«Անկում»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Անկում |հեղինակ = Ալբեր Կամյու |թարգմանիչ = Գրիգոր Քեշիշյան (անգլերենից) |աղ...»:)
(Տարբերություն չկա)

16:49, 1 Հուլիսի 2014-ի տարբերակ

Անկում

հեղինակ՝ Ալբեր Կամյու
թարգմանիչ՝ Գրիգոր Քեշիշյան (անգլերենից)
աղբյուր՝ «Հինգ վիպակ»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում



Կարո՞ղ եմ, պարոն, իմ ծառայություններն առաջարկել ձեզ, առանց ձանձրալի դառնալու վտանգին ենթարկվելու։ Վախենում եմ, որ չկարողանաք ձեզ հասկանալի դարձնել այս հաստատության ճակատագրի վրա իշխող այն հարգելի գորիլլային։ Նա միայն հոլանդերեն է խոսում։ Եթե ինձ թույլ չտաք ձեր դատը պաշտպանել, նա գլխի չի ընկնի, որ դուք գիհօղի եք ցանկանում։ Ահա համարձակվում եմ հուսալ, որ ինձ հասկացել է. գլխի այդ շարժումը պետք է նշանակի, որ նա տեղի է տալիս իմ փաստարկների առջև։ Եվ իսկապես, նա դեպի այս կողմն է շարժվում, նույնիսկ շտապում է, բայց ինչ դիտավորյալ դանդաղկոտությամբ։ Դուք բախտավոր եք, նա չգռմռաց։ Երբ չի ցանկանում սպասարկել, պարզապես գռմռում է, և դա բավական է, որ ոչ ոք այլևս չհամարձակվի պնդել։ Սեփական տրամադրությամբ առաջնորդվելը խոշոր կենդանիների մենաշնորհն է։ Այժմ ես հեռանում եմ, պարոն, երջանիկ եմ, որ կարողացա ձեզ պարտավորեցնել։ Շնորհակալություն, սիրով կընդունեի ձեր հրավերը, եթե վստահ լինեի, որ ձեզ չեմ ձանձրացնում։ Դուք շատ բարի եք։ Ուրեմն բաժակս կտեղավորեմ ձեր բաժակի կողքին։

Դուք իրավացի եք, նրա լռությունը խլացնող է, նման նախնադարյան անտառների լռության, որ լեցուն է վտանգներով։ Երբեմն ես զարմանում եմ այն համր ատելության վրա, որ մեր լռակյաց բարեկամը հանդես է բերում քաղաքակիրթ լեզուների նկատմամբ։ Նրա արհեստը բոլոր ազգերի նավաստիներին ընդունելն է Ամստերդամի այս խորտկարանում, որը չգիտես ինչու նա անվանել է «Մեքսիկո-սիտի»։ Այդպիսի պարտականությունների դեպքում չե՞ք կարծում, որ նրա տգիտությունը տհաճությունների առիթ կտա։ Պատկերացրեք կրոմանոնյան շրջանի մարդը՝ տեղավորված բաբելոնյան աշտարակում։ Նա առնվազն կտառապեր իր միջավայրից դուրս ընկած լինելու համար։ Բայց ոչ, այս մեկը իր աքսորված վիճակը չի զգում, նա գնում է իր ճանապարհով, և ոչինչ նրան չի խանգարում։ Եզակի նախադասություններից մեկը, որ լսել եմ նրա բերանից, «այո» է, կամ «ոչ», այսինքն՝ իր ասածը կարող եմ ընդունել կամ մերժել։ Ի՞նչը պետք ՝ ընդունել կամ մերժել։ Անշուշտ իրեն, մեր բարեկամին։ Խոստովանում եմ, մի ամբողջական կտորից կազմված այս մարդիկ ինձ գրավում են։ Երբ քո կոչումի կամ արհեստի բերումով երկար ես խորհում մարդու մասին, պատահում է, որ նախնական տիպերի կարոտ ես զգում։ Նրանք առնվազն հետին մտքեր չունեն։