«Հաղթական կամար - IV գլուխ»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «Մահճակալի վերևից կախված ջերմության թերթիկը նոր էր և դատարկ, Գրված էր միայն անունը, ազգանունը և հա...»:) |
չ |
||
Տող 1. | Տող 1. | ||
+ | {{Գլուխ|հիմնական=Հաղթական կամար|նախորդ=Հաղթական կամար - III գլուխ|հաջորդ=Հաղթական կամար - V գլուխ}} | ||
+ | |||
Մահճակալի վերևից կախված ջերմության թերթիկը նոր էր և դատարկ, Գրված էր միայն անունը, ազգանունը և հասցեն։ Լյուսիեննա Մարտինե։ Բյոլտտ Շոմոն։ Փողոց Կլավել։ | Մահճակալի վերևից կախված ջերմության թերթիկը նոր էր և դատարկ, Գրված էր միայն անունը, ազգանունը և հասցեն։ Լյուսիեննա Մարտինե։ Բյոլտտ Շոմոն։ Փողոց Կլավել։ | ||
10:21, 11 Հուլիսի 2014-ի տարբերակ
Հաղթական կամար | |
◀ Հաղթական կամար - III գլուխ | Հաղթական կամար - V գլուխ ▶ |
Մահճակալի վերևից կախված ջերմության թերթիկը նոր էր և դատարկ, Գրված էր միայն անունը, ազգանունը և հասցեն։ Լյուսիեննա Մարտինե։ Բյոլտտ Շոմոն։ Փողոց Կլավել։
Աղջկա մի տեսակ գորշագույն դեմքը հանգչում էր սպիտակ բարձի վրա։ Անցած երեկո նրան վիրահատել էին։ Ռավիկը զգուշորեն լսեց նրա սիրտը։ Հետո ուղղվեց։
— Հիմա ավելի լավ է։— Արյան ներարկումը մի փոքր հրաշք է գործել։ Եթե մինչև վաղը դիմանա, կնշանակի ապրելու շանս կա։
— Լավ է,— ասաց Վեբերը։— Շնորհավորում եմ։ Ես ավելի վատ էի կարծում։ Զարկերակը՝ հարյուր քառասուն, արյան ճնշումը ութսուն։ Կոֆեին, կորամին — համարյա բանը բանից անցել էր։
Ռավիկը ուսերր թոթվեց։
— Շնորհավորելու բան չկա։ Պարզապես սա ավելի շուտ է եկել, քան մյուսը։ Այն, որի ոտքին ոսկյա շղթա կար։ Ուրիշ ոչինչ։
Նա ծածկեց աղջկան։
— Սա երկրորդ դեպքն է այս շաբաթվա ընթացքում։ Եթե այսպես շարունակվի, կլինիկան Բյոլտտ Շոմոնում անհաջող աբորտ արված աղջիկների փրկության կլինիկա կդառնա։ Կարծեմ, մյուսն էլ էր այնտեղից, ճի՞շտ է։
Վեբերը գլխով արեց։
— Այո, միևնույն Կլավել փողոցից։ Ըստ երևույթին, նաև իրար ճանաչում էին և եղել են նույն մանկաբարձուհու մոտ։ Նույնիսկ միևնույն ժամանակ են եկել, երեկոյան։ Դեռ լավ է, որ ես ձեզ հյուրանոցում բռնացրի։ Կարծում էի, արդեն գնացած կյինեք։
Ռավիկը նայեց նրան։
— Հյուրանոցում ապրող մարդը, Վեբեր, մեծ մասամբ երեկոները որևէ տեղ է գնում։ Համարում մենակ նստելը, մանավանդ նոյեմբերին, այնքան էլ հաճելի չէ։
— Պատկերացնում ես։ Բայց ձեզ ո՞վ է ասում անընդհատ հյուրանոցում ապրեք։
— Ապրում եմ, որովհետև հարմար է և ոչ մի բանի չի պարտավորեցնում։
— Իսկ դա ձեզ դո՞ւր է գալիս։
— Այո,
— Բայց չէ՞ որ այդ նույնը կարելի է նաև ուրիշ տեղում։ Եթե փոքրիկ մի բնակարան վարձեք, մի՞թե նույնը չի լինելու։
— Երևի։
Ռավիկը նորից խոնարհվեց աղջկա վրա։
— Ձեր կարծիքով այդպես չէ՞, Էժենի,— հարցրեց Վեբերը։
Վիրաբուժական քույրը նրան նայեց։
— Մեսյո Ռավիկը երբեք դա չի անի,— ասաց նա սառնորեն։
— Բժիշկ Ռավիկը, Էժենի,— ուղղեց նրան Վեբերը։— Գերմանիայում նա շատ մեծ հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ է եղել։ Դիրքով ինձանից շատ ավելի բարձր;
— Այստեղ... — սկսեց քույրը, ուղղելով ակնոցը։
— Վեբերը ձեռքով ընդհատեց նրան։
— Լավ, լավ։ Մենք դա գիտենք։ Մեզ մոտ հաշվի չեն առնում օտարերկրյա դիպլոմները։ Բավական մեծ հիմարություն է, իհարկե։ Բայց դուք ի՞նչ գիտեք, որ նա բնակարան չի վարձի։
— Մեսյո Ռավիկը կորած մարդ է, նա երբեք ծածկ չի ունենա իր գլխին։
— Ի՞նչ,— զարմացած հարցրեց Վեբերը։— Ի՞նչ եք ասում։
— Մեսյո Ռավիկի համար այլևս սրբազան ոչինչ չկա։ Բանն այդ է։
— Բռավո,— ասաց Ռավիկը, դեռ աղջկա վրա խոնարհված։
— Երբևէ լսե՞լ էիք նման բան, Ռավիկ։— Վեբերը ակնապիշ նայեց Էժենիին։
— Մեսյո Ռավիկին հարցրեք, բժիշկ Վեբեր։
Ռավիկը ուղղվեց։
— Դուք ճիշ նշանին եք խփել, Էժենի։ Բայց եթե մեկի համար այլևս սրբազան ոչինչ չի մնում, նրա համար ամեն ինչ նորից և շատ ավելի մարդկայնորեն է դառնում սրբազան, Նա սկսում է հարգել նույնիսկ կյանքի այն կայծը, որը նշողվում է անձրևաորդի մեջ, հարկադրելով նրան ժամանակ առ ժամանակ դուրս գալ լույս աշխարհ։ Չընդունեք այս որպես համեմատություն։
— Դուք չեք կարոդ ինձ խոցել։ Ձեր մեջ ոչ մի հավատ չկա,— Էժենին եռանդով խալաթը ուղղեց կրծքին։— Իսկ ես, փառք աստծո, հավատ ունեմ։
Ռավիկը վերցրեց իր վերարկուն։
— Հավատը հեշտությամբ մարդուն ֆանատիկոս է դարձնում։ Ահա թե ինչու է կրոնների համար այդքան արյուն հեղվել։— Նա առանց թաքցնելու քմծիծաղեց։— Հանդուրժողությունը կասկածի դուստրն է, Էժենի։ Մի՞թե դուք ձեր այդ ամբողջ հավատով ավելի ագրեսիվ չեք տրամադրված իմ հանդեպ, քան ես՝ կործանված անհավատս, ձեր նկատմամբ։
Վեբերը ծիծաղեց։
— Հը, էժենի, նե՞ղն է գցել։ Ավելի լավ է, չպատասխանեք։ Գործն ավելի կվատացնեք։
— Իմ արժանապատվությունը, որպես կնոջ...
