Changes

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը

11 852 bytes removed, 10:14, 28 Հուլիսի 2015
/* XX */
Հաառլեմը կորցրեց իր պանծալի պաշտպաններին, նրա քարերից արյուն է կաթում։ Պաշարման ընթացքում քաղաքը կորցրեց ու ծախսեց մեկ միլիոն երկու հարյուր ութսուն հազար ֆլորին։ Եպիսկոպոսը վերահաստատված է այդտեղ․ նա ճարտար ձեռքով և զվարթ դեմքով օծում է եկեղեցիները․ դոն Ֆրեդերիկը ներկա է լինում այդ օծումներին։ Եպիսկոպոսը լվանում է նրա ձեռքերը, որ աստված արյունոտ է տեսնում, և հաղորդություն է տալիս երկու ձևով էլ, որը սակայն թույլ չի տրված խեղճ ժողովրդին։ Եվ զանգերը ղողանջում են և զանգախումբը օդ է սփռում խաղաղ, ներդաշնակ եղանակներ․ դա նման է հրեշտակերի երգին՝ գերեզմանատան վրա։ Ակն ընդ ական և ատամն ընդ ատաման։ Կեցցե՜ն գյոզերը։
 
 
===XX===
 
 
Այդ ժամանակ գյոզերը Ֆլեսինգենում էին և Նելեն հիվանդացավ տենդով։ Նա ստիպված էր հեռանալ նավից, ուստի գնաց ապրելու Տուրվեն֊Կեյում՝ ռեֆորմիստ Պետերսի մոտ։
 
Դրանից տխրած Ուլենշպիգելն այնուամենայնիվ ուրախ էր, մտածելով, որ այդ անկողնում, ուր նա, անկասկած, առողջանալու էր, իսպանական գնդակները չպիտի կարողանան հասնել նրան։
 
Եվ շարունակ Լամմեի հետ գնում էր նրա մոտ, խնամում նրան և ավելի սիրում։ Եվ այդտեղ նրանք զրուցում էին։
 
― Բարեկա՛մ և ընկեր, ― ասաց մի օր Ուլենշպիգելը, ― գիտե՞ս ինչ լուր կա։
 
― Չէ, որդյա՛կ իմ, ― ասաց Լամմեն։
 
― Տեսե՞լ ես այն նավը, որ վերջերս եկավ միանալու մեր նավատորմին․ գիտե՞ս ո՛վ է ամեն օր վին նվագում այնտեղ։
 
― Վերջին ցրտերի պատճառով ասես երկու ականջս էլ խլացել են։ Բայց ինչո՞ւ ես ծիծաղում, որդյա՛կ իմ։
 
Ուլենշպիգելը շարունակեց իր խոսքը․
 
― Մեկ անգամ լսեցի ֆլամանդական lied էր երգում և ձայնը շատ քաղցր էր։
 
― Ավա՜ղ, ― ասաց Լամմեն, ― նա էլ էր երգում ու վին նվագում։
 
― Մյուս լուրն էլ գիտե՞ս, ― շարունակեց Ուլենշպիգելը։
 
― Չգիտեմ, որդյա՛կ իմ, ― պատասխանեց Լամմեն։
 
Ուլենշպիգելը պատասխանեց․
 
― Մեզ հրաման է տրված մեր նավերով իջնել Շելդան մինչև Անտվերպեն, որպեսզի թշնամու նավեր գտնենք այնտեղ, բռնենք կամ այրենք։ Գալով մարդկանց՝ ո՛չ մի գթություն։ Ի՞նչ ես կարծում սրա մասին, ցմփո՛ր։
 
― Ավա՜ղ, ― ասաց Լամմեն, ― մի՞թե այս ցավատանջ երկրում լսելու ենք միայն հրկիզումների, կախաղանների, ջրահեղձումների և խեղճ մարդկանց այլ բնաջնջումների խոսքեր։ Ե՞րբ է, հապա, գալու օրհնյալ խաղաղությունը, որպեսզի առանց իրարանցման կարողանանք կաքավ խորովել, հավ կարմրացնել և հավկիթներով շրջապատված արնաշաղախ երշիկի երգը լսել վառարանի վրա։ Ես սևերն եմ գերադասում, սպիտակները շատ են ճարպոտ։
 
― Այդ անուշ ժամանակը կգա, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― երբ Ֆլանդրիայի այգեստանների խնձորենիներից, սալորենիներից ու կեռասենիներից կախված տեսնենք ոչ թե խնձորներ, սալորներ ու կեռասներ, այլ ամեն մի ճյուղից մի իսպանացի։
 
