Changes

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը

Ավելացվել է 21 330 բայտ, 17:41, 29 Հուլիսի 2015
/* Գիրք հինգերորդ */
==Գիրք հինգերորդ==
 
 
===I===
 
 
Լամմեի բռնած վանականը նկատելով, որ գյոզերը չեն ուզում սպանել իրեն, այլ՝ փրկագին ստանալ, սկսեց քիթը տնկել նավի վրա։
 
― Մի նայեցեք, ― ասում էր նա քայլելով և գլուխը կատաղաբար օրորելով, ― նայեցե՛ք, ինչպիսի՛ կեղտոտ, սև և նողկալի խայտառակությունների մեջ եմ ընկել՝ ոտքս այս փայտե կարասը դնելով։ Եթե այստեղ չլինեի, ես, որին տերն օծել է․․․
 
― Շան ճրագուո՞վ, ― հարցնում էին գյոզերը։
 
― Շունը հենց դուք եք, ― պատասխանում էր վանականը և խոսքը շարունակում, ― այո, քոսոտ, անտեր, քնձռոտ շներ, լղար ողնաշարով, որ փախել եք մեր կաթոլիկ մայր եկեղեցու պարարտ արահետից, որպեսզի մտնեք ձեր ռեֆորմիստական գջլոտ եկեղեցու ցամաք ճանապարհները։ Եթե ես այստեղ չլինեի, ձեր տաշտակում, ձեր այս կարասի մեջ, աստված վաղուց ծովի ամենախոր վիհերը կուղարկեր այն՝ ձեզ էլ, ձեր անիծյալ զենքերը, ձեր սատանայական թնդանոթները, ձեր երգասաց նավապետը, ձեր աստվածապիղծ կիսալուսիններն էլ հետը, այո, մինչև սատանայի թագավորության անչափելի խորխորատները, որտեղ դուք չեք այրվելու, ո՛չ այլ սառչելու եք, դողդողալու և սառնամանիքից մեռնելու եք ամբողջ ու անվախճան հավիտենականության ընթացքում։ Այո, երկնից աստված այսպիսով հանգցնելու է մեր կաթոլիկական սուրբ, մայր եկեղեցու հանդեպ, սրբերի հանդեպ, արժանապատիվ եպիսկոպոսների հանդեպ, այնքան մեղմությամբ և խելամտությամբ մտածված օրհնյալ հրովարտակների հանդեպ ունեցած ձեր կրակը։ Այո, և արքայության բարձրունքից ես ձեզ կտեսնեմ ճակնդեղի պես մանուշակագույն կամ շաղգամի պես սպիտակած՝ այնքան օր սառչելու եք Tsy! T sy! T sy! (Եղիցի՛ այսպես, եղիցի՛, եցիցի՛, եղիցի՛)։
 
Նավաստիները, գուգազները և պատանի ծովայինները ծաղրում էին նրան և փչափողերով չոր սիսեռ նետում։ Նա էլ ձեռքորով ծածկում էր դեմքը այդ ռմբակոծության դեմ։
 
 
===II===
 
 
Արյունարբու դքսի մեկնելուց հետո երկիրը կառավարեցին տյարք Մեդինա Ցյոլին և Ռեքուենեսը՝ նվազ դաժանությամբ։ Ապա կառավարել սկսեցին Գլխավոր շտատները արքայի անուցից։
 
Այդ միջոցին Զելանդիայի և Հոլանդիայի բնակիչները, խիստ երջանիկ ծովի ու ամբարտակների շնորհիվ, որոնք նրանց համար բնական պատնեշ ու ամրոց են, ազատ տաճարներ բացեցին ազատ մարդկանց աստծուն․ և դահիճ պապականները կարողացան նրանց կողքին երգել իրենց օրհներգները․ և Օրանժի իշխանը զբաղվեց հիմնելու շտատհալտերյան և արքայական մի դինաստիա։
 