— Դե լավ, լավ,— ընդհատեց նրան Վեբերը։— Ձեր արժանապատվությունը թող մնա ձեզ։ Ոչ ոք ձեր ձեռքից չի խլում։ Իսկ ես հիմա գնում եմ։ Ընդունարանում գործ ունեմ։ Եկեք, Ռավիկ։ Ցտեսություն, Էժենի։
— Ցտեսություն, բժիշկ Վեբեր։
— Չտեսություն, բուժքույր Էժենի,— ասաց Ռավիկը։
— Ցտեսություն,— կրկնեց Էժենին մեծ դժվարությամբ և այն ժամանակ միայն, երբ Վեբերը շրջվեց ու նայեց նրան։
Վեբերի ընդունարանը լցված էր ամպիր ոճի կահույքով — սպիտակ, ոսկեգույն և նուրբ։ Գրասեղանի վերևում կախված էին նրա տան և պարտեզի լուսանկարները։ Պատի երկարւսթյամբ դրված էր մի լայն, մոդայիկ շեզլոնգ։ Վեբերը գիշերները կլինիկայում մնալիս դրա վրա էր քնում։ Կլինիկան պատկանում էր նրան։
— Ի՞նչ եք ուզում խմել, Ռավիկ։ Կոնյա՞կ թե «դյուբոնե»։
— Սուրճ, եթե ունեք։
— Իհարկե, ունեմ։
Վեբերը գրասեղանին դրեց էլեկտրական սրճամանը և միացրեց հոսանքին։ Հետո շրջվեց Ռավիկի կողմը։
— Դուք չէի՞ք կարող այսօր ճաշից հետո իմ փոխարեն բժշկական ստուգում անցկացնել «Օզիրիսում»։
— Ինքնըստինքյան հասկանալի է։
— Չե՞ք դժվարանա։
— Ամենևին։ Ես ոչ մի անելիք չունեմ։
Շատ լավ։ Այդ դեպքում ես ստիպված չեմ լինի ավելորդ անգամ քաղաք վերադառնալ։ Պարտեզում մի քիչ կաշխատեմ։ Ես Ֆոշոնին կխնդրեի, բայց նա արձակուրդում է։
— Դատարկ բան է,— ասաց Ռավիկը։— Առաջին անգա՞մն է, ինչ է, ես հաճախ եմ այնտեղ աշխատել։
— Ճիշտ է։ Բայց և այնպես...
— Մեր օրերում «բայց և այնպես» գոյություն, չունի։ Գոնե ինձ համար։
— Այո։ Մի տեսեք, թե ինչ հիմարություն է։ Զեզ նման մարդը իրավունք չունի պաշտոնապես ազատ աշխատելու։ Եվ նա ստիպված պետք է թաքնվի ու վիրահատությունները գաղտնի անի։
— Էհ, Վեբեր, դա արդեն հին պատմություն է։ Գերմանիայից փախած բոլոր բժիշկներն էլ իմ օրին են։
— Միևնույն է։ Մի՞թե դա ծիծաղելի չէ։ Դյուրանի ամենադժվարին ու բարդ վիրահատությունները դուք եք անում, իսկ ինքը ձեր շնորհիվ իր համար անուն է հանում։
— Դա ավելի լավ է, քան եթե ինքը աներ։
Վեբերը ծիծաղեց։
— Ով-ով, գոնե ես չպետք է խոսեի։ Չէ՞ որ իմ վիրահատություններն էլ եք դուք անում։ Բայց դե վերջին հաշվով ես հիմնականում կանացի բժիշկ եմ և ոչ թե վիրաբույժ։
Սրճամանն սկսեց սուլել։ Վեբերը անջատեց, պահարանից վերցրեց բաժակները և սկսեց լցնել։
— Միայն մի բան չեմ հասկանում, Ռավիկ,— ասաց նա։— Իսկապես ինչո՞ւ եք դուք մինչև հիմա այդ բնում, «Ինտերնացիոնալում» ապրում։ Ինչո՞ւ չեք որևէ բնակարան վարձում Բուլոնյան անտառի մոտերքը գտնվող այդ նոր շենքերից մեկում։ Մի երկու-երեք կտոր անհրաժեշտ ու էժանագին կահույք դուք միշտ էլ կարող եք գնել։ Գոնե այդ դեպքում կիմանաք, որ մի բան ունեք։
— Իհարկե,— ասաց Ռավիկը։— Այն ժամանակ ես կիմանայի, որ մի բան ունեմ։
— Տեսնո՞ւմ եք։ Ուրեմն, ինչո՞ւ չեք այդպես անում։
Ռավիկը մի կում սուրճ խմեց, որը շատ թունդ էր և դառը։
— Վեբեր,— ասաց նա,— մեր ժամանակի հիվանդության համար դուք սքանչելի օրինակ եք։ Այդ հիվանդությունը մտածողության անհոգությունն է։ Դուք անկեղծորեն վշտացած եք, որ ես հարկադրված եմ անլեգալ աշխատել, սակայն նույն այդ վայրկյանին էլ հարցնում եք, թե ես ինչո՛ւ բնակարան չեմ վարձում։
— Ի՞նչ կապ կա դրանց միջև։
Ռավիկը ներողամտորեն ծիծաղեց։
— Եթե ես բնակարան վարձեմ, ուրեմն, պետք է նաև ոստիկանությունում գրանցվեմ։ Իսկ դրա համար ինձ անհրաժեշտ է անձնագիր և վիզա։
— Ճիշտ է։ Ես այդ մասին չէի մտածել։ Իսկ հյուրանոցո՞ւմ։
— Հյուրանոցում դրանք նույնպես պետք են։ Բայց, բարեբախտությունն այն է, որ Փարիզում դեռ պահպանվում են մի քանի հյուրանոցներ, որտեղ գրանցման վրա առանձին ուշադրություն չեն դարձնում,— Ռավիկը իր սուրճի մեջ մի քիչ կոնյակ լցրեց։— Այսպիսի հյուրանոցներից մեկն էլ հենց «Ինտերնացիոնալն» է։ Ահա թե ինչի համար եմ ես այնտեղ ապրում։ Թե ինչպես է հյուրանոցի տիրուհին գլուխն ազատել դրանից, դա արդեն ես չգիտեմ։ Ըստ երևույթին, ինչ-որ կապեր ունի։ Իսկ ոստիկանությունը այդ մասին կամ իսկապես ոչինչ չգիտի, և կամ էլ բերանները մի բան են գցել։ Բոլոր դեպքերում, արդեն երկար ժամանակ է ինչ ես առանց գլխացավանքի ապրում եմ այնտեղ։
Վեբերը հենվեց աթոռի թիկնատեղին։
— Ռավիկ,— ասաց նա,— ես այդ չգիտեի։ Ինձ թվում էր, թե ձեզ այստեղ միայն աշխատելն է արգելվում։ Իսկապես որ շատ հիմար դրության մեջ եք։
— Գերմանական համակենտրոնացման ճամբարի համեմատությամբ սա արքայություն է։
— Իսկ ոստիկանությո՞ւնը։ Հանկարծ ու հայտնվեցին։
— Եթե ճանկները գցեն, մի քանի շաբաթ բանտ կնստեցնեն և կարտաքսեն։ Սովորաբար քշում են Շվեյցարիա։ Կրկնվելու դեպքում վեց ամիս բանտ են նստեցնում։
— Ի՞նչ։
— Վեց ամիս բանտ,— կրկնեց Ռավիկը։
Վեբերը զարմացած նրան նայեց։
— Չի կարող պատահել։ Դա ուղղակի անմարդկային է։
— Ես էլ էի այդպես կարծում, մինչև որ սովորեցի։
— Ինչպե՞ս թե սովորեցի։ Մի՞թե ձեզ հետ այդպիսի բան է տեղի ունեցել։
— Իհարկե, և այն էլ ոչ թե մեկ անգամ։ Երեք անգամ։ Ճիշտ այնպես, ինչպես հարյուրավորների հետ։ Սկզբնական շրջանում, երբ ես դեռ գաղափար չունեի այդ ամենից և հավատում էի այսպես կոչված մարդասիրությանը։ Դա իմ Իսպանիա գնալուց առաջ էր, որտեղ ես անձնագրի կարիք չունեի և երկրորդ անգամ մարդասիրության գործնական դաս ստացա։ Այդ դաս տվողները գերմանական և իտալական օդաչուներն էին։ Հետագայում, երբ ես վերադարձա, արդեն շատ բան հասկացա։
Վեբերը տեղից կանգնեց։
— Տե՜ր իմ աստված...— մտքում հաշվեց նա,— ուրեմն դուրս է գալիս, որ դուք զուր տեղը մի տարուց ավելի բանտ եք նստել։
