ստանում էին ժառանգաբար և համարյա անօտարելի կերպով։ Բացի դրանից, յուրաքանչյուրը նրանցից ժառանգաբար ստանում էր իր կլիենտները, իր վաճառաշուկան այնպես, ինչպես և ժառանգած պրոֆեսիայի մեջ պատանի հասակից յուրացրած վարպետությունը։ Եվ ահա այդ աշխարհը մտավ վաճառականը, որը մեկնակետ պետք է դառնար այդ հեղաշրջման համար։ Բայց նա չէր գործում իբրև գիտակից ռևոլուցիոներ, այլ ընդհակառակը, իբրև այդ աշխարհի մսից ու արյունից շինված։ Միջնադարի վաճառականը բնավ ինդիվիդուալիստ չէր, նա ըստ իր էության համայնիկ [Genossenschafter] էր, ինչպես և իր բոլոր ժամանակակիցները։ Գյուղում գերիշխում էր նախնադարյան կոմունիզմի հողի վրա աճած համայնք-մարկը։ Սկզբում յուրաքանչյուր գյուղացի ուներ միատեսակ մեծության հողաբաժին տարբեր որակի միատեսակ հողակտորներով և համայնք-մարկում գտնվում էր համապատասխան միատեսակ իրավունքներով։ Այն պահից, երբ համայնք-մարկը դարձավ ինքնամփոփ և դադարեց նոր հողաբաժինների հատկացումը, սկսվեց հողարաժինների տրոհումը ժառանգորդման շնորհիվ և այլն և համայնական իրավունքների համապատասխան տրոհումը, բայց համայնական հողատիրության միավորը առաջվա պես մնում էր լրիվ հողաբաժինը, այնպես որ կային հողաբաժնի կեսեր քառորդներ և ութերորդականներ՝ համայնք-մարկի իրավունքներին կես, քառորդ և ութերորդական բաժնի մասնակցությամբ։ Համայնք-մարկի նմուշով էին կառուցվում հետագա բոլոր արդյունաբերական կազմակերպությունները և ամենից առաջ քաղաքային համքարությունները, որոնց ներքին կառուցվածքը ոչ այլ ինչ էր, բայց եթե համայնք-մարկի կառուցվածքի հավելված, բայց արդեն արհեստագործական արտոնությունների, և ոչ թե որոշակի տերիտորիայի նկատմամբ։ Ամբողջ կազմակերպության կենտրոնակետն էր նրա յուրաքանչյուր անգամ է հավասար մասնակցությունը համքարության համար ապահովված արտոնությունների ու եկամուտների օգտագործմանը, ինչպես սա պերճախոս կերպով արտահայտված է Էլբերֆելդի և Բարմենի բնակիչներին 1527 թ. արված «կերակրում մանվածքից» արտոնության մեջ (Thun, «Industrie am Niederrhein» [Թուն, «Ստորին հռենոսյան արդյունաբերությունը»], II, 164 և հետ.)։ Նույն բանը վերաբերում է նաև հանքարդյունաբերությանը, որտեղ հանքատեղամասի յուրաքանչյուր փայ նույնպես միատեսակ մասնակցություն էր ընձեռում և նույնպես, ինչպես և համայնիկի հողաբաժինը, բաժանելի էր՝ նրա հետ կապված իրավունքներով ու պարտավորություններով հանդերձ։ Եվ նույն բանը ոչ պակաս չափով վերաբերում է վաճառականական ընկերություններին, որոնք կյանքի կոչեցին անդրծովյան առևտուրը։ Վենետիկցիներն ու Ճենովացիներն Ալեքսանդրիայի կամ Կոնստանդնուպոլսի նավահանգստներում,— յուրաքանչյուր «ազգ» իր սեփական իջևանում [Fondaco] կազմված բնակելի շենքից, պանդոկից, պահեստից, ցուցադրանոցից ու խանութից, ընդհանուր գրասենյակով,— կազմում էին ավարտուն առևտրային ընկերություններ։ Նրանք պաշտպանված էին մրցակիցներից ու կլիենտներից, վաճառում էին փոխադարձ համաձայնությամբ սահմանված գներով, նրանց ապրանքները որոշակի որակ ունեին՝ երաշխավորված հասարակական վերահսկողությամբ, իսկ հաճախ էլ հատուկ դրոշմանշումով, նրանք միասնաբար որոշում էին այն գները, որ տեղացիներն ստիպված էին վճարել նրանց ապրանքների համար և այլն։ Ճիշտ այդպես էին իրենց գործը վարում հանզացիները նորվեգական Բերգենում «Գերմանական կամուրջի» (Tydske Bryggen) վրա, ինչպես և նրանց հոլանդական և անգլիական մրցակիցները։ Վայ նրան, ով ավելի էժան կվաճառի կամ ավելի թանկ կգնի պայմանավորված գներից։ Բոյկոտը, որին նա ենթարկվում էր, այն ժամանակվա պայմաններում նշանակում էր անխուսափելի սնանկացում, չխոսելով արդեն մեղավորի վրա ընկերության դրած ուղղակի տուգանքների մասին։ Բայց, դրանից զատ, հիմնվում էին ավելի նեղ ընկերություններ որոշակի նպատակներով, ինչպես Ճենովայի Մաոն ընկերությունը, որ XIV և XV դարերում բազմաթիվ տարիների ընթացքում տիրում էր շիբահանքերին Փոքր Ասիայի Ֆոկեայում և Քիոս կղզու վրա, այնուհետև Ռավենսբերգի առևտրական մեծ ընկերությունը, որ XIV դարավերջից առևտրական գործեր էր վարում Իտալիայի ու Իսպանիայի հետ և այնտեղ հիմնեց իր բաժանմունքները, ինչպես նաև Աուգսբուրգի վաճառականներ Ֆուգգերի, Վելզերի, Ֆելինի, Հեխշտետտերի և այլոց, Նյուրնբերգի՝ Հիրշֆոգել և այլոց գերմանական ընկերությունը, որը 66 000 դուկատ կապիտալով և երեք նավով մասնակցում էր 1505—1506 թ. թ. պորտուգալական արշավախմբին դեպի Հնդկաստան, ստանալով դրանից 150, իսկ ըստ ուրիշ աղբյուրի՝ 175% զուտ շահույթ (Heyd, «Levantehandel» [Հեյդ, «Լևանտական առևտուր»], II, 524), և բազմաթիվ այլ «մոնոպոլիա»-ընկերություններ, որոնք այնպիսի կատաղության էին հասցնում Լութերին։