Բելգիան ավերվեց վալոններից, որոնք դժգոհ էին Գենտի հաշտությունից, որը, ասում էին, պետք է վերջ դներ ամենայն ատելության։ Եվ այս վալոնները՝ paternosterknecht-ները, վզներին գցած խոշոր, սև համրիչներ (որոնցից երկու հազար հատ գտնվեց Սպիենում՝ Հենաու), գողանում էին հազար երկու հարյուր, երկու հազար գլուխ եզ ու ձի՝ լավագույններն ընտրելով դաշտերում ու արոտներում, տանում էին կանայք ու աղջիկներ, ուտում էին ու չէին վճարում, մարագներում վառում էին այն զինված գյուղացիներին, որոնք փորձում էին չթողնել, որ տանեն իրենց ծանր աշխատանքի պտուղը։
 
Ժողովրդի մեջ շատերն ասում էին․ «Դոն Ժուանը գալու է իսպանացիների հետ, իսկ Նորին բարձրությունն էլ գալու է իր ֆրանսիացիների՝ ոչ թե գուգենոտների, այլ պապականների հետ։ Եվ Լռակյացն ուզենալով խաղաղ կառավարել Հոլանդիան, Զելանդիան, Գելդրը, Ուտրեխտը և Օվերիսելը՝ գաղտնի դաշնագրով զիջում է Բելգիան, որպեսզի անժուի իշխանն այնտեղ թագավոր դառնա։
 
Ժողովրդի մի մասն էլ, սակայն, վստահություն էր տածում։ «Գլխավոր շտատների պարոնները, ասում էին, քսան հազար մարդ ունեն՝ լավ զինված, բազմաթիվ թնդանոթներով և լավ հեծելազորով։ Նրանք կդիմադրեն ամեն տեսակ օտարական գուգազների»։
 
Բայց ամենաիրազեկներն ասում էին․ «Գլխավոր շտատների պարոնները քսան հազար մարդ ունեն թղթի վրա և ոչ թե դաշտում․ նրանք չունեն հեծելազոր և իրենց ճամբարից մեկ մղոնի վրա թողնում են, որ paternosterknecht֊ները գողանան ձիերը։ Նրանք ամենևին հրետանի չունեն, որովհետև մեզ մոտ կարիք ունենալով հանդերձ՝ որոշել են հարյուր թնդանոթ վառոդով ու արկով ուղարկել Փորթուգալիայի դոն Սեբաստիանին։ Եվ չգիտես, թե ո՛ւր են գնում այն երկու միլիոն էքյուն, որ չորս նվագով վճարեցինք իբրև հարկ ու տուգանք։ Գենտի և Բրյուսելի քաղաքացիները զինվում են՝ Գենտը ռեֆորմացիայի համար, Բրյուսելն էլ Գենտի պես։ Բրյուսելում կանայք դափ են զարկում, երբ նրանց ամուսիններն աշխատում են պատնեշների վրա։ Եվ հանդուգն Գենտը թնդանոթ ու վառոդ է ուղարկում Ուրախ Բրյուսելին, իսկ դա պակասում էր նրանց պաշտպանվելու Դժգոհների ու իսպանացիների դեմ»։
 
Եվ յուրաքանչյուր ոք քաղաքներում ու in' plat landt հարթավայրում տեսնում է, որ ամենևին չպետք է վստահել ո՛չ ավագանիին, ո՛չ էլ որևէ ուրիշի։ Եվ մենք՝ քաղաքացիներս և հասարակ ժողովրդի զավակներս բարկանում ենք մեր ներսում, որ տալով մեր փողը և պատրաստ լինելով տալ նաև մեր արյունը՝ տեսնում ենք, որ ոչ մի բան առաջ չի շարժվում պապենական երկրի բարօրության համար։ Եվ Բելգիան երկնչած է ու զայրացած, որ չունի հավատարիմ պարագլուխներ, որպեսզնի նրան մարտնչելու առաջնորդեն ու հաղթանակ տանեն ազատության թշնամիների դեմ՝ բայց ջանք չի խնայի թշնամուն ոչնչացնելու համար։
 