— Այդքան երկար չէ։ Ընդամենը երկու ամիս։
— Ինչպե՞ս թե երկու ամիս։ Դուք ասացիք, որ կրկին բանտարկվելու դեպքում վեց ամիս են նստեցնում։
Ռավիկը ժպտաց։
— Փորձ ունենալու դեպքում, բանը չի հասնում մինչև երկրորդ բանտարկության։ Մարդու արտաքսում են մի անվան տակ, վերադառնում է մի ուրիշ անվամբ։ Եվ սահմանն էլ աշխատում է անցնել հնարավորին չափ ուրիշ տեղով։ Այդ ձևով է մարդ խուսափում երկրորդ բանտարկությունից։ Քանի որ մեր ձեռքին ոչ մի փաստաթուղթ չկա, ոչինչ ապա ցուցել չի կարելի։ Միակ վտանգն այն է, որ դեմքից կարող են ճանաչել։ Իսկ դա էլ շատ հազվադեպ է պատահում։ Ռավիկն արդեն իմ երրորդ անունն է։ Մոտ երկու տարի է, ինչ ես այդ անվան տերն եմ։ Եվ այդ ընթացքում դեռ ոչինչ չի պատահել։ Ինչպես երևում է, դա ինձ բախտավորություն է բերում։ Օրըստօրե այդ անունն ինձ համար ավելի ու ավելի սիրելի է դառնում։ Իսկ իմ իսկական անունը ես համարյա թե արդեն մոռացել եմ։
Վեբերը գլուխն օրորեց։
— Եվ այս բոլորի պատճառը լոկ այն է, որ դուք նացիստ չեք։
— Ինքնըստինքյան հասկանալի է։ Նացիստները առաջին կարգի փաստաթղթերով են ապահովված։ Եվ ուզածդ վիզայով, մի խոսքով, այն ամենով, ինչ կարող է նրանց մտքով անցնել։
— Հիանալի աշխարհում ենք ապրում։ Իսկ կառավարությունն ի՞նչ է անում։ Գոնե նա մի բան աներ։
— Կառավարությունը մի քանի միլիոն գործազուրկ ունի, որոնց մասին առաջին հերթին պետք է մտածի։ Եվ այդպիսի վիճակում է ոչ միայն Ֆրանսիան։ Ամենուրեք նույն պատմությունն է։— Ռավիկը տեղից ելավ։— Ցտեսություն, Վեբեր։ Երկու ժամից հետո ես նորից պետք է նայեմ աղջկան։ Մի անգամ էլ գիշերը։
Վեբերը նրան ուղեկցեց մինչև դուռը։
— Լսեք, Ռավիկ,— ասաց նա,— գոնե մի անգամ ինձ մոտ եկեք երեկոյան կողմը։ Միասին կընթրենք։
— Անպայման կգամ։— Ռավիկը գիտեր, որ չի գնա։— Հենց որ մի քիչ ժամանակ լինի։ Դե լավ, ցտեսություն, Վեբեր։
— Ցտեսություն, Ռավիկ։ Իսկապես, անպայման եկեք։
Ռավիկը մտավ մոտակա բիստրոն։ Նստեց լուսամուտներից մեկի մոտ, որպեսզի կարողանա փողոց նայել։ Նա խելագարի պես սիրում էր այդպես նստել ու նայել փողոցի անցորդներին։ Փարիզն այն միակ քաղաքն էր, որտեղ մարդ կարող էր, առանց որևէ լուրջ բանով զբաղվելու, հիանալի անցկացնել իր ժամանակը։
Քելները սրբեց սեղանը և սպասողական կանգնեց նրա մոտ։
— Մի բաժակ «պերնո»,— ասաց Ռավիկը։
— Ջրո՞վ, մեսյո։
— Ոչ։ Սպասեք։— Ռավիկը մի պահ մտածեց։— «Պերնո» մի բերեք։
Ներսը մի բան կար, որ նա պետք է մաքրեր կորչի։ Դա մի դառը համ էր։ Իսկ դրա համար անիսոնի քաղցրավուն հեղուկը պիտանի չէր, թունդ բան էր պետք։
— Կալվադոս բերեք,— ասաց նա քելներին,— երկու բաժին միանգամից։
— Այս րոպեիս, մեսյո։
Հանկարծ նա զգաց, թե ինչը իր տրամադրությունը փչացրեց։ Դա Վեբերի հրավերքն էր, որի մեջ կարեկցանքի ինչ-որ երանգ կար։ Հնարավորություն տալ իրեն գոնե մի անգամ երեկոյան անցկացնել ընտանեկան մթնոլորտում։ Ֆրանսիացիները շատ հազվադեպ են իրենց բարեկամներին տուն հրավիրում։ Նրանք դրա համար նախընտրում են ռեստորանը։ Ռավիկը երբեք Վեբերի տանը չէր եղել։ Եվ այդ հրավերը թեև արված էր անկեղծորեն, այնուամենայնիվ, մի տեսակ խոցել էր նրան։ Մարդ կարող է վիրավորանքից պաշտպանվել, բայց կարեկցանքից հնարավոր չէ պաշտպանվել։
Ռավիկը խնձորի օղուց մի կում բերանն առավ։ Ինչո՞ւ Վեբերին բացատրեց, թե ինքն ինչ պատճառով է «Ինտերնացիոնալում» ապրում։ Դրա անհրաժեշտությունն ամենևին էլ չկար։ Վեբերը գիտեր այն, ինչ պետք է իմանար։ Նա գիտեր, որ Ռավիկն իրավունք չունի վիրահատություններ կատարելու, ուրեմն, դրանով էլ պետք է գործը վերջանար։ Իսկ որ այդ իմանալով հանդերձ, նա, այնուամենայնիվ, աշխատում էր իր հետ, դա արդեն իր գործն է։ Վեբերը քիչ փող չի վաստակում իր շնորհիվ, և իր օգնությամբ նա կարող է այնպիսի վիրահատություններ հանձն առնել, որոնց ինքը Վեբերը երբեք չէր էլ համարձակվի ձեռք մեկնել։ Ոչ ոք այդ չգիտեր — իմացողը ինքն էր և վիրաբուժական քույրը՝ Էժենին, իսկ Էժենին գաղտնիք պահել գիտեր։ Նույն պատմությունը նաև Դյուրանի հետ էր։ Այն տարբերությամբ, որ այնտեղ ամեն ինչ ուղեկցվում էր արարողություններով։ Վիրահատությունից առաջ Դյուրանը պացիենտի հետ մնում էր այնքան ժամանակ, մինչև որ վերջինս քնում էր նարկոզի տակ։ Եվ դրանից հետո էր միայն, որ գալիս էր Ռավիկը և սկսում վիրահատությունը, որի համար Դյուրանը չափազանց ծեր էր և անընդունակ։ Երբ պացիենտը կրկին արթնանում էր, Դյուրանը հայտնվում էր նորից նրա մահճակալի մոտ՝ որպես հպարտ վիրաբույժ։ Ռավիկը պացիենտին տեսնում էր միայն ծածկած վիճակում, տեսնում էր սոսկ նրա մարմնի նեղլիկ այն շերտը, որը բաց էր ու յոդով մշակված վիրահատության համար։ Ռավիկը հաճախ չգիտեր էլ, թե ինքը ում է վիրահատում։ Դյուրանը հայտնում էր նրան դիագնոզը, և սա էլ սկսում էր վիրահատել, նա Ռավիկին վճարում էր վիրահատության համար իր ստացածի մեկ տասներորդից ավելի պակաս, Ռավիկը ոչ մի առարկություն չէր ունենում, ավելի լավ էր այդպես, քան բոլորովին գործ չունենալ։ Վեբերի հետ նա աշխատում էր ընկերաբար։ Վեբերը նրան վճարում էր իր ստացածի մեկ քառորդը։ Դա արդեն ազնիվ քայլ է։