Այստեղ մենք առաջին անգամ դեմ ենք առնում շահույթին և շահույթի նորմային։ Ընդ որում վաճառականների ձգտումը գիտակցաբար և դիտավորյալ կերպով ուղղված է դեպի այն, որպեսզի շահույթի այդ նորման հավասար դարձվի բոլոր մասնակիցների համար։ Վենետիկցիներն արևելքում, հանզացիները հյուսիսում յուրաքանչյուրն իր դրացիների հետ միատեսակ գներ էր վճարում ձեռք բերված ապրանքների համար, վերջիններս փոխադրական միատեսակ ծախքեր էին նստում նրա վրա, նա դրանց դիմաց մյուսների հետ միատեսակ գներ էր ստանում և հետադարձ բեռը գնում նույն գներով, ինչպես և նրա «ազգի» մյուս վաճառականները։ Այսպիսով, շահույթի նորման միատեսակ էր բոլորի համար։ Խոշոր առևտրային ընկերություններում շահույթի բաշխումը կապիտալի ներդրված բաժնին համամասնորեն նույնքան հասկանալի էր ըստինքյան, որքան և իրավունքների օգտագործումը մարկում այդ իրավունքները տվող բաժնեհողի մասերին համամասնորեն կամ ինչպես մասնակցությունը հանքագործարանային ձեռնարկությունների շահույթին՝ փայերի (կուքս) թվին համամասնորեն։ Այսպիսով, շահույթի հավասար նորման, որն իր լրիվ զարգացման մեջ կապիտալիստական արտադրության վախճանական արդյունքներից մեկն է, այստեղ իր պարզագույն ձևով հանդիսանում է կապիտալի պատմական զարգացման մեկնակետերից մեկը և նույնիսկ ուղղակի ժառանգությունը համայնք-մարկի, որն, իր հերթին, սկզբնական կոմունիզմի ուղղակի ժառանգությունն է։

Շահույթի այս սկզբնական նորման անխուսափելիորեն շատ բարձր էր։ Առևտրական գործը չափազանց վտանգավոր էր ոչ միայն խիստ տարածված ծովահենության հետևանքով, այլև այն պատճառով, որ մրցակցող ազգերը հաճախ առաջին իսկ հարմար առիթով իրենց թույլ էին տալիս ամեն տեսակ բռնություններ, վերջապես, բուն վաճառահանումը և այդ վաճառահանման պայմանները հիմնվում էին օտարերկրյա իշխանների տված արտոնությունների վրա, որոնք բավական հաճախ խախտվում էին կամ ամբողջովին վերացվում։ Հետևաբար, շահույթը պետք է ներառեր ապահովագրական բարձր պրեմիա։ Բացի դրանից, շրջանառությունը դանդաղ էր կատարվում, գործարքների կատարումը ձգձգվում էր, իսկ ավելի բարենպաստ ժամանակներում, որոնք, սակայն, սակավադեպ էին տևական լինում, առևտրային գործերն իրենցից ներկայացնում էին մոնոպոլ առևտուր մոնոպոլ շահույթով։ Որ շահույթի միջին նորման շատ բարձր էր, այդ մասին վկայում են նաև տոկոսի այն ժամանակ սովորական շատ բարձր նորմաները, որոնք մշտապես պետք է ընդհանուր առմամբ առևտրային շահույթի սովորական մակարդակից ցածր լինեն։

Բայց շահույթի այդ բարձր և բոլոր մասնակիցների համար հավասար նորման, որ ստացվում էր ընկերությունների համատեղ գործունեության շնորհիվ, ուժ ուներ սոսկ տվյալ ընկերությունների սահմաններում, այսինքն տվյալ դեպքում առանձին «ազգերի» մոտ։ Վենետիկցիները, ճենովացիները, հունգացիները, հոլանդացիները — յուրաքանչյուր ազգ իրեն համար և հավանաբար, սկզբում նմանապես և ամեն մի առանձին վաճառաշուկայի համար — ունեին շահույթի հատուկ նորմաներ։ Առանձին ընկերությունների շահույթի այդ տարբեր նորմաների հավասարումը իրականանում էր հակադիր ճանապարհով՝ մրցության միջոցով։ Ամենից առաջ հավասարվում էին շահույթի նորմաները միևնույն ազգի տարբեր շուկաներում։ Եթե Ալեքսանդրիան ավելի մեծ շահույթ էր տալիս Վենետիկի ապրանքներին, քան Կիպրոսը, Կոնստանդնուպոլիսը կամ Տրապիզոնը, ապա վենետիկցիներն ավելի շատ կապիտալներ էին ուղղում դեպի Ալեքսանդրիա, դրանց մի մասը հանելով ուրիշ շուկաների շրջանառությունից։ Այնուհետև պետք է հաջորդեր շահույթի նորմաների աստիճանական հավասարեցումը առանձին ազգերի միջև, որոնք միատեսակ կամ նման ապրանքներ էին արտահանում միևնույն շուկաները, ընդ որում շատ հաճախ այդ ազգերից մի քանիսը սնանկանում էին և անհայտանում հրապարակից։ Սակայն այդ պրոցեսը շարունակ ընդհատվում էր քաղաքական իրադրություններով. օրինակ, Արևելքի հետ ամբողջ առևտուրը խորտակվեց մոնղոլական և թուրքական արշավանքների հետևանքով, իսկ աշխարհագրական-առևտրական վիթխարի հայտնագործությունները, սկսած 1492 թվականից, սոսկ արագացրին և ապա ավարտեցին այդ խորտակումը։

