Այնուհետև խոսքը տրվեց բարձրահասակ մի մարդու, որին նախագահը հորջորջեց գնդապետ։ Գնդապետն անմիջապես սկսեց բղբղալ, հեգնանքով նայելով հավաքվածներին։
― Ւմ Իմ բիզնեսն այն է, ― ասաց նա, ― որ ես «Մեդիսոն֊սկվեր֊գարդեն» շենքը վարձով եմ տալիս բոլոր ցանկացողներին։ Եվ այն ամենը, ինչ տեղի է ունենում աշխարհում, ինձ ձեռնտու է։ Կոմունիստները միտինգ են կազմակերպում Հիտլերի դեմ՝ իմ դահլիճը վարձով եմ տալիս կոմունիստներին։ Հիտլերականները միտինգ են կազմակերպում կոմունիստների դեմ՝ դահլիճը տալիս եմ հիտլերականներին։ Իմ շենքում այսօր դեմոկրատները նզովում են հանրապետականներին, իսկ վաղը հանրապետականները հենց նույն ամբիոնից ապացուցում են, որ միստեր Ռուզվելտը բոլշևիկ է և Ամերիկան տանում է դեպի անարխիա։ Ւմ դահլիճը բոլորի համար է։ Ես իմ բիզնեսն եմ անում։ Բայց և այնպես ես իմ համոզմունքներն ունեմ։ Վերջերս Լինդբերգի երեխային սպանող Բրունո Հաուպտմանի պաշտպանները ուզում էին իմ դահլիճը վարձել՝ Հաուպտմանի օգտին ագիտացիա մղելու համար։ Եվ ահա այդ մարդկանց ես իմ դահլիճը չտվեցի։ Իսկ ուրիշներին՝ խնդրեմ, համեցեք։ Փող վճարեք և տեղերը գրավեք, ով էլ որ լինեք
:― բոլշևիկ, անարխիստ, ինձ համար միևնույն է։
Գնդապետն իրավացի էր։ Նրա մրցարանում կարելի էր և՛ լավը տեսնել և՛ վատը։
===Գլուխ իններորդ — Մենք ավտոմոբիլ ենք գնում և մեկնում։===