Ռավիկը լուսամատից դուրս էր նայում։ Է՛լ ինչ մտածի։ Նրան հիմա շատ քիչ բան էր մնացել։ Ապրում էր, էլ ինչ էր պետք, այդքանն էլ բավական էր նրան։ Ապրում էր հեղհեղուկ մի ժամանակաշրջանում։ Ուրեմն, էլ ինչո՞ւ փորձ անել ինչ-որ բան կառուցելու, երբ շուտով ամեն ինչ նորից կկործանվի։ Ավելի լավ է հոսանքի հետ լողալ, քան թե զուր տեղը ուժեր վատնել, չէ որ այդ ուժերը միակ այն բանն է, որը վատնելուց հետո այլևս չի վերականգնվում։ Դիմանա՛լ այնքան ժամանակ, մինչև որ նորից մի նպատակ հայտնվի։ Եվ մարդ որքան քիչ ուժեր վատնի, այնքան ավելի լավ իր համար, որովհետև այդ ուժերը կմնան, կմնան իր մեջ՝ հետագայի համար։ Մի դարաշրջանում, երբ ամեն ինչ կործանվում է, մրջնային համառությամբ նորի՞ց կանոնավոր կյանք ստեղծել։ Նա գիտեր, թե քանի-քանիսներն են անհաջողության մատնվել այդ ճանապարհին։ Դա սրտաշարժ էր, հերոսական, ծիծաղելի... և անօգուտ։ Դա միայն ուժ էր ջլատում։ Անհնար է կանգնեցնել լեռն ի վար գլորվող ձյան հյուսը։ Եվ նա, ով փորձի կանգնեցնել այն, ինքը կմնա նրա տակ։ Ավելի լավ է սպասել մինչև վերջանա, ապա նոր միայն դուրս հանել կենդանի թաղվածներին։ Հեռավոր արշավի գնալիս մարդ պետք է թեթև բեռ վերցնի։ Փախուստի դիմելիս նույնպես...
Ռավիկը նայեց ժամացույցին։ Լուսիեննա Մարտինեի մոտ գնալու ժամանակն էր։ Որից հետո արդեն կգնա «Օզիրիս»։
«Օզիրիսում» պոռնիկներն արդեն սպասում էին։ Թեև այդ հաստատության բժիշկը պաշտոնական կերպով կանոնավոր ստուգում էր նրանց, այնուամենայնիվ, տիրուհին դրանով չէր բավարարվում։ Նա չէր կարող հանդուրժել, որ մեկնումեկը իր հաստատությունում վարակվի, այդ պատճառով էլ Վեբերի հետ պայման էր կապել, որպեսզի աղջիկները յուրաքանչյուր հինգշաբթի մի անգամ ես մասնավոր կերպով ստուգվեին։ Ռավիկը երբեմն այդ օրերին փոխարինում էր Վեբերին։
Տիրուհին առաջին հարկում բժշկական ստուգումների համար կահավորված մի սենյակ էր առանձնացրել։ Նա անսահման հպարտ էր, որ ավելի քան մի տարի իր հաճախորդներից և ոչ մեկը որևէ վարակ այդ հաստատությունից դուրս չէր բերել։ Բայց դրա փոխարեն, հակառակ աղջիկների ամեն տեսակի զգուշություններին, հաճախորդներից տասնյոթ հոգի իրենք էին վեներական հիվանդություններով վարակել աղջիկներին։
Ռոլանդեն՝ վերակացուն, Ռավիկի համար մի շիշ բրենդի բերեց և մի բաժակ։
— Իմ կարծիքով, Մարթան վարակվել է,— ասաց նա։
— Շատ լավ։ Ես կստուգեմ։
— Երեկ ես նրան թույլ չտվի, որ աշխատի։ Իհարկե, նա չի խոստովանում։ Բայց սպիտակեղենը...
— Լավ, Ռոլանդե։
Աղջիկները հերթով մեկը մյուսի հետևից շապկանց ներս էին մտնում։ Ռավիկը համարյա բոլորին էլ ճանաչում էր։ Անծանոթ էին միայն երկուսը, դրանք նոր աղջիկներ էին։
— Ինձ կարող եք չստուգել, բժիշկ,— ասաց Լեոնիեն, շիկահեր գասկոնուհին։
— Ինչո՞ւ։
— Հաճախորդներ չեն եղել, ամբողջ շաբաթը։
— Իսկ տիրուհին ինչպե՞ս է վերաբերվում դրան։
— Ինչպե՞ս պետք է վերաբերվի։ Ես բավական շամպայն եմ սաղացրել։ Ամեն երեկո՝ յոթ շիշ։ Տուլուզցի երեք առևտրականներ էին։ Ամուսնացած։ Երեքն էլ ուզում էին, բայց քաշվում էին իրարից։ Ամեն մեկն իր հերթին վախենում էր, որ եթե ինքն ինձ հետ լինի, մյուսները տանը կսկսեն այդ մասին խոսել։ Դրա համար էլ իրենց լակելու էին տալիս։ Ամեն մեկը կարծում էր, թե ինքը չի հարբի։— Լեոնիեն ծիծաղեց ու ծուլորեն քորեց իրեն։
— Իսկ նա, ով չէր հարբում, չէր կարողանում այլևս տեղից կանգնել։
— Շատ լավ։ Բայց միևնույն է, ես քեզ պետք է ստուգեմ։
— Ոնց ուզում եք։ Դուք սիգարետ չունե՞ք, բժիշկ։
— Ունեմ, ահա, վերցրու։
Ռավիկը վերցրեց քսուքը և ներկեց։ Հետո առարկայական ապակին դրեց միկրոսկոպի տակ։
— Գիտե՞ք ինձ համար ինչն է անհասկանալի,— ասաց Լեոնիեն, երբ Ռավիկը ստուգում էր նրան։
— Ի՞նչը։
— Այն, որ այս բոլորն անելուց հետո չեք զզվում կանանցից։
— Ճիշտն ասած, դա ինձ համար էլ է անհասկանալի։ Դու ազատ ես, բան չկա։ Ո՞ւմ հերթն է։
— Մարթայի։
Մարթան գունատ, բարալիկ և խարտյաշ մի աղջիկ էր։ Նա նման էր բոատիչելյան հրեշտակներին, սակայն խոսում էր Ռյու Բլոնդելի բարբառով։
— Ես վարակված չեմ, բժիշկ։
— Հիանալի է։ Հիմա կտեսնենք։
— Իսկապես։ Ես ոչ մի վարակ չունեմ։
— Ավելի լավ։
Ռոլանդեն հանկարծ կանգնեց սենյակի մեջտեղում։ Նա հայացքը գցեց Մարթայի վրա։ Աղջիկը լռեց և անհանգիստ նայեց Ռավիկին։ Ռավիկն սկսեց ստուգել նրան ինչպես պետքն է։
— Ձեզ ասում եմ, որ վարակված չեմ, բժիշկ։ Դուք գիտեք, որ ես զգույշ եմ։
Ռավիկը ոչինչ չասաց։ Աղջիկը շարունակում էր խոսել, հետո կմկմաց, մի պահ կանգ առավ ու նորից շարունակեց։
Ռավիկը վերցրեց քսուքը և ստուգեց։
— Դու վարակված ես, Մարթա,— ասաց նա։
— Ի-ի՞նչ,— նա տեղից վեր ցատկեց։— Դա ճիշտ չէ։
— Ճիշտ է։
Նա նայեց Ռավիկին։ Հետո հանկարծ պոռթկաց ու սկսեց անեծքների ու հայհոյանքների հեղեղ տեղալ։
— Այդ անասունը։ Այդ կեղտոտ խոզը։ Ախր ես չէի ուզում հավատալ այդ կեղտոտ անասունին։ Ասում էր ուսանող է, այն էլ բժշկական ինստիտուտի ուսանող, այդ տխմարը։
— Քեզ ո՞վ էր ասում անզգույշ լինես։
— Ես զգույշ էի, բայց ամեն ինչ շատ արագ կատարվեց, մանավանդ, որ ինքն էլ իրեն բժշկական ինստիտուտի ուսանողի պես էր պահում։
Ռավիկը գլուխը տմբտմբացրեց։ Սովորական հին պատմություն է։ Բժշկական ինստիտուտի ուսանող է եղել, որը վարակվել է տրիպերով և որոշել ինքն իրեն բուժել։ Ապա երկու շաբաթից հետո, առանց ստուգվելու, իրեն արդեն առողջացած է համարել։
— Սա ինչքա՞ն է տևելու, բժիշկ։
— Վեց շաբաթ,— ասաց Ռավիկը, թեև գիտեր, որ ավելի երկար է տևելու։
— Վեց շաբա՞թ։ Վեց շաբաթ առանց վաստակի՞։ Հիվանդանոցո՞ւմ։ Ես հիվանդանոցո՞ւմ պետք է բուժվեմ։
— Տսնենք։ Գուցե հնարավոր լինի բուժման մի մասն էլ հետագայում տանը անցկացնել, եթե դու խոսք տաս, որ...