Վաճառահանման բնագավառի դրան հաջորդած անակնկալ ընդարձակումը և դրա հետ կապված շրջադարձը հաղորդակցության ուղիներում սկզբում էական փոփոխություն չմտցրին առևտուր վարելու եղանակի մեջ։ Հնդկաստանի և Ամերիկայի հետ առևտուրը նույնպես սկզբում վարում էին գերազանցապես ընկերությունները։ Բայց այժմ այդ ընկերությունների թիկունքում արդեն կանգնած էին խոշոր ազգեր։ Արևելքի հետ առևտուր անող կատալոնցիների տեղը ամերիկյան առևտրի մեջ բռնեց ամբողջ միացյալ Իսպանիան, իսկ նրա կողքին երկու այնպիսի մեծ երկրներ, ինչպիսիք են Անգլիան և Ֆրանսիան։ Նույնիսկ ամենափոքր երկրները՝ Հոլանդիան և Պորտուգալիան համենայն դեպս նույնքան մեծ և նույնքան ուժեղ երկրներ էին, որքան և Վենետիկը, որը նախընթաց ժամանակաշրջանի ամենամեծ և ամենաուժեղ առևտրական ազգն էր։ Այս հանգամանքը XVI և XVII դարերի թափառական վաճառականին [merchant adventurer] հենարան էր տալիս, որը ավելի ու ավելի շատ էր ավելորդ դարձնում ընկերությունը, որն իր անդամներին պաշտպանում էր նաև զենքի ուժով, իսկ նրա գոյության հետ կապված ծախսերը դառնում էին մի ավելորդ բեռ։ Այնուհետև, հարստություններն այժմ շատ ավելի արագ էին կուտակվում առանձին անձանց ձեռքում, այնպես որ կարճ ժամանակում առանձին վաճառականներ կարողանում էին մեկ ձեռնարկության մեջ նույնքան միջոցներ ներդրել, որքան առաջ ներդրում էր մի ամբողջ ընկերություն։ Առևտրական ընկերությունները, որտեղ որ նրանք դեռևս շարունակում էին գոյություն ունենալ, մեծ մասամբ փոխարկվում էին սպառազեն կորպորացիաների, որոնք իրենց պետությունների պաշտպանությամբ ու հովանավորությամբ նվաճում և մոնոպոլ կերպով շահագործում էին նոր բացած ամբողջ երկրներ։ Բայց որքան ավելի մեծ թվով էին, առավելապես պետության ձեռքով, գաղութներ հիմնվում նոր երկրներում, այնքան ավելի էին առևտրական ընկերությունները հետին պլանի վրա մղվում առանձին վաճառականի առևտրի առջև, և դրա հետ միասին շահույթի նորմաների հավասարումը ավելի ու ավելի էր դառնում բացառապես մրցության գործը։

Մինչև այժմ մենք ծանոթացանք սոսկ առևտրային կապիտալի շահույթի նորմայի հետ։ Որովհետև մինչև այժմ մենք գործ ունեինք լոկ առևտրային և վաշխառուային կապիտալի հետ, իսկ արդյունաբերական կապիտալը պետք է դեռ միայն զարգանար։ Արտադրությունը դեռևս գերազանցապես գտնվում էր աշխատողների ձեռքում, որոնք տիրում էին իրենց սեփական արտադրամիջոցներին և որոնց աշխատանքը, հետևաբար, հավելյալ արժեք չէր բերում որևէ կապիտալի։ Եթե նրանք ստիպված էլ էին իրենց արդյունքի մի մասը անվճար տալու մի երրորդ անձի, ապա սոսկ իբրև տուրք ֆեոդալ տիրակալին։ Ուստի առևտրային կապիտալը, համենայն դեպս սկզբում, կարող էր իր շահույթն ստանալ ներքին արտադրության արդյունքների սոսկ արտասահմանյան գնորդներից կամ արտասահմանյան արդյունքների հայրենական գնորդներից։ Միայն այս ժամանակաշրջանի վերջում — հետևաբար, Իտալիայի համար լևանտական առևտրի անկումով — արտասահմանյան մրցությունը և վաճառահանման դժվարությունները կարող էին հարկադրել արտահանման համար նշած ապրանքների արհեստագործական արտադրողին ապրանքները արտահանող վաճառականին զիջելու նրանց արժեքից ցածր գնով։ Այսպիսով, այստեղ մենք երևան ենք բերում այն երևույթը, որ ներքին մանրածախ շրջանառության մեջ ապրանքները առանձին արտադրողների միջև վաճառվում են միջին հաշվով ըստ իրենց արժեքների, իսկ միջազգային առևտրի բնագավառում, հիշատակված պատճառներով, ընդհանուր կանոն է հանդիսանում վաճառքը ոչ ըստ արժեքների։ Կատարյալ հակադրություն ժամանակակից դրությանը, երբ արտադրագները ուժ ունեն միջազգային և մեծածախ առևտրի մեջ, մինչդեռ մանրածախ քաղաքային առևտրի մեջ գնագոյացումը կարգավորվում է շահույթի միանգամայն ուրիշ նորմաներով, այնպես որ այժմ, օրինակ, տավարի մսի գինն ավելի զգալի վրադիր է ընդունում Լոնդոնի մեծածախ առևտրականից մինչև Լոնդոնի սպառողներն ընկած ճանապարհին, քան Չիկագոյի մեծածախ առևտրականից մինչև Լոնդոնի մեծածախ առևտրականն ընկած ճանապարհին՝ ներառյալ նաև փոխադրածախսերը։