― Ա՜խ, ― ասում էր Լամմեն, ― եթե միայն կարողանայի գտնել կնոջս, իմ այնքա՜ն սիրելի, անուշիկ, քաղցրիկ ու գողտրիկ, հավատարիմ կնոջը։ Որովհետև, լա՛վ իմացիր, որդյա՛կ իմ, ես ոչ եղել եմ, ոչ էլ կլինեմ կոտոշակիր․ նա շատ զուսպ էր դրա համար և խաղաղ խառնվածք ուներ․ խուսափում էր այլ տղամարդկանց ընկերությունից․ իսկ եթե պճնազարդվել սիրում էր՝ ապա միայն կանացի պահանջից մղված։ Ես նրա խոհարարն էի, ամաններ լվացողը․ և ասում եմ հաճությամբ՝ ինչո՞ւ հիմա էլ չեմ։ Բայց և նրա տերն էի ու ամուսինը։
 
― Վերջ տանք այս խոսակցությանը։ Լսո՞ւմ ես ծովակալի ձայնը․ «Քաշե՜ք խարիսխները», և նավապետներն էլ նրանից հետո նույնն են անում։ Հարկ կլինի առագաստները պարզել։
 
― Ինչո՞ւ այսպես շուտ ես գնում, ― հարցրեց Նելեն Ուլենշպիգելին։
 
― Գնում ենք մեր նավերը, ― ասաց նա։
 
― Առանց ի՞նձ։
 
― Այո։
 
― Չե՞ս մտածում, որ խիստ կանհանգստանամ այստեղ քեզ համար։
 
― Ջանի՛կս, իմ կաշին երկաթե է։
 
― Ծիծաղում ես, ― ասաց Նելեն։ ― Ես միայն քո բաճկոնակն եմ տեսնում, և դա մահուդե է, ոչ թե երկաթե․ դրա տակը մարմինդ է՝ ոսկորից ու մսից, ինչպես իմը։ Եթե քեզ վիրավորեն՝ ո՞վ կբուժի։ Մեն֊մենակ պիտի մեռնե՞ս մարտիկների մեջ։ Ես էլ կգամ քեզ հետ։
 
― Ավա՜ղ, ― ասաց Ուլենշպիգելը, ― իսկ եթե նիզակները, արկերը, սրերը, կացինները, գուրզերը ինձ խնայեն և իջնեն քո քնքուշ մարմնի վրա, ի՞նչ պիտի անեմ ես առանց քեզ այս ունայն աշխարհում։
 
Բայց Նելեն ասաց․
 
― Ուզում եմ քեզ հետ լինել․ ոչ մի վտանգ չի լինի․ կթաքնվեմ փայտե հրակնատների հետևը, ուր քո հրահարավորներն են։
 
― Եթե դու մեկնես՝ ես կմնամ, և վախկոտ ու դավաճան կհայտարարեն քո բարեկամ Ուլենշպիգելին։ Հիմա լսիր երգս․
 
 
<poem>
Մազս երկաթ է՝ իմ սաղավարտն է․
Բնությունն ամբողջ իմ կուռ զրահն է։
Առաջին մորթըս կաշի է։
Իսկ երկրորդը՝ պողպատե։
 
 
Զուր է տգեղ ծաղրածուն՝
Մահը ուզում ինձ ճամփել։
Առաջին մորթըս կաշի է,
Իսկ երկրորդը՝ պողպատե։
 
 
Դրոշիս վրա գրեցի «Ապրել»,
Ապրել ընդմիշտ լույսի տակ․
Առաջին մորթըս կաշի է,
Իսկ երկրորդը՝ պողպատե։
 
 
Եվ երգելով էլ մեկնեց համբուրելով, իհարկե, դողդողացող շրթներն ու չքնաղ աչքերը Նելեի, որ տենդի մեջ և՛ ժպտում էր, և՛ լալիս։
 
Գյոզերը Անտվերպենում են․ նրանք ալբայական նավեր են բռնում մինչև իսկ նավահանգստում։ Օրը ցերեկով մտնելով քաղաք՝ նրանք ազատում են կալանավորներին, ուրիշների են կալանավորում՝ փրկագին ստանալու համար։ Նրանք առևանգում են քաղաքացիների, շատերին էլ ստիպում հետևել դրանց՝ անխոս ու անշշուկ, մահապատժի սպառնալիքով։
 