— Ես խոստանում եմ ամեն ինչ, միայն թե ոչ հիվանդանոցում։
— Սկզբում դու պետք է այնտեղ պառկես։ Ուրիշ կերպ լինել չի կարող։
Աղջիկը նայեց Ռավիկին։ հիվանդանոցից բոլոր պոռնկուհիները սարսափում էին։ Հսկողությունն այնտեղ շատ խիստ էր։ Բայց այլ կերպ հնարավոր չէր։ Տանը բուժվելիս, հակառակ տված ամեն տեսակի խոստումներին, նրանք մի երկու օրից հետո, ինչպես էլ ուզում է լինի, թաքուն դուրս էին գալիս իրենց համար հաճախորդներ փնտրելու և հրապուրելու նրանց, որպեսզի կարողանան մի բան վաստակել։
— Հիվանդանոցի համար տիրուհին կվճարի,— ասաց Ռավիկը։
— Բայց ես, ես։ Վեց շաբաթ ես ո՞նց մնամ առանց վաստակի։ Մանավանդ որ ապառիկ մի սևագորշ աղվեսի մորթի եմ գնել։ Եթե ես ճիշտ ժամանակին ամսական հասանելիք վճարը չտամ, ուրեմն մուծումներս իրենց ուժը կկորցնեն։
Նա սկսեց լաց լինել։
— Արի, Մարթա,— ասաց Ռոլանդեն։
— Դուք այլևս ինձ ետ չեք ընդունի։ Ես դա գիտեմ։— Մարթան սկսեց ավելի ուժեղ հեկեկալ։— Դրանից հետո դուք ինձ այլևս չեք վերցնի։ Դուք երբեք այդ բանը չեք անի։ Ուրեմն, ես պետք է փողոցներում քարշ գամ։ Եվ այս բոլորը այդ քոսոտ շան պատճառով։
— Մենք էլի քեզ կվերցնենք։ Դու լավ աշխատող ես, հաճախորդները քեզ սիրում են։
— Ճի՞շտ եք ասում,— Մարթան վեր բարձրացրեց աչքերը։
— Իհարկե։ Դե արի, արի։
Մարթան Ռոլանդեի հետ դուրս եկավ։ Ռավիկը նայեց նրա հետևից, նա գիտեր, որ Մարթային այլևս ետ չեն ընդունի։ Տիրուհին չափազանց զգույշ կին էր՝ դրա համար։ Մարթայի հետագա կյանքը անցնելու էր կամ Ռյու Բլոնդելի վրա գտնվող էժանագին պոռնկատներում կամ փողոցներում։ Իսկ հետո կոկաին, հիվանդանոց։ Ծաղիկ կամ սիգարետ վաճառել։ Եվ կամ էլ, եթե բախտը բերի, մի սուտենյոր, որը նրան կծեծեր, կօգտագործեր և վերջիվերջո մի օր դուրս կշպրտեր։
«Ինտերնացիոնալ» հյուրանոցի ճաշարանը գտնվում էր գետնի տակ։ Այդ պատճառով էլ հյուրանոցում բնակվողները դա անվանում էին «կատակոմբա»։ Ցերեկը կաթնագույն ապակու մի քանի հաստ սալերի միջով, որոնցով սալարկված էր բակի կեսը, ճաշարան էր թափանցում խավար մի լույս, Ձմեռը զրկված լինելով նույնիսկ դրանից, ամբողջ օրը լուսավորվում էր էլեկտրականությամբ։ Ճաշարանը միաժամանակ ծխարան էր, գրելու սենյակ, հյուրասրահ, ժողովարան և փրկարար ապաստարան՝ անձնագիր չունեցող էմիգրանտների համար։ Ոստիկանական ստուգումների ժամանակ նրանք կարող էին այդտեղից դուրս գալ բակ, բակից՝ գարաժ, իսկ գարաժից՝ հարևան փողոցը։
Ռավիկն ու գիշերային «Շեհերազադե» ակումբի դռնապան Բորիս Մորոզովը նստել էին «կատակոմբային այն անկյունում, որը տիրուհին կոչում էր «Արմավենու սրահ»։ Այդտեղ մայոլիկայի մի մեծ թաղարի մեջ, որը դրված էր բարալիկ ոտքերով սեղանի վրա, նվազ մի արմավենի քարշ էր տալիս իր միապաղապ կյանքը։ Մորոզովն արդեն տասնհինգ տարի էր, ինչ ապրում էր Փարիզում։ Նա առաջին համաշխարհային պատերազմի ժամանակվանից մնացած այն սակավաթիվ ռուս էմիգրանտներից էր, որոնք իրենց չէին ներկայացնում որպես գվարդիական սպաներ և չէին պարծենում իրենց ազնվական ծագումով։
Նրանք շախմատ էին խաղում։ «Կատակոմբան» դատարկ էր։ Միայն սեղաններից մեկի շուրջն էր, որ մի քանի հոգի նստել էին և, բարձր-բարձր խոսելով, րոպեն մի անգամ կենացներ էին խմում։
Մորոզովը գրգռված նայեց նրանց կողմը։
— Դու կարո՞ղ ես ինձ բացատրել, Ռավիկ, թե ինչու է հատկապես այս երեկո այստեղ այսպիսի աղմուկ։ Ինչո՞ւ այդ էմիգրանտները չեն գնում քնելու։
Ռավիկը ծիծաղեց։
— Իմ ի՞նչ գործն է, թե էմիգրանտները ինչ են անում։ Դա հյուրանոցի ֆաշիստական ֆրակցիան է։
— Իսպանի՞ա։ Չէ որ դու այնտեղ էլ ես եղել։
— Այո, բայց մյուս կողմում։ Ընդ որում՝ որպես բժիշկ։ Իսկ դրանք, այդ խոսողները, իսպանական մոնարխիստներն են, թունդ ֆաշիստները, նրանց ողորմելի մնացորդները, մյուսները վաղուց արդեն վերադարձել են։ Իսկ դրանք ոչ մի կերպ դեռ սիրտ չեն անում։ Ֆրանկոն նրանց համար պահանջվածին չափ քնքուշ չէ։ Իսկ ինչ իսպանացիներին կոտորող մարոկկացիներին է վերաբերում, ապա դա սրանց, իհարկե, չի հետաքրքրում։
Մորոզովը իր ֆիգուրաները շարեց։
— Ըստ երևույթին, դրանք հանդիսավորությամբ նշում են Գերնիկոյի գազանային ռմբակոծությունը։ Կամ էլ իտալական ու գերմանական գնդացրորդների տարած հաղթանակը իսպանական հանքափորների և գյուղացիների հանդեպ։ Ես դեռ դրանց այստեղ ոչ մի անգամ չէի տեսել։
— Մի քանի տարի է, ինչ դրանք այստեղ են։ Դու չես տեսել, որովհետև այստեղ չես ճաշում։
— Իսկ դու, ինչ է, այստե՞ղ ես ճաշում։
— Ոչ։
Մորոզովը քմծիծաղեց։
— Լավ,— ասաց նա,— էլ չեմ ուզում հարցեր տալ։ Թե չէ նորից կասես, որ ես իմ շուրջը ոչինչ չեմ նկատում։ Ինձ համար է, թող դրանք այս հորում ծնված լինեն։ Միայն թե մի քիչ կամաց խոսեին։ Ահա քեզ... հին, բարի թագուհու գամբիտ։
Ռավիկն իր քայլն սկսեց զինվորով։ Առաջին մի քանի քայլերը նրանք արագ խաղացին։ Հետո Մորոզովն սկսեց մտածել։
— Այստեղ Ալյոխինի վարիանտներից մի լավը կա։