Գնագոյացման մեջ այս աստիճանական հեղաշրջման գործիքը արդյունաբերական կապիտալի էր։ Սրա սկիզբը դրված էր արդեն միջին դարերում, այն էլ երեք բնագավառում՝ նավագնացության, հանքագործության և գործվածքային արդյունաբերության մեջ։ Նավագնացությունն այն չափերով, որ վարում էին իտալական և հանզայական ծովամերձ ռեսպուբլիկաները, անկարելի էր առանց նավաստիների, այսինքն վարձու բանվորների (սրանց վարձման հարաբերությունները կարող էին քողարկվել արտելային ձևերով՝ շահույթներին մասնակցելու իրավունքով), իսկ այն ժամանակվա թիանավերն աներևակայելի էին առանց թիավարողների՝ վարձու բանվորների կամ ստրուկների։ Հանքահանման ձեռնարկությունները, որոնք սկզբում վարում էին արտելներում միավորված աշխատողները, համարյա ամենուրեք վերածվեցին վարձու բանվորներով գործը վարող ակցիոներական ընկերությունների։ Իսկ գործվածքային արդյունաբերության մեջ վաճառականն սկսեց ուղղակի իր ծառայությանը ենթարկել մանր ջուլհակներին, մանվածք բաժանելով նրանց և ստիպելով իր հաշվին վերամշակել դա և հյուսվածք գործել որոշակի վճարով, կարճ ասած՝ հասարակ վաճառականից վերածվելով այսպես կոչված բաշխորդի [Verleger, разведчик]։

Այստեղ մեր առջևն են կապիտալիստական հավելյալ արժեքի գոյացման առաջին սաղմերը։ Մենք կարող ենք մի կողմ թողնել հանքագործարանային ձեռնարկությունները նրանց ինքնամփոփ մոնոպոլ-կորպորատիվ բնույթի պատճառով։ Իսկ ինչ վերաբերում է նավագնացությանը, ապա այստեղ, հավանաբար, շահույթը պետք է, համենայն դեպս, հավասարվեր տվյալ երկրի սովորական շահույթին՝ հատուկ վրադիրով ապահովագրության, նավերի մաշվածքի համար և այլն։ Իսկ ի՞նչպես էր իրերի դրությունը գործվածքային արդյունաբերության մեջ բաշխորդների մոտ, որոնք առաջին անգամ շուկա հանեցին ուղղակի կապիտալիստի հաշվին արտադրված ապրանքներ, դրանով մրցություն ստեղծելով ի հաշիվ արհեստագործի արտադրված նույն կարգի ապրանքների դեմ։

Առևտրային կապիտալի շահույթի նորման արդեն արված էր առաջուց։ Նա նմանապես, գոնե յուրաքանչյուր տվյալ վայրի համար, հասցված էր իր միջին նորմային։ Ի՞նչը կարող էր, ուրեմն, դրդել վաճառականին իր վրա վերցնելու բաշխորդի լրացուցիչ դերը։ Մի բան միայն. ավելի մեծ շահույթի հեռանկարը՝ մյուսներին հավասար վաճառագնով հանդերձ։ Հատկապես այս նկատի ուներ նա։ Մանր վարպետներին ստիպելով աշխատել իրեն համար, նա ջարդում էր արտադրության ավանդական սահմանները, որոնց շրջանակներում արտադրողը վաճառում էր իր պատրաստի արդյունքը և ուրիշ ոչ մի բան։ Առևտրական կապիտալիստը գնում էր այն աշխատողի բանվորական ուժը, որն առայժմ դեռ տիրում էր իր արտադրաղործիքներին, բայց արդեն այլևս չէր տիրում հումքին։ Այսպիսով, ապահովելով ջուլհակի կանոնավոր վաստակը, նա կարողանում էր դրա հետ միասին այնպես իջեցնել նրա աշխատավարձը, որ ծախսված աշխատաժամանակի մի մասը մնում էր չվարձատրված։ Այսպիսով, բաշխորդը դարձավ հավելյալ արժեքը յուրացնող, պահպանելով նաև մինչ այդ իր ստացած առևտրային շահույթը։ Ճիշտ է, դրա համար նա պետք է գործադրեր լրացուցիչ կապիտալ, որպեսզի մանվածք գնի և այլն և դա թողնի ջուլհակի ձեռքին մինչև արդյունքի վերջնական մշակումը, մինչդեռ արդյունքի լրիվ գինը նա վճարում էր միայն նրա գնման մոմենտին։ Բայց նախ, մեծ մասամբ նա արդեն առաջ էլ կապիտալի լրացուցիչ ծախսումներ էր անում ջուլհակի փոխատվությունների վրա, որին, սովորաբար, պարտային ստրկությունն էր միայն ստիպում ենթարկվել արտադրության նոր պայմաններին։ Եվ, երկրորդ, նույնիսկ անկախ դրանից հաշվարկը ներկայանում է հետևյալ ձևով։

Դիցուք, թև մեր վաճառականը իր արտահանման գործը վարում էր մի կապիտալով, որ հավասար է 30 000 դուկատի, ցեխինի, ֆունտ ստեռլինգի և այլն։ Ենթադրենք, թե այդ գումարից 10 000 ծախսված է ներքին արտադրության ապրանքներ գնելու վրա, մինչդեռ 20 000 նա օգտագործում է անդրծովյան վաճառաշուկաներում։ Թող կապիտալը շրջանառվի երկու տարին մեկ անգամ. այս դեպքում տարեկան շրջանառությունը հավասար է 15 000-ի։ Բայց դիցուք, թե մեր վաճառականն ուզում է ջուլհակությամբ զբաղվել իր հաշվին, դառնալ բաշխորդ։ Ի՞նչ կապիտալ պետք է նա լրացուցիչ կերպով ծախսի դրա համար։ Թող այն գործվածքի կտորը, որ նա վաճառում է, արտադրվի միջին հաշվով երկու ամսում (թեև հավանաբար սա շատ երկար ժամկետ է)։ Այնուհետև դիցուք, թե նա ամեն ինչի համար պետք է վճարի կանխիկ փող։ Այս դեպքում նա պետք է լրացուցիչ կերպով ծախսի այնքան կապիտալ, որպեսզի դա բավարարի ջուլհակներին երկու ամիս մանվածք մատակարարելու համար։ Քանի որ նրա տարեկան շրջանառությունը 15 000 է, ապա երկու ամսում նա կգնի 2 500-ի գործվածք։ Թող դրանցից 2 000 ներկայացնի մանվածքի արժեքը, իսկ 500՝ ջուլհակների աշխատավարձը։ Այն ժամանակ մեր վաճառականը կարիք կունենա 2 000 լրացուցիչ կապիտալի։ Դիցուք, թե այն հավելյալ արժեքը, որ նա նոր եղանակի շնորհիվ յուրացնում է ջուլհակից, հասնում է գործվածքի արժեքի միայն 5%-ին, որը կազմում է հավելյալ արժեքի անպայման չափազանց համեստ նորմա = 25% (2000 c + 500 v + 125 m. m՛ = = 25%, p՛ = = 5%)։ Այս պայմաններում մեր վաճառականը, 15 000 տարեկան շրջանառության դեպքում, կստանա 750 լրացուցիչ շահույթ, իսկ 2 տարում, հետևաբար, ետ կստանա ամբողջ ծախսված լրացուցիչ կապիտալը։