Ուլենշպիգելն ասում է Լամմեին․
 
― Ծովակալի որդին ձերբակալված է կանոնիկոսի մոտ․ պետք է ազատել նրան․
 
Մտնելով կանոնիկոսի տունը՝ տեսնում են որդուն մի գեր, տռուզ փորով վանականի մոտ, որը զայրացած քարոզ է կարդում նրա գլխին՝ ճգնելով վերադարձնել նրան կաթոլիկական մայր եկեղեցու սուրբ գիրկը։ Բայց պատանին չէր ուզում։ Եվ նա գնաց Ուլենշպիգելի հետ։ Այդ միջոցին Լամմեն ճանկերով վանականի կնգուղը՝ ստիպեց իր առջևից քայլել Անտվերպենի փողոցներով, ասելով․
 
― Քո փրկագինը հարյուր ֆլորին է․ փասա֊փուսեդ հավաքի՛ր և առա՛ջ ընկիր։ Ի՞նչ ես մլուլ տալիս․ արճի՞ճ կա սանդալներիդ մեջ։ Դե՛ քայլիր, ճենճի՛ տիկ, ուտելիքի՛ սնդուկ, ապուրի՛ փոր։
 
Վանականը սաստիկ ահաբեկված՝ ասում էր․
 
― Քայլում եմ, պարո՛ն գյոզ, քայլում եմ․ սակայն բացի այն պատկառանքից, որ պարտավորված եմ տածել դեպի ձեր հրահարը, դուք էլ ինձ պես ցմփոր եք, տռզած ու գեր։
 
Բայց Լամմեն քշելով նրան՝ ասաց․
 
― Ինչպե՞ս ես համարձակվում, խայտառա՛կ վանական, համեմատել քո անօգուտ, անշահ, կղերական ճենճը ֆլամանդական իմ ճարպի հետ, որ ազնվաբար ձեռք է բերված աշխատանքով, հոգնությամբ ու մարտերով։ Վազի՛ր, թե չէ շան պես քայլել կտամ քեզ իմ կրունկի խթանով։
 
Բայց վանականը չէր կարող վազել, սաստիկ հևում էր, նմանապես և Լամմեն։ Եվ այդպես հասան նավ։
 
 
===XXI===
 
 
Գրավելով Ռամեկենսը, Գերտրուտենբերգը, Ալքմաարը՝ գյոզերը նորից են մտնում Ֆլեսինգեն։
 
Առողջացած Նելեն սպասում էր Ուլենշպիգելին նավահանգստում։
 
― Թի՛լ, սիրելի՛ բարեկամ Թիլ, վիրավորված չե՞ս, ― ասաց նա, տեսնելով նրան։
 
Ուլենշպիգելը երգեց․
 
<poem>
Դրոշիս վրա գրեցի «Ապրել»․
Ապրել ընդմիշտ լույսի տակ․
Առաջին մորթս կաշի է,
Իսկ երկրորդը՝ պողպատե։
<poem>
 
Ավա՜ղ, ― ասաց Լամմեն ոտքը քարշ տալով․ գնդակները, նռնակները, ռումբերը տեղում են նրա շուրջը․ նա միայն դրանց քամին է զգում։ Դու, անկասկած, ոգի ես, Ուլենշպիգե՛լ, և դու, Նելե՛, որովհետև տեսնում եմ, որ միշտ զվարթ ես ու ջահել։
 
― Ինչո՞ւ ես ոտքդ քարշ տալիս, ― հարցրեց Նելեն Լամմեին։
 
― Ես ոգի չեմ և երբեք էլ չեմ լինի, ― պատասխանեց նա։ ― Ուստի կացնի մի հարված ստացա ազդրիս վրա ― կնոջս ազդրը այնպես կլորիկ էր և այնպես ճերմակ ― տեսնո՞ւմ ես, արյուն է ծորում։ Ավա՜ղ, ինչո՞ւ նա այստեղ չի, որ ինձ խնամի։
 
Սակայն Նելեն բարկացած պատասխանեց․
 
― Ինչի՞դ է պետք երդմնազանց կինը։
 
― Վատ բան մի՛ ասի նրա մասին, ― պատասխանեց Լամմեն։
 
― Ահավասիկ քեզ բալասան, ― ասաց Նելեն, ― պահել էի Ուլենշպիգելի համար։ Դի՛ր վերքիդ վրա։
 
Վերքը դեղելուց հետո Լամմեն զվարթացավ, որովհետև բալասանը դադարեցրեց սաստիկ ցավը։ Եվ երեքով բարձրացան նավը։
 
Տեսնելով ձեռքերը կապված զբոսնող վանականին՝ Նելեն ասաց․
 
― Սա ո՞վ է․ ես սրան տեսել եմ և կարծես ճանաչում եմ։
 
― Դրա փրկագինը հարյուր ֆլորին է, ― պատասխանեց Լամմեն։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
<references />
Ադմին, Վստահելի
1876
edits