Իսպանացիներից մեկը մոտեցավ նրանց։ Դա իրար մոտիկ գտնվող աչքերով մի մարդ էր։ Նա եկավ ու կանգնեց սեղանի կողքին, Մորոզովը դժկամորեն նայեց իսպանացուն, որը հազիվ էր կանգնում ոտքերի վրա։
— Պարոնայք,— ասաց նա քաղաքավարությամբ,— գնդապետ Գոմեսը խնդրում է ձեզ, մի բաժակ գինի խմեք նրա հետ։
— Պարոն,— նրան դիմելով, նույնքան քաղաքավարի ասաց Մորոզովը,— մենք խաղում ենք Փարիզի XVII օկրուգի շախմատային չեմպիոնատի առաջնության պարտիան։ Խորապես զգացված ենք, սակայն ձեզ միանալ չենք կարող։
Իսպանացու դեմքին ոչ մի մկան չշարժվեց։ նա Ռավիկին դիմեց այնպիսի ձևական հանդիսավորությամբ, կարծես Ֆիլիպպ II-ի արքունիքում լիներ։
— Վերջապես դուք գնդապետ Գոմեսին մի ծառայություն եք մատուցել։ Այդ պատճառով էլ իր մեկնելուց առաջ նա ցանկանում է ձեզ հետ մի բաժակ գինի խմել։
— Իմ խաղընկերը,— կրկնեց Ռավիկը նույն ձևական հանդիսավորությամբ,— ձեզ արդեն բացատրեց, որ մենք պետք է այս պարտիան վերջացնենք։ Հայտնեք իմ խորին շնորհակալությունը գնդապետ Գոմեսին։ Ես շատ ցավում եմ։
Իսպանացին խոնարհվեց և վերադարձավ։ Մորոզովը բեղի տակ ծիծաղեց։
— Ճիշտ այդպես, ինչպես ռուսներն էին անում էմիգրացիայի առաջին տարիներին։ Այնպես էին կպել իրենց տիտղոսներից և շարժուձևերից, կարծես դրանք փրկարար օղակ լինեին։ Ի՞նչ ծառայություն ես դու մատուցել այդ հոտտենտոտին։
— Մի օր ես նրան լուծողականի դեղատոմս եմ տվել։ Լատինական ժողովուրդները շատ բարձր են գնահատում անխափան մարսողությունը։
— Վատ չէր։— Մորոզովը աչքերը կկոցեց։— Դեմոկրատների հին թուլությունն է։ Ֆաշիստը միևնույն վիճակում գտնվելիս դեմոկրատին մկնդեղ կտար։
Իսպանացին ետ եկավ։
— Իմ անունր օբեր-լեյտենանտ Նավառո է,— ներկայացավ նա ծանր լրջությամբ այն մարդու, որը շատ է խմել, բայց ինքը չգիտի այդ։— Ես գնդապետ Գոմեսի համհարզն եմ։ Գնդապետն այս գիշեր դուրս է գալիս Փարիզից։ Նա մեկնում է Իսպանիա, որպեսզի միանա գեներալիսսիմուս Ֆրանկոյի փառապանծ բանակին։ Այդ պատճառով նա կցանկանար, որպեսզի ձեզ հետ մի բաժակ խմեր հանուն Իսպանիայի ազատության և իսպանական բանակի։
— Օբեր-լեյտենանտ Նավառո,— կարճ ասաց Ռավիկը։— Ես իսպանացի չեմ։
— Մենք այդ գիտենք։ Դուք գերմանացի եք։— Նավառոն ցույց տվեց կոնսպիրատիվ ժպիտի մի ստվեր։— Դա հենց այն հիմքն է, որով պայմանավորված է գնդապետ Գոմեսի ցանկությունը։ Գերմանիան և Իսպանիան բարեկամներ են։
Ռավիկը նայեց Մորոզովին։ Իրադրության ծաղրը շատ ուժեղ էր։ Մորոզովի շրթնանկյունները ցնցվեցին։
— Օբեր-լեյտենանտ Նավառո,— ասաց նա։— Ես ցավում եմ, բայց և այնպես հարկադրված եմ համառելու, որ այս պարտիան բժիշկ Ռավիկի հետ խաղացվի մինչև վերջը։ Արղյունքը հենց այս գիշեր հեռագրով պետք է հաղորդվի Նյու-Յորք և Կալկուտտա։
— Պարոն,— սառնորեն ասաց Նավառոն։— Մենք սպասում էինք, որ դուք կմերժեք։ Ռուսաստանը Իսպանիայի թշնամին է։ Հրավերը վերաբերվում էր միայն բժիշկ Ռավիկին։ Մենք հարկադրված էինք նաև ձեզ հրավիրել լոկ այն պատճառով, որ դուք միասին էիք նստած։
Մորոզովը իր հսկայական ափի մեշ դրեց տարած ձին ու նայեց Ռավիկին։
— Քեզ չի՞ թվում, որ այս կապկային խեղկատակությունը վերջացնելու ժամանակն է։
— Այո։— Ռավիկը շրշվեց դեպի իսպանացին։— Երիտասարդ, ինձ թվում է, ավելի լավ է դուք վերադառնաք ձեր ընկերների մոտ։ Դուք զուր տեղն եք վիրավորում գնդապետ Մորոզովին, որն այսօրվա Ռուսաստանի հետ ոչ մի կապ չունի։
Առանց պատասխան ստանալու, նա խոնարհվեց շախմատի տախտակի վրա։ Նավառոն մի պահ անվճռականորեն մնաց տեղում կանգնած և ապա հեռացավ։
— Նա հարբած է և լատինացիներից շատերի նման զուրկ է հումորի զգացումից,— ասաց Ռավիկը։— Բայց դա չի նշանակում, որ այդ զգացումը մենք նույնպես չպետք է ունենանք։ Ահա թե ինչու ես քեզ գնդապետ դարձրի։ Ինչքան ես գիտեմ, դու ընդամենը մի խեղճ փոխգնդապետ ես եղել։ Ինձ համար անտանելի թվաց, որ դու քո զինվորական աստիճանով այդ Գոմեսից ցած լինես։
— Քիչ խոսիր, տղաս։ Այդ խոսակցությունների պատճառով ես բաց թողի Ալյոխինի վարիանտը։ Ինչպես երևում է, փիղը կորավ։— Մորոզովը գլուխը բարձրացրեց։— Աստվա՜ծ իմ, մեկն էլ է գալիս։ Սա էլ, երևի, մյուս համհարզն է։ Ի՜նչ ժողովուրդ է։
Դա արդեն գնդապետ Գոմեսն ինքն էր։ Ռավիկը հարմարորեն ետ ընկավ աթոռի թիկնակին։
— Հիմա երկու գնդապետների միջև դիսկուսիա տեղի կունենա։
— Եվ շատ կարճ, տղաս։
Գնդապետն ավելի ձևական ու հանդիսավոր դուրս եկավ, քան Նավառոն։ Նա ներողություն խնդրեց Մորոզովից այն սխալի համար, որը թույլ էր տվել իր համհարզր։ Ներողությունը ընդունվեց։ Այժմ, երբ թյուրիմացությունն արդեն հարթված էր, Գոմեսը ինչոր ֆանտաստիկ մի հանդիսավորությամբ առաջարկեց ի նշանավորումն հաշտության մեկական բաժակ խմել Ֆրանկոյի կենացը։ Այս անգամ արդեն Ռավիկն ինքը հրաժարվեց։
— Գոնե որպես դաշնակից գերմանացի։— Գնդապետը բոլորովին շփոթվել էր։
— Գնդապետ Գոմես,— ասաց Ռավիկը, որը կամաց-կամաց համբերությունը կորցնում էր։— Եկեք ամեն ինչ թողնենք այն ձևով, ինչպես որ կա։ Խմեք ում կենացը որ ուզում եք, իսկ ես շախմատ եմ խաղում։
Գնդապետր փորձեց հասկանալ ասածը։
— Ուրեմն, դուք...