Բայց իր վաճառահանումը և դրա հետ միասին իր շրջանառությունն արագացնելու, և դրա շնորհիվ նախկին կապիտալից ավելի կարճ ժամանակամիջոցում նույն շահույթն ստանալու համար,— ուրեմն նույն ժամանակաընթացքում ավելի մեծ շահույթ ստանալու համար,— նա իր հավելյալ արժեքի մի փոքրիկ մասը կնվիրի գնորդին, կվաճառի իր մրցակիցներից ավելի էժան։ Վերջիններս նույնպես աստիճանաբար կդառնան բաշխորդներ, և այն ժամանակ ավելադիր շահույթը նրանց բոլորի համար կհանգի սովորական կամ նույնիսկ ավելի պակաս շահույթի, ընդ որում սա կստացվի նրանց բոլորի մոտ ավելի բարձր գումարի աճած կապիտալից։ Շահույթի նորմայի հավասարությունը նորից վերականգնված է, թեև գուցե արդեն ուրիշ մակարդակով, որովհետև երկրի ներսը արտադրած հավելյալ արժեքի մի մասը զիջվում է օտարերկրյա գնորդներին։

Հետագա քայլը արդյունաբերությունը կապիտալին ենթարկելու ճանապարհին մանուֆակտուրայի մուծումն էր։ Վերջինս նմանապես հնարավորություն էր տալիս մանուֆակտուրիստին, որը XVII և XVIII դարերում մեծ մասամբ նաև իր ապրանքների արտահանողն էր,— Գերմանիայում մինչև 1850 թ. այդպես էր գրեթե ամենուրեք, իսկ տեղ-տեղ իրերի այդ դրությունը պահպանվել է դեռ մինչև այժմ,— նրան հնարավորություն էր տալիս արտադրելու իր հնավանդ մրցակից-արհեսգործներից ավելի էժան։ Կրկնվում է միևնույն պրոցեսը. մանուֆակտուրայի տեր կապիտալիստի յուրացրած հավելյալ արժեքը թույլ է տայիս նրան կամ արտահանող վաճառականին, որի հետ նա բաժանում է դա, վաճառելու իր մրցակիցներից ավելի էժան, մինչև որ արտադրության նոր եղանակն ընդհանրական դառնա և կրկին տեղի ունենա շահույթների հավասարում։ Առևտրական շահույթի արդեն առաջուց տրված նորման, եթե նույնիսկ նա հավասարված է տեղական մասշտաբով, մնում է այն պրոկրուստյան մահիճը, որի վրա անգթորեն հատվում է ավելցուկային արդյունաբերական հավելյալ արժեքը։

Եթե մանուֆակտուրան բուռն կերպով զարգացավ արդեն արդյունքների էժանացման շնորհիվ, ապա շատ ավելի մեծ չափով այդ էժանացմանն է պարտական իր աճումով խոշոր արդյունաբերությունը, որն արտադրության անընդհատ ռևոլուցիոնացման միջոցով ավելի ու ավելի է իջեցնում ապրանքների արտադրածախքերը և անողոքաբար վերացնում արտադրության բոլոր նախկին եղանակները։ Հատկապես խոշոր արդյունաբերությունն է այս ճանապարհով վերջնականապես ներքին շուկա նվաճում կապիտալի համար, վերջ դնում մանր արտադրությանն ու ինքնաբավ գյուղացիական ընտանիքի նատուրալ տնտեսությանը, վերացնում ուղղակի փոխանակությունը մանր արտադրողների միջև և ամբողջ ազգը ի սպաս դնում կապիտալին։ Նա նմանապես հավասարեցնում է առևտրի և արդյունաբերության տարբեր ճյուղերի շահույթի նորմաները շահույթի մի ընդհանուր նորմայի մեջ և, վերջապես, արդյունաբերությանը իրեն վայել գերիշխող դեր ապահովում այդ հավասարեցման մեջ, վերացնելով այն խոչընդոտների մեծ մասը, որ մինչ այդ կանգնած էին կապիտալը մի ճյուղից մյուսը փոխադրելու ճանապարհին։ Դրա հետ միասին փոխանակության ամբողջ պրոցեսի համար կատարվում է արժեքների փոխարկում արտադրագների։ Հետևաբար, այս փոխարկումը տեղի է ունենում օբեկտիվ օրենքների ուժով՝ մասնակիցների գիտակցությունից կամ դիտավորությունից անկախ։ Այն հանգամանքը, որ մրցությունը մինչև ընդհանուր մակարդակն է իջեցնում ընդհանուր նորմայից գերազանցող շահույթը, և այսպիսով առաջին յուրացնող-արդյունաբերողներից կրկին խլում միջին մակարդակից գերազանցող հավելյալ արժեքը ոչ մի թեորիական դժվարություն չի ներկայացնում իրենից։ Իսկ գործնականում առավել ևս, որովհետև ավելցուկային հավելյալ արժեք, այսինքն բարձր փոփոխուն և ցածր հաստատուն կապիտալ կամ կապիտալի ցածր կազմ ունեցող ճյուղերն ըստ իրենց բնության ամենից ուշ և շատ աննշան չափով են ենթարկվում կապիտալիստական արտադրությանը։ Սա ամենից առաջ երկրագործությունն է։ Իսկ, ընդհակառակը, ինչ վերաբերում է արտադրագների բարձրացմանը ապրանքների արժեքից բարձր, որն անհրաժեշտ է անբավարար հավելյալ արժեքը, որ ամփոփված է կապիտալի բարձր կազմ ունեցող ճյուղերի արդյունքներում, շահույթի միջին նորմայի մակարդակին բարձրացնելու համար, ապա թեորիապես դա չափազանց դժվարին է թվում, իսկ իրականում, ինչպես մենք արդեն տեսանք, կատարվում է ամենից հեշտ և արագ։ Որովհետև այդ կարգի ապրանքները, երբ նրանք սկսում են արտադրվել կապիտալիստականորեն և մտնում են կապիտալիստական առևտրի մեջ, մրցության մեջ են մտնում մինչկապիտալիստական եղանակներով արտադրած, այսինքն թանկ արժեցող միևնույն կարգի ապրանքների հետ։ Հետևաբար, կապիտալիստական արտադրողը նույնիսկ հավելյալ արժեքի մի մասից հրաժարվելու դեպքում այնուամենայնիվ կարող է ստանալ իր վայրի համար սովորական շահույթ, որը սկզբնապես ուղղակի առնչություն չուներ հավելյալ արժեքի հետ, որովհետև նա առաջացել է առևտրային կապիտալի շնորհիվ շատ ավելի առաջ, քան սկսեցին կապիտալիստականորեն արտադրել, և, հետևաբար, շատ ավելի առաջ, քան հնարավոր դարձավ շահույթի արդյունաբերական նորման։