Եվ ամենաիրազեկներն ասում էին․
 
«Գենտի դաշնադրությամբ Հոլանդիայի և Բելգիայի սինյորները երդվեցին ատելությունների վախճան, փոխադարձ օգնություն բելգիական և հոլանդական Գլխավոր շտատների միջև․ հայտարարեցին հրովարտակները չեղյալ, բռնագրավումների վերացում, խաղաղություն երկու կրոնական դավանանքների միջև․ խոստացան կործանել ամենայն սյուն, հուշարձան, մակագրություն և քանդակապատկեր, որ Ալբայի դուքսը կանգնեցրել է հանպատվություն մեզ։ Բայց պարագլուխների սրտի մեջ ատելությունները չեն մարել․ ազնվականներն ու կղերը հրահրում են Միության շտատների պառակտումը․ նրանք փող են ստանում զիվորներին վճարելու, բայց պահում են իրենց՝ հղփանալու համար․ բռնագրավված գույքերի վերադարձման վերաբերյալ հարուցված տասնհինգ հազար դատական գործ միշտ հետաձգվում է․ լյութերականներն ու կաթոլիկները միանում են կալվինիստների դեմ․ օրինական ժառանգորդները չեն կարողանում իրենց կալվածքներից հափշտակիչներին վռնդելու իրավունք ձեռք բերել․ դքսի արձանը կործանված է, սակայն ինկվիզիցիայի պատկերը նրանց սրտի մեջ է։
 
Եվ խեղճ ժողովուրդն ու վշտաբեկ քաղաքացիները շարունակում էին սպասել քաջարի ու հավատարիմ պարագլխին, որը նրանց ուզենար տանել ազատության ճակատամարտին։
 
Եվ նրանք ասում էին իրար․ «Ո՞ւր են կոմպրոմիսի պանծալի ստորագրողները, որոնք ի մի խմբվեցին հայրենիքի բարօրության համար։ Ինչո՞ւ այդ երկերեսանի մարդիկ այդպիսի «սուրբ դաշնակցություն» կնքեցին, եթե անմիջապես քայքայելու էին։ Ի՞նչ կարիք կար այդքան աղմուկ֊աղաղակով հավաքվել․ գրգռել արքայի բարկությունը, որպեսզի հետո երկչոտեն ու դավաճանաբար պառակտվեն։ Հինգ հարյուր հոգի էին նրանք՝ եղբայրաբար միացած մեծ ու փոքր սինյորները և կարող էին մեզ փրկել իսպանական ցասումից․ բայց նրանք զոհաբերեցին բելգիական երկրի շահը իրենց մասնավոր շահին, ինչպես արին Էգմոնտն ու Հոորնը»։
 
«Ավա՜ղ, ― ասում էին նրանք, ― դե հիմա տեսեք, գալիս է Դոն Ժուանը՝ գեղատեսիլ փառասերը, որը թշնամի է Ֆիլիպին, բայց ավելի մեծ թշնամի է մեր երկրին։ Նա գալիս է պապի և իր համար։ Ազնվականներն ու հոգևորականները դավաճանում են»։
 
Եվ սրանք մի թվացող պատերազմ են սկսում։ Գենտի ու Բրյուսելի մեծ ու փոքր փողոցների պատերի վրա, նույնիսկ գյոզերի նավերի կայմերի վրա երևացին դավաճանների՝ բանակի հրամանատարների և ամրոցների պետերի անունները ― կոմս Լիդենկերնեն, որ իր դղյակը չպաշտպանեց Դոն Ժուանից․ Լիեժի բերդապետը, որ ուզեց քաղաքը ծախել Դոն Ժուանին․ պարոնայք Աարշոտը, Մանսֆելդը, Բեռլեյմոնը, Ռասինգիենը, Պետական խորհրդի անդամ Ժորժ դը Ռոսինյոլը՝ Դոն Ժուանի էմիսարը, Ֆիլիպի ու Ժորեգիի միջև կնքված սպանության միջնորդը, Օրանժի իշխանի ձախողակ մահափորձը։ Կար և Կամբրեի արքեպիսկոպոսի անունը, որ փորձեց իսպանացիներին քաղաք մտցնել․ Անտվերպենի ճիզվիտների անունները, որոնք երեք տակառ ոսկի, այսինքն երկու միլիոն ֆլորին, առաջարկեցին գլխավոր շտատներին, որպեսզի դղյակը չկործանեն և պահեն Դոն Ժուանի համար․ Լիեժի եպիսկոպոսի, հայրենասերներին անվանարկող կաթոլիկ քարոզիչների անունները․ Ուտրեխտի եպիսկոպոսի անունը, որին հայրենասեր քաղաքացիներն ուղարկեցին այլ տեղ արածելու դավաճանության խոտը․ մուրացիկների միաբանության եղբայրների անունները, որոնք Գենտում դավում էին հօգուտ Դոն Ժուանի։ Բուալը֊Դյուքի (Հերցոգենբուշի) բնակիչները անարգանքի սյունին գամեցին կարմելյան միաբան Պետրոսի անունը, որ նրա եպիսկոպոսի և սրա կղերի օգնությամբ խոստանում էր քաղաքը հանձնել Դոն Ժուանին։
 