— Ավելի չավ է, եկեք չխորանանք,— ընդհատեց նրան Մորոզովը։— Դա կհանգեցնի ավելորդ վեճերի։
Գոմեսն իրեն ավելի կորցրեց։
— Բայց չէ՞ որ դուք որպես սպիտակգվարդիական և ցարական սպա, պարտավոր եք դեմ լինել...
— Մենք ոչինչ պարտավոր չենք։ Մենք շատ հնացած արարածներ ենք։ Մեր քաղաքական հայացքները իրար չեն բռնում, բայց, չնայած դրան, մենք իրար գանգ չենք ջարդում։
Ըստ երևույթին, Գոմեսը վերջապես հասկացավ։ Նա մի տեսակ ձգվեց։
— Հասկանալի է,— ասաց նա։— Կակող դեմոկրատիա...
— Սիրելիս,— վրա բերեց Մորոզովը, հանկարծական սպառնագին ձայնով,— կորեք այստեղից։ Դուք կորած պետք է լինեիք դեռ մի քանի տարի առաջ։ Իսպանիա։ Կռվելու։ Մինչդեռ ձեր փոխարեն այնտեղ կռվում են գերմանացիներն ու իտալացիները։ Ադյո։
Նա տեղից կանգնեց։ Գոմեսը, հայացքն առանց Մորոզովից հեռացնելու, քայլը ետ գցեց։ Հետո միանգամից շուռ եկավ և գնաց դեպի իր սեղանը։ Մորոզովը նորից նստեց։ Նա հառաչեց ու զանգեց մատուցողին։
— Կլարիսսե, մեզ համար երկու կրկնակի կալվադոս բերեք։
Կլարիսսեն գլխով արեց ու անհետացավ։
— Քա՜ջ զինվորներ են,— Ռավիկը ծիծաղեց։— Պրիմիտիվ մտածողություն և պատվի բարդ հասկացողություն։ Երկուսն էլ խիստ բարդացնում են կյանքը, երբ մարդ հարբած է լինում։
— Տեսնում եմ... Ահա հիմա էլ հաջորդն է գալիս։ Իսկական շքերթ է։ Այս մեկն ո՞վ է։ Չլինի՞ Ֆրանկոն ինքն է։
Դա նորից Նավառոն էր։ Նա սեղանին չհասած, երկու քայլի վրա կանգ առավ և դիմեց Մորոզովին.
— Գնդապետ Գոմեսը ափսոսում է, որ ձեզ չի կարող մենամարտի կանչել։ Նա այս գիշեր մեկնում է Փարիզից։ Բացի այդ, նրա միսիան այնքան է կարևոր, որ հազիվ թե ցանկանա բարդություններ ստեղծել ոստիկանության հետ։— Նա շրջվեց դեպի Ռավիկը։— Գնդապետ Գոմեսը պարտք էր մնացել ձեր կոնսուլտացիայի հոնորարը։
Նա սեղանին շպրտեց ճմրթված մի հինգֆրանկանոց և ուզեց գնալ։
— Մի րոպե,— ասաց Մորոզովը։
Կլարիսսեն մատուցարանով արդեն կանգնած էր սեղանի կողքին։ Մորոզովը վերցրեց կալվադոսով բաժակը, նայեց, գլուխն օրորեց և նորից դրեց տեղը։ Հետո մսւտուցարանից վերցրեց ջրով լի բաժակը և շփեց Նավառոյի երեսին։
— Սա, երևի, ձեզ կսթափեցնի,— հանգիստ բացատրեց նա։— Հետագայում չմոռանաք, որ փողը չեն շպրտում։ Իսկ հիմա կորեք այստեղից, միջնադարյան ապուշ։
Նավառոն շփոթահար սկսեց երեսը սրբել։ Մոտեցան մյուս իսպանացիները։ Նրանք չորս հոգի էին։ Մորոզովը դանդաղ տեղից վեր կացավ։ Նա իսպանացիներից մի գլխով բարձր էր։ Ռավիկն առանց տեղից շարժվելու նայեց դնդապետ Գոմեսին։
— Ձեզ ծիծաղելի դրության մեջ մի՛ դրեք,— ասաց նա։— Դուք բոլորդ հարբած եք։ Ամենաչնչին հեռանկար անգամ չունեք։ Երկու րոպե էլ չի քաշի մենք ձեր ոսկորները կփշրենք։ Եթե հարբած էլ չլինեիք, միևնույն է, ոչնչի չէիք հասնի։
Նա տեղից վեր թռավ, վայրկենապես բռնեց Նավառոյի արմունկներից, պտտեց և, վեր բարձրացնելով, անպես դցեց գետնին, որ գնդապետ Գոմեսը նույնիսկ ետ-ետ գնաց։
— Իսկ հիմա մեզ հանգիստ թողեք։ Մենք ձեզանից չէինք պահանջել մեր օձիքից կպչել։— Նա սեղանից վերցրեց հինգֆրանկանոց դրամը և դրեց մատուցարանի վրա։— Սա ձեզ համար է, Կլարիսսե։ Այս պարոնայք են տվել։
— Առաջին անգամն է, որ սրանք ինձ փող են տալիս,— ասաց Կլարիսսեն։— Շնորհակալ եմ։
Գոմեսը իսպաներեն ինչ-որ բան ասաց։ Մյուս հինգ իսպանացիները շրջվեցին ու ետ գնացին դեպի իրենց սեղանը։
— Ափսոս,— ասաց Մորոզովը։- Ես հաճույքով դրանց քիթ ու բերանը կջարդեի։ Բայց, դժբախտաբար, չի կարելի։ Եվ դա միայն քո պատճառով, քո, անօրինական ընկեցիկ։ Դու չե՞ս ափսոսում, որ հնարավորություն չունես երբեմն կռիվներ սարքելու։
— Ոչ սրանց հետ։ Բայց կան այնպիսիները, որոնց կուզեի ձեռքս գցել։
Նորից լսվեց անկյունում նստած իսպանացիների ձայնը։ Նրանք հինգով էլ տեղներից կանգնեցին։ Լսվեց երեք անդամ իրար հետևից կրկնվող «viva»-ն։ Իսպանացիները զրնգոցով գավաթները դրին սեղանին, և ամբողջ խումբը մարտնչող տեսքով դուրս եկավ դահլիճից։
— Քիչ էր մնացել այս սքանչելի կալվադոսը շփեի երեսին,— Մորոզովը վերցրեց բաժակը և խմեց։— Ահա թե հիմա ով է ղեկավարում Եվրոպայում։ Մի՞թե մի ժամանակ մենք էլ ենք այդպիսի ապուշներ եղել։
— Այո,— ասաց Ռավիկը։
Նրանք մոտ մի ժամ խաղում էին։ Վերջապես Մորոզովը գլուխը բարձրացրեց։
— Ահա Շառլը,— ասաց նա։— Ինչպես երևում է, նա քեզանից ինչ-որ բան է ուզում։
Ռավիկը վեր նայեց։ Մի երիտասարդ տղա, որը դռնապանի օգնականն էր, ձեռքին մի փոքրիկ փաթեթ, մոտեցավ նրանց։
— Սա ձեզ են ուղարկել։
— Ի՞նձ։
Ռավիկը զննեց փաթեթը։ Դա մի փոքրիկ, ծխախոտի սպիտակ թղթի մեջ փաթաթած և ժապավենով կապած փաթեթ էր։ Վրան ոչ մի հասցե չկար։
— Ես ոչ ոքից փաթեթ չեմ սպասում։ Ինչպես երևում է, սա թյուրիմացություն պետք է լինի։ Ո՞վ է բերել։
— Ինչ-որ կին... դամա...— կմկմաց երիտասարդը։
— Ինչ-որ կի՞ն, թե՞ ինչ-որ դամա,— հարցրեց Մորոզովը։
— Դրանց միջինի պես մեկը...