II. ԲՈՐՍԱ[5]

1) Երրորդ հատորի հինգերորդ բաժնից, առանձնապես [27-րդ] գլխից[6] երևում է, թե ինչ դիրք է գրավում բորսան կապիտալիստական արտադրության մեջ առհասարակ։ Սակայն 1865 թվականից, երբ գրվել է գիրքը, փոփոխություն է տեղի ունեցել, որը շատ ավելի բարձր և դեռ անընդհատ աճող դեր է հատկացնում բորսային և որն իր հետագա զարգացման մեջ տենդենց ունի բորսայականների ձեռքում համակենտրոնացնելու ինչպես արդյունաբերական, այնպես և երկրագործական ամբողջ արտադրությունը և ամբողջ շրջանառությունը՝ ինչպես հաղորդակցության միջոցները, այնպես և փոխանակության ֆունկցիան։ Այսպիսով, բորսան դառնում է կապիտալիստական արտադրության ամենից աչքի ընկնող ներկայացուցիչը։

2) 1865 թ. բորսան դեռևս երկրորդական տարր էր կապիտալիստական սիստեմում։ Բորսայական արժեքների հիմնական զանգվածը ներկայացնում էին պետական թղթերը, բայց նրանց քանակը ևս համեմատաբար մեծ չէր։ Դրա հետ միասին մայր ցամաքում և Ամերիկայում գերիշխող ակցիոներական բանկերը Անգլիայում նոր էին պատրաստվում կլանելու արիստոկրատական մասնավոր բանկերը և իրենց ամբողջությամբ դեռևս համեմատաբար աննշան դեր էին խաղում։ Երկաթուղային ակցիաները նույնպես դեռևս թույլ էին տարածված ներկայիս համեմատությամբ։ Իսկ անմիջականորեն արտադրողական ձեռնարկությունները, ինչպես և բանկերը, ակցիոներական ձևով լոկ փոքրաթիվ էին, մեծ մասամբ նրանք ստեղծվում էին ավելի աղքատ երկրներում, ինչպես են Գերմանիան, Ավստրիան, Ամերիկան և այլն.— «տիրոջ աչքը» այն ժամանակ դեռևս չհաղթահարված սնահավատություն էր։

Հետևաբար, բորսան այն ժամանակ դեռևս մի վայր էր, որտեղ կապիտալիստները միմյանցից խլում էին իրենց կուտակած կապիտալները և որը անմիջականորեն վերաբերում էր բանվորներին սոսկ իբրև մի նոր ապացույց կապիտալիստական տնտեսության ընդհանրական բարոյալքման ազդեցության և իբրև կալվինիստական այն թեզիսի հաստատում, որ արդեն այս աշխարհում աստծու շնորհն է,— ուրիշ խոսքով, դիպվածն է,— բաշխում օրհնություն և անեծք, հարստություն — այսինքն հաճույք ու իշխանություն, և աղքատություն՝ այսինքն զրկանքներ և ստրկություն։

3) Այժմ այլ կերպ է։ 1866 թ. ճգնաժամից հետո կուտակումը տեղի էր ունենում հարաճուն արագությամբ և այն էլ այնպես, որ ոչ մի արդյունաբերական երկրում, և ամենից քիչ Անգլիայում, արտադրության ընդլայնումը չէր հասնում կուտակման հետևից, և առանձին կապիտալիստի կուտակումը չէր կարող լրիվ կիրառում գտնել նրա սեփական ձեռնարկության ընդարձակման մեջ, անգլիական բամբակեղենի արդյունաբերության մեջ [սա նկատվել է] արդեն 1845 թ., [այնուհետև] երկաթուղային աֆերաներ։ Այս կուտակման հետ միասին աճում էր նաև ռանտյեների[7] մասսան, այն մարդկանց, որոնց ձանձրացրել էր գործերը վարելու հետ կապված մշտական լարված վիճակը և որոնք ուզում էին միայն զվարճանալ կամ լոկ չծանրաբեռնող զբաղմունք ունենալ իբրև կոմպանիաների հսկողական խորհուրդների դիրեկտորներ և անդամներ։ Եվ, երրորդ, դյուրացնելու համար այսպիսով շարժուն կացության մեջ մտած փողային կապիտալի մասսաների գործադրությունը, ներկայումս ամենուրեք, որտեղ առաջ այդ չկար, ստեղծվել են նոր օրենսդրական ձևեր սահմանափակ պատասխանատվություն ունեցող ընկերությունների համար և իջեցվել են ակցիոներների պարտավորությունները, որոնք մինչ այդ պատասխանատու էին անսահմանափակ չափով (ակցիոներական ընկերությունները Գերմանիայում 1890 թ.— 40% բաժնեգրությո՜ւն)։