Դուեում, սակայն, չկախեցին համալսարանի նույնպես իսպանական դարձած ռեկտորի պատկերը․ բայց գյոզերի նավերի վրա խրտվիլակների վզից կախված կրծքատախտակի վրա կարդացվում էին վանականների, աբբաների և թեմական առաջնորդների անունները, ինչպես նաև Մալինի կուսանոց վանքի հազար ութ հարյուր հարուստ կանանց ու աղջիկների անունները, որոնք իրենց միջոցներով սնուցանում, ոսկեզօծում ու պճնազարդում էին հայրենիքի դավաճաններին։
 
Եվ այդ խրտվիլակների, դավաճանների անարգասյուների վրա կարդացվում էր Հարոյի մարքիզի՝ Ֆիլիպվիլ բերդաքաղաքի հրամանատարի անունը, որ անօգուտ կերպով վատնելով ռազմամթերքն ու պարենը, մթերքի պակասի պատրվակով բերդը հանձնեց թշնամուն․ Բելվերի անունը, որ հանձնեց Լեմբուրգը, մինչդեռ քաղաքը կարող էր ութ ամիս ևս դիմադրել, Ֆլանդրիայի խորհրդի նախագահի, Բրյուգգեի և Մալինի մագիստրատների անունները, որոնք իրենց քաղաքները պահել էին Դոն Ժուանի համար․ դավաճանության պատճառով փակված Գելդրի հաշվային գրասենյակի պաշտոնյաների անունները․ Բրաբանտի խորհրդի, դքսության կառավարչության, հատուկ և ֆինանսների խորհրդի մարդկանց անունները․ Մենինի մեծ դատավորի ու քաղաքապետի անունները, ինչպես և Արտուայի վատահամբավ հարևանների անունները, որոնք թողին, ասպատակության համար եկող երկու հազար ֆրանսիացիներն անարգել անցնեն։
 
― Ավա՜ղ, ― ասում էին քաղաքացիները, ― ահա Անժուի դուքսը ոտքը դրել է մեր երկիրը․ ուզում է թագավոր դառնալ այստեղ․ տեսա՞ք որ նա մտավ Մոնս՝ կարճահասակ, հաստ ազդրերով, խոշոր քթով, դեղին կերպարանքով, ծաղրական բերանով։ Մեծ իշխան է դա, սիրում է արտասովոր սերեր, և որպեսզի իր անվան մեջ կանացի շնորհագեղություն և առնական ուժ ունենա՝ նրան անվանում են Նորին բարձրություն տյար դուքս Անժուի։
 
Ուլենշպիգելը մտախոհ էր։ Եվ նա երգեց․
 
 
<poem>
Կապուտակ երկինք, արև շողշողուն,
Սև քող քաշեցեք մեր դըրոշներին,
Սև քող քաշեցեք աըրակոթերին։
:::Այժմ պետք չեն մեզ թանկ գոհարներ,
:::Շրջեցեք ձեր հայելիներ։
:::Երգում եմ երգը Մահի՝
:::Երգը դավաճանների։
 
Ոտքը դըրին մեր հպարտ
Բրաբանտի ու Ֆլանդրիայի,
Անտվերպենի, Հենոյի,
Լյուքսեմբուրգի, Արտուայի
Փորի վրա, կոկորդի։
Դավաճան է կղերը,
Դավաճան է սեպուհը,
Փորն է նրանց մղողը։
Երգում եմ երգը Մահի՝
Երգը դավաճանների։
 