Մորոզովը բեղի տակ ծիծաղեց։
— Բավական սրամիտ է։
— Այստեղ անուն չկա գրած։ Նա ասաց, որ սա ինձ համա՞ր է։
— Ոչ թե ուղղակի այդպես։ Ձեր անունը չտվեց։ Ասաց այստեղ ապրող բժշկի համար։ Եվ... դուք այդ դամային ճանաչում եք։
— Դա ի՞նքը ասաց։
— Ոչ,— վրա բերեց երիտասարդը։— Բայց վերջերս նա այստեղ էր։ Գիշերը, ձեզ հետ եկավ։
— Երբեմն ինձ մոտ իսկապես որ դամաներ են գալիս ու գնում, Շառլ։ Բայց դու պետք է գիտենաս, որ գաղտնապահությունը հյուրանոցային ծառայողի առաջին առաքինությունը պետք է լինի։ Անգաղտնապահությունը բարձրաշխարհիկ ասպետների համար է։
— Փաթեթը բաց արա տեսնենք, Ռավիկ,— ասաց Մորոզովը։— Եթե անգամ դա քեզ համար չէ։ Մենք կարեկցանքի արժանի մեր կյանքում թերևս ավելի շատ բաներ ենք թույլ տվել մեզ։
Ռավիկը ծիծաղեց ու բացեց փաթեթը։ Նրա մեջ մի փոքրիկ փայտե մադոննա կար, որն ինքը տեսել էր այն կնոջ սենյակում։
Նա փորձեց հիշել կնոջ անունը։ Անունն ի՞նչ էր։ Մադելայնե... Մադ... Մոռացել է։ Մոտավորապես այդպիսի մի անուն էր։ Նա ուշադիր նայեց ծխախոտի թուղթը։ Ոչ մի գրություն։
— Լավ,— ասաց նա երիտասարդին։— Ամեն ինչ ճիշտ է։
Ռավիկը մադոննան դրեց սեղանին։ Շախմատային ֆիգուրաների կողքին նա մի տեսակ տարօրինակ օտար տեսք ուներ։
— Ռո՞ւս կին է,— հարցրեց Մորոզովը։
— Ոչ։ Սկզբում ես էլ էի այդպես կարծում։— Ռավիկը նկատեց, որ մա դոննայի վրայի շրթաներկը այլևս չկա։
— Ես սա ի՞նչ եմ անելու։
— Որևէ տեղ դիր, թող մնա։ Ամեն ինչի համար էլ կարելի է տեղ գտնել։ Աշխարհում շատ տեղ կա այդ բոլորի համար։ Միայն մարդկանց համար է, որ տեղ չկա։
— Հանգուցյալին, երևի, արդեն թաղել են։
— Դա այն կի՞նն է։
— Այո։
— Դու նրա համար որևէ բան արի՞ր։
— Ոչ։
— Տարօրինակ է,— ասաց Մորոզովը։— Մեզ միշտ թվում է, թե մենք օգնեցինք մարդուն, մինչդեռ նրանից հեռանում ենք հենց այն ժամանակ, երբ նրա համար ամենածանր պահն է։
— Ես բարեգործական ընկերություն չեմ, Բորիս։ Սրանից ավելի սարսափելի բաներ եմ տեսել և, այնուամենայնիվ, ոչինչ չեմ արել։ Ինչո՞ւ ես կարծում, որ նրա համար հիմա ամենածանր պահն է։
— Որովհետև հենց հիմա է, որ նա բոլորովին միայնակ է։ Մինչև հիմա նրա կողքին տղամարդ կար, թեկուզ և մեռած։ Այդ մարդը երկրի երեսին էր։ Իսկ հիմա նա գետնի տակ է... Հեռացել է... այլևս չկա։ Իսկ դա,— Մորոզովը ցույց տվեց մադոննային,— շնորհակալություն չէ։ Դա օգնություն աղերսող ճիչ է։
— Ես նրա հետ անկողին եմ մտել,— ասաց Ռավիկը,— առանց իմանալու, թե նրան ինչ է պատահել։ Ես ուզում եմ այդ մոռանալ։
— Անմտություն է։ Դա աշխարհում ամենադատարկ բանն է, եթե սեր չի եղել։ Ես մի ծանոթ կին ունեի, որն ինձ ասում էր, թե ավելի հեշտ է տղամարդու հետ անկողին մտնել, քան անունով կանչել նրան։— Մորոզովը թեքվեց առաջ։ Լապտերի լույսը արտացոլվում էր նրա խոշոր, մերկ գանգի վրա։— Ահա թե ես քեզ ինչ կասեմ, Ռավիկ։ Մենք պետք է լինենք բարի, եթե միայն կարող ենք և քանի դեռ կարող ենք, քանի որ մեր կյանքում մենք պետք է դեռ մի քանի այսպես կոչված հանցագործություններ կատարենք։ Գոնե ես պետք է կատարեմ։ Կարծում եմ, որ դու նույնպես։
— Դա այդպես է։
Մորոզովը ձեռքը դրեց նվազուն արմավենու թաղարին։ Ծառը թեթևակի շարժվեց։
— Ապրել, նշանակում է ապրել ուրիշների համար։ Մենք բոլորս չափում ենք մեկս մյուսիս։ Թող որ գոնե երբեմն բարության մի կրակ առկայծի... մարդ չպետք է հրաժարվի դրանից։ Բարությունը մարդուն ուժ է տալիս, երբ նա դժվար է ապրում։
— Դե լավ։ Ես վաղը մի հատ կանցնեմ նրա մոտ։
— Հիանալի է,— ասաց Մորոզովը։— Ես հենց այդ էի ուզում։ Իսկ հիմա բավական է, ինչքան խոսեցինք։ Ո՞վ է սպիտակներով խաղում։