4) Այստեղից բխում է արդյունաբերության աստիճանական փոխարկումը ակցիոներական ձեռնարկությունների։ Այս բախտը վիճակվում է մեկ ճյուղին մյուսի հետևից։ Սկզբում երկաթագործությունը, որտեղ ներկայումս անհրաժեշտ են վիթխարի ներդրումներ (ավելի առաջ հանքային արդյունաբերությունը, եթե նա դեռևս ակցիոներական ձեռնարկությունների ձև չուներ)։ Այնուհետև քիմիական արդյունաբերությունը, ճիշտ այդպես և մեքենաշինական գործարանները։ Մայր ցամաքում նմանապես տեքստիլ արդյունաբերությունը, իսկ Անգլիայում դեռ սոսկ առանձին տեղերում — Լանկաշիր (մանածագործարան Օլդհեմում, հյուսվածագործարան Բեռնլեյում և այլն, կարագործական ձեռնարկությունների միավորում — բայց սա միայն սկզբնական աստիճանն է, որ մերձավոր ճգնաժամի պահին տրոհվում է և կրկին ընկնում [առանձին] տերերի ձեռքը, գարեջրի գործարաններ (մի քանի տարի առաջ ամերիկյան գարեջրի գործարանները տրվեցին անգլիական կապիտալի ձեռքը, այնուհետև Guines Bess, Allsopp[8])։ Հետո տրեստներ, որոնք ստեղծում են վիթխարի ձեռնարկություններ ընդհանուր կառավարումով (ինչպես United Alcalli[9])։ Սովորական միանձնյա ֆիրման ավելի ու ավելի է դառնում միայն սկզբնական աստիճան, որը նախապատրաստում է ձեռնարկությունն այն մոմենտի համար, երբ նա բավականաչափ մեծ կլինի, որպեսզի ակցիոներական դառնա [«gegründet» werden]։

Նույն բանը և առևտրի վերաբերմամբ։ Leafs, Parsons, Morleys, Morrison, Dillon[10] — դրանք բոլորը դարձել են ակցիոներական ընկերություններ։ Ճիշտ այդպես այժմ նաև մանրածախ ֆիրմաները և այն էլ ոչ միայն կոոպերացիայի արտաքինով à la «Stores»[11]։

Նույն բանը և բանկերի ու այլ վարկային հիմնարկների վերաբերմամբ նաև Անգլիայում։ Բազմաթիվ նորերը — բոլոր ակցիոներական ընկերությունների ձևով սահմանափակ պատասխանատվությամբ։ Նույնիսկ հին բանկերը, ինչպես...[12] և այլն, 7 մասնավորների [ակցիոներների] հետ ակցիոներական ընկերության են փոխարկվում։

5) Երկրագործության բնագավառում միևնույն բանը։ Անհավատալիորեն լայնացած բանկերը, առանձնապես Գերմանիայում (բազմատեսակ բյուրոկրատական անուններով — ավելի ու ավելի են հիպոթեկի կրողներ դառնում, նրանց ակցիաների հետ միասին հողատիրության իսկական գերագույն սեփականությունը փոխանցվում է բորսային, և սա տեղի է ունենում ավելի մեծ չափով, երբ կալվածքներն ընկնում են վարկատուների ձեռքը։ Այստեղ տափաստանների մշակման հետ կապված հեղաշրջումը գյուղատնտեսության մեջ հսկայական ազդեցություն է գործում։ Եթե այսպես շարունակվի, ապա կարելի է նախատեսել մի ժամանակ, երբ հողը կընկնի բորսայի ձեռքը նմանապես Անգլիայում ու Ֆրանսիայում։

6) Այնուհետև կապիտալի գործադրումը արտասահմանում ամբողջապես ակցիաներով։ Եթե խոսենք միայն Անգլիայի մասին՝ ամերիկյան երկաթուղիներ, հյուսիսային և հարավային (տեղեկանալ ըստ բորսային բյուլետենի), Գոլդբերգեր և այլև։

7) Այնուհետև գաղութացումը։ Վերջինս այժմ մի պարզ բաժանմունքն է բորսայի, որի շահերից ելնելով եվրոպական տերությունները մի քանի տարի առաջ բաժանեցին Աֆրիկան, ֆրանսիացիները նվաճեցին Թունիսը և Տոնկինը։ Աֆրիկան ուղղակի կապալով է տրված կոմպանիաներին (Նիգերը, Հարավային Աֆրիկան, Գերմանական Հարավ-Արևմտյան և Արևելյան Աֆրիկան)։ Ռոդսը բորսայի համար տիրապետության տակ է առել Մաշոնալենդը և Նաթալը։