Երբ թշնամին ամենուրեք
Կողոպտում է, և Անտվերպեն
Մտնում է նենգ իսպանացին՝
Հրամանատար, աբբա, տերտեր
Մետաքսազարդ ու ոսկեհուռ
Սիգաճեմում են քաղաքում,
Ընտիր գինուց դեմքը փայլուն՝
Անարգ հոգին են ցուցադրում։
 
Եվ նրանց շնորհիվ ինկվիզիցիան
Հաղթանակով նոր կարթնանա․
Տիտելմանները վերըստին
Կը կալանեն խուլ համրին՝
Անվանելով հերետիկոս։
Երգում եմ երգը Մահի՝
Երգը դավաճանների։
 
«Կոմպրոմիսը» ստորագրող
Երկչոտ, անարգ մեծավորնե՛ր,
Նզովյալ լինի անունը ձեր։
Ո՞ւր եք դուք այս մարտի ժամին։
Քայլում եք հանց սև ագռավներ՝
Հետևն ընկած իսպանացու։
Զարկեցե՛ք թմբուկը սգի։
 
Ո՞վ Բելգիա, գալոց օրերն
Քեզ կանիծեն, որ լավ զինված՝
Թույլ տվիր քեզ կողոպտեն։
Ո՜վ ապագա, մի ըշտապիր,
Դավաճաններն՝ տե՛ս, բանում են,
Քըսան էին, այժմ հազար են։
Ամեն պաշտոն գըրավելով՝
Մեծերն այդ մեծ ունեցվածքից
Փոքրերին էլ մաս են տալիս։
 
Համաձայնել են իրար հետ
Խորտակել մեր դիմադրությունն
Պառակտումով ու մեղկությամբ․
Այս է դեվիզը մատնիչների։
Սև քաշեցեք հայելիին․
Սև քաշեցեք սըրի կոթին։
Երգն եմ երգում դավաճանի։
 
Ապըստամբ են հայտարարել
Իսպանացուն, դժգոհներին․
Արգելել են նըրանց օգնել
Հաց ու ջրով, ապաստանով։
Բայց թե բռնես այդպիսիին,
Որ կախաղան բարձրացնես՝
Անմիջապես նրանք կազատեն։
 
Ելե՛ք, ասում են բրյուսելցիք,
Ելե՛ք, ասում են գենտցիկ,
Եվ ժողովուրդը մեր բելգիկ։
Բայց խե՜ղճ մարդիկ, ձեզ ուզում են
Ճզմել արքան ու նենգ պապը․
Որ խաչակրաց արշավանք է
Նյութում ընդդեմ Ֆլանդրիայի։
 
Արյան հոտ են առել ահա
Վարձկանները և գալիս են
Շան ոհմակով, բորենիի,
Մարդ ու օձի կերպարանքով։
Քաղցած են նրանք ու ծարավի։
Դժբա՜խտ երկիր պապենական,
Որ հասուն ես վասըն մահվան,
Կողոպուտի ու ավերման։
 
Իմացիր, որ Դոն Ժուանը չէ
Սարքում գործը Ֆարնեզեի՝
Պապի սիրած մանկլավիկի․
Այլ նրանք են, որոնց տվիր
Առատ ոսկի ու տիտղոսներ,
Որոնք քո հեզ զավակների,
Կին, աղջկա, եղբայրների
Խոստովանանքն են ընդունում։
 
Նրանք քեզ գետին են գըլորել,
Եվ քո բկին իսպանացին
Իր արյունոտ սուրն է դրել։
Ծիծաղեցին նրանք քեզ վա,
Երբ Բրյուսելում տոն սարքեցին
Լըռակյացի ժամանումին։
 
Երբ երկայնքին մեծ ջրանցքի
Այնքան հըրթիռ շողշողացին,
Հրճվանքն իրենց հանդեպ բերին
Թնդանոթներ արձակելով՝
Այդ նույն բանն էր, ո՜վ Բելգիա,
Երբ Հովսեփին եղբայրները
Եգիպտացուն վաճառեցին։
</poem>
թեստ
Ադմին, Վստահելի
1876
edits