Argumentum Ornithologicum

Գրապահարան-ից
Argumentum Ornithologicum[1]

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
աղբյուր՝ «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները», Ապոլոն, 1992

Փակում եմ աչքերս և թռչունների մի երամ եմ տեսնում: Տեսիլքը տևում է ընդամենը մեկ վայրկյան գուցե և ավելի քիչ. չգիտեմ թե քանի թռչուն եմ տեսել: Նրանց քանակը որոշակի՞ է, թե՞ անորոշ: Խնդիրը Աստծո գոյության հարցն է: Եթե Աստված գոյություն ունի, ուրեմն տեսածս թռչունների քանակը որոշակի է, որովհետև Աստված գիտի, թե ես քանի թռչուն եմ տեսել: Եթե Աստված գոյություն չունի, ուրեմն տեսածս թռչունների քանակն անորոշ է, որովհետև ոչ ոք չէր կարող հաշվել թռչունները: Այդ պարագային, (ասենք) ես տասից պակաս և մեկից ավելի թռչուններ եմ տեսել, բայց չեմ տեսել ինը ութ, յոթ վեց հինգ չորս երեք կամ երկու թռչուն: Տեսածս թռչունների քանակը տասի և մեկի միջև գտնվող մի թիվ է, որ ոչ ինն է ոչ ութը ոչ յոթը ոչ վեցը ոչ հինգը և այլն: Ամբողջական այդ թիվն անըմբռնելի է, ուստի Աստված գոյություն ունի:



  1. Ապացույցը զարդարում է ճշմարտությունը (լատ.)