  1. Ադամ Ռիզե — 16-րդ դարի գերմանական մաթեմատիկոս, որը կազմել է թվաբանության առաջին գործնական ձեռնարկը Գերմանիայում։— Խմբ.։
  2. Ալ. Կալիոստրո — 18-րդ դարի իտալական արկածախնդիր և ալքիմիկոս։— Խմբ.։
  3. Այս նույն «իր փառքով հայտնի» պարոնը (Հայնեի խոսքերով ասած) մի փոքր ավելի ուշ ստիպված էր պատասխանելու երրորդ հատորի իմ առաջաբանին, երբ սա իտալերեն լեզվով լույս տեսավ «Rassegna»-ի 1895 առաջին համարում։ Պատասխանը տպագրված է «Riforma Sociale»-ում 1895 թ. փետրվարի 25-ին։ Սկզբում ինձ վրա տեղալով նրա համար անխուսափելի և հենց այդ պատճառով կրկնապատիկ գարշելի գովեստներ, նա հայտարարում է, որ չի էլ մտածել յուրացնելու Մարքսի երախտիքը պատմության մատերիալիստական բացատրության բնագավառում։ Նա, որպես թե ճանաչել է այդ երախտիքը դեռևս 1885 թ.— մի տեսակ հարևանցիորեն, ամսագրում զետեղած հոդվածում։ Բայց ավելի ևս համառորեն է նա լռության մատնում այդ այնտեղ, որտեղ դրա մասին պետք էր խոսել, այսինքն այդ նյութին նվիրված իր գրքում, որտեղ Մարքսը հիշատակվում է սոսկ 129-րդ էջում և այն էլ մանր հողատիրության հարցի առթիվ Ֆրանսիայում։ Իսկ այժմ նա խիզախորեն հայտարարում է, որ Մարքսը բնավ այդ թեորիայի հիմնադիրը չէ. եթե դա ընդհանուր գծերով արդեն չի ուրվանշել Արիստոտելը, ապա անտարակուսելի է, որ Հարրինգտոնը դա ազդարարել է արդեն 1656 թ. և այնուհետև դա կրկին զարգացրել է պատմաբանների, քաղաքագետների, իրավաբանների ու տնտեսագետների մի ամբողջ կաճառ Մարքսից դեռ շատ առաջ։ Եվ ինչե՜ր ասես չի կարելի կարդալ Լորիայի երկի ֆրանսիական հրատարակության մեջ։ Կարճ ասած. Մարքսը — կատարյալ գրագող։ Երբ ես խանգարեցի նրան շարունակելու ինքնագովությունը Մարքսից փոխառումներ անելու միջոցով, այժմ նա համարձակորեն հայտարարում է, որ Մարքսը ևս ճիշտ այդպես պճնազարդվում էր ուրիշների փետուրներով, ինչպես և ինքը։ Իմ մյուս առարկություններից Լորիան պատասխանում է սոսկ իր այն պնդման առթիվ իմ ասածին, թե իբր Մարքսը երբեք չի էլ մտածել գրելու «Կապիտալի» երկրորդ, և առավել ես երրորդ հատորը։ «Եվ այժմ Էնգելսը պատասխանում է ինձ, հաղթականարեն իմ առաջը նետելով երկրորդ և երրորդ հատորները... Սքանչելի՜ է։ Իսկ ես այնքան ուրախ եմ այդ հատորների առթիվ, որոնց ես պարտական եմ այնքան շատ մտավոր հաճույք, որ դեռ երբեք ինձ համար այնքան հաճելի չի եղել հաղթանակը, որքան հաճելի է այս պարտությունը, եթե սա իրոք կարելի է պարտություն համարել։ Իսկ պարտությո՞ւն է սա արդյոք իսկապես։ Իրո՞ք ճիշտ է արդյոք, որ Մարքսը հրապարակելու համար է գրել այդ մեծաքանակ միմյանց հետ չկապակցված դիտողությունները, որ Էնգելսը հավաքել է, տոգորված լինելով ընկերական սիրով և ակնածանքով։ Կարելի՞ է իսկապես ենթադրել, որ Մարքսը... նախատեսում էր այդ էջերով պսակել իր աշխատությունն ու իր սիստեմը։ Կարելի՞ է արդյոք համոզված լինել նրանում, որ Մարքսը կհրապարակեր շահույթի միջին նորմայի վերաբերյալ այդ գլուխը, որտեղ շատ ու շատ տարիներ առաջ խոստացած լուծումը հանգում է անմխիթար միստիֆիկացիայի, ամենագռեհիկ բառախաղի։ Առնվազն թույլատրելի է տարակուսել սրանում... Սա ապացուցում է, որ Մարքսն իր փայլուն (splendido) գիրքը* հրատարակվելուց հետո մտադրություն չի ունեցել տալու նրա շարունակությունը կամ թե նա ցանկացել է այդ վիթխարի աշխատանքի ավարտումը թողնել իր գաղափարային ժառանգորդներին՝ անձնական պատասխանատվություն չկրելով դրա համար»։
    Այսպես է գրված 267-րդ էջում։ Հայնեն իր գերմանական ֆիլիստերական հասարակությանը չէր կարող ավելի արհամարհական գնահատական տալ, քան այն, որ ամփոփված է հետևյալ խոսքերում. վերջում հեղինակն այնպես է ընտելանում իր հասարակությանը, որ կարծես գործ ունի խելամիտ էակի հետ։— Ի՞նչի տեղ պետք է դնի իր հասարակությունը հռչակավոր Լորիան։
    Վերջում գովեստների մի նոր տարափ է տեղում իմ դժբախտ գլխին։ Այստեղ մեր Սգանարելը** նմանվում է Բաղաամին, որը եկել էր անիծելու, բայց որի բերանը հակառակ իր կամքի շռայլում է «օրհնության և սիրո խոսքեր»։ Ինչպես հայտնի է, բարեսիրտ Բաղաամն աչքի էր ընկնում հենց նրանով, որ գնում էր էշ հեծած, որն իր հեծվորից ավելի խելոք էր։ Այս անգամ, հավանաբար, Բաղաամը տանն է թողել իր էշին։
    * Կապիտալի I հատորը։— Խմբ.։
    ** Սգանարել — իտալական տիկնիկային թատրոնի գործող անձերից մեկը։— Խմբ.։
  4. 1894 թ. հրատ. մեջ [հայ. հրատ. էջ 155]։— Խմբ.։
  5. Էնգելսը ձեռագիրը վերնագրել է այսպես. «Բորսա, լրացուցիչ դիտողություններ «Կապիտալի» երրորդ հատորի առթիվ»։— Խմբ.։
  6. Էնգելսը ձեռագրում բաց է թողել, որպեսզի նշանակի գլխի ըստ կարգի համարը։ Հավանաբար, խոսքը վերաբերում է 27-րդ գլխին՝ «Վարկի դերը կապիտալիստական արտադրության մեջ»։— Խմբ.։
  7. Արտադրության հետ կապ չունեցող, ռենտայով, դիվիդենդներով ապրող մարդիկ։— Խմբ.։
  8. Անգլիական երկու խոշոր գարեջրագործական ֆիրմաների անուններ։ Խմբ.։
  9. Անգլիական քիմիական տրեստ։ Խմբ.։
  10. Ֆիրմաների անուններ։ Խմբ.։
  11. Այսինքն ունիվերսալ խանութների նման։ Խմբ.։
  12. Անընթեռնելի մի խոսք։ Թվում է իբր «Glyn et C», հավանաբար բանկի անուն։ Խմբ.։